Վերջին թարմացում 25 Հուլիսի 2014, 22:26

Հաղթական կամար - XXI գլուխ

22:26, 25 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - XX գլուխ Հաղթական կամար - XXII գլուխ ▶


Էժենին զլուխը ներս խրեց այն հիվանդասենյակի դռնից, որտեղ պառկած էր անստամոքս մարդը։

— Մեսյո Ռավիկ, հեռախոսի մոտ։

— Ո՞վ է կանչում։

— Չգիտեմ: Չհարցրի։ Ինձ հեռախոսավարուհին ասաց։

Ռավիկն առաջին վայրկյանին Ժոանի ձայնը չճանաչեց։ Ձայնը մի տեսակ խլացած էր և գալիս էր շատ հեռվից։

— Ժոան,— ասաց նա,— այդ որտե՞ղ ես։

Թվում էր, թե ժոանը ուրիշ քաղաքից է խոսում։ Ռավիկը նույնիսկ համոզված էր, որ նա հիմա Ռիվիերայի որևէ վայրի անուն կտա։ Մինչև այդ ժոանը երբեք Ռվիկին չէր զանգահարել կլինիկա։

— Իմ սենյակում։

— Այստե՞ղ, Փարիզո՞ւմ։

— Իհարկե։ Բա էլ որտեղ։

— Ինչ է, հիվա՞նդ ես։

— Ոչ։ Ինչո՞ւ։

— Որովհետև դու կլինիկա ես զանգահարում։

— Ես զանգահարեցի հյուրանոց: Բայց դու չկայիր։ Որոշեցի զանգահարել կլինիկա։

— Բա՞ն է պատահել։

— Ի՞նչ։ Ի՞նչ պետք է պատահեր։ Պարզապես ուզում էի իմանալ ինչպես ես:

Ժոանի ձայնը հիմա արդեն հնչում էր ավելի պարզ: Ռավիկը գրպանից մի սիգարետ հանեց և մի շերտավոր լուցկի։ Հետո լուցկու շերտը դնելով սեղանին ու արմունկը սեղմելով վրան, մի հատ պոկեց, վառեց սիգարետը։

— Սա կինիկա է, Ժոան,— ասաց Ռավիկը,— իսկ կլինիկայում մարդ միշտ կամ դժբախտ պատահարների մասին է մտածում, կամ հիվանդությունների։

— Ես հիվանդ չեմ։ Անկողնում եմ, բայց հիվանդ չեմ։

— Ավելի լավ։

Ռավիկը լուցկու շերտը սեղանի սպիտակ մոմլաթի վրա այս ու այն կողմ էր քսում և սպասում, թե ինչ է լինելու։

Ժոանը նույնպես սպասում էր։ Ռավիկը լսում էր, թե նա ինչպես է շնչում։ Ժոանն ուզում էր, որ խոսակցությունն սկսի Ռավիկը։ Այդպես իր համար հեշտ կլիներ։

— Ժոան,— ասաց Ռավիկը,— ես երկար հեռախոսի մոտ կանգնել չեմ կարող, հիվանդի վիրակապը բացել, բայց չեմ կապել, պետք է գնամ։

Ժոանը մի վայրկյան ոչինչ չասաց։

— Ինչո՞ւ չես տեղեկություններ հայտնում քո մասին։— Վերջապես հարցրեց Ժոանը։

— Չեմ հայտնում, որովհետև, ոչ հեռախոսիդ համարը գիտեմ, ոչ հասցեդ։

— Ես քեզ և հեռախոսի համարն եմ տվել և հասցես։

— Ոչ, Ժոան, չես տվել։

— Տվել եմ։— Նա իրեն ավելի վստահ զգաց։— Ես դա շատ լավ եմ հիշում։ Դու, ըստ երևույթին, մոռացել ես։

— Էհ, թող այդպես լինի, ես մոռացել եմ։ Որ այդպես է, նորից ասա գրեմ, մատիտը ձեռքիս է։

Ժոանը Ռավիկին ասաց իր հասցեն ու հեռախոսի համարը։

— Բայց ես համոզված եմ, որ ասել եմ քեզ, Ռավիկ։ Դրանում կասկած լինել չի կարող։

— Շատ լավ, Ժոան։ Ես երկար կանգնել չեմ կարող։ Այսօր երեկոյան չընթրե՞նք միասին։

Ժոանը մի պահ լռեց։

— Իսկ ինչո՞ւ չես ուզում մի անգամ այցելության գալ ինձ,― հարցրեց վերջապես Ժոանը։

— Լավ։ Կարող եմ գալ։ Երեկոյան ութին գա՞մ։

— Իսկ ինչո՞ւ ոչ հիմա։

— Որովհետև հիմա ես աշխատանքի եմ։

— Ինչքա՞ն ժամանակ ես դեռ աշխատանքի լինելու։

— Մոտավորապես մի ժամ։

— Ուրեմն, հենց մի ժամից հետո էլ արի։

Ահա թե ի՜նչ, դու երեկոյան ժամանակ չունես, մտածեց Ռավիկը, և իսկույն հարցրեց.

— Իսկ ինչո՞ւ ոչ երեկոյան։

— Ռավիկ,— ասաց ժոանը,— երբեմն դու ամենահասարակ բաները չես հասկանում։ Ես պարզապես ուզում եմ, որ դու հիմա գաս։ Չեմ ուզում սպասել մինչև երեկո։ Այլապես ինլո՞ւ պետք է ես այս ժամին կլինիկա զանգահարեի։

— Որ այդպես է, լավ։ Գործս հենց վերջացրի, կգամ։

Ռավիկը մտքերի մեջ ընկած, հասցեով թուղթը ծալեց ու վերադարձավ իր գործին։


Դա Պասկալ փողոցի անկյունում գտնվող մի տուն էր։ ժոանն ապրում էր վերջին հարկում։

— Համեցիր,— ասաց Ժոանը, բացելով դուռը։— Ինչ լա՜վ է, որ եկար։ Ներս արի։

Ժոանի հագին մի հասարակ սև գույնի խալաթ էր, որ կարծես տղամարդու վրա ձևած լիներ։ Ռավիկին դուր էր գալիս, որ նա շքեղ մետաքսներից ու նրբագործ շղարշներից կարած աչքի զարնող բաներ չէր հագնում։ Նրա դեմքը սովորականից ավելի գունատ էր և փոքր֊ինչ հուզված։

— Ներս արի,— կրկնեց Ժոանը։— Ես արդեն սպասում էի քէզ։ Վերջին հաշվով դու պետք է տեսնես, թե ես ինչպես եմ ապրում ։

Ժոանը անցավ առաջ։ Ռավիկի երեսին մի ժպիտ հայտնվեց, հմո՜ւտ է այսպիսի գործերում։ Նախապես կանխում է ամեն տեսակի հարցուփորձերը։ Ռավիկը աչքը գցեց նրա գեղեցիկ ուղիղ ուսերին։ Վառ լույսի տակ նրա մազերը շողշողում էին։ Մի վայրկյան Ռավիկին թվաց, թե ինքը շունչը կտրվելու չափ սիրում է նրան։

Ժոանը նրան աոաջնորդեց մի հսկայական, կեսօրյա արևով ողողված սենյակ, որը նկարչի արվեստանոց էր։ Բարձր լայն լուսամուտը նայում էր Ռաֆայելի և Պրուդոնի ավենյուների միջև ընկած զբոսայգուն։ Աջ կողմից երևում էր Պորտ դելա Մյուետը, որի հետևում ոսկեգույն մշուշում կանաչին էր տալիս Բուլոնյան անտառի մի մասը։

Սենյակը կահավորված էր կիսամոդեռն ոճով։ Մի մեծ թախտ, որ երեսպատված էր մուգ կապույտ թավիշով։ Մի քանի բազկաթոռներ, որոնք տեսքից ավելի հարմարավետ էին երևում, քան իրականամ էին։ Շատ ցածրիկ սեղաններ, ֆիկուսի մի ծառ, ամերիկյան մի ռադիոլա և Ժոանի ճամպրուկը, որ դրված էր սենյակի անկյունը։ Ընդհանրապես սենյակը շատ հաճելի էր, բայց Ռավիկին դուր չեկավ։ Նա ընդունում էր կամ այն, ինչը խիստ նրբաճաշակ էր, կամ այն, ինչի մեջ ճաշակը լրիվ բացակայում էր կիսատ-պռատ բաները նրա սրտին ոչինչ չէին ասում։ Իսկ ինչ ֆիկուսին էր վերաբերվում, տանել չէր կարողանում։

Ռավիկը նկատեց, որ Ժոանը զննում է իրեն։ Ժոանը չգիտեր, թե Ռավիկն ինչպես կվերաբերվի այդ ամենին, բայց նա վստահորեն հրավիրեց նրան։

— Շատ լավ է,— ասաց Ռավիկը։— Ընդարձակ է և գեղեցիկ։

Հետո նա մոտեցավ ռադիոլային և բարձրացրեց կափարիչը։ Դա հիանալի մի ապարատ էր, որի մեխանիզմը ավտոմատիկ կերպով փոխում էր ձայնապնակները։ Նրա կողքին գտնվող սեղանի վրա ձայնապնակների մի հսկայական կույտ կար։ ժոանը վերցրեց նրանցից մեկը և դրեց ռադիոլայի վրա։

— Դու գիտե՞ս ոնց է աշխատում։

— Ոչ,— ասաց Ռավիկը, թեև գիտեր։

Ժոանը միացրեց։

— Հիանալի բան է։ Ժամեր շարունակ նվագում է։ Վեր կենալու և ձայնապնակներ դնելու կամ փոխելու ոչ մի անհրաժեշտ տություն չկա։ Մարդ կարող է պառկել, լսել երաժշտությունը, նայել, թե դրսում ինչպես է խտանում խավարը, և երազել։

Ռադիոլան իսկապես որ սքանչելի էր։ Ռավիկին ծանոթ էր նրա մակնիշը և գիտեր, որ գինը մոտավորապես քսան հազար ֆրանկ է։ Ռադիոլան սենյակը լցրել էր մեղմ, քնքուշ և մի տեսակ լողացող երաժշտությամբ — փարիզյան սենտիմենտալ մի երգով. «J'attendrai...»։

Ժոանը փոքր֊ինչ առաջ թեքված կանգնել ու լսում էր։

— Քեզ դո՞ւր է գալիս,— հարցրեց նա Ռավիկին։

Ռավիկը գլխով արեց։ Նա ոչ թե ռադիոլային էր նայում, այլ Ժոանին, նայում էր նրա երեսին, որը կարծես խանդավառվել և լուծվել էր երաժշտության մեջ։ Որքա՜ն հեշտ է Ժոանը հրապուրվում։ Ինչքա՜ն էր սիրում Ռավիկը նրա մեջ այդ թեթևությունը, որից ինքը զուրկ էր։ Վերջացավ, մտածեց նա, առանց ցավ զգալու և այնպիսի մի զգացումով, ինչպիսին մարդ ունենում է, երբ թողնում է Իտալիան և վերադառնում մառախլապատ հյուսիս։

Ժոանն ուղղվեց և ժպտաց։

— Արի այստեղ... դու դեռ ննջարանը չես տեսել։

— Իսկ իմ տեսնելը շա՞տ է կարևոր։

Ժոանը մի վայրկյան փորձող հայացքով նայեց նրան։

― Ինչ է, դու չե՞ս ուզում տեսնել։ Ինչո՞ւ։

— Ուզում եմ, ո՞վ ասաց չեմ ուզում։— Վրա բերեց Ռավիկը։— Իհարկե ուզում եմ տեսնել։

Ժոանը շոյեց Ռավիկի երեսը և համբուրեց։ Ռավիկը զգաց, թե նա ինչո՛ւ այդ արեց։

— Գնանք,— ասաց Ժոանը և քաշեց Ռավիկի ձեռքից։


Ննջարանը կահավորված էր ֆրանսիական ճաշակով։ Լյուդովիկոս XVI-ի ոճով մեծ մահճակալին հմտորեն անտիքվարային տեսք էր տրված։ Նույն ճաշակով էր նաև հարդարանքի երիկամաձև սեղանը։ Ննջարանում կային կեղծ բարոկկոյի ոճի մի հայելի, աբյուսոնյան մի գորգ, աթոռներ, մի քանի բազկաթոռ, որոնք թվում էր, թե վերցված են ինչ-որ էժանագին կինոնկարահանող ստուդիայից։ Դրանց մեջ էր նաև տասնվեցերորդ դարի ֆլորենցիական մի շատ գեղեցիկ, նախշաքանդակ սնդուկ, որը ոչ մի կերպ չէր ներդաշնակվում իրեն շրջապատող իրերի հետ և նման էր հարստացած քաղքենիների մեջ ընկած արքայադստեր։ Սնդուկը խրած էր անկյուններից մեկը և մատնված անուշադրության։ Նրա թանկագին կափարիչի վրա մանիշակներով մի կանացի գլխարկ կար և մի երկու զույգ արծաթագույն կոշիկներ։

Անկողինը հավաքված չէր։ Ռավիկը տեսավ ժոանի պառկած տեղը։ Հարդարանքի սեղանին դրված էին բազմաթիվ դուխիների սրվակներ։ Պատի մեջ գտնվող պահարաններից մեկի դուռը բաց էր, որտեղից երևում էին նրա մեջ կախած բազմաթիվ շորերը։ Նրանք հիմա ավելի շատ էին, քան Ժոանը մինչ այդ ունեցել էր։ Ռավիկի ձեռքը բռնած, Ժոանը հենվել էր նրան։

— Քեզ դո՞ւր է գալիս սենյակս։

— Լավ է։ Սազում է քեզ։

Ժոանը գլխով արեց։ Ռավիկն զգաց նրա թևերի և կրծքի հպումը և, առանց երկար մտածելու, նրան քաշեց իրեն։ ժոանը չդիմադրեց։ Նրանք կանգնել էին ամուր սեղմված իրար։ ժոանի դեմքը միանգամայն հանգիստ էր, այնտեղից անհետացել էր թեթև այն հուզմունքը, որը հայտնվել էր դեռ սկզբում։ Այդ դեմքի վրա հիմա միայն մի պայծառ վստահություն կար, թվում էր, թե ժոանը փայլում է գազանի մի գոհունակությամբ և գրեթե հազիվ նկատելի ինչ֊որ հաղթանակով։

Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ, մտածեց Ռավիկը։ Բավական չէ, որ ես այստեղ երկրորդ կարգի վարձու պարողի դեր եմ կատարում, նա դեռ միամիտ անամոթությամբ ինձ ցույց է տալիս այն բնակարանը, որն իր սիրեկանն է կահավորել, և դրա հետ միասին էլ այնպիսի տեսք է ընդունել, կարծես Սամոթրակյան Նիկան լինի։

— Ափսոս, որ դու այսպիսի բնակարան չես կարող ունենալ,— ասաց Ժոանը։— Սրա մեջ մարդ իրեն բոլորովին ուրիշ է զգում։ Ոչ այնպես, ինչպես հյուրանոցային տխուր համարներում։

— Դու իրավացի ես։ Ինձ համար հաճելի էր այս տեսնելը։ Իսկ հիմա ես արդեն գնում եմ, Ժոան...

— Գնո՞ւմ ես։ Արդե՞ն։ Չէ՞ որ ընդամենը մի քանի րոպե է, ինչ եկել ես։

Ռավիկը բռնեց նրա ձեռքերր։

— Ես գնում եմ, Ժոան։ Եվ գնում եմ ընդմիշտ։ Դու ապրում ես ուրիշի հետ։ Իսկ կանանց, որոնց ես սիրում եմ, ուրիշ տղամարդկանց հետ չեմ բաժանում։

Ժոանը թափով ձեռքերը ետ քաշեց։

— Ի՞նչ։ Ինչ ես ասո՞ւմ։ Ես... Դա քեզ ո՞վ է ասել... ի՜նչ սրիկայություն է։— Ժոանը նայեց ուղիղ Ռավիկի աչքերին։— Ես արդեն հասկանում եմ... Ո՞վ կարող էր ասել, բացի Մորոզովից, այդ...

— Մորոզովն ինձ ոչինչ չի ասել։ Ես որևէ մեկի ասելու կարիքը չեմ զգում։ Դա ինքս եմ ասում։

Ժոանի երեսը զայրույթից սփրթնեց։ Նա արդեն վստահ էր, որ հասել է իր նպատակին, և երբեք մաքովը չէր անցնի, թե հանկարծ այսպիսի շրջադարձ կարող է տեղի ունենալ։

— Հասկանա՜լի է։ Եթե ես այսպիսի բնակարան ունեմ և այլևս «Շեհերազադեում» չեմ ծառայում, ուրեմն, կա մեկը, որն ինձ պահում է իր հաշվին։ Ապա ուրիշ ինչպե՜ս կարող է լինել։

— Ես քեզ չասացի, որ ուրիշի հաշվին ես ապրում։

— Դա միևնույն է։ Դու չասացիր, բայց ինքնըստինքյան հասկանալի է։ Սկզբում դու ինձ տեղավորեցիր «Շեհերազադեում», գիշերային այդ գարշելի ակումբում, հետո թողեցիր մենակ, և, եթե ես որևէ մեկի հետ խոսել եմ, կամ դիմել եմ մեկնումեկի օգնությանը, ուրեմն, իսկույն դարձել եմ ուրիշի սիրուհի, ուրիշի հաշվին ապրող։ Միայն դռնապանը կարող է այսպիսի կեղտոտ երևակայություն ունենալ, ուրիշ ոչ ոք։ Իսկ որ կինն ինքը կարող է իրենից որևէ բան ներկայացնել, որ նա ինքը կարող է աշխատել և հասնել որևէ բանի — իհարկե, թեյի փող մուրացող այդ ծառայի համար անհասանելի է։ Եվ դու էլ մեղադրում ես ինձ դրանում։ Դո՛ւ և ոչ թե մի ուրիշը։ Ինչպե՞ս չես ամաչում, Ռավիկ։

Ռավիկն անսպասելիորեն շրջեց Ժոանին, բռնեց նրա արմունկներից, վեր բարձրացրեց ու շպրտեց անկողնու վրա։

— Ահա քեզ,— ասաց նա։— Եվ վերջ տուր հիմարություններիդ։

Ժոանն անսպասելիությունից այնպես շշմեց, որ հենց ընկած տեղում էլ մնաց պառկած։

— Գուցե նաև ծեծե՞ս,— զայրագին հանդիմանությամբ ասաց նա Ռավիկին։

— Ոչ։ Ես ուզում եմ, որ այդ անհեթեթություններիդ վերջ տաս։

— Հիմա ծեծելն ինձ նույնպես չէր զարմացնի,— ասաց Ժոանը ատամների արանքից։— Այո, դա նույնպես չէր զարմացնի։

Նա մահճակալին անշարժ մնացել էր պառկած։ Գունաթափ դեմքին ոչ մի արտահայտություն չկար, շուրթերը սփրթնել էին, անկենդան աչքերը փայլում էին, ինչպես ապակին։ Կուրծքը կիսով չափ բաց էր, ոտքի մեկը մերկ կախվել էր մահճակալի կողից։

— Ես զանգահարեմ քեզ,— ասաց Ժոանը,— ես մտքովս ոչինչ չանցկացնեմ, ուրախանամ, ցանկանամ քեզ հետ լինել և հանկարծ դու այսպե՞ս վերաբերվես ինձ... քեզ այդպես վայրենաբա՞ր պահես,— զզվանքով կրկնում էր նա... մինչդեռ ես կարծում էի, թե դու ուրիշ ես։

Ռավիկը կանգնել էր ննջարանի դռան շեմին։ Նա տեսնում էր կեղծ կահավորանքով սենյակը, տեսնում էր մահճակալին ընկաժ ժոանին և զգում էր, թե որքան լավ է այդ ամբողջ կահավորանքը սազում Ժոանին, նա զայրանում էր իր վրա, թե ինչո՞ւ խոսակցություն բացեց այդ մասին։ Նա պետք է հեռանար առանց որևէ բան ասելու, և գործը դրանով կվերջանար։ Բայց այդ դեպքում էլ Ժոանը կգար նրա մոտ, և դարձյալ նույն բանը տեղի կունենար։

— Այո, ես կարծում էի դու ուրիշ ես,― կրկնեց նա,― ես քեզանից այդ չէի սպասում։

Ռավիկը ոչինչ չպատասխանեց։ Այդ ամենը սոսկալի էժան էր և անտանելի։ Հանկարծ նա դադարեց հասկանալոլց, թե այդ ինչպե՞ս էր երեք օր շարունակ իրեն համոզում, որ եթե Ժոանը չվերադառնա, ինքը մեկընդմիշտ կկորցնի քունն ու հանգիստը։ Իսկ հիմա նրա ի՞նչ գործն էր այդ ամենը։ Նա գրպանից մի սիգարետ հանեց, դրեց բերանը և վառեց։ Բերանը չորացել էր։ Նա լսում էր ռադիոլայի ձայնը, որր դեռ շարունակում էր նվագել հարևան սենյակում։ Նորից էր հնչում սկզբում դրած «J’attendrai...» երգը... Ռավիկը գնաց հարևան սենյակը և ռադիոլան անջատեց։

Երբ նա վերադարձավ, ժոանը դեռ պառկած էր իր տեղում, թվում էր, թե նույնիսկ չի էլ շարժվել։ Բայց խալաթը բացված էր առաջվանից ավելի լայն։

— Ժոան,— ասաց Ռավիկը,— որքան քիչ խոսենք դրա մասին, այնքան լավ...

— Խոսակցությունը ե՛ս չսկսեցի։

Ռավիկն այնպե՜ս կխփեր նրա գլխին դուխու այս սրվակներից մեկը։

— Ես գիտեմ,— ասաց Ռավիկը։— Ես ինքս այդ խոսակցությունն սկսեցի, ինքս էլ հիմա վերջացնում եմ։

Նա շրջվեց ու գնաց դեպի ելքը։ Բայց մինչ ինքը կհասներ դռանը, Ժոանը կանգնեց նրա առաջ։ Նա դուռը շրխկացնելով ծածկեց ու, ձեռքերը հորիզոնական տարածելով, փակեց Ռավիկի ճանապարհը։

— Այդպես, ուրեմն,— ասաց Ժոանը,— դու խոսակցությունը դադարեցնում ես։ Դու խոսակցությունը դադարեցնում ես և գնում։ Ամենահեշտը դա է, ճի՞շտ է։ Բայց ես դեռ քեզ պետք է որոշ բաներ ասեմ։ Ասելու շատ բաներ ունեմ։ Դու, դու ինքդ ինձ տեսար «Կլոշ դ'Օրում», տեսար, թե ես ում հետ էի, և երբ այդ նույն գիշերը եկա քեզ մոտ, դու արդեն ամեն ինչի նկատմամբ անտարբեր էիր, քնեցիր ինձ հետ... Առավոտյան դարձյալ անտարբեր էիր, դու դեռ բավարարված չէիր, և նորից քնեցիր ինձ հետ, ու ես սիրում էի քեզ, դու այնքան լա՜վն էիր։ Ինձ ոչինչ չէիր հարցնում, և դրա համար ես քեզ սիրում էի, ինչպես երբեք։ Ես գիտեի, որ դու այդպիսին ես լինելու, և ոչ ուրիշ կերպ, երբ քնած էիր, ես լաց եղա, և համբուրեցի քեզ, և երջանիկ էի, և տուն գնացի, և աղոթում էի, քեզ աստվածացնելով... իսկ հիմա... Հիմա դու եկել ես և երեսովս ես տալիս այն, ինչ այն գիշերը այնքան մեծահոգորեն ձեռքի արհամարհական շարժումով մի կողմ հրեցիր և մատնեցիր մոռացության։ Հիմա դու նորից ես այդ ամենը դուրս հանում և հանդիմանելով ինձ, վիրավորված անմեղություն ես խաղում, տեսարաններ սարքում ինձ համար, ինչպես խանդոտ ամուսին։ Ի՞նչ ես ուզում ինձանից։ Որո՞նք են քո ունեցած իրավունքներն իմ հանդեպ։

— Ես քո հանդեպ ոչ մի իրավունք չունեմ,— ասաց Ռավիկը։

— Լավ է, որ գոնե այդ հասկանում ես։ Ուրեմն, ինչո՞ւ այդ բոլորը շպրտեցիր իմ երեսին։ Ինչո՞ւ նույն ձևով ինձ հետ չվարվեցիր, երբ այն գիշեր ես քեզ մոտ եկա։ Այն ժամանակ դու իհարկե...

— Ժոան,— ասաց էՒավիկը։

Ժոանը կարծես համրացել էր։ Նա աչքերը առանց Ռավիկի երեսից հեռացնելու արագ֊արագ շնչում էր։

— Ժոան,— ասաց նա,— այն գիշերը, երբ ինձ մոտ եկար, ինձ թվաց, թե դու վերադարձար։ Դա ինձ համար բավական էր։ Անցյալն ինձ չէր հետաքրքրում։ Բայց ես սխալվում էի։ Դու չվերադարձար։

— Ես չվերադարձա՞։ Բա ո՞վ վերադարձավ։ Ո՞վ եկավ քեզ մոտ։ Ոգի՞ էր, ինչ էր քեզ մոտ եկողը։

— Դու եկա՛ր ինձ մոտ։ Բայց չվերադարձար։

— Դա ինձ համար անհասկանալի է։ Ես կուզեի իմանալ, թե ի՞նչ տարբերություն կա դրանց միջև։

— Այդ դու ինքդ էլ գիտես։ Ես այն ժամանակ դա չգիտեի։ Հիմա արդեն գիտեմ։ Դու ուրիշի հետ ես ապրում։

— Թող այդպես լինի։ Ես ուրիշի հետ եմ ապրում։ Նորից նույն բանը։ Եթե ես մի երկու ընկեր ունեմ, ուրեմն, ես ուրիշի հե՞տ եմ ապրում։ Ի՞նչ անեմ, ամբողջ օրը փակվեմ, մնամ տանը նստա՞ծ։ Այլնս ոչ ոքի հետ չխոսե՞մ, որպեսզի չասես, թե ես ուրիշի հետ եմ ապրում։

— Ժոան,— ասաց Ռավիկը։— Քեզ ծիծաղելի մի դարձրու։

— Ծիծաղելի՞։ Ո՞վ է ծիծաղելին։ Դու ինքդ ես ծիծաղելի։

— Թող այդպես լինի։ Հիմա ի՞նչ է, ուզում ես, որ ես քեզ ուժո՞վ ետ քաշեմ դռնից։

Ժոանը տեղից չշարժվեց։

— Ասենք թե ես նույնիսկ ինչ-որ մեկի հետ մոտ եմ եղել, դա քո ի՞նչ գործն է։ Դու ինքդ ասացիր, որ դա քեզ չի հետաքրքրում։

— Շատ լավ։ Չէր էլ հետաքրքրում։ Ես կարծում էի, թե դրանով ամեն ինչ կվերջանա։ Ինչ եղել էր, եղել։ Այդ արդեն անցած բան էր։ Բայց ոչ, ես սխալվեցի, թեև ամեն ինչ պարզ էր։ Հնարավոր է, որ ես ինքս ուզում էի ինձ խաբել։ Թուլություն է, ի՛նչ կարող ես անել... Բայց դա ոչինչ չի փոխում։

— Ինչո՞ւ չի փոխում։ Եթե դու տեսնում ես, որ իրավացի չես...

— Բանն այստեղ իրավացին և անիրավացին չէ։ Դու ոչ թե ինչ֊որ մեկի հետ ես եղել, դու մեկի հետ ես նաև հիմա։ Եվ այդ ձևով էլ ուզում ես շարունակել։ Ես այն ժամանակ դա չգիտեի։

― Մի՛ ստիր,— հանկարծ շատ հանգիստ ընդհատեց նրան Ժոանը։— Դու այդ միշտ էլ իմացել ես։ Այն ժամանակ նույնպես։

Ժոանը նայեց ուղղակի նրա աչքերին։

— Լավ,— ասաց Ռավիկը։— Ենթադրենք, գիտեի։ Բայց չէի ուզում իմանալ։ Գիտեի, չէի հավատում։ Դու այդ չես հասկանում։ Կնոջ համար դա անհասկանալի է։ Բայց բանն ամենևին էլ այդ չէ,― հանկարծ Ժոանի դեմքին վայրի մի սարսափ հայտնվեց։

— Ես չեմ կարող մի մարդու առանց որևէ պատճառի հեռացնել ինձանից, եթե նա ինձ ոչ մի վատ բան չի արել... հեռացնել լոկ այն պատճառով, որ դու անսպասելիորեն հայտնվել ես։ Մի՞թե դա չես հասկանում։

— Հասկանում եմ,— ասաց Ռավիկը։

Ժոանը կանգնել էր նրա առաջ ինչպես անկյուն քշած մի կատու, որը ուզում է թռչել, բայց հանկարծ հողը ոաքերի տակից հեռացել է։

— Հա, հասկանո՞ւմ ես,— զարմացած հարցրեց Ժոանը։ Նրա աչքերից լարվածությունը չքացավ և ուսերը մի տեսակ կախ ընկան։― Բա ինչո՞ւ ես ինձ այդպես տանջում, եթե հասկանում ես,— հարցրեց նա հոգնած։

— Մի կողմ քաշվիր դռնից։

Ռավիկը նստեց բազկաթոռներից մեկին, որն իսկապես էլ առանձին հարմարավետություն չուներ։ ժոանը անվճռական դեռ կանգնած էր տեղում։

— Դռնից մի կողմ քաշվիր,— կրկնեց Ռավիկը։— Չեմ փախչի։

Ժոանը դանդաղ մոտեցավ թախտին ու ընկավ նրա վրա, թվում էր նա ամբողջովին ուժասպառվել է, բայց Ռավիկը տեսնում էր, որ դա ամենևին էլ այդպես չէ։

— Ինձ մի բան տուր խմեմ,— ասաց նա Ռավիկին։

Ուզում է ժամանակ շահել, մտածեց Ռավիկը։ Բայց նրա համար դա միևնույն էր։

— Որտե՞ղ են շշերը,— հարցրեց Ռավիկը։

— Պահարանում են։

Ռավիկը բացեց ցածրիկ պահարանը, որտեղ բավական շատ շշեր կային դրված։ Նրանց մեծ մասը անանուխի սպիտակ թրմօղի էր։ Ռավիկը զզվանքով նայեց այդ շշերին և դրանք մի կողմ հրեց։ Պահարանի անկյունում նրա աչքին ընկավ կես շիշ «մարտել» և մի անբացել շիշ կալվադոս։ Ռավիկը դրանց ձեռք չտվեց, վերցրեց մի շիշ կոնյակ։

— Դու հիմա խմո՞ւմ ես անանուխի թրմօղի,— ուսի վրայով հարցրեց նա Ժոանին։

— Ոչ,― պատասխանեց ժոանը նստած տեղից։

— Հիանալի է։ Ուրեմն, կոնյակ եմ բերում։

— Կալվադոս կա,— աաաց ժոանը։— Կալվադոս բաց արա։

— Կոնյակը բավական է։

— Կալվադոսը բաց արա։

— Թող մնա մի ուրիշ անգամ։

— Ես կոնյակ չեմ ուզում։ Կալվադոս եմ ուզում։ Եվ խնդրում եմ, շիշը բացես։

Ռավիկը նորից նայեց պահարանը։ Աջ կողմում դրված էր անանուխի սպիտակ թրմօղի այն մեկի համար, ձախ կողմում կալվադոսն էր՝ իր համար։ Դրա մեջ մի տեսակ սրտաշարժ տնարարություն և կարգուկանոն կար։ Նա վերցրեց կալվադոսի շիշը և բացեց։ Վերջին հաշվով ինչո՞ւ չբացեր Կալվադոսը, նրանց սիրելի խմիչքը, գրեթե խորհրդանիշ է, և բաժանման այդ հիմար տեսարանը, այդ սենտիմենտալությունները... Ռավիկը երկու բաժակ վերցրեց և մոտեցավ սեղանին։ ժոանը նայում էր, թե նա ինչպես է լցնում կալվադոսը։

Վիթխարի և ոսկյա կեսօրը կանգնած էր լուսամուտի առաջ։ Ինչքա՜ն լույս կար, ինչպիսի գույներ կային և ինչպիսի պարզ, լուսաողող երկինք։ Ռավիկը նայեց ժամացույցին։ Երեքն անց էր մի քանի րոպե։ Նա աչքր գցեց վայրկյանի սլաքի վրա, թվաց, թե նա կանգնած է։ Սակայն վայրկյանի սլաքը ոսկյա փոքրիկ կտուցի նման տկտկացնելով շարունակում էր իր ընթացքը։ Ընդամենը կես ժամ է, ինչ ես այստեղ եմ, մտածեց Ռավիկը։ Ոչ ավելին... Անանուխի թրմօղի... ինչ գարշելի բան է։

Ժոանը բարձրացավ կապույտ թախտին։

— Ռավիկ,— ասաց նա մեղմ, հոգնած և զգույշ ձայնով։— Նորի՞ց ինչ-որ խորամանկ քայլ էր, թե իսկապես դու հասկանում ես այն, ինչի մասին խոսում էինք։

— Ոչ, խորամանկ չէ, հասկանում եմ։

— Հասկանո՞ւմ ես։

— Այո։

— Ես այդպես էլ գիտեի,— Ժոանը ժպտաց նրան։— Ես այդպես էլ գիտեի, Ռավիկ։

— Այստեղ չհասկանալու բան չկա։ Ամեն ինչ պարզ է։

Ժոանը գլխով արեց։

— Մի քիչ ժամանակ տուր։ Ես այդպես արագ չեմ կարող։ Նա ինձ ոչ մի վատ բան չի արել։ Չէ՞ որ ես չգիտեի, դու երբևէ կվերադառնա՞ս արդյոք։ Ես դա միանգամից չեմ կարող նրան ասել։

Ռավիկը կոնծեց իր բաժակը։

— Իմ ինչի՞ն են պետք այդ մանրամասնությունները։

— Դու պետք է դա իմանաս։ Դու պետք է հասկանաս այդ։ Բանն այն է, որ ես... Ոչ, ինձ մի քիչ ժամանակ է պետք... միանգամից չեմ կարող... նա... Ես չգիտեմ, թե նա ինչ կարող է անել... Նա ինձ սիրում է։ Զգում է իմ կարիքը։ Չէ՞ որ նա դրանում ոչ մի մեղք չունի։

― Ո՞վ ասաց, որ ունի։ Դու կարող ես չշտապել։ Վերցրու աշխարհի ամբողջ ժամանակը քեզ, ժոան։

— Ոչ... աշխարհի ամբողջ ժամանակը ինձ պետք չէ։ Ինձ մի քիչ ժամանակ է պետք։ Միանգամից անհնար է։— Ժոանը ետ ընկավ բարձին։— Իսկ ինչ այս բնակարանին է վերաբերում, Ռավիկ, ապա դա ամենևին էլ այնպես չէ, ինչպես, գուցե, դու ես մտածում։ Ես ինքս եմ փող աշխատում։ Ավելի շատ, քան առաջ։ Նա միայն ինձ օգնում է։ Ինքը դերասան է։ Կինոնկարներում ես փոքրիկ դերեր եմ կատարում։ Նա է ինձ տեղավորել։

— Ես այդպես էլ ենթադրում էի։

Ժոանը նրա ասածին ուշադրություն չդարձրեց։

— Ես առանձնապես մեծ տաղանդի տեր չեմ,— ասաց ժոանը։— Եվ մեծ հույսեր չեմ կարող ունենալ։ Բայց ես ուզում եմ այդ գիշերային ակումբից՝ «Շեհերազադեից» ուղղակի դուրս պրծնել։ Ես այնտեղ, միևնույն է, ոչնչի հասնել չէի կարող։ Այստեղ դա հնարավոր է։ Նույնիսկ առանց տաղանդի։ Ես ուզում եմ անկախ լինել։ Քեզ այս ամենը ծիծաղելի՞ է թվում...

— Ինչո՞ւ է ծիծաղելի թվում,— ասաց Ռավիկը,— ընդհակառակը, շատ խելացի է։

Ժոանը նայեց նրա երեսին։

— Եվ մի՞թե հենց դրա համար չէ, որ դու Փարիզ ես եկել,— հարցրեց Ռավիկը։— Իհարկե, դրա համար է։

Ահա դու նստած ես իմ առջև, մտածեց Ռավիկը, անմեղ, լուռումունջ, տանջալից տեսքով, որին կյանքն ու ես այնքա՜ն տառապանքներ ենք պատճառել։ Հիմա դու հանգիստ ես։ Առաջին փոթորիկն արդեն անցել է։ Դու, իհարկե, ինձ կներես, և եթե ես հիմա չգնամ, դու ինձ ամենայն մանրամասնությամբ կպատմես վերջին ամիսների քո կյանքի պատմությունը... Պողպատյա խոլորձ։ Ես եկել եմ քեզ մոտ, որպեսզի կապերս մեկընդմիշտ խզեմ քեզ հետ, մինչդեռ դու գրեթե հասար այն բանին, որ ես ամեն ինչում քեզ պետք է արդարացի ճանաչեմ։

— Լավ է, ժոան,— ասաց Ռավիկը։— Դու շատ բանի ես հասել։ Եվ, կարծում եմ, որ դեռ էլի առաջ կգնաս։

Ժոանը փոքր-ինչ թեքվեց դեպի առաջ։

— Դու իսկապե՞ս այդպես ես կարծում։

— Իհարկե։

— Ճի՞շտ, Ռավիկ։

Ռավիկը տեղից կանգնեց։ Եվս երեք րոպե, և նա ներգրավված կլինի կինոյին վերաբերող պրոֆեսիոնալ խոսակցության մեջ։ Մարդ չպետք է այդպիսիների հետ վեճի մեջ մտնի, մտածեց Ռավիկը։ Այլապես խաղից տարված դուրս կգա։ Տրամաբանությունը նրանց ձեռքին մոմի պես մի բան է։ Խոսքերն այստեղ անօգուտ են, մարդ պետք է գործել իմանա, ուրիշ ոչինչ։

— Ես նկատի չունեի քո կարիերան,— ասաց Ռավիկը։— Ավելի լավ է դու այդ մասին խոսես քո մասնագետների հետ։

— Դու արդեն ուզում ես գնա՞լ,— հարցրեց Ժոանը։

— Այո, պետք է գնամ։

— Ինչո՞ւ չես ուզում մնալ։

— Ես պետք է կլինիկա վերադառնամ։

Ժոանը բռնեց Ռավիկի ձեռքը և նայեց նրա աչքերին։

— Դու հեռախոսով ասացիր, որ գործդ կլինիկայում կվերջացնես նոր կգաս։

Ռավիկը մտածեց, թե չասի՞ արդյոք Ժոանին, որ ինքը այլևս չի գա նրա մոտ։ Բայց այսօրվա համար այդքանն էլ բավական էր։ Եվ իր, և Ժոանի համար։ Այսօր Ռավիկն այդպես էլ չխոսեց իրենց կապերի խզման մասին, Ժոանը խանգարեց դրան։ Բայց այդ խզումն անխուսափելի էր։

— Մնա այստեղ, Ռավիկ,― ասաց Ժոանը։

— Չեմ կարող։

Ժոանը տեղից կանգնեց ու սեղմվեց Ռավիկին։ Հիմա էլ այս, մտածեց Ռավիկը։ Հին խաղ է։ Էժան ու փորձված։ Նա ոչինչ չի ուզում ձեռքից բաց թողնել։ Բայց ո՞վ կարող է կատվից պահանջել, որ նա խոտով սնվի։ Նա Ժոանից ազատեց իրեն։

— Ես պետք է գնամ։ Կլինիկայում մի մարդ կա, որը մահամերձ է։

― Բժիշկները միշտ էլ հարմար պատճառներ են ունենում,― դանդաղ վրա բերեց Ժոանը և նայեց Ռավիկին։

— Ինչպես և կանայք։ Մենք մահվան հարցերն ենք տնօրինում, դուք՝ սիրո։ Աշխարհը դրա վրա է հիմնված։

Ժոանը չպատասխանեց։

— Մենք՝ բժիշկներս, նաև առողջ ստամոքսներ ունենք,— ասաց Ռավիկը։— Այդ ստամոքսները մեզ պետք են։ Ուղղակի անհրաժեշտ են, ինչ ասես, որ մենք ստիպված չենք չինում մարսել... Էհ, ցտեսություն, Ժոան։

— Դու նորի՞ց կգաս, Ռավիկ։

― Այդ մասին մի մտածիր։ Ի՞նչ կարիք կա շտապելու։ Ժամանակի ընթացքում դու ինքդ ամեն ինչ կհասկանաս։

Առանց ետ նայելու, Ռավիկն արագ մոտեցավ դռանը։ ժոանը չգնաց նրա հետևից։ Բայց Ռավիկն զգում էր, որ նա նայում է իրեն։ Նա զգում էր նաև տարօրինակ մի խլություն — թվում էր, թե ջրի տակով է քայլում։