Վերջին թարմացում 24 Ապրիլի 2014, 23:38

Աստերիոնի տունը

23:38, 24 Ապրիլի 2014 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Աստերիոնի տունը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Եվ թագուհին ծնեց մի որդի,
որին Աստերիոն անվանեցին
Ապոլոդորո Գրադարան, III, I

Գիտեմ, որ ինձ համարում են ամբարտավան, գուցե և մարդատյաց, նույնիսկ խենթ: Այդ մեղադրանքները (դրանց հետ հենց ժամանակը գա հաշիվներս կմաքրեմ) ծիծաղելի են: Ճիշտ է, որ ես տնից դուրս չեմ գալիս, բայց ճիշտ է նաև, որ տանս դռները (որոնց քանակն անսահման է)[1] օր ու գիշեր բաց են մարդկանց և նույնիսկ կենդանիների առջև: Թող ցանկացողը ներս գա: Նա այստեղ ոչ քնքշացնող պերճություն կգտնի, ոչ էլ պալատական ճոխ շքեղություն, այլ կգտնի անդորր ու մենություն: Նա կմտնի մի տուն, որի նմանը չկա երկրագնդի ոչ մի անկյունում (Ստում են նրանք, որոնք հայտարարում են, թե նման բա կա Եգիպտոսում) Թշնամիներս անգամ ընդունում են, որ տան մեջ ոչ մի կահույք չկա: Անհեթեթորեն տարածված է նաև, որ ես Աստերիոնս կալանավոր եմ: Կրկնե՞մ արդյոք, որ տանս ոչ մի փակ դուռ չկա, ավելացնե՞մ արդյոք, որ ոչ մի կողպեք չկա: Բացի այդ, մի երեկո հայտնվելով փողոցում, եթե վերադարձել եմ մթնելուց առաջ, դա նրանից է, որ մարդկանց դեմքերը նրանց անգույն և բաց ձեռքի պես տափակ դեմքերը վախեցրել են ինձ: Արևն արդեն մայր էր մտել, բայց ինչ-որ երեխայի հուսահատ լացն ու ամբոխի բարձրս գոչ աղոթքները պարզ դարձրին, որ ճանաչել են ինձ: Մարդիկ աղոթում էին, փախչում, ծնրադրում, ոմանք բարձրանում էին դեպի Երկսայր տաճարը, ուրիշները քար էին հավաքում: Ինչ-որ մեկը կարծեմ ծովը նետվեց: Ջուր, չէ՞ որ մայրս թագուհի է եղել, որքան էլ համեստ լինեմ չեմ կարող խառնվել ռամիկներին:

Բանն այն է, որ ես անկրկնելի եմ: Ինձ չի հետաքրքրում, թե մի մարդ ինչ կարող է հաղորդել ուրիշ մարդկանց, փիլիսոփայի պես մտածում եմ, որ գրի միջոցով ոչինչ հաղորդելի չէ: Ձանձրալի և տափակ ճղճիմությունները հոգուս մեջ տեղ չեն գրավում, հոգիս մեծ գործեր կատարելու կարողություն ունի չնայած տառերի տարբերությունները երբեք չեմ կարողացել մտքումս պահել:

Ազնվական մի անհամբերություն ինձ թույլ չտվեց կարդալ սովորել: Մեկ-մեկ ափսոսում եմ, քանի որ գիշերներն ու ցերեկները երկար են:

Իհարկե զբաղմունքներ որքան ասես: Հարձակվող ցուլի նման վազվզում եվ սալապատ միջանցքներով, մինչև որ գլուխս պտտվում է ու վայր եմ ընկնում: Թաքնվում եմ ջրավազանի ստվերում կամ պատի ետևը և պահմտոցի եմ խաղում: Որոշ տանիքներից ցած եմ նետվել և արյունոտել ինձ: Երբեմն քնած եմ ձևանում, փակում եմ աչքերս և խոր շնչում (Մեկ-մեկ իսկապես քնում եմ, մեկ-մեկ աչքերս բացելիս տեսնում եմ որ փոխվել է օրվա գույնը): Սակայն այդ բոլոր խաղերի մեջ նախընտրում եմ մեկ ուրիշ Աստերիոն խաղալը: Պատկերացնում եմ, որ նա այցելում է ինձ և ես նրան ցույց եմ տալիս իմ տունը: Չափազանց հարգալից ես ասում եմ նրան. «Այժմ վերադառնալու ենք նախորդ քառուղուն» կամ «Այժմ հասնելու ենք մի ուրիշ բակ» կամ «Ես այդպես էլ գիտեի, որ հավանելու ես այս քիվը» կամ «Այժմ ավազով լցված մի ավազան ես տեսնելու», կամ՝ «Այժմ տեսնելու ես, թե ներքնահարկն ինչպես է երկփեղկվում»: Մեկ-մեկ սխալվում եմ և երկուսով կուշտ-կուշտ ծիծաղում ենք:

Միայն խաղեր չեմ հնարում, տան մասին էլ եմ մտածում: Տան բոլոր մասերը կրկնապատկվում են, մի մասը միանգամայն նման է մյուսին: Գոյություն չունի մի ավազան, մի բակ, մի գուռ, մի օրորոց, գոյություն ունեն տասնչորս (անսահման) օրորոցներ գուռեր, բակեր, ավազաններ: Տունն աշխարհի չափ սերն ունի. ավելի ճիշտ հենց աշխարհն է: Սակայն ավազաններ բակեր և փոշոտ ու մոխրագույն քարերով կառուցված միջանցքները ձանձրացնում են ինձ, ես փողոց եմ փախչում և դիտում Երկսայրի տաճարն ու ծովը: Ոչինչ չեմ կարողացել հասկանալ, մինչև որ գիշերային մի տեսիլ ինձ հայտնել է, որ ծովերի ու տաճարների քանակն էլ է տասնչորս (անսահման): Ամեն ինչ կրկնվում է, կրկնվում է տասնչորս անգամ, սակայն աշխարհում գոյություն ունեն երկու բան, որոնք կարծես թե չեն կրկնվում. վերևում՝ բազմերանգ արևը իսկ ներքևում՝ Աստերիոնը: Գուցե ես եմ ստեղծել աստղերն ու արևը և հսկայական տունը, բայց այլևս չեմ հիշում:

Ինը տարին մեկ տուն են մտնում ինը մարդ, որպեսզի ես նրանց ազատեմ ամենայն չարիքից: Քարե միջանցքների խորքից ես լսում եմ նրանց ոտնաձայները կամ նրանց ձայնը և ուրախ-ուրախ շտապում եմ նրանց ընդառաջ: Արարողությունը մի քանի րոպե է տևում: Չեմ հասցնում ձեռքերս արյունոտել, երբ նրանք մեկը մյուսի հետևից ընկնում են: Ուր ընկնում, այնտեղ էլ մնում են և նրանց դիակներն ինձ օգնում են, որ ես կարողանամ անհամար միջանցքները իրարից զանազանել: Չգիտեմ, թե ովքեր են նրանք բայց նրանցից միկը հոգեվարքի պահին գուշակեց, որ օրերից մի օր կգա նաև իմ փրկիչը: Երանի ինձ փոխադրի մի վայր, ուր այսքան միջանցքներ ու դռներ չլինեն: Ինքս ինձ հարցնում եմ, թե արդյո՞ք ինչպիսին կլինի փրկարարս: Ցո՞ւլ կլինի, թե՞ մարդ: Գուցե մարդու դեմք ունեցող ցո՞ւլ լինի կամ՝ ինձ նման մեկը:

Արշալույսի արևը փայլատակեց պողպատե սրի վրա: Արդեն արյան ոչ մի հետք չէր մնացել:

— Կհավատա՞ս, Արիադնե,— ասաց Թեսևսը, — Մինոտավրոսը գրեթե չպաշտպանվեց:



  1. Բնագիրն ասում է «տասնչորս» սակայն շատ պատճառներ կան ենթադրելու, որ այդ թիվը Աստերիոնի շուրթերին համարժեք է «անսահմանին»: