Վերջին թարմացում 18 Դեկտեմբերի 2013, 18:52
Վիշապը

հեղինակ՝ Եվգենի Շվարց
թարգմանիչ՝ Հաշվիչ , Թանաքոտ (ռուսերենից)

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գործող անձինք

Վիշապ։

Լանցելոտ։

Շարլեման — արխիվարիուս։

Բուրգոմիստր։

Հենրիխ — նրա որդին։

Կատու։

Ավանակ։

Առաջին ջուլհակ

Երկրորդ ջուլհակ

Գլխարկագործ֊վարպետ։

Երաժշտական գործերի վարպետ։

Դարբին։

Էլզայի առաջին ընկերուհի։

Էլզայի երկրորդ ընկերուհի։

Էլզայի երրորդ ընկերուհի։

Ժամապահ։

Այգեպան։

Առաջին քաղաքացի։

Երկրորդ քաղաքացի։

Առաջին քաղաքացուհի։

Երկրորդ քաղաքացուհի։

Տղա։

Ցրիչ։

Բանտապահ։

Ծառաներ, հսկողներ, քաղաքացիներ։


Գործողություն առաջին։

Ընդարձակ, հարմար խոհանոց, շատ մաքուր, խորքում մեծ օջախ։ Քարե հատակը փայլում է։ Օջախի դիմաց, ճոճաթոռի մեջ նիրհում է կատուն։


Լանցելոտ (ներս է գալիս, շուրջն է նայում, բացականչում է)։ Պարո՜ն տանտեր։ Տիկի՜ն տանտիրուհի։ Ո՞վ կա ողջ, արձագանքի՛ր։ Ոչ ոք… Տունը դատարկ է, դարպասները բաց են, դռները կողպված չեն, պատուհանները կրնկի վրա բաց են։ Ինչ լավ է, որ ես ազնիվ մարդ եմ, թե չէ հիմա ստիպված էի դողալ, շուրջս նայել, ընտրել ամենաթանկ իրերը ու ամբողջ ուժով փախչել, երբ այդքան հանգստանալ եմ ուզում։ (Նստում է)։ Կսպասենք։ Պարո՛ն կատու։ Ձեր տերերը շո՞ւտ են վերադառնալու։ Հմ՞։ Դուք լռո՞ւմ եք։

Կատու։ Լռում եմ։

Լանցելոտ։ Իսկ ինչո՞ւ, թույլ տվեք հարցնել։

Կատու։ Երբ դու տաք ու փափուկ տեղում ես, ավելի խելամիտ է ննջելն ու լռելը, թանկագի՛նս։

Լանցելոտ։ Իսկ որտե՞ղ են, այնուամենայնիվ, տերերդ։

Կատու։ Նրանք հեռացել են, եւ դա ծայրահեղ հաճելի է։

Լանցելոտ։ Դու նրանց չե՞ս սիրում։

Կատու։ Սիրում եմ մորթուս ամեն մի մազիկով, թե՛ թաթերով, թե՛ բեղերով, բայց նրանց սպառնում է մեծ ողբերգություն։ Հոգիս հանգստանում է, միայն երբ նրանք հեռանում են։

Լանցելոտ։ Ահա՛ թե ինչ։ Ուրեմն նրանց չարի՞ք է սպառնում։ Իսկ ի՞նչ չարիք։ Լռո՞ւմ ես։

Կատու։ Լռում եմ։

Լանցելոտ։ Ինչո՞ւ։

Կատու։ Երբ դու տաք ու փափուկ տեղում ես, ավելի խելամիտ է ննջել ու լռել, քան փորփրել տհաճ ապագան։ Մյաո՜ւ։

Լանցելոտ։ Կատո՛ւ, դու ինձ վախեցնում ես։ Խոհանոցում այնքան հարմար է, օջախի կրակը այնպես հոգածու է վառած։ Ես պարզապես չեմ ուզում հավատալ, որ այս հաճելի ու ընդարձակ տանը չարիք է սպառնում։ Կատո՛ւ։ Ի՞նչ է պատահել։ Պատասխանի՛ր ինձ։ Դե՛։

Կատու։ Թույլ տվեք ինձ մոռացության տրվել, անցո՛րդ։

Լանցելոտ։ Լսիր, կատո՛ւ, դու ինձ չգիտես։ Ես այնքան թեթեւ մարդ եմ, որ ինձ փետուրի պես ամբողջ աշխարհով տանում է։ Ու ես շատ հեշտ եմ ուրիշի գործերին խառնվում։ Այդ պատճառով ես տասնինը անգամ վնասվել եմ թեթեւ, հինգ անգամ՝ ծանր, եւ երեք անգամ՝ մահացու։ Բայց ես դեռ ողջ եմ, որորհետեւ ոչ միայն փետուրի պես թեթեւ եմ, այլեւ էշի պես համառ։ Դե խոսի՛ր, կատու, ի՞նչ է պատահել։ Մեկ էլ տեսար փրկեմ տերերիդ։ Ինձ հետ այդպես շատ է պատահել։ Դե֊դե՛։ Ի՞նչ է անունդ։

Կատու։ Մաշենկա։

Լանցելոտ։ Ես կարծում էի՝ դու տղա ես։

Կատու։ Այո, ես տղա եմ, բայց մարդիկ երբեմն այնքա՜ն անուշադիր են։ Տերերս մինչեւ հիմա զարմանում են, որ դեռ ոչ մի անգամ ձագեր չեմ ունեցել։ Ասում են՝ բա ինչո՞ւ այդպես, Մաշենկա ջան։ Բարի՜ մարդիկ, խե՜ղճ մարդիկ։ Ու էլ ոչ մի բառ չեմ ասի։

Լանցելոտ։ Ասա՛ գոնե՝ ո՞վ են նրանք՝ քո տերերը։

Կատու։ Պարոն արխիվարիուս Շարլեմանը, ու նրա միակ դուստր Էլզան, ում թաթիկները այնքան փափուկ են, նուրբ, բարի, սուսիկ֊փուսիկ Էլզան։

Լանցելոտ։ Իսկ նրանցից ո՞ւմ է սպառնում չարիք։

Կատու։ Ահ, Էլզային, ու հետեւաբար՝ մեզ բոլորիս։

Լանցելոտ։ Իսկ ի՞նչ է նրան սպառնում։ Դե՞։

Կատու։ Մյաո՜ւ։ Ահա արդեն չորս հարյուր տարի է, որ մեր քաղաքի վերեւում բնակություն է հաստատել վիշապը։

Լանցելոտ։ Վիշա՞պ։ Հիասքանչ է։

Կատու։ Նա մեր քաղաքի վրա տուրք է դրել։ Ամեն տարի վիշապը իրեն աղջիկ է ընտրում։ Եւ մենք, առանց մլավելու, նրան տալիս ենք վիշապին։ Ու նա տանում է աղջկան իր քարանձավը։ Ու մենք այլեւս երբեք չենք տեսնում աղջկան։ Ասում են, որ նրանք այնտեղ մահանում են զզվանքից։ Ֆռռ։ Կորի՛ր, կորի՞ր այստեղից։ Պշտ։

Լացնելոտ։ Այդ ո՞ւմ հետ ես։

Կատու։ Վիշապի։ Նա ընտրել է մեր Էլզային։ Անիծվա՜ծ մողեսը։ Ֆ֊ֆֆֆ՜։

Լանցելոտ։ Քանի՞ գլուխ ունի նա։

Կատու։ Երեք։

Լանցելոտ։ Կարգին է։ Իսկ քանի թա՞թ։

Կատու։ Չորս։

Լանցելոտ։ Դե, դա տանելի է։ Ճանկերո՞վ։

Կատու։ Այո։ Հինգ ճանկ ամեն թաթին։ Ամեն մի ճանկը եղջերվի պոզի չափ։

Լանցելոտ։ Լո՞ւրջ։ Իսկ սո՞ւր են ճանկերը։

Կատու։ Դաշույնների պես։

Լանցելոտ։ Այսպե՜ս։ Դե, իսկ բոց արտաշնչո՞ւմ է։

Կատու։ Այո։

Լանցելոտ։ Իսկակա՞ն։

Կատու։ Անտառներ են վառվում։

Լանցելոտ։ Ահա։ Թեփո՞ւկավոր է։

Կատու։ Թեփուկավոր։

Լացնելոտ։ Ու, չլինի՞ թեփուկն էլ ամուր է։

Կատու։ Հիմնավոր է։

Լանցելոտ։ Բայց եւ այնպե՞ս։

Կատու։ Ալմաստը չի կտրում։

Լացնելոտ։ Ահա։ Պատեկերացնում եմ։ Բո՞յը։

Կատու։ Եկեղեցու չափ։

Լանցելոտ։ Ահա, ամեն ինչ պարզ է։ Դե՛, շնորհակալ եմ, կատո՛ւ։

Կատու։ Դուք կռվելո՞ւ եք նրա հետ։

Լանցելոտ։ Տեսնենք։

Կատու։ Աղաչում եմ ձեզ — նրան մարտի կանչեք։ Նա, իհարկե, կսպանի ձեզ, բայց մինչեւ բանը դրան հասնի, կարելի է երազել, օջախի առաջ փռված, այն մասին, ինչպես պատահաբար, կամ հրաշքով, կամ սենց, կամ նենց, եթե ոչ սրանով, ապա նրանով, գուցեեւ, ինչ֊որ մի կերպ, մեկ էլ տեսար, դուք էլ իրեն սպանեք։

Լացնելոտ։ Շնորհակալ եմ, կատո՛ւ։

Կատու։ Ոտքի՛ կանգնեք։

Լացնելոտ։ Ի՞նչ պատահեց։

Կատու։ Նրանք գալիս են։

Լանցելոտ։ Գոնե նա ինձ դուր գար, ա՜հ, եթե նա ինձ դուր գա՜ր։ Դա այնպե՜ս օգնում է… (նայում է պատուհանից) Դո՜ւր է գալիս։ Կատո՛ւ, նա հավես աղջիկ է։ Ի՞նչ է։ Կատո՜ւ։ Նա ժպտո՞ւմ է։ Նա միանգամայն հանգի՛ստ է։ Ու նրա հայրն էլ զվարթ ժպտում է։ Դու ի՞նչ է, խաբե՞լ ես ինձ։

Կատու։ Ոչ։ Այս պատմության ամենատխուր մասն էլ հենց այն է, որ նրանք ժպտում են։ Սո՛ւս։ Բարեւ ձեզ։ Եկեք ընթրենք, իմ թանկագին ընկերներ։


Ներս են գալիս Էլզան եւ Շարլեմանը։


Լանցելոտ։ Ոջո՜ւյն, բարի պարոն եւ սքանչելի օրիորդ։

Շարլեման։ Ողջույն, երիտասարդ։

Լանցելոտը։ Ձեր տունը այնպես հյուրընկալ էր նայում ինձ, ու դարպասնեը բաց էին, ու խոհանոցում էլ կրակ էր վառվում, որ ես եկա առանց հրավերի։ Ներեցեք։

Շարլեման։ Պետք չէ ներողություն խնդրել։ Մեր դռները բոլորի համար բաց են։

Էլզա։ Նստեք, խնդրեմ։ Տվեք ինձ Ձեր գլխարկը, ես այն կկախեմ դռան հետեւում։ Հիմա սեղան կգցեմ… Ի՞նչ է եղավ Ձեզ։

Լանցելոտ։ Ոչինչ։

Էլզա։ Ինձ թվաց, թե Դուք… վախեցաք ինձից։

Լանցելոտ։ Ոչ ոչ… Դա ես հենց այնպես։

Շարլեման։ Նստեք, ընկեր իմ։ Ես սիրում եմ շրջիկներին։ Դա, գուցե նրանից է, որ ամբողջ կյանքս այս քաղաքից դուրս չեմ եկել։ Որտեղի՞ց եք գալիս։

Լանցելոտ։ Հարավից։

Շարլեման։ Եւ շա՞տ արկածներ եք ունեցել ճանապարհին։

Լացնելոտ։ Ա՜հ, նույնիսկ ավելին, քան կուզեի։

Էլզա։ Դուք երեւի հոգնած կլինեք։ Դե նստեք, ի՞նչ եք կանգնած մնացել։

Լանցելոտ։ Շնորհակալություն։

Շարլեման։ Մեզ մոտ դուք կարող եք լավ հանգստանալ։ Մեր քաղաքը շատ հանգիստ է, այստեղ երբեք եւ ոչինչ տեղի չի ունենում։

Լացնելոտ։ Երբեք֊երբե՞ք։

Շարլեման։ Երբեք֊երբեք։ Անցյալ շաբաթ, ճիշտ է, շատ ուժեղ քամի էր։ Քիչ էր մնում մի տան կտուրը տաներ։ Բայց դա այնքան էլ մեծ իրադարձություն չէ։

Էլզա։ Ահա եւ ընթրիքը։ Խնդրեմ։ Մի քաշվեք։

Լացնելոտ։ Ներեք ինձ, բայց… Դուք ասում եք, որ քաղաքը շատ հանգի՞ստ է։

Էլզա։ Իհարկե։

Լացնելոտ։ Իսկ… իսկ վիշա՞պը։

Շարլեման։ Ահ, նա… Դե, մենք այնքան ենք սովորել նրան։ Նա արդեն չորս հայրուր տարի է մեզ մոտ է ապրում։

Լացնելոտ։ Բայց… ինձ ասել են, որ Ձեր աղջիկը…

Էլզա։ Պարոն անցորդ…

Լացնելոտ։ Իմ անունը Լանցելոտ է։

Էլզա։ Պարոն Լացնելոտ, ներեցեք, ես Ձեզ նկատողություն չեմ անում, բայց այնուամենայնիվ խնրդում եմ Ձեզ․ ոչ մի խոսք այդ մասին։

Լացնելոտ։ Ինչո՞ւ։

Էլզա։ Որովհետեւ էլ ոչինչ չես փոխի։

Լանցելոտ։ Ահա՞ թե ինչ։

Շարլեման։ Այո, ոչինչ չես կարող անել։ Մենք նոր զբոսնում էինք անտառում, ու ամեն ինչի մասին այնքան լավ, այնքան մանրամասն խոսեցինք։ Վաղը, հենց որ վիշապը տանի նրան, ես նույնպես կմեռնեմ։

Էլզա։ Հայրիկ, պետք չէ այդ մասին։

Շարլեման։ Ահա եւ վերջ, ահա եւ վերջ։

Լացնելոտ։ Ներեցեք, միայն մի հարց էլ։ Մի՞թե ոչ ոք չի փորձել կռվել նրա հետ։

Շարլեման։ Վերջին երկու հարյուր տարում՝ ոչ։ Մինչ այդ նրա հետ հաճախ էին մենամարտում, բայց նա սպանում էր բոլոր հակառակորդներին։ Նա զարմանահրաշ ստրատեգ է եւ վեհ մարտավար։ Նա իր գրոհով հանկարծակիի է բերում թշնամուն․ վերեւից քարեր է շպրտում, հետո նետվում է ուղղաձիգ ներքեւ, ուղիղ ձիու գլխին, ու նրան բոցահարում, ինչով վերջնականապես բարոյազրկում է խեղճ անասունին։ Իսկ հետո ճանկերով պատառոտում է ձիավորին։ Դե, ու վերջիվերջո դադարեցին նրա դեմ դուրս գալ…

Լանցելոտ։ Իսկ բոլորով միասին նրա դեմ դուրս գալ չե՞ք փորձել։

Շարլեման։ Փորձել ենք։

Լանցելոտ։ Եւ ի՞նչ։

Շարլեման։ Նա այրեց քաղաքամերձ հատվածները ու գժվացրեց բնակիչների կեսին թունավոր գազով։ Նա վեհ մարտիկ է։

Էլզա։ Մի քիչ էլ կարագ վերցրեք, խնդրեմ։

Լանցելոտ։ Հա, հա, ես կվերցնեմ։ Պետք է ուժերս հավաքեմ։ Այսպիսով՝ ներեցեք, որ հա հարցնում եմ, ոչ ոք էլ չի՞ փորձում վիշապի դեմ դուրս գալ։ Նա լրի՞վ է լկտիացել։

Շարլեման։ Չէ, ի՜նչ եք ասում։ Նա այնքան բարի՛ է։

Լանցելոտ։ Բարի՞։

Շարմեման։ Հավատացնում եմ ձեզ։ Երբ քաղաքին հնտախտ էր սպառնում, նա՝ քաղաքի բժշկի խնդրանքով, շնչեց իր բոցով լճի վրա, ու եռացրեց այն։ Ամբողջ քաղաքը խմում էր եռացրած ջուր եւ փրկվեց համաճարակից։

Լանցելոտ։ Վաղո՞ւց էր դա։

Շարլեման։ Օհ, ոչ։ Ընդամենը ութսուներկու տարի առաջ։ Բայց բարի գործերը չեն մոռացվում։

Լանցելոտ։ Իսկ է՞լ ինչ լավ գործ է արել նա։

Շարլեման։ Նա մեզ ազատեց գնչուներից։

Լացնելոտ։ Բայց գնչուները շատ լավ մարդիկ են։

Շարլեման։ Ի՜նչ եք ասում։ Ահավորն են։ Ես, ճիշտ է, կյանքումս ոչ մի գնչու չեմ տեսել։ Բայց դեռ դպրոցում եմ անցել, որ նրանք սարսափելի մարդիկ են։

Լանցելոտ։ Բայց ինչո՞ւ։

Շարլեման։ Նրանք բնականից, արյունով թափառականներ են։ Նրանք՝ ցանկացած պետական համակարգի թշնամիներն են, հակառակ դեպքում այստեղ֊այնտեղ թափառելու փոխարեն կհաստատվեին մի որեւէ տեղում։ Նրանց երգերը տղամարդկությունից զուրկ են, իսկ գաղափարները՝ կործանարար։ Նրանք գողանում են երեխաներին։ Նրանք թափանցում են ամենուրեք։ Այժմ մենք լրիվ մաքրվել ենք նրանցից, բայց դեռ հարյուր տարի առաջ, ցանկացած սեւահեր պիտի ապացուցեր, որ գնչուի արյուն չունի։

Լանցելոտ։ Ո՞վ է ձեզ պատմել այդ ամենը գնչուների մասին։

Շարլեման։ Մեր վիշապը։ Գնչուները իր իշխանության առաջին տարիներին լկտիաբար դուրս էին գալիս նրա դեմ։

Լանցելոտ։ Հավես, անհամբեր մարդիկ։

Շարլեման։ Պետք չի, խնդրում եմ, պետք չի այդպես խոսել։

Լանցելոտ։ Ի՞նչ է նա ուտում, այդ ձեր վիշապը։

Շարլեման։ Քաղաքը մեր նրան տալիս է հազար կով, երկու հազար ոչխար, հինգ հազար հավ, ու երկու փութ աղ ամիսը։ Ամռանն ու աշնանը դրան ավելանում է եւս տաս բանջարանոց կաթնուկ, ծնեբեկ ու ծաղկակաղամբ։

Լանցելոտ։ Նա ձեզ թալանո՜ւմ է։

Շարլեման։ Չէ, ի՜նչ եք ասում։ Մենք չենք բողոքում։ Ուրիշ էլ ո՞նց։ Մինչ նա այստեղ է՝ ոչ մի այլ վիշապ չի համարձակվի մեզ ձեռք տալ։

Լանցելոտ։ Մյուսները, կարծեմ, վաղուց արդեն սպանված են։

Շարլեման։ Իսկ եթե ո՞չ։ Հավատացնում եմ ձեզ, վիշապներից ազատվելու միակ եղանակը, սեփական վիշապ ունենալն է։ Բավ է նրա մասին, խնդրում եմ։ Ավելի լավ է դուք մեզ ինչ֊որ հետաքրքիր բան պատմեք։

Լանցելոտ։ Լավ։ Դուք գիտե՞ք ինչ է բողոքի գիրքը։

Էլզա։ Ոչ։

Լանցելոտ։ Դե իմացեք։ Այստեղից հինգ տարվա քայլքի հեռավորության վրա, Սեւ սարերում կա հսկայական անձավ։ Եւ անձավում այդ կա գիրք՝ կիսով չափ լրացված։ Դրան ոչ ոք չի դիպչում, բայց նախկինում գրված էջերին օր օրի ավելանում են նոր էջեր։ Ո՞վ է գրում։ Աշխա՜րհը։ Սարերը, խոտերը, քարերը, ծառերը, գետերը տեսնում են ինչ են անում մարդիկ։ Նրանց հայտնի են հանցագործների բոլոր հանցագործությունները, իզուր տառապողների բոլոր ողբերգությունները։ Ճյուղից ճյուղ, կաթիլից կաթիլ, ամպից ամպ հասնում են Սեւ սարերի անձավին մարդկանց բողոքները, եւ գիրքը հաստանում է։ Եթե աշխարհի երեսին չլիներ այդ գիրքը, ծառերը թախծից կչորանային, իսկ ջուրը կդառնանար։ Ո՞ւմ համար է գրվում այդ գիրքը։ Ինձ համար։

Էլզա։ Ձե՞զ համար։

Լանցելոտ։ Մեզ համար։ Իմ ու մի քանիսի։ Մենք ուշադիր, թեթեւ մարդիկ ենք։ Մենք պարզել ենք, որ կա այդպիսի գիրք, ու չենք ալարել գտնել այն։ Իսկ այդ գրքին թեկուզ մի հայացք նետողը դարերով կկորցնի հանգիստը։ Ահ, ի՜նչ բողոքի գիրք է։ Այդ բողոքներին անհնար է չարձագանքել։ Ու մենք արձագանքում ենք։

Էլզա։ Իսկ ինչպե՞ս։

Լանցելոտ։ Մենք խառնվում ենք ուրիշի գործերին։ Մենք օգնում ենք նրանց, ում օգնություն է անհրաժեշտ։ Եւ վերացնում ենք նրանց, ում անհրաժեշտ է վերացնել։ Օգնե՞մ ձեզ։

Էլզա։ Ինչպե՞ս։

Շարլեման։ Ինչո՞վ կարող եք օգնել մեզ։

Կատու։ Մյաո՜ւ։

Լանցելոտ։ Երեք անգամ ես մահացու վիվավորված եմ եղել, ու հենց նրանց կողմից, ում բռնի կերպով փրկում էի։ Եւ այնուամենայնիվ, թեեւ դուք ինձ չեք խնդրում, ես կկանչե՛մ վիշապին մենամարտի։ Լսո՞ւմ եք, Էլզա։

Էլզա։ Ոչ, ո՛չ։ Նա կսպանի ձեզ, եւ դա կթունավորի իմ կյանքի վերջին ժամերը։

Կատու։ Մյաո՜ւ։

Լանցելոտ։ Ես մարտահրավեր կնետեմ վիշապի՜ն։

Լսվում է ահագնացող շվոց, աղմուկ, ոռնոց։ Ապակիները դողում են։ Պատուհանից դուրս բռնկվում է հրացոլքը։

Կատու։ Անունը տուր, փայտը ձեռքդ վերցրու։

Ոռնոցն ու շվոցը հանկարծակի դադարում են։ Դուռը ուժգին թակում են։

Շարլեման։ Մտե՛ք։


Ներս է գալիս թանկ հագնված սպասավորը։


Ծառա։ Պարոն վիշապը ձեզ մոտ է գալիս։

Շարլեման։ Սիրով սպասում ենք։