Ռավիկն արթնացավ։ Արթնացավ, զգալով, որ մի հայացք զննում է իրեն։
Կինը արդեն հագնվել էր և նստել բազմոցին։ Բայց նայում էր ոչ թե Ռավիկին, այլ պատուհանից դուրս։ Ռավիկը կարծում էր, թե նա վաղուց արդեն գնացած կլինի։ Նրա համար շատ տհաճ էր, որ կինը դեռ այդտեղ է։ Առավոտները Ռավիկը ոչ ոքի ներկայություն տանել չէր կարողանում։
նա մտածեց, թե չփորձի՞ արդյոք նորից քնել։ Բայց զգաց, որ կինը միևնույն է զննելու է իրեն, իսկ դա խանգարում էր նրան։ Ռավիկը որոշեց, որքան կարելի է շուտ գլուխն ազատել նրանից։ Եթե նա փողի է սպասում, ուրեմն, դա շատ հեշտ է։ Ասենք, ոնց էլ ուզում է լինի, դժվար չէ։ Ռավիկը տեղից բարձրացավ։
— Դուք շո՞ւտ եք վեր կացել։
Կինը վախեցած շրշվեց։
— Ես այլևս չէի կարողանում քնել։ Ցավում եմ, եթե ձեզ արթնացրի։
— Դուք ինձ չեք արթնացրել։
Կինը վեր կացավ։
— Ես ուզում էի գնալ։ Ինքս էլ չգիտեմ, թե ինչու եմ մինչև հիմա մնացել նստած։
— Սպասեք։ Ես հիմա կհագնվեմ։ Դուք պետք է դեռ նախաճաշեք։ Խմեք հյուրանոցի նշանավոր սուրճը։ Մենք ժամանակ ունենք։
Ռավիկը հագնվեց ու սեղմեց զանգի կոճակը։ Հետո գնաց լոգասենյակ։ Նա տեսավ, որ կինը արդեն եղել է այստեղ։ Բայց ամեն ինչ տեղը տեղին հավաքած էր, նույնիսկ գործածած խավավոր սրբիչները։ Ռավիկը մաքրում էր ատա ները, երբ լսեց, թե ինչպես սպասավորուհին նախաճաշը ձեռքին ներս մտավ։ Նա շտապեց վերջացնել։
— Ձեզ համար դա տհա՞ճ էր,— հարցրեց Ռավիկը, դուրս գալով լոգասենյակից։
— Ի՞նչը։
— Որ սպասուհին ձեզ այստեղ տեսավ։ Ես այդ մասին չէի մտածել։
— Ոչ։ նա ինքն էլ ամենևին չզարմացավ։
Կինը նայեց մատուցարանին։ Նախաճաշը երկու հոգու համար էր, թեև Ռավիկը այդ մասին ոչինչ չէր ասել։
— Իհարկե, չէր զարմանա։ Դրա համար էլ սա Փարիզ է կոչվում։ Ահա և սուրճը։ Գլխացավ չունե՞ք։
— Ոչ,
— Դա լավ է։ Իմը քիչ ցավում է։ Բայց շուտով կանցնի։ Բրիոշ էլ վերցրեք։
— Ես առհասարակ ուտել չեմ ուզում։
— Ոչ, ուզում եք։ Պարզապես ձեզ թվում է, թե չեք ուզում։ Ապա փորձեք։
Կինը մի բրիոշ վերցրեց։ Բայց մի փոքր հետո նորից ետ դրեց։
— Իսկապես, ախորժակ չունեմ։
— Այդ դեպքում սուրճ խմեք և մի սիգարետ ծխեք։ Զինվորներն այդպես են նախաճաշում։
— Այդ կարելի է։
Ռավիկն սկսեց ուտել։
— Դեռ չսովածացա՞ք,— հարցրեց նա փոքր-ինչ հետո։
— Ոչ։
Կինը հանգցրեց սիգարետը։
— Ես կարծում եմ,— սկսեց կինն ու լռեց։
— Ի՞նչ եք կարծում,— հարցրեց Ռավիկը առանց հետաքրքրության։
— Որ ես պետք է գնամ։
— Ճանապարհը գիտե՞ք։ Դուք հիմա ավենյու Վագրամի մոտերքն եք։
— Ոչ։ Չգիտեմ։
— Դուք որտե՞ղ եք ապրում։
— «Վերդեն» հյուրանոցում։
— Դա այստեղից ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ է, հիմա դուրս գանք, ես ձեզ ցույց կտամ, ինչպես գնաք։ Միևնույն է, դռնապանի մոտով ես պետք է ձեզ ճանապարհ դնեմ։
— Այո... բայց բանն այդ չէ։
Նա նորից լռեց։ Երևի փող է ուզում, մտածեց Ռավիկը։ Փող, ինչպես միշտ։
— Եթե նեղության մեջ եք, ես կարող եմ ձեզ հեշտությամբ օգնել, Ռավիկը դուրս քաշեց դրամապանակը։
— Տեղը դրեք, դա ի՞նչ է նշանակում,— խստորեն ասաց կինը։
— Ոչինչ։
Ռավիկը դրամապանակը նորից դրեց տեղը։
— Խնդրում եմ, ներեք,— ասաց կինը, տեղից վեր կենալով։— Դուք... ես պետք է ձեզ շնորհակալություն հայտնեմ... Եթե դուք չլինեիք... ես չէի իմանա, թե այս գիշեր...
Ռավիկը հիշեց այն, ինչ տեղի էր ունեցել։ Ծիծաղելի կլիներ, եթե ինքը դրան որևէ կարևորություն տար։ Բայց որ նա շնորհակալություն հայտնեց, դա բոլորովին իր համար անսպասելի էր և շատ տհաճ։
— Ես իսկապես չէի իմանա, թե...— ասաց կինը։
Նա դեռ շարրւնակում էր անվճռական կանգնել Ռավիկի առաջ։ Հետաքրքիր է, թե ինչո՞ւ չի գնում, մտածեց Ռավիկը։
— Բայց հիմա գիտեք...— մտածեց նա, կնոջը որևէ բան ասած լինելու համար։
— Ոչ։— Կինը ուղիղ նայեց նրան։— Դեռ չգիտեմ։ Միայն գիտեմ, որ ինչ-որ բան պետք է անեմ։ Գիտեմ, որ փախչել չեմ կարող...
— Դա արդեն շատ է։— Ռավիկը վերցրեց իր վերարկուն։— Հիմա ես ձեզ կուղեկցեմ ցած։
— Կարիք չկա։ Միայն ինձ ասացեք...— Նա դեմ առավ ու սկսեց խոսք փնտրել։— Գուցե, դուք գիտեք, թե մարդ ինչ պետք է անի, եթե...
— Եթե ի՞նչ,— հարցրեց Ռավիկը փոքր-ինչ հապաղելով։
— Եթե մեկը մահացել է,— դուրս թռավ կնոջ շուրթերից, և նա սկսեց լաց լինել։ Լալիս էր առանց հեծկլտոցների, լալիս էր լուռ, անձայն։
Ռավիկն սպասեց, մինչև կինը հանգստանար։
— Մա՞րդ է մահացել։
Կինը գլխով արեց։
— Երեկ երեկոյա՞ն։
Կինը նորից գլխով արեց։
— Դո՞ւք եք սպանել։
Կինը ապուշ կտրած նրան նայեց։
— Ի՞նչ։ Ինչ եք ասո՞ւմ։
— Ասում եմ, դո՞ւք եք սպանել։ Եթե դուք ինձ հարցնում եք ինչ անել, ուրեմն, ասեք նաև այն, ինչ եղել է։
— Նա ինքը մահացավ,— ճչաց կինը։— Հանկարծ։
Կինը ձեռքերով ծածկեց երեսը։
— Նա հիվա՞նդ էր,— հարցրեց Ռավիկը։
— Այո։
— Բժիշկ ունե՞իք։
— Այո... Բայց նա հիվանդանոց գնալ չէր ուզում։
— Բժիշկը երեկ եկե՞լ էր։
— Ոչ։ Երեք օր առաջ էր եկել։ Բժշկին... նա հայհոյեց բժշկին և հրաժարվեց նրանից։
— Իսկ նրանից հետո ուրիշ բժիշկ չե՞ք կանչել։
— Մենք ուրիշի չէինք ճանաչում։ Ընդամենը երեք շաբաթ է, ինչ այստեղ ենք։ Այդ բժշկին էլ քելները բերեց... Բայց ինքը չուզեց դրան... ասում էր... իրեն թվում էր, թե առանց բժշկի ավելի լավ կլինի։
— Ի՞նչ հիվանդ էր։
— Ես չգիտեմ։ Բժիշկն ասաց թոքերի բորբոքում... Բայց ինքը չէր հավատում... ասում էր, բժիշկները բոլորն, էլ խաբեբաներ են։ Իսկապես էլ, երեկ իրեն լավ էր զգում։ Հետո հանկարծ...
— Ինչո՞ւ որևէ հիվանդանոց չտարաք։
— Չուզեց,— ասում էր... նա ասում էր, որ եթե ինքը կողքիս չլինի, ես կդավաճանեմ իրեն... նա... դուք նրան չգիտեք... ոչինչ հնարավոր չեղավ անել։
— Նա դեռ հյուրանոցո՞ւմ է պառկած։
— Այո։
— Հյուրանոցատիրոջն ասե՞լ եք պատահածի մասին։
— Ոչ։ Երբ նա հանկարծ լռեց... և շուրջը նույնպես լռություն տիրեց... Ու նրա աչքերը... Ես այլևս չկարողացա դիմանալ ու ինձ դուրս գցեցի։
Ռավիկը հիշեց անցած գիշերը։ Մի պահ նա իրեն վատ զգաց։ Բայց եղածն արդեն եղած էր, և հիմա բոլորովին միևնույն էր իր համար, և այդ կնոջ։ Հատկապես կնոջ։ Այս գիշեր նրա համար ամեն ինչ մեկ էր, կարևոր էր միայն մի բան — դիմանալ։ Կյանքը շատ ավելին է, քան սենտիմենտալ համեմատությունները։ Երթ Լավինը լսեց, որ կինը մահացավ, գիշերը անցկացրեց պոռնկատանը։ Պոռնիկները նրան փրկեցին, իսկ քահանաները հազիվ թե կարողանային փրկել։ Հասկացողը կհասկանա։ Դրա համար բացատրություններ չկան։ Մինչդեռ կան պարտավորություններ, որոնք դրանից են բխում։
Ռավիկը վերցրեց իր վերարկուն։
— Եկեք։ Ձեզ հետ ես էլ եմ գալիս։ Մեռածը ձեր ամուսի՞նն էր։
— Ո՛չ,— պատասխանեց կինը։
«Վերդեն» հյուրանոցի տերը մի հաստ մարդ էր։ Նրա գանգին ոչ մի մազ այլևս չկար, բայց դրա փոխարեն ներկած սև բեղեր ուներ և սև հաստ հոնքեր։ Նա կանգնել էր հյուրանոցի շքամուտքի սրահում, իսկ նրա հետևից քելներն էր, սպասավորուհին և տափակ կրծքով գանձապահուհին։ Ոչ մի կասկած չկար, որ նա ամեն ինչ արդեն գիտե և Ռավիկի հետ եկած կնոջը տեսնելուն պես իսկույն նետվեց ընդառաջ։ Հյուրանոցատիրոջ երեսն ամբողջովին շիկնել էր, նա թափահարում էր իր փոքրիկ չաղ ձեռքերը և զայրույթով ու կատաղությամբ ղլղլացնում։ Բայց Ռավիկը նկատեց, որ իրենց հայտնվելը հյուրանոցի տիրոջը թեթևություն բերեց։ Երբ նա սկսեց ճամարտակել ոստիկանության, օտարերկրացիների, կասկածելի մարդկանց և բանտի մասին, Ռավիկը ընդհատեց նրան։
— Դուք պրովանսացի՞ եք,— հարցրեց նա հանգիստ։
Հյուրանոցատիրոջ լեզուն մի տեսակ կապ ընկավ։
— Չէ։ Իսկ ինչո՞ւ,— շփոթահար հարցրեց նա։
— Հենց այնպես,— ասաց Ռավիկը,— ես ուզում էի ձեզ միայն ընդհատել։ Իսկ դա ամենից լավ հաջողվում է որևէ անմիտ հարցի միջոցով։ Այլապես դուք դեռ մի ամբողջ ժամ պետք է խոսեիք։
— Մեսյո, դուք ո՞վ եք։ Ի՞նչ եք ուզում։
— Ահա, վերջապես սա միակ խելացի հարցն է, որ դուք մինչև հիմա տվել եք։
Հյուրանոցատերը սթափվեց ինչպես պետքն է։
— Դուք ո՞վ եք,— հարցրեց նա միանգամայն հանգիստ այն մարդու զգուշավորությամբ, որը ոչ մի դեպքում չի ուզում վիրավորանք հասցնել որևէ ազդեցիկ մարդու։
— Ես բժիշկ եմ։
Հյուրանոցատիրոջ համար վտանգն իսկույն վերացավ։
— Մենք այլևս բժշկի կարիք չունենք,— բորբոքվեց նա կրկին։— Մեզ ոստիկան է պետք։
Եվ հայացքը սևեռած նայեց Ռավիկին ու նրա հետ եկած կնոջը, բողոքի, վախի և աղաչանքների սպասելով։
— Հիանալի միտք է։ Ինչո՞ւ, իսկապես, ոստիկանությունը մինչև հիմա չի հայտնվել։ Չէ՞ որ, ինչպես ձեզ հայտնի է, արդեն մի քանի ժամ է, ինչ այդ մարդը մահացած է։
Հյուրանոցատերը ոչինչ չպատասխանեց։ Նա զայրույթով լցված շարունակում էր նայել Ռավիկին։
— Ես ձեզ կարող եմ ասել ինչու։— Ռավիկը մոտ գնաց նրան։— Որովհետև դուք վախենում եք ձեր հյուրանոցում իջևանածների աղմուկ-աղաղակ բարձրացնելուց։ Որովհետև նրանցից շատերը կթողնեն-կգնան, եթե իմանան, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ոստիկանությունը, միևնույն է, կգա, օրենքն այդ է պահանջում։ Անաղմուկ անցնելը ձեզանից է կախված։ Թեև ամենևին էլ դա՛ չէր մտահոգողը։ Ձեզ սարսափեցնողը այն էր, որ ձեր հյուրանոցից մարդ է փախել ու ձեզ գցել կրակը։ Բայց դա էլ այնքան կարևոր չէր։ Դուք ամենից շատ վախենում էիք, որ ձեր հաշիվներն անվճար կմնան։ Բայց դուք անվճար չեք մնա։ Իսկ հիմա ես կցանկանայի դիակը տեսնել։ Որից հետո մնացածի մասին կհոգամ։
Ռավիկն անցավ հյուրանոցատիրոջ կողքով։
— Ո՞ր համարում է,— հարցրեց նա հետի կնոջը։
— Տասնչորսերորդ։
— Դուք կարող եք չգալ։ Ես մենակ էլ կարող եմ։
— Ոչ։ Ես չէի ուզի այստեղ մնալ։
— Ավելի լավ է, այլևս ոչինչ չտեսնեք։
— Ոչ։ Ես չեմ ուզում այստեղ մնալ։
— Լավ։ Ինչպես ուզում եք։
Սենյակը ցածր առաստաղ ուներ և լուսամատներով նայում էր փողոցին։ Դռան մոտ խմբված կանգնել էին մի քանի աղախիններ, միջանցքային սպասավորներ, քելներներ։ Ռավիկը նրանց մի կողմ տվեց։ Ներսում երկու մահճակալ էր դրված, նրանցից մեկի վրա, որը պատի կողմն էր, պառկած էր հանգուցյալը։ Պառկած էր անշարժ, դեղին՝ ինչպես մոմե ֆիգուրը, սև գանգուր մազերով, կարմիր մետաքսե պիժաման հագին։ Նրա ձեռքերը ծալած դրած էին կրծքին։ Հանգուցյալի կողքին, գիշերային սեղանի վրա դրված էր մի էժանագին փոքրիկ փայտե մադոննա, որի դեմքին շրթնաներկի հետքեր էին երևում։ Ռավիկը վերցրեց մադոննայի փոքրիկ ֆիգուրան և կարդաց մակագրությունը. «Made in Germany»։ Հետո նայեց հանգուցյալի դեմքին, նրա շուրթերին կարմիր ներկ չկար, ասենք, տեսքով էլ այդպիսին չէր։ Աչքերը կիսաբաց էին, մեկն ավելի շատ, մյուսը՝ քիչ, և դա նրա դեմքին լիակատար անտարբերության այնպիսի մի արտահայտություն էր տալիս, կարծես այնտեղ դրոշմված հավիտենական մի ձանձրույթ էր մնացել։
Ռավիկը խոնարհվեց հանգուցյալի վրա։ Աչքի անցկացնելով մահճակալի կողքին գտնվող սեղանի վրա դրված դեղասրվակները, նա սկսեց զննել հանգուցյալի մարմինը։ Ֆիզիկական ուժի գործադրման ոչ մի հետք։ Ռավիկն ուղղվեց։
— Ի՞նչ էր հանգուցյալին բուժող բժշկի անունը,— հարցրեց նա կնոջը,— չե՞ք հիշում։
— Ոչ։
Ռավիկը նայեց կնոջը։ Կինն ամբողջովին գունատված էր։
— Նստեցեք։ Այստեղ, անկյունում դրված աթոռին։ Եվ վեր չկենաք։ Բժիշկ կանչող քելները այստե՞ղ է։
Նա հայացքը գցեց դռան մոտ խմբվածների երեսներին։ Բոլորի դեմքերին միևնույն արտահայտությունն էր — սարսափի և ընչաքաղցության արտահայտությունը։
— Էս հարկը Ֆրանսուայինն է,— ասաց հավաքարարուհին, որը հատակի խոզանակը նիզակի նման բռնել էր ձեռքին։
— Ո՞ւր է Ֆրանսուան։
Քելներներից մեկը խցկվեց առաջ։
— Ի՞նչ էր այստեղ եկող բժշկի անունը։
— Բոննե։ Շառլ Բոննե։
— Նրա հեռախոսի համարը դուք չունե՞ք։
Քելները շուռումուռ տվեց ծոցագրքույկի թերթերը։
— Պասսի 2743։
— Եղավ։— Ռավիկը դռան մոտ նկատեց հյուրանոցատիրոջ կերպարանքը։ Եկեք դուռը փակենք։ Թե՞ ուզում եք, որ փողոցի բոլոր գնացող-եկողները լցվեն այստեղ։
— Չէ՜։ Դո՛ւրս։ Բոլորդ դուրս եկեք։ Ի՞նչ եք բան ու գործ թողած լցվել այստեղ։ Դուք պարապ-սարապ հավաքվել եք, կանգնել, իսկ ես ձեզ փող պետք է վճարեմ։
Հյուրանոցատերը բոլոր ծառայողներին դուրս քշեց ու փակեց դուռը։ Ռավիկը վերցրեց հեռախոսափողը և, կանչելով Վեբերին, ահագին ժամանակ հետը խոսեց։ Հետո զանգահարեց Պասսի համարով։ Բոննեն գտնվում էր իր ընդունարանում։ Բժիշկը հաստատեց այն ամենը, ինչ կինն ասել էր։
— Նա մահացել է,— ասաց Ռավիկը։— Դուք չէի՞ք կարող գալ այստեղ, մահվան տեղեկանք գրեիք։
— Նա ինձ դուրս շպրտեց այդտեղից։ Ամենավիրավորական ձևով։
— Նա այլևս ձեզ չի վիրավորի։
— Ինձ հոնորար չվճարեց և, բացի դրանից էլ, շահամոլ հեքիմ անվանեց։
— Դուք կարո՞ղ էիք գալ հոնորար ստանալու։
— Ես կարող եմ որևէ մեկին ուղարկել։
— Լավ կլինի, եթե դուք գաք։ Այլապես ձեր փողը չեք ստանա։
— Լավ,— ասաց Բոննեն որոշ տատանումից հետո։— Բայց լավ իմացեք, որ մինչև փողը չստանամ, ես ոչ մի տեղ ստորագրություն չեմ թողնի։ Ինձ պետք է վճարեն երեք հարյուր ֆրանկ։
— Շատ լավ։ Երեք հարյուր ֆրանկ։ Ձեր գալուն պես կստանաք։
Ռավիկը լսափողը կախեց։
— Ցավում եմ, որ դուք լսեցիք այս խոսակցությունը,— ասաց նա կնոջը։— Ուրիշ ելք չկար։ Այդ մարդը մեզ պետք է։
Կինը պրպտեց պայուսակը և մի քանի թղթադրամ հանեց։
— Ոչինչ,— ասաց նա,— դա ինձ համար նորություն չի։ Ահա փողը։
— Փողն առայժմ տեղը դրեք։ Հիմա նա ուր որ է կգա, այն ժամանակ էլ կտաք։
— Իսկ դուք չէի՞ք կարող մահվան տեղեկանքը ինքներդ գրել։
— Ոչ,— ասաց Ռավիկը։— Այդ կարող է տալ միայն ֆրանսիացի բժիշկը։ Հատկապես նա, ով բուժել է։
Երբ Բոննեն իր հետևից դուռը փակեց, սենյակը հանկարծ լցվեց լռությամբ ու դարձավ խաղաղ։ Շատ ավելի խաղաղ, քան այն ժամանակ, երբ դուրս գնացողն ընդամենը մի հոգի է լինում։ Մեքենաների աղմուկը փողոցում մի տեսակ խլացավ, կարծես զարնվելով օդի մի ծանրանիստ ու խիտ պատի, որի միջով հազիվհազ ներս էր թափանցում։ Անցած ժամի իրարանցումից հետո նոր էր միայն, որ սկսեց զգացվել դիակի գոյությունը։ Նրա տիրական լռությունը լցրել էր հյուրանոցի էժան համարը, և ոչ մի նշանակություն չուներ, որ նրա հագինը կարմիր փայլփլուն մետաքսե պիժամա է, ինչպես ծաղրածուինը։ Մեռած լինելով հանդերձ, նա թագավորում էր այստեղ։ Միայն այն տարբերությամբ, որ ինքը անշարժ էր։ Այն ամենը, ինչ կենդանի է, շարժվում է, իսկ ինչ շարժվում է, կարող է լինել ուժեղ, վայելուչ կամ ծիծաղելի, նրա համար անմատչելի է միայն մի բան — անշարժի և քարացածի շրջապատին խորթ վեհությունը։ Մահ — ահա թե ինչի մեջ էր իսկական վեհությունը, մահվան մեջ էր, որ մարդը հասնում էր կատարելության, և այն էլ կարճ ժամանակով։
— Դուք ամուսնացա՞ծ էիք նրա հետ,— հարցրեց Ռավիկը։
— Ոչ։ Իսկ ինչո՞ւ։
— Օրենք է։ Ժառանգության հարց կա։ Ոստիկանությունը պետք է պարզի, ինչն է ձեզ պատկանում, ինչը՝ նրան։ Այն, ինչ ձերն է, կմնա ձեզ, իսկ ինչ նրան է պատկանում, կբռնագրավվի հարազատների համար, եթե այդպիսիները հայտնվեն։ Նա հարազատներ ունի՞։
— Ֆրանսիայում չուներ։
— Դուք նրա հե՞տ էիք ապրում։
Կինը չպատասխանեց։
— Երկա՞ր։
— Երկու տարի։
Ռավիկը նայեց շուրջը։
— Դուք ճամպրուկներ ունե՞ք։
— Այո... այստեղ էին... դրված էին այ այնտեղ... պատի մոտ։ Դեռ երեկ երեկոյան այստեղ էին։
— Ահա հյուրանոցատերը...
Ռավիկը դուռը բացեց։ Հավաքարարուհին խոզանակը ձեռքին ետ ցատկեց։
— Մայրիկ,— ասաց Ռավիկը,— ձեր տարիքի համեմատ դուք չափազանց հետաքրքրասեր եք։ Հյուրանոցատիրոջն այստեղ կանչեք։
Հավաքարարուհին ուզեց արդարանալ։
— Դուք իրավացի եք,— ընդհատեց նրան Ռավիկը։— Ձեր տարիքում հետաքրքրասիրությունից բացի էլ ուրիշ ոչինչ չի մնում։ Այնուամենայնիվ հյուրանոցատիրոջն այստեղ կանչեք։
Պառավը ինչ-որ բան փնթփնթաց և, խոզանակը առջևում պահած, հեռացավ։
— Ես ցավում եմ,— ասաց Ռավիկը,— բայց ուրիշ ելք չկա։ Գուցե ես անտակտ թվամ, բայց ավելի լավ է մենք դա հիմա անենք։ Այդպես ավելի հեշտ է, եթե անգամ դուք հիմա դա չեք էլ հասկանում։
— Հասկանում եմ,— ասաց կինը։
Ռավիկը նայեց նրան։
— Հասկանո՞ւմ եք։
— Այո։
Հյուրանոցատերը մի թուղթ ձեռքին ներս մտավ։ Եվ ներս մտավ առանց դուռը բախելու։
— Ո՞ւր են ճամպրուկները,— հարցրեց Ռավիկը։
— Նախ եկեք հաշվից սկսենք։ Համեցեք։ Ամենից առաջ այս հաշիվը պետք է վճարվի։
— Նախ եկեք ճամպրուկներից սկսենք։ Մինչև հիմա դեռ ոչ ոք չի հրաժարվել հաշիվը վճարելուց։ Սենյակը դեռ վարձված է համարվում։ Հաջորդ անգամ ներս մտնելիս դուռը ծեծեք։ Հաշիվը տվեք ինձ և կարգադրեք, ճամպրուկները բերեն։
Հյուրանոցատերը զայրույթով նրան նայեց։
— Դուք ձեր փողը կստանաք,— ասաց Ռավիկը։
Հյուրանոցատերը դուրս եկավ սենյակից, դուռը ետևից շրմփացնելով։
— Ճամպրուկներում փո՞ղ կա,— հարցրեց կնոջն Ռավիկը։
— Ինձ... ոչ, ինձ թվում է ոչ։
— Իսկ գիտե՞ք, փողը որտեղ է։ Գուցե կոստյումի գրպանո՞ւմ է։ Թե՞ փող չկար։
— Փողը նա դրամապանակում էր պահում։
— Ո՞ւր է դրամապանակը։
— Բարձի...— Կինը կմկմաց,— դրամապանակը նա սովորաբար իր բարձի տակն էր դնում։
Ռավիկը տեղից կանգնեց։ Նա զգուշորեն բարձը հանգուցյալի գլխի հետ բարձրացրեց և նրա տակից հանեց սև կաշվե մի դրամապանակ ու տվեց կնոջը։
— Վերցրեք փողը և այն ամենը, ինչ կարևոր է ձեզ համար։ Շուտ։ Հիմա սենտիմենտալության ժամանակ չէ։ Դուք պետք է ապրեք։ Որի համար և փողը նախատեսված է։ Ուզում եք, որ ոստիկանատա՞նը կորչի։
Ռավիկը մի րոպե լուսամատից դուրս նայեց։ Բեռնատար մեքենայի մի վարորդ փողոցում հայհոյում էր երկու ձի լծած բանջարեղեն տանող ֆուրգոնի կառապանին։ Հայհոյում էր, լցված կառապանի նկատմամբ գերազանցության գիտակցության այն զգացումով, ինչպիսին ներշնչում էր նրան ծանր մեքենայի հզոր մոտորը։
Ռավիկը շրջվեց լուսամուտից։
— Վերջացրի՞ք։
— Այո։
— Դե հիմա դրամապանակը ինձ տվեք։
Եվ Ռավիկը նորից խրեց բարձի տակը, զգալով, որ այն հիմա ավելի բարակ է, քան առաջ էր։
— Վերցրածը դրեք ձեր պայուսակի մեջ,— ասաց Ռավիկը։
Կինը հնազանդորեն կատարեց։ Ռավիկը վերցրեց հաշիվը և աչքի անցկացրեց։
— Դուք երբևէ այս սենյակի համար վճարե՞լ եք։
— Չգիտեմ։ Ինձ թվում է, այո։
— Այս հաշիվը երկու շաբաթվա համար է։ Վճարել է...— Ռավիկը մի պահ հապաղեց։ Նրան տարօրինակ թվաց հանգուցյալին պարոն Ռաչինսկի անվանելը։— Հաշիվները մի՞շտ են ժամանակին վճարվել։
— Այո, միշտ։ Նա հաճախ ասում էր, որ իր վիճակում գտնվող մարդու համար շատ կարևոր է բոլոր վճարումները ճիշտ ժամանակին կատարել։
— Լավ սրիկան է այս հյուրանոցատերը։ Չգիտե՞ք որտեղ կարող է լինել վճարումների վերջին հաշիվը։
Դուռը ծեծեցին։ Ռավիկը չկարողացավ զսպել ժպիտը։ Սպասավորը ներս բերեց ճամպրուկները։ Հյուրանոցատերը գալիս էր նրա հետևից։
— Էլ չկա՞,— հարցրեց Ռավիկը, դիմելով կնոջը։
— Ոչ։
— Իհարկե, չկա,— քթի տակ փնթփնթաց հյուրանոցատերը։— Իսկ դուք ի՞նչ եք կարծում։
Ռավիկը վերցրեց մի փոքրիկ ճամպրուկ։
— Սրա բանալին չկա՞։ Չէ՞։ Որտե՞ղ կարող են բանալիները լինել։
— Պահարանում։ Կոստյումի գրպաններում։
Ռավիկը պահարանը բացեց։ Դատարկ էր։
— Սա ի՞նչ է նշանակում,— հարցրեց Ռավիկը հյուրանոցատիրոջը։
Հյուրանոցատերը շրջվեց միջանցքային սպասավորի կողմը։
— Ո՞ւր է կոստյումը,— ֆշշացրեց նա։
— Կոստյումը ես դուրս եմ տարել,— կմկմացնելով ասաց միջանցքային սպասավորը։
— Ինչո՞ւ։
— Մաքրելու։
— Ես կարծում եմ, որ հանգուցյալը այլևս դրա կարիքը չի զգում,— ասաց Ռավիկը։
— Այս րոպեիս ներս բեր, գող սրիկա,— բղավեց հյուրանոցատերը։
Սպասավորը վախվորած աչքերը թարթելով նայեց նրան ու դուրս գնաց։ Սակայն հենց նույն այդ րոպեին վերադարձավ, ձեռքին բերելով կոստյումը։ Ռավիկը թափ տվեց պիջակը, ապա շալվարը։ Շալվարի գրպանից զրնգոցի ձայն եկավ։ Ռավիկը մի պահ տատանվեց, սիրտ չանելով ձեռքը տանել հանգուցյալի շալվարի գրպանը, կարծես տիրոջ հետ մահացել էր նաև նրա կոստյումը։ Ա՜յ քեզ հիմարություն։ Կոստյումը կոստյում է, նրա մեռնելը ո՞րն է։
Նա շալվարի գրպանից հանեց բանալին և բացեց ճամպրուկները։ Վերևում դրված էր պարուսինե մի պորտֆել։
— Այստե՞ղ է,— հարցրեց նա կնոջը։
Կինը գլխով արեց։
Ռավիկը վճարված հաշիվը իսկույն գտավ և մեկնեց հյուրանոցատիրոջը։
— Դուք մի շաբաթ ավելի եք հաշվել։
— Հա՞,— կրկին ֆրտկացրեց հյուրանոցատերը։— Իսկ այն բոլոր տհաճություննե՞րը։ Դիակը՞։ Այս հուզմունքնե՞րը։ Այս բոլորը ոչինչ չարժի, հը՞։ Իսկ այն, որ արյունս այսպես պղտորվե՞ց։ Դա հաշիվ չէ՞։ Դուք ինքներդ ասացիք, որ հյուրանոցի բոլոր հյուրերը կթողնեն, կգնան։ Իմ վնասները ավելի շատ են։ Իսկ անկողի՞նը։ Իսկ սենյա՞կը, որ պետք է դեզինֆեկցիայի ենթարկեմ։ Իսկ ապականված սավանները:
— Սավանները մտնում են հաշվի մեջ։ Բացի դրանից, դուք հաշվել եք նաև քսանհինգ ֆրանկի մի ընթրիք, որը նա կերել է իբրև երեկ երեկոյան։ Դուք երեկ որևէ բան կերե՞լ եք,— հարցրեց Ռավիկը կնոջը։
— Ոչ, Բայց գուցե դա պարզապես ես ի՞նքս հիմա վճարեմ։ Ես... ես կուզեի որքան կարելի է շուտ վերջացնել այս բոլորը։
Որքան կարելի է շուտ վերջացնել, մտածեց Ռավիկը։ Մենք գիտենք այդ։ Իսկ հետո կմնան անդորրն ու հանգուցյալը։ Լռության խլացնող հարվածները։ Ավելի լավ է այդպես... թեև դա նողկալի է։ Նա սեղանից մի մատիտ վերցրեց և սկսեց հաշվել։ Հետո այդ հաշիվը մեկնեց հյուրանոցատիրոջը։
— Համաձա՞յն եք։
Հյուրանոցատերը աչքը գցեց տրվելիք գումարին։
— Դուք ինձ խելագարի տե՞ղ եք դնում։
— Համաձա՞յն եք,— նորից հարցրեց Ռավիկը։
— Առհասարակ դուք ո՞վ եք։ Ինչո՞ւ եք եկել, խառնվել այս գործին։
— Ես նրա եղբայրն եմ,— ասաց Ռավիկը։— համաձա՞յն եք։
— Տաս տոկոս ավելացրեք սպասարկման ու հարկերի համար։ Ուրիշ կերպ չեմ համաձայնի։
— Լավ,— ասաց Ռավիկը։— Դուք պետք է երկու հարյուր իննսուներկու ֆրանկ վճարեք,— ասաց նա կնոջը։
Կինը պայուսակից հանեց երեք հատ հարյուրանոց ֆրանկ և մեկնեց հյուրանոցատիրոջը։ Վերջինս դրամը վերցնելով, ուզեց գնալ։
— Ժամը վեցին սենյակը պետք է ազատված լինի։ Այլապես հաջորդ օրվա համար էլ ստիպված կլինեք վճարել։
— Ութ ֆրանկ դուք պետք է վերադարձնեք։— ասաց Ռավիկը։
— Իսկ դռնապանի՞ն։
— Նրան մենք ինքներս կվճարենք։ Թեյադրամը նույնպես։
Հյուրանոցատերը մռայլված հաշվեց ութ ֆրանկ և դրեց սեղանին։
— Sales etrangers,— մռթմռթաց նա և դուրս գնաց սենյակից։
— Ֆրանսիական հյուրանոցատերերից ոմանց հպարտությունը օտարերկրացիների հանդեպ ունեցած ատելության մեջ է, թեև իրենք նրանց հաշվին են ապրում։
Ռավիկը նկատեց դռան շեմին կանգնած, թեյադրամի սպասող ծառային։
— Վերցրեք։
Ծառան աչքը գցեց թղթադրամին։
— Merci, monsieur,— ասաց նա և հեռացավ։
— Հիմա ոստիկանությունից մարդ կգա, որից հետո արդեն կարելի է տանել,— ասաց Ռավիկը և նայեց կնոջը։
Կինը անաղմուկ իջնող աղջամուղջում անշարժ նստել էր անկյունում դրված ճամպրուկների միջև։
— Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։
Ռավիկը նորից աչքը դցեց կնոջ երեսին։
— Չե՞ք ուզում ներքև իջնել։ Ցածում, կարծեմ, պետք է ինչ-որ սրահ լինի։
Կինը գլուխն օրորեց։
— Ե՛ս էլ ձեզ հետ կիջնեմ։ Իմ ընկերներից մեկը գալու է այստեղ ինձ մոտ՝ ոստիկանության հետ այս հարցը հարթելու համար։ Դոկտոր Վեբերը։ Մենք կարող ենք նրան ներքևում սպասել։
— Ոչ։ Ես կուզեի այստեղ մնալ։
— Միևնույն է, ոչինչ անել չեք կարող։ Ինչո՞ւ եք ուզում այստեղ մնալ։
— Չգիտեմ։ Նա... այլևս երկար չի մնալու այստեղ... Իսկ ես հաճախ... Նա ինձ հետ երջանիկ չէր։ Ես հաճախ էի թողնում նրան։ Հիմա ուզում եմ մոտը մնալ։
Կինը այդ ասաց հանգիստ, առանց որևէ սենտիմենտալության։
— Հիմա նա արդեն միևնույն է դա չի զգա,— ասաց Ռավիկը։
— Բանը դրանում չէ։
— Դե լավ։ Այն դեպքում այստեղ մի բան խմենք։ Դա անհրաժեշտ է ձեզ։
Ռավիկն առանց պատասխանի սպասելու, զանգ տվեց։ Քելները զարմանալի արագ հայտնվեց։
— Երկու կոնյակ բերեք, մեծ բաժակներով։
— Այստե՞ղ։
— Իհարկե։ Բա ո՞ւր։
— Այս րոպեիս, մեսյո։
Քելները երկու բաժակ բերեց և մի շիշ «կուրվուազյե»։ Նա աչքը գցեց դեպի անկյունը, որտեղ աղջամուղջում սպիտակին էր տալիս մահճակալը։
— Լույսը վառե՞մ,— հարցրեց նա։
— Ոչ։ Բայց շիշը կարող եք այստեղ թողնել։
Քելները մատուցարանը դրեց սեղանին և, հայացքը նորից գցելով մահճակալի կողմը, իսկույն ևեթ անհետացավ սենյակից։
Ռավիկը վերցրեց շիշը և բաժակները լցրեց։
— Խմենք։ Սա ձեզ կօգնի։
Նա կարծում էր, թե առարկության հանդիպելով, ինքը ստիպված կլինի համոզել նրան։ Բայց կինն առանց տատանվելու կոնյակը խմեց։
— Նրա ճամպրուկներում կա՞ն այնպիսի բաներ, որոնք կարևոր են ձեզ համար։
— Ոչ։
— Իրեր, որոնք դուք կուզեիք ձեզ թողնել։ Որոնք ձեզ պետք կգան։ Չէի՞ք ուզի տեսնել։
— Ոչ։ Ճամպրուկներում ոչինչ չկա։ Ես գիտեմ։
— Փոքրիկ ճամպրուկում նույնպե՞ս։
— Գուցե։ Ես չգիտեմ նրա մեջ ինչ կար։
Ռավիկը վերցրեց փոքրիկ ճամպրուկը, դրեց լուսամուտի կողքի սեղանին և բացեց։ Մի քանի շիշ, սպիտակեղեն, մի երկու ծոցատետր, ջրաներկերի մի տուփ, մի քանի վրձին, մի գիրք։ պարուսինե պորտֆելի կողաբաժնում երկու թղթադրամ, որոնք փաթաթված էին ծխախոտի թղթի մեջ։
Ռավիկը թղթադրամները բռնեց լույսի դեմ, նայեց։
— Հարյուր դոլլար է,— ասաց նա,— վերցրեք։ Որոշ ժամանակ յոլա կգնաք։ Ճամպրուկը դնենք ձեր իրերի կողքը։ Նա կարող է նույն հաջողությամբ նաև ձեզ պատկանել։
— Շնորհակալություն,— ասաց կինը:
— Հնարավոր է, որ դուք հիմա այս բոլորը շատ գարշելի բան եք համարում։ Բայց դա պետք է արվի։ Դա շատ կարևոր է ձեզ համար։ Ընդամենը մի քիչ ժամանակ է մնացել։
— Ամենևին էլ գարշելի չեմ համարում։ Բայց ես ինքս այդ անել չէի կարող։
Ռավիկը բաժակները լցրեց։
— Սա էլ խմենք։
Կինը դանդաղորեն դատարկեց բաժակը։
— Հը՞, ինչպե՞ս է, լա՞վ է,— հարցրեց Ռավիկը։
Կինը նրան նայեց։
— Ոչ լավ է, ոչ վատ։ Հենց այնպես։
Կինը հազիվ նշմարելի նստել էր աղջամուղջում։ Երբեմն-երբեմն նրա դեմքի և ձեռքերի վրայով սահում էր լուսային ռեկլամի կարմիր ցոլքը։
— Ես ոչինչ մտածել չեմ կարող, քանի դեռ նա այստեղ է,— ասաց կինը։
Սանիտարները, որ երկու հոգի էին, ետ գցեցին ադյալը, պատգարակը հրեցին դեպի մահճակալը և դիակը դրին վրան։ Նրանք այդ անում էին արագ և գրոծիմացորեն։ Ռավիկը կանգնել էր կնոջ կողքին, մտածելով, չլինի թե հանկարծ նա վատ զգա իրեն։ Մինչ սանիտարները դիակը կծածկեին, նա կռացավ ու գիշերային սեղանի վրայից վերցրեց փայտե մադոննան։
— Ինձ թվում է, սա ձերն է,— ասաց Ռավիկը։— Չե՞ք ուզում վերցնել։
— Ոչ։
Ռավիկը մադոննան մեկնեց նրան։ Կինը չվերցրեց։ Ռավիկը բացեց փոքրիկ ճամպրուկը և մադոննային դրեց մեջը։
Սանիտարները սավանով ծածկեցին դիակը։ Հետո պատգարակը բարձրացրին տեղից։ Դուռը նեղ էր, լայն չէին նաև միջանցքերը։ Նրանք փորձեցին մի կերպ դուրս գալ դռնից, բայց պարզվեց, որ դա հնարավոր չէ։ Պատգարակը լռվեց ու դուրս չեկավ։
— Ուզենք-չուզենք սրան պետք է ցած դնենք,— ասաց ավագ սանիտարը։— Պատգարակի վրա սրան չենք կարող անցկացնել։
Նա աչքը գցեց Ռավիկի երեսին։
— Գնանք,— ասաց Ռավիկը կնոջը։— Մենք կարող ենք ներքևում սպասել։
Կինը գլուխն օրորեց։
— Լավ,— ասաց նա սանիտարներին։— Արեք, ինչ որ պետք է։
Սանիտարները բռնելով դիակի ոտքերից և ուսերից, բարձրացրին նրան ու դրին հատակին։ Ռավիկն ուզեց ինչոր բան ասել։ Նա նայեց կնոջը։ Կինն անշարժ կանգնել էր իր տեղում։ Ռավիկը լուռ էր: Սանիաարները պատգարակր դուրս տարան։ Հետո ներս եկան և խավար միջանցքը դուրս բերին նաև դիակը։ Ռավիկը գնաց նրանց հետևից։ Աստիճաններով իջնելիս նրանք ստիպված էին դիակը բարձր պահել, որպեսզի կարողանան անցնել։ Նրանց գլուխները լցվել էին արյունով ու մի տեսակ ուռել, զոռից երեսները կարմրել էր, ծածկվել քրտինքով, և հանգուցյալը ծանրորեն սավառնում էր նրանց գլխավերևում։ Ռավիկը հետևում էր նրանց՝ մինչև ցած իջնելը, իսկ երբ արդեն ներքևում էին, ինքը նորից վերադարձավ սենյակ։
Կինը լուսամատից կպած դուրս էր նայում փողոցում կանգնած մեքենային։ Սանիտարները պատգարակը ներս հրեցին մեքենայի մեջ, ինչպես հացթուխն է հացը փռի մեջ հրում։ Հետո բարձրացան խցիկը։ Մոտորն այնպես սկսեց ոռնալ, կարծես գետնի տակից դուրս եկող ողբի ձայն լիներ։ Մեքենան միանգամից դուրս պրծավ ու ծռվեց դեպի փողոցի անկյունը։
Կինը շրջվեց։
— Դուք պետք է այստեղից ավելի շուտ գնացած լինեիք,— ասաց Ռավիկը։— Ի՞նչ պետք էր, որ մնայիք և մինչև վերջը տեսնեիք այս բոլորր։
— Ուրիշ կերպ չէի կարող։ Չէի կարող հեռանալ, քանի դեռ նա այստեղ էր։ Մի՞թե դուք չեք հասկանում։
— Այո, հասկանում եմ։ Եկեք այստեղ։ Մի բաժակ էլ խմենք։
— Էլ չեմ ուզում։
Երբ ոստիկաններն ու սանիտարներն այստեղ էին, Վեբերը լույսը վառեց։ Դիակը տանելուց հետո սենյակը թվում էր ավելի մեծացած։ Մեծացած ու մի տեսակ տարօրինակ կերպով մեռյալ, կարծես մարմինը դուրս էին տարել, իսկ մահը դեռ շարունակում էր մնալ ներսում։
— Հո չե՞ք ուզում այստեղ հյուրանոցում մնալ։ Թեև չեմ կարծում։
— Ոչ։
— Ծանոթներ այստեղ՝ Փարիզում, ունե՞ք։
— Ոչ։ Ոչ ոք։
— Գիտե՞ք որևէ հյուրանոց, ուր կուզեիք փոխադրվել։
— Ոչ։
— Այստեղ ոչ հեռու մի փոքրիկ հյուրանոց կա, մոտավորապես սրա նման։ «Միլան» հյուրանոցն է։ Մաքուր է և շատ կարգին։ Մենք կարող ենք այնտեղ սենյակ գտնել ձեզ համար։
— Իսկ ես չե՞մ կարող այն հյուրանոցում տեղավորվել, որտեղ... ձեր հյուրանոցում... որտեղ դուք եք տեղավորված։
— «Ինտերնացիոնալո՞ւմ»։
— Այո։ Ես... բանն այն է, որ ես ձեր հյուրանոցին մի քիչ ծանոթ եմ... Դա ավելի լավ է, քան թե բոլորովին անծանոթ հյուրանոցում։
— «Ինտերնացիոնալը» այնքան էլ լավ հյուրանոց չէ կանանց համար,— ասաց Ռավիկը։
Միայն դա էր պակաս, մտածեց նա։ Միևնույն հյուրանոցում։ Ես հիվանդ պահող չեմ։ Եվ բացի դրանից... սա, երևի, կարծում է, թե ես արդեն ինչ-որ պարտավորություններ ունեմ իր հանդեպ։ Չէ որ այդպես էլ է լինում։
— Ոչ, ես խորհուրդ չեմ տալիս,— ասաց Ռավիկը ավելի խիստ, քան ցանկանում էր։— Մեր հյուրանոցը միշտ լցված է լինում։ փախստականներով։ Ավելի լավ կլինի գնաք «Միլան» հյուրանոցը։ Եթե դուր չգա, միշտ էլ կարող եք փոխել։
Կինը նայեց Ռավիկին։ Ռավիկն զգաց, որ նա իր մտքերը կարդաց, և մի տեսակ ամաչեց։ Բայց ավելի լավ էր մի րոպե ամաչել, քան կորցնել հետագայի հանգստությունը։
— Լավ,— ասաց կինը։— Դուք ճիշտ եք։
Ռավիկը կարդադրեց ճամպրուկներն իջեցնեն, դնեն տաքսի։ Մինչև «Միլան» ընդամենը մի քանի րոպեի ճանապարհ էր։ Նա մի համար վարձեց և կնոջ հետ բարձրացավ վերև։ Դա երկրորդ հարկում գտնվող, պատերը վարդանկար պաստառներով ծածկված մի սենյակ էր, որտեղ մի մահճակալ կար, մի պահարան և մի սեղան՝ երկու աթոռի հետ։
— Ինչպե՞ս է, լա՞վ է,— հարցրեց Ռավիկը։
— Այո։ Շատ լավ է։
Ռավիկը նայեց պատերի պաստառներին։ Դրանք գարշելի տպավորություն էին թողնում։
— Համենայն դեպս լուսավոր է,— ասաց Ռավիկը։— Լուսավոր և մաքուր։
— Այո, ճիշտ է։
Ճամպրուկները ներս բերին։
— Ահա, ամեն ինչ արդեն բերված է։
— Այո։ Շնորհակալ եմ։ Անսահման շնորհակալ եմ։
Կինը նստեց մահճակալին։ Նրա դեմքը սոսկալի գունատ էր ու հոգնած։
— Դե հիմա պառկեք, հանգստացեք։ Կարո՞ղ եք քնել։
— Կփորձեմ։
Ռավիկը գրպանից հանեց ալյումինե մի խողովակ ու միջից մի քանի հաբ թափեց։
— Սրանք քնաբեր դեղ են։ Մի բաժակ ջրով կխմեք։ Ուզո՞ւմ եք հենց հիմա խմեք։
— Ոչ, քիչ հետո։
— Դե լավ։ Ես արդեն գնամ։ Բայց այս մի երկու օրը կհայտնվեմ։ Աշխատեք որքան կարելի է շուտ քնել։ Ահա ձեզ թաղման բյուրոյի հասցեն, ո՞վ է իմանում, հանկարծ կարող է պետք գալ։ Բայց չգնաք այնտեղ։ Ձեր մասին մտածեք։ Ես շուտով կերևամ։
Ռավիկը մի վայրկյան ոտքը կախ գցեց։
— Ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։
— Մադու։ Ժոան Մադու։
— Ժոան Մադու։ Շատ լավ։ Կհիշեմ։
Նա գիտեր, որ ինքը չի հիշի և այցելության չի գա։ Եվ քանի որ դա գիտեր, չէր ուզում խախտել քաղաքավարության կանոնները։
— Բայց ավելի լավ է գրեմ,— ասաց Ռավիկը և գրպանից հանեց ռեցեպտների մի բլոկնոտ։— Ահա, համեցեք, ավելի լավ է դուք ինքներդ գրեք։
Ժոանը վերցրեց բլոկնոտը և իր անունր գրեց։ Ռավիկը նայեց գրածին, ապա թուղթը պոկեց ու խրեց վերարկուի գրպանը։
— Հենց հիմա պառկեք քնելու,— ասաց Ռավիկը։— Վաղը այդ բոլորին ուրիշ կերպ կնայեք։ Գուցե հիմար ու կրկնված բան եմ ասում, բայց ճշմարիտ է։ Այն, ինչը հիմա ձեզ համար անհրաժեշտ է, դա քունն է և ժամանակը։ Մի որոշակի ժամանակ, որպեսզի դուք կարողանաք մոռանալ այդ ամենը։ Հասկանո՞ւմ եք։
— Այո, հասկանում եմ։
— Ուրեմն, այս հաբերը խմեք և պառկեք քնելու։
— Շատ լավ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ այս ամենի համար։ Ես չգիտեմ, թե ինչ պետք է անեի առանց ձեզ։ Եվ իսկապես, չգիտեմ։
Ժոանը ձեռքը մեկնեց Ռավիկին։ Ձեռքը սառն էր, բայց սեղմումը՝ ամուր։ Լավ է, մտածեց Ռավիկը։ Արդեն ինչ-որ վճռականություն է զգացվում։
Ռավիկը դուրս եկավ փողոց։ Խոնավ ու մեղմ քամին լցվեց նրա կուրծքը։ Ավտոմոբիլներ, մարդիկ, անկյուններում կանգնած մի քանի անծանոթ պոռնկուհիներ, գարեջրատներ, բիստրոներ, ապերատիվների և բենզինի հոտ — երեր, արագընթաց կյանք։ Ռավիկի հայացքը սահեց փողոցի վրա գտնվող տների ճակատներով։ Այդ տներում մի քանի լուսավորված պատուհաններ կային։ Նրանցից մեկի հետևում մի կին է նստել ու նայում առջևում ինչ-որ կետի։ Ռավիկը գրպանից հանեց այն թուղթը, որի վրա գրված էր կնոջ անունը, պատռեց և մի կողմ նետեց։ Մոռանալ։ Մի տես, թե ի՜նչ խոսք է։ Դրա մեջ և՛ սարսափ կա, և՛ ափսոսանք, և՛ խաբեություն։ Ո՞վ կարող է ապրել, առանց մոռացության։ Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել։ Սիրտը պատառոտող հիշողությունների այդ խարամը։ Մարդն, ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։
Նա գնաց դեպի «Էտուալ» հրապարակը, որտեղ մարդկային մի հոծ զանգված էր կուտակված։ Հաղթական կամարի հետևում դրված լուսարձակները իրենց լույսերով ողողում էին Անհայտ զինվորի գերեզմանը։ Վիթխարի կապտաճերմակ մի դրոշ քամուց ծածանվում էր նրա վրա։ Նշվում էր 1918 թվի հաշտության քսաներորդ տարեդարձը։
Երկինքը մթնգած էր, և լուսարձակների շողերը սահող ամպերի վրա էին գցում գունաթափ, մաշված և ծղողված դրոշի ստվերը, թվում էր, թե այնտեղ, դանդաղորեն թանձրացող խավարի մեջ է սուզվում պատառոտված այդ դրոշը։ Ինչ֊որ տեղից լսվում էր զինվորական նվագախմբի ձայնը։ Դա թույլ, հազիվ լսելի մի երաժշտություն էր։ Ոչ ոք չէր երգում։ Մարդկային բազմությունը կանգնած էր լուռ։
— Հաշտություն,— ասաց Ռավիկի կողքին կանգնած ինչ-որ կին։— Իմ ամուսինը վերջին պատերազմի ժամանակ է սպանվել, հիմա հերթը տղայինս է։ Հաշտություն։ Իսկ ո՞վ գիտի, թե վաղը ինչ է գալու գլուխներս։