Վերջին թարմացում 17 Փետրվարի 2015, 22:51
Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին․ Ներածականի փոխարեն։ Մի քանի մանրամասն մեծահարգ Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու կենսագրությունից

I

Ձեռնարկելով մինչ այդ ոչնչով աչքի չընկած մեր քաղաքում ոչ վաղուց կատարված և այդչափ տարօրինակ դեպքերի նկարագրումը, իմ անհմտության բերումով, հարկադրված եմ սկսել փոքր-ինչ հեռվից, հենց տաղանդավոր և մեծահարգ Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկու մասին կենսագրական որոշ մանրամասերից։ Թող որ այս մանրամասերը սոսկ ներածական ծառայեն առաջարկվող ժամանակագրությանը, իսկ բուն պատմությունը, որ մտադիր եմ նկարագրել, դեռևս առջևում է *։

Ուղղակի կասեմ. Ստեպան Տրոֆիմովիչը մեր միջև մշտապես խաղում էր որոշակիորեն առանձնահատուկ և, այսպես ասած, քաղաքացիական դեր ու անասելի սիրում էր այդ դերը՝ նույնիսկ այնպես, որ ինձ թվում է, առանց դրա ապրել չէր կարող։ Չէ թե հավասարեցնում եմ նրան թատրոնի դերասանի. Աստված մի արասցե, առավել ևս, որ ինքս եմ հարգում նրան։ Ամբողջ խնդիրն այստեղ կարող է լինել սովորության բան, կամ ավելի լավ է ասել՝ քաղաքացիական մի սիրուն կեցվածքի մասին փոքր հասակից անընդմեջ ու վսեմ, հաճելի երազանք։ Օրինակ, նա չափազանց սիրում էր «հալածյալի» և, այսպես ասած, «աքսորյալի» իր վիճակը։ Այս երկու բառն ունեն յուրահատուկ դասական փայլ, ինչ նրան հրապուրել էր մեկընդմիշտ, և հետագայում աստիճանաբար բարձրացնելով նրան սեփական կարծիքի մեջ՝ այդքան երկար տարիների ընթացքում վերջապես հասցրել էր ինքնասիրության համար բավական բարձր ու դուրեկան մի պատվանդանի։ Անցյալ հարյուրամյակի անգլիական երգիծական մի վեպում ոմն Գուլիվեր՝ վերադառնալով լիլիպուտների երկրից, ուր մարդիկ ընդամենը երկու վերշոկ հասակ ունեին, այն աստիճան էր ընտելացել նրանց մեջ իրեն հսկա համարելուն, որ քայլելով Լոնդոնի փողոցներում՝ ակամա բղավում էր անցորդների և կառքերի վրա, որ իր առաջից թեքվեն և զգուշանան, որպեսզի հանկարծ չտրորի նրանց՝ երևակայելով, թե ինքը դեռևս հսկա է, իսկ մյուսները՝ փոքրամարմին։ Այդ պատճառով նրա վրա ծիծաղում էին ու նախատում, իսկ կոշտուկոպիտ կառապանները նույնիսկ մտրակով շրմփացնում էին հսկային, բայց արդարացի՞ է արդյոք։ Ի՞նչ չի անի սովորությունը։ Սովորությունը նույնին էր հանգեցրել նաև Ստեպան Տրոֆիմովիչին, սակայն էլ ավելի անմեղ ու անվնաս կերպով, եթե կարելի է այսպես արտահայտվել, քանի որ սքանչելիագույն մարդ էր։

Ես նույնիսկ այնպես եմ մտածում, որ վերջում նրան բոլորն ու ամենուրեք մոռացել էին, բայց ոչ մի կերպ ասել չի լինի, թե նախկինում ևս ամենևին չգիտեին։ Անառարկելի է, որ նա նույնպես որոշ ժամանակ պատկանել է մեր անցած սերնդի փառաբանված գործիչների նշանավոր փաղանգին և մի ժամանակ էլ,― ի դեպ, լոկ մի փոքր ժամանակահատված,― նրա անունն այն օրերի շտապող շատ մարդիկ արտասանել են համարյա թե Չաադաևի, Բելինսկու, Գրանովսկու և այն ժամանակ արտասահմանում նոր-նոր սկսող Գերցենի անունների կողքին։ Բայց Ատեպան Տրոֆիմովիչի գործունեությունն ավարտվեց համարյա հենց սկսված պահից, այսպես ասած, «առկա հանգամանքների հողմից»։ Եվ ի՞նչ։ Ոչ միայն «հողմ», այլ նույնիսկ «հանգամանքներ» էլ հետո չհայտնվեցին, համենայն դեպս՝ այս պարագային։ Միայն նոր, օրերս իմացա, ի մեծագույն զարմանս, բայց արդեն կատարյալ հավաստիությամբ, որ Ստեպան Տրոֆիմովիչն ապրել է մեր մեջ, մեր նահանգում, ոչ միայն ոչ որպես աքսորյալ, ինչպես ընդունված էր կարծել մեզանում, այլ նույնիսկ և ոչ մի հսկողության տակ երբեք չէր եղել։ Սրանից հետո էլ ի՜նչ ասես սեփական երևակայության ուժին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անկեղծորեն հավատում էր, որ իրենից երկյուղում են որոշ ոլորտներում, որ իր քայլերն անընդմեջ հայտնի են ու հաշվված և որ վերջին քսան տարում երեք անգամ փոփոխված նահանգապետներից յուրաքանչյուրը՝ գալով նահանգը կառավարելու, նրա մասին ինչ-ինչ հատուկ և հոգսաշատ միտք է բերել իր հետ արդեն, ներշնչված վերևից ու ամենից առաջ, նահանգն իրեն հանձնելիս։ Այն ժամանակ մեկնումեկը եթե հավատացներ ազնվագույն Ստեպան Տրոֆիմովիչին անառարկելի ապացույցներով, որ ինքն ամենևին ոչինչ չունի երկյուղելու, նա անպայման կվիրավորվեր։ Այնինչ, չէ որ նա շատ խելացի և շատ շնորհալի մարդ էր, նույնիսկ, այսպես ասած, գիտության մարդ, թեև, ի դեպ, գիտության մեջ... Է՜, մի խոսքով գիտության մեջ այնքան էլ բան չէր արել և կարծեմ թե, ամենևին ոչինչ։ Սակայն չէ որ մեզ մոտ՝ Ռուսիայում, դա համատարած երևույթ է։

Նա վերադարձել էր արտասահմանից և որպես դասախոս փայլել համալսարանի ամբիոնին, արդեն քառասնական թվականների ամենավերջում։ Եվ հասցրել էր միայն մի քանի դասախոսություն կարդալ, կարծեմ, արաբացիների մասին, հասցրել էր նույնպես փայլուն դիսերտացիա պաշտպանել գերմանական փոքր Գանաու քաղաքի քաղաքացիական և հանզայական առաջացող նշանակության մասին, 1413 և 1428 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, դրա հետ մեկտեղ և այն առանձնահատուկ ու անհստակ պատճառների մասին, թե ինչու այդ նշանակությունն ամենևին չկայացավ։ Այդ դիսերտացիան ճարպկորեն ու ցավագին խայթեց այն ժամանակվա սլավոնապաշտներին և միանգամից դրեց նրան բազմաքանակ ու կատաղած թշնամիների արանքում։ Հետագայում, ի դեպ, ամբիոնն արդեն կորցնելուց հետո, նա (այսպես ասած, ի հատուցումն ու՝ որ ցույց տա, թե ում են կորցրել նրանք) Դիկենսից թարգմանություններ անող և Ժորժ Սանդ քարոզող ամենամսյա առաջադեմ մի ամսագրում հասցրեց տպագրել խորագույն մի հետազոտության սկիզբը, կարծեմ այս-այս դարաշրջանում ինչ-ինչ ասպետների բարոյական անսովոր վեհանձնության պատճառների մասին, կամ դրա նման մի բան։ Համենայն դեպս, արծարծվում էր ինչ-որ վերին ու արտակարգ ազնիվ միտք։ Ասում էին հետագայում, թե հետազոտության շարունակությունը հապշտապ արգելվել է և որ առաջադեմ ամսագիրը նույնիսկ տուժել է առաջին կեսը տպագրելու համար։ Շատ էլ կարող է պատահել, որովհետև այն ժամանակ ի՞նչ չէր լինում։ Սակայն տվյալ դեպքում ավելի հավանական է, որ ոչինչ չէր եղել և որ հեղինակն ինքն էր ծուլացել ավարտել հետազոտությունը։ Իսկ արաբացիների մասին դասախոսությունները նա դադարեցրեց, որովհետև ինչ-որ եղանակով մեկի ձեռքն էր ընկել (ակներևաբար, նրա հետադեմ ախոյաններից) մեկ ուրիշին ուղղված նամակը՝ ինչ-որ «հանգամանքների» շարադրանքով, ի հետևանք ինչի ինչ-որ մեկը նրանից ինչ-ինչ բացատրություններ էր պահանջել։ Չգիտեմ, ճիշտ է արդյոք, բայց պնդում էին նաև, որ հենց այդ նույն ժամանակ Պետերբուրգում հետևել-բռնել էին վիթխարի, հակաբնական և հակապետական տասներեք հոգուց բաղկացած մի միություն, որը քիչ էր մնացել սասաներ կառույցը։ Ասում էին, որ իբր նրանք խմբվել էին թարգմանելու իրեն իսկ՝ Ֆուրյեին։ Կարծես դիտավորյալ, հենց նույն ժամանակ Մոսկվայում բռնել էին նաև Ստեպան Տրոֆիմովիչի պոեմը՝ գրված դրանից դեռևս վեցը տարի առաջ, Բեռլինում, վաղ ջահելության շրջանում, և որը ձեռքից ձեռք էր անցել ձեռագիր վիճակում երկու սիրողների և մի ուսանողի միջև։ Այդ պոեմը հիմա նաև իմ դարակում է դրված, ես դա ստացել եմ ոչ ուշ, քան անցյալ տարի, Ստեպան Տրոֆիմովիչից, միանգամայն վերջերս իր իսկ ձեռքով արտագրած, նրա մակագրությամբ և կարմիր սեկե հոյակապ կազմով։ Ի դեպ, պոեզիայից և նույնիսկ որոշ տաղանդից զուրկ գործ չէ, տարօրինակ, բայց այն ժամանակ (այսինքն, ավելի ճիշտ, երեսնական թվականներին) նման եղանակով հաճախ էին գրոտում։ Իսկ սյուժեն պատմել դժվարանում եմ, քանզի, ճշմարիտն ասած, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ-որ այլաբանություն է՝ քնարական-դրամատիկ ձևով և հիշեցնում է «Ֆաուստի» երկրորդ մասը։ Բեմը բացվում է կանանց խմբերգով, հետո տղամարդկանց խմբերգն է, ապա՝ ինչ-ինչ ուժերի, ամենից վերջում խմբերգն է հոգիների, որոնք դեռևս չեն ապրել, բայց ովքեր շատ կուզեին ապրել։ Բոլոր այդ խմբերը երգում են շատ անորոշ մի բանի մասին, առավելապես՝ ինչ-որ մեկի նզովքի, սակայն բարձրագույն հումորի երանգով։ Սակայն բեմը հանկարծակի փոխվում է, և վրա է հասնում ինչ-որ «Կյանքի տոնախմբություն», որտեղ երգում են նույնիսկ միջատները, հայտնվում է կրիան՝ լատինական ինչ-որ նվիրական բառերով, և նույնիսկ, եթե հիշում եմ, ինչ-որ բան երգեց միներալը, այսինքն՝ բոլորովին անշունչ առարկա։ Իսկ ընդհանրապես, բոլորը երգում են անընդմեջ, եթե խոսում էլ են, ապա անորոշ կռվշտում, բայցև դարձյալ վերին նշանակության երանգով։ Վերջապես, բեմը նորից է փոխվում, ու երևում է վայրի մի տեղ, ուր ժայռերի մեջ թափառում է մի երիտասարդ, որը պոկոտում ու ծծում է ինչ-որ խոտեր, և վհուկի հարցին, թե ինչո՞ւ է ծծում այդ խոտերը, պատասխան է տալիս, թե իր ներսում կենսահորդություն զգալով՝ մոռացում է փնտրում ու գտնում է դա խոտերի հյութի մեջ, բայց որ իր գլխավոր ցանկությունը՝ խելքը շուտուփույթ թռցնելն է (թերևս, ավելորդ մի ցանկություն)։ Հետո հանկարծ, սևաթույր ձիով բեմ է արշավում աննկարագրելի գեղեցկության տեր մի պատանի, ու նրա հետևից՝ բոլոր ժողովուրղների ահավոր բազմությունը։ Պատանին իրենով ներկայացնում է մահը, իսկ բոլոր ժողովուրդները մահվան են ծարավի։ Եվ վերջապես, արդեն ամենավերջին տեսարանում հայտնվում է Բաբելոնի աշտարակը, և ինչ-որ ատլետներ ի վերջո կառուցում֊ավարտում են շինությունը՝ նոր հուսո երգն ասելով, և երբ արդեն կառուցում են մինչև կատարը, ապա ենթադրենք թե Օլիմպոսի տիրակալը փախչում է ծաղրական տեսքով, ու գլխի ընկած մարդկությունը, տիրանալով այդ վայրին, տեղնուտեղը նոր կյանք է սկսում՝ իրերի խորքը նոր թափանցմամբ։ Եվ ահա, հենց այս պոեմն էլ այն ժամանակ վտանգավոր էին համարել։ Անցյալ տարի ես առաջարկում էի Ստեպան Տրոֆիմովիչին՝ պոեմը տպագրել, մեր ժամանակներում դրա լիակատար անվնասության համար, սակայն նա մերժեց առաջարկությունն ակնհայտ դժգոհությամբ։ Լիակատար անվնասության մասին կարծիքը նրան դուր չէր եկել, և ես անգամ դրան եմ վերագրում ամբողջ երկու ամիս շարունակվող որոշ սառնությունն իմ հանդեպ։ Իսկ հետո՞։ Հանկարծակի, համարյա հենց այն ժամանակ, երբ առաջարկում էի տպագրել այստեղ, մեր պոեմը տպագրեցին այնտեղ, այսինքն՝ արտասահմանում, հեղափոխական ժողովածուներից մեկում, միանգամայն առանց Ստեպան Տրոֆիմովիչի գիտության։ Սկզբում նա վախեցած էր, իրեն գցեց նահանգապետի մոտ և ազնվագույն, արդարացնող նամակ գրեց Պետերբուրգ, երկու անգամ կարդաց ինձ, բայց չուղարկեց, չիմանալով ում հասցեգրել։ Միով բանիվ, հուզմունքի մեջ էր ամբողջ մի ամիս, բայց ես համոզված եմ, որ սրտի խորհրդավոր գաղտնարաններում արտակարգ շոյված էր։ Համարյա թե քնում էր ժողովածուի՝ իրեն հասած օրինակի հետ, իսկ ցերեկը թաքցնում ներքնակի տակ և նույնիսկ թույլ չէր տալիս աղախնին՝ շտկել անկողինը, ու թեև ամեն օր ինչ-որ հեռագրի էր սպասում ինչ-որ տեղից, բայց վերևից էր նայում։ Ոչ մի հեռագիր չեկավ։ Այդ ժամանակ էլ նա հաշտվեց ինձ հետ, ինչ վկայում է նրա խաղաղ ու անհիշաչար սրտի չափազանց բարությունը։

II

Ես չեմ էլ հաստատում, թե նա ամենևին չի տուժել ոչ մի կերպ։ Սոսկ լիովին համոզվել եմ հիմա, որ նա կարող էր իր արաբացիների մասին շարունակել, որքան կամենար, միայն հարկավոր բացատրությունները տալով։ Բայց այն ժամանակ նա ինքնաժխտվեց և առանձնահատուկ շտապողականությամբ սկսեց մեկընդմիշտ հավատացնել իրեն, որ իր կարիերան խորտակված է ամբողջ կյանքում՝ «հանգամանքների հողմով»։ Իսկ եթե ամբողջ ճշմարտությունն ասենք, ապա կարիերայի փոփոխման պատճառը Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի՝ գեներալ-լեյտենանտի կնոջ ու երևելի հարուստի դեռևս նախկինում արված և կրկնված շատ նրբանկատ առաջարկությունն էր՝ ստանձնել նրա միակ որդու դաստիարակումը և մտավոր ամբողջ զարգացումը, որպես բարձրագույն մանկավարժ և բարեկամ, էլ չասած արդեն փայլուն վարձատրության մասին։ Այդ առաջարկությունն առաջին անգամ նրան արվել էր դեռևս Բեռլինում, հենց նույն այն ժամանակ, երբ առաջին անգամ ամուրիացել էր։ Նրա առաջին կինը թեթևամիտ մի աղջիկ էր մեր նահանգից, ում հետ ամուսնացել էր իր ամենավաղ և ամենախոհեմ երիտասարդության շրջանում ու այդ, ի դեպ, գրավիչ կնոջ հետ կրել ահագին վիշտ, կնոջը պահելու միջոցների սակավության, դրան ավելացրած այլ, մասամբ արդեն նրբաբնույթ պատճառներով։ Կինը վախճանվել էր Փարիզում՝ վերջին երեք տարում նրանից բաժանված ու նրան թողնելով հնգամյա որդուն՝ «անդրանիկ, բերկրալի ու դեռևս չմթագնված սիրո պտուղը», ինչպես մի անգամ իմ ներկայությամբ, թռավ տրտմած Ստեպան Տրոֆիմովիչի բերանից։ Փոքրիկին հենց սկզբից տեղափոխեցին Ռուսաստան, ուր նա ամբողջ ժամանակ դաստիարակվում էր հեռավոր ինչ-ինչ ազգականուհիների ձեռքի տակ, երկրի խորքում, ինչ-որ տեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը մերժեց Վարվառա Պետրովնայի՝ այն ժամանակվա առաջարկը և նույնիսկ տարին չլրացած, նորից շտապ ամուսնացավ՝ բեռլինաբնակ չխոսկան մի գերմանուհու հետ և գլխավորը՝ առանց որևէ հատուկ անհրաժեշտության։ Սակայն, բացի դրանից, դաստիարակի տեղից հրաժարվելու այլ պատճառներ էլ կային․ նրան գայթակղեց անմոռաց մի պրոֆեսորի՝ այն ժամանակ թնդացող փառքն ու նա, իր հերթին, թռավ ամբիոն, որին պատրաստվում էր՝ արծվի իր թևերը ևս փորձելու համար։ Եվ ահա հիմա, խանձված թևերով, բնականաբար, հիշեց առաջարկը, որ նախկինում էլ էր տատանում նրա որոշումը։ Իսկ երկրորդ կնոջ հանկարծակի մահը, որը մի տարի էլ չապրեց նրա հետ, ամեն ինչ վերջնականորեն դասավորեց։ Ուղղակի ասեմ, ամեն ինչ լուծվեց նրա հանդեպ Վարվառա Պետրովնայի բոցավառ կարեկցանքով և թանկագին, այսպես ասած, դասական բարեկամությամբ, եթե կարելի է այդպես արտահայտվել բարեկամության մասին։ Նա նետվեց այդ բարեկամության գիրկը, և բանն ամրացավ ավելի քան քսան տարով։ Ես օգտագործեցի «նետվեց գիրկը» արտահայտությունը, բայց Աստված չանի, մեկնումեկը մտածի ավելորդ ու պարապ որևիցե բան. այդ գիրկը պիտի հասկանալ լոկ ամենաբարձր բարոյական իմաստով։ Ամենամեղմ ու նրբագույն կապ էր միացնում երկու այդչափ հիանալի էակներին առհավետ։ Դաստիարակի տեղն ընդունվել էր նաև այն պատճառով, որ Ստեպան Տրոֆիմովիչի առաջին կնոջից հետո մնացած շատ փոքր կալվածքը Սկվորնեշնիկիի՝ մեր նահանգում Ստավրո-գինների մերձքաղաքային հոյակապ կալվածքի ճիշտ կողքին էր։ Դրանով միշտ էլ հնարավոր էր, աշխատասենյակի անդորրի մեջ և արդեն չշեղվելով համալսարանական հսկայական պարապմունքներով, իրեն նվիրաբերել գիտական գործին և հայրենական բանասիրությունը հարստացնել խորագույն ուսումնասիրություններով։ Ուսումնասիրություններ չհայտնվեցին, փոխարենը հնարավոր դարձավ մնացած ամբողջ կյանքը, ավելի քան քսան տարի, մնալ կանգնած, այսպես ասած, «մարմնավորված կշտամբանքի պես» հայրենիքի դեմ, ժողովրդական բանաստեղծի արտահայտությամբ.

Հանց կշտամբանք մարմնավորված,
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Դու, իդեալիստ-ագատական,
Կանգնած էիր դեմ հայրենյաց։

Սակայն անձը, ում մասին ասել է ժողովրդական բանաստեղծը, գուցեև իրավունք ուներ ամբողջ կյանքում կեցվածք ընդունել այդ իմաստով, եթե կամենար, թեև ձանձրալի բան է դա։ Իսկ մեր Ստեպան Տրոֆիմովիչը, ճշմարիտն ասած, նման անձանց համեմատությամբ սոսկ նմանեցնող էր, ու կանգնելուց էլ հաճախ հոգնում էր ու պառկում կողքի։ Բայց թեև պառկում էր կողքի, կշտամբանքի մարմնավորումը պահպանվում էր նաև պառկած դիրքում, ճշմարտացի պիտի լինել, առավել ևս, որ նահանգում դա էլ էր բավական։ Տեսնեիք հապա նրան մեզ մոտ, ակումբում, երբ նստում էր թուղթ խաղալու։ Նրա ամբողջ տեսքն ասում էր. «Խաղաթղթե՜ր։ Ես նստում եմ ձեզ հետ՝ երալա՜շ խաղալու։ Մի՞թե համատեղելի է դա։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Ո՞վ փշրեց իմ գործունեությունը և դարձրեց դա երալաշ։ Է՜, կործանվես դու, Ոուսաստան»,― ու վեհատեսք շպրտում էր փոսիկի հաղթաթուղթը։

Իսկ ճշմարիտն ասած, անչափ սիրում էր թուղթ խաղալ, ինչի համար էլ, վերջին ժամանակներս, հաճախակի և տհաճ բախումներ էր ունենում Վարվառա Պետրովնայի հետ, առավել ևս, որ մշտապես տանուլ էր տալիս։ Բայց այդ մասին՝ հետո։ Նշեմ սոսկ, որ նա նույնիսկ խղճամիտ մարդ էր (այսինքն՝ երբեմն), ուստիև հաճախ էր տրտմում։ Վարվառա Պետրովնայի հետ ամբողջ քսանամյա բարեկամության ընթացքում տարեկան երեքական կամ չորսական անգամ պարբերաբար ընկնում էր, ինչպես մեր մեջ էինք ասում, «քաղաքացիական վշտի», ասել է թե՝ պարզապես սևամաղձության մեջ, սակայն այս բառը դուր էր գալիս մեծարգո Վարվառա Պետրովնային։ Հետագայում, քաղաքացիական վշտից զատ, նա սկսեց ընկնել նաև շամպայնի մեջ, բայց նրբազգաց Վարվառա Պետրովնան ամբողջ կյանքում պահպանում էր նրան բոլոր տափակ հակումներից։ Ասենք, նա կարիքն էլ ուներ դայակի, որովհետև երբեմն իրեն շատ տարօրինակ էր պահում, ամենավերին վշտի կեսին հանկարծ կսկսեր ծիծաղել ամենահասարակ գեղջկական ձևով։ Լինում էին րոպեներ, երբ անգամ ինքն իր մասին սկսում էր արտահայտվել հումորիստական իմաստով։ Սակայն Վարվառա Պետրովնան ոչնչից այնպես չէր վախենում, ինչպես հումորիստական իմաստից։ Դա մի կին-դասական էր, կին-մեկենասուհի, որ գործում էր սոսկ միայն վերին նկատառումներով։ Հիմնավոր էր այդ բարձրադիրք տիկնոջ քսանամյա ազդեցությունն իր խեղճ բարեկամի վրա։ Նրա մասին հարկ է առանձին խոսել, ինչև ես կանեմ։

III

Տարօրինակ բարեկամություններ են լինում․ երկու բարեկամ մեկը մյուսին համարյա հոշոտել են ուզում, ամբողջ կյանքն այդպես ապրում, իսկ բաժանվել չեն կարողանում։ Նույնիսկ ոչ մի կերպ չի կարելի բաժանվել, կամակորություն դրսևորած և կապը խզած բարեկամը հենց առաջինը կհիվանդանա ու թերևս կմեռնի, եթե մահը գա։ Ես հաստատապես գիտեմ, որ Ստեպան Տրոֆիմովիչը մի քանի անգամ և երբեմն էլ Վարվառա Պետրովնայի հետ ամենամտերմիկ, ակնդեմ զեղումներից հետո, նրա գնալուն պես հանկարծ վեր էր ցատկում բազմոցից և սկսում բռունցքներով խփել պատին։ Կատարվում էր դա առանց նվազագույն այլաբանության, նույնիսկ այնպես, որ մի անգամ պատից ծեփ պոկվեց։ Գուցեև հարցնեն, ինչպե՞ս կարող եմ իմանալ նման նուրբ մանրամաս։ Իսկ ի՞նչ, եթե ինքս եմ ներկա եղել։ Ի՞նչ, եթե Ստեպան Տրոֆիմովիչն ինքը բազմիցս հեծկլտացել է իմ ուսին՝ իմ առաջ վառ գույներով նկարագրելով իր բոլոր խորագույն գաղտնիքները։ (Եվ ինչե՜ր չի ասել այդ ժամանակ)։ Բայց ահա թե ինչ էր կատարվում համարյա միշտ, այդ հեծկլտոցներից հետո, հաջորդ օրը նա պատրաստ էր արդեն ինքն իրեն խաչ հանել՝ անշնորհակալության համար, հապշտապ ինձ կկանչեր մոտը, կամ ինքը կգար վազեվազ, միայն ազդարարելու համար, որ Վարվառա Պետրովնան «պատվի և նրբազգացության հրեշտակ է, իսկ ինքը միանգամայն հակառակը»։ Նա ոչ միայն գալիս էր ինձ մոտ, այլև բազմիցս այդ ամենը նկարագրում նրան՝ շատ պերճախոս նամակներում և խոստովանում, իր լրիվ ստորագրությամբ, որ ոչ ուշ, քան, ասենք, երեկ ինքը կողմնակի մի անձնավորության պատմել է, որ Վարվառա Պետրովնան պահում է իրեն սնափառությունից, նախանձում է իր ուսյալությանը և տաղանդներին։ Ատում է իրեն և վախենում լոկ արտահայտել ատելությունը բացեիբաց, երկյուղից, որպեսզի ինքը չհեռանա նրանից ու դրանով չվնասի նրա գրական վարկին, որ ի հետևանք դրա, ինքն իրեն ատում է ու վճռել է բռնի մահով մեռնել, իսկ նրանից սպասում է վերջին խոսքին, որն ամեն ինչ կորոշի, և այլն, և այլն, այսպես շարունակ։ Դրանից հետո կարելի է պատկերացնել, թե երբեմն ի՜նչ հիստերիկայի էին հասնում հիսնամյա բոլոր մանկիկներից անմեղագույնի նյարդային պոռթկումները։ Ինքս եմ մի անգամ կարդացել նրա այդօրինակ նամակներից մեկը, նրանց միջև ինչ-որ վիճաբանությունից հետո՝ պատճառով աննշան, բայց կատարմամբ թունալի։ Ես սարսափեցի և աղաչեցի չուղարկել նամակը։

Նրանց միջև տարբերությունը հենց այն էր, որ Վարվառա Պետրովնան երբեք նման նամակ չէր ուղարկի։ Ճիշտ է, Ստեպան Տրոֆիմովիչը գրել սիրում էր խելքից դուրս, նամակներ էր գրում, նույնիսկ նրա հետ նույն տան մեջ ապրելով, իսկ հիստերիկ դեպքերում նաև օրվա մեջ երկու նամակ։ Ես հաստատ գիտեմ, որ նա ամենաուշադիր կերպով կարդում էր այդ նամակները, նույնիսկ օրեկան երկու նամակի դեպքում, կարդալուց հետո էլ դնում հատուկ արկղիկի մեջ՝ նշումներով ու տեսակավորված, բացի դրանից իր սրտի մեջ էլ էր պահում։ Հետո, անպատասխան թողնելով իր բարեկամին ամբողջ օրը, հանդիպում էր նրան, ասես ոչինչ չէր եղել, ասես երեկ ոչնչից ոչինչ չէր կատարվել։ Կամաց-կամաց նա այնպես վարժեցրեց Ստեպան Տրոֆիմովիչին, որ վերջինս արդեն չէր համարձակվում հիշեցնել երեկվանը, այլ միայն նրա աչքերին էր նայում որոշ ժամանակ։ Կինը ոչինչ չէր մոռանում, իսկ նա մոռանում էր, երբեմն էլ շատ շուտով, և խրախուսված նրա իսկ հանգստությամբ, հաճախ հենց նույն օրը ծիծաղում էր ու իրեն աշակերտավարի պահում շամպայնի գավաթի շուրջ, եթե մտերիմներ էին գալիս։ Ի՜նչ թունալի հայացքով պիտի որ նայեր նրան Վարվառա Պետրովնան այդ րոպեներին, իսկ նա ոչինչ էլ չէր նկատում։ Թերևս մեկ շաբաթ, մեկ ամիս, կամ նույնիսկ մեկ տարի անց, մի որևէ առանձնահատուկ պահի, անակնկալ հիշելով որևէ հատված այդօրինակ նամակից, ապաև ամբողջ նամակը, բոլոր հանգամանքներով հանդերձ, նա հանկարծ այրվում էր ամոթից ու մեկ-մեկ այն աստիճան տանջվում, որ հիվանդանում էր խոլերինայի իր նոպաներով։ Դրա նման առանձնահատուկ նոպաները որոշ դեպքերում նրա նյարդային ցնցումների սովորական հետևանքներն էին և իրենցից ներկայացնում էին որոշ առումով հետաքրքրական արատավորություն նրա մարմնի մեջ։

Հիրավի, Վարվառա Պետրովնան, հավանորեն, բավական հաճախ էր նրան ատում, բայց Ստեպան Տրոֆիմովիչը մի բան միայն չնկատեց նրա մեջ մինչև վերջ, այն, որ կնոջ համար վերջապես դարձել է նրա զավակը, նրա ստեղծածը, նույնիսկ, կարելի է ասել, նրա հորինվածքը, դարձել է նրա մարմնի մասնիկը և որ նա պահում ու վարձատրում է իրեն ոչ միայն «տաղանդների հանդեպ նախանձից»։ Եվ ինչպե՜ս պիտի Վարվառա Պետրովնան վիրավորված լիներ այդպիսի ենթադրություններից։ Վերջինիս մեջ թաքնված էր ինչ-որ անդիմանալի սեր նրա նկատմամբ, շարունակական առավելության, խանդի և արհամարհանքի արանքում։ Նա պաշտպանում էր Ստեպան Տրոֆիմովիչին փոշու հատիկից անգամ, քսաներկու տարի դայակություն անում, գիշերներ շարունակ չէր քնի հոգսերից, եթե գործը վերաբերեր բանաստեղծի, գիտնականի, քաղաքական գործչի նրա վարկին։ Նա հորինել էր նրան ու իր հորինվածքին առաջինն էլ հավատացել։ Ստեպան Տրոֆիմովիչն ինչ-որ երազանքի պես բան էր նրա համար․․․ Բայց դրա փոխարեն նրանից պահանջում էր իսկապես շատ բան, երբեմն նույնիսկ ստրկություն։ Հիշաչար էր անհավանականության աստիճան։ Տեղին է երկու պատմություն անել։

IV

Մի անգամ, դեռևս գյուղացիների ազատագրման առաջին լուրերի հետ, երբ համայն Ռուսիան հանկարծ ցնծաց ու պատրաստվում էր ամբողջովին վերածնվել, ճանապարհի վրա Վարվառա Պետրովնային այցելեց պետերբուրգյան մի բարոն, ամենավերին կապեր ունեցող և գործին շատ մոտ կանգնած մեկը։ Վարվառա Պետրովնան չափից ավելի էր գնահատում այդպիսի այցելությունները, որովհետև ամուսնու մահից հետո բարձրաշխարհիկ հասարակության մեջ նրա կապերը գնալով ավելի ու ավելի էին թուլանում, իսկ վերջում բոլորովին կտրվեցին։ Բարոնը նրա մոտ նստեց մի ժամ ու թեյ խմեց։ Ուրիշ ոչ ոք չկար, բայց Ստեպան Տրոֆիմովիչին Վարվառա Պետրովնան հրավիրել էր ու ներկայացրել։ Բարոնը նրա մասին ինչ-որ բան լսել էր, կամ ձևացնում էր, թե լսել է, սակայն թեյելիս քիչ էր դիմում նրան։ Ստեպան Տրոֆիմովիչը, հարկավ, չէր կարող սևերես մնալ, ու նրա շարժուձևն էլ էր խիստ նրբավար։ Թեև կարծեմ, բարձր ծագում չուներ, բայց ստացվել էր այնպես, որ շատ փոքր հասակից դաստիարակվել էր երևելի մի տան մեջ, Մոսկվայում, ուրեմնև՝ հարկը պատշաճին։ Ֆրանսերեն էր խոսում փարիզեցու նման։ Այդպիսով, բարոնն առաջին հայացքից պիտի հասկանար, թե ինչ մարդկանցով է շրջապատում իրեն Վարվառա Պետրովնան, թեկուզև նահանգային իր առանձնացածության մեջ։ Այնինչ, այդպես չեղավ։ Երբ բարոնը դրականապես հաստատեց մեծ ռեֆորմի մասին այն ժամանակ նոր-նոր տարածվող առաջին լուրերի կատարյալ հավաստիությունը, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ չդիմացավ և _ուռա_ բղավեց, նույնիսկ ձեռքով էլ ցնծություն արտահայտող ինչ-որ շարժում արեց։ Բղավեց նա ոչ բարձր, և անգամ նրբահունչ, գուցեև նույնիսկ ցնծությունն էր կանխամտածված, իսկ շարժումը՝ դիտավորյալ սերտած հայելու առաջ՝ թեյելուց կես ժամ առաջ։ Բայց, ըստ երևույթին, մի բան այնպես չէր եղել, այնպես որ բարոնն իրեն թույլ տվեց հազիվ-հազ ժպտալ, թեև տեղնուտեղը արտասավոր նրբավարությամբ մի նախադասություն ագուցեց համայն ռուսաց սրտերի համընդհանուր և պատշաճին խանդաղատանքի մասին՝ մեծ իրադարձության առիթով։ Հետո շուտով մեկնեց և մեկնելիս չմոռացավ Ստեպան Տրոֆիմովիչին էլ պարզել երկու մատը։ Ետ գալով հյուրասենյակ՝ Վարվառա Պետրովնան լուռ մնաց երկու-երեք րոպե իբր ինչ-որ բան փնտրելով սեղանի վրա։ Բայց հանկարծ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին և գույնը գցած, բոցկլտացող աչքերով, շշնջաց ատամների արանքից.

― Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա։

Հաջորդ օրը նա հանդիպեց իր բարեկամին, ասես ոչինչ չէր եղել, կատարվածի մասին նա երբեք չէր հիշում։ Սակայն տասներեք տարի անց, ողբերգական մի պահի, վերհիշեց ու կշտամբեց նրան, ու ճիշտ նույնպես գույնը գցեց, ինչպես տասներեք տարի առաջ, երբ առաջին անգամ էր կշտամբել։ Կյանքում միայն երկու անգամ էր նա ասել. «Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա»։ Բարոնի հետ կապված դեպքն արդեն երկրորդն էր, բայց առաջին դեպքը նույնպես շատ բնութագրական է, իր հերթին, և կարծեմ, այնքան շատ բան էր նշանակում Ստեպան Տրոֆիմովիչի ճակատագրում, որ վճռեցի դա էլ հիշատակել։

Դա եղել էր հիսունհինգ թվականին, գարնանը, մայիս ամսին, հենց այն բանից հետո, երբ Սկվորեշնիկիում ստացվել էր գեներալ-լեյտենանտ Ստավրոգինի վախճանվելու լուրը՝ թեթևամիտ ծերուկ էր, վախճանվել էր ստամոքսի խանգարումից, Ղրիմ գնալու ճանապարհին, ուր շտապում էր հասնել գործող բանակ՝ նշանակման վայրը։ Վարվառա Պետրովնան այրի մնաց ու կատարյալ սուգ պահեց։ Ճիշտ է, նա չէր կարող շատ վշտանալ, քանզի վերջին չորս տարին միանգամայն բաժան էր ապրում ամուսնուց՝ բնավորությունների անհամատեղելիության պատճառով, և ապրուստադրամ ուղարկում նրան։ (Գեներալ-լեյտենանտն ընդամենը հարյուր հիսուն շունչ և իր ռոճիկն ուներ, բացի դրանից, մեծազարմություն ու կապեր, իսկ ամբողջ հարստությունը և Սկվորեշնիկին պատկանում էին Վարվառա Պետրովնային՝ շատ հարուստ կապալառուի միակ դստերը)։ Այդուհանդերձ, նա ցնցված էր բոթի անսպասելիությամբ և կատարյալ միայնության անցավ։ Իհարկե, Ստեպան Տրոֆիմովիչը նրա մոտ էր լինում անբաժան։

Լիուլի փթթում էր մայիսը, զարմանալի երեկոներ էին լինում։ Ծաղկել էր թխկենին։ Երկու բարեկամներն ամեն երեկո հանդիպում էին այգում, մինչև գիշեր նստում տաղավարում՝ միմյանց առաջ զեղելով զգացմունքներ և մտքեր։ Բանաստեղծական պահեր էին լինում։ Վարվառա Պետրովնան իր ճակատագրի փոփոխության տպավորության տակ խոսում էր սովորականից ավելի։ Նա կարծես փարվել էր իր բարեկամի սրտին, և այդպես շարունակվեց մի քանի երեկո։ Տարօրինակ մի միտք ցոլաց հանկարծ Ստեպան Տրոֆիմովիչի ուղեղում. «Անսփոփ այրին նկատի չունի՞ արդյոք իրեն և սգո տարվա վերջում, արդյոք առաջարկություն չի՞ սպասում իր կողմից»։ Ցինիկ միտք է, բայց չէ որ կառուցվածքի վսեմությունը նույնիսկ երբեմն նպաստում է հակվածությանը ցինիկ մտքերին, բայց արդեն սոսկ զարգացման բազմակողմանիությունից։ Նա սկսեց խորամուխ լինել և գտավ, որ նման է դրան։ Մտքերի մեջ ընկավ․ «Ճիշտ է, վիթխարի ունեցվածք է, բայց...»։ Իրոք, Վարվառա Պետրովնան ամենևին նման չէր գեղեցկուհու, բարձրահասակ, դեղնամաշկ, ոսկրոտ կին էր, չափից ավելի երկարուկ դեմքով՝ ձիական ինչ-որ բան հիշեցնող։ Ավելի ու ավելի էր տատանվում Ստեպան Տրոֆիմովիչը, տանջվում երկմտություններից, նույնիսկ մի երկու անգամ փղձկաց անվճռականությունից (լալիս էր նա բավական հաճախ)։ Իսկ երեկոները, այսինքն՝ տաղավարում, նրա դեմքը մի տեսակ ակամա սկսեց արտահայտել կամակոր ու ծաղրական ինչ-որ բան՝ սեթևեթ ու միաժամանակ գոռոզամիտ։ Դա մի տեսակ ոչ-դիտավորյալ, ակամա է արվում, և նույնիսկ որքան ավելի վեհանձն է մարդը, այնքան ավելի է նկատելի։ Աստված գիտե, թե ինչ կարելի է մտածել այստեղ, բայց ավելի հավանական է, որ Վարվառա Պետրովնայի սրտում նման բան չէր էլ արթնացել, ինչը կարող էր լիովին արդարացնել Ստեպան Տրոֆիմովիչի կասկածները։ Ու չէր էլ փոխի նա իր Ստավրոգինա ազգանունը թեկուզև այդչափ փառավոր ազգանունով։ Գուցեև ընդամենը սոսկ կանացի խաղ կար նրա կողմից, կանացի չգիտակցված պահանջմունքի դրսևորում, այնքան բնական առանձին արտակարգ կնոջական պարագաներին։ Թեև չեմ հաստատում, կնոջ սրտի խորքն անքննելի է նույնիսկ մինչև օրս։ Բայց՝ շարունակեմ։

Պետք է մտածել, որ իր համար նա շուտով կռահել էր բարեկամի դեմքի տարօրինակ արտահայտությունը։ Նա դյուրազգաց էր և դիտողունակ, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը՝ երբեմն չափից ավելի միամիտ։ Սակայն երեկոներն ընթանում էին առաջվա պես, և զրույցները նույնչափ բանաստեղծական էին ու հետաքրքիր։ Եվ ահա, մի անգամ, երբ վրա հասավ գիշերը, ամենաաշխույժ և բանաստեղծական զրույցից հետո, նրանք բարեկամաբար հրաժեշտ տվեցին՝ ջերմորեն միմյանց ձեռք սեղմելով կողաշենքի առմուտքի մոտ, ուր բնակվում էր Ստեպան Տրոֆիմովիչը։ Ամեն ամառ նա տեղափոխվում էր այդ փոքր կողաշենքը՝ կանգնած համարյա այգու մեջ՝ Սկվորեշնիկիի տիրունական տանը կպած։ Նա նոր էր մտել իր սենյակը, հոգսառատ մտորումներով, սիգար էր վերցրել ու չէր հասցրել վառել, հոգնած ու անշարժ կանգնել բաց պատուհանի առաջ՝ նայելով պարզկա լուսնի շուրջ սահող փետրանման, ճերմակ ամպերին, երբ հանկարծ թեթևակի մի շրշյուն ստիպեց նրան ցնցվել ու շրջվել։ Նրա դիմաց նորից կանգնած էր Վարվառա Պետրովնան, ում թողել էր ընդամենը չորս րոպե առաջ։ Նրա դեղին դեմքը համարյա կապտած էր, շրթունքները՝ սեղմված ու ծայրերը թրթռում էին։ Ամբողջ տասը վայրկյան լուռ նայում էր նրա աչքերին հաստատուն, անողոք հայացքով և հանկարծ շուտասելուկով շշնջաց.

― Այս մի բանը ես երբեք չեմ մոռանա։

Երբ արդեն տասը տարի անց, Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր հայտնում այդ տրտում պատմությունը շշնջաձայն, նախապես փակելով դռները, երդվեց ինձ, որ այնպես քարացավ տեղում այն ժամանակ, որ չլսեց ու չտեսավ, թե ինչպես անհետացավ Վարվառա Պետրովնան։ Քանի որ նա երբեք կատարվածի մասին հետագայում ոչ մի անգամ չակնարկեց Ստեպան Տրոֆիմովիչին և ամեն ինչ ընթացավ, ասես ոչինչ էլ չէր եղել, ապա ինքն ամբողջ կյանքում հակված էր մտածել, որ այդ ամենը սոսկ տեսլապատրանք էր՝ հիվանդությունից առաջ, առավել ևս, որ հենց այդ գիշեր հիվանդացավ ամբողջ երկու շաբաթով, ինչը, ի դեպ, դադարեցրեց նաև տեսակցությունները տաղավարում։

Սակայն, չնայած տեսլապատրանքի մասին իր անուրջին, ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում նա կարծես սպասում էր շարունակությանը և, այսպես ասած, դիպվածի հանգուցալուծմանը։ Նա չէր հավատում, որ այդպես էլ վերջացավ։ Եվ եթե այդպես է, ապա երբեմն ինքն էլ տարօրինակ պիտի նայեր իր բարեկամին։

V

Վարվառա Պետրովնան անձամբ հորինեց նույնիսկ նրա կոստյումը, որով նա անցկացրեց ամբողջ կյանքը։ Նրբագեղ ու բնութագրական կոստյում էր. երկարափեշ սև սերթուկ, համարյա մինչև վերջ կոճկված, սակայն պճնամոլավարի նստած վրան, տափակ, լայնեզր շլյապա (ամռանը՝ ծղոտե), փողկապը ճերմակ էր, բատիստե, խոշոր հանգույցներով ու կախ ծայրերով, ձեռնափայտը՝ արծաթյա գլխիկով, դրա հետ մեկտեղ՝ մազերը հասած ուսերին։ Նա մուգ խարտիշահեր էր, և մազերը միայն վերջին ժամանակներս էին սկսել թեթևակի ճերմակել։ Բեղ ու մորուքը սափրում էր։ Ասում են, որ երիտասարդ տարիներին նա արտակարգ գեղեցկադեմ է եղել։ Բայց, իմ կարծիքով, ծերության օրերին էլ արտակարգ տպավորիչ էր։ Ու ի՞նչ ծերություն՝ հիսուներեք տարեկանում։ Բայց քաղաքացիական ինչ-ինչ սեթևեթանքից դրդված, ոչ միայն երիտասարդ չէր երևցնում իրեն, այլ կարծես պարծենում էր տարիների պատկառելիությամբ, ու իր կոստյումով, բարձրահասակ ու չորչորուկ, ուսերին իջնող մազերով նմանվում էր ասես պատրիարքի, կամ, ավելի ճիշտ, բանաստեղծ Կուկոլնիկի՝ երեսնական թվականների մի հրատարակման մեջ վիմատիպ դիմանկարին, առանձնապես, երբ ամռանը նստում էր այգում, նստարանին, ծաղկած եղրևանու թփի տակ՝ երկու ձեռքով կռթնած ձեռնափայտին, բաց գիրքը կողքին և բանաստեղծական մտորումներով արևամուտին հետևելիս։ Գրքերի կապակցությամբ նշեմ, որ վերջում նա սկսեց մի տեսակ հեռանալ ընթերցումից։ Ի դեպ, դա եղավ ամենավերջում։ Վարվառա Պետրովնան բազմաթիվ թերթեր ու ամսագրեր էր ստանում, որոնք նա կարդում էր մշտապես։ Ռուս գրականության հաջողություններով նույնպես միշտ հետաքրքրվում էր՝ թեև ամենևին չկորցնելով իր արժանապատվությունը։ Մի ժամանակ այն է, հափշտակվեց մեր ներքին ու արտաքին գործերի արդիական բարձրագույն քաղաքականության ուսումնասիրմամբ, սակայն շուտով թափ տվեց ձեռքը, թողեց ձեռնարկումը։ Այսպես էլ էր լինում, իր հետ այգի էր վերցնում Տոկևիլի գիրքը, իսկ գրպանում թաքցրած ուներ Պոլ դը Կոկ։ Բայց, իմիջիայլոց, դա դատարկ բան էր։

Փակագծերում նշեմ նաև Կուկոլնիկի դիմանկարի մասին․ այդ նկարն առաջին անգամ Վարվառա Պետրովնայի ձեռքն էր ընկել, երբ նա, դեռևս աղջնակ, Մոսկվայում, ազնվազարմ օրիորդաց վարժարանում էր։ Նա անմիջապես սիրահարվեց դիմանկարին, պանսիոնների բոլոր աղջնակների սովորությունների համաձայն, ովքեր սիրահարվում են, ում պատահի, նաև իրենց ուսուցիչներին՝ գերազանցապես վայելչագրության և նկարչության։ Սակայն հետաքրքրական են այստեղ ոչ աղջնակի հատկությունները, այլ որ նույնիսկ հիսուն տարեկան Վարվառա Պետրովնան պահպանել էր այդ նկարը, ի թիվս իր ամենանվիրական գանձերի, այնպես որ գուցեև այդ պատճառով էր Ստեպան Տրոֆիմովիչի համար հորինել պատկերվածին փոքր-ինչ նման կոստյում։ Բայց, իհարկե, սա էլ է դատարկ բան։ Առաջին տարիներին, կամ ավելի ճիշտ՝ Վարվառա Պետրովնայի մոտ մնալու առաջին կեսին, Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս մտմտում էր ինչ-որ ստեղծագործություն և ամեն օր լրջորեն պատրաստվում էր գրել։ Սակայն երկրորդ կեսին պետք է որ եղածն էլ մոռացած լիներ։ Ավելի ու ավելի հաճախ էր ասում մեզ. «Կարծես թե պատրաստ եմ աշխատանքի, նյութերը հավաքված են, բայց ահա, աշխատանք չի ստացվում։ Ոչինչ չի լինում անել», ու վհատված կախում էր գլուխը։ Անկասկած, հենց դա էլ ավելի վեհություն պիտի հաղորդեր նրան մեր աչքում, որպես գիտության տառապյալ, սակայն ինքը մի ուրիշ բան էր կամենում։ «Մոռացել են ինձ, ես ոչ ոքի պետք չեմ»,― քանիցս թռել է նրա բերանից։ Այս սաստկացած մելամաղձությունն առանձնապես տիրեց նրան հիսնական թվականների ամենավերջում։ Վարվառա Պետրովնան հասկացավ վերջապես, որ բանը լրջացած է։ Նա չէր էլ կարող համակերպվել այն մտքին, որ իր բարեկամը մոռացված է ու պետք չէ։ Նրան զբաղեցնելու, դրա հետ մեկտեղ փառքը թարմացնելու համար Վարվառա Պետրովնան նրան տարավ Մոսկվա, ուր գրական և գիտական մի քանի ծանոթություններ ուներ, բայց պարզվեց, որ Մոսկվան էլ է անբավարար։

Առանձնահատուկ ժամանակներ էին. մի նոր բան էր երևան եկել, ինչ ամենևին նման չէր նախկին անդորրին, չափից ավելի տարօրինակ, բայցև ամենուրեք, անգամ Սկվորեշնիկիում զգացվող ինչ-որ բան։ Զանազան լուրեր էին պտտվում։ Փաստեր ընդհանրապես հայտնի էին ավելի կամ պակաս չափով, բայց ակնհայտ էր, որ փաստերից բացի, երևան եկան դրանց ուղեկցող ինչ-ինչ գաղափարներ, գլխավորը՝ շատ մեծ քանակությամբ։ Եվ հենց դա էլ շփոթեցնում էր. ոչ մի կերպ հնարավոր չէր հարմարվել ու ստուգապես գիտենալ, թե հատկապես ի՞նչ են նշանակում այդ գաղափարները։ Վարվառա Պետրովնան, իր կանացի բնավորության բերումով, անպայման ցանկանում էր դրանց մեջ գաղտնիք ենթադրել։ Նա ձեռնարկեց անձամբ կարդալ թերթերն ու ամսագրերը, արտասահմանյան արգելված հրապարակումները և նույնիսկ այն ժամանակ նոր-նոր ի հայտ եկած թռուցիկները (այդ ամենը նրան հասցնում էին), բայց դրանից միայն գլուխն էր պտտվում։ Անցավ նամակներ գրելուն, նրան քիչ էին պատասխանում՝ գնալով ավելի ու ավելի անհասկանալի։ Ստեպան Տրոֆիմովիչը հանդիսավորապես հրավիրվեց՝ նրան բացատրելու «բոլոր այդ գաղափարները» մեկընդմիշտ, սակայն նրա բացատրություններից Վարվառա Պետրովնան հաստատ դժգոհ մնաց։ Համընդհանուր շարժման մասին Ստեպան Տրոֆիմովիչը խիստ բարձրամիտ հայացք ուներ, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ ինքը մոռացված է և ոչ մեկին պետք չէ։ Վերջապես, նրան էլ հիշեցին, սկզբում արտասահմանյան հրապարակումներում, որպես աքսորված տառապյալի, հետո էլ անմիջապես Պետերբուրգում, որպես նախկին աստղի՝ հայտնի համաստեղության մեջ, նույնիսկ, չգիտես ինչու, համեմատելով Ռադիշչևի հետ։ Հետո ինչ-որ մեկը տպագրեց, թե նա արդեն մահացել է և մահախոսական խոստացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն հարություն առավ և խիստ պատկառելի կեցվածք ընդունեց։ Ժամանակակիցների մասին նրա հայացքի համակ բարձրամտությունը մեկեն չքվեց, և նրա ներսում երազանք բռնկվեց, հարել շարժմանը և ցույց տալ իր ուժերը։ Վարվառա Պետրովնան անմիջապես վերստին ու ամեն ինչում հավատաց նրան և խիստ իրարանցման մեջ ընկավ։ Վճռվեց Պետերբուրգ գնալ, առանց նվազագույն իսկ հետաձգման, ամեն ինչ իմանալ իրականում, անձամբ խորամուխ լինել և, եթե հնարավոր է, նոր գործունեության մեջ մտնել գլխովին և անմնացորդ։ Իմիջիայլոց, Վարվառա Պետրովնան հայտարարեց, որ պատրաստ է հիմնել իր ամսագիրը և հետայսու դրան նվիրել իր ամբողջ կյանքը։ Տեսնելով, որ բանը նույնիսկ դրան է հասել, Ստեպան Տրոֆիմովիչն ավելի բարձրամիտ դարձավ, իսկ ճանապարհին սկսեց Վարվառա Պետրովնային վերաբերվել համարյա թե հովանավորաբար, ինչև վերջինս իսկույն պահեց սրտում։ Ի դեպ, մեկ ուրիշ, հույժ կարևոր պատճառ էլ ուներ նա մեկնելու, այն է՝ բարձրագույն կապերը վերականգնելը։ Հարկ էր ըստ հնարավորին հիշեցնել իր մասին հասարակությանը, ծայրահեղ դեպքում՝ փորձել։ Իսկ ուղևորության հրապարակային առիթը տեսակցությունն էր միակ որդու հետ, որն այն ժամանակ գիտելիքների դասընթաց էր անցել լիցեյում։


VI

Նրանք մեկնեցին և համարյա ամբողջ ձմեռ ապրեցին Պետերբուրգում։ Սակայն մեծ պասի մատույցներին ամեն ինչ պայթեց, օճառի գույնզգույն պղպջակի պես։ Երազանքները ցրիվ եկան, իսկ խառնաշփոթը ոչ միայն չպարզվեց, այլ էլ ավելի նողկալի դարձավ։ Նախ, բարձրագույն կապերը համարյա չհաջողվեցին, գուցե թե ամենաաննշմար և նվաստացուցիչ քաշքշուկներով։ Վիրավորված Վարվառա Պետրովնան փորձեց գլխովին նետվել «նոր գաղափարների» գիրկը և երեկույթներ սկսեց իր տանը։ Նա կանչեց գրողների, և նրանց մեծ քանակություն բերեցին տիկնոջ մոտ։ Հետո արդեն իրենք էին գալիս, առանց հրավերի, մեկը բերում էր մյուսին։ Վարվառա Պետրովնան դեռ երբեք նման գրողների չէր տեսել։ Նրանք սնափառ էին անասելի, բայց միանգամայն բացահայտ, կարծես դրանով պարտականություն էին կատարում։ Ոմանք (թեև ամենևին ոչ բոլորը) ներկայանում էին անգամ հարբած, բայց ասես դրա մեջ մի հատուկ, հենց երեկ հայտնաբերած գեղեցկություն գիտակցելով։ Բոլորն էլ պարծենում էին ինչ-որ բանով՝ տարօրինակության աստիճան։ Բոլորի դեմքերին գրված էր, թե նոր հենց մի արտակարգ կարևոր գաղտնիք են բացահայտել։ Նրանք զազրախոսում էին՝ դա պատիվ համարելով։ Բավական դժվար էր իմանալ, թե հատկապես ինչ են գրել նրանք, բայց այդտեղ կային քննադատներ, վիպասաններ, թատերագիրներ, երգիծաբաններ, մերկացնողներ։ Ստեպան Տրոֆիմովիչը թափանցեց նրանց նույնիսկ ամենավերին շրջանը, այնտեղ, որտեղից ղեկավարում էին շարժումը։ Մինչև կառավարողները անհավանականության չափ բարձր էր, սակայն նրան գրկաբաց ընդունեցին, թեև, իհարկե, և ոչ ոք ոչինչ չգիտեր ու չէր լսել նրա մասին, բացի նրանից, որ նա «գաղափարն է ներկայացնում»։ Այնքան մանևրեց նրանց շուրջ, որ մի երկու անգամ նրանց էլ կանչեց Վարվառա Պետրովնայի սալոն, չնայած նրանց համակ օլիմպիականությանը։ Սրանք շատ էին լուրջ և շատ բարեկիրթ, իրենց լավ էին պահում, մնացյալը, ըստ երևույթին, վախենում էին նրանցից, բայց ակնհայտ էր, որ ժամանակ չունեն։ Հայտնվեցին նաև երկու-երեք նախկին գրական հռչակավորներ, որոնք այն ժամանակ Պետերբուրգում էին և որոնց հետ Վարվառա Պետրովնան վաղուց արդեն ամենանուրբ հարաբերությունների մեջ էր։ Սակայն, ի զարմանս նրա, այդ իսկական ու այլևս անկասկած հռչակավորները սուսուփուս էին, ոմանք էլ պարզապես փարվում էին այդ ամբողջ նոր խաժամուժին և խայտառակ կերպով հաճոյանում նրանց։ Սկզբում Ստեպան Տրոֆիմովիչի բախտը բերեց, նրանից կառչեցին և սկսեցին ներկայացնել գրական հրապարակային հավաքներին։ Երբ նա առաջին անգամ բեմ ելավ գրական հրապարակային մի ընթերցման՝ ի թիվս այլոց, մոլեգին ծափահարություններ թնդացին, որոնք հինգ րոպե չէին դադարում։ Նա արցունքներով էր մտաբերում դա ինը տարի անց, ի դեպ, ավելի շատ իր բնավորության գեղարվեստականության, քան երախտագիտության հետևանքով։ «Իսկ ձեզ երդվում եմ ու գրազ եմ գալիս,― ասում էր նա ինձ (բայց միայն ինձ, գաղտնի),― որ այդ ամբողջ հասարակությունից և ոչ մեկն իմ մասին բացարձակապես ոչինչ չգիտեր»։ Հոյակա՜պ խոստովանություն է. ուրեմն, սուր միտք ուներ, եթե այն ժամանակ դեռ բեմի վրա կարող էր այդչափ հստակ հասկանալ իր վիճակը, չնայած իր համակ զմայլանքին և, ուրեմն, չուներ այդ սուր միտքը, եթե նույնիսկ ինը տարի անց չէր կարող հիշել դա՝ առանց դառնություն զգալու։ Նրան ստիպեցին ստորագրել երկու թե երեք խմբական բողոքագիր (թե ինչի դեմ՝ ինքն էլ չգիտեր), ստորագրեց։ Վարվառա Պետրովնային էլ ստիպեցին ստորագրել ինչ-որ «այլանդակ արարքի» դեմ, նա ևս ստորագրեց։ Ի դեպ, այդ նոր մարդկանց մեծ մասը թեև այցելում էր Վարվառա Պետրովնային, սակայն չգիտես ինչու, պարտք էին համարում նրան նայել արհամարհաբար և անսքող ծաղրանքով։ Ստեպան Տրոֆիմովիչն ինձ ակնարկում էր հետո, դառնության պահերին, որ Վարվառա Պետրովնան այդ ժամանակից էլ նախանձեց իրեն։ Հարկավ, նա հասկանում էր, որ իրեն չի կարելի շփվել այդ մարդկանց հետ, բայց և այնպես ընդունում էր նրանց անհագաբար, կանացի ամբողջ հիստերիկ անհամբերությամբ և գլխավորը՝ շարունակ ինչ-որ բանի էր սպասում։ Երեկույթներին նա քիչ էր խոսում, թեև խոսել կարող էր, բայց ավելի շատ ունկնդրում էր։ Խոսում էին գրաքննության և ъ տառը ոչնչացնելու, ռուսական տառերը լատինականներով փոխարինելու մասին, այսինչ այնինչի երեկվա աքսորման մասին, Պասսաժում տեղի ունեցած ինչ-որ սկանդալի մասին, դաշնակցային ազատ կապերով ըստ ազգությունների Ռուսաստանը մասնատելու օգտակարության մասին, բանակի և նավատորմի ոչնչացման մասին, Լեհաստանը մինչև Դնեպր վերականգնելու մասին, գյուղացիական ռեֆորմի և թռուցիկների մասին, ժառանգության, ընտանիքի, զավակների և հոգևորականության վերացման մասին, կանանց իրավունքների մասին, Կռաևսկու տան մասին, որ ոչ ոք և երբեք չէր կարող ներել պարոն Կռաևսկուն և այլն, և այլն։ Հստակ էր, որ նոր մարդկանց այդ խաժամուժի մեջ շատ էին ստահակները, սակայն անկասկած էր, որ շատ են նաև ազնիվ, բավականին նույնիսկ գրավիչ անձինք, չնայած, այդուհանդերձ, զարմանալի որոշ երանգների։ Ազնիվները շատ ավելի անհասկանալի էին անազնիվներից ու բռիներից, բայցև հայտնի չէր, թե ով է ում ձեռքին։ Երբ Վարվառա Պետրովնան հայտարարեց ամսագիր հրատարակելու իր միտքը, ապա շատ ավելի մարդիկ խռնվեցին նրա շուրջը, բայցև անմիջապես մեղադրանքներ տեղացին երեսին, թե նա կապիտալիստուհի է և շահագործում է աշխատանքը։ Մեղադրանքների անպատկառությունը հավասար էր սոսկ դրանց անսպասելիությանը։ Զառամյալ գեներալ Իվան Իվանովիչ Դրոզդովը՝ հանգուցյալ գեներալ Ստավրոգինի նախկին բարեկամը և պաշտոնակիցը, արժանավորագույն մի մարդ (բայց իր տեսակի մեջ), որին բոլորս այստեղ ճանաչում ենք, ծայրաստիճան կամակոր և դյուրաբորբոք, ահավոր շատակեր և աթեիզմից սարսափելի վախեցող, Վարվառա Պետրովնայի երեկույթներից մեկին վեճի բռնվեց մի նշանավոր պատանու հետ։ Վերջինս՝ առաջին իսկ խոսքով. «Դուք, ուրեմն, գեներալ եք, եթե այդպես եք ասում», այսինքն այն իմաստով ասաց, որ գեներալից ավելի վատ հայհոյանք արդեն գտնել չէր կարող։ Իվան Իվանովիչն անասելի բորբոքվեց. «Այո, պարոն, ես գեներալ եմ, և գեներալ-լեյտենանտ, ու ծառայել եմ իմ թագավորին, իսկ դու, պարոն, երեխա ես ու անաստված»։ Անթույլատրելի սկանդալ տեղի ունեցավ։ Հաջորդ օրը դեպքը մերկացվեց մամուլում, և սկսեցին խմբական ստորագրություններ հավաքել Վարվառա Պետրովնայի «այլանդակ արարմունքի» դեմ, որը չէր կամեցել տեղնուտեղը վռնդել գեներալին։ Պատկերազարդ ամսագրում մի ծաղրանկար երևաց, ուր թունալի արտանկարված էին Վարվառա Պետրովնան, գեներալը և Ստեպան Տրոֆիմովիչը՝ համատեղ, որպես երեք հետադեմ բարեկամներ, ծաղրանկարին կից ոտանավոր էլ կար՝ ժողովրդական բանաստեղծի հորինածը միայն այդ դեպքի համար։ Իմ կողմից նշեմ, որ իրոք, գեներալական աստիճան ունեցող շատ անձինք սովորություն ունեն ծիծաղելի շեշտով ասել. «Ես ծառայել եմ իմ թագավորին․․․», այսինքն, կարծես նրանցը նույն թագավորը չէ, ինչև մերը՝ հասարակ հպատակներինս, այլ առանձնահատուկ է, իրենցը։

Շարունակել Պետերբուրգում մնալ, անշուշտ, անհնար դարձավ, առավել ևս, որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջնական fiasco[1] կրեց։ Նա չդիմացավ ու սկսեց հայտարարել արվեստի իրավունքների մասին, իսկ նրա վրա ավելի բարձր ծիծաղեցին։ Իր վերջին ընթերցմանը նա մտադրվեց ներազդել քաղաքացիական պերճախոսությամբ՝ երևակայելով սրտեր շարժել, ակնկալելով հարգանք իր «արտաքսման» կապակցությամբ։ Նա անառարկելիորեն համաձայնեց «հայրենիք» բառի անօգտակարությանը և զավեշտականությանը, համաձայնեց նաև կրոնի վնասակարության մտքին, սակայն բարձրաձայն ու կայուն հայտարարեց, որ սապոգներն ավելի ցածր են Պուշկինից, նույնիսկ շատ ավելի։ Նրան անողոքաբար սուլեցին, այնպես որ հենց տեղում, բեմից չիջնելով, նա արտասվեց։ Վարվառա Պետրովնան նրան տուն հասցրեց կիսամեռ վիճակում։ «On m’a traité comme un vieux bonnet de coton![2]»,― անիմաստ մրմնջում էր նա։ Վարվառա Պետրովնան ամբողջ գիշեր խնամում էր նրան, դափնեկեռասի կաթիլներ տալիս ու մինչև լուսաբաց կրկնում. «Դուք դեռևս օգտակար եք, դուք դեռ ի հայտ կգաք, ձեզ կգնահատեն․․․ մեկ ուրիշ տեղ»։

Իսկ հաջորդ օրը, վաղ առավոտյան, Վարվառա Պետրովնայի մոտ եկան հինգ գրող, որոնցից երեքն ամենևին անծանոթ, ում երբեք չէր տեսել նա։ Խիստ տեսքով նրանք հայտնեցին տիկնոջը, որ քննել են նրա ամսագրի մասին գործը և բերել են որոշումը՝ այդ գործով։ Վարվառա Պետրովնան կտրականապես երբեք և ոչ մեկին չէր հանձնարարել որևէ բան քննել ու որոշել իր ամսագրի վերաբերյալ։ Որոշումն այն էր, որ հիմնելով ամսագիրը, նա իսկույն ևեթ իրենց հանձնի դա, կապիտալների հետ միասին, ազատ ընկերակցության իրավունքներով, իսկ ինքը մեկնի Սկվորեշնիկի՝ չմոռանալով հետը տանել Ստեպան Տրոֆիմովիչին, «որը հնացել է»։ Նրբավարությունից ելնելով, նրանք համաձայնել էին ճանաչել նրա սեփականության իրավունքը և ամեն տարի ուղարկել նրան մաքուր եկամուտի մեկ վեցերորդ մասը։ Ամենահուզիչն այն էր, որ այդ հինգ հոգուց չորսը, հավանորեն, դրա մեջ ոչ մի ընչաքաղց նպատակ չուներ, այլ հոգում էին սոսկ հանուն «ընդհանուր գործի»։

«Ճանապարհ ընկանք ցնորվածի պես»,― պատմում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ես ոչինչ չէի կարողանում հասկանալ և, հիշում եմ, շարունակ մրմնջում էի վագոնի թխկթխկոցի տակ.

Դար և Դար ու Լև Կամբար,
Լև Կամբար և Դար ու Դար․․․

և սատանան գիտե, թե էլ ինչ, ընդհուպ մինչև Մոսկվա հասնելը։ Միայն Մոսկվայում խելքս գլուխս եկավ, կարծես իրականում որևէ այլ բան կարո՞ղ էի այնտեղ գտնել։ Օ՜, բարեկամներս,― երբեմն բացականչում էր ոգեշնչված պահին,― դուք պատկերացնել չեք կարող, թե ինչ թախիծ և չարություն է պարուրում մեր հոգին, երբ ձեր վաղուց արդեն և սրբությամբ հարգված մեծ գաղափարն ընկնում է անհմուտ ձեռքերի մեջ, որոնք դա քարշ են տալիս իրենց պես տխմարների մոտ՝ փողոց, ու դուք հանկարծ հանդիպում եք արդեն հնոտիքի շուկայում, անճանաչելի, ցեխերի մեջ, դրված անհեթեթ, կողքանց, անհամաչափ, աններդաշնակ, որպես խաղալիք անխելք երեխաների համար։ Ո՜չ։ Մեր ժամանակ այդպես չէր ու մենք դրան չէինք ձգտում։ Ես չեմ ճանաչում ոչինչ... Մեր ժամանակը կգա նորից և նորից կայուն ճանապարհի կուղղի հիմիկվա սասանվող ամեն ինչը։ Այլապես, ի՞նչ է լինելու․․․»։

VII

Պետերբուրգից վերադառնալուց անմիջապես հետո Վարվառա Պետրովնան իր բարեկամին ուղարկեց արտասահման՝ «հանգստանալու»։ Ու պետք էր նրանց բաժանվել ժամանակավորապես, կինը դա զգում էր։ Ստեպան Տրոֆիմովիչը գնաց ցնծությամբ։ «Այնտեղ ես հարությո՜ւն կառնեմ,― բացականչում էր նա։― Այնտեղ վերջապես ձեռք կզարկեմ գիտությանը»։ Բայց Բեռլինից ուղարկած առաջին իսկ նամակներում իր մշտական երգը ձգեց։ «Սիրտս կոտրված է,― գրում էր նա Վարվառա Պետրովնային,― ոչինչ չեմ կարողանում մոռանալ։ Այստեղ՝ Բեռլինում, ամեն ինչ ինձ հիշեցրեց իմ հինը, անցյալը, առաջին հրճվանքները և առաջին տանջանքները։ Ո՞ւր է նա։ Ո՞ւր են հիմա նրանք՝ երկուսով։ Ո՞ւր եք դուք, երկու հրեշտակներ, որոնց երբեք արժանի չեմ եղել։ Ո՞ւր է իմ որդին, սիրեցյալ որդին իմ։ Ո՞ւր եմ վերջապես ես, ես ինքս, նախկինս, պողպատյա ուժով և ժայռի պես անհողդողդ, երբ հիմա մի որևէ Andrejeff, un ուղղափառ խեղկատակ, peut briser mon existence en deux[3]» և այլն, և այլն։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչի որդուն, ապա հայրը նրան տեսել էր միայն ընդամենը երկու անգամ կյանքում, առաջին անգամ ծնվելիս, երկրորդ անգամ՝ վերջերս, Պետերբուրգում, ուր երիտասարդը պատրաստվում էր համալսարան ընդունվել։ Ինչպես արդեն ասվել է, իր ամբողջ կյանքում տղան դաստիարակվում էր հորաքույրերի մոտ, Օ․ Նահանգում (Վարվառա Պետրովնայի միջոցներով), Սկվորեշնիկիից յոթը հարյուր վերստ հեռու։ Իսկ Գալով Andrejeff-ին, այն է՝ Անդրեևին, ապա նա այստեղի մեր վաճառականներից էր, խանութպան, մի մեծ խենթ, ինքնուս-հնագետ, ռուսական հնությունների մոլեռանդ հավաքող, որը երբեմն լեգվակռվի էր բռնվում Ստեպան Տրոֆիմովիչի հետ իր գիտելիքներով, գլխավորը՝ ուղղությամբ։ Ալեհեր մորուքով և արծաթյա ակնոցով այդ հարգարժան վաճառականը Ստեպան Տրոֆիմովիչին չորս հարյուր ռուբլի տալիք էր մնացել, նրա փոքրիկ կալվածքից (Սկվորեշնիկիի կողքին) հատելու համար մի քանի դեսյատին անտառ գնելիս։ Թեև Վարվառա Պետրովնան շռայլորեն միջոցներ էր տրամադրել իր բարեկամին, Բեռլին ուղարկելով, սակայն մեկնելուց առաջ Ստեպան Տրոֆիմովիչն այդ չորս հարյուր ռուբլին ստանալու առանձին հույսեր ուներ, հավանաբար իր գաղտնի ծախսերի համար, և քիչ մնաց լաց լիներ, երբ Andrejeff-ը խնդրեց մեկ ամիս սպասել, ի դեպ, նման հետաձգման իրավունքն ունենալով, քանզի առանձին մուծումները բոլորն արել էր նախապես, համարյա կես տարի շուտ, Ստեպան Տրոֆիմովիչի այն ժամանակվա առանձնահատուկ կարիքի պատճառով։ Վարվառա Պետրովնան անհագորեն կարդաց այդ առաջին նամակը, և մատիտով ընդգծելով «Ո՞ւր եք դուք, երկուսդ» բացականչությունը, նշեց ամսաթիվը և պահեց արկղիկում։ Նա, անշուշտ, հիշել էր երկու հանգուցյալ կանանց։ Բեռլինից ստացված երկրորդ նամակում երգը ելևէջվել էր. «Աշխատում եմ օրական տասներկու ժամ («գոնե տասնմեկ»՝ մրթմրթաց Վարվառա Պետրովնան), քրքրում եմ գրադարանները, համեմատում եմ, դուրս գրում, վազվզում։ Եղել եմ պրոֆեսորների մոտ։ Վերականգնել եմ ծանոթությունս Դունդասովների սքանչելի ընտանիքի հետ։ Ի՜նչ հմայիչ է Նադեժդա Նիկոլաևնան նույնիսկ մինչև հիմա։ Ողջույն է հղում քեզ։ Նրա երիտասարդ ամուսինը և բոլոր երեք զարմիկները Բեռլինում են։ Երեկոները երիտասարդների հետ զրուցում ենք մինչև լուսաբաց, և համարյա թե աթենական երեկոներ ունենք, բայց սոսկ նրբավարությամբ և գեղեցկությամբ։ Ամեն ինչ ազնվական, շատ երաժշտություն, իսպանական մոտիվներ, համամարդկային նորացման երազանքներ, հավերժական գեղեցկության գաղափար, Սիքստինյան Տիրամայր, լույս՝ խավարի շերտերով, բայց արևի վրա էլ բծեր կան։ Օ՜ իմ բարեկամ, ազնիվ, հավատարիմ ընկեր։ Ես սրտով ձեզ հետ եմ ու ձերն եմ, միշտ մեկի հետ, en tout pays[4], և թեկուզ նույնիսկ dans le pays de Makar et de ses veaux[5], ինչի մասին, հիշում եք, այնքան հաճախ, հուզախռով խոսում էինք Պետերբուրգում, մեկնելուց առաջ։ Վերհիշում եմ ժպտալով։ Անցնելով սահմանը՝ ինձ անվտանգ զգացի, տարօրինակ, նոր զգացում էր, առաջին անգամ այնքան երկար տարիներից հետո...» և այլն, և այլն։

«Էհ, դատարկ բան էր այս ամենը,― վճռեց Վարվառա Պետրովնան՝ ծալելով այդ նամակը ևս,― եթե մինչև լուսաբաց՝ աթենական երեկոներ, ուրեմն, հո տասներկու ժամ գրքերի վրա չի նստում։ Հարբա՞ծ է գրել, ինչ է։ Այդ Դունդասովան ինչպե՞ս է համարձակվում ինձ ողջույններ ուղարկել։ Ասենք, թող քեֆ քաշի իր համար․․․»։

«Dans le pays de Makar et de seveaux» դարձվածքը նշանակում էր՝ «ուր Մակարն իր հորթերին չի քշում»։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն դիտավորյալ հիմարագույն եղանակով էր թարգմանում ռուսական առակներն ու արմատական ասացվածքները ֆրանսերենի՝ կարողանալով թե՛ հասկանալ, թե՛ ավելի լավ թարգմանել, սակայն նա անում էր դա առանձնահատուկ մի շուքով և գտնում դա սրամիտ։

Բայց շատ չզբոսնեց նա, չորս ամիս չդիմացավ և ետ սլացավ Սկվորեշնիկի։ Նրա վերջին նամակները կազմված էին բացակայող ընկերոջ հանդեպ ամենազգայուն սիրո զեղումներից սոսկ և տառացիորեն թրջված բաժանումի արցունքներով։ Բնավորություններ կան, որոնք չափից ավելի են ընտելանում տանը, ճիշտ ինչպես սենյակային շնիկներ։ Բարեկամների հանդիպումը ցնծագին էր։ Երկու օր անց ամեն ինչ ընթացավ հնի պես և նույնիսկ հնից ավելի ձանձրալի։ «Բարեկամս,― որպես մեծագույն գաղտնիք ասում էր Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երկու շաբաթ անց,― բարեկամս, ես ինձ համար բացահայտել եմ մի սարսափելի․․․ նորություն, je suis un սովորական ձրիակյաց, et rien de plus! Mais r-r-rien de plus![6]»։

VIII

Հետո մեզ մոտ անդորր տիրեց ու ձգվեց այդպես համարյա այս բոլոր ինը տարիների ընթացքում։ Պարբերաբար շարունակվող հիստերիկ բռնկումներն ու հեկեկոցներն իմ ուսին՝ ամենևին չէին խանգարում մեր բարօրությանը։ Զարմանում եմ, թե ինչպես չգիրացավ Ստեպան Տրոֆիմովիչն այդ ընթացքում։ Միայն քիթն էր թեթևակի կարմրել ու ավելացել բարեհոգությունը։ Կամաց-կամաց նրա շուրջ կայունացավ մտերիմների մի խմբակ, ի դեպ, մշտապես ոչ մեծ։ Վարվառա Պետրովնան թեև քիչ էր առնչվում խմբակին, բայց բոլորս նրան մեր հովանավորն էինք համարում։ Պետերբուրգյան դասից հետո նա վերջնականապես հաստատվեց մեր քաղաքում։ Ձմռանն ապրում էր իր քաղաքային տանը, իսկ ամռանը՝ քաղաքամերձ իր կալվածքում։ Երբեք նա այդքան նշանակություն և ազդեցություն չէր ունեցել նահանգային մեր հասարակության մեջ, ինչպես վերջին յոթը տարում, այսինքն՝ մինչև մեր ներկայիս նահանգապետի նշանակումը։ Մեր նախկին նահանգապետը՝ անմոռանալի և մեղմաբարո Իվան Օսիպովիչը, մերձավոր ազգական էր գալիս նրան ու ժամանակին բարերարությունն էր վայելել։ Նրա կինը սարսռում էր Վարվառա Պետրովնային չգոհացնելու մտքից սոսկ, իսկ նահանգային հասարակության երկրպագությունն այն աստիճանի հասավ, որ նույնիսկ մեղսալի ինչ-որ բան էր հիշեցնում։ Նշանակում է՝ լավ էր նաև Ստեպան Տրոֆիմովիչի համար։ Նա ակումբի անդամ էր, տանուլ էր տալիս վեհապանծ տեսքով և պատվի արժանացավ, թեև շատերը նրան էին նայում որպես «գիտնականի»։ Հետագայում, երբ Վարվառա Պետրովնան նրան թույլ տվեց ապրել ուրիշ տան մեջ, մեզ ավելի ազատ զգացինք։ Հավաքվում էինք նրա մոտ շաբաթական երկու անգամ, ուրախ էր անցնում, հատկապես, երբ նա շամպայն չէր խնայում։ Գինին վերցվում էր նույն Անդրեևի խանութից։ Ըստ հաշիվների վճարում էր Վարվառա Պետրովնան՝ կես տարին մեկ, և վճարման օրը համարյա միշտ մելամաղձաշատ էր լինում։

Ակումբի հնագույն անդամը Լիպուտինն էր՝ նահանգային աստիճանավոր, արդեն ոչ երիտասարդ, մեծ ազատական էր և քաղաքում աթեիստի համբավ ունեցող մի մարդ։ Ամուսնացած էր երկրորդ անգամ, ջահել ու սիրունիկ մի կնոջ հետ, օժիտ էր վերցրել նրանից և, բացի դրանից, ուներ նաև երեք հասունացած դուստր։ Ամբողջ ընտանիքը պահում էր Աստծո առաջ սարսափի և փակի տակ, չափից ավելի ժլատ էր և ծառայությամբ տնակ էր գնել և դրամագլուխ կուտակել։ Անհանգիստ մարդ էր, ըստ որում, փոքր աստիճան ուներ, քաղաքում նրան քիչ էին հարգում, իսկ բարձր հասարակության մեջ չէին ընդունում։ Միաժամանակ, հայտնի և քանիցս պատժված բամբասող էր, ցավագին պատժված մի անգամ սպայի, մյուս անգամ ընտանիքի հարգարժան հոր՝ կալվածատիրոջ կողմից։ Բայց մենք սիրում էինք նրա սուր միտքը, հետաքրքրասիրությունը, նրա առանձնահատուկ չարամիտ զվարթությունը։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրան, բայց նա միշտ հարմարվել կարողանում էր։

Վարվառա Պետրովնան չէր սիրում նաև Շատովին, որը միայն վերջին տարում էր խմբակի անդամ դարձել։ Նախկինում ուսանող էր եղել Շատովը և համալսարանից վտարվել էր ուսանողական մի պատմությունից հետո։ Փոքր տարիքում եղել էր Ստեպան Տրոֆիմովիչի աշակերտը, իսկ ծնվել էր որպես Վարվառա Պետրովնայի ճորտ, նրա հանգուցյալ սենեկապետ Պավել Ֆյոդորովիչից ու տիկնոջ բարերարությանն արժանացել։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրա հպարտությունը և երախտամոռությունը և ոչ մի կերպ չէր կարողանում ներել, որ համալսարանից վտարվելուն պես չէր եկել իր մոտ անմիջապես, հակառակը՝ նույնիսկ ոչինչ չէր պատասխանել այն ժամանակ հատկապես ուղարկված նամակին և գերադասել էր վարձվել քաղաքակիրթ մի վաճառականի մոտ՝ սովորեցնելու նրա երեխաներին։ Այդ վաճառականի ընտանիքի հետ էլ գնացել էր արտասահման, ավելի շուտ որպես հերացու, քան դաստիարակ։ Բայց այն ժամանակ նա շատ էր ուզում ընկնել արտասահման։ Երեխաները, ըստ որում, դաստիարակչուհի էլ ունեին՝ ռուս աղջիկ էր, ճարտար, հենց մեկնելուց առաջ տուն մուտք գործած և վարձված ավելի շատ էժանության համար։ Երկու ամիս անց վաճառականը վռնդեց նրան «ազատ մտքերի համար»։ Նրա ետևից գնաց նաև Շատովը և շուտով պսակվեց հետը ժնևում։ Երեք շաբաթվա չափ ապրեցին երկուսով, հետո բաժանվեցին, որպես ազատ ու ոչնչով չկապված մարդիկ, հարկավ, նաև չքավորությունից։ Հետո երկար թափառեց Եվրոպայում, ապրում էր Աստված գիտե՝ ինչով, ասում են՝ փողոցներում կոշիկ է մաքրել և բեռնակրություն արել ինչ-որ նավահանգստում։ Ի վերջո, շուրջ մեկ տարի առաջ վերադարձել էր մեզ մոտ՝ հարազատ բույնը և բնակվել պառավ մորաքրոջ մոտ, ում էլ թաղել էր մեկ ամիս անց։ Շատ հազվադեպ ու հեռու հարաբերություններ ուներ իր քրոջ՝ Դաշայի հետ, որը նույնպես Վարվառա Պետրովնայի սանուհին էր, ապրում էր նրա մոտ որպես սիրելի հովանավորյալ, ամենաազնիվ հիմքերով։ Մեր միջավայրում մշտապես մռայլ էր և անխոս, բայց հազվադեպ, երբ դիպչում էին համոզմունքներին, հիվանդագին բորբոքվում էր, և շատ անզուսպ էր լեզուն։ «Շատովին պետք է սկզբից կապկպել, հետո նոր նրա հետ որևէ բան քննարկել»,― երբեմն կատակում էր Ստեպան Տրոֆիմովիչը, բայց սիրում էր նրան։ Արտասահմանում Շատովն արմատապես փոխել էր իր սոցիալիստական նախկին համոզմունքներից մի քանիսը և նետվել հակադիր ծայրահեղության գիրկը։ Նա մեկն էր այն ռուսական իդեալական արարածներից, որոնց հանկարծ խոցում է մի որևէ ուժեղ գաղափար և տեղնուտեղն ասես ճզմում նրանց իրենով, երբեմն նույնիսկ առհավետ։ Նրանք երբեք ի զորու չեն հաղթահարել դա, այլ հավատում են մոլեգնորեն, և ահա, նրանց կյանքն անցնում է հետո իրենց վրա գահավիժած և կիսով լրիվ ճզմած քարի տակ, մի տեսակ վերջին ջղաձգումներով։ Շատովն արտաքնապես լիովին համապատասխանում էր իր համոզմունքներին. անճոռնի էր, բաց խարտիշահեր, փրչոտ, կարճահասակ, ուսերը լայն, շրթունքները հաստ, շատ թավ, ճեփճերմակ հոնքերով, ճակատը՝ կնճռոտած, հայացքը՝ անբարեհամբույր, համառորեն ցած հառած, մի տեսակ ինչ-որ բանից ամաչող։ Մազերը մշտապես գզգզված էին, ոչ մի կերպ չէին ուզում հարթվել, մնում էին ցից-ցից։ Քսանյոթ կամ քսանութ տարեկան էր։ «Ես այլևս չեմ զարմանում, որ կինը փախել է նրանից»,- մի անգամ արտահայտվեց Վարվառա Պետրովնան՝ ակնապիշ նրան նայելուց հետո։ Ջանում էր մաքուր հագնվել, չնայած իր չափից ավելի չքավորությանը։ Նա նորից չդիմեց Վարվառա Պետրովնային՝ օգնություն ստանալու, այլ ապրում էր Աստծո տվածով, վարձու գործ էր անում նաև վաճառականների մոտ։ Մեկ նստած էր կրպակում, հետո քիչ էր մնացել գնար նավով, որպես գործակատարի օգնական, բայց հիվանդացավ մեկնումից անմիջապես առաջ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ չքավորություն էր ի վիճակի նա կրել՝ նույնիսկ ամենևին չմտածելով դրա մասին։ Վարվառա Պետրովնան նրա հիվանդությունից հետո հարյուր ռուբլի ուղարկեց նրան՝ գաղտնի և անանուն։ Սակայն նա իմացավ գաղտնիքը, մտածեց, փողն ընդունեց ու եկավ Վարվառա Պետրովնայի մոտ՝ շնորհակալություն հայտնելու։ Վերջինս ջերմությամբ՝ ընդունեց նրան, բայց Շատովն այստեղ էլ ամոթալի կերպով չարդարացրեց նրա սպասումները, նստեց ընդամենը հինգ րոպե, լուռ՝ բութ հայացքը հառած ցած և հիմարավարի ժպտալով ու հանկարծ, մինչև վերջ չլսելով և զրույցի ամենահետաքրքիր տեղում վեր կացավ, խոնարհվեց մի տեսակ կողքանց, ծռաթաթ, անչափ ամաչելով, ի դեպ, կերջում էլ կպավ ու շուռ տվեց նրա թանկարժեք հավաքովի աշխատանքային սեղանը, կոտրեց և դուրս գնաց՝ խայտառակությունից կիսամեռ։ Լիպուտինը հետո շատ էր կշտամբում նրան, որ այն ժամանակ արհամարհանքով չի մերժել այդ հարյուր ռուբլին, որպես իր նախկին բռնակալ կալվածատիրուհուց եկած, և ոչ միայն ընդունել է, այլև քարշ եկել շնորհակալություն հայտնելու։ Ապրում էր նա մեկուսի, թաղաքի ծայրին, և չէր սիրում, երբ նույնիսկ մեզնից մեկնումեկն էր գնում նրա մոտ։ Ստեպան Տրոֆիմովիչի երեկույթներին հայտնվում էր մշտապես և թերթեր ու գրքեր վերցնում նրանից՝ կարդալու։

Երեկույթներին երևում էր ևս մի երիտասարդ, ոմն Վիրգինսկի, տեղական աստիճանավորներից էր, և որոշ նմանություն ուներ Շատովին, թեև, ըստ երևույթին, նաև լիակատար հակադրությունն էր բոլոր առումներով, սակայն սա նույնպես «ընտանիքավոր» էր։ Խեղճուկրակ, չափազանց սուսուփուս երիտասարդ էր, ի դեպ, արդեն երեսնամյա, նշանակալի կրթությամբ, սակայն ավելի շատ ինքնուս։ Նա չքավոր էր, ամուսնացած, ծառայում ու պահում էր կնոջ հորաքրոջը և քրոջը։ Նրա կինը, նաև բոլոր տիկնայք, ամենավերջին համոզմունքների տեր էին, բայց ամեն ինչ արտահայտվում էր փոքր-ինչ կոպտավուն, այն է՝ առկա էր «փողոց ընկած գաղափարը», ինչպես արտահայտվել էր Ստեպան Տրոֆիմովիչը մեկ այլ առիթով։ Նրանք ամեն ինչ քաղում էին գրքույկներից և մայրաքաղաքային առաջադեմ մեր անկյուններից հասած առաջին իսկ լուրից պատրաստ էին պատուհանից դուրս շպրտել ինչ ասես, միայն թե խորհուրդ տային դուրս նետել։ Madame Վիրգինսկայան մեր քաղաքում զբաղվում էր մանկաբարձական գործունեությամբ, աղջիկ ժամանակ երկար ապրել էր Պետերբուրգում։ Ինքը՝ Վիրգինսկին, հազվագյուտ մաքուր սրտի տեր մարդ էր, և ես քիչ եմ հանդիպել հոգեկան առավել ազնիվ կրակ։ «Ես երբեք, երբեք չեմ թողնի այդ լուսավոր հույսերը»,― կասեր նա ինձ՝ շողշողացնելով աչքերը։ «Լուսավոր հույսերի» մասին նա խոսում էր միշտ կամացուկ, քաղցրածոր, կիսաշշունջով, կարծես գաղտնաբար։ Նա բավական բարձրահասակ էր, բայց խիստ բարակ և նեղուս, անսովոր ցանցառ, շիկավուն երանգի մազերով։ Ստեպան Տրոֆիմովիչի գոռոզամիտ բոլոր ծաղրանքներն իր որոշ կարծիքների վերաբերյալ ընդունում էր հեզաբար, իսկ երբեմն էլ առարկում նրան շատ լրջորեն և շատ հարցերում պատին դեմ անելով։ Ստեպան Տրոֆիմովիչը քաղցրաբար էր վերաբերվում նրան, ընդհանրապես բոլորիս հանդեպ՝ հայրաբար։

― Դուք բոլորդ էլ «մինչև վերջ նստածներից» չեք,― կատակով ասում էր նա Վիրգինսկուն,― բոլոր ձեզ նմանները, թեև ձեր պարագային, Վիրգինսկի, ես չեմ նկատել այն սահ-մա-նա-փա-կու-թյունը, ինչ Պետերբուրգում shez ces séminaristes[7], բայց և այնպես, դուք էլ եք «մինչև վերջ չնստածներից»։ Շատովը շատ կկամենար նստել-վերջացնել, բայց նա ևս չնստածներից է։

― Իսկ ե՞ս,― հարցնում էր Լիպուտինը։

― Իսկ դուք պարզապես ոսկյա միջինն եք, որն ամենուրեք հարմարվում է... յուրովի։

Լիպուտինը նեղանում էր։

Վերգինսկու մասին պատմում էին, ցավոք, շատ հավաստի, որ նրա կինը, օրինական ամուսնությամբ մի տարի էլ չապրելով, հանկարծ հայտարարել էր, թե թողնում է նրան և գերադասում Լեբյադկինին։ Այդ Լեբյադկինը՝ ոմն եկվոր, հետագայում խիստ կասկածելի անձնավորություն դուրս եկավ և ամենևին նույնիսկ պաշտոնաթող շտաբս-կապիտան չէր, ինչպես ինքն իրեն էր հորջորջում։ Նա կարողանում էր սոսկ ոլորել բեղերը, խմել և ամենաանհարմար դատարկաբանություններ դուրս տալ, ինչ միայն կարելի է պատկերացնել։ Այդ մարդն ամենաաննրբանկատ եղանակով իսկույն տեղափոխվեց նրանց մոտ, ուրախացած ուրիշի հացով, ուտում ու քնում էր նրանց մոտ, ի վերջո, սկսեց բարձրամտորեն քամահրել տանտիրոջը։ Հավատացնում էին, որ Վիրգինսկին, իմանալով, որ կինը պատրաստվում է թողնել իրեն, ասել է. «Բարեկամս, մինչև հիմա ես միայն սիրում էի քեզ, հիմա հարգում եմ»։ Բայց հազիվ թե իրականում այսպիսի հին հռոմեական ասույթ արտասանված լիներ, ընդհակառակն, ասում էին, որ արտասվել է, հեծկլտալով։ Մի անգամ, լքվելուց երկու շաբաթ անց, նրանք, «ընտանյոք հանդերձ», քաղաքից դուրս էին եկել անտառակ, թեյախմության, ծանոթների հետ։ Վիրգինսկին մի տեսակ տենդագին-ուրախ տրամադրության մեջ էր եղել, մասնակցել պարերին։ Բայց հանկարծ, առանց որևէ նախնական վիճաբանության, երկու ձեռքով բռնել էր կանկան մենապարող աժդահա Լեբյադկինի մազերից, կռացրել ու սկսել էր քարշ տալ նրան՝ գոռոցներով, բղավոցներով ու արցունքներով։ Աժդահան այնպես էր վախեցել, որ չէր էլ պաշտպանվել և իրեն քաշքշելու ամբողջ ընթացքում չէր ընդհատել լռությունը, սակայն դրանից հետո նեղացել էր ազնիվ մարդու համակ բորբոքումով։ Վիրգինսկին ամբողջ գիշեր ծնկաչոք աղաչել էր կնոջը՝ ներում խնդրելով, բայց չէր կորզել ներումը, որովհետև, այնուամենայնիվ, չէր համաձայնել գնալ և ներողություն խնդրել Լեբյադկինից։ Բացի դրանից, մեղադրվել էր խղճուկ համոզմունքներ ունենալու և հիմարության մեջ, վերջինն այն պատճառով, որ կնոջ հետ բացատրվելիս, ծունկ չոքած էր եղել։ Շտաբս-կապիտանը շուտով ծլկեց և մեր քաղաքում հայտնվեց սոսկ ամենավերջին ժամանակներս՝ իր քրոջ հետ ու նոր նպատակներով, բայց այդ մասին՝ հետո։ Տարօրինակ չէ, որ խեղճ «ընտանիքավորը» հոգին էր թեթևացնում մեզ մոտ ու զգում մեր հասարակության կարիքը։ Ի դեպ, տնային գործերից նա երբեք չի խոսել մեզ մոտ։ Միայն մի անգամ, Ստեպան Տրոֆիմովիչի մոտից ինձ հետ վերադառնալիս, հեռվից խոսք բացեց իր վիճակի մասին, բայցև իսկույն, ձեռքս բռնելով, կրակոտ բացականչեց.

― Դա ոչինչ, մասնավոր դեպք է միայն, որ նվազագույնս, նվազագույնս չի խանգարի ընդհանուր գործին։

Մեր խմբակում հայտնվում էին նաև պատահական մարդիկ։ Գալիս էր ջհուդիկ Լյամշինը, գալիս էր կապիտան Կարտուզովը։ Որոշ ժամանակ գալիս-գնում էր հետաքրքրասեր մի ծերուկ, բայց մեռավ։ Լիպուտինը բերել էր աքսորական քսյոնձ Սլոնյցևսկուն, որոշ ժամանակ նրան ընդունում էինք ըստ սկզբունքի, բայց հետո դադարեցինք ընդունել։

IX

Մի Ժամանակ քաղաքում մեր մասին խոսում էին, թե մեր խմբակն ազատամտության, այլասերվածության և անաստվածության բույն է, և միշտ էլ մնաց այդ կարծիքը։ Այնինչ, ամենաանմեղ, սիրունիկ, միանգամայն ռուսական զվարթ լիբերալ շաղակրատություն էր ընթանում մեզ մոտ։ «Բարձրագույն լիբերալիզմ» և «վերին լիբերալ», այսինքն՝ լիբերալ առանց որևէ նպատակի, հնարավոր է սոսկ միայն Ոուսաստանում։ Ատեպան Տրոֆիմովիչին, ինչպես ամեն մի սրամիտ մարդու, ունկնդիր էր պետք, և բացի դրանից, անհրաժեշտ էր գիտակցումն առ այն, որ ինքը գաղափարների քարոզչության վերին պարտքն է կատարում։ Իսկ վերջիվերջո, հարկ էր, չէ՞, մեկնումեկի հետ շամպայն խմել և հայտնի տեսակի գինու գավաթի շուրջ զվարթ մտքեր փոխանակել Ռուսաստանի և «ռուսական ոգու» մասին, Աստծո մասին ընդհանրապես և «ռուսական Աստծո» մասին առանձնապես, հարյուրերորդ անգամ կրկնել բոլորին հայտնի և բոլորի սերտած ռուսական խայտառակ անեկդոտները։ Չէինք խորշում նաև քաղաքային բամբասանքներից, ըստ որում երբեմն-երբեմն հասնում էինք խիստ, բարձր բարոյական վճիռների։ Ընկնում էինք նաև համամարդկային խնդիրների գիրկը, խիստ դատողություններ անում Եվրոպայի և մարդկության ապագա ճակատագրի մասին, ուսուցողաբար կանխագուշակում, որ Ֆրանսիան կեսարա-կանությունից հետո միանգամից գահավիժելու է երկրորդական պետության մակարդակը, և կատարելապես վստահ էինք, որ դա սարսափելի արագ և դյուրությամբ կարող է լինել։ Հռոմի պապին վաղուց ի վեր էինք կանխագուշակել սովորական միտրոպոլիտի դեր միացյալ Իտալիայում և կատարելապես համոզված էինք, որ հազարամյա այդ հարցն ամբողջությամբ մարդասիրության, արդյունաբերության և երկաթուղիների մեր դարում լոկ փուչ գործ է։ Բայց չէ որ «վերին ռուսական լիբերալիզմն» այլ կերպ չի վերաբերում գործին։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն խոսում էր արվեստի մասին ու բավականաչափ լավ, բայց փոքր-ինչ վերացական։ Մեկ-մեկ հիշում էր իր երիտասարդության ընկերների մասին՝ մեր զարգացման պատմության մեջ շարունակ նշված անձանց մասին, հիշում էր խանդաղատանքով և պատկառանքով, սակայն կարծես թեթևակի նախանձով։ Եթե շատ էր ձանձրալի դառնում, ջհուդիկ Լյամշինը (փոստատան փոքրամարմին աստիճանավոր)՝ դաշնամուրի վարպետ, նստում էր նվազելու, իսկ դադարներին խոզի, ամպրոպի, ծննդաբերության և մանկան առաջին ճիչի և այլն, և այլն ձայներ նմանակում։ Հենց դրա համար էլ հրավիրվում էր։ Իսկ եթե շատ էինք խմում,― իսկ այդպես լինում էր, թեև ոչ հաճախ,― ոգևորության մեջ էինք ընկնում և մի անգամ բոլորով, Լյամշինի նվագակցությամբ «Մարսելյոզ» երգեցինք, միայն չգիտեմ՝ լավ ստացվեց, թե՝ ոչ։ Փետրվարի տասնիննի մեծ օրը դիմավորեցինք ցնծագին ու դեռ նախապես սկսեցինք դրա պատվին կենաց բաժակներ դատարկել։ Դեռևս շատ վաղուց էր դա, այն ժամանակ դեռ չկային ոչ Շատովը, ոչ Վիրգինսկին, և Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս ապրում էր Վարվառա Պետրովնայի հետ նույն տանը։ Մեծ օրից որոշ ժամանակ առաջ Ստեպան Տրոֆիմովիչը սովորություն էր դարձրել քթի տակ մրմնջալ մի վաղեմի լիբերալ կալվածատիրոջ հորինած հայտնի, թեև փոքր-ինչ անբնական բանաստեղծություն.

Կացիններն առած՝ մուժիկներն են գալիս,
Ինչ-որ մի բան պիտի լինի սարսափելի։

Կարծեմ, այսպիսի մի բան էր, բառ առ բառ չեմ հիշում։ Վարվառա Պետրովնան մի անգամ ականջ դրեց ու բղավեց նրան. «Ցնդաբանություն է, ցնդաբանություն», և դուրս գնաց կատաղած։ Լիպուտինը, որ ներկա էր կատարվածին, թունալի նկատեց Ստեպան Տրոֆիմովիչին.

― Եվ ափսոս, եթե պարոնայք կալվածատերերին իրենց նախկին ճորտերը որոշ տհաճություն չպատճառեն ուրախությունից։

Եվ ցուցամատն իր վզի շուրջ պտտեց։

― Cher ami[8],― բարեհոգաբար արձագանքեց Ստեպան Տրոֆիմովիչը,― հավատացեք, որ դա (կրկնեց շարժումը վզի շուրջ) ամենևին օգուտ չի բերի ոչ մեր կալվածատերերին, ոչ մեզ բոլորիս ընդհանրապես։ Մենք առանց գլուխների էլ ոչինչ չենք կարողանա կարգավորել, չնայած որ մեր գլուխներն ամենից շատ են խանգարում մեզ հասկանալ։

Նշեմ, որ մեզնից շատերը ենթադրում էին, որ մանիֆեստի օրն արտասովոր ինչ-որ բան կլինի, այնպես, ինչպես կանխագուշակում էր Լիպուտինը, և բոլորն էլ ժողովրդի և պետության այսպես կոչված գիտակներ էին։ Կարծեմ, Ստեպան Տրոֆիմովիչն այդ մտքին էր նույնպես, այն աստիճան անգամ, որ մեծ օրվա համարյա նախաշեմին հանկարծ սկսեց խնդրել Վարվառա Պետրովնային՝ գնալ արտասահման, մի խոսքով, սկսեց անհանգստանալ։ Սակայն անցավ մեծ օրը, անցավ ևս որոշ ժամանակ, և բարձրամիտ ժպիտը վերստին հայտնվեց Ստեպան Տրոֆիմովիչի շրթունքներին։ Մեր առաջ մի քանի հոյակապ մտքեր արտահայտեց ռուս մարդու բնավորության մասին՝ ընդհանրապես և ռուս մուժիկի բնավորության մասին՝ մասնավորապես։

― Մենք, որպես փութկոտ մարդիկ, չափազանց շտապեցինք մեր մուժիկների հարցով,― եզրափակեց նա իր հոյակապ մտքերի շարքը,― մենք նրանց մոդայի մեջ մտցրինք, և գրականության մի ամբողջ բաժին, տարվետարի, զբաղվեց նրանցով, ինչպես նորահայտ մի գանձով։ Մենք դափնեպսակներ ենք դրել ոջլոտ գլուխներին։ Ռուսական գյուղը, ամբողջ հազար տարվա ընթացքում, մեզ է տվել սոսկ մի հատիկ կոմարինսկայա։ Ռուս հիանալի բանաստեղծը, ըստ որում, ոչ զուրկ սրամտությունից, առաջին անգամ բեմում տեսնելով մեծն Ռաշելին, բացականչել է զմայլված. «Չեմ փոխի Ռաշելին՝ մուժիկով»։ Ես պատրաստ եմ ավելին ասել, ես բոլոր ռուս մուժիկներին կտամ մեն-միակ Ռաշելի փոխարեն։ Ժամանակն է ավելի սթափ նայել ու չխառնել մեր հարազատ անտաշ կուպրը bouquet de l’impératrice-ի[9] հետ։

Լիպուտինն իսկույն համաձայնեց, բայց նշեց, որ կեղծելն ու մուժիկներին գովելն այն ժամանակ այնուամենայնիվ անհրաժեշտ էր ուղղության համար, նույնիսկ բարձրաշխարհիկ հասարակության տիկնայք առատ արցունք էին թափում՝ կարդալով «Խեղճուկրակ Անտոնը», իսկ նրանցից ոմանք էլ նույնիսկ Փարիզից էին գրում Ռուսաստան, իրենց կառավարիչներին, որ հետայդու գյուղացիների հետ վարվեն հնարավորին չափ մարդասիրաբար։

Պատահեց այնպես, որ Անտոն Պետրովի մասին լուրերից անմիջապես հետո, կարծես դիտմամբ, մեր նահանգում նույնպես, այն էլ Սկվորեշնիկիից ընդամենը տասնհինգ վերստ հեռու, դարձյալ ինչ-որ թյուրիմացություն էր կատարվել, այնպես որ տաքացած վիճակում խումբ ուղարկեցին։ Այս անգամ Ստեպան Տրոֆիմովիչն այնպես հուզվեց, որ նույնիսկ մեզ էլ վախեցրեց։ Նա բղավում էր ակումբում, որ ավելի շատ զորք է պետք, որ պետք է հեռագրով կանչեն ուրիշ գավառից, վազում էր նահանգապետի մոտ և համոզում նրան, որ ինքը կապ չունի, խնդրում, որ իրեն որևէ կերպ չխառնեն գործին՝ հինը հիշելով, առաջարկում էր իր դիմումի մասին անհապաղ գրել Պետերբուրգ, ում հարկն է։ Լավ է, որ այդ ամենը շուտով անցավ և ոչինչ էլ չեղավ, միայն թե ես զարմացա այն ժամանակ Ստեպան Տրոֆիմովիչի վրա։

Երեք տարի անց, ինչպես հայտնի է, խոսել սկսեցին ազգության մասին և ծնունդ առավ «հասարակական կարծիքը»։ Ստեպան Տրոֆիմովիչը շատ էր ծիծաղում։

― Բարեկամներս,― սովորեցնում էր նա մեզ,― մեր ազգությունը, եթե իրականում «ծնունդ է առել», ինչպես հիմա հավատացնում են նրանք թերթերում, ապա դեռևս նստած է դպրոցում, մի որևէ գերմանական պետերշուլեում, գերմանական գիրքն առած և սերտում է իր հավերժական գերմանական դասը, իսկ գերմանացի ուսուցիչը, երբ պետք լինի, նրան ծնկի է իջեցնում։ Գերմանացի ուսուցչի համար խոսք չունեմ, բայց ամենահավանականն այն է, որ ոչինչ չի պատահել և ոչինչ էլ ծնունդ չի առել, այլ ամեն ինչ գնում է, ինչպես նախկինում, այսինքն՝ Աստծո հովանու ներքո։ Իմ կարծիքով, բավական էլ է Ռուսաստանի համար, pour notre sainte Russie[10]։ Ընդ որում, բոլոր այդ համասլավոնականություններն ու ազգությունները՝ այդ ամենը չափազանց հին է՝ նոր լինելու համար։ Ազգությունը, եթե ուզում եք, մեզանում երբեք էլ ուրիշ բան չի ներկայացրել իրենից, քան ակումբային աղայական հնարանք, ավելացրած դեռ՝ մոսկովյան հնարանք։ Հարկավ, ես չեմ խոսում Իգորի ժամանակների մասին։ Եվ վերջապես, ամեն ինչ գալիս է պարապ-սարապությունից։ Մեզանում ամեն ինչ է պարապ-սարապությունից, թե՛ բարին, թե՛ լավը։ Ամեն ինչ՝ մեր աղայական, սիրելի, ուսյալ, քմահաճ պարապ-սարապությունից։ Երեսուն հազար տարի դա եմ պնդում։ Մենք սեփական աշխատանքով ապրել չենք կարողանում։ Եվ այն, որ հիմա իրար են անցել մեզանում «ծնունդ առած» ինչ-որ հասարակական կարծիքով, հանկարծակի, ոչ դես, ոչ դեն, երկնքի՞ց ընկավ։ Մի՞թե չեն հասկանում, որ կարծիք ձեռք բերելու համար ամենից առաջ աշխատանք է պետք, սեփական աշխատանք, սեփական նախաձեռնություն գործի մեջ, սեփական պրակտիկա։ Ձրի ոչինչ չի տրվում երբեք։ Կաշխատենք՝ մեր կարծիքն էլ կունենանք։ Իսկ քանի որ մենք երբեք չենք աշխատի, ապա մեր փոխարեն կարծիք կունենան նրանք, ովքեր մեր տեղն աշխատել են մինչև հիմա, այսինքն՝ նույն այդ Եվրոպան, նույն այդ գերմանացիները՝ մեր երկուհարյուրամյա ուսուցիչները։ Բացի դրանից, Ռուսաստանը չափից ավելի մեծ թյուրիմացություն է, որպեսզի կարողանանք մենակ ինքներս լուծել դա՝ առանց գերմանացիների և առանց աշխատանքի։ Ահա, արդեն քսան տարի ահազանգ եմ խփում և աշխատանքի կոչում։ Ես կյանքս եմ տվել այդ կոչումին, և խելագարս՝ հավատացել եմ։ Հիմա արդեն չեմ հավատում, բայց կոչնազանգը խփում և մինչև վերջ խփելու եմ, մինչև գերեզման, պարանը քաշելու եմ այնքան ժամանակ, մինչև իմ հոգեհանգստի զանգերը չզարկեն։

Ավաղ, մենք միայն հավանություն էինք տալիս։ Մենք ծափահարեցինք մեր ուսուցիչներին, այն էլ ինչպիսի՜ կրակով։ Իսկ ի՞նչ է, պարոնայք, հիմա արդյոք, երբեմն էլ չորսբոլորը, չի՞ հնչում նմանօրինակ «սիրելի», «խելացի», «լիբերալ» հին ռուսական բարբաջանք։

Աստծուն մեր ուսուցիչը հավատում էր։ «Չեմ հասկանում, թե այստեղ բոլորն ինչո՞ւ են ինձ անաստված ներկայացնում,― ասում էր նա մեկ-մեկ,― ես Աստծուն հավատում եմ, mais distinguons[11], ես հավատում եմ որպես մի էակի, որն ինքս իմ մեջ եմ գիտակցում։ Ես հո չեմ կարող հավատալ, ինչպես իմ Նաստասյան (աղախինը), կամ ինչպես որևէ մի «համենայն դեպս» հավատացյալ կալվածատեր, կամ ինչպես մեր սիրելի Շատովը, թեև չէ, Շատովը հաշիվ չէ, Շատովը հավատում է զոռով, որպես մոսկովյան սլավոնապաշտ։ Ինչ գալիս է քրիստոնեությանը, ապա իմ ամբողջ անկեղծ հարգանքով հանդերձ, ես քրիստոնյա չեմ։ Ես ավելի շուտ հնօրյա հեթանոս եմ, ինչպես մեծն Գյոթեն կամ ինչպես մի հին հույն։ Եվ արդեն միայն մի բան, որ քրիստոնեությունը չհասկացավ կնոջը, ինչ այնքան հոյակապ է զարգացրել Ժորժ Զանդն իր հանճարեղ վեպերից մեկում։ Ինչ վերաբերում է երկրպագություններին, պասերին և մնացյալին, ապա չեմ հասկանում, թե ո՞վ ինչ գործ ունի ինձ հետ։ Ինչքան էլ այստեղ իրար անցնեն մեր մատնիչները, բայց ճիզվիտ դառնալ չեմ ցանկանում։ Քառասունյոթ թվականին Բելինսկին, գտնվելով արտասահմանում, Գոգոլին է ուղարկել իր հայտնի նամակը, որով տաք-տաք կշտամբել է նրան, որ հավատում է «ինչ-որ մի Աստծու»։ Entre nous soit dit[12], ավելի երգիծական ոչինչ չեմ կարողանում պատկերացնել, երբ Գոգոլը (այն ժամանակվա Գոգոլը) կարդացել է այդ արտահայտությունը և... ամբողջ նամակը։ Սակայն, մի կողմ դնելով ծիծաղելին, և քանի որ այնուամենայնիվ, գործի էությանը համաձայն եմ, ապա կասեմ ու մատնացույց կանեմ՝ ի՜նչ մարդիկ են եղել։ Կարողացել են, չէ՞, սիրել իրենց ժողովրդին, կարողացել են, չէ՞, նրա համար ամեն ինչ զոհաբերել ու կարողացել են միաժամանակ չմեկտեղվել նրա հետ, երբ պետք է, չխրախուսել նրան հայտնի ըմբռնումների համար։ Հո չէր կարող Բելինսկին իրականում փրկություն որոնել պասուց ձեթի կամ սիսեռով բողկի մեջ․․․»։

Բայց այստեղ հանդես եկավ Շատովը։

― Բայց այդ մարդիկ երբեք չեն սիրել ժողովրդին, չեն տառապել նրա համար և ոչինչ չեն զոհաբերել նրան, ինչպես էլ դա պատկերացնեն իրենք, սեփական բավականության համար,― մռայլված փնթփնթաց նա՝ հայացքը ցած հառած և անհամբեր շրջվելով աթոռի վրա։

― Այդ նրա՞նք չեն սիրել ժողովրդին,― աղաղակեց Ստեպան Տրոֆիմովիչը։― Օ՜, ինչպես են սիրել Ռուսաստանը։

― Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ժողովրդին,― աղաղակեց նաև Շատովը՝ շողացնելով աչքերը։― Չի կարելի սիրել այն, ինչ չգիտես, իսկ նրանք ռուս ժողովրդից ոչինչ չեն հասկացել։ Բոլոր նրանք, դուք էլ նրանց հետ միասին, ռուս ժողովրդին նայել եք մատների արանքով, իսկ Բելինսկին՝ հատկապես, և հենց Գոգոլին ուղղված նամակից է դա երևում։ Բելինսկին ճիշտ և ճիշտ Կռըյլովի հետաքրքրասերն է, չի նկատել փղին կունստ-կամերայում, այլ իր ամբողջ ուշադրությունն ուղղել է ֆրանսիական սոցիալական բզեզիկներին, դրանցով էլ վերջացրել։ Իսկ չէ որ նա նաև, թերևս, մեզնից բոլորից ավելի խելացի էր։ Բավական չէ, աչքաթող եք արել ժողովրդին, դուք նողկալի արհամարհանքով եք վերաբերվել նրան, գոնե սոսկ նրանով, որ ժողովուրդ ասելով, երևակայել եք միմիայն ֆրանսիական ժողովուրդը, այն էլ լոկ փարիզցիներին, ու ամաչել, որ ռուս ժողովուրդն այդպիսին չէ։ Եվ սա մերկ ճշմարտություն է։ Իսկ ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի։ Հաստատ իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր դադարում են հասկանալ իրենց ժողովրդին և կորցնում են իրենց կապերը նրա հետ, իսկույն ևեթ, նույն չափով կորցնում են նաև հայրենական հավատքը, դառնում են կամ անաստված, կամ անտարբեր։ Ճիշտ եմ ասում։ Սա փաստ է, որը կարդարանա։ Ահա ինչու թե դուք բոլորդ, թե մենք բոլորս հիմա կամ նողկալի անստվածներ ենք, կամ անտարբեր, այլասերված անպետքություն, և ուրիշ ոչինչ։ Եվ դուք նույնպես, Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ ամենևին չեմ բացառում, նույնիսկ մեր հասցեին էլ ասացի, իմացեք դա։

Սովորաբար, այսպիսի մենախոսություն արտասանելուց հետո (իսկ դա հաճախ էր պատահում), Շատովն առնում էր իր գլխարկն ու նետվում դռան կողմը կատարելապես համոզված, որ հիմա արդեն ամեն ինչ վերջացած է, և որ ինքը կատարելապես ու առհավետ խզել է իր բարեկամական հարաբերությունները Ստեպան Տրոֆիմովիչի հետ։ Վերջինս միշտ կարողանում էր ժամանակին կանգնեցնել նրան։

― Իսկ չհաշտվե՞նք, արդյոք, Շատով, բոլոր այդ անուշ բառերից հետո,― ասում էր նա՝ ձեռքը բարեկամաբար նրան պարզելով բազկաթոռից։

Անճոռնի, թեև ամոթխած Շատովը քնքշություններ չէր սիրում։ Արտաքուստ կոպիտ մարդ էր, բայց ներքուստ կարծես թե շատ էր նրբանկատ։ Թեև հաճախ էր չափը կորցնում, բայց դրանից առաջինն ինքն էր տառապում։ Ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի կոչական բառերի, քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով և արջի պես տեղում դոփդոփելով՝ նա հանկարծ անսպասելի քմծիծաղելով դեն էր նետում գլխարկն ու նստում նախկին աթոռին՝ համառորեն ցած նայելով։ Անշուշտ, գինի էին բերում, և Ստեպան Տրոֆիմովիչը մի որևէ հարմար կենաց էր ասում, ասենք, թեկուզ անցյալի գործիչներից որևէ մեկի հիշատակին։

Գլուխ երկրորդ. Արքայազն Հարրին: Հարսնախոսություն

I

Աշխարհում մի հոգի էլ կար, ում կապված էր Վարվառա Պետրովնան ոչ պակաս, քան Ստեպան Տրոֆիմովիչին՝ միակ որդին էր՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչ Ստավրոգինը։ Հենց նրա համար էր հրավիրվել Ստեպան Տրոֆիմովիչը, որպես դաստիարակ։ Տղան այն ժամանակ ութը տարեկան էր, իսկ հայրը՝ թեթևամիտ գեներալ Ստավրոգինը, արդեն բաժան էր ապրում մայրիկից, այնպես որ երեխան մեծացավ միայն մոր հոգածության ներքո։ Արդարը պիտի հատուցել Ստեպան Տրո-ֆիմովիչին, նա կարողանում էր իրեն կապել սանին։ Նրա ամբողջ գաղտնիքն այն էր, որ ինքն էլ էր երեխա։ Այն ժամանակ ես դեռ չկայի, իսկ նա մշտապես կարիքն ուներ իսկական ընկերոջ։ Նա չերկնչեց իրեն ընկեր դարձնել այդքան փոքրահասակ մի արարածի, հենց նա մի քիչ մեծացավ։ Մի տեսակ բնական էր ստացվել, որ նրանց միջև նվազագույն իսկ տարածություն չէր մնացել։ Նա քանիցս արթնացրել էր իր տասը կամ տասնմեկամյա ընկերոջը գիշերով, միայն նրա առաջ իր վիրավորված զգացմունքները զեղելու՝ արցունքն աչքերին, կամ որևէ մի ընտանեկան գաղտնիք բացահայտելու, չնկատելով, որ դա արդեն միանգամայն անթույլատրելի է։ Նրանք միմյանց գիրկ էին նետվում ու լալիս։ Մոր մասին տղան գիտեր, որ շատ է սիրում իրեն, բայց հազիվ թե շատ էր սիրում մորն ինքը։ Մայրը քիչ էր խոսում նրա հետ, որևէ խնդրում հազվադեպ էր շատ նեղում նրան, սակայն մոր՝ իրեն հետևող ակնդետ հայացքը մշտապես մի տեսակ հիվանդագին զգում էր իր վրա։ Ի դեպ, ուսուցման և բարոյական զարգացման ամբողջ գործում մայրն ամբողջովին վստահում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Այն ժամանակ դեռևս լիուլի հավատում էր նրան։ Հարկ է մտածել, որ մանկավարժը փոքր-ինչ քայքայել էր իր սանի նյարդերը։ Երբ տասնվեց տարեկան նրան տարան լիցեյ, տղան տխեղծ էր ու գունատ, տարօրինակ սուսուփուս և մտազբաղ։ (Հետագայում նա աչքի էր ընկնում արտակարգ ֆիզիկական ուժով)։ Հարկ է ենթադրել նաև, որ ընկերները լաց էին լինում, գիշերները փոխադարձաբար միմյանց գիրկ նետվելով, ոչ սոսկ ինչ-ինչ ընտանեկան պատմությունների պատճառով։ Ստեպան Տրոֆիմովիչը կարողացել էր դիպչել իր ընկերոջ սրտի ամենախորունկ լարերին և արթնացրել առաջին, դեռևս անորոշ զգացողությունն այն հավերժական, սրբազան թախծի, որն առանձին ընտրյալ հոգին, մեկ անգամ ճաշակելով ու ճանաչելով, հետագայում երբեք չի փոխարինի էժանագին բավարարությամբ։ (Կան նաև այնպիսի երկրպագուներ, որոնք այդ թախիծն ավելի թանկ են գնահատում ամենաարմատական բավարարումից, եթե նույնիսկ այդպիսին հնարավոր դառնար)։ Համենայն դեպս, լավ էր, որ փոքրիկին ու դաստիարակին, թեև ուշ, սակայն բաժանեցին այս ու այն կողմ։

Առաջին երկու տարին երիտասարդը լիցեյից արձակուրդ էր գալիս։ Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի Պետերբուրգում եղած ժամանակ նա երբեմն ներկա էր լինում մոր մոտ տեղի ունեցող գրական երեկույթներին, ունկնդրում էր և հետևում։ Խոսում էր քիչ և նախկինի պես դեռևս սուսուփուս էր, ամաչկոտ։ Ստեպան Տրոֆիմովիչին նախկին քնքուշ ուշադրությամբ էր վերաբերվում, բայց արդեն մի տեսակ ավելի զուսպ։ Վերին նյութերից և անցյալի հուշերից, ըստ երևույթին, խուսափում էր խոսել նրա հետ։ Դասընթացն ավարտելով, մայրիկի ցանկությամբ, զինվորական ծառայության ընդունվեց նա և շուտով գվարդիական ամենաերևելի հեծյալ գնդերից մեկի կազմում էր։ Նա չեկավ՝ մայրիկին ներկայանալու մունդիրով և սկսեց հազվադեպ գրել Պետերբուրգից։ Վարվառա Պետրովնան նրան փող էր ուղարկում՝ չխնայելով, չնայած, որ ռեֆորմից հետո նրա կալվածքների եկամուտն ընկավ այնքան, որ սկզբնական շրջանում նախկինի կեսն էլ չէր ստանում։ Իմիջիայլոց, տևական խնայողությամբ նա որոշ, ոչ ամենևին փոքր կապիտալ էր կուտակել։ Նրան շատ էին հետաքրքրում որդու հաջողությունները պետերբուրգյան բարձրագույն հասարակության մեջ։ Ինչ չհաջողվեց նրան, հաջողվեց երիտասարդ սպային՝ հարուստ և հուսադրող։ Նա վերականգնեց այնպիսի ծանոթություններ, որոնց մասին մայրն այլևս երազել իսկ չէր կարող, և ամենուր ընդունվում էր մեծ բավականությամբ։ Բայց շատ շուտով Վարվառա Պետրովնային հասնել սկսեցին բավականին տարօրինակ լուրեր․ երիտասարդը մի տեսակ խելահեղ ու հանկարծակի գինարբուքների էր տրվել։ Չէ թե նա խաղում էր կամ շատ խմում։ Պատմում էին միայն ինչ-որ վայրի սանձարձակության մասին, վարգաձիերով կոխկրտված մարդկանց մասին, գազանային վարմունքի մասին լավ հասարակության մի տիկնոջ հանդեպ, ում հետ կապի մեջ էր եղել, իսկ հետո վիրավորել հրապարակավ։ Նույնիսկ չափից ավելի բացահայտ կեղտոտ ինչ-որ բան կար այդ գործում։ Դրան ավելացնում էին, որ նա մենամարտասեր է, կպչում և վիրավորում է՝ վիրավորելու հաճույքից։ Վարվառա Պետրովնան հուզվում էր և թախծում։ Ստեպան Տրոֆիմովիչը հավատացնում էր նրան, որ դրանք չափազանց հարուստ խառնվածքի առաջին բուռն պոռթկումներն են, որ ծովը կխաղաղվի և որ այդ ամենը նման է Ֆալստաֆի, Պոյնսի և միստրիս Քուիքլիի հետ գինարբուքներ անող արքայազն Հարրիի պատմությանը՝ նկարագրված Շեքսպիրի գործում։ Վարվառա Պետրովնան այս անգամ չբղավեց. «Ցնդաբանությո՜ւն է, ցնդաբանությո՜ւն», ինչպես սովորություն էր դարձրել վերջերս շատ հաճախ բղավել Ստեպան Տրոֆիմովիչի վրա, այլ հակառակը, շատ ուշադիր լսեց, կարգադրեց ավելի մանրամասն բացատրել իրեն, ինքը վերցրեց Շեքսպիրի հատորը և արտակարգ ուշադրությամբ ընթերցեց անմահ ժամանակագրությունը։ Սակայն ժամանակագրությունը նրան չհանգստացրեց, այնքան էլ շատ նմանություններ չգտավ։ Նա տենդագին սպասում էր իր մի քանի նամակների պատասխանին։ Պատասխանները չհապաղեցին․ շուտով ճակատագրական մի լուր ստացվեց, որ արքայազն Հարրին համարյա միանգամից երկու մենամարտ է ունեցել, երկու դեպքում էլ ծայրեծայր մեղավոր, հակառակորդներից մեկին սպանել տեղում, իսկ մյուսին խեղանդամել է և այդ արարքների պատճառով դատի տրվել։ Գործն ավարտվել էր աստիճանազրկման՝ զինվորի, իրավունքներից զրկմամբ և ծառայության ուղարկվելով բանակային հետևակ գնդերից մեկը, այն էլ՝ առանձնահատուկ ողորմածությամբ։

Վաթսուներեք թվականին նրան ինչ-որ կերպ հաջողվեց աչքի ընկնել։ Նրան փոքր խաչ էին հանձնել և ենթասպայի, իսկ հետո մի տեսակ շատ արագ սպայի աստիճան տվել։ Այդ ամբողջ ժամանակաընթացքում Վարվառա Պետրովնան թերևս հարյուրի չափ նամակներ ուղարկեց մայրաքաղաք՝ խնդրանքներով և աղաչանքներով։ Նա իրեն թույլ տվեց փոքր-ինչ նսեմանալ նման անսովոր դեպքի կապակցությամբ։ Աստիճան ստանալուց հետո երիտասարդը հանկարծ հրաժարվեց ծառայությունից, կրկին չեկավ Սկվորեշնիկի, իսկ մորն ամենևին արդեն սկսեց չգրել։ Կողմնակի ճանապարհներով իմացան վերջապես, որ նա Պետերբուրգում է, բայց որ նախկին հասարակության մեջ նրան արդեն չեն հանդիպում ամենևին։ Հետևեցին ու պարզեցին, որ ապրում է ինչ-որ տարօրինակ շրջապատում, կապվել է պետերբուրգյան բնակչության ինչ-ինչ թափթփուկների հետ, անսապոգ աստիճանավորների, ազնվաբարո տեսքով մուրացող աստիճանաթող զինվորականների, հարբեցողների հետ, ելումուտ ունի նրանց կեղտոտ ընտանիքները, օրեր ու գիշերներ է անցկացնում մթին հետնախորշերում և Աստված գիտե, թե ինչ ծակուծուկերում, իջել է հատակը, ցնցոտիների մեջ է և որ, ուրեմն, դա նրան դուր է գալիս։ Մորից փող չէր խնդրում, իր փոքր կալվածքն ուներ՝ գեներալ Ստավրոգինի նախկին գյուղակը, որը գոնե ինչ-որ եկամուտ տալիս էր և որը, լուրերի համաձայն, նա վարձակալության էր տվել սաքսոնյան մի գերմանացու։ Վերջապես մայրն աղաչեց նրան իր մոտ գալ, և արքայազն Հարրին հայտնվեց մեր քաղաքում։ Այստեղ էլ առաջին անգամ ես զննեցի նրան, իսկ մինչ այդ երբեք չէի տեսել։

Շատ գեղեցկատես երիտասարդ էր, քսանհինգ տարեկան, և խոստովանում եմ, ապշեցրեց ինձ։ Սպասում էի հանդիպել ինչ-որ գջլոտ շրջմոլիկի՝ այլասերումից մաշված, օղու հոտ արձակող։ Ընդհակառակն, երբևէ իմ տեսած ջենթլմեններից ամենանրբագեղն էր, չափազանց լավ հագնված և պահում էր իրեն այնպես, ինչպես կարող է պահել ամենանրբին բարեձևության սովոր պարոնը։ Միայն ես չէի զարմացած, զարմանում էր նաև ամբողջ քաղաքը, որին, հարկավ, արդեն հայտնի էր պարոն Ստավրոգինի լրիվ կենսագրությունը, նույնիսկ այնպիսի մանրուքներով, որ անհնար էր պատկերացնել՝ որտեղից էին դրանք ի հայտ եկել, և որ ամենազարմանալին է, դրանց կեսը ճիշտ դուրս եկավ։ Մեր բոլոր տիկնայք ցնորված էին նոր հյուրով։ Նրանք կտրուկ բաժանվեցին երկու կողմի՝ մեկը պաշտում էր, մյուսը ատում, արյամբ վրեժ լուծելու աստիճան, սակայն ցնորված էին հավասարապես։ Ոմանց առանձնապես հրապուրում էր, որ նրա հոգում գուցեև ինչ-որ ճակատագրական գաղտնիք կա, մյուսներին հաստատապես դուր էր գալիս, որ նա մարդասպան է։ Պարզվեց նույնպես, որ միանգամայն կարգին կրթված է, նույնիսկ որոշ գիտելիքներ ունի։ Հարկավ, շատ գիտելիք չէր պահանջվում մեզ զարմացնելու համար, բայց նա կարող էր դատել նաև օրախնդիր, բավական հետաքրքիր թեմաներով, և որ ամենից արժեքավորն էր, հոյակապ կշռադատությամբ։ Հիշատակեմ որպես տարօրինակություն, մեզանում բոլորը, համարյա առաջին օրից, նրան համարեցին չափազանց կշռադատ անձնավորություն։ Շատ զրուցասեր չէր, նրբագեղ էր առանց նրբաճաշակության, զարմանալի համեստ և միաժամանակ համարձակ ու ինքնավստահ, ինչպես և ոչ ոք մեզանում։ Մեր պճնամոլները նրան էին նայում նախանձով և կատարելապես խամրեցին նրա առաջ։ Ինձ զարմացրեց նաև նրա դեմքը, մազերը չափից ավելի էին սև, բացգույն աչքերը չափից ավելի էին հանգիստ ու ջինջ, դեմքի գույնը չափից ավելի էր նուրբ ու ճերմակ, շառագույնը չափից ավելի էր վառ ու մաքուր, ատամները մարգարտի պես, շրթունքները մարջանե՝ թվում էր, թե պատկերք է, միաժամանակ կարծես նաև գարշելի։ Ասում էին, որ դեմքը դիմակ է հիշեցնում, ի դեպ, շատ բաներ էին ասում, իմիջիայլոց, նրա մարմնական արտակարգ ուժի մասին։ Համարյա բարձրահասակ էր։ Վարվառա Պետրովնան նրան էր նայում հպարտությամբ, բայցև մշտական անհանգստությամբ։ Մեզ մոտ նա կես տարվա չափ ապրեց՝ ծուլորեն, անձայն, բավականին մռայլ։ Հայտնվում էր հասարակության մեջ և անշեղ ուշադրությամբ կատարում մեր գավառական ամբողջ էտիկետը։ Հոր կողմից հարազատ էր նահանգապետին և նրա տանն ընդունված որպես մոտիկ ազգական։ Սակայն անցավ մի քանի ամիս, և գազանը հանկարծ ցույց տվեց ճանկերը։ Ի դեպ, փակագծերում նշեմ, որ մեր սիրելի, մեղմաբարո Իվան Օսիպովիչը՝ մեր նախկին նահանգապետը, մի քիչ նման էր կնկա, բայց լավ ընտանիքից էր ու կապեր ուներ, ինչով էլ բացատրվում է, որ այդքան տարի նստեց մեզ մոտ՝ մշտապես խույս տալով ամենայն գործից։ Աղուհացով մարդ լինելու և հյուրընկալության առումով հարկ էր, որ նա հին ու լավ ժամանակների ազնվականության պարագլուխ լիներ և ոչ թե նահանգապետ, այնպիսի մի հոգսաշատ ժամանակ, ինչպիսին մերն էր։ Քաղաքում շարունակ խոսում էին, որ նահանգը կառավարում է ոչ թե նա, այլ Վարվառա Պետրովնան։ Իհարկե, թունալի էր ասված, բայց և այնպես կատարյալ սուտ էր։ Մենք էլ քիչ սրամտություններ չօգտագործեցինք այդ կապակցությամբ։ Ընդհակառակն, Վարվառա Պետրովնան վերջին տարիներս հատկապես ու գիտակցաբար իրեն մեկուսացրել էր ամեն կարգի վերին դեր ու կոչումից, չնայած իր հանդեպ ամբողջ հասարակության արտակարգ հարգանքին, և կամավորապես սահմանափակվել իր իսկ նշած խիստ շրջանակներում։ Վերին դերերի փոխարեն նա հանկարծ սկսեց զբաղվել տնտեսությամբ և երկու-երեք տարում իր կալվածքի եկամտաբերությունը բարձրացրեց համարյա նախկին աստիճանին։ Բանաստեղծական նախկին բռնկումների փոխարեն (ուղևորություններ Պետերբուրգ, ամսագիր հրատարակելու մտադրություն և այլն), սկսեց կուտակել և ժլատություն անել։ Անգամ Ստեպան Տրոֆիմովիչին հեռացրեց իրենից՝ թույլ տալով նրան բնակարան վարձել ուրիշ տան մեջ (ինչի համար նա վաղուց արդեն ձեռ չէր քաշում տիկնոջից, զանազան պատրվակներով)։ Կամաց-կամաց Ստեպան Տրոֆիմովիչը սկսեց նրան կոչել պրոզայիկ կին, կամ ավելի կատակախառը՝ «իր պրոզայիկ բարեկամը»։ Անշուշտ, այդ կատակները նա իրեն թույլ էր տալիս սոսկ արտակարգ հարգալիր ձևով՝ երկար ժամանակ ընտրելով հարմար պահը։

Բոլոր մոտիկներս, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը բոլորիցս զգալի կերպով, հասկանում էինք, որ որդին նրա դիմաց է հայտնվել հիմա կարծես նոր մի հույսի ձևով և նույնիսկ ինչ-որ նոր մի երազանքի տեսքով։ Նրա բուռն զգացմունքը որդու հանդեպ ծայր առավ պետերբուրգյան հասարակության մեջ նրա հաջողությունների շրջանից և հատկապես ուժգնացավ այն պահից, երբ եկավ նրա՝ զինվորի աստիճանազրկման լուրը։ Այնինչ, նա ակնհայտորեն վախենում էր որդուց և նրա առաջ թվում էր ճորտուհի։ Նկատելի էր, որ նա վախենում է անորոշ, խորհրդավոր մի բանից, ինչ ինքն էլ չէր կարող արտահայտել՝ բազմիցս աննկատ ու ակնդետ զննելով Nicolas-ին, ինչ-որ բաներ հասկանալով և գուշակելով, և ահա՝ գազանը մեկեն բացեց իր ճանկերը։

II

Մեր արքայազնը հանկարծ, անտեղի-անհարկի, երկու-երեք անհնարին լկտիություններ արեց տարբեր մարդկանց հանդեպ, այսինքն՝ գլխավորն այն էր հենց, որ այդ լկտիություններն ամենևին չլսված էին, ամենևին նման չէին որևէ բանի, ամենևին այնպիսին չէին, ինչպես սովորաբար լինում են, միանգամայն գարշելի ու տղայական, և սատանան գիտե, թե ինչի համար, միանգամայն առանց որևէ առիթի։ Մեր ակումբի պատկառելիագույն ավագներից մեկը՝ Պավել Պավլովիչ Գագանովը, տարեց և անգամ վաստակաշատ մի մարդ, անմեղ սովորություն էր դարձրել ամեն խոսքին ոգևորությամբ ավելացնել. «Չէ-է՜, քթիցս բռնած ինձ ման ածել չի լինի»։ Է՜, թող այդպես համարի։ Բայց մի անգամ ակումբում, երբ նա, ինչ-որ տաք առիթով, տվյալ ասույթն էր արտասանել շուրջը խմբված ակումբային այցելուներին (բոլորն էլ՝ ոչ վերջին մարդիկ), քիչ այն կողմ մենակ կանգնած Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ում ոչ ոք չէր դիմել, հանկարծ մոտեցել էր Պավել Պավլովիչին, անսպասելի, բայց ամուր բռնել էր քթից երկու մատով և հասցրել իր ետևից քարշ տալ դահլիճում երկու-երեք քայլ։ Պարոն Գագանովի նկատմամբ ոչ մի չարություն ունենալ չէր կարող նա։ Կարելի էր մտածել, թե դա զուտ աշակերտական արարք է, հարկավ, աններելիագույն։ Սակայն, հետո պատմում էին, որ գործողության բուն պահին նա համարյա թե մտազբաղ էր, «ճիշտ կարծես խելագարվել էր», բայց դա արդեն երկար ժամանակ անց վերհիշեցին ու ըմբռնեցին։ Տաքացած, բոլորը սկզբում հիշում էին միայն երկրորդ պահը, երբ նա արդեն հաստատ ամեն ինչ հասկացել էր իրական ձևով և ոչ միայն չէր շփոթվել, այլ հակառակը՝ ժպտացել էր չարամիտ ու զվարթ, «առանց նվազագույն զղջման»։ Ահավոր մի աղմուկ էր բարձրացել, նրան շրջապատել էին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը շուռումուռ էր եկել և, ոչ մեկին չպատասխանելով, չորսբոլորը նայել՝ հետաքրքրությամբ զննելով գոռացող դեմքերը։ Ի վերջո, հանկարծ կարծես մտքերի մեջ էր ընկել նորից, համենայն դեպս՝ այդպես էին ասում, խոժոռվել, հաստատաքայլ մոտեցել էր վիրավորված Պավել Պավլովիչին և շուտասելուկով, նկատելի դառնացածությամբ, մրթմրթացել.

― Իհարկե, կներեք... ճիշտն ասած, չգիտեմ, ինչպես հանկարծ ուզեցի... Հիմարություն էր...

Ներողության անփութությունը հավասար էր նոր վիրավորանքի։ Ավելի մեծ աղմուկ բարձրացավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը թոթվեց ուսերն ու դուրս եկավ։

Այդ ամենը շատ հիմար բան էր, չասած արդեն այլանդակության մասին՝ հաշվարկված և դիտավորյալ այլանդակություն, ինչպես թվում էր առաջին հայացքից, ուստիև իրենից ներկայացնում էր դիտավորյալ, վերին աստիճանի լկտի վիրավորանք մեր ամբողջ հասարակությանը։ Այդպես էլ դա հասկացվեց բոլորի կողմից։ Սկսեցին նրանից, որ անհապաղ և միահամուռ ակումբի անդամությունից վտարեցին պարոն Ստավրոգինին։ Հետո որոշեցին ամբողջ ակումբի անունից դիմել նահանգապետին և խնդրել նրան անմիջապես (չսպասելով, մինչև գործը սկսվի օրինական դատարանով), իրեն վստահված վարչական իշխանությամբ սանձել վտանգավոր կռվարարին, մայրաքաղաքային «մենամարտամոլին, դրանով իսկ մեր քաղաքի ամբողջ օրինավոր շրջանակի հանգստությունը պաշտպանել վնասաբեր ոտնձգություններից»։ Ընդ որում, չարամիտ անմեղությամբ ավելացրել էին, որ «գուցեև պարոն Ստավրոգինի համար էլ մի որևէ օրենք կգտնվի»։ Հենց այդ նախադասությունն էին նախատեսել նահանգապետի համար, որ խայթեն Վարվառա Պետրովնայի կապակցությամբ։ Ծեփել էին հաճույքով։ Ասես դիտմամբ, նահանգապետն այդ ժամանակ քաղաքում չէր, գնացել էր ոչ հեռու մի տեղ՝ կնքելու սիրունիկ ու վերջերս այրիացած մի կնոջ զավակին, որն ամուսնուց հետո էր հղիացել։ Սակայն գիտեին, որ նահանգապետը շուտով վերադառնալու է։ Իսկ նրան սպասելու ընթացքում հարգարժան և վիրավորված Պավել Պավլովիչին մի ամբողջ օվացիա սարքեցին, գրկում և համբուրում էին, ամբողջ քաղաքն այցելեց նրան։ Ծրագրում էին նաև ճաշկերույթ տալ նրա պատվին՝ ցուցակագրումով, և միայն նրա իսկ եռանդագին խնդրանքով թողեցին այդ միտքը, թերևս վերջապես գլխի ընկնելով, որ մարդուն, այնուամենայնիվ, քթից բռնած քարշ են տվել և որ, ուրեմն, այնքան էլ մի հանդիսելու բան չէ։

Եվ սակայն ինչպե՞ս էր դա պատահել։ Ինչպե՞ս կարող էր պատահել։ Հատկանշելի է այն հանգամանքը, որ մեր ամբողջ քաղաքում ոչ ոք այդ վայրի արարմունքը չվերագրեց խելագարության։ Ուրեմն, Նիկոլայ Վսեվոլոդովիչից էլ խելացի մեկից էլ հակված էին սպասել նմանօրինակ արարքներ։ Ես նույնիսկ մինչև հիմա չգիտեմ ինչպես բացատրել, չնայած շուտով դրան հետևած դեպքն անգամ, որը թվում է, ամեն ինչ բացատրեց ու ըստ երևույթին, բոլորին հանգստացրեց։ Ավելացնեմ նաև, որ չորս տարի անց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ակումբում այդ անցած դեպքի կապակցությամբ իմ զգուշավոր հարցին պատասխանեց խոժոռվելով. «Այո, այն ժամանակ ես այնքան էլ առողջ չէի»։ Բայց կարիք չկա առաջ անցնել։

Ինձ համար հետաքրքրական էր նաև համընդհանուր ատելության այն պոռթկումը, որով նրանք այն ժամանակ վրա պրծան «կռվարարի և մայրաքաղաքային մենամարտամոլի վրա»։ Անպայման ուզում էին տեսնել ամբողջ հասարակությանը միանգամից վիրավորելու հանդուգն դիտավորություն և հաշվարկած մտադրություն։ Հաստատապես ոչ մեկի սրտով չէր այդ մարդը և, հակառակը, բոլորին զինել էր իր դեմ, պարզ չէ, թե ինչով։ Մինչև վերջին դեպքը, նա ոչ ոքի հետ չէր վիճել և ոչ մեկին չէր վիրավորել, այլ նրբակիրթ էր այնպես, ինչպես մոդայիկ նկարից իջած ասպետ, եթե միայն վերջինս խոսել կարողանար։ Ենթադրում եմ, որ նրան ատեցին հպարտության պատճառով։ Նույնիսկ մեր տիկնայք, որոնք սկսել էին երկրպագությամբ, հիմա նրա դեմ աղաղակում էին տղամարդկանցից ավելի։

Վարվառա Պետրովնան ահավոր ցնցված էր։ Հետագայում նա խոստովանեց Ստեպան Տրոֆիմովիչին, որ ինքը վաղուց կանխատեսում էր այդ ամեն ինչը, ամբողջ այդ կես տարին, օրեօր, և նույնիսկ հենց «այդ ձևով»՝ զարմանալի խոստովանություն հարազատ մոր կողմից։ «Սկսվեց»,― մտածեց մայրը՝ սարսռալով։ Ակումբում ճակատագրական երեկոյի հաջորդ առավոտյան նա զգուշորեն, սակայն վճռական բացատրություն ունեցավ որդու հետ, այդ ընթացքում՝ դողացնում էր ամբողջ մարմնով, չնայած վճռականությանը։ Ամբողջ գիշեր չէր քնել և նույնիսկ վաղ առավոտյան խորհրդակցելու էր գնացել Ստեպան Տրոֆիմովիչի մոտ ու լաց եղել, ինչ դեռ երբեք չէր եղել մարդկանց ներկայությամբ։ Նա ուզում էր, որ Nicolas-ը ծայրահեղ դեպքում գոնե ինչ-որ բան ասեր իրեն, գոնե բացատրության արժանացներ։ Nicolas-ը, միշտ այնքան հարգալիր ու բարեկիրթ մոր հանդեպ, որոշ ժամանակ նրան էր լսում խոժոռված, բայց շատ լրջորեն։ Հանկարծ վեր կացավ, առանց մի բառ ասելու, համբուրեց մոր ձեռքն ու դուրս եկավ։ Իսկ հենց նույն օրը, երեկոյան, կարծես դիտմամբ, մեկ ուրիշ սկանդալ էլ վրա հասավ, թեև շատ ավելի թույլ ու ավելի սովորական առաջինից, բայց և այնպես, համընդհանուր տրամադրության շնորհիվ, քաղաքային աղաղակները սաստկացան։

Ձեռքի տակ հենց մեր բարեկամ Լիպուտինն էր ընկել։ Նա հայտնվել էր Նիկոլայ Վսեվոլոդովիչի մոտ, վերջինիս՝ մոր հետ բացատրությունից անմիջապես հետո և թախանձագին խնդրել պատիվ անել և նույն օրը երեկույթի գալ իրենց տուն, կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ։ Վարվառա Պետրովնան արդեն վաղուց սարսուռով էր նայում Նիկոլայ Վսեվոլոդովիչի ծանոթությունների այդքան ստորին ուղղվածությանը, սակայն այդ հաշվով նրան դիտողություն անել չէր համարձակվում։ Որդին արդեն դրանից բացի մի քանի ծանոթություններ էր հաստատել մեր հասարակության այդ երրորդական շերտերում, անգամ ավելի ցածր, բայց դե, նման հակվածություն ուներ։ Մինչ այդ դեռ չէր եղել Լիպուտինի տանը, թեև հանդիպում էր նրա հետ։ Նա կռահեց, որ Լիպուտինն իրեն կանչում է հիմա, ակումբում երեկվա սկանդալի պատճառով և որպես տեղական լիբերալ, հիացած է դրանով, անկեղծորեն մտածում է, որ հենց այդպես էլ պիտի վարվել ակումբային ավագների հետ և որ դա շատ լավ է։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը ծիծաղեց և խոստացավ գնալ։ Բազմաթիվ հյուրեր էին հավաքվել, անբարետես, սակայն ժիր ժողովուրդ։ Անձնապաշտ և նախանձոտ Լիպուտինը տարեկան միայն երկու անգամ էր հյուր կանչում, բայցև այդ անգամները ժլատություն չէր անում։ Ամենապատվարժան հյուրը` Ստեպան Տրոֆիմովիչը, հիվանդության պատճառով չէր եկել։ Թեյ մատուցեցին, առատ ուտեստեղեն կար և օղի։ Խաղում էին երեք սեղանների վրա, իսկ երիտասարդները, սպասելով ընթրիքին, պարեր կազմակերպեցին, դաշնամուրի նվագով։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը հրավիրեց տիկին Լիպուտինային՝ չափազանց սիրունիկ կին էր, որը սաստիկ երկյուղում էր նրանից, երկու շրջան պարեց հետը, նստեց կողքը, խոսեցրեց, ծիծաղեցրեց։ Ի վերջո, նշելով, թե ինչքան է գեղեցկանում ծիծաղելիս, հանկարծակի, բոլոր հյուրերի ներկայությամբ, գրկեց կնոջ գոտկատեղը և համբուրեց շուրթերը, երեք անգամ իրար ետևից, ամենայն վայելումով։ Վախեցած խեղճ կինն ուշագնաց եղավ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերցրեց շլյապան, մոտեցավ համընդհանուր խառնաշփոթի մեջ շվարած ամուսնուն, նայելով նրան՝ ինքն էլ շփոթվեց և փութով մրմնջալով «Մի բարկացեք», դուրս եկավ։ Լիպուտինը վազեց նրա ետևից նախասենյակ, իր ձեռքով նրան մատուցեց մուշտակը և խոնարհումներով ուղեկցեց աստիճաններով ցած։ Սակայն հաջորդ օրն էլ հենց կատարվեց բավական զվարճալի լրացումն ըստ էության անմեղ այդ պատմության, համեմատաբար ասված՝ լրացումը, որն այն ժամանակից ի վեր նույնիսկ որոշ հարգանք բերեց Լիպուտինին, ինչից նա կարողացավ օգտվել, ի մեծ շահ իրեն։

Առավոտյան ժամը տասին տիկին Ստավրոգինայի տուն ներկայացավ Լիպուտինի աղախին Ագաֆյան՝ կապը կտրած, ժիր ու կարմրաթուշ, երեսնամյա մի կին, ում Լիպուտինն էր ուղարկել Նիկոլայ Վսեվոլոդովիչի մոտ՝ հանձնարարությամբ և որն անպայման ուզում էր «տեսնել հենց իրեն»։ Երիտասարդի գլուխը շատ էր ցավում, բայց նա դուրս եկավ։ Վարվառա Պետրովնային հաջողվեց ներկա լինել հանձնարարությունը հայտնելիս։

― Սերգեյ Վասիլևիչը (այն է՝ Լիպուտինը),― աշխույժով բլբլացրեց Ագաֆյան,― հրամայեցին նախ և առաջ շատ և շատ բարևներ հայտնել ձեզ ու առողջությունն իմանալ, թե ինչպե՞ս եք բարեհաճել քնել երեկվանից հետո և հիմա ինչպես եք ձեզ բարեհաճում զգալ երեկվանից հետո։

Նիկոլայ Վսեվոլոդովիչը քթի տակ ծիծաղեց։

― Բարևներս ու շնորհակալությունս հայտնիր ու իմ կողմից էլ ասա պարոնիդ, Ագաֆյա, որ նա ամենախելացի մարդն է ամբողջ քաղաքում։

― Իսկ նրանք հրամայել են դրա վրա պատասխանել,― ավելի աշխույժով շարունակեց Ագաֆյան,― որ առանց ձեզ էլ դրա մասին գիտեն ու նույնը ձեզ են ցանկանում։

― Ահա թե ինչ, բայց նա ինչպե՞ս կարող էր իմանալ, թե ինչ եմ քեզ ասելու։

― Էդ մեկը չգիտեմ, թե ինչ ձևով են իմացել, բայց երբ տնից ելա ու փողոցը լրիվ կտրել էի, Սերգեյ Վասիլյիչն առանց գլխարկի հասան ինձ ու ասին. «Ագաֆյուշկա, թե որ հանկարծ ու քեզ հրամայեն, թե, պարոնիդ կասես, որ ինքը քաղաքում լրիվից ավելի խելոքն է», չմոռանաս տեղնուտեղը պատասխան տաս, որ «ինքներս էլ լավ իմանում ենք դրա մասին ու ձեզ էլ նույն բանն ենք ցանկանում»։

III

Վերջապես կայացավ նաև բացատրությունը նահանգապետի հետ։ Մեր սիրելի, մեղմաբարո Իվան Օսիպովիչը հենց նոր էր վերադարձել ու հենց նոր հասցրել ունկնդրել ակումբային տաք-տաք գանգատը։ Անկասկած, հարկ էր ինչ-որ բան անել, բայց նա շփոթվեց։ Մեր հյուրընկալ ծերուկը նույնպես կարծես երկյուղում էր իր երիտասարդ ազգականից։ Նա սիրտ արեց սակայն համոզել նրան՝ ներողություն խնդրել ակումբից և վիրավորվածից, բայց բավարարող ձևով, ու եթե պահանջվի, նաև գրավոր, իսկ հետո մեղմորեն հորդորել նրան՝ թողնել մեզ, օրինակ հետաքրքրասիրության համար մեկնելով Իտալիա, ընդհանրապես որևէ տեղ՝ արտասահման։ Սրահում, ուր մտավ նահանգապետն այս անգամ ընդունելու Նիկոլայ Վսեվոլոդովիչին (ուրիշ անգամներ տնով մեկ անարգել, ազգականի իրավունքով թափառողին), դաստիարակված Ալյոշա Տելյատնիկովը՝ աստիճանավոր, դրա հետ մեկտեղ նահանգապետի համար տնեցի մեկը, անկյունում՝ սեղանի մոտ ծրարներ էր կնքազերծում, մյուս սենյակում՝ սրահի դռանն ամենամոտ պատուհանի մոտ նստած էր մի եկվոր, գեր ու խոշոր գնդապետ՝ Իվան Օսիպովիչի ընկերն ու նախկին պաշտոնակիցը և «Գոլոս» էր կարդում, անշուշտ, ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում սրահում, նույնիսկ մեջքը դռանն արած։ Իվան Օսիպովիչը խոսել սկսեց հեռուներից, համարյա շշնջոցով, բայց շարունակ փոքր-ինչ շփոթվում էր։ Nicolas-ը նայում էր շատ անբարյացակամ, ամենևին ոչ-ազգա-կանավարի, գունատ էր, նստած՝ հայացքը ցած հառած ու լսում էր հոնքերը կիտած, կարծես սաստիկ ցավ էր հաղթահարում։

― Դուք բարի սիրտ ունեք, Nicolas և ազնիվ,― իմիջիայլոց, խոսքին ագուցեց ծերուկը,― դուք շատ կրթված մարդ եք, եղել եք բարձրաշխարհիկ հասարակության մեջ, այստեղ էլ մինչև այժմ ձեզ օրինակելի եք պահել ու դրանով հանգստացրել մեր բոլորի թանկագին ձեր մայրիկի սիրտը... Եվ հիմա ահա, ամեն ինչ նորից երևան է գալիս այդպիսի հանելուկային և բոլորի համար վտանգավոր կոլորիտով։ Ասում եմ ձեզ որպես տան բարեկամ, որպես ձեզ անկեղծորեն սիրող, տարեց և հարազատ մարդ, որից չի կարելի նեղանալ... Ասացեք, ի՞նչն է ձեզ դրդում նման անսանձ արարքների՝ ընդունված ամեն տեսակ պայմաններից ու չափերից դուրս։ Ի՞նչ կարող են նշանակել նման արարմունքները, նման զառանցանքի մեջ արված բաները։

Nicolas-ը լսում էր զայրույթով և անհամբերությամբ։ Հանկարծ կարծես խորամանկ ու ծաղրական մի բան փայլեց նրա հայացքում։

― Թերևս ես ձեզ ասեմ, թե ինչն է դրդում,― մռայլադեմ ասաց նա և, շուրջը նայելով, հակվեց Իվան Օսիպովիչի ականջին։ Դաստիարակված Ալյոշա Տելյատնիկովը ևս երեք քայլ հեռացավ դեպի պատուհանը, իսկ գնդապետը հազաց՝ «Գոլոսը» կարդալով։ Խեղճ Իվան Օսիպովիչը փութով և վստահաբար նրան պարզեց ականջը։ Ծայրաստիճան հետաքրքրասեր էր։ Եվ ահա, հենց այստեղ էլ կատարվեց միանգամայն անհնարին մի բան, մյուս կողմից էլ, որոշ առումով, չափից ավելի պարզ ու հստակ։ Ծերուկը հանկարծ զգաց, որ Nicolas-ը, փոխանակ ինչ մի հետաքրքիր գաղտնիք փսփսալու, ատամներով հանկարծակի բռնեց ու շատ պինդ սեղմեց իր ականջի վերին մասը։ Նա դողացրեց, շունչը կտրվում էր։

― Nicolas, այս ի՜նչ կատակներ են,― տնքաց նա մեքենայաբար, ոչ իր ձայնով։

Ալյոշան և գնդապետը դեռևս չէին հասցրել ոչինչ հասկանալ, ասենք, նրանք չէին էլ տեսնում, ու մինչև վերջ թվում էր, թե նահանգապետն ու ազգականը շշնջում են, այնինչ, ծերունու հուսաբեկ դեմքը նրանց անհանգստացրեց։ Աչքները չռած, միմյանց նայեցին, չիմանալով՝ նետվել ծերուկին օգնության, ինչպես պայմանավորված էր, թե էլի սպասել։ Nicolas-ը գուցեև նկատեց դա ու կծեց ականջն ավելի ցավոտ։

― Nicolas, Nicolas,― նորից տնքաց զոհը,― լավ, կատակ արեցիր... հերիք է...

Եվս մի վայրկյան, խեղճը կմեռներ վախից, բայց հրեշը խղճաց ու թողեց ականջը։ Ամբողջ այդ մահացու սարսափը շարունակվեց մի լրիվ րոպե, և ծերուկը դրանից հետո ինչ-որ նոպա ունեցավ։ Բայց կես ժամ անց Nicolas-ը ձերբակալվեց։ Առայժմ տարան հաուպտվախտ, ուր և փակեցին առանձին խցում, դռան մոտ առանձին ժամապահով։ Կտրուկ որոշում էր, բայց մեր մեղմաբարո պետն այնքան էր զայրացել, որ վճռեց իր վրա վերցնել պատասխանատվությունը, նույնիսկ անձամբ Վարվառա Պետրովնայի առաջ։ Ի համընդհանուր զարմանս, անհապաղ բացատրությունների համար փութով ու զայրույթով նահանգապետի մոտ հասած այդ տիկնոջը մերժեցին ընդունել, առմուտքի մոտ, այդպես էլ նա ետ գնաց տուն՝ կառքից դուրս չգալով, ինքն իրեն չհավատալով։

Եվ վերջապես ամեն ինչ բացատրություն ստացավ։ Գիշերվա ժամը երկուսին, մինչ այդ զարմանալիորեն հանգիստ և նույնիսկ քուն մտած բանտարկյալը հանկարծ աղմուկ բարձրացրեց, սկսեց բռունցքներով մոլեգնաբար խփել դռանը, անբնական ուժով պոկեց դռան փոքր պատուհանի երկաթյա ճաղերը, փշրեց ապակին ու կտրատեց ձեռքերը։ Երբ պահախմբի սպան՝ իր խումբն ու բանալիներն առած, վազեվազ եկավ և հրամայեց բացել բանտախուցը՝ մոլեգնածի վրա հարձակվելու և կապկպելու համար, պարզվեց, որ սա ուժեղագույն սպիտակ տենդի մեջ է։ Նրան տեղափոխեցին տուն՝ մայրիկի մոտ։ Ամեն ինչ միանգամից պարզվեց։ Մեր երեք բժիշկներն էլ կարծիք հայտնեցին, որ դրանից երեք օր առաջ նույնպես հիվանդը կարող էր արդեն լինել ասես զառանցանքի մեջ ու թեև, ըստ երևույթին, տիրապետում էր գիտակցությանը և խորամանկությանը, բայց ոչ առողջ մտքին ու կամքին, ինչ, ի դեպ, հաստատվում էր նաև փաստերով։ Ստացվում էր այդպիսով, որ Լիպուտինն ամենքից շուտ է կռահել։ Իվան Օսիպովիչը՝ նրբանկատ և զգայուն մի մարդ, շատ ճնշվեց, բայց հետաքրքիր է, որ նա նույնպես, ուրեմն, Նիկոլայ Վսեվոլոդովիչին համարում էր ամեն մի խելահեղ արարքի ընդունակ՝ կատարյալ գիտակցված վիճակում։ Ակումբում նմանապես ամաչեցին և զարմանում էին, թե ինչպես բոլորը չեն նկատել փիղը և աչքաթող արել բոլոր այդ հրաշքների միակ հնարավոր բացատրությունը։ Անշուշտ, երևան եկան նաև հոռետեսներ, բայց երկար չդիմացան։

Nicolas-ը պառկեց ավելի քան երկու ամիս։ Մոսկվայից հայտնի բժիշկ հրավիրվեց՝ կոնսիլիումի համար։ Ամբողջ քաղաքն այցելեց Վարվառա Պետրովնային։ Նա ներեց։ Ամառնամուտին, երբ Nicolas-ը լիովին արդեն ապաքինվեց և առանց մի առարկության համաձայնեց մայրիկի՝ Իտալիա մեկնելու առաջարկությանը, մայրն էլ խնդրեց, որ հրաժեշտի այցելություններ անի բոլորին և որքան հնարավոր է և ուր հարկն է ներողություն խնդրի։ Nicolas-ը մեծ հաճույքով համաձայնեց։ Ակումբում հայտնի եղավ, որ նա Պավել Պավլովիչ Գագանովի հետ շատ նուրբ բացատրություն է ունեցել նրա տանը, որից միանգամայն գոհ է մնացել տանտերը։ Այցելություններով շրջելիս Nicolas-ը շատ էր լուրջ և փոքր-ինչ նույնիսկ մռայլված։ Բոլորն ընդունեցին նրան, ըստ երևույթին, կատարյալ կարեկցանքով, բայց բոլորն էլ, չգիտես ինչու, շփոթվում էին և ուրախ էին, որ նա գնում է Իտալիա։ Իվան Օսիպովիչը նույնիսկ արտասվեց, բայց չգիտես ինչու, վերջին հրաժեշտը տալիս սիրտ չարեց գրկել նրան։ Ճիշտ է, մեզանում ոմանք այդպես էլ մնացին վստահ, որ սրիկան պարզապես ծիծաղել է բոլորի վրա, իսկ հիվանդությունը՝ մի ուրիշ բան է։ Լիպուտինի մոտ էլ մտավ նա։

― Ասացեք,― հարցրեց նրան,― ինչպե՞ս կարող էիք կռահել նախօրոք, թե ինչ եմ ասելու ձեր խելքի մասին և դրա պատասխանն ապսպրել Ագաֆյային։

― Այնպես,― ծիծաղեց Լիպուտինը,― չէ՞ որ ես էլ ձեզ խելացի մարդ եմ համարում, ուստիև ձեր պատասխանը կարող էի նախապես կռահել։

― Այնուամենայնիվ, հոյակապ զուգադիպություն էր։ Սակայն կներեք, ուրեմն դուք ինձ խելացի մարդ եք համարել, երբ ուղարկել էիք Ագաֆյային և ո՞չ խելագար։

― Անչափ խելացի և անչափ կշռադատ, այլ միայն ձևացրել եմ, որ իբր հավատում եմ, թե խելքը թռցրել եք... Ասենք, դուք էլ իմ մտքերն այն ժամանակ իսկույն կռահեցիք և Ագաֆյայի միջոցով սրամտության արտոնագիր ուղարկեցիք ինձ։

― Է, այստեղ դուք մի քիչ սխալվում եք, ես իսկապես... առողջ չէի...― մրթմրթաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ խոժոռվելով։― Բա՜,― բղավեց նա,― չլինի՞ իրոք մտածում եք, որ ես ընդունակ եմ հարձակվել մարդկանց վրա՝ խելքս լրիվ գլուխս։ Իսկ ինչի՞ համար։

Լիպուտինը ծռմռվեց ու չկարողացավ պատասխանել։ Nicolas-ը թեթևակի գունատվեց կամ այդպես միայն թվաց Լիպուտինին։

― Համենայն դեպս, մտքերի շատ զվարճալի դասավորություն ունեք,― շարունակեց Nicolas-ը,― Ագաֆյային էլ, անշուշտ, հասկանում եմ, ուղարկել էիք ինձ հայհոյելու։

― Է, հո մենամարտի չէի՞ կանչելու ձեզ։

― Ահ, հա՛, հա՛։ Կարծեմ, ինչ-որ բան լսել եմ, որ մենամարտեր դուք չեք սիրում...

― Ֆրանսերենից ի՞նչ կարիք կա թարգմանելու,― նորից ծռմռվեց Լիպուտինը։

― Ժողովրդականությա՞նն եք հարում։

Լիպուտինն ավելի ծռմռվեց։

― Բա՜, բա՜, ի՜նչ եմ տեսնում,― բղավեց Nicolas-ը, սեղանին, ամենաերևացող տեղում հանկարծ նկատելով Կոնսիդերանի հատորը։― Եվ հո Ֆուրյեական չե՞ք արդյոք։ Ինչ ասես, կլինի։ Արդյոք սա այն թարգմանությունը չէ՞ ֆրանսերենից,― ծիծաղեց նա՝ մատներով խփելով գրքին։

― Ոչ, սա թարգմանություն չէ ֆրանսերենից,― մի տեսակ նույնիսկ չարությամբ վրա բերեց Լիպուտինը,― այս թարգմանությունը համաշխարհային-մարդկային լեզվից է, միայն ֆրանսերենը հո չէ։ Համաշխարհային-մարդկային սոցիալական հանրապետության և ներդաշնակության լեզվից, ահա թե ինչ։ Մենակ ֆրանսերենը հո չէ...

― Փուհ, գրողը տանի, բայց այդպիսի լեզու չկա ամենևին,― շարունակեց ծիծաղել Nicolas-ը։

Երբեմն նույնիսկ մանրուքը բացառապես ու տևական ժամանակ ապշեցնում է ուշադրությունը։ Պարոն Ստավրոգինի մասին գլխավոր ամբողջ խոսքն առջևում է, բայց հիմա նշեմ, հանուն զվարճության, որ մեր քաղաքում անցկացրած ամբողջ ժամանակաընթացքում, բոլոր տպավորություններից ամենահստակը նրա հիշողության մեջ դաջվել էր նահանգային մանր աստիճանավորիկի, խանդոտ և ընտանեկան կոպիտ բռնակալի, կծծի և վաշխառու մեկի աննշմար ու համարյա թե ստոր մարդու կերպարանքը, որը ճաշի մնացորդներն ու մոմի կիսայրուկները փակի տակ էր պահում, միաժամանակ, Աստված գիտի, թե ի՜նչ ապագա «սոցիալական ներդաշնակության» մոլի աղանդավոր էր, որը գիշերները ցնծագին հրճվում էր՝ ապագա ֆալանստերաայի[13] երևակայական պատկերների առաջ, ինչի մերձավորագույն իրականացմանը Ռուսաստանում ու մեր նահանգում հավատում էր, ինչպես սեփական գոյությանը։ Եվ դա այնտեղ, ուր հենց ինքը հավաքել ու իրեն «տնակ» էր գնել, ամուսնացել երկրորդ անգամ ու փող վերցրել կնոջից, ուր գուցեև հարյուր վերստ շրջանագծով չկար մի մարդ, առաջինը հենց իրենից սկսած, որը գոնե սոսկ արտաքնապես նման լիներ «համաշխարհային-համամարդկային սոցիալական հանրապետության և ներդաշնակության» ապագա անդամի։

«Աստված գիտե, թե ինչպես են այդ մարդիկ սարքվում»,― մտածում էր Nicolas-ը տարակուսած՝ երբեմն վերհիշելով անսպասելի ֆուրյեականին։

IV

Մեր արքայազնը ճանապարհորդեց ավելի քան երեք տարի, այնպես որ քաղաքում նրա մասին համարյա մոռացան։ Իսկ մեզ հայտնի էր Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, որ նա ոտքի տակ է տվել ամբողջ Եվրոպան, եղել է նույնիսկ Եգիպտոսում ու անցել Երուսաղեմ, հետո մի տեղ Իսլանդիա գնացող ինչ-որ գիտական արշավախմբի պոչից կպել և իսկապես եղել է Իսլանդիայում։ Հայտնում էին նաև, որ մի ձմեռ դասախոսություններ է լսել գերմանական ինչ-որ համալսարանում։ Նա քիչ էր գրում մորը՝ կես տարին մեկ, նույնիսկ ավելի հազվադեպ, բայց Վարվառա Պետրովնան չէր բարկանում ու չէր դառնանում։ Որդու հետ մեկ անգամ հաստատված հարաբերությունները նա ընդունել էր անտրտունջ և հնազանդ, բայց, հարկավ, այդ երեք տարվա մեջ ամեն օր անհանգստանում էր, կարոտում և երազում իր Nicolas-ի մասին շարունակ։ Ոչ երազանքները, ոչ տրտունջները չէր հայտնում ոչ ոքի։ Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչից, ըստ երևույթին, փոքր-ինչ հեռացավ։ Իր վերաբերյալ ինչ-ինչ ծրագրումներ էր կազմում ու կարծում եմ, ավելի ժլատ դարձավ նախկինից, ավելի շատ սկսեց կուտակել և զայրանալ Ստեպան Տրոֆիմովիչի` թղթախաղում տարվածների վրա։

Վերջապես, այս տարվա ապրիլին նամակ ստացավ Փարիզից, իր մանկության ընկերուհի՝ գեներալի կին Պրասկովյա Իվանովնա Դրոզդովայից։ Իր նամակում Պրասկովյա Իվանովնան, ում հետ Վարվառա Պետրովնան արդեն ութը տարի չէր հանդիպել և նամակագրություն չուներ, տեղեկացրել էր ընկերուհուն, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մոտիկից ծանոթացել է իրենց տան հետ ու մտերմացել Լիգայի (նրա միակ դստեր) հետ և մտադիր է ամռանն ուղեկցել իրենց Շվեյցարիա, Vernes-Montreux, չնայած այն բանին, որ ներկայումս Փարիզում գտնվող կոմս Կ.-ի (Պետերբուրգում բավական ազդեցիկ անձնավորություն) ընտանիքում հարազատ որդու պես է ընդունված, այնպես որ համարյա թե ապրում է կոմսի մոտ։ Նամակը կարճ էր և հստակ բացահայտում էր նպատակը, թեև վերոհիշյալ փաստերից բացի, որևէ հետևություն չէր բովանդակում։ Վարվառա Պետրովնան երկար չմտածեց, վայրկենապես վճռեց ու պատրաստվեց, իր հետ վերցրեց սանուհուն՝ Դաշային (Շատովի քրոջը) և ապրիլի կեսերին մեկնեց Փարիզ, ապաև Շվեյցարիա։ Վերադարձավ հուլիսին, մենակ, Դաշային թողած Դրոզդովների մոտ։ Իսկ իրենք՝ Դրոզդովները, նրա բերած տեղեկությամբ, խոստացել էին մեզ մոտ երևալ օգոստոսի վերջին։

Դրոզդովները նույնպես մեր նահանգի կալվածատերեր էին, սակայն գեներալ Իվան Իվանովիչի (Վարվառա Պետրովնայի նախկին մտերիմն ու ամուսնու պաշտոնակիցը) ծառայությունը մշտապես խանգարում էր նրանց՝ երբևէ գալ իրենց հոյակապ կալվածքը։ Իսկ գեներալի մահից հետո, որ անցյալ տարի եղավ, անսփոփ Պրասկովյա Իվանովնան դստեր հետ մեկնեց արտասահման, իմիջիայլոց, նաև խաղողաբուծությունից օգտվելու մտադրությամբ, ինչը ենթադրում էր կատարել Vemes-Moritreux-ում, ամռան երկրորդ կեսին։ Իսկ հայրենիքից վերադառնալուց հետո մտադիր էր բնակություն հաստատել մեր նահանգում ընդմիշտ։ Քաղաքում նա մի մեծ տուն ուներ, որը տարիներ ի վեր դատարկվել էր, պատուհանները՝ մեխած։ Հարուստ մարդիկ էին։ Պրասկովյա Իվանովնան, առաջին ամուսնությամբ տիկին Տուշինան, ինչպես պանսիոնի իր ընկերուհի Վարվառա Պետրովնան, նույնպես անցյալ ժամանակների կապալառուի դուստր էր և նույնպես ամուսնացել էր խոշոր օժիտով։ Պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր Տուշինն էլ ունևոր մարդ էր ու որոշ ընդունակությունների տեր։ Մահանալով, իր յոթնամյա և միակ դստերը՝ Լիզային լավ դրամագլուխ կտակեց։ Հիմա, երբ Լիզավետա Նիկոլաևնան արդեն քսաներկուսին մոտ էր, համարձակ կարելի էր շուրջ երկու հարյուր հազար ռուբլի միայն սեփական փող վերագրել նրան, էլ չասած այն ունեցվածքը, որը պիտի մնար ժամանակին, մորից հետո, որը երկրորդ ամուսնությունից զավակներ չուներ։ Վարվառա Պետրովնան, ըստ երևույթին, շատ գոհ էր իր ուղևորությունից։ Նրա կարծիքով, ինքը հասցրել էր պայմանավորվել Պրասկովյա Իվանովնայի հետ բավականաչափ, և գալուն պես ամեն ինչ հայտնեց Ստեպան Տրոֆիմովիչին, նույնիսկ շատ սրտազեղ էր նրա հետ, ինչ վաղուց արդեն չէր եղել։

― Ուռա՜,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը և մատներով չրթացրեց։

Նա կատարելապես ցնծում էր, առավել ևս, որ իր ընկերոջից բաժանման ամբողջ ընթացքում չափից ավելի վհատված էր։ Մեկնելով արտասահման, Վարվառա Պետրովնան նույնիսկ հրաժեշտ չէր տվել ինչպես հարկն է և իր ծրագրումների մասին ոչինչ չէր հայտնել «այդ կնկանը», գուցեև երկյուղելով, որ ավել-պակաս դուրս չտա։ Այն ժամանակ բարկացած էր Ստեպան Տրոֆիմովիչի վրա՝ հանկարծակի երևան եկած թղթախաղի նշանակալի պարտքի պատճառով։ Բայց դեռևս Շվեյցարիայում սրտով էր զգացել, որ վերադառնալուն պես հարկ է հատուցել լքյալ ընկերոջը, առավել ևս, որ վաղուց արդեն խստորեն էր վարվում նրա հետ։ Արագընթաց և խորհրդավոր բաժանումը խոցեց ու քրքրեց Ստեպան Տրոֆիմովիչի երկչոտ սիրտը, և կարծես դիտմամբ, միանգամից վրա հասան նաև այլ տարակուսանքներ։ Նրան տանջում էր կարևոր ու վաղեմի դրամական պարտավորություն, որն առանց Վարվառա Պետրովնայի օգնության ոչ մի կերպ չէր կարող բավարարվել։ Բացի դրանից, այդ տարվա մայիսին վերջապես ավարտվեց մեր բարի, մեղմաբարո Իվան Օսիպովիչի նահանգապետությունը, նրան փոխարինեցին, նույնիսկ անախորժություններով։ Ապա, Վարվառա Պետրովնայի բացակայությամբ, տեղի ունեցավ մեր նոր պետի՝ Անդրեյ Անտոնովիչ ֆոն Լեմբկեի մուտքը, ինչի հետ մեկտեղ, անմիջապես սկսվեց մեր նահանգային ամբողջ հասարակության վերաբերմունքի նկատելի փոփոխությունը Վարվառա Պետրովնայի, նշանակում է՝ նաև Ստեպան Տրոֆիմովիչի նկատմամբ։ Ծայրահեղ դեպքում, նա արդեն հասցրել էր հավաքել մի քանի տհաճ, թեև արժեքավոր դիտարկումներ և կարծես թե շատ էր երկնչում մենակ, առանց Վարվառա Պետրովնայի։ Հուզմունքով կասկածում էր, որ իր մասին արդեն մատնել են նոր նահանգապետին, որպես վտանգավոր մարդու։ Հաստատապես իմացել էր, որ մեր տիկնանցից ոմանք մտադրվել էին դադարեցնել այցելությունները Վարվառա Պետրովնային։ Ապագա նահանգապետուհու մասին (ում մեզ մոտ սպասում էին միայն աշնանամուտին) կրկնում էին, որ թեև լսել են, թե գոռոզ կին է, բայց փոխարենը՝ իսկական արիստոկրատուհի է և ոչ թե «ինչ-որ մեր խեղճուկրակ Վարվառա Պետրովնա»։ Բոլորին ինչ-որ տեղից հայտնի էր հավաստի և մանրամասերով, որ նոր նահանգապետուհին և Վարվառան Պետրովնան ժամանակին հանդիպել են բարձր հասարակության մեջ և բաժանվել թշնամաբար, այնպես որ տիկին ֆոն Լեմբկեի մասին սոսկ հիշատակումն իբր Վարվառա Պետրովնայի վրա հիվանդագին տպավորություն պիտի գործի։ Վարվառա Պետրովնայի առույգ ու հաղթական տեսքը, արհամարհական անտարբերությունը, որով նա ունկնդրեց մեր տիկնանց կարծիքների և հասարակության հուզմունքների մասին, հարություն տվեցին երկյուղած Ստեպան Տրոֆիմովիչի ընկճված հոգուն և ակնթարթորեն ուրախացրին նրան։ Առանձնահատուկ, բերկրալի-հաճոյական հումորով նա սկսեց նկարագրել նոր նահանգապետի գալուստը։

― Ձեզ, excellente ami[14], անկասկած հայտնի է,― ասում էր նա՝ սեթևեթանքով և պճնամոլաբար ձգելով բառերը,― թե ինչ ասել է կառավարիչ՝ ընդհանրապես և ինչ ասել է ռուս կառավարիչ, այսինքն՝ նորաթուխ, նոր նշանակված... Ces interminables mots russes[15]... Բայց հազիվ թե կարողանայիք գիտնալ գործնականում, թե ի՞նչ է նշանակում վարչական զմայլանք և հատկապես ի՞նչ է դա։

― Վարչական զմայլա՞նք։ Չգիտեմ՝ ինչ է դա։

― Ասել է թե... Vous savez, chez nous... En un mot[16], ամենավերջին ոչնչությանը դրեք երկաթուղու ինչ-որ ողորմելի տոմսերի վաճառքի վրա, և այդ ոչնչությունը տեղնուտեղն իրեն իրավունք կվերապահի մեզ նայել Յուպիտերի պես, երբ մոտենաք տոմս վերցնելու, pour vous montrer son pouvoir[17]։ «Հապա, մի ցույց տամ իմ իշխանությունը քեզ վրա...»։ Եվ դա նրանց վարչական զմայլանքի է հասցնում... En un not, ես նոր եմ կարդացել, որ մեր արտասահմանյան եկեղեցիներից մեկում մի սարկավագ,― mais s’est très currieux[18],― եկեղեցուց վռնդել է, այսինքն՝ տառացիորեն վռնդել է անգլիական հոյակապ մի ընտանիք, les dames charmantes[19], մեծպասյան ժամերգությունից անմիջապես առաջ՝ vous savez ces chants et le livre de Job[20]... սոսկ այն պատրվակով, թե «ռուսական եկեղեցիներում օտարերկրացիների թրև գալը մի կարգ չէ և որ թող գան նշանակված ժամին...», ու հասցրել է ուշագնացության... Այդ փոքրավորը եղել է վարչական զմայլանքի նոպայի մեջ, et il a montré son pouvoir[21]...

― Եթե կարող եք, կրճատ ասեք, Ստեպան Տրոֆիմովիչ։

― Պարոն ֆոն Լեմբկեն հիմա գնացել է շրջելու նահանգում։ En un mot, այդ Անդրեյ Անտոնովիչը, թեև ուղղափառ հավատքի ռուսական գերմանացի է և նույնիսկ՝ այս մեկը զիջեմ իրեն, շատ գեղեցկատես տղամարդ է, քառասուն տարեկան կլինի...

― Որտեղի՞ց գտաք, թե գեղեցկատես է։ Ոչխարի աչքեր ունի։

― Վերին աստիճանի։ Բայց թող այդպես լինի, ես զիջում եմ մեր տիկնանց կարծիքին...

― Ստեպան Տրոֆիմովիչ, անցնենք առաջ, խնդրում եմ ձեզ։ Ի դեպ, կարմիր փողկապ եք կրում, վաղո՞ւց արդյոք։

― Ես... միայն այսօր...

― Իսկ ձեր զբոսանքն անո՞ւմ եք... Ամեն օր վեցը վերստ քայլո՞ւմ եք, ինչպես բժիշկներն են հանձնարարել։

― Չէ... ոչ միշտ;

― Այդպես էլ գիտեի։ Շվեյցարիայում դեռևս կանխազգում էի,― բորբոքված բղավեց նա։― Հիմա արդեն ոչ թե վեցական, այլ տասնական վերստ կքայլեք։ Դուք սարսափելի անկում եք ապրել, սարսափելի, սարսափելի։ Ոչ թե ծերացել եք դուք, այլ զառամել... դուք ինձ ապշեցրիք, երբ ձեզ տեսա գալուց, չնայած ձեր կարմիր փողկապին... quelle idée rouge[22]։ Շարունակեք ֆոն Լեմբկեի մասին, եթե իսկապես ասելիք ունեք, ու ավարտեք երբևէ, խնդրում եմ ձեզ, ես հոգնած եմ։

― En un mot, ես ուզում էի հենց նոր ասել, որ դա քառասուն տարեկան հասակում սկսող այն կառավարիչներից է, որոնք մինչև քառասունը ողորմելի վիճակ են քարշ տվել և հետո միանգամից մարդամեջ ելել հանկարծակի ձեռք բերած կնոջ կամ որևէ այլ, ոչ պակաս հանդուգն միջոցով... Այսինքն, նա հիմա գնացել է... այսինքն, ուզում եմ ասել, որ իմ մասին տեղնուտեղը փսփսացել են երկու ականջին, որ ես երիտասարդությանն այլասերող եմ և նահանգային անաստվածության սերմանող... Նա իսկույն սկսել է տեղեկանալ։

― Ճշմարի՞տ է արդյոք։

― Ես նույնիսկ միջոցներ եմ ձեռնարկել։ Երբ ձեր մասին «զե-կու֊ցել» են, թե դուք «կառավարել եք նահանգը», vous savez[23], նա թույլ է տվել իրեն արտահայտվել, թե «նման բան այլևս չի լինի»։

― Այդպես էլ ասե՞՜լ է։

― Որ «նման բան այլևս չի լինի» և avec cette morgue[24]... Տիկնոջ՝ Յուլիա Միխայլովնայի տեսքին կարժանանանք այստեղ, օգոստոսին, ուղիղ Պետերբուրգից։

― Արտասահմանից։ Մենք այնտեղ տեսնվել ենք։

― Vraiment?[25]

― Փարիզում և Շվեյցարիայում։ Նա ազգական է գալիս Դրոզդովներին։

― Ազգակա՞ն։ Ի՜նչ հոյակապ զուգադիպություն։ Ասում են, պատվասեր է... և իբր մեծ կապե՞ր ունի։

― Դատարկ բան է, մանր-մունր կապեր։ Մինչև քառասունհինգ տարեկան տանը մնացած նստել է առանց կոպեկի, իսկ հիմա իր ֆոն Լեմբկեին է ճանկել և, անշուշտ, ամբողջ նպատակը նրան մարդամեջ մտցնելն է։ Երկուսն էլ բանսարկու են։

― Ասում են, երկու տարով մե՞ծ է ամուսնուց։

― Հինգ։ Նրա մայրը Մոսկվայում շեմս էր մաշում, Վսեվոլոդ Նիկոլաևիչի ժամանակ, իմ պարահանդեսներին գալ էր խնդրում, ինչպես ողորմածություն։ Իսկ պատահում էր, ամբողջ գիշեր մենակ նստում էր անկյունում՝ առանց պարելու՝ իր փիրուզե ճանճը ճակատին, այնպես որ ժամը երեքին, սոսկ խղճահարությունից, առաջին պարընկերն էի ուղարկում նրան։ Այն ժամանակ քսանհինգ տարեկան էր արդեն, իսկ նրան, աղջնակի պես, կարճփեշ հագուստով էին դուրս բերում։ Նրանց տուն թողնելը դառնում էր անվայել։

― Այդ ճանճը ճիշտ կարծես տեսնում եմ։

― Ես ձեզ ասում եմ, տեղ հասա, թե չէ, խարդավանքի դեմ առա։ Դուք նոր կարդացիք Դրոզդովայի նամակը, չէ՞, ավելի պարզ ի՞նչ կարող էր լինել։ Իսկ ի՞նչ եմ տեսնում։ Ինքը՝ այդ հիմար Դրոզդովան,― նա միշտ էլ միայն հիմար է եղել,― հանկարծ ինձ է նայում հարցական՝ իբր, ինչի՞ համար եմ եկել։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես էի զարմացած։ Տեսնեմ, այդտեղ պոչ է խաղացնում այդ Լեմբկեն, նրա հետ է նաև զարմիկը՝ ծերուկ Դրոզդովի ազգականը, ամեն ինչ պարզ էր։ Անկասկած, մի ակնթարթում ամեն ինչ տեղը գցեցի և Պրասկովյան հիմա նորից իմ կողմն է, բայց խարդավա՜նքը, խարդավա՜նքը։

― Ինչը դուք, սակայն, հաղթահարեցիք։ Օ՜, դուք Բիսմարկն եք։

― Բիսմարկ չլինելով, այդուհանդերձ, ես ընդունակ եմ տեսնել կեղծությունն ու հիմարությունը, ուր էլ հանդիպեմ։ Լեմբկեն կեղծություն է, իսկ Պրասկովյան՝ հիմարություն։ Հազվադեպ եմ հանդիպել առավել թառամած կնոջ, ավելացրած, որ ոտքերն են ուռել, ավելացրած՝ բարի է։ Ի՞նչը կարող է ավելի հիմար լինել, քան հիմար բարեսիրտը։

― Չարասիրտ հիմարը, ma bonne ami[26], չարամիտ հիմարն ավելի է հիմար,― վսեմությամբ առարկեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Գուցեև իրավացի եք, դուք հիշում եք, չէ՞, Լիզային։

― Charmante enfant[27]։

― Բայց հիմա արդեն enfant չէ, այլ կին, և բնավորության տեր կին։ Ազնվաշուք և պոռթկուն, ու նրա մեջ սիրում եմ, որ մորը՝ այդ դյուրահավատ հիմարին, չի թողնում ծավալվել։ Այդ ազգականի պատճառով քիչ էր մնացել պատմության մեջ ընկնեինք։

― Բա՜, բայց չէ որ նա իրոք ամենևին էլ ազգական չէ Լիզավետա Նիկոլաևնային... Չլինի՞, հույսեր է փայփայում։

― Գիտեք, նա երիտասարդ սպա է, շատ սակավախոս, նույնիսկ համեստ։ Ես միշտ ցանկանում եմ արդարացի լինել։ Ինձ թվում է, որ նա անձամբ դեմ է այդ խարդավանքին և ոչինչ չի կամենում, իսկ խաղեր անողը միայն տիկին Լեմբկեն էր։ Շատ էր հարգում Nicolas-ին։ Դուք հասկանում եք, ամեն ինչ կախված է Լիզայից, բայց ես նրան թողել եմ Nicolas-ի հետ գերազանց հարաբերությունների մեջ և նա ինքն է խոստացել անպայման մեզ մոտ գալ նոյեմբերին։ Նշանակում է, այստեղ խարդավանում է միայն տիկին Լեմբկեն, իսկ Պրասկովյան սոսկ կույր կին է։ Հանկարծ ինձ ասում է, թե իմ բոլոր կասկածանքները երևակայություն են, ես էլ հենց երեսին պատասխանեցի, որ ինքն անխելք է։ Պատրաստ եմ Ահեղ դատաստանին հաստատել։ Եվ եթե Nicolas-ի խնդիրքները չլինեին, որ թողնեմ որոշ ժամանակով, ապա ես չէի հեռանա այնտեղից՝ չբացահայտելով այդ կեղծավոր կնոջը։ Nicolas-ի միջոցով կոմս Կ.-ին էր հաճոյանում, նա ուզում էր մորից որդուն բաժանել։ Սակայն Լիզան մեր կողմից է, իսկ Պրասկովյայի հետ ես պայմանավորվել եմ։ Դուք գիտե՞ք, որ Կարմազինովն ազգական է նրան։

― Ինչպե՞ս։ Տիկին ֆոն Լեմբկեին ազգակա՞ն։

― Է հա, նրան։ Հեռավոր։

― Նովելի՞ստ Կարմազինովը։

― Է հա, գրողը, ի՞նչ եք զարմանում։ Իհարկե, նա ինքն իրեն մեծ է համարում։ Փքված անասո՜ւնը։ Նրա հետ միասին են գալու, իսկ հիմա նրանով է այնպես զբաղված։ Տիկինը մտադիր է ինչ-որ բան հիմնել այստեղ, ինչ-որ գրական հավաքույթներ։ Կարմազինովը մեկ ամսով է գալու, վերջին կալվածքն այստեղ վաճառել է ուզում։ Քիչ էր մնացել նրան հանդիպեի Շվեյցարիայում և շատ չէի ուզում, որ դա լինի։ Ի դեպ, հուսով եմ, ինձ հո կարժանացնի իր ծանոթությանը։ Հնում ինձ նամակներ է գրել, մեր տանը եղել։ Ես կցանկանայի, որ դուք ավելի լավ հագնվեիք, Ստեպան Տրոֆիմովիչ, օրըստօրե այնքան փնթի եք դառնում... Օ՜, ինչպես եք ինձ տանջում։ Ի՞նչ եք հիմա կարդում։

― Ես... ես...

― Հասկանում եմ։ Առաջվա պես՝ մտերիմներ, առաջվա պես՝ կերուխումեր, ակումբ ու թղթախաղ և աթեիստի համբավ։ Ինձ այդ համբավը դուր չի գալիս, Ստեպան Տրոֆիմովիչ։ Ես չէի կամենա, որ ձեզ աթեիստ կոչեն, առանձնապես հիմա չէի կամենա։ Ես առաջ էլ չէի կամենում, որովհետև չէ որ այդ ամենը սոսկ դատարկաբանություն է։ Պետք է վերջապես ասել։

― Mais, ma chère[28]...

― Լսեք, Ստեպան Տրոֆիմովիչ, գիտական բոլոր հարցերում, իհարկե, ես անկիրթ եմ ձեր առաջ, բայց որ գալիս էի այստեղ, շատ մտածեցի ձեր մասին։ Եվ եկա մի համոզման։

― Իսկ ի՞նչ համոզման։

― Այն, որ միայն ես ու դուք չենք աշխարհում բոլորից խելացի, մեզնից խելոքներն էլ կան։

― Թե սրամիտ է, թե դիպուկ։ Ավելի խելոքները կան, նշանակում է, կան և ավելի իրավացիները, ուրեմն, մենք էլ կարող ենք սխալվել, այդպես չէ՞։ Mais, ma bonne ami, ընդունենք, թե սխալվեմ, բայց չէ՞ որ ունեմ ազատ խղճի իմ համամարդկային, հավերժական, վերին իրավունքը։ Ունե՞մ արդյոք իրավունք չլինել շատ բարեպաշտ և մոլեկրոն, եթե դա եմ ուզում, իսկ դրա համար, բնականաբար, զանազան պարոնների ատելին լինել հուր հավիտենական։ Et puis, comme on trouve toujours plus de moines que de raison[29], և քանի որ կատարելապես համաձայն եմ դրան...

― Ինչպե՞ս, ինչպե՞ս ասացիք։

― Ես ասացի՝ on trove toujours plus de moines que de raison, և քանի որ ես դրան...

― Դա հաստատ ձերը չէր, հաստատ ինչ-որ տեղից վերցրե՞լ էիք։

― Սա Պասկալն է ասել։

― Այդպես էլ մտածեցի... որ ձերը չէ։ Ինչո՞ւ դուք երբեք այդպես չեք ասում, այդպես կարճ ու դիպուկ, այլ միշտ ձգում եք երկա՜ր-երկա՜ր։ Դա շատ ավելի լավ էր, քան քիչ առաջվա վարչական զմայլանքի մասինը...

― Ma foi, chère[30]... ինչո՞ւ։ Նախ, որովհետև հավանորեն Պասկալը չեմ այնուամենայնիվ, et puis[31]... Երկրորդը, մենք՝ ռուսներս, ոչինչ չենք կարողանում մեր լեզվով ասել... Համենայն դեպս, մինչ այժմ դեռ ոչինչ չենք ասել...

― Հը՛մ։ Գուցեև դա ճիշտ չէ։ Համենայն դեպս, դուք կգրառեիք և կհիշեիք այդ խոսքերը, գիտեք, խոսակցության ժամանակ... Ախ, Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ հետ լրջորեն, լրջորեն խոսելու էի գալիս։

― Chère, chère amie[32].

― Հիմա, երբ բոլոր այդ Լեմբկեները, այդ Կարմազինովները... Օ՜, տեր Աստված, Ինչքա՜ն եք իջել։ Օ՜, ինչպես եք ինձ տանջում... Ես կցանկանայի, որ այդ մարդիկ հարգանք զգային ձեր հանդեպ, որովհետև նրանք ձեր մի մատը, ձեր ճկույթը չարժեն, իսկ դո՞ւք ինչպես եք ձեզ պահում։ Ի՞նչ են տեսնելու նրանք։ Ի՞նչ եմ ցույց տալու նրանց։ Փոխանակ ազնվակերպ կանգնած մնալու որպես վկայություն, ձեզնով շարունակելու օրինակը, դուք ձեզ շրջապատում եք ինչ-ինչ ստահակներով, ձեռք եք բերել անհնարին ինչ-որ սովորություններ, դուք թոշնել եք, չեք կարող յոլա գնալ առանց խմիչքի և խաղաթղթերի, միայն ու միայն Պոլ դը Կոկ եք կարդում ու ոչինչ չեք գրում, երբ այնտեղ նրանք բոլորը գրում են, ձեր ամբողջ ժամանակը գնում է շաղակրատանքի վրա։ Մի՞թե կարելի է, թույլատրելի է ընկերանալ այնպիսի մի սրիկայի հետ, ինչպիսին ձեր անբաժան Լիպուտինն է։

― Իսկ ինչո՞ւ է իմը և անբաժան,― երկչոտ բողոքեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Որտե՞ղ է նա հիմա,― խիստ ու կտրուկ շարունակեց Վարվառա Պետրովնան։

― Նա... նա ձեզ անսահման հարգում է և գնացել է Ս.-կ՝ մորից մնացած ժառանգությունը ստանալու։

― Կարծեմ թե նրա բան ու գործը փող ստանալն է։ Իսկ Շատո՞վը։ Էլի նո՞ւյնն Է։

― Irascible, mais Bon[33]։

― Տանելչեմ կարող ձեր Շատովին, թե չար է, թե իր մասին մեծ կարծիքի։

― Ինչպե՞ս էր Դարյա Պավլովնայի առողջությունը։

― Դաշայի մասի՞ն եք հարցնում։ Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով,― հետաքրքրությամբ նրան նայեց Վարվառա Պետրովնան։― Ողջ և առողջ է, Դրոզդովների մոտ թողեցի... Շվեյցարիայում ձեր որդու մասին բաներ լսեցի, վատ բաներ, ոչ լավ։

― Oh, c’est une histoire bien bête! Je vous attendais, ma bonne amie, pour vous raconter...[34]

― Բավական է, Ստեպան Տրոֆիմովիչ, դադար տվեք, տանջվեցի։ Կհասցնենք կուշտ խոսել, հատկապես վատ բաներից։ Դուք սկսել եք թուք շաղ տալ ծիծաղելիս, դա արդեն մի տեսակ զառամյալություն է։ Եվ ի՜նչ տարօրինակ եք սկսել հիմա ծիծաղել... Աստված իմ, ինչքա՜ն գեշ սովորություններ եք կուտակել։ Կարմազինովը ձեզ մոտ չի գա։ Իսկ այստեղ, առանց դրա էլ ուրախ են ամեն ինչի համար։ Դուք հիմա ամբողջովին ի հայտ եք բերել ձեզ։ Է, բավական է, բավական, հոգնեցի։ Վերջապես, կարելի է, չէ՞, խնայել մարդուն։

Ստեպան Տրոֆիմովիչը «խնայեց մարդուն», բայց հեռացավ շփոթմունքի մեջ։

V

Մեր բարեկամը քիչ գեշ սովորություններ չէր ձեռք բերել, հատկապես վերջին ժամանակներս։ Նա նկատելի և արագ անկում էր ապրել և իրավ, դարձել էր փնթի։ Ավելի շատ էր խմում, ավելի լալկան ու նյարդերից թույլ էր դարձել, չափից ավելի զգայուն՝ գեղեցիկի հանդեպ։ Դեմքը ստացել էր անսովոր արագ փոփոխվելու տարօրինակ ունակություն, ասենք, ամենահանդիսավոր արտահայտությունից ամենածիծաղելի և նույնիսկ հիմար։ Չէր դիմանում մենության և շարունակ ծարավի էր, որ շուտափույթ զբաղեցնեն իրեն։ Հարկ էր նրան անպայման պատմել մի որևէ բամբասանք, քաղաքային անեկդոտ, ըստ որում, ամեն օր՝ նորը։ Իսկ եթե երկար ժամանակ ոչ ոք չէր գալիս, նա տխրամած թափառում էր սենյակներում, մոտենում պատուհանին, մտազբաղ ծամծմում շրթունքները, խոր հոգոցներ հանում, իսկ վերջում համարյա թե նվնվում։ Շարունակ ինչ-որ բան էր կանխազգում, անսպասելի, անխուսափելի ինչ-որ բանից վախենում էր, դարձել էր երկչոտ, մեծ ուշադրություն սկսել դարձնել երազներին։

Այդ ամբողջ օրն ու երեկոն չափազանց տխուր անցկացրեց նա, մարդ ուղարկեց՝ ինձ կանչելու, շատ էր հուզվում, երկար խոսեց, երկար պատմեց, բայց ամեն ինչ բավականին չկապակցված։ Վարվառա Պետրովնան վաղուց արդեն գիտեր, որ նա ինձնից ոչինչ չի թաքցնում։ Ինձ թվաց վերջապես, որ նրան մտահոգում է առանձնահատուկ և այնպիսի մի բան, ինչ թերևս ինքը նույնպես պատկերացնել չէր կարողանում։ Նախկինում սովորաբար, երբ հանդիպում էինք երկուսով և նա սկսում էր ինձ գանգատվել, համարյա միշտ, որոշ ժամանակ անց, շիշ էր բերվում ու շատ ավելի մխիթարական դառնում։ Այս անգամ խմիչք չկար և նա, ըստ երևույթին, զսպում էր խմիչքի ուղարկելու քանիցս առաջացած ցանկությունը։

― Եվ ինչի՞ է նա շարունակ բարկանում,― րոպեն մեկ երեխայի պես տրտնջում էր նա։― Tous les hommes de génie et de progrès en Russie étaient, sont et sepont toujours des խաղամոլները, et des հարբեցողները, qui boivent en capoi...[35], իսկ ես դեռ ամենևին էլ այդպիսի խաղամոլ չեմ ու այդպիսի հարբեցող... Հանդիմանում է, թե ինչո՞ւ ոչինչ չեմ գրում։ Տարօրինակ միտք է... Ինչի՞ համար եմ պառկում։ Դուք, ասում է, պետք է կանգնեք «որպես օրինակ և կշտամբանք»։ Mais, entre nous soit dit[36], իսկ ի՞նչ պիտի անի մարդը, որին կանխանշված է կանգնել, «որպես կշտամբանք», եթե չպառկի, գիտե՞ արդյոք նա դա։

Եվ վերջապես, ինձ համար պարզվեց այն գլխավոր, առանձնահատուկ տրտմությունը, որ այնպես կպել ու տանջում էր նրան այս անգամ։ Այդ երեկո քանիցս մոտեցավ հայելուն ու երկար կանգնեց դրա առաջ։ Ի վերջո, հայելուց դարձավ ինձ և մի տեսակ հուսալքությամբ արտաբերեց.

― Mon cher, je suis un[37] ընկած մարդ։

Այո, իսկապես, մինչև հիմա, մինչև հենց այդ օրը, նա մշտապես վստահ էր միայն մի բանում, չնայած Վարվառա Պետրովնայի բոլոր «նոր հայացքներին» և բոլոր «գաղափարների փոփոխմանը», հատկապես, որ ինքը դեռևս հմայիչ է նրա կանացի սրտի համար, այսինքն ոչ միայն որպես հալածական կամ որպես փառապանծ գիտնական, այլ որպես գեղեցիկ տղամարդ։ Քսան տարի արմատացել էր նրա մեջ այդ շոյիչ ու հանգստացուցիչ համոզումը, ու գուցեև բոլոր համոզումներից նրա համար ամենադժվարինն այդ մեկին հրաժեշտ տալն էր։ Կանխազգում էր արդյոք նա այն երեկո, թե մոտ ապագայում ինչ վիթխարի փորձություն է պատրաստվում իրեն։

VI

Հիմա անցնեմ մասամբ զվարճալի այն դեպքի նկարագրությանը, որից էլ իրապես, սկսվում է իմ ժամանակագրությունը։

Օգոստոսի ամենավերջին օրերին վերադարձան նաև Դրոզդովները։ Նրանց հայտնվելուն կարճ ընթացքով նախորդեց իրենց իսկ ազգականուհու՝ մեր նոր նահանգապետի տիկնոջ՝ ամբողջ քաղաքի կողմից վաղուց սպասված գալուստը, որն ընդհանրապես հոյակապ տպավորություն գործեց հասարակության վրա։ Սակայն բոլոր այդ հետաքրքրական դեպքերի մասին կասեմ հետո, իսկ հիմա կսահմանափակվեմ լոկ նրանով, որ Պրասկովյա Իվանովնան իրեն այնքան անհամբեր սպասող Վարվառա Պետրովնային ամենահոգսաշատ հանելուկը բերեց. Nicolas-ը նրանցից բաժանվել էր դեռևս հուլիսին, և Հռենոսի վրա հանդիպելով կոմս Կ.-ին՝ վերջինիս ու նրա ընտանիքի հետ ուղևորվել Պետերբուրգ (NB. կոմսի երեք դուստրերն էլ հարսնացու էին)։

― Լիզավետայից ոչինչ չկորզեցի՝ նրա հպարտության և կամակորության պատճառով,― եզրափակեց Պրասկովյա Իվանովնան,― բայց աչքովս տեսա, որ նրա և Նիկոլայ Վսեվոլոդովիչի միջև ինչ-որ բան կատարվել է։ Պատճառները չգիտեմ, բայց կարծում եմ, իմ բարեկամ Վարվառա Պետրովնա, ստիպված կլինեք պատճառների մասին հարցնել ձեր Դարյա Պավլովնայից։ Իմ կարծիքով, Լիզան վիրավորված էր։ Ուրախ եմ անչափ, որ վերջապես ձեզ եմ բերել ձեր սիրեցյալին ու ձեռքից ձեռք եմ հանձնում, ուսերիցս քար ընկավ։

Թունալի այս բառերն արտասանվեցին հոյակապ բորբոք-վածությամբ։ Երևում էր, որ «թոշնած կինը» վաղօրոք է դրանք պատրաստել և նախապես ընբոշխնել դրանց հարուցած էֆեկտը։ Սակայն Վարվառա Պետրովնային չէր լինի շվարեցնել սենտիմենտալ էֆեկտներով ու հանելուկներով։ Նա խստորեն պահանջեց ամենաստույգ և բավարարող բացատրություններ։ Պրասկովյա Իվանովնան անմիջապես մեղմեց տոնը և նույնիսկ ավարտեց նրանով, որ արտասվեց ու ծայր տվեց ամենաբարե-կամական զեղումների։ Այդ դյուրաբորբոք, սակայն սենտիմենտալ տիկինը, ճիշտ ինչպես Ստեպան Տրոֆիմովիչը, մշտապես կարիք ուներ իսկական մտերմության և իր դստեր՝ Լիզավետա Նիկոլաևնայից գլխավորագույն գանգատն այն էր, որ «դուստրն իրեն ընկեր չէ»։

Սակայն նրա բոլոր բացատրություններից և զեղումներից ստույգն այն էր սոսկ, որ, իրոք, Լիգայի և Nicolas-ի միջև ինչ-որ գժտություն է եղել, բայց թե ինչ բնույթի էր այդ գժտությունը, Պրասկովյա Իվանովնան, ակներևաբար, այս մասին որոշակի պատկերացում կազմել չէր կարողացել։ Իսկ Դարյա Պավլովնայի վրա բարդված մեղադրանքներից նա ոչ միայն հրաժարվեց ամենավերջում, այլ նույնիսկ հատկապես խնդրեց ոչ մի նշանակություն չտալ քիչ առաջվա իր խոսքերին, որովհետև ասել էր դրանք «բորբոքված»։ Մի խոսքով, ամեն ինչ ստացվում էր շատ անհստակ, անգամ կասկածելի։ Ըստ նրա պատմածների, գժտությունը սկսվել էր Լիգայի «կամավոր և ծաղրասեր» բնավորությունից, «իսկ հպարտ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, թեև խիստ էր սիրահարված, բայց չկարողացավ տանել ծաղրանքները և ինքն էլ դարձավ ծաղրասեր»։

― Հետո շուտով ծանոթացանք մի երիտասարդի հետ, կարծես, ձեր «պրոֆեսորի» ազգականն է, ազգանունն էլ է նույնը...

― Որդին է, ոչ թե ազգականը,― ուղղեց Վարվառա Պետրովնան։ Պրասկովյա Իվանովնան նախկինում էլ երբեք չէր կարողանում հիշել Ստեպան Տրոֆիմովիչի ազգանունը և միշտ «պրոֆեսոր» էր կոչում նրան։

― Է, որդին է, թող որդին լինի, ավելի լավ, իսկ ինձ համար չէ որ միևնույնն է։ Սովորական երիտասարդ է, շատ աշխույժ և ազատ, բայց մեջն առանձին ոչինչ չկա։ Էհ, այստեղ արդեն Լիզան լավ չվարվեց, երիտասարդին մոտ թողեց իրեն այն հաշվով, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչի խանդը հարուցի։ Շատ չեմ դատապարտում դա՝ աղջկա արած է, սովորական, նույնիսկ հաճելի։ Սենակ թե Նիկոլայ Վսեվոլոդովիչը, փոխանակ խանդելու, հակառակը, ինքը մտերմացավ երիտասարդի հետ, ճիշտ կարծես ոչինչ չի տեսնում, կարծես նրա համար մեկ է ամեն բան։ Իսկ Լիզան հենց այդ պատճառով էլ պոռթկաց։ Երիտասարդն ինչ-որ տեղ մեկնեց շուտով (շատ էր շտապում), իսկ Լիզան սկսեց ամեն հարմար առիթով կպչել Նիկոլայ Վսեվոլոդովիչից։ Նկատել էր, որ նա երբեմն խոսում է Դաշայի հետ, ու սկսեց կատաղել, այստեղ արդեն իմ կյանքն էլ փչացավ։ Բժիշկներն ինձ արգելել էին բարկանալ-հուզվել, ու նրանց այդ գովական լիճն էլ ինձ ձանձրացրեց, միայն ատամներս սկսեցին ցավել, մի տեսակ հոդացավ ստացա։ Այդ մասին նույնիսկ տպագրում են, որ ժնևի լճից ատամները ցավում են՝ այդպիսի հատկություն ունի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ հանկարծ նամակ ստացավ կոմսուհուց և տեղնուտեղը մեզ մոտից գնաց, մի օրվա մեջ պատրաստվեց։ Հրաժեշտ տվեցին նրանք բարեկամաբար, Լիզան էլ, ուղեկցելով նրան, շատ ուրախ ու թեթևամիտ դարձավ, շատ էր քրքջում։ Միայն թե շինծու էր ամեն ինչ։ Հենց նա գնաց, շատ մտամոլոր դարձավ, բոլորովին դադարեց հիշատւսկել նրան, ինձ նմանապես չէր թողնում։ Ձեզ նույնպես խորհուրդ կտամ, սիրելի Վարվառա Պետրովնա, հիմա Լիզայի հետ այդ նյութի շուրջ ոչինչ չսկսել, միայն գործին կվնասեք։ իսկ եթե լռեք, առաջինն ինքը խոսք կբացի, ավելի շատ բան կիմանաք։ Իմ կարծիքով, նորից կմտերմանան, եթե միայն Նիկոլայ Վսեվոլոդովիչը չհապաղի գալ, ինչպես խոստացել է։

― Անմիջապես կգրեմ նրան։ Եթե ամեն ինչ այդպես է եղել, ապա դատարկ գժտություն է՝ փուչ բան է դա։ Դարյային էլ եմ չափից ավելի ճանաչում՝ փուչ բան է։

― Դաշենկայի վերաբերյալ զղջում եմ՝ մեղք արեցի հոգուս։ Միմիայն սովորական խոսակցություններ են եղել, այն էլ՝ բարձրաձայն։ Բայց ախր այդ ամենն ինձ շատ դառնացրեց, սիրելիս, այն ժամանակ։ Լիզան էլ, տես, ինքը մտերմացավ Դաշենկայի հետ նախկին սիրով...

Վարվառա Պետրովնան նույն իսկ օրը գրեց Nicolas-ին և խնդրեց որդուն նշված ժամկետից գոնե մեկ ամիս շուտ գալ։ Բայց և այնպես, նրա համար անհստակ ու անհայտ ինչ-որ բան կար այդտեղ։ Նա մտորեց ամբողջ երեկոն և ամբողջ գիշերը։ «Պրասկովյայի» կարծիքը նրան թվաց չափից ավելի անմեղ և սենտիմենտալ։ «Ամբողջ կյանքում Պրասկովյան եղել է չափազանց զգայուն, դեռևս պանսիոնից,― մտածում էր նա,― Nicolas-ն այնպիսին չէ, որ փախչի աղջկա ձեռ առնելուց։ Այստեղ ուրիշ պատճառ կա, եթե իսկապես գժտություն եղել է։ Այնինչ, այդ սպան այստեղ է, իրենց հետ են բերել, ու նրանց տանն է բնակվում, որպես ազգական։ Դարյայի մասին էլ Պրասկովյան շատ շուտ մեղա եկավ, հաստատ մի բան իր մեջ պահեց, չուզեց ասել...»։

Լուսադեմին Վարվառա Պետրովնան ծայրահեղ դեպքում գոնե մեկ տարակուսանք միանգամից լուծելու ծրագիր հասունացրեց՝ իր անսպասելիությամբ հոյակապ ծրագիր։ Թե ի՞նչ կար նրա սրտում, երբ այդ ծրագիրն էր կազմում, դժվար է ասել, չեմ էլ հանձն առնի նախապես պարզաբանել բոլոր հակասությունները, որոնցից բաղկացած էր դա։ Որպես ժամանակագիր, ես սահմանափակվում եմ սոսկ նրանով, որ ներկայացնում եմ դեպքերը ստուգապես, ճիշտ այնպես, ինչպես կատարվել են, ու մեղավոր չեմ, եթե դրանք անհավանական թվան։ Բայց և այնպես, մեկ անգամ էլ պիտի վկայեմ, որ Դաշայի վրա կասկածանքներ չմնացին լուսադեմին, իսկ ավելի ճիշտ՝ երբեք չէին էլ եղել, նրա վրա չափազանց վստահ էր։ Եվ մտքով անգամ չէր անցնի, որ իր Nicolas-ը կարող է հրապուրվել իր... «Դարյայով»։ Առավոտյան, երբ Դարյա Պավլովնան թեյասեղանի մոտ թեյ էր լցնում, Վարվառա Պետրովնան երկար ու ակնդետ զննում էր նրան, և երեկվանից գուցե արդեն քսաներորդ անգամ վստահաբար ասաց ինքն իրեն.

― Դատարկ բան է ամեն ինչ։

Նկատեց սոսկ, որ մի տեսակ հոգնած տեսք ունի Դաշան և որ նախկինից ավելի սուսուփուս է, ավելի անտարբեր։ Թեյից հետո, մեկընդմիշտ ընդունված սովորությամբ, երկուսն էլ նստեցին ձեռագործի։ Վարվառա Պետրովնան կարգադրեց իրեն կատարյալ հաշվետվություն տալ արտասահմանյան տպավորությունների, գերազանցապես բնության, բնակիչների, քաղաքների, սովորույթների, նրանց արվեստի, արդյունաբերության մասին, այն ամենի, ինչ հասցրել է նկատել։ Ոչ մի հարց Դրոզդովների և Դրոզդովների հետ կյանքի մասին։ Դաշան, նստած նրա կողքը՝ աշխատանքային սեղանիկի մոտ, և օգնելով ասեղնագործելուն, արդեն կես ժամ պատմում էր իր համաչափ, միապաղաղ, բայց փոքր-ինչ նվազ ձայնով։

― Դարյա,― հանկարծակի ընդհատեց նրան Վարվառա Պետրովնան,― ոչ մի առանձնահատուկ բան չունե՞ս, ինչի մասին կուզենայիր հայտնել։

― Չէ, ոչինչ,― մի փոքր մտածեց Դաշան և իր պայծառ աչքերով նայեց Վարվառա Պետրովնային։

― Հոգուդ, սրտիդ, խղճիդ վրա՞։

― Ոչինչ,― մեղմաձայն, բայց մի տեսակ մռայլ ու հաստատուն կրկնեց Դաշան։

― Այդպես էլ գիտեի։ Իմացիր, Դարյա, ես երբեք չեմ կասկածել քեզ։ Հիմա նստիր ու լսիր։ Տեղափոխվիր այս աթոռին, դիմացս նստիր, ուզում եմ քեզ ոտից գլուխ տեսնել։ Այ, այդպես։ Լսիր՝ ուզո՞ւմ ես ամուսնանալ։

Դաշան պատասխանեց հարցական, տևական, իմիջիայլոց, ոչ շատ զարմացած հայացքով։

― Սպասիր, սուս կաց։ Նախ և առաջ, տարիքների տարբերություն կա, շատ մեծ, բայց չէ որ դու բոլորից լավ գիտես, թե ինչ փուչ բան է դա։ Դու ողջամիտ ես, ու քո կյանքում սխալներ չպետք է լինեն։ Իմիջիայլոց, նա դեռևս գեղեցկատես տղամարդ է... Մի խոսքով, Ստեպան Տրոֆիմովիչը, դու նրան միշտ հարգել ես։ Հը՞։

Դաշան ավելի հարցական նայեց և այս անգամ ոչ միայն զարմանքով, այլև նկատելիորեն կարմրեց։

― Սպասիր, սուս կաց։ Մի շտապիր։ Թեև դու փող ունես, իմ կտակի համաձայն, բայց եթե մեռա, ի՞նչ կլինի քեզ հետ, թեկուզև փողերի հետ։ Քեզ կխաբեն ու փողերդ կառնեն, ուրեմն՝ կործանված ես։ Իսկ նրա հետ կլինես հայտնի մարդու կին։ Հիմա նայիր մյուս կողմից, եթե հիմա մեռնեմ, թեև կապահովեմ նրան, ի՞նչ կկատարվի նրա հետ։ Իսկ քեզ վրա ես հույս ունեմ։ Սպասիր, ես չեմ վերջացրել, նա թեթևամիտ է, ծանրաշարժ, դաժան, եսամոլ, ցածրակարգ սովորություններով, բայց դու նրան գնահատիր նախ և առաջ, այն պատճառով, որ շատ ավելի վատերը կան։ Հո չե՞մ ուզում ինչ-որ սրիկայի վրա քեզ սաղացնել, մտքովդ հո նման բան չանցա՞վ։ Իսկ գլխավորը, որովհետև ես եմ խնդրում, դրա համար էլ կգնահատես,― հանկարծակի ընդհատեց նա բորբոքված,― լսո՞ւմ ես։ Ի՞նչ ես դեմ առել։

Դաշան լուռ էր ու լսում էր։

― Սպասիր, համբերիր դեռ։ Նա կնիկ է, բայց չէ որ ավելի լավ է քեզ համար։ Իմիջիայլոց, խղճալի կնիկ, նրան բոլորովին չարժեր կին սիրել։ Բայց արժե նրան սիրել իր անպաշտպանության համար, և դու սիրիր նրան այդ անպաշտպանության համար։ Դու չէ՞ որ ինձ հասկանում ես։ Հասկանո՞ւմ ես։

Դաշան գլխով արեց՝ հաստատելով։

― Ես այդպես էլ գիտեի, պակաս բան չէի սպասում քեզնից։ Նա քեզ կսիրի, որովհետև պարտավոր է, պարտավոր է, նա պետք է քեզ աստվածացնի,― մի ուրիշ տեսակ ճչաց Վարվառա Պետրովնան։― Իսկ իմիջիայլոց, առանց պարտավորության էլ նա քեզ կսիրահարվի, չէ որ ես գիտեմ նրան։ Բացի դրանից, ես ինքս էլ եմ այստեղ։ Մի անհանգստացիր, ես միշտ այստեղ եմ։ Նա կսկսի քեզնից գանգատվել, կսկսի քեզ զրպարտել, քո մասին կփսփսա առաջին հանղիպած մեկի հետ, կնվնվա, մշտապես կնվնվա, քեզ նամակներ կգրի մի սենյակից մյուսը, օրեկան երկուական նամակ, բայց և այնպես առանց քեզ չի ապրի, իսկ գլխավորը դա է։ Ստիպիր որ քեզ ենթարկվի, չկարողացար ստիպել՝ անխելք ես։ Կուզենա կախվել, կսպառնա՝ մի հավատա, միայն ցնդաբանություն է։ Մի հավատա, բայց և այնպես, ուշքդ վրադ պահիր, մեկ էլ տեսար, ու կախվեց, այդ պատճառով էլ երբեք մի հասցրու վերջին գծին, և դա ամուսնական կյանքի առաջին կանոնն է։ Հիշիր նաև, որ նա բանաստեղծ է։ Լսիր, Դարյա, ավելի բարձր երջանկություն չկա, քան իրեն զոհաբերելը։ Բացի դրանից, ինձ էլ մեծ հաճույք կպատճառես, իսկ դա գլխավորն է։ Մի կարծիր, թե հիմա գլխիցս դուրս տվեցի հիմարավարի, ես հասկանում եմ, ինչ եմ ասում։ Ես եսապաշտ եմ, դու էլ եսապաշտ եղիր։ Ես քեզ չեմ պարտադրում, ամեն ինչ քո կամքով է, ինչպես ասես, այնպես էլ կլինի։ Դե, ի՞նչ ես նստել, մի բան ասա։

― Վարվառա Պետրովնա, չէ որ ինձ համար միևնույնն է, եթե անպայման պիտի ամուսնանալ,― հաստատուն ասաց Դաշան։

― Անպայմա՞ն։ Այդ ի՞նչ ես ակնարկում,― խստությամբ և ակնդետ նրան նայեց Վարվառա Պետրովնան։

Դաշան լռում էր՝ ասեղով փորփրելով քարգահը։

― Թեև դու խելացի ես, բայց հիմար բան ասացիր։ Թեկուզև ճիշտ է, որ հիմա անպայման մտադիր եմ քեզ ամուսնացնել, բայց դա անհրաժեշտությունից չէ, այլ միայն, որ մտքովս այդպես է անցել, ու մենակ Ստեպան Տրոֆիմովիչի համար։ Չլիներ Ստեպան Տրոֆիմովիչը, չէի էլ մտածի հիմա քեզ ամուսնացնել, թեև արդեն քսան տարեկան ես... Դե՞։

― Ինչպես կամենաք, Վարվառա Պետրովնա։

― Ուրեմն, համաձայն ես։ Սպասիր, սուս կաց, ո՞ւր ես շտապում, ես չեմ վերջացրել։ Կտակով քեզ քսանհինգ հազար ռուբլի է նշանակված ինձնից։ Պսակից անմիջապես հետո քեզ կտամ։ Դրանից ութը հազարը կտաս նրան, այսինքն՝ ոչ թե նրան, այլ ինձ։ Նա ութը հազար պարտք ունի, ես էլ կվճարեմ, բայց պետք է իմանա, որ քո փողից եմ տալիս։ Յոթը հազարը կմնա ձեռքիդ, դրանից հետո երբեք ոչ մի ռուբլի չտաս իրեն։ Նրա պարտքերը չփակես երբեք։ Մի անգամ տվեցիր, հետո պրծում չես ունենա։ Իմիջիայլոց, ես միշտ այստեղ կլինեմ։ Դուք ինձնից ամեն տարի կստանաք հազար երկու հարյուր՝ ապրուստի փող, ավելի տվածի հետ՝ հազար հինգ հարյուր, բացի բնակարանից և ուտելիքից, որոնք իմ կողմից կլինեն, ինչպես հիմա է նա օգտվում։ Ծառաները, մենակ ինքներդ կվարձեք։ Տարեկան փողը միանգամից կտամ քեզ, ձեռքդ կդնեմ։ Բայցև բարի կլինես, երբեմն նրան էլ մի քիչ տուր, թույլատրիր ընկերների մոտ գնալ, շաբաթը մի անգամ, իսկ եթե հաճախակի եղավ, ապա վռնդիր։ Բայց ես ինքս այստեղ կլինեմ։ Իսկ եթե մեռա, ձեր ապրուստադրամը չի դադարեցվի, մինչև նրա մահը, լսում ես, մինչև միայն նրա մահը, քանի որ դա նրա ապրուստադրամն է, և ոչ քոնը։ Իսկ քեզ, բացի հիմիկվա յոթ հազարից, որը լրիվ քեզ կմնա, եթե ինքդ անխելք չլինես, ևս ութը հազար կտակով կթողնեմ։ Եվ ինձնից քեզ ավելի ոչինչ չի լինի, պետք է որ իմանաս։ Հը՞, համաձա՞յն ես, թե չէ։ Վերջապես, մի բառ ասելո՞ւ ես։― Ես արդեն ասացի, Վարվառա Պետրովնա։

― Հիշիր, որ կամքը լրիվ քոնն է, ինչպես ուզես, այնպես էլ կլինի։

― Մենակ թույլ տվեք, Վարվառա Պետրովնա, մի՞թե Ստեպան Տրոֆիմովիչը ձեզ արդեն ինչ-որ բան ասել է։

― Չէ, ոչինչ չի ասել ու չգիտի, բայց... հիմա կսկսի ասել։ Նա ակնթարթորեն վեր թռավ ու վրան գցեց իր սև շալը։

Դաշան նորից թեթևակի կարմրեց և հարցական հայացքով նրան էր հետևում։ Վարվառա Պետրովնան միանգամից շրջվեց դեպի նա՝ զայրույթից կրակվող դեմքով։

― Անխելք ես,― բազեի պես հարձակվեց նրա վրա,― ապերախտ անխելք։ Ի՞նչ է անցնում մտքովդ։ Չլինի՞ մտածում ես, որ թեկուզ մի փոքր բանով, թեկուզ այ, այսքանով կվարկաբեկեմ քեզ։ Նա ինքը ծնկաչոք կսողա և կխնդրի, նա պիտի երջանկությունից մեռնի, ահա թե ինչպես կդասավորվի դա։ Դու հո գիտես, որ ես չեմ թողնի քեզ նեղացնել։ Թե՞ կարծում ես, նա քեզ այդ ութը հազարի համար կվերցնի, ես էլ վազում եմ քեզ ծախելո՞ւ։ Անխելքի մեկը, անխելք, բոլորդ էլ ապերախտ անխելքներ եք։ Անձրևանոցը տուր։

Եվ նա թրջված աղյուսե մայթերով ու փայտյա կամրջակներով, ոտքով սլացավ Ստեպան Տրոֆիմովիչի մոտ։

VII

Ճիշտ էր, որ «Դարյային» նա չէր թողնի նեղացնել, ընդհակառակը, հենց հիմա իրեն համարում էր նրա բարերարը։ Ամենավսեմ ու անբասիր զայրույթը նրա հոգում բորբոքվեց, երբ շալը գցելիս իր վրա որսաց սանուհու շշկլված ու չվստահող հայացքը։ Վարվառա Պետրովնան անկեղծորեն սիրում էր նրան՝ հենց մանկուց։ Պրասկովյա Իվանովնան իրավացիորեն էր կոչել Դարյա Պավլովնային նրա սիրեցյալը։ Վաղուց արդեն Վարվառա Պետրովնան վճռել էր մեկընդմիշտ, որ «Դարյայի բնավորությունը նման չէ եղբորը» (այսինքն, նրա եղբոր՝ Շատովի բնավորությունը), որ նա մեղմաբարո է և հեզ, ընդունակ է մեծ անձնազոհության, աչքի է ընկնում հավատարմությամբ, արտասովոր համեստությամբ, եզակի ողջամտությամբ և գլխավորը՝ երախտագիտությամբ։ Ըստ երևույթին, մինչև հիմա Դաշան արդարացրել էր նրա բոլոր սպասումները։ «Այս կյանքում սխալներ չեն լինի»,― ասել էր Վարվառա Պետրովնան, երբ աղջնակը դեռևս տասներկու տարեկան էր, և քանի որ փոքրիկն ուներ իրեն գերած ամեն մի երազանքին, իր ամեն մի նոր կանխանշմանը, իրեն լուսավոր թվացած յուրաքանչյուր մտքին համառորեն և մոլեգնորեն կապվելու հատկություն, ապա իսկույն ևեթ որոշել էր դաստիարակել Դաշային, որպես հարազատ դստեր։ Նա անհապաղ դրամագլուխ առանձնացրեց նրան ու տուն հրավիրեց դաստիարակչուհու՝ միսս Կրիգսին, որն էլ ապրեց նրանց մոտ, մինչև սանուհու տասնվեց տարեկան դառնալը, բայց հանկարծ, չգիտես ինչու, նրան մերժեցին։ Գալիս էին ուսուցիչներ գիմնազիայից, այդ թվում մի իսկական ֆրանսիացի, որն էլ Դաշային ֆրանսերեն սովորեցրեց։ Այս մեկին էլ հանկարծակի մերժեցին, ճիշտ կարծես վռնդեցին։ Մի չունեևոր տիկին, ազնվատոհմ այրի, դաշնամուր նվագել սովորեցրեց։ Սակայն գլխավոր մանկավարժը, այնուամենայնիվ, Ստեպան Տրոֆիմովիչն էր։ Իսկականից, առաջինն էլ հենց նա բացահայտեց Դաշային. սկսեց ուսուցանել սուսուփուս մանկանն այն ժամանակ դեռ, երբ Վարվառա Պետրովնան նրա մասին չէր էլ մտածում։ Նորից կրկնեմ, զարմանալի է, թե ինչպես էին նրա հետ կապվում երեխաները։ Լիզավետա Նիկոլաևնա Տուշինան նրա մոտ սովորեց ութից տասնմեկ տարեկան (հարկավ, Ստեպան Տրոֆիմովիչը սովորեցնում էր նրան անվճար և հանուն ոչնչի վարձ չէր վերցնի Դրոզդովներից)։ Բայց նա ինքը սիրահարվեց սքանչելի փոքրիկին և նրան ինչ-որ պոեմներ էր պատմում աշխարհի, երկրի կառուցվածքի, մարդկության պատմության մասին։ Նախնադարյան ժողովուրդների և նախամարդու մասին դասախոսություններն ավելի հետաքրքրաշարժ էին արաբական հեքիաթներից։ Լիզան, որը նվաղում էր այդ հեքիաթներից, տանը անչափ ծիծաղելի նմանակում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Վերջինս իմացավ այդ մասին ու մի անգամ անսպասելի, ծածուկ նայեց։ Շփոթահար Լիզան նետվեց նրա գիրկն ու լաց եղավ։ Ստեպան Տրոֆիմովիչը՝ նույնպես, զմայլանքից։ Սակայն Լիզան շուտով մեկնեց և մնաց միայն Դաշան։ Երբ Դաշայի մոտ ուսուցիչներ սկսեցին գալ, Ստեպան Տրոֆիմովիչը թողեց իր պարապմունքները և կամաց-կամաց բոլորովին դադարեց ուշադրություն դարձնել նրա վրա։ Այդպես շարունակվեց երկար ժամանակ։ Սի անգամ, երբ Դաշան արդեն տասնյոթ տարեկան էր, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծակի ապշեց նրա բարետեսությամբ։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի մոտ, սեղանի շուրջ։ Նա խոսակցություն սկսեց օրիորդի հետ, շատ գոհ մնաց նրա պատասխաններից և ավարտեց նրան ռուս գրականության պատմության լուրջ և ընդարձակ դասընթաց կարդալու առաջարկությամբ։ Վարվառա Պետրովնան գովեց և շնորհակալություն հայտնեց սքանչելի գաղափարի համար, իսկ Դաշան զմայլված էր։ Ստեպան Տրոֆիմովիչը սկսեց հատկապես նախապատրաստվել դասախոսություններին, որոնք ի վերջո, կայացան։ Սկսեցին հնագույն ժամանակներից, առաջին դասախոսությունն անցավ գրավիչ, Վարվառա Պետրովնան ներկա գտնվեց։ Երբ Ստեպան Տրոֆիմովիչն ավարտեց և գնալուց առաջ հայտնեց աշակերտուհուն, որ հաջորդ անգամ անցնելու է «Ասք Իգորի մասին»-ի վերլուծությանը, Վարվառա Պետրովնան հանկարծ ոտքի ելավ ու հայտարարեց, որ այլևս դասախոսություններ չեն լինի։ Ստեպան Տրոֆիմովիչը շշկլվեց, բայց ձայն չհանեց։ Դաշան բռնկվեց, սակայն դրանով էլ ավարտվեց ձեռնարկումը։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի ներկայիս անսպասելի ֆանտազիայից ճիշտ երեք տարի առաջ։

Խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր մենակ ու ոչինչ չէր կանխազգում։ Տխուր մտքերով տարված, վաղուց արդեն պատուհանից դուրս էր նայում, թե ծանոթներից մեկնումեկը չի՞ երևա արդյոք։ Բայց ոչ ոք չէր ուզում գալ։ Դրսում անձրև էր մաղմղում, ցրտում էր, պետք էր վառարանը վառել։ Նա հոգոց հանեց։ Հանկարծ սարսափելի տեսիլք հայտնվեց աչքերին. Վարվառա Պետրովնան այս եղանակին ու նման անպատեհ ժամի իր մոտ է գալիս։ Ու՝ ոտքով։ Այնքան էր ապշահար, որ մոռացավ հագուստը փոխել և ընդունեց նրան, ինչպես կար՝ իր մշտական բամբակյա վարդագույն ֆուֆայկայով։

― Ma bonne amie,― թույլ բղավեց նա՝ ընդառաջ գնալով։

― Դուք մենակ եք, ուրախ եմ, տանել չեմ կարող ձեր ընկերներին։ Ինչպե՜ս եք միշտ այսպես ծխում, Աստված իմ, սա ի՜նչ օդ է։ Թեյն էլ դեռ չեք խմել-վերջացրել, իսկ ժամը տասներկուսն է արդեն։ Ձեր երանությունը թափթփվածությունն է։ Ձեր վայելքը՝ կեղտը։ Այս ի՞նչ պատառոտված թղթեր են հատակին։ Նաստասյա, Նաստասյա։ Ի՞նչ է անում ձեր Նաստասյան։ Այ հոգի, բաց արա պատուհանները, օդանցքները, դռները, բոլորը՝ կրնկի վրա։ Իսկ մենք գնանք սրահ, գործով եմ եկել ձեզ մոտ։ Կյանքումդ գոնե մի անգամ ավլիր, այ հոգի։

― Կեղտոտում են, է՜,― բորբոքված, տրտնջան ձայնով ծվծվաց Նաստասյան։

― Դու էլ սրբիր, օրվա մեջ տասնհինգ անգամ սրբիր։ Գարշելի սրահ ունեք (երբ մտան սրահ)։ Դուռը պինդ փակեք, նա ականջ է դնելու։ Անպայման պիտի փոխել պաստառները։ Չէ՞ որ ես ձեզ պաստառագործ ուղարկեցի, նմուշներով, ինչի՞ համար չընտրեցիք։ Նստեք և լսեք։ Դե, նստեք վերջապես, խնդրում եմ ձեզ։ Իսկ ո՞ւր եք գնում։ Ո՞ւր եք գնում։ Ո՜ւր եք գնում։

― Ես... հիմա կգամ,― մյուս սենյակից բղավեց Ստեպան Տրոֆիմովիչը,― ահա, ես եկա։

― Ա՜, հագուստը փոխեցիք,― ծաղրաբար զննեց նա Ստեպան Տրոֆիմովիչին։ (Նա ֆուֆայկայի վրայից սերթուկ էր հագել)։ Էդպես, իրոք, ավելի հարմար կլինի... մեր խոսակցությանը։ Վերջապես նստեք, խնդրում եմ ձեզ։

Նա բացատրեց ամեն ինչ միանգամից, կտրուկ ու համոզիչ։ Ակնարկեց նաև ութը հազարը, որ նրան անչափ պետք էր։ Մանրակրկիտ պատմեց օժիտի մասին։ Ստեպան Տրոֆիմովիչն աչքերն էր չռել ու դողում էր։ Լսեց ամեն ինչ, բայց հստակ ըմբռնել չէր կարողանում։ Ուզում էր խոսել, բայց ձայնը շարունակ կտրվում էր։ Գիտեր միայն, որ ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես Վարվառա Պետրովնան է ասում, որ առարկելը կամ չհամաձայնելն անիմաստ գործ է, իսկ ինքն ամուսնացած մարդ է անդառնալիորեն։

― Mais, ma bonne amie[38], երրորդ անգամ, իմ տարիքում... ու այդպիսի երեխայի հետ,― վերջապես խոսեց նա։― Mais c’est un enfant[39]։

― Երեխա, որը քսան տարեկան է, փառք Աստծո։ Խնդրում եմ, մի պտտեք ձեր բիբերը, թատրոնում չեք։ Դուք շատ խելացի եք և ուսյալ, բայց ոչինչ չեք հասկանում կյանքում, ձեր ետևից շարունակ պիտի դայակ ման գա։ Ես որ մեռնեմ, ի՞նչ կլինի ձեզ հետ։ Իսկ նա լավ դայակ կլինի ձեզ համար։ Համեստ, կայուն, կշռադատող աղջիկ է, բացի դրանից, ինքս էլ կլինեմ այստեղ, հո չմեռա հիմա։ Տանը նստող է, հեզության հրեշտակ։ Այս երջանիկ միտքը դեռ Շվեյցարիայում էր գլուխս մտել։ Հասկանո՞ւմ եք արդյոք, երբ ինքս եմ ձեզ ասում, որ հեզության հրեշտակ է նա,― հանկարծ մոլեգնած բղավեց նա։― Ձեր տունը կեղտի բուն է, նա մաքրություն կհաստատի, կարգուկանոն, ամեն ինչ՝ հայելու պես... Է, չլինի՞ մտածում եք, թե պիտի գլուխ խոնարհեմ այդպիսի գանձի համար, թվարկեմ բոլոր օգուտները, խնամախոսեմ։ Դուք ախր պիտի ծնկաչոք... Օ՜, փուչ, դատարկ, փոքրոգի մարդ։

― Բայց ես արդեն ծերունի եմ։

― Ինչ է նշանակում ձեր հիսուներեք տարին։ Հիսուն տարին կյանքի վերջը չէ, այլ կեսը։ Գեղեցկատես տղամարդ եք, ինքներդ էլ դա գիտեք։ Գիտեք նույնպես, որ նա ձեզ հարգում է։ Ես որ մեռնեմ, ի՞նչ կլինի նրան։ Իսկ ձեզ հետ նա հանգիստ կլինի, ես էլ հանգիստ կլինեմ։ Դուք նշանավոր եք, ունեք անուն, սիրող սիրտ, դուք ապրուստադրամ եք ստանում, որը ես իմ պարտականությունն եմ համարում։ Դուք գուցեև կփրկեք նրան, կփրկեք։ Համենայն դեպս, պատվի կարժանացնեք։ Դուք կձևավորեք նրան՝ կյանքի համար, բաց կանեք նրա սիրտը, ուղղություն կտաք մտքերին։ Հիմա ինչքան մարդ է կործանվում նրանից, որ մտքերը սխալ ուղղություն ունեն։ Այդ ընթացքում ձեր ստեղծագործությունն էլ կավարտվի և դուք միանգամից կհիշեցնեք ձեր մասին։

― Ես հենց...― մրթմրթաց նա՝ արդեն շոյված Վարվառա Պետրովնայի ճարպիկ շողոքորթությունից,― ես հենց պատրաստվում եմ նստել իմ «Պատմվածքներ իսպանական պատմությունից» գործը գրելու...

― Ահա, տեսնում եք, ճիշտ էլ համընկավ։

― Բայց... նա՞։ Դուք նրան ասե՞լ եք։

― Նրա համար մի անհանգստացեք, ու պետք չէ հետաքրքրվել։ Անշուշտ, դուք ինքներդ պիտի խնդրեք, աղաչեք նրան՝ ձեզ պատիվ անել, հասկանո՞ւմ եք։ Բայց մի անհանգստացեք, ես այստեղ եմ։ Բացի դրանից, դուք նրան սիրում եք...

Ստեպան Տրոֆիմովիչի գլուխը դարձավ, պատերը պար բռնեցին։ Մի սարսափելի գաղափար կար, որը ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել։

― Excellente amie!,― հանկարծ դողաց նրա ձայնը,― ես... ես երբեք չէի կարող պատկերացնել, որ դուք կվճռեք ինձ ամուսնացնել... ուրիշ... կնոջ հետ։

― Դուք աղջիկ չեք, Ստեպան Տրոֆիմովիչ, միայն աղջիկներին են ամուսնացնում, իսկ դուք ինքներդ եք ամուսնանում,― թունալի ֆշշացրեց Վարվառա Պետրովնան։

― Oui, j’ai pris un mot pour un autre. Mais c’est égal[40],― գլուխը կորցրած տեսքով աչքերը կնոջ վրա հառեց նա։

― Տեսնում եմ, որ c’est égal,― արհամարհանքով ասաց Վարվառա Պետրովնան ատամների արանքից։― Աստվա՜ծ իմ, նրա ուշքը գնաց։ Նաստասյա՛, Նաստասյա, ջուր։

Բայց բանը ջրի չհասավ։ Նա ուշքի եկավ։ Վարվառա Պետրովնան վերցրեց իր անձրևանոցը։

― Ես տեսնում եմ, որ ձեզ հետ հիմա խոսելու բան չկա։

― Oui, oui, je suis incapable[41]։

― Բայց մինչև վաղը կհանգստանաք և կմտածեք։ Նստեք տանը, եթե բան պատահեց, իմաց տվեք, թեկուզ գիշերով։ Նամակներ չգրեք, չեմ էլ կարդա։ Իսկ վաղն այս նույն ժամին ինքս կգամ, մենակ, վերջնական պատասխանի և հուսով եմ, դա գոհացուցիչ կլինի։ Աշխատեք, որ ոչ ոք չլինի և կեղտ էլ չլինի, թե չէ ինչի՞ է նման։ Նաստասյա՛, Նաստասյա՛։

Հարկավ նա վաղը համաձայնեց, չէր էլ կարող չհամաձայնել։ Այստեղ մի հանգամանք կար...

VIII

Ստեպան Տրոֆիմովիչի՝ մեզանում այսպես կոչված կալվածքը (հին հաշվարկով մի հիսուն շունչ և Սկվորեշնիկիին կպած) ամենևին նրանը չէր, այլ պատկանում էր առաջին կնոջը, նշանակում է, հիմա նրանց որդուն՝ Պյոտր Ստեպանովիչ Վերխովենսկուն։ Ստեպան Տրոֆիմովիչը միայն խնամակալությունն էր անում, իսկ երբ թռչնակը փետրավորվեց, գործում էր կալվածքը կառավարելու ձևական երաշխավորագրով։ Երիտասարդի համար գործարքը շահավետ էր. տարեկան մինչև հազար ռուբլի էր ստանում հորից, որպես եկամուտ կալվածքից, երբ դա նոր կարգերի պայմաններում հինգ հարյուր էլ չէր բերում (գուցեև, դրանից էլ քիչ)։ Աստված գիտե, թե ինչպես էին հաստատվել նման հարաբերություններ։ Իմիջիայլոց, այդ լրիվ հազարն ուղարկում էր Վարվառա Պետրովնան, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը մեկ հատիկ ռուբլով չէր մասնակցում դրան։ Ընդհակառակը, փոքր հողակտորից ամբողջ եկամուտը գրպանն էր դնում և, բացի դրանից, վերջնականապես քայքայեց, վարձակալության տալով ինչ-որ արդյունաբերողի և Վարվառա Պետրովնայից ծածուկ կտրելով-վաճառելով անտառակը, այսինքն՝ կալվածքի գլխավոր արժեքը։ Այդ անտառակը վաղուց արդեն նա վաճառում էր ժամանակ առ ժամանակ։ Ամբողջությամբ կարժենար ամենաշատը ութը հազար, իսկ նա վերցրել էր դրա դիմաց միայն հինգը։ Սակայն նա երբեմն չափից ավելի շատ էր տանուլ տալիս ակումբում, իսկ Վարվառա Պետրովնայից խնդրել վախենում էր։ Վարվառա Պետրովնան ատամներն էր կրճտացնում, երբ ի վերջո, ամեն ինչ իմացավ։ Եվ հանկարծ հիմա որդյակը հայտնել էր, որ անձամբ կգա վաճառելու իր տիրույթները, ինչ էլ ուզում է լինի, իսկ հորը հանձնարարել էր անհետաձգելիորեն հոգալ վաճառքը։ Պարզ է, որ իր վեհանձնությամբ և անշահախնդրությամբ հանդերձ, Ստեպան Տրոֆիմովիչն ամոթ էր զգում ce cher enfant[42] հանդեպ (ում վերջին անգամ լրիվ ինը տարի առաջ էր տեսել Պետերբուրգում, ուսանող ժամանակ)։ Սկզբնապես, ամբողջ կալվածքը կարող էր արժենալ տասներեք կամ տասնչորս հազար, հիմա հազիվ թե մեկնումեկը հինգ հազար տար դրան։ Անկասկած, Ստեպան Տրոֆիմովիչը, ձևական երաշխավորագրի իմաստով, կատարյալ իրավունք ուներ վաճառել անտառը և, հաշվի մեջ դնելով ամենամյա հազարական ռուբլի անհնարին եկամուտը, որ այդքան տարի բարեխղճորեն ուղարկում էր, իրեն շատ լավ պատնեշել վերջնահաշիվն անելիս։ Սակայն Ստեպան Տրոֆիմովիչը վեհանձն էր, վերին ձգտումներով։ Նրա գլխում զարմանալի գեղեցիկ մի միտք ցոլաց, երբ Պետրուշան գա, հանկարծակի ազնվորեն սեղանին դնել ամենաբարձր, maximum գինը, այսինքն՝ նույնիսկ տասնհինգ հազար, առանց մինչև հիմա ուղարկվող եկամուտների մասին նվազագույն իսկ ակնարկման, և պինդ-պինդ, արտասվելով, կրծքին սեղմել ce cher fils[43], որով և ավարտել բոլոր հաշիվները։ Հեռուներից և զգուշությամբ նա սկսեց այդ պատկերը ծավալել Վարվառա Պետրովնայի առաջ։ Ակնարկում էր, որ դա նույնիսկ մի առանձնահատուկ, վսեմ երանգ կտա իրենց բարեկամական կապին... և իրենց «գաղափարին»։ Դա այնպիսի անշահամոլ և մեծահոգի տեսքով կներկայացնի առաջվա հայրերին և ընդհանրապես նախկին մարդկանց՝ նոր թեթևամիտ և սոցիալական երիտասարդության համեմատությամբ։ Շատ ուրիշ բաներ էլ էր ասում, բայց Վարվառա Պետրովնան շարունակ լռության էր տալիս։ Վերջապես, չոր-չոր հայտարարեց նրան, որ համաձայն է գնել նրանց հողը և կտա դրա դիմաց maximum գինը, այն է՝ վեցը, յոթը հազար (չորսով էլ կարելի էր գնել)։ Իսկ անտառակի հետ թռած-գնացած ութը հազարի մասին ոչ մի բառ չասաց։ Դա կատարվել էր խնամախոսությունից մեկ ամիս առաջ։ Ստեպան Տրոֆիմովիչն ապշահար էր և մտքերի մեջ ընկավ։ Առաջ դեռևս կարող էր հույս լինել, որ թերևս որդյակը չգա էլ, այսինքն, հույս էր դա՝ դատելով կողքից, կողմնակի մեկի կարծիքով։ Իսկ Ստեպան Տրոֆիմովիչը, որպես հայր, վրդովմունքով կմերժեր նմանօրինակ հույսի միտքն անգամ։ Ինչ էլ լինի այնտեղ, բայց մինչև հիմա Պետրուշայի մասին մեզ էին հասնում միշտ շատ տարօրինակ լուրեր։ Սկզբում, համալսարանում դասընթացը վերջացնելով, վեցը տարի սրանից առաջ թափառել էր Պետերբուրգում անգործ։ Հանկարծ տեղեկություն ստացվեց, որ մասնակցել է ինչ-որ գաղտնի թռուցիկի կազմմանը և գործով հետաքննվում է։ Հետո, որ նա հանկարծ հայտնվել է արտասահմանում, Շվեյցարիա, ժնև՝ չլինի՞ փախել էր։

― Ինձ համար զարմանալի է դա,― այն ժամանակ մեզ քարոզում էր սաստիկ շփոթված Ստեպան Տրոֆիմովիչը,― Պետրուշան, cèst une si pauvre tête[44], նա բարի է, ազնիվ, շատ զգայուն, և ես այն ժամանակ Պետերբուրգում ինչպես էի ուրախանում՝ համեմատելով նրան ժամանակակից երիտասարդության հետ, սակայն cêst un pauvre sire tout de même[45]... Եվ գիտեք, ամեն ինչ այդ նույն մինչև վերջ չնստելուց է, սենտիմենտալությունից։ Նրանց գերում է սոցիալիզմի ոչ թե ռեալիզմը, այլ զգայական, իդեալական կողմը, այսպես ասած, կրոնական երանգը դրա, պոեզիան դրա... անշուշտ, ուրիշի ձայնով։ Եվ սակայն իմ վիճակը, ի՜մ վիճակը հապա։ Այնքան թշնամի ունեմ այստեղ, այնտեղ ավելի շատ կվերագրեն հոր ազդեցությանը... Աստվա՜ծ... Պետրուշան՝ որպես շարժիչ։ Ի՜նչ ժամանակներում ենք ապրում։

Պետրուշան, ի դեպ, շատ շուտով ուղարկեց իր ստույգ հասցեն Շվեյցարիայից՝ սովորական փողն իրեն ուղարկելու համար, նշանակում Է, այնքան էլ տարագիր չէր։ Եվ հիմա ահա, չորս տարի արտասահմանում մնալուց հետո, հանկարծ նորից հայտնվում է իր հայրենիքում, տեղեկացնում իր մոտալուտ գալստյան մասին, ուրեմն, ոչ մի մեղադրանք չունի։ Քիչ է դա, կարծես նույնիսկ ինչ-որ մեկն էլ օգնել ու հովանավորել է նրան։ Հիմա գրում էր Ռուսաստանի հարավից, ուր գտնվում էր ինչ-որ մեկի մասնավոր, սակայն կարևոր հանձնարարությամբ և ինչ-որ բաներ հոգում այնտեղ։ Այդ ամենը հիանալի էր, բայց և այնպես, որտեղի՞ց վերցնել մնացած յոթը-ութը հազարը, կալվածքի համար վայել maximum գինը լրացնելու համար։ Իսկ ի՞նչ, եթե աղմուկ բարձրանա և վեհապանծ պատկերի փոխարեն բանը հասնի դատավարության։ Ինչ-որ բան հուշում էր Ստեպան Տրոֆիմովիչին, որ զգայուն Պետրուշան ետ չի կանգնի իր շահերից։ «Այդ ինչի՞ց է, նկատել եմ,― մի առիթով այն ժամանակ շշնջաց ինձ Ստեպան Տրոֆիմովիչը,― ինչի՞ց է, որ բոլոր այդ թունդ սոցիալիստները և կոմունիստները, միաժամանակ նաև անհավանական կծծիներ են, ձեռք բերողներ, սեփականատերեր, և նույնիսկ այնպես, որ ինչքան ավելի է սոցիալիստ, ինչքան ավելի հեռու է գնացել, այնքան ավելի սաստիկ սեփականատեր է... Ինչի՞ց է դա։ Չլինի՞ դարձյալ սենտիմենտալությունից»։ Ես չգիտեմ, ճշմարտություն կա՞ Ստեպան Տրոֆիմովիչի այդ դիտողության մեջ, գիտեմ միայն, որ Պետրուշան որոշ տեղեկություններ ուներ անտառակի վաճառքի և այլնի մասին, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը գիտեր, որ նա այդ տեղեկությունները չունի։ Ինձ վիճակվեց նաև կարդալ Պետրուշայի նամակները՝ ուղղված հորը, գրում էր նա հազվադեպ, տարին մեկ անգամ, ավելի քիչ։ Միայն վերջերս, հայտնելով իր մոտալուտ գալստյան մասին, երկու նամակ էր ուղարկել, համարյա մեկը մյուսի ետևից։ Նրա բոլոր նամակները կարճ էին, չոր-չոր, կազմված սոսկ կարգադրություններից, և քանի որ հայր ու որդի, մոդայիկ եղանակով, դեռևս Պետերբուրգից էին միմյանց դու-ով դիմում, ապա Պետրուշայի նամակներն էլ ճիշտ և ճիշտ ունեին նախկին այն կալվածատերերի հնօրյա հանձնարարականների տեսքը, որով վերջիններս մայրաքաղաքներից գրում էին իրենց կալվածքներին կառավարիչներ նշանակած ճորտերին։ Եվ հիմա հանկարծ գործը կարգավորող այդ ութը հազարը դուրս է թռչում Վարվառա Պետրովնայի առաջարկությունից, ըստ որում, նա հստակ զգացնել է տալիս, որ դա այլևս ոչ մի տեղից դուրս չի թռչի։ Անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչը համաձայնեց։

Վարվառա Պետրովնայի գնալուն պես, նա մարդ ուղարկեց՝ ինձ կանչելու, իսկ մնացած բոլորից փակվեց ամբողջ օրով։ Իհարկե, լաց եղավ, շատ ու լավ խոսեց, շատ ու սաստիկ շեղվում էր, պատահաբար բառախաղ արեց և շատ գոհ մնաց դրանից, հետո թեթևակի խոլերինա ունեցավ, մի խոսքով, ամեն ինչ կատարվեց տեղը տեղին։ Որից հետո նա հանեց արդեն քսան տարի առաջ մահացած իր գերմանուհու դիմանկարը և աղիողորմ սկսեց դիմել. «Կներե՞ս ինձ արդյոք»։ Ընդհանրապես, նա մի տեսակ հունից ելած էր։ Հոգսերից՝ մի քիչ էլ խմեցինք։ Իմիջիայլոց, նա շուտով անուշ քուն մտավ։ Առավոտյան վարպետորեն կապեց փողկապը, բծախնդրորեն հագնվեց ու հաճախ մոտենում էր հայելուն՝ նայելու։ Թաշկինակը ցողեց օծանելիքով, ի դեպ՝ շատ քիչ, և հենց պատուհանից տեսավ Վարվառա Պետրովնային, փութով ուրիշ թաշկինակ վերցրեց , իսկ բուրավետը թաքցրեց բարձի տակ։

― Եվ հիանալի է,― գովեց Վարվառա Պետրովնան՝ լսելով նրա համաձայնությունը։― Նախ և առաջ, ազնիվ վճռականություն և երկրորդը՝ դուք ականջ դրեցիք բանականության ձայնին, որին դուք շատ հազվադեպ եք ունկնդրում ձեր մասնավոր գործերում։ Իմիջիայլոց, շտապելու կարիք չկա,― ավելացրեց նա՝ զննելով Ստեպան Տրոֆիմովիչի ճերմակ փողկապի հանգույցը,― առայժմ լռեք, ես էլ կլռեմ։ Շուտով ձեր ծննդյան տարեդարձն է, ես ձեզ մոտ կլինեմ նրա հետ միասին։ Երեկոյան թեյի պատրաստություն կտեսնեք և խնդրում եմ, առանց խմիչքի և ուտեստեղենի, ասենք, ես ինքս ամեն ինչ կդասավորեմ։ Հրավիրեք ձեր ընկերներին, իմիջիայլոց, միասին կանենք ընտրությունը։ Նախորդ օրը նրա հետ կխոսեք, եթե հարկ լինի, իսկ ձեր երեկույթին մենք ոչ թե կհայտարարենք կամ որևիցե պայմանավորվածություն կկայացնենք, այլ սոսկ կակնարկենք կամ իմաց կանենք, առանց որևէ հանդիսավորության։ Հետո էլ, երկու շաբաթ անց՝ հարսանիքը, հնարավորին չափ առանց աղմուկի... Նույնիսկ կարելի է, որ երկուսով գնաք ժամանակավորապես, զատկից անմիջապես հետո, թեկուզ, օրինակ, Մոսկվա։ Գուցե ես նույնպես գամ ձեզ հետ... Իսկ գլխավորը, մինչ այդ լուռ մնացեք։

Ստեպան Տրոֆիմովիչը զարմացած էր։ Նա փորձեց ժպտալ, որ իր համար անհնար է այդպես, որ պետք է, չէ՞, խոսել հարսնացուի հետ, բայց Վարվառա Պետրովնան բորբոքված վրա պրծավ նրան.

― Դա՞ ինչի համար։ Նախ և առաջ, գուցե դեռ ոչինչ էլ չլինի...

― Ինչպես չի լինի,― մրմնջաց փեսացուն՝ արդեն լիովին շշկլված։

― Այդպես։ Ես դեռ կտեսնեմ... Իսկ իմիջիայլոց, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ասել եմ, և մի անհանգստացեք, ես ինքս նրան կնախապատրաստեմ։ Դուք բոլորովին պետք չէ խառնվեք։ Հարկավոր ամեն ինչ կասվի և կարվի, իսկ ձեր խառնվելու կարիքը չկա։ Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։ Չգնաք նրա մոտ ու նամակներ էլ չգրեք։ Եվ ձայն-ծպտուն չհանեք, խնդրում եմ ձեզ։ Ես նույնպես կլռեմ։

Վարվառա Պետրովնան կտրականապես չէր ուզում բացատրվել և հեռացավ, հավանորեն, անտրամադիր։ Կարծես թե Ստեպան Տրոֆիմովիչի անսահման պատրաստակամությունը զարմացրել էր նրան։ Ավաղ, նա բոլորովին չէր հասկանում իր վիճակը և հարցը նրան չէր ներկայանում մի քանի այլ տեսանկյունից։ Հակառակը, ի հայտ էր եկել ինչ-որ նոր մի տոն, հաղթական և թեթևամիտ ինչ-որ բան։ Նա գոռոզացել էր։

― Սա ինձ դուր է գալիս,― բացականչում էր նա՝ կանգնելով դիմացս ու տարածելով ձեռքերը։― Դուք լսեցի՞ք։ Նա ուզում է հասցնել այնտեղ, որ ես, ի վերջո, չուզենամ։ Չէ որ ես նույնպես կարող եմ համբերությունս սպառել և... չուզենալ։ «Նստեք և պետք չէ, որ այնտեղ գնաք», բայց ինչի՞ համար ես, ի վերջո, անպայման պիտի ամուսնանամ։ Միայն որովհետև զվարճալի երևակայությո՞ւն է ունեցել նա։ Բայց ես լուրջ մարդ եմ և կարող եմ չուզենալ ենթարկվել խելառ կնոջ պարապ երևակայություններին։ Ես պարտականություններ ունեմ իմ որդու և... ինքս իմ հանդեպ։ Ես զոհաբերություն եմ անում՝ հասկանո՞ւմ է նա դա։ Գուցեև այն պատճառով եմ համաձայնել, որ ինձ ձանձրացրել է կյանքը և միևնույնն է ինձ համար։ Բայց նա կարող է ինձ զայրացնել, և այդժամ այլևս միևնույնը չի լինի ինձ համար, ես կվիրավորվեմ և կհրաժարվեմ։ Et enfin le redicule[46]... Ի՞նչ կասեն ակումբում։ Ի՞նչ կասի... Լիպուտինը։ «Գուցե դեռ ոչինչ էլ չլինի»՝ ասացե՜ք խնդրեմ։ Բայց չէ որ սա արդեն վեր է։ Սա արդեն... Սա ի՞նչ բան է։ Je suis un forçat, un Badinguet, un[47] պատին դեմ արված մարդ...

Եվ միևնույն ժամանակ ինչ-որ մի քմահաճ ինքնաբավություն, ինչ-որ թեթևամիտ-խաղացկուն բան էր ի հայտ գալիս այդ բոլոր աղիողորմ բացականչությունների տակից։ Երեկոյան մենք նորից խմեցինք։

Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր

I

Մի շաբաթի չափ անցավ, և գործը սկսեց տեղից թեթևակի շարժվել։ Թռուցիկ նշեմ, որ այդ տարաբախտ շաբաթվա ընթացքում ես ահագին տրտմություն կրեցի՝ համարյա անբաժան մնալով իմ խեղճ, հարսնախոսած բարեկամի կողքին, որպես նրա մերձավորագույն խորհրդապահը։ Նրան գլխավորապես նեղում էր ամոթը, թեև այդ շաբաթվա մեջ ոչ ոքի չտեսանք և շարունակ նստած էինք մենակ, բայց նա ամաչում էր նույնիսկ ինձնից, ու այն աստիճան, որ ինչքան շատ էր բացվում իմ առաջ, այնքան ավելի էր սրտնեղվում դրանից։ Իսկ կասկածամտությունից ենթադրում էր, թե արդեն ամեն ինչ հայտնի է ամենքին, ամբողջ քաղաքին, և ոչ միայն ակումբում, այլ նույնիսկ իր խմբակում վախենում էր երևալ։ Անգամ անհրաժեշտ օդափոխության համար զբոսնելու էր ելնում միայն կատարյալ մթնշաղին, երբ լիովին մթնում էր։

Շաբաթն անցավ, իսկ նա դեռևս չգիտեր, փեսացու է ինքը, թե՝ ոչ, ու որքան ջանում, ոչ մի կերպ չէր կարողանում դա իմանալ հաստատ։ Հարսնացուի հետ դեռևս չէր տեսնվել, չգիտեր անգամ՝ իր հարսնացուն է, թե ոչ, չգիտեր անգամ, թե որևէ լուրջ բան կա՞ այդ ամենի մեջ։ Չգիտես ինչու, Վարվառա Պետրովնան կտրականապես չէր թողնում նրան իր մոտ գնալ։ Նրա սկզբնական նամակներից մեկին (իսկ նա բազմաթիվ նամակներ հղեց), Վարվառա Պետրովնան ուղղակի պատասխանեց ամեն կարգի շփումներից իրեն ժամանակավորապես ազատելու խնդրանքով, որովհետև զբաղված է, իսկ ինքը, նրան շատ կարևոր բաներ ունենալով հայտնելու, դիտավորյալ սպասում է դրա համար ավելի ազատ պահի, քան ներկայումս ունի, և ինքը նրան իմաց կտա ժամանակի ընթացքում, թե երբ կարելի կլինի իր մոտ գալ։ Իսկ նամակները խոստացավ ետ ուղարկել՝ չբացված, քանի որ դա «միայն ու միայն գժություն է»։ Այդ երկտողն ինքս եմ կարդացել, Ստեպան Տրոֆիմովիչը ցույց տվեց ինձ։ Եվ սակայն բոլոր այդ կոպտությունները և անորոշությունները, այդ ամենը ոչինչ էր, համեմատած նրա գլխավոր հոգսին։ Այդ հոգսը նրան տանջում էր չափազանց, աննահանջ, դրանից նիհարում էր նա և ընկճվում։ Այնպիսի մի բան էր, որից արդեն ամաչում էր ամենից շատ և ինչի մասին ոչ մի կերպ չէր ուզում խոսել ինձ հետ նույնիսկ։ Ընդհակառակն, առիթի դեպքում ստում ու պոչ էր խաղացնում իմ առաջ, փոքր երեխայի պես, այնինչ, ինքն էր ամեն օր մարդ ուղարկում՝ ինձ կանչելու, առանց ինձ երկու ժամ չէր կարողանում մնալ՝ ջրի կամ օդի նման զգալով իմ կարիքը։

Նման վարմունքը փոքր-ինչ վիրավորում էր իմ ինքնասիրությունը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ վաղուց արդեն կռահել էի նրա այդ գլխավոր գաղտնիքը և տեսնում էի ամեն ինչ՝ թափանցիկ։ Այն ժամանակվա իմ խորագույն համոզմամբ, այդ գաղտնիքի, Ստեպան Տրոֆիմովիչի գլխավոր այդ հոգսի բացահայտումը պատիվ չէր բերի նրան, ուստի ես, որպես դեռևս երիտասարդ, մի քիչ զայրացած էի նրա զգացմունքների կոպտության և նրա որոշ կասկածների գեշության վրա։ Բորբոքված էլ խոստովանում եմ՝ խորհրդապահը լինելու ձանձրույթից, գուցեև չափից ավելի էի մեղադրում նրան։ Իմ դաժանությամբ ես հետամուտ էի նրա սեփական խոստովանությանն իմ առաջ ամեն ինչում, թեև, իմիջիայլոց, ընդունում էի նաև, որ այլևայլ բաների խոստովանումը գուցեև դժվարին բան է։ Նա նույնպես լիովին հասկանում էր ինձ, այն է՝ հստակ տեսնում էր, որ հասկանում եմ իր համակ ներքինը և անգամ զայրանում նրա վրա, ինքն էլ իմ վրա էր զայրանում, որ զայրանում եմ իր վրա ու տեսնում համակ ներքինը։ Թերևս իմ բարկությունը մանրախնդիր էր ու անմիտ, սակայն փոխադարձ մեկուսացումը երբեմն չափազանց վնասում է իսկական բարեկամությանը։ Հայտնի տեսակետից, նա ճիշտ էր հասկանում իր վիճակի որոշ կողմերը և նույնիսկ շատ նրբորեն էր բնորոշում դա այն կետերում, որոնք հարկ չէր համարում թաքցնել։

― Օ՜, այսպիսի՞ն էր արդյոք նա այն ժամանակ,― երբեմն բերանից թռցնում էր Վարվառա Պետրովնայի մասին։― Այդպիսին էր արդյոք նախկինում, երբ իրար հետ խոսում էինք... Գիտե՞ք արդյոք, որ այն ժամանակ նա դեռևս կարողանում էր խոսել։ Կհավատա՞ք արդյոք, որ այն ժամանակ մտքեր ուներ, սեփական մտքեր։ Հիմա ամեն ինչ փոխվել է։ Ասում է, թե այդ ամենը լոկ հնօրյա շատախոսություն է։ Նա արհամարհում է նախկինը... Հիմա նա ինչ-որ գործակատար է, տնտեսավար, չարացած մարդ ու շարունակ բարկանում է...

― Իսկ ի՞նչ ունի բարկանալու, երբ դուք կատարել եք նրա պահանջը,― առարկեցի նրան։

Նրբանկատ ինձ նայեց։

― Cher ami, եթե ես չհամաձայնեի, նա սարսափելի կբարկանար, սարսա-փելի, բայց և այնպես ավելի քիչ, քան հիմա, երբ համաձայնել եմ։

Իր այս խոսքից նա գոհ մնաց, և այդ երեկո մի շիշ խմեցինք։ Բայց դա սոսկ ակնթարթ էր, հաջորդ օրը նա ավելի սարսափելի էր և մռայլված, քան երբևէ։

Բայց ամենից շատ ես բարկացած էի այն բանի վրա, որ սիրտ չէր անում նույնիսկ գնալ և անհրաժեշտ այցելություն անել Դրոզդովներին, որոնք եկել էին արդեն, ծանոթությունը վերականգնելու համար, ինչը, լսածի համաձայն, նրանք նույնպես կամենում էին, քանի որ արդեն հարցրել էին նրա մասին, իսկ ինքը դրա համար տխրում էր ամեն օր։ Լիզավետա Նիկոլաևնայի մասին խոսում էր ինձ հետ անհասկանալի մի ցնծությամբ։ Անկասկած, նա հիշում էր աղջկան, որպես երեխայի, ում այնպես սիրում էր ժամանակին։ Սակայն, դրանից բացի, հայտնի չէ, թե ինչու, երևակայում էր, որ նրա կողքին իսկույն թեթևացում կգտնի իր բոլոր առկա տանջանքներին և նույնիսկ կլուծի իր կարևորագույն երկմտությունները. Լիզավետա Նիկոլաևնայի մեջ նա ենթադրում էր տեսնել մի որևէ արտակարգ էակի։ Այդուհանդերձ, չէր գնում նրա մոտ, թեև ամեն օր պատրաստվում էր։ Գլխավորն այն էր, որ ինքս էլ էի անչափ ուզում այդժամ ներկայացվել ու երաշխավորվել նրան, ինչի համար միայն Ստեպան Տրոֆիմովիչի վրա կարող էի հույս ունենալ։ Արտակարգ տպավորություն էին գործում ինձ վրա հաճախակի հանդիպումներն աղջկա հետ, անշուշտ, փողոցում, երբ նա ձիով ելնում էր զբոսնելու, ամազոնկայով, սքանչելի ձիով, իր այսպես կոչված ազգականի, գեղեցկադեմ սպայի, հանգուցյալ գեներալ Դրոզդովի զարմիկի հետ։ Իմ շլացումը տևեց ընդամենը մի ակնթարթ, և ինքս շատ շուտով գիտակցեցի իմ երազանքի համակ անհնարինությունը, բայց թեև ակնթարթաչափ, սակայն դա գոյություն ուներ իսկապես, այդ պատճառով էլ կարող եք պատկերացնել, թե այն ժամանակ ինչպես էի մեկ-մեկ բարկանում իմ խեղճ բարեկամի վրա նրա համառ մենակեցության համար։

Մերոնց բոլորին դեռևս ամենասկզբից պաշտոնապես հայտարարվել էր, որ Ստեպան Տրոֆիմովիչը որոշ ժամանակ չի ընդունելու և խնդրում է կատարելապես հանգիստ թողնել իրեն։ Նա պնդում էր, որ շրջաբերական-ծանուցում լինի, թեև ես խորհուրդ չէի տալիս։ Հենց ինքս էլ շրջեցի բոլորի մոտ, նրա իսկ խնդրանքով, ու բոլորին պատմեցի, որ Վարվառա Պետրովնան մեր «ծերուկին» (մեր մեջ այդպես էինք կոչում Ստեպան Տրոֆիմովիչին) ինչ-որ արտահերթ աշխատանք է հանձնարարել՝ կարգի բերել ինչ֊որ տարիների գրագրություն, որ նա փակվել է, իսկ ես օգնում եմ իրեն, և այլն, և այլն։ Միայն Լիպուտինի մոտ չհասցրի մտնել և շարունակ հետաձգում էի, ավելի ճիշտ՝ վախենում էի գնալ։ Նախապես գիտեի, որ ոչ մի բառիս չի հավատալու, անպայման երևակայելու է, որ մի գաղտնիք կա այստեղ, որն էլ հենց միայն իրենից են ուզում պահել, և հենց դուրս գամ, տեղնուտեղը սկսելու է քաղաքով մեկ տեղեկանալ ու բամբասել։ Մինչ սա կպատկերացնեի ինքս ինձ, այնպես եղավ, որ փողոցում պատահմամբ դեմ առա նրան։ Պարզվեց, որ ամեն ինչ արդեն իմացել է մերոնցից, ում ես էի տեղեկացրել։ Բայց, տարօրինակ բան, նա ոչ միայն չհետաքրքրվեց և հարցուփորձ չարեց Ստեպան Տրոֆիմովիչից, այլ հակառակը, դեռ ինքն ինձ ընդհատեց, երբ սկսեցի ներողություն խնդրել, որ ավելի շուտ չեմ գնացել իր մոտ, և իսկույն փոխեց խոսակցության նյութը։ Ճիշտ է, պատմելու բան կուտակվել էր։ Նա չափազանց հոգեխռով վիճակում էր և ուրախացել էր, որ ի դեմս ինձ, ունկնդիր է բռնել։ Սկսեց խոսել քաղաքային նորություններից, նահանգապետի կնոջ գալստյան մասին՝ «նոր խոսակցություններով», ակումբում արդեն կազմավորված ընդդիմության մասին, այն մասին, որ բոլորը գոռում են նոր գաղափարներից և ինչպես է դա տիրել բոլորին և այլն, և այլն։ Նա խոսեց մի քառորդ ժամ և այնքան հետաքրքրաշարժ, որ չկարողացա պոկվել։ Թեև տանել չէի կարողանում նրան, բայց ընդունում եմ, որ իրեն լսել ստիպելու շնորհք ուներ նա, հատկապես, երբ ինչ-որ բանի վրա շատ զայրացած էր լինում։ Այդ մարդը, իմ կարծիքով, իսկական և բնածին լրտես էր։ Ամեն րոպե գիտեր ամենավերջին բոլոր նորությունները և մեր քաղաքի ծածուկ գաղտնիքները՝ լրիվ, գերազանցապես նողկալիությունների առումով, ու զարմանալ էր պետք, թե ինչ աստիճանի սրտին մոտ է ընդունում բաներ, որոնք երբեմն ամենևին չէին վերաբերում իրեն։ Ինձ միշտ թվում էր, որ նրա բնավորության գլխավոր գիծը նախանձն է։ Երբ ես նույն երեկոյան Ստեպան Տրոֆիմովիչին հայտնեցի առավոտյան Լիպուտինին հանդիպելու և մեր խոսակցության մասին, ի զարմանս, նա չափազանց հուզվեց և մի արտառոց հարց տվեց ինձ. «Լիպուտինը գիտե՞, թե ոչ»։ Ես սկսեցի ապացուցել, որ այսքան շուտ իմանալու հնարավորություն չի եղել, նաև՝ ումից պիտի իմանար, բայց Ստեպան Տրոֆիմովիչն իրենն էր պնդում։

― Հավատացեք, կամ՝ ոչ,― վերջում անսպասելի եզրակացրեց նա,― իսկ ես համոզված եմ, որ նրան ոչ միայն արդեն հայտնի է ամեն ինչ մեր վիճակի մասին, բոլոր մանրամասներով, այլ որ նա դրան գումարած այնպիսի մի բան էլ գիտե, ինչ ոչ դուք, ոչ ես դեռևս չգիտենք, գուցեև երբեք չենք իմանա, կամ կիմանանք, երբ արդեն ուշ կլինի, երբ արդեն չի լինի վերադարձ...

Ես լռեցի, բայց այդ բառերը շատ բան էին ակնարկում։ Դրանից հետո հինգ լրիվ օր ոչ մի բառով չհիշատակեցինք Լիպուտինին։ Ինձ համար պարզ էր, որ Ստեպան Տրոֆիմովիչը շատ է զղջում՝ իմ առաջ այդպիսի կասկածանքներ արտահայտելու և լեզվից թռցնելու համար։

II

Մի առավոտ, այն է՝ յոթերորդ կամ ութերորդ օրն այն բանից հետո, երբ Ստեպան Տրոֆիմովիչը համաձայնել էր փեսացու դառնալ, ժամը տասնմեկի կողմ, երբ սովորականի պես շտապում էի իմ վշտաբեկ բարեկամի մոտ, ճանապարհին մի դեպք կատարվեց։

Հանդիպեցի Կարմազինովին՝ «մեծ գրողին», ինչպես Լիպուտինն էր նրան մեծարում։ Կարմազինով կարդում էի մանկուց։ Նրա վիպակներն ու պատմվածքները հայտնի են անցյալ և անգամ մեր սերնդին։ Իսկ ես վայելում էի դրանք, իմ պատանեկության և երիտասարդության վայելքն էին։ Հետո որոշ չափով սառեցի նրա գրչից։ Ուղղվածությամբ վիպակները, որոնք գրում էր վերջին ժամանակներս, ինձ այլևս դուր չէին գալիս այնպես, ինչպես նրա առաջին, նախասկզբնական գործերը, որոնց մեջ այնքան անմիջական պոեզիա կար, իսկ ամենավերջին ստեղծագործությունները նույնիսկ դուր չէին գալիս։

Ընդհանուր առմամբ ասած, եթե համարձակվեմ իմ կարծիքն էլ հայտնել նման նուրբ խնդրի շուրջ, միջին տրամաչափի մեր այդ բոլոր պարոնայք տաղանդները, սովորաբար, կենդանության օրոք համարյա թե հանճարների տեղ անցնելով, ոչ միայն չքանում են գրեթե անհետ և մի տեսակ հանկարծակի՝ մարդկանց հիշողությունից, երբ մեռնում են, պատահում է նաև, որ կենդանության օրոք նույնիսկ, հենց հասակ է առնում փոխարինող նոր սերունդը, որի հետ նրանք գործում էին, բոլորից մոռացվում ու արհամարհվում են անբացատրելի արագ։ Մի տեսակ հանկարծակի է դա լինում մեզանում, ինչպես դեկորների փոփոխումը թատրոնում։ Օ՜, սա ամենևին այն չէ, ինչ առնչվում է Պուշկիններին, Գոգոլներին, Մոլյերներին, Վոլտերներին, բոլոր այն գործիչներին, որոնք եկել էին՝ ասելու իրենց նոր խոսքը։ Ճշմարիտ է և այն, որ միջին տրամաչափի այդ պարոնայք տաղանդներն իրենք հենց, իրենց պատկառելի տարիքի մայրամուտին, սովորաբար ամենաողորմելի եղանակով սպառվում են մեզանում՝ ամենևին նույնիսկ չնկատելով դա։ Հաճախ պարզվում է, որ գրողը, ում երկար ժամանակ վերագրում էին գաղափարների արտակարգ խորություն և ումից սպասում էին հասարակության շարժման վրա արտակարգ և լուրջ ազդեցություն, վերջում ի հայտ է բերում իր հիմնական պստիկ գաղափարի այնպիսի ջրիկությունը և մանրությունը, որ ոչ ոք անգամ չի ափսոսում, որ այդչափ շուտ կարողացավ սպառվել։ Բայց ալեհեր ծերուկները չեն նկատում դա և բարկանում են։ Նրանց անձնասիրությունը, հենց իրենց ասպարեզի ավարտին, երբեմն ձեռք է բերում զարմանքի արժանի չափեր։ Աստված գիտե, թե ում տեղ են սկսում ընդունել իրենց, ծայրահեղ դեպքում՝ աստվածների։ Կարմազինովի մասին պատմում էին, որ ուժեղ մարդկանց և բարձրագույն հասարակության հետ կապերը նա ավելի թանկ է գնահատում թերևս իր հոգուց։ Պատմում էին, որ նա ձեզ կդիմավորի, կփաղաքշի, կհրապուրի, կգերի իր պարզասրտությամբ, հատկապես եթե ինչ-որ բանում պետք եք իրեն և անշուշտ, եթե նախապես ներկայացված եք։ Բայց առաջին իշխանի, առաջին կոմսուհու, առաջին մարդու ներկայությամբ, ումից նա վախենում է, իր սրբազնագույն պարտքը կհամարի մոռանալ ձեզ ամենավիրավորական քամահրանքով, որպես մի տաշեղ, որպես մի ճանճ, տեղնուտեղը, երբ դեռ չեք հասցրել հեռանալ նրա մոտից, և նա լրջորեն համարում է դա ամենաբարձր ու ամենագեղեցիկ վարք։ Չնայած կատարյալ ինքնազսպմանը և լավ վարվեցողության կատարյալ իմացությանը, ասում են, այն աստիճան անձնապաշտ է՝ հիստերիայի հասնող, որ ոչ մի կերպ չի կարող թաքցնել իր հեղինակային բորբոքվածությունն անգամ հասարակության այն շրջանակներում, ուր սակավ են հետաքրքրվում գրականությամբ։ Իսկ եթե պատահմամբ մեկնումեկը մտահոգում էր նրան իր անտարբերությամբ, ապա նեղանում էր հիվանդագին կերպով և ջանում վրեժխնդիր լինել։ Շուրջ մի տարի առաջ ամսագրում կարդացի նրա հոդվածը, գրված ամենապարզունակ պոեզիայի, ավելացրած նաև հոգեբանության ահավոր հավակնությամբ։ Նա նկարագրել էր մի շոգենավի խորտակում անգլիական ափի մոտ, որին ականատես էր եղել ու տեսել, թե ինչպես են փրկում խեղդվողներին ու հանում ջրահեղձերին։ Բավական երկարաշունչ և շատախոս այդ հոդվածն ամբողջությամբ գրված էր իրեն ներկայացնելու միակ նպատակով։ Հենց դա էր ընթերցվում տողերի արանքում. «Հետաքրքրվեք ինձնով, տեսեք, ինչպիսին էի ես այդ րոպեներին։ Ձեր ինչի՞ն է պետք այդ ծովը, փոթորիկը, ժայռերը, նավի փշրված բեկորները։ Չէ որ բավականաչափ նկարագրել եմ այդ ամենն իմ զորեղ գրչով։ Ի՞նչ եք նայում այդ ջրահեղձ կնոջը՝ մահացած երեխան մեռած ձեռքերում։ Ավելի լավ է, ինձ նայեք, թե ինչպես չդիմացա այդ տեսարանին ու շրջվեցի։ Ահա, մեջքով կանգնեցի դեպի նրանց, ահա, սարսափած եմ և անուժ՝ ետ նայել, ես կկոցում եմ աչքերս, ինչ հետաքրքիր է, չէ՞»։ Երբ Կարմազինովի հոդվածի մասին կարծիքս հայտնեցի Ստեպան Տրոֆիմովիչին, նա համաձայնեց ինձ հետ։ Երբ վերջերս լուրեր տարածվեցին մեզ մոտ, որ Կարմազինովը գալու է, ես, իհարկե, անչափ ցանկացա տեսնել նրան և եթե հնարավոր է, հետը ծանոթանալ։ Գիտեի, որ դա կարող եմ անել Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, ժամանակին նրանք ընկերներ էին եղել։ Եվ ահա, հանկարծակի հանդիպում եմ նրան խաչմերուկում։ Իսկույն ճանաչեցի նրան, երեք օր առաջ ինձ արդեն ցույց էին տվել, երբ նա կառքով անցնում էր նահանգապետի տիկնոջ հետ։

Ոչ ամենևին բարձրահասակ, չորչորուկ ծերուկ էր, ոչ ավելի, քան հիսունհինգ տարեկան, բավականին վարդագույն երեսով, թավ ու ալեհեր գանգուրներով՝ դուրս թափված կլոր, ցիլինդրաձև գլխարկի տակից, ոլորված մաքուր, վարդագույն, փոքրիկ ականջների շուրջ։ Մաքուր սափրած դեմքն ամենևին էլ գեղեցիկ չէր, բարակ, երկարուկ, խորամանկ ծալքով շրթունքներ ուներ, փոքր-ինչ մսեղ քիթ, սուր-սուր, խելացի և մանրիկ աչքեր։ Սի տեսակ հնամենի էր հագնված՝ ուսերին գցած ինչ-որ թիկնոց, որպիսին, օրինակ, այդ եղանակին կհագնեին Շվեյցարիայում կամ Հյուսիսային Իտալիայում։ Բայց այնուհանդերձ, նրա հագուստի բոլոր մանրուքները՝ ճարմանդիկները, օձիքները, կոճակիկները, սև և բարակ ժապավենով կրիայի ոսկրից լոռնետը, փոքրիկ մատանին անպայման այնպիսին էին, ինչպիսին ունենում են անթերի լավ վարվեցողության տեր մարդիկ։ Ես վստահ եմ, որ ամռանը նա հագնում է պրյունելե ոտնամաններ՝ կողքից սադափե փոքր կոճակներով։ Երբ մենք բախվեցինք, նա կանգնեց փողոցի անկյունադարձին և շուրջը նայեց ուշադրությամբ։ Նկատելով, որ ուշադրությամբ իրեն եմ նայում, մեղրածոր, թեև փոքր-ինչ ճղճղան ձայնով հարցրեց ինձ.

― Թույլ տվեք հարցնել, ավելի կարճ ինչպե՞ս հասնեմ Բըյկովա փողոց։

― Բըյկովա փողո՞ց։ Այստեղ է, մոտերքում,― բղավեցի անսովոր հուզմունքով։― Միշտ ուղիղ գնացեք այս փողոցով, հետո՝ երկրորդ անկյունադարձից ձախ։

― Շատ շնորհակալ եմ։

Նզովվի այդ րոպեն, կարծեմ թե երկնչեցի և նայում էի ծառայամտորեն։ Նա ակնթարթորեն այդ ամենը նկատեց և հարկավ, իսկույն ևեթ ամեն ինչ իմացավ, այսինքն, իմացավ, որ ինձ հայտնի է, թե ինքն ով է, որ իրեն կարդացել ու երկրպագում եմ մանկուց, որ հիմա էլ երկնչել եմ ու նայում եմ ծառայամտորեն։ Նա ժպտաց, մի անգամ էլ գլխով արեց և գնաց ուղիղ, ինչպես ցույց էի տվել։ Չգիտեմ ինչու, ետ դարձա, չգիտեմ ինչի համար կողքից մի տասը քայլ վազեցի։ Նա հանկարծ նորից կանգ առավ։

― Իսկ չէի՞ք կարող ինձ ցույց տալ, թե ամենամոտ որտեղ են կանգնում կառապանները,― նորից բղավեց իմ կողմը։

Գեշ ձայն, գեշ բղավոց։

― Կառապաննե՞րը, կառապաններն այստեղից ամենամոտը... տաճարի մոտ են կանգնում, այնտեղ միշտ լինում են,― և ահա քիչ էր մնացել շրջվեի ու վազեի կառք բերելու։ Ես կասկածում եմ, որ նա հենց դա էլ սպասում էր ինձնից։ Հարկավ, տեղնուտեղն ուշքի եկա և կանգ առա, բայց իմ շարժումը շատ լավ նկատեց և ինձ էր նայում միևնույն այդ գարշելի ժպիտով։ Այստեղ կատարվեց այն, ինչ երբեք չեմ մոռանա։

Նա հանկարծ ցած գցեց պստիկ պայուսակը, որ բռնել էր ձախ ձեռքում։ Իմիջիայլոց, դա պայուսակ չէր, այլ ինչ-որ արկղիկ, կամ ավելի ճիշտ, մի փոքր թղթապանակ, կամ ավելի լավ կլինի ասել՝ ձեռնաքսակ, նման կանացի հնօրյա ձեռնաքսակներին, ի դեպ, չգիտեմ դա ինչ էր, գիտեմ միայն, որ ես, կարծեմ թե նետվեցի դա բարձրացնելու։

Լիովին համոզված եմ, որ չեմ բարձրացրել, բայց իմ արած առաջին շարժումն աներկբա էր, կոծկել դա արդեն չէի կարող և հիմարի պես կարմրեցի։ Խարդախն իսկույն հանգամանքից քաղեց այն ամենը, ինչ իրեն հարկավոր էր։

― Մի անհանգստացեք, ինքս կվերցնեմ,― հմայիչ ասաց նա, այսինքն, երբ արդեն վերջնական նկատեց, որ իր ձեռնաքսակը չեմ բարձրացնի, ինքը վերցրեց, ասես կանխելով ինձ, մի անգամ էլ գլխով արեց ու գնաց իր ճամփով՝ հիմար վիճակի մեջ ձգելով ինձ։ Նույնն է, թե ինքս վերցրած լինեի։ Հինգ րոպեի չափ ես ինձ համարում էի ամբողջովին և հավերժաբար խայտառակված, սակայն մոտենալով Ստեպան Տրոֆիմովիչի տանը, հանկարծ քրքջացի։ Տեսարանն ինձ այնքան զվարճալի երևաց, որ անմիջապես վճռեցի ուրախացնել Ստեպան Տրոֆիմովիչին պատմելով և ամբողջ տեսարանը ներկայացնել՝ նույնիսկ դեմքերով։

III

Բայց այս անգամ, ի զարմանս, նրան տեսա արտակարգ փոխված։ Ճիշտ է, մի տեսակ ագահաբար վրա պրծավ ինձ, ներս մտնելուս պես, և սկսեց ինձ լսել, սակայն այնպիսի շփոթված տեսքով, որ սկզբում, երևում է, չհասկացավ ասածներս։ Բայց հենց տվեցի Կարմազինովի անունը, նա միանգամայն հանկարծակի ելավ իր հունից։

― Ինձ մի ասեք, մի արտաբերեք,― բղավեց նա, համարյա կատաղած,― ահա, ահա, տեսեք, կարդացեք, կարդացեք։

Նա քաշեց դարակը և սեղանին շպրտեց թղթի ոչ մեծ երեք կտոր, շտապ գրոտած մատիտով, բոլորն էլ Վարվառա Պետրովնայից։ Առաջին երկտողը երեք օր առաջվա էր, երկրորդը՝ երեկվա, իսկ երրորդն այսօր էր տեղ հասել, ընդամենը մի ժամ առաջ, ամենափուչ բովանդակությամբ, բոլորը՝ Կարմազինովի մասին, և մերկացնում էին Վարվառա Պետրովնայի ունայն ու պատվասեր հուզմունքն այն երկյուղից, որ Կարմազինովը կմոռանա այցելություններ անել իրեն։ Ահա առաջինը, երեք օր առաջվա (հավանաբար, չորս օր, գուցեև հինգ օր առաջվա) գրությունը.

«Եթե նա վերջապես արժանացնի ձեզ այսօր, ապա խնդրում եմ, իմ մասին ոչ մի խոսք։ Նվազագույն ակնարկում անգամ։ Խոսք մի բացեք և մի հիշեցրեք։

Վ.Ս.»։

Երեկվանը.

«Եթե նա վճռի վերջապես այսօր առավոտյան այցելության գալ ձեզ, կարծում եմ, ամենաազնվաբարո բանը կլինի ամենևին չընդունել նրան։ Այսպես է իմ կարծիքը։ Չգիտեմ, ինչ է ձեր կարծիքով։

Վ.Ս.»։

Այսօրվանը, վերջինը.

«Ես համոզված եմ, որ ձեզ մոտ կեղտը ոտք առել, գնում է, ու սյան պես ծուխ է կանգնած ծխախոտից։ Ես կուղարկեմ Մարյային և Ֆոմուշկային, նրանք կես ժամում կհավաքեն-կմաքրեն։ Իսկ դուք մի խանգարեք և նստեք խոհանոցում, մինչև կվերջացնեն։ Ուղարկում եմ բուխարական գորգը և երկու չինական սափոր, վաղուց էի պատրաստվում ձեզ նվիրել, և դրան գումարած իմ Տենյերը (ժամանակավոր)։ Սափորները կարելի է դնել պատուհանին, իսկ Տենյերը կախեք Գյոթեի դիմանկարից վեր, այնտեղ ավելի լավ կերևա և առավոտները միշտ լույս է ընկնում։ Եթե նա վերջապես հայտնվեց, ընդունեք նրբին բարեկրթությամբ, բայց աշխատեք խոսել աննշան բաներից, որևէ գիտական նյութից ու այնպիսի տեսքով, ասես երեկ եք բաժանվել։ Իմ մասին ոչ մի խոսք։ Գուցե երեկոյան անցնեմ ձեզ մոտ՝ տեսնելու։

Հ.Գ. ― Եթե այսօր էլ չեկավ, ամենևին չի գա։ Վ.Ս.»։

Ես կարդացի և զարմացա, որ Ստեպան Տրոֆիմովիչն այդպիսի հուզմունքի մեջ է նման փուչ բաներից։ Նրան նայելով հարցական, հանկարծ նկատեցի, որ մինչ ես կկարդայի, նա հասցրել է մշտական ճերմակ փողկապը փոխարինել կարմրով։ Նրա շլյապան և ձեռնափայտը դրված էին սեղանին։ Իսկ ինքը գունատ էր, և նույնիսկ ձեռքերն էին դողում։

― Իմանալ իսկ չեմ կամենում նրա հուզմունքները,― մոլեգնած բղավեց նա՝ պատասխանելով իմ հարցական հայացքին։― Je m’en fiche[48]։ Նա հոգի ունի՝ հուզվելու Կարմազինովի համար, իսկ իմ նամակներին չի պատասխանում։ Ահա, ահա իմ նամակը, չբացված, որը նա երեկ է ետ ուղարկել, սեղանին է, ահա, գրքի տակ, «L’homme qui rit»[49]-ի տակ։ Իմ ինչ գործն Է, որ նա տանջվում Է Նի-կո-լեն-կայի համար։ Je m’en fiche et je procleme ma liberté. Au diable le Karmazinoff!. Au diable la Lembke![50]։ Ես սափորները պահել եմ նախասենյակում, իսկ Տենյերը դրել պահարանը, իսկ նրանից պահանջել, որ անմիջապես ընդունի ինձ։ Լսում եք՝ պահանջել եմ։ Ես նրան ուղարկել եմ նույնպիսի թղթի կտոր՝ մատիտով գրված, Նաստասյայի հետ, ու սպասում եմ։ Ես ուզում եմ, որ Դարյա Իվանովնան ինքն ինձ հայտնի, իր բերանով և երկնքի առաջ, կամ ծայրահեղ դեպքում, ձեր առաջ։ Vous me seconderez, n’est ce pas, comme ami et témoin[51]։ Ես չեմ ուզում կարմրել, ես չեմ ուզում ստել, չեմ ուզում գաղտնիքներ, այս գործում ես գաղտնիքներ թույլ չեմ տա։ Թող ամեն ինչ ինձ խոստովանեն անկեղծորեն, պարզահոգի, ազնվաբարո, և այդժամ... այդժամ ես գուցեև ամբողջ սերունդը զարմացնեմ մեծահոգությամբ... Սրիկա՞ եմ ես, ողորմած պարոն, թե՝ ոչ,― եզրափակեց նա հանկարծ՝ ահեղատեսք ինձ նայելով, կարծես հենց ես Էի իրեն սրիկա համարողը։

Ես նրան խնդրեցի ջուր խմել, դեռևս չէի տեսել նրան այդ տեսքով։ Ամբողջ խոսելու ընթացքում նա վազում էր սենյակի մի անկյունից մյուսը, բայց հանկարծ կանգ առավ իմ դիմաց ինչ-որ անսովոր կեցվածքով։

― Միթե՞ դուք կարծում եք,― սկսեց նա նորից հիվանդագին բարձրամտությամբ զննելով ինձ ոտից գլուխ,― մի՞թե կարող եք ենթադրել, որ ես՝ Ստեպան Վերխովենսկիս, իմ մեջ այնքան բարոյական ուժ չեմ գտնի, որ վերցնեմ իմ արկղը, չքավորի իմ արկղը, և դնելով իմ վտիտ ուսերին, ելնեմ դարպասից ու չքվեմ այստեղից առհավետ, երբ դա են պահանջում պատիվը և անկախության վսեմ սկզբունքը։ Ստեպան Վերխովենսկին առաջին անգամը չէ, որ ետ է մղում բռնակալությունը մեծահոգությամբ, թեկուզև խելացնոր կնոջ բռնակալությունը, այսինքն՝ ամենավիրավորական ու դաժան բռնակալությունը, որպիսին միայն կարող է գոյություն ունենալ երկրիս երեսին, թեև հիմա դուք, ողորմած իմ պարոն, ձեզ թույլ տվեցիք քթի տակ ծիծաղել իմ խոսքերի վրա։ O՜, դուք չեք հավատում, որ իմ մեջ այնքան մեծահոգություն կգտնեմ, որ ավարտել կարողանամ վաճառականի մոտ դաստիարակի իմ կյանքը կամ սովից մեռնեմ ցանկապատի տակ։ Պատասխան տվեք անմիջապես՝ հավատո՞ւմ եք դուք, թե՞ չեք հավատում։

Բայց ես լռեցի դիտավորյալ։ Նույնիսկ տեսք ընդունեցի, թե չեմ կամենում նրան դառնացնել բացասական պատասխանով, սակայն չեմ էլ կարող հաստատական պատասխանել։ Այդ համակ բորբոքման մեջ այնպիսի մի բան կար, որը վճռականապես վիրավորում էր ինձ, և ոչ անձնապես, օ՜ ոչ։ Բայց... ես հետո կբացատրեմ։

Նա նույնիսկ գունատվեց։

― Գուցե ձեզ համար ձանձրալի՞ է ինձ հետ, Գ.-վ (իմ ազգանունն է), և դուք կուզենայիք... ամենևի՞ն չգալ ինձ մոտ,― խոսեց նա դժգույն հանգստության այն տոնով, որը սովորաբար նախորդում է այս կամ այն արտասովոր պայթյունին։ Ես վեր թռա վախեցած, նույն պահին ներս մտավ Նաստասյան և Ստեպան Տրոֆիմովիչին լուռ պարզեց թղթի մի կտոր, որի վրա ինչ-որ բան էր գրված մատիտով։ Նա նայեց ու փոխանցեց ինձ։ Վարվառա Պետրովնայի ձեռքով թղթի պատառիկին միայն երկու բառ էր գրված. «Մնացեք տանը»։

Ստեպան Տրոֆիմովիչը լուռ վերցրեց շլյապան, ձեռնափայտը և արագ ելավ սենյակից։ Մեքենայաբար հետևեցի նրան։ Հանկարծ ձայներ և ինչ-որ մեկի արագ քայլերի աղմուկը լսվեցին միջանցքից։ Նա կանգնեց, ասես շանթահար։

― Սա Լիպուտինն է, և ես կորած եմ,― շշնջաց նա՝ բռնելով ձեռքս։

Նույն պահին սենյակ մտավ Լիպուտինը։

IV

Թե ինչու էր նա կորած՝ Լիպուտինի հայտնվելով, չգիտեի, նշանակություն էլ չտվեցի ասածին՝ ամեն ինչ վերագրում էի նյարդերին։ Բայց և այնպես նրա վախն անսովոր էր, ու ես վճռեցի ուշադիր հետևել։

Ներս մտած Լիպուտինի տեսքը սոսկ ազդարարում էր, որ այս անգամ գալու մի հատուկ իրավունք ունի, չնայած արգելումներին։ Իր ետևից բերում էր մի անծանոթ, հավանաբար եկվոր պարոնի։ Ի պատասխան արձանացած Ստեպան Տրոֆիմովիչի անիմաստ հայացքին, նա անմիջապես և բարձրաձայն բացականչեց.

― Հյուր եմ բերում, այն էլ՝ առանձնահատուկ։ Համարձակվում եմ խախտել առանձնությունը։ Պարոն Կիրիլլով, շատ հոյակապ ինժեներ-շինարար։ Իսկ գլխավորը, ձեր որդյակին, մեծարգո Պյոտր Ստեպանովիչին էլ ճանաչում են, շատ մոտիկից, նրանից հանձնարարություն էլ ունեն։ Հենց նոր են ժամանել։

― Հանձնարարության մասին ավելացրիք,― կտրուկ նշեց հյուրը,― հանձնարարություններ ամենևին չեն եղել, իսկ Վերխովենսկուն ես իսկապես ճանաչում եմ։ Սրանից տասն օր առաջ եմ թողել Խ. նահանգում։

Ստեպան Տրոֆիմովիչը մեքենայաբար պարզեց ձեռքը և ցույց տվեց, որ նստեն։ Նայեց ինձ, նայեց Լիպուտինին ու հանկարծ, կարծես ուշքի գալով, փութով ինքն էլ նստեց՝ բայց դեռ շլյապան ու ձեռնափայտը բռնած ու չնկատելով դա։

― Բա՜, դուք էլ դուրս գալու վրա էիք։ Իսկ ինձ ասել են, թե լրիվ տկարացել եք աշխատելուց։

― Այո, ես հիվանդ եմ, նոր ուզում էի զբոսնել, ես... ― Ստեպան Տրոֆիմովիչը դադար տվեց, արագ-արագ բազմոցին գցեց շլյապան ու ձեռնափայտը և կարմրեց։

Այդ ընթացքում ես շտապ զննեցի հյուրին։ Դեռևս երիտասարդ էր, քսանյոթ տարեկան կլիներ, վայելուչ հագնված, բարեկազմ և չորչորուկ սևահեր մի տղամարդ՝ դալուկ, փոքր-ինչ կեղտագույն երանգի դեմքով ու սև, անփայլ աչքերով։ Նա թեթևակի մտազբաղ ու ցրված էր երևում, խոսում էր ընդհատ-ընդհատ ու մի տեսակ ոչ քերականական, տարօրինակ եղանակով փոխում էր բառերի տեղը և խճճվում, եթե ստիպված էր ավելի երկար նախադասություն կազմել։ Լիպուտինը շատ լավ նկատեց Ստեպան Տրոֆիմովիչի արտակարգ երկյուղը և նկատելիորեն գոհ էր դրանից։ Նա նստեց ճղահյուս աթոռին, որը դրեց համարյա սենյակի կենտրոնում, տանտիրոջ և հյուրի միջև նույն հեռավորության վրա լինելու համար, իսկ նրանք իրար դիմաց դրված բազկաթոռներին էին տեղավորվել։ Նրա սուրուլիկ աչքերը հետաքրքրությամբ պրպտում էին բոլոր անկյունները։

― Ես... արդեն վաղուց չեմ տեսել Պետրուշային... Դուք արտասահմանո՞ւմ եք հանդիպել,― մի կերպ մրթմրթաց Տրոֆիմովիչը հյուրին։

― Այստեղ էլ, արտասահմանում էլ։

― Ալեքսեյ Նիլըյչն էլ նոր են եկել արտասահմանից, չորս տարվա բացակայությունից հետո,― մեջ մտավ Լիպուտինը,― գնացել էին իրենց մասնագիտությամբ կատարելագործվելու, ու մեզ մոտ են եկել, հիմք ունենալով հուսալ, որ տեղ կստանան մեր երկաթուղային կամրջի շինարարության վրա ու հիմա պատասխանի են սպասում։ Պարոնայք Դրոզդովների, Լիզավետա Նիկոլաևնայի հետ ծանոթ են Պյոտր Ստեպանովիչի միջոցով։

Ինժեները նստած էր, կարծես թե թթված, և ունկնդրում էր անհարմար անհամբերությամբ։ Ինձ թվաց, թե բարկացած է ինչ-որ բանի վրա։

― Նիկոլայ Վսեվոլոդովիչին էլ են ծանոթ։

― Նիկոլայ Վսեվոլոդովիչին նույնպե՞ս ճանաչում եք,― հարցրեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Դրան էլ եմ ճանաչում։

― Ես... շատ վաղուց արդեն չեմ տեսել Պետրուշային և... այնպե՜ս քիչ եմ իրավունք համարում ինձ հայր կոչել... c’est le mot[52], ես... ինչպե՞ս էր նա, երբ բաժանվեցիք։

― Այդպես էլ բաժանվել ենք... ինքը կգա,― նորից շտապեց օձիքն ազատել պարոն Կիրիլլովը։ Հաստատապես բարկանում էր։

― Կգա։ Վերջապես ես... գիտեք ինչ, ես շատ վաղուց արդեն չեմ տեսել Պետրուշային,― այս դարձվածքի վրա լռվել էր Ստեպան Տրոֆիմովիչը։― Հիմա սպասում եմ իմ խեղճ զավակին, որի առաջ... օ՜, որի առաջ այնքան մեղավոր եմ։ Այսինքն, ես, ճիշտն ասած, ուզում եմ ասել, որ այն ժամանակ նրան թողնելով Պետերբուրգում, ես... մի խոսքով, ես նրան ոչինչ էի համարում, quelque chose dans ce genre[53]։ Նյարդային տղա է, գիտեք, շատ զգայուն և... երկչոտ։ Քնելու պառկելիս, գետնահաս խոնարհումներ էր անում և խաչակնքում բարձը, որ գիշերը չմեռնի... je m’en souviens. Enfin[54], ոչ մի գեղեցիկ զգացողության նշույլ, այսինքն՝ որևիցե վսեմ, հիմնական, ապագա գաղափարի որևէ մի սաղմի բացակայություն... c’etait comme un petit idiot[55]։ Ի դեպ, ինքս էլ կարծես թե խճճվեցի, ներեցեք, ես... դուք ինձ հանդիպել եք...

― Դուք լո՞ւրջ եք ասում, որ նա բարձը խաչակնքում էր,― առանձնահատուկ հետաքրքրությամբ հանկարծ հարցրեց ինժեները։

― Այո, խաչակնքում էր...

― Չէ, հենց այնպես հարցրի, շարունակեք։

Ստեպան Տրոֆիմովիչը հարցական նայեց Լիպուտինին։

― Ես շատ շնորհակալ եմ ձեր այցելության համար, բայց խոստովանում եմ, ես հիմա... ի վիճակի չեմ... Այնուամենայնիվ, թույլ տվեք հարցնել, որտե՞ղ եք բնակարան վարձել։

― Բոգոյավլենսկայա փողոց, Ֆիլիպպովի տանը։

― Ահ, այնտեղ, ուր Շատովն է ապրում,― ակամա նկատեցի ես։

― Հենց այդպես, նույն այդ տանը,― բացականչեց Լիպուտինը,― միայն թե Շատովը վերևում է վարձել՝ կիսավերնահարկում, իսկ նրանք ներքևում են՝ կապիտան Լեբյադկինի մոտ։ Շատովին էլ են ճանաչում, Շատովի տիկնոջն էլ։ Շատ մոտիկից են արտասահմանում հանդիպել։

― Comment[56]. Միթե՞ որևէ բան գիտեք de ce pauvre ami[57] այդ դժբախտ ամուսնության և այդ կնոջ մասին,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ հանկարծակի համակված զգացմունքով։― Առաջին մարդն եմ հանդիպում, որ գիտե, և եթե միայն...

― Ինչ դատարկ բան,― ընդհատեց ինժեները՝ ամբողջովին բռնկվելով։― Լիպուտին, ինչե՜ր եք ավելացնում։ Ես ամենևին չեմ տեսել Շատովի կնոջը, միայն մի անգամ հեռվից, բոլորովին էլ ոչ մոտիկից... Շատովին գիտեմ։ Ինչի՞ համար եք զանազան բաներ ավելացնում։

Նա կտրուկ շուռ եկավ բազմոցին, ձեռքն առավ շլյապան, հետո նորից նստելով առաջվա պես, մի տեսակ մարտահրավերով, իր սև ու բոցկլտացող աչքերը հառեց Ստեպան Տրոֆիմովիչի վրա։ Ոչ մի կերպ չէի կարող հասկանալ նման տարօրինակ բորբոքվածությունը։

― Ինձ կներեք,― ազդու նշեց Ստեպան Տրոֆիմովիչը,― հասկանում եմ, որ այդ գործը կարող է լինել նրբագույն...

― Ոչ մի նրբագույն գործ չկա ու ամոթ է նույնիսկ, ես էլ «դատարկ բան» բղավեցի ձեզ չէ, այլ Լիպուտինին, թե ինչու է բաներ ավելացնում։ Կներեք ինձ, եթե ձեզ վրա եք վերցրել։ Շատովին ես ճանաչում եմ, իսկ նրա կնոջը բոլորովին չեմ ճանաչում։

― Ես հասկացա, հասկացա, ու եթե պնդեցի, սոսկ այն պատճառով, որ շատ եմ սիրում մեր խեղճ ընկերոջը, notre irascible ami[58], ու միշտ հետաքրքրվել եմ... Իմ կարծիքով, այդ մարդը շատ կտրուկ է փոխել իր նախկին, գուցեև չափից ավելի երիտասարդ, բայց և այնպես ճշգրիտ մտքերը։ Եվ հիմա այնքան է տարբեր բաներ գոռում notre sainte Russie[59] մասին, որ վաղուց արդեն այդ բեկումը նրա օրգանիզմում՝ այլ կերպ ասել չեմ ուզում, վերագրում եմ ընտանեկան մի որևէ սաստիկ ցնցման և հենց նրա անհաջող ամուսնությանը։ Ես, որ ուսումնասիրել եմ իմ խեղճ Ռուսաստանը երկու մատիս պես, իսկ ռուս ժողովրդին տվել իմ ամբողջ կյանքը, կարող եմ ձեզ հավատացնել, որ նա ռուս ժողովրդին չի ճանաչում, և ավելին...

― Ես էլ ամենևին չեմ ճանաչում ռուս ժողովրդին և... բոլորովին ժամանակ չունեմ ուսումնասիրել,― կրկին ընդհատեց ինժեները և նորից կտրուկ շրջվեց բազմոցի վրա։ Ստեպան Տրոֆիմովիչի խոսքը կիսատ մնաց բերանում։

― Նրանք ուսումնասիրում են, ուսումնասիրում են,― մեջ ընկավ Լիպուտինը,― նրանք արդեն սկսել են ուսումնասիրությունը և հետաքրքրագույն հոդված են կազմում Ռուսաստանում հաճախակի դարձած ինքնասպանությունների պատճառների և ընդհանրապես պատճառների մասին, որոնք հաճախակի են դարձնում կամ կասեցնում ինքնասպանության տարածումը հասարակության մեջ։ Հասել են զարմանալի արդյունքների։

Ինժեները սարսափելի հուզվեց։

― Այդ մեկը բոլորովին իրավունք չունեք,― զայրագին մրթմրթաց նա,― ես ամենևին չեմ գրում հոդված։ Հիմարություններ անող չեմ։ Ես ձեզնից գաղտնի հարցրեցի, շատ պատահական։ Դա բոլորովին հոդված չէ, իսկ իրավունք դուք չունեք...

Լիպուտինն ակնհայտորեն վայելում էր։

― Կներեք, գուցեև սխալվեցի՝ ձեր գրական աշխատությունը հոդված կոչելով։ Միայն դիտարկումներ են հավաքում նրանք, իսկ հարցի էությանը, կամ այսպես ասած, դրա բարոյական կողմին չեն անդրադառնում և նույնիսկ բուն բարոյականությունն են ժխտում բոլորովին, այլ կողմնակից են համընդհանուր կործանման նորագույն սկզբունքին, վերջնական բարի նպատակների համար։ Նրանք ավելի քան հարյուր միլիոն գլուխ են պահանջում՝ Եվրոպայում ողջամտություն հաստատելու համար, ավելին, քան խաղաղության վերջին կոնգրեսին են պահանջել։ Այդ իմաստով Ալեքսեյ Նիլըյչն ամենից հեռուն են գնացել։

Ինժեները լսում էր արհամարհական և դժգույն ժպիտով։ Կես րոպեի չափ բոլորը լուռ էին։

― Այդ ամենը հիմարություն է, Լիպուտին,― վերջապես խոսեց պարոն Կիրիլլովը՝ որոշ արժանապատվությամբ։― Եթե ես պատահական ասել եմ ձեզ մի քանի կետեր, իսկ դուք վերցրել եք, ապա ինչպես կուզեք։ Բայց դուք իրավունք չունեք, որովհետև ես երբեք ոչ մեկի չեմ ասում։ Ես արհամարհում եմ, որպեսզի ասեմ... Եթե կան համոզմունքներ, ապա ինձ համար պարզ է... իսկ դա հիմարություն արեցիք։ Ես չեմ դատում այն կետերի մասին, ուր լրիվ վերջացած է։ Ես տանել չեմ կարողանում դատել։ Ես երբեք չեմ ուզում դատողություններ...

― Եվ գուցե թե հիանալի եք անում,― չհամբերեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Ես ներողություն եմ խնդրում ձեզ, բայց այստեղ ես ոչ մեկի վրա չեմ բարկանում,― շարունակեց հյուրը՝ տաքացած շուտասելուկով,― ես չորս տարի տեսել եմ քիչ մարդ... Ես քիչ եմ չորս տարի խոսել և աշխատել եմ չհանդիպել, իմ նպատակների համար, որոնց հետ գործ չունենք, չորս տարի։ Լիպուտինը դա գտել է և ծիծաղում է։ Ես հասկանում եմ և չեմ նայում։ Ես նեղացկոտ չեմ, այլ միայն բարկացած նրա ազատության վրա։ Իսկ եթե ձեզ հետ չեմ շարադրում մտքեր,― ավարտեց նա անսպասելի և բոլորիս վրայով սահեցրեց իր հաստատակամ հայացքը,― ապա ամենևին նրանից չէ, որ վախենում եմ ձեզնից մատնություն կառավարությանը, դա չէ, խնդրեմ, մի մտածեք դատարկ բաներ այդ իմաստով...

Այդ խոսքին արդեն ոչ ոք ոչինչ չպատասխանեց, այլ միայն հայացքներ փոխանակեցին։ Նույնիսկ Լիպուտինը մոռացավ խնդմնդալ։

― Պարոնայք, շատ եմ ափսոսում,― բազմոցից վճռականորեն ելավ Ստեպան Տրիֆիմովիչը,― բայց ես ինձ վատառողջ եմ զգում և անտրամադիր։ Ներեցեք։

― Ահ, սա որպեսզի գնանք,― գլխի ընկավ պարոն Կիրիլլովը՝ վերցնելով գլխարկը,― դա լավ է, որ ասացիք, թե չէ մոռացկոտ եմ։

Նա վեր կացավ և պարզսիրտ տեսքով, ձեռքը պարզած մոտեցավ Ստեպան Տրոֆիմովիչին։

― Ափսոս, որ դուք վատառողջ եք, իսկ ես եկա։

― Ցանկանում եմ ձեզ ամենայն հաջողություն մեզ մոտ, ― պատասխանեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ բարյացակամ և անշտապ սեղմելով նրա ձեռքը։― Հասկանում եմ, որ եթե, ըստ ձեր ասածի, այդքան երկար ապրել եք արտասահմանում, ձեր նպատակների համար խորթանալով մարդկանցից և մոռացել եք Ռուսաստանը, ապա, հարկավ, մեզ՝ բնիկ ու արմատական ռուսներիս, ակամա պիտի նայեք զարմանքով, իսկ մենք էլ նույնանման՝ ձեզ։ Mais cela passera[60]։ Մի հարցում եմ դժվարանում, դուք ուզում եք կառուցել մեր կամուրջն ու միաժամանակ հայտարարում, թե կողմնակից եք համընդհանուր ավերածության։ Ձեզ չեն թողնի կառուցել մեր կամուրջը։

― Ինչպե՞ս։ Ինչպես դա ասացիք... ահ, գրողը տանի,― բացականչեց ապշահար Կիրիլլովը և հանկարծ ծիծաղեց շատ ուրախ ու անկեղծ։ Մի ակնթարթ նրա դեմքն ընդունեց անչափ մանկական արտահայտություն, և ինձ թվաց, դա շատ է սազում նրան։ Լիպուտինը ձեռքերն էր շփում՝ հիացած Ստեպան Տրոֆիմովիչի հաջող խոսքից։ Իսկ ես ներքուստ զարմացած էի. ինչու Ստեպան Տրոֆիմովիչն այնպես վախեցավ Լիպուտինից և ինչու բղավեց «ես կորա»՝ լսելով նրա ձայնը։

V

Մենք դեռ կանգնած էինք դռան շեմին։ Այն պահն էր, երբ տանտերը և հյուրերը շտապ-շտապ փոխանակում են վերջին և ամենասիրալիր բառերը, հետո բարեհոգաբար բաժանվում։

― Նրանք այսօր այն պատճառով են այսպես մռայլ,― սենյակից արդեն լրիվ դուրս եկած, այսպես ասած՝ թռուցիկ, հանկարծ խոսքի մեջ խցկվեց Լիպուտինը,― որ կապիտան Լերյադկինի հետ երեկ ընդհարվել են քրոջ պատճառով։ Կապիտան Լեբյադկինն ամեն օր իր գեղեցկուհի, խանգարված քրոջը մտրակով թակում է, իսկական կազակական մտրակով, առավոտ և երեկո։ Այդպես, Ալեքսեյ Նիլըյչն այդ տան նույնիսկ կողաշենքն են վարձել, չմասնակցելու համար։ Դե-հ, ցտեսություն։

― Քրո՞ջը։ Հիվա՞նդ։ Մտրակո՞վ,― ուղղակի ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը, ճիշտ կարծես հենց նոր իրեն մտրակեցին։― Ի՞նչ քույր։ Ի՞նչ Լեբյադկին։

Քիչ առաջվա երկյուղը ետ եկավ մի ակնթարթում։

― Լեբյադկի՞նը։ Ա՜, դա պաշտոնաթող կապիտան է, առաջ իրեն սոսկ շտաբս-կապիտան էր կոչում։

― Է, ինչ գործ ունեմ կոչման հետ։ Ի՞նչ քրոջ։ Աստված իմ... դուք ասում եք՝ Լեբյադկին։ Բայց չէ որ մենք ունեցել ենք Լեբյադկին...

― Հենց նա է որ կա, մեր Լեբյադկինը, ահա, հիշո՞ւմ եք Վիրգինսկու մոտ։

― Բայց չէ՞ որ նա բռնվեց կեղծ թղթերով։

― Ահա և ետ է եկել, համարյա երեք շաբաթ կլինի, և ամենաառանձնահատուկ հանգամանքներում։

― Բայց չէ որ դա սրիկա է։

― Կարծես թե մեզ մոտ չի՞ կարող սրիկա լինել,― հանկարծ ատամները մերկացրեց Լիպուտինը՝ կարծես իր գողավուն աչքերով շոշափելով Ստեպան Տրոֆիմովիչին։

― Ահ, Աստված իմ, ես լրիվ ուրիշ բան էի ուզում ասել... թեև, իմիջիայլոց, սրիկայի կապակցությամբ ձեզ հետ միանգամայն համաձայն եմ, հենց ձեզ հետ։ Բայց հետո՞ ինչ, հետո՞։ Ի՞նչ էիք ուզում դրանով ասել... Չէ որ դուք անպայման ուզում էիք մի բան ասել դրանով։

― Դատարկ բաներ են այդ բոլորը... այսինքն, այդ կապիտանն այն ժամանակ մեզնից հեռացել է, ամենայն հավանականությամբ, ոչ կեղծ թղթերի համար, այլ միայն այդ քրոջը որոնել-գտնելու համար, քույրն էլ իբր թաքնված է եղել անհայտ մի տեղում, հիմա ահա բերել է, սա է ամբողջ պատմությունը։ Ինչի՞ց այդպես վախեցաք կարծես, Ստեպան Տրոֆիմովիչ։ Իմիջիայլոց, ամեն բան ասում եմ հենց նրա հարբած խոսքերից, իսկ լուրջ ժամանակ ինքն էլ է լռում դրա մասին։ Դյուրաբորբոք մարդ է և, այսպես ասենք, ռազմագեղագիտական, միայն թե ցածրաճաշակ։ Իսկ այդ քույրիկը ոչ միայն խելագար է, այլև նույնիսկ կաղ։ Իբր ինչ-որ մեկից գայթակղվել ու պատիվը կորցրել է, և ահա դրա համար պարոն Լեբյադկինն արդեն քանի-քանի տարի, իբր այդ գայթակղեցնողից ամենամյա տուրք է վերցնում, որպես հատուցում ազնիվ վիրավորանքի, համենայն դեպս, այդպես է դուրս գալիս նրա ասածներից, իսկ իմ կարծիքով, հարբած խոսքեր են սոսկ։ Ուղղակի գլուխ է գովում։ Ու շատ ավելի էժան է դա արվում։ Իսկ որ գումարներ ունի, դա արդեն միանգամայն ճիշտ է։ Մեկուկես շաբաթ առաջ ոտաբոբիկ էր ման գալիս, իսկ հիմա, ինքս եմ տեսել, հարյուրանոցներ կան ձեռքին։ Քույրիկն ինչ-որ նոպաներ է ունենում ամեն օր, նա ճղճղում է, իսկ եղբայրը «կարգի է գցում» մտրակով։ Կնոջ մեջ, ասում է, հարգանք պիտի ներարկես։ Չեմ հասկանում, թե Շատովն ինչպես է կարողանում ապրել նրանց վերևում։ Ալեքսեյ Նիլըյչը միայն երեք օր մնացին նրանց կողքին, դեռ Պետերբուրգից էին ծանոթ, իսկ հիմա կողաշենքն են զբաղեցնում անհանգստությունից։

― Այս ամենը ճի՞շտ է,― ինժեներին դիմեց Ստեպան Տրոֆիմովիչը։

― Դուք շատ եք դուրս տալիս, Լիպուտին,― մրթմրթաց նա զայրացած։

― Գաղտնիքնե՜ր, ծածուկ բանե՜ր։ Որտեղի՞ց հանկարծ մեզ մոտ այդքան գաղտնիք ու ծածուկ բաներ հայտնվեցին,― չզսպելով իրեն՝ գոչեց Ստեպան Տրոֆիմովիչը։

Ինժեները խոժոռվեց, կարմրատակեց, ուսերը ցնցեց և ուզում էր դուրս գալ սենյակից։

― Ալեքսեյ Նիլըյչը նույնիսկ մտրակը խլեցին, կոտրեցին և պատուհանից շպրտեցին, և շատ վիճեցին,― ավելացրեց Լիպուտինը։

― Ինչի՞ համար եք շատախոսում, Լիպուտին, դա հիմարություն է, ինչի՞ համար,― ակնթարթորեն շրջվեց Ալեքսեյ Նիլըյչը նորից։

― Իսկ ինչու պիտի թաքցնել հոգու ազնվագույն թրթիռները՝ համեստությունից, այսինքն, ձեր հոգու, ես իմ մասին չեմ ասում։

― Ի՜նչ հիմարություն... և բոլորովին պետք չէ... Լեբյադկինը հիմար է ու բացարձակապես դատարկ, և գործողության համար անօգտակար և... բացարձակապես վնասակար։ Ինչո՞ւ եք զանազան բաներ դուրս տալիս։ Ես գնացի։

― Ա՛հ, ինչքան ափսոս,― բացականչեց Լիպուտինը՝ վճիտ ժպիտով։― Թե չէ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ մի զվարճալի պատմությամբ էլ կուրախացնեի։ Անգամ այդ մտադրությամբ էլ եկել եմ, որ հայտնեմ, թեև հաստատ ինքներդ էլ լսած կլինեք, իմիջիայլոց։ Էհ, մեկ ուրիշ անգամ, Ալեքսեյ Նիլըյչն այնպես են շտապում... Ցտեսություն։ Վարվառա Պետրովնայի հետ կապված պատմություն է, երեք օր առաջ զվարճացրեց նա ինձ, մարդ էր ուղարկել՝ կանչելու, ուղղակի ծիծաղից մեռնես։ Ցը-տեսություն։

Բայց այստեղ արդեն Ստեպան Տրոֆիմովիչը կառչեց նրանից, բռնեց ուսերից, կտրուկ ետ դարձրեց սենյակ ու նստեցրեց աթոռին։ Լիպուտինը նույնիսկ վախեցավ։

― Հապա ի՞նչ, ― սկսեց ինքը՝ իր աթոռի վրայից զգուշորեն նայելով Ստեպան Տրոֆիմովիչին։― Հանկարծ կանչեցին ինձ ու հարցնում են «կոնֆիդենցիալ», ի՞նչ եմ մտածում սեփական կարծիքով. Նիկոլայ Վսեվոլոդովիչը խանգարվա՞ծ է, թե խելքը գլխին է։ Զարմանալի չէ, ի՞նչ է։

― Դուք ցնդել եք,― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը և հանկարծ կարծես ելավ իր ափերից.― Լիպուտին, դուք շատ լավ գիտեք, որ հենց նրա համար եք եկել, որ այդ կարգի մի նողկանք հայտնեք և... ավելի վատ ուրիշ բան։

Վայրկենապես միտքս եկավ նրա կռահումն առ այն, թե Լիպուտինը մեր գործում ոչ միայն մեզնից ավելին գիտե, այլ նաև այնպիսի մի բան, ինչ ինքներս չենք իմանա երբեք։

― Աստված սիրեք, Ստեպան Տրոֆիմովիչ,― մրմնջում էր Լիպուտինը՝ իբր սաստիկ վախեցած,― ի սեր Աստծո...

― Լռեք և սկսեք։ Պարոն Կիրիլլով, ես ձեզ շատ եմ խնդրում, նույնպես ետ եկեք և ներկա գտնվեք, շատ եմ խնդրում։ Նստեք։ Լիպուտին, իսկ դուք սկսեք ուղղակի, պարզ... և առանց նվազագույն պատրվակների։

― Եթե միայն իմանայի, որ դա ձեզ այդպես շշմեցնելու է, ամենևին էլ չէի սկսի... Իսկ ես կարծում էի, որ ձեզ արդեն ամեն ինչ հայտնի է հենց իրենից՝ Վարվառա Պետրովնայից։

― Բոլորովին էլ չէիք կարծում։ Սկսեք, սկսեք, ասում են ձեզ։

― Սիայն թե բարի եղեք, ինքներդ էլ նստեք, թե չէ, ես պիտի նստեմ այսպես, իսկ դուք այդչափ հուզված իմ առաջ պիտի... վազվզեք։ Անհարմար բան կստացվի։

Ստեպան Տրոֆիմովիչը զսպեց իրեն և ազդեցիկ տեսքով իջավ բազկաթոռին։ Ինժեները՝ մթնգած, հայացքը ցած հառեց։ Լիպուտինը մոլեգին վայելումով նրանց էր նայում։

― Իսկ ինչից սկսեմ... այնպես շփոթեցրիք...

VI

― Երեք օր առաջ հանկարծ մարդ ուղարկեցին ինձ մոտ. իբր, խնդրում են վաղը, ժամը տասներկուսին այնտեղ լինել։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Գործս թողեցի և երեկ, ճիշտ կեսօրին, զանգը խփեցի։ Ինձ տարան ուղիղ հյուրասենյակ։ Մի րոպեի չափ սպասեցի, եկան, նստեցրին, իրենք էլ դիմացս նստեցին։ Նստել ու չեմ ուզում հավատալ, ինքներդ գիտեք, թե նա ինչպես է միշտ արհամարհել ինձ։ Սկսեցին ուղղակի առանց այլևայլի, իրենց մշտական ձևով. «Դուք հիշում եք, ասաց, որ չորս տարի առաջ, Նիկոլայ Վսեվոլոդովիչը, լինելով հիվանդ վիճակում, մի քանի տարօրինակ արարքներ թույլ տվեց, այնպես որ ամբողջ քաղաքը երկմտանքի մեջ էր, մինչև ամեն ինչ բացատրվեց։ Այդ արարքներից մեկը վերաբերում էր անձամբ ձեզ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն ժամանակ եկավ ձեզ մոտ, ապաքինվելուց հետո՝ իմ խնդրանքով նույնպես։ Ինձ հայտնի է նաև, որ նա նախկինում էլ է ձեզ հետ խոսել մի քանի անգամ։ Ասացեք անկեղծորեն և ուղղամտորեն, ինչպես եք դուք... (այստեղ մի քիչ կմկմացին) ինչպե՞ս էիք գտնում այն ժամանակ Նիկոլայ Վսեվոլոդովիչին... ինչպե՞ս էիք նրան նայում ընդհանրապես... ի՞նչ կարծիք կարող էիք նրա մասին կազմել և... հիմա ունեք»։

Այստեղ արդեն լրիվ կմկմացին, այնպես որ նույնիսկ մի լրիվ րոպե սպասեցին ու հանկարծ կարմրեցին։ Ես վախեցա։ Նորից սկսեցին ոչ թե հուզիչ ասենք, դա նրանց չի սազի, այլ մի շատ ազդեցիկ տոնով.

«Ես ցանկանում եմ, ասաց, որ դուք ինձ լավ և անսխալ, ասաց, հասկանաք։ Ես ձեզ կանչել եմ հիմա, որովհետև գիտեմ ձեզ որպես խորաթափանց և սրամիտ մարդու՝ ի վիճակի կատարելու ճիշտ դիտարկում (ի՜նչ հաճոյախոսություններ)։

― Անշուշտ, դուք կհասկանաք, ասաց,― և այն, որ ձեզ հետ մայր է խոսում... Նիկոլայ Վսեվոլոդովիչը կյանքում կրել է մի քանի դժբախտություն և բազմաթիվ կտրուկ փոփոխություններ։ Այդ ամենը,― ասում է,― կարող էր ազդել նրա խելքի վիճակի վրա։ Անշուշտ,― ասում է,― ես չեմ խոսում խելագարության մասին, դա երբեք չի կարող լինել (ասվեց հաստատուն և հպարտորեն)։ Բայց կարող էր լինել արտառոց, առանձնահատուկ մի բան, մտքերի որոշ շրջվածք, հակվածություն ինչ-որ հատուկ հայեցակետի (այս բոլորը ստույգ նրա բառերն են, ու ես զարմացա, Ստեպան Տրոֆիմովիչ, թե ինչպիսի ճշգրտությամբ կարող է Վարվառա Պետրովնան բացատրել բանը։ Բարձր մտքի տեր կին է)։ Համենայն դեպս,― ասաց,― ինքս եմ նրա մեջ նկատել որոշ կայուն անհանգստություն և ձգտում առանձնահատուկ հակումների։ Բայց ես մայր եմ, իսկ դուք՝ կողմնակի մարդ, նշանակում է, ի վիճակի եք, ձեր խելքով հանդերձ, առավել անկախ կարծիք կազմել։ Աղաչում եմ ձեզ, վերջապես (այդպես էլ ասվեց՝ աղաչում եմ) ինձ ասել ամբողջ ճշմարտությունը, առանց ամեն կարգի խեղումների, և եթե դուք նաև խոստանաք ինձ հետագայում երբեք չմոռանալ, որ ձեզ հետ ես կոնֆիդենցիալ եմ խոսել, կարող եք ակնկալել իմ կատարյալ և այսուհետև մշտական պատրաստակամությունը երախտապարտ լինել ձեզ յուրաքանչյուր հնարավորության դեպքում»։ Դե-հ, ինչ կասեք։

― Դուք... դուք ինձ այնպես շշկլացրիք...― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը,― որ ես ձեզ չեմ հավատում...

― Չէ, նկատի առեք, նկատի առեք,― շարունակեց Լիպուտինը, կարծես չէր լսել Ստեպան Տրոֆիմովիչին,― ինչպիսի՜ հուզմունք և անհանգստություն պիտի ապրել, երբ նման հարցով այդպիսի բարձունքից դիմում են այնպիսի մարդկանց, ինչպիսին ես եմ, դեռ չհաշված իջնելն այնքան, որ իրենք խնդրեցին գաղտնի պահել։ Սա ի՞նչ բան է։ Հո որևէ անսպասելի տեղեկություն չե՞ն ստացել Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին։

― Ես չգիտեմ... ոչ մի լուր... մի քանի օր չեմ տեսնվել, բայց... բայց կասեմ ձեզ...― քրթմնջում էր Ստեպան Տրոֆիմովիչը՝ ըստ երևույթին, դժվարությամբ կարգի բերելով մտքերը,― բայց ձեզ կասեմ, Լիպուտին, որ եթե ձեզ ասվել է կոնֆիդենցիալ, իսկ դուք հիմա բոլորի ներկայությամբ...

― Միանգամայն կոնֆիդենցիալ։ Թող Աստված պատժի ինձ, եթե ես... Իսկ եթե այստեղ... ի՞նչ կա, ուրեմն։ Մի՞թե մենք օտար ենք, վերցնենք թեկուզ Ալեքսեյ Նիլըյչին։

― Այդպիսի մտահանգման ես համաձայն չեմ։ Անկասկած, մենք երեքս այստեղ կպահենք գաղտնիքը, բայց ձեզնից՝ չորրորդից, վախենում եմ և չեմ հավատում ձեր մի հատիկ խոսքին։

― Ինչե՜ր եք ասում։ Ես բոլորից շատ եմ շահագրգռված, չէ որ ինձ հավերժ երախտագիտություն է խոստացված։ Իսկ ահա, ես հենց ուզում էի, այս նույն առիթով, մատնացույց անել չափազանց տարօրինակ մի դեպք, ավելի այսպես ասած հոգեբանական, քան պարզապես տարօրինակ։ Երեկ երեկոյան, Վարվառա Պետրովնայի հետ խոսակցության ազդեցության տակ (ինքներդ կարող եք պատկերացնել, թե ինչ ազդեցություն է գործել ինձ վրա), ես դիմեցի Ալեքսեյ Նիլըյչին՝ մի հեռավոր հարցով, դուք, ասացի, թե արտասահմանում, թե Պետերբուրգում նախկինում դեռ ճանաչել եք Նիկոլայ Վսեվոլոդովիչին, ինչպե՞ս եք գնահատում նրան, ասացի, խելքի և ընդունակությունների տեսակետից։ Նրանք էլ պատասխանեցին կարճ, իրենց ձևով, որ, ուրեմն, նուրբ խելքի և առողջ դատողության տեր մարդ է, ասացին։ Իսկ տարիների ընթացքում, ասացի, չե՞ք նկատել, ասացի, մի տեսակ գաղափարների շեղում, կամ մտքերի հատուկ շրջվածք, կամ որոշ չափով, ասացի, կարծես թե, այսպես ասած, խանգարո՞ւմ։ Մի խոսքով, կրկնում են հենց Վարվառա Պետրովնայի հարցը։ Եվ պատկերացրեք. Ալեքսեյ Նիլըյչը հանկարծ մտքերի մեջ ընկան, դեմքը կնճռոտեցին ճիշտ այնպես, ինչպես հիմա. «Այո, ասացին, ինձ երբեմն թվացել է տարօրինակ մի բան»։ Ըստ որում, նկատի առեք, որ եթե արդեն Ալեքսեյ Նիլըյչին կարող էր ինչ-որ տարօրինակ բան թվալ, ապա ի՞նչ կարող էր դա լինել իրականում, հը՞։

― Դա ճի՞շտ է,― դիմեց Ստեպան Տրոֆիմովիչը Ալեքսեյ Նիլըյչին։

― Կցանկանայի չխոսել այդ մասին,― պատասխանեց Ալեքսեյ Նիլըյչը՝ հանկարծ բարձրացնելով գլուխը և աչքերը շողացնելով,― ես ուզում եմ վիճարկել ձեր իրավունքը, Լիպուտին։ Դուք ոչ մի իրավունք չունեք տվյալ դեպքում իմ առնչությամբ։ Ես ամենևին չեմ ասել իմ ամբողջ կարծիքը։ Ես թեև ծանոթ եմ եղել Պետերբուրգում, բայց դա վաղուց, իսկ հիմա թեկուզև հանդիպել եմ, բայց շատ քիչ եմ ճանաչում Նիկոլայ Ստավրոգինին։ Խնդրում եմ ձեզ ինձ հեռու պահել և... և այս ամենը նման է բամբասանքի։

Լիպուտինը տարածեց ձեռքերը՝ ճնշված անմեղության տեսքով։

― Բամբասող։ Չլինի՞, լրտես էլ։ Ձեզ համար լավ է, Ալեքսեյ Նիլըյչ, քննադատել, երբ ամեն ինչից ձեզ հեռու եք պահում։ Իսկ ահա դուք, Ստեպան Տրոֆիմովիչ, չեք հավատա, թե թվում է, ի՞նչ կապ ունի կապիտան Լեբյադկինը, չէ որ կարծես թե հիմար է, ինչպես... այսինքն, միայն ամոթ է ասել, թե ինչքան է հիմար, այդպիսի մի ռուսական համեմատություն կա, որ չափն է նշանակում, բայց չէ որ նա էլ է իրեն վիրավորված համարում Նիկոլայ Վսեվոլոդովիչից, թեև խոնարհվում է նրա սրամտության առաջ. «Ապշած եմ, ասում է այդ մարդուց՝ իմաստուն օձ է» (սեփական բառերն են)։ Ես էլ նրան, թե (դարձյալ այդ նույն երեկվա տպավորության տակ և արդեն Ալեքսեյ Նիլըյչի հետ խոսակցությունից հետո), իսկ ի՞նչ է, կապիտան, ի՞նչ եք կարծում ձեր կողմից, խելագարվա՞ծ է ձեր իմաստուն օձը, թե՝ ոչ։ Ուրեմն, կհավատաք արդյոք, ճիշտ կարծես ետևից մտրակահարեցին հանկարծ նրան, առանց իր թույլտվության, ուղղակի վեր թռավ տեղից. «Այո, ասաց... այո, ասաց, միայն թե, ասաց, դա չի կարող ազդեցություն ունենալ...», թե ինչ ազդեցություն, չվերջացրեց։ Հետո այնպես դառնագին մտքերի մեջ ընկավ, այնպես ընկավ մտքերի մեջ, որ խումհարն էլ անցավ։ Ֆիլիպպովի պանդոկում էինք նստած։ Ու համարյա կես ժամ անց, հանկարծ բռունցքով խփեց սեղանին. «Հա, ասաց, գուցեև խելագարված է, միայն թե դա չի կարող ազդեցություն ունենալ...» և նորից չվերջացրեց, թե ինչի վրա։ Անշուշտ, ես ձեզ միայն խոսակցության թանձրուկն եմ հայտնում, բայց չէ որ միտքը հասկանալի է, ում էլ հարցնես, բոլորի մտքով անցնում է, թեև նախքան այդ ոչ մեկի մտքով չի անցել. «Հա, ասում են, խելագարված է, շատ խելոք է, բայց գուցեև խելագարված է»։

Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր մտազբաղ և լարված մտորում էր։

― Իսկ Լեբյադկի՞նն ինչու գիտե։

― Իսկ այդ մասին չե՞ք հաճի հարցնել Ալեքսեյ Նիլըյչից, որն այստեղ հիմա ինձ լրտես անվանեց։ Ես լրտեսն եմ, ու չգիտեմ, իսկ Ալեքսեյ Նիլըյչը գիտեն ամեն ինչ տակից գլուխ ու լռում են։

― Ես ոչինչ չգիտեմ, կամ՝ քիչ,― նույն բորբոքվածությամբ պատասխանեց ինժեները,― դուք Լեբյադկինին հարբեցնում եք, որ իմանաք։ Դուք ինձ էլ եք այստեղ բերել, որ իմանաք և որ ե՛ս ասեմ։ Նշանակում է, դուք լրտես եք։

― Ես նրան չեմ հարբեցրել, ու այդքան փող չարժե նա, իր բոլոր գաղտնիքներով վերցրած, ահա թե ինչ են դրանք ինձ համար նշանակում, չգիտեմ՝ ձեզ համար ինչպես։ Ընդհակառակը, այդ նա է փողերը շաղ տալիս, այն դեպքում երբ տասներկու օր առաջ մոտս էր եկել տասնհինգ կոպեկ խնդրելու, ու նա է ինձ շամպայն խմեցնում, ոչ թե ես իրեն։ Բայց դուք ինձ միտք տվեցիք, ու թե որ պետք եղավ, կհարբեցնեմ նրան, հենց հատկապես իմանալու համար, ու գուցեև իմանամ էլ... ձեր բոլոր մանր-մունր գաղտնիքները,― չարացած գռմռաց Լիպուտինը։

Ստեպան Տրոֆիմովիչը տարակուսած նայում էր վիճողներին։ Երկուսն էլ մատնում էին իրենք իրենց և գլխավորը՝ ձևականություններ չէին անում։ Ես մտածեցի, որ Լիպուտինն այդ Ալեքսեյ Նիլըյչին մեզ մոտ է բերել, հենց երրորդ անձի միջոցով նրան հարկավոր խոսակցության մեջ քաշելու նպատակով՝ նրա նախասիրած եղանակն էր։

― Ալեքսեյ Նիլըյչը չափից ավելի լավ են ճանաչում Նիկոլայ Վսեվոլոդովիչին,― բորբոքված շարունակեց նա,― միայն թե թաքցնում են։ Իսկ որ դուք հարցնում եք կապիտան Լեբյադկինի մասին, ապա նա բոլորիցս շուտ է ծանոթացել նրանց հետ, Պետերբուրգում, հինգ կամ վեցը տարի առաջ, Նիկոլայ Վսեվոլոդովիչի կյանքի, եթե կարելի է այսպես արտահայտվել, այն սակավ հայտնի ժամանակաշրջանում, երբ նա դեռ չէր էլ մտածում մեզ այստեղ երջանկացնել իր գալստյամբ։ Մեր արքայազնը, հարկ է եզրակացնել, այն ժամանակ Պետերբուրգում իր շուրջ ծանոթությունների բավական տարօրինակ ընտրություն էր սահմանել։ Այն ժամանակ էլ ահա, կարծեմ, Ալեքսեյ Նիլըյչի հետ են ծանոթացել։

― Զգուշացեք, Լիպուտին, զգուշացնում եմ ձեզ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքն է ուզում շուտով այստեղ լինել, իսկ նա կարողանում է իրեն պաշտպանել։

― Ուրեմն, էլ ի՞նձ ինչի համար։ Ես առաջինն եմ բղավում, որ նրբագույն և սքանչելագույն խելքի տեր մարդ է, Վարվառա Պետրովնային էլ երեկ այդ իմաստով միանգամայն հանգստացրեցի։ «Բայց բնավորության հարցում, ասացի նրան, երաշխավորել չեմ կարող»։ Լեբյադկինն էլ երեկ նույն բանն ասաց. «Նրա բնավորությունից եմ, ասաց, տուժել»։ Էխ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ համար լավ է բղավել, թե բամբասանք է ու լրտեսություն, և նկատի առեք, երբ արդեն ինքներդ ամեն ինչ ինձնից դուրս քաշեցիք, այն էլ՝ չափից դուրս հետաքրքրությամբ։ Իսկ ահա, Վարվառա Պետրովնան երեկ հենց ուղղակի ճիշտ կետին խփեց. «Դուք, ասաց, անձամբ էիք շահագրգռված գործում, դրա համար էլ ձեզ եմ դիմում»։ Հապա թե այդպես չլիներ։ Էլ ի՜նչ նպատակներ կարող են լինել, երբ ես անձնական վիրավորանք եմ կերել նորին գերազանցությունից ամբողջ հասարակության ներկայությամբ։ Կարծեմ, պատճառներ ունեմ հետաքրքրվելու, ոչ միայն բամբասանքների համար։ Այսօր ձեր ձեռքը կսեղմի, իսկ վաղը հենց էնպես, ձեր աղուհացի դիմաց, հենց ձեր երեսներին էլ կխփի, օրինավոր ամբողջ հասարակության ներկայությամբ, ինչպես քեֆը տա։ Հղփացածությունից։ Իսկ գլխավորը նրանց համար կանացի սեռն է. թիթեռնիկներ ու անվախ աքլորիկներ։ Հին ամուրների թևիկներով կալվածատերեր, սրտակեր ― Պեչորիններ։ Ձեզ համար, Ստեպան Տրոֆիմովիչ, մոլի ամուրի մարդու համար, հեշտ է այդպես խոսել, և նորին գերազանցության պատճառով ինձ բամբասող կոչել։ Իսկ ահա, եթե ամուսնանաք, քանի որ հիմա էլ դեռ շատ ջահել եք երևում, ամուսնանաք սիրունիկ ու ջահել մեկի հետ, ապա թերևս մեր արքայազնից դուռը մղլակով կփակեք ու ձեր տան մեջ բարիկադներ կսարքեք։ Էլ ինչ ասեմ, եթե միայն այդ mademoiselle Լեբյադկինան, որին ծեծում են մտրակով, խելագար չլիներ և ծուռոտ, ապա, Աստված վկա, կմտածեի, որ հենց նա է մեր գեներալի կրքերի զոհը, և հենց նրանից է տուժել կապիտան Լեբյադկինն «իր ընտանեկան արժանապատվությամբ», ինչպես ինքն է արտահայտվում։ Գուցե թե միայն նրանց նրբին ճաշակին է հակասում, բայց նրանց. համար դա էլ մի ցավ չէ։ Ամեն պտուղ պետքական է, միայն թե ընկնի նրանց հայտնի տրամադրության տակ։ Ահա, բամբասանքի մասին եք ասում, բայց մի՞թե ես եմ բղավում, երբ արդեն ամբողջ քաղաքն է աղմկում, իսկ ես միայն լսում եմ ու գլխով անում, գլխով անելը հո արգելվա՞ծ չէ։

― Քաղա՞քն է բղավում։ Իսկ ի՞նչ է բղավում քաղաքը։

― Այսինքն, կապիտան Լեբյադկինն է բղավում հարբած վիճակում, քաղաքով մեկ, իսկ չէ՞ որ դա նույն բանն է, եթե ամբողջ հրապարակը բղավի։ Ինչո՞վ եմ ես մեղավոր։ Ես հետաքրքրվում եմ միայն ընկերների մեջ, որովհետև այստեղ այնուամենայնիվ ինձ համարում եմ ընկերների մեջ,― անմեղ տեսքով աչքերը սահեցրեց մեզ վրա։― Մի դեպք է եղել այստեղ, պատկերացրեք հապա, ստացվում է, որ նորին գերազանցությունն իբր թե դեռևս Շվեյցարիայից, մի գերազնվագույն օրիորդի և, այսպես ասած, համեստ որբուկի միջոցով, որին պատիվ ունեմ ճանաչել, երեք հարյուր ռուբլի են ուղարկել՝ կապիտան Լեբյադկինին հանձնելու համար։ Իսկ Լեբյադկինը, քիչ անց, շատ ստույգ լուր է ստացել, թե ումից՝ չեմ ասի, բայց նույնպես գերազնվագույն, ուրեմնև հաստատագույն անձնավորությունից, որ ոչ թե երեք հարյուր, այլ հազար ռուբլի է ուղարկված... Նշանակում է, բղավում է Լեբյադինը, օրիորդն իրենից յոթը հարյուր ռուբլի թռցրել է, և նա ուզում է ետ ստանալ համարյա թե ոստիկանության միջոցով, համենայն դեպս, սպառնում է և քաղաքով մեկ աղմկում...

― Դա ստորություն է, ստորություն է ձեր կողմից,― հանկարծ վեր թռավ ինժեներն աթոռից։

― Բայց չէ որ հենց դուք եք այն գերազնվագույն անձնավորությունը, որը Նիկոլայ Վսեվոլոդովիչի անունից հաստատել է Լեբյադկինին, որ ոչ թե երեք հարյուր, այլ հազար ռուբլի է ուղարկված։ Չէ որ կապիտանն ինքն է ինձ հայտնել հարբած ժամանակ։

― Դա... դա ցավալի թյուրիմացություն է։ Ինչ-որ մեկը սխալվել է ու ստացվել... Դա ցնդաբանություն է, իսկ դուք ստորաբար...

― Ես ինքս էլ եմ ուզում հավատալ, որ ցնդաբանություն է և ցավով եմ լսում, որովհետև, ինչպես կուզենաք, բայց գերազնվագույն աղջիկը խառնված է, նախ և առաջ, յոթը հարյուր ռուբլու, երկրորդը՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ ակնհայտ մտերմությունների մեջ։ Ասենք, նորին գերազանցության համար ի՞նչ մի բան է ազնվագույն աղջկան խայտառակելը կամ ուրիշի կնոջն անպատվելը, ինչպես այն ժամանակ ինձ հետ եղավ դիպվածը, հը՞։ Մեծահոգությամբ լի մարդ ընկավ ձեռքները՝ կստիպեն իր ազնիվ անունով ծածկել ուրիշի մեղքերը։ Չէ որ հենց այդպես ինքս եմ տարել ու դիմացել, իմ մասին եմ ասում...

― Զգուշացեք, Լիպուտին,― բազմոցից ելավ Ստեպան Տրոֆիմովիչը և գունատվեց։

― Մի հավատացեք, մի հավատացեք։ Ինչ-որ մեկը սխալվել է, իսկ Լեբյադկինը հարբած...― բացականչեց ինժեները՝ անասելի հուզված,― ամեն ինչ կպարզվի, իսկ ես այլևս չեմ կարող... և ստորություն եմ համարում... և բավական է, բավական։

Նա դուրս վազեց սենյակից։

― Այդ ի՞նչ եղավ։ Չէ որ ես ձեզ հետ եմ,― իրար անցավ Լիպուտինը, վեր թռավ ու վազեց Ալեքսեյ Նիլըյչի ետևից։

VII

Ստեպան Տրոֆիմովիչը մի րոպեի չափ կանգնած էր մտազբաղ, մի տեսակ առանց տեսնելու ու նայեց ինձ, վերցրեց իր շլյապան և ձեռնափայտը, կամացուկ ելավ սենյակից։ Ես նորից հետևեցի նրան, ինչպես քիչ առաջ։ Դարպասից դուրս գալիս, նկատելով, որ հետևում եմ իրեն, ասաց.

― Ահ, այո, դուք կարող եք որպես վկա ծառայել... de l’accident. Vous maccompagnerez, n’est-ce pas?[61]

― Ստեպան Տրոֆիմովիչ, մի՞թե նորից այնտեղ եք գնում։ Մտածեք, թե ինչ կարող է ստացվել։

Խղճալի և կորսված ժպիտով՝ ամոթի և կատարյալ հուսալքության ժպիտով, միաժամանակ ինչ-որ տարօրինակ ցնծությամբ, մի պահ կանգ առնելով՝ նա շշնջաց ինձ.

― Հո չեմ կարող ամուսնանալ «ուրիշի մեղքերի» հետ։

Ես հենց այդ խոսքին էի սպասում։ Վերջապես այդ նվիրական, ինձնից թաքցվող բառերն արտասանվեցին մի ամբողջ շաբաթ տևած խուսափումներից և ծամածռություններից հետո։ Ես վճռականապես ելա իմ ափերից։

― Ու այդպիսի կեղտոտ, այդպիսի... ստոր միտք կարող էր ի հայտ գալ ձեր՝ Ստեպան Վերխովենսկու պայծառ ուղեղում, ձեր բարի սրտում, և... դեռ նախքան Լիպուտինը։

Նա ինձ նայեց, չպատասխանեց ու գնաց նույն ճանապարհով։ Ես չէի ուզում ետ մնալ։ Ես ուզում էի վկայել Վարվառա Պետրովնայի առաջ։ Ես կներեի նրան, եթե հավատար միայն Լիպուտինին՝ իր կնիկային փոքրոգությամբ, բայց հիմա արդեն պարզ էր, որ ինքն է ամեն ինչ մոգոնել, Լիպուտինից դեռևս շատ առաջ, իսկ Լիպուտինը հիմա սոսկ հաստատել է նրա կասկածները և յուղ լցրել կրակին։ Նա միտք չուներ կասկածել աղջկան ամենաառաջին օրվանից՝ դեռևս չունենալով ոչ մի հիմք, անգամ լիպուտինյան։ Վարվառա Պետրովնայի բռնակալական գործողությունները բացատրել էր նրա անգին Nicolas-ի ազնվականական մանր-մունր մեղքերը հարգարժան մարդու հետ ամուսնությամբ շուտուփույթ սվաղելու բուռն ցանկությամբ սոսկ։ Եվ անպայման ուզում էի, որ նա պատժվի դրա համար։

― O! Dieu qui est si grand et si bon[62], o՜, ով կհանգստացնի ինձ,― բացականչեց նա՝ անցնելով ես հարյուր քայլ ու հանկարծակի կանգ առնելով։

― Գնանք հիմա տուն, և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ,― գոռացի ես՝ ուժով դարձնելով նրան դեպի տուն։

― Նա՜ է։ Ստեպան Տրոֆիմովիչ, այդ դո՞ւք եք։ Դո՞ւք,― մեր կողքին երաժշտության պես հնչեց մի թարմ, կայտառ, դեռատի ձայն։

Մենք ոչինչ չէինք տեսնում, իսկ մեր կողքին շուտով հայտնվեց հեծյալ մի կին՝ Լիզավետա Նիկոլաևնան, իր մշտական ուղեկցի հետ։ Նա կանգնեցրեց ձին։

― Եկեք, դե եկեք շուտ,― կանչում էր նա բարձրաձայն և ուրախ։― Տասներկու տարի չէի տեսել նրան, ու ճանաչեցի, իսկ նա... Մի՞թե չճանաչեցիք ինձ։

Ստեպան Տրոֆիմովիչը բռնեց իրեն պարզած ձեռքը և երկյուղածությամբ համբուրեց։ Ստեպան Տրոֆիմովիչը նրան էր նայում՝ ասես աղոթելով ու չէր կարողանում բառ իսկ արտասանել։

― Ճանաչեց և ուրախ է։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, նա զմայլված է, որ տեսնում է ինձ։ Իսկ ինչո՞ւ չէիք գալիս լրիվ երկու շաբաթ։ Հորաքույրը համոզում էր, որ հիվանդ եք և ձեզ չի կարելի անհանգստացնել, բայց ես հո գիտեմ, հորաքույրը ստում է։ Ես անընդհատ ոտքերս հատակին էի խփում ու ձեզ հանդիմանում, բայց անպատճառ, անպատճառ ուզում էի, որ առաջինը դուք գաք, դրա համար էլ մարդ չէի ուղարկում։ Աստվա՜ծ, իսկ նա ամենևին չի փոխվել,― զննում էր Լիզավետան նրան՝ թամբի վրա թեքված,― ծիծաղելիության չափ չի փոխվել։ Ահ, չէ՜, մանր կնճիռներ կան, շատ են աչքերի մոտ և այտերին, սպիտակ մազեր էլ կան, բայց աչքերը նույնն են։ Իսկ ես փոխվե՞լ եմ։ Փոխվե՞լ եմ։ Բայց ի՞նչ եք շարունակ լռում։

Այդ պահին հիշեցի պատմությունն այն մասին, որ նա համարյա թե հիվանդ էր, երբ տասնմեկ տարեկան տարել էին Պետերբուրգ, հիվանդ վիճակում իբր լաց է եղել ու կանչել Ստեպան Տրոֆիմովիչին։

― Դուք... ես...― մրմնջում էր նա հիմա՝ ուրախությունից բեկվող ձայնով,― ես նոր բղավում էի. «Ինձ ով կհանգստացնի» ու հնչեց ձեր ձայնը... Ես սա հրաշք եմ համարում et je commence à croire[63]։

― En Dieu! En Dieu, qui est là-haut et qui est si grand et si bon![64] Տեսնո՞ւմ եք, ձեր բոլոր դասախոսություններն անգիր եմ հիշում։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, ինչպիսի՜ հավատ էր նա ինձ ուսուցանում այն ժամանակ en Dieu, qui est si grand et si bon! Իսկ հիշո՞ւմ եք ձեր պատմածներն այն մասին, թե ինչպես Կոլումբոսը հայտնաբերեց Ամերիկան և ինչպես բոլորը բղավեցին «Երկի՜ր, երկի՜ր»։ Դայակը՝ Ալյոնա Ֆրոլովնան, ասում էր, որ դրանից հետո գիշերը զառանցում էի և քնիս մեջ բղավում «Երկի՜ր, երկի՜ր»։ Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես էիք ինձ պատմում արքայազն Համլետի պատմությունը։ Իսկ հիշո՞ւմ եք, ինչպես էիք ինձ նկարագրում, թե ինչպես էին խեղճ տարագիրներին Եվրոպայից Ամերիկա տեղափոխում։ Ու բոլորն էլ ճիշտ չէր, ես հետո ամեն ինչ իմացա, թե ինչպես են տեղափոխում, բայց ի՜նչ լավ էր նա ինձ ստում այն ժամանակ, Մավրիկիյ Նիկոլաևիչ, համարյա ավելի լավ՝ ճշմարտությունից։ Ինչո՞ւ եք այդպես նայում Մարիկիյ Նիկոլաևիչին։ Նա ամենալավագույն և ամենահավատարիմ մարդն է ամբողջ երկրագնդի վրա, և դուք անպայման պիտի սիրեք նրան, ինչպես ինձ։ Il fait tout ce que je veux[65]։ Բայց սիրելի Ստեպան Տրոֆիմովիչ, ուրեմն, դուք նորի՞ց դժբախտ եք, եթե փողոցի մեջտեղում բղավում եք, թե ձեզ ով կհանգստացնի։ Դժբախտ եք, այդպես չէ՞։ Այդպե՞ս է։

― Հիմա երջանիկ եմ...

― Հորաքույրը նեղացնո՞ւմ է,― շարունակում էր նա, չլսելով,― էլի նույն չար, անարդարացի և մեզ համար հավերժորեն անգին հորաքույրը։ Իսկ հիշում եք, ինչպես նետվեցիք իմ գիրկն այգում, իսկ ես ձեզ սփոփում էի ու լալիս, դե, մի վախեցեք Մավրիկիյ Նիկոլաևիչից, նա ձեր մասին ամեն, ամեն ինչ գիտի, վաղուց, դուք կարող եք լաց լինել նրա ուսին՝ որքան կամենաք, և նա կկանգնի, ինչքան պետք է... Մի քիչ բարձրացրեք շլյապան, մի րոպեով հանեք, ձգեք ձեր գլուխը, կանգնեք ոտնաթաթերի վրա, իսկ ես հիմա կհամբուրեմ ձեր ճակատը, ինչպես վերջին անգամ համբուրեցի, երբ հրաժեշտ էինք տալիս։ Տեսնում եք, այն օրիորդը լուսամուտից հիանում է մեզնով... Դե, ավելի մոտ, ավելի մոտ։ Աստվա՜ծ իմ, ինչպես է ճերմակել։

Եվ Լիզավետան, կռանալով թամբի վրա, համբուրեց ճակատը։

― Դե, հիմա՝ ձեր տուն։ Ես գիտեմ՝ որտեղ եք ապրում։ Հիմա, այս րոպեիս կլինեմ ձեր տանը։ Ես առաջինը կայցելեմ ձեզ՝ համառ մարդ, հետո ամբողջ օրով կտանեմ ինձ մոտ։ Դե, գնացեք, պատրաստվեք ինձ դիմավորել։

Եվ նա արշավեց իր ուղեկցի հետ։ Մենք վերադարձանք։ Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազմոցին և լաց եղավ։

― Dieu! Dieu!,― բացականչեց նա,― enfin, une minute de bonheur[66]։

Ոչ ավելի, քան տասը րոպե անց Լիզավետան հայտնվեց՝ խոստման համաձայն, իր Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։

― Vous et le bonheur, vous arrivez en même temps[67],― ընդառաջ ելավ Ստեպան Տրոֆիմովիչը։

― Սա՝ ձեզ ծաղկեփունջ, նոր գնացի madame Շըվալյեի մոտ, նա կլոր ձմեռ ծաղկեփնջեր ունի անվանակոչուհիների համար։ Ահա և Մավրիկիյ Նիկոլաևիչը, խնդրում եմ ծանոթանալ։ Ես ուզում էի թխվածք վերցնել, ծաղկեփնջի փոխարեն, բայց Մավրիկիյ Նիկոլաևիչը հավատացնում է, որ դա համապատասխան չէ ռուսական ոգուն։

Այդ Մավրիկիյ Նիկոլաևիչը հրետանու կապիտան էր, երեսուներեք տարեկան, բարձրահասակ, գեղեցկատես, անթերի օրինավոր արտաքինով մի պարոն, ազդեցիկ և առաջին հայացքից նույնիսկ խիստ կերպարանքով, չնայած իր զարմանալի և նրբակիրթ բարության, ինչ յուրաքանչյուր ոք կըմբռներ նրա հետ ծանոթության առաջին իսկ րոպեից։ Ի դեպ, լռակյաց էր, թվում էր շատ սառնարյուն ու հետամուտ չէր բարեկամություն ձեռք բերելու։ Հետագայում մեզ մոտ շատերն էին ասում, թե սահմանափակ մարդ է, ու դա ամենևին էլ արդարացի չէր։

Ես չեմ սկսի նկարագրել Լիզավետա Նիկոլաևնայի գեղեցկությունը։ Ամբողջ քաղաքն արդեն թնդում էր նրա գեղեցկության մասին, թեև մեր որոշ տիկնայք ու օրիորդներ զայրույթով համաձայն չէին գոռացողներին։ Նրանց մեջ կային և այնպիսիներ, որոնք արդեն ատում էին Լիզավետա Նիկոլաևնային, և ամենից առաջ՝ հպարտության համար. Դրոզդովները համարյա դեռևս չէին սկսել այցելություններ անել, ինչը վիրավորում էր, թեև հապաղման պատճառը, իրոք, Պրասկովյա Իվանովնայի վատառողջ վիճակն էր։ Երկրորդը՝ ատում էին և այն պատճառով, որ նահանգապետուհու ազգականուհին էր, երրորդն այն պատճառով, որ ամեն օր զբոսնում էր ձիով։ Մեզանում մինչ այդ չէին եղել ամազոնուհիներ, բնական է, որ ձիով զբոսնող ու դեռևս այցելություններ չկատարած Լիզավետա Նիկոլաևնայի հայտնվելը պիտի որ վիրավորեր հասարակությանը։ Իմիջիայլոց, բոլորն արդեն գիտեին, որ նա զբոսնում է բժիշկների կարգադրությամբ, ընդ որում, թունալի էին խոսում նրա հիվանդությունների մասին։ Նա, իսկապես հիվանդ էր։ Ինչ ի հայտ էր գալիս առաջին հայացքից՝ նրա հիվանդագին, նյարդային, անընդմեջ անհանգստությունն էր։ Ավա՜ղ։ Խեղճ աղջիկը շատ էր տառապում, և ամեն բան բացատրվեց հետագայում։ Հիմա, վերհիշելով անցածը, ես արդեն չեմ ասի, թե նա գեղեցկուհի էր, ինչպես ինձ թվաց այն ժամանակ։ Գուցեև նույնիսկ ամենևին էլ սիրունատես չէր։ Բարձրահասակ, բարալիկ, սակայն ճապուկ՜ և ուժեղ, նա նույնիսկ ապշեցնում էր անկանոն դիմագծերով։ Աչքերը՝ մի տեսակ կալմիկյան, շեղաչ, դալկադեմ էր, այտոսկրավոր, թուխ ու նիհար դեմքով, սակայն այդ դեմքի մեջ մի հաղթանակող և գրավիչ բան կար։ Ինչ-որ զորեղություն էր հայտնվում նրա մգագույն աչքերի կրակվող հայացքում, նա հայտնվում էր «որպես հաղթանակող և հաղթելու համար»։ Թվում էր հպարտ, երբեմն անգամ հանդուգն, չգիտեմ, հաջողվո՞ւմ էր արդյոք նրան բարի լինել։ Սակայն գիտեմ, որ անչափ ուզում էր ու տանջվում, իրեն ստիպելու համար, որ փոքր-ինչ բարի լինի։ Այդ բնավորության մեջ, հարկավ, կային բազում սքանչելի ձգտումներ և արդարացի ձեռնարկումներ, սակայն ամեն ինչ նրա մեջ մշտապես իր մակարդակն էր որոնում ու չէր գտնում, ամեն ինչ քաոսի մեջ էր, հուզմունքի և անհանգստության։ Գուցե նա արդեն շատ խիստ պահանջներ էր ներկայացնում իրեն՝ իր մեջ երբեք ուժ չգտնելով բավարարել դրանք։

Նա նստեց բազմոցին և սենյակն էր զննում։

― Ինչո՞ւ նման րոպեներին տխրալի է դառնում ինձ համար, կռահեք հապա, ուսյալ մարդ։ Ամբողջ կյանքում մտածել եմ, թե Աստված գիտե, ինչքան ուրախ կլինեմ, երբ ձեզ տեսնեմ ու ամեն ինչ կվերհիշեմ, չնայած, որ ձեզ սիրում եմ... Ա՛հ, Աստված, նրա սենյակում իմ դիմանկարն է կախված։ Տվեք ինձ, ես դա հիշում եմ, հիշում։

Տասներկուամյա Լիզայի սքանչելի ջրաներկ փոքրիկ դիմանկարը Դրոզդովներն էին Պետերբուրգից ուղարկել Ստեպան Տրոֆիմովիչին, դեռևս ինը տարի առաջ։ Այդ ժամանակից նկարը մշտապես կախված էր նրա պատից։

― Մի՞թե այսքան սիրունիկ երեխա եմ եղել։ Մի՞թե սա իմ դեմքն է։

Նա վեր կացավ և, դիմանկարը ձեռքին, նայեց հայելուն։

― Շուտ վերցրեք,― բացականչեց նա՝ ետ տալով դիմանկարը։― Մի կախեք հիմա, հետո, չեմ էլ ուզում նայել։― Նա նորից նստեց բազմոցին։― Մի կյանք անցավ, սկսվեց մյուսը, հետո մյուսն անցավ, երրորդը սկսվեց, և ամեն ինչ՝ անվերջ։ Բոլոր ծայրերը, կարծես մկրատով, կտրատում են։ Տեսնում եք, ինչ հին-հին բաներ եմ պատմում, բայց ինչքան ճշմարտություն կա։

Նա, քթի տակ ծիծաղելով, նայեց ինձ։ Արդեն մի քանի անգամ նայում էր, բայց Ստեպան Տրոֆիմովիչն իր հուզմունքի մեջ մոռացել էր, որ խոստացել է ինձ ներկայացնել։

― Իսկ ինչո՞ւ է իմ դիմանկարը կախված դաշույնների տակ։ Եվ ինչի՞ համար այդքան դաշույններ ու թրեր ունեք։

Ստեպան Տրոֆիմովիչի սենյակի պատին, իրոք, չգիտեմ ինչի համար, երկու յաթաղան կար՝ խաչաձև, իսկ դրանցից վեր՝ իսկական չերքեզական թուր։ Հարցնելիս, նա այնպես ուղիղ նայեց ինձ, որ ուզեցա ինչ-որ բան պատասխանել, բայց կանգ առա։ Ստեպան Տրոֆիմովիչը վերջապես գլխի ընկավ ու ներկայացրեց ինձ։

― Գիտեմ, գիտեմ,― ասաց Լիզավետան,― ես շատ ուրախ եմ։ Մաման ձեր մասին նույնպես շատ է լսել։ Ծանոթացեք Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ էլ, հիանալի մարդ է։ Ձեր մասին ես արդեն ծիծաղելի ըմբռնում եմ կազմել, չէ որ դուք Ստեպան Տրոֆիմովիչի խորհրդապա՞հն եք։

Ես կարմրեցի։

― Ահ, ներեցեք, խնդրեմ, բոլորովին ուրիշ բառ ասացի, ամենևին ոչ ծիծաղելի, այլ այնպես... (նա կարմրեց և շփոթվեց)։

― Ասենք, ի՞նչ կա ամաչելու, որ դուք հիանալի մարդ եք։ Էհ, Մավրիկիյ Նիկոլաևիչ, ժամանակն է գնալու։ Ստեպան Տրոֆիմովիչ, կես ժամ հետո մեզ մոտ պիտի լինեք անպայման։ Աստված, ինչքա՜ն պիտի խոսենք։ Հիմա արդեն ես եմ ձեր խորհրդապահը, և ամեն, ամեն ինչի մասին, հասկանո՞ւմ եք։

Ստեպան Տրոֆիմովիչն իսկույն վախեցավ։

― Օ՜, Մավրիկիյ Նիկոլաևիչն ամեն ինչ գիտե, նրանից մի քաշվեք։

― Իսկ ի՞նչ գիտե։

― Ինչպես թե,― բացականչեց Լիզավետան զարմացած։― Բա՜, ճիշտ որ թաքցնում են նրանք։ Ես հավատալ չէի ուզում։ Դաշային նույնպես թաքցնում են։ Հորաքույրը վերջերս չթողեց ինձ Դաշայի մոտ գնալ, ասաց, թե գլուխն է ցավում։

― Բայց... բայց ինչպե՞ս իմացաք։

― Ա՛հ, Աստված իմ, այնպես, ինչպես բոլորը։ Ի՜նչ մի դժվար բան է։

― Եվ արդյո՞ք բոլորը...

― Հապա ի՞նչ եք կարծում։ Մայրիկը, ճիշտ է, սկզբից իմացել է Ալյոնա Ֆրոլովնայի՝ իմ դայակի միջոցով, ձեր Նաստասյան է վազեվազ եկել նրան հայտնելու։ Դուք ասել եք, չէ՞, Նաստասյային։ Ասում է, որ դուք եք նրան ասել։

― Ես... ես ասել եմ մի անգամ...― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը՝ ամբողջովին կարմրատակած,― բայց... ես սոսկ ակնարկել եմ... jétais si nerveux et malade et plus...[68]

Լիզավետան քրքջաց։

― Խորհրդապահը, ահա, ձեռքի տակ չէր, իսկ Նաստասյան հայտնվեց, դա էլ բավական է։ Իսկ ամբողջ քաղաքը նրա սանամերներն են։ Բայց դե, վերջ տվեք, չէ որ միևնույնն է, է, թող իմանան, նույնիսկ ավելի լավ։ Դե, շուտ եկեք, մենք վաղ ենք ճաշում... Հա, մոռացել էի,― նա նորից նստեց,― լսեք, ի՞նչ բան է Շատովը։

― Շատո՞վը։ Դարյա Պավլովնայի եղբայրն է...

― Գիտեմ, եղբայրն է, ինչ զարմանալի եք, իրոք,― անհանգստությամբ ընդհատեց նա։― Ես ուզում եմ իմանալ, ի՞նչ է նա, ինչպիսի՞ մարդ է։

― C’est un pense - creux d’ici. C’est le meilleur et le plus irascible homme du monde...[69]

― Ինքս էլ եմ լսել, որ մի տեսակ տարօրինակ է։ Իմիջիայլոց, ուրիշ բան եմ հարցնում։ Լսել եմ, երեք լեզու գիտե, և անգլերեն, ու կարող է գրական աշխատանքով զբաղվել։ Այդ դեպքում, նրա համար ինձ մոտ շատ գործ կա, ինձ օգնական է պետք, և ինչքան շուտ, այնքան ավելի լավ։ Գործը կվերցնի՞, թե՝ ոչ։ Նրան երաշխավորել են ինձ...

― O, անպայման, et vous fairez un bienfait...[70]

― Ես ամենևին էլ bienfait-ի համար չեմ ասում, ի՛նձ է օգնական պետք։

― Ես բավական լավ գիտեմ Շատովին,― ասացի ես,― և եթե ինձ հանձնարարեք հայտնել նրան, ապա այս րոպեիս կգնամ նրա մոտ։

― Հայտնեք նրան, որ վաղն առավոտյան գա, ժամը տասներկուսին։ Հիանալի է։ Շնորհակալ եմ։ Մավրիկիյ Նիկոլաևիչ, պատրա՞ստ եք։

Նրանք գնացին։ Անշուշտ, ես իսկույն շտապեցի Շատովի մոտ։

― Mon ami[71],― առմուտքի մոտ ինձ հասավ Ստեպան Տրոֆիմովիչը,― անպայման ինձ մոտ եղեք ժամը տասին կամ տասնմեկին, երբ վերադառնամ։ Օ՜, ես չափազանց, չափազանց մեղավոր եմ ձեր առաջ և... բոլորի առաջ, բոլորի առաջ։

VIII

Շատովին տանը չգտա, երկու ժամ անց եկա վազեվազ՝ նորից չկար։ Ի վերջո, արդեն ժամը ութի մոտ գնացի, որպեսզի կամ տանը գտնեմ, կամ երկտող թողնեմ, դարձյալ չկար։ Բնակարանը փակ էր, իսկ նա մենակ էր ապրում, առանց սպասավոր ու աղախնի։ Մտքովս անցավ, չիջնե՞մ արդյոք ցած, կապիտան Լեբյադկինի մոտ, Շատովի մասին հարցնելու, բայց այնտեղ էլ էր փակ, ոչ ձայն կար, ոչ լույս, ասես ամայի տեղ լիներ։ Հետաքրքրությամբ անցա Լեբյադկինի դռան մոտով՝ վերջերս պատմածների ազդեցության տակ։ Վերջիվերջո, որոշեցի վաղն ավելի շուտ գալ։ Ճիշտն ասած, երկտողի վրա այնքան էլ հույս չունեի, Շատովը կարող էր դա բանի տեղ չդնել, այնքան համառն էր, այնքան ամաչկոտ։ Անհաջողությունը նզովելով և արդեն ելնելով դարպասից, հանկարծ դեմ առա պարոն Կիրիլլովին։ Նա տուն էր մտնում և առաջինը ճանաչեց ինձ։ Քանի որ ինքը սկսեց հարցուփորձը, ընդհանուր գծերով ամեն ինչ պատմեցի նրան և ասացի, որ երկտող ունեմ։

― Գնանք,― ասաց նա,― ես ամեն ինչ կանեմ։

Ես հիշեցի, որ նա, Լիպուտինի ասածով, առավոտից զբաղեցրել է փայտյա կողաշենքը բակում։ Նրա համար չափից ավելի ընդարձակ այդ կողաշենքում նրա հետ միասին բնակվում էր մի խուլ պառավ, որն էլ աղախնություն էր անում։ Տանտերն իր մյուս նոր տունը և մեկ ուրիշ փողոցում պանդոկ ուներ, իսկ այդ պառավը՝ կարծեմ, նրա ազգականուհին, մնացել էր հետևելու ամբողջ հին տանը։ Կողաշենքում սենյակները բավական մաքուր էին, բայց պաստառները՝ կեղտոտ։ Այդ սենյակում, ուր մտանք, կահույքը հավաքովի էր, տարբեր չափերի և կատարյալ խոտան, թղթախաղի երկու սեղան, լաստենուց դարակներով պահարան, տախտակյա մեծ սեղան մի որևէ խրճիթից կամ խոհանոցից, աթոռներ ու բազմոց՝ ցանցավոր թիկնակներով և կաշվե բարձերով։ Անկյունում դրված էր հնամենի սրբապատկերը, որի առաջ պառավը, դեռևս նախքան մեր գալը, վառել էր կանթեղը, իսկ պատերից կախ էին երկու մեծ, յուղաներկ խամրած դիմանկար, մեկը հանգուցյալ կայսր Նիկոլայ Պավլովիչինն էր, ամեն ինչից դատելով, նկարված դեռևս հարյուրամյակի քսանական թվականներին, մյուսը պատկերում էր ինչ-որ ավագերեցի։

Պարոն Կիրիլլովը մոմ վառեց և անկյունում դրված ու դեռևս չդատարկված ճամպրուկից հանեց ծրար, զմուռս և բյուրեղապակյա փոքր կնիք։

― Կկնքեք ձեր երկտողը և կստորագրեք ծրարը։

Ես առարկեցի, թե հարկավոր չէ, բայց նա պնդեց։ Ծրարը մակագրելուց հետո, վերցրեցի գլխարկս։

― Իսկ ես կարծում էի, թեյ կխմենք,― ասաց նա,― ես թեյ եմ գնել։ Ուզո՞ւմ եք։

Չհրաժարվեցի։ Պառավը շուտով բերեց թեյը, այսինքն, մեծ թեյնիկով՝ տաք ջուր, փոքրով՝ առատ թրմած թեյ, երկու խոշոր, քարե, կոպիտ նախշած գավաթ, կալաչ և մի խոր ափսե՝ կոտրատած շաքարով լի։

― Ես թեյ սիրում եմ,― ասաց նա,― գիշերը, շատ, քայլում եմ ու խմում։ Մինչև լուսաբաց։ Արտասահմանում թեյը գիշերով ընդունված չէ։

― Դուք պառկում եք լուսաբացի՞ն։

― Միշտ, վաղուց։ Ես քիչ եմ ուտում, միշտ` թեյ։ Լիպուտինը խորամանկ է, բայց անհամբեր։

Ինձ զարմացրեց, որ նա ուզում է խոսել, որոշեցի օգտվել պահից։

― Վերջեղս տհաճ թյուրիմացություններ եղան,― նշեցի ես։

Նա շատ խոժոռվեց։

― Դա հիմարություն է, շատ փուչ բաներ։ Այստեղ ամեն ինչ դատարկ բան է, որովհետև Լեբյադկինը հարբեցող է։ Ես Լիպուտինին չեմ ասել, այլ միայն բացատրել եմ այդ դատարկ բաները, որովհետև նա ստեր է ասել։ Լիպուտինի երևակայությունը շատ է, դատարկ բաներից սարեր է սարքել։ Ես երեկ Լիպուտինին հավատում էի։

― Իսկ այսօր ի՞նձ,― ծիծաղեցի ես։

― Բայց չէ որ դուք արդեն ամեն ինչ գիտեք քիչ առաջվանից։ Լիպուտինը կամ թույլ է, կամ անհամբեր, կամ վնասակար, կամ... նախանձում է։

Վերջին բառն ինձ ապշեցրեց։

― Ի դեպ, այնքան տեսակներ շարեցիք, որ դրանցից մեկնումեկին կհամապատասխանի։

― Կամ՝ բոլորին մեկտեղ։

― Այո, դա էլ է ճիշտ։ Լիպուտինը քաոս է։ Ճի՞շտ է, նա ստո՞ւմ էր, որ ուզում եք ինչ-որ ստեղծագործություն գրել։

― Իսկ ինչո՞ւ՝ ստում էր,― խոժոռվեց նա կրկին՝ հայացքը ցած հառած։

Ես ներողություն խնդրեցի և սկսեցի հավատացնել, որ խոսք չեմ կորզում։ Նա շառագունեց։

― Նա ճիշտ էր ասում, ես գրում եմ։ Միայն թե, դա միևնույնն է։

Մի րոպեի չափ լուռ էինք։ Նա հանկարծ ժպտաց իր մանկական ժպիտով։

― Այդ գլուխների մասին ինքն էր հորինել, գրքից, և ինքն էլ սկզբից ինձ ասաց, ու վատ է հասկանում, ես միայն փնտրում եմ պատճառները, թե ինչու մարդիկ չեն համարձակվում սպանել իրենց, ուրիշ ոչինչ։ Եվ դա էլ է միևնույն։

― Ինչպե՞ս չեն համարձակվում։ Մի՞թե քիչ են ինքնասպանությունները։

― Շատ քիչ։

― Արդյո՞ք դուք այդպես եք գտնում։

Նա չպատասխանեց, վեր կացավ ու սկսեց մտազբաղ ետուառաջ քայլել։

― Իսկ ձեր կարծիքով, ի՞նչն է մարդկանց ետ պահում ինքնասպանությունից,― հարցրի ես։

Նա նայեց ցրված, կարծես մտաբերելով, թե ինչի մասին էինք խոսում։

― Ես... ես դեռ քիչ գիտեմ... երկու նախապաշարմունք են ետ պահում, երկու բան, միայն երկու։ Մեկը՝ շատ փոքր, մյուսը՝ շատ մեծ։ Բայց փոքրն էլ է շատ մեծ։

― Ցավը։

― Ցա՞վը։ Մի՞թե դա այդքան կարևոր է... նման դեպքում։

― Ամենաառաջինը։ Երկու տեսակ կան. նրանք, ովքեր իրենց սպանում են կամ մեծ տխրությունից, կամ չարությունից, կամ խելագար են, կամ էլ միևնույն է... նրանցը՝ հանկարծակի է։ Նրանք քիչ են ցավի մասին մտածում, այլ հանկարծակի։ Իսկ որ գիտակցությունից են, նրանք շատ են մտածում։

― Եվ մի՞թե կան այնպիսիք, որ գիտակցությունից են։

― Շա՜տ-շա՜տ։ Եթե նախապաշարմունքը չլիներ, ավելի շատ կլինեին, շա՜տ-շա՜տ, բոլորը։

― Չէ մի՝ բոլո՞րը։

Նա լռության տվեց։

― Եվ մի՞թե միջոցներ չկան մեռնել առանց ցավի։

― Պատկերացրեք,― նա կանգ առավ իմ դիմաց,― պատկերացրեք այնպիսի մեծության քար, ինչպես մեծ տունը։ Կախված է, դուք էլ տակն եք։ Եթե ընկնի ձեզ վրա, ձեր գլխին, կցավեցնի՞։

― Տան չափ քա՞ր։ Անշուշտ, սարսափելի է։

― Սարսափի մասին չեմ ասում, կցա՞վի։

― Քարը բարձրի՞ց, միլիոն փթանո՞ց։ Հասկանալի է, ոչ ցավ, ոչ բան։

― Բայց իսկականից կանգնեք, ու քանի կախված է, դուք շատ կվախենաք, որ կցավացնի։ Ամեն մի առաջին գիտնական, առաջին դոկտոր, բոլորը, բոլորը շատ պիտի վախենան։ Ամեն մեկը կիմանա, որ ցավ չի լինի, և ամեն մեկը շատ պիտի վախենա, որ ցավ կլինի։

― Լավ, իսկ երկրո՞րդ պատճառը, այդ մե՞ծը։

― Այն աշխարհը։

― Այսինքն՝ պատի՞ժը։

֊Միևնույն է։ Այն աշխարհը, մենակ այն աշխարհը։

― Արդյո՞ք չկան այնպիսի աթեիստներ, որոնք ամենևին չեն հավատում այն աշխարհին։

Նա նորից լռության տվեց։

― Դուք գուցե ձեզնո՞վ եք դատում։

― Ամեն մեկը չի կարող դատել իրենով,― ասաց նա՝ կարմրելով։― Լրիվ ազատություն կլինի այն ժամանակ, երբ միևնույն կլինի՝ ապրել կամ չապրել։ Ահա ամեն ինչի նպատակը։

― Նպատա՞կ։ Բայց այդ ժամանակ ոչ ոք գուցեև չուզենա՞ ապրել։

― Ոչ ոք,― վճռական արտաբերեց նա։

― Մարդը մահից վախենում է, որովհետև կյանքն է սիրում, ահա ինչպես եմ հասկանում,― նշեցի ես,― այդպես բնությունն է տնօրինել։

― Դա ստորություն է, և այդտեղ է ամբողջ խաբեությունը,

― Նրա աչքերը փայլփլեցին։― Կյանքը ցավ է, կյանքը վախ է, և մարդը՝ դժբախտ։ Հիմա ամեն ինչ ցավ է և վախ։ Հիմա մարդը կյանքն է սիրում, որովհետև ցավն ու վախն է սիրում։ Եվ այդպես արել են։ Կյանքը տրվում է հիմա ցավի ու վախի դիմաց, և այստեղ է ամբողջ խաբեությունը։ Հիմա մարդը դեռևս այն մարդը չէ։ Կլինի նոր մարդ՝ երջանիկ ու հպարտ։ Ում համար միևնույնն է՝ կապրի, թե չի ապրի, դա կլինի նոր մարդ։ Ով հաղթեց ցավը և վախը, նա ինքը կլինի Աստված։ Իսկ մյուսն Աստված չի լինի։

― Նշանակում է, այն Աստված կա՞, ձեր կարծիքով։

― Նա չկա, բայց նա կա։ Քարի մեջ ցավ չկա, բայց քարից եկած վախի մեջ ցավ կա։ Աստված մահվան վախի ցավն է։ Ով հաղթեց ցավը և վախը, նա ինքը կդառնա Աստված։ Այդ ժամանակ՝ նոր կյանք, այդ ժամանակ՝ նոր մարդ, ամեն ինչ նոր... Այդ ժամանակ պատմությունը կբաժանեն երկու մասի, գորիլլայից մինչև Աստծո ոչնչացումը և Աստծո ոչնչացումից մինչև...

― Մինչև գորի՞լլա։

― ... Մինչև երկրի և մարդու փոփոխումը ֆիզիկապես։ Աստված կլինի մարդը և կփոխվի ֆիզիկապես։ Եվ աշխարհը կփոխվի, և գործերը կփոխվեն, և մտքերը, և բոլոր զգացմունքները։ Ի՞նչ եք մտածում, կփոխվի՞ այդ ժամանակ մարդը ֆիզիկապես։

― Եթե միևնույնը եղավ՝ ապրել, թե չապրել, ապա բոլորը կսպանեն իրենց, և գուցե ահա թե ինչը կլինի փոփոխություն։

― Դա միևնույնն է։ Խաբեությունը կսպանեն։ Յուրաքանչյուրը, ով ուզեց գլխավոր ազատությունը, նա պետք է համարձակվի սպանել իրեն։ Ով կհամարձակվի սպանել իրեն, նա խաբեության գաղտնիքն իմացավ։ Այն կողմ ազատություն չկա, այստեղ ամեն ինչ է, այն կողմ չկա ոչինչ։ Ով համարձակվեց սպանել իրեն, նա Աստված է։ Հիմա ամեն մեկը կարող է անել, որ Աստված չի լինի և ոչինչ չի լինի։ Բայց ոչ ոք դեռ ոչ մի անգամ չի արել։

― Միլիոնավոր ինքնասպաններ են եղել։

― Բայց բոլորը ոչ դրանից, միշտ վախով ու ոչ դրա համար։ Ոչ դրա համար, որ վախը սպանեն։ Ով սպանեց իրեն միայն նրա համար, որ վախը սպանեց, նա անմիջապես Աստված դարձավ։

― Գուցե թե չհասցնի, ― նշեցի ես։

― Դա միևնույն է,― պատասխանեց նա մեղմաձայն, հանդարտ հպարտությամբ, համարյա թե արհամարհանքով։― Ափսոսում եմ, որ դուք կարծես թե ծիծաղում եք,― ավելացրեց նա կես րոպե անց։

― Իսկ ինձ համար տարօրինակ է, որ քիչ առաջ բորբոքված էիք, իսկ հիմա այնքան հանգիստ եք, թեև տաքացած եք խոսում։

― Քիչ առա՞ջ։ Քիչ առաջ ծիծաղելի էր,― պատասխանեց նա ժպտալով,― ես չեմ սիրում նախատել և երբեք չեմ ծիծաղում,― ավելացրեց նա տխրությամբ։

― Այո, անուրախ եք անցկացնում ձեր գիշերները՝ թեյ խմելով։― Ես վեր կացա ու վերցրեցի գլխարկս։

― Դուք այդպե՞ս եք մտածում,― ժպտաց նա որոշ զարմանքով։― Իսկ ինչո՞ւ։ Ոչ, ես... ես չգիտեմ,― կարկամեց հանկարծ,― չգիտեմ, ինչպես ուրիշները, իսկ ես այնպես եմ զգում, որ չեմ կարող, ինչպես ամեն մեկը։ Ամեն մեկը մտածում է և հետո հիմա ուրիշ բանի մասին է մտածում։ Ես չեմ կարող ուրիշ բանի մասին, ամբողջ կյանքում ես մի բանի մասին։ Ինձ Աստված ամբողջ կյանքում տանջել է,― եզրափակեց նա հանկարծ զարմանալի հախուռնությամբ։

― Իսկ ասացեք, եթե թույլ կտաք, ինչո՞ւ դուք ոչ այնքան ճիշտ եք խոսում մայրենի լեզվով։ Մի՞թե հինգ տարում մոռացել եք արտասահմանում։

― Մի՞թե ճիշտ չեմ։ Չգիտեմ։ Չէ, ոչ թե, որ արտասահմանում։ Ես այդպես ամբողջ կյանքում եմ խոսել... Ինձ համար միևնույնն է։

― Եվս մի հարց, ավելի նուրբ, ես լիովին հավատում եմ, որ դուք հակված չեք հանդիպել մարդկանց և քիչ եք խոսում մարդկանց հետ։ Ինչո՞ւ հիմա ինձ հետ խոսքի բռնվեցիք։

― Ձեզ հե՞տ։ Դուք այնտեղ լավ էիք նստած և դուք... իմիջիայլոց միևնույն է... դուք իմ եղբորն եք շատ նման, շատ, արտակարգ,― արտաբերեց նա, կարմրելով,― նա յոթը տարի մահացել է, ավագը, շատ, անչափ շատ։

― Պետք է որ շատ ազդեցություն ունենար ձեր մտածելակերպի վրա։

― Ո-ո՜չ, նա քիչ էր խոսում, նա ոչինչ չէր ասում։ Ես ձեր երկտողը կհանձնեմ։

Նա լապտերով ուղեկցեց ինձ մինչև դարպասը, ինձնից հետո կողպելու համար։ «Իհարկե, խանգարված է»,― վճռեցի ինքս ինձ։ Դարպասի մեջ նոր հանդիպում կայացավ։

IX

Նոր էի ոտքս բարձրացրել դռնակի բարձր շեմից վեր, հանկարծ ինչ-որ մեկի ուժեղ ձեռքը բռնեց օձիքս։

― Ո՞վ է սույնը,― որոտաց մի ձայն,― բարեկա՞մ ես, թե՝ ոչ։ Խոստովանիր։

― Մերոնցից է, մերոնցից,― կողքին ճղճղաց Լիպուտինի ձայնը,― պարոն Գ.-վն է, դասական դաստիարակություն և ամենաբարձր հասարակության մեջ կապեր ունեցող երիտասարդ։

― Սիրում եմ, թե որ հասարակության մեջ, դա-սսա-ական... ուրեմն, ամ-մե-նա-աու-ուսյալ... պաշտոնաթող կապիտան Իգնատ Լեբյադկին, պատրաստ ծառայել աշխարհին և ընկերներին... եթե հավատարիմ են, եթե հավատարիմ են ստորները։

Կապիտան Լեբյադկինը՝ տասը վերշոկանոց հասակով, հաստ, մսեղ, գանգրամազ, կարմիր և սաստիկ հարբած, հազիվ էր կանգնած իմ դիմաց և դժվարությամբ էր արտաբերում բառերը։ Ի դեպ, առաջ էլ էի տեսել նրան հեռվից։

― Ա՜, սա էլ է,― որոտաց նա կրկին՝ նկատելով Կիրիլլովին, որը դեռ չէր գնացել իր լապտերով, կապիտանը բարձրացրեց բռունցքը, բայցև իսկույն իջեցրեց։

― Ներում եմ ուսյալության համար։ Իգնատ Լեբյադկին՝ ամենաուսյալ...

Սիրո նռնակը բոցկլտուն
Ճաք տվեց Իգնատի կրծքում։
Եվ նորից՝ Սևաստոպոլը հիշելով,
Կռնատը մորմոքաց լալով։

― Թեև Սևաստոպոլում չեմ եղել ու կռնատ չեմ նույնիսկ, բայց դե, ի՜նչ հանգեր են,― քիթս էր մտնում նա իր հարբած ռեխով։

― Նրանք ժամանակ չունեն, ժամանակ չունեն, տուն պիտի գնան,― համոզում էր Լիպուտինը,― վաղը նրանք Լիզավետա Նիկոլաևնային կպատմեն։

― Լիզավետայի՜ն...― ոռնաց կրկին,― սպասի, չգնաս։ Վարյանտ՝

Ամազոնուհիների շուրջպարում
Աստղ է թռվռում նժույգի վրա
Եվ ժպտալով ինձ՝ նժույգն է վարում
Իսկն ազն-նվա-ակաան մի երեխա։

«Ամազոնուհի աստղին»։

― Բայց չէ որ սա հիմն է։ Հիմն է սա, եթե դու ավանակ չես։ Անբանները չեն հասկանում։ Սպասի՜,― կառչեց նա իմ վերարկուից, թեև ամբողջ ուժով դուրս էի պրծնում դռնակից։― Կհայտնես, որ ես պատվո ասպետ եմ, իսկ Դաշան... Դաշկային ես երկու մատով... անազատ ճորտ է ու չի համարձակվի...

Այստեղ նա ընկավ, որովհետև ես ուժով պոկվեցի նրա ձեռքերից ու վազեցի փողոցով։ Լիպուտինը կպավ պոչիցս։

― Նրան Ալեքսեյ Նիլըյչը կբարձրացնեն։ Գիտե՞ք, թե նոր ինչ իմացա իրենից,― բլբլացնում էր նա շնչակտուր։― Ոտանավորները լսեցիք, չէ՞։ Ուրեմն, այդ ոտանավորները, «Ամազոնուհիները աստղին», նա ահա ծրարել, կնքել է և վաղն ուղարկելու է Լիզավետա Նիկոլաևնային, իր լրիվ ստորագրությամբ։ Ի՜նչ կասեք։

― Գրազ եմ գալիս, որ հենց դուք եք նրան դրդել։

― Կտարվեք,― քրքջաց Լիպուտինը։― Սիրահարված է, կատվի պես է սիրահարված, իսկ գիտե՞ք արդյոք, որ ատելությունից սկսվեց։ Սկզբից նա այնպես ատեց Լիզավետա Նիկոլաևնային՝ ձիով զբոսնելու համար, որ համարյա թե բարձրաձայն հայհոյում էր փողոցում։ Եվ հո չէ՜ր հայհոյում։ Դեռ երեք օր առաջ հայհոյեց, երբ նա անցավ ձիով, բարեբախտաբար, չլսեց, ու հանկարծ այսօր՝ բանաստեղծություն։ Գիտե՞ք արդյոք, որ նա ուզում է սիրտ անել առաջարկության։ Լուրջ եմ ասում, լուրջ։

― Լիպուտին, ես զարմանում եմ ձեզ վրա, ամեն տեղ դուք կաք, որտեղ հենց նման մի աղբ գոյացավ, ամեն տեղ տնօրինում եք,― ասացի ես մոլեգնած։

― Բայց դուք շատ հեռուն գնացիք, պարոն Գ.-ով, չլինի՞ թրթռաց ձեր սիրտը, ախոյանից վախեցած, հը՞։

― Ի-իիի՞նչ,― բղավեցի ես՝ կանգ առնելով։

― Այս էլ՝ պատիժը ձեզ, ու էլ ոչինչ չեմ ասի։ Իսկ չէ՞ որ շատ կուզեիք լսել։ Թեկուզ մենակ այն, որ այդ տխմարը հիմա հասարակ կապիտան չէ, այլ մեր նահանգի կալվածատեր, ու բավական նշանակալի, քանի որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ամբողջ կալվածքը, իր նախկին երկու հարյուր շունչն օրերս վաճառել են, և ահա, Աստված վկա, չեմ խաբում, նոր իմացա, բայց շատ ու շատ հաստատ աղբյուրից։ Դե, իսկ հիմա ինքներդ փորփրեք, ոչինչ չեմ ասի, ցը-տեսություն։

X

Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր սպասում հիստերիկ անհամբերությամբ։ Արդեն մի ժամ կլիներ, վերադարձել էր։ Ես նրան տեսա, կարծես հարբած վիճակում։ Համենայն դեպս, առաջին հինգ րոպեն մտածում էի, թե հարբած է։ Ավաղ, այցելությունը Դրազդովներին վերջնականապես հանել էր նրան հունից։

― Mon ami, ես լրիվ կորցրել եմ իմ թելը... Lise... ես սիրում և հարգում եմ այդ հրեշտակին առաջվա պես, հենց առաջվա պես։ Բայց ինձ թվում է, նրանք երկուսն էլ սպասում էին ինձ միայն ինչ-որ բան պարզելու, այսինքն, պարզապես ինձնից խոսքքաշելու համար, իսկ հետո, գնաքո ճամփով... Աա այսպես է։

― Ինչպե՜ս չեք ամաչում,― բղավեցի ես՝ չդիմանալով։

― Բարեկամս, հիմա ես լրիվ մենակ եմ։ Enfin, c’est ridicule[72]։ Պատկերացրեք, որ այնտեղ էլ այս ամենը պարուրված է գաղտնիքներով։ Այդպես էլ վրա տվեցին ինձ՝ այդ քթերի և ականջների, պետերբուրգյան ինչ-ինչ գաղտնիքների մասին։ Չէ որ երկուսն էլ միայն այստեղ են առաջին անգամ տեղեկացել Nicolas-ի հետ այստեղի պատմությունների մասին, չորս տարի առաջվա. «Դուք այստեղ եք եղել, դուք տեսել եք, ճի՞շտ է արդյոք, որ նա խելագար է»։ Եվ որտեղի՞ց է այդ գաղափարը մեջտեղ եկել, չեմ հասկանում։ Պրասկովյան ինչո՞ւ է անպայման ուզում, որ Nicolas-ը խելագար դուրս գա։ Ուզում է այդ կինը, ուզում է։ Ce Maurice[73], կամ ինչպես են նրան կոչում, Մավրիկիյ Նիկոլաևիչը, brave homme tout de même[74], բայց արդյո՞ք նրա օգտին, և այն բանից հետո, երբ հենց ինքն էր Փարիզից առաջինը գրել cet pouve amie[75]... Enfin, այդ Պրասկովյան, ինչպես կոչում է նրան cette chèr amie[76]-ն, մի տխմար է, Գոգոլի անմահ հիշատակին՝ Կոռոբոչկա, բայց միայն չարասիրտ Կոռոբոչկա, դյուրաբորբոք, ու անսահման խոշորացված տեսքով։

― Բայց այդպես սնդուկ կստացվի, հաստա՞տ խոշորացված։

― Լավ, փոքրացված, միևնույնն է, միայն մի ընդհատեք, որովհետև ներսումս այդ ամենը պտույտ է տալիս։ Այնտեղ նրանք լրիվ թուքումուրի են անցել, բացի Lise, նա դեռևս «Հորաքույր, հորաքույր» է ասում, բայց Lise խորամանկ է ու այնտեղ էլի ինչ-որ բան կա։ Գաղտնիքներ։ Սակայն պառավի հետ գժտվեցին։ Cette pouvre[77] հորաքույրը, ճիշտ է, բոլորի վրա բռնանում է... ավելացրած դեռ և նահանգապետուհին, և հասարակության անհարգալիրությունը, և Կարմազինովի «անհարգալիրությունը», ու հանկարծ էլ խելագարության մասին այդ միտքը, ce Lipoutine, ce que je ne comprends pas[78]։ Եվ ասում են, թե գլուխը քացախով է թրջել, այդտեղ էլ մենք ու դուք, մեր գանգատներով ու մեր նամակներով... Օ՜, ինչպես եմ տանջել նրան, ու այդպիսի մի ժամանակ։ Je suis un ingrat![79] Պատկերացրեք, վերադառնում եմ ու նրանից մի նամակ գտնում։ Կարդացեք, կարդացեք։ Օ՜, ինչպիսի անազնվություն իմ կողմից։

Նա ինձ տվեց Վարվառա Պետրովնայից հենց նոր ստացած նամակը։ Կարծես, նա զղջացել էր առավոտյան «Մնացեք տանը» բառերի համար։ Նամակը բարեկիրթ էր, բայց և այնպես վճռական ու սակավաբառ։ Վաղը չէ մյուս օրը, կիրակի, նա խնդրում էր Ստեպան Տրոֆիմովիչին՝ իր մոտ լինել ժամը տասներկուսին և խորհուրդ էր տվել իր հետ տանել ընկերներից որևէ մեկին (փակագծերում իմ անունն էր)։ Իր կողմից, խոստացել էր կանչել Շատովին, որպես Դարյա Պավլովնայի եղբորը։ «Դուք կարող եք Դարյա Պավլովնայից ստանալ վերջնական պատասխան, կբավականացնի՞ դա ձեզ։ Այդ ձևականությա՞նն էիք այդպես հետամուտ»։

― Նկատի առեք վերջի այդ բորբոքված նախադասությունը ձևականության մասին։ Խե՜ղճ իմ, խե՜ղճ, ամբողջ կյանքիս բարեկամը։ Խոստովանում եմ, ճակատագրի այդ հանկարծակի լուծումը ճիշտ կարծես ճզմել է ինձ... Խոստովանեմ, ես դեռ հուսադրվում էի, իսկ հիմա tout est dit[80], ես արդեն գիտեմ, որ վերջացած է, c’est terrible[81]։ Օ՜, եթե բոլորովին չլիներ այդ կիրակին, այլ ամեն ինչ հնի պես՝ դուք կգայիք, ես էլ այստեղ...

― Ձեզ հունից հանել են լիպուտինյան բոլոր այդ վերջին գարշելիությունները, բամբասանքները։

― Բարեկամս, դուք հիմա դիպաք մեկ ուրիշ ցավոտ տեղի, ձեր բարեկամական մատով։ Բարեկամական այդ մատներն ընդհանրապես անողոք են, երբեմն էլ անհասկացող, pardon[82], բայց կհավատա՞ք արդյոք, որ ես համարյա մոռացել եմ այդ ամենը, նողկալիությունները, այսինքն՝ բոլորովին էլ չեմ մոռացել, բայց ես, իմ հիմարության պատճառով, ամբողջ այն ընթացքում, երբ Lise-ի մոտ էի, աշխատում էի երջանիկ լինել ու հավատացնում էի ինձ, թե երջանիկ եմ։ Բայց հիմա... օ՜, հիմա ես այդ մեծահոգի, մարդասեր, իմ ստոր արատների հանդեպ համբերատար կնոջ մասին, այսինքն՝ թեև ոչ այնքան համբերատար, բասց դե, ի՞նքս ինչպիսին եմ, իմ ւիուչ, գեշ բնավորությամբ։ Չէ որ ես կամակոր երեխա եմ, երեխայի համակ եսապաշտությամբ, բայց առանց նրա անմեղության։ Նա քսան տարի խնամել է ինձ դայակի նման, cette pauvre հորաքույրը, ինչպես Lise-ն է վեհապանծ կոչում նրան։ Ու հանկարծ, քսան տարի անց, երեխան ցանկացել է ամուսնանալ, ամուսնացրու հա ամուսնացրու, նամակ նամակի վրա, իսկ նրա գլխին՝ քացախի թրջոց ու... ահա և հասա, կիրակի օրն ամուսնացած մարդ եմ, կատակ բան չէ... Եվ ի՞նչ էի ինքս ինձ պնդում, ինչո՞ւ էի նամակներ գրում։ Հա, մոռացա, Lise-ը պաշտում է Դարյա Պավլովնային, համենայն դեպս ասում է, նրա մասին ասում է. «C’est un ange[83], միայն թե փոքր ինչ ծածկամիտ»։ Երկուսն էլ խորհուրդ տվեցին, նույնիսկ Պրասկովյան... Իմիջիայլոց, Պրասկովյան խորհուրդ չտվեց։ Օ՜, ինչքան թույն կա այդ Կոռոբոչկայի մոջ։ Llse-ը նույնպես խորհուրդ չտվեց. «Ձեր ինչի՞ն է պետք ամուսնանալը, ձեզ բավական են նաև գիտական վայելքները»։ Քրքջում էր։ Ես նրան ներեցի իր քրքիջը, որովհետև իր սիրտն էլ է անհանգստությամբ լի։ Սակայն, ասում են նրանք, ձեզ համար առանց կնոջ անհանարին է։ Մոտենում են ձեր տկարությունները, նա ձեզ կպահի, կամ ինչպես են ասում... Ma foi[84], ես ինքս էլ, այս ամբողջ ժամանակ ձեզ հետ նստած, ինքս ինձ մտածում էի, որ նախախնամությունն է նրան ուղարկում ինձ իմ բուռն տարիների մայրամուտին և նա ինձ կպահի, կամ ինչպես են ասում... enfin[85], պետք կլինի տնտեսության մեջ։ Ահա, ի՜նչ կեղտ է ինձ մոտ, ահա, տեսեք, ամեն ինչ՝ թափթփված, նոր եմ կարգադրել, որ հավաքեն, և գիրքն ընկած է հատակին։ La pouvre amie-ն բարկանում է, որ կեղտոտ է լինում... Օ՜, հիմա արդեն էլ չի հնչի նրա ձայնը։ Vingt ans![86] Ե-եվ, նրանց մոտ կարծեմ թե անանուն նամակներ կան, պատկերացրեք, իբր Nicolas-ը Լեբյադկինին է վաճառել կալվածքը։ C’est un monstre; et enfin[87], ո՞վ է Լեբյադկինը։ Lise-ը լսում է, լսում, ո՜ւխ, ինչպես է նա լսում։ Ես ներեցի նրա քրքիջը, ես տեսա, թե ինչպիսի դեմքով է նա լսում, Lee Mourice... ես չէի ցանկանա լինել ներկայիս նրա դերում, brave homme tout de même, բայց մի քիչ ամաչկոտ է, իմիջիայլոց, Աստված նրա հետ...

Նա լռեց։ Հոգնել էր. խճճվեց ու նստած էր գլուխը հակած՝ հոգնած աչքերով անշարժ նայելով հատակին։ Ես օգտվեցի դադարից ու պատմեցի իմ այցելությունը Ֆիլիպպովի տուն, ըստ որում չոր ու կտրուկ կարծիքս հայտնեցի, որ իրոք Լեբյադկինի քույրը (ում չէի տեսել) կարող էր ինչ-որ ժամանակ լինել Nicolas-ի որևէ զոհը, նրա կյանքի հանելուկային շրջանում, ինչպես արտահայտվում էր Լիպուտինը և որ շատ հնարավոր է, որ Լեբյադկինն ինչ-որ պատճառով Nicolas-ից փող է ստանում, բայց և վերջ։ Իսկ Դարյա Պավլովնայի մասին բամբասանքների վերաբերյալ, որ այդ ամենը դատարկ բան է, որ այդ ամենը սրիկա Լիպուտինի հորինվածքներն են և որ համենայն դեպս, դա է հաստատում Ալեքսեյ Նիլըյչը եռանդագին, ում չհավատալու հիմքեր չկան։ Ստեպան Տրոֆիմովիչը լսեց իմ հավաստիացումները ցրված տեսքով, կարծես իրեն չէր վերաբերում։ Իմիջիայլոց, հիշատակեցի նաև Կիրիլլովի հետ իմ խոսակցությունը և ավելացրի, որ Կիրիլլովը գուցեև խելագար է։

― Նա խելագար չէ, բայց դրանք կարճլիկ մտքեր ունեցող մարդիկ են,― ալարկոտ ու մի տեսակ չուզելով լմլմացրեց նա։― Ces gens-là supposent la nature et la société humaine autres que Dieu ne les a faites et qu’elles ne sot réelement[88]։ Նրանց հաճոյախոսում են, բայց համենայն դեպս ոչ Ստեպան Վերխովենսկին։ Ես տեսել են նրանց այն ժամանակ, Պետերբուրգում, avec cette chère amie (o՜, ինչպես էի այն ժամանակ վիրավորում նրան), և ոչ միայն նրանց հայհոյանքներից, նույնիսկ նրանց գովասանքներից չվախեցա։ Չեմ վախենա և հիմա, mais parlons d’autre chose[89]... Կարծում եմ, սարսափելի բաներ եմ արել։ Պատկերացրեք, երեկ նամակ եմ ուղարկել Դարյա Պավլովնային և... ինչպես եմ ինքս ինձ նզովում դրա համար։

― Իսկ ինչի՞ մասին եք գրել։

― O՜, բարեկամս, հավատացեք, որ այդ ամենը շատ ազնվաբար է եղել։ Ես նրան տեղեկացրի, որ գրել եմ Nicolas-ին, դեռևս հինգ օր առաջ, նույնպես ազնվաբար։

― Հասկանում եմ հիմա,― բղավեցի տաքացած։― Եվ ի՞նչ իրավունք ունեիք այդպես համադրել նրանց։

― Բայց, mon cher, մի ճզմեք ինձ վերջնական, մի բղավեք ինձ վրա։ Առանց այդ էլ լրիվ ճզմված եմ ուտիճի պես և, ի վերջո, մտածում եմ, որ այդ ամենն այնքա՜ն է ազնվաբարո։ Ենթադրենք, թե այնտեղ իսկապես ինչ-որ բան եղել է... en Suisse[90], կամ սկսվել։ Պե՞տք է որ ես նախապես հարցնեմ նրանից, որպեսզի... enfin, որպեսզի չխանգարեմ նրանց սրտերին ու սյան պես չկանգնեմ նրանց ճանապարհին... Միայն ազնվությունից ելնելով, ես...

― Օ՜, Աստված, ինչ հիմար բան եք արել,― ակամա պոկվեց բերանիցս։

― Հիմարությո՜ւն, հիմարությո՜ւն,― միացավ նա, նույնիսկ ագահաբար։― Ավելի խելոք ոչինչ չէիք ասել երբեք, c’detait bête, mais que faire, tout est dit[91]։ Միևնույն է, կամուսնանամ, թեկուզև «ուրիշի մեղքերի» հետ, ուրեմն, ի՞նչ կարիք կա գրել։ ճիշտ չէ՞։

― Նորից նույնն եք շարունակում։

― Օ՜, հիմա ինձ չեք վախեցնի ձեր բղավոցներով, հիմա ձեր դիմաց արդեն այն Ստեպան Վերխովենսկին չէ. այն մեկը թաղված է։ Enfin, tout est dit[92]։ Եվ ինչի՞ համար եք բղավում։ Սոսկ այն պատճառով, որ դուք չեք ամուսնացողը և դուք չեք կրելու հայտնի գլխազարդը։ Դարձյա՞լ տհաճ էր ձեզ համար։ Խեղճ իմ բարեկամ, դուք չեք ճանաչում կնոջը, իսկ իմ արածն այն է եղել, որ ուսումնասիրել եմ նրան։ Եթե ուզում ես հաղթել ամբողջ աշխարհը, «հաղթիր ինքդ քեզ»՝ միակ բանը, որ հաջողվել է լավ ասել ձեզ պես մեկ ուրիշ ռոմանտիկի՝ Շատովին, իմ տիկնոջ եղբորը։ Հաճույքով փոխառնում եմ նրա ասույթը։ Դե, ահա և պատրաստ եմ հաղթել ինքս ինձ, և ամուսնանում եմ, այնինչ, ամբողջ աշխարհի փոխարեն ի՞նչ եմ նվաճելու։ Օ՜, բարեկամս, ամուսնությունը յուրաքանչյուր հպարտ հոգու, ամենայն անկախության բարոյական մահն է։ Ամուսնական կյանքն ինձ կայլասերի, կխլի եռանդս, գործին ծառայելու արիությունս, կհայտնվեն երեխաներ, թերևս ոչ իմ, այսինքն, հասկանալի է, ոչ իմ։ Իմաստունը չի վախենում նայել ճշմարտության աչքերին... Լիպուտինն առաջարկում էր Nicolas-ից փրկվել բարիկադներով։ Հիմար է այդ Լիպուտինը։ Կինը կխաբի ամենատես աչքն իսկ։ Le bon Dieu[93], ստեղծելով կնոջը, հարկավ, գիտեր, թե ինչի է ենթարկվում, բայց ես համոզված եմ, որ հենց կինն է խանգարել նրան ու ստիպել իրեն ստեղծել այդ տեսքով և... այդ հատկանիշներով։ Այլապես, ո՞վ կուզենար իրեն այդպիսի հոգսեր պատճառել անվճար։ Նաստասյան, գիտեմ, գուցեև բարկանա իմ վրա՝ ազատամտության համար, բայց... enfin, tout est dit։

Ինքն ինքը չէր լինի, եթե չգոհանար էժանագին, բառախաղային ազատամտությամբ, որ այնպես ծաղկում էր նրա ժամանակներում, համենայն դեպս հիմա սփոփում էր իրեն դրանով, բայց ոչ երկարատև։

― Օ՜, ինչու պիտի ամենևին չլինի այդ վաղը չէ մյուս օրը, այդ կիրակին,― բացականչեց նա հանկարծ, բայց արդեն կատարյալ հուսալքությամբ,― ինչո՞ւ գոնե այդ մի շաբաթը չլինի առանց գեթ մի կիրակի օրվա՝ si le miracle existe[94]։ Ի՞նչ է նախախնամության համար գեթ մի կիրակի օր ջնջելն օրացույցից, թեկուզև իր զորությունն աթեիստին ապացուցելու համար, et que tout soit dit[95]։ Օ՜, ինչպես եմ սիրել նրան, քսան տարի, ամբողջ քսան տարի, ու երբեք էլ նա չի հասկացել ինձ։

― Բայց ո՞ւմ մասին եք դուք խոսում, ես ձեզ չեմ հասկանում,― հարցրի ես զարմացած։

― Vingt ans։ Եվ ոչ մի անգամ չհասկացավ ինձ, օ՜, դաժան բան է դա։ Եվ միթե նա մտածում է, որ ես ամուսնանում եմ վախից, կարիքից։ Օ՜, խայտառակություն, հորաքույր, հորաքույր, ես քեզ համար... Օ՜, թող իմանա նա, այդ հորաքույրը, որ ինքը միակ կինն է, ում պաշտել եմ քսան տարի։ Նա պետք է իմանա դա, այլ կերպ չի լինի, այլ կերպ միայն ուժով ինձ քարշ կտան այդ qu’on appelle le[96] պսակի տակ։

Առաջին անգամ էի այդ խոստովանությունը լսում և այդչափ եռանդագին արտաբերված։ Չեմ թաքցնում, որ անչափ ուզում էի ծիծաղել։ Ես իրավացի չէի։

― Մենակ, մենակ նա է մնացել հիմա, միակ իմ հույսը,― հանկարծ ձեռքերն իրար զարկեց՝ ասես անսպասելի խայթված մի նոր մտքից,― հիմա միայն նա, իմ խեղճ տղան կփրկի ինձ և օ՜, իսկ ինչու չի գալիս։ Օ՜, իմ զավակ, օ՜ իմ Պետրուշա... ու թեև ես արժանի չեմ հայր կոչվել, այլ ավելի շուտ՝ վագր, բայց... laissez-moi, mon ami[97], ես մի քիչ պառկեմ, որ մտքերս ժողովեմ։ Ես այնպես եմ հոգնել, այնպես եմ հոգնել, դուք նույնպես, կարծում եմ, պիտի քնեք, voyez-veus[98], ժամը տասներկուսն է։

Գլուխ չորրորդ. Կաղլիկը

Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը


  1. պարտություն (իտալ․)։
  2. «Ինձ հետ վարվեցին, ինչպես հին գիշերագդակի հետ» (ֆրանս․)։
  3. Կարող է կործանել իմ կյանքը (ֆրանս․)։
  4. Ցանկացած երկրում (ֆրանս․)։
  5. Մակարի և նրա հորթերի երկրում (ֆրանս․)։
  6. Ես ընդամենը սովորական ձրիակյաց եմ, և ուրիշ ոչինչ։ Այո, և ու-րիշ ոչինիչ (ֆրանս․)։
  7. այդ ճեմարանականների մոտ (ֆրանս․)։
  8. Թանկագին բարեկամներս (ֆրանս․)։
  9. կայսրուհու ծաղկեփունջ (ֆրանս․)։
  10. մեր սրբազան Ռուսիո համար (ֆրանս․)։
  11. բայց պետք է զանազանել (ֆրանս․)։
  12. մեր մեջ ասած (ֆրանս․)։
  13. կոմունայի՝ Ֆալանգի բնակաշենք, ըստ ֆուրյեականների ուտոպիական ուսմունքի։
  14. իմ շատ բարի ընկեր (ֆրանս.)։
  15. Այդ անվերջանալի ռուսական բառերը... (ֆրանս.)։
  16. Դուք գիտեք, մեզ մոտ... Մի խոսքով (ֆրանս.)։
  17. իշխանությունը ցույց տալու համար (ֆրանս.)։
  18. այնինչ, դա շատ հետաքրքիր է (ֆրանս.)։
  19. սքանչելի տիկնանց (ֆրանս.)։
  20. դուք գիտեք Հոբա գրքի այդ սաղմոսները (ֆրանս.)։
  21. նա ցուցադրել Է իր իշխանությունը (ֆրանս.)։
  22. ինչ վայրի հղացում (ֆրանս.)։
  23. դուք գիտեք (ֆրանս.)։
  24. այսպիսի բարձրամտությամբ (ֆրանս.)։
  25. Մի՞թե... (ֆրանս.)։
  26. Իմ լավ բարեկամ (ֆրանս.)։
  27. Սքանչելի փոքրիկ (ֆրանս.)։
  28. Բայց, սիրելիս (ֆրանս.)։
  29. Եվ հետո, քանի որ միշտ ավելի հաճախ ես հանդիպում վանականի, քան ողջամիտ իմաստի (ֆրանս.)։
  30. ճիշտ որ, թանկագինս (ֆրանս.)։
  31. և ապա (ֆրանս.)։
  32. Սիրելի, սիրելի բարեկամ (ֆրանս.)։
  33. Դյուրաբորբոք է, բայց բարի (ֆրանս.)։
  34. Օ, դա բավական հիմար պատմություն Է։ Ես սպասում Էի ձեզ, իմ բարի ընկեր, որպեսզի պատմեմ ձեզ... (ֆրանս.)։
  35. Բոլոր շնորհալի, առաջավոր մարդիկ Ռուսաստանում եղել են, կան ու միշտ կլինեն խաղամոլներ ու հարբեցողներ, որոնք խումհարից դուրս չեն գալիս (ֆրանս.)։
  36. Բայց, մեր մեջ ասած (ֆրանս.)։
  37. Սիրելիս, ես մի... եմ (ֆրանս.)։
  38. Բայց, իմ բարի ընկեր (ֆրանս.)։
  39. Բայց չէ որ նա երեխա է (ֆրանս.)։
  40. Այո, ես սխալվեցի։ Բայց... դա միևնույնն է (ֆրանս.)։
  41. Այո, այո, ես ի վիճակի չեմ (ֆրանս.)։
  42. այդ թանկագին մանկան (ֆրանս.)։
  43. այդ թանկագին որդուն (ֆրանս.)։
  44. այնքան սահմանափակ է (ֆրանս.)։
  45. այնուամենայնիվ, խեղճ մարդ է (ֆրանս.)։
  46. Եվ վերջապես, սա ծիծաղաշարժ է (ֆրանս.)։
  47. ես տաժանապարտ եմ, Բադենգեն, մի... (ֆրանս.)։
  48. Ես թքել եմ դրա վրա (ֆրանս.)։
  49. «Մարդը, որ ծիծաղում է» (ֆրանս.)։
  50. Ես թքել եմ դրա վրա, և ես հայտարարում եմ իմ ազատությունը։ Գրողի ծոցն այդ Կարմազինովը։ Գրողի ծոցն այդ Լեմբկեն (ֆրանս.)։
  51. Ճիշտ է, չէ՞, դուք ինձ չեք մերժի աջակցությունը, որպես բարեկամ և վկա (ֆրանս.)։
  52. հենց այդպես (ֆրանս.)։
  53. նման մի բան (ֆրանս.)։
  54. ես դա հիշում եմ։ Վերջապես (ֆրանս.)։
  55. նա նման էր մի փոքր ապուշի (ֆրանս.)։
  56. ինչպես (ֆրանս.)։
  57. այդ խեղճ ընկերոջ (ֆրանս.)։
  58. մեր դյուրաբորբոք ընկերոջը (ֆրանս.)։
  59. մեր սրբազան Ռուսաստանի (ֆրանս.)։
  60. Սակայն դա կանցնի (ֆրանս.)։
  61. կատարվածին։ Դուք ինձ կուղեկցեք, ճիշտ է, չէ՞ (ֆրանս.)։
  62. Օ, Աստված, մեծն ու բարեգութ (ֆրանս.)։
  63. և սկսում եմ հավատալ (ֆրանս.)։
  64. Աստծո՞ւն։ Բարձրյալ Աստծո՞ւն, որ այնքան մեծ է ու այնքան ողորմած (ֆրանս.)։
  65. Նա անում է այն ամենը, ինչ ես ուզում եմ (ֆրանս.)։
  66. Աստված, Աստված, վերջապես մի ակնթարթ երջանկություն (ֆրանս.)։
  67. Դուք և երջանկությունը, դուք հայտնվում եք միաժամանակ (ֆրանս.)։
  68. ես այսպես հուզված էի և հիվանդ, բացի դրանից...(ֆրանս.)։
  69. Դա տեղական երազող է։ Լավագույն և ամենադյուրաբորբոք մարդն է աշխարհում... (ֆրանս.)։
  70. և դուք բարեգործություն կանեք (ֆրանս.)։
  71. բարեկամս (ֆրանս.)։
  72. Վերջապես, դա ծիծաղելի է (ֆրանս.)։
  73. Այդ Մավրիկին (ֆրանս.)։
  74. փառավոր տղա է, համենայն դեպս (ֆրանս.)։
  75. այդ խեղճ բարեկամին (ֆրանս.)։
  76. այդ թանկագին բարեկամը (ֆրանս.)։
  77. այդ խեղճ (ֆրանս.)։
  78. այդ Լիպուտինը, այն ամենը, ինչ ես չեմ հասկանում (ֆրանս.)։
  79. ես անշնորհակալ մարդ եմ (ֆրանս.)։
  80. ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։
  81. դա սարսափելի Է (ֆրանս.)։
  82. ներեցեք (ֆրանս.)։
  83. Դա հրեշտակ է (ֆրանս.)։
  84. իրոք (ֆրանս.)։
  85. վերջապես (ֆրանս.)։
  86. Քսան տարի (ֆրանս.)։
  87. Դա հրեշ է, և վերջապես (ֆրանս.)։
  88. Այդ մարդիկ իրենց համար պատկերացնում են բնությունը և մարդկային հասարակությունն այլ կերպ, քան ստեղծել է Աստված և թե ինչ են իրենք հանդիսանում իրականում (ֆրանս.)։
  89. բայց ուրիշ բաներից խոսենք (ֆրանս.)։
  90. Շվեյցարիայում (ֆրանս.)։
  91. դա հիմարություն կլիներ, բայց ինչ արած, ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։
  92. մի խոսքով, ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։
  93. Տեր Աստված (ֆրանս.)։
  94. և թող ամեն ինչ լինի վերջացած (ֆրանս.)։
  95. թող ամեն ինչ վերջացած լինի (ֆրանս.)։
  96. այսպես կոչված (ֆրանս.)։
  97. թողեք ինձ, բարեկամս (ֆրանս.)։
  98. դուք տեսնում եք (ֆրանս.)։