Վերջին թարմացում 24 Սեպտեմբերի 2014, 13:39

Կյանքի սերը

13:39, 24 Սեպտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կյանքի սերը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վազգեն Տալյան

Թեթևակի կաղալով, նրանք իջնում էին դեպի գետակը։ Առջևից գնացողը մի անգամ գայթեց ցաքուցրիվ քարերի մեջ ու ճոճվեց։ Երկուսն էլ հոգնել էին և ուժասպառ եղել, ու նրանց դեմքերը համբերատար հնազանդություն էին արտահայտում. երկարատև զրկանքների հետևանքն էր դա։ Նրանց ուսերը ճնշում էին փոկերով պինդ կապկպված ծանր հակերը։ Երկուսն էլ հրացան ունեին։ Երկուսն էլ քայլում կռացած, գլուխ-ները հակած կրծքերին և հայացքները գետնին հառած։

— Ի՜նչ լավ կլիներ, եթե մեր գաղտնարանում պահված փամփուշտներից գոնե մի երկուսն ունենայինք,— ասաց մեկը։

Նրա ձայնը հնչում էր թույլ, առանց որևէ որոշակի արտահայտության։ Նա խոսում էր անտարբեր, և նրա ուղեկիցը, որ հենց նոր էր ոտք դրել քարերի վրա փրփրացող ու կաթի պես ճերմակ ջրի մեջ, ոչինչ չպատասխանեց։

Երկրորդ մարդն էլ առաջինի հետևից մտավ գետակը։ Նրանք չհանեցին ոտնամանները, չնայած որ ջուրը պաղ էր սառույցի պես, այնքան պաղ, որ նրանց ոտքերը և նույնիսկ ոտքերի մատները սառնությունից թմրեցին։ Տեղ-տեղ ջուրը ծփում էր ծնկների մոտ, և երկուսն էլ հենարանը կորցնելով, երերում էին։

Երկրորդը ոտքը դրեց ողորկ գլաքարին ու սայթաքեց, և քիչ էր մնում ընկներ, բայց մնաց կանգուն ու ցավից բարձր ճչաց։ Նրա գլուխը երևի պտույտ եկավ, նա երերաց և թափահարեց ազատ ձեռքը, ասես կառչեց օդից։ Հաղթահարելով թուլությունը, նա քայլեց առաջ, բայց կրկին երերաց ու քիչ էր մնում ընկներ։ Զգալով այդ, կանգ առավ ու նայեց իր ուղեկցին, սա նույն քայլքով գնում էր առաջ և նույնիսկ ետ չէր նայում։

Ամբողջ մի րոպե այդպես անշարժ կանգնել էր հետնորդը, ասես խորհրդածության մեջ ու հետո ձայն տվեց,

— Լսիր, Բի՛լլ, ոտքս դուրս ընկա՜վ...

Դժվարությամբ փոխելով ոտքերը, Բիլլը շարունակեց առաջ գնալ կաթնաճերմակ ջրի միջով։ Ոչ մի անգամ ետ չնայեց նա։ Երկրորդ մարդը հայացքով երկար ժամանակ հետևեց նրան, չնայած որ դեմքն առաջվա պես բութ էր մնացել։ Աչքերում կարոտ երևաց, ինչպես վիրավոր եղջերուի աչքերում։

Բիլլն արդեն դուրս էր եկել գետի մյուս ափը և շարունակում էր դանդաղաքայլ գնալ առաջ։ Այն մարդը, որ կանգնել էր գետի մեջ, աչքը ընկերոջից չէր կտրում։ Կանգնածի շրթունքներն այնպես էին ցնցվում, որ կոշտ ու շիկակարմիր բեղերը դողդողում էին։ Լեզվի ծայրով նա լիզեց չորացած շրթունքները։

— Բի՜լլ,— գոչեց նա։

Սա դժբախտության մեջ ընկած մարդու հուսահատ մի աղերսանք էր, սակայն Բիլլը գլուխը ետ չդարձրեց։ Նրա ընկերը երկար ժամանակ հետևում էր, թե ինչպես էր Բիլլն անճոռնի քայլվածքով, կաղալով ու սայթաքելով, բարձրանում թեթևակի զառիվայր լանջով դեպի հորիզոնի ալիքավոր գիծը, որ գոյացել էր ցածրադիր բլուրի կատարից. հետևեց մինչև այն պահը, երբ Բիլլը կատարի այն կողմն անցավ ու աչքից անհետացավ։ Այնուհետև երկրորդը շուռ եկավ ու հայացքը դանդաղ հածեց տիեզերքի այն հատվածի վրայով, ուր մենակ մնաց Բիլլի հեռանալուց հետո։

Ճիշտ հորիզոնի վերևում աղոտ լուսավորում էր արևը, որ աղջամուղջի և թանձր մառախուղի միջից հազիվ էր երևում։ Մառախուղը տարածվել էր ստվար շղարշի նման, որը ոչ մի տեսանելի սահման և ուրվագիծ չուներ։ Իր մարմնի ամբողջ ծանրությամբ հենվելով մի ոտքին, միայնակը հանեց ժամացույցը։ Արդեն ժամը չորսն էր։ Վերջին մի երկու շաբաթվա մեջ նա հաշիվը կորցրել էր. քանի որ հուլիսի վերջն էր կամ օգոստոսի սկիզբը, ապա նա գիտեր, որ արևը պետք է գտնվի հյուսիս-արևմուտքում։ Ճամփորդը մի հայացք գցեց դեպի հարավ, կռահելով որ այնտեղ, այս մռայլ բլուրներից անդին տարածված մի վայրում, ծփում է Մեծ Արջալիճը և հենց այդ նույն ուղղությամբ, կանադական հարթավայրով ձգվում է Բևեռային շրջանի սարսափելի ուղին։ Գետակը, որի մեջ կանգնել էր ինքը, Քոփերմայն գետի վտակն էր, իսկ Քոփերմայնը նույնպես հոսում է դեպի հյուսիս ու թափվում է Թագադրման ծոցը՝ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս։ Ինքն այնտեղ երբեք չի եղել, բայց այդ վայրերը տեսել է Հուդզոնի ծոցի Ընկերության քարտեզի վրա։

Նա դարձյալ մի հայացք նետեց տիեզերքի այն հատվածին, որի մեջ ինքն այժմ մնաց մենակ։ Պատկերը տխուր էր։ Ցածրադիր բլուրները միապաղաղ ալիքավոր գծով վերջափակում էին հորիզոնը։ Ո՛չ ծառ կար, ո՛չ թուփ, ո՛չ խոտ, ոչ մի բան, անսահման ու սարսափելի անապատից բացի։ Եվ մարդու աչքերում վախի արտահայտություն երևաց։

— Բի՜լլ,— շշնջաց նա ու կրկնեց դարձյալ,— Բի՜լլ...

Նա պպզեց պղտոր գետակի մեջտեղն այնպես, որ կարծես թե անեզր անապատն անխորտակելի ուժով ճզմում, իր սարսափելի անդորրությամբ ճնշում էր նրան։ Մարդը դողաց տենդով հիվանդի պես, և նրա հրացանը ճողփյունով ընկավ ջուրը։ Այս բանը ստիպեց նրան ուշքի գալ։ Նա հաղթահարեց վախը, շունչ առավ ու ձեռքը կոխելով ջուրը, ափլփելով գտավ հրացանը, հետո հակը քշեց ձախ ուսին մոտիկ, որպեսզի ծանրությունն ավելի քիչ սեղմի հիվանդ ոտքը, և դանդաղ ու զդուշությամբ, ցավից կնճռոտելով դեմքը, քայլեց դեպի ափը։

Նա գնում էր առանց կանգ առնելու։ Ուշադրություն չդարձնելով ցավին, հանդուգն վճռականությամբ։ Նա աճապարանքով բարձրանում էր բլրի գագաթը, որի հետևում անհետացավ Բիլլը։ Ու ճամփորդը ինքն իր աչքին ավելի ծիծաղելի և անճարակ էր թվում, քան թե կաղ, հազիվ քայլող Բիլլը։ Սակայն բլրի կատարից տեսավ, որ այդ հովտում մարդ չկա։ Նրան նորից համակեց վախը և նորից հաղթահարելով այդ զգացումը, հակը էլ ավելի հրեց դեպի ձախ ուսը և սկսեց կաղալով իջնել վար։

Հովիտը ճահճապատ էր, ջուրը ներծծվում էր թանձր մամռի մեջ, ինչպես սպունգի մեջ. ամեն քայլափոխին ցայտում էր ոտքերի տակից, ու ներբանները ճլպոցով էին պոկվում խոնավ մամուռից։ Ջանալով քայլել Բիլլի հետքերով, ճամփորդը լճակից լճակ էր անցնում քարերի վրայով, որոնք կղզյակների նման դուրս էին ցցված մամռի միջից։

Մենակ մնալով հանդերձ, նա չկորցրեց ճամփան։ Գիտեր, որ եթե մի քիչ էլ գնա, կմոտենա այն վայրին, ուր չոր կուենիներն ու եղևնիները, ցածրիկ ու վտիտ այդ եղևնիներր շրջապատում են Թիտչիննիչիլի փոքրիկ լիճը, որ տեղացիների լեզվով նշանակում է «Փոքրիկ Ձողերի Երկիր»։ Իսկ լճի մեջ թափվում է մի բարակ գետակ և ջուրը պղտոր չէ։ Գետակի ափերին եղեգն է աճում. այս բանը նա լավ էր հիշում. բայց ծառեր չկան այնտեղ, և ինքը կքայլի ափն ի վեր, մինչև ջրբաժանը։ Ջրբաժանից սկսվում է մի ուրիշ գետակ, որը հոսում է դեպի արևմուտք։ Ինքը դրա ափով կիջնի մինչև Դիզ գետը և այնտեղ կգտնի իր գաղտնարանը՝ շուռ տված մակույկի տակ, որի վրա քարեր են դիզված։ Գաղտնարանում փամփուշտներ, կեռիկներ ու կարթաթելեր են պահված ու մեկ էլ փոքրիկ մի ուռկան. անհրաժեշտ այն ամենը, որպեսզի մարդը սնունդ ձեռք բերի իր համար։ Ու մեկ էյ այնտեղ ալյուր կա, ճիշտ է, քիչ, բայց կա. լանջամսի մի կտոր ու բակլա էլ կա այնտեղ...

Բիլլը կսպասի գաղտնարանի մոտ, և իրենք երկուսով կերթան վար՝ Դիզ գետի ափով, մինչև Մեծ Արջալիճը, իսկ հետո կանցնեն այդ լիճն ու կգնան դեպի հարավ, շարունակ դեպի հարավ, մինչև որ կհասնեն Մաքենզի գետին։ Դեպի հարավ, միշտ դեպի հարավ... Իսկ ձմեռը կհասնի իրենց հետևից, ու գետի հորձանուտը կծածկվի սառույցով, և օրերը կցրտեն... Դեպի հարավ կգնան իրենք, մինչև Հուդզոնի որևէ ֆակտորիա, ուր բարձր և հուժկու ծառեր են աճում և որտեղ ուտելիք կա ինչքան ուզես։

Ահա թե ինչի մասին էր մտածում մարդը, դժվարությամբ առաջ գնալով։ Սակայն որքան էլ դժվար լիներ քայլելը, առավել դժվար էր հավատացնել ինքն իրեն, թե Բիլլը չի լքել ընկերոջը, թե Բիլլն, իհարկե, սպասում է նրան այնտեղ։ Ինքը պարտավոր էր այսպես մտածել, հակառակ դեպքում ոչ մի իմաստ չուներ շարունակել պայքարը. միայն մնում էր պառկել գետնին ու մեռնել։ Ու մինչ արևի պղտոր սկավառակը դանդաղորեն թաքնվում էր հյուսիս-արևմուտքում, ճամփորդը կարողացավ հաշվել (և մի քանի անգամ) այն ճանապարհի ամեն մի քայլը, որ ինքն ու Բիլլը պետք է անցնեն, վերահաս ձմռանից հեռանալով դեպի հարավ։ Նորից ու նորից նա մտովի տնտղում էր իր գաղտնարանում եղած սննդամթերքի պաշարը և հուդզոնյան Ընկերության պահեստի պաշարը։ Արդեն երկու օր էր, ինչ նա ոչ մի բան չէր կերել, բայց ավելի երկար ժամանակ էր անցել, ինչ կուշտ չէր կերել։ Հաճախ մարդը կռանում էր, պոկում ճահճային գունատ հատապտուղները, դնում բերանը, ծամում ու կուլ տալիս։ Պտուղները ջրալի էին և շատ շուտ էին հալվում, ու բերանում մնում էր միայն դառն ու կոշտ սերմը։ Նա գիտեր, որ դրանցով չի կշտանա, բայց այնուամենայնիվ համբերությամբ ծամում էր, որովհետև հույսն առհասարակ հաշվի չի ուզում նստել փորձառությւսն հետ։

Ժամը իննին ոտքի բթամատը քարին առավ ու վնասվեց, նա ճոճվեց թուլությունից ու սաստիկ հոգնածությունից ընկավ գետին։ Ընկավ ու բավական երկար ժամանակ անշարժ մնաց կողքի վրա, հետո մարմինն ազատեց փոկերից, մի կերպ բարձրացրեց գլուխն ու նստեց։ Դեռևս չէր մթնել, և կիսալույսի մեջ նա սկսեց ափլփել քարերն ու չոր մամուռի ծվեններ հավաքել։ Մի խտիտ մամուռ հավաքեց, խարույկ վառեց, անբոց, ծխացող մի խարույկ, ու ջրով լի կաթսայիկը դրեց վրան։

Մարդը քանդեց հակն ու ամենից առաջ հաշվեց, թե քանի լուցկի ունի ինքը։ Լուցկիները վաթսունյոթ հատ էին։ Սխալված չլինելու համար, նա լուցկիները հաշվեց երեք անգամ, ապա բաժանեց երեք մասի և ամեն մի կապուկը փաթաթեց յուղաթղթի մեջ. մի կապուկը նա դրեց ծխախոտի դատարկ քսակը, մյուսը՝ մաշված գդակի աստառի տակ, իսկ երրորդը՝ ծոցը։ Երբ այս ամենը վերջացրեց, հանկարծ ինչ-որ մի սարսափ զգաց. նա բոլոր երեք փաթեթիկներն էլ բացեց ու նորից հաշվեց։ Առաջվա պես լուցկիները վաթսունյոթ հատ էին։

Թաց ոտնամանները նա չորացրեց խարույկի մոտ։ Մոքասիններից միմիայն քրջեր էին մնացել, թեթև վերմակներից կարված գուլպաները ամբողջովին ծակծկվել էին, և ոտքերը հարվել էին արյունլվիկ լինելու աստիճան։ Ոտքը սաստիկ ցավում էր։ Եվ նա զննեց ու տեսավ, որ կոճը ուռել է ու դարձել գրեթե այնքան հաստ, որքան և ծունկը։ Նա վերմակից երկար մի շերտ պատռեց ու պինդ-պինդ փաթաթեց ուռած տեղը, պատռեց նաև մի քանի շերտ ու փաթաթեց թաթերը, դրանցով փոխարինելով գուլպաներն ու մոքասինները, հետո տաք ջուր խմեց, լարեց ժամացույցն ու, վերմակն առնելով վրան, պառկեց քնելու։

Նա քնեց մեռածի պես։ Կեսգիշերին մութն ընկավ, բայց երկար չտևեց։ Արևը ծագեց հյուսիս-արևելքից, ավելի ճիշտ, այդ կողմն սկսեց լուսանալ, որովհետև արևը թաքնված էր թուխ ամպերի հետևը։

Ժամը վեցին նա արթնացավ. պառկած էր մեջքի վրա։ Նայեց գորշ երկնքին ու զգաց, որ քաղցած է։ Շուռ գալով ու արմունկին հենված վեր հանելով գլուխը, նա բարձրաձայն փնչոց լսեց ու տեսավ մի մեծ եղջերու, որը լարված զգուշությամբ ու հետաքրքրությամբ նայում էր իրեն։ Եղջերուն կանգնած էր մարդուց մի հիսուն քայլ հեռու, ոչ ավելի. և ճամփորդի աչքին անմիջապես պատկերացավ տապկոցի վրա թշթշացող միսը, ու հոտն ընկավ քիթը, և բերանում զգաց դրա համը։ Մարդն ակամայից վերցրեց դատարկ հրացանը, նշան բռնեց ու հրահանը սեղմեց։ Եղջերուն խռպացրեց ու փախավ, սմբակները չխկչխկացնելով քարերին։

Մարդը հայհոյեց, հրացանը դեն շպրտեց ու տնքալով փորձեց ոտքի կանգնել։ Այդ բանը նրան հաջողվեց մեծ դժվարությամբ և ոչ շուտ։ Նրա հոդերն ասես ժանգոտել էին, և կռանալը կամ ուղղվելը ամեն անգամ կամքի մեծ լարում էր պահանջում։ Երբ վերջապես նա ոտքի ելավ, հարկավոր եղավ ամբողջ մի րոպե, որպեսզի մեջքն ուղղի և կանգնի այնպես, ինչպես սահմանված է մարդու համար։

Նա դժվարությամբ բարձրացավ մի փոքր բլուրի վրա և նայեց չորս կողմ։ Ո՛չ ծառ կար, ո՛չ թուփ, ոչինչ չկար, մամռի գորշ ծովից բացի, ուր միմիայն տեղ-տեղ երևում էին մոխրագույն գլաժայռեր, գորշ լճակներ ու գորշ առվակներ։ Գորշ էր նաև երկինքը։ Արևի ոչ մի ճառագայթ, արևի ոչ մի շող...

Նա մոռացել էր, թե որ կողմն է հյուսիսը, հիշողությունից անհետացել էր դրա պատկերացումը, մոռացել էր նաև, թե նախորդ երեկոյան որ կողմից էր եկել։ Բայց նա ճանապարհը չէր կորցրել. լավ գիտեր այդ։ Շուտով ինքը կհասնի Փոքրիկ Ձողերի Երկիր։ նա գիտեր, որ դա ձախ կողմում պետք է լինի, այդտեղից ոչ հեռու, կարող է պատահել հաջորդ ցածրադիր բլուրի հետևը։

Մարդը վերադարձավ իր տեղը, որպեսզի հակն ամրացնի և կապկպի ճամփա գնալու համար, ստուգեց, թե անվնա՞ս են արդյոք լուցկիների երեք կապուկները, բայց չհաշվեց նորից։ Սակայն կանգնեց ու մտազբաղ նայեց եղջերուի կաշվից կարված, լիքը լցված ու տափակ տոպրակին։ Մեծ չէր այդ տոպրակը, կարելի էր ձեռնափերի մեջ տեղավորել, բայց տասնհինգ ֆունտ քաշ ուներ, այնքան, որքան և ամբողջ մնացած բեռը։ Եվ այս էր, որ նրան անհանգստացնում էր։ Վերջապես տոպրակը մի կողմ դրեց ու սկսեց կապկպել հակը։ Հետո նայեց փոքրիկ տոպրակին, փութով ճանկեց ու մարտի հրավիրող մարդու հայացքով նայեց չորս բոլորը. կարծես թե անապատն ուզում էր խլել ոսկին նրա ձեռքից։ Ու երբ նա ոտքի կանգնեց ու դանդաղ քայլերով շարունակեց իր ճանապարհր, տոպրակը հանգչում էր նրա շալակին ծանրացած հակի մեջ։

Մարդը թեքվեց դեպի ձախ ու քայլեց։ ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում և ճահճային հատապտուղներ պոկում գցում բերանը։ Ոտքը թմրել էր ու փայտացել։ Մարդն սկսեց ավելի շատ կաղալ, բայց ոտքի ցավը ոչինչ էր ստամոքսի ցավի համեմատ։ Քաղցը սոսկալի տանջում էր նրան։ Ցավն անընդհատ կրծում էր նրա մարմինը, և նա արդեն չէր հասկանում, թե որ կողմն է հարկավոր գնալ, որպեսզի հասնի Փոքրիկ Ձողերի Երկիրը։ Հատապտուղները չէին մեղմացնում քաղցի պաաճառած տանջանքը․ դրանք միայն մռմռացնում էին լեզուն ու քիմքը։

Մարդը հասավ մի ձորակի։ Եվ այդ ժամանակ քարերի ու գուղձերի միջից, թևերը շափշափելով ու կղա֊կղա կանչելով նրան ընդառաջ թռան ճերմակ կաքավները և օդ բարձրացան... Նա մի քար նետեց դրանց կողմը, բայց փրիպեց։ Հետո հակը դրեց գետին և սկսեց սողեսող մոտենալ թռչուններին, ինչպես կատուն է մոտենում ճնճղուկներին։ Տաբատը սուր քարերին քսվելով պատառոտվեց. ծնկներից արյուն կաթեց և արյունոտ հետքը ձգվեց նրա հետևից։ Բայց կսկիծը նա չէր զգում. քաղցը խեղդում էր այդ ցավը։ Մարդը սողում էր թաց մամուռի վրայով։ Հագուստը թրջվել էր, մարմինը դողում էր թացությունից, սակայն նա ոչ մի բան չէր նկատում, այնքան որ սաստիկ էր ծվատում նրան քաղցը։ Իսկ ճերմակ կաքավներն անընդհատ թևածում էին նրա շուրջը, և այդ կղկղոցն ի վերջո սկսեց ծաղր թվալ նրան։ Նա հայհոյեց կաքավներին ու սկսեց բարձրաձայն ու ծաղրական ձևով ընդօրինակել նրանց ճիչերը։

Մի անգամ քիչ մնաց ընկներ կաքավի վրա, որը հավանաբար ննջում էր։ Նա թռչունին չէր տեսել։ Տեսավ միայն այն պահին, երբ սա քարե ապաստարանից թռավ ու զարնվեց ուղիղ նրա դեմքին։ Որքան էլ որ կաքավն արագ սլացավ վեր, մարդը հասցրեց նույնքան արագ մի շարժումով ճանկել թռչունին. ձեռքում մնացին սրա պոչի երեք փետուրը միայն։ Նայելով, թե ինչպես է հեռանում կաքավը, մարդն այնպիսի մի ատելություն զգաց դեպի այդ թռչունը, որ կարծես թե սարսափելի մի չարիք էր պատճառել իրեն։ Հետո մարդը վերադարձավ ու բեռն առավ շալակը։

Կեսօրին նա հասավ մի ճահճի, որի շրջակայքում վայրի թռչուններ ու կենդանիներ շատ կային։ Ասես մարդուն ձեռ առնելու համար, նրա կողքով անցավ եղջերուների մի հոտ՝ քսանի չափ կենդանի, անցավ այնքան մոտիկից, որ հրացանից կարելի էր խփել դրանց։ Մարդուն համակեց եղջերուների հետևից վազելու բուռն մի ցանկություն, նա հավատացած էր, թե կհասնի հոտին։ Նրան դեմ առ դեմ հանդիպեց մի սև աղվես՝ կաքավը բերանին։ Մարդը բղավեց։ Բղավոցը սարսռեցուցիչ էր. աղվեսը վախից ցատկեց մի կողմ, բայց թռչունը բերանից չգցեց։

Երեկոյան նա անցնում էր կրահողից պղտորված գետակի ափով, որ ծածկված էր նոսր եղեգնուտով։ Հենց արմատի մոտից պինդ բռնելով մի եղեգն, նա դուրս քաշեց սոխի նման մի բան, որը պաստառ վփակցնելու գամից մեծ չէր։ Սոխուկը փափուկ էր ու ախորժալի խրթխրթում էր ատամների տակ։ Սակայն դրա մեջ կոշտ թելիկներ կային, որոնք նույնքան ջրալի էին, որքան և պտուղները, բայց չէին կշտացնում։ Մարդն իջեցրեց իր բեռը և չորեքթաթ սողալով մտավ եղեգնուտը և սկսեց խրթխրթացնել ու չփչփացնել որոճող կենդանու պես։

Ճամփորդը շատ էր հոգնել, և հաճախ նրա մեջ անզուսպ մի ձգտում էր առաջանում ընկնել գետնին ու քնել։ Քայց Փոքրիկ Ձողերի Երկիր հասնելու ցանկությունը, և առավել քաղցը, հանգիստ չէին տալիս նրան։ Նա գորտ էր որոնում լճակներում, ձեռքերով փորփրում էր հողը որդեր գտնելու հույսով, չնայած գիտեր, որ այդքան հեռու Հյուսիսում ո՛չ որդ է լինում, ո՛չ գորտ։

Նա իր հայացքը սուզում էր ամեն մի լճակի մեջ. ու վերջ ի վերջո, մթնշաղի թանձրանալու հետ մեկտեղ, այդպիսի մի լճակում տեսավ խարակաձկան մեծության մի ձկնիկ։ Նա մինչև ուսը աջ թևն իջեցրեց ջրի մեջ, բայց ձկնիկը դուրս պրծավ ձեռքից։ Ապա սկսեց որսալ երկու ձեռքով և հատակի ամբողջ տիղմը խառնեց ջրին։ Հուզմունքից սայթաքեց, ընկավ ջուրն ու մինչև գոտին թրջվեց։ Նա այնպես պղտորեց լճակը, որ հնարավոր չէր տեսնել, թե ուր է ձկնիկը։ Եվ ստիպված եղավ սպասել, մինչև որ տիղմը նորից նստի հատակին։

Մարդը նորից սկսեց ձկնորսությունը և դրանով զբաղվեց այնքան ժամանակ, մինչև որ ջուրը դարձյալ պղտորվեց։ Այլևս սպասել չէր կարող նա։ Թիթեղե դույլիկը փոկից արձակեց ու սկսեց լճակի ջուրը դատարկել։ Սկզբում դատարկում էր ցասումնալից եռանդով, այնպես որ ամբողջովին թրջվեց։ Եվ այնքան մոտիկ էր թափում, որ ջուրը կրկին հոսում էր լճակի մեջ։ Հետո սկսեց ավելի զգույշ շերեփել, ձգտելով հանգիստ լինել, չնայած որ սիրտը ուժգին բաբախում էր ու ձեռքերը դողում էին։ Կես ժամ հետո լճակում ջուր գրեթե չմնաց։ Հատակից այլևս ոչինչ չէր կարելի քաշել ու թափել, բայց ձուկը անհետացել էր։ Ձկնորսը քարերի մեջ մի փոքրիկ ճեղք տեսավ, որի միջով ձկնիկը սողոսկել էր հարևան լճակը, իսկ սա այնքան մեծ էր, որ ամբողջ օրվա մեջ էլ հնարավոր չէր լինի դատարկել։ Եթե նա այդ ճեղքն ավելի շուտ նկատած լիներ, հենց սկզբից քար կխցկեր դրա մեջ և ձուկն իր բաժինը կդառնար։

Մարդը հուսահատ փլվեց թաց գետնին ու լաց եղավ։ Սկզբում նա լալիս էր կամացուկ, հետո ձայնը բարձրացրեց ու սկսեց հեկեկալ, արթնացնելով շրջապատի անողոք ամայությունը։ Եվ երկար ժամանակ նա լաց էր լինում անարցունք, հեծկլտանքներից ցնցվելով։

Նա խարույկ վառեց ու եռացրած ջուր խմելով, տաքացավ․ հետո ապառաժի հարթ կարկառի վրա իր համար գիշերօթևան սարքեց, ճիշտ այնպիսին, ինչպիսին որ նախընթաց գիշերն էր արել։ Քնելուց առաջ ստուգեց, թե լուցկիները չե՞ն թրջվել արդյոք, և ժամացույցը լարեց; Բրդյա ծածկոցները թաց էին ու սառը։ Ամբողջ ոտքը ցավից այրվում էր, ինչպես կրակում, բայց նա միմիայն քաղց էր զգում․ և գիշերը երազում տեսավ խնջույքներ, հրավերքներ և ուտելիքով ծանրաբեռնված սեղաններ։

Մարդը արթնացավ սաստիկ մրսած ու հիվանդ։ Արև չկար։ Երկիրն ու երկինքը ավելի գորշ էին դարձել և ասես ավելի խորունկ։ Սառեցնող քամի էր փչում և առաջին ձյունը սպիտակեցրել էր բլուրները։ Մինչ նա խարույկ էր բորբոքում և ջուր եռացնում, օդն ասես թանձրացավ ու ճերմակեց։ Դա նրանից էր, որ սկսեց ձյուն տեղալ, թաց ու մեծափաթիլ ձյուն։ Սկզբում այդ փաթիլները հալչում էին, հազիվ գետնին հասած, բայց ձյունը հետզհետե ավելի առատ թափվեց, ծածկեց գետինը, վերջապես մարդու հավաքած ամբողջ մամուռը թրջվեց ու խարույկը հանգավ։

Դա մի ազդանշան եղավ, որպեսզի հակը նորից շալակն առնի նա և ոտքերը հազիվ քարշ տալով շարժվի առաջ, անհայտ հեռուներ։ Այլևս նա չէր մտածում ո՛չ Փոքրիկ Ձողերի Երկրի, ո՛չ Բիլլի, ոչ էլ Դիզ գետի ափին թողած գաղտնարանի մասին․ ամբողջովին համակված էր մի ցանկությամբ՝ ուտել․․․ Նա քաղցից խելքը թռցրել էր։ Նրա համար միևնույն էր, թե ուր կգնար, միայն թե քայլեր հարթ տեղերով։ Թաց ձյան տակ ափլփելով փնտրում էր ջրալի պտուղներ, արմատով պոկում էր եղեգները։ Բայց այդ բոլորը անհամ էին ու չէին հագեցնում քաղցը։ Հետո մարդը գտավ ինչ֊որ մի թթվաշ կանաչ․ և ինչքան գտավ, բոլորն էլ կերավ․ բայց դա շատ քիչ էր, որովհետև կանաչը գետնատարած աճում էր ձյան տակ․ դժվար էր գտնել։

Այդ գիշեր ճամփորդը ոչ խարույկ վառեց, ոչ տաք ջուր ունեցավ. նա մտավ վերմակի տակ ու քնեց քաղցած մարդու տագնապալի քնով։ Ձյանը հետևեց պաղ անձրևը։ Մարդն արթնանում էր հաճախ, զգալով որ անձրևը թրջում է դեմքը։ Բացվեց օրը, անարև, գորշ մի օր։ Անձրևը դադարել էր։ Քաղցի զգացումն արդեն բթացել էր։ Մնացել էր ստամոքսի բութ, մղկտացնող ցավը, բայց դա նրան այնքան էլ չէր նեղացնում։ Նրա մտածողությունը պարզ էր դարձել, և մարդը դարձյալ խորհում էր Փոքրիկ Ձողերի Երկրի և Դիզ դետի ափին թողած իր գաղտնարանի մասին։

Ճամփորդը մի վերմակի մնացորդը շերտ֊շերտ կտրատեց և արյունոտվելու աստիճան հարած ոտքերը փաթաթեց, հետո վիրակապեց ցավող ոտքը և պատրաստվեց միօրյա ուղևորության։ Երբ հերթը հասավ բեռին, նա երկար նայեց եղջերվակաշվե փոքրիկ տոպրակին, բայց վերջ ի վերջո դա էլ վերցրեց։

Ձյունը հալվել էր անձրևից, և միայն բլրագագաթներն էին մնացել սպիտակ։ Երևաց արևը, և ճամփորդին հաջողվեց որոշել աշխարհի կողմերը, չնայած գիտեր արդեն, որ ճանապարհը կորցրել է։ Վերջին օրերի ընթացքում դեգերելով, նա հավանաբար շատ էր թեքվել դեպի ձախ ու չափից անց հեռու էր գնացել։ Այժմ թեքվեց դեպի աջ, որպեսզի ուղիղ ճանապարհ ելնի։

Քաղցի տառապանքն արդեն բթացել էր, բայց նա զգում էր, որ շատ է թուլացել։ Սա ստիպված էր լինում հաճախ կանգ առնել ու հանգստանալ, ճահճային պտուղներ ու եղեգնասոխուկներ հավաքելու համար։ Լեզուն ուռել էր, չորացել, ասես խավոտել, ու բերանում դառը համ կար։ Ամենից շատ նրան նեղում էր սիրտը։ Մի քանի րոպեի ճամփա գնալուց հետո սիրտն սկսում էր ուժգին բաբախել, այն աստիճան, որ մարդը հեղձուկ և գլխապտույտ էր զգում, գրեթե ուշաթափվում էր։

Կեսօրին մոտ նա մի լճակում երկու ճերմակ խարակաձուկ տեսավ։ Ջրափոսը դատարկելն անմտություն կլիներ․ բայց մարդն ավելի հանգիստ էր դարձել և դրանց բռնելու հնարը գտավ՝ որսաց թիթեղե փոքրիկ դույլով։ Ձկնիկները ճկույթի չափ էին, ոչ ավելի, բայց մարդն էլ արդեն ուտելու առանձին մի ցանկություն չուներ։ Ստամոքսի ցավը հետզհետե թուլանում էր, սակավ տանջալից դառնում, կարծես թե ստամոքսը ննջում էր։ Նա ձուկը հում-հում կերավ, խնամքով ծամելով. և այդ գործողությունը զուտ գիտակցական էր։ Ուտել նա չէր ուզում, բայց գիտեր, որ դա հարկավոր է ողջ մնալու համար։

Երեկոյան ճամփորդը երեք ձուկ էլ որսաց, երկուսը կերավ, իսկ երրորդը թողեց նախաճաշին։ Արևը չորացրել էր մամռի հազվադեպ պատառները. և նա իր համար ջուր եռացրեց , խմեց ու տաքացավ։ Այդ օրը նա անցավ տասը մղոնից ոչ ավելի, իսկ հաջորդ օրը, առաջ գնալով միայն այն ժամանակ, երբ թույլ էր տալիս սիրտը, հազիվ հինգ մղոն։ Սակայն ստամոքսի ցավերն արդեն չէին անհանգստացնում. ստամոքսն ասես քնել էր։ Այդ վայրերն անծանոթ էին արդեն, եղջերուներ ավելի ու ավելի հաճախ էին հանդիպում, գայլեր նույնպես։ Շատ հաճախ նրանց ոռնոցը լսվում էր ամայի հեռուներից, իսկ մի անգամ նա տեսավ երեք գայլ, որոնք գողեգող կտրեցին նրա ճանապարհը և հեռացան։

Մի գիշեր էլ անցավ։ Եվ առավոտյան, վերջ ի վերջո խելքի գալով, նա արձակեց կաշվե տոպրակի բերանը սեղմող փոքրիկ գոտին։ Դեղին ծորով հոսեց ոսկու խոշորահատիկ ավազը և ընկան բնակտորները։ Նա երկու մասի բաժանեց ոսկին, մի մասը փաթաթեց վերմակի պատառի մեջ ու թաքցրեց հեռվից նկատելի ցցված ժայռի տակ, իսկ մյուս մասը նորից լցրեց տոպրակը։ Իր վերջին վերմակը նույնպես ոտքի փաթաթան դարձրեց։ Բայց հրացանը դեռևս չէր ուզում նետել, որովհետև Դիզ գետի ափին թողած գաղտնարանում փամփուշտներ կային...

Օրը մառախլապատ էր։ Քաղցը կրկին զարթնեց նրա մեջ։ Նա շատ էր թուլացել, և գլուխն այնպես էր պտտվում, որ երբեմն ոչինչ չէր տեսնում։ Նա արդեն անընդհատ սայթաքում էր և ընկնում։ Ու մի անգամ էլ գլորվեց ուղղակի կաքավի բնի վրա։ Ձվից հենց նոր դուրս եկած չորս ճուտ կար բնում, հազիվ մեկ օրական լինեին դրանք. ամեն մեկը մարդ մի բերան կաներ։ Եվ ճամփորդը ճուտիկներին ողջ֊ողջ կոխելով բերանը, ագահաբար կերավ։ Նոր ձագուկները խրթխրթում էին նրա ատամների տակ, ինչպես ձվի կճեպը։ Մայր կաքավը ճչում էր ու ճախրում մարդու շուրջը։ Նա ուզում էր հրացանի խզակոթով խփել վար գցել թռչունին, բայց կաքավը խույս տվեց հարվածից։ Մարդը սկսեց քարեր նետել ու թռչունի թևը կոտրեց։ Կաքավը վախեցած փախավ հեռու, մերթ ընդ մերթ վեր-վեր թռչելով ու կոտրված թևը քարշ տալով, մինչ մարդը շարունակում էր հալածել նրան։

Ձագուկներն ուտելով, միայն գրգռեց իր ախորժակը։ Նա անճարակ կերպով ցատկոտում էր և ցաված ոտքով կաղում։ Մարդը մերթ քար էր նետում կաքավի վրա և խռպոտ ձայնով բղավում, մերթ քայլում էր լուռ, մռայլ և ամեն մի ընկնելուց հետո համբերությամբ ոտքի ելնում, ձեռքով տրորում աչքերը, որպեսզի հեռու փախցնի գլխապտույտը , որ սպառնում էր ուշագնացության հանգեցնել։

Այս հետապնդումը նրան հասցրեց ճահճոտ մի ցածրավայր, և այստեղ նա թաց մամռի վրա մարդու հետքեր նկատեց։ Հետքերն իրենը չէին. ինքը տեսնում էր այդ։ Գուցե Բիլլի հետքերն էին... Բայց ինքը կանգ առնել չէր կարող, որովհետև կաքավը հետզհետե ավելի հեռու էր փախչում։ Ինքը նախ կբռնի թռչունին, իսկ հետո կվերադառնա և կզննի հետքերը։

Վերջ ի վերջո մարդը հոգնեցրեց կաքավին, բայց ինքն ուժասպառ եղավ։ Թռչունը ընկել էր կողքի և հևասպառ էր արդեն. հետապնդողն էլ պառկել էր նրանից տասը քայլ հեռու և ծանր շնչում էր։ Մարդը այլևս ուժ չուներ գոնե սողալով մոտենալու նրան։ Մինչ մարդը հանգստացավ, ու կազդուրվեց մի քիչ, թռչունն էլ ուժի եկավ ու թռավ հեռացավ նրա ագահաբար երկարած ձեռքից։ Հետապնդումն սկսվեց նորից։ Բայց այդ ժամանակ մութն ընկավ, և թռչունն անհետացավ։ Հոգնածությունից գայթելով, մարդն ընկավ գետին և այտը վիրավորեց։ Երկար ժամանակ նա անշարժ մնաց, բեռը կռնակին կապած, հետո դարձավ մի կողքի, ժամացույցը լարեց ու մնաց պառկած մինչև առավոտ։

Դարձյալ մառախուղ, դարձյալ մթամած մի օր։ Վերմակի կեսը ճամփորդն օգտագործեց որպես փաթաթան։ Նրան չհաջողվեց գտնել Բիլլի հետքերը, բայց դրան նա արդեն կարևորություն չտվեց։ Քաղցը նրան համառորեն քշում էր առաջ։ Սակայն ի՞նչ կստացվի, եթե... եթե Բիլլն էլ մոլորված լինի... Մինչև կեսօր մարդը բոլորովին ուժասպառ եղավ։ Ոսկին դարձյալ երկու մասի բաժանեց, այս անգամ արդեն կեսը պարզապես գետնին թափելով։ Իրիկնադեմին նա դեն շպրտեց նաև մյուս կեսը, իր մոտ թողնելով միմիայն վերմակի մի պատառ, թիթեղյա դույլիկն ու հրացանը։

Նրան սկսեցին տանջել սևեռուն մտքերը։ Չգիտես ինչու, նա հավատացած էր, թե իր հրացանի մեջ փամփուշտ է մնացել, հրացանը լցված է, իսկ ինքը պարզապես այդ չի նկատել։ Միևնույն ժամանակ նա գիտեր, որ պահեստատուփի մեջ փամփուշտ չկա։ Այս կպչուն միտքը անդադար հալածում էր նրան։ Եվ նա դրա դեմ մաքառում էր ժամեր շարունակ, ապա զննեց պահեստատուփը և համոզվեց, որ այդտեղ ոչ մի փամփուշտ էլ չկա։ Հիասթափությունը սաստիկ ուժեղ էր. ասես թե ինքն իսկապես սպասում էր փամփուշտ գտնել հրացանի մեջ։

Անցավ մոտ կես ժամ, ու սևեռուն այդ միտքը կրկին սկսեց անհանգստացնել նրան։ Մարդը մաքառում էր դրա դեմ ու չէր կարողանում հաղթահարել, և որպեսզի ինքն իրեն օգնած լինի, կրկին զննեց հրացանը։ Ժամանակ առ ժամանակ նրա բանականությունը մթագնում էր, և նա շարունակում էր դանդաղ քարշ գալ անգիտակցաբար, ինչպես մեքենան։ Արտառոց մտքերն ու անհեթեթ տեսիլները որդերի պես կրծում էին նրա ուղեղը։ Բայց մարդն արագ էր գիտակցության գալիս, քաղցի սոսկալի տառապանքները նրան սթափեցնում էին ու վերադարձնում իրական կյանքի բովը։ Ահա նրան ուշքի բերեց մի տեսարան, որից քիչ մնաց հենց նույն պահին գետին տապալվի։ Նրա գլուխը պտույտ եկավ, նա օրորվեց հարբածի պես, ջանալով մնալ ոտքի վրա։ Իր առջև ձի էր կանգնած։ Ձի՜... Մարդն իր աչքերին չէր հավատում։ Թանձր մշուշը պարուրել էր տեսողությունը։ Այդ մշուշի մեջ թափանցել էին լույսի վառ կետեր։ Մարդն սկսեց մոլուցքով տրորել աչքերը. ու երբ տեսողությունը պարզվեց, իր առջև տեսավ ոչ թե ձի, այլ խոշոր, թուխ մի արջ։ Գազանը նրան նայում էր թշնամու հետաքրքրությամբ։

Մարդը հրացանն արդեն բարձրացրել էր և ուսին դեմ արել, բայց շուտ ուշքի եկավ։ Զենքը իջեցրեց և հուլունքով զարդարված պատյանից դուրս քաշեց որսորդական դանակը։ Նրա դեմ կանգնած էր մսեղենը և... կյանքը։ Բթամատը զգուշությամբ սահեցրեց դանակի բերանով։ Դանակը սուր էր, ծայրը նույնպես սուր էր։ Հիմա ինքը կհարձակվի արջի վրա և կսպանի նրան։ Բայց սիրտն սկսեց տրոփել, ասես նախազգուշացնում էր տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ, ապա մոլեգին թռավ վեր ու մանրատրոփ թպրտաց։ Ինչ-որ մի բան սեղմեց ճակատը, ասես երկաթե օղակով, և աչքերը մթնեցին։

Հանդուգն խիզախությունը տեղի տվեց վախի ալիքին։ Այնքա՜ն թույլ է ինքը... ի՞նչ կլինի վիճակը, եթե արջը հարձակվի իր վրա։ Որքան կարելի է ահազդու դառնալու համար նա ձգվեց ամբողջ հասակով, դուրս քաշեց դանակը և ուղիղ նայեց արջի աչքերին։ Գազանն անճոռնի մի շարժումով քայլեց առաջ, ծառս ելավ ու մռնչաց։ Եթե մարդը փախչեր, արջը կընկներ հետևից։ Բայց մարդը չշարժվեց տեղից, վախից համարձակ էր դարձել նա։ Ինքն էլ մռնչաց կատաղի, ինչպես վայրի գազանը, դրանով արտահայտելով իր վախը, որն անքակտելիորեն կապված է կյանքի հետ և սերտ կերպով միահյուսվում է դրա ամենախորին արմատներին։

Արջն սպառնալից մռնչաց ու մի կողմ քաշվեց, նա վախեցավ այդ խորհրդավոր էակից, որն ամբողջ հասակով ձգված, կանգնել էր իր առջև և ահ չուներ իրենից։ Սակայն մարդը ոչ մի շարժում չէր անում։ Տեղում գամվեց այնքան ժամանակ, մինչև որ վտանգն անցավ, և ապա ամբողջ մարմնով դողալով, ինչպես տենդով բռնված հիվանդը, տապալվեց թաց մամուռի վրա։

Մարդն ուժի եկավ ու շարունակեց ճանապարհը, բայց նրան մի նոր սարսափ էր տանջում արդեն։ Քաղցից մեռնելու վախը չէր դա. նա վախենում էր մեռնել բռնի մահով, քանի դեռ կյանքը պահպանելու վերջին ձգտումը քաղցը չի թմրեցրել իր մեջ։ Նրա շրջապատում գայլեր կային։ Այդ ամայության բոլոր կողմերից նրանց ոռնոցն էր լսվում, և մարդուն շրջապատող օդն անգամ այնքան էր հագեցած վտանգով, որ նա ակամայից բարձրացրեց ձեռքերը, ետ մղելով այդ վտանգը, ինչպես վրանի քաթանե պատը, որ ծածանում է քամին։

Գայլերը զույգ-զույգ ու երեք-երեք երբեմն վազելով կտրում էին նրա ճանապարհը, բայց մոտ չէին գալիս։ Այնքան էլ շատ չէին գազանները, բացի դրանից, նրանք սովոր էին եղջերուներ որսալ, որոնք չեն դիմադրում, իսկ այս տարօրինակ կենդանին քայլում է երկու ոտքով ու, հավանաբար, ճանկռտում է և հոշոտում։

Իրիկնադեմին ճանապարհի վրա նա ոսկորներ տեսավ, որոնք սփռված էին այնտեղ, ուր գայլերը հասել ու բզկտել էին իրենց զոհին։ Մի ժամ առաջ դա եղջերուի կենդանի մի ձագ էր. նա աշխուժորեն վազվզում էր ու մռնչում։ Մարդը նայում էր մինչև վերջին մսաթելը մաքրած ոսկորներին, փայլուն և վարդագույն, որովհետև դրանց բջիջներում դեռևս չէր մարել կյանքը։ Գուցե մինչև օրվա վերջը իրենից է՞լ չմնա ավեքին, քան դրանք են՝ այդ ոսկորները... Չէ՞ որ այդպես է կյանքը, ունայն ու վաղանցիկ գոյությունը։ Միայն կյանքն է, որ ստիպում է տառապել։ Մեռնելը ցավ չի պատճառում։ Մեռնելը նշանակում է քնել, մահ՝ նշանակում է վերջ, դադար, հանգստություն։ Հապա ինչո՞ւ ինքը չի ուզում մեռնել...

Սակայն մարդը երկար-բարակ դատողություններ չարեց։ Նա պպզեց ու մի ոսկոր վերցնելով, սկսեց կրծել և միջից ծծել կյանքի վերջին հյուլեները, որոնք դեռևս վարդի գույն էին տալիս դրան։ Մսի անուշ համը, հազիվ-հաղ զգացվող, քիմքին հազիվ հասնող համը, ինչպես հեռավոր մի հիշողություն, մարդուն կատաղության էր հասցնում։ Նա ավելի պինդ սեղմեց ատամներն ու շարունակեց կրծել։ Երբեմն ոսկորն էր ջարդվում, երբեմն էլ նրա ատամները։ Հետո նա քարով փշրեց ոսկորները, խյուս դարձրեց ու ագահությամբ կուլ տվեց։ Աճապարելուց նա խփում էր իր մատներին, և այնուամենայնիվ, չնայած շտապելուն, ժամանակ էր գտնում զարմանալու, թե ինչու ինքը ցավ չի զգում հարվածներից։

Վրա հասան անձրևային և ձյունոտ օրերը, սարսափելի օրերը։ Մարդն արդեն չէր հիշում, թե երբ էր կանգ առնում գիշերելու և երբ էր նորից ճամփա ելնում։ Քայլում էր առանց իմանալու, թե օրվա որ ժամն է, քայլում էր թե գիշերը և թե ցերեկը, հանգստանում էր այնտեղ, որտեղ ընկնում էր, և քարշ էր գալիս առաջ, երբ իր մեջ մարող կյանքը կայծկլտում էր հանկարծ ու բորբոքվում վառ լույսով։ Նա այլևս չէր պայքարում, ինչպես որ պայքարում են մարդիկ։ Ինքը կյանքն էր այդ, որ չէր ուզում մեռնել նրա մեջ և նրան մղում էր առաջ։ Նա չէր տառապում այլևս։ Նրա նյարդերը բթացել էին, ասես ընդարմացել, ուղեղում խռնվում էին տարօրինակ տեսիլներ ու ծիածանագույն երազներ։

Մարդն անդադար ծծում ու ծամում էր մատղաշ եղջերուի ոսկորները, որ մինչև վերջին փշուրը հավաքել ու տանում էր իր հետ։ Նա այլևս բլուրներ չէր բարձրանում, ջրբաժաններ չէր անցնում, նա մեքենաբար քարշ էր գալիս լայնարձակ հովտում հոսող մեծ գետի զառիվայր ափով։ Նա չէր տեսնում ո՛չ գետը, ո՛չ հովիտը։ Նրա աչքերի առջև միայն տեսիլներ էին պատկերվում։ Նրա հոգին ու մարմինը քայլում էին կողք-կողքի, բայց առանձնացած։ Այնքա՜ն էր բարակել սրանց կապող թելը, այնքա՜ն նրբացել...

Մի առավոտ մարդն ուշքի եկավ ու տեսավ, որ ինքը պառկած է հարթ քարափի վրա։ Պայծառ հողերով լուսավորում էր արևը և ջերմացնում։ Հեռվից ն ա լսում էր մատղաշ եղջերուների բառաչը։ Նա տարտամ կերպով մ տա բերում էր անձրևը, քամին ու ձյունը. բայց թե որքան ժամանակ է իրեն հետա– պնդել վատ եղանակը երկու օր թե երկու շաբաթ, ինքը չգիտեր։

Երկար ժամանակ պառկած էր նա անշարժ, և շռայլաշող արևը իր ճաճանչներն էր թափում և նրա խղճուկ մարմնի մեջ ջերմություն ներարկում։ «Լավ օր է» — մտածեց նա։ Միգուցե իրեն հաջողվի որոշել ուղղությունը արևի համաձա՞յն․․․ Տանջալից մի ճիգ գործադրելով, նա դարձավ կողքի։ Այնտեղ ներքևում, հոսում էր լայնահուն, դանդաղասահ գետը։ Գետն անծանոթ էր իրեն, և դա զարմացրեց մարդուն։ Նա անշտապ հետևում էր գետի ընթացքին, նայում էր, թե ինչպես է նա գալարվում լերկ, մռայլատես բլուրների միջև, առավել մռայլ ու ցածրադիր, քան այն բլուրները, որ ինքը տեսել է մինչ այդ։ Հանդարտ, անտարբեր, առանց որևէ հետաքրքրության հետևեց նա անծանոթ գետի հոսանքին՝ գրեթե մինչև հորիզոն ու տեսավ, որ այդ գետը թափվում է լուսաշող ու փայլփլող ծովի մեջ։ Եվ այնուհանդերձ դա մարդուն չհուզեց։ «Շատ տարօրինակ է,— մտածեց նա,— սա կամ միրաժ է, կամ տեսիլք, խանգարված երևակայության արգասիք»։ Նա էլ ավելի համոզվեց դրանում, երբ տեսավ մի նավ, որ խարսխված կանգնել էր արևի տակ շողշողացող ծովում։ Մարդը մի վայրկյան փակեց աչքերն ու կրկին բաց արեց։ Տարօրինակ է, որ տեսիլքը չի անհետանում․․․ Ասենք ոչ մի տարօրինակ բան էլ չկա։ Նա գիտե, որ այդ անպտուղ երկրի սրտում չկա ո՛չ ծով, ո՛չ նավ, ինչպես նաև փամփուշտ չկա իր դատարկ հրացանի մեջ...

Իր թիկունքում մարդը ինչ-որ խռխռոց լսեց. ոչ այն է հառաչ էր դա, ոչ այն է հազ։ Շատ դանդաղ, հաղթահարելով ծայրահեղ թուլությունն ու ընդարմացումը, նա շուռ եկավ մյուս կողքին։ Մոտերքում ոչինչ չտեսավ ու համբերությամբ սպասեց։ Դարձյալ խռռոց ու հազ լսվեց․ և երկու սրածայր ժայռերի արանքում, իրենից մի քսան քայլ հեռու, նա գայլի մոխրագույն գլուխ տեսավ։ Ականջները ցցված էին, ինչպես ուրիշ գայլերինը, որ տեսել էր մարդը, աչքերը խամրած էին ու արյունով լցված, գլուխը թուլացել ու կախ էր ընկել։ Երևի գայլը հիվանդ էր․ անդադար փռշտում ու հազում էր։

«Ա՛յ, սա արդեն չի թվում»— մտածեց մարդն ու դարձյալ շուռ եկավ մյուս կողքին, որպեսզի տեսնի իսկական աշխարը, տեսիլների մուժով չծածկված աշխարհը։ Բայց ծովն էլի փայլփլում էր հեռվում, իսկ նավը պարզ երևում էր։ Գուցե, այնուամենայնիվ դա իսկակա՞ն է․․․ Մարդն աչքերը փակեց ու սկսեց մտածել․ ու վերջ ի վերջո, հասկացավ, թե ինչու է այդպես ստացվել։ Ինքը քայլել է դեպի հյուսիս-արևելք, հեռանալով Դիզ գետից, և ընկել Քոփերմայն գետի հովիտը։ Հենց այդ լայնահուն, դանդաղասահ գետը Քոփերմայնն է որ կա։ Հեռվում փայլփլող ծովը Սառուցյալ օվկիանոսն է։ Այդ նավը կետորս նավ է, որ Մաքենզի գետաբերանից հեռացել է դեպի արևելք և խարսխվել Թագադրության ծոցում։ Մարդը մտաբերեց Հուդզոնի Ընկերության քարտեզը, որ մի ժամանակ տեսել էր ինքը, և ամեն ինչ պարզ ու հասկանալի դարձավ։

Մարդը ելավ նստեց ու սկսեց խորհել ամենաանհետաձգելի գործերի շուրջը։ Վերմակից ձևած փաթաթանները բոլորովին մաշվել էին, և նրա ոտքերի կաշին այնքան էր պլոկվել, որ միսը երևում էր։ Վերջին վերմակն օգտագործված էր արդեն։ Հրացանն ու դանակը կորցրել էր։ Գդակն էլ էր կորել ու սրա հետ էլ լուցկիների այն կապուկը, որ պահված էր աստառի տակ։ Բայց մագաղաթյա թղթի մեջ փաթաթած ու ծխախոտի քսակը դրած լուցկիները անվնաս էին մնացել ու չէին խոնավացել։ Մարդը նայեց ժամացույցին։ Սա դեռևս աշխատում էր և ցույց էր տալիս ժամը տասնմեկը։ Հավանորեն ինքը չէր մոռացել ու ժամանակին լարել էր։

Մարդը հանգիստ էր ու լիակատար գիտակցությամբ։ Չնայած սաստիկ թուլությանը, նա ոչ մի ցավ չէր զգում։ Ուտել չէր ուզում։ Ուտելիքի մասին մտածելը նույնիսկ տհաճ էր նրա համար. և այն ամենը, ինչ ինքն անում էր, անում էր բանականության թելադրանքով։ Նա մինչև ծունկը պատռեց տաբատի փողքը և փաթաթեց ոտնաթաթերը։ Դույլը, չդիտես ինչու, չէր նետել։ Դեպի նավը ճամփա ընկնելուց առաջ հարկավոր է տաք ջուր խմել. և ինչպես ինքը նախատեսում էր, շատ դժվար կլինի այդ ճանապարհը։

Նրա բոլոր շարժումները դանդաղ էին։ Անդամալույծի նման դողում էր։ Ուզում էր չոր մամուռ հավաքել, բայց չկարողացավ ելնել տեղից։ Մի քանի անգամ փորձեց ոտքի կանգնել, իսկ հետո վերջ ի վերջո չորեքթաթ գնաց։ Մի անգամ սողալով խիստ մոտեցավ հիվանդ գայլին։ Գազանը դժկամորեն մի կողմ քաշվեց ու լեզուն հազիվ շարժելով, լիզեց դունչը։ Մարդը նկատեց, որ գայլի լեզուն առողջ, կարմիր գույն չունի, դեղնաթուխ էր ու կիսաչոր լորձունքով ծածկված։

Տաք ջուր խմելուց հետո մարդն զգաց, որ ինքը կարողանում է ոտքի կանգնել և նույնիսկ քայլել, չնայած որ ուժերը գրեթե սպառվելու վրա էին։ Նա համարյա րոպեն մեկ ստիպված էր լինում հանգստանալ։ Գնում էր թույլ, անհաստատ քայլերով, նույնքան թույլ, անհաստատ քայլերով էլ նրա հետևից քարշ էր գալիս գայլը։

Եվ այդ գիշեր, երբ փայլատակող ծովը անհետացավ մթության մեջ, մարդը հասկացավ, որ ինքը ծովին մոտեցել է չորս մղոնից ոչ ավելի։

Ամբողջ գիշեր նա լսում էր հիվանդ գայլի հազը, իսկ երբեմն էլ մատղաշ եղջերուների բառաչը։ Իր չորս բոլորը բաբախում էր կյանքը, բայց այնպիսի կյանք, որը լի է կորովի ուժով և առողջությամբ, իսկ ինքը հասկանում էր, որ հիվանդ գայլը քարշ է գալիս հիվանդ մարդու հետքերով այն հույսով, թե այդ մարդը առաջինը կմեռնի։ Երբ առավոտյան մարդն աչքերը բացեց, տեսավ որ գայլը նայում է իրեն տրտում և անհագ հայացքով։ Քաղցից կմախքացած շուն էր հիշեցնում գազանը․ և կանգնել էր նա գլուխը կախ ու պոչն իրեն քաշած։ Գայլը դողում էր սառը քամուց ու մռայլ էր, և ատամները բացեց, երբ մարդը նրա հետ խոսեց այնպիսի ձայնով, որ խռպոտ շշնջից չէր տարբերվում։

Ծագեց վառ արևը, և ամբողջ առավոտյան, մինչև կեսօր, գայթելով ու ընկնելով ճամփորդը գնում էր դեպի նավը, որ կանգնած էր շողացայտ ծովում։ Եղանակը հիանալի էր։ Սկսվել էր հյուսիսային լայնություններին յուրահատուկ ամառը։ Դա կարող էր տևել մի շաբաթ, կարող էր և վերջանալ վաղը կամ մյուս օրը։

Կեսօրից հետո նա հետքեր տեսավ։ Դա մի ուրիշ մարդու հետքեր էին. և այդ մարդը ոչ թե քայլել էր, այլ առաջ էր գնացել չորեքթաթ։ Նա մտածեց, թե դրանք կարող էին Բիլլի հետքերը լինել, բայց մտածեց ակամա և անտարբեր։ Իր համար միևնույն էր։ Էականում նա դադարել էր որևէ բան զգալ և հուզվել։ Նա ցավ չէր զգում արդեն։ Ստամոքսն ու նյարդերն ասես ննջում էին։ Սակայն ներսում անթեղված ու դեռևս նշուլող կյանքը նրան մղում էր առաջ։ Մարդը շատ էր հոգնել, բայց կյանքը նրա մեջ չէր ուզում հանգչել, և որովհետև կյանքը չէր ուզում հանգչել, մարդը դեռևս շարունակում էր ճահճային հատապտուղներ ու խարակաձկներ ուտել, տաք ջուր խմել ու հետևել հիվանդ գայլին, որն աչքաթող չէր անում նրան։

Մարդը քայլեց մյուս մարդու հետքերով, այն մարդու, որը առաջ էր գնացել չորեքթաթ, և շուտով տեսավ նրա ճամփի վերջը՝ կրծոտած ոսկորներ թաց մամռի վրա, և գայլաթաթերի պարզորոշ հետքեր։ Նա տեսավ եղջերվակաշվե լիքը մի տոպրակ (ճիշտ այնպիսի փոքրիկ տոպրակ, ինչպիսին որ ինքն ուներ), որը պատառոտված էր սուր ատամներով։ Մարդը վերցրեց այդ տոպրակը, չնայած որ իր անզոր ու թույլ մատները նման ծանրություն պահելու ուժ չունեին։ Բիլլը մինչև վերջին շունչն անգամ տոպրակը չի նետել․․․ Հա֊հա֊հա՜․․․ Ինքը դեռ շատ կծիծաղի Բիլլի վրա, հա-հա՜..․ Ինքը կենդանի կմնա և տոպրակը կտանի ու կհասցնի նավ, որը կանգնած է փայլատակող ծովում։ Մարդը ծիծաղեց խռպոտ, ագռավի կռավոց հիշեցնող սարսափելի ծիծաղով, և հիվանդ գայլը թախծալի ոռնոցով ձայնակցեց նրան։ Մարդն իսկույն լռեց։ Ինչպե՞ս կարող է ինքը ծիծաղել Բիլլի վրա, եթե դա Բիլլն է եղել, եթե այս ողորկ, սպիտակ ու վարդագույն, մաքուր ոսկորները այն ամենն է, ինչ մնացել Բիլլից․․․

Մարդը հայացքը դարձրեց մի կողմ։ Այո, Բիլլն իրեն լքեց, բայց ինքը ոսկին չի վերցնի և չի ծծի Բիլլի ոսկորները․․․ Իսկ Բիլլը կաներ, եթե իր տեղը լիներ, խորհրդածում էր մարդը, մի կերպ առաջ գնալով։

Հասավ մի փոքր լճի։ Եվ խարակաձուկ գտնելու նպատակով թեքվելով ջրի վրա, ետ քաշվեց խայթվածի պես։ Նա ջրի մեջ արտացոլված տեսավ իր դեմքը։ Այդ պատկերն այնքան սարսափելի էր, որ կյանքի կոչեց անգամ նրա ընդարմացած հոգին։ Ջրում երեք խարակաձուկ էին լողում, բայց լճակը բավական մեծ էր, և մարդը չէր կարող մինչև հատակը դատարկել ջուրը։ Նա փորձեց ձկները դույլիկով որսալ, բայց վերջ ի վերջո հրաժարվեց այդ մտքից։ Նա վախեցավ, թե հոգնածությունից կընկնի ջուրն ու կխեղդվի։ Հենց այդ պատճառով էլ չհամարձակվեց նստել գերանին ու իջնել գետն ի վար, չնայած որ ավազոտ ծանծաղուտներում գերաններ շատ կային։

Այդ օրը իր ու նավի միջև եղած տարածությունը նա կրճատեց երեք մղոնով, իսկ հաջորդ օրը՝ երկու մղոնով․ այժմ արդեն նա Բիլլի պես չորեքթաթ էր գնում առաջ։ Հինգերորդ օրվա վերջին մինչև նավը դեռևս մնում էր մի յոթ մղոն, իսկ ինքը օրական մի մղոն անգամ չէր կարողանում անցնել։ Հյուսիսի ամառը հարատևում էր, իսկ մարդը մերթ սողում էր չորեքթաթ, մերթ ընկնում անզգա։ Եվ նրա հետքերով նույն կերպ քարշ էր գալիս հիվանդ գայլը, հազալով ու փռշտալով։ Մարդու ծնկների կաշին պլոկվել էր և միսը երևում էր։ Թաթերն էլ նույն վիճակում էին. և չնայած որ նա շապկից երկու շերտ պատռել էր ու վերքերը փաթաթել, կարմիր հետքը ձգվում էր նրա հետևից մամռի ու քարերի վրայով։ Մի անգամ պատահմամբ ետ նայելով, նա տեսավ, որ գայլն ագահությամբ լիզում է այդ արյունոտ հետքը, և պարզ կերպով պատկերացրեց, թե ինչպիսին կլինի իր վախճանը, եթե ինքը չսպանի գայլին։ Եվ այդ պահից սկսվեց ամենաօրհասական պայքարը, որ կարող է լինել կյանքում, չորեքթաթ քարշ եկող մի մարդ ու հիվանդ մի գայլ, որը կաղում է նրա հետևից․ երկուսն էլ կիսամեռ, գնում էին ամայի տարածություններով, հետամտելով միմյանց։

Եթե գայլը առողջ գազան լիներ, մարդը չէր դիմադրի. սակայն նրա համար տհաճ էր մտածել, որ ինքը կընկնի այդ զազիր արարածի, համարյա լեշի որովայնը։ Այս մտքից մարդը գարշանք զգաց։ Նա նորից սկսում էր զառանցել, գիտակցությունը մթագնում էին ցնորական պատրանքները, և լուսավոր միջնապահերը հետզհետե դառնում էին ավելի կարճ և հազվադեպ։

Մի անգամ մարդն ուշքի եկավ, հենց ականջի մոտ ինչ֊որ մեկի շնչառությունը լսելով։ Գայլը ետ ցատկեց, սայթաքեց և ուժասպառ ընկավ։ Դա ծիծաղելի էր, իսկ մարդը չժպտաց. նույնիսկ չվախեցավ։ Վախը նրա նկատմամբ իշխանություն չուներ արդեն։ Բայց մարդու միտքը մի րոպե պայծառացավ, և նա մնաց պառկած ու խորհրդածությունների մեջ խորասուզված։ Մինչև նավն արդեն մի չորս մղոն է մնացել, ոչ ավելի։ Նավը նա տեսնում էր շատ պարզ, տրորելով մշուշված աչքերը, տեսնում էր նաև ճերմակ առագաստավոր մակույկր, որ ճեղքում էր փայլփլող ծովը։ Սակայն դժվար թե ինքը կարողանա հաղթահարել այդ չորս մղոնը։ Այս բանը նա գիտեր և անխռով էր դրա նկատմամբ։ Գիտեր, որ կես մղոն չի կարողանա սողալ։ Եվ այնուամենայնիվ ուզում էր ապրել։ Հիմարություն կլիներ մեռնել այն ամենից հետո, ինչ որ ինքր կրել էր։ Ճակատագիրը չափազանց շատ բան է պահանջում իրենից։ Մեռնելիս անգամ, նա չէր հպատակվում մահվան։ Հնարավոր է, որ դա բացարձակ խելացնորություն է, բայց նույնիսկ մահվան ճանկերում մարդը մարտահրավեր էր նետում դրան ու մաքառում էր դրա դեմ։

Մարդը փակեց աչքերն ու անսահման խնամքով ժողովեց իր ամբողջ ուժը։ Նա ինքն իրեն քաջալերում էր, ձգտելով չենթարկվել թեթև ուշագնացությանը, որ մակընթացության նման ողողում էր իր էությունը։ Այս զգացումը ալիքներով բարձրացնում էր ու պղտորում գիտակցությունը։ Երբեմն նա ասես խորտակվում էր, սուզվելով թմրության մեջ ու ճգնելով բարձրանալ, բայց ինչ֊որ անբացատրելի ձևով կամքի մնացորդները օգնում էին նրան նորից դուրս գալ մակերես։

Մարդը պառկել էր մեջքի վրա անշարժ ու լսում էր, թե ինչպես գայլի խռպոտ շնչառությունը մոտենում է իրեն։ Այդ շունչը զգացվում էր ավելի ու ավելի մոտիկ, ժամանակը ձգվում էր անվերջ, իսկ մարդը ոչ մի անգամ չշարժվեց։ Ահա գայլի շնչառությունը լսվում է ուղղակի ականջի տակ։ Կոշտ և չոր լեզուն քերծեց մարդու այտը հղկաթղթի նման։ Մարդու ձեռքերը վեր նետվեցին (համենայն դեպս ինքն ուզում էր վեր նետել), մատները կեռվեցին մագիլների նման, բայց ճանկեցին դատարկությունը։ Արագ ու անվրեպ շարժումների համար ուժ է հարկավոր, իսկ ուժ ինքը չուներ։

Գայլը համբերատար էր, բայց մարդն էլ նրանից պակաս համբերող չէր։ Օրվա կեսը մարդն անշարժ պառկած էր, պայքարելով խորին թմրության դեմ ու հսկելով գայլին, որը կուզենար նրան ուտել և որին հենց ինքն էլ կուտեր, եթե կարողանար։ Ժամանակ առ ժամանակ թմրության ալիքը հեղեղում էր մարդուն, ու նա երկարատև երազներ էր տեսնում, բայց մշտապես, երազում թե արթմնի, սպասում էր, թե ուր որ է կլսի խռպոտ շնչառությունը և իր դեմքը կլպստի փշոտ լեզուն։

Շնչառություն նա չլսեց, բայց արթնացավ, որովհետև փշոտ լեզուն դիպավ իր ձեռքին։ Մարդն սպասում էր։ Ժանիքները թեթևակի սեղմեցին նրա ձեռքը, հետո ճնշումն սկսեց ուժեղանալ, գայլը վերջին ճիգով ձգտում էր ատամները թաղել զոհի մարմնի մեջ, որ այդքան երկար Ժամանակ հետամտել էր։ Սակայն մարդն էլ էր երկար սպասել, և նրա կծոտված ձեռքը սեղմեց գայլի ծնոտը։ Եվ այն պահին, երբ գայլն անզոր կերպով պաշտպանվում էր, իսկ ձեռքը նույնքան թույլ սեղմում էր ծնոտը, մյուս ձեռքը պարզվեց ու ճանկեց գալին։ Մի հինգ րոպե անց մարդն իր ամբողջ ծանրությամբ գետնին էր սեղմել գայլին։ Նրա ձեռքերն այնքան ուժ չունեինք որպեսզի գազանին խեղդեին, բայց մարդը դեմքը սեղմեց գայլի պարանոցին, ու նրա բերանը լցվեց կոշտ մազերով։ Անցավ կես ժամ, ու մարդն զգաց, որ տաք մի շիթ ծորում է իր կոկորդով ներս։ Տանջալից էր դա. ասես նրա ստամոքսը հալած արճիճ էին լցնում. ու միմիայն կամքի լարումով էր իրեն ստիպում դիմանալ։ Հետո մարդը գլորվեց ընկավ մեջքի վրա ու քնեց։

«Բեդֆորդ» կետորս նավով ուղևորություն էին կատարում գիտական արշավախմբի մի քանի մասնակից։ Տախտակամածից նրանք ինչ-որ տարօրինակ մի արարած տեսան ափին։ Նա սողում էր դեպի ծովը, ավազի վրայով հազիվհազ շարժվելռվ։ Գիտնականները չէին կարողանում հասկանալ, թե ինչ է դա. և, ինչպես վայել է բնախույզներին, մակույկ նստեցին ու շտապեցին դեպի ափ։ Նրանք այստեղ տեսան կենդանի մի արարած, բայց հազիվ թե նրան կարելի լիներ մարդ անվանել։ Այդ արարածը ոչինչ չէր լսում, ոչինչ չէր հասկանում և վիթխարի մի ճիճվի նման գալարվում էր ավազի վրա։ նրան գրեթե չէր հաջողվում առաջ շարժվել, բայց նա չէր նահանջում և, կուչուձիգ գալով ու գալարվելով, առաջ էր շարժվում ժամում մոտ քսան քայլ։


Երեք շաբաթ անց «Բեդֆորդ» կետորս նավի մահճին պառկած, մարդը արցունքն աչքերին պատմում էր, թե ով է ինքը ու թե ինչեր է վիճակվել կրելու իրեն։ Նա ինչ֊որ անկապ բաներ էր պատմում իր մոր, հարավային Կալիֆորնիայի, ծաղիկների ու նարնջի ծառերի մեջ թաղված տնակի մասին։

Անցավ մի քանի օր։ Մարդն արդեն սեղան էր նստել գիտնականների ու նավապետի հետ ընդհանուր նավասենյակում։ Նա ուրախանում էր ուտելիքի առատության վրա, տագնապալի հայացքով էր ուղեկցում ամեն մի պատառը, որ անհետանում էր ուրիշի բերանում, և նրա դեմքը խորին մի ափսոսանք էր արտահայտում։ Նրա խելքը գլխին էր, բայց սեղան նստած բոլոր մարդկանց նկատմամբ ատելություն էր տածում։ Նրան տանջում էր վախը, թե ուտելիքը չի բավականացնի։ Նա խոհարարին, պատանի նավաստուն, հենց իրեն նավապետին հարցուփորձ էր անում պարենի պաշարի վերաբերյալ։ Այդ մարդիկ անվերջ հանգստացնում էին նրանք բայց նա ոչ մեկին չէր հավատում ու գաղտագողի աչք էր գցում մառան, որպեսզի իր սեփական աչքերով տեսնի ու համոզվի։

Բոլորն էլ նկատում էին, որ նա կազդուրվում է, օրեցօր գիրանում։ Գիտնականները օրորում էին գլուխներն ու զանազան կարծիքներ հայտնում։ Սկսեցին սահմանափակել նրա սնունդը, բայց նա շարունակում էր լենքին տալ, առանձնապես գոտկատեղում։

Նավաստիները ծիծաղում էին քթի տակ։ Նրանք գիտեին, թե ինչն է այդ բոլորի պատճառը։ Իսկ երբ գիտնականներն էլ սկսեցին հետևել տառապյալին, նրանց համար էլ պարզ դարձավ ամեն ինչ։ Նախաճաշից հետո նա գողեգող հասնում էր բաք և մուրացիկի պես ձեռք պարզում այս կամ այն նավաստուն։ Նավաստին քմծիծաղում էր ու նրան ծովային պաքսիմաթի մի կտոր մեկնում։ Մարդը ագահությամբ խլում էր պաքսիմաթը, նայում դրան, ինչպես ժլատը ոսկուն, և թաքցնում էր ծոցում։ Նման ողորմություն, խնդմնդալով, նրան աալիս էին նաև մյուս նավաստիները։

Գիտնականներն այլևս ձայն չէին հանում, մարդուն հանգիստ էին թողել։ Սակայն իրենից թաքուն զննեցին նրա մահիճր։ Սա պաքսիմաթներով լեփ֊լեցուն էր։ Ներքնակը լիքն էր պաքսիմաթներով, բոլոր անկյուններում պաքսիմաթներ կային։ Սակայն մարդու խելքը տեղն էր։ Նա միմիայն միջոցներ էր ձեռք առնում ի դեպս սովի, այս է ամբողջը։ Գիտնականներն ասացին, թե դա պետք է որ անցնի։ Եվ դա իրոք անցավ մինչև «Բեդֆորդի» խարիսխ գցելը Սան-Ֆրանցիս կոյի նավահանգստում։