Վերջին թարմացում 21 Ապրիլի 2014, 17:44

Կորտինա Դʼամպեցո

17:44, 21 Ապրիլի 2014 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մեջբերումներ՝ Լեոնիդ Պիլաեւի «Կորտինա Դʼամպեցո» գրքույկից։

հեղինակ՝ Իվան Տոլստոյ
աղբյուր՝ «Առասպելներ եւ համբավներ» հաղորդում

1956 թվին, կոմկուսի քսաներորդ համագումարից առաջ, Մյունխենում տպվել է Լեոնիդ Պիլաեւի «Կորտինա Դʼամպեցո» գրքույկը։ Դրա ենթավերնագիրն էր՝ «Հայրենի՞քն է սպասում մեզ»։

Կորտինա Դʼամպեցոն՝ իտալական լեռնային առողջարան է, ուր հիսունվեցի հունվարին կայացել են ձմեռային օլիմպիական խաղերը։ Լեոնիդ Պիլաեւը այցելել էր դրանք որպես ռադիո «Ազատագրում» կայանի լրագրող։ Այդպես էր այն ժամանակ կոչվում «Ազատություն» ռադիոկայանը։

Գործուղումը դարձավ պաշտպանության շաբաթ՝ քաղաքացիական շորերով խորհրդային պրոպագանդիստներից, որ ուղեկցում էին մարզիկներին։ Դրանք հավաքականի հետ աշխատելու համար չէին եկել․ այդ գործով զբաղվում էին Իտալիա ժամանած Սերգեյ Միխալկովը, Լեւ Կասիլը, Սեմյոն Կիրսանովը։ Իսկ այս խումբը՝ գեներալ Միխայլովի կոմիտեի գործակալներն էին՝ հատուկ պրոպագանդայի ստորաբաժանման, որն իրեն կոչում էր «Հայրենադարձության կոմիտե» ու պատրաստում էր կանչ արտահայտող ռադիո հաղորդումներ․ սկզբում՝ Արեւելյան Բեռլինից, իսկ հետագայում՝ Կիեւից։ Գեներալ Միխայլովի կոմիտեն որոշ ժամանակ անց փոխակերպվեց֊դարձավ «Ռոդինա» անունով հայտնի կազմակերպություն։

Մինչ «Ազատագրման» գործակից Լեոնիդ Պիլաեւը Կորտինա Դʼամպեցոյում էր, Միխայլովի ռադիոկայանը նրան էլ էր համոզում ԽՍՀՄ վերադառնալ, ուր նրան կներվեն գաղթականի բոլոր «մեղքերը»։ Պիլաեւի գրքույկը նվիրված էր ոչ այնքան սպորտին, ինչքան խորհրդային մարդկանց հետ հանդիպումներին՝ արեւմուտքում այսքան տարի ապրելուց հետո։

Ահա բարում մի տեսարան, ուր Միխայլովի գործակալները զրուցում են Պիլաեւի հետ։

«

— Ուրեմն, այնքան ատում ես հայրենիքդ, որ ցե՞խ ես լցնում դրա վրա։

— Սուտ է։ Ես գաղթի տարիների ամենասկզբից ոչ մի անգամ հայրենիքին դեմ ուղղված ոչ մի բան ոչ ասել եմ, ոչ արել։

— Ճիշտն ասա, բա էլ ի՞նչ նպատակ ունի ձեր պրոպագանդան, ո՞ւմ դեմ եք արտահայտվում։

— Ըստ իս, սա միամիտ հարց է։ Մենք արտահայտվում ենք ռեժիմի դեմ, ոչ թե հայրենիքի կամ ժողովրդի։ Արդյո՞ք դա ճիշտ է, երբ այնտեղ՝ հայրենիքում, ոչ մեկ չի կարող ծպտուն հանել այն արտասովոր անարդարությունների դեմ, որ տեղի են ունեցել սովետական իշխանության ամենաառաջին տարիներից սկսած։ Լավ, դուք համարում եք, որ Խրուշչյովն ու Բոլգանինը չե՞ն սխալվում։ Իսկ մենք կարծում ենք, որ իրենք շատ բաներ՝ գրեթե ամենը անում են ոչ այնպես, ինչպես կկամենար ժողովուրդը։ Արդյո՞ք ես հանցագործություն եմ անում, Խրուշչյովին դեմ խոսելով, եւ ժողովրդին պաշտպանելով։

— Բա ինչո՞ւ ես այդ դեպքում վախենում իրական ազգանունդ նշել՝ այն, որ կրում էիր հայրենիքում։

— Իսկ դուք այն գիտե՞ք։

— Եթե ուզենք՝ կիմանանք։

— Ու ի՞նչ օգուտ դրանից։

— Ես մի ծանոթ ունեմ, ազգանունը Կովալենկո՝ գեներալ Միխայլովը վերջերս իր բոլոր բարեկամներին խոսափողի մոտ բերել տվեց, որ տրամադրությունը փչացնի։

— Եւ ի՞նչ ստացվեց։

— Ի՞նչ ստացվեց։ Կովալենկոն, իհարկե, անհանգստացավ, մի ամբողջ լիտր օղի խմեց, այնքան էր ջղայնացել Միխայլովի վրա։

— Գեներալը, հավանաբար ենթադրել է, որ այս անգամ, իրոք սադրիչ գործողությունների միջոցով, նա կստիպի մարդկանց վերադառնալ տուն, բայց չէ՞ որ դա նույնչափ միամիտ է, որքան հանցավոր։ Դեհ, կիմանաք իմ ազգանունը, կգտնեք բարեկամներիս, կբերեք խոսափողի մոտ։ Իսկ հետո՞։ Հետո ես տալիս եմ սոց․ խոստում, որ կխմեմ, ոչ մեկ, այլ նույնիսկ երկու լիտր, իսկ Միխայլովը ինձ համար ընդմիշտ կմնա սրիկա եւ սադրիչ։ Այսքանը։

Զրուցակիցները լռեցին։ Հետո մեկն ասաց․

— Դու ի՞նչ է, մտածում ես, Միխայլովը սխա՞լ է։

— Ես այսպես կասեմ՝ հայրենադարձությունը խնդիր է, ու այն չի լուծվի այս մեթոդներով։

Մոտեցավ կելները, եւ ասաց, որ սրճարանը փակվում է։ Մենք վեր կացանք։

— Դե ի՞նչ, գուցե վա՞ղը հանդիպենք։

— Գուցե։

— Բա չէ՞ որ դու վերադասներիցդ կվախենաս։

— Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, բայց վերադասներից ես չեմ վախեցել, եւ չեմ վախենում։ Խղճիցս՝ գուցե, այո։

— Մենք կսպասենք քեզ վաղը, առավոտվա տասին։

Վաղը ես չեկա։

»

Օլիմպիական քաղաքով զբոսնելիս, Պիլաեւը հետեւում է մարզիկների եւ զբոսաշրջիկների ժամանցին։ Լսում է տասնյակ լեզուներով զրույցներ։

«

Իսկ մերո՞նք։

Քայլում են, խեղճերը խմբերով, իրար են նայում, որ չկորցնեն։ Մոտենում են խանութին, ու մտորում։

— Տես է, բնավ էլ վատ ֆոտոխցիկ չէ։ Մեզ մոտ այդպիսի բան չես գտնի։

Մյուսը պատասխանում է․ — Իսկ դու փորձիր առնել։ Ավելորդ լի՞րա ունես։

— Դե, եթե դու ինձ հարյուրհիսուն լիրա ավելացնես, մենք երկուսով կկարողանանք իտալական սիգարետների տուփ գնել, որպես հիշատակ։

»։

Միակ տարադրամը, որով խորհրդային իշխանությունը զինել էր մարզիկներին, դա փոքր կարմիր սովետական կրծքանշաններն էին։ «

Ամեն մարզիկն ուներ հարյուրից ավելի կրծքանշան։ Դրանք տրվել էին, այսպես ասած, կոմունիստական պրոպագանդայի համար։ Սակայն ռուսի հնարագիտությունը այստեղ էլ գործեց։ Մեր մարզիկները իզուր կրծքանշանները չէին վատնում։ Եվ ահա, իտալական քաղաքի փողոցներում սկսվեց փոքր ապրանքափոխանակություն։ Երբ մեր մարզիկները երեւում էին փողոցներում, նրանց շրջապատում էին տասնյակ զբոսաշրջիկներ ու երկրպագուներ, ով ուզում էին ունենալ խորհրդային կրծքանշաններ։ Ու դրանով, շեշտում եմ, զբաղվում էին աշխարհի չեմպիոնները։ Նրանց անունները գիտի ամեն երեխան, նրանց մեծարում են երկրպագուները, իսկ այստեղ, իրենք վախվխելով շուրջն են նայում, ու բնավ չեն զգում իրենց վեհ հայրենիքի զավակներ, զգում են իրենց ուրջուներ։

— Վերջացրեք տղերք, քսան րոպեից մեր զբոսանքն ավարտվում է,— հնչում է իրենցից մեկի ձայնը։

Եւ խմբերը տխուր շարժվում են դեպի ավտոբուսները։ Այնտեղ նրանց հաշվում են, ինչպես հաշվում են բանտարկյալներին՝ բակում զբոսանքից հետո։ Նրանք հարմարվում են ավտոբուսներում, ու կրկին գնում են հյուրանոց։ Ու դա՝ Եվրոպայում, իրենց չվարկաբեկած խորհրդային քաղաքացիների նկատմամբ, ով բարձրացրել են իրենց հայրենիքի մարզային դրոշը։ Իսկ ի՞նչ կլինի ինձ հետ, եթե ես վերադառնամ։

»