Վերջին թարմացում 5 Հունվարի 2015, 12:36

Խալովը

12:36, 5 Հունվարի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խալովը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Էդուարդ Ավագյան
աղբյուր՝ =

Ես հիմա այնքան էլ մեծ կարծիքի չեմ Սթիվեն Մաքեյի մասին, բայց չէ՞ որ մի Ժամանակ նրա անունով էի երդվում։ Այո՛, կար Ժամանակ, որ ես նրան հարազատ եղբոր նման էի սիրում։ Իսկ հիմա, թե որ ձեռքս ընկնի այդ Սթիվեն Մաքեյը, կտոր-կտոր կանեմ։ Պարզապես հավատալս չի գալիս, թե մի մարդ, որի հետ ես կիսել եմ իմ կերակուրն ու անկողինր, մի մարդ, որի հետ միասին անցել ենք Չիլկութի լեռնանցքը, կարող է այնպես վարվել, ինչպես նա վարվեց։ Ես միշտ էլ Սթիվին ազնիվ երիտասարդ և բարի ընկեր էի համարում, չարության կամ վրիժառության նշույլ անգամ նրա բնավորության մեջ չկար։ Հիմա կորել է մարդկանց նկատմամբ ունեցած հավատս։ Ախր էլ ո՞նց չկորչի։ Ես խնամում էի այդ մարդուն, երբ նա մեռնում էր տիֆից, մենք միասին սովից սատկում էինք Սթյուարտի ակունքների մոտ և ոչ այլ ոք, քան նա, փրկեց իմ կյանքը Փոքր Սաղմոնում։ Իսկ հիմա, այսքան տարիներ անբաժան լինելուց հետո, ես Սթիվեն Մաքեյի մասին մի բան կարող եմ ասել, կյանքումս մի ուրիշ այդպիսի ստոր մարդ չեմ տեսել։

Ես նրա հետ պատրաստվեցի Քլոնդայք գնալու ոսկու տենդի ամենաեռուն պահին, 1897 թվականի աշնանը, բայց ճանապարհ ընկանք շատ ուշ և չկարողացանք մինչև ցրտերի վրա հասնելը անցնել Չիլկութից։ Մինչև ճանապարհի կեսը մեր ունեցած–չունեցածը տանում էինք ուսներիս վրա, բայց հանկարծ սկսեց ձյուն գալ։ Ստիպված եղանք շներ առնել և ճանապարհը նարտով շարունակել։ Եվ հենց այդ Ժամանակ էլ մեզ հանդիպեց այդ Խալովը։ Շները թանկ էին և մենք նրա համար հարյուր տասը դոլլար տվեցինք։ Նա միայն տեսքից այդքան արժեր։ Ես ասում եմ «տեսքից», որովհետև, դրանից գեղեցիկ շուն ինձ բախտ չէր վիճակվել տեսնել։ Նա վաթսուն ֆունտ քաշ ուներ և ասես ստեղծված էր լծվելու համար։ Էսկիմոսի շո՞ւն էր։ Չէ՛, ո՛չ մելմութ էր, ո՛չ էլ կանադական լայկա։ Նրա մոտ այդ ցեղերից ինչոր բան կար, որովհետև մի կողին, դեղնաշիկավուն և գորշասպիտակ բծերի մեջ (այդ շան գերակշռող գույները), երևում էր թավայի մեծության, ածխի պես սև մի խալ։ Դրա համար էլ մենք նրան «Խալով» անվանեցինք։

Ի՞նչ կարող ես ասել, առաջին հայացքից չտեսնված շուն էր։ Երբ քայլում էր, մկանները ուղղակի խաղում էին մաշկի տակ։ Ամբողջ Ալյասկայում արտաքնապես նրանից ուժեղ շուն չկար։ Եվ ավելի խելոքը՝ նույնպես արտաքինից։ Թե որ դուք էլ տեսնեիք այդ շանը, կասեիք, որ ուզածդ լծասարքում իր քաշի երեք շան կարող է հաղթել։ Գուցե և այդպես էր, սակայն այդ բանը տեսնել ինձ չվիճակվեց։ Նրա միտքը դրանով չէր զբաղված։ Ձեռքի տակ ընկածը գողանալ ու թռցնել, այ դա հիանալի էր անում։ Որոշ դեպքերում նա առանձնահատուկ, պարզապես անբացատրելի հոտառություն ուներ, առաջուց գիտեր, թե երբ պիտի գործի անցնի և միշտ էլ հասցնում էր արանքը ճղել։ Ինչ վերաբերում է ժամանակին փախչելուն և ժամանակին էլ վերադառնալուն, Խալովը, պարզապես, վերուստ տրված կարողություն ուներ։ Դրա փոխարեն, երբ գործը աշխատելուն էր հասնում, նրա ամբողջ խելքը մի ակնթարթում գոլորշիանում էր և շան փոխարեն ձեր առաջ մի խղճուկ արարած էր մնում, որ դոնդողի նման դողում էր, պարզապես, մարդու սիրտը ցավում էր նրան նայելիս։

Երբեմն ինձ թվում էր, թե բանը հիմարության մեջ չէր։ Գուցե ինձ լավ ծանոթ մի քանի մարդկանց նման Խալովը շատ էր խելոք և դրա համար էլ աշխատանքից խուսափում էր։ Չէի զարմանա, եթե իր անսովոր ուշիմությամբ նա մեզ պարզապես հիմարի տեղ դներ։ Երևի, նա հաշվփ էր առել բոլոր «թեր» ու «դեմ» կողմերը և որոշել էր, որ ավելի լավ է մի երկու անգամ ծեծ ուտել և չաշխատել, քան թե աշխատել առավոտից մինչև գիշեր և ծեծ չուտել։ Այս բանին նրա խելքը հասնում էր։ Գիտեք, երբեմն պատահում էր նստած նայում էի այդ շան աչքերին և դրանց մեջ մի այնպիսի խելք էր փայլում, որ մեջքս սարսռում էր, և դողը մինչև ոսկորներս էր հասնում։ Մինչև անգամ չեմ կարող բացատրել, թե ի՞նչ բան է։ Բառերով անգամ չես կարող արտահայտել։ Ես տեսնում էի այդ, ահա և բոլորը։ Այո՛, նրա աչքերին նայելը նույնն էր, ինչ որ մարդու հոգու մեջ թափանցելը։ Եվ այն բանից, թե ես այնտեղ ինչ էի տեսնում, մեջս վախ էր ընկնում և ինչ ասես, որ մտքովս չէր անցնում, հոգու տեղափոխություն և այլ դաւոարկ բաներ։ Կրկնում եմ, ես ինչ-որ շատ կարևոր բան էի տեսնում այդ շան աչքերի մեջ, նրանք խոսում էին ինձ հետ և իմ մեջ ինչ-որ բան էր պակասում նրանց հասկանալու համար։ Ինչ էլ ուղում է լինի (գիտեմ՝ հիմար մարդ կերևամ), բայց ինչ էլ ուզում է լինի, այդ աչքերն ինձ շփոթություն էին պատճառում։ Չեմ կարող, հասկանո՞ւմ եք, ոչ մի կերպ չեմ կարող բացատրել, թե դրանց մեջ ի՞նչ էի տեսնում։ Եվ ոչ թե այն բանից, որ Խալովի աչքերը ինչ-որ յուրահատուկ փայլ ունեին, ո՛չ, նրանց մեջ կարծես թե ինչ-որ մի բան էր երևում և հետո գնում էր խորքերը, իսկ իրենք, աչքերը, մնում էին անփոփոխ։ Ճիշտն ասած, ես մինչև անգամ չէի տեսել, թե այնտեղ մի բան է հայտնվում, այլ միայն զգում էի, որ հայտնվում է։ Խոսուն աչքեր, ահա թե ինչպես պետք է անվանել դրանց։ Եվ դրանք ազդում էին վրաս... Ո՛չ, այդպես չէ... Ես չեմ կարող արտահայտել այդ բանը։ Մի խոսքով, իմ մեջ այնպիսի զգացում էր առաջ եկել, կարծես թե մենք մտերիմներ լինեինք։ Ո՛չ, ո՛չ, խոսքը ավելորդ քնքշության մասին չէ։ Ավելի շուտ դա հավասարության զգացում էր։ Այդ շան աչքերը երբեք չէին աղերսում, ինչպես, օրինակ, եղջերվինը։ Նրանց մեջ մի մարտահրավեր կար։ Չէ՛, չէ՛, մարտահրավեր չէր։ Պարզապես, հավասարության հանգիստ ու խաղաղ հաստատումն էր։ Եվ հազիվ թե նա այդ բանը հասկանար։ Բայց էլի փաստը մնում էր փաստ. նրա հայացքում մի բան կար, որ այնտեղ փայլում էր։ Չէ՛, չէ՛, ոչ թե փայլում էր, այլ հայտնվում։ Ինքս գիտեմ, որ հիմար բաներ եմ դուրս տալիս, բայց եթե դուք նայեիք նրա աչքերին, ինչպես ես էի նայում, կհասկանայիք ինձ։ Սթիվի հետ էլ նույն բանն էր կատարվում, ինչ որ ինձ հետ։ Կարճ ասած, ես մի անգամ փորձեցի սպանել Խալովին (նա ոչ մի բանի պետք չէր) և գործը փչացրի։ Ես նրան անտառի թավուտը կանչեցի. նա եկավ դանդաղ ու դժկամ, երևի հասկանում էր, թե իրեն ինչ է սպասում։ Ես մի հարմար տեղ կանգ առա, ոտքս դրեցի նրա վզից կապված պարանին և հանեցի իմ մեծ կոլտը։ Իսկ Խալովը նստեց ու սկսեց նայել ինձ։ Լսեք, է՜, նա գթություն չխնդրեց. պարզապես նայում էր։ Եվ ես տեսա, թե ինչպես ինչ-որ մի անհասկանալի բան հայտնվեց,— այո՛, այո՛, հայտնվեց, այդ շան աչքերում։ Չեմ կարող ասել, որ ես իսկապես մի բան տեսա. պարզապես իմ մեջ մի այդպիսի զգացում առաջացավ։ Եվ ձեզ ուղղակի կասեմ, ես տեղի տվեցի։ Ախր, ոնց որ մարդու սպանես, քաջ, իր վիճակը հասկացող մարդու, որը հանգիստ նայում է քո ատրճանակի փողաբերանին և կարծես թե ուզում է ասել. «Դե, տեսնենք մեզանից ո՞վ կվախենա»։ Եվ հետո ինձ թվում էր, թե ուր որ է ես կորսամ այն, ինչ կար նրա հայացքում։ Պետք էր անմիջապես քաշել ձգանը, իսկ ես դանդաղում էի։ Ահա՛, ահա՛, այն բանը ուղիղ իմ առջև փայլում ու անցնում է նրա աչքերում։ Իսկ հետո արդեն ուշ էր։ Ես վախեցա։ Դողը ցնցեց ինձ ոտքից մինչև գլուխ, սիրտս ճմլվեց և սրտխառնուքը դեմ առավ կոկորդիս։ Այդ ժամանակ ես պպզեցի և սկսեցի նայել Խալովին, նա էլ ինձ էր նայում։ Զգում էի, մի փոքր էլ, և ես խելքս կթռցնեմ։ Ուզում եք իմանալ, թե ես ի՞նչ արեցի։ Մի կողմ գցեցի ատրճանակը և ոտքերումս ինչքան ուժ կար, դեպի ճամբար վազեցի, այդպիսի սարսափ էր շունը վրաս թողել։ Սթիվը սկսեց ծիծաղել ինձ վրա։ Սակայն, ես նկատեցի, որ մի շաբաթ հետո Սթիվը Խալովին անտառ տարավ, ինչպես երևում է նույն նպատակով, և մենակ ետ դարձավ, իսկ մի քիչ հետո տուն եկավ և Խալովը։

Ինչ լինելու էր, եղավ, բայց արի ու տես, որ Խալովը աշխատել չէր ուզում։ Մենք նրա համար վճարել էինք հարյուր տասը դոլլար, հավաքելով մեր վերջին փողերը, իսկ նա չէր ցանկանում աշխատել, մինչև անգամ ձգափոկը չէր ուզում քաշել։ Սթիվը փորձեց փաղաքշել Խալովին, երբ մենք առաջին անգամ լծեցինք նրան, բայց շունը միայն թեթևակի դողում էր. բանը դրանով էլ վերջացավ։ Ախր գոնե մի քիչ քաշեր։ Չէ՛։ Ցցվել էր քարի նման ու դողում էր, ոնց որ դոնդող։ Սթիվը մտրակով մի հատ խփեց։ Շունը վնգստաց, բայց տեղից չշարժվեց։ Սթիվը մի անգամ էլ խփեց, ավելի ուժեղ։ Եվ Խալովը միայն ոռնաց, երկար ու ձիգ, ոնց որ գայլ լիներ։ Այդ ժամանակ Աթիվը չհամբերեց ու տուր թե կտաս, իսկ ես դուրս թռա վրանից և ոտքերումս ինչքան ուժ կար, նետվեցի նրանց մոտ։

Ես Սթիվին ասացի, որ չի կարելի կենդանիների հետ այդպես կոպիտ վարվել և մենք մի քիչ կպանք իրար, առաջին անգամ մեր կյանքում։ Սթիվը մտրակը շպրտեց ձյուների մեջ և սատանայի պես զայրացած գնաց։ Ես վերցրեցի մտրակը ու գործի անցա։ Խալովը սկսեց դողալ, ցնցվել և կպավ գետնից՝ հենց որ ես մտրակը բարձրացրեցի։ Երբ նրան մի լավ տաքացրեցի, նա այնպես ոռնաց, ինչպես մեղավոր հոգին դժոխքում և պառկեց ձյուների մեջ։ Ես քշեցի շներին և նրանք Խալովին քարշ տվեցին իրենց հետևից, իսկ ես շարունակում էի խփել նրան։ Նա գլորվեց մեջքի վրա և սկսեց քարշ գալ ձյուների մեջ, թափահարելով չորս թաթերն էլ և այնպես էր ոռնում, կարծես թե նրան մսաղացի մեջ էին գցել։ Սթիվը վերադարձավ ու ա՛ռ հա, սկսեց ծիծաղել ինձ վրա։ Ստիպված եղա իմ խոսքերի համար ներողություն խնդրել նրանից։

Ոչ մի կերպ հնարավոր չեղավ ստիպել, որ Խալովը աշխատի, բայց դրա փոխարեն ես ծնվածս օրից շան մորթու մեջ մտած մի այդպիսի ագահ խոզ չեմ տեսել։ Եվ ի լրումն այդ բոլորի, նա ճարպիկ գող էր։ Խորամանկությամբ նրան ոչ ոք չէր կարող գերազանցել։ Շատ անգամ էինք առանց ապուխտի մնում, որովհետև Խալովը հասցնում էր մեզնից շուտ նախաճաշել։ Նրա պատճառով քիչ մնաց սովից սատկեինք Սթյուարտի ակունքներում։ Մեր մսի պաշարը ձեռք գցելու հնարը նա գտել էր, և այն, ինչ ինքը չէր կարողացել լափել, մյուս շներն էին կերել։ Ի միջի այլոց, նրան չէր կարելի մեղադրել, որ միայն մեզ էր վնաս տալիս, նա գողանում էր բոլորից։ Նա մի անհանգիստ շուն էր, որը միշտ պտտվում էր մեր շուրջը կամ էլ գործնական տեսքով ինչ-որ տեղ էր շտապում։ Շրջակայքում, հինգ մղոնի վրա, չկար մի ճամբար, որ չենթարկվեր նրա հարձակումներին։ Ամենից վատն այն էր, որ մեզնից պահանջում էին նրա ճաշկերույթի հաշիվը, որը, արդարացիորեն, ստիպված էինք վճարել, որովհետև երկրի օրենքը այսպիսին էր։ Եվ այս բանը մեզ ուղղակի սնանկացրեց, հատկապես Չիլկութում անցկացրած առաջին ձմռան ժամանակ։ Մեր տունը ամբողջովին ավերվեց, երբ ստիպված եղանք վճարելու խոզի այն բոլոր ազդրամասերի ու ապուխտների համար, մի բան, որը մեզանից ոչ մեկը չէր տեսել։ Այդ Խալովը լավ կռվել էլ գիտեր։ Նա ինչ ուզես կարող էր անել, միայն աշխատել չէր սիրում։ Ծնված օրից ձգափոկ չէր քաշել, բայց գլխավորում էր ամբողջ լուծը։ Իսկ ինչպե՜ս էր ստիպում շներին իրենից պատկառելի հեռավորության վրա մնալ։ Այդ բանը արժեր տեսնել․ դաստիարակիչ տեսարան էր։ Նա միշտ էլ վախեցնում էր, և մերթ այս, մերթ այն շան վրա երևում էր նրա ժանիքների թարմ հետքերը։ Բայg Խալովը միայն կռվարար չէր։ Ոչ մի չորքոտանի արարած չէր կարող նրան սարսափ ազդել։ Ես մի անգամ տեսա, թե նա ինչպես մեն-մենակ նետվեց օտար շնասահնակի վրա, առանց մի որևէ պատճառի և գլխիվայր մի կողմ շպրտեց բոլոր շներին։ Ես, կարծեմ, ասացի չէ՞, թե նա ի՜նչ շատակերն էր։ Այսպես ուրեմն, ես նրան մի անգամ բռնացրի մտրակը ուտելու ժամանակ։ Այո՛, այո՛, մտրակ։ Սկսել էր ծայրից և երբ նրան բռնացրի այդ բանի վրա, արդեն մինչև կոթն էր հասել և շարունակում էր իր գործը։

Բայց Խալովը արտաքինից լավն էր։ Առաջին շաբաթվա վերջին մենք նրան յոթանասունհինգ դոլլարով ծախեցինք հեծյալ ոստիկանության ջոկատին։ Նրանց մեջ փորձված շնապաններ կային և մենք կարծում էինք, որ մինչև Խալովը վեց հարյուր մղոն անցնի Դոուսոն հասնելու համար, նրանից շատ լավ լծելու շուն դուրս կգա։ Ես ասում եմ՝ «մենք կարծում էինք», որովհետև այդ ժամանակ մեր ծանոթությունը Խալովի հետ նոր էր սկսվել։ Իսկ հետո մենք արդեն հանդգնություն չէինք ունենա որևէ բան «կարծել», երբ բանը այգ շանն էր վերաբերում։ Մի շաբաթ հետո մենք առավոտյան արթնացանք շների այնպիսի կատաղի գզվռտոցից, որի նմանը ես չէի տեսել։ Դա Խալովն էր տուն վերադարձել և շների մեջ կարգուկանոն էր հաստատում։ Կարող եմ ձեզ հավատացնել, որ մենք նախաճաշեցինք առանց ախորժակի, բայց մի-երկու ժամից հետո ոգի առանք, երբ Խալովին ծախեցինք պետական սուրհանդակին, որը Դոուսոն էր դնում։ Այս անգամ շունը բացակայեց միայն երեք օր և, ինչպես ասում են, իր վերադարձը տոնեց շնային մի լավ գզվռտոցով։

Մեր ունեցած-չունեցածը լեռնանցքով մյուս կողմը տանելուց հետո, մենք ամբողջ ձմեռ և ամառ զբաղված էինք նրանով, որ բոլորին օգնում էինք անցնել լեռնանցքով և այդ բանի վրա լավ փող աշխատեցինք։ Դրանից բացի, քիչ օգուտ չտվեց նաև Խալովը․ մենք նրան մեկ կամ երկու անգամ չծախեցինք, այլ քսա՜ն անգամ։

Նա միշտ էլ վերադառնում էր և ոչ մեկը իր փողը ետ չէր ուզում։ Ախր, մեզ էլ այդ փողը պետք չէր. ինքներս ուրախ կլինեինք մի լավ վճարել այն մարդուն, որը կարողանար մեզ Խալովից ազատել։ Մենք ուզում էինք պրծնել նրանից, բայց հո չե՞ս կարող շանը ձրի տալ․ անմիջապես կկասկածեն։ Ի միջի այլոց, Խալովը այնքան գեղեցիկ շուն էր, որ հաճախորդ ճարելը դժվար չէր։

— Դեռ գործի մեջ մեջքը չի ջարդել,— ասում էինք մենք և առանց առուտուր անելու նրանք վճարում էին գինը։ Պատահում էր, որ մենք ընդամենը քսանհինգ դոլլարով էինք ծախում, իսկ մի անգամ էլ հարյուր հիսուն տվեցին։ Եվ ահա, հենց այդ նույն գնորդը մեր շանը ետ բերեց ու մինչև անգամ չուզեց փողը ետ վերցնել։ Եվ ո՜նց էր մեզ հայհոյում, հիշելն անգամ սարսափելի է։ Այդ փողը բոլորովին էլ շատ չէ, ասաց նա, ուղղակի ասելու համար այն ամենը, թե ինքը ինչ է մտածում մեր մասին։ Դե մենք ինքներս էլ հասկանում էինք, որ նա ճիշտ է և ոչինչ թաքցնելու կարիք չկար։ Բայց այն օրվանից, երբ լսեցինք, թե այդ մարդը ինչե՜ր էր ասում, ես հավիտյան ինքս իմ նկատմամբ կորցրեցի հարգանքս։

Երբ գետերն ու լճերը ազատվեցին սառույցներից, մենք մեր ունեցած-չունեցածը բարձեցինք մակույկին և Բեննեթ լճով Դոուսոն գնացինք։ Մեր շները վատը չէին և մենք, պարզ է, դրանց էլ մակույկի մեջ առանք։ Խալովն էլ էր հետներս և նրանից պրծնելու ոչ մի հնար չկար։ Հենց առաջին օրը նա մի տասը անգամ շների հետ կռիվ սկսեց և իր բոլոր թշնամիներին հերթով ջուրը գցեց. մակույկում նեղվացք էր, իսկ նա չէր սիրում, որ իրեն հրահրում են։

― Այս շան համար ազատ տարածություն է պետք,— ասաց Սթիվը մյուս օրը — Արի սրան ափ իջեցնենք։

Այդպես էլ արեցինք. նրա համար ափ դուրս եկանք Եղջերվի լեռնանցքի մոտ։ Երկու շուն էլ (դրանք լավ շներ էին) հետևեցին նրան և մենք երկու օր կորցրեցինք դրանց փնտրելով։ Այդպես էլ մենք այդ շներին երբեք չտեսանք։ Բայց մեր ուսերից ոնց որ մի մե՜ծ բեռ ընկներ. մենք վայելում էինք հանգիստը և այն մարդու նման, որը հրաժարվեց ետ վերցնել իր հարյուր հիսուն դոլլարը, մենք էլ էինք մտածում, որ էժան պրծանք։ Եվ առաջին անգամ, այսքան ամիսների ընթացքում, ես ու Սթիվը նորից սկսեցինք ծիծաղել, սուլել, երգել։ Մենք թիթեռնիկների նման երջանիկ էինք ու անհոգ։ Սև օրերը մնացին հետևում։ Մղձավանջը ցրվեց։ Խալովը այլևս չկար։

Մի անգամ առավոտյան, դրանից երեք շաբաթ հետո, ես ու Սթիվը կանգնած էինք Դոուսոնի գետափին։ Ափին մի փոքրիկ մակույկ մոտեցավ, որը գալիս էր Բեննեթ լճից։ Ես նկատեցի, որ Սթիվը ցնցվեց և լսեցի՝ նա ինչ-որ անպարկեշտ խոսքեր ասաց և այն էլ, ոչ ցածրաձայն։ Նայեցի մակույկին և ի՜նչ տեսա. խելին, ականջները ցից, նստած էր Խալովը։ Ես ու Սթիվը անմիջապես ծեծված շնիկների, արդարության ձեռքից փախած հանցագործների նման ծլկեցինք։ Երևի, հենց այդ բանն էլ անցավ ոստիկանական սերժանտի մտքով, որը նկատեց, թե մենք ոնց կծիկը դրեցինք։ Նա մտածեց, երևի, մակույկով ժամանել են օրենքի ներկայացուցիչները և դրանք մեր հետևից են եկել։ Ոչ մի րոպե չկորցնելով գործը պարզելու վրա, սերժանտը ընկավ հանցագործների հետևից և սալունում մեզ դեմ արեց պատին։ Մի շա՜տ ուրախ խոսակցություն սկսվեց, երբ մենք կտրուկ հրաժարվեցինք իջնել մակույկի մոտ և հանդիպել Խալովին։ Ի վերջո, սերժանտը մեզ մոտ մի ոստիկան թողեց, իսկ ինքը գնաց դեպի մակույկը։

Վերջապես պրծնելով ոստիկանությունից, մենք մեր հյուղակը գնացինք։ Մոտեցանք և ի՜նչ տեսանք, Խալովը սանդուղքի մոտ նստած՝ մեզ էր սպասում։ Ախր, ո՜նց իմացավ, թե մենք այդտեղ ենք ապրում։ Այդ ամառ Դոուսոնում մոտ քառասուն հազար մարդ կար։ Ո՞նց էր կարողացել այդքան հյուղակների մեջ փնտրել ու գտնել մերը։ Եվ որտեղի՞ց էր, սատանան տանի, նա կարողացել իմանալ, որ մենք Դոուսոնում ենք։ Այդ բանը թողնում եմ, որ դուք հասկանաք։ Միայն թե չմոռանաք այն, ինչ ես արդեն պատմել եմ նրա խելքի մասին։ Իզուր չէր ինչ-որ բան փայլում նրա աչքերում, կարձես թե այդ շան մեջ ապրում էր անմահ հոգին։

Հիմա մենք կորցրեցինք Խալովից պրծնելու ամեն մի հույս: Դոուսոնում շատերը կային, որոնք Չիլկութում առել էին այդ շանը և նրա համբավը արագ տարածվեց։ Մի վեց անգամ մենք Յուքոնով դեպի ներքև գնացող շոգենավ նստեցրինք Խալովին, իսկ նա, պարզապես, առաջին իսկ կանգառից, առանց շտապելու, վազելով ետ էր գալիս։ Մենք չէինք կարողանում նրան ո՛չ ծախել, ո՛չ սպանել (երկուսս էլ փորձեցինք, բայց բան դուրս չեկավ)։ Ոչ ոքի չէր հաջողվում սպանել Խալովին, կարծես թե նա կախարդված լիներ։ Մի անգամ ես նրան տեսա գլխավոր փողոցում, շների ամենաթունդ գզվռտոցի մեջ։ Նրա վրա հարձակվել էին մի հիսուն կատաղի շներ, իսկ երբ այդ շները փախան տարբեր կողմեր, Խալովը կանգնած էր իր չորս թաթերի վրա, ողջ ու առողջ, իսկ ոհմակից երկու շուն փռված էին գետնին և կենդանության ոչ մի նշան ցույց չէին տալիս։

Ես տեսա, թե Խալովը ինչպես մայոր Դինվիդի մառանից մի մեծ կտոր եղջերվի միս թռցրեց և հազիվհազ կարողացավ այդ մսի հետ փախչել կարմրամորթ խոհարարուհուց, որը կացինը ձեռքին վազում էր հափշտակողի հետևից։ Երբ Խալովը բարձրացավ բլրի գագաթը (այն բանից հետո, երբ խոհարարուհին դադարեց հետապնդելուց), ինքը, մայոր Դինվիդին, տնից դուրս եկավ և իր վինչեստերը դատարկեց նրա հետևից։ Նա երկու անգամ լցրեց հրացանը, կրակեց բոլոր փամփուշտները և ոչ մի անգամ չկարողացավ Խալովին խփել։ Հետո վազեց, եկավ ոստիկանը և ձերբակալեց մայորին, հրազենով քաղաքում կրակելու համար։ Մայոր Դինվիդին վճարեց սահմանված տուգանքը, իսկ ես ու Սթիվը վճարեցինք եղջերվի մսի գինը, յուրաքանչյուր ֆունտի համար մեկական դոլլար։ Նա ինքն էլ այդ գնով էր միսը առել. այդ տարի միսը թանկ էր։

Ես պատմում եմ այն, ինչ տեսել եմ սեփական աչքերովս։ Հիմա էլ մի բան պիտի պատմեմ։ Ես մի անգամ տեսա, որ այդ շունը սառցանցքի մեջ ընկավ։ Սառույցը երեքուկես ոտնաչափ հաստություն ուներ և հոսանքը Խալովին ծղոտի նման կարող էր քշել տանել։ Մի երեք հարյուր յարդ ներքև մի ուրիշ անցք կար, որտեղից հիվանդանոցի համար ջուր էին վերցնում։ Խալովը դուրս եկավ այդ ճեղքից, լիզեց իր վրայի ջուրը, կրծեց չանչերին կպած սառույցները, ափ ելավ և մի լավ գզեց մի նյուֆաունդլենդի, որը հանքերի կոմիսարի շունն էր։

1898 թվականի աշնանը, գետը սառչելուց առաջ, ես և Սթիվը Յուքոնի ափերով վեր գնացինք, ուղղվելով դեպի Սթյուարտ գետը։ Բոլոր շները մեզ հետ էին, բոլորը, բացի Խալովից։ Մենք որոշել էինք, որ բավական է նրան կերակրենք։ Նա այնքան հոգս էր պատճառել մեզ, այնքան շատ ժամանակ, փող ու կեր էինք վատնել, ո՜ր․․․ Հատկապես կեր։ Չէ՞ որ ոչնչով էլ չես կարող դրա ծախսերը հանել, չնայած որ քիչ օգուտներ չստացանք այդ շանը Չիլկութում ծախելով։ Եվ ահա, ես ու Սթիվը Խալովին կապեցինք հյուղակում և ինչ ունեինք-չունեինք բարձեցինք մակույկը։ Այդ գիշեր մենք կանգ առանք Հնդկականի գետաբերանում և ինչքան սիրտներս ուզում էր ուրախացանք, մտածելով, որ վերջապես ազատվել ենք Խալովից։ Սթիվը կատակներ անելու վարպետ էր, և ես վերմակի մեջ փաթաթված, ծիծաղից մեռնում էի։ Հանկարծ մեր ճամբարի վրա ասես մի փոթորիկ հարձակվեց։ Մեր մազերը բիզ-բիզ կանգնեցին, երբ տեսանք, թե ինչպես Խալովը հարձակվեց շների վրա և ամբողջ ոհմակը ցիրուցան արեց։ Դե՛, ասացեք խնդրեմ, նրան ինչպե՞ս հաջողվեց ազատվել։ Ինքներդ գուշակեք, ախր իմ խելքը իսկի բան էլ չի կտրում։ Ախր, նա ո՞նց էր անցել Քլոնդայքը։ Ահա ձեզ մի ուրիշ հանելուկ։ Եվ որ գլխավորն է, նա որտեղից էր իմացել, թե մենք գնացել ենք Յուքոնի հոսանքով վեր։ Չէ՞ որ մենք ջրով էինք գնում, ուրեմն հետքերը գտնել չէր կարող։ Ես ու Սթիվը այդ շան պատճառով անհավատ դարձանք։ Նա ուղղակի մեր նյարդերի վրա էր ազդում և թաքուն պիտի խոստովան եմ, մենք նրանից մի քիչ էլ վախենում էինք։

Երբ հասանք Հենդերսոնի վտակին, գետերը սառեցին և մեզ հաջողվեց Խալովին երկու պարկ ալյուրով ծախել մի խմբի, որը Սպիտակ գետի հոսանքով գնում էր վեր, պղինձ որոնելու։ Եվ ահա, այդ ամբողջ խումբը չքացավ։ Անհետ կորավ։ Ոչ ոք այլևս չտեսավ ո՛չ մարդկանց, ո՛չ շներին, ո՛չ էլ նարտերը։ Կարծես թե բոլորը գետնի տակն անցան։ Դա այս տեղերի ամենախորհրդավոր դեպքերից մեկն էր։ Սթիվը և ես շարժվեցինք առաջ, Սթյուարտի հոսանքն ի վեր, իսկ վեց շաբաթ անց Խալովը հայտնվեց մեր ճամբարում։ Շունը կմախք էր դարձել. ոտքերը հազիվ էր քարշ տալիս, բայց էլի կարողացել էր մեզ գտնել։ Իսկ հիմա, թող ասեն, ախր ո՞վ հայտնեց նրան, թե մենք Սթյուարտի հոսանքով վեր ենք գնացել։ Մենք հազար ու մի տեղ կարող էինք գնալ։ Ախր ո՞նց իմացավ։ Դե, սրա մասին ի՞նչ կասեք։

Չէ՛, Խալովից պրծում չկար։ Մեյոյում նա մի շան հետ կռիվ բացեց։ Այդ շան տերը, մի հնդկացի, կացինը ձեռքին նետվեց նրա վրա, բայց վրիպեց ու սպանեց իր սեփական շանը։ Դե արի ու մի հավատա մոգությանն ու կախարդանքին, որոնք գնդակը շեղում են իրենց նպատակից։ Իմ կարծիքով, հազար անգամ ավելի դժվար է մի կողմ շեղել կացինը, հատկապես այն ժամանակ, երբ նրա կոթը բռնել է հաղթանդամ հնդկացին։ Եվ ահա ես տեսա, սեփական աչքերով տեսա, թե Խալովը այդ ինչպես արեց։ Այն հնդկացին երբեք էլ չէր ուզում սպանել իր սեփական շանը, հավատացե՛ք ինձ։

Ես ձեզ պատմել եմ, չէ՞, թե Խալովը ինչպես ձեռք գցեց մեր մսի պաշարը և հենց այդ ժամանակ էլ ուղղակի մեր վերջը եկավ։ Որսի շրջանը ավարտվել էր և այդ մսից բացի մենք ոչինչ չունեինք։ Իշայծյամները հարյուրավոր մղոններ հեռացել էին, հնդկացիներն էլ իրենց ունեցած-չունեցածով գնացել էին նրանց հետևից։ Պարզապես մնում էր պառկել ու սովից սատկել։ Մոտենում էր գարունը։ Հարկավոր էր միայն սպասել գետերի բացվելուն։ Մենք բոլորովին հալից ընկանք, մինչև որ որոշեցինք շների միսը ուտել և առաջին հերթին մտածեցինք ուտել Խալովին։ Հը՛, ի՞նչ եք կարծում, այդ շունը ի՞նչ արեց։ Կծիկը դրեց։ Ախր, նա ո՞նց կարող էր իմանալ, թե մեր մտքինը ի՛նչ է։ Մենք էլ քանի գիշեր անքուն մնացինք, որ նրան բռնենք, իսկ նա չկար ու չկար։ Եվ մենք կերանք մնացած շներին, ամբողջ լուծը։

Հիմա լավ լսեք, թե այս բոլորը ինչով վերջացավ։ Դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են բացվում մեծ գետերը և միլիոնավոր տոննա սառույցը հոսանքով ներքև է գնում, սեղմելով, փշրելով, իրար վրա բարձրանալով։ Եվ ահա, երբ Սթյուարտը շառաչելով ու դղրդոցով փշրտում էր սառույցը, հենց սառցի այդ հորձանքում մենք նկատեցինք Խալովին։ Նա, ինչպես երևում էր, փորձ էր արել ինչ-որ տեղ, վերևում գետը անցնել, և այդ ժամանակ էլ սառույցը սկսել էր շարժվել։ Ես ու Սթիվը ափին ետ ու առաջ էինք վաղում, ինչքան ուժ ունեինք աղաղակում ու հայհույ էինք անում և թափ էինք տալիս գլխարկներս։ Հետո կանգ էինք առնում, գրկի մեջ խեղդում իրար. մենք ուրախությունից խելքներս կորցրել էինք, տեսնելով, որ Խալովի վերջը եկել է։ Նա այդտեղից դուրս գալու ոչ մի հնարավորություն չուներ։ Հենց որ սառույցները հալվեցին, մենք մակույկ նստեցինք և հոսանքով մինչև Յուքոն գնացինք, և Յուքոնով էլ ներքև՝ մինչև Դոուսոն ու ճանապարհին կանգ առանք միայն մեկ անգամ, Հենդերսոն վտակի մոտ գտնվող գյուղակում, որպեսզի մի քիչ բան ուտենք։ Եվ երբ Դոուսոնում մենք ափ հասանք, նավակայանում, ականջները ցցած, պոչը ուրախ թափահարելով, նստած էր Խալովը և ատամները այնպես էր բացել, կարծես թե ուզում էր ասել. «Բարո՜վ եք եկել»։ Դե՛, նա ինչպե՞ս կարողացավ դուրս պրծնել։ Եվ որտեղի՞ց իմացավ, թե մենք երբ պիտի Դոուսոն հասնենք։ Ախր, չէ՞ որ նավակայանում մեզ դիմավորեց ճիշտ ժամին։

Ինչքա՜ն շատ եմ մտածում այդ Խալովի մասին, այնքան հաստատ եմ համոզվում, որ աշխարհում այնպիսի երևույթներ կան, որոնք գիտության խելքի բանը չեն։ Ոչ մի գիտություն էլ չի կարող բացատրել Խալովի արարքները։ Դա մի յուրահատուկ ֆիզիկական, մինչև անգամ միստիկ երևույթ է, կամ էլ դրա նման մի բան և, ինչքան ես եմ հասկանում, դրան ավելացրած աստվածահայացության մի պատկառելի բաժին։

Քլոնդայքը լավ երկիր է։ Ես մինչև հիմա կարող էի այնտեղ ապրել և միլիոնատեր դառնալ, եթե այդ շունը չլիներ։ Նա արդեն ազդում էր իմ նյարդերի վրա։ Ես երկու տարի դիմացա այդ շան ձեռքը, իսկ հետո, ինչպես երևում է, իմ ուժերը սպառվեցին։ 1899 թվականի գարնանը ստիպված եղա խաղից դուրս գալ։ Սթիվին ոչինչ էլ չասացի։ Պարզապես արանքը ճղեցի, նրան մի գրություն թողնելով, հետն էլ «Մահ առնետներին» ծրարը, մի բացատրությամբ, թե դրա հետ ինչպես պիտի վարվել։ Ես այդ Խալովի պատճառով այնքան էի նիհարել և այնքան դյուրագրգիռ էի դարձել, որ հանկարծ վեր էի թռչում ու նայում իմ շուրջը այն ժամանակ, երբ մոտերքում շունչ-արարած չկար։ Եվ, պարզապես, զարմանալի է, թե ինչքան շուտ ինքս ինձ հավաքեցի, հենց որ պրծա այդ շնից։ Մինչև Սան-Ֆրանցիսկո կհասնեի՝ քաշս քսան ֆունտ ավելացավ, իսկ երբ լաստանավ նստեցի Օքլենդ գնալու համար, այնքան էի կազդուրվել, որ մինչև անգամ կինս իզուր էր աշխատում իմ մեջ որևէ փոփոխություն գտնել։

Մի անգամ ես Սթիվից նամակ ստացա, իսկ այդ նամակից զայրույթի հոտ էր փչում. Սթիվը սրտին շատ մոտ էր ընդունել այն բանը, որ ես նրան թողել էի Խալովի հետ մենակ։ Ի միջի այլոց, նա գրում էր, որ օգտագործել է «Մահ առնետներին» ծրարը՝ համաձայն հրահանգի, բայց դրանից ոչ մի օգուտ էլ չի ստացել։

Անցավ մի տարի։ Ես նորից վերադարձա իմ գրասենյակը և գործերս լավ գնացին, մինչև անգամ մի քիչ էլ գիրացա։ Եվ հենց այդ ժամանակ էլ հայտնվեց Սթիվը։ Նա չեկավ և ինձ հետ չտեսնվեց։ Ես նրա անունը կարդացի շոգենավով եկած ուղևորների ցուցակում և զարմացած էի, թե նա ինչո՞ւ չի երևում։ Բայց ես երկար զարմացած չմնացի։ Մի անգամ, առավոտյան տանից դուրս գալիս, ես տեսա Խալովին. նա կապված էր դռնակի սյունից և մեր կաթ բերող կնոջը կանգնեցրել էր մի պատկառելի հեռավորության վրա։ Հենց այդ առավոտ էլ իմացա, որ Սթիվր գնացել էր հյուսիս՝ Սիեթլ։ Այդ օրվանից սկսած, ես նորից սկսեցի նիհարել։ Կինս ստիպեց ինձ Խալովի համար վզակապ առնել, և մի ժամ էլ չէր անցել, որ շունը արտահայտեց իր երախտագիտությունը, խեղդելով նրա սիրելի պարսկական կատվին։ Ոչ մի ուժ հիմա ինձ չէր կարող ազատել Խալովից։ Այդ շունը ինձ հետ կլինի մինչև իմ մահվան օրը, քանի որ նա երբեք էլ սատկել չունի։ Այն օրվանից, ինչ նա հայտնվեց, իմ ախորժակը փչացավ, և կինս ասում էր, որ ես նրա աչքի առաջ հալվում եմ։ Անցած գիշեր Խալովը մտել էր միստր Հարվեյի հավանոցը (Հարվեյը իմ հարևանն է) և խեղդել էր տասնինը հատ ազնվացեղ հավեր։ Ես ստիպված եղա վճարել դրանց արժեքը։ Մեր մյուս հարևանները կռվեցին կնոջս հետ և հեռացան իրենց բնակարանից. պատճառը դարձյալ Խալովն էր։ Ահա թե ինչու ես հիասթափվեցի Սթիվեն Մաքեյից։

Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ նա այդքա՜ն ստոր կարող է լինել։