Վերջին թարմացում 29 Դեկտեմբերի 2012, 20:45

Սապատավորը

20:45, 29 Դեկտեմբերի 2012 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սապատավորը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Հովհաննես Գեւորգի Ղուկասյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին»


    Ամուսնությունիցս մի քանի ամիս անց, ամառային մի երեկո, նստել էի բուխարու մոտ և ծխելով վերջին ծխամորճը, ննջում էի մի վեպ ընթերցելիս։ Ամբողջ օրը ոտքի վրա էի եղել և հոգնել ոիշաթափության աստիճան։ Կինս բարձրացավ վերև՝ ննջարան, սպասավորներն էլ արդեն գնացել էին հանգստանալու, երբ լսեցի, ինչպես բացեցին շքամուտքի դուռը։ Վեր կացա և ուզում էի մաքրել ծխամորճս, երբ դռան զանգը լսվեց։
    Նայեցի ժամացույցին։ Տասներկուսից քառորդ էր պակաս։ Հյուրերի համար ուշ ժամ էր։ Մտածեցի, որ կանչում են հիվանդի մոտ, և մեկ էլ տեսար ամբողջ գիշեր հարկ լինի նստել նրա անկողնու մոտ։ Դժգոհությամբ ծամածռելով դեմքս, անցա միջանցքն ու բացեցի դուռը։ Եվ սաստիկ զարմացա՝ շեմին կանգնած էր Շերլոկ Հոլմսը։
    ― Ուոտսոն, ― ասաց նա, ― հուսով էի, որ դեռ քնած չեք։
    ― Հոլմս, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։
    ― Դուք զարմացած եք և դա հասկանալի է։ Բայց կարծում եմ, ձեր սիրտը թեթևացավ։ Հըմ․․․ Դուք տակավին ծխում եք հենց այն թութունը, ինչ ամուրի ժամանակ։ Սխալ չի կարող լինել՝ ձեր կոստյումի վրա մոխիր կա։ Եվ անմիջապես երևում է, որ դուք զինվորական համազգեստ եք կրել, Ուոտսոն։ Դուք երբեք չեք կարող ձեզ զտարյուն քաղաքացու տեղ ներկայացնել, քանի դեռ չեք հրաժարվել թաշկինակը թեղանիքի մեջ պահելու սովորությունից։ Այսօր ինձ քնելու տեղ կտա՞ք։
    ― Մեծ հաճույքով։
    ― Դուք ասել էիք, որ մեկ հյուրի համար սենյակ ունեք և դատելով գլխարկի կախիչից, հիմա այն ազատ է։
    ― Ուրախ կլինեմ, եթե մնաք ինձ մոտ։
    ― Շնորհակալ եմ։ Այդ դեպքում գլխարկս կկախեմ ազատ կախիչին։ Տեսնում եմ, արհեստավոր է այցելել ձեր տուն։ Ուրեմն ինչ-որ բան է պատահել։ Երևի, կոյուղին են վերանորոգել։
    ― Ոչ, գազն էր․․․
    ― Ահա։ ձեր հատակի լինոլեումի վրա մնացել են վարպետի կոշիկների մեխերի հետքերը․․․ հենց այնտեղ , ուր լույս է ընկնում։ Ոչ, շնորհակալ եմ, ես արդեն ընթրել եմ Վաթերլոոյում, բայց մեծ բավականությամբ ձեզ հետ ծխամորճ կծխեմ։
    Ես նրան տվի ծխախոտիս քսակը և, Հոլմսը, դիմացս նստելով, միառժամանակ լուռ ծխեց։ Ես հիանալի գիտեի, որ այս ուշ ժամին նրան ինձ մոտ կարող էր բերել միայն շատ կարևոր գործը և համբերատար սպասում էի, թե երբ կխոսի։
    ― Տեսնում եմ, հիմա շատ եք զբաղված ձեր անմիջական գործով, ― ասաց նա, խորաթափանց հայացք նետելով վրաս։
    ― Այո, այսօր հատկապես ծանր օր էր, ― պատասխանեցի ես, և, մտածելով, ավելացրի, ― գուցե հիմարություն համարեք, բայց ես չեմ գուշակում, թե դա ինչպես գուշակեցիք։
    Հոլմսը քմճիճաղեց։
    ― Չէ որ գիտեմ ձեր սովորությունները, իմ թանկագին Ուոտսոն, ― ասաց նա։ Դուք, երբ քիչ այցեր եք ունենեւմ, ոտքով եք գնում, իսկ երբ շատ այցեր եք ունենում, կառք եք վարձում։ Եվ քանի որ տեսնում եմ ձեր կիսակոշիկները ոչ թե կեղտոտ են, այլ մի քիչ փոշոտ, ապա առանց տատանվելու հետևություն եմ անում, որ ներկայումս գլխովին թաղված եք գործի մեջ և կառքով եք շրջում։
    ― Հրաշալի է, ― բացականչեցի ես։
    ― Եվ միանգամայն պարզ, ― ավելացրեց նա։ ― Սա հենց այն դեպքն է, երբ հեշտությամբ կարելի է ապշեցնել մի փոքրիկ հանգամանք աչքաթող արած զրուցակցին, որի հիման վրա կառուցվում է դատողությունների ողջ ընդացքը։ Նույն էլ, իմ թանկագին Ուոտսոն, կարելի է ասել ձեր պատմվածքների մասին, որոնք գրգռում են ընթերցողների հետաքրքրասիրությունը միայն այն պատճառով, որ դուք գիտակցաբար լռում եք մի քանի մանրամասների մասին։ Հիմա ես գտնվում եմ հենց այդ ընթերցողների վիճակում, քանի որ ձեռքիս են մի շատ տարօրինակ գործի թելերը, որը բացատրել կարելի է միայն իմանալով դրա բոլոր հանգամանքները։ Եվ ես դրանք կիմանամ, Ուոտսոն, անպայման կիմանամ։
    Նրա աչքերը փայլեցին, փոս ընկած այտերը թեթևակի շառագունեցին։ Մի պահ դեմքին արտահայտվեց նրա անհանգիստ, կրքոտ բնավորության կրակը։ Բայց նույն պահին էլ հանգեց։ Եվ դեմքը դարձյալ դարձավ անկիրք դիմակ, ինչպես հնդկացիներինը։ Հոլմսի մասին հաճախ էին ասում, որ նա մարդ չէ, այլ մեքենա։
    ― Այս գործը շատ հետաքրքիր առանձնահատկություններ ունի, ― ավելացրեց նա։ ― Եա կասեի, նույնիսկ բացառիկ հետաքրքիր առանձնահատկություններ։ Ինձ թվում է, ես մոտ եմ այդ գործի բացահայտմանը։ Բավականին քիչ բան է մնում։ Եթե համաձայնեիք հետս գալ, ինձ մեծ ծառայություն մատուցած կլինեիք։
    ― Մեծագույն հաճույքով։
    ― Դուք վաղը կարո՞ եք Օլդերշոտ մեկնել։
    ― Իհարկե։ Վստահ եմ, որ Ջեկսոնը չի հրաժարվի այցելել իմ հիվանդներին։
    ― Այդ դեպքում, եթե քնելու մեծ ցանկություն չունեք, կարճ կպատմեմ, թե ինչ է պատահել և ինչ է մեզ սպասում։
    ― Մինչև ձեր գալը շատ էի ցանկանում քնել։ Իսկ հիմա քնելու ոչ մի ցանկություն չունեմ։
    ― Կարճ կպատմեմ, բայց կջանամ ոչ մի կարևոր բան բաց չթողնել։ Գուցե դուք թերթերում կարդացել եք այդ դեպքի մասին։ Ես նկատի ունեմ Օլդերշոտում հաստատված «Ռոյալ Մելոուզ» գնդի գնդապետ Բարկլեյի ենթադրյալ սպանությունը։
    ― Ոչ, չեմ կարդացել։
    ― Ուրեմն, այդ գործը դեռ լայն հրապարակում չի ստացել։ Չի հասցրել։ Գնդապետին մեռած են գտել երկու օր առաջ։ Փաստերը, համառոտ, այսպիսին են։
    Ինչպես գիտեք, «Ռոյալ Մելոուզը» անգլիական բանակի փառաբանված գնդերից մեկն է։ Աչքի է ընկել Ղրիմի պատերազմի և սիպայիների ապստամբության ժամանակ։ Մինչև երկուշաբթի նրա հրամանատարը Ջեյմս Բարկլեյն էր, քաջակորով վետերան, որը ծառայությունը սկսել էր որպես շարքային զինվոր, արիության համար ստացել էր սպայի կոչում և, վերջ ի վերջո դարձել այն գնդի հրամանատարը, ուր ծառայությունն սկսել էր, որպես նորակոչիկ։
    Գնդապետ Բարկլեյն ամուսնացել էր դեռևս սերժանտ ժամանակ։ Նրա կինը, միսս Նենսի Դևի օրիորդական անունով, պաշտոնաթող սերժանտ դրոշակակրի աղջիկն էր, որն ինչ-որ ժամանակ ծառայել էր հենց այդ զորամասում։ Դժվար չէ պատկերացնել, որ սպայական շրջապատում երիտասարդ զույգին ընդունել են բավականին անբարեհաճ։ Բայց նրանք հավանաբար արագ ընտելացել են։ Որքան ինձ հայտնի է, միսիս Բարկլեյը միշտ վայելել է գնդի կանանց համակրանքը, իսկ ամուսինը՝ իր պաշտոնակից սպաների։ Կարող եմ ավելացնել նաև, որ կինը շատ գեղեցիկ էր և նույնիսկ այժմ, երեսուն տարի անց, դեռ շատ գրավիչ է։
    Գնդապետ Բարկլեյը, հավանաբար, միշտ երջանիկ է եղել իր ընտանեկան կյանքում։ Մայոր Մերֆին, որին ես պարտական եմ իմ տեղեկուցյունների մեծ մասի համար, հավատացնում է, որ այդ զույգի գժտության մասին ոչ մի անգամ ոչինչ չի լսել։ Բայց ընդհանրապես, մայորը գտնում է, որ Բարկլեյն իր կնոջն ավելի էր սիրում, քան կինը՝ նրան։ Նույնիսկ մեկ օրով կնոջից բաժանվելիս, Բարկլեյը շատ էր թաղծում։ Իսկ կինը, չնայած ամուսնու հանդեպ քնքուշ ու հավատարիմ էր, բայց նրան վերաբերում էր ավելի հավասարակշռված։ Գնդում նրանց օրինակելի զույգ էին համարում։ Նրանց փոխհարաբերություններում չկար այնպիսի մի բան, որը կարողանար թեկուզ հեռավոր ձևով ակնարկել ողբերգության հնարավորությունը։
    Գնդապետ Բարկլեյը յուրահատուկ բնավորություն ուներ։ Սովորաբար ուրախ ու մարդամոտ այդ փորձառու զինվորականի բնավորությունը երբեմն դառնում էր բռնկուն ու հիշաչար։ Միայն թե բնավորության այդ գիծը , հավանաբար, կնոջ հանդեպ երբեք չէր դրսևորվել։ Մայոր Մերֆիին և մնացած հինգ սպաներից երեքին, որոնց հետ զրուցել եմ, ապշեցնում էր այն ընկճվածությունը, որը երբեմն պատում էր գնդապետին։ Ինչպես պատմեց մայորը, սեղանի շուրջ ուրախ ու աղմկալի զրույցի ժամանակ հաճախ կարծես ինչ-որ մեկի աներևույթ ձեռքը հանկարծ ժպիտը ջնջում էր նրա դեմքից։ Երբեմն, մեկ էլ տեսար, օրեր շարունակ զզվելի տրամադրություն էր ունենում։ Նրա պաշտոնակիցները գնդապետի բնավորության մեջ նկատել էին մի տարօրինակություն ևս՝ նա վախենում էր մենակ մնալուց, հատկապես մթան մեջ։ Անկասկած, արի բնավորություն ունեցող մարդու այդ մանկական գիծը տարբեր կարծիքներ, ամեն կարգի ենթադրություններ էր հարուցում։
    «Ռոյալ Մելոուզ» գնդի առաջին գումարտակն արդեն մի քանի տարի էր, ինչ տեղավորվել էր Օլդերշոտում։ Ամուսնացած սպաները զորանոցներում չէին ապրում, և գնդապետն այդ ընթացքում զբաղեցնում էր Լեչայն շքեղ ամառանոցը, որը Հյուսիսային ճամբարից կես միլ էր հեռու։ Տունը գտնվում էր այգու խորքում, սակայն արևմտյան թևը ճանապարհից երեսուն յարդի վրա էր։ Տան ծառայողներն էին կառապանը, խոհարարը և սպասուհին։ Միայն նրանք էին ապրում Լեչայնում՝ պարոնի և նրա կնոջ հետ։ Բարկլեյները զավակներ չունեին, իսկ հյուրեր նրանց մոտ շատ հազվադեպ էին լինում։
    Իսկ այժմ կպատմեմ այն իրադարձությունների մասին, որոնք կատարվեցին Լեչայնում երկուշաբթի օրը երեկոյան ժամը իննի և տասի միջև։
    Ինչպես պարզվեց, միսիս Բարկլեյը կաթոլիկուհի էր և ջերմ մասնակցություն էր ունենում Ուոտ-սթրիթի վրա գտնվող եկեղեցուն կից հիմնադրված «Սենտ-Ջորջ» բարեգործական ընկերության գործունեությանը՝ հավաքում ու չքավորներին էր բաժանում օգտագործված հագուստներ։ Ընկերության նիստը նշանակված էր այդ օրը՝ երեկոյան ժամը ութին, և միսիս Բարկլեյը շուտ ճաշեց, որպեսզի չուշանա։ Կառապանի ասելով, նա ամուսնու հետ մի քանի ոչինչ չնշանակող խոսքեր փոխանակեց և խոստանալով շատ չուշանալ, տնից դուրս եկավ։ Հետո մտավ միսս Մորիսոնի՝ հարևան ամառանոցում ապրող երիտասարդ կնոջ մոտ, և նրանք միասին գնացին նիստի, որը մի քառասուն րոպե տևեց։ Ինն անց տասնհինգ րոպեին միսիս Բարկլեյը վերադարձավ տուն՝ միսս Մորիսոնից բաժանվելով նրանց վիլլայի մոտ։
    Լեչայն վիլլայի հյուրասենյակը նայում է ճանապարհին, և նրա մեծ, ապակեպատ դուռը բացվում է գազոնի կողմը, որը երեսուն յարդ լայնություն ունի և ճանապարհից առանձնացված է քարե հիմքի վրա անրացված երկաթյա ոչ բարձր ցանկապատով։ Միսիս Բարկլեյը, վերադառնալով, մտավ հենց այդ սենյակը։ Վարագույրներն իջեցված չէին, քանի որ երեկոյան հազվադեպ էին այնտեղ նստում։ Միսիս Բարկլեյն ինքը վառեց լամպը, ապա կանչեց սպասուհի Ջեյն Ստյուարտին և խնդրեց իրեն թեյ մատուցել, որ բնավ հատուկ չեր նրան։ Գնդապետը ճաշասենյակում էր․ լսելով, որ կինը վերադարձել է, գնաց նրա մոտ։ Կառապանը տեսել էր, թե ինչպես է նա անցել նախասենյակով և մտել սենյակ։ Բարկլեյին այլևս կենդանի չեն տեսել։
    Տասը րոպե անց թեյը պատրաստ էր, և սպասուհին այն տարավ հյուրասենյակ։ Դռանը մոտենալով նա զարմանքով լսեց տիրոջ և տիրուհու ցասկոտ ձայները։ Նա թակեց դուռը, բայց ոչ ոք չարձագանքեց։ Այնժամ նա շրջեց բռնակը, սակայն պարզվեց, որ դուռը ներսից կողպած է։ Սպասուհին, իհարկե, վազեց խոհարարուհու ետևից։ Երկու կանայք, կանչելով կառապանին, բարձրացան սենյակ և սկսեցին ականջ դնել։ Վեճը շարունակվում էր։ Դռան ետևում, ինչպես ցուցմունք են տալիս երեքն էլ, լսվում էին միայն երկու ձայն՝ Բարկլեյինը և կնոջը։ Բարկլեյը խոսում էր ցածր ու կցկտուր, այնպես որ ոչ մի բան զանազանել հնարավոր չէր։ Տիրուհին շատ էր զայրացած և երբ ձայնը բարձրացնում էր, լավ լսելի էր։ «Դուք վախկոտ եք, ― կրկնում էր նա նորից ու նորից։ ― Ի՞նչ անեմ հիմա։ Վերադարձրեք իմ կյանքը։ Ես այլևս չեմ կարող ձեզ հետ շնչել միևնույն օդը։ Դուք վախկոտ եք, վախկոտ»։ Հանկարծ լսվեց սարսափելի մի ճիչ․ տերն էր ճչում, հետո աղմուկ, և վերջապես տիրուհու սրտակեղեք աղաղակը։ Հավատացած, որ փորձանք է պատահել, կառապանը նետվեց դեպի դուռը, որի ետևում չէր դադարում հեծկլտոցը, և փորձեց կոտրել։ Դուռը տեղի չէր տալիս։ Սպասուհիները սարսափից բոլորովին կորցրել էին գլուխները և նրանցից օգնության ոչ մի հույս չկար։ Կառապանը հանկարծ գլխի ընկավ, որ հյուրասենյակն ունի այգի տանող երկրորդ դուռը։ Նա տնից դուրս նետվեց․ դռան մի փեղկը բաց էր, ամառ ժամանակ դա սովորական բան է, և կառապանը մի ակնթարթում ոստյունով հայտնվեց սենյակում։ Բազմոցին, գիտակցությունը կորցրած, պառկած էր տիրուհին, իսկ կողքին, ոտքերը բազկաթոռին, գլուխը հարակի արյան լճակի մեջ, բուխարու ճաղերի մոտ փռված էր տիրոջ մարմինը։ Դժբախտ գնդապետը մեռած էր։
    Տեսնելով, որ տիրոջն արդեն ոչնչով չի կարելի օգնել, կառապանը որոշեց առաջին հերթին բացել նախասենյակ տանող դուռը։ Բայց նրա առջև ծառացավ տարօրինակ և անսպասելի մի արգելք։ Բանալին դռան փականի մեջ չէր։ Բանալին սենյակում ընդհանրապես չկար։ Այն ժամանակ կառապանը դուրս եկավ պարտեզ տանող դռնից և գնաց ոստիկանի և բժկի ետևից։ Տիրուհուն, որի վրա, բնականաբար, ամենից շատ էր կասկած ընկնում, անգիտակից վիճակում տարան իր ննջարանը։ Գնդապետի մարմինը դրեցին բազմոցին, իսկ դեպքի վայրը մանրամասն զննեցին։
    Գնդապետի ծոծրակին գտան մի ինչ-որ բութ գործիքով հասցված մի մեծ պատռված վերք։ Թե ինչ գործիքով՝ գուշակելը դժվար չէր։ Դիակի կողքին ընկած էր անսովոր ձևի մի մահակ՝ ամուր փայտից և ոսկրե բռնակով։ Գնդապետն ուներ բազմապիսի զենքերի հավաքածու, տարբեր երկրներից բերված, ուր հարկ էր եղել կռվելու, և ոստիկանությունը ենթադրեց, որ մահակը պատկանում է ավարների թվին։ Սակայն ծառաները պնդում են, թե առաջ նրանք այդ մահակը չեն տեսել։ Բայց քանի որ տունը լիքն է ամեն տեսակի տարօրինակ բաներով, ապա հնարավոր է, նրանց աչքից վրիպել է դրանցից մեկը։ Ոստիկանությանը չհաջողվեց սենյակում այլևս ոչինչ հայտնաբերել։ Անհայտ մնաց, թե ուր կորավ բանալին՝ ոչ սենյակում, ոչ միսիս Բարկլեյի և ոչ էլ նրա դժբախտ ամուսնու մոտ չգտան։ Դուռը, վերջ ի վերջո, հարկադրված եղավ բացել տեղի փականագործը։
    Այսպիսին էր գործերի վիճակը, Ուոտսոն, երբ երեքշաբթի առավոտյան մայոր Մերֆիի խնդրանքով մեկնեցի Օլդեշոտ, որպեսզի օգնեմ ոստիկանությանը։ Կարծում եմ, դուք կհամաձայնեք, որ գործն ինքնին խիստ հետաքրքիր է, բայց դրա հետ մանրամասն ծանոթանալով տեսա, որ այն հազվագյուտ հետաքրքրություն է ներկայացնում։
    Նախքան սենյակի զննումը, ես հարցաքննեցի ծառաներին, բայց նրանցից ոչ մի նոր բան չիմացա։ Միայն սպասուհի Ջեյն Ստյուարտը մի կարևոր մանրամասնություն հիշեց։ Լսելով, որ տերերը վիճում են, նա գնաց խոհարարուհու ետևից, եթե հիշում եք։ Տերն ու տիրուհին վիճում էին շատ ցածր, այնպես որ վեճի մասին նա ավելի շատ գուշակել էր գրգռված տոնից՝ քան խոսակցությունից։ Բայց, շնորհիվ իմ համառության, նա, այնուամենայնիվ, նրանց խոսակցությունից մի բառ հիշեց․ միսիս Բարկլեյը երկու անգամ արտասանել էր «Դավիթ» անունը։ Դա շատ կարևոր հանգամանք է՝ այն մեզ տալիս է վեճի բանալին։ Չէ որ, ինչպես գիտեք, գնդապետի անունը Ջեյմս էր։
    Գործում մի հանգամանք էլ կա, որն ուժեղ տպավորություն է թողել և՛ ծառաների և՛ ոստիկանության վրա։ Մահացու սարսափը աղճատել էր գնդապետի դեմքը։ Դեմքի ջղաձգությունն այնքան սարսափելի էր, որ մարդու մարմինը դող էր ընկնում։ Պարզ էր, որ գնդապետը տեսել էր իր ճակատագիրը, և դա նրան աննկարագրելի սարսափ էր պատճառել։ Այն, մի խոսքով, միանգամայն համապատասխանում էր կնոջ հանցավորության մասին ոստիկանական վարկածին, եթե, իհարկե, ընդունենք, որ գնդապետը տեսել է իրեն հարվածողին։ Իակ այն փաստը, որ վերքը ծոծրակի վրա էր, հեշտ բացատրեցին, թե գնդապետը փորձել է հարվածից խույս տալ։ Միսիս Բարկլեյը ոչինչ բացատրել չի կարողանում․ նյարդային նոպայից առաջացած ցնցումն ապրելուց հետո նա ժամանակավորապես գտնվում էր անգիտակից վիճակում։
    Ոստիկաններից իմացա նաև, որ միսս Մորիսոնը, որն, ինչպես հիշում եք, այդ երեկո միսիս Բարկլեյի հետ էր տուն վերադարձել, հայտարարեց, թե ոչինչ չգիտե իր մտերմուհու վատ տրամադրության պատճառի մասին։
    Իմանալով այդ բոլորը, Ուոտսոն, ես իրար ետևից մի քանի ծխամորճ ծխեցի, փորձելով հասկանալ, թե այս կուտակված փաստերի մեջ որն է գլխավորը։ Նախ և առաջ աչքի է զարնում դռան բանալու տարօրինակ անհետացումը։ Սենյակում ամենամանրակրկիտ որոնումներն անգամ արդյունք չտվեցին։ Ուրեմն, պետք է ենթադրել, որ այն տարել են։ Բայց ոչ գնդապետը ոչ էլ նրա կինը չէին կարող այդ անել։ Սա ակնհայտ է։ Ուրեմն, սենյակում կար նաև ինչ-որ երրորդը։ Եվ այդ երրորդը կարող էր ներս թափանցել միայն ապակեպատ դռնից։ Ես մտածեցի, որ սենյակի և գազոնի մանրազնին հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերելու այդ առեղծվածային անծանոթի թողած որևէ հետք։ Դուք գիտեք իմ մեթոդները, Ուոտսոն։ Ես օգտագործեցի հնարավոր բոլոր միջոցները և գտա հետքերը, բայց բոլորովին ոչ այն, ինչ սպասում էի։ Սենյակում իսկապես եղել էր երրորդը, նա գազոնը կտրել անցել էր ճանապարհի կողմից։ Ես հայտնաբերեցի նրա կոշիկի հինգ պարզորոշ հետքերը, մեկը հենց ճանապարհի վրա, այն տեղում, որտեղ մագլցել էր ոչ բարձր ցանկապատի վրայով, երկուսը՝ գազոնի և ևս երկուսը, շատ թույլ, դռան կողմը տանող ներկած սանդուխքների վրա, որտեղով սենյակ էր մտել։ Գազոնի վրայով, ամենայն հավանականությամբ, վազել էր, որովհետև թաթերի դրոշմներն ավելի խորն էին, քան կրունկներինը։ Բայց ինձ ապշեցրեց ոչ այնքան այդ մարդը, որքան՝ ուղեկիցը։
    ― Ուղեկի՞ցը։
    Հոլմսը գրպանից հանեց ծխամորճի թղթի մի մեծ թերթ և ծնկի վրա խնամքով հարթեցրեց։
    ― Ձեր կարծիքով ի՞նչ է սա, ― հարցրեց նա։
    Թղթի վրա ինչ-որ փոքր կենդանու հետքեր էին։ Լավ նկատելի էին հինգ չանչերի և երկար մագիլների թողած հետքերը։ Ամեն մի հետքը անուշեղենի գդալի չափ էր։
    ― Շուն է, ― ասացի ես։
    ― Իսկ դուք երբևէ լսե՞լ եք, որ շունը մագլցի վարագույրի վրայով։ Այս կենդանին հետքեր է թողել նաև վարագույրի վրա։
    ― Ուրեմն, կապի՞կ է։
    ― Բայց սա կապիկի հետք չէ։
    ― Այդ դեպքում ի՞նչ կարող է լինել։
    ― Ոչ շուն, ոչ կատու, ոչ էլ մեզ ծանոթ մի ուրիշ կենդանի։ Ես փորձեցի պատկերացնել նրա չափսերը։ Ահա չորս հետքերը, երբ կենդանին կանգնել է անշարժ։ Դուք տեսնում եք՝ առաջին թաթից մինչև ետևի թաթը հեռավորությունը տասնհինգ դյույումից պակաս չէ։ Դրան գումարեք վիզն ու գլուխը և դուք կստանաք մոտավորապես երկու ֆունտանոց մի կենդանի, բայց հնարավոր է նաև ավելի մեծ, եթե պոչ ունի։ Այժմ նայեք ահա այս հետքերին։ Դրանք ցույց են տալիս քայլերի երկարությունը, որն ինչպես տեսնում եք, մշտապես կազմում է ընդամենը երեք դյույմ։ Իսկ դա նշանակում է, որ կենդանին ունի երկար մարմին և կարճ թաթեր։ Դժբախտաբար, նա չի ջանացել գոնե ինչ-որ տեղ մեզ թողնել թեկուզ մի մազ։ Բայց, ընդհանուր առմամբ, նրա արտաքին տեսքը պարզ է, նա կարող է մագլցել վարագույրների վրայով։ Բացի դրանից, մեր առեղծվածային գազանիկը գիշատիչ է։
    ― Իսկ ինչու՞։
    ― Այն պատճառով, որ դռան վերևում, ծանր վարագույրով ծածկված, կախված է դեղձանիկով վանդակը։ Եվ գազանիկն, իհարկե, մագլցել է վարագույրով, որսի հույս ունենալով։
    ― Այնուամենայնիվ, ի՞նչ գազան է։
    ― Եթե ես իմանայի, գործը համարյա բացահայտված կլիներ։ Կարծում եմ, գազանիկը աքիսների ընտանիքից է կամ կնգումի։ Բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նա մեծ է թե՛ աքիսից, թե՛ կնգումից։
    Իսկ ինչու՞մն է կայանում նրա դերն այս գործում։
    ― Առայժմ չեմ կարող ասել։ Բայց համաձայնեք, որ մեզ արդեն շատ բան է հայտնի։ Մենք, նախ և առաջ գիտենք, ինչ-որ մարդ կանգնել է ճանապարհին և հետևել Բարկլեյների վեճին, չէ որ վարագույրները վերև էին քաշված, իսկ սենյակը լուսավորված էր։ Գիտենք նաև, որ նա ինչ-որ տարօրինակ կենդանու ազդեցությամբ վազելով անցել է գազոնի միջով և կամ հարվածել է գնդապետին, կամ գնդապետը տեսնելով անսպասելի հյուրին, հավանական է, այնպես է վախեցել, որ կորցրել է գիտակցությունը և ընկել, ծոծրակը հարվածելով բուխարու ճաղի սուր անկյանը։ Եվ վերջապես մենք գիտենք նաև հետաքրքիր մի մանրամասնություն․ անծանոթը, գտնվելով այս սենյակում իր հետ տարել է բանալին։
    ― Բայց ձեր դիտարկումները, թվում է, ավելի շատ են խճճել գործը, ― նկատեցի ես։
    ― Միանգամայն ճիշտ է։ Բայց դրանք անկասկած ցույց տվեցին, որ սկզբնական ենթադրություններն անհիմն են։ Ես ամեն ինչ նորից եմ մտածել և եկել եմ այն եզրակացության, որ պետք է այդ գործը վերանայել ուրիշ տեսանկյունից։ Այնուամենայնիվ, Ուոտսոն, վաղուց ձեր քնելու ժամանակն է, իսկ մնացածը կարող եմ հաջողությամբ պատմել վաղը՝ Օլդեշոտի ճանապարհին։
    ― Խոնարհաբար շնորհակալ եմ, որ դուք կանգ առաք ամենահետաքրքիր տեղում։
    ― Պարզ է, որ երբ միսիս Բարկլեյը յոթն անց կեսին տնից դուրս էր գալիս, զայրացած չէր ամուսնու վրա։ Կարծեմ, հիշատակել եմ, որ կինը երբեք ամուսնու հանդեպ հատուկ, նուրբ զգացմունք չի տածել , բայց կառապանը լսել է, թե ինչպես նա տանից դուրս գալիս բավականին բարեկամաբար է խոսել ամուսնու հետ։ Վերադառնալիս, անմիջապես գնացել է հյուրասենյակ, որտեղ ամենից քիչ հույս ուներ ամուսնուն տեսնել, և թեյ է խնդրել, , որն ինքնին խոսում է գրգռվածության մասին։ Իսկ երբ սենյակ է մտել գնդապետը, փոթորիկը պայթել է։ Հետևաբար, ժամը յոթն անց կեսի և իննի միջև, այնպիսի բան է պատահել, , որ լիովին փոխել է կնոջ վերաբերմունքը ամուսնու հանդեպ։ Բայց այդ ժամանակամիջոցում նրանից անբաժան է եղել միսս Մորիսոնը, որից հետևում է, որ միսս Մորիսոնը պետք է ինչ-որ բան իմանար, թեև դա ժխտում է։
    Սզբում ենթադրեցի, թե երիտասարդ կնոջ և գնդապետի միջև ինչ-որ հարաբերություն է եղել, որի մասին Մորիսոնը խոստովանել է գնդապետի կնոջը։ Դա մի կողմից կբացատրեր, թե ինչու միսս Բարկլեյը տուն է վերադարձել զայրացած, մյուս կողմից՝ ինչու է միսս Մորիսոնը հերքում, որ իրեն հայտնի է ինչ-որ բան։ Այդ նկատառումներն ամրապնդում են նաև վիճաբանության ընթացքում միսիս Բարկլեյի արտասանած խոսքերը։ Բայց այդ դեպքում ինչ կապ ունի ինչ-որ Դավիթ։ Բացի այդ, գնդապետը սիրում էր իր կնոջը և դժվար է ուրիշ կնոջ գոյություն ենթադրել։ Բայց ասպարեզում մի ուրիշ տղամարդու ողբերգական հայտնվելը դժվար թե կապ ունենա միսս Մորիսոնի ենթադրյալ խոստովանության հետ։ Հեշտ չէր ճիշտ ուղի ընտրելը։ Վերջ ի վերջո, ես բացառեցի գնդապետի և միսս Մորիսոնի միջև եղած ինչ-որ կապի հավանականությունը։ Բայց այն հավատը, որ , որ միսս Մորիսոնը գիտե ամուսնու հանդեպ միսիս Բարկլեյի հանկարծակի ատելության պատճառը, ավելի ամրապնդվեց։ Այդ ժամանակ որոշեցի ուղիղ գնալ միսս Մորիսոնի մոտ և նրան հայտնել, որ վստահ եմ նրա իրազեկության վրա և որ նրա լռությունը կարող է թանկ նստել միսիս Բարկլեյին, որին հավանաբար սպանության մեղադրանք կներկայացնեն։
    Պարզվեց, որ միսս Մորիսոնը եթերային էակ է, շիկավուն մազերով ու ամոթխած հայացքով, և ժխտել նրա խելքն ու առողջ դատողությունը , հնարավոր չէր։ Լսելով ինձ, խորհեց, հետո վճռական տեսքով իմ կողմը շրջվեց և ասաց հետևյալ հիանալի խոսքերը։
    ― Ես միսիս Բարկլեյին խոստացել եմ ոչ մեկին ոչ մի խոսք չասել։ Իսկ խոստումը պետք է պահել, ― ասաց նա։ ― Բայց թե ես կարող եմ օգնել նրան, երբ նրա նկատմամբ այդպիսի լուրջ մեղադրանք են ներկայացնում, իսկ ինքը, խեղճը, հիվանդության պատճառով իրեն ընդունակ չէ պաշտպանել, ապա, կարծում եմ, ինձ ներելի կլինի խախտել խոստումը։ Ես ձեզ կպատմեմ բացարձակապես այն ամենը, ինչ պատահեց մեզ երկուշաբթի երեկոյան։
    Մոտավորապես իննից տասնհինգ պակաս մենք վերադառնում էինք Ուոտ-սթրիթի եկեղեցուց։ Պետք էր անցնել Հադսոն-սթրիթ ամայի փոքրիկ փողոցով։ Այնտեղ ձախ կողմում է միայն մի լապտեր վառվում, և երբ մոտեցանք դրան, տեսա մեզ ընդառաջ եկող խիստ կքված մի մարդու , որն ուսերից կախ ինչ-որ արկղ էր տանում։ Ամբողջովին ծռմռված, ծուռ ոտքերով մի հաշմանդամ էր։ Նրա հետ հավասարվեցինք հենց լապտերի լուսավորած տեղում։ Նա բարձրացրեց գլուխը, նայեց մեզ, քար կտրածի պես կանգ առավ և սրտակեղեք ձայնով ճչաց․ «Աստված իմ, չէ՞ որ սա Նենսին է»։ Միսիս Բարկլեյը կավճի պես ճերմակեց և կընկներ, եթե այդ սարսափելի էակը չգրկեր նրան։ Ես արդեն ցանկանում էի ոստիկան կանչել, բայց, ի զարմանս ինձ, նրանք շատ հանգիստ խոսեցին։
    «Հենրի, այս երեսուն տարիներին ես հավատացած էի, որ դու կենդանի չես», ― ասաց միսիս Բարկլեյը դողացող ձայնով։
    «Այդպես էլ կա»։
    Այս խոսքերն այնպիսի տոնով ասվեցին, որ սիրտս նվաղեց։ Դժբախտը շատ թուխ և խաշած խնձորի պես կնճռապատ դեմք ուներ, ամբողջովին ճերմակ մազեր, իսկ նրա փայլատակող աչքերը մինչև հիմա գիշերները հետապնդում են ինձ։
    «Տուն գնա, թանկագինս, ես քեզ կհասնեմ, ― ասաց միսիս Բարկլեյը։ ― Այս մարդու հետ պետք է առանձին խոսեմ։ Վախենալու բան չկա»։
    Նա աշխուժացավ, բայց առաջվա պես մահու չափ գունատ էր, և շուրթերը դողում էին։
    Ես առաջ անցա, իսկ նրանք մենակ մնացին։ Խոսեցին ընդամենը մի քանւ րոպե։ Շուտով միսիս Բարկլեյը հասավ ինձ, նրա աչքերը վառվում էին։ Ես շրջվեցի․ Դժբախտ հաշմանդամը կանգնած էր լապտերի տակ և կատաղորեն թափահարում էր սեղմած բռունցքները, ասես ցնորվել էր։ Մինչև իմ տանը հասնելը միսիս Բարկլեյը ոչ մի բառ չարտասանեց և միայն այգու դռան մոտ թևանցուկ արեց ինձ և սկսեց խնդրել, որ հանդիպման մասին ոչ մեկին չասեմ։
    «Իմ հին ծանոթն է։ Նա կյանքում շատ անհաջողություններ է կրել, ― ասաց նա»։
    Ես խոստացա ոչ մեկին ոչ մի խոսք չասել։ Նա ինձ համբուրեց և հեռացավ։ Այդ պահից այլևս չենք տեսնվել։ Ես ձեզ պատմեցի ողջ ճշմարտությունը և եթե դա թաքցրել եմ ոստիկանությունից, միայն այն պատճառով, որ չեմ հասկացել, թե ինչ վտանգ է սպառնում միսիս Բարկլեյին։ Այժմ տեսնում եմ, որ նրան օգնել կարելի է ամեն ինչ առանց թաքցնելու պատմելով։
    Ահա թե ինչ իմացա միսս Մորիսոնից։ Ինչպես հասկանում եք, Ուոտսոն, նրա պատմածն ինձ համար խավարի մեջ լույսի մի շող եղավ։ Նախկին բոլոր անջատ փաստերը դրվեցին իրենց տեղերում, և ես արդեն աղոտ ձևով կռահեցի դեպքերի ճիշտ ընթացքը։ Ակնհայտ էր, որ ես պետք է անմիջապես փնտրեի այն մարդուն, որի հայտնվելն այնպես ցնցել էր միսիս Բարկլեյին։ Եթե նա դեռ Օլդերշոտում է, ապա այդ անելն ամենևին դժվար չէր լինի։ Այնտեղ այնքան էլ շատ քաղաքացիներ չէին ապրում, իսկ հաշմանդամն, իհարկե, ուշադրություն կգրավի։ Որոնումների վրա մի օր ծախսեցի և երեկոյան գտա նրան։ Դա Հենրի Վուդն էր։ Նա բնակարան էր վարձել այդ նույն փողոցում, որտեղ հանդիպել էր կանանց։ Ընդամենը հինգ օր է, որ այնտեղ էր ապրում։ Մատենավարման աշխատակցի տեսքով մտա նրա տանտիրուհու մոտ, և նա շատ հետաքրքիր փաստեր պատմեց։ Ըստ մասնագիտության այդ մարդը ձեռնածու է, երեկոներն այցելում է գինետները, ամեն տեղ հանդես է գալիս փոքր ներկայացումներով։ Իր հետ արկղով ինչ-որ կենդանի է ման տալիս։ Տիրուհին շատ է վախենում, որովհետև այդպիսիս կենդանի երբեք չի տեսել։ Նրա ասելով, այդ կենդանին մասնակցում է որոշ համարների։ Ահա այն ամենն, ինչ հաջողվեց իմանալ տիրուհուց, և դեռ ավելացրեց, որ ինքը զարմացած է, թե ինչպես է նա, այդպես այլանդակ, ընդհանրապես ապրում աշխարհում և որ գիշերները երբեմն խոսում է անծանոթ լեզվով, իսկ վերջին երկու գիշերը , ինքն էլ է լսել, հառաչում և հեկեկում է իր ննջարանում։ Ինչ վերաբերում է դրամին, ապա հաշմանդամը բավականաչափ դրամ ունի, թեև որպես կանխավճար տանտիրուհուն կարծես կեղծ դրամ էր տվել։ Նա ինձ ցույց տվեց դրամը, Ուոտսոն։ Դա հնդկական րուպի էր։
    Եվ այսպես, թանկագին բարեկամ, դուք հիմա գիտեք, թե ինչպիսին է գործի ընթացքը և ինչու ձեզ խնդրեցի ինձ հետ մեկնել։ Ակնհայտ է, որ երբ կանայք բաժանվել են այդ մարդուց, նա գնացել է նրանց հետևից և ապակեպատ դռան միջից հետևել կնոջ և ամուսնու վեճին, ներխուժել է սենյակ, և որ կենդանին, որը սապատավորը արկղում կրում էր իր հետ, ինչ-որ հրաշքով հայտնվել է ազատության մեջ։ Այս բոլորը կասկած չեն հարուցում։ Բայց ամենագլխավորն այն է, որ նա աշխարհում միակ մարդն է, որը կարող է պատմել, թե հատկապես ինչ է կատարվել սենյակում։
    ― եվ դուք պատրաստվում եք հարցաքննե՞լ նրան։
    ― Անկասկած․․․ Բայց վկայի ներկայությամբ։
    ― Եվ այդ վկան ե՞ս եմ։
    ― Եթե այդքան սիրալիր գտնվեք։ Թե նա ամեն ինչ անկեղծ պատմի, լավ։ Իսկ եթե ոչ, մեզ ոչինչ չի մնում, քան պահանջել նրա ձերբակալությունը։
    ― Իսկ ինչու՞ եք կարծում, որ երբ գնանք, նա դեռ այնտեղ կլինի։
    ― Կարող եք համոզված լինել, ես նախազգուշական որոշ միջոցներ ձեռք արել եմ։ Նրա տան կողքին հեր թապահում է Բեյքր-սթրիթի իմ տղաներից մեկը։ Նա տիզի պես կկպնի Վուդին և կհետևի, ուր էլ նա գնա։ Այնպես որ, Ուոտսոն, վաղը մենք նրան կհանդիպենք Հադսոն-սթրիթում։ Դե, իսկ այժմ․․․ Իմ կողմից հանցագործություն կլինի, եթե հենց հիմա ձեզ քնելու չուղարկեմ։
    Ուղիղ կեսօրին ժամանեցինք այն քաղաքը, ուր տեղի էր ունեցել ողբերգությունը, և Շերլոկ Հոլմսն ինձ անմիջապես տարավ Հադսոն-սթրիթ։
    Չնայած զգացմունքները թաքցնելու նրա կարողությունը, նկատելի էր, որ Հոլմսը հազիվ էր զսպում հուզմունքը․ ես ինքս էլ զգում էի կիսասպորտային տարվածություն, այն բռնկվող հետաքրքրությունը, որ միշտ զգացել եմ՝ մասնակցելով Հոլմսի հետաքննությանը։
    ― Այստեղ է, ― ասաց նա, շրջվելով դեպի նեղ փողոցը, որ կառուցապատված էր հասարակ երկհարկանի աղյուսե տներով։ ― Ահա և Սիմպսոնը։ Լսենք, ինչ կասի։
    ― Նա տանն է, միստր Հոլմս, ― մոտ վազելով բղավեց տղան։
    ― Հիանալի է, Սինփսոն, ― ասաց Հոլմսը և շոյեց նրա գլուխը։ ― Գնանաք, Ուոտսոն։ Ահա այդ տունը։
    Կարևոր գործով ընդունելու խնդրանքով Հոլմսը ուղարկեց իր այցեքարտը և մի փոքր անց արդեն երես առ երես կանգնած էինք այդ մարդու դեմ։ Չնայած տաք եղանակին, նա կպել էր բուխարուն, իսկ փոքր սենյակում փռի պես շոգ էր։ Ամբողջովին ծամծռված, սապատավոր այդ մարդը աննկարագրելի դիրքով նստել էր աթոռին, կասկած չթողնելով, որ մեր առաջ հաշմանդամ է։ Բայց մեր կողմը շրջած նրա դեմքը, չնայած տանջահար էր և սևության աստիճան արևախանձ, կրում էր հիանալի գեղեցկության հետքեր։ Նա կասկածանքով նայեց մեզ վրա իր դեղնած, հիվանդ լյարդի մասին ասող աչքերով և լուռ, առանց տեղից վեր կենալու, ձեռքով ցույց տվեց երկու աթոռները։
    ― Կարծում եմ, գործ ունեմ Հնդկաստանից վերջերս եկած միստր Հենրի Վուդի հետ, ― քաղաքավարի տեղեկացավ Հոլմսը։ ― Ես եկել եմ գնդապետ Բարկլեյի մահվան հետ կապված մի փոքր գործով։
    ― Իսկ ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։
    ― Ահա հենց դա էլ պետք է պարզեմ։ Կարծում եմ, դուք գիտե՞ք, որ եթե ճշմարտությունը չբացահայտվի, ապա ձեր հին բարեկամը՝ միսիս Բարկլեյը դատարանի առաջ կկանգնի սպանության մեղադրանքով։
    Մարդը ցնցվեց։
    ― Ես չգիտեմ, դուք ով եք, ― բղավեց նա, ― և ձեզ ինչպես հաջողվեց իմանալ այն, ինչը գիտեք, բայց կերդվե՞ք, որ ձեր ասածը իսկություն է։
    Իհարկե։ Նրանք ցանկանում են ձերբակալել միսիս Բարկլեյին, հենց որ վերջինս գիտակցության գա։
    ― Աստված իմ։ Իսկ դուք ոստիկանությունի՞ց եք։
    ― Ոչ։
    ― Այդ դեպքում ի՞նչ գործ ունեք այս ամենի հետ։
    ― Արդարությունը վերականգնելու համար ջանալը ամեն մարդու պարտքն է։
    ― Ես ձեզ ազնվորեն ասում եմ, որ նա անմեղ է։
    ― Այդ դեպքում մեղավորը դուք եք։
    ― Ոչ, ես էլ եմ անմեղ։
    ― Իսկ ո՞վ է սպանել գնդապետ Բարկլեյին։
    ― Նա նախախնամության զոհը դարձավ։ Բայց, այնուամենայնիվ, իմացեք, եթե ես ցրեի նրա ուղեղը, որն ըստ էության երզում էի, ապա նա կստանար միայն ըստ արժանվույն։ Եթե նրան չսպաներ սեփական մեղքի գիտակցությունը, շատ հնարավոր է, ինքս ձեռքերս տաքացնեի նրա արյունով։ Ուզու՞մ եք պատմեմ, թե ինչպես կատարվեց այդ ամենը։ Իսկ ինչու չպատմել։ ես ամաչելու բան չունեմ։
    Բանն այսպես եղավ, սըր։ Դուք տեսնում եք, հիմա ես սապատավոր եմ, ինչպես ուղտը, իսկ կողոսկրներս կպել են ծուռ ու մուռ, բայց ժամանակներ կային, երբ կապրալ Հենրի Վուդը համարվում էր հարյուր տասնյոթերորդ հետևակային գնդի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը։ Մենք այդ ժամանակ Հնդկաստանում էինք, ճամբար էինք խփել Բհարթի քաղաքի մոտ։ Բարկլեյը, որն օրերս մահացավ, նույն ջոկում սերժանտ էր, ուր ծառայում էի և ես, իսկ գնդի գեղեցկուհին․․․ և, ընդհանրապես, ամենահիասքանչ աղջիկն աշխարհում Նենսի Դևոյն էր՝ դրոշակակիր սերժանտի աղջիկը։ Երկու հոգի սիրում էին աղջկան, իսկ նա՝ մեկին։ Դուք ժպտում եք, նայելով բուխարու մեջ նստած ծռմռված դժբախտ հաշմանդամին, որն ասում է, որ ինքը ինչ-որ ժամանակ սիրված է եղել իր գեղեցկության համար։
    Չնայած ես նվաճեցի նրա սերը, սակայն հայրը ցանկանում էր, որ Նենսին ամուսնանա Բարկլեյի հետ։ Ես թեթևամիտ երիտասարդ էի, հանդուգն գլուխ, իսկ նա բարձրագույն կրթություն ուներ և սպայական կոչման հավակնոտ էր արդեն։ Բայց Նենսին հավատարիմ էր ինձ, և մենք արդեն մտածում էինք ամուսնության մասին, երբ հանկարծ ապստամբություն պայթեց, և երկիրը վերածվեց զարհուրելի դժողքի։
    Մեզ շրջապատեցին Բհարթիում՝ մեր գունդը, հրետանավորների կես գումարտակը, սիկհերի վաշտը և բազմաթիվ կանանց ու ամեն տեսակ քաղաքացիների։ Տասը հազար ապստամբներ ձգտում էին մեզ հասնել տերիեր որսկան շների ոհմակի ագահությամբ, որը շրջապատում է մկներով լեցուն վանդակը։ Մոտավորապես շրջապատման երկրորդ շաբաթում մեր ջուրը վերջացավ և կասկածելի էր, թե կկարողանայինք միանալ գեներալ Նիլի զորասյանը, որը նահանջում էր երկրի խորքը։ Դրանում էր մեր միակ փրկությունը, քանի որ կանանց և երեխաների հետ օղակը ճեղքելու ոչ մի հույս չկար։ Այդ ժամանակ ես հանձն առա անցնել շրջապատման միջով և գեներալ Նիլին տեղեկացնել մեր թշվառ վիճակի մասին։ Իմ առաջարկությունն ընդունվեց, ես խորհրդակցեցի սերժանտ Բարկլեյի հետ, որն, ինչպես համարվում էր, բոլորից լավ գիտեր տեղանքը և ինձ բացատրեց, թե ինչպես հաջողությամբ անցնեմ ապստամբների շրջապատման միջով։ Հենց այդ գիշեր, ժամը տասին, ճանապարհ ընկա։ Ինձ էր վստահված փրկելու հազարավոր կյանքեր, բայց այդ գիշեր ես մտածում էի միայն մեկի մասին։
    Իմ ճանապարհն անցնում էր ցամաքած գետի հունով, որն, ինչպես հույս ունեինք, ինձ կծածկեր հակառակորդի ժամապահների աչքից, բայց ես հազիվ էի սողալով հաղթահարել առաջին շրջադարձը, երբ դեմ առա վեց ապստամբների, որոնք մթան մեջ դարան մտած ինձ էին սպասում։ Հենց այդ պահին գլխիս հասցված հարվածից գիտակցությունս կորցրի։ Սթափվեցի թշնամիների մոտ՝ կապված ձեռքերով և ոտքերով։ Եվ այստեղ էլ հենց մինչև հոգուս խորքը մահացու հարված ստացա․ լսելով ապստամբների խոսակցությունը, հասկացա, որ իմ ընկերը, հենց նա, որն օգնեց ինձ ճանապարհ ընտրել թշնամու դիրքերի միջով, դավաճանել է ինձ, տեղացի սպասավորի միջոցով իմ մասին հայտնելով հակառակորդին։
    Արժե՞ արդյոք պատմել, թե ինչ եղավ հետագայում։ Դուք հիմա գիտեք, թե ինչի էր ընդունակ Բարկլեյը։ Հաջորդ օրը օգնության հասավ գեներալ Նիլը, և շրջապատումը վերացվեց, բայց նահանջելով, ապստամբներն ինձ իրենց հետ տարան։ Եվ անցան բազմաթիվ տարիներ, նախքան նորից սպիտակ դեմքեր տեսա։ Ինձ տանջում էին, ես փախա, ինձ որսացին և նորից տանջեցին։ Դուք տեսնում եք, թե նրանք ինչ են արել ինձ։ Հետո ապստամբները փախան Նեպալ և ինձ քարշ տվեցին իրենց հետ։ Վերջ ի վերջո, ես հայտնվեցի Դարջիլինգից այն կողմ, լեռներում։ Բայց լեռնաբնակները կոտորեցին ապստամբներին և մինչև իմ փախուստը ես դարձա նրանց գերին։ Այդտեղից փախուստի միայն մի ճանապարհ կար՝ դեպի հյուսիս։ Եվ ես հայտնվեցի աֆղանների մոտ։ Այնտեղ բազմաթիվ տարիներ անցկացրի և, ի վերջո, վերադարձա Փենջաբ, որտեղ մեծ մասամբ ապրեցի բնիկների միջավայրում և մի կտոր հացի համար փող վաստակեցի ձեռնածություն անելով, որն այդ ընթացքում սովորել էի։ Խեղճ հաշմանդամիս ինչի՞ն էր պետք Անգլիա վերադառնալ և հին ընկերներին փնտրել։ Նույնիսկ վրեժի ծարավը չէր կարող ինձ ստիպել այդ քայլն անելու։ Ես գերադասում էի, որ Նենսին և հին ընկերներս կարծեին, թե Հենրի Վուդը մահացել է ուղիղ մեջքով։ Ես չէի ցանկանում նրանց ներկայանալ կապկի տեսքով։ Նրանք չէին կասկածում, թե մեռել եմ, և ես ցանկանում էի, որ այդպես էլ մտածեին։ Ես լսեցի, որ Բարկլեյն ամուսնացել է Նենսիի հետ, գնդում փայլուն կարիերա է արել, բայց նույնիսկ դա չէր կարող ստիպել ինձ տեղից շարժվելու։
    Բայց երբ վրա է հասնում ծերությունը, մարդ սկսում է կարոտել հայրենիքը։ Երկար տարիներ երազում էի Անգլիայի վառ, կանաչ դաշտերի, դալար ցանկապատների մասին։ Եվ ես որոշեցի նախքան մեռնելս մեկ անգամ էլ տեսնել դրանք։ Ճանապարհի համար դրամ կուտակեցի և ահա տեղավորվեցի այստեղ, զինվորների մեջ․ ես գիտեմ նրանց ինչ է հարկավոր , գիտեմ ինչով ուրախացնել, և վաստակածս լիովին բավականացնում է ապրուստիս համար։
    ― Ձեր պատմությունը շատ հետաքրքիր է, ― ասաց Հոլմսը․․․ Որ դուք հանդիպել եք միսիս Բարկլեյին և իրար ճանաչել եք, ես արդեն գիտեմ։ Որքան ենթադրում եմ, միսիս Բարկլեյի հետ խոսելուց հետո դուք գնացել եք նրա ետևից ու վկա եք եղել կնոջ և ամուսնու վեճին։ Այդ երեկո միսիս Բարկլեյը ամուսնու երեսով է տվել ինչ-որ ժամանակ նրա կատարած ստորությունը։ Զգացմունքների մի ամբողջ փոթորիկ եռաց ձեր սրտում, դուք չդիմացաք, տուն նետվեցիք և սենյակ ներխուժեցիք։
    ― Այո,սըր, ամեն ինչ այդպես է եղել։ Երբ նա տեսավ ինձ, դեմքն անճանաչելիորեն աղճատվեց։ Նա օրորվեց և տեղն ու տեղը մեջքի վրա ընկավ՝ ծոծրակով հարվածելով բուխարու ճաղի սուր անկյանը։ Բայց Բարկլեյը հարվածից չմահացավ, մահը վրա հասավ ինձ տեսնելուն պես։ Ես դա այնքան պարզ կարդացի նրա դեմքին, ինչպես հիմա ահա այն բուխարու վրայի գրությունը։ Իմ հայտնվելը նրա համար սրտին կրակոց եղավ։
    ― Իսկ հետո՞։
    ― Նենսին կորցրեց գիտակցությունը, և ես նրա ձեռքից վերցրի բանալին՝ ցանկանալով բացել դուռը և օգնություն կանչել։ Բանալին մտցնելով փականի մեջ, հանկարծ գլխի ընկա, որ հավանորեն ավելի լավ է ամեն ինչ թողնել և հեռանալ, չ՞է որ գործը շատ հեշտորեն կարող է իմ դեմ դառնալ։ Եվ, այնուամենայնիվ, եթե ինձ ձերբակալեն, իմ գաղտնիքն արդեն հայտնի կդառնա բոլորին։ Աճապարանքով բանալին գրպանս խոթեցի, իսկ Թեդիին որսալիս, որն արդեն հասցրել էր վարագույրի վրա մագլցել, կորցրեցի մահակս։ Թեդիին մտցնելով արկղի մեջ, որտեղից ինչ-որ ձևով փախել էր, ես իմ ամբողջ արագությամբ, ինչին ընդունակ են ոտքերս, հեռու փախա այդ տնից։
    ― Ո՞վ է այդ Թեդին, ― հարցրեց Հոլմսը։
    Սապատավորը թեքվեց և առաջ քաշեց անկյունում դրված արկղի առջևի պատը։ Անմիջապես այնտեղից երևաց գեղեցիկ, կարմրադարչնագույն, նիհար և ճկուն, կզաքիսի թաթերով մի գազանիկ, նուրբ դնչով և հիանալի աչքերով, որպիսիք տեսել էի միայն կենդանիների մոտ։
    ― Սա չէ որ մանգուստ է, ― բացականչեցի ես։
    ― Այո, ― գլխով անելով ասաց սապատավորը։ ― Մարդկանց մի մասը դրան մանգուստ է կոչում, իսկ մյուսը՝ փարավոնային մուկ։ Օձ վորսացող է, ես այդպես եմ կոչում նրան։ Թեդին հիանալի արագությամբ է կոբրաների հախից գալիս։ Մոտս մեկը կա, որի թունոտ ատամները հանված են։ Թեդին նրան ամեն երեկո որսում է, զվարճացնելով զինվորներին։ Ուրիշ հարցեր կա՞ն, սըր։
    ― Դե ինչ, հնարավոր է, մենք դեռ կտեսնվենք ձեզ հետ, բայց միայն այն դեպքում,եթե միսիս Բարկլեյի համար իսկապես դժվար լինի։
    ― Ես միշտ ձեր տրամադրության տակ եմ։
    ― Իսկ եթե հարկ լինի ձեզ դիմել, ապա դժվար թե արժե քրքրել հանգուցյալի անցյալը, որքան էլ այն նողկալի լինի։ Ծայրահեղ դեպքում դուք ունեք այն գոհացումը, որ երեսուն տարի նա տանջվել է խղճի խայթից։ Իսկ սա, կարծես, մայոր Մերֆի՞ն է գնում փողոցի մյուս կողմից։ Ցտեսություն, Վուդ։ Ցանկանում եմ իմանալ, ուրիշ ի՞նչ նորություն կա երեկվա դեպքից հետո։
    Մենք հասանք մայորին, նախքան նա կհասցներ թեքվել փողոցի անկյունը։
    ― Ա՛, Հոլմս, ― ասաց նա։ ― Դուք արդեն հավանաբար լսել եք, որ այս ամբողջ իրարանցումն ավարտվեց ոչնչով։
    ― Այո՞։ Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ պարզվեց։
    ― Բժշկական քննությունը ցույց տվեց, որ մահը հասել է կաթվածից։ Ինչպես տեսնում եք, գործը շատ պարզ դուրս եկավ։
    ― Այո, ավելի պարզ չէր կարող լինել, ― ժպտալով ասաց Հոլմսը։ ― Տուն գնանք, Ուոտսոն։ Չեմ կարծում, թե մեր ծառայության կարիքն այլևս լինի Օլդերշոտում։
    ― Բայց ահա թե ինչն է տարօրինակ, ― ասացի ես կայարան գնալու ճանապարհին։ ― Եթե ամուսնուն կոչել են Ջեյմս, իսկ այդ դժբախտին՝ Հենրի, ապա ի՞նչ գործ ունի Դավիթը։
    ― Իմ թանկագին Ուոտսոն, միայն այդ անունը բավական էր, որ բացեր իմ աչքերը, եթե ես այն իդեալական տրամաբանողը լինեի, որին դուք սիրում եք նկարագրել։ Այդ բառը նետված է որպես հանդիմանություն։
    ― Հանդիմանությու՞ն։
    ― Այո։ Ինչպես ձեզ հայտնի է, բիբլիական Դավիթը անընդհատ շեղվել է ճշմարիտ ուղուց և մի անգամ հասել է այնտեղ, ուր և սերժանտ Ջեյմս Բարկլեյը։ Հիշու՞մ եք Բերսաբեի և Ուրիի փոքր գործը։ Վախենամ, թե բավականին մոռացել եմ աստվածաշունչը, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ պատմությունը կգտնեք Արքայից առաջին կամերկրորդգրքում։