Վերջին թարմացում 12 Փետրվարի 2015, 23:55

Մատանիների Տիրակալը

Մատանիների տիրակալը․ Երկու ամրոց

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Նախաբան

Ձեր առջև Մատանիների տիրակալը եռագրության երկրորդ գիրքն է: Առաջին գրքում պատմվում էր այն մասին թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակաելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն և մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ և մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով՝ որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասները՝ Գենդալֆը առաջնորդում է պահապաններին Մորիայի քարանձավներով՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը, բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքով ի վար մինչև ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն՝ գնալ արևելք, Մորդոր, թե Մինաս Թիրիթ, Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին: Առաջին գիրքը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ գրքում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:

Գիրք երրորդ

Գլուխ առաջին. Բորոմիրի անկումը

Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ խոնավ հողի վրա Արագորնը գտավ այն ինչ փնտրում էր:

― Պարզ է, ճիշտ ճանապարհի վրա եմ,― ասաց նա բարձրաձայն,― Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա այնտեղ տեսել: Չնայած ինչ էլ որ տեսած լինի մեկ է՝ վերադարձել է նույն ճանապարհով:

Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չնայած գիտեր, որ Ֆրոդոն արդեն իջել է, բայց միևնույնն է՝ ուզում էր բարձրանալ Ամոն Հենի գագաթը՝ միգուցե այնտեղ քարե նստարանի մոտ նրա աչքերի առաջ կբացվի ինչ որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակը շատ քիչ էր, բայց նա որոշեց. վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին՝ նա սկսեց ուշադիր զննել, բայց արևը հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ծայրից ծայր զննեց միջերկիրը, բայց ոչինչ չտեսավ բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում այն նույն թռչունին, որը նման էր արծվի: Թռչունը դանդաղորեն՝ լայն շրջաններ գծելով իջնում էր դեպի տափաստանը: Եվ այդ պահին հետքագետի սուր լսողությաւնը հասավ ինչ որ տարօրինակ աղմուկ: Այն լսվում էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում սփռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ որ ճչոցներ, և ի սարսափ իրեն՝ նա արտաբերեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր բայց հզոր եղջերափողի ձայնը՝ բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում, այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:

― Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնությո՛ւն է կանչում,― բացականչեց Արագորնը՝ ցատկելով տեղից ու սուրալով աստճաններով ներքև,― վայ ինձ,― կրկնում էր նա ընթացում,― դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմը ո՞ւր կորավ:

Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին շատ քիչ էր մնում վազել, բայց մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկը արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ՝ այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը՝ Արագորնը ճչալով ՛՛Էլենդի՛լ, Էլենդի՛լ՛՛ ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ ու կես վերստ հեռու, մի ոչ մեծ բացատում նա գտավ Բորոմիրին: Բորոմիրը նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Բայց Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին նետերի սև ծայրերը, որոնք ցցված էին ռազմիկի կրծքին: Բորոմիրը դեռ ձեռքի մեջ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:

Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորցեց ինչ որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:

― Ես փորցում էի խլել մատանին Ֆրոդոյից,- դժվարությամբ արտաբերեց նա,- ես ընդունում եմ իմ մեղքը: Ես պատասխան տվեցի դրա համար:

Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով, նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:

― Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանք ողջ են՝ չնայած որ կապկպված են:

Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց.

-Մնաս բարով, Արագո՛րն, գնա Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Ես պարտվեցի:

― Ո՛չ,― չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,― ո՛չ, Բորոմիր, դու հաղթե՛լ ես: Ոչ բոլորին է հաջողվում այսպիսի հաղթանակ տանել: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգնա՛ծ կմնա:

Բորոմիրը թուլացած ժպտաց:

-Պատասխանիր, ու՞ր գնացին օրքերը, ի՞նչ պատահեց Ֆրոդոյին, նո՞ւյնպես նրանց հետ է.- հարցրեց Արագորնը:

Բայց Բորոմիրը լռում էր:

― Վայ մեզ,― բացականչեց Արագորնը ցնցված մինչև հոգու խորքը,- Դենետորի հետնորդը հեռացա՛վ աշխարհից, ինչպիսի դառը վերջաբա՛ն: Մատանու եղբայրությունը փլուզվե՛ց, դա նաև իմ պարտությո՛ւնն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը, ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա ես, Բորոմիրը խնդրեց ինձ գնալ Գոնդոր, այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, ո՞ր է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ո՞նց փրկեմ բռնած գործը:

Նա ծնկաչոք հեկեկում էր բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ ինչպես որսորդները եկել հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմել էր կացինը, իսկ Լեգոլասը երկար դաշույնը, նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն ել քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան ու դառնությամբ լցված կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:

-Վայ մեզ,- բացականչեց նա,- մենք բազմաթիվ օրքերի հետապնդեցինք ու ոչնչացրեցինք անտառում, բայց ինչպես երևում է այստեղ մենք ավելի շատ էինք պետք: Մենք լսեցինք փողի ձայնը ու շտապեցինք ձայնին ընդառաջ, բայց ինչպես երևում է ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել, իսկ դո՞ւ:

-Նա մեռած է,- պատասխանեց Արագորնը,- ես քերծվածք անգամ չունեմ: Ես ինչպես դուք չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:

-Հոբիթների՞ն ,- բացականչեց Ջիմլին,- իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:

-Չգիտեմ ,- հոգնած պատասխանեց Արագորնը,- մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Բայց ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ՝ Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք բա հիմա:

-Առաջին հերթին թաղել Բորոմիրին,- ասաց Լեգոլասը,- հո չե՞նք թողնելու այս զզվելի լեշերի մեջ:

-Համենայն դեպս պետք է շտապել,- նկատեց Ջիմլին,- Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:

-Բայց մենք չգիտենք նրանց հե՞տ է արդյոք պահապանը,- հիշեցրեց Արագորնը,- մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առաջ ենք կանգնած:

-Եթե այդպես է, բերեք առաջին հերթին կատարենք մեր գլխավոր պարտքը,- նորից առաջարկեց Լեգոլասը,- Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն սարքենք:

-Դա երկար և ծանր աշխատանք է,- չհամաձայնեց Ջիմլին,- այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:

-Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,- որոշեց Արագորնը,- իսկ կողքին կդնենք նրա և նրա սպանած թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին, Գոնդորի մեծ գետը ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:

Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք իրար գլխի:

-Տեսե՛ք,- բացականչեց Արագորնը:

Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ կարմիր քարերով:

-Այս դաշույնները օրքերինը չեն,- հաղթական ասաց Արագորնը, նրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է, նրանք զինաթափել են գերիներին բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստվել են արևմտյան երկրում, և նրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է՝ մեր բարեկամները անզեն են, եթե իհարկե ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, չնայած որ հույսը շատ փոքր է:

-Իսկ ես գնամ նետերս հավաքեմ, - ասաց Լեգոլասը,- կապարճս դատարկ է:

Շուտով նրա կապարճը լիցքավորվեց նետերով, որոնք անվնաս էին մնացել: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:

-Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,- նկատեց նա,- եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ մառախլապատ լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...

Նա ցույց տվեց չորս թխամաշկ ու ծուռաչք օրքերի դիակներ. դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դրոշմված էր անծանոթ գերբ՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռուներեն ՛՛Ս՛՛ տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:

-Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի գերբ,- մտամոլոր ասաց Արագորնը,- կուզենաի իմանալ՝ ինչ են նշանակում այս նշանները:

-՛՛Ս՛՛- Սաուրոն,- ենթադրեց Ջիմլին,- հասկանալը դժվար չէ:

-Ո՛չ,- Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,- Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերեն ռուները:

-Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել այն, ո՛չ արտաբերել,-ավելացրեց Արագորնը,- նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի գերբը կարմիր աչքն է:

Նա մտախոհվեց և վերջապես արտաբերեց.- Ինձ թվում է՝ ՛՛Ս՛՛ նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան, դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է՝ Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, չնայած Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին:

-Լավ, լավ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,- արագացրեց Ջիմլին,- գնանք, տանենք Բորոմիրին գետի մոտ:

-Պետք է գուշակել հանելուկները եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,- առարկեց Արագորնը:

-Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,- կասկածեց թզուկը:

Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ, ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալենը: Մինչև ճամբարը մի երկու վերստ կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից հեռու չգնալ, վերադարձան Արագորնի մոտ:

-Անհասկանալի է,- ասաց Լեգոլասը,- ափին երկու մակույկ կային: Երրորդը չգտանք:

-Օրքերը այնտեղ է՞լ են եղել,- զգաստացավ Արագորնը:

-Օրքերի հետքեր այնտեղ չկան,- պատասխանեց Ջիմլին,- և հետո, եթե նրանք այտեղ եղած լինեին, բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:

-Վերադառնանք, տեսնեմ՝ ինչումն է բանը,- որոշեց Արագորնը:

Բորոմիրին պառկեցրեցին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողը և կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները, նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին ջրի հոսքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը, և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին ետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը՝ ջրի շիթերից բաղկացած մի ամպ, քուլա քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:

Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում, մակույկը օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքը արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ, բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետը ընդունեց Բորոմիրին՝ Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով: Բայց Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որը անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ ու կտրելով մեծ գետը՝ գիշերը՝ աստղերի լույսի ներքո, դուրս եկել անծայրածիր ծով:

Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.

-Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն՝ հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից և ո՛չ ել ծովի ափերից:

Եվ նա սկսեց դանդաղ երգել.

-Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,

Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,

Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛՝

Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:

Օգնի՛ր գտնել մեծն Բորոմիրին,

Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին:

՛՛ Յոթ հորձանուտների միջով է նա անցել ու գետը հատել

Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել,

Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել՛՛:

՛՛Աշտարակից արևմուտք եմ նայում, ու իմ սիրտն է լացում,

Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում,

Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում՛՛


Արագորնին փոխարինելով երգեց Լեգոլասը.


-Առած իր մեջ աղ ու ավազ՝ Կեսօրի քամին է սուրում,

Կանգնում է դարպասի մոտ, ու ձայնն է նրա զրնգուն:

Ի՞նչ է կատարվում աշխարհում, արևի ու լուսնի ներքո

Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,

Ու տխուր եմ ես հիմա:

՛՛Մի՛ հարրցրու քամուց մահկանացուի մասին,

Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,

Սև ու սպիտակ ափեր երկնքի և ջրի մրրիկում

Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ, դեպի ծով լողում:

Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա՛՛:

Օ Բրոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում,

Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝

Սպասում էի լուրի քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար:


Նորից երգեց Արագորնը.


-Հյուսիսային քամին թակում է դարպասներն արքայական,

Ձայնն է որոտում նրա, աղմկոտ ջրվեժի նման.

՛՛ Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր,

Ու՞ր է Բորոմիրն անվախ, շատ ժամանակ է անցել սպասում ենք գլխիկոր՛՛:

՛՛Եղջերափողը որոտաց անտառում, պատասխանեց Թոլ Բրանդիրը,

Շատերն ընկան այն մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,

Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,

Չկախեց այդպես էլ նա գլուխն ու հզոր ուսերը,

Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը,

Եվ ոսկեգույն անդունդը ընդունեց նրա աճյունը՛՛:

Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի,

Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի:


Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:

- Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,- ասաց Ջիմլին,- բայց ես նրա մասին չեմ երգի:

-Ճիշտ կանես,- պատասխանեց Արագորնը,- երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:

Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, բայց Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետախուզել տարածքը, անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:

-Օրքերը այստեղ չեն եղել,- ասաց նա,- մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:

Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց ուսունասիրել խոնավ գետինը:

-Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,- նկատեց նա,- հոբիթներից մեկը երևացել է այստեղ, նա մտել է ջուրը հետո նորից վերադարձել ափ: Բայց երբ է դա կատարվել՝ չեմ կարող ասել:

-Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,- հարցրեց Ջիմլին:

Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեբեռները:

-Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում ամենամեծն ու ծանրը,- վերջապես ասաց նա,- իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը՝ Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է՝ նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ, ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է նա չի լսել, հասկացել է՝ ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չե՛ս ազատվի:

-Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,- շփոթված հարցրեց Ջիմլին,- տարօրինակ արարք է:

- Տարօրինակ, բայց խիզախ,- առարկեց Արագորնը,- Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր սարի վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում ընդունել:

- Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,- ենթադրեց Լեգոլասը:

-Այո՛, փախել է,- պատասխանեց Արագորնը,- բայց դժվար թե օրքերից:

Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:

-Երևում է՝ ամեն ինչ արդեն պարզ է,- ասաց Լեգոլասը, Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեբեռների անհետացումը:

-Ուրեմն մնում է երկուսից մեկը,- ամփոփեց Ջիմլին,- կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը և փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ քիչ է, թանկարժեք ժամանակը արդեն բաց է թողնված:

-Թողեք մտածեմ,- ասաց Արագորնը,- և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:

Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց. ՛՛Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր, ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ, բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը, և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ՝ քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, մինչև որ չհասնենք՛՛:

Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը և տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին ու հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ նրանք վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնը արագ գտավ օրքերի հետքը, մեծ վարպետություն չպահանջվեց:

-Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը, փնթփնթաց Լեգոլասը,- կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչ աճում է ու ձգվում դեպի արևը:

-Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,- նկատեց Արագորնը,- ի դեպ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք, և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել, որպեսզի հետքը չկորցնենք:

-Դե ինչ, առա՛ջ,- բացականչեց Ջիմլին,- թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու, մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:

-Դա այդպես է,- հաստատեց Արագորնը,- այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի, ու վայ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների լեգենդներում: Առա՛ջ, երեք որսորդներ:

Նա առաջ սուրաց ինչպես հովազը: Կասկածները մի կողմ դնելով՝ նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին ետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը, և դեպի գետը ձգվեցին նրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերները անհետացան քարերի ետևում:

Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները

Մոտենում էր գիշերը: Ետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը: Բայց երկինքը մաքուր էր ու անամպ. կամաց, իրար հետևից սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը:

Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից դեպի հարավ:Լեռնշղթայի արևմտյան լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, ի տարբերություն արևելյան լանջերի: Երեք հետապնդողները ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով, ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից դեպի վար՝ գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին մոտ ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր բայց երկնքում դեռ փայլփլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում: Օրքերի հետքերը իջնելով թեք լանջից անհետանում էին հովտում:

-Ինչ ես կարծում որ կողմ են դարձել,- հարցրեց Լեգոլասը, դեպի հյուսի՞ս, որպեսզի կարճ ճանապարհով հասնեն Իզենգարդ կամ Ֆանգորն, թե հարավ, դեպի Էնտվեյի անցումը:

-Ինչ ել որ մտածած լինեն դեպի գետը հաստատ չեն գնա,- պատասխանեց Արագորնը,- ես կարծում եմ մեր թշնամիները ռիսկի չեն դիմի երկար զբոսնելու Ռոհանի տափաստաններում և կընտրեն ամենակարճ ճանապարհը, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք դեպի հյուսի՛ս:

Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, հատակին՝ քարերի արանքում տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում լեռան մոխրագույն լանջերը: Ճանապարհորդները ևս մեկ ու կես վերստ քայլեցին դեպի հյուսիս: Արագորնը անընդհատ կռանալով ուշադիր զննում էր տարածքը: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:

-Մենք արդեն հասել ենք նրանց մի մասին,- շրջվելով դեպի ընկերները ասաց Լեգոլասը,- տեսե՛ք:

Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան որ կիսախավարում սևին տվող բլուրը իրականում թե բլուր է, այլ իրար գլխի թափթփած հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը՝ նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:

-Եվս մեկ հանելուկ,- մթագնեց Ջիմլին,- դե արի ու հասկացիր թե այստեղ ինչ է կատարվել: մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասելու մինչև լուսաբաց:

-Ինչ ել որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,- ասաց Լեգոլասը,- օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բանկիչնե՞ր կան:

-Ոչ չկան,- պատասխանեց Արագորնը,- Ռոհանցիները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որսի գալ... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ոչ, կարծում եմ որսորդների ձեռքի գործը չէ:

-Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,- հարցրեց Ջիմլին:

-Իրենց թշնամիներին հենց իրենք են հետները բերել,- ասաց Արագորնը,- բոլոր սպանված օրքերը հյուսիսից են՝ հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ գերբով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց մեջ կռիվ է եղել: Այս զզվելի արարածների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ ճանապարհի ընտրությունից:

-Կամ էլ գերիների պատճառով են վիճել,- ավելացրեց Ջիմլին,- հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:

Արագորնը ուշադիր զննեց տարածքը բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվում էր: Արևելքում երկինքը կամաց սկսում էր գունատվել, աստղերը մեկը մյուսի հետևից հանգչում էին, սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին քարերի միջով իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, ափերը ծածկված էին կանաչով:

-Վերջապես,- գոչեց Արագորնը,- ահա նրանք, հետքերը՝ որոնք մենք փնտրում ենք: նրանք գնում են դեպի վեր առվի երկայնքով, ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են դեպի այս կողմ:

Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով դեպի վեր՝ թռչկոտելով քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերը իրենք չեին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների վարսերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները դարձան դեպի ետ: հեռվում՝ գետի այն կողմում բլուրները արդեն լուսավորվել էին լուսաաբացի առաջին ճառագայթներով, լեռների ետևից երևում էր արեգակի կարմիր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում:Հեռու հեռվում, մի երեսուն լիգ (կամ գուցե ավել) այն կողմ արևի վարդաույն ճառագայթների ներքո փայլատակաում էին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:

-Օ Գոնդոր, Գոնդո՜ր,- բացականչեց Արագորնը,- երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր, ախ եթե ես կարողանաի թեքվել հարավ, դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ինձ ճանապարհը այլ կողմ է տանում... Օ Գոնդոր, Գոնդո՜ր:


Դու լայնարձակ ես, լեռներից մինչև ծով,

Օրհնված են հողերդ լեռներից մինչև ծով,

Սպիտակ ծառը լույսով է ողողվել,

Թագավորների շեմքն է լույսով ողողվել,

Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,

Որը ոսկուց ել է պայծառ:

Թագադրված միթրիլե թևերով (խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)

Դու նայում ես արևմուռքին,

Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը

Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:


-Իսկ հիմա գնանք,- ասաց նա շրջվելով դեպի արևմուտք:

Ճանապարհը լեռան լանջով իջնում էր ներքև: Մի տասներկու սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված արևելյան Ռոհանյան պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում, առջևում՝ ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը:

-Նայե՛ք,- Լեգոլասը ձեռքը մեկնեց դեպի գունատ երկինքը,- նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է ճախրում, երևում է ետ է վերադառնում, շատ է արագ թռչում: Տեսնո՞ւմ եք:

-Ոչ իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,- պատասխանեց Արագորնը,- երևի նա իսկապես շատ բարձր է ու հեռու: Եթե դա այն նույն թռչունն է կուզենաի իմանալ ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայիր հարթավայրում նույնպես ինչ որ բան է շարժվում, և բավականին մոտիկ է, կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:

-Այո այդպես է,- հաստատեց Լեգոլասը,- դա մեծ հետյոտն ջոկատ է, բայց ինչ ջոկատ է չեմ կարող ասել: Շատ հեռու է, կլինի մի տասներկու լիգ, չնայած այստեղ հարթավայր է և ես կարող եմ սխալվել:

-Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,- առույգացավ Ջիմլին,- եկեք արագ գտնենք ամենակարճ վայրեջքի ճանապարհը:

-Օրքերը արդեն գտե՛լ են,- գոչեց Արագորնը:

Ջոկատը շարունակեց հետապնդումը, բայց արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում էին ինչքան ուժ ունեին: անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր, ուտելիքի պարկ, բզկտված սև թիկնոց, ծանր հնամաշ երկարաճիտք կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ: Վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված խորը իջվածք: ափի երկայնքով ձգվում եր կոպիտ ու հինավուրձ արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:Վերջին աստիճանը հաղթահարելով հետապնդողները ի զարմանս իրենց մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում, լսվում էր թե նա ինչպես է խուլ խշխշում, սկսելով իր ճանապարհը Էնտվեյի հարթավայրով:

Ճանապարհորդներին թվաց թե ձմեռը մնացել է հետևում: Օդը այստեղ թարմ էր ու տաք, այն իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունքը, ասես գարունը արդեն արթնացել էր հարթավայրում ու կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասը ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:

-Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,- հիացավ նա,- շնչում ու մոռանում ես որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:

-Մենք ավելի ավելի թեթև ենք բեռնված քան երկաթյա զրահներով զինված օրքերը,- ասաց Արագորնը,- կարծում եմ կկարողանանք կրճատել մեր մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:

Եվ Ճանապարհորդները իրար հետևից իծաշարուկով սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց ետևից լայն կոխկրտված շերտ էին թողել որը տանում էր դեպի արևմուտք և համարյա ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.

-Կանգնե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,- ու թեքվեց դեպի ձախ, երկու փոկրիկ, ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Մի փոքր այն կողմ հետքը ընդհատվում էր մեկ այլ՝ կոպիտ հետքով, և կորչում տրորաված խոտերում: Արագորնը կռացավ, ինչ որ բան վերցրեց գետնից ու վազելով վերադարձավ ընկերների մոտ:

-Ես ճիշտ էի,- հայտարարեց նա,- հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է, նա ավելի ցածրահասակ է քան Մերին: Տեսե՛ք:

Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները, ափի մեջ արևի տակ փայլփլում էր ուռենու տերև, ասես նոր ծաղկած լիներ: Տարօրինակ էր տեսնել տերևը այնտեղ որտեղ ընդանրապես ծառ չկար:

-Ախր սա էլֆական թիկնոցի ամրակալն է,-միաժամանակ բացականչեղին Լեգոլասն ու Ջիմլին:

-Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ այնտեղ չեն ընկնում,- ասաց Արագորնը,- ամրակալը հատուկ են այստեղ թողել մեզ նշան տալու նպատակով:Կարծում եմ Փինը հենց այդ պատճառով էլ դուրս է վազել ճանապարհից, իսկ օրքը նրան բռնել է:

-Նշանակում է նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,- հրճվանքով բացականչեց Ջիմլին,- լավ լուրեր են, իզուր չենք նախաձեռնել այս հետապնդումը:

-Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,- գլուխն օրօրեց Լեգոլասը,- վազե՛նք, սիրտս այրվում է երբ մտածում եմ որ մեր զվարթ փոքրիկներին քշում են ինչպես գառներին սպանդի...

Արեգակը հատել էր զենիթը և դանդաղ թեքվում էր արևմուտք: Հարավից՝ ծովից, քամին թեթև ամպեր էր բերում: Շուտով արևը հատեց հորիզոնը: Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Բայց բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի: Երբ սկսեց մթնել Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրը ընդամենը երկու անգամ էին հանգստացել այն էլ շատ քիչ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը մնացել էր հեռվում, մոտ տասներկու լիգ:

-Մենք պետք է ընտրենք,- ասաց Արագորնը,- մնանք այստեղ գիշերենք թե վազենք այնքան մինչև ուժասպառ լինենք:

-Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,- պատասխանեց Լեգոլասը:

-Չեմ հասկանում օրքերը չե՞ հանգստանում,- զարմացավ Ջիմլին:

-Օրքերը հազվադեպ են լույսով դուրս գալիս բաց հարթավայր, վախենում են,- առարկեց Լեգոլասը,- իսկ սրանք չվախեցան ու ամբողջ օրը սլանում էին: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:

-Բայց մթության մոջ մենք կկորցնենք ճանապարհը,- նկատեց Ջիմլին:

-Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ, ինչքան որ տեսնում են իմ աչքերը,- ասաց Լեգոլասը,- արահետը չի փոխում իր ուղին:

-Կարող է կորցնենք ճանապարհը կարող է ոչ,- միջամտեց Արագորնը,- բայց եթե հանկարծ կորցնենք ստիպված ենք լինելու հետ վերադառնալ, իսկ դրա համար ահագին ժամանակ կպահանջվի:

-Եվ հետո,- ավելացռեց Ջիմլին,-մեկել տեսար նրանք բաժանվեցին ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին քարշ տան դեպի գե՞տը, կամ թեքվեն դեպի արևելք, Մորդոր... Մենք կկորցնենք հետքը ու այլևս չենք իմանա թե ինչ կատարվեց նրանց հետ:

- Դու իրավացի ես,- ասաց Արագորնը,- եթե ես հետքերից ճիշտ եմ դատում սպիտակ ձեռքի գերբով օրքերը հաղթել եմ վեճում ու հիմա չարագործները ամբողջ ուժով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:

-Պետք չի օրքերի որոշումներին վստահել,- առարկեց Ջիմլին,- և հետո հոբիթները կարող են փախչել: Համ էլ կարող է նորից ինչ որ նշան թողնեն, գիշերով չենք գտնի:

-Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրոըթյամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը հիմա հոգնածությունից հազիվ են ոտքերները քարշ տալիս,- չէր համաձայնվում Լեգոլասը,- եթե մենք հոբիթներին չփրկենք, նրանք երկար չեն վազի: Բայց թե ինչպես ենք նրանց փրկելու գուշակելը դժվար է: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:

-Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, բայց նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,- հառաչեց Ջիմլին,- իմ սիրտն էլ է այրվում ու եթե դա հնարավոր լիներ ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:

-Ես զգուշացնում էի որ ընտրությունը դժվար է լինելու,- հիշեցրեց Արագորնը,- և այսպես ի՞նչ ենք որոշում:

-Վերջին խոսքը քոնն է,- ասաց Ջիմլին,- Դու հմուտ հետքագետ ես, որոշիր և մենք կհնազանդվենք:

-Սիրտս առաջ է թռչում,- ասաց Լեգոլասը, բայց մենք պետք է միասին լինենք, ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:

-Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,- հառաչեց Արագորնը, վերջին երկու օրը ես անընդհատ սխալներ եմ գործում:

Նա լռեց՝ նայելով թանձրացող խավարին:

-Ոչ, գիշերով չարժե շարունակել,- վերջապես ասաց նա,- երկու չարիքից ամենավատը հետքը կորցնելն է: Եթե լուսինը պայծառ լուսավորեր ընտրությունը այլ կլիներ, բայց ցավոք լույսը շատ աղոտ է: