Ոսկի կեսօր. մեղմ սահում է
Մեր նավակը գետն ի վար:
Դեպի թիակներն են ձգվում
Փոքրիկ ձեռքերն անդադար
Ու փորձում են ղեկավարել
Որպես հմուտ թիավար:
Հորդորում է Առաջինը.
«Ժամանակը մի վատնիր»:
Իսկ Երկրորդը քնքուշ ձայնով.
«Հիմար բաներ մեզ պատմիր»,
Մինչ Երրորդն ինձ ընդհատում է
Իր հարցերով դիմադիր:
Անխիղճ Եռյակ, ով է տեսել,
Որ քնաբեր շոգի մեջ,
Երբ չի շարժվում ոչ մի տերև,
Հեքիաթ ուզեն անընդմեջ,
Սակայն ինչպես հակաճառես,
Երբ պահանջում են անվերջ:
Լռություն է... Աղջնակները
Լուռ լսում են, թե ինչպես
Փոքրիկ Ալիսը գնում է
Հրաշք-աշխարհը ի տես,
Ընկեր դառնում գազաններին —
Ճշմարիտ է այն, կարծես:
Սակայն շուտով թուլանում են
Պատրանքները մեծազոր,
Ցամաքում է մտքի հոսքը,
Եվ խնդրում եմ ես անզոր.
«Մնացածը թողնենք վաղվան»:
«Վաղը չկա, հենց այսօր»:
Եվ հյուսվում են հրաշքների
Հեքիաթները մաքրազարդ
Ու դեպքերը արտասովոր...
Վերջացած են նրանք արդ.
Մայրամուտ ի լույսի ներքո
Տուն ենք գնում մենք զվարթ:
Անգին Ալիս, քնքուշ ձեռքով
Պահիր հեքիաթն ամեն օր,
Թող մանկության հուշ նա լինի,
Ինչպես ծաղկեփունջ, որ
Ուխտավորն է սիրով քաղել
Ճամփաներում հեռավոր:
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Ցած դեպի ճագարի բույնը
Ալիսն արդեն ձանձրանում էր, որովհետև գետափին քրոջ կողքին նստած ոչինչ չէր անում: Մեկ, երկու անգամ նա աչք գցեց քրոջ կարդացած գրքին, բայց այնտեղ ոչ նկար կար, ոչ էլ խոսակցություն:
«Էլ ի՞նչ գիրք. մտածեց Ալիսը, որ ոչ նկար ունի, ոչ խոսակցություն»:
Եվ նա սկսեց մտմտալ (բայց դա այնքան Էլ հեշտ չէր, որովհետև տոթից թմրել էր և քունը տանում էր), թե ծաղկեպսակ հյուսելու համար արժե տեղից ելնել ու մարգարտածաղիկ քաղել, երբ հանկարծ կարմրավուն աչքերով մի սպիտակ ճագար վազ տվեց կողքով:
Ալիսին բոլորովին տարօրինակ ու արտասովոր չթվաց այն, որ ճագարն անցնելիս ինքնիրեն խոսեց.
— Վայ ինձ, վայ ինձ, ուշանում եմ, շատ եմ ուշանում: (Երբ նա հետագայում մտածեց այդ մասին, գլխի ընկավ, որ ինքն այն ժամանակ պետք է որ զարմացած լիներ, բայց այդ բոլորն իրեն բնական էր թվացել):
Իսկ երբ ճագարը բաճկոնի գրպանից հանեց ժամացույցը, ուշադիր նայեց ու ապա շարունակեց ճանապարհը, Ալիսը վեր թռավ, որովհետև երբեք չէր տեսել բաճկոն հագած կամ ժամացույց ունեցող ճագարի և հետաքրքրությունից վառվելով վազեց ճագարի հետևից ու հասցրեց տեսնել, թե ինչպես վերջինս ցատկեց մտավ ցանկապատի տակի փոսը:
Հաջորդ վայրկյանին Ալիսը նետվեց նրա հետևից, առանց մտածելու, թե հետո ինչ հրաշքով է դուրս գալու այնտեղից: Ճագարի բույնը մի որոշ տարածություն ձգվում էր ուղիղ թունելի նման, հետո միանգամից կտրուկ ցած էր իջնում, այնքան կտրուկ, որ աղջիկը նույնիսկ չհասցրեց իրեն հետ պահել ու ընկավ խոր ջրհորի մեջ: Կամ ջրհորն էր շատ խոր, կամ ինքն էր շատ դանդաղ ընկնում, որովհետև իջնելիս Ալիսը բավական ժամանակ ուներ դիտելու շրջապատը և մտածելու կատարվելիքի մասին: Սկզբում փորձեց ցած նայել ու գուշակել, թե ինչին է մոտենում, բայց հատակում խավար էր և հնարավոր չէր որևէ բան զանազանել: Հետո նայեց ջրհորի պատերին և նշմարեց, որ դրանք վերից վար լցված են պահարաններով ու գրադարակներով: Այս ու այնտեղ նա մեխերից կախված քարտեզներ ու նկարներ տեսավ: Դարակների մոտով անցնելիս ցած բերեց մի սափոր, որի վրա կպցրած էր «ՆԱՐՆՋԻ ՀՅՈԻԹ» պիտակը, բայց ափսոս դատարկ էր: Նա չուզեց սափորը ձեռքից թողնել՝ վախենալով ներքևում մեկնումեկին վնասելուց և պահարանների մոտով իջնելիս հասցրեց դնել նրանցից մեկի մեջ2:
«Դե, իհարկե, — մտածեց Ալիսը, — այսպիսի վայրէջքից հետո սանդուղքից գլորվելն ինձ համար դատարկ բան է: Տնեցիք ինձ քաջի տեղ կդնեն: Ու ես ծպտուն անգամ չեմ հանի, թեկուզ տանիքից ընկնեմ»: (Եվ դա իրոք ճիշտ էր): Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ. երբևէ սրա վերջը կգա՞:
— Հետաքրքիր է, մինչև հիմա քանի՞ մղոն անցած կլինեմ, բարձրաձայն ասաց նա, երևի երկրի կենտրոնին եմ մոտենում: Ինձ թվում է, արդեն չորս հազար մղոն իջած կլինեմ:
(Տեսնում եք, Ալիսը նման շատ բաներ էր սովորել դպրոցում, ու թեև հիմա գիտելիքները ցուցադրելու տեղը չէր, քանի որ նրան լսող չկար, բայց և այնպես առիթը բաց չթողեց):
Երևի այդքան էլ անցած կլինեմ: Տեսնես, ո՞ր լայնության և երկայնության վրա եմ գտնվում: Ալիսը գաղափար անգամ չուներ, թե ինչ բան է լայնությունը և ոչ էլ գիտեր երկայնության մասին, սակայն մտածեց, որ նման բառերի օգտագործումն իրեն պատիվ է բերում:
Եվ շարունակեց խոսել.
— Հետաքրքիր է, կանցնե՞մ երկրագնդի կենտրոնով: Ինչ ծիծաղելի կլինի, եթե հայտնվեմ այնպիսի մարդկանց մեջ, որոնք գլխիվայր են քայլում: Իմ կարծիքով, նրանք կոչվում են Հակակրելիներ: (Ալիսը հոգու խորքում ուրախ էր, որ իրեն լսող չկար, որովհետև վերջին բառը միանգամայն սխալ հնչեց): — Բայց ես պետք է հարցնեմ նրանց այդ երկրի անունը: «Բարի եղեք, տիկին, ասացեք, սա Նոր Զելանդիա՞ն է, թե՞ Ավստրալիան» (և փորձեց գլուխ տալ, պատկերացրեք, ընկնելիս գլուխ տալ: Կարծում եք կարո՞ղ եք): Տիկինը կմտածի. «Ի՜նչ տգետ աղջիկ է, ի՜նչ հիմար հարցեր է տալիս»: Ո՛չ, պետք չէ հարցնել: Գուցե որևէ տեղ գրվա՞ծ լինի այդ երկրի անունը:
Ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ: Քանի որ Ալիսն ուրիշ անելիք չուներ, սկսեց նորից խոսել.
— Հաստատ գիտեմ, այս գիշեր Դինան4 ինձ կկարոտի: (Դինան նրա կատուն էր): Երևի մերոնք թեյի ժամին չեն մոռանա նրան կաթ տալ: Դինա, սիրելիս, երանի հիմա մոտս լինեիր: Ալիսոս, օդում մկներ չկան, բայց դու կարող ես չղջիկ բռնել: Գիտես չէ՞, որ չղջիկն ու մուկն իրար նման են: Հետաքրքիր է, կատուն չղջիկ ուտո՞ւմ է:
Այստեղ Ալիսի քունը տարավ, բայց նա շարունակեց կես քուն, կես-արթուն միալար կրկնել.
— Իսկ չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է, չղջիկն աղջիկ ուտո՞ւմ է , երբեմն էլ, — աղջիկը չղջիկ ուտո՞ւմ է:
Ալիսը չէր կարող պատասխանել այս հարցերից և ոչ մեկին, ուստի միևնույնն էր, թե որ հարցն էր, թե որ հարցն է տալիս: Նա արդեն ննջում էր և երազում սկսել էր տեսնել, թե ինչպես Դինայի թաթը բռնած զբոսնում է և շատ լուրջ հարցնում նրան.
— Դե՛, Դինա, ճիշտն ասա, երբևէ չղջիկ կերե՞լ ես.
Մեկ էլ հանկարծ թրըմփ, թրըմփ, նա փռվեց փայտերի կույտի ու չոր տերևների վրա և վայրէջքն ավարտվեց:
Ալիսի ոչ մի տեղը չցավեց նա մի ակնթարթում թռավ -կանգնեց ու նայեց չորս կողմը. գլխավերևում խավար էր: Դիմացը մի երկար միջանցք էր ձգվում, և երևում էր շտապ - շտապ հեռացող Սպիտակ ճագարը: Վայրկյան անգամ կորցնել չէր կարելի: Ալիսը քամու նման առաջ սլացավ ու հասցրեց լսել անկյունում անհետացող ճագարի ձայնը.
— Վա՜յ իմ խեղճ գլխին, վա՜յ իմ խեղճ գլխին, ինչքա՜ն ուշացա:
Ալիսն արդեն մոտեցել էր ճագարին, բայց վերջինս նորից շրջվեց անկյունը: Ալիսը հայտնվեց երկար ու ցածր սրահում, որը լուսավորված էր առաստաղից կախված լապտերների շարքով:
Շուրջը բացմաթիվ դռներ կային, բոլորն էլ փակ: Բայց երբ Ալիսը շրջանցեց սրահը, փորձեց մեկ առ մեկ բացել մեկ մի կողմի դռները, մեկ մյուս, նա տխուր քայլեց դեպի սրահի կենտրոնն ու սկսեց մտածել, թե արդյո՞ք երբևէ իրեն կհաջողվի այդտեղից դուրս գալ: Հանկարծ նա մոտեցավ կարծր ապակուց պատրաստված եռոտանի մի սեղանի, որի վրա Փոքրիկ ոսկե բանալի կար: Ալիսի առաջին միտքն այն եղավ, որ այն դռներից որևէ մեկինն է: Բայց ավաղ, կամ փականքներն էին շատ մեծ, կամ բանալին էր շատ փոքր նա այդպես էլ չբացվեց դռներից և ոչ մեկը: Այնուամենայնիվ, երկրորդ անգամ շրջանցելիս նա դեմ առավ մի ցածր վարագույրի, որ մինչ այդ չէր նկատել, ետևում մոտ տասնհինգ մատնաչափ բարձրության դուռ կար: Ալիսը ոսկե բանալին մտցրեց փականքի մեջ և, ո՜վ զարմանք, հարմարվեց.
Ալիսը բացեց դուռը և տեսավ, որ այն տանում է դեպի ճագարի բնից ոչ մեծ, մի նեղ անցք: Նա չոքեց ու անցքի միջով նայելով տեսավ մի հիասքանչ պարտեզ: Որքան էր ցանկանում դուրս գալ այդ մութ սրահից, զբոսնել երփներանգ ծաղկաթմբերի ու զով շատրվանների մոտ, բայց գլուխն անգամ չկարողացավ մտցնել դռնից:
«Եթե գլուխս էլ մի կերպ հանեմ, — մտածեց խեղճ աղջիկը, օգուտ չունի, միևնույն է, ուսերս չեն անցնի: Ա՜խ, երանի հեռադիտակի պես ծալծլվեի, փոքրանայի: Ինձ թվում է կկարողանայի, եթե միայն ձևն իմանայի»
Ինչպես տեսնում եք, այնպիսի արտասովոր բաներ էին կատարվում որ Ալիսը մտածում էր, թե շատ քիչ բաներ կան իրոք անհնարին:
Այլևս վոքրիկ դռան մոտ սպասելը միտք չուներ: Եվ նա շտապ հետ գնաց դեպի սեղանը, կիսով չափ հույս ունենալով այնտեղ գտնել մեկ ուրիշ բանալի կամ գոնե կանոնների գիրք մարդկանց հեռադիտակի նման ծալծլվելու մասին: Այս անգամ նա սեղանի վրա գտավ մի շիշ (որն, իհարկե, նոր էր հայտնվել), որի վզիկի թղթե պիտակի վրա մեծ-մեծ տառերով գեղեցիկ տպագրված էր. «ԽՄԻՐ ԻՆՁ»:
Հեշտ է ասել՝ «ԽՄԻՐ ԻՆՁ», բայց փոքրիկ խելացի Ալիսը չէր շտապում այդ գործը հապճեպ անել:
— Նախ տեսնեմ, այստեղ «թույն» գրված է, թե ոչ:
Նա շատ հետաքրքիր կարճ պատմություններ էր կարդացել երեխաների մասին, որոնք վառվել, վայրի գազանների կեր էին դարձել և նման տհաճ բաներ, այդ ամենը այն պատճառով, որ փոքրերը հաճախ չէին հիշում մեծերի սովորեցրած հասարակ կանոնները: Օրինակ, եթե շիկացած կրակխառնիչը երկար ժամանակ բռնես, կվառի ձեռքդ, իսկ եթե մատդ դանակով շատ խոր կտրես՝ արյուն կգա: Ալիսը երբեք չէր մոռացել, որ եթե մի կաթիլ խմեր «թույն» պիտակ ունեցող շշից, վաղ թե ուշ անպայման փորը կցավեր:
Բայց քանի որ շշի վրա գրված չէր «թույն», Ալիսը համարձակվեց համտես անել: Հեղուկը նրան դուրեկան թվաց (այն սերուցքով բալի կարկանդակի, անանասի, տապակած հնդկահավի, իրիսի ու տաք կարագահացի համեր ուներ) և շուտով խմեց-վերջացրեց պարունակությունը:
* * *
— Սա ի՞նչ տարօրինակ զգացում է, — գոչեց Ալիսը, — կարծես ծալծլվում եմ հեռադիտակի նման:
Եվ իրոք: Նա դարձավ տասը մատնաչափ, և դեմքը պայծառացավ այն մտքից, որ ինքն արդեն ճիշտ այն չափսին է, որ կկարողանա անցնել փոքրիկ դռնից ու մտնել գեղատեսիլ պարտեզը: Բայց և այնպես սպասեց մի քանի րոպե՝ համոզվելու, որ այլևս չի փոքրանում:
Մեկ էլ տագնապահար մտածեց. «Իսկ եթե այսպես շարունակվի, մոմի պես կհալվեմ-կվերջանամ: Հետաքրքիր է, ինչի՞ կնմանվեմ ես այն ժամանակ»: Նա փորձեց պատկերացնել, թե ինչպիսին կլինի բոցը մոմի հանգչելուց հետո: Ինչքան որ հիշում էր, երբեք նման բան չէր տեսել կյանքում:
Քիչ անց, երբ Ալիսն արդեն համոզվեց, որ այլևս չի կարճանում, անմիջապես որոշեց դուրս գալ պարտեզ, բայց ափսոս, խեղճ աղջիկ, երբ հասավ դռանը, հիշեց, որ մոռացել էր վերցնել փոքրիկ բանալին: Իսկ երբ մոտեցավ սեղանին, ձեռքը չհասավ բանալուն, չնայած ապակու միջից պարզ տեսնում էր: Ալիսը շատ ջանք թափեց մագլցելու սեղանի ոտքերից մեկի վրայով, բայց այն չափազանց սահուն էր, իսկ երբ հոգնեց, խեղճ պստիկը նստեց հատակին ու արտասվեց:
— Իզուր ես լաց լինում, — ինքն իրեն նախատեց Ալիսը, — բավական է, քեզ ասում եմ. հենց այս րոպեին ձայնդ կտրի՛ր:
Սովորաբար լավ խորհուրդներ էր տալիս իրեն (թեպետ հազվադեպ էր կատարում դրանք), երբեմն էլ ինքն իրեն այնպես դաժան էր նախատում, որ աչքերում արցունքներ էին հայտնվում: Նա հիշեց, որ մի անգամ վարձել էր, ապտակել իրեն, որովհետև ինքն իր հետ քրոքեթ խաղալիս խաբել էր: Այս տարօրինակ երեխան շատ էր սիրում երկու հոգու դեր կատարել:
«Հիմա այլևս դա հնարավոր չէ, — մտածեց խեղճ Ալիսը, — այնքան եմ փոքրացել, որ մի կարգին մարդ հազիվ դուրս գա ինձնից»:
Հանկարծ սեղանի տակ մի փոքրիկը ապակե տուփ նկատեց: Շտապ բաց արեց ու մեջը գտավ մի փոքրիկը կարկանդակ, որի վրա հաղարջներով գեղեցիկ գրված էր. «ԿԵՐ ԻՆՁ»:
— Լավ, կուտեմ, — որոշեց Ալիսը, — և եթե սա ինձ մեծացնի, կսողամ դռան տակից, այնպես, որ երկու դեպքում էլ պարտեզ կընկնեմ, իսկ դրանից հետո ինչ ուզում է թող լինի:
Ալիսը կծեց մի պատառ ու ձեռքը գլխին պահած անհանգստացած մտածեց՝ «Մեծանու՞մ եմ, թե՞ փոքրանում: Մեծանու՞մ եմ, թե՞ փոքրանում», որպեսզի զգա փոփոխությունը, բայց խիստ զարմացավ, երբ մնաց նույն չափսին: Հավատացած եղեք, սովորաբար այսպես է լինում կարկանդակ ուտելիս: Սակայն Ալիսն այնքան էր վարժվել տարօրինակություններին, որ կյանքը ձանձրալի ու անիմաստ թվաց, երբ արտակարգ ոչինչ չկատարվեց:
Նա գործի անցավ ու շատ շուտով վերջացրեց կարկանդակը:
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Արցունքի լճակը
— Սա ի՞նչ տարօրինակագույն զգացում է, — բացականչեց Ալիսը (նա մի պահ զարմանքից բոլորովին մոռացավ ճիշտ խոսելը): — Այժմ ես բացվում եմ աշխարհի ամենամեծ հեռադիտակի նման: Գնաք բարով, ոտքեր: (Երբ ուզեց նայել ոտքերին, չկարողացավ տեսնել, որովհետև դրանք գնալով հեռանում էին):
— Վա՛յ, իմ խեղճ ոտքեր: Տեսնես ով հիմա ձեզ գուլպաներ ու կոշիկներ կհագցնի, սիրելիներս: Հաստատ գիտեմ, ես չեմ կարող, ես շատ հեռու կլինեմ: Դուք ինքներդ մի կերպ գլուխ կբերեք այդ գործը: «Բայց նրանց հանդեպ պետք Է բարի լինել, — մտածեց Ալիսը, — թե չէ կհրաժարվեն ուզածս տեղը գնալ: Ապա տեսնեմ, ամեն Ծննդյան տոնին ես նրանց պետք է մի զույգ նոր կոշիկ նվիրեմ»:
Հանկարծ սեղանի տակ մի փոքրիկ ապակե տուփ նկատեց:
Եվ սկսեց ծրագրել, թե ինչպես իրագործի այդ բոլորը:
— Կոշիկները պետք է ուղարկել ցրիչի միջոցով, — շարունակեց նա, — ինչքան ծիծաղելի է՝ նվերներ ուղարկել սեփական ոտքերին: Եվ որքան տարօրինակ կլինի հասցեն.
Ալիսի Նորին մեծություն աջ ոտքին,
Գորգիկ,
Բուխարիկի ցանցի դիմաց:
Ողջույններով՝ Ալիս:
— է՜հ, ինչ հիմարություններ եմ դուրս տալիս:
Հենց այդ պահին նրա գլուխը զարնվեց առաստաղին: Իրականում նա հիմա ավելի քան ինը ոտնաչափ էր և անմիջապես վերցրեց փոքրիկ ոսկե բանալին ու շտապեց դեպի պարտեզ տանող դուռը:
Խե՜ղճ Ալիս: Նա միայն կարողացավ մի կողքի պառկել ու մի աչքով նայել դռան անցքից, դուրս գալն այժմ ավելի անհուսալի էր, քան առաջ: Նա նստեց և սկսեց նորից լաց լինել:
— Ամո՛թ քեզ, մեծ աղջիկ ես (նա այդպես էլ ասաց), ու շարունակ լաց ես լինում: Ձայնդ կտրի՛ր, լսու՞մ ես:
Բայց միևնույն է, արցունքները հեղեղի նման թափվում էին, մինչև որ նրա շուրջը գոյացավ չորս մատնաչափ խորության մի լճակ, որը գրավեց սրահի կեսը:
Քիչ անց Ալիսը հեռվից թեթև ոտնաձայն լսեց և արագ սրբեց աչքերը՝ տեսնելու եկողին: Սպիտակ ճագարն էր: Նա հիանալի հագնված էր, մի ձեռքին բռնել էր մի զույգ ճերմակ, փայլուն կաշվե ձեռնոց, իսկ մյուսին՝ մի մեծ հովհար: Քթի տակ մռթմռթալով, նա շտապ-շտապ թռչկոտելով քայլում էր:
— Ա՜խ, Դքսուհի, Դքսուհի, հիմա երևի զայրացել է, որ իրեն սպասել եմ տալիս:
Ալիսն այնքան էր հուսահատվել, որ պատրաստ էր առաջին իսկ հանդիպածից օգնություն խնդրելու, ուստի երբ ճագարը մոտեցավ, սկսեց երկչոտ ձայնով թախանձել.
— Խնդրում եմ, ինձ լսեք...
Ճագարը ուժգին ցնցվեց, վայր գցեց հովհարը, կաշվե ձեռնոցը և ինչքան ուժ ուներ նետվեց առաջ ու չքացավ մթության մեջ:
Ալիսը բարձրացրեց դրանք և, որովհետև սրահում տոթ էր, սկսեց արագ-արագ հովհարել իրեն ու հետն էլ խոսել.
— Ա՜խ, տեր աստված, այս ինչ բան է, այսօր ամեն ինչ տարօրինակ է, իսկ երեկ կյանքը սովորականի պես էր: Տեսնես ի՞նչ փոփոխություն է կատարվել ինձ հետ այս գիշեր: Սպասիր, հիշեմ, այս առավոտ ես ինչպիսին էի: Կարծես թե հիշում եմ, մի քիչ փոխվել եմ: Այո, բայց եթե ես նույնը չեմ, ապա հաջորդ հարցն այս է՝ ով եմ ես, այ քեզ բարդ հանելուկ: — Եվ սկսեց մտածել իր տարիքի այն բոլոր երեխաների մասին, որոնց գիտեր, որպեսզի տեսնի, թե արդյոք ինքը չի նմանվել նրանցից որևէ մեկին:
— Չէ, ես Ադան չեմ, որովհետև նրա մազերը երկար են ու գանգուր, իսկ իմը՝ բոլորովին էլ գանգուր չեն: Մեյբլն էլ չեմ, որովհետև ես ամեն ինչ գիտեմ, իսկ նա՝ մի բան էլ չգիտի: Բացի այդ, նա՝ նա է, իսկ ես՝ ես: Ա՜խ, այս ինչ բան է, ամեն ինչ խառնեցի: Ապա մի փորձեմ, տեսնեմ կկարողանամ որևէ բան հիշել: Չորս անգամ հինգ հավասար է տասներկուսի, չորս անգամ վեց՝ տասներեքի, չորս անգամ յոթ... չէ, չեղավ, այսպես երբեք քսանի չեմ հասնի6: Բայց բազմապատկման աղյուսակը չիմանալը դեռևս ոչինչ չի նշանակում: Հիմա էլ անցնեմ աշխարհագրությանը: Լոնդոնը Փարիզի մայրաքաղաքն է, իսկ Փարիզը՝ Հռոմի, իսկ Հռոմը... Չէ, հաստատ գիտեմ, ամեն ինչ սխալ է: Ուրեմն, ես Մեյբլն եմ դարձել: Սպասիր, անգիր ասեմ «Մեր փոքրիկ կոկորդիլոսը» ոտանավորը: — Նա ձեռքերը ծալեց ծնկներին, կարծես դաս էր պատասխանում ու սկսեց արտասանել, սակայն ձայնը հնչում էր խռպոտ ու տարօրինակ, իսկ խոսքերն էլ ճիշտ չէին ստացվում.
Մեր փոքրիկ կոկորդիլոսը
Լավ է պոչը խնամում.
Ամեն օր մտնում Նեղոսը՝
Թեփուկներն է լվանում:
Այնպես սիրալիր ժպտում է
Սուր ճանկերը բացելիս,
Հկնիկներին բարևում է
Ու մեղմ նրանց կուլ տալիս:
— Չէ՛, հաստատ գիտեմ, ճիշտ չէ, — հուսահատվեց խեղճ աղջիկը, և աչքերը նորից արցունքով լցվեցին, — ուրեմն ես Մեյբլն եմ և ստիպված պիտի ապրեմ նրա աղքատիկ տնակում, ոչ մի խաղալիք չունենամ և անչափ շատ դասեր սովորեմ: Ո՛չ, արդեն որոշեցի: Եթե ես Մեյբլն եմ, կմնամ այստեղ: Թող ոչ ոք իզուր գլուխը ջրհորի մեջ չկախի ու չբղավի. «Դուրս արի, սիրելիս»: Ես միայն վեր կնայեմ ու կհարցնեմ. «Խնդրում եմ, սկզբից ասացեք, ո՞վ եմ ես հիմա», իսկ հետո եթե ընդունեմ նրանց ասածը, դուրս կգամ, եթե ոչ՝ կմնամ այստեղ այնքան ժամանակ, մինչև որ իմ ուզած մարդը դառնամ:
— Այս ի՞նչ բան է, — կրկին լացակումեց Ալիսը, — երանի մեկը մոտենար ջրհորին, ես այնքան հոգնել եմ այստեղ մենակ մնալուց: — Սրա վրա աղջիկը նայեց ձեռքերին ու զարմացավ, որ խոսելիս հագել էր ճագարի փոքրիկ, ճերմակ ձեռնոցը:
«Այս ինչպե՞ս պատահեց, — մտածեց նա, — ուրեմն՝ նորից պիտի փոքրանամ»:
Նա վեր կացավ ու հասակը չափելու համար մոտեցավ սեղանին և գլխի ընկավ, որ այժմ ինքը մոտ երկու ոտնաչափ բարձրության էր ու շարունակում էր արագ փոքրանալ: Շուտով գլխի ընկավ, որ ձեռքին բռնած հովհարն է պատճառը և այլևս չփոքրանալու, բոլորովին չանհետանալու համար շտապ վայր գցեց այն:
— Լավ պրծա, — վախեցած հանկարծակի փոփոխությունից, բայց ուրախ, որ դեռևս գոյություն ունի, շունչ քաշեց Ալիսը, — իսկ հիմա գնամ պարտեզ: — Եվ ամբողջ ուժով ետ վազեց դեպի փոքրիկ դուռը, բայց ավաղ, այն նորից փակ էր, ոսկե բանալին էլ առաջվա նման ապակե սեղանին էր:
— Ինձ ոչ մի բան չի հաջողվում, — դժգոհեց խեղճ երեխան, — ես երբեք այսքան կարճ չեմ եղել: խոստովանում եմ, զզվելի բան է փոքր լինելը:
Այս խոսքերն ասելուն պես Ալիսը սայթաքեց և հաջորդ վայրկյանին չլըմփ, մինչև կզակը սուզվեց աղի ջրի մեջ: Նրա առաջին միտքն այն եղավ, որ ծովն էր ընկել:
— Այդ դեպքում կարող եմ գնացքով վերադառնալ, — ուրախացավ Ալիսը:
(Նա միայն մի անգամ էր ծովափում եղել և այն եզրակացությանն էր հանգել, որ ուր էլ գնաս անգլիական ծովեզրով, միշտ էլ ծովի վրա բազմաթիվ հանվելու անվավոր խցիկներ կտեսնես ափին, փայտե բահերով ավազը փորող երեխաներ, այնուհետև կգան շարքով կահավորված տնակներ, իսկ դրանց հետևում՝ երկաթուղային կայարանը): Բայց և այնպես շուտով հասկացավ, որ ինքն ընկել է իր արցունքներից գոյացած լճակը, երբ լաց էր եղել ինը մատնաչափ եղած ժամանակ:
— Երանի այդքան շատ լացած չլինեի, — ասաց Ալիսը ելք գտնելու համար այս ու այն կողմ լողալով, — ինձ թվում է, ես պետք է պատժվեմ խեղդվելով իմ սեփական արցունքների մեջ: Այ թե տարօրինակ բան կլինի, հա: Դե, այսօր ամեն ինչ տարօրինակ է:
Հենց այդ պահին Ալիսը մոտերքում ճողփյուն լսեց ու լողալով մոտ գնաց, տեսնելու թե ով էր չփչփացնողը: Սկզբում նրան թվաց, թե ջուրն ընկնողը ծովացուլ է կամ գետաձի, հետո հիշեց, թե որքան փոքր է ինքը և շուտով պարզվեց, որ դա սոսկ մուկ է, որն իր նման սահել ընկել էր լիճը:
«Արժե արդյոք մկան հետ խոսել, — մտածեց Ալիսը, — ամեն ինչ այստեղ այնքան արտասովոր է, որ ինձ թվում է, թե մուկն էլ կարող է խոսել: Համենայն դեպս փորձեմ. դրանից վնաս չկա»:
— Ո՜վ Մուկ, դուք գիտեք այս լճակից դուրս գալու ճանապարհը: Ո՜վ Մուկ, ես անչափ հոգնել եմ:
(Ալիսին թվաց, թե դա է մկան հետ խոսելու ճիշտ ձևը:
Նա երբեք մկների հետ չէր խոսել, բայց հիշեց, որ եղբոր լատիներենի քերականության գրքում կարդացել է. «Մուկ, մկան, մկի, մուկ, ո՜վ մուկ»):
Մուկը հարցական նայեց, Ալիսին թվաց, թե իրեն աչքով արեց՝ փակելով փոքրիկ աչքերից մեկը, բայց լուռ մնաց: «Երևի անգլերեն չի հասկանում: Միգուցե սա ֆրանսիական մուկ է, որ Վիլհելմ Նվաճողի ժամանակից է մնացել», — մտածեց Ալիսը:
(Չնայաց Ալիսը պարծենում էր պատմության իր գիտելիքներով, բայց պատկերացում անգամ չուներ, թե քանի տարի առաջ են կատարվել այդ դեպքերը):
Եվ նորից սկսեց խոսել.
— Օս est ma chatte?
Դա նրա ֆրանսերենի դասագրքում եղած առաջին նախադասությունն էր:
Մուկն անսպասելիորեն դուրս ցատկեց ջրից՝ ամբողջ մարմնով դողալով սարսափից:
— Ա՜խ, ներեցեք ինձ, — անմիջապես սխալն ուղղեց Ալիսը, վախենալով, որ վիրավորել է խեղճ կենդանու ինքնասիրությունը, — ես բոլորովին մոռացել էի, որ դուք կատուներին չեք սիրում:
— Չեմ սիրում կատուներին, — ծվծվաց Մուկը սուր կրքոտ ձայնով, — իսկ եթե դու իմ տեղը լինեիր, կսիրեի՞ր:
—Դե, միգուցե ոչ, — մեղմ պատասխանեց Ալիսը, — մի բարկացեք: Բայցևայնպես շատ կուզենայի ձեզ ցույց տալ իմ Դինա կատվին: Ինձ թվում է, դուք կսիրեիք նրան, եթե միայն տեսնեիք Դինային: Այն քան հեզ ու բարի կենդանի է, — ծուլորեն լողալով լճակում պատմում էր նա, — Դինան նստում է վառարանի կողքին և այնպես գեղեցիկ մռլտում՝ լիզելով թաթերն ու դեմքը: Իսկական հաճույք է նրան խնամելը: Իսկ մուկ բռնելու մեջ մեծ վարպետ է... Ա՜խ, ներեցեք ինձ, — նորից գոչեց Ալիսը, որովհետև հասկացավ, որ իրոք վիրավորել էր նրան, քանի որ Մուկն ամբողջովին փշաքաղվել էր:
— Եթե ձեզ հաճելի չէ, մենք այլևս Դինայի մասին չենք խոսի:
— Իհարկե ոչ, — Մուկը մինչև պոչի ծայրը դողում էր, — կարծես թե շատ եմ ուզում այդ մասին խոսել: Մեր ցեղը միշտ ատել է կատուներին, այդ գարշելի, զզվելի, ստոր արարածներին, ես այլևս չեմ ուզում լսել դրանց անունը:
— էլ չեմ խոսի: — Ալիսը շտապեց փոխել խոսակցության նյութը: — Դուք... Դուք սիրու՞մ եք շներին:
Մուկը չպատասխանեց, այնպես որ Ալիսը տաքացած շարունակեց.
— Մի սիրունիկ շնիկ կա մեր հարևանի տանը: Ես կուզեի, որ դուք տեսնեիք նրան: Փոքրիկ, փայլուն աչքերով որսաշուն է. երկար, գանգուր, շագանակագույն մազեր ունի: Երբ մի բան ես նետում, անմիջապես օդում որսում է: խելոք նստում է մինչև իրեն ճաշ տան և շատ ու շատ նման բաներ, որոնց կեսն անգամ չեմ հիշում: Նա պատկանում է մի ագարակատիրոջ, որն ասում է, թե այդ շունը չափազանց օգտակար է. նա հարյուր ֆունտ արժե, որսում է բոլոր տեսակի առնետներին: Ա՜խ, ներեցեք, — հուզվեց Ալիսը, — ես ձեզ դարձյալ վիրավորեցի:
Մուկը հնարավորին չափ հեռու էր լողում նրանից ալեկոծելով լիճը:
Ալիսը մեղմորեն կանչեց նրա հետևից.
— Սիրելի Մուկ, եթե դուք չեք սիրում կատուներին ու շներին, մենք այլևս չենք խոսի նրանց մասին: խնդրում եմ, վերադարձեք:
Երբ Մուկը լսեց այդ խնդրանքը, շրջվեց ու դանդաղ հետ լողաց: Մկան դեմքն ամբողջովին գունատ էր: «Բարկությունից կլինի», — մտածեց Ալիսը:
— Դուրս գանք ափ, և այնտեղ ես քեզ կպատմեմ իմ կյանքը և դու կհասկանաս, թե ինչու եմ ատում կատուներին ու շներին, — ցածր, դողդոջուն ձայնով ասաց Մուկը: Վաղուց արդեն դուրս գալու ժամանակն էր, որովհետև լճակի վրա ազատ տեղ չէր մնացել: Բազմաթիվ թռչուններ ու կենդանիներ էին ընկել ջրի մեջ՝ Բադ Ռոբինը, Դոդոն, Լորը, Արծվիկ էդը: Ալիսի գլխավորությամբ ամբողջ խումբը լողաց դեպի ափ:
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Վազքի մրցում և երկար վերջավորություն
Ափին հավաքվածներն իրոք արտառոց տեսք ունեին: Թռչունների փետուրները կեղտի մեջ կորել էին, կենդանիները կուչ էին եկել իրենց մորթիների մեջ, բոլորն էլ թրջված էին, բարկացած ու դժգոհ:
Նախ անհրաժեշտ էր չորանալ: Նրանք խորհրդակցեցին, և քիչ անց Ալիսին շատ բնական թվաց, որ ինքն ընկերաբար զրուցում է խմբի հետ, կարծես ամբողջ կյանքում ճանաչել է նրանց: Նա երկար-բարակ վիճաբանեց Լորի հետ, որն ի վերջո խոժոռվեց ու մեծահոգաբար նետեց.
— Ես քեզնից մեծ եմ և քեզնից լավ գիտեմ:
Լորի ասածը բավական չէր. Ալիսը ցանկացավ իմանալ նրա տարիքը: Իսկ երբ Լորը կտրականապես հրաժարվեց տարիքն ասելուց՝ խոսակցությունն ավարտվեց:
Վերջապես, Մուկը, որ նրանց մեջ որոշ հեղինակություն էր վայելում, բացականչեց.
— Նստե՛ք և բոլորդ ուշադիր ինձ լսեք: Ես ձեզ իսկույն կչորացնեմ: — խումբն անմիջապես լայն շրջան կազմած նստեց Մկան շուրջը: Ալիսն անհանգստացած աչքերը հառել էր Մկան վրա, որովհետև վախենում էր հիվանդանալ, եթե անմիջապես չչորանար:
— Ըհըմ, ըհըմ, — ծանրակշիռ հազաց Մուկը, — պատրա՞ստ եք: Սա՛ է չորանալու ինձ հայտնի ամենալավ միջոցը: Բարեհաճեք լռել: Վիլհելմ Նվաճողը Պապի օրհնությամբ շուտով հնազանդեցրեց անգլիացիներին, որոնք կարիք ունեին ամուր իշխանության և նրանց համար սովորական բաներ էին նվաճումներն ու գահ հափշտակելը: էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը10...
— Սառեցի, — սվսվացրեց Լորը:
— Ներեցեք, խնդրեմ, — խոժոռվեց Մուկը ու քաղաքավարությամբ հարցրեց, — դուք ինչ-որ բան ասացիք:
— Ես չէի, — վրա բերեց Լորը:
— Ինձ թվաց, խոսողը դուք էիք, — ասաց Մուկը, — շարունակում եմ: էդվինը, Մորքարը, Մերսիայի և Նորթամբրիայի կոմսերը նրա կողմն անցան, նույնիսկ Սթիգանդը՝ Բենթրբերիի հայրենասեր արքեպիսկոպոսը գտավ, որ...
— Ի՞նչ գտավ, — հարցրեց Բադը:
— Գտավ, ոդ, անհրաժեշտ է... — զայրացավ Մուկը, — իհարկե, դուք գիտեք, թե ինչ է նշանակում դա:
— Շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում, — ասաց Բադը, — երբ ես որևէ բան եմ գտնում, իսկ դա սովորաբար գորտ կամ որդ է լինում, անհրաժեշտ եմ համարում ուտել: Հարցն այն է, թե ինչ գտավ արքեպիսկոպոսը:
Մուկն ուշադրություն չդարձրեց այդ հարցին և վրա տալով շարունակեց.
— Գտավ, որ անհրաժեշտ է գնալ էդգար Աթելինգի հետ Վիլյամին դիմավորելու ու գահն առաջարկելու նրան: Սկզբում Վիլյամի վարմունքը շատ ազնիվ էր, բայց նորմանների հանդգնությունը... Ինչպե՞ս ես քեզ զգում, սիրելիս, — Ալիսին դիմեց Մուկը:
— Առաջվա նման թաց եմ, — տխուր պատասխանեց Ալիսը, — կարծես բոլորովին չեմ չորանում:
— Այդ դեպքում, — հանդիսավոր ոտքի ելնելով հայտարարեց Դոդոն, — ես առաջարկում եմ ընդհատել ժողովը՝ անհապաղ ավելի գործնական միջոցներ ձեռք առնելու համար:
— Ի՞նչ եք դուրս տալիս, — սրտնեղեց Արծվիկը, — ես այդ երկար խոսքերի կեսից ավելին չեմ հասկանում: Դեռ ավելին, չգիտեմ, ձեր ասածը գոնե դուք հասկանո՞ւմ եք:
Արծվիկը ծիծաղը թաքցնելու համար իջեցրեց գլուխը: Թռչուններից ոմանք բարձր քրքջացին:
— Այն, ինչ ես մտադիր եմ ասելու, — վիրավորված շարունակեց Դոդոն, — հետևյալն է. չորանալու ամենալավ միջոցը վազքի մրցումն է:
— Ի՞նչ բան է դա, — հարցրեց Ալիսը, լոկ նրա համար, որ Դոդոն բազմանշանակալից լռեց, սպասելով, որ մեկնումեկը ձայն կհաներ, բայց նրանցից և ոչ մեկը հակված չէր խոսելու:
— Դե, ինչ բացատրեմ, — շարունակեց Դոդոն, — ավելի լավ է ցույց տամ: (Գուցե ձմռան մի օր դո՞ւք էլ ցանկանաք փորձել Դոդոյի ասածը: էս ձեզ կպատմեմ, թե նա ինչպես գլուխ բերեց այդ գործը):
Սկզբում նա մի շրջան գծեց. «Այնքան էլ հաջող չստացվեց, բայց ճիշտ ձևը կարևոր չէ» — եզրակացրեց Դոդոն, որից հետո ամբողջ խումբը ցաքուցրիվ տեղավորվեց շրջանի շուրջը: Ոչ ոք չասաց. «Մեկ, երկու, երեք, առաջ»: Յուրաքանչյուրն ուզած ժամանակ վազում էր և ուզած ժամանակ կանգ առնում, այնպես որ դժվար է ասել, թե երբ ավարտվեց մրցումը: Այնուամենայնիվ, երբ նրանք արդեն մոտ կես ժամ վազել հին և բոլորն էլ լրիվ չորացել, Դոդոն հանկարծ հայտարարեց.
— Մրցումն ավարտված է:
Թռչուններն ու կենդանիները խմբվեցին նրա շուրջը և շնչակտուր հարցրին.
— Ո՞վ շահեց:
Առանց երկար մտածելու Դոդոն չէր կարող պատասխանել այդ հարցին: Նա մատը դրեց ճակատին ու մտազբաղ նստեց (այն դիրքով, որ սովորաբար տեսնում եք Շեքսպիրին նկարներում), իսկ մնացածները համբերությամբ սպասում էին:
Վերջապես Դոդոն ասաց.
— Բոլորն էլ շահեցին և բոլորն էլ պետք է մրցանակ ստանան:
— Իսկ ո՞վ է բաշխելու դրանք,— միաբերան հարցրին նրանք:
— Դե, իհարկե, նա, — Դոդոն մատնացույց արեց Ալիսին:
Խումբն աղմուկ-աղաղակ բարձրացնելով խռնվեց Ալիսի շուրջը.
— Մրցանակները, մրցանակները...
Ալիսը չգիտեր ինչ անել, նա հուսահատ ձեռքը տարավ գրպանը, դուրս հանեց քաղցրավենիքով լի մի տուփ (բարեբախտաբար աղի ջուրը չէր թափանցել մեջը) և բաժանեց դրանք որպես մրցանակ: Յուրաքանչյուրին բաժին ընկավ մեկ հատ:
— Գիտեք ի՞նչ, նա ինքն էլ պետք է մրցանակ ստանա, — ասաց Մուկը:
— Իհարկե, — լուրջ արձագանքեց Դոդոն և դիմեց Ալիսին, — ուրիշ ի՞նչ կա գրպանումդ:
— Միայն մի մատնոց, — տխուր ասաց Ալիսը:
— Տուր այստեղ, — կարգադրեց Դոդոն:
Հետո նրանք դարձյալ խմբվեցին Ալիսի շուրջը, և Դոդոն հանդիսավորությամբ մատնոցը հանձնեց Ալիսին.
— Մենք խնդրում ենք ընդունել այս շքեղ մատնոցը:
Երբ Դոդոն վերջացրեց իր կարճ ճառը, խումբը ցնծության ճիչեր արձակեց:
Չնայած այդ բոլորը Ալիսին հիմարություն էր թվում, բայց նրանք այնքան լուրջ տեսք ունեին, որ նա չհամարձակվեց ծիծաղել, այլ ստիպված արժանապատվությամբ խոնարհվեց ու վերցրեց ընծան՝ հնարավորին չափ հանդիսավոր կեցվածք ընդունելով:
Երբ հերթը հասավ քաղցրավենիքներն ուտելուն՝ տուր ու դմփոց, գոռում-գոչյուն բարձրացավ: Մեծ թռչունները բողոքում էին, որ համն անգամ չտեսան, իսկ փոքրերն ուտելիս խեղդվում էին և ստիպված նրանց մեջքներին թփթփացնում էին: Այնուամենայնիվ, ամեն ինչ բարեհաջող վերջացավ, նրանք նորից շրջան կազմած նստեցին ու խնդրեցին Մկանը մի բան պատմել:
— Դուք ինձ խոստացաք ձեր պատմությունն ասել, — ասաց Ալիսը և, որպեսզի չվիրավորի նրան, շշուկով ավելացրեց, — թե ինչու եք ատում «Կ»-երին ու «Շ»-երին:
— Այս պատմությունը երկար ու տխուր վերջավորություն ունի, — ծանր հառաչեց Մուկը շրջվելով դեպի Ալիսը:
— Իրոք որ երկար վերջավորություն է, — նայելով Մկան պոչին՝ հաստատեց Ալիսը, — բայց ինչու եք այն տխուր համարում:
Մինչ Մուկը խոսում էր, Ալիսը մտածում էր ու մտածում, և նրա երևակայության մեջ Մկան պատմությունը գծագրվում էր հետևյալ կերպ.
Քութիկն ասաց մկանը,
որին բռնեց իր տանը.
«Քեզ դատարան քարշ կտամ,
էնտեղ հախիցդ
կգամ: Ոչ մի հեր–
քում ու բողոք, թող
լինի դատն ան–
ողոք: Մեկ է, էս–
օր անգործ եմ,
ինքս սիրով կը–
փորձեմ»: Պա–
տասխանեց Մուկն
այդժամ. «Ախր,
պարոն հարգարժան,
էս ի՞նչ դատ է
ահավոր, որը
չունի դատա–
վոր: Առանց
նրա մենք ի՞նչ
ենք: Զուր տեղն
ինչու ջուր ծե–
ծենք»: «Այդ
իրավունքն ինձ
կտաք, — ասաց շունը խորա–
մանկ, — ինքս
պիտի քեզ
դատեմ ու
մահվան դատա-
պար-
տեմ»11:
— Դու անուշադիր ես, — բարկացավ Մուկը, — ինչի՞ մասին ես մտածում:
— Ոչ, ինչո՞ւ, լսում եմ, — շատ խոնարհ ասաց Ալիսը,— բայց ինձ թվում է դուք արդեն հինգերորդ ոլորքին հասաք:
— Տանել չեմ կարող, — զայրացած ծղրտաց Մուկը:
— Ի՞նչը չեք կարող տանել, — անհանգստացավ Ալիսը ծառայելու միշտ պատրաստ, — տվեք ձեզ օգնեմ:
— Ես այդպիսի բան թույլ չեմ տա, դու ինձ վիրավորում ես նման հիմարություններ դուրս տալով, — Մուկը ոտքի ելավ ու հեռացավ:
— Ես բոլորովին չուզեցի ձեզ վիրավորել, — խեղճացավ Ալիսը, — իմիջիայլոց, դուք շարունակ վիրավորվում եք:
Ի պատասխան Մուկը միայն գռմռաց.
— Խնդրու՛մ եմ, հետ եկեք և վերջացրեք ձեր պատմությունը, — նրա հետևից կանչեց Ալիսը:
Բոլորն էլ միաձայն աղաղակեցին.
— Խնդրու՛մ ենք, վերջացրեք:
Բայց Մուկը միայն բացասաբար շարժեց գլուխը և քայլերն արագացրեց:
— Ափսոս, նա այլևս հետ չի գա, — հառաչեց Լորին, հենց որ Մուկը չքացավ տեսադաշտից:
Պառավ խեցգետինը առիթից օգտվելով նախատեց իր դստրիկին.
— Տե՛ս, սիրելիս, թող սա քեզ համար դաս լինի, որ երբեք չափդ չկորցնես:
— Լռի՛ր, մայրիկ, — զայրացավ ջահել խեցգետինը, — դու ընդունակ ես Ոստրեին անգամ համբերությունից հանելու:
— Եթե մեր Դինան այստեղ լիներ, ես գիտեի, թե ինչ կանեի, — իմիջիայլոց բարձրաձայն ասաց Ալիսը, — նա անմիջապես Մկանը հետ կբերեր:
— Իսկ ո՞վ է Դինան, համարձակվում եմ հարցնել, — հետաքրքրվեց Լորին:
Ալիսը, որ միշտ պատրաստ էր խոսել իր սիրելիի մասին, եռանդուն բացատրություն տվեց.
— Դինան մեր կատուն է: Նա կատարյալ վարպետ է մուկ բռնելու մեջ: Չեք կարող պատկերացնել, թե ինչպես է թռչունների հետևից վազ տալիս: Բռնելն ու ուտելը մեկ է լինում:
Խոսակցությունն արտակարգ իրարանցում առաջացրեց խմբի մեջ: Մի քանի թռչուն անմիջապես փախուստի դիմեցին: Ծեր կաչաղակը կուչ գալով շատ զգույշ պատրաստվեց գնալու:
— Ես պետք է անհապաղ տուն գնամ: Գիշերվա օդը կոկորդիս համար վնասակար է:
Իսկ Դեղձանիկը վախեցած ձայնով կանչեց իր ձագուկներին.
— Գնացինք, սիրելիներս, արդեն ուշ է, ձեր քնելու ժամը վաղուց է անցել:
Զանազան պատրվակներ բերելով խումբը հեռացավ և Ալիսը շատ շուտով մնաց բոլորովին մենակ:
— Երանի Դինայի անունը տված չլինեի, — տխրեց նա, — այստեղ նրան ոչ ոք չի սիրում: Բայցևայնպես նա աշխարհի ամենալավ կատուն է: Ա՜խ, իմ սիրելի Դինա, արդյոք բախտս կբերի, քեզ նորից կտեսնեմ:
Եվ խեղճ աղջիկը միայնակ ու հուսահատ սկսեց կրկին լաց լինել: Քիչ անց նա հեռվից թեթև ոտնաձայն լսեց ու արագ շրջվեց հույսը չկտրած, թե Մուկը միտքը փոխել է ու հետ է գալիս վերջացնելու իր պատմությունը: