Վերջին թարմացում 24 Հոկտեմբերի 2014, 16:49
Դեկամերոն

հեղինակ՝ Ջովաննի Բոկաչչո
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի
աղբյուր՝ «Դեկամերոն»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Դեկամերոն

Սկսվում է գիրքն այս- Դեկամերոն կոչվող, մականվանյալ Principe Galeotto, որը պարունակում է հարյուր նովել, որ տասն օրվա ընթացքում պատմել են յոթ դամաներ և երեք երիտասարդներ:

Ներածություն

Վշտաբեկներին կարեկցելը մարդկային հատկություն է, ու թեև դա վայել է յուրաքանչյուրին, մենք առանձնապես այդ սպասում ենք այն մարդկանցից, ովքեր իրենք էլ զգացել են մխիթարության կարիքը և մխիթարվել ուրիշներից: Եթե որևէ մեկը զգացել է մխիթարության անհրաժեշտությունը, և դա նրան բերել է սփոփանք ու բավականություն, ապա ես հենց այդպիսիների թվին եմ պատկանում: Իմ վաղ երիտասարդությունից մինչև պահը սույն ես այրվում ու կրակվում էի անչափ վսեմ ու ազնիվ սիրով, շատ ավելի վսեմ ու ազնիվ, քան կարող էր պատշաճել իմ ստոր վիճակին,- եթե ես ցանկանայի այդ մասին պատմել:Ու թեև գիտցող մարդիկ, որոնք իրազեկ էին այդ բանին, ինձ գովասանում ու գնահատում էին դրա համար, այնուամենայնիվ սերն ինձ ստիպեց շատ բան տեսնել ու տանել, և պատճառը ոչ թե սիրած կնոջ խստասիրությունն էր, այլ իմ չափից ավելի տաքարյունությունը՝ համակված հախուռն ցանկությամբ, որը, չբավարարվելով հնարավոր նպատակով, ոչ սակավ ինձ պատճառել է ավելի մեծ վիշտ, քան պետք էր սպասել:Եվ ահա հենց այդ վշտի միջոցին բարեկամիս ուրախ զրույցները և իր ուժերի ներածին չափ սփոփանքներն ինձ այնքան օգուտ են տվել, որ իմ հաստատ համոզմամբ, հենց դրանք էին միակ պատճառը, որ ես չմեռա: Սակայն բարեհաճությամբ Նրա, ով ինքն անվախճան լինելով՝ իր անխախտ օրենքով սահմանեց, որ ամենայն ինչ վախճան ունենա, իմ սերը, - որ շատ ավելի ջերմ էր այլոց սիրուց, և որը խզել կամ սասանել չկարողացան ո՛չ իմ դիտավորության ճիգը, ո՛չ բարեկամներիս խորհուրդը, ո՛չ ակներև խայտառակության ահը, ո՛չ հնարավոր վտանգը, - ժամանակի ընթացքում այնպես թուլացավ, որ այժմ իմ հոգում թողել է լոկ այն հաճույքը, որ նա սովորաբար պատճառում է նրանց, ովքեր չափից ավելի հեռու չեն նավարկում նրա ջրերով: Եվ որքան որ առաջ ծանր էր ինձ համար, այնքան այժմ, տառապանքի փարատումից հետո, ես դա վերապրում եմ որպես հաճելի մի բան: Բայց տառապանքներս դադարելու հետ միասին չանէացավ հուշն այն բարերարության, որ ինձ ցույց էին տվել այն անձինք, որոնք իմ նկատմամբ բարեհաճ լինելով՝ վշտանում էին իմ դժբախտությունների համար, և թերևս հուշն այդ վերանա լոկ իմ մահով: Իսկ քանի որ իմ կարծիքով երախտագիտությունը մյուս բոլոր առաքինությունների մեջ արժանի է առանձին գովեստի, իսկ երախտամոռությունը՝ պարսավանքի, ես երախտամոռ չհամարվելու համար որոշեցի այժմ, երբ արդեն կարող եմ ինձ ազատ համարել, ի տրիտուր այն բանի, ինչ ես ինքս եմ ստացել, ըստ հնարավորին մի որոշ թեթևություն պատճառել, եթե ոչ նրանց, ովքեր ինձ օգնել են(նրանք այնքան հասկացող են ու երջանիկ, որ թերևս դրա կարիքը չեն զգում), ապա համենայն դեպս դրա կարիքն ունեցողներին: Ու թեև իմ սատարանքը կամ, լավ է ասել, մխիթարանքը թույլ պիտի լինի դրա անհրաժեշտությունը զգացողների համար, այնուհանդերձ ինձ թվում է, որ այդ մխիթարանքը պետք է առանձնապես ուղղել այնտեղ, ուր ավելի շատ է զգացվում նրա անհրաժեշտությունը, քանզի այդտեղ էլ նա ավելի մեծ օգուտ կբերի և կգնահատվի ավելի բարձր: Իսկ ո՞վ կարող է ժխտել, որ այդպիսի մխիթարությունը, ինչպիսին էլ նա լինի, ավելի պատշաճ է առաջարկել չքնաղագեղ կանանց,քան տղամարդկանց: Նրանք, վախից ու ամոթից, իրենց քնքուշ կրծքի տակ թաքցնում են սիրո բոցը, իսկ որ դա ավելի ուժեղ է բացահայտ սիրուց՝ գիտեն բոլոր նրանք, ովքեր փորձել են այդ բանը: Բացի դրանից, կապված լինելով իրենց հայրերի, մայրերի, եղբայրների և ամուսինների կամեցողությամբ, կամակոր ցանկություններով, հրամաններով, նրանք ժամանակի մեծ մասն անց են կացնում փակ օթևանների անձկության մեջ և, նստելով գրեթե անգործ, կամա թե ակամա, ունենում են զանազան խոհեր, որոնք միշտ էլ չեն կարող ուրախ լինել: Եթե այդ մտքերը երբեմն տխուր տրամադրություն են առաջացնում, որի պատճառն է մոլի ցանկությունը, ապա դրանք, ի մեծ ցավ սրտի, մնում են նրանց գլխում, երբ չեն փարատվում նոր զրույցներով. էլ չասած, որ կանայք նվազ դիմացող են, քան տղամարդիկ: Այդ ամենը, ինչպես դյուրին է նկատել, չի պատահում սիրահարված տղամարդկանց: Եթե նրանց համակում են տխուր կամ հոգեմաշ մտքեր, ապա նրանք իրենց տրամադրության տակ ունեն տխրությունը մեղմելու կամ նրանից խուսափելու համար, քանզի, ըստ ցանկության, կարող են զբոսնել, լսել ու տեսնել շատ ու շատ բաներ, զբաղվել թռչուններ ու գազաններ որսալով, ձուկ բռնել, ձիավարել, խաղալ կամ առևտուր անել: Այդ զբաղմունքներից յուրաքանչյուրը կարող է մասամբ կամ ամբողջովին կլանել մարդուս ուշքն ու միտքը՝ նրանից վանելով տխուր մտքերը, համենայն դեպս մի որոշ ժամանակով, որից հետո նա այսպես թե այնպես կա՛մ սփոփվում է, կա՛մ տխրությունը նվազում: Ահա թե ինչու, ցանկանալով մասամբ մեղմած լինել անարդարացիությունը ճակատագրի, որը զորավիգ լինելիս ժլատ է հենց այնտեղ, ուր ուժերն ավելի պակաս են, - ինչպես դա տեղի է ունենում թույլ կանանց նկատմամբ,- ես մտադիր եմ ի զվարճություն և օգնություն սիրահարների (քանզի մյուսները բավարարվում են թել ու ասեղով, իլիկով ու կարժառով) առաջարկել հարյուր նովել, կամ ինչպես մենք կանվանենք, առասպելներ, առակներ ու պատմություններ, որ տասն օրվա ընթացքում պատմել են երեք երիտասարդներ և յոթ դամաներ անցյալ ժանտախտի կորստաբեր օրերին, և մի քանի երգեր, որ այդ դամաները երգել են իրենց բավականության համար: Այդ նովելներում առկա են սիրո զվարճալի և տխրավախճան դեպքեր և ուրիշ արտասովոր եղելություններ, որ տեղի են ունեցել ինչպես նորագույն, այնպես էլ հնագույն ժամանակներում: Կարդալով այդ նովելները, դամաները կստանան բավականություն նրանց մեջ պատմվող զվարճալի արկածներից և, միաժամանակ օգտակար խորհուրդ, քանի որ կիմանան, թե ինչի՛ց պիտի խուսափեն և ինչի՛ ձգտեն: Կարծում եմ, որ թե՛ մեկը, և թե՛ մյուսը կկատարվեն ոչ առանց ձանձրույթը մեղմելու: Եվ եթե, տա Աստված, այդպես լինի, թող այնժամ նրանք փառաբանեն Ամուրին, որն ինձ ազատելով այդ կապանքներից՝ հնարավորություն տվեց ծառայելու նրանց հաճույքին:

ԱՌԱՋԻՆ ՕՐ

Սկսվում է Դեկամերոնի առաջին օրը, որի ընթացքում,-երբ հեղինակն արդեն ասել է, թե ինչ առիթով էին հավաքվել և զրուցում հետագայում հանդես եկող անձինք,- նրանք, Պամպինեայի նախագահությամբ, սկսում են խոսել ով ինչի մասին ցանկանա

Ամենայն անգամ, գեղանի տիկնայք, երբ միտք եմ անում և տեսնում, թե ի բնե որքան կարեկից եք դուք, գալիս եմ այն համոզման, որ սույն գործիս սկիզբը կարող է ձեզ ծանր ու տխրալի թվալ, քանի որ հենց այդպիսին է նրա ճակատին գրված վշտաբեր վերհուշը անցյալ ժանտախտի պատճառած մահացության մասին, որը ողբալի է բոլոր նրանց համար, ով իր աչքով տեսել կամ որևէ այլ կերպ զգացել է այն: Ես դրանով չեմ ուզում ետ պահել ձեզ ընթերցումը շարունակելուց, չեմ ուզում ասել, թե դրանից հետո էլ դուք պիտի քայլեք հեծեծանքների և արցունքների միջով: Սոսկումնալի սկիզբը ձեզ համար կլինի նույնը, ինչ որ ուղևորների համար անմատչելի, զառիվեր լեռը, որի մյուս կողմում փռված է չքնաղ ու հրաշալի մարգագետինը, որը նույնքան շատ է հաճելի նրանց, որքան մեծ է եղել ջանքը բարձրանալիս և իջնելիս:Ինչպես չաթից դուրս խնդությանըը վիշտն է հաջորդում, ինչպես դժբախտության վախճանը ուրախությունն է միշտ, այնպես էլ այս կարճատև տխրությանը (ասում եմ կարճատև, որովհետև այն պարունակվում է մի քանի բառերի մեջ) շուտով կհետևեն սփսփանքն ու հաճույքը, որ ես խոստացա նախապես, և որոնց, այսպիսի մի սկզբից հետո, ոչ ոք չպիտի սպասեր, եթե չնախազգուշացնեին: Ճշմարիտն ասած, եթե արժանավայել ձևով կարենայի ձեզ իմ ցանկացած տեղը հասցնել մի այլ ճանապարհով, այլ ոչ թե այդքան զառիվեր կածանով, ապա ես սիրով այդպես կանեի, բայց քանի որ առանց այդ հիշողություններին դառնալու անհնար էր բացատրել, թե ինչու իսկապես տեղի ունեցան այն դեպքերը, որոնց մասին կարդալու եք հետո, ես սկսում եմ գրել ուղղակի անհրաժեշտությունից դրդված:

Եվ այսպես, կասեմ, որ Աստվածորդու բարերար մարգարեությունից 1348 տարի էր անցել, երբ փառաշուք Ֆլորենցիային, իտալական քաղաքներից սքանչելագույնին, պատուհասեց ժանտախտը, որը, չգիտեմ երկնային լուսատուների ազդեցությամբ, թե մեր մեղքերի համար մահկանացուների գլխին իջած աստվածային արդար բարկության պատճառով, դրանից մի քանի տարի առաջ ի հայտ գալով արևելքի մարզերում և, դրանց զրկելով անթիվ ու անհամար բնակիչներից, անդադար տեղից տեղ անցնելով, սաստկանալով ողբալիորեն, եկավ ու հասավ նաև արևմուտք: Նրա դեմ ոչինչ չկարողացան անել ո՛չ մարդու իմաստությունը, ո՛չ կանխատեսությունը, որոնց շնորհիվ քաղաքը, այդ նպատակով նշանակված մարդկանց ձեռքով, մաքրվել էր աղտեղությունից, արգելվել էր հիվանդներին քաղաք բերելը, հրատարակվել էին բազմաթիվ հրահանգներ առողջությունը պահպանելու մասին: Չէին օգնում նաև հաճախ կրկնվող խանդաղատագին թափորամաղթանքներն ու այլ տեսակի մաղթանքները, որ կազմակերպում էին բարեպաշտ մարդիկ: Հիշյալ տարվա գարնան մոտավորապես սկզբներին հիվանդությունն սկսեց իր ողբալի ազդեցությունը երևան բերել սարսափելի ու տարօրինակ ձևով. ո՛չ այնպես, ինչպես արևելքում, որտեղ քթից արյուն հոսելն ստույգ նշան էր անխուսափելի մահվան. այստեղ հիվանդության սկզբում տղամարդկանց ու կանանց աճուկներում և կռնատակերին առաջանում էին ինչ-որ ուռուցքներ, որոնք աճում էին սովորական խնձորի կամ ձվի մեծությամբ, լինում էին և փոքրերը: Ժողովուրդը դրանց gavoccioli (ժանտախտի գեղձուռուցքներ) անունն էր տալիս: Կարճ ժամանակամիջոցում այդ մահաբեր ուռուցքը մարմնի հիշյալ մասերից անցնում էր անխտիր նաև մյուս մասերը, իսկ այնուհետև հիշյալ ախտի նշանը փոխվում էր սև ու կապույտ բծերի, որոնք շատերի մոտ երևում էին ձեռքերի ու ազդրերի և մարմնի մյուս մասերի վրա, ոմանց մոտ խոշոր ու սակավաթիվ, ոմանց մոտ՝ մանր ու խիտ-խիտ: Եվ ինչպես սկզբում և դրանից հետո էլ ուռուցքը համարվում էր մոտալուտ մահվան անկասկածելի նշան, այդպիսին էին և բծերը՝ ում մարմնի վրա որ երևում էին:Թվում էր, որ այդ ախտերի դեմ անզոր ու անօգուտ էին թե՛ բժշկի խորհուրդը, թե՛ այս կամ այն դեղի զորությունը: Արդյոք այդպիսի՞ն էր հիվանդության հատկությունը, թե՞ բուժողների տգիտությունը (որոնց մեջ, բացառությամբ ուսյալ բժիշկների, կային շատերը, տղամարդ թե կին, որոնք ոչ մի հասկացողություն չունեին բժշկությունից) չէր հայտնաբերել նրա պատճառը, դրա համար էլ չէր գտել պատշաճ միջոցներ, միայն թե քչերն էին ապաքինվում, և գրեթե բոլորն էլ մեռնում էին հիշյալ նշանները երևալու երրորդ օրը, ոմանք ավելի շուտ, մյուսները փոքր-ինչ ուշ, և մեծ մասն առանց տենդային կամ այլ երևույթների: Ժանտախտի տարածումը սաստկանում էր նրանով, որ այդ ախտը շփման միջոցով հիվանդներից անցնում էր առողջներին, ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես բոցը կլանում է չոր կամ ճարպոտ առարկաները, երբ վերջիններս մոտեցվում են նրան:Եվ առավել մեծ չարիքն այն էր, որ հիվանդությունը և ընդհանուր մահացության պատճառը առողջներին անցնում էր ոչ միայն հիվանդների հետ ունեցած խոսակցության կամ շփման միջոցով, այլև հիվանդի հագուստին կամ գործածած և ձեռք տված որևէ իրին դիպչելն իսկ փոխանցում էր հիվանդությունը: Եվ զարմանալի պիտի թվա, ինչ որ հիմա պիտի ասեմ, և եթե շատերն ինձ պես իրենց աչքով դա տեսած չլինեին, մտքովս անգամ չէր անցնի հավատալ, ուր մնաց թե գրել, թեկուզև լսած լինեի արժանահավատ մարդուց: Կասեմ, որ այդ վարակը մեկից մյուսին փոխանցվելիս այնպիսի հատկություն ուներ, որ ոչ միայն մի մարդուց մյուսին էր անցնում, այլև հաճախ տեսնում էին է՛լ ավելի զարմանալին. այդ ախտով հիվանդացած կամ նրանից մեռած մարդուն պատկանած իրը, եթե դրան դիպչում էր մարդու տեսակին չպատկանող որևէ կենդանի էակ, ոչ միայն նրան վարակում, այլև սպանում էր կարճ ժամանակի ընթացքում: Այդ բանի մեջ, ինչպես ասված է վերևում, ես համոզվեցի սեփական աչքերով, մի անգամ, ի միջի այլոց, այսպիսի դեպքի ականատես լինելով. այդ հիվանդությունից մեռած մի աղքատ մարդու լաթերը փողոց էին նետված. երկու խոզեր, պատահաբար գտնելով դրանք, իրենց սովորության համաձայն, երկար ժամանակ ծվիկ-ծվիկ արին դնչերով, ապա ժանիքներով դեսուդեն քաշքշեցին և կարճ ժամանակից հետո, փոքր-ինչ պտույտ-պտույտ գալով, ասես թույն կերած, անշնչացած ընկան չարաբաստիկ լաթեր վրա:

Այդօրինակ և առավել սոսկալի շատ ուրիշ դեպքեր զանազան ահեր ու ցնդի մտքեր էին առաջացնում այն մարդկանց մեջ, որոնք, դեռևս ողջ մնացած լինելով, գրեթե ամենեքյան մի դաժան նպատակի էին ձգտում՝ հեռու փախչել հիվանդներից և խուսափել ինչպես նրանց, այնպես էլ նրանց պատկանող իրերի հետ շփում ունենալուց. և այդպես վարվելով՝ կարծում էին, թե կպահպանեն իրենց կյանքը: Ոմանք գտնում էին, թե սակավապետ ապրուստը և բոլոր ավելորդություններից հրաժարվելը շատ են օգնում չարիքի դեմ կռվելուն: Փոքրիկ խմբեր կազմելով, նրանք ապրում էին մյուսներից առանձնացած, թաքչելով ու փակվելով այն տներում, որտեղ հիվանդներ չկային, և որոնք հարմարավետ էին իրենց համար: Մեծ չափավորությամբ օգտագործելով ընտիր ուտելիքներ և լավագույն գինիներ, խուսափելով ամեն մի շռայլությունից, ոչ ոքի թույլ չտալով խոսել իրենց հետ և չցանկանալով դրսից ոչ մի լուր առնել մեռածների կամ հիվանդների մասին, նրանք իրենց ժամանակն անց էին կացնում երաժշտության և այն բավականությունների մեջ, որ կարող էին պատճառել իրենց: Ոմանք էլ, ունենալով հակառակ կարծիք, պնդում էին, թե հիվանդության ամենաստույգ ճարը սա է. խմել ու վայելել, թափառել երգեր ասելով և զվարճախոսելով, ըստ կարելույն բավարարել ամեն մի ցանկություն և ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը: Եվ սրանք, ինչպես ասում, այնպես էլ վարվում էին ըստ հնարավորին, զօր ու գիշեր թափառելով գինետնից գինետուն, կոնծելով անչափ ու անսահման. ավելի հաճախ դա անում էին ուրիշների տներում, միայն թե լսած լնեին, որ այնտեղ իրենց ճաշակը գոհացնող կամ հաճելի որևէ բան կա: Եվ նրանց համար հեշտ էր այդ անել, քանի որ բոլորը, այլևս կենդանի մնալու հույսը կտրած, ճակատագրի քմահաճույքին էին հանձնել և՛ իրենց, և՛ իրենց ունեցվածքը. ուստի տների մի մասը ընդհանուրի սեփականությունն էր դարձել, և կողմնակի մարդը ոտք դնելով այնտեղ՝ օգտվում էր ճիշտ այնպես, ինչպես կօգտվեր իսկական տան տերը: Եվ այդ մարդիկ, անասնական հակումների հետամուտ, ըստ կարելույն խուսափում էին հիվանդներից: Եվ մեր քաղաքի այդ թշվառ ու ընկճված վիճակի հետևանքով գրեթե անկավ ու վերացավ ինչպես աստվածային, այնպես էլ մարդկային օրենքների հեղինակությունը, որովհետև այդ օրենքների սպասավորներն ու ի կատար ածողները մյուսների նման կա՛մ մեռած էին, կա՛մ նրանց ձեռքի տակ այնքան քիչ պաշտոնյաներ էին մնացել, որ նրանք չէին կարողանում կատարել ոչ մի պարտականություն, ուստի և յուրաքանչյուրին թույլ էր տրված անել՝ ինչ որ լավ կհամարեր:

Շատերն էլ ընտրել էին վերոհիշյալ երկու ճանապարհերի միջինը. չչափավորելով իրենց ուտելիքը, ինչպես առաջինները, խմելու և այլ շռայլությունների մեջ չանցնելով չափն ու սահմանը, ինչպես անում էին մյուսները, նրանք այդ ամենից օգտվում էին բավարար չափով և ըստ կարիքի, չէին փակվում տների մեջ, այլ զբոսնում էին, ձեռքներին բռնած ո՛րը ծաղիկ, ո՛րը անուշաբույր խոտեր, ո՛րը այլ բուրումնավետ բան, որ հաճախ հոտոտում էին, օգտակար համարելով իրենց ուղեղը թարմացնել այդ բուրմունքներով,- քանի որ դիակների, հիվանդների և դեղորայքի հոտից օդը վարակված էր ու գարշահոտ:

Ոմանք էլ ավելի դաժանամիտ, բայց գուցե և ավելի ճիշտ համոզում ունեին և ասում էին, թե չկա վարակից ազատվելու ավելի լավ միջոց, քան նրանից փախչելը: Հետևելով այդ համոզմանը, իրենց անձից բացի, ոչևէ այլ բանի մասին չմտածելով, բազմաթիվ տղամարդիկ ու կանայք լքեցին հայրենի քաղաքը, իրենց տներն ու կացարանները, իրենց ազգականներին ու իրենց ունեցվածք և դիմեցին քաղաքից դուրս՝ դեպի ուրշների կամ իրենց կալվածքները, կարծես թե Աստծո զայրույթը, որ մեղավորներին պատժել էր այդ ժանտախտով, չպիտի գտներ նրանց, որտեղ էլ որ լինեին, և չպիտի հատուցեր, այլ դիտմամբ պիտի թափվեր քաղաքի պատերի մեջ մնացածների վրա. կարծես համոզված էին, որ այնտեղ ոչ ոք ողջ չի մնալու, և արդեն հասել է նրա վերջին ժամը:

Թեև այդքան տարբեր կարծիքներ ունեցող մարդկանցից բոլորը չմեռան, բայց և փրկվեցին նույնպես ոչ բոլորը: Ընդհակառակն, յուրաքանչյուր խմբից հիվանդանում էին շատերը, և ամենուրեք, ինչպես առողջ ժամանակ իրենք էին օրինակ տվել մյուսներին, նրանք հալումաշ էին լինում գրեթե բոլորից լքված: Էլ չասած, որ մի քաղաքացին փախչում էր մյուսից, որ դրացին դրացու մասին գրեթե չէր հոգում, որ ազգականները սակավ էին այցելում կամ բնավ չէին այցելում միմյանց, կամ տեսնվում էին հեռվից-հեռու: Այդ աղետը այնպիսի մի սոսկում էր ձգել տղամարդկանց ու կանանց սիրտը, որ եղբայրը եղբորն էր լքում, հորեղբայրը՝ եղբորորդուն, քույրը՝ եղբորը, և հաճախ կինը՝ ամուսնուն: Դեռ ավելի զարմանալին ասեմ. հայրերն ու մայրերը խուսափում էին այցելել և խնամել իրենց երեխաներին, ասես թե դրանք նրանց զավակները չլինեին: Այդ պատճառով էլ հիվանդությամբ տառապող անթիվ ու անհամար տղամարդկանց ու կանանց համար չկար որևէ այլ օգնություն, բացի մտերիմների (որոնց թիվը մեծ չէր) գթասրտությունից կամ չափազանց մեծ վարձով հրապուրված սպասավորների շահամոլությունից. ասենք՝ դրանց թիվն էլ պակասում էր, և դրանք գռեհիկ բարքերի տեր տղամարդիկ ու կանայք էին, որ անընտել էին հիվանդ խնամելու գործին, և ոչինչ չէին կարողանում անել, բացի պահանջվածը հիվանդներին մատուցելուց և դիտելուց, թե ինչպես են նրանք մեռնում: Եվ կատարելով այդպիսի ծառայություն, նրանք հաճախ վաստակի հետ միասին կորցնում էին նաև իրենց կյանքը: Եվ որովհետև հիվանդները լքված էին դրացիներից, հարազատներից ու բարեկամներից, իսկ ծառաներն էլ քիչ էին, առաջացավ մինչև այդ չլսված այն սովորությունը, որ գեղեցիկ ու ազնվատոհմիկ տիկինները հիվանդանալիս չէին քաշվում տղամարդու մատուցած ծառայությունից, ով էլ որ նա լիներ, երիտասարդ կամ ծեր, առանց ամաչելու նրա առաջ մերկացնելով մարմնի ամեն մի մասը, ինչպես կանեին կնոջ ներկայությամբ, միայն թե այդ պահանջեր հիվանդությունը,- մի բան, որ թերևս հետագայում դարձավ ապաքինված կանանց նվազ ողջախոհության պատճառը: Բացի դրանից մեռնում էին շատ այնպիսիները, որոնք օգնություն ստանալու դեպքում թերևս կենդանի մնային: Այդ ամենի՝ թե՛ հիվանդներին վատ խնամելու և թե՛ ախտի սաստկության պատճառով քաղաքում ցերեկով ու գիշերով մեռնողների թիվը այնքան մեծ էր, որ սարսափելի էր այդ մասին լսելն իսկ, ուր մնաց թե տեսնելը: Դրա հետևանքով, ասես թե անհրաժեշտության դրդումով, ողջ մնացած քաղաքացիների մեջ առաջ եկան որոշ նոր սովորություններ, որ հակառակ էին հներին: Առաջներում ընդունված էր (ինչպես այդ հիմա էլ ենք տեսնում), որ ազգական ու դրացի կանայք հավաքվում էին հանգուցյալի տանը և այնտեղ լացուկոծ անում նրա ամենամերձավոր հարազատների հետ միասին. մյուս կողմից էլ, հանգուցյալի տան առաջ հավաքվում էին նրա ազգականները, դրացիները և շատ ուրիշ քաղաքացիներ ու հոգևորականությունը, նայած ննջեցյալի կարողությանը, և տարեկիցները նրա դիակն իրենց ուսերի վրա առած, մոմերով ու հոգևոր երհերով, հուղարկավորության թափորով տանում էին այն եկեղեցին, որ կենդանության օրով ընտրել էր հանգուցյալը: Երբ ժանտախտն սկսեց սաստկանալ, այդ ամենը լիովին կամ մեծ մասամբ մոռացության տրվեց, իսկ հին կարգերի տեղը նորերը երևացին: Մարդիկ մեռնում էին ոչ միայն առանց բազմաթիվ կանանց սգահավաքի, այլև կային շատ շատերը, որոնք վախճանվում էին առանց վկաների, և միան շատ քչերին էր բաժին ընկնում հարազատների սրտաճմլիկ ու դառնաղի արցունքը: Դրա փոխարեն, ընդհակառակը, սովորական էին ծիծաղն ու կատակները և ընդհանուր ուրախությունը, մի սովորություն, որ առողջական նկատումներով շատ լավ էին յուրացրել կանայք, որոնց մեծ մասը մերժել էր իրեն հատուկ կարեկցանքի զգացմունքը: Քչերը կային, որոնց դիակին, եկեղեցի տանելիս, ուղեկցում էին տասնից կամ տասներկուսից ավելի դրացիներ, և այն էլ ոչ թե պատվական ու հարգարժան քաղաքացիներ, այլ ռամիկ ժողովրդից ելած գերեզմանափորներ, որոնք իրենց բեկիններ էին անվանում և վարձ ստանում իրենց մատուցած ծառայության համար. նրանք հայտնվում էին դագաղի մոտ ու տանում աճապարանքով, և տանում ո՛չ թե այն եկեղեցին, որ իր մահից առաջ ընտրել էր հանգուցյալը, այլ ավելի հաճախ այն եկեղեցին, որն ամենից մոտն էր, տանում էին սակավաթիվ մոմերով կամ բոլորովին առանց մոմերի, չորս կամ վեց կղերականների հետևից, որոնք իրենց նեղություն չտալով երկար կամ հանդիսավոր ծես կատարելու՝ հիշյալ բեկինների օգնությամբ դիակն իջեցնում էին առաջին իսկ պատահած, դեռևս չզբաղեցված գերեզմանը: Հասարակ ժողովուրդը, կամ գուցե նաև միջին խավի մեծ մասը, շատ ավելի ողբալի պատկեր էր ներակայացնում. կենդանի մնալու հույսը կամ աղքատությունը շատ հաճախ նրանց դրդում էին չլքել իրենց տներն ու դրացիներին: Ամենայն օր հազարներով հիվանդանալով, չստանալով ոչ մի խնամք և օգնություն, նրանք մեռնում էին գրեթե առանց բացառության: Շատերը մեռնում էին փողոցներում - ցերեկը կամ գիշերը: Մյուսներն էլ թեև տներում էին մեռնում՝ իրենց մահվան մասին դրացիներին իմաց էին տալիս ոչ այլ կերպ, քան իրենց նեխող դիակների գարշահոտությամբ: Եվ այսպես թե այնպես մեռած մարդկան դիակներին թիվ ու համար չկար: Դրացիներից շատերը, դիակներից վարակվելու ահից, նույնքան էլ մեռածների նկատմամբ ունեցած կարեկցանքից դրդված, մեծավ մասամբ այնպես էին վարվում. իրենց ձեռքով, կամ պատգարակակրիների օգնությամբ, երբ հնարավոր էր լինում դրանց գտնել, մեռածների դիակները դուրս էին հանում տներից և դնում դռների դիմաց, որտեղ ամեն մի անցորդ, մանավանդ առավոտյալ պահին, անթիվ ու անհամար դիակներ կտեսներ: Այնուհետև զբաղվում էին պատգարակներ ճարելով: Բայց կային այնպիսիներն էլ, որոնք պատգարակ չունենալով, դիակները տախտակների վրա էին դնում: Հաճախ միևնույն պատգարակի վրա երկու կամ երեք դիակ էր լինում, սակայն քիչ չէր պատահում, որ միևնույն պատգարակի վրա պառկած էին լինում կին ու ամուսին, երկու կամ երեք եղբայր, կամ հայր ու որդի և այլն: Քիչ չէր պատահում նաև, որ հանգուցյալի առջևից խաչ ու բուրվառով քայլող երկու քահանաների հետրից, պատգարակավորներին կրկնակոխ, քայլում էին երկու կամ երեք այլ պատգարակավորներ ևս, այնպես որ քահանաները, որ կարծում էին, թե մեկին են թաղում, ստիպված էին լինում թաղել վեց կամ ութ, երբեմն էլ ավելի շատ ննջեցյալների: Ընդ որում, սրանց հարգանք չէին մատուցում ո՛չ լացով, ո՛չ հուղարկավորությամբ. ընդհակառակը, գործն այնտես էր հասել, որ մեռած մարդկանց մասին այնքան էին մտածում, որքան ներկայումս սատկած այծի մասին: Եվ այսպիսով ակներև դարձավ, որ եթե իրերի սովորական ընթացքը իմաստուններին էլ չի սովորեցնում համբերությամբ տանել մանր ու հազվադեպ կորուստները, ապա մեծ աղետները նույնիսկ կարճամիտ մարդկանց դարձնում են շրջահայաց ու անտարբեր: Քանի որ բազմաքանակ դիակների համար, - որոնք, ինչպես արդեն ասվեց, ամեն օր և գրեթե ամեն ժամ հավաքվում-բերվում էին ամեն մի եկեղեցու մոտ, - օրհնված հող չէր բավականացնի, մանավանդ եթե ըստ հին սովորության յուրաքանչյուրին առանձին գերեզմանատեղ հատկացնեին, ապա եկեղեցիներին կից գերեզմանոցներում, ,որոնք լեփ-լեցուն էին, փորում էին ահագին փոսեր, որոց մեջ հարյուրներով լցնում էին բերվող դիակները՝ դարսելով խիտ-խիտ շարքերով, ինչպես նավի վրա ապրանքն են դարսում, և հողով թեթևակի ծածկելով մինչև գերեզմանի պռունկը:

Այլևս ամենայն մանրամասնությամբ չպատմելով քաղաքում պատահած աղետները, կասեմ, որ եթե նրա համար ծանր ժամանակ էր, ապա վերջինս բնավ չխնայեց քաղաքամերձ վայրերն էլ: Եթե մի կողմ թողնենք ամրոցները (որ նույն քաղաքներն են՝ փոքրացրած տեսքով), ապա ցաքուցրիվ կալվածքներում ու դաշտերում թշվառ ու աղքատ գյուղացիները և նրանց ընտանիքները մեռնում էին առանց բժշկից օգնություն և ծառաներից խնամք տեսնելու, մեռնում էին ճանապարհների վրա, դաշտերում ու տներում, գիշերն ու ցերեկը անխտիր, ոչ իբրև մարդիկ, այլ կենդանիներ: Դրա հետևանքով, ինչպես քաղաքացիների մոտ, նրանց բարքերն էլ սանձազերծ եղան, և նրանք դադարեցին իրենց ունեցվածքի և անելիքի մասին մտածելուց: Ընդհակառակը, ասես ամեն բացվող օրվա հետ մահվան սպասելով, նրանք չէին ջանում իրենց համար ապահովել անասուններից ու հողից և իրենց սեփական տքնությունից սպասելիք արդյունքը, այլ աշխատում էին ամեն կերպ ոչնչացնել արդեն վաստակածը: Այդ պատճառով էլ ավանակները, ոչխարներն ու այծերը, խոզերն ու հավերը, նույնիսկ մարդուն հավատարիմ շները, բնակավայրերից քշված, անարգել թափառում էին դաշտերում, որտեղ հացահատիկի ցանքը մնացել էր անտեր, և ոչ միայն չհավաքված, այլև հնձված էլ չէր: Եվ նրանցից շատերը, ասես բանական լինեին, օրվա մեջ լիուլի կերակրվելով, գիշերը առանց հովիվների դրդման ու կանչի, վերադառնում էին իրենց բները:

Սակայն թողնելով քաղաքաշուրջ վայրերը և նորից քաղաքին դառնալով, կարո՞ղ ենք ասել ավելին, քան այն, որ երկնքի դաժանության, բայց գուցե և մարդկային անգթության պատճառով, մարտ ամսից մինչև հուլիսը,- մասմաբ ժանտախտի սաստկությունից, մասամբ էլ առողջներին համակած երկյուղից, որի պատճառով հիվանդներին վատ էին խնամում և չէին բավարարում նրանց պահանջները,- Ֆլորենցիա քաղաքի պատերի մեջ մեռավ, ինչպես կարծում են, մոտ հարյուր հազար մարդ, թեև մինչ այդ մահտարաժամը երևի չէին էլ կարծում, որ քաղաքն այդքան բնակիչ ուներ: Քանի-քանի մեծաշուք ապարանքներ, գեղեցկաշեն տներ ու պերճալի կացարաններ, որ մի ժամանակ լի էին սպասավորներով, տերերով ու տիրուհիներով, ամայացան մինչև վերջին սպասավորը ներառյալ: Քանի-քանի մեծահամբավ տոհմեր, հարուստ ժառանգություններ և փառավոր ունեցվածքներ մնացին առանց օրինական ժառանգի: Քանի-քանի քաջառողջ տղամարդիկ, գեղեցիկ կանայք ու չքնաղ պատանիներ, որոնց կատարելապես առողջ կհամարեին նույնիսկ Գազիանոսը, Հիպոկրատն ու Էսկուլապը, առավոտյան ճաշում էին հարազատների, ընկերների ու բարեկամների հետ միասին, իսկ երեկոյան իրենց նախնիների հետ ընթրում էին հանդերձյալ աշխարհում:

Ինձ համար ծանր է այդքան երկար կանգ առնել այդ թշվառությունների վրա, ուստի և, նրանց մասին արած պատմությունիցս դուրս թողնելով այն, ինչ հնարավոր է, կասեմ, որ այն ժամանակ, երբ այդ պարագաներում մեր քաղաքը գրեթե ամայացել էր, եղավ, որ մի երեքշաբթի օր առավոտյան (ինչպես այդ մասին հետագայում տեղեկացա արժանահավատ մարդուց) Սանտա Մարիա Նովելլայի արժանահարգ տաճարում, երբ այնտեղ համարյա թե մարդ չկար, յոթ դեռատի օրիորդներ, ըստ պատշաճի սգո հանդերձներ հագած, ժամերգությունը լսելուց հետո եկան ու հավաքվեցին իրար մոտ: Նրանք բոլորը միմյանց հետ կապված էին մտերմական, դրացիական կամ ազգակցական կապերով, ոչ մեկի տարիքը քսանևութից անց չէր և ոչ էլ տասնյոթից պակաս, բոլորն էլ խոհեմ էին ու մեծատոհմիկ, գեղեցիկ, բարեբարո և զուսպ սիրալիր: Ես նրանց իսկական անունները կտայի, եթե բավականաչափ առիթ չունենայի այդ չանելու. ես չեմ ցանկանում, որ նրանցից մեկն ու մեկը ապագայում ամոթ զգա իրենց պատմած կամ լսած հետագա նովելների համար, քանի որ թույլատրելի բավականությունների սահմաններն այժմ շատ ավելի են նեղ, քան այն ժամանակ, երբ հիշյալ պատճառների բերումով դրանք ամենաթույլատրելի բավականություններն էին ոչ միայն նրանց հասակին, այլև ավելի հասուն մարդկանց համար: Չեմ ցանկանում նույնպես, որ նախանձ մարդիկ, որոնք միշտ պատրաստ են նախատելու գովելի բարք ունեցողներին, առիթ ունենան անարժան խոսքերով որևէ կերպ նվաստացնելու այդ արժանավոր կանանց ազնիվ անունը: Իսկ որպեսզի կարողանաք առանց շփոթելու հասկանալ, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ է պատմելու հետագայում, ես մտադիր եմ նրանց կոչել իրենց հատկություններին լիովին կամ մասամբ համապատասխանող անուններով: Նրանցից առաջինին և տարիքով ավագին անվանենք Պամպինեա, երկրորդին՝ Ֆիամետտա, երրորդին՝ Ֆիլոմենա, չորրորդին՝ Եմիլյա, ապա Լաուրետտա անունը տանք հինգերորդին, վեցերորդին՝ Նեիֆիլա, իսկ վերջինին,- ոչ առանց պատճառի,- կոչենք Ելիզա: Նրանք բոլորը, ոչ թե որևէ դիտումով, այլ պատահաբար հավաքված եկեղեցու մի մասում,- նստեցին շուրջանակի և, մի քանի անգամ հառաչելուց հետո վերջացնելով ՛՛Հայր մերը՛՛, անցան օրվա չարիքին վերաբերող բազում ու բազմապիսի զրույցների: Փոքր ինչ անց, երբ մյուսները լռեցին, Պամպինեան այսպես սկսեց խոսել.

- Իմ սիրելի՛ ընկերուհիներ, դուք հավանաբար, ինձ պես շատ անգամ եք լսել, որ մարդուս համար իր իրավունքից պատշաճաբար օգտվելը ոչ ոքի վնաս չի բերում: Ամեն ծնվողի բնական իրավունքն է ըստ հնարավորին պաշտպանել, պահել ու պահպանել իր կյանքը: Դա այնքան ճշմարիտ է, որ երբեմն, ինչպես պատահել է, սպանել են անմեղ մարդկանց, միայն թե պահպանեն իրենց կյանքը: Եթե դա թույլատրում են օրենքները, որ մտահոգված են բոլոր մահկանացուների բարվոք վիճակով, ապա մի՞թե պատշաճ չէ, առավել ևս մեզ և յուրաքանչյուրին, որ մենք մեր կյանքը պահպանելու նպատակով,- և առանց ուրիշին վնաս հասցնելու,- դիմենք մեզ համար մատչելի միջոցների օգնության: Երբ նայումեմ այս առավոտվա, ինչպես նաև անցյալ օրերի մեր վարմունքին, երբ խորհելով խորհում եմ, թե մենք ինչի մասին և ինչպես էինք զրուցում, համոզվում եմ, ինչպես դուք, որ մեզնից յուրաքանչյուրը վախենում է իր կյանքի համար: Դա չէ ինձ զարմացնողը, այլ այն, որ մեր կանացի զգայությամբ հանդերձ մենք ոչնչով չենք դիմակայում այն բանին, որ ամեն մեկս վախենում է իրավամբ: Ինձ այնպես է թվում, թե մենք այստեղ ապրում ենք հենց միայն նրա համար, որ ցանկանում ենք կամ պարտավոր ենք ականատես լինել, թե որքան անշնչացած մարմիններ են տարվում գերեզմանատուն, կամ որպեսզի լսենք, թե տեղիս վանականները, որոնց թիվն արդեն աննշան է դարձել, որոշյալ ժամերին կատարու՞մ են իրենց ծեսերը, կամ որպեսզի մեր հագուստներով ամեն անցնող-դարձողի ապացուցենք մեր դժբախտությունների տեսակն ու չափը: Դուրս գալով այստեղից, մենք տեսնում ենք, թե ինչես են տանում հանգուցյալներին կամ հիվանդներին. տեսնում ենք այն մարդկանց, որոնք մի ժամանակ իրենց զանցանքների համար հասարակական օրենքների զորությամբ աքսորի էին դատապարտվել և որոնք գազազած դեսուդեն են նետվում քաղաքում, ասես ծաղրելով օրենքները, քանզի գիտեն, որ դրանք ի կատար ածողները մեռել են արդեն կամ թե հիվանդ են. տեսնում ենք, թե ինչպես մեր քաղաքի տականքները, ի տանջանս մեր, որոնք հրճվում և ուրախանում են մեր մահով, բեկինների անվան տակ, կառքերով շրում և թափառում են ամենուրեք և իրենց անամոթ երգերով մեզ անարգում են մեր թշվառության համար: Եվ չենք լսում այլևս ուրիշ ոչինչ, քան այն, թե այսինչները մեռել են կամ այնինչները մեռնում են: Եվ մենք ամենուրեք սրտաճմլիկ ողբ պիտի լսեինք, եթե միայն ողբալու ընդունակ մարդիկ գտնվեին: Տուն վերադառնալով (չգիտեմ, ձե՞զ էլ նույնն է պատահում, ինչ որ ինձ հետ), տեսնելով, որ ոչ ոք չի մնացել մեր բազմանդամ ընտանիքից, բացի իմ աղախնից, սարսռում եմ և զգում, թե ինչպես մազերս բիզ-բիզ են կանգնում: Ո՛ւր էլ որ գնալու կամ կանգ առնելու լինեմ, միշտ աչքիս առաջ են ննջեցյալների ուրվականները,- ո՛չ այնպես, ինչպես սովոր էի նրանց տեսնել, -որոնք վախեցնում են ինձ իրենց սոսկալի տեսքով, որ չգիտես որտեղից է ի հայտ եկել նրանց վրա: Ահա թե ինչու թե՛ այստեղ, թե՛ այլ վայրերում և թե՛ տանը ես ինձ վատ եմ զգում, առավել ևս այն պատճառով, որ ինձ թվում է, թե այստեղ մեզնից բացի ոչ ոք չի մնացել, որի երակների մեջ, ինչպես մեր երակներում, արյուն հոսի և որը պատսպարվելու պատրաստի տեղ ունենա: Ես հաճախ եմ լսել այն մարդկանց մասին (եթե այդպիսիք դեռ կան), որ խտրություն չդնելով թույլատրելիի և անթույլատրելիի միջև, լոկ տարփասիրությամբ առաջնորդվելով, միայնակ կամ խմբովին, զօր ու գիշեր անում են այն, ինչ նրանց մեծագույն բավականություն է պատճառում: Եվ ոչ միայն ազատ մարդիկ, այլև վանական մենակյացները, որոնք իրենց համոզելով, թե իրենց համար անվայել ու անպարկեշտ չէ անել նույնը, ինչ ուրիշներն են անում, դրժելով հոգևոր ուխտը և մարմնական վայելքներին անձնատուր լինելով, դարձել են ցոփ ու անբարո, հուսալով այդ կերպ խուսափել մահից: Եթե դա այդպես է (իսկ դա ակներև է), ապա ի՞նչ գործ ունենք մենք այստեղ, ի՞նչի ենք սպասում արդյոք, ի՞նչ ենք անրջում: Ինչու՞ մենք մեր առողջության նկատմամբ առավել անտարբեր ենք ու անփույթ, քան քաղաքի մյուս բնակիչները: Արդյոք մեզ պակա՞ս արժեքավոր ենք համարում, թե՞ մեր կյանքը մեր մարմիններին ավելի ամուր շղթայով է կապված, քան ուրիշներինը, և մենք հարկ չունենք մտածելու որևէ բանի մասին, որ կարող է վնասել մեր կյանքին: Սակայն մոլորված ենք մենք և խաբում ենք ինքներս մեզ. որքա՜ն մեծ պիտի լինի մեր անմտությունը, եթե իսկապես այդպես ենք մտածում: Արժե հիշել միայն, թե քանի՜-քանի և այն էլ ինչպիսի՜ երիտասարդների ու դեռատի կանանց կյանք է խլել այդ դաժան վարակը, որպեսզի դրա ակնբախ ապացույցն ունենանք: Եվ ահավասիկ, որպեսզի փոքրոգության և անհոգության պատճառով չհանդիպենք այն փորձանքին, որից, ցանկանալու դեպքում կարող էինք խուսափել այս կամ այն միջոցով, ես լավագույնը պիտի համարեի (չգիտեմ համամիտ եք արդյոք իմ այս կարծիքին), որ մենք, - հենց այսպես, ինչպես որ կանք,- թողնենք քաղաքը, ինչպես մեզնից առաջ արել և ներկայումս էլ անում են շատ ուրիշները, և անվայել օրինակներից խուսափելով ավելի, քան մահից, ազնիվ ձևով մեկնեինք քաղաքամերձ կալվածքները, որպիսի շատ կալվածքներ ունի մեզնից յուրաքանչյուրը, և այնտեղ, մեր ոչ մի արարքով խախտած չլինելով ողջամտության սահմանը, անձնատուր լինեինք այն զվարճանքներին, սփոփանքներին և ուրախությանը, որ կարող ենք ինքներս պատճառել մեզ: Անդ լսելի է թռչունների երգը, տեսանելի են կանաչ բլուրներն ու չքնաղ հովիտները և դաշտերը, որտեղ արտն է ալեկոծվում ծովի պես , որտեղ կան հազար ու մի ծառեր և որտեղ ավելի է լայնարձակ երկինքը, որը թեպետև զայրացած է մեզ վրա, սակայն մեզնից չի թաքցնոմ հմայքն իր հավերժական: Այդ ամենը շատ ավելի ակնահաճո են, սքանչելի, քան մեր քաղաքի անմարդ պատերը: Այն էլ ասեմ, որ այնտեղ օդն ավելի զով է, շատ առատ է այն ամենը, ինչ անհրաժեշտ է այսպիսի ժամանակներում ապրելու համար, և տհաճություններն էլ ավելի քիչ են: Եվ եթե այնտեղ էլ գյուղացիներն են մեռնում, ինչպես քաղաքացիներն այստեղ, ապա տհաճ տպավորությունը նվազ է հենց այն պատճառով, որ տներ ու բնակիչներ ավելի քիչ են պատահում, քան քաղաքում: Մյուս կողմից, մենք այստեղ, եթե չեմ սխալվում, ոչ ոքի չենք թողնում ու լքում և ճիշտն ասած, ավելի շոտ ինքներս կարող ենք մեզ կքված համարել, քանի որ մեր մերձավորները, զոհ գնալով մահին կամ խուսափելով նրանից, այս թշվառության մեջ մեզ մենակ են թողել, ասես օտար ենք նրանց: Ուրեմն ոչ ոք չի կարող մեզ կշտամբած լինել, եթե հետևենք այդ մտադրությանը: ՎԻշտն ու նեղությունը, բայց գուցե և մահը կլինեն մեր բաժինը, եթե չհետևենք դրան: Դրա համար էլ, եթե դուք հարմար կգտնեք, մենք վարված կլինենք լավ և ինչպես որ հարկն է, եթե կանչենք մեր աղախիններին և, նրանց պատվիրելով վերցնել անհրաժեշտ իրերն ու հետևել մեզ, սկսենք մեր ժամանակն անց կացնել այսօր այստեղ, վաղն այնտեղ, մեզ առթելով այն բավականություններն ու հաճույքները, որ հնարավոր են այսպիսի մի ժամանակ, և ապրենք այդ կերպ, մինչև որ տեսնենք (եթե միայն մահն ավելի շուտ չհասնի), թե երկնքից ինչ վախճան է սպասվում այս բանին: Հիշեցե՛ք վերջապես, որ այստեղից արժանապատվությամբ հեռանալը մեզ համար վայելուչ է ոչ պակաս, քան շատ ուրիշների համար այստեղ մնալը՝ ժամանակն անց կացնելով անվայելուչ կերպով:

Ուշադրությամբ լսելով Պամպինեային, մյուսները ոչ միայն գովեցին նրա խորհուրդը, այլև ցանկանալով հետևած լինել նրան, իսկույն սկսեցին իրար մեջ քննել այդ բանն անելու հնարները, ասես թե տաճարից ելնելուն պես պետք է ճանապարհ ընկնեին: Բայց Ֆիլոմենան, խելահաս կին լինելով, ասաց.

-Թեև այն ամենը, ինչ որ ասաց Պամպինեան, գեղեցիկ է, այնուամենայնիվ հարկ չկա այդքան շտապելու, ինչպես դուք, ըստ երևույթին, ցանկանում եք անել: Մի՛ մոռանաք, որ մենք կին ենք և մեր մեջ չկա այնքան ջահել մեկը, որ չիմանա, թե մենակ կանանց համար որքա՜ն դժվար է սեփական խելքով ապրելը, և թե կանայք ինչպե՜ս են կարգավորում իրենց գործերն առանց տղամարդու հոգածության: Մենք դյուրափոփոխ ենք, կռվասեր, կասկածամիտ, փոգրոգի և երկչոտ. ահա թե ինչու խիստ վախենում եմ, որ եթե տղամարդ ղեկավարներ չունենանք, հանկարծ մեր ընկերախումբը շատ շուտով ցրիվ կգա, շատ ավելի մեծ վնաս հասցնելով մեր պատվին, քան դա կարող էր ցանկալի լինել: Ուստի, լավ կլիներ գործն սկսելուց առաջ հենց այդ մասին հոգալ: -Այնժամ Ելիզան ասաց,-Իրավ է, որ տղամարդը կնոջ գլուխն է, որ առանց տղամարդու ղեկավարության մեր ձեռնարկումները սակավ են գովելիվախճան ունենում: Բայց որտեղի՞ց գտնենք այդպիսի տղամարդիկ: Ամեն մեկը գիտե, որ իր մերձավորներից շատերը մեռել են, իսկ մյուսները, որ ողջ են մնացել, խմբեր կազմած՝ այս ու այն կողմ են փախչում, և մեզ հայտնի չէ, թե որտե՛ղ են նրանք. որևի փախչում են հենց այն բանից, որից ցանկանում ենք փախչել ինքներս: Իսկ օտարներին խնդրելը անպարկեշտ կլիներ. դրա համար էլ, եթե մենք մեզ բարեհաջողություն ենք ցանկանում, պետք է հնար գտնենք այնպես անելու, որ անախորժություն ու ամոթ չզգանք այնտեղ, ուր ուրախություն և հանգիստ ենք որոնում:

Մինչդեռ նրանք այդպես զրույց էին անում, եկեղեցի մտան երեք երիտասարդներ, որոնցից ամենաջահելի տարիքը քսանհինգ տարեկանից պակաս չէր լինի, և որոնց մեջ ո՛չ ժամանակի թշվառությունները, ո՛չ ընկերների ու հարազատների կորուստը, ո՛չ էլ իրենց կյանքի նկատմամբ ունեցած ահը ոչ միայն չէին հանգցրել, այլև չէին մեղմել սիրո բոցը: Նրանցից մեկի անունն էր Պամֆիլո, երկրորդինը՝ Ֆիլոստրատո, երրորդինը՝ Դիոնեո: Երեքն էլ զվարթ ու կրթված մարդիկ էին և այժմ ցանկանում էին,-որպես մեծագույն սփոփանք այդ ընդհանուր շփոթության մեջ,- տեսնել իրենց դամաներին, որոնք դիպվածի բերումով գտնվում էին հիշյալ յոթնյակի մեջ, մինչդեռ մյուս դամաներից ոմանք էլ ազգակից էին երիտասարդներից ոմանց: Նրանք աղջիկներին նկատեցին ոչ ավելի շուտ, քան վերջիններս նրանց, ուստի Պամպինեան ժպտալով սկսեց այսպես խոսել. -Ինչպես երևում է, բախտը նպաստում է մեր ձեռնարկումներին՝ մեզ մոտ ուղարկելով այս ողջամիտ ու արժանավոր երիտասարդներին, որոնք մեր ղեկավարներն ու սպասավորները կլինեն, եթե մենք ցանկանալու լինենք նրանց այդ պաշտոնը տալ: - Նիեֆիլան, որի դեմքը շառագունեց ամոթից, քանի որ նրան սիրում էր երիտասարդներից մեկը, ասաց. -Աստվա՜ծ իմ, Պամպինեա, մտածի՛ր՝ ինչ ես ասում: Ես հաստատ գիտեմ, որ նրանցից ոչ մեկի մասին, ով էլ որ նա լինի, չի կարելի ոչ մի բան ասել, բացի լավից. ես նրանց պիտանի եմ համարում շատ ավելի մեծ գործի համար,ք ան այդ, և կարծում եմ, որ նրանց ընկերությունը հաճելի և պատվաբեր կլիներ ոչ միայն մեզ, այլև մեզնից առավել գեղեցիկ ու արժանավոր կանանց համար: Բայց քանի որ հայտնի է, որ նրանք սիրահարված են մեզնից ոմանց, վախենում եմ, որ չլինի թե ո՛չ մեր, ո՛չ էլ նրանց մեղքով վատ անուն հանենք ու կշտամբանքի արժանանանք, եթե նրանց տանենք մեզ հետ: - Այնժամ Ֆիլոմենան ասաց.- Այդ ամենը նշանակություն չունի. թող ես պարկեշտ կյանք վարեմ և խղճի խայթ չզգամ, իսկ նրանից հետո ինչ ուզում են, թող ասեն. տերն ու արդարությունը զորավիգ կլինեն ինձ: Եթե միայն նրանք տրամադիր են գալու, մենք Պամպինեայի պես իրավունք կունենաք ասելու, թե բախտը նպաստում է մեր ուղևորությանը:

Լսելով նրա ասածը, մյուս աղջիկները ոչ միայն հանգստացան, այլև ընդհանուր համաձայնությամբ որոշեցին հրավիրել երիտասարդներին, պատմել իրենց մտադրությունը և նրանց խնդրել՝ ճանապարհորդության ընթացքում, որպես մեծ մի շնորհ՝ ուղեկցել իրենց: Դրանից հետո, այլևս խոսքեր չվատնելով և ոտքի ելնելով, Պամպինեան, որ ազգական էր գալիս նրանցից մեկին, քայլերն ուղղեց դեպի երիտասարդները, որ անգնել ու նրանց էին նայում, ուրախ-ուրախ բարևելով և բացատրելով իր մտադրությունը, նա բոլորի անունից խնդրոց՝ չմերժելու ուղեկցել իրենց ազնիվ ու եղբայրական նկատառումներով: Երիտասարդներն սկզբում կարծեցին, թե նրանց վրա ծիծաղում են: Համոզվելով, որ Պամպինեան լուրջ է ասում, նրանք ուրախությամբ պատասխանեցին, որ պատրաստ են այդ անելու, և գործը չուշացնելով, նախքան իրարից բաժանվելը, համաձայնության եկան, թե ինչ պիտի անեն ճանապարհորդությունը գլուխ բերելու համար: Պատվիրելով ինչպես հարկն է պատրաստել բոլոր անհրաժեշտ բաները և նախապես լուր տալու համար մարդ ուղարկելով այն վայրը, ուր մտադիր էին գնալ, հաջորդ առավոտյան, այսինքն չորեքշաբթի օրը լուսադեմին, աղջիկները մի քանի աղախինների, երեք երիտասարդների ու նրանց երեք ծառաների հետ միասին դուրս գալով քաղաքից՝ ճանապարհ ընկան և երկու մղոնից ավելի չանցած հասան այն վայրը, որտեղ որոշված էր տեղավորվել առաջին անգամը: Դա գտնվում էր մի փոքրիկ, շրջակա ճանապարհներից փոքր-ինչ առանձնացած բլրի վրա, որը ծածկված էր կանաչախիտ թփերով ու բույսերով, որոնք խիստ ակնահաճո էին: Բլրի գագաթին բարձրանում էր մի պալացցո իր սքանչելի ու լայնարձակ ներքնաբակով, բաց գալերեաներով, սրահներով ու սենյակներով, որոնք սքանչելի էին ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած: Շուրջ փռված էին մաևգագետիններ, հիանալի այգիներ, սառնորակ ջրով լի ջրհորներ և թանկագին գինիներով լեցուն մառաններ, որոնք ավելի պատշաճելի էին նրանց արժեքն իմացողներին, քան այդ սակավապետ ու համեստ աղջիկներին: Մեր խումբը, ի մեծ բավարարություն իր, ժամանման պահին ամեն ինչ մաքրված ու ավլված գտավ: Սենյակներում դրված էին հարդարված մահիճներ, շուրջ բոլորը պատած էր ծաղիկներով, որ կարելի էր գտնել տարվա այդ եղանակին, և եղեգնով: Երբ ժամանելուց հետո բոլորը նստեցին, Դիոնեն, որ նրանց մեջ աչքի էր ընկնում իր ուրախ բնավորությամբ և սրամիտ կատակներով, այսպես դիմեց աղջիկներին. -Ավելի շուտ ձեր խելքն էր, քան մեր հնարագիտությունը, որ մեզ այստեղ բերեց: Ես չգիտեմ, թե դուք ինչ եք մտադիր անել ձեր մտքերի հետ, իսկ ինչ վերաբերումէ ինձ, ես իմ մտքերը թողի քաղաքի դարբասների հետևը, երբ քիչ առաջ ձեզ հետ միասին դուրս ելա այնտեղից: Ուստի կա՛մ պատրաստվեցեք ուրախանալու, ծիծաղելու և երգելու ինձ հետ միասին (իհարկե այն չափով, որ պատշաճ է ձեր արժանապատվությանը), կա՛մ թույլ տվեք վերադառնալ մեր պատուհասված քաղաքը՝ մտքերիս մոտ: -Ուրախ տրամադրությամբ նրան պատասխանեց Պամպինեան, որը կարծես նույնպես իրենից վանել էր իր մտքերը. -Գեղեցի՛կ սացիր, Դիոնե՛ո, պետք է ուրախ ապրենք, ապա թե ոչ էլ ինչու՞ ենք փախել սուգ ու շիվանից: Բայց քանի որ չափ ու սահման չճանաչող ոչ մի բան երկար չի տևում, ուստի ես, որ ծայր տվի այս հաճելի խմբի ստեղծման առիթը հանդիսացած զրույցներին, ցանկանում ե, որ մեզնից մեկն ու մեկը համարվի ավագ, որին մենք մեծարենք և ենթարկվենք իբրև մեծավորի, և որի բոլոր մտածումների նպատակը լինի մեր կյանքի ուրախությունը: Բայց որպեսզի յուրաքանչյուրս կարողանա ճաշակած լինել ինչպես հոգսերի ծանրությունը, այնպես էլ մեծարվելու բավականությունը, և որպեսզի այդ երկուսի միջև ընտրություն կատարելիս՝ ոչ ոք առանց մեկ ու մյուսը փորձած լինեոլւ նախանձ չզգա, ես կառաջարկեի մեզնից յուրաքանչյուրին, ըստ հերթականության, մեկական օրով հատկացնել թե՛ հոգսերի բեռը և թե՛ մեծարանքը: Թող առաջին ավագն ընտրվի մեր բոլորի կողմից, իսկ հաջորդները, ամեն օր, երբ կմոտենա երեկոյան ժամերգության պահը, նշանակվեն այդ օրվա ավագի բարեհաճությամբ. թող այդ նշանակված ավագը կարգավորի ամեն ինչ և իր իշխանության ժամանակ ազատակամ որաշի մեր բնակելու տեղն ու ապրելու կարգը:

Այս խոսքերը ծայրաստիճան դուր եկան լսեղներին, և Պամպինեան միաձայն ընտրվեց այդ օրվա ավագ, իսկ Ֆիլոմենան, որ հաճախ լեսլ էր, թե որքան մեծարելի են դափնու տերևները և որքան են փառավորում նրանցով արժանավորապես պսակվածին, շտապով վազեց դեպի դափնին և, մի քանի ոստեր պոկելով, չքնաղ ու գեղեցիկ մի պսակ հյուսեց և նրանովպսակեց Պամպինեայի գլուխը: Այդ օրից սկսած՝ քանի դեռ նրանց ընկերախումբը գոյություն ուներ, այդ պսակը յուրաքանչյուրի համար նշան էր թագավորական իշխանության կամ ավագության:

Թագուհի դառնալով՝ Պամպինեան բոլորին հրամայեց լռել և, կանչել տալով երեք երիտասարդների սպասավորներին ու իրենց չորս աղախիններին, ընդհանուր լռության մեջ ասաց.

-Որպեսզի ես առաջին օրինակը տամ ձեզ, թե ինչ կերպ մեր խումբը, հետամուտ լինելով կարգ ու կանոնին և իր ուրախությանը և, կշտամբանքի առիթ չտալով, պետք է պահպանի իր գոյությունը ու մնա այնքան ժամանակ, որքան հաճո կթվա մեզ, ապա ամենից առաջ, Պարմենոյին՝ Դիոնեոյի սպասավորին, կարգում եմ արքունապետ՝ հանձնարարելով հոգալ ծառաների և սեղանատամ մասին: Սիրիսը՝ Պամֆիլոյի սպասավորը, թող դառնա մեր ծախսարարն ու գանձապահը՝ ենթարկվելով Պարմենոյի կարգադրություններին: Տինդարոն կգտնվի Ֆիլոստրատոյի և մյուս երկու երիտասարդների մոտ՝ նրանց սպասավորելով իրենց օթևաններում, երբ նրանց ընկերներ, իրենց պարտականություններվ տարված, ի վիճակի չեն լինի այդ անելու: Իմ սպասուհի Միզիան և Ֆիլոմենայի աղախին Լիչիսկան մշտապես կլինեն խոհանոցում՝ ջանացողությամբ հոգալով Պարմենոյի պատվիրած ուտելիքների պատրաստումը: Կիմերան և Ստրատիլիան՝ Լաուրետտայի և Ֆիամետտայի աղախինները, ըստ իմ հրամանի, պիտի հավաքեն ու մաքրեն կանանց սենյակները և հետևեն մաքրությանը այն օթևանների, որտեղ պիտի կայանան մեր հավաքույթները: Եվ յուրաքանչյուրին, ում համար թանկ է մեր բարեհաճ վերաբերմունքը, ցանկություն ու պահանջ ենք ներկայացնում՝ ուր էլ որ նա գնա կամ որտեղից էլ վերադառնա, ինչ էլ որ լսած կամ տեսած լինի, խուսափի մեզ դրսի աշխարհից երևէ լուր հաղորդելուց, բացի ուրախ լուրերից: - Տալով այդ հակիրճ հրամանները, որոնք ընդհանուր հավանություն գտան, Պամպինեան ոտքի ելավ և ուրախ-ուրախ ասաց. -Այստեղ այգիներ կան ու մարգագետիններ և շատ ուրիշ հաճելի վայրեր. թող ամենայն ոք գնա ճեմելու ի հաճույս իր, բայց երբ զարկի ժամը երրորդ, թող ներկա լինի այստեղ, որպեսզի մենք կարողանանք ճաշել, քանի դեռ զով է: