Վերջին թարմացում 29 Դեկտեմբերի 2013, 00:11
Արգելոց

հեղինակ՝ Սերգեյ Դովլաթով
թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան
աղբյուր՝ «Կոմպրոմիս Արգելոց»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Կնոջս, որ իրավացի էր



Տասներկուսին հասանք Լուգա։ Կանգ առանք կայարանի հրապարակում։ Զբոսավար աղջիկը վսեմ ոճը փոխեց երկրայինի․

— Էնտեղ, ձախի վրա մի տեղ կա…

Հարեւանս աշխուժացած վեր թռավ․

— Այսինքն՝ զուգարա՞ն։

Ամբողջ ճանապարհին կյանքս կերել էր․ «Սպիտակացնող միջոց՝ վեց տառից… Վերացող երկկճղակավո՞ր… Ավստրիացի լեռնադահուկո՞րդ…»։

Զբոսաշրջիկներն իջան լույսով ողողված հրապարակը։ Վարորդը չխկացրեց դուռն ու պպզեց հովացուցչի առաջ։

Կայարա՜նը… Կեղտակուր դեղին, սյունաշարով կառույց, ժամացույց, արեւից խունացած դողդոջուն նեոնե տառեր…

Անցա նախասրահ, որտեղ թերթի կրպակն ու զանգվածեղ ցեմենտակուռ աղբամաններն էին։ Բնազդով գտա բուֆետը։

— Մատուցողի միջոցով,— ալարելով ասաց բուֆետապանուհին։

Կրծքաբլրին ճոճվում էր խցանահանը։

Նստեցի դռան մոտ։ Մի րոպեից հայտնվեց հսկայական թաղիքե այտամորուսներով մատուցողը։

— Ի՞նչ եք կամենում։

— Կամենում եմ,— ասում եմ,— որ բոլորը բարեհամբյուր լինեն, համեստ ու սիրալիր։

Կյանքի բազմազանությունից հագեցած մատուցողը լուռ էր։

— Կամենում եմ հարյուր գրամ օղի, գարեջուր ու երկու բուտերբրոդ։

— Ինչո՞վ։

— Երշիկով երեւի։

Ծխախոտ հանեցի, կպցրի։ Ձեռքերս այլանդակ դողում էին։ «Մենակ թե բաժակը չգցեմ…»։ Քիչ էր՝ կողքիս էլ երկու ինտելիգենտ տատիկ նստեցին։ Կարծես թե՝ մեր ավտոբուսից։

Մատուցողը մի փոքրիկ գրաֆին, մի շիշ ու երկու կոնֆետ բերեց։

— Բուտերբրոդները վերջացել են,— իրազեկեց կեղծ ողբերգականությամբ։

Ես վճարեցի։ Վերցրի ու միանգամից էլ ցած դրեցի բաժակը։ Ձեռքերս դողում էին ընկնավորի ձեռների պես։ Պառավները զզվանքով զննում էին։ Փորձեցի ժպտալ․

— Ինձ սիրով նայեք։

Նրանք ցնցվեցին ու փոխեցին տեղը։ Անհոդաբաշխ քննադատական ձայնարկություններ լսեցի։

Սատանան դրանց հետ՝ մտածում եմ։ Երկու ձեռքով պինդ բռնեցի բաժակն ու խմեցի։ Հետո շրշյունով բացեցի կոնֆետը։

Մի քիչ թեթեւացավ։ Խաբուսիկ հոգեւոր վերելք զգացի։ Գարեջրի շիշը խցկեցի գրպանս։ Հետո վեր կացա․ քիչ էր մնում շուռ տայի աթոռը։ Ավելի ճիշտ՝ դյուրալյումինե բազկաթոռը։ Պառավները տագնապած նայում էին։

Դուրս եկա հրապարակ։ Պուրակի ցանկապատին ծռմռված նրբատախտակե վահանակներ էին կախկխել։ Դիագրամները ոչ հեռավոր ապագայում մսի, բրդի, ձվի եւ այլ ինտիմ բաների սարեր էին խոստանում։

Տղամարդիկ ծխում էին ավտոբուսի մոտ։ Կանայք աղմկոտ տեղավորվում էին։ Զբոսավար աղջիկը պաղպաղակ էր ուտում ստվերում։ Մոտեցա․

— Եկեք ծանոթանանք։

— Ավրորա,— ասաց նա ու պարզեց կպչուն ձեռքը։

— Իսկ ես,— ասում եմ,— Դերբենդ հեղուկատարն եմ։

Աղջիկը չնեղացավ։

— Անունիս վրա բոլորը ծիծաղում են։ Արդեն վարժվել եմ։ Ձեզ ի՞նչ է պատահել։ Կարմի՜ր֊կարմի՜ր եք։

— Հավատացնում եմ՝ միայն դրսից։ Ներքուստ սահմանադրական դեմոկրատ եմ։

— Չէ՛, իսկապես, վա՞տ եք զգում։

— Շատ եմ խմում։ Գարեջուր կուզե՞ք։

— Ինչի՞ եք խմում,— հարցրեց նա։

Ի՞նչ պատասխանեի։

— Գաղտնիք է,— ասում եմ,— փոքրիկ գաղտնիք…

Որոշել եք արգելոցո՞ւմ աշխատել։

— Ճիշտ այդպես։

— Միանգամից գլխի ընկա։

— Ի՞նչ է, բանասերի նմա՞ն եմ։

— Ձեզ Միտրոֆանովն էր ճանապարհում։ Շատ պատրաստված պուշկինագետ է։ Նրան լա՞վ եք ճանաչում։

— Լավ,— ասում եմ,— վատ կողմից։

— Էդ ո՞նց։

— Բանի տեղ մի դրեք։

— Գորդին կարդացեք, Շչեգոլեւ, Ցյավլինսկի… Կեռնի հուշերը… Ու որեւէ հանրամատչելի գրքույկ՝ հարբեցողության վնասների մասին։

— Գիտե՞ք, էնքան եմ կարդացել հարբեցողության վնասների մասին, որ որոշել եմ թողնեմ… կարդալը։

— Ձեզ հետ անհնար է խոսել։

Վարորդը նայեց մեր կողմը։ Զբոսաշրջիկները տեղավորվել էին։

Ավրորան պաղպաղակը կերավ֊պրծավ ու մատները սրբեց։

— Ամռանը,— ասաց նա,— արգելոցում բավական լավ են վճարում։ Միտրոֆանովը մոտ երկու հարյուր ռուբլի է վաստակում։

— Իր արժեքից երկու հարյուր ավել։

— Համ էլ չար եք։

— Կչարանաս, բա ի՜նչ։

Վարորդը երկու անգամ ազդանշան տվեց։

— Գնում ենք,— ասաց Ավրորան։

Լվովյան ավտոբուսում նեղվածք էր։ Մոմլաթե նստիքները շիկացել էին։ Դեղին վարագույրները թանձրացնում էին խեղդուկի զգացումը։

Ես թերթում էի Վուլֆի «Օրագրերը»։ Պուշկինի մասին բարյացակամ էր խոսում, երբեմն՝ ներողամտորեն։ Ահա՜, մերձությունը վտանգավոր է տեսողության համար։ Բոլորի համար էլ պարզ է, որ հանճարը պիտի ծանոթներ ունենա։ Բայց ո՞վ կհավատա, որ իր ծանոթը հանճար է։

Ննջեցի։ Ականջիս ինչ֊որ հավելյալ տեղեկություններ էին հասնում Ռիլեեւի մոր մասին։

Արթնացրին արդեն Պսկովում։ Դարձյալ տխրություն ու ձանձրույթ էին բերում կրեմլի սվաղած պատերը։ Կենտրոնական կամարի ճակատին ձեւավորողները մի այլանդակ, մերձբալթյան տիպի, կոփածո զինանշան էին փակցրել։ Կրեմլն ասես հսկա մանրակերտ լիներ։

Կողաշենքերից մեկում ճանապարհորդությունների տեղական բյուրոն է։ Ավրորան ինչ֊որ թղթեր վավերացրեց, ու մեզ տարան «Գերա»՝ տեղիս ամենաշքեղ ռեստորանը։

Երկմիտ էի՝ մի քիչ է՞լ, թե՞ պետք չի։ Ավելացնես՝ վաղը ավելի վատ կլինի։ Ուտել չէի ուզում… Դուրս եկա զբոսայգի։ Ծանր ու խուլ խշշում էին լորենիները։ Վաղուց եմ համոզվել․ հերիք է մտքի մեջ ընկնես, անմիջապես մի տխուր բան կհիշվի։ Օրինակ, վերջին խոսակցությունը կնոջս հետ…


— Նույնիսկ բառերի հանդեպ քո սերը խելագար, անառողջ, ախտավոր է․ կեղծ սեր։ Ընդամենը քո վարած կյանքն արդարացնելու փորձ։ Իսկ դու նշանավոր գրողի կյանք ես վարում՝ դրա ամենաչնչին նախադրյալն իսկ չունենալով… Քո արատներով պետք է առնվազն Հեմինգուեյ լինել…

— Իսկապե՞ս նրան լավ գրող ես համարում։ Գուցե Ջեկ Լոնդոնն է՞լ լավ գրող է։

— Աստվա՜ծ իմ, ի՞նչ կապ ունի Ջեկ Լոնդոնը։ Ճտքակոշիկներիս միակ զույգը գրավատանն է… Ես ամեն ինչ կարող եմ ներել։ Աղքատությունն էլ վախենալու չի… Ամեն ինչ, բացի դավաճանությունից։

— Ի՞նչ նկատի ունես։

— Քո հավերժական հարբեցողությունը։ Քո… ասելս էլ չի գալիս… Չի կարելի արվեստագետ լինել ուրիշի հաշվին… Ստորություն է։ Դու այնքան ես խոսում վեհանձնության մասին։ Իսկ ինքդ անսիրտ, դաժան, խորամանկ մարդ ես…

— Մի մոռացիր, որ քսան տարի է՝ պատմվածքներ եմ գրում։

— Ուզում ես մեծ գի՞րք գրել։ Դա հարյուրավոր միլիոններից մեկին է հաջողվում։

— Հետո՞ ինչ։ Հոգեւոր առումով այդպիսի մի անհաջող փորձը հավասար է ամենամեծ գրքին։ Եթե կուզես՝ բարոյապես նույնիսկ ավելի բարձր է։ Քանի որ բացառում է վարձատրությունը…

— Բառեր են… Անվերջ գեղեցիկ բառեր… Ձանձցարա… Ես երեխա ունեմ, պատասխանատու եմ նրա համար…

— Ես էլ երեխա ունեմ։

— Ում ամիսներով անտեսում ես։ Մենք օտար ենք քեզ։

(Կնոջ հետ խոսակցության մեջ մի հիվանդագին պահ կա։ Դու փաստեր ես բերում, փաստարկներ, հիմնավորումներ։ Տրամաբանության ու սթափ դատողության ես կոչում։ Ու հանկարծ պարզում ես, որ նրա համար զզվելի է քո ֆայնի հնչյունն իսկ)։

— Միտումնավոր,— ասում եմ,— չարիք չեմ գործել…

Ես նստեցի թեք նստարանին։ Հանեցի գրիչն ու նոթատետրը։ Մի րոպե անց գրեցի․

Սիրելի՛ս, Պուշկինյան բլուրներում եմ
Եվ արգելոցում, մենակ, առանց քեզ,
Ահա շրջում եմ ես անտեր շատ պես,
Ու սարսափներից սիրտս մարում է…

Եվ այլն, եւ այլն։

Բանաստեղծությունս մի քիչ առաջ էր ընկել իրականությունից։ Մինչեւ Պուշկինյան բլուրներ դեռ հարյուր կիլոմետր կար։

Մտա տնտապրանքների կրպակ։ Մագելանի պատկերով ծրար առա։ Չգիտես ինչու՝ հարցրի․

— Չգիտե՞ք՝ ինչո՞ւ Մագելանը։

Վաճառողը մտահոգ պատասխանեց․

— Կարող է՝ մեռել է… Կամ էլ հերոս են տվել…

Փակցրի դրոշմանիշը, սոսնձեցի, գցեցի արկղը… Ժամը վեցին մոտեցանք տուրիստական բազայի շենքին։ Մինչ այդ բլուրներ էին, գետ, արձակ հորիզոնը՝ անհամաչափ անտառաշուրթով։ Մի խոսքով, ռուսական բնապատկեր՝ առանց ավելորդությունների։ Այն առտնին նշանների, որ անբացատրելի դառնության զգացում են արթնացնում։

Այդ զգացումն ինձ միշտ կասկածելի է թվացել։ Ընդհանրապես, անշունչ առարկաների հանդեպ սերը զայրացնում է ինձ… (Մտովի բացեցի նոթատետրս)։ Ինչ֊որ արատավոր բան կա նումիզմատների, ֆիլատելիստների, մոլի ճանապարհորդների, կակտուսների եւ ակվարիումային ձկների սիրահարների մեջ։ Ինձ խորթ է ձկնորսի քնկոտ համբերությունը, լեռնագնացի անպտուղ ու անտեղի խիզախումը, արքայական պուդելի տիրոջ վեհապանծ ինքնավստահությունը…

Ասում են՝ հրեաներն անտարբեր են բնության հանդեպ։ Այդպես է հնչում հրեական ազգին ուղղված հանդիմանություններից մեկը։ Իբր հրեաներն իրենք բնություն չունեն, իսկ օտարի հանդեպ անտարբեր են։ Ինչ կա որ, կարող է եւ այդպես է։ Երեւի իմ մեջ հրեական արյան խառնուրդն է խոսում…

Կարճ ասած․ չեմ սիրում ոգեշունչ հայեցողներին։ Եվ նրանց ցնծությանն առանձնապես չեմ վստահում։ Իմ կարծիքով՝ սերն առ կեչիները հաղթանակ է տոնում մարդու հանդեպ սիրո հաշվին։ Եվ զարգանում է որպես սարքովի հայրենասիրություն։

Համաձայն եմ՝ հիվանդ, անդամալույծ մորն ավելի սուր ես խղճում ու սիրում։ Բայց նրա տառապանքով զմայլվելը, գեղագիտորեն տանջանքներն արտահայտելը ստորություն է… Ինչեւէ…

Մոտեցանք տուրիստական բազային։ Ո՞ր ապուշն է այն մոտակա ջրամբարից չորս կիլոմետրի վրա կառուցել։ Արհեստական լճակներ, լճեր, նշանավոր գետակը, իսկ բազան խաշվում է արեւի տակ։ Ճիշտ է, ցնցուղով համարներ էլ կան… Երբեմն՝ տաք ջուր…

Մտնում ենք զբոսաշրջային բյուրո։ Մի տիկին է նստած, մի տիկի՜ն․ պաշտոնաթող զորականի երազանքը։ Ավրորան նրան տվեց ուղեթերթը։ Ստորագրեց, ստացավ խմբի ճաշի կտրոնները։ Ինչ֊որ բան շշնջաց այդ շքեղ շիկահերին, որն անմիջապես ինձ նայեց։ Հայացքում հպանցիկ, անմատույց հետաքրքրություն, գործնական մտահոգություն ու թեթեւ տագնապ կար։ Նույնիսկ ձգվեց մի տեսակ։ Թղթերն ավելի սուր շրշացին։

— Ծանոթ չե՞ք,— հարցրեց Ավրորան։

Ես մոտեցա։

— Ուզում եմ աշխատել արգելոցում։

— Մարդկանց կարիք ունե՜նք,— ասաց շիկահերը։

Դարձվածքի ավարտին նկատելի էր բազմակետը։ Այսինքն՝ հատկապես լավ, որակյալ մասնագետներ են պետք։ Իսկ պատահական, ուրեմն, մարդիկ չեն պահանջվում։

— Ցուցադրանքին ծանո՞թ եք,— հարցրեց շիկահերն ու հանկարծ ներկայացավ,— Գալինա Ալեքսանդրովնա։

— Երեք անգամ եղել եմ այստեղ։

— Քիչ է։

— Համաձայն եմ։ Ահա նորից եմ եկել։

— Պետք է ինչպես հարկն է պատրաստվել։ Մեթոդական ձեռնարկը սերտել։ Պուշկինի կյանքում այնքա՜ն չուսումնասիրված բան կա… Անցյալ տարվանից որոշ բաներ փոխվել են…

— Պուշկինի կյանքո՞ւմ,— զարմացա ես։

— Ներեցեք,— միջամտեց Ավրորան,— տուրիստներն ինձ են սպասում։ Հաջողություն ձեզ…

Ու չքացավ․ ջահել, կենսախինդ, ինքնաբավ։ Վաղը թանգարանի սրահներից մեկում կլսեմ նրա ջինջ, աղջկական ձայնը․

«Լսեք միայն, ընկերնե՛ր… «Ձեզ սիրեցի այնպես անկեղծ, այնպես նուրբ…»։ Ճորտատիրական հարաբերությունների աշխարհին էր Ալեքսանդր Սերգեեւիչը հակադրում անշահախնդրության այս ոգեշունչ հիմնը…»։

— Ոչ թե Ալեքսանդր Սերգեեւիչի կյանքում,— գրգռված ասաց շիկահերը,— այլ՝ թանգարանի ցուցադրության մեջ։ Օրինակ, հանել են Հաննիբալի դիմանկարը։

— Ինչո՞ւ։

— Ինչ֊որ գործիչ պնդում է, թե Հաննիբալը չի։ Շքանշանները, տեսե՜ք֊տեսե՜ք, չեն համապատասխանում։ Իբր գեներալ Զակոմելսկին է։

— Իսկ ո՞վ է իրականում։

— Իրականում Զակոմելսկին է։

— Բա ինչի՞ է էդքան սեւ։

— Ասիացիների դեմ է կռվել, հարավում։ Շոգ է էնտեղ։ Վառվել է։ Ասենք, գույներն էլ ժամանակից մգանում են։

— Նշանակում է՝ ճի՞շտ են արել, որ հանել են։

— Ախր ի՜նչ տարբերություն՝ Հաննիբալն է, թե Զակոմելսկին… Տուրիստներն ուզում են Հաննիբալին տեսնել։ Դրա համար փող են վճարում։ Նրանց ինչի՞ն է Զակոմելսկին։ Մեր տնօրենն էլ բռնել ու կախել էր Հաննիբալին… Ավելի ճիշտ՝ Զակոմելսկուն որպես Հաննիբալ։ Իսկ ինչ֊որ գործչի դուր չի՜ եկել… Կներեք, ամուսնացա՞ծ եք։

Գալինա Ալեքսանդրովնան անսպասելի հարցրեց, եւ կասեի՝ ամոթխած։

— Բաժանված եմ,— ասում եմ,— ինչի՞։

— Մեր աղջիկներն էին հետաքրքրվում։

— Ի՞նչ աղջիկներ։

— Հիմա էստեղ չեն։ Հաշվապահը, մեթոդիստը, զբոսավարները։

— Իսկ ինչո՞ւ են հետաքրքրվում ինձանով։

— Ձեզնով չէ։ Բոլորով էլ հետաքրքրվում են։ Չամուսնացածները շատ են։ Տղաները թողել֊գնացել են… Ի՞նչ է մեր աղջիկների տեսածը։ Տուրիստնե՞ր։ Բայց տուրիստներն ի՞նչ։ Դեռ լավ է, եթե ութնօրյակ է լինում։ Թե չէ՝ Լենինգրադից գալիս են մի օրով։ Կամ՝ երեք… Էստեղ երկա՞ր եք մնալու։

— Մինչեւ աշուն։ Եթե ամեն ինչ լավ լինի։

— Որտե՞ղ եք տեղավորվել։ Կուզե՞ք զանգեմ հյուրանոց։ Երկուսն ունենք, մեկը լավն է, մյուսը՝ չէ։ Ո՞րն եք նախընտրում։

— Մտածել է պետք,— ասում եմ։

— Լավը թանկ է,— բացատրեց Գալինան։

Նա անմիջապես ինչ֊որ տեղ զանգեց։ Երկար համոզում էր ինչ֊որ մեկին։ Վերջապես հարցը լուծվեց։ Ինչ֊որ մատյանում գրեցին ազգանունս։

— Ես ձեզ կուղեկցեմ։

Վաղուց այդպիսի եռանդուն կանացի հոգածության առարկա չէի եղել։ Հետո այն ավելի համառ կդառնա։ Եվ նույնիսկ կվերաճի ճնշման։

Սկզբում դա վերագրում էի իմ թոշնած անհատականությանը։ Հետո համոզվեցի, թե ինչքան մեծ է արական սեռի պակասուրդն այդ եզերքներում։ Տեղացի ծռոտն ու պոռնիկի խոպոպներով տրակտորիստը շրջապատված էր պնդերես կարմրաթուշ երկրպագուհիներով։

— Մեռա՜, գարեջո՜ւր,— ծույլ֊ծույլ ասում էր նա։

Եվ աղջիկները վազում էին գարեջրի…

Գալյան կողպեց բյուրոյի դուռը։ Ու մենք անտառով քայլեցինք դեպի ավան։

— Պուշկին սիրո՞ւմ եք,— հանկարծ հարցրեց նա։

Ինչ֊որ բան ցնցեց ինձ, բայց պատասխանեցի՛

— Սիրում եմ… «Պղնձե հեծյալը», արձակը։

— Իսկ բանաստեղծություննե՞րը։

— Ուշ շրջանի բանաստեղծությունները շատ եմ սիրում։

— Իսկ վաղ շրջանի՞նը։

— Վաղ շրջանինն էլ եմ սիրում,— հանձնվեցի ես։

— Այստեղ ամեն ինչ Պուշկինով է ապրում ու շնչում,— ասաց Գալյան,— տառացիորեն՝ ամեն ճյուղ, ամեն ծիլ։ Անընդհատ թվում է՝ հիմա կհայտնվի շրջադարձից… Լայնեզր գլխարկը, թիկնոցը, ծանոթ կիսադեմը…

Իրականում շրջադարձից հայտնվեց Լյոնյա Գուրյանովը՝ նախկին համալսարանական մատնիչը։

— Բո՛րկա, խոզի՜ մռութ,— վայրենու պես գոռաց նա,— դո՞ւ ես։

Արձագանքեցի անսպասելի ուրախությամբ։ Էլի մի տականք հանկարծակիի բերեց։ Շարունակ չեմ հասցնում կենտրոնանալ։

— Գիտեի, որ գալու ես,— չէր հանդարտվում Գուրյանովը…

Հետագայում ինձ այսպիսի պատմություն արեցին։ Սեզոնի սկզբին էստեղ թունդ հարբեցողություն էր եղել։ Ինչ֊որ մեկի ծնունդը թե հարսանիքը։ Ներկա էր պետանվտանգության տեղիս աշխատակիցը։ Խոսք էր գնացել իմ մասին։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասել էր․

— Տալլինում է։

Առարկել էին․

— Չէ, արդեն մի տարի է Լենինգրադում է։

— Իսկ ես լսել եմ, որ Ռիգայում է, Կրասիլնիկովի մոտ։

Նորանոր վարկածներ էին հաջորդում։ Չեկիստը կենտրոնացած ուտում էր շոգեխաշած բադը։ Հետո բարձրացրեց գլուխն ու կարճ արտահայտվեց․

— Տվյալներ կան, որ պատրաստվում է գալ Պուշկինյան բլուրներ…

— Ինձ սպասում են,— ասաց Գուրյանովը, կարծես չէի թողնում գնա։

Նայեց Գալյային․

— Իսկ դու սիրունացել ես։ Վայ թե ատամներդ գցել ես, հա՞։

Նրա գրպանները ծանր դուրս էին ցցվել։

— Ա՜յ քեզ անասուն,— հանկարծ ասաց Գալյան։ Ու քիչ անց։— Ինչ լավ է, որ Պուշկինն այս ամենը չի տեսնում։

— Հա՛,— ասացի ես,— վատ չի։

«Դրուժբա» հյուրանոցի առաջին հարկը երեք հաստատություն էին զբաղեցնում՝ մթերային խանութը, վարսավիրանոցն ու «Ծովախորշ» ռեստորանը։ Երեւի, մտածում եմ, պետք կլինի հրավիրել Գալինային՝ արած լավությունների համար։ Ունեցածս փողը շատ քիչ էր։ Մի շռայլ շարժումը սպառնում էր կործանումով։

Լռեցի։

Մոտեցանք արգելապատին, որից այն կողմ կառավարչուհին էր։ Նա ինձ մի ծանր բանալի տվեց՝ 231 համարով։

— Իսկ վաղը սենյակ փնտրեք,— ասաց Գալինան,— կարելի է եւ ավանում… Կարելի է՝ Վորոնիչում, բայց թանկ կլինի… Կամ էլ՝ մոտակա գյուղերից մեկում՝ Սավկինոյում, Գայկիում…

— Շնորհակալ եմ,— ասում եմ,— փրկեցիք։

— Դե, ես գնացի։

Դարձվածքն ավարտում էր աննշմար հարցական նշանով․ «Դե, ես գնացի՞…»։

— Ուղեկցե՞մ։

— Ես միկրոշրջանում եմ ապրում,— խորհրդավոր արձագանքեց աղջիկը։

Հետո՝ հստակ ու հասկանալի, չափազա՜նց հստակ ու հասկանալի․

— Ուղեկցելը պարտադիր չէ… Ու չկարծեք, թե ես նրանցից եմ, որ…

Եվ հպարտ գլխով անելով կառավարչուհուն՝ հեռացավ։ Ես բարձրացա երկրորդ հարկ ու բացեցի դուռը։ Անկողինը կոկիկ հարդարված էր։ Բարձրախոսն ընդհատուն հնչյուններ էր արձակում։ Պատի պահարանի դուռը կիսաբաց էր, ձողի վրա ճոճվում էին կախիչները։

Այդ սենյակում, այդ նեղլիկ մակույկում ես լողում էի դեպի ինքնուրույն ամուրիական կյանքի անհայտ ափերը։

Կանգնեցի ցնցուղի տակ՝ սրբելով Գալինայի հոգածության խտղտուն նստվածքը, ավտոբուսի գաղջ նեղվածքի փառը, բազմօրյա կերուխումի կեղեւը։

Տրամադրությունս բավական լավացավ։ Սառը ցնցուղը կտրուկ բղավոցի պես ազդեց։

Սրբվեցի, հագա մարզատաբատս ու ծխախոտ վառեցի։

Միջանցքից ոտնաձայն լսվեց։ Ինչ֊որ տեղ երաժշտություն էր հնչում։ Լուսամուտների տակ աղմկում էին բեռնատարներն ու անհամար մոպեդները։

Պառկեցի ծածկոցին, բաց արի Վիկտոր Լիխոնոսվի մոխրագույն հատորյակը։ Որոշել էի վերջապես պարզել՝ ի՞նչ բան է էդ գյուղական արձակը։ Յուրատեսակ ուղեցույց ունենալ…

Կարդալով՝ աննկատ քնեցի։ Արթնացա գիշերվա երկուսին։ Վաղորդյան ամառային աղջամուղջը լցվել էր սենյակ։ Արդեն կարելի էր հաշվել պատուհանից երեւացող ֆիկուսի տերեւները։

Որոշեցի հանգիստ ամեն ինչ կշռադատել։ Փորձում էի ցրել աղետի, փակուղու զգացողությունը։

Կյանքը անծայրածիր ականապատ դաշտի պես փռվել էր շուրջս։ Ես կենտրոնում էի։ Պետք էր այդ դաշտը բաժանել մասերի ու գործի անցնել։ Կտրել դրամատիկ հանգամանքների շղթան։ Վերլուծել կործանման զգացումը։ Առանձին,առանձին հետազոտել յուրաքանչյուր գործոն։

Մարդը քսան տարի պատմվածքներ է գրում։ Համոզված է, որ գրիչ բռնելու համար որոշակի հիմքեր է ունեցել։ Մարդիկ, որոնց վստահում է, պատրաստ են դա հաստատել։

Քեզ չեն հրապարակում, չեն հրատարակում։ Չեն ընդունում իրենց ընկերակցության մեջ։ Իրենց ավազակախո՜ւմբը։ Բայց մի՞թե դա էիր երազում առաջին տողերը մրմնջալիս։

Արդարությա՞ն ես ձգտում։ Խաղաղվի՛ր․ այդ պտուղն էս տեղերում չի աճում։ Մի քանի պայծառ ճշմարտություն աշխարհը դեպի լավն էին փոխելու, իսկ իրականում ի՞նչ եղավ։

Մի տասը ընթերցող ունես։ Աստված տա՝ ավելի պակասեն։

Քեզ չեն վճարում․ զզվելին դա է։ Փողը ազատություն է, անեզրություն, քմահաճույքներ… Երբ փող ունես, այնքան հեշտ է հաղթահարել աղքատությունը…

Սովորիր վաստակել առանց շողոքորթելու։ Բեռնակրություն արա, գրի գիշերները։ Մանդելշտամն ասում էր՝ մարդիկ կպահեն՝ ինչ իրենց պետք է։ Ուրեմն՝ գրի՛…

Դրա ունակությունն ունես․ կարող էր եւ չլինել։ Գրի՛, ստեղծիր գլուխգործոցդ։ Ցնցիր ընթերցողի հոգին։ Մեն֊միակ կենդանի մարդու… Խնդիր է՝ ամբողջ կյանքի համար։

Իսկ եթե չստացվի՞։ Ինչ կա որ, ինքդ էիր ասում, որ բարոյապես՝ չհաջողված փորձն ավելի ազնիվ է։ Թեկուզեւ այն պատճառով, որ չի վարձատրվում…

Գրի՛, մեկ որ սկսել ես, տար այդ բեռը։ Որքան ծանրակշիռ, այնքան՝ թեթեւ…

Պարտքե՞րն են նեղում։ Բայց ո՞վ պարտք չի ունեցել։ Մի՛ վշտանա։ Չէ որ դա միակ բանն է, որ քեզ իսկապես կապում է մարդկանց հետ…

Նայի՛ր․ տեսնո՞ւմ ես ավերակները։ Այդպես էլ պիտի լիներ։ Բառերի աշխարհում ապրողը լեզու չի գտնի իրերի հետ։

Դու նախանձում ես ցանկացածին, ով իրեն գրող է համարում։ Ով հանելով վկայականը՝ դա կարող է փաստացի հավաստել։

Բայց ի՞նչ են գրում քո ժամանակակիցները։ Գրող Վոլինի գործերում կարդում ես․

«Ինձ համար ծայրահեղ պարզ դարձավ…»։ Եվ նույն էջում․ «Անծայրածիր պարզությամբ Կիմը զգաց…»։ Բառը գլխիվայր է շրջվել։ Բովանդակությունը թափվել է։ Ավելի ճիշտ, պարզվել է՝ բովանդակություն չկար։ Իրար վրա դիզված բառերն անորսալի էին, ինչպես դատարկ շշի ստվերը…

Ա՜խ, ուրիշ տեղ գնաց խոսքը, ուրի՜շ… Ոնց են զզվեցրել քո հավերժական խուսանավումները…

Ապրելն անհնար է։ Պետք է կամ ապրել, կամ գրել։ Կամ խոսք, կամ գործ։ Բայց քո գործը խոսքն է։ Եվ ցանկացած գլխատառով Գործ ատելի է քեզ համար։ Շուրջը մեռյալ գոտի է։ Այնտեղ կործանվում է ամենը, որ խանգարում է գործին։ Կործանվում են երազանքները, պատրանքները, հուշերը։ Խղճուկ, անառարկելի, միանշանակ նյութապաշտությունն է իշխում այնտեղ…

Բայց նորից է՜ն չի, է՜ն չի…

Ինչ դարձրիր կնոջդ։ Բարեհոգի էր, կոտրատվող, ուրախանալ էր սիրում։ Դու նրան խանդոտ, կասկածամիտ ու ջղային դարձրիր։ Նրա անփոփոխ արտահայտությունը՝ «Դրանով ինչ ես ուզում ասել», քո հնարագիտության հուշարձանն է…

Այլանդակություններդ հասնում էին անհեթեթության։ Հիշո՞ւմ ես, մի անգամ տուն եկար առավոտվա չորսին ու կոշկաթելերդ էիր արձակում, երբ կինդ արթնացավ ու հառաչեց․

— Տե՜ր Աստված, ո՞ւր ես գնում առավոտ շուտ…

— Ճիշտ որ, դեռ շուտ է, շուտ է,— մրթմրթացիր…

Հետո արագ հանվեցիր ու պառկեցիր…

Էլ ի՜նչ ասես…


Առավոտ։ Ալ կարմիր ուղեգորգին խլացած ոտնաձայներ։ Բարձրախոսի անսպասելի, կցկտուր քրթմնջոց։ Ջրի ճողփյուն՝ պատից անդին։ Բեռնատարներ՝ պատուհանի տակ։ Աքաղաղի անսպասելի կանչ հեռվում…

Մանկության առավոտների ձայնը շոգեքարշների շչակներն էին։ Քաղաքամերձ ամառանոցներ… Կայարանային այրուքի ու տաքացած ավազի հոտ… Սեղանի թենիս՝ ծառի տակ… Գնդակի պիրկ ու զնգուն կտտոց… Պարեր՝ ծածկած պատշգամբում (ավագ եղբայրդ պատեֆոնը միացնելը քեզ է վստահել)… Գլեբ Ռոմանով… Ռուժենա Սիկորա… «Այս երգը՝ երկու սոլդի, երկու գրոշանոց…», «Բուխարեստում արթմնի քեզ եմ երազել…»։

Արեւից խարկված լողափ… Կարծր կածան… Երկրափողք վարտիք ու կապիչների հետքը սրունքների վրա… Սանդալների մեջ լցված ավազ…

Դուռը թակեցին․

— Հեռախոսի մոտ։

— Թյուրիմացություն է,— ասում եմ։

— Դուք Ալիխանո՞վն եք։

Ինձ ուղեկցեցին քույր֊տնտեսուհու սենյակը։ Վերցրի խոսափողը։

— Քնա՞ծ էիք,— հետաքրքրվեց Գալինան։

Ես կրքոտ առարկեցի։

Վաղուց եմ նկատել, որ այդ հարցին մարդիկ ավելորդ եռանդով են արձագանքում։ Հարցրեք մարդուն․ «Հեչ հարբեցողությամբ զբաղվո՞ւ ես», ու մարդը հանգիստ կպատասխանի՝ չէ՛։ Կամ էլ հաճույքով կհամաձայնի։ Բայց «Քնած էի՞ր» հարցը մեծամասնությունը համարյա որպես վիրավորանք է ընդունում։ Որպես մարդուն չարագործության մեջ մերկացնելու փորձ…

— Պայմանավորվել եմ սենյակի համար։

— Շատ շնորհակալ եմ։

— Սոսնովո գյուղում։ Տուրբազայից հինգ րոպեի վրա է։ Առանձին մուտքով։

— Կարեւորը դա է։

— Բայց տանտերը խմող է։

— Էլի մի առավելություն։

— Հիշեք ազգանունը՝ Սորոկին։ Միխայիլ Իվանիչ… Տուրբազան անցեք՝ ձորակի մոտով։ Սարից գյուղն արդեն երեւում է։ Չորրորդ տունն է… Կարող է՝ հինգերորդը… Ոչինչ, կգտնեք։ Կողքին աղբանոց կա…

— Շնորհակալություն, սիրելի՛ս։

— Տոնը կտրուկ փոխվեց։

— Ես ձեզ ի՜նչ սիրելի… Վա՜յ, մեռա… Սիրելի՜ս… Ի՞նչ եք ասում… Սիրելի՜ գտավ…

Հետագայում քանի՜ անգամ եմ ապշել Գալյայի այդ վայրկենական փոխակերպումներից։ Եռանդուն կարեկցանքը, սրտաբացությունն ու պարզությունը փոխվում էին վիրավորված ողջախոհության ճչան շեշտերի։ Մարդկային խոսքը՝ ճղճղան գավառական խովածքի…

— Էդպիսի բան չանցկացնեք մտքով։

— Էդպիսի՝ երբե՛ք։ Ու կրկին՝ շնորհակալություն…

Գնացի տուրբազա։ Այս անգամ մարդաշատ էր։ Շուրջբոլորը գույնզգույն մեքենաներ էին կանգնած։ Խումբ֊խումբ ու միայնակ շրջում էին ամառանոցային գլխարկներով զբոսաշրջիկները։ Թերթի կրպակի մոտ հերթ էր։ Ճաշարանի բաց պատուհաններից լսվում էր ամանեղենի զնգոցն ու մետաղյա աթոռակների խզզոցը։ Դռանը մի քանի կուշտուկուռ բակաշուն էին պտտվում։

Ամեն քայլի Պուշկինի պատկերն էր։ Նույնիսկ «Հրդեհավտանգ է» մակագրությամբ խորհրդավոր աղյուսաշեն խցիկի մոտ։ Նմանությունը սպառվում էր այտամորուսներով։ Դրանց չափերը կամայական էին։ Վաղուց եմ նկատել․ մեր նկարիչները սիրելի առարկաներ ունեն, որոնց հարցում երեւակայությանն ու ոգեշնչմանը սահման չկա։ Առաջին հերթին՝ Կառլ Մարքսի մորուքն ու Իլյիչի ճակատը…

Բարձրախոսը գործում էր ողջ հզորությամբ․

— Ուշադրությո՛ւն։ Խոսում է Պուշկինյան բլուրների տուրիստական բազայի ռադիոհանգույցը։ Հայտարարկում ենք օրակարգը…

Մտա զբոսաշրջային բյուրո։ Տուրիստները պաշարել էին Գալինային։ Ձեռքով արեց, որ սպասեմ։

Դարակից վերցրի «Ղրիմի մարգարիտը» գրքույկն ու ծխախոտ հանեցի։

Ջբոսավարներն ինչ֊որ թղթեր ստանալով՝ դուրս էին գալիս։ Նրանց հետեւից դեպի ավտոբուսներն էին վազում տուրիստները։ Մի քանի «վայրի» ընտանիք ջանում էին միանալ խմբերին։ Նրանցով մի բարձրահասակ, նիհար աղջիկ էր զբաղվում։

Ինձ մոտեցավ տիրոլյան լայնեզր գլխարկով մի տղամարդ ու քաշվելով ասաց․

— Ներեցեք, կարելի՞ է մի հարց։

— Լսում եմ։

— Սրանք հեռաստաննե՞րն են։

— Այսի՞նքն։

— Հարցնում եմ՝ սրանք հեռաստաննե՞րն են,— տիրոլցին ինձ քաշեց֊տարավ պատուհանի մոտ։

— Ի՞նչ իմաստով։

— Ուղղակի՛։ Ուզում եմ իմանամ՝ հեռաստաննե՞րն են, թե՞ հեռաստանները չեն։ Եթե հեռաստանները չեն՝ էդպես էլ ասեք։

— Չեմ հասկանում։

Տղամարդը մի քիչ կարմրեց ու սկսեց արագ֊արագ բացատրել․

— Մի բացիկ ունեի… Ես ֆիլոքարտիստ եմ։

— Ով ե՞ք։

— Ֆիլոքարտիստ։ Բացիկներ եմ հավաքում… Ֆիլոսը սերն է, քարտոսը…

— Պարզ է։

— Մի գունավոր բացիկ ունեմ՝ «Պսկովյան հեռաստաններ»։ Եվ ահա հայտնվեցի այստեղ։ Ուզում եմ հարցնել՝ սրանք հեռաստաննե՞րն են։

— Ընդհանուր առմամբ, հեռաստաններն են,— ասում եմ։

— Բուն պսկովյա՞ն։

— Բա ո՜նց։

Տղամարդը, պայծառացավ, գնաց։

Պիկ ժամն անցավ։ Բյուրոն դատարկվեց։

— Զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է,— բացատրեց Գալինան։

Հետո՝ ձայնը փոքր֊ինչ բարձրացնելով․

— Կատարվեց մարգարեությունը՝ «Խոտով չի պատվի արահետը սուրբ…»։

Չի՜ պատվի՝ մտածում եմ։ Ո՞նց պատվի խեղճը։ Տուրիստական հեծելախմբերը էնպես չեն կոխկրտել…

— Առավոտներն էստեղ անտանելի բարդակ է լինում,— ասաց Գալինան։

Նորից ապշեցի նրա բառապաշարի բազմազանությունից։

Գալյան ինձ ծանոթացրեց բյուրոյի հրահանգչի հետ՝ Լյուդմիլայի։ Նրա ողորկ տոտիկներով թաքուն հիանալու եմ մինչեւ զբոսաշրջանի վերջը։ Լյուդան պարզ ու սիրալիր էր։ Դա բացատրվում էր փեսացուի առկայությամբ։ Նրան չէր այլանդակել զայրալից հակահարված տալու մշտական պատրաստականությունը։ Փեսացուն առայժմ բանտում էր…

Հետո մի տգեղ երեսնամյա կին հայտնվեց․ մեթոդիստն էր։ Անունը՝ Մարիաննա Պետրովնա։ Մարիաննան անխնամ, առանց թերությունների դեմք ու կազմվածք ուներ, բայց ինչ֊որ բան այն չէր։

Ես բացատրեցի ժամանելուս նպատակը։ Թերահավատ ժպտալով՝ հրավիրեց առանձնասենյակ։

— Պուշկին սիրո՞ւմ եք։

Խուլ զայրույթ զգացի։

— Սիրում եմ։

Էսպես, մտածում եմ, սիրասթափվելն էլ հեռու չի։

— Իսկ կարելի՞ է հարցնել՝ ինչու։

Ես որսացի նրա հեգնական հայացքը։ Ակնհայտորեն այստեղ առ Պուշկին սերը ամենապահանջված արժույթն էր։ Ու հանկարծ՝ ես, դրամանանե՜նգս…

— Ի՞նչը՝ ինչու,— հարցնում եմ։

— Ինչի՞ համար եք սիրում Պուշկինին։

— Եկեք,— չդիմացա,— վերջացնենք էս ապուշ քննությունը։ Ես միջնակարգ դպրոց եմ ավարտել։ Հետո՝ համալսարան։ (Այստեղ մի քիչ չափազանցրի։ Երրորդ կուրսից վռնդել էին)։ Որոշ բան կարդացել եմ։ Մի խոսքով, գլուխ հանում եմ… Ասենք, հավակնում եմ ընդամենը զբոսավարի տեղի…

Բարեբախտաբար՝ կտրուկ տոնս աննկատ մնաց։ Ինչպես ավելի ուշ համոզվեցի՝ տարրական բռիությունն այստեղ ավելի հեշտ է մարսվում, քան երեւակայական ինքնահավանությունը…

— Բայցեւայնպես,— Մարիաննան պատասխանի էր սպասում։ Ընդ որում, այն պատասխանին, որն իրեն նախապես հայտնի էր։

— Լավ,— ասում եմ,— փորձեմ… Դե ինչ, լսեք։ Պուշկինը մեր ուշացած Ռենեսանսն է։ Ինչպես Վայամարի պարագայում՝ Գյոթեն։ Նրանք հանձն առան այն, ինչ Արեւմուտքը յուրացրել էր XV֊XVII դարերում։ Պուշկինը Ռենեսանսին հատուկ ողբերգության ձեւի մեջ արտահայտություն գտավ սոցիալական թեմաների համար։ Նա եւ Գյոթեն մի տեսակ ապրում էին մի քանի դարաշրջաններում։ «Վերթերը» տուրք է սենտիմենտալիզմին։ «Կովկասի գերին» զուտ բայրոնյան գործ է։ Բայց «Ֆաուստն», ընդունենք, արդեն եղիսաբեթականներն են։ Իսկ «Փոքրիկ ողբերգությունները», բնականաբար, շարունակում են Ռենեսանսի ժանրերից մեկը։ Նույնը եւ Պուշկինի քնարերգությունը։ Ու եթե դառն է, ապա արդեն ոչ թե Բայրոնի ոգով, այլ ոգով, կարծում եմ, շեքսպիրյան սոնետների… Մատչելի՞ եմ շարադրում։

— Ի՞նչ կապ ունի այստեղ Գյոթեն,— հարցրեց Մարիաննան։— Եվ ի՞նչ կապ ունի Ռենեսանսը։

— Ոչ մի կապ,— վերջնականապես գազազեցի ես։— Գյոթեն բացարձակ կապ չունի, իսկ Ռենեսանսը Դոն Կիխոտի ձիու անունն էր։ Որը նույնպես կապ չունի։ Ու ես էլ հաստատ կապ չունեմ…

— Հանգստացե՜ք,— շշնջաց Մարիաննան,— ինչ ջղայի՜նն եք… Ընդամենը հարցրի «Ինչի՞ համար եք սիրում Պուշկինին»։

— Հրապարակային սերը անասունություն է,— գոռացի ես։— Սեքսապաթոլոգիական հատուկ տերմին ունի։

Դողացող ձեռքով նա ինձ պարզեց ջրի բաժակը։ Հետ մղեցի։

— Իսկ դո՛ւք, դո՛ւք, որեւէ մեկին սիրե՞լ եք։ Սիրե՞լ եք երեւէ…

Դա պետք չէր ասել։ Հիմա կհեկեկա, կսկսի ճչալ․

«Ես երեսունչորս տարեկա՜ն եմ, մենակ աղջի՜կ եմ…»։

— Պուշկինը մեր հպարտությունն է,— ասաց նա։— Ոչ միայն մեծ բանաստեղծ, այլեւ մեծ քաղաքացի…

Ըստ երեւույթին հենց դա էլ նրա ապուշ հարցի կանխավ պատրաստի պատասխանն էր։

Էդքան բա՞ն մտածում եմ։

— Ծանոթացեք մեթոդական ուղեցույցին։ Ահա եւ գրքերի ցանկը։ Ընթերցասրահում ունենք։ Եվ հայտնեք Գալինա Ալեքսանդրովնային, որ հարցազրույցը հաջող է անցել…

Վատ զգացի։

— Շնորհակալություն,— ասում եմ։— Կներեք, որ անզուսպ եղա։

Ոլորեցի մեթոդական ձեռնարկն ու դրեցի գրպանս։

— Խնամքով վերաբերվեք, ընդամենը երեք օրինակ ունենք։

Հանեցի ձեռնարկն ու փորձեցի շտկել։

— Ու նաեւ,— Մարիաննան անցավ շշուկի։— Սիրո մասին էիք հարցնում… Որքան հասկացա՝ ձեզ հետաքրքրում է՝ ամուսնացա՞ծ եմ, թե՝ ոչ։ Ուրեմն ասեմ՝ ամուսնացած եմ։

— Դուք սպանեցիք իմ վերջին հույսը,— հեռանալիս ասացի ես։

Միաջնցքում Գալինան ծանոթացրեց զբոսավար Նաթէլլայի հետ։ Ու նորից հետաքրքրության անսպասելի պրռթկում․

— Մեզ մո՞տ եք աշխատելու։

— Փորձեմ։

— Սիգարետ ունե՞ք։

Նաթէլլան Մոսկվայից էր եկել՝ ռոմանտիկ, ավելի ճիշտ՝ արկածախնդրական մղումներով։ Մասնագիտությամբ ինժեներ֊ֆիզիկոս էր, դաս էր տալիս դպրոցում։ Որոշել էր այստեղ անցկացնել եռամսյա արձակուրդը։ Ափսոսում էր, որ եկել է։ Արգելոցում հրմշտոց է։ Զբոսավարներն ու մեթոդիստները հոգեկան են։ Տուրիստները՝ խոզ ու բռի։ Բոլորը պաշտում են Պուշկինին։ Եվ իրենց սերը առ Պուշկին։ Եվ իրենց սերն առ իրենց սերը։ Միայ օրինավոր մարդը Մարկովն է…

— Ո՞վ է այդ Մարկովը։

— Լուսանկարիչը։ Վերջացած հարբեցող է։ Կծանոթացնեմ։ Ինձ սովորեցրել է «Աղդամ» խմել։ Ֆանտաստիկ բան է։ Ձեզ էլ կսովորեցնի…

— Շա՜տ շնորհակալ եմ։ Վախենամ, որ էդ գործում ինքս պրոֆեսոր եմ։

— Եկեք մի օր մի քիչ քցենք։ Հենց գրկում…

— Պայմանավորվեցինք։

— Բայց դուք վտանգավոր մարդ եք։

— Ինչո՞ւ։

— Միանգամից զգացի։ Շա՜տ վտանգավոր մարդ եք։

— Խմած ժամանա՞կ։

— Էդ չեմ ասում։

— Չհասկացա։

— Ձեր նմանին սիրելը վտանգավոր է։

Ու Նաթէլլան ցավոտ բշտեց ծնկով… Տե՜ր Աստված, մտածում եմ, էստեղ բոլորն աննորմալ են։ Նույնիսկ նրանք, որ աննորմալ են համարում մնացած բոլորին…

— «Աղդամ» խմեք,— ասում եմ,— ու խաղաղվեք։ Ես ուզում եմ հանգստանալ եւ աշխատել։ Ձեզ համար վտանգ չեմ ներկայացնում…

— Էդ դեռ կտեսնենք,— հիստերիկ քրքջաց Նաթէլլան։

Հետո սեթեւեթանքով թափահարեց Ջեյմս Բոնդի պատկերով կտավե տոպրակն ու հեռացավ։

Ես քայլեցի դեպի Սոսնովո։ Ճանապարհը, ձանձրալի դաշտը շրջանցելով, ձգվում էր դեպի բլրի գագաթը։ Եզրերին տձեւ կույտերով սեւին էին տալիս խոշոր գլաքարերը։ Ձախից թփակալած ձորակն էր։ Սարից իջնելիս կեչիներով շրջապատված մի քանի խրճիթ տեսա։ Դեկադենտական մռութներով կեղտակուր այծերը ծուլորեն խոտ էին պռճոկում։ Տանիքների վրայով թռչում էին արջնագռավները։

Քայլում էի գյուղով՝ հուսալով, որ կհանդիպեմ մեկնումեկին։ Ներկած պատերով գորշ տները խղճուկ տեսք ունեին։ Ծուռտիկ ցանկապատերի ցցափայտերը պսակված էին կավե անոթներով։ Պոլիէթիլենով պատած հավանոցներում վազվզում էին ճտերը։ Ջղային մուլտիպլիկացիոն քայլքով ճեմում էին հավերը։ Զիլ վնգստում էին փրչոտ գետնահուպ շները։

Կտրեցի֊անցա գյուղն ու հետ եկա։ Ոտս կախ գցեցի տներից մեկի մոտ։ Դուռը չխկաց, ու լվանալուց մաշված երկաթուղայինի վերնաշապիկով մի տղամարդ հայտնվեց սանդղամուտին։

Հարցրի՝ որտե՞ղ գտնեմ Սորոկինին։

— Ինձ Տոլիկ են ասում,— ասաց նա։

Ներկայացա ու նորից բացատրեցի, որ Սորոկինին եմ ուզում։

— Իսկ որտե՞ղ է մնում,— հարցրեց Տոլիկը։

— Սոսնովկա գյուղում։

— Հենց էս էլ Սոսնովկան է որ կա։

— Գիտեմ։ Ո՞նց գտնեմ նրան։

— Տիմոխային, հա՞, Սորոկինի՞ն։

— Անունը Միխալ Իվանիչ է։

— Տիմոխան մի տարի առաջ մեռավ։ Հարբած սառել֊մնացել էր…

— Ախր ո՞նց գտնեմ Սորոկինին։

— Երեւի քիչ էր խմել, թե չէ սաղ կմնար…

— Սորոկինին, ասում եմ…

— Հո Միշկային չե՞ս հարցնում։

— Միխալ Իվանիչ են ասում։

— Հենց Միշկան է որ կա։ Դոլիխայի փեսան։ Ծուռ կպցրած Դոլիխային գիտե՞ք…

— Ես եկվոր եմ։

— Կարող է՞ Օպոչկինից։

— Լենինգրադից։

— Գիտեմ, լսել եմ։

— Հիմա ո՞նց գտնենք Միխալ Իվանիչին։

— Միշկային, հա՞։

— Էդ եմ ասում։

Տոլիկն անթաքույց ու գործնական միզեց սանդղամուտից։ Հետո կիսաբաց արեց դուռն ու հրամայեց․

— Միլիցիայից, ալիմենտի գործով…

Մնմիջապես դուրս ցցվեց մի շառագույն մռութ՝ շռայլ զարդարված կապուտակ աչքերով․

— Ո՜նց… Ո՜ւմ… Հրացանի հարցով ե՞ք…

— Ասացին՝ վարձով սենյակ ունեք։

Միխալ Իվանիչի դեմքին ուժգին շփոթմունք արտահայտվեց։ Հետագայում համոզվեցի, որ դա նրա արձագանքն է ցանկացած, նույնիսկ ամենաանմեղ հայտարարությանը։

— Սենյա՞կ… Էդ… Ինչի՞ համար…

— Արգելոցում եմ աշխատում։ Ուզում եմ սենյակ վարձեմ։ Ժամանակավոր։ Մինչեւ աշուն։ Ազատ սենյակ ունե՞ք։

— Ախր մորս տունն է։ Մորս անունով է։ Մերս էլ Պսկով է գնացել… Ոտերն ուռել են…

— Այսինքն վարձով սենյակ չե՞ք տալիս։

— Հերու հրեաներ էին կենում։ Հոգուս մեղք չանեմ, կուլտուրական մարդիկ էին… Ո՛չ լաք, ո՛չ ադեկալոն… Մենակ սպիտակ, կարմիր ու գարեջուր… Անձամբ ես հրեաներին հարգում եմ։

— Նրանք Քրիստոսին են խաչել,— միջամտեց Տոլիկը։

— Էդ երբ էր, հա՜,— գոռաց Միխալ Իվանիչը։— Հեղափոխությունից առաջվա բան ես ասում։

— Վարձով սենյակ,— հարցրի,— տալիս ե՞ք, թե՝ չէ։

— Տար ցույց տու մարդուն,— շալվարը կոճկելով՝ հրահանգեց Տոլիկը։

Երեքով քայլեցինք գյուղական փողոցով։ Չափարի մոտ մի կին էր կանգնել, հագին տղամարդու պիջակ, դարձածալին՝ Կարմիր դրոշի շքանշան։

— Զի՜ն, պարտքով մի հինգանոց տու,— կանչեց Միխալ Իվանիչը։

Կինը ձեռքը թափ տվեց։

— Գերեզման կտանի քեզ էդ խմիչքը… Լսել ե՞ս, որոշում է եղել։ Բոլոր հարբողներին լարով կախելու են։

— Չէ՜, մի,— քռքռաց Միխալ Իվանիչը։— Էրկաթը չի հերիքի։ Մեր սաղ մետալուրգիայի վերջը կգա…

Հետո ավելացրեց…

— Ա՜յ քեզ պառավ անտեր։ Փետ կուզես, չէ՜… Անտառտնտեսությունում եմ աշխատում, դրուժբիստ եմ…

— Ի՞նչ,— չհասկացա ես։

— Բենզինի սղոց եմ բանացնում… Գործս փետի հետ է… Խըրթ, ու տասնոցը ջեբդ է։

— Դրուժբի՜ստ,— թոնթորաց կինը,— փետի հե՜տ… Խմելու հետ է քու գործը… Նայի՝ ոտերդ չտնկես…

— Դժվա՜ր է,— գանգատվելու պես ասաց Միխալ Իվանիչը։

Լայնաթիկունք, բարեկազմ մարդ էր։ Նույնիսկ կեղտոտ, ճղճղած հագուստը չէր կարողանում այլանդակել նրան։ Կարմրագորշ դեմք, նիհար ու զորեղ անրակներ՝ կոճակներն արձակ վերնաշապիկի տակ, զսպանակվող, կտրուկ քայլվածք… Ակամա հիանում էի նրանով…

Միխալ Իվանիչի տունը սարսափելի տպավորություն թողեց։ Ծռված ալեհավաքը սեւին էր տալիս ամպերի ֆոնին։ Տանիքը տեղ֊տեղ նստել էր՝ մերկացնելով անհավասար, մգացած հեծանները։ Պատերն անփութորեն պատված էին նրբատախտակով։ Ճաքած ապակիներ՝ վրան թերթի թուղթ սոսնձած։ Անհարմար ճեղքերից դուրս էր ցցվել կեղտոտ խծուծը։

Տանտիրոջ սենյակում թթված ուտելիքի հոտ էր կանգնած։ Սեղանի գլխին Մաոյի գունավոր նկարն էր՝ «Օգոնյոկից»։ Կողքին լայնաշուրթ ժպտում էր Գագարինը։ Փշրված էմալի սեւ շրջանակներով զարդարված լվացարանում մակարոններ էին լողում։ Ժամացույցը լուռ էր։ Ծանրոցին փոխարինող արդուկը հասել էր հատակին։

Երկու հերալդիկ կատու՝ ածխասեւ ու ճերմակավարդագույն, ափսեները շրջանցելով, հեզանազ ճեմում էին սեղանին։ Տանտերը շպրտեց ձեռքի տակ ընկած վալենկան։ Զնգացին ամանեղենի բեկորները։ Կատուները խելագար ծղրտոցով թռան մութ անկյունը։

Հարեւան սենյակն ավելի այլանդակ էր։ Առաստաղը կենտրոնում սպառնալից կախվել էր։ Երկու մետաղյա մահճակալների վրա լաթեր ու գարշահոտ ոչխարենի էր թափած։ Ամենուր ճերմակին էին տալիս քնթուկներն ու ձվի կճեպի փշուրները։

Անկեղծ ասած, փոքր֊ինչ շփոթվել էի։ Երեւի պիտի ազնվորեն ասես․ «Իմ սրտով չի…»։ Բայց, ամենայն հավանականությամբ, ես համենայնդեպս ինտելիգետն եմ։ Եվ ինչ֊որ քնարական բան արտաբերեցի․

— Պատուհանները հարա՞վ են նայում։

— Ամենա, ամենահարավ,— վրա բերեց Տոլիկը։ Պատուհանից այն կողմ կիսաքանդ բաղնիքն էր։

— Գլխավորը,— ասացի,— որ մուտքն առանձին է։

— Առանձին է,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— բայց մխած է։

— Հա՜,— ասում եմ,— ափսոս։

— Այն մոմե՜նտ,— ասաց տանտերը, թափ առավ ու քացով տեղահան արեց դուռը։

— Ինչքա՞ն եմ վճարելու։

— Հե՛չ։

— Ո՞նց թե,— հարցնում եմ։

— Հենց տենց։ Վեց շիշ թույն ես բերում, տեղը քոնն է։

— Իսկ եթե ավելի կոնկրե՞տ։ Ասենք, քսան ռուբլին հարմա՞ր է։

Տանտերը մտքի մեջ ընկավ։

— Էդ ինչքա՞ն կանի։

— Ասում եմ՝ քսան ռուբլի։

— Որ շշով հաշվենք։ Հատը՝ մեկ ու չորս։

— Տասնինը շիշ «Վարդագույն թունդ»։ Մի հատ «Բելոմոր»։ Էրկու լուցկի,— զեկուցեց Տոլիկը։

— Էրկու ռուբլի էլ ճամփի փող…

Ես հանեցի փողը։

— Արտաքնոցը տեսնել կուզե՞ք։

— Հետո,— ասում եմ։— Ուրեմն պայմանավորվեցի՞նք։ Որտե՞ղ եք պահում բանալին։

— Բանալի չկա,— ասաց Միխալ Իվանիչը,— կորել է։ Բա ո՞ւր ես գնում, թռնենք֊բերենք։

— Տուրբազայում գործ ունեմ։ Թողենք հետո…

— Ոնց կասես։ Տուրբազա իրիկունը կգամ։ Լիզկայի քամակը թակեմ։

— Ո՞վ է էդ Լիզկան։

— Կնիկս։ Ոնց որ ասած՝ կինս։ Տուրբազայում քույր֊տնտեսուհի է։ Բաժան ենք։

— Էլ ինչի՞ եք ծեծում։

— Ո՞ւմ… Դրան կախելն էլ քիչ է, բայց չեմ ուզում գլուխ դնեմ։ Հրացանս էին ուզում առնեին, իբր ասել եմ՝ սպանելու եմ… Մտածեցի՝ հրացանի հաշվով ես…

— Դրան կրակելն ափսոս է,— միջամտեց Տոլիկը։

— Էլ մի ասա,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— օրը գա՝ էս ձեռքերով կխեղդեմ… Ձմեռը հանդիպեցինք, դեսից դենից, լավով… Գոռում է․ «Վա՜յ, Մի՛շենկա, էլ չեմ անի, վա՜յ, թող…»։ Մայոր Ջաֆարովը կանչեց, թե․

«Ազգանո՞ւնդ»։

Ես իրան․

«Ձիու թրիք…»։

Տասնհինգ օր տվին։ Ոչ ծխելիք, ոչ բան… Բայց հեչ վեջս չէր… Նստելն աշխատել չի… Լիզկան դատախազին գրել էր՝ նստացրեք, թե չէ կսպանի… Ինչի՞ պիտի սպանեմ…

— Ղալմաղալից գլուխ չես թափի,— համաձայնեց Տոլիկը։ Ու ավելացրեց․

— Լա՛վ, գնանք։ Թե չէ խանութը կփակեն…

Ընկերներն ուղղվեցին դեպի միկրոշրջան․ կենսախինդ, վանող ու մարտական, ինպչես մոլախոտը…

Իսկ ես մինչեւ փակվելը նստեցի գրադարանում։

Էքսկուրսիային պատրաստվելուն գնաց երեք օր։ Գալինան ինձ ներկայացրեց երկու, իր կարծիքով՝ լավագույն զբոսավարներին։ Նրանց լսելով ու ինչ֊որ բաներ գրառելով՝ շրջեցի արգելոցում։

Արգելոցը բաղկացած էր երեք հուշավայրից։ Պուշկինների տունն ու կալվածքը Միխայլովսկոյեում։ Տրիգորսկոյեն, որտեղ ապրել են պոետի ընկերները, եւ ինքը լինում էր համարյա ամեն օր։ Եվ, վերջապես, վանքը՝ Պուշկին֊Հաննիբալների ընտանեկան դամբարանով։

Էքսկուրսիան Միխայլովսկոյեում բաղկացած էր մի քանի բաժնից։ Կալվածքի պատմությունը։ Բանաստեղծի երկրորդ աքսորը։ Արինա Ռոդիոնովնան։ Պուշկինների ընտանիքը։ Ընկերների այցելությունն աքսորյալ պոետին։ Դեկտեմբերյան խռովությունը։ Եվ աշխատասենյակը՝ Պուշկինի ստեղծագործության համառոտ տեսությամբ։

Փնտրեցի֊գտա թանգարանի պահապանին ու ներկայացա։ Վիկտորիա Ալբերտովնան կլիներ քառասուն տարեկան։ Բոլորածալերով երկար կիսաշրջազգեստ, խունացած խոպոպներ, թիկնոց, հովանոց՝ Բենուայի հավակնոտ նկար։ Մեռնող գավառական ազնվականության այս ոճը ակնհայտ ու միտումնավոր արմատավորվում էր այստեղ։ Տեղիս գիտաշխատողներից յուրաքանչյուրի մեջ արտահայտվում էր նրա որեւէ բնութագրական գիծը։ Մեկը կրծքին էր քաշում ֆանտաստիկ չափերի գնչուական շալը։ Մյուսի մեջքին նրբագեղ ծղոտե լայնեզր գլխարկն էր օրորվում։ Երրորդին բաժին էր ընկել անհեթեթ փետուրե հովհարը։

Վիկտորիա Ալբերտովնան թերահավատ ժպտալով զրուցում էր ինձ հետ։ Դրան արդեն սկսել էի վարժվել։ Պուշկինի պաշտամունքի բոլոր սպասավորները զարմանալիորեն խանդոտ էին։ Պուշկինը նրանց կոլեկտիվ սեփականությունն էր, նրանց պաշտելի սիրեցյալը, սիրասուն զավակը։ Ցանկացած ոտնձգություն այդ անձնական սրբության դեմ՝ զայրացնում էր։ Շտապում էին համոզվել, որ անգրագետ եմ, ցինիկ ու շահամոլ։

— Ինչի՞ համար եք եկել,— հարցրեց պահապանուհին։

— Փող աշխատելու,— ասում եմ։

Վիկտորիա Ալբերտովնան քիչ մնաց ուշաթափվեր։

— Ներեցեք, կատակ արեցի։

— Կատակներն այստեղ միանգամայն անտեղի են։

— Համաձայն եմ։ Կարելի՞ է մի հարց։ Թանգարանի ո՞ր ցուցանմուշներն են իսկական։

— Մի՞թե դա կարեւոր է։

— Կարծում եմ՝ այո։ Չէ՞ որ թանգարանը թատրոն չէ։

— Այստեղ ամեն ինչ իսկական է։ Գետը, բլուրները, ծառերը Պուշկինի հասակակիցն են։ Նրա զրուցակիցն ու բարեկամը։ Այս վայրերի ամբողջ ապշեցուցիչ բնությունը…

— Խոսքը թանգարանի ցուցանմուշների մասին է,— ընդհատեցի ես,— դրանց մեծ մասի վերաբերյալ ուղեցույցում խուսափողական բացատրություններ են տրվում։

«Կալվածքի տարածքում հայտնաբերված սպասք…»

— Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։ Ի՞նչ կցանկանայքի տեսնել։

— Ասենք, անձնական իրերը… Եթե այդպիսիք կան…

— Ո՞ւմ եք հասցեագրում ձեր դժգոհությունը։

— Ախր ի՜նչ դժգոհություն։ Առավել եւս՝ ձեզնից։ Ընդամենը հարցրի…

— Պուշկինի անձնական իրե՞րը… Թանգարանը ստեղծվել է նրա զոհվելուց տասնյակ տարիներ անց…

— Ըհը,— ասում եմ,— միշտ այդպես է։ Նախ կկործանեն մարդուն, հետո կսկսեն փնտրել անձնական իրերը։ Էդպես արին Դոստոեւսկուն, Եսենինին… Էդպես կլինի Պաստեռնակի դեպքում։ Ուշքի կգան՝ կսկեն Սոլժենիցինի անձնական իրերը փնտրել…

— Բայց մենք վերստեղծում ենք միջավայրը, մթնոլորտը,— ասաց պահապանուհին։

— Պարզ է։ Գրապահարանն իսկակա՞ն է։

— Համենայնդեպս՝ այդ դարաշրջանի։

— Իսկ Բայրոնի դիմանկա՞րը։

— Իսկական է,— ուրախացավ Վիկտորիա Ալբերտովնան,— Վուլֆն է նվիրել… Վրան մակագրություն կա… Բայց ի՜նչ չմահավանն եք։ Անձնական իրե՜ր, անձնական իրե՜ր… Իսկ իմ կարծիքով՝ դա հիվանդագին հետաքրքրասիրություն է…

Ինձ օտար բնակարանում բռնված կողոպտիչ էի զգում։

— Բայց առանց դրա,— ասում եմ,— ի՞նչ թանգարան։ Առանց հիվանդագին հետաքրքրասիրության։ Առողջ հետաքրքասիրություն միայն ապուխտի հանդեպ է լինում…

— Ձեզ քիչ է բնությո՞ւնը։ Քիչ է, որ նա շրջել է այս լանջերո՞վ։ Լողացել այս գետո՞ւմ։ Հիացել այս հմայիչ համայնապատկերո՞վ…

Ախր, մտածում եմ, ի՞նչ եմ կպել սրանից։

— Հասկանալի է,— ասում եմ,— շնորհակալություն, Վի՛կա։

Հանկարծ նա կռացավ։ Ինչ֊որ բույս պոկեց։ Ցավոտ խփեց դեմքիս։ Կարճ, նյարդային ծիծաղեց ու հեռացավ՝ բարձրացնելով բոլորածալերով մաքսի֊փեշը։

Ես միացա Տրիգորսկոյե գնացող խմբին։

Կալվածքի պահակները՝ ամուսնական զույգ, անսպասելիորեն դուր եկան ինձ։ Ամուսնացած լինելով՝ իրենց կարող էին այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին բարեհոգությունն էր։ Պոլինա Ֆյոդորովնան իշխանատենչ, եռանդուն եւ փոքր֊ինչ ինքնավստահ էր թվում։ Կոլյան մոլորված դանդալոշի տպավորություն էր թողնում ու երկրորդ պլանում էր։

Տրիգորսկոյեն ճամփից դուրս էր։ Ղեկավարությունը հազվադեպ էր լինում այնտեղ։ Ցուցադրանքը տրամաբանորեն ու գեղեցիկ էր կառուցված։ Պատանի Պուշկինը, համակրելի սիրահարված օրիորդներ, ամառային նրբագեղ սիրախաղի մթնոլորտ…

Ես շրջանցեցի այգին։ Իջա գետափ։ Գետի մեջ կանաչին էին տալիս շրջված ծառերը։ Թեթեւ ամպեր էին լողում։

Ուզում էի ջուրը մտնել, բայց այդ պահին մոտեցավ ավտոբուսը։

Մեկնեցի Ավյատոգորսկի վանք։ Դարպասի մոտ ծեր կանայք ծաղիկ էին ծախում։ Մի քանի կակաչ առա ու բարձրացա դեպի շիրիմը։ Տուրիստները լուսանկարվում էին շրջափակի մոտ։ Նրանց ժպտուն դեմքերն ինձ զզվելի թվացին։ Հարեւանությամբ երկու անհաջողակներ էին տեղավորվել՝ նկարակալներով։

Դրեցի ծաղիկներն ու հեռացա։ Պետք էր նայել Ուսպենսկի տաճարի ցուցադրությունը։ Սառը քարե խորշերն արձագանքում էին։ Կամարների տակ նիրհել էին աղավնիները։ Տաճարն իրական էր, գետնանիստ ու նրբագեղ։ Կենտրոնական սրահի անկյունում աղոտ պսպղում էր ջարդված զանգը։ Տուրիստներից մեկը բանալին զնգացնում էր կողին…

Հարավային կցաշենքում տեսա Բրունիի նշանավոր նկարը։ Այնտեղ ճերմակին էր տալիս մահադիմակը։ Երկու հսկա կտավներ վերարտադրում էին գաղտնի փոխադրումն ու թաղումը։ Ալեքսանդր Տուրգենեւը կնոջ նման էր…

Տուրիստների խումբը մոտեցավ։ Ես գնացի դեպի ելքը։ Հետեւիցս լսվեց․

— Մշակույթի պատմությունը ողբերգականությամբ համարժեք այլ իրադարձություն չգիտի… Ինքնակալությունը բարձրատոհմիկ չարագործի ձեռքով…


Եվ այսպես, տեղավորվեցի Միխալ Իվանիչի մոտ։ Խմում էր անընդմեջ։ Ապշության, կաթվածի, զառանցանքի աստիճան։ Ընդ որում, զառանցանքը բացառապես հայհոյանք էր։ Իսկ հայհոյում էր նույն հուզումով, որով տարեց ինտելիգենտները երգում են կիսաձայն։ Այսինքն՝ ինքն իր համար առանց գովեստի կամ բողոքի ակնկալության։

Սթափ վիճակում երկու անգամ տեսա։ Այդ տարիմաստ օրերին Միխալ Իվանիչը միաժամանակ միացնում էր հեռուստացույցն ու ռադիոն։ Հագնված պառկում էր, հանում «Հեքիաթ» տորթի տուփն ու սկսում կարդալ բացիկները, որ ստացել էր ողջ կյանքի ընթացքում։ Կարդում ու մեկնաբանում էր․

«— Բարեւ, քավո՛ր հայրիկ… Բա՛րեւ, բա՛րեւ, ոչխարի ծնունդ… Հաջողություններ եմ մաղթում աշխատանքում… Հաջողություն է մաղթում, քու ծնողը… Մնամ հավերժ՝ քո Ռադիկ… Հավերժ քո՜, հավերժ քո՜… Թե դու իմ ինչ տանձին ես…»։

Գյուղում Միխալ Իվանիչին չէին սիրում, նախանձում էին։ Իբր, ես է՜լ կխմեի։ Ախ, ո՜նց կխմեի, բարի՛ մարդիկ։ Ո՜նց կխմեի, հերն էլ անիծած… Բայց տնտեսությո՜ւնը… Իսկ իրա վեջը չի… Միխալ Իվանիչը տնտեսություն չուներ։ Երկու նիհար շուն, որ երբեմն օրերով անհետանում էին։ Վտիտ խնձորենին ու մի մարգ կանաչ սոխ…

Մի անձրեւոտ երեկո խոսքի բռնվեցինք․

— Մի՛շա, կնոջդ սիրո՞ւմ էիր։

— Ո՞ւմ։ Կնո՞ջս։ Կնկա՞ս, այսինքն։ Լիզկայի՞ն, ուրեմն,— իրար անցավ Միխալ Իվանիչը։

— Լիզային։ Ելիզավետա Պրոխորովնային։

— Սի՞րելս որն է։ Էն բանից արիր ու պրծավ֊գնաց…

— Բա ի՞նչն էր գրավում։

Միխալ Իվանիչը երկար մտքի մեջ ընկավ։

— Հանգիստ էր քնում,— ասաց նա,— սուսուփուս, ճիճվի նման…

Կաթը հարեւան տնից՝ Նիկիտիններից էի առնում։ Սրանք հիմնավոր էին ապրում։ Հեռուստացույց, Կրամսկոյի «Անծանոթուհին»… Առավոտվա հինգից տանտերն իր բանին էր։ Չափարն էր կարկատում, բանջարանոցը փորփրում։ Մի անգամ նայեմ՝ հորթը ոտերից կախ տվել՝ մաշկում է։ Իսկ դանակը՝ ճեփ֊ճերմակ ու արյունոտ…

Միխալ Իվանիչը Նիկիտիններին արհամարհում էր։ Նրանք էլ՝ իրեն, բնականաբար։

— Էլի խմում է՞,— հավի կերը տաշտակի մեջ շաղախելով՝ հետաքրքրվեց Նադեժդա Ֆյոդորովնան։

— Բազայում հանդիպեցի,— մեծ ռանդան բանեցնելով՝ ասաց Նիկիտինը,— առավոտից իրան տեսել էր…

Չէի ուզում ձայնակցել։

— Բայց հո՛ բարի է։

— Բարի՜ է,— համաձայնեց Նիկիտինը,— քիչ էր մնացել կնկան մորթի։ Շորշիրթը լրիվ կրակ տվեց։ Երեխեքը ձմեռով բոբիկ են վազվզում… Իսկ էնպես՝ բարի է…

— Միշատ խելառ է, հասկանում եմ, բայց՝ բարի ու ներքուստ բարեկիրթ…

Իսկապես, Միխալ Իվանիչի մեջ ինչ֊որ ազնվական բան կար։ Դատարկ շշերը չէր հանձնում, դեն էր գցում։

— Ամաչում եմ,— ասում էր,— հո ուզվոր չե՜նք…

Մի անգամ արթնացավ ու շա՜տ վատ էր։ Բողոքեց․

— Ներսս ո՜նց է քրքրվում…

Մի ռուբլի տվեցի։ Կեսօրին հարցնում եմ․

— Հը՞, թեթեւացա՞ր։

— Ո՞վ։

— Խումհարաթող եղա՞ր։

— Բա՜։ Ոնց որ թավային թքես, էն ի՜նչ թշշոց էր…

Երեկոյան նորից վատացավ։

— Նիկիտինի մոտ գնամ։ Կարող է փող տա կամ մի բաժակ…

Դուրս եկա սանդղաուտ։ Լսում եմ․

— Հարեւա՜ն, խոլե՛ր, մի հինգնոց տու։

— Աստվածածնի տոնից պարտք ես։

— Կտամ։

— Կտաս՝ էն ժամանակ կխոսանք։

— Ավանսից կտամ։

— Ի՞նչ ավանս։ Քեզ վաղուց են դուրս արել, հոդվածով…

— Ա՜… Դրանց… ծնունդը… Տուր, էլի՛, հինգնոցը։ Սկզբունքով տու, դրա մերը… Ցույց տու մեր սովետական բնութքը։

— Արաղի ես տալու, չէ՞։

— Ո՞ւմ։ Չէ՜, գործ կա…

— Ախր ի՞նչ գործ պիտի ունենաս, ա՛յ ձրիակեր։

Միխալ Իվանիչի համար դժվար է սուտ ասելը, թուլացել է։

— Ուզում եմ խմեմ։

— Չեմ տա։ Կուզես նեղացի, կուզես՝ չէ, չեմ տա։

— Ախր ավանսին կբերեմ։

— Չեմ տա։

Ու խոսակցությունը փակելու համար Նիկիտինը կապույտ փոստարկղով ծանր դուռը չխկացնելով՝ տուն է մտնում։

— Դու հլա սպասի, հարեւա՜ն,— բորբոքվում է Միխալ Իվանիչը,— սպասի՜… Կտեսնե՜ս… Էն էլ ո՜նց կտեսնես… Կհիշես էս զրույցը…

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հավերն են շրջում։ Սոխի ոսկեգույն կապուկները՝ շեմագլխին…

— Սեւ եմ բերելու գլխներին… Կտեսնե՜ք…

Շառագունած, գզգզված՝ Միխալ Իվանիչը շարունակում է գոռալ․

— Մոռացա՞ր։ Սողո՛ւն, լրիվ մոռացա՞ր։ Մաքում մոռացա՞ր…

— Ի՞նչն եմ մոռացել,— դուրս է նայում Նիկիտինը։

— Մոռացել ես՝ կհիշացնեն՜նք։

— Ի՞նչն եմ մոռացել, ասա՛։

— Ամեն ինչ կհիշացնենք։ Տասնյոթ թիվը կհիշացնենք։ Մենք քեզ… Մենք քեզ, ա՛յ խոլեր, կուլակաթափ կանենք։ Բոլոր պարտիականներին կուլակաթափ կանենք։ Չեկա կուղարկենք դրա պես… Բատկա Մախնոյի նման… Քեզ էնտեղ մի շնչում……

Ու, փոքր ինչ դադար տալով․

— Հարեւա՜ն, փրկի՜, մի հինգնոց տու… Լա՜վ, իրեքնոց… Աստծու սիրուն… Քոսո՛տ շուն…


Վերջապես համարձակվեցի գործի անցնել։ Ինձ բաժին ընկած խումբը Մերձբալթիկայից էր։ Զուսպ, կարգապահ մարդիկ էին։ Լսածով բավարարվում՝ հարցեր չէին տալիս։ Ջանում էի կարճ խոսել ու վստահ չէի, որ հասկանում են։

Ավելի ուշ ինձ մանրամասն հրահանգավորեցին։ Ռիգայի զբոսաշրջիկներն ամենից բարեկիրթն են։ Ինչ էլ ասես, գլխով են անում ու ժպտում։ Եթե հարց էլ տալիս են, ինչպես ասում են՝ տնտեսության վերաբերյալ։ Քանի՞ ճորտ է ունեցել Պուշկինը։ Ի՞նչ եկամուտ էր բերում Միխայլովսկոյեն։ Տերունական կալվածքի նորոգումն ի՞նչ արժեցավ։

Կովկասցիներն իրենց ուրիշ կերպ էին պահում։ Ընդհանրապես չեն լսում։ Զրուցում ու ծիծաղում են։ Տրիգորսկոյեի ճանապարհին զմայլված նայում են ոչխարներին։ Հանձին նրանց ակնհայտորեն հավանական խորոված տեսնելով։ Եթե հարց են տալիս՝ միանգամայն անսպասելի։ Օրինակ․

«Ինչի՞ համար են մենամարտել Պուշկինն ու Լերմոնտովը»։

Ինչ վերաբերում է հայրենակիցներին՝ նրանց պետք է դասակարգել։ Աշխատավորներին շարադրել հակիրճ ու պարզորոշ։ Ծառայողների հանդեպ ավելի ուշադիր լինել։ Նրանց մեջ բազմագիտակներ են պատահում։ Պիկուլ, Ռոժդեստվենսկի, Մեյլախ կարդացած։ Նովիկովից արտառոց տեղեկություններ քաղած…

Կրթվածներն ավելի քմահաճ ու դավադիր են։

Տուրիստական ճանապարհորդության պատրաստվելով՝ սրանք սերտում են ձեռնարկները։ Որեւէ երրորդական փաստ խոր տպավորվում է հոգու մեջ։ Հեռավոր ազգականության դրվագ։ Տարօրինակ արարք, արտահայտություն, դեպք… Աննշան մեջբերում… Եվ այսպես շարունակ։

Աշխատանքիս երրորդ օրը մի ակնոցավոր կին հարցրեց․

— Ե՞րբ է ծնվել Բենկենդորֆը։

— Յոթանասուն թվին,— պատասխանեցի ես։

Իմ շրջասության մեջ անվստահություն էր հնչում։

— Իսկ ավելի ստո՞ւյգ,— հարցրեց կինը։

— Ցավոք,— ասում եմ,— մոռացել եմ…

Մտածում եմ՝ ինչո՞ւ եմ ստում։ Ազնվորեն ասես՝ «Սատանան գիտի»… Ի՜նչ մի երջանկություն է Բենկենդորֆի լույս աշխարհ գալը։

— Ալեքսանդր Քրիստաֆորովիչ Բենկենդորֆը,— հանդիմանանքով արտաբերեց տիկինը,— ծնվել է հազար յոթ հարյուր ութսունչորս թվականին։ Ընդ որում՝ հունիսին…

Ես գլխով արեցի՝ հասկանալ տալով, որ արժեքավոր եմ համարում տեղեկությունը։

Այդ պահին նա չէր դադարում հեգնոտ ժպտալ։ Ասես Բենկենդորֆի հանդեպ իմ անտարբերությունը վկայում էր կատարյալ հոգեւոր սնանկության մասին…

Եվ այդպես, անցա աշխատանքի։ Մեթոդիստները սովորաբար առաջին էքսկուրսիան չեն լսում։ Վարժվելու, վստահություն զգալու հնարավորություն են տալիս։ Հենց դա էլ ինձ փրկեց։ Իսկ պատահեց ահա թե ինչ։

Ես բարեհաջող անցա նախասենյակը։ Ներկայացրի հողաչափ Իվանովի նկարը։ Պատմեցի առաջին աքսորի մասին։ Հետո՝ երկրորդ։ Անցնում եմ Արինա Ռոդիոնովնայի սենյակը… «Միակ հարազատ մարդը ճորտ դայակն էր…»։ Ամեն ինչ՝ ինչպես հարկն է… «Միաժամանակ ներող ու փնթփնթան, պարզամտորեն աստվածավախ եւ չափազանց գործնական»։ Սերյակովի հեղինակած հարթաքանդակը… «Ազատման թուղթ էին տալիս, հրաժարվեց…»։ Եվ վերջապես․

— Պոետը բանաստեղծություններում շարունակ դիմում էր դայակին։ Բոլորին են հայտնի, օրինակ, այս սրտառուչ տողերը…

Դեռ ապրո՞ւմ ես դու, մա՜յր իմ սիրելի,
Ես էլ եմ ապրում, ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,
Հյուղակիդ վրա թող հոսի էլի…

Քաղացա։ Հիմա մեկնումեկը կգոռա․

«Անգրագե՜տ ապուշ։ Ախր էդ Եսենինն է, «Նամակ մորը…»։

Ես շարունակում էի արտասանել՝ տենդագին մտածելով, թե ինչ անեմ․

«Այո՜, ընկերնե՜ր, միանգամայն իրավացի եք։ Իհարկե Եսենինն է։ Իսկապես «Նամակ մորը» բանաստեղծությունը։ Բայց նկատեք, թե Պուշկինի հնչերանգը որքան հարազատ է Սերգեյ Եսենինի քնարերգությանը։ Եսենինի պոետիկայում ինչ ներդաշնակ է առարկայանում…»։ Եվ այսպես շարունակ։

Շարունակում էի արտասանել։ Վերջին մոտիկ սպառնալից շողում էր ֆիննական դանակը… «Տրա֊տա֊տամ մեկը ծխոտ պանդոկում, տրա֊տա֊տամ սիրտն իմ ֆիննական դանակ…»։ Այդ ահեղ շողշողացով շեղբից մի սանտիմետրի վրա ինձ հաջողվեց արգելակել։ Վրա հասած լռության մեջ սպասում էի փոթորկի։ Բոլորը լուռ էին։ Հուզախռով ու խստադեմ։ Միայն մի տարեց զբոսաշրջիկ բազմանշանակ ասաց․

— Հա՜, ի՜նչ մարդիկ կային…

Հաջորդ դահլիճում «Մնեմոզինան» վերագրեցի Դելվիգին։ Հետո Սերգեյ Լվովիչին Սերգեյլ Ալեքսանդրովիչ ասացի։ (Հավանաբար Եսենինը տեւական ժամանակով էր զավթել ենթագիտակցությունս»։ Բայց դրանք դատարկ բաներ էին։ Չեմ խոսում արդեն երեք կասկածելի գրականագիտական ենթադրությունների մասին։

Տրիգորսկոյեում ու վանքում էքսկուրսիան բարեհաջող անցավ։ Պետք էր տրամաբանական դարձնել դահլիճից դահլիճ անցումները, այսպես ասած՝ հանգույցներ գտնել։ Մի դեպքում դա ինձ երկար ժամանակ չէր հաջողվում։ Զիզիի սենյակի ու հյուրասենյակի արանքում։ Վերջապես հորինեցի այդ չարաբաստիկ հանգույցը։ Ու հետագայում անփոփոխ օգտագործում էի․

«Բարեկամնե՛րս, տեսնում եմ, որ այստեղ նեղվածք է։ Անցնենք հաջորդ սրահը…»։

Զուգահեռ՝ մյուս էքսկուրսիաներն էի լսում։ Ամեն մեկի մեջ ինձ հետաքրքիր որեւէ բան կար։ Մտերմացա լենինգրադցի զբոսավարների հետ։ Արդեն մի քանի տարի ամռանը արգելոց էին գալիս։