Կինը շեղակի գալիս էր դեպի Ռավիկը։ Նա քայլում էր արագ, բայց տարօրինակ օրորվելով։ Ռավիկը կնոջը նկատեց այն ժամանակ միայն, երբ արդեն համարյա իր կողքին էր։ Նա տեսավ ցցուն այտոսկրերով և աչքերն իրարից հեռու գտնվող գունաթափ մի դեմք։ Այդ դեմքը ընդարմացած էր և նմանվում էր դիմակի։ Լապտերի աղոտ լույսի տակ թվում էր անկենդան, իսկ աչքերում սառել էր ապակյա դատարկության մի այնպիսի արտահայտություն, որ Ռավիկը մի տեսակ ուշադրությունը լարեց։
Կինը այնքան մոտիկ անցավ նրա կողքով, որ գրեթե իրեն քսվեց։ Ռավիկը ձեռքը մեկնեց ու բռնեց նրա արմունկից։ Կինն օրորվեց և, ըստ երևույթին, կընկներ, եթե Ռավիկը բռնած չլիներ։
Ռավիկը ամուր սեղմեց կնոջ թևը.
— Այդ ո՞ւր եք գնում,— հարցրեց նա փոքր-ինչ հապաղելով։
Կինը սևեռուն նայեց նրան։
— Թողեք,— շշնջաց նա։
Ռավիկը ոչինչ չասաց։ Նա շարունակում էր ամուր բռնել կնոջ թևը։
— Բաց թողեք։ Սա ի՞նչ բան է։— Կինը հազիվ էր շրթունքները շարժում։
Ռավիկին թվաց, թե կինը իրեն նույնիսկ չի էլ տեսնում։ Կնոջ հայացքը անցնում էր նրա միջով և թափանցում ինչ֊որ տեղ գիշերային դատարկ խավարը։ Պարզապես մի բան պահում էր նրան, որին դիմելով, նա անընդհատ կրկնում էր.
— Բաց թողեք ինձ։
Ռավիկն իսկույն տեսավ, որ կինը պոռնիկ չէ։ Եվ ոչ էլ հարբած։ Նա կնոջ թևը առաջվա նման չէր սեղմում այլևս։ Կինը այդ չէր զգում և, եթե ուզենար, հեշտությամբ կարող էր ազատվել նրա ձեռքից։
Ռավիկը փոքբ֊ինչ սպասեց։
— Իսկապես, ո՞ւր եք գնում։ Գիշեր, մենակ, Փարիզում,— հանգիստ հարցրեց նա ևս մի անգամ ու բաց թողեց կնոջ ձեռքը։
Կինը լռում էր, բայց մնաց անշարժ։ Կարծես, մի անգամ կանգ առնելուց հետո նա այլևս չէր կարողանում տեղից շարժվել։
Ռավիկը հենվեց կամրջի ճաղաշարին։ Նա ձեռքերի տակ զգաց խոնավ, չեչոտ քարը։
— Չլինի՞ այնտեղ եք ուզում,— նա գլխով ցույց տվեց դեպի ցած, ուր գորշագույն մշուշում անհանգիստ փայլփլելով հոսում էր Սենան դեպի Ալմա կամրջի ստվերները։
Կինը չէր պատասխանում։
— Դեռ շատ շուտ է,— ասաց Ռավիկը։— Շատ շուտ է, և շատ էլ սառը. նոյեմբերն է։
Նա հանեց սիգարետի տուփը և գրպաններում փնտրեց լացկին։ Նեղլիկ ստվարաթղթի վրա ընդամենը երկու լուցկի էր մնացել, և նա, զգուշաբար կռանալով, գետից փչող թեթև քամուց ձեռքերի ափերով պաշտպանեց լուցկու բոցը։
— Ինձ էլ մի սիգարետ տվեք,— հազիվ լսելի ձայնով ասաց կինը։
Ռավիկն ուղղվեց և ցույց տվեց սիգարետի տուփը։
— Ալժիրական է։ Սև թութուն։ Օտարերկրյա լեգեոնի զինվորներն են սա ծխում։ Ձեզ համար, թերես, շատ սարթ լինի։ Մոտս ուրիշը չկա։
Կինը գլուխն օրորեց ու մի սիգարետ վերցրեց։ Ռավիկը նրան մոտեցրեց վառվող լուցկին։ Կինը ագահորեն ծխեց, ամբողջովին ներս քաշելով ծուխը, Ռավիկը լուցկին կամրջի ճաղաշարի վրայով ցած շպրտեց։ Ընկնող փոքրիկ աստղի նման լուցկին թռավ խավարի մեջ և հանգավ միայն այն ժամանակ, երբ հասավ ջրին։
Կամրջի վրա դանդաղորեն հայտնվեց մի տաքսի։ Վարորդը մեքենան կանգնեցրեց, նայեց նրանց, մի պահ սպասեց, ապա գազ տվեց ու շարունակեց ճանապարհը մթության մեջ շողշողացող Գեորգ Հինգերորդի խոնավ ավենյուով։
Հանկարծ Ռավիկն զգաց, որ հոգնել է։ Նա ամբողջ օրը ծանր աշխատանք էր կատարել և չկարողացավ քնել։ Այդ պատճառով էլ տնից դուրս եկավ, որպեսզի մի բան խմի։ Եվ այժմ ուշ գիշերվա ցուրտ խոնավության մեջ հոգնածությունը պարկի նման փլվեց նրա գլխին։
Ռավիկը նայեց կնոջը: Փաստորեն ինչի՞ համար ինքը նրան կանգնեցրեց։ Պարզ էր, այդ կնոջը մի բան էր պատահել։ Բայց իր ի՞նչ գործն էր։ Քի՞չ կանայք է տեսել, որոնց ինչ֊որ բան է պատահած եղել, հատկապես գիշերը, հատկապես Փարիզում։ Բայց այդ բոլորը նրա համար հիմա ոչ մի նշանակություն չուներ, նա միայն մի բան էր ուզում - մի քանի ժամ քնել։
— Տուն գնացեք,— ասաց Ռավիկը։— Ի՞նչ եք փնտրում այս ժամին փողոցում։ Դուք կարող եք լավագույն դեպքում տհաճ պատմությունների մեջ ընկնել։
Նա վեր քաշեց վերարկուի օձիքը և պատրաստվեց գնալու։ Կինն այնպես նայեց Ռավիկին, կարծես չէր հասկանում, թե նա ինչ է ուզում անել։
— Տո՞ւն,— կրկնեց կինը։
Ռավիկն ուսերը վեր քաշեց։
— Տուն, ձեր բնակարանը, հյուրանոց — անվանեք, ինչպես ուզում եք։ Որևէ տեղ։ Մի՞թե ուզում եք ոստիկանության ձեռքն ընկնել։
— Հյուրանո՜ց։ Աստվա՜ծ իմ,— վրա բերեց կինը։
Ռավիկը կանգ առավ։ Դարձյալ մեկը, որ չգիտի, թե ուր գնա, մտածեց նա։ Ինքը պետք է որ դա կռահած լիներ։ Միշտ միևնույն բանը։ Գիշերը չգիտեն ուր գնան, իսկ առավոտյան դեռ աչքդ չբացած արդեն անհետանում են։ Առավոտյան գիտեն ուր։ Սովորական հին և էժան գիշերային հուսահատություն է, որը խավարի հետ գալիս է և նրա հետ էլ անհետանում։ Նա նետեց սիգարետի մնացորդը։ Կարծես թե դա նորություն էր նրա համար։
— Եկեք գնանք որևէ տեղ, մի բաժակ օղի խմենք,— ասաց Ռավիկը։
Դա ամենահեշտն էր։ Ինքը կարող էր վճարել ու հեռանալ, որից հետո թող կինը որոշեր իր անելիքը։
Կինը թույլ մի շարժում արեց ու սայթաքեց։ Ռավիկը ձեռքը գցեց, բռնեց նրա թևից.
— Հոգնա՞ծ եք,— հարցրեց նա։
— Չգիտեմ։ Երևի այո։
— Այն աստիճան, որ քնել չե՞ք կարող։
— Կինը գլխով արեց։
— Պատահում է։ Եկեք գնանք։ Ես ձեզ ճանապարհ կդնեմ։
Նրանք Մարսո ավենյուով գնացին դեպի վեր։ Ռավիկն զգում էր, թե կինն ինչպես է հենվում իր վրա։ Նա այնպես էր հենվում, կարծես ընկնելիս լիներ և մի կերպ իրեն պահում էր։
Կտրեցին անցան Սերբիայի Պետեր Առաջինի ավենյուն։ Շայո փողոցի խաչմերուկի հետևում, անձրևոտ երկնքի ֆոնի վրա, հեռվում հայտնվեց հաղթական կամարի աղոտ ու մթին տվող վիթխարի զանգվածը։
Ռավիկը ցույց տվեց նկուղային գինետուն տանող մի նեղլիկ, լուսավորված մուտք։
— Գնանք... այստեղ պետք է որ մի բան գտնվի։
Դա շոֆերական գարեջրատուն էր։ Նստած էին տաքսու մի քանի վարորդ և մի քանի պոռնիկ։ Վարորդները թղթախաղով էին զբաղված։ Պոռնիկները աբսենտ էին խմում։ նրանք վայրկենական հայացքով կնոջը չափեցին։ հետո անտարբեր շրջեցին հայացքները։ Պոռնիկներից տարիքով ամենամեծը բարձրաձայն հորանջեց, մյուսն սկսեց ծուլորեն ներկել շրթունքները։ Միջանցքի խորքում գազազած կռիսայի դեմքով կրտսեր քելները քարե սալիկներին թեփ էր ցանում ու սրբում հատակը։ Ռավիկը կնոջ հետ նստեց մուտքից ոչ հեռու գտնվող մի սեղանի մոտ։ Այդպես ավելի հարմար էր։ Ցանկացած րոպեին կարող էր գնալ։ Նա նույնիսկ վերարկուն չհանեց։
— Ի՞նչ եք ուզում խմել,— հարցրեց նա։
— Չգիտեմ։ Որևէ բան։
— Երկու կալվադոս,— ասաց Ռավիկը քելներին, սրի հագին ժիլետ էր և թևքերը քշտած վերնաշապիկ։— Եվ մի տուփ սիգարետ, «Չեստերֆիլդ»։
— Չունենք,— ասաց քելները,— միայն ֆրանսիական է։
— Այդ դեպքում մի տուփ «Լորան», կանաչը։
— Կանաչ նույնպես չկա։ Միայն կապույտ է։
Ռավիկն ուշադիր նայում էր քելների թևին, որտեղ դաջված էր ամպերի վրայով քայլող մերկ մի կին, հետևելով նրա հայացքին, քելները բռունցքը սեղմեց և պրկելով խաղացրեց մկանները։ Կինն անպարկեշտորեն փորը շարժեց։
— Լավ, կապույտ բերեք,— ասաց Ռավիկը։
Քելները ժպտաց՝ մերկացնելով ատամները։
— Տեսնեմ, գուցե մի տուփ կանաչ մնացած լինի։— Եվ կոշիկները քստքստացնելով հեռացավ։
Ռավիկը նայեց նրա հետևից։
— Կարմիր քստիկներ,— ասաց նա։— Եվ պորտապարուհի։ Ինչպես երևում է, թուրքական նավատորմում է ծառայել։
Կինը ձեռքերը դրեց սեղանին։ նա դա այնպես արեց, կարծես այլևս այնտեղից չէր վերցնելու։ Ձեռքերը սառն էին, բայց դա ոչնչի մասին դեռ չէր խոսում։ Ասենք, ձեռքերն այնքան էլ սառը չէին։ Ռավիկը նկատեց, որ նրա աջ ձեռքի միջին մատի եղունգը ջարդվել է, ըստ երևույթին, ընկել և տեղը դեռ խարտոցված չէ։ Լաքը տեղ-տեղ թափվել էր։
Քելները բերեց բաժակներն, ու մի տուփ սիգարետ։
— «Լորան», կանաչը։ Մի տուփ գտնվեց այնուամենայնիվ։
— Ես այդպես էլ կարծում էի։ Դուք նավատորմիղո՞ւմ եք ծառայել։
— Ոչ։ Կրկեսում։
— Ավելի լավ։— Ռավիկը բաժակը դրեց կնոջ առաջ։— Ահա, սա պետք է խմեք։ Այս ժամի համար կալվադոսն ամենահարմար բանն է։ Թե՝ սուրճ եք ուզում։
— Ոչ։
— Խմեք միանգամից։
Կինը գլխով արեց ու բաժակը խմեց մինչև վերջը։ Ռավիկն ուշադիր նայում էր նրան։ Նա մի տեսակ հանգած, գունատ, գրեթե ոչինչ չարտահայտող դեմք ուներ։ Շրթունքները լիքն էին, բայց դժգույն, որոնց ուրվագծերը ջնջվել էին կարծես, սքանչելի էին միայն բնականից շեկ ու շողշողուն մազերը։ Կնոջ գլխին բերետ էր դրված, իսկ անջրանցիկ վերարկուի տակից երևում էր անգլիական կապույտ գույնի կոստյումը, կարված լավագույն դերձակի ձեոքով։ Բայց մատանու կանաչ քարը նրա ձեռքի վրա այնքան էր մեձ, որ արհեստական չլինել չէր կարող։
— Ուզո՞ւմ եք մի բաժակ էլ,— հարցրեց Ռավիկը։
Կինը գլխով արեց։
Ռավիկը կանչեց քելներին։
— Երկու կալվադոս էլ բերեք։ Բայց ավելի մեծ բաժակով։
— Ավելի մեծ բաժակո՞վ։ Եվ ավելի շա՞տ լցրած։
— Այո։
— Ուրեմն, կրկնակի։
— Գտաք։
Ռավիկը որոշեց արագ խմել իր բաժակը և գնալ։ Ձանձրույթը համակեց նրան, նա շատ հոգնած էր։ Իսկ ընդհանրապես համբերությամբ էր վերաբերվում ճակատագրի անակնկալներին, նա իր ետևում թողել էր փոփոխություններով լեցուն ու անհանգիստ կյանքի քառասուն տարիներ։ Իրերի այնպիսի դրություն, ինչպիսին այս էր, նա հաճախ էր տեսել։ Մի քանի տարի էր արդեն, ինչ նա ապրում էր Փարիզում, տառապում էր անքնությամբ և գիշերները թափառում փողոցներով — ինչեր ասես չէր տեսել։
Քելները պատվիրած բաժակները բերեց։ Ռավիկը վերցրեց թունդ և բուրումնավետ խնձորօղու բաժակը և զգուշորեն դրեց կնոջ առաջ։
— Սա էլ խմեք։ Առանձնապես մեծ օգուտ չունի, բայց կտաքացնի։ Եվ ինչ էլ որ պատահել է, կարևորություն մի տվեք։ Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահպանում։
Կինը նայեց նրան։ Բայց չխմեց:
— Դա այդպես է,— ասաց Ռավիկը։— Հատկապես գիշերները։ Գիշերն ամեն ինչ չափազանց է թվում։
Կինը դեռ շարունակում էր նայել նրան։
— Գուք զուր եք ինձ մխիթարում,— վերջապես ասաց նա։
— Ավելի լավ։
Ռավիկն աչքերով փնտրեց քելներին։ Բավական է։ Զահլան գնաց։ Նա լավ է ճանաչում այդ տիպերին։ Ըստ երևույթին, վտարանդի ռուսներից է,— մտածեց նա։
— Դուք վտարանդի ռո՞ւս եք։
— Ոչ։
Ռավիկը վճարեց ու տեղից վեր կացավ հրաժեշտ տալու համար։ Նույն րոպեին տեղից կանգնեց նաև կինը։ Նա այդ արեց լուռ, ինչպես ինքնըստինքյան հասկանալի մի բան։ Ռավիկն անվճռական նայեց կնոջը։ Լավ, մտածեց նա, ես կարող եմ դրսում էլ հրաժեշտ տալ։
Սկսել էր անձրև գալ։ Ռավիկը դռան առաջ կանգ առավ։
— Դուք ո՞ր կողմն եք գնալու։
Նա վճռել էր, որ ինքը գնա հակառակ ուղղությամբ։
— Չդիտեմ։ Որևէ կողմ։
— Իսկ որտե՞ղ եք ապրում։
Կինն արագ մի շարժում արեց։
— Ես այնտեղ գնալ չեմ կարող։ Ոչ։ Չեմ կարող։ Միայն թե ոչ այնտեղ։
Նրա աչքերը հանկարծ լցվեցին վայրի մի սարսափով։ Գժվել է, մտածեց Ռավիկը։ Կռվել է ամուսնու հետ և տնից հեռացել։ Վաղը կփոշմանի և կվերադառնա։
— Մի՞թե մեկնումեկը չկա, որի մոտ կարողանաք գնալ։ Որևէ ծանոթ կին։ Կարող եք այստեղից զանգահարել։
— Ոչ։ Ոչ մի մարդ։
— Բայց դուք պետք է որևէ տեղ գիշերը մնաք, փող չունե՞ք հյուրանոցում որևէ սենյակ վարձելու համար։
— Կա։
— Ուրեմն, որևէ հյուրանոց գնացեք։ Այստեղ լիքը հյուրանոցներ են։
Կինը ձայն չէր հանում։
— Չէ՞ որ որևէ տեղ դուք պետք է գիշերեք,— վրա բերեց Ռավիկը, համբերությունը կորցրած։— Հո չե՞ք կարող փողոցում անձրևի տակ մնալ։
Կինը կոճկեց անջրանցիկ վերարկուն։
— Ճիշտ եք ասում,— ասաց նա, կարծես ինչ-որ որոշում կայացնելով։— Դուք միանգամայն իրավացի եք։ Շնորհակալ եմ։ Այլևս մի անհանգստացեք ինձ համար։ Մի տեղ կգնամ։ Շնորհակալ եմ։— Նա վերարկուի օձիքի ծայրերը միացրեց իրար ու մի ձեռքով բռնեց։— Շնորհակալություն այս ամենի համար։
Հայացքը տառապանքով լեցուն կինը վերից վար նայեց Ռավիկին, ճգնելով ժպտալ։ Ապա մշուշոտ անձրևի տակ անձայն քայլերով արագ հեռացավ։
Ռավիկը մի վայրկյան մնաց անշարժ կանգնած։
— Սատանան տանի,— շփոթահար ու անվճռական մրթմրթաց նա։
Ռավիկը չգիտեր, ինչպես այդ պատահեց և ինչ էր այդ — անմխիթար ժպիտ, թե հայացք, ամայի փողոց, թե գիշեր — նա գիտեր միայն մի բան — որ այդ կնոջը, որը գիշերային անձրևոտ մշուշում հանկարծ նրան մոլորված մի երեխա թվաց, ինքն այդպես մենակ չպետք է բաց թողներ։
Ռավիկը հասավ նրա հետևից։
— Եկեք ինձ հետ,— ասաց նա չոր։— Մի բան կանենք։
Նրանք դուրս եկան Էտուալ հրապարակը, որը գորշ մշուշով պարուրված փռվել էր նրանց առաջ անծայր ու վեհատեսիլ։ Մառախուղը թանձրանում էր, և այս ու այն կողմ ճյուղավորվող փողոցներր այլևս չէին երևում։ Երևում էր միայն ընդարձակ հրապարակը՝ լապտերների ցաքուցրիվ, աղոտ լուսիններով և վիթխարի հաղթական կամարի մառախուղում կորած քարե զանգվածով, որը կարծես հենարան էր դարձել տրտում երկնքի համար և պաշտպանում էր իր տակ գտնվող մենավոր ու դժգույն լույսը, վառվող Անհայտ զինվորի գերեզմանին, որը թվում է, թե մենության ու խավարի մեջ կորած մարդկության վերջին գերեզմանն է։
Նրանք կտրեցին, անցան ամբողջ հրապարակը։ Ռավիկը քայլում էր արագ։ Նա այնքան էր հոգնած, որ մտածել չէր կարողանում։ Կողքին լսում էր կնոջ երերուն, փափուկ քայլերը, որը գլուխը կախ, ձեռքերը անջրանցիկ վերարկուի գրպանում թաղած, անխոս հետևում էր Ռավիկին — նա, ուրիշի կյանքի փոքրիկ այդ լույսը։ Եվ հանկարծ հրապարակի գիշերային մենության մեջ, թեև ինքը ոչինչ նրա մասին չգիտեր, իսկ գուցե նաև հենց այդ պատճառով կինը Ռավիկին մի ակնթարթ տարօրինակորեն մոտիկ թվաց։ Ռավիկի համար նա օտար էր, ինչպես ինքն էր օտար զգում իրեն ամենուրեք, և դա զարմանալի կերպով մոտիկացնում էր ավելի շատ, քան բոլոր բառերն ու զգացմունքները բթացնող երկարամյա սովորույթը։
Ռավիկն ապրում էր Տերն հրապարակի հետևում ընկած Վագրամ ավենյուի նրբանցքներից մեկում գտնվող մի փոքրիկ հյուրանոցում։ Դա բավական խարխլված մի շենք էր, որտեղ նոր՝ միայն մի բան կար. մուտքի վերևը փակցրած մի ցուցանակ՝ «Ինտերնացիոնալ հյուրանոց» մակագրությամբ։
Ռավիկը սեղմեց զանգը։
— Դուք ազատ համար չունե՞ք արդյոք,— հարցրեց նա դուռը բացող երիտասարդին։
Երիտասարդը քնկոտ աչքերը չռեց։
— Դռնապանն այստեղ չէ,— կակազեց նա վերջապես։
— Դա ես ինքս էլ եմ տեսնում։ Ես հարցնում եմ, թե արդյոք ազատ սենյակ չկա՞։
Երիտասարդը տարակուսանքով ուսերը վեր քաշեց։ Նա տեսնում էր, որ Ռավիկը կնոջ հետ է, բայց չէր հասկանում, թե երկրորդ սենյակը նրա ինչին է պետք։ Որքան իրեն հայտնի էր, դրա կարիքը չկար։
— Տիկինը քնած է։ Եթե արթնացնեմ, նա ինձ աշխատանքից կվռնդի,— ասաց երիտասարդը և ոտքով քորեց իրեն։
— Գեղեցիկ։ Այդ դեպքում գուցե ինքս տեսնեմ։
Ռավիկը երիտասարդին «թեյադրամ» տվեց, վերցրեց իր բանալին և աստիճաններով վեր բարձրացավ։ Կինը գնում էր նրա հետևից։ Մինչև իր սենյակի դուռը բացելը, նա փորձեց հարևան դուռը։ Կոշիկներ նրա առջև չկար։ Ռավիկը երկու անգամ բախեց։ Ոչ ոք չէր պատասխանում։ Նա զգուշորեն սեղմեց դռան բռնակը։ Դուռը փակված էր։
— Երեկ այս սենյակը դատարկ էր,— մրթմրթաց նա։— Փորձենք մյուս կողմից։ Ըստ երևույթին, տիրուհին փակել է, վախենալով, չլինի թե փայտոջիլները փախչեն։
Ռավիկը բացեց իր սենյակի դուռը։
— Մի րոպե նստեք։— Նա ցույց տվեց կարմիր բազմոցը։— Ես այս րոպեիս կգամ։— Նա բացեց ապակյա դուռը, որը տանում էր դեպի երկաթյա նեղ մի պատշգամբ, մետաղյա ճաղաշարի վրայով անցավ հարևան պատշգամբը և փորձեց բացել դուռը։ Սակայն այստեղ նույնպես փակ էր։ Հույսը կտրած, նա վերադարձավ։
— Բան չի ստացվում։ Չեմ կարողանում ձեզ համար այստեղ սենյակ գտնել։
Կինը նստած էր բազմոցի ծայրին։
— Կարելի՞ է մի քիչ էլ մնալ այստեղ։
Ռավիկն ուշադիր նայեց նրան։ Հոգնածությունից կնոջ դեմքը մի տեսակ աղավաղվել էր։ Թվում էր, թե նստած տեղից այլևս չի կարող վեր կենալ։
— Մնացեք,— ասաց նա։
— Միայն մի վայրկյան։
— Դուք կարող եք այստեղ քնել։ Ամենահեշտը դա է։
Կինը, թվում էր, չի լսում Ռավիկին։ Նա դանդաղ, գրեթե մեխանիկորեն տարուբերեց գլուխը։
— Դուք պետք է ինձ փողոցում թողած լինեիք։ Իսկ հիմա... ինձ թվում է, ես հիմա այլևս չեմ կարող...
— Ինձ նույնպես թվում է։ Դուք կարող եք մնալ այստեղ և քնել։ Ամենալավն այդ է։ Իսկ վաղը մի բան կմտածենք։
Կինը նայեց նրան։
— Ես չեմ ուզում ձեզ...
— Աստվա՜ծ իմ,— ասաց Ռավիկը։— Դուք ամենևին ինձ չեք խանգարում։ Սա առաջին անգամը չէ, որ այստեղ մարդ է գիշերում, չիմանալով ուր գնալ։ Այս հյուրանոցում փախստականներ են ապրում։ Այսպիսի դեպքեր գրեթե ամեն օր լինում են։ Պառկեցեք մահճակալին։ Ես բազմոցին կքնեմ։ Դա սովորական բան է ինձ համար։
— Չէ, ինչ եք ասում, ես այսպես կնստեմ, եթե, իհարկե, կարելի է այստեղ մնալ։ Դա ինձ բավական է։
— Լավ, ինչպես ուզում եք։
Ռավիկը հանեց վերարկուն և կախեց։ Հետո անկողնուց մի վերմակ ու բարձ վերցրեց և աթոռը հրեց բազմոցի մոտ։ Ապա լողասենյակից բերելով խալաթը, գցեց աթոռի թիկնատեղին։
— Ահա, սրանք ձեզ համար են,— ասաց նա։— Եթե ուզում եք պիժամա էլ վերցնել, կոմոդում կա։ Ես այլևս անելիք չունեմ։ Կարող եք արդեն լողանալ։ Իսկ ինքս որոշ բաներ ունեմ անելու։
Կինը գլուխն օրորեց։
Ռավիկը կանգ առավ նրա առաջ։
— Բայց ձեր վերարկուն պետք է հանեք,— ասաց նա։— Ամբողջապես թաց է։ Գլխարկը նույնպես տվեք;
Կինը երկուսն էլ տվեց նրան։ Ռավիկը բարձը դրեց բազմոցի ծայրին։
— Սա ձեր գլխատակի համար, իսկ աթոռը — որպեսզի քնած ժամանակ չընկնեք։— Նա աթոռը կպցրեց բազմոցին։— Հիմա էլ կոշիկները... ջրի մեջ լփլփում է։ Կմրսեք, կհիվանդանաք։— Նա հանեց կնոջ կոշիկները, կոմոդից վերցրեց մի զույգ բրդե կարճ գուլպա և հագցրեց նրան։— Ըհը, հիմա արդեն տանելի է։ Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավետության մասին մտածի։
— Շնորհակալ եմ,— ասաց կինը։— Շնորհակալ եմ։
Ռավիկը գնաց լոգասենյակ և բացեց ծորակները։ Ջուրը հոսեց վաննայի մեջ, նա արձակեց փողկապը և հայելում մտացրիվ զննեց իրեն։ Մութ ակնաբներում նստած խորաթափանց աչքեր, նեղլիկ երես, որը մահուչափ հոգնած տեսք կունենար, եթե այդ աչքերը չլինեին, քթից դեպի բերանի անկյունները ակոսվող ցայտուն ծալքեր և այդ ծալքերի համեմատությամբ չափազանց փափլիկ շրթունքներ, իսկ աջ աչքի վերևում մազերի միջով անցնող ատամնավոր երկար մի սպի։
Հեռախոսի զանգը ընդհատեց նրա խոհերի ընթացքը։
Սատանա՜ն տանի։ Մի վայրկյան նա ամեն ինչ մոռացավ։ Լինում էին այնպիսի պահեր, երբ նա ամբողջովին սուզված էր լինում մտքերի մեջ։ Իսկ այս կինն էլ մի կողմից։
— Գալի՜ս եմ,— ձայն տվեց Ռավիկը։— Վախեցա՞ք։
Նա վերցրեց լսափողը։
— Ի՞նչ։ Այո։ Շատ լավ։ Այո, իհարկե, ամեն ինչ լավ կլինի... այո։ Որտե՞ղ։ Շատ լավ, հենց հիմա գալիս եմ։ Տաք սուրճ, շատ թունդ... այո...
Նա զգուշորեն լսափողը դրեց և, մտքերի մեջ ընկած, մի քանի րոպե մնաց բազմոցի եզրին նստած։
— Ես պետք է գնամ,— ասաց նա։— Շատ շտապ։
Կինը իսկույն տեղից կանգնեց։ Նա փոքր-ինչ օրորվեց ու ձեռքը գցեց աթոռի թիկնատեղին։
— Ոչ, ոչ...— Ռավիկին մի պահ հուզեց այս խոնարհ պատրաստակամությունը։— Մնացեք այստեղ։ Դուք կարող եք քնել։ Ես մի երկու ժամով պետք է գնամ, ստույգ չգիտեմ՝ ինչքան ժամանակով։ Դուք մնացեք այստեղ։
Ռավիկը հագավ վերարկուն։ Մտքում մի կասկած ծագեց։ Բայց նա իսկույն վանեց այն ու մոռացության մատնեց։ Այս ինը գողության չի անի։ Սա այն տիպերից չէ։ Այսպիսիներին ինքը շատ լավ է ճանաչում, Ասենք, ինչ կա, որ ինչ էլ գողանա։
Ռավիկն արդեն դռան մոտ էր, երբ կինը հարցրեց.
— Կարելի՞ է ձեզ հետ գալ։
— Ոչ, անհնարին է, Մնացեք այստեղ։ Որևէ բանի պետք ունենաք, վերցրեք։ Եթե ուզում եք, մտեք անկողին։ Կոնյակը պահարանում է։ Քնեք...
Նա շրջվեց։
— Թող լույսը վառ մնա,— անսպասելի և արագ ասաց կինը։ Ռավիկը բաց թողեց դռան բռնակը։
— Վախենո՞ւմ եք,— հարցրեց նա։
Կինը գլխով արեց։
Ռավիկը ցույց տվեց բանալին։
— Դուռը հետևիցս փակեք։ Բայց բանալին անցքի մեջ մի թողեք։ Ներքևում երկրորդը կա, ես նրանով կբացեմ։
Կինը գլուխն օրորեց։
— Դրա համար չէ։ Բայց, խնդրում եմ, լույսը վառ թողեք։
— Ահա թե ի՜նչ։— Ռավիկը փորձող հայացքով նայեց կնոջը։— Միևնույն է, ես չէի հանգցնելու։ Թող վառ մնա։ Ինձ ծանոթ է այդ։ Ես էլ եմ այդպիսի պահեր ունեցել։
Ակացիաների փողոցի անկյունում նրան տաքսի պատահեց։
— Քշեք Լորիստոն փողոց՝ տասնչորս։ Արագ։
Վարորդը շրջվեց ու սլացավ Կառնո ավենյուով։ Երբ մեքենան կտրում անցնում էր Ավենյու դյո լա Գրանդ Արմեն, աջ կողմից դուրս թռավ մի փոքրիկ երկտեղանոց մեքենա։ Նրանք զարնվելու էին իրար, եթե ճանապարհը թաց ու սայթաքուն չլիներ։ Հանկարծակի արգելակումից երկտեղանոց մեքենան սահեց ու դուրս եկավ փողոցի կենտրոնը, այնպես որ քիչ մնաց տաքսին ռադիատորով զարնվեր նրան։ Թեթև մեքենան կարուսելի նման պտույտներ էր տալիս։ Դա փոքրիկ «ռենո» էր, որի ղեկի մոտ նստած էր սև կոտելոկով, ակնոցավոր մի մարդ, ճանապարհի յուրաքանչյուր շրջադարձին երևում և անհետանում էր նրա գունատ և զայրագին դեմքը։ Հետո մեքենան դադարեց պտույտներ տալ և սկսեց սլանալ հաղթական կամարի ուղղությամբ, որը հեռվում դժոխքի վիթխարի դռների նման խոյանում էր դեպի վեր։ «Ռենոն» հիշեցնում էր փոքրիկ կանաչ մի միջատի, որի միջից մի գունատ բռունցք սպառնում էր գիշերային երկնքին։
Տաքսու վարորդը շրշվեց։
— Երբևէ դուք այսպիսի բան տեսե՞լ եք։
— Այո,— պատասխանեց Ռավիկը։
— Այսպիսի գլխարկո՞վ։ Որ կոտելոկը տնկացնի գլխին ու խելագարի նման գիշերը սլանա՞։
— Նա իրավացի է։ Չէ՞ որ նա գլխավոր մայրուղով է գնում։ Ինչո՞ւ եք հայհոյում։
— Իհարկե, իրավացի է։ Հենց դրա համար էլ հայհոյում եմ։
— Իսկ ի՞նչ կանեիք, եթե նա իրավացի չլիներ։
— Դարձյալ կհայհոյեի։
— Ինչպես երևում է, դուք ուզում եք ձեր կյանքը հարմարավետ դարձնել։
— Այն Ժամանակ ուրիշ ձևով կհայհոյեի,— բացատրեց տաքսու վարորդը և թեքվեց դեպի Ֆոշ ավենյուն։— Ավելի համոզված։ Հասկանալի՞ է։
— Ոչ, Խաչմերուկներում մի քիչ դանդաղ գնացեք։
— Չասեք էլ, դանդաղ եմ գնալու։ Անիծյալ փողոցները կարծես յուղած լինեն։ Բայց ինչո՞ւ եք ինձ հարցնում, եթե ասածս չեք լսում։
— Որովհետև հոգնած եմ,— համբերությունը կորցրած վրա բերեց Ռավիկը։— Որովհետև գիշեր է։ Ու, թերևս, որովհետև մենք բոլորս էլ անհայտ քամու բերանն ընկած կայծեր ենք։ Արագացրեք։
— Դա արդեն ուրիշ բան է,— ասաց վարորդը և մի տեսակ հարգանքով մատները տարավ դեպի գլխարկի հովարը։— Հիմա հասկանում եմ։
— Ապա լսեք,— ասաց Ռավիկը, որի մեջ հանկարծ կասկածանք ծագեց։— Դուք ռուս վտարանդի եք։
— Ոչ։ Բայց ուղևորների սպասելիս, ինչ պատահի կարդում եմ։
Ռուսների հետ այսօր բախտս չի բերում, մտածեց Ռավիկը։ Նա գլուխը ետ գցեց։ Սուրճ լիներ, մտածեց նա։ Թունդ, տաք սուրճ։ Հույսով եմ, պատրաստած կլինեն։ Ձեռքերս պետք է անսահման հանգիստ լինեն։ Հակառակ դեպքում Վեբերը ինձ պետք է սրսկի։ Բայց ամեն ինչ լավ կլինի։ Նա ապակին իջեցրեց և դանդաղ ու խոր շնչեց խոնավ օդը։