ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ ՍԻԴՀԱՐԹԱ Հնդկական բանաստեղծություն
Թարգմանությունը և ծանոթագրությունները Աշոտ Ալեքսանյանի
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԲՐԱՀՄԱՆՈՐԴԻՆ
Տան ստվերում, նավակներին մերձ գետափնյա արևի ներքո, խեժառատ անտառի ստվերախիտ թավուտներում, թզենու հովանու տակ հասակ առավ Սիդհարթան, բրահմանի գեղեցկատես որդին, պատանի բազեն, Գովինդայի հետ միասին՝ իր ընկերոջ, բրահմանորդու: Արևն իր շառագույնն էր տալիս նրա ճերմակափառ ուսերին՝ լողանալիս, սրբազան լվացումների ժամանակ, սուրբ զոհաբերումներ մատուցելիս: Մանգոյի այգեստանում ստվերն էր ծորում նրա սևաթույր աչքերի մեջ՝ մանկահասակ տղաների հետ խաղալիս, մոր երգեցողության, սրբազան զոհաբերությունների ժամանակ, իր ամենագետ հոր խրատաբանությունների միջոցին, իմաստունների զրույցներն ունկնդրելիս: Արդեն վաղուց էր Սիդհարթան մասնակցում իմաստունների խոսք ու զրույցին, Գովինդայի հետ խոսքարվեստի մրցույթներում վարժվում էր նա, Գովինդայի հետ միասին վարժվում էր հայեցողությունների արվեստում՝ ինքնախորասուզմանն ի խնդիր: Նա արդեն գիտակցելով ու համրաձայն կարողանում էր Օմն արտաբերել, բառերի բառը, այն համրաձայն արտասանել իր ներսում՝ շունչը պահելով, ապա և համրաձայն արտաշնչումով իր միջից ի դուրս արտաբերել, կենտրոնացած, սևեռուն հոգով, ճակատը լուսաճառագած հստակ մտածության ոգեփայլի մեջ: Նա արդեն կարողանում էր իր էության խորքերում Աթմանը գիտակցել, անխաթարն ու անանցը, տիեզերքի հետ մեկտեղվածը, մեկ դարձածը: Հրճվանքն էր ծփում նրա հոր սրտում իր որդու համար, ուսյալ, գիտության ծարավի խորագետ մի իմաստուն ու քարոզիչ էր նա տեսնում որդու մեջ բնավորված, մի իշխան՝ բրահմանների մեջ: Օրհնանքն էր ճախրում նրա մոր կրծքի տակ, երբ նա որդուն էր նայում, տեսնում նրան քայլ գցելիս, նրա նիստուկացը, Սիդհարթային՝ ամրակազմ ու գեղեցիկ, իր բարալիկ ոտքերի վրա ամրաքայլ ընթացողին, ամենակատարյալ պատվարժանությամբ իրեն ողջունողին: Սերն էր բորբոքվում բրահմանների նորատի դուստրերի սրտերում, երբ Սիդհարթան ընթանում էր քաղաքի նրբափողոցներով, լուսափայլող ճակատով, արքենական հայացքով, բարալիկ կոնքազդրերով: Սակայն բոլորից ավելի նրան սիրում էր Գովինդան՝ իր բարեկամը, բրահմանորդին: Նա սիրում էր Սիդհարթայի հայացքն ու նրբագեղ ձայնը, սիրում էր նրա քայլվածքն ու շարժուձևերի կատարյալ վայելչագեղությունն ու արժանապատվությունը, սիրում էր այն ամենը, ինչ Սիդհարթան ասում էր ու անում, բայց ամենից ավելի սիրում էր նրա հոգին, նրա վեհ ու կրակոտ գաղափարները, վառվռուն կամքը, նրա բարձր կոչումը: Գովինդան գիտեր, որ սովորական բրահման չէր դառնալու իր բարեկամը կամ զոհաբերություններ կատարող ծույլ պաշտոնյա, անէծք ու նզովք շռայլող գծուծ առևտրական, սնափառ ու դատարկախոս ճառասաց, ոչ իսկ չարամիտ ու խարդավանող քուրմ, ինչպես որ նա չէր լինելու բարեմիտ ու տխմար մի ոչխար՝ բազմագլուխ հոտի մեջ: Ո՛չ, և սակայն ինքը՝ Գովինդան ևս չէր ցանկանում այդպիսին դառնալ, սովորական մի բրահման, որպիսիք հազարավորները կան: Նա ցանկանում էր հետևել Սիդհարթային, իր սիրելիին, սքանչելիին: Եւ երբ Սիդհարթան օրերից մի օր աստված դառնա, երբ նա երբևիցե մուտք գործի ճաճանչափայլների մոտ, այդժամ Գովինդան կուզենար հետևել նրան՝ որպես նրա բարեկամը, նրա ուղեկիցը, որպես նրա սպասավորն ու նիզակակիրը, նրա ստվերը: Այսպես բոլորը սիրում էին Սիդհարթային: Բոլորին նա երջանկացնում էր, բոլորին մխիթարում էր նա: Բայց ինքը՝ Սիդհարթան, երջանկությանն անհաղորդ էր, անմասն՝ մխիթարություն ասածին: Թափառելով թզենյաց այգու վարդագույն կածաններում, նստոտելով հայեցության մարգագետնի լուրթ ստվերներում, ապաշխարության լոգարանում ամենօրյա լվացումներ կատարելով, զոհաբերություններ մատուցելով մանգոյի այգեստանի ստվերահեղց խորաստաններում, շարժուձևերի մեջ` կատարյալ առաքինությամբ, բոլորի կողմից սիրված լինելով և բոլորին երջանկացնելով, իր սրտի մեջ, սակայն, նա երջանկություն չէր գտնում: Գետի հոսանուտ ջրերից, գիշերային լուսատուների առկայծումներում, արեգակի ճառագայթների փայլատակումներում այցելում էին նրան երազները, գրոհում անդուլ, հուզախռիվ մտքերը: Անուրջներն ու հոգու տագնապները այցելում էին նրան նաև խնկարկման զոհաբերության ծխաքուլաներից, Ռիգ-Վեդայի ընթերցանությունների շնչառությունից, հին բրահմայական ուսմունքների կաթիլքներից: Սիդհարթան սկսեց տառապել իր մեջ բնավորված անբավարարվածությունից: Նա սկսեց զգալ և հասկանալ, որ իր հոր սերը, իր մոր սերը ու նաև իր ընկերոջ՝ Գովինդայի սերը բավական չեն, որպեսզի մշտնջենապես ու մեկընդմիշտ երջանկացնեն իրեն, խաղաղեցնեն ու բավարարեն իրեն: Նա արդեն կանխազգալու պես սկսել էր հասկանալ, որ իր հարգամեծար հայրն ու իր մյուս ուսուցիչները, իմաստուն ու խորագետ բրահմանները իրեն արդեն իսկ հաղորդել են իրենց իմաստնության մեծագույն ու լավագույն մասը, որ նրանք արդեն լիուլի, բերնեբերան լցրել են իր անհագուրդ անոթը, բայց անոթն այդ ամբողջությամբ դեռ չէր լցվել, միտքը բավարարված չէր, հոգին՝ խաղաղված, սիրտը մխիթարված չէր: Լվացումները հիանալի էին, բայց եղածը սոսկ ջուր էր, որով մեղքերը չես մաքրի, նրանք չէին հագեցնում հոգու ծարավը, չէին բուժում սրտի տագնապները: Հրաշալի էին սրբազան զոհաբերություններն ու աստվածներին ուղղված աղոթքները, բայց արդյո՞ք այդ ամենը բավարար էր: Արդյո՞ք զոհաբերությունները երջանկություն էին պարգևում: Եվ կամ աստվածներին ուղղված աղոթքները: Իսկապե՞ս աշխարհի արարիչը Պրաջապատին էր: Թե՞ դա Աթմանն էր, Նա, Միակը, համընդգրկուն Եզակին: Արդյո՞ք աստվածներն էլ արարածներ չեն, ստեղծված ինչպես ես և դու, ժամանակին ենթակա, հպատակ ու անցավոր... Այդ դեպքում արդյո՞ք հարիր էր, արդարացի՞ էր արդյոք, իմաստ ունե՞ր կամ արժե՞ր արդյոք աստվածներին զոհեր մատուցանել: Ուրիշ էլ ու՞մ զոհաբերում մատուցել, ու՞մ երկիր պագանել, եթե ոչ Նրան՝ Միակ-Եզակիին, Աթմանին: Իսկ որտե՞ղ փնտրել Նրան, որտեղ էր բնակվում Աթմանը, որտե՞ղ էր տրոփում նրա հավերժական սիրտը, որտե՞ղ, եթե ոչ սեփական Եսի մեջ, այն ծածուկ, նվիրական խորքի մեջ պարփակ, այն անոչնչացնելիի, այլև անխորտակելիի տիրույթում, որ յուրաքանչյուր ոք կրում է իր մեջ: Բայց որտե՞ղ էր, որտե՞ղ էր այդ Եսը, այդ սրբազնական ներքինը, այդ ամենավերջինը, որ նաև սկիզբն է ամենայն ինչի: Այն ոչ մարմնում է, ոչ արյան մեջ, ոչ մտքում է, ոչ էլ գիտակցության մեջ, ինչպես ամենից իմաստնագույններն են ուսուցանում: Ուրեմն որտե՞ղ է այն: Կա՞ արդյոք մեկ այլ ճանապարհ ներթափանցելու այնտեղ՝ այդ Եսի մեջ, ի՛մ մեջ, Աթմանի մեջ, մի ճանապարհ, որն արժեր որոնել: Ավա՜ղ, ոչ ոք չէր կարող մատնացույց անել, նշել այդ ուղին, ոչ ոք չգիտեր այն, ո՛չ հայրը, ո՛չ ուսուցիչներն ու իմաստունները, ո՛չ էլ սրբազան զոհաբերության երգեցողությունները: Նրանք ամեն ինչ գիտեին՝ բրահմաններն ու նրանց սուրբ գրությունները, ամեն, ամենայն ինչ, նրանք ամեն ինչից քաջատեղյակ էին, նույնիսկ ավելին գիտեին, շատ ավելին, քան նույն այդ ամեն ինչն էր, աշխարհի արարչագործումը, խոսքի ծագումը, կերակուրների, շնչելու և արտաշնչելու առաջացումը, զգացմունքների կարգն ու հարաբերակցությունը, աստվածների արարքները, այսպես նրանք անսահմանորեն շատ բան գիտեին, բայց ի՞նչ արժեք ուներ նրանց այդ գիտցածը, եթե չգիտես, չես ճանաչում Միակն ու Եզակին, կարևորագույնը, միակ կարևորը:
Ճիշտ է, սուրբ գրքերի բազմաթիվ քերթվածներում, հատկապես Սամավեդայի ուպանիշադներում խոսվում է այդ ծածուկ, նվիրականի մասին, նախասկզբնականի, որքա՜ն հրաշալի են այդ քերթվածները... «Քո հոգին ամբողջ աշխարհն է», գրված է այնտեղ ու նաև ասվում է, որ մարդս քնի մեջ, խորը քուն մտած միջոցին մուտք է գործում իր նվիրական իղձերի խորխորատը՝ իր Եսի մեջ ու այնտեղ ապրում Աթմանի մեջ: Հիասքանչ իմաստնություն է պարփակված այդ քերթվածներում, ամենագիտունների ողջ իմաստնությունն առկա է այստեղ՝ ի մի ժողովված, մոգական խոսքերի մեջ արտահայտված, մաքրամաքուր՝ ինչպես մեղուների հավաքած մեղրը: Ո՛չ, չի կարելի թերագնահատել և մեծագույն հարգանքով չվերաբերել գիտելիքի այն հսկայական պաշարին, որ ամփոփված է այստեղ՝ իմաստուն բրահմանների անթիվ-անքանակ սերունդների կողմից ժողովված ու պահպանված: Բայց որտե՞ղ են այդ բրահմանները, որտե՞ղ են այդ իմաստնության քուրմերը, բոլոր այդ իմաստուններն ու անձնվեր ճգնավորները, որոնց հաջողվել է ոչ միայն հասու լինել այդ բարձրագույն գիտելիքին, այլև կյանքի կոչել այն: Որտե՞ղ է այն հրաշագործ գիտունը, որն ի զորու էր, քնին անձնատուր եղած միջոցին, Աթմանին իր այդ տրվածությունը փոխադրել արթմնի գոյավիճակի մեջ, կյանքի կոչել, գործողության մեջ դնել այն, վերածել խոսքի ու գործի: Շատուշատ արժանապատիվ բրահմանների էր ճանաչում Սիդհարթան, ամենից առաջ՝ իր հորը, մաքրության մարմնացումին, ամենագետին, արժանապատիվների մեջ ամենապատվարժանին: Երկրպագության արժանի էր իր հայրը, նրա նիստուկացն ու վարքը ներշնչված էին հեզությամբ ու առաքինությամբ, նրա կյանքը մաքուր էր, խոսքն իմաստուն, նրբանուրբ ու ազնվական գաղափարներն էին բնավորված նրա ճակատի ներքո, սակայն նա նույնպես, այդ ամենագետը, արդյո՞ք երանության մեջ էր ապրում, հա՞շտ էր արդյոք ինքն իր հետ, մի՞թե նա էլ որոնող ու ծարավի մեկը չէր: Արդյո՞ք նա նույնպես, իր իմացության ծարավը հագեցնելու համար, ժամանակ առ ժամանակ չէր դիմում սրբազան սկզբնաղբյուրներին՝ զոհաբերումներին, սուրբ գրքերի մասունքներին, բրահմանների հետ մտքերի փոխանակումներին: Ինչու՞ էր նրան` այդ անբասիր ու անպարսավելի մարդուն անհրաժեշտ ամեն օր մեղքերը քավելուն ի խնդիր լվացումների համար հոգ տանել, ամեն օր ողջը նորից ու նորից վերսկսել: Մի՞թե Աթմանը չի ապրում նրա մեջ, մի՞թե նրա իսկ սրտում չի հոսում սկզբնաղբյուրը: Հենց նրան, այդ սկզբնաղբյուրն է անհրաժեշտ գտնել սեփական Եսի մեջ, նրա նկատմամբ է հարկավոր տիրապետություն հաստատել: Ողջ մնացյալը սոսկական որոնում է, զարտուղի ոլորանների փնտրտուք, մոլորություն:
Այսպիսին էին Սիդհարթայի մտածությունները, սրանք էին նրան մտատանջում, տառապանք պատճառում: Հաճախ էր նա արտասանում Չհանդոգյայի մի ուպանիշադի խոսքերը: «Ճշմարիտ եմ ասում, բրահմանի անունը Սատյամ է, ճշմարտապես, ով հասու է դրան, նա ամենայն օր մտնում է երկնային թագավորությունը»: Հաճախ այդ երկնային աշխարհը, թագավորությունը նրան շատ մոտիկ էր թվում, սակայն ոչ մի անգամ իրեն չէր վիճակվում ամբողջապես հասնել նրան, լիուլի հագուրդ տալ իր ծարավին: Եվ բոլոր իր գիտցած ու ճանաչած իմաստունների ու իմաստնագույնների մեջ, որոնց ուսմունքներին ու խրատներին անսում էր ինքը, չկար մեկը, որ ամբողջովին հասած լիներ այդ երկնային թագավորությանը, լիուլի հագեցրած լիներ իր այդ հավերժական ծարավը: - Գովինդա,- մի անգամ Սիդհարթան ասաց իր ընկերոջը,- Գովինդա, սիրելիս, հետևի՛ր ինձ, գնանք բանանի ծառի տակ՝ միասին ինքնախորասուզման վարժությամբ պարապենք: Եւ նրանք ուղևորվեցին դեպի բանանի ծառը, նստոտեցին նրա տակ, այստեղ, ահա՛, Սիդհարթան, նրանից մի քսան քայլ հերավորության վրա՝ Գովինդան: Սիդհարթան՝ նստելով ծառի տակ, Օմը արտաբերելուն պատրաստ, շշնջաձայն արտասանեց բանաստեղծությունը. Օմը աղեղն է, հոգին՝ նետը, Բրահման՝ նետի նպատակը, Թիրախին դու պետք է անվրեպ խփես: Երբ ինքնախորասուզման վարժանքին հատկացված ժամանակն իր լրումին հասավ, Գովինդան ոտքի կանգնեց: Արդեն երեկոն իջել էր և ժամանակն էր անցնելու երեկոյան լվացումներին: Նա ձայնեց Սիդհարթային: Սիդհարթան որևէ կերպ չարձագանքեց: Նա նստած էր ամբողջովին ինքնախորասուզված, նրա հայացքն անշարժացած, սևեռված էր հեռու-հեռավոր մի կետի, նրա լեզվի ծայրը դույզն-ինչ դուրս էր ցցված ատամների արանքից, և կարծես չէր շնչում: Այսպես նստած էր նա, խորասուզված հայեցումի մեջ, Օմը առմտածելով, նրա հոգին որպես մի նետ նպատակաուղղված էր դեպի բրահման: Օրերից մի օր սամանաներն էին անցնում այն քաղաքով, ուր Սիդհարթան էր ապրում: Դրանք ուխտագնաց ճգնավորներ էին, երեք չորացած, հանգած տղամարդիկ, ոչ ծեր, ոչ երիտասարդ, փոշեծածկ ու արյունամած ուսերով, գրեթե մերկանդամ, արևից շոգեվառված, մենակությամբ շուրջառված, աշխարհի հանդեպ օտար ու թշնամանքով լեցուն, օտարոտի ու վտիտ շնագայլեր՝ մարդկանց աշխարհում: Համրախոս կրքի տաք շնչառությունն էր փչում նրանցից, հյուծախտավոր աշխարհաթողությունն ու անկարեկից ինքնահրաժարումը: Երեկոյան, ինքնահայեցումի ժամից հետո, Սիդհարթան խոսքն ուղղեց առ Գովինդան. - Առավոտյան վաղ, բարեկամս, Սիդհարթան կմիանա սամանաներին: Նա ինքն էլ սամանա կդառնա: Գովինդան գունատվեց՝ այդ խոսքերը լսելուն պես և իր բարեկամի անշարժացած հայացքում կարդաց անտեղիտալի վճիռը, անկասելի՝ ինչպես աղեղից արձակված նետը: Անմիջապես, առաջին իսկ հայացքից Գովինդան մեկընդմիշտ հասկացավ. ահա՛, սկսվեց, հիմա արդեն Սիդհարթան ոտք է կոխում իր ճանապարհը, նրա ճակատագիրն արդեն իր ընթացքի մեջ է մտնում, նրա հետ էլ՝ իմը: Եւ նա գունատվեց՝ ինչպես բանանի չորուկ կեղևամաշկը
- Ո՜վ Սիդհարթա,- կանչեց նա,- թույլ կտա՞ արդյոք քո հայրը: Սիդհարթան հայացքը նրան ուղղեց՝ ասես քնից նոր-նոր արթնացած: Նետընթաց արագությամբ նա կարդաց, թե ինչ էր կատարվում Գովինդայի հոգում, կարդաց նրան պաշարած սարսափը, նրա հնազանդ համակերպությունը: - Ո՜վ Գովինդա,- ցածրաձայն խոսեց նա,- եկ դատարկ բաների վրա խոսքեր չշռայլենք: Վաղն առավոտյան, լույսը ծագելուն պես, ես կսկսեմ իմ սամանայական կյանքի շրջանը: Այդ մասին այլևս ոչ մի խոսք: Սիդհարթան մտավ այն սենյակը, ուր կեղևաթելից հյուսկեն խսիրի վրա նստած էր իր հայրը, անցավ հոր հետևը և մնաց այնտեղ կանգնած այնքան ժամանակ, մինչև որ հայրը զգաց, որ ինչ-որ մեկը կանգնած է իր թիկունքում: Ու բրահմանն ասաց. - Դու՞ ես, Սիդհարթա: Դե խոսի՛ր, ինչի համար որ եկել ես: Սիդհարթան ասաց. - Քո թույլտվությամբ, հայր իմ: Ես եկել եմ ասելու քեզ, որ ես ցանկանում եմ առավոտյան լքել քո տունը և ընկերանալ ճգնավորներին: Իմ սիրտն ինձ մղում է սամանա դառնալ: Ես շատ կուզենայի, որ հայրս դրան չընդդիմանար: Բրահմանը լռեց, լռեց այնքան ժամանակ, որ փոքրիկ պատուհանի մեջ առկայծող աստղերը տեղաշարժվեցին ու փոխեցին իրենց դասավորությունը, մինչև որ սենյակում շարունակվող տևական լռությունն իր ավարտին հասավ: Համրացած ու անշարժ կանգնած էր որդին՝ ձեռքերը խաչակնքած, համրացած ու անշարժ նստած էր խսիրի վրա հայրը և աստղերը շարունակում էին իրենց համրաքայլ ընթացքը երկնակամարում: Հանկարծ հայրը խոսեց. - Բրահմաններին վայել չէ խիստ ու զայրացկոտ խոսքեր ասել: Սակայն անկամորդ զայրույթն է ցնցում իմ սիրտը: Ես չէի ցանկանա այդ խնդրանքը երկրորդ անգամ լսել քո շուրթերից: Դանդաղ նստած տեղից վեր բարձրացավ բրահմանը, Սիդհարթան լուռումունջ կանգնած էր՝ խաչակնքած ձեռքերով: - Էլ ինչի՞ ես սպասում,- հարցրեց հայրը: Սիդհարթան վրա բերեց,- Դու շատ լավ գիտես... Զայրույթը սրտում՝ հայրը դուրս եկավ սենյակից, մոլեգնության մեջ որոնեց-գտավ իր անկողինն ու պառկեց վրան: Մեկ ժամ անց, քանի որ այդպես էլ քուն չիջավ նրա աչքերին, բրահմանը վեր կացավ, ետուառաջ քայլեր գցեց ու դուրս եկավ տնից: Սենյակի փոքրիկ պատուհանի միջից նա ներս նայեց, այնտեղ նա տեսավ Սիդհարթային՝ նախկին դիրքով կանգնած, ձեռքերը խաչակնքած, անդրդվելիորեն անշարժացած: Մթնշաղի մեջ գունատ կայծկլտում էր նրա լուսավոր վերնազգեստը: Զայրույթը սրտում՝ հայրը վերադարձավ իր ննջատեղին: Մեկ ժամ էլ չէր անցել, քանի որ այդպես էլ քուն չիջավ նրա աչքերին, բրահմանը նորից վեր կացավ, ետուառաջ քայլեց, տնից դուրս եկավ ու տեսավ, որ լուսինը հայտնվել է: Սենյակի պատուհանի միջից նա ներս նայեց, այնտեղ կանգնած էր Սիդհարթան՝ անշարժացած ու անդրդվելի, խաչված ձեռքերով, լուսնի լույսն էլ վետվետում էր նրա մերկ սրունքներին: Մտահոգ սրտով հայրը վերադարձավ իր քնարանը: Այսպես նա նորից եկավ մեկ ժամից, հետո էլ՝ երկու ժամից, նայում էր պատուհանի մեջ, ուր կանգնած էր Սիդհարթան՝ լուսնաթաթախ, աստղալույսի ու խավարի մեջ ողողված: Հետո ժամեր անց շարունակ գալիս էր նա, լռելյայն նայում սենյակից ներս, տեսնում անդրդվելիորեն կանգնածին, նրա սիրտը զայրույթով էր լցվում, տագնապում էր նրա սիրտը, լցվում ցավ ու կարեկցանքով: Եվ տվնջյանը նախորդող վերջին գիշերաժամին, մինչ օրը կսկսվեր, նա կրկին վերադարձավ, ներխուժեց սենյակ ու տեսավ պատանուն նույն դիրքում կանգնած, որն այս անգամ նրան թվաց ավելի մեծացած ու օտարոտի: - Սիդհարթա,- ասաց նա,- էլ ինչի՞ ես դու սպասում: - Դու լավ գիտես: - Դու այդպես մնալու ես կանգնած ու սպասելու ես մինչև օրը բացվի, հետո կեսօր լինի ու երեկոն իջնի՞: - Ես կանգնած կմնամ ու կսպասեմ: - Դու կհոգնես, Սիդհարթա: - Կհոգնե՛մ: - Դու կհանգչես մահագուշակ թմբիրի մեջ, Սիդհարթա: - Ո՛չ, ես թմբիրին չեմ տրվի: - Դու կմահանաս, Սիդհարթա: - Ես կմահանա՛մ: - Դու նախընտրում ես մահանալ, քան թե հո՞րդ հնազանդվել: - Սիդհարթան միշտ էլ հնազանդ է եղել իր հորը: - Ուրեմն դու հրաժարվու՞մ ես քո նկրտումից: - Սիդհարթան կանի այնպես, ինչպես հայրը կկարգադրի: Օրվա առաջին լույսի ծվենն ընկավ սենյակից ներս: Բրահմանը նկատեց, որ Սիդհարթայի ծնկները թեթևակի դողում են: Բայց Սիդհարթայի դեմքին նա դող չտեսավ, աչքերը նայում էին հեռուն: Հանկարծ հայրը հասկացավ, որ Սիդհարթան այս պահից ի վեր այլևս իր հետ չէ և հեռացել է հայրենի տնից, որ նա այլևս լքել է իրեն: Հայրը ձեռքով դիպավ Սիդհարթայի ուսին: - Դու անտառ կգնաս,- ասաց նա,- ու սամանա կդառնաս: Եթե անտառում դու երանություն գտնես, եկ և ինձ էլ սովորեցրու այն: Եթե հուսախաբություն ճաշակես, վերադարձիր և մենք նորից միասին զոհեր կմատուցենք աստվածներին: Դե հիմա գնա, համբուրիր մորդ, ասա նրան ուր ես գնում: Իսկ ինձ համար ժամ է արդեն իջնելու գետափ ու առաջին լվացումը կատարել: Նա ձեռքը ետ տարավ որդու ուսից ու դուրս եկավ: Սիդհարթան մի պահ երերաց, երբ փորձեց առաջին քայլն անել: Բայց նա տիրապետություն հաստատեց իր անդամների վրա, խոնարհվեց հոր առաջ և ուղևորվեց մոր մոտ՝ անելու ու ասելու համար այն, ինչպես որ հայրն էր կարգադրել: Երբ օրվա առաջին լույսի բացվելուն պես՝ անզգայացած ու ընդարմացած ոտքերով, դեռևս քնի մեջ ընկղմված նա քաղաքն էր լքում, վերջին խրճիթի ստվերների միջից պոկվեց ու ուխտավորին միացավ մի աղոտ նշմարելի կերպարանք, որ Գովինդան էր: - Դու եկար,- ասաց Սիդհարթան ու ժպտաց: - Ես եկա,- ասաց Գովինդան:
ՍԱՄԱՆԱՆԵՐԻ ՄՈՏ
Նույն օրվա երեկոյան նրանք հասան ճգնակյացներին՝ չորացած սամանաներին և առաջարկեցին իրենց նրանց ուղեկիցն ու հնազանդ աշակերտները դառնալ: Նրանց առաջարկն ընդունելության արժանացավ: Սիդհարթան իր հանդերձանքը նվիրեց փողոցում հանդիպած մի աղքատ բրահմանի: Իր մարմնի վրա Սիդհարթան կրում էր միայն ամոթույքի ծածկագոտին և որպես պարզ ծածկոց ծառայող հողագույն, ցանցկեն մի ձորձ: Նա այժմ օրական միայն մեկ անգամ էր սնվում, ընդ որում՝ եփած կերակուր բնավ չէր ընդունում: Տասնհինգ օր շարունակ նա ծոմ պահեց: Հետո էլ՝ քսանութ օր անընդմեջ ծոմ պահեց նա: Նրա մարմինը նվաղեց-հյուծվեց, այտերը ներս ընկան: Կիզիչ անուրջները կրակի քուլաների պես դուրս հորդացին նրա լայնացած ակնախոռոչներից, չորությունից ճաքճքած նրա մատներին երկարուկ եղունգներ էին աճել, կզակը պատվել էր չորուկ, գզգզված մորուքով: Նրա հայացքը կարծրանում էր կանանց հանդիպելիս, շրթունքները ծամածռվում էին նողկանքի զգացումից, երբ նա անցնում էր քաղաքի փողոցներով՝ գեղեցիկ հագնված մարդկանց հարևանությամբ: Նա տեսնում էր վաճառականներին՝ առևտուր անելիս, իշխաններին՝ որսի շտապելիս, մահացածների վրա սգացող հարազատներին, իրենց փաղաքշանքներն առաջարկող պոռնիկներին, հիվանդի համար հոգացող բժիշկների, քուրմերի, որ հունձքի ժամանակն են որոշում, իրար սիրատածող ու փաղաքուշ սիրահարների, նորածիններին կերակրող մայրերի, և ոչինչ, ոչինչ նա արժանի չէր համարում իր հայացքին, այդ ամենը սուտ էր, խաբեություն, ողջը գարշահոտող կեղծիք էր, ողջը միայն թվացյալ իմաստ էր պարունակում, կեղակարծ երջանկություն ու գեղեցկություն, ողջը բուրում էր անգիտակից փտախտով ու նեխահոտությամբ: Դառնապատիր համ ուներ աշխարհը: Ողբ ու տառապանք էր կյանքը: Մի նպատակ էր կանգնած Սիդհարթայի առաջ, միակ մի նպատակ. դատարկվել ամեն ինչից, իր միջից դուրս մղել ամենայն ձգտում ու ցանկություն, ձերբազատվել երազներից, հրաժարվել ուրախություններից ու տառապանքից: Ինքն իրենից հեռանալ-անէանալ, դադարել սեփական եսը զգալուց, դատարկված սրտի համար հանգիստ գտնել, ինքնաձերբազատված ու ինքնօտարված մտքի մեջ պատրաստ լինել ընդունելու հրաշքը, սա էր նրա նպատակը: Երբ ողջ եսը հաղթահարված ու մահացած լիներ, երբ սրտում բույն դրած բոլոր ցանկություններն ու մղումները մարած լինեին, այդժամ արդեն պետք է ծնունդ առներ այն ամենակատարյալը, այն նվիրական բանը, որն այլևս եսը չէ, այն մեծահսկա գաղտնիքը: Լռելյայն կանգնած էր Սիդհարթան արեգակի ուղղաձիգ ընկնող ճառագայթների ներքո, ցավից այրվելով, ծարավից տոչորվելով, և կանգնած մնաց այնքան ժամանակ, մինչև որ դադարեց այլևս ոչ ցավ զգալ և ոչ էլ ծարավ: Լուռումունջ կանգնած էր նա հորդառատ թափվող անձրևների տեղատարափի տակ, նրա մազերից ջուրն էր ծորում՝ սառցակալող ուսերն ի վար, ցրտահարված կոնք ու ոտքերից սահում ցած, ապաշխարողն անշարժացած կանգնել էր, մինչև որ ուսերն ու ոտքերը այլևս դադարեցին մրսել, ասես պապանձվեցին ու խաղաղություն իջավ նրանց վրա: Լռելյայն պպզում էր նա փշատատասկավոր թփերի մեջ, շոգեխաշված մաշկից արյունն էր կաթիլ-կաթիլ ծորում, թարախակալած պալարներից շարավն էր արտասորում, բայց Սիդհարթան շարունակում էր նույն դիրքում նստած մնալ, ասես քարացած լիներ ու անշարժացած, մինչև որ արյունը այլևս դադարեց հոսելուց, ոչինչ այլևս չէր ծակում, ոչինչ չէր այրում: Սիդհարթան նստել էր ուղղաձիգ դիրք ընդունած և սովորում էր շնչառությունը խնայել, սովորում էր նվազ շնչառությամբ բավարարվել, ապա և ընդհանրապես կանգնեցնել շնչառությունը: Շնչառությանը զուգահեռ նա միաժամանակ վարժվում էր հանգստացնել սրտի խփոցները, պակասեցնել դրանք՝ հասցնելով նվազագույնի, մինչև որ սիրտը գրեթե կանգ առնելու աստիճան դադարեր տրոփելուց: Ավագ սամանաներից ուսանելով՝ վարժվում էր Սիդհարթան ինքնահրաժարման արվեստին, ինքնախորասուզմանը, սամանայական նոր կարգերին: Մի ձկնկուլ թռավ բամբուկի անտառի վրայով, և Սիդհարթան ընդունեց ձկնկուլին իր հոգու մեջ, թռավ-անցավ անտառի ու սարերի վրայով, դարձավ ինքն էլ մի ձկնկուլ, որ խժռում էր գորտերին, տառապում էր ձկնկուլների սովով, խոսում էր՝ ընդօրինակելով ձկնկուլների կռկռոցը, մահանում ձկնկուլների մահով: Մի սատկած շնագայլ էր պառկած ավազուտ ափին և Սիդհարթայի հոգին սահեց նրա դիակի մեջ, դարձավ շունչը փչած մի շնագայլ, որ պառկել էր ծովեզրին, ուռչել-փքվել էր, գարշահոտում էր ու ապականում շուրջբոլորը, հետո բորենիների կողմից պատառոտվեց, ցին-ուրուրների կողմից մաշկազերծ արվեց, կմախքի վերածվեց, դարձավ փոշի ու տարածվեց արձակ դաշտերի մեջ: Հետո Սիդհարթայի հոգին վերադարձավ, մահացավ, ապականություն սփռեց, փոշիացավ, շրջապտույտի պղտոր հափշտակության մեջ բույրն իր արձակեց և դարանակալ սպասում էր՝ նորանոր բացահայտումների կարոտ, ինչպես որսորդն է դիրքավորվում դատարկ սպասումին տրված, ուր հարկ էր շունչը պահել ու արյան շրջանառությունը կանգնեցնել, ուր սկիզբ էր առնում պատճառներից ու տառապանքից զերծ հավերժությունը: Նա սպանում էր իր մեջ ծնունդ առնող մտքերը, սպանում էր իր հիշողությունը, նա ճողոպրում էր իր եսից՝ հազարավոր օտար կերպարանքներ ընդունելով, դառնալով մեկ գազան, մեկ մեռելոտի, քար ու փայտ, դառնում էր ջուր, և ամեն անգամ արթնանալով վերագտնում էր իրեն, թվում էր մերթ արև ու մերթ էլ լուսին, հետո վերադառնում էր իր եսին, տարուբերվում էր շրջապտույտի ոլորաններում, ծարավից տոչորվում, հաղթահարում էր այն, հետո նորից ծարավի մատնվում: Շատ բան սովորեց Սիդհարթան սամանաների մոտ, ուսանեց շատուշատ ճանապարհներ, որ մարդուս սովորեցնում էին հեռանալ սեփական եսից: Ինքնահրաժարման ճանապարհը նա անցնում էր ցավի միջով, կամավոր տառապանքի տրվելու ու ցավի հաղթահարման միջոցով, հաղթահարելով սովը, ծարավն ու հոգնությունը: Եսից հրաժարման ճանապարհը նա անցնում էր հայեցողական վարժանքների միջոցով, բազմատեսակ պատկերացումներին ու իմաստներին մտահասու էր լինում սնամեջ առմտածումներին ապավինելով: Այս և մյուս ճանապարհներով նա սովորում էր ընթանալ, հազարավոր անգամներ նա լքեց իր եսը, ժամեր ու օրեր շարունակ նա տևականորեն մնաց ոչ-եսի մեջ: Սակայն որքան էլ ճանապարհները հեռացնում էին եսից, վերջիվերջո նրանք մշտապես գալիս-դեմ էին առնում այդ նույն եսին: Որքան էլ, Սիդհարթան հազարավոր անգամներ խուսափեր իր եսից, միառժամանակ բնակություն հաստատելով ոչնչի մեջ, կենդանու կամ քարի մեջ, վերադարձն անխուսափելի էր, անխուսափելի էր ժամը, երբ նա վերագտնում էր ինքն իրեն՝ արեգակի կամ լուսնի ճառագայթների ներքո, ստվերներում կամ անձրևի տակ, վերստին վերստանալով ինքն իրեն, դառնալով նույն Սիդհարթան, վերստին զգայելով նախասահմանված շրջապտույտի տառապանքների շղթան: Նրա կողքին ապրում էր Գովինդան, իր ստվերը, անցնում էր նույն ճանապարհը, ենթարկվում մի և նույն կտտանքերին: Հազվադեպ էին նրանք իրար հետ զրուցում այնպիսի բաների մասին, որոնք ծառայության ու վարժանքների պահանջներից անդին էին: Երբեմն-երբեմն երկուսով անցնում էին գյուղերի միջով՝ իրենց ու իրենց ուսուցիչների համար կերակուր մուրալու նպատակով: - Ի՞նչ ես դու մտածում, Գովինդա,- իրենց այդ մուրացկանության ուղևորություններից մեկի ժամանակ հարցրեց Սիդհարթան,- ի՞նչ ես կարծում, արդյո՞ք մենք առաջ ենք գնացել: Հասե՞լ ենք մեր նպատակին: Գովինդան պատասխանեց ու ասաց,- Մենք սովորեցինք և շարունակում ենք սովորել: Դու մեծ սամանա կդառնաս, Սիդհարթա: Դու շատ արագ յուրացրիր բոլոր խստավարժանքները, ծեր սամանաները հաճախակի զարմացք ապրեցին քո առիթով: Դու սուրբ կդառնաս, ո՜վ Սիդհարթա:
Խոսեց Սիդհարթան, - Ինձ այդպես չի թվում, բարեկամս: Այն, ինչը ես այս օրերին սովորեցի սամանաների մոտ, ո՜վ Գովինդա, այդ ամենը շատ արագ ու հեշտությամբ կարող էի ինքնուրույն էլ սովորել: Պոռնկական թաղամասի յուրաքանչյուր պանդոկում, բարեկամս, կառապանների ու վեգ խաղացողների շրջապատում ես այդ ամենը կսերտեի: Խոսեց Գովինդան, - Սիդհարթան անշուշտ կատակում է ինձ հետ: Ինչպե՞ս դու կարող էիր ինքնախորասուզումը, շնչառության պահումը, սովի ու ցավի նկատմամբ անզգայունակությունը սովորել այդ տառապյալների մոտ:
Եվ Սիդհարթան կամացուկ ասաց, ասես ինքն իր հետ խոսելիս լիներ. - Ի՞նչ է ինքնախորասուզումը: Ի՞նչ ասել է մարմնից հրաժարումը: Ի՞նչ է ծոմ պահելը կամ ի՞նչ ասել է շնչառության կանգառումը: Դա փախուստ է եսից, դա մի կարճատև փախուստ է սեփական եսի կեցության տառապանքներից, կյանքի անիմաստության ու ցավի հանդեպ մի կարճաժամկետ ինքնաթմրեցում: Այդ նույն փախուստը, այդ նույն ժամանակավոր ընդարմացումը եզնարածը գտնում է իջևանատանը, երբ նա մի քանի գավաթ բրնձագինի է ըմբոշխնում կամ էլ՝ եփ գալուց թթվեցված կոկոսի կաթ: Այդժամ նա այլևս իր եսը չի զգում, այդժամ նա այլևս չի զգում կյանքի տառապանքները, այդժամ նա ժամանակավորապես ընդարմացում է գտնում: Բրանձագինու գավաթի վրա նիրհած միջոցին նա գտնում է նույն բանը, ինչ Սիդհարթան ու Գովինդան են գտնում, երբ երկարատև վարժանքների արդյունքում նրանք հեռանում են իրենց մարմնավոր թաղանթից և բնակություն հաստատում ոչ-եսի մեջ: Այսպես է հարցը դրված, ո՜վ Գովինդա: Եվ ասաց Գովինդան. - Հիմա դու այդպես ես խոսում, ո՜վ բարեկամ, սակայն շատ լավ գիտես, որ Սիդհարթան բնավ էլ եզնարած չէ և ոչ էլ սամանան՝ հարբեցող: Ճիշտ է, հարբեցողը ընդարմացում է գտնում, ճիշտ է, որ նա ժամանակավոր ապաստարան ու հանգիստ է գտնում, բայց նրա ինքնախաբկանքը շուտով ցնդում-անցնում է ու նա վերստին հայտնվում է իր նախկին վիճակում, դրանից նա ավելի իմաստուն չի դառնում, ճանաչողական գիտելիքներ չի հավաքում, ավելի բարձր աստիճանի չի բարձրանում: Եվ Սիդհարթան ժպիտով պատասխանեց դրան. - Ես չգիտեմ, ես երբեք հարբեցող չեմ եղել: Բայց այն, որ ես՝ Սիդհարթաս, իմ վարժանքներում ու ինքնասուզումներում միայն կարճ ժամանակով եմ ընդարմացում գտնում և նույնքան հեռու եմ գտնվում իմաստնությունից ու փրկությունից, ինչպես որ մորս որովայնում պահ տված երեխայության միջոցին, դա ես գիտեմ, Գովինդա, ես դա գիտեմ: Մեկ ուրիշ անգամ էլ, երբ Սիդհարթան Գովինդայի հետ լքեց անտառը՝ գյուղերից մեկում իրենց եղբայրների ու ուսուցիչների համար մի քիչ կերակուր մուրալու նպատակով, Սիդհարթան սկսեց խոսել և ասաց. - Հիմա՞ ինչ կասես, Գովինդա, հիմա մենք ճշմարիտ ճանապարհի վրա՞ ենք: Այժմ արդեն մենք ընդհուպ մոտեցե՞լ ենք ճանաչողությանը, բարձրագույն գիտակցությանը: Մոտեցե՞լ ենք մենք արդյոք փրկությանը: Իսկ գուցե մենք բնավ էլ շրջանակի մեջ չենք ընթանում, մենք, որ շրջապտույտից ազատվել, փախչել էինք մտածում: Գովինդան պատասխանեց և ասաց. - Մենք շատ բան սովորեցինք, Սիդհարթա, բայց դեռ շատ բաներ էլ կան սովորելու: Մենք շրջանակի մեջ չենք ընթանում, մենք դեպի վերև ենք ընթանում, շրջանակը մի ոլորապտույտ պարույր է, որոշ աստիճաններ մենք արդեն բարձրացել ենք: Պատասխանեց Սիդհարթան. - Ի՞նչ տարիքի կլինի, քո կարծիքով, մեր ամենատարեց սամանան, մեր պատվարժան ուսուցիչը: Խոսեց Գովինդան. - Ամենածեր սամանան գուցե կլինի մի վաթսուն տարեկան: Սիդհարթան վրա բերեց. - Նա արդեն բոլորել է իր վաթսուն տարին, բայց Նիրվանային դեռ չի հասել: Նա կդառնա յոթանասուն տարեկան, ապա և ութսուն, ես ու դու էլ, մենք ևս կծերանանք ու կշարունակենք վարժանքներ կատարել, ծոմ պահել ու մեդիտացիաներ անել: Բայց Նիրվանային մենք չենք հասնի, ո՛չ նա, ո՛չ էլ մենք: Ո՜վ Գովինդա, ես կարծում եմ, որ գոյություն ունեցող բոլոր սամանաներից գուցե և ոչ ոք, ոչ մեկը Նիրվանային չի հասնի: Մենք գտնում ենք մխիթարություններ, սփոփանք, մենք գտնում ենք ընդարմացումներ, ուսանում հմուտ ճարտարություններ, որոնցով ինքներս մեզ խաբում ենք: Սակայն ամենակարևորը՝ ուղիների ուղին, մենք այդպես էլ չենք գտնում: - Դու չե՞ս կարող,- խոսեց Գովինդան,- այդօրինակ սարսափելի բառեր չարտասանել, Սիդհարթա... Ինչպե՞ս կարող է պատահել, որ այդքան գիտուն այրերի մեջ, այդքան բրահմանների, այդքան շատուշատ կորովի ու արժանապատիվ սամանաների մեջ, այդքան որոնողների, այդքան եռանդուն ինքնասույզների թվում, այդքան սուրբ մարդկանց մեջ ոչ ոք ուղիների ուղին չգտնի: Սիդհարթան սակայն խոսեց մի այնպիսի ձայնով, որն իր մեջ այնքա՜ն տխրություն ու ինքնահեգնանք էր պարունակում, անչափ կամացուկ, փոքր-ինչ տխուր, մի քիչ էլ ծաղրական ու հեգնախառն հնչերանգով. - Շուտով, Գովինդա, քո բարեկամը կթողնի սամանաների այս ուղին, որը նա այս էլ այսքան երկար ժամանակ քեզ հետ միասին անցել է: Ես տոչորվում եմ ծարավից, ո՜վ Գովինդա, և այս երկարուձիգ սամանայական ուղում իմ ծարավը դույզն-ինչ չպակասեց: Ես մշտապես ծարավի եմ եղել առ ճանաչողությունը, ես մշտապես հարցականներով լեցուն եմ եղել: Ես հարցուփորձ եմ արել բրահմաններին, տարիներ շարունակ, հարցախուզել եմ սուրբ Վեդաներին, նույնպես տարիներ շարունակ, հեզաբարո սամանաներին եմ հարցումներ ուղղել, երկար ու ձիգ տարիներ շարունակ: Գուցե, ո՜վ Գովինդա, նույնքան լավ և ճիշտ կլիներ, նույնքան խելամիտ ու նույնքան կազդուրիչ կլիներ, եթե ես ռնգեղջյուր-թռչունին կամ շիմպանզեներին հարցախույզ արած լինեի: Երկար ժամանակ ինձանից պահանջվեց և դեռ վերջին չեմ հասել այս մեն-միակ բանը հասկանալու համար, ո՜վ Գովինդա. այն, որ հնարավոր չէ որ¢իցե բան սովորել... Ես կարծում եմ, որ իրականում չկա, գոյություն չունի այն բանը, ինչը մենք «սովորել» ենք անվանակոչում: Կա, գոյություն ունի, բարեկամս, միայն մի՛ գիտելիք, որն ամենուր է և դա Աթմանն է, այն իմ մեջ է և քո մեջ և յուրաքանչյուր էակի մեջ: Եվ ահա ես սկսում եմ հավատալ, որ ճանաչողությունը, գիտությունը չունի ավելի կատաղի թշնամի, քան գիտենալու ցանկությունն է, քան սովորելը: Այդժամ Գովինդան կանգ առավ ճանապարհի մեջտեղում, բարձրացրեց ձեռքերն ու ասաց. - Սիդհարթա, դու չե՞ս կարող քո ընկերոջը նման ճառերով չվախեցնել... Քո խոսքերն, իսկապես, վախ են արթնացնում իմ սրտում: Դու միայն մտածիր. էլ ու՞ր մնաց աղոթքի սրբությունը, ու՞ր մնաց բրահմանական դասի արժանապատվությունը, ու՞ր մնաց սամանաների սրբազնությունը, եթե այդ ամենը այնպես լիներ, ինչպես դու ես ասում, եթե ուսուցում գոյություն չունենար... Ի՞նչ կլիներ, ո՜վ Սիդհարթա, ի՞նչ կլիներ այն ամենի հետ, ինչը սուրբ է երկրիս երեսին, ինչն արժեքավոր է ու մեծարանքի արժանի... Եվ Գովինդան մի հատված մրմնջաց ինքն իր համար, Ուպանիշադից մի կտոր. Ով խորհրդածելով, մաքրամաքուր մտքով, խորասուզվում է Աթմանի մեջ, Խոսքերի միջոցով անարտահայտելի է նրա սրտի երանությունը: Սակայն Սիդհարթան լուռ էր: Նա մտածում էր այն խոսքերի մասին, որոնք Գովինդան ուղղել էր իրեն, և մտածում էր այդ խոսքերի մասին մինչև ամենավերջին հնչյունը: Այո, մտածում էր նա, գլուխը խոնարհած դիրքով կանգնած, ի՞նչ է մեզ մնում այն ամենից, ինչը մեզ սուրբ է պատկերանում: Ի՞նչ է մնում: Կա՞ պիտանացու մի բան: Եւ նա տարուբերում էր գլուխը: Սամանաների մոտ ապրելու ու վարժանքներ կատարելու երեք տարին լրանալուն պես, առաջին անգամը լինելով, ինչ-ինչ դուզնաքյա ու զարտուղի ճանապարհներով, երկու պատանիներին հասավ մի լուր կամ ասեկոսե, գուցե առասպել. Հայտնվել էր մեկը, որին կոչում էին Գոթամա, Վեհագույնը, Բուդդան, որն իր մեջ հաղթահարել էր աշխարհի տառապանքը և կանգնեցրել էր վերածնությունների, վերամարմնացումների անիվը: Ուսուցանելով, պատանիներով շրջապատված, նա թափառում էր երկրով մեկ, աշխարհից աշխարհ, առանց կայքի, տնանկ, անկողակից, ճգնակյացի դեղին թիկնոցով, բայց կայտառ ճակատով, երանելի մեկը, և բրահմաններն ու իշխանները խոնարհվում էին նրա առաջ ու նրան աշակերտ դառնում: Այս առասպելը, այս ասեկոսեն, այս հեքիաթը տարփողվում էր այս ու այնտեղ, հույզ ու խանդ սփռելով շուրջբոլորը, քաղաքներում բրահմաններն այդ մասին էին խոսում, անտառներում՝ սամանաները, ամենուր և մշտապես հնչում էր Գոթամայի անունը՝ Բուդդայի, պատանիների ականջներում, չարերի ու բարիների, դրվատական փառաբանությունների ու պարսավանքի տեսքով: Ինչպես որ մի երկրում ժանտախտն է տիրապետություն հաստատում, և լուրը սկսում է թևածել, այս ու այնտեղ անպայման հայտնվում է մեկը, մի իմաստուն, գիտուն մի այր, որի խոսքն ու հագագը բավական են, որպեսզի ապաքինեն յուրաքանչյուր վարակվածի, և ինչպես որ այնուհետև այդ լուրը կտրում-անցնում է երկրով մեկ և ամեն ոք նրանից է խոսում, շատերն հավատում են, շատերն էլ կասկածում, շատերն էլ, սակայն, շուտով ճանապարհ են ընկնում իմաստունին, փրկչին որոնելու, այդպես էլ՝ երկրով մեկ կտրեց-անցավ այն առասպելը, այն բուրումնավետ ասքը Գոթամայի՝ Բուդդայի մասին, Սաքյա ցեղից սերող իմաստունի: Հավատացողներն ասում էին, որ նա տիրապետում էր բարձրագույն ճանաչողությանը, նա հիշում է իր նախկին կյանքը, նա հասել էր Նիրվանային և այլևս երբեք չէր վերադառնալու շրջապտույտի մեջ, այլևս երբեք չէր ընկղմվելու կերպարանքների պղտոր հորձանուտը: Շատուշատ հիասքանչ ու անհավատալի բաներ էին պատմվում նրա մասին, նա հրաշքներ էր գործել, սատանային հաղթել, խոսել էր աստվածների հետ: Նրա թշնամիներն ու չհավատացողները, սակայն, ասում էին, որ այդ Գոթաման կեղծ գայթակղիչ է, նա իր օրերն անցկացնում է բարեկեցության մեջ, արհամարհում էր զոհաբերումները, բնավ ուսյալ կամ գիտուն մեկը չէր, ոչ խստավարժանքների էր տիրապետում, ոչ էլ՝ ինքնաձաղկմանը: Քաղցր էր հնչում Բուդդայի մասին պատմվող զրույցը, կախարդանքն էր բուրում այդ պատմություններից: Հիվանդ էր աշխարհը, ծանր էր կրել կյանքի բեռը. և ահա, տե՛ս, թվաց թե ուր որ է մի աղբյուր է ցայտելու, թվաց սուրհանդակի կանչն է օդի մեջ հնչում, սփոփիչ, փխրաբեկ, լի ազնվածին խոստումներով: Ամենուր, ուր էլ որ Բուդդայի մասին պատմող զրույցը հնչելիս լիներ, ամենուրեք, Հնդկաստանի բոլոր երկրամասերում, պատանիները սրում էին ականջները, կարոտախտի պես մի բան զգայելով, հույսով էին լցվում, և քաղաքների ու գյուղերի բրահմանորդիների շրջանում յուրաքանչյուր ուխտավոր ու օտարական մեծարանքի ու բարիողջույնի էր արժանանում, եթե նա լուր էր բերում նրա մասին, նրա՝ Վեհագույնի, Սաքյամունիների տոհմից սերողի վերաբերյալ: Զրույցը թափանցեց նաև անտառաբնակ սամանաների շարքերը, հասավ նաև Սիդհարթային, նաև Գովինդային գտավ թևածող զրույցը, դանդաղ, կաթիլ առ կաթիլ, յուրաքանչյուր կաթիլը հույսով ծանրացած, յուրաքանչյուր կաթիլը ծանրացած տարակուսանքից: Նրանք քիչ էին խոսում այդ մասին, քանի որ սամանաներից ամենատարեցը այդ առասպելի հանդեպ բարեկամաբար չէր տրամադրված: Նա ենթադրում էր, որ այդ կարծեցյալ Բուդդա կոչվածը նախկինում մի ճգնավոր պետք է եղած լիներ, անտառաբնակ մեկը, որն հետագայում բարեկեցությանն ու աշխարհային հաճույքներին էր վերստին վերադարձել, այնպես որ այդ Գոթաման նրան բնավ չէր հետաքրքրում: - Ո՜վ Սիդհարթա,- մի անգամ խոսեց Գովինդան իր բարեկամի հետ:- Այսօր ես գյուղ էի այցելել, և բրահմաններից մեկն ինձ իր տուն հրավիրեց ու նրա հարկի ներքո ես հանդիպեցի Մագադհայից եկած մի բրահմանորդու, որն իր սեփական աչքերով էր տեսել Բուդդային և լսել նրա քարոզը: Ճշմարիտ եմ ասում, կրծքիս տակ շնչառությունս ցավեցնելու չափ ճնշեց ինձ, ու ինքս ինձ մտածեցի. արդյո՞ք ինձ էլ, արդյոք մեզ երկուսիս էլ, Սիդհարթային ու ինձ, բախտ կվիճակվի այդ կատարյալ սուրբ մարդու բերանից նրա ուսմունքը լսել... Դե խոսի՛ր, բարեկամ, չգնա՞նք մենք էլ այնտեղ՝ լսելու համար Բուդդայի ուսմունքը նրա իսկ շուրթերից: Սիդհարթան ասաց. - Ո՜վ Գովինդա, ես մշտապես կարծել եմ, թե Գովինդան կմնա սամանաների մոտ, ես միշտ հավատացած եմ եղել, թե դա է նրա նպատակը. դառնալ վաթսուն, յոթանասուն տարեկան և մշտապես զբաղվել սամանաների մշակած ճարտարարվեստով ու խստավարժանքներով: Բայց արի ու տես, որ ես Գովինդային լավ չեմ ճանաչել, շատ քիչ բան եմ իմացել նրա սրտի մասին: Հիմա, թանկագինս, դու ուրեմն ուզում ես մի նոր ուղի բացել և գնալ այնտեղ, ուր Բուդդան է իր ուսմունքը քարոզում: Գովինդան ասաց. - Դու միայն հեգնում ես: Դու դեռ շա՞տ պետք է այդպես հեգնանքով խոսես... Բայց արդյո՞ք քո մեջ էլ ցանկություն կամ փափագ չի արթնացել լսելու այդ ուսմունքը: Եվ դու չէի՞ր, որ մեկ անգամ ինձ ասացիր, թե դու այլևս երկար չպետք է ընթանաս սամանաների ճանապարհով: Այդժամ Սիդհարթան ժպտաց միայն իրեն հատուկ ժպիտով, ընդ որում՝ նրա ձայնի հնչողությունը տխրության ու հեգնանքի խառը նրբերանգներ ընդունեց, ու նա ասաց. - Դու շատ ճիշտ, իսկապես ճիշտ խոսեցիր, Գովինդա, և ճիշտ հիշեցիր այն, ինչը նաև ինձ հիշեցրիր: Բայց այդ դեպքում դու այն մյուսն էլ կարող էիր հիշել, որ ինձանից էիր լսել, այն, որ ես թերահավատությամբ եմ վերաբերում և հոգնել եմ ամեն տեսակ ուսմունքներից ու ուսուցողություններից, և որ իմ հավատը քիչ վստահություն է տածում այն խոսքերի նկատմամբ, որոնք ուսուցիչների միջոցով են մեզ լսելի դառնում: Բայց թող այդպես լինի, սիրելիս, ես պատրաստ եմ այդ ուսմունքը լսելու, չնայած ես իմ սրտի մի անկյունում կարծում եմ, որ մենք արդեն իսկ ճաշակել ենք այդ ուսմունքի լավագույն պտուղը: Խոսեց Գովինդան. - Քո պատրաստակամությունը ուրախացնում է իմ սիրտը: Բայց ասա՛ ինձ, ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչպե՞ս կարող է Գոթամայի ուսմունքը, դեռևս այն չունկնդրած, արդեն իսկ մեզ պարգևած լինի իր լավագույն պտուղը: Խոսեց Սիդհարթան և ասաց. - Եկ մենք ճաշակենք այդ պտուղը, իսկ մնացյալը թող սպասի, Գովինդա... Այդ պտուղը, սակայն, որի համար մենք արդեն իսկ երախտապարտ ենք Գոթամային, կայանում է նրանում, որ այն մեզ կտրել-հեռացնել է տալիս սամանաներից... Թե արդյո՞ք այն մեզ ուրիշ-ուրիշ, ավելի լավ բաներ էլ է ընծայելու, բարեկամս, ե՛կ դրան հանգիստ սրտով սպասենք: Նույն օրը ևեթ սամանաներից ամենատարեցին Սիդհարթան տեղեկացրեց իր որոշման մասին, այն, որ ինքը ցանկանում է լքել նրան: Նա ամենատարեց սամանային այդ մասին տեղյակ պահեց ամենայն քաղաքավարությամբ ու համեստությամբ, որպիսին պատշաճում է պատանիներին ու աշակերտներին: Սամանան սակայն զայրացավ, կատաղության գիրկն ընկավ, լսելով, որ երկու պատանիներն էլ ուզում են իրեն լքել, բարձրաձայն գոռգոռաց, լուտանքներ տեղաց, հանդիմանական արտահայտություններ թույլ տվեց նրանց հասցեին: Գովինդան վախեցավ ու շփոթության մեջ ընկավ, Սիդհարթան, սակայն, շրթունքները մոտեցրեց Գովինդայի ականջին ու կամացուկ շշնջաց. - Հիմա ես ծերունուն ցույց կտամ, որ ես ինչ-որ բան, համենայնդեպս, սովորել եմ իրենից: Քանի որ նա շատ մոտ էր կանգնած սամանային, հոգին կրծքի տակ հավաքած՝ իր հայացքով նա որսաց ծերունու հայացքը, հմայեց նրան, սպանեց, կամազրկեց նրան, ենթարկեցրեց իր կամքին, հրամայելու պես կարգադրեց նրան անձայն անելու այն, ինչ ինքը նրանից պահանջում էր: Ծերունին պապանձվեց, նրա հայացքը սառեց, կամքը կաթվածահար եղավ, ձեռքերը անուժ կախ ընկան, այդպես ուժատ ու անզոր նա ենթարկվեց Սիդհարթայի կախարդանքին: Սիդհարթայի մտքերն, այսպիսով, տիրապետություն հաստատեցին սամանայի վրա, հաղթեցին նրան, և վերջինս պետք է կատարեր այն, ինչ այդ մտքերն էին կարգադրում: Այսպես ծերունին մի քանի անգամ գլուխը խոնարհեց, օրհնության բարեբանյալ շարժումներ արեց, կակազելով՝ ճանապարհի բարեմաղթանքներ ուղղեց պատանիներին: Վերջիններս էլ երախտագիտությամբ պատասխանեցին՝ գլխահակ խոնարհումով, կրկնեցին իրենց ցանկությունը, հրաժեշտի ողջույններ արտաբերելով ետ-ետ քաշվեցին ու հեռացան: Ճանապարհին Գոթաման ասաց. - Ո՜վ Սիդհարթա, դու սամանաների մոտ ավելին ես սովորել, քան ես կարծում էի: Դա շատ դժվար է, անչափ դժվար բան է զառամյալ սամանային հմայելը: Իսկապես, եթե դու այնտեղ մնալու լինեիր, շատ շուտով կսովորեիր նաև ջրերի վրայով քայլել: - Ես բնավ չեմ տենչում և չեմ երազում ջրերի վրայով քայլել,- ասաց Սիդհարթան:- Թող այդ տարեց սամանաները իրենց այդ ճարտարարվեստով գոհանան:
ԳՈԹԱՄԱ
Սավաթհի քաղաքում յուրաքանչյուր երեխա գիտեր վսեմափայլ Բուդդայի անունը և ամեն տուն պատրաստ էր պատանի Գոթամայի՝ լռելյայն խնդրարկուի ողորմության թասը լցնել: Քաղաքի մերձակայքում գտնվում էր Գոթամայի նախասիրած բնակատեղին՝ Յեթավանա կոչված այգին, որը մեծահարուստ վաճառական Անաթապինդիկան՝ Վեհագույնի հավատարիմ երկրպագուն, նվիրաբերել էր նրան ու նրա հետևորդ-աշակերտներին :
Դեպի այդ վայրն էին մատնանշում բոլոր պատմություններն ու պատասխանները, որոնց մասին վիճակվեց տեղեկանալ երկու պատանի ուխտավորներին՝ իրենց որոնումների ճանապարհին: Եւ երբ նրանք ժամանեցին Սավաթհի, առաջին իսկ պատահած տանը, որի առջև նրանք խնդրարկուի կերպարանքով կանգ էին առել, կերակուր առաջարկվեց և նրանք ընդունեցին կերակուրը և Սիդհարթան հարց ուղղեց կնոջը, որն իրենց ուտելիքը մատուցեց. - Հաճույքով, ո՜վ դու բարեգութ կին, մեծագույն հաճույքով մենք կուզենայինք տեղեկանալ, թե որտեղ է հանգրվանում Բուդդան, Վեհագույնը: Մենք անտառաբնակ երկու սամանաներ ենք և եկել ենք տեսակցելու նրան՝ Կատարելագույնին, ու նրա շուրթերից ընդունելու ուսմունքը: Կինը խոսեց և ասաց. - Իսկապես էլ դուք այստեղ ճիշտ տեղում եք իջևանել, դուք՝ անտառաբնակ սամանաներդ: Իմացած եղեք, որ Յեթավանայում, Անաթապինդիկայի պարտեզում է հանգրվանում Վեհագույնը: Այնտեղ դուք, ուխտավորներդ, կարող եք գիշերել, քանզի այնտեղ բավարար տեղ կա անհաշվելի թվով մարդկանց համար, որոնք շարունակ այստեղ են գալիս ու գալիս, որպեսզի նրա բերանից լսեն ուսմունքը: Այս խոսքերի վրա Գովինդան ուրախացավ ու հրճվագին բղավեց. - Ցնծությո՜ւն, այսպես ուրեմն մենք մեր նպատակին հասել ենք և հասել ենք մեր ճանապարհի ավարտին... Բայց ասա՛ մեզ, ո՜վ դու մայրդ ուխտագնացների, դու ճանաչու՞մ ես նրան՝ Բուդդային, դու տեսե՞լ ես նրան քո սեփական աչքերով: Կինն ասաց. - Շա՜տ անգամներ եմ ես տեսել նրան, Վեհագույնին: Շատ օրեր եմ ես նրան տեսել, երբ նա քայլում էր փողոցներով ու նրբանցքներով, լուռ ու մունջ, դեղին թիկնոցը հագին, թե ինչպես էր նա տնակների դռների մոտ իր ողորմության թասը մեկնում, և ինչպես էր լեցուն թասը իր շուրթերին մոտեցնում: Հմայված լսում էր Գովինդան և էլի շատուշատ բաների մասին էր ցանկանում հարցուփորձ անել ու պատասխաններ լսել: Սակայն Սիդհարթան զգուշացնում էր, որ չպետք է ժամանակ վատնել, հարկավոր էր գնալ: Նրանք շնորհակալություն հայտնեցին ու շարժվեցին և գրեթե կարիքը չունեցան ճանապարհը հարցնելու, քանի որ Գոթամայի ընկերակցությունից բավական թվով ուխտավորներ ու հոգևորականներ ճամփա էին ընկել դեպի Յեթավանա: Եվ չնայած երկու ընկերները միայն գիշերվա կողմ տեղ հասան, երբ խմբվածներից շատերն էին բացականչում ու հարցուփորձ անում՝ որևէ իջևանում գիշերատեղի հայցելով, հենց նույն միջոցին էլ նրանց մշտական օթևան տրամադրվեց: Իրենց կյանքն անտառներում անցկացրած ու խստավարժ երկու սամանաները արագորեն խաղաղավետ մի օթևան գտան ու մինչև առավոտ այնտեղ հանգիստ վայելեցին: Արեգակի ծագելուն պես նրանք ականատեսը եղան և շատ զարմացան, թե հավատացյալների ու հետաքրքրասերների ինչպիսի մի հսկայական բազմություն էր այնտեղ գիշերն անցկացրել: Հիասքանչ պարտեզի բոլոր ճանապարհներին թափառում էին կրոնավորները դեղին տարազով, նրանք նստոտած էին ծառերի տակ, այս ու այնտեղ, խորասուզված հայեցողության մեջ կամ հոգևոր զրույցների բռնված, ստվերաշատ պարտեզն ասես մի քաղաք լիներ, լեփլեցուն մարդկանցով՝ մեղուների պարսի հանգույն: Հոգևորականների մեծամասնությունը օթևաններից դուրս էր թափվել՝ ողորմության թասերը ձեռքերին բռնած և ուղևորվում էր դեպի քաղաք, այնտեղ՝ կեսօրվա ճաշի համար, օրվա մեջ միակ անգամ սնունդ ընդունելուն հատկացված ժամանակը, կերակուր մուրալու: Բուդդան ինքն էլ, Վեհագույնը, լույսը բացվելուն պես մասնակցում էր կեսօրվա համար կերակուր մուրալու հանդեսին: Սիդհարթան տեսավ նրան ու անմիջապես ճանաչեց, ասես աստվածներից մեկը նրան ցույց տվեց իրեն: Նա տեսավ նրան՝ համեստ ու հասարակ մի մարդու, դեղին սքեմ հագած, ողորմության թասը ձեռքում պահած, հանդարտ ու լուռ ընթանալիս: - Նայի՛ր այստեղ,- կամացուկ ասաց Սիդհարթան Գովինդային,- ահա՛, ահա՛ նա՝ Բուդդան: Գովինդան ուշիուշով նայում էր դեղին սքեմազգեաց հոգևորականին, որն ասես ոչնչով չէր տարբերվում հարյուրավոր այլ վանականներից: Գովինդան նույնպես շատ շուտ ճանաչեց նրան. ահա՛ նա: Եվ նրանք հետևեցին նրան և ուշադիր զննում էին: Բուդդան քայլում էր իր ճանապարհով, համեստ ու լուռ, մտածությունների մեջ ընկղմված, նրա խաղաղված դեմքն ոչ այն է ուրախություն էր արտահայտում, ոչ էլ տխրություն, և թվում էր, թե նրա ներսում մի ժպիտ էր քարացել: Ծպտյալ ժպիտը դեմքին, հանդարտ ու խաղաղ, առողջ երեխայի նմանողությամբ, շրջում էր Բուդդան, սքեմազգեաց, և քայլերը գցում էր այնպես, ինչպես իր բոլոր վանականները, խստիվ համաձայն հրահանգներին: Սակայն նրա դեմքից ու քայլվածքից, նրա խաղաղ ու խոնարհ հայացքից, նրա լուռ կախ ընկած ձեռքից, ինչպես և այդ խաղաղության մեջ կախ ընկած ձեռքի յուրաքանչյուր մատից խաղաղություն էր ծորում, նրանցում խոսում էր կատարելությունը՝ ոչինչ չորոնող, ոչնչի չընդօրինակող, մեղմ ու հեզ շնչում էր անթոշնելի հանգստավետության մեջ, անթորշոմելի լույսի մեջ թաթախված, անխաթար խաղաղությանն անձնատուր: Այսպես քայլում էր Գոթաման քաղաքի ուղղությամբ՝ ողորմություն մուրալու, և զույգ սամանաները ճանաչեցին նրան հենց միայն նրան պաշարած կատարելագույն խաղաղությունից, նրա կերպարանքի հանդարտությունից, որի մեջ ոչ որոնում կարելի էր նկատել, ոչ ցանկություն, ոչ ընդօրինակման տենչ, ոչ էլ ճիգ ու ջանք, բայց միայն լույս ու խաղաղություն: - Այսօր մենք ուսմունքը կլսենք նրա շուրթերից,- ասաց Գովինդան: Սիդհարթան պատասխան չտվեց: Նա քիչ էր հետաքրքրված այդ ուսմունքով, նա չէր կարծում, թե այն մի ինչ-որ նոր բան էր սովորեցնելու իրեն, սակայն նա ևս, ինչպես Գովինդան, շատուշատ անգամներ, այս ու այնտեղից իմացել էր Բուդայի այդ ուսմունքի բովանդակության մասին, թող որ թեկուզև երկրորդ կամ երրորդ ձեռքից ստացած տեղեկություններից: Բայց նա ուշադիր նայում էր Գոթամայի գլխին, նրա ուսերին, նրա ոտքերին, նրա հանդարտ կախ ընկած ձեռքին, ու իրեն թվաց, թե այդ ձեռքի վրա գտնվող յուրաքանչյուր մատի յուրաքանչյուր հատված հենց ինքը ուսմունքն էր, որ կար, նրանցում խոսում էր, շնչում, բուրում էր ու փայլատակում ճշմարտությունը: Այդ մարդը, Բուդդան ճշմարտացի էր մինչև իր մատների ծայրը: Այդ մարդը սուրբ էր: Սիդհարթան երբեք ոչ ոքի այդպես չէր հարգել, երբեք ոչ մի մարդու այդպես չէր սիրել, ինչպես այս մեկին: Երկուսով հետևեցին Բուդդային մինչև քաղաք ու լռելյայն ետ վերադարձան, քանզի որոշել էին այդ օրը կերակուրից հրաժարվել: Նրանք տեսան Գոթամային վերադառնալիս, տեսան նրան իր հետևորդների շրջապատում կերակուր ընդունելիս, նրա կերածը թռչուններին անգամ չէր կշտացնի, ապա նրան տեսան՝ արդեն ընկողմանած մանգոյի ծառի ստվերներում: Սակայն երեկոյան կողմ, երբ կեսօրվա տապը տեղի էր տվել ու ճամբարում ամեն ինչ կենդանության շունչ էր առել, բոլորը սկսեցին հավաքվել Բուդդայի ուսմունքը ունկնդրելու: Նրանք լսում էին նրա ձայնը, որը նույնպես կատարելությամբ էր ճառագում, կատարելապես հանգստավետ ու խաղաղ: Գոթաման ուսուցանում էր տառապանքի ուսմունքը, տառապանքի ծագման մասին էր բարբառում, տառապանքից ձերբազատման մասին: Հանդարտ ու պարզ հոսում էր նրա խաղաղարար խոսքը: Տառապանք էր կյանքը, աշխարհը լի էր տառապանքով, սակայն տառապանքներից փրկությունը այլևս գտնված էր. փրկությունը գտնում էր նա, ով Բուդդայի ճանապարհով էր ընթանում: Հեզաբարո, սակայն հաստատակամ ձայնով էր խոսում Վեհագույնը, ուսուցանում էր չորս գլխավոր ճշմարտությունների մասին, մեղքերի քավության ութնանդամ ուղու: Համբերատար անցնում էր նա ուսմունքի մատուցման սովորական ճանապարհով՝ օրինակների ու կրկնությունների միջոցով, լուսավոր ու խաղաղ ճախրում էր նրա ձայնը ունկնդիրների գլխավերևում՝ որպես լույս, որպես աստղալից երկինք: Երբ Բուդդան, այն պահին, երբ արդեն գիշերն իջել էր, եզրափակեց իր ճառը, ուխտավորներից ոմանք առաջ եկան ու խնդրեցին իրենց ընդգրկել ընկերակցության շարքերը, իրենց ապաստանը գտնելով ուսմունքի մեջ: Եվ Գոթաման ընդունելով նրանց ասաց. - Դուք լսեցիք ուսմունքը, լսեցիք, թե ինչ է այն քարոզում: Եկե՛ք, ուրեմն դեպի մեզ և ապրեք սրբության մեջ, եթե ուզում եք վերջ տալ բոլոր տառապանքներին: Եվ ահա Գովինդան, որ միշտ հեզ էր ու խոնարհ, առաջացավ ու ասաց. - Ես էլ եմ ցանկանում հետևորդը դառնալ Վեհագույնի ու նրա ուսմունքի: Այս ասելով՝ նա խնդրեց իրեն էլ ընդունել աշակերտների մեջ ու նրա խնդրանքը բավարարվեց: Այն բանից հետո, երբ Բուդդան իր գիշերային հանգիստն էր վայելում, Գովինդան դարձավ Սիդհարթային ու ձայնի եռանդուն հնչերանգով ասաց. - Ինձ վայել չէ, Սիդհարթա, հանդիմանել քեզ: Բայց մենք երկուսս էլ ուշիուշով լսեցինք Վեհագույնին, և երկուսս էլ ուսմունքն ընդունեցինք: Գովինդան ունկնդրեց ուսմունքը և անդամագրվեց այդ ուսմունքի հետևորդներին: Սակայն դու՛, հարգարժան, մի՞թե դու չես ուզում փրկության ուղով ընթանալ: Էլ ինչու՞ ես հապաղում, ինչի՞ ես սպասում: Սիդհարթան ասես քնից արթնացավ, երբ Գովինդայի խոսքերը լսեց: Նա երկար-երկար նայեց Գովինդայի դեմքին: Հետո հանդարտ խոսեց, հեգնանքից զերծ ձայնով. - Գովի՛նդա, բարեկա՛մս, հիմա դու քայլ կատարեցիր և քեզ համար ճանապարհ ընտրեցիր: Ո՜վ Գովինդա, դու միշտ իմ ընկերն ես եղել, մշտապես ինձանից մի քայլ ետ ես քայլել: Ես հաճախ եմ մտածել. մի՞թե մեկ անգամ էլ Գովինդան միայնակ ինքնուրույն մի քայլ չի կատարելու, առանց ինձ, սեփական հոգու թելադրանքով: Բայց ահա՛, հիմա դու տղամարդ ես դարձել և ինքդ ես քո ճանապարհն ընտրում: Թող որ այդպես դու քո ճանապարհը մինչև վերջ գնաս, թող որ դու գտնես փրկությունը... Գովինդան, բարեկամի խոսքերից անակնկալի եկած և ասվածը լավ չհասկանալով՝ անհամբերության շեշտով կրկնեց իր հարցը. - Դե խոսի՛ր, ես խնդրում եմ քեզ, սիրելիս: Ասա՛ ինձ, ասա՛, որ այլ կերպ չի էլ կարող լինել, ասա՛, որ դու նույնպես, իմ ուսյալ բարեկամ, ապաստան կգտնես վսեմափայլ Բուդդայի ուսմունքի մեջ.. Սիդհարթան ձեռքը դրեց Գովինդայի ուսին. - Դու չլսեցիր իմ օրհնությունը, ո՜վ Գովինդա: Ես այն նորից եմ կրկնում. Թող որ այդպես դու քո ճանապարհը մինչև վերջ գնաս, թող որ դու գտնես փրկությունը... Այդ պահին Գովինդան հասկացավ, որ իր ընկերը լքել է իրեն ու նա սկսեց լհեկեկալ: - Սիդհա՛րթա,- ճչաց նա բողոքավորի ձայնով: Սիդհարթան բարեկամաբար ասաց նրան. - Մի՛ մոռացիր, Գովինդա, որ դու հիմա Բուդդայի սամանաների թվին ես պատկանում.. Դու հրաժարվել ես քո հայրենի եզերքից, հայենական տնից ու ծնողներից, հրաժարվել ես քո դասից ու սեփականությունից, հրաժարվել ես քո սեփական կամքից, հրաժարվել ես բարեկամությունից ու ընկերությունից: Այդպիսին է քո ընտրած ուսմունքի պահանջը, այդպիսին է Վեհագույնի կամքը: Դու ի՛նքդ ես դա ցանկացել: Վաղն առավոտյան, ո՜վ Գովինդա, ես քեզանից կհեռանամ: Դեռ երկար ժամանակ թափառում էին բարեկամները մարգագետիններում, հետո երկար պառկեցին խոտերին, բայց աչքերին քուն չէր գալիս: Եւ նորից ու նորից Գովինդան շարունակ հարցերի տարափ էր տեղում իր բարեկամին, խնդրում էր իրեն ասել, թե ինչու՞ նա չի ցանկանում անդամակցել Գոթամայի ուսմունքին, ի՞նչ սխալմունք կամ պակասություն է տեսնում նրա ուսմունքի մեջ: Սիդհարթան, սակայն, ամեն անգամ հրաժարվում էր պատասխանել նրան և ասաց. - Հանգստացի՛ր, Գովինդա... Շա՜տ լավն է Վեհագույնի ուսմունքը, ինչպե՞ս ես կարող եմ նրա մեջ թերություն կամ պակասություն գտնեմ: Վաղ առավոտյան Բուդդայի հետևորդներից մեկը, նրա ամենատարեց վանականներից մեկն անցնում էր պարտեզի միջով, իր մոտ կանչելով բոլոր նրանց, որոնք, նորեկներ լինելով, անդամագրվել էին ուսմունքին, որպեսզի նրանց դեղին հանդերձանք հագցներ ու տեղյակ պահեր նրանց իրենց համքարության առաջին կանոնների ու պարտականությունների մասին: Այդժամ Գովինդան պոկվեց տեղից, մեկ անգամ ևս գրկեց-համբուրեց իր պատանեկության ընկերոջն ու միացավ նորաթուխ անդամների շարքերին: Սիդհարթան, սակայն, մտասույզ թափառում էր պարտեզում: Հանկարծ նրա դեմ ելավ Գոթաման, Վեհագույնը, ու երբ Սիդհարթան երկյուղած մեծարանքով ողջունեց նրան՝ Բուդդային, և քանի որ նրա հայացքն այնպես լի էր բարությամբ ու խաղաղությամբ, պատանին դրանից քաջությամբ լցվեց և Վեհագույնից թույլտվություն հայցեց իրեն դիմելու: Վեհագույնը լռելյայն գլխով համաձայնության նշան արեց: Սիդհարթան խոսեց և ասաց. - Երեկ, ո՜վ Վեհագույն, ինձ բախտ վիճակվեց ունկնդիր լինել քո հրաշափառ ուսմունքին: Իմ բարեկամի հետ միասին ես այստեղ եմ եկել հեռու-հեռվից՝ ուսմունքը լսելու նպատակով: Եվ այժմ իմ բարեկամը մնալու է քո աշակերտների հետ, քեզ մոտ է նա իր ապաստանը գտել: Իսկ ես պետք է վերստին շարունակեմ իմ ուխտագնացությունը: - Ինչպես հարմար կգտնես,- քաղաքավարի պատասխանեց Վեհագույնը: - Շատ չոր ստացվեց իմ խոսքը,- շարունակեց Սիդհարթան,- բայց ես չէի ցանկանա լքել Վեհագույնին՝ առանց որ ինձ պաշարած մտքերը ազնվաբար նրան հաղորդելու: Արդյո՞ք Վեհագույնը մի կարճ ակնթարթ միայն ինձ իր ուշադրությանը կարժանացնի: Բուդդան լռելյայն գլխով համաձայնության նշան արեց: Սիդհարթան ասաց. - Ո՜վ Վեհագույն, քո ուսմունքի մեջ ինձ ամենից շատ մի բան զարմանք պատճառեց: Քո ուսմունքում ամեն-ամեն ինչ կատարելապես պարզ է ու համոզիչ: Դու աշխարհը ցույց ես տալիս որպես մի կատարյալ, երբեք և ոչ մի տեղ չխզված շղթա, որպես մի հավերժական հերթափոխ, կազմված պատճառից ու հետևանքներից: Երբեք և ոչ ոքի կողմից դա այդպես պարզ չի տեսնվել կամ գիտակցվել, երբեք այն այդպես անառարկելիորեն ապացուցված չի եղել: Յուրաքանչյուր բրահմանի սիրտը կրծքի տակ իսկապես որ պետք է ոգևորությունից տրոփի, երբ նա, քո ուսմունքի միջով աշխարհին է նայում որպես մի կատարյալ փոխկախվածությունների շղթայի, առանց բացթողումների, հստակ ու վճիտ՝ ինչպես բյուրեղը, որը կախված չէ պատահական դիպվածներից, կախված չէ աստվածներից: Ուրիշ հարց է, թե արդյոք աշխարհը բարի է, թե չար, նրանում ընթացող կյանքը տառապանք է, թե երջանկություն, այստեղ դա կարևոր չէ, դա նույնիսկ երևի թե էական էլ չէ: Սակայն աշխարհի միասնությունը, իրադարձությունների փոխկապակցվածությունը, բոլոր տեսակի մեծ ու փոքրի ենթակայությունը միևնույն հորձանքին, պատճառների, սկզբնավորման ու վախճանի միևնույն օրենքին, սա է, որ ամենապայծառ հստակությամբ ճառագում է քո վսեմաշուք ուսմունքից, ո՜վ Կատարելագույնդ: Այժմ սակայն, համաձայն քո իսկ ուսմունքի, պարզվում է, որ բոլոր իրերի միասնականությունն ու բնական ժառանգորդությունը մի կետում ընդհատվել-խզվել է, մի փոքրիկ սողանցքից այս միասնականության աշխարհն է ներխուժել օտար մի բան, նորահայտ մի բան, այնպիսի մեկը, որ մինչ այժմ գոյություն չի ունեցել, և որը, հետևաբար, անկարելի է ցուցանել կամ ապացուցել. և դա աշխարհի հաղթահարման, փրկության ու ապաշխարության քո ուսմունքն է: Այդ պստլիկ անցքի պատճառով, այդ աննշան թվացող խզման հետևանքով, սակայն, այդ ողջ հավերժական ու միասնական աշխարհի օրենքը վերստին խախտված է և ուժը կորցրած: Այստեղ ես հայցում եմ քո ներողամտությունը իմ այս առարկության կապակցությամբ: Լուռ ու հանգիստ Գոթաման լսեց նրան: Իր հեզ, բարեհունչ ու վճիտ ձայնով այսպես խոսեց Կատարյալը. - Դու լսեցիր ուսմունքը, ո՜վ բրահմանորդի, և փա՛ռք քեզ, որ այդքան խորը ընկալեցիր այն: Դու նրանում մի ճեղքվածք, սխալմունք գտար: Շարունակի՛ր ավելի խորանալ նրա մեջ: Բայց զգուշացի՛ր, խուսափի՛ր, ո՜վ դու հետաքրքրասեր, կարծիքների թավուտներից և բառերի կռվից: Խնդիրը կարծիքներին չի վերաբերում, ինչպիսին էլ նրանք լինեն, գեղեցիկ կամ տգեղ, խելացի, թե անմիտ, ամեն ոք ազատ է ընդունելու դրանք կամ մերժելու: Այն ուսմունքը, որը սակայն դու ինձանից լսեցիր, կարծիք չէ, և այն նպատակ չի հետապնդում բացատրելու աշխարհը հետաքրքրասերների համար: Նրա նպատակն ուրիշ է. քավությունը, տառապանքից ազատումը: Սա՛ է, ինչ ուսուցանում է Գոթաման, և ոչ թե մեկ այլ բան:
- Խնդրում եմ դու իմ վրա մի բարկացիր, Վեհագու՛յնդ,- ասաց պատանյակը:- Վիճելու համար չէր, բառերի պատճառով քեզ հետ վիճաբանելու համար չէր, որ ես այդպես խոսեցի քեզ հետ: Հազար անգամ դու իրավացի ես, խնդիրն իսկապես կարծիքներին չի վերաբերում: Բայց թու՛յլ տուր ինձ մի բան էլ ասեմ. ես վայրկյան անգամ չեմ տարակուսել քո առնչությամբ, ես վայրկյան անգամ չեմ կասկածել, որ դու իսկապես Բուդդան ես, որ դու հասել ես նպատակին, բարձրագույն նպատակին, որի համար տասնյակ հազարավոր բրահմաններ ու բրահմանորդիներ ճանապարհ են ընկել: Դու գտել, հայտնաբերել ես մահվանից փրկությունը: Դու դրան հասել ես քո սեփական որոնումների միջոցով, քո՛ իսկ անցած ճանապարհի շնորհիվ, քո՛ մտածությունների, ինքնասուզումների, ճանաչողության, պայծառատեսության շնորհիվ: Բայց ոչ երբեք մի ինչ-որ օտար ուսմունքի սերտման միջոցով... Եւ, այսպիսին է իմ միտքը, ո՜վ Վեհագույն, ոչ ոք չի կարող հասնել փրկության շնորհիվ որևէ ուսմունքի: Ոչ ոքի, ո՜վ Վեհագույնդ, դու չես կարող բառերի ու խրատուսույցների միջոցով հաղորդել ու արտահայտել այն, ինչը քեզ վիճակվել է վերապրել քո պայծառատեսության պահին... Շա՜տ բան է իր մեջ բովանդակում պայծառատես Բուդդայի ուսմունքը, շատ-շատերին այն կուսուցանի ճիշտ և արդարամիտ ապրելու արվեստը, չարից խուսափելու գիտությունը: Միայն մի բան կա, որ պակասում է այդ այնքան պարզ ու այնքան բարձրուվեհ ուսմունքին. այն իր մեջ չի բովանդակում, նրա մեջ բացահայտված չէ այն բանի գաղտնիքը, թե ի՛նչ է Վեհագույնն ինքը վերապրել, միայնումիայն նա՝ հարյուր հազարավորների մեջ: Ահա՛ թե ես ինչ էի մտածում և ինչ հասկացա ուսմունքն ունկնդրելիս: Սա է պատճառը, որ ես որոշեցի վերստին շարունակել իմ որոնումները և ճանապարհ ընկնել, բնավ ոչ այն նպատակով, որ մեկ ուրիշ, ավելի լավ ուսմունք գտնեմ, քանզի ես արդեն գիտեմ, որ այդպիսին չկա, այլ որպեսզի բոլոր ուսմունքներին ու բոլոր ուսուցիչներին մնաս բարով ասեմ ու միայնակ մնալով, մենության մեջ իմ նպատակին հասնեմ, և կամ վախճանվեմ: Սակայն շատ հաճախ ես դեռ կվերհիշեմ այն օրն ու ժամը, ո՜վ Վեհագույնդ, երբ իմ աչքերը սուրբիդ տեսան:
Բուդդան խոնարհ հայացքը հառել էր գետնին, խաղաղ, կատարյալ անվրդովությամբ էր ճառագում նրա անթափանց ու անորսալի դեմքը: - Թող որ քո մտքերը հանկարծ մոլորություն դուրս չգան,- դանդաղ, ծոր տալով խոսեց Վեհագույնը:- Ես քեզ ցանկանում եմ, որ դու հասնես քո նպատակին ... Բայց, ասա՛ ինձ, դու տեսա՞ր իմ սամանաների բազմությունը, իմ բազմահազար եղբայրներին, որոնք ապաստան են գտել իմ ուսմունքի մեջ: Եվ դու կարծում ես, օտարական սամանա, դու կարծում ես, որ նրանց բոլորի համար ավելի լավ կլինի հրաժարվե՞ն այդ ուսմունքից և վերադառնան աշխարհիկ կյանքի՞ն, որ լի է ամեն տեսակի կրքերո՞վ: - Ես շատ հեռու եմ նման գաղափարից,- բացականչեց Սիդհարթան:- Թող նրանք բոլորը հավատարիմ մնան ուսմունքին, թող հասնեն իրենց նպատակին: Ինձ չի պատշաճում դատել ուրիշներին: Միայն ինձ համար, միայնումիայն ի՛նձ համար հարկ է որ ես դատավճիռ կայացնեմ, ընտրել մի բան, մերժել մյուսը: Մենք, սամանաներս, որոնում ենք եսից ազատագրվելու ուղին, ո՜վ Վեհագույնդ: Եթե ես դառնամ մեկը քո աշակերտներից, ո՜վ Վսեմափայլ, ապա ես վախենում եմ, որ իմ եսը միայն արտաքուստ, թվացյալ իմաստով միայն հանգիստ կառնի ու փրկություն կգտնի, իսկ իրականում այն կշարունակի ապրել և նույնիսկ գուցե ավելի կմեծանա, կաճի, քանզի այդ դեպքում հենց ինքը՝ ուսմունքը և նրա նկատմամբ իմ հավատարմությունը, քո հանդեպ իմ տածած սերը և վանականների համայնքային կյանքը կդառնան իմ եսը... Կիսաժպիտը դեմքին, անվրդով պայծառությամբ ու բարյացկամությամբ Գոթաման նայեց օտարականի հայացքի մեջ ու հրաժեշտ տվեց նրան գրեթե անտեսանելի շարժումով: - Խելացի ես դու, ո՜վ սամանա,- նկատեց Վսեմափայլը:- Եւ գիտես խելացի խոսել, բարեկամս: Զգուշացի՛ր, սակայն, չափից ավելի խելամտություններ արտահայտելուց: Ասելուն պես Բուդդան շրջվեց ու հեռացավ, սակայն նրա հայացքն ու կիսաժպիտը հավերժ դաջվեցին-մնացին Սիդհարթայի հիշողության մեջ: - Ես երբեք չեմ տեսել այսպիսի մի մարդու, որն այդօրինակ հայացք ու ժպիտ ունենար, որ այդպիսի նիստուկացի տիրապետելիս լիներ,- մտածեց Սիդհարթան,- ես ինքս էլ կուզենայի նրա հայացքն ու ժպիտն ունենայի, նրա նման նստել ու քայլել իմանայի, այնպես անբռնազբոս ու ազատ, այնպես արժանապատիվ, ծածուկ ու բացազատ, մանկան նման այնքան պարզ ու խորհրդավոր: Այդպես իրականում կարող է նայել ու քայլել միայն այն մարդը, որին վիճակվել է ներթափանցել իր եսի ամենաթաքուն խորխորատները: Ուրեմն ես էլ կփորձեմ հասնել իմ եսի ամենախոր շերտերը: - Ես տեսա մի մարդու,- շարունակում էր մտածել Սիդհարթան,- միակ մարդուն, որի առաջ ես պետք է հայացքս խոնարհեի: Ուրիշ էլ ո՛չ ոքի առաջ ես այլևս չեմ ցանկանում հայացքս խոնարհել, ո՛չ ոքի առաջ: Այլևս ոչ մի ուսմունք չի կարող ինձ գայթակղել, եթե այս մարդու ուսմունքը չկարողացավ ինձ իրեն ենթարկեցնել: - Ինձ թալանեց, կողոպտեց Բուդդան,- մտածում էր Սիդհարթան,- նա ինձ շատ բանից զրկեց, բայց ավելի շատ բաներ պարգևեց նա ինձ: Նա ինձանից խլեց իմ ընկերոջը, այն մարդուն, որն հավատում էր ինձ և որն այլևս իրեն է հավատում, նա՛, որ իմ ստվերն էր ու հիմա Գոթամայի ստվերը դարձավ: Փոխարենը, սակայն, նա ինձ նվիրեց Սիդհարթային, նվիրեց հենց ինձ:
ԱՐԹՆԱՑՈՒՄ
Երբ Սիդհարթան լքեց պարտեզը, թողնելով այնտեղ Բուդդային՝ Կատարյալին, թողնելով այնտեղ Գովինդային՝ իր ընկերոջը, այդ պահին նա զգաց, որ այդ պարտեզում նա թողել էր նաև իր նախկին կյանքը, և հրաժեշտ էր տվել նրան՝ իր նախկին կյանքին: Այդ զգացողությունը այնպես համակեց նրան, որ նա այլևս անկարող էր որևէ այլ բանի մասին մտածել: Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ նա ցանկանում էր հասկանալ ինքն իրեն, ինչպես մի մարդ, որ սուզվել էր խորը ջրի մեջ, նա խորացավ մինչև այդ զգացողության հատակը, մինչև նրա սկզբնապատճառները, քանզի կարծում էր, որ պատճառների ճանաչման մեջ է հենց մտածողության նպատակը: Միայն այդ պայմանով զգացողությունները դառնում են ճանաչողություն ու չեն կորչում, այլ էություն են ձեռք բերում և սկսում են ճառագել այն լույսը, որ պարփակված է իրենց մեջ: Դանդաղ ընթանալով իր ճանապարհով՝ Սիդհարթան ընկել էր մտածությունների գիրկը: Նա հասկացավ, որ ինքն այլևս դադարել էր պատանի լինելուց, տղամարդ էր դարձել: Նա հասկացավ, որ ինչպես օձն է իր կաշին փոխում, ինքն էլ իր վրայից նետել է մի բան, որն իր ողջ պատանեկության ընթացքում իր ուղեկիցն էր եղել, իրեն է պատկանել. ազատվել էր ուսուցիչ ունենալու և այլոց ուսմունքներին հետևելու ցանկությունից: Իր ճանապարհին հանդիպած վերջին ուսուցչին, վսեմագույն և իմաստնագույն ուսուցչին, սրբազան Բուդդային ինքը լքել էր, հարկադրված բաժանվել էր նրանից, անկարող լինելով ընդունելու նրա ուսմունքը: Ավելի դանդաղեցնելով իր ընթացքը, մտքերի մեջ խոռասուզված՝ նա ինքն իրեն հարցնում էր. - Բայց իսկապես ի՞նչ էիր դու ցանկանում սովորել ուսուցիչներից ու նրանց ուսմունքներից, և այդ ի՞նչն էր, որ ինչքան էլ նրանք փորձեցին քեզ սովորեցնել, սակայն այդպես էլ չկարողացան սովորեցնել քեզ:- Եվ նա գտավ պատասխանը,- սեփական եսի, նրա իմաստի ու էության ճանաչողությունը, ահա՛ թե ինչի էի ես ձգտում, ինչ էի ցանկանում սովորել: Ես ուզում էի ձերբազատվել նրանից, հաղթահարել իմ եսը: Բայց այդ բանը ես չկարողացա անել, ես կարողացա լոկ մոլորեցնել նրան, փախչել նրանից, թաքնվել նրանից: Իսկապես, աշխարհում ոչինչ այնքան չէր զբաղեցնում իմ միտքը, որքան իմ այդ եսը, այն հանելուկը, որ ես ողջ եմ, ապրում եմ, այն, որ ես բոլոր մյուսներից տարբեր ու առանձնակի մի բան եմ ինձանից ներկայացնում, որ ես Սիդհարթան եմ... Եվ աշխարհում ոչ մի բանի մասին ես այնքան ավելի քիչ չգիտեմ, որքան Սիդհարթայի մասին... Դանդաղորեն ընթացողն ու մտածություններին տրվածը կանգ առավ՝ այդ վերջին մտքից ցնցված, և այդ մտքից անմիջապես էլ մեկ ուրիշը ծնվեց. այն որ ես ոչինչ չգիտեմ իմ մասին, որ Սիդհարթան ինձ համար մնում էր օտար ու անծանոթ մեկը, գալիս է մեն-միակ պատճառից, այն որ ես վախենում էի ինքս ինձանից, փախչում էի ինքս ինձանից... Ես փնտրում էի Աթմանը, փնտրում էի բրահմանը, ես կամենում էի իմ եսը բաժան-բաժան անել, մասերի բաժանել, մաքրել բոլոր թաղանթներից, որպեսզի նրա անծանոթ խորխորատներում գտնել կարողանայի բոլոր այդ թաղանթների սրտամիջուկը՝ Աթմանին, կյանքը, աստվածայինը, նախասկզբնատուին: Ընդսմին, այդ փնտրտուքի մեջ, սակայն, ես ինքս ինձ կորցրեցի: Սիդհարթան բացեց աչքերը և շուրջբոլորը նայեց, ժպիտը փայլեց նրա դեմքին և երկարատև քնից հետո արթնացումի զգացումը հորձանք տվեց նրա մեջ ու ծառս եղավ: Եվ նա սկսեց ավելի ու ավելի արագ քայլեր գցել, որպես մի տղամարդ, որը գիտե, թե ինչ պետք է ինքը անի: - Օ՜,- մտածեց նա՝ թեթևացած շունչ քաշելով,- հիմա ես այլևս թույլ չեմ տա, որ Սիդհարթան խույս տա ինձանից: Ես այլևս իմ մտքերն ու կյանքը չեմ նվիրաբերելու Աթմանին ու աշխարհային տառապանքին: Ես այլևս ինձ չեմ սպանելու ու քայքայելու պես կտոր-կտոր անելու, որպեսզի ավերակների ետևում ինչ-ինչ գաղտնիք գտնեմ: Ես այլևս չեմ ղեկավարվելու ոչ Յոգա-վեդայով, ոչ Աթհարվա-վեդայով, ոչ ճգնակեցությամբ կամ որևէ այլ ուսմունքով: Ինքս ինձ մոտ ես պետք է ուսանեմ, ես ուզում եմ ինքս իմ աշակերտը լինել, ինքս ինձ ճանաչել, գաղտնիքը, որ կոչվում է Սիդհարթա: Նա զմայլված իր շուրջն էր նայում, ասես առաջին անգամ էր աշխարհը տեսնում: Ի՜նչ գեղեցիկ էր աշխարհը, բազմազան ու գունագեղ, զարմանահրաշ ու առեղծվածային էր աշխարհը... Մի տեղ կապույտ էր, մեկ այլ տեղ՝ դեղին, երրորդում կանաչ, երկինքն էր հոսում ու գետը, զառիվեր խոյանում էին անտառն ու լեռը, ողջը գեղեցիկ էր, ամեն-ամեն ինչ առեղծվածային էր ու կախարդական, և այդ ողջ հրաշքի ճիշտ մեջտեղում կանգնած էր ինքը՝ Սիդհարթան, արթնացողը, ինքն իրեն վերադարձի ճանապարհին: Այդ ամենը, բոլոր այդ դեղինն ու կապույտը, գետն ու անտառը, առաջին անգամը լինելով, մուտք էր գործում Սիդհարթայի մեջ՝ նրա աչքերի միջով: Այդ ամենը այլևս Մարայի կախարդությունը չէր կամ Մայայի շղարշաքողը, երևույթների աշխարհի իմաստազուրկ ու պատահական բազմաբղետությունը, որ այնքան ատելի էր խորագետ բրահմանի համար, որն արհամարհում, անտեսում էր բազմազանությունը, որոնելով միասնականը: Կապույտը կապույտ էր, գետը գետ, և թեկուզ կապույտի ու գետի մեջ, Սիդհարթայի մեջ ծպտված ապրում էր միասնականն ու աստվածայինը, սակայն, չէ՞ որ հենց դրանում է աստվածայինի հատկությունն ու իմաստը. այստեղ դեղին լինել կամ կապույտ, այնտեղ՝ երկինք, ահա այնտեղ՝ անտառ, իսկ այստեղ էլ՝ Սիդհարթա: Իմաստն ու էությունը երբեք ինչ-որ տեղ, իրերից զատ, նրանցից դուրս չեն եղել, այլ հենց նրանց մեջ ամփոփված, ամեն-ամեն ինչում, ամենագո: - Եվ ինչքա՜ն խուլ ու բութ էի ես,- մտածեց Սիդհարթան՝ քայլերն արագ-արագ գցելով:- Երբ մեկը մի ձեռագիր է ընթերցում և ցանկանում է հասկանալ նրա իմաստը, նա երբեք չի արհամարի կամ ատի նշաններն ու տառերը և նրանց չի կոչի խաբկանք, մոլորություն, պատահականություն կամ անարժեք թաղանթ, այլ նա կընթեռնի դրանք՝ տառ առ տառ, սիրով կլցվի նրանց նկատմամբ, ամեն տառի ու նշանի հանդեպ: Մինչդեռ ես, որ ցանկանում էի ընթեռնել աշխարհի և իմ սեփական էության գիրքը, մի ինչ-որ նախապես ենթադրյալ իմաստի սիրույն արհամարհանքով էի նայում նշաններին ու տառերին, երևույթների աշխարհը ես կոչում էի մոլորություն ու խաբկանք, իմ աչքն ու իմ լեզուն անվանում էի պատահական ու արժեզուրկ երևույթներ: Օ՜ ոչ, դա արդեն անցյալին է պատկանում, ես արդեն արթնացել եմ, ես իսկապես որ արթնացել եմ, ես հենց միայն այսօր եմ ծնվել: Իր խորհրդածությունների ծիրում հասնելով այդ կետին՝ Սիդհարթան անսպասելիորեն կանգ առավ, ասես ոտքերի տակ պառկած օձից ցնցվելով: Բայց հանկարծ մի բան էլ նրա համար պարզ դարձավ. ինքը, որ իսկապես արթնացել ու նորից էր ծնվել, հետևաբար պետք է իր կյանքը ևս ամենասկզբից սկսեր: Երբ նա այդ նույն առավոտյան լքում էր Յեթավանայի պարտեզը, այն Վեհագույնի պարտեզը, արդեն կիսով չափ արթնացած, արդեն դեպի ինքն իրեն վերադառնալու ճանապարհին էր, ինքը նպատակադրվել էր, ինչն իրեն այնքա՜ն բնական ու ինքնին հասկանալի թվաց, այդքան երկար տարիներ ճգնակեցությանը տրվելուց հետո վերադառնալ հայրենի տուն, իր հոր մոտ: Բայց հիմա, այն նույն պահին, երբ նա կանգ էր առել՝ ասես ոտքերի տակ պառկած օձից ցնցվելով, նրա մեջ արթնացավ հետևյալ գիտակցությունը. - Բայց չէ՞ որ ես այլևս այն չեմ, ինչ էի առաջ, ես այլևս ճգնավոր չեմ, ես այլևս քուրմ չեմ, ոչ էլ բրահման: Ուրեմն ի՞նչ պետք է անեմ տանը, հորս հարկի տակ: Նորի՞ց սովորեմ, զոհե՞ր մատուցեմ: Ինքնախորասուզման արվեստի մե՞ջ վարժվեմ: Բայց այդ ամենին ես արդեն հրաժեշտ եմ տվել, այդ ամենն այլևս տեղ չունի իմ ճանապարհին: Անշարժացած՝ կանգ առավ Սիդհարթան, ասես գետնին գամված: Միայն մի պահ, շունչ քաշելու չափ տևած մի վայրկյան նրա սիրտը կանգ առավ, նա զգաց, թե ինչպես իր սիրտը, փոքրիկ մի թռչունի, գազանիկի կամ ճագարի նման սառչեց ու կծկվեց կրծքի տակ՝ այն մտքից սարսռած, թե որքա՜ն միայնակ է ինքը: Տարիներ շարունակ նա ապրել էր անհայրենիք և չէր զգացել դա: Հիմա նա զգաց դա: Այդ ողջ ընթացքում, իր ինքնախորասուզման ամենախորը պահերին անգամ նա միշտ եղել ու մնացել էր իր հոր որդին, մնացել էր բրահման, բարձր դասին պատկանող մեկը, ուսյալ ու գիտուն: Հիմա նա ընդամենը Սիդհարթան էր, ճիշտ է՝ արթնացած, բայց միայն այդքանը: Նա խորը շունչ քաշեց և ցրտից սարսռաց: Ոչ ոք այնպես մենակ չէր, ինչպես ինքը: Բոլոր բարձր դասի ներկայացուցիչները, բոլոր արհեստավորները պատկանում էին իրենց ու միայն իրենց դասին, ապաստան էին գտնում իրենց նմանների մոտ՝ ազնվացեղների կամ արհեստագործների, կիսում էին նրանց կյանքը, խոսում նրանց լեզվով: Չկար մի բրահման, որն իրեն բրահմանների դասին չհատկացներ և չապրեր նրանց հասարակության մեջ, չկար մի ճգնավոր, որն ապաստան չգտներ սամանաների միջավայրում, անգամ մարդկանցից մեկուսացած անտառաբնակ ճգնավորը ամբողջապես մենակ չէր, նա էլ էր շփվում իր նմանների հետ, նա էլ էր մի ինչ-որ դասի պատկանում, մի ընկերակցության, որը նրա համար փոխարինում էր հայրենիքը: Գովինդան վանական դարձավ և հազարավոր վանականներ նրա եղբայրներն էին, կրում էին նույն հանդերձանքը ինչ ինքը, հավատում էին նույն բանին, խոսում էին նույն լեզվով: Սակայն ինքը, Սիդհարթան, ու՞մ էր նա պատկանում: Ու՞մ հետ նա պետք է իր կյանքը կիսեր: Ու՞մ հետ պետք է ընդհանուր լեզու գտներ: Այդ պահից ի վեր, երբ նրան շրջապատող աշխարհն ասես հալվեց-անէացավ, երբ նա միայնակ մնաց, ինչպես երկնքի աստղը, հոգևոր սառնության ու ընդարմացման, հոգեկան անկման այդ ակնթարթին Սիդհարթան դուրս լողաց՝ առաջվանից ավելի ամուր ու կարծրացած եսով: Նա զգաց, որ դա արթնացման վերջին ոգորումն էր, ծնվելու վերջին սարսռացող ցնցումը: Դրանից հետո նա անմիջապես ճանապարհ ընկավ, արագացրեց քայլերը և անհամբերությամբ առաջ էր սլանում, բայց ոչ թե դեպի տուն, հոր մոտ՝ այլ հեռանում էր իր անցյալ կյանքից:
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՔԱՄԱԼԱ
Սիդհարթան միշտ մի նոր բան էր սովորում իր ճանապարհի յուրաքանչյուր քայլափոխին, քանի որ աշխարհը փոխակերպվել էր, և իր սիրտն էլ կախարդված էր: Նա տեսնում էր արևի ծագումը անտառոտ լեռան թիկունքից և նրա մայրամուտը հեռավոր արմավենիների ծովափին նշմարվող հորիզոնի ետևում: Գիշերները նա տեսնում էր աստղերի ընթացքը երկնքում, լուսնեղջույրը, որ լողում էր կապույտի մեջ՝ որպես մի նավակ: Նա տեսնում էր ծառերը, աստղերը, կենդանիներին, ամպերը, ծիածանը, ժայռածերպերը, խոտասեզերը, ծաղիկները, աղբյուրն ու գետը, վաղորդայնի թփուտների մեջ փայլատակող ցողը, հեռվում երևակվող կապտաթույր ու սպիտակափառ լեռները, թռչունների երգեցողությունն ու մեղուների բզզոցը, արծաթագույն բրնձի դաշտերում թևածող քամու շշնջոցը: Այդ ամենը, հազարածալ ու բազմաբղետ, միշտ էլ գոյություն է ունեցել, նախկիններում էլ արեգակն ու լուսինը մշտապես փայլատակել են, գետերն աղմկել ու մեղուներն իրենց բզզոցն են արձակել, սակայն այն երբեմնի ժամանակներում այդ ամենը Սիդհարթայի համար այլ բան չի եղել, քան հպանցիկ մի երևույթ, պատրանքով բուրող տեսախաբություն, որ ժամանակ առ ժամանակ երևակվում էր իր աչքերի առաջ, որոնց կասկածելի գոյության հանդեպ հարկ էր լոկ աչք փակել և որը հենց միայն այն նպատակով գոյություն ուներ, որպեսզի խզվեր ու ոչնչացվեր մտածողության կողմից, քանի որ դա էություն չէր, քանի որ էությունները գտնվում էին հասանելիի, տեսանելիի սահմաններից անդին: Այժմ, սակայն, նրա ազատագրված հայացքը կանգ էր առնում այն ամենի վրա, ինչն ընկած էր այս կողմում, նա տեսնում ու ճանաչում էր տեսանելին, հայրենիք էր փնտրում այս աշխարհում, իրերի էությունները չէր փնտրում, չէր ձգտում դեպի այնկողմնայինը: Գեղեցիկ էր աշխարհը, երբ մարդս այն ընկալում է այնպես, ինչպիսին այն կա, այդպես՝ առանց որոնելու, այնպես պարզ ու մանկամտորեն: Գեղեցիկ էին լուսինն ու աստղերը, սքանչելի էին աղբյուրն ու ծովեզերքը, անտառն ու ժայռը, այծերն ու ոսկեթև բզեզները, ծաղիկներն ու թիթեռնիկները: Որքա՜ն հիասքանչ ու սիրելի էր քայլել այդ աշխարհով, մանկան պես, արթնացած, հոգին պարզած ամենայն մերձավորին, հաշտ ու խաղաղ, առանց տարակույսի դույզն-ինչ նշույլի: Արևն այլ կերպ էր գլուխդ այրում, մեկ ուրիշ կերպ էին զովություն պարգևում անտառի ստվերները, ուրիշ կերպ էին բուրում աղբյուրն ու գետնափոր ջրապահեստը, սեխն ու բանանները: Օրերն ավելի կարճ էին թվում, գիշերներն՝ ավելի շուտանցիկ, ժամերն իրար ետևից թռչում էին ու անհետանում, ինչպես ծովում լողացող առագաստը, և առագաստի ներքո նավն էր՝ գանձերով լի, հաճույքներով լեփլեցուն: Սիդհարթան տեսավ կապիկների մի թափառախումբ, որ թրև էր գալիս անտառի բարձրաբերձ կամարի ներքո, բարձրուղեշ ճյուղերի մեջ, լսում էր նրանց վայրի, վավաշոտ երգեցողությունը: Սիդհարթան տեսավ, թե ինչպես է խոյը հետապնդում մաքիին ու զուգավորվում նրա հետ: Նա տեսավ, թե ինչպես էր եղեգնուտին սահմանակցող լճակում երեկոյան քաղցը հագեցնելու համար որսի դուրս եկել շնաձուկը, ինչպես էին նրա առջևից փախչում երիտասարդ ձկնիկները, որ վախը սրտներում, ժամանակ առ ժամանակ, ամբողջ վտառներով ցատկոտում էին լճակի մակերևույթին՝ փայլեցնելով իրենց ոսկե թեփուկները: Ուժ ու խանդավառ կիրք էր ճառագում շուրջբոլորը՝ ձկնորսի կատաղի ու ինքնամոռաց ընթացքից գոյացած ջրակոհակներից: Այդ ամենը մշտապես եղել է և ինքը առաջներում չի էլ նկատել դա, նա այդ ամենին ներկա կամ մասնակից չի եղել: Հիմա ինքն այդ ամենին մասնակից է ու ներկա, ինքը պատկանում է դրան: Իր հայացքի միջով սահում-անցնում էին լույսն ու ստվերը, իր սրտի միջով անց էին կենում աստղերն ու լուսինը: Ճանապարհին Սիդհարթան մտաբերում էր նաև այն ամենը, ինչ ինքը վերապրել էր Յեթավանայի պարտեզներում, ուսմունքը, որն այնտեղ ինքը լսել էր, աստվածային Բուդդային, Գովինդայի հետ իր հրաժեշտը, Վեհագույնի հետ իր ունեցած զրույցը: Նա կրկին վերհիշեց Վեհագույնի հետ իր զրույցի մանրամասները, այն խոսքերը, որ ինքը ասել էր նրան, բառ առ բառ, և զարմանքով նկատեց, որ այն ժամանակ ասել ու խոսել էր բաների մասին, որոնց վերաբերյալ այնժամ ինքը հստակ պատկերացում անգամ չուներ, նույնիսկ չգիտեր էլ դրանց մասին: Այն, ինչ ինքն այն ժամանակ ասել էր Գոթամային, որ Բուդդայի գանձն ու գաղտնիքը ոչ թե նրա ուսմունքն էր, այլ այն անարտահայտելին ու ուսուցման չտրվողը, ինչը նա երբևէ զգացել ու վերապրել էր իր պայծառատեսության պահին, հենց դա էր, որ ինքն այժմ սկսել էր վերապրել: Նա հիմա ինքն իրեն պետք է վերապրեր: Իրականում նա շատ վաղուց գիտեր, որ իր եսը Աթմանն էր, որը ծագում էր այն նույն հավերժական էությունից, ինչ և բրահման: Բայց ինքը, իրականում, այն երբեք չէր գտել, որովհետև ինքը այն մտքի ցանցով էր ցանկացել որսալ: Եթե իսկապես մարմինը չէր այդ եսը և ոչ էլ զգացմունքների խաղը, ապա հաստատապես այդպիսիք չէին կարող լինել ո՛չ միտքը, ո՛չ բանականությունը, ո՛չ սովորովի իմաստնությունը, ո՛չ եզրահանգումներ անելու ձեռքբերովի արվեստը, ո՛չ էլ արդեն իսկ մտածված բաներից նորանոր մտքեր հղանալու կամ հյուսելու ունակությունը: Ո՛չ, մտածությունների այդ աշխարհն էլ դեռևս այսրկողմնային չէր, և բոլորովին անիմաստ էր սպանել զգացմունքի պատահականության ծնունդ հանդիսացող եսը, փոխարենը ուժերը ներածի չափով սնուցանելով մտքերի, սովորովի գիտելիքների պատահական եսը: Երկուսն էլ՝ ինչպես մտքերը, այնպես էլ՝ զգացմունքները, գեղեցիկ բաներ էին, որոնց թիկունքում թաքնված էր ողջի ու ամենի իրական իմաստը, երկուսին էլ, թե՛ մեկին թե՛ մյուսին հարկավոր էր ունկնդրել, խաղալ նրանց հետ, նրանց ոչ պետք էր անտեսել, ոչ էլ թերագնահատել, երկուսի մեջ էլ հարկավոր էր լսել նրանց խորքերում հնչող ծածուկ ձայները: Եվ նա վճռել էր ընթանալ դեպի այնտեղ, ուր իրեն առաջնորդում էր իր ներքին ձայնը և չմնալ այնտեղ, ինչից իրեն ետ էր պահում այդ նույն ներքին ձայն կոչվածը: Ինչու՞ էր Գոթաման այն ժամանակ, այն բարձրագույն պահին, նստել Բո ծառի տակ, երբ նրան պայծառատեսությունն այցելեց: Նա լսել էր ձայնը, իր սեփական սրտի ձայնը, որն իրեն կարգադրել էր հանգիստ առնել այդ ծառի ներքո, և նա հետ կանգնեց, հրաժարվեց իր մարմնի ինքնաձաղկումից, զոհեր մատուցելուց, լվացումներից ու աղոթքներից, որոշեց ուտել ու խմել, քնանալ ու երազներին տրվել, նա անսաց իր ներքին ձայնին: Այդպես հլու-հնազանդ անսալ, բայց ոչ արտաքին հրամանին, այլ միայն ներքին ձայնին, պատրաստ լինել դրան, դա հիանալի էր, անհրաժեշտություն էր դա, մինչդեռ ողջ մնացյալը բնավ անհրաժեշտություն չէր: Գիշերը, երբ նա քուն էր մտած գետն անցկացնող լաստանավորդի ծղոտե հյուղակում, Սիդհարթան մի երազ տեսավ. Գովինդան կանգնած էր նրա առաջ՝ ճգնավորի դեղին սքեմ զգեցած: Գովինդան տխուր տեսք ուներ և նույն տխուր շեշտով էլ հարցրեց. «Ինչու՞ դու ինձ լքեցիր»: Այդժամ ինքը գրկեց, համբուրեց Գովինդային, ձեռքը նրա ուսովը գցեց, և մինչ նա բարեկամին սեղմել էր իր կրծքին ու համբուրում էր նրան, վերջինս այլևս Գովինդան չէր, այլ մի կին, և այդ կնոջ հանդերձանքի տակից դուրս էր ցցվել հասուն ու առլեցուն կուրծքը, որի կողքին պառկել էր Սիդհարթան, խմում էր ու խմում, քաղցր ու ուժգնահամ ուներ այդ կրծքի կաթը: Այն կնոջ ու տղամարդու համ ուներ, բուրում էր արևով ու անտառով, կենդանիներով ու ծաղիկներով, զանազան տեսակի մրգերով ու հաճույքներով: Այն հարբեցնում էր ու թմրեցնում գիտակցությունը: Երբ Սիդհարթան արթնացավ, հյուղակի դռնակից երևաց գետակի գունատ լուսափայլը, իսկ անտառում բարձր ու զիլ հնչում էր թուխ բվեճի արձակած կռինչը: Օրը բացվելուն պես Սիդհարթան խնդրեց իր հյուրընկալին, լաստավարին, իրեն գետի հանդիպակաց ափը փոխադրել: Լաստանավորդը նրան նստեցրեց գետափին կապված բամբուկից հյուսկեն լաստամակույկին ու տեղափոխեց դիմացի ափը: Վաղորդայնի լույսերի մեջ թաթախված կարմրին տվող փայլեր էր արձակում ընդարձակ փռված ջրազանգվածը: - Շա՜տ գեղեցիկ գետ է,- ասաց նա իր ուղեկցին: - Այո՛,- վրա բերեց լաստավարը,- անչա՜փ գեղեցիկ է, ես այն ամեն ինչից շատ եմ սիրում: Ես հաճախ եմ ունկնդրել նրան, հաճախ եմ նայել նրա աչքերի մեջ և ամեն անգամ նորանոր բաներ եմ սովորել նրանից: Գետից կարելի է շատ բան սովորել: - Ես շնորհակալ եմ քեզանից, իմ բարերար,- ասաց Սիդհարթան, երբ նա արդեն դիմացի ափին իջևանեց:- Ես նվեր չունեմ քեզ ընծայելու, սիրելիս, ոչ էլ կարող եմ ուրիշ կերպ վարձահատույց լինել քեզ: Ես մի անհայրենիք թափառաշրջիկ եմ, տնանկ մի բրահմանորդի ու սամանա: - Ես ինքս էլ գլխի ընկա, թե ով ես դու,- ասաց լաստավարը,- ես քեզանից վարձ չեմ ակնկալում և ոչ էլ որևէ ընծա: Դու իմ նվերը մեկ ուրիշ անգամ կտաս: - Դու այդպե՞ս ես կարծում,- զվարճախոսեց Սիդհարթան: - Վստահաբա՛ր: Ես դա էլ եմ գետից սովորել. ամենքը վերադառնում են... Դու՛ էլ, սամանա, մի օր կվերադառնաս: Դե մնաս բարով... Քո բարեկամությունը թող ինձ ընծա լինի: Ամեն անգամ հիշիր ինձ՝ աստվածներին զոհեր մատուցելիս: Ժպտադեմ՝ նրանք բաժանվեցին իրարից: Փայլատակող ժպիտն աչքերում՝ Սիդհարթան հրճվանք էր ապրում լաստավարի մերձակցության ու բարեկամական պահվածքի համար: «Նա կարծես Գովինդան լինի»,- ժպտադեմ մտածեց նա,- «բոլոր մարդիկ, ում ես հանդիպել եմ իմ ճանապարհին, ասես Գովինդան լինեն: Բոլորը երախտապարտ են ու շնորհակալ, թեև իրենց նկատմամբ է պատշաճում շնորհապարտ լինել: Բոլորը հարգանքով են լցված, բոլորը հաճույքով ցանկանում են բարեկամ լինել, հաճույքով են հնազադվում և խորհրդածում են հնարավորինս քիչ: Մարդիկ նման են երեխաների: Կեսօրվա կողմ նա մի գյուղակում հայտնվեց: Փողոցներում, կավաշեն տնակների առաջ վազվզում էին երեխաները, խաղում սեխի կճեպներով ու խխունջներով, բղավում էին ու իրար հետ գզվռտվում, սակայն օտարական սամանային տեսնելուն պես՝ վախվորած մի կողմ քաշվեցին: Գյուղակի ծայրում մի ճանապարհ էր անցնում աղբյուրի կողքով, իսկ աղբյուրի եզրին մի կին էր ծունկի եկել ու լվացք էր անում: Երբ Սիդհարթան ողջունեց նրան, կինը գլուխը բարձրացրեց և ժպտադեմ նրա կողմը նայեց, այնպես որ Սիդհարթան նկատեց նրա աչքի մեջ փայլատակող սպիտակուցի պեծպեծանքը: Նա կնոջը ողջունեց ճամփորդող վանականներին հատուկ սովորական օրհնաբանությամբ ու հարցրեց, թե դեռ որքան երկար է ճանապարհը մինչև մեծ քաղաքը: Այդժամ կինը տեղից վեր կացավ, ոտքի կանգնեց, մոտեցավ նրան, այնպե՜ս գեղեցիկ էին փայլում կնոջ խոնավ շրթունքները նրա երիտասարդ դեմքի վրա: Դեռատի կինը սկսեց կատակաբանել նրա հետ և հարցրեց, թե արդյո՞ք ճամփորդը քաղցած չէ, ճի՞շտ է արդյոք, որ սամանաները միայն անտառներում են գիշերում և նրանց արգելված է կանանց հետ հարաբերվել: Ասելուն պես կինը նրա աջ ոտքն առավ իր ձախ ոտքի մեջ և այնպիսի մի շարժում արեց, որպիսին կանայք անում են, երբ հրավիրում են տղամարդուն փաղաքուշ սիրախաղի, ինչը դասագրքերն անվանում են «ծառամագլցման արվեստ»: Սիդհարթան զգաց, թե ինչպես է արյունը եռ գալիս իր մեջ, և քանի որ այդ պահին նա մտաբերեց իր տեսած երազը, նա փոքր-ինչ խոնարհվեց կնոջ վրա և շրթունքներով հպվեց նրա կրծքի սրածայր պտուկին: Իսկ երբ բարձրացրեց աչքերը ու նայեց կնոջ ժպտացող դեմքին, այնտեղ նկատեց կրքոտության կնիքը և նեղացած աչքերում՝ ցանկասեր կարոտախտը: Սիդհարթան ևս համակվեց ըղձատենչ կարոտախտով ու սեռերի մոլուցքով: Բայց քանի որ ինքը դեռևս երբեք որևէ կնոջ մատով դիպած չկար, մի պահ միայն վարանեց, մինչդեռ նրա ձեռքերն արդեն իսկ պատրաստ էին գրկելու կնոջը: Եվ հենց այդ պահին նրա մարմնով սարսուռ անցավ ու նա ընկալեց իր ներքին ձայնը, որն ասում էր՝ «ոչ»: Եվ անմիջապես էլ դեռատի կնոջ ժպտուն դեմքը նրա համար կորցրեց իր ողջ գրավչությունը և նա տեսավ միայն սեռական մոլուցքով, կտղանքով բռնված կնոջ խոնավությամբ բուրող կենդանական դեմքը: Նա քնքշորեն շոյեց կնոջ այտը, հետո կտրուկ շրջվեց ու ճկուն սահքով անհետացավ՝ հուսախաբությանն անձնատուր կնոջից թաքնվելով բամբուկի մարգագետնում: Նույն օրը՝ երեկոյան դեմ նա հասավ մեծ քաղաքի դարպասների մոտ և շատ ուրախացավ, քանի որ ձգտում էր մարդկանց հետ շփվել: Երկար ժամանակ էր նա ապրել անտառներում և լաստավարի ծղոտե հյուղակն այդ ամբողջ ընթացքում եղել էր այն միակ ծածկը, որի ներքո ինքը գիշերներ էր անցկացրել: Քաղաքի մատույցներում, գեղեցիկ ցանկապատով շրջանակված այգեստանի մերձակայքում, ճամփորդի դեմ հանդիման հայտնվեց զամբյուղներով ծանրաբեռնված սպասուհիների ու սպասավորների փոքրիկ թափորը: Նրանց ճիշտ և ճիշտ մեջտեղում, չորս ծառաների ուսնած բազմանղետ ու նկարեն պատգարակի վրա, կարմիր բարձերին թիկնեթեկին տված, արևից պաշտպանող գունագեղ գահածածկույթի ստվերում բազմած էր մի տիկին, նրանց տիրուհին: Սիդհարթան կանգ առավ աչք շոյող այգեստանի մուտքի առաջ և ուշիուշով նայում էր թափորի երթին, տեսավ ծառաներին, սպասուհիներին, կողովները, տեսավ գահածածկույթը և նրա ներքո բազմած տիկնոջը: Սևաթույր վարսերի բարձրուղեշ սանրվածքի տակ նա տեսավ լուսաճառագ, նրբանուրբ ու խելացի մի դեմք, վառ կարմիր բերանը՝ ասես նորաբաց թուզ հիշեցնող, գեղամշակված ու սնգույրով գծաներկված բարձրաղեղ ունքերը, սևաթույր աչքերը՝ խելացի ու զգոն, լուսապայծառ երկար պարանոցը, որ վեր էր խոյանում կանաչ ու ոսկեգույն վերնազգեստից, հանդարտ կախ ընկած լուսավոր ձեռքերը՝ երկարուկ ու բարալիկ, հոդախաղերին ընդելուզված ոսկեձույլ ու լայն ապարանջաններով: Սիդհարթան տեսավ նրա գեղեցկությունը և նրա սիրտը հրճվանքից ուռչեց: Նա խորը գլուխ տվեց, երբ գահավորակը իրեն մոտեցավ և վերստին ուղղվելով՝ հայացքը սևեռեց այդ լուսավոր ու նրբենի դեմքին, մի պահ նրա հայացքը գամվեց կնոջ խելամիտ, բարձր ու կամարաձև ունքերի տակ երևակվող աչքերին, ներշնչելով իրեն անծանոթ անուշահոտությունների զգլխիչ բույրը: Կինը ժպիտով պատասխանեց նրա երկրպագության ցույցերին և մի ակնթարթ անց նա այլևս անհետացավ պարտեզում, նրա հետևից էլ՝ իր սպասավորները: - Ահա՛ ես մուտք եմ գործում այս քաղաքը,- մտածեց Սիդհարթան,- մի այսպիսի հմայիչ նախանշանի ներքո: Նա ցանկություն ունեցավ անմիջապես ոտք դնել պարտեզի ցանկապատից ներս, բայց զսպեց իրեն, և միայն այժմ նա հասկացավ, թե ինչպես էին, մուտքի մոտ, իրեն նայում ծառաներն ու սպասուհիները, որքա՜ն արհամարհանք, անվստահություն ու նողկանք կար նրանց հայացքում: - Չէ՞ որ ես դեռ սամանա եմ,- մտածեց նա,- ես դեռ ճգնավորի ու մուրացկանի տեսք ունեմ: Ինձ այլ¢ս չի կարելի այս տեսքով մնալ, այս կերպարանքով ես չեմ կարող պարտեզի մուտքից ներս մտնել: Ու նա ծիծաղեց: Ճանապարհին պատահած առաջին անցորդին հարցուփորձ արեց պարտեզի ու այն տիկնոջ վերաբերյալ և իմացավ, որ դա հանրահայտ կուրտիզանուհի, դշխո Քամալայի այգեստանի ապարանքն է և որ այգեստանից բացի՝ մի տուն էլ նա քաղաքում ունի: Այնուհետև Սիդհարթան մուտք գործեց քաղաք: Հիմա նա հստակ նպատակ ուներ: Իր այդ նպատակին հետամուտ՝ նա ներքաշվեց քաղաքային կյանքի մեջ, խառնվեց փողոցային ամբոխին, շրջում էր հրապարակներում, հանգիստ առնում գետափնյա քարե աստիճաններին: Երեկոյան կողմ նա բարեկամացավ վարսավիրի մի ենթավարպետի հետ, որին նա առաջին անգամ տեսավ նկուղի ստվերներում աշխատելիս, ապա հանդիպեց Վիշնուի տաճարում՝ աղոթելիս, որին ինքը պատմեց Վիշնուի ու Լակշմիի մասին զրույցը: Գիշերը նա անցկացրեց գետափնյա նավակների հարևանությամբ, իսկ առավոտ վաղ, նախքան վարսավիրի կրպակում կհայտնվեին առաջին հաճախորդները, ենթավարպետի մոտ նա սափրել տվեց իր մորուքը և կտրել տվեց վարսերը, հարդարեց ու օծեց նրբանուրբ յուղերով: Հետո գնաց ու լողացավ գետում: Երբ ուշ երեկոյան գեղեցկուհի Քամալան, իր գահավորակին բազմած, մոտենում էր այգեստանին, Սիդհարթան կանգնել էր մուտքի դռան մոտ, գլուխ խոնարհեց նրա առաջ և դշխոն պատասխան նշան արեց նրան: Հետո էլ՝ թափորի վերջից ընթացող սպասավորին ակնարկեց մի պահ սպասել և վերջինիս խնդրեց հաղորդել իր տիրուհուն, որ նրա հետ զրուցել է ցանկանում երիտասարդ բրահմանը: Միառժամանակ անց սպասավորը վերադարձավ և առաջարկեց նրան հետևելու իրեն, լռելյայն ուղեկցեց նրան դեպի այն տաղավարը, ուր օթոցին ընկողմանած էր Քամալան ու Սիդհարթային մենակ թողեց նրա հետ: - Այդ դու չէի՞ր, որ երեկ էլ կանգնած էիր դրսում ու ողջունեցիր ինձ,- հարցրեց Քամալան: - Այո՛, ես երեկ էլ քեզ տեսա ու ողջունեցի: - Բայց երեկ դու կարծես մորուք ունեիր ու երկար մազեր, որոնք փոշով էին պատված: - Միանգամայն ճիշտ է, դու շատ ճիշտ ես ամեն ինչ նկատել: Դու տեսել ես Սիդհարթային, բրահմանորդուն, որ լքել էր իր հայրենիքը՝ սամանա դառնալու նպատակով և երեք տարի շարունակ այդպիսին է եղել: Այժմ, սակայն, ես թողել եմ այդ ճանապարհը ու եկել եմ այս քաղաքը, և առաջին մարդը, որն ինձ հանդիպեց մինչև քաղաք մտնելը, դու՛ էիր: Եվ ահա՛ թե ես ինչ եմ ցանկանում քեզ ասել, ո՜վ Քամալա: Դու առաջին կինն ես, որի հետ Սիդհարթան խոսում է այլ կերպ, քան խոնարհած հայացքով: Ես այլևս երբեք աչքերս ցած չեմ խոնարհի, եթե գեղեցկուհի կնոջ հանիպելու լինեմ: Քամալան ժպտաց և սկսեց խաղալ սիրամարգի փետուրներից հյուսկեն իր հովհարով: Եվ հարցրեց. - Եվ միայն դա ասելու համա՞ր է Սիդհարթան ինձ մոտ եկել: - Այո՛, քեզ դա ասելու համար ու նաև շնորհակալություն հայտնելու համար, որ դու այդքան գեղեցիկ ես: Եվ եթե դու կընդունես, ապա ես քեզ կխնդրեի, Քամալա, լինել իմ ընկերուհին ու ուսուցիչը, քանզի ես դեռևս բնավ չեմ տիրապետում այն արվեստին, որի մեջ դու վարպետ ես: Այստեղ Քամալան բարձրաձայն ծիծաղեց: - Ինձ հետ դեռ երբեք նման բան չի պատահել, բարեկամս, որ անտառաբնակ սամանան այցելի ինձ և ուզենա սովորել ինձ մոտ: Ինձ հետ դեռ երբեք չի պատահել, որ երկար մազերով, մաշված ու պատառոտված ամոթույքի կապով սամանան իմ ոտքը գա... Շատ պատանիներ են ինձ մոտ գալիս, նրանց թվում նաև բրահմանորդիներ, բայց նրանք ներկայանում են գեղեցիկ հանդերձանքով, նրբաճաշակ ոտնամաններով, անուշահոտություններ արձակող վարսերով և լիքը դրամապանակներով: Ահա այսպիսի՛ պատանյակներ են ինձ այցելում, ո՜վ սամանա: Խոսեց Սիդհարթան. - Ահա՛ և քեզանից ես սովորեցի իմ առաջին դասը: Երեկ էլ ես մի դաս ստացա: Ես արդեն մորուքս սափրել տվեցի, մազերս հարդարեցի ու յուղերով օծեցի: Հիմա արդեն ինձ քիչ բան է պակասում, ո՜վ գեղեցկուհիդ, գեղեցիկ հանդերձանք, նրբանուրբ ոտնամաններ, քսակի մեջ փող: Իմացա՛ծ եղիր, որ Սիդհարթան շատ ավելի դժվար խնդիրներ է իր առաջ դրել և ոչ միայն նման դատարկ բաներ, ու հասել է իր նպատակներին: Դե ինչպե՞ս է հնարավոր, որ ես չհասնեմ այն նպատակին, որը դեռ երեկ եմ իմ առաջ դրել. դառնալ քո ընկերը ու քեզանից սովորել սիրո հաճույքները... Դու կտեսնես, Քամալա, թե ես ինչ ընդունակ աշակերտ եմ, ես շատ ավելի դժվար բաներ եմ սովորել, քան այն, որ դու ինձ պետք է սովորեցնես: Ուրեմն ասա ինձ. Սիդհարթա, այն, ինչ դու այս պահին ունես, դեռ բավարար չէ, մազերդ թեև յուղերով են օծված, սակայն դու դեռ հագուստ չունես, չունես ոտնամաններ, առանց փող... Քամալան ծիծաղից թուլացած բացականչեց. - Ո՛չ, թանկագինս, այդքանը դեռ բավարար չէ: Սիդհարթան պետք է զգեստներ ունենա, գեղեցիկ հանդերձներ ու ոտնամաններ, գեղեցկակար ոտնամաններ, և շատ փող դրամապանակում և ընծաներ Քամալայի համար: Հիմա դու ամեն ինչ գիտե՞ս, անտառաբնակ սամանա: Լա՛վ մտապահիր դա, և չմոռանաս: - Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ,- բացականչեց Սիդհարթան,- ինչպե՞ս կարող եմ ես չհիշել մի բան, ինչն ասվում է քո շրթունքներից... Քո բերանն ասես մի նորաբաց ու թարմ թուզ լինի, Քամալա: Իմ բերանն էլ կարմիր է ու թարմ, այն շատ հարմար կգա քոնին, ա՛յ կտեսնես: Բայց ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, մի՞թե դու բնավ չես վախենում անտառաբնակ սամանայից, որն եկել է սիրո դասեր առնելու: - Ինչու՞ ես պետք է վախենամ մի սամանայից, անտառից եկած մի հիմար սամանայից, որն եկել է շնագայլերի մոտից և դեռ բոլորովին չգիտի, թե ինչ ասել է կին: - Օ՜, նա շատ ուժեղ է, այդ սամանան, և ոչնչից վախ չունի: Նա կարող էր քեզ ուժով տիրանալ, գեղեցկուհի աղջիկ: Նա կարող էր առևանգել քեզ, քեզ խորը տառապանք պատճառել... - Օ՜ ո՛չ, սամանա, ես դրանից չեմ վախենում: Արդյո՞ք որևէ սամանա կամ բրահման վախենում է այն բանից, որ կարող է գալ մեկը, որ կբռնի նրան ու կառևանգի նրանից նրա գիտելիքները, ազնվաբարոյությունը, նրա խորագիտությունը: Բնավ ո՛չ, քանի որ այդ ամենը նրա անօտարելի սեփականությունն է հանդիսանում, որից նա բաժին է հանում միայն այնքանը ու այն չափով, որքան ինքն է ցանկանում և ում որ ինքն է կամենում: Նույնը վերաբերում է նաև Քամալային ու սիրո հաճույքներին: Գեղեցիկ է ու կարմիր Քամալայի բերանը, բայց փորձի՛ր միայն համբուրել այն Քամալայի կամքին հակառակ, մի կաթիլ քաղցրություն իսկ դու չես զգա այդ համբույրի մեջ, որն ուրիշ հանգամանքներում այնքա՜ն շատ կարող է պարգևել այդ բարիքից... Դու խելացի ես ու ընդունակ, Սիդհարթա, ուրեմն իմացի՛ր և սա. սերը կարելի է մուրալ, գնել, որպես ընծա ստանալ, գտնել ճանապարհին ընկած, սակայն առևանգել կամ ուժով տիրանալ նրան հնարավոր չէ: Այդպես դու սխալ ուղու վրա կընկնես: Օ ո՛չ, ափսոս կլիներ, որ քեզ պես գեղեցիկ պատանին, խնդրին բոլորովին սխալ կողմից մոտենար... Սիդհարթան ժպիտը դեմքին խոնարհվեց ու ասաց. - Իսկապես ափսոս կլիներ, Քամալա, դու միանգամայն իրավացի ես: Ափսոսանքի արժանի բան կլիներ... Ո՛չ, ես չեմ ուզում զրկվել քո շուրթերից ծորացող քաղցրության ոչ մի կաթիլից, բայց դու՛ էլ պետք է ճաշակես իմ շուրթերի քաղցրությունը: Ուրեմն այսպե՛ս. Սիդհարթան կվերադառնա, երբ նա կունենա այն ամենը, ինչն այս պահին պակասում է նրան՝ հանդերձանք, ոտնամաններ, փող: Սակայն, ասա՛ ինձ, գեղեցկուհի Քամալա, դու չե՞ս կարող ինձ մի հարցում մի փոքրիկ խորհուրդ էլ տալ: - Խորհու՞րդ: Ինչի՞ կապակցությամբ: Իսկ ինչու՞ խորհուրդ չտալ թշվառական, տգետ սամանային, որ գալիս է անտառաբնակ շնագայլերի մոտից: - Դե մի խորհուրդ տուր ինձ, սիրելիդ իմ Քամալա. ու՞ր գնամ, որպեսզի ամենաշտապ ձևով կարողանամ ձեռք բերել թվարկածդ այդ երեք բաները: - Բարեկա՛մ, դա շատ-շատերը կուզենային իմանալ: Դու պետք է անես այն, ինչ սովորել ես և դրա դիմաց որպես վարձ փող պահանջես, հանդերձանք ու ոտնամաններ: Աղքատ մարդու համար փող վաստակելու այլ ճանապարհ չկա: Իսկ դու ի՞նչ կարող ես անել: - Ես կարող եմ առմտածել: Կարող եմ սպասել: Կարող եմ ծոմ պահել: - Միայն այդքա՞նը, ուրիշ ոչի՞նչ: - Ոչինչ: Ի դեպ, ես կարող եմ նաև բանաստեղծություններ հորինել: Դու համաձա՞յն ես, որ ես մի բանաստեղծություն արտասանեմ և փոխարենը դու ինձ մի համբույր տաս: - Համաձա՛յն եմ, եթե քո բանաստեղծությունը դուր գա ինձ: Դե արտասանի՛ր այն: Եվ Սիդհարթան, փոքր-ինչ մտածելուց հետո, արտասանեց այս բանաստեղծությունը. Իր ստվերաշատ այգին մտավ գեղեցկուհի Քամալան: Այգու մուտքի առաջ կանգնած էր թուխ պատանին՝ սամանան: Եվ լոտոսի գեղեցկագույն ծաղիկն հանկարծ տեսնելով՝ Նա խոնարհվեց ու Քամալան ժպտաց նրան ի ողջույն: Եվ պատանին մտածեց. Աստվածներին աղոթելուց հազար անգամ Ավելի հաճելի է երկրպագել գեղեցկուհի Քամալային: Ափերն ուժգին իրար խփելով ծափ զարկեց Քամալան, այնպես որ ոսկեկուռ ապարանջանները զրնգացին: - Քո բանաստեղծությունը շա՜տ գեղեցիկ է, թու՛խ սամանա, և ես իսկապես ոչինչ չեմ կորցնի, եթե դրա դիմաց քեզ մի համբույր տամ: Նա հայացքով պատանուն իր կողմը գրավեց, վերջինս էլ իր դեմքը խոնարհելով նրա դեմքին, շրթունքները սեղմեց նրա շրթունքներին, որ նորաբաց թուզ լինեին կարծես: Քամալայի համբույրը շատ երկար էր, և խորադրոշմ զարմանքով Սիդհարթան զգաց, թե ի՜նչ իմաստուն ձևով էր նա իրեն ուսուցանում, ի՜նչ խելացի էր Քամալան, ինչպե՜ս էր նա կառավարում իրեն՝ մեկ ետ պահելով ու մեկ էլ իր կողմը գրավելով, զգաց, որ այդ առաջին համբույրին դեռ հետևելու է հմտորեն մշակված ու փորձված համբույրների մի ամբողջ շարք, մեկը մյուսից բոլորովին տարբեր, որոնք դեռ սպասում էին իրեն, որոնք ինքը դեռ ճաշակելու էր: Խորը շունչ քաշելով՝ նա մնաց տեղում կանգնած, երեխայի պես սքանչանալով՝ սովորելու արժանի գիտելիքի այն քանակի առթիվ, որ հենց նոր միայն բացվում էր իր աչքերի առջև: - Քո բանաստեղծության տողերը շա՜տ գեղեցիկ են,- բացականչեց Քամալան,- եթե ես շատ հարուստ լինեի, դրանց դիմաց ես քեզ ոսկե մետաղադրամներ կտայի: Բայց քեզ համար անչափ դժվար կլինի քո այդ բանաստեղծություններով այնքան շատ փող վաստակել, որքան քեզ անհրաժեշտ է: Իսկ փող քեզ շատ է պետք լինելու, եթե դու ցանկանում ես դառնալ Քամալայի ընկերը: - Ի՜նչ լավ ես դու կարողանում համբուրել, Քամալա,- մրմնջաց Սիդհարթան: - Այո՜, դա ես կարողանում եմ անել: Դրա համար էլ ես պակասություն չեմ զգում ո՛չ հանդերձանքի, ո՛չ ոտնամանների, ապարանջանների և բազմաթիվ ուրիշ-ուրիշ գեղեցիկ իրերի հարցում: Բայց դու՞ ինչ կարող ես անել: Մի՞թե դու բացի մտածելուց, ծոմ պահելուց ու բանաստեղծություններ հորինելուց ուրիշ ոչինչ չգիտես: - Ես գիտեմ նաև զոհ մատուցելու ժամանակ ասվող երգեր,- ասաց Սիդհարթան,- բայց ես այլևս չեմ ուզում երգել դրանք: Ես գիտեմ նաև կախարդական խոսքեր, բայց ես այլևս չեմ ուզում դրանք արտաբերել: Ես սուրբ գրքերի ընթերցանությամբ եմ պարապել... - Կա՛նգ առ, բավակա՛ն է,- ընդհատեց նրան Քամալան:- Դու կարդա՞լ գիտես: Իսկ գրե՞լ... - Իհա՛րկե ես դա գիտեմ: Շատերը գիտեն դա: - Մեծամասնությունը դա չգիտի: Ես էլ չգիտեմ: Դա շատ լավ է, որ դու գրել և կարդալ գիտես, շա՜տ լավ է: Կախարդական խոսքերն էլ քեզ կարող են դեռ պետք գալ: Այդ պահին մոտ վազեց սպասուհիներից մեկը և ինչ-որ բան շշնջաց տիրուհու ականջին: - Հիմա ինձ մոտ մարդ է գալու,- բացականչեց Քամալան:- Շուտ հեռացի՛ր այստեղից, Սիդհարթա, ոչ ոք քեզ չպետք է տեսնի այստեղ, սա լա՛վ հիշիր: Վաղը մենք նորից կտեսնվենք: Իսկ սպասուհուն կարգադրեց պատվարժան բրահմանին մի ճերմակ թիկնոց տալ: Չիմանալով նույնիսկ, թե ինչպես դա տեղի ունեցավ, Սիդհարթան ենթարկվեց սպասուհուն, որը նրան սրահից դուրս ուղեկցեց, զարտուղի ճանապարհներով նրան բերեց այգու մեջ գտնվող փոքրիկ տնակը, նրան մի ձեռք վերնազգեստ տվեց, առաջնորդեց դեպի թփուտը, թախանձագինս խնդրելով, առանց որևէ այլևայլության, անմիջապես լքել այգեստանի ցանկապատված տարածքը: Նա հաճույքով ենթարկվեց հրահանգին: Անտառին վարժված լինելով՝ Սիդհարթան անաղմուկ կտրեց-անցավ այգեստանը և ցանկապատի վրայով մյուս կողմն անցավ: Գոհ ու բավարարված տեսքով նա վերադարձավ քաղաք, թևքի տակ սեղմած ծալված զգեստը: Մի օթևանում, ուր եկվորներն են գիշերում, նա կանգնեց դռան առջև, լուռ խնդրելով կերակրել իրեն ու լռությամբ էլ ընդունեց իրեն մեկնված բրնձե թխվածքը: Գուցե հենց վաղվանից սկսած, մտածում էր նա, ես այլևս ոչ մեկից ուտելիք չեմ մուրա: Հանկարծ նրա մեջ հպարտությունը ճառագեց: Նա այլևս սամանա չէր և իրեն վայել չէր ողորմություն խնդրել: Բրնձե թխվածքը, դեռ չճաշակած, նա տվեց մի շան ու մնաց առանց կերակուր: - Ի՜նչ պարզ ու հասարակ է կյանքը, որ վարում են այս աշխարհում մարդիկ,- մտածեց Սիդհարթան:- Նրանում ոչ մի դժվարություն չկա: Ամեն ինչ շատ ավելի ծանր էր, դժվար և վերջիվերջո անհույս, երբ ես դեռ սամանա էի: Իսկ հիմա ամեն ինչ հեշտ է, նույնքան հեշտ, որքան համբույրի դասը, որ ինձ Քամալան տվեց: Ես պետք է ձեռք բերեմ հանդերձանք ու փող, ուրիշ ոչինչ, դրանք փոքրիկ ու մոտակա նպատակներ են և չեն կարող իմ քունը խանգարել: Նա ավելի վաղ էլ հարցուփորձ էր արել Քամալայի քաղաքային տան մասին և հենց հաջորդ օրն էլ ներկայացավ այնտեղ: - Ամեն ինչ լավ է,- այս բացականչությամբ դիմավորեց նրան Քամալան:- Քեզ սպասում են Կամասվամիի մոտ, նա մեր քաղաքի ամենահարուստ վաճառականն է: Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ իր մոտ ծառայության կվերցնի: Խելացի՛ եղիր, թխամաշկ սամանա: Ես այնպես կազմակերպեցի, որ քո մասին նրան ուրիշները պատմեին: Սիրալիր եղիր նրա հետ, նա շատ հզոր է և ազդեցիկ: Բայց շատ էլ համեստություն չխաղաս... Ես չեմ ուզում, որ դու նրա ծառան դառնաս, դու պետք է նրա հետ հավասարը հավասարի պես լինես, այլապես ես գոհ չեմ լինի քեզանից: Կամասվամին սկսում է ծերանալ և նրան հանգիստ է անհրաժեշտ: Եթե դու նրա դուրը գաս, նա քեզ շատ բան կվստահի: Սիդհարթան շնորհակալություն հայտնեց նրան ու ժպտաց, Քամալան իմանալով, որ նա երկու օր է ինչ ոչինչ չի կերել, կարգադրեց նրա համար հաց ու մրգեղեն մատուցել և հյուրասիրեց նրան: - Քո բախտը բանում է,- ասաց Քամալան հրաժեշտ տալիս,- քո առաջ իրար ետևից բացվում են դռները: Ինչպե՞ս դա կարելի է բացատրել: Գուցե դու ինչ-ինչ կախարդական հնարքների՞ ես տիրապետում: Ինչին Սիդհարթան պատասխանեց. - Երեկ ես քեզ ասացի, որ ես գիտեմ առմտածել, սպասել ու ծոմ պահել, իսկ դու ասացիր, որ դրանք ոչ մի բանի համար պիտանի չեն: Մինչդեռ դրանք նույնիսկ շատ պետքական կարող են լինել, Քամալա, դու դեռ կտեսնես: Դու կտեսնես ու կհամոզվես, որ անտառաբնակ, հիմար սամանաները շատուշատ բաներ գիտեն և կարող են շատ գեղեցիկ բաներ անել, որպիսիք դուք չեք կարող: Դեռևս երկու օր առաջ ես մի ցնցոտիավոր, չքավոր մեկն էի, բայց արդեն երեկ ես համբուրեցի Քամալային, իսկ շուտով ես վաճառական կդառնամ, փող կունենամ և բոլոր այն բաները, ինչին դու այդքան մեծ կարևորություն ես տալիս: - Այդպես է, որ կա, բայց ի՞նչ էր լինելու քեզ հետ առանց ինձ: Ի՞նչ էիր դու անելու, եթե Քամալան չօգներ քեզ: - Սիրելի Քամալա,- ասաց Սիդհարթան՝ ողջ մարմնով մեկ ձգվելով,- երբ ես քեզ մոտ, քո այգեստանը եկա, ես առաջին քայլը կատարեցի: Այն ժամանակ ես իմ առաջ համառ նպատակ դրեցի՝ սովորել սիրո գիտությունը ամենագեղեցիկ կնոջ մոտ: Եվ հենց այն նույն վայրկյանից, երբ իմ մեջ ծնվեց այդ նպատակը, ես արդեն գիտեի, որ կարողանալու եմ այն իրագործել: Ես գիտեի, որ դու ինձ կօգնես, ես դա գիտեի քո առաջին իսկ հայացքից, այն, որ դու ուղղեցիր ինձ այգեստանի մուտքի մոտ: - Իսկ եթե ես դա չցանկանայի՞: - Բայց դու այդ բանը ցանկացար: Նայի՛ր, Քամալա. երբ դու ջրի մեջ քար ես նետում, ապա այն շատ արագ, ամենակարճ ճանապարհով ջրի հատակն է ընկղմվում: Նույն կերպ է վարվում նաև Սիդհարթան, երբ նա իր առջև որևէ նպատակ է դնում: Սիդհարթան ոչինչ չի անում, նա միայն սպասում է, մտածում, ծոմ պահում, բայց նա անցնում է աշխարհի իրերի ու գոյացությունների միջով, ինչպես որ քարն է անցնում ջրի միջով, դրա համար ոչինչ չանելով, անգամ չնչին մի շարժում: Նա տրվում է իրեն ձգող ուժին, թողնում, որ ինքը ցած ընկնի: Նրա նպատակն արդեն ինքնին ձգում-տանում է իրեն, քանի որ նա չի թողնում իր սրտի մեջ ներթափանցել որևիցե մի բան, ինչը կարող էր հակառակվել հետապնդվող նպատակին: Ահա սա՛ է, որ Սիդհարթան սովորել է սամանաների մոտ: Սա այն է, ինչը տխմարները կախարդանք են անվանում և երևակայում են, թե այդ մոգական ուժը ձեռք է բերվում դևերի օգնությամբ, սակայն դևերը, որպես այդպիսիք, այստեղ դեր չունեն, դրանք իրականում գոյություն էլ չունեն: Յուրաքանչյուր ոք կարող է հմայել, յուրաքանչյուր ոք կարող է հասնել իր նպատակին, եթե միայն նա ընդունակ է մտածելու, սպասելու ու ծոմ պահելու: Քամալան ուշադիր լսում էր նրան: Նրան դուր էր գալիս Սիդհարթայի ձայնը, նա սիրում էր նրա աչքերի մեջ արտահայտված հայացքը: - Գուցե այդ ամենը հենց այդպես է,- կամացուկ ասաց նա,- ինչպես դու ես ասում, բարեկամս: Բայց գուցե դա նաև նրանից է գալիս, որ Սիդհարթան պարզապես գեղեցիկ տղամարդ է, որ նրա հայացքը դուր է գալիս կանանց և այդ պատճառով էլ երջանկությունը ընդառաջում է նրան: Սիդհարթան համբուրեց նրան ու հրաժեշտ տվեց: - Թող այդպես լինի, իմ ուսուցչուհի: Ես կուզենայի, որպեսզի իմ հայացքը մշտապես դուր գար քեզ, որպեսզի դու ինձ մշտապես երջանկություն պարգևեիր...