== Գիրք չորրորդ։ Ջլատումներ ==
I։ Հայր Ֆերապոնտ
Ալյոշային արթնացրին առավոտ կանուխ, դեռ լուսաբացից առաջ։ Սրբահայրը զարթնել էր և շատ տկար էր զգում իրեն, թեև ուզեց վեր կենալ անկողնից ու նստեց բազկաթոռին։ Գիտակցությունը լրիվ տեղն էր, դեմքը շատ հոգնած էր թեպետ, բայց պայծառ էր, գրեթե ուրախ, իսկ հայացքը զվարթ էր, բարեհամբույր, սիրակոչ։ «Գուցե և չտեսնեմ այս նոր ծագող օրվա երեկոն»,— ասաց նա Ալյոշային։ Ապա ցանկացավ իր խոստովանանքը կատարել ու հաղորդություն ընդունել անմիջապես։ Նրա խոստովանահայրը միշտ Հայր Պաիսին էր եղել։ Երբ կատարվեցին խոստովանանքի և հաղորդության սուրբ խորհուրդները, վերջին օծման արարողությունն սկսվեց։ Հավաքվեցին աբեղաները, խուցն աստիճանաբար լցվեց մենաստանի ճգնավորներով։ Մինչ այդ՝ լույսը բացվեց։ Վանքից էլ սկսեցին միաբաններ գալ։ Երբ արարողությունը վերջացավ, սրբահայրն ուզեց բոլորին հրաժեշտ տալ և սկսեց համբուրել յուրաքանչյուրին։ Խուցի նեղ լինելու պատճառով, ավելի շուտ մտած մարդիկ դուրս էին գալիս և տեղը զիջում մյուսներին։ Ալյոշան կանգնել էր սրբահոր մոտ, որ կրկին նստել էր բազկաթոռին։ Որքան կարող էր՝ խոսում էր սրբահայրը և ուսուցանում․ ձայնը թեև թույլ, բայց դեռ կորովի էր բավական։ «Այնքա՜ն երկար տարիներ ուսուցանել եմ ձեզ, ուստի և այնքա՜ն երկար տարիներ բարձրաձայն եմ խոսել, որ կարծես սովորություն եմ դարձրել խոսելը, իսկ խոսելով նաև ուսուցանելը, և այն աստիճան, որ լուռ մնալն ինձ համար ավելի դժվար կլիներ, քան խոսելը հիմա, նույնիսկ այս իմ տկար վիճակում, հայրեր ու եղբայրներ իմ սիրեցյալ»,— կատակեց նա, խանդաղատալից նայելով իր շուրջը հավաքվածներին։ Ալյոշան հետագայում բան ինչ հիշեց այն խոսքերից, որ սրբահայրն ասաց այդ պահին։ Թեև նա պարզորոշ էր խոսում ու բավական կորովի ձայնով, բայց նրա զրույցն զգալիորեն անկապ էր։ Շատ բաների մասին խոսեց, կարծես ուզում էր ամեն ինչ ասել, ուզում էր մոտալուտ մահից առաջ կրկնել այն բոլորը, որ չէր կարողացել լրիվ արտահայտել իր կյանքում, և ոչ թե միայն ուսուցանելու սիրույն, այլ կարծես տենչալով բաժանել իր բերկրանքն ու ցնծությունը բոլոր մարդկանց և արար աշխարհի հետ, կյանքում մի անգամ ևս զեղել իր սիրտը․․․
«Սիրեցե՛ք զմիմյանս, հայրե՜ր,— ուսուցանում էր սրբահայրը (որքան որ հիշեց հետագայում Ալյոշան)։— Սիրեցեք աստուծո ժողովրդին։ Մենք աշխարհականներից ավելի սուրբ չենք վասն այնորիկ, որ եկել ենք այստեղ ու փակվել սույն պատերի մեջ, այլ ընդհակառակն, այստեղ եկող ամեն ոք իր գալու փաստովն իսկ խոստովանել է ինքն իրեն, որ ինքը վատթար է բոլոր աշխարհականներից ու երկրի վրա գոյություն ունեցող ամեն ինչից․․․ Եվ վանականը որքան ավելի երկար ապրի իր պատերի մեջ մեկուսացած, այնքան ավելի սուր կերպով պետք է գիտակցի այս իրողությունը։ Քանզի այլապես նա պատճառ չէր ունենա այստեղ գալու։ Իսկ երբ գիտակցի, թե ինքը ոչ միայն վատթար է քան բոլոր աշխարհականները, այլև բոլոր մարդկանց առաջ մեղավոր է բոլորի և ամեն ինչի համար, մարդկային բոլոր մեղքերի համար, լինեն դրանք համայնական թե անձնական, ահա լոկ հայնժամ կհասնենք վանական միաբանության նպատակին։ Քանզի գիտցե՛ք, սիրեցյալներ իմ, որ մեզնից ամեն ոք, անտարակույս, մեղավոր է այս երկրի վրա բոլորի և ամեն ինչի համար, ոչ միայն աշխարհի համայնական մեղքի հետևանքով, այլև ամեն ոք անձնապես մեղավոր է ամբողջ մարդկության և յուրաքանչյուր մարդու համար։ Սույն գիտակցությունը պսակն է վանական կյանքի և առհասարակ ամեն մի մարդկային կյանքի՝ այս երկրի վրա։ Քանզի վանականները տարբեր մարդիկ չեն, այլ լոկ այնպիսի մարդիկ, ինչպիսիք պետք է բոլորը լինեին աշխարհում։ Այդպիսով է միայն, որ մեր սիրտը կլեցվեր անհուն, տիեզերական, անհագ սիրո խանդաղատանքով։ Հայնժամ ձեզնից յուրաքանչյուրն ի զորու կլիներ ամբողջ աշխարհը վաստակելու սիրո շնորհիվ և աշխարհի մեղքերը լվանալու իր արցունքներով․․․ Յուրաքանչյուրդ թող աչալուրջ հսկի իր սրտի վրա, յուրաքանչյուրդ թող անդադար խոստովանի ինքն իրեն։ Մի՛ երկնչիք ձեր սեփական մեղքից, եթե նույնիսկ գիտակցեք այն, միայն թե զղջումն անպակաս լինի, բայց աստուծո առաջ պայման մի՛ դնեք։ Դարձյալ ասում եմ՝ մի՛ հպարտանաք։ Մի՛ հպարտանաք փոքրերի առաջ, մի՛ հպարտանաք և մեծերի առաջ։ Մի՛ ատեք նաև ձեզ մերժողներին, ձեզ անարգողներին, ձեզ նախատողներին ու զրպարտողներին։ Մի՛ ատեք՝ անաստվածներին, չարուսույցներին, նյութապաշտներին․ բազում են բարի մարդիկ նրանց մեջ, մեր օրերում նամանավանդ, և ոչ միայն բարիներին, այլև չարերին մի՛ ատեք։ Ձեր աղոթքի մեջ հիշատակեցեք նրանց այսպես, փրկիր, ո՜վ տեր, բոլոր նրանց, ովքեր աղոթող չունեն իրենց համար, փրկիր և նրանց, ովքեր չեն ուզում աղոթել քեզ։ Եվ ավելացրեք իսկույնևեթ․ ոչ հպարտությամբ եմ աղերսում բանն այս, ո՜վ տեր, զի ես անձամբ իսկ քստմնելի եմ առավել քան բոլորն ու ամենայն ինչ․․․ Սիրեցեք աստուծո ժողովրդին, մի՛ թողնեք, որ եկվոր մարդիկ խլեն հոտը ձեզնից, զի եթե նիրհեք ձեր ծուլությամբ, ձեր խորշող հպարտությամբ ու նամանավանդ շահատենչությամբ, ապա կգան բոլոր կողմերից ու կխլեն ձեր հոտը ձեզնից։ Անդադար մեկնաբանեցեք ավետարանը ժողովրդին․․․ Մի՛ գռփեք վաշխառությամբ ու կաշառակերությամբ․․․ Մի՛ սիրեք ոսկի և արծաթ, մի՛ պահեք դրանք ձեզ մոտ․․․ Հավատք ունեցեք ու հավատարիմ եղեք դրոշին։ Բարձր պահեցեք դրոշր ձեր․․․»։
Սակայն սրբահայրը խոսում էր ավելի անկապակից, քան շարադրված է այստեղ ըստ Ալյոշայի հետագա գրառման։ Երբեմն նա բոլորովին ընդհատում էր իր խոսքը, կարծես ուժերն էր հավաքում, հևում էր շնչասպառ, բայց մի տեսակ ցնծության մեջ էր։ Հուզմունքով էին լսում նրան, թեև շատերը զարմանում էին նրա խոսքերի վրա և մութ իմաստ էին տեսնում դրանց մեջ․․․ Հետագայում բոլորը հիշեցին այդ խոսքերը։ Երբ պետք եղավ, որ Ալյոշան մի րոպեով դուրս գա խուցից, նա ապշեց՝ տեսնելով խուցի ներսն ու դուրսը ժողովված միաբանների ընդհանուր հուզմունքն ու սպասողական վիճակը։ Ոմանք գրեթե տագնապով էին սպասում, իսկ ուրիշները՝ հանդիսավոր բարեպաշտությամբ։ Բոլորն էլ ակնկալում էին, որ անմիջական ու մեծ մի բան է կատարվելու սրբահոր ննջումից հետո։ Այդ ակնկալությունը համարյա թեթևամիտ բան էր մի տեսակետից, բայց նույնիսկ ամենախստաբարո վանականները ենթարկվում էին դրա ազդեցության։ Ամենից ավելի խիստ էր աբեղա հայր Պաիսիի դեմքը։
Ալյոշան խուցից դուրս եկավ լոկ այն պատճառով, որ Ռակիտինը խորհրդավոր կերպով կանչել էր իրեն մի վանականի միջոցով։ Քաղաքից էր եկել Ռակիտինը և տարօրինակ մի նամակ էր բերել տիկին Խոխլակովայից։ Տիկինը մի հետաքրքրական ու ճիշտ ժամանակին հասնող լուր էր հաղորդում Ալյոշային։ Խնդիրն այն էր, որ նախորդ օրը, սրբահոր աջն համբուրելու և նրա օրհնությունն ստանալու համար եկած ռամիկ ու հավատացյալ կանանց մեջ քաղաքաբնակ մի պառավ կար՝ ենթասպայի այրի Պրոխորովան։ Նա հարցրել էր սրբահորը, թե կարո՞ղ է արդյոք եկեղեցում հոգեհանգիստ կարդալ տալ իր որդու համար, որպես հանգուցյալի, քանի որ իր Վասենկան ծառայության համար գնացել էր Սիբիրի հեռավոր մի անկյունը՝ Իրկուտսկ, և արդեն մի տարի է, ինչ ոչ մի լուր չկար նրանից։ Եվ սրբահայրը խստությամբ էր պատասխանել նրան առ այդ, արգելելով և կախարդության նման մի բան նկատելով այդպիսի հոգեհանգիստը։ Բայց այնուհետև, անգիտության համար ներելով նրան, ավելացրել էր, «կարծես ապագայի մատյանը կարդալով» (ինչպես արտահայտվում էր տիկին Խոխլակովան իր նամակում), նաև այն մխիթարությունը, «թե նրա որդին, Վասյան, ողջ է անտարակույս, և թե շուտով գալու է անձամբ կամ էլ նամակ է ուղարկելու, ուստի մայրը թող գնա տուն և սպասի նրան։ Եվ ի՞նչ եք կարծում,— ավելացնում էր տիկին Խոխլակովան ոգևորությամբ,— մինչև իսկ տառացիորեն կատարվեց մարգարեությունը և նույնիսկ ավելին»։ Հազիվ էր պառավը տուն վերադարձել, երբ իսկույն նրան հանձնեցին Սիբիրից եկած նամակը, որ արդեն ստացվել էր մինչև նրա գալը։ Բայց դեռ ավելին․ նամակում, որ գրված էր ճանապարհից՝ Եկատերինբուրգից, Վասյան տեղեկացնում էր մորը, թե ինքն անձամբ գալիս է Ռուսաստան, վերադառնում է մի աստիճանավոր պաշտոնյայի հետ, և թե նամակն ստացվելուց երեք շաբաթ հետո «հույս ունի գրկելու իր մորը»։ Տիկին Խոխլակովան ջերմորեն ու թախանձագին աղերսում էր, որ Ալյոշան անմիջապես վանահորն ու ամբողջ միաբանությանը հայտնի այս նոր կատարված «կանխատեսման հրաշքը»։ Վերջացնելով իր նամակը, նա բացականչում էր․ «Սա պետք է հայտնի դառնա բոլորին, բոլորի՜ն»։ Նամակը գրված էր արագ, հապճեպ, գրողի հուզմունքը երևում էր ամեն մի տողում։ Բայց Ալյոշան պետք չուներ այլևս որևէ բան հայտնելու, որովհետև միաբաններն արդեն ամեն ինչ գիտեին։ Ռաիկտինն իր ուղարկած վանականին հանձնարարել էր նաև «ամենայն պատկառանոք հաղորդել նորին գերաշնորհություն հայր Պաիսիին, որ ինքը՝ Ռակիտինը մի որոշ գործ ունի նրա հետ առնչված, բայց այնքան կարևոր մի գործ, որ չի համարձակվի մի րոպե անգամ հետաձգել դրա կատարումը, իսկ իր հանդգնության համար ծնրադիր խնդրում է ներել իրեն»։ Վանականը հայր Պաիսիին ավելի շուտ էր հայտնել Ռակիտինի խնդրանքը, քան Ալյոշային, ուստի Ալյոշան, դուրս գալով ու կարդալով նամակը, տեսավ, որ իրեն մնում էր անմիջապես հայր Պաիսիին ներկայացնել այդ գրությունն իբրև սոսկ փաստաթուղթ։ Եվ ահա նույնիսկ այդ խստաբարո և դժվարահավատ մարդը, «հրաշքի» լուրը խոժոռադեմ կարդալուց հետո, չկարողացավ լիովին զսպել իր ներքին ինչ-որ զգացմունքը։ Աչքերը փայլեցին, ծանրախոհ ու խորիմաստ մի ժպիտ երևաց հանկարծ շրթունքներին։
— Մեծամեծ ևս բաներ պիտի տեսնենք, քան այս,— գոչեց նա կարծես ակամա։
— Մեծամե՜ծ ևս բաներ, մեծամե՜ծ բաներ պիտի տեսնենք,— կրկնեցին վանականները չորս կողմից, բայց հայր Պաիսին, նորից հոնքերը կիտելով, խնդրեց բոլորին, որ գոնե մի որոշ ժամանակ ոչ ոքի չհայտնեն լուրը, «մինչև որ ավելի ևս հաստատվի, որովհետև շատ է աշխարհիկ մարդկանց թեթևամտությունը, և բացի այդ՝ սույն դեպքը կարող է բնական ձևով պատահած լինել»,— ավելացրեց նա զգուշությամբ, կարծես իր խիղճը հանգստացնելու համար, բայց ինքն էլ համարյա չհավատալով իր վերապահությանը, մի բան, որ նրա ունկնդիրները ևս շատ պարզ նկատեցին։ Անշուշտ նույն ժամին «հրաշքը» հայտնի դարձավ ամբողջ միաբանությանը և նույնիսկ այն բազմաթիվ աշխարհականներին, որոնք ժամերգության էին եկել։ Բայց կատարված հրաշքը կարծես թե ամենից ավելի ապշեցրել էր այն վանականին, որ դեռ երեկ ժամանել էր հեռավոր հյուսիսի «սուրբ Սիլվեստրից», Օբդորսկի մի փոքր վանքից։ Երեկ նա, տիկին Խոխլակովայի կողքին կանգնած, ողջույն էր տվել սրբահորը և, մատնացույց անելով այդ տիկնոջ «բուժված» աղջկան, հարցրել էր ազդու և հանդիսավոր շեշտով․ «Ինչպե՞ս եք հանդգնում այսպիսի գործեր անել»։
Խնդիրն այն է, որ եկվոր վանականն այժմ որոշ տարակուսանքի մեջ էր ընկել ու համարյա չգիտեր, թե ո՛ր մեկին հավատա։ Երեկ իրիկուն այցելել էր վանքի միաբան հայր Ֆերապոնտին, որի առանձին խուցը գտնվում էր փեթականոցի մյուս կողմը, և այդ տեսակցությունն արտակարգ, զարհուրելի տպավորություն էր գործել ու շշմեցրել էր նրան։ Հայր Ֆերապոնտը հենց այն զառամյալ վանականն էր, այն մոլեռանդ ծոմապահն ու լռակյացը, որին արդեն հիշել ենք որպես սրբահայր Զոսիմայի հակառակորդի։ Նա գլխավորաբար դեմ էր բուն սրբահայրության կարգին, որ վնասակար ու թեթևամիտ նորամուծություն էր համարում։ Չափազանց վտանգավոր հակառակորդ էր նա, չնայած որ, լռակյաց լինելով, գրեթե ոչ մի բառ չէր փոխանակում որևէ մեկի հետ։ Իսկ նա վտանգավոր էր հատկապես այն պատճառով, որ բազմաթիվ միաբաններ լիովին համակրում էին նրան, այցելող աշխարհականներից էլ շատ-շատերը նրան պատվում էին որպես մեծ արդարակյացի ու ճգնավորի, թեև տեսնում էին անտարակայուս, որ նա կրոնախև է։ Բայg հենց այդ խևությունն էր նրա հմայքը։ Այս հայր Ֆերապոնտը երբեք չէր գնում սրբահայր Զոսիմայի մոտ, թեև մենաստանում էր ապրում, բայց շատ էլ չէին անհանգստացնում նրան մենաստանի ներքին կանոնադրությամբ, և դարձյալ այն պատճառով, որ նա ուղղակի խևի պես էր պահում իրեն։ Յոթանասունհինգ տարեկան էր, եթե ոչ ավելի, և ապրում էր մենաստանի փեթականոցից այն կողմ, պատի անկյան մոտ, փայտե հին, գրեթե փուլ եկած մի խուցի մեջ, որ շինված էր շատ տարիներ առաջ, դեռ անցյալ դարում, նույնպես մի մեծ ծոմապահ ու լռակյաց ճգնավորի՝ հայր Իոնայի համար, որ հարյուր հինգ տարի էր ապրել և որի սրբագործությունների մասին մինչև օրս էլ բազմաթիվ հետաքրքրական պատմություններ էին շրջում վանքում ու մոտակա շենքերում։ Հայր Ֆերապոնտը յոթ տարի առաջ հասել էր իր նպատակին վերջապես իրեն էլ տեղավորել էին այդ նույն մենավոր խուցի մեջ։ Դա մի խրճիթ էր պարզապես, բայց շատ նման էր մատուռի, որովհետև չափազանց շատ սրբապատկերներ կային այնտեղ․ հավատացյալների ընծայաբերած այդ սրբապատկերների առջև օր ու գիշեր վառվում էին նույնպես ընծայաբերված կանթեղները, և հայր Ֆերապոնտը մի տեսակ հսկիչ ու լուսարար էր կարգված դրանց վրա։ Ասում էին (և դա ճշմարիտ էր), որ նա ընդամենը երկու ֆունտ հաց էր ուտում երեք օրվա ընթացքում, ոչ ավելի․ երեք օրը մեկ՝ այդ հացը բերում էր մեղվապանը, որ հենց փեթականոցում էր ապրում, բայց իրեն սպասարկող այդ մեղվապանին անգամ հայր Ֆերապոնտը հազվադեպ էր մի որևէ խոսք ասում։ Նրա շաբաթական ամբողջ սնունդը այդ չորս ֆունտ հացն էր՝ կիրակնօրյա նշխարի հետ միասին, որ վանահայրը պատարագից հետո ճշտապահորեն ուղարկում էր աստուծո երանելուն։ Իսկ ամեն օր թարմ ջուր էին լցնում նրա գավաթի մեջ։ Նա հազվադեպ էր երևում պատարագին։ Այցելության եկող երկրպագուները տեսնում էին, թե ինչպես նա երբեմն ամբողջ օրն աղոթում էր ծնրադիր, առանց վերկենալու և առանց շուրջը նայելու։ Իսկ եթե երբևիցե պատասխաներ այցելուներին, ապա խոսում էր կարճ ու կտրուկ, տարօրինակ ու գրեթե միշտ կոպիտ։ Շատ հազվադեպորեն, սակայն, ինքն էլ մի խոսք էր ուղղում եկողներին, բայց մեծ մասամբ տարօրինակ մի բան էր ասում միայն՝ կատարյալ մի առեղծված իր խոսակցի համար, իսկ հետո, որքան էլ խնդրեին, լուռ էր մնում ու ոչ մի բացատրություն չէր տալիս։ Քահանայական կարգ չուներ, հասարակ վանական էր պարզապես։ Շատ տարօրինակ մի լուր էր շրջում,— ամենատգետ մարդիկ էին սակայն այդ լուրը տարածողները,— թե հայր Ֆերապոնտը հաղորդակցության մեջ է երկնային ոգիների հետ, միայն նրանց հետ է զրուցում, և ահա այդ պատճառով է, որ լուռ է մնում մարդկանց մոտ։
Օբդորսկցի վանականը փեթականոց մտավ մեղվապանի՝ նույնպես լռակյաց ու մռայլ այդ վանականի առաջնորդությամբ, հետո գնաց այն անկյունը, ուր գտնվում էր հայր Ֆերապոնտի խուցը։ «Գուցե խոսի քեզ հետ՝ որպես եկվորի, բայց գուցե և ոչինչ չիմանաս նրանից»,— նախազգուշացրեց մեղվապանը։ Վանականը, ինչպես ինքն էր պատմում հետո, մեծագույն ահով մոտեցավ ճգնավորին։ Ուշ իրիկուն էր արդեն։ Հայր Ֆերապոնտն այդ պահին նստած էր խուցի դռանը՝ ցածլիկ աթոռակի վրա։ Մի հին ու հսկա կնձնի մեղմ սոսափում էր վերևում։ Օդը զովանում էր երեկոյան թարմությամբ։ Օբդորսկցի վանականը երեսնիվայր ընկավ երանելու առաջ և նրա օրհնությունը խնդրեց։
— Ուզում ես, որ ե՞ս էլ երկիր պագանեմ առաջի քո, վանակա՛ն,— ասաց հայր Ֆերապոնտը։— Վե՛ր կաց։
Վանականը վեր կացավ։
— Օրհնելով՝ օրհնյալ լեր։ Նստի՛ր մոտն իմ։ Ո՞ր կողմերից ես հասել այստեղ։
Խեղճ վանականին ամենից ավելի զարմանք պատճառեց այն, որ հայր Ֆերապոնտը, հակառակ իր անտարակուսելիորեն խստագույն ծոմապահության և այնքան զառամյալ տարիքին, արտաքուստ դեռ առույգ, բարձրահասակ մի ծերունի էր, որ ուղիղ էր պահում մարմինը, չէր կռանում երբեք, ու թարմ էր դեմքը՝ թեև նիհար, բայց առողջ։ Անտարակուսելի էր նաև, որ զգալի ուժի տեր է տակավին։ Ըմբիշի կազմվածք ուներ։ Չնայած այնքան մեծ տարիքին, նույնիսկ լրիվ չէր սպիտակել, դեռ շատ խիտ էին մազերն ու մորուքը, որոնք կատարելապես սև էին եղել մի ժամանակ։ Աչքերը մոխրագույն էին, խոշոր, փայլուն, սակայն արտակարգորեն չռված, մի բան, որ նույնիսկ շշեմցնող տպավորություն էր գործում։ Խոսում էր գավառական կոպիտ շեշտադրությամբ։ Հագել էր գյուղական երկար ու կարմրավուն վերնազգեստ՝ այն կոշտ մահուդից, որ առաջ կալանավորական էր կոչվում, իսկ մեջքին մի հաստ պարան էր կապել։ Վիզն ու կուրծքը մերկ էին։ Վերնազգեստի տակ երևում էր չափազանց հաստ կտավից կարված շապիկը, որ ամիսներով մնում էր նրա վրա և համարյա սևացել էր կեղտից։ Ասում էին, թե նա երեսուն ֆունտ կշռող շղթաներ է կրում մարմնին՝ վերնազգեստի տակ։ Իսկ մերկ ոտքերին հնամաշ, գրեթե լիովին քայքայված հողաթափեր կային։
— Օբդորսկի փոքր վանքից, սուրբ Սիլվեստրից,— խոնարհաբար պատասխանեց եկվոր վանականը, իր փոքրիկ, արագաշարժ, հետաքրքրասեր, թեև մի քիչ վախեցած աչքերով դիտելով ճգնավորին։
— Եղել եմ քո Սիլիվեստրի մոտ։ Ապրել եմ այնտեղ։ Ողջառո՞ղջ է այդ քո Սիլիվեստրը։
Վանականը տատամսելով կմկմաց։
— Անհասկացո՛ղ մարդիկ եք դուք։ Ո՞րպես եք պաս պահում։
— Մեր կերակրոց ցանկը կազմված է ըստ վանական հին կարգի, այսպես, քառասնորդաց պահոց երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերը սեղան չեն դնում։ Երեքշաբթի և հինգշաբթի՝ սպիտակ հաց, մեղրով բուսաջուր, ճախնամորի կամ աղած կաղամբ ու մանրաձավար լափա։ Շաբաթ օրը՝ սպիտակ կաղամբապուր, սիսեռով արիշտա, մրգահյութով շիլա, բոլորը յուղով։ Ի շաբաթու մեկ անգամ՝ չոր ձուկ և շիլա, կաղամբապուրի հետ։ Իսկ հավագ շաբաթու երկուշաբաթի առավոտուց մինչ ի կիրակմուտ, վեց օր, ոչինչ եփեն, և ուտեմք միայն հաց և ըմպեմք ջուր, և այս ևս ժույժ ունելով․ ըստ կարելվույն՝ ոչ ամենայն օր առնուլ զսոսա, այլ որպես և ասացյալ է՝ վասն առաջնույն շաբաթու քառասնորդաց պահոց։ Իսկ հավուրն ավագ ուրբաթու ոչինչ ուտեմք ամենևին, որպես և հավուրն ավագ շաբաթու պարտ եմք ծոմ պահել մինչ հերրորդ ժամու, և հայնժամ ճաշակեմք սակավ ինչ հաց և ըմպեմք ջուր, և բաժակ մի գինի։ Իսկ հավուրն ավագ հինգշաբաթի ուտեմք զկերակուրս եփյալս, առանց յուղո, և ոչ իսկ եփյալս և ըմպեմք գինի։ Քանզի ժողովն Լավոդիկյան այս կերպ ասե վասն ավուր ավագ հինգշաբաթի․ «Չէ արժան ի քառասներորդսն յաւագ շաբաթուն հինգշաբաթի օր բերան լուծանել, զի մի՛ ամենայն պահք քառասներորդացն անարգեսցին»։ Ահա այսպես ենք պաս պահում։ Բայց ի՜նչ է որ այս՝ ձեզ հետ համեմատած, հա՛յր մեծագործ,— ավելացրեց վանականը սրտապնդված,— քանզի դուք ամբողջ տարին, նույնիսկ սուրբ զատկին, սնվում եք լոկ հացով ու ջրով, և մեր երկու օրվա հացը ձեզ բավարարում է մի ամբողջ շաբաթ։ Հրաշալի է արդարև այսպիսի մեծ ժուժկալությունը ձեր։
— Իսկ պղպեղասո՞ւնկ,— հարցրեց հանկարծ հայր Ֆերապոնտը, «ղ» տառն արտասանելով «խ»-ի նման։
— Պղպեղասո՞ւնկ,— կրկնեց զարմացած վանականը։
— Այո, իսկ և իսկ։ Ես կարող եմ հրաժարվել նրանց հացից, որ ինձ չէ պիտո ամենևին, կարող եմ գնալ թեկուզ անտառ, և այնտեղ պղպեղասունկով կապրեմ և կամ հատապտղով։ Իսկ նրանք չեն հրաժարվի իրենց հացից, արդ ուրեմն սատանային են կապյալ։ Անօրեններն այժմ բարբառում են, թե հարկ չէ այսքան ծոմ պահել։ Գոռոզական ու պիղծ է սույն դատողությունը նոցա։
— Օ՜հ, ճշմարիտ է,— հառաչեց վանականը։
— Իսկ նրանց մոտ սատանաներ տեսա՞ր,— հարցրեց հայր Ֆերապոնտը։
— Նրանց․․․ այսինքն ո՞ւմ մոտ,— ուզեց իմանալ վանականը վախվխելով։
— Անցյալ տարի հիսնականաց պահքին բարձրացա վանահոր մոտ, և այդ օրից չեմ գնացել այլևս։ Տեսա, մեկի կրծքին էր նստել սատանան, պահվում էր սքեմի տակ, միայն եղջյուրներն էին դուրս ցցված։ Մի ուրիշի գրպանից էր դուրս նայում, աչքերն արագ-արագ շարժում էր, ինձնից էր վախենում։ Մի ուրիշի փորն էր մտել, տեղավորվել էր ամենապիղծ որովայնի մեջ, իսկ մեկի էլ վզից էր կախվել ուղղակի, փաթաթվել էր, և այդպես էլ մարդը կրում էր սատանային, բայց չէր տեսնում նրան։
— Դուք․․․ տեսնո՞ւմ եք,— հարցրեց վանականը։
— Ասացի քեզ՝ տեսնում եմ, ուղն ու ծուծը տեսնում։ Երբ վանահոր մոտից դուրս էի գալիս, մեկ էլ նայեմ՝ մի սատանա թաքնվում է ինձնից դռան ետին, և այսպիսի մի խոշո՜ր սատանա, հասակը մեկուկես կանգուն կամ ավելի, իսկ պոչը՝ հաստ, թուխ, երկար։ Եվ տեսնեմ՝ պոչի ծայրը դռան ճեղքն է ընկել։ Իսկ ես հիմար չեղա, հանկարծ դուռը չրխկացրի և պոչը ճմլեցի ճեղքի մեջ։ Ինչպե՛ս ճչաց, սկսեց մաքառել, իսկ ես նշանով խաչին կնքեցի նրան երիցս։ Ու տեղն ու տեղը սատակեց, ճզմված սարդի նման։ Այժմ պետք է որ նեխած լինի այդ անկյունում, գարշահոտում է, բայց նրանք չեն տեսնում, հոտը չեն առնում։ Մի տարի է՝ չեմ գնացել այնտեղ։ Միայն քեզ եմ հայտնում, որպես օտարականի։
— Զարհուրելի՜ են խոսքերը ձեր։ Բայց, հա՛յր պատվական ու երանելի,— ավելի ու ավելի համարձակ էր դառնում վանականը,— ճի՞շտ է այն մեծ համբավը, որ ձեր մասին շրջում է մինչև իսկ հեռավոր աշխարհներում՝ որպես թե դուք անդադար հաղորդակցություն ունեք սուրբ ոգու հետ։
— Իջնում է։ Մերթ ընդ մերթ։
— Իսկ ինչպե՞ս է իջնում։ Ի՞նչ տեսքով։
— Թռչունի։
— Սուրբ ոգին իբրև զաղավնի՞։
— Մերթ սուրբ ոգին, մերթ Հոգին սուրբ։ Հոգին սուրբ այլ է, սա կարող է նաև ուրիշ թռչունի տեսքով իջնել, մերթ ծիծեռնակի, մերթ կարմրակատարիկի, մերթ երաշտահավի։
— Իսկ ինչպե՞ս եք նրան տարբերում բուն երաշտահավից։
— Խոսում է։
— Ինչպե՞ս է խոսում, ի՞նչ լեզվով։
— Մարդկային։
— Եվ ի՞նչ է ասում ձեզ։
— Այսօր ահա ազդարարեց, որ մի հիմար կայցելի ինձ և անհարկի բաներ կհարցնի։ Շատ բան ես ուզում իմանալ, վանակա՛ն։
— Ահավոր են խոսքերը ձեր, երանելագույն և սրբազնագույն հայր,— գլուխը շարժեց վանականը։ Բայց և նրա երկչոտ աչքերում կասկածանք երևաց։
— Իսկ տեսնո՞ւմ ես ծառն այս,— հարցրեց հայր Ֆերապոնտը, մի պահ լուռ մնալուց հետո։
— Տեսնում եմ, երանելագույն հայր։
— Ըստ քեզ՝ կնձնի է, բայց ինձ համար այլ է պատկերը։
— Ի՞նչ պատկեր է,— հարցրեց վանականը, որ լուռ և ապարդյուն սպասել էր բացատրության։
— Պատահում է ի գիշերի։ Տեսնո՞ւմ ես սույն երկու ճյուղերը։ Քրիստոս է ի գիշերի մեկնում սույն թևքն յուր առ իս և թևերովն այդ փնտրում է ինձ։ Բացահայտորեն տեսնում եմ ու դողում։ Սոսկալի է, օ՜, սոսկալի։
— Բայց ի՞նչ սոսկալի բան կա, եթե Քրիստոս է նույնինքն։
— Կբռնի ու վեր կտանի։
— Ողջ-ո՞ղջ։
— Եղիայի ոգով ու փառքով, չե՞ս լսել, ինչ է, կգրկի ու կտանի․․․
Թեև օբդորսկցի վանականն այս խոսակցությունից հետո խիստ տարակուսած մտքով վերադարձավ իրեն հատկացված խուցը, ուր ապրում էր միաբաններից մեկի հետ, բայց նրա սիրտն այնուամենայնիվ հակված էր ավելի հայր Ֆերապոնտի կողմը, քան հայր Զոսիմայի։ Օբդորսկցի վանականն ամենից առաջ ծոմապահության կողմնակից էր, և նրա համար զարմանալի չէր, որ հայր Ֆերապոնտի նման մեծ ծոմապահը «զհրաշս տեսանէ»։ Նրա խոսքերն անշուշտ անհեթեթ էին թվում, բայց աստված գիտե, թե ինչ խորհուրդ էր թաքնված այդ խոսքերի մեջ․ ավելի ևս տարօրինակ խոսքեր ու արարքներ են ցուցաբերում բոլոր սրբազան խենթերը, որոնք խևանում են ի սեր Քրիստոսի։ Վանականը պատրաստ էր հոգևին ու գոհունակությամբ հավատալու մինչև իսկ սատանայի պոչի ճզմվելուն՝ ոչ միայն այլաբանական, այլև ուղղակի իմաստով։ Բացի այդ, նախօրոք ևս, դեռ վանք գալուց առաջ, նա խիստ կանխակալ վերաբերմունք ուներ սրբահայրության կարգի դեմ, որի մասին, մինչ այդ, զրույցներից էր գաղափար կազմել և որը վնասակար նորամուծություն էր համարում վճռականորեն՝ հետևելով ուրիշների կարծիքին։ Արդեն մեկ օր ապրելով վանքում, նա կարողացել էր նաև նկատել մի քանի թեթևամիտ, սրբահայրության կարգին անհամակիր միաբանների թաքուն տրտունջը։ Բնավորությամբ էլ նա ժիր էր, այս ու այն կողմ վազող, ամեն ինչի ականջ էր դնում մեծագույն հետաքրքրությամբ։ Ահա թե ինչու նա արտակարգ շփոթության մատնվեց, լսելով սրբահայր Զոսիմայի կատարած նոր «հրաշքի» մեծամեծ լուրը։ Ալյոշան հետագայում հիշեց, թե ինչպես սրբահոր մոտ ու նրա խուցի առաջ խճողված վանականների մեջ բազմիցս իր աչքին երևացել էր օբդորսկցի հետաքրքրասեր հյուրը, որ անընդհատ այս կամ այն խմբի մոտ էր վազում, ամեն ինչի ականջ էր դնում և հարցեր տալիս բոլորին։ Բայց այն ժամանակ Ալյոշան քիչ ուշադրություն դարձրեց նրան և միայն հետագայում էր, որ հիշեց ամեն ինչ․․․ Եվ նրանով զբաղվելու ժամանակ էլ չուներ․ սրբահայր Զոսիման, որ նորից հոգնություն էր զգացել ու վերադարձել էր անկողին, հանկարծ, երբ արդեն փակում էր աչքերը, հիշել էր նրան ու ասել, որ կանչեն իր մոտ։ Ալյոշան անմիջապես վազեց։ Սրբահոր մոտ միայն երեք հոգի կար՝ հայր Պաիսին, աբեղա հայր Իոսիֆը և մեկ էլ նորընծա Պորֆիրին։ Բանալով իր հոգնած աչքերը և սևեռուն նայելով Ալյոշային, սրբահայրը հարցրեց մեկեն․
— Սպասո՞ւմ են քեզ քո հարազատները, որդյակ։
Ալյոշան կմկմաց։
— Կարիք չունե՞ն արդյոք քեզ։ Երեկ խոստացե՞լ ես որևէ մեկին, որ լինելու ես այսօր մոտը։
— Խոսք եմ տվել․․․ հորս․․․ եղբայրներիս․․․ ուրիշներին ևս․․․
— Տեսնո՞ւմ ես։ Անպայման գնա։ Մի՛ տրտմիր։ Գիտցիր, որ չեմ մեռնի, մինչև քո ներկայությամբ չասեմ իմ վերջին խոսքը երկրի վրա։ Քե՛զ եմ ասելու այդ խոսքը, որդյա՛կ, ու քեզ եմ այն կտակելու։ Քե՛զ, որդյակ իմ քաղցրիկ, վասնզի սիրում ես ինձ։ Իսկ այժմ գնա նրանց մոտ, որոնց խոստացել ես։
Ալյոշան անմիջապես հնազանդվեց, թեև ծանր էր հեռանալը։ Բայց նրա հոգուն ցնծության սարսուռ տվեց այն խոստումը, թե ինքը լսելու է սրբահոր վերջին խոսքը երկրի վրա, մանավանդ որ այդ խոսքը կարծես կտակվելու է իրեն՝ Ալյոշային։ Նա շտապեց, որպեսզի քաղաքում վերջացնի բոլոր գործերը և շուտով վերադառնա։ Հայր Պաիսին ևս ասաց ողջերթի խոսքեր, որոնք շատ ուժեղ և անակնկալ տպավորություն գործեցին Ալյոշայի վրա։ Երկուքն էլ արդեն դուրս էին եկել սրբահոր խուցից, երբ Հայր Պաիսին դիմեց նրան․
— Հիշի՛ր անդադար, պատանյակ,— սկսեց նա ուղղակի, առանց որևէ առաջաբանի,— որ աշխարհիկ գիտությունը, ի մի գալով ու մեծ զորություն դառնալով, հատկապես վերջին դարում վերլուծել է երկնային ամեն ինչ, որ կտակվում է սուրբ գրոց մեջ, և դաժան վերլուծումից հետո՝ սույն աշխարհի գիտնականները բացարձակապես ոչինչ չեն թողել հնավանդ սրբություններից։ Բայց նրանք վերլուծել են մաս առ մաս, իսկ ամբողջությունը չեն նկատել, և այնքա՜ն կուրորեն, որ նույնիսկ արժան է զարմանքի։ Մինչդեռ ամբողջությունը նրանց իսկ աչքերի առաջ կանգնած է ցարդ անսասան, որպես և էր ի հնուց, և դարպասք դժոխոց չեն հաղթահարի նրան։ Միթե այդ կենդանի ուժը չի՞ ապրել տասնինը դար, միթե չի՞ ապրում և այժմ՝ անհատ հոգիների շարժման մեջ ու նաև շարժմանց մեջ ժողովրդական զանգվածների։ Մինչև իսկ նույն այդ մարդկանց՝ ամեն ինչ կործանած անաստվածների հոգեկան շարժմանց մեջ ապրում է նա ու մնում անսասան, ինչպես և առաջ։ Քանզի և՛ քրիստոնեությունն ուրացողները, և՛ նրա դեմ ընդվզողներն իրենց իսկ էության խորքում պահպանում են Քրիստոսի նույն այն օրինակը, որին հետևում էին առաջ, մնացել են նույնը, զի ցարդ ո՛չ նրանց իմաստությունը, ո՛չ և նրանց սրտի ավյունը ի վիճակի չի եղել ստեղծելու մի այլ, ավելի բարձր օրինակ հաչս մարդու և նրա արժանապատվության, քան այն օրինակը, որ ցույց է տվել Քրիստոս ի հնուց անտի։ Իսկ եղած փորձերից՝ միայն ու միայն այլանդակություններ են ծնվել։ Հիշի՛ր այս մեկը հատկապես, պատանյա՛կ, քանզի քո վախճանվող սրբահոր կողմից առաքվում ես դեպի աշխարհ։ Թերևս, հիշելով օրն այս մեծ, չմոռանաս նաև խոսքերն իմ այս, որոնք քեզ սրտագին ողջերթ մաղթելու սիրույն ասվեցին, զի այր ես դեռատի, իսկ ծանր են գայթակղություններն աշխարհում, և քո ուժերից վեր է տոկալ դրանց։ Է՛հ, գնա այժմ, մանուկ որբացյալ։
Այս հորդորով հայր Պաիսին օրհնեց նրան։ Ալյոշան, երբ դուրս էր գալիս վանքից ու մտորում բոլոր այդ անակնկալ խոսքերի մասին, հանկարծ հասկացավ, որ այժմ մի նոր, անսպասելի բարեկամ է գտնում, իրեն ջերմորեն սիրող մի առաջնորդ՝ հանձին այս խստաշունչ վանականի, որ մինչ այդ անզիջող էր եղել իր նկատմամբ։ Թվում էր, թե սրբահայր Զոսիման, վախճանվելուց առաջ, նրա խնամքին էր հանձնում Ալյոշային։ «Բայց գուցե իրո՜ք այդպես էլ խոսել են իրար մեջ»,— մտածեց հանկարծ Ալյոշան։ Իսկ այն անակնկալ ու իմաստասիրական դատողությունները, որոնք նա լսեց հիմա, ոչ թե ուրիշ այս կամ այն, այլ հենց ա՛յդ իսկ դատողությունները պարզապես վկայում էին, թե հայր Պաիսին ջերմ սիրտ ունի․ արդեն նա շտապում էր հնարավորին չափ շուտ զինել դեռատի միտքը՝ գայթակղությունների դեմ պայքարելու համար, և իր խնամքին հանձնված այդ մատղաշ հոգին ամրապատել այնպիսի մի պարսպով, որից ավելի ամուր պաշտպանություն չէր էլ կարող երևակայել։