հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ |
Նախաբան
Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմ մարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։
Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։
Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միությանն իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։
Իսկ հիմա՞․․․
Իսկ հիմա իմ սեփական ծննդյան օրվա մասին երբեմն իմանում եմ շնորհավորական հեռագրերից։
Համենայն դեպս ես չունեմ ոչ մի ուրիշ ելք, քան հիմնվել հիշողությանս վրա։
Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։
Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։
Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, ով գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։
Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։
Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։
Առաջին մաս
Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը
Այս խոսակցությունը տեղի ունեցավ 1982 թվի հունիսին։
Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։
Մենք նստած էինք բացօդյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուլի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։
Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։
Մենք գարեջուր էինք խմում լիտրանոց գավաթներից, որոնք այստեղ անվանում են մասս։
Ճիշտն ասած, ես հաստատ չգիտեմ, ինքը գավա՞թն է կոչվում մասս, թե գարեջրի այն քանակը, որը տեղավորվում է գավաթի մեջ։ Սակայն դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մենք նստած էինք գարեջրատանը, գարեջուր էինք խմում, և խոսում տարբեր բաներից։
Կարծեմ, մենք սկսեցինք ձիերից։ Որովհետև այդ Ռուդին ձիաբույծ է։ Նա մեծացնում է ձիերին և վաճառում նրանց միլիոնատերերին։ Ինքը՝ ի դեպ, նույնպես միլիոնատեր է, բայց դա էլ էական չէ։
Չնայած նա զբաղվում է ձիերի վաճառքով, անձամբ ամենից շատ հետաքրքրվում է տարբեր ամենաժամանակակից սարքավորումներով։ Նա քշում է շքեղ «յագուար», որը լցոնված է ամեն տեսակի էլեկտրոնիկայով, իսկ թե ինչ է կատարվում նրա տանը, ավելորդ է խոսել։ Ինչ֊որ համակարգիչներ, հեռուստառադիոկոմբայներ, ավտոմատ դռներ, և էլի ինչ֊որ նման բաներ։ Լույսը նրա առանձնասենյակում մութն ընկնելուն պես միանում է ինքն իրեն, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե մեկը կա։ Երբ տերը դուրս է գալիս առանձնասենյակից, լույսը անմիջապես հանգչում է (Ռուդին պնդում է, որ շնորհիվ այդ սարքավորման նա էլեկտրոէներգիա է խնայում ամսական ոչ պակաս, քան չորս մարկով)։ Ինքնին, նա ունի երաժշտական համակարգիչ, որի վրա կարելի է նվագել երգեհոնի, ջութակի, քսիլոֆոնի, բալալայկաի և բազմաթիվ ուրիշ գործիքների վրա առանձին և միաժամանակ։ Այնպես որ մի մարդ մեկ մատով կարող է կատարել ստեղծագործություններ, որոնք նախկինում մատչելի էին միայն մեծ նվագախմբերին։
Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։
Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ Ռուդիին ասում եմ, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Իրենց մասին կարդալ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսիանների մասին։
Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։
― Ֆանտաստիկան, ― ասաց նա ինքնավստահ, ― դա գրականության ապագան է։
Այդ պնդումով նա հանեց ինձ հունից։ Ես պատվիրեցի երկրորդ մասսը և ասացի, որ ֆանտաստիկան, ինչպես նաև դետեկտիվը, ընդհանրապես գրականություն չեն, այլ էլեկտրոնային խաղերի նման անհեթեթություն, և նպաստում են մասսայական ապուշության զարգացմանը։
Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։
Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, ու բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։
― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել էին ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա մանրամասնորեն չի կանխագուշակել այն համակարգի ստեղծումը, որը գոյություն ունի այսօր ձեր մոտ, Ռուսաստանում։
― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարյալ կերպով գործող տոտալիտար համակարգ, որը մարդկային կենդանի հասարակությունում գոյություն ունենալ ընդհանրապես չի կարող։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Պետք է նկատեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճելն կատարելապես անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք չի լինում մեզ մոտ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։
― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ անհնար են։
― Այո, ― ասացի ես։ ― Հենց այդպես էլ կարծում եմ։
― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են իրականացման շրջան։
Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որում ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որում ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրեցի, ճի՞շտ եմ ես նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։
― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, գնել որոշակի գումարով տոմս և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցայլաում։
Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդա․
― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էնշտեյն է ապացուցել, որ ոչ միայն լույսից արագ, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։
Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից, այդպիսի հավասարակշռվածիծ, չէի սպասում։
―Այն, ինչ ասել է քո Էնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Եվկլիդոսն ասում էր, որ մի կետի միջով կարելի է անցկանել մեկ զուգահեռ և ճիշտ էր, իսկ Լոբաչևսկին ասեց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի և երկուսն էլ ճիշտ էին։ Էնշտեյն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։
― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էնշտեյն չես։
― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Եվկլիդոս չէր։
Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել է, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էնշտեյնը, Լոբաչևակին, Եվկլիդոսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է նա կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչով, ռադիոընդունիչով, կամ հեռուստացույցով։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։
Ես հարցրեցի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և իրենից հերիք է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց նրան էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախցրեց ոտքերը։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։
Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամն կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է րայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։
― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։
― Ինչո՞ւ միևնույն է, ինչո՞ւ հազիվ թե, ― հարցրեցի ես։ Դու ինքդ ասացիր, որ դա ֆանտաստիկայից դարձել է իրականություն։
― Այո, ― քմծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու հո ավանտյուրիստ չես։
Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Ես հենց ավանտյուտի՛ստ եմ։
Ֆրոյլայն Գլոբկե
Ամալիենշտրասսեում գտնվող րայզեբյուրոյում ամեն ինչ շատ սովորական էր։ Բազմաթիվ գունագեղ պլակատներ և պրոսպեկտներ առաջարկում էին ցանկացողներին դիտել եգիպտական բուրգերը, իսլանդանկան գեյզերները, նորվեգիական ֆյորդները, տաքանալ Բագամյան կղզիներում, դահուկներով սահել շվեյցարական Ալպերի լանջերից, կամ կատարել ճանապարհորդություն հայտնի «Թագուհի Եղիսաբեթ երկրորդ» օվկիանոսային լայներով։
Ես հարցրեցի ֆրոյլյան Գլոբկեին և ինձ ցույց տվեցին համակարգչային էկրանով առանձնացված անկյունում, շիկակակարմիր մազերով պեպենոտ աղջկան։
Ճիշտն ասաց, վերջին ակնթարթին ես բավականին երկչոտեցի։ Ես մտածեցի, որ այդ անպիտան Ռուդին խաղ խաղաց գլխիս և հիմա ամբողջ ռայզեբյուրոն կհավաքվի, հիմարացված օտարերկրացու վրա հռհռալու համար։ Բայց երբ ես ասացի ֆրոյլայն Գլոբկեին իմ ազգանունը և իմ այցելության նպատակը, ի բավարարություն ինձ և մասամբ էլ միևնույն է զարմանքիս, ոչ զարմացավ և ոչ էլ սկսեց ծիծաղել։ Այո, ասաց նա, մենք ունենք հնարավորություն ուղարկել մեր հաճախորդին ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ Երկիր մոլորակի վրա և ինքը, ֆրոյլայն Գլոբկեն, պատրաստ է լսել իմ ցանկությունները։
Ցանկությունս, նրա տեսանկյունից, չափազանց համեստ էր։ Ես կուզենայի ընկնել Մոսկվա 50 տարի հետո, այսինքն, 2032 թվականի Մոսկվան։
― Լավ, ― ասաց ֆրոյլայնը և իր ներկված մատիկներով սկսեց սեղմել համակարգչի ստեղները։
Էկրանին թռչկոտեցին ինչ֊որ տառեր և թվեր, ֆրոյլայն Գլոբկեն նայեց նրանց, կտտացրեց լեզվով և տարակուսած շրջվեց իմ կողմը։
― Ահա՜, ուրեմն դա ձեր մոտ չկա, ― ուրախացա ես Ռուդիին ծիծաղելի դրության մեջ դնելու հնարավորությանը։
― Ցավոք, ― ասաց ֆրոյլայնը շփոթված։ ― Այդ չվերթին բոլոր տոմսերը վաճառված են։ Բայց եթե դուք համաձայնվեք թռչել 60 տարի առաջ․․․
― Ի՜նչ տարբերություն իմ համար, ― ընդհատեցի ես նրան։ Տաս տարի շատ, տաս տարի քիչ, դա կարևոր չէ։
― Պրիմա, ― ասաց Ֆրոյլայնը և շողացող ժպիտով հայտնեց, որ գալով իրենց մոտ, ես կատարեցի ճիշտ ընտրություն։ Որովհետև առայժմ նրանք միակ րայզեբյուրոն են Եվրոպայում, որը կազմակերում է այդպիսի ուղևորություններ։
― Ներեցեք, ― ընդհատեցի ես նրան անհամբեր, ― տեղաշարժվելու ձևը ինձ արդեն մոտավորապես հայտնի է, դա ինձ բավականին մանրամասն բացատրեց հերր Մախենմիտտելբրեխերը։
― Միտտելբրեխենմախերը, ― ուղղեց նա ինձ քաղաքավարի։ Ես շնորհակալություն հայտնեցի ուղղումի համար և ասացի, որ ինձ հետաքրքրում են ոչ թե տեսական հիմքերը, այլ թռիչքի իրական պայմանները։ Ինչպե՞ս է այնտեղ անկշռելիության վիճակը և ընդհանրապես, շատ ուժեղ չի՞ ճոճում։
Բանը նրանում է, ― բացատրեցի ես, ― որ երբ ես խմում եմ, երբեմն ինձ ճոճում է նւյնիսկ Երկրի վրա։
Օ՜, առաջինի մասին, ― ժպտաց ֆրոյլայնը, ― դուք կարող եք ընդհանրապես չանհանգստանալ։ Մեր արհեստական գրավիտացիայի էլեկտրոնային համակարգը չունի մրցակիցներ։ Իսկ, այ, օրորելու մասին ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ դուք թռիչքի ժամանակ չէի՞ք կարող խուսափել պինդ ալկոհոլային խմիչքների օգտագործումից։
― Ի՞նչ, ― նորից հարցրի ես։ ― Խուսափել վաթսուն տարի՞։ Ֆրոյլայն, դուք ինձանից չափից ավելին եք ուզում։
― Ի՜նչ եք ասում, ― առարկեց ֆրոյլյանը։ Այդպիսի երկար ժամկետի մասին խոսք լինել չի կարող։ Դա երկրի վրա կանցնի վաթսուն տարի։ Իսկ ձեր համար դա կլինի երեք ժամ։ Ինչպես սովորական թռիչքը Մյունխենից Մոսկվա։
― Այո, ― ասացի ես։ Իհարկե։ Ես հասկանում եմ դա։ Իմ համար այնտեղ կանցնի երեք ժամ։ Բայց իրականում ախր կանցնի վաթսուն տարի։ Եվ վաթսուն տարվա ընթացքում ոչ մի կաթի՞լ։
― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում։ Ֆրոյլյանը այնպես հուզվեց, որ նրա պեպենները երկու անգամ ավելացան։ ― Ինչո՞ւ ոչ մի կաթիլ։ Վերջի֊վերջո, խմել, թե չխմել, դա ձեր անձնական գործն է։ Ի դեպ, խմիչքները այդ թռիչքում տրվում են ուղևորեներին անսահմանափակ քանակաով և միանգամայն ձրի։
― Դա ուրիշ բան է, ― ասացի ես։ Ինչո՞ւ միանգամից չասացիք, որ խմիչքները անվճար են։ Եթե անվճար են, ուրեմն այստեղ և քննարկելու բան չկա։ Գրեք․ մեկ տոմս այնտեղ, և մի ամսից՝ ետ, տեղը՝ խմողների և ծխողների համար, ցանկանալի է պատուհանի մոտ։
― Լավ, ― գլխով արեց ֆրոյլյանը։ ― Միայն պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ մեր ֆիրման վերադարձը չի երշխավորում։ Մենք, իհարկե, կանենք մեզանից կախված ամեն բան, բայց մենք չգիտենք ինչպիսին կլինեն այն ժամանակ քաղաքական պայմանները։ Անշուշտ մեր հյուպատոսը միշտ կլինի ձեր տրամադրության տակ, բայց մեր երկիրը վաթսուն տարի հետո գոյություն կունենա՞ արդյոք և կունենա՞ հյուպատոսներ։
Դե իհարկե, մտածեցի ես, վաթսուն տարում ինչ ասես կարող է պատահել։ Բայց ես հենց դրա համար էլ թռչում եմ, որպեսզի իմանամ ինչ տեղի կունենա։
― Լավ, ― ասացի ես։ Ինչ արած, որ դուք չեք կարող երաշխավորել Վերադարձը։ Բայց եթե դուք ապհովում եք անվճար խմիչքներով, ուրեմն, միևնույն է, գրեք։
Ես տվեցի նրան իմ անձնագիրը։ Ֆրոյլյան Գլոբկեի բարակ մատները վազեցին համակարգչի ստեղնաշարի վրայով, ասես կատարելով տառերի ու թվերի անլսելի երաժտությունը։ Էկրանին հայտնվեցին իմ անուն֊ազգանունը, անձնագրիս համարը, թռիչքի համարն ու ամսաթիվը, և էլի ինչ֊որ թվեր, որոնք թռչկոտում էին իրենք իրենց հետ և ուրախ բազմապատկվում։ Վերջապես կանգ առան, շարվելով այսպես․
457884300
― Երկու ուղղությամբ տոմսը, ― կարդաց ֆրոյլանը, ― արժե ուղիղ չորս միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քառասուներեք մարկ։
― Բայց եթե դուք մուծումը կատարեք կանխիկ, մենք ձեզ կտրամադրենք տաս տոկոս զեղջ, և այն ժամանակ ձեր ամբողջ ուղևորությունը կարժենա միայն․․․ Նա շարժեց մատները, թվերը նորից թռչկոտեցին և ստացվեց այսպիսի պատկեր․ ― Չորս միլիոն հարյուր քսան հազար իննըհարյուր հիսունութ մարկ և յոթանաուն պֆեննինգ։
― Սա արդեն ուրիշ բան է, ― ասացի ես։
― Բացի այդ, եթե ձեր վերադարձը չկայանա, երեք ամսվա ընթացքում վերադարձի տոմսի արժեքի յոթանասունհինգ տոկոսը կտրվի ձեր ժառանգներին։
― Դա արդեն միանգամայն լավ է, ― նկատեցի ես։ ― Ճիշտ է իմ մոտ այդպիսի գումար առկայություն մեջ չկա, բայց ես մեծ հույս եմ կապում հերր․․․
― Միտտելբրեխենմախեր, ― հուշեց Ֆրոյլայն Գլոբկեն։
Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջմտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։
Երեք միլիոն րեպորտաժի համար
Իհարկե, ես իզուր էի հույսս դրել Ռուդիի վրա։ Երբ ես զանգահարեցի նրան ավտոմատից, նա ասաց, որ հաճույքով պարտք կտար ինձ պահանջված գումարը, բայց ափսոսանքով պետք է ասի, որ ներկայումս ինքն էլ ունի որոշ ֆինանսական դժվարություններ։ Բանը նրանում է, որ վերջին վեց միլիոնը նա ծախսել է Սաուդյան Արավիաից բերված երկու մտրուկների վրա, որոնցից մեկը, հենց երեկ կոտրել է ոտքը։ Այնպես որ, երեք միլիոնը կորան։
Ինչպես ես հետո իմացա, այդ ողջ պատմությունը կոտրած ոտքի մասին մաքուր սուտ էր։ Ռուդին ուղղակի վախեցավ պարտքով փող տալ ինձ։ Միլիոնատերերը, ինչպես ես նկատել եմ, ընդհանրապես ժլատ մարդիկ են։
Ես տուն վերադարձա մասամբ վատ տրամադրությամբ, մասամբ էլ հանգստացած։ Չստացվեց ― ուրեմն չստացվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Վերջ ի վերջո, ես արդեն քառասուն տարեկան եմ, տարիք՝ որին հասնելով ժամանակն է հնարավորինս խուսափել արկածախնդրությունից։
Ինչ վերաբերվում է կնոջս, ապա նա դեպքերի այդպիսի զարգացումից, ինչպես ես նկատեցի, նույնիսկ շատ գոհ էր։ Որովհետև ես, ինչպիսին էլ որ կամ, բայց դե ամուսին եմ։ Ու եթե ես ինչ֊որ տեղ հեռավոր ապագայում, ինչ֊որ պատճառներով լռվեմ, դեռ հայտնի չէ, թե նա կգտնի՞ ինձ նման մեկին, թե ոչ։
Կինս այնքան զգացվեց, որ ընթրիքի ժամանակ նույնիսկ առաջարկեց խմել, ինչը սովորաբար չի անում։ Ես, իհարկե, երկար խնդրել ինձ չստիպեցի։ Առաջին ըմպանակը ես խմեցի կնոջս հետ, երկրորդը և երրորդը, երբ նա դուրս եկավ հեռախոսի մոտ, չորրորդը՝ նորից նրա հետ։
― Այո, ― ասացի ես, ― բայց միևնույն է ափսոս, որ չստացվեց։ Շատ կցանկանայի տեսնել։
Ինչի՞ն այնտեղ նայել։ Կարծում ես այդ ժամանակահատվածում, այնտեղ ինչ֊որ բան կփոխվի՞։ Եվ նա հիշեցրեց ինձ մեր հարևանի պատմածը, որը վերջերս էր մահացել։ Ժամանակին նա ընտանիքի հետ այստեղ էր եկել Ռուսաստանից և չէր ուզում քանդել ճամպրուկները։
― Շուտով բոլշևիկներին կքշեն և մենք ստիպված կլինենք ետ վերադառնալ։ Ինչո՞ւ անել կրկնակի աշխատանք․ քանդել ու նորից հավաքել։
Նորից զանգեց հեռախոսը։ Հենց որ կինս դուրս եկավ, ես մի բաժակ էլ կուլ տվի, բայց չհասցրեցի լցնել երկրորդը՝ կինս վերադարձավ։
― Քեզ, ինչ֊որ ամերիկացի, ― ասաց նա։
Պարզվեց, որ ամեիկացին «Նյու Թայմս» թերթի թղթակից էր։ Նա հարցրեց, կարո՞ղ եմ ես վաղը ընդունել նրան շտապ գործով։ Իմ հարցին, թե այդ ի՞նչ շտապ գործեր են, նա պատասխանեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։ (Հետո էլ ասում են, որ միայն Սովետական Միությունում են վախենում խոսել հեռախոսով):
― Լավ, ― ասացի ես, ― եկեք, միայն տասից ոչ շուտ։ Ես երկար եմ աշխատում և ուշ վեր կենում։
― Օ կեյ, ― ասաց նա և կախեց խոսափողը։
Ասում են, թե ամերիկացիները կիրթ չեն։ Ես այդպես չեմ գտնում։ Կյանքումս հանդիպած ամերիկացիների մեծ մասը քաղաքավարի, նրբազգաց, համեստ մարդիկ են, կոկիկ հագնված և շատ սիրալիր։ Իհարկե, նրանք երբեմն դնում են իրենց ոտքերը սեղանին, բայց դա ինձ միանգամայն չի նյարդայնացնում։ Նրանք այդպես լիցքաթափվում են, կամ ինչպես իրենք են ասում լարվածությունից են ազատվում։ Եվ դա ճիշտ է։ Դա օգտակար է առողջության համար։ Իսկ անհանգստանալ, ինչպես անում ենք մենք, սխալ է։ Ես ինքս էլ երբեմն ոտքերս դնում եմ սեղանին, բայց հանգստանալ չի ստացվում, մենք դրան սովոր չենք։
Հաջորդ առավոտ ուղիղ ժամը տասին լսվեց դռան զանգը։ Բացելով դուռը ես տեսա բարձրահասակ, բարեկազմ մի մարդու, երկնագույն կոստյումով, մուգ, թեք սանրված մազերով։
― Պարոն Մա՞կ․․․, ― սկսեցի ես մոռանալով նրա իռլանդական ազգանվան շարունակությունը։
― Ինձ դիմեք ուղղակի Ջոն, ― ասաց նա և ժպտաց։
Ես նրան հրավիրեցի հյուրասենյակ և սուրճ առաջարկեցի։
― Վիտալիյ, ― ասաց նա, ― ես մի մեծ խնդրանք ունեմ։ Դուք կլսեք իմ առաջարկությունը, իսկ հետո, անկախ նրանից կընդունեք այն, թե ոչ, մեր խոսակցության մասին ոչ ոքի չեք ասի։
― Դուք ՑՌՈւ֊ի՞ց եք, ― հարցրեցի ես։ ― Չէ, ի՜նչ եք ասում։ Ես «Նյու֊Թայմսից» եմ, ինչպես և ասել եմ։ Բայց ես չէի ցանկանա․․
Ուզում եք, որ ես երդվեմ աստվածաշնչի վրա՞։
― Դա պարտադիր չէ, ― ժպտաց նա։ ― Ինձ հերիք է ձեր խոսքը։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք գնալ երկու հազար ինչ֊որ տարվա Սովետական Միություն։
― Ինչպե՞ս իմացաք, ― զարմացա ես։ ― Դրա մասին ես ոչ մեկին չեմ պատմել։
― Մի անհանգստացեք, ես էլ ոչ մեկին չեմ պատմի։
Դուք կարող եք պատմել ում ուզում եք, որովհետև ես ոչ մի տեղ չեմ գնում։ Երկու կողմի տոմսը արժե․․․
― Ես ամեն ինչ գիտեմ, ― ընդհատեց նա։ Բայց եթե բանը միայն տոմսի գնի մեջ է, մեր ֆիրման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա։
― Բոլոր ծախսե՞րը, թերահավատորեն կրկնեցի ես։ Ավելի քան չորս միլիոն մա՞րկ։ Դա համարյա երկու միլիոն դոլար է։
Եվ դեռ մի միլիոն էլ կստանաք որպես հոնորար, ձեր ուղևորության մասին մանրամասն ռեպորտաժ գրելու համար։
― Երեք միլիոն դոլա՞ր, ինչ֊որ ռեպորտաժի համա՞ր։
Նա ծիծաղեց։
― Վիտալիյ, ես տեսնում եմ, դուք դեռ չեք վարժվել արևմուտքին։ Դա ինչ֊որ ռեպորտաժ չի։ Դա դարի սենսացիա է։ Կամ միգուցե նույնիսկ երկու դարերի։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ավելի թանկ արժե, բայց մեր ֆինանսական դրությունը այժմ ամենալավագույն վիճակում չէ։
Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։
Զրույց սատանայի հետ
Շատ է սխալվում նա, ով մտածում է, որ որոշում կայացնելիս ինձ վրա ինչ֊որ կերպ ազդեց այն խելահեղ գումարը, որը ես հնարավորություն ստացա աշխատելու։ Չեմ պնդի, որ ես փողի հանդեպ անտարբեր եմ, բայց հստակ կարող եմ ասել, որ միայն փողի համար ես երբեք չէի վտանգի նույնիսկ իմ մի մազը։
Հնարավոր է, որ ես չէի բավարարի Ջոնի խնդրանքը, բայց այստեղ արթնացավ իմ սատանան, որը այն ժամանակվանից, ինչ ապրում է մեջս, միայն մտածում է այն մասին, թե ինչպես դրդի ինձ որևիցե բախտախնդրության։ Երբեմն նա չափը անցնում է, և ես առանց խղճալու ճնշում եմ նրան իմ մեջ։ Որոշ ժամանակ նա լռում է առանց կյանքի նշաններ ցույց տալու։ Այդ ժամանակ, ես ինձ պահում եմ համարյա իդեալական․ խուսափում եմ խմել և ծխել, փողոցը անցնում եմ միայն կանաչ լույսի տակ, մեքենան վարում եմ ենթարկվելով ճանապարհային նշաններին, իսկ աշխատածս բոլոր փողերը տալիս եմ կնոջս մինչև վերջին մանրադրամը։ Այդպիսի օրերին, բոլոր ինձ ճանաչողները չեն կարող չուրախանալ։ Լավ հագնված, լվացված, սափրված, խուզված մազերով և, միևնույն ժամանակ բոլորի հետ բացառիկ սիրալիր։
Բայց գալիս է ժամանակը, սատանան արթնանում է և նորից սկսում է․
― Ինչո՞ւ ես վեր կենում։ Ճաշը պատրաստ չի, կարող ես էլի քնել։ Շտապել պետք չի, միևնույն է երբևիցե կմեռնես։ Այսօր պետք չի լվացվել, դու դա արել ես երեկ։ Պառկիր, ծխիր, թոքերդ լցրու ծխով։ Ահա՛ նրանք, քո սիգարետները, սեղանի վրա են։
Իմ սատանան այնքան համառ է, որ միշտ չի որ, հնարավոր է նրան դիմադրել։
Ես թափ տվեցի տուփից մի սիգարետ, չրխկացրեցի վառիչը և ծխեցի։
Բռավո, ― բացականչեց սատանան։ Ռակը, լավագույն միջոցն է ծխողների դեմ։
Դա նրա սիրելի ասույթն է։
― Հիմար, ― ասացի ես նրան։ ― Դու ոչ թե պետք է իմ մեջ նստես, այլ աշխատես ծխելու դեմ պայքարող հասարակական կազմակերպությունում։
Ներս քաշելով Մալբորոյի ծուխը, ես սկսեցի մտածել Ջոնի առաջարկության մասին։
Առաջարկը գրավիչ էր, բայց երևի թե ոչ իմ համար։ Ո՞ւր եմ ես մեկնելու։ Ի՞նչ է ինձ այնտեղ սպասում, այդ հեռավոր ապագայում։ Մի գուցե ինչ֊որ սարսափելի, տհաճ իրադարձություննե՞ր։ Ախր ես երեխա չեմ։ Ես լրջամիտ, ընտանիք ունեցող մարդ եմ, որի քառասունը (մի՞թե դա ճիշտ է), շուտով կլրանա։ Ժամանակն է հանդարտվել և ավելի խոհեմ լինել։ Խուսափել ավելորդ հուզմունքներից, սթրեսային իրավիճակներից, միջանցիկ քամիներից։ Հագնել խալաթ, թույլ թեյ եփել, ծայրահեղ դեպքում ծխամորճ ծխել, ինձ համար նստել գրասեղանի առաջ, դանդաղ զարգացող գործողությամբ մի ինչ֊որ վեպ գրել։
― Բոլոր մարդկային արատներից ամենազզվելին խոհեմությունն է, ― ասաց սատանան։
Դո՛ւրս կորիր։ Մի՛ խառնվիր ուրիշի գործերի մեջ։ Դու ինձ ձանձրացրել ես։
― Դու էլ ինձ, ― ասաց սատանան։ Հատկապես այն րոպեներին, երբ դառնում ես առաքինի։ Լսի՛ր, լսի՛ր, ― շշնջաց նա, ― դու լավ գիտես, որ խոհեմությունը անխոհեմ է։ Այսօր դու վախենում ես մրսելուց, իսկ վաղը քո վրա աղյուս է ընկնում, և այն ժամանակ, ի՞նչ տարբերություն, մրսա՞ծ ես դու, թե ոչ։ Ինչո՞ւ ես տատանվում։ Քեզ այսպիսի հաջողություն է տրվում, օգտվի՛ր։ Գնանք նայենք, ի՞նչ են ձեր կոմմունիստները այնտեղ հնարել վաթսուն տարվա ընթացքում։
― Իսկ դու սիրում ես կոմմունիստների՞ն, ― հարցրեցի ես ծաղրանքով։
― Այն էլ ո՜նց, ― բացականչեց սատանան։ Ինչպե՞ս նրանց չսիրել։ Նրանք էլ սատանաների նման, միշտ ինչ֊որ ուրախ բան են հնարում։ Լսիր, արի գնանք, ես քեզ շատ եմ խնդրում։
Լավ, ասացի ես։ Ենթադրենք, ես գնացի։ Բայց դա կլինի վերջին արկածը, որով ինձ գայթակղեցիր։
― Հոյակա՜պ է, ― ծափ տվեց սատանան։ ― Հիանալի՜ է։ Միանգամայն հնարավոր է, որ դա կլինի վերջին անգամ։
― Տխմար, ― ասացի ես նրան։ ― Ինչի՞ վրա ես ուրախանում։ Եթե ինձ հետ ինչ֊որ բան պատահի, ի՞նչ ես անելու առանց ինձ։
― Այո֊այո, ― ասաց սատանան տխուր։ ― Խոստովանում եմ, ինձ համար շատ դժվար կլինի առանց քեզ։ Բայց, ճիշտն ասած, ես կնախնտրեի տեսնել քեզ մեռած, քան խոհեմ։
― Փակիր բերանդ, ― ասացի ես։ ― Ու մի խանգարիր ինձ մտածել։
― Փակում եմ, ― խոնարհաբար ասաց սատանան և լռեց, հասկանալով, որ նա իր գործն արդեն արեց։
Եվ չնայած, որ ես ասել էի Ջոնին, որ որոշումս հազիվ թե դրական լինի, և որ ես նրան կզանգահարեմ ոչ շուտ քան շաբաթ֊շաբաթուկես հետո, ես զանգեցի նրան երեք օր անց և ասացի․ Այո։
Հետապնդում
Կարծում եմ, պետք չէ բացատրել, որ նախքան նախաձեռնածս վտանգավոր ճանապարհորդություն ուղևորվելը, ես պետք է հոգ տանեի իմ ընտանիքի մասին և մի քանի կարգադրություններ անեի, որոնք ունեին մեծ հավանականություն վերջինը լինել։
Բանկ, փոստ, ապահովագրական գործակալություն, նոտարական գրասենյակ ― սրանք են այն հիմնարկությունները, որոնք ես այցելեցի մի քանի օրվա ընթացքում։
Զբաղվելով բոլոր այս գործերով, ես հանկարծ, դեռ Մոսկվայում ձեռք բերված հոտառությամբ զգացի, որ ինչ֊որ մեկը ինձ հետևում է։
Ես շատ քիչ ժամանակ ունեի, բայց ցուցաբերելով տարրական դիտողականություն, նկատեցի, որ հեռախոսս պահում է իրեն ոչ այնքան սովորական ձևով։ Մեկ նրանում լսվում են ինչ֊որ խշշոցներ (մագնիտոֆո՞ն), մեկ չգիտես ինչու նա ինքն իրեն զնգում է, մեկ ինչ֊որ մեկին զանգելով ընկնում եմ ոչ այն համարը, կամ իմ մոտ է ընկնում նա, ով ինձ չի զանգահարել։
Շունս, գիշերները հանկարծ սկսում էր տեղին֊անտեղին հաչել։ Դուրս վազելով, ես ոչ մեկին ոչ մի անգամ չհայտնաբերեցի, բայց մի օր, հենց դռան մոտ գտա «Պրիմա» ծխախոտի մնացորդ։
Մի ուրիշ անգամ ես ուշադրություն դարձրի ասիական տիպի արտաքինով մի երիտասարդի։ Հեծանվով անցնելով իմ դարպասի մոտով, նա ջանաց չափից ավելի շրջվել ինձանից։ Հետո, մոտակա նրբանցքներից մեկում, իմ ուշադրությունը գրավեց ֆրանկֆուրտյան համարներով մի հին կանաչ «ֆոլկսվագեն»։ Նայելով ներս, ես նկատեցի ետևի նստարանի վրա ինչ֊որ մեկի կողմից մոռացված «Պրավդա» թերթը։
Համենայն դեպս, ես հայտնեցի իմ դիտարկումների մասին ոստիկանությանը։ Այնտեղ ինձ ուշադիր լսեցին և ասացին, որ իմ կասկածները շատ անորոշ ու անհստակ են, բայց եթե ես ունենամ ավելի համոզիչ ապացույցներ հետապնդման մասին, նրանք իհարկե, կընդունեն անհրաժեշտ միջոցներ։
Ոստիկանը, որի հետ ես խոսում էի, այնուամենայնիվ, գրի առավ «ֆոլկսվագենի» համարը, իսկ «Պրիմայի» մնացորդը դրեց փոքրիկ ցելոֆանի մեջ և պահեց սեյֆում։
Առևանգում
Նույն օրը ինձ հետ մի դեպք պատահեց, որը հիմա կարելի է անվանել զվարճալի, բայց այն ժամանակ նա ինձ այդպիսին չթվաց։
Վերադառնալով ոստիկանությունից, որոշեցի դուրս նետել գլխիցս իմ բոլոր կասկածները և մի քիչ ցրվել։
Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից, ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, նա ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։
Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ խափանել էին ուրիշ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և հետո ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր իմ տակ։
Մտածելով, որ ես գտնվում եմ իմ սենյակում, ես ենթադրեցի որ երկրաշարժ է և ուզում էի վեր թռչել տեղիցս։ Բայց տեղնուտեղը նկատեցի, որ առաջին՝ մարմինս չի ուզում ինձ ենթարկվել, երկրորդ՝ որ ես տանը չեմ, այլ վարագույրված պատուհաններով ավտոբուսի մեջ։ Ավտոբուսը ինչ֊որ տեղ է գնում, իսկ իմ առջև նստած են երեք մարդ, երկուսը սովորական կոստյումներով, իսկ մեկը ամբողջովին սպիտակ հագած, երևի բժիշկ։
Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Այս ի՞նչ է պատահել ինձ, ինչի՞ տակ եմ ես ընկել և ու՞ր են տանում ինձ։
Ես շարժվեցի, որպեսզի ինչ֊որ կերպ ինձ շոշափեմ և ստուգեմ իմ մարմնիս վիճակը։
Հենց որ ես կյանքի նշաններ ցույց տվի, իմ առջև նստած մարդիկ էլ շարժվեցին, իսկ բժիշկը ինչ֊որ բան ասաց անծանոթ լեզվով։ Ուշադիր նայելով ես տեսա, որ նա բժիշկ չէ, այլ ավելի շուտ ինչ֊որ արաբ ազգային սպիտակ տարազով և սպիտակ ծածկոցով, որը փակում էր դեմքի կեսը։ Մնացած երկուսը, երևի նույնպես արաբներ էին, բայց հագնված էին եվրոպացիների նման։ Կոստյում հագնողները կլինեին մոտ երեսուն տարեկան, իսկ այդ ծածկոցովը՝ թերևս ավելի մեծ էր։
Երբ արթնացա, նրանք մի քանի խոսք փոխանակեցին, հետո նա, ծածկոցովը, խոսեց արագ, բարձր և հրամայական։ Ընդ որում, երբ նա բացեց բերանը, նրա ատամներից ինչ֊որ երկնագույն փայլ տարածվեց, որից կարծես, ավտոբուսում լույսն ավելացավ։
Երբ նա լռեց, ուղեկիցերից մեկը գլխով արեց և դիմեց ինձ անգլերենով։ Անվանելով ինձ ազգանունով (իհարկե ավելացնելով «միստր» բառը), նա ասաց, որ նորին Մեծությունը (այսինքն նա, ով ծածկոցով է) բերում է ինձ իր խորագույն ներողությունները, այն բանի համար, որ նրանք ստիպված էին այդպես անքաղաքավարի վարվել ինձ հետ։ Նրանք երբեք իրենց թույլ չէին տա այդպիսի վերաբերմունք այսպիսի հարգված և արժանավոր մարդու նկատմամբ, որպիսին իրենց խորին համոզմամբ ես եմ հանդիսանում։ Միայն բացառիկ անհրաժեշտությունը ստիպեց նրանց այդ քայլին դիմել, ինչի համար Նորին Մեծությունը նորից ու նորից ափսոսանք է հայտնում։
Ակնհայտ էր, որ այն ինչ֊որ բանից հետո, որ պատահել էր ինձ հետ ոչ վաղուց, ես հիշողության որոշ կորուստ ունեի, չգիտեի ինչի համար է ափսոսում Նորին Մեծությունը, և որոշեցի Լռել։
― Բայց, ― ասաց թարգմանիչը, ― Նորին մեծությունը հույս է հայտնում, որ դուք ձեզ բավական լավ եք զգում և շատ հիշաչար չեք լինի իրենց նկատմամբ։ Նորին Մեծությունը պատրաստ է իր կողմից հատուցել այն ոչ մեծ վնասը, որը մենք ակամա հասցրեցինք ձեզ։
Այդ բառերի ժամանակ Նորին Մեծությունը եռանդուն գլխով արեց (չբացելով սակայն դեմքը), մտավ իր փեշի տակ և երկար ժամանակ խճճվելով և փորփորելով շորի ծալքերի մեջ, վերջապես հանեց ծխախոտի տոպրակի նման մի կաշվե քսակ, և խնամքով դրեց մեզ բաժանող նեղ սեղանի վրա։
― Սա ի՞նչ է, ― հարցրեցի ես աչքի ծայրով նայելով տոպրակին։
― Փոքրիկ անձնական նվեր, Նորին մեծության կողմից, ― ժպտաց թարգմանիչը (Նորին Մեծությունն էլ, շփոթված ժպտաց): ― Մի քիչ ոսկի։
Ես փակեցի աչքերս և սկսեցի մտածել, թե այս ի՞նչ մարդիկ են և ի՞նչ են ուզում ինձանից։ Ոչինչ չհասկանալով, ես բացեցի աչքերս և ուղիղ հարցրեցի նրանց այդ մասին։
Սկզբում Նորին Մեծությունը արագ֊արագ ինչ֊ որ բան ասաց։ Հետո թարգմանիչը ինձ բացատրեց, որ նրանք ներկայացնում են ոչ մեծ, բայց շատ հարուստ մի արաբական երկիր։ Իմանալով իմ առաջիկա ուղևորության մասին․․․
― Ինչպե՞ս այդ մասին իմացաք, ― ընդհատեցի ես նրան։
― Մեզ մոտ Արևելքում ասում են, ― կամաց ասաց թարգմանիչը, ― որ եթե ականջդ դնես գետնին, կարելի է լսել ամբողջ աշխարհը։
Ուրեմն, դնելով ականջը գետնին և իմանալով իմ մտադրությունների մասին, նրանք որոշեցին դիմել ինձ մի փոքրիկ, բայց նուրբ խնդրանքով։ Նրանք հույս ունեն, որ արաբական երկրների մեծ ընկեր Սովետական Միությունում, մի որոշ ժամանակ անց, որոշ գաղտնիքներ կդադարեն լինել գաղտնիք։ Եվ նրանք, իմ ուղեկիցները, շատ շնորհակալ կլինեն, եթե ինձ հաջողվի ճարել և բերել այստեղ սովորական ջրածնային ռումբի մանրամասն գծագրերը, որոնք իրենց պետք են բացառապես խաղաղ նպատակներով։ Եթե ես մատուցեմ իրենց այդպիսի ծառայություն, նրանք, և անձամբ Նորին Մեծությունը պարտքի տակ չեն մնա և ոսկու պարկը, որը ես կստանամ մի քանի լուսանկարված կադրերի համար, կարող է լինել հիսուն անգամ ավելի մեծ նրանից, որը դրված է իմ առաջ։
Առաջին ցանկությունս էր ուղարկել նրանց Շայթանի մոտ, բայց ճիշտն ասած ես համոզված չէի, որ իմ անկեղծությունը բարենպաստ կլինի ինձ համար։ Այն ժամանակ ես որոշեցի օգտվել Խոջա Նասրեդդինի դրական փորձով, որը, ինչպես հայտնի է, խոստացել էր շահին, քսան տարվա ընթացում էշին սովորեցնել խոսել մարդկային լեզվով։ Նասրեդդինը համոզված էր, որ իրեն վտանգի չի ենթարկում, քանի որ քսան տարվա ընթացքում կամ շահը կմեռնի, կամ ավանակը, կամ էլ ինքը, Նասրեդդինը կկանգնի Ալլահի առաջ։
Մյուս կողմից, չցանկանալով նրանց աչքին երևալ չափից ավելի պատրաստակամ իրենց ցանկությունը կատարելու, ես ասացի, որ իհարկե, ես կաշխատեմ ամեն ինչ անել իմ համեստ հնարավորությունների սահմանում (և ոչ այնքան փողի համար, որքան հատկապես հարգելով նրանց երկիրը և անձամբ Նորին Մեծությանը), բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։ Հիմա, ― ասացի ես, դժվար է պատկերացնել, ինչպիսին կլինի իմ երկիրը այդքան երկար տարիներից հետո և ես չգիտեմ, որ տվյալները արդեն բաց կլինեն, իսկ որոնք կմնան գաղտնի։
Հասկանում եք, ես շատ եմ ուզում օգտակար լիել ձեզ համար, բայց միևնույն ժամանակ, ամեն մի անօրինական գործունեություն հակասում է իմ համոզմունքներին։
Այստեղ նրանք երեքն էլ միասին արաբերեն խոսեցին և հանկարծ, Նորին Մեծությունը մաքուր ռուսերեն լեզվով և համարյա առանց առոգանության ասաց․
Մենք ձեզ չենք զրկում ձեր համոզմունքներից և ոչ մի բան չենք ստիպում անել։ Բայց երբ հիասքանչ ապագայից վերադառնալիս կընկնեք մեր դժվար ներկան, միգուցե դուք կցանկանաք մտածել ձեր, ձեր երեխաների և թոռների մասին։
― Ձերդ գերազանցություն, ― հարցրեցի ես ցնցված, ― որտե՞ղ են ձեզ այդքան լավ սովորեցրել ռուսերեն լեզուն։
Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության մոսկովյան Համալսարանում, ― հաճույքով պատասխանեց Նորին Մեծությունը և ժպտաց հանելուկային փայլ արձակելով։
Այդպիսով մեր խոսակցությունն ավարտվեց և հինգ րոպե հետո առևանգողները իջեցրին ինձ մի ինչ֊որ փողոցում հեծանվի և կաշվե քսակի հետ։
Ավտոբուսից իջնելիս, ես չկարողացա զսպել ինձ և հարցրի Նորին Մեծությանը, թե արդյո՞ք նրա ատամները սարքված են պլատինայից։
― Ի՜նչ եք ասում, ― արձագանքեց Մեծությունը, ― ես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ ադամանդյա ատամներ։