Վերջին թարմացում 2 Ապրիլի 2014, 00:32

Սկանդալը Բոհեմիայում

Բոսկոմյան հովտի գաղտնիքը

հեղինակ՝ Սկանդալը Բոհեմիայում
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»


I


Շերլոկ Հոլմսի համար նա ընդմիշտ մնաց իբրև «Այդ կինը»։ Ես հազվադեպ եմ լսել, որ նա նրան որևէ այլ անունով կոչի։ Հոլմսի աչքում նա մթագնել էր իր սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Անշուշտ, նա սիրո նման որևէ զգացմունք չէր տածում Իրեն Ադլերի հանդեպ։ Բոլոր զգացմունքները, և հատկապես սիրո զգացմունքները, ատելի էին նրա սառնարյուն, ճշգրիտ, բայց զարմանալի հավասարակշռված մտքին։ Ըստ իս, նա ամենակատարյալ մտածող ու դիտող մեքենա էր, որը երբևէ աշխարհը տեսել է, սակայն իբրև սիրահար նա իր տեղում չէր լինի։ Նա միշտ էլ քնքուշ զգացմունքների մասին խոսում էր ոչ այլ կերպ, քան արհամարական քմծիծաղով ու ծաղրանքով։ Քնքուշ զգացմունքները նրա աչքում դիտողության հիանալի օբյոկտներ էին, մարդկային հակումների և գործերի վրայից ծածկոցը պոկելու սքանչելի միջոց։ Սակայն սուր մտածողի համար թույլ տալ, որ այդ զգացմունքը ներխուժի իր նուրբ ու հիանալիորեն կարգավորված ներքին աշխարհը, կնշանակեր խառնաշփոթություն մտցնել այնտեղ, որը ստվեր կգցեր նրա մտքի բոլոր նվաճումների վրա։ Զգայուն գործիքի մեջ ընկած ավազահատիկ կամ նրա հզոր տեսապակիներից մեկում առաջացած ճաք՝ ահա թե ինչ կլիներ սերը Հոլմսի նման մարդու համար։ Բայց և այնպես, նրա աչքում գոյություն ուներ մի կին, և այդ կինը հանգուցյալ Իրեն Ադլերն էր՝ հույժ կասկածելի վարքի տեր մի անձնավորություն։

Վերջին ժամանակներս ես հազվադեպ էի տեսնվում Հոլմսի հետ․ իմ ամուսնությունը մեզ հեռացրեց իրարից։ Ւմ անձնական անամպ երջանկությունը և զուտ ընտանեկան շահերը, որոնք առաջ են գալիս, երբ մարդ առաջին անգամ դառնում է իր սեփական օջախի տերը՝ այս ամենը բավական էր, որպեսզի կլաներ իմ ողջ ուշադրությունը։ Մինչդեռ Հոլմսը, որ իր գնչուական հոգով ատում էր աշխարհիկ կյանքի ամեն մի ձև, շարունակում էր ապրել Բեյքր֊ստրիտի մեր բնակարանում, շրջապատված իր հին գրքերի կույտերով, կոկաինով տարվելու շաբաթները հերթագայելով փառամոլության նոպայով, նարկոմանի քնկոտ դրությունը՝ վայրի էներգիայով, որը հատուկ էր նրա բնավորությանը։

Ինչպես և առաջ, նա խորապես զբաղված էր հանցագործությունների հետազոտությամբ։ Նա իր հսկայական ընդունակությունները և դիտողականության արտասովոր ձիրքը տրամադրում էր այն գաղտնիքները պարզող թելերի որոնման, որոնք պաշտոնական ոստիկանության կողմից ճանաչվել էին անվերծանելի։ Ժամանակ առ ժամանակ իմ ականջին աղոտ լուրեր էին հասնում նրա գործերի մասին․ նրան կանչել են Օդեսա Տրեպովի ապանության կապակցությամբ, նրան հաջողվել է լույս սփռել Ատկինսոն եղբայրների հանելուկային ողբերգության վրա Տրինկոմալիում և, վերջապես, հոլանդական կայսերական տան հանձնարարության մասին, որը նա կատարել է բացառիկ նրբությամբ ու հաջողությամբ։

Սակայն, բացի նրա գործունեությանը վերաբերող այս տեղեկություններից, որ ես, ինչպես և բոլոր ընթերցողները, թերթերից էի քաղել, ուրիշ շատ քիչ բան գիտեի իմ նախկին բարեկամի ու ընկերոջ մասին։

Մի անգամ գիշերը, ― դա 1888 թվականի մարտի 20֊ին էր, ― ես վերադառնում էի մի պացիենտի մոտից (քանի որ այժմ ես նորից զբաղվում էի մասնավոր պրակտիկայով), և ճամփաս ինձ բերեց Բեյքր֊ստրիտ։ Երբ անցնում էի ինձ լավ ծանոթ դռան մոտով, որն իմ մտքում ընդմիշտ կապված է նշանվելուս ժամանակվա և «Բոսորագույն հետքի» մռայլ իրադարձությունների հիշողության հետ, ինձ համակեց մի սուր ցանկություն նորից տեսնել Հոլմսին և իմանալ, թե այժմ ինչ խնդիրների վրա է աշխատում նրա հիանալի միտքը։ Պատուհանները պայծառ լուսավորված էին, և, նայելով վերև, ես նկատեցի նրա բարձր, նիհարավուն կերպարանքը, որը երկու անգամ մութ ուրվանկարով անցավ իջեցրած վարագույրի վրայով։ Նա արագ, սրընթաց քայլում էր սենյակում, գլուխը ցած խոնարհած, ձեռքերը մեջքին։ Հոլմսի անկյունից այնկյուն քայլելը և ողջ արտաքին կերպարանքը շատ բաների մասին էին վկայում․ ես լավ գիտեի նրա բոլոր տրամադրություններն ու սովորությունները։ Նա նորից գործի էր անցել, իր վրայից թոթափելով նարկոտիկների բերած մշուշոտ անուրջները, և այժմ ինչ֊որ նոր հանելուկի թելերն էր արձակում։ Ես զանգահարեցի, և ինձ առաջնորդեցին սենյակ, որը մի ժամանակ մասամբ նաև իմն էր։

Նա ինձ դիմավորեց առանց խանդավառ զեղումների։ Հոլմսը խիստ հազվադեպ էր անձնատուր լինում նման զեղումների, բայց ինձ թվաց, որ ուրախ է իմ գալուն։ Համարյա առանց խոսքերի, ձեռքի սիրալիր շարժումով հրավիրեց նստելու, սիգարների տուփը մոտեցրեց ինձ և ցույց տվեց ճամբորդական արկղիկը, ուր պահվում էր գինին։ Ապա նա կանգնեց բուխարիկի առաջ և զննեց ինձ իր յուրահատուկ, թափանցող հայացքով։

― Ընտանեկան կյանքը ձեզ վրա գալիս է, ― նկատեց նա։ ― Կարծում եմ, Ուոթսն, որ վերջին անգամ ձեզ տեսնելուց հետո դուք ավելացել եք յոթ և կես ֆունտով։

― Միայն յոթ ֆունտ։

― Իսկապե՞ս։ Ո՛չ, ո՛չ, մի քիչ ավելի։ Մի քիչ ավելի, հավատացնում եմ ձեզ։ Եվ, ինչպես տեսնում եմ, նորից աշխատում եք։ Դուք ինձ չէիք ասել, որ պատրաստվում եք գործի լծվելու։

― Հապա որտեղի՞ց իմացար։

― Ես այդ տեսնում եմ, հետևություններ եմ անում։ Օրինակ, որտեղի՞ց գիտեմ, որ դուք վերջերս խիստ թրջվել եք, և որ ձեր աղախինը փնթիի մեկն է։

― Թանկագին Հոլմս, ― ասացի ես, ― այդ արդեն չափից դուրս է։ Ձեզ անկասկած խարույկի մեջ կայրեին, եթե դուք ապրեիք մի քանի դար առաջ։ Այդ ճիշտ է, որ ես հինգշաբթի օրը եղել եմ քաղաքից դուրս և տուն եմ վերադարձել ամբողջովին ցեխոտված, բայց ախր կոստյումս փոխել եմ, այնպես որ անձրևից ոչ մի հետք չի մնացել։ Ինչ վերաբերում է Մերի Ջենին, ապա նա իրոք որ անուղղելի է, և կինս արդեն նախազգուշացրել է, որ ուզում է ազատել նրան։ Բայց և այնպես չեմ հասկանում, թե դուք ինչպե՞ս գլխի ընկաք այդ մասին։

Հոլմսը կամացուկ ծիծաղեց ու շփեց իր երկար, ջղային ձեռները։

― Շատ հասարակ, ― ասաց նա։ ― Իմ աչքերը հայտնում են ինձ, որ ձեր ձախ կոշիկի ներսի կողմից, այնտեղ, ուր հիմա լույս է ընկած, կաշու վրա երևում են վեց համարյա զուգահեռ քերծվածքներ։ Պարզ է՝ քերծվածքներն արել է ինչ֊որ մեկը, որը խիստ անփույթ կերպով սրբել է ներբանի եզրերեը, որպեսզի ցեխը մաքրի։ Այստեղից, ինչպես տեսնում եք, ես անում եմ կրկնակի եզրակացություն․ առաջին, որ դուք դուրս եք եկել վատ եղանակի և, երկրորդ, որ ձեզ բաժին է ընկել լոնդոնյան ծառայի ամենավատ մի նմուշ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր պրակտիկային, ապա եթե իմ սենյակն է մտնում մի ջենտլմեն, որից յոդոֆորմի հոտ է գալիս, եթե նրա աջ ձեռքի ցուցամատին ազոտաթթվից առաջացած սև բիծ կա, իսկ ցիլինդրի վրա՝ մեծ ելունդ, որը ցույց է տալիս, թե նա որտեղ է պահել իր լսափողը ― ես պետքե կատարյալ հիմար լինեմ, որպեսզի չճանաչեմ բժշկական աշխարհի գործունյա ներկայացուցչին։

Ես չկարողացա ծիծաղս զսպել, լսելով, թե նա ինչպիսի հեշտությամբ է բացատրում իր եզրահանգումների ուղին։

― Երբ դուք բաց եք անում ձեր խորհրդածությունները, ― նկատեցի ես, ― ամեն ինչ ծիծաղելիորեն հասարակ է թվում․ ես ինքս էլ առանց դժվարության կարող էի գլխի ընկնել։ Բայց ամեն մի նոր դեպքում ես բոլորովին շշմած եմ մնում, քանի դեռ դուք չեք բացատրել ձեր մտքերի ընթացքը։

― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Հոլմսը՝ ծխախոտ վառելով և մեկնվելով բազկաթոռի մեջ։ ― Դուք նայում եք, բայց չեք զննում, իսկ դրանց միջև տարբերությունը շատ մեծ է։ Օրինակ, դուք հաճա՞խ եք տեսել նախասենյակից այստեղ բերող աստիճանները։

― Հաճախ։

― Որքա՞ն հաճախ։

― Դե մի քանի հարյուր անգամ։

― Շատ լավ։ Քանի՞ աստիճան կա այնտեղ։

― Քանի՞։ Ուշադրություն չեմ դարձրել։

― Այ, տեսնո՞ւմ եք, ուշադրություն չեք դարձրել։ Մինչդեռ տեսե՜լ եք։ Այս է ամբողջ բանի էությունը։ Դե, իսկ ես գիտեմ, որ աստիճանները տասնյոթն են, որովհետև և՛ տեսել եմ, և՛ դիտել։ Ի դեպ, կարծեմ դուք հետաքրքրվում եք այն ոչ մեծ խնդիրներով, որոնց լուծմամբ զբաղվելը իմ արհեստն է։ Դուք նույնիսկ բարեհաճել եք իմ փոքրիկ փորձերից երկու֊երեքը նկարագրել, ուստի թերևս ձեզ հետաքրքրի ահա այս նամակը։

Նա ինձ նետեց փոստային վարդագույն, հաստ թղթի մի թերթիկ, որն ընկած էր սեղանի վրա։

― Հենց նոր է ստացվել, ― ասաց նա։ ― Կարդացեք բարձրաձայն։

«Այսօր երեկոյան, ութից քառորդ պակաս, ― ասված էր երկտողում, ― ձեզ մոտ կգա մի ջենտլմեն, որն ուզում է մի խիստ կարևոր գործի առթիվ խորհուրդ հարցնել ձեզանից։ Վերջերս Եվրոպայի թագավորական տներից մեկին ձեր մատուցած ծառայույթյունները ցույց տվին, որ ձեզ կարելի է վստահել արտակարգ կարևորություն ունեցող գործեր։ Այսպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին։ Այդ ժամին եղեք տանը և ոչ մի վատ բան մի՛ մտածեք, եթե ձեր այցելուն դիմակով ներկայանա։

― Սա իսկապես որ խորհրդավոր է, ― նկատեցի ես։ ― Ինչ եք կարծում, այս բոլորն ի՞նչ է նշանակում։

― Առայժմ ես ոչ մի տվյալ չունեմ։ Տվյալներ չունենալով՝ տեսական եզրակացություններ անելը վտանգավոր է։ Մարդ իր համար իսկ աննկատելի սկսում է փաստերը շուռումուռ տալ, որպեսզի հարմարեցնի իր տեսությանը, փոխանակ տեսությունը փաստերով հիմնավորելու։ Բայց ուշադրություն դարձրեք երկտողին։ Ի՞նչ հետևություններ կարող եք անել այդ երկտողից։

Ես ուշիուշով տնտղեցի նամակն ու թուղթը, որի վրա գրված էր այն։

― Նամակը գրողը, ըստ երևույթին, միջոցների տեր մարդ է, ― նկատեցի ես, փորձելով ընդօրինակել բարեկամիս ձևերը։ ― Այսպիսի թղթի կապն արժե կես կրոնից ոչ պակաս։ Շատ ամուր և թանձր թուղթ է։

― Արտասովո՛ր է՝ ահա ամենահարմար խոսքը, ― ասաց Հոլմսը։ ― Եվ անգլիական թուղթ չէ սա։ Նայեցեք լույսի դեմ։

Ես այդպես էլ արեցի և թղթի վրա տեսա ջրանիշեր․ մեծատառ «E» և փոքրատառ «g», հետո «p» և մեծատառ «G»՝ փոքրատառ «t»֊ի հետ։

― Դրանից ի՞նչ եզրակացություն կարող եք անել, ― հարցրեց Հոլմսը։

― Սա անկասկած գործարանատիրոջ անունն է, կամ, ավելի շուտ, նրա մոնոգրամման։

― Այ թե սխալվեցիք։ Մեծատառ «G»֊ն փոքրատառ «t»֊ի հետ՝ դա «Gesellshait»֊ի հապավաումն է, որ գերմաներեն նշանակում է «ընկերություն»։ Դա սովորական հապավում է, ինչպես մեր «Ընկ․»֊ը։ «P», անշուշտ, նշանակում է «Papier» ― թուղթ։ Հիմա վերծանենք «Eg»֊ն։ Նայենք օտարազգի աշխարհագրական տեղեկատուն․․․ ― Նա դարակից վերցրեց դարչնագույն կազմով ծանր մի ֆոլիանտ։ ― «Eglow Eglonitz... Ահա և գտանք՝ Egeria: Սա մի վայր է Բոհեմիայում, Կառլսբադից ոչ հեռու, ուր խոսում են գերմաներեն։ Վալենշտեյնի մահվան տեղն է, հռչակված է իր բազմաթիվ ապակու գործարաններով և թղթի ֆաբրիկաներով․․․ Հա՛֊հա՛, տղաս, ի՞նչ եզրակացություն եք անում դրանից։ ― Նրա աչքերը փայլում էին հաղթական, և նա ծխի մի մեծ ամպ բաց թողեց իր ծխախոտից։

― Թուղթը պատրաստված է Բոհեմիայում, ― ասացի ես։

― Հենց այդ է որ կա։ Իսկ նամակը գրողը գերմանացի է։ Նկատո՞ւմ եք այդ ֆրազի տարօրինակ կառուցվածքը․ «Այդպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին»։ Ֆրանսիացին կամ ռուսը չէին կարող այսպես գրել։ Միայն գերմանացիք են այսպես առանց ձևականությունների վարվում իրենց բայերի հետ։ Հետևաբար, մնում է միայն իմանալ, թե ինչ է հարկավոր այդ գերմանացուն, որը գրում է բոհեմական թղթի վրա ու գերադասում է դիմակ կրել, միայն թե իր դեմքը ցույց չտա․․․ Ահա և նա ինքը, եթե չեմ սխալվում։ Նա մեր բոլոր կասկածները կփարատի։

Մենք լսեցինք ձիու սմբակների խիստ թակոց և մոտակա փողոցի կողքով գլորվող անիվների ճռնչյուն։ Դրանից անմիջապես հետո ինչ֊որ մեկը ուժգին քաշեց զանգը։

Հոլմսը սուլեց․

― Դատելով ձայնից, զույգ լծած կառք է․․․ Այո՛, ― շարունակեց նա, դուրս նայելով պատուհանից, ― փոքրիկ, շքեղ կառք է երկու վարգաձի․․․ ամեն մեկը հարյուր հիսուն գինեյա արժողությամբ։ Այսպես թե այնպես, Ուոթսն, բայց այս գործից դրամի հոտ է գալիս։

― Միգուցե ավելի լավ է ես գնա՞մ, Հոլմս։

― Ո՛չ, ո՛չ, մնացեք։ Ես ի՞նչ կարող եմ անել առանց իմ կենսագրի։ Գործը կարծես թե հետաքրքիր է լինելու։ Ափսոս է, որ դուք այն բաց թողնեք։

― Բայց ձեր այցելուն․․․

― Ոչինչ, ոչինչ։ Ես կարող եմ ձեր օգնության կարիքն զգալ, նա՝ նույնպես․․․ Դե, ահա նա գալիս է։ Դոկտոր, նստեցեք այն բազկաթոռին և խիստ ուշադիր եղեք։

Դանդաղ, ծանր քայլերի ձայնը, որ լսում էինք սանդուղքների վրա ու միջանցքում, լռեց հենց մեր դռան մոտ։ Հետո լսվեց ուժգին ու տիրական մի թակոց։

― Մտեք, ― ասաց Հոլմսը։

Ներս մտավ հերկուլեսյան կառուցվածքի մի մարդ, հասակը ոչ պակաս վեց ոտնաչափ ու վեց դյույմից։ Նա հագնված էր շքեղ, բայց այդ շքեղությունը Անգլիայում կհամարեին գռեհիկ։ Նրա վերարկուի թեղանիքն ու ծալերը պատված էին կարակուլի ծանր շերտերով․ ուսերին գցած մուգ կապույտ թիկնոցը հրակարմիր մետաքսե աստառ ուներ և վզի մոտ կոճկված էր բյուրեղաքարե փայլուն ճարմանդով։ Մինչև սրունքաձկների կեսը հասնող և վերևից դարչնագույն մորթով պատած սապոգները լրացնում էին վայրի շքեղության այն տպավորությունը, որ թողնում էր նրա ողջ կերպարանքը։ Նա ձեռքում պահել էր լայնեզր գլխարկը, իսկ դեմքի վերևի մասը ծածկված էր մինչև քունքերն իջնող սև դիմակով։ Այդ դիմակը, որ նման էր երեսկալի, ըստ երևույթին նա հենց նոր էր դրել, որովհետև երբ ներս մտավ, ձեռքը դեռ չէր իջեցրել։ Դատելով դեմքի ներքևի մասից, դա ուժեղ կամքի տեր մարդ էր․ հաստ, դուրս ընկած շրթունքը և երկար, ուղիղ կզակը խոսում էին կամակորության հասնող վճռականության մասին։

― Դուք իմ երկտողը ստացա՞ք, ― հարցրեց նա բարձր, կոպիտ ձայնով, որի մեջ խիստ կերպով զգացվում էր գերմանական ակցենտը։ ― Ես հայտնել էի, որ կգամ ձեզ մոտ։

Նա նայում էր մերթ մեկիս, մերթ մյուսիս, ըստ երևույթին չիմանալով, թե ում դիմի։

― Նստեցեք, խնդրեմ, ― ասաց Հոլմսը։ ― Սա իմ բարեկամն ու ընկերն է, Դոկտոր Ուոթսն։ Նա այնքան բարի է, որ երբեմն օգնում է ինձ իմ աշխատանքում։ Ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու։

― Դուք կարող եք համարել, որ ես կոմս ֆոն Կրամն եմ, բոհեմյան ազնվական։ Կարծում եմ, որ այդ ջենտլմենը՝ ձեր բարեկամը, արժանի է լիակատար վստահության, և ես կարո՞ղ եմ նրան տեղյակ պահել հույժ կարևորություն ունեցող մի գործի։ Եթե այդպես չէ, ես կգերադասեի խոսել ձեա հետ առանձին։

Ես վեր կացա, որպեսզի դուրս գնամ, բայց Հոլմսը ձեռքով բռնեց և ետ հրեց բազկաթոռի մեջ։

― Խոսեցեք կամ երկուսիս հետ, կամ մի՛ խոսեք։ Այս ջենտլմենի ներկայությամբ դուք կարող եք ասել այն ամենը, ինչ կասեիք ինձ երես առ երես։

Կոմսը թոթվեց լայն ուսերը։

― Այդ դեպում ես պետք է ամենից առաջ ձեզանից խոսք վերցնեմ, որ այն, ինչի մասին այժմ պատմելու եմ պիտի երկու տարի գաղտնի մնա։ Երկու տարին անցնելուց հետո դա այլևս նշանակություն չի ունենա։ Ներկայումս ես կարող եմ առանց չափազանցության ասել՝ այդ ամբողջ պատմությունն այնքան լուրջ է, որ կարող է անդրադառնալ Եվրոպայի բախտի վրա։

― Խոստանում եմ, ― ասաց Հոլմսը։

― Ես նույնպես։

― Ներեցեք ինձ այս դիմակի համար, ― շարունակեց տարօրինակ այցելուն։ ― Օգոստափառ անձը, որի հանձնարարությամբ ես գոծում եմ, կամեցել է, որ իր հավատարմատարը մնա անհայտ։ Պետք է խոստովանեմ, որ այն տիտղոսը, որով ես ներկայացա, այնքան էլ ճիշտ չէ։

― Ես այդ նկատեցի, ― չորությամբ ասաց Հոլմսը։

― Հանգամանքները խիստ փափուկ են, ուստի անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի դրանց պատճառով հսկայական սկանդալ չառաջանա, որը կարող է մեծապես անվանարկել Եվրոպայի թագավորող դինաստիաներից մեկին։ Ավելի պարզ ասած, խնդիրը վերաբերում է Բոհեմիայի ժառանգական թագավորների՝ Օրմշտեյնների Տանը։

― Այդպես էլ կարծում էի, ― շշնջաց Հոլմսը, ավելի հարմար տեղավորվելով բազկաթոռի մեջ և աչքերը փակելով։

Այցելուն ակնհայտ զարմանքով էր նայում ծուլորեն մեկնված, անտարբեր այդ մարդուն, որին անկասկած, նկարագրել էին նրան իբրև եվրոպական ամենաեռանդուն ու խորաթափանց խուզարկուի։ Հոլմսը դանդաղ բացեց աչքերը և անհամբերությամբ նայեց իր ծանրաքաշ այցելուին։

― Եթե ձերդ մեծությունը բարեհաճի տեղյակ պահել մեզ իր գործին, ― նկատեց նա, ― ինձ համար ավելի հեշտ կլինի ձեզ խորհուրդ տալը։

Այցելուն աթոռից վեր թռավ և սկսեց խիստ հուզված քայլել սենյակում։ Ապա հուսահատական մի շարժումով նա պոկեց դիմակը և շպրտեց հատակին։

― Դուք իրավացի եք, ― բացականչեց նա, ― ես թագավոր եմ։ Ինչո՞ւ աշխատեմ թաքցնել այդ։

― Իրոք, ինչո՞ւ։ Ձերդ մեծությունը դեռ խոսել չէր սկսել, իսկ ես արդեն գիտեյի, որ իմ առաջ կանգնած է Կասսել֊Ֆելշտենյան մեծ իշխան և Բոհեմիայի ժառանգական թագավոր Վիլհելմ Գոտտստրեյխ Սիգիզմունդ ֆոն Օրմշտեյնը։

― Բայց դուք հասկանում եք, ― ասաց մեր տարօրինակ այցելուն, նորից նստելով և ձեռքով շոյելով սպիտակ, բարձր ճակատը, ― դուք հասկանում եք, որ ես սովոր չեմ անձամբ զբաղվելու այսպիսի գործերով։ Սակայն հարցն այնքան փափուկ է, որ ես դա չէի կարող վստահել ոստիկանական գործակալներից որևէ մեկին, առանց նրա իշխանությանը ենթարկվելու վտանգի։ Ես Պրահայից գաղտնի եկել եմ հատկապես ձեզանից խորհուրդ վերցնելու համար։

― Խնդրեմ, հարցրեք, ― ասաց Հոլմսը, նորից աչքերը փակելով։

― Փաստերը համառոտակի սրանք են․ մի հինգ տարի առաջ, տևական ժամանակով Վարշավայում եղածս միջոցին, ես ծանոթացա լավ հայտնի արկածախնդրուհի Իրեն Ադլերի հետ։ Այդ անունը, անշուշտ, ծանոթ է ձեզ։

― Բարի եղեք, դոկտոր, նայեցեք իմ քարտակալը, ― մռթմռթաց Հոլմսը՝ առանց աչքերը բանալու։

Շատ տարիներ առաջ նա մտցրել էր մարդկանց և իրերին վերաբերող զանազան փաստեր արձանագրելու մի սիստեմ, այնպես որ դժվար էր գտնել այնպիսի մի անձ կամ իր, որոնց մասին նա չկարողանար անմիջապես տեղեկություններ տալ։ Այս դեպքում ես Իրեն Ադլերի կենսագրությունը գտա հրեական բարբիի և խորաջուր ձկների մասին աշխատություն գրած մի շտաբի պետի կենսագրությունների միջև։

― Ցույց տվեք, հապա, ― ասաց Հոլմսը։ ― Հը՜մ։ Ծնվել է 1858 թվականին Նյու֊Ջերսիում։ Կոնտրալտո հը՜մ․․․ Լա Սկալա, այսպե՛ս, այսպե՛ս․․․ Վարշավայի կայսերական օպերայի պրիմադոննա, այդպե՛ս․․․ Թողել է օպերային բեմը, հա՛֊հա՛։ Ապրում է Լոնդոնում, միանգամայն ճիշտ է։ Որքան ես հասկանում եմ, ձերդ մեծությունն ընկել է այդ երիտասարդ կնոջ ցանցը, գրել անվանարկող նամակներ և այժմ կուզենար ետ ստանակ այդ նամակները։

― Միանգամայն ճիշտ է։ Սակայն ինչպե՞ս։

― Դուք գաղտնի ամուսնացե՞լ եք նրա հետ։

― Ո՛չ։

― Ոչ մի փաստաթուղթ կամ վկայությո՞ւն։

― Ոչ մի։

― Այդ դեպքում ես ձեզ չեմ հասկանում, ձերդ մեծություն։ Եթե այդ երիտասարդ կինը ուզենա նամակներն օգտագործել շանտաժի կամ այլ նպատակների համար, ինչպե՞ս կարող է դրանց իսկությունն ապացուցել։

― Իմ ձեռագիրը։

― Դատարկ բան։ Կեղծիք է։

― Իմ անձնական փոստային թուղթը։

― Գողացված է։

― Իմ անձնական կնիքը։

― Կեղծ է։

― Իմ լուսանկարը։

― Գնված է։

― Բայց մենք լուսանկարված ենք միասին։

― Օ՜, այ դա շատ վատ է։ Ձերդ մեծությունն իրոք մեծ անհոգություն է թույլ տվել։

― Ես գժվում էի Իրենի համար։

― Դուք լրջորեն անվանարկել եք ձեզ։

― Այն ժամանակ ես ընդամենը թագաժառանգ էի, ջահել։ Ես այժմ էլ միայն երեսուն տարեկան եմ։

― ԻՆչ կերպ ուզում է լինի՝ լուսանկարը պետք է վերադարձնել։

― Փորձել ենք, բայց չի հաջողվել։

― Ձերդ մեծությունը պետք է ծախքեր անի․ լուսանկարն անհրաժեշտ է ետ գնել։

― Իրենը չի կամենում վաճառել այն։

― Այդ դեպքում պետք է գողանալ։

― Հինգ փորձ արված է արդեն։ Ես երկու անգամ վարձել եմ դուռ ջարդող գողեր, որոնք տակնուվրա են արել նրա տունը։ Մեկ անգամ, երբ նա ճամբորդում էր, մենք խուզարկել ենք նրա ծանրոցները։ Երկու անգամ նրան գցել ենք ծուղակի մեջ։ Սակայն ոչ մի արդյունքի չենք հասել։

― Ո՞չ մի։

― Բացարձակապես ոչ մի։

Հոլմսը ծիծաղեց։

― Այնքան էլ վատ խնդիր չէ, ― ասաց նա։

― Բայց ինձ համար դա չափազանց լուրջ խնդիր է, ― հանդիմանությամբ առարկեց թագավորը։

― Այո՛, իսկապես որ։ Իսկ նա ի՞նչ է մտադիր անել։

― Կործանել ինձ։

― Բայց ինչպե՞ս։

― Ես պատրաստվում եմ ամուսնանալ։

― Այդ մասին ես լսել եմ։

― Սկանդինավիայի թագավորի երկրորդ դստեր՝ Կլոտիլդա Լոտման ֆոն Սաքսեն֊Մենինգենի հետ։ Թերևս դուք ծանոթ եք այդ ընտանիքի խիստ սկզբունքներին։ Ինքը՝ Կլոտիլդան մարմնացյալ մաքրություն է։ Իմ անցյալի վերաբերյալ կասկածի ամենաչնչին ստվերն իսկ կհասցներ խզման։

― Իսկ Իրեն Ադլե՞րը։

― Նա սպառնում է լուսանկարն ուղարկել հարսնացուիս ծնողներին։ Եվ կուղարկի, անպայման կուղարկի։ Դուք նրան չեք ճանաչում։ Նա երկաթե բնավորություն ունի։ Այո՛, այո՛, դեմքը հմայիչ կնոջ դեմք է, իսկ հոգին՝ դաժամ տղամարդու հոգի։ Նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, միայն թե թույլ չտա ինձ մեկ ուրիշի հետ ամուսնանալու։

― Դուք համոզվա՞ծ եք, որ նա լուսանկարը դեռևս չի ուղարկել ձեր հարսնացուին։

― Համոզված եմ։

― Ինչո՞ւ։

― Նա ասել է, որ լուսանկարը կուղարկի իմ պաշտոնական նշանադրության օրը։ Իսկ դա լինելու է առաջիկա երկուշաբթի։

― Օ՜, մենք դեռ երեք օր ժամանակ ունենք, ― ասաց Հոլմսը հորանջելով։ ― Եվ դա շատ հաճելի է, որովհետև ես այժմ պետք է զբաղվեմ որոշ անհրաժեշտ գործերով։ Ձերդ մեծությունն, անշուշտ, առայժմ մնալու է Լոնդոնո՞ւմ։

― Իհարկե։ Դուք ինձ կարող եք գտնել Լենգհեմ հյուրանոցում կոմս ֆոն Կրամ անունով։

― Այդ դեպքում ես երկտող կուղարկեմ ձեզ, հայտնելով, թր գործն ինչպես է առաջ գնում։

― Շատ եմ խնդրում։ Ես այնպես եմ հուզվում։

― Դե, իսկ փողի հարցն ինչպե՞ս։

― Ծախսեցեք, որքան անհրաժեշտ կհամարեք։ Գործողությունների լիակատար ազատություն է տրվում ձեզ։

― Բացարձա՞կ։

― Օ՜, ես պատրաստ եմ այդ լուսանկարի դիմաց իմ թագավորության ուզածդ պրովինցիան տալ։

― Իսկ ընթացիկ ծախքերի համա՞ր։

Թագավորը թիկնոցի տակից հանեց կաշվե մի ծանր քսակ և դրեց սեղանի վրա։

― Այստեղ երեք հարյուր ֆունտ ոսկեդրամ կա և յոթ հարյուր ֆունտ թղթադրամ, ― ասաց նա։

Հոլմսը ծոցատետրի թերթիկի վրա մի ստացական գրեց ու հանձնեց թագավորին։

― Օրիորդի հասցե՞ն, ― հարցրեց նա։

― Բրայոնի֊Լոջ, Սերպանտյան֊ավենյու, Սեթ֊Ջոնս վուդ։

Հոլմսը գրեց։

― Եվս մի հարց, ― ասաց նա։ ― Լուսանկարը կաբինետայի՞ն չափսի է։

― Այո՛, կաբինետային։

― Իսկ այժմ բարի գիշեր, ձերդ մեծություն։ Հուսով եմ որ շուտով մենք լավ լուրեր կունենանք․․․ Բարի գիշեր, Ուոթսն, ― ավելացրեց նա, երբ թագավորական կառքի անիվները դղրդացին փողոցի սալարկին։ ― Բարի եղեք վաղը ժամը երեքին գալ ինձ մոտ, ես կուզենայի այս գործի մասին խոսել ձեզ հետ։


II


Ճիշտ ժամը երեքին ես Բեյքր֊ստրիտում էի, բայց Հոլմսը դեռևս չէր վերադարձել։ Տնտեսուհին հայտնեց, որ նա տնից դուրս է գնացել ժամը իննի սկզբին։ Նստեցի բուխարիկի մոտ, որոշելով սպասել նրան, որքան էլ հարկ լինի սպասելու։ Ես խորապես հետաքրքրված էի նրա հետաքննությամբ, չնայած դա չուներ տարօրինակ ու մռայլ գծեր, որոնք հատուկ էին իմ՝ մի այլ տեղում պատմած երկու ոճրագործություններին։ Սակայն այս դեպքի յուրօրինակ առանձնահատկությունները և այցելուի բարձր դիրքը գործին տալիս էին անսովոր բնույթ։ Եթե մինչև իսկ մի կողմից թողնելու լինենք հետաքննության բուն բովանդակությունը, որ կատարում էր իմ բարեկամը, ապա որքան հաջող ու վարպետությամբ նա իսկույն ընդգրկեց ողջ կացությունը և ինչպիսի խիստ, անհերքելի տրամաբանություն կար նրա եզրահանգումներում։ Ես իսկական բավականություն էի ստանում, հետևելով այն արագ, ճարպիկ հնարներին, որոնց օգնությամբ նա բացահայտում էր ամենախճճված գաղտնիքները։ Այնքան էի վարժվել Հոլմսի անպայման հաղթանակներին, որ անհաջողության հնարավորությունն իսկ մտքովս չէր անցնում։

Մոտ ժամը չորսն էր, երբ դուռը բացվեց և սենյակ մտավ մի քիչ խմած, այտամորուքներով, գզգզված մազերով, դեմքը կարմրած, աղքատիկ ու գռեհիկ հագնված մի գրում։

Որքան էլ սովոր էի իմ բարեկամի կերպարանափոխման ընդունակությանը, այնուամենայնիվ, հարկ եղավ երեք անգամ ուշադիր զննել, որպեսզի համոզվեմ, թե դա իրոք Հոլմսն է։ Առանց կանգ առնելու գլխով անելով ինձ, նա անհետացավ իր ննջարանում, որտեղից հինգ րոպե հետո դուրս եկավ սև կոստյումով, քաղաքավարի, ինչպես միշտ։ Ձեռքերը դնելով գրպանները, նա ոտքերը պարզեց դեպի վառվող բուխարիկը և սկսեց մի քանի րոպե ուրախ ծիծաղել։

― Հիանալի՜ է, ― բացականչեց նա, ապա հազաց ու նորից քրքրջաց այնպես, որ ամբողջովին թուլացավ և ուժասպառ ետ ընկավ բազկաթոռի թիկնակին։

― Բանն ինչո՞ւմն է։

― Ծիծաղելի է, անհավատալիորեն ծիծաղելի։ Համոզված եմ, որ դուք երբեք չեք կարող գուշակել, թե ես ինչպես եմ անցկացրել այս առավոտը և վերջ ի վերջո, ինչ եմ արել։

― Պատկերացնել չեմ կարող։ Ենթադրում եմ, որ հետևել եք միսս Իրեն Ադլերի սովորություններին կամ տանը։

― Միանգամայն ճշմարիտ է, բայց հետևանքները բավական անսովոր ստացվեցին․․․ Սակայն պատմեմ հերթով։ Ժամը իննի սկզնին ես դուրս եկա տնից գործազուրկ գրումի տեսքով։ Ձիերի հետ գործ ունեցող բոլոր մարդկանց միջև գոյություն ունի մի զարմանալի համակրանք, յուրատեսակ մի համագործակցություն։ Դարձեք գրում, և դուք կիմանաք այն ամենը, ինչ֊որ ձեզ հարկավոր է։ Ես շուտով գտա Բրայոնի֊Լոջը։ Դա մի պստլիկ, շքեղ երկհարկանի վիլլա է, ճակատով դարձած դեպի փողոցը, ետևում՝ պարտեզ։ Պարտեզի դռնակին՝ խոշոր մի կողպեք։ Աջ կողմից լավ կահավորված մեծ հյուրասենյակ՝ բարձր, համարյա մինչև հատակն իջնող պատուհաններով և անգլիական անհեթեթ փականքներով, որոնք երեխան էլ կարող է բացել։ Տան ետևում ոչ մի առանձին բան, բացի նրանից, որ կառքերի սարայի տանիքից կարելի է հասնել սրահի պատուհանին։ Ես պտտվեցի այդ սարայի շուրջը և շատ ուշադիր զննեցի այն, բայց որևէ հետաքրքիր բան չգտա։ Հետո անցա փողոցի երկարությամբ և, ինչպես որ սպասում էի, պարտեզի պարսպին կպած նրբանցքում տեսա ախոռը։ Ես ախոռապաններին օգնեցի ձիերը մաքրելու, որի համար ստացա երկու պենս, մի բաժակ օղի, երկու տուփ ծխախոտ և առատ տեղեկություններ միսս Ադլերի, ինչպես և այնտեղ ապրող մյուս մարդկանց մասին։ Այնտեղ ապրողներն ինձ բոլորովին չէին հետաքրքրում, բայց ես ստիպված էի լսել նրանց կենսագրությունները։

― Իսկ ի՞նչ իմացաք Իրեն Ադլերի մասին, ― հարցրի ես։

― Օ՜, նա քաղաքի այդ մասում ապրող բոլոր տղամարդկանց գլուխները պտտեցրել է։ Նա այս մոլորակի վրա կանացի գլխարկ կրող ամենաչքնաղ արարածն է։ Սերպանտայնի բոլոր ախոռապանները միաձայն այդպես են ասում։ Նա ապրում է խաղաղ, երբեմն ելույթներ է ունենում համերգներում, ամեն օր ցերեկվա ժամը հինգին կառքով գնում է զբոսանքի և ճիշտ յոթին վերադառնում ճաշելու։ Այլ ժամերի հազվադեպ է դուրս գնում, բացի այն դեպքերից, երբ երգում է։ Միայն մեկ տղամարդ է այցելում նրան՝ միայն մեկ, սակայն խիստ հաճախ։ Թուխ, գեղեցիկ տղամարդ է դա, հագնվում է հիանալի, լինում է նրա մոտ ամեն օր, երբեմն էլ օրը երկու անգամ։ Նրա անունն է միստր Գոդֆրի Նորտոն՝ Իններ Տեմպլից։ Տեսնում եք, թե որքան օգտակար է ախոռապանների վստահությունը շահելը։ Նրանք միստր Նորտոնին մի քսան անգամ կառքով տուն են տարել և ամեն ինչ գիտեն նրա մասին։ Լսելով նրանց պատմածները, ես սկսեցի նորից ետ ու առաջ քայլել Բրայոնի֊Լոջի մոտերքում և մտմտալ հետագա անելիքների մասին։

Պարզ է, որ այդ Գոդֆրի Նորտոնը էական դեր է խաղում այս ամբողջ գործում։ Նա իրավաբան է՝ սա չարագուշակ է հնչում։ Ի՞նչն է նրանց կապում և ո՞րն է նրա հաճախակի այցելությունների պատճառը։ Ո՞վ է այդ կինը՝ նրա կլիենտուհի՞ն, բարեկա՞մը, սիրա՞ծը։ Եթե նա Նորտոնի կլիենտուհին է, ապա, հավանորեն, այն լուսանկարը պահ է տվել նրան, իսկ եթե սիրուհին է՝ հազիվ թե։ Այս հարցի լուծումից է կախված՝ ես իմ աշխատանքը շարունակեմ Բրայոնի֊Լոջո՞ւմ, թե ուշադրություն դարձնեմ այդ ջենտլմենի Տեմպլում գտնվող բնակարանին։ Այս հարցը խիստ փափուկ է և ընդարձակում է իմ որոնումների շրջանակը․․․ Ուոթսն, վախենում եմ այս մանրամասնություններով ձանձրացնեմ ձեզ, բայց որպեսզի դրությունը լիովին պատկերացնեք, պետք է ձեզ տեղյակ պահեմ իմ մանր֊մունր դժվարություններին։

― Ուշադրությամբ հետևում եմ ձեր պատմությանը, ― պատասխանեցի ես։

― Ես դեռ մտքումս ծանր ու թեթև էի անում այդ բանը, երբ մի գեղեցիկ կառք մոտեցավ Բրայոնի֊Լոջին, որից ցած թռավ ինչ֊որ ջենտլմեն՝ արտասովոր գեղեցիկ, բեղով, թխահեր, արծվաքիթ։ Հավանորեն դա հենց այն անձնավորությունն էր, որի մասին լսել էի։ Ըստ երևույթին նա շատ էր շտապում և խիստ հուզված էր։ Հրամայելով կառապանին սպասել, նա վազելով անցավ դուռն իր առաջ բացող նաժիշտի մոտից, և այնպիսի մարդու տեսքով, որն իրեն տիրոջ պես է զգում այդ տանը։

Նա մոտ կես ժամ մնաց այնտեղ։ Ես հյուրասենյակի պատուհանից տեսնում էի, թե նա ինչպես է առաջ ու ետ քայլում սենյակում, հուզված խոսում ինչ֊որ բանի մասին և ձեռքերը թափահարում։ Կնոջը չէի տեսնում։ Բայց ահա տղամարդը դուրս եկավ փողոց էլ ավելի հուզված։ Մոտենալով կառքին, նա գրպանից հանեց ոսկե ժամացույցը և մտազբաղ նայեց նրան։ «Քշեցեք քամու նման, ― բղավեց նա կառապանին։ ― Նախ՝ Ռիջընտ֊ստրիտ, Գրոսսի ու Հենկեի մոտ, ապա Էջվեր֊ռոուդ, դեպի սուրբ Մոնիկայի եկեղեցին։ Կես գինեյ, թե որ քսան րոպեում հասցնեք։

Նրանք սլացան, իսկ ես նոր էի մտածում, թե արդյոք չհետևե՞մ նրանց, երբ հանկարծ մի փոքրիկ, հիանալի լանդո մոտեցավ տանը։

Կառապանի վերարկուն կիսակոճկված էր, փողկապը թռել էր ականջի տակ, իսկ լծասարքի փոքերը հագցված չէին ճարմանդների մեջ։ Հազիվ էր կառապանը ձիերին կանգնեցրել, երբ Իրենը վիլլայի դռնից դուրս ճախրեց ու թռավ լանդոյի մեջ։ Ես միայն մի ակնթարթ տեսա նրան, բայց այդ էլ բավական էր․ նա շատ գեղատես կին է, այնպիսի դեմքով, որին տղամարդիկ սիրահարվում են ցմահ։ «Ջոն, սուրբ Մոնիկայի եկեղեցին, ― ձայն տվեց նա։ ― Կես գինեյ, թե որ քսան րոպեում հասցնեք»։

Դա այնպիսի մի առիթ էր, Ուոթսն, որը չէր կարելի ձեռքից բաց թողնել։ Արդեն մտածում էի՝ որն է լավը՝ վազել նրա ետևից, թե լանդոյի պոչից կպչել, երբ հանկարծ մի կեբ երևաց փողոցում։ Կառապանը երկու անգամ նայեց այսպիսի անբարետես նստողին, բայց ես կեբի մեջ թռա ավելի շուտ, քան թե նա կարողացավ որևէ բան առարկել։ «Սուրբ Մոնիկայի եկեղեցին, ― ասացի ես, և կես գինեյ, եթե քսան րոպեում հասնեք»։ Տասներկուսից քսանհինգ էր պակաս, և, իհարկե, դժվար չէր գուշակել, թե բանն ինչումն է։

Իմ կեբը սլանում էր նետի պես։ Չեմ կարծում, թե ես երբևիցե ավելի արագ գնացած լինեմ, բայց այն կառքն ու լանդոն փրփրակալած ձիերով արդեն կանգնած էին եկեղեցու մուտքի մոտ։ Ես վճարեցի կառապանին և աստիճաններով վերև վազեցի։ Եկեղեցում ոչ ոք չկար, բացի այն երկուսից, որոնց ես հետևում էի, մեկ էլ քահանայից, որն ըստ երևույթին ինչ֊որ հանդիմանական խոսքեր էր ասում նրանց։ Երեքով էլ կանգնել էին սեղանի առաջ։ Ես սկսեցի թրևել կողքի ընթերաբեմում իբրև պարապ֊սարապ մի մարդ, որը պատահաբար է մտել եկեղեցի։ Հանկարծ, ի զարմանս իմ, նրանք երեքով էլ շուռ եկան իմ կողմը, և Գոդֆրի Նորտոնը վազեց դեպի ինձ։

«Փա՜ռք աստծու, ― բացականչեց նա։ ― Հենց դուք էլ հարկավոր եք մեզ։ Գնանք, գնանք»։

«Ինչո՞ւմն է բանը», ― հարցրի ես։

«Եկե՛ք, եկե՛ք, բարի մարդ, ընդամենը երեք րոպեի գործ է։ Իսկ առանց դրա չի կարելի պսակվել»։

Համարյա զոռով ինձ քարշ տվին սեղանի մոտ, և ես դեռ ուշքի չէի եկել, երբ արդեն փնթփնթում էի այն պատասխանները, որ շշնջում էին ականջիս, երդվում էի մի բանով, որ բոլորովին չգիտեի, և ընդհանրապես օգնեցի օրիորդ Իրեն Ադլերի ամուսնությանը ամուրի Գոդֆրի Նորտոնի հետ։

Այդ բոլորը կատարվեց մեկ րոպեում, և ահա ջենտլմենը մի կողմից է շնորհակալություն հայտնում ինձ, լեդին՝ մյուս կողմից, իսկ քահանայի դեմքը փայլում է ժպիտից։ Դա ամենաանհեթեթ դրությունն էր, որի մեջ ես երբևիցե ընկել եմ։ Այդ մասին հիշելուց էր, որ ես այժմ սկսեցի քրքջալ։ Ըստ երևույթին, նրանք ինչ֊որ ձևականություններ չէին կատարել, և քահանան կտրականապես հրաժարվում էր առանց վկայի ամուսնության ծեսը կատարել։ Իմ հաջողակ հայտնվելը եկեղեցում փեսացուին ազատեց առաջին իսկ հանդիպածի համար փողոց վազելու անհրաժեշտությունից։ Հարսնացուն ինձ մի գինեյ ընծայեց և ես ուզում եմ, ի հիշատակ իմ արկածի, կրել այն ժամացույցիս շղթայի վրա։

― Գործը միանգամայն անսպասելի բնույթ է ստանում, ― ասացի ես։ ― Իսկ հետո ի՞նչ եղավ։

― Դե, ես հասկացա, որ իմ պլանները լուրջ վտանգի տակ են։ Կարծես թե երիտասարդ նորապսկաները պատրաստվում էին անմիջապես մեկնելու, ուստի իմ կողմից պահանջվում էին արագ ու եռանդուն գործողություններ։ Սակայն եկեղեցու դռների մոտ նրանք բաժանվեցին․ Նորտոնը գնաց Տեմպլ, իսկ Իրենը՝ տուն։ «Ես սովորականի նման ժամը հինգին դուրս կգամ այգում կառքով զբոսնելու», ― ասաց նա, հրաժեշտ տալով Նորտոնին։ Ես ուրիշ ոչինչ չլսեցի։ Նրանք մեկնեցին տարբեր կողմեր, իսկ ես վերադարձա, որպեսզի պատրաստություններ տեսնեմ։

― Ինչ պետք է անեք։

― Մի քիչ սառը միս պետք է ուտեմ և մի գավաթ գարեջուր խմեմ, ― պատասխանեց Հոլմսը, զանգակի թելը քաշելով։ ― Ես չափազանց զբաղված էի և բոլորովին մոռացել էի ուտելու մասին։ Հավանորեն, այսօր երեկոյան ես է՛լ ավելի շատ հոգսեր ունենամ։ Ի դեպ, դոկտոր, ես ձեր օգնության կարիքը կզգամ։

― Շատ ուրախ կլինեմ։

― Դուք չե՞ք վախենում օրենքները խախտելուց։

― Բնավ։

Ձերբակալվելու վտանգն է՞լ ձեզ չի վախեցնում։

― Լավ գործի համար պատրաստ եմ նաև դրան։

― Օ՜, գործը հոյակապ է։

― Այդ դեպքում պատրաստ եմ ձեզ ծառայելու։

― Ես համոզված էի, որ կարող եմ հույս դնել ձեզ վրա։

― Բայց դուք ի՞նչ եք մտածել։

― Երբ միսիս Տերները ընթրիքը բերի, ես ամեն բան կբացատրեմ ձեզ․․․ Այժմ, ― ասաց նա, ագահորեն հարձակվելով մեր տնտեսուհու պատրաստած համեստ ուտելիքի վրա, ― ես պետք է ուտելիս ձեզ հետ քննարկեմ այդ ամբողջ գործը, որովհետև ժամանակը սուղ է։ Ժամը հինգից մի քիչ է պակաս։ Երկու ժամից հետո մենք պետք է մեր տեղում լինենք։ Միսս Իրենը, կամ ավելի շուտ, միսիս Իրենն իր զբոսանքից վերադառնում է ժամը յոթին։ Մենք պետք է Բրայոնի֊Լոջի մոտ լինենք, որպեսզի հանդիպենք նրան։

― Իսկ հետո՞։

― Մնացածը թողեք ինձ։ Ես արդեն նախապատրաստել եմ, թե ինչ պետք է տեղի ունենա։ Միայն մի բան եմ պահանջում՝ ինչ էլ պատահելու լինի, մի խառնվեք։ Հասկանո՞ւմ եք։

― Ես պետք է չեզո՞ք լինեմ։

― Ճիշտ այդպես։ Ոչինչ չանել։ Հավանորեն մի փոքրիկ անախորժություն ստացվի։ Մի՛ խառնվեք։ Կվերջանա նրանով, որ ինձ տուն կտանեն։ Մի չորս կամ հինգ րոպե հետո բաց կանեն հյուրասենյակի պատուհանը։ Դուք պետք է աշխատեք կանգնել այդ բաց պատուհանի մոտ։

― Լավ։

― Պետք է հետևեք ինձ, որովհետև ես ձեր աչքից չեմ ծածկվի։

― Լավ։

― Եվ երբ ես ձեռքս բարձրացնեմ՝ այ, այսպես, դուք սենյակ կշպրտեք այն, ինչ որ ես ձեզ կտամ այդ նպատակի համար, միաժամանակ բղավելով․ «Հրդե՛հ»։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։

― Լիովին։

― Այստեղ ոչ մի վտանգավոր բան չկա, ― ասաց նա, գրպանից հանելով սիգարաձև մի փաթեթ։ ― Սա սովորական ծխահրթիռ է՝ երկու ծայրերին հրապատիճներ ամրացրած, որպեսզի հրթիռն ինքն իրեն բռնկվի։ Ձեր ամբողջ աշխատանքը հանգում է դրան։ Երբ դուք բղավեք՝ «Հրդե՛հ», բազմաթիվ մարդիկ նույնը կկրկնեն, որից հետո կարող եք հեռանալ փողոցի ծայրը, իսկ ես ձեզ կհասնեմ տասը րոպեից հետո։ Հուսով եմ, հասկանալի է։

― Ես պետք է չեզոք մնամ, մոտենամ պատուհանին, հետևեմ ձեզ և ձեր նշանով այս հրթիռը նետեմ պատուհանից ներս, հետո բղավեմ հրդեհի մասին և սպասեմ ձեզ փողոցի անկյունում։

― Միանգամայն ճիշտ է։

― Կարող եք վստահել ինձ։

― Դե, հիանալի է։ Թերևս ժամանակն է պատրաստվելու այն նոր դերին, որն այսօր ես պետք է խաղամ։

Նա մտավ ննջարան և մի քանի րոպեից հետո երևաց սիրալիր, պարզամիտ քահանայի տեսքով։ Աննման էին նրա լայնեզր, սև շլյապան, պարկանման տաբատը, սպիտակ փողկապը, գրավիչ ժպիտը և բայրացակամ հետաքրքրասիրության ընդհանուր արտահայտությունը։ Բանն այն չէր միայն, որ Հոլմսը կոստյումը փոխել էր։ Նրա դեմքի արտահայտությունը, ձևերը, մինչև իսկ հոգին, ասես փոխվում էին յուրաքանչյուր նոր դերի հետ, որ նա ստիպված էր խաղալ։ Ի դեմս նրա բեմը կորցրեց մի հիանալի արտիստի, իսկ գիտությունը՝ մի նուրբ մտածողի։

Տնից դուրս եկանք վեցն անց քառորդ, և երբ հասանք Սերպանտյան֊ավենյու, մինչև նշանակված ժամը մնում էր տասը րոպե։ Արդեն մթնում էր, փողոցում նոր֊նոր լապտերները վառվեցին, և մենք սկսեցինք ետ ու առաջ քայլել Բրայոնի֊Լոջի կողքով, սպասելով նրա բնակիչների վերադարձին։ Տունը ճիշտ այնպիսին էր, ինչպես որ պատկերացնում էի Շեռլոկ Հոլմսի համառոտ նկարագրությունից, սակայն վայրը բոլորովին էլ այնպես ամայի չէր, ինչպես սպասում էի։ Ընդհակառակը․ քաղաքի ծայրամասի այդ փոքրիկ, խաղաղ փողոցը տառացիորեն վխտում էր մարդկանցով։ Մի անկյունում ծխում ու ծիծղաում էին ինչ֊որ քրջոտ մարդիկ, հենց այդտեղ էլ կանգնած էին մի դանակ սրող իր սարքով, երկու գվարդիական, որոնք ֆլիրտում էին մի դայակի հետ, և մի քանի երիտասարդներ, որոնք սիգարները բերաններին ետ ու առաջ էին քայլում։

― Բանն այն է, ― նկատեց Հոլմսը, երբ մենք շրջում էինք տան առաջ, ― որ այդ ամուսնությունը զգալիորեն պարզում է ամբողջ գործը։ Այժմ լուսանկարը դառնում է երկսայրի սուր։ Թերևս Իրենը նույնպես չի ուզենա, որպեսզի միստր Գոդֆրի Նորտոնը լուսանկարը տեսնի, ինչպես մեր այցելուն չի ուզում, որպեսզի դա իր իշխանուհու աչքին ընկնի։ Այժմ խնդիրն այն է, թե որտե՞ղ կգտնենք լուսանկարը։

― Իսկապես, որտե՞ղ։

― Բոլորովին անհավանական է, որ Իրենը իր մոտ պահի այն։ Կաբինետային չափի լուսանկարը շատ է մեծ և հնարավոր չէ կանացի շորի տակ թաքցնել։ Իրենը գիտե, որ թագավորն ընդունակ է ծուղակի մեջ քաշելու իրեն և խուզարկելու։ Երկու այդպինի փորձ արդեն արվել է։ Նշանակում է, կարող ենք համոզված լինել, որ նա լուսանկարն իր մոտ չի պահում։

― Հապա որտե՞ղ է պահում։

― Իր բանկիրի կամ իրավաբանի մոտ։ Հնարավոր է և՛ մեկը, և՛ մյուսը, բայց ես երկուսի մեջ էլ կասկածում եմ։ Կանայք իրենց բնույթով հակամետ են խորհրդավորության և սիրում են գաղտնիքներով շրջապատել իրենց։ Ինչո՞ւ նա պետք է մեկ ուրիշին հաղորդակից դարձնի իր գաղտնիքին։ Նա կարող էր վստահել իրեր թաքցնելու իր սեփական ընդունակությանը, բայց հազիվ թե վստահ լիներ, որ գործողության մարդը, եթե նրան տեղյակ պահեր իր գաղտնիքին, կկարողանար դիմադրել քաղաքական կամ որևէ այլ կարգի ազդեցության։ Բացի դրանից, հիշեցեք, որ նա որոշել էր լուսանկարն օգտագործել առաջիկա օրերը։ Դրա համար անհրաժեշտ է այն ձեռքի տակ պահել։ Լուսանկարը պետք է որ նրա սեփական տանը լինի։

― Բայց վարձու գողերը երկու անգամ տակնուվրա են արել նրա տունը։

― Դատարկ բան։ Նրանք չեն իմացել, թե ինչպես պետք է փնտրել։

― Իսկ դուք ինչպե՞ս պիտի փնտրեք։

― Ես չեմ փնտրի։

― Հապա ինչպե՞ս։

― Այնպես կանեմ, որ Իրենն ինքը լուսանկարը ցույց կտա ինձ։

― Նա կհրաժարվի։

― Բանն էլ հենց այն է, որ այդ նրան չի հաջողվի․․․ Բայց ես անիվների ձայն եմ լսում։ Սա նրա կառքն է։ Հիմա ճշտությամբ կատարեցեք իմ ցուցմունքները։

Այդ րոպեին փողոցի ոլորանում երևաց կառքի կողքի լապտերների լույսը, և փոքրիկ, շքեղ լանդոն մոտեցավ Բրայոնի֊Լոջի դռներին։ Երբ կառքը կանգ առավ, անկյունում խմբված շրջմոլիկներից մեկը առաջ նետվեց՝ մի պղնձադրամ վաստակելու հույսով դռնակները բանալու, բայց նույն նպատակով մոտեցած մի ուրիշ շրջմոլիկ հրեց նրան։ Կատաղի կռիվ սկսեց։ Շրջմոլիկներից մեկի կողմ անցած երկու գվարդիականները և դանակ սրողը, որը նույնպիսի եռանդով պատշտպանում էր մյուսին, կրակի վրա յուղ էին ածում։ Կառքից իջնելով, լեդին մի ակնթարթում ընկավ տաքացած, գզվռտվող մարդկանց խառնակույտի մեջ, որոնք կատաղորեն թակում էին իրար բռունցքներով ու փայտերով։ Հոլմսը նետվեց ամբոխի մեջ, որպեսզի լեդիին պաշտպանի։ Սակայն, մոտենալով նրան, նա հանկարծ ճչաց ու ցած ընկավ արյունոտված դեմքով։ Երբ Հոլմսը ընկավ, զինվորները փախան մի կողմ, քրջոտները՝ մյուս։ Մի քանի անցորդներ, որոնք ավելի կարգին տեսք ունեին և չէին մասնակցել տուրուդմփոցին, վազելով մոտեցան, որպեսզի պաշտպանեն լեդիին և վիրավորին օգնություն ցույց տան։ Իրեն Ադլերը, որին ես առաջվա պես այդպես եմ անվանելու, աստիճաններով վերև վազեց, բայց կանգ առավ հարթակի վրա և սկսեց նայել դեպի փողոց․ լուսավորված հյուրասենյակի ֆոնի վրա գծագրվել էր նրա հոյակապ ֆիգուրան։

― Այդ խեղճ ջենտլմենը ծա՞նր է վիրավորված, ― հարցրեց նա։

― Նա մեռել է, ― պատասխանեց մի քանի ձայն։

― Ո՛չ, ո՛չ, դեռևս ողջ է, ― բղավեց ինչ֊որ մեկը։ ― Բայց նա կմեռնի ավելի շուտ, քան դուք հիվանդանոց կհասցնեք նրան։

― Այ քեզ համարձակ մարդ, ― ասաց ինչ֊որ կին։ ― Եթե սա չլիներ, նրանք լեդիի դրամաքսակն էլ, ժամացույցն էլ կխլեին։ Գողերի մի ամբողջ խումբ էր հավաքվել և այն էլ խիստ վտանգավոր գողերի։ Ահա, ահա, սկսեց շնչել։

― Սրան չի կարելի փողոցում թողնել․․․ Տիկին, թույլ կտա՞ք սենյակ փոխադրել։

― Իհարկե։ Տարեք հյուրասենյակ։ Այնտեղ հարմար բազմոց կա։ Այստեղ բերեք, խնդրեմ։

Հոլմսին կամացուկ ու հանդիսավորությամբ ներս տարան Բրայոնի֊Լոջ և պառկեցրին հյուրասենյակում, մինչդեռ ես շարունակում էի պատուհանի մոտի իմ պոստից հետևել այդ անցուդարձին։ Լամպերը վառվում էին, սակայն վարագույրներն իջեցրած չէին, այնպես որ ես կարող էի տեսնել Հոլմսին, որը պառկած էր բազմոցի վրա։ Նրա խիղճը տանջո՞ւմ էր իրեն այդպիսի դեր խաղալու համար, թե ոչ՝ չգիտեմ, բայց ես կյանքումս երբեք ավելի խոր ամոթ չէի զգացել, քան այն րոպեներին, երբ այդ չքնաղ կինը, որի դեմ ուղղված դավադրությանը ես ևս մասնակցում էի, այդպիսի քնքշանքով ու բարությամբ հոգ էր տանում վիրավորին։ Բայց և այնպես դավաճանություն կլիներ, եթե ես չկատարեի Հոլմսի հանձնարարությունները։ Ծանր սրտով վերարկուիս տակից հանեցի ծխահրթիռը։ «Վերջ ի վերջո, ― մտածեցի ես, ― մենք նրան վնաս չենք պատճառում, միայն խանգարում ենք, որ նա ուրիշին չվնասի»։

Հոլմսը կիսաբարձրացավ բազմոցի վրա, և ես նկատեցի, որ նա կատարում է այնպիսի շարժումներ, ասես շնչասպառ է լինում։ Աղախինը նետվեց դեպի պատուհանը և լայն բաց արավ այն։ Նույն վայրկյանին Հոլմսը ձեռքը վեր բարձրացրեց․ ես հրթիռը նետեցի սենյակ ու բղավեցի՝ «Հրդե՜հ»։ Հազիվ էր այդ խոսքն իմ բերանից դուրս եկել, երբ ողջ բազմությունը կրկնեց այն։ Լավ և վատ հագնված ջենտլմեններ, ախոռապաններ ու աղախիններ՝ բոլորը բղավում էին միաձայն․ «Հրդե՜հ»։ Ծխի թանձր ամպերը գալարվում էին սենյակում և դուրս հորդում բաց պատուհանից։ Ես տեսա, թե ինչպես այնտեղ, ներսում, մարդիկ դեսուդեն էին վազվզում։ Մի փոքր հետո լսվեց Հոլմսի ձայնը, որը հավատացնում էր, թե դա կեղծ տագնապ է։

Ամբոխի միջից ճանապարհ բացելով, ես հասա փողոցի անկյունը։ Հուրախություն իմ, մի տասը րոպեից հետո Հոլմսը հասավ ինձ, թևանցուկ արավ, և մենք հեռացանք բուռն իրադարձությունների վայրից։ Որոշ ժամանակ նա քայլում էր արագ և ոչ մի խոսք չարտասանեց, մինչև որ մենք թեքվեցինք Էլվեր֊ռոուդ տանող խաղաղ փողոցներից մեկը։

― Դուք այդ բանը շատ ճարպկորեն արեցիք, դոկտոր, ― նկատեց Հոլմսը։ ― Ավելի լավ չէր էլ կարելի պատկերացնել։ Ամեն բան կարգին է։

― Վերցրի՞ք լուսանկարը։

― Ես գիտեմ, թե որտեղ է պահված այն։

― Իսկ ինչպե՞ս իմացաք։

― Ինչպես ասում էի ձեզ, Իրենն ինքը ցույց տվեց։

― Բայց և այնպես, ես ոչինչ չեմ հասկանում։

― Ես չեմ պատրաստվում ձեզանից գաղտնիք պահելու, ― ասաց նա ծիծաղելով։ ― Ամեն ինչ շատ պարզ է։ Երևի դուք գլխի ընկաք, որ փողոցի բոլոր այդ բացբերաններն իմ համախոհներն էին։ Նրանց բոլորին ես էի վարձել։

― Այդ մեկը ես գուշակեցի։

― Ձեռքիս մեջ մի քիչ թաց, կարմիր ներկ կար։ Երբ տուրուդմփոցն սկսվեց, ես առաջ նետվեցի, ցած ընկա, ձեռքս սեղմեցի դեմքիս և ձևացա վիրավոր․․․ ― Հին եղանակ է։

― Այդ էլ կռահեցի։

― Նրանք ինձ տարան տուն։ Իրեն Ադլերն ստիպված էր ընդունել ինձ, ուրիշ ի՞նչ էր մնում անելու։ Ես ընկա հյուրասենյակ, այն նույն սենյակը, որը կասկածի տակ էի առել։ Լուսանկարը պիտի որ մոտերքում լինի՝ կամ հյուրասենյակում, կամ ննջարանում։ Հաստատ որոշեցի պարզել, թե հատկապես որտեղ։ Ինձ պառկեցրին օթոցի վրա, ես ձևացրի, թե օդը չի բավարարում։ Նրանք ստիպված բաց արին պատուհանը, և դուք հնարավորություն ստացաք ձեր գործը կատարելու։

― Ւսկ դուք դրանից ի՞նչ շահեցիք։

― Շատ բան։ Երբ կինը կարծում է, թե իր տանը հրդեհ է, բնազդաբար աշխատում է փրկել այն, ինչ որ ամենից թանկն է նրա համար։ Դա ամենահզոր դրդիչն է, որից ես շատ անգամ եմ օգտվել։ Ես այդ բանն օգտագործեցի Դառլինգտոնի սկանդալի ժամանակ, ինչպես և Արնսվորի պալատի գործում։ Ամուսնացած կինը փրկում է իր երեխային, չամուսնացածը՝ թանկարժեք զարդերի գզրոցը։ Ինձ համար պարզ էր, որ այդ տիկնոջ աչքում մեր որոնածից ավելի թանկ բան չկար։ Նա նետվեց փրկերլու հենց այդ։ Հրդեհի տագնապը հիանալի խաղացվեց։ Այդքան ծուխն ու աղմուկ֊աղաղակը հերիք էին նույնիսկ պողպատե ջղերը ցնցելու համար։ Իրենը վարվեց ճիշտ այնպես, ինչպես որ ես սպասում էի։ Լուսանկարը գտնվում է զանգի թելից մի փոքր վերև տեղավորված գաղտնարանում, տախտակե շարժական դռնակի ետևը։ Իրենը մի ակնթարթում հայտնվեց այնտեղ, և ես նույնիսկ նկատեցի լուսանկարի ծայրը, երբ նա կիսով չափ դուրս էր հանել այն։ Իսկ երբ ես բղավեցի, որ դա կեղծ տագնապ է, Իրենը նորից լուսանկարն իր տեղը դրեց, մի թռուցիկ ակնարկ նետեց հրթիռի վրա ու դուրս վազեց սենյակից, որից հետո ես այլևս նրան չեմ տեսել։ Ես ոտքի ելա և ներողություն խնդրելով, ծլկեցի այնտեղից։ Ուզում էի անմիջապես վերցնել լուսանկարը, բայց ներս մտավ կառապանը և սկսեց ուշադիր հետևել ինձ, այնպես որ ստիպված էի ակամա մի ուրիշ անգամվա հետաձգել հարձակումս։ Ավելորդ շտապողականությունը կարող է ամեն ինչ կործանել։

― Իսկ հետո՞, ― հարցրի ես։

― Իրականում մեր որոնումները վերջացած են։ Վաղը ես կգնամ Իրեն Ադլերի մոտ թագավորի և ձեզ հետ, եթե դուք կամենաք մեզ ուղեկցել։ Մեզ կխնդրեն սպասել հյուրասենյակում, բայց շատ հավանական է, որ տիկինը սենյակ մտնելով, չի գտնի ոչ մեզ, ոչ լուսանկարը։ Թերևս նորին մեծությանը հաճելի կլինի սեփական ձեռքերով հանել լուսանկարը։

― Իսկ ե՞րբ ենք գնալու այնտեղ։

― Առավոտյան ժամը ութին։ Իրենը դեռևս անկողնում կլինի, այնպես որ մենք գործողության լիակատար ազատություն ունենք։ Բացի դրանից, պետք է գործել արագ, որովհետև ամուսնությունը կարող է փոխել նրա կենցաղն ու սովորությունները։ Ես պետք է անմիջապես հեռագրեմ թագավորին։

Մենք հասանք Բեյքր֊ստրիտ և կանգ առանք մեր տան դռների մոտ։ Հոլմսը բանալին էր փնտրում գրպաններում, երբ ինչ֊որ անցորդ ասաց․

― Բարի գիշեր, միստր Շերլոկ Հոլմս։

Այդ ժամին մայթի վրա մի քանի մարդիկ կային, բայց ողջունողն ըստ երևույթին մեր մոտից անցնող երկար վերարկուով վայելչակազմ պատանին էր։

― Ես ինչ֊որ տեղ արդեն լսել եմ այդ ձայնը, ― ասաց Հոլմսը, դիտելով աղոտ լուսավորված փողոցը, ― բայց գրողը տանի, չեմ հիշում, թե ով կարող էր լինել դա։


III

Այդ գիշեր ես քնեցի Բեյքր֊ստրիտում։ Առավոտյան մենք բոված հացի կտորներով սուրճ էինք խմում, երբ Բոհեմիայի թագավորը թափով ներս մտավ սենյակ։

― Դուք իսկապե՞ս լուսանկարը ձեռք եք գցել, բացականչեց նա, գրկելով Շերլոկ Հոլմսի ուսերը և ուրախ նայելով նրա դեմքին։

― Առայժմ ո՛չ։

― Բայց հույս ունե՞ք ձեռք գցելու։

― Հուսով եմ։

― Այս դեպքում գնանք։ Ես անհամբերությունից այրվում եմ։

― Մեզ կառք է անհրաժեշտ։

― Ւմ կառքը դռների մոտ է։

― Դա գործը հեշտացնում է։

Մենք ներքև իջանք և նորից շարժվեցինք դեպի Բրայոնի֊Լոջ։

― Ւրեն Ադլերը ամուսնացավ, ― նկատեց Հոլմսը։

― Ամուսնացա՞վ։ Ե՞րբ։

― Երեկ։

― Ո՞ւմ հետ։

― Նորտոն անունով մի իրավաբանի։

― Բայց, անշուշտ, Իրենը նրան չի սիրում։

― Հուսամ, որ սիրում է։

― Ւնչո՞ւ հուսաք։

― Որովհետև դա ձերդ մեծությանը կազատի հետագա բոլոր անախորժություններից։ Եթե լեդին սիրում է իր ամուսնուն, նշանակում է՝ ձերդ մեծությանը չի սիրում, և այն ժամանակ հիմքեր չունի խանգարելու ձերդ մեծության ծրագրերը։

― Իրավ է, իրավ․․․ Բայց և այնպես․․․ Օ՜, ինչպես կուզենայի, որ նա իմ աստիճանի լիներ։ Ինչպիսի՜ թագուհի կլիներ նա։

Նա նորից թաղվեց մռայլ լռության մեջ, որը չընդհատեց մինչև Սերպանտայն֊ավենյու հասնելը։

Բրայոնի֊Լոջ վիլլայի դռները բաց էին, և աստիճանների վրա կանգնած էր մի տարեց կին։ Մինչ մենք կառքից իջնում էինք, նա ինչ֊որ տարօրինակ հեգնանքով նայում էր մեզ։

― Միստր Շերլոկ Հո՞լմս։

― Այո, ես Շերլոկ Հոլմսն եմ, ― պատասխանեց բարեկամս, հարցական զարմանքով նայելով նրան։

― Այդպես էլ գիտեի։ Իմ տիրուհին նախազգուշացրեց ինձ, որ դուք հավանորեն կանցնեք մեզ մոտ։ Այսօր առավոտյան, ժամը հինգն անց տասնհինգ րոպեին, Չերինգ֊կրոսս կայարանից նա իր ամուսնու հետ մեկնեց կոնտինենտ։

― Ի՞նչ, ― Շերլոկ Հոլմսը ետ ընկրկեց, վշտից ու անակնկալից գունատվելով։ ― Ուզում եք ասել, որ նա հեռացե՞լ է Անգլիայից։

― Այո՛, ընդմիշտ։

― Հապա թղթե՞րը, ― խռպոտ ձայնով հարցրեց թագավորը։ ― Ամեն ինչ կորած է։

― Տեսնե՛նք։ ― Հոլմսն արագ անցավ աղախնի մոտով և ներս ընկավ հյուրասենյակ։

Ես և թագավորը հետևեցինք նրան։ Սենյակում ամբողջ կահկարասին անկարգորեն շարժված էր տեղից, դարակները դատարկ էին, արկղերը՝ բաց․ երևում է տանտիրուհին փախուստից առաջ շտապ֊շտապ խառնշտորել էր դրանք։

Հոլմսը նետվեց դեպի զանգի թելը, մի կողմից հրեց փոքրիկ շարժական դռնակը և, ձեռքը մտցնելով գաղտնարանի մեջ, դուրս հանեց մի լուսանկար ու մի նամակ։ Դա Իրեն Ադլերի լուսանկարն էր՝ երեկոյան զգեստով, իսկ նամակի վրա մակագրված էր․ «Միստր Շերլոկ Հոլմսին։ Հանձնել նրան, երբ կգա»։

Բարեկամս ծրարը պատռեց, և մենք երեքով սկսեցինք կարդալ նամակը։ Վրան նշված էր անցյալ գիշերվա գրության ժամը։ Ահա թե ինչ էր գրված անտեղ․

«Սիրելի միստր Շերլոկ Հոլմս, դուք իսկապես որ հիանալի խաղացիք այդ բանը։ Սկզբում ես հավատացի ձեզ։ Մինչև հրդեհի տագնապը ես ոչ մի կասկած չունեի։ Բայց հետո, երբ կռահեցի, թե ինչպես մատնեցի ինքս ինձ, մտքի մեջ ընկա։ Արդեն մի քանի ամիս առաջ ինձ նախազգուշացրել էին, որ եթե թագավորը որոշի գործակալի դիմել, անշուշտ, կդիմի ձեզ։ Ձեր հասցեն տվել էին ինձ։ Բայց և այնպես դուք ստիպեցիք ինձ բացել այն, ինչ որ ուզում էիք իմանալ։ Չնայած իմ կասկածներին, ես չէի ուզում վատ բան մտածել այդպիսի բարի, սիրելի ծեր քահանայի մասին․․․ Բայց դուք գիտեք, որ ես ինքս դերասանուհի եմ եղել։ Տղամարդու կոստյումն ինձ համար նորություն չէ։ Ես կառապան Ջոնին ուղարկեցի ձեզ հետևելու, իսկ ինքս վազեցի վերև, հագա զբոսանքի կոստյումը, ինչպես ես այն անվանում եմ, և ցած իջա հենց այն րոպեին, երբ դուք հեռանում էիք։ Ես հետևեցի ձեզ և գնացի Տեմպլ, ամուսնուս մոտ։

Մենք որոշեցինք՝ քանի որ մեզ հետապնդում է այդպիսի ուժեղ մի հակառակորդ, փրկության լավագույն միջոցը կլինի փախուստը։ Եվ ահա, վաղը գալով, դուք բույնը դատարկ կգտնեք։ Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա ձեր այցելուն կարող է հանգիստ լինել․ ես սիրում եմ մի մարդու, որը նրանից ավելի լավն է։ Այդ մարդը սիրում է ինձ։ Թագավորը կարող է անել այն ամենը ինչ ուզում է, առանց վախենալու այն կնոջ հարուցելիք արգելքներից, որին նա այնքան չարիք է պատճառել։ Լուսանկարը ես կպահեմ ինձ մոտ իմ անվտանգության համար, նրա համար, որպեսզի ունենամ մի զենք, որն ապագայում ինձ պաշտպանի թագավորի ամեն մի թշնամական քայլից։ Ես այստեղ թողնում եմ մի այլ լուսանկար, որը երևի հաճելի կլինի նրան պահել իր մոտ։ Մնամ, սիրելի միստր Շերլոկ Հոլմս, ձեզ անձնվեր Իրեն Նորտոն, ծնված՝ Ադլեր»։


― Ի՜նչ կին էմ օ՜, ի՜նչ կինե է, ― բացականչեց Բոհեմիայի թագավորը, երբ երեքով էլ կարդացել էինք այդ նամակը։ ― Մի՞թե չէի ասում ձեզ, որ նա հնարամիտ է, խելոք ու մախաձեռնող։ Մի՞թե նա սքանչելի թագուհի չէր լինի։ Մի՞թե ցավալի չէ, որ նա միևնույն աստիճանի չէ ինձ հետ։

― Որքան ես այդ կնոջը ճանաչեցի, թվում է, թե իրոք որ, նա բոլորովին այլ աստիճանի մարդ է, քան ձերդ մեծությունը, ― սառնությամբ ասաց Հոլմսը։ ― Ցավում եմ, որ չկարողացա ձերդ մեծության գործը ավելի հաջող վախճանի հասցնել։

― Ընդհակառակը, սիրելի սըր, ― բացականչեց թագավորը։ ― Ավելի մեծ հաջողություն չի էլ կարող լինել։ Ես գիտեմ, որ նրա խոսքն անխախտ է։ Լուսանկարն այժմ նույնքան անվտանգ է, ինչպես եթե այն այրված լիներ։

― Ուրախ եմ ձերդ մեծությունից այդ բանը լսելու։

― Ես անչափ պարտական եմ ձեզ։ Խնդրեմ ասացեք, թե ինչպե՞ս կարող եմ վարձահատույց լինել։ Այս մատանին․․․

Նա մատից հանեց զմրուխտե մատանին և ափի մեջ դրած մոտեցրեց Հոլմսին։

― Ձերդ մեծությունը մի ավելի արժեքավոր բան ունի ինձ համար, ― ասաց Հոլմսը։

― Բավական է միայն անունը տաք։

― Այդ լուսանկարը։

Թագավորը զարմանքով նայեց նրան։

― Իրենի լուսանկա՞րը, ― բացականչեց նա։ ― Խնդրեմ, եթե սա ձեզ հարկավոր է։

― Շնորհակալ եմ, ձերդ մեծություն։ Այդ դեպքում, այս գործը համարենք ավարտված։ Պատիվ ունեմ ցանկանալու ձեզ ամենալավագույնը։

Հոլմսը գլուխ տվեց և, չտեսնելու տալով թագավորի իրեն պարզված ձեռքը, ինձ հետ միասին ուղղվեց դեպի տուն։

Ահա այն պատմությունը, թե ինչպես Բոհեմիա թագավորությունում քիչ մնաց մեծ սկանդալ ծագեր և թե ինչպես միստր Շերլոկ Հոլմսի խորամանկ պլանները խորտակվեցին կնոջ իմաստությամբ։ Հոլմսը շարունակ ծաղրում էր կանացի խելքը, բայց վերջին ժամանակներս արդեն չեմ լսում նրա ծաղրուծանակը։ Եվ երբ նա խոսում է Իրեն Ադլերի մասին կամ հիշում նրա լուսանկարը, ապա միշտ արտասանում է, իբրև պատվավոր տիտղոս․ «Այդ կինը»։