հեղինակ՝ Վիլյամ Գոլդինգ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Առաջին գլուխ։ Խեցու կանչը
Խարտյաշ տղան ցած իջավ վերջին քարափից և սկսեց ճանապարհ հարթել դեպի ծովախորշը։ Թեև իր դպրոցական սվիթրը նա հանել ու քարշ էր տալիս հետևից, բայց գորշ շապիկը քրտնաթաթախ էր, իսկ մազերը ծեփվել էին ճակատին։ Շուրջբոլորը երկար սպիով ջունգլին հատող ծառազուրկ շերտն ասես քարաբաղնիս լիներ։ Տղան դժվարությամբ առաջ էր գնում մացառների ու ծառերի փշրված բների միջով, երբ, հանկարծ, վհուկի պես աղաղակելով, ոտքի տակից դուրս պրծավ դեղնակարմիր մի թռչուն։ Ինչ-որ տեղ նրա կանչին արձագանքեց մեկ ուրիշը։
— Հե՜յ, սպասի․․․
Բացատի եզրին, կաթիլների տարափ առաջացնելով, մի բանի թուփ ցնցվեց։
— Սպասի,— ասաց ձայնը,— ես խճճվել եմ։
Խարտյաշ տղան կանգ առավ ու գուլպաները մեքենայաբար շտկեց, այդ շարժումով ջունգլին մի պահ նմանեցնելով Անգլիայի կոմսություններին։
Ձայնը նորից խոսեց․
— Չեն թողնում շարժվեմ անտեր թփերը։
Ձայնի տերը, բաճկոնը քրքրելով, հետևանց դուրս մագլցեց թփուտներից։ Նրա թմբլիկ, մերկ ծնկներն ամբողջովին քերծված էին։ Տղան կռացավ, խնամքով պոկեց հագուստին կպած փշերն ու շուռ եկավ։ Նա խարտյաշից ցածր էր ու շատ գեր։ Առաջ անցավ, ոտքերի համար ապահով տեղ փնտրելով, և ակնոցի հաստ ապակիների միջով նայեց վեր։
— Էն բարձրախոսով մարդն ո՞ւր կորավ։
Շիկահեր տղան գլուխը տարուբերեց։
— Ինձ որ հարցնես, էս կղզի է։ Հրեն ծովի մեջ էլ ժայռը։ Մեծեր կարող են իսկի չլինել։
Գիրուկը ցնցվեց․
— Ո՞նց թե, բա օդաչո՞ւն, նա չէր երևում, բայց հո էն առջևի խցիկում էր, չէ՞։
Խարտյաշն աչքերը կկոցած նայում էր ծովի ժայռին։
— Հետո մնացած երեխեքը,— շարունակեց գիրուկը,— գոնե կեսը փրկված կլինեն, չէ՞։ Ճիշտ չե՞մ ասում։
Խարտյաշ տղան որքան կարելի է անբռնազբոս դիմեց ջրի կողմը։ Նա փորձում էր անմիջական լինել ու շատ բացահայտ չցուցաբերել իր անտարբերությունը, բայց գիրուկը վրա էր տալիս։
— Ի՞նչ, ուրեմն, մեծեր հե՞չ չեն մնացել։
— Չեմ կարծում, թե մնացած լինեն,— հանդիսավոր ասաց խարտյաշը, բայց և իսկույն նրան համակեց հանկարծ իրականացած բաղձանքի բերկրանքը։ Նա բացատի մեջտեղում կանգնեց գլխի վրա ու բերանով մեկ ժպտաց շուռ տված գիրուկին։
— Մեծերը չկա՜ան․․․
Գիրուկը մի պահ մտածեց։
— Բա էն օդաչո՞ւն։
Խարտյաշը ոտքերը ցած իջեցրեց ու նստեց քրտնխաշ հողին։
— Նա մեզ ցած գցեց, իսկ ինքը թռավ-գնաց։ Սենց տեղ հո չէ՞ր նստելու, էն էլ ակերով ինքնաթիռով։
— Մեր վրա հարձակվեցին, չէ՞․․․
— Ոչինչ, ինքն ուզածիդ պես հետ կգա։
Գիրուկը գլուխը տարուբերեց։
— Մենք որ իջնում էինք, ես պատուհանից նայում էի՝ մեր էն կողքը կրակ էր կպել։
Սա հայացքով չափեց բացատը։
— Էս բոլորն ինքնաթիռի արածն էր։
Խարտյաշը ձեռքը պարզեց ու շոշափեց ծառի փշրված բունը։ Նրա հետաքրքրությունը կարծես թե արթնացավ։
— Ասում ես էլի, բա ի՞նքն ինչ եղավ,— ասաց նա,— կամ կտորները։
— Փոթորիկը քշեց լցրեց ծովը։ Տես ո՜նց է փշրել բոլոր ծառերը։ Մեջը երևի դեռ երեխեք կային։
Նա մի պահ վարանեց, ապա վերջապես հարցրեց․
— Անունդ ի՞նչ է։
— Ռալֆ։
Գիրուկը սպասեց, որ իր անունն էլ հարցնեն, բայց Ռալֆ անունով տղան ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեց, ցրված Ժպտաց, ոտքի կանգնեց ու նորից դիմեց ծովախորշի կողմը։ Գիրուկը հետ չմնաց։
— Երևի էստեղ մերոնցից էլի լիքը կան, դու ոչ ոքի չե՞ս տեսել։
Ռալֆը գլուխը թափ տվեց և քայլերն արագացրեց, բայց ոտքը ճյուղի դեմ առավ, ու նա փռվեց գետնին։
Գիրուկը շնչակտուր կանգնեց նրա կողքին։
— Մորքուրս չի թողնում վազեմ,— բացատրեց նա,— շնչարգելությանս համար։
— Շնագելությա՞ն։
— Հա, շունչս տեղը չի գալի։ Ես մեր դպրոցի շնչարգելությամբ միակ տղան էի։— Հպարտությամբ ասաց գիրուկը։— Համ էլ երեք տարեկանից ակնոց եմ դնում։
Նա ակնոցը հանեց և մեկնեց Ռալֆին, աչքերը ճպճպացնելով ու ժպտալով, հետո կեղտոտ բաճկոնի փեշով սկսեց մաքրել։ Հանկարծ նրա գունատ դեմքը ծամածռվեց ցավից ու ներքին կենտրոնացումից։ Նա սրբեց այտերի քրտինքն ու ակնոցն իսկույն տեղը հագցրեց։
— Էդ մրգերը․․․
Նա աչքի անցկացրեց բացատը։
— Ես ոնց որ թե, էդ մրգերից․․․
Նա ակնոցը շտկեց, հանկարծ նետվեց մի կողմ ու պպզեց թփերի ետևում։
— Հեսա կգամ․․․
Ռալֆը զգուշությամբ ոտքի կանգնեց և ճյուղերի արանքով սպրդեց անտառ։ Շուտով գիրուկի տնքոցները մնացին հետևում, և նա մոտեցավ իրեն ծովից անջատող վերջին պատնեշին։ Մագլցեց կոտրված ծառի վրայով ու անտառից դուրս եկավ։
Ամբողջ ափով մեկ փետրավոր արմավենիներ էին ցրված։ Նրանք աճում էին ուղիղ, կոր կամ արևի կողմը թեքված, և իրենց կանաչ թևերով ճախրում էին երեսուն մետրանոց բարձունքում։ Տապալված ծառերի բները տեղ-տեղ պատռել էին խոտի կոշտ գորգը, որը ցիրուցան ծածկված էր փտող կոկոսներով ու արմավի ծիլերով։ Հետևում միայն մութ անտառն էր ու բացատի երկար սպին։ Ռալֆը, ծառին հենված, կանգնել ու անթարթ նայում էր առջևի շողշողուն ջրին։ Մի մղոն հեռվում, մարջանի խութերին խփվելով, փրփրում էր մուգ կապույտ օվկիանոսը, բայց խութերի անկանոն աղեղի մեջ փակված ծովախորշը լեռնային լճակի պես հարթ էր ու անխռով և շողում էր երկնագույնի, կանաչի ու ծիրանու բոլոր երանգներով։ Արմավների դարավանդի ու ծովի միջև ընկած նոր լողափը անծայր աղեղով ձգվում-հասնում էր անսահմանությանը։ Ամենուր իշխում էր թանձր, համարյա տեսանելի շոգը։
Ռալֆը դարավանդից թռավ ու կոշիկներով խրվեց ավազի մեջ։ Շոգը խփեց գլխին։ Հագուստը սկսեց խանգարել, և նա դեն նետեց կոշիկներն ու կտրուկ շարժումով ոտքերից ձգեց գուլպաները։ Հետո նորից ցատկեց դարավանդին, գլխի վրայով հանեց շապիկն ու կանգնեց գանգանման կոկոսների կողքին, արմավների կանաչ ստվերների խաղի տակ։ Ապա գոտին արձակեց, դուրս սահեց շալվարի ու վարտիքի միջից և, բոլորովին մերկ, հայացքն ուղղեց ցոլցլուն ծովի ու լողափի կողմը։
Տղան բավական մեծ էր՝ տասներկուսն անց, և, կորցնելով մանկական ցմփորությունը, դեռ ձեռք չէր բերել դեռահասի կազմվածքին հատուկ անշնորհքությունը։ Ուսերի թափից ու լայնությունից դատելով, նա կարող էր բռնցքամարտիկ դառնալ, սակայն մեղմ աչքերն ու բերանի ուրվագիծը բարեհոգություն էին վկայում։ Նա թեթևակի թխկացրեց արմավենու բնին և, ի վերջո համակերպվելով կղզու գոյության հետ, լիաթոք ծիծաղեց ու նորից կանգնեց գլխի վրա։ Հետո ճարպկորեն շուռ եկավ, ցած թռավ դարավանդից, և, ծունկի գալով, երկու ձեռքով ավազը քաշեց իր մոտ։ Ապա հետ նստեց ու իր փայլուն, անհանգիստ աչքերը դարձրեց ջրի կողմը։
— Ռա՜լֆ․․․
Գիրուկը դարավանդից ոտքերը զգուշորեն իջեցրեց ու նստեց եզրին։
— Կներես, որ ուշացա, էդ մրգերը․․․
Նա ակնոցը սրբեց ու դրեց իր կլորիկ քթին։ Շրջանակը քթարմատին վարդագույն խորը հետք էր թողել։ Գիրուկը քննական մի հայացք նետեց Ռալֆի ոսկեգույն մարմնին, ապա նայեց սեփական հագուստին և ձեռքը դրեց կրծքի երկար շղթայի ծայրին։
Վերջապես նա շղթան վճռաբար քաշեց ու գլխի վրայով հանեց բաճկոնը։
— Թքած։
Ռալֆն աչքի ծայրով նրան էր նայում, բայց ոչինչ չասաց։
— Երևի պետք է բոլորի անուններն իմանալ,— ասաց գիրուկը,— ու ցուցակ սարքել։ Պետք է ժողով կանչել։
Ռալֆն ակնարկը բանի տեղ չդրեց, և գիրուկը ստիպված եղավ շարունակել։
— Ինձ ինչ էլ ասեն, ոչինչ,— մտերմաբար խոստովանեց նա,— մենակ թե դպրոցի անունը չկպցնեն։
Ռալֆը փոքր-ինչ աշխուժացավ։
— Ինչ անուն։
Գիրուկը հետ նայեց, կռացավ Ռալֆի մոտ ու փսփսաց․
— Դպրոցում ինձ Խոզուկ էին ասում։
Ռալֆը պոռթկաց ու վեր ցատկեց։
— Խո՜-զուկ, Խո՜-զուկ։
— Լավ էլի, Ռալֆ․․․
Խոզուկն անախորժ կանխազգացումով ձեռքերն իրար սեղմեց։
— Ախր ես ասեցի, չէ՞, որ չեմ ուզում․․․
— Խո՜-զուկ, Խո՜-զուկ։
Ռալֆը պար գալով վազեց արևի տակ ու թևերը պարզած հետ եկավ, կործանիչ ինքնաթիռի կերպարանք առած, Խոզուկին գնդակոծելով։
— Զր՜զզզզզ․ դը՛-դը՛-դը՛-դը՛-դը՛․․․
Նա գահավիժեց խոզուկի ոտքերի տակ ու պառկած մնաց ավազների մեջ, շարունակելով հռհռալ․
— Խո՜-զուկ։
Խոզուկը դժկամությամբ Ժպտաց, կամքին հակառակ ուրախանալով, որ առնվազն ճանաչում է գտել։
— Դե լավ, եթե ուրիշներին չես ասելու․․․
Ռալֆն, ավազի մեջ թավալ տալով, քրքջում էր։ Կենտրոնացման ու ցավի արտահայտությունը նորից հայտնվեց Խոզուկի դեմքին։
— Էս րոպեիս կգամ․․․
Նա նորից նետվեց անտառ։ Ռալֆը ոտքի ելավ ու վազեց աջ։
Այնտեղ լողափի սահուն գիծը կտրուկ ընդհատվում էր կոպիտ անկյուններով վարդագույն գրանիտի հսկայական մի սալ անգթորեն հատում էր անտառը, դարավանդն ու ավազը և մխրճվում ջրի մեջ, ստեղծելով մեկ մետրից քիչ բարձր մի հարթակ։ Այն ծածկող հողի նեղ շերտի վրա կոշտ խոտ ու մատաղ արմավենիներ էին աճում։ Հողը չէր հերիքում, որ արմավները մի լավ հասակ առնեն, և, մոտ յոթ մետրի հասնելով, նրանք չորանում ու տապալվում էին ցած, գոյացնելով նստելու համար շատ հարմար բների խաչաձևված մի ցանց։ Դեռևս կանգուն արմավենիների ծածկի վրա ներքևից խաղում էին ծովախորշի ջրի արտացոլված շողքերը։ Ռալֆը, ձեռքերը հենելով, վեր թռավ այդ հարթակի վրա, գնահատեց նրա զովությունն ու ստվերը, մի աչքը փակեց ու վճռեց, որ իր մարմնի ստվերներն իրականում կանաչ են։ Նա մոտեցավ հարթակի եզրին և նայեց ներքև։ Հատակը պարզ երևում էր՝ վճիտ ջուրը նախշված էր արևադարձային ջրիմուռներով ու մարջանով։ Ներքևում դես ու դեն էր անում փոքրիկ փայլփլուն ձկնիկների մի վտառ։ Ռալֆն ակամա բացականչեց, հնչեցնելով բերկրանքի թավ լարերը։
— Առռը հա՜․․․
Հարթակի տակ նոր հրաշքներ կային։ Աստծու արարներից մեկը, որևէ ծովամրրիկ կամ թերևս հենց այն հողմը, որն ուղեկցել էր իրենց անկումը, ծովախորշի ներսում ավազ էր դիզել ու նրանից անջատել երկար ու խորը մի ավազան, որի մի ծայրը փակում էր վարդագույն ժայռը։ Ռալֆը փորձից գիտեր, որ խորության պատրանքը խաբուսիկ է լինում, և նախօրոք հիասթափություն էր ակնկալում։ Բայց կղզին այս անգամ էլ չխաբեց, և այդ անհավատալի ավազանը, որին ալիքներն անկասկած միայն մակընթացության ժամանակ էին հասնում, այնքան խորը դուրս եկավ, որ մի ծայրից նույնիսկ մուգ կանաչ էր։ Ռալֆը մանրամասն ուսումնասիրեց ավազանի ամբողջ երկայնքը և նոր միայն ցատկեց մեջը։ Ջուրը մարմնից տաք էր, Ռալֆն ասես լող տար մի մեծ լոգարանի մեջ։
Խոզուկը նորից հայտնվեց, նստեց ժայռի եզրին և սկսեց նախանձով նայել Ռալֆի կանաչ ու սպիտակ մարմնին։
— Այ թե լող ես տալիս, հա՜։
— Խո՜-զուկ։
Խոզուկը հանեց կոշիկներն ու գուլպաները, խնամքով դրանք դարսեց ժայռին և ոտքի բութ մատով փորձեց ջուրը։
— Տաք է։
— Բա դու ի՞նչ էիր կարծում։
— Ես բան չէի կարծում։ Մորքուրս․․․
— Զզվեցրիր քո մորքուրով։
Ռալֆը սուզվեց ջրի տակ և աչքերը բացեց՝ ավազանը խորշից անջատող թումբն ասես լեռնաշղթա լիներ։ Նա քիթը փակեց ու շուռ եկավ՝ ոսկեգույն լույսի շողերը բեկվեցին ու պար եկան դեմքին։ Խոզուկը վճռական տեսքով սկսեց հանել իր կարճ տաբատը։ Շուտով արդեն նրա գունատ ու թմբլիկ մարմինը բոլորովին մերկ էր։ Նա ոտքերի ծայրի վրա իջավ ավազոտ կողմն ի վար և մինչև վիզը պպզեց ջրի մեջ, հպարտորեն ժպտալով Ռալֆի կողմը։
— Ի՞նչ, չես լողանալո՞ւ։
Խոզուկը գլուխը թափ տվեց։
— Ես լողալ չգիտեմ։ Չեն թողնում, թե չէ շնչարգելությունս․․․
— Զզվցրիր քո շնագելությամբ։
Խոզուկը խոնարհաբար ձայն չհանեց։
— Բայց դու համա թե լողալ գիտես, հա՜։
Ռալֆը մեջքի վրա լողաց դեպի ափը, բերանը ջուր հավաքեց և բարակ շիթով դուրս փչեց։ Հետո գլուխը բարձրացրեց և ասաց։
— Ես հինգ տարեկանից լողալ գիտեմ, հայրս սովորեցրեց։ Ինքը ռազմական նավապետ է, հենց որ ազատվի, կգա մեզ փրկելու։ Քո հե՞րն ինչ է։
Խոզուկն իսկույն կարմրեց։
— Իմ հայրը մեռել է։— Արագ ասաց նա։— Իսկ մայրս․․․
Նա ակնոցը հանեց և սկսեց փնտրել, թե ինչով սրբի։
— Ես մորքուրիս հետ եմ ապրում։ Ինքը քաղցրավենիքի խանութ ունի, գիտե՞ս, ինչքան էի ուտում՝ ինչքան քեֆս ուզեր․․․ Իսկ քո հայրը մեզ ե՞րբ կփրկի։
— Հենց որ կարողանա։
Խոզուկը ջրից դուրս եկավ, և, կաթկթալով, սկսեց գուլպայով սրբել ակնոցը։ Առավոտյան տապի միջով նրանց հասնող միակ ձայնն այժմ խութերին փշրվող հորձանքի երկար, ընդհատվող մռնչոցն էր։
— Իսկ ի՞նչ կիմանա, որ մենք էստեղ ենք։
Ռալֆը ջրի մեջ թմրում էր։ Քունը պարուրում էր նրան, ծովախորշի փայլը շղարշել էր ջանացող գայթակղիչ տեսիլքների պես։
«Որովհետև» մտածում էր Ռալֆը՝ «Որովհետև կիմանա»։ Խութերից հասնող մռլտոցը հետզհետե հեռանում էր։
— Օդայականում կասեն։
Խոզուկը գլուխը տարուբերեց, փայլփլող ակնոցը դրեց քթին և ներքև նայեց Ռալֆի կողմը։
— Ոչ ոք էլ չի ասի։ Դու օդաչուին չլսեցի՞ր, չլսեցի՞ր ատոմային ռումբի մասին ինչ ասեց։ Բոլորը մեռել են։
Ռալֆը ջրից դուրս եկավ, կանգնեց Խոզուկի դիմաց ու սկսեց միտք անել այդ անսովոր պրոբլեմի մասին։
Խոզուկը պոկ չէր գալիս։
— Էս կղզի է, չէ՞։
— Ես էն ժայռը բարձրացել եմ,— դանդաղ ասաց Ռալֆը,— ոնց որ թե կղզի է։
— Բոլորը մեռել են։— Ասաց Խոզուկը։— Էս էլ կղզի է։ Ոչ ոք չգիտի, որ մենք կորել ենք։ Ոչ քո հայրը, ոչ էլ ուրիշ որևէ մեկը։
Նրա շուրթերը դողացին, ակնոցը մշուշվեց։
— Մենք էստեղ կմնանք մինչև չմեռնենք։
Այդ խոսքերից տապն ավելի սաստկացավ ու անտանելի ծանրությամբ լցվեց, իսկ ծովախորշի փայլը սկսեց կուրացնել։
— Գնամ,— մրմնջաց Ռալֆը,— հրեն, շորերս։
Դաժան արևին դիմանալով, նա վազեց-անցավ գրանիտե հարթակով և հավաքեց իր ցիրուցան հագուստը։ Գորշ շապիկը նորից հագնելը զարմանալիորեն հաճելի էր։ Ապա կրկին մագլցեց հարթակն ու ստվերի տակ նստեց մի հարմար բնի վրա։ Խոզուկը, իր ամբողջ ունեցվածքը թևի տակ ծալած, նույնպես վեր բարձրացավ։ Նա զգուշորեն նստեց ծովախորշին նայող փոքր ժայռաբեկորի կողքին տապալված բներից մեկին։ Ջրի խճճված շողքերը սկսեցին խաղալ նրա դեմքին։
Քիչ անց նա խոսեց։
— Մենք անպայման պիտի մյուսներին գտնենք։ Պիտի մի բան անենք։
Ռալֆը չպատասխանեց։ Ահա մարջանի մի կղզի։ Արևից պատսպարված, անտեսելով Խոզուկի մռայլ գուշակությունները, նա քաղցր երազում էր։
Խոզուկը հանգիստ չէր թողնում։
— Ի՞նչ գիտես, թե մենք քանի հոգի ենք։
Ռալֆը մոտեցավ ու կանգնեց Խոզուկի կողքին։
— Չգիտեմ։
Տեղ-տեղ զեփյուռը կնճռոտում էր շոգի մուժի տակ ձգված ջրի հայելին, արմավների սաղարթները սկսում էին խշխշալ, ու լույսի աղոտ բծերը սահում էին նրանց մարմնով կամ պայծառ թիթեռնիկների պես թպրտում ստվերում։
Խոզուկը նայեց Ռալֆին, նրա դեմքի ստվերները շրջվել էին՝ վերևից կանաչ էին, ներքևում, ջրի արտացուումից՝ լուսավոր։ Արևի շողքը խճճվել էր մազերի մեջ։
— Մենք պետք է մի բան անենք։
Ռալֆը նայում էր նրան, բայց չէր տեսնում։ Վերջապես իր երազած, բայց երբեք լիովին չիրականացած, վայրը հանկարծ մարմնավորվում էր, կյանք առնում։ Ռալֆը գոհունակությամբ ժպտաց։ Խոզուկը, ընկալելով դա որպես խրախուսանք, հաճույքից ծիծաղեց։
— Եթե սա իսկապես կղզի է․․․
— Է՞ս ինչ էր։
Ռալֆն այլևս չէր ծիծաղում և մատը տնկել էր ջրի կողմը։ Փարթամ ջրիմուռների գրկում կաթնագույն մի բան էր ընկած։
— Քար կլինի։
— Չէ՝ խեցի։
Խոզուկը հանկարծ խանդավառվեց։
— Ճիշտ որ, խեցի է։ Ես մեկի տանը դրանից տեսել եմ, բայց նա դրան փող էր ասում։ Հենց որ փչում էր, մայրը դուրս էր դալիս։ Գիտե՞ս, ինչ թանկանոց բան է․․․
Ռալֆի կողքին արմավի մի ծիլ թեքվել էր ջրի վրա։ Սակավ հողը հազիվ էր դիմանում նրա քաշին, ու այն վաղ թե ուշ պիտի ընկներ։ Ռալֆն այդ ծիլը դուրս քաշեց ու մտցրեց ջուրը, ցիրուցան անելով պսպղուն ձկնիկներին։ Խոզուկը վտանգավոր կերպով թեքվեց ցած։
— Կամաց, կջարդես։
— Ձենդ կտրի։
Ռալֆը ցրված էր։ Խեցին սիրուն էր ու հետաքրքիր՝ լավ խաղալիք, բայց գերող անուրջները դեռևս զատում էին նրան Խոզուկից, որն այդ պարագայում պարզապես ավելորդ էր։ Արմավի ծիլը ճկվեց և խեցին հրեց ջրիմուռների մեջ։ Մի ձեռքը որպես հենարան գործածելով, Ռալֆը մյուսով սեղմեց լծակը և կաթկթող խեցին վեր բարձրացրեց այնպես, որ Խոզուկն այն բռնի։
Այժմ, երբ խեցին կարելի էր ձեռք տալ, Ռալֆը նույնպես ոգևորվեց։ Խոզուկը նորից բլբլում էր։
— ․․․ անունր Փող էր։ Էնքան թանկ, չես պատկերացնում։ Եթե ուզենայիր մի տեղից առնել, ամպի չափ փող պիտի տայիր, լիքը․․․ Ինքը դրան պատից էր կախում, իսկ մորքուրս․․․
Ռալֆը խոզուկից խեցին վերցրեց, և նրա ձեռքին մի քանի կաթիլ ջուր ծորաց։ Խեցին կաթնագույն էր, տեղ-տեղ բաց վարդագույնի խփող։ Փոքրիկ անցքով սուր գագաթից մինչև վարդագույն շուրթերի գեղեցիկ բացվածքն ընկած տասնութ մատնաչափը թեթևակի ոլորվող, նրբին զարդանախշերով դաջված մակերես էր։ Ռալֆը զգուշությամբ թափ տվեց խեցու երկար փողի մեջ կուտակված ավազը։
— ․․․ կովի բառաչի պես էր ստացվում։ Հետո ինքը սպիտակ քարեր էլ ուներ, ու վանդակի մեջ թառած կանաչ թութակ։ Բայց դե սպիտակ քարը ոնց էլ փչես, բան դուրս չի գա, էնպես որ նա ասում էր, թե․․․
Խոզուկը լռեց, որ շունչ քաշի և շոյեց Ռալֆի բռնած փայլուն խեցին։
— Ռալֆ։
Ռալֆը վեր նայեց։
— Մենք սրանով կարող ենք բոլորին կանչել ու ժողով անել։ Սրա ձայնը որ լսեն, բոլորը կգան։
Նա պայծառացած դեմքով նայում էր Ռալֆին։
— Դու հենց էդ էիր ուզում, չէ՞, դրա համար ես խեցին հանել, չէ՞։
Ռալֆն իր խարտյաշ մազերը ճակատից հետ գցեց։
— Ասում ես քո ընկերն էս բանը ոնց էր փչո՞ւմ։
— Կարծես մի տեսակ թքելուց լիներ։— Ասաց Խոզուկը։— Մորքուրս չէր թողնում փչեմ իմ շնչարգելության պատճառով։ Էդ տղան ասում էր, պետք է այ էստեղից փչել։— Խոզուկը ձեռքը դրեց իր գիրուկ փորին։— Մի հատ փորձի էլի, Ռալֆ, բոլորին կկանչես։
Ռալֆը խեցու բարակ ծայրը կասկածանքով դրեց բերանին և փչեց։ Մյուս կողմից խշշոց դուրս եկավ։ Ռալֆն աղաջուրը բերանից սրբեց և նորից փորձեց, բայց ապարդյուն։
— Նա մի տեսակ թքում էր։
Ռալֆը շուրթերը ցցեց ու օդի շիթը հրեց խեցու մեջ, որը հանկարծ տռտռաց։ Դա այնպիսի մի հրճվանք պատճառեց տղաներին, որ Ռալֆը, հռհռոցի նոպաների միջև, մի քանի րոպե շարունակ խեցուց նույն ձայներն էր հանում։
— Նա ա՛յ էստեղից էր փչում։
Ռալֆը վերջապես հասկացավ և օդն ամբողջ ուժով մղեց ստոծանուց վեր։ Խեցին իսկույն արձագանքեց։ Խորը և զիլ մի ձայն թնդաց արմավների տակ․ տարածվեց անտառի ծակուծուկերով և արձագանքվեց սարի վարդագույն գրանիտից։ Ծառերի կատարներից պոկվեցին թռչունների խառնիխուռն երամները, ինչ-որ գազանիկներ ծղրտացին ու ցաքուցրիվ եղան ներքևում։
Ռալֆը խեցին բերանից պոկեց։
— Շշմելո՜ւյա․․․
Նրա սովորական ձայնը խեցու զիլ հնչյունից հետո շշուկ էր թվում։ Նա խեցին նորից հպեց բերանին, և, խորը շունչ քաշելով, փչեց։ Ձայնը նորից թնդաց, Ռալֆն էլի ուժ տվեց, և ձայնը, անակնկալ մի ությակ վեր ցատկելով, վերածվեց նախկինից ավելի ծակող անտանելի մի մռնչյունի։ Խոզուկը, ակնոցը փայլատակելով, գոհ դեմքով ինչ-որ բան էր գոռում։ Թռչունները աղաղակում էին, մանր-մունր գազանները՝ փախչում։ Ռալֆի շունչը սպառվեց՝ ձայնը մի ությակ ընկավ, վերածվեց թավ գռմռոցի, օդի խշշյունի, և վերջապես, մարեց։
Խեցին լուռ էր՝ փայլուն մի ժանիք, Ռալֆի դեմքը լարումից կարմրել էր, օդը լցված էր թռչունների աղաղակով և զրնգուն արձագանքով։
— Գրազ գամ՝ որտեղ ասես չի լսվում։
Ռալֆը շունչը տեղը բերեց և մի քանի կարճ կանչ արձակեց։
Հանկարծ Խոզուկը գոռաց․
— Հրեն մեկը։
Լողափի արմավենիների միջև, մոտ երեսուն մետրի վրա, հայտնվեց մի երեխա։ Մոտ վեց տարեկան մի տղա էր, ամրակազմ ու շեկլիկ, պատառոտված հագուստով և մրգերով լղոզված դեմքով։ Նրա շալվարն անհայտ նպատակով ցած էր իջեցված և միայն կիսով չափ վեր քաշած։ Նա ցած թռավ արմավների դարավանդից, շալվարը վերջնականապես ընկավ, և տղան նրա միջից դուրս եկավ ու դիմեց դեպի հարթակը։ Խոզուկն օգնեց, որ նա բարձրանա, իսկ Ռալֆը շարունակում էր փչել, մինչև որ անտառից մանկական ձայներ լսվեցին։ Փոքրիկ տղան պպզեց Ռալֆի դիմաց և ներքևից վերև սկսեց նրան ուսումնասիրել։ Համոզվելով, որ ինչ-որ նպատակասլաց գործողություն է կատարվում, նա գոհունակությամբ իր, միակ մաքուր մնացած, բութ մատը դրեց բերանը։
Խոզուկը կռացավ նրա մոտ։
— Անունդ ո՞նց է։
— Ջոնի։
Խոզուկն ինքն իրեն մրթմրթաց այդ անունը, հետո այն բարձրաձայն գոռաց Ռալֆին, որին դա բոլորովին չհետաքրրքրեց, քանի որ նա շարունակում էր փչել իր խեցին։ Նրա դեմքը շառագունել էր այդ ապշեցուցիչ ձայնը հանելու վայրի հաճույքից, շապիկը թրթռում էր սրտի զարկերից։ Անտառից լսվող գոռում-գոչյունը գնալով մոտենում էր։
Լողափը կենդանացավ։ Շոգի թրթռուն շղարշը հեռվում բազմաթիվ երեխաների էր թաքցնում, որոնք շիկացած ավազի միջով ճանապարհ էին փնտրում դեպի հարթակը։ Երեք փոքր տղա, Ջոնիից ոչ շատ մեծ, հանկարծ, հայտնվեցին շատ մոտիկից՝ նրանք անտառում միրգ էին խժռում։ Խոզուկից քիչ փոքր, սևուկ մի տղա դուրս եկավ կողքի թփուտներից, բարձրացավ հարթակը և բոլորին զվարթ ժպտաց։ Գնալով ավելի ու ավելի շատ երեխաներ էին հայտնվում։ Ջոնիի անմեղ օրինակին հետևելով, նրանք նստում էին արմավների տապալված բներին և սպասում։ Ռալֆը շարունակում էր խեցիով կարճ ու հատու կանչեր արձակել։ Խոզուկը բոլորին շրջանցում էր, հարցնում ամեն մեկի անունը, և, հոնքերը կիտելով, փորձում մտապահել։ Երեխաները պարզամտորեն ենթարկվում էին նրան, ինչպես մինչ այդ ենթարկվում էին բարձրախոսով մարդուն։ Ոմանք մերկ էին, հագուստները ձեռքներին, ոմանք՝ քիչ թե շատ հագնված, դպրոցական համազգեստներով, գորշ, կապույտ, դարչնագույն բաճկոնիկներով կամ բրդյա սվիթրերով։ Ոմանք կրծքանշաններ ունեին, նույնիսկ՝ նշանաբաններ, հատուկ գունավոր շերտեր գուլպաների կամ շապիկների վրա։ Կանաչ ստվերը ծածկում էր ծառաբների վրա խմբված գլուխները՝ դարչնագույն, շեկլիկ, սևուկ, շագանակագույն, գորշ, գլուխները շշնջում էին, փսփսում, մեծ-մեծ աչքերով նայում Ռալֆին ու ենթադրություններ անում։ Ինչ-որ բան էր կատարվում։
Մենակ կամ զույգ-զույգ լողափից եկող երեխաները տեսանելի էին դառնում, երբ, մոտենալով, հայտնվում էին շիկացած տապի շղարշից այս կողմ։ Այստեղ աչքը սկզբից նկատում էր ավազի վրա թրթռացող սև չղջիկանման կերպարը, և հետո միայն նշմարում նրա վրայի մարմինը։ Չղջիկը երեխայի ստվերն էր, որը, ուղղաձիգ կախված արևից սմքելով, վերածվում էր ոտքերի միջև ընկած կարկատանի։ Խեցին փչելով, Ռալֆը նկատեց թպրտացող սև բծերի վրայով հարթակին մոտեցող վերջին զույգին։ Կլորագլուխ երկու տղա, խծուծի պես մազերով, իրենց ցած գցեցին Ռալֆի ոտքերի տակ և մնացին պառկած, շնիկների պես շնչակտուր ժպտալով։ Երկվորյակներ էին, իրար այնքան նման, որ այդ զվարճալի կրկնությանը պարզապես հավատալ չէր լինում։ Նրանք միասին շնչում էին, միասին ժպտում, նրանք պինդ էին և կենսունակ։ Ռալֆին դարձրած նրանց շուրթերը խոնավ էին, երկուսի դեմքին ասես բավականաչափ մաշկ հատկացված չլիներ, որից նրանց ուրվագծերր կորցնում էին իրենց հստակությունը, իսկ բերանները բաց էին մնում։ Խոզուկն իր փայլուն ակնոցով կռացել էր նրանց վրա, նրա ձայնը լսվում էր խեցու կանչի ընդմիջումներում։
— Սամ, Էրիք, Սամ, Էրիք։
Շուտով նա շփոթվեց, ու երկվորյակները, համընդհանուր ծիծաղի տակ, սկսեցին գլուխները տարուբերել և իրար ցույց տալ։
Վերջապես Ռալֆը դադարեց փչել և, խեցին մի ձեռքում բռնած, նստեց, գլուխն իջացնելով ծնկներին։ Արձագանքի հետ մարեց նաև ծիծաղը։ Լռություն տիրեց։
Լողափի ադամանդյա մշուշում ինչ-որ արարած էր շարժվում։ Առաջինը Ռալֆն էր դրան նկատել, բայց նրա լարված հայացքն ամենքին ստիպել էր նայել այդ կողմը։ Շուտով այդ արարածը շոգի մուժից դուրս եկավ և բոլորը տեսան, որ նրա մուգ գույնը ոչ այնքան ստվերի արդյունքն էր, որքան հագուստի։ Դա տղաների մի խումբ էր, որոնք քիչ թե շատ կանոնավոր քայլում էին երկու զուգահեռ շարք կազմած։ Նրանց հագուստն արտառոց էր՝ շապիկները, տաբատներն ու մնացած շորերը նրանք պահում էին ձեռքում, ամեն մեկի գլխին արծաթե նշանով քառակուսի սև գլխարկ կար։ Նրանք ոտքից գլուխ փաթաթված էին ձախ կրծքին երկար արծաթե խաչ ունեցող սև թիկնոցներով, որոնք պսակված էին փարթամ օձիքներով։ Արևադարձային տապը, վայրէջքը, սննդի հոգսերը, վերջապես, շիկացած լողափով այդ երկար, քրտնխաշ անցումը նրանց դեմքերին նոր լվացած սալորի մուգ փայլ էին տվել։ Սրանց առաջնորդող տղան նույն համազգեստն ուներ, միայն թե նրա գլխարկի նշանը ոսկեգույն էր։ Հարթակին մոտ երեք մետր չհասած, նա խմբին հրամայեց կանգնել շնչահեղձ և քրտնած, նրանք օրորվելով կանգնեցին անխնա արևի տակ։ Թիկնոցի փեշերը թռցնելով, առաջնորդը ցատկեց հարթակի վրա և կկոցած աչքերը հառեց համարյա անթափանց մթին։
— Ո՞ւր է շեփորով մարդը։
Տեսնելով, որ արևը նրան կուրացրել է, Ռալֆը պատասխանեց․
— Ոչ մի շեփորով մարդ չկա։ Ես եմ։
Տղան մոտեցավ և հայացքը վերևից սևեռեց Ռալֆին, դեմքը դժգոհ ծամածռելով։ Կաթնագույն խեցին ծնկներին դրած խարտյաշ տղայի տեսքը նրա վրա տպավորություն չգործեց։ Սև թիկնոցը շրջելով, նա կտրուկ շուռ եկավ։
— Ուրեմն, նա՞վ էլ չկա։
Երկար թիկնոցի տակ նա նիհար էր, ոսկրոտ և բարձրահասակ, սև գլխարկի տակից դուրս էին պրծնում շիկավուն մազերը։ Պեպենոտ դեմքը կնճռոտված էր ու տգեղ, բայց հիմար չէր։ Նրա կապույտ աչքերը հիասթափությամբ էին լցված, որը պատրաստ էր ցասումով բռնկվել։
— Ուրեմն էստեղ մեծերից մարդ չկա՞։
Ռալֆը դիմեց նրա մեջքին։
— Չէ, բայց մենք ժողով ենք անում։ Եկեք միացեք։
Թիկնոցավոր տղաները շարքը խախտեցին։ Բարձրահասակը գոռաց։
— Երգչախո՜ւմբ, զգա՜ստ։
Հոգնած ենթարկվելով, երգչախմբի տղաները նորից խցկվեցին արևի տակ օրորվող շարքերը։ Ոմանք, այնուամենայնիվ, բողոքի թույլ նշաններ ցուցաբերեցին։
— Ախր, Մերիդյու, լսի, չի լինի՞ մենք․․․
Նրանցից մեկը երեսնիվայր ընկավ ավազի վրա, և շարքը ցրվեց։ Ուշաթափվածին բարձրացրին և պառկեցրին հարթակի վրա։ Մերիդյուն փորձեց սևերես չմնալ։
— Դե լավ, կարող եք նստել։ Հանգիստ թողեք դրան։
— Բայց ախր, Մերիդյու․․․
— Ամեն անգամ սուտմեռուկ է անում՝ նույնը չարե՞ց Ջիբրալթարում, հետո Ադիս-Աբեբայում, իսկ առավոտյան ժամերգության ժամանակ գլորվում էր ուղիղ խմբավարի գիրկը։
Վերջին դիտողությունից երգչախմբի անդամները, որոնք, սև թռչունների պես ծառաբներին թառած, հետաքրքրությամբ նայում էին Ռալֆին, սկսեցին քրքջալ։ Խոզուկն էլ անուններ չէր հարցնում՝ նրան խեղճացրել էր համազգեստների առաջացրած հեղինակությունը և Մերիդյուի վճռական ձայնը։ Խոզուկը մտել էր Ռալֆի հետևը և զբաղված էր իր ակնոցով։
Մերիդյուն շուռ եկավ Ռալֆի կողմը։
— Ասում ես, Ուրեմն, մեծեր չկա՞ն։
— Չէ։
Մերիդյուն նույնպես նստեց և նայեց շուրջը։
— Էդպես է, մեր գլխի ճարն ինքներս պիտի տեսնենք։ Ռալֆի հետևում իրեն ապահով զգալով, Խոզուկը երկչոտ ձայն բարձրացրեց։
— Դրա համար էլ Ռալֆը ժողով կանչեց։ Որ տեսնենք ինչ ենք անելու։ Մենք արդեն սկսել ենք անունները հավաքել, էս մեկը Ջոնին է, մյուս երկուսը երկվորյակներ են՝ Սամն ու Էրիքը, ո՞րըդ էիք Էրիքը․․․ չէ, դու Սամն ես։
— Սամը ես եմ․․․
— Ես էլ Էրիքն եմ։
— Առանց անունների յոլա չենք գնա։— Ասաց Ռալֆը։— Ես Ռալֆն եմ։
— Մենք արդեն լիքը անուններ գիտենք։— Ասաց Խոզուկը։— Հենց նոր հավաքեցինք։
— Փոքրական անուններ են,— ասաց Մերիդյուն,— ես ինչի՞ պիտի Ջաք լինեմ, ես Մերիդյուն եմ։
Ռալֆը կտրուկ շուռ եկավ նրա կողմը։ Դա իր գործն իմացող մարդու ձայն էր։
— Հետո էն մյուս տղան, ո՞նց էր, մոռացա․․․
— Շատ ես բլբլում, Հաստաքամակ։— Ասաց Ջաք Մերիդյուն։— Ձենդ կտրի։
Բոլորը ծիծաղեցին։
— Ինքը Հաստաքամակ չի։— Գոռաց Ռալֆը։— Նրա ճիշտ անունը Խոզուկ է։
— Խոզո՜ւկ։
— Խո՜-զուկ։
— Համա թե խոզն ես, հա՜։
Շուրջբոլորը փոթորկում էր ծիծաղը, նույնիսկ ամենափոքր մանուկները միացել էին ընդհանուր հռհռոցին։ Ծիծաղը մի պահ միավորել էր ամենքին, Խոզուկին դուրս թողնելով այդ սերտ հանրությունից։ Նա շիկնեց, և, գլուխը կախ, սկսեց նորից մաքրել ակնոցը։
Վերջապես ծիծաղը մարեց, և վերսկսվեց անվանակոչությունը։ Ջաքից հետո երգչախմբի ամենախոշոր տղան լայնաթիկունք և անդադար քմծիծաղող Մորիսն էր։ Կար նաև մի թուլակազմ, սուսուփուս տղա, որին ոչ ոք չէր ճանաչում և որը, ասես մի գաղտնիք թաքցնելով, բոլորից խուսափում էր։ Նա մրթմրթաց, որ իր անունը Ռոջըր է, բայց ուրիշ ոչինչ չասաց։ Բիլ, Ռոբերտ, Հարըլդ, Հենրի․․․ Ուշաթափված տղան հենվեց արմավենու բնին և գունատ ժպտաց Ռալֆի կողմը, ասելով, որ իր անունը Սայմոն է։
Ջաքը խոսեց։
— Պետք է որոշենք, թե մեզ ոնց են փրկելու։
Ժխոր առաջացավ։ Մանուկներից մեկը, Հենրի անունով, ասաց, որ ուզում է տուն գնալ։
— Սուս կացեք։— Ցրված ասաց Ռալֆը և խեցին վեր բարձրացրեց։— Մի բան որոշելու համար նախ և առաջ պետք է առաջնորդ ունենալ։
— Առաջնո՜րդ, առաջնո՜րդ։
— Ես կլինեմ առաջնորդը,— պարզուշիտակ ամբարտավանությամբ ասաց Ջաքը,— քանի որ ես ավագն եմ եղել ու շարականների սկսողը, ու հետո ես կարող եմ դո դիեզ երգել։
Նորից ժխոր ծագեց։
— Դե, ուրեմն,— ասաց Ջաքը,— ես․․․
Նրա խոսքը կիսատ մնաց։ Խորհրդավոր տղան՝ Ռոջըրը, վերջապես, տեղից շարժվեց և առաջարկեց։
— Եկեք ընտրություն անենք։
— Ճիշտ որ․․․
— Առաջնորդ ընտրենք։
— Քվեարկություն սարքենք։
Քվեարկություն անցկացնելու միտքը համարյա նույնքան գրավիչ մի խաղալիք էր, որքան խեցին։ Ջաքը փորձում էր առարկել, բայց առաջնորդ ունենալու անորոշ մղումն այժմ փոխարինվել էր մասնավորապես Ռալֆին ընտրելու խանդավառությամբ։ Տղաներից ոչ մեկն ընդունակ չէր հաշիվ տալ իր այդ ցանկության համար՝ եղածներից մտածելու կարողություն, անշուշտ, Խոզուկն էր ցուցաբերել, իսկ ինչ վերաբերում է առաջնորդելու ջիղին, ապա ակնհայտ թեկնածուն Ջաքն էր։ Բայց Ռալֆին առանձնացնում էր այն յուրովի անվրդովությունը, որով նա նստած էր ծառի բնին և, ապա, նրա չափը, գրավիչ արտաքինը և, ամենաանբացատրելին, բայց և ամենաազդեցիկը՝ խեցին։ Նա, ով արձակել էր այդ կանչը և հետո, հարթակին նստած, այդ սիրուն բանը ծնկին, ամենքին սպասել, անկասկած, պիտի որ հատուկ մեկը լիներ։
— Խեցին բռնողին ընտրենք։
— Ռալֆին, Ռալֆին։
— Թող այդ փողը փչողն առաջնորդ լինի։
Ռալֆը ձեռքը բարձրացրեց, որ բոլորը լռեն։
— Շատ լավ։ Ո՞վ է ուզում առաջնորդը Ջաքը լինի։
Երգչախումբը խոժոռ հնազանդությամբ բարձրացրեց ձեռքերը։
— Ո՞վ է ինձ ուզում։
Բացի Խոզուկից, երգչախմբից դուրս բոլորը բարձրացրին իրենց ձեռքերը։ Քիչ անց Խոզուկն էլ, բրդբրդալով, ձեռքը բարձրացրեց։
Ռալֆը հաշվեց։
— Ուրեմն, առաջնորդը ես եմ։
Տղաները ծափահարեցին։ Ծափահարեց նույնիսկ երգչախումբը, և Ջաքի պեպեններն անհետացան՝ արյունը տվել էր գլուխը։ Նա վեր ցատկեց, բայց հետո միտքը փոխեց և նստեց տեղը, մինչ օդը ծափահարությունից թնդում էր։ Ռալֆը նրան նայեց ինչ-որ բանով մխիթարելու ցանկությամբ։
— Երգչախումբն, անշուշտ, քեզ է պատկանում։
— Նրանք կարող են բանակը լինել։
— Կամ որսորդները․․․
— Չէ, ավելի լավ է․․․
Ջաքի դեմքը նորմալ գույն ստացավ։ Ռալֆը նորից ձեռքով արեց, լռություն պահանջելով։
— Երգչախմբի պատասխանատուն Ջաքը կլինի։ Նրանք կարող են․․․ Ի՞նչ եք ուզում, որ լինեն։
— Որսորդներ։
Ջաքն ու Ռալֆը երկչոտ հավանությամբ նայեցին իրար։ Մյուսները սկսեցին աշխուժորեն զրուցել։
Ջաքը ոտքի ելավ։
— Դե լավ։ Երգչախումբ, թիկնոցները հանել։
Տղաները, ասես իրենց դասից բաց թողած լինեին, վեր ցատկեցին, սկսեցին խոսել, սև թիկնոցները դիզեցին խոտին։ Ջաքն իրենը Ռալֆի կողքին փռեց խոտին։ Նրա կարճլիկ գորշ քրտնաթաթախ տաբատը մարմնին էր կպած։ Ռալֆը հիացմունքով նայեց դրան, Ջաքը նրա հայացքը տեսավ և բացատրեց․
— Ես էն սարն էի բարձրանում, որ տեսնեմ ինչ կա չկա, բայց քո խեցին խանգարեց։
Ռալֆը ժպտաց և խեցին վեր բարձրացրեց, որ բռլորը լռեն։
— Բոլորդ ինձ լսեք։ Ինձ ժամանակ է պետք, որ ամեն ինչ որոշեմ, միանգամից ոչ մի բան դուրս չի գա։ Եթե սա կղզի չի, մեզ կարող է միանգամից փրկեն։ Ուրեմն, առաջին հերթին պիտի պարզենք կղզու հարցը։ Բոլորդ կսպասեք էստեղ ու ոչ մի տեղ չեք գնա։ Մենք երեքով, ավելի շատ չի լինի, թե չէ իրար կխառնվենք ու կկորչենք, երեքով կգնանք արշավի ու ամեն ինչ կիմանանք։ Ես կվերցնեմ Ջաքին ու․․․
Նա աչքի անցկացրեց անհամբեր դեմքերի շրջանը։ Ցանկացողների պակաս չկար։
— Ու Սայմոնին։
Սայմոնի կողքի տղաները քրքջացին, և նա վեր կացավ, ինքն էլ թեթևակի ժպտալով։ Այժմ, երբ նրա գունատությունն անցել էր, նա մի ոսկրոտ, կարճլիկ և աշխույժ տղա էր, ուղիղ ու սև, կոշտ մազերի խուրձի տակից նայող հայացքով։
Նա գլխով արեց Ռալֆին։
— Ես ձեզ հետ կգամ։
— Իսկ ե՜ս․․․
Ջաքն իր գոտկատեղից բավական մեծ որսորդական մի դանակ հանեց և մխրճեց ծառը։ Երեխաներով ղժվժոց անցավ։
Խոզուկն իրար խառնվեց։
— Ես էլ եմ գալու։
Ռալֆը դարձավ նրա կողմը։
— Էս գործում մենք առանց քեզ էլ յոլա կգնանք։
— Մեկ է, թող ես էլ գամ։
— Դու մեզ հեչ պետք չես։— Կտրուկ ասաց Ջաքը։— Երեքը լրիվ հերիք է։
Խոզուկի ակնոցը փայլատակեց։
— Ինքը որ փողը գտավ, ես հետն էի, ես նրա հետ էի, երբ դեռ ոչ ոք չկար։
Ջաքն ու մնացածները նրան ուշադրություն չէին դարձնում։ Բոլորր ցրվեցին։ Ռալֆը, Ջաքը և Սայմոնը ցած թռան հարթակից ու լողավազանի կողքով առաջ գնացին։ Խոզուկը ճարահատյալ ընկավ նրանց հետևից։
— Եթե Սայմոնին մեջտեղ գցենք,— առաջարկեց Ռալֆը,— կարող ենք նրա գլխի վրայով խոսել։
Նրանք սկսեցին համաչափ քայլել։ Դա նշանակում էր, որ Սայմոնը, ետ չնկնելու համար, ստիպված է մեկընդմեջ քայլերը կրկնապատկել։ Վերջապես Ռալֆը չդիմացավ և հետ նայեց Խոզուկին։
— Լսի․․․
Ջաքն ու Սայմոնը, իբր ոչինչ չնկատելով, շարունակում էին քայլել։
— Դու մեզ հետ չես կարող գալ։
Խոզուկի ակնոցը նորից մշուշվեց՝ այս անգամ նվաստացումից։
— Դու նրանց ասեցիր, նույնիսկ իմ խնդրելուց հետո։
Նրա դեմքը կարմրեց, շուրթերը դողում էին։
— Նույնիսկ երբ ես զգուշացրի, որ չեմ ուզում․․․
— Ի՞նչ ես ասում, չեմ հասկանում։
— Ինձ Խոզուկ կանչելու մասին։ Ես ասացի, որ դեմ չեմ, եթե ինձ չվառես։ Ես քեզ զգուշացրեցի, իսկ դու տեղնուտեղը ծախեցիր․․․
Լռություն տիրեց։ Ռալֆը սկսեց հասկանալ, թե Խոզուկը որքան է վիրավորված ու ճնշված։ Նա տատանվում էր ներողություն խնդրելու և էլ առավել վիրավորելու հնարավորությունների միջև։
— Ավելի լավ է Խոզուկ ասեն, քան թե Հաստաքամակ,— առաջնորդին վայել շիտակությամբ վերջապես ասաց նա։— Ամեն դեպքում ափսոս, իհարկե, որ դու էդքան վատ ես զգում։ Դե հիմա գնա ու անունները հավաքի։ Էդ է քո գործը։ Ստեսթյուն։
Նա շուռ եկավ և վազեց մյուս երկուսին հասնելու։ Խոզուկը մնաց կանգնած։ Վրդովմունքը հետզհետե նրա դեմքից անհետացավ, և նա վերադարձավ հարթակ։
Երեք տղաներն ավազով առույգ առաջ էին շարժվում ։
Տեղատվությունն ազատել էր ջրիմուռներով պատված լողափի նեղ մի շերտ, որը համարյա ճանապարհի պես կոշտ էր։ Տղաները համակված էին յուրովի հմայքով, որը տարածվում էր նաև շրջապատի վրա և երջանիկ մի զգացում էր հաղորդում իրենց։ Նրանք անընդհատ իրար էին նայում, աշխուժորեն զրուցում, ծիծաղում, իրար չէին լսում։ Օդը ջինջ էր ու պայծառ։ Ռալֆը, որը պարտավորված էր զգում այդ ամենը թարգմանել բացատրելի մի լեզվի, հանկարծ գլխի վրա կանգնեց ու ցած թռավ։ Երբ նրանք կուշտ ծիծաղեցին, Սայմոնը երկչոտ շոյեց նրա թևը և բոլորը նորից փռթկացին։
— Դե լավ, գնացինք։— Վերջապես ասաց Ջաքը։— Հետախո՞ւյզ ենք, թե՞ չէ։
— Մենք կհասնենք կղզու ծայրին,— ասաց Ռալֆր,— ու կնայենք, թե մյուս կողմն ինչ կա։
— Եթե, իհարկե, էս կղզի լինի։
Իրիկնադեմին տեսիլքները կամաց-կամաց ցրվում էին։ Նրանք գտան կղզու ծայրը, որն ուրվագծվում էր միանգամայն հստակ՝ առանց դյութանքի կամ խաբեության։ Նույն անկյունաձև զանգվածների կուտակումն էր ու մի մեծ ժայռ ծովի մեջ։ Ժայռին անթիվ անհամար թռչուններ էին թառել։
— Ոնց որ շաքար ցանած թխվածքի կտոր լինի։— Ասաց Ռալֆը։
— Մենք էս ծայրից դենը չենք էլ տեսնի։— Ասաց Ջաքը։— Որտև ծայր իսկի չկա էլ՝ ափն անընդհատ կամաց-կամաց ծռվում է։ Ու հետո մեկ է, էս ժայռերով անցնել չի լինի։
Ռալֆը ձեռքով ծածկեց արևն ու ուսումնասիրեց դեպի գագաթը բարձրացող ժայռերի անկանոն ուրվագիծը։ Ծովափն այստեղ ամենից շատ էր մոտենում գագաթին։
— Մենք հիմա կփորձենք սարը բարձրանալ։— Ասաց նա։— Ինձ որ հարցնեք, ամենահեշտ ճանապարհն էս է։ Ավելի քիչ ծառ-մառ կա, քարերով հեշտ կլինի։ Գնացինք։
Տղաները սկսեցին երեքով մագլցել։ Մի անհայտ ուժ խառնել ու ցրիվ էր տվել հսկայական սալերն այնպես, որ նրանք շարվել էին թեք ու ծուռ, հաճախ իրար վրա դարսվելով։ Ներքևի թեք սալի վրա որպես օրենք հագնում էր մի նոր վարդագույն բեկոր, և այդպես շարունակ, մինչև որ խառնիճաղանջ լիանաների ցնորքի միջով կառուցվում էին ժայռաբեկորների աստիճանաձև վարդագույն կույտերը։ Անմիջապես հողից դուրս ցցված ժայռերի կողքից, որպես օրենք, նեղլիկ արահետներ էին բարձրանում ։ Տղաները, դեմքերը ժայռին քսելով, առաջ էին խցկվում այդ կածաններով, խորանալով բուսական աշխարհը։
— Էս ո՞ւմ սարքած կածաններն են։
Ջաքը դադար առավ, դեմքից սրբելով քրտինքը։ Ռալֆը շնչակտուր կանգնած էր նրա կողքին։
— Մարդկա՞նց։
Ռալֆը գլուխը տարուբերեց։
— Չէ, գազանների։
Ռալֆը հայացքը սևեռեց ծառերի տակի խավարին։ Անտառը թեթևակի սրթսրթում էր։
— Գնացինք։
Դժվարը ոչ թե ժայռերի կողքով բարձրացող զառիվեր կածաններն էին, այլ հերթական կածանին հասնելու համար հաղթահարվող անանցանելի մացառները։ Այստեղ լիանաների արմատներն ու բներն այնքան էին խճճված, որ տղաները երբեմն հսկա ասեղների պես ստիպված էին լինում թելել նրանց միջև գոյացած նեղլիկ անցքերը։ Նրանց միակ ուղեցույցը, բացի դարչնագույն հողից և տերևների խիտ ծածկից թափանցող լույսի հազվագյուտ շողերից, թեքությունն էր՝ արդյո՞ք հերթական անցքը նախորդից բարձր էր, թե ոչ։
Մի կերպ, կամաց-կամաց, նրանք մագլցում էին վեր։
Երևի ամենից դժվարին ու խճճված պահին Ռալֆը շողշողուն հայացքը դարձրեց մյուսների կողմը։
— Շշմելո՜ւյա։
— Առըհա՜։
— Բա ո՜նց։
Նրանց ցնծության պատճառն ամենևին ակնհայտ չէր։ Երեքն էլ կեղտոտ էին, հոգնած ու քրտնխաշ։ Ռալֆը ոտքից գլուխ քերծոտված էր։ Նրանց ազդրերի պես հաստ լիանաները համարյա ոչ մի անցում չէին թողնում։ Ռալֆը փորձի համար մի ճիչ արձակեց և ականջ դրեց խեղդված արձագանքին։
— Այ թե հետախուզությունը ո՜նց կլինի։— Ասաց Ջաքը։— Գրազ կգամ, որ էս կողմերում ուրիշ մարդ չի եղել․
— Վատ չէր լինի քարտեզ կազմել։— Ասաց Ռալֆը։— Մենակ թե թուղթ չունենք։
— Կարող ենք կեղևի վրա խազեր քաշել,— առաջարկեց Սայմոնը,— ու հետո մեջը մի սև բան տրորել։
Խավարի մեջ շողշողացող հայացքների մի նոր, խորհրդավոր փոխանակում կայացավ։
— Շշմելո՜ւ։
— Բա ո՜նց։
Գլխի վրա կանգնելու տեղ չկար։ Այս անգամ Ռալֆը փոթորկող զգացմունքներն արտահայտեց, Սայմոնին կատակով գետին տապալելով։ Շուտով ետմիջօրյա կիսաստվերում արդեն թավալվում էր հևիհև մարմինների երջանիկ կույտը։
Երբ նրանք իրարից վերջապես անջատվեցին, Ռալֆը ասաց․
— Պետք է գնալ։
Հաջորդ ժայռաբեկորը բուսականությունից հեռու էր, այնպես որ նրա կողքով կարելի էր ազատ մագլցել։ Վերևում անտառն ավելի նոսր էր, և նրանք նույնիսկ կարողացան տեսնել ծովը։ Բաց տարածությունում արևն արագ չորացրեց հեղձուցիչ խավարում քրտնաթաթախ եղած հագուստը։ Մինչև գագաթը միայն վարդագույն ժայռեր էին մնացել, կարիք չկար այլևս մթան մեջ խարխափել։ Տղաները ճանապարհ էին ընտրում փոքրիկ կիրճերի ու քարի կտորտանքի միջով։
— Զգո՛ւյշ։
Ժայռերն այստեղ երկինք էին խրվում ցցերի ու ծխնելույզների ձևով։ Նրանցից մեկը, որին հենվել էր Ջաքը, հանկարծ ճռնչալով շարժվեց։
— Տղե՜րք։
Բայց ոչ թե «Տղե՜րք, վերև՛»։ Գագաթը պիտի սպասեր, մինչև տղերքն ընդունեին այս մարտահրավերը։ Ժայռաբեկորը մի փոքր մեքենայի չափ կլիներ։
— Հո՛ւպ տուր։
Առաջ, հետ, առաջ, հետ, մինչև որ գտնվի ճիշտ կշռույթը։
— Հո՛ւպ տուր։
Ճոճել, ճոճել ավելի ուժեղ, խախտել հավասարակշռությունը, մի քիչ էլ, մի քիչ էլ։
— Հո՛ւպ տուր։
Հսկա քարը տատանվեց, մի պահ երկմտաց, որոշեց հետ չգալ, գահավիժեց, դղրդոցով զարկվեց ժայռին, գլուխկոնծի տվեց, օդի մեջ դժժաց և ճարճատյունով ճեղքեց անտառի սաղավարտը։ Արձագանքի հետ միասին վեր սավառնեցին թռչունները։ Օդը լցվեց սպիտակ և վարդագույն փոշիով։ Ներքևում անտառը որոշ ժամանակ դեռ ցնցվում էր, ասես նրանով մի հսկա գազազած վիշապ անցներ։ Հետո ամեն ինչ խաղաղվեց։
— Ուռա՜ա։
— Ոնց որ ռումբ լիներ։
— Շշմելո՜ւ։
Ամբողջ հինգ րոպե նրանք ուշքի չէին գալիս հաղթական ցնծությունից, բայց, վերջապես, տեղից շարժվեցին։
Մինչև գագաթը համարյա ոչինչ չէր մնացել։ Վերջին զառիվերի մոտ Ռալֆը կանգ առավ։
— Այ քեղ բա՜ն։
Նրանք կանգնած էին մի փոքրիկ կիսաշրջանաձև գոգավորության եզրին, այն ողողված էր լեռնային կապույտ ծաղիկներով, որոնք, պռունկից կախվելով, սկսել էին գրոհել նաև անտառը։ Օդում անհամար թպրտացող թիթեռնիկներ էին էին վխտում։
Գոգավորության վերևում արդեն լեռան տափակ գագաթն էր, և շուտով տղաներն արդեն կանգնած էին նրա վրա։
Նրանք մինչ այդ էլ կռահում էին, որ կղզի կտեսնեն։ Վարդագույն ժայռերը մագլցելիս, երբ երկու կողմից ծովն էր, իսկ վերևում՝ շլացնող բարձունքը, բնազդաբար զգում էին, որ հովն ամենուր է։ Բայց և այնպես վճռական եզրահանգումը հավուր պատշաճի թողնում էին գագաթին կայացնելու համար, երբ հորիզոնն իսկապես չորս կողմից միայն ջրով շրջափակվեր։
Ռալֆը շուռ եկավ և դիմեց մյուսներին։
— Էս ամբողջը մերն է։
Կղզին նավ էր հիշեցնում՝ լեռան սապատն իրենց կողմից ցած էր իջնում խառնաշփոթ զառիթափով։ Երկու կողմից ցից ժայռեր էին, առանձին ծառեր և զառիվեր լանջեր։ Դրանից հետո, նավի միջնամասում, լանջերն ավելի հարթ էին ու սահուն, ծառապատ, տեղ-տեղ դուրս պրծած վարդագույնով։ Մնացածը հարթ և տափակ ջունգլի էր, մուգ կանաչ, որը, սակայն, վերջում պսակվում էր վարդագույն պոչով։ Այնտեղ կղզին ծովն էր մխրճվում համարյա առանձնացած բարձր մի ժայռով, որը կանաչի տարածքի վրայով ընկալվում էր որպես վարդագույնի հանդուգն մի բերդ։
Ուսումնասիրելով այս ամենը, տղաներն անդրադարձան ծովին։ Կեսօրն անցել էր, և բարձունքից ամեն ինչ երևում էր հստակ, առանց միգապատ պատրանքների։
— Սա մարջանի կղզի է, ես սրա նման նկարներ եմ տեսել։
Մարջանի խութերը շրջափակում էին կղզու կեսից ավելին, մոտ մեկ մղոնի վրա զուգահեռ հետևելով այն ափին, որը տղաներն արդեն իրենցն էին համարում։ Մարջանը ծովում ցանած էր այնպես, ասես մի հսկա ձեռք անփութորեն փորձել էր կավճով կղզին ուրվագծել, բայց գործի կեսից հոգնել էր ու փոշմանել։ Ներսում ջուրը խաղում էր զմրուխտի, կապույտի և ոսկեգույնի բոլոր երանգներով՝ ակվարիումի պես երևում էին խորքի բոլոր քարերն ու ջրիմուռները։ Դրսում ծովը մուգ կապույտ էր։ Տեղատվությունր խութերից փրփուրի երկար պոչեր էր քաշում, այնպես որ տղաներին մի պահ թվաց, որ նավն իսկապես խելով առաջ է շարժվում։
Ջաքը ներքև ցույց տվեց։
— Հրեն մեր իջած տեղը։
Ժայռերի տակ, անտառի ծածկում խոր վերք էր բացված՝ ծառերի բները փշրված էին ակոսի ամբողջ լայնքով, այն ծովափից արմավների մի նեղ շերտ էր միայն բաժանում։ Ծովախորշի մեջ խրված հարթակն էլ էր երևում, երևում էին նույնիսկ նրա կողքին խլվրտացող միջատանման կերպարանքները։
Ռալֆը ձեռքի շարժումով ուրվագծեց սարի լանջով, ծաղիկների միջով, հեղեղատը շրջանցելով, ներքև, դեպի անտառը պատռած սպին տանող իրենց ուղին։
— Էս հետ գնալու ամենակարճ ձևն է։
Կայծկլտոլն աչքերով, բերանները բաց, ցնծալով, նրանք ըմբոշխնում էին սեփականատիրոջ իրենց իրավունքը։ Նրանք թևեր էին առել, մտերմացել։
— Ոչ ծուխ կա, ոչ նավակներ։— Խորաթափանց ասաց Ռալֆը։— Հետո, իհարկե, կպարզենք, բայց իմ կարծիքով էս կղզին անմարդաբնակ է։
— Մենք կզբաղվենք ուտելիք ճարելով,— բացականչեց Ջաքը,— որսի կգնանք, գազան-մազան կբռնենք, մինչև որ․․․ մեզ կգտնեն։
Սայմոնն անխոս նրանց էր նայում և գլխով անում այնպես, որ նրա սև մազախուրձն անընդհատ հետ ու առաջ էր լինում։ Նրա դեմքը փայլում էր։
Ռալֆը նայեց մյուս լանջին, որն իջնում էր առանց խութերի ափը։
— Էդ կողմը ոնց որ ավելի թեք լինի։— Ասաց Ջաքը։
Ռալֆը ափերն ասես խմելու համար իրար կցեց։
— Տեսնո՞ւմ ես էն անտառի կտորը․․․ սարի վրա ա՛յ էսպես է նստած։
Սարի ցանկացած հարթ մասում ծառեր էին աճում, ծառեր ու ծաղիկներ։ Հանկարծ անտառն անհանգիստ խշշաց, մռնչաց, սրթսրթաց։ Մոտակա ծաղիկներն ալեկոծվեցին, տղաների դեմքին մի պահ զով քամի փչեց։
Ռալֆը ձեռքերը պարզեց։
— Էս բոլորը մերն է։
Նրանք նորից ծիծաղեցին, մի քիչ էլ թավալ եկան ու գոռգոռացին սարի վրա։
— Սոված եմ։
Սայմոնի այս խոսքերից մյուսներն էլ քաղց զգացին։
— Դե լավ, գնացինք, ինչ որ պետք էր, իմացանք։
Նրանք ժայռից ցած իջան, կտրեցին-անցան ծաղիկներով հովիտը և մտան ծառերի տակ։ Ապա կանգ առան և սկսեցին զարմանքով ուսումնասիրել կողքի թփուտները։
Առաջինը Սայմոնը խոսեց․
— Միշտ մոմի պես են։ Մոմերով թփեր։ Երևի սրանք բողբոջներն են։
Մշտադալար, մուգ կանաչ այդ թփերը ծածկված էին անուշահոտ և, ասես, մոմապատ կանաչ ձիգ բողբոջներով։ Ջաքը դանակով կիսեց դրանցից մեկը՝ բուրմունքը դուրս ցայտեց։
— Մոմի բողբոջներ են։
— Ուզես էլ, չես վառի։— Ասաց Ռալֆը։— Պարզապես նման են մոմերի։
— Կանաչ մոմեր։— Արհամարհանքով ասաց Ջաքը։— Ոչ էլ ուտելու են։ Գնացինք։
Նրանք արդեն թավուտի մատույցներում էին, հազիվ շարժելով հոգնած ոտքերը, երբ հանկարծ ձայներ լսեցին՝ ճվճվոց ու կճղակների դոփյուն։ Տղաներն առաջ նետվեցին։ Ճվճվոցը գնալով սաստկանում էր, մինչև որ վերածվեց զիլ ճիչի։ Լիանաների ցանցում խճճված մի խոճկոր էր, որը ծայրագույն սարսափից խելակորույս թպրտում էր և ճչում սուր ու բարակ հուսահատ ձայնով։ Տղաները վրա տվին, Ջաքը ճանկեց իր փայլատակող դանակն ու քաշեց խոճկորի վրա։ Բայց այդ պահին առաջացավ մի դադար, ընդմիջում, որի ընթացքում խոճկորը շարունակում էր թպրտալ և ճվալ, իսկ դանակի սայրն օդում կախված շողշողում էր։ Այդ պահը բավական էր, որպեսզի նրանք ըմբռնեին, թե որքան անբնական ու զարհուրելի բան կլիներ այդ հարվածը։ Խոճկորն այդ ընթացքում լիանաներից դուրս պրծավ և նետվեց թփուտները։ Տղաները, շվարած, մեկ իրար էին նայում, մեկ այդ սարսափելի տեղին։ Ջաքի պեպենոտ դեմքը սփրթնել էր։ Նա նկատեց, որ դանակը դեռ օդում է պահում և այն դրեց պատյանը։ Հետո երեքն էլ ամոթխած ծիծաղեցին և վերադարձան իրենց կածանը։
— Ես նշան էի բռնում։— Ասաց Ջաքը։— Հարմար պահի էի սպասում, որ ճիշտ տեղին խփեմ։
— Պիտի դրան մորթեիր,— վրա տվեց Ռալֆը։— Խոզերին չեն խփում։ Մորթում են։
— Չէ, սկզբից վիզն են կտրում, որ արյունը թափի,— ասաց Ջաքը,— առանց դրա միսն ուտել չի կարելի։
— Բա ինչի՞ չկարողացար․․․
Նրանք շատ լավ գիտեին, թե ինչու որովհետև կենդանի մարմնի մեջ մխրճվող դանակը զարհուրելի է, որովհետև անտանելի է թափված արյան տեսքը։
— Բան չէր մնում, որ խփեի։— Ասաց Ջաքը։ Նա առջևից էր գնում և մյուսները նրա դեմքը չէին տեսնում։— Ես ճիշտ տեղն էի ջոկում․․․ Ա՜յ թե մյուս անգամ․․․
Նա ճանկեց իր դանակն ու մխրճեց մոտակա ծառը։ Մյուս անգամ՝ ոչ մի գթություն։ Նա փրփրած շուռ եկավ տեսնելու, թե ով կհանդգնի առարկել։ Այստեղ նրանք անտառից դուրս եկան և որոշ ժամանակ զբաղված էին ուտելիք փնտրելով ու կլանելով, մինչև որ, բացատն ի վար, հասնեն հարթակին, նոր ժողով կանչելու։