հեղինակ՝ Անդրանիկ Հովհաննիսյան |
Ուրախ յոթանասունականների ավարտին, երբ ես նոր էի ավարտել դպրոցը և ունդունվել էի ճարտարապետական ֆակուլտետ, այդ ճգնաժամային ութսունականների սկզբում մեր տանը կար ոչ արգելված գրականության՝ «անտիսովետչինա»֊ի ընդհատակյա պահեստ։ Դրանով զբաղվում էր մայրս։ «Տամիզդատ» — Ամերիկայում եւ Եւրոպայում հրատարակված գրքեր եւ էմիգրանտական ամսագրեր, ինչպես նաեւ «սամիզդատ» — դիսիդենտական գրքեր, ինքնակազմ հանդեսներ ու ալմանախներ, պահվում էին կոկիկ շարված պահարանի ներքեւի դարակներում, մայրիկիս գործվածքների հետեւը։ Գրքերի մասը մի ժամանակ շտապ եւ արագ տեղափոխեցին մեզ մոտ մորքրոջս՝ Լաուրայի տնից նույն օրը, երբ ձերբակալվեց դրանց տերը՝ Գեորգի Խամիզուրին, ով աշխատում էր Լաուրայի ամուսնու՝ Արտյոմի հետ Հայաստանի Գիտությունների Ակադեմիային առընթեր Երկրաբանության Ինստիտուտում։ Մնացած հրատարակությունները մատակարարվում էին հիմնականում Մոսկվայի դիսիդենտական շրջաններից, իսկ փոստատարը Լաուրան էր, ում բարեկամներին տեսնելու այցելությունները Մոսկվա սովորաբար «դատարկ» չէին անցնում։
Հիմնական մատակարարողը պապուս եղբայրն էր՝ Սուրեն Ղազարյանը, ով իր ժամանակ որպես քաղաքական բանտարկյալ 10 տարի նստել է ԳՈւԼԱԳ֊ի ճամբարներում , ու իր վերջին տարիները ապրում էր Մարինայի՝ երկրորդ կնոջ հետ Մոսկվայում, եւ շփվում էր այնտեղի դիսիդենտների հետ։
Սուրենին, ով աշխատում էր Թբիլիսյան ԳըԲը֊ի տնտեսական բաժնում, ձերբակալել են 37 թվին՝ մի քանի երկրի, միաժամանակ, համար լրտեսություն անելու ստանդարտ մեղադրանքով։ Նախկին գործընկերները այնպես էին խոշտանգել նրան, որ առաջին կինը հանդիպումներից մեկի ժամանակ նրա վիճակը տեսնելով, չդիմացավ եւ նետեց իրեն գնացքի տակ, թողնելով երկու փոքր երեխա։ Սովից մահացավ մայրը։ Սուրենը անցել է մի քանի հռչակավոր ճամբարներով՝ Սոլովկի, Օրլովյան, Սոլ֊Իլեցյան, Տոբոլյան, եւ Վլադիմիրյան բանտերը, վերջին վեց տարին անց է կացրել «օդինոչկայում», հրաշքով կենդանի է մնացել, հիսունականների սկզբին ռեաբիլիտացված էր եւ հետագայում մասնակցում էր որպես վկա Վրաստանում բերիականների դատին։ Եւ 1961֊ին գրել է սարսափելի, բայց կյանքով լի մի գիրք։ «Դա չպետք է կրկնվի», որում, ինչպես օրագրում նկարագրեց բոլոր իր անտանելի բանտային տարիները եւ ոչ պակաս դժվար ետբանտային ժամանակը։
Սուրենը յուրահատուկ հիշողության տեր էր, եւ ամենայն մանրամասնությամբ նկարագրել է իր հանդիպումները եւ զրույցները՝ ինչպես իր տասնյակ դահիճների հետ, այնպես էլ բանտային խցերում հանդիպած ահռելի քանակությամբ հայտնի եւ յուրահատուկ մարդկանց հետ։ Ինչպես նաեւ բոլոր այն դժվարությունները, որ ստիպված եղավ տանել ազատություն ստանալուց հետո։ Ցնցող գրախոսություններ են գրել Ալեքսանդր Տվարդովսկին, Պարույր Սեւակը, Յուրի Լապտեւը, Շահեն Թաթիկյանը եւ Էդուարդ Թոփչյանը։ Գիրքը ուր որ է պետք է հրատարակեին Երեւանում Խրուսչյովյան գարնան ժամանակ, հենց այն ժամանակ, երբ տպեցին Սոլժենիցինի «Իվան Դենիսովիչի մեկ օրը», այն հանձնված էր գրաշարման տպարան եւ Սուրենը նույնիսկ ավանսով հոնորար էր ստացել… բայց գարունը հանկարծակի ավարտվեց եւ շարվածը քանդեցին։ Կազմած մեքենագրված պատճենները անմիջապես դարձան վտանգավոր, պահվում էին թաքուն, բարեկամների մոտ, դրանց թվում մեզ մոտ, եւ տրվում էին միայն շատ լավ ծանոթ մարդկանց։
Սուրենի գիրքը առաջինն էր, որ աչքերս բացել էր այն ժամանակվա կատարվածների վրա։ Երեւի դա իմ կարդացած ամենաուժեղ գրքերից մեկն է ստալինյան տեռորի մղճավանջի մասին։ Իսկ հետագայում ես քիչ չեմ կարդացել։ Այդ գիրքը իմ՝ տասնհինգամյա պատանուս վրա թողել էր այնպիսի ցնցող եւ ճնշող տպավորություն, որ ավելի ուշ, համազգեստով ցանկացած մարդ տեսնելիս, առավել եւս՝ մենթի, ես ցանկանում էի նրան ֆիզիկապես ոչնչացնել, հոշոտել, մանր կտորների վերածել։ Այդ ցանկությունը դեռ երկար չէր լքում ինձ։ Գիրքը տպեցին միայն գորբաչյովյան վերակառուցման ժամանակ, սկզբից պետերբուրգյան «Զնամյա» հանդեսում, հետո «Գրական Հայաստան»֊ում, իսկ հետո դուրս եկավ եւ գիրքը։ Սուրեն Ղազարյանը մահացել է 1982 թվին եւ իր մարմինը տեղափոխեցին եւ թաղեցին Երեւանում, Թոխմախում պապուս գերեզմանի կողքը՝ ճարտարապետ Վանիկ Խաչատրյանի ստեղծած երեք իրար վրա դրված, առանցքով շեղված խորանարդների տակ։
Մեր հավաքածուն մեծանում էր։ Այն հիմնականում ընթերցվում էր բարեկամների եւ մտերիմների բավական լայն շրջանում։ Մայրս վարում էր գրքերի ունիկալ ցանկ, ուր վերնագրերը փոխարինված էին այլ վերնագրերով։ Այսպես, Սոլժենիցինի «Արխիպելագ Գուլագ»֊ը նշվում էր «Կղզիները օվկիանոսում» վերնագրով, Անտոնով֊Օվսիենոյի «Տիրանի դիմանկարը» դարձավ «Դորիան Գրեյ դիմանկար», իսկ Լեւ Տրոցկին թաքնվել էր Վասյա Բրոնշտեյն անվան տակ։ Մայրս նաեւ նշում էր իրեն միայն հայտնի ձեւերով, ով, երբ եւ որքան ժամանակով վերցրել է այս կամ այն հրատարակությունը։ Կորուստը խոստանալու էր մեծ խնդիրներ։ Հիշում եմ, Ռոյ Մեդվեդեւը ուղարկել էր մեզ ընկերական գրախոսության համար «Պատմության դատավճռին»՝ ստալինիզմի մասին իր դեռ չհրատարակված, տիտանական չափսի գրամեքենայական պատճենը։ Նա այն փոխանցել էր Լաուրային, Մոսկվայի մետրոյում։ Նշված ժամին նա նստեց Լաուրայի կողքը եւ առանց բարեւելու, ու չնայելով նրան, դրեց իր կողքը, հատակին, փոքր ճամպրուկ։ Եւ նույն վայրկյանին վեր կացավ եւ գնաց։ Գրքի գլուխները թաքնված էին մորս պահարանում առանձին հաստ պանակների մեջ, ժապավեններով կապած։ Հանկարծ, պանակներից մեկը անհետացավ։ Հավանաբար, ինչ֊որ մեկին տվեցին կարդալու, եւ չնշեցին։ Մոտ մեկ ամիս, մայրս եւ ես սպասում էինք երբ են թակելու դուռը։ Բախտը բերեց։ Սակայն պանակը այնպես էլ չգտնվեց։
Նմանապես անհետացավ եւ այլեւս չգտնվեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»֊ի միակ պատճենը, որը մորս ընկերուհու՝ Նորայի կողմից թաքուն Երեւան բերված, եւ հնադարյան, նախաջրհեղեղյան ժամանակների բազմիցս վերանորոգված գերմանական տրոֆեյ, գրամեքենայի վրա ես իմ ձեռքով տպված անգլերեն լեզվով գրպանի հրատարակությունից մեկ շնչով թարգմանել։ Օրուելի վեպը տարածելու համար կարելի էր ստանալ կարգին ժամկետ։ Տասը տարի՝ նրա «1984» գրքի համար։ Շատ եմ խորհուրդ տալիս երկուսն էլ կարդալ։ Ի դեպ, Թերի Գիլիամի «Բրազիլիա» հռչակավոր հակաուտոպիական ֆիլմը, որը նկարված է ութսունականներին, ոչ այլ ինչ է, քան Օրուելի «1984» վեպի ոչ լրիվ հաջողված իրականացումը։
Այդ գրքերը այն ժամանակ կարող էին սարսափելի դեր խաղալ։ 1978 թվին ճարտարապետականի առաջին կուրսում մեզ պատմություն էր կարդում Մանուչարյանը՝ փոքր, Շարլին հիշեցնող մարդ, կամաց ձայնով։ Այնպես էր կարդում, որ իր լեկցիաներին մեզ մոտ էին գալիս այլ մասնագիտությունների ուսանողները։ Երբ Մանուչարյանը, մեծ լսարանում, իր կամաց ձայնով պատմում էր վեհ նկարիչների կենսագրությունները, կատարվում էր անհավատալին՝ մենք բոլորս, շունչներս կտրած, ասես հիպնոզի տակ, հայտնվում էինք գլխավոր հերոսի տեղում եւ տեսնում էինք ամենը իր աչքերով, ապրում էինք իր կյանքը։ Լեկցիաները շատ հաջողված էին, սակայն Մանուչարյանի մոտ անընդհատ նկատվում էր սովետական ամենի հանդեպ չթաքնված ատելություն, մասնավորապես՝ ռուսերենի հանդեպ։ Երբ մենք երկրորդ կուրսում էինք, Մանուչարյանին ձերբակալեցին։ Ինչպես եւ հետագայում իմացա, նա գրել է գիրք, որը կարծես կոչվում էր «Սովետական իմպերիալիզմ» եւ անզգուշություն էր ունեցել փոխանցել այն մատնողների խմբին, որոնք իրենց ներկայացրել էին որպես Պոլիտեխնիկում գործող ուսանողական հակասովետական խումբ։ Իսկ նրանք մինչ այժմ մեր մեջ ապրում են, քայլում են։ Խոսում էին, որ այդ պսեւդո֊ուսանողները, որ նրա հետ ընդամենը մի քանի անգամ են շփվել, դատարանում առաջին շարքերում էին նստած, եւ կանխամտածված խորտակում էին Մանուչարյանին ցուցադրական ոռնոցներով եւ ողբով՝ «Վա՜յ, Ախր նա մեր կյանքի դասատուն էր, մենք էդքան բան ենք իրանից սովորել»։ Մանուչարյանը ստացավ իր ժամկետը, իսկ իր կնոջ նյարդերը չդիմացան։ Ամենազզվելին այն է, որ ձերբակալման հաջորդ օրը, երբ Մանուչարյանը գործի չէր եկել, դասախոսները դեկանատում քայլում էին անմտահոգ դեմքերով, կարծես ոչ մի բան չի պատահել եւ ցրում էին բոլոր մեր հարցերը։ Կար մարդը եւ չկա մարդը։ Բանտում, ինչպես հետագայում հիշում էր քաղաքական բանտարկյալ Վյաչեսլավ Դոլինինը, Մանուչարյանը ապօրինի բանտարկյալներին արվեստի պատմության մասին դասախոսություններ էր կարդում։
Պետք է ասել, որ ապօրինի գրականության փոխանակման, հավաքման եւ տարածման վտանգավոր գործի մեջ կար հզոր մարտահրավեր, որը ձգում էր թմրանյութի պես, իսկ «ներգրավվածները» կազմում էին «մերոնց» հատուկ կաստան։ Երբ ութսունականների կեսերին հայտարարեցին «Հրապարակայնություն», եւ բոլորը չդիմացան, ու սկսեցին միանգամից տպել գրեթե ամեն ինչ, շատերը «ներգրավվածների» շրջանից կատակում էին, որ ավարտվել է գաղտնի գործունեության մի ամբողջ շերտ, որը կյանքը հետաքրքիր էր դարձնում։ Հիշում եմ, մորքրոջս ամուսինը ողբում էր՝ «Արա՛, սաղ մեր գրքերը տպեցի՛ն»։
Գրքերը նվիրեցինք սրան֊նրան, այլեւս անպետք էմիգրանտական հանդեսները թափեցինք։
Վերջերս, պահարանը կարգի բերելով ես գտա հին դեղին ճամպրուկում թաքցված Ամերիկայում մանր շրիֆտով, բարակ թղթի վրա տպված(որ ավելի հեշտ լինի արտասահման ուղարկել) Սոլժենիցինի «Արխիպելագ Գուլագ»֊ը։ Մեր հավաքածուի այդ վերջին մասունքը, չհաշված պապուս գրքի մեքենագրական պատճենը, ապահովության համար դրված էր «ՍՄԿԿ Պատմության» կազմի մեջ…։