հեղինակ՝ Վիլյամ Գոլդինգ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Առաջին գլուխ
Խեցու կանչը
Խարտյաշ տղան ցած իջավ վերջին քարափից և սկսեց ճանապարհ հարթել դեպի ծովախորշը։ Թեև իր դպրոցական սվիթրը նա հանել ու քարշ էր տալիս հետևից, բայց գորշ շապիկը քրտնաթաթախ էր, իսկ մազերը ծեփվել էին ճակատին։ Շուրջբոլորը երկար սպիով ջունգլին հատող ծառազուրկ շերտն ասես քարաբաղնիս լիներ։ Տղան դժվարությամբ առաջ էր գնում մացառների ու ծառերի փշրված բների միջով, երբ, հանկարծ, վհուկի պես աղաղակելով, ոտքի տակից դուրս պրծավ դեղնակարմիր մի թռչուն։ Ինչ֊որ տեղ նրա կանչին արձագանքեց մեկ ուրիշը։
― Հե՜յ, սպասի․․․
Բացատի եզրին, կաթիլների տարափ առաջացավ, մի քանի թուփ ցնցվեց։
― Սպասի,― ասաց ձայնը,― ես խճճվել եմ։
Խարտյաշ տղան կանգ առավ ու գուլպաները մեքենայաբար շտկեց, այդ շարժումով ջունգլին մի պահ նմանեցնելով Անգլիայի կոմսություններին։
Ձայնը նորից խոսեց․
― Չեն թողնում շարժվեմ անտեր թփերը։
Ձայնի տերը, բաճկոնը քրքրելով, հետևանց դուրս մագլցեց թփուտներից։ Նրա թմբլիկ, մերկ ծնկներն ամբողջովին քերծված էին։ Տղան կռացավ, խնամքով պոկեց հագուստին կպած փշերն ու շուռ եկավ։ Նա խարտյաշից ցածր էր ու շատ գեր։ Առաջ անցավ, ոտքերի համար ապահով տեղ փնտրելով, և ակնոցի հաստ ապակիների միջով նայեց վեր։
― Էն բարձրախոսով մարդն ո՞ւր կորավ։
Շիկահեր տղան գլուխը տարուբերեց։
― Ինձ որ հարցնես, էս կղզի է։ Հրեն ծովի մեջ էլ ժայռը։ Մեծեր կարող են իսկի չլինել։
Գիրուկը ցնցվեց։
― Ո՞նց թե, բա օդաչո՞ւն, նա չէր երևում, բայց հո էն առջևի խցիկում էր, չէ՞։
Խարտյաշն աչքերը կկոցած նայում էր ծովի ժայռին։
― Հետո մնացած երեխեքը,― շարունակեց գիրուկը,― գոնե կեսը փրկված կլինեն, չէ՞։ Ճիշտ չե՞մ ասում։
Խարտյաշ տղան որքան կարելի է անբռնազբոս դիմեց ջրի կողմը։ Նա փորձում էր անմիջական լինել ու շատ բացահայտ չցուցաբերել իր անտարբերությունը, բայց գիրուկը վրա էր տալիս։
― Ի՞նչ, ուրեմն, մեծեր հե՞չ չեն մնացել։
― Չեմ կարծում, թե մնացած լինեն,― հանդիսավոր ասաց խարտյաշը, բայց և իսկույն նրան համակեց հանկարծ իրականացած բաղձանքի բերկրանքը։ Նա բացատի մեջտեղում կանգնեց գլխիվրա ու բերանով մեկ ժպտաց շուռ տված գիրուկին։
― Մեծերը չկա՜ան․․․
Գիրուկը մի պահ մտածեց։
― Բա էն օդաչո՞ւն։
Խարտյաշը ոտքերը ցած իջեցրեց ու նստեց քրտնախաշ հողին։
― Նա մեզ ցած գցեց, իսկ ինքը թռավ֊գնաց։ Սենց տեղ հո չէ՞ր նստելու, էն էլ ակերով ինքնաթիռով։
― Մեր վրա հարձակվեցին, չէ՞․․․
― Ոչինչ, ինքն ուզածիդ պես հետ կգա։
Գիրուկը գլուխը տարուբերեց։
― Մենք որ իջնում էինք, ես պատուհանից նայում էի՝ մեր էն կողքը կրակ էր կպել։
Նա հայացքով չափեց բացատը։
― Էս բոլորն ինքնաթիռի արածն էր։
Խարտյաշը ձեռքը պարզեց ու շոշափեց ծառի փշրված բունը։ Նրա հետաքրքրությունը կարծես թե արթնացավ։
― Ասում ես էլի, բա ի՞նքն ինչ եղավ,― ասաց նա,― կամ կտորները։
― Փոթորիկը քշեց լցրեց ծովը։ Տես ո՜նց է փշրել բոլոր ծառերը։ Մեջը երևի դեռ երեխեք կային։
Նա մի պահ վարանեց, ապա վերջապես հարցրեց․
― Անունդ ի՞նչ է։
― Ռալֆ։
Գիրուկը սպասեց, որ իր անունն էլ հարցնեն, բայց Ռալֆ անունով տղան ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեց, ցրված ժպտաց, ոտքի կանգնեց ու նորից դիմեց ծովախորշի կողմը։ Գիրուկը հետ չմնաց։
― Երևի էստեղ մերոնցից էլի լիքը կան, դու ոչ ոքի չե՞ս տեսել։
Ռալֆը գլուխը թափ տվեց և քայլերն արագացրեց, բայց ոտքը ճյուղի դեմ առավ, ու նա փռվեց գետնին։
Գիրուկը շնչակտուր կանգնեց նրա կողքին։
― Մորքուրս չի թողնում վազեմ,― բացատրեց նա,― շնչարգելությանս համար։
― Շնագելությա՞ն։
― Հա, շունչս տեղը չի գալիս։ Ես մեր դպրոցի շնչարգելությամբ միակ տղան էի։― Հպարտորեն ասաց գիրուկը։― Համ էլ երեք տարեկանից ակնոց եմ դնում։
Նա ակնոցը հանեց և մեկնեց Ռալֆին, աչքերը ճպճպացնելով ու ժպտալով, հետո կեղտոտ բաճկոնի փեշով սկսեց մաքրել։ Հանկարծ նրա գունատ դեմքը ծամածռվեց ցավից ու ներքին կենտրոնացումից։ Նա սրբեց այտերի քրտինքն ու ակնոցն իսկույն տեղը հագցրեց։
― Էդ մրգերը․․․
Նա աչքի անցկացրեց բացատը։
― Ես ոնց որ թե, էդ մրգերից․․․
Նա ակնոցը շտկեց, հանկարծ նետվեց մի կողմ ու պպզեց թփերի ետևում։
― Հեսա կգամ․․․
Ռալֆը զգուշությամբ ոտքի կանգնեց և ճյուղերի արանքով սպրդեց անտառ։ Շուտով գիրուկի տնքոցները մնացին հետևում, և նա մոտեցավ իրեն ծովից անջատող վերջին պատնեշին։ Մագլցեց կոտրված ծառի վրայով ու անտառից դուրս եկավ։
Ամբողջ ափերով մեկ փետրավոր արմավենիներ էին ցրված։ Նրանք աճում էին ուղիղ, կոր կամ արևի կողմը թեքված, և իրենց կանաչ թևերով ճախրում էին երեսուն մետրանոց բարձունքում։ Տապալված ծառերի բները տեղ֊տեղ պատռել էին խոտի կոշտ գորգը, որը ցիրուցան ծածկված էր փտող կոկոսներով ու արմավի ծիլեորվ։ Հետևում միայն մութ անտառն էր ու բացատի երկար սպին։ Ռալֆը, ծառին հենված, կանգնել էր ու անթարթ նայում էր առջևի շողշողուն ջրին։ Մի մղոն հեռվում, մարջանի խութերին խփվելով, փրփրում էր մուգ կապույտ օվկիանոսը, բայց խութերի անկանոն աղեղի մեջ փակված ծովախորշը լեռնային լճակի պես հարթ էր ու անխռով և շողում էր երկնագույնի, կանաչի ու ծիրանու բոլոր երանգներով։ Արմեվների դարավանդի ու ծովի միջև ընկած նոր լողափը անծայր աղեղով ձգվում֊հասնում էր անսահմանությանը։ Ամենուր իշխում էր թանձր, համարյա տեսանելի շոգը։
Ռալֆը դարավանդից թռավ ու կոշիկներով խրվեց ավազի մեջ։ Շոգը խփեց գլխին։ Հագուստը սկսեց խանգարել, և նա դեն նետեց կոշիկներն ու կտրուկ շարժումով ոտքերից ձգեց գուլպաները։ Հետո նորից ցատկեց դարավանդին, գլխի վրայով հանեց շապիկն ու կանգնեց գանգանման կոկոսների կողքին, արմավների կանաչ ստվերների խաղի տակ։ Ապա գոտին արձակեց, դուրս սահեց շալվարի ու վարտիքի միջից և, բոլորովին մերկ, հայացքն ուղղեց ցոլցլուն ծովի ու լողափի կողմը։
Տղան բավական մեծ էր՝ տասներկուսն անց, և, կորցնելով մանկական ցմփորությունը, դեռ ձեռք չէր բերել դեռահասի կազմվածքին հատուկ անշնորհքությունը։ Ուսերի թափից ու լայնությունից դատելով, նա կարող էր բռնցքամարտիկ դառնալ, սակայն մեղմ աչքերն ու բերանի ուրվագիծը բարեհոգություն էին վկայում։ Նա թեթևակի թխկացրեց արմավենու բնին և, իվերջո համակերպվելով կղզու գոյության հետ, լիաթոք ծիծաղեց ու նորից կանգնեց գլխի վրա։ Հետո ճարպկորեն շուռ եկավ, ցած թռավ դարավանդից, և, ծունկի գալով, երկու ձեռքով ավազը քաշեց իր մոտ։ Ապա հետ նստեց ու իր փայլուն, անհանգիստ աչքերը դարձրեց ջրի կողմը։
― Ռա՛լֆ․․․
Գիրուկը դարավանդից ոտքերը զգուշորեն իջեցրեց ու նստեց եզրին։
― Կներես, որ ուշացա, էդ մրգերը․․․
Նա ակնոցը սրբեց ու դրեց իր կլորիկ քթին։ Շրջանակը քոարամտին վարդագույն խորը հետք էր թողել։ Գիրուկը քննական մի հայացք նետեց Ռալֆի ոսկեգույն մարմնին, ապա նայեց սեփական հագուստին և ձեռքը դրեց կրծքի երկար շղթայի ծաղրին։
Վերջապես նա շղթան վճռաբար քաշեց ու գլխի վրայով հանեց բաճկոնը։
― Թքած։
Ռալֆն աչքի ծայրով նրան էր նայում, բայց ոչինչ չասաց։
― Երևի պետք է բոլորի անուններն իմնալա,― ասաց գիրուկը,― ու ցուցակ սարքել։ Պետք է ժողով կանչել։
Ռալֆն ակնարկը բանի տեղ չդրեց, և գիրուկը ստիպված եղավ շարունակել։
― Ինձ ինչ էլ ասեն, ոչինչ,― մտերմաբար խոստովանեց նա,― մենակ թե դպրոցի անունը չկպցնեն։
Ռալֆը փոքր֊ինչ աշխուժացավ։
― Ի՞նչ անուն։
Գիրուկը հետ նայեց, կռացավ Ռալֆի մոտ ու փսփսաց․
― Դպրոցում ինձ Խոզուկ էին ասում։
Ռալֆը պոռթկաց ու վեր ցատկեց։
― Խո՜֊զուկ, Խո՜֊զուկ։
― Լավ էլի, Ռալֆ․․․
Խոզուկն անախորժ կանխազգացումով ձեռքերն իրար սեղմեց։
― Ախր ես ասեցի, չէ՞, որ չեմ ուզում․․․
― Խո՜֊զուկ, Խո՜֊զուկ։
Ռալֆը պար գալով վազեց արևի տակ ու թևերը պարզած հետ եկավ, կործանիչ ինքնաթիռի կերպարանք առաջ, Խոզուկին գնդակոծելով։
― Զը՜զզզզզ, դը՛֊դը՛֊դը՛֊դը՛֊դը․․․
Նա գահավիժեց խոզուկի ոտքերի տակ ու պառկած մնաց ավազների մեջ, շարունակ հռհռալով։
― Խո՜֊զուկ։
Խոզուկը դժկամությամբ ժպտաց, կամքին հակառակ ուրախանալով, որ առնվազն ճանաչում է գտել։
― Դե լավ, եթե ուրիշներին չես ասելու․․․
Ռալֆն, ավազիմեջ թավալ տալով, քրքջում էր։ Կանտրոնացման ու ցավի արտահայտությունը նորից հայտնվեց Խոզուկի դեմքին։
― Էս րոպեիս կգամ․․․
Նա նորից նետվեց անտառ։ Ռալֆը ոտքի ելավ ու վազեց աջ։
Այնտեղ լողափի սահուն գիծը կտրուկ ընդհատվում էր կոպիտ անկյուններով՝ վարդագույն գրանիտի հսկայական մի սալ անգթորեն հատում էր անտառը, դարավանդն ու ավազը և մխրճվում ջրի մեջ, ստեղծելով մեկ մետրից քիչ բարձր մի հարթակ։ Այն ծածկղ հողի նեղ շերջի վրա կոշտ խոտ ու մատաղ արմավենիներ էին աճում։ Հողը չէր հերիքում, որ արմավները մի լավ հասակ առնեն, և, մոտ յոթ մետրի հասնելով, նրանք չորանում ու տապալվում էին ցած, գոյացնելով նստելու համար շատ հարմար բների պաչաձևված մի ցանց։ Դեռևս կանգուն արմավենիների ծածկի վրա ներքևից խաղում էին ծովախորշի ջրի արտալոցված շողքերը։ Ռալֆը, ձեռքերը հենելով, վեր թռավ այդ հարթակի վրա, գնահտեց նրա զովությունն ու ստվերը, մի աչքը փակեց ու վճռեց, որ իր մարմնի ստվերներն իրականում կանաչ են։ Նա մոտեցավ հարթակի եզրին և նայեց ներքև։ Հատակը պարզ երևում էր՝ վճիտ ջուրը նախշված էր արևադարձային ջրիմուռներով ու մարջանով։ Ներքևում դես ու դեն էր անում փոքրիկ փայլփլուն ձկնիկների մի վտառ։ Ռալֆն ակամա բացականչեց, հնչեցնելով բերկրանքի թավ լարերը։
― Առռը հա՜․․․
Հարթակի տակ նոր հրաշքներ կային։ Աստծու արարներից մեկը, որևէ ծովամրրիկ կամ թերևս հենց այն հողմը, որն ուղեկցել էր իրենց անկումը, ծովախորշի ներսում ավազ էր դիզել ու նրանց անջատել երկար ու խորը միավազան, որի մի ծայրը փակում էր վարդագույն ժայռը։ Ռալֆը փորձից գիտեր, որ խորության պատրանքը խաբուսիկ է լինում, և նախօրոք հիասթափություն էր ակնկալում։ Բայց կղզին այս անգամ էլ չխաբեց, և այդ անհավատալի ավազանը, որին ալիքներն անկասկած միայն մակընթացության ժամանակ էին հասնում, այնքան խորը դուրս եկավ, որ մի ծայրից նույնիսկ մուգ կանաչ էր։ Ռալֆը մանրամասն ուսումնասիրեց ավազանի ամբողջ երկայնքը և նոր միայն ցակտեց մեջը։ Ջուրը մարմնից տաք էր, Ռալֆն ասես լող տար մի մեծ լոգարանի մեջ։
Խոզուկը նորից հայտնվեց, նստեց ժայռի եզրին և սկսեց նախանձով նայել Ռալֆի կանաչ ու սպիտակ մարմնին։
― Այ թե լող ես տալիս, հա՜։
― Խո՜֊զուկ։
Խոզուկը հանեց կոշիկներն ու գուլպաները, խնամքով դրանք դարսեց ժայռին և ոտքի բութ մատով փորձեց ջուրը։
― Տաք է։
― Բա դու ի՞նչ էիր կարծում։
― Ես բան չէի կարծում։ Մորքուրս․․․
― Զզվեցրիր քո մորքուրով։
Ռալֆը սուզվեց ջրի տակ և աչքերը բացեց՝ ավազանը խորշից անջատող թումբն ասես լեռնաշղթա լիներ։ Նա քիթը փակեց ու շուռ եկավ՝ ոսեկգույն լույսի շողերը բեկվեցին ու պար եկան դեմքին։ Խոզուկը վճռական տեսքով սկսեց հանել իր կարճ տաբատը։ Շուտով արդեն նրա գունատ ու թմբլիկ մարմինը բոլորովին մերկ էր։ Նա ոտքի ծայրի վրա իջավ ավազոտ կողմն ի վար և մինչև վիզը պպզեց ջրի մեջ, հպարտորեն ժպտալով Ռալֆի կողմը։
― Ի՞նչ, չես լողանալո՞ւ։
Խոզուկը գլուխը թափ տվեց։
― Ես լողալ չգիտեմ։ Չեն թողնում, թե չէ շնչարգելությունս․․․
― Զզվեցրիր քո շնագելությամբ։
Խոզուկը խոնարհաբար ձայն չհանեց։
― Բայց դու համա թե լողալ գիտես, հա՜։
Ռալֆը մեջքի վրա լողաց դեպի ափը, բերանը ջուր հավաքեց և բարակ շիթով դուրս փչեց։ Հետո գլուխը բարձրացրեց և ասաց։
― Ես հինգ տարեկանից լողալ գիտեմ, հայրս սովորեցրեց։ Ինքը ռամական նավապետ է, հենց որ ազատվի, կգա մեզ փրկելու։ Քո հե՞րն ինչ է։
― Խոզուկն իսկույն կարմրեց։
― Իմ հայրը մեռել է։― Արագ ասաց նա։― Իսկ մայրս․․․
Նա ակնոցը հանեց և սկսեց փնտրել, թե ինչով սրբի։
― Ես մորքուրիս հետ եմ ապրում։ Ինքը քաղցրավենիքի խանութ ունի, գիտե՞ս, ինչքան էի ուտում՝ ինչքան քեֆս ուզեր․․․ Իսկ քո հայրը մեզ ե՞րբ կփրկի։
― Հենց որ կարողանա։
Խոզուկը ջրից դուրս եկավ, և, կաթկթալով, սկսեց գուլպայով սրբել ակնոցը։ Առավոտյան տապի միջոց նրանց հասնող միակ ձայնն այժմ խութերին փշրվող հորձանքի երկար, ընդհատվող մռնչոցն էր։
― Իսկ ի՞նչ կիմանա, որ մենք էստեղ ենք։
Ռալֆը ջրի մեջ թմրում էր։ Քունը պարուրում էր նրան, ծովախորշի փայլը շղարշել էր ջանացող գայթակղիչ տեսլիքների պես։
«Որովհետև» մտածում էր Ռալֆը՝ «Որովհետև կիմանա»։ Խութերից հասնող մռլտոցը հետզհետե հեռանում էր։
― Օդայականում կասեն։
Խոզուկը գլուխը տարուբերեց, փայլփլող ակնոցը դրեց քթին և ներքև նայեց Ռալֆի կողմը։
― Ոչ ոք էլ չի ասի։ Դու օդաչուին չլսեցի՞ր, չլսեցի՞ր ատոմային ռումբի մասին ինչ ասեց։ Բոլորը մեռել են։
Ռալֆը ջրից դուրս եկավ, կանգնեց Խոզուկի դիմաց ւո սկսեց միտք անել այդ անսովոր պրոբլեմի մասին։
Խոզուկը պոկ չէր տալիս։
― Էս կղզի է, չէ՞։
― Ես էն ժայռը բարձրացել եմ,― դանդաղ ասաց Ֆալֆը,― ոնց որ թե կղզի է։
― Բոլորը մեռել են։― Ասաց Խոզուկը։― Էս էլ կղզի է։ Ոչ ոք չգիտի, որ մենք կորել ենք։ Ոչ քո հայրը, ոչ էլ ուրիշ որևէ մեկը։
Նրա շուրթերը դողացին, ակնոցը մշուշվեց։
― Մենք էստեղ կմնանք մինչև չմեռնենք։
Այդ խոսքերից տապն ավելի սաստկացավ ու անտանելի ծանրությամբ լցեց, իսկ ծովախորշի փայլը սկսեց կուրացնել։
― Գնամ,― մրմնջաց Ռալֆը,― հրեն, շորերս։
Դաժան արևին դիմանալով, նա վազեց֊անցավ գրանիտե հարթակով և հավաքեց իր ցիրուցան հագուստը։ Գորշ շապիկը նորից հագնելը զարմանալիորեն հաճելի էր։ Ապա կրկին մագլցեց հարթակն ու ստվերի տակ նստեց մի հարմար բնի վրա։ Խոզուկը, իր ամբողջ ունեցվածքը թևի տակ ծալած, նույնպես վեր բարձրացավ։ Նա զգուշորեն նստեց ծովախորշին նայող փոքր ժայռաբեկորի կողքին տապալված բներից մեկին։ Ջրի խճճված շողքերը սկսեցին խաղալ նրա դեմքին։
Քիչ անց նա խոսեց։
― Մենք անպայման պիտի մյուսներին գտնենք։ Պիտի մի բան անենք։
Ռալֆը չպատասխանեց։ Ահա մարջանի մի կղզի։ Արևից պատսպարված, անտեսելով Խոզուկի մռայլ գուշակությունները, նա քաղցր երազում էր։
Խոզուկը հանգիստ չէր թողնում։
― Ի՞նչ գիտես, թե մենք քանի հոգի ենք։
Ռալֆը մոտեցավ ու կանգնեց Խոզուկի կողքին։
― Չգիտեմ։
Տեղ֊տեղ զեփյուռը կնճռոտում էր շոգի մուժի տակ ձգված ջրի հայելին, արմավների սաղարթները սկսում էին խշխշալ, ու լույսի աղոտ բծերը սահում էին նրանց մարմնով կամ պայծառ թիթեռնիկների պես թպրտում ստվերում։
Խոզուկը նայեց Ռալֆին, նրա դեմքի ստվերները շրջվել էին՝ վերևից կանաչ էին, ներքևում, ջրի արտացոլումից՝ լուսավոր։ Արևի շողքը խճճվել էր մազերի մեջ։
― Մենք պետք է մի բան անենք։
Ռալֆը նայում էր նրան, բայց չէր տեսնում։ Վերջապես իր երազած, բայց երբեք լիվոին չիրականացած, վայրը հանկարծ մարմնավորվում էր, կյանք առնում։ Ռալֆը գոհունակությամբ ժպտաց։ Խոզուկը, ընկալելով դա որպես խրախուսանք, հաճույքից ծիծաղեց։
― Եթե սա իսկապես կղզի է․․․
― Է՞ս ինչ էր։
Ռալֆն այլևս չէր ծիծաղում և մատը տնկել էր ջրի կողմը։ Փարթամ ջրիմուռների գրկումկաթնագույն մի բան էր ընկած։
― Քար կլինի։
― Չէ՝ խեցի։
Խոզուկը հանկարծ խանդավառվեց։
― Ճիշտ որ, խեցի է։ Ես մեկի տանը դրանից տեսել եմ, բայց նա դրան փող էր ասում։ Հենց որ փչում էր, մայրը դուրս էր գալիս։ Գիտե՞ս, ինչ թանկանոց բան է․․․
Ռալֆի կողքին արմավի մի ծիլ թեքվել էր ջրի վրա։ Սակավ հողը հազիվ էր դիմանում նրա քաշին, ու այն վաղ թե ուշ պիտի ընկներ։ Ռալֆն այդ ծիլը դուրս քաշեց ու մտցրեց ջուրը, ցիրուցան անելով պսպղուն ձկնիկներին։ Խոզուկը վտանգավոր կերպով թեքվեց ցած։
― Կամաց, կջարդես։
― Ձենդ կտրի։
Ռալֆը ցրված էր։ Խեցին սիրուն էր ու հետաքրքիր՝ լավ խաղալիք, բայց գերող անուրջները դեռևս զատում էին նրան Խոզուկից, որն այդ պարագայում պարզապես ավելորդ էր։ Արմավի ծիլը ճկվեց և խեցին հրեց ջրիմուռների մեջ։ Մի ձեռքը որպես հենարան գործածելով, Ռալֆը մյուսով սեղմեց լծակը և կաթկթող խեցին վեր բարձրացրեց այնպես, որ Խոզուկն այն բռնի։
Այժմ, երբ խեցին կարելի էր ձեռք տալ, Ռալֆը նույնպես ոգևորվեց։ Խոզուկը նորից բլբլում էր։
― ․․․ անունը Փող էր։ Էնքան թանկ, չես պատկերացնում։ Եթե ուզենայիր մի տեղից առնել, ամպի չափ փող պիտի տայիր, լիքը․․․ Ինքը դրան պատից էր կախում, իսկ մորքուրս․․․
Ռալֆը Խոզուկից խեցին վերցրեց, և նրա ձեռքին մի քանի կաթիլ ջուր ծորաց։ Խեցին կաթնագույն էր, տեղ֊տեղ բաց վարդագույնի խփող։ Փոքրիկ անցքով սուր գագաթից մինչև վարդագույն շուրթերի գեղեցիկ բացվածքն ընկած տասնութ մատնաչափը թեթևակի ոլորվող, նրբին զարդանախշերով դաջված մակերես էր։ Ռալֆը զգուշությամբ թափ տվեց խեցու երկար թողի մեջ կուտակված ավազը։
― ․․․ կովի բառաչի պես էր ստացվում։ Հետո ինքը սպիտակ քարեր էլ ուներ,ու վանդակի մեջ թառած կանաչ թութակ։ Բայց դե սպիտակ քարը ոնց էլ փչես, բան դուրս չի գա, էնպես որ նա ասում էր, թե․․․
Խոզուկը լռեց, որ շունչ քաշի և շոյեց Ռալֆի բռնած փայլուն խեցին։
― Ռալֆ։