հեղինակ՝ Ուիլյամ Ֆոլքներ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
1
Այս անգամ կար տղամարդ, և կար շուն։ Երկու գազան, հաշված ծերուկ Բենը՝ արջը ու երկու տղամարդ, հաշված Բուն Հոգենբեքը, որի երակներում համարյա նույն արյունն էր հոսում, ինչ Սեմ Ֆադերսի երակներում, թեպետ Բունը սերում էր ռամկական տոհմից, ու միայն Սեմը, ծերուկ Բենն ու խառնածին Առյուծն էին անեղծ ու անարատ։
Այզեք ՄքՔեզլինը տասնվեց տարեկան էր։ Ահա արդեն վեց տարի նա տղամարդ որսորդ էր։ Ահա արդեն վեց տարի նա լսում էր ամենաընտիր զրույցը՝ անծայրածիր ամայության և անտառների մասին, որոնք ցանկացած արձանագրությունից մեծ էին ու հին, սպիտակամորթի մասին, որը հիմարաբար կարծում է, թե գնել է այդ անծիր տարածության մի մասնիկը, հնդկացու մասին, որն անգթորեն ձևացնում է, թե գույքի սեփականատիրական իրավունքով ինքն է ուրիշին հանձնել հողը, որն ավելի մեծ է, քան իր պատառիկի տեր ձևացող Մայոր դե Սպեյնը, որը լավ գիտեր այդ բանը, ավելի հին, քան ծեր Թոմաս Սաթփենը, որից Մայոր դե Սպեյնը գնել էր հողը, և որն ավելի լավ գիտեր նույնիսկ ավելի հին, քան ծեր Իքեմոթուբեն՝ չիքասո ցեղի առաջնորդը, որից ծեր Սաթփենն էր գնել, և որն իր հերթին ավելի լավ գիտեր։ Ամենաընտիր զրույցը՝ տղամարդկանց մասին, ոչ թե սպիտակամորթի, սևամորթի ու կարմրամորթի, այլ տղամարդ որսորդների մասին, որոնք ունեին տոկալու կամք և քաջություն, ողջ մնալու համեստություն և հմտություն.– այս ամենի դեմ՝ կողք կողքի տեղավորված ու արձակված շները, արջն ու եղնիկը, որոնք ամայության մեջ և ամայության կողմից հրամայված-հարկադրված էին հինավուրց ու անդուլ պայքարի՝ հինավուրց ու անմեղմելի օրենքով, որն անվավեր էր դարձնում ամեն թողություն և չէր խնայում ոչինչ.– ամենաընտիր որսահարմար կենդանու, ամենաընտիր շնչավորի ու հավիտյանս ամենաընտիր պատմության մասին, հանդարտ, ծանրակշիռ ձայներ, որոնք անչափ զգույշ էին հետադարձ հայացքի, հիշողությունների ու ճշգրտության հարցում՝ ստույգ ավարների՝ կախած հրացանների, գլուխների և մորթերի մեջ նստած, կամ քաղաքային տների գրադարաններում, տնկադաշտի իրենց գրասենյակներում և (լավագույնը) հենց ճամբարներում, որտեղ կախված էր տաք միսը, իսկ նրան սպանած տղամարդիկ նստած էին օջախներում վառվող կոճղերի շուրջը՝ երբ կային տներ ու օջախներ, կամ անջրանցիկ բրեզենտը գցած, խմբված էին ծխացող ու բոցավառվող խարույկի շուրջը՝ երբ չկային տներ։ Միշտ մի շիշ կար դրված, և տղային թվում էր, թե սրտի, ուղեղի, քաջության, խորամանկության ու աճապարանքի հիասքանչ ու կատաղի ակնթարթները կենտրոնանում-զտվում են այդ դարչնագույն խմիչքի մեջ, որը ոչ թե կանայք ու երեխաներն էին խմում, այլ միայն որսորդները, իրենց թափած արյունը չէին խմում, այլ վայրի, անմեռ ոգու թանձրացումը, խմում էին չափավոր, նույնիսկ խոնարհաբար, ոչ թե ճարպիկ, ուժեղ ու արագոտն դառնալու հեթանոսի ցածր ու անհիմն հույսով, այլ խմելով այդ արժանիքների կենացը։ Հետևաբար այն, որ դեկտեմբերյան առավոտը խմիչքից սկսվեց, նրան ոչ միայն բնական, այլև միանգամայն հարմար թվաց։
Հետագայում տղան հասկացավ, որ ամեն ինչ ավելի վաղ էր սկսվել։ Սկսվել էր այն օրից, երբ ինքն առաջին անգամ իր տարիքը գրեց արաբական թվանշաններով, իսկ հորեղբորորդի ՄքՔեզլինը առաջին անգամ նրան տարավ ճամբար, անծայրածիր անտառները՝ այդ ամայությունից ինքն իր համար որսորդի անուն ու պատիվ վաստակելու, եթե ինքն իր հերթին լինի բավականաչափ խոնարհ և տոկուն։ Առանց երբևէ տեսնելու՝ նա արդեն այդ ժամանակ որպես ժառանգություն ստացել էր մեծ, ծեր արջին, որի մի թաթը ջախջախված էր թակարդից, և որը համարյա հարյուր քառակուսի մղոն տարածության վրա մեծ հռչակ էր վայելում, կենդանի մարդուն հատուկ իսկական հեղինակություն, ժառանգել էր անվերջանալի լեգենդը փլված ու տակնուվրա արված ամբարների, դեպի անտառ քշվող ու ոչնչացվող խոճկորների, խոզերի ու հորթերի մասին, տապալված թակարդների ու ծուղակների, խեղված ու սպանված շների, որսորդական հրացանների ու կրակոցների մասին՝ արձակված դիմսւհար, ուղիղ նշանառությամբ, բայց անզոր, ինչպես խողովակի միջով երեխայի արձակած սիսեռահատիկը, նախքան տղայի ծնունդն արդեն փլատակի և կործանման միջանցք էր բացվել, որի միջով դանդաղ, բայց շոգեքարշի անագորույն և անդիմադրելի շրջահայացությամբ գզուզ և զարհուրելի ուրվապատկերն էր ընթանում։
Նա սլացել էր տղայի գիտակցության միջով, նույնիսկ նախքան տեսնելը նշմարվել ու վեր էր խոյացել նրա երազներում, երբ դեռ տղան չէր տեսել կույս անտառներն ու նրանց զարհուրելի, կարմրաչյա և ծուռ կնիքը, որը չարակամ չէր, բայց մեծ, չափազանց մեծ՝ նրա վրա հաչող շների, հասնել-անցնել փորձող ձիերի, խոցել փորձող մարդկանց ու գնդակների համար, չափազանց մեծ՝ հենց երկրի համար, որը նրա ճնշված տեսածիրն էր։ Տղան ասես արդեն կանխագուշակել էր այն, ինչ զգայարաններն ու միտքը դեռևս չէին պարփակել. հավերժության դատապարտված ամայությունը, որի եզրերը գիշեր ու զօր գութանով ու կացնով կրծում էին անզոր մարդիկ, ովքեր վախենում էին նրանից, քանզի նրա անունը ամայություն էր. բյուրավոր մարդիկ, ովքեր նույնիսկ միմյանց համար անանուն էին, մի երկրում, որտեղ ծեր արջն անուն ու համբավ ուներ, և որտեղով ոչ մի մահկանացու գազան չէր վազում, այլ հինավուրց, մեռած ժամանակից դուրս պրծած անսանձելի և անհաղթ մի անաքրոնիզմ՝ հին, վայրի կյանքի մի տեսիլք, նմուշ և փառաբանում, որի շուրջը խռնված տկար մարդուկները քառթում էին ատելության և վախի կատաղությամբ, ինչպես քնած փղի կոճերի շուրջը խռնված թզուկներ.– միայնակ համառ ծեր արջը, այրի մի որձ, անզավակ, անմահ ծեր Պրիամոս, որը կորցրել էր ծեր կնոջն ու բոլոր որդիներից երկար ապրել։
Տակավին երեխա՝ երեք տարեկան, երկու տարեկան, մեկ տարեկան, և երբ մեկ էլ չկար, ամեն նոյեմբեր նա դիտում էր շներով, անկողիններով, ուտելիքով ու հրացաններով բեռնված սայլը, հորեղբորորդի ՄքՔեզլինին, Թենիի Ջիմին, Սեմ Ֆադերսին,– մինչև որ Սեմը տեղափոխվեց ապրելու ճամբարում, հեռացավ դեպի Մեծ Անտառ։ Տղայի համար՝ նրանք չէին գնում արջ կամ եղնիկ սպանելու, այլ ամեն տարի ժամադրված էին արջի հետ՝ ոչ սպանելու մտադրությամբ։ Երկու շաբաթ հետո նրանք կվերադառնային՝ ոչ ավար, ոչ մորթ։ Տղան ոչինչ չէր ակնկալում։ Մտքով անգամ չէր անցնում, թե արջը կարող է սայլի մեջ լինել, մյուս գլուխների ու մորթերի հետ։ Նույնիսկ ինքն իրեն չէր ասում, որ երեք տարի, երկու տարի, մեկ տար հետո ինքը ներկա կլինի, և գուցե թե հրացանն իր ձեռքում լինի։ Հավատում էր, որ անտառում աշակերտություն անցնելուց և արժանավոր որսորդ դառնալուց հետո միայն նրան կթույլատրվի նկատելու ծուռ դրոշմը, և նույնիսկ այդժամ նոյեմբերյան երկու շաբաթվա ընթացքում նա լոկ մի փոքրիկ կնիք կդնի՝ հոբեդբորորդու, Մայոր դե Սպեյնի, Գեներալ Քոմփսընի, Ուոլթըր Յուելի, Բունի, արջի վրա հաչելուց վախեցող շների և հրացանների կրակոցների կողքին, որոնք ոչ մի կերպ չէին հաջողացնում թափելու արջի արյունը՝ ի հեճուկս ծեր կենդանու կատաղի անմահության ամենամյա ներկայացում-ծիսակարգի։
Վերջապես եկավ այդ օրը։ Երկտեղանի սայլի մեջ, հորեղբորորդու, Մայոր դե Սպեյնի ու Գեներալ Քոմփսընի հետ նոյեմբերյան մանրամաղ անձրեի ու ցրտի միջով տղան տեսավ ամայությունը, ինչպես հետո թվաց՝ նա միշտ տեսել էր այն, կամ առնվազն միշտ հիշել - նոյեմբերյան խիտ անտառների բարձրաբերձ ու անծիր պատը՝ լուծվող միջօրեի ու մեռնող տարվա ներքո՝ նոթոտ, անթափանց (նա դեռևս չէր էլ տեսնում, թե ինչպես, ինչ միջոցով և հույսով կարելի է անտառ ոտք դնել, չնայած գիտեր, որ Սեմ Ֆադերսը սայլով սպասում է այնտեղ)– մինչ սայլը շարժվում էր բամբակի ու եգիպտացորենի կմախքանման ցողունների միջով, բաց երկրի սահմանագծին, ուր տկար մարդը կրծում է հինավուրց կողը, մինչև որ ծիծաղելիության աստիճան փոքրացած այդ տեսարանից՝ սայլն ինքը, կարծես, այլևս չի շարժվում (սա նույնիսկ կամբողջանա հետո, տարիներ անց, երբ նա տղամարդ կդառնա և կտեսնի ծովը), ինչպես փոքրիկ նավակն է անշարժանում, թեթեակի տարուբերվելով օվկիանոսի անսահման անապատում, մինչ ջուրն ու այն ժամանակվա ակնհայտորեն անթափանց հողը, որին սայլը մոտենում ու չի մոտենում, սկսում է դանդաղ օրորվել՝ բացելով ահագնացող խորշիկը, որը խարսխակայանն է։ Տղան ներս մտավ։ Սեմը սպասում էր՝ մգդակած վերմակի մեջ փաթաթված, սայլի նստատեղին, համբերատար ու գոլորշի արձակող ջորիների հետևում։ Սկսնակի պես տղան ոտք դրեց իսկական ամայություն՝ Սեմի կողքին, ինչպես ճագարներին խնամելիս էր տղամարդկություն սովորում Սեմի կողքին. խոնավ, տաք ու փարթամ վերմակով փաթաթված՝ նրանք մտան ամայություն, որը փակեց իր մուտքը, ինչպես որ սոսկ մի պահ բացել էր նրանց ընդունելու համար, միաժամանակ բացելով նոր առաջընթացի ուղին, որն ամենեին էլ արահետ չէր, այլ գոյություն չունեցող մի հուն, որն սկսվելուն պես վերջանում էր. սայլն իր կամքով չէր առաջ ընթանում, այլ անիվների ու անեղծ, բայց համարյա թաց գետնի շփումից, մինչ շրջակայքը քնատ էր, անշշունջ ու անլույս։
Տղային թվաց, թե տասը տարեկանում նա ներկա է իր սեփական ծնունդին։ Տարօրինակ ոչինչ չկար այստեղ։ Արդեն ապրել էր այդ բոլորը, ոչ միայն երազներում։ Նա տեսավ ճամբարը - վեցսենյականոց, անգույն, միահարկ մի տուն՝ կառուցված մի հողակույտի վրա, որը բարձր էր կանգնած ակնաղբյուրի մակընթացության մակարդակից - և արդեն գիտեր նրա բոլոր մանրամասները։ Օգնեց տնտեսության կանոնավոր-անկարգ դասավորմանը և նույնիսկ սեփական շարժումները վաղօրոք ծանոթ թվացին։ Հետո երկու շաբաթ կերավ կոպիտ կերակուրը (տձև, թթված հացը, եղնիկի, արջի, հնդկահավի ու ջրարջի վայրի միսը, որոնք երբեք փորձած չկար), ուտողն էլ այս տղամարդիկ էին, եփողն էլ, չնայած առաջին հերթին որսորդ էին, հետո նոր՝ խոհարար, քնեց առանց սավանի վերմակի տակ, ինչպես որսորդներն էին քնում։ Ամեն առավոտ, գորշ լուսաբացին, Սեմ Ֆադերսի հետ նա կանգնած էր իրեն բաշխված պահակակետում՝ խաչմերուկի մոտ, որն ամենաողորմելին էր և ամենից անհետաքրքիրը։ Այլ բան չէր էլ սպասել, նույնիսկ դեռևս չէր համարձակվել ինքն իր մեջ հուսալու, թե առաջին անգամից կլսի վազող շների ձայնը։ Բայց և այնպես լսեց,– երրորդ առավոտն էր,– լսեց անհայտ, համարյա աննշմարելի մի շշնջյուն, և արդեն հասկացավ, թե ինչն ինչոց է, չնայած որ երբեք լսած չկար վազող ոհմակի ձայնը, շշնջյունն աստիճանաբար առանձին, հստակ ձայների վերածվեց, մինչև որ տղան նրանցից հինգի (հորեղբորորդու շների) ձայնը ճանաչեց։ «Տես ինչ ես անում,– ասաց Սեմը.– մի քիչ վեր պահի հրացանդ, շնիկները հետ քաշի ու էդպես կանգնի»։
Բայց նա չէր վարժվել դեռևս։ Խոնարհություն շատ կար, այդ մեկը սովորել էր։ Կարող էր և համբերանք սովորել։ Ընդամենը տասը տարեկան էր, ընդամենը մեկ շաբաթական։ Պահն անցավ։ Տղային թվաց, թե տեսնում է եղնիկին, ծխագույն եղջերվին, որի մարմինը սլանալիս ասես ձգվում-երկարում է, տեսնում է անտառը, գորշ մեծությունը, որը ղողանջում է նույնիսկ այն ժամանակ, երբ շների ձայնը այլնւս չի լսվում։ Հեռու հեռվից, մթին անտառների ու գորշ, կիսաթաց վաղորդայնի միջով երկու կրակոց եկավ։
— Իջեցրու շնիկները,— ասաց Սեմը։
Իջեցրեց։
— Ինքդ էլ գիտեիր,— ասաց տղան։
— Հա,— Սեմն ասաց,— սովորի ոնց անես, երբ որ ինքդ չես կրակել։ Արջն ու եղնիկը գալիս գնում են՝ մեկ էլ տեսար կամ որսորդ չկա, կամ շներից մեկը։
— Մեկ է,— տղան ասաց,— ինքը չէր։ Ոչ էլ արջն էր։ Եղնիկ էր։
— Հա,— ասաց Սեմը,— եղնիկ էր։
Հետո մի առավոտ, երկրորդ շաբաթվա մեջ, նա էլի շների ձայն լսեց։ Այս անգամ, նույնիսկ նախքան Սեմը կբացեր բերանը, տղան ուղղեց չափազանց երկար, չափազանց ծանր, մարդաբոյ հրացանը, ինչպես Սեմն էր սովորեցրել, թեպետ գիտեր, որ այս անգամ շներն ու եղնիկը շատ չեն մոտենում, հազիվ լսելիության սահմանում են։ Ձայնը նույնիսկ նման չէր նախկինում լսած ձայներին։ Հետո տեսավ, որ Սեմը, որը նրան սովորեցրել էր ամենից առաջ հրացանը բարձր պահել, գրավել այնպիսի դիրք, որտեղից ամեն ինչ երեա, ու երբեք չշարժվել, ինքն էր շարժվել իր կողքին։ «Հլա լսի»,– ասաց նա։ Տղան ականջ դրեց, հետքի վրա ընկած ոչ մի զրնգուն խմբերգ, այլ սովորականից մի օկտավա բարձր տառապալից կլանչոց, լի այնպիսի անվճռականությամբ ու նույնիսկ թշվառությամբ, որն ինքը դեռևս զորու չէր ճանաչելու, դժկամ, ոչ այնքան արագ, երկար մի կլանչոց, որն օդում թողնում է բարակ, համարյա մարդկային հիստերիայի արձագանք, համարյա մարդանման թախծոտ լաց, երբ առջևում չկա ոչինչ, ոչ մի ճողոպրող, անտեսանելի, ծխագույն ուրվագծի պատրանք։ Ուսի վրա զգաց Սեմի շունչը։ Հետո տեսավ ծերունու ներս շնչող ռունգերի կորագիծը։
— Ծերուկ Բենն է,— շշնջալով բացականչեց նա։
Սեմը չշարժվեց, միայն դանդաղ շրջեց գլուխը, երբ ձայները մարեցին, և ռունգերի կորագիծը վերադարձավ նախկին դիրքին։
— Քո ինչն եմ ասել,— ասաց նա,— չի էլ վազում։ Ման է գալիս։
— Բայց էստեղ է,— բացականչեց տղան,— ախր էստեղ է։
— Ամեն տարի գալիս է,— ասաց Սեմը։— Տարին մեկ։ Աշն ու Բունը ասում են՝ գալիս է էստեղի մանր-մունր արջերին քշի։ Էստեղից նրանց գրողի ծոցն է վռնդում, մինչև որ որսորդները հեռանան։ Երևի։
Տղան այլևս ոչինչ չլսեց, չնայած Սեմի գլուխը դանդաղ շրջվում էր, մինչև որ դեմքն այլևս չերևաց։ Հետո Սեմը դարձավ ու նայեց տղային՝ նույն դեմքն էր, մռայլ, ծանոթ, մինչև ժպտալն՝ անարտահայտիչ, նույն ծերունական աչքերը որոնցում դանդաղ հանգչում էր մոլեգին մի փայլ՝ կրքոտ և հպարտ հայացք։ «Նրա համար արջն եղած, շունն եղած, մարդն եղած՝ մեկ է։ Գալիս է տեսնի ինչ կա-չկա, ինչ նոր մարդ է եկել էս տարի, կրակել գիտի, թե չէ, մնալու է, թե չէ։ Ուզում է տեսնի՝ կա էն շունը, որը մինչև որսորդի հասնելը պիտի հաչալով պահի իրեն։ Որովհետև ինքն է գլխավոր արջը։ Ինքն է տերը»։ Հայացքը մարեց, փայլն այլևս չկար, նույն աչքերն էին, ինչ տղան ամբողջ կյանքում տեսել էր։ «Կթողնի իրեն հետևեն մինչև գետը, հետո տուն կուղարկի։ Գնացինք։ Երբ ճամբար գան, կտեսնես ինչ տեսք ունեն»։
Սկզբում շներն էին եկել, տասը շուն՝ խոհանոցի տակ խմբված, ինքն ու Սեմը պպզած նայում էին կիսախավարին, ուր շներն էին պահ մտել՝ լուռումունջ, անհանգիստ ու պսպղուն աչքերով - և ոչ մի ձայն, միայն՝ կենդանական հոտ, որը տղան դեռևս լրիվ չէր հասկացել, այն ավելին էր, քան սոսկ շուն, և շնից էլ ուժեղ, ոչ պարզապես կենդանի կամ նույնիսկ գազան։ Որովհետև ողորմելի ու կսկծահամ կաղկանձի դիմաց ոչինչ չկար՝ մեծությունից ու ամայությունից բացի, այնպես որ, երբ կեսօրին մոտ եկավ տասնմեկերորդ բարակը, ու ինքը Թենիի Ջիմի հետ գրկել էր խոնարհ, դողացող քած շանը, մինչ Սեմը նրա պատառոտված ականջին ու քրքրված ուսին բևեկնախեժ ու ճարպ էր քսում, շունը դեռևս կենդանի էակ չէր, այլ փոքրիկ մասնիկն ամայության, որը մի պահ կռացել էր և խենթ համարձակության համար մի հատ թեթևակի թփացրել էին նրան։ «Ոնց որ մարդ,– ասաց Սեմը։— Ինչքան ուզում ես հետաձգի, մեկ է, գիտի, որ մի օր քաջ է դառնալու, իրեն շուն է կոչելու։ Որ արջի վրա գնաց՝ նախօրոք գիտեր, թե ինչ է լինելու»։
Տղան չիմացավ, թե Սեմը երբ գնաց։ Միայն գիտեր, որ գնացել է։ Հաջորդ երեք առավոտները նա արթնացավ, նախաճաշեց, իսկ Սեմը նրան չէր սպասում։ Տղան մենակ գնաց իր տեղը, որը գտավ առանց օգնության, ու կանգնեց, ինչպես Սեմն էր սովորեցրել։ Երրորդ օրը կրկին լսեց շների ձայնը, որոնք իսկական հոտի վրա ընկած՝ կատաղի վազում էին, պատրաստ պահեց հրացանը, ինչպես Սեմն էր սովորեցրել, ու լսեց, թե ինչպես որսն եկավ ու անցավ, քանի որ ինքը պատրաստ չէր դեռևս. երկու շաբաթվա կարճ ժամանակահատվածում տղան դեռևս սրան չէր արժանացել, չնայած իր երկար կյանքը համբերանքով, հլու-հնազանդությամբ արդեն նվիրել էր ամայությանը։ Տղան նորից կրակոց լսեց, Ուոլթըր Յուելի հրացանի մեն-մի որոտաձայն կրակոցը։ Հիմա, ուրեմն, նա կարող էր գտնել իր կանգնելու տեղը, առանց առաջնորդության վերադառնալ ճամբար, հորեղբորորդու տված կողմնացույցի օգնությամբ նա հասավ Ուոլթըրին, որն սպասում էր եղջերվի, սրա թափված փորոտիքի ու վերջինս հոշոտող շների կողքին, հասավ բոլորից շուտ (բացի Մայոր դե Սպեյնն ու Թենիի Ջիմը, որոնք ձիերի վրա էին), նույնիսկ ավելի շուտ, քան Քեռի Աշն իր միաչքանի ջորիով, որն ամենեին չէր խրտնում արյան և, մինչև անգամ, արջի հոտից, բոլորն էին այդպես ասում։
Ջորու վրա Քեռի Աշը չէր, Սեմն էր, վերադարձած։ Եվ Սեմը սպասեց, մինչև տղան հաց կերավ, հետո ինքը՝ միաչքանի, Սեմը՝ ուրիշ ջորու վրա, որը սայլը քարշող խմբից էր, ավելի քան երեք ժամ քշեցին միջօրեի վաղանցիկ ու կարճացող լույսի միջով,– ոչ մի արահետ, ոչ մի շավիղ, որը տղան կարողանար զանազանել, և հասան մի վայր, ուր տղան դեռևս ոտք չէր դրել։ Հետո նա հասկացավ, թե ինչու Սեմն իրեն միաչքանի ջորու վրա նստեցրեց, որը չէր խրտնում արյան ու գազանի հոտից։ Մյուսը՝ առողջը, կտրուկ կանգ առավ, պտտվեց ու փորձեց փախչել, բայց Սեմն իջավ, քաշելով-պրկելով սանձը՝ պահեց նրան, սիրաշահելով առաջ տարավ, քանի որ սիրտ չէր անում հրել, այսպես, ուրեմն, առաջ տարավ, մինչ տղան իջավ խեղվածից, որն էլ մյուսին հակառակ՝ չէր ուզում կանգ առնել։ Հետո, հինավուրց անտառների թանձր մթնում ու ձմեռվա մեռնող միջօրեի մեջ Սեմի կողքին կանգնած, տղան լուռ նայեց գետնին՝ մագիլներից քերծոտված-փտած գերանին, թաց հողին, ծուռ թաթի հսկայակած դրոշմին։ Հիմա նա հասկացավ, թե այդ առավոտ ինչ էր լսել անտառից հասնող որսաշների ձայներում, և ինչ էր խոհանոցի տակից եկող շների հոտը, որն իր մեջ էլ կար, փոքր-ինչ տարբեր, որովհետև շներն անասուն են, գազան, իսկ ինքը՝ ոչ. սակայն տարբերությունը չնչին էր՝ խոնարհ եռանդ, թշվառություն, անժամանակյա անտառների դեմ փխրունության և անկարողության զգացում, բայց առանց վախ ու կասկածի, արույրի համ, երբ բերանում թուքն է վազում, սուր կծկում ուղեղում թե ստամոքսում՝ տղան չգիտեր, թե սրանցից որ մեկն է. և կարեոր էլ չէր. միայն գիտեր, որ առաջին անգամ հասկացավ, արջը, որի ձայնը ինքը լսել էր, և որն աղոտ կերպով պատկերացել էր իր երազներում (նույնիսկ նախքան տղան կհիշեր) և հետևաբար գոյություն էր ունեցել նաև իր հորեղբորորդու, Մայոր դե Սպեյնի և անգամ ծեր Գեներալ Քոմփսընի ականջներում ու երազներում (նախքան նրանք իրենց հերթին կհիշեին), արջն, ուրեմն, մահկանացու մի կենդանի էր, իսկ նրանք ամեն նոյեմբեր ճամբար գալիս էին ոչ արջին սպանելու իրական մտադրությամբ,— արջ սպանելն անհնար բան չէ,— պարզապես նրանք իրենց կարողության վերաբերյալ առայժմ իրական հույս չունեին։ «Վաղը»,— ասաց տղան։
— Այսինքն՝ վաղը կփորձե՞նք,— ասաց Սեմը։— Ախր մեր ուզած շունը չկա։
— Բայց տասնմեկ հատ կա,— տղան ասաց։— Երկուշաբթի օրը հետապնդում էին։
— Դու էլ լսեցիր ու տեսար,— ասաց Սեմը։— Մեր ուզած շունը չունենք։ Մեկը հերիք չէ, բայց էդ մեկն էլ չկա։ Երևի ոչ մի տեղ էլ չկա։ Մնում է, որ արջը պատահաբար հանդիպի էսպիսի մեկին, որի ձեռքում հրացան լինի, ինքն էլ կրակել իմանա։
— Էդ մեկը ես չեմ լինի,— տղան ասաց։— Ուոլթըրը, Մայորը, կամ...
— Կարող է,— ասաց Սեմը։— Վաղն աչքերդ չորս արա։ Շատ է ճարպիկ։ Դրա համար էլ էդքան ապրել է։ Թե որ շուրջկալեն, մեկին պիտի ընտրի, որ վրան գա։ Քեզ է ընտրելու։
— Ո՞նց,— ասաց տղան։— Ինքն ի՞նչ գիտի...– Քիչ լռելուց հետո.— Ուզում ես ասել, որ արդեն ինձ ճանաչում է, որ ես առաջներում էստեղ չեմ եղել, չեմ հասցրել...– Նա նորից լռեց ու նայեց Սեմին։ Հետո հանգիստ, նույնիսկ առանց զարմանքի, ասաց.– նա ինձ էր նայում։ Երկրորդ անգամ դժվար թե գա։
— Վաղն, ուրեմն, զգույշ,— ասաց Սեմը։— Հետ դառնանք։ Մինչև ճամբար հասնենք, լրիվ մութն ընկած կլինի։
Հաջորդ առավոտյան երեք ժամ շուտ ճամփա ընկան։ Նույնիսկ Քեռի Աշը գնաց, խոհարարը, որն իրեն մասնագիտությամբ ճամբարի խոհարար էր կոչում, նա Մայոր դե Սպեյնի համար ճամբարում եփել-թափելուց բացի համարյա ոչինչ չէր անում, սակայն պարզ զուգադրմամբ ամայությունը նրան էլ էր նկատի առել, մինչև որ խոհարարն ամեն ինչին արձագանքեց ինչպես բոլորը, նույնիսկ ինչպես տղան, ով երկու շաբաթ առաջ ամայությունը տեսած անգամ չկար, սկսեց արձագանքել բարակի պատառոտված ականջին, ուսին, թաց հողի վրա ծուռ թաթի դրոշմին։ Ձիերով էին։ Ոտքով գնալու համար ճանապարհը շատ էր երկար. տղան, Սեմն ու Քեռի Աշը շների հետ սայլի մեջ էին, հորեղբորորդին ու Մայոր դե Սպեյնը, Գեներալ Քոմփսընն ու Բունը, Ուոլթըրն ու Թենիի Ջիմը ձիերով էին, յուրաքանչյուր զույգը մեկական ձիու վրա։ Ինչպես այն առավոտ՝ երկու շաբաթ առաջ, վաղորդայնի գորշ լույսը տղային գտավ իր տեղում, որտեղ Սեմն էր նրան կանգնեցրել ու թողել մենակ։ Վերցնելով լցամասից լիցքավորվող չափազանց մեծ հրացանը, որն իրենը չէր, այլ Մայոր դե Սպեյնինը, և որն ինքն ընդամենը մի անգամ էր կրակել, տղան առաջին օրը կոճղի վրա սովորեց ետհարումն ու հրացանը թղթե պարկուճներով վերալցավորելը, կանգնեց մի մեծ խեժաբեր ծառի դիմաց, փոքրիկ վտակի մոտ, որի սև ջուրն, ասես, դուրս էր սողում եղեգնուտից, կտրում էր բացատն ու վերադառնում եղեգնուտ, որտեղ անտեսանելի փայտփորիկը, որին սևամորթները Տեր-աստված են ասում, թխկթխկացնում էր մեռած ծառաբունը։ Տեղը սովորական տեղ էր ու համարյա չէր տարբերվում երկու շաբաթ անընդմեջ իր կանգնած տեղից. շուրջբոլորը նոր էր, բայց նույնքան ծանոթ, որքան այն մեկը, որը երկու շաբաթից հետո տղային անծանոթ էր թվացել - նույն մենությունը, որտեղով թույլ ու վեհերոտ մարդն էր անցել՝ առանց որեէ բան փոխելու, չթողնելով ոչ մի նշան ու հետք, ամեն ինչ նույնն էր, ինչպես այն օրը, երբ Սեմ Ֆադերսի չիքասո ցեղի առաջին նախահայրը սողեսող ներս մտավ՝ մահակը, քարը կամ կացինը պատրաստ պահած, և շուրջը նայեց.– միակ տարբերությունն այն էր, որ իրեն, խոհանոցի մոտ պպզած, հասել էր խմբված ու իրար քծնող շների հոտը, նա տեսել էր վիրավոր քած շանը, որն, ինչպես Սեմն էր ասել, մի օր քաջ է դառնալու, որպեսզի իրեն շուն անվանի, իսկ երեկ, քերծոտված գերանի կողքին, տեսել էր կենդանի թաթի դրոշմը։ Տղան շների ձայն չլսեց։ Այսինքն՝ երբեք էլ պարզորոշ լսած չկար։ Միայն լսեց, որ փայտփորիկը կտրուկ դադարեցրեց թակոցը, և տղան հասկացավ, որ արջն իրեն է նայում։ Չտեսավ նրան։ Չգիտեր էլ՝ դիմացից է նայում, եղեգնուտից, թե թիկունքից։ Տղան չշարժվեց, անօգ հրացանը բռնած՝ հիմա հասկացավ, որ երբեք չի կրակելու արջի վրա, բերանում արույրի համը զգաց, որն զգացել էր խոհանոցի տակ խմբված շներին նայելիս։
Հետո արջը չկար։ Փայտփորիկին ինչպես հանկարծակի դադարել էր, այդպես հանկարծակի վերսկսեց չոր թակոցը, ու քիչ հետո տղային նույնիսկ թվաց, թե լսում է շներին՝ մրմունջ, համարյա թե ձայն, որն ինքը մի-երկու րոպե նախքան նշմարելը լսելիս էր եղել, ձայնը հասնում էր նրան ու հետո մարում։ Ոչ ոք չէր մոտենում։ Թե լսածը շների ձայնն էր՝ տղան չէր կարող երդմամբ հաստատել, թե արջի հետևից էին վազում՝ ուրեմս ուրիշ արջ էր։ Բայց Սեմն ինքը հայտնվեց եղեգնուտից, կտրեց անցավ վտակը, իսկ վիրավոր քած շունը կրնկակոխ քայլում էր նրա հետեից, ինչպես թռչնի որսկան շունն է վարժված քայլելու։ Շունն եկավ ու դողալով պառկեց տղայի ոտքերի մոտ։
— Ես չտեսա նրան,— տղան ասաց,— չտեսա, Սեմ։
— Գիտեմ,— ասաց Սեմը։— Նայելու էր եկել։ Ոչ էլ լսեցիր, չէ՞։
— Չէ,— ասաց տղան։— Ես...
— Խորամանկ է,— ասաց Սեմը,— շատ խորամանկ է, շան որդին։— Կրկին նրա աչքերում տղան տեսավ խոհուն փայլը, երբ Սեմը նայեց տղայի ոտքերի մոտ դողացող շանը, որի վնասված ուսից պայծառ հատապտուղների պես թարմ արյան կաթիլներ էին կախվել։– Շատ մեծ է։ Մեր ուզած շունը չունենք։ Բայց մի օր կունենանք։
Որովհետև հաջորդ անգամներ շատ էին լինելու, հետո։ Տղան ընդամենը տասը տարեկան էր։ Նա, կարծես, տեսավ իրենց՝ երկուսին, դժոխքի նախադռան մշուշում, որտեղից ժամանակը դուրս էր գալիս և դառնում ժամանակ, մահկանացությունից զերծ ծեր արջին և իրեն, որ ինչ-որ տեղ կիսում էր այդ անմահությունը։ Որովհետև նա հիմա հասկացավ խռնված շների հոտը, իր թքի համը, ճանաչեց վախը, որպես տղա, պատանի, ճանաչեց սիրո, կրքի և փորձառության գոյությունը (որը ժառանգական էր, բայց դեռևս ոչ տոհմական)՝ պատահաբար տեսնելով կամ գուցե ներս մտնելով շատերի սիրած և շատերից սիրված կնոջ ննջարանը։ Ես անպայման կտեսնեմ նրան, առանց վախի և հույսի մտածեց տղան։ Անպայման կնայեմ արջի աչքերին։ Հաջորդ ամառվա հունիսին էր։ Նրանք կրկին ճամբարում էին, տոնում էին Մայոր դե Սպեյնի ու Գեներալ Քոմփսընի ծնունդը։ Չնայած առաջինը սեպտեմբերին էր ծնվել, երկրորդը՝ խոր ձմռանը, նրանից երեսուն տարի առաջ, ամեն տարվա հունիսին այդ երկուսը, ՄքՔեզլինը, Բունը, Ուոլթըր Յուելը (արդեն՝ նաև տղան) երկու շաբաթ անց էին կացնում ճամբարում, ձուկ էին բռնում, սկյուռ ու հնդկահավ խփում, իսկ գիշերները ջրարջ ու վայրի կատու հետապնդում։ Այսինքն՝ Բունն ու սևամորթներն (արդեն՝ նաև տղան) էին ձուկ բռնում, սկյուռ խփում, ջրարջ ու վայրի կատու հետապնդում, որովհետև փորձված որսորդները, ոչ միայն Մայոր դե Սպեյնն ու Գեներալ Քոմփսընը (որոնք երկու շաբաթ նստում էին ճոճաթոռին, շոգեխաշած մսի հսկայական կաթսայի դիմաց, խառնում էին ու համտեսում, Քեռի Աշի հետ վիճում խոհարարությունից, իսկ Թենիի Ջիմին հրամայում անագե շերեփի մեջ վիսկի լցնել), այլև ՄքՔեզլինն ու Ուոլթըր Յուելը, որոնք տակավին երիտասարդ էին և վայել չէին համարում որսի գնալ, միայն ատրճանակով վայրի հնդկահավ էին խփում (գրազով) ու նշանառության մրցում կազմակերպում։
Այսինքն՝ հորեղբորորդի ՄքՔեզլինն ու մյուսները կարծում էին, թե ինքը սկյուռ է խփում։ Մինչև երրորդ գիշերը տղան համոզված էր, որ Սեմ Ֆադերսն էլ նույն կարծիքին է։ Ամեն առավոտ, նախաճաշից անմիջապես հետո, նա հեռանում էր ճամբարից։ Հիմա տղան իր հրացանն ուներ՝ Ծննդյան տոնի նվեր, որ իրենն էր լինելու դեռ յոթանասուն տարի, երկու զույգ փողաբերան ու փակաղակ էր փոխելու, մի կոթ, մինչև որ նախկին հրացանից արծաթե ներդրվագով շնիկի պահպանակն էր մնալու՝ վրան փորագրված ՄքՔեզլինների անուններն ու թիվը՝ 1878։ Նա գտավ փոքրիկ վտակի մոտի ծառը, որտեղ կանգնել էր այն առավոտ։ Կողմնացույցն օգտագործելով՝ տղան շարժվեց այդ կետից, նա իրեն անգիտակցաբար սովորեցնում էր գերազանցել անգամ իսկական անտառահատին։ Երրորդ օրը գտավ այն քերծոտված գերանը, որի մոտ առաջին անգամ տեսել էր հետքը։ Հիմա գերանը համարյա լրիվ փշրվել էր, ապաքինվում էր անհավատալի արագությամբ՝ կրքոտ ու տեսանելի հրաժարումով վերադառնում էր դեպի հողը, որից ծառն էր աճել։ Տղան թափառում էր մթությունից կանաչած անտառներում. նման կիսախավար լինում է միայն նոյեմբերյան այս գորշ տարրալուծման ժամանակ, երբ նույնիսկ կեսօրին արեը միայն խայտաբղետ բծերով է ընկնում գետնին, որը երբեք լրիվ չի չորանում, և որտեղ վխտում են մոկասինները, ջրային ու բոժոժավոր օձերը, սրանք ես խայտաբղետ կիսախավարի գույնն ունեին և մինչև չշարժվեին՝ տղան չէր տեսնի։ Օրեցօր տղան ավելի ուշ էր վերադառնում ճամբար։ Երրորդ օրվա մթնշաղում նա մոտեցավ ամբարը շրջափակող գերանաշեն փարախին, որտեղ Սեմն անասունն էր ներս անում գիշերվա համար։
— Էն չես աչքիս,— ասաց Սեմը։
Տղան կանգ առավ։ Սի պահ չպատասխանեց։ Հետո խոսեց խաղաղ, ավելի ճիշտ՝ պայթեց խաղաղ, ինչպես առուն է քշում-տանում երեխայի սարքած թումբը։
— Լավ։ Հասկացա։ Բայց ինչո՞ւ։ Մինչև վտակը գնացել եմ։ Նույնիսկ էն գերանը գտա։ Ես...
— Ուրեմն՝ լավ է։ Հաստատ քեզ ոտից գլուխ մի լավ զննել է։ Հետքը չտեսա՞ր։
— Ես... Չէ, չտեսա... Մտքովս չանցավ, թե...
— Հրացանն է պատճառը,— ասաց Սեմը։
Նա կանգնեց ցանկապատի մոտ, անշարժ, մի ծերունի՝ սևամորթ ստրուկի ու չիքասո ցեղի առաջնորդի որդին, հագին՝ մաշված, խունացած լայն շալվար, գլխին՝ հինգ սենթանոց քրքրված ծղոտե գլխարկ, որը սևամորթի ստրկության նշանն էր եղել, իսկ հիմա նրա ազատության իրավունքն էր հաստատում։ Ճամբարը (բացատը, տունը, կալատեղն ու փոքրիկ հողամասը, որ Մայոր դե Սպեյնը մի կարճ ժամանակ ճանկռել ու պոկել էր ամայությունից) մարեց մթնշաղում՝ ընկղմվելով անտառների անհիշելի մթության մեջ։ *Հրացանը*, տղան մտածեց։ *Հրացանը*: «Ընտրի՛ր»— ասաց Սեմը։
Հաջորդ առավոտյան նա դուրս եկավ առանց նախաճաշելու, նախքան կբացվեր լույսը և նախքան խոհանոցի հատակին քնած Քեռի Աշը վեր կկենար մգդակած վերմակների տակից ու կվառեր կրակը։ Տղան միայն կողմնացույց էր վերցրել ու փայտի կտոր՝ օձերի համար։ Նա կարող էր մի մղոն քայլել՝ առանց կողմնացույցին նայելու։ Կողմնացույցը ձեռքում՝ տղան նստեց կոճղին, մինչ գիշերային խորհրդավոր ձայները, որոնք լռել էին նրա շարժումներից, նորից աշխուժացան, հետո իսպառ լռեցին, ինչպես որ բվեճները լռեցին՝ արթնացող ցերեկային թռչուններին հանձնելով օրը. թաց անտառում լույս հայտնվեց, ու նա հիմա տեսնում էր կողմնացույցը։ Տղան քայլում էր հուշիկ, բայց արագ, գնալով լցվում էր վստահությամբ, ինչպես անտառահատը՝ առանց գիտակցելու իր վստահությունը, նա վախեցրեց եղնիկին ու ձագին, որոնք խրտնած փախան, բավականին մոտեցել էր, երբ լսվեց մացառուտի շառաչյունը, երևաց սպիտակ պոչը, մոր հետևից վազող ձագը, որն ավելի արագ էր վազում, քան տղան պատկերացրել էր։ Որսի ճամփան նա ճիշտ էր ընտրել, քամու հակառակ ուղղությամբ, ինչպես սովորեցրել էր Սեմը, բայց դա հիմա նշանակություն չուներ։ Նա չէր վերցրել հրացանը, իր իսկ կամքով ու հրաժարումով ընդունել էր ոչ թե խորամանկ քայլ, այլ այնպիսի պայման, որի դեպքում, ոչ միայն արջի անձեռնմխելի անանունությունը, այլև որսորդի ու որսի բոլոր հինավուրց օրենքներն ու հակակշիռները չեղյալ էին հայտարարվում։ Նա չէր էլ վախենա, նույնիսկ այն պահին, երբ վախն ամբողջովին պաշարեր նրան՝ արյունը, մաշկը, աղիքները, ոսկորները, և խլեր հիշողությունը երկարաձիգ այն ժամանակից, երբ դեռ այն տղայի հիշողությունը չէր, խլեր ամեն ինչ, բացի այն անմար պարզությունից, որը մեն–մենակ տարբերում էր տղային արջից, ինչպես նաև մնացած բոլոր արջերից ու եղջերուներից, որոնց պիտի հետապնդեր համարյա յոթանասուն տարի, և ինչի մասին Սեմն ասել էր. «Երկնչիր։ Էդ մեկից չես փախչի։ Բայց մի վախի։ Անտառում քեզ ոչ մեկը չի վնասի, եթե նրան նեղը չգցես, կամ էլ եթե չառնի վախիդ հոտը։ Արջն ու եղնիկը վախկոտից երկնչում են էնքան, ինչքան քաջ մարդը պիտի երկնչի»։
Կեսօրին տղան արդեն բավականին հեռացել էր վտակից. նա հայտնվեց նոր, օտար երկրամասում, որտեղ դեռևս ոտք չէր դրել։ Հիմա նա ոչ միայն կողմնացույցով էր քայլում, այլևս ծանր ու հաստ ժամացույցով, որը հոր ժամացույցն էր եղել։ Ճամբարը թողել էր ինը ժամ առաջ, ինը ժամ հետո արդեն մութ կլիներ։ Տղան կանգ առավ, կոճղից վեր կենալուց հետո առաջին անգամ (երբ վերջապես նշմարեց կողմնացույցի սլաքը), ու նայեց շուրջը, թեքով սրբելով դեմքի քրտինքը։ Իր իսկ կամքով և ցանկությամբ, առանց ափսոսանքի, նա արդեն հանձնվել էր խոնարհությանն ու անդորրին, և այնուհանդերձ այդքանը բավական չէր. հրացանը ճամբարում թողնելը բավական չէր։ Մի պահ տղան անշարժ կանգնեց, օտար ու կորած երեխա՝ անբիծ ամայության կանաչ ու ճախրող կիսախավարում։ Հետո անմնացորդ հանձնվեց։ Ժամացույցն ու կողմնացույցը։ Տղան դեռևս չէր մաքրագործվել։ Նա արձակեց ժամացույցի շղթան, կողմնացույցի հանգուցավոր կաշեփոկը, երկուսն էլ կախեց թփից, ձեռքի փայտը հենեց նրանց կողքին ու ներս մտավ։
Երբ հասկացավ, որ կորել է, վարվեց այնպես, ինչպես Սեմն էր սովորեցրել ու մարզել, սկսեց հաշվարկել, թե ինչպես է հատել իր անցած ճանապարհը։ Վերջին երկու-երեք ժամում արագ չէր քայլել, կողմնացույցն ու ժամացույցը թփից կախելուց հետո՝ առավել ես։ Հիմա էլ դանդաղ էր քայլում, քանի որ ծառը մոտերքում պիտի լիներ, նա ծառն ավելի շուտ գտավ, քան իրականում սպասում էր, հետո թեքվեց ու մոտեցավ։ Բայց ծառի տակ ոչ թուփ կար, ոչ ժամացույց ու կողմնացույց։ Հետո հիշեց Սեմի սովորեցրած հաջորդ քայլը, այս անգամ հակառակ ուղղությամբ ավելի մեծ շրջան գործեց, որպեսզի երկու շրջանագծերն ինչ-որ տեղ հատեն ճանապարհը, բայց ոչ մի հետքի՝ ոչ իր, ոչ ուրիշի չհանդիպելով (սրտի զարկերն հիմա ավելի արագ էին, բայց ուժեղ և հաստատուն, այս անգամ ծառն ամենեին չերևաց, որովհետև այս մյուս ծառի կողքին մի կոճղ կար, որն ինքը չէր տեսել, իսկ կոճղից այն կողմ՝ փոքրիկ ճահճուտ, ինչ-որ տեղ հողի ու ջրի միջև դուրս ծորացող տամկություն)՝ հիշեց Սեմի սովորեցրած հաջորդ և վերջին քայլը և կոճղին նստելիս տեսավ ծուռ դրոշմը՝ աղճատ մի ոլորք թաց գետնի վրա. մինչ տղան ուշադիր նայում էր, ոտնահետքը լցվում էր ջրով, հետո ջուրը թափվեց, ու ոտնահետքն անէացավ։ Նա բարձրացրեց հայացքն ու տեսավ երկրորդը, առաջ գնաց՝ երրորդը, առանց շտապելու և վազելու՝ պարզապես քայլեց ոտնահետքերի կողքով, կարծես սրանք չեղած տեղից հայտնվում էին նրա առջև և ուր որ է կորչելու էին, և ինքն էլ կորչելու էր՝ անխոնջ, եռանդուն, ստանց վախի ու կասկածի, հևալով սրտի մուրճիկի արագընթաց զարկերի հետ։ Նա դուրս եկավ մի փոքրիկ բացատ, և թվաց, թե ամայությունը անշշուկ հորդաց ու կարծրացավ, ծառը, թուփը, կողմնացույցն ու ժամացույցը շողշողացին գողտրիկ ճաճանչի ներքո։ Հետո նա տեսավ արջին։ Նա (արջը) դուրս չեկավ, չհայտնվեց, այլ այնտեղ էր, անշարժ, խոտի ու անհողմ ցերեկվա տաք գույների մեջ մեխված, որն այնքան մեծ չէր, որքան պատկերացրել էր, բայց այնքան, որքան սպասում էր. նայում էր իրեն ու երփներանգ կիսախավարում թվում էր ավելի խոշոր և ասես անծավալ։ Հետո արջը շարժվեց։ Անշտապ կտրեց-անցավ բացատը, մի պահ մտավ շլացուցիչ լույսի շրջանն ու դուրս եկավ, նորից կանգ առավ և ուսի վրայով նայեց տղային։ Ու չքացավ։ Չքայլեց ու չմտավ անտառ, այլ անհետացավ, առանց որևէ շարժումի ձուլվեց ամայությանը, ինչպես տղայի տեսած այն ձուկը, հսկայական ծեր պերկեսը, որը ձուլվեց լճակի մութ խորքերին ու չքացավ առանց անգամ լողակները շարժելու։
2
Ուրեմն, ինքը պիտի ատեր ու վախենար Առյուծից։ Այն ժամանակ տասներեք տարեկան էր։ Սպանել էր իր առաջին եղջերուն, ու Սեմ Ֆադերսը նրա դեմքն օծել էր տաք արյունով, իսկ հաջորդ նոյեմբերին տղան արջ սպանեց։ Բայց մինչ այդ շնորհավորանքը տղան այնքան ձեռնհաս էր դարձել անտառում, որքան նույն փորձն ունեցող հասուն տղամարդիկ։ Չնայած տղան հիմա անտառում ավելի լավ էր կողմնորոշվում, քան ամենափորձառու անտառահատնեբը։ Ճամբարից քսանհինգ մղոն շրջանագծով այնպիսի տեղ չկար, որ ինքը չիմանար՝ վտակ, լեռնաշարք, կողմնորոշող ծառեր ու արահետ, ցանկացած մեկին կարող էր տանել ուր որ պետք է և հետ բերել։ Ոտնահետքերի շավիղներ գիտեր, որոնք անգամ Սեմ Ֆադերսը տեսած չկար, երրորդ աշնանը նա մեն-մենակ գտավ եղջերվի գիշերատեղը, հորեղբորորդուց գաղտնի վերցրեց Ուոլթըր Յուելի հրացանը, մինչև լուսաբաց պառկեց, սպասեց եղջերվին ու խփեց նրան այնպես, ինչպես Սեմն էր սովորեցրել՝ իր չիքասո նախահայրերի ոճով։
Հիմա նա ծեր արջի ոտնահետքը (և ոչ միայն ծուռը) ավելի լավ էր ճանաչում, քան իրենը։ Տեսնում էր երեք առողջ ոտնահետքերն ու անմիջապես տարբերում մյուս արջերից, ոչ միայն մեծությամբ, հիսուն մղոնի վրա նույնքան մեծ ոտնահետքերով արջեր կային, կամ գոնե այնպիսիք, որոնք ծերուկ Բենի հետքերի հետ համեմատելիս միայն փոքր կերևային։ Հարցն այդ չէր։ Եթե Սեմ Ֆադերսը նրա ուսուցիչն էր եղել, ճագարներն ու սկյուռները՝ նրա մանկապարտեզը, ապա ամայությունը, որտեղ ծեր արջն էր ապրում, նրա դպրոցն էր, իսկ անկին, անզավակ, իր իսկ անսեռ նախահայրը դարձած արջը՝ տղայի համալսարանը։
Երբ ցանկանար՝ գտնում էր ծուռ ոտնահետքը, ճամբարից տասը մղոն, հինգ մղոն հեռավորության վրա կամ ավելի մոտ։ Հաջորդ երեք տարիների ընթացքում, մինչ նա կանգնած էր իր տեղում, շները երկու անգամ ընկան արջի հետքին, մի անգամ էլ պատահաբար հանդիպեցին նրան ու ճղճղացին ողորմելի ձայներով, որոնք հիստերիայի մեջ, ասես, մարդկային ձայներ լինեին։ Մի անգամ, երբ սուսիկ որսի էր ելել Ուոլթըր Յուելի հրացանով, նա արջին տեսավ փռված գերանների արանքով քայլելիս, որտեղից թաթառն էր անցել։ Արջը շոգեքարշի պես սուրաց ծառերի ու ճյուղերի կծիկի միջով, ավելի արագ, քան տղան պատկերացրել էր, համարյա եղնիկի պես արագ, չնայած եղնիկն այդ տարածության մեծ մասն օդով կանցներ, և տղան հասկացավ, որ ծեր արջին շուրջկալելու համար հարկավոր է մի շուն, որը ոչ միայն վիթխարի քաջություն ունենա, այլև վիթխարի չափսեր և արագություն։ Տանը մի լակոտ ուներ, խառնածին, այն տեսակից, որին սեամոթները «Ֆայս» են ասում՝ առնետ բռնող շուն, որն այնքան էլ մեծ չէր առնետից ու այնպիսի անվախություն ուներ, որը վաղուց արդեն անվախություն չէր, այլ անխելք քաջություն։ Հունիսյան մի օր նա շանն իր հետ բերեց, ասես շներին մարդու հետ ժամադրություն էր սպասում, տղան Ֆայսի գլխին տոպրակ էր քաշել ու գրկել, Սեմ Ֆադերսը շնաթոկից կապած բարակների ոհմակն էր առաջնորդում։ Հետքի մոտ պառկեցին քամու ուղղությամբ ու իսկապես դարանեցին արջին։ Այնքան էին մոտիկ, որ արջը նեղն ընկավ, չնայած տղան հետագայում հասկացավ, որ արջը զարմացել ու շփոթվել էր Ֆայսի խելահեղ վայնասունից։ Հետին ոտքերի վրա կանգնած, մի մեծ կիպարիսի բնին հենվելով՝ արջը ծուղակն ընկավ, կանգնեց հետին ոտքերի վրա, ու տղային թվաց, թե արջն այդպես բարձրանալու է ու բարձրանալու, իսկ երկու շուն ասես ոգևորվել էին լակոտից՝ լցվելով հանդուգն ու հուսակտուր քաջությամբ։ Հետո տղան հասկացավ, որ լակոտը հետ կանգնելու միտք չունի։ Նա գցեց հրացանն ու վազեց հետևից։ Երբ հասավ, մի պահ գիտակցեց լակոտի խելագար ճիչը, ու իրեն թվաց, թե ինքն անմիջապես արջի տակն է, զգաց արջի հոտը, ուժեղ, տաք ու կծվահամ։ Փռվեց գետնին ու ներքևից տեսավ որոտի ճայթյունի պես վեր խոյացող կենդանուն։ Արջն այնքան ծանոթ թվաց, որ տղան հիշեց, ինքը միշտ այդպես էր պատկերացրել։
Հետո արջը չկար։ Տղան չտեսավ նրա գնալը։ Ծնկի իջավ, կատաղած լակոտին գրկեց երկու ձեռքով՝ լսելով հեռացող բարակների նվաստ լացուկոծը, մինչև որ Սեմը եկավ՝ հրացանը ձեռքին։ Նա հրացանը լուռ դրեց տղայի կողքին ու կանգնած նայեց նրան։
— Էս էլ երրորդ անգամ,— ասաց Սեմը։— Հրացանն էլ ձեռքիդ։ Էս անգամ հաստատ կկպնեիր։
Տղան բարձարցավ։ Լակոտը դեռևս նրա գրկում էր և նույնիսկ նրա ձեռքերում շարունակում էր կատաղի կլանչոցը՝ ցնցվելով ու ձգելով դեպի շների մարող ձայները, ասես զսպանակների մի կծիկ լիներ։ Տղան թեթևակի հևում էր։
— Դու էլ կկպնեիր,— ասաց նա։— Հրացանը մոտդ էր, ինչո՞ւ չկրակեցիր։
Սեմը կարծես թե չլսեց էլ։ Երկարեց ձեռքն ու տղայի գրկում սկսեց շոյել շանը, որը դեռևս կլանչում ու ցնցվում էր, չնայած երկու բարակների ձայնն այես չէր լսվում։
— Գնաց, գնաց,– ասաց Սեմը,— հանգստացիր, մինչև մյուս անգամը։— Նա շոյեց լակոտին, մինչև որ վերջինս խաղաղվեց նրա ձեռքի տակ։— Դու համարյա թե մեր ուզածն ես։ Մեր ուզածը հլա որ չունենք, մեր ուզածն ավելի խոշոր պիտի լինի, քան ճարպիկ, ու ավելի կտրիճ, քան երկուսը միասին։— Նա ձեռքը քաշեց շան գլխից ու կանգնած՝ անտառներին էր նայում, ուր անհետացել էին արջն ու որսաշները։— Մի օր մեկնումեկը գնալու է էնտեղ։
— Գիտեմ,— տղան ասաց։— Հենց մեզնից մեկն է լինելու։ Բայց էդ օրը կլինի վերջին օրը, երբ նույնիսկ նա կզզվի ու չի համբերի։
Ուրեմն՝ ինքը պիտի ատեր ու վախենար Առյուծից։ Չորրորդ ամառն էր, Մայոր դե Սպեյնի ու Դեներալ Քոմփսընի ծննդյան տոնակատարության չորրորդ անգամը, որին մասնակցում էր տղան։ Վաղ գարնանը Մայոր դե Սպեյնի զամբիկը քուռակ էր ծնել։ Մի իրիկուն, երբ Սեմը ձիերին ու ջորիներին ախոռ քշեց գիշերվա համար, քուռակը չկար, իսկ խելագարված զամբիկին մի կերպ ներս արեցին։ Սկզբում Սեմը մտածել էր զամբիկի հետ վերադառնալ այն տեղը, որտեղ մայրը կորցրել էր ձագին։ Բայց զամբիկին ստիպե՞լ կլիներ. նույնիսկ կեղծ շարժում չէր անում դեպի անտառ, ոչ մի տեղ չէր ուզում գնալ, կույր-կույր վազում էր այս ու այն կողմ՝ խրտնած ու խենթացած սարսափից։ Մի անգամ էլ պտտվեց ու Սեմի վրա պրծավ, ասես ծայրահեղ հուսահատությունից որոշել էր նրան տրորել, ասես մի պահ չէր հասկանում, որ դիմացինը մարդ է, այն էլ՝ ծանոթ մեկը։ Ի վերջո զամբիկին ներս արեցին, բայց արդեն չափազանց մութ էր և հնարավոր չէր նրա ճամփով հետ դառնալ, նրա խելառ սրարշավի կծիկը բացել։
Սեմը տուն մտավ ու ասաց Մայոր դե Սպեյնին։ Իհարկե, գազանի ճանկն է ընկել քուռակը, խոշոր գազանի, ու հիմա հաստատ սատկած է, որտեղ էլ որ լինի։ Բոլորն էլ գիտեին։
— Հովազ է,— մեկեն ասաց Գեներալ Քոմփսընը։– Էն հովազը։ Անցյալ տարվա մարտ ամսի եղնիկն ու ձագը...
Սեմը Մայոր դե Սպեյնին իմաց էր արել, երբ Բուն Հոգենբեքը սովորական այցով ճամբար եկավ տեսնելու՝ թե ինչպես է անասունը ձմեռել, եղնիկի կոկորդը՝ ճղված, և գազանը, խեղճ ձագի հետևից վազելով, ուժասպառ էր արել նրան ու սպանել։
— Սեմը չասաց, թե հովազ է,— ասաց Մայոր դե Սպեյնը։ Սեմը հիմա էլ ոչինչ չասաց. կանգնել էր Մայոր դե Սպեյնի թիկունքում (հացի էին նստել) խորհրդավոր կեցվածքով, կարծես սպասում էր նրանց զրույցի վերջանալուն, որպեսզի ինքը տուն գնա։ Նույնիսկ հայացքը ուղղված չէր ոչնչի։— Հովազը եղնիկի վրա կցատկի, բան չունեմ ասելու, ու հետո էլ հեշտ ու հանգիստ ձագին կբռնի։ Բայց էդ ո՞ր հովազը քուռակի վրա կհասնի՝ մոր ներկայությամբ։ Ծերուկ Բենն է, այ մարդ,— շարունակեց Մայոր դե Սպեյնը։
— Էդ նրանից չէր։ Հիասթափված եմ, որովհետև խախտում է կանոնները։ Նրանից իսկի չէի սպասում։ Շատ է սպանել իմ ու ՄքՔեզլինի շներին, բայց թե ինչ. մենք էինք շներին քսի տալիս։ Իրար հո զգուշացնում էինք։ Բայց արի ու տես, որ եկել է տունս ու սեփականությունս փչացրել։ Էն էլ ո՞ր ամսին։ Չէ, խախտեց կանոնները։ Ծերուկ Բենն է, Սեմ։— Սեմն էլի ոչինչ չէր խոսում, սպասում էր, թե Մայոր դե Սպեյնը երբ կվերջացնի։— Էգուց զամբիկի ճամփով կգնանք ու կտեսնենք,— եզրափակեց Մայոր դե Սպեյնը։
Սեմը գնաց։ Նա ճամբարում չէր ապրում, վտակի մոտ քառորդ մղոն հեռավորության վրա իր համար մի հյուղակ էր կառուցել, ինչպես Ջո Բեյքըրինը, միայն ավելի մեծ ու պինդ, նաև գերաններից մսուրք էր շինել, որտեղ խոճկորի համար եգիպտացորեն էր հավաքում (ամեն տարի խոճկոր էր պահում)։ Հաջորդ առավոտյան, երբ նրանք արթնացան, Սեմն արդեն սպասում էր։ Արդեն գտել էր քուռակին։ Նախաճաշին էլ չսպասեցին։ Հեռու չէր, ախոռից հինգ հարյուր յարդ էլ չկար, երեք ամսական քուռակն ընկած էր կողքի վրա, կոկորդը պատռված, իսկ փորոտիքն ու ազդրերից մեկը՝ մասամբ հոշոտված։ Ընկած էր, բայց չէին գցել, այլ ասես խփել էին ու շպրտել, ճանկերի, մագիլների ոչ մի հետք, որտեղից հովազը կբռներ՝ կոկորդը գտնելիս։ Տեսան խելագարված զամբիկի հետքերը, որը շրջաններ էր գործել, հետո սլացել այն նույն ծայրահեղ հուսահատությամբ, որով նախորդ օրը հարձակվել էր Սեմ Ֆադերսի վրա, տեսան սարսափալից փախուստի հետքերը, հետո գիշատչի հետքերը, որը վրա էր պրծել այն ժամանակ, երբ առաջ էր եկել մի քանի քայլ ու փախել, և Գեներալ Քոմփսընն ասաց.
— Տեր Աստված, այ քեզ գազան։ Սեմը նորից լուռ էր։ Տղան նայում էր նրան, մինչ տղամարդիկ, չոքած, հետքերն էին չափում։ Ինչ-որ բան կար Սեմի դեմքին, ոչ այն է՝ ցնծություն, որ այն է՝ ուրախություն կամ հույս։ Տարիներ անց, երբ տղան տղամարդ դարձավ, նա հասկացավ Սեմի հայացքը, և որ Սեմը սկզբից եեթ գիտեր, թե ինչ հետքեր էին դրանք, ով էր պատռել եղնիկի կոկորդը գարնանը և ով էր սպանել ձագին։ Այդ առավոտ Սեմի դեմքին կանխատեսությունն էր։ Եվ նա ուրախ էր՝ ինքն իրեն ասաց տղան։ *Սեմը ծեր էր, չուներ ոչ երեխաներ, ոչ հարազատ, չկար իր արյունը այս երկրի վրա, որպեսզի մեկին մի օր ինքը հանդիպեր։ Եթե հանդիպեր անգամ, ոչ կարող էր հպվել, ոչ խոսել հետը, որովհետև ահա արդեն յոթանասուն տարի նա ընդամենը սևամորթ էր։ Ամեն ինչ վերջացած էր հիմա, և նա ուրախ էր։*
Եկան ճամբար, նախաճաշեցին և հետ դարձան հրացաններով ու շներով։ Տարիներ հետո տղան մտածեց, որ իրենք էլ պիտի հասկանային, թե ով է սպանել քուռակին, ինչպես որ Սեմ Ֆադերսը հասկացավ։ Բայց ինքը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ էր տեսնում, թե տղամարդիկ ինչպես են օգուտ քաղում իրենց թյուր պատկերացումներից կամ նույնիսկ ազդում դրանց վրա։ Երբ զամբիկն հեծած Բունը մտրակեց շներին, սրանք սկսեցին հոտոտել ճանապարհը։ Նրանցից մեկը, տակավին անխելք մի շուն, հաչեց, մյուսները մի քանի քայլ վազեցին դեպի կարծեցյալ հետքը, հետո կանգ առան, անհամբեր հետ նայեցին տղամարդկանց՝ ոչ թե մոլորված, այլ կարծես հարցնում էին. «Հիմա ի՞նչ անենք»։ Հետո նրանք հետ վազեցին դեպի զամբիկը, որտեղ Բունը, դեռևս հեծած, նորից մտրակեց նրանց։
— Առաջին անգամ եմ տեսնում, որ հետքն էսքան շուտ սառչի,– ասաց Քոմփսընը։
— Կարող է միայնակ գայլ է, որն էնքան խոշոր է, որ կարող է քուռակին մոր հետ խեղդել, առանց հոտ թողնելու,— ասաց Մայոր դե Սպեյնը։
Քանի որ շները հետքի վրա չէին ընկնում, Մայոր դե Սպեյնը Սեմին ուղարկեց հարյուր յարդի վրա հետքը գտնելու, հետո շներին նորից հետքի վրա բերեցին, նորից փոքրը հաչեց, ու ոչ մեկը չհասկացավ, որ դա ոչ թե որսաշան հաչոց է, այլ բակապահ շան, որի բակը անծանոթ մարդ է ներխուժել։ Գեներալ Քոմփսընն ասաց տղային, Բունին ու Թենիի Ջիմին՝ սկյուռ խփողներին.
— Տղերք, շներին էս առավոտ ձեզ մոտ պահեք։ Էստեղ մոտերքում կլինի, դեռ նախաճաշելու է քուռակով։ Կարող է հանդիպեք։
Բայց ոչ։ Տղան հիշում էր՝ ինչպես էր Սեմը կանգնած դիտում կապված շներով անտառ մտնող տղամարդկանց - հիշում էր հնդկացու դեմքը, որի վրա ինքը, բացի ժպիտից ոչինչ չէր տեսել, մեկ էլ՝ քթածակերի կամարը այն առավոտ, երբ շները գտան ծերուկ Բենին։ Հաջորդ օրն էլ շներին իրենց հետ վերցրին, չնայած երբ տեղ հասան ու հույս ունեին, թե թարմ հետք կգտնեն, քուռակի մսեղիքն այլևս չկար։ Երրորդ օրը Սեմն էլ սպասում էր, այս անգամ՝ մինչև կվերջացնեին նախաճաշը։ «Գնացինք»,— ասաց ու տղամարդկանց առաջնորդեց դեպի իր տունը՝ հյուղակն ու հետևի եգիպտացորենի ամբարը։ Սեմը տեղափոխել էր եգիպտացորենը, դռան մոտ թակարդ դրել ու խայծ՝ քուռակի մսեղիքը, նայեցին գերանների արանքով ու տեսան (ինչքան որ հասցրեցին տեսնել) հրացանի կամ ատրճանակի փողի գույնի մի կենդանու, որը ոչ նստած էր, ոչ կանգնած, այլ շարժման մեջ էր, օդում, ու նրանց վրա էր գալիս՝ ծանր մարմին, որն այնպիսի ուժով էր խփվում դռանը, որ հաստ դուռն ուր որ է պոկվելու էր շրջանակից։ Կենդանին՝ ինչ կենդանի որ էր, կարծես առանց գետնին հպվելու էր նետվում դեպի դուռն ու ամեն անգամ լցվում նոր ուժով։ «Հետ եկեք,— ասաց Սեմը,— քանի դեռ վիզը չի ջարդել»։ Նրանց հեռանալուց հետո էլ ծանր հարվածները շարունակվում էին, հաստ դուռը ճռռում ու ցնցվում էր ամեն անգամ, իսկ գազանից՝ դեռևս ոչ մի ձայն, ոչ գռմռոց, ոչ ճիչ։
— Ի՞նչ կենդանի է, գրողը տանի,— ասաց Մայոր դե Սպեյնը։
— Շուն է,— ասաց Սեմը, նրա ռունգները փքվում-իջնում էին, իսկ աչքերում նույն կատաղի մշուշն էր, ինչպես այն առավոտ, երբ շները ծեր արջի վրա դուրս եկան։— Էն շունը։
— Ո՞րը,– հարցրեց Մայոր դե Սպեյնը։
— Մեր ուզածը։ Որ ծերուկ Բենին պիտի բռնի։
— Շուն թե գազան,— ասաց Մայոր դե Սպեյնը։– Ավելի լավ է իմ ոհմակում ծերուկ Բենը լինի, քան թե էդ վիրունին։ Խփի՛ր դրան։
— Չէ, ասաց Սեմը։
— Դրան վարժեցնել չի լինի։ Ի՞նչ ես անելու, որ էդ գազանը քեզնից վախենա։
— Չեմ էլ ուզում վարժեցնել,— Սեմն ասաց։ Տղան կրկին նայեց նրա ռունգներին ու տեսավ աչքերի կատաղի, մշուշոտ փայլը։— Չնայած ավելի լավ է ձեռնասուն դառնա, քան թե վախենա, ինձնից, մեկելից, ամեն ինչից։ Բայց ոչ մեկն էլ չի լինի։
— Բա ի՞նչ ես անելու դրան։
— Կտեսնենք,– ասաց Սեմը։
Երկրորդ շաբաթվա մեջ ամեն առավոտ գնում էին Սեմի ամբարը։ Սեմը տանիքից մի քանի ճալաքար էր հանել, պարանը գցել դեպի քուռակի մսեղիքն ու քաշել-հանել էր, երբ բացվել էր թակարդը։ Ամեն առավոտ նայում էին, թե ինչպես էր Սեմը ջրով դույլը իջեցնում, մինչ շունը անդուլ նետվում էր դեպի դուռը, հետ ընկնում ու նորից նետվում։ Ոչ մի ձայն չէր հանում, նրա գործողության մեջ կատաղի ոչինչ չկար, միայն՝ սառն ու կամակոր վճռականություն։ Շաբաթվա վերջին շունն այլևս չէր նետվում դեպի դուռը, բայց դեռ ինչպես հարկն է չէր թուլացել և դեռ չէր ընդունել այն իրողությունը, որ դուռը տեղի չի տա։ Կարծես թե առժամանակ արհամարհում էր դռանը։ Չէր պառկում։ Նրան դեռևս պառկած չէին տեսել։ Նա կանգնած էր, և որսորդները պարզորոշ տեսան նրան՝ մի քիչ գամփռ, մի քիչ էրդել ու տասնյակ ուրիշ ցեղատեսակների խառնուրդ, հասակը՝ մինչև ուսերը՝ ավելի քան երեսուն մատնաչափ, քաշը՝ մոտավորապես իննսուն ֆունտ, սառը, դեղին աչքեր, ահռելի կրծքավանդակ, մարմնի գույնն էլ, ասես, լեղակած փողաբերան։
Երկու շաբաթն անցավ։ Արդեն պատրաստվում էին քանդել ճամբարը։ Տղան խնդրեց մնալ, ու հորեղբորորդին թույլ տվեց։ Տղան տեղափոխվեց Սեմ Ֆադերսի փոքրիկ հյուղակը։ Ամեն առավոտ դիտում էր, թե ինչպես է Սեմը ջրով դույլը ամբար իջեցնում։ Շաբաթվա վերջին շունը պառկեց։ Բարձրանում էր, երերում, գայթելով հազիվհազ մոտենում էր ջրին, խմում ու նորից տապալվում։ Մի առավոտ նույնիսկ չհասավ ջրին, չկարողացավ գետնից բարձրացնել թաթերը։ Սեմը մի կարճ ցուպ վերցրեց ու պատրաստվում էր ամբար մտնել։ «Սպասի,— տղան ասաց,— գնամ հրացանը բերեմ»։
— Չէ,— ասաց Սեմը,— հիմի ուժ չունի շարժվելու։
Իրոք։ Սեմը շոշափեց նրա գլուխը, հյուծված մարմինը, շունն անշարժ պառկած էր, դեղին աչքերը բաց էին։ Հայացքը կատաղի չէր, դատարկ՝ թշնամության ոչ մի նշույլ, միայն՝ սառը, համարյա անանձնական չարություն, ինչ-որ բնական զորության պես մի բան։ Շունը Սեմին չէր նայում, ոչ էլ գերանների արանքից հետևող տղային։
Սեմը նորից սկսեց կերակրել շանը։ Սկզբում ինքը բարձրացրեց շան գլուխը, որպեսզի շունը լակի մսաջուրը։ Այդ գիշեր նա շանը թողեց մի աման մսաջուր՝ մսի փոքր կտորներով։ Առավոտյան ամանը դատարկ էր, շունը պառկել էր փորի վրա, գլուխը ցցած, իսկ սառը, դեղին աչքերը նայում էին դռանը, երբ Սեմը ներս մտավ, սառը, դեղին աչքերում ոչ մի փոփոխություն, և Սեմի վրա հարձակվելիս՝ տակավին ոչ մի ձայն։ Բայց շունը թուլության պատճառով դեռևս վատ էր կողմնորոշվում, Սեմը հասցրեց ցուպով խփել նրան, դուրս վազեց ու փակեց դուռը։ Եվ անմիջապես հետո շունը զարկվեց դռանը, կարծես երկու շաբաթվա սովն ամենևին չէր եղել։
Այդ օրը մեկը գոռում-գոչյունով վազեվազ եկավ անտառով, ճամբարի կողմերից։ Բունն էր։ Եկավ ու գերանների արանքից մի քիչ նայեց փորի վրա պառկած ահռելի շանը, որի գլուխը ցցված էր, դեղին ու քնատ աչքերը կկոցելով նայում էին անհայտությանը՝ իսկական անկոտրում ոգի։
— Էսպիսի մի բան անենք,— ասաց Բունը.— էս շանորդուն թողնենք բռնի ծերուկ Բենին ու շներին քսի տանք։— Հետո կարմրած ու կախ ընկած դեմքը դարձրեց տղային.— Հավաքվիր,— ասաց։— Քեզլինն ասաց տուն գաս, թե չէ էս ձի ուտող լակոտի հետ շատ ձավար արիր։
Բունը ուրիշի ջորին էր վերցրել, երկանիվ սայլը ստորոտում սպասում էր։ Այդ գիշեր տղան արդեն տանն էր։ Ամեն ինչ պատմեց ՄքՔեզլինին։
— Սեմը նրան սովի է մատնելու, մինչև որ կարողանա ներս մտնել ու ձեռք տալ, հետո կկերակրի։ Հետո, թե պետք լինի, էլի սովի է մատնելու։
— Բայց ինչի՞ համար,— ՄքՔեզլինն ասաց,— էդ ինչի՞։ Սեմի պես փորձվածն անգամ էդ վիրունուն չի ընտելացնի։
— Չենք էլ ուզում, որ ընտելանա։ Ոնց որ կա՝ էդպես ենք ուզում։ Թող վերջապես հասկանա, որ ամբարից դուրս գալու համար մենակ մի բան է պետք՝ լսել Սեմին կամ մեկ ուրիշին։ Նա է մեր ուզած շունը ու նա պիտի ծերուկ Բենի հախից գա։ Արդեն անուն ենք դրել՝ Առյուծ։
Վերջապես եկավ նոյեմբերը։ Վերադարձան ճամբար։ Գեներալ Քոմփսընի, Մայոր դե Սպեյնի, հոբեդբորորդու, Ուոլթըրի ու Բունի հետ. հրացանների, անկողինների, սննդի արկղների կողքին տղան բակում կանգնած դիտում էր, թե ինչպես են Սեմ Ֆադերսն ու Առյուծը բարձրանում կածանով. ծեր հնդկացին, պատառոտված շալվարով, ռետինե երկարաճիտներով, ոչխարի մորթուց կարած մաշված վերարկուով, գլխարկով, որը նրա (տղայի) հորն էր եղել, և նրա կողքով քայլող ահռելի, մռայլ շունը։ Բարակները պոկվեցին տեղից՝ նրանց դիմավորելու, ու միանգամից կանգ առան, բացի այն անխելք մատղաշից։ Նա վազեց դեպի Առյուծն ու սկսեց շնավարի քծնել։ Առյուծը չկծեց։ Նույնիսկ կանգ չառավ։ Մի թաթով, իսկը արջի նման, խփեց լակոտին ու հինգ-վեց ոտնաչափ մի կողմ շպրտեց, հանգիստ մտավ բակ, աչքերը քնահար կկոցեց ու առաջվա պես ոչինչ ու ոչ մեկին չէր նայում։ Մինչև որ Բունն ասաց.
— Հիսո՜ւս Քրիստոս։ Կթողնի՞ մի հատ ձեռ տամ։
— Ձեռ տուր,— Սեմն ասաց։— Իր համար մեկ է, ոչ մի բան հիմի սրա վեջը չի։
Տղան ուշադիր նայում էր։ Հաջորդ երկու տարիների ընթացքում էլ ուշադիր նայում էր շանը, սկսած այն պահից, երբ Բունը շոյեց Առյուծի գլուխը, չոքեց ու շոշափեց ոսկորները, մկանները՝ ուժը։ Ասես Առյուծը կին էր, ավելի ճիշտ՝ Բունն էր կինը։ Այո. խոշորամարմին, մռայլ ու քնատ շունը, որի համար, ինչպես Սեմ Ֆադերսն ասաց, միևնույն է՝ շնչավոր, թե անշունչ, և վայրենի, անզգա, կոպտադեմ մարդը, որի երակներում հնդկացու հեռավոր արյուն էր հոսում, և որը երեխայի ուղեղ ուներ։ Տղան տեսավ նաև, թե ինչպես Բունը Առյուծին կերակրելու պարտականությունը խլեց Սեմից ու Քեռի Աշից։ Բունը մեկ-մեկ պպզում էր խոհանոցի մոտ, սառն անձրևի տակ, մինչև Առյուծն ուտում էր։ Որովհետև Առյուծը մյուս շների հետ ոչ քնում էր, ոչ ուտում, և ոչ մեկը չգիտեր, թե որտեղ է նա գիշերում, մինչև մյուս նոյեմբեր (մինչ այդ կարծում էին, թե Առյուծը քնում է Սեմ Ֆադերսի հյուղակի մոտի շնաբնում), երբ տղայի հորեղբորորդի ՄքՔեզլինը, լրիվ պատահաբար, այդ մասին ինչ-որ բան ասաց Սեմին, ու Սեմը պատմեց։ Նույն գիշեր տղան, Մայոր դե Սպեյնը և ՄքՔեզլինը ճրագով մտան հեռավոր սենյակը, որտեղ Բունն էր քնում (անձուկ, հեղձուցիչ մի սենյակ, որտեղ Բունի աղտոտ մարմնի ու որսորդական շորերի հոտն էր փչում), և որտեղ Բունը մեջքի վրա պառկած խռմփացնում էր, հետո խեղդվելով հազաց, զարթնեց, և Առյուծն էլ նրա բարձի վրայից բարձրացրեց գլուխն ու սառը, քնատ, դեղին աչքերը հառեց նրանց վրա։
— Գրողը տանի, Բուն,— ասաց ՄքՔեզլինը,— դուրս արա էդ շանը։ Վաղն առավոտ ծերուկ Բենի վրա է գնալու։ Քո հոտն ամբողջ գիշեր շնչելուց հետո սա գարշահոտ փորսուղից բացի ուրիշ կենդանու հոտ չի առնի։
— Հլա չի պատահել, որ իմ հոտից քիթս տուժի,— ասաց Բունը։
— Քիթդ որ տուժի էլ՝ ոչինչ,— ասաց Մայոր դե Սպեյնը.– դու չես արջի հետքը գտնելու։ Շանը դուրս տար։ Թող մյուս շների հետ խոհանոցի տակ լինի։– Բունը վեր կացավ։
— Կսպանի առաջին շանը, որն հանկարծ հորանջի, փռշտա երեսին կամ թեթևակի դիպչի։
— Չեմ կարծում,— ասաց Մայոր դե Սպեյնը։— Սիրտ չեն անի սրա երեսին հորանջել կամ դիպչել, նույնիսկ քնած ժամանակ։ Դուրս տար։ Հենց վաղը ինձ նրա քիթն է պետք։ Անցյալ տարի ծերուկ Բենը ֆռռացրեց նրան։ Չեմ կարծում, թե էս տարի էլ նույնը հաջողվի։
Բունը հագավ կոշիկները՝ առանց կապելու, կեղտոտ վարտիք-շապիկով, մազերը այդպես էլ քնից գզգզված՝ Առյուծի հետ դուրս եկավ։ Մյուսները վերդարձան առջևի սենյակն ու իրենց պոկերին, որտեղ ՄքՔեզլինի և Մայոր դե Սպեյնի խաղաթղթերը սպասում էին սեղանի վրա։ Քիչ հետո ՄքՔեզլինն ասաց.
— Ուզո՞ւմ ես գնամ մի հատ էլ նայեմ։
— Չէ,— ասաց Մայոր դե Սպեյնը։— Ես եմ սկսում,— ասաց Ուոլթըր Յուելին։ Հետո նորից ՍքՔեզլինին.– Եթե գնաս էլ՝ ինձ չասես։ Ես սկսում եմ տեսնել ծերության առաջին նշանները, չեմ ուզում իմանալ, որ հրամաններս չեն կատարում, չնայած լավ գիտեմ, որ չեն կատարում։— Հետո Ուոլթըր Յուելին.– Ես՝ զույգ եմ։
— Ո՞րը,– ասաց Ոտլթըրը։
— Ամենափոքրը։
Եվ տղան, քնին սպասելիս, մգդակած վերմակների ծածկոցների տակ պառկած, գիտեր նմանապես, որ Առյուծը վերստին Բունի *անկողնում է, ամբողջ գիշեր այնտեղ կլինի, նաև հաջորդ գիշեր, նաև հաջորդ նոյեմբերի բոլոր գիշերները։ Եվ նա մտածեց. Հետաքրքիր է, թե ինչ է մտածում Սեմը։ Առյուծը նրա կողքին կարող էր չինել, չնայած որ Բունը սպիտակամորթ է։ Ավելին։ Չէ որ Առյուծին առաջինը Սեմի ձեռքն է դիպչել, և Առյուծը լավ գիտի այդ բանը։* Հետո նա տղամարդ դարձավ ու դա էլ հասկացավ։ Ամեն ինչ ճիշտ էր։ Այդպես էլ պիտի լիներ։ Սեմը առաջնորդն էր, իշխանը։ Բունը՝ ռամիկը, նրա որսորդը։ Շներին խնամելը Բունի գործն էր։
Այն առավոտ, երբ Առյուծը ոհմակին ծերուկ Բենի վրա պիտի տաներ, ճամբարում յոթ անծանոթներ հայտնվեցին։ Ճահճուտների կողմերից էին, վտիտ, դողէրոցքից հյուծված մարդիկ, որոնք, ասես, երկնքից էին իջել և այս աշխարհից չէին, սրանց գործը թակարդով ջրարջ բռնելն էր, կամ գուցե մի ծվեն հողի վրա, ստորոտի եզրին, բամբակ ու եգիպտացորեն էին աճեցնում, հագների շորերը համարյա ոչնչով առավել չէին Սեմ Ֆադեբսի շորերից (Թենիի Ջիմի հետ համեմատել անգամ չէր լինի), ունեին մաշված հրացաններ, ու երբ լույսը բացվեց, արդեն կողաբակում, սառը, մանրամաղ անձրևի տակ պպզել ու համբերատար սպասում էին։ Պատվիրակ էլ ունեին։ Այն բանից հետո, երբ Սեմ Ֆադերսը Մայոր դե Սպեյնին պատմեց, թե անցած ամառվա ու աշնան ընթացքում ինչպես են սրանք շարժվել դեպի ճամբար՝ որը մենակ, որը զույգ-զույգ, որպեսզի մի քիչ նայեն Առյուծին ու գնան, պատվիրակն ասաց.
— Բարաջողում, մայո՛ր։ Ասին էսօր էդ կապույտ շանը էն ծուռթաթի վրա եք թողնում, մենք էլ ասինք գնանք մի քիչ մտիկ անենք, դեմ հո չե՞ք։ Մեր կողմից՝ ոչ մի կրակոց, մենակ թե մեր վրա չգա։
— Բարով եք եկել,— Մայոր դե Սպեյնն ասաց։— Բարով էլ կրակեք։ Արջն ավելի շատ ձերն է, քան մերը։
— Էդ մեկը դրուստ ասիր։ Դրան էնքան եմ ջրարջով կերակրել, որ փորը լիքն է։ Էլ չեմ ասում խոճկորիս մասին, որ իրեք տարի առաջ կերավ...
— Ես էլ վատ չեմ կերակրել,— մեկ ուրիշն ասաց։— Մենակ թե փորի մեջ չէ։— Մայոր դե Սպեյնը նայեց նրան։ Խոսողը ծխածոտ էր ծամում։ Թքեց ու ասաց.– Երինջ էր։ Էն էլ ինչ երինջ։ Հերվա պատմություն է։ Երբ գտա, ոնց որ հերվա հունիսի ձեր էն քուռակը լիներ։
— Ա՛հ,– ասաց Մայոր դե Սպեյնը։– Բարով եք եկել։ Հենց որ արջին շներիս դիմաց տեսնեք՝ խփեք։
Ոչ մեկն էլ այդ օրը չխփեց ծերուկ Բենին։ Տեսա՞ն, որ խփեն։ Շները հոտն առան բացատից հարյուր յարդի վրա, որտեղ տղան էր նրան տեսել իր տասնմեկերորդ տարվա ամռանը։ Հազիվ քառորդ մղոն էր հեռու։ Լսեց շների հաչոցն ու չճանաչեց, Առյուծի ձայնն էլ չկար, ու տղան մտածեց, որ Առյուծը նրանց մեջ չէ։ Նույնիսկ այն իրողությունը, որ շներն այս անգամ ծերուկ Բենի հետեից սովորականից արագ էին վազում, այն էլ՝ առանց հիստերիկ հաչոցի, էլի տղային չհանեց մոլորությունից։ Նա այդպես էլ չհասկացավ, մինչև որ մի գիշեր Սեմն ասաց նրան, որ Առյուծը հետքի վրա չի հաչում։
— Ո՜նց է մռնչալու, երբ որ ծերուկ Բենի կոկորդից բռնի,— ասաց Սեմը։— Բայց ձենը գլուխը չի գցի, ոնց որ էն հաստ դռանն էր անձեն զարկվում։ Մեջը կապույտ շունն է խոսում։ Ո՞նց էիր ասում։
— էրդելթերիեր,– ասաց տղան։
Առյուծն այնտեղ էր։ Շները հետքի վրա ընկան համարյա գետափին։ Երբ Բունը վերադարձավ Առյուծի հետ գիշերվա համարյա տասնմեկին, երդում-պատառ էր լինում, թե Առյուծը մի անգամ կանգնեցրել է ծերուկ Բենին, բայց շները վախեցել են խառնվել, ծերուկ Բենը ճղել է արանքը, իրեն գցել գետն ու մի քանի մղոն լողալով անցել, մինչ ինքն ու Առյուծը ափով մոտ տասը մղոն իջել են, հետո մյուս ափն անցել, բայց արդեն մութն ընկած է եղել, ու իրենք չեն գտել ծերուկ Բենի ափ ելած հետքը, եթե, իհարկե, ափ ելել է ծանծաղուտի մոտ, որտեղ Բունն ու Առյուծն էին կտրել-անցել գետը։ Բունն սկսեց հայհոյել շներին, կերավ ընթրիքը, որ Քեռի Աշը պահել էր նրա համար, ու գնաց քնելու։ Քիչ հետո տղան բացեց անթարմ սենյակի դուռը, որը դղրդում էր Բունի խռմփոցից, ահռելի, մռայլ շունը բարձրացրեց գլուխը Բունի բարձից, մի պահ աչթերը թարթեց տղայի վրա ու նորից իջեցրեց գլուխը։
Հաջորդ նոյեմբերի վերջին օրը. այն օրը, որն ավանդաբար նվիրվում էր ծերուկ Բենին, արդեն համարյա երկու տասնյակ անծանոթներ էին սպասում։ Այս անգամ ոչ բոլորն էին ճահճուտներից եկել։ Շատերը քաղաքներից էին, Ջեֆերսոնի նման շրջանի կենտրոններից, լսել էին Առյուծի ու ծերուկ Բենի մասին ու եկել ականատես լինելու ահռելի կապույտ շան ու երկթաթանի ծեր արջի ամենամյա ժամադրությանը։ Ոմանք հրացան անգամ չունեին, իսկ հագի որսորդական շորերն ու երկարաճիտները դեռ երեկ խանութի դարակներում էին եղել։
Այս անգամ Առյուծը ծերուկ Բենի հոտն առավ գետից ավելի քան հինգ մղոն հեռավորության վրա, նեղը գցեց ու պահեց նրան, և այս անգամ շները միացան Առյուծին՝ մի տեսակ հուսահատ մրցակցության մեջ մտնելով նրա հետ։ Տղան լսեց նրանց ձայները, այնքան որ մոտ էր։ Լսեց Բունի աղմուկ-աղաղակը, լսեց երկու կրակոցի ձայն, երբ Գեներալ Քոմփսընը դատարկեց երկու փողերը՝ մեկի մեջ հինգ մանրագնդակ էր, մյուսի մեջ՝ մեկ խոշոր, մոտիկից կրակելով արջի վրա, բայց՝ անհնազանդ ձիու վրայից։ Տղան լսեց շներին, երբ արջը նորից դուրս պրծավ։ Հիմա նա վազում էր հևալով ու գայթելով, թոքերը պայթում էին, հասավ այն տեղը, որտեղից Գեներալ Քոմփսընն էր կրակել, և որտեղ ծերուկ Բենը սպանել էր շներից երկուսին։ Տղան տեսավ Գեներալ Քոմփսընի կրակոցներից մնացած արյունը, բայց այլևս չկարողացավ առաջ գնալ, կանգ առավ, հենվեց ծառին՝ շունչը տեղը բերելու և սրտի խփոցները հանգստացնելու համար, միաժամանակ ականջ դնելով շների ձայնին, որը գնալով նվազեց ու մարեց։
Գիշերը ճամբարում (հինգ հյուր ունեին՝ որսորդական նոր վերարկուներով ու երկարաճիտներով հինգ վախեցած անծանոթներ, որոնք ամբողջ օրը կորած էին եղել, մինչև որ Սեմ Ֆադերսը գնացել ու գտել էր նրանց) տղան լսեց շարունակությունը, թե ինչպես էր Առյուծը մեկ անգամ էլ պահել արջին, բայց միայն վայրի արյունից չխրտնող միաչքանի ջորին էր մոտեցել, իսկ ջորուն Բունն էր հեծած եղել, իսկ Բունը դեռևս ոչ մի բանի դիպուկ խփած չկար։ Հինգ անգամ Բունը օդամղիչ հրացանով կրակել էր արջի վրա, բոլորն էլ ծուռ, իսկ ծերուկ Բենը մի շուն էլ էր սպանել, դուրս պրծել, հասել գետին ու փախել։ Նորից Բունն ու Առյուծը իջել էին ափով ու շատ հեռու գնացել, մթնշաղը վրա էր հասել, իսկ մութը նրանց բռնացրել էր մի մղոնի վրա։ Առյուծն այս անգամ գտել էր ընդհատ հետքը կամ գուցե արյունը, այնտեղ, որտեղ ծերուկ Բենը ափ էր դուրս եկել, բայց Բունը բարեբախտաբար շան վզից թոկ էր կապած եղել, իջել էր ջորուց ու մի լավ ձեռնակռիվ տվել հետը, մինչև որ Առյուծին ճամբար էր բերել։ Այս անգամ Բունը ուշունց չտվեց։ Կանգնեց դռան մեջ ցեխակոլոլ, ուժասպառ, ողբերգական ու տակավին զարմացած դեմքով։
— Բաց թողի ձեռիցս,– ասաց,– քսանհինգ քայլ էր ինձնից հեռու, հինգ անգամ կրակեցի ու չկպա։
— Բայց թե արյուն թափել ենք,– ասաց Մայոր դե Սպեյնը։– Գեներալ Քոմփսընը թափեց արյունը։ Առաջներում նման բան չէինք արել։
— Բայց ախր չկպա։ Հինգ անգամ կրակեցի ու չկպա։ Առյուծն էլ կանգնած ինձ էր նայում։
— Բան չկա,— Մայոր դե Սպեյնն ասաց։– Հոյակապ արշավ էր։ Արյուն էլ թափեցինք։ Մյուս տարի Գեներալ Քոմփսընն ու Ուոլթըրը Քեյթիին կքշեն, ու նրա հախից կգանք։
Հետո ՄքՔեզլինն ասաց.
— Բուն, Առյուծն ո՞ւր է։
— Սեմի մոտ թողեցի,– ասաց Բունը (նա արդեն շրջվում էր)։– Նրա հետ քնելու բան չեմ։
Ուրեմն՝ տղան պիտի ատեր ու վախենար Առյուծից։ Բայց ոչ ատում էր, ոչ վախենում։ Երևի ճակատագիր է։ Տղային թվաց, թե ինչ-որ բան է սկսվում (թե ինչ՝ ինքն էլ չգիտեր), արդեն սկսվել էր։ Ինչպես վերջին արարվածը՝ վաղօրոք պատրաստված բեմի վրա։ Սա ինչ-որ բանի վերջի սկիզբն էր, ինքն էլ չգիտեր, թե ինչի, միայն գիտեր, որ ինքը դրանից չի վշտանա, այլ կլինի խոնարհ և հպարտ, քանի որ արժանավոր է գտնվել այդ ինչ-որ բանի մասնիկը լինելու կամ պարզապես տեսնելու համար։