Վերջին թարմացում 11 Փետրվարի 2014, 03:40
Արգելոց

հեղինակ՝ Սերգեյ Դովլաթով
թարգմանիչ՝ Ներսես Աթաբեկյան
աղբյուր՝ «Կոմպրոմիս Արգելոց»

Կնոջս, որ իրավացի էր



Տասներկուսին հասանք Լուգա։ Կանգ առանք կայարանի հրապարակում։ Զբոսավար աղջիկը վսեմ ոճը փոխեց երկրայինի․

— Էնտեղ, ձախի վրա մի տեղ կա…

Հարեւանս աշխուժացած վեր թռավ․

— Այսինքն՝ զուգարա՞ն։

Ամբողջ ճանապարհին կյանքս կերել էր․ «Սպիտակացնող միջոց՝ վեց տառից… Վերացող երկկճղակավո՞ր… Ավստրիացի լեռնադահուկո՞րդ…»։

Զբոսաշրջիկներն իջան լույսով ողողված հրապարակը։ Վարորդը չխկացրեց դուռն ու պպզեց հովացուցչի առաջ։

Կայարա՜նը… Կեղտակուր դեղին, սյունաշարով կառույց, ժամացույց, արեւից խունացած դողդոջուն նեոնե տառեր…

Անցա նախասրահ, որտեղ թերթի կրպակն ու զանգվածեղ ցեմենտակուռ աղբամաններն էին։ Բնազդով գտա բուֆետը։

— Մատուցողի միջոցով,— ալարելով ասաց բուֆետապանուհին։

Կրծքաբլրին ճոճվում էր խցանահանը։

Նստեցի դռան մոտ։ Մի րոպեից հայտնվեց հսկայական թաղիքե այտամորուսներով մատուցողը։

— Ի՞նչ եք կամենում։

— Կամենում եմ,— ասում եմ,— որ բոլորը բարեհամբյուր լինեն, համեստ ու սիրալիր։

Կյանքի բազմազանությունից հագեցած մատուցողը լուռ էր։

— Կամենում եմ հարյուր գրամ օղի, գարեջուր ու երկու բուտերբրոդ։

— Ինչո՞վ։

— Երշիկով երեւի։

Ծխախոտ հանեցի, կպցրի։ Ձեռքերս այլանդակ դողում էին։ «Մենակ թե բաժակը չգցեմ…»։ Քիչ էր՝ կողքիս էլ երկու ինտելիգենտ տատիկ նստեցին։ Կարծես թե՝ մեր ավտոբուսից։

Մատուցողը մի փոքրիկ գրաֆին, մի շիշ ու երկու կոնֆետ բերեց։

— Բուտերբրոդները վերջացել են,— իրազեկեց կեղծ ողբերգականությամբ։

Ես վճարեցի։ Վերցրի ու միանգամից էլ ցած դրեցի բաժակը։ Ձեռքերս դողում էին ընկնավորի ձեռների պես։ Պառավները զզվանքով զննում էին։ Փորձեցի ժպտալ․

— Ինձ սիրով նայեք։

Նրանք ցնցվեցին ու փոխեցին տեղը։ Անհոդաբաշխ քննադատական ձայնարկություններ լսեցի։

Սատանան դրանց հետ՝ մտածում եմ։ Երկու ձեռքով պինդ բռնեցի բաժակն ու խմեցի։ Հետո շրշյունով բացեցի կոնֆետը։

Մի քիչ թեթեւացավ։ Խաբուսիկ հոգեւոր վերելք զգացի։ Գարեջրի շիշը խցկեցի գրպանս։ Հետո վեր կացա․ քիչ էր մնում շուռ տայի աթոռը։ Ավելի ճիշտ՝ դյուրալյումինե բազկաթոռը։ Պառավները տագնապած նայում էին։

Դուրս եկա հրապարակ։ Պուրակի ցանկապատին ծռմռված նրբատախտակե վահանակներ էին կախկխել։ Դիագրամները ոչ հեռավոր ապագայում մսի, բրդի, ձվի եւ այլ ինտիմ բաների սարեր էին խոստանում։

Տղամարդիկ ծխում էին ավտոբուսի մոտ։ Կանայք աղմկոտ տեղավորվում էին։ Զբոսավար աղջիկը պաղպաղակ էր ուտում ստվերում։ Մոտեցա․

— Եկեք ծանոթանանք։

— Ավրորա,— ասաց նա ու պարզեց կպչուն ձեռքը։

— Իսկ ես,— ասում եմ,— Դերբենդ հեղուկատարն եմ։

Աղջիկը չնեղացավ։

— Անունիս վրա բոլորը ծիծաղում են։ Արդեն վարժվել եմ։ Ձեզ ի՞նչ է պատահել։ Կարմի՜ր֊կարմի՜ր եք։

— Հավատացնում եմ՝ միայն դրսից։ Ներքուստ սահմանադրական դեմոկրատ եմ։

— Չէ՛, իսկապես, վա՞տ եք զգում։

— Շատ եմ խմում։ Գարեջուր կուզե՞ք։

— Ինչի՞ եք խմում,— հարցրեց նա։

Ի՞նչ պատասխանեի։

— Գաղտնիք է,— ասում եմ,— փոքրիկ գաղտնիք…

Որոշել եք արգելոցո՞ւմ աշխատել։

— Ճիշտ այդպես։

— Միանգամից գլխի ընկա։

— Ի՞նչ է, բանասերի նմա՞ն եմ։

— Ձեզ Միտրոֆանովն էր ճանապարհում։ Շատ պատրաստված պուշկինագետ է։ Նրան լա՞վ եք ճանաչում։

— Լավ,— ասում եմ,— վատ կողմից։

— Էդ ո՞նց։

— Բանի տեղ մի դրեք։

— Գորդին կարդացեք, Շչեգոլեւ, Ցյավլինսկի… Կեռնի հուշերը… Ու որեւէ հանրամատչելի գրքույկ՝ հարբեցողության վնասների մասին։

— Գիտե՞ք, էնքան եմ կարդացել հարբեցողության վնասների մասին, որ որոշել եմ թողնեմ… կարդալը։

— Ձեզ հետ անհնար է խոսել։

Վարորդը նայեց մեր կողմը։ Զբոսաշրջիկները տեղավորվել էին։

Ավրորան պաղպաղակը կերավ֊պրծավ ու մատները սրբեց։

— Ամռանը,— ասաց նա,— արգելոցում բավական լավ են վճարում։ Միտրոֆանովը մոտ երկու հարյուր ռուբլի է վաստակում։

— Իր արժեքից երկու հարյուր ավել։

— Համ էլ չար եք։

— Կչարանաս, բա ի՜նչ։

Վարորդը երկու անգամ ազդանշան տվեց։

— Գնում ենք,— ասաց Ավրորան։

Լվովյան ավտոբուսում նեղվածք էր։ Մոմլաթե նստիքները շիկացել էին։ Դեղին վարագույրները թանձրացնում էին խեղդուկի զգացումը։

Ես թերթում էի Վուլֆի «Օրագրերը»։ Պուշկինի մասին բարյացակամ էր խոսում, երբեմն՝ ներողամտորեն։ Ահա՜, մերձությունը վտանգավոր է տեսողության համար։ Բոլորի համար էլ պարզ է, որ հանճարը պիտի ծանոթներ ունենա։ Բայց ո՞վ կհավատա, որ իր ծանոթը հանճար է։

Ննջեցի։ Ականջիս ինչ֊որ հավելյալ տեղեկություններ էին հասնում Ռիլեեւի մոր մասին։

Արթնացրին արդեն Պսկովում։ Դարձյալ տխրություն ու ձանձրույթ էին բերում կրեմլի սվաղած պատերը։ Կենտրոնական կամարի ճակատին ձեւավորողները մի այլանդակ, մերձբալթյան տիպի, կոփածո զինանշան էին փակցրել։ Կրեմլն ասես հսկա մանրակերտ լիներ։

Կողաշենքերից մեկում ճանապարհորդությունների տեղական բյուրոն է։ Ավրորան ինչ֊որ թղթեր վավերացրեց, ու մեզ տարան «Գերա»՝ տեղիս ամենաշքեղ ռեստորանը։

Երկմիտ էի՝ մի քիչ է՞լ, թե՞ պետք չի։ Ավելացնես՝ վաղը ավելի վատ կլինի։ Ուտել չէի ուզում… Դուրս եկա զբոսայգի։ Ծանր ու խուլ խշշում էին լորենիները։ Վաղուց եմ համոզվել․ հերիք է մտքի մեջ ընկնես, անմիջապես մի տխուր բան կհիշվի։ Օրինակ, վերջին խոսակցությունը կնոջս հետ…


— Նույնիսկ բառերի հանդեպ քո սերը խելագար, անառողջ, ախտավոր է․ կեղծ սեր։ Ընդամենը քո վարած կյանքն արդարացնելու փորձ։ Իսկ դու նշանավոր գրողի կյանք ես վարում՝ դրա ամենաչնչին նախադրյալն իսկ չունենալով… Քո արատներով պետք է առնվազն Հեմինգուեյ լինել…

— Իսկապե՞ս նրան լավ գրող ես համարում։ Գուցե Ջեկ Լոնդոնն է՞լ լավ գրող է։

— Աստվա՜ծ իմ, ի՞նչ կապ ունի Ջեկ Լոնդոնը։ Ճտքակոշիկներիս միակ զույգը գրավատանն է… Ես ամեն ինչ կարող եմ ներել։ Աղքատությունն էլ վախենալու չի… Ամեն ինչ, բացի դավաճանությունից։

— Ի՞նչ նկատի ունես։

— Քո հավերժական հարբեցողությունը։ Քո… ասելս էլ չի գալիս… Չի կարելի արվեստագետ լինել ուրիշի հաշվին… Ստորություն է։ Դու այնքան ես խոսում վեհանձնության մասին։ Իսկ ինքդ անսիրտ, դաժան, խորամանկ մարդ ես…

— Մի մոռացիր, որ քսան տարի է՝ պատմվածքներ եմ գրում։

— Ուզում ես մեծ գի՞րք գրել։ Դա հարյուրավոր միլիոններից մեկին է հաջողվում։

— Հետո՞ ինչ։ Հոգեւոր առումով այդպիսի մի անհաջող փորձը հավասար է ամենամեծ գրքին։ Եթե կուզես՝ բարոյապես նույնիսկ ավելի բարձր է։ Քանի որ բացառում է վարձատրությունը…

— Բառեր են… Անվերջ գեղեցիկ բառեր… Ձանձցարա… Ես երեխա ունեմ, պատասխանատու եմ նրա համար…

— Ես էլ երեխա ունեմ։

— Ում ամիսներով անտեսում ես։ Մենք օտար ենք քեզ։

(Կնոջ հետ խոսակցության մեջ մի հիվանդագին պահ կա։ Դու փաստեր ես բերում, փաստարկներ, հիմնավորումներ։ Տրամաբանության ու սթափ դատողության ես կոչում։ Ու հանկարծ պարզում ես, որ նրա համար զզվելի է քո ֆայնի հնչյունն իսկ)։

— Միտումնավոր,— ասում եմ,— չարիք չեմ գործել…

Ես նստեցի թեք նստարանին։ Հանեցի գրիչն ու նոթատետրը։ Մի րոպե անց գրեցի․

Սիրելի՛ս, Պուշկինյան բլուրներում եմ
Եվ արգելոցում, մենակ, առանց քեզ,
Ահա շրջում եմ ես անտեր շատ պես,
Ու սարսափներից սիրտս մարում է…

Եվ այլն, եւ այլն։

Բանաստեղծությունս մի քիչ առաջ էր ընկել իրականությունից։ Մինչեւ Պուշկինյան բլուրներ դեռ հարյուր կիլոմետր կար։

Մտա տնտապրանքների կրպակ։ Մագելանի պատկերով ծրար առա։ Չգիտես ինչու՝ հարցրի․

— Չգիտե՞ք՝ ինչո՞ւ Մագելանը։

Վաճառողը մտահոգ պատասխանեց․

— Կարող է՝ մեռել է… Կամ էլ հերոս են տվել…

Փակցրի դրոշմանիշը, սոսնձեցի, գցեցի արկղը… Ժամը վեցին մոտեցանք տուրիստական բազայի շենքին։ Մինչ այդ բլուրներ էին, գետ, արձակ հորիզոնը՝ անհամաչափ անտառաշուրթով։ Մի խոսքով, ռուսական բնապատկեր՝ առանց ավելորդությունների։ Այն առտնին նշանների, որ անբացատրելի դառնության զգացում են արթնացնում։

Այդ զգացումն ինձ միշտ կասկածելի է թվացել։ Ընդհանրապես, անշունչ առարկաների հանդեպ սերը զայրացնում է ինձ… (Մտովի բացեցի նոթատետրս)։ Ինչ֊որ արատավոր բան կա նումիզմատների, ֆիլատելիստների, մոլի ճանապարհորդների, կակտուսների եւ ակվարիումային ձկների սիրահարների մեջ։ Ինձ խորթ է ձկնորսի քնկոտ համբերությունը, լեռնագնացի անպտուղ ու անտեղի խիզախումը, արքայական պուդելի տիրոջ վեհապանծ ինքնավստահությունը…

Ասում են՝ հրեաներն անտարբեր են բնության հանդեպ։ Այդպես է հնչում հրեական ազգին ուղղված հանդիմանություններից մեկը։ Իբր հրեաներն իրենք բնություն չունեն, իսկ օտարի հանդեպ անտարբեր են։ Ինչ կա որ, կարող է եւ այդպես է։ Երեւի իմ մեջ հրեական արյան խառնուրդն է խոսում…

Կարճ ասած․ չեմ սիրում ոգեշունչ հայեցողներին։ Եվ նրանց ցնծությանն առանձնապես չեմ վստահում։ Իմ կարծիքով՝ սերն առ կեչիները հաղթանակ է տոնում մարդու հանդեպ սիրո հաշվին։ Եվ զարգանում է որպես սարքովի հայրենասիրություն։

Համաձայն եմ՝ հիվանդ, անդամալույծ մորն ավելի սուր ես խղճում ու սիրում։ Բայց նրա տառապանքով զմայլվելը, գեղագիտորեն տանջանքներն արտահայտելը ստորություն է… Ինչեւէ…

Մոտեցանք տուրիստական բազային։ Ո՞ր ապուշն է այն մոտակա ջրամբարից չորս կիլոմետրի վրա կառուցել։ Արհեստական լճակներ, լճեր, նշանավոր գետակը, իսկ բազան խաշվում է արեւի տակ։ Ճիշտ է, ցնցուղով համարներ էլ կան… Երբեմն՝ տաք ջուր…

Մտնում ենք զբոսաշրջային բյուրո։ Մի տիկին է նստած, մի տիկի՜ն․ պաշտոնաթող զորականի երազանքը։ Ավրորան նրան տվեց ուղեթերթը։ Ստորագրեց, ստացավ խմբի ճաշի կտրոնները։ Ինչ֊որ բան շշնջաց այդ շքեղ շիկահերին, որն անմիջապես ինձ նայեց։ Հայացքում հպանցիկ, անմատույց հետաքրքրություն, գործնական մտահոգություն ու թեթեւ տագնապ կար։ Նույնիսկ ձգվեց մի տեսակ։ Թղթերն ավելի սուր շրշացին։

— Ծանոթ չե՞ք,— հարցրեց Ավրորան։

Ես մոտեցա։

— Ուզում եմ աշխատել արգելոցում։

— Մարդկանց կարիք ունե՜նք,— ասաց շիկահերը։

Դարձվածքի ավարտին նկատելի էր բազմակետը։ Այսինքն՝ հատկապես լավ, որակյալ մասնագետներ են պետք։ Իսկ պատահական, ուրեմն, մարդիկ չեն պահանջվում։

— Ցուցադրանքին ծանո՞թ եք,— հարցրեց շիկահերն ու հանկարծ ներկայացավ,— Գալինա Ալեքսանդրովնա։

— Երեք անգամ եղել եմ այստեղ։

— Քիչ է։

— Համաձայն եմ։ Ահա նորից եմ եկել։

— Պետք է ինչպես հարկն է պատրաստվել։ Մեթոդական ձեռնարկը սերտել։ Պուշկինի կյանքում այնքա՜ն չուսումնասիրված բան կա… Անցյալ տարվանից որոշ բաներ փոխվել են…

— Պուշկինի կյանքո՞ւմ,— զարմացա ես։

— Ներեցեք,— միջամտեց Ավրորան,— տուրիստներն ինձ են սպասում։ Հաջողություն ձեզ…

Ու չքացավ․ ջահել, կենսախինդ, ինքնաբավ։ Վաղը թանգարանի սրահներից մեկում կլսեմ նրա ջինջ, աղջկական ձայնը․

«Լսեք միայն, ընկերնե՛ր… «Ձեզ սիրեցի այնպես անկեղծ, այնպես նուրբ…»։ Ճորտատիրական հարաբերությունների աշխարհին էր Ալեքսանդր Սերգեեւիչը հակադրում անշահախնդրության այս ոգեշունչ հիմնը…»։

— Ոչ թե Ալեքսանդր Սերգեեւիչի կյանքում,— գրգռված ասաց շիկահերը,— այլ՝ թանգարանի ցուցադրության մեջ։ Օրինակ, հանել են Հաննիբալի դիմանկարը։

— Ինչո՞ւ։

— Ինչ֊որ գործիչ պնդում է, թե Հաննիբալը չի։ Շքանշանները, տեսե՜ք֊տեսե՜ք, չեն համապատասխանում։ Իբր գեներալ Զակոմելսկին է։

— Իսկ ո՞վ է իրականում։

— Իրականում Զակոմելսկին է։

— Բա ինչի՞ է էդքան սեւ։

— Ասիացիների դեմ է կռվել, հարավում։ Շոգ է էնտեղ։ Վառվել է։ Ասենք, գույներն էլ ժամանակից մգանում են։

— Նշանակում է՝ ճի՞շտ են արել, որ հանել են։

— Ախր ի՜նչ տարբերություն՝ Հաննիբալն է, թե Զակոմելսկին… Տուրիստներն ուզում են Հաննիբալին տեսնել։ Դրա համար փող են վճարում։ Նրանց ինչի՞ն է Զակոմելսկին։ Մեր տնօրենն էլ բռնել ու կախել էր Հաննիբալին… Ավելի ճիշտ՝ Զակոմելսկուն որպես Հաննիբալ։ Իսկ ինչ֊որ գործչի դուր չի՜ եկել… Կներեք, ամուսնացա՞ծ եք։

Գալինա Ալեքսանդրովնան անսպասելի հարցրեց, եւ կասեի՝ ամոթխած։

— Բաժանված եմ,— ասում եմ,— ինչի՞։

— Մեր աղջիկներն էին հետաքրքրվում։

— Ի՞նչ աղջիկներ։

— Հիմա էստեղ չեն։ Հաշվապահը, մեթոդիստը, զբոսավարները։

— Իսկ ինչո՞ւ են հետաքրքրվում ինձանով։

— Ձեզնով չէ։ Բոլորով էլ հետաքրքրվում են։ Չամուսնացածները շատ են։ Տղաները թողել֊գնացել են… Ի՞նչ է մեր աղջիկների տեսածը։ Տուրիստնե՞ր։ Բայց տուրիստներն ի՞նչ։ Դեռ լավ է, եթե ութնօրյակ է լինում։ Թե չէ՝ Լենինգրադից գալիս են մի օրով։ Կամ՝ երեք… Էստեղ երկա՞ր եք մնալու։

— Մինչեւ աշուն։ Եթե ամեն ինչ լավ լինի։

— Որտե՞ղ եք տեղավորվել։ Կուզե՞ք զանգեմ հյուրանոց։ Երկուսն ունենք, մեկը լավն է, մյուսը՝ չէ։ Ո՞րն եք նախընտրում։

— Մտածել է պետք,— ասում եմ։

— Լավը թանկ է,— բացատրեց Գալինան։

Նա անմիջապես ինչ֊որ տեղ զանգեց։ Երկար համոզում էր ինչ֊որ մեկին։ Վերջապես հարցը լուծվեց։ Ինչ֊որ մատյանում գրեցին ազգանունս։

— Ես ձեզ կուղեկցեմ։

Վաղուց այդպիսի եռանդուն կանացի հոգածության առարկա չէի եղել։ Հետո այն ավելի համառ կդառնա։ Եվ նույնիսկ կվերաճի ճնշման։

Սկզբում դա վերագրում էի իմ թոշնած անհատականությանը։ Հետո համոզվեցի, թե ինչքան մեծ է արական սեռի պակասուրդն այդ եզերքներում։ Տեղացի ծռոտն ու պոռնիկի խոպոպներով տրակտորիստը շրջապատված էր պնդերես կարմրաթուշ երկրպագուհիներով։

— Մեռա՜, գարեջո՜ւր,— ծույլ֊ծույլ ասում էր նա։

Եվ աղջիկները վազում էին գարեջրի…

Գալյան կողպեց բյուրոյի դուռը։ Ու մենք անտառով քայլեցինք դեպի ավան։

— Պուշկին սիրո՞ւմ եք,— հանկարծ հարցրեց նա։

Ինչ֊որ բան ցնցեց ինձ, բայց պատասխանեցի՛

— Սիրում եմ… «Պղնձե հեծյալը», արձակը։

— Իսկ բանաստեղծություննե՞րը։

— Ուշ շրջանի բանաստեղծությունները շատ եմ սիրում։

— Իսկ վաղ շրջանի՞նը։

— Վաղ շրջանինն էլ եմ սիրում,— հանձնվեցի ես։

— Այստեղ ամեն ինչ Պուշկինով է ապրում ու շնչում,— ասաց Գալյան,— տառացիորեն՝ ամեն ճյուղ, ամեն ծիլ։ Անընդհատ թվում է՝ հիմա կհայտնվի շրջադարձից… Լայնեզր գլխարկը, թիկնոցը, ծանոթ կիսադեմը…

Իրականում շրջադարձից հայտնվեց Լյոնյա Գուրյանովը՝ նախկին համալսարանական մատնիչը։

— Բո՛րկա, խոզի՜ մռութ,— վայրենու պես գոռաց նա,— դո՞ւ ես։

Արձագանքեցի անսպասելի ուրախությամբ։ Էլի մի տականք հանկարծակիի բերեց։ Շարունակ չեմ հասցնում կենտրոնանալ։

— Գիտեի, որ գալու ես,— չէր հանդարտվում Գուրյանովը…

Հետագայում ինձ այսպիսի պատմություն արեցին։ Սեզոնի սկզբին էստեղ թունդ հարբեցողություն էր եղել։ Ինչ֊որ մեկի ծնունդը թե հարսանիքը։ Ներկա էր պետանվտանգության տեղիս աշխատակիցը։ Խոսք էր գնացել իմ մասին։ Ընդհանուր ծանոթներից մեկն ասել էր․

— Տալլինում է։

Առարկել էին․

— Չէ, արդեն մի տարի է Լենինգրադում է։

— Իսկ ես լսել եմ, որ Ռիգայում է, Կրասիլնիկովի մոտ։

Նորանոր վարկածներ էին հաջորդում։ Չեկիստը կենտրոնացած ուտում էր շոգեխաշած բադը։ Հետո բարձրացրեց գլուխն ու կարճ արտահայտվեց․

— Տվյալներ կան, որ պատրաստվում է գալ Պուշկինյան բլուրներ…

— Ինձ սպասում են,— ասաց Գուրյանովը, կարծես չէի թողնում գնա։

Նայեց Գալյային․

— Իսկ դու սիրունացել ես։ Վայ թե ատամներդ գցել ես, հա՞։

Նրա գրպանները ծանր դուրս էին ցցվել։

— Ա՜յ քեզ անասուն,— հանկարծ ասաց Գալյան։ Ու քիչ անց։— Ինչ լավ է, որ Պուշկինն այս ամենը չի տեսնում։

— Հա՛,— ասացի ես,— վատ չի։

«Դրուժբա» հյուրանոցի առաջին հարկը երեք հաստատություն էին զբաղեցնում՝ մթերային խանութը, վարսավիրանոցն ու «Ծովախորշ» ռեստորանը։ Երեւի, մտածում եմ, պետք կլինի հրավիրել Գալինային՝ արած լավությունների համար։ Ունեցածս փողը շատ քիչ էր։ Մի շռայլ շարժումը սպառնում էր կործանումով։

Լռեցի։

Մոտեցանք արգելապատին, որից այն կողմ կառավարչուհին էր։ Նա ինձ մի ծանր բանալի տվեց՝ 231 համարով։

— Իսկ վաղը սենյակ փնտրեք,— ասաց Գալինան,— կարելի է եւ ավանում… Կարելի է՝ Վորոնիչում, բայց թանկ կլինի… Կամ էլ՝ մոտակա գյուղերից մեկում՝ Սավկինոյում, Գայկիում…

— Շնորհակալ եմ,— ասում եմ,— փրկեցիք։

— Դե, ես գնացի։

Դարձվածքն ավարտում էր աննշմար հարցական նշանով․ «Դե, ես գնացի՞…»։

— Ուղեկցե՞մ։

— Ես միկրոշրջանում եմ ապրում,— խորհրդավոր արձագանքեց աղջիկը։

Հետո՝ հստակ ու հասկանալի, չափազա՜նց հստակ ու հասկանալի․

— Ուղեկցելը պարտադիր չէ… Ու չկարծեք, թե ես նրանցից եմ, որ…

Եվ հպարտ գլխով անելով կառավարչուհուն՝ հեռացավ։ Ես բարձրացա երկրորդ հարկ ու բացեցի դուռը։ Անկողինը կոկիկ հարդարված էր։ Բարձրախոսն ընդհատուն հնչյուններ էր արձակում։ Պատի պահարանի դուռը կիսաբաց էր, ձողի վրա ճոճվում էին կախիչները։

Այդ սենյակում, այդ նեղլիկ մակույկում ես լողում էի դեպի ինքնուրույն ամուրիական կյանքի անհայտ ափերը։

Կանգնեցի ցնցուղի տակ՝ սրբելով Գալինայի հոգածության խտղտուն նստվածքը, ավտոբուսի գաղջ նեղվածքի փառը, բազմօրյա կերուխումի կեղեւը։

Տրամադրությունս բավական լավացավ։ Սառը ցնցուղը կտրուկ բղավոցի պես ազդեց։

Սրբվեցի, հագա մարզատաբատս ու ծխախոտ վառեցի։

Միջանցքից ոտնաձայն լսվեց։ Ինչ֊որ տեղ երաժշտություն էր հնչում։ Լուսամուտների տակ աղմկում էին բեռնատարներն ու անհամար մոպեդները։

Պառկեցի ծածկոցին, բաց արի Վիկտոր Լիխոնոսվի մոխրագույն հատորյակը։ Որոշել էի վերջապես պարզել՝ ի՞նչ բան է էդ գյուղական արձակը։ Յուրատեսակ ուղեցույց ունենալ…

Կարդալով՝ աննկատ քնեցի։ Արթնացա գիշերվա երկուսին։ Վաղորդյան ամառային աղջամուղջը լցվել էր սենյակ։ Արդեն կարելի էր հաշվել պատուհանից երեւացող ֆիկուսի տերեւները։

Որոշեցի հանգիստ ամեն ինչ կշռադատել։ Փորձում էի ցրել աղետի, փակուղու զգացողությունը։

Կյանքը անծայրածիր ականապատ դաշտի պես փռվել էր շուրջս։ Ես կենտրոնում էի։ Պետք էր այդ դաշտը բաժանել մասերի ու գործի անցնել։ Կտրել դրամատիկ հանգամանքների շղթան։ Վերլուծել կործանման զգացումը։ Առանձին,առանձին հետազոտել յուրաքանչյուր գործոն։

Մարդը քսան տարի պատմվածքներ է գրում։ Համոզված է, որ գրիչ բռնելու համար որոշակի հիմքեր է ունեցել։ Մարդիկ, որոնց վստահում է, պատրաստ են դա հաստատել։

Քեզ չեն հրապարակում, չեն հրատարակում։ Չեն ընդունում իրենց ընկերակցության մեջ։ Իրենց ավազակախո՜ւմբը։ Բայց մի՞թե դա էիր երազում առաջին տողերը մրմնջալիս։

Արդարությա՞ն ես ձգտում։ Խաղաղվի՛ր․ այդ պտուղն էս տեղերում չի աճում։ Մի քանի պայծառ ճշմարտություն աշխարհը դեպի լավն էին փոխելու, իսկ իրականում ի՞նչ եղավ։

Մի տասը ընթերցող ունես։ Աստված տա՝ ավելի պակասեն։

Քեզ չեն վճարում․ զզվելին դա է։ Փողը ազատություն է, անեզրություն, քմահաճույքներ… Երբ փող ունես, այնքան հեշտ է հաղթահարել աղքատությունը…

Սովորիր վաստակել առանց շողոքորթելու։ Բեռնակրություն արա, գրի գիշերները։ Մանդելշտամն ասում էր՝ մարդիկ կպահեն՝ ինչ իրենց պետք է։ Ուրեմն՝ գրի՛…

Դրա ունակությունն ունես․ կարող էր եւ չլինել։ Գրի՛, ստեղծիր գլուխգործոցդ։ Ցնցիր ընթերցողի հոգին։ Մեն֊միակ կենդանի մարդու… Խնդիր է՝ ամբողջ կյանքի համար։

Իսկ եթե չստացվի՞։ Ինչ կա որ, ինքդ էիր ասում, որ բարոյապես՝ չհաջողված փորձն ավելի ազնիվ է։ Թեկուզեւ այն պատճառով, որ չի վարձատրվում…

Գրի՛, մեկ որ սկսել ես, տար այդ բեռը։ Որքան ծանրակշիռ, այնքան՝ թեթեւ…

Պարտքե՞րն են նեղում։ Բայց ո՞վ պարտք չի ունեցել։ Մի՛ վշտանա։ Չէ որ դա միակ բանն է, որ քեզ իսկապես կապում է մարդկանց հետ…

Նայի՛ր․ տեսնո՞ւմ ես ավերակները։ Այդպես էլ պիտի լիներ։ Բառերի աշխարհում ապրողը լեզու չի գտնի իրերի հետ։

Դու նախանձում ես ցանկացածին, ով իրեն գրող է համարում։ Ով հանելով վկայականը՝ դա կարող է փաստացի հավաստել։

Բայց ի՞նչ են գրում քո ժամանակակիցները։ Գրող Վոլինի գործերում կարդում ես․

«Ինձ համար ծայրահեղ պարզ դարձավ…»։ Եվ նույն էջում․ «Անծայրածիր պարզությամբ Կիմը զգաց…»։ Բառը գլխիվայր է շրջվել։ Բովանդակությունը թափվել է։ Ավելի ճիշտ, պարզվել է՝ բովանդակություն չկար։ Իրար վրա դիզված բառերն անորսալի էին, ինչպես դատարկ շշի ստվերը…

Ա՜խ, ուրիշ տեղ գնաց խոսքը, ուրի՜շ… Ոնց են զզվեցրել քո հավերժական խուսանավումները…

Ապրելն անհնար է։ Պետք է կամ ապրել, կամ գրել։ Կամ խոսք, կամ գործ։ Բայց քո գործը խոսքն է։ Եվ ցանկացած գլխատառով Գործ ատելի է քեզ համար։ Շուրջը մեռյալ գոտի է։ Այնտեղ կործանվում է ամենը, որ խանգարում է գործին։ Կործանվում են երազանքները, պատրանքները, հուշերը։ Խղճուկ, անառարկելի, միանշանակ նյութապաշտությունն է իշխում այնտեղ…

Բայց նորից է՜ն չի, է՜ն չի…

Ինչ դարձրիր կնոջդ։ Բարեհոգի էր, կոտրատվող, ուրախանալ էր սիրում։ Դու նրան խանդոտ, կասկածամիտ ու ջղային դարձրիր։ Նրա անփոփոխ արտահայտությունը՝ «Դրանով ինչ ես ուզում ասել», քո հնարագիտության հուշարձանն է…

Այլանդակություններդ հասնում էին անհեթեթության։ Հիշո՞ւմ ես, մի անգամ տուն եկար առավոտվա չորսին ու կոշկաթելերդ էիր արձակում, երբ կինդ արթնացավ ու հառաչեց․

— Տե՜ր Աստված, ո՞ւր ես գնում առավոտ շուտ…

— Ճիշտ որ, դեռ շուտ է, շուտ է,— մրթմրթացիր…

Հետո արագ հանվեցիր ու պառկեցիր…

Էլ ի՜նչ ասես…


Առավոտ։ Ալ կարմիր ուղեգորգին խլացած ոտնաձայներ։ Բարձրախոսի անսպասելի, կցկտուր քրթմնջոց։ Ջրի ճողփյուն՝ պատից անդին։ Բեռնատարներ՝ պատուհանի տակ։ Աքաղաղի անսպասելի կանչ հեռվում…

Մանկության առավոտների ձայնը շոգեքարշների շչակներն էին։ Քաղաքամերձ ամառանոցներ… Կայարանային այրուքի ու տաքացած ավազի հոտ… Սեղանի թենիս՝ ծառի տակ… Գնդակի պիրկ ու զնգուն կտտոց… Պարեր՝ ծածկած պատշգամբում (ավագ եղբայրդ պատեֆոնը միացնելը քեզ է վստահել)… Գլեբ Ռոմանով… Ռուժենա Սիկորա… «Այս երգը՝ երկու սոլդի, երկու գրոշանոց…», «Բուխարեստում արթմնի քեզ եմ երազել…»։

Արեւից խարկված լողափ… Կարծր կածան… Երկրափողք վարտիք ու կապիչների հետքը սրունքների վրա… Սանդալների մեջ լցված ավազ…

Դուռը թակեցին․

— Հեռախոսի մոտ։

— Թյուրիմացություն է,— ասում եմ։

— Դուք Ալիխանո՞վն եք։

Ինձ ուղեկցեցին քույր֊տնտեսուհու սենյակը։ Վերցրի խոսափողը։

— Քնա՞ծ էիք,— հետաքրքրվեց Գալինան։

Ես կրքոտ առարկեցի։

Վաղուց եմ նկատել, որ այդ հարցին մարդիկ ավելորդ եռանդով են արձագանքում։ Հարցրեք մարդուն․ «Հեչ հարբեցողությամբ զբաղվո՞ւ ես», ու մարդը հանգիստ կպատասխանի՝ չէ՛։ Կամ էլ հաճույքով կհամաձայնի։ Բայց «Քնած էի՞ր» հարցը մեծամասնությունը համարյա որպես վիրավորանք է ընդունում։ Որպես մարդուն չարագործության մեջ մերկացնելու փորձ…

— Պայմանավորվել եմ սենյակի համար։

— Շատ շնորհակալ եմ։

— Սոսնովո գյուղում։ Տուրբազայից հինգ րոպեի վրա է։ Առանձին մուտքով։

— Կարեւորը դա է։

— Բայց տանտերը խմող է։

— Էլի մի առավելություն։

— Հիշեք ազգանունը՝ Սորոկին։ Միխայիլ Իվանիչ… Տուրբազան անցեք՝ ձորակի մոտով։ Սարից գյուղն արդեն երեւում է։ Չորրորդ տունն է… Կարող է՝ հինգերորդը… Ոչինչ, կգտնեք։ Կողքին աղբանոց կա…

— Շնորհակալություն, սիրելի՛ս։

— Տոնը կտրուկ փոխվեց։

— Ես ձեզ ի՜նչ սիրելի… Վա՜յ, մեռա… Սիրելի՜ս… Ի՞նչ եք ասում… Սիրելի՜ գտավ…

Հետագայում քանի՜ անգամ եմ ապշել Գալյայի այդ վայրկենական փոխակերպումներից։ Եռանդուն կարեկցանքը, սրտաբացությունն ու պարզությունը փոխվում էին վիրավորված ողջախոհության ճչան շեշտերի։ Մարդկային խոսքը՝ ճղճղան գավառական խովածքի…

— Էդպիսի բան չանցկացնեք մտքով։

— Էդպիսի՝ երբե՛ք։ Ու կրկին՝ շնորհակալություն…

Գնացի տուրբազա։ Այս անգամ մարդաշատ էր։ Շուրջբոլորը գույնզգույն մեքենաներ էին կանգնած։ Խումբ֊խումբ ու միայնակ շրջում էին ամառանոցային գլխարկներով զբոսաշրջիկները։ Թերթի կրպակի մոտ հերթ էր։ Ճաշարանի բաց պատուհաններից լսվում էր ամանեղենի զնգոցն ու մետաղյա աթոռակների խզզոցը։ Դռանը մի քանի կուշտուկուռ բակաշուն էին պտտվում։

Ամեն քայլի Պուշկինի պատկերն էր։ Նույնիսկ «Հրդեհավտանգ է» մակագրությամբ խորհրդավոր աղյուսաշեն խցիկի մոտ։ Նմանությունը սպառվում էր այտամորուսներով։ Դրանց չափերը կամայական էին։ Վաղուց եմ նկատել․ մեր նկարիչները սիրելի առարկաներ ունեն, որոնց հարցում երեւակայությանն ու ոգեշնչմանը սահման չկա։ Առաջին հերթին՝ Կառլ Մարքսի մորուքն ու Իլյիչի ճակատը…

Բարձրախոսը գործում էր ողջ հզորությամբ․

— Ուշադրությո՛ւն։ Խոսում է Պուշկինյան բլուրների տուրիստական բազայի ռադիոհանգույցը։ Հայտարարկում ենք օրակարգը…

Մտա զբոսաշրջային բյուրո։ Տուրիստները պաշարել էին Գալինային։ Ձեռքով արեց, որ սպասեմ։

Դարակից վերցրի «Ղրիմի մարգարիտը» գրքույկն ու ծխախոտ հանեցի։

Ջբոսավարներն ինչ֊որ թղթեր ստանալով՝ դուրս էին գալիս։ Նրանց հետեւից դեպի ավտոբուսներն էին վազում տուրիստները։ Մի քանի «վայրի» ընտանիք ջանում էին միանալ խմբերին։ Նրանցով մի բարձրահասակ, նիհար աղջիկ էր զբաղվում։

Ինձ մոտեցավ տիրոլյան լայնեզր գլխարկով մի տղամարդ ու քաշվելով ասաց․

— Ներեցեք, կարելի՞ է մի հարց։

— Լսում եմ։

— Սրանք հեռաստաննե՞րն են։

— Այսի՞նքն։

— Հարցնում եմ՝ սրանք հեռաստաննե՞րն են,— տիրոլցին ինձ քաշեց֊տարավ պատուհանի մոտ։

— Ի՞նչ իմաստով։

— Ուղղակի՛։ Ուզում եմ իմանամ՝ հեռաստաննե՞րն են, թե՞ հեռաստանները չեն։ Եթե հեռաստանները չեն՝ էդպես էլ ասեք։

— Չեմ հասկանում։

Տղամարդը մի քիչ կարմրեց ու սկսեց արագ֊արագ բացատրել․

— Մի բացիկ ունեի… Ես ֆիլոքարտիստ եմ։

— Ով ե՞ք։

— Ֆիլոքարտիստ։ Բացիկներ եմ հավաքում… Ֆիլոսը սերն է, քարտոսը…

— Պարզ է։

— Մի գունավոր բացիկ ունեմ՝ «Պսկովյան հեռաստաններ»։ Եվ ահա հայտնվեցի այստեղ։ Ուզում եմ հարցնել՝ սրանք հեռաստաննե՞րն են։

— Ընդհանուր առմամբ, հեռաստաններն են,— ասում եմ։

— Բուն պսկովյա՞ն։

— Բա ո՜նց։

Տղամարդը, պայծառացավ, գնաց։

Պիկ ժամն անցավ։ Բյուրոն դատարկվեց։

— Զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի աճում է,— բացատրեց Գալինան։

Հետո՝ ձայնը փոքր֊ինչ բարձրացնելով․

— Կատարվեց մարգարեությունը՝ «Խոտով չի պատվի արահետը սուրբ…»։

Չի՜ պատվի՝ մտածում եմ։ Ո՞նց պատվի խեղճը։ Տուրիստական հեծելախմբերը էնպես չեն կոխկրտել…

— Առավոտներն էստեղ անտանելի բարդակ է լինում,— ասաց Գալինան։

Նորից ապշեցի նրա բառապաշարի բազմազանությունից։

Գալյան ինձ ծանոթացրեց բյուրոյի հրահանգչի հետ՝ Լյուդմիլայի։ Նրա ողորկ տոտիկներով թաքուն հիանալու եմ մինչեւ զբոսաշրջանի վերջը։ Լյուդան պարզ ու սիրալիր էր։ Դա բացատրվում էր փեսացուի առկայությամբ։ Նրան չէր այլանդակել զայրալից հակահարված տալու մշտական պատրաստականությունը։ Փեսացուն առայժմ բանտում էր…

Հետո մի տգեղ երեսնամյա կին հայտնվեց․ մեթոդիստն էր։ Անունը՝ Մարիաննա Պետրովնա։ Մարիաննան անխնամ, առանց թերությունների դեմք ու կազմվածք ուներ, բայց ինչ֊որ բան այն չէր։

Ես բացատրեցի ժամանելուս նպատակը։ Թերահավատ ժպտալով՝ հրավիրեց առանձնասենյակ։

— Պուշկին սիրո՞ւմ եք։

Խուլ զայրույթ զգացի։

— Սիրում եմ։

Էսպես, մտածում եմ, սիրասթափվելն էլ հեռու չի։

— Իսկ կարելի՞ է հարցնել՝ ինչու։

Ես որսացի նրա հեգնական հայացքը։ Ակնհայտորեն այստեղ առ Պուշկին սերը ամենապահանջված արժույթն էր։ Ու հանկարծ՝ ես, դրամանանե՜նգս…

— Ի՞նչը՝ ինչու,— հարցնում եմ։

— Ինչի՞ համար եք սիրում Պուշկինին։

— Եկեք,— չդիմացա,— վերջացնենք էս ապուշ քննությունը։ Ես միջնակարգ դպրոց եմ ավարտել։ Հետո՝ համալսարան։ (Այստեղ մի քիչ չափազանցրի։ Երրորդ կուրսից վռնդել էին)։ Որոշ բան կարդացել եմ։ Մի խոսքով, գլուխ հանում եմ… Ասենք, հավակնում եմ ընդամենը զբոսավարի տեղի…

Բարեբախտաբար՝ կտրուկ տոնս աննկատ մնաց։ Ինչպես ավելի ուշ համոզվեցի՝ տարրական բռիությունն այստեղ ավելի հեշտ է մարսվում, քան երեւակայական ինքնահավանությունը…

— Բայցեւայնպես,— Մարիաննան պատասխանի էր սպասում։ Ընդ որում, այն պատասխանին, որն իրեն նախապես հայտնի էր։

— Լավ,— ասում եմ,— փորձեմ… Դե ինչ, լսեք։ Պուշկինը մեր ուշացած Ռենեսանսն է։ Ինչպես Վայամարի պարագայում՝ Գյոթեն։ Նրանք հանձն առան այն, ինչ Արեւմուտքը յուրացրել էր XV֊XVII դարերում։ Պուշկինը Ռենեսանսին հատուկ ողբերգության ձեւի մեջ արտահայտություն գտավ սոցիալական թեմաների համար։ Նա եւ Գյոթեն մի տեսակ ապրում էին մի քանի դարաշրջաններում։ «Վերթերը» տուրք է սենտիմենտալիզմին։ «Կովկասի գերին» զուտ բայրոնյան գործ է։ Բայց «Ֆաուստն», ընդունենք, արդեն եղիսաբեթականներն են։ Իսկ «Փոքրիկ ողբերգությունները», բնականաբար, շարունակում են Ռենեսանսի ժանրերից մեկը։ Նույնը եւ Պուշկինի քնարերգությունը։ Ու եթե դառն է, ապա արդեն ոչ թե Բայրոնի ոգով, այլ ոգով, կարծում եմ, շեքսպիրյան սոնետների… Մատչելի՞ եմ շարադրում։

— Ի՞նչ կապ ունի այստեղ Գյոթեն,— հարցրեց Մարիաննան։— Եվ ի՞նչ կապ ունի Ռենեսանսը։

— Ոչ մի կապ,— վերջնականապես գազազեցի ես։— Գյոթեն բացարձակ կապ չունի, իսկ Ռենեսանսը Դոն Կիխոտի ձիու անունն էր։ Որը նույնպես կապ չունի։ Ու ես էլ հաստատ կապ չունեմ…

— Հանգստացե՜ք,— շշնջաց Մարիաննան,— ինչ ջղայի՜նն եք… Ընդամենը հարցրի «Ինչի՞ համար եք սիրում Պուշկինին»։

— Հրապարակային սերը անասունություն է,— գոռացի ես։— Սեքսապաթոլոգիական հատուկ տերմին ունի։

Դողացող ձեռքով նա ինձ պարզեց ջրի բաժակը։ Հետ մղեցի։

— Իսկ դո՛ւք, դո՛ւք, որեւէ մեկին սիրե՞լ եք։ Սիրե՞լ եք երեւէ…

Դա պետք չէր ասել։ Հիմա կհեկեկա, կսկսի ճչալ․

«Ես երեսունչորս տարեկա՜ն եմ, մենակ աղջի՜կ եմ…»։

— Պուշկինը մեր հպարտությունն է,— ասաց նա։— Ոչ միայն մեծ բանաստեղծ, այլեւ մեծ քաղաքացի…

Ըստ երեւույթին հենց դա էլ նրա ապուշ հարցի կանխավ պատրաստի պատասխանն էր։

Էդքան բա՞ն մտածում եմ։

— Ծանոթացեք մեթոդական ուղեցույցին։ Ահա եւ գրքերի ցանկը։ Ընթերցասրահում ունենք։ Եվ հայտնեք Գալինա Ալեքսանդրովնային, որ հարցազրույցը հաջող է անցել…

Վատ զգացի։

— Շնորհակալություն,— ասում եմ։— Կներեք, որ անզուսպ եղա։

Ոլորեցի մեթոդական ձեռնարկն ու դրեցի գրպանս։

— Խնամքով վերաբերվեք, ընդամենը երեք օրինակ ունենք։

Հանեցի ձեռնարկն ու փորձեցի շտկել։

— Ու նաեւ,— Մարիաննան անցավ շշուկի։— Սիրո մասին էիք հարցնում… Որքան հասկացա՝ ձեզ հետաքրքրում է՝ ամուսնացա՞ծ եմ, թե՝ ոչ։ Ուրեմն ասեմ՝ ամուսնացած եմ։

— Դուք սպանեցիք իմ վերջին հույսը,— հեռանալիս ասացի ես։

Միաջնցքում Գալինան ծանոթացրեց զբոսավար Նաթէլլայի հետ։ Ու նորից հետաքրքրության անսպասելի պրռթկում․

— Մեզ մո՞տ եք աշխատելու։

— Փորձեմ։

— Սիգարետ ունե՞ք։

Նաթէլլան Մոսկվայից էր եկել՝ ռոմանտիկ, ավելի ճիշտ՝ արկածախնդրական մղումներով։ Մասնագիտությամբ ինժեներ֊ֆիզիկոս էր, դաս էր տալիս դպրոցում։ Որոշել էր այստեղ անցկացնել եռամսյա արձակուրդը։ Ափսոսում էր, որ եկել է։ Արգելոցում հրմշտոց է։ Զբոսավարներն ու մեթոդիստները հոգեկան են։ Տուրիստները՝ խոզ ու բռի։ Բոլորը պաշտում են Պուշկինին։ Եվ իրենց սերը առ Պուշկին։ Եվ իրենց սերն առ իրենց սերը։ Միայ օրինավոր մարդը Մարկովն է…

— Ո՞վ է այդ Մարկովը։

— Լուսանկարիչը։ Վերջացած հարբեցող է։ Կծանոթացնեմ։ Ինձ սովորեցրել է «Աղդամ» խմել։ Ֆանտաստիկ բան է։ Ձեզ էլ կսովորեցնի…

— Շա՜տ շնորհակալ եմ։ Վախենամ, որ էդ գործում ինքս պրոֆեսոր եմ։

— Եկեք մի օր մի քիչ քցենք։ Հենց գրկում…

— Պայմանավորվեցինք։

— Բայց դուք վտանգավոր մարդ եք։

— Ինչո՞ւ։

— Միանգամից զգացի։ Շա՜տ վտանգավոր մարդ եք։

— Խմած ժամանա՞կ։

— Էդ չեմ ասում։

— Չհասկացա։

— Ձեր նմանին սիրելը վտանգավոր է։

Ու Նաթէլլան ցավոտ բշտեց ծնկով… Տե՜ր Աստված, մտածում եմ, էստեղ բոլորն աննորմալ են։ Նույնիսկ նրանք, որ աննորմալ են համարում մնացած բոլորին…

— «Աղդամ» խմեք,— ասում եմ,— ու խաղաղվեք։ Ես ուզում եմ հանգստանալ եւ աշխատել։ Ձեզ համար վտանգ չեմ ներկայացնում…

— Էդ դեռ կտեսնենք,— հիստերիկ քրքջաց Նաթէլլան։

Հետո սեթեւեթանքով թափահարեց Ջեյմս Բոնդի պատկերով կտավե տոպրակն ու հեռացավ։

Ես քայլեցի դեպի Սոսնովո։ Ճանապարհը, ձանձրալի դաշտը շրջանցելով, ձգվում էր դեպի բլրի գագաթը։ Եզրերին տձեւ կույտերով սեւին էին տալիս խոշոր գլաքարերը։ Ձախից թփակալած ձորակն էր։ Սարից իջնելիս կեչիներով շրջապատված մի քանի խրճիթ տեսա։ Դեկադենտական մռութներով կեղտակուր այծերը ծուլորեն խոտ էին պռճոկում։ Տանիքների վրայով թռչում էին արջնագռավները։

Քայլում էի գյուղով՝ հուսալով, որ կհանդիպեմ մեկնումեկին։ Ներկած պատերով գորշ տները խղճուկ տեսք ունեին։ Ծուռտիկ ցանկապատերի ցցափայտերը պսակված էին կավե անոթներով։ Պոլիէթիլենով պատած հավանոցներում վազվզում էին ճտերը։ Ջղային մուլտիպլիկացիոն քայլքով ճեմում էին հավերը։ Զիլ վնգստում էին փրչոտ գետնահուպ շները։

Կտրեցի֊անցա գյուղն ու հետ եկա։ Ոտս կախ գցեցի տներից մեկի մոտ։ Դուռը չխկաց, ու լվանալուց մաշված երկաթուղայինի վերնաշապիկով մի տղամարդ հայտնվեց սանդղամուտին։

Հարցրի՝ որտե՞ղ գտնեմ Սորոկինին։

— Ինձ Տոլիկ են ասում,— ասաց նա։

Ներկայացա ու նորից բացատրեցի, որ Սորոկինին եմ ուզում։

— Իսկ որտե՞ղ է մնում,— հարցրեց Տոլիկը։

— Սոսնովկա գյուղում։

— Հենց էս էլ Սոսնովկան է որ կա։

— Գիտեմ։ Ո՞նց գտնեմ նրան։

— Տիմոխային, հա՞, Սորոկինի՞ն։

— Անունը Միխալ Իվանիչ է։

— Տիմոխան մի տարի առաջ մեռավ։ Հարբած սառել֊մնացել էր…

— Ախր ո՞նց գտնեմ Սորոկինին։

— Երեւի քիչ էր խմել, թե չէ սաղ կմնար…

— Սորոկինին, ասում եմ…

— Հո Միշկային չե՞ս հարցնում։

— Միխալ Իվանիչ են ասում։

— Հենց Միշկան է որ կա։ Դոլիխայի փեսան։ Ծուռ կպցրած Դոլիխային գիտե՞ք…

— Ես եկվոր եմ։

— Կարող է՞ Օպոչկինից։

— Լենինգրադից։

— Գիտեմ, լսել եմ։

— Հիմա ո՞նց գտնենք Միխալ Իվանիչին։

— Միշկային, հա՞։

— Էդ եմ ասում։

Տոլիկն անթաքույց ու գործնական միզեց սանդղամուտից։ Հետո կիսաբաց արեց դուռն ու հրամայեց․

— Միլիցիայից, ալիմենտի գործով…

Մնմիջապես դուրս ցցվեց մի շառագույն մռութ՝ շռայլ զարդարված կապուտակ աչքերով․

— Ո՜նց… Ո՜ւմ… Հրացանի հարցով ե՞ք…

— Ասացին՝ վարձով սենյակ ունեք։

Միխալ Իվանիչի դեմքին ուժգին շփոթմունք արտահայտվեց։ Հետագայում համոզվեցի, որ դա նրա արձագանքն է ցանկացած, նույնիսկ ամենաանմեղ հայտարարությանը։

— Սենյա՞կ… Էդ… Ինչի՞ համար…

— Արգելոցում եմ աշխատում։ Ուզում եմ սենյակ վարձեմ։ Ժամանակավոր։ Մինչեւ աշուն։ Ազատ սենյակ ունե՞ք։

— Ախր մորս տունն է։ Մորս անունով է։ Մերս էլ Պսկով է գնացել… Ոտերն ուռել են…

— Այսինքն վարձով սենյակ չե՞ք տալիս։

— Հերու հրեաներ էին կենում։ Հոգուս մեղք չանեմ, կուլտուրական մարդիկ էին… Ո՛չ լաք, ո՛չ ադեկալոն… Մենակ սպիտակ, կարմիր ու գարեջուր… Անձամբ ես հրեաներին հարգում եմ։

— Նրանք Քրիստոսին են խաչել,— միջամտեց Տոլիկը։

— Էդ երբ էր, հա՜,— գոռաց Միխալ Իվանիչը։— Հեղափոխությունից առաջվա բան ես ասում։

— Վարձով սենյակ,— հարցրի,— տալիս ե՞ք, թե՝ չէ։

— Տար ցույց տու մարդուն,— շալվարը կոճկելով՝ հրահանգեց Տոլիկը։

Երեքով քայլեցինք գյուղական փողոցով։ Չափարի մոտ մի կին էր կանգնել, հագին տղամարդու պիջակ, դարձածալին՝ Կարմիր դրոշի շքանշան։

— Զի՜ն, պարտքով մի հինգանոց տու,— կանչեց Միխալ Իվանիչը։

Կինը ձեռքը թափ տվեց։

— Գերեզման կտանի քեզ էդ խմիչքը… Լսել ե՞ս, որոշում է եղել։ Բոլոր հարբողներին լարով կախելու են։

— Չէ՜, մի,— քռքռաց Միխալ Իվանիչը։— Էրկաթը չի հերիքի։ Մեր սաղ մետալուրգիայի վերջը կգա…

Հետո ավելացրեց…

— Ա՜յ քեզ պառավ անտեր։ Փետ կուզես, չէ՜… Անտառտնտեսությունում եմ աշխատում, դրուժբիստ եմ…

— Ի՞նչ,— չհասկացա ես։

— Բենզինի սղոց եմ բանացնում… Գործս փետի հետ է… Խըրթ, ու տասնոցը ջեբդ է։

— Դրուժբի՜ստ,— թոնթորաց կինը,— փետի հե՜տ… Խմելու հետ է քու գործը… Նայի՝ ոտերդ չտնկես…

— Դժվա՜ր է,— գանգատվելու պես ասաց Միխալ Իվանիչը։

Լայնաթիկունք, բարեկազմ մարդ էր։ Նույնիսկ կեղտոտ, ճղճղած հագուստը չէր կարողանում այլանդակել նրան։ Կարմրագորշ դեմք, նիհար ու զորեղ անրակներ՝ կոճակներն արձակ վերնաշապիկի տակ, զսպանակվող, կտրուկ քայլվածք… Ակամա հիանում էի նրանով…

Միխալ Իվանիչի տունը սարսափելի տպավորություն թողեց։ Ծռված ալեհավաքը սեւին էր տալիս ամպերի ֆոնին։ Տանիքը տեղ֊տեղ նստել էր՝ մերկացնելով անհավասար, մգացած հեծանները։ Պատերն անփութորեն պատված էին նրբատախտակով։ Ճաքած ապակիներ՝ վրան թերթի թուղթ սոսնձած։ Անհարմար ճեղքերից դուրս էր ցցվել կեղտոտ խծուծը։

Տանտիրոջ սենյակում թթված ուտելիքի հոտ էր կանգնած։ Սեղանի գլխին Մաոյի գունավոր նկարն էր՝ «Օգոնյոկից»։ Կողքին լայնաշուրթ ժպտում էր Գագարինը։ Փշրված էմալի սեւ շրջանակներով զարդարված լվացարանում մակարոններ էին լողում։ Ժամացույցը լուռ էր։ Ծանրոցին փոխարինող արդուկը հասել էր հատակին։

Երկու հերալդիկ կատու՝ ածխասեւ ու ճերմակավարդագույն, ափսեները շրջանցելով, հեզանազ ճեմում էին սեղանին։ Տանտերը շպրտեց ձեռքի տակ ընկած վալենկան։ Զնգացին ամանեղենի բեկորները։ Կատուները խելագար ծղրտոցով թռան մութ անկյունը։

Հարեւան սենյակն ավելի այլանդակ էր։ Առաստաղը կենտրոնում սպառնալից կախվել էր։ Երկու մետաղյա մահճակալների վրա լաթեր ու գարշահոտ ոչխարենի էր թափած։ Ամենուր ճերմակին էին տալիս քնթուկներն ու ձվի կճեպի փշուրները։

Անկեղծ ասած, փոքր֊ինչ շփոթվել էի։ Երեւի պիտի ազնվորեն ասես․ «Իմ սրտով չի…»։ Բայց, ամենայն հավանականությամբ, ես համենայնդեպս ինտելիգետն եմ։ Եվ ինչ֊որ քնարական բան արտաբերեցի․

— Պատուհանները հարա՞վ են նայում։

— Ամենա, ամենահարավ,— վրա բերեց Տոլիկը։ Պատուհանից այն կողմ կիսաքանդ բաղնիքն էր։

— Գլխավորը,— ասացի,— որ մուտքն առանձին է։

— Առանձին է,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— բայց մխած է։

— Հա՜,— ասում եմ,— ափսոս։

— Այն մոմե՜նտ,— ասաց տանտերը, թափ առավ ու քացով տեղահան արեց դուռը։

— Ինչքա՞ն եմ վճարելու։

— Հե՛չ։

— Ո՞նց թե,— հարցնում եմ։

— Հենց տենց։ Վեց շիշ թույն ես բերում, տեղը քոնն է։

— Իսկ եթե ավելի կոնկրե՞տ։ Ասենք, քսան ռուբլին հարմա՞ր է։

Տանտերը մտքի մեջ ընկավ։

— Էդ ինչքա՞ն կանի։

— Ասում եմ՝ քսան ռուբլի։

— Որ շշով հաշվենք։ Հատը՝ մեկ ու չորս։

— Տասնինը շիշ «Վարդագույն թունդ»։ Մի հատ «Բելոմոր»։ Էրկու լուցկի,— զեկուցեց Տոլիկը։

— Էրկու ռուբլի էլ ճամփի փող…

Ես հանեցի փողը։

— Արտաքնոցը տեսնել կուզե՞ք։

— Հետո,— ասում եմ։— Ուրեմն պայմանավորվեցի՞նք։ Որտե՞ղ եք պահում բանալին։

— Բանալի չկա,— ասաց Միխալ Իվանիչը,— կորել է։ Բա ո՞ւր ես գնում, թռնենք֊բերենք։

— Տուրբազայում գործ ունեմ։ Թողենք հետո…

— Ոնց կասես։ Տուրբազա իրիկունը կգամ։ Լիզկայի քամակը թակեմ։

— Ո՞վ է էդ Լիզկան։

— Կնիկս։ Ոնց որ ասած՝ կինս։ Տուրբազայում քույր֊տնտեսուհի է։ Բաժան ենք։

— Էլ ինչի՞ եք ծեծում։

— Ո՞ւմ… Դրան կախելն էլ քիչ է, բայց չեմ ուզում գլուխ դնեմ։ Հրացանս էին ուզում առնեին, իբր ասել եմ՝ սպանելու եմ… Մտածեցի՝ հրացանի հաշվով ես…

— Դրան կրակելն ափսոս է,— միջամտեց Տոլիկը։

— Էլ մի ասա,— համաձայնեց Միխալ Իվանիչը,— օրը գա՝ էս ձեռքերով կխեղդեմ… Ձմեռը հանդիպեցինք, դեսից դենից, լավով… Գոռում է․ «Վա՜յ, Մի՛շենկա, էլ չեմ անի, վա՜յ, թող…»։ Մայոր Ջաֆարովը կանչեց, թե․

«Ազգանո՞ւնդ»։

Ես իրան․

«Ձիու թրիք…»։

Տասնհինգ օր տվին։ Ոչ ծխելիք, ոչ բան… Բայց հեչ վեջս չէր… Նստելն աշխատել չի… Լիզկան դատախազին գրել էր՝ նստացրեք, թե չէ կսպանի… Ինչի՞ պիտի սպանեմ…

— Ղալմաղալից գլուխ չես թափի,— համաձայնեց Տոլիկը։ Ու ավելացրեց․

— Լա՛վ, գնանք։ Թե չէ խանութը կփակեն…

Ընկերներն ուղղվեցին դեպի միկրոշրջան․ կենսախինդ, վանող ու մարտական, ինպչես մոլախոտը…

Իսկ ես մինչեւ փակվելը նստեցի գրադարանում։

Էքսկուրսիային պատրաստվելուն գնաց երեք օր։ Գալինան ինձ ներկայացրեց երկու, իր կարծիքով՝ լավագույն զբոսավարներին։ Նրանց լսելով ու ինչ֊որ բաներ գրառելով՝ շրջեցի արգելոցում։

Արգելոցը բաղկացած էր երեք հուշավայրից։ Պուշկինների տունն ու կալվածքը Միխայլովսկոյեում։ Տրիգորսկոյեն, որտեղ ապրել են պոետի ընկերները, եւ ինքը լինում էր համարյա ամեն օր։ Եվ, վերջապես, վանքը՝ Պուշկին֊Հաննիբալների ընտանեկան դամբարանով։

Էքսկուրսիան Միխայլովսկոյեում բաղկացած էր մի քանի բաժնից։ Կալվածքի պատմությունը։ Բանաստեղծի երկրորդ աքսորը։ Արինա Ռոդիոնովնան։ Պուշկինների ընտանիքը։ Ընկերների այցելությունն աքսորյալ պոետին։ Դեկտեմբերյան խռովությունը։ Եվ աշխատասենյակը՝ Պուշկինի ստեղծագործության համառոտ տեսությամբ։

Փնտրեցի֊գտա թանգարանի պահապանին ու ներկայացա։ Վիկտորիա Ալբերտովնան կլիներ քառասուն տարեկան։ Բոլորածալերով երկար կիսաշրջազգեստ, խունացած խոպոպներ, թիկնոց, հովանոց՝ Բենուայի հավակնոտ նկար։ Մեռնող գավառական ազնվականության այս ոճը ակնհայտ ու միտումնավոր արմատավորվում էր այստեղ։ Տեղիս գիտաշխատողներից յուրաքանչյուրի մեջ արտահայտվում էր նրա որեւէ բնութագրական գիծը։ Մեկը կրծքին էր քաշում ֆանտաստիկ չափերի գնչուական շալը։ Մյուսի մեջքին նրբագեղ ծղոտե լայնեզր գլխարկն էր օրորվում։ Երրորդին բաժին էր ընկել անհեթեթ փետուրե հովհարը։

Վիկտորիա Ալբերտովնան թերահավատ ժպտալով զրուցում էր ինձ հետ։ Դրան արդեն սկսել էի վարժվել։ Պուշկինի պաշտամունքի բոլոր սպասավորները զարմանալիորեն խանդոտ էին։ Պուշկինը նրանց կոլեկտիվ սեփականությունն էր, նրանց պաշտելի սիրեցյալը, սիրասուն զավակը։ Ցանկացած ոտնձգություն այդ անձնական սրբության դեմ՝ զայրացնում էր։ Շտապում էին համոզվել, որ անգրագետ եմ, ցինիկ ու շահամոլ։

— Ինչի՞ համար եք եկել,— հարցրեց պահապանուհին։

— Փող աշխատելու,— ասում եմ։

Վիկտորիա Ալբերտովնան քիչ մնաց ուշաթափվեր։

— Ներեցեք, կատակ արեցի։

— Կատակներն այստեղ միանգամայն անտեղի են։

— Համաձայն եմ։ Կարելի՞ է մի հարց։ Թանգարանի ո՞ր ցուցանմուշներն են իսկական։

— Մի՞թե դա կարեւոր է։

— Կարծում եմ՝ այո։ Չէ՞ որ թանգարանը թատրոն չէ։

— Այստեղ ամեն ինչ իսկական է։ Գետը, բլուրները, ծառերը Պուշկինի հասակակիցն են։ Նրա զրուցակիցն ու բարեկամը։ Այս վայրերի ամբողջ ապշեցուցիչ բնությունը…

— Խոսքը թանգարանի ցուցանմուշների մասին է,— ընդհատեցի ես,— դրանց մեծ մասի վերաբերյալ ուղեցույցում խուսափողական բացատրություններ են տրվում։

«Կալվածքի տարածքում հայտնաբերված սպասք…»

— Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։ Ի՞նչ կցանկանայքի տեսնել։

— Ասենք, անձնական իրերը… Եթե այդպիսիք կան…

— Ո՞ւմ եք հասցեագրում ձեր դժգոհությունը։

— Ախր ի՜նչ դժգոհություն։ Առավել եւս՝ ձեզնից։ Ընդամենը հարցրի…

— Պուշկինի անձնական իրե՞րը… Թանգարանը ստեղծվել է նրա զոհվելուց տասնյակ տարիներ անց…

— Ըհը,— ասում եմ,— միշտ այդպես է։ Նախ կկործանեն մարդուն, հետո կսկսեն փնտրել անձնական իրերը։ Էդպես արին Դոստոեւսկուն, Եսենինին… Էդպես կլինի Պաստեռնակի դեպքում։ Ուշքի կգան՝ կսկեն Սոլժենիցինի անձնական իրերը փնտրել…

— Բայց մենք վերստեղծում ենք միջավայրը, մթնոլորտը,— ասաց պահապանուհին։

— Պարզ է։ Գրապահարանն իսկակա՞ն է։

— Համենայնդեպս՝ այդ դարաշրջանի։

— Իսկ Բայրոնի դիմանկա՞րը։

— Իսկական է,— ուրախացավ Վիկտորիա Ալբերտովնան,— Վուլֆն է նվիրել… Վրան մակագրություն կա… Բայց ի՜նչ չմահավանն եք։ Անձնական իրե՜ր, անձնական իրե՜ր… Իսկ իմ կարծիքով՝ դա հիվանդագին հետաքրքրասիրություն է…

Ինձ օտար բնակարանում բռնված կողոպտիչ էի զգում։

— Բայց առանց դրա,— ասում եմ,— ի՞նչ թանգարան։ Առանց հիվանդագին հետաքրքրասիրության։ Առողջ հետաքրքասիրություն միայն ապուխտի հանդեպ է լինում…

— Ձեզ քիչ է բնությո՞ւնը։ Քիչ է, որ նա շրջել է այս լանջերո՞վ։ Լողացել այս գետո՞ւմ։ Հիացել այս հմայիչ համայնապատկերո՞վ…

Ախր, մտածում եմ, ի՞նչ եմ կպել սրանից։

— Հասկանալի է,— ասում եմ,— շնորհակալություն, Վի՛կա։

Հանկարծ նա կռացավ։ Ինչ֊որ բույս պոկեց։ Ցավոտ խփեց դեմքիս։ Կարճ, նյարդային ծիծաղեց ու հեռացավ՝ բարձրացնելով բոլորածալերով մաքսի֊փեշը։

Ես միացա Տրիգորսկոյե գնացող խմբին։

Կալվածքի պահակները՝ ամուսնական զույգ, անսպասելիորեն դուր եկան ինձ։ Ամուսնացած լինելով՝ իրենց կարող էին այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին բարեհոգությունն էր։ Պոլինա Ֆյոդորովնան իշխանատենչ, եռանդուն եւ փոքր֊ինչ ինքնավստահ էր թվում։ Կոլյան մոլորված դանդալոշի տպավորություն էր թողնում ու երկրորդ պլանում էր։

Տրիգորսկոյեն ճամփից դուրս էր։ Ղեկավարությունը հազվադեպ էր լինում այնտեղ։ Ցուցադրանքը տրամաբանորեն ու գեղեցիկ էր կառուցված։ Պատանի Պուշկինը, համակրելի սիրահարված օրիորդներ, ամառային նրբագեղ սիրախաղի մթնոլորտ…

Ես շրջանցեցի այգին։ Իջա գետափ։ Գետի մեջ կանաչին էին տալիս շրջված ծառերը։ Թեթեւ ամպեր էին լողում։

Ուզում էի ջուրը մտնել, բայց այդ պահին մոտեցավ ավտոբուսը։

Մեկնեցի Ավյատոգորսկի վանք։ Դարպասի մոտ ծեր կանայք ծաղիկ էին ծախում։ Մի քանի կակաչ առա ու բարձրացա դեպի շիրիմը։ Տուրիստները լուսանկարվում էին շրջափակի մոտ։ Նրանց ժպտուն դեմքերն ինձ զզվելի թվացին։ Հարեւանությամբ երկու անհաջողակներ էին տեղավորվել՝ նկարակալներով։

Դրեցի ծաղիկներն ու հեռացա։ Պետք էր նայել Ուսպենսկի տաճարի ցուցադրությունը։ Սառը քարե խորշերն արձագանքում էին։ Կամարների տակ նիրհել էին աղավնիները։ Տաճարն իրական էր, գետնանիստ ու նրբագեղ։ Կենտրոնական սրահի անկյունում աղոտ պսպղում էր ջարդված զանգը։ Տուրիստներից մեկը բանալին զնգացնում էր կողին…

Հարավային կցաշենքում տեսա Բրունիի նշանավոր նկարը։ Այնտեղ ճերմակին էր տալիս մահադիմակը։ Երկու հսկա կտավներ վերարտադրում էին գաղտնի փոխադրումն ու թաղումը։ Ալեքսանդր Տուրգենեւը կնոջ նման էր…

Տուրիստների խումբը մոտեցավ։ Ես գնացի դեպի ելքը։ Հետեւիցս լսվեց․

— Մշակույթի պատմությունը ողբերգականությամբ համարժեք այլ իրադարձություն չգիտի… Ինքնակալությունը բարձրատոհմիկ չարագործի ձեռքով…


Եվ այսպես, տեղավորվեցի Միխալ Իվանիչի մոտ։ Խմում էր անընդմեջ։ Ապշության, կաթվածի, զառանցանքի աստիճան։ Ընդ որում, զառանցանքը բացառապես հայհոյանք էր։ Իսկ հայհոյում էր նույն հուզումով, որով տարեց ինտելիգենտները երգում են կիսաձայն։ Այսինքն՝ ինքն իր համար առանց գովեստի կամ բողոքի ակնկալության։

Սթափ վիճակում երկու անգամ տեսա։ Այդ տարիմաստ օրերին Միխալ Իվանիչը միաժամանակ միացնում էր հեռուստացույցն ու ռադիոն։ Հագնված պառկում էր, հանում «Հեքիաթ» տորթի տուփն ու սկսում կարդալ բացիկները, որ ստացել էր ողջ կյանքի ընթացքում։ Կարդում ու մեկնաբանում էր․

«— Բարեւ, քավո՛ր հայրիկ… Բա՛րեւ, բա՛րեւ, ոչխարի ծնունդ… Հաջողություններ եմ մաղթում աշխատանքում… Հաջողություն է մաղթում, քու ծնողը… Մնամ հավերժ՝ քո Ռադիկ… Հավերժ քո՜, հավերժ քո՜… Թե դու իմ ինչ տանձին ես…»։

Գյուղում Միխալ Իվանիչին չէին սիրում, նախանձում էին։ Իբր, ես է՜լ կխմեի։ Ախ, ո՜նց կխմեի, բարի՛ մարդիկ։ Ո՜նց կխմեի, հերն էլ անիծած… Բայց տնտեսությո՜ւնը… Իսկ իրա վեջը չի… Միխալ Իվանիչը տնտեսություն չուներ։ Երկու նիհար շուն, որ երբեմն օրերով անհետանում էին։ Վտիտ խնձորենին ու մի մարգ կանաչ սոխ…

Մի անձրեւոտ երեկո խոսքի բռնվեցինք․

— Մի՛շա, կնոջդ սիրո՞ւմ էիր։

— Ո՞ւմ։ Կնո՞ջս։ Կնկա՞ս, այսինքն։ Լիզկայի՞ն, ուրեմն,— իրար անցավ Միխալ Իվանիչը։

— Լիզային։ Ելիզավետա Պրոխորովնային։

— Սի՞րելս որն է։ Էն բանից արիր ու պրծավ֊գնաց…

— Բա ի՞նչն էր գրավում։

Միխալ Իվանիչը երկար մտքի մեջ ընկավ։

— Հանգիստ էր քնում,— ասաց նա,— սուսուփուս, ճիճվի նման…

Կաթը հարեւան տնից՝ Նիկիտիններից էի առնում։ Սրանք հիմնավոր էին ապրում։ Հեռուստացույց, Կրամսկոյի «Անծանոթուհին»… Առավոտվա հինգից տանտերն իր բանին էր։ Չափարն էր կարկատում, բանջարանոցը փորփրում։ Մի անգամ նայեմ՝ հորթը ոտերից կախ տվել՝ մաշկում է։ Իսկ դանակը՝ ճեփ֊ճերմակ ու արյունոտ…

Միխալ Իվանիչը Նիկիտիններին արհամարհում էր։ Նրանք էլ՝ իրեն, բնականաբար։

— Էլի խմում է՞,— հավի կերը տաշտակի մեջ շաղախելով՝ հետաքրքրվեց Նադեժդա Ֆյոդորովնան։

— Բազայում հանդիպեցի,— մեծ ռանդան բանեցնելով՝ ասաց Նիկիտինը,— առավոտից իրան տեսել էր…

Չէի ուզում ձայնակցել։

— Բայց հո՛ բարի է։

— Բարի՜ է,— համաձայնեց Նիկիտինը,— քիչ էր մնացել կնկան մորթի։ Շորշիրթը լրիվ կրակ տվեց։ Երեխեքը ձմեռով բոբիկ են վազվզում… Իսկ էնպես՝ բարի է…

— Միշատ խելառ է, հասկանում եմ, բայց՝ բարի ու ներքուստ բարեկիրթ…

Իսկապես, Միխալ Իվանիչի մեջ ինչ֊որ ազնվական բան կար։ Դատարկ շշերը չէր հանձնում, դեն էր գցում։

— Ամաչում եմ,— ասում էր,— հո ուզվոր չե՜նք…

Մի անգամ արթնացավ ու շա՜տ վատ էր։ Բողոքեց․

— Ներսս ո՜նց է քրքրվում…

Մի ռուբլի տվեցի։ Կեսօրին հարցնում եմ․

— Հը՞, թեթեւացա՞ր։

— Ո՞վ։

— Խումհարաթող եղա՞ր։

— Բա՜։ Ոնց որ թավային թքես, էն ի՜նչ թշշոց էր…

Երեկոյան նորից վատացավ։

— Նիկիտինի մոտ գնամ։ Կարող է փող տա կամ մի բաժակ…

Դուրս եկա սանդղաուտ։ Լսում եմ․

— Հարեւա՜ն, խոլե՛ր, մի հինգնոց տու։

— Աստվածածնի տոնից պարտք ես։

— Կտամ։

— Կտաս՝ էն ժամանակ կխոսանք։

— Ավանսից կտամ։

— Ի՞նչ ավանս։ Քեզ վաղուց են դուրս արել, հոդվածով…

— Ա՜… Դրանց… ծնունդը… Տուր, էլի՛, հինգնոցը։ Սկզբունքով տու, դրա մերը… Ցույց տու մեր սովետական բնութքը։

— Արաղի ես տալու, չէ՞։

— Ո՞ւմ։ Չէ՜, գործ կա…

— Ախր ի՞նչ գործ պիտի ունենաս, ա՛յ ձրիակեր։

Միխալ Իվանիչի համար դժվար է սուտ ասելը, թուլացել է։

— Ուզում եմ խմեմ։

— Չեմ տա։ Կուզես նեղացի, կուզես՝ չէ, չեմ տա։

— Ախր ավանսին կբերեմ։

— Չեմ տա։

Ու խոսակցությունը փակելու համար Նիկիտինը կապույտ փոստարկղով ծանր դուռը չխկացնելով՝ տուն է մտնում։

— Դու հլա սպասի, հարեւա՜ն,— բորբոքվում է Միխալ Իվանիչը,— սպասի՜… Կտեսնե՜ս… Էն էլ ո՜նց կտեսնես… Կհիշես էս զրույցը…

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հավերն են շրջում։ Սոխի ոսկեգույն կապուկները՝ շեմագլխին…

— Սեւ եմ բերելու գլխներին… Կտեսնե՜ք…

Շառագունած, գզգզված՝ Միխալ Իվանիչը շարունակում է գոռալ․

— Մոռացա՞ր։ Սողո՛ւն, լրիվ մոռացա՞ր։ Մաքում մոռացա՞ր…

— Ի՞նչն եմ մոռացել,— դուրս է նայում Նիկիտինը։

— Մոռացել ես՝ կհիշացնեն՜նք։

— Ի՞նչն եմ մոռացել, ասա՛։

— Ամեն ինչ կհիշացնենք։ Տասնյոթ թիվը կհիշացնենք։ Մենք քեզ… Մենք քեզ, ա՛յ խոլեր, կուլակաթափ կանենք։ Բոլոր պարտիականներին կուլակաթափ կանենք։ Չեկա կուղարկենք դրա պես… Բատկա Մախնոյի նման… Քեզ էնտեղ մի շնչում……

Ու, փոքր ինչ դադար տալով․

— Հարեւա՜ն, փրկի՜, մի հինգնոց տու… Լա՜վ, իրեքնոց… Աստծու սիրուն… Քոսո՛տ շուն…


Վերջապես համարձակվեցի գործի անցնել։ Ինձ բաժին ընկած խումբը Մերձբալթիկայից էր։ Զուսպ, կարգապահ մարդիկ էին։ Լսածով բավարարվում՝ հարցեր չէին տալիս։ Ջանում էի կարճ խոսել ու վստահ չէի, որ հասկանում են։

Ավելի ուշ ինձ մանրամասն հրահանգավորեցին։ Ռիգայի զբոսաշրջիկներն ամենից բարեկիրթն են։ Ինչ էլ ասես, գլխով են անում ու ժպտում։ Եթե հարց էլ տալիս են, ինչպես ասում են՝ տնտեսության վերաբերյալ։ Քանի՞ ճորտ է ունեցել Պուշկինը։ Ի՞նչ եկամուտ էր բերում Միխայլովսկոյեն։ Տերունական կալվածքի նորոգումն ի՞նչ արժեցավ։

Կովկասցիներն իրենց ուրիշ կերպ էին պահում։ Ընդհանրապես չեն լսում։ Զրուցում ու ծիծաղում են։ Տրիգորսկոյեի ճանապարհին զմայլված նայում են ոչխարներին։ Հանձին նրանց ակնհայտորեն հավանական խորոված տեսնելով։ Եթե հարց են տալիս՝ միանգամայն անսպասելի։ Օրինակ․

«Ինչի՞ համար են մենամարտել Պուշկինն ու Լերմոնտովը»։

Ինչ վերաբերում է հայրենակիցներին՝ նրանց պետք է դասակարգել։ Աշխատավորներին շարադրել հակիրճ ու պարզորոշ։ Ծառայողների հանդեպ ավելի ուշադիր լինել։ Նրանց մեջ բազմագիտակներ են պատահում։ Պիկուլ, Ռոժդեստվենսկի, Մեյլախ կարդացած։ Նովիկովից արտառոց տեղեկություններ քաղած…

Կրթվածներն ավելի քմահաճ ու դավադիր են։

Տուրիստական ճանապարհորդության պատրաստվելով՝ սրանք սերտում են ձեռնարկները։ Որեւէ երրորդական փաստ խոր տպավորվում է հոգու մեջ։ Հեռավոր ազգականության դրվագ։ Տարօրինակ արարք, արտահայտություն, դեպք… Աննշան մեջբերում… Եվ այսպես շարունակ։

Աշխատանքիս երրորդ օրը մի ակնոցավոր կին հարցրեց․

— Ե՞րբ է ծնվել Բենկենդորֆը։

— Յոթանասուն թվին,— պատասխանեցի ես։

Իմ շրջասության մեջ անվստահություն էր հնչում։

— Իսկ ավելի ստո՞ւյգ,— հարցրեց կինը։

— Ցավոք,— ասում եմ,— մոռացել եմ…

Մտածում եմ՝ ինչո՞ւ եմ ստում։ Ազնվորեն ասես՝ «Սատանան գիտի»… Ի՜նչ մի երջանկություն է Բենկենդորֆի լույս աշխարհ գալը։

— Ալեքսանդր Քրիստաֆորովիչ Բենկենդորֆը,— հանդիմանանքով արտաբերեց տիկինը,— ծնվել է հազար յոթ հարյուր ութսունչորս թվականին։ Ընդ որում՝ հունիսին…

Ես գլխով արեցի՝ հասկանալ տալով, որ արժեքավոր եմ համարում տեղեկությունը։

Այդ պահին նա չէր դադարում հեգնոտ ժպտալ։ Ասես Բենկենդորֆի հանդեպ իմ անտարբերությունը վկայում էր կատարյալ հոգեւոր սնանկության մասին…

Եվ այդպես, անցա աշխատանքի։ Մեթոդիստները սովորաբար առաջին էքսկուրսիան չեն լսում։ Վարժվելու, վստահություն զգալու հնարավորություն են տալիս։ Հենց դա էլ ինձ փրկեց։ Իսկ պատահեց ահա թե ինչ։

Ես բարեհաջող անցա նախասենյակը։ Ներկայացրի հողաչափ Իվանովի նկարը։ Պատմեցի առաջին աքսորի մասին։ Հետո՝ երկրորդ։ Անցնում եմ Արինա Ռոդիոնովնայի սենյակը… «Միակ հարազատ մարդը ճորտ դայակն էր…»։ Ամեն ինչ՝ ինչպես հարկն է… «Միաժամանակ ներող ու փնթփնթան, պարզամտորեն աստվածավախ եւ չափազանց գործնական»։ Սերյակովի հեղինակած հարթաքանդակը… «Ազատման թուղթ էին տալիս, հրաժարվեց…»։ Եվ վերջապես․

— Պոետը բանաստեղծություններում շարունակ դիմում էր դայակին։ Բոլորին են հայտնի, օրինակ, այս սրտառուչ տողերը…

Դեռ ապրո՞ւմ ես դու, մա՜յր իմ սիրելի,
Ես էլ եմ ապրում, ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,
Հյուղակիդ վրա թող հոսի էլի…

Քաղացա։ Հիմա մեկնումեկը կգոռա․

«Անգրագե՜տ ապուշ։ Ախր էդ Եսենինն է, «Նամակ մորը…»։

Ես շարունակում էի արտասանել՝ տենդագին մտածելով, թե ինչ անեմ․

«Այո՜, ընկերնե՜ր, միանգամայն իրավացի եք։ Իհարկե Եսենինն է։ Իսկապես «Նամակ մորը» բանաստեղծությունը։ Բայց նկատեք, թե Պուշկինի հնչերանգը որքան հարազատ է Սերգեյ Եսենինի քնարերգությանը։ Եսենինի պոետիկայում ինչ ներդաշնակ է առարկայանում…»։ Եվ այսպես շարունակ։

Շարունակում էի արտասանել։ Վերջին մոտիկ սպառնալից շողում էր ֆիննական դանակը… «Տրա֊տա֊տամ մեկը ծխոտ պանդոկում, տրա֊տա֊տամ սիրտն իմ ֆիննական դանակ…»։ Այդ ահեղ շողշողացով շեղբից մի սանտիմետրի վրա ինձ հաջողվեց արգելակել։ Վրա հասած լռության մեջ սպասում էի փոթորկի։ Բոլորը լուռ էին։ Հուզախռով ու խստադեմ։ Միայն մի տարեց զբոսաշրջիկ բազմանշանակ ասաց․

— Հա՜, ի՜նչ մարդիկ կային…

Հաջորդ դահլիճում «Մնեմոզինան» վերագրեցի Դելվիգին։ Հետո Սերգեյ Լվովիչին Սերգեյլ Ալեքսանդրովիչ ասացի։ (Հավանաբար Եսենինը տեւական ժամանակով էր զավթել ենթագիտակցությունս»։ Բայց դրանք դատարկ բաներ էին։ Չեմ խոսում արդեն երեք կասկածելի գրականագիտական ենթադրությունների մասին։

Տրիգորսկոյեում ու վանքում էքսկուրսիան բարեհաջող անցավ։ Պետք էր տրամաբանական դարձնել դահլիճից դահլիճ անցումները, այսպես ասած՝ հանգույցներ գտնել։ Մի դեպքում դա ինձ երկար ժամանակ չէր հաջողվում։ Զիզիի սենյակի ու հյուրասենյակի արանքում։ Վերջապես հորինեցի այդ չարաբաստիկ հանգույցը։ Ու հետագայում անփոփոխ օգտագործում էի․

«Բարեկամնե՛րս, տեսնում եմ, որ այստեղ նեղվածք է։ Անցնենք հաջորդ սրահը…»։

Զուգահեռ՝ մյուս էքսկուրսիաներն էի լսում։ Ամեն մեկի մեջ ինձ հետաքրքիր որեւէ բան կար։ Մտերմացա լենինգրադցի զբոսավարների հետ։ Արդեն մի քանի տարի ամռանը արգելոց էին գալիս։

Նրանցից մեկը Վոլոդյա Միտրոֆանովն էր։ Հենց նա էլ ինձ համոզել էր։ Ու եկել էր իմ հետեւից։ Կուզեի ավելի մանրամասն պատմել այդ մարդու մասին։

Դպրոցական տարիներին Միտրոֆանովը աչքի էր ընկել այսպես կոչված «հայելային հիշողությամբ»։ Հեշտությամբ անգիր էր անում դասագրքերի ամբողջական գլուխները։ Նրան հրաշամանուկ էին համարում։ Ավելին, Աստված Միտրոֆանովին օժտել էր գիտելիքների անհագ ծարավով։ Նրա մեջ զուգորդվում էին անսահման հետաքրքրասիրությունն ու բացառիկ հիշողությունը։ Նրան փայլուն գիտական առաջընթաց էր սպասում։

Միտրոֆանովին հետաքրքրում էր ամեն ինչ՝ կենսաբանությունը, աշխարհագրությունը, դաշտի տեսությունը, որովայնախոսությունը, ֆիլատելիան, սուպրեմատիզմը, վարժեցման հիմունքները… Օրը երեք լուրջ գիրք էր կարդում… Շռնդալից ավարտեց դպրոցը, հեշտուհանգիստ ընդունվեց բանասիրական։

Համալսարանական պրոֆեսորները մտահոգված էին։ Միտրոֆանովը գիտեր բացարձակապես ամեն ինչ ու նոր գիտելիքներ էր պահանջում։ Խոշոր գիտնականներն օրեր շարունակ նստում էին գրադարաններում՝ Միտրոֆանովի համար մշակելով մոռացված տեսություններն ու գիտության բաժինները։ Զուգահեռ Միտրոֆանովը դասախոսություններ էր լսում իրավաբանական, կենսաբանական ու քիմիայի ֆակուլտետներում։

Յուրահատուկ հիշողությունն ու գիտելիքների անհագ ծարավը, զուգորդվելով, հրաշքներ էին գործում։ Բայց այստեղ ի հայտ եկավ մի ապշեցուցիչ հանգամանք։ Միտրոֆանովի էությունը հենց այդ հատկություններով էլ սահմանափակվում էր։ Այլ որակներով Միտրոֆանովն օժտված չէր։ Նա մաքուր ճանաչման հանճար էր ծնվել։

Առաջին իսկ կուրսային աշխատանքն անավարտ մնաց։ Ավելին՝ գրեց ընդամենը առաջին դարձվածքը։ Ավելի ճիշտ՝ դարձվածքի սկիզբը։ Ահա․ «Ինչպես մեզ հայտնի է…»։ Սրանով էլ հանճարեղ մտահղացումը սպառվեց։

Միտրոֆանովը ֆանտաստիկ ծույլ էր, եթե կարելի է ծույլ համարել տասը հազար գիրք կարդացած մարդուն։

Միտրոֆանովը չէր լվացվում, չէր սափրվում, չէր մասնակցում լենինյան շաբաթօրյակներին։ Չէր վերադարձնում պարտքերն ու կոշկաթելերը չէր կապում։ Ծուլանում էր կեպի դնել։ Պարզապես գցում էր գլխին։

Բերքահավաքին կոլխոզ չգնաց։ Բռնեց ու չգնաց․ առանց հարգելի պատճառի։

Միտրոֆանովին հեռացրին համալսարանից։ Ընկերները փորձեցին աշխատանքի տեղավորել։ Որոշ ժամանակ ակադեմիկով Ֆիրսովի անձնական քարտուղարն էր։ Սկզբում ամեն ինչ հրաշալի էր։ Ժամերով նստում էր Գիտությունների ակադեմիայն գրադարանում։ Ֆիրուսի համար անհրաժեշտ նյութեր էր ընտրում։ Հաճույքով տրամադրում էր մտապահած տեղեկությունները։ Տարեց գիտնականը կենդանություն առավ։ Վոլոդյային առաջարկեց համատեղ մշակել անկյունագծային գիդատոպիրոմորֆիզմի տեսությունը։ (Կամ դրա նման մի բան)։ Ակադեմիկոսն ասաց․

— Դուք եք գրի առնելու։ Ես կարճատես եմ։

Հաջորդ օրը Միտրոֆանովը չքացավ։ Ծուլանում էր գրել։

Մի քանի ամիս պարապ էր։ Եվս երեք հարյուր գիրք կարդաց։ Երկու լեզու սովորեց՝ ռումիներեն ու հինդի։

Ճաշում էր ընկերների մոտ՝ վճարելով տպավորիչ ու ծավալուն դասախոսություններով։ Նրան մաշված հագուստ էին նվիրում…

Հետո Միտրոֆանովին փորձեցին տեղավորել Լենֆիլմում։ Ավելին՝ հատուկ նոր հաստիքային միավոր հաստատեցին՝ «Խորհրդատու բոլոր հարցերով»։

Դա բացառիկ հաջողություն էր։ Միտրոֆանովը գիտեր բոլոր դարաշրջանների տարազներն ու սովորույթները։ Նախապատմական իրադարձությունների ամենափոքրիկ մանրամասները։ Երկրորդական պետական գործիչների տարիմաստ արտահայտությունները։ Գիտեր՝ քանի կոճակ կար Թալեյրանի կամզոլին։ Հիշում էր Լոմոնոսովի կնոջ անունը…

Միտրոֆանովը չկարողացավ լրացնել անձնական թերթիկը։ Նույնիսկ այն բաժինները, որտեղ ասվում էր․ «Անհրաժեշտն ընգծել»։ Ալարում էր…

Նրան պահակության տեղավորեցին կինոթատրոնում։ Գիշերային աշխատանք․ կուզես՝ քնի, կուզսե՝ կարդա, կուզես՝ մտածի։ Միտրոֆանովից ընդամենը մի բան էր պահանջվում․ ժամը տասներկուսից հետո ինչ֊որ անջատիչ պիտի չխկացներ։ Միտրոֆանովը մոռանում էր անջատել։ Կամ ծուլանում էր։ Գործից ազատեցին…

Հետագայում ցավով տեղեկացանք, որ Միտրոֆանովը պարզապես ծույլ չէ։ Պարզվեց, որ հազվագյուտ կլինիկական հիվանդություն ունի՝ աբուլիա։ Այսինքն կատարյալ կամազրկություն։

Նա բուսական աշխարհի երեւույթ էր։ Քմահաճ ու վառվռուն ծաղիկ։ Քրիզանթեմը չի կարող խնամել ու ջրել ինքն իրեն…

Վերջապես Միտրոֆանովը լսեց Պուշկինյան արգելոցի մասին։ Եկավ, նայեց։ Ու պարզվեց, որ դա միակ հաստատությունն է, որտեղ կարող է օգտակար լինել։

Ի՞նչ է պահանջվում զբոսավարից։ Վառ ու տպավորիչ պատում։ Ուրիշ ոչինչ։

Միտրոֆանովը պատմել գիտեր։ Նրա էքսկուրսիաները հագեցած էին անսպասելի զուգահեռներով, շլացուցիչ վարկածներով, բացառիկ արխիվային տեղեկություններով ու վեցլեզվյա մեջբերումներով։

Նրա էքսկուրսիաները կրկնակի երկար էին տեւում։ Երբեմն տուրիստները ուշաթափվում էին լարվածությունից։

Իհարկե, նաեւ բարդություններ կային։ Միտրոֆանովը ծուլանում էր բարձրանալ Սավկինի բլուրը։ Զբոսաշրջիկները մագլցում էին, իսկ Միտրոֆանովը ստորոտում կանգնած՝ գոռում էր։

— Ինչպես եւ շատ տարիներ առաջ, այս մեծ, կանաչ բլուրը վեր է խոյանում Սորոտի վրա։ Նրա ձեւերի ապշեցուցիչ համաչափությունը խոսում է արհեստական ծագման մասին։ Ինչ վերաբերում է անվան ծագումնաբանությանը՝ «Սորոտ», ապա այն բավականին ուշագրավ է։ Չնայած եւ՝ ոչ այնքան պարկեշտ…

Մի դեպք եղավ, երբ զբոսաշրջիկները, մաշկալաթե թիկնոցը փռելով, Միտրոֆանովին պառկեցրել վրան ու քաշել֊հանել էին սարը։ Իսկ նա գոհունակ ժպտում ու բարբառում էր․

— Ավանդությունն ասում է, որ այստեղ է եղել Վորոնիչի վանքերից մեկը…

Արգելոցում նրան գնահատում էին…

Պակաս վառ անհատականություն չէր Ստասիկ Պոտոցկին։ Ծնվել է Չեբոկսարի քաղաքում։ Մինչեւ տասնվեց տարեկանը ոչնչով աչքի չի ընկել։ Հոկեյ էր խաղում՝ առանց լուրջ հարցերի մասին մտածելու։ Վերջապես պատանի մարզիկների պատվիրակության կազմում հայտնվեց Լենինգրադում։

Առաջին իսկ օրը նրան կուսությունից զրկեց «Սոկոլ» հյուրանոցի հարկի հերթապահուհին։ Ստասիկի բախտը բերեց։ Տարիքոտ ու նրբանկատ կին էր։ Սկսնակին «Ալաբաշլի» գինի հյուրասիրեց։ Արտասվաթաց, հարբած, սիրահարված տղային շշնջում էր․

— Տես, է՜, պստիկ է, բայց ճխտիկ է…

Պոտոցկին արագ հասկացավ, որ աշխարհում երկու բան կա, հանուն ինչի արժե ապրել։ Կինն ու գինին։ Մնացածն արժանի չէ ուշադրության։ Բայց կինն ու գինին փող արժեն։ Հետեւաբար, պիտի վաստակել կարողանաս։ Ցանկալի է՝ առանց հատուկ ջանքի։ Ու որ լավ վճարեն։ Ու որ բանտ չընկնես…

Նա որոշեց վիպասան դառնալ։ Ժամանակակից տասներկու գիրք կարդաց։ Համոզվեց, որ դրանից վատ չի գրի։ Մոմլաթակազմ տետրակ առավ, ինքնահոս գրիչ ու հավելյալ միջուկ։

Առաջին իսկ ստեղծագործությունը հրապարակվեց «Յունոստում»։ Պատմվածքը կոչվում էր «Շուրկա Չեմոդանովի հաղթանակը»։ Պատանի հոկեյիստ Չեմոդանովը սկսում է իրեն երեւակայել ու թողնում է ուսումը։ Հետո խելքի է գալիս։ Սկսում է հրաշալի սովորել ու ավելի լավ խաղալ։ Ստեղծագործությունն այսպես էր ավարտվում․

«Գլխավորը մարդ լինելն է․ Շո՛ւրկա,— ասաց Լուկյանիշն ու հեռացավ։ Շուրկան երկա՜ր֊երկա՜ր նայում էր նրա հետեւից…»։

Պատմվածքը զարմանալիորեն շարքային էր։ Նրա տասնյակ ու հարյուրավոր երկվորյակները զարդարում էին երիտասարդական ամսագրի էջերը։ Պոտոցկու հանդեպ զիջողամիտ էին։ Ըստ երեւույթին, որպես գավառական հեղինակ, զեղչ էր վաստակել։

Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվեց յոթ պատմվածք ու մի վիպակ տպել։ Տափակ գործեր էին, գաղափարապես լիարժեք, աղքատիկ։ Փոլորի մեջ ինչ֊որ ծանոթ բան էր լսվում։ Գրաքննությունից նրանց պաշտպանում էր գրական երկրորդայնության զրահը։ Մեջբերումների պես համոզիչ էին հնչում։ Այդ գործերում ամենից արտահայտիչը ոճական սխալներն ու վրիպակներն էին…

«Հոկտեմբերին լիացավ Միշուտկայի տասներեք տարին…» («Միշուտկայի վիշտը» պատմվածքը)։

«Հողը թեթեւ չի լինի նրա աճյունին,— իր խոսքն ավարտեց Օդինցովը…» («Ծուխը ելնում է երկինք» պատմվածքը)։

«Փայտ մի խրեք իմ անիվների մեջ,— սպառնալից ասաց Լեպկոն…» («Ճայերը թռչում են դեպի հորիզոնը» պատմվածքը)։

Հետագայում Պոտոցկին ինձ ասում էր․

«Ես գրող եմ, դրա մերը, ոնց որ Չեխովը։ Չեխովը բացարձակ ճիշտ էր։ Ինչի մասին ասես՝ կարելի է պատմվածք գրել։ Լիքը սյուժե կա։ Վերցնենք ուզածդ մասնագիտություն։ Օրինակ, բժիշկը։ Խնդրեմ։ Վիրաբույժը, դրա մերը, վիրահատություն է անում։ Ու տեսնում է, որ հիվանդը իր հակառակորդն է։ Ում հետ կինը դավաճանել էր իրեն։ Բժշկի առաջ, բարոյական, դրա մերը, դիլեմա է։ Փրկել մարդուն կամ կտրել դրա… Չէ, էդ չափից դուրս է, ծայրահեղություն… Մի խոսքով, վիրաբույժը տատանվում է։ Հետո առնում է նշտարն ու հրաշք գործում։ Վերջը, էսպես է․ «Բուժքույրը երկար֊երկար նայում էր նրա հետեւից…»։ Կամ, օրինակ, ծովի մասին,— ասում էր Պոտոցկին,— հեչի պես… Նավաստին, դրա մերը, գնում է թոշակի։ Հեռանում է հարազատ նավից։ Նավի վրա են մնում ընկերները, անցյալը, ջահելությունը։ Մռայլ քայլում է Ճոնտանկայի առափով։ Ու տեսնում է, մի տղա խեղդվում է։ Նավաստին առանց տատանվելու նետվում է սառցասառը հորձանուտը։ Կյանքը վտանգելով՝ հանում է տղային։ Վերջը էսպես է․ «Ընդմիշտ հիշեց Վիտկան նրա ձեռքը։ Լայնոսկր, կոշտուկապատ ձեռքը՝ դաստակին՝ կապույտ խարիսխ…»։ Այսինքն, նավաստին միշտ նավաստի է մնում, նույնիսկ եթե, դրա մերը, թոշակի է…»։

Պոտոցկին օրական մի պատմվածք էր հորինում։ Տպվեց նրա գիրքը։ Կոչվում էր «Դժվար ճամփաների երջանկությունը»։ Բարյացակամ գրախոսեցին՝ մեղմ ակնարկելով հեղինակի գավառական ծագումը։

Ստասիկը որոշեց թողնել Չեբոկսարին։ Ուզում էր բացել թեւերը։ Տեղափոխվեց Լենինգրադ։ Սիրեց «Եվրոպա» ռեստորանն ու երկու մանեկենուհիների։

Լենինգրադում նրա ստեղծագործություններին սառը վերաբերվեցին։ Կարծրատիպերն այստեղ բարձր հարգի էին։ Կատարյալ ապաշնորհությունը չէր վարձատրվում։ Տաղանդը տագնապ էր հարուցում։ Հանճարը սարսափելի էր։ Ամենահեռանկարայինը «ակնհայտ գրական ունակություններն» էին։ Պոտոցկին ակնհայտ ունակություններ չուներ։ Ինչ֊որ բան էր առկայծում նրա ստեղծագործություններում, սահում ստվերի պես, թրթռում։ Ինչ֊որ պատահական արտահայտություններ, առանձին դարձվածքներ… «Սխտորի սադափե գլխիկը…», «Ուղեկցորդուհու պարաֆինե ոտքերը…»։ Բայց ակնհայտ ունակություններ չկային։

Նրան սկսեցին չտպել։ Ինչ ներվում էր գավառացի նորելուկին, մայրաքաղաքային գրողի պարագայում զայրացնում էր։ Ստասիկը սկսեց խմել եւ ոչ թե «Եվրոպայում», այլ՝ նկուղներում, նկարիչների մոտ։ Եվ ոչ թե մանեկենուհիների, այլ՝ ծանոթ հերթապահուհու հետ։ (Հիմա նա միրգ էր ծախում փողոցում…)

Այսպես չորս տարի հարբեցողությամբ զբաղվեց։ Մի տարի նստեց շրջմոլիկության համար։ Հարկի հերթափահուհին (նույն ինքը՝ առեւտրի աշխատողը) լքեց։ Ծեծե՞լ էր նրան, թե՞ կողոպտել…

Հագուստը քրջոտեց։ Ընկերներն արդեն փող չէին տալիս ու դեն գցելու շալվարներ չէին նվիրում։ Միլիցիան նորից բանտով էր սպառնում անձնագրային ռեժիմի խախտման համար։ Ինչ֊որ մեկը հուշեց մեկնել արգելոց։ Ստասիկը ոգի առավ։ Պատրաստվեց։ Սկսեց էքսկուրսիաներ վարել։ Ընդ որում, վատ չէր վարում։ Հաղթաթուղթը մտերմավորությունն էր․

«Պուշկինի անձնական ողբերգությունը մինչ օրս էլ արձագանքում է մեր մեջ հոգու տառապագին ցավով…»։

Իր մենախոսությունները Պոտոցկին զարդարում էր ֆանտաստիկ մանրամասներով։ Դերերով խաղարկում էր մենամարտի տեսարանը։ Մի անգամ նույնիսկ ընկավ խոտերին։ Էքսկուրսիան ավարտում էր խորհրդավոր բնազանցական մտարկումով․

«Տեւական ու տառապալից հիվանդությունից հետո վերջապես Ռուսաստանի մեծ քաղաքացին վախճանվեց։ Իսկ Դանտեսը դեռ ողջ է, ընկերնե՛ր…»։

Երբեմն սկսում էր խմել, թողնում աշխատանքը։ Փող էր խնդրում միկիտանի սանդղամուտին։ Թփերի տակից դատարկ շշեր էր հավաքում։ Քնում էր Ալեքսեյ Նիկոլայեւիչ Վուլֆի ճաքած տապանաքարին։

Միլիցիայի կապիտան Շատկոն նրան հանդիպելիս հանդիմանանքով ասում էր․

«Պոտո՛ցկի, դուք ձեր կերպարով խաթարում եք այս վայրերի ներդաշնակությունը…»։

Հետո Պոտոցկին մի նոր բան մոգոնեց։ Շրջում էր վանքում։ Շիրիմի մոտ դարանակալում զբոսաշրջիկների հերթական խմբին։ Սպասում էր էքսկուրսիայի ավարտին։ Կանչում էր ավագին ու շշուկով հարցնում․

«Անտր նու։ Մեր մեջ մնա։ Մարդը երեսուն կոպեկ հավաքեք՝ ցույց տամ Պուշկինի իսկական գերեզմանը, որ բոլշեւիկները թաքցնում են ժողովրդից»։

Հետո խումբը տանում էր անտառ եւ էքսկուրսանտներին ներկայացնում մի անշուք թումբ։ Երբեմն որեւէ տառակեր տուրիստ հարցնում էր․

— Իսկ ինչո՞ւ են թաքցնում իսկական գերեզմանը։

— Ինչո՞ւ,— չարախինդ քմծիծաղում էր Պոտոցկին։— Ձեզ հետաքրքրում է՝ ինչո՞ւ։ Ընկերնե՛ր, քաղաքացուն հետաքրքրում է, թե ինչու…

— Հա՜, հասկացա՛, հասկացա՛,— քրթմնջում էր տուրիստը…

Գալուս նախօրեին Ստասիկը տանջահար էր մեկշաբաթյա խումհարից։ Մի ռուբլի խնդրեց ու դարչնագույն սանդալներս։ Հետո մի դրամատիկ պատմություն արեց․

— Ծերո՜ւկ, քիչ էր մնում հարստանայի։ Մի բառացիկ ֆինանսական խաղ էի հորինել։ Լսի՛, գաղափարն էս է։ Ծանոթանում եմ որեւէ հարիֆի հետ։ Մեքենա ունի, փող, դրա մերը, եւ այլն։ Վերցնում ենք մեկին, ծտերից, էլի՜, ու գնում բնության գիրկը։ Էնտեղ երկուսով գրանցվում ենք…

— Չհասկացա։

— Դրան էն բանից, էլի՛, հերթով… Առավոտը վազում եմ մոտը․ «Բիձո՛ւկ, իմը ծերից կաթում է»։ Նա խուճապի մեջ է։ Ու էդ ժամանակ ասում եմ․

«Կարո՞ղ է, դրա մերը, օգնես։ Ընդամենը քսանհինգանոց է նստելու»։ Հարիֆը ուրախությունից վեր֊վեր է թռնում։ Վերցնում եմ ներարկիչը, ծորակից մաքուր ջուր լցնում։ Մի֊մի սրսկում՝ իմ ու իրա քամակին։ Հարիֆը ուրախ֊ուրախ տալիս է քսանհինգանոցը։ Ու բաժանվում ենք որպես բարեկամներ։ Ծիտիկը յոթռուբլանոց զուգագուլպա է ստանում։ Տասնութ ռուբլի մաքուր եկամուտ։ Ամեն ինչ հանճարեղ էր մտածված։ «Կեղծ վրիպակ» գործողությունը… Բայց արի ու տես, չստացվեց, դրա՜ մերը…

— Այսի՞նքն։

— Սկզբում ամեն ինչ լավ էր։ Հարիֆն էն ո՜նց սիրեց ինձ։ Կոնյակ առանք, բուտերբրոդներ։ Շլդո Միլկային կանչեցի, «Վիտյազից»… Գնացինք բնության գիրկը, դրա մերը։ Խմեցինք, գրանցվեցինք։ Եվ ի՞նչ։ Հարիֆն ինքն է առավոտ շուտ վազում մոտս։ «Բիձո՜ւկ, գոռում է, կաթում է ծերից…»։ Հետո նստում է, մեքենան ու հայդա։ Ես վազում եմ Ֆիմայի մոտ, պոլիկլինիկա։ Թե՝ էսպես ու էսպես։ Ֆիման ասում է․

«Քսանհինգ ռուբլի…»։ Վա՜յ, մերիկ։ Որտեղի՞ց։ Ամբողջ Պսկովշչինան ոտի տակ տվի, մի կերպ քերեցի։ Տասնմեկ օր չէի խմում… Հետո, դրա մերը, պասը լուծեցի… Դրա հետ ո՞նց ես։

— Բնության գրկի՞։

— Պորտվեյնի։

Ձեռքս թափ տվի։ Իմը ոնց է, հերիք է սկսեմ։ Կանգնել չկա։ Առանց արգելակների բեռնատար…

Ստասիկը գցեց֊բռնեց մետաղյա ռուբլանոցն ու գնաց…


— Վաղը ձեզ են լսելու,— ասաց Գալինան։

— Արդե՞ն։

— Իմ կարծիքով՝ պատրաստ եք։ Ինչո՞ւ հետաձգենք։

Սկզբում նյարդայնացա՝ Վիկտորիա Ալբերտովնային տուրիստների մեջ տեսնելով։ Վիկան ժպտում էր՝ բարեկամաբա՞ր, թե՞ հեգնանքով։

Կամաց֊կամաց համարձակություն առա։ Պահանջկոտ խումբ էր։ ԴՕՍԱԱՖ֊ի ակտիվիստներ, Տորժոկից։ Մի գլուխ հարցեր էին տալիս։

— Սա, ասում եմ, Կիպրենսկու հեղինակած նշանավոր դիմանկարն է… Դելվիգն է պատվիրել… Վսեմ մեկնաբանություն… Որոշակի ռոմանտիկ երանգներ… «Տեսնում եմ ինձ՝ ինչպես հայելու մեջ…»։ Պուշկինը գնել է բարոնի այրուց…

— Ե՞րբ։ Ո՞ր թվին։

— Կարծում եմ՝ երեսուն։

— Քանիսո՞վ։

— Ի՞նչ տարբերություն,— չդիմացա ես։

Վիկան, շուրթերը անձայն շարժելով, ինչ֊որ բան էր հուշում։

Անցանք առանձնասենյակ։ Ներկայացնում եմ Բայրոնի դիմանկարը, ձեռնափայտը, գրապահարանը… Անցնում եմ ստեղծագործությանը… «Արդյունավետ շրջան… Հոդվածներ… Ամսագրի նախագիծը, «Գոդունովը», «Գնչուները», գրադարանը, «Կմեռնեմ շուտով, կանցնեմ անհետ, բայց իմ ստվերը սիրելով…»։ Եվ այսպես շարունակ։

Հանկարծ լսում եմ․

— Ատրճանակներն իսկակա՞ն են։

— Իսկական մենամարտային ատրճանակներ են, Լեպաժի սիստեմի։

Նույն ձայնը․

— Լեպաժի՞։ Կարծում էի՝ Պուշկինինն են։

Բացատրում եմ։

— Այդ դարաշրջանի ատրճանակներ են։ Նշանավոր զինագործ Լեպաժի արտադրության։ Պուշկինը գիտեր ու սիրում էր լավ զենքը։ Այսպիսի ատրճանակներ ուներ…

Իսկ տրամաչա՞փը։

— Տրամաչափը ի՞նչ։

— Ինձ տրամաչափն է հետաքրքրում։

— Հարմար տրամաչափ է,— ասում եմ։

— Շշմելու բան է,— անսպասելի խաղաղվեց տուրիստը։

Քանի դեռ իմ խումբը նայում էր դայակի տունը, Վիկտորիա Ալբերտովնան շշնջաց․

— Լավ եք շարադրում, անկաշկանդ… Մի տեսակ՝ ձեր վերաբերմունքն ունեք։ Բայց երբեմն… Ուղղակի սարսափած եմ… Դուք Պուշկինին խելագար կապիկ կոչեցիք…

— Այնքան էլ այդպես չէր։

— Ընդամենը խնդրում եմ՝ ավելի զուսպ եղեք։

— Կաշխատեմ։

— Իսկ ընդհանուր առմամբ՝ վատ չէր…


Սկսեցի կանոնավոր էքսկուրսիաներ վարել։ Երբեմն մի հերթափոխին՝ երկուսը։ Ակնհայտորեն ինձնից գոհ էին։ Եթե մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, մտավորականներ էին գալիս, հետները ես էի աշխատում։ Իմ էքսկուրսիաներն ինչ֊որ բանով առանձնանում էին։ Օրինակ՝ «շարադրման ազատ ոճով», ինչպես նշում էր Տրիգորսկոյեի պահապանը։ Այստեղ, անշուշտ, զգալի նշանակություն ուներ դերասանություն անելս։ Չնայած հինգ օրից արդեն էքսկուրսիայի տեքստը լրիվ անգիր գիտեի, ճարպկորեն հուզավառ իմպրովիզացիա էի նմանակում։ Արհեստական կմկմում էի՝ ասես ձեւակերպում փնտրելով, սխալվում էի, ձեռքերս էի թափահարում՝ մանրակրկիտ մշակած էքսպրոմտներս զարդարելով Գուկովսկուց ու Շչեգլովից մեջբերումներով։ Ինչքան լավ էի ճանաչում Պուշկինին, այնքան քիչ էի ուզում նրա մասին դատողություններ անել։ Այն էլ այդպիսի խայտառակ մակարդակի։ Մեքենայաբար կատարում էի դերս՝ դրա համար ոչ վատ վարձատրություն ստանալով։ (Լրիվ էքսկուրսիան մոտ ութ ռուբլի արժեր)։

Տեղական գրադարանում Պուշկինի մասին մի տասնյակ եզակի գիրք գտա։ Բացի այդ, վերընթերցեցի նրա արձակն ու հոդվածները։ Ամենից ավելի ինձ հետաքրքրում էր Պուշկինի օլիմպիական անխռովությունը։ Ցանկացած տեսակետ ընդունելու եւ արտահայտելու պատրաստակամությունը։ Մշտական ձգտումը գերագույն անաչառության։ Լուսնի պես, որ լուսավորում է ե՛ւ գիշատչի, ե՛ւ զոհի ճանապարհը։

Ո՛չ միապետական, ո՛չ դավադիր, ո՛չ քրիստոնյա․ նա ընդամենը բանաստեղծ էր, հանճար եւ համակրում էր կյանքի շարժմանն ընդհանրապես։

Նրա գրականությունը բարձր է բարոյականությունից։ Հաղթում է բարոյականությանն ու նույնիսկ փոխարինում նրան։ Նրա գրականությունը աղոթքի, բնության պես է… Ասենք, ես գրականագետ չեմ…

Աշխատանքս սկսվում էր առավոտվա իննին։ Այցելուներին սպասելով՝ հավաքվում էինք բյուրոյում։ Խոսակցությունները Պուշկինի ու զբոսաշրջիկների մասին էին։ Ավելի հաճախ՝ զբոսաշրջիկների։ Նրանց աղաղակող անգրագիտության։

«Պատկերացնո՞ւմ եք, հարցնում է՝ ո՞վ է Բորիս Գոդունովը…»

Անձամբ ես նման իրավիճակներում չէի բորբոքվում։ Ավելի ճիշտ՝ խեղդում էի բորբոքումս։ Մարդիկ գալիս են հանգստանալու։ Արհկոմը էժան ուղեգրեր է փաթաթել վզներին։ Պոեզիայի հանդեպ, ընդհանուր առմամբ, անտարբեր են։ Պուշկինը նրանց համար ընդամենը մշակույթի խորհրդանիշ է։ Զգացողությունն է կարեւոր․ ես եղել եմ այստեղ։ Անհրաժեշտ է նշում անել գիտակցության մեջ։ Ստորագրել հոգեւորության գրքում…

Իմ պարտականությունը նրանց ուրախություն պատճառելն է՝ առանց հոգնեցնելու։ Ստանալով յոթ ու վաթսուն եւ հուզիչ մակագրություն՝ կարծիքների գրքում․ «Ես տեսա կենդանի Պուշկինին՝ այսինչ զբոսավարի ու նրա համեստ գիտելիքների շնորհիվ…»։

Օրերս միանման էին։ Էքսկուրսիաներն ավարտվում էին երկուսին։ Ճաշում էի «Ծովախորշում» ու գնում տուն։ Մի քանի անգամ Միտրոֆանովն ու Պոտոցկին կանչեցին խմելու։ Չգնացի։ Մեծ ջանք չէր պահանջվում դրա համար։ Առաջին բաժակից հեշտ եմ հրաժարվում։ Բայց, այ, չեմ կարողանում կանգ առնել։ Շարժիչը լավն է, բայց արգելակները փորձանքի են բերում…

Կնոջս ու աղջկաս չէի գրում։ Իմաստ չուներ։ Մտածում էի․ համբերենք՝ կերեւա…

Կարճ ասած, կյանքը մի փոքր կայունացել էր։ Աշխատում էի քիչ մտածել կողմնակի բաների մասին։ Դժբախտություններս տեսադաշտից դուրս էին։ Ինչ֊որ տեղ թիկունքում։ Քանի հետ չես նայել՝ հանգիստ ես։ Կարելի է հետ չնայել…

Ձեռի հետ կարդացի Լիխոնոսովին։ Լավ գրող է, անշուշտ։ Տաղանդավոր, վառ, ճկուն։ Կենդանի խոսքը հրաշալի է վերարտադրում։ (Տոլստո՜յը լսեր այսպիսի հաճոյախոսություն)։ Բայցեւայնպես՝ հիմնականում անհույս, վհատ, կպչուն զգացում։ Ճապաղ ու ձանձրալի հանգերգ․ «Ո՞ւր ես, Ռո՛ւսիա։ Ո՞ւր ես չքացել։ Ո՞ւր են խաղիկները, նախշանկար սրբիչները, գլխազարդերը։ Աղուհա՞ցն ուր է, կտրիճությունը, թափը։ Ո՞ւր են ինքնաեռները, սրբապատկերները, ճգնավորները, կրոնախեւերը։ Ո՞ւր են ստեռլետը, կարպը, մեղրը, հատիկավոր խավիարը։ Ո՞ւր են սովորական ձիերը, գրո՛ղը տանի։ Ո՞ւր է ողջախոհ ամոթխածությունը զգացումների…»։

Գլուխ են ջարդում․

«Որտե՞ղ ես, Ռո՛ւսիա։ Ո՞ւր ես չքացել։ Ո՞վ այլանդակեց քեզ…»։

Ո՞վ, ո՞վ… Պարզ չի՝ ով…

Ու գլուխ ջարդելու կարիք էլ չկա…

Միխալ Իվանիչի հետ հարաբերությունները պարզ ու գործնական էին։ Սկզբում հաճախ էր մտնում իմ սենյակ։ Գրպանից հանում էր շշերը։ Ես հրաժարվում էի։ Հենց շշից էլ խմում էր՝ բազմաբառ քրթմնջոցով։ Նրա ընդարձակ մենախոսությունների իմաստը դժվարությամբ էի որսում։

Եվ ընդհանրապես, Միշայի խոսքը ուշագրավ էր կառուցված։ Հոդաբաշխ ու շեշտված արտաբերում էր միայն գոյականներն ու բայերը։ Գերազանցապես՝ անպարկեշտ կապակցություններում։ Իսկ երկրորդական անդամները Միխալ Իվանիչը կամայական էր օգտագործում։ Որը պատահեր։ Չեմ խոսում արդեն նախդիրների, մասնիկների ու ձայնարկությունների մասին։ Նրա խոսքը նման էր դասական երաժշտությանը, աբստրակտ գեղանկարչությանը կամ կարմրակատարիկի երգին։ Հույզերն ակնհայտորեն իշխում էին իմաստի վրա։ Ենթադրենք ասում եմ․

— Մի՛շա, ճիշտ կլինի միառժամանակ թողես խմելը։

Ի պատասխան լսվում էր․

— Էդ պիդըռը աստվագիտի ուր… Հինգնոցը լուսով առ ու թըռ… Ավանսը՝ դիպոնենտ… Ո՞ւմ հոր խերին… Թողեմ՝ օգո՞ւտը… Հոգիս առնի…

Միշայի ելույթները ռեմիզովյան դպրոցի հնչահանգությունն էին հիշեցնում։

Շատախոս կանանց չաչանակ էր ասում։ Անշնորհք տանտիրուհիներին՝ լափառոշ։ Անհավատարիմ կանանց՝ բեռնանավ։ Գարեջրին ու օղուն՝ դանդալոշ, թույն ու կերոսին։ Երիտասարդ սերնդին՝ վերգիր…

«Տուրբազայում էդ վերգիրը աստվագիտի այլանդա…»։ Այն իմաստով, որ ջահելությունը, անչափահաս ավազակները չարություն են անում ու Աստված գիտի՝ ինչ այլանդակություններով են զբաղված…

Մեր հարաբերությունները հստակ էին։ Միշան ինձ համար զոքանչից սոխ, թթվասեր, սունկ ու կարտոֆիլ էր բերում։ Փողից վրդովմունքով հրաժարվում էր։ Փոխարենը՝ ամեն առավոտ խմիչքի համար մի ռուբլի էի տալիս։ Ու հետ էի պահում կնոջը՝ Լիզային գնդակահարելու փորձերից։ Երբեմն՝ վտանգելով կյանքս։

Ստացվում էր՝ քվիտ էինք։

Ինչ մարդ էր՝ այդպես էլ չհասկացա։ Արտաքուստ՝ անհեթեթ, բարի, անճարակ։ Մի օր արոսենուց երկու կատու կախեց։ Օղակները պատրաստեց կարթաթելից։

— Լցվել են,— ասում է,— շուխուռչիները, շատանում են ճագարի նման…

Մի անգամ պատահմամբ դուռը ներսից սողնակով փակել էի։ Մինչեւ լույս նստեց սանդղամուտին․ չէր ուզել արթնացնի…

Անհեթեթ էր նրա թե՛ բարությունը, թե՛ չարությունը։ Ղեկավարությանը երես առ երես հայհոյում էր ամենավերջին խոսքերով։ Իսկ Ֆրիդրիխ Էնգելսի նկարի մոտով անցնելիս հանում էր գլխարկը։ Շարունակ անիծում էր Ռոդեզիայի դիկտատոր Յան Սմիթին։ Բայց հարգում ու սիրում էր միկիտանի բուֆետապանուհուն, որը նրան միշտ հաշվի մեջ խաբում էր․

«Առանց դրա չի լինի, կարգը կարգ է։»

Նրա ամենասարսափելի անեծքն այսպես էր հնդում․

«Կապիտալիստների համա՜ր է բանում»։

Մի անգամ միլիցիոներ Դովեյկոն ձեռքից, հարբած էր, գերմանական սվին խլեց։

— Կապիտալիստներին ես ծառայում, սողո՛ւն,— վրան գոռում էր Միխալ Իվանիչը։

Կինն ու զոքանչը նրա բացակայությամբ տարան ռադիոընդունիչը։

— Մեկ է, կապիտալիստները շնորհակալ չեն լինի,— հավաստիացնում էր Միխալ Իվանիչը։

Ընդամենը երկու անգամ զրուցեցինք։ Միշան, հիշում եմ, ասում էր (տեքստը մի փոքր բարեկրթված է)․

— Լակոտ էի, որ գերմանացիներն էստեղ էին։ Սուտ չասեմ, վատ բան չեմ տեսել։ Հավ֊ճիվ խլեցին, Տիմոխա պապի խոզը… Բայց վատություն չէին անում։ Կնանիքանց էլ ձեռ չէին տալիս։ Սրանք էն է նեղանում էին… Հերըս արաղ էր քաշում։ Ֆաշիստների հետ պահածոյով փոխում… Ճիշտ է, ջհուդներին ու գնչուներին դրանք ընիքը…

— Գնդակահարո՞ւմ էին։

— Տարան֊կորցրին։ Կարգը կարգ է…

— Բա ասում ես՝ վատ բան չէին անում։

— Վատություն, էն Աստված, չեն արել։ Ջհուդներին ու գնչուներին էլ՝ ոնց որ կարգն է…

— Հրեաներն ինչո՞վ դուրըդ չեն գալիս։

— Հրեաներին հարգում եմ։ Մի հրեայի դիմաց մի դյուժին խախոլ կտամ։ Իսկ գնչուներին իմ ձեռով կխեղդեի։

— Ինչի՞ համար։

— Ո՞նց ինչի։ Ասեց, բա չէ՜… Գնչուն գնչու է, էլի՜…

Հուլիսին սկսեցի գրել։ Տարօրինակ ուրվագրեր էին, երկխոսություններ, հնչողության որոնումներ։ Կոնսպեկտի պես բան՝ աղոտ ուրվագծված կերպարներով ու թեմաներով։ Դժբախտ սեր, պարտքեր, ամուսնություն, ստեղծագործություն, կոնֆլիկտ պետության հետ։ Գումարած, ինչպես ասում էր Դոստոեւսկին՝ բարձրագույն նշանակության նրբերանգը։

Մտածում էի՝ ձախորդություններս կտարրալուծվեն այդ զբաղմունքի մեջ։ Առաջ էլ, գրական կայացման ընթացքում, այդպես էր եղել։ Կարծեմ կոչվում է սուբլիմացիա։ Երբ փորձում ես գրականության վրա դնել քո մեղքերի պատասխանատվությունը։ Գրեց մարդը «Լիր արքան» եւ արդեն մի տարի կարող է սուսեր չմերկացնել…

Շուտով յոթանասուն ռուբլի ուղարկեցի կնոջս։ Վերնաշապիկ գնեցի՝ աննախադեպ արարք։

Լուրեր էին հասնում Արեւմուտքում ինչ֊որ հրապարակումների մասին։ Աշխատում էի դրա մասին չմտածել։ Չէ՞ որ իմ համար մեկ է՝ ինչ է կատարվում այն աշխարհում։ Եթե կանչեն, հենց այդպես էլ կասեմ…

Բացի այդ, պարտառության մի քանի նամակ ուղարկեցի։ Որ աշխատում եմ, շուտով կվերադարձնեմ, կներեք…

Բոլոր պարտապանները վեհանձն էին արձագանքում․ մի՛ շտապիր, փող ունենք, կաշխատես՝ կտաս…

Կարճ ասած՝ կյանքը հավասարակշռվեց։ Սկսեց ավելի իմաստավորված ու տրամաբանական թվալ։ Չէ՞ որ մղձավանջն ու անհուսությունը դեռ ամենավատը չեն։ Ամենասարսափելին քաոսն է…

Հերիք է մի շաբաթ ապրես առանց օղու՝ թմրությունը ցրվում է։ Կյանքը համեմատաբար հստակ ուրվագծեր է առնում։ Նույնիսկ տհաճությունները թվում են օրինական երեւույթ։

Այդ երերուն հավասարակշռությունը խախտելուց շատ էի վախենում։ Կոպտում էի, եթե կանչում էին խմելու։ Ջղայնանում էի, երբ էքսկուրսիոն բյուրոյի աղջիկները հետս խոսքի էին բռնվում։ Պոտոցկին ասում էր․

— Սթափ Բորկան ու հարբած Բորկան էնքան տարբեր մարդիկ են, որ նույնիսկ անծանոթ են իրար…

Համենայնդեպս, զգում էի, որ այսպես անվերջ շարունակվել չի կարող։ Կենսական խնդիրներից անհնար է փախչել… Թույլ մարդիկ հաղթահարում են կյանքը, ուժեղները յուրացնում են… Եթե ճիշտ չես ապրում, դա վաղ թե ուշ կկատարվի…


Առավոտ։ Կաթ՝ կապտավուն փրփուրով։ Շների հաչոց, դույլերի զնգոց։ Պատից այն կողմ՝ Միշայի հարբած ձայնը․

— Տղա՛ս, մի ռուբլի տա՞ս։

Բուռը լցրի եղած մանրադրամը, կերակրեցի շներին։

Տուրբազայից, բլրից այն կողմ, լսվում էր ռադիոլայի ձայնը։ Անամպ երկնքով թռչում էին արջնագռավները։ Սարի ստորոտին ճահճային մշուշ էր փռվել։ Կանաչ խոտին գորշ փերթերով մակաղել էին ոչխարները։

Դաշտը կտրելով՝ գնում էի տուրբազա։ Ցողաթաթախ կոշիկներիս վրա դեղնին էր տալիս ավազը։ Անտառակից պաղություն ու ծխահոտ էր փչում։

Էքսկուրսիոն բյուրոյի պատուհանների տակ նստոտել էին տուրիստները։ Նստարանին, թերթը վրան գցած, պառկել էր Միտրոֆանովը։ Նույնիսկ քնած ժամանակ նկատելի էր, որ ծույլ է…

Բարձրացա սանդղամուտ։ Զբոսավարները խմբվել էին փոքրիկ նախասրահում։ Ինչ֊որ մեկը բարեւեց։ Մեկը ծխախոտ խնդրեց։ Դիմա Բարանովն ասաց․ «Ի՞նչ է պատահել…»։

Շրջանային նկարիչ Շչուկինի այլանդակ, հրեշավոր, վանող նկարի (ցիլինդր, ձի, հանճար, անեզր հեռուներ) տակ կանգնել էր կինս ու ժպտում էր…

Եվ անմիջապես խղճուկ բարօրության վերջը եկավ։ Հասկացա՝ ինձ ինչ է սպասում։ Հիշեցի մեր վերջին խոսակցությունը…


Մենք բաժանվեցինք մեկուկես տարի առաջ։ Այդ ժամանակվանից, նրբագեղ ապահարզանն ինչ֊որ բանով հաշտություն էր հիշեցնում։ Հաշտություն, որ միշտ չի ավարտվում հրավառությամբ։

Հիշում եմ՝ ժողովրդական դատավոր Չիկվաիձեն դիմեց նախկին կնոջս․

— Հավակնո՞ւմ եք ունեցվածքի որեւէ մասին։

— Ոչ,— պատասխանեց Տատյանան։ Եվ ավելացրեց։— Սույնի բացակայության պատճառով…

Հետո երբեմն հանդիպում էինք որպես լավ ծանոթներ։ Բայց դա ինձ կեղծ էր թվում, ու մեկնեցի Տալլին։

Իսկ մեկ տարի անց նորից հանդիպեցինք։ Մեր աղջիկն էր հիվանդացել, ու Տանյան տեղափոխվեց ինձ մոտ։ Դա արդեն ոչ թե սեր էր, այլ՝ ճակատագիր…

Վատ էինք ապրում, հաճախ վիճում էինք։ Փոխադարձ գրգռվածության լեփ֊լեցուն կաթսան կամացուկ քլթքլթում էր մարմանդ կրակի վրա…

Չճանաչված հանճարի կերպարը Տանյան հստակ կապում էր ճգնակեցության գաղափարի հետ։ Իսկ ես, մեղմ ասած, չափազանց մարդամոտ էի։

Ասում էի․

— Պուշկինը քաշ էր գալիս կանանց հետեւից… Դոստոեւսկին տրվում էր մոլախաղերի… Եսենինը խմում ու կռիվ էր անում ռեստորաններում… Արատները հանճարեղ մարդկանց հատուկ են նույնքան, որքան եւ առաքինությունները…

— Ուրեմն դու կիսով հանճար ես,— համաձայնում էր կինս,— քանի որ բավականաչափ արատներ ունես…

Մենք շարունակում էինք ճոճվել բաժանման սահմանագծին։ Ասում են՝ այդպիսի ամուսնություններն առավել տեւական են։

Բայցեւայնպես, ընկերություն այլեւս չկար։ Չի կարելի ասել «Բարեւ, թանկագի՜նս» կնոջը, ում Աստված գիտի ինչեր ես շշնջացել։ Չի՛ հնչում…

Ի՞նչ ձեռքբերումներով էի հասել երեսնամյակիս, որը բուռն նշվեց «Դնեպր» ռեստորանում։ Ես ազատ արվեստագետի կյանք էի վարում։ Այսինքն չէի ծառայում, վաստակում էի ժուռնալիստիկայով ու գեներալական հուշերի գրական մշակումներով։ Բնակարան ունեի, որի պատուհանները բացվում էին աղբանոցի վրա։ Գրասեղան, բազմոց, մարզագնդեր, «Տոնուս» ռադիոլա («Տոնուսը» վատ ազգանուն չէ խանութի վարիչի համար)։ Գրամեքենա, կիթառ, Հեմինգուեյի նկարը, մի քանի ծխամորճ՝ կավե գավաթում։ Լամպ, պահարան, բրոնտոզավրերի դարաշրջանի երկու աթոռ, ինչպես եւ նրբանկատության համար իմ կողմից խորապես հարգված Եֆիմ կատուն։ Ի տարբերություն իմ լավագույն ընկերների ու ծանոթների՝ նա ձգտում էր մարդ լինել…

Տանյան ապրում էր հարեւան սենյակում։ Աղջիկս շարունակ հիվանդանում էր, լավանում ու նորից հիվանդանում։

Իմ ընկեր Բեռնովիչն ասում էր․

— Մինչեւ երեսուն տարեկանը արվեստագետի բոլոր խնդիրները պիտի լուծված լինեն, բացի մեկից՝ ինչպես գրել։

Ի պատասխան հայտարարում էի, որ գլխավոր խնդիրներն անլուծելի են։ Օրինակ, հայրերի ու որդիների վեճը։ Սիրո եւ պարտականության հակասությունը…

Մեր միջեւ եզրաբանական խառնաշփոթ էր ծագում։

Վերջում Բեռնովիչն անպայման կրկնում էր․

— Դու ամուսնության համար չես ստեղծված…

Բայցեւայնպես, արդեն տասը տարի ամուսնացած ենք։ Տասից մի քիչ պակաս…

Տատյանան իմ կյանքի վրա բացվեց արշալույսի պես։ Այսինքն՝ խաղաղ, գեղեցիկ, առանց արտակարգ հույզեր արթնացնելու։ Արտակարգը նրա մեջ միայն անտարբերությունն էր։ Իր անսահման անտարբերությամբ նա բնության երեւույթ էր հիշեցնում…

Գեղանկարիչ Լոբանովն իր գերմանամկան ծնունդն էր նշում։ Թեք տանիքով ձեղնահարկում տասներկու մարդ խրկվել էր։ Բոլորը սպասում էին Ցելկովին, որը չեկավ։ Նստել էին գետնին, չնայած լիքը աթոռ կար։ Գիշերվա կողմ սեղանակիցների զրույցը վերածվեց բանավեճի՝ տուրուդմփոցի երանգով։ Շերտավոր շապիկով մի սափրագլուխ, լարվելուց կարմրած, գոռում էր․

— Նորից եմ կրկնում՝ գույնը գաղափարակա՜ն երեւույթ է…

(Ավելի ուշ պարզվեց, որ հեչ էլ նկարիչ չի, ապրանքագետ է՝ Ապրաքսինի վաճառատնից)։

Այս անմեղ արտահայտությունը, չգիտես ինչու, կատաղեցրեց հյուրերից մեկին․ նկարիչ֊տառագիր էր։ Բռունցքները սեղմած՝ հարձակվեց ապրանքագետի վրա։ Բայց ինչպես բոլոր սափրագլուխ տղամարդիկ, սա էլ, պարզվեց, շատ ուժեղ էր ու վճռական էր գործում։ Արագ հանեց գամած ամրակով դնովի ատամը։ Փաթաթեց թաշկինակի մեջ։ Դրեց գրպանը։ Ու բռնցքամարտիկի դիրք ընդունեց…

Այդ ընթացքում նկարիչը պաղեց։ Լցոնած ձուկ էր ուտում ու մեկումեջ գոռում․

— Շշմելո՜ւ ձուկ է։ Կուզեի նրանից երեք երեխա ունենամ…

Տանյային միանգամից նկատեցի։ Անմիջապես մտապահվեց դեմքը․ տագնապած ու անտարբեր։ (Պատանեկությունից չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող են կնոջ մեջ համատեղվել անտարբերությունն ու տագնապը)։

Գունատ դեմքին ընդգծվում էր շրթներկը։ Ժպիտը մանկական էր ու մի քիչ տագնապած։

Հետո մեկը երգում էր՝ ջանադրաբար կրկնահանցագործ խաղալով։ Մեկն էլ հետը արտասահմանցի դիվանագետի էր բերել, որը, պարզվեց, հույն նավաստի էր։ Բանաստեղծ Կարպովսկին ինքնամոռաց ստում էր։ Օրինակ, որ ստեղծագործական խուլիգանության համար իրեն վռնդել են միջազգային Պեն֊ակումբից… Բռնեցի Տատյանայի ձեռքն ու ասում եմ․

— Գնանք էստեղից։

Բնածին անվաստահությունը հաղթահարելու լավագույն միջոցը հնարավորինս ինքնավստահ լինելն է։

Տանյան առանց տատանվելու համաձայնեց։ Ու ոչ դավադրի պես։ Ավելի շուտ՝ լսող երեխայի։ Պարմանուհու, որը հաճույքով ենթարկվում է մեծերին։

Եվ գնացի դեպի դուռը, բացեցի ու քարացա։ Ոտքերիս տակ փայլում էր թաց ու հարթ տանիքը։ Բարձր ու գունակ երկնքի ֆոնին սեւին էին տալիս ալեհավաքները։

Պարզվեց՝ արվեստանոցը երեք դուռ ունի։ Մեկը տանում էր դեպի վերելակը։ Մյուսը՝ ջեռուցման համակարգի ընդերքը։ Եվ երրորդը՝ տանիք։

Վերադառնալ չէի ուզում։ Մանավանդ, դատելով ձայների ուժեղանալուց, երեկույթը մոտենում էր տուրուդմփոցի։ Մի պահ ոտս կախ գցեցի ու իջեցրի դղրդացող թիթեղին։ Տանյան հետեւեց ինձ։

— Վաղուց էր ուզում,— ասում եմ,— լինել այսպիսի ռոմանտիկ իրավիճակում։

Ոտքերիս տակ մի պատռված կոշիկ էր ընկած։ Թախծոտ պառավ կատուն ասես լարախաղաց լիներ թեք կտուրին։

Հարցրի․

— Տանիք բարձրացած կա՞ք։

— Երբեք,— պատասխանեց Տանյան։

Հավելելով․

— Բայց միշտ սարսափելի նախանձել եմ Տերեշկովային…

— Այնտեղ,— ասում եմ,— Կազանի տաճարն է… Հետո՝ Ծովակալությունը… Իսկ սա Պուշկինյան թատրոնն է…

Մոտեցանք եզրապատին։ Հեռու ներքեւում աղմկում էր իրիկնային քաղաքը։ Փողոցը վերեւից անդեմ էր թվում։ Մի քիչ կենդանություն էին տալիս տրամվայների լույսերը։

— Պետք է,— ասում եմ,— դուրս պրծնել էստեղից։

— Կարծում եք կռիվն արդեն պրծե՞լ է։

— Չեմ կարծում… Ո՞նց եք էստեղ հայտնվել… Էս խմբում, էլի։

— Նախկին ամուսնուս միջոցով։

— Ի՞նչ է, նկարի՞չ է։

— Էնքան էլ չէ… Պարզվեց՝ սրիկայի մեկն է։ Իսկ դո՞ւք։

— Ինձ Լոբանովը կանչեց։ Փառասիրությունս բռնել էր՝ նրանից նկար էի առել։ Ինչ֊որ սպիտակ բան… պուճուր ականջներով… Կաղամա՞ր էր, ի՞նչ էր… Կոչվում է «Լռության վեկտորը»… Մեջները տաղանդավոր նկարիչներ կա՞ն։

— Հա։ Օրինակ՝ Ցելկովը։

— Որն է, ջինսո՞վը։

— Չէ, էն որ չեկավ։

— Պարզ է,— ասում եմ։

— Վերջերս մեկը կախվեց։ Ձուկ էին ասում։ Մականունն է… Բռնեց, ուրեմն, ու կախվեց։

— Տե՛ր Աստված… Ինչի՞ համար։ Դժբախտ սե՞ր։

— Վաղուց երեսուն տարեկան էր։ Նկարները չէին ծախվում։

— Լա՞վն էին։

— Էնքան էլ չէ։ Հիմա սրբագրիչ է։

— Ո՞վ,— ճչացի ես։

— Ձուկը։ Հաջողվեց փրկել։ Հարեւանը եկել էր ծխախոտի…

— Պետք է,— ասում եմ,— դուրս պրծնել էստեղից։

Մանրաքայլ մոտեցա ձեղնապատուհանին։ Բացեցի։ Ձեռքս մեկնեցի աղջկան․

— Զգո՛ւյշ։

Տանյան թեթեւ սահեց պատուհանախորշի մեջ։ Ես հետեւեցի նրան։ Ձեղնահարկում մութ էր ու փոշոտ։ Քայլ արեցինք թաղիքով մեկուսացված խողովակների վրայով։ Կռացանք լվացքի պարանների տակ։ Հասնելով հետնասանդուղքին՝ իջանք ներքեւ։ Հետո անցաբակերով հասանք տաքսու կանգառ։

Անձրեւ էր գալիս, ու ես մտածեցի՝ ահա լենինգրադյան գրական ավանդույթը։ Այդ ամբողջ գովերգված «դպրոցը» համատարած անձրեւի նկարագրություն է։ Նրա «ոճի փայլատ շքեղությունը»՝ ասֆալտն անձրեւից հետո…

Հետո հարցրի․

— Հայրիկն ու մայրիկը հիմա երեւի անհանգստանում են, հա՞։

Արդեն տասնհինգ տարի գրավիչ աղջիկներին անփոփոխ այդ հարցն եմ տալիս։ Հինգից երեքը պատասխանում են․

«Մենակ եմ ապրում։ Էնպես որ, անհանգստացող չկա…»։

Ես հենց դրան էլ սպասում եմ։ Հին ասածվածքն ասում է՝ ավելի հեշտ է մարտնչել թշնամու տարածքում…

— Ծնողներ չունեմ,— տխուր ասաց Տանյան։

Շփոթվեցի։

— Ներեցեք,— ասում եմ,— անքաղաքավարության համար…

— Յալթայում են ապրում,— ավելացրեց Տանյան,— հայրիկս շրջկոմի քարտուղար է…

Այստեղ մոտեցավ մեքենան։

— Ո՞ւր ենք գնում,— առանց շրջվելու հարցրեց վարորդը։

— Ձերժինսկու ութ։

Վարորդը դժգոհ թոթվեց ուսերը․

— Ոտով էլ կհասնեիք։

— Դու խնդիր չունես,— ասում եմ…

Վարորդը դարձավ ինձ․

— Երախտապարտ եմ, տե՛ր իմ։ Մինչեւ մահ֊գերեզման չեմ մոռանա ձեր բարությունը…

Մոտեցանք Տանյայի շենքին։ Աղյուսաշար ճակտոնը մի մետր առաջ էր ընդհանուր շարքից։ Չորս ընդարձակ վիկտորիանական պատուհանները միացված էին բազրիքներով։

Վարորդը շրջադարձ արեց ու մեկնեց՝ ասելով․

— Աուֆ վիդեր զեեն…

Թեք աստիճանները տանում էին դեպի ծանր, բրեզենտով պաստառված դռները…

Հազար անգամ եղել եմ նման վիճակներում։ Բայցեւայնպես հուզվում էի։ Հիմա կհասնի սանդղահարթակ, ու ես կլսեմ․

«Շնորհակալ եմ, որ ուղեկցեցիք…»։

Դրանից հետո պետք է հեռանալ։ Մուտքում ցցվելն անվայել է, հարցնելը՝ «Սուրճ չե՞ք հյուրասիրի…»՝ խայտառակություն…

Իմ ընկեր Բեռնովիչն ասում էր․

«Լավ է գնալ, երբ հրավիրում են։ Սարսափելի է, երբ չեն հրավիրում։ Իսկ ամենալավը՝ որ հրավիրում են, չես գնում…»։

Տանյան կիսաբաց արեց դուռը․

— Շնորհակալություն տանիքի համար։

— Գիտե՞ք,— ասում եմ,— ինչն է ափսոս։ Լիքը խմելու բան մնաց… Էնտեղ, արվեստանոցում։

Միեւնույն ժամանակ, ասես պատահմամբ, անցա շեմը։

— Գինի ունեմ,— ասաց Տանյան,— եղբորիցս եմ պահում։ Շիշն առած՝ գալիս է, կեսը դնում եմ պահարանը։ Լյարդը հիվանդ է…

— Հետաքրքրությունս շարժեցիք,— ասում եմ։

— Հասկանում եմ ձեզ,— ասաց Տանյան,— քեռիս անհույս հարբեցող է…

Մտանք վերելակ։ Բոլոր հարկերում լամպերը թարթում էին։ Տանյան ուսումնասիրում էր իր բոկոտիկները։ Ի դեպ, թանկարժեք բոկոտիկներ, «Ռոշա» ֆիրմային ապրանքանիշով…

Նրա թիկունքում կավիճով գրված հայհոյանք տեսա։ Անհասցե հայհոյանք։ Մաքուր արվեստի արտահայտություն։

Հետո կամացուկ, համարյա գաղտագողի գնացինք միջանցքով։ Թեւքս շրշյունով քսվում էր պաստառներին։

— Ինչ մե՜ծ եք,— շշնջաց Տանյան։

— Իսկ դուք,— ասում եմ,— ուշադիր եք…

Հետո հայտնվեցինք անսպասելիորեն ընդարձակ սենյակում։ Տեսա գիպսե Նեֆերտիտիին, արտասահմանյան օրացույցը՝ վարդագույն կրծկալով աղջիկը վրան, տրանսատլանտյան օրացույցը՝ վարդագույն կրծկալով աղջիկը վրան, տրանսատլանտյան ավիաուղու պաստառը։ Սեղանին կարմրին էին տալիս բրդաթելի կծիկները…

Տանյան մի շիշ կագոր հանեց, խնձոր, հալվա, ծամածռված թաց պանիր։

— Որտե՞ղ եք աշխատում։

— ԼԻՏՄՕ֊ի գրասենյակում։ Իսկ դո՞ւք։

— Ես,— ասում եմ,— ռեպորտյոր եմ։

— Լրագրո՞ղ։

— Չէ՛։ Հենց ռեպորտյոր։ Ժուռնալիստիկան ոճ է, գաղափարներ, հիմնահարցեր… Իսկ ռեպորտյորը փաստ է հաղորդում։ Նրա համար գլխավորը չստելն է։ Դա է նրա աշխատանքի խորհուրդը։ Ռեպորտյորի ոճի գագաթնակետը համրությունն է։ Դրա մեջ նվազագույն սուտ կա…

Զրույցը բազմանշանակ էր դառնում։

Ես ընդհանրապես չեմ սիրում խոսել իմ գրական գործերից։ Այդ առումով, ինչպես ասում են, պահպանել եմ կուսությունս։ Աշխատանքս փոքր֊ինչ նվաստացնելով՝ հասնում էի հակառակ արդյունքի։ Ինձ այդպես էր թվում…

Կագորը խմված էր, խնձորը՝ շերտավորված։ Վրա հասավ դադարը, նման վիճակում՝ կործանարար…

Որքան էլ տարօրինակ է՝ սիրո պես մի բան էի զգում։

Բայց՝ որտեղի՞ց։ Ո՞ր աղբանոցից։ Խղճուկ, բռի կյանքի ի՜նչ խորխորատներից։ Ի՞նչ ուժահատ, աղքատիկ հողից են աճում այդ արեւադարձային ծաղիկները։ Ո՞ր արեւի շողերի տակ։

Հնոտիքով խրկված ինչ֊որ արվեստանոցներ, գռեհիկ հագուկապով օրիորդներ… Կիթառ, օղի, խղճուկ խռովարարություն… Ու հանկարծ,— տե՜ր Աստված,— սե՜ր…

Բայց, լավ իմաստով, ի՜նչ անընթեռնելի է Նա՝ տիեզերքի այդ տիրակալը…

Հետո Տանյան հազիվ լսելի ասաց…

— Եկեք զրուցենք, պարզապես զրուցենք…

Դրանից երեք րոպե առաջ հանել էի կոշիկներս։

— Տեսականորեն,— ասում եմ,— կարելի է։ Գործնականում՝ ոչ…

Եվ անձայն անիծում եմ ջեմպրիս փչացած շղթան…

Հազար անգամ կընկնեմ նույն փոսը։ Ու հազար անգամ մեռնելու եմ վախից։

Միակ սփոփանքը՝ որ այդ վախը գլանակից կարճ է։ Քնթուկը դեռ ծխում է, իսկ դու արդեն հերոս ես…

Հետո անձուկ էր, ու կային բառեր, որոնք առավոտյան հիշելը տառապանք է։ Իսկ գլխավորը՝ առավոտը կար որպես այդպիսին, խավարից դուրս լողացով իրերի ուրվագծերով։ Առավոտն առանց հիասթափության, որին սպասում ու վախենում էի։

Հիշում եմ՝ նույնիսկ ասացի․

— Քեզ առավոտնել է սազում…

Այնպես ակնհայտորեն լավացել էր առանց շպարի։ Հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց։ Ու շարունակվում է արդեն տասը տարի։ Տասից մի քիչ պակաս…

Սկսեցի ժամանակ առ ժամանակ այցելել Տանյային։ Մի շաբաթ առավոտից իրիկուն աշխատում էի։ Հետո հանդիպում ընկերներիցս որեւէ մեկին։ Նստում էինք խմբով, խոսում Նաբոկովից, Ջոյսից, հոկեյից, սեւ տերյերներից…

Պատահում էր, որ հարբում էի, եւ այդ ժամանակ զանգում էի նրան։

— Մի՜ստիկա է,— գոռում էի խոսափողի մեջ։— Իսկական միստիկա… Հերիք է զանգեմ, ու դու ամեն անգամ ասում ես, որ արդեն գիշերվա երկուսն է…

Հետո, օրորվելով, հասնում էի նրա տուն, որ զգալիորեն դուրս էր շարքից, ասես քայլ աներ ինձ ընդառաջ։

Տանյան ինձ զարմացնում էր անխոս հնազանդությամբ։ Չէի հասկանում՝ դրա մեջ ինչն էր ավելի շատ՝ անտարբերությո՞ւնը, հեզությո՞ւնը, գոռոզությո՞ւնը։ Չէր հարցնում․

«Ե՞րբ կգաս»։

Կամ․

«Ինչի՞ չէիր զանգում»։

Նա ինձ ապշեցնում էր սիրո, զրույցի, զվարճանքի անփոփոխ պատրաստակաությամբ։ Նաեւ՝ դրանք նախաձեռնելու ցանկության կատարյալ բացակայությամբ…

Լռակյաց էր ու խաղաղ։ Լռակյաց էր առանց ջանքի, եւ խաղաղ՝ առանց սպառնալիքի։ Դա լուռ խաղաղությունն էր օվկիանոսի, որն անտարբեր լսում է ճայերի ճիչը…

Ինչպես բոլոր թեթեւամիտ տղամարդիկ՝ ես այնքան էլ չար մարդ չէի։ Սկսում էի մեղա գալ կամ կատակել։ Ասում էի․

— Փեսացուները լինում են ստացիոնար եւ ամբուլատոր։ Ես, օրինակ, ամբուլատոր եմ…

Ապա․

— Ի՞նչ ես գտել իմ մեջ։ Այ մի կարգին մարդու հանդիպեիր։ Որեւէ զինծառայողի…

— Խթան չկա,— ասում էր Տանյան,— լավ մարդուն սիրելն անհետաքրքիր է…

Ապշելու դարում ենք ապրում։ «Լավ մարդը» մեզ համար վիրավորանքի պես է հնչում։ «Բայց հո՛ լավ մարդ է» ասում են փեսացուի մասին, որն ակնհայտ ոչնչություն է…

ԱՆցավ մի տարի։ Ես ավելի ու ավելի հաճախ էի լինում Տանյայի մոտ։ Հարեւանները հարգալից բարեւում ու կանչում էին հեռախոսի մոտ։

Անձնական իրեր հայտնվեցին․ ատամի խոզանակ՝ կավե բաժակում, մոխրաման, հողաթափեր։ Օրերից մի օր սեղանի գլխին կախեցի ամերիկյան գրող Բելլոուի լուսանկարը։

— Բելո՞վ,— հարցրեց,— Տանյան,— «Նովիյ միրի՞ց»։

— Ինքն է որ կա,— ասում եմ…

Լավ, մտածում էի, բռնեմ ու ամուսնանամ։ Ամուսնանամ պարտքի զգացումից։ Ենթադրենք՝ ամեն ինչ լավ կլինի։ Ընդ որում, երկուսիս համար։

Ըստ էության, մենք արդեն ամուսնացած ենք, եւ ամեն ինչ կարգին է։ Պարտականություններից զերծ միություն։ Ինչն էլ նրա հարատեւության երաշխիքն է…

Բայց ո՞ւր է սերը։ Ո՞ւր է խանդն ու անքնությունը։ Ո՞ւր է զգացմունքների հեղեղումը։ Ո՞ւր են չուղարկված նամակները՝ արցունքից ճապաղված թանաքով։ Ո՞ւր է ուշաթափությունը փոքրիկ ոտնաթաթը տեսնելիս։ Ո՞ւր են կուպիդոնները, ամուրները եւ այդ գրավիչ ներկայացման մյուս անխոս դերասանները։ Ո՞ւր է, վերջապես, մեկուերեսունանոց ծաղկեփունջը…

Ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե ինչ է սերը։ Չափորոշիչներն ընդհանրապես բացակայում են։ Դժբախտ սերը դեռ էլի հասկանում եմ։ Իսկ եթե ամեն ինչ կարգի՞ն է։ Իմ կարծիքով, դա տագնապալի է։ Սովորականության մեջ ինչ֊որ նենգություն կա։ Եվ համենայնդեպս՝ ամենասարսափելին քաոսն է…

Ենթադրենք գրանցվեցինք։ Բայց դա անբարոյական կլինի։ Քանի որ բարոյականությունը ճնշում չի հանդուրժում…

Բարոյականությունը բնականորեն պիտի բխի մեր էությունից։ Ինչպես Շեքսպիրն է ասում․

«Բնությո՛ւն, դու իմ աստվածուհին ես»։

Ասենք, ո՞վ է ասում։ Ռայմո՞նդը։ Այդպիսի սրիկա քիչ կա աշխարհում…

Այնպես որ, ամեն ինչ աներեւակայելիորեն խճճվում է։

Բայցեւայնպես՝ հարց։ Ո՞վ կհամարձակվի անբարոյականության մեջ մեղադրել ճուռակին կամ գայլին։ Ո՞վ անբարոյական կանվանի ճահիճը, հողմը կամ անապատի խորշակը։

Բռնի բարոյականությունը մարտահրավեր է բնության ուժերին։ Կարճ ասած, եթե ամուսնանամ պարտքի զգացումից դրդված՝ անբարոյական կլինի…

Մի անգամ Տանյան ինքը զանգեց։ Սեփական նախաձեռնությամբ։ Նրա բնավորությունը նկատի ունենալով՝ դա համարյա դիվերսիա էր։

— Ազա՞տ ես։

— Ցավոք, ոչ,— ասում եմ,— հեռատիպի մոտ եմ…

Արդեն երեք տարի մերժումով եմ դիմավորում ցանկացած անսպասելի առաջարկ։ «Հեռատիպ» հանելուկային բառը պետք է որ համոզիչ հնչեր։

— Եղբայրս է եկել։ Զարմիկս։ Վաղուց էի ուզում ձեզ ծանոթացնել։

— Լա՛վ,— ասում եմ,— կգամ…

Ինչու չծանոթանալ խմող մարդու հետ…

Երեկոյան գնացի Տանյայի մոտ։ Խմել էի՝ ի պետս քաջության։ Հետո ավելացրի։ Ժամը յոթին դռան զանգը տվի։ Ու մեկ րոպե անց, միջանցքի անճարակ իրարանցումից հետո, տեսա եղբորը։

Նա տեղավորվել էր, ինչպես միլիցիոներները, ագիտատորներն ու գիշերային հյուրերն են նստում։ Այսինքն՝ ճաշասեղանին կողքանց։

Ուժե՜ղ ախպեր էր։

Ժայռեղեն ուսերին վեր էր խոյացել գորշ աղյուսագույն դեմքը։ Գագաթը պսակված էր հերվա խոտի կոշտ ու փոշոտ մարգով։ Ականջների ծեփակերտ կամարները սուզվում էին կիսախավարում, ճակատի լայնարձակ ու պինդ առաջնադիրքին հրակնատներս էին պակասում։ Խրամառվի պես սեւին էին տալիս բացված շրթունքները։ Սառցակեղեւով եզերված աչքերի ճահճուտներում հարց էր առկայծում։ Անհստակ բերանը սպառնալից էր ժայռաճեղքի պես։

Ախպերը վեր կացավ ու հածանավի հանգույն պարզեց ձախ ձեռքը։ Քիչ էր մնում տնքայի, երբ պողպատե մամլակները սեղմեցին թաթս։

Հետո ախպերը թմփաց ճռճռացող աթոռին։ Գրանիտե աղացքարերը շարժվեցին։ Կարճ ու կործանիչ երկրաշարժը մարդու դեմքը մի պահ վերածեց ավերակի։ Որի մեջ մի վայրկյան, որպեսզի անմիջապես էլ մարի, բացվեց ժպիտի դժգույն֊կարմիր ծաղիկը։ Զարմիկը նշանակալից ներկայացավ․

— Էրիխ֊Մարիա։

— Բորիս,— սուտ խնդությամբ պատասխանեցի ես։

— Ահա եւ ծանոթացաք,— ասաց Տանյան։

Ու գնաց խոհանոց՝ իր բանին։

Ես լուռ էի՝ ասես ծանր բեռան տակ ճզմված։ Հետո զգացի հրափողի պես սառն ու կարծր հայացքը։ Պողպատե ձեռքն իջավ ուսիս։ Պիջակս միանգամից սկսեց նեղություն անել։

Հիշում եմ՝ ինչ֊որ անհեթեթ բան գոռացի։ Ահավոր ինտելիգենտ մի բան․

— Ձեզ կորցնո՜ւմ եք, մաե՛ստրո։

— Լռե՛լ,— սպառնալից ասաց դիմացս նստածը։ Ապա։— Ինչի՞ չես ամուսնանում, սրիկա՛։ Ի՞նչ ես պոչ խաղացնում, տակա՜նք։

«Եթե սա իմ խիղճն է,— արագ անցավ մտքովս,— շա՜տ անդուրն է…»։

Սկսեցի կորցնել իրականության զգացողությունը։ Իրականության եզրագծերն անհուսալիորեն աղոտանում էին։ Բնապատկեր֊եղբայրը շահագրգիռ ձգվեց դեպի գինին։

Պատուհանների տակ լսվեց տրամվայի զրնգոցը։ Արմունկներս շարժելով շտկեցի հագուստս։ Հետո հնարավորինս ազդեցիկ ասացի․

— Ալյո՜, զարմի՛կ, խնդրում եմ առանց ձեռքերին ազատություն տալու։ Վաղուց եմ ամուսնության թեմայի կառուցողական քննարկում ուզում։ Շամպայնը պորտֆելիս մեջ է։ Մի վայրկյան…

Ու շիշը վճռական դրեցի սեղանի հարթ ու հղկած երեսին…

Այսպես էլ ամուսնացանք։

Եղբոր անունն, ինչպես հետո պարզվեց, Էդիկ Մալինին էր։ Էդիկը խուլուհամրերի ընկերությունում սամբոյի մարզիչ էր։

Իսկ ես այն ժամանակ, ըստ երեւույթին, շատ էի խմել։ Դեռ մինչեւ Տանյայի մոտ գալս։ Ու աչքիս Աստված գիտի ինչեր էին երեւացել…

Պաշտոնապես ամուսնությունը ձեւակերպեցինք հունիսին։ Ռիգայի ծովեզերք մեկնելուց առաջ։ Հակառակ դեպքում հյուրանոցում չէին գրանցի…

Տարիներն անցնում էին։ Ինձ չէին տպում։ Ավելի ու ավելի էի խմում։ Ու դրա համար ավելի շատ արդարացումներ գտնում։

Երբեմն երկար ժամանակ միայն Տանյայի աշխատավարձով էինք ապրում։

Մեր ամուսնության մեջ միատեղվել էին թափն ու խեղճությունը։ Երկու առանձին բնակարան ունեինք։ Իրարից տրամվայի հինգ կանգառ հեռավորությամբ։ Տանյայինը՝ քսանհինգ մետր էր։ Իմ երկու նեղվածք սենյակները՝ վեց ու ութ։ Ճոխ ասած՝ աշխատասենյակ ու ննջարան։

Երեք տարուց այդ ամենը փոխանակեցինք մի կարգին երկսենյականոց բնակարանով։

Տանյան հանելուկային կին էր։ Այնքան քիչ բան գիտեի նրա մասին, որ շարունակ զարմանում էի։ Նրա կյանքի ցանկացած փաստ ինձ վրա սենսացիայի տպավորություն էր գործում։

Մի անգամ զարմացրեց քաղաքական սուր հայտարարությունը։ Մինչ այդ գաղափար չունեի նրա հայացքների մասին։ Հիշում եմ՝ կինոխրոնիկայում տեսնելով ընկեր Գրիշինին՝ կինս ասաց․

— Հենց միայն դեմքի արտահայտության համար նրան կարելի է դատել։

Այդպես մեր միջեւ մասնավոր այլախոհական փոխըմբռնում հաստատվեց։

Բայցեւայնպես՝ հաճախ էինք վիճում։ Ես ավելի ու ավելի ջղային էի դառնում։ Միաժամանակ ե՛ւ չճանաչված հանճար էի, ե՛ւ կողքից փող շինող։ Սեղանիս դարակում իմպրեսիոնիստական նովելներ էին։ Իսկ փողով գրական կոմպոզիցիաներ էի սարքում բանակի ու նավատորմի թեմաներով։

Գիտեի, որ Տանյայի համար դա տհաճ էր։ Բեռնովիչը համառորեն կրկնում էր․

— Մինչեւ երեսունը պետք է լուծել բոլոր խնդիրները, ստեղծագործականից բացի…

Դա ինձ չէր հաջողվում։ Պարտքերս թեթեւ հատեցին այն սահմանը, որից այն կողմ սկսվում է անտարբերությունը։ Գրական չինովնիկները վաղուց արդեն ինձ գրանցել էին ինչ֊որ նողկալի ցուցակում։ Ընտանեկան հարաբերություններում լիովին կայանալ չէի ուզում ու չէի կարող։

Կինս ավելի ու ավելի հաճախ էր խոսում վտարանդության մասին։ Ես վերջնականապես խճճվեցի ու մեկնեցի Պուշկինյան բլուրներ…

Պաշտոնապես ամուրի էի, առողջ, դեռեւս Ժուռնալիստների միության անդամ։ Համակրելի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ էի։ Գրական ունակություններս չէին ժխտում նույնիսկ Գրանինն ու Ռիտխէուն։ Ձեւով՝ լիարժեք ստեղծագործական անհատականություն էի։ Բովանդակությամբ, սակայն, հայտնվել էի հոգեկան խանգարման եզրին…

Եւ ահա նա եկել է, այնքան անսպասելի, որ նույնիսկ շփոթվեցի։ Կանգնել ու ժպտում է, ասես ամեն ինչ կարգին է։

Լսում եմ․

— Սեւացել ես…

Հետո, եթե չեմ սխալվում․

— Սիրելի՛ս…

Հարցնում եմ․

— Ո՞նց է Մաշան…

— Մի քանի օր առաջ թուշն էր ճանկռել, էնքան ինքնագլո՜ւխն է… Պահածոներ եմ բերել…

— Երկա՞ր ես մնալու։

— Երկուշաբթի գործի եմ։

— Էդպես կհիվանդանաս։

— Ինչո՞վ,— զարմացավ Տանյան։

Ու ավելացրեց․— Չնայած, առանց էն էլ առողջ չեմ…

Ա՜յ թե տրամաբանություն է՝ մտածում եմ…

— Ասենք հարմար էլ չի,— ասում է Տանյան։— Սիման արձակուրդում է։ Ռոշչինը պատրաստվում է մեկնել Իսրայել։ Գիտե՞ս, պարզվեց՝ Ռոշչինը Շտակելբերգ է։ Անունն էլ հիմա ոչ թե Դիմա է, այլ՝ Մորդխե։ Ազնիվ խոսք…

— Հավատում եմ։

— Սուրիսները գրում են, որ Լյովան լավ գործի է Բոստոնում…

— Արի թույլտվություն վերցնեմ։

— Ինչի՞ համար։ Ուզում եմ լսեմ։ Ուզում եմ տեսնեմ՝ ոնց ես աշխատում։

— Սա աշխատանք չի։ Աչքակապություն է… Մյուս կողմից էլ՝ քսան տարի է՝ պատմվածքներ եմ գրում, մի անգամ չես հետաքրքրվել…

— Առաջ տանսհինգ էիր ասում։ Հիմա արդեն քսան է։ Չնայած մի տարի էլ չի անցել…

Ինձ հավասարակշռությունից հանելու զարմանալի ունակություն ունի։ Բայց վիճելը հիմարություն կլիներ։ Մարդիկ վիճում են կյանքի լիքությունից…

— Մենք էստեղ խաղավարների պես բան ենք։ Աշխատավորներին օգնում ենք, որ քաղաքավարի հանգստանան։

— Շատ էլ լավ է։ Գործընկերներդ կարգի՞ն մարդիկ են։

— Տարբե՜ր։ Մեկը կա՝ տեղացի, Լարիսան։ Ամեն օր լաց է լինում Պուշկինի գերեզմանին։ Գերեզմանը տեսավ թե չէ՝ լացը կապում է…

— Ձեւացնո՞ւմ է։

— Չեմ կարծում… Տուրիստները մի անգամ նրան խոհանոցի սպասք են նվիրել՝ քառասունվեց ռուբլանոց։

— Ես չէի հրաժարվի…

Այդ պահին կանչեց Գալինան։ Տուրիստներ էին եկել Լիպեցկից։

Տատյանային ասացի․

— Իրերդ կարող ենք թողնել էսկեղ։

— Եղած֊չեղածը էս պայուսակն է։

— Հենց էդ էլ թող…

Քայլեցինք դեպի կապույտ, ցեխաբծերով պատված ավտոբուսը։ Բարեւեցի վարորդին ու տեղավորեցի կնոջս։ Հետո դիմեցի տուրիստներին…

— Բարի լույս։ Արգելոցի վարչակազմը, պահապաններն ու ծառայողները ողջունում են մեր հյուրերին։ Ձեզ ուղեկցելը ինձ են վստահել։ Անունս… Մեզ սպասում է…

Եվ այլն, եւ այլն։

Հետո վարորդին բացատրեցի՝ ինչպես գնալ Միխայլովսկոյե։ Ավտոբուսը շարժվեց։ Շրջադարձերին լսվում էր ռադիոլայի ձայնը․

Ընծայիր հուրդ Պրոմեթեւսի պես։
Հուրդ ընծայիր անխտիր, շռայլ
Եվ մի խնայիր կրակը հոգուդ
Դու մարդկանց համար…

Երբ շրջանցում էինք ճամփաբաժանի արհեստական հսկա գլաքարը, շարացած ասացի․

— Ուշադրություն մի դարձրեք։ Սա հենց այնպես, գեղեցկության համար է…

Ու, ավելի կամաց, կնոջս․

— Ընկեր Գեյչենկոյի տխմար մտահղացումներն են։ Ուզում է մշակույթի ու հանգստի հսկա այգի հիմնել։ Միջավայրի նկտառումներով։ Ծառից շղթա է կախել։ Ասում են՝ Տարտուի ուսանողները թռցրել են։ Ու գցել լիճը։ Կեցցեն ստրուկտուրալիստները…

Էքսկուրսիան վարելիս ժամանակ առ ժամանակ նայում էի կնոջս։ Նրա դեմքը, այդքան ուշադիր ու նույնիսկ մի փոքր շփոթված, նորից ապշեցրեց ինձ։ Գունատ շրթունքներ, թարթիչների ստվեր ու վշտալի հայացք…

Ես արդեն նրան էի դիմում։ Պատմում էի փոքրամարմին հանճարեղ մարդու մասին, ում մեջ այդքան հեշտ գոյակցում էին Աստված ու սատանան։ Որը բարձր էր սավառնում, բայց զոհ գնաց շարքային երկրային զգացմունքին։ Որը գլուխգործոցներ էր ստեղծել, բայց զոհվեց որպես երկրորդ կարգի վեպի հերոս։ Բուլգարինին օրինական հիմք տալով գրելու․

«Մեծ մարդ էր, բայց կորավ֊գնաց նապաստակի պես…»։

Մենք քայլում էինք լճափով։ Բլրի տակ սեւին էր տալիս հերթական գլաքարը՝ զարդարված հերթական մեջբերման սլավոնական գեղագրով։ Տուրիստները շրջապատեցին քարն ու ագահորեն սկսեցին լուսանկարել։

Ծխախոտ վառեցի։ Տանյան մոտեցավ ինձ։

Արեւոտ, քամոտ օր էր, շոգը չէր նեղում։ Ափով մեկ սփռված խումբը հասնում էր մեզ։ Պետք էր շտապել։

Ինձ մոտեցավ մի հաստլիկ՝ նոթատետրը ձեռքին․

— Ներողություն, ինչ էի՞ն Պուշկինի որդիների անունները։

— Ալեքսանդր եւ Գրիգորի։

— Ավագը…

— Ալեքսանդրն էր,— ասում եմ։

— Իսկ հայրանո՞ւնը։

— Ալեքսանդովիչ, բնականաբար։

— Իսկ փո՞քրը։

— Փոքրը՝ ի՞նչ։

— Փոքրի հայրանո՞ւնն ինչ էր։

Ես անօգնական նայեցի Տանյային։ Կինս չէր ժպտում․ տխուր էր ու կենտրոնացած։

— Ախ, հա՜,— գլխի ընկավ տուրիստը։

Պետք էր շտապել։

— Գնանք, ընկերնե՛ր,— առույգ կանչեցի ես,— քայլենք դեպի հաջորդ մեջբերումը։

Տրիգորսկում էքսկուրսիան հեշտ ու նույնիսկ վերելքով անցավ։ Ինչին, կրկնում եմ, զգալիորեն նպաստում էր ցուցադրանքի բնույթն ու տրամաբանությունը։

Ճիշտ է, ինձ շփոթեցրեց մի տիկնոջ պահանջը։ Ցանկանում էր «Հիշում եմ ակնթարթը հրաշք» ռոմանսը լսել։ Ասացի, որ բացարձակապես երգել չգիտեմ։ Տիկինը պնդում էր։ Ինձ փրկեց նոթատետրով հաստլիկը։ Եկեք, ասում է, ես երգեմ…

— Միայն ոչ այստեղ,— խնդրեցի,— ավտոբուսում։ (Վերադարձի ճանապարհին հաստլիկն իսկապես երգեց։ Այդ տխմարը, պարզվեց, հրաշալի տենոր ուներ…)։ Նկատեցի, որ Տանյան հոգնել է։ Որոշեցի Տրիգորսկոյե այգին անտեսել։ Առաջներում էլ նման բան պատահել էր։

Դիմեցի տուրիստներին․

— Ներկաներից ո՞վ է եղել արգելոցում։

Որպես կանոն, այդպիսիք չէին լինում։ Նշանակում է՝ ոչ մի վտանգ, կարող էի խախտել ծրագիրը…

Տուրիստներս վազքով իջան բլրալանջով։ Ամեն մեկն ուզում էր առաջինն ավտոբուս նստել, չնայած տեղերը բավարար էին ու նախապես բաշխված։ Մինչ մենք նայում էինք Տրիգորսկոյեն, վարորդները հասցրել էին լողանալ։ Մազերը թաց էին։

— Գնացինք վանք,— ասում եմ,— կայանատեղից ձախ։

Ջահել վարորդը գլխով արեց ու հարցնում է․

— Էնտեղ երկար ե՞նք մնալու։

— Կես ժամ, ոչ ավել…

Վանքում Տանյային ծանոթացրի պահապան Լոգինովի հետ։ Ասում էին, որ Նիկոլայ Վլադիմիրովիչը հավատացյալ է եւ նույնիսկ պահում է ծեսերը։ Միշտ ուզել էի նրա հետ հավատից խոսել ու հարմար պահ էի փնտրում։ Պարզվեց՝ ուրախ ու խաղաղ մարդ է, իսկ դրա կարիքը ես այնպե՜ս ունեի…

Էքսկուրսիան ավարտեցի հարավային կցաշենքում՝ Բրունոյի նկարի առաջ։ Գերեզմանի մոտ ավարտն ավելի տպավորիչ կլիներ, բայց նախընտրեցի բաց թողնել խումբը։ Կինս մի քիչ կանգնեց շրջափակի մոտ ու արագ վերադարձավ։

— Անհեթեթ ու տխուր է էս ամենը,— ասաց նա։

Չհարցրի, թե ինչը նկատի ունի։ Հոգնել էի։ Ավելի ճիշտ՝ շատ էի լարված։ Գիտեի, որ հենց այնպես չի եկել։

— Արի,— ասում եմ,— ընթրենք «Ծովախորշում»։

— Ես նույնիսկ մի քիչ կխմեի,— ասաց Տանյան…

Սրահը դատարկ էր ու հեղձուկ։ Երկու հսկա հովհարիչներն անշարժ էին։ Պատերը զարդարված էին փայտե հարթաքանդակներով։ Սակավաթիվ այցելուները երկու խումբ էին կազմել։ Դրսեկ արիստոկրատիան՝ ջինսերով, եւ շատ ավելի գորշ տեսք ունեցող տեղական հասարակությունը։ Եկվորները ճաշում էին, տեղացիները՝ խմում։

Նստեցինք պատուհանի մոտ։

— Մոռացա հարցնեմ՝ ինչո՞վ ես եկել։ Ավելի ճիշտ՝ չհասցրի։

— Շատ պարզ, գիշերային ավտոբուսով։

— Կարող էիր զբոսավարներից որեւէ մեկի հետ գալ, անվճար։

— Ես նրանց չեմ ճանաչում։

— Ես էլ։ Մյուս անգամվա համար նախօրոք կպայմանավորվենք։

— Մյուս անգամ դու կգաս։ Ամեն դեպքում՝ բավական հոգնեցուցիչ է։

— Փոշմանեցի՞ր, որ եկել ես։

— Ի՜նչ ես ասում։ Էստեղ հրաշք է…

Մոտեցավ մատուցողը՝ պստլիկ նոթատետրը ձեռքին։ Այդ օրիորդին ճանաչում էի։ Զբոսավարներն անունը Բիսմարկ էին դրել։

— Հը, ի՞նչ,— ասաց նա։

Ու լրիվ ուժահատ՝ պապանձվեց։

— Իսկ ավելի քաղաքավարի,— ասում եմ,— հնարավոր չի՞։ Բացառության կարգով։ Կնոջս հետ եմ։

— Բայց ինչ ասեցի՞ որ…

— Վերջ տուր, խնդրում եմ, վերջացրո՛ւ…

Հետո Տատյանան ուտելիք, գինի, կոնֆետ պատվիրեց…

— Արի քննարկենք։ Արի հանգիստ խոսենք։

— Ես չեմ գնա։ Թող իրենք գնան։

— Ո՞վ՝ իրենք— հարցրեց Տանյան։

— Նրանք, որ թունավորում են իմ կյանքը։ Թող հենց իրենք էլ թողնեն֊գնան։

— Քեզ կնստացնեն։

— Թող նստացնեն։ Եթե գրականությունը դատապարտելի զբաղմունք է, մեր տեղը բանտն է… Եվ ընդհանրապես, գրականության համար արդեն չեն նստացնում։

— Հեյֆեցը նույնիսկ չէր հրապարակել իր աշխատանքը, բռնեցին նստացրին։

— Հենց նրա համար էլ բռնեցին, որ չէր հրապարակել։ Պետք էր տպագրվել «Գրանիում»։ Կամ «Կոնտինենտում»։ Հիմա նրան ո՞վ պիտի պաշտպանի։ Իսկ այդպես Արեւմուտքում կարող էին աղմուկ բարձրացնել…

— Վստա՞հ ես։

— Ինչո՞ւմ։

— Որ Միշա Հեյֆեցը հետաքրքրում է արեւմտյան հասարակությանը։

— Ինչո՞ւ ոչ։ Բուկովսկու մասին գրեցին։ Կուզնեցովի մասին գրեցին…

— Էդ բոլորը քաղաքական խաղեր են։ Պետք է մտածել իրական կյանքի մասին։

— Կրկնում եմ՝ չե՛մ գնա։

— Բացատրի՝ ինչո՞ւ։

— Բացատրելու բան չկա… Իմ լեզուն, իմ ժողովուրդը, իմ խելագար երկիրը… Պատկերացրու, նույնիսկ միլիցիոներներին եմ սիրում։

— Սերը ազատություն է։ Քանի դռները բաց են, ամեն ինչ կարգին է։ Բայց եթե դռները փակ են դրսից՝ արդեն բանտ է…

— Բայց հիմա թողում են, չէ՞։

— Ես էլ հենց ուզում եմ օգտվել դրանից։ Զզվել եմ։ Զզվել եմ ամեն զիբիլի համար հերթ կանգնելուց։ Զզվել եմ պատռված գուլպաներից։ Զզվել եմ ուրախանալուց, որ երշիկը տավարի մսով է… Ի՞նչն է քեզ պահում։ Էրմիտա՞ժը, Նեւա՞ն, կեչինե՞րը…

— Կեչիներն ինձ բացարձակապես չեն հուզում։

— Ուրեմն ի՞նչը։

— Լեզուն։ Օտար լեզվով կորցնում ենք մեր անհատականության ութսուն տոկոսը։ Կորցնում ենք կատակելու, հեգնելու ունակությունը։ Հենց միայն դրանից սարսափում եմ։

— Իսկ ես կատակի սիրտ չունեմ։ Մտածիր Մաշայի մասին։ Պատկերացրու՝ ինչ է սպասում նրան։

— Դու ամեն ինչ սարսափելի չափազանցնում ես։ Միլիոնավոր մարդիկ ապրում են, աշխատում ու միանգամայն երջանիկ են։

— Միլիոնավորները թող մնան։ Ես քո մասին եմ խոսում։ Մեկ է, քեզ չեն տպում։

— Բայց իմ ընթերցողներն այստեղ են։ Իսկ էնտեղ… Ո՜ւմ են պետք իմ պատմվածքները Չիկագո քաղաքում։

— Իսկ էստե՞ղ ում են պետք։ «Ծովախորշի» մատուցողուհո՞ւն, որ նույնիսկ ճաշացանկը չի կարդում։

— Բոլորի՜ն։ Պարզապես մարդիկ դեռ գլխի չեն ընկել։

— Միշտ էլ էդպես է լինելու։

— Սխալվում ես։

— Հասկացիր, տասը տարուց ես պառավ կլինեմ։ Ինձ ամեն ինչ հայտնի է վաղօրոք։ Ամեն ապրած օրը աստիճան է դեպի ապագան։ Ու բոլոր աստիճաններն իրար նման են։ Գորշ, կոխկրտված ու դիք… Ես ուզում եմ մի կյանք էլ ապրել, մի անսպասելի բան եմ երազում։ Թող որ դրամա լինի, ողբերգություն… Սա անսպասելի դրամա կլինի…

Որերորդ անգամ խոսում էինք նույն բանի մասին։ Ես վիճում էի, ինչ֊որ հիմնավորումներ բերում։ Ինչ֊որ բարոյական, հոգեւոր, հոգեբանական փաստարկներ էի առաջարկում։ Փորձում էի ինչ֊որ բան ապացուցել։

Միեւնույն ժամանակ՝ գիտեի, որ իմ բոլոր դատողությունները կեղծ են։ Խնդիրն այդ չէր։ Պարզապես չէի կարողանում որոշում կայացնել։ Ինձ վախեցնում էր այդպիսի լուրջ ու անդառնալի քայլը։ Չէ՞ որ դա կրկին ծնվելու պես բան էր։ Այն էլ՝ սեփական կամքով։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ կարգին ամուսնանալ չի կարողանում…

Ամբողջ կյանքում ատել եմ ակտիվ գործողությունները։ «Ակտիվիստ» բառն ինձ համար վիրավորանքի պես է հնչում։ Ես կարծես ապրում էի կրավորական սեռով։ Պարզապես հետեւում էի հանգամանքներին։ Դա օգնում էր ամեն ինչի համար արդարացում գտնել։

Ցանկացած վճռական քայլ պատասխանատվություն է ենթադրում։ Ուրեմն թող ուրիշները պատասխան տան։ Անգործությունը միակ բարոյական վիճակն է… Կատարելատիպը ձկնորս լինելն էր։ Ամբողջ կյանքում նստել գետի ափին։ Ու ցանկալի է՝ առանց որեւէ ավարի…

Չէի հավատում, որ Տանյան ընդունակ է մեկնելու առանց ինձ։ Ամերիկան, իմ կարծիքով, նրա համար բաժանվելու հոմանիշ էր։ Բաժանում, որն, ըստ էության, արդեն կայացել էր։ Եվ կորցրել էր ուժը՝ սպառված դենատուրատի պես։

Առաջ կանայք ասում էին․ «Այ մի սիրուն հարուստի կգտնեմ, կտեսնես»։ Հիմա ասում են․ «Կմեկնեմ Ամերիկա»…

Ամերիկան ինձ համար պատրանք էր։ Միրաժի պես բան։ Կիսամոռացված կինո՝ Աքբար վագրի ու Չապլինի մասնակցությամբ…

— Տա՜նյա,— ասում եմ,— ես թեթեւամիտ մարդ եմ։ Ցանկացած արկածախնդրություն սրտովս է։ Եթե այնտեղ (հետ քաշեցի վարագույրը) «Կարավելլա» կամ «Բոինգ» լիներ… Կնստեի ու կգնայի… Թեկուզ էդ Բրոդվեյը տեսնելու համար։ Բայց անցնել ատյաններո՜վ։ Բացատրություններ տալ, ապացուցել։ Պատմական հայրենի՜ք… Նախկինների կա՜նչ… Ֆանյա Ցիպերովիչ մորաքո՜ւյր…

Մեզ ուտելիք ու խմիչք բերեցին։

— Ուրեմն հաջողություն մաղթիր մեզ… Տե՛ս, ճաշացանկում «կոտլետ»֊ը «ա»֊ով են գրել…

— Չհասկացա՞…

— Ախր հրաժեշտ տալու եմ եկել։ Եթե համաձայն չես, առանց քեզ ենք մեկնում։ Որոշված է։

— Իսկ Մաշա՞ն։

— Մաշան ի՞նչ։ Հենց նրա համար է արվում էս ամենը։ Դու տեղեկանք կտաս…

— Ի՞նչ տեղեկանք։ Սպասի՛, արի խմենք…

— Որ նյութական պահանջներ չունես։ Դու մեզնից նյութական պահանջներ ունե՞ս…

— Անհեթեթությո՜ւն…

— Ուրեմն տեղեկանք կտա՞ս։

— Իսկ եթե՝ ոչ։

— Էդ դեպքում Մաշային դուրս չեն թողնի։

— Ու դու մենա՞կ կգնաս։

— Չգիտեմ… Չէ՛… Կարծում եմ՝ էդպիսի բան չես անի։ Դու, սկզբունքորեն, չար չես։

— Ի՞նչ կապ ունի բարությունը։ Խոսքը կենդանի մարդու մասին է։ Իսկ եթե աղջիկս մեծանա ու ասի… Ո՞նց ես որոշում ընդունում նրա փոխարեն։

— Իսկ ո՞վ որոշի։ Դո՞ւ։ Դու փչացրիր քո կյանքը, իմ կյանքը փչացրիր…

— Դեռ ամեն ինչ կորած չի…

— Խորհուրդ եմ տալիս լավ մտածել…

— Մտածելու բան չունեմ… Ինչ֊որ հիմար տեղեկանքներ… Ինչի՞ համար է էս ամենը… Արդեն չեմ խմում, աշխատում եմ… Կյանքը կարգի կընկնի, այ կտեսնես։

— Ինքդ էիր ասում․ «Ով մեկ խմեց՝ միշտ կխմի»։

— Ես չեմ ասել։ Ինչ֊որ անգլիացի է ասել։ Գրողը դրան տանի։

— Կարեւոր չի։ Քեզ են բարեւում։

— Հետ նայեցի։ Դռան մեջ կանգնած էին միտրոֆանովն ու Պոտոցկին։ Ուրախացա, որ կարելի է ընդհատել խոսակցությունը։ Մենակ թե, մտածում եմ, նրան անկողին դնեմ…

— Ծանոթացեք,— ասում եմ,— նստե՛ք։

Ստասիկը հանդիսավոր խոնարհվեց։

— Վիպասան Պոտոցկի։ ՍՄ գրողների անդամ։

Միտրոֆանովն անխոս գլխով արեց։

— Նստեք։

— Ես արդեն նստած եղել եմ,— հեգնեց Պոտոցկին։

Միտրոֆանովը լուռ էր։ Հասկացա՝ անփող են, ու ասացի․

— Կինս է եկել։ Էնպես որ, հյուրասիրում եմ։

Ու գնացի բուֆետ՝ գարեջրի։ Երբ վերադարձա, Պոտոցկին աշխուժորեն ինչ֊որ բան էր պատմում կնոջս։ Հասկացա, որ խոսքը նրա տաղանդի եւ գրաքննության ապօրինությունների մասին է։ Ինչը չխանգարեց, որ շեղվի․

— Գարեջո՞ւր։ Վախենամ չոռոգի։

Ստիպված գնացի օղու հետեւից։ Այդ ընթացքում մատուցողուհին բուտերբրոդներ ու աղցան բերեց։ Պոտոցկին իրար անցավ։

— Ինձ՝ լիքը,— ասաց նա ու ավելացրեց։— Սիրում եմ լխտիկներին։

Վոլոդյան առաջվա պես լուռ էր։ Ստասիկը որսաց իմ զարմացած հայացքը։ Միտրոֆանովին ցույց տալով՝ բացատրեց․

— Հասկանո՞ւմ ես, բերանը իշամեղու է մտել։

— Տե՜ր Աստված,— ասաց կինս,— ու դեռ էնտե՞ղ է։

— Չէ՜։ Հասկանո՞ւմ ես, վանքում էքսկուրսիան ավարտելիս իշամեղուն թռել մտել է բերանը։ Վովկան, կներեք խորխել է, բայց սա հասցրել է կծի։ Հիմա խոսել չի կարողանում, ցավում է։

— Կուլ տալիս է՞լ,— հարցրեց Տանյան։

— Վոլոդյան թափով օրորեց գլուխը։

— Կուլ տալիս ցավոտ չի,— բացատրեց Պոտոցկին։

Նրանց համար օղի լցրի։ Կինս ակնհայտորեն նեղվում էր ընկերախմբի ներկայությունից։

— Արգելոցը ձեզ դո՞ւր է գալիս,— հարցրեց Պոտոցկին։

— Հրաշալի վայրեր կան։ Սավկինի բլրի տեսարանը, Կեռնի ծառուղին…

Միտրոֆանովը հանկարծ լարվեց։

— Ը՜֊ը՜֊ա՜,— արտաբերեց նա։

— Ի՞նչ,— հարցրեց կինս։

— Ասում է՝ «պատրանք է»,— բացատրեց Պոտոցկին։— Ուզում է ասել, որ Կեռնի ծառուղին Գեյչենկոյի հորինածն է։ Այսինքն ծառուղին, իհարկե, կա։ Սովորական լորենու ծառուղի։ Բայց Կեռնը կապ չունի։ Հնարավոր է՝ նույնիսկ մոտ չի եկել էդ ծառուղուն…

— Իսկ ինձ հաճելի է մտածել, որ հենց այնտեղ է Պուշկինը սեր խոստովանել այդ կնոջը։

— Նա կուրտիզանուհի էր,— անողոք ճշտեց Պոտոցկին։

— Պա֊պա պո֊պո,— հավելեց Միտրոֆանովը։

— Վոլոդյան ուզում է ասել «պարզապես պոռնիկ»։ Եվ, կոպիտ ասած, իրավացի է։ Աննա Պետրովնան տասնյակ սիրեկաններ ուներ։ Հենց միայն ընկեր Գլինկան ինչ արժե… Իսկ Նիկիտե՞նկոն։ Եվ ընդհանրապես, գրաքննիչի հետ խառնակվելն արդեն չափից դուրս է։

— Գրաքննությունն էն ժամանակ ուրիշ էր,— ասաց կինս։

— Ցանկացած գրաքննություն հանցագործություն է,— Ստասիկը կառչեց հոգեհարազատ թեմայից։

Նա նորից խմեց ու ավելի տաքացավ։

— Իմ ամբողջ կյանքը պայքար է գրաքննության հետ,— ասում էր նա,— ցանկացած գրաքննություն ծաղրուծանակ է արվեստագետի հանդեպ… Գրաքննությունն իմ մեջ ալկոհոլային ընդվզում է ծնում։ Եկեք խմենք գրաքննության վախճանի կենացը։

Ստասիկը նորից խմեց ու խորհրդավոր շշնջաց․

— Անտր նու։ Մեր մեջ մնա։ Վաղուց եմ վտարանդման պլաններ մտմտում։ Արյանս ուղիղ մեկ երեսուներկուերորդականը հրեական է։ Հավակնում եմ նախագահի խորհրդականի պաշտոնին։ Պահպանում եմ Տուլայի քաղցրաբլիթների կորսված գաղտնիքը։

— Ա՜֊ա՜ա՜,— ասաց Միտրոֆանովը։

— Ինչ է նշանակում՝ «լակել ես»,— ընդդիմացավ Պոտոցկին։— Հա, խմել եմ։ Հա, մի քիչ անկաշկանդ եմ։ Հուզված՝ սքանչելի տիկնոջ ընկերակցությունից։ Բայց գաղափարապես սթափ եմ…

Ճնշող լռություն տիրեց։ Հետո ինչ֊որ մեկը հինգկոպեկանոց գցեց «Մելոման» սարքի ճեղքը։ Լսվեցին Անատոլի Կորոլյովի սրտաճմլիկ ծղրտոցները․

…Քաղաքն ինձ պարզեց հրապարակի
ափերը պարապ,
ու պուրակներում դեղնին է տալիս տերեւը վերջին։
Ինչե՜ր ունեի դեռ քեզ պատմելու գնալուց առաջ,
Բայց ո՞վ կհուշի միակ բառերը…

— Մեր գնալու ժամանակն է,— ասում եմ,— էլի օղի պատվիրե՞մ։

Ստասիկը կախեց գլուխը, Միտրոֆանովը եռանդուն գլխով արեց։ Պատվիրեցի, վճարեցի, վեր կացանք։ Պոտոցկին նույնպես վեր թռավ ու շխկացրեց մաշված կրունկները․

— Ինչպես իմ շլչախտիչ նախնիներն էին ասում՝ դո վիձեննյա։

Միտրոֆանովը տխուր ժպտաց…

Կարճ ճանապարհը անտառի միջով էր։ Ծառերից գեջություն ու ցուրտ էր փչում։ Մեզ շրջանցում էին անվերջանալի հեծանվորդները։ Կածանը կտրատված էր սոճիների արմատներով։ Սուր զնգաց անվահեծը։

Տանյան ասում էր․

— Թող որ իմ որոշումն արկածախնդրություն է կամ նույնիսկ խելագարություն։ Ես այլեւս այսպես չեմ կարող։

Նրա հուսահատությունը վախեցնում էր։ Բայց ի՞նչ կարող էի ասել։

— Հիշո՞ւմ ես քեզ ոնց փախցրի, հյուր էինք գնացել։ Տարա, տարա ու գցեցի… Մի ժամանակ ամեն ինչ լավ էր։ Ու լավ կլինի։

— Մենք լրիվ ուրիշ մարդիկ էինք։ Ես ծերանում եմ։

— Ոչ մի դեպքում…

Տանյան լռեց։ Ես, սովորականի պես, սկսեցի փիլիսոփայել․

— Միակ ազնիվ ճանապարհը սխալների, հիասթափությունների ու հույսերի ճանապարհն է։ Կյանքը սեփական փորձով չարի ու բարու սահմանները գտնելն է… Ուրիշ ճանապարհ գոյություն չունի… Ես ինչ֊որ բանի հասել եմ… Կարծում եմ՝ դեռ ուշ չէ…

— Բառե՜ր, բառե՜ր…

— Բառերն իմ մասնագիտությունն են։

— Դա էլ է բառեր։ Ամեն ինչ արդեն վճռված է։ Արի մեզ հետ։ Դու մի կյանք էլ կապրես…

— Գրողի համար դա մահ է։

— Այնտեղ ռուսներ շատ կան։

— Պարտվածնե՜ր են։ Պարտվածների թշվառ խառնամբոխ։ Նույնիսկ Նաբոկովը պակասավոր տաղանդ է։ Էլ ի՞նչ ասես ինչ֊որ Զուրովի մասին։

— Ո՞վ է էդ Զուրովը։

— Կար էդպիսի մեկը…

— Ինչի՜ մասին ենք խոսում։ Արդեն ամեն ինչ որոշված է։ Հինգշաբթի փաստաթղթերը հանձնում եմ։

Մեքենայաբար հաշվեցի՝ ինչքան է մնացել մինչեւ հինգշաբթի։

Ու հանկարծ այնպիսի սուր ցավ զգացի, այնպիսի անբացատրելի դառնություն, որ նույնիսկ մոլորվեցի։ Ասացի․

— Տա՜նյա, ներիր ինձ ու մի գնա։

— Ուշ է,— ասում է,— սիրելի՛ս…

Ես շրջանցեցի նրան, ահագին առաջ անցա ու լաց եղա։ Ավելի ճիշտ՝ լաց չեղա, դադարեցի ինձ զսպել։ Գնում ու կրկնում եմ․

«Տե՜ր Աստված, տե՜ր Աստված, ինչի՞ համար է էս պատիժը»։ Եվ՝ ինքս ինձ․ «Ոնց թե՝ ինչի՞։ Ամեն ինչի համար։ Քո ամբողջ կեղտոտ, ծույլ, փնթի կյանքի համար…»։

Հետեւիցս գալիս էր կինս՝ հեռավոր, վճռական ու խիզախ։ Եվ, ինչպես պարզվեց, ոչ այնքան հիմար…

Բարձրացանք բլրի գագաթը։ Ցույց տվի տունը, որտեղ ապրում եմ։ Ծխնելույզից ուղղահայաց ծուխ էր բարձրանում։ Ուրեմն տանտերը տեղում է։

Քայլում էինք գյուղամիջի փողոցով, ու բոլորը բարեհամբույր ողջունում էին։ Վաղուց եմ նկատել, որ միասին համակարելի ենք շրջապատի համար։ Երբ մենակ եմ, ամեն ինչ այլ է։

Հանդիպեց Նադեժդա Ֆյոդորովնան ու ասաց․

— Առավոտը եկեք՝ կաթ տամ…

Տանյային զվարճացնում էին աքաղաղները, փրչոտ բակաշները, իսկ երբ հնդկահավ տեսավ, հրճվանքը սահման չուներ․

— Ինչպիսի՜ մեծամտություն։ Ինչպիսի՜ ինքնահավանություն… Բավական նողկալի արտաքինով հանդերձ։ Աքլորներն ու սագերն էլ իրենց երեւակայում են, բայց սա՜… Աստվա՜ծ իմ, ի՜նչ նման է Իզաքսոնին…

Մեզ տեսնելով՝ Միխալ Իվանիչն իրար անցավ։ Տառապագին կնճռոտվելով՝ կարմրագորշ վզին կոճկեց վերնաշապիկը։ Ու այնպես, որ օձիգի մաշված ծայրերը ցցվեցին։ Հետո, չգիտես ինչու, դրեց գլխարկը։

— Բորկայի հետ լավ ենք ապրում,— ասաց,— համ վարքի կողմից, համ ընդհանրապես… Ոնց որ ասած՝ ոչ սպիտակ, ոչ կարմիր, ոչ գարեջուր… Էլ չասած՝ ադեկոլոնը… Մի գլուխ գիրք է կարդում։ Կարդում է, կարդում ու հիմար էլ կմեռնի,— անսպասելի ավարտեց Միխալ Իվանիչը։

Որոշեցի ինչ֊որ կերպ վնասազերծել նրան։ Կանչեցի նախասենյակ․

— Մի՛շա, փող պետք չի՞։

— Ո՞ւմ։ Էդ… Տո՛ւ…

Երեքանոց տվի։

— «Վիտյազը» մինչեւ տասնմեկն է,— ասաց Միխալ Իվանիչը,— կհասցնեմ։ Թե՞ Լյոխայի զամբիկը վերցնեմ… Է՜, մինչեւ էս ո՞ւր էիք։ Միկրոշրջանում «Խնձորի» արաղը մեկ ու տասնչորս է… Լավ, գնացի։ Ճարպ կա էնտեղ, վերցրեք, սոխ,— արդեն շեմից կանչեց նա։

Մնացինք երկուսով։ Տանյան վախեցած շուրջն էր նայում։

— Վստա՞հ ես, որ սա բնակարան է։

— Կար ժամանակ՝ կասկածում էի։ Կարգի եմ բերել։ Մենակ տեսնեիր՝ առաջ ինչ էր կատարվում։

— Տանիքը ծակ է։

— Լավ եղանակին չի խանգարում։ Իսկ անձրեւ, կարծես, չի նախատեսվում։

— Հատակին էլ անցքեր կան։

— Հիմա դեռ ոչինչ։ Առաջ էդ անցքերով անտեր շներ էին մտնում։

— Անցքերն էդպես էլ չես փակել։

— Բայց հո՛ շներին վարժեցրի…

Տանյան ձեռք տվեց ծածկոցին․

— Աստվա՜ծ իմ, ի՜նչ ես գցում վրադ։

— Հիմա,— ասում եմ,— տաք է։ Կարելի է ընդհանրապես չծածկվել։ Համենայնդեպս՝ դու…

— Հաճոյախոսությո՞ւն է։

— Դրա պես մի բան։

— Նիհարել ես։

— Շատ եմ քայլում։

— Սազում է։

— Բացի էդ, բավական խոշոր աչքեր ունեմ…

— Շատ հիմար խոսակցություն է,— ասաց Տանյան։

— Հրաշալի է։ Կուզեի հասնել կատարյալ ապուշության։ Ակվարիում առնել՝ ձկնիկներով, արմավենի՝ փայտե տակառում…

— Ինչի՞դ է ակվարիումը։

— Իսկ արմավենի՞ն ինչիս է։

— Ակվարիումից սկսենք։

— Ամբողջ կյանքում երազել եմ մի քանի վարժեցված ոսկե ձկնիկ ունենալ…

— Իսկ արմավենի՞ն։

— Արմավենին կարելի է նկարել՝ բնօրինակից։ Պատշգամբում պահել։

— Հարց է ծագում՝ ո՞ւր է մեր պատշգամբը։

— Բայց դեռ արմավեին էլ չունենք, չէ՞…

— Աստվա՜ծ իմ, ինչե՜ր ես հարցնում։ Ինչից ենք խոսում, ընդհանրապես։

— Իսկապես, ի՞նչ խոսակցություն։ Մանավանդ, որ արդեն ամեն ինչ որոշված է։

Ես նայեցի պատուհաններին։ Վարագույր չկար։ Ուզածդ անցորդ կարող էր ներս նայել։ Գյուղում դա սովորական բան է։

Կարելի է, մտածում եմ, պահարանը մոտեցնել։ Նայեցի՝ պահարան չկա…

— Ի՞նչ նորություն կա Լենինգրադում,— հարցնում եմ։

— Ասեցի։ Ոմանք պատրաստվում են մեկնել։ Մյուսները դրա համար նրանց արհամարհում են։

— Միտյան չի՞ զանգել։

— Մեկ֊մեկ զանգում է։ Գալինայի հետ շատ վատ են։ Ինչ֊որ հարավսլավցի է հայտնվել… Թե հունգարացի, չեմ հիշում… Անունն Աքիլլես է…

— Գուցե հին հո՞ւյն է։

— Չէ, հիշում եմ, որ սոցիալիստական ճամբարից էր։ Ուզել էր Կրեյնին ծեծի…

— Իսկ նա՞։

— Իսկ Ժենյան նրան ասում է․ «Մի՛տյա, ես չեմ վախենում, որովհետեւ դու կոտոշավոր ես։ Հետեւաբար՝ գիշատիչ չես»։ Մի կերպ բաժանվեցին։

— Իզո՛ւր…

Լռեցինք։

Ես անընդհատ մտածում էի՝ ո՞նց վարագուրեմ պատուհանները։ Այնպես, որ պարզ ու անկաշկանդ նայվի։

Տասը տարի է ամուսնացած ենք, ու ես դեռ մեռնում եմ վախից։ Վախենում եմ, որ Տանյան կքաշի ձեռքն ու կասի․ «Մենակ է՜դ էր պակաս…»։

Բայցեւայնպես հասցրի հանել կոշիկներս։ Միշտ գլխանց եմ հանում, որ հետո չշեղվեմ… Որ հետո չասեմ․ «Մի րոպե, կոշիկներս հանեմ…»։ Ասենք կոշկաթելերն էլ հուզմունքից քարկապ են ընկնում… Երեւի մի հազարը կտրած լինեմ կրքի պոռթկման մեջ…

— Բացի այդ, ծանոթացել եմ նշանավոր այլախոհ Գուրեւի հետ։ Երեւի լսել ես, նրա մասին խոսել են արեւմտյան ռադիոկայանները։ Ֆրիդան ծանոթացրեց։ Հյուր եղանք նրա տանը, Պուշկինի փողոցում։ Մեկնելու կապակցությամբ խորհուրդ հարցրինք։ Տանը լիքը սրբապատկեր կար…

— Ուրեմն հրեա է։

— Ոնց որ։ Բայց ազգանունը ռուսական է՝ Գուրեւ։

— Հենց էդ էլ կասկածելի է։ Գուրեւ… Գուրեւիչ…

— Ի՞նչ ունես հրեաների դեմ։

— Ոչինչ։ Առավել եւս, որ նա ռուս է։ Վաթսունվեց թվից եմ ճանաչում։

— Ուրեմն նորից հոգուս հետ ես խաղում։

— Էն պատճառով, որ հանաքչի եմ։

— Գուրեւն էնքան խելացի է։ Ասեց, որ Ռուսաստանը քրիստոնեական վերածննդի դարաշրջան է ապրում։ Որ դա անշրջելի գործընթաց է։ Որ քաղաքային բնակչության վաթսուն տոկոսը հավատացյալներ են։ Իսկ գյուղում՝ յոթանասունհինգը։

— Օրինակ, Միխալ Իվանիչը։

— Միխալ Իվանիչին չգիտեմ։ Լավ տպավորություն է թողնում։

— Վատը չի։ Մենակ՝ սրբությունն է քչություն անում…

— Գուրեւը լուծվող սուրճ հյուրասիրեց։ Ասաց․ «Շատ եք լցնում… Չեմ խնայում, պարզապես համը փոխում է…»։ Իսկ երբ ուզում էինք դուրս գալ, ասում է․ «Ձեզ կուղեկցեմ մինչեւ ավտոբուսը։ Մեզ մոտ էստեղ շատ են անկարգություն անում։ Լիքը խուլիգաններ են…»։ Իսկ Ֆրիդան ասում է․ «Սարսափելի բան չկա։ Ընդամենը քառասուն տոկոս…»։ Գուրեւը նեղացավ ու մեզ ուղեկցելու միտքը փոխեց… Ի՜՞նչ ես անում։ Գոնե լույսը հանգցրու։

— Ինչի՞։

— Էդպես է ընդունված։

— Պատուհանին կարելի է պիջակը կախել։ Իսկ լամպը կեպիով կծածկեմ։ Կդառնա գիշերալամպ։

— Էստեղ էնքան էլ մաքուր չի։

— Իբր Անդալուզիազից ես ժամանել։

— Մի՛ նայի։

— Լավ բան շա՞տ եմ տեսնում։

— Գուլպաս պատռված է։

— Կորցրու աչքիցս։

— Ըհը,— նեղացավ Տանյան,— ախր լուրջ խոսակցության էի եկել։

— Մոռացի,— ասում եմ,— գոնե կես ժամ…


Նախասենյակում ոտնաձայն լսվեց։ Միշան էր վերադարձել։ Մրթմրթալով պառկեց մահճակալին։

Վախենում էի, որ կսկսի հայհոյել։ Տագնապս արդարացավ։

— Գուցե ռադիո՞ն միացնենք,— ասաց Տանյան։

— Ռադիո չունենք։ Էլեկտրական հեսան ունենք…

Միշան երկար ժամանակ չէր հանդարտվում։ Օրինակ, լսեցի․

«Լրբերն են լողում անտակ ջրերում…»։

Վերջապես լռություն տիրեց։ Մենք նորից միասին էինք։ Հանկարծ Տանյան աղմկեց։ Ասում եմ․

— Մի՛ գոռա։ Միշան կզարթնի…

— Բա ի՞նչ անեմ։

— Որեւէ կողմնակի բանի մասին մտածի։ Ես միշտ տարբեր տհաճությունների մասին եմ մտածում։ Պարտքերի, հիվանդությունների, նրա մասին, որ ինձ չեն տպում։

— Իսկ ես մտածում եմ քո մասին։ Դու իմ ամենամեծ տհաճությունն ես։

— Գյուղական ճարպ կուզե՞ս։

— Չէ։ Գիտե՞ս ինչ եմ ուզում։

— Կռահում եմ…

Տանյան նորից լաց եղավ։ Էնպիսի բաներ էր ասում, որ մտածում էի՝ հանկարծ չարթնանցնենք տանտիրոջը։ Ա՜յ թե կզարմանար…

Հետո վառածի հոտ եկավ։ Իմ արտասահմանյան կեպիից թանձր ծուխ էր ելնում։ Լամպը հանգցրի, բայց արդեն լույս էր։ Մոմլաթը սեղանին փայլում էր։

— Ինն անց երեսունին գնում է առաջին ավտոբուսը։ Հաջորդը՝ չորսին։ Դեռ Մաշային պիտի վերցնեմ…

— Անվճար կուղարկեմ։ Տասին «Հյուսիսային Պալմիրա» եռօրյան է մեկնում։

— Կարծում ես հարմա՞ր է։

— Միանգամայն։ Հսկա «Լյուքս Իկարուս» է։ Ազատ տեղ միշտ կճարվի։

— Փողը վարորդի՞ն պիտի տամ։

— Էդ իմ գործն է։ Մենք մեր հաշիվներն ունենք… Լա՛վ, գնամ կաթի։

— Շալվարդ հագի։

— Լավ միտք է…

Նադեժդա Ֆյոդորովնան արդեն բնբնում էր բանջարանոցում։ Կարտոֆիլի փրերի վրա վեր էր խոյացել նրա լայն հետույքը։ Հարցրեց․

— Էդ քո՞ւ օրիորդն է։

— Կինս է,— ասում եմ։

— Դժվա՜ր։ Շատ լավիկն է։

Կնոջ հայացքում ծաղր կար․

— Լավ է տղամարդկանց համար։ Ինչքան վախենալու ես՝ էնքան կնիկդ սիրուն է։

— Իսկ իմ ի՞նչն է վախենալու։

— Ոնց որ Ստալինը լինես…

Ստալինին գյուղում չէին սիրում։ Վաղուց էի նկատել։ Ըստ երեւույթին լավ էին հիշում կոլեկտիվացումն ու ստալինյան մյուս ձեռնածությունները։ Այ թե մեր ստեղծագործական մտավորականությունն ինչ ունի սովորելու անգրագետ գեղջուկներից։ Ասում են՝ Լենինգրադի արվեստի պալատում ծափահարում էին, երբ Ստալինը հայտնվում էր էկրանին։

Իսկ ես նրան միշտ եմ ատել։ Խրուսչովի բարեփոխումներից շատ առաջ։ Շատ ավելի առաջ, քան կարդալ կսովորեի։ Դա մայրիկիս քաղաքական վաստակն է։ Մայրս՝ Թբիլիսիի հայուհի, միշտ քննադատում էր Ստալինին։ Ճիշտ է, բավական յուրօրինակ ձեւով։ Վստահ պնդում էր․

«Վրացին օրինավոր մարդ լինել չի կարող…»։

Վերադարձա՝ աշխատելով չթափել կաթը։ Տանյան վեր կացավ, լվացվեց, հարդարեց անկողինը։ Միխալ Իվանիչը, տնքտնքալով, բենզասղոցն էր նորոգում։ Ծխի, խոտի ու արեւից տաքացած առվույտի հոտ էր գալիս։

Կաթ լցրի, հացը կտրտեցի, կանաչ սոխ ու պինդ եփած ձվեր հանեցի։ Տանյան զննում էր ծակված կեպին։

— Կուզե՞ս կաշվե կարկատան դնեմ։

— Ինչի՞։ Արդեն տաք է։

— Նորը կուղարկեմ։

— Ավելի լավ է ցիանակալիում ուղարկես։

— Չէ, լուրջ, ի՞նչ ուղարկեմ։

— Ի՞նչ իմանամ Ամերիկայում հիմա ինչ են ծախում… Արի չխոսենք դրա մասին…

Իննին մոտ հասանք տուրբազա։ Վարորդն ավտոբուսն արդեն կանգնեցրել էր ճամփաբաժանին։ Տուրիստները պայուսակներն ու ճամպրուկները տեղավորում էին բեռնախցում։ Մի քանիսը տեղ էր զբաղեցրել լուսամուտների մոտ։ Մոտեցա ծանոթ վարորդին։

— Ազատ տեղ ունե՞ս։

— Քեզ համար կճարվի։

— Ուզում եմ կնոջս Լենինգրադ ուղարկեմ։

— Ցավակցում եմ։ Ես իմը Կամչատկա կուղարկեի։ Կամ Լուսին՝ Տերեշկովայի տեղը…

Վարորդի հագին գեղեցիկ արտասահմանյան վերնաշապիկ էր։ Ընդհանրապես՝ էքսկուրսիոն ավտոբուսների վարորդները համեմատաբար բարեկիրթ են։ Նրանցից շատերը կարող էին հաջողությամբ փոխարինել զբոսավարներին։ Միայն թե շատ ավելի քիչ կվաստակեին…

Հանկարծ նկատեցի, որ Տանյան զրուցում է Մարիաննա Պետրովնայի հետ։ Չգիտես ինչու, միշտ անհանգստանում եմ, երբ երկու կին մենակ են մնում։ Առավել եւս, երբ մեկը իմ կինն է։

— Վե՛րջ,— ասում եմ վարորդին,— պայմանավորվեցինք։ Իջեցրու նրան Շրջանցիկ ջրանցքի մոտ։

— Էնտեղ խոր չի,— ծիծաղեց վարորդը…

Մտածեցի՝ չնստե՞մ հենց հիմա ու ես էլ գնամ։ Իսկ իրերս զբոսավարներից մեկնումեկը կբերի։ Բայց թե՝ ինչո՞վ ապրես։ Եվ ինչպե՞ս…

Կողքովս վազեց֊անցավ Գալինան։ Գլխով արեց կնոջս կողմը․

— Տե՛ր Աստված, ինչ վախենալո՜ւն է…

Ձայն չհանեցի։ Բայց մտովի խանձեցի հիդրոպիրիտով գունաթափած խոպոպները։

Մոտեցավ ֆիզկուլտուրայի հրահանգիչ Սերյոգա Եֆիմովը։

— Ներողություն եմ խնդրում,— ասաց նա,— սա՝ ձեզ։— Ու Տանյային տվեց հապալասով բանկան։

Բաժանվելու ժամանակն էր։

— Կզանգես,— ասաց Տանյան։

Ես գլխով արեցի։

— Զանգելու տարբերակ կա՞։

— Իհարկե։ Համբուրիր Մաշային։ Ինչքա՞ն կտեւի էդ ամենը։

— Դժվար է ասել։ Մի ամիս, երկու… Մտածի՛ր։

— Կզանգեմ։

Վարորդը բարձրացավ խցիկ։ Վստահ հռնդաց արտասահմանյան շարժիչը։ Ես ինչ֊որ անհոդաբաշխ բան ասացի։

— Ես էլ,— ասաց Տանյան…

Ավտոբուսը շարժվեց, արագ անցավ անկյունը։ Մի պահ, ու կարմիր կողը շողաց ծառերի արանքից, Լուտովկայի մոտ։

Մտա բյուրո։ Իմ խումբը՝ Կիեւից, ժամանում էր տասներկուսին։ Ստիպված էի վերադառնալ տուն։

Սեղանին տեսա Տանյայի հերակալները։ Երկու կաթի գավաթ, հացի փշրանք ու ձվի կճեպ։ Այրուքի ու կոսմետիկայի բարակ հոտ էր գալիս։

Հրաժեշտ տալիս Տանյան ասաց․ «Ես էլ…»։ Մնացածը խլացրեց շարժիչի աղմուկը։

Աչք ածեցի Միխալ Իվանիչի սենյակը։ Այնտեղ չէր։ Կեղտոտ անկողնու գլխին աչքիս ընկավ հրացանը։ Տուլայի ծանր, կարմրակոթ երկփողանին։ Իջեցրի պատից ու մտածում եմ՝ ինքնասպան լինելու ժամանակը չի՞…


Հունիսը չոր էր ու արեւոտ, խոտը խշշում էր ոտքերի տակ։ Տուրբազայի պատշգամբներից խայտաբղետ սրբիչներ էին կախված։ Լսվում էր թենիսի գնդակների պիրկ կտտոցը։ Լայն սանդղամուտի բազրիքներին հենված՝ կարմրին էին տալիս փայլուն անվահեծերով հեծանիվները։ Ձեղնապատուհանի գլխին կախված բարձրախոսից ինձ էին հասնում հին տանգոյի հնչյունները։ Մեղեդին ասես գծված լիներ բազմակետերով…

Գնդակների կտտոցը, տաքացած խոտի բույրը, հեծանիվների երկրաչափությունը այդ անուրախ հունիսի հիշատակելի գծերն են…

Տանյային զանգեցի երկու անգամ։ Եվ երկու անգամն էլ անհարմարության զգացում ունեի։ Զգացվում էր, որ նրա կյանքն ինձ անծանոթ հաճախանքով է հոսում։ Հիմար վիճակում էի, ինչպես խաղադաշտ խուժած երկրպագուն։

Մեր տանը օտար ձայներ էին հնչում։ Տանյան անսպասելի հարցեր էր տալիս։ Օրինակ․

— Որտե՞ղ ենք պահում էլեկտրականության վճարի հաշիվները։

Կամ․

— Դեմ չե՞ս, որ ծախեմ իմ ոսկե շղթան։

Չգիտեի էլ, որ կինս թանկարժեք իրեր ունի…

Տանյան անցնում էր ատյաններով, ձեւակերպում էր թղթերը։ Բողոքում էր բյուրոկրատներից ու կաշառակերներից։

— Պայուսակի մեջ,— ասում էր,— տասը շոկոլադի սալիկ կա, Կոբզոնի չորս տոմս ու երեք օրինակ Ցվետաեւա…

Տանյան գրգռված ու համարյա երջանիկ էր թվում։

Ի՞նչ կարող էի ասել։ Տասներորդ անգա՞մ կրկնեի՝ «Մի՛ գնա»։

Ինձ նվաստացնում էր սեփական գործերով նրա կլանվածությունը։ Իսկ ե՞ս՝ համարյա այլախոհի իմ խնդիրներով։

Տանյայի ուշքն ուրիշ տեղ էր։ Առաջին անգամ ինչ֊որ լուրջ բան էր կատարվում…

Մի անգամ ինքը զանգեց։ Բարեբախտաբար տուրբազայում էի։ Ավելի ճիշտ՝ կենտրոնական մասնաշենքի գրադարանում։ Ստիպված էի վազքով կտրել տարածքը։ Պարզվեց՝ Տանյային տեղեկանք է պետք։ Որ թույլ եմ տալիս տանել երեխային։ Եվ նյութական պահանջներ չունեմ։

Տանյան մի քանի չորուցամաք նախադասություն թելադրեց։ Մի այսպիսի ձեւակերպում եմ հիշում․ «… Թվով մեկ երեխա…»։

— Տեղի նոտարի մոտ վավերացրու, ուղարկի։ Ամենալավը դա է։

— Կարող եմ,— ասում եմ,— ինքս գալ։

— Դեռ կարիք չկա։

Լռություն տիրեց։

— Բայց կհասցնե՞նք իրար հրաժեշտ տալ։

— Իհարկե։ Մի մտածի, որ…

Տանյան համարյա արդարանում էր։ Անհարմար էր զգում իր անտարբերության համար։ Դրա համար էր այդ հապճեպ «Կարիք չկա…»֊ն։

Հավանաբար տանջալից խնդիր էր, որը հաջողվել էր լուծել։ Այսինքն՝ անցած փուլ էի։ Իմ բոլոր արատներով ու առաքինություններով։ Որոնք արդեն նշանակություն չունեին…


Այդ օրը հարբեցի։ Մի շիշ «Մոսկովյան» առա ու խմեցի մենակ։

Միշային կանչել չէի ուզում։ Միխալ Իվանիչի հետ խոսելը չափազանց մեծ ջանքեր է պահանջում։ Հիշեցնում է ունիվերսալ զրույցները ակադեմիկոս Լիխաչյովի հետ։ Միայն թե՝ Լիխաչյովին աշխատում էի հնարավորինս խելացի երեւալ։ Իսկ այստեղ հակառակը՝ որքան կարելի է մատչելի ու պարզ։

Օրինակ, Միխալ Իվանիչը հարցնում էր․

— Գիտե՞ս ինչի են հրեաներին թլպատում։ Որ բանը լավ աշխատի…

Խաղասիրաբար համաձայնում էի․

Կարճ ասած, մտա բաղնիքի կողքի անտառակը։ Թիկնեցի կեչուն։ Ու խմեցի «Մոսկովյանը», ամբողջ շիշը, առանց ուտելու։ Միայն իրար հետեւից ծխում էի ու արոսենու պտուղներ ծամում…

Աշխարհը միանգամից չփոխվեց դեպի լավը։ Սկզբում մոծակներն էին նեղում։ Ինչ֊որ լորձոտ աղտեղություն սողաց փողքիս մեջ։ Ասենք, խոտն էլ, պարզվեց, թաց էր։

Հետո ամեն ինչ փոխվեց։ Անտառն ընդարձակվեց, շրջապատեց ինձ եւ առավ իր բուրավետ ընդերքը։ Առժամանակ դարձա համաշխարհային ներդաշնակության մաս։ Արոսենու դառնությունն անբաժան էր թվում խոտի խոնավ հոտից։ Գլխավերեւս տերեւները թույլ թրթռում էին մոծակների զնգոցից։ Ինչպես հեռուստաէկրանին՝ լողում էին ամպերը։ Եվ նույնիսկ սարդոստայնը զարդ էր թվում…

Ես պատրաստ էի արտասվել, չնայած դեռ հասկանում էի, որ խմիչքն է ազդում։ Հավանաբար ներդաշնակությունը պահ էր մտել շշի հատակին…

Անվերջ կրկնում էի․

— Պուշկինն էլ պարտքեր ուներ, հարաբերություններն էլ պետության հետ էն չէին։ Կնոջ հարցում էլ փորձանք պատահեց։ Չասած արդեն՝ ծանր բնավորությունը… Եվ՝ ոչինչ։ Արգելոց են բացել։ Քառասուն զբոսավար։ Ու բոլորը խելագարի պես սիրում են Պուշկինին…

Հարց է ծագում՝ ո՞ւր էիք առաջ… Ու հիմա ո՞ւմ եք միահամուռ արհամարհում…

Հարցերիս պատասխաններն այդպես էլ չստացա։ Քնեցի…

Իսկ երբ արթնացա, ութին մոտ էր։ Կոճղերն ու ճյուղերը սեւին էին տալիս գունատ, մոխրագորշավուն ամպերի ֆոնին… Միջատները կենդանություն էին առել… Սարդոստայինը քսվում էր դեմքիս…

Վեր կացա՝ զգալով թրջված հագուստիս ծանրությունը։ Լուցկիներս խոնավացել էին։ Փողը՝ նույնպես։ Իսկ գլխավորը՝ քիչ էր մնացել․ վեց ռուբլի։ Օղու մասին միտքը խուժում էր ամպի պես։

Տուրբազայով գնալ չէի ուզում։ Այդ ժամին այնտեղ զվռնում են մեթոդիստներն ու զբոսավարները։ Ցանկացածը կարող էր արհեստավարժ զրույց սկսել լիցեյի տնօրեն Եգոր Անտոնովիչ Էնգելհարդի մասին։

Ստիպված էի շրջանցել տուրբազան ու անտառով դուրս գալ խճուղի։

Վանքի բակով անցնելուց էլ վախեցա։ Վանական մթնոլորտն արդեն անտանելի է հարբած մարդու համար։

Այնպես որ, լանջն ի վար իջա անտառի ճամփով։ Ավելի ճիշտ՝ զառիվայր կածանով։

Թեթեւություն զգացի միայն «Դյուցազն» ռեստորանի մուտքի մոտ։ Տեղի հարբածների ֆոնին խստակյաց էի թվում։

Դուռը բաց էր․ սիլիկատե աղյուս էին դիմհարել։ Նախասենյակում, հայելու կողքին, ցցվել էր մի անհեթեթ փայտե կերպար՝ պաշտոնաթող մայոր Գոլդշտեյնի ստեղծագործությունը։ Պղնձե վահանակի վրա նշված էր․

Գոլդշտեյն Աբրամ Սաուլովիչ։ Ապա՝ չակերտներում․

«Ռուսաստանցին»։

Ռուսաստանցու կերպարը միաժամանակ Մեֆիստոֆելին ու Զադու Յագային էր հիշեցնում։ Փայտե սաղավարտը ներկված էր արծաթագույն գուաշով։

Բուֆետի վաճառասեղանի մոտ խռնվել էին ութ հոգի։ Անձայն՝ սեղանին էին սահում ճմռթված ռուբլիները։ Մանրը զնգոցով ընկնում էր կոտրած շուրթով ափսեի մեջ։

Երկու֊երեք խումբ տեղավորվել էր սրահում, պատի տակ։ Բորբոքված թափահարում էին ձեռքերը, հազում ու ծիծաղում։ Տուրբազայի բանվորներն էին, հոգեբուժարանի սանիտարներն ու անտառարդտնտեսության ձիապանները։

Ավելի հեռվում խմում էր տեղի մտավորականությունը՝ կինոմեխանիկը, ռեստավրատորը, հանդիսավարը։ Դեմքով դեպի պատը նստել էր թիթեռնիկ փողկապով ու հայրենական ջինսով մի անծանոթ տղա։ Շիկավուն գանգուրները թափվել էին ուսերին։

Վաճառասեղանի մոտ հերթս հասավ։ Խումհարի ծանոթ դող էր բռնել։ Թրջված բաճկոնիս տակ թպրտում էր տանջահար, թաց հոգիս…

Վեց ռուբլին պետք էր արդյունավետ օգտագործել։ Երկար ձգել։

Մի շիշ պորտվեյն ու երկու շոկոլադի կոնֆետ վերցրի։ Նույնը կարելի էր կրկնել երեք անգամ։ Ու դեռ ծխախոտին էլ քսան կոպեկ կմնար։

Նստեցի լուսամուտի տակ։ Հիմա արդեն կարելի էր չշտապել։

Պատուհանից այն կողմ երկու գնչու մեքենայից հացի արկղեր էին իջեցնում։ Իր մոպեդով լեռնիվեր էր սուրում փոստատարը։ Անտեր շները թավալ էին տալիս փոշու մեջ։

Անցա գործի։ Դրական առումով նկատեցի․ ձեռներս չեն դողում։ Արդեն լավ է…

Պորտվեյնը սփռվեց ավետիսի պես՝ աշխարհը ներկելով քնքշության ու ներողամտության գույներով…

Առջեւում ապահարզանն է, պարտքերը, գրական ջախջախումը… Բայց կան, ահա, այս հանելուկային գնչուներն՝ իրենց հացով… Երկու թխադեմ պառավները՝ պոլիկլինիկայի մոտ… Խոնավ, մարմրող օրը… Գինին, ազատ պահը, հայրենիքը…

Համատարած գվվոցի միջով հանկարծ ականջիս հասավ․

— Խոսում է Մոսկվան։ Խոսում է Մոսկվան։ Դուք լսում եք «Պիոներական լուսաբացը»… Խոսափողի մոտ է մազոտ մարդ Եվստիխեեւը… Նրա խոսքը որպես արժանի պատասխան է հնչում Պենտագոնի ճուռակներին…

Հետ նայեցի։ Խորհրդավոր խոսքերը բխում էին կանաչ թիթեռնիկ֊փողկապով երիտասարդից։ Նա առաջվա պես նստել ու չէր շրջվում։ Նույնիսկ թիկունքից երեւում էր, որ հարբած է։ Խոպոպներով պսակված ծոծրակը ագրեսիվ անհամբերություն էր արտահայտում։ Համարյա գոռում էր․

— Իսկ ես ասում եմ՝ ո՛չ… Ո՛չ ասում եմ լկտիացած իմպերիալիստական գիշատիչներին։ Ո՛չ՝ կրկնում են Ուրալի ցելուլյոզի֊թղթի կոմբինատի աշխատավորները… Ո՛չ, չկա կյանքում երջանկություն, թանկագին ռադիոլսողնե՛ր։ Դա ես եմ ասում՝ միակ ողջ մնացած պամֆլիովականս… Եվ նույնն ասում էր Զրադաշտը…

Ներկաները սկսեցին ականջ դնել։ Ի դեպ, առանց առանձնակի հետաքրքրության։

Տղան ձայնը բարձրացրեց․

— Ի՞նչ եք աչքներդ չռել, քծիպնե՛ր։ Ուզում եք տեսնել ինչպես է մեռնում Մայկոպի հրետանային գնդի գվարդիայի շարքային վիկոնտ դը Բրաժելո՞նը։ Խնդրեմ, ես կտամ ձեզ այդ հնարավորությունը… Ընկե՛ր Ռապոպորտ, ներս բերեք ձերբակալվածին…

Ներկաները հանգիստ արձագանքեցին։ Չնայած «քծիպներն» ակնհայտորեն նրանց էր վերաբերում։

Ինչ֊որ մեկն անկյունից ծույլ֊ծույլ ասաց․

— Վալերան՝ լակած…

Վալերան արագ արձագանքեց․

— Հանգստի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ… Ինչպես Փարիզի ու Բրյուսելի լավագույն տներում… Ուրեմն ինչո՞ւ գիտությունը վերածել աստվածաբանության սպասուհու… Եղեք Քսաներորդ համագումարի նախանշումների մակարդակին… Լսեք «Պիոներական լուսաբացը»… Տեքստը կարդում է Գմիրյան…

— Ո՞վ,— հարցրին անկյունից։

— Բարոն Կլեյնմիխելը, հոգի՛ս…

Կտրիճի վրա գցած առաջին հպանցիկ հայացքից տագնապի զգացում ունեցա։ Նայում էի թե չէ՝ այդ զգացումն ուժեղանում էր։

Երկարամազ, անհեթեթ ու նիհար՝ նա խելագար ձեւացողի տպավորություն էր թողնում։ Ընդ որում, սեւեռված մեկ նպատակի՝ հնարավորինս արագ հասնել դիմազերծման։

Նա կարող էր հոգեկան հիվանդի տեղ անցնել, եթե չլինեին հաղթական ժպիտն ու սովոր, ամենօրյա խեղկատակության արտահայտությունը։ Մի խորամանկ ու հմուտ լկտիություն էր հնչում նրա խելագար մենախոսություններում։ Թերթային գլխագրերի, կարգախոսների, անհասկանալի մեջբերումների այդ սրտխառնուք առաջացնող խառնուրդում…

Այդ ամենը փչացած բարձրախոս էր հիշեցնում։ Կտրիճն արտահայտվում էր հատու, հիվանդագին պաթոսով եւ ինչ֊որ ողբերգական հաստատակամությամբ…

Հարբած էր, բայց դրա մեջ էլ խորամանկություն էր զգացվում…

Չնկատեցի՝ ինչպես մոտեցավ։ Հենց նոր նստած էր ու չէր շրջվում։ Ու հանկարծ՝ նայում է ուսիս վրայից․

— Ծանոթանանք․ Վալերի Մարկով… Հանրային անդորրի չարամիտ խախտող…

— Հա՜,— ասում եմ,— լսել եմ։

— Ոչ այնքան հեռու վայրերում էի։ Ախտորոշումը՝ խրոնիկական հարբեցողություն…

Ես հյուրամեծար շարժումով թեքեցի շիշը։ Նրա ձեռքին հրաշքով բաժակ հայտնվեց։

— Մեծապես շնորհակալ եմ,— ասաց։— Հուսամ՝ այս ամենին բարոյական անկման գին է վճարվել։

— Վե՛րջ տուր,— ասացի,— ավելի լավ է՝ արի խմենք։

Ի պատասխան հնչեց․

— Շնորհակալություն հայտնում ու միանում եմ, ինչպես Շեպիլովը…

Գինին խմեցինք։

— Բալասան է մեր վերքերին,— ասաց Մարկովը։

— Չորս ռուբլի դեռ կա,— ասում եմ։— Հեռանկարը մշուշոտ է։

— Փողը խնդիր չի,— գոչեց բաժակակիցս։

Նա վեր թռավ ու նետվեց դեպի իր լքված սեղանը։ Վերադարձավ լուսանկարչական թղթի սեւ, ճմռթած ծրարը ձեռքին։ Միջից մի կույտ փող թափեց։ Աչքով արեց, ասում է․

— Անհաշվելի են ադամանդները քարանձավներում…

Հետո՝ անսպասելի ամաչկոտությամբ․

— Գրպաններս ցցվում են, տգեղ է…

Մարկովը շոյեց ջինսով պրկված ազդրերը։ Ոտքերին լաքապատ համերգային նրբակար կոշիկներ էին։

Ա՜յ քեզ տիպ՝ մտածում եմ։

Այստեղ նա սկսեց իր հոգսերից խոսել․

— Շատ եմ վաստակում… Խումհարից դուրս եմ գալիս ու նորից՝ լիքը փող… Նկարը՝ ռուբլի… Մինչեւ կեսօր՝ երեք տասանոց… Իրիկունը՝ հարյուր… Ու ոչ մի ֆինանսական հսկողություն… Ի՞նչ է մնում… Խմել… Կուրսկի մագնիսային անոմալիայի պես է։ Մի օր բանում ես, մի շաբաթ խմում… Ուրիշների համար օղին տոն է, ինձ համար՝ դաժան առօրյա… Մեկ սթափարան ես ընկնում, մեկ միլիցիա՝ ծերից ծեր դիսիդենտություն… Կինս, իհարկե, դժգոհ է։ Արի, ասում է, կով պահենք… Կամ երեխա… Պայմանով՝ որ չես խմի։ Բայց դեռ ձեռնպահ եմ մնում։ Այսինքն՝ խմում եմ…

Մարկովը փողերը նորից խցկեց ծրարը։ Երկու֊երեք թղթադրամ ընկան հատակին։ Ալարեց կռանա։ Ազնվազարմությամբ տղան Միխալ Իվանիչին էր հիշեցնում։

Մոտեցանք վաճառասեղանին, մի շիշ «Աղդամ» վերցրինք։ Ուզում էի վճարեմ։ Ուղեկիցս ձայնը բարձրացրեց․

— Ձեռքերդ հեռո՛ւ սոցիալիստական Կուբայից։

Ես հպարտորեն սեղանին նետեց երեք ռուբլի… Ապշելիք է ռուս հարբեցողը։ Փող ունենալիս էլ մեկ ու քառասունանոց թույնն է նախընտրում։ Մանրը չի վերցնում… Ինքս էլ այդպիսին եմ…

Վերադարձանք պատուհանի մոտ։ Ռեստորանում ժողովուրդը զգալիորեն ավելացել էր։ Ինչ֊որ մեկը նույնիսկ հարմոն էր նվագում։

— Ճանաչո՜ւմ եմ քեզ, Ռո՜ւսիա,— գոչեց Մարկովն ու կամացուկ ավելացրեց։— Ատում եմ։ Ատում եմ էս պսկովյան ժլատներին… Պարդո՜ն, նախ խմենք։

Խմեցինք։ Աղմուկն ուժեղանում էր։ Հարմոնը սուր հնչյուններ էր արձակում։

Նորածանոթս բորբոքված գոռում էր․

— Նայի՜ էս առաջադեմ մարդկությանը։ Էս բութ մռութներին։ Մոռացված նախնիների էս ստվերներին… Ապրում եմ էստեղ ոնց որ լույսի շողը խավարի թագավորությունում… Ա՜խ, ստրկացնե՜ր մեզ ամերիկյան զինվորականությունը։ Գուցե մարդու պես ապրեինք, օրինակ՝ չեխերի…

Ափը շխկացրեց սեղանին․

— Ազատություն եմ ուզում։ Աբստրակցիոնիզմ եմ ուզում՝ դոդեկակաֆոնիայով… Գիտե՞ս ինչ…

Կռացավ ու խռպոտ շշնջաց․

— Ախպորս ասեմ… Մի գաղափար ունեի՝ պոկվեմ էստեղից ուր աչքս կտրի։ Թեկուզ Հարավային Ռոդեզիա։ Մենակ թե՝ հեռու մեր գյուղից… Բայց ո՞նց։ Սահմանը կողպված է։ Առավոտից իրիկուն Կարացուպայի հսկողության տակ… Արտասահմանյան նավարկությա՞ն՝ որպես նավաստի․ գյուղսովետը չի թողի… Արտասահմանցի կնի՞կ առնես։ Որեւէ հին հունական լրբի՞։ Որտեղի՞ց… Մեկն էստեղ ասում էր՝ հրեաներին դուրս են թողում։ Կնոջս ասում եմ․ «Վե՛րկա, ախր էդ բարեհուսո հրվանդան է»։ Պարզ աղջիկ է կինս, ժողովրդի ծոցից։ Ձեռ է առնում։ «Քու հանցագործ մռութին նայի,— ասում է։— Քեզ նմաններին կինո էլ դժվար են թողում… Տես ի՜նչ է անցել մտքով՝ Իսրայե՜լ…»։ Բայց էստեղ մեկի հետ խորհուրդ արի։ Առաջարկում է ժամանակավոր հրեուհու հետ ամուսնանալ։ Էդ արդեն ավելի հեշտ է։ Արտասահմանցիները քիչ են, բայց հրեուհիներ էլի պատահում են։ Տուրբազայում մեկը կա։ Նաթէլլա է անունը։ Ոնց որ թե հրեուհի է, բայց խմում է…

Մարկովը, լուցկիները ջարդոտելով, ծխախոտ վառեց։ Սկսում էի հարբել։ «Աղդամը» շրջում էր արյունատար անոթներիս մեջ։ Բղավոցները ձուլվում՝ դառնում էին ուժգնացող գվվոց։

Բաժակակիցս առաջվանից հարբած չէր։ Խելագարությունն էլ նույնիսկ նվազել էր։

Երկու անգամ գնացինք գինու։ Մի անգամ ինչ֊որ մարդիկ զբաղեցրին մեր տեղը։ Բայց Մարկովը գոռոցը դրեց, ու նրանք հեռացան։

Նրանց հետեւից կանչում էր․

— Ձեռքերդ հեռո՛ւ Վիետնամից ու Կամբոջայից։ Սահմանը կողպված է։ Կարացուպան չի նիրհում։ Բացառություն՝ հրեական ազգության անձանց համար…

Մեր սեղանը ծածկվել էր կոնֆետի թղթերով։ Մոխիրը թափ էինք տալիս կեղտոտ ափսեի մեջ։

Մարկովը շարունակեց․

— Առաջ մտածում էի նավակով Թուրքիա հասնեմ։ Նույնիսկ քարտեզ առա։ Բայց ախր ջրատակ կանեն, սողուննե՜րը… Էնպես որ, էդ ամենն անցյալ է։ Ինչպես ասում են՝ եղելություն եւ խոհեր… Հիմա ավելի շատ հույսս հրեաներն են… Մի անգամ Նաթէլլայի հետ խմեցինք գետափին։ Ասում եմ՝ արի ամուսնանանք։ Նա, թե՝ վայրենու մեկն ես, սարսափելի՜։ Քո մեջ, ասում է, սեւահողն է մոլեգնում… Իսկ էս կողմերում, մեր մեջ ասած, սեւահողի մասին չեն էլ լսել… Բայց ես ձեն չեմ հանում։ Մի քիչ էլ կարծեմ սխիրտեցի։ Գոռում է՝ բա՜ց թող։ Կտեսնե՜ն… Ես էլ ասում եմ՝ էսպես են ապրել մեր սլավոն նախնիները… Կարճ ասած, բան դուրս չեկավ… Կարող է՝ լավո՞վ պիտի… Դուք, իմացար, հրեական ազգության անձ եք։ Աջակցեք, ուրեմն, ռուս դիսիդենտին Իսրայելի հաշվով…

Մարկովը նորից հանեց սեւ ծրարը։ Ինձ այդպես էլ չհաջողվեց ծախսել չորս ռուբլիս…

Արդեն իրար հերթ չէինք տալիս։ Ես խոսում էի իմ անհաջողություններից։ Որքան էլ ամոթալի է՝ դատողություններ էի անում գրականության մասին։

Մարկովը դիմում էր տարածությանը․

— Հանե՛ք գլխարկները, պարոնա՛յք։ Հանճար է ձեր առջեւ…

Հովհարիչները սրահով մեկ հալածում էին թխախոտի ծխի քուլաները։ «Մելոման» ավտոմատի հնչյունները խեղդվում էին հարբած ձայների մեջ։ Անտառարդտնտեսության գործիչները կրակ էին արել հախճապակյա ափսեի մեջ։ Սեղանների տակ շներ էին շրջում…

Աչքիս առաջ ամեն ինչ լողում էր։ Մարկովի ասածից առանձին բառեր էին հասնում…

— Առա՛ջ, դեպի Արեւմուտք… Տանկերը գրոհում են շեղանկյուն… Ճամփան գնացողն է հաղթահարում…

Հետո մոտեցավ մի հարբած կերպարանք՝ հարմոնիկով։ Հարմոնիկ ծալքերը մտերմիկ վարդագունել էին։ Հարմոնահարի այտերով արցունքներ էին հոսում։ Հարցրեց․

— Ինչի՞ վեց ռուբլի պահեցին ավանսից։ Ինչի՞ չթողին բյուլիտինով ֆռֆռամ…

— Խմի՛, Տարա՛սիչ,— շիշը նրան մոտեցրեց Մարկովը,— խմի ու սիրտդ լեն պահի։ Վեց ռուբլին փող չի…

— Փող չի՞,— հանկարծ չարացավ հարմոնահարը։— Մարդիկ քրտնում են, սրա համար փո՜ղ չի։ Ես այ էս աշխատավոր ձեռքերով վեց տարի ձրի բանեցի… Իննսուներկուսը՝ առանց տեխնիկական միջոցների գործադրման…

Մարկովն ի պատասխան սրտալի երգեց․

— Մի լար, սիրո՛ւնս։ Անձրեւը կանցնի…

Մի վայրկյան անց անտառարդտնտեսության երկու ձիապաններ արդեն բաժանում էին նրանց։ Հարմոնիկը հրեշավոր ոռնոցով փլվեց հատակին։

Ուզում էի վեր կենալ, չէի կարողանում։

Հետո տակիցս դուրս թռավ դյուրալյումինե աթոռակը։ Ընկնելիս պոկեցի ծանր, դարչնագույն վարագույրը։

Կանգնել չէր հաջողվում։ Չնայած Մարկովին կարծես ծեծում էին։ Ես լսում էի նրա ողբերգական աղաղակները․

— Թողե՛ք, շնե՛ր։ Ֆինիտա լյա կոմեդիա…

Չասենք, թե ինձ դուրս շպրտեցին ռեստորանից։ Ինքս դուրս սողացի՝ վարագույրի կտորով փաթաթված։ Հետո ճակատս խփեցի չեմափայտին, եւ աշխարհը մթնեց…


Ուշքի եկա մի անծանոթ շինութչան մեջ։ Արդեն լույս էր։ Թիկթակում էր ժամացույցը․ ծանրոցի փոխարեն հատիչ էր կախած։

Ծածկված էի նույն դարչնագույն վարագույրով։ Կողքիս, հատակին, հայտնաբերեցի Մարկովին։ Ըստ երեւույթին, իր անկողինը ինձ էր զիջել։

Գլուխս ցավում էր։ Ճակատիս խոր ճմլվածք շոշափեցի։

Գյուղական կացարանի կծվահամից թեթեւ սրտխառնոց էի զգում։

Տնքացի։ Մարկովը շտկվեց տեղում։

— Ո՞ղջ ես,— հարցրեց։

— Կարծես թե։ Դո՞ւ։

— Վիճակս՝ գնում եմ ամպրոպին ընդառաջ… Քաշդ ինչքա՞ն է։

— Չգիտեմ։ Ինչի՞։

— Մի կերպ տեղ հասցրի…

Դուռը բացվեց, մտավ մի կին՝ կավե թասը ձեռքին։

— Վե՛րա,— գոռաց Մարկովը,— խմելու բան տուր։ Գիտեմ՝ կա։ Ինչո՞ւ էսպես, տառապանքի ուղիներով։ Միանգամի՛ց տուր։ Շրջանցելով զարգացած սոցիալիզմի միջանկյալ դարաշրջանը…

— Կաթ խմեք,— ասաց Վերան։

Ես արժանապատվորեն բարեւեցի։ Մարկովը հառաչեց․

— Մարդ էլ էս խուլ տայգայում ծնվի…

Վերան գունատ, հոգնատանջ կին էր՝ ծանր ձեռքերով։ Փնթփնթան, ինչպես, առանց բացառության, բոլոր հարբեցողների կանայք։

Դեմքին դրոշմվել էր խոր ու ավարտուն վշտի արտահայտությունը։

Անհարմար էի զգում նաեւ նրա համար, որ տանտիրոջ մահճակալն էի զավթել։ Բացի այդ, շալվարս չկար։ Իսկ բաճկոնս տեղում էր…

— Կներեք,— ասում եմ,— որ անհանգստացրի։

— Բան չկա,— ասաց Վերան,— սովոր ենք։

Զուտ գյուղական կացարան էր։ Պատերին աչքի էին զարնում «Օգոնյոկի» վերատպությունները։ Անկյունում պահ էր մտել պղտոր ոսպնյակով հեռուստացույցը։ Սեղանին խունացած երկնագույն մոմլաթե սփռոց էր։ Գլխավերեւս կախված էր Յուլիուս Ֆուչիկի նկարը։ Աթոռների արանքով շրջում էր կատուն։ Անաղմուկ էր շարժվում, ինչպես մուլտիպլիկացիոն ֆիլմում։

— Իսկ շալվա՞րս ուր է,— հարցնում եմ։

— Շորերդ Վերան է հանել,— արձագանքեց Մարկովը,— իրան հարցրու։

— Շալվարը հանեցի,— բացատրեց Վերան,— ժակետդ ամաչեցի հանեմ։

Նրա հայտարարությունն իմաստավորելու ուժ չկար։

— Տրամաբանական է,— ասաց Մարկովը։

— Նախասենյակում է, հիմա կբերեմ…

— Ավելի լավ է մի բան բերես՝ խումհարից դուրս գանք…

Մարկովը մի փոքր բարձրացրեց ձայնը։ Նրա մեջ անձնապաստանությունն ու ինքնանվաստացումը շարունակ իրար էին հաջորդում։ Ասում էր․

— Ի՞նչ ես կարծում, ռուս դիսիդենտը պիտի՞ խումհարաթող լինի, թե չէ… Ակադեմիկոս Սախարովը դրա համար գլուխդ չէր շոյի…

Ու՝ մի րոպեից․

— Վե՛րա, օդեկոլոն տուր։ Գոնե օդեկոլոն՝ որակի նշանով…

Վերան բերեց շալվարս։ Հագնվեցի։ Սոճու փշերը թափ տալով՝ ոտքերիս քաշեցի կոշիկներս։ Զզվելով ծխեցի…

Առավոտվա դառնությունը մոռանալ էր տալիս նախորդ օրվա ամոթը։

Մարկովն իրեն հրաշալի էր զգում։ Տնքոցն էլ, իմ կարծիքով, ձեւի համար էր։

Հարցրի․

— Բա փողի ծրա՞րն ուր է։

— Սո՛ւս… Ձեղնահարկում,— պատասխանեց Մարկովն ու բարձրաձայն ավելացրեց,— գնացինք։ Պետք չի բնությունից ողորմություն սպասել Վերցնե՛լ է պետք․ դա է մեր խնդիրը։

Ասացի․

— Վե՛րա, կներեք, որ էսպես ստացվեց։ Հույս ունեմ՝ դեռ կտեսնվենք… ուրիշ իրավիճակում…

— Ո՞ւր,— հարցրեց Վերան։— Էլի՞։ Աչքդ իմ բուրատինոյի վրա պահեք, խնդրում եմ։

Ես ծուռ ժպտացի, այն իմաստով, թե՝ ինձնից ի՜նչ մանկավարժ…

Այդ օրը չորս դուքան մտանք։ Ներողություն խնդրելով՝ վերադարձրինք դարչնագույն վարագույրը։ Խմեցինք նավակայանում, կինոմեխանիկի խցիկում ու վանքի պարսպի տակ։

Մարկովը դատարկեց վեցերորդ շիշն ու ասաց․

— Կարծիք կա, որ էստեղ մի համեստ կոթող պիտի կանգնեցվի։

Ու շիշը դրեց թմբին…

Մի քանի անգամ կորցրինք փողով ծրարը։ Գրկախառնվում էինք ծանոթ հարմոնահարի հետ։ Տուրբազայի բոլոր պատասխանատու աշխատողների աչքին ընկանք։ Ինչպես պնդում է Նաթէլլան՝ ներկայանում էինք որպես Պուշկին ու Բարատինսկի…

Նույնիսկ Միխալ Իվանիչը նախընտրեց հեռու մնալ։ Չնայած իրեն էլ էինք հրավիրում։ Ասաց․

— Ես Վելարային գիտեմ։ Հետը թրջվեցիր՝ միլիծատանն ես խումհարաթող ըլնելու։

Միտրոֆանովն ու Պոտոցկին էքսկուրկիայի էին Բոլդինոյում։

Քնեցինք Պետրովսկում, ինչ֊որ խոտանոցում։ Մյուս օրը, առավոտից, այդ ամբողջ մղձավանջը կրկնվեց։ Մեզնից նույնիսկ անտառարդի ձիապաններն էին փախս տալիս։

Այդքանը քիչ էր՝ Մարկովը շրջում էր մանուշակագույն լուսամփոփը գլխին։ Իմ ձախ թեւքն էր պոկվել։

Խանութի մոտ մոտեցավ Լոգինովն ու հարցնում է․

— Էդ ինչի՞ եք առանց թեւքի։

— Շոգ էր,— ասում եմ,— դեն գցեցի։

Վանքի պահապանը մտքի մեջ ընկավ ու խաչակնքեց մեզ։ Իսկ Մարկովն ասում է․

— Իզուր եք անում… Հիմա մեզ մոտ Աստծու տեղը լենինյան կենտրոնական կոմիտեն է։ Չնայած էդ բոզերի համար էլ կգա արյունով եղովականության ժամանակը…

Շվարած Լոգինովը խաչ արեց ու արագ հեռացավ։

Իսկ մենք դեռ թրեւ էինք գալիս արգելոցում։


Տուն հասա շաբաթվա վերջին։ Ու մի ամբողջ օր անշարժ պառկած էի։ Միխալ Իվանիչը գինի առաջարկեց։ Լուռումունջ շրջվեցի դեպի պատը։

Հետո մի օրիորդ հայտնվեց տուրբազայից՝ Լյուդան։

— Հեռագիր ունեք,— ասում է։— Ու մեկ էլ, ձեզ մայոր Բելյաեւն է փնտրում։

— Ի՞նչ Բելյաեւ։ Որտեղի՞ց։

— Հերս ասում է՝ ՆԳՆ֊ից է…

— Ինձ մենակ էդ էր պակաս… Ասեք՝ հիվանդ է։ Ասեք՝ գնացել է Պսկով ու հիվանդացել…

— Ինքը գիտի։

— Ի՞նչ գիտի։

— Որ արդեն քանի օր է՝ հիվանդ եք։ Ասեց՝ հենց քունն առնի, թող գա։

— Ո՞ւր։

— Գրասենյակը փոստի կողքին է։ Ում հարցնեք՝ ցույց կտա։ Էս էլ հեռագիրը։

Օրիորդը ամոթխած շրջվեց։ Հետո կրծկալից դրոշմանիշի չափ, ծալծլած մի երկնագույն թղթի կտոր հանեց։

Բացեցի տաքացած հեռագիրն ու կարդացի․

«Թռչում ենք չորեքշաբթի գիշերը։ Տանյա։ Մաշա»։

Ընդամենը հինգ բառ եւ ինչ֊որ անհասկանալի թվեր։

— Էսոր ի՞նչ օր է։

— Առավոտից երեքշաբթի էր,— կատակեց Լյուդան։

— Հեռագիրը ե՞րբ եք ստացել։

— Մարյանան է բերել Վորոնիչից։

— Ե՞րբ։

— Ասում եմ, էլի, շաբաթ օրը։

Ուզում էի ասեմ՝ «Բա ո՞ւր էիք մինչեւ հիմա», բայց միտքս փոխեցի։ Նրանք հենց տեղում են եղել։ Իսկ թե ե՜ս ուր էի…

Մեկնել կարող էի միայն երեկոյան՝ ավտոբուսով։ Լենինգրադ կհասնեի ժամը վեցի կողմերը…

— Հեռագրի մասին էլ գիտի,— ասաց Լյուդան։

— Ո՞վ։

— Ընկեր Բելյաեւը։

Լյուդան մի քիչ հպարտանում էր չարաբաստիկ մայորի սրատեսությամբ ու ամենագիտությամբ։

— Ընկեր Բելյաեւն ասեց՝ մինչեւ գնալը թող հանդիպի։ Թե չէ՝ շինոցի է լինելու… Էդպես էլ ասեց…

— Ինչպիսի՜ հնաոճ քաղաքավարություն,— ասում եմ։

Տենդագին մտածում էի՝ ինչ եմ անելու… Փողս՝ չորս ռուբլի։ Նույն այն միստիկական չորս ռուբլիները։

Վիճակս ահավոր էր։

— Լյո՛ւդա,— հարցնում եմ,— փող ունե՞ք։

— Քառասուն կոպեկ… Հեծանիվով եմ…

— Այսի՞նքն։

— Հեծանիվս վերցրեք, ես ոտով կհասնեմ։ Ավանում մեկնումեկի մոտ կթողնեք…

Վերջին անգամ աշակերտ ժամանակս էի հեծանիվ քշել։ Այն ժամանակ խաղուպար էր թվում։ Բայց, հավանաբար, ծերացել եմ։

Ճանապարհը կտրտված էր սոճու արմատներով։ Հեծանիվը ծատկոտում էր, զնգզնգում։ Փոքրիկ կոշտ թամբը վնասում էր հետույքս։ Անիվները թաղվում էին խոնավ ավազի մեջ։ Տանջահար աղիներս կծկումով էին արձագանքում յուրաքանչյուր ցնցումին։

Հեծանիվը պատին հենելով՝ մտա տուրբազա։

Գալինան մենակ էր։ Առանց վախի նայելով ինձ՝ հարցրեց․

— Հեռագիրը ստացա՞ք։

Կարծում եմ՝ հարբեցողությամբ այստեղ դժվար էր զարմացնել որեւէ մեկին։ Ասացի․

— Երեսուն ռուբլի տվեք սեյֆից։ Երկու շաբաթից կվերադարձնեմ… Միայն թե հարցեր չտաք։

— Առանց այդ էլ ամեն ինչ գիտեմ։ Ձեր կինը դավաճանել է Հայրենիքին։

— Ավա՜ղ,— ասում եմ։

— Ու հիմա մեկնում է Արեւմուտք։

— Կարծես թե։

— Իսկ դուք մնում եք։

— Այո, մնում եմ։ Չէ՞ որ գիտեք…

— Եվ շարունակելու եք շխատե՞լ…

— Իհարկե։ Եթե չազատեն…

— Իսկ ճի՞շտ է, որ Իսրայելում միայն հրեաներ են ապրում… Ի՞նչ է, վատ եք զգում։ Ջուր տա՞մ։

— Ջուրը չի օգնի։ Իսկ փողի հա՞րցը…

— Բայց ինչո՞ւ սեյֆից։ Իմ փողից կտամ…

Ուզում էի համբուրեմ Գալինային, բայց ինձ զսպեցի։ Արձագանքը կարող էր անսպասելի լինել։

Նստեցի հեծանիվն ու քշեցի վանք։ Օրը տաք էր, բայց՝ ամպոտ։ Ծառերի ստվերները գորշ ասֆալտին հազիվ էին երեւում։ Խճուղու եզրով քայլում էին տուրիստները։ Աչքի էին զարնում անջրանցիկ բաճկոն հագածները։

Սուրացի դեպի ավազոտ լանջը։ Ղեկը դժվարությամբ էի պահում։ Կողքովս սահում էին գունաթափ, գորշ փառով պատած գլաքարերը։

Ներքին գործերի վարչության գրասենյակն անմիջապես ցույց տվին։

— Փոստի կողքի տունն է,— ձեռքով արեց «Ծովախորշի» հավաքարարը,— տեսնում ե՞ս՝ դրոշը գլխին…

Գնացի առաջ։

Փոստի բաժանմունքի դուռը բաց էր։ Հենց այնտեղ էլ դրված էին միջքաղաքային հեռախոսի երկու խցիկները։ Մեկը զբաղված էր։ Հաստ ոտքերով մի շիկահեր կին ձեռքերը թափ տալով՝ գոռում էր․

— Տատո՜ւսյա, լսո՞ւմ ես։ Խորհուրդ չեմ տա գաս… Եղանակը՝ չորսից հանած… Իսկ գլխավորը, տղամարդ չկա, բացարձա՛կ… Ալյո՜։ Լսո՞ւմ ես։ Աղջիկների մեծ մասը առանց հանգստանալու էլ գնում է։

Ես կանգ առա ու ականջ դրի։ Մտովի հանեցի գրիչը…

Կարծես թե ամեն ինչ այնքան սարսափելի է, բայց ես դեռ ողջ եմ։ Եվ գուցե մարդու մեջ ամենավերջինը ստորությո՞ւնն է մեռնում։ Ներկված շիկահերներին աչք ածելն ու գրիչի հակումը…

Վարչության սանդղամուտին աչքիս ընկավ Գուրյանովը։ Համարյա ճակատ ճակատի եկանք, ու խույս տալու հնար չկար։

Համալսարանում Գուրյանովին Գործ տվող Լյոնյա էին ասում։ Նրա գլխավոր պարտականությունը արտասահմանցիներին հետեւելն էր։ Բացի այդ, Գուրյանովն աչքի էր ընկնում աղաղակող անգրագիտությամբ։ Մի անգամ նրան քննում էր պրոֆեսոր Բյալին։ Գուրյանովին «Բելկինի պատմվածքներն» էր ընկել։

Լյոնյան փորձեց անցնել ավելի ընդարձակ թեմայի։ Խոսեց ցարական ռեժիմի մասին։

Բայց քննություն ընդունողը հարցրեց․

— «Բելկինի պատմվածքները» կարդացե՞լ եք։

— Մի տեսակ չի վիճակվել,— պատասխանեց Լյոնյան։— Խորհուրդ եք տալիս կարդա՞լ։

— Այո,— իրեն զսպեց Բյալին,— թախանձագին խնդրում եմ կարդալ այդ գիրքը…

Չորս ամիս անց Լյոնյան ներկայանում է Բյալիին ու ասում․

— Կարդացի։ Շնորհակալ եմ։ Ահագին բան դուրըս եկավ։

— Հատկապես ի՞նչը,— հետաքրքրվեց Բյալին։

Լյոնյան լարվեց, հիշեց ու պատասխանեց․

— «Դոմբրովսկի» վիպակը…

Եվ ահա երես առ երես հանդիպեցինք չէկայի սանդղամուտին։ Սկզբում մի քիչ շփոթվեց։ Նույնիսկ չէր ուզում բարեւել։ Ինչ֊որ կտրուկ շարժում արեց։ Բայց սանդուղքների գլխին չտեսնելու տալը դժվար է։ Եվ նա ասաց․

— Հա՜, բարեւ՜, բարեւ՜… Քեզ Բելյաեւն է սպասում…

Ուզում էր ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է։ Կարծես պոլիկլինիկայում էինք հանդիպել, ոչ թե գեստապոյում։

Ես հարցրի․

— Քո պե՞տն է։

— Ո՞վ։

— Բելյաեւը… Թե՞ ենթական։

— Ձեռ մի առ,— ասաց Գուրյանովը։

Ձայնի մեջ ղեկավարական հատու շեշտեր հնչեցին։

— Եվ հիշիր․ ԿԳԲ֊ն հիմա ամենաառաջադեմ կազմակերպությունն է։ Ամենից իրական ուժը պետության մեջ։ Ի դեպ, ամենամարդասիրականը… Եթե իմանայի՜ր ինչ մարդիկ են…

— Հիմա կիմանամ,— ասում եմ։

— Երեխայի պես ես մտածում,— ասաց Գուրյանովը,— դա կարող է վատ վերջանալ…

Ի՜նչ տառապանք էր այդ ամենը լսելը, խումհարի մեջ…

Շրջանցեցի նրան, հետ նայեցի ու ասում եմ․

— Իսկ դու աղբ ես, ԳՈւրյա՜նիչ։ Աղբ ես, տգետ ու սրիկա։ Ու միշտ էլ սրիկա ես լինելու, նույնիսկ եթե քեզ ավագ լեյտենանտ նշանակեն… Գիտե՞ս ինչի ես ծախում։ Որովհետեւ կանայք չեն սիրում քեզ…

Գուրյանովը, հետ֊հետ գնալով, նահանջեց։ Անտարբերության ու գերազանցության միջեւ էր ընտրություն անում, բանն ավարտվեց կոպտելով։

Իսկ ես ահռելի թեթեւություն զգացի։ Եվ ընդհանրապես, խոսքի անսպաելի ազատագրումից հրաշալի ի՞նչ կա։

Գուրյանովը վիրավորանքի չէր պատրաստվել։ Դրա համար էլ խոսեց բնական մարդկային ձայնով․

— Ընկերոջը ստորացնելն ամենահեշտ գործն է… Ախր չգիտես, թե էդ ամենը ոնց ստացվեց։

Անցավ հնչեղ շշնջոցի․

— Անչափահաս էի․ քիչ էր մնացել նստացնեին։ Հայտնի մարմիններն ինձ փաստորեն փրկեցին։ Համալսարանի համար թուղթ տվին։ Հիմա գրանցում են խոստացել։ Ախր ես Կուլունդայից եմ… Կուլունդայում եղե՞լ ես։ Միջինից ցածր հաճույք է…

— Հա՜,— ասում եմ,— էդ դեպքում հասկանալի է… Կուլունդան ամեն ինչ փոխում է…

Ես անվերջ ինչ֊որ հրեշների սրտազեղումներն եմ լսում։ Ուրեմն իմ մջ խելագարության տրամադրող մի բան կա…

— Բարով մնաս, Գուրյա՜ն, կրի քո ծանր խաչը…

Սեղմեցի համակրելի վարդագույն կոճակը։ Դուռը բացեց թթված դեմքով, անորոշ տարիքի մի տիկին։ Ինձ անձայն թողեց հաջորդ սենյակը։

Աչքիս ընկան սեյֆը, Ձերժինսկու պատկերը, դարչնագույն վարագույրները։ Մեկին մեկ ռեստորանի վարագույրների պես։ Այնքան նման, որ թեթեւ սրտխառնոց զգացի։

Ընկա բազկաթոռին, ծխախոտ հանեցի։ Մեկ կամ երկու րոպե մենակ էի։ Հետո վարագույրներից մեկը շարժվեց։ Հետեւից դուրս եկավ մի երեսունվեցամյա տղամարդ ու խորին քամահրանքով ասաց․

— Մի՞թե ես ձեզ առաջարկել եմ նստել։

Վեր կացա։

— Նստե՛ք։

Նստեցի։

Տղամարդը ավելի դառնացած հարցրեց․

— Մի՞թե ես ձեզ առաջարկել եմ ծխել։

Ձգվեցի դեպի աղբամանը, բայց լսեցի․

— Ծխե՛ք…

Հետո նստեց եւ տխուր ու համարյա ողբերգական երկա՜ր նայեց ինձ։ Նրա ժպիտը աշխարհի անկատարության եւ այլոց մեղքերի համար պատասխանատվության ծանր բեռի արտահայտություն էր։ Բայցեւայնպես դեմքը շարունակում էր շարքային մնալ, ինչպես ներքնաշորի կոճակը։

Գլխավերեւը կախած դիմանկարն ավելի կենդանի էր թվում։ (Միայն խոսակցության կեսին հանկարծ հասկացա, որ ոչ թե Ձերժինստին է, այլ՝ Մակարենկոն)։

Վերջապես նա ասաց․

— Գլխի՞ ես ընկնում՝ ինչու եմ կանչել։ Գլխի չե՞ս ընկնոմ։ Հրաշալի՜ է։ Հարցեր տուր։ Հստակ, ոնց որ բանակում։ Ինչո՞ւ ես, Բելյա՛եւ, ինձ հրավիրել։ Ու ես քեզ կպատասխանեմ։ Նույնքան հստակ, ոնց որ բանակում․ չգիտե՛մ։ Ուրիշ տեղ է տարել ծուռ ճանապարհը… Կհավատա՞ս, զարթնում եմ գիշերները։ Տո՛մկա, ասում եմ կնոջս, մի լավ տղա է շեղվել։ Օգնել է պետք… Իսկ իմ Տոմկան մարդասեր է։ Գոռում է՝ Վիտա՜լիկ, օգնիր։ Դաստիարակչական աշխատանք տար։ Ափսոս է, մերոնքական է տղան։ Ներսը առողջ է։ Ներգործության դաժան մեթոդների չդիմե՛ս։ Չէ՞ որ մարմինները ոչ միայն պատժում են։ Մարմինները դաստիարակում են… Իսկ ես գոռում եմ․ միջազգային իրադրությունը բա՜րդ է։ Կապիտալիստական պաշարումը մոռացա՞ր։ Հեռուն է գնացել տղան։ Համագործակցում է էդ… դէ՛… «Կոնտինենտալի» հետ։ Այսինքն՝ «Ազատություն» ռադիոյի… Սոլժենիցինից պակաս գրական վլասովական չի։ Էդ քիչ է՝ հարբել, իրան կորցրել էր դատարկապորտ Վալերայի հետ… Լա՜վ, կինը ստորություն է արել… Հիմա ի՞նչ, կապտելու աստիճան պիտի հարբի՞։ Կարճ ասած, մոլորվել եմ…

Բելյաեւը դեռ մի տասնհինգ րոպե էլ խոսում էր։ Աչքերում, երդվում եմ, արցունքներ էին շողում…

Հետո դռան կողմը նայելով՝ հանեց բաժակները․

— Արի մի քիչ թեթեւանանք։ Քեզ վնաս չի… եթե՝ չափավոր…

Օղին տաք էր։ Վրան «Նովոստ» թխվածք ծամեցինք։

Հեռախոսը զիլ ու ընդհատուն զնգաց։

— Մայոր Բելյաեւը լսում է… Չորս անց երեսո՞ւն։ Կլինեմ… Եվ հաղորդեք, որ մենթերը քթները չխոթեն էդ գործի մեջ…

Նա դարձավ ինձ․

— Ինչի՞ վրա կանգնեցինք… Կարծում ես՝ մարմիններն էս բարդակը չե՞ն տեսնում։ Մարմիններն ամեն ինչ ակադեմիկոս Սախարովից էլ լավ են տեսնում։ Բայց ո՞ւր է իրական ելքը։ Ո՞րն է։ Կապիտալիզմի վերականգնո՞ւմ… Ենթադրենք․ ձեր գովական սամիզդատը կարդացել եմ։ Աղբը «Զնամյայից» քիչ չի։ Մենակ թե՝ ամեն ինչ շուռ տված։ Սպիտակը սեւ է՝ սեւը՝ սպիտակ… Խնդրեմ, օրինակ գյուղատնտեսության պրոբլեմը։ Ենթադրենք կարելի է բռնել ու փակել կոլխոզները։ Հողը բաժանել գյուղացիներին եւ այլն, եւ այլն։ Բայց սկզբում հարցրու՝ գյուղացին ի՞նչ կարծիքի է։ Ուզո՞ւմ են էդ հողը… Ախր նրանց ի՞նչ տանձին է էդ անտեր հողը։ Նույն դատարկապորտ Վալերայից հարցրու։ Արգելոցի մոտի գյուղերը ման արի։ Մենակ Տիմոխա պապն է հիշում՝ ոնց էին ձի լծում։ Մոռացել են՝ ինչը երբ պիտի ցանվի։ Սովորական հաց թխելը չգտիեն… Ախր ուզածդ գյուղացի էդ հողը մի աչք ճպելում քառորդ լիտրանոցի կտա։ Չենք խոսում արդեն կես լիտրի մասին…

Բելյաեւը հանեց բաժակներն ու այլեւս չթաքցրեց։ Վարդագունել էր։ Միտքը սրընթաց զարգանում էր այլախոհական ուղղությամբ։

Հեռախոսը երկու անգամ զանգեց։ Բելյաեւը սեղմեց հեռախոսի կոճակը․

— Վալե՛րիա Յակովլեւնա։ Չմիացնե՛ք…

Խոսեց արա, կրքոտ ու չար․

— Ուզում ե՞ս իմանաս որտեղից է գալու սովետական իշխանության վերջը։ Ասե՛մ։ Վերջը օղուց է գալու։ Հիմա, կարծում եմ, աշխատավորության վաթսուն տոկոսը իրիկվա կողմ արդեն հարբած է։ Եվ ցուցանիշներն աճում են։ Կգա օրը, երբ կհարբեն բոլորը, առանց բացառության։ Շարքայինից մինչեւ մարշալ Գրեչկոն։ Բանվորից մինչեւ ծանր արդյունաբերության մինիստր։ Բոլորը, բացի մի երկու֊երեք կին ու երեխայից ու մեկ էլ, կարող է, հրեանեիրց։ Ինչը կոմունիզմի կառուցման համար ակնհայտորեն անբավարար է… Ու էս ամբողջ կարուսելը կկանգնի։ Գործարանները, ֆաբրիկաները, մեքենատրակտորային կայանները… Իսկ հետո կգա նոր մոնղոլ֊թաթարական լուծը։ Մենակ թե էս անգամ՝ Արեւմուտքից։ Ընկեր Քիսինջերի գլխավորությամբ…

Բելյաեւը նայեց ժամացույցին․

— Գիտեմ, պատրատսվում ես Լենինգրադ գնալ։ Խորհուրդ քեզ՝ մի ցցվի։ Քաղաքավարի ասած՝ չծլվլա՛ս։ Մարմինները դաստիարակում, դաստիարակում են, բայց կարող են եւ պատժել։ Իսկ քո անձնական գործը Գյոթեի «Ֆաուստից» ուժեղ է։ Նյութը քառասուն տարվա կհերիքի… Եվ հիշի՛ր․ քրեական գործը քո համար եզրակարով շալվար չի։ Քրեական գործը հինգ րոպեում է կարվում։ Շը՛խկ, ու դու արդեն կոմունիզմի կառույցներում ես… Էնպես որ, սուսուփուս նստի… Մի բան էլ, հարբեցողության հարցով։ Խմի, բայց՝ չափավոր, մեկ֊մեկ արանք տուր։ Էդ խփնված Մարկովի հետ էլ գործ չունես։ Վալերան տեղացի է, նրան ձեռ չեն տա։ Իսկ քո կինը Արեւմուտքում է։ Բացի էդ, գրվածնքներդ սպիտակգվարդիական մամուլում են։ Մի լիքը դոսյե ելույթ ունես։ Նայի՛, շան օրը կգցեն… Կարճ ասած, գլխապատառ մի խմի։ Իսկ հիմա արի էս վերջին բաժակն էլ…

Մենք նորից խմեցինք։

— Գնացեք,— «դուք»֊ի անցավ մայորը։

— Շնորհակալություն,— ասում եմ։

Դա միակ բառն էր որ արտաբերեցի կես ժամվա ընթացքում։

Բելյաեւը քմծիծաղեց․

— Զրույցն անցավ գաղափարական֊քաղաքական բարձր մակարդակով։

Արդեն դռան մոտ շշուկով ավելացրեց․

— Մի բան էլ, ոնց որ ասում են՝ արձանագրությունից դուրս։ Քո տեղը լինեի՝ կպոկվեի էստեղից, քանի թողում են։ Միավորվել եմ կնոջս հետ ու պրծավ֊գնաց… Ես հեչ հնար չունեմ։ Իմ ռյազանյան պատկերքի հետ հաստատ չեն թողի… Իսկ քեզ՝ խորհուրդ եմ տալիս։ Լա՛վ մտածի։ Սա՝ մեր մեջ, հույժ գաղտնի…

Ես սեղմեցի նրա ձեռքը, գլխով արեցի խոժոռ տիկնոջն ու ելա արեւով ողողված փողոց։

Քայլում ու մտածում էի․ աշխարհը բռնվել է խելագարությամբ։ Խելագարությունը դառնում է սովորական։ Սովորը հրաշքի զգացողություն է ծնում…

Հեծանիվը թողեցի փոստում։ Ասացի՝ Լյուդային կտաք, Բերեզինից։ Ոտքով բարձրացա սարնիվեր։ Եվ, սպասելով երթուղային ավտոբուսին, վերջապես մեկնեցի Լենինգրադ։

Ճանապարհին քնեցի ու արթնացա անտանելի գլխացավով…


Լենինգրադն աստիջանաբար է սկսվում՝ խունացած կանաչից, դղրդացող տրամվայներից, մռայլ աղյուսաշեն տներից։ Բացվող առավոտի մեջ մի կերպ երեւում են նեոնե տառերը։ Անդեմ ամբոխն ուրախացնում է իր անտարբերությամբ։

Մեկ րոպե անց արդեն նորից քաղաքացի եք։ Եվ միայն սանդալների ավազն է հիշեցնում գյուղական ամառվա մասին…

Գլխացավս թույլ չէր տալիս, որ սովորականի պես ուրախացնեն լենինգրադյան եռուզեռը, գետից փչող քամին ու սալահատակ փողոցների վճիտությունը։ Ի՜նչ արժեն թեկուզ մայթերը՝ ձանձրալի բլուրներից հետո…

Խաղաղության հրապարակում իջա ավտոբուսից։ հետո տաքսի կանգնեցրի ու տասնհինգ րոպեից տանն էի։

Դուռը մի անծանոթ, ծիծաղող, շերտավոր շապիկ հագած կին բացեց։

— Ձեզ Շախնովիչնե՞րն են ուղարկել։ Սրճեփի հետեւի՞ց։

— Ոչ,— ասացի ես։

— Ձեր ազգանունը Ազա՞րխ է։

— Ես Տանյայի ամուսինն եմ,— ասում եմ…

Դուրս եկավ Տանյան՝ գլուխը դարչնագույն սրբիչով փաթաթած։ Հայտնվեց աղջիկս՝ գունատ, վախեցած աչքերով։ Ասաց․

— Հա՜, հայրիկն է…

Տունը լիքն էր խորհրդավոր անձնավորություններով։ Ներկաներից ճանաչեցի միայն երաժշտագետ Լազարեւին, մեկ էլ ֆարցովշչիկ Բելուգային…

Բնակարանում աղմուկ էր։ Մի անծանոթ ճաղատ մարդ խոսում էր հեռախոսով։ Ժամանակ առ ժամանակ կրկնում էր․

— Դա գործնական նշանակություն չունի…

Բոլորը հերթով խոսքի էին բռնվում Տանյայի հետ։ Նիհար, մորուքավոր ծերուկը համարյա գոռում էր․

— Հուսամ, պարոնա՛յք, այստեղ բոլորը յուրայիններ են։ Այնպես որ, թույլ տվեք մոռալան գաղտնապահության մասին։ Ես Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինին հաղորդելու բան ունեմ…

Եվ ծերուկը լավ մշակված ձայնով հատ֊հատ ասաց․

— Ես Սոլժենիցինին թույլատրում եմ առանց կրջատումների հրապարակել իմ «Լյուսկա» ռազմաճակատային պոեմը։ Ինձ հասանելիք հոնորարը հատկացնում եմ Սոլժենիցինի ֆոնդին։ ԸՆդսմին, իմ իսկական ազգանվան հիշատակումը կտրականապես արգելվում է։ Կեղծանունս Անդրեի Կոլըմսկի է։

Սեղաններին ու լուսամուտագոգերին դիզվել էին շշերը։ Ակնհայտ հարբածներ չկային։ Բոլորին ինչ֊որ ընդհանուր բան էր կապում, չնայած միայն հրեաներ չէ, որ ներկա էին։ Մեկը, կանաչ նոթատետրը թափահարելով, ինչպ֊որ խորհրդավոր ստորագրություններ էր հավաքում։

Խոհանոցում շարք էին կանգնել ճամպրուկները։ Միանման, նոփ֊նոր ճամպրուկներ՝ մետաղյա կողպեքներով։ Դրանք իմ մեջ անհուսության զգացում արթնացրին… Մահճակալին ընկած էր կիթառը…

Խոսակցություններում հայտնվում էին «օվիր», «խիաս», «Բեռլինի չվերթ», «մաքսային հայտարարագիր» բառերը…

Ինձ կատարելապես ավելորդ էի զգում։ Եվ նույնիսկ ուրախացա, երբ մի անծանոթ կին հանձնարարեց իջնել ներքեւ՝ թեյ բերելու։

Մինչ այդ խմել էի ու մի քիչ թեթեւացած էի զգում։ Ոգելիցի վնասների մասին տասնյակ գրքեր են գրվել։ Օգուտի մասին՝ ոչ մի գրքույկ։ Կարծում եմ՝ իզուր…

Անցավ մի քանի ժամ։ Տանյան փաթաթում էր մոռացված ֆոտոխցիկը։ Մաշան սեւծովյան փոքրիկ քարեր էր նվիրում հյուրերին՝ ի հիշատակ։

Նրանք մի քանի անգամ մոտեցան ինձ։ Իրար ինչ֊որ անիմաստ բառեր էինք ասում․

— Չտխրե՛ս, գրի՛… Ամեն ինչ լավ կլինի…

Գիտեի, որ մղձավանջը վաղն է սկսվելու։ Ու նաեւ մտածեցի՝ հո՛ խմելիքն ինձ կմնա… Մաշան ասաց․

— Իսկ մեզ դոլարներ են տվել։ Ուզում ե՞ս տեսնես։

Ես ասացի․

Հետո Իսրայելի ռադիոյի ինչ֊որ հաղորդագրություն էր քննարկվում։

Մարդիկ գալիս էին, գնում էին։ Տանյան հասցեներ ու հանձնարարություններ էր գրանցում…

Սկանդալ էլ եղավ։ Մի ճաղատ տղա հարբել ու գոռում էր․

— Հը՞, փախչո՞ւմ եք խորտակվող նավից։

Բայց նրան առարկեցին․

— Ուրեմն նավը խորտակվո՞ւմ է։ Եվ մենք դա լսում ենք կուսակցության անդամի՞ց։

— Ես անկուսակցական եմ,— արձագանքեց սկանդալիստը,— ու վիրավորական է, որ միայն հրեաներին են թողում։

— Ինչի՞, դու հրեա չե՞ս։

— Հրեա եմ,— պատասխանեց ճաղատը…

Ազատ պահ գտա ու ասացի․

— Տա՜նյա, Ամերիկայում գտիր Կառլ Պրոֆերին։ Նա պատրաստվում էր իմ գիրքը հրատարակել։

— Ասեմ, որ հրատարակե՞ն։

— Եվ արագ։ Կորցնելու բան չունեմ։

— Տողատակին քեզ ամեն ինչ կգրեմ…

Այստեղ Լազարեւն ասաց, որ արդեն վեցն է։ Օդանավակայան մեկնելու ժամանակն էր։ Մի քանի տաքսի պատվիրեցինք, նստեցինք ու տեղ հասանք համարյա միաժամանակ։

Տանյան ու Մաշան անմիջապես անցան արգելապատը՝ հայտարարագրերը ձեւակերպելու։ Մենք շրջում էինք դահլիճներում։ Մեկը տնից հետը օղի էր բերել։

Բելուգան մոտեցավ ինձ ու ասում է․

— Կեցցես, որ չես կոտրվում։

Ես պատասխանեցի․

— Էդ էր պակաս։ Նորից կամուսնանամ ու մի տուն երեխա կսարքեմ։

Բելուգան զարմացած օրորեց գլուխը…

Տանյան չորս անգամ մոտեցավ արգելապատին։ Մաքսակետով չանցած իրերն էր տալիս ինձ։ Այդ թվում՝ սաթե ուլունքները, իմ բանակային լուսանկարը եւ Գլադիլինի վեպը՝ ընծայագրով։

Որ լուսանկարը վերադարձրել էին՝ շատ զայրացրեց Միշա Լազարեւին։ Նա ասաց․

— Է՜ս ինչ կապիկություն է։ Ո՞ւր է արդարությունը։

Բելուգան առարկեց․

— Արդարություն լիներ՝ ինչի՞ էին գնում…

Ես նորից հարմար պահ գտա ու Տանյային ասում եմ

— Ի՞նչ ես կարծում, էլի կհանդիպե՞նք։

— Հա, վստահ եմ։ Միանգամայն վստահ եմ։

— Էդ դեպքում գուցե հավատամ, որ Աստված կա։

— Կհանդիպե՜նք։ Աստված կա՛…

Կուզեի հավատալ նրան։ Պատրաստ էի հավատալ… Բայց ինչո՞ւ հենց հիմա պիտի հավատամ։ Չէի հավատում, չէ՞, երբ ասում էր, որ Ալբերտո Մորավիան լավ գրող է։

Հետո բոլորս բարձրացանք ինչ֊որ պատշգամբ։ Նայեցինք՝ ինչպես են Տանյան ու Մաշան ավտոբուս նստում։

Ժամանակը կանգ առավ։ Այդ մի քանի վայրկյանը որպես սահմանագիծ զգացի՝ անցյալի եւ ապագայի միջեւ։

Ավտոբուսը շարժվեց։

Հիմա կարելի էր գնալ տուն, առանց հրաժեշտ տալու…


Տասնմեկ օր հարբում էի կողպած բնակարանում։ Երեք անգամ իջա խմիչք առնելու։ Եթե զանգում էին, հեռախոսով ասում էի․

— Չեմ կարող խոսել…

Համարձակությունս չհերիքեց հեռախոսն անջատեմ։ Անվերջ ինչ֊որ բանի եմ սպասում…

Չորրորդ օրը եկավ միլիցիան։ Առավոտյան դուռը թակեցին, չնայած զանգն աշխատում էր։ Բարեբախտաբար շղթայիկը գցել էի։ Դռան արանքից շողաց լաքած չքոցը։ Ինքնավստահ, անշտապ հազ լսվեց։

Միլիցիայից չէի վախենում։ Պարզապես չէի կարող խոսել իշխանությունների հետ։ Հենցի միայն տե՜սքս ինչ արժեր…

Ես հարցրի․

— Ի՞նչ է պատահել։ Ներկայացրեք օրդերը… Կացարանի անձեռնմխելիության օրենք գոյություն ունի…

Միլիցիոները սպառնագին ասաց․

— Օրդերը խնդիր չի։

Եվ անմիջապես հեռացավ։ Իսկ ես վերադարձա իմ շշերին։ Դրանցից ցանկացածի մեջ հրաշալիքներ էին պահված…

Անցավ քսան րոպե։ Ինչ֊որ բան ստիպեց, որ դուրս նայեմ պատուհանից։ Բակով անցնում էր միլիցիայի վերակարգը։ Իմ կարծիքով՝ տասը հոգի։

Աստիճաններին լսեցի նրանց ծանր ոտնաձայները։ Հետո զանգը տվին, կտրուկ ու անհամբեր։

Չէի արձագանքում։

Ի՞նչ էին անելու։ Ջարդելու էին հին պետերբուրգյան դո՞ւռը։ Աղմուկի վրա ամբողջ Ռուբինշտեյնի փողոցթ կհավաքվեր…

Միլիծիոներները մի ամբողջ ժամ ցցվել էին սանդղահարթակին։ Նրանցից մեկը բանալու անցքով գոռաց․

— Բացատրություն տվեք Քրեական օրենսգրքի ներքոշարադրյալ հոդվածների վերաբերյալ։ Որջ պահելը, պորտաբուծություն, դիմադրություն իշխանություններին…

Հոդվածներն այնքան շատ էին, որ որոշեցի դրա մասին չմտածել։

Միլիծիոներները չէին հեռանում։ Նրանցից մեկը լավ հոգեբան դուրս եկավ։ Թակեց դուռն ու գոռաց․

— Կարո՞ղ եմ մի բաժակ սառը ջուր խնդրել։

Ըստ երեւույթին, հույսն իմ սենտիմենտալության վրա էր։ Կամ աբսուրդի հրաշագործ ուժի…

Չէի արձագանքում։

Վերջապես միլիցիոներները դռան տակ ինչ֊որ թուղթ խցկեցին ու հեռացան։ Տեսա ինչպես են հատում բակը։ Այս անգամ հաշվեցի։ Վեց շքոց էր պսպղում արեւի տակ։

Պարզվեց՝ թուղթը ծանուցագիր է, որը երեք րոպեի չափ կարդում էի։ Վերջում ասվում էր․ «Ներկայանալը պարտադիր է»։ Քննիչի ազգանունը չկար։ Գործի անվանումը, որով ինձ կանչում էին՝ նույնպես։ Նշված չէր նույնիսկ, թե ով եմ՝ վկա՞, պատասխանո՞ղ, թե՞ տուժող։ Նույնիսկ սենյակի համարը չկար։ Միայն՝ ժամն ու ամսաթիվը։

Գիտեի, որ այդպիսի ծանուցագրերն անվավեր են։ Իգոր Եֆիմովն էր սովորեցրել։ Ու ծանուցագիրը գցեցի աղբամանը։

Միլիցիան հետո չորս անգամ էլ եկավ։ Ու միշտ գլխանց իմանում էի, որ գալիս են։ Հարբեցող Սմիռնովն էր զգուշացնում։

Գենա Սմիռնովը անկյալ լրագրող էր։ Իմ տան դիմաց էր ապրում։ Օրեր շարունակ պատուհանի մոտ շարտրեզ էր խմում։ Ու հետաքրքրությամբ ուսումնասիրում փողոցը։

Իսկ ես ապրում էի բակի խորքում․ հինգերորդ հարկ, առանց վերելակի։ Դարպասից մեր շքամուտքը հարյուր մետր էր։

Երբ միլիցիայի վերակարգը մտնում էր բակ, Սմիռնովը մի կողմ էր դնում շիշը, զանգում էր ինձ ու հստակ արտաբերում միակ դարձվածքը․

— Բոզերը գալիս են։

Հետո ես նորից ստուգում էի փականներն ու գնում խոհանոց։ Հեռո՛ւ մուտքի դռնից։

Երբ միլիցիան հեռանում էր, նայում էի վարագույրի հետեւից։ Դիմացի հեռավոր պատուհանում երեւում էր Սմիռնովը։ Նա շշով ողջունում էր ինձ…

Տասնմեկերորդ օրը հալյուցինացիաներ սկսվեցին։ Սատանաներ չէին, այլ պարզունակ կատուներ։ Սպիտակ ու գորշ, մի քանի հատ։

Հետո վրաս որդերի անձրեւ տեղաց։ Փորիս վարդագույն բծեր էին հայտնվել։ Ափերիս մաշկը սկսեց թեփոտել։

Խմիչքը պրծավ։ Փողը վերջացավ։ Շարժվելու ու գործելու ուժ չկար։

Ինձ ի՞նչ էր մնում։ Պառկել անկողնում, գլխիս քաշել ծածկոցն ու սպասել։ Վաղ թե ուշ այս ամենը պիտի վերջանար։ Սիրտս առողջ է։ Ինձ քարշ է տվել, չէ՞, հարյուրավոր հարբեցողությունների միջով։

Շարժիչը լավն է։ Ափսոս, որ արգելակներ չկան։ Կանգ եմ առնում միայն խրամառվում…

Ծածկոցը քաշեցի գլխիս ու սսկվեցի։ Ոտքերիս տակ խորհրդավոր, լպրծուն սողուններ էին վխտում։ Խավարում զնգում էին ինչ֊որ անհասկանալի զանգուլակներ։

Ծածկոցի վրա զորաշարքով երթաքայլում էին թվեր ու տառեր։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարճ նախադասություններ էին կազմում։ Մի անգամ կարդացի․

«Միայն մահն է անուղղելի…»։

Եթե խոր մտածես՝ այնքան էլ հիմար միտք չէ…

Եվ այդ պահին հեռախոսը զանգեց։ Անմիջապես հասկացա՝ ով է։ Գիտեի, որ Տանյան է։ Գիետի ու՝ վերջ։

Վերցրի լսափողը։ Քաոսից դուրս լողաց Տանյայի խաղաղ ձայնը․

— Ողջո՛ւյն։ Մենք Ավստրիայում ենք։ Ամեն ինչ լավ է… Խմե՞լ ես։

Բարկացա․

— Ինձ ինչի՞ տեղ ես դրել։

— Մեզ դիմավորեցին։ Էստեղ շատ ծանոթներ կան։ Բոլորը քեզ բարեւում են…

Ոտաբոբիկ կանգնել էի հեռախոսի մոտ ու լռում էի։ Պատուհանից այն կողմ դղրդաց հորատիչը։ Հայելին անդրադարձնում էր հին վերարկուս։

Ես միայն հարցրի․

— Մենք նորից կհանդիպե՞նք։

— Այո՛… Եթե մեզ սիրում ես…

Նույնիսկ չհարցրի՝ որտե՞ղ կհանդիպենք։ Դա նշանակություն չուներ։ Գուցե՝ դրախտում։ Որովհետեւ դրախտը հենց հանդիպավայր է։ Եվ ուրիշ ոչինչ։ Ընդհանուր տիպի խուց, որտեղ կարելի է հանդիպել հարազատ մարդուն…

Հանկարծ աշխարհը որպես մեկ ամբողջություն տեսա։ Ամեն ինչ միաժամանակ էր կատարվում։ Ամեն ինչ տեղի էր ունենում իմ աչքի առաջ…

Կինս ասաց․

— Այո, եթե մեզ սիրում ես…

— Սե՞րն ինչ կապ ունի,— հարցրի ես։

Հետո ավելացրի․

— Սերը ջահելների համար է։ Զինծառայողների ու մարզիկների… Իսկ էստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Էստեղ ոչ թե սեր է, այլ՝ ճակատագիր…

Հետո ինչ֊որ բան շխկաց, եւ ամեն ինչ լռեց։

Հիմա պետք էր քնել դատարկ ու հեղձուկ սենյակում…

1983թ․