Վերջին թարմացում 26 Մարտի 2014, 18:38

Բլուրներ

18:38, 26 Մարտի 2014 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բլուրներ

հեղինակ՝ Գիյոմ Ապոլիներ
թարգմանիչ՝ Ալեքսանդր Թոփչյան
աղբյուր՝ «Բլուրներ»


Ալկոհոլներ

Զոնա

Ի վերջո դու հոգնած ես հին այս աշխարհից։

Օ՜, հովվուհի, Էյֆե՛լ, հոտն է կամուրջների այս առավոտ
մայում նորից։

Բավակա՛ն է ապրես հույն ու հռոմեական խոր անցյալում։

Ինքնաշարժերն անգամ այստեղ հին են թվում,
Լոկ կրոնն է մնացել նոր բոլորովին,
Կրոնն է, որ օդանավի կայանի պես մնացել է պարզ ու մեկին։

Օ՜, դավանա՛նք քրիստոնեական, Եվրոպայի մեջ դո՛ւ միայն
նոր ես անչափ,
Եվ ամենից արդիական եվրոպացին դո՛ւք եք, Պիոս
տասներորդ պապ։
Իսկ դու, ում որ լուսամուտներն են լրտեսում, դու քո սրտում
ահա զգում ես մի ամոթ,
Որ չի թողնում քեզ մտնել մի եկեղեցի, խոստովանել այս
առավոտ։
Դու կարդում ես բազմաղաղակ ազդ ու ցուցակ ճամփիդ վրա․
Այս առավոտ ահա ա՛յս է ողջ պոեզիան, իսկ արձակը գտնվում է լրագրերի մեջ առօրյա։

Եվ քսանհինգ սանտիմանոց գրքույկներ կան՝
Լեցուն պես֊պես խորագրերով, հայտնի մարդկանց
նկարներով եւ դեպքերով զարմանազան։

Այս առավոտ մի գեղեցիկ փողոց տեսա,
Որի անունը մոռացել եմ ես հիմա։
Նոր ու մաքուր՝ նա կարծես արեւի փայլուն շեփոր լիներ։
Վարիչ, բանվոր, մեքենագրող ու սղագրող աղջնակներ,
Երկուշաբթի առավոտից մինչեւ շաբաթ ուշ իրիկուն,
Օրական չորս անգամ այդ նույն փողոցով են երթեւեկում։
Առավոտյան այնտեղ շչակն է կոծկոծում երեք անգամ,
Կեսօրվա դեմ ոռնում է զանգը մոլեկան։
Ցուցանակի եւ որմերի գրություններ, ազդ ու տախտակ
Գոռգոռում են ամենուրեք, ինչպես թութակ։
Փարիզի մեջ Օմոն֊Թիեւիլ փողոցի եւ Թեռն ծառուղու միջեւ մի տեղ
Այս փողոցի արդյունագործ շնորհն եմ ես սիրում սաստիկ։

Ահա փողոցը մանկական, եւ դու մատղաշ տղեկ ես դեռ։
Քո մայրը քեզ հագցնում է միայն ճերմակ, կապույտ շորեր։
Դու չափազանց բարեպաշտ ես, եւ վաղեմի քո ընկերոջ՝ Դալիզի հետ
Դուք պաշտում եք եկեղեցու ծեսերը ճոխ ու փառահեղ։
Ժամը ինն է։ Լույսն է աղոտ։ Կապույտ հագած՝ ննջարանից դուք
ելնում եք գաղտագողի
Եվ ողջ գիշեր աղոթում եք մատուռի մեջ վարժարանի,
Մինչ պաշտելի խորությունը հավերժական ու անբասիր
Պտըտում է բոցեղ փառքը Քրիստոսի։
Նա գեղեցիկ այն շուշանն է, որ մենք բոլորս ենք խնամում,
Նա շիկահեր ջահն է, որ չի հանգում քամուց։
Նա կարմրերես ու թույլ որդին է վշտահար Աստվածամոր,
Նա այն ծառն է, որ ամենայն աղոթքներով է բեռնավոր,
Նա կշիռն է հավերժության, չափը պատվի,
Նա վերթեյան աստղն է ոսկի,
Նա աստվածն է, որ ուրբաթ օր մահանալով, հանկարծ
հառնում է կիրակի,
Նա Հիսուսն է, որ ավելի լավ է ճախրում, քան օդաչուն
Եվ աշխարհի մեջ բարձրության մրցանակներն է նվաճում։

Աչք, բիբ, Հիսուս…
Քսաներորդ բի՜բ դարերի։

Եվ մեր դարը, թռչուն դարձած, Հիսուսի պես համբառնում է
դեպի եթեր,
Եվ նայելու համար նրան անդունդներից իրենք գլուխն են բարձրացնում սատանաներ։

«Նա կապկում է Մոգ Սիմոնի՜ն,— նրանք գոռում են միաձայն,—
Եթե թռչել գիտե, ապա թող թռցնող կոչեն նրան»։
Հրեշտակներ են պտըտվում շուրջը զվարթ թեւավորի։
Իկար, Ենովք, Եղիա եւ դեռ Ապողոնիոս Թիանացի
Ծփծփում են սավառնակի շուրջ առաջին
Եվ մեկ կողմ են քաշվում հաճախ, որ ճամփա տան սուրբ
հայրերին,
Որոնք հավերժ բարձրանում են, վեր բռնելով սկիհը հին։

Վերջ ի վերջո, առանց թեւերը ծալելու սավառնակն է իջնում
գետին,
Եվ երկինքը լցվում է բյուր ծիծառներով։
Սրաթռիչ բազե, ագռավ եւ բուեր են գալիս փութով։
Աֆրիկայից ժամանում են եգիպտահավ, կարմրաթեւիկ եւ
մարաբու,
Ռոկ թռչունը, որին երգել են բանաստեղծ ու հագներգու,
Սավառնում է, մագիլներով բռնած գլուխը առաջին՝ գանգն
Ադամի։
Հորիզոնից, կռնչելով, մի արծիվ է հալվում, ինչպես թեթեւ քամի,
Եվ Միացյալ Նահանգներից կոլիբրիներ են շտապում,
Մինչ եկել են Չինաստանից պիհիսները ձիգ ու ճապուկ,
Որոնք մեկ թեւ ունեն միայն եւ թռչկոտում են զույգ առ զույգ։
Աղավնին է հասնում հետո՝ անբիծ ոգին, որին ահա
Ուղեկցում են խայտաճամուկ սիրամարգ ու քնարահավ։
Փյունիկ֊խարույկը, որ ծնում է ինքնիրեն,
Մի ակնթարթ շրջապատն է ծածկում մոխրով իր հրեղեն։
Ծովահարսեր, լքած իրենց նեղուցները վտանգավոր,
Երեքը մեկ շտապում են, տարածելով երգ ու օրոր։
Եվ բոլորը՝ արծիվ, փյունիկ եւ պիհիսները չինական,
Իրենց եղբայրն են հռչակում նոր ու թռչող այս մեքենան։
Ամբոխի մեջ դու մեն֊մենակ հիմա քայլում ես Փարիզում,
Ավտոբուսի խոլ նախիրներ քո կողքով են միշտ վազվզում։
Ահա սիրո անձկությունն է կոկորդը քո սեղմում այնպես,
Որ էլ կարծես ոչ ոք երբեք չի սիրի քեզ։
Եթե հին֊հին դարերի մեջ ապրեիր դու, կմտնեիր մի մենարան։
Երբ ակամա ձեր շրթունքներն են աղոթում, ամաչում եք հիմա
միայն։
Ծաղրում ես քեզ, եւ գեհենի կրակի պես ճարճատում է
քրքիջդ բիրտ։
Քո ծիծաղի սուր կայծերն են ոստեզօծում խորքը կյանքիդ,
Որ նկար է, դրված մթին մի թանգարան,
Ուր երբեմն մտնում ես դու, որ մոտիկից նայեց նրան։

Այսօր քայլում ես Փարիզում։ Արնաներկ են բոլոր կանայք։
Ա՛հ, կուզեի չվերհիշել գեղեցկությունն էր մահանում այն
ժամանակ։

Սուրբ բոցերով շրջապատված Աստվածամոր Տաճարը ինձ
նայեց Շարտրում,
Իսկ Մոնմարտրում Սակրե֊Կյորից ինձ ոռոգեց կուց֊կուց արյուն։
Ես հիվանդ եմ, երբ լսում եմ երջանկագույն խոսք ու բառեր․
Սերը, որով տառապում եմ, մի վարակ է ամոթաբեր։
Եվ քեզ լլկող այն պատկերը, որ ապրեցնում ես քո վշտի ու
հսկման մեջ,
Միշտ քեզ հետ է, թեեւ խույս է տալիս անվերջ։