Վերջին թարմացում 17 Սեպտեմբերի 2014, 21:43

Մանրադիտակը

21:43, 17 Սեպտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մանրադիտակը

հեղինակ՝ Վասիլի Շուկշին
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

Դրա համար վճիռ կայացնել էր պետք։ Եվ նա վճռեց։ Մի անգամ տուն եկավ՝ իրեն կորցրած, դեղնած, առանց կնոջը նայելու ասաց.

— Է, ինչ ասեմ... փող եմ կորցրել։— Ընդ որում նրա ջարդած, դեղնագույն քիթը, որ ծուռ էր ու կոր, կարմրեց։— Հարյուր քսան ռուբլի։

Կնոջ ծնոտը կախվեց, դեմքին աղերսական արտահայտություն հայտնվեց՝ գուցե, կատակում է։ Բայց չէ, այս ծուռքիթը երբեք չի կատակում, կատակ անել չգիտե։ Հիմար հարց տվեց.

— Որտե՞ղ։

Այստեղ ամուսինն ակամա «հըմ» արեց, ժպիտի պես մի բան էլ հետը։

— Թե որ իմանայի, կգնայի ու․․․

— Չէ-է՜,― ոռնաց կինը։— Հմի քթիդ տակ էլ չե-ե՜ս խնդա։— Ու վազեց, որ տապակը վերցնի։— Ինն ամիս չես խնդա, օձի կծած։

Ամուսինը մահճակալի վրայից վերցրեց բարձը՝ հարվածները ետ մղելու համար (հնում սոսկ ձևեր էին թափում իրենց պսպղուն վահաններով։ Բա՜րձը։) Սկսեցին պտույտ տալ սենյակով մեկ․․․

— Ախր բարձն ես կեղտոտում, բա՜րձը։ Ինքդ ես լվանալու․․․

— Կլվա՜մ։ Կլվա՜մ, ծուռքիթ այլանդա՛կ։ Համա երկու կողդ կջարդե՜մ։ Ե՛ս կջարդեմ։ Ե՜ս․․․

— Ձեռներիս ես տալիս, լսի, է՜․․․

— Օ՜յ, ես քու ձեռնե՛րը․․․ Քու էն ծուռ քի՛թը։

— Ձեռներիս չտա՜ս, շան կնիկ։ Վաղն ախր բյուլիտենո՜վ կպառկեմ։ Քեզ համար վատ կլինի...

— Պառկի՜։

— Քեզ համար վատ կլինի․․․

— Ոչի՛նչ,

— Օ՜յ։

— Ա՛յ, ըտե՜նց։

— Լա՜վ, պրծա՛նք։

— Չէ՜, թող դինջանա՜մ։ Թող սիրտս հովանա՜, քիթը ծուռ, ինքը անբա՜ն։ Հոպոպ․․․― Այստեղ նա հարմարեցրեց և գլխին հասցրեց՝ ուժեղ խփեց։ Մի քիչ ինքն էլ վախեցավ․․․

Նա բարձը գցեց, գլուխը բռնեց, տնքաց։ Կինը ուշադրությամբ նրան էր նայում՝ ձևացնում է, թե իսկապես ցավեց։ Որոշեց, որ իսկապե՛ս։ Տապակը տեղը դրեց, նստեց աթոռակին ու վայնասունը դրեց։ Այն էլ ողբ ու կականով, ողբ ու կականով․

— Օ՛յ, քոռանա բախտ բաժանողը, քոռանա-ա՜․․․ Հավաքեցի, հավաքեցի... Օ՛յ, բերանիցս կտրեցի, ավել կտոր չկերա-ա՜․․․ Օ՜յ, երեխեքիս համար մի քա-ա՜ղցր բան չառա-ա՜... Խնայեցի, խնայեցի, ծուռքիթ այլանդա-ա՜կ օ՜յ-յ․․․ Կոպեկ-կոպե՜կ հավաքեցին հավաքեցի ուրախացա՜՝ ձմեռն երեխեքս սիրուն-սիրուն, տաքուկ-տաքուկ մուշտա՜կ կհագնեն, ճղճղված շորերով դասի չե՜ն գնա, մրսած-մրսած տուն չե՜ն գա․․․

— Էգ ո՞վ ասեց, թե ճղճղված շորերով են ման գալիս,― չդիմացավ ամուսինը։

— Ձենդ կտրի՛, այլանդա՛կ։ Սո՛ւս մնա։ Երեխեքիդ փողը կերա՜ր։ Կերար ու բկիդ չկանգնե՜ց... Գոնե բկիդ կանգներ, խեղդվեիր, էսքան դժվարներս չէր գա․․․

— Այ, ապրի քու արևը, հա՜,— թունալից շշնջաց ամուսինը։

— Ըմ-մը՛հ, այլանդա՜կ․․․ Ո՞ւր ես գնացել։ Կարա՞ս հիշես․․․ Վայ թե գործիդ տեղն ես մոռացել մի տեղ։ Դազգահիդ տակ դրել ու մոռացել ես, հը՞։

— Ի՜նչ գործի տեղ․․․ Գործի՛ց գնացի դրամարկղ։ Գործիդ տե՜ղը․․․

— Վայ թե մի տեղ ես մտել, այլանդակ, հը՞։

— Ոչ մի տեղ էլ չեմ մտել։

— Վայ թե գարեջուր ես խմել հարբեցողների հետ․․․ Հիշի։ Վայ թե ցած ես գցել... Վազ տուր, գնա, վայ թե գտնողը հլա հետ տա։

— Այ մա՜րդ, գարեջուր-բան չեմ խմել։

— Բա որտե՞ղ ես կորցրել, ա՛յ այլանդակ։

— Ի՞նչ իմանամ։

— Ես էլ նստել, սպասում եմ սրան․․․ Հմի երեխեքին կառնեինք, կտանեինք, մուշտակները կջոկեինք... Արդեն աչքադրածն ունեի։ Հմի կառնեն, կտանեն։ Օ՛յ, այլանդակ ըլնես հա՜, դու, այլանդա՜կ...

— Դե, վերջացրու։ Գործ է գտել՝ այլանդակ, այլանդակ․․․

— Բա ի՞նչ ես։

— Հմի ի՞նչ կարաս անես։

— Երկու հերթ կաշխատես, այլանդակ։ Մի կաշի, մի ոսկոր եմ թողելու քեզնից... Բաղնիքից հետո էլի կես շիշ կխմես, բա չե՜ս խմի։ Հորի պաղ ջուրն էլ ա քեզ շատ...

— Շատ պետքս էր քո կես շիշը։ Առանց դրա էլ յոլա կգնամ։

— Ոտով կգնաս գործի, ոտով էլ տուն կգաս։ Ավտոբուս կնստես, բա չե՜ս նստի։

Այստեղ ամուսինը զարմացավ։

— Երկու հերթ աշխատեմ ու ոտո՞վ։ Լա՜վ ասիր․․․

— Ոտո՜վ։ Ոտով՝ գործի, ոտով՝ տուն, այլանդա՛կ։ Ուրիշ տեղ էլ որ լինի, էլի վազ կտաս, որ չուշանաս։ Քթիցդ եմ բերելու էդ փողը, էնքա՜ն հիշես որ։

― Երկու հերթ շատ ասիր, բայց մեկուկես հերթ մի ամիս հուպ կտամ, ոչինչ,— լրջորեն ասաց նա, շփելով ցաված տեղը։— Վարպետի հետ պայմանավորվել եմ արդեն․․․― Սկզբում գլխի չընկավ, որ բերանից խոսք թռցրեց։ Բայց երբ կինը տարակուսանքով նրան նայեց, տեղը բերեց.— հենց տեսա փողը չկա, նորից գնացի գործի տեղն ու պայմանավորվեցի։

— Մի դե՛սը տուր գրքույկը,— պահանջեց կինը։ Նայեց, հոգոց հանեց ու մի անգամ էլ դառնությամբ ասաց․― Այլանդակ։

Գյուղից ինը կիլոմետր հեռու գտնվող «Հացամթերումներ» գրասենյակին կից փոքրիկ արհեստանոցի ատաղձագործ Անդրեյ Երինը մի շաբաթ իրեն շատ վատ էր զգում։ Կինը շարունակ զայրանում էր, անընդհատ իր «այլանդակն» էր կուլ տալիս Անդրեյը։ Ինքն էլ էր զայրանում, բայց չէր համարձակվում բարձրաձայն պատասխանել։

Այնուամենայնիվ, օրերն անցնում էին․․․ Կինը հանդարտվում էր։ Անդրեյը սպասում էր։ Վերջապես որոշեց, որ կարելի է։

Եվ ահա ուշ երեկոյան (նա իսկապես մեկուկես հերթ «հուպ էր տալիս») նա տուն եկավ, ձեռքին մի տուփ, տուփի մեջ էլ, երևում էր, որ ծանր բան կա։ Հանդարտ հիացում էր ապրում Անդրեյը։

Նա հաճախ էր տուն բերում իր սարքած բաներից՝ երբեմն փայտաշեն խաղալիքներ, թղթի մեջ փաթաթած արկղիկներ, ոչ մեկը չէր զարմանում, որ հետը բան է բերել տուն։ Բայց Անդրեյը հանդարտ հիացում էր ապրում շեմին կանգնած, սպասում էր, թե երբ ուշադրություն կդարձնեն իր վրա... նրա վրա ուշադրություն դարձրեցին։

— Էդ ի՞նչ ա եղել... Լուսնին արած բաց քամակի պես ի՞նչ ես լուս տալիս։

— Էս․․․ հարվածային աշխատանքի համար են տվել․․․— Անդրեյը մոտեցավ սեղանին, խնամքով բացում էր տուփը․․․ Վերջապես բացեց։ Ու սեղանին դրեց․․․ մի մանրադիտակ։― Մանրադիտակ։

— Ինչի՞դ ա պետք։

Անդրեյ Երինն այստեղ իրար անցավ։ Բայց ոչ մեղավորի պես, ինչպես միշտ, այլ մի տեսակ ներողամտորեն։

— Լուսնի՜ն պիտի նայենք։— Ու սկսեց քրքջալ։ Հինգերորդ դասարանցի տղան նույնպես ծիծաղեց՝ լուսինը մանրադիտակո՜վ։

— Ձեզ ի՞նչ եղավ,― նեղացավ մայրը։

Հայր ու որդի կոտորվում էին ծիծաղից։

Մայրն Անդրեյի վրա հառեց իր խիստ հայացքը։ Սա հանդարտվեց։

— Դու գիտե՞ս, որ ամեն քայլափոխիդ քեզ միկրոբներ են շրջապատում։ Ասենք, մի բաժակ ջուր լցրիր․․․ Չէ՞:— Անդրեյը բաժակը մտցրեց դույլի մեջ։— Կարծում ես, թե ջո՞ւր ես խմում։

— Ռադդ քաշի...

— Չէ՛, ասա, տեսնեմ։

— Ջուր եմ խմում։

Անդրելը նայեց որդուն ու կրկին ակամա ծիծաղեց։

— Ջուր է խմում․․․ Բա ախմախ չի՞․․․

— Տո այլանդակ, հմի թավեն առա, հա՜։

Անդրեյը կրկին լրջացավ։

— Միկրո՛բ ես խմում, սիրունս, միկրո՛բ։ Ջրի հետ։ Մի երկու միլիոն քաշում ես ներս՝ ու վերջ։ Անուշ լինի։— Հայր ու որդի դարձյալ չդիմացան, սկսեցին ծիծաղել։ Զոյան (կինը) գնաց հաշտ՝ տապակը բերելու։

— Էստե՜ղ նայիր,— բղավեց Անդրեյը։ Բաժակը ձեռքին մոտ վազեց սեղանին, երկար ժամանակ հարմարեցնում էր մանրադիտակը, հայելապատ շրջանակի վրա մի կաթիլ ջուր կաթեցրեց, աչքը դրեց խողովակի ծայրին ու հավանաբար երկու րոպե, համարյա շունչը պահած, նայում էր։ Որդին կանգնած էր ետևը՝ անասելի կերպով նույնպեu նայել էր ուզում։

— Պա՜պ...

— Հրե՛ս, շա՜ն որդիք...— շշնջաց Անդրեյ Երինը։ Մի տեսակ զարզանդելի զմայլանքով շշնջաց.— Մա՜ն են գալիս․․․

— Պա՜պ, լավ էլի։

Հայրն աքացի տվեց։

— Դես-դեն, դես-դեն․․․ Ա՛խ, շա՜ն որդիք։

— Ա՛յ պապ։

— Թող երեխեն էլ նայի,— խստորեն հրամայեց մայրը, որոշակիորեն հետաքրքրվել էր նույնպես։

Անդրեյն ափսոսանքով հեռացավ խողովակից, տեղը զիջելով որդուն։ Անկշտում, նախանձոտ հայացքը հառեց որդու ծոծրակին։ Անհամբերությամբ հարցրեց․

― Հը՞։

Որդին լուռ էր։

— Հը՞։

— Հրե՜ս,— բղավեց տղան։— Սպիտա՜կ-սպիտա՜կ․․․

Հայրը որդուն ետ քաշեց մանրադիտակից, տեղ տվեց կնոջը։

— Նայի՛ր։ Ջո՜ւր է խմում․․․

Մայրը երկար ժամանակ նայում էր․․․ Մի աչքով, հետո՝ մյուսով․․․

— Ոչ մեկի էլ չեմ տեսնում։

Անդրեյն ուղղակի աքլոր կտրեց, զարմանալի համարձակ դարձավ։

— Հո չնայե՜ց։ Մի կորած կոպեկ որ լինի մարդու մոտ, կճարի, համա էստեղ միկրոբները չկարեցավ տեսնի։ Ախր քիչ է մնում դրանք աչքդ մտնեն, հայվա՜ն։ Չտեսա՞ր, սպիտակ-սպիտակ․․․

Մայրը, քանի որ սպիտակ ոչ մի բան էլ չէր տեսել, իսկ հայր ու որդի տեսել էին, չջղայնացավ։

— Հրես, ոնց որ թե...— Գուցե սուտ ասեց, լեզվից թռավ։ Կարող էր սուտ ասել։

Անդրեյը վճռական շարժումով կնոջը դեն հրեց մանրադիտակի մոտից ու ինքը կպավ խողովակին։ Ու դարձյալ նրա ձայնը շշուկի փոխվեց.

— Այ քու մերը, ինչ են անում, է՜։ Ինչե՜ր են անում․․․

— Մի տեսակ պղտոր բանե՞ր են,— մայրը որդուն հարցրեց Անգրեյի ետևում։— Ոնց որ յուղը ճաշի երեսին․․․ Դրանք են, հա՞։

— Սու-սե՛ք,— բղավեց Անդրեյը, առանց հեռադիտակից պոկվելու։— Ճաշի յո՜ւղ․․․ Ճաշի յուղն ինքդ ես։ Մի լավ յուղոտ խոզի բուդ։— Տարօրինակ բան է։ Անդրեյ Երինը տանը ճղճղան էր դառնում։

Ավաղ որդին, հինգերորդ դասարանցին, սկսեց ծիծաղել։ Մայրը մի հատ հասցրեց վզակոթին։ Հետո կրասերներին մոտեցրեց մանրադիտակին։

— Դեսն արի, տեսնենք, բորշչի բժիշկ․․․ Թող երեխեքն էլ նայեն։ Պլշել, կանգնել ա...

Հայրը տեղը զիջեց ու սկսեց հուզված քայլել սենյակում։ Ինչ-որ բան էր մտածում։

Ընթրելիս Անդրեյն անընդհատ ինչ-որ բան էր մտածում, նայում էր մանրադիտակին ու գլուխն օրորում։ Մի գդալ ճաշ վերցրեց, ցույց տվեց որդուն.

— Էստեղ ինչքա՞ն կլինի... Մոտավոր։

Որդին ճակատը կնճռոտեց․

— Մի կես միլիոն կլինի։

Անդրեյ Երինը աչքը կկոցած, գդալին էր նայում։

— Թե որ շատ չլինի։ Մենք էլ բռնում, ու՝ հա՛մ։— Գդալը բերանը տարավ ու խփեց կրծքին։— Ու՝ չկա։ Հմի էնտեղ մեր օրգանիզմը կսկսի դրանց տուրը տալ։ Հախներից կգա՜։

— Վայ թե ինքդ ես ուզել, հը՞։— Կինը թեթևակի դժգոհությամբ նայում էր մանրադիտակին։― Կարող ա, փոշեծծիչ տային։ Թե չէ փոշիները մաքրելու բան չունենք։

Չէ՛, աստված երբ ստեղծում էր կնոջը, մի տեղ խելքին զոռ տված կլինի։ Հրապուրվել է արարիչը, հրապուրվել։ Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, ի դեպ։ Ճիշտը որ ասենք՝ հո Մտածող չէր ստեղծում։

Գիշերն Անդրեյը երկու անգամ վեր կացավ, լույսը վառեց, մանրադիտակն առաջը դրած, նայում ու շշնջում էր.

— Այ, շուն շան որդիք․․․ Ինչեր են անում։ Ինչ ասես, որ չեն անում։ Քո՜ւն էլ չունեն։

— Չխելըռես,— ասաց կինը,— թե չէ քեզ շատ չկա, մեկ էչ տեսար՝ ցնդվեցիր։

— Շուտով գյուտ եմ անելու,— ասաց Անդրեյը, մտնելով կնոջ տաքուկ ծոցը։— Գիտնականի հետ քնած կա՞ս։

— Կասես, հա՜...

— Կքնես։— Եվ Անդրեյ Երինը քնքշորեն թմփթմփացրեց կնոջ փափլիկ ուսին։— Կքնե՜ս, հոգիս, գիտնականի հետ էլ կքնես․․․

Համարյա մի շաբաթ Անդրեյ Երինն ասես երազի մեջ էր ապրում: Գործից գալիս էր, խնամքով լվացվում, ոտի վրա ընթրում․․․ Աչքը՝ մանրադիտակի վրա։

— Գիտես, չէ՞,— պատմում էր նա,— որ մարդա պիտի ապրի հարյուր հիսուն տարի։ Հարց տանք՝ ինչից է, որ վաթսուն, հազիվ յոթանասուն, ու հոգին տալիս է։ Միկրոբնե՜րը։ Էդ սրիկաները մարդու կյանքը կարճացնում են։ Մտնում են օրգանիզմ, ու հենց մի քիչ թուլացավ մարդը, իրանց գործը տեսնում են։

Որդու հետ ժամերով նստում էին մանրադիտակի մոտ, հետազոտում էին։ Զննում էին ջրհորի ջրի կաթիլը, խմելու դույլի ջրի կաթիլը... Երբ անձրև էր գալիս, անձրևի կաթիլն էին զննում։ Հայրը փորձի համար որդուն ուղարկեց ջրափոսից էլ ջուր բերելու․․․ Եվ այդ կաթիլի մեջ այդ սպիտակ բաներից ինչքան ասես, կային։

— Ա՛յ, ես ձեր մերը, էս ի՜նչ են անում... Բայց դե սրանց դեմ ո՞նց պայքարես։— Անդրեյը թևաթափ էր լինում։— Մարդն ընկավ ջրափոսը, եկավ տուն, հետք թողեց... Տեղնուտեղը երեխեն անցավ ոտաբաց, ու, խնդրեմ, քաշվեց վրան։ Երեխեն էլ ինչ օրգանիզմ ունի որ։

— Դրա համար էլ պետք է ոտքերը մաքրել,— նկատեց որդին։— Իսկ դու չես մաքրում։

— Ուրիշ բան եմ ասում։ Պիտի սովորենք հենց ջրափոսում ոչնչացնել դրանց։ Թե չէ ես կսրբեմ, արդեն գիտեմ, բա Սենկան, հրեն, Մարովը․․․ Կարո՞ղ ես ապացուցել, ախմախը ոնց որ շլմփացնում էր, էդպես էլ կշլմփացնի։

Զննեցին նաև քրտինքի կաթիլը, որի համար որդին, ուժասպառ լինելու աստիճան վազ տվեց փողոցում, հետո հայրը գդալով նրա ճակատի վրայից քերեց քրտինքը, մի կաթիլ հավաքեցին ու վրա պրծան մանրադիտակին։

— Կա՛ն։— Անդրեյը, զայրացած, բռունցքը խփեց ծնկանը։— Դե արի, հարյուր հիսուն տարի ապրի... Կաշվի վրա էլ կան։

— Արի արյունը փորձենք, հա՞,— առաջարկեց որդին։

Հայրը մատը ծակեց ասեղով, արյան վառ-կարմիր գնդիկը սեղմեց կաթեցրեց հայելու վրա... Կռացավ խողովակի վրա ու տնքաց։

— Պրծա՜նք, որդի, արյունի մեջ էլ են մտել։— Անդրեյ Երինն ուղղվեց, չորս կողմը նայեց զարմացած։— Հա-ա՜։ Ախր, գիտեն է, շան որդիք, ինձնից էլ լավ գիտեն, ու ձեն չեն հանում։

— Ովքե՞ր,— չհասկացավ որդին։

— Գիտնականները։ Նրանց մանրադիտակները մերինից լավն են ու լավը՝ ամեն բան էլ տեսնում են։ Ու ձեն չեն հանում։ Չեն ուզում ժողովրդին վախեցնել։ Բայց ինչի՞ չասեն որ։ Վայ թե բոլորով մի բան կմտածեին, թե դրանց վերջը ոնց տան։ Չէ, խոսքները մեկ արած, ձեն չեն հանում։ Իբր թե խառնակություն կսկսվի։

Անդրեյ Երինը նստեց աթոռին, ծխախոտ վառեց։

— Ա՛յ, էսքան պստիկ բանի՜ց մարդիկ կոտորվում են։— Անդրեյը վշտահար տեսք ուներ։

Տղան նայում էր մանրադիտակով։

— Ընկել են իրար ետևից։ Մի քիչ ուրիշ տեսակները. կլոր-կլորները։

— Կլորներն էլ, երկարներն էլ մի զիբիլ են։ Մորդ հլա չասես, որ արյունիս մեջ տեսանք դրանցից։

— Արի իմն էլ նայենք, հը՞։

Հայրն ուշադրությամբ որդուն նայեց․․․ Եվ հետաքրքրությամբ ու երկյուղով լցվեցին ավագ Երինի աչքերը։ Եվ տարիների ընթացքում խոնջացած, խոշոր, խեժի հոտ բռնած նրա ձեռքերը թեթևակի դողում էին ծնկների վրա։

— Հարկավոր չի։ Վայ թե գոնե փոքրերը․․․ Է՛խ, ձե՜ր․․․— Անդրեյը ոտքի ելավ, զայրույթից ոտքով խփելով աթոռակին։— Ոջիլ, մլակ, ինչ տեսակ ճիճու ասես սովորեցին կոտորել, համա էս․․․ ամենապուճուր անիծից էլ են մանր՝ ու բա՜ն չեք կարող անեք։ Բա ո՞ւր մնաց ձեր գիտնական անունը։

— Ոջիլը տեսնում ենք, իսկ սրանք․․․ Ո՞նց ես վերջները տալու։

Հայրը երկար ժամանակ մտածում էր։

— Սկիպիդարո՞վ․․․ Չի օգնի։ Արաղը հո ավելի թունդ է․․․ խմում եմ, չէ՞, չտեսա՞ր, ինչ էին անում արյունիս մեջ։

— Ինչի՞, արաղն արյան մե՞ջ է մտնում։

— Բա ո՞ւր։ Բա մարդ ինչից է խելառում։

\ 

Մի անգամ Անդրեյը գործատեղից մի երկար ու բարակ ասեղ բերեց․․․ Լվացվեց, աչքով արեց տղային, ու երկուսով սենյակ գնացին։

— Արի փորձենք... Լավ սրել եմ, վայ թե մի երկու հատ կարենանք կոտորել։

Մետաղալարի ծայրը բարակ-բարակ էր՝ համարյա մազի չափ։ Անդրեյը երկար ժամանակ դրանով խառնշտորում էր ջրի կաթիլը։ Փնչացնում էր․․․ Քրտնել էր նույնիսկ։

— Տակից փախնում են, շան որդիք․․․ Չէ, հաստ է, ծակել չի լինում։ Բարակ է պետք, սրանից էլ բարակ սարքել չի լինի, լավ, հմի հաց կուտենք, կփորձենք հոսանքով... Բատարեյ եմ բերել հետս, երկու լարով կբերենք, միացում կտանք... Տեսնենք, ինչ կլինի...

Եվ այստեղ, ընթրիքի Ժամանակ մեկն անպատեհ ներս մտավ՝ Սերգեյ Կուլիկովն էր, «Հացամթերումներ» գրասենյակում Անդրեյի հետ էր աշխատում։ Վաղը շաբաթ էր, և Սերգեյի կատարը տաք էր, հավանաբար, դրա համար էլ Անդրեյի մոտ էր եկել՝ հենց այնպես։

Վերջին շրջանում Անդրեյը խմելու ժամանակ չուներ, և զարմանքով նկատեց, որ խորշում է հարբածներից։ Շատ հիմարավարի էին պահում իրենց ու ամեն կարգի անհեթեթ բաներ դուրս տալիս։

— Նստիր, հաց կեր,— առանց որևէ ցանկության հրավիրեց Անդրեյը։

— Ինչի՞։ Էստեղ էլ կըլնի․․․ Մեզ՝ ի՜նչ։ Մեզ էս պուճախն էլ ա հարմար․․․

«Ըհը՛, թե ինչի՞ համար իրեն եթիմի տեղ դրեց»։

— Ոնց կուզես։

— Թող նայեմ, հա՞, միկրոբներին։

Անդրեյն անհանգստացավ։

— Ի՞նչ միկրոբ։ Սերյոգա, գնա քնի... Ոչ միկրոբ կա, ոչ էլ ուրիշ բան։

— Ինչի՞ ես թաքուն պահում։ Հո զենք չի , որ պահում ես։ Գիտություն ա, չէ՞․․․ Տղես գլուխս տարել ա արդեն. Անդրեյ քեռին ուզում ա միկրոբներին լրիվ ոչնչացնի։ Անդրե՜յ․․․— Սերգեյը բռունցքով խփեց կրծքին, կատաղած հայացքը հառելով «գիտնականի» վրա։— Ոսկուց արձա՜ն կշինենք... Աշխարհով մեկ անունդ կթնդացնե՜նք։ Կողք-կողքի էլ աշխատում էինք, ի՜նչ իմանաս․․ Անդրյո՜ւխա․․․

Զոյա Երինան, որը նույնպես տանել չէր կարող հարբած մարդկանց, այդուհանդերձ շոյված էր զգում, որ գյուղում ամուսնու մասին խոսում են, թե գիտնական է։ Եվ ավելի շատ խոսքն ընկած տեղը փնթփնթալու սովորությունից, քան իրական դժգոհութձունից, նկատեց․

― Մի ուրիշ բան հո չէի՞ն կարող տալ։ Մանրադիտա՜կ։ Հրեդ կցնդի մարդս՝ գիշերները քուն չունի։ Ի՞նչ կլիներ, մի փոշեծծիչ տային... Թէ չէ փոշիները մաքրելու բան չունենք, առնելն էլ մի քիչ դժվար ա։

— Ո՞ւմ են տվել,— չհասկացավ Սերգեյը։

Անդրեյ Երինը սառույց կտրեց։

— Հրեն, պարգևատրում են տվել... Մանրադիտակը... Անդրեյը մի կերպ՝ աչքով-ունքով, ուզում էր Սերգեյին

հասկացնել տալ, որ... բայց էլ ո՜ւր։ Սերգեյը Զոյային էր նայում, ապուշ կտրած։

— Ի՞նչ պարգևատրում։

— Ձեզ պարգևատրում տվե՞լ են։

— Ո՞ւմ։

Զոյան նայեց ամուսնուն, Սերգեյին...

— Ձեզ պարգևատրում չե՞ն տվել։

— Բա չէ՜, պարգևատրում կտան դրանք։ Էդ հերիք չի՞, կասեն, ու մի հատ էլ կտան։ Պարգևատրում...

— Հրեն, Անդրեյին մանրադիտակ են տվել... հարվածային աշխատանքի համար...— Երինայի ձայնը խզվեց զարհուրելի կերպով՝ նա ամեն ինչ հասկացավ։

— Կտան, բա չե՜ն տա,— անկյունում նստած, դուրս էր տալիս Սերգեյը։— Անցած ամիս հարյուր երեսուն տոկոսով գործ եմ փակել... հը՞։ Ա՛յ, Անդրեյն էլ վկա...

Ամեն ինչ մեկ վայրկյանում փուլ եկավ ու սարսափելի կերպով ցած գահավիժեց՝ անդունդ։

Անդրեյը վեր կացավ... Բռնեց Սերգեյի շլինքից ու խրճիթից դուրս տարավ։ Բակում մի հատ հասցրեց վզակոթին, ապա հարցրեց.

— Մի հատ երեքանոց չունե՞ս։ Ռոճիկին կտամ․․․

— Ունեմ․․․ Բայց ինչի՞ խփիր։

— Գնացինք խանութ։ Շան տղի գոռնափշտիկ․․․ Խմած-լակած ի՞նչ ես ընկել սրա-նրա տները․․․ է՜խ-խ․․․ Դդում գլուխ։

Այդ գիշեր Անդրեյ Երինը քնեց Սերգեյենց տանը։ Երկուսով էլ սաստիկ հարբեցին։ Մոտների փողն էլ խմեցին, ինչ-որ մեկից պարտք վերցրին, մինչ աշխատավարձ ստանալը։

Միայն հաջորդ օրը, ճաշի ժամին, տուն եկավ Անդրեյը․․․ Կինը տանը չէր։

— Ո՞ւր է,— հարցրեց որդուն։

— Քաղաք գնաց, էդ․․․ ոնց են ասում․․․ կոմիսիոն։

Անդրեյը նստեց սեղանի մոտ, գլուխը դրեց ձեռքերին։

Երկար ժամանակ այդպես նստած էր։

— Շատ էր ջղայնացա՞ծ,

— Չէ։ Մի քիչ։ Ինչքա՞ն ես ծախսել։

— Տասներկու։ Ախ, Պետկա․․․ որդիս․․․— Անդրեյ Երինը, առանց գլուխը բարձրացնելու, դառնությամբ դեմքը կնճռոտեց, ատամները կրճտացնելով։— Բա դա ի՜նչ կարևոր է։ Փոքր ես հլա, ինձ չես հասկանա․․․ չես հասկանա․․․

— Կհասկանամ՝ տարավ ծախելու։

— Կծախի։ Հա․․․ Մուշտակ է պետք․․․ ճիշտ է, մուշտակ, լավ։ Ոչինչ․․․ Պետք է, բա ոնց․․․