{
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՓՈՂԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՆ
1. ԿԱՊԻՏԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՆ
Ապրանքային շրջանառությունը կապիտալի ելակետն է։ Նրա ծագման պատմական նախադրյալներն են ապրանքային արտադրությունը և զարգացած ապրանքային շրջանառությունը, առևտուրը։ Համաշխարհային առևտուրն ու համաշխարհային շուկան XVI դարում բացում են կապիտալի նոր պատմությունը։
Եթե մենք մի կողմ թողնենք ապրանքային շրջանառության իրային բովանդակությունը՝ տարբեր սպառողական արժեքների փոխանակությունը, և քննենք միայն այդ պրոցեսի ծնած տնտեսական ձևերը, ապա կգտնենք, որ փողը այդ պրոցեսի վերջին արդյունքն է։ Ապրանքային շրջանառության այս վերջին արդյունքը կապիտալի դրսևորման աոաջին ձևն է։
Պատմականորեն կապիտալն ամեն տեղ կանգնած է հողային սեփականության դեմ սկզբից փողի ձևով, որպես փողային գույք, որպես վաճառականական ու վաշխառուական կապիտալ[1]։ Բայց նույնիսկ կարիք էլ չկա կապիտալի ծագման պատմությանը դիմելու համոզվելու համար, որ փողը նրա դրսևորման առաջին ձևն է։ Այդ պատմությունն ամեն օր կատարվում է մեր ֊աչքի առջև։ Ամեն մի նոր կապիտալ առաջին անգամ բեմ դուրս գալիս, այսինքն շուկա դուրս գալիս՝ ապրանքային շուկա, աշխատանքի շուկա կամ փողային շուկա, միշտ հանդես է գալիս իբրև փող,— փող, որը որոշ պրոցեսների միջոցով պետք է փոխարկվի կապիտալի։
Փողը որպես փող և փողը որպես կապիտալ սկզբում միմյանցից տարբերում են միայն շրջանառության իրենց տարբեր ձևով։
Ապրանքային շրջանառության անմիջական ձևն է Ա—Փ—Ա՝ ապրանքի փոխարկումը փողի և փողի վերափոխարկումը ապրանքի, այսինքն՝ վաճառք հանուն գնման։ Բայց մենք այդ ձևի կողքին գտնում ենք մի ուրիշ, նրանից առանձնահատուկ կերպով տարբերվող ձև, Փ—Ա—Փ՝ փողի փոխարկումն ապրանքի և ապրանքի վերափոխարկումը փողի, այսինքն՝ գնում հանուն վաճառքի։ Փողը, որ իր շարժման պրոցեսում անցնում է այս վերջին ցիկլը, փոխարկվում է կապիտալի, դառնում է կապիտալ և իր դերով արդեն կապիտալ է։
Ավելի մոտիկից զննենք Փ—Ա—Փ շրջանառությունը։ Պարզ ապրանքային շրջանառության նման նա անցնում է երկու հակադիր փուլ։ Առաջին փուլը, Փ—Ա, այսինքն՝ գնումը, փողի փոխարկումն է ապրանքի։ Երկրորդ փուլը Ա—Փ, կամ վաճառքը, ապրանքի հակադարձ փոխարկումն է փողի։ Երկու փուլերը միասին կազմում են մի միասնական շարժում, որի մեջ փողը փոխանակվում է ապրանքի հետ, և հետո այդ նույն ապրանքը դարձյալ փոխանակվում է փողի հետ, ապրանքը գնվում է վաճառքի համար, կամ, եթե մի կողմ թողնենք գնման, ու վաճառքի ձևական տարբերությունները,— փողով ապրանք է գնվում և ապրանքով փող[2]։ Այն հետևանքը, որի մեջ լուծվում է ամբողջ պրոցեսը, փողի փոխանակումն է փողի հետ, Փ—Փ։ Եթե ես 100 ֆ. ստեռլինգով 2000 ֆ. բամբակ եմ գնում և այդ 2000 ֆ. բամբակը նորից ծախում եմ 110 ֆ. ստեռլինգով, ապա վերջին հաշվով ես 100 ֆ. ստեռլինգը փոխանակել եմ 110 ֆ. ստեռլինգի հետ, փողը փողի հետ։
Ամենից առաջ ակներև է, որ Փ—Ա—Փ շրջանառության պրոցեսը բոլորովին անհեթեթ ու անբովանդակ կլիներ, եթե այն լոկ մի որոշ շրջանցիկ ուղի լիներ տվյալ փողային արժեքը նույն փողային արժեքի հետ, օրինակ, 100 ֆ. ստերլինգը 100 ստեռլինգի հետ փոխանակելու համար։ Անհամեմատ ավելի պարզ և հուսալի է գանձահավաքի մեթոդը, որն իր 100 ֆ. ստեռլինգը պահում է իրեն մոտ՝ փոխանակ շրջանառության վտանգներին ենթարկելու այն։ Մյուս կողմից, երբ վաճառականը 100 ֆ. ստեռլինգով գնած բամբակը կրկին վաճառում է, ապա բոլորովին անկախ այն բանից՝ այս դեպքում նա 110 ֆ. ստեռլինգ է ստանամ, թե 100 ֆ. ստեռլինգ, կամ նույնիսկ միայն 50 ֆ. ստ., նրա փողը կատարում է մի յուրահատուկ ու օրիգինալ ուղի, որը բոլորովին տարրեր է պարզ ապրանքային շրջանառությունից, երբ, օրինակ, գյուղացին հացահատիկ է վաճառում և ստացած փողով իրեն համար հագուստ է գնում։ Այսպես ուրեմն, մենք ամենից առաջ պետք Է բնորոշենք Փ—Ա—Փ և Ա—Փ—Ա շրջապտույտների միջև եղած ձևական տարբերությունը։ Դրա հետ միասին երևան կգա նաև ըստ էության տարբերությունը, որը թաքնված է այդ ձևական տարբերությունների հետևում։
Նախ տեսնենք, թե ի՛նչ ընդհանուր բան կա այդ երկու ձևերի միջև։
Երկու շրջապտույտն էլ տրոհվում են միևնույն հակադիր փուլերի. Ա—Փ՝ վաճառք, և Փ—Ա՝ գնում։ Երկու փուլերից յուրաքանչյուրում միմյանց դեմ կանգնած են նույն երկու իրային տարրերը՝ ապրանքն ու փողը, և նույն երկու անձը բնորոշ տնտեսական դիմակներով — գնորդը և վաճառորդը։ Երկու շրջապտույտներից ամեն մեկը միևնույն հակադիր փուլերի միասնությունն է ներկայացնում, և երկու, դեպքում էլ այս միասնությունն իրականանում է երեք կոնտրագենտների միջոցով, որոնցից մեկը միայն վաճառում է, մյուսը միայն գնում է, իսկ երրորդը փոփոխակի գնում և վաճառում է։
Սակայն Ա—Փ—Ա և Փ—Ա—Փ երկու շրջապտույտները հենց սկզբից իրարից բաժանողը շրջանառության միևնույն հակադիր փուլերի հակառակ հաղորդականությունն է։ Պարզ ապրանքային շրջանառությունն սկսվում է վաճառքով և վերջանում է գնումով, փողի՝ որպես կապիտալի, շրջանառությունն սկսվում է գնումով և վերջանում է վաճառքով։ Այնտեղ ապրանքն է կազմում շարժման ելակետն ու վերջնակետը, այստեղ փողը։ Առաջին ձևի մեջ փողն է ամբողջ պրոցեսում միջնորդի դեր կատարում, երկրորդի մեջ, ընդհակառակը, ապրանքը։
Ա—Փ—Ա շրջանառության մեջ փողը, վերջիվերջո, դառնում է ապրանք, որն իբրև սպառողական արժեք է ծառայում։ Հետևաբար, այստեղ փողը ծախսվում է վերջնականապես։ Փ—Ա—Փ հակադիր ձևի մեջ գնորդը, ընդհակառակը, փողը ծախսում է լոկ նրա համար, որ որպես վաճառորդ փող ստանա։ Ապրանքը գնելով, նա փողը նետում է շրջանառության մեջ, որպեսզի միևնույն ապրանքը վաճառելու միջոցով նորից փողը հանի այնտեղից։ Նա ձեռքից փողը բաց է թողնում միայն այն գաղտնի դիտավորությամբ, որ նորից տ,իրանա նրան։ Այսպիսով, փողը այսւոեղ լոկ ավանսավորվում է[3]։
Ա—Փ—Ա ձևի մեջ փողի միևնույն միավորը երկու անգամ փոխում է իր տեղը։ Վաճառորդն ստանում է փողը գնորդից և վճարում է մի ուրիշ վաճառորդի։ Ամբողջ պրոցեսը, որ սկսվում է ապրանքի համար փող ստանալով, ավարտվում է ապրանքի համար փող վճարելով։ Հակառակ ձևով է ընթանում պրոցեսը Փ—Ա—Փ ձևի մեջ։ Այստեղ ո՛չ թե միևնույն փողն է երկու անդամ փոխում տեղը, այլ միևնույն, ապրանքը։ Գնորդը ապրանքն ստանում է վաճառորդի ձեռքից և նորից հանձնում է մի ուրիշ գնորդի ձեռքը։ Եթե պարզ ապրանքային շրջանառության մեջ փողի միևնույն միավորի երկակի տեղափոխությունը առաջ է բերում նրա վերջնական անցում մի ձեռքից մի ուրիշ ձեռք, ապա այստեղ միևնույն ապրանքի երկակի տեղափոխությունը փողը կրկին բերում է դեպի նրա ելակետը։
Փողի հակադարձ հոսումը դեպի իր ելակետը կախված չէ այն բանից, թե արդյոք ապրանքը իր, առքի գնից թանգ է ծախվում, թե ոչ։ Այս հանգամանքը ազդում է միայն ետ հոսող, փողի գումարի մեծության վրա։ Ետ հոսելու բուն երևույթը տեղի է ունենում ամեն դեպքում, եթե միայն գնած ապրանքը իրոք կրկին վաճառվում է, այսինքն՝ եթե Փ—Ա—Փ շրջապտույտը լրիվ է կատարվում։ Հետևաբար, այստեղ մենք գտնում ենք մի շոշափելի տարբերություն փողի՝ որպես կապիտալի շրջանառության և նրա՝ որպես սոսկ փողի շրջանառության միջև։
Ա—Փ—Ա շրջապտույտը բոլորովին ավարտված է, հենց որ մի ապրանքի վաճառքից ստացված փողը տարել են մի ուրիշ ապրանք գնելով։ Եվ եթե փողի հակադարձ հոսումը դեպի իր ելակետը այստեղ, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա միայն ամբողջ պրոցեսը վերսկսվելու կամ կրկնվելու հետևանքով։ Եթե ես մի կվարտեր հացահատիկ եմ վաճառում 3 ֆ. ստեռլինգով և այդ 3 ֆ. ստեռլինգով զգեստ եմ գնում, ապա ինձ համար այդ 3 ֆ. ստեռլինգը վերջնականապես ծախսված է։ Ես այլևս նրա հետ ոչ մի առնչություն չունեմ։ Այդ փողը զգեստավաճառին է պատկանում։ Եթե ես երկրորդ կվարտեր հացահատիկը վաճառեի, ապա փողը կվերադառնար իմ ձեռքր, բայց ո՛չ թե առաջին գործարքի հետևանքով, այլ միայն նրա կրկնվելու հետևանքով։ Փողը կրկին հեռանում է ինձանից, եթե ես այդ գործարքը մինչև վերջը հասցնեմ, նոր գնում կատարելով։ Հետևաբար, Ա—Փ—Ա շրջանառության մեջ փողի ծախսումը ոչ մի առնչություն չունի նրա հակադարձ հոսման հետ։ Ընդհակառակը, Փ—Ա—Փ շրջանառության մեջ փողի հակադարձ հոսումը պայմանավորված է հենց նրա ծախսման բնույթով։ Առանց այդ հակադարձ հոսանքի ամբողջ գործառնությունը պետք է համարել ձախողված կամ պրոցեսը ընդհատված և դեռ չավարտված, որովհետև պակասում է նրա երկրորդ փուլը՝ վաճառքը, որը լրացնում և ավարտին է հասցնում գնումը։
Ա—Փ—Ա շրջապտույտի ելակետն է մեկ ապրանք, իսկ վերջնակետը՝ մի ուրիշ ապրանք, որը դուրս գալով շրջանառությունից, ընկնում է սպառման մեջ։ Այդպիսով, այդ, շրջապտույտի վերջնական նպատակն է սպառումը, պահանջմունքների բավարարումը, մի խոսքով՝ սպառողական արժեքը։ Փ—Ա—Փ շրջապտույտի ելակետն է, ընդհակառակը։ փողային բևեռը, և սա վերջիվերջո վերադառնում է դեպի նույն բևեռը։ Ուստի նրա շարժիչ մոտիվը, նրա որոշիչ նպատակը հենց փոխանակային արժեքն է։
Պարզ ապրանքային շրջանառության մեջ երկու ծայրակետերն էլ միևնույն տնտեսական ձևն ունեն։ Նրանք երկուսն էլ ապրանք են։ Եվ այն էլ հավասարարժեք ապրանքներ։ Բայց դրա փոխարեն նրանք որակապես տարբեր սպառողական արժեքներ են, օրինակ, հացահատիկ և զգեստ։ Արդյունքների փոխանակությունը, ա՛յն տարբեր նյութերի փոխանակությունը, որոնց մեջ արտահայտվում է հասարակական աշխատանքը, այստեղ կազմում է շարժման բովանդակությունը։ Այլ բան է Փ—Ա—Փ շրջանառությունը։ Վերջինս առաջին հայացքից անբովանդակ է թվում իր նույնաբանության պատճառով։ Երկու ծայրակետերն էլ միևնույն տնտեսական ձևն ունեն։ Նրանք երկուսն էլ փող են, հետևապես, որակապես տարբեր սպառողական արժեքներ չեն, որովհետև փողն ապրանքների հենց այնպիսի փոփոխված կերպարանքն է, որի մեջ մարած են նրանց բոլոր առանձնահատուկ սպառողական արժեքները։ Փոխանակել նախ 100 ֆ. ստեռլինգը բամբակի հետ, իսկ հետո այդ բամբակը նորից փոխանակել 100 ֆ. ստեռլինգի հետ, այսինքն՝ զարտուղի ճանապարհով փոխանակել փողը փողի հետ, նույնը նույնի հետ,— այդպիսի
գործառնությունը նույնքան աննպատակ է, որքան և անհեթեթ[4]։ Մի փողային գումար կարող է մի ուրիշ փողային գումարից ընդհանրապես տարբերվել միայն իր մեծությամբ։ Ուստի Փ—Ա—Փ պրոցեսը իր բովանդակությամբ պարտական է ոչ թե իր ծայրակետերի որակական տարբերությանը,— քանի որ նրանք երկուսն էլ փող են,— այլ միայն նրանց քանակական տարբերությանը։ Այդ պրոցեսի հետևանքով շրջանառությունից ավելի շատ է փող դուրս բերվում, քան սկզբում նետված էր նրա մեջ։ Օրինակ, 100 ֆ. ստեռլինգով գնած բամբակը նորից վաճառվում է 100+10 ֆ. ստեռլինգով կամ 110 ֆ. ստեռլինգով։ Ուստի քննվող պրոցեսի լիակատար ձևն արտահայտվում է այսպես՝ Փ—Ա—Փ՛, որտեղ Փ' = է Փ+ΔՓ, այսինքն՝ հավասար է սկզբում ավանսավորած գումարին, պլյուս որոշ աճ։ Այս աճը կամ սկզբնական արժեքի համեմատությամբ ավելցուկը ես անվանում եմ հավելյալ արժեք (surplus value)։ Այսպիսով, սկզբնապես ավանսավորած արժեքը ո՛չ միայն պահպանվում է շրջանառության մեջ, այլև փոխում է իր մեծությունը, իրեն միացնում է մի հավելյալ արժեք, կամ ինքնաճում է [verwerthet sich]։ Եվ հենց այս շարժումն է նրան կապիտալ դարձնում։
Ճիշտ է, հնարավոր է, որ Ա—Փ—Ա-ի մեջ երկու ծայրակետերն էլ, Ա և Ա, օրինակ, հացահատիկն ու զգեստը, քանակապես տարբեր արժեքներ են։ Գյուղացին կարող է իր հացահատիկը նրա արժեքից բարձր վաճառել կամ զգեստը նրա արժեքից ցած գնել։ Մյուս կողմից, նրան կարող է խաբել զգեստավաճառը։ Սակայն այդպիսի արժեքային տարբերությունը մի ինչ-որ զուտ պատահական երևույթ է շրջանառության այդ ձևի համար։ Շրջանառության այդ ձևը, ի հակադրություն Փ—Ա—Փ պրոցեսի, բոլորովին չի կորցնում իր իմաստն ու նշանակությունը, եթե երկու ծայրակետերը, օրինակ, հացահատիկն ու զգեստը, մեկը մյուսի նկատմամբ համարժեք են։ Նրանց արժեքների հավասարությունն այստեղ, ընդհակառակը, պրոցեսի նորմալ ընթացքի պայմանն է։
Գնելու նպատակով կատարվող վաճառքի կրկնության կամ նորոգման, ինչպես և հենց այդ պրոցեսի չափն ու նպատակը այն վերջնական հետևանքն է, որ գտնվում է այդ պրոցեսից դուրս և որի էությունը սպառումն է, որոշ պահանջմունքների բավարարումը։ Վաճառելու նպատակով կատարվող գնման մեջ, ընդհակառակը, սկիզբն ու վերջը միևնույն բանն է, այն է՝ փողը, փոխանակային արժեքը, և արդեն հենց միայն դրա հետևանքով տվյալ շարժումն անվերջ է։ Ինչ էլ որ լինի, Փ-ից ստացվել է Փ + ΔՓ, 100 ֆ. ստեռլինգից՝ 100 + 10 ֆ. ստեռլինգ։ Բայց սոսկ որակական տեսակետից 110 ֆ. ստեռլինգը նույնն է, ինչ որ 100 ֆ. ստեռլինգը, այն է՝ փող։ Քանակական տեսակետից էլ 110 ֆ. ստեռլինգը մի նույնպիսի սահմանափակ արժեքի գումար է, ինչպես և 100 ֆ. ստեռլինգը։ Եթե այդ 110 ֆ. ստեռլինգը ծախսվեր որպես փող, նա իր դերից դուրս կգար։ Այն ժամանակ նա կդադարեր կապիտալ լինելուց։ Շրջանառությունից հանվելով՝ նա քարանալով գանձ է դառնում, և այստեղ արդեն այլևս ո՛չ մի ֆարտինգ չի ավելանում նրա վրա, եթե նա պառկած՝ ընկած մնա թեկուզ մինչև երկրորդ գալուստը։ Հետևաբար, երբ հարցը վերաբերում է արժեքի աճմանը, ապա աճման այդպիսի ձգտումը հատուկ է 110 ֆ. ստեռլինգին նույնպես, ինչպես և 100 ֆ. ստեռլինգին, որովհետև այղ երկու գումարն էլ փոխանակային արժեքի սահմանափակ արտահայտություններն են, և, հետևապես, երկուսն էլ միևնույն կոչումն ունեն՝ իրենց չափերը մեծացնելով մոտենալ բացարձակ հարստությանը։ Ճիշտ է, սկզբում ավանսավորած արժեքը — 100 ֆ. ստեռլինգը — մի պահ տարբերվում է շրջանառության մեջ իր վրա ավելացած 10 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեքից, բայց այդ տարբերությունը կրկին անմիջապես գոլորշիանում է։ Պրոցեսի վերջում ստացվում է ոչ թե երկակի հետևանք՝ մի կողմում 100 ֆ. ստեռլինգ սկզբնական արժեք, մյուս կողմում 10 ֆունտ ստեռլինգ հավելյալ արժեք, այլ 110 ֆ. ստեռլինգ միասնական արժեք։ Վերջինը ինքնաճման պրոցեսը նորից սկսելու համար ունի նույնքան պիտանի ձև, որքան և սկզբնական 100 ֆ. ստեռլինգը։ Շարժումն ավարտվում է փողով, որը նոր, հենց նույնպիսի շարժման սկիզբն է կազմում[5]։ Հետևապես, յուրաքանչյուր առանձին շրջապտույտի վերջը, որտեղ գնումը կատարվում է վաճառքի նպատակով, արդեն ինքնըստինքյան կազմում է մի նոր շրջապտույտի սկիզբը։ Պարզ ապրանքային շրջանառությունը — վաճառք գնման համար — որպես միջոց է ծառայում շրջանառությունից դուրս գտնվող վերջնական հետևանքին հասնելու համար,— սպառողական արժեքների յուրացման համար, պահանջների բավարարման համար։ Փողի` որպես կապիtալի շրջանառությունը, ընդհակառակը, ինքնանպատակ է, որովհետև արժեքի ինքնաճումն իրականանում է շարունակ նորոգվող այդ շարժման պատմածներում միայն։ Այս պատճառով կապիտալի շարժումը սահման չի Ճանաչում[6]։
Փողատերը, որպես այդ շարժման գիտակից կրող, դառնում է կապիտալիստ։ Նրա անձնավորությունը, կամ ավելի ճիշտ՝ նրա գրպանը — ահա այն կետը, որտեղից ելնում և ուր վերադառնում է փողը։ Այդ շրջանառության օբյեկտիվ բովանդակությունը — արժեքի աճումը — նրա սուբյեկտիվ նպատակն է, և որչափով նրա գործառնության միակ շարժիչ մոտիվը վերացական հարստության աճող յուրացումն է, այդ չափով — և միայն այդ չափով — նա գործում է որպես կապիտալիստ, այսինքն՝ որպես անձնավորված, կամքով ու գիտակցությամբ օժտված կապիտալ։ Ուստի սպառողական արժեքը երբեք չի կարելի կապիտալիստի։ անմիջական նպատակը համարել[7]։ Նմանապես` ո՛չ թե առանձին շահույթի ստացումն է նրա նպատակը, այլ շահույթի անդուլ շարժումը[8]։ Բացարձակ հարստացման այդ ձգտումը, այդ մոլեգին վազքը արժեքի հետևից[9] ընդհանուր է թե՛ կապիտալիստի և թե՛ գանձահավաքի համար, բայց մինչդեռ գանձահավաքը խելացնոր կապիտալիստ է միայն, կապիտալիստը ռացիոնալ գանձահավաք է։ Արժեքի այն անզուսպ աճմանը, որին գանձահավաքն աշխատում է հասնել փողը շրջանառությունից փրկելով[10], ավելի շրջանկատ կապիտալիստը հասնում է՝ շարունակ նորից ու նորից փողը վստահելով շրջանառությանը[Տես 10a ծանոթ.]։
Այն ինքնուրույն ձևերը — փողային ձևերը,— որ ապրանքների արժեքն ընդունում է պարզ շրջանառության պրոցեսում, լոկ ապրանքների փոխանակությանն են ծառայում և չքանում են շարժման վերջնական հետևանքի մեջ։ Փ—Ա—Փ շրջանառության մեջ, ընդհակառակը, և՛ ապրանքը, և՛ փողը գործում են լոկ որպես բուն արժեքի գոյության տարբեր եղանակներ՝ փողը որպես նրա գոյության ընդհանուր եղանակ, ապրանքը որպես հատուկ և, այսպես ասած, քողարկված եղանակ[11]։ Արժեքը շարունակ մի ձևից փոխվում է մյուս ձևին, սակայն երբեք չկորչելով այդ շարժման մեջ, և այդպիսով դառնում է ավտոմատիկ կերպով գործող մի սուբյեկտ։ Եթե ֆիքսացիայի ենթարկենք դրսևորման այն հատուկ ձևերը, որ փոփոխակի ընդունում է ինքնաճուն արժեքը իր կյանքի շրջապտույտի մեջ, ապա կստանանք այսպիսի սահմանումներ՝ կապիտալը փող է, կապիտալն ապրանք է[12]։ Բայց իրոք արժեքն այստեղ դառնում է մի որոշ պրոցեսի սուբյեկտ, որի մեջ նա շարունակ փողային ձևը ապրանքային ձևի փոխելով և հակառակը, ինքն իսկ փոխում է իր մեծությունը, իրեն՝ որպես հավելյալ արժեք ետ է մղում հենց իրենից՝ որպես սկզբնական արժեքից, ինքնաճում է։ Որովհետև այն շարժումը, որի մեջ նա հավելյալ արժեք է ավելացնում իրեն, նրա սեփական շարժումն է, հետևապես նրա աճումն ինքնաճում է։ Նա արժեք ստեղծելու մոգական ընդունակություն է ստացել, որովհետև ինքն արժեք է։ նա կենդանի ձագեր է ծնում կամ, առնվազն, ոսկե ձվեր է ածում։
Արժեքը, իբրև ինքնաճուն սուբյեկտ այդ պրոցեսի, որի մեջ նա մերթ ընդունում, մերթ դեն է նետում փողային ձևն ու ապրանքային ձևը և միևնույն ժամանակ անփոփոխ պահպանվում և աճում է այդ կերպարանափոխությունների մեջ,— նա, արժեքը, կարիք ունի ամենից առաջ մի ինքնուրույն ձևի, որի մեջ կարելի լիներ հավաստել նրա նույնությունը հենց իրեն հետ։ Եվ այդ ձևը նա ունի միայն որպես փող։ Այս պատճառով փողը կազմում է, արժեքի ինքնաճման ամեն մի պրոցեսի ելակետն ու ավարտակետը: Արժեքը 100 ֆ. ստեռլինգ էր, հիմա 110 ֆ. ստեռլինգ է և այլն։ Բայց ինքը՝ փողն այստեղ արժեքի ձևերից միայն մեկի դերն է խաղում, որովհետև այստեղ երկու ձև կա։ Փողը չի կարող կապիտալ դառնալ՝ առանց ապրանքի ձև ընդունելու։ Այսպիսով, փողն այստեղ բանակռվով չի հանդես գալիս ապրանքների դեմ, ինչպես գանձի կուտակման ժամանակ։ Կապիտալիստն իմանում է, որ ամեն մի ապրանք, ինչպիսի ցնցոտիապատ կերպարանք էլ որ ունենա կամ ինչ վատ հոտ էլ որ արձակի, փող է հոգով և ճշմարտությամբ, ներքուստ թլփատված հրեա է և բացի այդ մի հրաշագործ միջոց է փողից ավելի շատ փող ստեղծելու համար։
Եթե պարզ շրջանառության մեջ ապրանքների արժեքը, ի հակակշիռ նրանց սպառողական արժեքի, լավագույն դեպքում ընդունում է փողի ինքնուրույն ձև, ապա այստեղ նա հանկարծակի հանդես է գալիս որպես մի ինքնազարգացող, ինքնաշարժ սուբստանց, որի համար ապրանքներն ու փողը միայն ձևեր են։ Դեռ ավելին։ Փոխանակ ապրանքների հարաբերությունները արտահայտելու, արժեքը հիմա այսպես ասած, մասնավոր հարաբերության մեջ է մտնում հենց ինքն իրեն հետ։ Նա իրեն՝ որպես սկզբնական արժեքի տարբերում է հենց իրենից՝ որպես հավելյալ արժեքից, այնպես, ինչպես հայր աստվածը տարբերվում է ինքն իրենից՝ որպես որդի աստծուց, թեև երկուսն էլ միևնույն տարիքն ունեն և փաստորեն կազմում են միևնույն անձը միայն։ Որովհետև միայն 10 ֆ. ստեռլինգ հավելյալ արժեքի շնորհիվ է, որ ավանսավորած 100 ֆ. ստեռլինգը կապիտալ է դառնում, և հենց որ նա կապիտալ է դաոնում, հենց որ որդին, իսկ որդու միջոցով էլ հայրն է ծնվում, իսկույն կրկին չքանում է նրանց տարբերությունը, և նրանք երկուսն էլ դառնում են մեկ — 110 ֆ. ստեռլինգ։
Այսպիսով, արժեքը դառնում է ինքնաշարժ արժեք, ինքնաշարժ փող, և որպես այդպիսին՝ նա կապիտալ է։ Նա դուրս է գալիս շրջանառության ոլորտից, կրկին մտնում է շրջանառության մեջ, պահպանվում և բազմանում է այնտեղ, ետ է դառնում մեծացած և նորից ու նորից սկսում է միևնույն շրջապտույտը[13]։ Փ—Փ՛ փող ծնող փող — money which begets money,— ահա կապիտալի նկարագրությունը նրա առաջին մեկնաբանների մերկանտիլիստների բերանում։
Գնել վաճառելու համար, կամ ավելի ճիշտ՝ գնել ավելի թանկ վաճառելու համար, Փ—Ա—Փ՛, առաջին հայացքից ներկայացնում է կապիտալի միայն մեկ տեսակին, վաճառականական կապիտալին հատուկ ձևը։ Բայց արդյունաբերական կապիտալը ևս փող է, որ ապրանք է դառնում և հետո ապրանքը վաճառելու միջոցով նորից փոխարկվում ավելի մեծ քանակությամբ փողի։ Այն գործողությունները, որոնք կատարվում են շրջանառության ոլորտից դուրս, գնման ու վաճառքի միջև ընկած ժամանակամիջոցում, ամենևին չեն փոխում շարժման այդ ձևը։ Վերջապես, տոկոսաբեր կապիտալի մեջ Փ—Ա—Փ շրջանառությունը ներկայացված է կրճատ ձևով, իր հետևանքով առանց միջնորդավորող օղակի, այսպես ասած, իր լապիդար սեղմ ոճով, որպես Փ—Փ', որպես փող, որը հավասար է ավելի մեծ քանակությամբ փողի, որպես արժեք, որն ինքն իրենից ավելի մեծ է։
Այսպիսով, Փ—Ա—Փ՛-ն իրոք կապիտալի ընդհանրական ֆորմուլան է, ինչպես որ նա անմիջաբար հանդես է դալիս շրջանառության ոլորտում։
2. ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱՅԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Շրջանառության այն ձևը, որով փողային հարսնյակը փոխակերպվում է կապիտալի, հակասում է վերը զարգացրած բոլոր օրենքներին, որոնք վերաբերում են ապրանքի, արժեքի, փողի ու հենց շրջանառության բնույթին։ Պարզ ապրանքային շրջանառությունից այդ ձևը տարբերվում է նույն երկու հակադիր պրոցեսին վաճառքի և գնման հակադարձ հաջորդականությամբ։ Բայց ի՞նչ հրաշքով կարող է այդպիսի զուտ ձևական տարբերությունը վերափոխել տվյալ պրոցեսի բուն էությունը։
Այդ դեռ բոլորը չէ. այդ հակառակ կարգը գոյություն ուսի միայն մեկի համար այն երեք գործարար բարեկամներից, որոնք իրար հետ գործարքի մեջ են մտնում։ Որպես կապիտալիստ, ես ապրանք եմ գնում A-ից և հետո այն վաճառում B-ին, իսկ որպես հասարակ ապրանքատեր, ես ապրանքը վաճառում եմ B-ին և հետո նորից ապրանք եմ գնում A-ից։ Այս տարբերությունը գոյություն չունի A և B գործարար բարեկամների համար։ Նրանք հանդես են գալիս լոկ որպես ապրանք գնողներ ու վաճառողներ։ Ես ինքս երկու
- ↑ Այն հակադրությունը, որ կա անձնական ստորադասության ու տիրապետության հարաբերությունների վրա հիմնված հողային սեփականության իշխանության և փողի անդեմ իշխանության միջև, լավ է արտահայտված ֆրանսիական երկու առածների մեջ. «Nulle terre sans seigneur».— «L’argent n’a pas de maitre» [«Չկա հող, որ տեր չունենա»։ — «Փողը տեր չունի»։]
- ↑ «Փողով ապրանք են գնում և ապրանքով փող են գնում» (Mercier de la Rivère: «L’Ordre Naturel et Essentiel des: Sociétés Politiques», «Physiocrates», հրատ. Daire. մ. II, էջ 343)։
- ↑ «Երբ մի իր գնում են նորից վաճառելու նպատակով, ապա այդ դեպքում ծախսված գումարը կոչվում է ավանսավորված փող. իսկ եթե իրը չի գնվում վաճառելու համար, ապա փողը կարող է կոչվել ծախսված վաղ» (James Steuart: «Works» etc., edited by General Sir James Steuart, his son. London 1805, հ. I, էջ 274)։
- ↑ «Փողը չեն փոխանակում փողի հետՖ»,—բացագանչում է Մերսյե դե լա Ռիվիերը մերկանտիլիստների հասցեին («L’Ordre Naturel et Essentiel des Sociétés Politiques», «Physiocrates», հրատ. Deire, էջ 486)։ Մի աշխատության մեջ, որը հատկապես խոսում է «առևտրի» ու «սպեկուլյացիայի» մասին, կարդում ենք. «Ամեն մի առևտուր այլատեսակ իրերի փոխանակություն է, և. օգուտը (վաճառականի՞ համար) հենց այս այլտեսակաթյունից է ծագում։ Մի ֆունտ հացը մի ֆունտ հացի հետ փոխանակելը ոչ մի ամենափոքր օգուտ չէր բերի... այստեղից էլ առաջ է գալիս օգտավետ հակադրությունն առևտրի և այն խաղի միջև, որը ներկայացնում է փողի փոխանակումը փողի հետ» (Th. Gorbet: «An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals; or the Principles of Trade and Speculation explained», London 1841, էջ 5)։ Թեև Կորբետը չի նկատում, որ Փ—Փ, փողը փողի հետ փոխանակելը, շրջանառության այս ձևն է, որը բնորոշ է ո՛չ միայն առևտրական կապիտալի,այլև առհասարակ ամեն մի կապիտալի համար, բայց նա համենայն դեպս ընդունում է, որ առևտրի մի տեսակ այն է՝ սպեկուլյացիայի մեջ այս ձևը համընկնում է խաղի հետ. բայց ահա հայտնվում է Մակ Կուլլոխը և գտնում, որ վաճառելու համար կատարվող ամեն մի գնում սպեկուլյացիա է, և, այսպիսով, բոլորովին չքանում է տարբերությունը սպեկուլյացիայի ու առևտրի միջև: «Ամեն մի գործարք, որի ժամանակ մի անհատ արդյունքը գնում է նորից վաճառելու նպատակով, փաստորեն սպեկուլյացիա է» (Mac Cս11օcհ: «A Dictionary Practical etc. of Commerce», London 1S47, էջ 1009)։ Անհամեմատ ավելի միամիտ է Պինտոն — Ամստերդամի բորսայի Պինդարոսը. «Առևտուրը խաղ է (այս դրույթը նա փոխ է առնում Լոկկից) և, իհարկե, չի կարելի շահել՝ խաղալով այնպիսի մեկի հետ, որը ոչինչ չունի։ Ուստի, եթե որևէ մեկը երկար ժամանակվա ընթացքում միշտ և բոլորին տաներ, ապա նա ստիպված կլիներ իր շահույթի մեծ մասը կամովին վերադարձնել, խաղը վերսկսելու համար» (Pinto «Traité de la Circulation et du Crédit». Amsterdam 1771, էջ 231)։
- ↑ «Կապիտալը... բաժանվում է նախասկզբնական կապիտալի և շահույթի, կապիտալի աճի... թեև գործնականում հենց այդ շահույթը նորից միանում է կապիտալին և նրա հետ միասին շրջապտույտի մեջ է դրվում» (F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», «Deutsch-Französische Jahrbücher»-ում, herausgegeben von Arnold Ruge und Karl Marx». Paris 1844, էջ 99)։ [Ֆ. Էնգելս. «Քաղաքատնտեսության քննադատության ուրվագծեր»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 306։]
- ↑ Արիստոտելը խրեմատիստիկային հակադրում է էկոնոմիկան։ Նա ելնում է էկոնոմիկայից։ Որչափով վերջինը մի բան ձեռք բերելու արվեստ է, նա սահմանափակվում է կյանքի համար անհրաժեշտ կամ տան ու պետության համար օգտակար բարիքներ ձեռք բերելով։ «Իսկական հարստությունը (ό άληθινός πλοΰτος) կազմված է այդպիսի սպառողական արժեքներից. որովհետև, սեփականության այդ տեսակի այն քանակը, որ անհրաժեշտ է լավ կյանքի համար, անսահման չէ։ Սակայն կա ձեռք բերելու արվեստի մի այլ տեսակ, որը սովորաբար և միանգամայն ճիշտ կերպով խրեմատիստիկա է կոչվում. վերջինիս համար, ըստ երևույթին, հարստության ու սեփականության սահմաններ գոյություն չունեն։ Ապրանքային առևտուրը (ήκαπλική բառացի նշանակում է մանրածախ առևտուր, և Արիստոտելը այդ ձևն է վերցնում, որովհետև նրա մեջ սպառողական արժեքն է վճռական դեր խաղում) իր բնույթով չի պատկանում խրեմատիստիկային, որովհետև այստեղ փոխանակությունը տարածվում է միայն հենց իրենց (գնորդների ու վաճառորդների) համար անհրաժեշտ առարկաների վրա»։ Ուստի,— ասում է նա այնուհետև,— ապրանքային առևտրի սկզբնական ձևը փոխանակային առևտուրն էր, բայց նրա ծավալվելու հետ անհրաժեշտորեն առաջ է գալիս փողը։ Փողի գյուտից հետո փոխանակային առևտուրը պետք է անխուսափելիորեն զարգանալով դառնար καπηλική, ապրանքային առևտուր, իսկ այս վերջինը, հակասելով իր սկզբնական տենդենցին՝ փոխարկվեց խրեմատիստիկայի, փող շինելու արվեսաին։ Այնուհետև խրեմատիստիկան նրանով է տարբերվում էկոնոմիկայից, որ «նրա համար շրջանառությունը հարստության աղբյուր է» (ποιητική χρημάτων... διά χρημάτων μεταβολής)։ Խրեմատիստիկան ամբողջովին կառուցված է փողի վրա, որովհետև փողը փոխանակության այդ տեսակի սկիզբն ու վախճանն է (το γάρ νόμισμα στοιχεΐον καί πέρας τής άλλαγής έστίν)։ Ահա ինչու հարստությունը, որին ձգտում է խրեմատիստիկան, անսահման է։ Չէ՞ որ ամեն մի արվեստ, որի խնդիրը ո՛չ թե որևէ բանի միջոց է ծառայում, այլ վերջնական նպատակ է, անսահման է այդ նպատակին ավելի ու ավելի մոտենալու իր ձգտումով, այնինչ այն արվեստները, որոնք հետամուտ են որոշ նպատակի համար միջոցներ գտնելու, անսահման չեն, որովհետև հենց այդ նպատակը նրանց առջև սահման է դնում։ Այսպիսով, խրեմատիստիկան իր նպատակի համար սահման չի ճանաչում, բայց նրա նպատակը բացարձակ հարստացումն է։ Էկոնոմիկան, բայց ոչ թե խրեմատիստիկան, սահման ունի... առաջինը նպատակ է դնում բուն փողից տարբեր մի բան, մյուսը միայն փողի ավելացում է որոնում... Միմյանց փոխարկվող երկու ձևերի շփոթումը ոմանց առիթ է տվել փող պահելն ու նրա քանակն անվերջ շատացնելն էկոնոմիկայի վերջնական նպատակը համարել (Aristoteles: «De Republica», հրատ. Bekker, գիրք I, գլ. 8 և 9, տարբեր տեղերում)։ [Հմմտ. «Политика Аритотеля», գիրք I, էջ 22-26, տարբեր տեղերում։ Թարգմ. Ժեբելյովի, ՍՊԲ. 1911։]
- ↑ «Ապրանքը (այստեղ գործ է ածված սպառողական արժեքի իմաստով) չէ, որ կապիտալիստ արդյունաբերողի համար որոշիչ նշանակություն ունի... փողն է նրա վերջնական նպատակը» (Th. Chalmers: «On Political Economy etc.», 2-րդ հրատ. Glascow 1832, էջ 165, 168)։
- ↑ «Վաճառականը համարյա ոչ մի բանի տեղ չի դնում արդեն ստացած շահույթը, այլ միշտ ձգտում է նոր շահույթի» (A. Genovesi: «Lezioni di Economia Civile» (1765)։ Իտալացի տնտեսագետների Custodi-ի հրատարակություն, Parte Moderna> հ. VIII, էջ 139)։
- ↑ «Շահույթի անհագ տենչը, auri sacra fames-ն [ոսկոw սրբազան ծարավն] է միշտ որոշում կապիտալիստների գործունեությունը» (Mac Culloch: «The Principles of Economy». London 1830 էջ 179)։ Ինքնին հասկանալի է, որ այդ տեսակետը Մակ Կուլլոխին և Ընկ. ամենևին չի խանգարում թեորիական դժվարությունների րոպեին, օրինակ, գերարտադրությունը ուսումնասիրելիս, միևնույն կապիտալիստին դարձնելու մի բարի քաղքենի, որին միայն սպառողական արժեքներ են հարկավոր, որին տանջում է գայլի իսկական ախորժակը կոշիկների, գլխարկների, ձվերի, քթի և ուրիշ սպառողական արժեքների նկատմամբ, որոնք նույնքան անմիջականորեն ընտանեկան օջախին են վերաբերում։
- ↑ «Σώζειν» [«փրկել»] բառը հույների բնորոշ արտահայտությունն է գանձի կուտակումն արտահայտելու համար։ Նույն կերպ էլ «to save» անգլերեն նշանակում է թե՛ «փրկել» և թե՛ «պահպանել»։
10a «Այն անվերջությունը, որին իրերը չեն հասնում մեկ ուղղությամբ առաջ շարժվելով, նրանք հասնում են շրքապտույտի միջոցով» (Galiani: [«Deila Moneta», գիրք II, «Scritiori Classici Italiani di Economia Politica», հրատ. Custodi-ի, հատ. III, Milano 1803, էջ 156])։ - ↑ «Ոչ թե տվյալ նյութն է ինքնըստինքյան կապիտալ կազմում, այլ այդ նյութի արժեքը» (J. B. Say. «Traité d’Econoinie Polilique», 3-րդ հր., Paris 1817, հ. II, էջ 429)։
- ↑ «Արտադրողական նպատակով գործադրվող շրջանառու փողը [Currency] (!) կապիտալ է» (Macleod: «The Theory and Practice of Banking». London 1855, հ. I, գլ. I, էջ 55)։ «Կապիտալը — ապրանքներն են» (James Mill: «Elements of Political Economy». London 1821, էջ 74)։
- ↑ «Կապիտալը... իրեն անընդհատ բազմապատկող արժեք է» (Sismondi: «Nouveaux Principes d’Economie Politique», հ. I, էջ 88, 89)։ [Հմմտ. Симон де Сисмонди: «Новые начала политической экономии», հ. I, Соцэкгиз, 1936թ., էջ 185։]