հեղինակ՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերի |
Նախաբան
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ, Երբ նա փոքրիկ տղա էր
I
Երբ ես վեց տարեկան էի, «Ճշմարտացի պատմություններ» խորագրով մի գրքում, ուր պատմվում էր կուսական անտառների մասին, մի զարմանալի նկար տեսա: Նկարում հսկայական վիշապօձը մի գիշատիչ գազան էր կուլ տալիս: Ահա թե ինչպիսին էր այդ նկարը:
Գրքում ասվում էր. «Վիշապօձը իր զոհին կուլ է տալիս առանց ծամելու, ողջողջ: Դրանից հետո նա այլևս չի կարողանում շարժվել և կես տարի անընդհատ քնում է՝ մինչև որ մարսում է կերածը»:
Ես շատ խորհեցի ջունգլիների արկածներով լի կյանքի մասին և գունավոր մատիտներով նկարեցի իմ առաջին ստեղծագործությունը: Դա իմ № 1 նկարն էր: Ահա թե ինչպես էի նկարել:
Ես իմ առաջին ստեղծագործությունը ցույց տվեցի մեծահասակներին և հարցրի՝ սարսափելի չէ արդյոք:
– Մի՞թե գլխարկը սարսափելի է,– առարկեցին նրանք:
Իսկ դա ամենևին էլ գլխարկ չէր, այլ մի վիշապօձ, որը փիղ էր կուլ տվել: Ստիպված վիշապօձը նկարեցի ներսի կողմից, որպեսզի մեծահասակներին հասկանալի լինի: Ախր նրանց ամեն բան պետք է բացատրել: Ահա իմ № 2 նկարը:
Մեծահասակներն ինձ խորհուրդ տվեցին օձ չնկարել ոչ դրսի և ոչ էլ ներսի կողմից, այլ հետաքրքրվել աշխարհագրությամբ, պատմությամբ, թվաբանությամբ և ուղղագրությամբ: Ահա թե ինչպես պատահեց, որ ես վեց տարեկան հասակում հրաժարվեցի նկարչի փայլուն ապագայից: № 1 և № 2 նկարներով անհաջողության մատնվելուց հետո ես իմ նկատմամբ կորցրեցի հավատս: Մեծահասակները իրենք երբեք և ոչինչ չեն հասկանում, իսկ երեխաների համար շատ է հոգնեցուցիչ, երբ ստիպված են լինում ամեն ինչ նրանց բացատրել ու գլուխները մտցնել:
Եվ այսպես, ես ստիպված էի ուրիշ մասնագիտություն ընտրել և սովորեցի ինքնաթիռ վարել: Ես ամբողջ աշխարհը գրեթե ման եմ եկել: Եվ, ճիշտ որ ասեմ, աշխարհագրությունն ինձ շատ պետք եկավ: Առաջին իսկ հայացքից կարողանում էի Չինաստանն ու Արիզոնան տարբերել. երբ գիշերը շեղվում ես ճանապարհից, շատ կարևոր է այս իմանալը:
Իմ կյանքում ես շատ եմ հանդիպել զանազան լուրջ մարդկանց: Մեծահասակների շրջանում ես շատ եմ ապրել: Ես նրանց բոլորովին մոտիկից եմ տեսել, բայց այդ բանն ինձ ամենևին էլ չի ստիպել, որ նրանց մասին ավելի լավ կարծիք ունենամ:
Երբ հանդիպում էի որևէ մեծահասակի, որն ինձ մյուսներից ավելի հասկացող ու խելացի էր թվում, ես նրան ցույց էի տալիս իմ № 1 նկարը, որը միշտ մոտս էի պահում: Ես ուզում էի իմանալ, թե այդ մարդը իսկապես մի բան հասկանում է: Բայց բոլորն էլ ինձ պատասխանում էին. «Դա գլխարկ է»:
Եվ ես այլևս նրանց մոտ չէի խոսում ոչ վիշապօձերի, ոչ ջունգլիների և ոչ էլ աստղերի մասին: Ես հարմարվում էի նրանց մտածողությանը: Ես նրանց հետ խոսում էի բրիջ և գոլֆ խաղալու մասին, քաղաքականության ու փողկապների մասին: Եվ մեծահասակները շատ գոհ էին մնում, որ ծանոթացել են ինձ նման առողջ դատողության տեր մարդու հետ:
II
Այսպես ես ապրում էի մենության մեջ, և մեկը չկար, որ հետը սրտանց խոսեի: Եվ ահա վեց տարի առաջ հարկադրված վայրէջք կատարեցի Սահարայում: Ինքնաթիռիս շարժիչի մեջ ինչոր բան էր ջարդվել: Ինձ հետ ոչ մեխանիկ կար, ոչ ուղևոր, և ես որոշեցի ինքս ամեն ինչ սարքել, չնայած դա շատ դժվար գործ էր: Ես պետք է կամ շարժիչը կարգի գցեի, կամ զոհ գնայի: Իմ ունեցած ջուրը հազիվ թե ինձ մի շաբաթ բավականացներ:
Այսպես ուրեմն, ես առաջին գիշերը քնեցի անապատի ավազներին, ուր շուրջս՝ հազարավոր կիլոմետրերի վրա, ոչ մի բնակավայր չկար: Նավաբեկյալն անգամ իրեն այդքան միայնակ չէր զգա օվկիանոսում, որքան ես: Պատկերացրեք, թե որքան զարմացա, երբ լուսաբացին ինձ արթնացրեց ինչոր մեկի բարակ ձայնը:
– Ինձ համար մի գառնուկ նկարիր, խնդրում եմ...
– Ի՜նչ...
– Ինձ համար մի գառնուկ նկարիր...
Ես այնպես վեր թռա, կարծես թե ամպրոպ էր ճայթել: Աչքերս տրորեցի: Նայեցի շուրջս ու տեսա մի տարօրինակ, փոքրիկ մարդուկ, որ կանգնել ու լրջորեն նայում էր ինձ:
Ահա ամենալավ դիմանկարը, որ ես հետագայում կարողացա նկարել: Բայց իմ նկարում նա այդքան լավ չի ստացվել, ինչպես իրականում կար: Դրա համար ե՛ս չեմ մեղավորը: Երբ վեց տարեկան էի, մեծահասակներն ինձ համոզեցին, որ ինձանից նկարիչ դուրս չի գա, այդ պատճառով էլ դրսի ու ներսի կողմից նկարած վիշապօձերից բացի ես ուրիշ ոչ մի բան նկարել չսովորեցի:
Եվ այսպես, ես, աչքերս լայն բաց արած, նայում էի այդ անսովոր երևույթին: Չմոռանաք, որ ես մարդկային բնակավայրերից հազարավոր կիլոմետրեր հեռու էի գտնվում: Բացի դրանից, բոլորովին էլ չէր երևում, թե այդ պստիկ տղան մոլորվել է, մահու չափ հոգնած է ու վախեցած կամ քաղցից ու սովից մեռնում է: Նրա տեսքից հնարավոր չէր ասել, թե դա ամեն տեսակի մարդկային բնակավայրերից հեռու, անմարդաբնակ անապատում մոլորված մի երեխա է: Վերջապես ես խոսելու ընդունակությունս վերականգնեցի ու հարցրի.
– Բայց... Ի՞նչ ես անում դու այստեղ:
Եվ նա նորից կամացուկ ու շատ լուրջ ասաց.
– Խնդրում եմ... գառնուկ նկարիր...
Այդ բոլորն այնքան խորհրդավոր էր ու անըմբռնելի, որ ես սիրտ չարեցի հրաժարվել: Եվ որքան էլ անհեթեթ էր այդ, այստեղ՝ անապատում, ուր քաղցից ու ծարավից մեռնելու էի դատապարտված, այնուամենայնիվ գրպանիցս հանեցի մի թերթ թուղթ ու գրիչս: Բայց այստեղ ես հիշեցի, որ ավելի շատ աշխարհագրություն, պատմություն, թվաբանություն ու ուղղագրություն եմ սովորել և ասացի տղային նույնիսկ մի փոքր բարկացած, որ նկարել չգիտեմ: Նա պատասխանեց.
– Միևնույն է, մի գառնուկ նկարիր...
Եվ քանի որ իմ կյանքում երբեք գառնուկ չէի նկարել, նրա համար կրկնեցի իմ իմացած հին նկարներից մեկը՝ վիշապօձը դրսի կողմից, և շատ զարմացա, երբ տղան բացականչեց.
– Ոչ, ոչ... ես փիղը վիշապօձի մեջ չեմ ուզում: Վիշապօձը շատ վտանգավոր է, իսկ փիղը չափազանց մեծ: Ինձ մոտ ամեն բան շատ փոքր է: Ինձ գառնուկ է պետք, ինձ համար գառնուկ նկարիր...
Եվ ես նկարեցի:
Նա ուշադիր նայեց իմ նկարին ու ասաց.
– Չէ՛, այս գառնուկը շատ տկար է: Մի ուրիշը նկարիր...
Եվ ես նկարեցի:
Իմ նոր բարեկամը մեղմ ու ներողամիտ ժպտաց:
– Չէ՞ որ դու էլ ես տեսնում, – ասաց նա, – որ սա գառնուկ չէ: Սա մեծ խոյ է, կոտոշներ ունի...
Ես նորից նկարեցի, բայց նա այդ նկարից էլ հրաժարվեց:
– Սա էլ արդեն պառավ ոչխար է: Ինձայնպիսի գառնուկ է պետք, որ երկար ապրի:
Այստեղ իմ համբերությունը հատավ: Չէ՞ որ ես պետք է որքան հնարավոր է շուտ կարգի գցեի շարժիչը և ահա թե ինչ խզմզեցի:
Եվ ասացի տղային.
– Ահա քեզ մի արկղ: Մեջը մի այնպիսի գառնուկ է նստած, ինչպիսին դու ուզում ես:
Որքան ես զարմացա, երբ իմ խստապահանջ դատավորը հանկարծ պայծառացավ.
– Այ սա լա՜վ է: Ի՞նչ ես կարծում, այս գառնուկին շա՞տ խոտ է պետք:
– Ինչո՞ւ ես հարցնում...
– Չէ՞ որ ինձ մոտ ամեն բան փոքր է...
– Սրան կբավականացնի: Ես քեզ շատ փոքրիկ գառնուկ եմ տալիս:
– Այնքան էլ փոքր չէ...– գլուխը խոնարհելով ու նկարին նայելով ասաց նա:– Տե՛ս, տե՛ս, քնել է…
Այսպես ես ծանոթացա Փոքրիկ իշխանի հետ:
III
Ես ուշ հասկացա, թե որտեղից էր նա հայտվնել: Փոքրիկ իշխանը հարցերի տարափ էր տեղում ինձ վրա, բայց երբ ես էի որևէ բան հարցնում, նա կարծես թե չէր լսում: Միայն քիչ-քիչ, պատահական ու իմիջիայլոց ասած խոսքերից բացվեց ամեն ինչ:
Այսպես, երբ նա առաջին անգամ տեսավ իմ ինքնաթիռը (ես չեմ փորձի ինքնաթիռը նկարել, միևնույն է, բան դուրս չի գա), հարցրեց.
– Սա ի՞նչ բան է:
– Սա բան չէ, ինքնաթիռ է, թռչում է:
Եվ ես հպարտությամբ բացատրեցի նրան, որ կարող եմ թռչել: Նա բացականչեց.
– Ինչպե՞ս, դու երկնքի՞ց ես ընկել:
– Այո՛,– համեստորեն պատասխանեցի ես:
– Այ թե հետաքրքի՜ր է…
Եվ Փոքրիկ իշխանը ծիծաղեց այնպես ուժգին, որ իմ տրամադրությունն ընկավ: Ես սիրում եմ, երբ իմ ձախորդություններին լուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
– Ուրեմն դո՞ւ էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից:
«Ահա թե որտեղ է անապատում հայտնվելու նրա խորհրդավոր գաղտնիքը»,– մտածեցի ես և ուղղակի հարցրի.
– Ուրեմն դու ուրիշ մոլորակի՞ց ես այստեղ ընկել...
Բայց նա չպատասխանեց: Իմ ինքնաթիռին նայելով՝ նա գլուխը կամաց օրորեց.
– Դու սրանով հեռվից գալ չէիր կարող...
Եվ երկար մտածմունքի մեջ ընկավ: Հետո գրպանից հանեց իմ նկարած գառնուկն ու սկսեց զննել այդ գանձը:
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես բորբոքվեց իմ հետաքրքրությունը «ուրիշ մոլորակների» մասին նրա կիսաբերան ասած խոստովանությունից:
Եվ ես փորձեցի ավելի շատ բան իմանալ:
– Որտեղի՞ց ես դու եկել, փոքրի՛կս: Որտե՞ղ է քո տունը և ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկը:
Նա, մտածմունքի մեջ ընկած, մի փոքր լռեց, հետո ասաց.
– Շատ լավ եղավ, որ դու ինձ այս արկղը տվեցիր: Գիշերները գառնուկը արկղում էլ կքնի:
– Դե իհարկե: Եվ եթե դու խելացի լինես, ես քեզ պարան կտամ, որ գառնուկին ցերեկները կապես: Ցից էլ կտամ:
Փոքրիկ իշխանը մռայլվեց:
– Կապե՞մ... ինչի՞ համար...
– Ախր եթե չկապես, նա կարող է գնալ հեռու և կորչել:
Այստեղ իմ բարեկամը նորից ուրախ ծիծաղեց:
– Ո՞ւր կարող է նա գնալ:
– Քի՞չ տեղ կա գնալու: Կգնա ուղիղ, ինչքան աչքը կտրի:
Փոքրիկ իշխանը լրջորեն ասաց.
– Դա սարսափելի չէ, ինձ մոտ տեղը շատ փոքր է:
Եվ թախծոտ ավելացրեց.
– Եթե ուղիղ գնալու լինես, հեռուն չես գնա…
IV
Եվ այսպես, ես էլի մի կարևոր գյուտ արեցի: Նրա հայրենի մոլորակն ընդամենը մի տան չափ է եղել…
Ասենք, դա ինձ այնքան էլ չզարմացրեց: Ես գիտեի, որ մեր Երկրի, Յուպիտերի, Մարսի և Վեներայի նման մեծ մոլորակներից բացի հարյուրավոր այլ մոլորակներ գոյություն ունեն, դրանց թվում այնքան փոքրիկները, որոնց նույնիսկ աստղադիտակով դժվար է նկատելը: Երբ աստղագետը նման մի մոլորակ է հայտնաբերում, նրան ոչ թե անուն է տալիս, այլ համար: Օրինակ՝ № 3251: Ես լուրջ հիմքեր ունեմ կասկածելու, որ Փոքրիկ իշխանը եկել էր այն մոլորակից, որը կոչվում է մոլորակ № 612: Այդ փոքրիկ մոլորակը միայն մի անգամ՝ 1909 թվականին, տեսել է մի թուրք աստղագետ:
Աստղագետն իր սքանչելի հայտնագործության մասին հայտնեց աստղագետների միջազգային կոնգրեսում, բայց նրան չհավատացին և միայն այն պատճառով, որ նա թուրքական տարազ ուներ հագին: Դե ի՞նչ կարող ես անել, մեծահասակներն այդպես են:
№ 612 մոլորակի բախտից թուրքական սուլթանը մահվան սպառնալիքով իր հպատակներին հրամայեց եվրոպական հագուստ հագնել: 1920 թվականին այդ աստղագետը նորից զեկուցեց իր հայտնագործության մասին: Այս անգամ նա հագել էր ամենավերջին նորաձևության համապատասխան, և բոլորը նրա հետ համաձայնեցին:
№ 612 մոլորակի մասին ես ձեզ այսպես մանրամասն պատմեցի և նույնիսկ համարն ասացի միայն մեծահասակների պատճառով: Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհաններին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնի այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի վրա: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք, այսինքն՝ նրանք, ովքեր հասկանում են, թե ինչ բան է կյանքը, ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզենայի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ...»: Նրանք, ովքեր ճանաչում են կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է:
Ահա մեկ էլ դրա համար էր, որ ես ներկատուփ ու գունավոր մատիտներ գնեցի: Իմ հասակում այնքան էլ հեշտ բան չէ նորից նկարչությամբ զբաղվելը, մանավանդ որ իմ ամբողջ կյանքում ես միայն վիշապօձ եմ նկարել՝ ներսի ու դրսի կողմից, այն էլ վեց տարեկան հասակում:
Ինչ խոսք, ես կաշխատեմ, որքան հնարավոր է, նմանությունը լավ տալ, բայց այնքան էլ վստահ չեմ, թե դա ինձ կհաջողվի: Մի դիմանկարը նման է դուրս գալիս, իսկ մյուսը՝ բոլորովին նման չի լինում: Ես հասակի մեջ էլ եմ սխալվում: Մի նկարում իշխանը չափազանց բարձրահասակ է ստացվել, իսկ մյուսում՝ չափազանց փոքր: Եվ ես լավ չեմ հիշում, թե ինչ գույն ունեին նրա հագուստները: Ես փորձում եմ նկարել ե՛ւ այսպես, ե՛ւ այնպես, ինչպես որ պատահի, մի կերպ: Վերջապես կարող եմ սխալվել ինչ-որ կարևոր մանրուքների մեջ, բայց դուք ներողամիտ կլինեք: Իմ բարեկամը ինձ երբեք և ոչինչ չէր բացատրում: Գուցե նա մտածում էր, թե ես այնպիսին եմ, ինչպիսին ինքը: Բայց ես, դժբախտաբար, չեմ կարողանում արկղի պատկերի միջով գառնուկ տեսնել: Գուցե ես մի փոքր նման եմ մեծահասակներին: Երևի ծերանում եմ:
V
Ամեն օր ես մի նոր բան էի իմանում նրա մոլորակի մասին և այն մասին, թե նա ինչպես էր թողել իր մոլորակն ու սկսել թափառումները: Նա այդ մասին քիչ-քիչ էր պատմում, երբ խոսք էր ընկնում: Այդպես ես երրորդն օրն իմացա բաոբաբների ողբերգության մասին:
Դա էլ գառնուկի պատճառով ստացվեց: Փոքրիկ իշխանին կարծես թե հանգիստ չէին տալիս կասկածները, և նա հարցրեց:
– Ասա, ճի՞շտ է, որ գառնուկները թփեր են ուտում:
– Այո՛, դա ճիշտ է:
– Ա՜յ, դա լավ է...
Ես չհասկացա, թե ինչու է այդքան կարևոր, որ գառնուկները թփեր ուտեն:
– Ուրեմն նրանք բաոբաբնե՞ր էլ են ուտում:
Ես առարկեցի՝ ասելով, որ բաոբաբները թփեր չեն, այլ հսկայական ծառեր՝ զանգակատան բարձրության, և եթե նա փղերի մի ամբողջ նախիր բերի, էլի բաոբաբ ուտել չեն կարողանա:
Փղերի մասին լսելով՝ Փոքրիկ իշխանը ծիծաղեց:
– Նրանց ստիպված իրար վրա պիտի դնեին...
Իսկ հետո խելամտորեն ավելացրեց.
– Բաոբաբները մինչև մեծանալը փոքր են լինում:
– Դա ճիշտ է: Բայց ինչի՞դ է պետք, որ քո գառնուկը փոքրիկ բաոբաբ ուտի:
– Ուրիշ ինչպե՞ս կարող է լինել, – բացականչեց նա այնպես, կարծես թե խոսքը գնում էր շատ պարզ ճշմարտության մասին: Եվ ես բավական երկար ցավացրի, մինչև հասկացա բանի էությունը:
Փոքրիկ իշխանի մոլորակի վրա, ինչպես մնացած բոլոր մոլորակների վրա, աճում են և՛ օգտակար, և՛ վնասակար խոտեր: Այդ նշանակում է, որ այնտեղ կան լավ ու օգտակար խոտերի լավ սերմեր և գեշ խոտերի, այսինքն՝ մոլախոտերի վատ սերմեր: Բայց չէ՞ որ սերմերն անտեսանելի են: Նրանք քնում են խորը գետնի տակ այնքան ժամանակ, մինչև նրանցից մեկնումեկի գլխին փչի արթնանալ: Այդ ժամանակ նա ծիլ է արձակում, որը սկզբում շատ սիրուն ու անվնաս է երևում, իսկ հետո մեջքն ուղղելով՝ ձգվում է դեպի արևը: Եթե դա ապագա վարդի թուփ է, թող աճի, ինչքան ուզում է:
Բայց եթե դա մի որևէ մոլախոտ է, հենց որ ճանաչեցիր, պետք է անմիջապես արմատախիլ անես: Եվ ահա Փոքրիկ իշխանի մոլորակի վրա կան սարսափելի վնասակար սերմեր...
Դրանք բաոբաբի սերմեր են: Մոլորակի հողը ամբողջովին վարակված է նրանցով: Եվ եթե ժամանակին չճանաչես բաոբաբի ծիլը, հետո նրանից արդեն չես ազատվի: Ամբողջ մոլորակը կգրավի: Նա իր արմատներով կծակի կանցնի ամբողջ մոլորակը: Եվ եթե մոլորակը փոքրիկ է, իսկ բաոբաբները՝ շատ, ապա նրանք մոլորակը կտոր-կտոր կանեն:
– Այստեղ մի հաստատուն կարգ կա, – հետագայում ասաց Փոքրիկ իշխանը: – Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է տեղնուտեղը կարգի բերես նաև քո մոլորակը: Հենց որ կարողացար բաոբաբի ծիլերը տարբերել վարդի թփերից, պետք է անմիջապես դրանք արմատախիլ անես: Վարդի ու բաոբաբի մատաղ ծիլերը շատ են իրար նմանվում: Դա շատ ձանձրալի աշխատանք է, բայց բոլորովին դժվար չէ:
Մի անգամ նա ինձ խորհուրդ տվեց, որ ես աշխատեմ մի այնպիսի նկար նկարել, որ մեզ մոտ էլ երեխաներն այդ բանը լավ հասկանան:
– Եթե հանկարծ նրանք երբևէ ճանապարհորդեն, – ասաց նա, – դա նրանց պետք կգա: Աշխատանքներ կան, որ կարող են մի փոքր սպասել, դրանից վնաս չի գա: Բայց երբ խոսքը վերաբերում է բաոբաբին, դժբախտությունից չես խուսափի:
Ես մի մոլորակ գիտեի, որի վրա մի ծույլ մարդ էր ապրում: Նա բաոբաբի երեք թուփ ժամանակին չքաղհանեց և... Փոքրիկ իշխանն ինձ մանրամասն նկարագրեց, և ես նկարեցի այդ մոլորակը: Ես տանել չեմ կարողանում, երբ մարդկանց գլխին քարող են կարդում: Բայց քչերը գիտեն, թե ինչ կարող է անել բաոբաբը, և քանի որ փոքրիկ մոլորակի վրա երբևէ ընկնող յուրաքանչյուր մարդու սպառնացող վտանգը շատ մեծ է, ես այս անգամ որոշեցի իմ սովորական զսպվածությունը հաղթահարել: «Երեխաներ, – ասում եմ ես, – զգույշ մնացեք բաոբաբից»:
Ես ուզում էի իմ բարեկամներին նախազգուշացնել այն վտանգի մասին, որը վաղուց է դարանակալած նրանց սպասում, իսկ նրանք նույնիսկ այդ մասին չեն էլ կասկածում, ինչպես որ ես էլ առաջ չէի կասկածում:
Ահա թե ինչու էի ես այդպես չարչարվում այդ նկարի վրա և չեմ ափսոսում թափածս աշխատանքի համար: Գուցե դուք հարցնեք, թե այս գրքում ինչու բաոբաբների նկարի նման ազդեցիկ նկար չկա այլևս: Պատասխանը շատ պարզ է. Ես ձգտում էի, որ լինեն, բայց ոչինչ չստացվեց: Իսկ երբ ես բաոբաբներն էի նկարում, ինձ ոգևորում էր այն գիտակցությունը, թե դա շատ կարևոր ու անհետաձգելի գործ է:
VI
Օ՜, Փոքրիկ իշխան, քիչ-քիչ ես հասկացա նաև, թե որքան տխուր ու միապաղաղ է եղել քո կյանքը: Երկար ժամանակ դու միայն մի հաճելի զբաղմունք ես ունեցել՝ նայել վերջալույսին: Ես այդ մասին իմացա չորրորդ օրվա առավոտյան, երբ դու ասացիր.
– Ես վերջալույս շատ եմ սիրում: Գնանք տեսնենք, թե ինչպես է արևը մայր մտնում:
– Դրան պետք է սպասել:
– Ինչո՞ւ սպասել:
– Որպեսզի արևը մայր մտնի:
Սկզբում դու շատ զարմացար, իսկ հետո ինքդ քեզ վրա ծիծաղեցիր ու ասացիր.
– Ինձ միշտ թվում է, թե իմ տանն եմ:
Եվ իրոք: Բոլորը գիտեն, որ երբ Ամերիկայում կեսօր է,Ֆրանսիայում արևը մայր է մտնում: Եվ եթե հնարավոր լիներ մի րոպեում տեղափոխվել Ֆրանսիա, կարելի կլիներ հիանալ վերջալույսով: Դժբախտաբար Ֆրանսիան շա՜տ-շա՜տ է հեռու: Իսկ քո մոլորակի վրա բավական էր աթոռը մի քանի քայլ առաջ տանել, և դու նորից ու նորից կարող էիր հիանալ վերջալույսի երկնքով... հարկավոր էր միայն ցանկանալ...
– Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է արևը մայր մտնում: Եվ մի փոքր սպասելով՝ դու ավելացրիր.
– Գիտես... երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը...
– Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր:
Սակայն Փոքրիկ իշխանը չպատասխանեց:
VII
Հինգերորդ օրը դարձյալ գառնուկի շնորհիվ ես իմացա Փոքրիկ իշխանի գաղտնիքը:
Առանց նախաբանի, նա այնպես միանգամից հարց տվեց, որ թվում էր, թե նման եզրակացության էր հանգել երկար ու լուռ մտորումներից հետո.
– Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղի՞կ էլ կուտի:
– Ինչ որ պատահի՝ կուտի:
– Նույնիսկ փշոտ ծաղիկնե՞րը...
– Նույնիսկ փշոտ ծաղիկները:
– Այդ դեպքում ինչի՞ համար են փշերը:
Ես այդ չգիտեի: Բացի այդ, ես շատ էի զբաղված: Շարժիչի մեջ մի հեղույս էր փչացել, և ես աշխատում էի այդ հեղույսը մի կերպ դուրս հանել: Ես ինձ կորցրել էի, իմ դրությունը լրջանում էր. Խմելու ջուր գրեթե չէր մնացել, և ես սկսում էի վախենալ, թե իմ հարկադրված վայրէջքը կարող է վատ վախճան ունենալ:
– Ինչի՞ համար են փշերը:
Փոքրիկ իշխանը մի անգամ որ հարց էր տալիս, էլ չէր հանգստանում, մինչև պատասխանը չստանար: Չենթարկվող հեղույսն ինձ համբերությունից հանել էր, դրա համար էլ հենց այնպես պատասխանեցի.
– Փշերը որ մի բանի էլ պետք չեն, ծաղիկները չարությունից են փուշ հանում:
– Այ թե ի՜նչ...
Լռություն տիրեց: Հետո նա գրեթե բարկացած ասաց.
– Ես քեզ չեմ հավատում: Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են, որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...
Ես չպատասխանեցի: Այդ պահին ես մտածում էի. «Եթե այս հեղույսը հիմա դուրս չգա, ես այնպես կխփեմ, որ ջարդուփշուր կլինի»: Փոքրիկ իշխանը նորից իմ մտքերն ընդհատեց.
– Իսկ դու կարծում ես, թե ծաղիկները...
– Չէ՛, ես ոչինչ էլ չեմ կարծում: Ես քեզ ասացի գլուխս եկած առաջին բանը... Չե՞ս տեսնում, որ լուրջ գործով եմ զբաղված:
Նա զարմացած նայեց ինձ.
– Լուրջ գո՞րծ:
Ու շարունակեց ինձ նայել:
Մեքենայի յուղով ամբողջովին կեղտոտված, մուրճը ձեռքիս՝ ես կռացել էի անհասկանալի առարկայի վրա, որ նրան այլանդակ բան էր թվում:
– Դու մեծահասակի նման ես խոսում, – ասաց նա:
Ես ամաչեցի: Իսկ նա անողոք կերպով ավելացրեց.
– Ամեն ինչ դու խառնում ես... ոչինչ չես հասկանում:
Այո՛, Փոքրիկ իշխանը կարգին նեղացել էր: Նա գլուխը ցնցեց, ու քամին նրա ոսկեգույն մազերը խառնեց:
– Ես մի մոլորակ գիտեմ, որի վրա մի կարմրադեմ պարոն է ապրում: Նա իր ամբողջ կյանքում ծաղկից ոչ մի անգամ հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Նա երբեք և ոչ ոքի չի սիրել: Եվ երբեք նա ոչինչ չի արել:
Նա միայն մի գործով է զբաղված. թվեր է գումարում: Եվ առավոտից մինչև գիշեր մի բան է կրկնում. «Ես լուրջ մարդ եմ, ես լուրջ մարդ եմ», – իսկ և իսկ քեզ նման: Եվ դեռ գոռոզությունից էլ փքվում է: Իսկ իրականում նա մարդ չէ:
Նա սունկ է:
– Ի՞նչ...
– Սունկ...
Փոքրիկ իշխանը նույնիսկ զայրույթից գունատվեց:
– Միլիոնավոր տարիներ ծաղիկների վրա փշեր են աճում: Եվ միլիոնավոր տարիներ գառնուկները ծաղիկ են ուտում: Մի՞թե լուրջ գործ չէ՝ հասկանալ, թե ինչու են նրանք ամբողջ ուժով փուշ աճեցնում, եթե փշերից ոչ մի օգուտ չկա: Մի՞թե կարևոր չէ, որ գառներն ու ծաղիկները կռվում են միմյանց դեմ: Իսկ մի՞թե դա ավելի լուրջ և կարևոր չէ, քան կարմրադեմ ու հաստափոր պարոնի թվաբանությունը: Ես եթե ես աշխարհում միայն մի ծաղիկ գիտեմ, որն աճում է իմ մոլորակի վրա, և ուրիշ այդպիսի ծաղիկ ոչ մի տեղ չկա, իսկ փոքրիկ գառնուկը մի գեղեցիկ առավոտ հանկարծ կուտի այդ ծաղիկը և չի էլ հասկանա, թե ինչ է անում: Սա քո կարծիքով կարևոր չէ՞:
Նա թունդ կարմրեց: Հետո նորից սկսեց խոսել.
– Եթե դու մի ծաղիկ ես սիրում՝ միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա, դա արդեն բավական է: Դու նայում ես երկնքին ու քեզ երջանիկ ես զգում: Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ մի տեղ, ապրում է իմ ծաղիկը...»: բայց եթե գառնուկը ծաղիկն ուտի, այդ նույնը կլինի, եթե բոլոր աստղերը միանգամից մարեն: Եվ դա, քո կարծիքով, կարևոր չէ՛...
Նա այլևս չկարողացավ խոսել: Հանկարծ սկսեց հեկեկալ: Մթնեց: Ես գործս թողեցի: Ինձ համար արդեն ծիծաղելի էին այդ չարաբաստիկ հեղույսն ու մուրճը, ծարավությունն ու մահը: Մի աստղի վրա, մի մոլորակի վրա՝ Երկիր անունով իմ մոլորակի վրա, լալիս էր Փոքրիկ իշխանը, և հարկանոր էր նրան մխիթարել: Ես նրան գրկեցի ու սկսեցի օրոր ասել: Ես նրան ասում էի. «Քո սիրած ծաղիկին վտանգ չի սպառնում... Ես քո գառնուկին դնչկալ կնկարեմ... Ես քո ծաղկի համար զրահ կնկարեմ... Ես...»: Ես լավ չէի հասկանում, թե ինչ եմ ասում: Ես ինձ սարսափելի անճար ու անշնորհք էի զգում: Ես չգիտեի, թե ինչպես կանչեմ, որպեսզի նա լսի, ինչպես հասնեմ նրա հոգուն, որը սահում, հեռանում էր ինձանից... Չէ՞ որ շատ խորհրդավոր ու առեղծվածային է արցունքների աշխարհը:
VIII
Շատ շուտով ես ավելի ճանաչեցի այդ ծաղիկը: Փոքրիկ իշխանի մոլորակի վրա մինչ այդ աճում էին սովորական ու համեստ ծաղիկներ, որոնք քիչ թերթեր ունեն, շատ քիչ տեղ են գրավում և ոչ ոքի չեն անհանգստացնում: Նրանք առավոտները բացվում են խոտերի մեջ և երեկոները թառամում: Բայց այս մեկը ծլեց մի սերմից, որը չգիտես թե որտեղից էր ընկել նրա մոլորակի վրա, և Փոքրիկ իշխանը աչքը չէր կտրում մնացած ծիլերին ու շյուղերին բոլորովին չնմանվող այդ փոքրիկ թփիկից: Հանկարծ ու դա բաոբաբի մի նոր տարատեսակ լիներ: Բայց թփիկը շուտով դադարեց բարձրանալուց, ու նրա վրա կոկոն հայտնվեց: Փոքրիկ իշխանը այդքան մեծ կոկոն չէր տեսել և արդեն նախազգում էր, որ հրաշք է լինելու: Իսկ անծանոթ հյուրը, իր կանաչ սենյակի մեջ թաքնված, դեռևս պատրաստվում էր, գեղեցկանում: Խնամքով գույներ էր ընտրում: Նա առանց շտապելու զարդարվում էր՝ իրար հետևից վրան փորձելով թերթերը: Նա չէր ուզում մի ինչ-որ կակաչի նման աշխարհ գալ գզգզված: Նա ուզում էր երևալ իր գեղեցկության ամբողջ փայլով: Այո՛, դա մի սարսափելի պճնամոլ էր: Խորհրդավոր նախապատրաստությունները օրեր էին տևում, և ահա, վերջապես, մի օր առավոտյան՝ դեռ արևը չծագած, թերթերը բացվեցին:
Եվ գեղեցկուհին, որ այդ պահի համար բավական երկար աշխատանք էր թափել, հորանջելով ասաց.
– Ա՜խ, հազիվ արթնացա... Խնդրում եմ՝ ներեք ինձ... Ես դեռ բոլորովին գզգզված եմ...
Փոքրիկ իշխանն իր հիացմունքը չկարողացավ զսպել.
– Ինչքա՜ն գեղեցիկ եք դուք:
– Ի՞նչ եք ասում... – եղավ մեղմ պատասխանը: – Տեսեք, է՜, ես ծնվեցի արեգակի հետ:
Փոքրիկ իշխանը, իհարկե, հասկացավ, որ զարմանալի հյուրը համեստությամբ չի տառապում, բայց դրա փոխարեն նա այնքան գեղեցիկ էր, որ մարդու շունչ էր կտրվում:
Իսկ ծաղիկը շուտով ասաց.
– Կարծես թե նախաճաշի ժամն է: Բարի եղեք, խնդրում եմ, զբաղվեք ինձնով...
Փոքրիկ իշխանը շատ շփոթվեց, հետո նա գտավ ցնցուղն ու աղբյուրի ջուր ցանեց ծաղկի վրա: Շուտով պարզվեց, որ գեղեցկուհին հպարտ է ու շուտ վիրավորվող, և Փոքրիկ իշխանը նրա ձեռքին տանջահար եղավ: Ծաղիկը փուշ ուներ, և մի անգամ նա Փոքրիկ իշխանին ասաց.
– Թող նույնիսկ վագրեր գան, ես նրանց ճանկերից չեմ վախենում:
– Իմ մոլորակի վրա վագրեր չկան, – առարկեց Փոքրիկ իշխանը: – Բացի այդ, վագրը խոտ չի ուտում:
– Ես խոտ չեմ, – վիրավորվեց ծաղիկը: