Վերջին թարմացում 7 Հուլիսի 2014, 18:16
Դեկամերոն

հեղինակ՝ Ջովաննի Բոկաչչո
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի
աղբյուր՝ «Դեկամերոն»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Դեկամերոն

Սկսվում է գիրքն այս- Դեկամերոն կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ:

Ներածություն

Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից: Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում: Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,- եթե ես ցանկանայի այդ մասին պատմել:Ու թեև գիտցող մարդիկ, որոնք իրազեկ էին այդ բանին, ինձ գովասանում ու գնահատում էին դրա համար, այնուամենայնիվ սերն ինձ ստիպեց շատ բան տեսնել ու տանել, և պատճառը ոչ թե սիրած կնոջ խստասիրությունն էր, այլ իմ չափից ավելի տաքարյունությունը՝ համակված հախուռն ցանկությամբ, որը, չբավարարվելով հնարավոր նպատակով, ոչ սակավ ինձ պատճառել է ավելի մեծ վիշտ, քան պետք էր սպասել:Եվ ահա հենց այդ վշտի միջոցին բարեկամիս ուրախ զրույցները և իր ուժերի ներածին չափ սփոփանքներն ինձ այնքան օգուտ են տվել, որ իմ հաստատ համոզմամբ, հենց դրանք էին միակ պատճառը, որ ես չմեռա: Սակայն բարեհաճությամբ Նրա, ով ինքն անվախճան լինելով՝ իր անխախտ օրենքով սահմանեց, որ ամենայն ինչ վախճան ունենա, իմ սերը, - որ շատ ավելի ջերմ էր այլոց սիրուց, և որը խզել կամ սասանել չկարողացան ո՛չ իմ դիտավորության ճիգը, ո՛չ բարեկամներիս խորհուրդը, ո՛չ ակներև խայտառակության ահը, ո՛չ հնարավոր վտանգը, - ժամանակի ընթացքում այնպես թուլացավ, որ այժմ իմ հոգում թողել է լոկ այն հաճույքը, որ նա սովորաբար պատճառում է նրանց, ովքեր չափից ավելի հեռու չեն նավարկում նրա ջրերով: Եվ որքան որ առաջ ծանր էր ինձ համար, այնքան այժմ, տառապանքի փարատումից հետո, ես դա վերապրում եմ որպես հաճելի մի բան: Բայց տառապանքներս դադարելու հետ միասին չանէացավ հուշն այն բարերարության, որ ինձ ցույց էին տվել այն անձինք, որոնք իմ նկատմամբ բարեհաճ լինելով՝ վշտանում էին իմ դժբախտությունների համար, և թերևս հուշն այդ վերանա լոկ իմ մահով: Իսկ քանի որ իմ կարծիքով երախտագիտությունը մյուս բոլոր առաքինությունների մեջ արժանի է առանձին գովեստի, իսկ երախտամոռությունը՝ պարսավանքի, ես երախտամոռ չհամարվելու համար որոշեցի այժմ, երբ արդեն կարող եմ ինձ ազատ համարել, ի տրիտուր այն բանի, ինչ ես ինքս եմ ստացել, ըստ հնարավորին մի որոշ թեթևություն պատճառել, եթե ոչ նրանց, ովքեր ինձ օգնել են(նրանք այնքան հասկացող են ու երջանիկ, որ թերևս դրա կարիքը չեն զգում), ապա համենայն դեպս դրա կարիքն ունեցողներին: Ու թեև իմ սատարանքը կամ, լավ է ասել, մխիթարանքը թույլ պիտի լինի դրա անհրաժեշտությունը զգացողների համար, այնուհանդերձ ինձ թվում է, որ այդ մխիթարանքը պետք է առանձնապես ուղղել այնտեղ, ուր ավելի շատ է զգացվում նրա անհրաժեշտությունը, քանզի այդտեղ էլ նա ավելի մեծ օգուտ կբերի և կգնահատվի ավելի բարձր: Իսկ ո՞վ կարող է ժխտել, որ այդպիսի մխիթարությունը, ինչպիսին էլ նա լինի, ավելի պատշաճ է առաջարկել չքնաղագեղ կանանց,քան տղամարդկանց: Նրանք, վախից ու ամոթից, իրենց քնքուշ կրծքի տակ թաքցնում են սիրո բոցը, իսկ որ դա ավելի ուժեղ է բացահայտ սիրուց՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր փորձել են այդ բանը: Բացի դրանից, կապված լինելով իրենց հայրերի, մայրերի, եղբայրների և ամուսինների կամեցողությամբ, կամակոր ցանկություններով, հրամաններով, նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ օթևանների անձկության մեջ և, նստելով գրեթե անգործ, կամա թե ակամա, ունենում են զանազան խոհեր, որոնք միշտ էլ չեն կարող ուրախ լինել: Եթե այդ մտքերը երբեմն տխուր տրամադրություն են առաջացնում, որի պատճառն է մոլի ցանկությունը, ապա դրանք, ի մեծ ցավ սրտի, մնում են նրանց գլխում, երբ չեն փարատվում նոր զրույցներով. էլ չասած, որ կանայք նվազ դիմացող են, քան տղամարդիկ: Այդ ամենը, ինչպես դյուրին է նկատել, չի պատահում սիրահարված տղամարդկանց: Եթե նրանց համակում են տխուր կամ հոգեմաշ մտքեր, ապա նրանք իրենց տրամադրության տակ ունեն տխրությունը մեղմելու կամ նրանից խուսափելու համար, քանզի, ըստ ցանկության, կարող են զբոսնել, լսել ու տեսնել շատ ու շատ բաներ, զբաղվել թռչուններ ու գազաններ որսալով, ձուկ բռնել, ձիավարել, խաղալ կամ առևտուր անել: Այդ զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է մասամբ կամ ամբողջովին կլանել մարդուս ուշքն ու միտքը՝ նրանից վանելով տխուր մտքերը, համենայն դեպս մի որոշ ժամանակով, որից հետո նա այսպես թե այնպես կա՛մ սփոփվում է, կա՛մ տխրությունը նվազում: Ահա թե ինչու, ցանկանալով մասամբ մեղմած լինել անարդարացիությունը ճակատագրի, որը զորավիգ լինելիս ժլատ է հենց այնտեղ, ուր ուժերն ավելի պակաս են, - ինչպես դա տեղի է ունենում թույլ կանանց նկատմամբ,- ես մտադիր եմ ի զվարճություն և օգնություն սիրահարների (քանզի մյուսները բավարարվում են թել ու ասեղով, իլիկով ու կարժառով) առաջարկել հարյուր նովել, կամ ինչպես մենք կանվանենք, առասպելներ, առակներ ու պատմություններ, որ տասն օրվա ընթացքում պատմել են երեք երիտասարդներ և յոթ դամաներ անցյալ ժանտախտի կորստաբեր օրերին, և մի քանի երգեր, որ այդ դամաները երգել են իրենց բավականության համար: Այդ նովելներում առկա են սիրո զվարճալի և տխրավախճան դեպքեր և ուրիշ արտասովոր եղելություններ, որ տեղի են ունեցել ինչպես նորագույն, այնպես էլ հնագույն ժամանակներում: Կարդալով այդ նովելները, դամաները կստանան բավականություն նրանց մեջ պատմվող զվարճալի արկածներից և, միաժամանակ օգտակար խորհուրդ, քանի որ կիմանան, թե ինչի՛ց պիտի խուսափեն և ինչի՛ ձգտեն: Կարծում եմ, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը կկատարվեն ոչ առանց ձանձրույթը մեղմելու: Եվ եթե, տա Աստված, այդպես լինի, թող այնժամ նրանք փառաբանեն Ամուրին, որն ինձ ազատելով այդ կապանքներից՝ հնարավորություն տվեց ծառայելու նրանց հաճույքին: