Վերջին թարմացում 20 Մայիսի 2014, 22:40
Կորուսյալ աշխարհ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»



Գլուխ I «Մարդն ինքն է ստեղծում իր փառքը»

Միստր Հանգերտոնը՝ իմ Գլեդիսի հայրը, աչքի էր ընկում անասելի անտակտությամբ և նման էր գզգզված փետուրներով ծեր թութակի, ճիշտ է՝ խիստ բարեսիրտ, բայց բացառապես իր անձով զբաղված թութակի։ Եթե որևէ բան կարող էր ինձ ետ վանել Գլեդիսից, ապա այդ նրա հոր նման աներ չունենալու ցանկությունն էր։ Ես համոզված եմ, որ շաբաթական երեք անգամ «Շագանակներ» կատարած իմ այցը միստր Հանգերտոնը վերագրում էր բացառապես իր ընկերակցության և հատկապես՝ բիմետալիզմի[1] ճամարտակվելուն, մի բան, որում նա իրեն մեծ գիտակ էր երևակայում։

Այդ երեկո էլ ես մի ժամից ավելի լսեցի նրա միալար շատախոսությունը արծաթի արժեքի իջեցման, փողի արժեզրկման, ռուփիի[2] անկման ու փողային ճիշտ սիստեմ սահմանելու անհրաժեշտության մասին։

― Պատկերացրեք, որ հանկարծ պահանջվեր աշխարհում բոլոր պարտքերը անհապաղ ու միանգամից վճարել, ― բացականչեց նա թույլ, բայց սարսափով համակված ձայնով։ ― Ինչ կլիներ այն ժամանակ առկա սիստեմի պայմաններում։

Ինչպես և պետք էր սպասել, ես ասացի, որ այդ դեպքում ինձ սնանկացում կսպառնար, բայց միստր Հանգերտոնը դժգոհ մնաց իմ այդ պատասխանից․ նա վեր թռավ բազկաթոռից, կշտամբեց ինձ իմ մշտական թեթևամտության համար, որը զրկում էր նրան ինձ հետ լուրջ հարցեր քննարկելու հնարավորությունից և դուրս թռավ սենյակից՝ մասոնական[3] մասոնական ժողովի համար շորերը փոխելու։

Վերջապես ես մենակ մնացի Գլեդիսի հետ։ Հասավ այն րոպեն, որից կախված էր իմ հետագա ճակատագիրը։ Այդ ամբողջ երեկոն ես ինձ զգում էի այնպես, ինչպես զգում է զինվորը՝ սպասելով հուսահատական հարձակման ազդանշանին, երբ նրա հոգում հաղթանակի հույսին փոխարինում է պարտության երկյուղը։

Գլեդիսը նստել էր լուսամուտի մոտ, և նրա հպարտ, նուրբ կիսադեմը պարզ գծագրվել էր կարմիր վարագույրի ֆոնին։ Ի՜նչ գեղեցիկ էր նա և միաժամանակ որքա՜ն հեռու ինձանից։ Մենք նրա հետ բարեկամներ էինք, մեծ բարեկամներ, բայց ինձ երբեք չէր հաջողվում նրան դուրս բերել այն զուտ ընկերական հարաբերությունների սահմաններից, որպիսին ես կարող էի պահպանել, ասենք, իմ կոլեգա ռեպորտյորներից ուզածի հետ։

Գլեդիսն օժտված էր այն բոլոր հատկություններով, որոնք այնպես ձգում են մեզ դեպի կինը։ Ոմանք նրան համարում էին պաղ ու խստասիրտ, բայց ինձ այդպիսի մտքերը թվում էին դավաճանություն։ Քնքուշ մաշկը՝ թուխ, համարյա ինչպես արևելյան կանանց մոտ, ագռավի թևի գույնի մազերը, նվաղուն աչքերը, լիքը, բայց հիանալի գծագրված շրթունքները՝ այդ ամենը խոսում էր կրքոտ բնավորության մասին։ Սակայն ես տխրությամբ խոստովանում էի, որ մինչև այժմ ինձ չէր հաջողվել նվաճել նրա սերը։ Բայց ինչ ուզում է լինի՝ անհայտությունը հերիք է։ Այս երեկո ես նրանից պատասխան կկորզեմ։ Միգուցե նա մերժի ինձ, բայց ավելի լավ է լինել մերժված երկրպագու, քան թե գոհանալ քեզ պարտադրված առաքինի եղբայրացուի դերով։

Այսպիսի եզրակացության գալով՝ ես արդեն ուզում էի խզել մեր անհարմար լռությունը, երբ հանկարծ ինձ վրա զգացի նրա մութ աչքերի հայացքը և տեսա, որ Գլեդիսը ժպտում է հանդիմանորեն տարուբերելով իր հպարտ գլուխը։

― Նեդ, զգում եմ, որ պատրաստվում եք ինձ առաջարկություն անել։ Հարկավոր չէ՛։ Թող ամեն ինչ մնա հնի պես, այդպես շատ ավելի լավ է։

― Ես ավելի մոտեցա նրան։

― Ինչպե՞ս գուշակեցիք։ ― Իմ զարմանքն անկեղծ էր։

― Կարծես թե մենք՝ կանայքս, այդ բանը նախապես չենք զգում։ Մի՞թե դուք կարծում եք, թե մեզ կարելի է հանկարծակիի բերել․․․ Ա՜խ, Նեդ, ես ինձ այնպես լավ էի զգում ձեզ հետ․․․ Ինչո՞ւ փչացնել մեր բարեկամությունը։ Դուք բոլորովին չեք գնահատում, որ ահա մենք երիտասարդ տղամարդ ու կին, կարող ենք անկաշկանդ խոսել իրար հետ։

― Իսկապես, չգիտեմ, Գլեդիս։ Բանն այն է, որ ես նույնքան անկաշկանդ կարող էի խոսել․․․ դե, ասենք, երկաթուղային կայարանի պետի հետ։ ― Ինքս էլ չեմ հասկանում, թե որտեղի՞ց լույս ընկավ այդ կայարանի պետը, բայց փաստը մնում է փաստ, որ հանկարծ այդ պաշտոնական անձը տնկվեց մեր առաջ և երկուսիս էլ ծիծաղեցրեց։ ― Ո՛չ, Գլեդիս, ես շատ ավելին եմ ուզում։ Ես ուզում եմ գրկել ձեզ, ուզում եմ ձեր գլուխը սեղմել կրծքիս։ Գլեդիս, ես ուզում եմ․․․

Տեսնելով, որ ես պատրաստվում եմ իրականացնել իմ խոսքերը, Գլեդիսն արագ վեր թռավ բազկաթոռից։

― Նեդ, դուք ամեն ինչ փչացրիք, ― ասաց նա։ ― Ինչքան լավ ու հասարակ է լինում մինչև դրա գալը։ Մի՞թե դուք չեք կարող ձեզ տիրապետել։

― Բայց ախր հո առաջինը ես չեմ այդ բանը մտածել, ― աղաչեցի ես։ ― Մարդկային բնույթն է այդպես։ Այդպես է սերը։

― Այո, երբ սերը փոխադարձ է, այն ժամանակ, հավանորեն, ամեն բան այլ կերպ է լինում։ Բայց ես երբեք այդ զգացումը չեմ ունեցել։

― Դո՛ւք, ձեր գեղեցկությա՜մբ, ձեր սրտո՜վ։ Գլեդիս, ախր դուք ստեղծված եք սիրելու համար։ Դուք պետք է սիրեք։

― Այդ դեպքում պետք է սպասել, մինչև որ սերն ինքը կգա։

― Բայց ինչո՞ւ դուք ինձ չեք սիրում, Գլեդիս։ Ինչն է խանգարում՝ իմ արտաքի՞նը, թե՞ մի ուրիշ բան։

Այստեղ Գլեդիսը մի փոքր մեղմացավ։ Նա պարզեց իր ձեռքը, ― որքա՜ն նազելիություն ու ներողամտություն կար այդ շարժման մեջ, և գլուխս ետ տարավ։ Հետո թախծոտ ժպիտով նայեց դեմքիս։

― Ոչ, բանն այդ չէ, ― ասաց նա։ ― Դուք սնապարծ չեք, և ես համարձակորեն կարող եմ խոստովանել, որ բանն այդ չէ։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան դուք կարծում եք։

― Իմ բնավորությո՞ւնը։

Նա գլուխը խստությամբ խոնարհեց։

― Ես կուղղվեմ, ասացեք միայն, թե ի՛նչ եք ուզում ինձանից։ Նստեցեք, ամեն ինչ միասին քննենք։ Դե, հանգիստ կմնամ, միայն թե նստեցեք։

Գլեդիսը նայեց ինձ, ինչպես երևում է կասկածելով իմ խոսքերի անկեղծությանը, բայց ինձ համար նրա կասկածանքը շատ ավելի թանկ էր լիակատար վստահությունից։ Որքան հիմար ու զզվելի է երևում այս ամենը թղթի վրա։ Սակայն, միգուցե, ի՞նձ է միայն այդպես թվում։ Ինչևէ, բայց Գլեդիսը նստեց բազկաթոռին։

― Այժմ ասացեք, թե ինչի՞ց եք դժգոհ։

― Ես սիրում եմ ուրիշին։

Վեր ցատկելու հերթը հասավ ինձ։

― Մի՛ վախեցեք, ես խոսում եմ իդեալի մասին, ― բացատրեց Գլեդիսը՝ ծիծաղն աչքերին նայելով իմ փոխված դեմքին։ ― Կյանքում դեռ այդպիսի մարդ չի պատահել ինձ։

― Ասացեք, ինչպիսի՞ն է նա, ի՞նչ տեսք ունի։

― Նա, թերևս շատ նման է ձեզ։

―Որքա՜ն բարի եք դուք։ Այդ դեպքում ի՞նչն է պակասում ինձ։ Ձեր մի խոսքը բավական է։ Ի՞նչ է նա՝ հակաալկոհոլի՞կ, բանջարակե՞ր, օդանավո՞րդ, գերմա՞րդ․․․ Ես ամեն բանի համաձայն եմ, Գլեդիս, միայն ասացեք, թե ինչ եք ուզում։

Այդպիսի զիջողամտությունը զվարճացրեց նրան։

― Ամենից առաջ հազիվ թե իմ իդեալն այդպես խոսեր։ Նա շատ ավելի ամուր ու խիստ բնավորություն է և չի կամենա այդպիսի պատրաստակամությամբ հարմարվել կանացի հիմար քմահաճույքներին։ Բայց որ ամենակարևորն է՝ նա գործողության մարդ է, մի մարդ, որն աներկուղ կնայի մահվան աչքերին, փորձով, այն էլ անսովոր փորձով հարուստ մարդ, որը պատրաստ է սխրագործության։ Ես կսիրեմ ոչ թե նրան իրեն, այլ նրա փառքը, որովհետև այդ փառքի ցոլքը կընկնի նաև ինձ վրա։ Հիշեցեք Ռիչարդ Բերտոնին։[4] Երբ ես կարդացի այդ ճանապարհորդի կենսագրությունը, որ գրել էր նրա կինը, ինձ համար հասկանալի դարձավ, թե նա ինչու էր սիրել այդ մարդուն։ Իսկ լեդի Ստենլի՞ն։[5] Հիշո՞ւմ եք նրա գրքի վերջին գլուխը իր ամուսնու մասին։ Ահա թե ինչպիսի տղամարդկանց առաջ պետք է կինը խոնարհվի։ Ահա սեր, որը ոչ թե նվաստացնում է, այլ մեծարում, որովհետև ամբողջ աշխարհը կհարգի այդպիսի կնոջը իբրև մեծ սխրագործությունների ոգեշնչողի։

Գլեդիսն այդ րոպեին այնքան գեղեցիկ էր, որ ես քիչ մնաց խախտեի մեր զրույցի վերամբարձ տոնը, սակայն ժամանակին զսպեցի ինձ ու շարունակեցի վեճը։

― Բոլորը չեն կարող Բերտոն ու Ստենլի լինել, ― ասացի ես։ ― Ասենք այդպիսի դեպք էլ չի պատահում, իսկ որ պատահեր, ես ձեռքից բաց չէի թողնի։

― Ոչ, այդպիսի դեպքեր պատահում են ամեն քայլափոխում։ Իմ իդեալի էությունն էլ հենց այն է, որ նա ինքն է գնում սխրագործությանն ընդառաջ։ Նրան ոչ մի խոչընդոտ ետ չի պահի։ Ես դեռ չեմ գտել այդ հերոսին, բայց տեսնում եմ նրան, ոնց որ աչքիս առաջ լինի։ Այո՛, մարդն ինքն է ստեղծում իր փառքը։ Տղամարդիկ պետք է սխրագործություններ կատարեն, իսկ կանայք՝ հերոսներին պարգևատրեն սիրով։ Հիշեցեք այն երիտասարդ ֆրանսիացուն, որը սրանից մի քանի օր առաջ օդապարիկով վեր բարձրացավ։ Այդ առավոտ փոթորիկ էր մոլեգնում, բայց բարձրանալը հայտարարված էր նախօրոք, և նա ոչ մի կերպ չուզեց հետաձգել այն։ Մի օրվա ընթացքում քամին օդապարիկը քշեց տարավ հազար մղոն։ Ռուսաստանի կենտրոնում ինչ֊որ տեղ։ Ահա, ես այդպիսի մարդու մասին եմ խոսում։ Հապա մտածեցեք այն կնոջ մասին, որը սիրում է նրան։ Ինչպիսի՜ նախանձ է առաջացնում նա ուրիշների մեջ։ Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինը հերոս է։

― Ձեզ համար ես պատրաստ եմ ամեն ինչի։

― Միայն ի՞նձ համար։ Ոչ, դա բանի նման չէ։ Դուք պետք է սխրագործության գնաք, որովհետև այլ կերպ չեք կարող, որովհետև այդպիսին է ձեր էությունը, որովհետև տղամարդկային բնույթը ձեր մեջ պահանջում է իր դրսևորումը։ Այ, օրինակ, դուք գրեցիք Վիգանի ածխահանքում տեղի ունեցած պայթունի մասին։ Իսկ ինչո՞ւ չիջնեիք այնտեղ և չօգնեիք մարդկանց, որոնք մեռնում էին խեղդող գազից։

― Ես իջել եմ։

― Դուք ինձ այդ մասին չեք ասել։

― Իսկ ի՞նչ մի առանձին բան կա այդտեղ։

― Ես այդ չգիտեի։ ― Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։ ― Համարձակ քայլ է։

― Ինձ ուրիշ բան չէր մնում անելու։ Եթե ուզում ես լավ ակնարկ գրել, պետք է ինքդ լինես դեպքի վայրում։

― Ի՜նչ պրոզայիկ դրդապատճառ։ Դա ոչնչացնում է ամբողջ ռոմանտիկան։ Սակայն ես շատ ուրախ եմ, որ դուք իջել եք ածխահանք։

Ես չէի կարող չհամբուրել ինձ պարզած ձեռքը՝ այնքան նազելիություն ու արժանապատվություն կան նրա այդ շարժման մեջ։

― Երևի դուք ինձ համարում եք խելացնորի մեկը, որը դեռ հրաժեշտ չի տվել իր աղջկական երազներին։ Բայց նրանք այնքան իրական են ինձ համար․․․ Ես չեմ կարող չհետևել նրանց՝ այդ բանը մտել է իմ մսի ու արյան մեջ։ Եթե ես երբևէ ամուսնանամ, ապա կամուսնանամ միայն նշանավոր մարդու հետ։

― Հապա ո՜նց, ― բացականչեցի ես։ ― Ուրիշ ովքե՞ր կարող են ոգեշնչել տղամարդկանց, եթե ոչ ձեզ նման կանայք։ Թող միայն մի հարմար առիթ ներկայանա, և այն ժամանակ կտեսնեք՝ ես կարո՞ղ եմ դրանից օգտվել թե ոչ։ Ասում եք՝ մարդ ինքը պիտի ստեղծի իր փառքը և ոչ թե սպասի, թե նա երբ կլինի իր ձեռքերի մեջ։ Ահա թեկուզ Քլայվը․[6] մի համեստ գրագիր էր, բայց նվաճեց Հնդկաստանը։ Ոչ, երդվում եմ ձեզ, դեռ աշխարհը կիմանա, թե ես ինչի եմ ընդունակ։

Գլեդիսը ծիծաղեց իմ իռլանդական բռնկվող խառնվածքի վրա։

― Ինչ կա որ, գործեցեք։ Դրա համար դուք ամեն ինչ ունեք՝ երիտասարդություն, առողջություն, ուժ, կրթություն, եռանդ։ Երբ դուք սկսեցիք այս խոսակցությունը, ես շատ տխրեցի։ Իսկ այժմ ուրախ եմ, որ այս խոսակցությունը ձեր մեջ այդպիսի մտքեր արթնացրեց։

― Իսկ եթե ես․․․

Նրա ձեռքը ինչպես փափուկ թավիշ, դիպավ իմ շրթունքներին։

― Այլևս ոչ մի խոսք, սըր։ Առանց այն էլ դուք արդեն կես ժամ ուշացել եք խմբագրությունից։ Ես պարզապես սիրտ չէի անում այդ մասին ձեզ հիշեցնել։ Բայց երբ ժամանակը գա, եթե դուք ձեզ համար տեղ նվաճեք աշխարհում, գուցե մենք վերսկսենք մեր այսօրվա խոսակցությունը։

Ահա թե ինչու ես, այնպես բախտավոր, նոյեմբերյան այդ մառախլապատ երեկոյան հասա քեմբերուելյան տրամվային, հաստատ որոշելով ոչ մի օր բաց չթողնել մեծ գործ որոնելու ուղղությամբ, որը արժանի լիենր իմ գեղեցիկ դամային։ Սակայն որ կարող էր նախատեսել, թե ինչպիսի՜ ձևեր կընդունի այդ գործը, և ի՛նչ արտասովոր ճանապարհով կհասնեմ ես նրան։

Ընթերցողը, հավանորեն, կասի, թե այս ներածային գլուխը ոչ մի կապ չունի իմ պատմության հետ, բայց առանց դրա այս պատմությունն էլ չէր լինի, որովհետև ո՛վ, եթե ոչ այն մարդը, որը ոգեշնչված է ինքն իր ձեռքով իր փառքը ստեղծելու մտքով և պատրաստ է ամեն մի սխրագործության, ընդունակ է այդպիսի վճռականությամբ կապերը խզել սովորական ապրելաձևի հետ ու ճամփա ընկնել դեպի խորհրդավոր խավարով պարուրված մի երկիր, ուր նրան սպասում են մեծ արկածներ և մեծ պարգև դրանց համար։

Պատկերացրեք, ուրեմն, թե ես՝ հինգերորդ անիվս «Դեյլի գազետ» լրագրի մարտակառքում, ինչպես անցկացրի այդ երեկոն խմբագրատանը, երբ գլխումս հասունանում էր մի անհողդողդ որոշում՝ եթե հաջողվի, այսօր իսկ հնարավորություն գտնել մի այնպիսի սխրագործության, որն արժանի լիներ իմ Գլեդիսին։ Ի՞նչն էր ղեկավարում այդ աղջկան, որը հարկադրեց ինձ կյանքս վտանգի ենթարկել նրա փառաբանման համար, խստասրտությո՞ւնը, եսասիրությո՞ւնը։ Այսպիսի մտքերը կարող են շփոթել հասուն տարիքում, բայց ոչ երբեք քսաներեք տարեկան հասակում, երբ մարդ ճանաչում է առաջին սիրո հրայրքը։


Գլուխ II «Բախտներդ փորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ»

Ես միշտ սիրել եմ մեր «Վերջին նորությունների» բաժնի վարիչին, կարմրաշեկ փնթփնթան Մակ֊Արդլին, և կարծում եմ, որ նա էլ վատ չի վերաբերվել իմ նկատմամբ։ Անշուշտ, մեր իսկական տիրակալը Բոմոնտն էր, բայց նա սովորաբար ապրում էր օլիմպիական բարձրունքների նոսր մթնոլորտում, որտեղից նրա հայացքի դեմ բացվում էին միայն այնպիսի իրադարձություններ, ինչպես միջազգային ճքնաժամերը կամ մինիստրների կաբինետի անկումը։ Երբեմն մենք տեսնում էինք, թե նա ինչպես է վեհապանծորեն ընթանում դեպի իր սրբավայրը՝ հայացքը հառած տարածության մեջ և մտովին սավառնելով ինչ֊որ Բալկաններում կամ Պարսկական ծոցում։ Մեզ համար Բոմոնտը մնում էր անմատչելի, և մենք սովորաբար գործ էինք ունենում Մակ֊Արդլի հետ, որը նրա աջ ձեռքն էր։

Երբ ես ներս մտա խմբագրություն, ծերուկը գլխով արավ ինձ և ակնոցը բարձրացրեց ճաղատին։

― Դե, միստր Մելոուն, չորս կողմից ձեր մասին է, որ լսում եմ։ Դուք հաջողություն եք ունենում, ― սիրալիր կերպով ասաց նա։

Ես շնորհակալություն հայտնեցի։

― Ձեր ակնարկը ածխահանքի պայթույնի մասին հոյակապ է։ Նույնը կարող եմ ասել Սաուտուորկի հրդեհը պատկերող թղթակցության մասին։ Դուք բոլոր տվյալներն ունեք լավ ժուռնալիստ դառնալու։ Որևէ գործո՞վ եք եկել ինձ մոտ։

― Այո։ Ուզում եմ ձեզնից մի բան խնդրել։

Մակ֊Արդլի աչքերը վախեցած պտտվեցին չորս կողմ։

― Հը՜մ֊հը՜մ․․․ Ի՞նչ բան է։

― Սըր, արդյոք չէի՞ք կարող մեր թերթի կողմից որևէ հանձնարարությամբ մի տեղ ուղարկել ինձ։ Ես ամեն ինչ կանեմ ու հետաքրքրական նյութ կբերեմ ձեզ։

― Ի՜նչ հանձնարարություն նկատի ունեք, միստր Մելոուն։

― Ինչպիսին ուզում եք, սըր, միայն թե կապված լինի արկածների և վտանգների հետ։ Ես թերթը ամոթով չեմ թողնի, սըր։ Եվ որքան դժվար լինի ինձ համար, այնքան լավ։

― Երևում է, դուք ձեր կյանքից ձեռ եք քաշել։

― Ոչ, ես չեմ ուզում, որպեսզի նա իզուր անցնի, սըր։

― Թանկագին միստր Մելոուն, դուք արդեն շատ եք․․․ շատ եք վեր ճախրում։ Այն ժամանակները չեն։ Սեփական թղթակիցների վրա կատարվող ծախսերն այլևս չեն արդարացնում իրենց։ Եվ, համենայն դեպս, այդպիսի հանձնարարությունները արվում են անուն ունեցող մարդկանց, որոնք կարող են նվաճել հասարակության վստահությունը։ Քարտեզի վրա եղած սպիտակ բծերը վաղուց են լցվել, իսկ դուք ոչ այս, ոչ այն՝ երաղում եք ռոմանտիկական արկածների մասին։ Բայց, սպասեցեք, ― ավելացրեց նա և հանկարծ ժպտաց։ ― Ի դեպ, սպիտակ բծերի մասին։ Իսկ ինչ, եթե մենք պսակազերծ անենք մի շառլատանի, ժամանակակից Մյունհաուզենի, և նրան ծիծաղելի դարձնենք բոլորի աչքում։ Ինչո՞ւ դուք չմերկացնեք նրա սուտը։ Դա վատ չի լինի։ Դե համաձա՞ն եք։

― Ուր ուզեք, որտեղ ուզեք՝ ամեն ինչի պատրաստ եմ։

Մակ֊Արդլը խորասուզվեց մտածմունքների մեջ։

― Մի մարդ կա, ― վերջապես խոսեց նա։ ― Միայն թե չգիտեմ, կհաջողվի՞ ձեզ ծանոթություն հաստատել նրա հետ, կամ գոնե ինտերվյու ստանալ։ Բայց կարծեմ դուք օժտված եք մարդկանց դեպի ձեզ տրամադրելու շնորհքով։ Չգիտեմ, թե բանն ինչ է՝ համակրելի պատանի եք՝ դրանի՞ց է, կենդանական մագնիսականությունի՞ց, թե՞ ձեր կենսուրախությունից, բայց այդ բանը ինձ վրա եմ զգացել։

― Դուք շատ բարի եք իմ նկատմամբ, սըր։

― Այդպես, ուրեմն, ինչո՞ւ դուք ձեր բախտը չփորձեք պրոֆեսոր Չելենջերի մոտ։ Նա ապրում Էնմոր֊Պարկում։

Պետք է խոստովանեմ, ես մի փոքր մտահոգվեցի այդ առաջարկությունից։

― Չելենջե՞ր։ Նշանավոր կենդանաբան պրոֆեսոր Չելենջե՞րը։ Այդ նա չէ՞ր որ «Տելեգրաֆի» աշխատակից Բլանդելի գլուխը ջարդեց։

«Վերջին նորությունների» բաժնի վարիչը մռայլ քմծիծաղեց։

― Ի՛նչ, դուր չի՞ գալիս։ Չէ որ դուք պատրաստ էիք ամեն մի սխրագործության։

― Ոչ, ինչո՞ւ։ Մեր գործում ամեն բան պատահում է, սըր, ― պատասխանեցի ես։

― Միանգամայն ճիշտ է։ Բայց չեմ կարծում, թե նա միշտ էլ այդպիսի կատաղի տրամադրության մեջ լինի։ Հավանորեն, Բլանդելը անժամանակ է ընկել նրա մոտ կամ այնպես չի վարվել ինչպես պետք է։ Հուսով եմ, որ դուք ավելի հաջողակ կլինեք։ Վստահ եմ նաև ձեզ հատուկ խոհեմության վրա։ Դա իսկը ձեր գծով է, իսկ թերթը հաճույքով կզետեղի այդպիսի նյութը։

― Ես պարզապես ոչինչ չգիտեմ այդ Չելենջերի մասին։ Միայն հիշում եմ նրա անունը՝ կապված Բլանդելին ծեծելու դատավարության հետ, ― ասացի ես։

― Ինձ մոտ որոշ տեղեկություններ կգտնվեն, միստր Մելոուն։ Իր ժամանակին ես հետաքրքրվում էի այդ սուբյեկտով։ ― Նա դարակից մի թերթ թուղթ հանեց։ ― Ահա համառոտակի այն ամենը, ինչ֊որ հայտնի է նրա մասին։ «Չելենջեր Ջորջ Էդուարդ։ Ծնվել է Լարգսում 1863 թվականին։ Կրթությունը․ Լարգսի դպրոց, Էդինբուրգի համալսարան։ 1892֊ին՝ Բրիտանական թանգարանի գիտական աշխատող։ 1893֊ին՝ Համեմատական մարդաբանության թանգարանում բաժնի վարիչի օգնական։ Նույն տարում թողեց այդ տեղը, թունալից նամակներ փոխանակելով թանգարանի դիրեկտորի հետ։ Արժանացել է մեդալի կենդանաբանության ասպարեզում կատարած գիտական հետազոտությունների համար։ Օտարերկրյա գիտական ընկերությունների անդամ․․․»։ Դե, այստեղ հետևում է տասը տող պետիտով շարված երկար֊բարակ մի թվարկում․ Բելգիական ընկերություն, Ամերիկյան ակադեմիա, Լա֊Պլատա և այլն, Հնէաբանական ընկերության փոխպրեզիդենտ, Բրիտանական ասոցացիա և ուրիշներ։ Տպագիր աշխատություններ․ «Կալմիկների գանգի կառուցվածքի հարցի արթիվ», «Ողնաշարավորների էվոլյուցիայի ուրվագծեր» և բազմաթիվ հոդվածներ, այդ թվում «Վեյսմանի կեղծ թեորիան», որը տաք վեճեր առաջ բերեց Վիեննայի կենդանաբանական կոնգրեսում։ Սիրած զվարճություններ․ ոտքով զբոսանքներ, ալպինիզմ։ Հասցեն․ Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։ Ահա սա վերցրեք ձեզ հետ։ Այսօր այլևս ոչնչով չեմ կարող ձեզ օգնել։

Ես թուղթը դրի գրպանս և, տեսնելով, որ Մակ֊Արդլի կարմիր դեմքի փոխարեն ինձ է նայում նրա վարդագույն ճաղատը, ասացի․

― Մի րոպե, սըր։ Ինձ այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ հարցով պետք է ինտերվյու վերցնել այդ ջենտլմենից։ Նա ի՞նչ է արել։

Աչքերիս առաջ նորից երևաց Մակ֊Արդլի կարմրայտ կերպարանքը։

― Ինչ է արե՞լ։ Երկու տարի առաջ միայնակ մեկնել է Հարավային Ամերիկա։ Վերադարձավ անցյալ տարի։ Հարավային Ամերիկայում եղել է անկասկած, սակայն հրաժարվում է ճշգրիտ մատնանշել, թե հատկապես ո՛րտեղ։ Նոր էր սկսել մշուշապատ տեսքով շարադրել իր արկածները, բայց առաջին իսկ կասկածամտությունից հետո ասես բերանը ջուր առավ։ Ինչպես երևում է, ինչ֊որ հրաշքներ են տեղի ունեցել, եթե միայն նա վիթխարի մի սուտ չի մատուցում, որը, ի դեպ, ավելի քան հավանական է։ Վկայակոչում է փչացած լուսանկարները, ինչպես պնդում են՝ կեղծված։ Մարդուն այն տեղը հասցրին, որ սկսեց տառացիորեն հարձակվել բոլորի վրա, ովքեր հարցերով դիմում են իրեն, և արդեն մի քանի ռեպորտյորի աստիճաններից ցած է գլորել։ Ըստ իս, նա պարզապես վտանգավոր մանյակ է, որն իրեն երևակայում է մեծ գիտնական և ընդունակ է մարդասպանության։ Ահա թե ում հետ պետք է գործ ունենաք, միստր Մելոուն։ Իսկ այժմ, մա՛րշ այստեղից։ Աշխատեցեք դուրս քամել նրանից այն ամենը, ինչ֊որ հնարավոր է։ Դուք մարդ եք և կարող եք պաշտպանել ձեզ։ Վերջ ի վոերջո ռիսկն այնքան էլ մեծ չէ, եթե նկատի ունենանք աշխատանք տվողների պատասխանատվության օրենքը։

Քմծիծաղող կարմիր կերպարանքը նորից թաքնվեց աչքիցս, և ես տեսա նրա՝ կարմրաշեկ մազերով շրջանակված վարդագույն ձվածիրը։ Մեր զրույցը վերջացած էր։

Քայլերս ուղղեցի դեպի մեր «Վայրենի» ակումբը, բայց ճամփին կանգ առա Ադելֆի֊Տեռասի պատվարորմի մոտ և երկար մտախոհ նայում էի ներքև, գետի մակերեսի մութ, ծիածանագույն նախշերին։ Թարմ օդում իմ գլխի մեջ միշտ էլ առողջ, պարզ մտքեր են ծնվում։ Հանեցի գրպանիցս թերթիկը, որը թվարկում էր պրոֆեսոր Չելենջերի բոլոր սխրագործությունները և արագ աչքի անցկացրի այն՝ փողոցի լապտերի լույսի տակ։ Այստեղ ես ոգեշնչվեցի՝ ուրիշ ո՛չ մի կերպ չի կարելի անվանել այդ։ Դատելով այն ամենից, ինչ որ ես արդեն գիտեի այդ կռվարար պրոֆեսորի մասին, մի բան պարզ էր, որ ոչ մի ռեպորտյոր չի կարող նրա մոտ ընկնել։ Բայց նրա կարճ կենսագրության մեջ հիշատակվող երկու սկանդալները վկայում էին միայն, որ նա գիտության ֆանատիկ է։ Այդպես, ահա, չի՞ կարելի արդյոք խաղալ նրա այդ թուլության վրա։ Փորձե՜նք։

Մտա ակումբ։ Տասներկուսի սկիզբն էր, և հյուրասենյակում արդեն մարդիկ էին խռնվել, չնայած դեռ շատ ժամանակ կար մինչև լրիվ հավաքվելը։ Բուխարու մոտ դրված բազկաթոռին մի ինչ֊որ բարձրահասակ, նիհար մարդ էր նստել։ Երբ իմ բազկաթոռը մոտեցրի կրակին, նա դեմքով շուռ եկավ դեպի ինձ։ Ես միայն երազել կարող էի այդպիսի հանդիպման մասին։ Դա «Բնություն» ամսագրի աշխատակից Հենրի Տարպն էր՝ մումիայի նման վտիտ, աշխարհի ամենաբարի արարածը։ Իսկույն գործի անցա։

― Ի՞նչ գիտեք պրոֆեսոր Չելենջերի մասին։

― Չելենջերի՞։ ― Տարպն անբավական մռայլվեց։ ― Այդ այն մարդն է, որն ամեն տեսակ հեքիաթներ էր պատմում Հարավային Ամերիկայում կատարված իր ճանապարհորդության մասին։

― Ի՞նչ հեքիաթներ։

― Իբրև թե ինչ֊որ զարմանալի կենդանիներ է հայտնաբերել այնտեղ։ Մի խոսքով, անհավատալի ցնդաբանություն։ Հետագայում, կարծեմ, նրան հարկադրեցին հրաժարվելու իր խոսքերից։ Համենայն դեպս, նա լռեց։ Նրա վերջին փորձը Ռեյտերին տրված ինտերվյուն է։ Բայց այդ բանը փոթորիկ առաջացրեց, և նա իսկույն հասկացավ, որ գործը վատ է։ Այդ ամբողջ պատմությունը սկանդալային բնույթ ունի։ Ոմանք նրա պատմածները լուրջ բանի տեղ ընդունեցին, բայց շուտավ նա այդ սակավաթիվ պաշտպաններին էլ ետ վանեց իրենից։

― Ինչո՞վ։

― Իր անասելի կոպտությամբ և վրդովեցուցիչ վարքով։ Կենդանաբանական ինստիտուտի խեղճ Ուեդլին նույնպես անախորժություն ունեցավ։ Նա այպիսի բովանդակությամբ մի նամակ ուղարկեց Չելենջերին․ «Կենդանաբանական իստիտուտի դիրեկտորը հավաստում է իր հարգանքը պրոֆեսոր Չելենջերին և պատիվ կհամարի իրեն, եթե պրոֆեսորը ներկա գտնվի ինստիտուտի հերթական ժողովին»։ Պատասխանը միանգամայն անթույլատրելի էր։

― Չի՛ կարող պատահել։

― Խիստ մեղմացված տեսքով դա հնչում է մոտավորապես այսպես․ «Պրոֆեսոր Չելենջերը հավաստում է իր հարգանքը Կենդանաբանական ինստիտուտի դիրեկտորին և սիրալիրություն կհամարի նրա կողմից, եթե նա գրողի ծոցն անցնի»։

― Տե՜ր աստված։

― Այո, երևի նույն բանն ասաց նաև ծերուկ Ուեդլին։ Հիշում են նրա աղաղակը ինստիտուտի նույն ժողովում․ «Գիտության գործիչների հետ ունեցածս հիսուն տարվա շփման ընթացքում․․․»։ Ծերուկը բոլորովին կորցրել էր ոտքի տակի հողը։

― Դե, ուրիշ ինչ կպատմեք այդ Չելենջերի մասին։

― Ախր, ինչպես ձեզ հայտնի է, ես մանրէաբան եմ։ Ապրում եմ այն աշխարհում, որ երևում է ինը հարյուր անգամ մեծացող մանրադիտակով, իսկ այն, ինչ տեսանելի է չզինված աչքին, ինձ քիչ է հետաքրքրում։ Ես կանգնած եմ ճանաչելիի սահմանի պահպանության դիրքում և երբ ստիպված եմ լինում թողնել իմ աշխատասենյակն ու հանդիպել մարդկանց, ― անճոռնի ու կոպիտ այդ արարածներին, ― դա միշտ ինձ հավասարակշռությունից հանում է։ Ես կողմնակի մարդ եմ, գլուխ չունեմ բամբասանքների, բայց և այնպես Չելենջերի մասին եղած խծրծանքներից որոշ բան հասել է նաև իմ ականջին, որովհետև նա այն մարդկանցից չէ, որոնցից պարզապես կարելի է խույս տալ։ Չելենջերը խելոք մարդ է։ Նա մարդկային ուժի ու կենսունակության ակումուլյատոր է, բայց միաժամանակ կատաղի ֆանատիկ, որն իր նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դնում։ Այդ մարդը հասել է մինչև այնտեղ, որ վկայակոչում է ակնհայտորեն կեղծված ինչ֊որ լուսանկարներ, պնդելով, թե իբր դրանք բերված են Հարավային Ամերիկայից։

― Դուք նրան ֆանատիկ անվանեցիք։ Ինչո՞ւմն է արտահայտվում այդ ֆանատիզմը։

― Ինչում ուզես։ Նրա վերջին արտառոց վարմունքը Վեյսմանի էվոլյուցիոն թեորիայի վրա հարձակումներն են։ Ասում են, թե նա Վիեննայում մի մեծ սկանդալ է սարքել այդ առթիվ։

― Չէ՞ք կարող ավելի մանրամասն պատմել, թե բանն ինչ է։

― Ոչ, հիմա չեմ կարող, բայց մեր խմբագրությունում կան Վիեննայի կոնգրեսի արձանագրությունների թարգմանություններ։ Եթե ուզում եք ծանոթանալ, գնանք, ես ձեզ ցույց կտամ։

― Դա շատ հարմար կլիներ։ Ինձ հանձնարարված է ինտերվյու վերցնել այդ սուբյեկտից, ահա ուրեմն անհրաժեշտ է մոտեցման որևէ եղանակ գտնել։ Շատ շնորհակալ եմ օգնության համար։

Կես ժամ հետո ես նստած էի ամսագրի խմբագրատանը, առջևս դրված էր մի հաստ հատոր, բացված «Վեյսմանը Դարվինի դեմ» էջում, որ ուներ այսպիսի ենթավերնագիր․ «Բուռն բողոքներ Վիեննայում։ Աշխույժ վիճաբանություններ»։ Իմ գիտական պաշարը աչքի չի ընկնում հիմնավորությամբ, դրա համար էլ ես չէի կարող թափանցել վեճի բուն էության մեջ, բայց և այնպես մեկեն ինձ համար պարզ դարձավ, որ անգլիացի պրոֆեսորը վիճում էր ծայրահեղ սրությամբ, որով չափազանց գրգռում էր իր մայր ցամաքի կոլեգաներին։ Ես ուշադրություն դարձրի հենց առաջին երեք փակագծերին․ «Բողոքի բացականչություններ տեղերից», «Դահլիճում աղմուկ», «Ընդհանուր վրդովվմունք»։ Հաշվետվության մնացած մասը ինձ համար ոնց որ չինարեն։ Այնքան քիչ էի գլուխ հանում կենդանաբանությունից, որ ոչինչ չհասկացա։

― Գոնե դուք այս բաները մարդկային լեզվով թարգմանեցեք ինձ համար, ― աղաչեցի ես՝ դիմելով կոլեգայիս։

― Ախր սա հենց թարգմանությունն է որ կա։

― Այն ժամանակ ավելի լավ է դիմեմ բնագրին։

― Իսկապես, անիրազեկ մարդը դժվար է կարող հասկանալ, թե բանն ինչ է։

― Երանի կարողանայի այս ամբողջ անմտությունից դուրս քաղել մի միակ խելամիտ ֆրազ, որն իր մեջ որևէ որոշակի բովանդակություն ունենար։ Ահա, այ սա կարծես հարմար է։ Ես նույնիսկ համարյա հասկանում եմ։ Հիմա կարտագրենք։ Թող սա ծառայի իբրև կապող օղակ իմ և ձեր այդ սարսափելի պրոֆեսորի միջև։

― Ուրիշ բան չե՞ք ուզում։

― Ո՛չ, ո՛չ, սպասեք։ Ուզում եմ մի նամակով դիմել նրան։ Եթե թույլ տաք նամակը գրել այստեղ և օգտվել ձեր հասցեից, այդ ավելի ազդեցիք բնույթ կտա իմ ուղերձին։

― Այն ժամանակ Չելենջերն անմիջապես կներխուժի այստեղ և ջարդուփշուր կանի մեր ողջ կահ֊կարասին։

― Չէ, ի՜նչ եք ասում։ Նամակը ցույց կտամ ձեզ։ Հավատացնում եմ, որ ոչ մի վիրավորական բան չի լինի այնտեղ։

― Ինչ արած, նստեք իմ սեղանի մոտ։ Ահա թուղթ։ Նամակն ուղարկելուց առաջ տվեք ինձ գրաքննության։

Բավական երկար տքնեցի, բայց վերջ ի վերջո արդյունքը վատ չստացվեց։ Հպարտ իմ ստեղծագործությամբ, ես բարձրաձայն կարդացի այն հոռետեսորեն տրամադրված մանրէաբանին։

― «Մեծարգո պրոֆեսոր Չելենջեր։ Լինելով համեստ բնախույզ՝ ես խորին հետաքրքրությամբ եմ հետևում այն ենթադրություններին, որ Դուք արտահայտել եք Դարվինի և Վեյսմանի թեորիաների միջև գոյություն ունեցող հակասությունների առթիվ։ Վերջերս ես հնարավորություն ունեցա հիշողությանս մեջ թարմացնելու Ձեր․․․»։

― Անխիղճ ստախոս, ― քրթմնջաց Հենրի Տարպը։

― «․․․ Ձեր փայլուն նյութը Վիեննայի կոնգրեսում։ Շարադրված մտքերով խիստ հստակ այդ զեկուցումը պետք է համարել բնագիտության ասպարեզում գիտության վերջին խոսքը։ Սակայն այնտեղ ասված է ահա թե ինչ․ «Ես վճռականորեն առարկում եմ այն անընդունելի և գերդոգմատիկ պնդման դեմ, որ իբր յուրաքանչյուր մեկուսացած ինդիվիդ մի միկրոկոսմ է՝ օժտված օրգանիզմի պատմականորեն առաջացած կազմությամբ, որը (օրգանիզմը) մշակվել է աստիճանաբար, բազմաթիվ սերունդների ընթացքում»։ Արդյոք անհրաժեշտ չէ՞իքն համարի այդ բնագավառում կատարված վերջին հայտնագործությունների կապակցությամբ որոշ ուղղումներ մտցնել ձեր ասածներում։ Որոշ բռնազբոսիկություն չկա՞ դրանց մեջ։ Բարի եզեք ընդունել ինձ, քանի որ ինձ համար խիստ անհրաժեշտ է լուծել այդ հարցը, իսկ իմ գլխում ծագած որոշ մտքեր կարելի է զարգացնել միայն անձնական զրույցի ընթացքում։ Ձեր թույլտվությամբ պատիվ կունենամ այցելելու Ձեզ վաղը չէ մյուս օրը (չորեքշաբթի) առավոտյան ժամը տասնմեկին։ Մնամ, սըր, Ձեր խոնարհ ծառա, Ձեզ հարգող Էդուարդ Դ․ Մելոուն»։

― Դե, ինչպե՞ս է, ― հաղթականորեն հարցրի ես։

― Եթե ձեր խիղճը չի բողոքում․․․

― Նա դեռ երբեք չի դավաճանել ինձ։

― Բայց հետո ի՞նչ եք անելու։

― Կգնամ նրա մոտ։ Հաջողվե՜ր միայն մտնել նրա աշխատասենյակը, իսկ հետո կմտածեմ, թե ինչպես պետք է գործել։ Թերևս հարկ լինի մինչև իսկ անկեղծորեն ամեն ինչ խոստովանել։ Եթե պրոֆեսորը սպորտային ջիղ ունի, ես դրանով միայն կհաճոյանամ նրան։

― Կհաճոյանա՞ք։ Զգուշացեք, որ նա որևէ ծանր բանով չհասցնի ձեզ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ օղազրահ կամ ամերիկյան ֆուտբոլային կոստյում հագնել։ Դե, հաջողություն։ Պատասխանն այստեղ ձեզ կսպասի չորեքշաբթի առավոտյան, եթե միայն նա բարեհաճի պատասխանել։ Դա մի կատաղի, վտանգավոր սուբյեկտ է, ընդհանուր թշնամանքի թիրախ և ծիծաղի առարկա այն ուսանողների համար, որոնք չեն վախենում նրան գրգռելուց։ Ձեզ համար, թերևս, ավելի լավ կլիներ, եթե երբեք էլ չլսեիք Չելենջերի մասին։


Գլուխ III «Դա բոլորովին անտանելի մարդ է»

Բարեկամիս երկյուղներն ու հույսերը չարդրացան։ Երբ չորեքշաբթի օրը անցա նրա մոտ, ինձ սպասում էր կենսինգտոնյան դրոշմակ կրող նամակը։ Հասցեն խզբզած էր մի ձեռագրով, որը փշալար էր հիշեցնում։ Նամակի բովանդակությունն այս էր․

«Էնմոր֊Պարկ, Կենսինգտոն։

Սըր։

Ստացա ձեր նամակը, որով հավաստում եք, թե պաշտպանում եք իմ տեսակետը, որը, սակայն, ոչ ոքի պաշտպանության կարիքը չի զգում։ Խոսելով դարվինիզնի առթիվ իմ ասյութների մասին, Դուք համարձակություն եք ունեցել գործածել «ենթադրություններ» բառը։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ տվյալ կոնտեքստում դա որոշ չափով վիրավորական է։ Սակայն, Ձեր նամակի բովանդակությունը համոզում է ինձ, որ ավելի շատ Ձեզ կարելի է մեղադրել տգիտության և անտակտության, քան թե որևէ վատ մտադրության մեջ, ուստի Դուք դրա համար անպատիժ կմնաք։ Դուք ցիտում եք իմ զեկուզումից դուրս կորզած մի ֆրազ և, ըստ երևույթին, այնքան էլ լավ չեք հասկանում այն։ Ինձ թվում է, որ այդ ֆրազի միտքը կարող է մութ մնալ միայն այնպիսի արարածի համար, որը կանգած է զարգացման ցածրագույն աստիճանի վրա, բայց եթե նա իրոք լրացուցիչ մեկնաբանություն է պահանջում, ապա ես պատրաստ եմ ընդունել Ձեզ Ձեր նշած ժամին, չնայած ամեն կարգի այցելություններն ու այցելուները անասելի տհաճություն են պատճառում ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իմ տեսության «որոշ ուղղումներին», ապա թող հայտնի լինի Ձեզ, որ ես հասուն դատողությամբ արտահայտելով իմ հայացքները, սովորություն չունեմ այլևս փոխել դրանք։ Երբ Դուք կգաք, բարի եղեք այս նամակի ծրարը ցույց տալ իմ ծառա Օստինին, քանզի նրա պարտականությունների մեջ է մտնում պաշտպանել ինձ այն աներես սրիկաներից, որոնք իրենց ռեպորտյորներ են անվանում։

Ձեզ հարգող՝

Ջորջ Էդուարդ Չելենջեր»։

Այդ էր իմ ստացած պատասխանը, և ես բարձրաձայն կարդացի այն Հենրի Տարպին, որը դիտմամբ ավելի վաղ էր եկել խմբագրություն, որպեսզի իմ համարձակ փորձի արդյունքները իմանա։ Տարպը սահմանափակվեց միայն հետևյալ դիտողությամբ։

― Ասում են՝ կա արյունահոսությունը դադարեցնող ինչ֊որ մի նոր միջոց՝ կուտիկուրա կամ դրա նման մի բան։ Նա փռնչուկից ավելի լավ է ազդում։

Հումորի ի՜նչ տարօրինակ ու անհասկանալի զգացումով են օժտված որոշ մարդիկ․․․

Նամակն ստացա տասն անց կեսին, բայց կեբն առանց ուշացման ինձ հասցրեց նշանակված տեղը։ Այն տունը, որի առաջ կանգ առանք, խիստ ազդեցիկ տեսք ուներ․ մեծ շքամուտքը և պատուհանների ծանր վարագույրները վկայում էին այդ ահեղ պրոֆեսորի բարեկեցության մասին։ Դուռն իմ առաջ բացեց թուխ, անորոշ տարիքի չորիկ֊մորիկ մի մարդ, որ հագին ուներ նավաստու սև բաճկոնակ, իսկ ոտքերին՝ կաշվե դարչնագույն զանգապաններ։ Հետո իմացա, որ նա վարորդ էր և կատարում էր ամենատարբեր պարտակնություններ, որովհետև ոչ մի ծառա չէր դիմանում այդ տանը։ Նրա բաց կապտագույն աչքերը ոտից գլուխ զննեցին ինձ քննական հայացքով։

― Ձեզ սպասո՞ւմ են, ― հարցրեց նա։

― Այո, ինձ տեսակցություն է նշանակված։

― Նամակը մոտնե՞րդ է։

Ես ցույց տվի ծրարը։

― Ճիշտ է։

Այդ մարդը ըստ երևույթին, չէր սիրում իզուր տեղը խոսքեր վատնել։ Ես միջանցքով հետևում էի նրան, երբ հանկարծ, երևի սեղանատան դռնից, արագ իմ առաջ ելավ մի կին։ Սև աչքերով, աշխույժ այդ կինը ավելի շատ նման էր ֆրանսուհու, քան անգլուհու։

― Մի րոպե, ― ասաց նա։ ― Սպասեցեք, Օստին։ Սը՛ր, այստեղ եկեք։ Թույլ տվեք հարցնել՝ դուք առաջ հանդիպե՞լ եք իմ ամուսնուն։

― Ո՛չ, տիկին, պատիվ չեմ ունեցել։

― Այդ դեպքում ես նախապես ներողություն եմ խնդրում ձեզանից։ Պետք է նախազգուշացնեմ ձեզ, որ նա բոլորովին անտանելի մարդ է, բառի լիակատար իմաստով, անտանելի։ Իմանալով այդ, դուք ներողամիտ կլինեք նրա նկատմամբ։

― Ես գնահատում եմ այդպիսի ուշադրությունը, տիկին։

― Հենց կտեսնեք, որ նա համբերությունից դուրս է գալիս, իսկույն դուրս փախեք սենյակից։ Մի հակաճառեք նրան։ Շատերն են արդեն հատուցել այդպիսի անզգուշության համար։ Իսկ հետո գործը բացվում է, և այդ շատ վատ է անդրադառնում թե՛ ինձ, թե՛ բոլորիս վրա։ Ինչի՞ մասին եք ուզում խոսել նրա հետ, արդյոք ո՞չ Հարավային Ամերիկայի։

― Ես կանանց առաջ չեմ կարող ստել։

― Աստվա՜ծ իմ։ Դա ամենավտանգավոր թեման է։ Դուք նրա ոչ մի խոսքին չեք հավատա, որը բոլորովին էլ ինձ չի զարմացնի։ Միայն թե ձեր անվստահությունը բարձրաձայն մի արտահայտեք, թե չէ՝ նա կսկսի մոլեգնել։ Այնպես ձևացրեք, թե հավատում եք նրան, այն ժամանակ, թերևս, ամեն ինչ բարեհաջող անցնի։ Չմոռանաք, որ նա համոզված է, թե ինքն իրավացի է։ Դրանում կարող եք չկասկածել։ Նա ինքը ազնվությունն է որ կա։ Հիմա գնացեք, հանկարծ ձեր ուշանալը կարող է նրան կասկածելի թվալ։ Իսկ երբ նկատեք, որ նա վտանգավոր է դառնում, իսկականից վտանգավոր, զանգը հնչեցրեք և աշխատեցեք պահել նրան մինչև իմ գալը։ Ես սովորաբար նույնիսկ ամենածանր րոպեներին կարողանում եմ զսպել նրան։

Այս սրտապնդիչ խոսքերով տիկինն ինձ հանձնեց լռակյաց Օստինի խնամակալությանը, որը մեր կարճ զրույցի ընթացքում կանգնել էր, ինչպես մեծագույն հանգստություն մարմնավորող բրոնզաձույլ արձան։ Նա ինձ առաջ տարավ։ Դռան թակոց, կատաղի ցուլի պատասխան մռնչյուն սենյակից, և ես դեմառդեմ կանգնած էի պրոֆեսորի առաջ։

Նա նստել էր գրքերով, քարտեզներով, դիագրամներով ծանրաբեռնված լայն սեղանի մոտ, պտտվող աթոռին։ Հենց որ ես ոտքս շեմքից ներս դրի, պտտվող աթոռը կտրուկ դարձավ դեպի ինձ։ Շունչս կանգ առավ այդ մարդու տեսքից։ Ես պատրաստ էի հանդիպելու ոչ բոլորովին սովորական անձնավորության, բայց այդպիսին մտքովս անգամ չէր անցել։ Ամենից շատ ինձ ապշեցրին նրա չափսերը։ Չափսերը և վեհապանծ կեցվածքը։ Կյանքումս նման վիթխարի գլուխ չէի տեսել։ Եթե ես հանդգնեի փորձել նրա ցիլիցնդրը, ապա, հավանորեն, մինչև ուսերս կթաղվեի դրա մեջ։ Պրոֆեսորի դեմքը և մորուքը ակամայից հիշեցնում էին ասորական ցուլերին։ Դեմքը խոշոր էր, մսոտ, մորուքը քառակուսի, կապտասև, որն ալիքաձև թափվում էր կրծքին։ Արտասովոր տպավորություն էին գործում նաև մազերը, որոնցից երկար մի փունջ ասես սոսնձված էր նրա լայն, թեք ճակատին։Գորշ կապտավուն պարզ աչքերը զննող, տիրական հայացքով նայում էին ինձ սև ու թավ հոնքերի տակից։ Ես տեսնում էի նրա լայն ուսերը, հուժկու, դուրս ընկած կուրծքը և սև, երկար, թանձր մազերով ծածկված երկու հսկայական ձեռքերը։ Եթե այս ամենին ավելացնենք որոտալից, ամպրոպանման ձայնը, ապա կհասկանաք, թե ինչպիսին էր իմ առաջին տպավորությունը նշանավոր պրոֆեսոր Չելենջերից։

― Դե՞, ― գրգռիչ տոնով դիմեց նա։ ― Ի՞նչ եք կամենում։

Ինր համար պարզ էր, որ եթե ամեն ինչ մեկեն խոստովանեմ, ինտերվյուն չի կայանա։

― Սըր, դուք այնքան բարի գտնվեցիք, որ համաձայնեցիկ ընդունել ինձ, ― խոնարհաբար սկսեցի ես ծրարը մեկնելով նրան։

Նա սեղանի տակից հանեց իմ նամակը և դրեց իր առաջ։

― Ա՜խ, դուք այն երիտասարդն եք, որ տարրական ճշմարտությունները չի՞ հասկանում։ Սակայն, որքան կարող եմ դատել, իմ ընդահնուր եզրակացությունները արժանացել են ձեր գովասանքին։

― Անշուշտ, սըր, անշուշտ։ ― Ես ջանացի իմ համոզմունքի ամբողջ ուժը դնել այդ խոսքերի մեջ։

― Ասացե՜ք խնդրեմ։ Ինչպե՜ս է այն ամրապնդում իմ դիրքերը․․․ Ձեր հասակը և արտաքինը կրկնակի արժեքավոր են դարձնում այդ պաշտպանությունը։ Դե ինչ, ավելի լավ է գործ ունենալ ձեզ հետ, քան թե այն խոզերի հոտի, որոնք Վիեննայում հարձակվեցին ինձ վրա, չնայած նրանց ճղճղոցն ավելի վիրավորական չէր, քան անգլիական վարազի խռնչյունը։ ― Եվ նա կատաղորեն փայլեցրեց աչքերը՝ մեկեն նմանվելով վերոհիշյալ ցեղի ներկայացուցչին։

― Նրանք կարծեմ, իրենց պահել են վրդովեցուցիչ կերպով, ― ասացի ես։

― Ձեր կարեկցանքն անտեղի է։ Համարձակվում եմ հավատացնել ձեզ, որ ես ինքս կարող եմ իմ թշնամիների հախից գալ։ Ջորջ Էդուարդ Չելենջերի մեջքը սեղմեք պատին, սըր, և դրանից ավելի մեծ ուրախություն չեք կարող պատճառել նրան։ Այսպես, ուրեմն, սըր, եկեք ամեն հնարավոր բան անենք, որպեսզի կարճենք ձեր այցելությունը։ Այդ բանը հազիվ թե երջանկացնի ձեզ, իսկ ինձ առավեկ ևս։ Որքան ես հասկանում եմ, դուք կամենում եք ձեր ինչ֊որ նկատառումներն արտահայտել այն թեզիսների առթիվ, որ ես իմ զեկուցման մեջ առաջ էի քաշել։

Նրա խոսելու եղանակի մեջ այնպիսի համարձակ անկեղծություն կար, որ խորամանկելը հեշտ չէր։ Բայց և այնպես որոշեցի ձգձգել այդ խաղը այն հաշվով, որպեսզի հնարավորություն ունենամ լավագույն քայլը կատարելու։ Հեռվից ամեն ինչ այնպե՜ս հասարակ էր թվում։ Օ՜, իմ իռլանդական հնարամտություն, մի՞թե դու ինձ չես օգնի այժմ, երբ ես ամենից շատ եմ քո կարիքն զգում։ Պողպատե աչքերի թափանցող հայացքն ինձ զրկում էր ուժերից։

― Դե, մի հարկադրեք սպասել ձեզ, ― թնդաց պրոֆեսորը։

― Ես, իհարկե, միայն նոր֊նոր եմ սկսում հաղորդակից լինել գիտությանը, ― ասացի ես ամենահիմար ժպիտով, ― և ավելի մեծ հավակնություն չունեմ, քան համեստ ուսումնասիրողի կոչումը։ Բայց և այնպես ինձ թվում է, թե այդ հարցում դուք ավելորդ խստություն եք հանդես բերել Վեյսմանի հանդեպ։ Մի՞թե այն ժամանակից մինչև հիմա ստացված ապացույցները չեն․․․ չեն ամրապնդում նրա դիրքերը։

― Ի՞նչ ապացույցներ, ― հարցրեց նա սպառնալից հանգստությամբ։

― Ինձ, իհարկե, հայտնի է, որ առայժմ ուղղակի ապացույցներ չկան։ Ես վկայում եմ, եթե կարելի է այսպես արտահայտվել, ժամանակակից գիտական մտքի ընդհանուր ընթացքը։

Պրոֆեսորը թեքվել էր սեղանին՝ կենտրոնացած հայացքը հառելով ինձ վրա։

― Պետք է որ ձեզ հայտնի լինի, ― ասաց նա, հերթով ծալելով ձախ ձեռքի մատները, ― որ, առաջին, գանգային ցուցիչը կայուն գործոն է։

― Անպայմա՛ն, ― պատասխանեցի ես։

― Եվ որ տելեգոնիան[7] առայժմ sub judice:[8]

― Անշուշտ։

― Եվ որ սաղմնային պլազման տարբերվում է պարտենոգենետիկ[9] ձվից։

― Ի՜նչ ասել կուզի, ― բացականչեցի ես՝ հիանալով սեփական հանդգնությամբ։

― Իսկ այդ ի՞նչ է ապացուցում, ― հարցրեց նա փափուկ, շողոքորթ ձայնով։

― Եվ իսկապես, ― ծամծմեցի ես, ― ի՞նչ է ապացուցում այդ։

― Ասե՞լ ձեզ, նույն շողոքորթ տոնով հարցրեց պրոֆեսորը։

― Բարի եղեք։

― Այդ ապացուցում է, ― անակնկալ ցասումով մռնչաց նա, ― որ ամբողջ Լոնդոնում ձեզ նման մի ուրիշ շառլատան չի գտնվի։ Դուք ստոր, անպատկառ մի ռեպորտյորիկ եք, որը նույնքան հեռավոր հասկացողություն ունի գիտության, որքան և մարդկային նվազագույն օրինավորության մասին։

Նա վեր թռավ աթոռից։ Նրա աչքերը վառվում էին խելահեղ չարությամբ։ Բայց և այնպես, անգամ այդ վտանգավոր րոպեին ես զարմացա տեսնելով, որ պրոֆեսոր Չելենջերը կարճահասակ է։ Նա իմ ուսերի բարձրությանն էր՝ մի տեսակ տափակեցրած Հերկուլես, որի կենսական ողջ հզորությունը ասես անցել էր ուսերի լայնքին, իրանի հաստությանը և խելքի ուժին։

― Ես ձեր առաջ անմտություններ դուրս տվի, սըր, ― բղավեց նա, ձեռքերը հենած սեղանին և վիզն առաջ պարզած։ ― Չտեսնված անհեթեթություններ։ Եվ ձեր խելքին փչեց չափվել ինձ հետ, դուք, որի ամբողջ ուղեղը վայրի ընկույզի չափ է։ Այս անիծյալ գրչակները ամենազոր են երևակայում իրենց։ Նրանք կարծում են, թե իրենց մի խոսքն իսկ հերիք է, որպեսզի բարձրացնեն մարդուն կամ ցեխին հավասարեցնեն։ Բոլորս պետք է խոնարհվենք նրանց առաջ՝ գովասանքներ աղերսելով։ Ահա սրան հարկ է հովանավորություն ցույց տալ, իսկ այս մեկին՝ ոչնչացնել․․․ Ես գիտեմ ձեր ստոր սովորությունները։ Արդեն շա՜տ բարձրից եք բռնում․․․ Մի ժամանակ համեստ էիք, իսկ այժմ կապներդ կտրել եք, ողորմելի դատարկաբաննե՛ր․․․ Ես ձեզ ձեր տեղը ցույց կտամ։ Այո, սըր Ջորջ Էդուարդ Չելենջերը ձեր ընկերը չէ։ Այդ մարդը թույլ չի տա իրեն հրամայել։ Նա զգուշացրեց ձեզ, բայց եթե այնուամենայնիվ դուք խցկվում եք նրա մոտ, ինքներդ ձեզ մեղադրեցեք։ Անձնատո՛ւր եղեք, սիրելի պարոն Մելոուն, անձնատուր։ Դուք վտանգավոր խաղ սկսեցիք, և ըստ իս, տանուլ տվիք։

― Լսեցեք, սըր, ասացի ես, ետ֊ետ գնալով դեպի դուռը և բանալով այն, ― դուք կարող եք հայհոյել, որքան սրտներդ ուզի, բան ամեն բան իր սահմանն ունի։ Ես թույլ չեմ տա բռունցքներով հարձակվել ինձ վրա։

― Ա՛խ, թույլ չե՞ք տա։ Նա սկսեց դանդաղ, սպառնալից տեսքով առաջ գալ, հետո հանկարծ կանգ առավ և հսկայական ձեռքերը դրեց կարճ բաճկոնակի գրպանները, որն ավելի շատ կսազեր փոքրիկ տղայի, քան տարեց մի մարդու։ Առաջին անգամը չէ, որ պիտի դուրս շպրտեմ ձեզ նման սուբյեկտին։ Դուք հաշվով չորրորդն եք կամ հինգերորդը։ Յուրաքանչյուրի համար միջին հաշվով երեք ֆունտ տասնհինգ շիլինգ տուգանք է վճարված։ Թանկ է, բայց, ինչ արած՝ անհրաժեշտություն է։ Իսկ այժմ, սըր, ինչո՞ւ դուք էլ ձեր կոլեգաների հետքերով չգնաք։ Ես անձամբ կարծում եմ, որ դա անխուսափելի է։

Նա նորից սկսեց ինձ համար խիստ տհաճ իր հարձակումը՝ ոտքի թաթերը դուրս դնելով, ինչպես պարերի իսկական դասատու։

Ես կարող էի շեշտակի թափով դուրս նետվել, բայց այդպիսի փախուստը համարում էի ամոթալի։ Բացի դրանից, սրտումս արդեն սկսեց բռնկվել արդար զայրույթը։ Մինչ այդ պահը իմ վարմունքը վերին աստիճանի դատապարտելի էր, բայց այդ մարդու սպառնալիքները մեկեն վերադարձրին սեփական իրավացիությանս զգացումը։

― Ձեռքներդ հեռու, սըր, ես այդ չեմ հանդուրժի։

― Ասացե՜ք խնդրեմ։ ― Նրա սև բեղերը վերև թռան, չարախնդորեն վերև բացված շրթունքների միջից փայլեցին շլացուցիչ, սպիտակ ժանիքները։ ― Ուրեմն չե՞ք հանդուրժի։

― Հիմար մի՛ ձևանաք, պրոֆեսոր, ― գոչեցի ես։ ― Ինչի՞ վրա եք հույս դնում։ Իմ քաշը երկու հարյուր ֆունտից ավելի է։ Ես երկաթի պես ամուր եմ և ամեն կիրակի ռեգբի եմ խաղում իռլանդական հավաքական թիմում։ Դուք ինձ հետ չեք կարող․․․

Բայց այդ րոպեին նա նետվեց ինձ վրա։ Բարեբախտաբար, ես արդեն բացել էի դուռը, թե չէ նրանից միայն տաշեղներ մնացած կլինեին։ Մենք անիվի պես գլորվեցինք ամբողջ միջանցքով մեկ՝ ինչ որ կերպ ճամփին մի աթոռ քարշ տալով հետներս։ Պրոֆեսորի մորուքը փակել էր ամբողջ բերանս, մենք սեղմում էինք մինյաց, մեր մարմիններն ամուր հյուսվել էին իրար, իսկ անիծյալ աթոռի ոտքերը շարունակ պտտվում էին մեր գլխին։ Արթուն Օստինը լայն բացեց մուտքի դուռը։ Մենք գլուխկոնծի տվինք աստիճաններով ցած։ Ես տեսել էի, թե ինչպես Մեք եղբայրները մի այդպիսի բան կատարում էին մյուզիկ֊հոլլում, բայց, հավանորեն, նման ատրակցիոնը պահանջում է որոշ պրակտիկա, այլապես առանց խեղանդամության գլուխ չես հանի։ Զարկվելով վերջին աստիճանին՝ աթոռը կտոր֊կտոր եղավ, իսկ մենք, արդեն իրարից անջատ, գլորվեցինք կեղտաջրի առուն։ Պրոֆեսորը թռավ ոտքի՝ բռունցքները թափահարելով և խռխռացնելով, ինչպես ասթմայով տառապող մարդ։

― Հերի՞ք է, ― բղավեց նա, հազիվ շունչը ետ բերելով։

― Խուլիգա՛ն, ― պատասխանեցի ես և դժվարությամբ վեր կացա տեղիցս։

Քիչ մնաց նորից իրար հասնեինք, քանի որ պրոֆեսորի մարտական շունչը դեռ չէր մարել, բայց ճակատագիրն ազատեց ինձ այդ հիմար վիճակից։ Բլոկնոտը ձեռքին մեր կողքին հայտնվեց ոստիկանը։

― Այս ի՞նչ է նշանակում։ Ինչպես չեք ամաչում, ― ասաց նա։ Այդ ամենաողջամիտ խոսքն էր, որ ես այդ օրը լսեցի Էնմոր֊Պարկում։ ― Դե, ― դիմեց ինձ ոստիկանը, ― բացատրեցեք, թե այս ի՞նչ է նշանակում։

― Առաջ նա հարձակվեց ինձ վրա, ― ասացի ես։

― Ճի՞շտ է, որ առաջ դուք հարձակվեցիք, ― հարցրեց ոստիկանը։

Պրոֆեսորը ի պատասխան միայն ֆսֆսացնում էր։

― Այս արդեն քանիերորդ դեպքն է, ― ասաց ոստիկանը գլուխը խստորեն տարուբերելով։ ― Անցյալ ամիս էլ դուք անախորժություններ ունեցաք ճիշտ այսպիսի առիթով։ Երիտասարդի աչքը վնասված է։ Դուք մեղադրանք ներկայացնո՞ւմ եք, նրան, սըր։

Հանկարծ ես մեղմացա։

― Ո՛չ, չեմ ներկայացնում։

― Ինչո՞ւ, ― հարցրեց ոստիկանը։

― Այստեղ ես էլ եմ մեղավոր։ Ինքս խնդրեցի ընդունել։ Նա ազնվորեն նախազգուշացրեց ինձ։

Ոստիկանը փակեց բլոկնոտը։

― Որպեսզի այս այլանդակություններն այլևս չկրկնվեն, ― ասաց նա։ ― Դե լավ։ Ցրվեցե՜ք, ցրվեցե՜ք։

Դա վերաբերում էր մսի խանութի տղային, մի աղախնի և երկու֊երեք պարապ֊սարապների, որոնք արդեն հավաքվել էին մեր շուրջը։ Ոստիկանը քայլեց մայթով, այդ փոքրիկ հոտը առաջն արած։ Պրոֆեսորը նայեց ինձ, և նրա աչքերում մի ուրախ կայծ շողաց։

― Ներս եկեք, ― ասաց նա։ ― Ես դեռ ասելիքս չեմ վերջացրել ձեզ հետ։

Չնայած այդ խոսքերը չարագուշակ հնչեցին, բայց ես հետևեցի նրան։ Օստինը, որ նման էր փայտե աստծու, դուռը ծածկեց մեր ետևից։


Գլուխ IV «Մեծագույն հայտնագործությունը աշխարհում»

Հազիվ էր դուռը մեր ետևից փակվել, երբ սեղանատնից դուրս վազեց միսիս Չելենջերը։ Այդ փոքրիկ կինը բարկությունից իրեն կորցրել էր։ Նա կանգնեց ամուսնու առաջ, ինչպես գրգռված թուխս, որը կրծքով է դիմավորում բուլդոգին։ Ինչպես երևում է, միսիս Չելենջերն ականատես էր եղել իմ դուրս վռնդվելուն, բայց իմ վերադարձը չէր նկատել։

― Ջո՛րջ, այդ ի՜նչ գազանություն է, ― ծղրտաց նա։ ― Դու հաշմանդամ դարձրիր այն սիրելի պատանուն։

― Ահա նա՝ ողջ և առորղջ։

Միսիս Չելենջերը շփոթվեց, բայց արագ տիըապետեց իրեն։

― Ներեցեք, ես ձեզ չնկատեցի։

― Մի անհանգստացեք, տիկին, ոչ մի սարսափելի բան չի պատահել։

― Բայց նա ձեր աչքի տակը կապտացրել է։ Ի՜նչ խայտառակություն․․․ Մեզ մոտ շաբաթ չի անցնում առանց սկանդալի։ Ջո՛րջ, բոլորը քեզ ատում են, չարախնդում քեզ վրա։ Ո՛չ, համբերությունս վերջացավ։ Սա էլ արդեն բաժակը լցրեց։

― Կեղտոտ սպիտակեղենը մի՛ խառնշտորի մարդկանց մոտ, ― թնդաց պրոֆեսորը։

― Ո՛չ ոքի համար այդ գաղտնիք չէ, ― ճչաց կինը։ ― Մի՞թե դու կարծում ես, թե այս բաները մեր ամբողջ փողոցին, ի՜նչ եմ ասում՝ ամբողջ Լոնդոնին հայտնի չեն․․․ Օստին, դուք մեզ հարկավոր չեք, կարող եք գնալ։ Բոլորը, ովքեր չեն ծուլանում, բամբասում են քեզ։ Դու մոռանում ես սեփական արժանապատվության մասին։ Դու, որ պետք է պրոֆեսոր լինեիր մի մեծ համալսարանում, ուսանողների հարգանքը վայելեիր։ Ո՞ւ ր է քո արժանապատվությունըմ Ջո՛րջ։

― Իսկ քո՞նը որտեղ է, թանկագինս։

― Աստված գիտե, թե ուր հասցրիր դու ինձ։ Խուլիգան, հայտնի խուլիգան։ Ահա թե ինչ ես դարձել դու։

― Ջեսսի, ուշքի եկ։

― Անզուսպ սկանդալիստ։

― Բավական՛ն է։ Այդպիսի խոսքերի համար հարկավոր է խայտառակության սյունին բարձրացնել, ― ասաց պրոֆեսորը։

Եվ, ի մեծ զարմանս իմ, նա կռացավ, բարձրացրեց կնոջը և դրեց հոլլի անկյունում կանգնած սև մարմարե բարձր պատվանդանին։ Այդ պատվանդանը, որն առնվազն յոթ ոթնաչափ բարձրություն ուներ, այնքան նեղ էր, որ միսիս Չելենջերը հազիվ էր իրեն պահում նրա վրա։ Դժվար էր ավելի անհեթեթ տեսարան պատկերացնել․ վախենալով ցած գլորվելուց՝ կինը ասես քարացել էր զայրույթից աղճատված դեմքով և հազիվ միայն ոտքերն էր ցնցում։

― Իջեցրու, ― վերջապես աղաչեց միսիս Չելենջերը։

― Ասա՝ «խնդրում եմ»։

― Սա խայտառակություն է, Ջորջ։ Ա՛յս րոպեիս իջեցրու ինձ։

― Միստր Մելոուն, գնանք իմ կաբինետը։

― Բայց ներեցեք, սըր․․․ ― ասացի ես՝ նայելով նրա կնոջը։

― Լսո՞ւմ ես Ջեսսի։ Միստր Մելոունը միջնորդում է քեզ համար։ Ասա՛ «խնդրում եմ», այն ժամանակ կիջեցնեմ։

― Խայտառակություն։ Դե, խնդրում եմ, խնդրում եմ։

Չելենջերն այնպիսի թեթևությամբ ցած բերեց կնոջը, ասես թե նա դեղձանիկից ծանր չէր։

― Քեզ կարգին պահիր, թանկագինս։ Միստր Մելոունը մամուլի ներկայացուցիչ է։ Վաղն ևեթ նա այս ամենը կխցկի իր ողորմելի թերթուկի մեջ և տիրաժի մեծ մասը կվաճառի մեր հարևաններին։ «Մի բարձրաստիճան անձի տարօրինակ քմայքները»։ Բարձրաստիճան անձը՝ դու ես, Ջեսսի․ հիշիր, թե մի քանի րոպե առաջ որտեղ էի կանգնեցրել քեզ։ Հետո գալիս է ենթավերնագիրը․ «Մի օրիգինալ ամուսնական զույգի կյանքից»։ Այս միստր Մելոունը ոչնչից չի խորշում, նա էլ իր գրչակիցների նման սնվում է լեշով․ porcus ex grege diaboli ― սատանայի հոտի խոզ է։ Ճի՞շտ եմ ասում, միստր Մելոուն։

― Դուք իսկապես որ անտանելի եք, ― վրդովված ասացի ես։

Պրոֆեսորը քրքրջաց։

― Խնդրեմ, երկուսով միացեք իմ դեմ, ― որոտաց նա՝ դուրս ցցելով իր հզոր կուրծքը և նայելով մերթ իմ կողմը, մերթ կնոջ։ Հետո արդեն բոլորովին այլ տոնով ավելացրեց, ― միստր Մելոուն, ներեցեք մեզ այս անմեղ ընտանեկան զվարճությունները։ Ես ձեզ առաջարկեցի վերադառնալ ամենևին էլ ոչ նրա համար, որպեսզի մասնակից դարձնեմ անվնաս վեճերին։ Դե, տիկին, մարշ այստեղից և առանց բարկության, խնդրում եմ։ ― Նա իր վիթխարի ձեռքերը դրեց կնոջ ուսերին։ ― Դու իրավացի ես, ինչպես միշտ։ Եթե Ջորջ Էդուարդ Չելենջերը լսեր քո խորհուրդները, շատ ավելի հարգարժան մարդ կլիներ, միայն թե ինքը չէր լինի։ Հարգարժան մարդիկ շատ կան, թանկագինս, իսկ Ջորջ Էդուարդ Չելենջերը միակն է աշխարհում։ Այնպես որ ջանա մի կերպ յոլա գնալ նրա հետ։ ― Նա հնչյուն համբույր դրոշմեց կնոջ երեսին, որն ինձ շատ ավելի շփոթեց, քան նրա վայրի արարքները։ ― Իսկ հիմա, միստր Մելոուն, ― շարունակեց պրոֆեսորը՝ նորից վեհաշուք տեսք ընդունելով, ― բարի եղեք այստեղ գալաու։

Մենք ներս մտանք նույն սենյակը, որտեղից տասը րոպե առաջ այնպիսի դղրդոցով դուրս էինք թռել։ Պրոֆեսորն իր ետևից ուշադիր ծածկեց դուռը, ինձ նստեցրեց բազկաթոռին և սիգարի տուփը առաջս դրեց։

― Իսկական «Սան֊Խուան Կոլորադո» է, ― ասաց նա։ ― Ձեզ նման հեշտ գրգռվող մարդկանց վրա նարկոտիկները լավ են ներգործում։ Աստվա՜ծ իմ, ո՞վ է ծայրը կծում։ Կտրեցե՛ք։ Պետք է հարգանք ունենալ սիգարի նկատմամբ։ Իսկ այժմ ետ ընկեք բազկաթոռի թիկնակին և ուշադիր լսեք այն ամենը, ինչ որ կբարեհաճեմ ասել ձեզ։ Եթե հարցեր կունենաք, ջանացեք հետաձգել ավելի հարմար ժամանակի։ Ամենից առաջ՝ ձեր վերադարձի մասին իմ տուն՝ միանգամայն արդարացի արտաքսումից հետո։ ― Նա մորուքն առաջ ցցեց և հայացքը հառեց ինձ վրա այնպես, ասես սպասում էր, թե ես նորից վեճի կբռնվեմ։ ― Եվ այսպես, կրկնում եմ՝ ձեր միանգամայն արդարացի արտաքսումից հետո ինչո՞ւ ես ձեզ հրավիրեցի վերադառնալ։ Որովհետև ինձ դուր եկավ այն լիրբ ոստիկանին տված ձեր պատասխանը, որի մեջ նկատեցի օրինավորության որոշ նշույլներ, որ հատուկ չէ ձեր մասնագիտության ներկայացուցիչներին։ Ընդունելով, որ մեղքը ձերն է, դուք հանդես բերեցիք որոշ օբյեկտիվություն և հայացքնեի լայնություն, որոնք արժանացան իմ բարեհաճ ուշադրությանը։ Մարդկային ցեղի ստորին ներկայացուցիչները, որոնց թվին, դժբախտաբար, պատկանում եք նաև դուք, միշտ դուրս են գտնվել իմ մտավոր տեսադաշտից։ Ոստիկանին տված ձեր պատասխանը մեկեն ձեզ իմ տեսադաշտի մեջ առավ։ Ես ուզեցի ավելի մոտ ծանոթանալ ձեզ և առաջարկեցի վերադառնալ։ Բարի եղեք մոխիրը թափ տալ ճապոնական մոխրամանի մեջ, որ դրված է ձեր կողքի բամբուկե սեղանին։

Այդ ամենը պրոֆեսորը վրա տվեց առանց դադարի, ասես ուսանողներին դասախոսություն էր կարդում։ Նա նստել էր դեմքով դեպի ինձ, փքված, ինչպես վիթխարի դոդոշ, գլուխը ետ էր գցել, աչքերը կկոցել ամբարտավանորեն։ Հանկարծ նա դարձավ ինձ կողքանց, այնպես որ ես տեսնում էի միայն նրա մազափուջը, որը կախվել էր դուրս ընկած կարմիր ականջի վրա, խառնշտորեց սեղանի վրա թափված թղթերի կույտը և այնտեղից դուրս հանեց ինչ֊որ խիստ քրքրված մի գրքույկ։

― Ես ուզում եմ որոշ բաներ պատմել ձեզ Հարավային Ամերիկայի մասին, ― սկսեց նա։ ― Ձեր դիտողությունները կարող եք պահել ձեզ։ Ամենից առաջ բարի եղեք հիշել․ այն, ինչ որ հիմա կլսեք, արգելում եմ հրապարակել ինչ ձևով ուզում է լինի, մինչև որ համապատսխան թույլտվություն չստանաք ինձանից։ Ամենայն հավանականությամբ, այդ թույլտվությունը երբեք չի տրվի։ Հասկանալի՞ է։

― Ինչի՞ համար է այդպիսի չափից դուրս խստությունը, ― ասացի ես։ ― Ըստ իս, անաչառ շարադրումը․․․

Նա գրքույկը դրեց սեղանին։

― Այլևս խոսելիք չունենք։ Հաջողություն եմ ցանկանում ձեզ։

― Ո՛չ, ո՛չ, համաձայն եմ ամեն մի պայմանի, ― բացականչեցի ես։ ― Չէ՞ որ ես ընտրություն կատարել չեմ կարող։

― Ընտրության մասին խոսք անգամ լինել չի կարող, ― հաստատեց նա։

― Այդ դեպքում խոստանում եմ լռել։

― Ազնիվ խո՞սք։

Նա չափեց ինձ լկտի ու անվստահ հայացքով։

― Իսկ ի՞նչ գիտեմ, թե ինչպիսին են ազնվության մասին ձեր հասկացողությունները։

― Դե, գիտե՛ք, սըր, ― զայրացա ես, ― դուք չափազանց շատ բան եք թույլ տալիս ձեզ։ Ես դեռևս այդպիսի վիրավորանքներ չեմ լսել։

Իմ բորբոքվելը նրան հավասարակշռությունից չհանեց, այլ, ընդհակառակը, նույնիսկ հետաքրքրեց։

― Կարճագլուխ տիպ, ― շշնջաց նա։ ― Բրախիցեֆալ, [10] գորշ աչքեր, սև մազեր, նեգրոիդի որոշ գծեր․․․ Դուք, հավանորեն, կե՞լտ[11] եք։

― Ես իռլանդացի եմ, սըր։

― Զտարյո՞ւն։

― Այո, սըր։

― Այդ դեպքում ամեն ինչ հասկանալի է։ Այսպես, ուրեմն, դուք խոստացաք գաղտնի պահել այն տեղեկությունները, որ կհաղորդեմ ձեզ։ Այդ տեղեկությունները, անշուշտ, խիստ ժլատ են։ Սակայն որոշ հետաքրքիր տվյալներ կհայտնեմ։ Դուք, հավանորեն, գիտեք, որ երկու տարի առաջ ես ճանապարհորդություն կատարեցի Հարավային Ամերիկայում՝ մի ճանապարհորդություն, որը կմտնի համաշխարհային գիտության ոսկե ֆոնդի մեջ։ Իմ նպատակն էր ստուգել Ուոլլեսի[12] և Բեյթսի[13] որոշ եզրակացությունները, իսկ այդ կարելի էր անել միայն տեղում, նույն պայմաններում, որոնցում նրանք արել էին իրենց դիտողությունները։ Եթե իմ ճանապարհորդության արդյունքները միայն դրանով էլ սահմանափակվեին, միևնույն է, արժանի կլինեին ամենայն ուշադրության, սակայն տեղի ունեցավ մի չնախատեսված հանգամանք, որը հարկադրեց ինձ իմ հետազոտություններն ուղղել միանգամայն նոր ճանապարհով։

Երևի ձեզ հայտնի է, ― սակայն ով գիտե, տգիտության մեր դարում ոչ մի բան զարմանալի չէ, ― որ որոշ տեղեր, որոնցով հոսում է Ամազոն գետը, լրիվ ուսումնասիրված չեն, և որ նրա մեջ թափվում են բազմաթիվ վտակներ, որոնք մինչև այժմ քարտեզի վրա չեն անցկացված։ Ահա ես էլ իմ առաջ խնդիր դրի այցելել այդ սակավ հայտնի վայրերը և հետազոտել նրանց ֆաունան։ Այնքան նյութ հավաքեցի, որ հերիք կանի մի քանի գլուխ ավելացնելու այն վիթխարի, մոնումենտալ կենդանաբանական աշխատությանը, որը կծառայի իբրև իմ ողջ կյանքի արդարացումը։ Ավարտելով էքսպոզիցիան, վերադառնում էի տուն։ Մի անգամ հարկ եղավ գիշերելու հնդկական մի փոքրիկ ավանում, ոչ հեռու այնտեղից, ուր Ամազոն է թափվում նրա վտակներից մեկը․ այդ վտակի անվան և աշխարհագրական դիրքի մասին լռում եմ։ Ավանում ապրում էին կուկամա ցեղի հնդկացիներ՝ խաղաղ, բայց արդեն այլասերվող մի ժողովուրդ, որի մտավոր մակարդակը հազիվ թե միջին լոնդոնցու մակարդակից բարձր լինի։ Դեռևս իմ առաջին այցելության ժամանակ, երբ բարձրանում էի գետն ի վեր, ես բուժեցի տեղացի մի քանի բնակիչների և ընդհանրապես ուժեղ տպավորություն գործեցի հնդկացիների վրա, ուստի զարմանալի չէ, որ ինձ սպասում էին այնտեղ։ Նրանք իսկույն սկսեցին նշաններով հասկացնել, որ ավանում իմ օգնության կարիքն զգացող մի մարդ կա։ Ես նրանց առաջնորդի ետևից մտա մի խրճիթ։ Ներս մտնելով, համոզվեցի, որ օգնության կարիք զգացող հիվանդը հենց նոր հոգին ավանդել էր։ Ի զարմանս իմ, նա ոչ թե հնդկացի էր, այլ սպիտակ, ամենասպիտակ սպիտակը, եթե կարելի է այդպես արտահայտվել, որովհետև նա ուներ բոլորովին շեկ մազեր և ալբինոսի[14] բոլոր նշանները։ Հագուստից միայն ծվեններ էին մնացել, սարսափելի նիհար մարմինը վկայում էր երկարատև զրկանքների մասին։ Որքան կարողացա հնդկացիներին հասկանալ, նրանք առաջ երբեք այդ մարդուն չէին տեսել․ նա ավան էր եկել անտառից, մենակ, առանց ուղեկիցների, և թուլությունից հազիվ էր ոտքի վրա մնում։ Անծանոթի իրերի պարկը դրված էր նրա կողքին։ Ստուգեցի նրա պարունակությունը։ Ներսի կողմից կարած էր մի պիտակ՝ պարկի տիրոջ անվամբ և հասցեով․ «Մեպլ֊Ուայտ, Լեկլավենյու, Դետրոյթ, Միչիգանի նահանգ»։ Ես միշտ պատրստ եմ այդ անվան առաջ գլուխս խոնարհել։ Չափազանցություն չի լինի ասել, որ երբ իմ կատարած հայտնագործության կարևորությունը ընդհանուր ճանաչում գտնի, նրա անունը կդրվի իմ անվան կողքին։

Պարկի պարունակությունը պարզ ասում էր, Մեպլ֊Ուայտը նկարիչ էր ու բանաստեղծ․ նա ճանապարհրորդում էր նոր ու վառ տպավորություններ գտնելու նպատակով։ Պարկի մեջ պահպանվել էին նրա բանաստեղծությունների սևագրերը։ Ես ինձ գիտակ չեմ համարում այդ բնագավառում, բայց կարծում եմ, որ բանաստեղծությունները մի առանձին բանի նման չէին։ Բացի դրանից պարկում գտա բավական միջակ գետային պեյզաժներ, ներկերով լի մի արկղ, մի տուփ ներկամատիտ, վրձիններ, ահա այս ծռված ոսկորը, որ դրված է թանաքամանին, Բեքստերի մի հատորը՝ «Թիթեռներ», էժանագին մի ատրճանակ և մի քանի փամփուշտ։ Անձնական գործածության իրերը նա, հավանորեն կորցրել էր իր թափառումների ժամանակ կամ գուցե բոլորովին էլ չէր ունեցել։ Ամերիկյան բոհեմայի այդ տարօրինակ ներկայացուցիչը ուրիշ ոչինչ չուներ։

Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ հանկարծ նկատեցի, որ մի բան դուրս է ցցվել նրա պատառոտված բաճկոնակի գրպանից։ Դա Էտյուդների ալբոմ էր՝ ահա, դրված է ձեր առջև, և նույնպես քրքրված է, ինչպես այն ժամանակ։ Կարող եք համոզված լինել, որ այն օրից, ինչ այս մասունքը ընկել է իմ ձեռքը, ես սրա նկատմամբ նվազ երկյուղածություն չունեմ, քան կունենայի Շեքսպիրի առաջին հրատարակության նկատմամբ։ Այժմ այս ալբոմը հանձնում եմ ձեզ և խնդրում եմ էջ առ էջ նայել, թափանցելով նկարների էության մեջ։

Նա ծխեց իր սիգարը, ետ ընկավ աթոռի թիկնակին և, առանց իմ դեմքից կատաղի ու միաժամանակ փորձող հայացքը հեռացնելու՝ սկսեց հետևել, թե ինչ տպավորություն կթողնեն ինձ վրա այդ նկարները։

Բաց արի ալբոմը, սպասելով ինչ֊որ հայտնություններ գտնել՝ թե ինչպիսին, ինձ համար էլ պարզ չէր։ Սակայն առաջին էջը հիասթափեցրեց, որովհետև այնտեղ նկարված էր ծովայինի բաճկոնակ հագած հաղթանդամ մի երիտասարդ, իսկ նկարի տակ գրված էր․ «Ջիմմի Կոլվերը փոստային շոգենավի վրա»։ Այնուհետև գալիս էին մի քանի մանր ժանրային ճեպանկարներ հնդկացիների կյանքից։ Հետո մի նկար, ուր պատկերված էր հոգևոր դասի բարեհոգի մի հաստլիկ՝ լայնեզր գլխարկով, սեղանի մոտ նստած մի շատ նիհար եվրոպացու ընկերակցությամբ։ Մակագրությունը բացատրում էր․ «Նախաճաշ Ռոսարիոյում ֆրա Քրիսֆերոյի հետ»։ Հետևյալ էջերը լցված էին կանացի ու մանկական գլուխներով, որոնց հաջորդում էր կենդանիների նկարների ամբողջ մի սերիա այսպիսի մակագրություններով․ «Ծովային կով ավազե ծանծաղուտում», «Կրիաներ և կրիաների ձվեր», «Սև ագուտին[15] արմավենու տակ», ― ագուտին խիստ նման էր դուրս եկել խոզի, ― և, վերջապես, հետևյալ երկու էջերը զբաղեցնում էին ինչ֊որ խիստ նողկալի երկարաքիթ թեփամորթների ճեպանկարները։ Չգիտեի ինչ մտածել այդ բոլորի մասին, ուստի բացատրությունների համար դիմեցի պրոֆեսորին․

― Սրանք, հավանորեն, կոկորդիլոսնե՞ր են։

― Ալիգատորնե՛ր են, ալիգատորնե՛ր։ Հարավային Ամերիկայում իսկական կոկորդիլոսներ չկան։ Մեկ և մյուս տեսակի միջև եղած տարբերությունը այն է․․․

― Ուզում եմ ասել միայն, որ մի առանձին բան չեմ տեսնում այստեղ, ո՛չ մի այնպիսի բան, որը հաստատեր ձեր խոսքերը։

Նա անխռով ժպիտով պատասխանեց․

― Մի էջ ևս շուռ տվեք։

Բայց հետևյալ էջն էլ ոչ մի բանում չհամոզեց ինձ։ Դա ջրաներկով հազիվ նշված մի պեյզաժ էր, մեկն այն անավարտ էտյուդներից, որոնք ծառայում են նկարչի համար իբրև ապագա թեմայի ավելի մանրակրկիտ մշակման նմուշներ միայն։ Էտյուդի առջևի պլանը գրավել էին գունատ կանաչավուն փետրատերև բույսեր, որոնք վեր էին բարձրանում զառիվայրով։ Վերջինս անցնում էր մուգ կարմրագույն կողավոր ապառաժների գծին, որոնք նման էին բազալտե կազմավորությունների։ Հետին պլանում այդ ապառաժները կանգնած էին համատարած պարսպով։ Աջ կողմում բարձրանում էր բրգաձև մի ժայռ, որը ըստ երևույթին հիմնական լեռնապարից անջատված էր խոր ծերպով։ Ժայռի գագաթը պսակում էր մի վիթխարի ծառ։ Այդ բոլորի վերևում շողում էր արևադարձային կապույտ երկինքը։ Կանաչի մի բարակ շերտիկ երիզում էր կարմիր ապառաժների բարձունքները։ Հետևյալ էջում տեսա նույն պեյզաժի էլի մի ջրաներկ ճեպանկար, որ արված էր ավելի մոտ տարածությունից, այնպես որ մասերն ավելի հստակ էին երևում։

― Դե՞հ, ― ասաց պրոֆեսորը։

― Իրոք որ շատ հետաքրքրական կազմավորություն է, ― պատասխանեցի ես, ― բայց դժվարանում եմ դատել, թե որքան բացառիկ է․ չէ՞ որ ես երկրաբան չեմ։

― Բացառի՞կ, ― կրկնեց նա։ ― Ախր սա իր տեսակի մեջ միակ լանդշաֆտն է։ Սա թվում է անհավանական։ Այպիսի բան նույնիսկ երազում չի կարող երևալ։ Շուռ տվեք էջը։

Ես շուռ տվի և չկարողացա զարմանքի բացականչությունս զսպել։ Ալբոմի էջից ինձ էր նայում ինչ֊որ անսովոր արարած։ Այդպիսի հրեշ կարող էր պատկերվել միայն ափիոն ծխողի տեսիլքներում կամ ջերմախտով տառապող հիվանդի զառանցանքի մեջ։ Նրա գլուխը թռչունի էր, մարմինը՝ ինչպես չափից դուրս փքված խլեզի մարմին, գետով քարշ եկող պոչը փշաքաղվել էր սուր ասեղներով, իսկ կորացած մեջքը ծածկված էր բարձր փշերով, որոնք նման էին աքաղաղի կատարի։ Այդ արարածի դեմ կանգնել էր մի փոքրիկ մարդուկ, համարյա թզուկ։

― Դե, ի՞նչ կասեք, ― բացականչեց պրոֆեսորը՝ հաղթական տեսքով շփելով ձեռքերը։

― Սա ինչ֊որ հրեշավոր բան է, ինչ֊որ գրոտեսկ։

― Իսկ ի՞նչն է ստիպել նկարչին այդպիսի գազան նկարելու։

― Կարծում եմ՝ ջինի պատկառելի քանակությունը։

― Ավելի լավ բացատրություն չե՞ք կարող մտածել։

― Լավ, սըր, իսկ դուք ինքներդ ինչպե՞ս եք բացատրում։

― Շատ հասարակ․ այդպիսի կենդանի գոյություն ունի։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ նկարն արված է բնականից։

Ես չքրքջացի միայն նրա համար, որ ժամանակին հիշեցի, թե ինչպես էինք անիվի նման գլորվում ամբողջ միջանցքով։

― Անկասկած, անկասկած, ― ասացի ես այն հաճոյակատարությամբ, որը սովորաբար շռայլում են տկարամիտների հետ զրուցելիս։ ― Միայն թե ինձ մի փոքր շփոթեցնում է մարդկային այս փոքրիկ կերպարանքը։ Եթե այստեղ հնդկացի նկարված լիներ, կարելի էր մտածել, թե Ամերիկայում գոյություն ունի թզուկների ինչ֊որ ցեղ, բայց սա եվրոպացի է, գլխին խցանե կորդակ ունի։

Պրոֆեսորը փնչացրեց, ինչպես կատաղած ցուլ։

― Դուք հարստացնում եք ինձ փորձով, ― գոչեց նա։ Մարդկային բթամտության սահմանները շատ ավելի լայն են, քան ես կարծում էի։ Դուք մտավոր լճացում եք ապրում։ Ապշեցուցի՜չ է։

Այդ բռնկումն այնքան ահեթեթ էր, որ նույնիսկ չբարկացրեց ինձ։ Եվ մի՞թե արժեր դատարկ տեղը ջղեր մաշել։ Եթե բարկանալու լինեիր այդ մարդու վրա, ուրեմն ամեն րոպե, նրա յուրաքանչյուր խոսքի համար պիտի զայրանայիր։ Ես սահմանափակվեցի հոգնած ժպիտով։

― Ինձ ապշեցրին այս թզուկի չափերը, ― ասացի ես։

― Հապա մի նայեցե՜ք, ― բղավեց պրոֆեսորը՝ առաջ թեքվելով և մազմզոտ, նրբերշիկի պես հաստ մատը տնկելով ալբոմի էջին։ ― Տեսնո՞ւմ եք ահա այս բույսը կենդանու ետևում։ Դուք հավանորեն, խլածաղկի տեղ ընդունեցիք սա կամ կամ բրուսելյան կաղամբի, ճի՞շտ է։ Ո՛չ պարոն, սա հարավամերիկյան արմավենի է, որը կոչվում է «փղոսկր» և որի բարձրությունը հասնում է հիսուն֊վաթսուն ոտնաչափի։ Մի՞թե չեք հասկանում, որ մարդկային ֆիգուրան իզուր չի նկարված այստեղ։ Նկարիչը չէր կարող ողջ մնալ՝ դեմ առ դեմ հանդիպելով այսպիսի գազանի, ո՜ւր մնաց թե նկարեր։ Նա իրեն նկարել է միայն նրա համար, որպեսզի պատկերացում տա մասշտաբների տարբերության մասին։ Նրա հասակը եղել է․․․ Դե, ասենք, հինգ ոտնաչափից մի քիչ ավելի։ Ծառը, ինչպես և պետք էր սպասել, տասն անգամ ավելի բարձր է։

― Տե՜ր աստված, բացականչեցի ես։ ― Ուրեմն, դուք կարծում եք, թե այս արարածը․․․ Ախր եթե սրան բույն փնտրելու լինենք, Չարինգ֊Կրոսս կայարանն էլ փոքր կլինի․․․

― Այդ իհարկե չափազանցություն է, բայց իրոք խոշոր օրինակ է, ― հպարտությամբ ասաց պրոֆեսորը։

― Բայց հո չի՛ կարելի, ― բացականչեցի ես, ― հո չի՛ կարելի մի նկարի հիման վրա դեն նետել մարդկային ցեղի ամբողջ փորձը։ ― Ես թերթեցի մնացած էջերը և համոզվեցի, որ ալբոմի մեջ ուրիշ ոչինչ չկա։ ― Մի միակ նկար ինչ֊որ թափառաշրջիկ նկարչի, որը կարող էր այդ անել հաշիշ ծխելով կամ ջերմախտի տենդում, և կամ պարզապես ի հաճույս իր հիվանդագին երևակայության։ Դուք, իբրև գիտության մարդ, չեք կարող այդպիսի տեսակետ պաշտպանել։

Պատասխանի փոխարեն պրոֆեսորը գրադարակից ինչ֊որ գիրք վերցրեց։

― Ահա իմ տաղանդավոր բարեկամ Ռեյ Լանկաստերի փայլուն մենագրությունը, ― ասաց նա։ Այստեղ մի իլյուստրացիա կա, որ ձեզ անհետաքրքիր չի թվա։ Հըմ։ Ահա այն։ Կարդացեք մակագրությունը․ «Յուրայան շրջանի՝[16] դինոզավր֊ստեգոզավրի[17] ենթադրվող արտաքին տեսքը։ Ետևի վերջավորությունները հավասար են երկու մարդահասակի։ Դե, հիմա ի՞նչ կասեք։

Նա բաց գիրքը ինձ մեկնեց։ Նայեցի իլյուստրացիան և ցնցվեցի։ Անհայտ նկարչի ճեպանկարի և վաղուց անհայտացած աշխարհի այդ ներկայացուցչի միջև, որն ստղծվել էր գիտնականի երևակայությամբ, անկասկած մեծ նմանություն կար։

― Իրոք ապշեցուցիչ է, ― ասացի ես։

― Բայց և այնպես դուք շարունակում եք համառե՞լ։

― Սակայն, միգուցե սա հասարակ զուգադիպություն է կամ թե ձեր ամերիկացին երբևէ տեսել է այսպիսի մի նկար և զառանցանքի մեջ հիշել այն։

― Շատ լավ, ― համբերությամբ ասաց պրոֆեսորը, ― թող այդպես լինի։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։

Նա պարզեց ինձ այն ոսկորը, որը, իր ասելով, գտել էր մեռածի իրերի մեջ։ Ոսկորը վեց դյույմ երկարություն ուներ, բութ մատիցս հաստ էր, իսկ ծայրին պահպանվել էին բոլորովին չորացած կրճիկի մնացորդներ։

― Ձեզ հայտնի կենդանիներից որի՞ն կարող է պատկանել այս ոսկորը, ― հարցրեց պրոֆեսորը։

― Ես մանրակրկիտ զննեցի այն, օգնության կոչելով բոլոր գիտելիքներս, որ դեռ մտքիցս չէին թռել։

― Սա կարող է շատ հաղթանդամ մարդու անրակ լինել, ― ասացի ես։

Խոսակիցս արհամարհանքով ձեռքերը թափահարեց։

― Մարդու անրակը կորացրած ձև ունի, իսկ այս ոսկորը բոլորովին ուղիղ է։ Մակերեսին փոսիկ ունի, որը վկայում է, որ այստեղով հաստ ջլեր են անցել։ Անրակին ոչ մի նման բան չկա։

― Այդ դեպքում դժվարանում եմ պատասխանել։

― Մի՛ վախեցեք ձեր տգիտությունը ցուցադրելուց։ Կարծում եմ, որ Հարավային Կենսինգտոնի[18] կենդանաբանների մեջ չի գտնվի մեկը, որը կարողանա որոշել այս ոսկորը։ ― Նա վերցրեց մի փոքրիկ դեղատուփ և նրա միջից հանեց լոբու մեծության մի ոսկոր։ ― Որքան կարող եմ դատել, ահա այս ոսկորը մարդկային կմախքի կառուցվածքում համապատասխանում է նրան, որ դուք բռնել եք ձեր ձեռքում։ Այժմ որոշ պատկերացում ունե՞ք այդ կենդանու չափերի մասին։ Մի մոռացեք նաև ջլերի մնացորդը, որը վկայում է, որ դա եղել է թարմ օրինակ և ոչ թե բրածու։ Դե, այժմ ի՞նչ կասեք։

― Միգուցե փիղը․․․

Նա ցնցվեց ասես ուժեղ ցավից։

― Բավակա՛ն է, բավակա՛ն է։ Փղեր Հարավային Ամերիկայո՞ւմ։ Չհամարձակվե՛ք նույնիսկ ակնարկել այդ մասին։ Նույնիսկ մեր ժամանակակից տարրական դպրոցում․․․

― Դե, լավ, ― ընդհատեցի ես նրան։ ― Թող փիղ չլինի, այլ մի ուրիշ հարավամերիկյան կենդանի, օրինակ՝ գետակինճ։

― Հավատացեք ինձ, երիտասարդ, որ գիտության այդ բնագավառում ես տարրական գիտելիքներ ունեմ։ Չի կարելի նույնիսկ մի այնպիսի միտք թույլ տալ, թե այս ոսկորը պատկանում է գետակինճի կամ թե կենդանաբաններին հայտնի մի ուրիշ կենդանու։ Սա ոսկրն է խիստ ուժեղ, հետևապես և խիստ կատաղի մի գազանի, որն ապրում է երկրագնդի վրա ինչ֊որ տեղում, բայց մինչև այժմ անհայտ է գիտությանը։ Դուք դեռ շարունակում եք տարակուսե՞լ։

― Համենայն դեպս, սա խիստ հետաքրքրեց ինձ։

― Նշանակում է, դեռ անհուսալի չեք։ Զգում եմ, որ ձեր ուղեղում ինչ֊որ բան նշմարվում է, ուրեմն եկեք համբերությամբ բորբոքենք այդ կայծը։ Թողնենք հիմա հանգուցյալ ամերիկացուն և նորից անցնենք իմ պատմությանը։ Իհարկե, գլխի եք ընկնում, որ ես չէի կարող բաժանվել Ամազոնից, առանց պարզելու, թե բանն ինչ է։ Ես որոշ տեղեկություններ ունեի, թե որտեղից էր եկել այդ նկարիչը։ Սակայն, կարող էի առաջնորդվել միայն հնդկացիների լեգենդներով, քանի որ անծանոթ մոտիվը անցնում է գետամերձ ցեղերի բոլոր ավանդությունների միջով։ Անշուշտ, լսել եք Կուրուպուրի մասին։

― Ոչ, չեմ լսել։

― Կուրուպուրին՝ անտառի ոգին է, չար, ահեղ մի բան․ նրան հանդիպելը տանում է դեպի կործանում։ Ոչ ոք չի կարող մի կարգին նկարագրել Կուրուպուրիին, բայց այդ անունը հնդկացիներին սարսափ է ներշնչում։ Սակայն Ամազոնի ափերին ապրող բոլոր ցեղերը մի բանում համամիտ են իրար․ նրանք ճշգրիտ կերպով ցույց են տալիս, թե որտեղ է ապրում Կուրուպուրին։ Այդ նույն տեղերից էր եկել նաև ամերիկացին։ Այնտեղ ինչ֊որ անհասանելի ու զարհուրելի բան էր թաքնված։ Եվ ես որոշեցի պարզել, թե բանն ինչ է։

― Ի՞նչ արեցիք։

Իմ թեթևամտության հետքն անգամ չմնաց։ Այդ հսկան կարողանում էր իր հանդեպ ուշադրություն ու հարգանք նվաճել։

― Ինձ հաջողվեց հաղթահարել հնդկացիների դիմադրությունը, այն ներքին դիմադրությունը, որ նրանք ցույց են տալիս, երբ նույնիսկ լոկ խոսակցություն ես սկսում այդ թեմայով։ Գործի դնելով ամեն տեսակ հորդորներ, նվերներ և, պետք է խոստովանեմ, սպառնալիքներ, գտա երկու ուղեկցող։ Բազմաթիվ արկածներից հետո, ― դրանք նկարագրելու կարիք չկա, ― երկար օրերի ճանապարհից հետո, ― ուղղության և երկարության մասին ես ինձ թույլ եմ տալիս լռելու, ― վերջապես հասանք այն տեղերը, որոնք մինչև այժմ ոչ ոքի կողմից չէին նկարագրվել և ուր ոչ ոք չէր եղել, եթե չհաշվենք իմ դժբախտ նախորդին։ Այժմ բարի եղեք նայելու ահա այս։

Նա պարզեց ինձ ոչ մեծ լուսանկար։

― Սրա ողբալի վիճակը բացատրվում է նրանով, որ, երբ մենք գետով ցած էինք իջնում, մեր նավակը շուռ եկավ, և այն պատյանը, որի մեջ գտնվում էին չերևակած նեգատիվները, ջարդվեց։ Այդ աղետի հետևանքներն առկա են։ Համրյա բոլոր նեգատիվները ոչնչացան, ― մի կորուստ, որ բոլորովին անփոխարինելի է։ Ահա այս նկարը մեկն է սակավաթիվ փրկվածներից։ Դուք ստիպված եք գոհանալ սրա անկատարության այսպիսի բացատրությամբ։ Լուրեր են պտտվում ինչ֊որ կեղծիքի մասին, բայց ես այժմ տրամադիր չեմ վիճելու այդ թեմայի շուրջ։

Նկարն իրոք բոլորովին գունատ էր։ Անբարյացակամ քննադատը հեշտությամբ կարող էր կառչել դրանից։ Ուշադիր զննելով գորշաղոտ լանդշաֆտը և հետզհետե գլուխ հանելով մանրամասներից՝ ես տեսա մի երկար, վիթխարի բարձրության ապառաժների շարք, որը հիշեցնում էր հսկա ջրվեժ, իսկ առջևի պլանում՝ զառիկող հարթավայր՝ այստեղ֊այնտեղ ցրված ծառերով։

― Եթե չեմ սխալվում, այս պեյզաժը կար նաև ալբոմում, ― ասացի ես։

― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց պրոֆեսորը։ ― Ես այնտեղ իջևանի տեղեր գտա։ Իսկ այժմ նայեցեք մի լուսանկար ևս։

Դա նույն լանդշաֆտն էր, միայն թե ավելի խոշոր պլանով։ Հանվածքը բոլորովին փչացած էր, բայց և այնպես կարողացա ջոկել ծառով պսակված միայնակ ճայռը, որը լեռնապարից բաժանվում էր ծերպով։

― Այժմ ես ոչ մի կասկած չունեմ, ― խոստովանեցի ես։

― Նշանակում է, իզուր չենք ջանում, ― ասաց պրոֆեսորը։ ― Տեսե՛ք, ի՜նչ հաջողություն։ Հիմա բարի եղեք նայելու այս ժայռի գագաթին։ Ի՞նչ եք տեսնում այնտեղ։

― Վիթխարի մի ծառ։

― Իսկ ծառի վրա՞։

― Մի մեծ թռչուն։

Նա խոշորացույցը տվեց ինձ։

― Այո, ― ասացի ես՝ նայելով խոշորացույցի միջից, ― ծառի վրա նստած է մի մեծ թռչուն։ Նա բավական մեծ կտուց ունի։ Դա երևի հավալուսն է։

― Ձեր տեսողությունը նախանձելի չէ, ― ասաց պրոֆեսորը։ ― Դա հավալուսն չէ, ոչ էլ ընդհանրապես թռչուն է։ Թող հայտնի լինի ձեզ, որ ինձ հաջողվեց խփել այդ արարածին։ Եվ դա ծառայում էր իբրև միակ անվիճելի ապացույցը, որ ես բերեցի այնտեղից։

― Նա այստեղ, ձեզ մո՞տ է։

― Վերջապե՜ս ես կտեսնեմ այս բոլոր պատմությունների իրեղեն ապացույցը։

― Նա ինձ մոտ էր։ Դժբախտաբար աղետը գետում ոչ միայն ոչնչացրեց բոլոր նեգատիվները, այլև իմ այդ ավարը։ Ջրապտույտն իր մեջ առավ նրան, և, որքան էլ աշխատեցի փրկել իմ գանձը, ձեռքումս մնաց միայն նրա թևի կեսը։ Ես գիտակցությունս կորցրի և ուշքի եկա, երբ ջուրն ինձ ափ էր նետել, սակայն սքանչելի արարածի այդ ողորմելի մնացորդը անվնաս էր մնացել։ Ահա նա։

Պրոֆեսորը սեղանի դարակից հանեց մի բան, որն իմ կարծիքով հիշեցնում էր հսկայական չղջիկի թև։ Այդ ծռված, թաղանթավոր ոսկորը ամենաքիչը երկու ոտնաչափ երկարություն ուներ։

― Ահռելի մեծության չղջի՞կ, ― հայտնեցի ես իմ ենթադրությունը։

― Բոլորովի՛ն, ― խստությամբ ընդհատեց ինձ պրոֆեսորը։ ― Ապրելով գիտության և բարձր լուսավորության մթնոլորտում՝ ես չէի էլ կասկածում, որ կենդանաբանության հիմնական սկզբունքները այդքան քիչ են հայտնի հասարակության լայն խավերին։ Մի՞թե դուք ծանոթ չեք համեմատական անատոմիայի ամենատարրական դրույթին, որի համաձայն թռչունի թևն ըստ էության իրենից ներկայացնում է նախաբազուկ, մինչդեռ չղջիկի թևը բաղկացած է երեք երկարացրած մատներից՝ դրանց միջև ձգված թաղանթով։ Տվյալ դեպքում այս ոսկորը ոչ մի ընդհանուր բան չունի նախաբազկի ոսկրի հետ, և դուք կարող եք սեփական աչքերով հոմոզվել միայն մեկ թաղանթի առկայության մեջ։ Հետևաբար, կարիք չկա չղջիկին հիշել։ Բայց եթե սա ոչ թռչուն է և ոչ էլ չղջիկ, ապա ինչի՞ հետ գործ ունենք։ Ի՞նչ կարող է լինել սա։

Գիտելիքների իմ համեստ պաշարն սպառվեց մինչև վերջ։

― Իսկապես դժվարանում եմ պատասխանել, ― ասացի ես։

Պրոֆեսորը բացեց այն մենագրությունը, որն առաջ վկայակոչել էր արդեն։

― Ահա, ― շարունակեց նա, ինչ֊որ թևավոր հրեշ ցույց տալով ինձ, ― ահա դիմորֆոզոնի կամ պտերոդակտիլի[19] ― յուրայան շրջանի թևավոր թեփուկավորի հոյակապ պատկերը, իսկ հետևայլ էջում՝ նրա թևի մեխանիզմի սխեման։ Համեմատեցեք այն ձեր ձեռքում եղածի հետ։

Սխեմայի վրա գցած առաջին իսկ հայացքից զարմանքից ցնցվեցի։ Դա վերջնականապես համոզեց ինձ։ Վիճելու բան չկար։ Բոլոր տվայլների գումարն իր գործը տեսավ։ Ճեպանկարը, լուսանկարները, պրոֆեսորի պատմածը, իսկ այժմ նաև իրեղեն ապացույց։ Ուրիշ ի՞նչ կարելի էր պահանջել։ Այդպես էլ ասացի պրոֆեսորին, ասացի ամբողջ ջերմությամբ, որին ընդունակ էի, որովհետև այժմ ինձ համար պարզ էր, որ անարդարացի էին վարվել մարդու հետ։ Նա ետ էր ընկել աթոռի թիկնակին, աչքերը կկոցել և ներողամտաբար ժպտում էր։ Լողանալով անսպասելիորեն իր վրա ճառագած խոստովանության արևի շողերում։

― Սա մեծագո՜ւյն հայտնագործություն է աշխարհում, ― բացականչեցի ես, չնայած իմ մեջ խոսեց ոչ այնքան բնախույզի, որքան ժուռնալիստի խառնվածքը։ ― Սա վիթխարի՜ է։ Դուք գիտության Կոլումբոս եք։ Դուք հայտնագործել եք անհետացած մի աշխարհ։ Անկեղծորեն ցավում եմ, որ կասկածում էի ձեր խոսքերի ճշմարտությանը։ Այդ ամենն ինձ թվում էր անհավանական։ Բայց ես չեմ կարող չնդունել ակնհայտ փաստերը, որոնք պետք է նույնքան համոզիչ լինեն բոլորի համար։

Պրոֆեսորը բավականությունից մռմռում էր։

― Իսկ այնուհետև ի՞նչ ձեռնարկեցիկ, սըր։

― Սկսվեց անձրևների սեզոնը, միստր Մելոուն, իսկ սննդամթերքի իմ պաշարները վերջանալու վրա էին։ Ես հետազոտեցի այդ լեռնային հսկայական շղթայի մի մասը, սակայն բարձրանալ նրա վրա այնպես էլ չկարողացա։ Բրգաձև ժայռը, որի վրայից ցած էի գցել պտերոդակտիլին, ավելի մատչելի դուրս եկավ։ Հիշելով իմ ալպինիստական սովորությունները, ես բարձրացա մոտավորապես մինչև նրա կեսը։ Այդտեղից արդեն կարելի էր դիտել լեռնապարը պսակող սարահարթը։ Դա պարզապես անընդգրկելի էր։ Ուր էլ նայում էիր՝ արևմուտք, արևելք, վերջ չկար կանաչապատ այդ քարափներին։ Լեռնապարի ստորոտում տարածվել էին ճահիճներ և անանցանելի մացառուտներ, որոնք վխտում էին օձերով ու այլ զեռուններով։ Դա իսկապես տենդի բույն է։ Միանգամայն հասկանալի է, որ այդպիսի խոչընդոտները ծառայում էին իբրև բնական պաշտպանություն այդ արտասովոր երկրի համար։

― Իսկ դուք այնտեղ կյանքի ուրիշ նշաններ տեսա՞ք։

― Ոչ, սըր, չտեսա, բայց այդ քարափների ստորոտում անցկացրած մի շաբաթվա ընթացքում շատ անգամներ վերևից հասնող ինչ֊որ տարօրինակ հնչյուններ լսեցինք։

― Բայց այդ ի՞նչ արարած է, որ նկարել է ամերիկացին։ Ինչպե՞ս է նա հանդիպել այդ հրեշին։

― Կարող եմ միայն ենթադրել, որ նա մի հնարքով բարձրացել է քարափի գագաթը և այնտեղ հանդիպել նրան։ Հետևաբար, դեպի քարափը տանող ինչ֊որ ճանապարհ կա։ Անշուշտ, դժվարին ճանապարհ, այլապես բոլոր այդ հրեշները կիջնեին ներքև ու ողջ շրջապատը կլցնեին։ Այստեղ կասկած անգամ չի կարող լինել։

― Բայց ինչպե՞ս են նրանք հայտնվել այնտեղ։

― Իմ կարծիքով, այստեղ ոչ մի հանելուկային բան չկա, ― ասաց պրոֆեսորը։ ― Բացատրությունը ծագում է ինքնին։ Ինչպես հավանորեն ձեզ հայտնի է, Հարավային Ամերիկան իրենից ներկայացնում է մի գրանիտե մայր ցամաք։ Հեռավոր դարերում երևի այնտեղ հրաբխի ժայթքման հետևանքով տեղի է ունեցել շերտերի անակնկալ իջեցում։ Մի մոռացեք, որ այդ քարափները բազալտից են, հետևաբար, հրաբխային ծագում ունեն։ Մոտավորապես մեր Սասեքս կոմսության չափ մի տարածություն դուրս է ցցվել իր բոլոր բնակիչներով՝ մնացած ցամաքից անջատվելով այնպիսի ամուր քարափներով, որոնց ոչ մի հողմահարություն սարսափելի չէ։ Ի՞նչ է ստացվել։ Բնության օրենքներն իրենց ուժը կորցրել են այդտեղ։ Ամեն կարգի արգելակները, որոնք մնացյալ ամբողջ աշխարհում պայմանավորում են գոյության կռիվը, կամ չքացել են, կամ արմատապես փոխվել։ Այն կենդանիները, որոնք սովորական պայմաններում կմեռնեին, շարունակել են բազմանալ։ Ինչպես գիտեք, և՛ պտերոդակտիլը, և ստեգոզավրը վերաբերում են յուրայան շրջանին, հետևապես այդ երկուսն էլ երկրի պատմության մեջ ամենահին կենդանիներից են, որոնք պահպանվել են միայն բոլորովին բացառիկ, պատահականորեն ստեղծված պայմաններում։

― Բայց ձեր ձեռք բերած տեղեկությունները կասկածի տեղիք չեն թողնում։ Հարկավոր է միայն դրանք ներկայացնել համապատասխան անձանց։

― Ես էլ միամտորեն այդպես էի կարծում, ― դառնությամբ պատասխանեց պրոֆեսորը։ ― Միայն մի բան կարող եմ ասել․ իրականում ամեն ինչ այլ կերպ ստացվեց։ Ես ստիպված էի յուրաքանչյուր քայլափոխում ընդհարվել անվստահության հետ, որի հիմքում ընկած էր մարդկային բթամտությունը կամ նախանձը։ Սըր, ես այնպիսի բնավորություն չունեմ, որ քծնեմ որևէ մեկի առաջ և ապացուցեմ իմ իրավացիությունը, երբ իմ խոսքերը կասկածի տակ են առնվում։ Իսկույն որոշեցի, որ այլևս կարիք չկա տրամադրությանս տակ եղած իրեղեն ապացույցները ներկայացնել։ Այդ թեման ինձ ատելի դարձավ, չէի ուզում ոչ մի խոսքով անգամ անդրադառնալ դրան։ Երբ իմ հանգիստը խանգարում էին ձեզ նման մարդիկ, ― մարդիկ, որոնք գոհացնում են ամբոխի պարապ հետաքրքրասիրությունը, ― ես չէի կարողանում հակահարված տալ նրանց՝ առանց սեփական արժանապատվությանս զգացումը կորցնելու։ Պետք է խոստովանել, որ ես բնավորությամբ բավական տաքարյուն եմ, և երբ ինձ համբերությունից հանում են, կարող եմ ամեն տեսակ փորձանք բերել։ Կարծեմ դուք այդ բանը ձեզ վրա զգացիք։

Ես շոշափեցի իմ պղտորված աչքը, բայց լռեցի։

― Միսիս Չելենջերը դրա համար շարունակ վիճում է ինձ հետ, բայց իմ կարծիքով ամեն մի օրինավոր մարդ ճիշտ նույն կերպ կվարվեր։ Սակայն, այսօր ես մտադիր եմ սառնասրտության օրինակ հանդիսանալ և ցույց տալ, թե կամքն ինչպես կարող է հաղթել խառնվածքին։ Հրավիրում եմ ձեզ սքանչանալ այդ տեսարանով։

Նա վերցրեց սեղանի վրայից մի քարտ և մեկնեց ինձ։

― Ինչպես տեսնում եք, այսօր երեկոյան ժամը ութն անց կեսին Կենդանաբանական իստիտուտում տեղի կունենա հայտնի բնախույզ միստր Պերսիվալ Ուոլդրոնի դասախոսությունը «Դարերի տախտակները» թեմայով։ Ինձ հրավիրում են նախագահությունում տեղ գրավել հատկապես նրա համար, որպեսզի բոլոր ներկաների անունից շնորհակալություն հայտնեմ դասախոսին։ Ես այդպես էլ կանեմ։ Բայց այդ չի խանգարի ինձ, իհարկե, մեծագույն տակտով և զգուշությամբ, մի քանի դիտողություններ անել, որոնք կհետաքրքրեն հանդիսականներին և ոմանց մեջ ցանկություն կառաջացնեն ավելի հանգամանորեն ծանոթանալու իմ կողմից բարձրացված հարցերին։ Անշուշտ, վիճելի մոմենտները չեն շոշափվի, բայց բոլորը կհասկանան, թե ինչպիսի պրոբլեմներ են թաքնված իմ խոսքերի տակ։ Խոստանում եմ ինձ հանգիստ պահել։ Ով գիտե, միգուցե իմ զսպվածությունը ավելի լավ արդյունքների հասցնի։

― Իսկ ես կարո՞ղ եմ այնտեղ գալ, ― շտապեցի հարցնել ես։

― Անշուշտ․․․ անշուշտ, կարող եք, ― ուրախությամբ պատասխանեց պրոֆեսորը։

Այդ մարդու սիրալիրությունը համարյա նույնքան շշմեցուցիչ էր, որքան և կոպտությունը։ Ի՜նչ արժեր միայն նրա բարեսիրտ ժպիտը․․․ Աչքերը համարյա չէին երևում, իսկ այտերը ուռչում էին, վերածվելով երկու կարմիր խնձորի, ներքևից սեղմված սև մորուքով։

― Անպայման եկեք։ Ինձ համար հաճելի կլինի գիտենալ, որ համենայն դեպս մի դաշնակից ունեմ դահլիճում, թեկուզ և խիստ անզոր ու անտեղյակ գիտության հարցերում։ Երևի շատ մարդ հավաքվի, քանի որ Ուոլդրոնն օգտվում է մեծ ժողովրդականությամբ, չնայած մաքուր շառլատանի մեկն է։ Այսպես, ահա, միստր Մելոուն, ես ձեզ հատկացրի շատ ավելի ժամանակ, քան ենթադրում էի։ Առանձին անհատը չի կարող սեփականել այն, ինչ որ պատկանում է ողջ մարդկությանը։ Ուրախ կլինեմ այսօր երկոյան ձեզ տեսնել դասախոսության տեղում։ Իսկ առայժմ թույլ տվեք հիշեցնել, որ այն նյութը, որին ես ձեզ ծանոթացրի, ոչ մի կերպ ենթակա չէ հրապարակման։

― Բայց միստր Մակ֊Արդլը․․․ դա մեր խմբագիրն է․․․ նա հաշվետվություն կպահանջի ինձանից ձեզ հետ ունեցածս խոսակցության առթիվ։

― Ասեք նրան, ինչ որ պատահի։ Ի միջի այլոց կարող եք ակնարկել, որ եթե նա էլի որևէ մեկին ուղարկի ինձ մոտ, ես ինքս կներկայանամ նրան՝ լավ մտրակով զինված։ Մնացած ամեն ինչում վստահում եմ ձեզ․ ո՛չ մի խոսք մամուլում։ Այսպես, շատ լավ։ Ուրեմն, ութն անց կեսին՝ Կենդանաբանական ինստիտուտում։

Հրաժեշտ տալիս նա ձեռքը թափահարեց։ Վերջին անգամ տեսա նրա վարդագույն այտերը, ալիքաձև, կապտասև մորուքը, վառվող աչքերը, և դուրս եկա սենյակից։


Գլուխ V «Դա դեռ փաստ չէ»

Պրոֆեսոր Չելենջերին արած առաջին այցի ժամանակ ստացված ֆիզիկակա՞ն ցնցումն էր պատճառը, թե՞ երկրորդ այցից ստացած բարոյական ցնցումը՝ չգիտեմ, սակայն, նորից փողոց դուրս գալով, զգացի, որ իբրև ռեպորտյոր բոլորովին բարոյալքված եմ։ Գլուխս պայթում էր ցավից, բայց և այնպես ուղեղումս առանց մի վայրկյան հանդարտվելու բախում էր մի միտք, թե այդ մարդն ասում է ճշմարտությունը, որի նշանակությունը դժվար է գերագնահատել, և, որ, երբ ինձ թույլատրվի օգտագործել նրա պատմությունը հոդվածի համար, մեր թերթը սենսացիոն մի նյութ կստանա։ Տեսնելով անկյունում կանգնած կառքը՝ թռա նրա մեջ և մեկնեցի խնբագրատուն։ Ինչպես միշտ, Մակ֊Արդլը իր պոստում էր։

― Դե՞, ― անհամբեր բացականչեց նա։ ― Ասացեք, քանի՞ տող է հարկավոր ձեզ։ Դուք այնպիսի տեսք ունեք, երիտասարդ, կարծես ուղղակի մարտադաշտից եք գալիս։ Մի՞թե առանց կռվի չանցավ։

― Այո, սկզբում մի քիչ քաշկռտվեցինք։

― Այ քեզ մա՜րդ։ Դե, իսկ հետո՞։

― Հետո նա խելքի եկավ, և մենք խաղաղ զրուցեցինք։ Սակայն ինձ ոչինչ չհաջողվեց դուրս կորզել նրանից, նույնիսկ մի փոքրիկ ակնարկի համար։

― Նայած ինչպե՜ս հասկանալ։ Իսկ մի՞թե ջարդված աչքը ակնարկի նյութ չէ։ Հերի՛ք ինչքան նա մեզ տեռորի ենթարկեց, միստր Մելոուն։ Իր տեղը ցույց տանք նրանք։ Հենց վաղը մի փոքրիկ հոդված կզետեղեմ, որից նա մի լավ կքրտնի։ Դուք միայն նյութը տվեք, և ես մեկընդմիշտ կնշավակեմ այդ սուբյեկտին։ «Պրոֆեսոր Մյունհաուզենը» ― ինչպե՞ս է դուր գալիս այս վերնագիրը։ «Հարություն առած Կալիոստրոն»։[20] Վերհիշենք պատմությանը հայտնի բոլոր միստիֆիկատորներին ու շառլատաններին։ Նա լիովին կհատուցի իր բոլոր խարդախությունների համար։

― Խորհուրդ չեմ տա այդ բանն անել, սըր։

― Ինչո՞ւ։

― Որովհետև Չելենջերը բոլորովին էլ խարդախ չէ։

― Ինչպե՜ս, ― ոռնաց Մակ֊Արդլը։ Ինչ է, դուք հավատացել եք մամոնտների, մաստոդոնտների և ծովային օձերի մասին արած նրա փչոցների՞ն․․․

― Դե չէ, այդ մասին խոսք անգամ չի եղել։ Բայց այժմ ինձ համար միանգամայն պարզ է, որ Չելենջերը կարող է ինչ֊որ նորություն ներդնել գիտության մեջ։

― Ուրեմն, ինչի՞ մասին եք մտածում։ Նստեցեք և գրեք։

― Ուրախությամբ կգրեի, բայց նա պարտավորեցրեց ամեն ինչ գաղտնի պահել և միայն այդ պայմանով համաձայնեց խոսել ինձ հետ։ ― Ես երկու֊երեք խոսքով շարադրեցի պրոֆեսորի պատմածը։ ― Տեսնո՞ւմ եք, թե բանն ինչպես է։

Մակ֊Արդլի կերպարանքն արտահայտում էր ամենախորին թերահավատություն։

― Այդ ժամանակ զբաղվեք այդ ժողովով, միստր Մելոուն, ― վերջապես ասաց նա։ ― Դրանում, հավանորեն, ոչ մի գաղտնի բան չկա։ Մյուս թերթերը հազիվ թե հետաքրքրվեն, որովհետև Ուոլդրոնի դասախոսությունների մասին մի հարյուր անգամ գրվել է արդեն, իսկ որ Չելենջերը պատրաստվում է ելույթ ունենալ՝ ոչ ոքի մտքով չի անցնում։ Թե որ բախտներս բանի, սենսացիոն նյութ կստանանք։ Համենայն դեպս, գնացեք այնտեղ և մանրամասն հաշվետվություն ներկայացրեք ինձ։ Մինչև ժամը տասներկուսը ազատ մի սյունակ կպահեմ ձեզ համար։

Հոգսաշատ օր էր սպասում ինձ, ուստի որոշեցի ավելի վաղ ճաշել ակումբում և, սեղանի մոտ հրավիրելով Հենրի Տարպին, համառոտակի պատմեցի իմ արկածների մասին։ Թերահավատ ժպիտը չէր հեռանում նրա նիհար, թուխ դեմքից, իսկ երբ խոստովանեցի, թե պրոֆեսորը համոզել է ինձ իր իրավացիության մեջ, Տարպը չդիմացավ և բարձր քրքջաց։

― Սիրելի բարեկամ, կյանքում այդպիսի հրաշքներ չեն լինում։ Այդ որտե՞ղ է տեսնված, որ մարդիկ պատահաբար դեմ առնեն մեծագույն հայտնագործության, իսկ հետո բոլոր իրեղեն ապացույցները կորցնեն։ Հեքիաթները թողեք վիպասաններին։ Ճարպիկ օյինբազությունների ուղղությամբ ձեր պրոֆեսորը կենդանաբանական այգու բոլոր կապիկներին գրպանը կդնի։ Չէ՞ որ դա անհավատալի ցնդաբանություն է։

― Իսկ ամերիկացի նկարի՞չը։

― Մտացածին անձ է։

― Ախր, ինքս եմ տեսել նրա ալբոմը։

― Դա Չելենջերի ալբոմն է։

― Ուրեմն, կարծում եք, թե նկա՞րն էլ նրանն է։

― Դե իհարկե։ Հապա ո՞ւմն է։

― Իսկ լուսանկարնե՞րը։

― Ախր նրանց վրա բան չի երևում։ ԻՆքներդ ասացիք, որ միայն ինչ֊որ թռչուն եք նշմարել։

― Պտերոդակտիլ։

― Այո, եթե հավատանք նրա խոսքերին։ Դուք հավատացել եք և ենթարկվել ներշնչման։

― Հապա ոսկորնե՞րը։

― Առաջինը նա հանել է սոուսի միջից, երկրորդը պատրաստել սեփական ձեռքերով։ Հարկավոր են միայն մտքի որոշ սրություն, այնուհետև ինչ կամենաս, կարող ես կեղծել՝ և՛ ոսկոր, և՛ լուսանկար։

Ես սկսեցի մի տեսակ ինձ վատ զգալ։ Միգուցե, իրո՞ք շատ եմ տարվել։ Հանկարծ մի բախտավոր միտք անցավ գլոխովս։

― Կգա՞ք այդ դասախոսությանը, ― հարցրի ես։

Հենրի Տարպը մի րոպե մտածեց։

― Ձեր հանճարեղ Չելենջերը մի առանձին ժողովրդականություն չի վայելում, ― ասաց նա։ ― Շատերը դեմ չեն նրա հետ իրենց հաշիվները մաքրելու։ Թերևս ամբողջ Լոնդոնում մի այլ մարդ չլինի, որն այդպիսի թշնամական զգացում առաջացներ իր նկատմամբ։ Եթե բժշկական ինստիտուտի ուսանողներ գան դասախոսությանը, սկանդալն անխուսափելի է։ Ոչ, ինչ֊որ տրամադիր չեմ գնալու այդ գժանոցը։

― Համենայն դեպս, պատշաճը հատուցեք՝ լսեցեք նրան։

― Այո, թերևս, արդարությունն այդ է պահանջում։ Լավ, այս երեկո ես ձեր ընկերը կլինեմ։

Երբ մոտենում էինք կենդանաբանական իստիտուտին, նկատեցի, որ հակառակ իմ սպասածին, շատ ժողովուրդ էր հավաքվում դասախոսությանը։ Էլեկտրական կառքերն իրար ետևից նախամուտքին էին մոտեցնում ճերմակահեր պրոֆեսորների, իսկ ավելի համեստ հասարակությունը հեղեղեի պես ներս էր հոսում կամարակապ դռներից, վկայելով, որ դահլիճում ներկա կլինեն ոչ միայն գիտնականներ, այլև լայն մասսաների ներկայացուցիչներ։ Եվ իրոք, գրավելով մեր տեղերը, իսկույն համոզվեցինք, որ հետին շարքերը շատ ազատ էին պահում իրենց։ Ետ դառնալով՝ ես նկատեցի ուսանող երիտասարդությանը։ Հավանորեն, բոլոր խոշոր հիվանդանոցներն իրենց պրակտիկանտներին այստեղ էին ուղաեկել։ Հասարակությունը տրամադրված էր բարեհոգորեն, բայց այդ բարեհոգության տակ կռվարարություն էր թաքնված։ Մերթ ընդ մերթ հնչում էին հանրածանոթ երգերի պատառներ, որ երգում էին խմբով և մեծ ովևորությամբ՝ գիտական դասախոսության խիստ յուրահատուկ նախերգանք։ Իրեն պարզ զգացնել էր տալիս ունկնդիրների հակումը, դեպի անպատկառ կատակները։ Այդ բանը հետագայում շատ մեծ դժվարություններ էր խոստանում բոլորոին, բացի այն անձերից, որոնց անմիջականորեն վերաբերվելու էին այդ կասկածելի կատակները։

Օրինակ, հենց որ բեմում երևաց դոկտոր Մելդրամը իր ծռված եզրերով նշանավոր ցիլիցնդրը գլխին, բոլոր կողմերից լսվեցին համերաշխ բացականչություններ․ «Համա թե դո՜ւյլ է։ Որտեղի՞ց եք ճարել»։ Ծերունին իսկույն ցիլինդրը հանեց և գողունի խցկեց բազկաթոռի տակ։ Երբ հոդատապով տառապող պրոֆեսոր Ուեդլին կաղին տալով առաջացավ դեպի իր տեղը, կատակաբանները, մեծագույն շփոթության մատնելով նրան, խմբով հարցրին, թե արդյոք պրոֆեսորի ոտքի մատը չի՞ ցավում։ Բայց ամենաջերմ ընդունելություն ցույց տրվեց իմ նոր ծանոթին՝ պրոֆեսոր Չելենջերին։ Իր բազկաթոռին հասնելու համար, ― առաջին շարքի ծայրի տեղը, ― նա ստիպված կտրեց անցավ ամբողջ բեմը։ Հենց որ նրա սև մորուքը երևաց դռների մեջ, ունկնդիրները ողջյունի այնպիսի ջերմ բացականչություններ արձակեցին, որ ես մտածեցի՝ Հենրի Տարպի երկյուղներն արդարացան․ հասարակությանը այստեղ է բերել ոչ այնքան դասախոսությունը, որքան նշանավոր պրոֆեսորին նայելու հնարավորությունը, որի ելույթի մասին լուրերը, ըստ երևույթին, արդեն տարածվել էին ամենուրեք։

Նրա հայտնվելու ժամանակ, առջևի շարքերում, որոնք զբաղված էին լավ հագնված հասարակությամբ, ծիծաղներ լսվեցին․ այս անգամ պարտերը հարգանքով վերաբերվեց ուսանողների անկարգություններին։ Հասարակությունը Չելենջերին ողջունում էր խլացուցիչ մռնչյունով․ այդպես կենդաբանական այգու վանդակի մեջ գիշատիչ գազաններն են մռնչում, կերակրման ժամին հեռվից լսելով ծառայողի ոտնաձայները։ Այդ մռնչյունի մեջ պարզ լսվում էին առանձին անհարգալիր նոտաներ, բայց ընդհանուր առմամբ, պրոֆեսորին ցույց տրված ազմկալից ընդունելությունը ավելի շատ հետաքրքրություն էր արտահայտում, քան թշնամություն կամ արհամարհանք։ Չելենջերը ժպտաց հոգնած ու ներողամիտ, ինչպես ժպտում է բարեհոգի մարդը, երբ նրա վրա հարձակվում է կլանչող շան լակոտների մի ամբողջ ոհմակ, հետո դանդաղ նստեց իր բազկաթոռին, ուսերն ուղղեց, խնամքով շոյեց մորուքը և, աչքերը կկոցելով, ամբարտավանությամբ նայեց դեպի լեփլեցուն դահլիճը։ Մռնչյունը դեռ չէր հանդարտվել, երբ բեմում երևացին նախագահը՝ պրոֆեսոր Ռոնալդ Մարրեյը, և զեկուցողը՝ միստր Ուոլդրոնը։

Ժողովն սկսվեց։

Հուսով եմ, պրոֆեսոր Մարրեյը կների ինձ, եթե ես նրան հանդիմանեմ, որ նա տառապում է մի թերությամբ, որը հատուկ է բոլոր անգլիացիներին, այն է՝ խոսքի անորոշությամբ։ Ըստ իս, դա մեր դարի հանելուկներից մեկն է։ Ինչո՞ւ մարդիկ, որոնք շատ ասելիք ունեն, չեն ուզում սովորել պարզորոշ խոսել։ Այդ նույնքան անմիտ է, որքան, ասենք, թանկագին հեղուկը փակած ծորակով խողովակի մեջ լցնելը, որը կարելի է բանալ առանց որևէ ջանքի։

Պրոֆեսոր Մարրեյը մի քանի խորամիտ դիտողություններով դիմեց իր սպիտակ փողկապին և ջրով լիքը գրաֆինին, ապա կատակով աչքով արեց ջահին, որը գտնվում էր նրա աջ կողմում, և նստեց բազկաթոռին՝ տեղը զիջելով հայտնի զեկուցող միստր Ուոլդրոնին, որին հասարակությունը դիմավորեց ծափերով։ Միստր Ուոլդրոնի դեմքը մռայլ էր, ձայնը խիստ, շարժումներն ամբարտավան, բայց նա ուներ ուրիշի մտքերը յուրացնելու և մատչելի, նույնիսկ հետաքրքրական ձևով անտեղյակ մարդկանց մատուցելու շնորհք, իր զեկուցումները ծաղկեցնելով բազմաթիվ, թվում է թե, ամենաանհարմար թեմաների շուրջը կատակներով, այնպես որ նրա շարադրմամբ նույնիսկ օրահավասարությունների պրեցեսիան[21] կամ ողնաշարավորների էվոլյուցիան հումորիստական բնույթ էին ստանում։

Պարզ, երբեմն էլ գեղեցկիկ ձևով, որին տերմինաբանության գիտականությունը չէր խանգարում, զեկուցողը մեր առջև բացեց աշխարհի առաջացման պատմությունը՝ վերցրած ասես թռչնաբարձրունքից։ Նա խոսեց երկրագնդի՝ երկնային ոլորտում բոցավառվող լուսատու գազի այդ վիթխարի զանգվածի մասին։ Հետո պատմեց, թե ինչպես այդ զանգվածն սկսեց սառչել ու քարանալ, ինչպես կազմվեցին երկրի կեղևի ծալքերը, ինչպես գոլորշին փոխակերպվեց ջրի։ Այդ բոլորը բեմի աստիճանական նախապատրաստումն էր կյանքի այն անհասկանալի դրամայի համար, որը պետք է խաղացվեր մեր մոլորակի վրա։ Անցնելով Երկրի վրա բոլոր կենդանի արարածների առաջացմանը՝ միստր Ուոլդրոնը սահմանափակվեց մի քանի մշուշապատ, ոչինչ չպարտավորեցնող ֆրազներով։ Համարյա վստահորեն կարելի է ասել, որ կյանքի սաղմերը չէին կարող դիմանալ երկրագնդի սկզբնական շրջանի բարձր ջերմաստիճանին։ Հետևաբար, նրանք մի փոքր ավելի ուշ առաջացան։ Որտեղի՞ց։ Սառչող անօրգանական տարրերի՞ց։ Միանգամայն հավանական է։ Բայց միգուցե նրանք դրսից են բերվել որևէ օդաքարի միջոցով։ Հազիվ թե։ Կարճ ասած, նույնիսկ իմաստուններից իմաստունները ոչ մի որոշակի բան չեն կարող ասել այս հարցի մասին։ Առայժմ մեզ չի հաջողվում լաբորատոր պայմաններում անօրգանական նյութից օրգանական նյութեր ստանալ։ Մեր քիմիան ի վիճակի չէ կամուրջ գցել այն անդունդի վրա, որը կենդանի մատերիան բաժանում է մեռածից։ Բայց բնությունն ինքը, որը բազում դարերի ընթացքում վիթխարի ուժերով օպերացիաներ է կատարում, հանդիսանում է մեծագույն քիմիկոսը և նրան կարող է հաջողվել այն, ինչ որ վեր է մեր ուժերից։ Եվ այստեղ այլևս ասելիք չկա։

Դրանից հետո զեկուցողը անցավ կենդանական կյանքի մեծ սանդղակին և աստիճան առ աստիճան՝ կակղամորթներից ու ծովային անողնաշարավոր արարածներից դեպի սողուններն ու ձկները, հասավ, վերջապես, կենդանի ձագեր ծնող կենգուրույին՝ բոլոր կաթնասունների ուղղակի հետնորդին, հետևապես նաև նրանց, ովքեր գտնվում են այս դահլիճում։ (Ինչ֊որ հոռետեսի ձայն հետին շարքերից․ «Ասե՜նք թե»։) Եթե «Ասենք թե» բղավող կարմիր փողկապավոր այն երիտասարդ ջենտլմենը, որն ըստ երևույթին հիմքեր ունի կարծելու, թե ինքը ձվից է դուրս թռել, հաճի նիստից հետո մնալ, դասախոսը շատ ուրախ կլինի ծանոթանալու այդպիսի տեսարժան անձի հետ։ (Ծիծաղ։) Հապա մտածեցե՜ք, որ բնության մեջ դարերով տեղի ունեցող պրոցեսները ավարտվել են կարմիր փողկապավոր երիտասարդ ջենտլմենի ստեղծումով․․․ Բայց արդյոք իսկապե՞ս այդ պրոցեսներն ավարտվել են։ Կարելի՞ է այդ ջենտլմենին համարել էվոլյուցիայի արդյունք՝ այսպես ասած՝ ստեղծագործության պսակը։ Զեկուցողը չի կամենում վիրավորել կարմիր փողկապավոր ջենտլմենի լավագույն զգացմունքները, բայց նրան թվում է, որ ինչպիսի առաքինություններով էլ օժտված լինի սույն ջենտլմենը, այնուամենայնիվ, տիեզերքում կատարվող վիթխարի պրոցեսները չէին արդարացնի իրենց, եթե նրանց վերջնական արդյունքը լիներ ահա այդպիսի օրինակի ստեղծումը։ Էվոլյուցիան պայմանավորող ուժերը չեն սպառվել, նրանք շարունակում են գործել և ավելի մեծ անակնկալներ են պատրաստում մեզ համար։

Ընդհանուր ծիծաղի տակ հաշիվ տեսնելով իր հակառակորդի հետ, միստր Ուոլդրոնը վերադարձավ անցյալի պատկերներին և պատմեց, թե ինչպես ծովերը ցամաքեցին՝ մերկացնելով ավազե ծանծաղուտները, ինչպես այդ ծանծաղուտներում հայտնվեցին առաջին կենդանի էակները՝ դոնդողանման, ալարկոտ, պատմեց ամեն տեսակ ծովային արարածներով վխտացող ծովալճակների մասին, որոնց այնտեղ է գրավում տղմոտ հատակը և հատկապես սննդի առատությունը, որը նպաստել է նրանց արագ զարգացմանը։

― Լեդիներ և ջենտլմեններ, ահա թե որտեղից են առաջացել այն հրեշավոր թեփուկավորները, որոնք մինչև այժմ էլ զարհուրանք են պատճառում մեզ, երբ մենք նրանց կմախքները գտնում ենք վելդյան կամ գոլենհոֆենյան[22] թերթաքարերում։ Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։

― Այդ դեռ փաստ չէ, ― թնդաց ինչ֊որ մեկը բեմից։

Միստր Ուոլդրոնը տոկուն մարդ էր, սուր լեզվով, որն առանձնապես իր վրա զգաց կարմիր փողկապավոր ջենտլմենը, և նրան ընդհատելն անվտանգ չէր։ Բայց վերջին ռեպլիկը, հավանորեն, այնքան անհեթեթ թվաց, որ նա մինչև իսկ մի փոքր շփոթվեց։ Այդպիսի շփոթված տեսք կարող էր ունենալ կատաղի բեկոնականի[23] կողմից վիրավորված շեքսպիրագետը, կամ մի աստղաբախշ, որն ընդհարվել է Երկրի տափակության մասին պնդող մի ֆանատիկոսի հետ։ Միստր Ուոլդրոնը մի վայրկյան լռեց, ապա, ձայնը բարձրացնելով՝ հատ֊հատ կրկնեց իր վերջին խոսքերը։

― Բարեբախտաբար, նրանք բոլորն էլ մեր մոլորակի վրայից չքացել են առաջին մարդու երևալուց շա՜տ ու շատ առաջ։

― Այդ դեռ փաստ չէ՛, ― նորից թնդաց նույն ձայնը։

Ուոլդրոնը զարմացական մի հայացք գցեց սեղանի մոտ նստած պրոֆեսորներին և, վերջապես, կանգ առավ Չելենջերի վրա, որ նստել էր բազկաթոռի թիկնակին հենված, և ասես երազի մեջ, ժպտում էր փակ աչքերով։

― Ա՜, հասկանում եմ, ― Ուոլդրոնը ուսերը թոթվեց։ ― Այդ իմ բարեկամ պրոֆեսոր Չելենջերն է։ ― Եվ ամբողջ դահլիճի քրքիջի տակ վերադարձավ ընդհատված դասախոսությանը ասես թե հետագա բացատրությունները բոլորովին ավելորդ էին։

Սակայն բանը դրանով չվերջացավ։ Ինչ ճանապարհ էլ որ ընտրում էր զեկուցողը, խարխափելով անցյալի թավուտներում, ամեն ինչ անփոփոխ կերպով նրան հասցնում էր նախապատմական անհետացած կենդանիների հիշատակմանը, և իսկույն պրոֆեսորի կրծքից դուրս էր ժայթքում նույն սաստկաձայն մռնչյունը։ Դահլիճում արդեն առաջուց գուշակում էին նրա յուրաքանչյուր ռեպլիկը և ցնծագին աղմուկով էին դիմավորում այն։ Սեղմ շարքերով նստած ուսանողները պարտքի տակ չէին մնում, և հենց որ Չելենջերի սև մորուքը շարժվում էր, հարյուրվոր ձայներ, կանխելով նրան, համերաշխ գոռում էին․ «Այդ դեռ փաստ չէ», իսկ առջևի շարքերից լսվում էին զայրալից ճիչեր․ «Կամա՜ց։ Խահտառակությո՜ւն է»։ Մարտերում կոփված, փորձառու դասախոս Ուոլդրոնը վերջնականապես գլուխը կորցրեց։ Նա լռեց, հետո սկսեց ինչ֊որ մռթմռթալ՝ կակազելով ամեն խոսքի վրա և, կրկնելով արդեն ասածը՝ խճճվեց մի երկար ֆրազի մեջ ու վերջում հարձակվեց ողջ այդ անկարգության մեղավորի վրա։

― Այս արդեն չափն ու սահմանն անց է, ― պայթեց նա՝ ցասկոտությամբ փայլեցնելով աչքերը։ ― Պրոֆեսոր Չելենջեր, խնդրում եմ դադարեցնել ձեր վրդովեցուցիչ ու անվայել բացականչությունները։

Դահլիճը սսկվեց։ Ուսանողները հիացմունքից քար կտրեցին՝ բարձր օլիմպիականները վեճի բռնվեցին նրանց աչքի առաջ։ Չելենջերն անշտապ իր ծանր մարմինը ազատեց բազկաթոռից։

― Իսկ ես իմ հերթին խնդրում եմ ձեզ, միստր Ուոլդրոն, բավական է պնդեք այն, ինչ որ հակասում է գիտական տվայլներին, ― ասաց նա։

Այդ խոսքերն իսկական փոթորիկ առաջացրին։ Ընդհանուր աղմուկի ու քրքիջի միջից լսվում էին միայն առանձին զայրալից ճիչեր․ «Խայտառակությո՜ւն», «Թող խոսի», «Դո՛ւրս վռնդեք նրան այստեղից», «Հեռացրե՛ք բեմից», «Դա անազնվություն է, թույլ տվեք նրան արտահայտվելու»։

Նախագահը վեր թռավ տեղից և, թույլ կերպով թափահարեց թևերը, հուզված ինչ֊որ բան շշնջաց։ Այդ անորոշության մշուշից լսելի էին միայն առանձին անկապ խոսքեր․ «Պրոֆեսոր Չելենջեր․․․ բարի եղեք․․․ ձեր նկատառումներ․․․ հետո․․․»։ Կարգը խանգարողը գլուխ տվեց նրան, ժպտաց, սղալեց մորուքը և նորից թաղվեց բազկաթոռի մեջ։ Ուոլդրոնը շարունակեց իր դասախոսությունը տաքացած այդ խոսքակռվից և խիստ մարտականորեն տրամադրված։ Ժամանակ առ ժամանակ որևէ դրույթ արտահայտելով, նա չարությամբ լի հայացքներ էր նետում իր հակառակորդի վրա, որն ասես ննջում էր, փռված բազկաթոռի մեջ, միշտ նույն երանության լայն ժպիտը շուրթերին։

Եվ ահա դասախոսությունը վերջացավ՝ ինձ թվում է, ժամանակից մի փոքր շուտ, որովհետև եզրափակիչ մասը կոծկվեց՝ մի տեսակ չկապվելով նախընթացի հետ։ Կոպիտ միջամտությունը խանգարեց դասախոսի մտքի ընթացքին։ Ունկնդիրները մնացին չբավարարված և ապասում էին դեպքերի հետագա զարգացմանը։

Ուոլդրոնը նստեց իր տեղը, նախագահն ինչ֊որ բան ճտվտաց, որից հետո պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ բեմի առաջամասին։ Հիշելով իմ թերթի շահերը, ես համարյա բառացիորեն գրի առա նրա ճառը։

― Լեդիներ և ջենտլմեններ, ― սկսեց նա ետևի շարքերի զսպված աղմուկի տակ։ ― Ներողություն եմ խնդրում, լեդիներ, ջենտլմեններ և մանուկներ․․․ Իմ կամքից անկախ, ես անտեսեցի ունկնդիրների մի զգալի մասին։ (Դահլիճում աղմուկ։ Սպասելով դրա հանդարտվելուն, պրոֆեսորը ողորմածաբար օրորում է իր խոշոր գլուխը և ձեռքերը վեր բարձրացնում, ասես օրհնելով բազմությանը։) Ինձ առաջարկվեց շնորհակալություն հայտնել միստր Ուոլդրոնին իր հույժ պատկերավոր ու հետաքրքրաշարժ զեկուցման համար, որը մենք ձեզ հետ միասին հենց նոր լսեցինք։ Այդ զեկուցման որոշ թեզերի հետ ես համաձայն չեմ, որի մասին պարտք համարեցի հայարարել առանց ուշացման։ Բայց և այնպես հարկ է խոստովանել՝ միստր Ուոլդրոնը հաջողությամբ կատարեց իր խնդիրը, այն է՝ մատչելի ու հետաքրքրական ձևով շարադրեց մեր մոլորակի պատմությունը, ավելի ճիշտ այն, ինչ որ նա հասկանում է մեր մոլորակի պատմություն ասելով։ Հանրամատչելի դասախոսությունները խիստ հեշտությամբ են յուրացվում, բայց․․․ (այստեղ Չելենջերը երանելիությամբ ժպտաց և մի հայացք նետեց դասախոսի վրա) իհարկե, միստր Ուորդրոնը կների ինձ, եթե ասեմ, որ նման դասախոսությունները, իրենց շարադրման յուրահատկությունների շնորհիվ միշտ էլ գիտության տեսակետից լինում են մակերեսային ու վատորակ, քանի որ դասախոսը, այսպես թե այնպես, պետք է հարմարվի տգետ լսարանին։ (Ծաղրական բացականչություններ տեղերից։) Հանրամատչելի դարձնող դասախոսներն իրենց էությամբ պարազիտներ են։ (Բողոքի շարժում Ուոլդրոնի կողմից։) Նրանք շահույթի կամ ինքնառեկլամի նպատակով օգտագործում են իրենց անհայտ, կարիքի տակ ճզմված եղբայրակիցների աշխատանքը։ Լաբորատորիայում ձեռք բերված ամենաաննշան հաջողությունը՝ մեկն այն աղյուսիկներից, որոնք օգտագործվում են գիտության տաճարի կառուցման համար, ավելին արժե, քան այն ամենը ինչ ստացվում է երկրորդ ձեռքերից, քան ամեն մի մասսայականացում, որը կարող է զվարճացնել մի ժամով, բայց ոչ մի շոշափելի արդյունք չի տա։ Ես այս հանրահայտ ճշմարտությունը հիշեցնում եմ ոչ թե միստր Ուոլդրոնի ծառայությունները նսեմացնելու ցանկությամբ, այլ որպեսզի դուք չկորցնեք համեմատության զգացումը՝ սպասավորին գիտության բարձրագույն քուրմի տեղ ընդունելով։ (Այստեղ միստր Ուոլդրոնը ինչ֊որ քչփչաց նախագահի ականջին, որը տեղից վեր կացավ և մի քանի խիստ խոսքեր ասավ իր առջև դրված ջրի գրաֆինին։) Բայց հերիք է այս մասին։ (Հավանության բացականչություններ։) Թույլ տվեք անցնել մի հարցի, որն ավելի լայն հետաքրքրություն է ներկայացնում։ Որտե՞ղ էր, որ ես՝ ինքնուրույն հետազոտողս, ստիպված եղա հարցականի տակ դնել մեր դասախոսի իրազեկությունը։ Այնտեղ, ուր խոսքը վերաբերում էր կենդանական կյանքի որոշ տեսակների անհետացմանը Երկրի երեսից։ Ես դիլետանտ չեմ և այստեղ հանդես եմ գալիս ոչ իբրև մասսայականացնող, այլ իբրեև մի մարդ, որի գիտական բարեխճությունն ստիպում է իրեն խստագույնս հենվել փաստերի վրա։ Այդ պատճառով ես հաստատում եմ, որ միստր Ուոլդրոնը խորապես սխալվում է, պնդելով, իբրև թե այսպես կոչված մինչպատմական կենդանիները չքացել են Երկրի երեսից։ Նա առիթ չի ունեցել տեսնելու այդ կենդանիներին, բայց դա դեռ ոչինչ չի ապացուցում։ Նրանք, իրոք, ինչպես նա արտահայտվեց, հանդիսանում եմ մեր նախորդները, սակայն, կավելացնեմ ես, ոչ միայն նախորդները, այլև ժամանակակիցները, որոնց կարելի է դիտել իրենց ամբողջ յուրահատկությամբ՝ վանող, զարհուրելի յուրահատկությամբ։ Այն վայրերը հասնելու համար, ուր ապրում են նրանք, անհրաժեշտ է միայն տոկունություն և համարձակություն։ Այն կենդանիները, որոնց մենք վերագրեցինք յուրայան շրջանին, հրեշներ են, որոնց համար չնչին բան է մինչև այժմ գոյություն ունեցող մեր ամենախոշոր ու ամենակատաղի կաթնասուններին պատառոտելը և կուլ տալը․․․ (Բացականչություններ․ «Ցնդաբանություն։ Ապացուցե՛ք։ Դուք այդ որտեղի՞ց գիտեք։ Դա դեռ փաստ չէ»։) Դուք հարցնում եք, թե ես որտեղից գիտե՞մ։ Գիտեմ, որովհետև եղել եմ այն վայրերում, ուր ապրում են նրանք։ Գիտեմ, որովհետև տեսել եմ այդպիսի կենդանիների․․․ (Ծափեր, խլացուցիչ աղմուկ և ինչ֊որ մեկի ձայնը․ «Ստախո՜ս»։) Ե՞ս եմ ստախոսը։ (Միահամուռ․ «Այո՛, այո՛»։) Կարծեմ ինձ ստախո՞ս անվանեցին։ Թող այդ մարդը վեր կենա տեղից, որպեսզի ես կարողանամ նրան տեսնել։ (Մի ձայն «Ահա՛ նա, սըր», ― և ուսանողների գլխավերևում կատաղորեն թպրտում է մի ակնոցավոր մարդուկ, որը բոլորովին անմեղ տեսք ունի։) Այդ դո՞ւք համարձակվեցիք ստախոս անվանել ինձ։ (Ո՛չ, սըր, ― ճչում է նա և խեղկատակի նման գլուխկոնծի տալիս ներքև։) Եթե ներկաներից որևէ մեկը կասկածում է իմ ճշմարտությանը, ժողովից հետո ես հաճույքով կզրուցեմ նրա հետ։ («Ստախո՛ս»։) Ո՛վ էր այդ ասողը։ (Նորից անմեղ զոհը օդ է թռչում, կատաղորեն աշխատելով ազատվել իրեն չարչարողների ձեռքերից։) Հիմա ես ցած կիջնեմ բեմից, և այն ժամանակ․․․ (Համերաշխ ճիչերը՝ «Համեցե՜ք, բարեկամ, համեցե՜ք», ― մի քանի րոպեով ընդհատում են ժողովը։ Նախագահը վեր է ցատկում տեղից և դիրիժորի նման թափահարում ձեռքերը։ Պրոֆեսորը վերջնականապես գազազել է․ նա կանգնած է մորուքն առաջ ցցած, կարմրատակած, լայնացած ռունգերով։) Բոլոր մեծ նորարարներն իմացել են՝ ինչ ասել է ամբոխի անվստահություն։ Անվստահությունը հիմարների դրոշն է։ Երբ խոշոր հայտնագործությունները դնում են ձեր ոտքերի տակ, ձեզ պակասում է հոտառությունը, պակասում է երևակայությունը, որպեսզի իմաստավորեք դրանք։ Դուք ընդունակ եք միայն ցեխ շպրտել այն մարդկանց վրա, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել՝ նվաճելով գիտության նորանոր հորիզոններ։ Դուք քարկոծում եք մարգարեներին։ Գալիլեյը, Դարվինը և ես․․․ (Երկարատև բացականչություններ և լիակատար անկարգություն դահլիճում)։

Այս ամենը ես քաղում եմ իմ շտապ գրառումներից, որոնք չնայած արել եմ տեղում, բայց անհրաժեշտ պատկերացում չեն կարող տալ այդ ժամանակ դահլիճում տիրող քաոսի մասին։ Այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացավ, որ մի քանի կանայք փախուստի դիմեցին։ Ընդհանուր տրամադրությանն անձնատուր եղան ոչ միայն ուսանողները, այլև ավելի լուրջ հասարակությունը։ Ես իմ աչքով տեսա, թե ինչպես ալեհեր ծերունիները վեր էին թռչում տեղերից ու բռունցք թափ տալիս՝ զայրանալով սանձակոտոր պրոֆեսորի վրա։ Բազմամարդ խառնաժողովը եռում ու փրփրում էր, ինչպես ջուրը կաթսայի մեջ։ Պրոֆեսորն առաջ եկավ և ձեռքերը պարզեց վեր։ Այդ մարդու մեջ մի այնպիսի ուժ ու անվեհերություն էր զգացվում, որ աղմկարարներն աստիճանաբար լռեցին՝ զսպված նրա հրամայական շարժումից և տիրական հայացքից։ Եվ դահլիճը սսկվեց՝ պատրաստվելով լսելու։

― Ես ձեզ երկար չեմ պահի, ― շարունակեց Չելենջերը։ ― Արժե՞ միթե իզուր տեղը ժամանակ վատնել։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և այն չի կարելի սասանել հիմար տղաների և, ափսոսանքով պիտի ավելացնեմ, ոչ պակաս տարեց հիմար ջենտլմենների ոչ մի անկարգությամբ։ Ես պնդում եմ, որ իմ կողմից հայտնաբերված է գիտական հետազոտությունների մի նոր ասպարեզ։ Դուք այդ բանը վիճարկում եք։ (Ընդհանուր բացականչություններ։) Եկեք ուրեմն քննություն անցկացնենք։ Համաձա՞յն եք արդյոք ձեր միջից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ ընտրել, որոնք ստուգեին իմ խոսքերի իրավացիությունը։

Համեմատական անատոմիայի պրոֆեսոր միստր Սամերլին, բարձրահասակ, մաղձոտ մի ծերուկ, որի չոր֊չոր դեմքին ինչ֊որ բան կար, որը նրան աստվածարանի նմանություն էր տալիս, վեր ելավ տեղից։ Նա կամեցավ իմանալ, թե արդյոք պրոֆեսոր Չելենջերի հայտարարությունները երկու տարի առաջ դեպի Ամազոնի ակունքները ձեռնարկած ուղևորության արդյունքը չե՞ն։

Պրոֆեսոր Չելենջերը դրական պատասխան տվեց։

Այնուհետև միստր Սամերլին հետաքրքրվեց, թե ինչպես է պրոֆեսոր Չելենջերին հաջողվել նոր հայտնագործություն կատարել այն վայրերում, որոնք ուսումնասիրվել են Ուոլեսի, Բեյթսի և միանգամայն արժանի հռչակ վայելող այլ գիտնականների կողմից։

Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց դրան, թե ըստ երևույթին պրոֆեսոր Սամերլին Ամազոնը շփոթում է Թեմզայի հետ։ Ամազոնը շատ ավելի մեծ է Թեմզայից և, եթե միստր Սամերլիին հաճելի է իմանալ, Ամազոն գետը և վտակով նրան միացող Օրինոկո գետը միասին ընդհանուր առմամբ բռնում են հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն։ Այդ պատճառով էլ ոչ մի զարմանալի բան չկա, եթե այդպիսի վիթխարի տարածության վրա մի հետազոտող հայտնաբերի այն, ինչ֊որ կարող էին նկատած չլինել նրա նախորդները։

Միստր Սամերլին թթու ժպիտով առարկեց, թե իրեն լավ հայտնի է Թեմզայի և Ամազոնի միջև եղած տարբերությունը, այն է՝ որ առաջինին վերաբերող ամեն մի պնդում հեշտությամբ կարելի է ստուգել, ինչ֊որ չի կարելի ասել երկրորդի մասին։ Նա հույժ պարտավորված կզգար պրոֆեսոր Չելենջերին, եթե սա հայտներ, թե լայնության ու երկայնության որ աստիճանի տակ է գտնվում այդ վայրը, ուր ապրում են մինչպատմական կենդանիները։

Պրոֆեսոր Չելենջերը պատասխանեց, որ մինչև այժմ նա ձեռնպահ է մնացել նման տեղեկություններ հաղորդելուց՝ դրա համար ծանրակշիռ հիմքեր ունենալով, բայց հիմա, անշուշտ, որոշ վերապահումներով, նա կարող է այդ տվյալները հաղորդել ունկնդիրների կողմից ընտրված հանձնաժողովին։ Թերևս միստր Սամերլին կհամաձայնի՞ մտնել այդ հանձնաժողովի մեջ և անձամբ ստուգել պրոֆեսոր Չելենջերի պնդումների հավաստիությունը։

Միստեր Սամերլի։ Այո, կհամաձայնեմ։ (Բուռն ծափահարություններ։)

Պրոֆեսոր Չելենջեր։ Այն ժամանակ ես պարտավորվում եմ ներկայացնել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կօգնեն ձեզ տեղ հասնելու։ Սակայն, քանի որ միստր Սամերլին մտադիր է ստուգել ինձ, ես իրավացի եմ համարում, որպեսզի նրան ևս մեկնումեկն ստուգի։ Չեմ թաքցնում ձեզանից, որ ճանապարհորդությունը կապված կլինի բազմաթիվ դժվարությունների ու վտանգների հետ։ Միստր Սամերլիին անհրաժեշտ է մի ուղեկից, որն ավելի ջահել լինի։ Միգուցե այստեղ, դահլիճում, ցանկացողներ կգտնվե՞ն։

Ահա այսպես անսպասելիորեն մարդու կյանքում բեկում է տեղի ունենում։ Մի՞թե ես, այդ դահլիճը ներս մտնելիս, կարող էի մտածել, թե կանգնած եմ ամենաանհավանական արկածների շեմին, արկածներ, որ նույնիսկ չէի երազել։ Բայց Գլեդի՜սը։ Մի՞թե նա այդ մասին չէր խոսում։ Գլեդիսը կօրհներ ինձ այդպիսի սխրագործության համար։ Տեղիցս վեր ցատկեցի։ Խոսքերն իրենք իրենց դուրս թռան բերանիցս։ Կողքիս նստած Հենրի Տարպը քաշեց պիջակիցս ու շշնջաց․

― Նստեցեք, Մելոուն, հիմար վիճակի մեջ մի դնեք ձեզ բոլորի առաջ։

Նույն րոպեին նկատեցի, թե ինչպես առաջին շարքերից մեկում տեղից ելավ ինչ֊որ բարձրահասակ, շիկավուն մարդ։ Նա բարկությամբ աչքերը փայլեցրեց ինձ վրա, բայց ես տեղի չտվի։

― Պարոն նախագահ, ես ուզում եմ գնալ, ― կրկնեցի ես։

― Անո՛ւնը, անո՛ւնը, ― պահանջում է հասարակությունը։

― Իմ անունն է Էդուարդ Դան Մելոուն։ Ես «Դեյլի֊գազետի»֊ի ռեպորտյորն եմ։ Խոսք եմ տալիս, որ կլինեմ միանգամայն անաչառ վկա։

― Իսկ ձե՞ր անունը, սըր, ― դիմեց նախագահն իմ ախոյանին։

― Լորդ Ջոն Ռոքստոն։ Ես եղել են ամազոնում, լավ գիտեմ այդ վայրերը և, հետևաբար, բոլոր հիմքերն ունեմ իմ թեկնածությունն առաջարկելու։

― Լորդ Ջոն Ռոքստոնը համաշխարհային հռչակ է վայելում իբրև ճանապարհորդ և որսորդ, ― ասաց նախագահը։ ― Բայց մամուլի ներկայացուցչի մասնակցությունն այս էքսպեդիցիային ոչ պակաս ցանկալի է։

― Այդ դեպքում, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը, ― ես առաջարկում եմ, որպեսզի ներկա ժողովը լիազորի այս երկու ջենտլմեններին՝ ուղեկցելու պրոֆեսոր Սամերլիին իր ճանապարհորդության ընթացքում, որի նպատակն է լինելու իմ խոսքերի իրավացիության հետաքննությունը։

Ամբողջ դահլիճի բացականչությունների ու ծափերի տակ մեր ճակատագիրը որոշվեց, և ես, ալեկոծված այն բանից, ինչ որ ինձ սպասում էր առաջիկայում, խառնվեցի դեպի դռները հորդող մարդկային հեղեղին։ Դուրս գալով փողոց՝ ես, ինչպես երազում, աղոտ կերպով տեսա քրքիջով ընթացող ամբոխին, իսկ նրա կենտրոնում՝ հովանոցով զինված մի ձեռք, որը մի գլուխ իջնում էր ուսանողների գլխին։ Հետո պրոֆեսոր Չելենջերի էլեկտրակառքը շարժվեց տեղից կռվարարների ուրախ ճիչերի և տուժածների տնքոցների ուղեկցությամբ։ Ես շարունակեցի քայլել Ռիջենտ֊ստրիտով՝ ամբողջովին կլանված Գլեդիսի և ինձ առաջիկայում սպասելիք արկածների մասին մտքերով։

Հանկարծ մեկը ձեռք տվեց արմունկիս։ Ետ դառնալով տեսա, որ ծիծաղկոտ և տիրական ինձ էր նայում այն բարձրահասակ, նիհար մարդը, որը ցանկություն հայտնեց ինձ հետ միասին մասնակցելու այդ արտասովոր էքսպեդիցիային։

― Եթե չեմ սխալվում, դուք միստր Մելոո՞ւնն եք, ― ասաց նա։ ― Այսուհետև մենք ընկերներ կլինենք։ Ես ապրում եմ այստեղից երկու քայլի վրա, Օլբենիում։ Թերևս, դուք մի կես ժամ տրամադրե՞ք ինձ։ Ես շատ եմ ուզում որոշ բաների մասին խոսել ձեզ հետ։


Գլուխ VI «Ինձ կոչում էին աստծու խարազան»

Լորդ Ջոն Ռոքստոնը թեքվեց դեպի Վիգո֊ստրիտ, և մենք իրար ետևից անցնելով մի շարք կեղևաթափ նախամուտքեր, խորացանք դեպի Օլբենի փողոցը՝ այդ նշանավոր արիստոկարատական միջնանոցը։ Երկար, մութ միջանցքի վերջում իմ նոր ծանոթը հրեց դուռը և անջատիչը պտտեց։ Վառ լուսամփոփավոր լամպերը հսկայական սենյակը լցրին սուտակե լույսով։ Դեռ շեմքից նայելով, ես մեկեն զգացի այստեղ շքեղության, նուրբ կոմֆորտի ու միաժամանակ առնականության մի մթնոլորտ։ Սենյակը խոսում էր այն մասին, որ այդտեղ անխոնջ պայքար է գնում նրա հարուստ տիրոջ նուրբընտիր ճաշակի և ամուրիական թափթփվածության միջև։ Հատակը ծածկված էր խավոտ մորթիներով և ծիածանի բոլոր երանգների տարօրինակ գորգերով, բերված, հավանորեն, ինչ֊որ արևմտյան շուկաներից։ Պատերին կախված էին յուղանկարներ ու քանդականկարներ, որոնց արժեքավորությունը նկատելի էր մինչև իսկ ինձ, չնայած իմ անփորձությանը։ Բռնցքամարտիկների, պարուհիների ու արշավաձիերի լուսանկարները հաշտ կերպով ապրում էին զգայական Ֆրագոնարի, Ժիրարդեի մարտատեսարանների և երազող Տերների[24] հետ։ Սակայն այդ պերճանքի մեջ կային և այլ իրեր, որոնք կենդանի կերպով հիշեցնում էին, որ լորդ Ջոն Ռոքստոնը մեր օրերի ամենանշանավոր որսորդներից ու սպորտսմեններից մեկն էր։ Բախարու վերևում խաչաձևված երկու թիակները՝ մուգ կապույտ ու կարմիր, խոսում էին Օքսվորդում մի ժամանակ թիավարությամբ տարվելու մասին, իսկ նույն տեղում կախված մարտասուսերներն ու բռմցքամարտի ձեռնոցները վկայում էին, որ դրանց տերը դափնիներ է վաստակել նաև այդ բնագավառներում։ Ողջ սենյակը, ճարտարապետական ֆրիզի նման, գոտևորում էին աշխարհի բոլոր ծայրերից բերված խոշոր գազանների գլուխները, իսկ այդ հոյակապ հավաքածուի մարգարիտը կազմում էր շրթունքը գոռոզությամբ դուրս ցցած մի հազվագյուտ սպիտակ ռնգեղջույրի գլուխ։

Սենյակի մեջտեղում կարմիր խավոտ գորգի վրա դրված էր Լյուդովիկոս XV֊ի դարաշրջանի մի սև սեղան՝ ոսկե դրվագումներով՝ անտիկվարային մի սքանչելի իր, որը սրբապղծորեն ծածկված էր գավաթների հետքերով և սիգարի մնացորդների այրվածքներով։ Սեղանի վրա մի արծաթե մատուցարան կար՝ ծխելու պարագաներով և շշերով լի, և խիստ մաքրված մի պահարանիկ։ Լռակյաց տանտերն իսկույն լցրեց երկու բարձր գավաթ և վրան սիֆոնից սոդայաջուր ավելացրեց։ Ձեռքով ցույց տալով բազկաթոռը, նա իմ գավաթը դրեց փոքրիկ սեղանին և մի երկար, ողորկ սիգար մեկնեց ինձ։ Հետո նստեց դեմուդեմ և ինձ վրա հառեց իր տարօրինակ կապույտ աչքերի ուշադիր հայացքը, աչքեր, որոնք առկայծում էին, ինչպես լեռնային սառցապատ լիճը։

Սիգարի ծխի նուրբ շղարշի միջով ես զննում էի նրա դեմքը, որ ծանոթ էր ինձ բազմաթիվ լուսանկարներից՝ սապատավոր քիթ, նիհար, փոս ընկած աչքեր, մուգ կարմրաշեկ մազեր, որոնք գագաթին արդեն նոսրացել են, ոլորված բեղեր, փոքրիկ, բայց գրգռիչ այծմորուք։ Նրա մեջ ինչ֊որ բան կար և՛ Նապոլեոն III֊ից, և՛ Դոն Կիխոտից, և՛ տիպիկ անգլիական ջենտլմենից, որը սպորտի, շների և ձիերի սիրահար է։ Արևն ու քամին պղնձի պես կարմրացրել էին նրա մաշկը։ Ցած կախված թավ հոնքերը նրա առանց այն էլ սառը աչքերին համարյա կատաղի արտահայտություն էին տալիս, իսկ կնճիռներով ակոսված ճակատը միայն խորացնում էր հայացքի այդ կատաղիությունը։ Նրա մարմինը նիհարավուն էր, բայց ամուր, իսկ ինչ վերաբերում է անխոնջությանը և ֆիզիկական դիմացկունությանը, ապա շատ անգամներ ապացուցված էր, որ այդ ուղղությամբ Անգլիայում նա քիչ մրցակիցներ ունի։ Չնայած իր վեց ոտնաչափից ավելի բարձրության, նա թվում էր միջահասակ․ դրա պատճառը մի փոքր կորացածությունն էր։

Այդպիսին էր նշանավոր լորդ Ռոքստոնը, որն այժմ սիգարը ծամելով, ուշադիր զննում էր ինձ և ոչ մի խոսքով չէր խանգարում երկարող անհարմար լռությունը։

― Դե, ― վերջապես խոսեց նա, ― արդեն նահանջել չի կարելի, սիրելի երիտասարդ։ Այո, մենք գլխապատառ ցատկեցինք դեպի ինչ֊որ անհայտություն։ Բայց երբ դուք դահլիճ մտաք, հավանորեն, այդ բանը ձեր մտքովն իսկ չէր անցնում։

― Չէի էլ երևակայում։

― Ճիշտ որ, ես էլ չէի երևակայում։ Իսկ այժմ մենք մինչև ականջներս խրված ենք այդ պատմության մեջ։ Տեր իմ աստված, բայց ախր ընամենը երեք շաբաթ է, ինչ ես վերադարձել եմ Ուգանդայից, նոր եմ Շոտլանդիայում կոտեջ վարձել, պայմանագիր ստորագրել և հանկարծ այդպիսի բաներ։ Այ քեզ գո՜րծ։ Երևի ձեր բոլոր ծրագրե՞րն էլ քամուն տրվեցին։

Դե չէ, դա իմ արհեստն է․ ախր ես ժուռնալիստ եմ, աշխատում եմ «Դեյլի գազետ»֊ում։

― Այո, իհարկե, չէ՞ որ դուք այդ մասին ասացիք։ Ի դեպ, այստեղ մի գործ կա․․․ Չե՞ք հրաժարվի օգնել։

― Սիրով կօգնեմ։

― Միայն թե վտանգավոր է․․․ Նախքան համաձայնելը լավ մտածեցեք։

― Իսկ ինչո՞ւմն է վտանգը։

― Ես ձեզ պետք է տանեմ Բիլլինգերի մոտ, ահա թե ինչ։ Լսե՞լ եք նրա մասին։

― Ոչ։

― Ի՞նչ եք ասում, երիտասարդ, դուք որ աշխարհում եք ապրում։ Սըր Ջոն Բիլլինգերը մեր լավագույն ժոկեյն է։ Ուղիղ ճամփի վրա ես դեռ կարող եմ նրա հետ չափվել, բայց արգելակներով մրցավազքում նա ինձ իսկույն գրպանը կդնի։ Ահա, ուրեմն, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երբ Բիլլինգերը վերջացնում է վարժեցումը, սկսում է խմել։ Այդ բանը նրա մոտ կոչվում է «գիծը շտկել»։ Երեքշաբթի օրը նա կոնծել էր մինչև աչքերի առաջ մթնելը և մինչև հիմա մոլեգնում է։ Նրա սենյակը ճիշտ իմի վերևումն է։ Բժիշկներն ասում են, որ եթե խեղճին թեկուզ ուժով չկերակրես, կորած է։ Սույն ջենտլմենի ծառաները գործադուլ են հայտարարել, քանի որ նա պառկած է մահճակալին, լցրած ատրճանակը ձեռքում և սպառնում է բոլոր վեց գնդակներն էլ շարել առաջին պատահած մարդու կրծքին, ով կխցկվի նրա մոտ։ Պետք է ասել, որ ընդհանրապես Ջոնը անզիջում մարդ է և, բացի դրանից, անվրեպ կրակող, բայց հո չի կարելի թույլ տալ, որ ազգային Մեծ մրցանակը շահող ժոկեյը կորչի այդպիսի անփառունակ մահով։ Ինչպե՞ս եք նայում այս բանին։

― Իսկ դուք ի՞նչ եք մտադիր ձեռնարկել, ― հարցրի ես։

― Ավելի լավ է հարձակվել նրա վրա երկուսով։ Միգուցե այժմ նա քնած է։ Վատագույն դեպքում մեզնից մեկը կվիրավորվի, մինչդեռ մյուսը կկարողանա նրան կաշկանդել։ Եթե մեզ հաջողվի նրա ձեռքերը կապկպել բազմոցի ծածկոցով, իսկ հետո հեռախոսով շտապ բժիշկ կանչել ստամոքսային զոնդով, մեր աղավնյակը մի լավ կընթրի։

Երբ մարդու գլխին անսպասելիորեն այսպիսի խնդիր է փլվում՝ ուրախանալու հարկ չկա։ Ես ինձ շատ էլ կտրիչ չեմ համարում։ Ամեն մի նոր, անստույգ բան նախապես շատ ավելի զարհուրելի է թվում ինձ, քան լինում է իսկապես։ Այդպիսին է մաքուր իռլանդական վառ երևակայության հատկությունը։ Մյուս կողմից, ինձ միշտ էլ վախեցրել է այն միտքը, թե ես կարող եմ մեղադրվել խայտառակ վախկոտության մեջ, որովհետև փոքրուց նրա հանդեպ զարհուրանք եմ ներշնչել ինձ։ Համարձակվում եմ ասել, որ եթե մեկնումեկը կասկածեր իմ քաջությանը, ես կարող էի անդունդ նետվել, բայց ոչ թե քաջությունը կդրդեր ինձ այդ բանին, այլ հպարտությունը և վախկոտ համարվելու երկյուղը։ Ուստի, չնայած ես մտովի ցնցվեցի՝ պատկերացնելով վերևում խմելուց ցնդած մի արարածի, բայց և այնպես կարողացա այնքան զսպել ինձ, որպեսզի համաձայնությունս տամ ամենաանփույթ եղանակով, որին միայն ընդունակ էի։ Լորդ Ռոքստոնն սկսեց նկարագրել մեր առաջիկա խնդրի վտանգավորությունը, բայց այդ միայն համբերությունից հանեց ինձ։

― Խոսելով գործին չես օգնի, ― ասացի ես։ ― Գնանաք։

Ես ոտքի կանգնեցի, նա էլ իմ ետևից։ Հետո, կարճ ծիծաղելով, նա բռունցքով բոթեց կրծքիս և նորից նստեցրեց բազկաթոռին։

― Լավ, երիտասարդ․․․ համարել պիտանի։

Զարմանքով աչքերս չռեցի նրա վրա։

― Այսօր առավոտյան ես ինքս Ջոն Բիլլինգերի մոտ էի։ Նա կրակեց ինձ վրա և ընդամենը ծակեց իմ կիմոնոն՝ փառք աստծու, ձեռքերը դողում էին։ Բայց մենք այնուամենայնիվ զսպաշապիկ հագցրինք նրան, այնպես որ մի քանի օրից հետո ծերուկը լիովին առողջացած կլինի։ Դուք ինձ վրա չե՞ք բարկանում, աղավնյակս։ Մեր մեջ ասած, դեպի Հարավային Ամերիկա կատարվող այս էքսպեդիցիան չափազանց լուրջ գործ է, և ես ուզում եմ այնպիսի ուղեկից ունենալ, որին կարելի է վստահել։ Ուստի ես մի փոքրիկ քննություն սարքեցի ձեզ համար և պետք է ասեմ, որ դուք պատվով դուրս եկաք այդ դրությունից։ Հասկանում եք անշուշտ, որ մենք ստիպված կլինենք հույսներս դնել միայն մեզ վրա, որովհետև այդ ծերուկ Սամերլիին առաջին իսկ քայլերից դայակ հարկավոր կլինի։ Ի դեպ, դուք այն Մելոունը չե՞ք, որը պետք է խաղա իռլանդական խմբում ռեգբիի առաջնության համար։

― Այո, բայց, հավանորեն, իբրև պահեստի խաղացող։

― Ասեմ, ախր, որ ինձ թվաց, թե մի տեղ ձեզ տեսել եմ։ Ձեր հանդիպումը ռիչմոնդցիների հետ՝ ամբողջ սեզոնի լավագույն խաղն էր։ Ես աշխատում եմ ռեգբիի ոչ մի խաղ բաց չթողնել, չէ՞ որ դա սպորտի ամենաանվեհեր տեսակն է։ Սակայն ես ձեզ հրավիրեցի բոլորովին էլ ոչ նրա համար, որպեսզի ռեգբիի մասին խոսեմ։ Զբաղվենք գործով։ Ահա այստեղ, «Թայմսի» առաջին էջում, շոգենավերի չվացուցակն է։ Շոգենավը մինչև Պարա[25] մեկնում է չորեքշաբթի օրը, և եթե դուք պրոֆեսորի հետ պատրաստ լինեք, մենք այդ շոգենավով էլ կգնանք։ Դե, համաձա՞ն եք։ Լավ, ես ամեն ինչի մասին կխոսեմ նրա հետ։ Իսկ ինչպե՞ս է ձեր հանդերձանքի հարցը։

― Այդ մասին կհոգա իմ թերթը։

― Դուք կրակել կարողանո՞ւմ եք։

― Մոտավորապես տերիտորիալ զորքերի միջակ հրաձքի նման։

― Միա՞յն։ Աստվա՞ծ իմ։ Դուք, երիտասարդներդ, դա համարում եք անկարևոր մի բան։ Բոլորդ էլ անխայթոց մեղուներ եք։ Այդպիսիները չեն կարող պահպանել իրենց փեթակը։ Այ, կհիշեք իմ խոսքը․ որևէ մեկը մեղրի համար ներս կընկնի ձեզ մոտ, և տեսնենք ինչ կանեք այդ ժամանակ։ Ոչ, Հարավային Ամերիկայում պետք է զենքի հետ հմտորեն վարվել, որովհետև, եթե մեր բարեկամ պրոֆեսորը խաբեբա և խելագար չէ, մեզ այնտեղ խիստ հետաքրքրական բաներ են սպասում։ Ի՞նչ զենք ունեք։

Լորդ Ռոքստոնը մոտեցավ կաղնեփայտե պահարանին, բացեց դռնակը, և ես տեսա երգեհոնի խողովակների նման իրար կողքի շարված հրացանների մետաղափայլ փողերը։

― Հիմա տեսնենք, թե ինչ կարող եմ զոհաբերել ձեզ համար իմ զինանոցից, ― ասաց լորդ Ռոքստոնը։

Նա սկսեց իրար ետևից դուրս հանել հոյակապ հրացաններ․ բացում էր դրանք, փակաղակները չրխկացնում և, քնքշորեն շոյելով, ինչպես մայրն իր ձագուկներին, նորից դնում էր տեղները։

― Ահա սա «բլենդ» է։ Սրանով ես տապալեցի ահա այն հսկային։ ― Նա նայեց դեպի սպիտակ ռնգեղջույրի գլուխը։ Մի տասը քայլ մոտիկ լինեի, այդ գազանն ինձանով կլարցներ իր հավաքածուն։ Հուսով եմ, որ դուք լա՞վ եք ճանաչում Գորդոնին։

Գնդակն է միակ իմ հույսը,

Թույլերի պաշտպանն է նա։

Դա մի բանաստեղծ է, որը գովերգում է ձիուն, հրացանը և նրանց, ովքեր կարողանում են վարվել թե՛ մեկի և թե՛ մյուսի հետ։ Ահա ևս մի օգտակար իր՝ հեռադիտակային նշանացույց, կրկնաէժեկտոր, հիանալի նշանառություն։ Երեք տարի առաջ ես այս հրացանով դուրս եկա պերուական ստրկավաճառների դեմ։ Այն վայրերում ինձ անվանում էին աստծու խարազան, չնայած դուք իմ անունը ոչ մի Կապույտ գրքում չեք գտնի։ Լինում են ժամանակներ, աղավնյակս, երբ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հանդես գալ ի պաշտպանություն մարդկային իրավունքների և արդարության, որպեսզի իր նկատմամբ հարգանքը չկորցնի։ Ահա թե ինչու ես այնտեղ մի տեսակ պատերազմ էի մղում սեփական ռիսկով։ Ինքս այն հայտարարեցի, ինքս կռվում էի, ինքս էլ հասցրի իր վախճանին։ Ամեն մի խազը իմ կողմից սպանված մի սրիկա է։ Տեսեք, մի ողջ սանդուղք է։ Ամենամեծ նշանն արվել է այն ժամանակ, երբ ես Պուտումայոյի գետնախորշերից մեկում սպանեցի Պեդրո Լոպեսին՝ ստրկավաճառներից խոշորագույնին․․․ Իսկ ահա սա ձեզ կսազի։

Նա պահարանից հանեց մի հիանալի, արծաթազարդ հրացան։

― Նշանացույցը միանգամայն ճիշտ է, պահեստատուփը՝ հինգ փամփուշտի։ Ձեր կյանքը համարձակորեն կարող եք վստահել սրան։

Լորդ Ռոքստոնը հրացանը մեկնեց ինձ և պահարանը փակեց։

― Ի դեպ, ― շարունակեց նա՝ նորից նստելով բազկաթոռին, ― ի՞նչ գիտեք այդ պրոֆեսոր Չելենջերի մասին։

― Ես այսօր կյանքում առաջին անգամ տեսա նրան։

― Ես նույնպես։ Տարօրինակ է, չէ՞, որ մենք պատրաստվում ենք ճանապարհորդության՝ հավատալով մեզ բոլորովին անծանոթ մի մարդու խոսքերին։ Նա, կարծեմ, բավականաչափ հանդուգն անձնավորություն է և սեր չի վայելում իր եղբայրակից գիտնականների շրջանում։ Ինչո՞ւ հետաքրքրվեցիք նրանով։

Ես համառոտակի պատմեցի առավոտյան իրադարձությունների մասին։ Լորդ Ռոքստոնը ուշադիր լսեց ինձ, հետո բերեց Հարավային Ամերիակայի քարտեզը և փռեց սեղանին։

― Չելենջերը ճիշտ է ասում, զուտ ճշմարտություն, ― լրջությամբ ասաց նա։ ― Եվ, ի նկատի ունեցեք, ես այդ պնդում եմ ոչ առանց մտածելու։ Հարավային Ամերիկան իմ սիրած երկիրն է, և, եթե, ասենք, կտրես անցնես այն Դարյենի ծոցից մինչև Հրո Երկիրը, դրանցից ամվելի մեծասքանչ ու փարթամ վայրեր չես գտնի ողջ երկրագնդի վրա։ Այդ երկիրը քիչ գիտեն, իսկ թե ինչպիսի ապագա է դպասում նրան՝ ոչ ոք չի էլ գուշակում։ Ես լայնությամբ ու երկայնությամբ ոտի տակ եմ տվել Հարավային Ամերիկան, երաշտի ժամանակ երկու անգամ եղել եմ այն վայրերեում, ուր պատերազմել եմ ստրկավաճառների դեմ, որի մասին արդեն պատմեցի ձեզ։ Եվ իրոք, այնտեղ լեգենդներ եմ լսել նման թեմաներով։ Դրանք ընդամենը միայն հնդկական ավանդություններ են, որոնց ետևում, սակայն, ինչ֊որ բան թաքնված է անպայմանորեն։ Որքան մոտիկից ես ճանաչում Հարավային Ամերիկան, բարեկամս, այնքան ավելի ես սկսում հավատալ, որ այդ երկրում ամեն ինչ հնարավոր է, վճռականապես ամեն ինչ։ Մարդիկ այնտեղ շարժվում են նեղլիկ գետակներով, իսկ նրանց ետևից սկսվում է լիակատար անհայտությունը։ Ահա այստեղ, Մարո֊Գրոսս սարահարթում, ― նա սիգարով քարտեզի վրա ցույց տվեց տեղը, ― կամ այս անկյունում, ուր երեք պետության սահմաններն իրար են հանդիպում, ոչ մի բան ինձ չի զարմացնի։ Ինչպես ասաց այսօր Չելենջերը, Ամազոնը ոռոգում է հիսուն հազար քառակուսի մղոն տարածություն, որը ծածկված է արևադարձային անտառներով, մի տարածություն, որը համարյա հավասար է Եվրոպային։ Չհեռանալով Բրազիլական ջունգլիներից՝ մենք կարող ենք գտնվել իրարից այնպիսի հեռավորության վրա, որն ընկած է Շոտլանդիայի և Կոստանդնուպոլսի միջև։ Մարդը միայն որոշ տեղերում է կարողացել անցնել այդ թավուտների միջով և արահետներ թողնել։ Հապա ի՜նչ է լինում անձրևների շրջանում։ Ամազոնի ջրի մակարդակը բարձրանում է ամենաքիչը քառասուն ոտնաչափ և շուրջն ամեն ինչ վերածում անանցանելի ճահճուտների։ Հենց այդպիսի երկրում էլ պետք է սպասել ամեն տեսակ հրաշքներ ու գաղտնիքներ։ Եվ ինչո՞ւ մենք չպիտի լուծենք այդ գաղտնիքները։ Այդ ամենից բացի, ― լորդ Ռոքստոնի տարօրինակ դեմքը լուսավորվեց գոհունակության ժպիտով, ― այնտեղ ամեն քայլափոխին հարկ կլինի կյանքը վտանգի ենթարկել, իսկ ինձ իբրև սպորտսմենի, ուրիշ բան պետք էլ չէ։ Ես նման եմ գոլֆի հին գնդակի՝ սպիտակ ներկն իմ վրայից վաղուց թափվել է, այնպես որ այժմ կյանքն ինչպես կամենա, կարող է վարվել ինձ հետ, քերծվածքներ չեն մնա։ Իսկ ռիսկը, սիրելի երիտասարդ, հատուկ սրություն է հաղորդում մեր գոյությանը։ Միայն այդ ժամանակ արժե ապրել։ Մենք շատ ենք քնքշացել, խամրել, վարժվել ենք բարեկեցության։ Ոչ, տվեք ինձ մի հրացան, անսահման տարածություններ և հորիզոնի անպարփակ լայնությունը, և ես ճամփա կընկնեմ որոնելու այն, ինչը արժե որոնել։ Ինչե՜ր ասես, որ չեմ փորձել իմ կյանքում՝ և կռվել եմ, և՛ մասնակցել ձիարշավների, և՛ սավառնակով թռել, սակայն հրեշների որսը, հրեշներ, որոնց կարող ես տեսնել միայն ծանր ընթրիքից հետո, երազում՝ այդ բանն ինձ համար բոլորովին նոր զգացողություն է։

Նա ուրախ ծիծաղեց՝ կանխաճաշակելով այն, ինչ սպասում էր նրան առաջիկայում։

Միգուցե ես չափից դուրս տարվեցի իմ նոր ծանոթի նկարագրությամբ, բայց մենք շատ օրեր միասին ենք անցկացնելու, ուստի ուզում եմ այդ մարդուց ստացած իմ առաջին տպավորությունը հաղորդել նրա բնավորության, խոսքի և մտածողության բոլոր առանձնահատկություններով։

Միայն ժողովի մասին խմբագրությանը հաշվետվություն տանելու անհրաժեշտությունն ինձ ստիպեց թողնել լորդ Ռոքստոնի ընկերակցությունը։ Երբ ես հեռացա, նա նստած էր լամպի կարմրավուն լույսով ողողված բազկաթոռին, յուղում էր իր սիրած հրացանի փակաղակը և կամացուկ ծիծաղում, մտածելով այն արկածների մասին, որ ճակատագիրը պատրաստել էր մեզ համար։ Ես եկա այն հաստատ համոզման, որ եթե մեզ վտանգներ են սպասում, ապա լորդ Ռոքստոնից ավելի սառնարյուն ու խիզախ ուղեկից ամբողջ Անգլիայում չեմ կարող գտնել։

Որքան էլ ինձ հոգնեցրել էին այդ օրվա արտասովոր դեպքերը, այնուամենայնիվ, ես երկար նստեցի «Վերջին նորությունների» բաժնի խմբագիր Մակ֊Արդլի հետ, բացատրլով նրան բոլոր հանգամանքները, որոնց մասին նա անհրաժեշտ էր համարում վաղն ևեթ տեղյակ պահել մեր պատրոնին՝ սըր Ջորջ Բոմոնտին։ Պայմանավորվեցինք, որ ես Մակ֊Արդլին նամակի ձևով մանրամասն հաշվետվություններ կուղարկեմ իմ բոլոր արկածների մասին, որոնք կտպագրվեն թերթում կամ ստանալուց հետո անմիջապես, կամ հետագայում՝ նայած պրոֆեսոր Չելենջերի վավերացման, քանի որ մենք դեռ չգիտեինք, թե որոնք են լինելու այն պայմանները, որոնց շնորհիվ նա կհամաձայնի Անհայտ երկիրը ճանապարհորդելու համար անհրաժեշտ տեղեկություններ տալ մեզ։ Ի պատասխան հեռախոսով արած մեր հարցման, մենք պրոֆեսորից այլ բան չլսեցինք, բացի մամուլի հասցեին կատաղի հարձակումներից, բայց հետո նա այնուամենայնիվ ասաց, որ եթե իրեն տեղյակ պահեն մեր մեկնելու օրը և ժամը, ինքը նավ կբերի այն հրահանգները, որ անհրաժեշտ կհամարի։ Մեր երկրորդ հարցումը մնաց բոլորովին անպատասխան, եթե չհաշվենք միսիս Չելենջերի խղճալի թոթովանքը, որով աղաչում էր այլևս չնեղել իր ամուսնուն, որովհետև նա առանց այն էլ չափից դուրս զայրացած է։ Երրորդ փորձը, որ արեցինք նույն օրոը, ընդհատվեց խլացուցիչ շրխկոցով, որից հետո շուտով կենտրոնական հեռախոսակայանը հայտնեց, որ պրոֆեսոր Չելենջերի հեռախոսի լսափողը ջարդված է։ Դրանից հետո այլևս չփորձեցինք խոսել նրա հետ։

Իսկ հիմա, իմ համբերատար ընթերցողներ, ես վերջացնում եմ խոսակցությունը ձեզ հետ։ Այսուհետև, (եթե միայն այս պատմության շարունակությունը երբևէ կհասնի ձեզ) դուք իմ հետագա արկածների մասին կիմանաք թերթի միջոցով։ Ես խմբագրին կհանձնեմ այն դեպքերի հաշվետվությունը, որոնք խթան հանդիսացան աշխարհին հայտնի ամենանշանավոր էքսպեդիցիաներից մեկին, և եթե ինձ չվիճակվի վերադառնալ Անգլիա, դուք կհասկանաք, թե այդ ամենը ինչպես կատարվեց։

Ես իմ հաշվետվությունը կավարտեմ «Ֆրանցիսկ» շոգենավի սալոնում։ Լոցմանը այն կվերցնի իր հետ և կհանձնի Մակ֊Արդլին՝ պահպանելու։ Վերջում, քանի դեռ ծոցատետրս չեմ փակել, թույլ տվեք մի տեսարան ևս նկարագրել, տեսարան, որը կմնա հիշողությանս մեջ իբրև վերջին հիշողությունը հայրենիքի մասին։

Գարնան վերջն է, խոնավ, ամպամած առավոտ, բարակ, ցուրտ անձրև է մաղում։ Գետափով քայլում են փայլուն մակինտոշ հագած երեք մարդ։ Նրանք ուղղվում են դեպի մի մեծ շոգենավի կամրջակը։ Շոգենավի վրա արդեն կապույտ դրոշակ է բարձրացված։ Նրանց առջևից գնում է մի բեռնակիր՝ քաշելով ճամպրուկներով, պայուսակներով, պատյանի մեջ դրված հրացաններով բեռնված ձեռնասայլակը։ Երկարահասակ պրոֆեսոր Սամերլին քայլում է վհատ տեսքով, ոտքերը քարշ տալով ու գլուխը կախ, որպես մի մարդ, որը դառնորեն զղջում է իր արածի համար։ Լորդ Ջոն Ռոքստոնը քայլում է թեթև, որսորդական կեպին գլխին և կաշնեն վզին գցած, և նրա առույգ, նուրբ դեմքը երջանկությունից փայլում է։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես բոլորովին չեմ կասկածում, որ ողջ իմ տեսքով ուրախություն եմ արտահայտում․ չէ՞ որ հրաժեշտի դառնությունն ու մեկնելուց առաջ տեղի ունեցող իրարանցումը մնացի ետևում։

Արդեն բոլորովին շոգենավի մոտ ենք, և հանկարծ ետևից լսուվում է ինչ֊որ մեկի ձայնը։ Դա պրոֆեսոր Չելենջերն է, որը խոստացել է մեզ ուղեկցել։ Նա վազում է ծանր փնչացնելով, ամբողջովին կարմրած և սարսափելի կերպով զայրացած։

― Ո՛չ, շնորհակալ եմ, ― ասում է պրոֆեսորը։ ― Ոչ մի ցանկություն չունեմ նավի վրա բարձրանալու։ Ուզում եմ մի քանի խոսք ասել ձեզ, իսկ այդ կարելի է ասել նաև այստեղ։ Խնդրեմ մի երևակայեք, որ ձեր մեկնելով մի մեծ շնորհ եք անում։ Դա ինձ համար միևնույն է, և ես բոլորովին պարտավորված չեմ համարում ինձ։ Ճշմարտությունը մնում է ճշմարտություն, և բոլոր այն հետազոտությունները, որ դուք պատրաստվում եք կատարել, ոչ մի կերպ չեն ազդի նրա վրա և կարող են միայն տգետների կրքերը բորբոքել։ Ձեզ անհրաժեշտ տեղեկություններն ու իմ հրահանգները գտնվում են ահա այս կնքված ծրարում։ Դուք այն բաց կանեք, երբ հասնեք Ամազոնի ափին գտնվող Մանաոս քաղաքը, սակայն ոչ շուտ ծրարի վրա նշված ամսաթվից ու ժամից։ Հասկանալի՞ է։ Վստահ եմ ձեր օրինապահությանը և հուսով եմ, որ իմ բոլոր պայմանները ճշտորեն կկատարվեն։ Միստր Մելոուն, ես մտադիր չեմ արգելք դնել ձեր թղթակցությունների վրա, քանի որ ձեր ճանապարհորդության նպատակն է գործի փաստական կողմի լուսաբանումը։ Միայն մի բան եմ պահանջում ձեզանից․ ճշգրիտ մի նշեք, թե ո՞ւր եք գնում, և թույլ մի տվեք մինչև ձեր վերադարձը արշավախմբի մասին հաշվետվություն հրապարակել։ Գնաք բարով, սըր։ Ձեզ հաջողվեց մի փոքր մեղմացնել իմ վերաբերմունքը դեպի այն արգահատելի մասնագիտությունը, որի ներկայացուցիչն եք դուք, դժբախտաբար։ Գնաք բարով, լորդ Ջոն։ Որքան ինձ հայտնի է, գիտությունը ձեզ համար յոթ կնիքով կնքված գիրք է։ Սակայն այն տեղերի որսորդությունից դուք գոհ կմնաք։ Չեմ կասկածում, որ ժամանակին, «Որսորդ»֊ի էջերում երևան կգա ձեր հոդվածն այն մասին, թե ինչպես եք դիմորֆոդոն[26] խփել։ Դուք ևս գնաք բարով, պրոֆեսոր Սամերլի։ Եթե ձեր մեջ դեռ չեն սպառվել ինքնակատարելագործման ընդութնակությունները, որում, անկեղծորեն ասած, ես կասկածում եմ, ապա դուք Լոնդոն կվերադառնաք զգալիորեն խելոքացած։

Նա կտրուկ շուռ եկավ, և մի րոպե հետո ես տախտակամածից տեսա նրա կարճլիկ ֆիգուրան, որն ամբոխի միջով անցնում էր դեպի գնացքը։

Մենք արդեն դուրս եկանք Լա֊Մանշ։ Հնչում է վերջին զանգը, որն ազդարարում է, թե նամակները հանձնելու ժամն է։ Այժմ մենք հրաժեշտ ենք տալիս լոցմանին։

Իսկ հիմա «առա՛ջ, շոգենավ, լողա դեպի առա՛ջ»։ Թող աստված պահպանի մեզ բոլորիս՝ և՛ նրանց, որ մնացին ափին, և՛ նրանց, ով հույս ունի բարեհաջող կերպով տուն վերադառնալ։


Գլուխ VII «Վաղը մեկնում ենք դեպի Անհայտը»

Նրանց, ում կհասնի այս պատմությունը, ես չեմ ձանձրացնի մեր ճանապարհորդության նկարագրությամբ օվկիանոսային հարմարավետ շոգենավով, չեմ խոսի Պարայում անցկացրած շաբաթվա մասին (կսահմանափակվեմ միայն շնորհակալություն հայտնելով «Պերեյրա֊դա֊Պինտա» ընկերությանը, որն այնպիսի անգնահատելի օգնություն ցույց տվեց մեզ հանդերձանք գնելիս), և միայն համառոտակի կհիշատակեմ լայնարձակ, պղտոր, ծույլ Ամազոնով հոսանքն ի վեր կատարած մեր ճանապարհորդության մասին մի նավով, որն իր չափերով համարյա չէր զիջում նրան, որով կտրեցինք Ատլանտյան ովկիանոսը։

Երկար օրերի ճանապարհից հետո մեր խումբը իջավ Օրիդուսի նեղուցի մոտ, Մանաոս քաղաքում։

Այնտեղ մեզ հաջողվեց, շնորհիվ Բրիտանա֊Բրազիլական առևտրական ընկերության գործակալ Շորտմենի սիրալիրության, խույս տալ տեղի հյուրանոցի խիստ կասկածելի հրաշալիքներից։ Մենք ապրեցինք նրա հյուրընկալ հասիենդում[27] մինչև այն ժամանակը, որը ցույց էր տրված պրոֆեսոր Չելենջերի՝ մեզ հանձնված ծրարի վրա։ Նախքան այդ օրվա անսպասելի դեպքերի նկարագրությանն անցնելը, կուզենայի մի փոքր ավելի մանրամասն պատկերել իմ ընկերներին և այն մարդկանց, որոնց հավաքագրեցինք Հարավային Ամերիկայում՝ մեր արշավախմբին սպասարկելու համար։ Ես գրում եմ լիակատար անկեղծությամբ, հույս ունենալով ձեր հատուկ խոհեմության վրա, միստր Մակ֊Արդլ, քանի որ մինչև լույս ընծայվելն այդ նյութը անցնելու է ձեր ձեռքով։

Պրոֆեսոր Սամերլիի գիտական ծառայությունները շատ լավ հայտնի են բոլորին, դրանց մասին ծավալվելու հարկ չկա։ Պարզվեց, որ նա շատ ավելի լավ էր հարմարված այսպիսի ծանր արշավախմբի, քան կարելի էր ենթադրել առաջին հայացքից։ Նրա երկար, մկանուտ մարմինը հոգնածություն չգիտե, իսկ չոր, ծաղրական և երբեմն էլ պարզապես թշնամական խոսելաձևը մնում է անփոփոխ ամեն մի պարագայում։ Չնայած իր վաթսունհինգ տարիներին, նա ոչ մի անգամ չգանգատվեց դժվարություններից, որոնց մենք հաճախ հանդիպեցինք։ Սկզբում ես վախենում էի, թե պրոֆեսոր Սամերլին ծանր բեռ է դառնալու մեզ համար, բայց, ինչպես հետագայում պարզվեց, նրա դիմացկունությունը ոչնչով չի զիջում իմին։ Սամերլին մաղձոտ մարդ է և մեծ հոռետես։ Նա հարկ չի համարում թաքցնել իր այն հաստատ համոզմունքը, որ Չելենջերը մաքուր շառլատան է, և որ մեր խելահեղ, վտանգավոր խաղը ոչինչ չի տա մեզ, բացի հիասթափություններից՝ Հարավային Ամերիկայում, և ծաղրից՝ Անգլիայում։ Պրոֆեսոր Սամերլին անխոնջ կերպով կրկնում էր այդ բանը ամբողջ ճանապարհին, սկսած Սաուտհեմպտոնից մինչև Մանաոս, դեմքն արհամարհանքով ծամածռելով և ցնցելով իր ցանցառ, այծային մորուքը։

Երբ մենք ափ իջանք, նրան մի փոքր մխիթարեց Հարավային Ամերիկայի թռչունների և միջատների աշխարհի հոյակապությունն ու հարստությունը, քանի որ նա ամբողջ հոգով նվիրված է գիտությանը։ Այժմ պրոֆեսոր Սամերլին վաղ առավոտից կորչում է անտառում, որսի հրացանը ուսին, թիթեռ բռնելու ցանցը ձեռքին, իսկ երեկոները կարգավորում է ձեռք բերած օրինակները։ Նրան հատուկ տարօրինակություններից նշեմ հագուստի մշտական անփութությունը, լիակատար անուշադրությունն իր արտաքինի հանդեպ, ծայրահեղ ցրվածությունն ու կրքոտ սերը դեպի իր կարճ փրփրահանքե ծխամորճը, որ նա համարյա բերանից չի հանում։ Երիտասարդ հասակում պրոֆեսորը մասնակցել է մի քանի գիտական արշավախմբերի (Ռոբերտսոնի հետ, օրինակ, եղել է Ավստրալիայում), և դրա համար էլ թափառական կյանքը նրա համար նորություն չէ։

Լորդ Ջոն Ռոքստոնը ինչ֊որ ընդհանուր բան ունի պրոֆեսոր Սամերլիի հետ, սակայն ըստ էության նրանք ուղղակի իրար հակադիր բնավորություններ են։ Չնայած լորդ Ջոնը մի քսան տարով ավելի ջահել է, բայց և այնպես նրա մարմինն էլ նույնքնա վառված է ու ոսկրոտ, որքան պրոֆեսորինը։ Հիշում եմ, որ ես մանրամասնորեն նկարագրել եմ նրա արտաքինը պատմության այն մասում, որը մնաց Լոնդոնում։ Նա խիստ մաքրասեր է, հետևում է իրեն, հագնում է սովորաբար սպիտակ շորեր, դարչնագույն կիսակոշիկներ և սափրվում է ոչ պակաս, քան օրը մի անգամ։ Ինչպես համարյա գործողության ամեն մի մարդ, լորդ Ջոնը ևս սակավախոս է և հաճախ է մտքերի մեջ ընկնում, բայց իրեն ուղղված հարցերին պատասխանում է իսկույն և հաճույքով է մասնակցում ընդհանուր զրույցին, համեմելով այն կցկտուր, զվարճալի ռեպլիկներով։ Զանազան երկրների և հատկապես Հարավային Ամերիկայի ընդարձակ իմացությամբ նա պարզապես ապշեցնում է բոլորիս, իսկ ինչ վերաբերում է մեր արշավախմբին, ապա նա ամբողջ սրտով հավատում է դրա նպատակահարմարությանը, առանց շփոթվելու պրոֆեսոր Սամերլիի ծաղրական դիտողություններից։ Լորդ Ռոքստոնի ձայնը մեղմ է, շարժուձևը՝ հանգիստ, բայց նրա կապույտ, առկայծող աչքերը վկայում են, որ նա ընդունակ է կատաղության հասնելու և դաժան որոշումներ ընդունելու, իսկ նրա սովորական զսպվածությունը միայն ընդգծում է, թե այդ մարդը որքան վտանգավոր կարող է լինել զայրույթի պահերին։ Նա չի սիրում երկար խոսել դեպի Բրազիլիա և Պերու կատարած իր ճանապարհորդությունների մասին, ուստի իմ մտքով իսկ չէր անցնում, թե նրա հայտնվելն այդպես կարող է հուզել Ամազոնի ափերում ապրող բնիկներին։ Այդ մարդիկ նրա մեջ տեսնում են իրենց իրավունքների համար մարտնչողին և հուսալի պատշպանին։ Կարմրաշեկ առաջնորդի (այդպես են կոչում նրան այստեղ) սխրագործությունների շուրջն արդեն լեգենդներ են հյուսվել, սակայն ինձ համար բավական են նաև այն փաստերը, որոնք ես քիչ առ քիչ իմացա, և որոնք ինքնին ապշեցուցիչ են։

Այսպես, օիինակ պարզվեց, որ մի քանի տարի առաջ լորդ Ջոնը հայտնվել էր այն «ոչ ոքի հողում», որի գոյությունը բացատրվում է Պերույի, Բրազիլիայի և Կոլումբիայի միջև ընկած սահմանների անճշտությամբ։ Այդ ընդարձակ տարածության վրա առատորեն աճում է կաուչուկի ծառը, որը բնիկներին, ինչպես Կոնգոյում, ավելի քիչ չարիչ չի պատճառում, քան հարկադիր աշխատանքը Դարյենի արծաթի հանքերում իսպանացիների տիրապետության ժամանակ։ Մի բուռը սրիկա մետիսներ զավթել էին այդ ամբողջ շրջանը, զինել այն հնդկացիներին, որոնք համաձայնել էին նրանց օժանդակել, իսկ մնացածներին ստրկացրել և, անմարդկային տանջանքների տակ, հարկադրում էին կաուչուկի ծառերը կտրել և լուղարկել գետով դեպի Պարա։

Լորդ Ջոն Ռոքստոնը փորձել էր պատշպանել այդ դժբախտներին, սակայն, բացի սպառնալիքներից ու վիրավորանքներից, ոչ մի արդյունքի չէր հասել։ Այն ժամանակ նա բոլոր կանոնների համաձայն կռիվ էր հայտարարել ստրկավաճառների գլխավորին, մի ոմն Պեդրո Լոպեսի, հավաքել էր փախստական ստրուկներին, զինել նրանց և պատերազմական գործողություններ սկսել, որոնք վերջացել էին նրանով, որ վիժվածք մետիսը զոհվել էր նրա գնդակից, իսկ նրա գլխավորած ստրկատիրական սիստեմը ոչնչացվել։

Զարմանալի չէ, որ թավշաձայն, անբռնազբոս շարժումներով ու կարմրաշեկ մազերով այդ մարդը գրավել էր հարավամերիկյան մեծ գետի ափերի բնիկների ընդհանուր ուշադրությունը։ Սակայն նրա առաջացրած զգացումները, ինչպես և պետք էր սպասել, տարբեր էին․ բնիկները շնորհակալությամբ էին լցված նրա հանդեպ, իսկ նրանց երբեմնի ստրկացնողները՝ ատելությամբ։ Բրազիլիայում անցկացրած մի քանի ամիսները լորդ Ռոքստոնի համար անօգուտ չէին անցել․ նա ազատ կերպով տիրապետել էր տեղական բարբառին, որը բաղկացած էր մեկ երրոդով պորթուգալական և երկու երրորդով հնդկական բառերից։

Ես արդեն հիշատակել եմ, որ լորդ Ջոն Ռոքստոնը տառացիորեն երազում էր Հարավային Ամերիկայի մասին։ Այդ առթիվ խոսելիս նա հափշտակվում էր, և այդ հափշտակությունը վարակիչ էր, որովհետև նույնիսկ ինձ նման տգետի մոտ հետաքրքրություն էր արթնացնում դեպի այդ երկիրը։ Ինչպես՜ կուզենայի հաղորդել նրա պատմությունների հմայքը, որոնց մեջ ճշգրիտ իմացությունն այնպես սերտորեն էր միահյուսվում վառ երևակայության խաղերի հետ, որ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին ուշադիր ականջ էր դնում և հոռետեսական ժպիտն աստիճանաբար հեռանում էր նրա նիհար, երկարավուն դեմքից։ Լորդ Ջոնը պատմում էր վեհասքանչ Ամազոնի պատմությունը։ Նա ուսումնասիրել էր դեռևս առաջին նվաճողների կողմից, որոնք այդ գետով լողացել էին մայր ցամաքի մի ծայրից մինչև մյուսը։ Բայց և այնպես մինչև այժմ էլ նա շատ ու շատ գաղտնիքներ է թաքցնում իր բարակ, շարունակ փոփոխվող ափագծից դենը։

― Ի՞նչ կա այնտեղ, այն կողմը, ― բացականչում էր լորդ Ջոնը, ձեռքը պարզելով դեպի հյուսիս։ ― Ճահճուտներ և անանցանելի ջունգլիներ։ Ով գիտե, թե այնտեղ ինչե՜ր են թաքնված։ Իսկ այնտե՞ղ, հարավո՞ւմ։ Ճահճային մացառուտներ, ուր դեռ սպիտակ մարդու ոտք չի դիպել։ Ամեն կողմից մեզ շրջապատում է անհայտությունը։ Ո՞վ կարող է հաստատ գիտենալ, թե ինչ կարելի է սպասել այս նեղ ափամերձ շերտից այն կողմ։ Կարելի՞ է երաշխավորել, թե ծերունի Չելենջերը սխալվում է։

Պրոֆեսոր Սամերլին այդպիսի խոսքերը գնահատում էր իբրև ուղղակի մարտահրավեր․ համառ ծաղրական ժպիտը նորից էր հայտնվում նրա դեմքին, նա հեգնորեն օրորում էր գլուխը, ծխի քուլաներ բաց թողնում ծխամորճից և ոչ մի խոսքով չէր խախտում թշնամական լռությունը։

Բայց բավական է խոսեմ իմ երկու սպիտակ ուղեկիցների մասին․ նրանց բնավորությունն ու թերությունները, ինչպես և իմը, երևան կգան հետագա պատմության ընթացքում։ Ավելի լավ է պատմեմ այն մարդկանց մասին, որոնք, թերևս, անկարևոր դեր չեն խաղալու ապագա իրադարձություններում։

Սկսենք Սամրո անունով աժդահա նեգրից։ Դա մի սևամորթ Հերկուլես է՝ ձիու նման աշխատասեր և օժտված մոտավորապես նույնպիսի բանականությամբ։ Մենք նրան վարձեցինք Պարայում այն նավային ընկերության հանձնարարականով, որի նավերի վրա աշխատելիս նա սովորել էր մի կերպ անգլերեն բացատրվել։

Նույն Պարայում էլ մենք հավաքագրեցինք երկու մետիսների, որոն Ամազոնի վերին հոսանքներից կարմիր փայտ էին լուղարկում դեպի քաղաք։ Մեկի անունը Գոմես է, մյուսինը՝ Մանուել։ Երկուսն էլ թուխ են, մեծամորուք և կատաղի կերպարանքով, իսկ նրանց ուժին ու ճարպկությանը հովազը կարող է նախանձել։ Գոմեսը և Մանուելն իրենց ողջ կյանքն անց են կաղրել Ամազոնի ավազանի այն վերին մասում, որը մենք պետք է հետազոտենք։ Հենց այդ հանգամանքն էլ դրդեց լորդ Ջոնին՝ նրանց վերցնելու։ Մետիսներից մեկը՝ Գոմեսը, ունի նաև այն արժանիքը, որ հիանալի խոսում է անգլերեն։ Այդ մարդիկ համաձայնեցին ամիսը տասնհինգ դոլարով ծառայել մեզ՝ ճաշ պատրաստել, թիավարել և ընդհանրապես անել այն ամենը, ինչ կպահանջվի նրանցից։ Բացի դրանից, մենք վարձեցինք երեք բոլիվիացի հնդկացիներ մոյո ցեղից, որի ներկայացուցիչները գետափնյա մյուս ցեղերի մեջ հռչակված են իբրև ձկնորսներ ու թիավարներ։ Ավագին մենք հենց այդպես էլ անվանեցինք՝ Մոյո, իսկ մյուս երկուսն ստացան Խոզե և Ֆերդինանդ անունները։ Եվ այսպես, երեք սպիտակամորթ, երկու մետիս, մի նեգր և երեք հնդկացի՝ ահա մեր փոքրիկ արշավախմբի կազմը, որը Մանաոսում հետագա հրահանգների էր սպասում, որպեսզի ճամփա ընկնի և կատարի իր վրա դրված այնքան անսովոր խնդիրը։

Վերջապես, անցավ տանջալի շաբաթը, հասավ վաղուց սպասված օրը և ժամը։ Պատկերացրեք Մանաոսից երկու մղոնի վրա ընկած Սանտա֊Իգնասիո հասիենդի կիսախավար հյուրասրահը։ Ցած թողած վարագույրների ետևում շլացուցիչ կերպով փայլում էր պղնձագույն արևը, արմավենիների սև ստվերները լույսի տակ նույնքան հստակ էին գծագրվում, որքան և իրենք՝ արմավենիները։ Ամենաչնչին հով անգամ չկար, օդի մեջ կանգնած էր միջատների անընդհատ բզզոցը, և այդ արևադարձային բազմաօկտավ խնբերգի մեջ լսելի էր և՛ մեղուների թավ բասը, և՛ մոծակների ականջ ծակող ֆալցետը։ Վերանդայի ետևում գտնվում էր կակտուսե ցանկապատով շրջապատված փոքրիկ պարտեզը։ Ծաղկած թփերի վրա, կայծկլտալով արևի տակ ճախրում էիմ խոշոր, կապույտ թիթեռները և պստլիկ կոլիբրիները։

Մենք նստել էինք եղեգնե սեղանի մոտ, որի վրա դրված էր կնքված ծրարը։ Ծրարի վրա պրոֆեսոր Չելենջերի անհարթ ձեռագրով խզմզված էր հետևյալը․

«Հրահանգ լորդ Ջոն Ռոքստոնին և նրա ուղեկիցներին։ Բաց անել Մանաոս քաղաքում15 հուլիսի, ցերեկվա ուղիղ ժամը տասներկուսին։

Լորդ Ջոնը ժամացույցը դրեց սեղանին, իր կողքին։

― Յոթ րոպե դեռ կա, ― ասաց նա։ ― Ծերուկը խիստ ճշտապահ է։

Պրոֆեսոր Սամերլին քմծիծաղ տվեց և նիհար ձեռքը պարզեց դեպի ծրարը։

― Իմ կարծիքով միևնույն է, թե երբ բացել՝ հիմա կամ յոթ րոպե հետո, ― ասաց նա։ Սա նույն շառլատանությունն է ու ծռմռվելը, որոնցով, դժբախտաբար, հռչակված է նամակի հեղինակը։

― Ո՛չ, ― առարկեց լորդ Ջոնը, ― եթե պետք է խաղանք, ուրեմն բոլոր կանոններին համաձայն։ Զորահանդեսի հրամանատարն է ծերունի Չելենջերը, և մենք այստեղ ենք հասել նրա ողորմածությամբ։ Մեր կողմից պարզապես անքաղաքավարություն կլինի, եթե նրա կարգադրությունները ճշտությամբ չկատարնենք։

― Տե՜ր աստված, ― բարկացավ պրոֆեսորը։ ― Այդ բանը Լոնդոնում էլ էր ինձ զայրացնում, իսկ հիմա գնալով ավելի ու ավելի է վատանում։ Ես չգիտեմ, թե ինչ կա այդ ծրարում, բայց եթե նրա մեջ միանգամայն ճշգրիտ երթուղին չլինի, ես այլևս չեմ կարող դիմանալ, կնստեմ առաջին իսկ պատահած շոգենավը, և կաշխատեմ հասնել Պարայում «Բոլիվիա» նավին։ Վերջ ի վերջո, ես շատ ավելի կարևոր գործեր ունեմ, քան ինչ֊որ մտամոլի զառանցանքները մերկացնելը։ Դե, Ռոքստոն, այժմ արդեն ժամանակն է։

― Այո՛, ժամանակը լրացավ, ― ասաց լորդ Ջոնը։ ― Կարող եք ազդանշան տալ։

Նա գրչահատով բացեց ծրարը, միջից հանեց մեջտեղից ծալված թուղթը, զգուշությամբ բացեց ու դրեց սեղանին։ Թուղթը բոլորովին մաքուր էր։ Լորդ Ջոնը շուռ տվեց թղթի մյուս երեսը։ Այնտեղ նույնպես ոչինչ չկար։ Մենք անխոս, շփոթված նայեցինք իրար, սակայն պրոֆեսոր Սամերլիի արհամարհական ծիծաղն ընդհատեց վերահաս լռությունը։

― Սա հո անկեղծ խոստովանությո՜ւն է, ― բացականչեց նա։ ― Ուրիշ ի՞նչ եք ուզում։ Մարդն ինքը հաստատեց իր սեփական խարդախությունը։ Մեզ մնում է միայն վերադառնալ տուն և ի լուր ամենքի անվանել նրան լկտի խաբեբա, որպիսին նա իրոք է։

― Անգույն թանաք, ― պոռթկացի ես։

― Հազիվ թե, ― պատասխանեց լորդ Ռոքստոնը՝ թուղթը պահելով լույսի դեմ։ ― Ոչ, սիրելի երիտասարդ, ինչո՞ւ մեզ խաբենք։ Ինչով ուզեք կերաշխավորեմ, որ այս թերթիկի վրա ոչինչ գրված չի եղել։

― Կարելի՞ է, ― թնդաց ինչ֊որ մեկի ձայնը վերանդայից։

Եվ հանկարծ դռան լուսավորված քառակուսու մեջ հայտնվեց մի կարճահասակ կերպարանք։ Այդ ձայնը, ուսերի այդ անսովոր լայնությունը․․․ Բոլորս միասին ճչացինք և վեր թռանք տեղներիցս, երբ մեր առաջ գունավոր ժապավենով մանկական անհեթեթ ծղոտե գկխարկը գլխին, պարուսինե սանդալներով, որոնց քթերը յուրաքանչյուր քայլի հետ այս ու այն կողմ էին ծռմռվում, տնկվեց ինքը Չելենջերը։ Նա կանգ առավ վառ լույսի տակ, ձեռքերը դրեց կուրտկայի գրպանները, առաջ ցցեց իր փարթամ ասորական մորուքը և կիսափակ կոպերի տակից իր հանդուգն հայացքը հառեց մեզ վրա։

― Բայց և այնպես մի քանի րոպե ուշացա, ― ասաց նա՝ գրպանից ժամացույցը հանելով։ ― Այս ծրարը ձեզ հանձնելիս, խոստովանում եմ, որ ես հաշվի չէի առել, թե դուք բաց կանեք այն, որովհետև հենց սկզբից որոշել էի նշածս ժամկետից առաջ ձեզ միանալ։ Այդ վրդովեցուցիչ ուշացման հանցավորներն են հավասարապես հիմարի գլուխ լոցմանը և անհարկի պատահած ծանծաղուտը։ Վախենամ, որ ես կամա֊ակամա հիանալի առիթ եմ ընծայել իմ կոլեգա պրոֆեսոր Սամերլիին՝ ինձ վրա չարախոսելու։

― Պետք է հայտնեմ, սըր, ― խիստ տոնով ասաց լորդ Ջոնը, ― որ ձեր գալուստը մի փոքր թեթևացնում է ստեղծված անախորժ վիճակը, քանի որ մենք արդեն որոշել էինք, որ մեր էքսպեդիցիան հասավ իր վաղաժամ վախճանին։ Բայց և այնպես ես չեմ կարող հասկանալ, թե ինչն էր ձեզ ստիպում դիմելու այդպիսի տարօրինակ կատակի։

Պատասխանի փոխարեն պրոֆեսոր Չելենջերը մոտեցավ սեղանին, սեղմեց իմ ու լորդ Ջոնի ձեռքը, վիրավորական քաղաքավարությամբ գլուխ տվեց պրոֆեսոր Սամերլիին և նստեց հյուսկեն բազկաթոռի մեջ, որը ճռճռաց ու սկսեց ճոճվել նրա ծանրության տակ։

― Ամեն ինչ պատրա՞ստ է ճանապարհ ընկնելու համար, ― հարցրեց նա։

― Կարելի է մեկնել հենց թեկուզ վաղը։

― Այդպես էլ կանենք։ Այժմ ձեզ ոչ մի քարտեզ, ոչ մի ցուցում պետք չէ՝ ե՛ս կլինեմ ձեր ուղեցույցը, գնահատեցե՜ք այս։ Հենց սկզբից ես որոշեցի գլխավորել արշավախումբը, և դուք կհամոզվեք, որ ոչ մի քարտեզ, որքան էլ այն մանրամասն լինի, չի փոխարինի իմ փորձին և իմ ղեկավարությանը։ Իսկ ինչ վերաբերում է ծրարի հետ կապված այդ անմեղ խորամանկությանը, ապա եթե ես առաջուց ծանոթացնեի ձեզ իմ պլաններին, պետք է աշխատեի ազատվել բոլորով միասին մեկնելու ձեր թախանձագին խնդրանքներից։

― Ինձանից դուք այդ բանը չէիք լսի, սը՛ր, ― բուռն կերպով բացականչեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե ամբողջ Ատլանտյան օվկիանոսում մի ուրիշ շոգենավ չգտնվեր, թերևս միայն այդ դեպքում․․․

Չելենջերը միայն իր մազոտ մեծ ձեռքը թափ տվեց նրա կողմը։

― Առողջ բանականությունը կթելադրի ձեզ, որ ես ճիշտ ենթադրություններով եմ առաջնորդվել։ Ինձ հարկավոր էր պահպանել գործողությունների ազատություն, որպեսզի այստեղ գայի այն րոպեին, երբ իմ ներկայությունը անհրաժեշտ կլիներ։ Այդ րոպեն հասավ։ Այժմ ձեր ճակատագիրը գտնվում է հուսալի ձեռքերում։ Դուք կհասնեք ձեր նպատակակետին։ Այսուհետև արշավախումբը ղեկավարելու եմ ես։ Խնդրում եմ այսօրվա ընթացքում ավարտել բոլոր նախապատրաստությունները, որպեսզի վաղը ծեգին կարողանանք շարժվել։ Իմ ժամանակը թանկ է, ձերը նույնպես, չնայած ավելի պակաս չափով։ Ուստի առաջարկում եմ որքան կարելի է արագ անցնել ամբողջ ճանապարհը, որի վերջում ես ձեզ ցույց կտամ այն, ինչի համար դուք եկել եք այստեղ։

Լորդ Ջոն Ռոքստոնը արդեն մի քանի օր առաջ վարձել էր շոգիով աշխատող «Էսմերալդա» մեծ կատերը, որով պետք է ճամփա ընկնեինք Ամազոնի հոսանքն ի վեր։ Տարվա եղանակը ոչ մի նշանակություն չունի արշավախմբի մեկնելու համար, որովհետև այստեղ ամառ թե ձմեռ ջերմաստիճանը պահպանվում է քսանհինգ֊երեսուն աստիճանի վրա։ Այլ բան է անձրևային շրջանը, որ սկսվում է դեկտեմբերից ու շարունակվում մինչև մայիս, և գետի ջուրը հետզհետե բարձրանում է՝ հասնելով սովորական մակարդակից քառասուն ոտնաչափ բարձրության։ Ամազոնը դուրս է գալիս ափերից, հեղեղում է վիթխարի տարածություններ, այդ ընդարձակ շրջանը վերածելով համատարած ճահճուտների, որոնցով եթե ոտքով փորձես անցնել՝ կթաղվես, իսկ նավարկել չես կարող ծանծաղության պատճառով։ Հունիսին ջուրն սկսում է իջնել, իսկ հոկտեմբերին կամ նոյեմբերին նրա մակարդակը հասնում է ցածրագույն կետին։ Մեր արշավախմբի մեկնումը զուգադիպում էր հենց այդ շրջանի հետ, երբ վեհասքանչ գետը իր բոլոր վտակներով ավել կամ պակաս չափով պարփակված էր ափերի մեջ։

Ամազոնի հոսանքը բավականաչափ դանդաղ է, քանի որ նրա հունի թեքությունը մղոնը ութ դյույումից չի գերազանցում։ Հազիվ թե աշխարհում նավագնացության համար դրանից հարմար գետ լինի։ Այստեղ տիրապետում են հարավարևելյան քամիները, և առագաստանավերը մինչև Պերուի սահմանները արագ են հասնում, իսկ ետ դառնալիս լողում են հոսանքն ի վար։ Ինչ վերաբերում է մեր «Էսմերալդային», ապա, շնորհիվ հիանալի մեքենայական մասի՝ նրա ընթացքը կախված չէր դանդաղաշարժ գետից, և մենք առաջ էինք գնում այնպիսի արագությամբ, ասես թե դա Ամազոնը չէր, այլ անշարժ լճակ։

Առաջին երեք օրերը մեր կատերը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս֊արևմուտք, հոսանքն ի վեր։ Չնայած Ամազոնի գետաբերանը գտնվում էր այստեղից մի քանի հազար մղոնի վրա, բայց նա այստեղ այնքան լայն է, որ գետի մեջտեղից նրա ափերը թվում են հորիզոնին կպած հազիվ նկատելի մի գիծ։ Մանաոսից մեկնելու չորրորդ օրը մենք մտանք վտանկներից մեկը, որն այդտեղ իր լայնությամբ համարյա չէր զիջում Ամազոնին, բայց շուտով սկսեց արագորեն նեղանալ։ Էլի երկու օր անցավ, և մենք մոտեցանք հնդկական ինչ֊որ փոքրիկ ավանի։ Պրոֆեսորն առաջարկեց ափ դուրս գալ, իսկ «Էսմերալդան» ետ ուղարկեց Մանաոս։ Նա բացատրեց, որ շուտով կսկսվեն սահանքները, որտեղ կատերն անելիք չունի։ Իսկ իբրև գաղտնիք ավելացրեց, որ մենք մոտեցել ենք Անհայտ երկրի նախադռանը և, հետևաբար, որքան քիչ մարդ իմանա մեր գաղտնիքը, այնքան լավ։ Այդ նույն նպատակով ամեն մեկիցս ազնիվ խոսք առավ, որ մենք ո՛չ բանավոր, ո՛չ էլ գրավոր ճշգրիտ տեղեկություններ չենք հրապարակի այն վայրի աշխարհագրական դիրքի մասին, որտեղ մեկնում է արշավախումբը, իսկ բոլոր ծառաներին հարկադրեց հանդիսավոր գաղտնիքը պահպանելու երդում տալ։ Այդ բոլորը հարկադրում է ինձ իրադարձությունները որոշ չափով զուսպ շարադրել, և ես ընթերցողներին նախազգուշացնում եմ, որ այն քարտեզներում կամ գծագրերում, որոնք հավանորեն հարկ կլինի կցել իմ պատմությանը, ճիշտ կլինի միայն առանձին վայրերի փոխադարձ դիրքը, բայց ոչ նրանց կոորդինատները։ Հետևաբար, օգտվել այդ տվայլներից՝ Անհայտ երկիր մուտք գործելու համար՝ չի հանձնարարվում։ Ինչով էլ որ առաջնորդվելու լինի պրոֆեսոր Չելենջերը, այդքան մեծ եռանդով պահպանելով իր գաղտնիքը, մենք չենք կարող նրան չհնազանդվել, որովհետև նա իրոք ընդունակ էր ավելի շուտ խափանել էքսպեդիցիան, քան մազաչափ իսկ նահանջել մեզ առաջադրված պայմաններից։

Օգոստոսի երկուսին հրաժեշտ տվինք «Էսմերալդային», դրանով իսկ կտրելով վերջին օղակը, որ մեզ կապում էր աշխարհի հետ։ Այնուհետև չորս օրվա ընթացքում պրոֆեսորը հնդկացիներից վարձեց երկու մեծ նավակ՝ այնքան թեթև (նրանք պատրաստված էին բամբուկե կարկասներից՝ վրայից գազանների մորթիներ քաշած), որ հարկ եղած դեպքում կարող էինք ձեռքով տանել։ Մեր ողջ հանդերձանքը բարձեցինք այդ նավակները, իսկ իբրև լրացուցիչ թիավարներ վարձեցինք ևս երկու հնդկացի՝ Իպեդու և Ատակա անուններով, կարծեմ նույն մարդկանց, որոնք ուղեկցել էին պրոֆեսոր Չելենջերին նրա առջին ճանապարհորդության ընթացքում։ Ինչպես երևում է, նրանք երկուսով էլ սարսափից գլուխները կորցրին, երբ նրանց առաջարկվեց նորից մեկնել այն վայրերը, սակայն հնդկացիների մոտ առաջնորդը մինչև հիմա էլ օգտվում է նահապետական իշխանությամբ, և եթե որևէ գործարք ձեռնտու է նրան, ապա ցեղակիցներն իրավունք չունեն դատողություններ անելու այդ մասին։

Եվ այսպես, վաղը մեկնում ենք դեպի Անհայտը։ Իմ առաջին թղթակցությունն ուղարկում եմ հանդիպակաց նավակով, և, թերևս, մեր ճակատագրով հետաքրքրվողների համար դա վերջին տեղեկությունը լինի։ Ես այն ուղարկում եմ ձեր անունով, թանկագին Մակ֊Արդլ, ինչպես որ պայմանավորվել էինք։ Կրճատեցեք, ուղղեցեք իմ նամակները, մի խոսքով վարվեցեք, ինչպես անհրաժեշտ կգտնեք՝ վստահում եմ ձեր խոհեմությանը։

Դատելով մեր ղեկավարի խիստ ինքնավստահ տեսքից, նա պատրաստվում է իրապես ապացուցելու իր ճշմարտացիությունը, և ես, հակառակ պրոֆեսոր Սամերլիի համառ հոռետեսության, չեմ կասկածում, որ մենք իսկապես գտնվում ենք մեծագույն ու ապշեցուցիչ իրադարձությունների նախորյակին։


Գլուխ VIII Նոր աշխարհի մատույցներում

Թող հայրենիքում մեր բարեկամներն ուրախանան մեզ հետ միասին՝ մենք հասանք մեր ճանապարհորդության նպատակակետին և այժմ հաստատապես կարող ենք ասել, որ պրոֆեսորի պնդումները ստուգման կենթարկվեն։ Ճիշտ է, արշավախումբը դեռ չի բարձրացել սարահարթը, բայց նա այնտեղ է, մեր առջև․ նրա հանդեպ մինչև իսկ պրոֆեսոր Սամերլին հոգով մի փոքր մեղմացավ։ Անշուշտ, նա մտածել անգամ չի ուզում, թե իր ախոյանն իրավացի է, բայց սկսել է ավելի քիչ վիճել և մեծ մասամբ զգույշ լռություն պահպանել։

Սակայն վերադառնամ պատմությանս և շարունակեմ այնտեղից, որտեղ ընդհատված էր այն։ Մենք ետ ենք ուղարկում հնդկացիներից մեկին, որի ձեռքը ծանր վիրավորվել էր։ Ես նրա հետ նամակ եմ ճամփելու, բայց կհասնի՞ արդյոք ըստ պատկանելույն, խիստ կասկածում եմ։

Վերջին գրառումն արեցի այն օրը, երբ մենք պատրաստվում էինք թողնել հնդկական գյուղակը, որտեղ մեզ հասցրել էր «Էսմերալդան»։ Այս անգամ պետք է սկսեմ տհաճ պատմությամբ, որովհետև այդ երեկո մեր խմբի երկու անդամների միջև տեղի ունեցավ առաջին լուրջ գժտությունը, որը քիչ մնաց ողբերգական վախճան ունենար։ Պրոֆեսորների մշտական ընդհարումներն, իհարկե, հաշվի մեջ չեն մտնում։ Արդեն գրել եմ մեր մետիս Գոմեսի մասին, որը խոսում է անգլերեն։ Նա հիանալի աշխատող է, խիստ պատրաստակամ մարդ, սակայն տառապում է հիվանդագին հետաքրքրասիրությամբ՝ մի արատով, որը հատուկ է մարդկանց մեծ մասին։ Գյուղակից մեկնելու նախորդ երեկոյան Գոմեսը, ըստ երևույթին, թաքնվել էր խրճիթի մոտերքում, ուր մենք քննարկում էինք մեր պլանները, և սկսել ականջ դնել։ Հսկա Սամրոն, որ շան պես հավատարիմ է մեզ և, իր բոլոր ցեղակիցների նման, ատում է մետիսներին, բռնեց նրան ու քարշ տվեց խրճիթ։ Գոմեսը դանակը քաշեց և կխփեր նեգրին, եթե սա, իսկապես անհավատալի ուժի տեր լինելով, ժամանակին մի ձեռքով նրան չզինաթափեր։ Մենք երկուսին էլ նախատեցինք, ստիպեցինք իրար ձեռք սեղմել և հուսով ենք, թե բանը դրանով էլ կվերջանա։ Ինչ վերաբերում է մեր երկու գիտնականների միջև եղած թշնամանքին, ապա այն ոչ միայն չի մեղմանում, այլ գնալով ավելի ու ավելի է բորբոքվում։ Պետք է խոստովանել, որ Չելենջերն իրեն պահում է խիստ գրգռիչ կերպով, իսկ Սամերլիի կծու լեզուն ոչ մի կերպ չի նպաստում նրանց հաշտեցմանը։ Երեկ, օրինակ, Չելենջերն ասաց, որ նա չի սիրում զբոսնել Թեմզայի ափերին, որովհետև տխուր է նայել այն վերջին կայանին, որն սպասում է իրեն։ Պրոֆեսորը ոչ մի կասկած չունի, որ իր աճյունը հանգչելու է Վեստմինստերյան աբբայությունում։ Սամերլին թթու կերպով ժպտաց, ասելով․

― Որքան ինձ հայտնի է, Միլբենկի բանտը վաղուց են քանդել։

Չելենջերի անսահման մեծամտությունը թույլ չի տալիս նրան նեղանալու այդպիսի խայթոցներից, դրա համար էլ նա միայն քմծիծաղեց մորուքի մեջ և, ասես դիմելով երեխայի, ներողամիտ տոնով ասաց․

― Դե լավ, լավ։

Այդ երկու մարդիկ իրենց խելքով ու գիտելիքներով կարող են տեղ գրավել գիտությաան լուսատուների առաջին շարքում, սակայն իրոք իսկական մանուկներ են։ Մեկը՝ չորիկ֊մորիկ, փնթփնթան, մյուսը՝ պարարտ, տիրական։ Խելք, կամք, հոգի․․․ Որքան կյանքը շատ ես ճանաչում, այնքան ավելի պարզ ես տեսնում, թե ինչպես հաճախ մեկը մյուսին չի համապատասխանում։

Նկարագրված դեպքի հաջորդ օրը ճամփա ընկանք, որը և կարելի է համարել մեր նշանավոր էքսպեդիցիայի սկիզբը։ Ամբողջ հանդերձանքը շատ լավ տեղավորվեց երկու նավակներում, իսկ մենք ինքներս բաժանվեցինք երկու խմբի, յուրաքանչյուրը վեցական մարդ, ըստ որում, ելնելով ընդհանուր հանգստության շահերից, պրոֆեսորներին տարբեր նավակների մեջ տեղավորեցինք։ Ես նստեցի Չելենջերի հետ, որն այժմ լուռ ինքնամոռացության մեջ էր և ճառագում էր ամբողջովին։ Բայց ես արդեն տեսել էի նրան այդ տրամադրությամբ և պատրաստ էի ամեն րոպե պարզ երկնքից որոտ լսելու։ Այդ մարդու հետ երբեք չես կարող քեզ հանգիստ զգալ, սակայն դրա փոխարեն չես էլ ձանձրանա, որովհետև նա շարունակ ստիպում է քեզ սարսռալ, սպասելով իր բուռն խառնվածքի հանկարծական բռնկումներին։

Երկու օր բարձրանում էինք վերև լայն գետով, որի ջուրը սև էր, բայց այնքան հստակ, որ կարելի էր հատակը տեսնել․ այդպես է Ամազոնի բոլոր վտակների կեսը, իսկ մյուսների ջուրը պղտոր սպիտակավուն գույն ունի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղով են հոսում նրանք․ այնտեղ, ուր բուսահող կա, ջուրը պարզ է, իսկ կավահողերում պղտորվում է նա։ Երկու անգամ դեմ առանք սահանքի, և երկու անգամ էլ կես մղոնաչափ շրջանցում կատարեցինք՝ մեր ամբողջ գույքը ձեռքով տեղափոխելով։ Ափերին փռված էին դարվոր անտառները, որոնցով ավելի հեշտ է անցնել, քան խիտ մացառուտի միջով, ուստի մեր բեռը մեզ մի առանձին դժվարություն չպատճառեց։ Երբեք չեմ մոռանա հանդիսավոր գաղտնիքի այն զգացումը, որ ունեցել եմ այդ անտառներում։ Բնիկ քաղաքաբնակը նույնիսկ չի կարող պատկերացնել այդպիսի հզոր ծառեր, որոնք համարյա տեսողությանն անմատչելի բարձրունքում իրար են հյուսում ճյուղերի գոթական նիզակները, ստեղծելով մի համատարած կանաչ վրան, որի միջով միայն տեղ֊տեղ, մի ակնթարթ այդ հանդիսավոր խավարը ճեղքելով, թափանցում է արևի շողը։ Անցյալ տարվա տերևների խիտ, փափուկ գորգը խլացնում է մեր քայլերի ձայնը։ Մենք գնում էինք, համակված այնպիսի երկյուղածությամբ, ինչպիսին զգում ես երևի միայն Վեստմինստերյան աբբայության մռայլ կամարների տակ։ Նույնիսկ պրոֆեսոր Չելենջերն իր թնդուն բասը իջեցրել էր մինչև շշնջյուն։ Եթե ես այստեղ մենակ լինեի, երբեք չէի իմանա այս ծառերի անունները, սակայն մեր գիտնականները հենց մի գլուխ ցույց էին տալիս եղևնիներ, հսկա կաղամախիներ, կոնդորներ և շատ այլ տեսակի ծառեր, որոնց առատության շնորհիվ այս մայրցամաքը դարձել է մարդու համար բնության այն պարգևների գլխավոր մատակարարիչը, որոնք վերաբերում են բուսական աշխարհին, այն ժամանակ, երբ նրա կենդանական աշխարհը խիստ աղքատ է։

Սև ծառաների վրա բոցկլտում էին վառ խոլորձները և իրենց գույներով ապշեցնող քարաքոսները, իսկ երբ արևի մի պատահական շող ընկնում էր ոսկե ալլամանդայի, ժակսոնիայի մուգ կարմիր աստղերի կամ իմպոմեայի թունդ կապույտ ողկյուզների վրա, թվում էր, թե միայն հեքիաթներում կարող է այդպես լինել։ Այդ թավ անտառներում ամեն կենդանի բան ձգտում է դեպի լույսը, առանց որի մահ է։ Ամեն մի ընձյուղ, անգամ ամենաթույլը, բարձրանում է միշտ վեր ու վեր՝ փաթաթվելով իր ավելի ուժեղ ու բարձրահասակ ընկերներին։ Սողացող բույսերն այստեղ հասնում են հրեշավոր չափերի, իսկ նրանք, որոնք եվրոպացու կարծիքով իբրև թե չպետք է ոլորվեին, կամա թե ակամա ձեռք են բերում այդ արվեստը, միայն թե դուրս պրծնեն թանձր խավարից։ Ես տեսա, օրինակ, թե ինչպես սովորական եղինջը, հասմիկը և նույնիսկ յասիտարա արմավենին փաթաթվել էին եղևնիների բներին՝ հասնելով մինչև նրանց գագաթները։

Ներքևում, կանաչ վեհասքանչ կամարների տակ, ոչ խշխշոց էր լսվում, ոչ ծվոց, սակայն մեր գլխավերևում ինչ֊որ տեղ անընդհատ եռուզեռ էր։ Այնտեղ, արևի ճառագայթների տակ պատսպարվել էր օձերի, կապիկների, թռչունների և համրուկների մի ողջ աշխարհ, որը, հավանորեն, զարմանքով էր նայում մարդկային պստլիկ ֆիգուրաներին, որոնք քայլում էին ներքևում խորհրդավոր կիսախավարով լցված այդ անդունդի հատակով։

Լուսաբացին և մայրամուտին անտառի թավուտը թնդում էր ճղավող կապիկների համերաշխ ոռնոցից և երկարապոչ թութակների խլացուցիչ կանչերից։ Սակայն տոթ ժամերին լսում էինք միայն միջատների անընդհատ բզզոցը, որը հիշեցնում էր ալեկոծության հեռավոր աղմուկը, և ուրիշ ոչինչ․․․ Ոչ մի բան չէր խանգարում ծառաբների այդ սյունաշարի հանդիսավոր վեհությունը, որոնք բարձրանում, կորչում էին մեր գլխավերևում կախված խավարի մեջ։ Միայն մի անգամ ծառերի խիտ ստվերի միջով անշնորհք կերպով քարշ եկավ ինչ֊որ ծուռթաթ գազան՝ ոչ այն է մրջնակեր, ոչ այն է արջ։ Դա միակ նշանն էր, թե Ամազոնի անտառներում կենդանի արարածներ կան նաև գետնի վրա։

Մինչդեռ որոշ այլ նշաններ վկայում էին նաև մարդու ներկայության մասին այդ խորհրդավոր անտառներում՝ մարդ, որն այնքան հեռու չէր մեզանից։ Երրորդ օրը ինչ֊որ տարօրինակ ռիթմիկ աղմուկ լսեցինք, որը մերթ մարում, մերթ նորից էր թնդացնում օդը իր հանդիսավոր դղրդյունով, և այդպես ամբողջ առավոտը։ Երբ առաջին անգամ այդ թնդյունը լսեցինք, նավակները լողում էին իրարից մի քանի յարդ հեռավորության վրա։ Հնդկացիները քարացան տեղներում, ասես վերածվելով բրոնզե արձանների, նրանց դեմքներին սարսափ էր նկարված։

― Այդ ի՞նչ է, ― հարցրի ես։

― Թմբուկներ, ― անփութորեն պատասխանեց լորդ Ջոնը։ ― Մարտական թմբուկներ։ Ես արդեն առիթ ունեցել եմ լսելու դրանց թնդյունները։

― Այո՛, սըր, մարտական թմբուկներ են, ― հաստատեց մետիս Գոմեսը։ ― Հնդկացիները չար ժողովուրդ են։ Նրանք հետևում են մեզ։ Հնդկացիները ուզում են մեզ սպանել։

― Այդ ի՞նչ հնարքով են նրանք հետևել մեզ, ― հարցրի ես՝ աչքս հառած մութ, անշարժ թավուտին։

Մետիսն ուսերը թոթվեց։

― Հնդկացիները ամեն ինչ կարող են։ Նրանք հետևում են մեզ։ Միշտ էլ էդպես է լինում։ Թմբուկները խոսում են իրար մեջ։ Հնդկացիներն ուզում են մեզ սպանել։

Կեսօրին, ― իմ ծոցատետրում նշված է, որ դա օգոստոսի ութին էր, երեքշաբթի օրը, ― բոլոր կողմերից մեզ շրջապատեց ոչ պակաս վեց֊յոթ թմբուկների դղրդյուն։ Նրանք մերթ արագացնում, մերթ դանդաղեցնում էին ռիթմը։ Ահա ինչ֊որ տեղ արևելքում, լսվեց կտրուկ, ընդհատ մի տարափ․․․ լռություն․․․ Թավ դղրդյուն հյուսիսային կողմից։ Այդ անընդհատ որոտը հնչում էր համարյա իբրև հարց ու պատասխան։ Նրա մեջ ինչ֊որ ահեղ, ջղերի վրա ներգործող բան կար։ Այդ որոտը միաձուլվում, փոխվում էր բառերի, այն բառերին, որ շարունակ կրկնում էր մեր մետիսը․ «Կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․» Լուռ անտառում ոչ մի շարժում չկար։ Կանաչի մութ ծածկոցը շնչում էր հանգիստ ու խաղաղ, որը հատուկ է միայն բնությանը։ Սակայն այդ վարագույրի ետևից անդադար հասնում էր նույն գույժը, որ եղբայր֊մարդը ուղարկում էր մեզ։ «Կսպանե՛նք», ասում էին արևելքում գտնվողները։ «Կսպանե՛նք», պատասխանում էին նրանց հյուսիսից։

Թմբուկները որոտում ու շշնջում էին ամբողջ օրը, և նրանց ձայներում հնչող սպառնալիքն իբրև զարհուրանք արտացոլվում էր մեր գունավոր ուղեկիցների դեմքերին։ Մինչև իսկ համարձակ, պարծենկոտ մետիսը վախեցավ։ Դրա փոխարեն այդ նույն օրը ես առիթ ունեցա համոզվելու, որ Սամերլին ու Չելենջերը բարձրագույն արիության տեր մարդիկ են, արիություն, որ հատուկ է լուսավոր մտքերին։ Նույնպիսի խիզախությամբ էր պահել իրեն Դարվինը Արգենտինայի գաուչոսների ու Ուոլլեսը՝ Մալայաի գանգորաների մեջ։ Այդպես է տնօրինել արդեն ողորմած բնությունը․ մարդը չի կարող միաժամանակ երկու բանի մասին մտծել, և այնտեղ, ուր խոսում է գիտական հետաքրքրասիրությունը, անձնական կյանքի նկատառումների համար տեղ չի մնում։

Երկու պրոֆեսորն էլ մոտիկից անցնող ո՛չ մի թռչուն, ափին բուսած ո՛չ մի թուփ աչքից բաց չէին թողնում և մի գլուխ կատաղի վեճի էին բռնվում՝ չլսելով խորհրդավոր, ահեղ որոտյունը։ Սամերլին առաջվա պես խայթում էր Չելենջերին, որը սովորության համաձայն թնդացնում էր իր բասը, և ո՛չ մեկը, ո՛չ մյուսը հարկ չէր համարում թեկուզ մի խոսք ասել հնդկական թմբուկների մասին, կարծես այդ ամենը տեղի էր ունենում Սենտ֊Ջեյմս֊ստրիտի վրա, Կայսերական ընկերության ակումբի ծխասենյակում։ Նրանք միայն մի անգամ ուշադրության արժանացրին հնդկացիներին։

― Միրանխա կամ թերևս ամայյուկա ցեղի մարդակերներն են, ― ասաց Չելենջերը՝ մեծ մատը պարզելով անտառի կողմը, որտեղից լսվում էին թմբուկների ձայները։

― Միանգամայն ճիշտ է, սըր, ― պատասխանեց Սամերլին, ― և, ինչպես այստեղի բոլոր ցեղախմբերը, նրանք էլ պատկանում են մոնղոլական ցեղին, իսկ նրանց լեզուն բազմասինթետիկ է։

― Իհարկե, բազմասինթետիկ է, ― ներողամտաբար համաձայնեց Չելեմջերը։ ― Որքան ինձ հայտնի է, այս մայրցամաքում այլ լեզուներ գոյություն չունեն։ Ես գրի եմ առել ավելի քան հարյուր բարբառ։ Իսկ ինչ վերաբերում է մոնղոլական ցեղին, ապա այստեղ ես խիստ կասկածում եմ։

― Մինչդեռ թվում էր՝ բավական է համեմատական անատոմիայի հետ ամենամակերեսային ծանոթությունն իսկ, որպեսզի այդ տեսությունը ճիշտ համարես, ― թունավոր տոնով նկատեց Սամերլին։

Չելենջերը մարտականորեն վեր ցցեց կզակը։ Ծղոտե լայնեզր գլխարկի եզրեր և մորուք՝ ահա այն ամենը, ինչ տեսնում էինք մենք։

― Դուք իրավացի եք, սըր, մակերեսային ծանոթությունն ուրիշ ոչինչ տալ չի կարող։ Սակայն խոր գիտելիքները հարկադրում են այլ եզրակացությունների հանգել։

Նրանք չար հայացքներով ուտում էին իրար, իսկ այդ ժամանակ անտառում հազիվ լսելի շշուկով անցնում էր արձագանքը․ «Կսպանե՛նք, կսպանե՛նք․․․ կսպանե՛նք․․․»

Երեկոյան նավակներն ուղղեցինք դեպի գետի մեջտեղը, խարիսխների փոխարեն հարմարեցրինք ծանր քարեր և պատրաստվեցինք հնարավոր հարձակման։ Սակայն գիշերը խաղաղ անցավ, և լույսը բացվելու հետ մենք շարունակեցինք առաջ գնալ հեռվում մարող թմբուկների տարափի տակ։ Ժամը երեքի մոտերքը բարձր սահանքները, որոնք ձգվում էին մոտ մեկուկես մղոն երկարությամբ, փակեցին մեր ճանապարհը․ դրանք հենց այն սահանքներն էին, որտեղ պրոֆեսոր Չելենջերն աղետի էր ենթարկվել իր առաջին էքսպեդիցիայի ժամանակ։

Խոստովանում եմ, որ այդ սահանքները սրտապնդեցին ինձ․ դա Չելենջերի պատմածների ճշտության առաջին, թեկուզ և թույլ, հաստատումն է։

Հնդկացիները խիտ մացառուտների միջով անցկացրին նախ նավակները, ապա հանդերձանքը, իսկ մենք, չորս սպիտակներս, հրացանը ձեռքներիս գնում էինք շղթայաձև, պաշտպանելով նրանց այն վտանգից, որը կարող էր պայթել անտառից։ Երեկոյան մեր խումբը բարեհաջող կերպով անցավ սահանքները, բարձրացավ հոսանքն ի վեր մի տասը մղոն և կանգ առավ գիշերելու։ Իմ մոտավոր հաշվումներով, այդ ժամանակ Ամազոնը ամենաքիչը մոտ հարյուր մղոն ետ էր մնացել։

Մյուս օրը վաղ առավոտյան կարևոր իրադարձություններ տեղի ունեցան։ Դեռևս լուսադեմից պրոֆեսոր Չելենջերը զննում էր երկու ափերն էլ՝ ակներևաբար ինչ֊որ բանից անհանգստացած։ Բայց ահա նա ուրախ բացականչեց և ցույց տվեց բոլորովին ջրի վրա խոնարհված մի ծառ։

― Ձեր կարծիքով ի՞նչ ծառ է այն, ― հարցրեց նա։

― Անշուշտ ասսայի արմավենի, ― ասաց Սամերլին։

Ճիշտ է։ Հենց այդ արմավենին էլ իմ գլխավոր նշանն էր։ Մի երկու մղոն էլ վերև բարձրանանք այն ափով, և մենք կմոտենանք թավուտում քողարկված մի վտակի։ Ծառերն այնտեղ համատարած պատնեշ են կազմում, իսկ նրանց ետևում թաքնվում է գաղտնիքը։ Ահա, տեսնում եք, մութ մացառուտին փոխարինում է բաց կանաչ եղեգնը։ Հենց այնտեղ էլ, բարձր բարդիների միջով, բացվում է դեպի Անհայտ երկիրը տանող դուռը։ Հիմա ինքներդ կհամոզվեք ամեն ինչում։ Դե, առաջ։

Եվ իսկապես, մեզ մնում էր միայն ապշել։ Հասնելով այնտեղ, ուր սկսվում էր բաց կանաչավուն եղեգնուտը, մենք մխրճվեցինք նրա մեջ, ապա մի հարյուր յարդ վարեցինք երկու նավակները, ձողափայտի օգնությամբ հեռանալով ափից, և, վերջապես, դուրս եկանք մի խաղաղ, ոչ խոր գետակ, որի հստակ ջրերի միջից պարզ երևում էր ավազե հատակը։ Նրա նեղ ափերը պատված էին փարթամ կանաչով։

Նա, ով չէր նկատի, որ այստեղ խիտ մացառուտի փոխարեն աճում է եղեգնը, երբեք չէր կարող գուշակել այդ գետակի և նրա ետևում ընկած կախարդական աշխարհի գոյության մասին։

Այո, դա իսկապես որ կախարդական մի աշխարհ էր։ Այդպիսի սքանչելիք կարող է պատկերել միայն մարդկային ամենավառ երևակայությունը։ Խիտ ոստերը հյուսվում էին մեր գլխավերևում՝ կազմելով մի բնական կանաչ կամար, իսկ այդ թունելի միջով հոսում էր կանաչ թափանցիկ գետը։ Ինքնին գեղեցիկ, նա է՛լ ավելի սքանչելի էր թվում լույսի այն քմահաճ պուտերից, որ գցում էին սաղարթի միջով թափանցող արևի շողերը։ Ջրի մակերեսը, որ հստակ էր, ինչպես բյուրեղ, անշարժ, ինչպես հայելի, ափերի մոտ կանաչին տվող, ինչպես սառցալեռ, շողշողում էր սաղարթների քանդակած կամարի ներքո՝ ալեկոծվելով մեր թիակների հարվածներից։ Դա մի ճանապարհ էր, որն արժանի էր հրաշքների աշխարհին, դեպի ուր նա տանում էր։

Այժմ հնդկացիների ներկայությունն այլևս չէր զգացվում, դրա փոխարեն ավելի հաճախ էինք հանդիպում կենդանիների, որոնց դյուրավստահությունը վկայում էր, որ նրանք դեռևս որսորդ չեն տեսել։ Շլացուցիչ սպիտակ ատամներով և խորամանկ աչքերով սև, թավամազ կապիկները մեզ ուղեկցում էին խլացնող ճղավոցներով։ Երբեմն ափից ծանր ճողփյունով ջուրն էր ընկնում ամերիկյան կոկորդիլոսը։ Մի անգամ թփերի միջից դուրս նայեց ծանրամարմին գետակինճը և, մի րոպե կանգնելով, ծանր քայլերով կորավ թավուտում։ Հետո ծառերի միջև մի ակնթարթ երևաց խոշոր կատվառույծի ճկուն մարմինը․ նա ընթացքի ժամանակ շուռ եկավ, և շեկ ուսի վրայից մեզ վրա փայլեցին նրա ատելությամբ լի կանաչ աչքերը։ Այստեղ թռչուններ շատ կային, առանձնապես՝ ճահճային։ Ջրի վրա կռացած յուրաքանչյուր ծառին փոքրիկ խմբերով նստել էին քաջահավեր, ձկնկուլներ, արագիլներ՝ կապույտ, վառ կարմիր, սպիտակ, իսկ բյուրեղի պես ջինջ ջրում վխտում էին ծիածանի բոլոր գույնի ձկները։

Երեք օր մենք լողում էինք այդ ոսկեկանաչ թունելի միջով։ Նայելով հեռուն՝ դժվար էր տարբերել, թե որտեղ է վերջանում կանաչ ջուրը և որտեղ սկսվում կանաչ կամարը։ Ոչ մի բան չէր խանգարում այդ գետի խոր հանգիստը՝ այդտեղ մարդկային հետքեր չկային։

― Հնդկացիներ չկան։ Նրանք վախենում են Կուրուպուրիից, ― ասաց մի անգամ Գոմեսը։

― Կուրուպուրին անտառի ոգին է, ― բացատրեց լորդ Ջոնը։ ― Այստեղ այդ անունով կոչում են այն ամենը, ինչն իր մեջ կրում է չարության սկիզբը։ Խեղճ տեղացիները վախենում են նույնիսկ այստեղ երևալուց, նրանց թվում է, թե ինչ֊որ զարհուրելի բան է թաքնված այս վայրերում։

Երրորդ օրը պարզ դարձավ, որ անհրաժեշտ է նավակներից բաժանվել․ գետն սկսեց արագ ծանծաղել, և նավակները շարունակ հատակով քերում էին ավազը։ Ի վերջո նավակները դուրս քաշեցինք ջրից և գիշերելու համար տեղավորվեցինք առափնյա թփուտում։ Առավոտյան ես ու լորդ Ջոնը գետին զուգահեռ մի երկու մղոն անցանք անտառով և, համոզվելով, որ գետը ավելի ու ավելի է ծանծաղում, վերադարձանք այդ լուրը հայտնելու պրոֆեսոր Չելենջերին, դրանով իսկ հաստատելով նրա ենթադրությունը, թե հասել ենք այն վերջին կետին, որից հետո նավակներով գնալն անհնար է։ Այն ժամանակ մենք նավակները քաշեցինք ավելի վերև, թաքցրեցինք թփերի մեջ և հարևան ծառի վրա կտրվածք արինք, որպեսզի վերադարձին մեր թաքստոցը կարողանայինք գտնել։ Այնուհետև, մեջ֊մեջ անելով բեռը, ― հրացաններ, փամփուշտներ, սննդամթերք, վերմակներ, վրան և ուրիշ եղած֊ճեղած, ― հակերն առանք ուսներիս և նորից ճամփա ընկանք, որի վերջին էտապը շատ ավելի մեծ դժվարություններ էր խոստանում մեզ, քան սկիզբը։

Այդ առավոտը, դժբախտաբար, նշանավորվեց մեր երկու աքաղաղների ընդհարմամբ։ Միանալով մեզ՝ Չելենջերն իսկույն արշավախմբի ղեկավարությունն իր ձեռքը վերցրեց՝ ակնհայտ անբավականություն պատճառելով Սամերլիին։ Եվ հենց որ Չելենջերը կարգադրություն արավ իր կոլեգային՝ ընդամենը աներոիդե ծանրաչափը վերցնել, հաջորդեց պայթյունը։

― Թույլ տվեք հարցնել, սըր, ― սպառնալից հանգստությամբ խոսեց Սամերլին, ― դուք ի՞նչ իրավունքով եք հրամանատարություն անում։

Չելենջերը բռնկվեց և փշաքաղվեց ամբողջովին։

― Արշավախմբի պետի իրավունքով, պրոֆեսոր Սամերլի։

― Ստիպված եմ հայտարարել, սըր, որ ես ձեզ չեմ ընդունում իբրև այդպիսսին։

― Ա՛խ, ահա թե ի՜նչ։ ― Չելենջերն իրոք որ փղային նազելիությամբ ծաղրաբար գլուխ տվեց նրան։ ― Այն ժամանակ թերևս, դուք կբարեհաճեք ցույց տալ իմ տե՞ղը ձեր մեջ։

― Խնդրեմ, սըր։ Դուք մի մարդ եք, որի խոսքերը կասկածի տակ են առնված, իսկ մենք՝ այն հանձնաժողովի անդամներն ենք, որն ստեղծված է ձեզ ստուգելու համար։ Դուք գնում եք ձեր դատավորների հետ, սըր։

― Ողորմա՜ծ աստված, ― բացականչեց Չելենջերը՝ նստելով շուռ տված նավակի վրա։ ― Այդ դեպքում բարի եղեք ձեր ճամփով գնալ, իսկ ես, առանց շտապելու, կհետևեմ ձեզ։ Քանի որ ես չեմ գլխավորում այդ արշավախումբը, կարիք չկա նրա առջևից գնալ։

Գոհություն աստծու, որ մեր խմբում գտնվեցին երկու ողջամիտ մարդ՝ լորդ Ջոնը և ես, այլապես մեր գիտնական մարդկանց խևությունն ու տաքարյունությունը կհասցնեին այն բանին, որ մենք դատարկաձեռն կվերադառնանք Լոնդոն։ Որքա՜ն վեճեր, համոզել, բացատրություններ, մինչև որ հանգստացրինք նրանց։ Վերջապես, Սամերլին առաջ շարժվեց, փստփստացնելով ծխամորճն ու արհամարհանքով քմծիծաղ տալով, իսկ Չելենջերը փնթփնթալով հետևեց նրան։ Բարեբախտաբար, դեռևս դրանից մի քանի օր առաջ նկատել էինք, որ մեր երկու իմաստուններն էլ ոչ մի բանի տեղ չեն դնում Էդինբուրգցի դոկտոր Իլլինգվորտին, և այդ փրկեց մեզ։ Հետագայում բավական է, որ մենք հիշատակեինք շոտլանդացի կենդանաբանի անունը, որպեսզի հասունացող վեճերը վայրկենապես դադարեին, երկու պրոֆեսորն էլ ժամանակավոր դաշինք կնքեցին և միաբանորեն հարձակվեցին իրենց ընդհանուր ախոյանի վրա։

Շարժվելով ափի երկարությամբ շուտով նկատեցինք, որ գետն աստիճանաբար վերածվեց նեղ առվի, իսկ սա իր հերթին կորավ ճահճուտում, որը ծածկված էր կանաչ, սպունգանման մամուռով։ Մեր ոտքերը մինչև ծնկները թաղվում էին նրա մեջ։ Այդտեղ օդում սավառնում էին մոծակների և ամեն տեսակ մժղուկների խիտ ամպեր, այնպես որ մենք վերջապես թեթևացած ոտք դրինք ամուր հողի վրա, թեքվելով դեպի անտառը՝ շրջանցեցինք այդ կանաչապատ ճահճուտը, որը դեռ երկար հիշեցնել էր տալիս իրեն միջատների երգեհոնային բզզոցով։

Նավակները թողնելու երրորդ օրը տեղանքի բնույթը խիստ փոխվեց։ Մենք ստիպված էինք շարունակ վեր բարձրանալ, անտառը նկատելիորեն նոսրացավ և կորցրեց իր արևադարձային փարթամությունը։ Ամազոնի հովտի տղմային հողով սնված վիթխարի ծառերն իրենց տեղը զիջեցին կոկոսյան և փյունիկյան արմավենիներին, որոնք խումբ֊խումբ բարձրանում էին խիտ թփուտների միջից։ Խոնավ ցածրավայրերում աճում էին արմավենիները՝ շքեղորեն ցած խոնարհված տերևներով։ Մենք գնում էինք գլխավորապես կողմնացույցի օգնությամբ, և մի երկու անգամ Չելենջերի ու երկու հնդակցիների միջև տաք վեճ բռնկվեց, թե ո՛ր ուղղությամբ գնալ, ըստ որում երկու անգամն էլ մեր ամբողջ խումբը գերադասեց, ինչպես ասած վրդովված պրոֆեսորը, «վստահել նախնադարյան վայրենիների խաբուսիկ բնազդին, քան թե ժամանակաից եվրոպական կուլտուրայի կատարյալ արտադրանքին»։ Երրորդ օրը պարզվեց, որ մենք իրավացի էինք՝ գերադասությունը տալով հնդկացիներին։ Չելենջերն ինքը ճանաչեց ինչ֊որ նշաններ, որ նա հիշում էր առաջին ուղևորությունից, իսկ մի տեղ մենք նույնիսկ հանդիպեցինք չորս սևացած քարի, որը նրա ճամբարատեղն էր։

Վերելքը դեռ շարունակվում էր․ երկու օր տևեց գլաքարերով ծածկված լեռան հաղթահարումը։ Բուսականությունը նորից փոխվեց․ արևադարձային նախկին շքեղությունից այստեղ մնացին միայն «փղոսկր» արմավենիները, մեկ էլ բազմաթիվ սքանչելի խոլորձները, որոնցից ես սովորեցի ճանաչել հազվագույտ Nuttoria Vexillaria֊ան հոյակապ կատլեայի վարդագույն ու վառ կարմիր ծաղիկներ և օդոնտոգլոսսումը։ Բլրի ծերպերում, մանր քարերի վրայով, ձարխոտի մացառուտներում թաքնված առվակներ էին խոխոնջում։ Սովորաբար մենք գիշերում էինք գլաքարերի մեջ, որևէ լճակի ափին, որտեղ ամբողջ վտառներով լողում էին կապտասև մեջքերով ձկնիկները, նման մեր անգլիական իշխանին, որն ընթրիքի հիանալի կերակրատեսակ է։

Իններորդ օրը, երբ իմ հաշվումներով մոտ հարյուր քսան մղոն էինք կտրել անցել նավակների թաքցրած վայրից, անտառը բոլորովին նոսրացավ և հետզհետե վերածվեց թփուտի։ Թփերը, իրենց հերթին, փոխվեցին բամբուկի անծայրածիր մացառուտների, այնքան խիտ, որ ստիպված էինք դանակներով ու հնդկական տոմահավկներով ճամփա բացել նրանց միջով։ Դրա վրա կորցրինք մի ամբողջ օր՝ առավոտյան ժամը յոթից մինչև երեկոյան ժամը ութը՝ հանգստի համար ընդամենը երկու ընդմիջում անելով։ Դժավար է ավելի միալար ու հոգնեցուցիչ զբաղմունք պատկերացնել։ Նույնիսկ ուղատներում իմ հորիզոնը սահմանափակված էր ինչ֊որ տասը֊տասներկու յարդով․ մնացյալ ամբողջ ժամանակ իմ առջև տեսնում էի միայն պարուսինե շապիկ հագած լորդ Ջոնի մեջքը, իսկ կողքերից՝ կիպ կպած բամբուկի դեղին պատը։ Սայրի պես բարակ արևի շողերը տեղ֊տեղ թափանցում էին ներքև մեր գլխավերևում տասնհինգ ոտնաչափ բարձրության վրա, վառ կապույտ երկնքի ֆոնին օրորվում էին բամբուկի ավելները։ Չգիտեմ, թե ինչ կենդանիներ էին բնակվում այդտեղ, բայց մենք շատ անգամներ բոլորովին մոտիկից լսեցինք ինչ֊որ կենդանու ծանր ոտնաձայներ։ Լորդ Ջոնը կարծում էր, թե գուանակոն էր կամ ուղտայծ։ Միայն գիշերվա դեմ մենք դուրս եկանք բամբուկի ծովից և, խոշտանգաված այդ օրվա ընթացքում, օրը մեզ անսահման երկար թվաց, իսկույն ճամբար զարկեցինք։

Հետևյալ առավոտն արդեն մեզ ճամփին գտավ։ Տեղանքի բնությունը սկսեց նորից փոխվել։ Բամբուկի դեղին պատնեշը պարզ երևում էր մեր ետևում։ Իսկ առջևում փռված էր բաց հարթավայրը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարխոտերով և աստիճանաբար բարձրանում էր դեպի երկար, իր ձևով կետի մեջք հիշեցնող բլրակատարը։ Կեսօրի մոտերքը մենք անցանք այդ կատարը և նրա ետևում տեսանք մի հովիտ, իսկ հետևում կրկին զառիկող լանջ, որը մեղմորեն կլորանում էր հորիզոնում։ Հենղ այդտեղ, առաջին բլրաշարքի մոտ էլ մի դեպք տեղի ունեցավ, թե որքան նշանակալից՝ կերևա հետագայում։

Պրոֆեսոր Չելենջերը, որ երկու հնդկացիների հետ քայլում էր առջևից, հանկարծ կանգ առավ և հուզված թափահարեց ձեռքը, ցույց տալով դեպի աջ։ Նայելով այն կողմը, մենք տեսանք հսկայական գորշ թռչնի պես մի բան, որը դանդաղորեն թափահարելով թևերը, ցածրաթռիչ ու սահուն անցավ գետի վրայով ու կորավ ծառերի ետևում։

― Դուք տեսա՞ք, ― ցնծագին ձայնով ճչաց Չելենջերը։ ― Սամերլի, դուք տեսա՞ք։

Նրա կոլեգան, առանց հայացքը կտրելու, նայում էր այն կողմը, ուր չքացավ այդ տարօրինակ թռչունը։

― Իսկ ի՞նչ էր այդ ձեր կարծիքով, ― հարցրեց նա։

― Ինչպե՞ս թե ինչ։ Պտերոդակտիլ։

Սամերլին արհամարհանքով քրքջաց։

― Պտերոցնդաբանություն, ― ասաց նա։ ― Դա արագիլ էր, ամենասովորական արագիլ։

Չելենջերը կատաղությունից պապանձվեց։ Պատասխանի փոխարեն նա իր հակը դրեց ուսին ու շարունակեց ճամփան։ Սակայն լորդ Ջոնը, որը շուտով հավասարվեց ինձ, սովորականից շատ ավելի լուրջ դեմք ուներ։ Նա ձեռքին բռնել էր ցեյսի հեռադիտակը։

― Բայց և այնպես ես կարողացա դիտել նրան, ― ասաց նա։ ― Չեմ համարձակվում դատել, թե դա ինչ բան էր, բայց կյանքումս դեռ այդպիսի թռչուն չեմ տեսել՝ այդ մեկը կարող եմ երաշխավորել որսորդական իմ փորձով։

Այսպես են մեր գործերը։ Իրո՞ք մոտեցել ենք Անհայտ երկրին, արդյոք կանգնած ենք Կորուսյալ աշխարհի մատույցներո՞ւմ, որի մասին շարունակ ասում է մեր ղեկավարը։ Իմ գրառումներից դուք գիտեք նույնքան, որքան և ես։ Այլևս այդպիսի դեպքեր չկրկնվեցին, ուրիշ ոչ մի կարևոր իրադարձություն տեղի չունեցավ այդ օրը։

Եվ այսպես, թանկագին ընթերցողներ, ― եթե երբևէ ընթերցողներ կունենամ, ― մենք ձեզ հետ միասին բարձրացանք լայնարձակ գետի հոսանքն ի վեր, եղեգնուտի միջով մտանք կանաչ թունելը, անցանք զառիկողին աճած արմավենիների միջով, հաղթահարեցինք բամբուկի անտառը, իջանք ծառանման ձարիխոտով ծածկված հարթավայրը, և այժմ մեր ճանապարհորդության նպատակն ուղիղ մեր առաջ է։

Անցնելով երկրորդ բլրաշարքը, տեսանք խիտ արմավենիներով ծածկված մի նեղ հովիտ, իսկ նրա վերևում՝ կարմիր ժայռերի մի երկար շարք, որը ես հիշեցի ալբոմում եղած նկարից։ Այժմ ես գրում եմ, բայց հերիք է գլուխս բարձրացնեմ, և ահա նա աչքերիս առաջն է՝ նկարի հետ նրա նույնությունն անկասկած է։ Նրա և մեր կայանի միջև ընկած ամենակարճ տարածությունը յոթ մղոնից ավելի չէ, իսկ հետո նա ոլորվում է ու գնում դեպի անծայրածիր հեռուն։

Չելենջերն աքաղաքի նման մարտական տեսքով ճամբարով մեկ առաջ ու ետ է քայլում, Սամերլին լռություն է պահպանում, բայց առաջվա պես հոռետեսորեն է տրամադրված։ Մեկ օր ևս, և մեր կասկածներից շատերը կփարատվեն։ Իսկ առայժմ այս նամակն ուղարկում եմ Խոսեի միջոցով, որն իր ձեռքը վիրավորեց բամբուկի թփուտներում և պահանջում է իրեն ազատ արձակել։ Հուսով եմ, որ այնուամենայնիվ նամակը կհասնի ըստ պատկանելույն։ Առջին իսկ հնարավորության դեպքում նորից կգրեմ։ Նամակին կցում եմ մեր ճանապարհորդության մոտավոր պլանը այն հաշվով, որ դա օգնի ձեզ պարզելու այստեղ շարադրվածը։


==Գլուխ IX «Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել»


Սարսափելի դժբախտություն եկավ մեր գլխին։ Ո՞վ կարող էր այդ բանը կանխագուշակել։ Այժմ ես մեր փորձանքների վերջը չեմ տեսնում։ Գուցե մեզ վիճակված է ցմահ մնալ այս հանելուկային, անմատչելի վայրում։ Ես այնպես եմ ցնցված կատարվածից, որ մինչև հիմա լավ գլուխ չեմ հանում ներկայից, չեմ էլ կարող նայել առաջ, ապագային։ Առաջինը իմ շփոթված ուղեղին թվում է զարհուրելի, իսկ երկրորդը՝ անթափանց, ինչպես գիշեր։

Հազիվ թե ուրիշ մարդ այդպիսի դրության մեջ ընկած լինի։ Մեր վիճակն այնքան անելանելի է, որ ես նույնիսկ հարկ չեմ համարում հայտնել այս լեռնաշղթայի ճշգրիտ կոորդինատները և մեր բարեկամներին խնդրել, որպեսզի փրկարար խումբ ուղարկեն։ Եթե այդպիսի փրկարար խումբ կազմվի էլ, ապա ամենայն հավանականությամբ մեր բախտը վճռված կլինի այդ խմբի Հարավային Ամերիկա ժամանելուց շատ առաջ։

Այո, մենք կտրված ենք ամեն տեսակի օգնությունից, որպես թե Լուսնի վրա ընկած լինենք։ Իսկ եթե այս փորձանքից պատվով դուրս գանք, ապա մեր փրկությամբ պարտական կլինենք միայն մեզ։ Իմ երեք ուղեկիցները երևելի մարդիկ են, հրաշալի մտքի և անհողդողդ արիության տեր մարդիկ։ Այդ և միայն այդ է մեր փրկության հույսը։ Բավական է նայեմ ընկերներիս հանգիստ դեմքերին, և իմ շուրջը խավարն իսկույն ցրվում է։ Համարձակվում եմ մտածել, որ արտաքինից ես էլ եմ այդպես հանգիստ։ Մինչդեռ իակապես ծանր կասկածները տանջում եմ ինձ։

Իսկ հիմա թույլ տվեք բոլոր մանրամասնություններով շարադրել դեպքերի ընթացքը, որը մեզ հասցրեց աղետի։

Վերջին հաշվետվության մեջ ես գրել էի, որ մենք գտնվում ենք յոթ մղոնի վրա այն լեռնաշղթայից, որը օղակում է պրոֆեսոր Չելենջերի ասած սարահարթը։ Երբ մեր խումբը ընդհուպ մոտեցավ նրան, ինձ թվաց, թե պրոֆեսորը նույնիսկ պակասեցրել էր նրա բարձրությունը, որովհետև որոշ տեղերում նա համենայն դեպս հասնում է հազար ոտնաչափի։ Աչքի է զարնում նաև այդ ապառաժների թերթավորությունը, որը, ինչպես երևում է, բնորոշ է բազալտային կազմավորությունների համար։ Դրա նման ինչ֊որ բան կարելի է դիտել Էդինբուրգի մոտ, Սելիսբերիի ժայռերի վրա։ Լեռնաշղթայի գագաթը ծածկված է փարթամ բուսականությամբ՝ փեշերին բարձրանում են թփեր, որոնց հաջորդում են բարձր ծառերը։ Ինչպես երևում է, այստեղ կենդանի արարածներ չկան։

Այն գիշեր մենք ճամբար զարկեցինք լեռնաշղթայի ստորոտում, ամայի ու մռայլ մի տեղում։ Մեր գլխավերևում բարձրացող կարմիր ապառաժները ոչ միայն բոլորովին թեք են, այլև վերևի մասերը դուրս ընկած, այնպես որ այս կողմից սարահարթ բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ է։ Մեր ճամբարից ոչ հեռու կանգնած է մի բարձր, վերևի մասում բարակող քարաժայռ։ Ես կարծեմ առաջ խոսել եմ դրա մասին։ Նա նման է եկեղեցու հաստացրած շպիլի։ Նրա գագաթը, որտեղ աճում է մի բարձր ծառ, հավասարվում է սարահարթի մակերեսին, բայց նրանց բաժանում է մի ծերպ։ Այդ քարաժայառը և լեռնաշղթայի նրան մոտիկ ճյուղավորությունները այնքան էլ բարձր չեն՝ իմ կարծիքով, հինգ֊վեց հարյուր ոտնաչափից ոչ ավելի։

― Ահա հենց այն ծառի վրա էր նստել պտերոդակտիլը, ― ասաց պրոֆեսորը, ― որին ես խփեցի։ Ստիպված եղա մագլցել մինչև ժայռի կեսը։ Կարծում եմ, որ լավ ալպինիստը, այնպիսին, ինչպիսին ես եմ, կարող է գագաթն էլ բարձրանալ, չնայած, միևնույն է, այնտեղից չեմ կարող անցնել սարահարթը։

Մինչդեռ Չելենջերը խոսում էր իր պտերոդակտիլի մասին, ես հետևում էի պրոֆեսոր Սամերլիին և առաջին անգամ նրա մեջ ինչ֊որ նոր բան նկատեցի․ նա ակներևաբար սկսում էր հավատալ իր ախոյանին և նույնիսկ զղջման որոշ նշաններ էր ցույց տալիս։ Խայթող ժպիտը չքացավ նրա շրթունքներից, նա կանգնել էր գունատ և զարմանքը թաքցնել չէր աշխատում։ Չելենջերը նույնպես նկատեց այդ և արդեն արբենում էր իր հաղթանակով։

― Պրոֆեսոր Սամերլին, իհարկե, մտածում է, որ խոսելով պտերոդակտիլի մասին, ես ի նկատի ունեմ սովորական արագիլի, ― ասաց նա՝ անշնորհք կերպով փորձելով սրամտել, ― սակայն, այդ արագիլը զուրկ է փետուրներից, ունի արտասովոր ամուր մաշկային ծածկույթ, թաղանթավոր թևեր և վրան ատամներ շարված կտուց։

Չելենջերը խոնարհաբար գլուխ տվեց, քմծիծաղեց, աչքով արեց իր կոլեգային, որը չկարողացավ տանել այդ և մի կողմ քաշվեց։

Առավոտյան, համեստ նախաճաշից հետո, որը բաղկացած էր սուրճից և մանիոկից․[28] անհրաժեշտ էր սննդամթերքը խնայել, մենք ռազմական խորհուրդ հրավիրեցինք և սկսեցինք քննարկել, թե ինչպես բարձրանանք սարահարթ։

Պրոֆեսոր Չելենջերը նախագահում էր անսովոր հանդիսավորությամբ՝ գերագույն դատավոր, ո՛չ ավել, ո՛չ պակաս։

Պատկերացրեք մի այպիսի տեսարան․ անհեթեթ ծղոտե գլխարկը ծոծրակին թեքված այդ մեծամորուքը բազմել է քարերի վրա՝ ամբարտավան կերպով նայելով մեզ կիսախուփ կոպերի տակից, և դանդաղ, ընդհատումներով խոսում է մեր ներկա վիճակի և գործողությունների հետագա պլանների մասին։ Նրա առաջ տեղավորվել ենք մենք երեքս․ ձեր խոնարհ ծառան, որ սևացել, խիստ ամրացել է մաքուր օդում, Սամերլին, որը լուրջ և առաջվա պես հոռետեսորեն փստացնում է իր ծխամորճը, և նիհարավուն լորդ Ջոնը, որը հենվել է հրացանին՝ հռետորի վրա հառելով իր սուր, արծվային հայացքը։ Մեր ետևում երկու թուխ մետիսներն են և իրար գլխի հավաքված հնդկացիները, իսկ առջևում՝ կարմրավուն կողավոր ապառաժները, որոնք փակում են դեպի ցանկալի նպատակը տանող ճանապարհը։

― Արդյոք արժե ասել, ― այսպես սկսեց մեր ղեկավարը, ― որ իմ առաջին ացելությանն այստեղ ես ամեն հնար գործադրեցի սարահարթը բարձրանալու, և եթե այդ բանը չհաջողվեց ինձ՝ փորձված ալպինիստիս, ապա ուրիշին առավել ևս չի հաջողվի։ Ճիշտ է, ես այն ժամանակ ոչ մի ալպինիստական հարմարանք չունեի, բայց այժմ ես այդ մասին հոգացել եմ և նրանց օգնությամբ, ինչպես էլ լինի, պետք է բարձրանամ ժայռի գագաթը։ Ասենք, այս կողմից գլխավոր լեռնապարը բարձրանալու մասին առայժմ նույնիսկ ավելորդ է խոսել։ Անցյալ անգամ ես ստիպված էի շտապել՝ մոտենում էր անձրևների շրջանը, բացի դրանից, սննդամթերքի պաշարները վերջանալու վրա էին։ Այդ բոլորը խիստ նեղում էր ինձ ժամանակի տեսակետից, և ես կարողացա մի վեց մղոն շրջանցել լեռնաշղթան արևելյան ուղղությամբ ու վերելքի համար քիչ թե շատ հարմար տեղ չգտա։ Ի՞նչ պետք է անենք հիմա։

― Ըստ իս, առողջ բանականությունը միայն մի ելք է թելադրում, ― խոսեց պրոֆեսոր Սամերլին։ ― Եթե դուք արևելյան ուղղությամբ հետազոտել եք լեռնաշղթան, ուրեմն այժմ պետք է գնալ դեպի արևմուտք և նայել, թե արդյոք այդ կողմից չի՞ կարելի բարձրանալ։

― Ճիշտ է, ― պաշտպանեց նրան լորդ Ջոնը։ ― Ինձ թվում է, որ այս լեռնապարը այնքան էլ մեծ չէ։ Մենք կպտտվենք նրա շուրջը և կամ կգտնենք այն, ինչ հարկավոր է, կամ կվերադառնանք մեր ելման կետը։

― Ես արդեն բացատրել եմ մեր պատանի բարեկամին, ― ասաց Չելենջերը (նա միշտ իմ մասին խոսում է, ինչպես տասնամյա դպրոցականի), ― որ հեշտ վերելքի հույս ունենալ չի կարելի և այդ շատ պարզ պտճառով․ եթե այդպիսին գոյություն ունենար, սարահարթը մնացած աշխարհից կտրված չէր լինի և այնտեղ չէին ստեղծվի այն պայմանները, որոնք խախտում են տեսակների հարատևման մեզ հայտնի բոլոր օրենքները։ Այնուամենայնիվ, ես լիովին ընդունում եմ, որ լանջերին կան տեղեր, որոնք մատչելի են փորձված ալպինիստին, սակայն անհաղթահարելի են ծանր, դանդաղաշարժ կենդանիների համար։ Համենայն դեպս մեկ այդպիսի տեղի գոյության մասին ես պարզապես համոզված եմ։

― Ի՞նչն է ձեզ այդպիսի վստահություն ներշնչել, սըր, ― խստությամբ հարցրեց Սամերլին։

― Այն, որ իմ նախորդին՝ ամերիկացի Մեպլ Ուայտին, ինչ֊որ ձևով հաջողվել էր բարձրանալ սարահարթը։ Այլապես նա ինչպե՞ս կարող էր տենսել այն հրեշին, որը նկարված է նրա ալբոմում։

― Հետևապես, դուք առաջ եք վազում՝ չսպասելով, մինչև որ այդ բոլորը ստուգման ենթարկվի, ― համառորեն առարկեց Սամերլին։ ― Ես ընդունում եմ սարահարթի գոյությունը, որովհետև նա իմ աչքի առաջ է, բայց թե կյանք կա՞ այնտեղ՝ այդ բանը դեռ ոչ ոք չի ապացուցել ինձ։

― Ընդունում եք որևէ բան, սըր, թե չեք ընդունում, այդ բոլորովին կարևոր չէ։ Սակայն, ես ուրախ եմ, որ այնուամենայնիվ սարահարթի գոյությունը հասել է ձեր գիտակցությանը։ ― Չելենջերը գլուխը բարձրացրեց և, հանկարծ տեղից վեր ցատկելով, բռնեց Սամերլիի օձիքից ու ծնոտը վեր տնկեց։ ― Դե՛, սըր, ― ճչաց նա հուզմունքից խռպոտած ձայնով, ― հիմա համոզվեցի՞ք, որ սարահարթում կենդանական աշխարհ կա։

Ես արդեն խոսել եմ սարահարթի եզրերը պատող կանաչի խիտ ծոպերի մասին։ Ահա հենց այդ թփուտների միջից հանկարծ երևաց ինչ֊որ փայլուն, սև արարած։ Նա դանդաղորեն սողաց դեպի զառիթափը, կախվեց նրա վրա, և այդ ժամանակ մենք նկատեցինք, որ դա մի վիթխարի օձ է՝ թիակի նման տափակ գլխով։ Մի րոպե նա ճոճվեց քարափին՝ արևի տակ խաղացնելով իր հարթ, ասես հղկված օղակները, ապա դանդաղ ետ քաշվեց ու կորավ թփերի մեջ։

Այդ տեսարանը այնպես գրավեց Սամերլիին, որ նա սկզբում նույնիսկ չփորձեց ազատվել Չելենջերի ճանկերից, բայց հետո ուշքի եկավ և, ետ հրելով իր կոլեգային, նորից արժանավայել դիրք ընդունեց։

― Պրոֆեսոր Չելենջեր, ― ասաց նա, ― ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք իմ գլուխը վեր ցցելու փոխարեն, ձեր խոսքերի վրա ուշադրություն հրավիրելու որևէ այլ եղանակ գտնեիք։ Այդպիսի ազատությունը չի արդարացնում նույնիսկ խիստ սովորական պիթոնի հայտնվելը։

― Բայց և այնպես սարահարթի վրա կյանք կա, ― հաղթականորեն բացականչեց նրա կոլեգան։ ― Եվ այժմ, երբ իմ այդ թեզն այնքան ակնառու հաստատումն գտավ, որ ամենականխակալ ու բութ գլուխներն անգամ այլևս չեն վիճարկի այն, ես առաջարկում եմ անմիջապես թողնել մեր կայանը և շարժվել արևմտյան ուղղությամբ՝ գտնելու համար այն տեղը, որտեղից հնարավոր կլինի վերև բարձրանալ։

Լեռնաշղթայի ստորոտը քարքարոտ էր, անհարթ, այնպես որ մենք առաջանում էինք դանդաղ ու մեծ դժվարությամբ։ Բայց անսպասելի մի գյուտ սրտապնդեց մեզ․ մենք դեմ առանք ինչ֊որ մեկի վաղուցվա կայանի հետքերին։ Քարերի միջև ընկած էին Չիկագոյի մսի պահածոյի մի քանի թիթեղե տուփեր, մի ջարդված դանակ, մի շիշ՝ «Կոնյակ» պիտակով, և նման դեպքերում սովորական շատ այլ մանր֊մունր բաներ։ Պատռած ու ճմրթված թերթը դուրս եկավ «Չիկագոյի դեմոկրատը», բայց թե որ թվականի համարն էր՝ չհաջողվեց պարզել։

― Իմը չէ, ― ասաց Չելենջերը։ ― Սա, երևի, Մեպլ֊Ուայտն է թողել։

Լորդ Ջոնը ուշադիր զննում էր բարձր, ծառանման ձարխոտի բունը, որի ստվերում կայանն էր խփված։

― Հապա նայեցեք, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով, սա ուղեսյան նման ինչ֊որ բան է։

Ծառաբնին մեխված էր մի տաշեղ, սուր ծայրը դեպի արևմուտք։

― Միանգամայն ճի՛շտ է, ― բացականչեց Չելենջերը։ ― Այդպես էլ պետք է լինի։ Մեր նախորդը հասկանում էր, որ իրեն սպասող ճանապարհը կապված է վտանգների հետ, և այս ուղենիշը թողել է, որպեսզի սրանով գտնեն իրեն։ Սպասեցեք, միգուցե ուրիշ հետքեր էլ պատահեն մեզ։

Նա իրավացի դուրս եկավ, բայց որքա՜ն անակնկալ ու զարհուրելի էր այն, ինչ մենք տեսանք։ Լեռնաշղթայի ստորոտում ձգվում էին բամբուկի մացառուտները, ճիշտ այնպիսիք, որոնց միջով հարկ եղավ անցնել մեր ուղևորության սկզբում։ Ցողունները հասնում էին երբեմն քսան ոտնաչափի, իսկ սուր, ամուր ծայրերը ցցվել էին վեր, ինչպես նիզակներ։ Գնում էինք այդ մացառուտների երկարությամբ և հանկարծ նկատեցինք, որ այնտեղ ինչ֊որ սպիտակ բան փայլեց։ Գլուխս ներս տարա ցողունների մեջ և տեսա մի գանգ։ Մի քանի քայլ այն կողմ, ավելի մոտ, ընկած էր ամբողջ կմախքը։

Հնդկացիները դանակներով արագ մաքրեցին այն տեղը, և կատարված ողբերգությունը մեր առաջ կանգնեց իր բոլոր մանրամասներով։ Զոհվածի հագուստից միայն ծվեններ էին մնացել, սակայն կոշիկները մերկ ոսկորներին պահպանվել էին անվնաս, և դրանցով կարելի էր դատել, որ նրանց երբեմնի տերը եվրոպացի է։ Ոսկորների միջև ընկած էին Նյու֊Յորքի «Հուդզոն» ֆիրմայի ժամացույցը և շղթայով մի գրչամատիտ։ Հենց այդտեղ էլ ընկած էր արծաթե մի ծխատուփ՝ կափարչի վրա քանդակված մակագրությամբ․ «Ջ․ Կ․֊ին Ա․ Է․ Ս․֊ից»։ Սիգարետատուփը դեռևս չէր սևացել, հետևաբար դժբախտ դեպքը պատահել էր ոչ շատ վաղուց։

― Ո՞վ է սա, ― հարցրեց լորդ Ջոնը։ ― Խեղճ, ոչ մի ոսկորն անվնաս չի մնացել։

― Բամբուկն էլ դուրս է ցցվել կողերի միջից, ― ասաց Սամերլին։ ― Ճիշտ է, նա անսովոր կերպով արագ է աճում, բայց և այնպես դժվար է ենթադրել, թե ցողունները կարող էին այդքան կարճ ժամանակում մինչև քսան ոտնաչափ վեր բարձրանալ։

― Ինչ վերաբերում է զոհվածի անձնավորությանը, ― ասաց Չելենջերը, ― ապա այդ հարցում ես ոչ մի կասկած չունեմ։ Մինչև հասիենդում ձեզ հետ միանալը ես ճշգրիտ տեղեկություններ էի հավաքում Մեպլ֊ Ուայտի մասին։ Պարայում նրա մասին ոչինչ չգիտեին։ Բարեբախտաբար, նրա ալբոմի մի նկարն ինձ ճիշտ ճամփի վրա կանգնեցրեց։ Հիշո՞ւմ եք նախաճաշը Ռոսարիոյում ինչ֊որ քահանայի մոտ։ Այսպես ահա, ինձ հաջողվեց գտնել այդ քահանային, և չնայած նա թունդ վիճող դուրս եկավ ու խիստ վիրավորվեց, երբ ես սկսեցի ապացուցել, թե կրոնական հավատալիքները չեն կարող դիմանալ ժամանակակից գիտության քայքայիչ ազդեցությանը, այնուամենայնիվ, մեր զրույցն իզուր չանցավ։ Մեպլ֊Ուայտը եկել էր Ռոսարիո չորս տարի առաջ, այսինքն՝ երկու տարի առաջ իր մահվանից։ Նա մենակ չէր, ճանապարհորդում էր ամերիկացի Ջեյմս Կոլվեր անունով մի բարեկամի հետ, որը ափ չէր իջել և չէր տեսնվել քահանայի հետ։ Ուստի մենք կարող ենք չկասկածել, որ մեր առաջ գտնվում է այդ նույն Ջեյմս Կոլվերի աճյունը։

― Է՛լ ավելի քիչ կասկածներ են հարուցում իմ մեջ նրա մահվան հանգամանքները, ― ասաց լորդ Ջոնը։ ― Նա ընկել է քարափից կամ ցած է շպրտվել այնտեղից և ընկել բամբուկների վրա։ Այլապես ոչ մի կերպ չի կարելի բացատրել ոսկորների ջարդվելը։ Բամբուկն էլ այդքան չէր կարող աճել նրա մարմնի միջով։

Մենք լուռ դիտում էինք մեր աևջև ընկած աճյունը՝ մտածելով լորդ Ջոն Ռոքստոնի ասածի նշանակության մասին։ Քարափի ելուստը ծանր մուրճի պես կախվել էր բամբուկի մացառուտի վրա։ Ամերիկացին ցած է ընկել այնտեղից։ Բայց արդյոք ի՞նքն է ընկել։ Իրո՞ք դժբախտ պատահար է եղել դա։ Իսկ գուցե․․․ Եվ այդ անհայտ աշխարհի մասին մտածելիս ինչ֊որ չարագույժ ու զարհուրելի շունչ փչեց մեզ վրա։

Առանց լռությունը ընդհատելու շարժվեցինք առաջ քարե պատնեշի մոտով, որը նույնքան ուղղաբերձ էր ու հարթ, որքան Անտարկտիդայի անծայրածիր սառցադաշտերը, որոնք, եթե հավատանք նկարագրություններին, ձգվում են հորիզոնից հորիզոն՝ վեր խոյանալով իրենց մեջ կորած նավերի կայմերից։ Առաջին հինգ մղոնների ընթացքում ոչ մի ծերպ, նույնիսկ ճեղքվածք չտեսանք այդ քարափին։ Բայց հանկարծ մեր առջևում փայլեց հույսի մի ճառագայթ։ Մի փոքրիկ խորության մեջ, որտեղ անձրևի կաթիլներ չէին կարող ընկնել, կավճով սլաք էր նկարված, որն առաջվա պես ուղղված էր դեպի արևմուտք։

― Նորից Մեպլ֊Ուայտն է, ― ասաց պրոֆեսոր Չելենջերը։ ― Նա հավանորեն զգացել է, որ իր հետքերով կգան ամենայն հոգատարության արժանի մարդիկ։

― Ուրեմն, նա իր հետ կավի՞ճ է ունեցել։

― Հապա ինչպե՞ս։ Նրա ուղեպարկի մեջ մի ամբողջ արկղ ներկամատիտներ կային։ Հիշում եմ, ես ուշադրություն դարձրի, որ սպիտակ մատիտից միայն մի կրծած կտոր էր մնացել։

― Հույժ համոզիչ ապացույց, ― ասաց Սամերլին։ ― Դե, ուրեմն, հետևենք նրա ցուցումներին և առաջ գնանք դեպի արևմուտք։

Հինգ մղոն ևս գնալուց հետո նորից քարափի վրա մի սլաք տեսանք։ Այդտեղ քարե պարսպին երևաց առաջին նեղ ծերպը։ Ծերպի մեջ էլ սլաք էր նկարած, որն այս անգամ ուղղված էր դեպի վեր։

Ինչպիսի՜ հանդիսավորությամբ էր շնչում այդ վայրը։ Վիթխարի քարափներ, նրանց վերևում կապույտ երկնքի մի պատառ և թանձր խավար, որովհետև կանաչի կրկնածոպերի միջով այստեղ համարյա լույս չէր թափանցում։ Մի քանի ժամ է, ինչ ոչինչ չէինք կերել, հոգնեցուցիչ ճամփան քարերի միջով ուժասպառ էր արել մեզ, բայց մի՞թե կարելի է դադար առնել այդտեղ։ Հրամայելով հնդկացիներին ճամբար զարկել, մենք չորսով՝ երկու մետիսների ուղեկցությամբ շարժվեցինք առաջ, դեպի նեղ ծերպի խորքերը։

Այդ ծերպը մուտքի մոտ ուներ քառասուն ոտնաչափից ոչ ավելի լայնություն, որը գնալով սկսեց արագորեն նեղանալ և, վերջապես, դեմ առավ մի զառիթափի, որն այնքան թեք էր ու լպրծուն, որ այդտեղով բարձրանալու մասին մտածելն իսկ ավելորդ էր։ Մեր նախորդն ակնհայտորեն մի այլ բան նկատի ուներ։ Ետ դառնանք, ― կիրճն ընդամենը քառորդ մղոն երկարություն ուներ, ― և հանկարծ լորդ Ջոնի սուր աչքը գտավ այն, ինչ մեզ հարկավոր էր։ Մեր գլխավերևը, բարձրում, ընդհանուր խավարի միջից երևում էր մի ավելի մութ բիծ։ Դա, անկասկած, որևէ անձավի մուտք էր։

Ծերպի հատակին քարակույտեր կային, որոնց վրայով առանց դժվարության վեր բարձրացանք։ Մեր բոլոր կասկածները փարատվեցին։ Ահա քարայրի մուտքը, իսկ նրա կողքին՝ նորից կավճով նկարված սլաք։ Ուրեմն, Մեպլ֊Ուայտը և իր դժբախտ ուղեկիցը հենց այստեղից են սկսել վերելքը դեպի սարահարթ։

Այնպես հուզված էինք, որ ճամբար վերադառնալու մասին մտածել իսկ չէինք կարող։ Ուզում էինք իսկույն հետազոտել քարայրը։ Լորդ Ջոնն ուսապարկից հանեց էլեկտրական լապտերը, որը պետք է ծառայեր մեզ իբրև լույսի միակ աղբյուր, և առաջ շարժվեց՝ դեղին փայլակետեր գցելով ժայռերի վրա։ Մենք քայլ առ քայլ հետևում էինք նրան։

Դատելով հարթ պատերից ու կլոր քարակույտերից, ժայռերի մեջ այդ խորությունը ջուրն էր ողողելով բացել։ Մեզ հաջողվեց մտնել այնտեղ միայն մեկ֊մեկ, այն էլ խիստ կռանալով։ Մի հիսուն ոտնաչափ տարածություն այրը խորանում էր ուղղակի քարափի մեջ, իսկ հետո սկսեց քառասունհինգ աստիճան թեքությամբ վեր բարձրանալ։ Շուտով անցքն ավելի թեքացավ, ստիպված էինք չորեքթաթ վեր մագլցել սորուն կոպիճների վրայով։ Մի քանի րոպե ևս անցավ, և հանկարծ լորդ Ռոքստոնը բղավեց․

― Ճանապարհը փակվե՛ց։

Խմբվելով նրա ետևում, մենք լամպի դեղին լույսով տեսանք իրար վրա կուտակված բազալտի քարաբեկորներ, որոնք հասնում էին մինչև այրի առաստաղը։

― Փլվածք է։

Մի քանի քար դուրս հանեցինք, բայց անօգուտ․ միայն սկսեցին շարժվել ավելի մեծ բեկորները, որոնք ամեն րոպե կարող էին փլվել և տակն առնել մեզ։ Այդպիսի արգելք հաղթահարելը բացահայտորեն մեր ուժերից վեր էր։ Այլևս գույություն չուներ այն ճանապարհը, որով անցել էր Մեպլ֊Ուայտը։

Այնպես վհատվեցինք այդ բանից, որ առանց այլևս խոսք փոխանակելու ետ դարձանք և քայլեցինք մութ ձորակի միջով։ Բայց այդ ժամանակ տեղի ունեցավ մի դեպք, որը խիստ նշանակալից էր մյուս դեպքերի կողքին։

Խմբով կանգնած էինք ձորակի հատակին, քարայրից մի քառասուն ոտնաչափ ներքև, երբ հանկարծ մի հսկա քար ցած թռավ մեր մոտով։ Մահից հրաշքով խույս տվեցինք։ Մեր կանգնած տեղից չէր երևում, թե այդ քարաբեկորը որտեղից պոկվեց, բայց երկու մետիսների ասելով, որոնք ետ էին մնացել այրի մուտքի մոտ, քարը թռել էր նաև նրանց մոտով, հետևաբար այն ցած էր ընկել բարձրունքից։ Նայեցինք վերև, սակայն քարափը եզերող կանաչ մացառուտներում ամենաչնչին շարժում իսկ չնկատեցինք։ Բայց և այնպես մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ քարն ուղղված էր մեզ վրա։ Ուրեմն, սարահարթում մարդիկ կան, մարդիկ, որոնցից կարելի է սպասել վատթարագույնը։

Շուտով դուրս եկանք ձորակից, մտածելով այն մասին, թե այդ անակնկալ իրադարձությունն ինչպես կարող է ազդել մեր պլանների վրա։ Առանց այն էլ դրությունը ծանր էր, բայց եթե բնության՝ մեր դեմ հարուցած արգելքներին ավելանան նաև մարդու չարագործությունները, ապա մեր դրությունը շատ կծանրանա։ Բայց և այնպես, մեզանից ո՞վ սիրտ կաներ վերադառնալ Լոնդոն, առանց իմանալու, թե ինչ էր թաքնված կանաչի այդ փարթամ եզրագծի ետևում, որը ձգվում էր մեր գլխավերևում ընդամենը ինչ֊որ հարյուր ոտնաչափ բարձրության վրա։ Քննարկելով այդ բոլորը՝ որոշեցինք շարունակել սարահարթի շրջանցումը և գտնել նրա գագաթը բարձրանալու մի այլ տեղ։ Ապառաժների շղթան, զգալիորեն ցածրանալով, այժմ արդեն ձգվում էր ոչ թե դեպի արևմուտք, այլ դեպի հյուսիս, և եթե մեր անցած ճանապարհն ընդունեինք իբրև շրջագծի հատած, ապա ողջ շրջագիծը հավանորեն այնքան էլ մեծ չպետք է լիներ։ Վատագույն դեպքում կարող էինք մի քանի օրից հետո վերադառնալ այն կետը, որտեղից սկսել էինք մեր պտույտը։

Այդ օրվա ընթացքում անցած քսաներկու մղոնը ոչ մի նոր բան չբերեց մեզ։ Ի դեպ ասած, աներոիդե ծանրաչափը ցույց է տալիս, որ, հաշվելով նավակները թողած տեղից, մենք աստիճանաբար բարձրացել ենք վեր ծովի մակերևույթից ամենաքիչը երեք հազար ոտնաչափ։ Դրանով են բացատրվում նաև ջերմաստիճանի և բուսականության նկատելի փոփոխությունները։ Մենք համարյա թե ազատվեցինք միջատների ձեռքից, այդ անեծքից, որը արևադարձային երկրներում թունավորում է ճանապարհորդի կյանքը։ Դեռևս պատահում են արմավենու որոշ տեսակներ, ծառանման ձարխոտն առաջվա նման շատ է, բայց ահա բարձր ծառերը, որոնցով այնքան հարուստ է Ամազոնի ավազանը, անհետ չքացան։ Դրա փոխարեն որքա՜ն հաճելի էր այդ անհյուրընկալ ապառաժների միջև հանդիպել մեր պատատուկին, լիանային և բեգոնիային՝ ծաղիկներ, որոնք հիշեցնում էին հայրենի երկրի մասին։ Ահա, ճիշտ այսպիսի կարմիր մի բեգոնիա էլ ծաղկում է Ստրիտեմի վիլլաներից մեկի պատուհանում․․․ Սակայն կարծես թե ես աննկատելիորեն թեքվեցի մի կողմ, դեպի անձնական հիշողությունների բնագավառը։

Այդ երեկոյան, ― ես դեռ շարունակում եմ պատմել սարահարթի կատարած մեր առաջին օրվա պտույտի մասին, ― մի բան պատահեց, որից հետո այլևս ոչ ոք չէր կասկածում, որ ամենամոտիկ ապագայում մեզ հրաշքներ են սպասում։

Թանկագին միստր Մակ֊Արդլ, այս տեղերը կարդալով, դուք երևի առաջին անգամ կզգաք, որ խմբագրությունն ինձ իզուր չի ուղարկել այստեղ և որ այս նյութը, որը կարելի կլինի տպագրել պրոֆեսորի թույլտվությամբ, արտասովոր կերպով հետաքրքիր է։ Ես ինքս էլ միայն այն դեպքում կհամարձակվեմ հրապարակել այդ նյութը, երբ վերադառնամ Անգլիա իմ խոսքերի իրավացիությունը հաստատող իրեղեն ապացույցներով, այլապես ինձ մի նոր Մյունհաուզեն կանվանեն։

Այս հարցում հավանորեն դուք ինձ հետ համամիտ եք և չեք ուզենա վտանգի ենթարկել «Դեյլի գազետ»֊ի անունը, մինչև որ մենք կարող կլինենք արժանավոր ձևով պաշտպանվել հոռետեսության և քննադատության այն ալիքի դեմ, որն անխուսափելիորեն կառաջացնեն իմ հոդվածները։ Ուստի թող այս ապշեցուցիչ դեպքի հաշվետվությունը, ― ինչպիսի՜ սենսացիոն վերնագիր կարող էր տալ այն մեր տատիկ «Դեյլիին», ― առայժմ մնա ձեր սեղանի դարակում և սպասի իր ժամին։

Բայց ախր ամեն ինչ կատարվեց մի ակնթարթում, և այդ իրադարձությունը իր հետքը թողեց միայն մեր ուղեղներում։

Ահա թե ինչպես պատահեց։ Լորդ Ջոնը խփեց մի ագուտի՝ խոզի նման ոչ մեծ մի կենդանի։ Մսի կեսը տվինք հնդկացիներին, մյուս կեսը խարույկի վրա խորովում էինք մեզ համար։ Մթնելուց հետո այստեղ զով է լինում, ուստի ամեն մեկս սեղմվում էր դեպի կրակը։ Գիշերն անլուսին էր, բայց աստղերը մի փոքր ցրում էին խավարը, որ կախվել էր հարթավայրի վրա։ Եվ հանկարծ այդ մթության միջից, այդ գիշերային խավարից սավառնակի վզզոց հիշեցնող սուլոցով ինչ֊որ արարած վերևից նետվեց խարույկի վրա։ Մի ակնթարթ թաղանթավոր թևերը վրանի պես ծածկեցին մեզ, և ես հասցրի նկատել, նրա երկար, օձային վիզը, կարմիր փայլող կատաղի աչքերը և հսկայական բացված կտուցը, որի վրա, ի մեծ զարմանս իմ, շարված էին մանր, սպիտակ, շլացուցիչ ատամներ։ Մի վայրկյան, և այդ արարածը հեռացավ․․․ մեր ընթրիքի հետ միասին։ Լայնությամբ մոտ քսան ոտնաչափ սև, վիթխարի ստվերը խոյացավ դեպի երկինք, հրեշավոր թևերը մի պահ հանգցրին աստղերը մեր գլխավերևում կուտակված ապառաժների ետևում։ Ապշած ու լուռ նստել էինք խարույկի մոտ, ինչպես Վիրգիլիոսի այն հերոսները, որոնց վրա հարձակվում են հարպիաները։[29]

Առաջինը Սամերլին խզեց լռությունը։

― Պրոֆեսոր Չելենջեր, ― հանդիսավոր, հուզմունքից դողացող ձայնով խոսեց նա, ― ես պետք է ներողություն խնդրեմ ձեզանից։ Ես անիրավացի էի, սըր, բայց հուսով եմ, որ դուք անցյալը մոռացության կտաք։

Այդ լավ էր ասված, և առաջին անգամ մեր գիտնականները սեղմեցին իրար ձեռք։ Ահա թե ինչ տվեց մեզ պտերոդակտիլի հետ անմիջական ծանոթությունը։ Հանուն այդպիսի մարդկանց հաշտեցման ափոսոս չէր նաև ընթրիքը կորցնել։

Սակայն եթե սարահարթում կան էլ մինչպատմական կենդանիներ, ապա հավանորեն դրանք այնքան էլ շատ չեն, որովհետև երեք օրվա ընթացքում ոչ մի այդպիսի բան չտեսանք։ Այդ ամբողջ ժամանակ մենք գնում էինք սարահարթի հյուսիսային և արևելյան պատնեշների երկարությամբ, քայլում մերկ, մռայլ ու ճնշող վայրերով։ Սկզբում դա քարե անապատ էր, որին հաջորդեցին վայրի թռչուններով առատ տխուր ճահճուտներ։ Այդ տեղերը բոլորովին անմատչելի էին և եթե քարափի ստորոտում ընկած հողի բարակ շերտը չլիներ, ստիպված պիտի լինեինք ետ դառնալ։

Քանի՜֊քանի անգամ մինչև գոտկատեղերս խրվեցինք կիսաարևադարձային ճահճուտների ջրիկ խյուսի մեջ։ Սակայն ամենավատը յարակակիներն էին՝ Հարավային Ամերիկայի ամենաթունավոր ու չար օձերը, որոնք վխտում էին այդ ճահիճներում։ Նրանք ամբողջ վտառներով դուրս էին սողում գարշահոտ խրուտներից և ընկնում մեր ետևից։ Մեզ փրկում էին միայն հրացանները, որ պահում էինք պատրաստ։ Ես հավանորեն հավիտյան չեմ մոռանա ճախնուտում եղած մի ձագարաձև փոս, որը ծածկված էր գորշ կանաչավուն ծառալոռով։ Այնտեղ այդ իժերի բույնն էր, փոսի մեջ նրանք վխտում էին․ մեզ տեսնելով՝ իժերը նետվեցին մեր կողմը, քանի որ յարակակին հայտնի է հենց նրանով, որ հերիք է միայն մարդ նկատի, որպեսզի անմիջապես հարձակվի նրա վրա։ Հնարավոր չէր բոլոր օձերին սպանել, ուստի մենք դիմեցինք փախուստի և այնքան վազեցինք, մինչև ուժասպառ եղանք։ Կանգ առնելով, ես ետ նայեցի ու տեսա, թե ինչպես էին մեր զարհուրելի հետապնդողները գալարվում եղեգների մեջ, չկամենալով հետապնդումը դադարեցնել։ Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը։ Այն քարտեզում, որ մենք գծագրում ենք, այդ տեղն այդպես էլ կկոչվի՝ Օձերի ճահիճ։

Սարահարթի արևելյան կողմում ապառաժներն ոչ թե կարմիր էին, այլ մուգ շոկոլադագույն, նրանց գագաթները եզրազարդող բուսականությունը նկատելիորեն նոսրացավ, բայց, չնայած լեռնապարի ընդհանուր մակարդակն իջավ մինչև երեք հարյուր֊չորս հարյուր ոտնաչափ, մենք այստեղ էլ չկարողացանք վերելքի տեղ գտնել։ Ապառաժները թերևս նույնիսկ ավելի սեպ դարձան, քան այնտեղ էին, որտեղից սկսեցինք մեր շրջապտույտը։ Նրանց միանգամայն անառիկ լինելու մասին կարելի է դատել կից նկարով, որն արված է քարե անապատի կողմից։

― Բայց ախր պետք է որ անձրևաջուրը որևէ կերպ ցած հոսի, ― ասացի ես, երբ մենք քննարկում էինք, թե այսուհետև ինչ անենք։ ― Նշանակում է, չի կարող լանջերին ողողատ չլինել։

― Մեր պատանի բարեկամը երբեմն առողջ դատողության առկայծումներ է ունենում, ― պատասխանեց պրոֆեսոր Չելենջերը՝ ուսիս թփթփացնելով։

― Անձրևաջուրը պե՛տք է որ մի տեղ հոսի, ― կրկնեցի ես։

― Չէ, մի տեսեք ի՜նչ համառն է, ինչպիսի՜ առողջ միտք ունի․․․ Դժբախտությունը միայն այն է, որ մենք մեր աչքով համոզվեցինք այդպիսի ողողատների բացակայության մեջ։

― Այդ դեպքում ո՞ւր է կորչում այդ ջուրը, ― անձնատուր չէի լինում ես։

― Ուրեմն սարահարթի կենտրոնում լի՞ճ կա։

― Ենթադրում եմ, որ այդպես է։

― Եվ, ամենայն հավանականությամբ, նա առաջացել է հին խառնարանի տեղում, ― ասաց Սամերլին։ Այս բլրաշարքի ֆորմացիան ակնհայտորեն հրաբխային ծագում ունի։ Համենայն դեպս, ես հակված եմ կարծելու, որ սարահարթի մակերեսը թեքվածք ունի դեպի կենտրոնը, իսկ այնտեղ գոյություն ունի մի նշանակալլից ավազան, որտեղից ջուրը ինչ֊որ ստորերկրյա ճանապարհով հոսում է դեպի Օձերի ճահիճը։

― Կամ գոլորշիանում է, որը նույնպես նպաստում է ջրի մակարդակի անհրաժեշտ պահպանմանը, ― նկատեց Չելենջերը, որից հետո մեր երկու գիտնականները, ըստ սովորականի, սկսեցին իրենց գիտական վեճը, որը մեզ՝ անտեղյակներիս համար իրոք որ չինարեն էր։

Վեցերորդ օրը վերջացրինք լեռնապարի շրջանցումը և վերադարձանք մեր նախկին կայանը՝ բրգաձև ժայռի մոտ։ Վերադարձանք ընկճված, որովհետև շրջանցումը վերջնականապես համոզեց մեզ, որ նույնիսկ ամենաճարպիկ և ուժեղ ալպինիստները չեն կարող բարձրանալ այդ սարահարթը։ Այն ձորակը, դեպի ուր տանում էին Մեպլ֊Ուայտի նշասլաքները, և որոնցով նա, հավանորեն, ինքն էլ օգտվել էր, այժմ անանցանելի էր։

Ի՞նչ էր մնում անելու։ Սննդամթերքը և այն, ինչ որսացել էինք, լիովին բավական էր մեզ, բայց չէ՞ որ կգա մի օր, երբ անհրաժեշտ կլինի մեր պաշարները լրացնել։ Մի երկու ամսից հետո կսկսվեն անձրևները, և այն ժամանակ չես կարող ճամբարում նստել։ Այս ապառաժները մարմարից ամուր են, մենք ո՛չ ժամանակ, ո՛չ ուժ կունենանք, որպեսզի արահետ փորենք մինչև այսպիսի բարձրունքը։ Ուստի զարմանալի ոչինչ չկա, որ ամբողջ երեկո մենք մռայլ նայում էինք իրար և, վերջապես առանց ավելորդ խոսքեր շռայլելու՝ մտանք վերմակների տակ։ Քնելուց առաջ էլ դեռ հիացա հետևյալ տեսարանով․ Չելենջերը ծալապատիկ նստել էր խարույկի մոտ, ինչպես վիթխարի դոդոշ, ձեռքերը հենած իր խոշոր գլխին, և, ըստ երևույթին, այնպես էր խորասուզված մտքերի մեջ, որ նույնիսկ իմ «բարի գիշերին» չպատասխանեց։

Սակայն առավոտյան մեր առաջ կանգնած էր մի բոլորովին ուրիշ Չելենջեր։ Ինչպես երևում է, այդ Չելենջերը հիացած էր իր անձով և ողջ էությամբ ճառագում էր ինքնաբավականությունից։ Նախաճաշի ընթացքում նա մի գլուխ նայում էր մեզ շինծու համեստությամբ, կարծես ասելով․ «Ես արժանի եմ ձեր բոլոր գովեստներին, գիտեմ, բայց աղաչում եմ, մի ստիպեք ինձ ամաչելուց կարմրել»։ Նրա մորուքը շարունակ տնկվում էր վեր, կուրծքը առաջ էր ցցված, աջ ձեռքը խրած էր բաճկոնակի փեշի տակ։ Նա իրեն երևի տեսնում էր այդպես կանգնած Տրաֆալգարյան պուրակի պատվանդաններից մեկի վրա, որը դեռ զբաղված չէր լոնդոնյան մի նոր հերթական խրտվիլակի կողմից։

― Է՛վրիկա, ― վերջապես ձայն տվեց Չելենջերը՝ մորուքի միջից փայլեցնելով ատամները։ ― Ջենտլմեններ, կարող եք շնորհավորել ինձ, իսկ ես կարող եմ շնորհավորել ձեզ բոլորիդ։ Խնդիրը լուծված է։

― Դուք գտել եք, թե որտեղի՞ց կարելի է սարահարթ բարձրանալ։

― Համարձակվում եմ այդպես մտածել։

― Որտեղի՞ց։

Պատասխանի փոխարեն Չելենջերը ցույց տվեց բրգաձև ժայռը, որը վեր էր խոյանում մեր կայանի աջ կողմում։ Մեր դեմքերը զարմանքից ձգվեցին․ իմ դեմքի համար համենայն դեպս երաշխավորում եմ։ Չելենջերի պատմածներից մենք գիտեինք, որ այդ ժայռի վրա բարձրանալ կարելի է։ Բայց չէ՞ որ նրա և սարահարթի միջև ընկած էր մի անտակ անդունդ։

― Մենք ոչ մի կերպ այնտեղից սարահարթ անցնել չենք կարող, ― հազիվ արտասանեցի ես։

― Ժայռի վրա մենք այսպես թե այնպես կբարձրանանք, ― ասաց նա։ ― Իսկ այնտեղ կտեսնենք, թերևս ես կարողանամ ապացուցել, որ իմ հնարամտությունը սահման չունի։

Նախաճաշից հետո մենք արձակեցինք այն հակը, որի մեջ մեր ղեկավարը պահում էր իր բոլոր ալպինիստական հարմարանքները։ Հակի միջից հանեցինք երկաթի կատվիկները, կեռերը և մոտ հարյուր հիսուն ոտնաչափ երկարությամբ պինդ, թեթև ճոպանը։ Լորդ Ջոնը փորձված ալպինիստ էր, Սամերլին նույնպես առիթ էր ունեցել դժվարին վերելքներ կատարելու, հետևաբար այդ գործում սկսնակը միայն ես էի։ Սակայն ուժն ու կրակը պետք է փոխարինեին իմ փորձի բացակայությունը։

Պարզվեց, որ խնդիրն այնքան էլ դժվար չէ, չնայած եղան րոպեներ, երբ վախից մազերս փշաքաղվում էին։ Վերելքի առաջին կեսը բոլորովին հեշտ անցավ, բայց այնուհետև ժայռն ավելի ու ավելի սևպացավ, և վերջին հիսուն ոտնաչափը մենք վեր էինք մագլցում ոտքերով ու ձեռքերով կառչելով յուրաքանչյուր ելուստից, քարերի մեջ եղած յուրաքանչյուր ճեղքից։ Ո՛չ ես, ո՛չ էլ պրոֆեսոր Սամերլին չէինք կարող վերելքը հաղթահարել, եթե Չելեմջերը չլիներ։ Նա առաջինը հասավ բարձրունք (տարօրինակ էր այդ ծանրամարմին մարդու մեջ այդպիսի ճարպկություն տեսնել) և ճոպանը կապեց այնտեղ աճած խոշոր ծառի բնին։ Նրա օգնությամբ շուտով մենք վեր մագլցեցինք քարե խորդուբորդ պատնեշի վրայով և հայտնվեցինք քսանհինգ ոտնաչափ լայնություն ունեցող խոտածածկ մի հարթակում։ Ժայռի կատարը հենց այդ էր։

Մի փոքր շունչս ետ բերելով՝ նայեցի ետ և ապշեցի իմ առաջ բացված տեսարանից։ Թվում էր, թե բրազիլական ողջ հարթավայրն էր փռվել մեր դեմ՝ ձգվելով դեպի կապտավուն ծխով պարուրված հեռուները։ Մեր ոտքերի մոտից սկսվում էր զառիկող քարե թեքությունը, որը տեղ֊տեղ ծածկված էր ծառանման ձարիխոտով, իսկ դենը, թամբաձև բլրակների ետևում, պարզ երևում էին բամբուկի դեղնականաչ մացառուտները, որոնց միջով վերջերս անցել էինք մենք։ Այնուհետև թփերն ու ծառերը խտանում էին և, վերջապես, ձուլվում ջունգլիների համատարած պարսպի մեջ, ջունգլիներ, որոնք ձգվում էին որքն աչքդ կտրի և, հավանորեն, էլի մի երկու հազար մղոն դեպի երկրի խորքերը։

Ես դեռ արբենում էի այդ կախարդական համայնապատկերով երբ հանկարծ պրոֆեսորի ծանր ձեռքն իջավ իմ ուսին։

― Այստեղ նայեք, իմ պատանի բարեկամ, ― ասաց նա։ ― Vestigia nulla retrorsum:[30] Ես հայացքս դարձրի սարահարթի կողմը։ Նա գտնվում էր մեզ հետ հավասար բարձրության վրա, և հատուկենտ ծառերով թփուտի կանաչ եզրագոտին այնքան մոտ էր ժայռին, որ ես ակամա կասկածեցի՝ մի՞թե նա իրոք անմատչելի է։ Աչքի չափով այս անդունդը քառասուն ոտնաչափից ավելի լայնություն չուներ, բայց միևնույն չէ՞, ― քառասուն կամ չորս հարյուր ոտնաչափ։ Ես բռնեցի ծառի բնից և նայեցի ներքև, դեպի անդունդը։ Այնտեղ, նրա հատակում սևին էին տալիս մեր կողմը նայող հնդկացիների պստլիկ ֆիգուրաները։ Երկու պատն էլ՝ և՛ ժայռինը, և՛ սարահարթինը, բոլորովին թեք էին։

― Հետաքրքիր է, ― լսեցի իմ ետևից պրոֆեսոր Սամերլիի ճռճռան ձայնը։

Ետ նայեցի ու տեսա, որ նա մեծագույն հետաքրքրությամբ զննում է այն ծառը, որն ինձ պահում էր անդունդի վրա։ Նրա հարթ կեղևի և փոքրիկ կողավոր տերևների մեջ ինչ֊որ խիստ ծանոթ բան կար։

― Բայց սա հո հաճարենի է, ― բացականչեցի ես։

― Միանգամայն ճիշտ է, ― հաստատեց Սամերլին։ ― Մեր հայրենակիցը նույնպես ընկել է օտարության մեջ։

― Ոչ միայն հայրենակից, հարգելի սըր, այլև հավատարիմ դաշնակից, եթե բանն այդտեղ հասավ, ― ասաց Չելենջերը։ ― Այս հաճարենին մեր փրկիչն է լինելու։

― Կամո՛ւրջ, ― գոչեց լորդ Ջոնը։ ― Ողորմա՜ծ տեր, կամո՛ւրջ։

― Ճիշտ է, բարեկամներս, կամուրջ։ Իզուր չէ, որ երեկ ես ամբողջ մի ժամ գլուխ էի կոտրում՝ աշխատելով որևէ ելք գտնել։ Եթե մեր պատանի բարեկամը հիշում է, ապա նրան մի անգամ արդեն ասված է, Ջորջ Էդուարդ Չելենջերն իրեն ամենից լավ է զգում, երբ նրան դեմ են անում պատին։ Իսկ երեկ, դուք այդ, իհարկե, չեք ժխտի, մենք բոլորս էլ պատին սեղմվեցինք։ Բայց այնտեղ, ուր ինտելեկտն ու կամքը գործում են միասին, միշտ էլ մի ելք կգտնվի։ Այս անդունդի վրա անհրաժեշտ է կամուրջ գցել։ Ահա, նա ձեր առաջ է։

Իսկապե՛ս որ փայլուն միտք։ Ծառը վաթսուն ոտնաչափից ոչ պակաս բարձրություն ուներ, և եթե ընկներ այնպես, ինչպես պետք է՝ անդունդը կծածկվեր։ Պատրաստվելով վերելքի՝ Չելենջերը չէր մոռացել հետը կացին վերցնել։ Այժմ նա այդ կացինը մեկնեց ինձ։

― Մեր պատանի բարեկամը նախանձելի մկաններ ունի։ Նա բոլորից լավ գլուխ կբերի այս գործը։ Բայց և այնպես, խնդրում եմ, արեք միայն այն, ինչ որ կասվի ձեզ, և մի ջանաք նեղություն տալ ձեր ուղեղին։

Հետևելով նրա ցուցումներին՝ ես ծառի վրա մի քանի քարթ արի այն հաշվով, որպեսզի նա ցած ընկնի անհրաժեշտ ուղղությամբ։ Խնդիրն այնքան էլ դժվար չէր, որովհետև նրա բունը ինքնին խիստ թեքվել էր սարահարթի կողմը։ Ապս մենք լորդ Ջոնի հետ փոխնիփոխ լուրջ կերպով գործի անցանք։ Մոտավորապես մի ժամից հետո լսվեց մի ուժեղ ճռնչյուն, ծառը ճոճվեց ու ցած տապալվեց, գագաթը թաղելով անդունդի հակառակ կողմի թփերում։ Բունը գլորվեց դեպի հարթակի ծայրը, և մի սարսափելի ակնթարթ թվաց, թե ընկնելու է անդունդը։ Բայց նա ժայռի եզրից մի քանի ոտնաչափի վրա ցնցվեց ու կանգ առավ։ Դեպի Անհայտ երկիր կամուրջը գցված էր։

Բոլորոս առանց մի խոսք ասելու սեղմեցինք պրոֆեսոր Չելենջերի ձեռքը, իսկ նա հանեց իր ծղոտե գլխարկը և խոր գլուխ տվեց յուրաքանչյուրիս։

― Ինձ է պատկանում առաջինը Անհայտ երկիր ոտք դնելու պատիվը, ― ասաց նա։ ― Չեմ կասկածում, որ ապագայի նկարիչներն իրենց կտավների վրա կպատկերեն այս պատմական րոպեն։

Նա արդեն մոտեցել էր անդունդի ծայրին, երբ հանկարծ լորդ Ջոնը բռնեց նրա բաճկոնակից։

― Թանկագին պրոֆեսոր, ― ասաց նա, ― ես ոչ մի պայմանով չեմ կարող այդ բանը թույլ տալ։

― Այսինքն ինչպե՞ս, սըր։ Չելենջերի գլուխը թեքվեց ետ, մորուքը վեր ցցվեց։

― Ամեն ինչում, որ վերաբերում է գիտությանը, ես ճանաչում եմ ձեր առաջնությունը, որովհետև դուք գիտնական եք։ Բայց սա իմ ճյուղին է պատկանում, այնպես որ բարի եղեք ենթարկվելու ինձ։

― Ինչպե՞ս թե «ձեր ճյուղին», սըր։

― Մեզնից ամեն մեկն իր արհեստն ունի, և իմը զինվորական արհեստ է։ Որքան ես հասկանում եմ, մենք պատրաստվում ենք ներխուժել մի չուսումնասիրված երկիր՝ թերևս լի թշնամիներով։ Մի փոքր առողջ բանականություն և տոկունություն։ Ես սովոր չեմ գործել առանց կշռադատելու։

Լորդ Ջոնի փաստարկներն այնքան համոզիչ էին, որ հարկ չեղավ նրա հետ վիճել։ Չելենջերը ետ գցեց գլուխը և ուսերը թոթվեց։

― Լավ, սըր, ի՞նչ եք առաջարկում։

― Ով գիտե, թերևս այդ թփերում պահվել է մարդակերների մի ցեղ, որի նախաճաշի ժամն է հիմա, ― ասաց լորդ Ջոնը՝ կամուրջի վրայից նայելով դեպի ապառաժները։ ― Կընկնենք եռացող կաթսայի մեջ, այն ժամանակ մտածելն ուշ կլինի։ Ուստի, եկեք մտածենք, որ ոչ մի վատ բան չի սպասում մեզ, բայց համենայն դեպս զգույշ գործենք։ Ես և Մելոունը կիջնենք ցած, կվերցնենք չորս հրացանները և երկու մետիսների հետ ետ կգանք։ Հետո մեզնից մեկը հրացանների պաշտպանությամբ կանցնի մյուս կողմը, և, եթե ամեն ինչ բարեհաջող գնա, մյուսները կհետևեն նրան։

Չելենջերը նստեց կտրած ծառի կոճղին և անհամբերությունից տնքաց, բայց ես և Սամերլին միահամուռ կերպով պաշտպանեցինք լորդ Ջոնին՝ գտնելով, որ երբ բանը հասնում է պրակտիկային, ղեկավարության իրավունքը պետք է պատկանի նրան։

Ժայռի վրա բարձրանալն այժմ շատ ավելի հեշտ էր, որովհետև ամենադժվարին տեղում ճոպանն օգնում էր մեզ։ Մի ժամից հետո հրացաններն առած վերադարձանք։ Լորդ Ջոնի կարգադրությամբ մետիսները մի պարկ սննդամթերք վեր բարձրացրին՝ ի նկատի ունենալով, որ մեր առաջին արտելքը դեպի Անհայտ երկիր կարող էր երկար տևել։ Յուրաքանչյուրի փամփուշտները գտնվում էին իր մոտ։

― Դե, միստր Չելենջեր, եթե դուք ուզում եք անպայման առաջինը լինել․․․ ― ասաց լորդ Ջոնը, երբ բոլոր նախապատրաստություններն ավարտված էին։

― Անսահման պարտավորված եմ ձեզ՝ նման ողորմածության համար, ― չարությամբ պատասխանեց պրոֆեսորը, որն իր հեղինակությունից բացի ուրիշ ոչ մի հեղինակություն չէր ընդունում։ ― Եթե դուք դեմ չեք, ես կօգտվեմ ձեր սիրալիրությունից և հանդես կգամ իբրև պիոներ։

Նա կացինը ուսին գցեց, հեծավ ծառին և, ձեռքերի վրա հենվելով, արագորեն անցավ այն կողմը, ոտքի ելավ և ձեռքերը վեր պարզեց։

― Վերջապե՜ս, ― գոչեց նա։ ― Վերջապե՜ս։

Ես ահ ու դողով հետևում էի նրան՝ սպասելով, թե ինչ է պատրաստում նրա համար այդ կանաչ ծածկոցը։ Բայց շուրջը խաղաղ էր, միայն ինչ֊որ տարօրինակ, խայտաբղետ թռչուն թռավ պրոֆեսորի ոտքերի տակից և կորավ ծառերի ետևում։

Երկրորդը Սամերլին անցավ անդունդի վրայով։ Պարզապես ապշեցուցիչ է, թե որքան ուժ կա այդ նիհար մարմնի մեջ։ Նա ուզեց անպայման երկու հրացան վերցնել իր հետ, այնպես որ այժմ երկու պրոֆեսորն էլ զինված էին։ Հետո հերթը հասավ ինձ։ Ես աշխատում էի չնայել ներքևում բացվող զարհուրելի անդունդին։ Սամերլին հրացանի խզակոթը պարզեց ինձ, իսկ մի վայրկյան հետո ես արդեն բռնել էի նրա ձեռքից։ ԻՆչ վերաբերում է լորդ Ջոնին, ապա նա պարզապես անցավ կամրջի վրայով, անցավ առանց որևէ բանի վրա հենվելու։ Այդ մարդը երկաթյա ջղեր ունի։

Եվ ահա մենք չորսով կախարդական երկրում ենք, Կորուսյալ աշխարհում, ուր մինչև այժմ միայն Մեպլ֊Ուայտն է եղել։ Հասավ մեծագույն հաղթանակի րոպեն։ Բայց ո՞վ կարող էր մտածել, որ այդ րոպեին մեզ համար մեծագույն դժբախտությունների սկզիբն է լինելու։ Թույլ տվեք, ուրեմն, մի քանի խոսքով պատմել, թե այդ զարհուրելի հարվածն ինչպես պայթեց մեր գլխին։

Նոր էինք հեռացել անդունդի եզրից և մի հիսուն ոտնաչափ խորացել թփուտների մեջ, երբ հանկարծ մեր ետևում մի խլացուցիչ թնդյուն լսվեց։ Մենք բնազդաբար վազեցինք այն կողմը։ Մեր կամուրջն այլևս գոյություն չուներ։

Նայելով ներքև՝ ես անդունդի հատակին տեսա տաշեղների ու ճյուղերի մի շփոթ՝ այն ամենը, ինչ֊որ մնացել էր հաճարենուց։ Մի՞թե հարթակի եզրը չէր դիմացել այդպիսի ծանրության և փլվել էր։ Այդ առաջին միտքն էր, որ անցավ մեր գլխով։ Իսկ հետո բրգաձև ժայռի ետևից դանդաղորեն երևաց ինչ֊որ մեկի դարչնագույն կերպարանքը։ Դա մեր մետիս Գոմեսն էր։ Բայց ո՞ւր էր կորել նրա զուսպ ժպիտը և սֆինքսային անթափանցելիությունը։ Ատելությունն աղավաղել էր մեզ նայող այդ դեմքը, հագեցած վրեժխնդրությունը խելագար ցնծությամբ էր վառել նրա այտերը։

― Լորդ Ռոքստոն, ― բղավեց նա։ ― Լո՛րդ Ջոն Ռոքստոն։

― Ի՞նչ ես ուզում, ― պատասխանեց մեր ուղեկիցը։ ― Ես այստեղ եմ։

Ճայթող քրքիջի ձայնը հասավ մեզ։

― Այո, դու այդտեղ ես, անգլիացի շո՛ւն, և էլ այդտեղից դուրս չես պրծնի։ Ես սպասում էի, վաղուց էի սպասում, թե երբ կգա իմ ժամը։ Ձեզ համար դժվար էր վերև բարձրանալը, իսկ ցած իջնելն ավելի դժվար կլինի։ է՛հ, անխելքնե՜ր։ Ընկա՞ք թակարդը։ Բոլորդ միասին ընկաք։

Մենք ապշած, խոսք չէինք գտնում և լուռ նայում էինք մետիսներին։ Մի մեծ, ջարդված ոստ, որ ընկած էր խոտերի վրա, բացատրում էր, թե ինչն է ծառայել իբրև լծակ մեր կամուրջը ցած գլորելիս։ Նրա դեմքը կորավ թփերում, բայց մի վայրկյան հետ նորից երևաց՝ է՛լ ավելի աղավաղված ատելությունից։

― Մենք քիչ էր մնում ձեզ քարով սպանեինք քարայրի մոտ, ― ձայն տվեց նա, ― բայց այսպես ավելի լավ է։ Դանդաղ մահն ավելի սարսափելի է։ Ձեր ոսկորները կճերմակեն, և ոչ մի մարդ չի իմանա, թե նրանք որտեղ են հանգչում, ոչ մի մարդ չի գա հողով ծածկելու դրանք։ Երբ շունչդ փչելու կլինես, հիշի՛ր Լոպեսին, որին հինգ տարի առաջ սպանեցիր Պատումայո գետի մոտ։ Ես նրա եղբայրն եմ, և ինչպես էլ որ մեռնելու լինեմ, կմեռնեմ հանգիստ, որովհետև նրա վրեժն առա։

Մետիսը ցասկոտությամբ բռունցք ցույց տվեց ու չքացավ։ Տիրեց ծանր լռություն։

Եթե Գոմեսը վրեժը հագեցնելուց հետո, միայն դրանով էլ սահմանափակվեր, հեշտ կպրծներ։ Նրան կործանեց դրամատիկական էֆեկտների հանդեպ ունեցած խելահեղ կիրքը, որ հատուկ է լատինական ցեղի բոլոր մարդկանց, իսկ Ռոքստոնը, որը «աստծու խարազանի» համբավ ուներ Հարավային Ամերիկայի երեք երկրներում, թույլ չտվեց իր հետ կատակ անել։ Մետիսն արդեն իջնում էր ժայռի հակադիր լանջով, բայց նրան այնպես էլ չհաջողվեց ոտքը հողին դնել։ Լորդ Ջոնը վազում էր սարահարթի եզրով, որպեսզի նրան աչքից չփախցնի։ Որոտաց կրակոցը, մենք լսեցինք մի սուր ճիչ, և մի վայրկյան հետո՝ վայր ընկնող մարմնի մի խուլ թմփոց։ Ռոքստոնը վերադարձավ մեզ մոտ, նրա դեմքն ասես քարացել էր։

― Ես կույր եմ, ցանցառի մեկը, ― դառնությամբ ասաց նա։ ― Իմ հիմարությունը կործանեց բոլորիդ։ Ինչու պիտի մոռանայի, որ այդ մարդիկ ոչինչ չեն ներում, որ նրանց հետ միշտ էլ պետք է զգույշ լինել։

― Իսկ ինչո՞ւ մյուս մետիսին խնայեցիք։ Չէ՞ որ առանց նրա օգնության Գոմեսը չէր կարող ծառը ներքև գլորել։

― Կարող էի նրան էլ վերջ տալ, միայն թե խղճացի։ Միգուցե նա մեղք չունի։ Բայց թերևս դուք ճիշտ եք։ Ավելի լավ էր նրան էլ սպանել․ նա հավանորեն օգնել է Գոմեսին։

Այժմ, երբ դավաճանության իսկական աստառը պարզվեց, մենք սկսեցինք հիշել, որ մետիսի վարքը շատ բաներում կասկածելի էր։ Ամեն ինչ հասկանալի դարձավ՝ և՛ նրա համառ ձգտումը՝ թափանցել արշավախմբի պլանների մեջ, և՛ գժտությունը խրճիթի մոտ, երբ Սամբոն խանգարել էր նրան ականջ դնելու մեր խոսակցությունը, և՛ նրա ատելությամբ լի հայացքները, որ հաճախ մենք որսում էինք։ Շարունակեցինք քննարկել այդ բոլորը՝ միաժամանակ աշխատելով վարժվել դեպքերի նոր ընթացքին, երբ հանկարծ մեր ուշադրությունը գրավեց մի հետաքրքրական տեսարան, որ տեղի էր ունենում ներքևում, քարափի ստորոտին։ Սպիտակ հագած մի մարդ, ― հավանորեն, ողջ մնացած մետիսը, ― ամբողջ ուժով փախչում էր հարթավայրով, ասես ջանալով ազատվել վերահաս մահից։ Նրա ետևից վիթխարի ցատկերով վազում էր ձյութի նման սև մի հսկա՝ մեր հավատարիմ նեգր Սամբոն։ Մեր աչքի առաջ նա հասավ փախստականին, թռավ նրա մեջքին և նրա վիզը երկու ձեռքերի մեջ առավ։ Նրանք գլորվեցին գետին։ Մի րոպե հետո Սամբոն ոտքի ելավ, նայեց իր առաջ մեկնված մարմնին և, ձեռքերն ուրախ թափահարելով մեր կողմը, վազեց դեպի ժայռը։ Սպիտակ, անշարժ կերպարանքն այնպես էլ պառկած մնաց դաշտավայրում։

Երկու դավաճանն էլ ստացան իրենց հատուցումը, բայց նրանց արարքն անուղղելի էր։ Մենք չէինք կարող վերադառնալ դեպի ժայռը։ Մի ժամանակ մեր կացարանն ամբողջ աշխարհն էր, իսկ այժմ նա նեղացել էր մինչև սարահարթի չափերը։ Մեկը և մյուսը գոյություն ունեին առանձին֊առանձին։ Ահա հարթավայրը, որը տանում էր դեպի թաքնված նավակները։ Իսկ այնտեղ, հորիզոնի բաց մանուշակագույն ծխի ետևում գետն էր, դեպի քաղաքակրթություն տանող ճանապարհը։ Չքացել էր միայն միակ կապող օղակը։ Ոչ մի հնարամտություն չէր կարող կամուրջ գցել այն անդունդի վրա, որ բացվում էր մեր ներկայի և անցյալի միջև։ Բավական էր մի ակնթարթ, և ինչպե՜ս ամեն բան փոխվեց։

Եվ այստեղ ես հասկացա, թե իմ երեք ընկերներն ինչ խմորից են հունցված։ Ճիշտ է, նրանց տեսքը շատ լուրջ էր ու կենտրոնացած, բայց ոչ մի բան չէր կարող խանգարել այդ մարդկանց անխռով հանգստությունը։ Մեզ ուրիշ բան չէր մնում, բայց եթե նստել թփերում և համբերությամբ սպասել Սամբոյին։ Շուտով նրա բարեհոգի սև կերպարանքը երևաց քարերի ետևից, և նա իր ողջ հզոր հասակով կանգնեց ժայռի կատարին։

― Հիմի ես ի՞նչ անել, ― ձայն տվեց Սամբոն։ ― Դուք ինձ ասա, ես ամեն ինչ անել։

Նման հարց տալը հեշտ էր, իսկ պատասխանելը՝ դժվար։ Մենք միայն մի բան գիտեինք։ Սամբոն մեր միակ հուսալի կապն էր արտաքին աշխարհի հետ։ Գոնե նա մեզ չլքեր։

― Չէ՛, չէ՛, ― բղավեց Սամբոն։ ― Ես ձեզ չթողնել։ Ես միշտ էստեղ։ Հնդկացիներ ուզեց գնալ։ Սամբոն չի կարող պահել հնդկացիներ։ Նրանք ասում՝ էստեղ ապրում Կուրուպուրի, տուն էրթանք։ Դուք չկա, իսկ Սամբոն մենակ չի կարող հնդկացիներ համոզել։

Իսկապես, վերջին ժամանակները հնդկացիները չէին աշխատում թաքցնել, որ ուզում են թողնել մեզ ու վերադառնալ իրենց տները։ Սամբոն ճիշտ էր ասում․ այժմ նրանց ետ պահելու ոչ մի հնար չկար։

― Սամբո, հնդկացիներին համոզիր՝ սպասեն մինչև վաղը։ Այն ժամանակ ես նրանց հետ նամակ կուղարկեմ, ― ձայն տվի ես։

― Լավ, սըր։ Հնդկացիներ կսպասեն վաղ։ Սամբո խոսք տալիս։

Գործ շատ ճարվեց մեր հավատարիմ նեգրի համար, և նա ամեն բան էլ հիանալի գլուխ բերեց։ Ամենից առաջ պատվիրեցինք արձակել ծառի շուրջը փաթաթված ճոպանը և մի ծայրը նետել մեզ։ Ճոպանը լվացքի պարանից հաստ չէր, բայց խիստ ամուր էր, և չնայած իբրև կամուրջ պիտանի չէր, այնուամենայնիվ նման իրը շատ անհրաժեշտ էր մեր պայմաններում։ Ապա Սամբոն ճոպանի մյուս ծայրին կապեց ուտելիքի պաշարով լի պարկը, որ արդեն հանել էր ժայռի վրա, և մենք պարկը քաշեցինք մեզ մոտ։ Սննդամթերքը ամենաքիչը մի շաբաթ հերիք կաներ մեզ, եթե նույնիսկ մեր պաշարը որսով չլրացնեինք։ Վերջապես Սամբոն վերև բարձրացրեց ևս երկու պարկ, որոնց մեջ փամփուշտներն էին և շատ այլ իրեր։ Այդ բոլորը ճոպանով քաշեցինք մեզ մոտ։ Արդեն երեկո էր, երբ մեր նեգրը վերջին անգամ իջավ ներքև, հաստատ հավատացնելով, որ հնդկացիները կմնան մինչև առավոտ։

Ահա թե ինչու այդ ամբողջ գիշերը, ― մեր առաջին գիշերը սարահարթում, ― ես անցկացրի լապտերի լույսի տակ՝ գրի առնելով մեր գլխով անցածը։

Գիշերելու տեղ ընտրեցինք զառիթափի եզրին, հենց այդտեղ էլ ընթրեցինք, հացի վրա ապոլինարուս խմելով, որից երկու շիշ գտնվեց մթերքի պարկերից մեկում։ Ջուր գտնելը մեզ համար մահու ու կենաց խնդիր է, բայց կարծում եմ, որ այսօրվա արկածները բավական են նույնիսկ լորդ Ջոնի համար, իսկ մյուսներն առավել ևս ոչ մի ցանկություն չունեն Անհայտ երկիրը հետազոտության գնալու։ Որոշեցինք խարույկ չվառել և ընդհանրապես աշխատում ենք որքան կարելի է քիչ աղմուկ հանել։

Վաղը, ավելի ճիշտ այսօր, որովհետև ես նստեցի մինչև լուսաբաց, մենք մեր առաջին արտելքը կկատարենք դեպի այս հանելուկային աշխարհը։ Ե՞րբ կհաջողվի շարունակել իմ գրառումները և կհաջողվի՞ արդյոք, չգիտեմ։ Առայժմ հնդկացիները դեռ այստեղ են՝ այստեղից ես տեսնում եմ նրանց, և համոզված եմ, որ շուտով մեր Սամբոն կգա նամակի ետևից։ Շատ հուսով եմ, որ նա շուտով կհասնի ըստ պատկանելույն։

Հ․ Գ․ Որքան շատ եմ մտածում մեր վիճակի մասին, այնքան անուրախ է թվում այն ինձ։ Վերադարձի հույս չունեմ։ Եթե սարահարթի եզրին մի ծառ լիներ, կարող էինք անդունդի վրա նոր կամուրջ գցել, բայց հիսուն ոտնաչափից մոտիկ ծառեր չկան, իսկ այդպիսի ծանրություն քարշ տալ զառիթափի մոտ չի հաջողվի նույնիսկ չորս հոգով։ Ճոպանն էլ շատ է կարճ, նրանով չես կարող ցած իջնել։ Ո՛չ, մեր դրությունն անհուսալի է, անհուսալի․․․
  1. Բիմետալիզմ կամ կրկնակի մետաղային սիստեմ ― դրամական սիստեմ, որի ժամանակ վճարման օրինական միջոց են հանդիսանում երկու մետաղ, օրինակ՝ ոսկին և արծաթը։
  2. արծաթյա դրամ Հնդկաստանում
  3. Մասոնություն կամ «ազատ քարհատների եղբայրություն ― կրոնա֊էթիկական հոսանք, որն առաջացել է XVIII դարում Անգլիայում և տարածվել է Եվրոպայում։
  4. Բերտոն Ռիչարդ Ֆրենսիս ― ճանապարհորդ, որն այցելել է Աֆրիկա, ուր հայտնաբերել է Տանզանիկա լիճը, ուսումնասիրել Արևելքը և մի շարք գրքեր գրել իր ճանապարհորդությունների մասին
  5. Լեդի Ստենլի ― կինը անգլիացի նշանավոր ճանապարհորդ Հենրի Մորտոն Ստենլիի, որն Աֆրիկայում գտավ Լիվինգստոնի կորած արշավախումբը։
  6. Քլայվ Ռոբերտ ― անգլիական Օստ֊Հնդկական ընկերության գործիչ։ Ծառայությունն սկսել է իբրև հասարակ կլերկ (գրագիր):
  7. Տելեգոնիա ― ժառանգականության թեորիայի կեղծ ուսմունքներից մեկը
  8. sub judise ― կասկածի տակ
  9. Պարտենոգենեզիս ― առանց բեղմնավորման մայրական ձվաբջջում սաղմի զարգացման երևույթը։ Պատահում է միջատների որոշ տեսակների և բույսերի մոտ։
  10. կարճ կամ կլորագլուխ
  11. Կելտեր ― ցեղերի մի խումբ, որոնք դեռևս երկրորդ հազարամյակում մինչև մեր դարաշրջան ապրում էին արևմտյան Եվրոպայում և հետագայում գրավեցին ժամանակակից Ֆրանսիան, Բելգիան, Բրիտանիան և իռլանդիան
  12. Ուոլլես Ալֆրեդ Ռեսսել (1822 - 1913) ― անգլիացի բնագետ։
  13. Բեյթս Հենրի Ուոլտեր (1825 - 1892) անգլիացի բնագետ և ճանապարհրորդ
  14. Ալբինիզմ ― լսնամաշկություն (աննորմալ սպիտակամաշկություն և սպիտակահերություն):
  15. Ագուտի ― կրծողներ, որոնք ապրում են Հարավային և կենտրոնական Ամերիկայի անտառներում։
  16. Յուրայան ջրջան ― մեզոզոյի (միջին կյանքի դարաշրջանի) միջին բաժինը երկրաբանական ժամանակագրության մեջ, մոտ 730 միլիոն տարի առաջ։
  17. Ստեգոզավր (տանիքաթեփուկավոր) ― մեռած թեփուկավոր դինոզավրերի (զարհուրելի թեփուկավոր) ընդարձակ խմբից, որոնք իշխում էին ցամաքում յուրայան և կավճային շրջաններում։ Պատկանում է խոտաճարակ դինոզավրերի խմբին։ Մինչև տասներկու մետր երկարություն ունի։
  18. Հարավային Կենսինգտոն ― Լոնդոնի արվարձանը, որտեղ գտնվում է Բրիտանական թանգարանի պատմա֊բնագիտական բաժինը։
  19. Պտերոդակտիլ (մատնաթև) ― ներկայացուցիչ թռչող թեփուկավոր պտերոզավրերի մեռած խմբի, որոնք ապրում էին յուրայան կավճային շրջաններում։
  20. Կալիոստրո ― XVIII դարի «կախարդ ու հմայող», որը հասարակությանը զարմացնում էր իր թովչությամբ, ոգեկոչմամբ և այլն։
  21. Օրահավասարությունների պրեցեսիա ― աստղաբաշխության մեջ այն երևույթը, երբ գարնանային և աշնանային օրահավասարությունների կետերը դանդաղ տեղափոխվում են երկնային ոլորտի մեծ շրջագծով։
  22. Վելդյան և գոլենհոֆենյան թերթաքարեր ― խիտ, մանրահատիկ ապարներ, որոնք կազմավորվել են ծովալճակներում և պարունակում են բազմաթիվ հանածո մնացորդներ, այդ թվում նաև ծովային թեփուկավորների։
  23. Բեկոնականներ ― այն կարծիքի կողմնակիցներ, որ իբր Շեքսպիրի բոլոր գործերը գրված են անգլիցի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի կողմից։
  24. Ֆրագոնար(1732-1806), Ժիրարդե ― ֆրանսիացի նկարիչներ։ Տերներ (1775-1851) ― անգլիացի խոշորագույն բնանկարիչ։
  25. Պարա ― քաղաք և նավահանգիստ Հյուսիսային Բրազիլիայում։
  26. Դիմորֆոդոն (երկձևատամնավոր) ― թռչող թեփամորթ։
  27. Հասիենդ ― կալվածատուն։
  28. Մանիոկ ― բույս սակավաթեյների ընտանիքից, որի պալարները եփած վիճակում օգտագործվում են իբրև կերակուր։
  29. Հարպիաներ ― հին հունական դիցաբանության մեջ թևավոր հրեշներ։
  30. Ոչ մի քայլ ետ (լատիներեն)