Վերջին թարմացում 11 Փետրվարի 2014, 01:14

Իմ թանկ ոտքը

01:14, 11 Փետրվարի 2014 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Իմ թանկ ոտքը

հեղինակ՝ Հայնրիխ Բյոլ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ Մարինե Մելիքյանի կայքը

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել։ Նրանք ինձ հաշվառման են վերցրել։ Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ։ Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին։ Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»։ Ես էլ ասացի «հըմ»։

— Ո՞ր ոտքն է,— հարցրեց պաշտոնյան։

— Աջ։

— Ամբողջությա՞մբ։

— Ամբողջությամբ։

— Հըմ,— նորից արեց նա։ Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր։ Ես կարող էի նստել։

Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր։ Ասաց.

— Կարծում եմ, Ձեզ համար ինչ֊որ բան կճարվի։ Մի լավ գործ։ Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել։ Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում։ Ինչպե՞ս է։

— Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ։

— Դուք կարող եք սովորել,— ասաց նա։— Մարդը կարող է ամեն ինչ սովորել։ Գերմանացին ամեն ինչ կարող է։ Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել։

— Հըմ,— արեցի ես։

— Բարի՞, ուրեմն։

— Ոչ,— ասացի,— ես չեմ ուզում։ Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում։

— Դուք խելքներդ թռցրել եք,— մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա։

— Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է։

Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց։

— Սիրելիդ իմ,— սկսեց նա,— ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է։ Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ։ Կապրեք յոթանասուն տարի։ Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն։ Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած։ Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է։ Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի։ Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ։ Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք։

— Պարոնս,— ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,— կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք։ Իմ ոտքը շատ ավելի թանկ է։ Շատ—շատ թանկ ոտք է։ Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս։ Մի րոպե լսեք։

— Ժամանակ չունեմ։

— Լսեք մի րոպե,— ասացի ես,— նույն ինքը` իմ ոտքը շատ—շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում։ Ահա թե բանն ինչպես եղավ։ Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ։ Հետին գծում շտաբները կազմ—պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ։

Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր։ Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր։ Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր։ Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց։ Լավ, ուրեմն, մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…

— Ես ժամանակ չունեմ,— ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը։

— Ոչ, լսեք մինչև վերջ,— ասացի,— ամենահետաքրքիրը հիմա է։ Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս։ Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար։ Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք։ Այնպես էին շտապում։ Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ։ Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը։ Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ։ Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞։ Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք։

— Չէ, դուք խելքներդ թռցրել եք,— ասաց մարդը։

— Ոչ,— պատասխանեցի,— ես խելքս չեմ թռցրել։ Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի։ Մենք շատ փող խնայած կլինեինք։

— Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,— հարցրեց մարդը։

— Ոչ,— ասացի ես և դուրս եկա։