հեղինակ՝ Վարդգես Պետրոսյան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Ինչու են շուտ մեռնում ծաղիկները
Այս պատմվածքը ես գրել եմ մի աղջկա համար, որն այդպես էլ չիմացավ, թե ես սիրում եմ իրեն։ Գրել եմ հարյուր տարում, գուցե ավելի։ Գրել եմ հողի տակ։ Մի զարմացեք, մարդիկ, իսկ ես հիմա կպատմեմ, թե ինչպես մեռա ամառային տոթ մի օր, երբ խշշում էին մեր փողոցի ծառերը…
… Ես հիշում եմ իմ կյանքի վերջին օրերը, որն նման չէին ոչ մի անցած օրվա։ Աշխարհի համար ես շատ երջանիկ էի, եղբայրներ, քույր ունեի, ընտանիք, երեխա, որ զանգակ էր ու առվի խշշոց։ Ուիշ էլ ի՞նչ էր հարկավոր երջանկության համար։ Բայց երեւի հարկավոր էր, քանի որ ես երջանիկ չէի, Ու հանկարծ իմ կյանքի մէջ լցվեց նա։ Պատահե՞լ է, որ ամառվա շոգին, երբ արևից ու երազներից թմրած՝ կանգնած էք եղել, կատակասեր մեկը սառը ջուր է լցրել ձեր ծոծրակին։ Առաջին պահ վեր էք թռել, երևի նույնիսկ կշտամբել այդ անողին, իսկ հետո հանկարծ զգացել եք, որ հենց դրա համար էիք կանգնած, արևի տակ, գուց ամբողջ կյանքում դրա համար էիք կանգնած։ նա այդպես լցվեց իմ կյանքի մէջ՝ խելագար ու զարմանալի, ոչինչ չպահանջող և անզգույշ։ ես հիմա չեմ հիշում՝ գեղեցի՞կ էր նա արդյոք։ Նրա աչքերի մեջ կար հարցական մի տխրություն, մի քիչ երկինք և մի քիչ խշշոց։ Ինձ թվում էր այդ աչքերն անընդհատ նայում էին կյանքին ու հարցնում՝ ինչո՞ւ… Նա եկավ առանց հարցնելու, փաթաթվեց իմ օրերին՝ ինչպես խաղողի վազն է բարձրանում փայտե հենակների վրա, և ինձ համար կախեց իր ջահելության ողկույզները՝ բոլորը, ինչ ուներ։ Եվ ոչինչ չպատահեց։ Ոչինչ։ Ես մինչև վերջն էլ չկարողացա այնպես անել, որ նա հավատա, թե ես էլ իրեն եմ սիրում։ Այն ժամանակ երևի ես էլ չէի հավատում, քանի իր ամեն րոպե հիշում էի. ես իրավունք չունեմ նրան սիրելու։ Եվ գուցե դրա համար, երբ նա իմ որտքերի տակ էր դնում իր ամբողջ կյանքը, ես նայում էի ժամացույցիս, նա ինձ էր բերում իր ջաելության ամբողջ մերկությունը, իսկ ես փակում էի վարագույրներն ու հանգցնում լույսը։ Ես նրա հետ երբեք դուրս չեկա փողոց, և աշխարհն այդպես էլ չիմացավ, որ ես վերջապես երջանիկ եմ։ Մեր սերը նման էր խարույկի, որ մենք ծածկել էինք ուղում ծեռքերի ափերով, թեպետ կրակը թեժ էր ու անդիմադրելի։
Բայց շատ է երկարում իմ սկիզբը։
Իմ մեռնելուց առաջ ես հիվանդ էի։ Ամբողջ օրը ինձ մոտ էին մայրս, եղբայրներս, կինս՝ տխուր ու գունատված, թեպետ վերջին օրերին մենք արդեն չէինք հասկանում ու ճանաչում իրար։ Չկար նա՛ միայն, որին ամենից շատ էի սպասում ու սիրում։ Նա չէր կարող գալ մեր տուն։ Եղբայրներս գիտեին, որ ես կմեռնեմ, բժիշկն ասել էր. նրանք հավատում էին, երևի նաև սպասում՝ տխուր և հաշտված։ Միայն մայրս չէր հավատում, բայց ոչ թե նրա համար, որ չգիտեր բժշկի ասածը…
Ավելի լավ է պատմեմ իմ վերջին օրվա մասին։ Ես գիտեի արդեն, որ մեռնելու եմ հենց այդ օրը։ Դրա համար էլ ուզում էի ծիծաղել, երբ բժիշկը փորձում էր սրսկել, շոշափում էր ստամոքսս, իսկ հետո էլ դեղ գրեց. «Մի շաբաթ շարունակ՝ օրը երկու անգամ կխմեցնեք»։ Ես չէի մեղադրում նրան՝ այդ հանգիստ, տաք ձեռքերով մարդուն. նա ուղղակի չէր հասկանում ինձ, և ոչ մի բժիշկ չի հասկանում, որ մարդիկ մեռնում են միայն այն ժամանակ, երբ հոգնում են։ Իսկ մեկը կարող է հոգնել տասնութ, մյուսը՝ յոթանասուն տարեկանում։ Ես հոգնել էի։ Բայց տխուր չէի։ Իմ աչքի առաջ գրապահարանս էր, բայց ես չէի մտածում, որ այդ գրքերին այլևս չեն դիպչի իմ մատները։ Ես գիտեի, որ ինչ֊որ մատներ կդիպչեն, իսկ գրքերի համար միևնույն է։ Գրքերը մի քիչ նման են բամբասասեր մարդկանց. նրանք իրենց գաղտնիքներն ասում են ամենքին, ուրեմն ուրիշին էլ կասեն։ Ես տխրությամբ էի նայում միայն իմ լուսամուտի տակ խշշացող ակացիին և երկնքին, որ երևում էր հեռվից։ Ես կուզենայի ինձ հետ այնտեղ՝ հողի տակ տանել միայն մի քիչ խշշոց ու մի շերտ երկինք։ Բայց գիտեի, որ դա անհնար է։
— Ես գնամ ծխախոտ վերցնեմ, — հանկարծ լսեցի մեծ եղբորս ձայնը, որը, ես գիտեի, չի ծխում։
Նա կամ գնում էր մեր մտերիմներին հեռագիր տալու, կամ չէր ուզում տեսնել, թե ինչպես եմ մեռնում։ Ես հասկացա նրան և հայացքով հրաժեշտ տվի, որովհետև մենք այլևս չէինք հանդիպելու այս աշխարհում։ Նա դուրս գնաց։ Ես կնոջս ասացի, որ տնից դուրս տանի երեխաներին՝ մի քիչ օդ շնչելու։ — Կտանեմ, — լսեցի ես ու տեսա, որ նա վերջին անգամ էլ չհասկացավ ինձ ու չիմացավ, որ այլևս երբեք չի լսի իմ ձայնը։ Ես մորս էլ ինչ֊որ բան ասացի, բայց նա չգնաց։ Ես շատ տխրեցի դրա համար ու դանդաղ փակեցի աչքերս։ Որքան անցավ, չեմ հիշում, միայն հանկարծ լսեցի մորս աղեկտուր ճիչը ու իմացա, որ արդեն մեռել եմ։ Փակ կոպերիս արանքից ես տեսա, թե ինչպես ներս ընկան բոլորը, ինչպես դուրս տարան մորս, որն առաջինն զգաց իմ մահը, թեպետ միակն էր, որ չէր հավատում։
Հետո ամեն ինչ եղավ այնպես, ինչպես լինում է։
Երկուր օր շարունակ իմ շուրջը մարդիկ էին, և ես տեսա իմ շատ ծանոթների, որոնց տարիներով չէի տեսել։ Նրանք լալիս էին կամ կանգնում մռայլ ու լուռ, հետո գնում։ Պատահում էր՝ ես հոգնում էի այդ ձայներից կամ լռությունից, ուզում էի խնդրել, որ խոսեն կամ լռեն, բայց այնպես անդորր էր իմ ներսում, որ ես չէի բացում աչքերս։ Ես սկսեցի զարմանքով նայել մարդկանց, որոնցից շատերին, թվում էր, լավ էի ճանաչում։ Նրանք չգիտեին, որ ես նայում եմ ու դրա համար չէին ձևանում։ ես հիշում էի, թե ինչ էր մտածում նրանց մասին, երբ ապրում էի ու, ճիշտն ասած՝ երբեմն ամաչում էի անցած մտքերի ու կարծիքների համար։ Բայց ամենից շատ այդ չէր ինձ զբաղեցնողը. ես ամեն օր որոնում էի նրան, որը չէր գալիս։ Ես գիտեի, որ նա չէր կարող գալ ու նույնիսկ անշշուկ կանգնել իմ գլխավերևում, ինչպես ուրիշները, ես գիտեի, որ հենց նա ներս մտներ, ամենքը կիմանային։ Ես շատ էի կարոտել նրան, շատ էի սպասում, ուզում էի նույնիսկ խնդրել մորս, որ նրան կանչի, բայց շատ էի հոգնած և դրա համար չէի կարողանում բացել աչքերս։ Շատ էի հոգնած, և հետո՝ առաջին անգամ էր, որ հանգիստ կարող էի մտածել նրա մասին, իմանալով, որ ոչ ոք չի խանգարի՝ ոչ հեռախոսի զանգով, ոչ հայացքով, ոչ սիրով, ոչ ատելությամբ։ Ես նրա մասին էի մտածում նաև այն ժամանակ, երբ ինձ տանում էին ձեռքերի վրա՝ իմ փողոցով, որտեղ ես մեծացել էի, սիրել, հոգնել։ Փողոցում լիքը արև կար, բայց առաջին անգամ զգացի, որ չեմ շոգում և ուզում եմ, որ ավելի արև լինի, ավելի մեծ, ավելի տաք,։ Ես նայում էի իմ փողոցին. տրամվայները, մեքենաները, մարդիկ կանգնել էին ինչ֊որ տխրությամբ, որից իմ սիրտը հոգնել էր։ Ես չէի ուզում, որ մարդիկ տխրեն նաև իմ պատճառով և դրա համար բոլորովին էլ վատ չզգացի, երբ ծառի տակ տեսա մի տղայի ու մի աղջկա՝ իրար բռնած, ժպտալով իրար աչքերի մեջ նայելիս։ Սկզբում ինձ թվաց, թե նրանք դեռ չեն նկատել իմ թափորը, բայց հետո աղջիկը նայեց ուղիղ դեպի ինձ ու նորից ժպտաց։ Տղան էլ նայեց՝ բարի, ուրախ աչքերով։ Ես էլ ուզեցի ժպտալ, նույնիսկ ձեռքով անել, բայց շատ էի հոգնած և հետո՝ եթէ բարձրացնեի ձեռքս, ծաղիկները կթափվեին ներքև։ Ես երկար նայում էի իմ փողոցին, օդին, նայում էի այն քարերին, որոնց քսվել են իմ ոտքերը, և տխուր էի։ Ես մտածում էի, որ փողոցը միայն մի րոպեով է տխրել՝ մինչեւ որ մենք անցնենք, հետո ամեն ինչ կլինի այնպես, ինչպես եղել է. մեքենաներն էլ, մարդիկ էլ կգան իրենց ճանապարհով և այդպես կլինի վաղը, միշտ։ ես գիտեի, որ քարերն էլ հիշողություն չունեն՝ ինչպես մարդիկ, և ինձ շուտ կմոռանան։ Գիտեի։ հետո մենք մտանք գերեզմանոց և այդտեղ էր, որ տեսա նրան։ Տեսա ու ժպտացի. այսինքն, այդ ժպիտը միշտ էլ կար իմ դեմքին, քանի որ վերջին րոպեին ես նրա մասին էի մտածել։ Իմ փակ կոպերի արանքից, երկու օր շարունակ, ես տեսնում էի, որ ոչ ոք չի հասկանում այդ ժպիտը, ոմանք էլ նայում են տարօրինակ ու զարմացած։ Բայց գերեզմանի մոտ նա հասկացավ, նույնիսկ տեսա, որ ժպիտով պատասխանեց ինձ։ Հետո նրան ծածկեցին իմ հարազատները, իմ մտերիմները, ու ես հիշեցի մեր վերջին գիշերը… Մենք քայլում էինք մութի միջոցով, և նա ուզում էր, որ ասեի, թե աշխարհում ամենից շատ սիրում եմ իրեն։ Ես լուռ էի, ես երևի զգում էի արդեն, որ հոգնել եմ՝ չասելուց այդ նախադասությունը, որ կուզենայի գոռալ բոլոր բարձրախոսների ձայնով։ Հոգնել էի այս մթությունից, լույսերից, ամեն ինչից, իսկ նա սպասում էր։ Ես հետո, արդեն հողի տակ, շատ ափսոսացի, որ նրան չեմ ասել այն բառերը, որ նրանն էին, բայց ուշ էր արդեն։
Մինչ ես մտածում էի մեր վերջին գիշերի մասին, ինձ արդեն ներքև էին իջեցնում։ Իմ հարազատների ոտքերի արանքից ես նրան տեսա վերջին անգամ ու լսեցի նրա հայացքը. — Գա՞մ, — ասում էր նա։ — Գա՞մ, — այդպես էի ես լսում նրա ձայնը խոսափողի մեջ այն ժամանակ։ Այդ վերջին վայրկյանին ես զգացի, որ բավական է գլխով անեմ, և նա կգա, բայց նա ընդամենը քսանմեկ տարեկան էր, և ես նրան պատասխանեցի. — Մնա։ Նա այդ անգամ էլ լսեց իմ հայացքը, լսեց անմռունչ՝ ինչպես միշտ։ Հետո նրան ծածկեցին իմ հայացքից, հետո ես տեսա, որ արդեն ներքևում եմ, հետո լսեցի քարերի և հողի ծանոթ աղմուկը։ Հետո այլևս ոչինչ չլսեցի. միայն ծաղիկների խիտ բույրը, որ քարացավ իմ ու հողի արանքում։ Հետո ես թմրեցի նրա մասին մտածելով, աշխատեցի հիշել ամսաթիվն ու օրը, բայց միայն մեկ֊երկու շաբաթ կարողացա շարունակել օրացույցը։
Այդպես անցան օրեր, ամիսներ, երևի տարիներ։ Ու ես հիշեցի այն խոսքերը, որ չասացի նրան, աշխարհին ու դրա համար էլ սկսեցի տակ մրմնջալ ուշացած այս խոստովանությունը։ Ես սկսեցի ապրել չասված այդ խոսքերով ու ամեն օր ուզեցի հիշել՝ ինչքան տևեց մեր սերը. մի քանի… ես չհիշեցի թե ինչ՝ ամի՞ս, օ՞ր, տարի՞…