հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐԺԵՔԻ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՐԵՆ ՆԱԵՎ ՆՐԱ ԳՆԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ
Բուրժուական հասարակության մակերեսի վրա բանվորի վարձը պատկերվում է որպես աշխատանքի գին, որպես փողի մի որոշ քանակ, որ վճարվում է աշխատանքի մի որոշ քանակի համար։ Ընդ որում խոսում են աշխատանքի արժեքի մասին և նրա փողային արտահայտությունն անվանում են աշխատանքի անհրաժեշտ կամ բնական գին։ Մյուս կողմից, խոսում են աշխատանքի շուկայի գների մասին, այսինքն՝ այն գների մասին, որոնք տատանվում են նրա անհրաժեշտ գնից վեր կամ ցած։
Բայց ի՞նչ բան է ապրանքի արժեքը։ Այդ նրա արտադրման պրոցեսում ծախսված հասարակական աշխատանքի առարկայական ձևն է։ Իսկ մենք ինչո՞վ ենք չափում այդ արժեքի մեծությունը։ Նրա մեջ պարունակվող աշխատանքի մեծությամբ։ Ապա ինչո՞վ կարող էր որոշվել, օրինակ, տասներկուժամյա աշխատանքային օրվա արժեքը։ Ակներև է՝ աշխատանքի այն 12 ժամով միայն, որոնք, պարունակվում են 12-ժամյա աշխատանքային օրվա մեջ. բայց այդ մի տափակ նույնաբանություն է[1]։
Որպեսզի աշխատանքը շուկայում վաճառվի որպես ապրանք, նա, իհարկե, պետք է գոյություն ունենա մինչև վաճառվելը։ Սակայն, եթե բանվորը հնարավորություն ունենար իր աշխատանքին ինքնուրույն գոյություն տալու, ապա նա աշխատանքով ստեղծած ապրանքը կվաճառեր և ոչ թե աշխատանքը[2]։ Բայց այդ հակասություններից անկախ էլ փողի, այսինքն՝ առարկայացած աշխատանքի ուղղակի փոխանակումը կենդանի աշխատանքի հետ կոչնչացներ կա՛մ արժեքի օրենքը, որն ազատ զարգանում է հենց կապիտալիստական արտադրության հիմքի վրա, կա՛մ բուն իսկ կապիտալիստական արտադրությունը, որը հենց վարձու աշխատանքի վրա է հիմնվում։ Ենթադրենք, թե, օրինակ, 12 ժամից կազմված աշխատանքային օրը արտահայտվում է 6 շիլլինգ փողային արժեքի մեջ։ Եթե համարժեքներ են փոխանակվում, բանվորն իր տասներկուժամյա աշխատանքի փոխարեն կստանա 6 շիլլինգ։ Նրա աշխատանքի գինը հավասար կլիներ նրա աշխատանքի արդյունքի գնին։
Այս դեպքում նա ոչ մի հավելյալ արժեք չի արտադրի իր աշխատանքը գնողի համար, այդ 6 շիլլինգը կապիտալ չի դառնա, դրա հետ միասին կչքանա կապիտալիստական արտադրության հիմքը. բայց բանվորը հենց այդ հիմքի վրա է վաճառում իր աշխատանքը, հենց այդ հիմքի վրա է նրա աշխատանքը վարձու աշխատանք հանդիսանում։ Կամ 12 ժամվա աշխատանքի փոխարեն բանվորն ստանում է 6 շիլլինգից պակաս, ավելի պակաս, քան 12 ժամ աշխատանքը։ Տասներկու ժամվա աշխատանքը փոխանակվում է 10, 6 և այլն ժամ տևող աշխատանքի հետ։ Անհավասար մեծությունների այդ հավասարեցումը անհնարին է դարձնում ոչ միայն արժեքի սահմանումը։ Այդպիսի ինքն իրեն ոչնչացնող հակասությունն ընդհանրապես չի կարող նույնիսկ որպես օրենք արտահայտվել կամ ձևակերպվել[3]։
Գործին չի օգնի, նմանապես, եթե շատ աշխատանքի փոխանակումը քիչ աշխատանքի հետ բխեցնենք ձևի տարբերությունից, այն բանից, որ աշխատանքը մի դեպքում առարկայացած է, մյուս դեպքում կենդանի աշխատանք է[4]։ Այս առավել ևս անհեթեթ բան է, որովհետև ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ թե նրա մեջ իրոք առարկայացած աշխատանքի քանակով, այլ նրա արտադրության համար անհրաժեշտ կենդանի աշխատանքի քանակով։ Ասենք՝ ապրանքը ներկայացնում է 6 աշխատաժամ։ Եթե այնպիսի գյուտեր արվեն, որոնց շնորհիվ այդ ապրանքը կարելի լինի արտադրել 3 ժամում, ապա արդեն արտադրված ապրանքի արժեքն ևս կընկնի կիսով չափ։ Այդ ապրանքը հիմա առաջվա 6 ժամի փոխարեն ներկայացնում է միայն 3 ժամվա հասարակական անհրաժեշտ աշխատանք։ Այսպիսով, ապրանքի արժեքի մեծությունը որոշվում է ո՛չ թե աշխատանքի առարկայական ձևով, այլ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակով։
Փաստորեն (ապրանքային շուկայում փողատիրոջ դեմ անմիջաբար կանգնած է ո՛չ թե աշխատանքը, այլ բանվորը։ Վերջնի կողմից վաճառվող ապրանքը նրա աշխատուժն է։ Երբ նրա աշխատանքն իրոք սկսվում է, նա դադարում է բանվորին պատկանելուց և, հետևապես, չի կարող նրա կողմից վաճառվել։ Աշխատանքն արժեքների սուբստանցն է և նրանց իմմանենտ չափը, բայց նա ինքն արժեք չունի[5]։
«Աշխատանքի արժեք» արտահայտության մեջ արժեքի հասկացողությունը ո՛չ միայն բոլորովին չքանամ է, այլև իր հակադրությանն է փոխվում։ նա մի նույնպիսի կեղծ արտահայտություն է, ինչպես, օրինակ, հողի արժեքը։ Բայց այդպիսի կեղծ արտահայտությունները ծագում են հենց արտադրական հարաբերություններից։ Դրանք էական հարաբերությունների դրսևորման ձևերի կատեգորիաներ են։ Որ իրերն իրենց դրսևորման մեջ հաճախ շրջված են պատկերանում, ընդունված է, կարծես թե, բոլոր գիտությունների մեջ, բացի քաղաքատնտեսությունից[6]։
Կլասիկ քաղաքատնտեսությունը առօրյա կյանքից առանց որևէ քննադատության փոխ առավ «աշխատանքի գին» կատեգորիան, որպեսզի հետո հարց դնի, թե ինչպե՞ս է որոշվում այդ գինը։ Շուտով նա համոզվեց, որ պահանջարկի ու առաջարկի հարաբերության փոփոխությունը ոչինչ չի կարող բացատրել աշխատանքի գնի, ինչպես և ամեն մի այլ ապրանքի դնի նկատմամբ, բացի գնի փոփոխությունից, այսինքն՝ բացի շուկայական գների տատանումից որոշ մեծությունից ցած կամ վեր։ Եթե պահանջարկն ու առաջարկն իրար ծածկում են, ապա մնացած հավասար պայմաններում դադարում է գների տատանումը։ Բայց այս դեպքում պահանջարկն ու առաջարկն էլ դադարում են որևէ բան բացատրելուց։ Երբ պահանջարկն ու առաջարկը հավասար են, աշխատանքի գինը նրա այն գինն է, որ որոշվում է պահանջարկի ու առաջարկի հարաբերակցությունից անկախ, նրա բնական գինն է. և այսպես հանգեցին աշխատանքի «բնական» գնին, այսինքն՝ այն առարկային, որը հենց պետք էր հետազոտել։ Կամ քննում էին շուկայական գնի տատանումներն ավելի կամ պակաս երկարատև ժամանակաշրջանի, օրինակ՝ մի տարվա համար, և գտնում էին, որ շուկայական գնի տատանումները այս կամ այն կողմը փոխադարձաբար հավասարակշռվում են որոշ միջին, հաստատուն մեծության շուրջը։ Այդ միջին մեծությունը, իհարկե, պետք է մի ուրիշ կերպ որոշվեր, քան նրանից կատարվող շեղումները, որոնք փոխադարձաբար միմյանց հավասարակշռում են։ Աշխատանքի պատահական շուկայական գների վրա իշխող և դրանք կարգավորող այդ գինը, այսպես կոչված՝ «անհրաժեշտ գինը» (ֆիզիոկրատներ) կամ «բնական գինը» (Ա. Սմիթ) կարող է, ինչպես և մյուս ապրանքների գինը, փողով արտահայտված նրա արժեքը միայն լինել։ Քաղաքատնտեսությունը կարծում էր, թե այդ ձևով, աշխատանքի պատահական գների միջով, ճանապարհ կբանա և կհասնի աշխատանքի արժեքին։ Ինչպես և ուրիշ ապրանքներինը, այս արժեքն էլ այնուհետև որոշվում էր արտադրության ծախքերով։ Բայց ի՞նչ բան են արտադրության ծախքերը, այսինքն՝ հենց բանվորին արտադրելու կամ վերարտադրելու համար պահանջվող ծախքերը։ Քաղաքատնտեսությունը անգիտակցաբար այդ հարցով փոխարինում էր սկզբնական հարցը, որովհետև գործառելով աշխատանքի՝ որպես այդպիսու, արտադրության ծախքերով, մինչև այդ մոմենտը նա պտտվում էր կախարդական շրջագծի մեջ և չէր շարժվում տեղից: Հետևաբար, այն, ինչ որ քաղաքատնտեսությունն անվանում է աշխատանքի արժեք (value of labour), իսկապես աշխատուժի արժեքն է, ուժի, որը ռեալ կերպով գոյություն ունի բանվորի անձնավորության մեջ, և իր ֆունկցիայից՝ աշխատանքից, նույնքան տարբեր է, որքան մեքենան տարբեր է իր օպերացիաներից։ Զբաղված լինելով այն տարբերությամբ, որ կա աշխատանքի շուկայական գների ու նրա, այսպես կոչված, արժեքի միջև, այն հարաբերությամբ, որ այդ արժեքն ունի շահույթի նորմայի նկատմամբ, աշխատանքի արտադրած ապրանքային արժեքների նկատմամբ և այլն, տնտեսագետները երբեք չէին նկատում, որ վերլուծության ընթացքը ոչ միայն աշխատանքի շուկայական գներից հանգեցնում է նրա կարծեցյալ «արժեքին», այլև ստիպում է հենց աշխատանքի այդ արժեքը, իր հերթին, հանգեցնել աշխատուժի արժեքին։ Իր սեփական վերլուծության այդ հետևանքների մասին իրեն հաշիվ չտալով, անքննադատաբար կիրառելով «աշխատանքի արժեք», «աշխատանքի բնական գին» և այլ կատեգորիաները, որպես քննարկվող արժեքային հարաբերության վերջին ադեկվատ արտահայտություն, կլասիկ քաղաքատնտեսությունը, ինչպես հետո կտեսնենք, խճճվեց անլուծելի հակասությունների մեջ, միաժամանակ գործունեության ամուր հիմք ստեղծելով վուլգար տնտեսագիտության տափակությունների համար, որը սկզբունքորեն երևույթների միայն արտաքին տեսքն է ճանաչում։
Ամենից առաջ տեսնենք, թե աշխատուժի արժեքն ու գինն ինչպես են իրենց փոխակերպված ձևով արտահայտվում որպես աշխատավարձ։
Ինչպես գիտենք, աշխատուժի օրական արժեքը հաշվում են՝ նկատի ունենալով բանվորի կյանքի որոշ տևողությունը, որին համապատասխանում է աշխատանքային օրվա որոշ երկարություն։ Ընդունենք, որ սովորական աշխատանքային օրը տևում է 12 ժամ, և աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի, որը փողային արտահայտությունն է իր մեջ 6 աշխատաժամ մարմնացնող արժեքի։ Եթե բանվորն ստանում է 3 շիլլինգ, նա ստանում է 12 ժամվա ընթացքում գործող իր աշխատուժի արժեքը։ Հիմա աշխատուժի այդ օրական արժեքն արտահայտելով իբրև օրական աշխատանքի արժեք, մենք կստանանք հետևյալ ֆորմուլան, տասներկուժամյա աշխատանքը 3 շիլլինգի արժեք ունի։ Այսպիսով, աշխատուժի արժեքն է որոշում աշխատանքի արժեքը կամ — փողային արտահայտությամբ — նրա անհրաժեշտ գինը։ Իսկ եթե աշխատուժի գինը շեղվում է նրա արժեքից, ապա աշխատանքի գինն էլ շեղվում է նրա, այսպես կոչված, արժեքից։
Որովհետև աշխատանքի արժեքն աշխատուժի արժեքի միայն իռացիոնալ արտահայտությունն է, ուստի ինքնըստինքյան հասկանալի է, որ աշխատանքի արժեքը միշտ ավելի փոքր պետք է լինի, քան աշխատանքի միջոցով նոր ստեղծված արժեքը, որովհետև կապիտալիստն աշխատուժին միշտ ստիպում է ավելի երկար գործելու, քան հարկավոր է աշխատուժի սեփական արժեքը վերարտադրելու համար։ Վերևի օրինակում 12 ժամվա ընթացքում գործող աշխատուժի արժեքը հավասար է 3 շիլլինգի,— այն արժեքին, որի վերարտադրության համար աշխատուժը պետք է 6 ժամ գործի։ Այնինչ նոր արտադրված արժեքը 6 շիլլինգ է, որովհետև աշխատուժը Փաստորեն գործել է 12 ժամ, իսկ նրա արտադրած արժեքը կախված է ո՛չ թե նրա սեփական արժեքից, այլ նրա ֆունկցիայի տևողությունից։ Այսպիսով, մենք ստանում ենք առաջին հայացքից անհեթեթ այն հետևանքը, թե 6 շիլլինգի արժեք ստեղծող աշխատանքն ինքը 3 շիլլինգի արժեք ունի[7]։
Այնուհետև մենք տեսնում ենք, որ 3 շիլլինգ ներկայացնող արժեքը, որի մեջ արտահայտվում է աշխատանքային օրվա վարձատրված մասը, այսինքն՝ 6-ժամյա աշխատանքը, հանդես է գալիս որպես ամբողջ տասներկուժամյա աշխատանքային օրվա արժեք կամ գին, մինչդեռ այդտեղ պարունակվում է չվարձատրված վեց ժամի աշխատանք։ Այսպես ուրեմն, աշխատավարձի ձևը ջնջում է աշխատանքային օրը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի, վարձատրված աշխատանքի ու չվարձատրված աշխատանքի բաժանվելու ամեն մի հետք։ Ամբողջ աշխատանքը հանդես է գալիս որպես վարձատրված աշխատանք։ Կոռային աշխատանքի ժամանակ ճորտ գյուղացու աշխատանքն իրեն համար և նրա հարկադիր աշխատանքը կալվածատիրոջ համար իրարից տարբերվում են ամենաշոշափելի ձևով տարածականորեն ու ժամանակորեն։ Ստրկական աշխատանքի ժամանակ աշխատանքային օրվա նույնիսկ այն մասը, որի ընթացքում ստրուկը լոկ փոխհատուցում է իր սեփական կենսամիջոցների արժեքը, որի ընթացքում նա իրեն համար է աշխատում փաստորեն, թվում է իբրև տիրոջ համար կատարած աշխատանք։ Նրա ամբողջ աշխատանքը չվարձատրված աշխատանք է թվում[8]։ Վարձու աշխատանքի սիստեմի ժամանակ, ընդհակառակը, մինչև անգամ հավելյալ աշխատանքը կամ չվարձատրված աշխատանքը հանդես է գալիս որպես վարձատրված աշխատանք։ Այնտեղ սեփականատիրական հարաբերությունը քողարկում է ստրուկի ձեռքով իր համար կատարած աշխատանքը, այստեղ փողային հարաբերությունը քողարկում է վարձու բանվորի ձրի աշխատանքը։
Ուստի հասկանալի է, թե ինչպիսիք վճռողական նշանակություն ունի աշխատուժի արժեքի ու գնի փոխարկումը աշխատավարձի ձևի, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի արժեքի ու գնի ձևի։ Իսկական հարաբերությունը քողարկող և ուղղակի հակադիր հարաբերության երևութականություն ստեղծող դրսևորման այգ ձևի վրա են հանգչում ինչպես բանվորի, այնպես էլ կապիտալիստի իրավական բոլոր պատկերացումները, արտադրության կապիտալիստական եղանակի բոլոր միստիֆիկացիաները, ազատության նկատմամբ նրա ծնած բոլոր պատրանքները, վուլգար տնտեսագիտության ջատագովական բոլոր հնարանքները։
Եթե համաշխարհային պատմությանը շատ ժամանակ պահանջվեց աշխատավարձի գաղտնիքը բաց անելու համար, ապա, ընդհակառակը, ավելի հեշտ բան չկա, քան դրսևորման այդ ձևի անհրաժեշտությունը, raison d’être-ն հասկանալը։
Կապիտալի ու աշխատանքի միջև կատարվող փոխանակությունը սկզբում բոլորովին նույն կերպով է ընկալվում, ինչպես ամեն մի այլ ապրանքի առքն ու վաճառքը։ Գնորդը տալիս է մի որոշ գումար փող, վաճառորդը` փողից տարբեր մի իր։ Իրավաբանական գիտակցությունն այստեղ լավագույն դեպքում տեսնում է միայն իրային տարբերություն, որն արտահայտվում է իրավաբանորեն համարժեք ֆորմուլաներով — «Du ut des», «do ut facias», «facio ut des» և «facio ut facias» [«տալիս եմ, որ դու էլ տաս», «տալիս եմ, որ դու անես», «անում եմ, որ դու տաս» և «անում եմ, որ դու անես»]։
Այնուհետև. քանի որ փոխանակային արժեքն ու սպառողական արժեքն ինքնըստինքյան անհամաչափելի մեծություններ են, ուստի «աշխատանքի արժեք», «աշխատանքի գին» արտահայտություններն ավելի իռացիոնալ չեն թվում, քան, օրինակ, «բամբակի արժեք», «բամբակի գին» արտահայտությունները։ Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ բանվորը վարձատրվում է այն բանից հետո, երբ արդեն տվել է իր աշխատանքը։ Վճարման միջոցի իր ֆունկցիայով փողը հետին թվով է իրացնում մատակարարված արդյունքի արժեքը կամ գինը, հետևապես, տվյալ դեպքում մատակարարված աշխատանքի արժեքը կամ գինը։ Վերջապես, այն «սպառողական արժեքը», որ բանվորը տալիս է կապիտալիստին, իսկապես աշխատուժը չէ, այլ նրա ֆունկցիան, որոշ օգտակար աշխատանք դերձակի աշխատանքը, կոշկակարի աշխատանքը, մանողի աշխատանքը և այլն։ Որ նույն այդ աշխատանքը, մյուս կողմից, արժեք ստեղծող մի ընդհանրական տարր է,— մի հատկություն, որով նա տարբերվում է մյուս բոլոր ապրանքներից,— այս հանգամանքը վրիպում է սովորական գիտակցությունից։
Եթե մենք կանգնենք բանվորի տեսակետի վրա, որն իր տասներկուժամյա աշխատանքի համար ստանում է վեցժամյա աշխատանքով արտադրված մի արժեք, ասենք՝ 3 շիլլինգ, ապա նրա համար իսկապես տասներկուժամյա աշխատանքը 3 շիլլինգ գնելու միջոց է միայն։ Նրա աշխատուժի արժեքը կարող է փոփոխվել նրա համար սովորական դարձած կենսամիջոցների արժեքի հետ՝ 3-ից բարձրանալ 4 շիլլինգի կամ 3-ից իջնել 2 շիլլինգի, կամ, աշխատուժի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, նրա գինը կարող է պահանջարկի ու առաջարկի տատանումների հետևանքով բարձրանալ 4 շիլլինգի կամ իջնել մինչև 2 շիլլինգ,— բանվորն այս բոլոր դեպքերում միևնույն ձևով 12 ժամվա աշխատանք է տալիս։ Ուստի նրա ստացած համարժեքի մեծության ամեն մի փոփոխություն նրան անհրաժեշտորեն թվում է որպես իր 12 աշխատաժամի արժեքի կամ գնի փոփոխություն։ Այս հանգամանքը Ադամ Սմիթին, որն աշխատանքային օրը դիտում էր որպես մի հաստատուն մեծություն[9], հասցրեց հակառակ սխալին, այն պնդումին, թե աշխատանքի արժեքը հաստատուն է, չնայած կենսամիջոցների արժեքի փոփոխմանը, ուստի և միևնույն աշխատանքային օրը բանվորի համար ավելի մեծ կամ ավելի փոքր քանակությամբ փողով կարող է արտահայտվել։
Մյուս կողմից, վերցնենք կապիտալիստին։ Նա ամենից առաջ ուզում է որքան հնարավոր է քիչ փողով որքան հնարավոր է շատ աշխատանք ստանալ։ Ուստի նրան գործնականորեն հետաքրքրում է այն տարբերությունը միայն, որ կա աշխատուժի գնի և այն արժեքի միջև, որ աշխատուժի ֆունկցիան է ստեղծում։ Բայց նա աշխատում է բոլոր ապրանքներն ըստ կարելույն էժան գնել և միշտ էլ իր շահույթի աղբյուր է համարում հասարակ խաբեբայությունը՝ արժեքից ցած գնելը և արժեքից բարձր վաճառելը։ Հետևապես, նա հեռու է այն հանգամանքն ըմբռնելուց, որ եթե իսկապես գոյություն ունենար մի այնպիսի բան, ինչպիսին է աշխատանքի արժեքը, և նա իրոք վճարեր այդ արժեքը, ապա չէր կարող գոյություն ունենալ ոչ մի կապիտալ, նրա փողը չէր կարող կապիտալի փոխարկվել։
Բացի դրանից, աշխատավարձի իրական շարժումը հայտաբերում է երեվույթներ, որոնք, կարծես, ապացուցում են, թե վճարվում է ո՛չ թե աշխատուժի արժեքը, այլ նրա ֆունկցիայի, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի արժեքը։ Այս երևույթները մենք կարող ենք երկու խոշոր խմբի վերածել։ Առաջին։ Աշխատավարձի փոփոխություն՝ աշխատանքային օրվա տևողության փոփոխման հետ։ Նույն իրավունքով կարելի էր հանել այն եզրակացությունը, որ ո՛չ թե մեքենայի արժեքն է վճարվում, այլ նրա գործողությունների արժեքը, որովհետև մեքենան էլ մի շաբաթով վարձելն ավելի թանկ է նստում, քան մեկ օրով վարձելը։ Երկրորդ։ Միևնույն ֆունկցիան կատարող տարբեր բանվորների աշխատավարձերի անհատական տարբերությունները։ Բայց նույնպիսի անհատական տարբերություններ մենք գտնում ենք ստրկության սիստեմի մեջ, որտեղ արդեն տեղ չի մնում ոչ մի պատրանքի համար, որտեղ ինքը՝ աշխատուժը վաճառվում է բոլորովին ազատ, առանց որևէ գունազարդման։ Տարբերությունը հանգում է լոկ այն բանին, որ միջին որակից բարձր աշխատուժի օգուտը և միջին որակից ցածր աշխատուժի վնասը ստրկության սիստեմի ժամանակ ստրկատիրոջն է բաժին ընկնում, իսկ վարձու աշխատանքի սիստեմի ժամանակ՝ հենց իրեն՝ բանվորին, որովհետև վերջին դեպքում բանվորն ինքն է աշխատուժը վաճառում, իսկ առաջին դեպքում՝ մի երրորդ անձ։
Սակայն դրսևորման այնպիսի ձևերի մասին, ինչպես «աշխատանքի արժեքն ու գինը» կամ «աշխատավարձը», այն ձևերի, որոնք տարբեր են նրանց մեջ երևան եկող էական հարաբերությունից՝ աշխատուժի արժեքից ու գնից,— նրանց մասին կարելի է նույնն ասել, ինչ որ ընդհանրապես դրսևորման մյուս բոլոր ձևերի և նրանց հետևում թաքնված հիմքի մասին։ Առաջիններն անմիջաբար վերարտադրվում են ինքնաբերաբար՝ որպես մտածողության շրջուն ձևեր, երկրորդը կարող է բացահայտվել միայն գիտական հետազոտությամբ։ Կլասիկ քաղաքատնտեսությունը շատ է մոտենում իրերի իսկական դրությանը. սակայն այն գիտակցորեն չի ձևակերպում։ Նա չի էլ կարող այդ անել, քանի դեռ դեն չի նետել իր բուրժուական կաշին։
ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԺԱՄԱՆԱԿԱՎԱՐՁ
Աշխատավարձն ինքը, իր հերթին, շատ բազմազան ձևեր է ընդունում, որի մասին ոչ մի տեղեկություն չկա քաղաքատնտեսության ձեռնարկներում, որոնք գործի նյութական կողմի նկատմամբ իրենց բիրտ շահագրգռվածությամբ արհամարհում են ձևի ամեն մի տարբերություն։ Սակայն այդ բոլոր ձևերի հետազոտությունը վերաբերում է վարձու աշխատանքի հատուկ ուսմունքին և, հետևապես, այս աշխատության խնդիրը չի կազմում։ Այստեղ տեղին կլինի միայն համառոտակի քննության առնել երկու տիրապետող հիմնական ձևեր։
Աշխատուժը, ինչպես հիշում ենք, միշտ վաճառվում է որոշ ժամանակաշրջանի համար։ Հետևապես, այն փոխակերպված ձևը, որով անմիջաբար արտահայտվում է աշխատուժի օրական արժեքը, նրա շաբաթական արժեքը և այլն, «ժամանակավարձի» ձևն է, օրին.՝ օրավարձը և այլն։
Ամենից առաջ նկատենք, որ աշխատուժի գնի և հավելյալ արժեքի փոփոխության այն օրենքները, որոնք շարադրված են տասնհինգերորդ գլխում, ձևի պարզ փոփոխման միջոցով փոխարկվում են աշխատավարձի օրենքների։ Նույն կերպ էլ այն տարբերությունը, որ կա աշխատուժի փոխանակային արժեքի և այն կենսամիջոցների քանակի միջև, որոնց փոխարկվում է նա, հիմա հանդես է գալիս որպես անվանական ու ռեալ աշխատավարձերի տարբերություն։ Դրսևորման ձևի նկատմամբ ավելորդ կլիներ կրկնել այն բոլորը ինչ որ շարադրվեց էական ձևի նկատմամբ։ Ուստի մենք սահմանափակվում ենք ժամանակավարձը բնորոշող մի քանի կետերով։
Փողի այն գումարը[10], որ բանվորն ստանում է իր օրական, շաբաթական և այլն աշխատանքի փոխարեն, կազմում է նրա անվանական աշխատավարձի գումարը, այսինքն՝ իր արժեքային արտահայտությամբ վերցրած աշխատավարձի գումարը։ Սակայն ակներև է, որ, նայած աշխատանքային օրվա երկարությանը, այսինքն՝ նայած օրվա մեջ մատակարարած աշխատանքի քանակին, միևնույն օրավարձը, շաբաթավարձը և այլն կարող է ներկայացնել աշխատանքի շատ տարբեր գին, այսինքն՝ շատ տարբեր փողային գումարներ աշխատանքի միևնույն քանակի դիմաց[11]։ Այսպիսով, ժամանակավարձի դեպքում անհրաժեշտ է, այնուհետև, տարբերել օրավարձի, շաբաթավարձի և այլ ժամանակավարձի ընղհանուր գումարը և աշխատանքի գինը։ Բայց ինչպե՞ս գտնել այդ գինը կամ աշխատանքի տվյալ քանակի փողային արժեքը։ Աշխատանքի միջին գինը մենք կստանանք, եթե աշխատուժի օրական միջին արժեքը բաժանենք միջին աշխատանքային օրվա ժամերի թվի վրա: Ենթադրենք, օրինակ, աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի կամ 6 աշխատաժամերի ընթացքում նոր ստեղծված արժեքի և ենթադրենք, աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում, այն ժամանակ աշխատանքի մի ժամի գինը = Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
= 3 պենսի։ Աշխատանքի մի ժամի այդ ձևով գտնված գինը ծառայում է որպես աշխատանքի գնի չափի միավոր։
Այստեղից հետևում է, որ օրավարձը, շաբաթավարձը և այլն կարող է անփոփոխ մնալ, չնայած աշխատանքի գնի շարունակ ընկնելուն։ Այսպես, օրինակ, եթե սովորական աշխատանքի օրը 10 ժամ է տևում, իսկ աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի, ապա աշխատաժամի գինն անում է 3 պենս. վերջինը կիջնի մինչև 3 պենս, եթե աշխատանքային օրը երկարի մինչև 12 ժամ, և 2 պենս, եթե աշխատանքային օրը հասնի 15 ժամի։ Այնուամենայնիվ, օրավարձը և շաբաթավարձը կմնան անփոփոխ։ Ընդհակառակը, օրավարձը կամ շաբաթավարձը կարող է աճել, չնայած որ աշխատանքի գինը մնում է անփոփոխ և նույնիսկ ընկնում է։ Այսպես, օրինակ, եթե աշխատանքային օրը տասը ժամ է և աշխատուժի օրական արժեքը՝ 3 շիլլինգ, ապա աշխատաժամի գինը կլինի 3 պենս։ Եթե բանվորը գործն ավելանալու հետևանքով աշխատանքի նույն գնով օրական 12 ժամ աշխատի, ապա նրա օրավարձը կաճի մինչև 3 շիլլինգ 7 պենս, առանց աշխատանքի գնի որևէ փոփոխության։ Միևնույն հետևանքը կստացվեր, եթե աճեր աշխատանքի ոչ թե էքստենսիվ, այլ ինտենսիվ մեծությունը[12]։ Ուստի անվանական օրավարձի կամ շաբաթավարձի բարձրացումը կարող է ուղեկցվել աշխատանքի անփոփոխ և նույնիսկ ընկնող գնով։ Նույնը կարելի է ասել բանվորի ընտանիքի եկամտի մասին, որչափով ընտանիքի գլխի մատակարարած աշխատանքի քանակը ավելանում է ընտանիքի մյուս անդամների աշխատանքի շնորհիվ։ Այսպիսով, գոյություն ունեն աշխատանքի գնի իջեցման այնպիսի մեթոդներ, որոնք անվանական օրավարձի կամ շաբաթավարձի նվաղումից անկախ են[13]։
Իսկ ընդհանուր օրենքն այս է. եթե տրված է օրական աշխատանքի, շաբաթական աշխատանքի և այլն քանակը, ապա օրավարձի կամ շաբաթավարձի չափը կախված է աշխատանքի գնից, որը, իր հերթին, փոփոխվում է կա՛մ աշխատուժի արժեքի փոփոխման հետ, կա՛մ այն շեղումների հետ, որոնցով աշխատուժի գինը հեռանում է աշխատուժի արժեքից։ Եթե, ընդհակառակը, աշխատանքի գինն է տրված, ապա օրավարձը կամ շաբաթավարձը կախված է օրական կամ շաբաթական աշխատանքի քանակից։
Ժամանակավարձի չափի միավորը կամ աշխատաժամի գինը, այն քանորդն է, որն ստացվում է աշխատուժի օրական արժեքը սովորական աշխատանքային օրվա ժամերի թվի վրա բաժանելուց։ Դիցուք, սովորական աշխատանքային օրը պարունակում է 12 ժամ աշխատանք, իսկ աշխատուժի օրական արժեքը հավասար է 3 շիլլինգի կամ 6 աշխատաժամի արդյունքը ներկայացնող արժեքի։ Այս պայմաններում աշխատաժամի գինը 3 պենս կլինի, նրա նոր ստեղծած արժեքը՝ 6 պենս։ Եթե այնուհետև ենթադրենք, որ բանվորը պետք է օրական 12 ժամից պակաս (կամ շաբաթվա մեջ 6 օրից քիչ) աշխատի, օրինակ, միայն 6 կամ 8 ժամ, ապա աշխատանքի նույն գնի դեպքում նա կստանա միայն 2 կամ 1½ շիլլինգ օրավարձ[14]։ Որովհետև ըստ մեր ենթադրության՝ նա միջին հաշվով օրական պետք է 6 ժամ աշխատի, որպեսզի արտադրի այն օրավարձը, որ համապատասխանում է իր աշխատուժի արժեքին, որովհետև, համաձայն նույն ենթադրության, նա աշխատանքի ամեն մի ժամից միայն կեսն է իր վրա գործադրում, իսկ մյուս կեսը կապիտալիստի համար է աշխատում, ուստի ակներն է, որ նա 6 ժամվա աշխատանքով ստեղծված արժեքը կարող է վաստակել միայն այն դեպքում, եթե 12 ժամից պակաս չաշխատի։ Մենք առաջ տեսանք ուժից վեր աշխատանքի կործանիչ հետևանքները,— այստեղ մեր առաջ, բացվում է այն տառապանքների աղբյուրը, որոնք սպառնում են բանվորին, երբ նա ստիպված է ոչ լրիվ ժամանակ աշխատելու։
Եթե ժամավարձը սահմանվում է այնպես, որ կապիտալիստի պարտավորությունը ո՛չ թե օրվա կամ շաբաթվա որոշակի վարձ վճարելն է, այլ միայն այն, որ ա՛յն աշխատաժամերի վարձը վճարի, որոնց ընթացքում նա բարեհաճում է բանվորին զբաղմունք տալ, ապա կապիտալիստը կարող է պակասեցնել բանվորի աշխատանքի ժամանակը աշխատանքային օրվա այն չափի համեմատությամբ, որն սկզբում հիմք էր ծառայել ժամավարձը կամ աշխատանքի գնի չափի միավորը որոշելու համար։ Որովհետև չափի այդ միավորը որոշվում է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
հարաբերությամբ, ուստի, հասկանալի է, այդ միավորը կորցնում է ամեն իմաստ, հենց որ աշխատանքային օրը դադարում է որոշ թվով ժամեր պարունակելուց։ Վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև եղած կապը ոչնչանում է։ Կապիտալիստը հիմա կարող է որոշ քանակությամբ հավելյալ աշխատանք քամել բանվորից, առանց աշխատաժամանակը հասցնելու այն մակարդակին, որն անհրաժեշտ է բանվորի գոյությունը պահպանելու համար։ Նա կարող է ոչնչացնել աշխատանքի ամեն մի կարգավորվածություն և, ղեկավարվելով բացառապես իր հարմարությամբ, քմահաճույքով ու վայրկենական շահերով, ուժից վեր հրեշավոր աշխատանքի ժամանակաշրջանները հաջորդափոխել հարաբերական կամ նույնիսկ լրիվ գործազրկության ժամանակաշրջաններով։ «Աշխատանքի նորմալ գինը» վճարելու պատրվակով նա կարող է աշխատանքային օրը ամեն մի նորմայից ավելի երկարացնել առանց որևէ քիչ թե շատ համապատասխան փոխհատուցման բանվորի օգտին։ Ուստի Լոնդոնի կառուցող բանվորները միանգամայն բանական կերպով վարվեցին, ըմբոստանալով (1860 թ.) կապիտալիստների այն փորձի դեմ, որով նրանք ուզում էին այդպիսի ժամավարձ փաթաթել նրանց վզին։ Աշխատանքային օրվա օրենսդրական սահմանափակումը վերջ է դնում այդպիսի այլանդակություններին, թեև, իհարկե, բնավ չի ոչնչացնում բանվորի այն թերաբեռնվածությունը, որ բխում է մեքենաների կոնկուրենցիայից, կիրառվող բանվորների որակի փոփոխություններից, մասնակի և ընդհանուր ճգնաժամերից։
Աճող օրավարձի կամ շաբաթավարձի դեպքում աշխատանքի գինը կարող է անվանապես անփոփոխ մնալ և, չնայած դրան, ընկնել իր նորմալ մակարդակից ցած։ Այդ բանը տեղի է ունենում ամեն անգամ, երբ աշխատանքի, այսինքն՝ աշխատաժամի հաստատուն գնի դեպքում աշխատանքային օրը երկարացվում է իր սովորական տևողությունից ավելի։ Եթե Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
կոտորակի մեջ հայտարարն աճում է, ապա համարիչն է՛լ ավելի արագ է աճում։ Աշխատուժի մաշվածքը, հետևապես նաև աշխատուժի արժեքը, աճում է, եթե աճում է նրա գործողության տևողությունը, ընդ որում նրա օրական արժեքը համամասնորեն ավելի արագ է աճում, քան նրա գործողության տե-
վողությունը։ Այդ պատճառով արտադրության բազմաթիվ ճյուղերում, որտեղ ժամանակավարձն է իշխում, առանց աշխատաժամանակի օրենսդրական սահմանափակման, ինքնիրեն մշակվել է այն սովորությունը, որ աշխատանքային օրը մինչև մի որոշ կետ միայն, օրինակ՝ մինչև տասներորդ ժամը լրանալն է համարվում նորմալ աշխատանքային օր («normal working day» [նորմալ աշխատանքային օր], «the day’s work» [միօրյա աշխատանք] կամ «the regular hours of work» [աշխատանքի կանոնավոր ժամեր])։ Այդ սահմանից անցնող աշխատաժամանակը կազմում է արտաժամանակ (overtime), և աշխատանքի յուրաքանչյուր ժամի հաշվով վարձատրվում է բարձրացրած գնահատությամբ (extra pay), թեև հաճախ բոլորովին աննշան չափով բարձրացրած գնահատությամբ[15]։ Նորմալ աշխատանքային օրն այստեղ գոյություն ունի որպես որոշ կոտորակային մաս իրական աշխատանքային օրվա, ընդ որում վերջինն ամբողջ տարվա ընթացքում հաճախ ավելի երկարատև է, քան առաջինը[16]։ Աշխատանքի գնի աճումը՝ աշխատանքային օրվա երկարացումով որոշ նորմալ սահմանից այն կողմը՝ բրիտանական արդյունաբերության տարբեր ճյուղերում այնպիսի բնույթ է կրում, որ, այսպես կոչված, նորմալ ժամանակի ընթացքում աշխատանքի ցածր գինը բանվորին հարկադրում է ավելի լավ վարձատրվող արտաժամանակի ընթացքում աշխատելու, եթե նա ընդհանրապես ուզում է բավարար աշխատավարձ ստանալ[17]։ Աշխատանքային օրվա օրենսդրական կրճատումը վերջ է դնում այդ հաճույքին[18]։
Հանրահայտ է այն փաստը, որ որքան ավելի երկար է աշխատանքային օրը արդյունաբերական տվյալ ճյուղում, այնքան ավելի ցածր է աշխատավարձը[19]։ Գործարանային տեսուչ Ա. Ռեդգրեյվն այդ իրողությունը լուսաբանում է արտադրության 1839-ից մինչև 1859 թթ. քսանամյա ժամանակաշրջանին վերաբերող մի համեմատական տեսությամբ, որից պարզվում է, որ այն գործարաններում, որոնց վրա տարածվում է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի ներգործությունը, աշխատավարձը բարձրացել է, այնինչ նա իջել է այն գործարաններում, որոնք օրական 14—15 ժամ են աշխատում[20]։
Այն օրենքից, թե «աշխատանքի տվյալ գնի կիրառման ժամանակ օրավարձը կամ շաբաթավարձը կախված է մատակարարվող աշխատանքի քանակից», ամենից առաջ բխում է, թե որքան ավելի ցածր է աշխատանքի գինը, այնքան ավելի մեծ քանակությամբ աշխատանք կամ այնքան ավելի երկար աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի բանվորի թեկուզ խղճուկ միջին աշխատավարձը ապահովված լինի։ Աշխատանքի գնի ցածր մակարդակն այստեղ մղում է դեպի աշխատաժամանակի երկարացում[21]։
Բայց և ընդհակառակը, աշխատաժամանակի երկարացումն իր կողմից առաջ է բերում աշխատանքի գնի իջեցում, իսկ դրա հետ միասին օրավարձի կամ շաբաթավարձի իջեցում։
Աշխատանքի գինը Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
կոտորակով որոշելուց բխում է, որ աշխատանքային օրվա երկարացումը ինքնին իջեցնում է աշխատանքի գինը, եթե ոչ մի փոխհատուցում տեղի չի ունենում։ Բայց նույն այն հանգամանքները, որոնք կապիտալիստին թույլ են տալիս աշխատանքային օրը չափազանց երկարացնելու, նրան նախ հնարավորություն են տալիս, իսկ վերջիվերջո նաև ստիպում են աշխատանքի գինը նաև անվանապես իջեցնելու, մինչև որ ընկնի աշխատաժամերի աճած թվի հավաքական գինը, այսինքն՝ օրավարձը կամ շաբաթավարձը։ Այստեղ բավական է մատնանշել երկու հանգամանք։ Եթե մի մարդ սկսում է 1½ կամ 2 մարդու գործ կատարել, ապա աճում է աշխատանքի առաջարկը, թեկուզ և շուկայում գտնված աշխատուժի առաջարկն անփոփոխ մնար։ Բանվորների միջև այդ կերպով ստեղծված կոնկուրենցիան կապիտալիստին հնարավորություն է տալիս աշխատանքի գինն իջեցնելու, իսկ աշխատանքի ընկնող գինը նրան հնարավորություն է տալիս, իր հերթին, աշխատաժամանակը է՛լ ավելի երկարացնելու[22]։ Սակայն իրենց տրամադրության տակ այդ աննորմալ, այսինքն՝ հասարակական միջին մակարդակը գերազանցող քանակությամբ անվճար աշխատանք ունենալու հնարավորությունը շուտով կոնկուրենցիայի միջոց է դառնում հենց կապիտալիստների միջև։ Ապրանքի գնի մի մասը կազմված է աշխատանքի գնից։ Բայց աշխատանքի գնի չվարձատրված մասը կարող և և չհաշվվել ապրանքի գնի մեջ։ Այն կարելի է գնորդին նվիրել։ Այս է առաջին քայլը, որին հարկադրում է կոնկուրենցիան։ Երկրորդ քայլը, որին հարկադրում է նույն կոնկուրենցիան, այն է, որ ապրանքի վաճառքի գնից հանվի առնվազն այն աննորմալ հավելյալ արժեքի մի մասը, որն ստեղծվում է աշխատանքային օրը երկարացնելու միջոցով։ Այդ եղանակով կազմվում է ապրանքի աննորմալ չափով ցածր վաճառքի գինը, որն սկզբում ծագում է սպորադիկ ձևով, իսկ հետո կամաց-կամաց ֆիքսվում և դառնում է այն խղճուկ աշխատավարձի և անչափ երկար աշխատաժամանակի հաստատուն հիմքը, որոնց ազդեցության տակ ծագել էր սկզբում այդ գինը։ Մենք այդ շարժումը լոկ նշում ենք այստեղ, որովհետև կոնկուրենցիայի վերլուծությունը առայժմ մեր նպատակը չէ։ Բայց և այնպես մի վայրկյան խոսքը տանք կապիտալիստին։ «Բիրմինհամում գործատերերի միջև կոնկուրենցիան այնքան մեծ է, որ մեզնից ոմանք ստիպված են, որպես աշխատանք տվողներ, այնպիսի բաներ անելու, որոնցից այլ պայմաններում ինքներս կամաչեինք, և այնուամենայնիվ, դրանով մեծ քանակությամբ փող չենք վաստակում (and yet no more money is made), այլ միայն հասարակությունն է օգուտ ստանում»[23]։ Հիշենք Լոնդոնի հացթուխների երկու կատեգորիաները, որոնցից ոմանք լրիվ գնով են հաց ծախում (the «fullpriced» bakers), մյուսները՝ նրա նորմալ գնից ցած (the «underpriced», the «undersellers»)։ «Fullpriced»-ները պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի առջև հետևյալ արտահայտություններով են մերկացնում իրենց մրցորդներին, «նրանք գոյություն ունեն միայն այն բանի շնորհիվ, որ նախ՝ հասարակությանը խաբում են (ապրանքը կեղծելով), և երկրորդ՝ տասներկուժամյա աշխատանքի վարձով իրենց մարդկանցից 18 ժամվա աշխատանք են քամում... Բանվորների անվճար աշխատանքը (the unpaid labour) — ահա այն միջոցը, որով նրանք պայքարում են մրցակիցների դեմ... Հացթուխ-գործատերերի կոնկուրենցիան գիշերային աշխատանքը վերացնելու դժվարության պատճառն է։ Ալյուրի գնի հետ փոփոխվող արտադրածախքերից ավելի ցածր գնով իր հացը ծախող undersellers-ը իր կորուստը նրանով է հանում, որ ավելի մեծ քանակությամբ աշխատանք է քամում իր բանվորներից։ Եթե ես բանվորներից միայն 12 ժամվա աշխատանք եմ ստանում, իսկ իմ հարևանը՝ 18 կամ 20 ժամվա աշխատանք, ապա, իհարկե, նա ինձ կհաղթի ապրանքի վաճառքի գնով։ Եթե բանվորները կարողանային հարկադրել, որ արտաժամանակը վարձատրվի, ապա շուտով այդ մանևրին վերջ կդրվեր... Undersellers-ների աշխատեցրած բանվորների մի զգալի թիվը կազմում են օտարազգիները, փոքրահասակները և ուրիշներ, որոնք հարկադրված են բավարարվելու համարյա ամեն մի աշխատավարձով, որ նրանց հաջողվում է ստանալ»[24]։
Այս երեմիականը հետաքրքրական է ի միջի այլոց նաև այն պատճառով, որ ցույց է տալիս, թե ինչպես կապիտալիստի ուղեղի մեջ արտադրական հարաբերությունների միայն արտաքին երևութականությունն է արտացոլվում։ Կապիտալիստը չգիտե, որ աշխատանքի նորմալ գինը ևս որոշ քանակությամբ անվճար աշխատանք է ենթադրում, և որ հենց այդ անվճար աշխատանքն է կազմում նրա շահույթի նորմալ աղբյուրը։ Հավելյալ աշխատաժամանակի կատեգորիան նրա համար ընդհանրապես գոյություն չունի, որովհետև հավելյալ աշխատաժամանակը մտած է նորմալ աշխատանքային օրվա մեջ, որը կապիտալիստը, իր կարծիքով, լիովին վճարում է օրավարձով։ Բայց նրա աչքում գոյություն ունի արտաժամանակը, աշխատանքային օրվա երկարացումն այն սահմանից ավելի, որը համապատասխանում է աշխատանքի սովորական գնին։ նա մինչև անգամ պնդում է, որ այդ արտաժամանակը պետք է լրացուցիչ կերպով վարձատրվի (extra pay), երբ հարցը վերաբերում է ապրանքի վաճառքի գինը սովորական մակարդակից իջեցնող իր մրցակիցներին։ Բայց նա չի իմանում դարձյալ, որ այդ լրացուցիչ վարձատրությունը անվճար աշխատանքի հետ է կապված նույն լափով, որչափով սովորական աշխատաժամի գինը։ Օրինակ, ենթադրենք, տասներկուժամյա աշխատանքային օրվա մի ժամի գինը կազմում է 3 պենս, այսինքն՝ հավասար է ½ աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի, իսկ աշխատանքային արտաժամի գինը կազմում է 4 պենս, այսինքն՝ հավասար է աշխատաժամի արդյունք ներկայացնող մի արժեքի։ Առաջին դեպքում կապիտալիստը ձրիաբար յուրացնում է աշխատաժամի կեսը, երկրորդ դեպքում` մեկ երրորդը։
- ↑ «Պ-ն Ռիկարդոն բավական հնարամտորեն խուսափում է այն դժվարությունից որն առաջին հայացքից սպառնում է խորտակել նրա այն թեորիան, թե արժեքը կախված է արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակից։ Եթե այս սկզբունքը լիակատար խստությամբ կիրառենք, ապա նրանից կհետևի, որ աշխատանքի արժեքը կախված է աշխատանքի այն քանակից, որ գործադրված է աշխատանքն արտադրելու վրա,— մի բան, որ ակներևորեն անհեթեթություն է։ Ուստի մտքի մի ճարպիկ պտույտով Ռիկարդոն աշխատանքի արժեքը կախման մեջ է դնում աշխատանքի այն քանակից, որ անհրաժեշտ է աշխատավարձ արտադրելու համար, կամ, նրա սեփական խոսքերով ասած, նա պնդում է, թե աշխատանքի արժեքը որոշվում է աշխատավարձ արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքի քանակով, ընդ որում նա նկատի ունի աշխատանքի այն քանակը, որ անհրաժեշտ է բանվորի ստացած փողը կամ ապրանքներն արտադրելու համար։ Այս միևնույն է՝ թե ասենք, որ մահուդի արժեքը որոշվում է ո՛չ թե աշխատանքի այն քանակով, որ ծախսված է մահուդի արտադրության վրա, այլ աշխատանքի այն քանակով, որ ծախսված է մահուդի հետ փոխանակվող արծաթի արտադրության վրա։ («A Critical Dissertation on the Nature etc. of Value», էջ 50, 51)։
- ↑ «Եթե դուք աշխատանքն անվանում էլ եք ապրանք, համենայն դեպս նա նման չէ այն ապրանքին, որ սկզբում արտադրվում է փոխանակման նպատակով, իսկ հետո հանվում շուկա, որպեսզի այնտեղ միաժամանակ գտնվող ուրիշ ապրանքների հետ փոխանակվի որոշակի քանակությամբ։ Աշխատանքն ստեղծվում է այն ժամանակ միայն, երբ շուկա է հանված, կամ, ավելի ճիշտ, աշխատանքը շուկա է հանվում ավելի վաղ, քան ստեղծվել է» («Observations օո certain Verbal Disputes etc.», էջ 75, 76)։
- ↑ «Եթե աշխատանքը դիտենք որպես ապրանք, իսկ կապիտալը, աշխատանքի արդյունքը, որպես մի ուրիշ ապրանք, և եթե այդ երկու ապրանքների արժեքները որոշվում են աշխատանքի միևնույն քանակներով, ապա աշխատանքի տվյալ գումարը... կփոխանակվի կապիտալի այնպիսի քանակի հետ, որն արտադրված է եղել աշխատանքի նույն գումարով. անցյալ աշխատանքը... կփոխանակվի ներկա աշխատանքի հենք նույնպիսի գումարի հետ։ Բայց աշխատանքի արժեքը որոշվում է... աշխատանքի ոչ նույնպիսի քանակով, որով որոշվում է ուրիշ ապրանքների արժեքը» (Է. Գ. Ուեկֆիլդը իր՝ Ա. Սմիթի «Wealth of Nations» գրքի հրատարակության մեջ, London 1836, հ. I, էջ 231, ծանոթագրություն)։
- ↑ «Անհրաժեշտ էր համաձայնել («contat social»-ի [«հասարակական դաշինքի»] մի նոր այլատեսակություն ևս), որ ամեն անգամ, երբ անցյալ աշխատանքը փոխանակվի ապագա աշխատանքի հետ, վերջինը (կապիտալիստը) ավելի բարձր արժեք կստանա, քան առաջինը (բանվորը)» (Simonde de Sismondi: «De la Richesse Commerciale». Genève 1803, հ. I, էջ 37)։
- ↑ «Աշխատանքը, արժեքի բացառիկ չափը... ամեն տեսակ հարստություն ստեղծողը, ինքը ապրանք չի (Th. Hodgskin: «Popular Political Economy», էջ 186)։
- ↑ Այդպիսի արտահայտությունները որպես սոսկ licentia poetoca [բանաստեղծական ազատություններ] բացատրելու փորձերը, ընդհակառակը, միայն վերլուծության անզորությունն են վկայում։ Պրուդոնի այն ֆրազի առթիվդ թե «Աշխատանքին արժեք են վերագրում ոչ այն պատճառով, որ նա ինքը ապրանք է, այլ այն ենթադրությամբ, որ նա պոտենցիալ կերպով արժեք է պարունակում։ Աշխատանքի արժեք արտահայտությունը պատկերավոր արտահայտություն է և այլն»,— ես նկատում եմ. «Աշխատանք-ապրանքի մեջ, որն սպանիչ ռեալականություն ունի, նա միայն տեսնում է քերականական էլիպս։ Եվ այսպես, աշխատանքի ապրանքային բնույթի վրա հիմնված արդի ամբողջ հասարակությունը այսուհետև հայտարարվում է բանաստեղծական ազատության, պատկերավոր արտահայտության վրա հիմնված հասարակություն։ Եվ եթե այդ հասարակությունը ցանկանա «ոչնչացնել այն բոլոր անկանոնությունները», որոնք նրան տանջում են,— ի՞նչ կա որ, ավելի հեշտ բան չկա՜,— թող նա վերացնի միայն անհաջող տերմինները թող նա փոխի լեզուն, իսկ դրա համար բավական է միայն դիմել ակադեմիային՝ խնդրելով, որ իր բառարանի նոր հրատարակությունը լույս ընծայի» (Karl Marx: «Misère de la Philosophie», է] 34, 35)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 321։] Է՛լ ավելի հարմար է, իհարկե, «արժեքի տերմինի տակ որոշակի ոչինչ չհասկանալ բոլորովին։ Այն ժամանակ կարելի է առանց քաշվելու ուզածդ ամեն մի բան հանգեցնել այս կատեգորիային։ Այսպես է վարվում, օրինակ, Ժ. Բ, Սեյը։ Ի՞նչ բան է «արժեքը»։ Պատասխան. «Այն, ինչ արժե տվյալ իրը»։ Իսկ ի՞նչ է «գինը»։ Պատասխան. «Տվյալ իրի արժեքը՝ արտահայտված փողով։ իսկ ինչո՞ւ հողի աշխատանքը... արժեք ունի։ «Որովհետև նրան որոշ գին են տալիս»։ Այսպես ուրեմն, արժեքն այն է, ինչ արժե մի իր, իսկ հողը «արժեք» ունի, որովհետև նրա արժեքն «արտահայտում են փողով»։ Համենայն դեպս, իրերի պատճառի ու ծագման հարցերը լուծելու մի շատ հասարակ մեթոդ է այդ։
- ↑ Հմմտ. «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1858, էջ 40, որտեղ ես հայտարարում եմ, որ կապիտալի հետազոտումը պետք է լուծի հետևյալ պրոբլեմը. «Բացառապես աշխատաժամանակով որոշվող փոխանակային արժեքի վրա հիմնված արտադրությունը ինչպե՛ս է հասցնում այն հետևանքին, որ աշխատանքի փոխանակային արժեքն ավելի փոքր է, քան աշխատանքի արդյունքի փոխանակային արժեքը» [Հմմտ. Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 49]։
- ↑ «Morning Star»-ը Լոնդոնի ֆրիտրեդերների տխմարության չափ միամիտ այդ օրգանը, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մարդուն մատչելի բարոյական զայրույթի ամբողջ խանդով անդադար հարվածում էր այն փաստը, թե «Confederate States»-ում [հարավային նահանգներում] նեգրերը բոլորովին ձրի էին աշխատում։ Ափսո՜ս, որ նա նեղություն չկրեց մի այդպիսի նեգրի օրական ծախսերը համեմատելու ազատ բանվորի, օրին.՝ Լոնդոնի Իստ-Էնդ թաղամասի բանվորի, օրական ծախսերի հետ։
- ↑ Միայն պատահաբար, հատավարձի մասին խոսելիս, Ա. Սմիթը ակնարկում է աշխատանքային օրվա փոփոխումը։
- ↑ Բուն փողի արժեքն այստեղ ամենուրեք հաստատուն է ենթադրվում։
- ↑ «Աշխատանքի գինն այն գումարն է, որ վճարվում է աշխատանքի տվյալ քանակի համար» (Sir Edward West: «Price of Corn and Wages of Labour». London 1826, էջ 67)։ Ուեստը քաղաքատնտեսության պատմության մեջ դարագլուխ կազմող «Essay on the Application of Capital to Land. By a Fellow of the University College of Oxford», London 1815 անանուն աշխատության հեղինակն է։
- ↑ «Աշխատանքի վարձը կախված է աշխատանքի գնից և. աշխատանքի մատակարարած արդյունքների քանակից... Աշխատավարձի ավելացումը անհրաժեշտորեն կապված չէ աշխատանքի գնի աճման հետ։ Աշխատաժամանակը երկարացնելու և նրա ավելի սաստիկ լարման դեպքում աշխատավարձը կարող է զգալիորեն աճել, չնայած որ աշխատանքի գինը նույնն է մնում» (West: «Price of Corn and Wages of Labour». London 1826, էջ 67, 68 և 112)։ Ասենք, այն գլխավոր հարցից, թե ինչով է որոշվում «աշխատանքի գինը», Ուեստը օձիքն ազատում է տափակ ֆրազներով։
- ↑ Այս զգում է XVIII գարի արդյունաբերական բուրժուազիայի մոլեռանդ ներկայացուցիչը, «Essay օո Trade and Commerce» աշխատության հեղինակը, որից մենք քանիցս ցիտատներ ենք բերել, չնայած որ նա հարցը շատ խառնաշփոթ է շարադրում. «Ո՛չ թե աշխատանքի գինը (այս բառերի տակ նա հասկանում է անվանական օրավարձը կամ շաբաթավարձը), այլ աշխատանքի քանակն է որոշվում գոյության միջոցների գնով։ Բավականաչափ իջեցրեք գոյության միջոցների գինը և դուք հենք դրանով պակասեցրած կլինեք աշխատանքի քանակը համապատասխան հարաբերությամբ... Գործարանատերերը գիտեն, որ աշխատանքի գինը բարձրացնելու և. իջեցնելու զանազան ճանապարհներ կան, որոնք անկախ են նրա անվանական չափից» (մատնանշված աշխատության մեջ, էջ 48 և 61)։ Ն. Վ. Սենիորը, իր «Three Lectures օո the Rate of Wages». London 1830 աշխատության մեջ, որտեղ նա շատ բան է փոխ առնում Ուեստից, առանց նրա անունը տալու, ի միջի այլոց ասում է. «Բանվորը... գլխավորապես շահագրգռված է աշխատավարձի չափերով» (էջ 15)։ Այսպես ուրեմն, բանվորին գլխավորապես հետաքրքրում է այն, ինչ նա ստանում է՝ աշխատավարձի անվանական գումարը, և ո՛չ թե այն, ինչ նա տալիս է՝ ո՛չ թե աշխատանքի քանակը։
- ↑ Այդպիսի աննորմալ թերազբաղվածության ազդեցությունը բոլորովին տարբեր է աշխատանքային օրվա ընդհանուր, հարկադրական, օրինասահման իջեցման ազդեցությունից։ Աոաջինը բոլորովին կապ չունի աշխատանքային օրվա բացարձակ տևողության հետ և կարող է նույնքան հեշտ տեղի ունենալ 15-ժամյաաշխատանքային օրվա և 6-ժամյա աշխատանքային օրվա դեպքում։ Աշխատանքի նորմալ գինն առաջին դեպքում հաշվվում է՝ ելնելով այն ենթադրությունից, թե բանվորը միջին հաշվով օրական 15 ժամ է աշխատում, իսկ երկրորդ դեպքում՝ այն ենթադրությունից, թե միջին աշխատանքային օրը կազմում է 6 ժամ։ Նույն հետևանքը կստացվի, եթե բանվորն աոաջին դեպքում օրական միայն 7 ժամ զբաղված լինի, երկրորդ դեպքում՝ միայն 3 ժամ։
- ↑ «Արտաժամանակի հատուցման նորման (ժանյակների արտադրության մեջ) այնքան փոքր է,— ժամը ½ պենս և այլն,— որ նա խիստ հակադրություն է կազմում այն ահագին վնասի հետ, որ արտաժամյա աշխատանքը պատճառում է բանվորի առողջությանն, ու կենսական ուժին... Բացի դրանից, աշխատավարձի այդ ձևով ձեռք բերված փոքրիկ ավելցուկը հաճախ հարկ է լինում ամբողջովին ծախսելու հավելյալ կազդուրիչ միջոցների վրա» («Children’s Employment Commission. 2nd Report», էջ XVI, № 117)։
- ↑ Օրինակ, պաստառների արտադրության մեջ՝ գործարանային օրենքը նորերս մտցնելուց առաջ։ «Մենք աշխատում ենք առանց ճաշվա ընդմիջումի, այնպես որ մեր 10½-ժամյա աշխատանքային օրը վերջանում է ճաշից հետո ժամի 4 և կեսին, իսկ հետագա ամբողջ ժամանակը արտաժամանակ է, որը հազվադեպ է վերջանում երեկոյան ժամի 6-ից վաղ, այսպիսով, մենք իրապես ամբողջ տարին արտաժամանակ ենք աշխատում» (Միստեր Սմիթի ցուցմունքները «Children’s Employment Commission. 1st Report»-ում, էջ 125)։
- ↑ Օրինակ, շոտլանդական ճերմականոցներում։ «Շոտլանդիայի մի քանի մասերում (1862 թվականի գործարանային օրենքը մտցնելուց առաջ) այս արդյունաբերությունը կիրառում էր արտաժամանակի սիստեմ, այսինքն՝ 10 Ժամվա աշխատանքը համարվում էր նորմալ աշխատանքային օր։ Այդ ժամանակի համար բանվորն ստանում էր 1 շիլլինգ 2 պենս։ Ահա 13 դրան ավելանում էր օրական 3 կամ 4 ժամ արտաժամանակ, որի համար վճարում էին ժամին 3 պենս։ Ահա այդ սիստեմի հետևանքը.— միայն նորմալ ժամանակում աշխատող բանվորը չէր կարողանում շաբաթական 8 շիլլինգից ավելի վաստակել... Նրա աշխատավարձը չէր բավարարում առանց արտաժամերի» («Reports of Insp. of Fact. for 30th April 1863», էջ 10)։ «Արտաժամանակի համար տրվող բարձր վարձը մի փորձություն է, որին բանվորը չի կարող դիմադրել» («Reports of Insp. of Fact. for 30th April 1848», էջ 5)։ Լոնդոնի Սիտիի կազմատունը շատ մեծ թվով 14—15 տարեկան դեռատի աղջիկներ է աշխատեցնում և այն էլ աշակերտական պայմանագրով, որով որոշ թվով աշխատաժամեր են սահմանվում։ Այնուամենայնիվ, նրանք ամեն ամսվա վերջին, շաբաթում աշխատում են մինչև գիշերվա ժամի 10-ը, 11-ը, 12-ն ու մինչև անգամ 1-ը, ավելի տարիքավոր բանվորների հետ, շատ խառն ընկերակցության մեջ։ «Գործատերերը նրանց գայթակղեցնում են (tempt) բարձր վարձով ու մի լավ ընթրիքի փողով», որ նրանք վայելում են հարևան գինետներում։ Այն մեծ ցոփությունը, որն այդպիսով պատվաստվում է այդ «young immortal»-nyri [«երիտասարդ անմահների»] («Children’s Employment Commission. 5th Report», էջ 44, № 191) մեջ, փոխհատուցվում է նրանով, որ նրանք, ի միջի այլոց, բազմաթիվ աստվածաշունչեր ու այլ հոգեփրկիչ գրքեր են կազմում։
- ↑ Տե՛ս «Reports of Insp. of Fact. for 30th April 1863», նույն տեղում։ Լոնդոնի կառուցող բանվորները 1860 թվականի մեծ գործադուլի ու լոկաուտի ժամանակ հանգամանքները միանգամայն ճիշտ գնահատեցին, հայտարարելով, թե համաձայն են ժամավարձը ընդունելու միայն երկու պայմանով. 1) աշխատաժամի գնի հետ միասին պետք է սահմանվի 9 և 10 ժամի նորմալ աշխատանքային օր, ընդ որում տասժամյա աշխատանքային օրվա մեկ ժամը պետք է ավելի բարձր գնահատվի, քան իննժամյա աշխատանքային օրվանը. 2) նորմալ աշխատանքային օրից դուրս ամեն մի ժամ, որպես արտաժամանակ, պետք է ավելի բարձր գնով վարձատրվի։
- ↑ «Հանրահայտ է այն փաստը, որ այնտեղ, որտեղ ընդհանուր կանոն է երկար աշխատանքային օրը, ընդհանուր կանոն է նաև. ցածր աշխատավարձը» («Reports of Insp of Fact. for 31st October 1863», էջ 9)։ «Այն աշխատանքը, որ չնչին քանակությամբ գոյամիջոցներ է հայթայթում, չափից դուրս երկարատև է լինում սովորաբար» («Public Health. 6th Report 1864», էջ 15)։
- ↑ «Reports of Insp. of Fact. For 30th April 1860», էջ 31, 32։
- ↑ Այսպես, օրինակ, անգլիական մեխի արտադրության ձեռնաշխատ բանվորները ցածր աշխատագնի պատճառով ստիպված էին օրական 15 ժամ աշխատելու, որպեսզի ամենաչնչին շաբաթավարձ ստանան։ «Նա պետք է ամեն օր երկար ու երկար ժամեր չարչարվի 11 պենս կամ 1 շիլլինգ վաստակելու համար, ընդ որում այդ գումարից 2½-ից մինչև 3 պենս պահվում է գործիքների մաշվածքի, վառելիքի, երկաթի թափոնքի համար» («Children’s Employment Commission. 3rd Report», էջ 136, № 671)։ Կանայք նույն աշխատաժամանակում վաստակում են ընդամենը շաբաթական 5 շիլլինգ (նույն տեղում, էջ 137, № 674)։
- ↑ Եթե, օրինակ, գործարանային բանվորը հրաժարվեր սահմանված մեծ թվով ժամեր աշխատելուց, «նա արագ կերպով կփոխարինվեր որևէ ուրիշ բանվորով, որը պատրաստ կլիներ աշխատելու որքան կուզես, և այդպիսով աոաջին բանվորը փողոց կշպրտվեր»։ («Reports of Insp. of Fact. for 30th April 1848». Ցուցմունքները, էջ 39, № 58)։ «Եթե... մի մարդ երկու մարդու աշխատանք է կատարում... շահույթի նորման սովորաբար բարձրանում է... այն բանի հետևանքով, որ աշխատանքի ավելորդ առաջարկն իջեցնում է նրա գինը» (Senior: «Three Lectures օո the Rate of Wages». London 1830, էջ 75)։
- ↑ «Children’s Employment Commission. 3rd Report». Ցուցմունքները, էջ 66, № 22։
- ↑ «Report etc. relative to the Grievances complained of by the Journeymen Bakers». London 1862, էջ LII և այնտեղ էլ № 479, 359, 27 ցուցմունքները։ Ասենք՝ fullpriced-ներն էլ, ինչպես վերը հիշատակեցինք, և ինչպես խոստովանում է հենց ինքը՝ նրանց պաշտպան Բեննետը, իրենց բանվորներին ստիպում են «աշխատանքն սկսել երեկոյան ժամի 11-ին կամ ավելի վաղ և հաճախ շարունակել մինչև հաջորդ երեկոյան ժամի 7-ը» (նույն տեղում, էջ 22)։