հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»
Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի։ Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր։ Ես համոզված եմ, որ շաբաթական երեք անգամ «Շագանակներ» կատարած իմ այցը միստր Հանգերտոնը վերագրում էր բացառապես իր ընկերակցության և հատկապես՝ բիմետալիզմի[1] ճամարտակվելուն, մի բան, որում նա իրեն մեծ գիտակ էր երևակայում։
Այդ երեկո էլ ես մի ժամից ավելի լսեցի նրա միալար շատախոսությունը արծաթի արժեքի իջեցման, փողի արժեզրկման, ռուփիի[2] անկման ու փողային ճիշտ սիստեմ սահմանելու անհրաժեշտության մասին։
― Պատկերացրեք, որ հանկարծ պահանջվեր աշխարհում բոլոր պարտքերը անհապաղ ու միանգամից վճարել, ― բացականչեց նա թույլ, բայց սարսափով համակված ձայնով։ ― Ինչ կլիներ այն ժամանակ առկա սիստեմի պայմաններում։
Ինչպես և պետք էր սպասել, ես ասացի, որ այդ դեպքում ինձ սնանկացում կսպառնար, բայց միստր Հանգերտոնը դժգոհ մնաց իմ այդ պատասխանից․ նա վեր թռավ բազկաթոռից, կշտամբեց ինձ իմ մշտական թեթևամտության համար, որը զրկում էր նրան ինձ հետ լուրջ հարցեր քննարկելու հնարավորությունից և դուրս թռավ սենյակից՝ մասոնական[3] մասոնական ժողովի համար շորերը փոխելու։
Վերջապես ես մենակ մնացի Գլեդիսի հետ։ Հասավ այն րոպեն, որից կախված էր իմ հետագա ճակատագիրը։ Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը։
Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին։ Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից։ Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ։
Գլեդիսն օժտված էր այն բոլոր հատկություններով, որոնք այնպես ձգում են մեզ դեպի կինը։ Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն։ Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին։ Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը։ Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է։ Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ։ Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով։
Այսպիսի եզրակացության գալով՝ ես արդեն ուզում էի խզել մեր անհարմար լռությունը, երբ հանկարծ ինձ վրա զգացի նրա մութ աչքերի հայացքը և տեսա, որ Գլեդիսը ժպտում է հանդիմանորեն տարուբերելով իր հպարտ գլուխը։
― Նեդ, զգում եմ, որ պատրաստվում եք ինձ առաջարկություն անել։ Հարկավոր չէ՛։ Թող ամեն ինչ մնա հնի պես, այդպես շատ ավելի լավ է։
― Ես ավելի մոտեցա նրան։
― Ինչպե՞ս գուշակեցիք։ ― Իմ զարմանքն անկեղծ էր։
― Կարծես թե մենք՝ կանայքս, այդ բանը նախապես չենք զգում։ Մի՞թե դուք կարծում եք, թե մեզ կարելի է հանկարծակիի բերել․․․ Ա՜խ, Նեդ, ես ինձ այնպես լավ էի զգում ձեզ հետ․․․ Ինչո՞ւ փչացնել մեր բարեկամությունը։ Դուք բոլորովին չեք գնահատում, որ ահա մենք երիտասարդ տղամարդ ու կին, կարող ենք անկաշկանդ խոսել իրար հետ։
― Իսկապես, չգիտեմ, Գլեդիս։ Բանն այն է, որ ես նույնքան անկաշկանդ կարող էի խոսել․․․ դե, ասենք, երկաթուղային կայարանի պետի հետ։ ― Ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց լույս ընկավ այդ կայարանի պետը, բայց փաստը մնում է փաստ, որ հանկարծ այդ պաշտոնական անձը տնկվեց մեր առաջ և երկուսիս էլ ծիծաղեցրեց։ ― Ո՛չ, Գլեդիս, ես շատ ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ գրկել ձեզ, ուզում եմ ձեր գլուխը սեղմել կրծքիս։ Գլեդիս, ես ուզում եմ․․․
Տեսնելով, որ ես պատրաստվում եմ իրականացնել իմ խոսքերը, Գլեդիսն արագ վեր թռավ բազկաթոռից։
― Նեդ, դուք ամեն ինչ փչացրիք, ― ասաց նա։ ― Ինչքան լավ ու հասարակ է լինում մինչև դրա գալը։ Մի՞թե դուք չեք կարող ձեզ տիրապետել։
― Բայց ախր հո առաջինը ես չեմ այդ բանը մտածել, ― աղաչեցի ես։ ― Մարդկային բնույթն է այդպես։ Այդպես է սերը։
― Այո, երբ սերը փոխադարձ է, այն ժամանակ, հավանորեն, ամեն բան այլ կերպ է լինում։ Բայց ես երբեք այդ զգացումը չեմ ունեցել։
― Դո՛ւք, ձեր գեղեցկությա՜մբ, ձեր սրտո՜վ։ Գլեդիս, ախր դուք ստեղծված եք սիրելու համար։ Դուք պետք է սիրեք։
― Այդ դեպքում պետք է սպասել, մինչև որ սերն ինքը կգա։
― Բայց ինչո՞ւ դուք ինձ չեք սիրում, Գլեդիս։ Ինչն է խանգարում՝ իմ արտաքի՞նը, թե՞ մի ուրիշ բան։
Այստեղ Գլեդիսը մի փոքր մեղմացավ։ Նա պարզեց իր ձեռքը, ― որքա՜ն նազելիություն ու ներողամտություն կար այդ շարժման մեջ, և գլուխս ետ տարավ։ Հետո թախծոտ ժպիտով նայեց դեմքիս։
― Ոչ, բանն այդ չէ, ― ասաց նա։ ― Դուք սնապարծ չեք, և ես համարձակորեն կարող եմ խոստովանել, որ բանն այդ չէ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք։
― Իմ բնավորությո՞ւնը։
Նա գլուխը խստությամբ խոնարհեց։
― Ես կուղղվեմ, ասացեք միայն, թե ի՛նչ եք ուզում ինձանից։ Նստեցեք, ամեն ինչ միասին քննենք։ Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք։
Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից։ Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա։ Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում։ Ինչևէ, բայց Գլեդիսը նստեց բազկաթոռին։
― Այժմ ասացեք, թե ինչի՞ց եք դժգոհ։
― Ես սիրում եմ ուրիշին։
Վեր ցատկելու հերթը հասավ ինձ։
― Մի՛ վախեցեք, ես խոսում եմ իդեալի մասին, ― բացատրեց Գլեդիսը՝ ծիծաղն աչքերին նայելով իմ փոխված դեմքին։ ― Կյանքում դեռ այդպիսի մարդ չի պատահել ինձ։
― Ասացեք, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի։
― Նա, թերևս շատ նման է ձեզ։
―Որքա՜ն բարի եք դուք։ Այդ դեպքում ի՞նչն է պակասում ինձ։ Ձեր մի խոսքը բավական է։ Ի՞նչ է նա՝ հակաալկոհոլի՞կ, բանջարակե՞ր, օդանավո՞րդ, գերմա՞րդ․․․ Ես ամեն բանի համաձայն եմ, Գլեդիս, միայն ասացեք, թե ինչ եք ուզում։
Այդպիսի զիջողամտությունը զվարճացրեց նրան։
― Ամենից առաջ հազիվ թե իմ իդեալն այդպես խոսեր։ Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին։ Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության։ Ես կսիրեմ ոչ թե նրան իրեն, այլ նրա փառքը, որովհետև այդ փառքի ցոլքը կընկնի նաև ինձ վրա։ Հիշեցեք Ռիչարդ Բերտոնին։[4] Երբ ես կարդացի այդ ճանապարհորդի կենսագրությունը, որ գրել էր նրա կինը, ինձ համար հասկանալի դարձավ, թե նա ինչու էր սիրել այդ մարդուն։ Իսկ լեդի Ստենլի՞ն։[5] Հիշո՞ւմ եք նրա գրքի վերջին գլուխը իր ամուսնու մասին։ Ահա թե ինչպիսի տղամարդկանց առաջ պետք է կինը խոնարհվի։ Ահա սեր, որը ոչ թե նվաստացնում է, այլ մեծարում, որովհետև ամբողջ աշխարհը կհարգի այդպիսի կնոջը իբրև մեծ սխրագործությունների ոգեշնչողի։
Գլեդիսն այդ րոպեին այնքան գեղեցիկ էր, որ ես քիչ մնաց խախտեի մեր զրույցի վերամբարձ տոնը, սակայն ժամանակին զսպեցի ինձ ու շարունակեցի վեճը։
― Բոլորը չեն կարող Բերտոն ու Ստենլի լինել, ― ասացի ես։ ― Ասենք այդպիսի դեպք էլ չի պատահում, իսկ որ պատահեր, ես ձեռքից բաց չէի թողնի։
― Ոչ, այդպիսի դեպքեր պատահում են ամեն քայլափոխում։ Իմ իդեալի էությունն էլ հենց այն է, որ նա ինքն է գնում սխրագործությանն ընդառաջ։ Նրան ոչ մի խոչընդոտ ետ չի պահի։ Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի։ Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը։ Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով։ Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ։ Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն։ Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն։ Ռուսաստանի կենտրոնում ինչ֊որ տեղ։ Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում։ Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան։ Ինչպիսի՜ նախանձ է առաջացնում նա ուրիշների մեջ։ Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինը հերոս է։
― Ձեզ համար ես պատրաստ եմ ամեն ինչի։
― Միայն ի՞նձ համար։ Ոչ, դա բանի նման չէ։ Դուք պետք է սխրագործության գնաք, որովհետև այլ կերպ չեք կարող, որովհետև այդպիսին է ձեր էությունը, որովհետև տղամարդկային բնույթը ձեր մեջ պահանջում է իր դրսևորումը։ Այ, օրինակ, դուք գրեցիք Վիգանի ածխահանքում տեղի ունեցած պայթունի մասին։ Իսկ ինչո՞ւ չիջնեիք այնտեղ և չօգնեիք մարդկանց, որոնք մեռնում էին խեղդող գազից։
― Ես իջել եմ։
― Դուք ինձ այդ մասին չեք ասել։
― Իսկ ի՞նչ մի առանձին բան կա այդտեղ։
― Ես այդ չգիտեի։ ― Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։ ― Համարձակ քայլ է։
― Ինձ ուրիշ բան չէր մնում անելու։ Եթե ուզում ես լավ ակնարկ գրել, պետք է ինքդ լինես դեպքի վայրում։
― Ի՜նչ պրոզայիկ դրդապատճառ։ Դա ոչնչացնում է ամբողջ ռոմանտիկան։ Սակայն ես շատ ուրախ եմ, որ դուք իջել եք ածխահանք։
Ես չէի կարող չհամբուրել ինձ պարզած ձեռքը՝ այնքան նազելիություն ու արժանապատվություն կան նրա այդ շարժման մեջ։
― Երևի դուք ինձ համարում եք խելացնորի մեկը, որը դեռ հրաժեշտ չի տվել իր աղջկական երազներին։ Բայց նրանք այնքան իրական են ինձ համար․․․ Ես չեմ կարող չհետևել նրանց՝ այդ բանը մտել է իմ մսի ու արյան մեջ։ Եթե ես երբևէ ամուսնանամ, ապա կամուսնանամ միայն նշանավոր մարդու հետ։
― Հապա ո՜նց, ― բացականչեցի ես։ ― Ուրիշ ովքե՞ր կարող են ոգեշնչել տղամարդկանց, եթե ոչ ձեզ նման կանայք։ Թող միայն մի հարմար առիթ ներկայանա, և այն ժամանակ կտեսնեք՝ ես կարո՞ղ եմ դրանից օգտվել թե ոչ։ Ասում եք՝ մարդ ինքը պիտի ստեղծի իր փառքը և ոչ թե սպասի, թե նա երբ կլինի իր ձեռքերի մեջ։ Ահա թեկուզ Քլայվը․[6] մի համեստ գրագիր էր, բայց նվաճեց Հնդկաստանը։ Ոչ, երդվում եմ ձեզ, դեռ աշխարհը կիմանա, թե ես ինչի եմ ընդունակ։
Գլեդիսը ծիծաղեց իմ իռլանդական բռնկվող խառնվածքի վրա։
― Ինչ կա որ, գործեցեք։ Դրա համար դուք ամեն ինչ ունեք՝ երիտասարդություն, առողջություն, ուժ, կրթություն, եռանդ։ Երբ դուք սկսեցիք այս խոսակցությունը, ես շատ տխրեցի։ Իսկ այժմ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ձեր մեջ այդպիսի մտքեր արթնացրեց։
― Իսկ եթե ես․․․
Նրա ձեռքը ինչպես փափուկ թավիշ, դիպավ իմ շրթունքներին։
― Այլևս ոչ մի խոսք, սըր։ Առանց այն էլ դուք արդեն կես ժամ ուշացել եք խմբագրությունից։ Ես պարզապես սիրտ չէի անում այդ մասին ձեզ հիշեցնել։ Բայց երբ ժամանակը գա, եթե դուք ձեզ համար տեղ նվաճեք աշխարհում, գուցե մենք վերսկսենք մեր այսօրվա խոսակցությունը։
Ահա թե ինչու ես, այնպես բախտավոր, նոյեմբերյան այդ մառախլապատ երեկոյան հասա քեմբերուելյան տրամվային, հաստատ որոշելով ոչ մի օր բաց չթողնել մեծ գործ որոնելու ուղղությամբ, որը արժանի լիենր իմ գեղեցիկ դամային։ Սակայն որ կարող էր նախատեսել, թե ինչպիսի՜ ձևեր կընդունի այդ գործը, և ի՛նչ արտասովոր ճանապարհով կհասնեմ ես նրան։
Ընթերցողը, հավանորեն, կասի, թե այս ներածային գլուխը ոչ մի կապ չունի իմ պատմության հետ, բայց առանց դրա այս պատմությունն էլ չէր լինի, որովհետև ո՛վ, եթե ոչ այն մարդը, որը ոգեշնչված է ինքն իր ձեռքով իր փառքը ստեղծելու մտքով և պատրաստ է ամեն մի սխրագործության, ընդունակ է այդպիսի վճռականությամբ կապերը խզել սովորական ապրելաձևի հետ ու ճամփա ընկնել դեպի խորհրդավոր խավարով պարուրված մի երկիր, ուր նրան սպասում են մեծ արկածներ և մեծ պարգև դրանց համար։
Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։
Գլուխ II «Բախտներդ փորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ»
Ես միշտ սիրել եմ մեր «Վերջին նորությունների» բաժնի վարիչին, կարմրաշեկ փնթփնթան Մակ֊Արդլին, և կարծում եմ, որ նա էլ վատ չի վերաբերվել իմ նկատմամբ։ Անշուշտ, մեր իսկական տիրակալը Բոմոնտն էր, բայց նա սովորաբար ապրում էր օլիմպիական բարձրունքների նոսր մթնոլորտում, որտեղից նրա հայացքի դեմ բացվում էին միայն այնպիսի իրադարձություններ, ինչպես միջազգային ճքնաժամերը կամ մինիստրների կաբինետի անկումը։ Երբեմն մենք տեսնում էինք, թե նա ինչպես է վեհապանծորեն ընթանում դեպի իր սրբավայրը՝ հայացքը հառած տարածության մեջ և մտովին սավառնելով ինչ֊որ Բալկաններում կամ Պարսկական ծոցում։ Մեզ համար Բոմոնտը մնում էր անմատչելի, և մենք սովորաբար գործ էինք ունենում Մակ֊Արդլի հետ, որը նրա աջ ձեռքն էր։
Երբ ես ներս մտա խմբագրություն, ծերուկը գլխով արավ ինձ և ակնոցը բարձրացրեց ճաղատին։
― Դե, միստր Մելոուն, չորս կողմից ձեր մասին է, որ լսում եմ։ Դուք հաջողություն եք ունենում, ― սիրալիր կերպով ասաց նա։
Ես շնորհակալություն հայտնեցի։
― Ձեր ակնարկը ածխահանքի պայթույնի մասին հոյակապ է։ Նույնը կարող եմ ասել Սաուտուորկի հրդեհը պատկերող թղթակցության մասին։ Դուք բոլոր տվյալներն ունեք լավ ժուռնալիստ դառնալու։ Որևէ գործո՞վ եք եկել ինձ մոտ։
― Այո։ Ուզում եմ ձեզնից մի բան խնդրել։
Մակ֊Արդլի աչքերը վախեցած պտտվեցին չորս կողմ։
― Հը՜մ֊հը՜մ․․․ Ի՞նչ բան է։
― Սըր, արդյոք չէի՞ք կարող մեր թերթի կողմից որևէ հանձնարարությամբ մի տեղ ուղարկել ինձ։ Ես ամեն ինչ կանեմ ու հետաքրքրական նյութ կբերեմ ձեզ։
― Ի՜նչ հանձնարարություն նկատի ունեք, միստր Մելոուն։
― Ինչպիսին ուզում եք, սըր, միայն թե կապված լինի արկածների և վտանգների հետ։ Ես թերթը ամոթով չեմ թողնի, սըր։ Եվ որքան դժվար լինի ինձ համար, այնքան լավ։
― Երևում է, դուք ձեր կյանքից ձեռ եք քաշել։
― Ոչ, ես չեմ ուզում, որպեսզի նա իզուր անցնի, սըր։
― Թանկագին միստր Մելոուն, դուք արդեն շատ եք․․․ շատ եք վեր ճախրում։ Այն ժամանակները չեն։ Սեփական թղթակիցների վրա կատարվող ծախսերն այլևս չեն արդարացնում իրենց։ Եվ, համենայն դեպս, այդպիսի հանձնարարությունները արվում են անուն ունեցող մարդկանց, որոնք կարող են նվաճել հասարակության վստահությունը։ Քարտեզի վրա եղած սպիտակ բծերը վաղուց են լցվել, իսկ դուք ոչ այս, ոչ այն՝ երաղում եք ռոմանտիկական արկածների մասին։ Բայց, սպասեցեք, ― ավելացրեց նա և հանկարծ ժպտաց։ ― Ի դեպ, սպիտակ բծերի մասին։ Իսկ ինչ, եթե մենք պսակազերծ անենք մի շառլատանի, ժամանակակից Մյունհաուզենի, և նրան ծիծաղելի դարձնենք բոլորի աչքում։ Ինչո՞ւ դուք չմերկացնեք նրա սուտը։ Դա վատ չի լինի։ Դե համաձա՞ն եք։
― Ուր ուզեք, որտեղ ուզեք՝ ամեն ինչի պատրաստ եմ։
Մակ֊Արդլը խորասուզվեց մտածմունքների մեջ։
― Մի մարդ կա, ― վերջապես խոսեց նա։ ― Միայն թե չգիտեմ, կհաջողվի՞ ձեզ ծանոթություն հաստատել նրա հետ, կամ գոնե ինտերվյու ստանալ։ Բայց կարծեմ դուք օժտված եք մարդկանց դեպի ձեզ տրամադրելու շնորհքով։ Չգիտեմ, թե բանն ինչ է՝ համակրելի պատանի եք՝ դրանի՞ց է, կենդանական մագնիսականությունի՞ց, թե՞ ձեր կենսուրախությունից, բայց այդ բանը ինձ վրա եմ զգացել։
― Դուք շատ բարի եք իմ նկատմամբ, սըր։
― Այդպես, ուրեմն, ինչո՞ւ դուք ձեր բախտը չփորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ։ Նա ապրում Էնմոր֊Պարկում։
Պետք է խոստովանեմ, ես մի փոքր մտահոգվեցի այդ առաջարկությունից։
― Չելենջե՞ր։ Նշանավոր կենդանաբան պրոֆեսոր Չելենջե՞րը։ Այդ նա չէ՞ր որ «Տելեգրաֆի» աշխատակից Բլանդելի գլուխը ջարդեց։
«Վերջին նորությունների» բաժնի վարիչը մռայլ քմծիծաղեց։
― Ի՛նչ, դուր չի՞ գալիս։ Չէ որ դուք պատրաստ էիք ամեն մի սխրագործության։
― Ոչ, ինչո՞ւ։ Մեր գործում ամեն բան պատահում է, սըր, ― պատասխանեցի ես։
― Միանգամայն ճիշտ է։ Բայց չեմ կարծում, թե նա միշտ էլ այդպիսի կատաղի տրամադրության մեջ լինի։ Հավանորեն, Բլանդելը անժամանակ է ընկել նրա մոտ կամ այնպես չի վարվել ինչպես պետք է։ Հուսով եմ, որ դուք ավելի հաջողակ կլինեք։ Վստահ եմ նաև ձեզ հատուկ խոհեմության վրա։ Դա իսկը ձեր գծով է, իսկ թերթը հաճույքով կզետեղի այդպիսի նյութը։
― Ես պարզապես ոչինչ չգիտեմ այդ Չելենջերի մասին։ Միայն հիշում եմ նրա անունը՝ կապված Բլանդելին ծեծելու դատավարության հետ, ― ասացի ես։
― Ինձ մոտ որոշ տեղեկություններ կգտնվեն, միստր Մելոուն։ Իր ժամանակին ես հետաքրքրվում էի այդ սուբյեկտով։ ― Նա դարակից մի թերթ թուղթ հանեց։ ― Ահա համառոտակի այն ամենը, ինչ֊որ հայտնի է նրա մասին։ «Չելենջեր Ջորջ Էդուարդ։ Ծնվել է Լարգսում 1863 թվականին։ Կրթությունը․ Լարգսի դպրոց, Էդինբուրգի համալսարան։ 1892֊ին՝ Բրիտանական թանգարանի գիտական աշխատող։ 1893֊ին՝ Համեմատական մարդաբանության թանգարանում բաժնի վարիչի օգնական։ Նույն տարում թողեց այդ տեղը, թունալից նամակներ փոխանակելով թանգարանի դիրեկտորի հետ։ Արժանացել է մեդալի կենդանաբանության ասպարեզում կատարած գիտական հետազոտությունների համար։ Օտարերկրյա գիտական ընկերությունների անդամ․․․»։ Դե, այստեղ հետևում է տասը տող պետիտով շարված երկար֊բարակ մի թվարկում․ Բելգիական ընկերություն, Ամերիկյան ակադեմիա, Լա֊Պլատա և այլն, Հնէաբանական ընկերության փոխպրեզիդենտ, Բրիտանական ասոցացիա և ուրիշներ։ Տպագիր աշխատություններ․ «Կալմիկների գանգի կառուցվածքի հարցի արթիվ», «Ողնաշարավորների էվոլյուցիայի ուրվագծեր» և բազմաթիվ հոդվածներ, այդ թվում «Վեյսմանի կեղծ թեորիան», որը տաք վեճեր առաջ բերեց Վիեննայի կենդանաբանական կոնգրեսում։ Սիրած զվարճություններ․ ոտքով զբոսանքներ, ալպինիզմ։ Հասցեն․ Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։ Ահա սա վերցրեք ձեզ հետ։ Այսօր այլևս ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։
Ես թուղթը դրի գրպանս և, տեսնելով, որ Մակ֊Արդլի կարմիր դեմքի փոխարեն ինձ է նայում նրա վարդագույն ճաղատը, ասացի․
― Մի րոպե, սըր։ Ինձ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ հարցով պետք է ինտերվյու վերցնել այդ ջենտլմենից։ Նա ի՞նչ է արել։
Աչքերիս առաջ նորից երևաց Մակ֊Արդլի կարմրայտ կերպարանքը։
― Ինչ է արե՞լ։ Երկու տարի առաջ միայնակ մեկնել է Հարավային Ամերիկա։ Վերադարձավ անցյալ տարի։ Հարավային Ամերիկայում եղել է անկասկած, սակայն հրաժարվում է ճշգրիտ մատնանշել, թե հատկապես ո՛րտեղ։ Նոր էր սկսել մշուշապատ տեսքով շարադրել իր արկածները, բայց առաջին իսկ կասկածամտությունից հետո ասես բերանը ջուր առավ։ Ինչպես երևում է, ինչ֊որ հրաշքներ են տեղի ունեցել, եթե միայն նա վիթխարի մի սուտ չի մատուցում, որը, ի դեպ, ավելի քան հավանական է։ Վկայակոչում է փչացած լուսանկարները, ինչպես պնդում են՝ կեղծված։ Մարդուն այն տեղը հասցրին, որ սկսեց տառացիորեն հարձակվել բոլորի վրա, ովքեր հարցերով դիմում են իրեն, և արդեն մի քանի ռեպորտյորի աստիճաններից ցած է գլորել։ Ըստ իս, նա պարզապես վտանգավոր մանյակ է, որն իրեն երևակայում է մեծ գիտնական և ընդունակ է մարդասպանության։ Ահա թե ում հետ պետք է գործ ունենաք, միստր Մելոուն։ Իսկ այժմ, մա՛րշ այստեղից։ Աշխատեցեք դուրս քամել նրանից այն ամենը, ինչ֊որ հնարավոր է։ Դուք մարդ եք և կարող եք պաշտպանել ձեզ։ Վերջ ի վոերջո ռիսկն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք աշխատանք տվողների պատասխանատվության օրենքը։
Քմծիծաղող կարմիր կերպարանքը նորից թաքնվեց աչքիցս, և ես տեսա նրա՝ կարմրաշեկ մազերով շրջանակված վարդագույն ձվածիրը։ Մեր զրույցը վերջացած էր։
Քայլերս ուղղեցի դեպի մեր «Վայրենի» ակումբը, բայց ճամփին կանգ առա Ադելֆի֊Տեռասի պատվարորմի մոտ և երկար մտախոհ նայում էի ներքև, գետի մակերեսի մութ, ծիածանագույն նախշերին։ Թարմ օդում իմ գլխի մեջ միշտ էլ առողջ, պարզ մտքեր են ծնվում։ Հանեցի գրպանիցս թերթիկը, որը թվարկում էր պրոֆեսոր Չելենջերի բոլոր սխրագործությունները և արագ աչքի անցկացրի այն՝ փողոցի լապտերի լույսի տակ։ Այստեղ ես ոգեշնչվեցի՝ ուրիշ ո՛չ մի կերպ չի կարելի անվանել այդ։ Դատելով այն ամենից, ինչ որ ես արդեն գիտեի այդ կռվարար պրոֆեսորի մասին, մի բան պարզ էր, որ ոչ մի ռեպորտյոր չի կարող նրա մոտ ընկնել։ Բայց նրա կարճ կենսագրության մեջ հիշատակվող երկու սկանդալները վկայում էին միայն, որ նա գիտության ֆանատիկ է։ Այդպես, ահա, չի՞ կարելի արդյոք խաղալ նրա այդ թուլության վրա։ Փորձե՜նք։
Մտա ակումբ։ Տասներկուսի սկիզբն էր, և հյուրասենյակում արդեն մարդիկ էին խռնվել, չնայած դեռ շատ ժամանակ կար մինչև լրիվ հավաքվելը։ Բուխարու մոտ դրված բազկաթոռին մի ինչ֊որ բարձրահասակ, նիհար մարդ էր նստել։ Երբ իմ բազկաթոռը մոտեցրի կրակին, նա դեմքով շուռ եկավ դեպի ինձ։ Ես միայն երազել կարող էի այդպիսի հանդիպման մասին։ Դա «Բնություն» ամսագրի աշխատակից Հենրի Տարպն էր՝ մումիայի նման վտիտ, աշխարհի ամենաբարի արարածը։ Իսկույն գործի անցա։
― Ի՞նչ գիտեք պրոֆեսոր Չելենջերի մասին։
― Չելենջերի՞։ ― Տարպն անբավական մռայլվեց։ ― Այդ այն մարդն է, որն ամեն տեսակ հեքիաթներ էր պատմում Հարավային Ամերիկայում կատարված իր ճանապարհորդության մասին։
― Ի՞նչ հեքիաթներ։
― Իբրև թե ինչ֊որ զարմանալի կենդանիներ է հայտնաբերել այնտեղ։ Մի խոսքով, անհավատալի ցնդաբանություն։ Հետագայում, կարծեմ, նրան հարկադրեցին հրաժարվելու իր խոսքերից։ Համենայն դեպս, նա լռեց։ Նրա վերջին փորձը Ռեյտերին տրված ինտերվյուն է։ Բայց այդ բանը փոթորիկ առաջացրեց, և նա իսկույն հասկացավ, որ գործը վատ է։ Այդ ամբողջ պատմությունը սկանդալային բնույթ ունի։ Ոմանք նրա պատմածները լուրջ բանի տեղ ընդունեցին, բայց շուտավ նա այդ սակավաթիվ պաշտպաններին էլ ետ վանեց իրենից։
― Ինչո՞վ։
― Իր անասելի կոպտությամբ և վրդովեցուցիչ վարքով։ Կենդանաբանական ինստիտուտի խեղճ Ուեդլին նույնպես անախորժություն ունեցավ։ Նա այպիսի բովանդակությամբ մի նամակ ուղարկեց Չելենջերին․ «Կենդանաբանական իստիտուտի դիրեկտորը հավաստում է իր հարգանքը պրոֆեսոր Չելենջերին և պատիվ կհամարի իրեն, եթե պրոֆեսորը ներկա գտնվի ինստիտուտի հերթական ժողովին»։ Պատասխանը միանգամայն անթույլատրելի էր։
― Չի՛ կարող պատահել։
― Խիստ մեղմացված տեսքով դա հնչում է մոտավորապես այսպես․ «Պրոֆեսոր Չելենջերը հավաստում է իր հարգանքը Կենդանաբանական ինստիտուտի դիրեկտորին և սիրալիրություն կհամարի նրա կողմից, եթե նա գրողի ծոցն անցնի»։
― Տե՜ր աստված։
― Այո, երևի նույն բանն ասաց նաև ծերուկ Ուեդլին։ Հիշում են նրա աղաղակը ինստիտուտի նույն ժողովում․ «Գիտության գործիչների հետ ունեցածս հիսուն տարվա շփման ընթացքում․․․»։ Ծերուկը բոլորովին կորցրել էր ոտքի տակի հողը։
― Դե, ուրիշ ինչ կպատմեք այդ Չելենջերի մասին։
― Ախր, ինչպես ձեզ հայտնի է, ես մանրէաբան եմ։ Ապրում եմ այն աշխարհում, որ երևում է ինը հարյուր անգամ մեծացող մանրադիտակով, իսկ այն, ինչ տեսանելի է չզինված աչքին, ինձ քիչ է հետաքրքրում։ Ես կանգնած եմ ճանաչելիի սահմանի պահպանության դիրքում և երբ ստիպված եմ լինում թողնել իմ աշխատասենյակն ու հանդիպել մարդկանց, ― անճոռնի ու կոպիտ այդ արարածներին, ― դա միշտ ինձ հավասարակշռությունից հանում է։ Ես կողմնակի մարդ եմ, գլուխ չունեմ բամբասանքների, բայց և այնպես Չելենջերի մասին եղած խծրծանքներից որոշ բան հասել է նաև իմ ականջին, որովհետև նա այն մարդկանցից չէ, որոնցից պարզապես կարելի է խույս տալ։ Չելենջերը խելոք մարդ է։ Նա մարդկային ուժի ու կենսունակության ակումուլյատոր է, բայց միաժամանակ կատաղի ֆանատիկ, որն իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Այդ մարդը հասել է մինչև այնտեղ, որ վկայակոչում է ակնհայտորեն կեղծված ինչ֊որ լուսանկարներ, պնդելով, թե իբր դրանք բերված են Հարավային Ամերիկայից։
― Դուք նրան ֆանատիկ անվանեցիք։ Ինչո՞ւմն է արտահայտվում այդ ֆանատիզմը։
― Ինչում ուզես։ Նրա վերջին արտառոց վարմունքը Վեյսմանի էվոլյուցիոն թեորիայի վրա հարձակումներն են։ Ասում են, թե նա Վիեննայում մի մեծ սկանդալ է սարքել այդ առթիվ։
― Չէ՞ք կարող ավելի մանրամասն պատմել, թե բանն ինչ է։
― Ոչ, հիմա չեմ կարող, բայց մեր խմբագրությունում կան Վիեննայի կոնգրեսի արձանագրությունների թարգմանություններ։ Եթե ուզում եք ծանոթանալ, գնանք, ես ձեզ ցույց կտամ։
― Դա շատ հարմար կլիներ։ Ինձ հանձնարարված է ինտերվյու վերցնել այդ սուբյեկտից, ահա ուրեմն անհրաժեշտ է մոտեցման որևէ եղանակ գտնել։ Շատ շնորհակալ եմ օգնության համար։
Կես ժամ հետո ես նստած էի ամսագրի խմբագրատանը, առջևս դրված էր մի հաստ հատոր, բացված «Վեյսմանը Դարվինի դեմ» էջում, որ ուներ այսպիսի ենթավերնագիր․ «Բուռն բողոքներ Վիեննայում։ Աշխույժ վիճաբանություններ»։ Իմ գիտական պաշարը աչքի չի ընկնում հիմնավորությամբ, դրա համար էլ ես չէի կարող թափանցել վեճի բուն էության մեջ, բայց և այնպես մեկեն ինձ համար պարզ դարձավ, որ անգլիացի պրոֆեսորը վիճում էր ծայրահեղ սրությամբ, որով չափազանց գրգռում էր իր մայր ցամաքի կոլեգաներին։ Ես ուշադրություն դարձրի հենց առաջին երեք փակագծերին․ «Բողոքի բացականչություններ տեղերից», «Դահլիճում աղմուկ», «Ընդհանուր վրդովվմունք»։ Հաշվետվության մնացած մասը ինձ համար ոնց որ չինարեն։ Այնքան քիչ էի գլուխ հանում կենդանաբանությունից, որ ոչինչ չհասկացա։
― Գոնե դուք այս բաները մարդկային լեզվով թարգմանեցեք ինձ համար, ― աղաչեցի ես՝ դիմելով կոլեգայիս։
― Ախր սա հենց թարգմանությունն է որ կա։
― Այն ժամանակ ավելի լավ է դիմեմ բնագրին։
― Իսկապես, անիրազեկ մարդը դժվար է կարող հասկանալ, թե բանն ինչ է։
― Երանի կարողանայի այս ամբողջ անմտությունից դուրս քաղել մի միակ խելամիտ ֆրազ, որն իր մեջ որևէ որոշակի բովանդակություն ունենար։ Ահա, այ սա կարծես հարմար է։ Ես նույնիսկ համարյա հասկանում եմ։ Հիմա կարտագրենք։ Թող սա ծառայի իբրև կապող օղակ իմ և ձեր այդ սարսափելի պրոֆեսորի միջև։
― Ուրիշ բան չե՞ք ուզում։
― Ո՛չ, ո՛չ, սպասեք։ Ուզում եմ մի նամակով դիմել նրան։ Եթե թույլ տաք նամակը գրել այստեղ և օգտվել ձեր հասցեից, այդ ավելի ազդեցիք բնույթ կտա իմ ուղերձին։
― Այն ժամանակ Չելենջերն անմիջապես կներխուժի այստեղ և ջարդուփշուր կանի մեր ողջ կահ֊կարասին։
― Չէ, ի՜նչ եք ասում։ Նամակը ցույց կտամ ձեզ։ Հավատացնում եմ, որ ոչ մի վիրավորական բան չի լինի այնտեղ։
― Ինչ արած, նստեք իմ սեղանի մոտ։ Ահա թուղթ։ Նամակն ուղարկելուց առաջ տվեք ինձ գրաքննության։
Բավական երկար տքնեցի, բայց վերջ ի վերջո արդյունքը վատ չստացվեց։ Հպարտ իմ ստեղծագործությամբ, ես բարձրաձայն կարդացի այն հոռետեսորեն տրամադրված մանրէաբանին։
― «Մեծարգո պրոֆեսոր Չելենջեր։ Լինելով համեստ բնախույզ՝ ես խորին հետաքրքրությամբ եմ հետևում այն ենթադրություններին, որ Դուք արտահայտել եք Դարվինի և Վեյսմանի թեորիաների միջև գոյություն ունեցող հակասությունների առթիվ։ Վերջերս ես հնարավորություն ունեցա հիշողությանս մեջ թարմացնելու Ձեր․․․»։
― Անխիղճ ստախոս, ― քրթմնջաց Հենրի Տարպը։
― «․․․ Ձեր փայլուն նյութը Վիեննայի կոնգրեսում։ Շարադրված մտքերով խիստ հստակ այդ զեկուցումը պետք է համարել բնագիտության ասպարեզում գիտության վերջին խոսքը։ Սակայն այնտեղ ասված է ահա թե ինչ․ «Ես վճռականորեն առարկում եմ այն անընդունելի և գերդոգմատիկ պնդման դեմ, որ իբր յուրաքանչյուր մեկուսացած ինդիվիդ մի միկրոկոսմ է՝ օժտված օրգանիզմի պատմականորեն առաջացած կազմությամբ, որը (օրգանիզմը) մշակվել է աստիճանաբար, բազմաթիվ սերունդների ընթացքում»։ Արդյոք անհրաժեշտ չէ՞իքն համարի այդ բնագավառում կատարված վերջին հայտնագործությունների կապակցությամբ որոշ ուղղումներ մտցնել ձեր ասածներում։ Որոշ բռնազբոսիկություն չկա՞ դրանց մեջ։ Բարի եզեք ընդունել ինձ, քանի որ ինձ համար խիստ անհրաժեշտ է լուծել այդ հարցը, իսկ իմ գլխում ծագած որոշ մտքեր կարելի է զարգացնել միայն անձնական զրույցի ընթացքում։ Ձեր թույլտվությամբ պատիվ կունենամ այցելելու Ձեզ վաղը չէ մյուս օրը (չորեքշաբթի) առավոտյան ժամը տասնմեկին։ Մնամ, սըր, Ձեր խոնարհ ծառա, Ձեզ հարգող Էդուարդ Դ․ Մելոուն»։
― Դե, ինչպե՞ս է, ― հաղթականորեն հարցրի ես։
― Եթե ձեր խիղճը չի բողոքում․․․
― Նա դեռ երբեք չի դավաճանել ինձ։
― Բայց հետո ի՞նչ եք անելու։
― Կգնամ նրա մոտ։ Հաջողվե՜ր միայն մտնել նրա աշխատասենյակը, իսկ հետո կմտածեմ, թե ինչպես պետք է գործել։ Թերևս հարկ լինի մինչև իսկ անկեղծորեն ամեն ինչ խոստովանել։ Եթե պրոֆեսորը սպորտային ջիղ ունի, ես դրանով միայն կհաճոյանամ նրան։
― Կհաճոյանա՞ք։ Զգուշացեք, որ նա որևէ ծանր բանով չհասցնի ձեզ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ օղազրահ կամ ամերիկյան ֆուտբոլային կոստյում հագնել։ Դե, հաջողություն։ Պատասխանն այստեղ ձեզ կսպասի չորեքշաբթի առավոտյան, եթե միայն նա բարեհաճի պատասխանել։ Դա մի կատաղի, վտանգավոր սուբյեկտ է, ընդհանուր թշնամանքի թիրախ և ծիծաղի առարկա այն ուսանողների համար, որոնք չեն վախենում նրան գրգռելուց։ Ձեզ համար, թերևս, ավելի լավ կլիներ, եթե երբեք էլ չլսեիք Չելենջերի մասին։
Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է»
Բարեկամիս երկյուղներն ու հույսերը չարդրացան։ Երբ չորեքշաբթի օրը անցա նրա մոտ, ինձ սպասում էր կենսինգտոնյան դրոշմակ կրող նամակը։ Հասցեն խզբզած էր մի ձեռագրով, որը փշալար էր հիշեցնում։ Նամակի բովանդակությունն այս էր․
«Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։
Սըր։
Ստացա ձեր նամակը, որով հավաստում եք, թե պաշտպանում եք իմ տեսակետը, որը, սակայն, ոչ ոքի պաշտպանության կարիքը չի զգում։ Խոսելով դարվինիզնի առթիվ իմ ասյութների մասին, Դուք համարձակություն եք ունեցել գործածել «ենթադրություններ» բառը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ տվյալ կոնտեքստում դա որոշ չափով վիրավորական է։ Սակայն, Ձեր նամակի բովանդակությունը համոզում է ինձ, որ ավելի շատ Ձեզ կարելի է մեղադրել տգիտության և անտակտության, քան թե որևէ վատ մտադրության մեջ, ուստի Դուք դրա համար անպատիժ կմնաք։ Դուք ցիտում եք իմ զեկուզումից դուրս կորզած մի ֆրազ և, ըստ երևույթին, այնքան էլ լավ չեք հասկանում այն։ Ինձ թվում է, որ այդ ֆրազի միտքը կարող է մութ մնալ միայն այնպիսի արարածի համար, որը կանգած է զարգացման ցածրագույն աստիճանի վրա, բայց եթե նա իրոք լրացուցիչ մեկնաբանություն է պահանջում, ապա ես պատրաստ եմ ընդունել Ձեզ Ձեր նշած ժամին, չնայած ամեն կարգի այցելություններն ու այցելուները անասելի տհաճություն են պատճառում ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իմ տեսության «որոշ ուղղումներին», ապա թող հայտնի լինի Ձեզ, որ ես հասուն դատողությամբ արտահայտելով իմ հայացքները, սովորություն չունեմ այլևս փոխել դրանք։ Երբ Դուք կգաք, բարի եղեք այս նամակի ծրարը ցույց տալ իմ ծառա Օստինին, քանզի նրա պարտականությունների մեջ է մտնում պաշտպանել ինձ այն աներես սրիկաներից, որոնք իրենց ռեպորտյորներ են անվանում։
Ձեզ հարգող՝
Ջորջ Էդուարդ Չելենջեր»։
Այդ էր իմ ստացած պատասխանը, և ես բարձրաձայն կարդացի այն Հենրի Տարպին, որը դիտմամբ ավելի վաղ էր եկել խմբագրություն, որպեսզի իմ համարձակ փորձի արդյունքները իմանա։ Տարպը սահմանափակվեց միայն հետևյալ դիտողությամբ։
― Ասում են՝ կա արյունահոսությունը դադարեցնող ինչ֊որ մի նոր միջոց՝ կուտիկուրա կամ դրա նման մի բան։ Նա փռնչուկից ավելի լավ է ազդում։
Հումորի ի՜նչ տարօրինակ ու անհասկանալի զգացումով են օժտված որոշ մարդիկ․․․
Նամակն ստացա տասն անց կեսին, բայց կեբն առանց ուշացման ինձ հասցրեց նշանակված տեղը։ Այն տունը, որի առաջ կանգ առանք, խիստ ազդեցիկ տեսք ուներ․ մեծ շքամուտքը և պատուհանների ծանր վարագույրները վկայում էին այդ ահեղ պրոֆեսորի բարեկեցության մասին։ Դուռն իմ առաջ բացեց թուխ, անորոշ տարիքի չորիկ֊մորիկ մի մարդ, որ հագին ուներ նավաստու սև բաճկոնակ, իսկ ոտքերին՝ կաշվե դարչնագույն զանգապաններ։ Հետո իմացա, որ նա վարորդ էր և կատարում էր ամենատարբեր պարտակնություններ, որովհետև ոչ մի ծառա չէր դիմանում այդ տանը։ Նրա բաց կապտագույն աչքերը ոտից գլուխ զննեցին ինձ քննական հայացքով։
― Ձեզ սպասո՞ւմ են, ― հարցրեց նա։
― Այո, ինձ տեսակցություն է նշանակված։
― Նամակը մոտնե՞րդ է։
Ես ցույց տվի ծրարը։
― Ճիշտ է։
Այդ մարդը ըստ երևույթին, չէր սիրում իզուր տեղը խոսքեր վատնել։ Ես միջանցքով հետևում էի նրան, երբ հանկարծ, երևի սեղանատան դռնից, արագ իմ առաջ ելավ մի կին։ Սև աչքերով, աշխույժ այդ կինը ավելի շատ նման էր ֆրանսուհու, քան անգլուհու։
― Մի րոպե, ― ասաց նա։ ― Սպասեցեք, Օստին։ Սը՛ր, այստեղ եկեք։ Թույլ տվեք հարցնել՝ դուք առաջ հանդիպե՞լ եք իմ ամուսնուն։
― Ո՛չ, տիկին, պատիվ չեմ ունեցել։
― Այդ դեպքում ես նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Պետք է նախազգուշացնեմ ձեզ, որ նա բոլորովին անտանելի մարդ է, բառի լիակատար իմաստով, անտանելի։ Իմանալով այդ, դուք ներողամիտ կլինեք նրա նկատմամբ։
― Ես գնահատում եմ այդպիսի ուշադրությունը, տիկին։
― Հենց կտեսնեք, որ նա համբերությունից դուրս է գալիս, իսկույն դուրս փախեք սենյակից։ Մի հակաճառեք նրան։ Շատերն են արդեն հատուցել այդպիսի անզգուշության համար։ Իսկ հետո գործը բացվում է, և այդ շատ վատ է անդրադառնում թե՛ ինձ, թե՛ բոլորիս վրա։ Ինչի՞ մասին եք ուզում խոսել նրա հետ, արդյոք ո՞չ Հարավային Ամերիկայի։
― Ես կանանց առաջ չեմ կարող ստել։
― Աստվա՜ծ իմ։ Դա ամենավտանգավոր թեման է։ Դուք նրա ոչ մի խոսքին չեք հավատա, որը բոլորովին էլ ինձ չի զարմացնի։ Միայն թե ձեր անվստահությունը բարձրաձայն մի արտահայտեք, թե չէ՝ նա կսկսի մոլեգնել։ Այնպես ձևացրեք, թե հավատում եք նրան, այն ժամանակ, թերևս, ամեն ինչ բարեհաջող անցնի։ Չմոռանաք, որ նա համոզված է, թե ինքն իրավացի է։ Դրանում կարող եք չկասկածել։ Նա ինքը ազնվությունն է որ կա։ Հիմա գնացեք, հանկարծ ձեր ուշանալը կարող է նրան կասկածելի թվալ։ Իսկ երբ նկատեք, որ նա վտանգավոր է դառնում, իսկականից վտանգավոր, զանգը հնչեցրեք և աշխատեցեք պահել նրան մինչև իմ գալը։ Ես սովորաբար նույնիսկ ամենածանր րոպեներին կարողանում եմ զսպել նրան։
Այս սրտապնդիչ խոսքերով տիկինն ինձ հանձնեց լռակյաց Օստինի խնամակալությանը, որը մեր կարճ զրույցի ընթացքում կանգնել էր, ինչպես մեծագույն հանգստություն մարմնավորող բրոնզաձույլ արձան։ Նա ինձ առաջ տարավ։ Դռան թակոց, կատաղի ցուլի պատասխան մռնչյուն սենյակից, և ես դեմառդեմ կանգնած էի պրոֆեսորի առաջ։
Նա նստել էր գրքերով, քարտեզներով, դիագրամներով ծանրաբեռնված լայն սեղանի մոտ, պտտվող աթոռին։ Հենց որ ես ոտքս շեմքից ներս դրի, պտտվող աթոռը կտրուկ դարձավ դեպի ինձ։ Շունչս կանգ առավ այդ մարդու տեսքից։ Ես պատրաստ էի հանդիպելու ոչ բոլորովին սովորական անձնավորության, բայց այդպիսին մտքովս անգամ չէր անցել։ Ամենից շատ ինձ ապշեցրին նրա չափսերը։ Չափսերը և վեհապանծ կեցվածքը։ Կյանքումս նման վիթխարի գլուխ չէի տեսել։ Եթե ես հանդգնեի փորձել նրա ցիլիցնդրը, ապա, հավանորեն, մինչև ուսերս կթաղվեի դրա մեջ։ Պրոֆեսորի դեմքը և մորուքը ակամայից հիշեցնում էին ասորական ցուլերին։ Դեմքը խոշոր էր, մսոտ, մորուքը քառակուսի, կապտասև, որն ալիքաձև թափվում էր կրծքին։ Արտասովոր տպավորություն էին գործում նաև մազերը, որոնցից երկար մի փունջ ասես սոսնձված էր նրա լայն, թեք ճակատին։Գորշ կապտավուն պարզ աչքերը զննող, տիրական հայացքով նայում էին ինձ սև ու թավ հոնքերի տակից։ Ես տեսնում էի նրա լայն ուսերը, հուժկու, դուրս ընկած կուրծքը և սև, երկար, թանձր մազերով ծածկված երկու հսկայական ձեռքերը։ Եթե այս ամենին ավելացնենք որոտալից, ամպրոպանման ձայնը, ապա կհասկանաք, թե ինչպիսին էր իմ առաջին տպավորությունը նշանավոր պրոֆեսոր Չելենջերից։
― Դե՞, ― գրգռիչ տոնով դիմեց նա։ ― Ի՞նչ եք կամենում։
Ինր համար պարզ էր, որ եթե ամեն ինչ մեկեն խոստովանեմ, ինտերվյուն չի կայանա։
― Սըր, դուք այնքան բարի գտնվեցիք, որ համաձայնեցիկ ընդունել ինձ, ― խոնարհաբար սկսեցի ես ծրարը մեկնելով նրան։
Նա սեղանի տակից հանեց իմ նամակը և դրեց իր առաջ։
― Ա՜խ, դուք այն երիտասարդն եք, որ տարրական ճշմարտությունները չի՞ հասկանում։ Սակայն, որքան կարող եմ դատել, իմ ընդահնուր եզրակացությունները արժանացել են ձեր գովասանքին։
― Անշուշտ, սըր, անշուշտ։ ― Ես ջանացի իմ համոզմունքի ամբողջ ուժը դնել այդ խոսքերի մեջ։
― Ասացե՜ք խնդրեմ։ Ինչպե՜ս է այն ամրապնդում իմ դիրքերը․․․ Ձեր հասակը և արտաքինը կրկնակի արժեքավոր են դարձնում այդ պաշտպանությունը։ Դե ինչ, ավելի լավ է գործ ունենալ ձեզ հետ, քան թե այն խոզերի հոտի, որոնք Վիեննայում հարձակվեցին ինձ վրա, չնայած նրանց ճղճղոցն ավելի վիրավորական չէր, քան անգլիական վարազի խռնչյունը։ ― Եվ նա կատաղորեն փայլեցրեց աչքերը՝ մեկեն նմանվելով վերոհիշյալ ցեղի ներկայացուցչին։
― Նրանք կարծեմ, իրենց պահել են վրդովեցուցիչ կերպով, ― ասացի ես։
― Ձեր կարեկցանքն անտեղի է։ Համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ ես ինքս կարող եմ իմ թշնամիների հախից գալ։ Ջորջ Էդուարդ Չելենջերի մեջքը սեղմեք պատին, սըր, և դրանից ավելի մեծ ուրախություն չեք կարող պատճառել նրան։ Այսպես, ուրեմն, սըր, եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի կարճենք ձեր այցելությունը։ Այդ բանը հազիվ թե երջանկացնի ձեզ, իսկ ինձ առավեկ ևս։ Որքան ես հասկանում եմ, դուք կամենում եք ձեր ինչ֊որ նկատառումներն արտահայտել այն թեզիսների առթիվ, որ ես իմ զեկուցման մեջ առաջ էի քաշել։
Նրա խոսելու եղանակի մեջ այնպիսի համարձակ անկեղծություն կար, որ խորամանկելը հեշտ չէր։ Բայց և այնպես որոշեցի ձգձգել այդ խաղը այն հաշվով, որպեսզի հնարավորություն ունենամ լավագույն քայլը կատարելու։ Հեռվից ամեն ինչ այնպե՜ս հասարակ էր թվում։ Օ՜, իմ իռլանդական հնարամտություն, մի՞թե դու ինձ չես օգնի այժմ, երբ ես ամենից շատ եմ քո կարիքն զգում։ Պողպատե աչքերի թափանցող հայացքն ինձ զրկում էր ուժերից։
― Դե, մի հարկադրեք սպասել ձեզ, ― թնդաց պրոֆեսորը։
― Ես, իհարկե, միայն նոր֊նոր եմ սկսում հաղորդակից լինել գիտությանը, ― ասացի ես ամենահիմար ժպիտով, ― և ավելի մեծ հավակնություն չունեմ, քան համեստ ուսումնասիրողի կոչումը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե այդ հարցում դուք ավելորդ խստություն եք հանդես բերել Վեյսմանի հանդեպ։ Մի՞թե այն ժամանակից մինչև հիմա ստացված ապացույցները չեն․․․ չեն ամրապնդում նրա դիրքերը։
― Ի՞նչ ապացույցներ, ― հարցրեց նա սպառնալից հանգստությամբ։
― Ինձ, իհարկե, հայտնի է, որ առայժմ ուղղակի ապացույցներ չկան։ Ես վկայում եմ, եթե կարելի է այսպես արտահայտվել, ժամանակակից գիտական մտքի ընդհանուր ընթացքը։
Պրոֆեսորը թեքվել էր սեղանին՝ կենտրոնացած հայացքը հառելով ինձ վրա։
― Պետք է որ ձեզ հայտնի լինի, ― ասաց նա, հերթով ծալելով ձախ ձեռքի մատները, ― որ, առաջին, գանգային ցուցիչը կայուն գործոն է։
― Անպայմա՛ն, ― պատասխանեցի ես։
― Եվ որ տելեգոնիան[7] առայժմ sub judice:[8]
― Անշուշտ։
― Եվ որ սաղմնային պլազման տարբերվում է պարտենոգենետիկ[9] ձվից։
― Ի՜նչ ասել կուզի, ― բացականչեցի ես՝ հիանալով սեփական հանդգնությամբ։
― Իսկ այդ ի՞նչ է ապացուցում, ― հարցրեց նա փափուկ, շողոքորթ ձայնով։
― Եվ իսկապես, ― ծամծմեցի ես, ― ի՞նչ է ապացուցում այդ։
― Ասե՞լ ձեզ, նույն շողոքորթ տոնով հարցրեց պրոֆեսորը։
― Բարի եղեք։
― Այդ ապացուցում է, ― անակնկալ ցասումով մռնչաց նա, ― որ ամբողջ Լոնդոնում ձեզ նման մի ուրիշ շառլատան չի գտնվի։ Դուք ստոր, անպատկառ մի ռեպորտյորիկ եք, որը նույնքան հեռավոր հասկացողություն ունի գիտության, որքան և մարդկային նվազագույն օրինավորության մասին։
Նա վեր թռավ աթոռից։ Նրա աչքերը վառվում էին խելահեղ չարությամբ։ Բայց և այնպես, անգամ այդ վտանգավոր րոպեին ես զարմացա տեսնելով, որ պրոֆեսոր Չելենջերը կարճահասակ է։ Նա իմ ուսերի բարձրությանն էր՝ մի տեսակ տափակեցրած Հերկուլես, որի կենսական ողջ հզորությունը ասես անցել էր ուսերի լայնքին, իրանի հաստությանը և խելքի ուժին։
― Ես ձեր առաջ անմտություններ դուրս տվի, սըր, ― բղավեց նա, ձեռքերը հենած սեղանին և վիզն առաջ պարզած։ ― Չտեսնված անհեթեթություններ։ Եվ ձեր խելքին փչեց չափվել ինձ հետ, դուք, որի ամբողջ ուղեղը վայրի ընկույզի չափ է։ Այս անիծյալ գրչակները ամենազոր են երևակայում իրենց։ Նրանք կարծում են, թե իրենց մի խոսքն իսկ հերիք է, որպեսզի բարձրացնեն մարդուն կամ ցեխին հավասարեցնեն։ Բոլորս պետք է խոնարհվենք նրանց առաջ՝ գովասանքներ աղերսելով։ Ահա սրան հարկ է հովանավորություն ցույց տալ, իսկ այս մեկին՝ ոչնչացնել․․․ Ես գիտեմ ձեր ստոր սովորությունները։ Արդեն շա՜տ բարձրից եք բռնում․․․ Մի ժամանակ համեստ էիք, իսկ այժմ կապներդ կտրել եք, ողորմելի դատարկաբաննե՛ր․․․ Ես ձեզ ձեր տեղը ցույց կտամ։ Այո, սըր Ջորջ Էդուարդ Չելենջերը ձեր ընկերը չէ։ Այդ մարդը թույլ չի տա իրեն հրամայել։ Նա զգուշացրեց ձեզ, բայց եթե այնուամենայնիվ դուք խցկվում եք նրա մոտ, ինքներդ ձեզ մեղադրեցեք։ Անձնատո՛ւր եղեք, սիրելի պարոն Մելոուն, անձնատուր։ Դուք վտանգավոր խաղ սկսեցիք, և ըստ իս, տանուլ տվիք։
― Լսեցեք, սըր, ասացի ես, ետ֊ետ գնալով դեպի դուռը և բանալով այն, ― դուք կարող եք հայհոյել, որքան սրտներդ ուզի, բան ամեն բան իր սահմանն ունի։ Ես թույլ չեմ տա բռունցքներով հարձակվել ինձ վրա։
― Ա՛խ, թույլ չե՞ք տա։ Նա սկսեց դանդաղ, սպառնալից տեսքով առաջ գալ, հետո հանկարծ կանգ առավ և հսկայական ձեռքերը դրեց կարճ բաճկոնակի գրպանները, որն ավելի շատ կսազեր փոքրիկ տղայի, քան տարեց մի մարդու։ Առաջին անգամը չէ, որ պիտի դուրս շպրտեմ ձեզ նման սուբյեկտին։ Դուք հաշվով չորրորդն եք կամ հինգերորդը։ Յուրաքանչյուրի համար միջին հաշվով երեք ֆունտ տասնհինգ շիլինգ տուգանք է վճարված։ Թանկ է, բայց, ինչ արած՝ անհրաժեշտություն է։ Իսկ այժմ, սըր, ինչո՞ւ դուք էլ ձեր կոլեգաների հետքերով չգնաք։ Ես անձամբ կարծում եմ, որ դա անխուսափելի է։
Նա նորից սկսեց ինձ համար խիստ տհաճ իր հարձակումը՝ ոտքի թաթերը դուրս դնելով, ինչպես պարերի իսկական դասատու։
Ես կարող էի շեշտակի թափով դուրս նետվել, բայց այդպիսի փախուստը համարում էի ամոթալի։ Բացի դրանից, սրտումս արդեն սկսեց բռնկվել արդար զայրույթը։ Մինչ այդ պահը իմ վարմունքը վերին աստիճանի դատապարտելի էր, բայց այդ մարդու սպառնալիքները մեկեն վերադարձրին սեփական իրավացիությանս զգացումը։
― Ձեռքներդ հեռու, սըր, ես այդ չեմ հանդուրժի։
― Ասացե՜ք խնդրեմ։ ― Նրա սև բեղերը վերև թռան, չարախնդորեն վերև բացված շրթունքների միջից փայլեցին շլացուցիչ, սպիտակ ժանիքները։ ― Ուրեմն չե՞ք հանդուրժի։
― Հիմար մի՛ ձևանաք, պրոֆեսոր, ― գոչեցի ես։ ― Ինչի՞ վրա եք հույս դնում։ Իմ քաշը երկու հարյուր ֆունտից ավելի է։ Ես երկաթի պես ամուր եմ և ամեն կիրակի ռեգբի եմ խաղում իռլանդական հավաքական թիմում։ Դուք ինձ հետ չեք կարող․․․
Բայց այդ րոպեին նա նետվեց ինձ վրա։ Բարեբախտաբար, ես արդեն բացել էի դուռը, թե չէ նրանից միայն տաշեղներ մնացած կլինեին։ Մենք անիվի պես գլորվեցինք ամբողջ միջանցքով մեկ՝ ինչ որ կերպ ճամփին մի աթոռ քարշ տալով հետներս։ Պրոֆեսորի մորուքը փակել էր ամբողջ բերանս, մենք սեղմում էինք մինյաց, մեր մարմիններն ամուր հյուսվել էին իրար, իսկ անիծյալ աթոռի ոտքերը շարունակ պտտվում էին մեր գլխին։ Արթուն Օստինը լայն բացեց մուտքի դուռը։ Մենք գլուխկոնծի տվինք աստիճաններով ցած։ Ես տեսել էի, թե ինչպես Մեք եղբայրները մի այդպիսի բան կատարում էին մյուզիկ֊հոլլում, բայց, հավանորեն, նման ատրակցիոնը պահանջում է որոշ պրակտիկա, այլապես առանց խեղանդամության գլուխ չես հանի։ Զարկվելով վերջին աստիճանին՝ աթոռը կտոր֊կտոր եղավ, իսկ մենք, արդեն իրարից անջատ, գլորվեցինք կեղտաջրի առուն։ Պրոֆեսորը թռավ ոտքի՝ բռունցքները թափահարելով և խռխռացնելով, ինչպես ասթմայով տառապող մարդ։
― Հերի՞ք է, ― բղավեց նա, հազիվ շունչը ետ բերելով։
― Խուլիգա՛ն, ― պատասխանեցի ես և դժվարությամբ վեր կացա տեղիցս։
Քիչ մնաց նորից իրար հասնեինք, քանի որ պրոֆեսորի մարտական շունչը դեռ չէր մարել, բայց ճակատագիրն ազատեց ինձ այդ հիմար վիճակից։ Բլոկնոտը ձեռքին մեր կողքին հայտնվեց ոստիկանը։
― Այս ի՞նչ է նշանակում։ Ինչպես չեք ամաչում, ― ասաց նա։ Այդ ամենաողջամիտ խոսքն էր, որ ես այդ օրը լսեցի Էնմոր֊Պարկում։ ― Դե, ― դիմեց ինձ ոստիկանը, ― բացատրեցեք, թե այս ի՞նչ է նշանակում։
― Առաջ նա հարձակվեց ինձ վրա, ― ասացի ես։
― Ճի՞շտ է, որ առաջ դուք հարձակվեցիք, ― հարցրեց ոստիկանը։
Պրոֆեսորը ի պատասխան միայն ֆսֆսացնում էր։
― Այս արդեն քանիերորդ դեպքն է, ― ասաց ոստիկանը գլուխը խստորեն տարուբերելով։ ― Անցյալ ամիս էլ դուք անախորժություններ ունեցաք ճիշտ այսպիսի առիթով։ Երիտասարդի աչքը վնասված է։ Դուք մեղադրանք ներկայացնո՞ւմ եք, նրան, սըր։
Հանկարծ ես մեղմացա։
― Ո՛չ, չեմ ներկայացնում։
― Ինչո՞ւ, ― հարցրեց ոստիկանը։
― Այստեղ ես էլ եմ մեղավոր։ Ինքս խնդրեցի ընդունել։ Նա ազնվորեն նախազգուշացրեց ինձ։
Ոստիկանը փակեց բլոկնոտը։
― Որպեսզի այս այլանդակություններն այլևս չկրկնվեն, ― ասաց նա։ ― Դե լավ։ Ցրվեցե՜ք, ցրվեցե՜ք։
Դա վերաբերում էր մսի խանութի տղային, մի աղախնի և երկու֊երեք պարապ֊սարապների, որոնք արդեն հավաքվել էին մեր շուրջը։ Ոստիկանը քայլեց մայթով, այդ փոքրիկ հոտը առաջն արած։ Պրոֆեսորը նայեց ինձ, և նրա աչքերում մի ուրախ կայծ շողաց։
― Ներս եկեք, ― ասաց նա։ ― Ես դեռ ասելիքս չեմ վերջացրել ձեզ հետ։
Չնայած այդ խոսքերը չարագուշակ հնչեցին, բայց ես հետևեցի նրան։ Օստինը, որ նման էր փայտե աստծու, դուռը ծածկեց մեր ետևից։
- ↑ Բիմետալիզմ կամ կրկնակի մետաղային սիստեմ ― դրամական սիստեմ, որի ժամանակ վճարման օրինական միջոց են հանդիսանում երկու մետաղ, օրինակ՝ ոսկին և արծաթը։
- ↑ արծաթյա դրամ Հնդկաստանում
- ↑ Մասոնություն կամ «ազատ քարհատների եղբայրություն ― կրոնա֊էթիկական հոսանք, որն առաջացել է XVIII դարում Անգլիայում և տարածվել է Եվրոպայում։
- ↑ Բերտոն Ռիչարդ Ֆրենսիս ― ճանապարհորդ, որն այցելել է Աֆրիկա, ուր հայտնաբերել է Տանզանիկա լիճը, ուսումնասիրել Արևելքը և մի շարք գրքեր գրել իր ճանապարհորդությունների մասին
- ↑ Լեդի Ստենլի ― կինը անգլիացի նշանավոր ճանապարհորդ Հենրի Մորտոն Ստենլիի, որն Աֆրիկայում գտավ Լիվինգստոնի կորած արշավախումբը։
- ↑ Քլայվ Ռոբերտ ― անգլիական Օստ֊Հնդկական ընկերության գործիչ։ Ծառայությունն սկսել է իբրև հասարակ կլերկ (գրագիր):
- ↑ Տելեգոնիա ― ժառանգականության թեորիայի կեղծ ուսմունքներից մեկը
- ↑ sub judise ― կասկածի տակ
- ↑ Պարտենոգենեզիս ― առանց բեղմնավորման մայրական ձվաբջջում սաղմի զարգացման երևույթը։ Պատահում է միջատների որոշ տեսակների և բույսերի մոտ։