Վերջին թարմացում 11 Մայիսի 2014, 15:57

Օպրիչնիկի օրը

15:57, 11 Մայիսի 2014 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օպրիչնիկի օրը

հեղինակ՝ Վլադիմիռ Սոռոկին
թարգմանիչ՝ (ռուսերենից)
աղբյուր՝ Օպրիչնիկի օրը

Իշխանավորի օրը

Գրիքորիյ Լուկյանիչին

Վելսկի Սկուռատովին, Մալյուտա մականունով


Նորից նույն երազը․ գնում եմ անսահման, ռուսկան, հորիզոնն անցնող դաշտով, տեսնում եմ մի սպիտակ նժույգ, գնում եմ դեպի նա, զգում եմ, որ այդ նժույգը առանձնահտուկ, բոլոր նժույներից ավելի նժույգ է, գեղեցիկ, առաջնորդող, արագավազ, շտապում եմ, բայց հասնել չեմ կարողանում, արագացնում եմ քայլերս, բղավում եմ, կանչում, հանկարծ հասկանում եմ, որ ողջ կյանքս, ճակատագիրս, այդ նժույգում է ամբողջ հաջողությունս, նա ինձ պետք է օդի պես, վազում եմ, վազում նրա ետևից իսկ նա ընդմիշտ հեռանում է, հեռանում ինձանից, հեռանում հավիտյան, անշրջելի, հեռանում է, հեռանում, հեռանում․․․


Բջջայինս արթնացնում է ինձ․


Մտրակի հարված՝ ճիչ։

Նորից հարված՝ տնքոց։

Երրորդ հարվածը՝ խռխռոց։


Պոյարոկը ձայնագրել է դա Գաղտնի Հրամանում, երբ տանջում էին կառավարչին հեռավոր արևելքից։ Այդ երաժշտությունը մեռածին էլ կարթնացնի։ ― Կոմյագան լսում է, ― դնում եմ սառը մոբիլան քնատ֊տաք ականջիս։

― Ողջ լինեք, Այնդրեյ Դանիլովիչ։ Կոռոստիլյեվն է անհանգստացնում, ― կենդանանում է Դեսպանական Հրամանի պաշտոնյայի ձայնը, և միանգամից բջջայինի կողքը օդում հայտնվում է նրա բեղա֊մտահոգ մռութը։

― Ի՞նչ է պետք։

― Համարձակվում եմ հիշեցնել ձեզ․ այսօր երեկոյան ալբանական դեսպանի ընդունելությունն է։ Պահանջվում է մի դյուժին պաշարման համար։

― Գիտեմ, ― դժգոհ մռմռթում եմ ես, չնայած ազնվորեն ասած՝ մոռացել էի։

― Ներեցեք անհանգստացնելու համար։ Ծառայութուն է։

Դնում եմ բջջայինը սեղանիկի վրա։ Ինչո՞ւ է դեսպանատան պաշտոնյան հիշեցնում ինձ այդ մասին։ Դե այո․․․ հիմա դեսպանականներն են զբաղվում ձեռքերի լվացման ծեսով։ Մոռացել էի․․․ Առանց աչքերս բացելու, կախում եմ ոտքերս անկողնուց, թափ տալիս գլուխս․ երեկվանից հետո ծանր է։ Շոշափելով գտնում եմ զանգակը, զանգում։ Լսվում է, թե ինչպես պատի ետևում Ֆեդկան վեր է թռչում պառկած տեղից, շտապում, զնգզնգացնում սպասքը։ Նստած եմ արթնանալ չուզեցող կախ գլխով․ երեկ նորից ստիպված էի ընդունել մեծ քանակով, չնայած խոստացել էի խմել և հոտ քաշել միայն մերոնցականների հետ, 99 անգամ զղջումով խոնարհվեցի Ուսպենսկիում,[1] աղոթեցի սուրբ Վոնիֆատիին։ Ամեն ինչ իզո՛ւր։ Ի՜նչ անել, եթե օկոլնի[2]Կիրիլ Իվանովիչին չեմ կարող մերժել։ Նա խելացի է։ Եվ շատ իմաստուն խորհուրներ է տալիս։ Իսկ ես, ի տարբերություն Պոյարեկի ու Սիվոլայի, գնհատում եմ խելացի մարդկանց։ Ես կարող եմ անսահման երկար լսել նրա իմաստագույն խոսքերը, բայց առանց լավ նստելու նա չխոսկան է․․․


Ներս է մտնում Ֆեդկան․

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։

Բացում եմ աչքերս։

Ֆեդկան կանգնած է մատուցարնով։ Ինչպես միշտ առավոտյան՝ նրա մռութը ճմրթված է ու տգեղ։ Սկուտեղի վրա են խումհարից հետո ավանդական սպիտակ կվասը, օղու ըմպանակը, կես բաժակ կաղամբի թթվաջուրը։ Խմում եմ թթվաջուրը։ Քթիս մեջ ծակծկում է, բռնվում են այտոսկրերս։ Շունչ քաշելով կուլ եմ տարլիս օղին։ Աչքերս արցունքոտվում են, անորոշացնելով Ֆեդկայի մռութը։ Սկսում եմ համարյա ամեն ինչ հիշել՝ ով եմ, որտեղ եմ և ինչու։ Դանդաղորեն, զգույշ ներշնչում եմ։ Խմում եմ կվասը։ Անցնում է Անշարժության Մեծ րոպեն։ Բարձր գխկում եմ, ներսիցս դուրս եկող տնքոցով։ Սրբում են արցունքներս։ Եվ այժմ արդեն հիշում եմ ամեն ինչ։

Ֆեդկան հավաքում է սկուտեղը, և ծնկի գալով, մեկնում ձեռքը։ Հենվելով վեր եմ կենում։ Առավոտյան Ֆեդկայից ավելի վատ հոտ է գալիս քան երեկոյան։ Դա նրա մարմնի առանձնահատկությունն է, ոչինչ չես կարող անել։ Ճիպոտներով գործին չես օգնի։ Ձգվելով և հառաչելով գնում եմ դեպի սրբապատկերները, վառում եմ փոքրիկ լամպը, ծնկի գալիս։ Կարդում եմ առավոտյան աղոթքները, գլուխս խոնարհում։ Ֆեդկան ետևս կանգնած հորանջում է և խաչակնքվում։

Աղոթելով, վեր եմ կենում Ֆեդկային հենվելով։ Գնում եմ լոգարան։ Լվացվում եմ նախօրոք ջրհորից բերված սառը ջրով, որում լողում են սառքի կտորները։ Նայում եմ հայելուն։ Դեմքս թեթևակի ուռած է, ռունգերիս երակները կապտած, մազերս գզգզված։ Քունքերիս հայտնվել են առաջին սպիտակ մազերը։ Մի քիչ շուտ է իմ տարիքի համար։ Բայց ծառայությունը այդպիսի բան է, ոչինչ չես կարող անել։ Ծանր է պետական գործը․․․

Փոքր և մեծ կարիքներս բավարարելուց հետո, մտնում եմ ջակուզի, հավաքում ծրագիրը, գլուխս ետ գցում տաք, հարմար հենարանին։ Նայում եմ առաստաղի նկարներին․ այգում բալ հավաքող աղջիկներին։ Դա հանգստացնում է։ Նայում եմ նրանց ոտքերին, հասած բալով զամբյուղներին։ Ջուրը լցվում է, հագենում օդով, եփում մարմնիս շուրջը։ Ներսից օղին, դրսից փրփուրը՝ կամաց֊կամաց ինձ խելքի են բերում։ Քառորդ ժամ անց պղպջակները հանդարտվում են։ Մի քիչ էլ եմ պառկած մնում։ Սեղմում եմ կոճակը։ Ներս է մտնում Ֆեդկան սավանով և խալաթով։ Օգնում է դուրս գալ ջակուզիից, փաթաթում սավանով, հագցնում խալաթը։ Անցնում եմ ճաշասենյակ։ Տանյուշկան արդեն նախաճաշի սեղան է գցում։ Պատին, մի քիչ հեռու նորությունների փուչիկն է։ Հրամայում եմ ձայնով․

― Նորություններ։

Փուչիկը լուսավորվում է, խաղում Հայրենիքի երկնագույն֊սպիտակ֊կարմիր գույներով ու երկգլխանի ոսկե արծվով, Մեծ Իվանի զանգերով զանգում։ Մի քանի կում ազնվամորու թեյ խմելով նայում եմ նորությունները․ Հարավային Պատի հյուսիս֊կովկասյան մասում նորից կազակների և համապետականների են առևանգել, հեռավոր արևելյան Խողովակը կմնա փակ, մինչև ճապոնացիները խնդրագիր չգրեն, չինացիները մեծացնում են իրենց գաղութները Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում, շարունակվում է ուռալյան գանձարանի դրամ փոխանակողների դատավարությունը, Թագավորի հոբելյանի կապակցությամբ թաթարները կառուցում են խելացի պալատներ, Դեղագործական ակադեմիայի ուղեղավորները ավարտում են ծերության գենի ուսումնասիրությունը, Մուրոմյան գուսլյարները[3] երկու համերգ կտան մայրաքաղաքում, կոմս Տրիֆոն Բագրատիոնովիչ Գոլիցինը ծեծել է երիտասարդ կնոջը, հունվարին Սուրբ֊Պետրոգրադի Սեննոյ փողոցում ծեծի չեն ենթարկի, յուանի համեմատությամբ ռուբլին կես կոպեկով կամրապնդվի։

Տանյուշկան մատուցում է պանրիկներ, մեղրով շոգեխաշած կաղամբ։ Ի տարբերություն Ֆեդկայի Տանյուշկան գեղեցիկ է և բուրավետ։

Նրա զգեստը հաճելի խշխշում է։

Թունդ թեյը և լոռամրգի կիսելը վերջնականապես ինձ կյանքի են վերադարձնում։ Վրայիցս փրկարար քրտինք է թափվում։ Տանյուշկան մեկնում է ինձ իր ձեռքով գործած սրբիչը։ Ես մաքրում եմ դեմքս, վեր կենում սեղանի առջևից, խաչակնքվում, շնորհակալություն հայտնում Տիրոջը սննդի համար։

Գործի անցնելու ժամանակն է։

Եկող սափրիչը արդեն սպասում է զգեստասենյակում։ Գնում եմ այնտեղ։ Լռակյաց, ցածրահասակ Սամսոնը խոնարհվում է և նստեցնում ինձ հայելիների առջև, մերսում դեմքս, շփում վիզս լավանդայի յուղով։ Նրա ձեռքերը, ինչպես բոլոր սափրիչների ձեռքերը, տհաճություն են պատճառում։ Բայց ես սկզբունքորեն համաձայն չեմ ցինիկ Մանդելշտամի հետ, որն ասել է․ « իշխանությունը սափրիչների ձեռքերի նման զզվելի է»։ Իշխանությունը հմայիչ է և ձգող, ինչպես չծննդաբերած դերձակուհու ծոցը։ Իսկ սափրիչի ձեռքերը․․․ ինչ արած ― կանանց արգելված է մեր մորուքները խուզել։ Սամսոնը փոքրիկ նարնջագույն «Չինգիզխան» բալլոնից փրփուր է թողնում այտերիս, զգուշորեն տարածում, չկպչելով նեղ, գեղեցիկ մորուքիս, վերցնում է ածելին, սրում գոտով, կծելով ներքևի շրթունքը նշան բռնում, և սկսում սահուն շարժումներով հանել դեմքիս փրփուրը։ Ես ինձ եմ նայում։ Այտերս արդեն այնքան էլ թարմ չեն։ Այս երկու տարիների ընթացքում կես փութ նիհարել եմ։ Աչքերիս տակի կապտությունը դառձել է սովորական։ Մենք բոլորս էլ չենք կարողանում մեր քունն առնել։ Անցյալ գիշերը բացառություն չէր։

Փոխարինելով ածելին էլեկտրական սափրիչով, Սամսոնը ճարպկորեն ուղղում է մորուքիս ճակնդեղանման կղզին։

Ես աչքով եմ անում ինձ․ «Բարի լույս, Կոմյագա»։

Ոչ այնքան հաճելի ձեռքերը դեմքիս են դնում անանուխով թրջված տաք անձեռոցիկը։ Սամսոնը սրբում է դեմքս, կարմրացնում այտերս, խոպոիկներ սարքում, լաք փչում, անխնա ոսկյա փոշի լցնում, աջ ականջիս հագցնում ծանր ոսկյա ականջողը ― զանգակ առանց լեզվակի։ Այդպիսի ականջողեր միայն մերոնքականներն են կրում։ Ոչ մի տեղական, համապետական, խորհրդարանական, կամ պալատական տականք, նույնիսկ սուրբ ծննդայն դիմակահանդեսում չի համարձակվի հագնել այսպիսի զանգակ։

Սամսոնը ցողում է գլուխս «Վայրի խնձորով, լուռ խոնարհվում և դուրս գալիս, ― նա իր գործն արել է։ Հայտնվում է Ֆեդկան։ Նրա մռութը նախկինի նման ճմրթված է, բայց հասցրել է փոխել վերնաշապիկը, մաքրել ատամները և լվանալ ձեռքերը։ Նա պատրաստ է ինձ հագցնելու։ Դնում եմ ափս զգեստապահարանի փականակին։ Դուռը ծվծվում է, թարթում է կարմիր լույսը, կաղնե դուռը մի կողմ շարժվում։ Ամեն առավոտ ես տեսնում եմ իմ բոլոր տասնութ զգեստները։ Նրանց տեսքը ոգեշնչող է։ Այսօր սովորական օր է ։ Ուրեմն՝ աշխատանքային հագուստ։

― Գործնական, ― ասում եմ ես Ֆեդկային։

Նա հանում է պահարանից զգեստը, սկսում հագցնել ինձ․ սպիտակ, գործված խաչերով ներքնաշորերը, թեք օձիքով կարմիր վերնաշապիկը, ոսկյա և արծաթյա թելերով զարդարված դիպակից կարված պիջակը, որը երիզված է կզաքիսի մորթով, թավշյա բորտերով, սաֆյանե[4] երկարաճիտ կոշիկները պղնձե պայտերով։ Պիջակի վերևից Ֆեդկան հագցնում է երկար, բամբակյա աստառով, սև, կոպիտ կտորից կարված կաֆտանը։

Նայելով հայելու մեջ, փակում եմ պահարանը։

Գնում եմ նախասենյակ, նայում ժամացույցին․ 8.03։ Դեռ ժամանակ կա։ Ինձ արդեն սպասում են ․ դայակը՝ Գեորգիյ Պոբեդոնոսեցի սրբապատկերով, Ֆեդկան՝ գոտիով ու գլխարկով։ Հագնում եմ թավշյա, մորթիով երիզված գլխարկը, թույլ տալիս կապել լայն կաշվե գոտին։ Գոտու ձախ կողմից պղնձյա պատյանի մեջ դաշյունն է, աջից՝ «Ռեբրոֆֆը» փայտյա պատյանում։ Մինչ այդ դայակը խաչակնքում է ինձ։

― Անդրյուշենկա, Աստվածամյրը, սուրբ Նիկոլան և Օպտինի ծերունիները քեզ պահապան։

Նրա սուր կզակը ցնցվում է, երկնագույն արցունքակալած աչքերը սիրով են նայում։ Ես խաչակնքվում եմ, համբուրում սուրբ Գեորգիի սրբապատկերը։ Դայակը գրպանս է խցկում «Ժիվիյ վ պոմոսչի Վիշնյավո» մամիկների գործված աղոթքը։

― Հաղթանակ հակառակորդների հանդեպ․․․ մռթմռթում է Ֆեդկան խաչակնքվելով։

Սև սենյակից նայում է Անաստասիան․ կարմրասպիտակ սառաֆան, շեկ հյուսը ուսին, զմրուխտյա աչքեր։ Այտերի կարմրությունից զգացվում է, որ հուզվում է։ Աչքերը ցած իջեցրեց, արագ խոնարհվեց, և թափ տալով բարձր կուրծքը, անհետացավ կաղնե դռան ետևում։ Իսկ իմ սիրտը հուզվեց այդ խոնարհումից․ նախանցյալ գիշերը կենդանացավ ականջներիս մեջ քաղցր տնքոցով, հպվեց աղջկական մարմնով, տաք շշնջաց, երակներիս միջով վազեց։

Բայց սկսզբում՝ գործը։

Իսկ գործն այսօր շատ֊շատ է։ Եվ հետո այդ ալբանական դեսպանը․․․

Դուրս եկա դեպի մուտքը տանող նախասենյակը։ Այնտեղ արդեն շարք են կանգնել ծառաները․ անասնապահուհին, խոհարարի օգնականը, խոհարարը, դռնապանը, շներին պահող ծառան, տնտեսուհին։

― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։

Մինչև հատակ խոնարհվում են։ Անցնելիս գլխով եմ անում նրանց։ Բացում են երկաթյա դռները։ Դուրս եմ գալիս բակ։ Օրն արևոտ է։ Գիշերը ձյուն է եկել՝ եղևնիների, պարսպի, պահակային աշտարակի վրա։ Լա՜վ է, երբ ձյուն կա։ Երկրի կեղտն է ծածկում։ Եվ հոգին է ավելի մաքուր դարձնում։

Կկոցելով աչքերս արևից, շուրջս եմ նայում․ ամբար, խոտանոց, ախոռ՝ բոլորը ինչպես հարկն է սարքված։ Տեղից պոկվել է փորձում շխթայակապ շունը, շնանոցում հաչում են որսորդական շները, ախոռում՝ կանչում է աքլորը։ Բակը մաքրված է, ձյունակույտերը կոկիկ՝ նման են զատկի թխվածքի։ «Նժույգս» կամգնած է դարպասի մոտ՝ կարմիր վերնաշապիկիս նման, ցածրիկ, մաքուր։ Արևի տակ փայլող թափանցիկ խցիկով։ Նրան կողքին ձիապան Տիմոխան՝ սպասում է շան գլուխը ձեռքին, խոնարհվում։

― Անդրեյ Դանիլովիչ, հավանություն տվեք։ Ցույց է տալիս ինձ այսօրվա համար նախատեսված շան գլուխը․ գզգզված գամփռ, չռված աչքերով, սպիտակած լեզվով, ամուր, դեղին ատամներով։ Հարմար է։

― Գործի անցիր։

Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Նստում եմ կիսպառկած սև կաշվե նստատեղին։ Կոճկվում։
  1. Նկատի ունի Ուսպենսկի տաճարը։
  2. Պալատական պաշտոն։
  3. Գուսլյար ― հին ռուսական բազմալար գուսլի գործիքի վրա նվագող երաժիշտներ
  4. Սաֆյան ― վառ գույներով ներկված այծի կամ ոչխարի նուրբ կաշի