Վերջին թարմացում 15 Փետրվարի 2015, 13:25
Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին։ Ներածականի փոխարեն։ Մի քանի մանրամասն մեծահարգ Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու կենսագրությունից

I

Ձեռնարկելով մինչ այդ ոչնչով աչքի չընկած մեր քաղաքում ոչ վաղուց կատարված և այդչափ տարօրինակ դեպքերի նկարագրումը, իմ անհմտության բերումով, հարկադրված եմ սկսել փոքր-ինչ հեռվից, հենց տաղանդավոր և մեծահարգ Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու մասին կենսագրական որոշ մանրամասերից։ Թող որ այս մանրամասերը սոսկ ներածական ծառայեն առաջարկվող ժամանակագրությանը, իսկ բուն պատմությունը, որ մտադիր եմ նկարագրել, դեռևս առջևում է։

Ուղղակի կասեմ. Ստեպան Տրոֆիմովիչը մեր միջև մշտապես խաղում էր որոշակիորեն առանձնահատուկ և, այսպես ասած, քաղաքացիական դեր ու անասելի սիրում էր այդ դերը՝ նույնիսկ այնպես, որ ինձ թվում է, առանց դրա ապրել չէր կարող։ Չէ թե հավասարեցնում եմ նրան թատրոնի դերասանի. Աստված մի արասցե, առավել ևս, որ ինքս եմ հարգում նրան։ Ամբողջ խնդիրն այստեղ կարող է լինել սովորության բան, կամ ավելի լավ է ասել՝ քաղաքացիական մի սիրուն կեցվածքի մասին փոքր հասակից անընդմեջ ու վսեմ, հաճելի երազանք։ Օրինակ, նա չափազանց սիրում էր «հալածյալի» և, այսպես ասած, «աքսորյալի» իր վիճակը։ Այս երկու բառն ունեն յուրահատուկ դասական փայլ, ինչ նրան հրապուրել էր մեկընդմիշտ, և հետագայում աստիճանաբար բարձրացնելով նրան սեփական կարծիքի մեջ՝ այդքան երկար տարիների ընթացքում վերջապես հասցրել էր ինքնասիրության համար բավական բարձր ու դուրեկան մի պատվանդանի։ Անցյալ հարյուրամյակի անգլիական երգիծական մի վեպում ոմն Գուլիվեր՝ վերադառնալով լիլիպուտների երկրից, ուր մարդիկ ընդամենը երկու վերշոկ հասակ ունեին, այն աստիճան էր ընտելացել նրանց մեջ իրեն հսկա համարելուն, որ քայլելով Լոնդոնի փողոցներում՝ ակամա բղավում էր անցորդների և կառքերի վրա, որ իր առաջից թեքվեն և զգուշանան, որպեսզի հանկարծ չտրորի նրանց՝ երևակայելով, թե ինքը դեռևս հսկա է, իսկ մյուսները՝ փոքրամարմին։ Այդ պատճառով նրա վրա ծիծաղում էին ու նախատում, իսկ կոշտուկոպիտ կառապանները նույնիսկ մտրակով շրմփացնում էին հսկային, բայց արդարացի՞ է արդյոք։ Ի՞նչ չի անի սովորությունը։ Սովորությունը նույնին էր հանգեցրել նաև Ստեպան Տրոֆիմովիչին, սակայն էլ ավելի անմեղ ու անվնաս կերպով, եթե կարելի է այսպես արտահայտվել, քանի որ սքանչելիագույն մարդ էր։

Ես նույնիսկ այնպես եմ մտածում, որ վերջում նրան բոլորն ու ամենուրեք մոռացել էին, բայց ոչ մի կերպ ասել չի լինի, թե նախկինում ևս ամենևին չգիտեին։ Անառարկելի է, որ նա նույնպես որոշ ժամանակ պատկանել է մեր անցած սերնդի փառաբանված գործիչների նշանավոր փաղանգին և մի ժամանակ էլ,― ի դեպ, լոկ մի փոքր ժամանակահատված,― նրա անունն այն օրերի շտապող շատ մարդիկ արտասանել են համարյա թե Չաադաևի, Բելինսկու, Գրանովսկու և այն ժամանակ արտասահմանում նոր-նոր սկսող Գերցենի անունների կողքին։ Բայց Ատեպան Տրոֆիմովիչի գործունեությունն ավարտվեց համարյա հենց սկսված պահից, այսպես ասած, «առկա հանգամանքների հողմից»։ Եվ ի՞նչ։ Ոչ միայն «հողմ», այլ նույնիսկ «հանգամանքներ» էլ հետո չհայտնվեցին, համենայն դեպս՝ այս պարագային։ Միայն նոր, օրերս իմացա, ի մեծագույն զարմանս, բայց արդեն կատարյալ հավաստիությամբ, որ Ստեպան Տրոֆիմովիչն ապրել է մեր մեջ, մեր նահանգում, ոչ միայն ոչ որպես աքսորյալ, ինչպես ընդունված էր կարծել մեզանում, այլ նույնիսկ և ոչ մի հսկողության տակ երբեք չէր եղել։ Սրանից հետո էլ ի՜նչ ասես սեփական երևակայության ուժին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անկեղծորեն հավատում էր, որ իրենից երկյուղում են որոշ ոլորտներում, որ իր քայլերն անընդմեջ հայտնի են ու հաշվված և որ վերջին քսան տարում երեք անգամ փոփոխված նահանգապետներից յուրաքանչյուրը՝ գալով նահանգը կառավարելու, նրա մասին ինչ-ինչ հատուկ և հոգսաշատ միտք է բերել իր հետ արդեն, ներշնչված վերևից ու ամենից առաջ, նահանգն իրեն հանձնելիս։ Այն ժամանակ մեկնումեկը եթե հավատացներ ազնվագույն Ստեպան Տրոֆիմովիչին անառարկելի ապացույցներով, որ ինքն ամենևին ոչինչ չունի երկյուղելու, նա անպայման կվիրավորվեր։ Այնինչ, չէ որ նա շատ խելացի և շատ շնորհալի մարդ էր, նույնիսկ, այսպես ասած, գիտության մարդ, թեև, ի դեպ, գիտության մեջ... Է՜, մի խոսքով գիտության մեջ այնքան էլ բան չէր արել և կարծեմ թե, ամենևին ոչինչ։ Սակայն չէ որ մեզ մոտ՝ Ռուսիայում, դա համատարած երևույթ է։

Նա վերադարձել էր արտասահմանից և որպես դասախոս փայլել համալսարանի ամբիոնին, արդեն քառասնական թվականների ամենավերջում։ Եվ հասցրել էր միայն մի քանի դասախոսություն կարդալ, կարծեմ, արաբացիների մասին, հասցրել էր նույնպես փայլուն դիսերտացիա պաշտպանել գերմանական փոքր Գանաու քաղաքի քաղաքացիական և հանզայական առաջացող նշանակության մասին, 1413 և 1428 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, դրա հետ մեկտեղ և այն առանձնահատուկ ու անհստակ պատճառների մասին, թե ինչու այդ նշանակությունն ամենևին չկայացավ։ Այդ դիսերտացիան ճարպկորեն ու ցավագին խայթեց այն ժամանակվա սլավոնապաշտներին և միանգամից դրեց նրան բազմաքանակ ու կատաղած թշնամիների արանքում։ Հետագայում, ի դեպ, ամբիոնն արդեն կորցնելուց հետո, նա (այսպես ասած, ի հատուցումն ու՝ որ ցույց տա, թե ում են կորցրել նրանք) Դիկենսից թարգմանություններ անող և Ժորժ Սանդ քարոզող ամենամսյա առաջադեմ մի ամսագրում հասցրեց տպագրել խորագույն մի հետազոտության սկիզբը, կարծեմ այս-այս դարաշրջանում ինչ-ինչ ասպետների բարոյական անսովոր վեհանձնության պատճառների մասին, կամ դրա նման մի բան։ Համենայն դեպս, արծարծվում էր ինչ-որ վերին ու արտակարգ ազնիվ միտք։ Ասում էին հետագայում, թե հետազոտության շարունակությունը հապշտապ արգելվել է և որ առաջադեմ ամսագիրը նույնիսկ տուժել է առաջին կեսը տպագրելու համար։ Շատ էլ կարող է պատահել, որովհետև այն ժամանակ ի՞նչ չէր լինում։ Սակայն տվյալ դեպքում ավելի հավանական է, որ ոչինչ չէր եղել և որ հեղինակն ինքն էր ծուլացել ավարտել հետազոտությունը։ Իսկ արաբացիների մասին դասախոսությունները նա դադարեցրեց, որովհետև ինչ-որ եղանակով մեկի ձեռքն էր ընկել (ակներևաբար, նրա հետադեմ ախոյաններից) մեկ ուրիշին ուղղված նամակը՝ ինչ-որ «հանգամանքների» շարադրանքով, ի հետևանք ինչի ինչ-որ մեկը նրանից ինչ-ինչ բացատրություններ էր պահանջել։ Չգիտեմ, ճիշտ է արդյոք, բայց պնդում էին նաև, որ հենց այդ նույն ժամանակ Պետերբուրգում հետևել-բռնել էին վիթխարի, հակաբնական և հակապետական տասներեք հոգուց բաղկացած մի միություն, որը քիչ էր մնացել սասաներ կառույցը։ Ասում էին, որ իբր նրանք խմբվել էին թարգմանելու իրեն իսկ՝ Ֆուրյեին։ Կարծես դիտավորյալ, հենց նույն ժամանակ Մոսկվայում բռնել էին նաև Ստեպան Տրոֆիմովիչի պոեմը՝ գրված դրանից դեռևս վեցը տարի առաջ, Բեռլինում, վաղ ջահելության շրջանում, և որը ձեռքից ձեռք էր անցել ձեռագիր վիճակում երկու սիրողների և մի ուսանողի միջև։ Այդ պոեմը հիմա նաև իմ դարակում է դրված, ես դա ստացել եմ ոչ ուշ, քան անցյալ տարի, Ստեպան Տրոֆիմովիչից, միանգամայն վերջերս իր իսկ ձեռքով արտագրած, նրա մակագրությամբ և կարմիր սեկե հոյակապ կազմով։ Ի դեպ, պոեզիայից և նույնիսկ որոշ տաղանդից զուրկ գործ չէ, տարօրինակ, բայց այն ժամանակ (այսինքն, ավելի ճիշտ, երեսնական թվականներին) նման եղանակով հաճախ էին գրոտում։ Իսկ սյուժեն պատմել դժվարանում եմ, քանզի, ճշմարիտն ասած, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ-որ այլաբանություն է՝ քնարական-դրամատիկ ձևով և հիշեցնում է «Ֆաուստի» երկրորդ մասը։ Բեմը բացվում է կանանց խմբերգով, հետո տղամարդկանց խմբերգն է, ապա՝ ինչ-ինչ ուժերի, ամենից վերջում խմբերգն է հոգիների, որոնք դեռևս չեն ապրել, բայց ովքեր շատ կուզեին ապրել։ Բոլոր այդ խմբերը երգում են շատ անորոշ մի բանի մասին, առավելապես՝ ինչ-որ մեկի նզովքի, սակայն բարձրագույն հումորի երանգով։ Սակայն բեմը հանկարծակի փոխվում է, և վրա է հասնում ինչ-որ «Կյանքի տոնախմբություն», որտեղ երգում են նույնիսկ միջատները, հայտնվում է կրիան՝ լատինական ինչ-որ նվիրական բառերով, և նույնիսկ, եթե հիշում եմ, ինչ-որ բան երգեց միներալը, այսինքն՝ բոլորովին անշունչ առարկա։ Իսկ ընդհանրապես, բոլորը երգում են անընդմեջ, եթե խոսում էլ են, ապա անորոշ կռվշտում, բայցև դարձյալ վերին նշանակության երանգով։ Վերջապես, բեմը նորից է փոխվում, ու երևում է վայրի մի տեղ, ուր ժայռերի մեջ թափառում է մի երիտասարդ, որը պոկոտում ու ծծում է ինչ-որ խոտեր, և վհուկի հարցին, թե ինչո՞ւ է ծծում այդ խոտերը, պատասխան է տալիս, թե իր ներսում կենսահորդություն զգալով՝ մոռացում է փնտրում ու գտնում է դա խոտերի հյութի մեջ, բայց որ իր գլխավոր ցանկությունը՝ խելքը շուտուփույթ թռցնելն է (թերևս, ավելորդ մի ցանկություն)։ Հետո հանկարծ, սևաթույր ձիով բեմ է արշավում աննկարագրելի գեղեցկության տեր մի պատանի, ու նրա հետևից՝ բոլոր ժողովուրղների ահավոր բազմությունը։ Պատանին իրենով ներկայացնում է մահը, իսկ բոլոր ժողովուրդները մահվան են ծարավի։ Եվ վերջապես, արդեն ամենավերջին տեսարանում հայտնվում է Բաբելոնի աշտարակը, և ինչ-որ ատլետներ ի վերջո կառուցում֊ավարտում են շինությունը՝ նոր հուսո երգն ասելով, և երբ արդեն կառուցում են մինչև կատարը, ապա ենթադրենք թե Օլիմպոսի տիրակալը փախչում է ծաղրական տեսքով, ու գլխի ընկած մարդկությունը, տիրանալով այդ վայրին, տեղնուտեղը նոր կյանք է սկսում՝ իրերի խորքը նոր թափանցմամբ։ Եվ ահա, հենց այս պոեմն էլ այն ժամանակ վտանգավոր էին համարել։ Անցյալ տարի ես առաջարկում էի Ստեպան Տրոֆիմովիչին՝ պոեմը տպագրել, մեր ժամանակներում դրա լիակատար անվնասության համար, սակայն նա մերժեց առաջարկությունն ակնհայտ դժգոհությամբ։ Լիակատար անվնասության մասին կարծիքը նրան դուր չէր եկել, և ես անգամ դրան եմ վերագրում ամբողջ երկու ամիս շարունակվող որոշ սառնությունն իմ հանդեպ։ Իսկ հետո՞։ Հանկարծակի, համարյա հենց այն ժամանակ, երբ առաջարկում էի տպագրել այստեղ, մեր պոեմը տպագրեցին այնտեղ, այսինքն՝ արտասահմանում, հեղափոխական ժողովածուներից մեկում, միանգամայն առանց Ստեպան Տրոֆիմովիչի գիտության։ Սկզբում նա վախեցած էր, իրեն գցեց նահանգապետի մոտ և ազնվագույն, արդարացնող նամակ գրեց Պետերբուրգ, երկու անգամ կարդաց ինձ, բայց չուղարկեց, չիմանալով ում հասցեգրել։ Միով բանիվ, հուզմունքի մեջ էր ամբողջ մի ամիս, բայց ես համոզված եմ, որ սրտի խորհրդավոր գաղտնարաններում արտակարգ շոյված էր։ Համարյա թե քնում էր ժողովածուի՝ իրեն հասած օրինակի հետ, իսկ ցերեկը թաքցնում ներքնակի տակ և նույնիսկ թույլ չէր տալիս աղախնին՝ շտկել անկողինը, ու թեև ամեն օր ինչ-որ հեռագրի էր սպասում ինչ-որ տեղից, բայց վերևից էր նայում։ Ոչ մի հեռագիր չեկավ։ Այդ ժամանակ էլ նա հաշտվեց ինձ հետ, ինչ վկայում է նրա խաղաղ ու անհիշաչար սրտի չափազանց բարությունը։

II

Ես չեմ էլ հաստատում, թե նա ամենևին չի տուժել ոչ մի կերպ։ Սոսկ լիովին համոզվել եմ հիմա, որ նա կարող էր իր արաբացիների մասին շարունակել, որքան կամենար, միայն հարկավոր բացատրությունները տալով։ Բայց այն ժամանակ նա ինքնաժխտվեց և առանձնահատուկ շտապողականությամբ սկսեց մեկընդմիշտ հավատացնել իրեն, որ իր կարիերան խորտակված է ամբողջ կյանքում՝ «հանգամանքների հողմով»։ Իսկ եթե ամբողջ ճշմարտությունն ասենք, ապա կարիերայի փոփոխման պատճառը Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի՝ գեներալ-լեյտենանտի կնոջ ու երևելի հարուստի դեռևս նախկինում արված և կրկնված շատ նրբանկատ առաջարկությունն էր՝ ստանձնել նրա միակ որդու դաստիարակումը և մտավոր ամբողջ զարգացումը, որպես բարձրագույն մանկավարժ և բարեկամ, էլ չասած արդեն փայլուն վարձատրության մասին։ Այդ առաջարկությունն առաջին անգամ նրան արվել էր դեռևս Բեռլինում, հենց նույն այն ժամանակ, երբ առաջին անգամ ամուրիացել էր։ Նրա առաջին կինը թեթևամիտ մի աղջիկ էր մեր նահանգից, ում հետ ամուսնացել էր իր ամենավաղ և ամենախոհեմ երիտասարդության շրջանում ու այդ, ի դեպ, գրավիչ կնոջ հետ կրել ահագին վիշտ, կնոջը պահելու միջոցների սակավության, դրան ավելացրած այլ, մասամբ արդեն նրբաբնույթ պատճառներով։ Կինը վախճանվել էր Փարիզում՝ վերջին երեք տարում նրանից բաժանված ու նրան թողնելով հնգամյա որդուն՝ «անդրանիկ, բերկրալի ու դեռևս չմթագնված սիրո պտուղը», ինչպես մի անգամ իմ ներկայությամբ, թռավ տրտմած Ստեպան Տրոֆիմովիչի բերանից։ Փոքրիկին հենց սկզբից տեղափոխեցին Ռուսաստան, ուր նա ամբողջ ժամանակ դաստիարակվում էր հեռավոր ինչ-ինչ ազգականուհիների ձեռքի տակ, երկրի խորքում, ինչ-որ տեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը մերժեց Վարվառա Պետրովնայի՝ այն ժամանակվա առաջարկը և նույնիսկ տարին չլրացած, նորից շտապ ամուսնացավ՝ բեռլինաբնակ չխոսկան մի գերմանուհու հետ և գլխավորը՝ առանց որևէ հատուկ անհրաժեշտության։ Սակայն, բացի դրանից, դաստիարակի տեղից հրաժարվելու այլ պատճառներ էլ կային․ նրան գայթակղեց անմոռաց մի պրոֆեսորի՝ այն ժամանակ թնդացող փառքն ու նա, իր հերթին, թռավ ամբիոն, որին պատրաստվում էր՝ արծվի իր թևերը ևս փորձելու համար։ Եվ ահա հիմա, խանձված թևերով, բնականաբար, հիշեց առաջարկը, որ նախկինում էլ էր տատանում նրա որոշումը։ Իսկ երկրորդ կնոջ հանկարծակի մահը, որը մի տարի էլ չապրեց նրա հետ, ամեն ինչ վերջնականորեն դասավորեց։ Ուղղակի ասեմ, ամեն ինչ լուծվեց նրա հանդեպ Վարվառա Պետրովնայի բոցավառ կարեկցանքով և թանկագին, այսպես ասած, դասական բարեկամությամբ, եթե կարելի է այդպես արտահայտվել բարեկամության մասին։ Նա նետվեց այդ բարեկամության գիրկը, և բանն ամրացավ ավելի քան քսան տարով։ Ես օգտագործեցի «նետվեց գիրկը» արտահայտությունը, բայց Աստված չանի, մեկնումեկը մտածի ավելորդ ու պարապ որևիցե բան. այդ գիրկը պիտի հասկանալ լոկ ամենաբարձր բարոյական իմաստով։ Ամենամեղմ ու նրբագույն կապ էր միացնում երկու այդչափ հիանալի էակներին առհավետ։ Դաստիարակի տեղն ընդունվել էր նաև այն պատճառով, որ Ստեպան Տրոֆիմովիչի առաջին կնոջից հետո մնացած շատ փոքր կալվածքը Սկվորնեշնիկիի՝ մեր նահանգում Ստավրո-գինների մերձքաղաքային հոյակապ կալվածքի ճիշտ կողքին էր։ Դրանով միշտ էլ հնարավոր էր, աշխատասենյակի անդորրի մեջ և արդեն չշեղվելով համալսարանական հսկայական պարապմունքներով, իրեն նվիրաբերել գիտական գործին և հայրենական բանասիրությունը հարստացնել խորագույն ուսումնասիրություններով։ Ուսումնասիրություններ չհայտնվեցին, փոխարենը հնարավոր դարձավ մնացած ամբողջ կյանքը, ավելի քան քսան տարի, մնալ կանգնած, այսպես ասած, «մարմնավորված կշտամբանքի պես» հայրենիքի դեմ, ժողովրդական բանաստեղծի արտահայտությամբ.

Հանց կշտամբանք մարմնավորված,
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դու, իդեալիստ-ագատական,
Կանգնած էիր դեմ հայրենյաց։

Սակայն անձը, ում մասին ասել է ժողովրդական բանաստեղծը, գուցեև իրավունք ուներ ամբողջ կյանքում կեցվածք ընդունել այդ իմաստով, եթե կամենար, թեև ձանձրալի բան է դա։ Իսկ մեր Ստեպան Տրոֆիմովիչը, ճշմարիտն ասած, նման անձանց համեմատությամբ սոսկ նմանեցնող էր, ու կանգնելուց էլ հաճախ հոգնում էր ու պառկում կողքի։ Բայց թեև պառկում էր կողքի, կշտամբանքի մարմնավորումը պահպանվում էր նաև պառկած դիրքում, ճշմարտացի պիտի լինել, առավել ևս, որ նահանգում դա էլ էր բավական։ Տեսնեիք հապա նրան մեզ մոտ, ակումբում, երբ նստում էր թուղթ խաղալու։ Նրա ամբողջ տեսքն ասում էր. «Խաղաթղթե՜ր։ Ես նստում եմ ձեզ հետ՝ երալա՜շ խաղալու։ Մի՞թե համատեղելի է դա։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Ո՞վ փշրեց իմ գործունեությունը և դարձրեց դա երալաշ։ Է՜, կործանվես դու, Ոուսաստան»,― ու վեհատեսք շպրտում էր փոսիկի հաղթաթուղթը։

Իսկ ճշմարիտն ասած, անչափ սիրում էր թուղթ խաղալ, ինչի համար էլ, վերջին ժամանակներս, հաճախակի և տհաճ բախումներ էր ունենում Վարվառա Պետրովնայի հետ, առավել ևս, որ մշտապես տանուլ էր տալիս։ Բայց այդ մասին՝ հետո։ Նշեմ սոսկ, որ նա նույնիսկ խղճամիտ մարդ էր (այսինքն՝ երբեմն), ուստիև հաճախ էր տրտմում։ Վարվառա Պետրովնայի հետ ամբողջ քսանամյա բարեկամության ընթացքում տարեկան երեքական կամ չորսական անգամ պարբերաբար ընկնում էր, ինչպես մեր մեջ էինք ասում, «քաղաքացիական վշտի», ասել է թե՝ պարզապես սևամաղձության մեջ, սակայն այս բառը դուր էր գալիս մեծարգո Վարվառա Պետրովնային։ Հետագայում, քաղաքացիական վշտից զատ, նա սկսեց ընկնել նաև շամպայնի մեջ, բայց նրբազգաց Վարվառա Պետրովնան ամբողջ կյանքում պահպանում էր նրան բոլոր տափակ հակումներից։ Ասենք, նա կարիքն էլ ուներ դայակի, որովհետև երբեմն իրեն շատ տարօրինակ էր պահում, ամենավերին վշտի կեսին հանկարծ կսկսեր ծիծաղել ամենահասարակ գեղջկական ձևով։ Լինում էին րոպեներ, երբ անգամ ինքն իր մասին սկսում էր արտահայտվել հումորիստական իմաստով։ Սակայն Վարվառա Պետրովնան ոչնչից այնպես չէր վախենում, ինչպես հումորիստական իմաստից։ Դա մի կին-դասական էր, կին-մեկենասուհի, որ գործում էր սոսկ միայն վերին նկատառումներով։ Հիմնավոր էր այդ բարձրադիրք տիկնոջ քսանամյա ազդեցությունն իր խեղճ բարեկամի վրա։ Նրա մասին հարկ է առանձին խոսել, ինչև ես կանեմ։

III

Տարօրինակ բարեկամություններ են լինում․ երկու բարեկամ մեկը մյուսին համարյա հոշոտել են ուզում, ամբողջ կյանքն այդպես ապրում, իսկ բաժանվել չեն կարողանում։ Նույնիսկ ոչ մի կերպ չի կարելի բաժանվել, կամակորություն դրսևորած և կապը խզած բարեկամը հենց առաջինը կհիվանդանա ու թերևս կմեռնի, եթե մահը գա։ Ես հաստատապես գիտեմ, որ Ստեպան Տրոֆիմովիչը մի քանի անգամ և երբեմն էլ Վարվառա Պետրովնայի հետ ամենամտերմիկ, ակնդեմ զեղումներից հետո, նրա գնալուն պես հանկարծ վեր էր ցատկում բազմոցից և սկսում բռունցքներով խփել պատին։ Կատարվում էր դա առանց նվազագույն այլաբանության, նույնիսկ այնպես, որ մի անգամ պատից ծեփ պոկվեց։ Գուցեև հարցնեն, ինչպե՞ս կարող եմ իմանալ նման նուրբ մանրամաս։ Իսկ ի՞նչ, եթե ինքս եմ ներկա եղել։ Ի՞նչ, եթե Ստեպան Տրոֆիմովիչն ինքը բազմիցս հեծկլտացել է իմ ուսին՝ իմ առաջ վառ գույներով նկարագրելով իր բոլոր խորագույն գաղտնիքները։ (Եվ ինչե՜ր չի ասել այդ ժամանակ)։ Բայց ահա թե ինչ էր կատարվում համարյա միշտ, այդ հեծկլտոցներից հետո, հաջորդ օրը նա պատրաստ էր արդեն ինքն իրեն խաչ հանել՝ անշնորհակալության համար, հապշտապ ինձ կկանչեր մոտը, կամ ինքը կգար վազեվազ, միայն ազդարարելու համար, որ Վարվառա Պետրովնան «պատվի և նրբազգացության հրեշտակ է, իսկ ինքը միանգամայն հակառակը»։ Նա ոչ միայն գալիս էր ինձ մոտ, այլև բազմիցս այդ ամենը նկարագրում նրան՝ շատ պերճախոս նամակներում և խոստովանում, իր լրիվ ստորագրությամբ, որ ոչ ուշ, քան, ասենք, երեկ ինքը կողմնակի մի անձնավորության պատմել է, որ Վարվառա Պետրովնան պահում է իրեն սնափառությունից, նախանձում է իր ուսյալությանը և տաղանդներին։ Ատում է իրեն և վախենում լոկ արտահայտել ատելությունը բացեիբաց, երկյուղից, որպեսզի ինքը չհեռանա նրանից ու դրանով չվնասի նրա գրական վարկին, որ ի հետևանք դրա, ինքն իրեն ատում է ու վճռել է բռնի մահով մեռնել, իսկ նրանից սպասում է վերջին խոսքին, որն ամեն ինչ կորոշի, և այլն, և այլն, այսպես շարունակ։ Դրանից հետո կարելի է պատկերացնել, թե երբեմն ի՜նչ հիստերիկայի էին հասնում հիսնամյա բոլոր մանկիկներից անմեղագույնի նյարդային պոռթկումները։ Ինքս եմ մի անգամ կարդացել նրա այդօրինակ նամակներից մեկը, նրանց միջև ինչ-որ վիճաբանությունից հետո՝ պատճառով աննշան, բայց կատարմամբ թունալի։ Ես սարսափեցի և աղաչեցի չուղարկել նամակը։

Նրանց միջև տարբերությունը հենց այն էր, որ Վարվառա Պետրովնան երբեք նման նամակ չէր ուղարկի։ Ճիշտ է, Ստեպան Տրոֆիմովիչը գրել սիրում էր խելքից դուրս, նամակներ էր գրում, նույնիսկ նրա հետ նույն տան մեջ ապրելով, իսկ հիստերիկ դեպքերում նաև օրվա մեջ երկու նամակ։ Ես հաստատ գիտեմ, որ նա ամենաուշադիր կերպով կարդում էր այդ նամակները, նույնիսկ օրեկան երկու նամակի դեպքում, կարդալուց հետո էլ դնում հատուկ արկղիկի մեջ՝ նշումներով ու տեսակավորված, բացի դրանից իր սրտի մեջ էլ էր պահում։ Հետո, անպատասխան թողնելով իր բարեկամին ամբողջ օրը, հանդիպում էր նրան, ասես ոչինչ չէր եղել, ասես երեկ ոչնչից ոչինչ չէր կատարվել։ Կամաց-կամաց նա այնպես վարժեցրեց Ստեպան Տրոֆիմովիչին, որ վերջինս արդեն չէր համարձակվում հիշեցնել երեկվանը, այլ միայն նրա աչքերին էր նայում որոշ ժամանակ։ Կինը ոչինչ չէր մոռանում, իսկ նա մոռանում էր, երբեմն էլ շատ շուտով, և խրախուսված նրա իսկ հանգստությամբ, հաճախ հենց նույն օրը ծիծաղում էր ու իրեն աշակերտավարի պահում շամպայնի գավաթի շուրջ, եթե մտերիմներ էին գալիս։ Ի՜նչ թունալի հայացքով պիտի որ նայեր նրան Վարվառա Պետրովնան այդ րոպեներին, իսկ նա ոչինչ էլ չէր նկատում։ Թերևս մեկ շաբաթ, մեկ ամիս, կամ նույնիսկ մեկ տարի անց, մի որևէ առանձնահատուկ պահի, անակնկալ հիշելով որևէ հատված այդօրինակ նամակից, ապաև ամբողջ նամակը, բոլոր հանգամանքներով հանդերձ, նա հանկարծ այրվում էր ամոթից ու մեկ-մեկ այն աստիճան տանջվում, որ հիվանդանում էր խոլերինայի իր նոպաներով։ Դրա նման առանձնահատուկ նոպաները որոշ դեպքերում նրա նյարդային ցնցումների սովորական հետևանքներն էին և իրենցից ներկայացնում էին որոշ առումով հետաքրքրական արատավորություն նրա մարմնի մեջ։

Հիրավի, Վարվառա Պետրովնան, հավանորեն, բավական հաճախ էր նրան ատում, բայց Ստեպան Տրոֆիմովիչը մի բան միայն չնկատեց նրա մեջ մինչև վերջ, այն, որ կնոջ համար վերջապես դարձել է նրա զավակը, նրա ստեղծածը, նույնիսկ, կարելի է ասել, նրա հորինվածքը, դարձել է նրա մարմնի մասնիկը և որ նա պահում ու վարձատրում է իրեն ոչ միայն «տաղանդների հանդեպ նախանձից»։ Եվ ինչպե՜ս պիտի Վարվառա Պետրովնան վիրավորված լիներ այդպիսի ենթադրություններից։ Վերջինիս մեջ թաքնված էր ինչ-որ անդիմանալի սեր նրա նկատմամբ, շարունակական առավելության, խանդի և արհամարհանքի արանքում։ Նա պաշտպանում էր Ստեպան Տրոֆիմովիչին փոշու հատիկից անգամ, քսաներկու տարի դայակություն անում, գիշերներ շարունակ չէր քնի հոգսերից, եթե գործը վերաբերեր բանաստեղծի, գիտնականի, քաղաքական գործչի նրա վարկին։ Նա հորինել էր նրան ու իր հորինվածքին առաջինն էլ հավատացել։ Ստեպան Տրոֆիմովիչն ինչ-որ երազանքի պես բան էր նրա համար․․․ Բայց դրա փոխարեն նրանից պահանջում էր իսկապես շատ բան, երբեմն նույնիսկ ստրկություն։ Հիշաչար էր անհավանականության աստիճան։ Տեղին է երկու պատմություն անել։

IV

Մի անգամ, դեռևս գյուղացիների ազատագրման առաջին լուրերի հետ, երբ համայն Ռուսիան հանկարծ ցնծաց ու պատրաստվում էր ամբողջովին վերածնվել, ճանապարհի վրա Վարվառա Պետրովնային այցելեց պետերբուրգյան մի բարոն, ամենավերին կապեր ունեցող և գործին շատ մոտ կանգնած մեկը։ Վարվառա Պետրովնան չափից ավելի էր գնահատում այդպիսի այցելությունները, որովհետև ամուսնու մահից հետո բարձրաշխարհիկ հասարակության մեջ նրա կապերը գնալով ավելի ու ավելի էին թուլանում, իսկ վերջում բոլորովին կտրվեցին։ Բարոնը նրա մոտ նստեց մի ժամ ու թեյ խմեց։ Ուրիշ ոչ ոք չկար, բայց Ստեպան Տրոֆիմովիչին Վարվառա Պետրովնան հրավիրել էր ու ներկայացրել։ Բարոնը նրա մասին ինչ-որ բան լսել էր, կամ ձևացնում էր, թե լսել է, սակայն թեյելիս քիչ էր դիմում նրան։ Ստեպան Տրոֆիմովիչը, հարկավ, չէր կարող սևերես մնալ, ու նրա շարժուձևն էլ էր խիստ նրբավար։ Թեև կարծեմ, բարձր ծագում չուներ, բայց ստացվել էր այնպես, որ շատ փոքր հասակից դաստիարակվել էր երևելի մի տան մեջ, Մոսկվայում, ուրեմնև՝ հարկը պատշաճին։ Ֆրանսերեն էր խոսում փարիզեցու նման։ Այդպիսով, բարոնն առաջին հայացքից պիտի հասկանար, թե ինչ մարդկանցով է շրջապատում իրեն Վարվառա Պետրովնան, թեկուզև նահանգային իր առանձնացածության մեջ։ Այնինչ, այդպես չեղավ։ Երբ բարոնը դրականապես հաստատեց մեծ ռեֆորմի մասին այն ժամանակ նոր-նոր տարածվող առաջին լուրերի կատարյալ հավաստիությունը, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ չդիմացավ և _ուռա_ բղավեց, նույնիսկ ձեռքով էլ ցնծություն արտահայտող ինչ-որ շարժում արեց։ Բղավեց նա ոչ բարձր, և անգամ նրբահունչ, գուցեև նույնիսկ ցնծությունն էր կանխամտածված, իսկ շարժումը՝ դիտավորյալ սերտած հայելու առաջ՝ թեյելուց կես ժամ առաջ։ Բայց, ըստ երևույթին, մի բան այնպես չէր եղել, այնպես որ բարոնն իրեն թույլ տվեց հազիվ-հազ ժպտալ, թեև տեղնուտեղը արտասավոր նրբավարությամբ մի նախադասություն ագուցեց համայն ռուսաց սրտերի համընդհանուր և պատշաճին խանդաղատանքի մասին՝ մեծ իրադարձության առիթով։ Հետո շուտով մեկնեց և մեկնելիս չմոռացավ Ստեպան Տրոֆիմովիչին էլ պարզել երկու մատը։ Ետ գալով հյուրասենյակ՝ Վարվառա Պետրովնան լուռ մնաց երկու-երեք րոպե իբր ինչ-որ բան փնտրելով սեղանի վրա։ Բայց հանկարծ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին և գույնը գցած, բոցկլտացող աչքերով, շշնջաց ատամների արանքից.

― Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա։

Հաջորդ օրը նա հանդիպեց իր բարեկամին, ասես ոչինչ չէր եղել, կատարվածի մասին նա երբեք չէր հիշում։ Սակայն տասներեք տարի անց, ողբերգական մի պահի, վերհիշեց ու կշտամբեց նրան, ու ճիշտ նույնպես գույնը գցեց, ինչպես տասներեք տարի առաջ, երբ առաջին անգամ էր կշտամբել։ Կյանքում միայն երկու անգամ էր նա ասել. «Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա»։ Բարոնի հետ կապված դեպքն արդեն երկրորդն էր, բայց առաջին դեպքը նույնպես շատ բնութագրական է, իր հերթին, և կարծեմ, այնքան շատ բան էր նշանակում Ստեպան Տրոֆիմովիչի ճակատագրում, որ վճռեցի դա էլ հիշատակել։

Դա եղել էր հիսունհինգ թվականին, գարնանը, մայիս ամսին, հենց այն բանից հետո, երբ Սկվորեշնիկիում ստացվել էր գեներալ-լեյտենանտ Ստավրոգինի վախճանվելու լուրը՝ թեթևամիտ ծերուկ էր, վախճանվել էր ստամոքսի խանգարումից, Ղրիմ գնալու ճանապարհին, ուր շտապում էր հասնել գործող բանակ՝ նշանակման վայրը։ Վարվառա Պետրովնան այրի մնաց ու կատարյալ սուգ պահեց։ Ճիշտ է, նա չէր կարող շատ վշտանալ, քանզի վերջին չորս տարին միանգամայն բաժան էր ապրում ամուսնուց՝ բնավորությունների անհամատեղելիության պատճառով, և ապրուստադրամ ուղարկում նրան։ (Գեներալ-լեյտենանտն ընդամենը հարյուր հիսուն շունչ և իր ռոճիկն ուներ, բացի դրանից, մեծազարմություն ու կապեր, իսկ ամբողջ հարստությունը և Սկվորեշնիկին պատկանում էին Վարվառա Պետրովնային՝ շատ հարուստ կապալառուի միակ դստերը)։ Այդուհանդերձ, նա ցնցված էր բոթի անսպասելիությամբ և կատարյալ միայնության անցավ։ Իհարկե, Ստեպան Տրոֆիմովիչը նրա մոտ էր լինում անբաժան։

Լիուլի փթթում էր մայիսը, զարմանալի երեկոներ էին լինում։ Ծաղկել էր թխկենին։ Երկու բարեկամներն ամեն երեկո հանդիպում էին այգում, մինչև գիշեր նստում տաղավարում՝ միմյանց առաջ զեղելով զգացմունքներ և մտքեր։ Բանաստեղծական պահեր էին լինում։ Վարվառա Պետրովնան իր ճակատագրի փոփոխության տպավորության տակ խոսում էր սովորականից ավելի։ Նա կարծես փարվել էր իր բարեկամի սրտին, և այդպես շարունակվեց մի քանի երեկո։ Տարօրինակ մի միտք ցոլաց հանկարծ Ստեպան Տրոֆիմովիչի ուղեղում. «Անսփոփ այրին նկատի չունի՞ արդյոք իրեն և սգո տարվա վերջում, արդյոք առաջարկություն չի՞ սպասում իր կողմից»։ Ցինիկ միտք է, բայց չէ որ կառուցվածքի վսեմությունը նույնիսկ երբեմն նպաստում է հակվածությանը ցինիկ մտքերին, բայց արդեն սոսկ զարգացման բազմակողմանիությունից։ Նա սկսեց խորամուխ լինել և գտավ, որ նման է դրան։ Մտքերի մեջ ընկավ․ «Ճիշտ է, վիթխարի ունեցվածք է, բայց...»։ Իրոք, Վարվառա Պետրովնան ամենևին նման չէր գեղեցկուհու, բարձրահասակ, դեղնամաշկ, ոսկրոտ կին էր, չափից ավելի երկարուկ դեմքով՝ ձիական ինչ-որ բան հիշեցնող։ Ավելի ու ավելի էր տատանվում Ստեպան Տրոֆիմովիչը, տանջվում երկմտություններից, նույնիսկ մի երկու անգամ փղձկաց անվճռականությունից (լալիս էր նա բավական հաճախ)։ Իսկ երեկոները, այսինքն՝ տաղավարում, նրա դեմքը մի տեսակ ակամա սկսեց արտահայտել կամակոր ու ծաղրական ինչ-որ բան՝ սեթևեթ ու միաժամանակ գոռոզամիտ։ Դա մի տեսակ ոչ-դիտավորյալ, ակամա է արվում, և նույնիսկ որքան ավելի վեհանձն է մարդը, այնքան ավելի է նկատելի։ Աստված գիտե, թե ինչ կարելի է մտածել այստեղ, բայց ավելի հավանական է, որ Վարվառա Պետրովնայի սրտում նման բան չէր էլ արթնացել, ինչը կարող էր լիովին արդարացնել Ստեպան Տրոֆիմովիչի կասկածները։ Ու չէր էլ փոխի նա իր Ստավրոգինա ազգանունը թեկուզև այդչափ փառավոր ազգանունով։ Գուցեև ընդամենը սոսկ կանացի խաղ կար նրա կողմից, կանացի չգիտակցված պահանջմունքի դրսևորում, այնքան բնական առանձին արտակարգ կնոջական պարագաներին։ Թեև չեմ հաստատում, կնոջ սրտի խորքն անքննելի է նույնիսկ մինչև օրս։ Բայց՝ շարունակեմ։

Պետք է մտածել, որ իր համար նա շուտով կռահել էր բարեկամի դեմքի տարօրինակ արտահայտությունը։ Նա դյուրազգաց էր և դիտողունակ, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը՝ երբեմն չափից ավելի միամիտ։ Սակայն երեկոներն ընթանում էին առաջվա պես, և զրույցները նույնչափ բանաստեղծական էին ու հետաքրքիր։ Եվ ահա, մի անգամ, երբ վրա հասավ գիշերը, ամենաաշխույժ և բանաստեղծական զրույցից հետո, նրանք բարեկամաբար հրաժեշտ տվեցին՝ ջերմորեն միմյանց ձեռք սեղմելով կողաշենքի առմուտքի մոտ, ուր բնակվում էր Ստեպան Տրոֆիմովիչը։ Ամեն ամառ նա տեղափոխվում էր այդ փոքր կողաշենքը՝ կանգնած համարյա այգու մեջ՝ Սկվորեշնիկիի տիրունական տանը կպած։ Նա նոր էր մտել իր սենյակը, հոգսառատ մտորումներով, սիգար էր վերցրել ու չէր հասցրել վառել, հոգնած ու անշարժ կանգնել բաց պատուհանի առաջ՝ նայելով պարզկա լուսնի շուրջ սահող փետրանման, ճերմակ ամպերին, երբ հանկարծ թեթևակի մի շրշյուն ստիպեց նրան ցնցվել ու շրջվել։ Նրա դիմաց նորից կանգնած էր Վարվառա Պետրովնան, ում թողել էր ընդամենը չորս րոպե առաջ։ Նրա դեղին դեմքը համարյա կապտած էր, շրթունքները՝ սեղմված ու ծայրերը թրթռում էին։ Ամբողջ տասը վայրկյան լուռ նայում էր նրա աչքերին հաստատուն, անողոք հայացքով և հանկարծ շուտասելուկով շշնջաց.

― Այս մի բանը ես երբեք չեմ մոռանա։

Երբ արդեն տասը տարի անց, Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր հայտնում այդ տրտում պատմությունը շշնջաձայն, նախապես փակելով դռները, երդվեց ինձ, որ այնպես քարացավ տեղում այն ժամանակ, որ չլսեց ու չտեսավ, թե ինչպես անհետացավ Վարվառա Պետրովնան։ Քանի որ նա երբեք կատարվածի մասին հետագայում ոչ մի անգամ չակնարկեց Ստեպան Տրոֆիմովիչին և ամեն ինչ ընթացավ, ասես ոչինչ էլ չէր եղել, ապա ինքն ամբողջ կյանքում հակված էր մտածել, որ այդ ամենը սոսկ տեսլապատրանք էր՝ հիվանդությունից առաջ, առավել ևս, որ հենց այդ գիշեր հիվանդացավ ամբողջ երկու շաբաթով, ինչը, ի դեպ, դադարեցրեց նաև տեսակցությունները տաղավարում։

Սակայն, չնայած տեսլապատրանքի մասին իր անուրջին, ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում նա կարծես սպասում էր շարունակությանը և, այսպես ասած, դիպվածի հանգուցալուծմանը։ Նա չէր հավատում, որ այդպես էլ վերջացավ։ Եվ եթե այդպես է, ապա երբեմն ինքն էլ տարօրինակ պիտի նայեր իր բարեկամին։

V

Վարվառա Պետրովնան անձամբ հորինեց նույնիսկ նրա կոստյումը, որով նա անցկացրեց ամբողջ կյանքը։ Նրբագեղ ու բնութագրական կոստյում էր. երկարափեշ սև սերթուկ, համարյա մինչև վերջ կոճկված, սակայն պճնամոլավարի նստած վրան, տափակ, լայնեզր շլյապա (ամռանը՝ ծղոտե), փողկապը ճերմակ էր, բատիստե, խոշոր հանգույցներով ու կախ ծայրերով, ձեռնափայտը՝ արծաթյա գլխիկով, դրա հետ մեկտեղ՝ մազերը հասած ուսերին։ Նա մուգ խարտիշահեր էր, և մազերը միայն վերջին ժամանակներս էին սկսել թեթևակի ճերմակել։ Բեղ ու մորուքը սափրում էր։ Ասում են, որ երիտասարդ տարիներին նա արտակարգ գեղեցկադեմ է եղել։ Բայց, իմ կարծիքով, ծերության օրերին էլ արտակարգ տպավորիչ էր։ Ու ի՞նչ ծերություն՝ հիսուներեք տարեկանում։ Բայց քաղաքացիական ինչ-ինչ սեթևեթանքից դրդված, ոչ միայն երիտասարդ չէր երևցնում իրեն, այլ կարծես պարծենում էր տարիների պատկառելիությամբ, ու իր կոստյումով, բարձրահասակ ու չորչորուկ, ուսերին իջնող մազերով նմանվում էր ասես պատրիարքի, կամ, ավելի ճիշտ, բանաստեղծ Կուկոլնիկի՝ երեսնական թվականների մի հրատարակման մեջ վիմատիպ դիմանկարին, առանձնապես, երբ ամռանը նստում էր այգում, նստարանին, ծաղկած եղրևանու թփի տակ՝ երկու ձեռքով կռթնած ձեռնափայտին, բաց գիրքը կողքին և բանաստեղծական մտորումներով արևամուտին հետևելիս։ Գրքերի կապակցությամբ նշեմ, որ վերջում նա սկսեց մի տեսակ հեռանալ ընթերցումից։ Ի դեպ, դա եղավ ամենավերջում։ Վարվառա Պետրովնան բազմաթիվ թերթեր ու ամսագրեր էր ստանում, որոնք նա կարդում էր մշտապես։ Ռուս գրականության հաջողություններով նույնպես միշտ հետաքրքրվում էր՝ թեև ամենևին չկորցնելով իր արժանապատվությունը։ Մի ժամանակ այն է, հափշտակվեց մեր ներքին ու արտաքին գործերի արդիական բարձրագույն քաղաքականության ուսումնասիրմամբ, սակայն շուտով թափ տվեց ձեռքը, թողեց ձեռնարկումը։ Այսպես էլ էր լինում, իր հետ այգի էր վերցնում Տոկևիլի գիրքը, իսկ գրպանում թաքցրած ուներ Պոլ դը Կոկ։ Բայց, իմիջիայլոց, դա դատարկ բան էր։

Փակագծերում նշեմ նաև Կուկոլնիկի դիմանկարի մասին․ այդ նկարն առաջին անգամ Վարվառա Պետրովնայի ձեռքն էր ընկել, երբ նա, դեռևս աղջնակ, Մոսկվայում, ազնվազարմ օրիորդաց վարժարանում էր։ Նա անմիջապես սիրահարվեց դիմանկարին, պանսիոնների բոլոր աղջնակների սովորությունների համաձայն, ովքեր սիրահարվում են, ում պատահի, նաև իրենց ուսուցիչներին՝ գերազանցապես վայելչագրության և նկարչության։ Սակայն հետաքրքրական են այստեղ ոչ աղջնակի հատկությունները, այլ որ նույնիսկ հիսուն տարեկան Վարվառա Պետրովնան պահպանել էր այդ նկարը, ի թիվս իր ամենանվիրական գանձերի, այնպես որ գուցեև այդ պատճառով էր Ստեպան Տրոֆիմովիչի համար հորինել պատկերվածին փոքր-ինչ նման կոստյում։ Բայց, իհարկե, սա էլ է դատարկ բան։ Առաջին տարիներին, կամ ավելի ճիշտ՝ Վարվառա Պետրովնայի մոտ մնալու առաջին կեսին, Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս մտմտում էր ինչ-որ ստեղծագործություն և ամեն օր լրջորեն պատրաստվում էր գրել։ Սակայն երկրորդ կեսին պետք է որ եղածն էլ մոռացած լիներ։ Ավելի ու ավելի հաճախ էր ասում մեզ. «Կարծես թե պատրաստ եմ աշխատանքի, նյութերը հավաքված են, բայց ահա, աշխատանք չի ստացվում։ Ոչինչ չի լինում անել», ու վհատված կախում էր գլուխը։ Անկասկած, հենց դա էլ ավելի վեհություն պիտի հաղորդեր նրան մեր աչքում, որպես գիտության տառապյալ, սակայն ինքը մի ուրիշ բան էր կամենում։ «Մոռացել են ինձ, ես ոչ ոքի պետք չեմ»,― քանիցս թռել է նրա բերանից։ Այս սաստկացած մելամաղձությունն առանձնապես տիրեց նրան հիսնական թվականների ամենավերջում։ Վարվառա Պետրովնան հասկացավ վերջապես, որ բանը լրջացած է։ Նա չէր էլ կարող համակերպվել այն մտքին, որ իր բարեկամը մոռացված է ու պետք չէ։ Նրան զբաղեցնելու, դրա հետ մեկտեղ փառքը թարմացնելու համար Վարվառա Պետրովնան նրան տարավ Մոսկվա, ուր գրական և գիտական մի քանի ծանոթություններ ուներ, բայց պարզվեց, որ Մոսկվան էլ է անբավարար։

Առանձնահատուկ ժամանակներ էին. մի նոր բան էր երևան եկել, ինչ ամենևին նման չէր նախկին անդորրին, չափից ավելի տարօրինակ, բայցև ամենուրեք, անգամ Սկվորեշնիկիում զգացվող ինչ-որ բան։ Զանազան լուրեր էին պտտվում։ Փաստեր ընդհանրապես հայտնի էին ավելի կամ պակաս չափով, բայց ակնհայտ էր, որ փաստերից բացի, երևան եկան դրանց ուղեկցող ինչ-ինչ գաղափարներ, գլխավորը՝ շատ մեծ քանակությամբ։ Եվ հենց դա էլ շփոթեցնում էր. ոչ մի կերպ հնարավոր չէր հարմարվել ու ստուգապես գիտենալ, թե հատկապես ի՞նչ են նշանակում այդ գաղափարները։ Վարվառա Պետրովնան, իր կանացի բնավորության բերումով, անպայման ցանկանում էր դրանց մեջ գաղտնիք ենթադրել։ Նա ձեռնարկեց անձամբ կարդալ թերթերն ու ամսագրերը, արտասահմանյան արգելված հրապարակումները և նույնիսկ այն ժամանակ նոր-նոր ի հայտ եկած թռուցիկները (այդ ամենը նրան հասցնում էին), բայց դրանից միայն գլուխն էր պտտվում։ Անցավ նամակներ գրելուն, նրան քիչ էին պատասխանում՝ գնալով ավելի ու ավելի անհասկանալի։ Ստեպան Տրոֆիմովիչը հանդիսավորապես հրավիրվեց՝ նրան բացատրելու «բոլոր այդ գաղափարները» մեկընդմիշտ, սակայն նրա բացատրություններից Վարվառա Պետրովնան հաստատ դժգոհ մնաց։ Համընդհանուր շարժման մասին Ստեպան Տրոֆիմովիչը խիստ բարձրամիտ հայացք ուներ, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ ինքը մոռացված է և ոչ մեկին պետք չէ։ Վերջապես, նրան էլ հիշեցին, սկզբում արտասահմանյան հրապարակումներում, որպես աքսորված տառապյալի, հետո էլ անմիջապես Պետերբուրգում, որպես նախկին աստղի՝ հայտնի համաստեղության մեջ, նույնիսկ, չգիտես ինչու, համեմատելով Ռադիշչևի հետ։ Հետո ինչ-որ մեկը տպագրեց, թե նա արդեն մահացել է և մահախոսական խոստացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն հարություն առավ և խիստ պատկառելի կեցվածք ընդունեց։ Ժամանակակիցների մասին նրա հայացքի համակ բարձրամտությունը մեկեն չքվեց, և նրա ներսում երազանք բռնկվեց, հարել շարժմանը և ցույց տալ իր ուժերը։ Վարվառա Պետրովնան անմիջապես վերստին ու ամեն ինչում հավատաց նրան և խիստ իրարանցման մեջ ընկավ։ Վճռվեց Պետերբուրգ գնալ, առանց նվազագույն իսկ հետաձգման, ամեն ինչ իմանալ իրականում, անձամբ խորամուխ լինել և, եթե հնարավոր է, նոր գործունեության մեջ մտնել գլխովին և անմնացորդ։ Իմիջիայլոց, Վարվառա Պետրովնան հայտարարեց, որ պատրաստ է հիմնել իր ամսագիրը և հետայսու դրան նվիրել իր ամբողջ կյանքը։ Տեսնելով, որ բանը նույնիսկ դրան է հասել, Ստեպան Տրոֆիմովիչն ավելի բարձրամիտ դարձավ, իսկ ճանապարհին սկսեց Վարվառա Պետրովնային վերաբերվել համարյա թե հովանավորաբար, ինչև վերջինս իսկույն պահեց սրտում։ Ի դեպ, մեկ ուրիշ, հույժ կարևոր պատճառ էլ ուներ նա մեկնելու, այն է՝ բարձրագույն կապերը վերականգնելը։ Հարկ էր ըստ հնարավորին հիշեցնել իր մասին հասարակությանը, ծայրահեղ դեպքում՝ փորձել։ Իսկ ուղևորության հրապարակային առիթը տեսակցությունն էր միակ որդու հետ, որն այն ժամանակ գիտելիքների դասընթաց էր անցել լիցեյում։