Վերջին թարմացում 10 Նոյեմբերի 2014, 12:18

Ձուն

12:18, 10 Նոյեմբերի 2014 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ձուն

հեղինակ՝ Շերվուդ Անդերսոն
թարգմանիչ՝ Լաուրա Մանուկյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Հայրս, համոզված եմ, բնությամբ հակված էր կենսախինդ ու բարի լինելու։ Մինչև 34 տարեկանը նա որպես մշակ աշխատում էր մի մարդու մոտ, որի անունն էր Թոմաս Բաթըրուըթ, և որի ագարակը Օհայոյի Բիդուել քաղաքի մոտ էր։ Այդ ժամանակ հայրս ուներ իր սեփական ձին և, սովորաբար, ամեն շաբաթ իրիկուն գնում էր քաղաք՝ մի քանի ժամ այլ մշակների հասարակությունում լինելու համար։ Քաղաքում նա մի քանի բաժակ գարեջուր էր խմում և հենց այնպես կանգնում էր Բեն Հեդի սրահում, որ շաբաթ իրիկունները լիքն էր լինում այցելու մշակներով։ Երգեր էին երգվում, բաժակներ էին զարնվում վաճառասեղանին։ Ժամը տասին հայրս տուն էր գնում գյուղական ամայի ճանապարհով, ձիուն ախոռն էր անում, ինքն էլ գնում, պառկում էր՝ կյանքում իր ունեցած դիրքից միանգամայն երջանիկ։ Այդ ժամանակ նրա մտքով էլ չէր անցնում ավելի բարձր դիրքի հասնելու փորձ անել։

Իր երեսունհինգերորդ տարվա գարնանն էր, որ հայրս ամուսնացավ մորս հետ, որն այն ժամանակ դպրոցական վարժուհի էր։ Հաջորդ գարնանը աշխարհ եկա ես՝ անհանգիստ ու ճղճղան։ Ինչ֊որ բան պատահեց այդ երկու մարդկանց՝ նրանք դարձան փառասեր։ Աշխարհի սանդուղքով վեր բարձրանալու ամերիկյան կիրքը տիրեց և նրանց։ Գուցե մայրս էր մեղավոր։ Դպրոցական վարժուհի լինելով՝ նա, անկասկած, կարդացել էր գրքեր ու ամսագրեր։ Ենթադրում եմ, կարդացել էր, թե ինչպես են Գալֆիլդը , Լինքոլնը և այլ ամերիկացիք աղքատությունից հասել փառքի ու մեծության։ Իմ կողքին պառկած՝ նա գուցե երազել էր, որ մի օր կկառավարեմ մարդկանց ու քաղաքներ։ Դրա համար էլ նա հորս դրդեց թողնել մշակի իր գործը, ծախել իր ձին և ձեռնամուխ լինել անկախ, մասնավոր գործի։ Մայրս բարձրահասակ, լռակյաց կին էր՝ երկար քթով ու անհանգիստ գորշ աչքերով։ Իր համար ոչինչ չէր ուզում։ Ինձ ու հորս համար նա անուղղելի փառասեր էր։

Առաջին արկածը, որին այդ երկու մարդիկ հանդիպեցին, վատ վերջացավ։ Նրանք տասն ակր աղքատ, քարքարոտ հող վարձակալեցին Գրիգի Րոուդի մոտ՝ Բիդուելից ութ մղոն հեռու և ձեռնամուխ եղան վառեկներ բուծելուն։ Ես մանկությունւս ապրեցի այդտեղ, որտեղ և ստացա կյանքիս առաջին տպավորությունները։ Սկզբում դրանք աղետի տպավորություններ էին, և եթե ես մռայլ մարդ եմ, որն առավելապես հակված է տեսնելու կյանքի մութ կողմերը, վերագրում եմ այդ փաստին։ Ուրիշ ի՛նչ պիտի լինեին ինձ համար մանկության երջանիկ, խնդալից օրերը, որ անցան թռչնաբուծարանում։

Այս գործին անտեղյակ մեկը չի կարող որևէ պատկերացում ունենալ այն բազմաթիվ ու ողբերգական բաների մասին, որ կարող են պատահել վառեկին։ Վառեկը ծնվում է ձվից, մի քանի շաբաթ ապրում է որպես լղար, աղվամազոտ մի էակ, որպիսին կարող եք տեսնել զատիկի բացիկներին նկարված, անճանաչելիորեն տկլորվում է, ուտում է հորդ ճակատի քրտինքով գնված ցորենն ու շիլան, վարակվում գորտախտով, խոլերայով և զանազան այլ ախտերով, կանգնում, հիմար աչքերով նայում է արևին, հիվանդանում է ու սատկում ։ Մի քանի հավ ու երբեմն որևէ աքաղաղ, որ ունեն Աստծո նախախնամությունը, մարտնչում են մինչև հասունություն։ Հավերը ձու են դնում, որոնցից դուրս են գալիս ուրիշ ճտեր, և այդպիսով զարհուրելի շրջանը դարձնում են ավարտուն։ Այդ ամենը անհավատալիորեն բարդ է։ Փիլիսոփաներից շատերը պետք է որ ձևավորված լինեն թռչնաբուծարանում։ Մարդ այնքան շատ հույս է կապում մի ճտի հետ և այնքան սոսկալիորեն պատրանքազրկվում։ Հենց նոր կյանքի ճամփան բռնած պստիկ ճտերը այնքան պայծառ ու սթափ տեսք ունեն, բայց իրականում սարսափելի հիմար են։ Նրանք այնքան նման են մարդկանց, որ շփոթվում ես կյանքի մասին դատողություններում։ Եթե ախտը չի սպանում նրանց, և ապրում են մինչև ակնկալիքներիդ իրականացումը, ապա գնում են դեպի մորթանիվները և ճլորած ու սատակած վերադառնում են իրենց արարչի մոտ։ Ճիճուները փչացնում են նրանց պատանությանը, և անհաշիվ բուժափոշիներ են ծախսվում։ Հետագայում ես տեսել եմ ոնց է գրականություն սարքվում այն մասին, թե ինչպես կարելի է ապագա ստեղծել ճտերի աճը հաջողությամբ տանելով։ Դա նախատեսված է այն աստվածների համար, որոնք հենց նոր համտեսել են բարու և չարի իմացության ծառից ։ Հուսատու գրականություն է և հայտարարում է, որ պարզմիտ, փառատենչ մարդիկ, որոնք մի քանի հավ ունեն, շատ բան կարող են անել։ Մի սխալվեք, մի առաջնորդվեք դրանով։ Դա մեզ համար չի գրված։ Գնացեք Ալյասկայի լեռները ոսկի որոնելու, հավատ ընծայեք քաղաքագետի ազնվությանը. հավատացեք, եթե կամենում եք, որ աշխարհը օրավուր լավանում է, և որ բարին կհաղթի չարին, բայց մի կարդացեք ու մի հավատացեք հավերի մասին սարքված գրականությանը։ Դա ձեզ համար չի գրված։

Այնուամենայնիվ, ես շեղվում եմ։ Իմ պատմությունն ուղղակիորեն հավերին չի վերաբերում։ Եթե ճշտորեն պատմվի, այն կկենտրոնանա ձվի շուրջ։ Տասը տարի հայրս ու մայրս մեր թռչնաբուծարանում պայքարեցին եկամուտ ստանալու համար, իսկ հետո ձեռ քաշեցին այդ պայքարից և սկսեցին ուրիշը։ Նրանք տեղափոխվեցին Օհայոյի Բիդուել քաղաքը և ձեռնամուխ եղան ռեստորանային գործի։ Այդ տասը տարվա անհանգստությունից հետո՝ ինկուբատորների հետ, որոնք ձագ չէին տալիս, լղար, յուրովի սիրունիկ֊աղվամազագնդիկների հետ, որոնք շարունակվում էին որպես նույնքան մերկ վառեկություն և ապա սատկած հավություն,— այդ տասնամյա անհանգստությունից հետո,— մենք ամեն ինչ դեն նետեցինք և մեր ունեցած֊չունեցածը ճամպրուկավորելով մի սայլի վրա՝ Գրիգս Ռոուդով գնացինք դեպի Բիդուել. հույսի փոքրիկ քարավան, որ փնտրում էր մի նոր տեղ, և որից պիտի սկիզբ առներ կյանքի բովով մեր վերընթաց ճանապարհորդությունը։

Երևակայում եմ, մենք պետք է որ տխուր տեսք ունենայինք՝ մարտադաշտը լքող փախստականների նման։ Ես ու մայրս ոտքով էինք գնում։ Ֆուրգոնը, որ բեռնված էր մեր ունեցվածքով, մեկ օրով փոխ էինք առել մի հարևանից՝ Ալբերտ Գրիգսից։ Նրա կողքերից դուրս էին ցցվել էժան աթոռների ոտքերը, իսկ մահճակալների ցանցերի, սեղանների, խոհանոցի աման֊չամանով լցված արկղերի հետևում կենդանի վառեկների փոխադրավանդակներն էին. դրանց կատարին մանկասայլակն էր, որով ինձ զբոսանքների էին հանել երեխա ժամանակ։ Ինչու պահեցինք մանկասայլակը, չգիտեմ։ Խելքի մոտ բան չէր, թե ուրիշ երեխաներ կծնվեին, և անիվներն էլ կոտրված էին։ Մարդիկ, որոնց ունեցվածքը քիչ է, ամուր կառչում են այն ամենից, ինչ ունեն։ Դա կյանքը դառնացնող փաստերից մեկն է։

Հայրս նստած էր կառքի վերևում։ Այդ ժամանակ նա ճաղատ գլխով քառասունհինգամյա մարդ էր՝ մի քիչ գեր, և մորս ու ճտերի հետ երկար համակեցությունից վհատ ու լռակյաց էր դարձել։ Թռչնաբուծության տասը տարիների ընթացքում հարևան ագարակներում մշակ էր աշխատել, և վաստակած փողի մեծ մասը ծախսվել էր ճտախտերը բուժելու դեղուդարմանի վրա՝ Ուիլմերի խոլերաբուժ Սպիտակ Հրաշքի կամ պրոֆեսոր Բիդլոուի ձվարտադրիչի և այլ դեղամիջոցներրի վրա, որ թռչնաբուծական թերթերի ռեկլամներից մայրս էր գտնում։

Հորս գլխին՝ հենց ականջների վերևում, երկու մազափունջ կար։ Հիշում եմ, դեռ մանկուց սովորություն ունեի նստելու ու նրան նայելու, երբ ձմռանը՝ շաբաթ միջօրեներին քնում էր օջախի մոտ՝ աթոռի վրա։ Այդ ժամանակ ես արդեն սկսել էի գրքեր կարդալ և սեփական ըմբռնումներ ունեի։ Գլուխն ի վեր անցնող ճաղատ հետքը նման էր լայն ճանապարհի, այնպիսի մի ճանապարհի, որը կարող էր սար֊քած լինել Կեսարը և որտեղով նա իր լեգեոներներին Հռոմից դեպի անհայտ աշխարհի հրաշալիքները պիտի տաներ։ Հորս ականջների վերևում աճած մազափնջերը, մտածում էի, նման են անտառների։ Կիսաքուն֊կիսարթուն վիճակի մեջ երազում էի, թե մանրիկ էակ եմ ու գնում եմ այդ ճանապարհով մի հեռու ու գեղեցիկ տեղ, որտեղ թռչնաբուծարաններ չկան, և կյանքը երջանիկ ու անհավկիթ զբաղմունք է։

Կարելի է մի գիրք գրել թռչնաբուծաբանից քաղաք մեր տեղափոխության մասին։ Ես ու մայրս ոտքով գնացինք ամբողջ ութ մղոն։ Մայրս, որպեսզի համոզված լինի, որ կառքից ոչինչ չի ընկնում, իսկ ես՝ որ տեսնեմ աշխարհի հրաշալիքները։ Ֆուրգոնում, հորս կողքին նստարանին, գանձն էր։ Պատմեմ այդ մասին։ Թռչնաբուծարանում, ուր բազմիցս հազարավոր ճտեր են ձվից ելնում, երբեմն զարմանալի բաներ են պատահում։ Ինչպես մարդկանցից, հավկիթներից էլ են այլանդակներ ծնվում։ Դա հաճախ չի լինում՝ հազար ծնունդի մեջ, թերևս, մեկ անգամ։ Հասկանում եք, ծնվում է մի ճուտիկ, որն ունի չորս ոտք, երկու զույգ թև, երկու գլուխ կամ ինչ ասես։ Դրանք չեն ապրում։ Շատ շուտով վերադառնում են իրենց արարչի ձեռքը, որ գողացել էր մի պահ։ Այն փաստը, որ այդ խեղճ փոքր էակները չեն կարող ապրել, հորս կյանքի ողբերգություններից մեկն էր։ Նա այն մտքին էր, որ եթե կարողանա գոնե հավային կամ աքլորային հասունության հասցնել հինգոտանի հավին կամ երկգլխանի աքլորին, ինքը կբախտավորվի։ Երազում էր, թե ոնց կտանի այդ հրաշքը երկրի տոնավաճառներ և ինչպես կհարստանա՝ ցույց տալով մյուս մշակներին։

Ահա թե ինչու նա պահպանում էր բոլոր այն ճիվաղ էակներեն, որ ծնվել էին մեր թռչնաբուծարանում։ Դրանք պահվում էին սպիրտի մեջ՝ յուրաքանչյուրն առանձին ապակե շշում։ Այդ ամենը հայրս խնամքով տեղավորել էր մի արկղի մեջ։ Մեր ճամփորդության ժամանակ այն դրված էր ֆուրգոնի նստարանին՝ նրա կողքին։ Հայրս մի ձեռքով ձիավարում էր, իսկ մյուսով պինդ բռնել էր արկղը։ Երբ մենք տեղ հասանք, արկղն իսկույն ցած բերվեց, և շշերը դուրս հանվեցին։ Այն օրերին, երբ մենք Օհայոյի Բիդուել քաղաքում տնօրինում էինք ռեստորանը, հրեշները փոքր ապակե շշերի մեջ դրված էին վաճառասեղանի հետնադարակին։ Մայրս երբեմն բողոքում էր, բայց հայրս այդ հարցում ապառաժ էր։

— Հրեշները,— հայտարարում էր,— արժեքավոր են։ Մարդիկ,— ասում էր նա,— սիրում են նայել տարօրինակ ու հրաշալի բաներին։

Ասացի չէ՞, որ Օհայոյի Բիդուել քաղաքում ռեստորանային գործ սկսեցինք։ Փոքր֊ինչ չափազանցեցի։ Քաղաքն իրականում ընկած էր ցածր բլուրի ստորոտին և մի գետակի ափին։ Քաղաքի միջով երկաթգիծ չէր անցնում, և կայարանը Փիքլուիլ կոչվող վայրում էր՝ մի մղոն դեպի հյուսիս։ Մի ժամանակ կայարանում հյութերի գործարան էր եղել, բայց նախքան մեր գալը նրանք շարքից դուրս էին եկել։ Առավոտյան ու երեկոյան ավտոբուսները Բիդուելի գլխավոր փողոցի հյուրանոցից գալիս էին կայարան մի ճանապարհով, որ կոչվում էր Թըրնըզ Փայք։ Այն, որ մենք ռեստորան բացեցինք ճանապարհից հեռու, մորս մտահղացումն էր։ Մի տարի շարունակ նա խոսում էր այդ մասին և մի օր էլ գնաց ու կայարանի դիմաց մի դատարկ պահեստաշենք վարձեց։ Այդ նրա միտքն էր, որ ռեստորանը պետք է շահութաբեր լինի։ «Ճամփորդող մարդիկ,— ասաց մայրս,— միշտ էլ մոտերքում կլինեն՝ քաղաքից գնացքով մեկնելու համար, իսկ քաղաքի ժողովուրդը կգա կայարան՝ սպասելու եկող֊գնացողներին։ Նրանք կգան ռեստորան՝ մի կտոր թխվածք գնելու և սուրճ խմելու»։ Այժմ, երբ ավելի մեծ եմ, գիտեմ, որ նա գնալու այլ շարժառիթ էլ ուներ։ Իմ ապագայի հարցում նա փառատենչ էր։ Ուզում էր, որ բարձր դիրքի հասնեմ, քաղաքի դպրոց հաճախեմ ու քաղաքների մարդ դառնամ։

Փիքլվիլում հայրս ու մայրս, ինչպես միշտ, ծանր էին աշխատում։ Սկզբում անհրաժեշտ եղավ մեր տունը ռեստորանի նման մի բան դարձնել։ Դա խլեց մի ամիս։ Հայրս սարքեց մի դարակ, որի վրա դրեց բանջարեղենի պահածոները։ Նկարեց մի ազդ, որի վրա գրեց իր անունը՝ կարմիր խոշոր տառերով։ Անվան տակ «Կերեք այստեղ» սուր հրամանն էր, որին շատ հազվադեպ էին ենթարկվում։ Ցուցափեղկ գնվեց և լցվեց գլանակներով ու ծխախոտով։ Մայրս քերեց հատակն ու սենյակի պատերը։ Ես հաճախում էի քաղաքի դպրոց և ուրախ էի ագարաւկից ու վհատ, տխրատես ճտերի ներկայությունից հեռու լինելու համար։ Բայց էլի ես շատ էլ ուրախ չէի։ Երեկոյան Թըրնըզ Փայքով դպրոցից տուն էի գնում ոտքով ու հիշում երեխաներին, որոնց տեսել էի քաղաքային դպրոցի բակում խաղալիս։ Փոքր աղջիկների մի ջոկ էր գնում ցատկոտելով ու երգելով։ Ես փորձեցի նույնն անել։ Սառցամած ճանապարհն ի վար գնացի՝ հանդիսավորությամբ մի ոտքի վրա ցատկոտելով։

Հոպըլա, հոպ, հոպըլա հոպ,
Դե շուտ թռի վարսավիրի մոտ։

Երգեցի սուր ձայնով։ Ապա կանգ առա ու կասկածանքով նայեցի շուրջս։ Վախեցա, որ ինձ կտեսնեն լավ տրամադրության մեջ։ Ինձ, անշուշտ, թվացել էր, թե մի բան եմ արել, որ չպիտի աներ այնպիսի մեկը, ինչպիսին ես եմ, այնպիսի մեկը, որ հասակ էր առել թռչնաբուծարանում, ուր մահը առօրյա այցելու էր։

Մայրս որոշեց, որ մեր ռեստորանը գիշերը պետք է բաց մնա։ Երեկոյան 10֊ին դռան մոտով անցնում էր մարդատար գնացքը, որին հետևում էր տեղական ապրանքատարը։ Ապրանքատարի անձնակազմը Փիքլվիլում միացման գործեր ուներ անելու, և երբ աշխատանքը ավարտվում էր, նրանք գալիս էին ռեստորան տաք սուրճի ու կերակուրի համար։ Երբեմն նրանցից մեկը մխլու էր պատվիրում։ Առավոտյան ժամը 4֊ին նրանք վերադառնում էին հյուսիսային ծայրը և նորից էին այցելում մեզ։ Փոքրիկ առևտուրը սկսում էր աճել։ Մայրս գիշերը քնում էր, իսկ ցերեկը զբաղվում ռեստորանի հոգսերով. կերակրում էր վարձով կենվորներին՝ մինչ հայրս քնած էր։ Նա քնում էր այն նույն մահճակալին, որը մայրս էր զբաղեցնում գիշերը, իսկ ես գնում էի Բիդուել՝ քաղաքամեջ և դպրոց։ Երկար գիշերներին, մինչ ես ու մայրս քնած էինք, հայրս միսն էր եփում, որ կտոր֊կտոր պիտի դրվեր կենվորների նախաճաշիկի զամբյուղներում տեղավորվող սանդվիչների մեջ։ Այդպես կամաց֊կամաց նրա գլուխը մտավ կյանքում բարձրանալու գաղափարը, ամերիկյան ոգին տիրեց նրան։ Նա նույնպես փառասեր դարձավ։

Երկար գիշերներին, երբ քիչ բան կար անելու, հայրս ժամանակ ուներ մտածելու։ Դա էր նրա կործանումը։ Նա որոշեց, որ ինքը անցյալում անհաջողակ մարդ է եղել, որովհետև բավականաչափ կենսուրախ չի եղել և ապագայում պետք է ավելի լավատեսորեն նայի կյանքին։ Վաղ առավոտյան բարձրանում էր վեր և անկողին մտնում։ Մայրս զարթնում էր, երկուսով զրուցում էին։ Անկյունում՝ իմ մահճակալից ես լսում էի։

Այդ հորս միտքն էր, որ նրանք երկուսն էլ՝ և՛ հայրս, և՛ մայրս պետք է փորձեին զվարճացնել մեր ռեստորանի հաճախորդներին։ Այժմ չեմ կարող հիշել հորս բառերը, բայց այն տպավորությունն ստացա, որ ինքը այն մարդկանցից է, որոնք ինչ֊որ անըմբռնելի կերպով, բայց և այնպես մոտ են դառնալու զվարճարար կամ նման մի բան։ Երբ մարդիկ, մասնավորապես Բիդուել քաղաքի ջահելները, գան մեզ մոտ, մի բան, որ հազվադեպ են անում, պետք է աշխույժ, հետաքրքիր զրույց սկսել։ Հորս խոսքից եզրակացրի, որ հարկավոր էր զվարճասեր պանդոկապանի դերի պես մի բան ստանձնել։ Մայրս հենց սկզբից պետք է որ կասկածելիս լիներ, բայց նա վհատեցնող ոչ մի բան չասաց։ Հորս կարծիքով Բիդուել քաղաքի ջահելությունը պիտի հրապուրվեր իր ու մորս նախաձեռնությամբ։ Երեկոյան աշխույժ, երջանիկ խմբեր կգային Թըրնըզ Փայքն ի վար երգելով։ Աղմկոտ կատակներով ու ծիծաղով նրանք կհավաքվեին մեզ մոտ։ Կլիներ երգ ու տոնախմբություն։ Միտք չունեմ այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայրս դրա մասին խոսում էր հանգամանորեն։ Նա, ինչպես ասել եմ, քչախոս մարդ էր։ Նրանց գնալու որևէ տեղ է պետք,— նորից ու նորից կրկնում էր նա։ Ահա այն ամենը, ինչ նա ասում էր։ Մնացածը լրացնում էր իմ երևակայությունը։

Երկու֊երեք շաբաթ հորս այդ գաղափարը նվաճել էր մեր տունը։ Մենք շատ չէինք խոսում, բայց առօրյա կյանքում անկեղծորեն ջանում էինք, որ ժպիտները փոխարինեն խոժոռ հայացքներին։ Մայրս ժպտում էր կենվորներին, իսկ ես, վարակվելով նրանից, ժպտում էի մեր կատվին։ Հայրս գոհացնելու իր փափագով մի քիչ տենդահարվեց։ Անկասկած, նրա մեջ ինչ֊որ տեղ թաքնված էր աճպարարի հոգու մի նշույլ։ Նա իր լիցքապաշարից շատ չէր ծախսում երկաթգծի մարդկանց վրա, որոնց սպասարկում էր գիշերը, այլ կարծես սպասում էր, որ ներս մտնի մի երիտասարդ տղամարդ կամ կին, որպեսզի ցույց տա իր ունակությունը։ Ռեստորանի վաճառասեղանին մի հյուսված զամբյուղ կար, որը միշտ լիքն էր լինում ձվերով։ Այն, անշուշտ, նրա աչքի առաջ էր եղել, երբ ուղեղում ծնվել էր զվարճացնելու միտքը։ Ինչ֊որ նախածննդային բան կար ձվերը պահելու ձևի մեջ՝ կապված նրա գաղափարի զարգացման հետ։ Այնուհանդերձ, ձուն կործանեց նրա կենսական նոր մղումը։

Մի անգամ ուշ գիշերին ես զարթնեցի բարկության մի մռնչոցից, որ գալիս էր հորս կոկորդից։ Թե՛ ես, թե՛ մայրս անկողիններում իսկույն դիք նստեցինք։ Մայրս դողացող ձեռքերով վառեց սեղանին դրված լամպը, որը գտնվում էր նրա մոտ։ Ներքևում՝ աստիճանների վերջում ռեստորանի շքադուռը շրխկոցով փակվեց,և մի քանի րոպեից հայրս ծանրաքայլ բարձրացավ աստիճաններով։ Նրա ձեռքին մի ձու կար, և ձեռքը դողում էր այնպես, կարծես ցրտահարված լիներ։ Աչքերում կիսախելագար փայլ կար։ Երբ նա կանգնեց ու հայացքը հառեց մեզ, համոզված էի, որ նպատակ ունի ձուն շպրտելու կամ ինձ, կամ մորս վրա։ Նա ձուն նրբորեն դրեց սեղանին՝ լամպի կողքին և ծնկների վրա ընկավ մորս մահճակալի մոտ։ Սկսեց լաց լինել տղայի նման, և ես, նրա վշտին կարեկից, լաց էի լինում նրա հետ։ Մենք փոքրիկ վերնասենյակը լցրինք լաց ու կոծով։ Ծիծաղելի է, բայց մեր կազմած խմբանկարից ես կարող եմ հիշել այն, որ մայրս անընդհատ շոյում էր հորս գլխի ճաղատը։ Մոռացել եմ, թե ինչ ասաց նա հորս, ինչպես դրդեց պատմելու ներքևում պատահածի մասին։ Հորս բացատրությունը նույնպես մտքիցս գնացել է։ Հիշում եմ միայն իմ սեփական վիշտն ու սարսափը և հորս գլխի փայլուն արահետը, որ շողում էր լամպի լույսից, երբ նա կռացնում էր գլուխը։

Ներքևում պատահածի վերաբերյալ։ Անբացատրելի պատճառով ես պատմությունը գիտեմ այնքան լավ, կարծես ականատես եմ եղել հորս խորտակմանը։ Ժամանակի ընթացքում մարդ անբացատրելի շատ բաներ է իմանում։

Այդ երեկո երիտասարդ Ջո Քեյնը՝ որդին բիդուելցի մի առևտրականի, գալիս է Փիքլվիլ՝ դիմավորելու հորը, որը պիտի գար հարավային գնացքով՝ երեկոյան ժամը 10֊ին։ Գնացքը երեք ժամ ուշանամ էր, և Ջոնը գալիս է մեզ մոտ ժամանակ սպանելու և սպասելու գնացքին։

Գալիս է տեղական ապրանքատար գնացքը, ուղևորները կերակրվում են, Ջոն ու հայրս մենակ են մնում։

Այն պահից, ինչ Ջոն եկել էր մեզ մոտ, բիդուելցի երիտասարդը պետք է որ շվարած լիներ հորս գործողություններից։ Նա այնպես էր կարծում, թե հայրս բարկացած է այն բանից, որ ինքը քարշ է գալիս մոտերքում։ Նկատելով, որ ռեստորանատերը ակնհայտորեն անհանգստացած է իր ներկայությունից, Ջոն մտածում է դուրս գալ։ Բայց այդ ժամանակ սկսում է անձրևել և ճանապարհը՝ քաղաք ու հետդարձ, նույնիսկ չէր կարելի պատկերացնել։ Նա հինգսենթանոց գլանակ է գնում և պատվիրում մի գավաթ սուրճ։

Գրպանում լրագիր ուներ, դուրս է բերում ու սկսում կարդալ։

— Ես սպասում եմ երեկոյան գնացքին։ Այն ուշանում է,— ասում է նա չքմեղանքով։

Երկար ժամանակ հայրս, ում Ջո Քեյնը առաջ երբեք չէր տեսել, լուռ նայում է իր այցելուին։ Նա, անկասկած, տառապում էր բեմելի վախի նոպայից։ Ինչպես հաճախ է պատահում, նա այնքան շատ էր մտածել այդ իրադրության մասին, որ այժմ, երբ դեմ հանդիման էր դրան, ինչ֊որ ձևով նյարդայնանում էր դրա առկայությունից։

Մի բան՝ նա չգիտեր ինչ անել իր ձեռքերի հետ։ Դրանցից մեկը վաճառասեղանի վրայով շպրտելով՝ նա սեղմում է Ջո Քեյնի ձեռքը։

— Բարև ձեզ,— ասում է հայրս։

Ջո Քեյնը լրագիրը ցած է դնում և ուշադիր նայում հորս։ Հորս աչքերը վառվում էին։ Հորս հայացքն ընկնում է վաճառասեղանի վրա դրված զամբյուղին, և նա սկսում է խոսել։

— Դե,— սկսում է նա տատանվելով, — դե, դուք իհարկե, լսել եք Քրիստափոր Կոլումբոսի մասին, չէ՞։

Հայրս ջղայնացած էր թվում։

— Այդ Քրիստափոր Կոլումբոսը սրիկա էր,— ազդու հայտարարում է հայրս,— նա խոսում էր ձուն ծայրին կանգնեցնելու մասին։ Նա ասում է, որ ինքը կանգնեցնում է, իսկ հետո վերցնում է ու կոտրում ձվի ծայրը։

Այցելուին թվում է, թե հայրս իր ափերից դուրս է եկել Քրիստափոր Կոլումբոսի խարդախության պատճառով։ Հայրս տրտնջում է ու հայհոյում։ Նա հայտարարում է, որ սխալ է երեխաներին սովորեցնել, թե Քրիստափոր Կոլումբոսը մեծ մարդ է եղել, երբ, ի վերջո, նա վճռական պահին խաբել է։ Կոլումբոսը հայտարարել էր, որ ձուն կկանգնեցնի ծայրով և ապա, երբ նրան հոխորտանքի էին հասցրել, խաբեության էր դիմել ։ Էլի ու էլի Կոլումբոսի վրա բրթբրթալով՝ հայրս վաճառասեղանի վրայի զամբյուղից մի ձու է վերցնում և սկսում ետ ու առաջ անել։ Պտտելով ձուն ձեռքերի մեջ՝ նա հրճվալից ժպտում է։ Հայրս սկսում է ծամծմելով խոսել այն մասին, որ մարդկային մարմնից եկող էլեկտրականությունը կհաղորդվի ձվին և կներգործի նրա վրա։ Նա հայտարարում է, որ առանց կոտրելու ձվի կճեպը և ձեռքերի մեջ հետ ու առաջ պտտելու զորությամբ՝ կարող է ձուն ծայրով կանգնեցնել։ Հայրս բացատրում է, որ իր ձեռքերի ջերմությունը և ձվին տված իր այս նուրբ պտտային շարժումը ստեղծում են գրավիտացիոն նոր կենտրոն, և Ջո Քեյնը թեթևակի հետաքրքրվում է։

— Իմ ձեռքի տակով անցել են հազարավոր ձվեր,— ասում է հայրս։— Ոչ ոք ձվերի մասին ինձնից ավելին չգիտի։

Հայրս ձուն կանգնեցնում է վաճառասեղանի վրա, բայց այն ընկնում է կողքի։ Նա հնարքը նորից ու նորից է փորձում՝ ամեն անգամ ձուն պտտելով ձեռքերի ափերի մեջ և ասելով բառեր՝ էլեկտրականության հրաշքների ու գրավիտացիոն օրենքների վերաբերյալ։ Երբ կես ժամվա ճիգերից հետո նա հաջողեցնում է ձուն կանգնեցնել մի պահ, գլուխը վեր է բարձրացնում և պարզում, որ այցելուն այլևս իրեն չի նայում։ Իսկ մինչ նրան հաջողվում է Ջո Քեյնի ուշադրությունը գրավել, ձուն նորից ու նորից պտտվում է և ընկնում կողքի։ Աճպարարի կրքով համակված և միաժամանակ առաջին ջանքերի ձախողումից հավասարակշռությունը իսպառ կորցրած հայրս այժմ դարակի վրայի իրենց տեղից վերցնում է թռչնային անճոռնություն պարունակող շշերը և սկսում է ցույց տալ դրանք այցելուին։

— Չէի՞ք ուզենա ունենալ յոթ ոտք է երկու գլուխ, ինչպես այս քաջ արարածը,— հարցնում է նա՝ ցուցադրելով իր գանձերից ամենանշանակալիցը։

Մի կայտառ ժպիտ է խաղալիս լինում հորս դեմքին։ Վաճառասեղանի վրայով մեկնվելով՝ փորձում է թփթփացնել Ջո Քեյնի ուսը, ինչպես տեսել էր Բեն Հեդի սրահում, երբ ինքը երիտասարդ մշակ էր և շաբաթ երեկոները գնում էր քաղաք։ Հորս այցելուն մի քիչ վատ է զգում՝ տեսնելով սարսափելիորեն ձևափոխված թռչնի մարմինը, որ ծածանվում է շշի ալկոհոլի մեջ և վեր է կենում, որ գնա։ Վաճառասեղանի ետևից դուրս գալով՝ հայրս ամուր բռնում է երիտասարդի թևը և նորից տանում տեղը։ Հայրս մի քիչ զայրացած է լինում և մի պահ ստիպված երեսը շրջում է՝ իրեն հարկադրելու ժպտալ։ Ապա շշերը դնում է իրենց տեղը՝ դարակին։ Առատաձեռնության պոռթկմամբ՝ նա նրբորեն պարտադրում է Ջո Քեյնին վերցնել ևս մի գլանակ և մի գավաթ սուրճ խմել իր հաշվին։ Ապա վերցնում է մի թավա և վաճառասեղանի կժից մեջը քացախ է լցնում։ Հայրս ինքն իրեն վճռում է մի նոր հնարք անել։

— Ես կտաքացնեմ այս ձուն քացախի այս թավայի մեջ,— ասում է նա,— ապա այն կանցկացնեմ շշի բերանով՝ առանց կճեպը կոտրելու։ Երբ ձուն շշի մեջ լինի, այն կվերստանա իր նախածին ձևը, և կճեպը նորից կհաստանա։ Ապա ես շիշը կտամ ձեզ։ Կարող եք այն ձեզ հետ տանել ուր ուզեք։ Մարդիկ կուզեն իմանալ, թե ոնց եք ձուն մտցրել շշի մեջ։ Չասեք նրանց, թող իրենք գլխի ընկնեն։ Այդպես են այս հնարքով զվարճանում։

Հայրս խնդմնդում է և այցելուին աչքով անում։ Ջո Քեյնը որոշում է, որ իր դիմացի մարդը թեթևակի խանգարված է, բայց անվտանգ։ Նա խմում է իրեն տրված մի գավաթ սուրճը և սկսում է իր թերթը կարդալ։

Քացախի մեջ ձուն տաքացնելուց հետո՝ հայրս այն գդալով դնում է վաճառասեղանին և գնալով հետնասենյակ՝ վերցնում է մի դատարկ շիշ։ Նա բարկացած է լինում, որովհետև այցելուն չի հետևում իրեն, երբ ինքը սկսում էր իր հնարքը. հակառակ դրան՝ եռանդով գործի է անցնում։ Երկար ժամանակ պայքարում է՝ փորձելով ձուն շշի բերանով անցկացնել, քացախի թավան նորից է դնում օջախին՝ նպատակ ունենալով վերատաքացնել ձուն, ապա ձեռքը մեկնում է վերցնելու և վառում մատները։ Տաք քացախի մեջ երկրորդ տաքացումից հետո ձվի կճեպը մի քիչ փափկած է լինում, բայց ոչ այնքան, որպեսզի հայրս իրականացնի իր նպատակը։ Նա աշխատում է ու աշխատում, և նրան տիրում է հուսահատ վճռականությունը։ Երբ նա կարծում է, թե հնարքը ուր որ է գլուխ է գալիս, ուշացած գնացքը մտնում է կայարան, և Ջո Քեյնը անհոգ վեր է կենում, որ դուրս գնա։ Երիտասարդը դռան մոտ է լինում։ Հայրս մի վերջին, հուսահատ ճիգ է գործադրում՝ հաղթելու ձվին և նրան ստիպելու անել այն, ինչը կհաստատեր նրա հեղինակությունը, այնպիսի մի մարդու հեղինակություն, որը գիտե ինչպես զբաղեցնել իր ռեստորանի այցելուներին։ Նա չարչարում է ձվին։ Նա փորձում է կոպտություն բանեցնել։ Հայհոյում է, ճակատին քրտինք է երևում։ Եվ երբ ձուն ձեռքի մեջ կոտրվում է, ու ձվի միջինը թափվում է շորերին, Ջո Քեյնը, որ կանգ էր առել դռների մոտ, շրջվում է ու ծիծաղում։

Բարկության մռնչոց է բարձրանում հորս կոկորդից։ Նա ոտքերը զարկում է գետնին և գոչյունով արտաբերում բառերի մի անկապ շարան։ Վաճառասեղանի զամբյուղից մի ուրիշ ձու հափշտակելով՝ այն նետում է երիտասարդի կողմը ու վրիպում։

Մինչ այս, մինչ այն՝ երիտասարդը դռնից ծլկում է ու ճողոպրում։

Հայրս եկավ վերև՝ ինձ ու մորս մոտ՝ ձեռքին մի ձու։ Ես չգիտեմ, թե նա ինչ էր մտադիր անել։ Կարծում եմ, որ նրա ուղեղում այդ ձուն ջարդելու ինչ֊որ միտք կար՝ ջարդելու֊փշրելու բոլոր ձվերը, և որ նա մտադիր էր այնպես անել, որ մենք տեսնենք, թե ինչպես է նա սկսում դա։ Երբ, այսուհանդերձ, նա հայտնվեց մորս մոտ, ինչ֊որ բան պատահեց նրան։ Նա ձուն նրբորեն դրեց սեղանին և ծնկի եկավ մահճակալի մոտ, ինչպես արդեն բացատրեցի։ Ավելի ուշ էր, որ նա որոշեց ռեստորանը գիշերը փակել, գալ վերև ու անկողին մտնել։ Երբ նա այս ամենը արեց, լույսը փչեց և երկար մրմնջոցից հետո նրանք երկուսն էլ քնեցին։ Ենթադրում եմ, որ ես նույնպես քնեցի, բայց իմ քունն անհանգիստ էր։ Ես զարթնեցի առավոտ ծեգին և երկար ժամանակ նայում էի սեղանին դրված ձվին։ Արդյոք ձվերն ինչո՞ւ պիտի լինեին, ինչո՞ւ են ձվերից ծնվում հավեր, որոնք նորից ձու են ածում։ Հարցը արյանս մեջ մտավ։ Այն մնացել է այնտեղ, կարծում եմ, որովհետև հորս տղան եմ։ Եվ այնուամենայնիվ, դարձյալ իմ մտքում այդ խնդիրը չի լուծված։ Եվ դա, եզրակացնում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձվի վերջնական ու կատարյալ հաղթանակի մի այլ վկայություն, առնվազն այնքանով, որքանով այն առնչվում է իմ ընտանիքին։