Վերջին թարմացում 20 Դեկտեմբերի 2013, 13:46

Մուհամմեդ Դինի պատմությունը

13:46, 20 Դեկտեմբերի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մուհամմեդ Դինի պատմությունը

հեղինակ՝ Ռադյըրդ Քիպլինգ
թարգմանիչ՝ Գայանե Նասոյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)


Ո՞վ է ամենաերջանիկ մարդը. նա` ում սեփական
հարկի տակ մանուկներն են թռչկոտում, ընկնում ու ճչում,
որոնց մազերին փոշի է նստած։
Մունիխանդրա, թարգմ.` պրոֆ. Պետերսոնի։


Պոլոյի գնդակը հին էր, քերծված, պոկռտված, որոշ տեղերում փոս ընկած։ Այն դրված էր բուխարու վրա` ծխամորճի կոթերի մեջ, որոնք Իմամ Դինը` ծառաս, մաքրում էր ինձ համար։

― Երկնային տեր, ձեզ պե՞տք է այս գնդակը, ― հարցրեց Իմամ Դինը ակնածանքով։

Այդ գնադակն ինձ համար մի առանձնահատուկ կարևորություն չէր ներկայացնում, բայց ծառայի ինչի՞ն էր պետք այն։

― Ձեր ողորմածության շնորհիվ ես մի որդի ունեմ։ Նա տեսել է այս գնդակն ու շատ է ցանկանում նրանով խաղալ։ Ես այն ինձ համար չեմ ուզում։

Իհարկե, ոչ մի վայրկյան անգամ չէի մեղադրի պատկառելի ծերուկին, եթե նա ինքը խաղալու ցանկություն հայտներ։

Ծերուկը գնդակը տարավ պատշգամբ, որտեղից լսվեցին ուրախ ճիչեր, փոքրիկ ոտքերի քստքստոց, ու գետնին գլորվող գնդակի թփթփոց. Մանչուկը սպասել էր դրսում, որպեսզի տիրանար իր գանձին։ Բայց ինչպե՞ս էր նա հասցրել տեսնել այն։

Հաջորդ օրը գրասենյակից վերադառնալով կես ժամ շուտ, մի փոքրիկ կերպարանք տեսա ճաշասենյակում, մի պստլիկ, գիրուկ կերպարանք։ Նա հագել էր ծիծաղելիորեն կարճ մի վերնաշապիկ, որը հազիվ էր ծածկում նրա կլորիկ փորի կեսը։ Տղան քայլում էր բթամատը բերանին և քթի տակ ինչ֊որ բան մռմռալով ծանոթանում էր սենյակի նկարներին։ Նա, անկասկած, ծառայի «փոքրիկ որդին էր»։

Տղան որևէ անելիք չուներ իմ սենյակում, բայց նա այնքան էր տարված իր հայտնագործություններով, որ չնկատեց ինձ, երբ հայտնվեցի դռների մեջ։ Ես մտա սենյակ։ Տեսնելով ինձ` նա վախի նոպայի մեջ ընկավ. Նստել էր հատակին և աչքերն ու բերանը լայն բացած շնչահեղձ էր լինում։ Ես գիտեի, թե ինչ էր սպասվում ինձ և շուտափույթ հեռացա. Հաջորդեց մի երկարատև վայնասուն, որը շատ ավելի արագ հասավ ծառայի սենյակը, քան երբևէ իմ հրամաններից որևէ մեկը։ Տասը վայրկյան անց Իմամ Դինն արդեն ճաշասենյակում էր, որտեղից արդեն հուսահատ հեծկլտոցների ձայն էր լսվում։ Վերադառնալով սենյակ, ես տեսա, թե ինչպես է Իմամ Դինը նախատում փոքրիկ մեղավորին վերնաշապիկն իբրև թաշկինակ գործածելու համար։

― Այս տղան, ― ասաց Իմամ Դինը նախատինքով, ― ավազակի մեկն է, մի օր անկասկած բանտ է ընկնելու։

― Փոքրիկ հանցագործն ավելի բարձրացրեց ձայնը։ Իմամ Դինը շրջվեց դեպի ինձ և աղաչանոք ներողություն խնդրեց։

― Ասացեք երեխային, որ ես չեմ բարկանում և տարեք նրան այստեղից։

Իմամ Դինը ներումս հայտնեց փոքրիկ հանցագործին, որն այդ ընթացքում վերնաշապիկը պարանի նման փաթաթել էր վզի շուրջը։ Լացն արդեն վերածվեց հեծկլտոցի։ Երկուսն էլ շարժվեցին դեպի դուռը։

― Նրա անունը, ― ասաց Իմամ Դինը, կարծես թե անունը կազմում է հանցանքի մի մասը, ― Մուհամմեդ Դին է, և ինքն էլ ավազակի մեկն է։

Վտանգից արդեն փրկված Մուհամմեդ Դինը, որին գրկել էր հայրը, շրջվեց իմ կողմն ու լրջորեն ասաց.

― Ճիշտ է, ոլ իմ անունը Մուհամմեդ Դին է, տել իմ, բայց ես ավազակ չեմ, ես մալդ եմ։

Այդ օրվանից սկսվեց իմ բարեկամությունըՄուհամմեդ Դինի հետ։ Նա այլևս իմ ճաշասենյակ չմտավ։ Մենք հանդիպում էինք շրջաբակում, որտեղ ողջունում էինք միմյանց մեծ հանդիսավորությամբ, չնայած մեր զրույցը սահմանափակվում էրհետևյալ կարճ երկխոսությամբ.

― Բալի օլ, տե՛լ իմ։

― Բարի օր, Մուհամմեդ Դի՛ն։

Վերադառնալով գրասենյակից` ամեն օր տեսնում էի բաղեղներովցանկավահանի տակիցբարձրացող, ճերմակվերնաշապիկով այդ գիրուկ մարմինը։Հենց այդտեղ էլ կանգնեցնում էի ձիս` բարևս ուշադրության արժանացնելու կամ էլ պատշաճ հնչեցնելու համար։

Մուհամմեդ Դինը ընկերներ չուներ։ Նա սովորաբար վազվզում էր շրջաբակում, ելումուտ էր անում հնդկընկույզի թփուտների մեջ, մի խոսքով անընդհատ իր խորհրդավոր ուղևորությունների մեջ էր։Մի օր էլ, հանկարծ, պարտեզում, ոտքս ինչ ֊որ բանի դիպավ։ Տղան պոլոյի գնդակը կիսով չափ թաղել էր հողի մեջ և շուրջը վեց հատ թառամած նարգիզներ տնկել։ Այդ շրջանից դուրս մի անտաշ հրապարակ էր շինել, պարսպապատել կարմիր աղյուսով, տեղ֊տեղ էլ` ճենապակու կոտրտված կտորներով. և այդ ամբողջը միացրել էր իրար փոքրիկ հողաթմբով։ Անկտին, որ ընկած էր ջրհորի կողքին, խոսում էր փոքրիկ ճարտարապետի օգտին, ասելով, որ այդ ամենը երեխայի խաղ է եղ ել միայն և այնքան էլ չի գցել պարտեզի տեսքից։

Աստված վկա, ես ամենևին էլ նպատակ չունեի դիպչել նրա շինությանը, բայց այնպես եղավ, որ այդ երեկո, պարտեզում զբոսնելիս անզգուշաբար տակնուվրա արեցի ամեն ինչ, և, ավաղ, ոչինչ հնարավոր չէր այլևս շտկել։ Հաջորդ առավոտյան Մուհամմեդ Դինին տեսա ավերակների վրա լուռումունջ ողբալիս։ Ինչ ֊ որ մեկն անգթորեն նրան ասել էր, որ տերը խիստ բարկացել է պարտեզը փչացնելու համար և առիթից օգտվելով բերանը շաղ էր տվել։

Տղան մի ժամ անընդհատ աշխատել էր վերականգնել իր շինությունը, և երբ վերադարձա գրասենյակից, այս անգամ նա ինձ ողջունեց արցունքոտ ու ներողություն հայցող դեմքով.

― Բալի օլ, տե՛լ իմ։

Շուտափույթ հարցաքննությունն ավարտվեց այն բանով, որ Իմամ Դինը տղային հայտնեց իմ բացառիկ շնորհի մասին. Նա իրավունք ստացավ ուզածի չափ զվարճանալու և սրտապնդվելով անցավ ապարանքի հիմքը գցելուն, որն անկասկած գերազանցելու էր իր նախկին ստեղծագործությանը։

Մի քանի ամիս շարունակ այդ տարօրինակ արարածը խորհրդածում էր իր համեստ ապարանքում, հնդկընկույզի թփուտների ու հողի մեջ, ստեղծելով շքեղ պալատներ` մի կողմ նետված թառամած ծաղիկներից, ողորկ, ջրից մաշված խճաքարերից, ապակու կոտրտված կտորներից և իմ թռչունների փետուրներից։

Մի օր էլ մի փայլուն ծովախեցի տեսա փոքրիկ կառույցներից մեկի մոտ ու հասկացա, որ Մուհամմեդ Դինի նոր ստեղծագործությունը նախկիններից ավելի հիասքանչ է լինելու։ Եղ չսխալվեցի։ Նա մտմտում էր մեկ ժամ շարունակ, ու հանկարծ նրա մռմռոցը վերախվեց ցնծագին երգի։ Տղան սկսեց կառուցել։ Այս մեկն, անկասկած, սքանչելի ապարանք էր լինելու, որովհետև վերջինիս հատակագիծն ուներ երկու յարդ երկարություն և մեկ յարդ լայնություն։

Բայց ապարանքն այդպես էլ ընդմիշտ անավարտ մնաց։ Ես այլևս չտեսա Մուհամմեդ Դինին արահետին կանգնած և չլսեցի նրա «բալի օլ, տե՛լ իմ»֊ը։ Այնքան էի ընտելացել այդ ողջույնին, որ փոքրիկի բացակայությունն անհանգստացրեց ինձ։ Հաջորդ օրն Իմամ Դինը հայտնեց, որ երեխան թեթևակի հիվանդացել է տենդով և խինինի կարիք ունի։ Ես ուղարկեցի դեղն ու մի անգլիացի բժշկի։

― Այս փոքրիկները բոլորովին դիմացկուն չեն, ― ասաց բժիշկը հեռանալիս։

Մեկ շաբաթ անց, մուսուլմանական գերեզմանատան ճանապարհին հանդիպեցի (թեև ամեն ինչ կտայի այդ հանդիպումից խուսափելու համար) Իմամ Դինին` մի ընկերոջ ուղեկցությամբ։ Նա իր ձեռքերի վրա` ճերմակ սավանի մեջ փաթաթված տանում էր այն ամենն, ինչ մնացել էր փոքրիկ Մուհամմեդ Դինից։