Վերջին թարմացում 17 Դեկտեմբերի 2014, 23:00

Քահանայի իրավունքով

23:00, 17 Դեկտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քահանայի իրավունքով

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Սա պատմություն է մի տղամարդու մասին, որը չէր կարողանում ըստ արժանվույն գնահատել իր կնոջը, և մի կնոջ մասին, որը չափից ավելի պատիվ արեց, երբ նրան անվանեց իր ամուսինը։ Պատմությանը մասնակցում է նաև մի կաթոլիկ քահանա-միսիոներ, որը հայտնի էր նրանով, որ երբեք չէր ստում։ Այդ քահանան անբաժան էր Յուքոնյան երկրամասից, մերվել էր նրա հետ, իսկ այն երկուսը պատահմամբ էին ընկել այստեղ։ նրանք պատկանում էին այն տարօրինակ ու թափառաշրջիկ մարդկանց ցեղին, որոնցից ոմանք վեր են բարձրանում ոսկե տենդի ալիքով, իսկ մնացածները քարշ են գալիս նրա պոչից։

Էդվին և Գրեյս Բենթամները նրանցից էին, որ քարշ էին գալիս պոչից։ 97 թվականի քլոնդայկյան ոսկե տենդը արդեն վաղուց հանդարտվել էր. այն անցել էր հզոր գետի վրայով և հանգստացել սովյալ Դոուսոնում։ Յուքոնը լավ աշխատել ու քնել էր երեք ոտնաչափ հաստությամբ սառցե վերմակի տակ, իսկ մեր ճանապարհորդները դեռ նոր էին կարողացել հասնել Ֆայվ-Ֆինգերղ սահանքները, որտեղից մինչև Ոսկե Քաղաքը դեռևս շատ օրերի ճանապարհ էր մնում, և այն էլ միշտ դեպի հյուսիս։

Աշնանը այստեղ մեծ քանակությամբ անասուններ էին մորթում, և մսի թափուկների մի մեծ կույտ էր մնացել։ Էդվին Բենթամի ու նրա կնոջ երեք ուղեկիցները, նայելով այդ կույտին և մտքում արագ հաշիվ անելով, հարստանալու հնարավորություն տեսան ու որոշեցին մնալ։ Նրանք ամբողջ ձմեռը սառեցրած մորթիների ու ոսկորների առևտուր արեցին, դրանք վաճառելով շնալծվածքների տերերին։ Նրանք համեստ գին էին ուզում՝ ընդամենը մեկ դոլլար մեկ ֆունտի համար, իհարկե, առանց ընտրության։ Իսկ վեց ամիս հետո, երբ արևը վերադարձավ ու Յուքոնը արթնացավ, նրանք կապեցին գոտիները, որ ծանրացել էին նրանց մեջ կարված ոսկե ավազից, ու ճանապարհ ընկան դեպի տուն՝ հարավային երկիր։ Նրանք մինչև հիմա էլ ապրում են այնտեղ, բոլորին պատմելով Քլոնդայկի հրաշքների մասին, որը իրենք երբեք չէին տեսել։

Էդվին Բենթամը, որ ի բնե ծույլ էր, երևի և մասնակցեր մսի սպեկուլյացիային, եթե չլիներ նրա կինը։ Օգտագործելով ամուսնու փառասիրությունը՝ կինը նրան ներշնչեց, որ նա պատկանում է այն արտասովոր և ուժեղ անձնավորությունների թվին, որոնց վիճակված է հաղթահարելու բոլոր խոչընդոտները և ձեռք բերելու ոսկե գեղմը։ Իրեն իսկապես կտրիճ կարծելով՝ նա իր բաժին ոսկորներն ու մորթիները փոխեց շնասահնակով և դահուկները շրջեց դեպի հյուսիս։ Ինքնին հասկանալի է, որ Գրեյս Բենթամը նրանից ոչ մի քայլ ետ չէր մնում. դեռ ավելին, երեք օրվա խստաշունչ ճանապարհից հետո նրանք տեղերը փոխեցին, կինը գնում էր առջևից, իսկ տղամարդը՝ նրա հետևից, դահուկների բաց արած ճամփով։ Իհարկե, բավական էր մեկը հայտնվեր հորիզոնում, և կարգը վերականգնվում էր. տղամարդը գնում էր առջևից, կինը՝ հետևից։ Այսպիսով, ուղևորների առջև, որոնք հայտնվում և անհետանում էին տեսիլքների պես, իր տղամարդկային արժանապատվությունը նա անբիծ պահում էր լուռ ու մունջ արահետում։ Այո՛, աշխարհում այդպիսի տղամարդիկ էլ են լինում։

Մեր պատմության համար հարկ չկա խորանալու այն պատճառների մեջ, որ այդ երկու մարդկանց դրդեցին հանդիսավոր երդում տալու զոհասեղանի առջև։ Բավական է և այն, որ կյանքում այդպես լինում է. իսկ եթե մենք շատ փորփրենք այդպիսի երևույթները, ապա դրանով կկորցնենք մեր հրաշալի հավատը այն բանի հանդեպ, ինչ ընդունված է անվանել ամենայն բանի նպատակահարմարություն։

Էդվին Բենթամը տղա էր, բնության ինչ-որ թյուրիմացությամբ օժտված հաաուն տղամարդու արտաքինով։ Այդպիսի տղաները սովորաբար հաճույքով բզկտում են թիթեռներին, խնամքով պոկելով նրանց թևիկներր, և սարսափից դողում են՝ տեսնելով որևէ ճարպիկ տղայի, թեկուզ և բոլորովին փոքրիկ։ Առնական բեղերի ու սլացիկ կազմվածքի հետևում, կուլտուրայի արտաքին փայլի և աշխարհիկ շարժուձևերի տակ թաքնված էր եսասեր ու չնչին մարդը։ Հասկանալի է, որ նա ընդունված էր հասարակության մեջ, զանազան ակումբների անդամ էր, նա մեկն էր նրանցից, որոնք իրենց ներկայությամբ աշխուժացնում են աշխարհիկ հանդիսավոր երեկույթները ու չտեսնված թափով հմայիչ գռեհկություններ արտասանում, մեկը նրանցից, որոնք բարձրագոչ խոսքեր են ասում ու թնգթնգում ատամի ցավից, մեկը նրանցից, որոնք, կնոջ հետ ամուսնանալով, ավելի շատ տանջանք ու տառապանք են պատճառում նրան, քան ամենանենգ գայթակղիչներն ու արգելված վայելքների սիրահարները։ Այդպիսի մարդկանց մենք պատահում ենք գրեթե ամեն օր, բայց հազվադեպ ենք կռահում նրանց իսկական էությունը։ Այդպիսի մարդուն ճանաչելու լավագույն միջոցը (չհաշված ամուսնությունը) մեկ ամանից ուտելն ու նույն վերմակով ծածկվելն է, ասենք մեկ շաբաթ, որը միանգսհմայն բավարար ժամանակ է։

Գրեյս Բենթամը ամենից առաջ աչքի էր ընկնում աղջկական կազմվածքով. ավելի մոտիկից ծանոթանալիս՝ ձեր առջև բացվում էր մի հոգի, որի մոտ ձեր սեփականը սկսում էր մանր ու չնչին թվալ, և որը միաժամանակ օժտված էր հավերժական կանացիության բոլոր տարրերով։ Այսպիսին էր այն կինը, որը իր ամուսնուն ոգեշնչում ու քաջալերում էր դեպի հյուսիս արշավելիս, նրա համար ճանապարհ բացելով, երբ ոչ ոք չէր տեսնում, և լուռ ու մունջ լալով այն բանի համար, որ ինքը կին է և ավելի շատ ուժ չի տրված իրեն։

Այսպես անցան իրարից այնքան տարբեր այդ մարդիկ մինչև Սելքերք հին ամրոցը և նրանից այն կողմ, մինչև Սթյուարտ գետն ընկած ձյունապատ տխուր անապատի ամբողջ հարյուր մղոն տարածությունը։ Եվ ահա կարճատև օրվա վերջին, երբ տղամարդը ընկավ ձյան մեջ ու երեխայի պես թնգթնգաց, կինը նրան կապեց սահնակին ու ցավից շրթունքները կծելով, օգնեց շանը՝ ամուսնուն հասցնելու մինչև Մեյլմյութ Քիդի տնակը։ Տանտերը չկար, բայց այնտեղ գտնրվող մեծագնորդ գերմանացի Մայերսը եղջերվամսից մեծ կոտլետներ տապակեց և սոճու թարմ ճյուղերից անկողին պատրաստեց նրանց համար։


Լայքը, Լենգամը և Փարկերը խիստ հուզված էին, և դա իր պատճառն ուներ։

— Հե՜յ, Սենդի։ Լսի՛ր, դու կարո՞ղ ես սուկին ֆիլեից տարբերել։ Որ այդպես է, այստեղ արի, օգնիր ինձ։

Օգնության այս կանչը գալիս էր տնակի հետևում գտնվող մառանից, որտեղ Լենգամը ապարդյուն կռիվ էր տալիս իշայծյամ ի սառած մսեղիքի հետ։

— Իսկ ես ասում եմ՝ զբաղվիր ամանեղենով և տեղիցդ չշարժվես,— կարգադրեց Փարկերը։

— Լսի՛ր, Սենդի, որպես ընկեր, վազ տուր Միսսուրի ավանը և որևէ մեկից դարչին ճարիր,— խնդրում էր Լայքը։

— Շո՛ւտ, շո՛ւտ։ Դե, ի՞նչ ես անում…— Բայց այդ պահին մառանում դղրդյունով թափվեցին արկղերն ու սառած մսի կտորները՝ խլացնելով Լենգամի հուսահատ կանչը։

— Լսի՛ր, Սենդի, քեզ համար դժվար չէ Միսսուրի վազ տալը…

— Հանգիստ թող նրան,— ընդհատեց Փարկերը։— Ախր ես չեմ կարող բլիթների համար խմոր հունցել, երբ սեղանը հավաքված չէ։

Մի պահ չիմանալով ինչ անել, Սենդին հանկարծ գլխի ընկավ, որ ինքր Լենգամի «մարդն» է. նա մեղավորի պես մի կողմ գցեց կեղտոտված սրբիչը և շտապեց իր տիրոջ մոտ։

Հարուստ ծնողների այս բազմախոստում ժառանգները փառքի հետևից հյուսիսային Երկիր էին եկել նախապես գրպանները փողով լցրած և ամեն մեկը իր «մարդուն» հետը վերցնելով, իբրև սպասավոր։ Մյուս երկու «մարդիկ» բարեբախտաբար բացակայում էին. նրանց ուղարկել էին դեպի Ուայտ-ռիվերի վերին հոսանքները՝ ոսկեբեր կվարցի ինչ-որ առասպելական շերտեր որոնելու։ Այդ պատճառով էլ Սենդին ստիպված էր սպասարկել այդ երեք մարմնեղ քաջերին, որոնցից յուրաքանչյուրը խոհարարական գործի մասնագետ էր համարում իրեն։ Այդ առավոտյան արդեն երկու անգամ քիչ էր մնացել, որ ամբողջ խումբը կազմալուծվի։ Սակայն դրանից հաջողվեց խուսափել այն բանի շնորհիվ, որ կաթսայի երեք ասպետներից յուրաքանչյուրը համաձայնեց զիջել։ Ընտիր ճաշր, որը կոլեկտիվ ջանքերի արդյունք էր, պատրաստ էր վերջապես։ Ապագայում հնարավոր թյուրիմացությունները վերացնելու նպատակով, ջենտլմենները երեքով նստեցին «ավազակ» խաղալու, հաղթողը շատ պատասխանատու գործուղում էր գնալու։

Այս բախտը վիճակվեց Փարկերին։ Մազերը սանրելով, թաթմանները հագնելով և արջի մորթուց կարած փափախը դնելով՝ նա գնաց Մեյլմյութ Քիդի բնակարանը։ Իսկ այնտեղից վերադարձավ Գրեյս Բենթամի և Մեյլմյութ Քիդի ուղեկցությամբ։ Գրեյս Բենթամը ափսոսանք հայտնեց այն առթիվ, որ իր ամուսինը չի կարող վայելել նրանց հյուրասիրությունը, քանի որ գնացել է Հենդերսոնի գետակի մոտ հանքահողը դիտելու։ Մեյլմյութ Քիդը հազիվ էր քարշ տալիս ոտքերը, նա նոր էր վերադարձել Սթյուարտ գետի երկայնքով ընկած ձյունապատ խոպանը կատարած արշավից։ Մայերսը հրաժարվեց հրավերից, քանի որ կլանված էր նոր փորձով. նա աշխատում էր խմորը թթվեցնել գայլուկի օգնությամբ։

Դե ինչ արած, ամուսնու բացակայության հետ կարող էին հաշտվել, առավել ևս, որ կին է… Նրանք ամբողջ ձմեռը ոչ մի կին չէին տեսել, և Գրեյս Բենթամի հայտնվելը նոր փուլ էր բացում նրանց կյանքում։ Երիտասարդները ժամանակին ավարտել էին քոլեջը, իսկական ջենտլմեններ էին և այժմ երեքն էլ կարոտում էին այն վայելքներին, որոնցից այնքան երկար ժամանակ զրկված էին։ Գրեյս Բենթամն ինքը ևս, հավանաբար, նույնպիսի կարոտ էր զգում։ Այսպես թե այնպես՝ դա առաջին լուսավոր րոպեն էր բազմաթիվ տխուր շաբաթներից հետո։

Բայց դեռ նոր էին սեղանին դրել նշանավոր կերակուրը՝ հմուտ վարպետ Լայքի ստեղծագործությունը, երբ դռան ուժեղ թակոց լսվեց։

— Օ՜։ Միստր Բենթամը։ Համեցե՜ք, խնդրեմ,— ասաց Փարկերը, որը մոտեցել էր դռանը տեսնելու, թե ով է դալիս։

— Կինս ձեզ մո՞տ է,— կոպիտ ընդհատեց նրան հյուրը։

— Այստեղ է, այստեղ։ Մենք Մայերսին խնդրել էինք հաղորդել, որ սպասում ենք ձեզ։— Հյուրի տարօրինակ վարմունքից մտահոգված՝ Փարկերը գործի դրեց իր ամենաթավշյա ձայներանգները։— Ինչո՞ւ ներս չեք գալիս։ Մենք սպասում էինք, որ դուք ուր որ է կհայտնվեք, և ահա ճաշասպասք ենք դրել ձեզ համար։ Դուք եկել եք ճիշտ ժամանակին։

— Դե ներս եկ, սիրելի Էդվին,— գեղգեղաց Գրեյս Բենթամը սեղանի մոտից։

Փարկերը մի կողմ քաշվեց՝ հյուրին ներս թողնելու համար։

— Ես եկել եմ կնոջս հետևից,— կրկնեց Բենթամը։ Նրա խռպոտ ձայնի մեջ համոզված սեփականատիրոջ տհաճ երանգներ նկատվեցին։

Փարկերը շփոթվեց։ Հազիվ իրեն զսպելով, որ անտաշի քիթ ու մռութին չհասցնի, նա այդպես էլ քարացավ անհարմար դիրքում։ Բոլորը վեր կացան։ Լայքը բոլորովին իրեն կորցրեց և քիչ էր մնում Գրեյսից հարցներ. «Բայց և այնպես գուցե մնա՞ք»։

Հետո հրաժեշտի աղմուկ բարձրացավ. «Դուք շատ սիրալիր եղաք…», «Շա՜տ ափսոս…», «Աստված վկա, ձեզ հետ մի տեսակ ուրախ էր…», «Իսկապես… ես շատ-շատ երախտապարտ եմ ձեզ…», «Բարի հասնեք Դոուսոն…»,— և այդպես շարունակ։

Այս խոսքերի ուղեկցությամբ դատապարտյալին փաթաթեցին մորթե բաճկոնի մեջ ու տարան զոհաբերելու։ Դուռը փակվեց, և երեք տնատերերը աչքները տխուր հառեցին հյուրերի լքած սեղանին։

— Անասո՛ւն։— Զգալի բացեր կային Լենդամի դաստիարակության մեջ, որի հետևանքով նրա բառապաշարը միօրինակ էր և անարտահայտիչ։— Անասո՛ւն,— կրկնեց նա, անորոշ կերպով գիտակցելով այդ բացականչության ամբողջ անկատարելությունը և իզուր փորձելով որևէ ավելի թունդ արտահայտություն գտնել։


Միայն խելոք կինը կարող է իր արժանիքներով լրացնել բոլորովին անշնորհք տղամարդու բազմաթիվ թերությունները, իր երկաթյա կամքով պահել նրա անվճռական բնավորությունը, իր փառասիրությունը ներշնչել և մեծ գործերի մղել նրան։ Եվ միայն շատ խելոք ու շատ տակտով կինը կարող է այդ դեպքում այնքան նրբամտություն ցուցաբերել, որ տղամարդը, նրա ջանքերի պտուղները վայելելով, հավատա, թե ամեն ինչին հասել է ինքը իր աշխատանքով։

Հենց դրան էլ ձգտում էր Գրեյս Բենթամը։ Մի քանի ֆունտ ալյուրից և երկու-երեք հանձնարարական նամակներից բացի ուրիշ ոչինչ չունենալով, նա Դոուսոն հասնելուն պես եռանդուն կերպով սկսեց իր մեծ երեխային դուրս բերել նախաբեմ։ Այդ նա էր հալեցրել կոպիտ արջի քարե սիրտը, որը տերուտնօրեն էր Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերությունում, և ապագա հաջողությունների հաշվին վարկ վերցրեց նրանից. սակայն բոլոր փաստաթղթերը ձևակերպվեցին Էդվին Բենթամի անունով։ Այդ նա էր, որ իր մեծ երեխային քարշ էր տալիս գետահուներով, մի ծանծաղուտից մյուսը, նրան ստիպելով գլխապտույտ արշավներ կատարել ժայռոտ ափերով ու լեռնաշարքերով, սակայն բոլորն ասում էին, «Ի՜նչ եռանդուն մարդ է այդ Բենթամը»։ Այդ կինն էր, որ քարտեզներով ուսումնասիրում էր տեղանքը ու զրուցում հանքավայրի հին բնակիչների հետ և հետո աշխարհագրական ու տեղագրական տեղեկությունները մտցնում նրա դատարկ գլուխը։ Իսկ մարդիկ զարմանում էին, թե որքա՜ն շուտ ու հանգամանալից նա ճանաչեց երկրամասը իր բոլոր առանձնահատկություններով: «Իհարկե,— ասում էին նրանք,— կինը նույնպես խելոքն է»: Եվ միայն քչերը, կռահելով, թե բանն ինչումն է, խղճում էին կնոջը ու պատշաճը հատուցում նրան։

Ամբողջ աշխատանքը կատարում էր Գրեյսը, բոլոր պարգևներն ու գովեստները բաժին էին ընկնում Էդվինին։ Ամուսնացած կինը հյուսիս Արևմտյան տերիտորիայում իրավունք չունի հայտ ներկայացնելու կամ իր անունով գրանցելու հողամասը՝ լինի դա ծանծաղուտ, ցրոնք, թե կվարցի երակ. այդ պատճառով էլ Էդվին Բենթամը ստիպված եղավ անձամբ գնալ ոսկու լիազորի մոտ և ձևակերպել Ֆրանսիական բլրի երկրորդ շարքի 23-րդ հողամասի հայտը։ Իսկ ապրիլ ամսին նրանք արդեն օրական հազար դոլլարի ոսկի էին ողողում, և այդպիսի օրերի վերջը չէր երևում։

Ֆրանսիական բլրի ստորոտով հոսում էր Էլդորադո գետակը, և նրա առափնյա հողամասերից մեկում կանգնած էր Քլայդ Ուորտոնի տնակը։ Առայժմ նա օրական հազար դոլլարի ոսկե ավազ չէր ողողում, բայց նրա հանքաշերտերի փորվածքները մեծանում էին ժամ առ ժամ և մոտենում էր այն ժամանակը, երբ մեկ կարճատև շաբաթվա ընթացքում հարյուր հազարավոր դոլլարներ պետք է հավաքվեին նրա փողրակներում։ Նա հաճախ նստում էր իր տնակում, քաշում ծխամորճը և անձնատուր լինում հրաշալի անուրջներին (իսկ նա անրջում էր ո՛չ հանքաշերտերի մասին, ոչ էլ նույնիսկ այն կես տոննա ոսկե ավազի մասին, որ պահվում էր Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության վիթխարի գանձարանում)։

Մինչդեռ բլրալանջին կանգնած տնակում Գրեյս Բենթամը իր անագե ամաններն էր լվանում և լեռան տակ ընկած հողամասին նայելով, նույնպես երազում էր և նույնպես ո՛չ հանքաշերտերի և ո՛չ էլ ոսկե ավազի մասին։ Այս երկուսը շարունակ հանդիպում էին իրար, և դա զարմանալի չէր. չէ որ արահետները, որոնք տանում էին դեպի նրանց հողամասերը, խաչաձևվում էին, դրանից բացի, հյուսիսային գարունը իր մեջ ունի ինչ-որ բան, որը մարդկանց տրամադրում է իրար հետ շփվելու։ Սակայն նրանք իրենց թույլ չտվեցին թեկուզ մի նայվածքով, մի հատիկ բառով ի հայտ բերելու այն, ինչով լիքն էին նրանց սրտերը։

Այսպես էր սկզբում։ Բայց ահա մի օր Էդվին Բենթամը ձեռք բարձրացրեց կնոջ վրա։ Բոլոր մեծ երեխաներն այդպես են. դառնալով Ֆրանսիական բլրի արքաներից մեկը՝ նա մեծամտացավ ու մոռացավ այն ամենը, ինչով պարտական էր իր կնոջը։ Նույն օրը այս մասին իմանալով՝ Ուորտոնը արահետի վրա սպասեց Գրեյս Բենթամին և կցկտուր, բայց ջերմ խոսքերով դիմեց նրան։ Կինը շատ երջանիկ էր, թեև չուզեց նրան լսել, և նրանից խոսք վերցրեց, որ երբեք այդպիսի հիմարություններ չի ասի։ Նրա ժամանակը դեռ չէր եկել։

Բայց ահա արևը ետ դարձավ դեպի հյուսիս, կեսգիշերային խավարին փոխարինեց լուսաբացի պողպատե փայլը, ձյունն սկսեց հալվել, նորից ջուրը հորդեց սառցակալած սահանքներով և հանքերում աշխատող բանվորներն սկսեցին ողողել ոսկին։ Դեղին կավն ու լեռնապարի կտորները օր ու գիշեր անընդհատ անցնում էին թեք դրված փողրակներով, առատ պարգև թողնելով հարավային երկրի ուժեղ մարդկանց: Ահա հենց այդ եռուն պահին էլ Գրեյս Բենթամի համար ժամը խփեց։

Այդ Ժամը վրա է հասնում յուրաքանչյուր մարդու կյանքում, քիչ թե շատ կենդանի ամեն մի մարդու կյանքում։ Ոմանք հանցանք չեն գործել ո՛չ այն պատճառով, որ խիստ առաքինի են, այլ պարզապես ծուլության պատճառով։ Իսկ մեզնից նրանք, ովքեր ենթարկվել են գայթակղությանը, գիտեն, թե ինչ բան է դա։

Այն Ժամանակ, երբ Էդվին Բենթամը Ֆորքսոսմ կանգնած էր գարեջրատան վաճառասեղանի մոտ և նայում էր կշեռքին, որի վրա դրված էր ոսկե ավազով լեցուն իր տոպրակը (ավա՜ղ, որքան այդպիսի ավազ էր արդեն անցել սոճուց պատրաստված այդ վաճառասեղանով), հենց այդ ժամանակ Գրեյս Բենթամը բլրից իջավ ու մտավ Քլայդ Ուորտոնի տնակը։ Այդ ժամին Ուորտոնը սպասո՞ւմ էր նրան, թե՞ ոչ, միևնույն չէ՞ արդյոք։ Իսկ այ, եթե հայր Ռուբոն կնոջը չտեսներ ու մի կողմ չթեքվեր գլխավոր արահետից, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ անտեղի չարչարանքներից և տանջալից սպասումի երկարաձիգ ամիսներից։

— Որդյակս․․․

— Սպասեցե՛ք, հայր Ռուբո։ Ես ձեզ հարգում եմ, թեև ձեր հավատին չեմ։ Բայց ես ձեզ թույլ չեմ տա կանգնել այդ կնոջ և իմ միջև։

— Հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում։

— Ասում եք հասկանո՞ւմ եմ։ Եթե ամենազոր աստվածն անգամ հայտնվեր այստեղ ձեր փոխարեն, որ ինձ գեհենի կրակում այրեր, ես ոչ մի քայլ չէի նահանջի։

Ուորտոնը Գրեյսին նստեցրեց աթոռին, իսկ ինքը մարտական կեցվածքով կանգնեց նրա մոտ։

— Նստեք այն աթոռին ու լռեք,— շարունակեց նա՝ գիմելռվ քահանային։— Հիմա իմ հերթն է, հաջորդ ելույթը կլինի ձերը։

Հայր Ռուբոն քաղաքավարությամբ գլուխ տվեց ու նստեց։ Նա զիջող մարդ էր և կարողանում էր սպասել։ Մեկ ուրիշ աթոռ մոտեցնելով՝ Ուորտոնը նստեց Գրեյսի կողքին և նրա ձեռքը սեղմեց իր ձեռքի մեջ։

— Ուրեմն դու ինձ սիրո՞ւմ ես։ Ճի՞շտ։ Եվ ինձ այստեղից կտանե՞ս։

Կնոջ դեմքից երևում էր, որ նա իրեն լավ ու հանգիստ է զգում նրա հետ, որ վերջապես ապաստան ու պաշապանություն է գտել։

— Դե, իհարկե, սիրելիս։ Թե՞ դու մոռացել ես՝ ինչ եմ ասել քեզ։

— Բայց մի՞թե դա հնարավոր է։ Իսկ ոսկու ողողո՞ւմը։

— Ի՞նչ ունեմ մտածելու ողողման մասին։ Ես այդ գործը կարող եմ հանձնարարել թեկուզ հայր Ռուբոյին։ Ես նրան կարող եմ խնդրել, որ նա ոսկեավազը հասցնի Ընկերությանը։

— Եվ ես այլևս երբե՜ք նրան չեմ տեսնի։

— Ինչպիսի՜ կորուստ։

— Մեկնե՜լ․․․ Ո՛չ, Քլայդ, ես չեմ կարող։ Չեմ կարող, հասկանո՞ւմ ես։

— Դե լավ, հանգստացիր, սիրելիս։ Իհարկե, կգնանք այստեղից։ Դու ամեն ինչ թող ինձ վրա։ Այ, հենց որ որոշ բաներ հավաքենք, անմիջապես կմեկնենք և…

— Իսկ եթե նա այստե՞ղ գա։

— Ես նրա քիթ-մռութը կջարդեմ։

— Ոչ, ոչ, Քլայդ։ Խնդրում եմ՝ առանց կռվելու։ Դե, խոստացի՛ր…

— Դե լավ։ Ես պարզապես բանվորներին կասեմ, որ նրան դուրս գցեն իմ հողամասից։ Նրանք տեսել են, թե ինչպես է վարվում քեզ հետ, և իրենք էլ չեն սիրում նրան։

— Ա՜խ, ոչ, միայն թե դա չլինի։ Նրան ցավ չպատճառես։

— Իսկ ի՞նչ ես ուզում։ Որ ես հանգիստ նայեմ, թե նա ինչպես քեզ կտանի՞ այստեղից։

— Օ՜ ոչ,— ասաց կինը կիսաձայն, մեղմորեն շոյելով նրա ձեռքը։

— Այդ դեպքում թող ես իմ անելիքն անեմ, և ոչ մի բանի մասին մի՛ մտածիր։ Նա ողջ կմնա, խոստանում եմ քեղ։ Նա, ըստ իս, չէր մտածում՝ դու ցավ զգո՞ւմ ես, թե ոչ։ Մենք Դոուսոն գնալու կարիք չունենք։ Ես այնտեղ իմաց կտամ, որևէ մեկը նավակ կպատրաստի մեզ համար և կքշի Ցուքոնով վերև։ Իսկ մենք մինչ այդ կանցնենք լեռնաշարքը և լաստերով Հնդկական գետի հոսանքն ի վար ընդառաջ կգնանք նրանց։ Իսկ հետո…

— Իսկ հետո՞…

Կնոջ գլուխը ընկած էր նրա ուսին։ Նրանց ձայները նվաղում էին, յուրաքանչյուր բառը քնքշանք էր: Քահանան սկսեց անհանգիստ շարժվել աթոռի վրա։

— Լավ, հետո՞,— հարցրեց կինը։

— Հետո էլ ի՞նչ։ Կնավարկենք դեպի վեր, հոսանքով վեր, այնուհետև քարշակով կանցնենք Ուայթհորսի սահանքները և Արկղերի կիրճը։

— Իսկ այնուհե՞տև։

— Այնուհետև վաթսուն մղոնանոց գետով, հետո էլ կսկսվեն լճերը՝ Չիլկութը, Դայան, իսկ այնտեղ արդեն՝ Աղի Ջուրը։

— Բայց, սիրելիս, չէ՞ որ ես կեռաձողի հետ վարվել չգիտեմ․․․

— Հիմարի՜կս։ Մեզ հետ կվերցնենք Սիտկա Չարլիին. նա գիտե, թե որտեղով կանցնի նավակը և որտեղ պետք է դադար առնել։ Դրանից բացի, չէ՞ որ նա ճանապարհի շատ լավ ընկեր է, թեև հնդկացի է։ Քեզնից միայն մի բան կպահանջվի՝ նստել նավակում, երգել ու Կլեոպատրա խաղալ, և հհտո՝ կռվել թևավոր հորդաների դեմ․․․ Ի դեպ, հա, մեր բախտը բերեց, մոծակներ դեռ չկան։

— Հետո, հետո ի՞նչ, օ՜ իմ Անտոնիոս:

— Իսկ հետո՝ շոգենավ։ Սան-Ֆրանցիսկոն և ամբողջ արար աշխարհը։ Եվ մենք այլևս չենք վերադառնա այս երիցս անիծյալ անկյունը։ Պատկերացնո՞ւմ ես։ Ամբողջ աշխարհը մեր ոտքի տակ է՝ գնա, ուր ուզում ես։ Ես կվաճառեմ իմ բաժինը։ Իսկ դու գիտե՞ս, որ մենք հարուստ ենք։ Ուոլդվորթի սինդիկատը կես միլիոն կտա իմ հողամասի համար։ Բացի դրանից, երկու անգամ ավելի շատ ունեմ Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերության գանձարանում և հանքաշերտերում։ Հազար ինը հարյուր թվականին ես ու դու կգնանք Փարիզ, համաշխարհային ցուցահանդես։ Մենք կտրող ենք նույնիսկ Երուսաղեմ գնալ, եթե դու այդ կամենում ես։ Կգնենք իտալական մի ապարանք, և դու այնտեղ կարող ես ուզածիդ չափ Կլեոպատրա խաղալ։ Ո՛չ, դու ինձ համար կլինես Լուկրեցիոս, Ակտեոս, ինչ որ ինքդ կամենաս, սիրելիս։ Միայն թե տես, հանկարծ…

— Կեսարի կինը պետք է ամեն մի կասկածանքից վեր լինի։

— Իհարկե, բայց…

— Բայց ես չեմ լինի քո կինը, այո՞, սիրելիս։

— Ես ա՛յդ չէի ուզում ասել։

— Բայց դու ինձ կսիրես որպես քո կնոջ ու երբեք, երբեք․․․ Ա՜խ, գիտեմ, դու կլինես այնպիսին, ինչպիսին են բոլոր տղամարդիկ։ Դու ինձնից կձանձրանաս և…

— Չե՞ս ամաչում։ Ես…

— Խոստացի՛ր ինձ։

— Այո, այո՛։ Խոստանում եմ;

— Դու այնքան հեշտ ես ասում այդ, սիրելիս։ Դու ի՞նչ գիտես։ Իսկ ե՞ս։ Ես այնքա՜ն քիչ բան կարող եմ տալ քեզ, բայց դա այնքա՜ն շատ կլինի։ Ա՜խ, Քլայդ։ Դե խոստացի՛ր, որ չես հիասթափվի ինձանից։

— Ա՜յ քեզ բան։ Դու շատ շուտ ես սկսում կասկածել: Ախր ասված է. «Մինչև որ մահը մեզ կբաժանի»։

— Երևակայիր, ժամանակին այդ բառերը ես ասել եմ․․․ նրան, իսկ հիմա…

— Իսկ հիմա, իմ արեգակ, դու այլևս չպետք է այդ մասին մտածես։ Դե իհարկե, ես երբե՜ք, երբեք…

Եվ այստեղ առաջին անգամ նրանց շուրթերը թրթռացին համբուրվելով։ Հայր Ռուբոն, որն ամբողջ ժամանակ լուսամուտից ուշադիր նայում էր ճանապարհին, վերջապես չհամբերեց. նա հազաց ու շրջվեց նրանց կողմը։

— Խոսքը ձերն է, հայր սուրբ։

Ուորտոնի դեմքը վառվում էր առաջին համբույրի կրակից։ Նրա ձայնի մեջ, երբ նա իր տեղը զիջեց, հաղթության նոտաներ էին հնչում։ Նա բոլորովին չէր կասկածում ելքի վրա։ Չէր կասկածում նաև Գրեյսը. դա երևում էր նրա դեմքին շողացող ժպիտից, երբ նա շրջվեց դեպի քահանան։

— Որդյակս,― սկսեց քահանան,— սիրտս արյուն է լալիս ձեզ համար։ Ձեր երազանքը գեղեցիկ է, բայց նրան վիճակված չէ իրականանալ։

— Իսկ ինչո՞ւ, հայր սուրբ։ Չէ որ ես իմ համաձայնությունը տվել եմ։

— Առանց իմանալու, որդյակս։ Դուք չեք մտածել այն երդման մասին, որ ավել եք աստծու առաջ, այն երդման մասին, որ տվել եք այն մարդուն, որին անվանել եք ձեր ամուսինը։ Իմ պարտքն է ձեզ հիշեցնել այդ երդման սրբությունը։

— Իսկ եթե ես, երդման ամբողջ սրբությունը գիտակցելով, այնուամենայնիվ, մտադիր եմ խախտե՞լ այն։

— Այն ժամանակ աստված…

— Ո՞ր աստվածը։ Իմ ամուսինն ունի իր աստվածը, և եu չեմ ցանկանում պաշտել այդ աստծուն։ Եվ իրոք, այդպիսի աստվածները քիչ չեն։

— Որդյակ իմ։ Ետ վերցրեք ձեր խոսքերը։ Չէ որ դուք այդ չէիք ուզում ասել, այնպես չէ՞։ Ես ամեն ինչ հասկանում եմ։ Ես ինքս էլ ապրել եմ նման մի բան․․․— Քահանան մի պահ փոխադրվեց իր հայրենի Ֆրանսիան, և մեկ ուրիշ կնոջ կերպարանք՝ տխուր դեմքով ու թախծոտ աչքերով, ծածկեց իր առջև աթոռի վրա նստած կնոջը։

— Հայր իմ, մի՞թե աստված լքել է ինձ։ Ինչո՞վ եմ ես ուրիշներից ավելի մեղավոր։ Ես այնքան ցավ եմ տեսել իմ ամուսնու հետ։ Մի՞թե սրանից հետո էլ եմ տառապելու։ Մի՞թե ես մի փոքրիկ երջանկության իրավունք չունեմ։ Ես չեմ կարող, ես չե՛մ ուզում վերադառնալ նրա մոտ։

— Ոչ թե աստված է քեզ լքել, այլ դու ես լքել աստծուն։ Վերադարձիր։ Քո բեռը դիր նրա վրա, և խավարը կցրվի։ Օ՜ որդյակ իմ․․․

— Ոչ, ո՛չ։ Այդ բոլորն արդեն անօգուտ է։ Ես նոր ուղի եմ թևակոխել և այլևս ետ չեմ դառնա, ինչ էլ որ գալու լինի իմ գլխին։ Իսկ եթե աստված ինձ պատժի, թո՛ղ պատժի, ես պատրաստ եմ։ Դուք չեք կարող ինձ հասկանալ։ Չէ որ դուք կին չեք։

— Մայրս կին է եղել։

— Այո, բայց…

— Քրիստոսը կնոջից է ծնվել։

Գրեյսը ոչինչ չպատասխանեց։ Լռություն տիրեց։ Ուորտոնը անհամբերությունից ձգում էր բեղը, աչքը չկտրելով ճանապարհից։ Գրեյսը արմունկներով հենվեց սեղանին. նրա դեմքը վճռականություն էր արտահայտում։ Ժպիտն անհետացել էր։ Հայր Ռուբոն որոշեց մեկ ուրիշ միջոց փորձել։

— Դուք երեխաներ ունե՞ք։

— Ա՜խ, մի ժամանակ որքան եմ երազել ունենալ։ Իսկ հիմա․․․ Ո՛չ, երեխաներ չունեմ, և փառք աստծու։

— Իսկ մա՞յր։

— Մայր ունեմ ։

— Նա ձեզ սիրո՞ւմ է։

— Այո։

Գրեյսը պատասխանում էր շշնջյունով։

— Իսկ եղբա՞յր… Ի դեպ, դա կարևոր չէ, նա տղամարդ է։ Քույր ունե՞ք։

Կինը, գլուխը կախելով, դողացող ձայնով ասաց.

— Այո,

— Ձեզնից փո՞քր է։ Շա՞տ։

— Յոթ տարով։

— Արդյո՞ք ամեն ինչ լավ եք կշռադատել։ Արդյո՞ք մտածել եք նրանց մասին։ Մո՛ր մասին։ Քրո՛ջ մասին։ Նա կանգնած է իր կանացի բախտի շեմին, և ձեր այս սխալ արարքը կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ նրա կյանքի վրա։ Արդյո՞ք դուք այնքան ուժ կունենաք, որ գնաք նրա մոտ, նայեք նրա թարմ, ջահել երեսին, բռնեք նրա ձեռքը, ձեր այտը սեղմեք նրա այտին։

Քահանայի խոսքերը պայծառ կերպարների մի ամբողջ շարան կանգնեցրին նրա առջև:

— Հարկավոր չէ՛, հարկավոր չէ՛,— ճչաց Գրեյսը, կծկվելով այն շան նման, որին ուզում են հարվածել մտրակով։

— Վաղ թե ուշ դուք ստիպված կլինեք նայել ճշմարտության աչքերին։ Էլ ինչո՞ւ ուշացնել։

Քահանայի աչքերում վառվում էր կարեկցանքր, բայց կինը այդ չէր տեսնում. իսկ նրա լարված, ջղաձգորեն ցնցվող դեմքը արտահայտում էր անսասանություն։ Կինը իրեն հավաքելով և արցունքները դժվարությամբ զսպելով, գլուխը բարձրացրեց։

— Ես կհեռանամ։ Նրանք այլևս երբեք ինձ չեն տեսնի ու ժամանակի ընթացքում կմոռանան։ Ես նրանց համար մեռած կլինեմ… Եվ… ես կգնամ Քլայդի հետ․․․ այսօր… ևեթ․․․

Թվում էր, թե դա նրա վերջնական պատասխանն էր։ Այն է՝ Ուորտոնն ուզում էր մոտենալ նրանց, բայց քահանան ձեռքի շարժումով կանգնեցրեց նրան։

— Դուք կամեցե՞լ եք երեխաներ ունենալ։

Կինր լուռ գլխով արեց։

— Դուք աղոթե՞լ եք, որ երեխաներ ունենաք։

— Շատ անգամ։

— Իսկ հիմա դուք մտածե՞լ եք, թե ինչ կլինի, եթե երեխաներ ունենաք։

Հայր Ռուբոն մի հայացք գցեց լուսամուտի մոտ կանգնած տղամարդու վրա։

Կնոջ դեմքը լուսավորվեց խնդությամբ. բայց հենց նույն պահին նա հասկացավ, թե ինչ էր նշանակում այդ հարցը։ Նա ձեռքը բարձրացրեց, կարծես գթություն հայցելով, բայց քահանան շարունակեց.

— Պատկերացրեք, որ դուք ձեր կրծքին եք սեղմում անմեղ մանկանը։ Տղայի՛։ Աշխարհը ավելի քիչ է անողոք աղջիկների նկատմամբ։ Ախր կաթն անգամ ձեր կրծքում մաղձի կվերածվի։ Ինչպե՞ս հպարտանաք, ինչպե՞ս հրճվեք ձեր տղայով, երբ մյուս երեխաները…

— Օ՜, խնայեցեք։ Բավակա՜ն է:

— Ծնողների մեղքերի համար…

— Բավակա՜ն է։ Ես կվերադառնամ։— Նա քահանայի ոտքերն ընկավ։

— Երեխան կմեծանա առանց դառնություն ճաշակելու, մինչև որ մի գեղեցիկ օր նրա երեսին շպրտեն այն սարսափելի խոսքը…

— Աստվա՜ծ իմ։ Օ՜ աստված իմ։

Կինը հուսահատ ծնկի իջավ։ Քահանան հոգոց հանելով բարձրացրեց նրան։ Ուորտոնն ուզեց մոտենալ նրան, բայց կինը ձեռքով արեց։

— Ինձ չմոտենա՛ս, Քլայդ։ Ես վերադառնում եմ ամուսնուս մոտ։— Արցունքները հոսում էին նրա այտերի վրայով, նա չէր փորձում սրբել դրանք։

— Այն բոլորից հետո՝ ինչ եղե՞լ է։ Դու չե՛ս համարձակվի։ Ես քեզ չե՛մ թողնի։

— Ինձ ձեռք չտա՛ս,— ճչաց կինը հեռու մնալով նրանից և ամբողջ մարմնով դողալով։

— Ո՛չ, դու իմն ես։ Լսո՞ւմ ես։ Ի՛մը։

Նա կտրուկ դարձավ դեպի քահանան։

— Ի՜նչ հիմարն եմ ես, որ ձեզ թույլ տվեցի քարոզ կարդալ այստեղ։ Շնորհակալ եղեք աստծուց, որ դուք քահանա եք, եթե ոչ, ես ձեզ… Այո՛, այո՛, գիտեմ, դուք կասեք՝ քահանայի իրավո՜ւնքն է… Ինչ արած, դուք օգտվեցիք այդ իրավունքից։ Իսկ հիմա հեռացեք ողջ ու առողջ, քանի դեռ ես չեմ մոռացել, թե ով եք դուք և ինչ եք դուք։

Հայր Ռուբոն խոնարհվեց, բռնեց կնոջ ձեռքից և նրա հետ ուղղվեց դեպի դուռը։ Բայց Ուորտոնը փակեց նրանց ճանապարհը։

— Գրեյս։ Ախր դու ասում էիր, որ ինձ սիրում ես։

— Ասում էի։

— Իսկ հիմա չե՞ս սիրում ինձ։

— Սիրում, եմ։

Մի անգամ էլ կրկնիր։

— Սիրո՛ւմ եմ քեզ, Քլայդ, սիրում եմ։

— Լսեցի՞ր, քահանա,— բացականչեց Քլայդը։— Լսեցիր, թե ինչ ասաց նա և, այնուամենայնիվ, այդ բառերը շուրթերին ետ ես ուղարկում ամուսնու մոտ, որտեղ նրան դժոխքն է սպասում, որտեղ նա իր ամբողջ կյանքում ամեն րոպե ստիպված կլինի ստել:

Հայր Ռուբոն հանկարծ կնոջը հրեց գցեց ներսի սենյակը և դուռը ծածկեց նրա հետևից։

― Ո՛չ մի բառ,— շշնջաց նա Ուորտոնին՝ նստելով աթոռին և անկաշկանդ դիրք ընդունելով։— Հիշեցեք՝ ի սեր Գրեյսի,— ավելացրեց նա։

Դռան ուժեղ թակոց լսվեց, հետո բարձրացավ փականը, և ներս մտավ Էդվին Բենթամը։

— Կնոջս չե՞ք տեսել,— հարցրեց նա, ողջույններ փոխանակելուց հետո։

Երկուսն էլ եռանդուն կերպով գլուխներն օրորեցին։

— Ես նկատեցի, որ նրա հետքերը մեր տնակից ներքև են տանում,— շարունակեց Բենթամը զգուշորեն։— Այնուհետև հետքերը երևում են գլխավոր արահետի վրա և կտրվում դեպի ձեր տունը տանող շրջադարձի մոտ։

Նրանք այդ բացատրությունները լսեցին լիակատար անտարբերությամբ։

― Եվ ես․․․ ես մտածեցի, որ…

— Որ նա այստե՞ղ է,— թնդաց Ուորտոնը։

Քահանան հայացքով նրան ստիպեց հանգստանալ։

— Դուք տեսել եք, որ նրա հետքերը բերում են այս տնա՞կը, որդյակ իմ։

Խորամա՜նկ հայր Ռուբո։ Դեռ մի ժամ առաջ, երբ ինքը այստեղ էր գալիս նույն ճանապարհով, տրորել էր հետքերը։

— Ես ուշադիր չնայեցի, ես…― Նա կասկածելի հայացքն ուղղեց դեպի մյուս սենյակը տանող դուռը, ապա շրջեց քահանայի կողմը։ Վերջինս գլուխն օրորեց։ Բենթամը դեռևս տատանվում էր։

Մտքում մի կարճ աղոթք ասելով՝ հայր Ռուբոն վեր կացավ։

— Դե, եթե ինձ չեք հավատում…— նա շարժվեց դեպի դուռը։

Քահանաները չեն ստում։ Էդվին Բենթամը այս ճշմարտությունը շատ էր լսել և դրանում չէր կասկածում։

— Ի՜նչ եք ասում, հայր սուրբ,— ասաց նա հապճեպորեն։— Պարզապես չեմ կարող հասկանալ, թե ուր է գնացել կինս։ Եվ մտածեցի, որ կարող է պատահել… Ախ հա՜, գնացել է տիկին Սթենտոնի մոտ, Ֆրանսիական կիրճը։ Հիանալի եղանակ է, այնպես չէ՞։ Նորություն լսե՞լ եք։ Ալյուրը էժանացել է. այժմ մեկ ֆունտը վաճառվում է քառասուն սենթով, և, ասում են, չեչակոները ամբողջ հոտով շարժվել են գետի հոսանքն ի վար։ Սակայն ես ուշանում եմ։ Մնացեք բարի։

Դուռը ծածկվեց։ Նրանք լուսամուտից նայում էին հեռացող Էդվին Բենթամին, որը ուղղվեց դեպի Ֆրանսիական կիրճը՝ շարունակելու իր որոնումները։


Մի քանի շաբաթ հետո, հենց որ հունիսյան վարարումներն անցան, երկու հոգի նավակ նստեցին, հեռացան ափից և պարանը գցեցին գետում լողացող կոճղին։ Պարանը ձգվեց, ու խարխուլ մակույկը, կարծես բուքսիրին կապված, առաջ լողաց։ Հայր Ռուբոն վերին հոսանքները թողնելու և Մինուկի իր թխադեմ հոտի մոտ վերադառնալու կարգադրություն էր ստացել։ Այնտեղ սպիտակ մարդիկ էին հայտնվել, և, նրանց գալուց ի վեր հնդկացիները թողել էին ձկնորսությունը ու սկսել էին ջերմեռանդորեն երկրպագել մի անհայտ աստվածության, որը ժամանակավոր ապաստան էր գտել անհամար քանակությամբ սև շշերի մեջ։ Քահանային ուղեկցում էր Մեյլմյութ Քիդը, քանի որ նա նույնպես ինչ-որ գործեր ուներ ստորին հոսանքում։

Ամբողջ հյուսիսային Երկրում միայն մի մարդ էր ճանաչում Պոլ Ռուբոյին, ոչ թե միսիոներ քահանային, ոչ թե «հայր Ռուբոյին», այլ հասարակ մահկանացու Պոլ Ռուբոյին։ Այդ մարդը Մեյլմյութ Քիդն էր։ Միայն նրա մոտ հայր Ռուբոն մոռանում էր իր քահանայական աստիճանը և ներկայանում էր իր ամբողջ հոգևոր մերկությամբ։ Ի՞նչ զարմանալի բան կա այստեղ։ Այդ երկու մարդիկ ճանաչում էին իրար։ Մի՞թե նրանք իրար հետ չէին կիսել վերջին ձուկը, վերջին ծխախոտը, վերջին ու նվիրական միտքը՝ մերթ Բերինգյան ծովի ամայի տարածություններում, մերթ Մեծ Դելտայի կործանիչ լաբիրինթոսներում, մերթ էլ Բարրոու հրվանդանից դեպի Պորքյուփայն կատարվող իսկապես սարսափելի ձմեռային անցման ժամանակ։

Հայր Ռուբոն, իր շատ բան տեսած ծխամորճը քաշելով, նայում էր արևի ալ սկավառակին, որը մռայլոր են կախվել էր հյուսիսային հորիզոնի վրա։ Մեյլմյութ Քիդը ժամացույցը լարեց։ Կեսգիշեր էր։

— Չարժե տխրել, բարեկամս,— Քիդը ըստ երևույթին շարունակում էր վաղօրոք սկսված խոսակցությունը։— Դե, իհարկե, աստված կների այդպիսի սուտը: Ասեմ այն մարդու բառերով, որը միշտ գիտե, թե ինչ պետք է ասել․

Եթե մի կին բան ասաց մի տարածիր ամենուր,
Եվ անարգված շուն է նա, ով չի կարող մնալ լուռ։
Թե Հարվորդին մահ է սպառնում, և ծով սուտը կփրկի—
Ստիր այնքան ժամանակ, մինչև լեզուդ կհոգնի։

Հայր Ռուբոն ծխամորճը հանեց բերանից և մտածմունքի մեջ ընկավ։

— Լավ է ասել նա, ձեր բանաստեղծը, բայց հիմա դա չէ, որ ինձ տանջում է։ Թե սուտը, թե նրա համար պատիժը աստծու ձեռքին է, բայց… բայց…

— Էլ ի՞նչ։ Ձեր խիղճը պետք է որ մաքուր լինի։

— Ոչ, Քիդ։ Ինչքան էլ մտածում եմ այդ մասին, բայց փաստը մնում է փաստ։ Ես ամեն ինչ գիտեի և, այնուամենայնիվ, նրան ստիպեցի վերադառնալ։

Լուսաբացի զրնգուն երգը հնչեց անտառապատ ափին, խորքերից լսվեց կաքավի խուլ կանչը, ուժգին ճողփյունով գետախորշում ջուրը մտավ իշայծյամը. երկու մարդիկ նավակում լուռ ծխում էին։