Վերջին թարմացում 20 Մայիսի 2014, 00:53
Շահմարի առեղծվածը

հեղինակ՝ Մկրտիչ Սարգսյան

Կինը չէր ամաչում ոչ բարձրաձայն արտասվելուց և ոչ էլ առատ արցունքներից, որոնք ակոսելով դեմքի շպարը՝ կզակից կաթում էին ծոցն ի վար։ Մայոր Վահագն Բագրատունին ուշադրությամբ նայում էր արտասվող կնոջն ու փորձում էր որսալ նրա բնավորությունը։ «Այս կինը,— խորհում էր նա,— զոհ է դարձել իր բարությանն ու մարդասիրությանը։ Պատսպարել է սրիկային և․․․ խնդրե՜մ․․․»։

— Հանգստացեք, տիկին,— վերջապես խոսեց մայորը։— Մեզ հարկավոր է իմանալ ամեն բան։ Իմանալ մանրամասնորեն․․․

— Ջուր տվեք, խնդրում եմ․․․

Կինը երկար չարչարվում էր զսպելու ձեռքերի դողը, որից բերնեբերան լքված բաժակից ջուրը թափվում էր ներքև և թրջում հին և չխամրած գորգի արնավառ ծաղիկները։

— Ներեցեք, խնդրում եմ․․․

— Պատմեցեք սկզբից։ Ինչպե՞ս հայտնվեց այդ կինը։

— Ես նրան տեսա մեր առանձնատան առջև։ Նա կուչ էր եկել կիսամաշ շալի մեջ և դողդողում էր։ Դեմքը կիսածածկված էր։ Ես չփորձեցի տեսնել նրա դեմքը։ Ինձ անհանգստացրեց նրա վիճակը։ Չէ՞ որ դրսում ցուրտ էր, կիսաբուք։ Ձյան և անձրևի շաղախ։ Այրող քամի։ Դե՛, մարտ ամսվա բնավորությունը գիտեք։ Ես խղճացի նրան։ Պառավ էր, մրսած պառավ։ Դրսում կսառչեր, անպայման կսառչեր։ Եվ ես նրան տուն բերի․․․

— Հետո՞, հետո՞․․․

— Տուն բերի։ Տաք թեյ տվի։ Կերակրեցի։ Նույնիսկ իմ կիսամաշ վերարկուն նվիրեցի նրան։ Նա այնքան անօգնական էր ու խեղճ, որ նայելիս թրջվում էին աչքերս։ Երեկոյան նա ցանկացավ հեռանալ տնից, բայց ես նրան պահեցի։ Ամուսինս՝ պրոֆեսոր Խախանյանը, գործուղման մեջ էր։ Տանը ես էի և դստրիկս՝ Հասմիկը։ Ի՞նչ կարող էր անել մեզ անտուն պառավը, եթե գիշերեր մեր տանը։ Սեղանատանը ծալովի մահճակալի վրա անկողին բացեցի, սակայն պառավը այնտեղ քնել չցանկացավ, մերժեց։ Ստիպված նրա համար անկողին գցեցի խոհանոցի մի անկյունում․․․

— Հետո՞, հետո՞․․․

— Լուսադեմին իմ սենյակում, այսինքն, ննջարանում ինչ-որ ձայներ արթնացրին ինձ։ Բացվող֊փակվող դարակների ճռռոց, թփթփոց․․․ Երբ աչքերս բացեցի, օհ, սարսափելի էր․․․,— և կինը նորից թաշկինակը սեղմեց աչքերին։

— Եվ ի՞նչ տեսաք․․․

— Կիսախավարի մեջ, պատուհանի ֆոնին, լողում էին երկու ստվեր։ Սարսափից ճչացի․․․ Նրանցից մեկը մոտեցավ ինձ․․․ Այլևս ոչինչ չեմ հիշում։ Ուշաթափվե՞լ էի, թե՞ բարձը սեղմել էին բերանիս, չգիտեմ, որովհետև ուշքի գալուն պես բարձը կրձքիս տեսա․․․

— Շա՞տ բան էին տարել․․․

— Մեր ունեցած֊չունեցածը մաքրազարդել էին։

— Փորձեցե՛ք հիշել, տիկին, կիսամութին երևացող սիլուետների մեջ դուք պառավին տեսա՞ք, թե ո՛չ․․․

— Չեմ հիշում։

— Պառավ կնոջ արտաքինի մեջ դուք կասկածելի ոչինչ չե՞ք հիշում։ Փորձեցեք, փորձեցեք մտաբերել դեմքը, վերհիշել արտաքինը։

— Դե՛ , չորացած, սմքած պառավ էր։ Հիշում եմ նրա աչքերը։ Ես հետո, միայն հետո զգացի, որ նրա աչքերը, որոնք մոխրագույն էին, կարծես անհամապատասխան էին նրա տարիքին․․․

— Այսի՞նքն,— լարվեց տեսուչը։

— Լավ աչքեր էին, այսինքն, իմ կարծիքով, պառավի աչքեր չէին։ Սկզբում ես դա չէի նկատել։ Բայց հիմա կարող եմ, ասել, որ նրա աչքերը․․․ ախր, պառավ կնոջ աչքերը խորշոմներ ունեն, մի տեսակ կուչ եկած են, ինձ թվում է, որ նրա աչքերը․․․

— Ուրի՞շ․․․ Իսկ հագուստի, արտաքինի մեջ կասկածելի, ինչ֊որ ձևով առանձնացող ոչինչ չե՞ք նկատել․․․

— Այո՛, կաշվե սև ձեռնոցներ ուներ, իմ կարծիքով, ոչ էժանագին ձեռնոցներ։ Ասաց, որ ինձ նման մի բարի կին է նվիրել իրեն։

— Ահա թե ինչու տեղազննումը ոչինչ չի տալիս, ահա թե ինչու մատնահետքեր չկան,— քննիչի դեմքը գնալով մռայլվում էր,— կարո՞ղ եք ասել, թե ինչու նրա մատնահետքերը չկան նույնիսկ ափսեների և բաժակների վրա։ Չէ՞ որ նա թեյել է, կերել ձեր տանը․․․

— Երեկոյան նրա օգտագործած ամանեղենը ես եռացրած ջրով և օճառով մաքուր լվացել եմ։ Անծանոթ կին էր, գուցեև հիվանդ, ի՞նչ իմ անաս․․․

— Մի վերջին հարց ևս։ Ասացե՛ք, ձեր հարևաններից կամ աշխատանքային ընկերներից ո՞վ գիտեր ձեր ամուսնու գործուղման մեկնելու փաստը։ Չէ՞ որ այդ պառավը ձեր դռանը հայտնվեց հենց նրա մեկնելու օրը։ Դուք ոչ մի կապ չե՞ք տեսնում ձեր ամուսնու գործուղման գնալու և պառավի հայտնվելու միջև․․․

— Չգիտեմ,— ասաց կինը։

— Ձեզ և մեզ համար կարևորագույն մի հարց կա, որ մենք պետք է պարզենք ձեր օգնությամբ միայն։ Գողերը, նույնիսկ մթության մեջ, կարողացել են կողմնորոշվել այնքան անսխալ, որ բացել են միայն այն դարակները, միայն պատամեջ այն արկղիկները, որոնցում պահվելիս են եղել տան թանկարժեք իրերն ու զարդեղենը, ինչպես նաև դրամը։ Չե՞ք գտնում, որ գողերը կամ նրանցից մեկը ծանոթ են եղել ձեր տանն ու նույնիսկ տան թաքստոցներին․․․

— Չգիտեմ,— ուսերը վեր քաշեց կինը,— ես պետք է մտածեմ․․․

— Մտածեցեք, տիկի՛ն,— հոգնած խոսեց մայորը բայց ոչ շատ երկար։ Նկատի ունեցեք, որ այս գործում թանկ է յուրաքանչյուր ժամը։ Աշխատեցեք հիշել այն անձանց, որոնք մոտ են ձեր ընտանիքին և օգտվում են ձեր վստահությունից։ Նորից եմ կրկնում, գողերը գործել են ձեր տանը քաջատեղյակ մարդու օգնությամբ և նրա մշակած ծրագրով։ Լավ կլիներ, եթե մեզ տրամադրեիք այդ մարդկանց ցուցակը․․․

— Կասկածել բոլորի՜ն․․․,— ծոր տվեց կինը։

— Կասկածը դեռևս հանցանքի հավաստում չէ։ Մենք վստահ ենք, որ ցուցակում կլինի այն մարդը, որը պատճառ է դարձել ձեր տառապանքին, վախին և նյութական կորուստներին։ Դուք ինձ ներեցեք, Սյուզաննա Սուրենովնա, ես ցանկանում եմ ձեզ մի շատ փափուկ և անհարմար հարց տալ․․․

— Խնդրեմ, հարցրեք, ընկեր քննիչ․․․,— խոսեց հոգնած կինը։

— Դուք ի՞նչ կարծիք ունեք ձեր աղջկա փեսացուի․․․— մայորը հայացքով քրքրում էր ծոցատետրի էջերը,— ըը՜․․․ Սերժ Ոսկանյանի մասին։

Կինը վեր քաշեց ուսերը։

— Նրանից գլուխ չեմ հանում։ Չեմ հասկանում նաև աղջկաս՝ Հասմիկին։ Աղջիկս մեծ երեխա է․ դյուրահավատ, կամակոր, փոքր֊ինչ երես առած։ Սերժը կարողացել է նրա հետ լեզու գտնել։ Սովորել են միասին, բայց տարբեր ֆակուլտետներում։ Սերժը նախանցյալ տարի ավարտեց և ահա երկրորդ տարին է ոչ մի տեղ չի աշխատում։ Նա երկու սեր ունի՝ Հասմիկն ու «Ժիգուլին»։ Երկուսն էլ իրենց ծնողների միակ զավակներն են։ Երկուսն էլ, իմ կարծիքով, բավականին շփացած և անհոգ ջահելներ։ Ուրիշ ի՞նչ կարելի է ասել։ Ոչինչ։ Ընկեր մայոր, իմ ասածը նրանց միակ, եզակի թերությունն է․․․

— Սերժին հայտնի՞ էին ձեր զարդեղենի թաքստոցները։

— Իհարկե։ Հասմիկը քանի՜-քանի անգամ հիացմունքով և հպարտությամբ իր զարդեղենը ցուցադրել է Սերժին։

— Իսկ Սե՞րժը․․․

— Սերժն ի՜նչ․․․ Նայել է ու ձեռքը թափ տվել։ Սպասեցե՛ք, սպասեցեք,— հանկարծ անհանգստացավ կինը,— չլինի՞ թե դուք կասկածում եք Սերժին․․․

— Եկեք միմյանց հասկանանք, Սյուզաննա Սուրենովնա՛։ Ես կուզենայի, որ դուք լավ իմանայիք հետևյալը։ Հետաքննության, գործի շահերը պահանջում են, որ մենք իմանանք ամեն ինչ, իմանանք բոլորին, ովքեր առնչվում են ձեր ընտանիքին, իմանանք յուրաքանչյուրին․․․

— Ճիշտն ասած, թեև Սերժը չի աշխատում, ես երբեք չեմ կասկածում նրա մաքրությանը, չեմ հավատում, որ նա ընդունակ լինի նման չարագործության։ Հասմիկն ամեն անգամ երբ փորձել է իր զարդեղենով շլացնել նրան, Սերժը քմծիծաղով թափ է տվել ձեռքը, իսկ մի անգամ պարզորոշ ասաց․ «Հիմա դրանցով հիանալու ժամանակը չէ, Հասմի՛կ, միևնույն է՝ ձեր և մեր ունեցվածքն, ի վերջո, մերն է, երկուսինս։ Կգա օրը, և մենք դրանցով կհիանանք»։ Նա օրինավոր ծնողների զավակ է, թեև պորտաբույծի կյանք է վարում։

— Շատ հարգելի Այուզաննա Սուրենովնա,— ընդհատեց նրան մայորը,— նկատի ունեցեք, որ ամենամեծ չարիքը, որին ծանոթ եմ ես, պորտաբուծությունն է։ Նա է մայրը ամեն չարյաց։ Ինչպիսի օրինավոր ընտանիքից էլ լինի երիտասարդը, եթե չի աշխատում, չի ապրում լիարժեք, հանրօգուտ աշխատանքով, նրա ճանապարհը, մեղմ ասած, վթարային է։ Պորտաբուծությունից մինչև հանցագործությունը լոկ մի քայլ է, միա՜յն մի քայլ․․․

Պատուհանի տակ փափուկ ճռռոցով կանգ առավ «Ժիգուլին»։

— Ահա և նրանք եկան․․․

Զեռք-ձեռքի սեղանատուն մտան Հասմիկն ու Սերժը։ Մտան աղմկոտ բարևով․

— Պրիվետ, մաման և անծանոթ քեռի,— ձեռքը բարձրացրեց Հասմիկը։

— Պրիվետ, մայրիկացու և անծանոթ քեռի,— ձեռքը բարձրացրեց Սերժը։

Ջահել, առողջ և գեղեցիկ զույգ է, զննում էր նրանց Բագրատունին, առողջությունը կաթում է դեմքներից։ Էներգիայի առատությունից չեն կարող հանգիստ կանգնել և պտտվում են տեղում, ինչպես վազքի պատրաստ նժույգները։ Սերժը՝ բարձրահասակ, գանգրահեր, մոդայիկ հագուստով, մաքուր և հեգնախառն հայացքով նայում էր մայորին։

— Եկեք ծանոթանանք,— անսեթևեթ մտերմությամբ և ընտանեվարի մոտեցավ մայորին։— Ես Սերժն եմ, այս ընտանիքի օրինական, բայց պաշտոնապես դեռևս չօրինականացված փեսան, իսկ դուք Բագրատունին եք, այսպես ասած, քրեական աշխարհի սարսափը։ Ես ձեր մասին լսել եմ․․․

— Սերժ,— խոսեց մայորը,— ես էլ ուզում եմ ձեր մասին լսել։

— Ինչո՞ւ, ընկեր մայո՛ր, դուք ցանկանում եք ինձ աշխատանքի՞ ընդունել ձեզ մոտ։

— Ես ցանկանում եմ, որ դուք աշխատեք, սիրելի Սերժ, անպայման աշխատեք․․․

— Ճիշտ դրվածք է, հարցի միանգամայն ճիշտ դրվածք,— անբռնազբոս ու անկեղծ Ժպտաց Սերժը,— այս կողոպուտը ապացուցում է, որ մենք, այսինքն, Հասմիկն ու ես, արդեն սնանկացման ճանապարհին ենք․․․

— Ես չեմ կատակում,— խոժոռվեց մայորը,— ես միանգամայն ճիշտ եմ ասում։ Դուք գիտե՞ք, արդյոք, որ չաշխատելու, պորտաբույծ կյանք վարելու համար կարող են ձեզ արտաքսել Երևանից։ Գիտե՞ք այդ մասին․․․

— Գիտեմ,— մթնդեց նաև Սերժի դեմքը,— գիտեմ, բայց չեմ հավատում։ Չեք կարող, որովհետև իմ թիկունքին կանգնած են ազդեցիկ մարդիկ։ Նրանք ինձ ձեզ չեն տա․․․

— Նրանք ձեզ իմ ձեռքը չեն տա, բայց մի օր դուք կընկնեք մեր ձեռքը․ այսպես ասած, հարկադիր վայրէջքի անողոք օրենքի համաձայն,— համարյա սպառնաց մայորը,— պարապ կյանքը հաճույքով լցնելու ձեր անիմաստ ցանկությունը մի օր կծռի ձեր ճանապարհը, և դուք, ձեր կամքից անկախ, կհայտնվեք այնտեղ, որտեղ երբեք չէիք ցանկանա ընկնել․․․

— Դուք ինձ սպառնում եք,— խոսեց նեղացած Սերժը,— սակայն ես չեմ վախենում։ Ես վախկոտ չեմ, որովհետև մեղքեր չունեմ։

— Դուք ճիշտ նկատեցիք, ես ձեզ սպառնում եմ՝ ձեր իսկ շահերից ելնելով,— մայորի ձայնը պողպատի կարծրություն ստացավ։

— Խորապես շնորհակալ եմ,— ասաց Սերժն ու քայլեց դեպի դուռը։


* *

Օպերատիվ խմբի տղաները վերադարձան ձեռնունայն։ Խախանյանների մենատան մանրակրկիտ տեղազննումը արդյունք չէր տվել։ Հանցագործները հետք չէին թողել։ Խոհանոցում, ուր պատսպարվել էր «Պառավը», գտան միայն մի կիսավառ լրագիր։ Լեյտենանտ Մարկոսյանը գլուխ էր կոտրում իմանալու, թե ի՞նչ նպատակով է «Պառավը» վառել լրագիրը, երբ բավական է սեղմեր էլեկտրական լույսի կոճակը, և լույսը կշողար։ Ոչ մի մատնահետք, ոչ մի ոտնահետք, ասես գործել են ուրվականներ և ապա համբարձվել ու չքացել։ Լեյտենանտ Մարկոսյանը մայոր Բագրատունու առանձնասենյակից դուրս եկավ աշխատանքային օրվա վերջում միայն և ծույլ-ծույլ բարձրանում էր Բարեկամության փողոցն ի վեր։ Մարտ ամսվա գարնանային շնչառությունն ասես խեղդված լիներ։ Երևան էր վերադարձել աշունը, սպիտակ մշուշ լցրել գարնան հետքերին և ասեղի նման ծակող մանր անձրևով փորձում էր կանխել գարնան գալուստը։ Ավտոմեքենաների հեղեղը խուլ բվվոցով էր լցրել փողոցը, և մշուշի ու իրիկնային, կապույտի մեջ սուրացող մեքենաների լույսերը կայծկլտում էին գայլերի աչքերի նման։ Մարկոսյանի սիրտը կրծում էր սեփական անզորության զգացումը։ «Մի՞թե ոչ ոք չի տեսել գողերին։ Չէ՞ որ փողոցում գիշեր ու ցերեկ չի դադարում աղմուկը։ Պետք է, պետք է, որ տեսնողներ, նկատողներ լինեն։ Թեկուզ փողոց մաքրողները»։ Լեյտենանտը ամուր կառչեց այս մտքից։ Գողությունը կատարվել է լուսադեմին՝ ժամը 3-ի և 4-ի միջև, երբ փողոցը մաքրողները սկսում են իրենց աշխատանքը։ Մարկոսյանը տաքսի կանգնեցրեց։ Շուտով նա շրջանի կոմունալ բաժնի մաքրման գրասենյակում էր։

— Փողոցի այդ հատվածում այսօր աշխատել են Խաջե Բագոյանն ու նրա աղջիկը,— ասաց գրասենյակի աշխատակիցն ու Մարկոսյանին հանձնեց հասցեն։ Կես ժամ անց լեյտենանտ Լևոն Մարկոսյանը նստած էր քուրդ ընտանիքի համեստ հարկի տակ և խնամքով գրի էր առնում Խաջեի ցուցմունքները։

— Խաջե քույրիկ,— խնդրող ու համոզող տոնով հարցնում էր լեյտենանտը,— դու գիտե՞ս պրոֆեսոր Խախանյանի մենատունը։

— Գիտեմ,— անվարան պատասխանեց կինը,— Լավ պրոֆեսոր է։ Ես էնոր ղուրբան, մեռածին էլ կսաղացնի։ Նրա տունը իմ տերիտորիայում է։ Շատ լավ գիտեմ․․․

Մարկոսյանը հազիվ զսպեց փռթկոցը Խաջեի «նրա տունը իմ տերիտորիայում է» արտահայտության վրա, սակայն ժպիտը թաքցնել չկարողացավ։

— Այս գիշեր՝ լուսադեմին, նրա բնակարանի շրջակայքում դու ոչ մի կասկածելի բան չե՞ս նկատել,— հարցրեց լեյտենանտը։

— Նկատել եմ,— առանց այլևայլության պատասխանեց կինը,— պարտեզ նայող նրանց պատուհանը բաց էր, և երկար մազերով մի աղջիկ, վառած թուղթը ձեռքին, նայում էր դուրս։ Ինձի էնպես կթվա, ընկեր պետ, որ էդ աղջիկը թուղթը տարուբերելով մեկին նշան կուտար։ Հետո մտածեցի, որ երևի էնոնց լույսը փչացել է, չի վառվի, թուղթ վառել է, ներող եղի, ընկեր պետ, ոտաց ճանապարհ գնալու համար․․․

— Դու նրանց տնեցիներին ճանաչո՞ւմ ես, գիտե՞ս․․․

— Չէ՛, ընկեր պե՛տ, մենակ պրոֆեսորին գիտեմ, աղջկանս օպերացիա արեց, փրկեց։ Պրոֆեսորին լավ դիտեմ․․․

— Խաջե քույրիկ, լա՜վ մտածիր,— լեյտենանտը ձգտում էր առավել պարզության,— պատուհանում տեսածդ կինը գուցե պառա՞վ էր, հը՞․․․

— Հացը վկա,— երդվեց Խաջեն,— աղջիկ էր, ջահել աղջիկ․․․

— Դեմքը հիշո՞ւմ ես․․․

— Կարգին չեմ հիշե, բայց աղջիկ էր, բարալիկ բոյով, երկար ուսերին թափած մազերով։ Վառած թղթի ետևից երեսը կարգին չտեսա, բայց աղջիկ էր, ընկեր պետ, վալլա՜հ, աղջիկ էր․․․

— Դեմքը չես տեսել, բայց աղջիկ լինելը գիտե՜ս․․․

— Իսկ ի՞նչ է պատահել,— հանկարծ տագնապեց Խաջեն,— գեշ բա՞ն է պատահել, ընկեր պետ․․․

— Պրոֆեսորի տունը գիշերը թալանել են, փորձել են բարձով խեղդամահ անել նրա կնոջը, Խաջե քույրիկ․․․

Քրդուհին սկսեց մորմոքալ, վշվշալ։ Ծեծում էր ծնկները։ Անիծում էր գողերին։ Հայերենին հաջորդեց քրդերեն անեծքը։ Խաջեն սիրում և պաշտում է պրոֆեսորին։ Խաջեի աղջիկը պրոֆեսորի փրկածն է, չլիներ պրոֆեսորը, Խաջեն Խասեին կկորցներ, մահը գելի նման վրա կտար իր աղջկան և կտաներ, կտաներ․․․ Խաջեն սիրում և պաշտում է պրոֆեսորին, իր արևը, իր մանուշակ աղջկան, իր ջիվանին, մուրազի ճամփին կանգնած իր գառանը նա է փրկել։ Աստված թող պրոֆեսորին երկար կյանք տա, արևը՝ լույս ու տաքություն, սարերը՝ զով հով ու պաղ ջրեր, հողը՝ բարաքյաթ ու հարստություն․․․ Խաջեն գիտե լավության հարգը։

— Հավատա, ընկեր պե՛տ, իմանայի հավար կբարձրացնեի,— լացակումած իր խոսքն ավարտեց քրդուհին։— Չէի թողնի պրոֆեսորի տունը կտրեն։

— Քո տեսածն էլ քիչ օգնություն չէ մեզ համար, Խաջե քույրիկ․․․


* *

Լեյտենանտ Լևոն Մարկոսյանը «Դվին» սրճարանում նրբերշիկ էր ուտում և դանդաղ, կում-կում վայելում ոչ սառը գարեջուրը։ Սրճարանում ասեղ գցելու տեղ չկար, և նա նստեց պատանի մի զույգի մոտ՝ կիսամութ անկյունում։ Նստեց և փոշմանեց։ Տասնյոթ-տասնութ տարեկան սիրահարները, արար-աշխարհ մոռացած, գլուխ-գլխի, գգվում էին միմյանց աղավնիների նման՝ կրքոտ ու անհամբեր։ Տղայի ձեռքերն անընդհատ որոնումների մեջ էին։ Նրանք մերթ խլում էին աղջկա ձեռքերը, սեղմում ու մոտեցնում շուրթերին, մերթ սուզվում էին սեղանի տակ և որոնում նրա բաց ու հնազանդ ծնկները։ Մարկոսյանից չէին ամաչում։ Քաղաքացիական զգեստով լեյտենանտը թվում էր համարյա նրանց տարեկիցը։ Ընդհակառակը, երբ պատանին բռնում էր լեյտենանտի հայացքը, աչքերը լցվում էին խանդոտ չարությամբ, որից դեմքն ստանում էր կռվազան աքլորի արտահայտություն։ Մարկոսյանն զգում էր, որ ինքն ավելորդ է այստեղ, բայց չէր շտապում բարձրանալ տեղից։ Հարևան սեղանին, տարեց կնոջ հետ նստած երիտասարդը կրքից մշուշված աչքերով հոշոտում էր բավական անզգուշորեն սեղանին կքած կնոջը, որն «անմեղորեն» ցուցադրում էր իր փարթամ, կաթի սպիտակություն ունեցող կուրծքը։ «Տես է՜,— մտորում էր լեյտենանտը,— քաշում է տղային։ Քաշում է մաշված հրապույրների վերջին լարումով։ Իսկ սա կտցում է խայծը։ Եվ ո՜նց է կտցում՝ խելահեղորեն։ Կինը ցանկանում է մի անգամ ևս եռացնել իր հանդարտվող, բայց տոչոր արյունը, բնության անողոքության դեմ հանելով իր վրիժառու կենսասիրությունն ու չզինաթափվող կանացիությունը, իր զարդաթափ հրապույրների վերջին ճիգը։ Բայց միևնույն է՝ բանը-բանից անցել է։ Պահունակի մեջ մնացել են վերջին փամփուշտները»։ Լեյտենանտը հանկարծ վատ զգաց իրեն, ամաչեց։ «Ինչո՞վ եմ զբաղված, ինչո՞վ․․․ Նստել և բազմության վերքին եմ նայում։ Վերքի՜ն․․․ Իսկ նրա առողջ մարմինն ինձ ասես չի հետաքրքրում։ Իմ աչքերը, որոնք կարոտ են գեղեցիկ մարդկանց, այլանդակին որոնելու, տեսնելու պարտականության մեջ են, հակահասարակականը՝ հասարակությունից, ինչպես թարախոտ վերքը՝ մարմնից, հեռացնելու տենդագին ծառայության մեջ։ Ա՜յ թե գործ է․․․ Անհրաժեշտ և անտանելի, անտանելի․ ազնիվ մարդու մեջ հնարավոր հանցագործը որսալու և հանցագործի մեջ՝ ազնվության և մարդկայնության նշույլը հայտնաբերելու դժվարին, անկողմնակալ և տառապալից աշխատանք։ Իսկ այստեղ սիրվում են, ինչ կա որ։ Այս պատանին նայում է ինձ այն շնիկի նման, որի բերանից ասես ցանկանում են թռցնել մսի կտորը։ Իսկ այդ հազար առագաստ տեսած ու մաշած և մաշված կինը իրեն պահում է ամուսնական առագաստ մտնող նորահարսի նման, և աչքերը դրանից շլանում են․․․»։ Լեյտենանտն սթափվեց մտքերից։ Աղջիկը խեղդվում էր հազից։ Երկու մատով բռնել էր ծխացող սիգարետը, բռնածը ասես մատների մեջ սատկած գորտ լիներ։ Հետո «ֆիի՜․․․» արեց և ծխախոտը ճխլեց սուրճի ափսեի մեջ, անսահման ուրախություն և ծիծաղ պարգևելով իր անբեղ-անմորուք սիրահարին։ Ծխել է սովորում, դառնությամբ մտածեց լեյտենանտը, ծխել է սովորում։ Մի երկու-երեք օր կխեղդվի հազից, ապա կվարժվի թույնին, էլ չի հազա, և գործը հալած յուղի նման կգնա առաջ։ Եվ ինչո՞ւ են սրանք դերասանություն անում։ Ծխող չեն և ցանկանում են ծխող երևալ։ Հասունանա՜լ են ուզում։ Մեծ երևա՜լ են ուզում, որպեսզի իրենց ոչ մանկական արարքներին, մեղքերին արդարացում գտնեն, բայց ափսո՜ս են․․․

Լղարիկ մի երիտասարդ, որի ադամախնձորը յուրաքանչյուր բառի հետ կուլ էր գնում կոկորդին և ապա հաջորդ բառին նորից հայտնվում իր տեղում, աշխարհի բոլոր սրբերով ու սրբություններով երդվում էր կողքին նստած աղջկան, որ այս մեծ աշխարհում նրանից գեղեցիկ ու լավ աղջիկ ինքը երբեք չի տեսել։ Աղջիկը տգեղ էր և երևի գիտեր իր գեղեցկության գինը, քանի որ տղային նայում էր վախվորած մի թերահավատությամբ, ասես խնդրելով ձեռք չառնել իրեն։

— Հորս արևը,— երդվում էր աղան,— հորս արևը, հավատա՛։

Տղան խմած չէր, և Մարկոսյանն ուրախացավ։ «Ուրեմն, սիրում է աղջկան։ Բարձրացնում, շոյում է աղջկա ինքնասիրությունը, նրան գեղեցկացնում է իր համար, որպեսզի սիրի իր իսկ հորինած գեղեցկությունը։ Կամ ով իմանա․ ասում են սիրահարի աչքին սիրածից լավը չկա։ Իսկ եթե ստո՞ւմ է։ Ո՛չ։ Աղջկան նայում է սիրահարվածի աչքերով։ Սիրում է ուրեմն, հավանում, գնահատում է սիրածին»։ Սակայն որքան շատ էր երդվում տղան, այնքան քիչ էր հավատում աղջիկը նրան, որն, ի վերջո, սկսեց պաղատել տղային։

— Ես քեզ ի՞նչ վատություն եմ արել, Վարդան,— լացակումած խոսում էր աղջիկը,— զո՜ւր ես ձեռ առնում․․․

— Հորս արևը,— կրկնեց տղան և բարձրացավ սեղանից։ Հետո արդեն ցածրաձայն ինչ-որ բան էր փորձում ապացուցել աղջկան։ Այդ պահին նա նման էր բանաստեղծություն ընթերցող վերացած պոետի։ Հուզված էր․ ադամախնձորը դարձել էր այնքան շարժունակ, որ ասես խոսում էր ադամախնձորով։

Սրճարանում ծխի ամպ և սուրճի հաճելի բուրմունք էր կանգնած։ Երիտասարդների մի խումբ մագնիտոֆոն էր բերել, իսկ երբ հնչեց թվիստը, ողջ սրճարանն ասես հրամանով ոտքի թռավ, և սկսվեց պարը։ Մարկոսյանը, դանդաղ ծամելով ուտելիքը, նայում էր պարողներին։ Պարը գնալով արագանում էր և ահագնանում։ Պարում էին համերաշխ, ինքնամոռաց ու երջանիկ։

Լեյտենանտ Մարկոսյանն սթափվեց իր մտորումներից։ Նա զգում էր ինչ-որ մեկի ծակող հայացքն իր ծոծրակին և չէր շտապում շրջվել։ Մեկն ուշադիր հետևում է իրեն, բայց ո՞վ։ Բնածին հետախույզի բնազդը անխարդախորեն հուշում էր, որ դարանակալ է հայացքը և, միաժամանակ, փախչելու, թաքնվելու պատրաստ։ Նա արագ շրջվեց, բայց արդեն ուշ էր․ պարողների բազմությունը ճեղքելով, հեռանում էր․․․ Մարկոսյանն առաջին պահ չհավատաց աչքերին, նույնիսկ հազարների մեջ կճանաչեր Զուլումի ամուր ուսերին նստած գանգրահեր գլուխը։ Փախել է կալանավայրից՝ կայձակեց մտքում, և բարձրացավ, ոչ, թռավ աթոռից։ Շտապելուց մոռացավ վճարել կերածի և խմածի արժեքը, և զայրացած բուֆետապանուհին չանթեց նրա թևը․

— Այդ ո՞ւր․․․ Ամոթ չէ՞ ձեզ նման երիտասարդին, որ 1 ռուբլի 30 կոպեկը չվճարելու համար չափ ընկած ձիու նման փախչի առանց ետ նայելու․․․

Կողքից փռթկոց լսվեց, ծիծաղում էին։ Առանց ուշադրություն դարձնելու նրանց վրա, գրպանից արագ հանելով մի թղթադրամ, նետեց բուֆետապանուհուն․

— Ներեցեք․․․

Եվ նետվեց դեպի դուռը, չլսելով բուֆետապանուհու սուր ծղրտոցը․

— Մանրը վերցրեք, ընկե՛ր, մա՜նրը․․․

Թաց երեկո էր։ Մշո՜ւշ, մշո՜ւշ․․․ էլեկտրասյուների և ռեկլամների լույսերը գժգունած էին։ Եվ խավարն ավելի տիրական էր։ Եվ Զուլումը չկար։ Եվ մշուշն էր կլանել նրան։ Եվ մթությունն էր թաքցրել։ Նորից թունավոր հազի նման նա լուծվեց քաղաքի օրգանիզմում։ Լուծվեց, որ նորից թունավորի, ախտահարի քաղաքի հզոր ու բաբախուն մարմինը։ Մարկոսյանը մտքում հայհոյում էր արար֊աշխարհը, իր դանդալոշությունը, բուֆետապանուհու պահանջկոտ ծղրտոցը, որոնք պատճառ դարձան իր ուշանալուն, անիծում էր մութն ու մշուշը, որոնք ակամայից դարձել էին հանցագործի հանցակիցները։ Ուսը հանկարծ տնքաց, և արթնացավ սպիացած վերքը։ Սպին այրվում էր։ Զուլումի դանակի հետքը, որ ննջել էր երկու տարի, դանակողի հայտնվելուն պես արթնացավ և տնքաց պահանջկոտ ու հրամայող։

․․․ Վերջին գոտեմարտը տեղի ունեցավ Զանգվի ձորում, Արզնի տանող ճանապարհին։ Հանցագործները չէին սպասում նրանց և առաջին պահ շփոթվեցին։ Զուլումն ու Չեչոտն էին, քրեական աշխարհի «արքաները»։ Գողացված իրերով բեռնված տաքսի ավտոմեքենան խրվել էր այգիների կանաչի մեջ։ Դռնակները բաց էին, իսկ մեքենայի կողքին բերանքսիվայր ընկած էր մի քանի տեղից դանակված վարորդի արնաշաղախ դիակը։ Չեչոտը առվի մեջ լվանում էր ծանր ձեռնամարտում իր տափակած դեմքի արյունը։ Երևում էր, որ թեժ ձեռնամարտ է տեղի ունեցել, և վարորդը դիմադրել է մինչև վերջին շունչը։ Չեչոտին վերցրին առանց դժվարության։ Զուլումը կրակեց Բագրատունու վրա, և գնդակը քերծեց մայորի ուսը։ Սակայն Զուլումին վիճակված չէր երկրորդ անգամ կրակել։ Լևոն Մարկոսյանի՝ կարգային բռնցքամարտիկի առաջին իսկ հարվածը նրան նետեց ներքև, և ատրճանակը թռցրեց ձեռքից։ Սակայն մինչև ձեռնաշղթա հագցնելը, պառկած դրությունից, Զուլումը հասցրեց նետել դանակը, որը անվրեպ ֆշշոցով խրվեց լեյտենանտի աջ ուսոսկրի մեջ, և ահռելի վերքից ժայթքեց արյունը։ Երկու ամիս պառկեց։ Վնասազերծված հանցագործները բռնեցին քավարանի ճանապարհը։ Եվ ահա Զուլումը Երևանում է․․․


* *

— Ընկեր մայոր,— Մարկոսյանի ձայնը ավելի քան տագնապոտ էր,— Զուլումը Երևանում է։ Կես ժամ առաջ ես նրան փախցրի ձեռքիցս․․․

— Ի՞նչ․․․,— զարմանքից լայնացան մայորի աչքերը,— դու ի՞նչ է, չար երա՞զ ես տեսել․․․ Զուլումին փնտրիր երկրի մյուս ծայրին։ Նա շալակին տասը տարի ունի․․․

— Այնուամենայնիվ, ես նրան տեսա «Դվին» սրճարանում։ Ինձ տեսնելուն պես թռավ․․․

— Ուրեմն, փախել է կալանավայրից, փախե՜լ է սրիկան։ Իսկ ինչո՞ւ փնտրուք չի հայտարարել գաղութը, հը՜․․․ Ուրեմն, փախցրիր, ուրեմն, թռավ, ուրեմն, չքացավ․․․ Լա՜վ,— հետո դառնալով Մարկոսյանին,— իսկ ո՞ւմ հետ էր սեղան նստել «թագավորը»։

Լևոն Մարկոսյանի լեզուն բռնվեց։ Իսկապես, ո՞ւմ հետ էր Զուլումը սրճարանում։ Չէ՞ որ նա մենակ չէր։ Չէ՞ որ նայում էր սեղանակցի թիկունքից։ Ո՞ւմ հետ էր Զուլումը, ո՞ւմ հետ, ո՞ւմ հետ․․․

— Չեմ հիշում, չեմ նկատել․․․,— կմկմաց լեյտենանտը, իմանալով, որ նման վրիպումը մայորը երբեք և ոչ ոք ի չէր ների։ Ինքը՝ արդեն անուն հանած խուզարկուն, թույլ էր տրվել այնպիսի սխալ, որն աններելի է նույնիսկ սկսնակ աշխատողին։

— Շվաթվել ես, գլուխդ կորցրել, գլուխդ կորցնելուց հետո կորցրել նաև հանցագործին,— մայորը դաժանացած էր։— Մենք վատ ենք աշխատում, Լևոն, այնքան վատ, որ Զուլոլմի նման չարագործները առոք֊փառոք, հենց քաղաքի կենտրոնում, հենց մեր քթի տակ քեֆ են անում։ Լսի՛ր, Լևոն,— Բագրատունու ձայնը հանկարծ փափկեց, դարձավ մտերմիկ,— դու հրաշալի տեսողություն ունես, և քո հիշողությունը լուսանկարչական ապարատի նման նույնիսկ երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող փաստերը, աննշան մանրուքները պահելու զարմանալի հատկություն ունի, ես գիտեմ, չէ՞․․․ Ապա լարիր հիշողությունդ, քրքրիր ուղեղիդ թաքստոցները․․․ Ովքե՞ր էին Զուլումի սեղանակիցները։ Դա շա՜տ կարևոր է․․․

«Բա՜ն ասաց՝ կարևոր է։ Իբրև ես չգիտեմ կարևոր է, թե ոչ։— Չարությամբ մտածում էր ինքն իր դեմ կատաղած լեյտենանտը։— Չեմ տեսել և վե՛րջ։ Սպասի՛ր, սպասի՛ր, ո՞ւմ թիկունքում էր դարանել Զուլումը։ Կարծեմ աղջկա, այո՛, աղջկա։ Այո՛, այո՛, աղջիկը թիկունքով նստած էր իմ կողմը։ Մազերը շիկավուն էին, ուսնիվար, «կոլդունյա» սանրվածքով․․․»։

— Չեմ կարող վստահ ասել,— կմկմաց լեյտենանտը,— բայց ինձ թվում է, որ նրա սեղանակիցը աղջիկ էր, ընկեր մայոր․․․

— Այդպե՜ս․․․,— ծոր տվեց մայորը և հետո,— ի՞նչ, աղջի՞կ․․․ Այո՛, այո՛, աղջիկ․․․ Հավանական է, շա՜տ հավանական․․․

— Դուք ինչ֊որ բա՞ն գիտեք, ընկեր մայոր,— խոսեց լեյտենանտը։

— Իմ իմացածը դու էլ գիտես, Լևո՛ն, չէ՞ որ այսօր խոսել ես Բագոյան Խաջեի հետ։ Հիշի՛ր, ո՞ւմ է տեսել նա պրոֆեսորի պատուհանում։ Մենք արդեն գիտենք, որ պրոֆեսորի մենատան դուռը գողերի առջև բացել է պառավի դերն ստանձնած աղջիկը․․․

— Դուք այդ որտեղի՞ց գիտեք, ընկեր մայոր,— զարմացավ լեյտենանտը։

— Գաղտնիքդ թռցրել եմ, չէ՞,— ժպտաց մայորը,— մի վախենա, առաջնությունը ձեռքիցդ չեմ խլի։ Հիշո՞ւմ ես աղջկա մազերը․․․

— Շիկավուն, «կոլդունյա» սանրվածքով։

— Ճիշտ է, համընկնում է Բագոյանի տեսածին։ հիմա այս երկու փաստից հարկավոր է հյուսել հնարավոր վարկածներ։ Բայց այդ գործը առայժմ թողնենք։ Եթե Զուլումը հայտնվել է քաղաքում, ուրեմն, սպասիր նրանից ամենահանդուգն չարագործություններ։ Հարկավոր է կանխել նրան, ոտքի հանել մեր մարդկանց, մասնավորապես նրան ճանաչողներին։ Առանց «դրսի» օգնության իմ և քո գործը դժվար կլինի, Լևո՛ն։


* *

Պրոֆեսոր Սուրեն Խախանյանը վերադարձավ գործուղումից։ Կինը հեռագրով հայտնել էր նրան կատարվածի մասին, և պրոֆեսորը շտապ թռավ Երևան։ Նա զարմացած էր գողերի «հոտառության» վրա։ Տան թաքստոցները, որոնց գոյության մասին գիտեին միա՜յն ընտանիքի անդամներն ու մի քանի մտերիմներ, իսկ ինքը հաճախ փնտրում ու չէր գտնում նրանց տեղը, չարագործները գիշերվա մթության մեջ, ասես օգտվելով ռենտգեն լուսավորումից, գտել ու բացել էին և, հափշտակելով տասնյակ ու տասնյակ հազարների հասնող հարստությունը, չքացել։ Պրոֆեսորն, իրոք, զարմացած էր։ Լինելով կենսախինդ մարդ, նա, առանց թաքցնելու իր հիացմունքը, բարձրաձայն դրվատում էր գողերի ճարպկությունն ու ձեռներեցությունը։

— Եթե ինքս առաջնորդեի նրանց, ցանկանալով մատնել իմ գաղտնարանները, հազիվ թե կարողանայի այդքան անսխալ կողմնորոշել․․․ Այստեղ են ասել իրենց գործի իսկական վարպետներ․․․ Ես հիացած եմ նրանցով, ընկեր մայո՛ր։ Եթե հանդիպեի այդ սրիկաներին, նախ կհամբուրեի նրանց ճակատները և նո՜ր միայն կհասցնեի նրանց շլինքներին․․․

Մայոր Բագրատունին, պրոֆեսորի առանձնասենյակում նստած, կում֊կում խմում էր թեյը և լսում նրան։ Գնալով մռայլվում էր դեմքը։ Կարո՞ղ էր, իրավունք ունե՞ր մայորը կասկածել ամուսիններին կամ նրանց դստերն ու փեսացուին գողերին հրապուրելու և սեփական տունը թալանելու դիտավորության մեջ։ Իհարկե, ո՛չ։

— Պրոֆեսոր,— վերջապես խոսեց նա,— գողության մեջ կամ, ավելի ճիշտ, գողերին օգնելու և ձեր տան կողոպուտը կազմակերպելու մեջ մենք կասկածում ենք ձեր տուն ազատ ելումուտ ունեցող մարդկանց, այնպիսիներին, որոնք անսխալ գիտեն թանկարժեք իրերի ու դրամի թաքստոցները։

— Ուրեմն, ընկեր մայոր,— պրոֆեսորը, բազուկներն իրար վրա դարսած, մոտեցավ Բագրատունուն,— կալանավորեցեք ինձ և կնոջս՝ Սյուզաննա Սուրենովնային․․․

— Խոսենք առանց էմոցիաների, հարգելի պրոֆեսո՛ր։ Ես կկամենայի, որ դուք հիշեիք այն անձանց, որոնք մոտ են ձեր ընտանիքին և օգտվում են ձեր վստահությունից․․․

Դռան զանգը կարճ և սուր զնգաց։ Տանտերը բացեց դուռը։

Մայորը ուշադիր նայեց մտնողին և անշտապ բարձրացավ աթոռից։ Մտնող կնոջ գեղեցկությունը Բագրատունուն ասես հրամայեց ոտքի կանգնել։ Երիտասարդ կինը ձեռքը մեկնեց մայորին, և սա քիչ մնաց այն մոտեցներ շրթունքներին։

— Վահագն Բագրատունի,— ասաց նա։

— Ուրախ եմ,— Ժպտաց կինը,— և միաժամանակ տխուր՝ պրոֆեսորին հասած դժբախտության համար։

— Արեգ Արամովնա, սիրելի՛ս,— նրան տեսնելով, պայծառացել էր գիտնականը,— ինձ հետ, իմ տան հետ կատարվել է պարզապես տհաճ, անախորժ դեպք և ոչ թե դժբախտություն։ Աստված կսիրեք, թողեք ցավակցելը և ձեր արեգակնային դեմքը մթնեցնելը․․․

— Սիրելի պրոֆեսո՛ր,— ժպտալու փորձ արեց Արեգը այդքան անախորժությունը, եթե ձեզ լուրջ մտահոգություն չի պատճառել, գոնե կատակելու տրամադրությունը պետք է որ ձեզանից խլած լիներ․․․

— Երբե՛ք,— թնդաց պրոֆեսորը,— ես լոկ ցավում եմ, որ այս տհաճ փաստն ինձ տուն շտապեցրեց և զրկեց ձեր հաճելի ընկերակցությունից։ Չէ՞ որ մենք Մոսկվայում միասին էինք, սիրելի Արե՛գ․․․

Արդյոք, հիշո՞ւմ ես, անտառ էր, առու,

Հեքիաթի պես էր, երազի նման․․․․,— արտասանեց միանգամից ջահելացած գիտնականը։

— Ես Կարեն Վարդանովիչի ասիստենտուհին եմ և նրա գիտական ու պաշտոնական գործուղումների անփոփոխ ուղեկցորդուհին,— ասաց Արեգ Արամովնան։

«Ուրեմն, Արեգը պրոֆեսորի սիրուհին է։ Փաստը չեն թաքցնում ո՛չ սիրեկանը, ո՛չ սիրուհին։ Գուցե դրանով պետք է բացատրել պրոֆեսորի անհոգ վերաբերմունքը կորցրածի հանդեպ։ Երևում է, որ նա հեշտությամբ չի շահել այս գեղեցկուհուն և սիրում է խենթի պես, չքաշվելով նույնիսկ իր կնոջից։ Այդպես, այդպես․․․»։

— Դե ի՞նչ, հարգելի մայոր, ես գողերի հետ գործ չունեմ։ Ձեզ է հանձնարարված այդ գործը, դուք էլ բարի եղեք որսալու և բերման ենթարկելու սրիկաներին։ Ա՛յ, օրինակ, երբ ես ճեղքում եմ մեկի որովայնը փտած աղիքները կարկատելու համար, ոչ ոքից օգնություն չեմ հայցում, իմ գործը անում եմ ինքս, այդպես, չէ՞, Արեգ Արամովնա։ Եվ որտեղի՞ց լույս ընկան այդ հիմար գողերը, ինձ որ հարցնեն՝ մարդիկ միմյանցից միայն սիրտ կգողանան, «որ և՛, գողը լինի ուրախ, և՛ սրտի տերը գոհանա»— ինչպես ասում է բանաստեղծը։ Եվ, ի վերջո, իմ հաճելի բարեկամ մայոր Բագրատունի, ինձ թվում է՝ գողերին պետք է որոնել համենայն դեպս, ո՛չ իմ մտերիմների, ո՛չ էլ բարեկամների շրջանում, և ձեր վարկածը, մեղմ ասած, ինչ֊որ չափով վիրավորական է․․․

— Մանավանդ, որ ես եմ այս տան ամենամտերիմը, — գայթակղիչ ժպտաց Արեգ Արամովնան,— իսկ ես, ինչպես ասում են նման դեպքերում ձեր մասնագիտության տեր մարդիկ, ալիբի ունեմ․․․

Մայորը նայեց կնոջ ժպտացող աչքերին, քաղաքավարությամբ սեղմեց պրոֆեսորի ձեռքն ու հրաժեշտ տվեց։


* *

Շրջանային բաժանմունքում մայորը հավաքեց բաժնի աշխատակիցներին և առաջադրանք տվեց․ ի՛նչ գնով էլ լինի գտնել Զուլումի հետքերը, առայժմ լոկ հետևել նրան և պարզել քրեական տարրերի հետ նրա ունեցած կապերը։ Խստիվ հետևել կասկածելի աղջիկների վարքագծին։ Դիտորդ նշանակվեց Խախանյանի փեսացուի վրա։ Կարգադրվեց զրուցել Աբովյան քաղաքի բնակչուհի Սուսան Սեդրակյանի հետ։ «Լուսավան» ռեստորանում այս առավոտ տեսել են Զուլումին մեզ արդեն ինչ֊որ չափով ծանոթ շիկահեր աղջկա հետ։ «Ծանոթը» նրանց տեսել է մոտիկից։ Նկարագրեց աչքերը, սանրվածքը, պահվածքը։ «Խնդրում եմ բաժին հրավիրել Լեռնուհուն, զրուցել առանց բարոյական ճնշում գործադրելու նրա վրա։ Եթե նա է Զուլումի ընկերուհին, ուրեմն, խոսք քաշելը դժվար բան չէ։ Թեթևամիտ, անկամ բնավորություն ունի։ Բացի այդ, նա տաղանդ ունի կերպարանափոխվելու, հասկանո՞ւմ ես, Լևոն, տաղանդ․․․ Փորձված հանցագործի համար դա գյուտ է։ Ես վախենում եմ, նրան պառավի և զանազան դերերի համար օգտագործելուց հետո, մի ոչ գեղեցիկ օր, սուսուփուս վերացնեն մեջտեղից․․․ Բայց ավելի լավ է ծանոթացիր այս անստորագիր նամակին»։ Մայորը նրան երկարեց դեղնավուն թղթի վրա գրված մանրատառ նամակը։ «Հարգելի Վահագն Բագրատունի։ Սովետական քաղաքացու պարտքը մղեց ինձ գրելու այս նամագը։ Հայտնում եմ, որ Երևանում է գտնվում կալանավայրից փախաձ և քրեական ռոզիսկի մեջ գտնվող Զուլումը։ Չեմ կասգաձում, որ նրան լավ գիտեք և որոնում եք։ Ես նրա տեղը չգիդեմ, բայց քանի՜-քանի անգամ տեսել եմ նրան, նույնպես ձեզ քաջաձանոդ, բարոյապես կասգաձելի վարքի տեր Լեռնուհու հետ, որ տարփաձուներին հայտնի է «արտիստուհի» մագանունով։ Նրանց միասին ես տեսել եմ «Դվին» սրջարանում, մի քանի օր առաջ։ Խնդրում եմ աչալուրջ լինել և վնասազերձել սրիկաներին։ Ձեր բարեկամ»։

— Հը՞, ի՞նչ կասես,— հարցրեց մայորը։

— Կնոջ ձեոագիր է,— պատասխանեց լեյտենանտը։— Գրագետ կնոջ, որը դիտավորյալ գրել է տառասխալներով։

— Ապրես, Մարկոսյան, ճիշտ է,— ուրախացավ մայորը։

— Մատնահետքեր կա՞ն․․․

— Ո՛չ,— մռայլվեց մայորը։

— Կասկածո՞ւմ եք որևէ մեկին․․․

— Առայժմ ոչ, բայց․․․,— մայորը հոտ քաշեց դեղնավուն թերթերից,— ֆրանսիական օդեկոլոնի այս նուրբ բուրմունքը ծանոթ է ինձ։ Հիշեցնում է, հիշեցնում է մեկին, բայց ո՞ւմ․․․ Եթե հիշեցի, ուրեմն, ձեռագիրը կհանձնեմ լաբորատորիա՝ ստուգման։ Բայց, իմ կարծիքով, այս նամակի հեղինակի միտքը այլ է։ Նա ցանկանում է շեղել մեր ուշադրությունը, մեզ նետել կեղծ հետքի վրա, աղջկան որոնելը խափանել։ Այնուհետև՝ այս կինը ցանկանում է մեջտեղից վերացնել Զուլումին։ Ո՞ւմ է անհանգստացնում Զուլումը, ո՞ւմ է հարկավոր Զուլումի անհապաղ կալանավայր վերադարձնելը կամ մեջտեղից վերացնելը, ո՞ւմ, ո՞վ է վերջապես նամակի հեղինակը։ Նույնիսկ չեմ էլ կասկածում, որ նամակը գրվել է հենց այդ նկատառումներով․․․ Բայց ինչ֊որ է՝ Լեռնհւհու հետ խոսելը չէր խանգարի։

— Հասկանալի է,— վեր կացավ լեյտենանտը,— դուք կցանկանայի՞ք մասնակցել Լեռնուհու հարցաքննությանը։

— Անպայմա՛ն,— ասաց մայորը։


* *

Աղջիկը ոտքը ոտքին գցած՝ ծխում և ծխի միջից նայում էր լեյտենանտին։ Հեգնախառն, փոքր֊ինչ չարաճճի հայացքը շոշափում էր լեյտենանտին, որը չէր շտապում սկսել հարցաքննությունը, այլ ինչ֊որ թուղթ էր խզմզում։ Մարկոսյանը հոգու խորքում հավատացած էր աղջկա անմեղությանը, սակայն համոզիչ էր նաև մայորի փաստարկը՝ Լեռնուհին կերպարանափոխվելու արտակարգ շնորհք ուներ, որով և կարող էր արժանանալ քրեական տիպերի ուշադրությանը։

— Ո՞ւմ ենք սպասում, ընկեր լեյտենա՛նտ,— նեղսրտեց Լեռնուհին,— թե՞ ամոթխածությունը թույլ չի տալիս գեղեցիկ աղջկա հետ վստահ ու տղամարդավարի վարվելու․․․

— Այսի՞նքն,— Ժպտաց լեյտենանտը։

— Զբաղեցրեք ինձ, ես սովոր չեմ անուշադրության։ Իսկ եթե կարծում եք մեղավոր եմ ինչ֊որ բանում, ասեմ սկզբից, որ ամուսնացած տղամարդկանց հետ սիրային կապեր չունեմ, նույնիսկ մերժում եմ հարուստ քսակ ունեցողներին․ սկզբունք է, հետևաբար, իմ մեղքով ընտանիքներ քայքայվելու վտանգ չկա։ Երդվում եմ։ Այնուհետև, չեմ տառապում վեներական հիվանդություններով։ Չեմ երդվում, իսկ եթե կասկածում եք, կարող եք ուղարկել ստուգման՝ մաշկավեներական դիսպանսեր։ Հետո, մինչև չսիրեմ, չեմ նվիրվում ոչ ոքի։ Երդվում եմ։ Հետևաբար, չկան նաև բարոյական նորմերի խախտումներ։ Ուրեմն, ի՞նչ եք ուզում ինձնից։— Աղջիկը նայեց ժամացույցին։— Ախր, ես շուտով ժամադրավայր պետք է ներկայանամ, իմ Շուրիկն անհամբեր է, կարող է խռովել ինձնից և չքանալ․․․

— Ես քեզ հավատում եմ, Լեռնուհի,— խոսեց լեյտենանտը,— բայց դու, ախր, շուտ-շուտ ես սիրահարվում։ Սիրածներիդ փոխում ես գիշերանոցներիդ նման։ Լրջացիր, Լեռնուհի, անունդ ցեխի ու կեղտի մեջ տրորում ես։ Միթե՞ չես ափսոսում քեզ, քո գեղեցկությունը․․․

— Չգիտեմ,— տխրեց աղջիկը։— Լավ կլիներ դուք, բարոյականներդ, մի քիչ էլ հոգեբաններ լինեիք։ Ես, ախր, գեղեցիկ աղջիկ եմ և տառապում եմ սիրվելու, սիրված լինելու մանիայով։ Իմ հոգեկան կերտվածքն այնպիսին է, որ ես լիարժեք կին չեմ կարող դառնալ, որովհետև օրը մի քանի անգամ կդավաճանեմ նույնիսկ նրան, ում խենթորեն սիրում եմ։ Իսկ ամուսնությունը պարտավորեցնում է, քեզ լավ պահես՝ դու ես մեղք, քեզ վատ պահես՝ սիրածդ ամուսինը։ Իսկ այսպես ես ազատ եմ թռչնի պես և կարող եմ թռչել ում գիրկն ուզեմ․․․

— Իսկ ո՞ւր կարող է հասցնել քեզ,— լեյտենանտի խրատական տոնի մեջ ցավոտ երանգներ հնչեցին,— գրկից գիրկ թռչելը․․․

— Քո գիրկը,— ծիծաղեց աղջիկը։ Նա կտրուկ կերպարանափոխվեց։ Աչքերում տաք, քաշող կայծեր բռնկվեցին։ Հայացքը մգացավ ու քնքշացավ։ Հայացքում բռնկված գոլ զգացմունքը մերկացավ, նյութականացավ մերկացած մարմնի նման, իսկ խոսքը կրքոտվելով՝ մտերիմ երանգ նվաճեց և նա անցավ դու-ի։— Իսկ դու գիտես, սիրելի լեյտենա՛նտ, որ կանանց համար շատ ցանկալի ես, այ, եթե ինձ սիրեիր, ես քեզ կյանքս չէի խնայի․․․

— Քեզ կարգին պահիր,— նեղացավ Մարկոսյանը,— այստեղ սիրային բացատրության տեղ չէ, ես քո Շուրիկը չեմ, գնալով խրվում ես ճահիճը․․․

— Իսկ դու հանիր ինձ ճահճից,— քրքջաց Լեռնուհին։

— Ինչպե՞ս, ինչպե՞ս,— վրդովվել էր լեյտենանտը,— այնպես ես խրվել, որ բուլդոզերն էլ չի օգնի․․․ Մե՜ղք ես, չէ՛․․․

— Սիրիր և ինձ կփրկես ճահճում խեղդվելուց․․․

Այդ պահին ներս մտավ մայոր Բագրատունին, և աղջկա դեմքը ասես մեկեն հանգավ։ Նա կծկվեց աթոռին, փոքրացավ, և լեյտենանտը զարմանքով նկատեց, որ նա արդեն նման է դասը չսերտած ծույլ աղջնակի․․․

— Բարև, Լեռնուհի,— ասաց մայորը՝ ձեռքը երկարելով աղջկան։

— Բարև, ընկեր մայոր,— թեթև ռևերանսով տեղից բարձրացավ Լեռնուհին։

— Զարգացել ես, Լեռնուհի՛,— խոսեց մայորը,— Երևանի ճաշատեսակներն արդեն քեզ չեն բավարարում և ճաշելու համար գնում-հասնում ես մինչև «Լուսավան» ռեստորանը։

— Ե՜ս, ե՞ս,— զարմացավ աղջիկը։

— Իհարկե, դու,— խոսքը հանգիստ առաջ տարավ մա-յորը։— Քո գործն է, թե որտեղ կնստես ճաշելու կամ զվարճանալու, բայց ում հետ լինելդ մեր գործն է նաև և հետաքրքրում է մեզ․․․

— Բայց ես «Լուսավան» ռեստորանում երբեք չեմ եղել խոսեց աղջիկը,— ոչ երեկ, ոչ մի տարի, ոչ էլ տասը տարի առաջ․․․

— «Լուսավանը» արգելված վայր չէ, Լեռնուհի,— իրենն էր պնդում մայորը, սակայն գողերի հետ, նրանց ընկերակցությամբ այնտեղ լինելն արդեն հանցակից դառնալու վտանգ ունի իր մեջ․․․

— Ես «Լուսավանում» չեմ եղել,— հանկարծ պոռթկաց աղջիկը, և նրա հայացքը բոցավառվեց, չեմ եղել ո՛չ գողերի, ո՛չ էլ բոզերի հետ, հասկանալի՞ է․․․ Ըստ ինձ ես սիրահար եմ, ըստ ձեզ՝ բարոյականներիդ՝ անբարոյական․․․ Եթե դուք իրավունք ունեք մտնելու իմ կյանքի մեջ, գոնե խնայեցեք իմ հոգին, մի՛ փչացրեք, հանգիստ թողեք նրան, անհավատ հավատացյալներ․․․

Մայորը հասկացավ աղջկան։ Նա չէր ստում, չէր խաբում իրենց, նրա անկեղծությունը ջախջախվում էր՝ դիպչելով մայորի սառն անվստահությանը, որը բխում էր իրավիճակից։ Հարկավոր էր վերացնել պաշարումը, նահանջել։ Տարիների փորձով Բագրատունին գիտեր, որ անառակի համար անառակությունը և գողի համար գողությունը սրբագործված առաքինություններ են։ Բարոյական իմաստով նրանք նույնիսկ հպարտանում են իրենց անազնիվ կոչումով, այն համարելով իրենց առավելությունը։ Հպարտանում են ինչպես գեղեցկուհին իր գեղեցկությամբ և տաղանդավորն՝ իր տաղանդով։ Սակայն երբ գործն ստանում է իրավական երանգ, երբ առաջանում է դատի ու դատաստանի վտանգը, նրանք առաջինն են դատապարտում իրենց ստոր զբաղմունքը և մարտնչում են մինչև վերջ, ժխտելով իրենց նկատմամբ հարուցված բոլոր մեղադրանքները։ Մայորը հասկանում էր աղջկան։ Նա մեղսակից չէր և չէր առնչվում իրենց հետաքրքրող հարցին։

Եվ Լեռնուհու աչքերն այդ պահին նման էին մերկացած ժանիքների, որոնք նայում էին վագրի մոլեգնությամբ։ Այդ հայացքում ընթերցվում էր ցավագին իրարանցում՝ վիրավորանքի և ատելության հաջորդական բռնկումներով։ Մայորը հաշտության խոսք նետեց։

— Դե, լավ,— ասաց նա,— արի խոսենք առանց հիստերիայի։ Ասա, դու Զուլումին ճանաչո՞ւմ ես․․․

— Ո՛չ։

— Իսկ գիտե՞ս, թե ով է նա։

— Ո՛չ։

— Ինչպե՞u կապացուցես, որ ծանոթ չես նրան։

— Իսկ դուք ինչպե՞ս կապացուցեք, որ ծանոթ եմ նրան։

— Ձեզ տեսնողներ են եղել։

— Ես պատրաստ եմ առերեսման․․․

— Իսկ եթե հաստատե՞ն․․․

— Հնարավոր է, որ հաստատվի նաև սուտը։ Սակայն ես ոչ մի Զուլումի չեմ ճանաչում և ոչ մի անգամ «Լուսավան» ռեստորանում չեմ եղել։

— Եթե, այնուամենայնիվ, ստո՞ւմ ես․․․

— Իզուր եք ձեզ միամիտի տեղ դնում, ընկեր մայո՛ր։ Եթե ես ստում եմ, ձեր անելիքը դուք ինձնից չէ, որ պետք է իմանաք։ Դանակն էլ է ձեր ձեռքը, դմակն էլ։ Եթե ես հանցագործ եմ կամ մեղսակից, գոյություն ունի բանտ, որի դռները դուք կարող եք մեծահոգաբար լայնորեն բացել իմ առջև․․․

Մայորը նայեց լեյտենանտին, սա թոթվեց ուսերը։ Հարցաքննությունն ավարտված էր։ Աղջկան չհավատալ չէր կարելի։ «Դերասան է, տաղանդավոր դերասան,— խորհում էր լեյտենանտը,— բայց նա կատարում է իր սովորական դերը, խաղում է ինքն իրեն։ Ես վստահ եմ, որ նա ընդունակ չէ ուրիշի դերն ստանձնելու․․․»։

— Այսքանը,— ասաց մայորը,— մենք քեզ հավատում ենք, Լեռնուհի՛։ Կարող ես գնալ։ Միայն այս խոսք ու զրույցի շուրջը՝ ոչ մեկին ոչ մի խոսք․․․

— Կլռեմ ձկան պես,— Ժպտաց աղջիկը։

— Հակառակ դեպքում բանտի դռները մեծահոգաբար կբացենք քո առջև,— կատակեց մայորը։

— Եթե լեյտենանտը ամեն օր բանտախուց մտնի ինձ այցելության, ես պատրաստ եմ հենց այս րոպեին բանտ գնալու,— աղջիկը աչքով արեց լեյտենանտին, ապա սկսեց քրքջալ և կոնքերը ցուցադրաբար կոտրատելով քայլեց դեպի դուռը։


* *

— Հետևում եմ օբյեկտին,— հնչեց Բագրատունու առանձնասենյակում։ Մայորը գոհունակությամբ ձեռքերը շփեց իրար։

— Հիանալի՜ է, Ապրեսյա՛ն, աշխատիր նրան չկորցնել քո տեսադաշտից։

— Նա մենակ չէ,— նորից լսվեց կրտսեր լեյտենանտի ձայնը,— նրա հետ կին կա։

— Հիանալի՜ է, Ապրեսյա՛ն,— պատասխանեց մայորը,— հետևիր նրանց թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Շուտ-շուտ կապվիր ինձ հետ, եթե հարկ լինի, քեզ օգնողներ կուղարկեմ․․․

— Առայժմ հարկ չկա—— խոսեց Ապրեսյանը։

— Որտե՞ղ ես դու,— հարցրեց մայորը։

— Օրջոնիկիձեի պողոտայում, հետևում եմ նրանց։ Քայլում են սիրահարվածների նման, ընկեր մայո՛ր․․․

— Զգույշ եղիր, հա՜, օբյեկտը փորձված է, վտանգավոր և միշտ զինված։

— Լսում եմ․․․

Գարնան պայծառ իրիկնադեմ էր։ Շլացուցիչ, բայց չտաքացնող արևը դանդաղ թեքվում էր արևմուտք։ Փողոցում եռուզեռ էր, մեքենաների բվվոց, մանուկների ուրախ աղմուկ։ Մայթեզրի ծառերը բողբոջելու ճիգ էին անում։ Բողբոջները ուռել էին, փափկել, դարձել դարչնագույն և պայթելու պատրաստ։ Մարտն ուր֊որ է կավարտի իր ամենամյա պարտադիր այցելությունը և իրավունքները կփոխանցի ապրիլին։ Ապրեսյանը չէր տեսնում գարունը։ Չէր լսում գարնանային աղմուկը, որ բացել էր իր լեզուն և խլվլում էր ծառերի դեռևս մերկ ճյուղերին, մայթերին, ամենուրեք․․․

Նա տեսնում էր բարձրահասակ, շատ վայելուչ հագնված զույգին։ Քայլում էր հակառակ մայթով, նրանցից բավական մեծ հեռավորության վրա, որպեսզի չմատնի իրեն։ Իսկ նրանք ճեմում էին թվացող անկաշկանդությամբ և, ամենայն հավանականությամբ, ցանկանում էին շրջապատին ներկայանալ սիրահարների դիմակով։ Բայց շրջապատին ի՜նչէ․․․ Ի՞նչ իմանան աշխատանքից տուն դարձող հոգնատանջ մարդիկ, որ այդ գեղեցիկ զույգը դանդաղ գործող ռումբ է, որ մի թանկարժեք իրի, մի կապուկ փողի համար պատրաստ է սպանելու, հոշոտելու խաղաղ մարդկանց։ Զույգը մտավ Կոմիտասի այգում գտնվող «Գարուն» ռեստորանը։ Ապրեսյանը շեֆին հայտնեց իր գտնվելու վայրը և անշտապ մտավ ռեստորան։

Նստել էին դռան ետևի սեղանին։ Հարմար տեղ էր․ կիսաբաց դռնից մտնողը չէր նկատի նրանց, իսկ նրանք կնկատեին առաջինը։ Դռան մոտիկությունը կհեշտացներ նաև արագ դուրս նետվելու և թակարդից ազատվելու հնարավորությունը։ «Փորձված է»,— գնահատեց մտքում Ապրեսյանը և նստեց նրանցից ոչ հեռու։ Տղան մուգ ակնոց էր կրում և դժվար էր կռահել հայացքի ուղղությունը։ Ապրեսյանն աշխատում էր նրանց տեսնել չնայելով։ Ակնդետ լիներ՝ կնկատեին։ Հետո անդրադարձավ, որ անսահման գեղեցիկ է աղջիկը։ «Կեցցե՛ս, Զուլում,— ինքնիրեն խոստովանեց Ապրեսյանը,— ճաշակ ունի տղան։ Աստվածուհին՝ սատանայի, հրեշի գրկում։ Բայց չէ։ Չէ՛, չէ՛, այդ աղջկան աստվածուհի ասելը մեղք է։ Մե՜ղք է աստվածուհին։ Աստվածուհին ի՞նչ գործ ունի Զուլումի հետ։ Նմանն զնմանս սիրե։ Ախր, ի՞նչ գործ ունես, այ գեղեցկուհի, սրիկայի հետ։ Բայց, ո՞վ գիտե, գուցե ինքդ ավելի մեծ սրիկա ես։ Ցանկացածդ տան զարդը կարող ես դառնալ։ Քեզ պես լավին կսիրեն, իհարկե, կսիրեն։ Կհագցնեն թագուհու նման։ Գլուխներին դրած ման կտան։ Թյո՛ւ, ի՜նչ թարս է աշխարհի բանը։ Կամավոր ո՞ւր ես քեզ նետել գայլի բերանը։ Վերջդ միևնույն է՝ փա՜ս․․․»։

Ռուս մատուցողուհին մոտեցավ Զուլումին և ինչ-որ դիտողություն արեց նրան։ Սա ձեռքը կոխեց գրպանը, մի թղթադրամ հանեց և ցանկացավ խոթել մատուցողուհու գրպանը։ Վերջինս վիրավորվեց, դրամը նետեց սեղանին և բարձրաձայն կշտամբելով իրեն վիրավորողին՝ շարժվեց դեպի բուֆետ։

— Եվ ինչպե՞ս չեն ամաչում մարդիկ,— հուզվել էր նա,— խնդրում ես, որ վերարկուները կախեն հանդերձարանում, իսկ նա քեզ տասնոց է դեմ անում։ Թյու․․․

«Նրանք չեն հանի վերարկուները, որովհետև փախչելիս հագնել չեն կարող։ Չեն հանի։ Կգժգոհես, սիրելի Նաստյա՛, քեզ բաժին կհանեն իրենց սրիկայական «սիրալիրությունից»։ Լավ, թող նստեն վերարկուներով։ Միևնույն է, նրանց հոգիները չեն տաքանա ոչ վերարկուի մեջ, ոչ էլ թվացող մտերմությամբ։ Չե՞ս տեսնում, քույրիկ Նաստյա, նա աշխարհին նայում է սև ակնոցով։ Նա դռանն է նայում, նա դարանել է, որպեսզի դարան չընկնի։ Ն վախենում է բաց դռներից»։

— Ի՞նչ կցանկանայիք,— հարցրեց մատուցողուհին։

— Լուլաքաբաբ և հարյուր գրամ օղի․․․

Նրանք մի ամբողջ սեղան էին բացել։ Ժպտում էին, իսկ ծիծաղել չէին կարողանում։ Նայում, բայց չէին տեսնում իրար։ Հայացքներում դեղնում էին տագնապն ու լարվածությունը։ Եվ խմում էին, որ չվախենան։ Օղու մեջ խեղդում էին տագնապը։ Ապրեսյանը ուտում էր դանդաղ, որպեսզի ժամանակ շահեր։ Դրսում կապույտ մանվածքով իջնում էր գարնանային երեկոն։ Լույսերը վառվեցին մեկեն՝ հրթիռային համազարկի նման։ Հետո նրանք վեր կացան։ Հետո վեր կացավ նաև Ապրեսյանը։ Քայլում էին մթին ծառուղով։ Այգու բոլոր էլեկտրական լամպերը, առանց բացառության, ջարդված էին։ «Չարաճճի մանուկները, նաև սիրահարները, խորհում էր Ապրեսյանը, փչացնում են լույսերը, առաջինները՝ ճնճղուկներին պարսատիկներով հարկադրական վայրէջքի ենթարկելու, երկրորդները՝ իրենց համբույրներն ու գգվանքները աշխարհի աչքից թաքցնելու համար»։ Իսկ նրանք Ապրեսյանից ոչ այնքան հեռու, խավարին ձուլված, կանգնել և համբուրվում էին։ Կրտսեր լեյտենանտը համոզված էր, որ իրեն նկատել են և սպասում են, որ ինքն անցնի, հեռանա։ Եվ նա արագացրեց քայլերը․ «Ոչինչ, մի հարմար տեղում կսպասեմ նրանց»։

— Ներողություն, ախպերացո՛ւ,— մոտեցավ նրան Զուլումը,— լուցկի չե՞ք ունենա։

— Խնդրեմ,— ձեռքը գրպանը տարավ Ապրեսյանը և այդ պահին էլ ահեղ հարվածը նրան տապալեց ներքև։ Հարվածն այնքան ուժեղ, այնքան անսպասելի էր, որ կրտսեր լեյտենանտը համարյա կորցրեց գիտակցությունը։

— Հոտոտում ես հետքերս, շո՛ւն,— կռացավ Զուլումը։

— Մի՛ թողնի, որ ուշքի գա, Ժորա,— լսեց կնոջ շշուկը։— Նա անպայման զինված կլինի, վերջացրո՛ւ․․․

— Արագ ինձ տուր հեծանվի անվաճաղը, Շահմա՛ր,— շտապեցրեց տղան,— հետո թող որոնեն ու փորձեն հայտնաբերել հանգուցյալի վերքը։

Ապրեսյանը պառկած էր անշարժ։ Ուշագնաց էր ձևանում։ Չէր ձևանում, չէ՛, ի՞նչ ձևանալ․․․ Եվ փա՜ռք գիշերային մթությանը, որ չմատնեց և թաքցրեց նրա ձեռքերի թույլ, համարյա աննկատելի շարժումները։ Նա սեղմեց գրպանում գտնվող միկրոֆոնի կոճակը և լսեց Բագրատունու խանձված ձայնը, որ խեղդվում էր նեղլիկ ծոցագրպանում։

— Արա՛գ, արա՛գ, Շահմա՛ր,— շտապեցնում էր Զուլումը։

Աղջիկը քրքրում էր իր ձեռքի լայնավուն պայուսակը և երբ բարակ անվաճաղը թույլ, նիհարիկ լույս արձակեց Ապրեսյանի գլխավերևում, կրտսեր լեյտենանտը սեղմեց ատրճանակի ձգանը: Այգու ամայության մեջ կրակոցները դղրդացին պայթող արկերի ուժով։ Դատարկ այգին հանկարծ կենդանացավ և հալածեց մեղավոր ու դարանակալ լռությանը։ Շրջապատը շարժվեց, լցվեց մարդկային մուգ կերպարանքներով։ Ռեստորանը դուրս հոսեց։ Նստարաններին իրար գուրգուրող սիրահար զույգերը ես ոտքի թռան։ Այգու մուտքի կողմից լսվեց հերթապահ միլիցիոներների արգելակվող մոտոցիկլետների խուլ ճռնչոցը։ Ապրեսյանը նստեց, բայց բարձրանալ չհաջողվեց։ Գլուխը ցավից պայթում էր և պտտվում․ հարվածը հասցված էր ձեռքի ափակողքով՝ վզարմատին։ Զուլումը անձայն տափակել էր Ապրեսյանի կողքին և անշարժացել։ Իսկ երբ առաջին միլիցիոները մոտեցավ դեպքի վայրին, կրտսեր լեյտենանտը սարսափով նկատեց, որ կինը, որին Զուլումը կոչում էր Շահմար, չքացել է․․․


* *

Մայոր Վահագն Բագրատունին մտահոգ էր, հոգնած, նաև անքուն։ Դեպքերը թեև զարգացան արագությամբ, թեև Զուլումն արդեն վնասազերծված էր, այնուամենայնիվ, հետաքննության ընթացքը չէր գոհացնում։ Փորձը հուշում էր նրան, որ դեպքերի նման սրընթաց զարգացմանը, նման չնախատեսված կտրուկ շրջադարձին պարտադիր հաջորդում է մեռյալ սեզոնը, քանի որ հետապնդվող կողմը, զգուշանալով հերթական կորուստներից, դառնում է ավելի զգուշավոր և որոշ Ժամանակ, ինչպես ասում են, անցնում է ընդհատակ։ Մայորն արդեն չէր էլ կասկածում, որ պրոֆեսոր Խախանյանի բնակարանը կողոպտողների մեջ Զուլումը գլխավոր դերակատարն է եղել։ Այս գործը, մայորի անսասան կարծիքով, գլխավորել են առնվազն երկու կին։ Ծանր վիրավոր Զուլումի գրպանում լեյտենանտ Մարկոսյանը հայտնաբերեց պրոֆեսոր Խախանյանի առանձնատան պլանը։ Քանոնով և կապտագույն թանաքով գծված տան հատակագծի մեջ կարմրագույն սլաքները՝ առաջինը հյուրասենյակում և երկրորդը՝ ննջարանում ճշտորոշ կերպով ուղղված էին պատի խոռոչներում տեղադրված թանկարժեք իրերի արկղներին։ Գծագրի տակ գեղեցիկ երկաթագիր տառերով գրված էր գծագրողի անունը՝ Շահմար։ Այս անունը հետախույզին անծանոթ էր․ ոչ քարտարաններում, ոչ էլ հետաքննչական փաստաթղթերում այս անվանը մայորը չհանդիպեց։ Պարզից էլ պարզ էր, որ տան կողոպուտի ամբողջ գործը՝ նախապատրաստումը և իրականացումը գլխավորել է հենց Շահմարը։ Երկրորդ գործող անձը արդեն զգեստափոխված, աղքատ պառավի դերն ստանձնող աղջիկն էր, որի անձի շուրջը լրիվ մթություն էր, անտեղյակություն։ Զուլումը միայն կատարել է վերջին գործողությունը՝ կողոպուտը։ Ահա հիմնական գործող անձինք, որոնք առայժմ քողարկված են անթափանց խորհրդավորությամբ և իսկական հետախույզի մեջ վառում են պրոֆեսիոնալ այն նախանձախնդրությունը, որը ծնում է չարին վնասազերծելու հնարքն ու տաղանդը։ Մայորի գլխում վխտում էին հանգուցալուծման մի քանի վարկածներ, որոնք բացասում էին մեկը մյուսին և խանգարում Բագրատունու հաշիվներին։

Մայորը սեղմեց զանգի կոճակը։ Մարկոսյանը մաավ։

— Ապրեսյանի վիճակը․․․

— Ոտքի վրա է։ Ուղեղի թեթև ցնցում․․․

— Զուլո՞ւմը․․․

— Անզգա վիճակում է։ Գնդակները մնացել են սրտի շրջանում։ Վիճակը համարյա անհույս է։ Պրոֆեսորն ասում է, որ նրա փրկությունը վիրաբուժական հրաշք կլինի։ Տեղավորված է հիվանդանոցի չորրորդ հարկի ամենավերջին սենյակում։ Հիվանդասենյակի դռանը նշանակված է պահակային հսկողություն։

— Զուլումը պետք է ապրի, Սուրե՛ն,— խոսեց մայորը,— նրա կյանքը մեզ այսօր, այս պահին ավելի է պետք, քան իրեն։ Նա պետք է ապաքինվի, ապրի՝ խոսելու համար։ Այս մեկ։ Երկրորդ, նրա մոտ՝ հիվանդասենյակ մուտք պետք է ունենա միայն պրոֆեսոր Խախանյանը և մեկ էլ հիվանդապահուհին։ Ուրիշ ոչ ոք, լեյտենա՛նտ, լսո՞ւմ ես․․․ Իսկ հիվանդապահուհու ելքն ու մուտքը, տարածն ու բերածը պետք է ստուգվի մեր մարդկանց կողմից։ Չեմ կասկածում, որ որոշ մարդիկ այս պահին ցանկանում են Զուլումի շուտափույթ մահը, որպեսզի նա գերեզման տանի իրենց մերկացնող գաղտնիքը։ Հետևաբար, բացառված չէ նրան թունավորելու, ինչ-որ ձևով վնասազերծելու հնարավորությունը։ Իսկ բնակարանի կողոպուտին չառնչվող նրա ընկերները, իհարկե, կուզենան, որ նա ողջ մնա, որովհետև նրա շարք վերադառնալը նրանց համար կենաց խնդիր է՝ նոր չարագործությունների, նոր կողոպուտների փայլուն հեռանկարով։ Ոչ ոք չի՞ փորձել այցելել Զուլումին, լեյտենանտ։

— Ոչ ոք։

— Ինձ միացրեք Խախանյանին։ Ալլո՛, ալլո՛, պրոֆեսոր, հարգանացս հավաստիքը։ Ինչպե՞ս եք, ինչպե՞ս է ձեր հարգարժան տիկնոջ վիճակը, ապաքինվո՞ւմ է վախից և հոգեկան ցնցումներից։ Այո՞․․․ Շատ ուրախ եմ․․․ Իմ ջերմ ողջույնները․․․ Պրոֆեսոր, խնդրում եմ ասել ինձ, կապրի՞ այն Ժորա Թոփուզյանը, այո՛, այո՛, կրծքին երկու գնդակ ստացած ձեր հիվանդը, այո, որի հիվանդասենյակը հսկում է միլիցիոները։ Չե՞ք կարող ասել․․․ Կապրի կամ կմեռնի՞, միջինը չկա՞․․․ Սրամիտ եք, հա՜, պրոֆեսո՜ր․․․ Խնդրում եմ ամեն ինչ անել նրան փրկելու համար․․․ Չէ՛, ցուցումներ չեմ տալիս, խնդրո՜ւմ եմ․․․

Մայորը դրեց լսափողը։

— Չէ՛, Սուրեն, իմ և Խախանյանի ջուրը մի առվով չի գնում։ Նեղացավ, որ խնդրում եմ փրկել նրա կյանքը։ Մասնագիտական նեղացկոտություն է։ Ասում է, որ եթե կարողանա, կփրկի հիվանդին, մնացածը դատարկ խոսակցություն է։

Հեռախոսը զնգաց։ Մայորը ընկալուչի մեջ լսեց ծանոթ, հրամայող ձայնը։

— Այո՛, ընկեր գեներալ։ Իհարկե, լավ չենք աշխատում։ Քնած ենք ուղտի ականջո՞ւմ․․․ Քնած չենք, ընկեր գեներա՛լ, սակայն գտնվում ենք ոչ սթափ վիճակում։ Ամեն բան այժմ կախված է Զուլումի փրկությունից, թե չէ հետաքննությունը մտնում է փակուղի։ Զուլումը մեզ ոչինչ չի՞ ասի։ Կասի, կասի, ընկեր գեներալ։ Եթե փրկվեց՝ կխոսի։ Երկու շաբա՞թ, քիչ է․․․ Գոնե սպասենք մինչև Զուլումի խոսելը։ Եթե մեռնի՞․․․ Ուրեմն, ամեն ինչ պետք է սկսել սկզբից․․․ Այո՛, ամեն օր կզեկուցեմ, ճիշտ այդպես․․․

— Դաղում են բոլորը՝ վերևից ներքև,— Բագրատունին դրեց լսափողը,— իսկ մենք գործում ենք կույրերի նման, որ կողմ շրջվում ենք՝ դեմ ենք ընկնում կույր պատի, մինչդեռ ճանապարհը երևի քթներիս տակ է։ Սուրե՛ն, գնա հիվանդանոց, այդ բժիշկները ամեն ինչ չափազանցում են։ Քո աչքով տես այդ սրիկային։ Նա մի քանի անգամ ծանր վերք է ստացել և միշտ էլ անվնաս դուրս պրծել այդ ամենից։ Անսովոր ամուր առողջություն ունի։ Տե՛ս, գուցե ուշքի գա հանկարծ․․․


* *

Գիշերվա լռության մեջ երկար ու տագնապալից հնչեց դռան զանգը։ Պրոֆեսորի համար գիշերային զանգերն ու այցելություեները արտակարգ երևույթներ չէին։ Հարևանները, ծանոթները, բարեկամները և նրանք, ովքեր գիտեին վիրաբույժի ձեռքերի զորությունը, առանց ժամի ու ժամանակի հետ հաշվի նստելու գալիս էին նրա ետևից՝ իրենց հիվանդներին փրկելու ցանկությամբ։ Պրոֆեսորը մերժելու սովորություն չուներ, իր կոչումը նա տեսնում էր այն անհրաժեշտ օգնության մեջ, որ նա բերում էր հիվանդների փրկությանը։

Նա նստեց անկողնում։ Սեղմեց լամպի կոճակն ու վառեց լույսը։ Հետո անցավ խալաթի ու մանավանդ հողաթափերի որոնումներին։ Ակնոցը չգտավ և մահճակալի ոտքերի մոտ դրված հողաթափերը նա գտավ շոշափելով միայն։ Նորից զանգը․ տենդագին, տագնապալից ու երկար։ Թեթև, հանգիստ մշշոցով քնած էր Սյուզաննա Սուրենովնան, և նրա ներկած մազերը սև թանաքի նման խեղդել էին բարձի ձյունաթույր սպիտակությունը։ «Դեռ ասում էլ է, թե հոգեկան լուրջ ցնցում եմ ապրել,— դժգոհ մտածեց պրոֆեսորը՝ խալաթը ուսին գցելով,— իսկ քնում է չորս դոզա քնաբեր ընդունածի նման, առողջ է, հա՜․․․»։ Հետո հողաթափերը քստքստացնելով շարժվեց դեպի դուռը։ Նորից զնգաց զանգը։

— Գալի՛ս եմ,— պատասխանեց անհամբեր այցելուներին և քաշեց դռան երկաթե սողնակը։

Այցելուները չմտան, այլ ներխուժեցին։ Երեք հոգի էին։ Պրոֆեսորը շփոթված ընկրկեց նրանց առջև, որովհետև այցելուները դիմակավորված էին, և երեսները գոցող սև ժապավենից խայթում էին զգուշությամբ շրջապատը դիտող սպառնալից աչքերը։

— Դուք․․․ դուք ի՞նչ եք կամենում, ի՞նչ գործ․․․

— Սպասի՛ր, պրոֆեսո՛ր,— խոսեց նրանցից մեկը,— մենք քեզ վնասելու չենք եկել։ Եկել ենք բանակցելու, խնդրելու մեր ընկերոջ համար, որի կյանքը հիմա քեզնից է կախված։ Զուլումը մեծ մարդ է, պրոֆեսոր։ Երևանից մինչև Կամչատկա Զուլումի անունը պրոպուսկի ուժ ունի․․․ Դու պիտի փրկես նրան։ Քո աշխատանքի դիմաց մենք բերել ենք մեր սահմանած վարձը, ստացիր ավանսով։ Այս պայուսակի մեջ 20 հազար ռուբլի կա։ Փրկեցիր Զուլումին՝ նույնքան էլ կստանաս մյուս գլխից։ Իսկ եթե մնաց քո դանակի տակ, լսո՞ւմ ես, պրոֆեսոր Խախանյան, եթե մնաց քո դանակի տակ, մենք հո գիտենք քո տան տեղը, մենք հո ճանաչում ենք քո կնոջն ու աղջկան, մենք հո ճանաչում ենք քեզ․․․ Մենք էլ ձեր, հատկապես քո վզի վրա, կփորձենք մեր դանակների սրությունը։ Վախեցնելու համար չենք ասում։ Մի՛ վախենա, որ վիրահատելիս ձեռքերդ չդողան, պրոֆեսո՛ր։ Իսկ հիմա, տղերք,— շրջվեց մյուս երկուսին,— ավանսով մեծարենք մեր պրոֆեսորին․․․

Եվ շփոթված ու համրացած Խախանյանին չտալով նույնիսկ խոսելու կամ շարժվելու հնարավորություն, վերցրեց աջը, մոտեցրեց շրթունքներին, չպպոցով համբուրեց։ Նույնը անձայն կրկնեցին նրա ընկերները և պայուսակը խցկելով պրոֆեսորի ձեռքը, քայլեցին դեպի ելքը․

— Բարի գիշեր, պրոֆեսո՛ր․․․

Խախանյանն այլևս չկարողացավ քնել։ Անկողնում պառկած նա ծանրութեթև էր անում գիշերային այցելուներից ստացած իր տպավորությունները։ Վիրաբույժը շփոթված էր։ Նման անկոչ այցելուներ նա չէր ունեցել։ «Դերասաններ են Ժամանակակից քրեականները,— դառնացած մտածում էր նա,— անտուն մուրացիկի դեր են խաղում, որպեսզի օգտվելով մարդկանց առաքինությունից ու գթասրտությունից՝ մաքրազարդեն ունեցած֊չունեցածը։ Մի կողմից ձեռքդ են համբուրում, մյուս կողմից քեզ «սիրաշահում» կոկորդդ կտրելու հեռանկարով։ Համա թե արիստոկրատ ավազակներ են, տունդ են մտնում դիմակավորված և 20 հազար ռուբլի ձեռքներին։ Լա՜վ հոնորար է, մի վիրահատման համար 40 հազար ռուբլի, թյո՛ւ․․․»։ Սյուզաննա Սուրենովնան խռմփացնում էր, և դա ակնհայտորեն ջղայնացնում էր պրոֆեսորին։ «Այդ էր պակաս, որ կինն էլ խռմփացներ։ Գիրացել է։ Հոգս չունի, խռմփացնում է, և որքան այլանդակ ձայներ են դուրս գալիu խռմփացնող կնոջ կոկորդից։ Լա՛վ, լա՛վ, նեղսրտել հարկավոր չէ։ Նրա ամբողջ կյանքը մի լուռ, մի նվիրական հպատակություն է եղել ինձ, իսկ ես քիչ է մնում գարադավոյ կանչեմ և նրան դատարան քարշ տամ՝ խռմփացնելու համար։ Ուրեմն, ես էլ մարդ չեմ, մարդ չեմ, չէ՛,— դառնությամբ խորհում էր պրոֆեսորը,— ուրեմն, դադարել եմ քառասուն տարվա կողակցիս սիրելուց։ Իսկ նա իր ամբողջ կյանքում խմռփացրել է, իսկ ես բոլորովին չեմ նկատել նրա այդ թերությունը, բոլորովի և․․․ Նո՜ր, միայն նոր եմ տեսնում․․․ Ասել է, չեմ սիրում այլևս, ասել է քեֆս, եղանակս սիրային չէ։ Դադարել եմ նրան սիրելուց, որովհետև «երբ ծագում է արևը՝ լուսինն ու աստդերը խամրում են»— տեսնես ո՞ր գրողինն է այս ոչ այնքան օրիգինալ միտքը։ Արեգ Արամովնան Սյուզիին դուրս մղեց ինձնից։ Արեգ Արամովնան։ Նա չի խռմփացնում, բոլորովի՜ն։ Նա ուրի՜շ է․․․»։ Ասիստենաուհուն հիշելը այնպիսի ջերմություն առաջացրեց պրոֆեսորի հոգում, որ մի պահ մոռացավ և՛ գիշերային այցելուներին, և՛ կնոջ խռմփոցը, և՛ արար֊աշխարհ․․․ Այդ կինը երիտասարդացրել էր պրոֆեսորին, խանդավառել նրա թանձրացող արյունը, ճախրանքի թևեր տվել նրան։ Վերահաս ծերությունը նահանջել էր, և երիտասարդությունն իրեն այնքան բնորոշ քնարականությամբ օրորում էր Խախանյանի հոգին։ Նա ուժերի այնպիսի հորդում էր զգում իր մեջ, որ թվում էր, եթե ցանկանա՝ կարող է նստել և գրել, ասենք, սիրային մի բանաստեղծություն, որ եթե ցանկանա՝ կարող է «Արարատ» թիմի կազմում 90 րոպե չափչփել ֆուտբոլային դաշտի լայնքն ու երկայնքը և նույնիսկ գոլ խփել մեր անկարող հարձակվողների փոխարեն։ Արեգ Արամովնան ասավածուհի է, հաճույքով մտածում էր պրոֆեսորը, և ինքը, այո՛, այո՛, այդքան խանդավառող կին չի տեսել, չէ՛։ Նա կարող է երիտասարդացնել ծերունուն։ Նա կարող է հնազանդեցնել նույնիսկ ուսսուրիական անսանձելի վագրերին։ Նա կարող է ամենապրոզայիկ սիրահարին բանաստեղծ դարձնել։ Նա, Արեգ Արամովնան, գեղեցկության և մաքրության այդ տիպարը։ Պրոֆեսորը հիշում է, թե որքան էր զայրացել Արեգը Զուլումի պատճառով։ «Պրոֆեսո՛ր, սիրելի՛ս, նա և նրա նմանները այլանդակում են մեր կյանքի գեղեցկությունը։ Դրանք էին, չէ՞, որ հոշոտեցին, հափշտակեցին արդար քրտինքով ձեռք բերած ձեր հարստությունը։ Դրանք չպետք է տեղ ունենան մեր հասարակության մեջ։ Եվ մի՞թե դուք պետք է փրկեք այդ արյունարբու գազանին»։ Այո՛, այո՛, ամենաքնքուշ, ամենամարդկային սիրտ ունեցող մարդն անգամ, որպիսին է Արեգը, առաջին պահ կարող է դավաճանել բժշկի կոչմանը, և դա զարմանալի չէ, որովհետև մարդասպանի, չարագործի առջև երբեմն նահանջում է մարդասիրությունը։ Թյո՛ւ, պրոֆեսորը նորից հիշեց իր գիշերային հյուրերին, և սիրտը վերստին բաբախեց տագնապով ու ատելությամբ։ Իսկ եթե իր վիրաբուժական դանակն անզոր է փրկելու ավազակին, որ ամենահավանական ելքն է նման ծանր վիրահատության դեպքում, ուրեմն, ի՞նչ, այդ սրիկաները իրեն և իր ընտանիքի անդամներին պետք է ոչխարների նման մորթե՞ն, հը՞․․․ Պրոֆեսորի շունչը բռնվում էր, երբ խորհում էր անհաջող վիրահատության հետևանքների մասին։ «Ե՞րբ են կորչելու այս գողեբն ու մարդասպանները, ե՞րբ․․․ Ասում են՝ այդ երևույթները անցյալի մնացուկներ են։ Անցյալի մնացո՜ւկ․․․ Ոչ միշտ, ոչ միշտ․․․ Ասում են՝ գողությունը սոցիալական արմատ ունի, սոցիալական չարիք է։ Այո՛, այո՛, սոցիալական արմատ ունի, ինքնըստինքյան սոցիալական չարիք է։ Բայց մեր օրերում գողերից շատերը գողության են մղվում ոչ չունևորության կամ աղքատության հետնանքով։ Անցյալի մնացո՜ւկ, սոցիալական չարի՜ք, լոզունգային բանաձևումներ են, իսկ մա՞րդը, մա՞րդը, նրա հոգի՞ն, նրա հակվածությո՞ւնը․․․ Չպետք է երևույթին պատրաստի գնահատականներ կպցնել։ Դրանով գործին չես օգնի։ Պատրաստի դեղատոմսեր չկան, կան ախտորոշումից բխող բուժամիջոցներ և դեղեր։ Հարկավոր է երևույթների խորքը նայել։ Մարդը, նրա հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսը դեռևս քիչ է ուսումնասիրված, չի ուսումնասիրված․․․ Ութ ամսական երեխայի ձեռքից ո՛չ ուժով, ո՛չ էլ համոզելով չես կարող տիկնիկը, խաղալիքը վերցնել։ Նրա մեջ նստած է փոքրիկ, բայց անհաղթահարելի սեփականատերը։ Խաղալիքը իրենն է, ոչ քոնը, հասկանո՞ւմ ես, փորձիր վերցնել, այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ մի փութ շոկոլադով չես փրկվի, չես շահի սիրտը․․․ Ուրեմն, ի՞նչ․․․ Այդ ծծկերի մեջ անցյալի մնացուկնե՞րն են հոտում, հը՞․․․ Չլինի՞ անցյալի մնացուկները գենետիկական ակտիվություն ունեն, հը՞․․․ Չլինի՞ ժառանգական են, հը՞․․․ չլինի՞, չլինի՞․․․ Մարդը չի ուսումնասիրված։ Հոգեբանները մարդկային հոգեբանությունը, մարդկային հոգեկան շարժումները փորձում են բացատրել քարացած սահմանումների միջոցով։ Փորձում են, թող փորձեն, փորձը փորձանք չէ, բայց օգուտն ի՜նչ․․․ Գրողները, մարդկային հոգու այդ ճարտարապետները, ընդհակառակը, հոգու, ներքնաշխարհի գաղտնիքները բացում են այնպիսի յուրօրինակ վերլուծությամբ, որ չի ենթարկվում ոչ մի օրինաչափության։ Եվ դա ճիշտ է, ճիշտ է, ցավագնորեն ճիշտ է, որքան մարդ, նույնքան՝ բնավորություն։ Ամեն մարդ ծնվում, ապրում և մեռնում է յուրովի։ Խնդրե՜մ․․․ Այս էլ կոմս Լև Տոլստոյը։ Օ՜, այդ Տոլստոյը, որը կարողանում է մարդու հոգուն նայել և՛ հասարակության շղթայի մեջ, և՛ նրանից անջատ՝ միայնության մեջ։ Գողության, մարդասպանության, կաշառակերության, կաշառատվության պատճառները պետք է ուսումնասիրվեն անհատի ու հասարակության փոխհարաբերության, մարդու հոգեկան աշխարհի ամբողջ կոմպլեքսի խոր ուսումնասիրության միջոցով։ Եվ պրոֆեսորի միտքը նորից մեխվեց գիշերային այցելուներին։ Այն մարդիկ, որոնք քո ձեռքի զորությունն ու ուժը աստվածացնում են, համբուրում քո աջը, որով դու կռվում և հաղթում ես մարդու բկին չոքած մահին, նույն այդ մարդիկ առանց տատանվելու, առանց երկմտելու և խղճի խայթի պատրաստ են կտրելու քո կոկորդը, միայն նրա համար, որ մահվան հետ մենամարտելիս կարող ես պարտվել։ Ուրեմն, ես մահվան բերանից պետք է խլեմ ոչ միայն այդ ավազակ Զուլումին, այլև նրա փրկությամբ փրկեմ նաև պրոֆեսոր Խախանյանի կյանքը։ Թյո՛ւ․․․»։

— Հերիք է խռմփացնես, բավակա՛ն է,— գոռալով բոթեց կնոջը,— այնպես ես խզխզում, որ կրծքիդ տակ ասես փտած գերան են սղոցում, բավակա՛ն է․․․

Կինը սարսափած վեր թռավ։ Նա ձեռքով բռնել էր կուրծքը, աչքերը փակ էին։ Լեզվին բառեր չկային և չէին գալիս։ Պրոֆեսորը հանկարծ խղճաց նրան։ Բռնեց ուսերից․

— Սչուզի՛, սիրելի՛ս, ախր, խռմփացնում ես, պառկիր աջ կողքիդ։

— Տանը բա՞ն է պատահել,— նվաղած ու տագնապոտ ձայնով խոսեց կինը՝ գլուխը վերստին դնելով բարձին և տեղնուտեղը շարունակելով խռմփացնելը, այս անգամ ավելի անողոքաբար։

— Ո՜ւխ,— տնքաց պրոֆեսորը,— սա արդեն, այլ երգ է։ Սա արդեն մորթվող խոզի խռնչոց է, ո՜ւխ․․․ Բայց ավելի լավ է մորթվող խոզի մասին մտածել, քան մորթվող մարդու, ո՜ւխ․․․

Լուսացել էր։ Բացվել էր ապրիլյան հեքիաթային առավոտը։ Պատուհանի տակ յասամանի ճյուղերին արդեն սրվել էին բողբոջների ականջիկները, որոնք աղվամազոտ էին, փայլփլուն, ասես լաքած։ Երգում, ծլվլում էին թռչունները։ Զանգվի ձորից ջրի խուլ շառաչ էր բարձրանում և մարում այգու թավուտներում։ Պրոֆեսորը նայեց ժամացույցին։ Բարձրացավ, հագավ խալաթն ու հողաթափերը և մոտեցավ հեռախոսին․

— Մայո՞րն է․․․ Բարի առավոտ, մայո՛ր։ Ձեր Զուլումի փրկության սակագինը անսովոր կերպով բարձրացել է։ Նրա ընկերները այս գիշեր ինձ 20 հազար ռուբլի բերեցին, այո, այո, զարմանալի ոչինչ չկա, 20 հազար, դեռ ավելին, խոստացան նորից այդքան տալ, եթե նրան փրկեմ մահից։ Կարծեմ, դուք էլ եք նույնը ցանկանում, չէ՞․․․ Դե, որ ցանկանում եք, ինձ տվեք 40 հազար ռուբլի հոնորարը, կամ եթե այդպիսի հնարավորություններ չունեք, գոնե խոստացեք, որ թույլ չեք տա չարագործներին՝ կոկորդս կտրելու և ոչնչացնելու իմ տունն ու ընտանիքը․․․ Ո՛չ, ո՛չ, խմած չեմ և չար երազներ չեմ տեսել։ Տեսել եմ, պարզապես, չար մարդկանց և, որ ավելի ցավալի է, հասարակական կարգն ու կանոնը պահպանելու կոչված անզոր, անձեռներեց մարդկանց․․․ Աշխատել է հարկավոր, մայոր Բագրատունի, աշխատե՛լ․․․

Եվ սրտնեղած նետեց լսափողը։


* *

— Վաղը պրոֆեսորը վիրահատելու է Զուլումին։ Եկեք այս փաստը ոչ ոքից չթաքցնենք։ Թող իմանան բոլորը։ Գուցե հետաքրքրասերների մեջ լինեն նաև նրանք, ովքեր հետաքրքրում են մեզ։ Ջգոն եղեք, եթե հիվանդանոցի շրջակայքում երևան կասկածելի մարդիկ, աշխատեք ծածուկ լուսանկարել նրանց․․․

— Մի՞թե նրանք այդքան միամիտ են, որ գան դեպի խայծը,— կասկած հայտնեց լեյտենանտը։

Մայորը դժգոհությամբ նայեց նրան։ Նրա հայացքի մեջ ցավագին անզորություն կար։

— Գիտես, Մարկոսյան, խեղդվողը կառչում է նաև շյուղից։ Մենք նման ենք բաց աչքերով այն կույրերին, որոնք կառչելու ոչինչ չունենալով, անզորությամբ թափահարում են ձեռքերը։ Մինչդեռ ձեռքերը թափահարելու համար չեն տրվել մարդուն, այլ բռնելու։ Մեզ հարկավոր է լոկ մի բարակ թել, և մենք կհավաքենք ամբողջ կծիկը․․․

— Բարակ թելը կկտրվի, ընկեր մայո՛ր,— խոսեց լեյտենանտը,— մեզ հարկավոր է վարպետորեն հյուսել այն ցանցը, որի մեջ ընկնեն նրանք՝ այդ շնաձկները․․․ Մեզ հարկավոր է նաև այն խայծը, որով նրանց կարողանայինք հրապուրել դեպի ցանցը։ Մեզ հարկավոր են ամուր ձեռքեր, որոնք ի վիճակի լինեն քաշելու այդ ցանցը քրեական աշխարհի տղմուտներից, ամբողջ այլանդակության և գարշահոտության հետ միասին․․․

Մայորը լսում էր ուշադրությամբ, սակայն լեյտենանտի աչքից չվրիպեցին նրա հայացքում չթաքնվող հեգնանքի կայծկլտումները։

— Ուզածդ ցանցը հյուսվում է բարակ թելից, լեյտենա՛նտ։ Տվեք ինձ հենակետ, և ես երկիրը շուռ կտամ՝ հին իմաստություն է, սիրելի՛ս։ Տո՛ւր ինձ ճշմարտությանը կառչած այդ բարակ թելը, որպեսզի ես կախված չմնամ դատարկ տարածության մեջ, այնուհետև, վստահ եղիր, որ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ցանկանում ես ճիշտն իմանալ, ես նույնիսկ առայժմ, միայն ինձ համար, բացել եմ այդ Շահմարի ով լինելու գաղտնիքը, նրա առնչությունները Զուլումի հետ։ Բայց քանի որ որևէ, թեկուզ աննշան հանցանշան չունեմ ձեռքիս, ինչպես ասում են՝ չեմ կարող դատարկ ձեռքերով մեջլիս մտնել․․․ Ես սպասում եմ, լեյտենա՛նտ․․․

— Գիտեք Շահմարի ով լինելը և մեզ տեղյակ չե՞ք պահում,— զարմացել էր լեյտենանտը։

— Եթե առկա չէ հանցանշանը, փաստը, ուրեմն, հարյուր տոկոսանոց ճշմարտությունն անգամ, լավագույն դեպքում, վարկածի ուժ ունի։ Շենք, որ կառուցված է սորուն ավազի վրա։

— Բայց պարտավոր եք մեզ մասնակից դարձնել ձեր մտորումներին, ձեր վարկածին․․․

— Իսկ ես վախենում եմ ձեզ շեղել ճիշտ ճանապարհից։ Վախենում եմ փչացնել գործը։ Չէ՞ որ իմ ճշմարտությունն անապացույց է, հետևաբար, այն չի կարող դառնալ նաև քո ճշմարտությունը։ Իմ ճշմարտությունը ես միշտ ստուգել և ստուգում եմ ձեր միջոցով, եթե դու ևս նույն եզրահանգմանը հասնես, մենք, ինչպես ասում են, միմյանցով կուղղենք մեր Ժամացույցները և կելնենք արշավի․․․ Եվ, ի վերջո, Մարկոսյան, արի միասին սառը հայացքով նայենք իրերի վիճակին։ Վերլուծենք իրավիճակն այսօրվա դրությամբ։ Եթե ուզում ես ճիշտն իմանալ, մեր ձեռքին ոչ թե մեկ կամ երկու փաստ կա, այլ փաստերի մի ամբողջ շղթա, իսկ մենք՝ քեզ հետ միասին, բարակ թել ենք մանում։

Մարկոսյանը հաճույքով մտածեց, որ Վահագն Բագրատունին երբեք ինքն իրեն դավաճանողը չէ, եթե դժգոհում է փաստերի, հանցանշանների պակասությունից կամ նույնիսկ բացակայությունից, նշանակում է նա որոնում է գաղտնիքը բացելու բանալին։ Նշանակում է․․․

— Ուրեմն, այսպես,— շարունակում էր մայորը,— կողոպտել են պրոֆեսոր Խախանյանի բնակարանը։ Կողոպտիչները աղքատ «Պառավին» օգտագործել են, հաշվի առնելով տանտիրուհու՝ Սյուզաննա Սուրենովնայի մարդկային առաքինությունները՝ գթասրտությունը, նրա միամտության հասնող հավատը մարդկանց նկատմամբ։ Ուրեմն, նրանք լավ են իմացել նրա «թուլությունները», տան մտերիմներից մեկը կողոպտիչներին ծանոթացրել է տանտիրուհու բնավորոլթյանը։ Սյուզաննա Սուրենովնան ապաստան է տալիս «Պառավին»։ Կեսգիշերից անց «Պառավը» պատուհանից ազդանշան է տալիս հանցագործին, որ բնակարանի մուտքը բաց է, և նա կամ նրանք անարգել մտնում են տուն ու կատարում իրենց սև գործը։ Եզրակացություն՝ գողերն ընտրել են հարմարագույն պահը, տանտիրոջ բացակայությունը, որը գտնվում է գործուղման մեջ։ Նրանք հիանալի գիտեն պրոֆեսորի թանկարժեք իրերի և դրամի թաքստոցները, որոնց տեղը նրանց մատնել է պրոֆեսորի ընտանիքին մոտ կանգնած և նրանց վստահությանն արժանացած մարդկանցից մեկը։ Մենք գիտենք նաև, որ «Պառավը» զգեստափոխված աղջիկ է, որը հաստատում են և՛ Սյուզաննա Սուրենովնան , և՛ Խաջե Բագոյանը։ Գիտենք նաև, որ բնակարանի կողոպուտը իրականացվել է քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումի ձեռքով։ Նրա գրպանում գտնվել է պրոֆեսորի մենատան հատակագիծը, որի հեղինակը այդ օպերացիայի կազմակերպիչն է և կրում է Շահմար մականունը։ Շահմարը մտերիմ է մի կողմից պրոֆեսորի ընտանիքին, իսկ մյուս կողմից՝ Զուլումին և մեր ձեռքի տակ եղած տվյալներով վերջինիս սիրած աղջիկն է կամ սիրուհին։ Փաստերի տրամաբանությունը, իրերի ընթացքը մեզ բերում են այն հաստատ համոզմանը, որ գոյություն անի երկու անհայտով հավասարում, որի լուծման բանալին այսօր գտնվում է Զուլումի ձեռքին։ Իսկ Զուլումը, հուրախություն մեզ, բռնված է։ Երկու անհայտով հավասարում, լսո՞ւմ ես, լեյտենանտ, մեզ անհայտ են այդ երկու աղջիկը․ ովքե՞ր են նրանք։ Ինչպես ասում են՝ մենք կանգնած ենք ավազակների որջի առջև, և մեզ պակասում է միայն խորհրդավոր նշանաբանը․ «Սեզամ, բտցվի՛ր», որպեսզի ավարտվի հանգուցալուծումը։

— Իսկ պրոֆեսորի փեսացո՞ւն․․․

— Նա դուրս է խաղից։ Նրա աշխարհը բոլորովին անհաղորդ է, չի առնչվում քրեականներին։ Մենք դա ստուգել ենք․․․

— Իսկ պրոֆեսորի գիշերային այցելունե՞րը․․․

— Նրանք, իմ կարծիքով, չեն առնչվում մեզ հետաքրքրող գործին։ Նրանք Զուլումի ընկերներն են, որոնք գողերի մեջ գոյություն ունեցող «զակոնի» համաձայն պարտավոր են զորավիգ լինելու իրենց թայֆայի ղեկավարին։ Եթե նրանք մասնակից լինեին պրոֆեսորի բնակարանի կողոպուտին, ապա այլևս այնտեղ չէին երևա ո՛չ գիշերով և ո՛չ ցերեկով։— Մայորն ուշադիր զննում էր լեյտենանտին։— Տեսնո՞ւմ ես, թվում է, թե մեզ հայտնի է ամեն ինչ, որն այս պարագայում, գործող անձանց բացակայության պատճառով, հավասար է ոչնչի, լեյտենա՛նտ․․․

— Այստեղ մենք մի կարևոր բացթողում ունենք, ընկեր մայոր․․․

— Ի՞նչ բացթողում․․․

— Սյուզաննա Սուրենովնան գիշերային կիսախավարում նկատել է մարդկային երկու սիլուետ, ովքե՞ր կարող են լինել նրանք․․․

— Առաջինը՝ «Պառավը», լեյտենա՛նտ, երկրորդը՝ Զուլումը․․․ Ուրիշ անձանց ես այստեղ չեմ տեսնում։ Եվ դրանում համոզված եմ․․․

— Այո՛,— հոգոց քաշեց լեյտենանտը,— մենք գտնվում ենք հանգուցալուծման նախադռանը, տեսնենք, երբ կհայտնվի մեզ համար այդ խորհրդավոր նշանաբանը՝ «Սեզամը», ինչ ցույց կտա վաղվա օրը, ընկեր մայո՛ր։ Տա աստված, փրկվի Զուլումը․․․

Եվ լեյտենանտը բարձրացավ տեղից։

— Սպասիր, Մարկոսյան,— ինչ֊որ բան էր հիշել մայորը,— դու խոսեցիր պրոֆեսորի հետ՝ նրա գիշերային այցելուների մասին։ Ի դեպ, չգիտեմ ինչո՞ւ, նա ինձ տեսնել չի կարողանում։ Գտնում է, որ մենք պետական թոշակառուներ ենք․․․

— Ինձ հետ ևս չկամեցավ խոսել։ Ինչ֊որ մեկը նրան տրամադրում է մեր դեմ։ Ցանկանում էի խուզարկու շուն տանել, բայց ինքն ամեն բան փչացրեց։ Ասում է՝ ձեր խուզարկու շունը, եթե ձեր վարժեցրածն է, ուրեմն, նրանից էլ բան դուրս չի գա։

— Հետո՞․․․,— զարմացած նրան է նայում մայորը։— Ուրեմն, նրան լսելն ու նրա հետ խորհրդակցելն այլևս իմաստ չունի։ Հարկավոր էր հետաքննությունն անցկացնել, քննել շրջապատը՝ առանց նրան տեղյակ դարձնելու․․․

— Նա մեզնից առաջ ընկավ, ընկեր մայոր, շան անունը լսելուն պես ամբողջ տունն ու դուռը ախտահանել է, որ շունը հետքերը հոտոտել չկարողանա։ Զարմանալի է, չէ՞․․․ Գնացի, վռնդեց։ Ասում է՝ քանի որ մեր տունը թալանողները մեզնից են, մեր մտերիմներից, ուրեմն, մենք առանց ձեզ էլ յոլա կգնանք․․․

— Խենթացե՜լ է ծերուկը,— ձեռքերը տարածեց մայորը,— լավ, հանգիստ թող նրան, թող զբաղվի իր վիրահատությամբ․․․ Եթե կարողանա փրկել Զուլումին, այդ էլ քիչ օգնություն չի լինի գործին․․․


* *

Վիրահատումն անցավ բարեհաջող։ Պրոֆեսոր Խախանյանի արարչագործ ձեռքերը մահվան բերանից կորզեցին Զուլումին, վիրաբույժի փառքի դափնիներին ավելացնելով մեկը ևս։ Պրոֆեսորի գործընկերները, մայրաքաղաքի հայտնի վիրաբույժները կոնսիլիումի Ժամանակ միաբերան հաստատեցին, որ միանգամայն անտեղի է վիրաբուժական միջամտությունը, հետևապես, ելքը՝ անհուսալի և անհեռանկար։

— Նա՝ ձեր հիվանդը, արդեն մեռած է, սիրելի կոլեգա,— ասաց պրոֆեսոր Մանուկյանը,— գնդակները եթե անմիջապես չեն սպանել նրան, ապա դատապարտել են դանդաղ մահվան։ Տեսե՛ք, տեսե՛ք, որտե՞ղ է դարանել մահը,— և բժիշկը ներկաներին ցույց տվեց ռենտգենյան լուսանկարը,— սրտագդալի տակ և սրտի թաղանթում։ Ձեր հիվանդը մեռած է, կոլեգա՛․․․ Բժշկության դարավոր պրակտիկան ցույց է տալիս, որ կարելի է փրկել այն հիվանդներին միայն, որոնք գտնվում են մահվան նախաշեմին, իսկ ձեր հիվանդն արդեն մահվան ճիրաններում է։ Վիրաբույժի դանակը թեկուզև կախարդի ձեռքերում, միևնույն է, լավագույն դեպքում արագացնելու է մահը․․․

Նույնը կրկնեցին նաև մյուսները։ Խախանյանը օգտակար խորհուրդների համար շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին, սակայն պնդեց իրենը։

— Իննսունինը տոկոսով դուք ճշմարիտ եք, կոլեգանե՛ր,— ասաց նա,— այս երիտասարդը իննսունինը տոկոսով մահինն է արդեն, սակայն ես բժիշկ եմ և իմ հույսը այն փրկարար մեկ տոկոսին ապավինելն է։ Անսահման ուժեղ է հիվանդի օրգանիզմը, եթե նա դիմադրել է վերահաս մահին առ այսօր, եթե հիվանդի մեջ կյանքն այս օրերի ընթացքում չի նահանջել, նշանակում է փրկության շանսը մեծանում է, հասնելով տասը տոկոսի։ Իսկ դա քիչ բան չէ։ Մնացածը պետք է անեն այս ձեռքերը,— և բժիշկն, իր գործընկերներին ի ցույց, սեղանին դրեց իր սպիտակ, թմբլիկ, թեթևակի թառամած ձեռքերը,— ես կհանեմ գնդակները․․․

Բժիշկներն իրար նայեցին։ Ոմանց հայացքներում թերահավատություն կար, կային թաքնված և չթաքնված հեգնանքի կայծկլտումներ, ոմանց մոտ՝ վստահություն և հավատ, քանի որ Խախանյանի ձեռքերը մեկ անգամ չէ, որ փրկել էին անհուսալի հիվանդներին։ Ինքը՝ Խախանյանն էլ զգում էր իր վիճակի ամբողջ դժվարությունը, սակայն ինքնավստահությունն ասել էր իր խոսքը, ձեռնոցը նետված էր արդեն և նահանջել, ետ կանգնել չէր կարելի։ Պրոֆեսորի հոգում ալեկոծումներ կային, որոնք մղում էին նրան դեպի դժվարը, անհուսալին։ Նախ, պրոֆեսորը հավատում էր ինքն իրեն, իր տաղանդին, իր ձեռքերին։ Դա տասնամյակների դժվարին փորձով ձեռք բերված ինքնավստահությունն էր, որը չէր առնչվում դատարկ ու սնամեջ մեծամտությանը։ Նա փրկել էր, այո՛, այո՛, ավելի ծանր հիվանդների, վկա՝ քառասուն տարիների պրակտիկան, Հայրենական մեծ պատերազմը։ Այնուհետև, Խախանյանը գիտեր, որ անհաջողությունը, ելնելով հիվանդի անհուսալի վիճակից, չէր պսակազերծի իրեն դափնիներից, չէր մթագնի իր փառքը։ Սակայն հաջող ելքը շահած դափնիներին կավելացներ մեկը ևս, որը, խոսքը մեր մեջ, շատ էր հարկավոր նրա միշտ արթուն փառասիրությանը հագուրդ տալու համար։ Իսկ Խախանյանը մարդ էր, հողածին, և ոչինչ մարդկային խորթ չէր նրան։ Փառասիրությունը նրա բնավորության ամենաթույլ, ամենախոցելի կողմն էր։ Խախանյանի մեջ նստած էր նաև դիմադրության սատանան, դևը, որը նման պարագաներում արթնանում և զինում էր նրան զարմանալի վճռականությամբ։ Լսելով իր գործընկերների կարծիքը, պրոֆեսորը նորից լցվեց վճռականությամբ, նորից «կողի ընկավ», որը նշանակում էր նաև՝ նոկտուտի ենթարկել իր ուժերի և տաղանդի նկատմամբ թերահավատություն հայտնող իր կոլեգաներին, և, միաժամանակ, Արեգ Արամովնային զարմացնել իր ձեռքերի, իր տաղանդի չթառամող զորությամբ։ Չէ՞ որ Խախանյանը սիրահարված էր նրան։ Իսկ սերը մարդուն մղում է հրաշքների։ «Ա՞ստղ ես ուզում երկնքից, վատ կբերեմ քեզ համար»։ Օ՜, այդ սերը․․․ Թող իմանա Արեգը, որ մահվան դեմ թևերը քշատած, մենամարտի ելած Խախանյանին սերը թռիչքի թևեր է պարգևում։ Պատանեկան «լոպազության» այս դրսևորումը քիչ մասնակցություն չունեցավ պրոֆեսորին գրոհի տանելու գործում։ Նրա վճռականության մեջ քիչ դեր չունեին նաև «գիշերային այցելուները»՝ իրենց փրկագնով և, մանավանդ, սպառնանքով։ Պրոֆեսորը հավատում էր նրանց։ Նրանք իրենց սպառնալիքները քամուն տվողներից չէին, չէ՛, չէ՛, նրանց ինչ, թե իրենց ընկերն անհուսալի վիճակում է, նրանց ինչ, որ միայն պրոֆեսորի հրաշագործ ձեռքը բավական չէ Զուլումի փրկության համար, նրանց ինչ, որ փողը չի կարող մահվան բերանից խլել իրենց ընկերոջը, նրանց ինչ․․․ Պրոֆեսորի փրկարար վիրադանակի դեմ նրանք դնում են ամբողջական մի կշեռք՝ երկու անհավասար նժարով։ Մեկի մեջ՝ հոնորար-կաշառք, մյուսի մեջ՝ մահվան սպառնալիք։ Ոչինչ, ես կփրկեմ ձեր այդ մեծ սրիկային, կփրկեմ նաև ինձ, նաև բժշկության հեղինակությունը։ Իսկ դուք, սրիկա շանորդիներ, ստիպված կլինեք համբուրելու ոչ միայն իմ ձեռքերը, այլև իմ ոտքերը։ Շանորդիներ, ես կփրկեմ ձեր ընկերոջը, իսկ արդարադատության մարմինները կգնդակահարեն նրան։ Իսկ այդ ծանր և արդար պատիժը նույնպես կյանքի հաղթանակն է մահվան, չարի, առևանգողի, սպանողի նկատմամբ։ Ես կփրկեմ, արդարադատությունը կպատժի։ Թող այդպես լինի։ Յուրաքանչյուրս արդար և ճշմարիտ ենք մեր գործում, արդար ու ճշմարիտ ենք յուրովի։

Վիրահատման նախօրեին պրոֆեսորի առջև ծառացավ մեկ այլ դժվարություն ևս։ Արեգ Արամովնան նրա ականջին փսփսաց, որ բժշկի բնակարանը թալանողը հենց Զոուլումն է որ կա, ոչ ուրիշը, Զուլումը։ Խախանյանը հանկարծակիի եկավ, վատ զգաց իրեն։

— Այո՛,— հաստատեց Արեգը,— ձեր բնակարանը կողոպտել է Զուլումը։ Նրա գրպանում լեյտենանտ Մարկոսյանը գտել է ձեր մենատան հատակագիծը, թաքստոցները մատնող նշաններով։ Եվ մի՞թե դուք, պրոֆեսո՞ր, պետք է փրկեք ձեր բնակարանը կողոպտողին․․․

Խախանյանի լեզուն բռնվեց։ Իրոք որ դժվար բան է նման հանցագործին այդքան ծանր վիրահատության, հոգեկան և ֆիզիկական ուժերի այդքան մեծ լարումների, ապրումների գնով կյանքի կոչելը։ Եվ ո՞ւմ է հարկավոր այն մարդասիրությունը, որն ուղղվում է հենց մարդասիրության դեմ։ Թող ուրիշը վիրահատի այդ սրիկային՝ առկայծեց պրոֆեսորի մտքում։ Բայց ո՞վ կմոտենա, չէ՞ որ բոլորն էլ հրաժարվեցին։ Բժիշկների մի մասն իրեն հողմաղացների դեմ մենամարտի պատրաստվող Դոն֊Կիխոտ անվանեց։ Գուցե շատերը լուռ ծիծաղում են նրա հուսահատ խենթության, սահմաններ չճանաչող համարձակության վրա։ Սակայն, ասենք, թե ինքը փրկում է իր տան կողոպտիչին։ Իսկ մի՞թե դա անբարոյական արարք է։ Մի՞թե բժշկի կոչումը հիվանդին բուժելու մեջ չէ։ Մի՞թե ինքը՝ բժշկական ծառայությունների գնդապետ Խախանյանը, չի փրկել տասնյակ ու տասնյակ գերված ֆաշիստական վիրավորների՝ սպաների, նույնիսկ գեներալների։ Փրկել է։ Ինքը բժիշկ է։ Իսկ չէ՞ որ նրանք երդվյալ թշնամիներ էին, հիտլերականներ, որոնց խղճին ընկած էր ոչ թե մեկ կամ երկու, այլ հազարավոր անմեղ մարդկանց արյունը։ Բժշկի համար թշնամիներ ու բարեկամներ չկան։ Բժշկի դեմ ծառանում է լոկ մեկ թշնամի՝ մահը, և նրա սպասավորը՝ հիվանդությունը։ Բժշկի համար գոյություն ունի հիվանդ, որին հարկավոր է բուժել, խլել մահվան ճիրաններից։ Բժշկի իրավասությունից դուրս է թշնամուն, գողին, ավազակին մահվան վճիռ կայացնելը, նրանց դատապարտելը։ Դրանով զբաղվող հատուկ մարմիններ կան՝ իրենց օրենսգրքերով, հանցանքն ախտորոշող հոդվածներով և այլն, և այլն։ Թող նրանք էլ զբաղվեն դրանցով։ Իսկ ինքը՝ որ տվել է հիպոկրատի երդումը, ինքնակոչ դատարանի, տրիբունալի, մանավանդ, դահճի դեր ստանձնել չի կարող։ Չէ՛, չէ՛, Արեգը կին է, սիրում է իրեն, և նրա կանացի նուրբ ջղերը չեն դիմանում նման անմարդկային լարվածության։

— Արե՛գ, սիրելի՛ս, եթե այդ սրիկան ձեռք բարձրացրած լիներ նույնիսկ իմ կյանքի վրա, միևնույն է, ես կվիրահատեի նրան։ Ես բժիշկ եմ, ոչ թե դատավոր․․․

— Եթե իմ վրա ձեռք բարձրացնե՞ր,— գայթակղիչ ժպտաց Արեգ Արամովնան։— Ի՞նչ կանեիք, պրոֆեսոր․․․

— Միևնույն է, որպես բժիշկ, կբուժեի նրան։ Այո՛, այո՛, որպես բժիշկ՝ կբուժեի նրան, որպես սիրող մարդ կսպանեի, կուղարկեի գրողի ծոցը․․․

— Բուժելուց հետո՞․․․

— Այո՛, այո՛, միայն բուժելուց հետո։ Ես բժիշկ եմ, Արե՛գ․․․

Արեգ Արամովնան այլևս չանդրադարձավ այդ հարցին։

Այնուհետև՝ մի քանի ժամ տևող վիրահատություն, որն ավարտելուց հետո պրոֆեսորին իր առանձնասենյակը տարան համարյա գրկած, որովհետև լարվածությունից ու հոգնածությունից ուժասպառ ծերուկն անկարող էր ոտքի կանգնել։


* *

Մայոր Վահագն Բագրատունու տրամադրությունը բարձր էր։ Պրոֆեսոր Խախանյանը վերջապես խոսք էր տվել, որ մի երկու օր անց կարող են խոսել, նույնիսկ հարցաքննել հիվանդին։ Զուլումը դեռևս թույլ էր, դժվարությամբ էր ուշքի գալիս։ Վիրահատությունից հետո, մի քանի օր շարունակ նա կռվում էր մահվան դեմ և բժիշկների հետ ձեռք֊ձեռքի, վերջապես, անցավ մահվան սահմանագծից դեպի կյանք։ Եվ այժմ արագությամբ ապաքինվում էր։ Մայորը գոհունակությամբ, ձեռքերն իրար շփելով, տալիս էր վերջին ցուցումները։

— Նախ, գիշերային դիտորդներ պետք է կարգել Խախանյանի բնակարանի մոտ։ Ես կարծում եմ, որ շուտով կերևան նրա գիշերային այցելուները՝ իրենց պարտքը մարելու, պրոֆեսորին վարձահատույց լինելու։ Ուժեղացված օպերատիվ խումբը ազդանշանի դեպքում պարտավոր է անմիջապես ձերբակալել նրանց։ Այս մեկ։ Այնուհետև, հարկավոր է ուժեղացնել պահակային հսկողությունը հիվանդանոցում։ Պետք է նշանակել նաև չորրորդ հարկի մուտքը հսկող պահակ։ Բացառված չէ փախուստի փորձը Զուլումի կողմից և նրան փախցնելու փորձը՝ ընկերների կողմից։ Այս էլ երկուս։ Եթե աստված հաջողի, և մենք կարողանանք քաշել Զուլումից Շահմարի և «Պառավի» գաղտնիքները, ուրեմն, կշահենք Դիլիջանի անտառում քեֆ անելու մեր արդար և անկապտելի իրավունքը։

Մայորը բարեսրտորեն ժպտաց և իր հոգնած դեմքից ու ուսերից ասես մի քսան տարի նետեց ներքև․․․


* *

Ջուլումին հիվանդանոցից գողանալու լուրը, ո՛չ, գույժը, բաժանմունքում պայթեց ռումբի նման․

— Գողացել են, փախցրել․․․

— Ինչպե՞ս․․․

— Ովքե՞ր․․․

— Ե՞բբ․․․

— Ինչո՞վ, ի՞նչ հնարքով․․․

Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով մայորը, որի սրտին ասես գանակ էին զարկել, թռավ հիվանդանոց։ Ժողովուրդ էր հավաքվել, մարդիկ բարձրաձայն քննարկում էին Զուլումին փախցնելու հնարավոր և անհնար, եղած և հորինված մանրամասները։ Գովում էին գողերի ձեռներեցությունը, որոնք, հիմարացնելով միլիցիոներներին, և, իբր թե նրանց քաղցր խռմփոցի տակ, փախցրել են իրենց «առաջնորդին»։

— Գողեր չլինեին, ճակատները կհամբուրեի,— խոսում էր մեկը։

— Եթե մեր միլիցիան այսքան օպերատիվ, այսքան հնարամիտ լիներ, հիմա Երևանում չէին լինի ո՛չ գողեր, ո՛չ գողություն։

Միլիցիոներները, որոնցից մեկը հսկում էբ չորրորդ հարկի, իսկ մյուսը հիվանդասենյակի մուտքը, բոլորովին անտեղյակ էին գիշերվա անցուդարձից և Զուլումի բացակայությունն իմացել էին միայն առավոտյան՝ հիվանդապահուհու սուր ծղրտոցից․

— Ամա՜ն․․․ Հիվանդը պատուհանից նետվել է ներքև․․․

Սակայն ներքևում Զուլումի մարմինը չկար և չէր էլ կարող լինել։ Հիվանդանոցի շքամուտքը հսկող բարապանը լուսադեմին նկատեց դռան առջև, ասֆալտի վրա թպրտացող և տնքացող մարդուն, որի ձեռքերն ամուր կապված էին մեջքին և բերանը թաշկինակ էր խցկած։ Երբ արձակեցին նրա լեզվի ու ձեռքերի կապերը, դեմքին ջուր սրսկեցին, և անծանոթն սկսեց խոսել, պարզվեց, որ լուսատեղակայող ամբարձիչ ավտոմեքենայի վարորդն է, որին գիշերը Կիևյան փողոցում չանթել են երեք հոգի, կանգնեցրել, նախ՝ երկու հիսունանոց խոթելով գրպանը, ստիպել, որ իրենց հիվանդանոց տանի։ Վարորդը, որին վախն ու հարյուր ռուբլին դարձրել են կամազուրկ և փափկեցրել մետաքսի նման, առանց առարկելու կատարել է նրանց պահանջը։ Լուսադեմին մեքենան կանգնել է հիվանդանոցի պատի տակ, որից հետո վարորդին արդեն բռնությամբ «զրկել են» վարորդական իրավունքից, ձեռքերը շղթայել, բերանը գոցել, որպեսզի չխանգարի իրենց և ավելորդ աղմուկ չսարքի։ Նրան թողել են հիվանդանոցի շքամուտքի առջև, որպեսզի առավոտյան ստանա առաջին օգնությունը և, միաժամանակ, մայոր Բագրատունին ականատեսի միջոցով իմանա, թե ինչպիսի հնարք-հնճարքով են գողացել Զուլումին։ Այո՛, այդպես էլ ասացին, ծիծաղելով․ «Ասա՛ մայորին, որ նա վատ է աշխատում։ Շնորհակալ ենք Զուլումին փրկելու նրա ջանքերի համար և զգուշացնում ենք, որ այսուհետև քիթը դեսուդեն չխոթի։ Քիթ-մռութը կջարդենք»։ Հետո գործի էին դրել մեքենան, զամբյուղը բարձրացրել մինչև չորրորդ հարկ, բաց պատուհանից մտել հիվանդասենյակ և վերցնելով իրենց ընկերոջը, սուսուփուս, առոք-փառոք, իջել ներքև։ Թե հետո ո՞ւր չքվեցին, ո՞ւր տարան մեքենան, միայն աստծուն է հայտնի․․․

— Զարմանալի է,— խոսեց մայորը,— մի՞թե հերթապահող բուժանձնակազմից կամ հիվանդներից ոչ ոք գիշերային լռության մեջ չի լսել մեքենայի հռնդյունը․․․

— Ասենք լսել են, ասենք տեսել են,— պատասխանեց վարորդը,— ի՞նչ իմանան, թե մարդագողություն է կատարվում։ Մեքենայի ձայնն ի՞նչ կարող է հուշել ցավին գերված ու անկողնուն գամված հիվանդներին։ Մեքենան դռռում է․ է՜, թող դռռա։ Միայն շուտ չքվի, որ չխանգարի մեր քունը։

Մայորը նույնիսկ խոսելու ուժ և տրամադրություն չուներ։ Նա կարգադրեց միլբաժանմունք տանել վարորդին և գրի առնելով նրա ցուցմունքները՝ ազատ արձակել։ Կարգադրեց նաև հայտնել ավտոտեսչությանը՝ հափշտակված մեքենան որոնելու համար։ Մայորը երկար, շատ երկար զբաղվեց տեղազննությամբ։ Ասֆալտին դաջված մեքենայի անվահետքերը պատճենեցին։ Պատճենեցին նաև լուսամուտի գոգին դրոշմված ոտնահետքերը։ Մայորը, երևի կյանքում առաջին անգամ, չկարողանալով զսպել իրեն, ուրիշների ներկայությամբ «դանդալոշ և էշի ականջում քնած» ածականներով դիմավորեց հարկի հիվանդասենյակի շփոթված և կարկամած պահակներին, բանտարկությամբ սպառնաց նրանց ու քշեց միլբաժանմունք։

Նման պարտություն մայոր Բագրատունին երբեք չէր կրել։ «Նոկաուտ էր՝ անվրեպ, մահացու, հեղինակազրկող․․․ Իհարկե, ինձ հայտնի է մեր սխալի պատճառը։ Օպերատիվության և արագության պակաս։ Հնարամտության բացակայություն։ Եվ հակառակորդն օգտվեց մեր սխալներից»։ Պահակող միլիցիոներներին ինքը պատժել չի կարող։ Նրանք պահակակետը չեն լքել։ Դրսից երկու պատով բաժանված միջանցքում չեն լսել նաև մոտորի աղմուկը կամ եթե լսել են, ապա նրա խուլ ձայնը նրանց մեջ չի առաջացրել ոչ կասկած, ոչ էլ տագնապ։ Իսկ պարտությունը, երբ ձեռքից դուրս է պրծնում մեծ շնաձուկը և սպառնալիք է շպրտվում մարդու դեմքին, այդ արդեն անտանելի է։ Մայորը գիտեր, հրաշալիորեն գիտեր, որ մինիստրության կոլեգիան քննության կառնի այդ հարցը։ Գիտեր, որ նման խայտառակ վրիպումի համար կպատժեն իրեն, բայց այն պատիժը, որ իր խղճի ձայնն էր պարտադրում իրեն, վեր էր ամեն տեսակի վարչական տույժերից ու պատժից։ Իրեն տրված են իրավունքներ, տրված է նաև պարտականություն՝ հասարակությանը գողերից ու ավազակներից, հակահասարակական տարրերից զերծ պահելու համար, իսկ ինքը փաստորեն չի կարողանում արդարացնել այղ վստահությունը։ Խայտառակությո՜ւն, ուրիշ ոչինչ․․․

Հիվանդանոցի դռների միջև մտքերին գերված մայորը քիչ մնաց բախվեր պրոֆեսոր Խախանյանին։ Վերջինս պակաս հուզված չէր և ակնոցի միջից չարացած նայեց մայորին․

— Փախցրիք, մայոր, ես հենց սկզբից կռահեցի, որ դուք այս գործի տակից դուրս չեք գա։ Փուլ եկավ, ամեն բան փուլ եկավ, նաև իմ աշխատանքը՝ անմարդկայնորեն ծա՜նր, ծա՜նր․․․ Ասացե՛ք, աղավնյա՛կս, գուցե մեր տան մտերիմները նորի՞ց խառն են այս գործին, նորի՞ց օգնեցին այդ ավազակներին, հը՞․․․

Պրոֆեսորի խոսելու տոնը գրգռիչ էր, մարտահրավերի նման և, մայորն իրեն զսպել չկարողացավ․

— Ընկեր Խախանյան, եթե դուք իսկապես չեք հասկանում, որ ձեր բնակարանի գողության մեջ խառն են ձեր ծանոթները, աստված ձեզ հետ, դա ձեր գործն է։ Ասենք թե մեր ճշմարտությունը ձեր ճշմարտությունը չէ, ուրեմն, ի՞նչ, անվերջ պետք է մեր երե՞սով տաք այդ թվացող սխալը, հը՞․․․ Իսկ ո՞ւր մնաց քաղաքավարությունը․․․

— Դուք, հարգելի մայո՛ր, մեկ անդամ չէ, որ սխալվում եք։ Ձեր սխալները, որոնք կրկնվում են պարբերաբար, արդեն խրոնիկական բնույթ ունեն և վերաճում են անբանության, հեղինակազրկելով ձեր բնագավառի մարդկանց․․․ Հարկավոր է, մեղմ ասած, անցնել աշխատանքային այլ, ավելի հեշտ տեղամաս, փոխել մասնագիտությունը։ Խնդրում եմ չնեղանալ, ընկեր մայո՛ր, հարգանացս հավաստիքը․․․

— Շնորհակալ եմ, հարգելի պրոֆեսոր, բարի խորհրդի համար։ Հնարավոր է, որ ես անցնեմ այլ մասնագիտության, բայց մինչ այդ խոստանում եմ ոսկե սկուտեղով ձեզ մատուցել ձեր բնակարանը կողոպտողներին։

— Մեծախոսությունը անտանելի թերություն է, մայո՛ր, իսկ մեծախոսը․․․ Կռիլովի առակը ձեզ օրինակ, դատարկ տակառի աղմուկը մեծ է, սակայն․․․ Հա՜, մոռացա, որ ձեզ համար ես հաճելի անակնկալ ունեմ, կասեմ, եթե վստահ լինեմ, որ ձեր սիրտը կդիմանա նման մեծ ուրախության։ Ձեր տղաները, որոնք գիշեր ու ցերեկ վխտում են մեր տան շրջակայքում, իմ այցելուներին հանկարծակիի բերելու նպատակով, կարծում եմ, շատ կզարմանան, իմանալով, որ այս անգամ օրը ցերեկով հիվանդանոցում իմ պարտատերերից ես ստացա իմ հոնորարի վերջնահաշիվը․․․

— Ի՞նչ․․․,— իրոք, քիչ մնաց պայթեր մայորի սիրտը։ Ուրեմն, խփվեց նաև այդ վերջին խաղաքարտը։ Կատարյալ բարոյական սնանկացում։— Եվ ո՞վ բերեց այդ հոնորարը

— Մի շատ հաճելի և սիրունիկ աղջիկ։ Բերեց, դրեց իմ սեղանին, համբուրեց իմ ձեռքը և ծտի նման թռ՜ռ, թռավ, գնաց․․․ Հարգանացս հավաստիքը, ընկեր մայո՛ր, կապիտուլյացիա լրիվ և անվերապահ կապիտուլյացիա, ահա թե ինչը կփրկի ձեզ․․․

— Դուք ճիշտ եք, պրոֆեսոր, դուք միանգամայն ճիշտ եք,— խոսեց մայորը,— սակայն մեկ անգամ գոնե հավատացեք ինձ՝ խուզարկու Բագրատունուս։ Այն աղջիկը, որ բերել է այդ փողը ձեզ, որը համբուրել է ձեր ձեռքը, այն աղջիկն է, այն «Պառավը», որը խաբելով ձեր կնոջը՝ Զուլումի հետ մաքրազարդել է ձեր տասնամյակների վաստակը։ Այս մեկ։ Այնուհետև, այն հոնորարը, որ այնքան ջանասիրաբար ձեր գրպանն են լցնում ձեր «բարեկամները», ոչ այլ ինչ է, քան դրամի վերածած ձեր տան զարդեղենը, որի թերմացքը մեծահոգաբար նվիրում են ձեզ։ Ընդունեցե՛ք, խնդրում եմ, այս հարյուր տոկոսանոց ճշմարտությունը։ Եթե մեզ հիմարացրել են, պրոֆեսո՛ր, ապա չեմ կարծում, որ ձեր վիճակն ավելի գերադասելի լինի, քան իմը։ Դե, ինչ, հարգանացս հավաստիքը, պրոֆեսո՛ր, հարգանացս հավաստիքը․․․

Եվ իր ճանապարհից թեթևակի մի կողմ հրելով սփրթնած ու շփոթված պրոֆեսորին, հեռացավ։


* *

Կոլեգիայի նիստն այնքան լարված էր, հռետորների ելույթների ջերմաստիճանն՝ այնքան բարձր, որ մայոր Բագրատունին չորս Ժամ շարունակ ասես գտնվում էր միտքն ու հոգին ճմլող, խեղդող քարաբաղնիսում և թաշկինակով անընդհատ սրբում էր ճակատից ու դեմքից առու֊առու հոսող քրտինքը։ Հանրապետության քրեական հետախուզության և օպերատիվ ծառայությունների պետերը, մինիստրության քաղբաժնի պետը, մինիստրի տեղակալները, այնուհետև մինիստրը գործը համարեցին արտակարգ դիպված և հուր ու կրակ էին ժայթքում մայոր Բագրատունու գլխին, նրան մեղադրելով անճարակության, անձեռներեցության, անհեռատեսության, անտարբերության և ան․․․ ան․․․ ան․․․ մեջ։ Եթե հնարավոր չիներ չխոսելը, ինքը չէր խոսի, չէ։ Ի՞նչ խոսեր։ Ի՞նչ ասեր։ Եվ վերջապես, ի՞նչ կարող էր ասել։ Ինչո՞վ և ինչպե՞ս արդարանալ։ Արդարացուցիչ հանգամանքներ չկային, եթե լինեին անգամ, ինքը չէր կառչի նրանցից։ Եթե խեղդվողն ինքն է, ինչո՞ւ ձեռքը մեկնի շյուղին։ Հարկավո՞ր է արդարանալու փորձ անել։ Հարկավո՞ր է անհամոզիչ փաստարկների օգնության դիմել։ Հոգու խորքում, իրերի վիճակը ծանրութեթև անելիս, մայոր Բագրատունին չէր կարող չխոստովանել, որ գոտեմարտն ինքը տանուլ է տվել իր իսկ մեղքով։ Հետաքննության ընթացքում թույլ չէր տվել ոչ մի սխալ։ Ոչ մի սխալ։ Բացարձակապես։ Ամեն բան արված էր զարմանալի ճշգրտությամբ։ Եվ Բագրատունին ցավով հայտնագործեց, որ իր պարտության հիմնական պատճառը բծախնդրության հասնող անսխալականությունն է։ Կենդանի, շարժուն, ստեղծագործական աշխատանքում անսխալականությունը հաճախ քարացածության իրավունք է նվաճում և շրջվում հենց քո դեմ։ Փորձված ու դաժան, անտեսանելի ու հաշվենկատ հակառակորդը կարողացել էր կռահել, նույնիսկ տեսնել հարվածների ճշգրիտ հերթականությունը, որսալ հիմնական հարվածի ուղղությունները և դրանց հակադրել սրամիտ ու ճկուն, պարզ ու անսպասելի քայլեր։ հետևանքը՝ դառը, ցավալի պարտություն։ Հակառակորդի բնածին ճկուն ռեակցիան կարողացել էր կռահել, թե որտեղ է իրեն սպասում մայոր Բագրատունին և հայտնվում էր այնտեղ, ուր իրեն չէին սպասում։ Եվ պայթեցին ու շարքից դուրս եկան գերազանց մշակված գործողությունների բոլոր օղակները։ «Մեզ պակասում էին գործողությունների բազմազանությունն ու ճկունությունը,— խորհում էր մայորը։— Մենք պետք է գործեինք ոչ թե հնարավորի, այլ նաև անհնարինի, անսպասելիի, անօրինաչափի օրինաչափությամբ։ Մեզ պակասում էր հանպատրաստից կողմնորոշվելու, ստեղծագործելու հնարքը։ Այո՛, այո՛, միայն ու միայն անօրինաչափի օրինաչափությամբ, ավազակների առջև գոցելով ճողոպրելու բոլոր մուտքերն ու ելքերը»։ Բագրատունին ձայն, խնդրեց․

— Ես ընդունում եմ իմ հասցեին արված բոլոր քննադատական դիտողությունները ոչ թե հավուր պատշաճի, ոչ թե որպես սովորական տուրք՝ ինքնաքննադատության, այլ, ըստ էության, որպես անբեկանելի ճշմարտություն, որպես արձանագրություն դառն պարտության, որպես աննախադեպ փաստ իմ երկարամյա անբասիր գործունեության մեջ։ Արդարանալու փորձ չեմ անելու, թեև արդարացուցիչ փաստարկներ ունեմ։ Չեմ հայցելու կոլեգիայի մեծահոգությունն իմ նկատմամբ՝ մեղմ վճիռ կայացնելու նպատակով։ Պատժեցեք ինձ իմ մեղքի չափով, սակայն թույլ տվեք, որ իմ սկսած գործը ինքս էլ ավարտեմ։ Իմ փչացրած գործը ինքս էլ ուղղեմ։ Հակառակ դեպքում ես պատրաստ եմ զեկույց ներկայացնելու իմ պաշտոնական լիազորություններից հրաժարվելու և ծառայական պարտականությունները վար դնելու կապակցությամբ․․․

— Մի խոսքով, կամ ռեաբիլիտացիա, կամ կապիտուլյացիա,— ընդմիջեց նրան մինիստրը,— կամ, կամ․․․ Ի՞նչ կասեք, ընկերներ։ Ինձ թվում է, որ մենք ընկեր Վահագն Բագրատունուն նախ կհայտարարենք նկատողություն ձախողման պատճառով, այնուհետև՝ «փլավը դու ես եփել, ինքդ էլ խփշտիր» ժողովրդական առածի սկզբունքով, ինչո՞ւ չէ, ընդառաջելով նաև նրա ցանկությանը, կհանձնարարենք գործը տանել մինչև վերջ, մինչև այդ բանդայի լրիվ մերկացումը։ Որքան էլ որ դառն խոսքեր ասվեցին Բագրատունու հասցեին, որքան էլ որ անհերքելի է նրանց ճշմարտացիությունը, այնուամենայնիվ, նա մեր այն աշխատակիցներից է, որը շահել է ոչ միայն աշխատանքային ընկերների վստահությունն ու հարգանքը, այլև նրա անունն ու գործը լայն ճանաչում են գտել ժողովրդական զանգվածների մեջ։ Սակայն ինձ դուր չի գալիս ընկեր Բագրատունու կապիտուլյանտական, պարտվողական, արագ նահանջելու տրամադրությունը, որն, իմ կարծիքով, հետևանք է ձախողումից առաջացած ինքնակեղեքիչ տրամադրության և, մանավանդ, վիրավորված ինքնասիրության։ Ուրեմն, այսպես, քվեարկում եմ, դեմ չկա՞․․․ Գնացե՛ք, ընկեր մայո՛ր, կարգի բհրեք, ինչպես ասում են, ձեր տնտեսությունը, շտկեցեք ձեր սխալները։ Մենք ձեզ հավատում ենք, վստահում, հետևապես, ձեզնից պահանջում ենք գործ և միայն գործ․․․

— Շնորհակալություն, ընկեր գեներա՛լ,— թեթևացած շունչ քաշեց Բագրատունին,— կաշխատեմ արդարացնել ձեր վստահությունը։

Իսկ փողոցում, երբ երևանյան երեկոյան քամին բարեկամաբար գգվեց նրան և չորացնում էր դեմքի քրտինքը, մայոր Բազրատունին հանկարծ այնպիսի հոգնություն զգաց, որ քիչ էր մնում ծալվեին ծնկները։ Հոգնած ու քաղցած, թշշացող ականջներով և մթնող աչքերով, նա իրեն գցեց առաջին իսկ պատահած խորտկարանը՝ ճաշելու և հոգնած մարմնին հանգիստ տալու համար։

Խորոված խնդրեց և մեկ շիշ օղիւ Քաշվեց մի անկյուն, որ ծանոթները չնկատեն և անծանոթները չխանգարեն։ Մենակություն էր ուզում, ինքն իրեն հետ լինել էր ուզում։ Առաջին բաժակ օղին տաքացած մի լայն շերտ գրավեց մարմնում և ընկավ արյան շրջանառության մեջ։ Եվ պտտվեց։ Եվ պտտվեց։ Եվ պտտվեց, մինչև երկրորդ բաժակը տաքացրեց նաև ցաված ու ցամաքած ուղեղը։ Մտքերը, որոնք ասես օտարվել էին իրենից, նորից վերադարձան և զբաղեցրին իրենց ավանդական բջիջները, անկապտելիորեն իրենց պատկանող տարածքը։ Ուտում էր ակամա, խմում էր հաճույքով և հեշտացնում մտքերի շարժումը, որոնք արդեն չէին չարչարում, չէին տանջում իրենց տիրոջը։ Վիրավորված ինքնասիրությունը կամաց նահանջում, կծկվում էր արթնացող ինքնավստահության առջև, որը օղու ուժով ալիք-ալիք, հորձանք-հորձանք, լափին տալով մղվում էր երակները, հոգու մեջ, մտքերի մեջ, էության մեջ։ Մտածելը դարձավ հաճույք։ Պարզ և տակավին սթափ ուղեղով արդեն առանց չարության մայորը նայում էր իր պարտությանը։ «Իսկ ես ինչո՞ւ չպետք է պարտվեի, ինչո՞ւ․․․ Գործ է։ Դիմացինդ մարդ է։ Աստված քեզ էլ, նրան էլ օժտել է մտածելու, չափուկշիռ անելու, կռվելու, հաղթելու, խորամանկելու հնարքով։ Ի՞նչ կլիներ, եթե միշտ, ամենուրեք հաղթեինք մենք և պարտվեին օրինազանցները, ավազակները․․․ Կլիներ երանելի մի վիճակ, երբ օրինազանցն այլևս չէր մղվի հանցագործության, քանի որ անմիջապես կհագներ կալանավորի շերտավոր համազգեստը։ Մարդիկ սկսում են սովորել միայն այն ժամանակ, երբ գիտակցում են իրենց տգիտությունը։ Մարդիկ հաղթելու արվեստը սովորում են պարտության դառնությունից, պարտության դասերից։ Պարտությունը դաս է, հաղթանակը՝ արդյունք։ Ես՝ պարտված հետախույզս, պարտվել եմ լոկ այն պատճառով, որ հաղթելու հարկավոր զինվածություն չունեի, բայց վստահ էի, որ ունեմ․․․ Բնությունը զարմանալի իմաստուն է իր ներդաշնությունն ու առողջությունը պահպանելու հնարքների մեջ։ Եթե բնության հավասարակշռող, կանխարգելիչ, կարգավորիչ միջոցները այնքան բնականորեն գործեին նաև հասարակական կյանքում, համա՜ թե հետաքրքիր կլիներ։ Տե՛ս, թե ինչ է անում, ինչպես է անողոք դառնում բնությունը, եթե չարաշահել ես նրա համբերությունը, խախտել ներդաշնությունը, կորցրել հարազատությունն ու խորթացել նրան։ Ասենք, եթե ստամոքսիդ գերին ես և չես հարգել, այլ չարաշահել ես նրա հնարավորությունները, ուրեմն՝ փա՛ս, պատիժդ՝ փորհարինքն ու խոցն են և աղքատիկ սննդի անուրախ հեռանկարը։ Եթե չարաշահում ես ոգելից խմիչքը, վերջդ «սպիտակ տենդն» է և գժանոց չքվելը։ Եթե ստրուկն ես կանանց տոթ գգվանքների, և ցանկասիրությունից թանձրացել են միտքդ և արյունդ, պարգևդ կլինի սիֆիլիս խայտառակություն՝ ներքինիանալու վերադիրով։ Բնությունը սիրում է հաճույքներով երես տալ իր ստեղծածներին և հարկավոր միջոցներով՝ պատժել շփացածներին։ Նրա պատժաչափը հաստատուն է և դատավճիռը՝ անբեկանելի։ Եվ ահա դո՛ւ, մայո՛ր Բագրատունի, հասարակության կյանքում այն ուժն ես, այն կարգավորող անձը, որը պարտավոր է հասարակությանը փրկել հոգևոր վնասվածքներից՝ գողությունից, սպանությունից, կողոպուտից, ավազակությունից։ Բնության՝ բնական միջոցների փոխարեն այստեղ գործում են հասարակության համակեցությունը կարգավորող դաստիարակչական և բռնի միջոցները, որոնք օրենքներ են կոչվում և որոնց կիրառման իրավունքը տրված է նաև քեզ։ Ուրեմն, նաև քո աշխատանքից է կախված հասարակության առողջական վիճակը, հասարակության առաքինությունն ու նրա այսօրվա և վաղվա պիտանիությունը։ Փիլիսոփայում եմ,— հաճույքով մտածեց Բագրատունին,— խմել եմ և փիլիսոփայում եմ։ Լավ կլինի այս բաժակը չխմել, թե չէ հազիվ են պարզվել ուղեղս, միտքս, հազիվ եմ ինքս իմ դեմ կռվելով՝ հաղթել պարտված Բագրատունուն»։

— Որքա՞ն պիտի վճարեմ,— հարցրեց բուֆետապանին։

— Վա՜հ, ընկեր մայո՛ր, ամոթ չէ՞, որ Գարսոն քեզնից փող վերցնի, ազի՜զ,— կուչուձիգ եկավ կարմրաթշիկ ու պատրաստակամ բուֆետապանը։

— Դու իմ հարցին չպատասխանեցիր, Գարսո՛։ Դա իմ հարցի պատասխանը չէր, լսո՞ւմ ես։ Որքան եմ վճարելու․․․,— և աչքերը ոլորեց։ Գարսոն խեղճացավ, մնաց։ Հետո հաշվիչի վրա ինչ֊որ հաշիվներ արեց և խեղճ֊խեղճ նայեց մայորին․

— Ինը ռուբլի, ազի՛զ․․․

— Ես քո ազիզը չեմ, Գարսո՛։ Քո ազիզը անկուշտ գայլն է։ Մյուս անգամ ինձ հետ նման խաղ չխաղաս, լսո՞ւմ ես․․․

— Ո՞նց կարամ չլսել, ազի՛զ․․․

Մայորը դրամը վաճառասեղանին նետելով, դուրս եկավ խորտկարանից և անշտապ քայլեց դեպի տուն։


* *

Ամառը շոգ էր։ Ջերմ աստիճանի սյունը անցավ քառասունից։ Բնակիչները չվում, փախչում էին քաղաքից, բարձրանում լեռները, իջնում ծովափերը, գնում արտասահման՝ հանգստանալու և տուրիստական ուղևորության։ Գնացողների փոխարեն մայրաքաղաքն ընդունում էր տուրիստական բազմահոծ խմբերի և բարձրագույն ուսումնական հաստատությունները ընդունվել ցանկացող տասնյակ հազարավոր դիմորդների։ Քաղաքը լցվում էր ու դատարկվում։ Շոգը կեսօրին մարդկանց հրում էր դեպի պուրակների ու այգիների ստվերները, ցայտաղբյուրների զով շուրթերը, հրազդանի կիրճը։ Երեկոյան զովաշունչ քամին, որ իջնում էր մերթ Արագածից, մերթ էլ Գեղամա լեռներից, սպասված ցանկալի հյուրի նման, մտնում էր երևանյան տոթակեզ փողոցները, այգիները, տների բաց պատուհաններից ներս և լեռների շնչառությունը խառնում քաղաքի տապին։ Ծովափ մեկնեց պրոֆեսոր Խախանյանն իր, ինչպես ասում են, ամբողջ տնային գրքույկով։ Տանը ոչ ոքի չցանկացավ թողնել։ Առարկեցին, նեղացավ․

— Մի տնից մեկ տարում երկու գողություն բացառված է։ Հիմա, փառք աստծո, տանելու բան էլ չկա, չունենք։ Իսկ կահույք թռցնող գողեր առ այսօր մարդկությունը չի տեսել․․․

Սյուզաննա Սուրենովնան աղջկա՝ Հասմիկի և փեսացուի՝ Մերժի հետ, «Ժիգուլիով» մեկնեցին Գագրա, իսկ պրոֆեսորը Արեգ Արամովնայի հետ՝ Վառնա։

Վահագն Բագրատունին մնաց քաղաքում։ Մնացին նաև լեյտենանտ Մարկոսյանն ու մայորի ենթակայության տակ գտնվող անձնակազմը։ Քաղաքում բնակարանային կողոպուտի դեպքերը շատացան։ Անզգույշ տանտերերը, որոնք ցերեկը տանը չէին լինում, քիչ դառնություններ չաշեցին։ Սակայն, ինչպես ասում են, դրանք ընթացիկ հոգսեր ու հարցեր էին, և անփորձ գողերը, սովորաբար, բռնվում էին, իրենց թողած «ձեռագրի», մատնահետքերի և ուրիշ վրիպումների հետևանքով։ Իսկ երբ մի անգամ Մարկոսյանն ակնարկեց հանգստանալու և առողջությունը պահպանելու անհրաժեշտության մասին, մայորը կտրուկ մերժեց նրա խնդիրքը։

— Գիտես ինչ, լեյտենանտ, հանգստանալու համար հանգիստ խիղճ ու հոգի է հարկավոր։ Ճիշտն ասած, իմ խիղճը հանգիստ չէ, քրքրում է ինձ, այս չբացահայտված հանցագործությունը կշռաքարի նման կախված է վզիցս։ Գուցե ես ծիծաղելի վիճակում եմ, գուցե սրտիս շատ մոտ եմ ընդունում մեր վերջին ձախողումները, բայց ես մտքիս մեջ երդվել եմ, որ «մինչև չավարտեմ Զուլումի և Շահմարի գործը, չեմ կարող հանգստանալ, չեմ կարող թողնել իմ հայրենի քաղաքը»։ Ծիծաղելի մարդ եմ, չէ՞․․․ Եթե ցանկանում ես, լեյտենա՛նտ, ես թույլ եմ տալիս քեզ արձակուրդ ձևակերպելու․․․

— Ո՛չ, ընկեր մայոր,— խոսեց լեյտենանտը,— որտեղ դուք, այնտեղ էլ՝ ես։ Այս օրերին ես չեմ կարող ձեզ մենակ թողնել։ Մենք արձակուրդ կգնանք միասին։

— Շնորհակալ եմ,— ասաց մայորը,— բայց գոնե մեր ընտանիքներին հարկավոր է հեռացնել այս կրակե կաթսայից։ Լեռնային շրջաններից մեկում մի հարմար տեղ ընտրիր, մեր տնեցիներին ուղարկենք, թող հանգստանան․․․

— Ստեփանավանից լավ տեղ չենք ճարի։ Եղբայրս այնտեղ հիանալի մենատուն ունի, այգիով և ջրի ավազանով։ Թող գնան․․․

Տնեցիներին ամառանոց ուղարկելուց հետո մայոր Բագրատունին և իր աշխատակիցները ամբողջապես նվիրվեցին այն գործի բացահայտմանը, որը պայմանական կրում էր «Երկու անհայտով հավասարում» անունը։


* *

— Մխիթարական լուրեր ունենք, ընկեր մայո՛ր,— առանձնասենյակ մտավ լեյտենանտ Մարկոսյանը։— Ծանոթը հաշտվել է Զուլումի խմբի հետ, շնաձուկը կլլեց խայծը։ Մեր հաշիվները ճիշտ դուրս եկան։ Արդեն ստացել ենք առաջին լուրերը․․․

— Ի՞նչ լուրեր,— վառվեցին մայորի ալքերը։

— Ծանոթն ասում է, որ Զուլումին հիվանդանոցից փախցրել են Բուլդոգը, Սուրբը և Բոռը։ Սակայն տեղեկությունը ճշգրտման կարիք ունի։ Ծանոթը լիովին վստահ չէ տեղեկության ճշտությանը։ Ասում է՝ նրանք կլինեն, քանի որ Զուլումի ընկերներից «դրսում» մնացել են միայն այս երեքը։ Իսկ Զուլումը դեռևս անկարող է նոր կապեր ու նոր ծանոթություններ ստեղծել, քանի որ գամված է անկողնուն։

— Ծանոթին հայտնի չէ՞ Զուլումի թաքստոցը․․․

— Ո՛չ։ Չեն վստահում։ Զուլումի շուրջն անթափանց վարագույր է քաշված և առայժմ, բացի մի երկու-երեք հոգուց, ուրիշ ոչ ոքի նա տեսանելի չէ․․․

— Այնուամենայնիվ, եթե հավատանք, որ Զուլումին փախցնողներն այդ երեքն են, ապա նրանք, այդ փորձված շանորդիները, մի՞թե նման վրիպում, նման մանկական սխալ թույլ կտային․․․ Ինչ-որ լեմ հասկանում․․․

— Ի՞նչ վրիպումի մասին է խոսքը, ընկեր մայո՛ր․․․

— Ավտոմեքենայի վարորդին նրանք, իմ կարծիքով, եթե չսպանեին էլ, գոնե կշշմեցնեին և չէին բացվի, չէին ցուցադրվի նրա առջև։ Մանավանդ, չէին լոպազանա և բռունցք չէին թափահարի մայոր Բագրաաունու հասցեին։ Եվ, վերջապես, թույլ չէին տա, որ վարորդը իրենց ճանաչեր։ Ախր, առերեսումը կկորձաներ նրանց․․․ Այստեղ արդեն ինքս էլ եմ կասկածում տեղեկության ճշտությանը։

— Մի՞թե չեք կարդացել վարորդի գրավոր ցուցմունքները, ընկեր մայո՛ր։ Նա սևով սպիտակի վրա գրել է, որ գիշերային ավազակները խմած են եղել, եթե ոչ հարբած, ապա թունդ խմած․․․

— Հասկանալի՜ է,— ծոր տվեց մայորը։— Հարբածի, խմածի աչքին ծովը ծնկներից է։ Լսի՜ր, Սուրեն, վարորդին հրավիրիր ինձ մոտ։ Հարկավոր է նրան ցույց տալ այդ երեքի լուսանկարները․․․

— Եթե նա ճանաչի նրանց, որպիսի՞ն է լինելու մեր դիրքորոշումը, ընկեր մայոր․․․

— Մեր ձեռքերը կապված են, Սուրեն։ Նրանց կալանավորել չենք կարող, քանի դեռ մեզ անհայտ են Զուլումի հասցեն, նրա թաքստոցը։ Մեզ ամենից առաջ Զուլումն է հարկավոր, ողջ և առողջ Զուլումը։ Միայն նրա միջոցով մենք կարող ենք բացել Շահմարի առեղծվածը։

Վարորդի հետ խոսակցությունը կարճ տևեց։ Երբ լուսանկարները փռեցին նրա առջև, վարորդը, թեև վախվխելով, թեև չուզելով, բայց առանց աչքերը թարթելու, վստահորեն տասնյակ լուսանկարների միջից ջոկեց Բուլդոգի, Սրբի և Բոռի լուսանկարները և մեկնեց Բագրատունուն։

— Սրանք էին․․․

— Չե՞ս սխալվում,— հարցրեց մայորը։

— Սրանք էին,— կրկնեց վարորդը՝ նայելով երեքի լուսանկարներին,— ընկեր մայո՛ր, ես վախենում եմ սրանցից։ Խնդրում եմ ինձ պաշտպանել։ Եթե առերեսում լինի, և ես դեմ-դիմաց նույնը հաստատեմ, նրանք կամ նրանց ընկերները ինձ կմորթեն ոչխարի նման․․․

— Առերեսում չի լինելու,— ասաց մայորը,— կարող ես հանգիստ զբաղվել քո գործով։ Հա՛, ի դեպ, մեքենան որտեղի՞ց գտաք․․․

— Մեքենան գտանք Փարաքարի ավազահանքում։ Ոչնչի ձեռք չէին տվել, նույնիսկ ապակիներն անվնաս էին։ Իմ մեքենան էլ, փա՜ռք աստծո, ոչ «Վոլգա» է, ոչ «Ժիգուլի», ոչ էլ հարմարավետ։ Գցել էին, հեռացել․․․ Եթե առերեսում չլինի, ես շնորհակալ կլինեմ ձեզնից, ընկեր մայո՛ր․․․

— Ես ասացի, որ առերեսում չի լինելու,— նեղացավ մայորը։— Դու ճանաչեցիր նրանց լուսանկարները, դա էլ առերեսման ձևերից մեկն է։ Գնա քո գործին, հանգիստ աշխատիր։ Հա՛, այդքան վախկոտ էլ մի լինի, եղա՞վ․․․

— Աչքը տեսածից է վախենում, ընկեր մայո՛ր։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, դուք էլ զգույշ եղեք, նրանք հարամ մարդիկ են։ Ձեր վրա վագրի ատամներ ունեն։ Կարող են վնասել․․․

— Լա՛վ, լա՛վ, գնա՛։ Անհոգ եղիր․․․


* *

Բերման ենթարկված Սրբին ուղեկցեցին մայորի մոտ։ Բագրատունին նրան կալանավորելու միտք չուներ, այլ ցանկանում էր մի փոքր տնտղել նրա տրամադրությունը, և, ինչո՞ւ չէ, եթե հնարավոր լիներ, նաև խոսք քաշել բերանից։ Մայորը գիտեր, որ իր ընկերների մեջ Սուրբն ամենախորամանկն է, արտաքուստ ամենահեզը և ամենավախկոտը։ Մայորը գիտեր նաև, որ Սուրբը, այդ բոլորով հանդերձ, նաև ամենավտանգավորն է, որովհետև դժվար էր ասել, թե իրենցից՝ երկուսից, որն առավել ճկուն կլիներ հարցաքննության ընթացքում և ով՝ ում բերանի աղը ավելի հեշտ կգողանար։ Սուրբը նստել էր սեղանի ծայրին, ձեռքերը խաչել կրծքին և ամենաանմեղ հայացքով նայում էր մայորին, որը նրա անձնական գործում ինչ-որ լուռ որոնումներ էր կատարում։ Բագրատունին աչքի պոչով մեկ֊մեկ նայում էր նրան, սակայն Սուրբը, այդ զարմանալի սրիկան, անմիջապես խլում էր մայորի հայացքը և նրա հայացքից թաքնվելը դառնում էր անհնար։ Սրբի աչքերում համարյա անորսալի, խորամանկ մի հեգնանք կար, որը մայորին ասում էր․ «Հոգեբանական գրոհն ինձ համար հնացած ապրանք է։ Դու գործից խոսիր, ինչո՞ւ ես լռում․․․»։

— Լսի՛ր, այ տղա,— վերջապես խոսեց մայորը,— քո դեմ․․․

— Ներողություն,— կտրելով մայորի խոսքը, տեղից բարձրացավ Սուրբը,— եկեք չխախտենք բարեկրթության կանոնները, ընկեր մայո՛ր։ Ես խնդրում եմ ինձ դիմել մեր սովետական միլիցիային վայել ձևով։ Ես Ասատուրով Բորիս Ավետովիչն եմ, պատիվ ունեմ․․․

— Լա՛վ, Ասատուրով Բորիս Ավետովիչ, նաև Վրթանեսով Վահրամ Մուշեղովիչ, նաև Վարդևանյան Մաթևոս Վռամովիչ, գողընկերների շրջանում Սուրբ Դևովիչ․․․ Վերջապես, ես քեզ առաջարկեցի ամենահարմար և բարեկիրթ ձևը՝ «այ տղա», իսկ դու, խնդրեմ, վիրավորվեցիր։ Ասա՛, ի վերջո, ինչպե՞ս դիմել քեզ․․․

— Ես արդեն ասացի, ընկեր մայոր․ Ասատուրով Բորիս Ավետովիչ։ Ճիշտն ասած, ես անսահմանորեն բծախնդիր եմ անուն֊ազգանունների բարեհնչունության նկատմամբ։ Դուք, հարգելի մայոր, խնդրում եմ ինձ չհիշեցնել, արխիվներից չհանել իմ հին անունները, քանի որ դրանցից արդեն նավթալինի հոտ է զալիս։ Դրանք հնացել և անցել են անցյալի գիրկը։ Ինձ հարկավոր չէ հիշեցնել այդ անունները նաև այն պարզ պատճառով, որ ես դրանք հիանալի գիտեմ։ Այնուհետև, այդ անուններն իմ մեջ արթնացնում են իմ անցյալ կյանքի տխուր ու սարսափելի պատկերները, երբ ես մի փոր հացի համար ստիպված էի լինում, այո՛, այո՛, իմ կամքին և մանավանդ, սկզբունքին հակառակ, կուշտ մարդկանց գրպաններից հայթայթել իմ ապրուստը։ Ստիպված էի։ Հարկադրական վայրէ՜ջք․․․ Գողությունը սոցիալական արմատ ունի, ընկեր մայո՛ր, և ես՝ գերի իմ սոցիալական վիճակին, ծավալում էի գրպանահատի իմ ակտիվ գործունեությունը, որը հիմնականում ծավալվում էր հարուստ քաղաքացիների գրպանները թեթևացնելու ուղղությամբ։ Հիմա, փառք աստծո, ես միանգամայն կուշտ եմ և իմ բանվորագյուղացիական իշխանությունը ինձ վերադաստիարակել է, ես՝ մեր Միության ազատ ու իրավահավասար քաղաքացիս, ասում եմ՝ իմ անուն-ազգանունը Ասատուրով Բորիս Ավետովիչ է, պատիվ ունեմ․․․

— Լսիր, Սուրբ ես, թե սատանա՝ չգիտեմ։ Այս կոմեդիան ավարտելուց առաջ ես խորհուրդ կտայի քեզ․ քո անունները փոխելը քո գործն է, փոխիր որքան կարող ես, բայց խնայիր հորդ, ախր, մի մարդ երեք հայր չի կարող միանգամից ունենալ։ Տո՛ սրիկա Սո՛ւրբ, քեզ համար ոչ մի սրբություն գոյություն չունի՞, հը՞։ Իսկ հիմա՝ վերջ պոռոտախոսությանը։ Լսի՛ր, ինչ եմ ասում, այդ որտեղի՞ց դու, Բուլդոգը և Բոռը կարողացաք ճարել 40 հազար ռուբլի՝ պրոֆեսոր Խախանյանին նվիրելու համար․․․

— Այս ինչե՜ր եմ լսում, ընկեր մայո՛ր։ Միանգամից այդքան փող ես նույնիսկ գյուղատնտեսական բանկում չեմ տեսել։ Ես չեմ տեսել նաև պրոֆեսոր Խախանյանին, որին ճանաչելու պատիվն, ավա՜ղ, չունեմ։ Եվ, վերջապես, տարօրինակ է, թե ինչո՞ւ դուք անընդհատ փորձում եք վիրավորել իմ մարդկային արժանապատվությունը, այս անգամ իմ անունը դնելով կենդանական աշխարհի ներկայացուցիչների կողքին, ի՞նչ Բուլդոգ, ի՞նչ Բոռ․․․

— Հիմար մի՛ ձևանա, Սուրբ։ Սուրբ մի՛ ձևանա, Սուրբ։ Եվ վերջ տուր քո ճոռոմաբանություններին։ Արի խոսենք առանց դեսուդեն ընկնելու։ Չէ՞ որ առաջին անգամ դու ես պրոֆեսորին տվել պայուսակով փողը՝ եղել եք երեքով՝ քեզ հետ Բուլդոգն ու Բոռը։ Եվ դու այնտեղ թողել ես քո ամենաբնորոշ հանցանշանը․․․

— Ի՞նչ․․․,— ոտքի թռավ Սուրբը։ Բայց ուշ էր արդեն և շփոթված նստեց։

«Բռնվեցի՜ր․․․»,— հաճույքով մտածեց մայորը։ «Բռնվեցի՜․․․»,— տհաճությամբ մտածեց Սուրբը։

— Ահա թե ի՜նչ․․․,— բարեհոգաբար ժպտաց Բագրատունին,— փորձված աղվեսը թակարդն է ընկնում զույգ ոտքով։ Քանի որ գործել ես ձեռնոցներով, մատնահետքեր չես թողել։ Քեզ չեն ճանաչել, որովհետև դիմակավորված ես եղել։ Բայց դու, Սուրբ, ձեռք համբուրելու թուլություն ունես, որից չես կարողանում ձեռք քաշել։ Դա մի հանցանշան է, որը հատուկ է միայն քեզ։ Գողերը, փա՜ռք աստծո, այնպիսի մեծահոգի ջենտլմեններ չեն, որ մարդկանց կողոպտեն ձեռքերը համբուրելով։ Իսկ դու քո թալանչիական կարիերան սկսել ես ձեռք համբուրելով։ Լինելով եկեղեցու խոնարհ ու աստվածավախ սպասավոր, համբուրել ես սրբապատկերներն ու տերտերի աջը և, առանց երկնչելու աստծո պատժից, կողոպտել աստծո տունը։ Ա՜յ թե որպիսի սուրբ ես դու։ Երբ ես ականջի ծայրով լսեցի Խախանյանի ձեռքը համբուրելու պատմություննը, անմիջապես ճանաչեցի քո հանցանշանը, քո ձեռագիրն ու քո «սուրբ գործը»։

— Ես մերժում եմ ձեր ապօրինի մեղադրանքները, ընկեր մայո՛ր․․․

— Քաղաքացի մայո՛ր,— ուղղեց նրան Բագրատունին ես գողի ընկեր լինել չեմ կարող և չեմ ցանկանում։ Քո ընկերները Զուլումը, Բուլդոգը, Բոռն են և նրանց նմանները․․․

— Դուք գործ եք սարքում ինձ վրա, քաղաքացի մայոր, ես այլևս ոչինչ չեմ ասի․․․

— Մեզ ավելին էլ պետք չէ, քան դու ասացիր, Սուրբ։ Ես միայն կասկածում էի․ դո՞ւք եք եղել այդ նվիրատուները, թե ոչ։ Իսկ դու հաստատեցիր հոգեբանորեն, սիրելիս։ Հոգեբանորեն։ Տե՛ս, ես քեզ չեմ հարցնում, թե նույն երեքով ինչպես փախցրիք Զուլումին հիվանդանոցից։ Չեմ հարցնում, որովհետև ինչ գիտեմ, ինչին վստահ եմ, հարկ չկա դիսկուսիա սարքելու և դարմանը քամուն տալու։ Խաղաքարտերը բացելու ժամանակը կգա, կխոսենք։ Մենք կարծեմ իրար լավ հասկացանք, Սուրբ, չէ՞․․․

— Ես կբողոքեմ, մայոր Բագրատունի՛, անպայման կբողոքեմ։ Համա թե մեղադրանքներ թխելու վարպետ եք, ես կբողոքեմ․․․

— Նյարդերդ չեն դիմանում, Սո՛ւրբ, տեսնո՞ւմ ես։ Ճշմարտությունը դառը բան է։ Այսքանը, Սուրբ, միայն այսքանը։ Տուր ստորագրեմ քո անցաթուղթը․․․

— Դուք ինձ բա՞ց եք թողնում,— զարմանքից չռվեցին Սուրբի աչքերը։

— Այո՛, գնա, տերն ընդ քեզ,— ասաց մայորը,— գնա։ Ինձ ինչ հարկավոր էր, ես վերցրի քեզնից, հենց քեզնից, գնա․․․

Սուրբի դուրս գալուց հետո լեյտենանտ Մարկոսյանը, որ հարևան սենյակում արդեն լսել էր նրանց, անմիջապես մտավ, չէ՛, չէ՛, ներխուժեց մայորի առանձնասենյակը։ Շփոթված տեսք ուներ։ Մայորը Ժպտալով, հանգիստ նայում էր նրան և մատներով թխկթխկացնում սեղանը։

— Գիտեմ, պիտի ասես, որ կոպիտ սխալ թույլ տվի, հիմարություն արեցի, և իրավունք ունես, լեյտենանտ Մարկոսյան, սակայն այլ ելք ես չունեի․․․

— Այո՛, նման բան պետք է ասեի, ընկեր մայոր, բայց ինձ կանխեցիք։ Զեզ չեմ հասկանում։ Երբ քննության ընթացքում մեղադրանքը չի ժխտվում, հանցագործին չի կարելի բաց թողնել։ Սուրբը ոչ մի խոսքով չփորձեց, չկարողացավ ժխտել իր և իր ընկերների դեմ հարուցված մեղադրանքները։ Դուք նրան այլևս բաց թողնելու իրավունք չունեիք։ Դուք, չեմ կասկածում, գիտեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման բացթողումը․․․

— Ուզում ես ասել, որ նրանք կանցնեն վճռական գործողությունների՞․ ավելի լավ, լեյտենա՛նտ, ավելի լավ։ Այս հարցաքննությունը հետապնդում էր հենց այդ նպատակը։ Դուրս հանել նրանց թաքստոցներից, ստիպել, որ գրոհեն, իսկ բաց ճակատամարտում մենք կջարդենք նրանց քիթ֊մռութը, կգերենք նրանց․․․

— Իսկ եթե փախչե՞ն․․․

— Ո՞ւր կարող են փախչել։ Իրենց «առաջնորդը» գամված է անկողնուն։ Առանց նրա ոչ մի տեղ չեն փախչի։ Միաժամանակ, փակ են փախուստի բոլոր ճամփաները։ Զուլումը քրեական փնտրուքի մեջ է։ Եվ նրանք ստիպված կընդունեն մարտահրավերը, այլ ելք չունեն․․․

— Նրանք կարող են վնասել հենց ձեզ, իրենց գլխավոր թշնամուն, որի ձեռքին են իրենց կործանող բոլոր խաղաքարտերը։

— Ոչ բոլոր խաղաքարտերը, լեյտենա՛նտ։ Կվնասեն ինձ, թե չեն վնասի, միևնույն է, մենք մտել ենք մեծ խաղի մեջ, որտեղ սպասվում են աննախադեպ անակնկալներ։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանալ ինձ։ Մենք անսխալ էինք, իսկ ինչո՞ւ պարտվեցինք, պարտվեցինք չարաչար խայտառակվելով։ Գործենք ավելի ստեղծագործաբար, գերի մնալով ոչ թե քրեական ծառայության տառին, այլ ելնելով տվյալ իրավիճակից, պայմաններից։ Հենց նրանք էլ կթելադրեն մեր անելիքները։ Կարծում եմ այդպես ավելի ճիշտ կլինի։ Միևնույն է, մենք պարտավոր ենք վնասազերծել և՛ Զուլումին, և՛ լուծել Շահմարի առեղծվածը։ Իսկ պլաններ մշակելով և դեպքերի պոչից քարշ գալով, հեռուն չենք գնա․․․


* *

Իրիկնային քամին արդեն Երևան էր իջել, երբ մայոր Բագրատունին դուրս եկավ հիմնարկից ու քայլեց դեպի տուն։ Տունը հեռու չէր։ Սարալանջին, փոքրիկ այգու մեջ ծվարած փոքրիկ մի մենատուն էր, որի առավելությունը զովաշունչ այգին էր ու երևանյան համով, չնորմավորվող ջուրը։ Բագրատունին ուներ կենցաղավարության իր անխախտ մշակված ռեժիմը։ Արթնանում էր առավոտ վաղ՝ յոթին։ Լիցքային վարժությունների նկատմամբ զարմանալի արհամարհանք ուներ, գտնելով, որ դրանք պարապ զբաղմունքներ են և ոչնչով չեն օգնում առողջության պահպանմանը։ Սիրում էր մարմինը շփել սառը ջրով և ապա, վերցնելով բահը կամ փոցխը, իջնում էր այգի։ Մեկ Ժամ առավոտյան, մեկ-երկու ժամ երեկոյան նա կարգավորում էր բոստանը, ջրում մարգերը, փխրեցնում հողը, բուկլից անում, գարնանն ու աշնանը ձառերի պատվաստ էր կատարում, իսկ եթե անելիք չկար, քանդում, վերափոխում էր մարգերը և այլն, և այլն։ Պառկում էր քնելու տասներկուսին, անկողնում որևէ գիրք, ամսագիր կամ թերթ աչքի անցկացնելուց հետո։ Ուներ նաև մի գեշ սովորություն․ գիշերը վեր կենալ և ծխել։ Կինը երկար չարչարվեց, չարչարելով նաև ամուսնուն, սակայն սովորության ուժը կոտրել չկարողացան ո՛չ կնոջ համառությունը, ո՛չ էլ ամուսնու անտրտունջ հնազանդությունը։ Մայորը քայլում էր դեպի տուն, իսկ տնեցիները տանը չէին։ Տունը չէր քաշում։ Ճանապարհին ծանոթների հանդիպեց, մի քիչ խոսեցին, կատակեցին, և ուշ երեկոյան հասավ տուն։ Այգում մութ էր։ Դռան առջև կախված լամպը չէր վառվում, և դա, չգիտես ինչու, անհանգստացրեց Բագրատունուն։ Տանը երկար փնտրտեց, լամպ չգտավ, և դա պատահական չէր։ Տան իրերի տեղը նա այդպես էլ չսովորեց։ Կինը քանի՜-քանի անգամ էր երեսով տվել նրա այդ թերությունը։ «Այ մա՛րդ, մի օր էլ ուրիշների տների նման քո տանը բնակարանային խուզարկություն կատարիր, որ գոնե հացի և վերնաշապիկներիդ տեղն իմանաս։ Հոգիս կերար․․․»։ Փնտրելով և չգտնելով լամպը, մայորը հիշեց կնոջ խոսքերն ու քթի տակ Ժպտաց։ Եվ թեյի հետ մի քիչ քարթու հաց ծամծմելուց հետո մտավ անկողին։ Արթնացավ գիշերվա երկուսին, ձեռքը մեքենայաբար երկարեց մահճասեղանիկին, գտավ ծխախոտն ու լուցկին, վառեց և, անկողնում պառկած, լսում էր պատուհանի տակ խշշացող ծառերի շնչառությունը։ Եվ հանկարծ Բագրատունուն թվաց, թե պաաուհանի տակ քայլերի ձայն է լսում։ Ծխախոտն արագ հանգցրեց, բարձրացավ անկողնուց։ Լուսամուտի վարագույրի ետևում կանգնած, նայում էր այգու քարի պես անշարժ մթությանը, ունկնդրում դրսի ձայները, սակայն ծառերի խշշոցից բացի ուրիշ ոչինչ որսալ չհաջողվեց։ «Բայց ես, իրոք, քայլերի ձայն լսեցի, դա լսողության խաբկանք չէր։ Պետք է ստուգել բնակարանը, թեև լուսամուտները երկաթե վանդակներ ունեն, թեև դուռն ամուր է, սակայն չարագործները կարող են թափանցել նույնիսկ ասեղի ծակով»։ Անորոշ մի անհանգստություն, անհասկանալի մի կասկած սողոսկել էր սիրտը։ Վերցնելով ատրճանակը, դուրս եկավ ննջարանից։ Նախասենյակում, ինչպես միշտ, վառվում էր լույսը։ Նստեց աթոռին և սպասեց։ Եվ հանկարծ․․․ Առաջին պահ նա չկարողացավ հասկանալ, թե ինչ է կատարվում մուտքի դռան դրսի կողմը։ Ասես մկները կրծում էին դուռը։ Շունչը պահեց։ Եվ հասկացավ։ Սղոցում են դռան փականքը։ Զսպիր քեզ, մայո՛ր Բագրատունի, որսն իր ոտքով է եկել դուռդ։ Հարկավոր է իմաց տալ բաժանմունքի հերթապահությանը և որսալ գիշերային որսորդներին։ Ձեռքը մեկնեց հեռախոսի լծակին։ Բարձրացրեց։ Հեռախոսը մեռած էր։ Չէր աշխատում։ Ահա թե ի՜նչ։ Ուրեմն, նախօրոք կտրել են հեռախոսալարը։ Էլեկտրական լամպը նախօրոք հանել են շարքից։ Իսկ ամենամոտ հարևանի տունը հիսուն մետրից էլ հեռու էր։ Լավ հաշիվ է։ Չէ՛, իմ տունը թալանելու համար չէ, որ բարեհաճել են «իմ բարեկամները», չէ՛, չէ՛։ Եկել են իմ հաշիվը մաքրելու։ Եկել են, երբ տանը ոչ ոք չկա։ Ցանկանում են սուսուփուս վերացնել ինձ, որ ինձ հետ վերանան նաև Զուլումի և նրա խմբի գործը, Շահմարի ու «Պառավի» առեղծվածը։ Տեսնե՜նք, տեսնե՜նք։ Համենայն դեպս, նրանք եկել են քնած Բագրատունուն տեսնելու, սակայն կհանդիպեն արթուն Բագրատունուն։ Ես կգնդակահարեմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն խցկվել իմ տան շեմքից ներս։ Բայց ի՞նչ հնարքով կարելի է իմաց տալ մեր հերթապահությանը։ Անհնար է, անհնար է։ Հետևապես, այս մարդաշատ քաղաքում քո միակ հույսն ու հենարանը, զորավիգն ու ապավենը դու ես, մայոր Բագրատունի։ Դու հիմա մի զարմանալի Ռոբինզոն ես, որի կղզիացած տան շուրջը, լույսերի մեջ ծփում է միլիոնանոց քաղաքը, իսկ նա մենակ է, նույնքան մենակ, որքան օվկիանոսի անսահմանության մեջ կորած իր փոքրիկ կղզում՝ Ռոբինզոն Կրուզոն։ Եթե ես կրակեմ, նրանք կփախչեն։ Եվ կարթնանա շրջակայքը։ Թշնամական կողմերը, երկուստեք շահելով ապրելու իրավունքը, կկորցնեն կռվելու և գոտեմարտելու հնարավորությունը։ Ուրեմն, ես կսպասեմ նրանց, ես պարտավոր եմ հանդիպել նրանց և սեփական ձեռքերով մաքրել իմ հաշիվները նրանց հետ։ Դժվար է ասել, թե ինչով կվերջանա առաջիկա գոտեմարտը, սակայն մինչև նրանց դանակի կամ գնդակի՝ իմ մարմնին հասնելը նրանցից շատերին կուղարկեմ գրողի ծոցը։ Իսկ դուռը սղոցում են։ Աշխատում են փոքրիկ, բարալիկ սղոցով։ Աստվա՛ծ իմ, գիշերային լռությունը խեղդվում էր սղոցի աղմուկից, որը խլացուցիչ շառաչով լցրել էր ամբողջ աշխարհը և մայորի ականջների թմբկաթաղանթները քիչ է մնում պատռվեին ճպուռի ձայնից ոչ բարձր նրա բարակ սուլոցից։ Մայորն ակնդետ նայում էր դռանը։ Ահա երևաց սղոցի կապույտ ու բարակ լեզուն։ Թունավոր ու պաղ օձի լեզվի նման նա շոշափում, հոտոտում էր նախասենյակի օդը։ Նրանք սղոցում են, որ հանեն անգլիական փականքն ամբողջությամբ։ Է՛, հետո ի՜նչ, թո՛ղ հանեն, հետո դեմ են առնելու երկաթե սողնակին, որի գաղտնի ապահովիչը հազիվ թե հնարավոր լինի գտնել դրսից ձեռքով կուրորեն որոնելով։ Եթե այդ էլ հաջողվի, նրանց ճամփան կկտրի երկաթե շղթան, որը հագցված է դռան վերևին։ Շանորդինե՛ր, ասպետության, քաջության ոչ մի նշույլ չկա ձեր մեջ։ Հիվանդագին սեր ունեք մարդասպանության նկատմամբ և՝ անասնական վախ, շան վախ՝ սպանվելուց։ Ցանկանում եք մարդ սպանել կատվի նման գողեգող, թաթերի վրա նրան մոտենալով։ Այս սիզիֆյան աշխատանքի փոխարեն չէ՞ որ կարող էիք լոմով տեղահանել, խորտակել դուռը, ծառանալ ձեր թշնամու դեմ, նայել նրա աչքերին և փոքր-ինչ տղամարդավարի կատարել ձեր սև գործը։ Նպատակի մեծություն և հոգու ճղճիմություն։ Արնածարավ հոգի և նապաստակի սիրտ։ Չէ՛, չէ՛, գողը զինվոր չէ։ Գողի սիրտը մարդու սիրտ չէ։ Գողի մեջ նստած է արթուն հանցագործը, շրջապատի թշնամանքի ու ատելության և սեփական անձի մեղավորության զգացողությունը։

Ինչ֊որ բան հիշելով, մայորը հանկարծ բարձրացավ նստած տեղից և մտավ լողասենյակ։ Այնտեղից դուրս եկավ պարանի խուրձը ձեռքին, և, երկտակելով պարանը, մի փոքրիկ օղակ սարքեց, սկսեց սպասել։ Սղոցն այժմ գործում էր ավելի արագ, երևում է, որ սղոցում էին հերթով։ Իսկ մայորն սպասում էր։ Երբ սղոցը հասավ թիթեղին, սղոցելն ավելի հեշտացավ։ Սղոցի ձայնը ավելի սրվեց ու լարվեց։ Երկաթ կտրող սղոց էր։ Արդեն կտրված էր ափաչափ, քառակուսի մի պատուհանիկ։ Մայորն զգուշորեն քաշվեց դռան ձախ կողմը պատի տակ, որպեսզի չնկատվի և պարանի օղակը ձեռքին պատրաստ, սպասեց։ Սղոցը կանգ ահավ։ Դրսից զգուշորեն հանեցին կոտրված փականքն ամբողջությամբ և, որքան էլ փորձված ու անակնկալին դիմագրավելու պատրաստ, այնուամենայնիվ, մայորի մարմնով ցուրտ սարսուռ անցավ։ Դրսից սառն օդ ներխուժեց նախասենյակ։ Շշուկներ լսվեցին․ «Շո՛ւտ, մտցրո՛ւ․․․ շոշափի՛ր․․․»։ Հետո ձե՜ռքը, ձե՜ռքը, ձե՜ռքը զգուշորեն, անաղմուկ սողաց ներս։ Մայորի աչքերը զարմանքից ճակատին թռան։ Հազիվ զսպեց կոկորդը պատռող ճիչը։ Կնոջ ձեռք էր, սպիտակ, մաքուր, աղավնանման, որն զգույշ լողում էր մայորի կախարդված հայացքի առջև։ Գեղեցիկ ու բարակ մատները վերջանում էին մանիկյուրած եղունգներով, որոնք տենդագին զգուշությամբ շոշափում էին դռան երկաթե մակերեսը։ Մատների մանրիկ, թրթռացող դողը նկարում էր աղջկա վախը, ներքին խռովքն ու տագնապները։ Դանդաղորեն, նախ բազուկը, ապա հոլանի թևն ամբողջությամբ մտավ դռան բացվածքից ներս։ Մայորը հենց այդ պահին էր սպասում։ Կախարդանքն ասես ընկավ և կախարդանքից ազատված, պարանի օղակ արած ծայրը նա ճարպկորեն հագցրեց աղջկա բազուկին և ուժով ձգեց իրեն։ Լսվեց ոսկորի թույլ ճրթոց։ Ուժով ձգված պարանն աղջկան մեխեց դռանն ու թևը ձգեց լարված պարանի նման։ Լսվեց կարճ ու սուր ճիչ, որն անմիջապես կտրվեց, և շրջապատին իջավ գերեզմանային լռություն։

Աղջիկը պարանը ձգելու ոչ մի փորձ չէր անում, ինչպես երևում էր՝ դաստակը դուրս էր ընկել։ Բագրատունին պարանը մի քանի կույր օղակներով կապեց ջեռուցման ծանր մարտկոցին և հոգնած ու թուլացած փլվեց աթոռի վրա։ Լարվածությունից էր։ Աղջիկը վերջնականապես մեխված, ծեփված էր դռանը, որից այն կողմ մթության հետ դարանած լռության մեջ երևի վճռվում էին և՛ աղջկա, և՛ Բագրատունու, և՛ գիշերային արկածախնդիրների ճակատագրերը։ Մայորը, որ աչքը չէր կտրում աղջկա ձեռքից, նոր, միայն նոր նկատեց, որ նրա ձեռքին ձեռնոց կա, նուրբ ու թափանցիկ, միանգամայն թափանցիկ։ «Ինչո՞ւ լռեցին։ Եվ այն էլ այսքան երկար, ցավագնորեն երկար, սիրտ ուտելու, սիրտ պայթեցնելու չափ երկար։ Ի՞նչ դիվային ծրագրեր են որոճում սրիկաները։ Չարագուշակ է արթուն լռությունը, որի մեջ գիտես, որ նյութվում և հյուսվում են անմարդկային ոճիրներ։ Խելագար լռություն է։ Խենթացնող լռություն։ Ինչո՞ւ ոչ մի շուն չի հաչում։ Ինչո՞ւ չեն հաչում մեր հարևանների միշտ անհանգիստ շները։ Հաչեցե՛ք, ոռնացե՛ք, կաղկանձեցե՛ք, թող գոնե փոքր-ինչ տատանվի, ճաքճքի այս սպառնալից լռությունը։» Մայորի լսողությունը սրվել էր։ Ներքևում, ինչ֊որ մի տեղ, ասես աշխարհի մյուս ծայրին, առանց մեղմացնելու այս քարե, այս քարսիրտ լռությունը, խուլ բվվում էր մեծ քաղաքը։ Այլևս չէր հավատում նրա գոյությանը, այժմ նա՝ այդ քաղաքը այնքան էր հեռու, այնքան էր անիրական, որ մայորին թվում էր, թե այն երբևէ գոյություն չի ունեցել, այլ եղել է հիվանդ ուղեղի հնարանք, և՛ լուսե, և՛ լուսե դասական մի զառանցանք։ Երկաթյա համառությամբ լռում էր նաև դուռը, որը տակավին անխորտակ մի սահմանով բաժանում է իրեն իր թշնամիներից, և սառը ճակատամարտում գերված այս ձեռքը, որը միացնում է իրեն իր թշնամիներին։ Այժմ այդ գերված թևն ազատելու մեծագույն հոգսը միացել էր մայորին հոշոտելու նրանց նպատակին։ Բագրատունին նախասենյակի պաղ լույսի տակ նայեց աղջկա ձեռքին և ցավով նկատեց, որ թաթն ամբողջովին կապտել է, սևացել, կորցնելով մարմարե սպիտակությունը։ «Օղակն այնպես է սեղմել աղջկա բազուկը, որ արյան հոսքը դեպի ձեռքը դադարել է։— Մայորը հանկարծ խղճաց աղջկան։— Դու ի՞նչ գործ ունեիր այս սրիկաների հետ։ Դու, որ այդքան գեղեցիկ ձեռքեր ունես, դու, որ ձեռքերդ այդքան խնամքով պահել ու պահպանել, այդքան կանացիորեն լավ մշակել գիտես, դու, որ ամեն ինչից երևում է, նաև լավիկն ես, ի՞նչ գործ ունեիր այս երդվյալ ավազակների ու մարդասպանների հետ։ Կկորչես, «Պառավ», կկորչե՛ս։ Քեզ ուր ասես չեն քշում արյանդ ծարավ այս մարդիկ։ Ես, իհարկե, չեմ էլ կասկածում, որ դու «Պառավն» ես։ Եվ ահա վերջդ եկել է։ Դու ինձ հարկավոր ես խոսելու համար։ Եվ այլևս հարկավոր չես քո գործընկերներին, որովհետև կարող ես խոսել։ Մինչդեռ խոսելու իրավունք չունես։ Վախենում եմ նրանք քեզ լռեցնեն, այն էլ հավիտյան։ Բայց ինչո՞ւ է երկարում լռությունը։ Գոնե դու խոսիր։ Լաց եղիր, ճչա ձեռքիդ ցավից։ Աղաչիր, խնդրիր քո փրկությունը։ Գթություն աղերսիր։ Բայց արդյո՞ք ողջ ես դու։ Արդյո՞ք քեզ չեն խեղդել, որ չխոսես»։ Եվ զգուշորեն, շատ զգուշորեն մայորի ձեռքը հպվեց աղջկա թևին։ Թևը տաք էր, կենդանի։ Սակայն քարի նման ամուր, մկաններն անասելիորեն պրկված ու անպայման թմրած, որովհետև թևին հպվելը աղջկա կողմից մնաց անարձագանք։ «Խոսեցեք, ինչո՞ւ եք լռում»,— լսեց իր ձայնը։ Հետո անդրադարձավ, որ իր ձայնը նրանք չեն լսել և չէին կարող լսել, որովհետև չորացած են շուրթերը, չորացած է կոկորդը, չորացած և խեղդված է ձայնը։ Նայեց ժամացույցին։ Աստվա՛ծ իմ, որքա՜ն ծանր է անցնում վտանգված Ժամանակը։ Նման պահերին ժամանակը դառնում է մարդու թշնամին։ Կախ է գցում ոտքը և սպասում, ո՞ւմ՝ ողբերգությունն առաջանալո՞ւն, թե՞ նրա կանխմանը։ Հիշում է, որ ծխախոտը վառեց ժամը երկուսին։ Հիմա նույնիսկ երեքն էլ չկա։ Այդ ե՞րբ էր, ե՞րբ էր, ե՞րբ էր, որ ինքն արթնացավ և վառեց ծխախոտը։ Հետո ոտնաձայներ լսեց։ Հետո երկար, տանջալիորեն երկար սղոցում էին դուռը։ Հետո աղջիկը գերվեց։ Եվ վերստին երկարեց, երկարում է այս հոգեմաշ լռությունը։ Իսկ ծխախոտը վառելուց տարիներ են անցել։ Գոնե լուսանար։ Ասում են՝ կարճատև են ամռան գիշերները, գլուխդ բարձին դնելու պես ստիպված ես վեր կենալ, որովհետև չքվում, նահանջում է մութը։ Ամռան գիշեր, ի՞նչ է պատահել քեզ, դո՞ւ ես կաշառվել, թե՞ լուսաբացն է վախեցել այդ սրիկաներից։ Գուցե ժամացույցը կա՞նգ է առել։ Ոչ, ոչ, ժամացույցն աշխատում է։ Սովորականի նման, ամեն օրվա պես։

Ամենացավալին այն է, որ ինքը զրկված է արագ վճիռ կայացնելու հնարավորությունից, որովհետև, որովհետև․․․ այժմ իրենից ոչինչ չի կախված։ Ինքը գերել է աղջկան և նրա հետ իր հակառակորդի գաղտնիքը։ Ինքը գերել է աղջկան, աղջիկը՝ գործընկերներին, իսկ իրեն գամել ու փակել են չորս պատի մեջ, ուր այլևս բացառված են կողմերի գրոհներն ու հակագրոհները։ Բացառված են նաև հաղթությունն ու պարտությունը։ Իր ողջ մնալն արդեն իր հաղթանակն է, սակայն եթե այս սրիկաները անվնաս հեռանան, դա կլինի իր դաժան պարտությունը։ Հիմա նրանց առաջին հոգսը աղջկան ազատելն է կամ լռեցնելը։ Այս երկարատև լռությունը նշան է այն բանի, որ նրանք ևս դժվարանում են արագ վճիռ կայացնել։ Աղջկան ազատելը անհնար է, սպանելը՝ ծանր հանցագործություն։ Իսկ միջինը չկա։ Ուրեմն, ի՞նչ են որոճում նրանք․ ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ․․․

Լարված ջղևրը երևի թուլացան։ Մայորը իր ննջելն այդպես էլ չզգաց։ Շա՞տ էր քնել, թե քիչ, հանկարծ արթնացավ սուր, սրտակեղեք աղաղակից։ Նման ահազդու, սարսափելի ճիչ նա երբեք չէր լսել։

— Չէ՛, չէ՛, մի՛ արեք, չէ՛․․․ աաա՜․․․,— ընդհատված հառաչանք և նորից կտրուկ լռություն, որն այլևս մինչև քաղաքի արթնանալը չէր խախտվելու։ Մայորը հասկացավ ամեն ինչ։ Արագ բարձրացավ տեղից, չգիտես ինչու, վազեց սեղանատուն և նորից ետ դարձավ, որովհետև արդեն տեսել էր բացվող առավոտի ժպիտը։ Հետո վազող-հեռացող փութկոտ ոտնաձայներ լսեց։ Հետո հաչեց մի շուն, հետո արթնացան մյուսները, մեծ ուշացումով խոսեցին նաև աքաղաղները։ Հետո ինչ-որ ծանր բան շրխկոցով դիպավ սեղանատան լուսամուտին, և մայորը լսեց փշրվող ապակիների զրնգոցը։ Մատն ատրճանակի ձգանին վազեց սեղանատուն, բայց ուշ էր արդեն, բանդիտները չքացել էին, իրենց հետ տանելով գիշերային տագնապալից, տառապալից մթությունը․․․

Մոտեցավ դռանը, սարսափով ու ցավով նկատեց դռան առջև լճացած արյունը։ «Սպանել են, սպանել․․․»,— կրկնում էր անդադար։ Իսկ երբ պարանը հանելով աղջկա արդեն անկյանք, սառած ձեռքից, ծերպ արեց դուռը, սարսափելի գոռոցով ընկրկեց, որովհետև իր ամբողջ դժվարին կյանքում նման դաժան, քստմնելի և անմարդկային արարմունք նա չէր տեսել․․․ Աղջիկն անգլուխ էր


* *

Երբ օպերատիվ խումբը հասավ դեպքի վայրը, մայորը նստած էր դռան առջևի աստիճանին, գլուխն ափերի մեջ։ Ոտքերի տակ ընկած էր «Վալտեր» տիպի ատրճանակը, պատերազմական Ժամանակներից մի թանկ հիշատակ, որ նվիրել էր բանակի հրամանատարը՝ հետախուզական գերազանց ծառայության համար։ Դռան առջև, սևացած ու լերդացած արյան մեջ, փլված էր մորթված աղջիկը։ Սարսափն այնքան մեծ էր և տեսարանն այնքան քստմնելի, որ թաղամասի բնակիչներից ոչ մեկը, ամենահետաքրքրասերներն ու ամենասառնասիրտներն անգամ չէին համարձակվում մոտենալ անգլուխ աղջկան։ Մարկոսյանը պատվի առավ։

— Ընկեր մայոր․․․,— և հայացքը հանկարծ առավ զոհին։ Երիտասարդ հետախույզի դեմքն ասես ինչ֊որ ուժով քարացավ, շուրթերը դողդողացին և նա շրջվեց։

— Չդիմացա՞ր, լեյտենանտ,— առանց գլուխը բարձրացնելու խուլ, շատ խուլ ձայնով խոսեց Բագրատունին,— գիտեի, որ չես դիմանա, գիտեի․․․ Բայց ահա ես հերթապահում եմ այս տարաբախտ աղջկան, որն ընդամենը մի երկու ժամ առաջ գեղեցիկ աղջիկ էր․․․

— Իսկ ո՞ւր է գլուխը,— այնպես մի բան ասած լինելու համար խոսեց թեթևակի իրեն վերագտած լեյտենանտը և իսկույն էլ կծեց լեզուն․ «Հիմար հարց եմ տալիս։ Եթե գլուխը այստեղ պետք է լիներ, էլ ո՞ւր էին կտրում ոճրագործները»։

— Պարզվում է, որ նրանք ոչ միայն չէին ցանկանում «Պառավի» խոսելը, այլև ճանաչվելը։ Գլուխը տարել են, լեյտենա՛նտ, տարել են․․․— Օրորվելով բարձրացավ տեղից,— մանրամասն տեղազննություն կատարեցեք։ Հետո կտեսնենք․․․

Ասես հարբած լիներ, օրորվելով մտավ տուն, ննջարան և փլվեց բաց անկողնու վրա։ Քնած էր ամբողջ օրը և ոչ ոք չէր խանգարում նրան։ Քնեց նաև ամբողջ գիշերը և երբ հետևյալ առավոտյան ևս արթնության նշաններ ցույց չտվեց, ստիպված եղան արթնացնել նրան։ Մայոր Բագրատունին շփոթված տեսք ուներ։ Երևում էր ջղային լուրջ ցնցում էր ապրել։ Միլիցիայի շրջանային բաժանմունքի պետը նրան հասկացրեց, որ վատ չէր չինի, եթե գնար հանգստանալու։ Մայորը մերժեց․

— Իմ շփոթվածությունը, խնդրում եմ, հոգնածությանս չվերագրել։ Պարզապես ծանր ապրեցի այս անմարդկային արարքը։ Այդ ի՞նչ դև է նստած սրիկաների մեջ։ Չարության և անսրտության ի՞նչ աստիճանի պետք է հասած լինի մարդ արարածը, որ իրեն թույլ տա նման արարք։ Ինչ֊որ է, նյարդային այն ցնցումը, որ ապրեցի ես, մնացել է ետևում։ Ես շուտով կավարտեմ այս ծանր ու դժվարին օպերացիան․․․

— Քո կամքն է, մայոր,— ասաց գնդապետը,— սակայն, իմ կարծիքով, նրանք պատրաստ են անելու ամեն ինչ, դիմելու ամեն միջոցի, ամեն հնարք գործադրելու, որ չբռնվեն։ Վստահ չեմ նաև, որ նրանք ձեռք կքաշեն քեզնից։ Իսկ գիտես, մայոր Բագրատունի, պապն ամեն անգամ գաթա չի բերի։

— Մի՞թե այս անգամ պապն ինձ գաթա բերեց, ընկեր գնդապետ: Մի՞թե նրանք գաթայով հյուրասիրեցին ինձ։ Եթե մեկ անգամ ևս արժանանամ նման հյուրասիրոլթյան, կարող եք չկասկածել, որ հոգեբույժները մեծ սիրով իմ առջև կբացեն հոգեբուժարանի դռները․․․

— Տեսնո՞ւմ ես, ինքդ էլ նույնն ես ասում, մայոր Բագրատունի՛։

— Այո՛, ընկեր գնդապետ։ Սակայն աշխատանքի փորձն ինձ հուշում է նաև հակառակը։ Բանդիտական հարձակումն իմ տան վրա և «Պառավին» գլխատելը, հավատացած եմ, հանդիսացան այս գործի կուլմինացիան, չարագործության իններորդ ալիքը։ Իսկ երբ չարագործությունը հասնում է գագաթնակետին, նրան հաջորդում է վայրէջքը։ Կարկուտին ու կայծակին անպայման հաջորդում է խաղաղված ու մաքրված երկինքը։ Ուժեղ փոթորկից, նավաբեկությունից հետո ծովը խաղաղվում է․․․ Կա՜րգ է

Գնդապետը զուր էր ջանում ծուխ քամել հանգած ծխամորճից և ստիպված դիմեց լուցկու օգնությանը։ Նրա խորամանկ աչքերում չթաքնված հեգնանք կար, և մայորը հասկացավ, որ քրեական աշխարհին քաջատեղյակ, մազերն այդ գործում սպիտակեցրած վետերանին ինքը չի կարողացել համոզել իր ճշմարտության մեջ։

— Իսկ դու, մայո՛ր, չե՞ս գտնում, որ վիրավորված գազանը առավել վտանգավոր է դառնում, հը՞։ Չէ՞ որ քո «բարեկամներն» իրենց աննախադեպ ոճրագործությամբ, ավելի բարդացնելով իրենց դրությունը, խստացրին իրենց պատժաչափը։ Գայլն արյունով է հարբում, մայո՛ր։ Նրանք վերստին կելնեն գրոհի, ուրիշ ճանապարհ չունեն։ Նրանք ձեռքերը բարձրացրած քեզ գերի չեն հանձնվի, երբե՛ք։ Գնդակահարությունը նրանց պատժաչափն է։ Հանձնվեն, թե բերման ենթարկվեն, միևնույն է՝ պատիժը մեկն է։ Հասարակությունն ի վիճակի չէ այդքան թույնն ու թարախն իր մարմնում պահելու։ Նա պետք է օտարի, վտարի, հեռացնի այդ վտանգավոր խոցը։ Դա լավ են հասկանում նաև իրենք՝ ոճրագործները։ Ուրեմն, երբեք չկասկածես, որ նրանք կռվելու են մինչև վերջ։ Միայն խնդրում եմ քեզ, կռվելիս ու գրոհելիս մշակիր նրանց ուժերը քայքայող, ջլատող միջոցառումներ։ Մեղավորը վախկոտ է լինում։ Նրանք վախկոտ են, ուրեմն օգտագործիր նրանց թուլությունը։ Նրանք փախչելու են քեզնից։ Ուրեմն, դու ավելի արագավազ եղիր, որ հասնես ու բռնես նրանց։ Թափանցիր նրանց որջերը, այնպես, որ դու նրանց տեսնես, տեսնես ափիդ մեջ, իսկ նրանք քեզ՝ ոչ։ Ծանոթը նրանց հետ է, չէ՞․․․

— Այո՛,— ասաց մայորը։

— Նա նուրբ և խելացի աշխատող է։ Նրա գործունեությունը չպետք է սահմանափակել լոկ տեղեկություններ և ինֆորմացիա ստանալու շրջանակներում։ Եթե նա կարողանա իրար դեմ հանել գայլերին, ներքին խժդժություններով քայքայել, ջլատել նրանց ուժերն ու միասնականությունը, քո գործը կհեշտանա։ Իրար ուտելով և գզգզելով, նրանք ոչ միայն կթուլանան, այլև կկորցնեն հանցագործին այնքան բնորոշ զգաստությունն ու զգուշությունը, իսկ դու օգտվիր դրանից, մայոր, օգտվիր․․․ Մի խոսքով, խելքով ու ճարպկությամբ հեշտացրու քո վտանգավոր nւ դժվարին գործը․․․

Մայոր Բագրատունին ամբողջ օրն անցկացրեց պաշտոնավայրում։ Մարկոսյանից իմացավ, որ Զուլումն արդեն ոտքի է կանգնել և արագորեն ապաքինվում է։ Ընդմիջումից հետո հանդիպեց Ծանոթին, որը քաջատեղյակ էր Բագրատունու բնակարանի վրա կատարված հարձակման բոլոր մանրամասներին։ Խումբը բաղկացած է եղել չորս հոգուց՝ Բուլդոգից, Սուրբից, Բոռից և «Պառավից», որը գողերի շրջանում հայտնի է Բալերինա մականունով։

— Նրանք որոշել էին սպանել ձեզ,— ասաց Ծանոթը,— քանի որ հիմնական վտանգն սպասում էին ձեզնից, իմանալով, որ իրենց բոլոր գաղտնի քայլերը հայտնի են ձեզ։ Սուրբի հետ ունեցած ձեր խոսակցությունն արագացրեց նրանց որոշումը։ Իհարկե, այս բոլորը ես դեպքից հետո իմացա։ Զուլումը հրահանգավորել էր չորսին թափանցել ձեր բնակարանը, դանակել ձեզ և առանց աղմուկի, առանց հանցանշաններ թողնելու հեռանալ։ Զուլումի և Սուրբի կողմից մշակված էր բնակարան մտնելու յուրաքանչյուր մանրամասն ու յուրաքանչյուր քայլը։ «Բնակարան թափանցել միայն դռնով,— ասել էր Զուլումը։— Երկու պատի ետևում քնած մարդը դռան սղոցելու ձայնը չի լսի, իսկ եթե փորձեք սողոսկել պատուհանից, նա ձեզ կգնդակահարի դեմ֊հանդիման, ճագարների պես»։ Նրանք ծանոթ են եղել ձեր դռան գաղտնիքներին։ Բուլդոգը դեռևս մեկ, մեկուկես ամիս առաջ, գազի սարքավորումներն ստուգող տեսչի վկայականով, եղել է ձեր տանը և աչքի պոչով ստուգել դռան փականքները։ Այնուհետև, Զուլումն սպասում է իր լրիվ ապաքինմանն ու ինչ֊որ մեկի Ժամանելուն, որպեսզի հեռանա Երևանից։ Ձեր և Բալերինայի հետ կապված աղմկոտ պատմությունից հետո, իմանալով, որ մախաթը պարկում այլևս անհնար է թաքցնել, և իրենց հանցագործության արյունոտ հետքերը կոծկելու նպատակով, ոչ կարճ Ժամանակով քաղաքից փախչելու են նաև երեքը։

  • Ո՞ւմ է սպասում Զուլումը,— հարցրեց մայորը։

— Չգիտեմ,— ասաց Ծանոթը,— ինձ ոչինչ չի ասում։ Տղաներից միայն Սուրբին են հայտնի Զուլումի գաղտնիքները։ Սուրբը մի անգամ, սակայն, բերանից թռցրեց, որ պրոֆեսոր Խախանյանի բնակարանից կողոպտված իրերը պահվում են այն մարդու մոտ, որին անհամբեր սպասում է Զուլումը։

— Իսկ նա ե՞րբ է գալու․․․

— Չգիտեմ․․,

— Իսկ որտե՞ղ է նա։

— Չգիտեմ։

— Նրա հետ կապ պահպանվո՞ւմ է․․․

— Չգիտեմ, ընկեր մայոր․․․

— Իսկ ինչպե՞ս են բանդիտների փոխհարաբերությունները․․․

— Զուլումին ենթարկվում են անառարկելիորեն։ Քրեականների շրջանում նա մեծ հեղինակություն է։ Նրանից վախենում են շան պես։ Նրա խոսքը ընկերների շրջանում օրենքի ուժ ունի։ Ինչ վերաբերում է մյուսներին, ասեմ, Բուլդոգն ու Սուրբը գժտված են։ Բանն այն է, որ Բուլդոգը սիրում էր Բալերինային, իսկ նրան գլխատելու գաղափարը հղացել է Սուրբը և իրականացրել Բոռի հետ միասին։ Բուլդոգը նույն գիշերը քիչ է մնացել դանակահարի Սուրբին, սակայն Բոռը մի կերպ փրկել է ընկերոջը։ Բուլդոգը կորած է, չի երևում։ Ասում են՝ խելագարի նման շրջում է փողոցներում։ Նրան հրամայված է վերադառնալ թաքստոց, հակառակ դեպքում՝ նրան ևս սպասում է Բալերինայի ճակատագիրը։

— Ինչպե՞ս է նայում Բալերինայի գլխատման փաստին Զուլումը։ Ճի՞շտ է համարում Սուրբի այդ քայլը։

— Միանգամայն։ Գտնում է, որ դա եղել է ամենաճիշտ լուծումը։ Աղջիկը չպետք է խոսեր և նրան չպետք է ճանաչեին։

— Այդպե՜ս, այդպե՜ս,— ասես ինքն իրեն խոսելով՝ մայորը դարակից հանեց մի լուսանկար և դրեց Ծանոթի առջև։ Աղջիկը թեթևակի ժպտում էր և դրանից նրա այտերին փոսիկներ էին գոյացել։ Մուգ շագանակագույն աչքերը մաքուր էին, ներքին լարվածության աննշմարելի երանգով։ Սիրունիկ աղջիկ էր։

— Սա՞ է Բալերինան,— հարցրեց մայորը։

— Այո՛,— ասաց Ծանոթը,— սա Բալերինան է, պարուհի Փարիկյանը․․․

— Միանգամայն ճիշտ է,— գլուխն օրորեց մայորը։— Չլիներ Բուլդոգը, այս աղջիկը չէր ընկնի գողերի շրջապատը։ Սիրեց և գնաց տղայի ետևից։ Մայրը վշտից, անկողին ընկավ և մահացավ։ Ի դեպ, հանգուցյալը գտնվում էր քրեական փնտրուքի մեջ։ Քեզ հայտնի՞ է դա․․․

— Այո՛,— ասաց Ծանոթը։

— Իսկ որտե՞ղ են թաքցրել աղջկա գլուխը,— հարցրեց մայորը։

— Չեն թաքցրել, պարզապես թաղել են,— ասաց Ծանոթը։— Հրազդանի ձորում, Երևանյան լճից ներքև՝ քարատակին։ Ես և Բոռը մթերային զամբյուղով տարանք և թաղեցինք․․․

— Տեղը հիշո՞ւմ ես․․․

— Իհարկե,— ասաց Ծանոթը։

— Հանցանշանի հաստատումը ինքնին բանտարկության իրավունք է,— խոսեց մայորը,— օպերացիան սկսելու բոլոր հիմքերը կան, սակայն սպասենք անհայտի ժամանելուն, սպասենք, գուցե այդպես ավելի ճիշտ կլինի՞, հը՞․․․

— Ես այլ խնդիրք ունեմ, ընկեր մայոր,— ասաց Ծանոթը։— Նրանց կալանավորելն այս օրերին այնքան էլ հեշտ չի լինի։ Նրանք պատրաստ են ձեզ դիմադրելու, պատրաստ են դիմադրելու մինչև վերջ։ Եվ զինված են։ Ատրճանակներ ունեն բոլորը։ Զոհեր կլինեն, ընկեր մայոր։ Հարկավոր է մշակել նրանց բերման ենթարկելու առավել անվտանգ միջոցներ։ Նրանց հարկավոր է մեկ֊մեկ որսալ։

— Այո՛, այդ մասին պետք է մտածել․․․

— Նկատի ունեցեք, ընկեր մայոր, որ Զուլումին միշտ պահպանում է տղաներից որևէ մեկը, այսպես կոչված, թիկնապահը։ Ավելացրած նաև այն, որ ինքը՝ Զուլումը, զինված է և ճարպիկ է սատանայի նման․․․


* *

Ամառը վերջանում էր։ Հովեկները վերադառնում էին։ Վերադարձան նաև մայոր Բագրատունու ու լեյտենանտ Մարկոսյանի ընտանիքները։ Տունը նորից լցվեց աղմուկով ու ջերմությամբ, ծիծաղով ու լացով, կենդանացավ։ Հարևանները մայորի կնոջը պատմել էին ահավոր գիշերվա մասին, և կինը, կնոջ բնավորության համաձայն, թեկուզև մեծ ուշացումով, բայց ցույց տվեց իր բուռն վերաբերմունքը, այնպիսի աղեկտուր լաց ու կոծ բարձրացնելով, որ երեկոյան ամուսինը ոտքը դռան շեմքից ներս դնելով, քիչ մնաց կաթվածահար լիներ, կարծելով, թե տանը դժբախտություն է պատահել։ Սակայն լսելով ահաբեկված կնոջ կցկտուր պատմությունը, թեթևացած Ժպտաց, գրկելով նրան՝ «հիմարիկ» անվանեց, բայց իզուր, կինը շարունակում էր ծվատել ինքն իրեն․

— Բա որ քեզ սպանեին, տան մեջ՝ անտեր ու մենակ, ես ի՞նչ էի անելու,— հեծեծում ու ծեծում էր ծնկները։

— Լսիր, այ Արուսյակ, տեսնում ես՝ չեն սպանել, էլ ինչո՞ւ ես քեզ սպանում։ Տեսնո՞ւմ ես նույնիսկ քերծվածք չեմ ստացել։ Քո ժամկետանց լացը, ախր, բոլորովին անտեղի է․․․

— Բա որ սպանեի՜ն․․․,— չէր հանգստանում կինը։— Վահագն, խնդրում եմ քեզ, աղաչում եմ, դուրս արի էդ անիծված աշխատանքից, դուրս արի, լսո՞ւմ ես․․․ Լսո՜ւուո՜ւմ ես․․․ Ամեն օր պատերազմի մեջ ես։ Վահագն, ես ու քո երեխաները խաղաղություն ենք ուզո՜ւո՜ւո՜ւմ

Խնդրեց֊պաղատեց, հնար չեղավ։ Կինն ամուր կառչել էր իր հայտնագործությանը և ցանկանում էր նրա անմիջական տեղափոխումը այլ աշխատանքի։ Ինչպես ասում են, զույգ ոտքը դրել էր մի ոտնամանի մեջ, չէ՛ ու չէ՛։ Վերջում սպառնաց, թե կբաժանվի։ Կվերցնի իր երեխաներին ու կգնա։ Թե ո՞ւր էր գնալու, այդպես էլ չիմացվեց։ Բայց հազար երդումով հաստատեց իր որոշումը։ Բագրատունին երկար, համբերությամբ համոզում էր նրան և, ի վերջո, խնդրեց կնոջը ժամանակ տալ իրեն, մինչև հարմար գործ գտնի, նոր միայն թողնի աշխատանքը։ Կինը թեև չհավատաց, բայց նահանջեց։

— Դու ծանր փորձանքից ես փրկվել, Վահագն, մեծ փորձանքից,— անկողնում ամուսնուն փաթաթված՝ հեկեկում էր կինը։— Ես վաղը գնալու եմ սուրբ Սարգիս, մոմեր վառելու աստվածամոր առջև, որ քեզ պահեց-պահպանեց կնոջդ ու երեխաներիդ համար։ Մատաղ եմ խոստանալու նրան, Վահա՛գն,— չէր հանգստանում Արուսյակը,— իսկ դու մի սպիտակ մատաղացու գառ գտիր, որ մատաղ անենք նրան։

Մայորն ասես առաջին անգամ էր տեսնում իր կնոջը։ Ցավով էր մտածում, որ կնոջն առ այսօր կարգին չի ճանաչում։ Միայն հիմա իմացավ, որ իր կինը, իր տարիների անդավաճան ընկերուհին՝ լեզվի ու գրականության ուսուցչուհի Արուսյակ Բագրատունին հուզված պահերին դառնում է երես առած մի աղջնակ և, մանավանդ, աստվածապաշտ է։ «Չէ, հնար չկա, մատաղի գառը պետք է խոստանալ, թե չէ մի ավելի դժվար բան կփաթաթի վզիս։ Պիտի խոստանամ։ Ո՞ւր էր քո աստվածամայրը այն բարդուղիմեոսյան գիշերը, Արուսյա՛կ։ Եթե երևար, կփրկեր ինձ մենակությունից և այն ծանր հոգեկան ցնցումներից։ Չէ՛, չէ՛, մատաղը պետք է խոստանալ, այլ ելք չկա։ Աշունն ուր որ է նստելու է դռանը, մի թեթև քեֆ կանենք և ոչ աստվածամայրը կնեղանա, ոչ էլ մանավանդ Արուսյակը»։

— Լավ, Արուսյա՛կս, թոդ քո ասածը լինի։ Վաղը։ Կամ ամենաուշը մյուս օրը մատաղի գառը կապված կլինի խնձորի ծառից։ Եղա՞վ․․․

— Եղավ, Վահագնս, եղավ․․․,— փարվեց ամուսնուն կինը։

Մայորն զգաց, որ կինը կարոտել է իրեն։ Զգաց, որ ինքը ևս կարոտել է նրան, նրա ոչ ջահել, բայց խլրտուն ու տաք մարմնին, մազերի բույրին։ Եվ քնքշորեն, մատների ծայրերով սրբելով այտերի արցունքները, համբուրեց աչքերն ու գլուխը թաղեց նրա խիտ վարսերի մեջ․․․


* *

Դեպքերը հասունանում էին դանդաղորեն։ Մայորը չէր շտապում։ Նա ակնդետ հետևում էր Զուլումի գործողություններին։ Սպասում էր նրա բարեկամի ժամանմանը, որի մոտ, տեղեկությունների համաձայն, պահված էր թանկարժեք ավարը։ Մայորը հույս ուներ, որ Բուլդոգը ձեռնոց կնետի իր արյունախում ընկերներին և նրանց միջև եղած պառակտումը կհասցնի ծանր, արյունոտ ընդհարման։ Սակայն այդպես չեղավ։ Կատաղած Բուլդոգը, ի վերջո, իր շեֆին հլու, վերադարձավ և հայցեց նրա ներողամտությունը։ Պատասխանը եղավ Զուլումից ստացած ահավոր ծեծը, որից հետո միայն ներվեց նրա հանցանքը։

Եվ հանկարծ Զուլումի խումբը կենդանացավ։ Պարզվեց, որ ժամանել է նա, որին սպասում էր Զուլումը։ Բաժնում ևս եռուզեռ սկսվեց։ Քաղաքային միլիցիային անմիջապես տեղեկացվեց, որ Զուլումի խումբը պատրաստվում է հեռանալ, փախչել քաղաքից։ Լուսանկարները ցրվեցին բոլոր նրանց, ովքեր պարտավոր էին և կարող էին կանխել ոճրագործների փախուստը։ Մի քանի օր անց պարզվեց նաև, որ Զուլումի կողմից նախապատրաստված պլանը կարող է փոխվել։ Ծանոթն ասաց, որ Զուլումն սպասում է մի կնոջ, որին սիրահարված է վաղուց և թանկարժեք իրերը վերադարձնելու հարցը օրակարգից հանվել է, քանի որ նրանք որոշել են ամուսնանալ։ Քաղաքից հեռանալու և գողացված գանձերի շուրջը այժմ ոչ մի ասուլիս, ոչ մի խոսակցություն չկա։

— Ես այդպես էլ կարծում էի,— ասաց մայորը,— ես գիտեի, որ նա կնոջ է սպասում․․․

— Ուրեմն, գիտեք նաև թե՝ ո՞ւմ․․․— զարմացած նրան էր նայում Ծանոթը։

— Գիտեմ, բայց քանի որ մինչև վերջ հաստատող ապացույցներ դեռ չունեմ, իմ ճշմարտությունը ճշմարտություն չի դառնում։ Հավատացած եմ սակայն, որ Զուլումն այդ կնոջից երբեք չի ստանա ի պահ տրված գանձը։ Իսկ ամուսնությունը ժամանակ շահելու նպատակով հորինված կանացի խորամանկ խաղ է, քանի որ քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումին վաղ թե ուշ սպառնում են բանտարկությունը և պատժի գերագույն չափը։ Մնացածը այդ կնոջ համար կգնա յուղի պես, եթե մենք նրան չկարողանանք որսալ։ Խնդրում եմ քեզնից, Գրիշա, ավելի ճիշտ, կրտսեր լեյտենանտ Գրիգորյան,— դիմեց Ծանոթին մայորը,— նրա յուրաքանչյուր քայլի մասին տեղեկացնել։ Այնուհետև, եթե նրանք պատրաստ են մեզ դիմավորելու «հյուրասիրության բոլոր կանոնների համաձայն», ուրեմն, մենք երբեք չենք փորձի դառնալ նրանց «ցանկալի հյուրերը»։ Մենք պարզապես նրանց կհանդիպենք այնտեղ, որտեղ մեզ չեն սպասում։

Ծանոթի դուրս գալուց հետո մայորը հեռախոսով կապվեց դատախազի հետ և նրանից Եղբայրության փողոցի № 117 շենքի 52-րդ բնակարանը խուզարկելու թույլտվություն էր խնդրում։ Դատախազն առարկում էր, մայորը՝ եռանդագին համոզում և, ի վերջո, կոտրելով դատախազի թույլ դիմադրությունը, թույլտվությունն ստացավ։

— Ընկեր Խաչատրյան, մենք խուզարկությունը կկատարենք ճիշտ այն օրը, երբ Զուլումն ու իր խումբը կենթարկվեն բերման։

— Լավ, լավ, խուզարկության օրդերը կստանաս,— լսափողի մեջ դժգոհ մռլտում էր դատախազը,— տնաշեն, այնպես ես խոսում, կարծես պլանավորել ես Զուլոլմին ձեռնաշղթա հագցնելու օրն ու Ժամը․․․

— Շնորհակալություն,— թեթևացած շունչ քաշեց մայորն ու լսափողը նետեց լծակին։

Աշխատանքային օրը վաղուց ավարտվել էր, երբ մայոր Բագրատունու աշխատասենյակի դուռը բացվեց, ոչ, ոչ, աղմուկով շրխկաց, և հուզված ու քրտնամխած ներս ընկավ լեյտենանտ Մարկոսյանը։ Հևում էր։ Երևի կարևոր բան էր պատահել և տեղ էր հասել վազելով։ Մայորն ուշադիր զննում էր լեյտենանտի գեղեցիկ դեմքը, իսկ հայացքում աճում էին հարցականները։

— Հը՞․․․

— Բուլդոգը «Զվարթնոց» սրճարանում է, ընկեր մայո՛ր։ Նա հարբած է, ինչպե՞ս վարվել․․․

— Ի՞նչ է անում,— հարցրեց մայորը։

— Լուռ նստած է՝ օղու շիշն առջևը։ Ուրիշ ոչինչ։

— Մերոնցից ո՞վ կա այնտեղ․․․

— Ապրեսյանը հսկում է նրան, բայց համազգեստով է, վախենում եմ խրտնեցնի։

— Դե, ուրեմն, գնանք․․․

Անաղմուկ, անձայն սրճարան մտան։ Եվ մի հետաքրքիր տեսարան բացվեց նրանց առջև։ Բուլդոգը հիսունանոց թղթադրամը ձեռքին, խոսում էր նվագախմբի ղեկավարի հետ և դնդնացնելով հիշեցնում նրան ծանոթ մի մոտիվ, ռիթմիկ մի մեղեդի։ Նվագախմբի տղաները, հայացքները նրա ձեռքի հիսունանոցին և իրենց ղեկավարի ազդանշանին, սպասում էին։ Հետո Բուլդոգը հիսունանոցը խոթեց զրուցակցի ծոցագրպանը և առանց ձևականության մոտեցավ միկրոֆոնին։ Ղեկավարը կամացուկ ինչ-որ եղանակ սուլեց, ապա բարձրացրեց ձեռքը, և նվագախումբն արթնացավ։ Թեթև, ռիթմիկ երաժշտությունն անմիջապես թռցրեց, ոտքի հանեց սեղանների շուրջը բոլորած ջահելներին, և սկսվեց պարը։ Բուլդոգը խանձված և բավականին հաճելի ձայնով սկսեց երգել «Գողի բախտը»։ Այո՛, այո՛, լավ էր երգում։ Ունկնդիրներն այս ինքնակոչ երգչին սիրեցին անմիջապես։ «Սրա ի՞նչն է պակաս,— ցավով խորհում էր մայորը,— և՛ տեսքն է փառավոր է և՛ ձայնն է հաճելի, և, եթե չլիներ կրծքից կախված արծաթե խաչը, որը փոքր-ինչ հասարակացնում է նրան, կդառնար կինոէկրաններից «Զվարթնոց» սրճարան իջած դերասանն։ Իսկ Բուլդոգը երգում էր։ Նրա ոչինչ չարտահայտող, դատարկ աչքերը, յուրաքանչյուր ելևէջից հետո, լցվում էին արցունքով։ Բուլդոգը լալիս էր․

— Գողի սև բախտ, գողի սև բախտ,
Մեկ օր դժոխք, մեկ օր դրախտ,
Աշխարհը լայն, բաժինդ՝ բանա,
Մեկ օր առողջ, մեկ օր հիվանդ․․․
Վայելում ես ձեռքդ ընկածը,
Մեկ օր հացը, մեկ օր լացը,
Մեկ օր խինդը, մեկ օր վիշտը,
Մեկ օր սխալը, մեկ օր ճիշտը,
Մեկ օր սիրո մեղրամիսը,
Մեկ օր պարգև՝ սիֆիէիսը,
Ճամփադ սակայն անվարան է,
Կյանքը մեղքի քավարան է․․․
Քավարա՜ն է, քավարա՜ն է, ո՜ւխ․․․

Քանի՜-քանի անգամ ծափահարեցին երգչին, պահանջելով «կրկնել, կրկնել․․․»։ Յուրաքանչյուր երկտող ուղեկցվում էր ծիծաղի պոռթկումներով, և Բուլդոգը կրկնում էր մի քանի անգամ։ Մայորն ու լեյտենանտը տեսնում էին, որ նա չի կարողանում ուրախանալ, որ նա անհաղորդ է հասարակության վերաբերմունքին և մենակ է իր երգի հետ, մեն֊մենակ։

— Զարմանալի է, որ ծափահարվում է այս երգը,— վերջապես խոսեց լեյտենանտը։— Մեր ջահելներից գլուխ չեմ հանում։ Մեր ջահելներին չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարելի է ծափահարել կյանքի աղտոտ հատակներից և մարդկային տականքների կողմից թխված այս երգը, հը՞․․․

— Այդքան խիստ մի լինի, լեյտենանտ ,— մտախոհ պատասխանեց մայորը,— այս ունկնդիրները, այս խենթ ու խելառ ջահելները համերաշխ են ոչ այնքան երգի ներքին բովանդակությանը, որքան նրա թողած ազդեցությանը, զրնգուն ու աշխույժ ռիթմին, որոշ սրամիտ ու վրանբաց արտահայտություններին։ Չէ՞ որ սրանք խենթանում են Վիսոցկու նմանատիպ երգերի համար, իսկ Բուլդոգի խանձված ձայնը հիշեցնում է նրան։ Վիսոցկու ռեպերտուարը սիրելը դեռևս գողի անիծված պրոֆեսիան սիրել չի նշանակում։ Երգը, ինքնին, ուժեղ է այն ժամանակ, երբ արտահայտում է դրամատիկ հոգեվիճակներ։ Իսկ այս և սրա նման երգերում, ինչպես տեսնում ես, դրամատիզմի պակաս չկա․․․

Նվագախումբը լռեց։ Հոգնած և երջանիկ պարողները նորից բոլորեցին սեղանները, նորից զնգացին բաժակներն ու նրանց ընկերացած դանակներն ու պատառաքաղները։ Բուլդոգը եկավ ու ծանր նստեց։ Հայացքում խոնավ մշուշ կար։ Եվ մշուշի մեջ հոգու ցրտություն, հոգու, պարապ հոգու երևացող ցավ և անլսելի աղաղակ։ Նստեց ու պաղ նայեց շուրջը։ Մայորի և լեյտենանտի քննախույզ հայացքները նայում էին նրան։ Բուլդոգի հայացքի մեջ տագնապ ու չարություն չկար։ Վերջապես նա խոսեց․

— Եկել եք, հա՞։ Իզուր եք եկել։ Ես այստեղից ուղիղ գալու էի ձեզ մոտ, քաղաքացի Բագրատունի։ Ցանկանում էի մի լավ հարբել, որ ոտքերս ինձ բերեին ձեր դուռը և միտքս չխանգարեր ցանկությանս։ Ես այլևս գնալու ոչ մի տեղ չունեմ։ Ոչ ոք չունեմ․․․

— Իսկ Զուլո՞ւմը․․․— հարցրեց մայորը։

— Զուլո՜ւմը․․․,— ծոր ավեց Բուլդոգը,— Զուլումի ձեռքը երկար է, մայոր։ Զուլումի ձեռքը ծանր է, որովհետև մարդու ձեռք չէ, այլ գազանի թաթ։ Ես մարդ չեմ սպանել, մայոր Բագրատունի՛, ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ։ Արյուն տեսնելիս իմ աչքերը մթնում են։ Իմ սիրտը խառնում է։ Ես ուշաթափվում եմ․․․ Բայց գողացել եմ շա՜տ, որքան քեֆդ ուզի։ Գողանում էի, որ Բալերինայի հետ տուն-տեղ դնելու միջոցներ ունենամ։ Հետո հասկացա, որ ուրիշների տները քանդելով ու թալանելով քոնը չես կարող կառուցել։ Քամու բերածը քամին էլ կտանի։ Բայց ես Բալերինային սիրում էի, շատ էի սիրում։ Թեկուզ և գող, բայց նա լավ աղջիկ էր։ Ուզում էի իմ Բալերինայի հետ քաշվել-գնալ մի հեռավոր գյուղ, մի մաքուր և ապահով վայր, ուր զուլումներ չկան, չկան գողեր՝ իրենց մարդ խժռող «զակոններով»։ Այս ձեռքերով խրճիթ կկառուցեի, բոստան կփորեի, այգի կգցեի, ընտանիք կունենայի․․․ Բալերինան պարող էր, մայոր։ Ես երգող եմ, կապրեինք խեղճ ու միամիտ մեր պապերի նման, Ադամի ու Եվայի պես՝ դրախտից էլ փախած, դժոխքից էլ, մեղքից էլ, անմեղությունից էլ, մի խոսքով, իսկական մարդու կյանքով։ Շատ բան չէի ուզում, բայց քչին էլ չհասա։ Բալերինային Սուրբը մորթեց։ Մորթեց այնքան հեշտ, այնքա՜ն սովորական ձևով, ասես մարդ չէր, աղջիկ չէր, այլ հավ էր, ճագար, մորթեց, որ ձեր ձեռքը ողջ-ողջ չընկներ, որ չճանաչվեր։ Ես աշխարհում միայն մի Բալերինա ունեի, հիմա ոչ ոք չունեմ։ Եվ վախենում եմ մենակությունից, որովհետև մենակ եմ։ Եվ վախենում եմ գնալ Զուլումին ու Սուրբին մորթելու, որովհետև մորթելն իմ գործը չէ, իսկ նրանք, թաց գործի այդ վարպետները, անմիջապես կմորթեն ինձ, կմորթեն ինչպես մի լակոտի, վախենում եմ։ Խենթացա, ընկա փողոցները, ինչ անելս չգիտեի։ Կանչեց՝ գնացի և ներողություն խնդրեցի։ Չներեց՝ ծեծեց-ջարդեց։ Մնաց միայն մեկ ճանապարհ՝ բանտ։ Գիտեմ, որ նրա ձեռքը երկար է, այնտեղ էլ կհասնի ինձ։ Բայց ուրիշ ճամփա չունեմ։ Ահա ձեռքերս․․․,— և Բուլդոգն իրար կցած բազուկները մեկնեց մայորին։— Հագցրու ձեռնաշղթան և տա՛ր․․․

— Մենք քեզ ձեռնաշղթա չենք հագցնի,— ասաց մայորը,— մենք քեզ հիմա տանել էլ չենք ուզում։ Այս մարդիկ սպասում են քո հաջորդ երգին։ Եվ կնեղանան։ Եվ կաղմկեն։ Ճիշտ չէ՞, Մարկոսյան․․․

Երբ Բուլդոգը նորից բարձրացավ երգելու, նրան համերաշխ ծափահարեցին։ «Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս»՝ երգում էր նա տաք կարոտով և կորստի ցավով։ Երբ երգն ավարտվեց, Բուլդոգը մոտեցավ մայորին և ասաց․

— Հիմա տարեք ինձ, որովհետև նրանք կգան․․․

Տարան նախակալանատուն։ Ներս մտնելուց առաջ նա մայորին ասաց․

— Իմ ասածները ցուցմունքներ համարեցեք։ Գրեցեք և տվեք ստորագրելու, թե չէ՝ ո՞վ իմանա, հետո գուցե միտքս փոխեմ և փոշմանեմ, քաղաքացի մայոր։ Վերջին հաշվով իմ մեղքերը ևս քիչ չեն․․․

— Մենք քեզ հավատում ենք,— ասաց մայորը,— և երբեք խմած կամ հարբած մարդու անկամ ու թուլացած վիճակը չենք չարաշահի։ Եթե ուզում ես ճիշտն իմանալ, մենք քո և շեֆիդ ընդհարումի մասին գիտեինք հենց ընդհարման օրը․․․

Կես ժամ անց Մարկոսյանն ու Ապրեսյանը, «Զվարթնոց» սրճարանի դռների մեջ, առանց լուրջ դժվարության, անաղմուկ ոլորեցին Բուլդոգին հետամուտ Բոռի թևերը, արագորեն զինաթափեցին և նետելով մեքենայի մեջ, տարան միլիցիատուն։

— Եկել էիր Բուլդոգին բերման ենթարկելու,— դիմավորեց նրան Բագրատունին,— բայց բերման ենթարկվեցիր ինքդ․․․ Լավ չեն գործերդ։

— Քո գործերն էլ բանի նման չեն, մայոր,— խոսեց Բոռը։— Մեզ բռնոտելու և բերման ենթարկելու պլաններդ չես կատարում, դրա համար մենք քեզնից խորապես շնորհակալ ենք, նկատողությունդ էլ բարով վայելես․․․ Եթե մեր հարցով վառվես, մենք հիշաչար չենք, մայոր, չենք թողնի անգործ մնաս, սիրով կընդունենք մեր շարքերը․․․

Մայորը ժպտում էր։ Սրամիտ է անծիվածը, իրեն չի կորցնում։ Բայց աչքերը չար են, շատ չար, չարից էլ չար։ Եվ որտեղից որտեղ հիշեց հանկարծ իր պատանեկան օր երին կատարված մի դեպք, երբ յայլայում գայլն ընկել էր իրենց սարքած թակարդը։ Ճիշտ այս հայացքով էր նայում։ Կատաղությունից արնակալած աչքերով ու փշաքաղված մազերով։ Բոռը նման էր թակարդն ընկած գայլի։

— Դուք այլևս շարքեր չունեք, Բոռ, չունեք։ Ձեր շարքերը շարքից դուրս եկան, իսկ նոր համալրում չստացաք։ Չեչոտը չկա, Զուբը չկա, Բուլդոգը մեր ձեռքում է, դու, կարծեմ, չես կասկածում, որ վառվել ես։ Բալերինային դու և Սուրբը մորթեցիք։ «Դրսում» մի երկուսն են մնացել։ Երկուսով շարք կազմել չի լինի, Բոռ։ Հիմա դու ճիշտն ասա, Բուլդոգին բերմա՞ն էիր ենթարկելու, թե՞ վերացնելու։ Ինչպիսի՞ն էր շեֆիդ հրամանը․․․

— Դու, ի՞նչ է, մայոր, ինձ խելառի տե՞ղ ես դրել։ Հարցը տվիր և վերջ․․․ Պատասխան չես ստանա։ Թե ինչու էի եկել, դա քո գործը չէ, մայոր Բագրատունի, թեև պարտականությունդ է իմանալը և իրավունքդ հարցաքննելը։

— Լավ, կարող ես չասել,— խոսեց մայորը,— հեղինակության հարց էլ կա, գիտեմ։ Եթե միանգամից խոսես, ոճրագործ Բոռի անունը գետնովը կտաս, խայտառակ կլինես, պարզ է։ Բայց ես վստահ եմ, որ խոսելու ես, որովհետև իմ «հին բարեկամներին» լավ եմ ճանաչում, որովհետև բնավորությունդ լավ գիտեմ։ Մի քանի անգամ պիտի գոռգոռաս, մարդկանց գլխիդ հավաքես։ Մի երկու անգամ խենթանալու փորձեր պիտի անես։ Մի քանի անգամ արտասվելով դիմես մեր ներողամտությանը և նոր միայն խոսես։ Իսկ երբ դու խոսում ես, Բոռ, բոռի բզզոցը քեզ օրինակ, էլ կանգառ չկա, էլ լեզվարգելակում չկա, մինչև ճարահատյալ մենք չսեղմենք արգելակները։ Մի խոսքով, ճտերը աշնանն են հաշվում։ Եղա՞վ․․․ Միայն ինձ ասա, ինչո՞ւ ես շրջում հրազենով և սառը զենքերի այդքան հարուստ տեսականիով։ Քեզ ասեմ․ Բուլդոգին հանդիպելն այսօր քեզ համար ճակատագրական կլիներ։ Նա և ուժեղ, և քաջ է քեզնից։ Նա էլ էր զինված և քո վրա գայլի ատամ ուներ։ Ուրեմն, շնորհակալ եղիր մեր տղաներից, որ քեզ փրկեցին վերահաս մահից։ Քեզ համար բանտը, գոնե առայժմ, փրկություն է, իսկ եթե բախտդ բերեց և գնդակահարությունից խուսափեցիր (որին ես չեմ հավատում) և տասնհինգ տարի շալակեցիր, ուրեմն, հաշվիր, որ դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, Բոռ․․․

— Ի՞նչ, ի՞նչ գնդակահարություն,— գոռաց հանցագործը,— ես ոչ մի մեղք չունեմ․․․

— Գիտեմ, գիտեմ,— խոսեց մայորը,— հիմա քեզ կտանեն նախակալանատան խցիկը։ Ինքդ լավ գիտես, որ քննության ընթացքում այդպիսին է կարգը։ Այնտեղ մենակության և խորին լռության մեջ կթերթես կյանքիդ կարևորագույն էջերը, կհիշես այն բոլոր արարքները, մեղքերը, հանցագործությունները, մանավանդ, թաց գործերը, որ կատարել ես։ Կսկսես վերջինից՝ Բալերինայից, որին գլխատել ես և հետո, տղաներից մեկի հետ տարել ու Երևանյան լճից ներքև, քարատակին թաղել։ Հենց այս փաստից էլ սկսիր․․․ Իսկ հիմա ես քո հարցաքննությունը դադարեցնում եմ․․․

— Ո՛չ, ո՛չ,— շփոթվեց Բոռը,— ես ոչինչ չեմ արել, ես անմեղ եմ, լսիր ինձ, մայոր․․․

Մայորը սեղմեց զանգի կոճակը։ Հերթապահ միլիցիոներն արձանացավ առանձնասենյակի դռան առջև։

— Սերժանտ, նախակալանատուն տարեք սրան․․․

Մայոր Բագրատունին սպասում էր զանգի։ Սպասում էր հիվանդագին անհամբերությամբ։ Չարացած հայացք էր նետում պատի ժամացույցին, որն ասես դիտավորյալ դանդաղում էր, սև կատվի պես սեղանի ծայրին կուչ եկած հեռախոսին, որի լծակն ասես ամուր խածել էր լսափողը և չէր թողնում, որ զանգը զրնգա։ Եվ արդեն, անկարող տեղում հանգիստ նստելու, բարձրացավ ու սկսեց լայնքով ու երկայնքով չափել առանձնասենյակը։ Վերջապես․․․ հեռախոսը զնգաց․

— Այո՛, այո՛, մայոր Բագրատունին։ Դո՞ւ ես, Գրիշա։ Հա՞․․․ Վա՞ղը․․․ կլինեք երեքո՞վ։ Ուրեմն, ժամը 2֊ին։ Ռեստորանի շրջակայքի հսկողությունը քեզ վրա՞ է դրված։ Հիանալի է։ Եղա՛վ, եղա՛վ։ Ինչպես պայմանավորվել ենք, եղա՛վ․․․

Լսափողը լծակին դնելով, մայորը երկար շփում էր ձեռքերը։ Ուրեմն, տրամադրությունը բարձր է, ուրեմն, գործերը լավ են գնում։ Հետո հավաքեց բաժանմունքի պետի համարը։

— Ընկեր գնդապետ, Զուլումի խմբի լիկվիդացիան սկսում ենք։ Խնդրում եմ ձեր օրհնությունը։ Ասում եք՝ աստված մեզ հե՞տ։ Աստված որ լինի մեզ հետ, կարծում եք, գործը դրանից կշահի՞։ Ուզում եք անձա՞մբ մասնակցել։ Խորհուրդ չէի տա։ Իմ խորհրդի կարիքը չե՞ք զգում։ Ի՛նչ արած։ Հա՛, հա՛, հասկացա։ Կրկնում եմ՝ ձեզ խորհուրդ չէի տա մասնակցելու, խորհուրդ չէի տա։ Ուրեմն, հանում եք աստծո թեկնածությունը և ցանկանում եք ինքներդ լինել մեզ հետ։ Ի»նչ կարող եմ ասել, եթե պնդում է ավագ աստիճանավորը․․․

Գիշեր էր արդեն, երբ մայոր Բագրատունին դուրս եկավ հիմնարկից և քայլեց դեպի տուն։ Վաղվա շուրջկալի հաջողությանը նա չէր կասկածում։ Զուլումն ու Սուրբը չէին կարող դուրս պրծնել այդքան խնամքով պատրաստված ծուղակից։ Քաղաքամերձ ռեստորանի շրջակայքի հսկողությունը Զուլումը հանձնարարել էր Ծանոթին, այսինքն, կրտսեր լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանին, որը նրան և Սուրբին պետք է ուղեկցեր ռեստորանի բանկետի փոքր դահլիճը։ Այստեղ էլ նրանց սպասում էր դարանը։ Դռնից ներս մտնելուն պես միլիցիայի աշխատակիցները պետք է տեղնուտեղը զինաթափեին ու ձերբակալեին հանցագործներին։ Անհաջողության դեպքում Զալումի և Սուրբի փախուստի միակ ճանապարհը ետնամուտքն էր, որը հուսալիորեն փակված էր միլիցիոներներով։ Շրջակայքում չէր լինելու ոչ մի ավտոմեքենա, հետևաբար, հետապնդողները կարող էին թփերում պահված մոտոցիկլետներով հեշտությամբ հասնել չարագործներին, եթե սրանք մինչ այդ կարողանային հաղթահարել բոլոր անհաղթահարելի արգելքներն ու պատնեշները։

Մայոր Բագրատոլնու միտքն զբաղեցնում էր այլ հարց՝ Շահմարի առեղծվածի բացահայտումը, որը պետք է հանդիսանար իր և իր մարդկանց դժվարին հաղթանակի ապոթեոզը: Մայորը, որ ամենայն բարեխղճությամբ և վարպետությամբ քանդել էր առեղծվածի խճճված կծիկը, ցանկանում էր փոքր֊ինչ թատերական տեսք տալ այդ գաղտնիքի բացահայտմանը։ Ցանկանում էր հանկարծակիի բերել և հանցագործներին, և վկաներին, և, մանավանդ, Շահմար կոչեցյալ դևին, որը մինչև այժմ իր անմատչելի ու անորսալի թաքստոցից ղեկավարում է Զուլումի խմբի չարագործությունները, շահելով բոլոր խաղաքարտերը և մնալով խաղից դուրս, մնալով անտեսանելի ոչ միայն արդարադատության ու միլիցիայի օրգաններին, այլև հենց իրենց՝ չարագործներին, որոնք տարիներ շարունակ, գողանալով աշխատավոր մարդկանց արդար վաստակը, ոսկեզօծում էին Շահմարի անսահման, անհագուրդ ընչաքաղցությունը։

Զուլումն ու Սուրբը ձերբակալվեցին անմիջապես։ Մինչև գլխի կընկնեին, կկողմնորոշվեին, կգնահատեին իրադրությունը, ձեռնաշղթաներն արդեն պիրկ սեղմել էին նրանց բազուկները։ Զուլումն իր վզակոթին ստացավ Ապրեսյանի նույնատիպ հարվածը, որին հետևեց կրտսեր լեյտենանտի «քվի՜թ» բացականչությունը։ Զուլումը տապալվեց հատակին, իսկ երբ քիչ անց ուշքի բերին, վզի ցավից կռահեց, որ այգու իր հարվածն էր վերադարձվել իրեն, բայց որովհետև ուժ չուներ բերան բացելու և խոսելու, դեմքին անընդհատ ջուր էին սրսկում։ Հետո, երբ նրան նստեցրին խորտիկներով ծանրաբեռ սեղանի առջև, մշուշված աչքերով նայեց շուրջը և շշնջաց լոկ մի բառ․

— Կրա՛խ․․․


* *

Մայորը հավաքեց պրոֆեսոր Խախանյանի համարը․

— Ողջո՜ւյն, պրոֆեսո՛ր։ Կարծում եմ, որ լավ հանգստացած կլինեք։ Այո՛, այո՛, ես եմ։ Այո՛, այո՛, շարունակում եմ աշխատել։ Շնորհակալ եմ ձեր մեծահոգության համար։ Ուրեմն, ինձ հարմար նոր աշխատա՞նք եք որոնում։ Որոնեցե՛ք, ես իմ խոստումի տերն եմ, այո՛, այո՛, հենց որ հարմար գործ ճարեք, ես պատրաստ եմ անմիջապես թողնել իմ այս անիծված աշխատանքը։ Բայց ես ձեզ համար հաճելի սյուրպրիզ ունեմ։ Չէ՞ որ խոստացել էի այս աշխատանքը թողնելուց առաջ ոսկե սկուտեղով ձեզ մատուցել ձեր բնակարանը կողոպտողներին։ Ճի՞շտ է։ Ուրեմն, խոնարհաբար խնդրում եմ, այսօր, երեկոյան ժամը 6-ին ներկայանալ միլբաժանմունք՝ ձեր թանկարժեք իրերը ետ ստանալու և մասնակցելու մի լուրջ գաղտնիքի բացահայտման, որը կոչվում է Շահմարի առեղծված։ Ինչո՞ւ լռեցիք, պրոֆեսո՛ր։ Չէ՛, չէ՛, չեմ կատակում։ Ձեռք առնել ձեզ նման հարգված մարդո՞ւն․․․ Ի՞նչ եք ասում։ Չէ՛։ Ինքս կգամ ձեր ետևից։ Հաղորդեցե՛ք իմ ջերմ բարևները ձեր հարգելի ընտանիքի բոլոր անդամներին։ Շնորհակալ եմ։ Ցտեսությո՛ւն․․․

Երեկոյան մայոր Վահագն Բագրատունու առանձնասենյակն էին հավաքվել միլիցիայի աշխատողներ, «Սովետական միլիցիա» թերթի խմբագիրը և ուրիշներ։ Պրոֆեսոր Խախանյանին և նրանից անբաժան Արեգ Արամովնային իր մեքենայով բերեց Վահագն Բագրատունին։ Մի խոսքով, պարը բոլորվեց։

— Ընկերնե՛ր, «Երկու անհայտով հավասարում կամ Շահմարի անկումը» անունը կրող օպերացիան ավարտվեց,— սկսեց մայոր Բագրատունին։— Դուք այստեղ, մեղադրյալների աթոռներին տեսնում եք հանրահայտ հանցագործ Զուլումին, նրա հանցակիցներին՝ Սուրբին, Բոռին և Բուլդոգին։

— Իսկ Շահմա՞րը,— նետեցին տեղերից։

— Շտապել հարկավոր չէ,— շարունակեց մայորը,— ես ասացի, որ օպերացիան ավարտվել է, նշանակում է այդ հարցի պատասխանը կստանաք։ Իրականում ո՞վ է եղել այս խմբի ոգեշնչողն ու չարագործությունների կազմակերպիչը։ Զուլո՞ւմը, և՛ այո, և՛ ոչ։ Զուլումը գործիք է եղել Շահմարի ձեռքին, կատարելով լոկ նրա քմահաճույքներն ու ցանկությունները։

Սրանից ութ տարի առաջ Երևանի բժշկական ինստիտուտի ավարտական կուրսից, գողության պատճառով, վտարվեց Մարինե Մելիքյան ազգանունով մի աղջիկ, որը սակայն հայտնվեց ակադեմիկոս Վրթանեսյանի լաբորատորիայում, հեշտությամբ նվաճեց այրիացած գիտնականի սիրտն ու դարձավ նրա մեքենագրուհի֊քարտուղարուհին։ Մարինե Մելիքյանը փրկված էր և գտնվում էր հարստանալու հեշտ ճանապարհին։ Կարճ ժամանակամիջոցում ակադեմիկոսը նրան տվեց նաև բնակարան։ Սակայն Մարինեին հրապուրում էր ոչ միայն ակադեմիկոսի գրպանը, այլև ունեցվածքը, որը ձեռք բերելու համար նա սկսեց տենդագին կերպով ուղիներ հետախուզել։ Այդ օրերին նա հանդիպեց իր դաժանության ու ճարպկության շնորհիվ Երևանի հանցագործ տարրերի գլուխն անցած Զուլումին։ Քիչ է ասել, թե Մարինեն գեղեցիկ էր։ Նա գեղեցկուհի էր․ մի առավելություն, որը, հետագայում նա հմտորեն օգտագործեց իր զոհերին մինչև վերջ քամելու և պլոկելու համար։ Իր գեղեցկությունը նա դարձրեց զենք, որով սպանիչ հարված էր հասցնում մի կողմից ծերացած ակադեմիկոսի փխրուն սրտին և դատարկում նրա քսակը, մյուս կողմից՝ Զուլումին, որը Մարինեի առջև դառնում էր գառան նման հեզ, նրան նվեր բերելով իր հանապազօրյա թալանը։ Մարինե Մելիքյանը շուտով բարոյական ծանր հարված հասցրեց ակադեմիկոս Վրթանեսյանի բարի անվանը, որի աջակցությամբ, նախ, բժշկի դիպլոմ ստացավ, ապա իր և Զուլումի մեղավոր սիրուց ծնված աղջկա հայրությունը փաթաթեց գիտնականի վզին։ Նա Զուլումին չէր վստահում, չէր հավատում, իմանալով, որ գողի և ավազակի խոտորնակ ճանապարհի վերջը լինելու են բանտն ու աքսորը։ Ակադեմիկոս Վրթանեսյանը, որ սրտանց ուրախ էր աղջիկ ունենալու և հպարտ՝ իր չթառամող առնականության համար, սիրով և առանց կասկածելու հայրացավ աղջկան։ Զուլումը այդպես էլ չիմացավ իր հայրանալը։ Այդ ամիսներին նա գտնվում էր «գործուղման» մեջ՝ բանտում։ Մարինեն մինչև վերջ աղջկան թաքցրեց նրանից, մտածելով, որ այդ կապը հետագայում կարող է վերածվել պարտականության, ճակատագրական դառնալ իր համար, իրեն կապելով չսիրած մարդու և, մանավանդ, վտանգավոր հանցագործի հետ։

— Գադինա,— հանկարծ մռնչաց Զուլումը,— գադինա․․․

Նրան լռեցրին, և մայորը շարունակեց․

— Սակայն երեխան խանգարում էր Մարինեին, յոթ կապով կապում ոտքերը։ Միայն իրեն՝ Մարինեին հայտնի հնարքով ու խորամանկությամբ նա կարողացավ իր աղջկան սիրահոժար կերպով, հավիտենապես հանձնել «հորը»՝ Վրթանեսյանին և ապա թև առավ ու թռավ։ Նույն հնարքով ամեն ամիս, կանոնավորապես, մինչև օրս նա ստանում է իր աղջկան հասանելիք ալիմենտը, որն ամսական կազմում է 300-ից մինչև 350 ռուբլի։ Սակայն, առ այսօր, մայրը գոնե մեկ անգամ չի այցելել, նույնիսկ չի ճանաչում իր աղջկան։ Երեխայի հարցը վերջնականապես լուծելուց հետո Մարինեն հայտնվեց պրոֆեսոր Վահրամյանի մոտ։ Այստեղ ևս կրկնվեց նույնը, սակայն աստված գթաց, որ չծնվեց երկրորդ երեխան, հակառակ դեպքում, որբերի թիվը կավելանար ևս մեկով։ Վահրամյանը ևս իր քսակը լայնորեն բացեց գեղեցկուհու առջև։ Սակայն այս անգամ Մարինեն ավելի հեռուն գնաց։ Պարզվեց, որ նրա սերը Զուլումի նկատմամբ լիովին վարձատրված չէ։ Իր նման գեղեցկուհուն ամսական մի քանի հարյուր ռուբլով և մի քանի ականջօղով ու մատանիներով գոհացնելը նույնիսկ վիրավորական է ու ստորացուցիչ։ Եվ նա առանց ձևականության իր «սիրեցյալին» հուշեց ոսկեղենի խանութը կտրելու միտքը։ Տաքարյուն ու անվախ, ամեն տեսակ հնարամիտ ու սրիկա ընկերների հարգանքից ու հպատակությունից շփացած, նրանց ակտիվ օգնությամբ ու աջակցությամբ, Զուլումը, սպանելով խանութի պահակին, կարողացավ թափանցել ոսկեղենի խանութ, հափշտակեց մեծ արժողությամբ ոսկեղեն ու ակնեղեն։ Նա մի կերպ կողոպուտը հասցրեց Մարինեին և ավտոհետապնդման ժամանակ ձերբակալվեց իր ընկերոջ՝ Չեչոտի հետ միասին, երբ արդեն կատարել էր իր հաջորդ անմարդկային հանցագործությունը, սպանելով տաքսու ավտովարորդին և ծանր վիրավորելով մեր բաժանմունքի աշխատակից լեյտենանտ Լևոն Մարկոսյանին։ Զուլումն ու Չեչոտը ստացան իրենց արժանի պատիժը և աքսորվեցին։ Մարինե Մելիքյանը մեզ անհայտ պատճառներով հանկարծ հեռացավ իր երկրորդ տարփածուից՝ Վահրամյանից և կարճ ժամանակով «արձակուրդ տվեց հարուստ քսակով մարդկանց»։ Ենթադրում եմ, որ այդ Ժամանակամիջոցում հեռատես Շահմարը զբաղված էր իր անուն֊ազգանունը փոխելու հոգսերով։ Նա սեփականեց ակադեմիկոս Վրթանեսյանի ազգանունը, քանի որ նա արդեն ծեր էր, ինքը նրանից երեխա ուներ և գիտնականի մահվան դեպքում նրա ժառանգորդուհին դառնալը անհրապույր բան չէր և հարստանալու նոր հեռանկարներ էր թացում իր առջև։ Եվ, վերջապես, նա հայտնվեց մեկ ուրիշ գիտնականի մոտ և դարձավ նրա ասիստենտը։ Գեղեցկուհու համար դռնփակ սրտեր գոյություն չունեին, նա հրեղեն մի զենք էր, որ կարողանում էր թափանցել մարդկանց ընտանիքները և վիշապի ագահությամբ կլլել նրանց լիքը քսակները։ Այս անգամ ևս ուսումնասիրելով, ավելի ճիշտ կլինի ասել, հետախուզելով ծերունազարդ պրոֆեսորի տան ելումուտը, գաղտնարանները, նա կարոտի և սիրո մի սրտառուչ նամակ գրեց հեռու կալանավայրում գտնվող իր սիրուց խենթացած Զուլումին, խոստովանեց, որ ինքը կարոտի անքուն գիշերներ է լուսացնում, որ հիվանդ է և, իբր, իրար հաջորդող նյարդային ցնցումները հետևանք են անհույս սիրո ու կարոտած հոգու, նրան հասկացրեց նաև․․․ սակայն ավելի լավ է խոսքը տանք իրեն, այդ նամակից մի քանի տող ընթերցելով․ «Սիրելիս, դու մտածե՞լ ես, թե ես քանի-քանի տարիներ պետք է սպասեմ քեզ։ Այլևս չեմ կարող դիմանալ։ Բայց եթե մեռնեմ էլ, ինձ բախտավոր կհամարեմ այն գիտակցությունից, որ դու գոնե քո անտեր Շահմարի գերեզմանը անտեր չես թողնի»։ Նման սրտառուչ տողերով և այդ տողերը «արցունքի կաթիլներով» զարդարելով, նամակը ուղարկում է հասցեատիրոջը։ Մեկ֊երկու ամիս անց Զուլումն արդեն գտնվում է Երևանում։ Մի երկու ոչ կարոտի, այլ ուրախության արցունք թափելուց հետո Շահմարը Զուլումին ցույց է տալիս պրոֆեսորի տան իր ձեռքով գծված պլանը՝ ակնեղենի ու ոսկեղենի գաղտնարանները ցույց տվող սլաքներով։ Մնացածն արդեն հայտնի է ձեզ, պրոֆեսոր Խախանյան, թե ինչպես․․․

— Ի՞նչ, ի՞նչ,— շփոթված բարձրացավ պրոֆեսորը,— ի՞նչ ասացիք, ուրեմն, ըստ ձեզ ո՞վ է իմ տունը կողոպտել․․․

Մայորը ժպտաց․

— Մի՛ հուզվեք, պրոֆեսոր, մի՛ հուզվեք։ Ձեր տունը կողոպտել են Զուլումն ու Բալերինան՝ Շահմարի անմիջական ղեկավարությամբ և օգնությամբ, իսկ Շահմարը Արեգ Արամովնա Վրթանեսյանն է, ահա նա՛․․․

Եվ ձեռքը մեկնեց դեղնամոխրագույն, թեփուկավոր զգեստով կնոջը։ Նույնիսկ այդ պահին Արեգ Արամովնան սքանչելի էր։ Միայն աչքերն էին, որ հառված էին ինչ֊որ կետի, և նրանց մեջ անշարժացել էր թունավոր չարությունը։

— Սո՛ւտ է, դուք բամբասում եք Արեգին, սո՛ւտ է,— հանկարծ տեղից բարձրացավ գլուխը կորցրած պրոֆեսոր Խախանյանը, վկաների մեջ առաջացնելով անսքող աշխուժություն, որոնք հետաքրքրությամբ դիտում էին ծերունի սիրահարի ոչ ծերունական բռնկումները։ Հետո նրա գլուխը անբնականորեն թեքվեց կրծքին։ Ստիպված սրտի կաթիլներ տվին։ Այնուհետև նա մինչև վերջ լուռ էր, գլխահակ և թվում էր, թե ննջում է։

— Ժողովուրդը մի հիանալի ասացվածք ունի՝ փորձված աղվեսը թակարդ է ընկնում զույգ ոտքով,— շարունակեց մայոր Բագրատունին,— այդպես պատահեց նաև Արեգ Արամովնա՝ Շահմարի հետ։ Բնակարանի կողոպուտից հետո, հետաքննության ընթացքում, հենց սկզբից, մենք եկանք այն եզրակացության, որ կողոպուտը կատարվել է տան մտերիմների մասնակցությամբ։ Մեծ խելք և տաղանդ հարկավոր չէր հասկանալու, որ միայն իմացող մարդը կարող էր այդքան անսխալ մատնացույց անել տան գաղտնարանները, որովհետև գիշերային մթության մեջ գողերը գործել էին այնպիսի անսխալականությամբ, որով հիացած ու զարմացած էր նույնիսկ պրոֆեսոր Խախանյանը, այսինքն, տուժողն ինքը։ Առանց թաքցնելու մեր կասկածը չհայտնեցինք տանտերերին, խնդրելով օգնել կողոպտիչների մերկացմանը։ Արեգ Արամովնան դուրս էր կասկածանքից։ Սակայն նա անզգուշորեն թույլ տվեց առաջին հայացքից փոքրիկ ու աննշան մի սխալ, որն անմիջապես արժանացավ իմ ուշադրությանը։ Պրոֆեսորի այն կատակը, թե իրենց տան ամենամտերիմը Արեգ Արամովնան է, կարծես խայծ էր, որ կլլեց Արեգը, շտապ պատասխանելով, որ ինքն ալիբի ունի, քանի որ եղել է գործուղման մեջ։ Այստեղ էր, որ նա ընկավ զույգ ոտքով։ Ահա այս, նրա համար չարաբաստիկ, մեզ համար, ինչ խոսք, բարեբաստիկ «ալիբին» առաջին պահ զարմանք պատճառեց ինձ, որը փոխվեց կասկածի, իսկ քննության ընթացքում՝ անսասան համոզմունքի, որ հանցագործության հեղինակն ու կազմակերպիչը Արեգ Արամովնան է։ Այժմ դիմենք փաստերի հեղինակությանը։ Հենց սկզբից Արեգ Արամովնան փորձեց պտտեցնել մեր գլուխը։ Հանդես գալով պրոֆեսորին սիրողի և ցավակցողի դերում, նա զգուշորեն քննության ընթացքը փորձում էր շեղել իր համար ձեռնտու և հարմար ուղղությամբ, կասկածի սլաքներն ուղղելով մերթ Խախանյանի փեսացուի՝ Սերժի, մերթ Խախանյանների տան նախկին սպասուհու՝ Սուսանի ուղղությամբ։ Մեզ օգնելու նրա արտակարգ պատրաստակամության մեջ փորձված աչքը չէր կարող չնկատել Արեգ Արամովնայի ներքին անհանգստությունը և վարպետորեն քողարկված լարվածությունը։

Իր «սիրեցյալ» պրոֆեսորի տքնաջան աշխատանքով և խնայողություններով ձեռք բերված ամբողջ կարողությունը սեփականելուց և թաքցնելուց հետո Շահմարն այժմ ցանկանում էր ազատվել Զուլումից, որն իրեն այլևս պետք չէր։ Ավելին, իր պահանջկոտ և պարտադրող սիրով Զուլումն անհանգստացնում էր հարստացած Շահմարի անդորրության ձգտող հոգին և կարող էր անզգուշորեն նրան ճանաչելի դարձնել միլիցիայի և արդարադատության մարմիններին։ Եվ ահա մենք ստացանք մի անստորագիր նամակ, որ գրված էր դիտավորյալ արված տառասխալներով և ձախ ձեռքով։ Աշխատանքի վայրից վերցնելով Արեգ Արամովնայի ձեռքով գրված ինքնակենսագրականը և այդ նամակը, ուղարկեցի լաբորատորիա։ Պատասխանը չուշացավ, ձեռագրերը պատկանում են միևնույն անձին, գրվել են նույն մարդու ձեռքով։ Սակայն ի՞նչ էր գրում Արեգ Արամովնան իր անստորագիր նամակում։ Նա մեզնից պահանջում էր միջոցներ ձեռնարկել անհապաղ ձերբակալելու քրեական փնտրուքի մեջ գտնվող Զուլումին և փրկել մեր հասարակությունը նման տիպերից։

— Գադինա,— նորից մռնչաց Զուլումը,— գադինա նեսլիխաննայա․․․

Նրան նորից սաստեցին։ Եվ մայորը շարունակեց․

— Մյուս կողմից՝ Արեգ Արամովնան կնոջ վեցերորդ զգայարանով, անսխալ բնազդով երևի զգաց, որ մեղադրանքի ուղտը կարող է չոքել նաև իր դռանը և պրոֆեսոր Խախանյանին մինչև վերջ լարեց մեր դեմ, լրջորեն վնասելով հետաքննությանը։ Եվ հանկարծ գործը կտրուկ շրջադարձ ստացավ։ Ապրեսյանի գնդակները հիվանդանոցի անկողնուն գամեցին Զուլումին։ Հայտնագործվեց նաև Շահմար անունը, պարզվեց, որ այդ անունը կրողը կին է, կին, որն ամենայն սառնասրտությամբ Զուլումից պահանջեց հեծանվի անվաճաղով սպանել կրտսեր լեյտենանտ Ապրեսյանին, որպեսզի գլուխն ազատի ավելորդ գլխացավանքից, ճանաչվելուց։ Հայտնագործվեց նաև Շահմարի ձեռքով գծված Խախանյանների տան հատակագիծը՝ գաղտնարանները մատնող սլաքներով։ Բայց ո՞վ էր Շահմարը։ Ո՞վ էր թաքնված այդ մականվան տակ։ Սա դարձավ հարցերի հարցը, և օրակարգում դրվեց Շահմարի առեղծվածի բացահայտման խնդիրը։ Սկսվեց տենդագին աշխատանք։ Ես համարյա չէի կասկածում, որ Շահմարը նույն ինքը Արեգ Արամովնան է, սակայն հանցանշանները դեռևս անբավարար էին, և փաստերի տրամաբանական շղթայում դեռևս նկատվում էին լուրջ բացթողումներ և ընդհատումներ։ Սակայն առաջ չընկնենք և հետևենք դեպքերի զարգացման ընթացքին։ Ասացինք, որ Ապրեսյանի գնդակները կտրուկ փոխեցին իրավիճակը։ Զուլումի կյանքը մազից էր կախված։ Եվ Արեգ Արամովնան ուրախ էր դրա համար։ Վերջապես ազատվելու էր Զուլումի տհաճ ընկերակցությունից, իր դաժան պարտնյորից, որն իրավունք ուներ պահանջելու իր գանձերը կամ առնվազն կիսելու իր «հալալ աշխատանքի» արդյունքները։ Եվ որ ամենակարևորն է, Զուլումը պետք է մեռներ, որպեսզի իր հետ գերեզման տաներ Շահմարի առեղծվածը։ Եվ Արեգ Արամովնան մարդասիրության անունից քանի-քանի անգամ, նույնիսկ հիվանդանոցի աշխատակիցների ներկայությամբ, պահանջելու պես խնդրում էր պրոֆեսորից ձեռք չզարկել Զուլումի փրկությանը։ Կարիք կա՞ փրկել հանցագործին, որն աղտոտում է հասարակության կյանքը, նրա համակեցությունը։ Սակայն պրոֆեսոր Խախանյանը, հավատարիմ բժշկի իր կոչմանը, մի փոքր էլ գլխապտույտ ապրելով հսկայական կաշառքից, որ նրա ձեռքը համբուրելով՝ մատուցեցին այս երեքը՝ Սուրբը, Բուլդոգը և Բոռը, ինչո՞ւ չէ՝ նաև վախենալով նրանց սպառնալիքից, կատարեց իր դժվարությամբ եզակի, փայլուն մի վիրահատոլթյուն, փրկեց Զուլումին։ Արեգ Արամովնան վերստին տագնապի մեջ է։ Հիվանդ ու անկամ Զուլումին կարող են խոսեցնել։ Հիվանդ ու անկամ Զուլումը կարող է խոսել։ Դուրս տալ ճշմարտություններ, մատնել նաև իրեն։ Մինչ նա իր «սիրածից» ազատվելու նոր ուղիներ էր որոնում, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և երեքը ճարպկորեն գողացան Զուլումին։ Նորից թեթևացավ Արեգ Արամովնայի սիրտը։ Սակայն նրան, միևնույն է, այլևս հանգիստ չէր տալիս Զուլումին շարքից հանելու սևեռուն գաղափարը։ Եվ նա հղացավ իր հաջորդ, առավել քստմնելի արկածախնդրությունը։ Նա սիրահարված բանդիտի առջև դրեց մայոր Բագրատունուն վերացնելու համարյա անլուծելի խնդիրը, համոզված լինելով, որ հետապնդողն ու հետապնդվողը կհոշոտեն միմյանց և անսալով ժողովրդական այն իմաստությանը, թե՝ երբ կռվում են երկուսը, շահողը լինում է երրորդը։ Հեռանալով Երևանից, այս անգամ ևս ապահովելով չքմեղության իր ալիբին, նա Վառնայից իր երկրպագուին գրում էր․ «Սիրելիս, ժամանակն է, որ մենք մեր բարեկամին ուղարկենք Մոգիլյով, նա շատ լավություններ է արել մեզ և, կարծում եմ, ավելին կանի, այնպես որ նրա լավությանը հմենք պարտավոր ենք վարձահատույց լինել միևնույն ձևով»։ Չեմ կասկածում, որ ներկաները լավ են հիշում, թե ինչով վերջացավ Շահմարի կողմից նյութված այս արկածախնդրությունը։ Դաժանորեն մորթվեց Բալերինան։ Անմարդկային, քստմնելի մի արարք, որին դժվար է նույնիսկ անուն տալ։ Ենթադրում եմ, թե որքան զարմացավ Արեգ Արամովնան, երբ վերադառնալով, տեսավ, որ իր թշնամիները՝ և՛ իր «սիրեցյալ» Զուլումը, և՛ մայոր Բագրատունին ողջ և առողջ սպասում են իրեն։ Զուլումը՝ որպեսզի իր ավարի բաժինն ստանալով չքվի Երևանից, իսկ Բագրատունին՝ որպեսզի նրան և նրա գեղեցկուհուն հանձնի արդարադատությանը։ Շահմարն ու Զուլումը բացատրվեցին։ Զուլումը հասկացրեց նրան, որ իրեն սպառնում է վատթարագույնը, որ ինքն այլևս Երևանում մնալ չի կարող և ստիպված է արագ հեռանալ։ Նա Շահմարից պահանջեց իր փայ-բաժինը։ Դերասանուհու իր աներկբա տաղանդը գործի դնելով, արցունքն աչքերին և երդվելով, Շահմարը Զուլումին հավատացնում էր, որ առանց նրա ինքն այլևս չի կարող ապրել։ Եթե Զուլումն ուզում է քաղաքից հեռանալ, ապա թող լուծի իրենց ամուսնության հարցը։ Մի՞թե ինքը մինչև կյանքի վերջը պետք է մնա սիրուհու աննախանձելի և ամոթալի դերում։ Եվ ինչպես միշտ, շահեց թայմ աուտը, սակայն այս անգամ ի վնաս իրեն։ Շահմարը՝ նույն ինքը՝ Մարինե Արամի Մելիքյանը, նույն ինքը՝ Արեգ Արամի Վրթանեսյանը, արդեն հայտնաբերված ու տեսանելի էր, նրան հետևում էին միլիցիայի օրգանները։ Եվ ահա վերջերս նրա բնակարանը խուզարկվեց։ Ես կամենում եմ ներկաներին ծանոթացնել խուզարկության արդյունքների հետ։ Խնդրում եմ հրավիրել լեյտենանտ Մարկոսյանին։

Առանձնասենյակի դուռը բացվեց, և սադափե երկու արկղերով ծանրաբեռ՝ ներս մտավ լեյտենանտ Մարկոսյանը։ Ներկաների հայացքներն ասես հրամանով նրա կողմը շրջվեցին նրա կողմը։ Բացվեցին արկղերը, և էլեկտրական լույսի տակ ակնեղենն ու ոսկեղենը շողշողացին ծիածանի բոլոր գույներով, շլացուցիչ։ Գույների կուրացնող հրավառությունից առաջին պահ շլացան, կկոցվեցին ներկաների աչքերը։ Տեսարանն, իրոք, թատերական էր։ Ներկաները քար էին կտրել՝ տեսնելով այդ հսկայական հարստությունը։

— Որտե՞ղ հայտնաբերեցիք այդ գանձերը, ընկեր լեյտենանտ․․․

— Մեղադրյալ Արեգ Արամի Վրթանեսյանի բնակարանում։ Այս արկղերը պահվում էին զուգարանի ետևի պատի մեջ փորված գաղտնարանում, որը դրսից գոցվում էր ջրի պտտվող տակառիկով,— պատասխանեց լեյտենանտը։

— Պրոֆեսոր Խախանյան, նայեցեք ձեր ասիստենտուհու հարստությանը։ Նայեցեք, կարծում եմ, նրանց մեջ կտեսնեք նաև ձեր կողոպտված գանձերը․․․

Պրոֆեսորը հառաչելով թափ տվեց ձեռքն ու անշարժացավ վերստին։

— Ընկեր Ապրեսյան, հերթը ձերն է․․․

Սիրունիկ աղջնակի ձեռքը բռնած՝ առանձնասենյակ մտավ կրտսեր լեյտենանտ Ապրեսյանը։ Աղջիկը ժպտալով նայում էր շուրջը։ Լսվեց գազանի ոռնոց հիշեցնող ծանր, հոգեմաշ հառաչանք։ Զուլումը լալիս էր և ասես պատառ-պատառ էր լինում նրա սիրտը։ Երևում էր, որ նրա մեջ արթնացել էր հոր, ծնողի զգացմունքը։ Իսկ մայրը այդպես էլ չնայեց աղջկան։ Չցանկացավ նայել։ Գուցե ամաչո՞ւմ էր իր երեխայից, որին ամենից շատ էր պարտական և որին դավաճանել էր նույնքան անսրտորեն, որքան իր տարփածուներին և իր մարդկային առաքինությանը։ Մայրը, մայրությունը գոսացել էին նրա մեջ, գուցեև՝ մեռել։ Նա նեղացած էր մարդկանցից։ Կյանքում առաջին անգամ, մարդկանց հայացքներում նա տեսնում էր ատելություն և արհամարհանք։ Կյանքում առաջին անգամ մարդիկ կուրացել և չէին տեսնում նրա գեղեցկությունը, նրա կանացի հրապույրները։ Նրանից խլել էին գեղեցկությունը, հափշտակել հարստությունը։ Եվ այդ բոլորի՝ չարաշահված գեղեցկության, թալանված հարստության և կործանված կյանքերի դիմաց նրանից հաշիվ են պահանջում։ Արդարադատության զոհասեղանին դրված էր նրա կյանքը․․․

— Անունդ ի՞նչ է, աղջիկս,— հարցրեց մայորը։

— Մարինե,— պատասխանեց աղջիկը։— Մարինե Արսենի Վրթանեսյան․․․

— Նայի՛ր, Մարինե՛, ո՞ւմ ես ճանաչում այստեղ նստածներից։

Աղջիկն ուշադիր նայեց ներկաներին, որոնք շունչները պահած նայում էին մորը, նայում էին աղջկան։ Աղջիկը մոր պատճենն էր։ Խնձորը ասես կիսել էին երկու իբար նման, բայց ոչ հավասար մասերի։

— Ոչ ոքի չեմ ճանաչում,— ասաց փոքրիկը։

Մայոր Բագրատունու նշանով Ապրեսյանը Մարինեին դուրս տարավ առանձնասենյակից։ Տիրեց խորին լռություն։ Մայորը նշան արեց դռան մոտ կանգնած լեյտենանտին․

— Ընկեր լեյտենանտ, ձերբակալեցեք այս կնոջն ու տարեք նախակալանատուն։

Լեյտենանտի ծանր ձեռքն իջավ Շահմարի ուսին։ Նա դանդաղ, դժկամորեն ոտքի կանգնեց։ Օրորվում էր։ Դեմքը գունատ էր, սփրթնած։ Դանդաղ շարժվեց դեպի դուռը։ Մարմինն ասես քանդվեց և գալար-գալար՝ օձագույն, թեփուկավոր զգեստի մեջ, շարժվեց դեպի անհայտություն։

— Գադինա, գադինա, զարազնայա,— նետեց ետևից Ջուլումը։

— Դե, ինչ, ընկերներ, ահա և վերջացավ «Երկու անհայտով հավասարում կամ Շահմարի անկումը» օպերացիան։ Ցտեսություն․․․

1977 թ․