Գլուխ առաջին․ Գիշեր
I
Անցավ ութ օր։ Հիմա, երբ արդեն ամեն ինչ անցել է, և ես ժամանակագրությունն եմ կազմում, մենք արդեն գիտենք, թե բանն ինչ է։ Բայց այն ժամանակ դեռ ոչինչ չգիտեինք և բնական է, որ մեզ տարօրինակ էին թվում տարբեր բաներ։ Համենայն դեպս, առաջին շրջանում փակվեցինք Ստեպան Տրոֆիմովիչի հետ և երկյուղով հետևում էինք հեռվից։ Ես դեռ մեկ-մեկ դուրս էի գալիս ու առաջվա պես զանազան լուրեր բերում նրան, առանց որի նա մնալ չէր կարող։
Հարկ չկա ասել, որ քաղաքով մեկ տարածվեցին ամենաբազմազան լուրեր, այն է՝ ապտակի, Լիզավետա Նիկոլաևնայի ուշագնացության և այն կիրակի կատարված մյուս-մյուս բաների վերաբերյալ։ Բայց մեզ համար զարմանալի էր. ո՞ւմ միջոցով կարող էր այդ ամենն այդքան արագ և ստույգ հայտնի դառնալ։ Այն ժամանակ ներկա եղողներից և ոչ մեկը կարծես թե կատարվածի գաղտնիությունը խախտելու ոչ կարիքն ուներ, ոչ շահը։ Այն օրը ծառաներ չկային։ Միայն Լեբյադկինը կարող էր ինչ-որ բաներ թռցնել բերանից, ոչ այնքան չարությունից, որովհետև այն օրը դուրս եկավ սաստիկ վախեցած (իսկ վախը թշնամու հանդեպ ոչնչացնում է նաև չարությունը նրա դեմ), այլ միայն անզսպությունից դրդված։ Սակայն Լեբյադկինը, քույրիկի հետ միասին, հաջորդ օրն իսկ անհետ կորել էր։ Ֆիլիպպովի տանը չկար, տեղափոխվել էր, հայտնի չէ, թե ուր, ճիշտ կարծես գետնի տակն անցել։ Շատովը, ումից կուզեի տեղեկանալ Մարյա Տիմոֆեևնայի մասին, փակվել էր և կարծես թե այդ լրիվ ութն օրը նստած մնացել իր բնակարանում դադարեցնելով անգամ իր պարապմունքները քաղաքում։ Ինձ նա չընդունեց։ Ես նրա մոտ գնացի երեքշաբթի և թակեցի դուռը։ Պատասխան չեղավ, բայց աներկբա տվյալներից վստահ, որ նա տանն է, նորից թակեցի։ Այդժամ նա, ըստ երևույթին, դուրս թռավ անկողնուց, լայնաքայլ մոտեցավ դռանը և ամբողջ ձայնով գոռաց. «Շատովը տանը չէ»։ Այդպես էլ հեռացա։
Ստեպան Տրոֆիմովիչի հետ, ենթադրության համարձակության համար ոչ առանց երկյուղի, սակայն փոխադարձաբար քաջալերելով միմյանց, ի վերջո, հանգեցինք մի մտքի, որոշեցինք, որ տարածված լուրերի մեղավորը կարող է լինել միմիայն Պյոտր Ստեպանովիչը, թեև որոշ ժամանակ անց, հոր հետ խոսակցության ընթացքում, նա հավատացնում էր, որ պատմությունն արդեն գտել է բոլորի բերանին, գերազանցապես ակումբում, և նվազագույն մանրամասերով ծայրեծայր հայտնի նահանգապետի տիկնոջն ու նրա ամուսնուն։ Ահա, թե ինչն է նշանակալի նաև. հաջորդ իսկ օրը, երկուշաբթի իրիկնադեմին, հանդիպեցի Լիպուտինին, և նա արդեն ամեն ինչ գիտեր մինչև վերջին բառը, նշանակում է, անկասկած իմացել էր առաջին աղբյուրից։
Շատերը տիկնանցից (նաև՝ ամենաաշխարհիկներից) հետաքրքրվում էին «խորհրդավոր կաղլիկով»՝ այդպես էին կոչում Մարյա Տիմոֆեևնային։ Գտնվեցին նույնիսկ անձամբ տեսնվել և նրա հետ ծանոթանալ ցանկացողներ, այնպես որ Լեբյադկիններին թաքցնել շտապած պարոնայք, ակներևաբար, տեղին էին վարվել։ Բայց և այնպես, առաջին պլանում էր Լիզավետա Նիկոլաևնայի ուշագնացությունը, ու դրանով հետաքրքրվում էր «ամբողջ բարձրաշխարհիկը», այլևս միայն մի պատճառով, որ բանն ուղղակիորեն առնչվում էր Յուլիա Միխայլովնային, որպես Լիզավետա Նիկոլաևնայի ազգականուհի և նրա հովանավորուհի։ Եվ ինչեր-ինչե՜ր էին դուրս տալիս։ Ասեկոսեներին նպաստում էր նաև իրավիճակի խորհրդավորությունը, երկու տներն էլ խուլ փակի տակ էին։ Լիզավետա Նիկոլաևնան, ինչպես պատմում էին, պառկած էր սպիտակ տենդով, նույնն էլ պնդում էին Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին, նողկալի մանրամասերով, իբր կորցրած ատամի և լնդաբորբից ուռած այտի մասին։ Նույնիսկ խոսում էին անկյուններում, որ մեզ մոտ գուցեև սպանություն լինի, որ Ստավրոգինն այն մարդը չէ, որ կուլ տա նման վիրավորանքը և սպանելու է Շատովին, սակայն խորհրդավորությամբ, ինչպես կորսիկական վենդետտայի ժամանակ։ Այս միտքը դուր էր եկել, բայց մեր աշխարհիկ երիտասարդության մեծ մասն այդ ամենը լսում էր՝ բանի տեղ չդնելով և ամենաարհամարհական անտարբերության արտահայտությամբ, անշուշտ՝ շինծու։ Ընդհանրապես, մեր հասարակության վաղեմի թշնամանքը Նիկոլայ Վսեվոլոդովիչի հանդեպ վառ դրսևորվում էր։ Նույնիսկ պատկառելի մարդիկ ձգտում էին մեղադրել նրան, թեև իրենք էլ չգիտեին՝ ինչում։ Փսփսոցով պատմում էին, թե իբր նա է խորտակել Լիզավետա Նիկոլաևնայի պատիվը և որ նրանց միջև սիրային կապ է եղել Շվեյցարիայում։ Հարկավ, զգուշավոր մարդիկ զսպում էին իրենց, բայց և այնպես բոլորն ունկնդրում էին ախորժակով։ Ուրիշ խոսակցություններ էլ կային, բայց ոչ ընդհանրական, այլ մասնավոր, հազվադեպ ու համարյա թե փակ, չափազանց տարօրինակ և որոնց գոյությունը հիշատակում եմ՝ ընթերցողներին սոսկ նախազգուշացնելու համար, միայն իմ պատմության հետագա դեպքերի կապակցությամբ։ Հատկապես ոմանք, հոնքերը խոժոռած և Աստված գիտե, թե ինչի հիման վրա, ասում էին, թե Նիկոլայ Վսեվոլոդովիչն առանձնահատուկ ինչ֊որ գործ ունի մեր նահանգում, թե նա կոմս Կ-ի միջոցով Պետերբուրգում ինչ-ինչ բարձրագույն հարաբերությունների մեջ է մտել, թե նա նույնիսկ գուցեև ծառայում է ու ինչ-որ մեկի ինչ-որ հանձնարարություններն ունի։ Երբ շատ արդեն պատկառելի և զուսպ անձինք ժպտում էին՝ այդ լուրը լսելով, ողջամտորեն նկատելով, որ սկանդալներով ապրող և մեզ մոտ լնդաբորբով սկսած մարդը նման չէ աստիճանավորի, ապա նրանց շշնջաձայն նկատել էին տալիս, որ ծառայում է նա ոչ պաշտոնապես, այլ, այսպես ասած, կոնֆիդենցիալ և որ նման դեպքերում հենց ծառայությունն է պահանջում, որ ծառայողը հնարավորին չափ քիչ նման լինի աստիճանավորի։ Այդպիսի դիտողությունը տպավորություն էր հարուցում, մեզանում հայտնի էր, որ մեր նահանգի զեմստվոյին մայրաքաղաքում նայում են որոշ հատուկ ուշադրությամբ։ Կրկնեմ, այդ լուրերը սոսկ ցոլացին ու անհետ չքացան, ժամանակավորապես, մինչև Նիկոլայ Վսեվոլոդովիչի առաջին հայտնվելը։ Սակայն կնշեմ, որ շատ լուրերի պատճառը մասամբ մի քանի հակիրճ, բայց չարամիտ խոսքերն էին, անհստակ և կցկտուր ասված ակումբում, Պետերբուրգից վերջերս վերադարձած գվարդիայի պաշտոնաթող կապիտան Արտեմիյ Պավլովիչ Գագանովի կողմից։ Մեր նահանգի և գավառի շատ խոշոր կալվածատեր էր, մայրաքաղաքային աշխարհիկ մարդ, որդին հանգուցյալ Պավել Պավլովիչ Գագանովի, նույն այն հարգարժան ավագի, ում հետ ավելի քան չորս տարի առաջ, իր կոպտությամբ ու հանկարծակիությամբ արտասովոր բախում էր ունեցել Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ինչի մասին արդեն հիշատակել եմ իմ պատմության սկզբում։
Բոլորին անմիջապես հայտնի դարձավ, որ Յուլիա Միխայլովնան արտակարգ այցելություն է արել Վարվառա Պետրովնային և որ տան առմուտքին նրան հայտնել են, թե «վատառողջության պատճառով չեն կարող ընդունել»։ Նաև այն մասին, որ իր այցելությունից երկու օր անց Յուլիա Միխայլովնան մարդ է ուղարկել՝ տեղեկանալու Վարվառա Պետրովնայի առողջության մասին։ Ի վերջո, ընդունվեց ամենուրեք «պաշտպանել» Վարվառա Պետրովնային, իհարկե, սոսկ ամենավերին, այսինքն, ըստ հնարավորին, ամենաանորոշ իմաստով։ Այնուամենայնիվ, կիրակնօրյա պատմության մասին նախասկզբնական փութկոտ ակնարկումները լսեց խիստ և սառը տեսքով, այնպես որ հաջորդ օրերին դրանք այլևս չնորոգվեցին՝ նրա ներկայությամբ։ Այդպիսով էլ ամենուրեք կայունացավ այն միտքը, որ Յուլիա Միխայլովնային հայտնի է ոչ միայն ամբողջ խորհրդավոր պատմությունը, այլև դրա համակ խորհրդավոր իմաստը՝ նվազագույն մանրամասերով, ու ոչ որպես կողմնակի անձի, այլ մասնակցի։ Ի դեպ, նշեմ, որ նա արդեն սկսել էր մեզ մոտ կամաց-կամաց ձեռք բերել այն բարձրագույն ազդեցությունը, ինչին, անկասկած, ձգտում էր և տենչում և արդեն սկսել էր իրեն տեսնել «շրջապատված»։ Հասարակության մի մասն ընդունեց նրան հատուկ գործնական խելքն ու տակտը, բայց այդ մասին՝ հետո։ Հենց նրա հովանավորությամբ էլ մասամբ բացատրվում էին նաև նրա հասարակության մեջ Պյոտր Ստեպանովիչի բավական արագընթաց հաջողությունները, որոնք առանձնապես զարմացրել էին Ստեպան Տրոֆիմովիչին այն ժամանակ։
Ես ու նա գուցեև չափազանցնում էինք։ Նախ և առաջ, Պյոտր Ստեպանովիչը համարյա ակնթարթորեն ծանոթացավ ամբողջ քաղաքի հետ, իր հայտնվելու առաջին իսկ չորս օրերի ընթացքում։ Նա եկել էր կիրակի, իսկ երեքշաբթի արդեն հանդիպեցի նրան կառքում, Արտեմիյ Պավլովիչ Գագանովի հետ, որը գոռոզ, դյուրաբորբոք և ամբարտավան մարդ էր, չնայած իր ամբողջ աշխարհիկությանը, ում հետ, բնավորության պատճառով, բավական դժվար էր համակերպվել։ Նահանգապետը նույնպես հիանալի էր ընդունել Պյոտր Ստեպանովիչին, այն աստիճան, որ անմիջապես մտերիմի կամ, այսպես ասած, գուրգուրված երիտասարդի վիճակում հայտնվեց։ Ճաշում էր Յուլիա Միխայլովնայի մոտ համարյա ամեն օր։ Նրա հետ ծանոթացել էր դեռևս Շվեյցարիայում, սակայն նորին գերազանցության տանը նրա արագընթաց հաջողության մեջ իսկապես մի հետաքրքրական բան էր ամփոփված։ Չէ որ, այնուամենայնիվ, ժամանակին նա արտասահմանյան հեղափոխականի համբավ ուներ, ճիշտ էր դա, թե՝ ոչ, մասնակցել էր ինչ-ինչ արտասահմանյան հրատարակումների և կոնգրեսների, «որ կարելի է նույնիսկ թերթերով ապացուցել», ինչպես չարությամբ արտահայտվեց, ինձ հանդիպելով, Ալյոշա Տելյատնիկովը՝ ներկայումս, ավաղ, պաշտոնաթող մանր աստիճանավոր, իսկ նախկինում նույնպես գուրգուրված երիտասարդ առաջվա նահանգապետի տանը։ Բայց և այնպես, այստեղ մի փաստ էր առկա, նախկին հեղափոխականը սիրելի հայրենիքում գտնվում էր ոչ միայն առանց որևիցե անհանգստության, այլ համարյա թե խրախուսաբար, ուրեմն, ոչինչ էլ չկար գուցե։ Մի անգամ Լիպուտինն ինձ շշնջաց, թե, ըստ լուրերի, Պյոտր Ստեպանովիչն իբր մի տեղ ապաշխարել է և մեղքերի թողություն ստացել հայտնելով մի քանի այլ անուն, և այդպիսով գուցեև արդեն հասցրել մեղքը հատուցել, խոստանալով հետայսու ևս օգտակար լինել հայրենիքին։ Ես այդ թունավոր նախադասությունը հաղորդեցի Ստեպան Տրոֆիմովիչին և վերջինս, որ համարյա թե ի վիճակի չէր ըմբռնել, խորունկ մտորումների մեջ ընկավ։ Հետագայում բացահայտվեց, որ Պյոտր Ստեպանովիչը մեզ մոտ է եկել արտակարգ պատկառելի հանձնարարական նամակներով, ծայրահեղ դեպքում, մեկը բերել է նահանգապետուհուն՝ պետերբուրգյան անչափ կարևոր մի պառավից, ում ամուսինը պետերբուրգյան ամենանշանակալի ծերուկներից մեկն էր։ Այդ պառավը՝ Յուլիա Միխայլովնայի կնքամայրը, իր նամակում հիշատակել էր, որ կոմս Կ-ը նույնպես լավ ճանաչում էր Պյոտր Ստեպանովիչին, Նիկոլայ Վսեվոլոդովիչի միջոցով, գուրգուրել է նրան և համարում է «արժանավոր երիտասարդ, չնայած նախկին մոլորություններին»։ Յուլիա Միխայլովնան ծայրաստիճան գնահատում էր իր չնչին և այնքան դժվարությամբ պահպանվող կապերը «բարձրագույն աշխարհի» հետ ու հարկավ, ուրախ էր պատկառելի պառավի նամակն ստանալով, բայց և այնպես, այստեղ մի առանձնահատուկ բան էլ էր մնում։ Նույնիսկ ամուսնուն տրամադրեց Պյոտր Ստեպանովիչի հետ համարյա ընտանեվարի փոխհարաբերությունների, այնպես որ պարոն ֆոն Լեմբկեն բողոքում էր... բայց այդ մասին էլ՝ հետո։ Նշեմ նույնպես հիշելու համար, որ մեծ գրողն էլ խիստ բարեհաճ վերաբերվեց Պյոտր Ստեպանովիչին և անմիջապես հրավիրեց իր մոտ։ Այդքան գոռոզ մարդու այդչափ շտապողականությունը խոցեց Ստեպան Տրոֆիմովիչին ամենից ցավագին, բայց ես դա այլ կերպ բացատրեցի, իր մոտ կանչելով նիհիլիստ մեկի, պարոն Կարմազինովը, հարկավ, նկատի ուներ նրա շփումները երկու մայրաքաղաքների առաջադեմ երիտասարդների հետ։ Մեծ գրողը հիվանդագին կերպով սարսռում էր հեղափոխական նորագույն երիտասարդության առաջ և, գործից անտեղյակ, երևակայելով, թե նրանց ձեռքում է ռուսաց ապագայի բանալին, ստորացուցիչ շողոքորթում էր նրանց, գլխավորապես այն պատճառով, որ իր վրա նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում։
II
Պյոտր Ստեպանովիչը մեկ-երկու անգամ վազեվազ եկել էր իր ծնող հոր մոտ, դժբախտաբար, երկու անգամ էլ իմ բացակայությամբ։ Առաջին անգամ եկել էր չորեքշաբթի, այսինքն, առաջին այն հանդիպումից չորս օր անց, այն էլ գործերով։ Իմիջիայլոց, կալվածքի վերջնահաշիվը նրանք ավարտեցին մի տեսակ անձայն ու աներևույթ. Վարվառա Պետրովնան ամեն ինչ վերցրեց իր վրա և ամեն ինչ վճարեց, անշուշտ, ձեռք բերելով հողը, իսկ Ստեպան Տրոֆիմովիչին տեղեկացրեց միայն, որ ամեն բան վերջացած է, և Վարվառա Պետրովնայի լիազորը՝ նրա սենեկապան Ալեքսեյ Եգորովիչն ինչ-որ բաներ բերեց նրան ստորագրելու, ինչ էլ կատարեց նա լուռ և արտակարգ արժանապատվությամբ։ Արժանապատվության կապակցությամբ նշեմ, որ այդ օրերին համարյա չէի ճանաչում մեր նախկին ծերուկին։ Նա իրեն պահում էր, ինչպես երբեք նախկինում, դարձել էր զարմանալի լռակյաց, նույնիսկ ոչ մի նամակ չգրեց Վարվառա Պետրովնային, սկսած հենց կիրակի օրվանից, ինչ ես հրաշք կհամարեի, իսկ գլխավորը՝ դարձել էր հանգիստ։ Նա կայունանում էր մի վերջնական ու արտակարգ գաղափարով, որը նրան հանգստություն էր բերել՝ դա ակներև էր։ Գտել էր այդ գաղափարը, նստել ու ինչ-որ բանի էր սպասում։ Սկզբից, ի դեպ, հիվանդ էր, հատկապես երկուշաբթի՝ խոլերինա էր։ Նույնպես չէր կարող առանց լուրերի ապրել երկար ժամանակ, բայց հենց ես, փաստերը թողնելով, անցնում էի բանի էությանը և արտահայտում ինչ-ինչ ենթադրություններ, ապա իսկույն ևեթ սկսում էր ձեռքերը թափ տալ վրաս, որ վերջ տամ։ Բայց երկու տեսակցությունները որդյակի հետ, այնուամենայնիվ, հիվանդագին էին ազդել վրան, թեև չէին սասանել։ Այդ երկու օրերն էլ, տեսակցություններից հետո, նա պառկած էր բազմոցին, գլուխը փաթաթածքացախի թրջոցով, սակայն վերին իմաստով շարունակում էր հանգիստ մնալ։
Երբեմն, իմիջիայլոց, ձեռքերը չէր թափ տալիս։ Երբեմն ինձ թվում էր նույնպես, որ ընդունած խորհրդավոր վճռականությունը մի տեսակ լքում էր նրան և որ սկսում էր նա պայքարել գաղափարների մի նոր գայթակղիչ ալիքի դեմ։ Ակնթարթներ էր տևում, բայց ես նշում եմ դրանք։ Կասկածում էի, որ նա շատ կուզեր վերստին հայտարարել իր մասին, մեկուսացումից ելնելով, պայքար առաջարկել, վերջին ճակատամարտը տալ։
― Cher, ես նրանց կջախջախեի,― դուրս թռավ նրա բերանից հինգշաբթի երեկոյան, Պյոտր Ստեպանովիչի հետ երկրորդ հանդիպումից հետո, երբ նա մեկնված էր բազմոցին՝ գլուխը սրբիչով փաթաթած։
Մինչև այդ րոպեն, ամբողջ օրը ոչ մի բառ չէր փոխանակել ինձ հետ։
― «Fils, fils chéri»[1], և այլն, համաձայն եմ, որ այս բոլոր արտահայտությունները փուչ են, խոհարարուհու բառացանկ, թողնենք նրանց, ինքս էլ եմ հիմա տեսնում։ Ես նրան ուտելիք, խմելիք չեմ տվել, Բեռլինից նրան ուղարկել եմ Վ-յան նահանգ, կրծքի երեխա էր, փոստի հետ եմ ուղարկել և այլն, և այլն, համաձայն եմ... «Դու ինձ չես կերակրել, ասում է ու փոստի հետ ես ուղարկել, նաև կողոպտել ես այստեղ»։ Բայց, թշվառական, բղավում եմ նրան, չէ որ ամբողջ կյանքում քեզ համար սիրտս եմ ցավեցրել, թեև փոստի հետ։ Il rit[2]։ Բայց ես համաձայն եմ, համաձայն եմ... թող որ փոստի հետ լինի,― ավարտեց նա, ասես զառանցանքի մեջ։
― Passons[3],― սկսեց կրկին, հինգ րոպե անց։― Ես չեմ հասկանում Տուրգենևին։ Նրա այդ Բազարովը մի տեսակ շինծու դեմք է՝ ամենևին գոյություն չունեցող։ Հենց իրենք առաջինը մերժեցին նրան այն ժամանակ, որպես ոչ մի բանի չնմանվող։ Այդ Բազարովը Նոզդրևի և Բայրոնի մի տեսակ անհստակ խառնուրդն է, c’est le mot[4]։ Ուշադիր նայեք նրանց, գլխկոնծի են տալիս և ճղճղում ուրախությունից, ինչպես քոթոթներն արևի տակ, նրանք երջանիկ են, նրանք հաղթող են։ Ի՜նչ Բայրոն, ի՜նչ բան... Ըստ որում, ինչպիսի՜ առօրյա։ Ինքնասիրության ինչպիսի՜ խոհարարական դյուրաբորբոքություն, ինչպիսի՜ մանրիկ ու նվաստ ծարավ՝ faire du bruit autour de son nom[5], չնկատելով, այդ son nom-ը... O՜, ծաղրանկար։ Կներես, բղավում եմ նրան, մի՞թե դու քեզ այնպիսին, ինչպես կաս, մարդկանց առաջարկել ես ցանկանում Քրիստոսի փոխարեն։ Il rit. Il rit beaucoup, il rit trop[6]։ Նա մի տարօրինակ ժպիտ ունի։ Նրա մայրն այդ ժպիտը չուներ։ Il rit toujours[7]։
Նորից լռություն տիրեց։
― Նրանք խորամանկ են, կիրակի օրը խոսքները մեկ էին արել...― բերանից թռցրեց հանկարծակի։
― Օ՜, անկասկած,― բղավեցի ես՝ ականջներս սրելով,― այդ ամենը փոխհամաձայնեցված էր ու սպիտակ թելով կարված, շատ էլ վատ խաղացված։
― Ես դա չեմ ասում։ Գիտե՞ք, արդյոք, որ այդ ամենը դիտավորյալ էր կարված սպիտակ թելով, որպեսզի նկատեն նրանք... ում հարկավոր էր։ Հասկանո՞ւմ եք դա։
― Ոչ, չեմ հասկանում։
― Tant mieux. Passons[8]։ Ես շատ եմ բորբոքված այսօր։
― Իսկ ինչո՞ւ էիք նրա հետ վիճում, Ստեպան Տրոֆիմովիչ,― ասացի ես կշտամբանքով։
― Je voulais convertir[9]։ Իհարկե, կծիծաղեք։ Cette pauvre հորաքույրը, elle entendra de belles choses[10]։ O՜, բարեկամս, կհավատա՞ք արդյոք, որ վերջերս ինձ հայրենասեր զգացի։ Իմիջիայլոց, ես միշտ ինձ որպես ռուս եմ ընդունել... և իսկական ռուսը չի կարող այլ կերպ լինել, քան ես ու դուք։ Il y a la dedans guelgue chose d’aveugle et de louche[11]։
― Անկասկած,― պատասխանեցի ես։
― Բարեկամս, իսկական ճշմարտությունը միշտ ճշմարտանման չէ, գիտե՞ք, արդյոք, դա։ Ճշմարտությունը ճշմարտանման դարձնելու համար պետք է անպայման սուտ խառնել դրան։ Մարդիկ միշտ էլ այդպես են վարվել։ Գուցե այստեղ մի բան կա, ինչ մենք չենք հասկանում։ Ի՞նչ եք կարծում, այդ հաղթական բղավոցի մեջ կա՞ ինչ-որ բան, ինչ մենք չենք հասկանում։ Ես կցանկանայի, որ լիներ։ Ես կցանկանայի։
Ես լռեցի։ Նա նույնպես շատ երկար լռեց։
― Ասում են, ֆրանսիական խելքը...― հանկարծ մրմնջաց նա, ասես տաքության մեջ,― սուտն է որ կա, միշտ էլ այդպես է եղել։ Ինչո՞ւ զրպարտել ֆրանսիական խելքը։ Այստեղ պարզապես ռուսական ծուլությունն է, գաղափար ծնելու մեր նվաստացուցիչ անկարողությունը, ժողովուրդների շարքում մեր գարշելի մակաբուծությունը։ Ils sons tout simplement des paresseux[12], այլ ոչ թե ֆրանսիական խելքը։ Օ՜, ռուսները պիտի ոչնչացվեն՝ ի բարօրություն մարդկության, որպես վնասակար մակաբույծներ։ Մենք ամենևին, ամենևին չէինք ձգտում սրան, ես ոչինչ չեմ հասկանում։ Ես դադարել եմ հասկանալ։ Հասկանո՞ւմ ես, արդյոք, բղավում եմ նրան, հասկանո՞ւմ ես, արդյոք, որ եթե ձեզ համար գիլյոտինն առաջին պլանում է և այդպիսի ցնծությամբ, ապա միայն, որովհետև գլուխ թռցնելն ամենահեշտն է, իսկ գաղափար ունենալն ամենադժվարը։ Vous etes des paresseux! Votre drapeau est une guenille, une impuissance[13]։ Այդ սայլերը, կամ ինչպես է ասված՝ «մարդկությանը հաց հասցնող սայլերի ճռինչը», ավելի օգտակար է Սիքստինյան Տիրամորից, թե ինչպես են ասում... une betise dans ce genre[14]։ Բայց հասկանո՞ւմ ես, արդյոք, բղավում եմ նրան, հասկանո՞ւմ ես դու, որ երջանկությունից բացի մարդուն ճիշտ նույնքան ստուգապես և միանգամայն նույնքան անհրաժեշտ է նաև դժբախտություն։ Il rit։ Ասում է՝ դու այստեղ սրամտություններ ես անում «թավշյա բազմոցին անդամներդ գուրգուրելով» (նա ավելի գարշելի արտահայտվեց)։ Եվ նկատի առեք, հոր ու որդու միջև այդ դու-ի մեր սովորությունը, լավ է, եթե երկուսն էլ համաձայն են, իսկ եթե կռվո՞ւմ են։
Մի րոպե նորից լռեցինք։
― Cher,― եզրակացրեց նա հանկարծ՝ արագ բարձրանալով տեղից,― գիտե՞ք, արդյոք, որ սա անպայման մի բանով կվերջանա։
― Անշուշտ,― ասացի ես։
― Vous ne comprenez pas. Passons[15]։ Բայց... աշխարհում սովորաբար ավարտվում է ոչնչով, բայց այստեղ վերջ կլինի, անպայման, անպայման։
Ոտքի ելավ, սաստիկ հուզված չափչփեց սենյակը և նորից հասնելով բազմոցին՝ ուժասպառ ընկավ դրա վրա։
Ուրբաթ առավոտյան Պյոտր Ստեպանովիչն ինչ-որ տեղ գնաց՝ գավառ, այնտեղ մնաց մինչև երկուշաբթի։ Նրա մեկնելու մասին իմացա Լիպուտինից և տեղնուտեղը, մի տեսակ խոսքի մեջ, նրանից էլ իմացա, որ քույր ու եղբայր Լեբյադկինները գետից այն կողմ ինչ-որ տեղ են, Գորշեչնայա սլոբոդկայում։ «Հենց ինքս եմ նրանց տեղափոխել»,― ավելացրեց Լիպուտինը և, Լեբյադկինների մասին խոսքն ընդհատելով, տեղեկացրեց ինձ, որ Լիզավետա Նիկոլաևնան ամուսնանում է Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ, ու թեև չի հայտարարվել, սակայն նշանդրեք եղել է ու գործն ավարտված է։ Հաջորդ օրը հանդիպեցի հիվանդությունից հետո առաջին անգամ ձիով զբոսանքի ելած Լիզավետա Նիկոլաևնային, Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։ Նա հեռվից աչքերը շողացրեց վրաս, ծիծաղեց ու գլխով արեց բարեկամաբար։ Այդ ամենը ես հայտնեցի Ստեպան Տրոֆիմովիչին, նա որոշ ուշադրություն դարձրեց սոսկ Լեբյադկինների մասին լուրին։
Իսկ հիմա, նկարագրելով մեր հանելուկային վիճակն այդ ութն օրերի ընթացքում, երբ դեռևս ոչինչ չգիտեինք, անցնեմ իմ ժամանակագրության հաջորդ դեպքերին և արդեն, այսպես ասած, գործի իմացությամբ, այն ձևով, ինչպես ամեն ինչ բացահայտվել ու բացատրվել էր հիմա։ Սկսեմ հենց ութներորդ օրից՝ այն կիրակիից հետո, այսինքն, երկուշաբթի երեկոյից, որովհետև, ըստ էության, հենց այդ երեկոյից էլ ծայր առավ «նոր պատմությունը»։
III
Երեկոյան ժամը յոթն էր, Նիկոլայ Վսեվոլոդովիչը մենակ նստած էր իր աշխատասենյակում, դեռևս նախկինում իր նախասիրած սենյակում՝ բարձրառաստաղ, գորգապատ, փոքր-ինչ ծանր, հնամենի ոճի կահույքով կահավորված։ Նստած էր անկյունի բազմոցին, հագնված կարծես դուրս գալու համար, բայց երևում էր, ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ։ Դիմացը, սեղանին լուսամփոփով լամպ էր դրված։ Խոշոր սենյակի պատերն ու անկյունները ստվերի մեջ էին։ Հայացքը մտազբաղ էր ու կենտրոնացած, ոչ լրիվ հանգիստ, դեմքը հոգնած ու մի քիչ նիհարած։ Հիվանդ էր, իրոք, լնդաբորբով, բայց կորցրած ատամի լուրը չափազանցված էր։ Ատամը սոսկ շարժվում էր, բայց հիմա նորից պնդացել էր։ Ներսից պատռվել էր նաև վերին շրթունքը, բայց դա էլ էր լավացել։ Իսկ լնդաբորբն ամբողջ շաբաթ չէր անցնում միայն այն պատճառով, որ հիվանդը չէր ուզում բժիշկ ընդունել և ժամանակին թողնել պատռեն ուռուցքը, այլ սպասում էր, որ թարախապալարն ինքն իրեն պայթի։ Ոչ միայն բժշկին, մորն էլ հազիվ էր ներս թողնում, այն էլ մի րոպեով, օրը մի անգամ և անպայման մթնշաղին, երբ արդեն մթնում էր, իսկ լույս դեռ չէին վառում։ Չէր ընդունում Պյոտր Ստեպանովիչին նույնպես, որը սակայն օրվա մեջ երկու-երեք անգամ շտապում էր Վարվառա Պետրովնայի մոտ, քանի դեռ քաղաքում էր մնում։ Եվ ահա, վերջապես, երկուշաբթի, առավոտյան վերադառնալով իր եռօրյա բացակայությունից հետո, ոտքի տակ տալով ամբողջ քաղաքն ու ճաշելով Յուլիա Միխայլովնայի մոտ, Պյոտր Ստեպանովիչն իրիկնադեմին, ի վերջո, հայտնվեց անհամբերությամբ իրեն սպասող Վարվառա Պետրովնային։ Արգելքը վերացվել էր, Նիկոլայ Վսեվոլոդովիչն ընդունում էր։ Վարվառա Պետրովնան ինքը մոտեցրեց հյուրին աշխատասենյակի դռանը, վաղուց էր սպասում նրանց հանդիպմանը, և Պյոտր Ստեպանովիչը խոսք տվեց Nicolas-ի մոտից վազել Վարվառա Պետրովնայի մոտ ու եղածը պատմել։ Վեհերոտ թակեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դուռը և պատասխան չստանալով, համարձակվեց մի երկու վերշոկ բացել։
― Nicolas, կարո՞ղ եմ Պյոտր Ստեպանովիչին բերել քեզ մոտ,― կամացուկ ու զուսպ հարցրեց նա ջանալով զննել Նիկոլայ Վսեվոլոդովիչին՝ լամպի ետևում։
― Կարելի է, իհարկե, կարելի է,― բարձրաձայն և ուրախ բղավեց ինքը՝ Պյոտր Ստեպանովիչը, իր ձեռքով բացեց դուռը և ներս մտավ։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը չէր լսել դռան թակոցը, այլ միայն մայրիկի վեհերոտ հարցը, սակայն չէր հասցրել պատասխանել։ Այդ րոպեին նրա առաջ դրված էր հենց նոր կարդացած նամակը, որ սաստիկ մտահոզել էր։ Նա ցնցվեց, լսելով Պյոտր Ստեպանովիչի հանկարծակի բղավոցը և շտապ-շտապ ծածկեց նամակը՝ ձեռքի տակ ընկած պրեսսպապյեով, բայց լրիվ չծածկվեց, նամակի ծայրը և համարյա ամբողջ ծրարը դուրս մնացին։
― Ես դիտավորյալ բղավեցի ամբողջ ուժով, որ հասցնեք պատրաստվել,― փութով, զարմանալի միամտությամբ շշնջաց Պյոտր Ստեպանովիչը մոտ վազելով սեղանին ու մի վայրկյանում հայացքը հառեց պրեսսպապյեին և նամակի անկյունին։
― Եվ, իհարկե, հասցրիք տեսնել, ինչպես ձեզնից թաքցրի նոր ստացած նամակը,― հանգիստ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ առանց տեղից շարժվելու։
― Նամա՞կ։ Աստված ձեզ հետ ու ձեր նամակի, ի՞նձ ինչ,― բացականչեց հյուրը,― բայց... գլխավորը,― շշնջաց նա կրկին շրջվելով արդեն փակված դռան կողմն ու գլխով անելով դռանը։
― Նա երբեք ականջ չի դնում,― սառնությամբ նկատեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Ասենք, եթե ականջ էլ դներ,― ակնթարթորեն հարեց Պյոտր Ստեպանովիչը ձայնը բարձրացնելով ու նստելով բազմոցին։― Ոչինչ չունեմ դրա դեմ, միայն թե նոր վազեցի-եկա՝ մենակ խոսելու համար... Էհ, վերջապես, հասա ձեզ։ Ամենից առաջ, առողջությո՞ւնդ ինչպես է։ Տեսնում եմ, հիանալի է, և վաղը գուցեև հայտնվե՞ք, հը՞։
― Գուցեև։
― Լուծեք դրանք վերջապես, թույլ տվեք ինձ,― մոլեգնորեն շարժում էր ձեռքերը կատակային և հաճելի տեսքով։― Եթե իմանայիք, թե ինչեր պիտի դուրս տայի նրանց համար։ Ասենք, գիտեք։― Նա ծիծաղեց։
― Ամեն ինչ չգիտեմ։ Մայրիկից լսել եմ միայն, որ շատ եք... շարժվել։
― Այսինքն, չէ որ ես՝ ոչ մի որոշակի բան,― հանկարծ վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը, կարծես պաշտպանվելով սարսափելի հարձակումից,― գիտեք, ես մեջ գցեցի Շատովի կնոջը, այսինքն Փարիզում ձեր կապերի մասին լուրը, ինչով էլ բացատրվում էր, անշուշտ, կիրակի օրվա այն դեպքը... դուք չե՞ք բարկանում։
― Համոզված եմ, որ շատ ջանք եք թափել։
― Էհ, հենց դրանից էլ վախենում էի։ Իմիջիայլոց, իսկ ի՞նչ է նշանակում՝ «շատ ջանք եք թափել»։ Չէ որ դա հանդիմանություն է։ Ի դեպ, դուք հարցն ուղիղ եք դնում։ Այստեղ գալիս, ամենից շատ վախենում էի, որ չեք ուզենա ուղղակի դնել։
― Ես ոչինչ չեմ ուզում ուղղակի դնել,― ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը որոշ բորբոքվածությամբ, բայց տեղնուտեղն էլ ծիծաղեց քթի տակ։
― Ես դրա մասին չասացի, դրա մասին չէր, մի սխալվեք, դրա մասին չէր,― ձեռքերը թափահարեց Պյոտր Ստեպանովիչը՝ սիսեռի պես շաղ տալով բառերը և իսկույն ուրախանալով տանտիրոջ դյուրագրգռվածությունից։― Ես ձեզ չեմ բարկացնի մեր գործով, հատկապես ձեր ներկա վիճակում։ Ես շտապ եկել եմ միայն կիրակի օրվա դեպքի համար, այն էլ՝ ամենաանհրաժեշտ չափով, որովհետև հո չի կարելի։ Ես ամենաանկեղծ բացատրություններով եմ եկել, որոնց կարիքն ունեմ, գլխավորը՝ ես, և ոչ թե ձեր ինքնասիրության համար է, բայց միևնույն ժամանակ նաև ճշմարտությունն է։ Ես եկել եմ, որ հետայսու ձեզ հետ միշտ անկեղծ լինեմ։
― Ուրեմն, մինչ այս անկե՞ղծ չէիք։
― Եվ դուք դա գիտեք ինքներդ։ Ես շատ եմ խորամանկել... դուք ժպտացիք, շատ ուրախ եմ այդ ժպիտից, որպես բացատրության առիթ։ Չէ որ ես դիտավորյալ ժպիտ հարուցեցի «խորամանկել» պարծենկոտ բառով, որպեսզի դուք տեղնուտեղը բարկանաք, ինչպես համարձակվեցի մտածել, թե կարող եմ խորամանկել, իսկ ես, որպեսզի անմիջապես բացատրվեմ։ Տեսնում եք, տեսնում եք, հիմա ինչքան անկեղծ եմ դարձել։ Դե-h, կհաճե՞ք լսել։
Նիկոլայ Վսեվոլոդովիչի արհամարհական հանգիստ և նույնիսկ ծաղրական դեմքին, չնայած հյուրի՝ նախապես պատրաստած և դիտավորյալ կոպիտ միամտությունների հանդգնությամբ տանտիրոջը բարկացնելու ամբողջ ակնբախ ցանկությանը, վերջապես երևաց փոքր-ինչ տագնապալի հետաքրքրականություն։
― Լսեք ուրեմն,― նախկինից ավելի իրար անցավ Պյոտր Ստեպանովիչը։― Գալով այստեղ, այսինքն, ընդհանրապես այստեղ, այս քաղաքը, տասն օր առաջ, իհարկե, վճռեցի դեր ստանձնել։ Ամենալավագույնը կլիներ բոլորովին առանց որևէ դերի, քո սեփական դեմքը, այդպես չէ՞։ Ավելի խորամանկ ոչինչ չկա, քան սեփական դեմքը, որովհետև ոչ ոք չի հավատա։ Խոստովանեմ, ուզում էի հիմարի դեր վերցնել, որովհետև հիմարն ավելի հեշտ է, քան սեփական դեմքը, բայց քանի որ հիմարիկը բոլոր դեպքերում ծայրահեղություն է, իսկ ծայրահեղությունը հետաքրքրասիրություն է բորբոքում, ապա ես կանգ առա սեփական դեմքի վրա վերջնականապես։ Դե-h, իսկ ինչպիսի՞ն է իմ սեփական դեմքը։ Ոսկյա միջինը, ոչ տխմար, ոչ խելացի, բավական անտաղանդ և լուսնից իջած, ինչպես այստեղ ասում են ողջամիտ մարդիկ, այդպես չէ՞։
― Է ինչ, գուցեև այդպես է,― թեթևակի ժպտաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Ա՜, դուք համաձայն եք՝ շատ ուրախ եմ։ Նախապես գիտեի, որ սրանք ձեր սեփական մտքերն են... Մի անհանգստացեք, մի անհանգստացեք, ես չեմ բարկանում և ամենևին էլ ինքս ինձ չեմ կարգել այնպես, որ հարուցեմ ձեր հակառակ գովասանքները. «Չէ, իբր, դուք անտաղանդ չե՜ք, չէ, իբր դուք խելացի ե՜ք»... Ա՜, նորից եք ժպտում.... նորից բռնվեցի։ Դուք չէիք ասի՝ «դուք խելացի եք», ընդունենք, ես ամեն ինչ ենթադրում եմ։ Passons, ինչպես ասում է հայրիկը, և փակագծերի մեջ, մի բարկացեք իմ շատախոսության վրա։ ի դեպ, ահա և օրինակը, ես միշտ շատ եմ խոսում, այսինքն՝ շատ բառեր եմ ասում, թե՛ շտապում եմ, թե՛ չեմ հաջողում միշտ։ Որովհետև խոսել չեմ կարողանում։ Նրանք, ովքեր կարողանում են լավ խոսել, կարճ են խոսում։ Ահա և ստացվում է՝ անշնորհք եմ, ճիշտ չէ՞։ Բայց քանի որ անշնորհքության իմ այդ շնորհքն արդեն բնական է, ինչո՞ւ չօգտվեմ դրանից արհեստականորեն։ Ես էլ օգտվում եմ։ Ճիշտ է, այստեղ գալիս մտածում էի սկզբից լռել, բայց չէ որ լռելն էլ մեծ շնորհք է, և ուրեմն ինձ անվայել, իսկ երկրորդը, լռելն այնուամենայնիվ, չէ որ վտանգավոր է։ Դե ես էլ վճռեցի վերջնականապես, որ ամենից լավը խոսելն է, բայց հենց անշնորհքությամբ, այսինքն՝ շատ, շատ, խիստ շտապել ապացուցել և վերջում միշտ խճճվել սեփական ապացույցների մեջ, այնպես, որպեսզի լսողն անվերջ հեռանա ձեզնից՝ ձեռքերը տարածելով, իսկ ամենալավը՝ թքելով։ Կստացվի, նախ, որ հավատացրել եք ձեր պարզահոգությունը, շատ եք ձանձրացրել ու չեք հասկացվել՝ բոլոր երեք օգուտները միանգամից։ Բարի եղեք, դրանից հետո էլ ո՞վ կկասկածի ձեր գաղտնի մտադրությունները։ Նրանցից յուրաքանչյուրն անձամբ կվիրավորվի, եթե ասեն, թե ես գաղտնի մտադրություններ ունեմ։ Իսկ ես, դրանից բացի, երբեմն էլ կծիծաղեցնեմ՝ իսկ դա արդեն թանկարժեք բան է։ Ախր, նրանք հիմա ինձ ամեն ինչ կներեն հենց այն պատճառով, որ այնտեղ թռուցիկներ հրատարակող իմաստունն այստեղ իրենցից ավելի հիմար դուրս եկավ, այդպես չէ՞։ Ձեր ժպիտից եմ տեսնում, որ հավանություն եք տալիս։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը, իմիջիայլոց, ամենևին չէր ժպտում, այլ հակառակը՝ լսում էր խոժոռված և փոքր-ինչ անհամբեր։
― Հը՞։ Ի՞նչ։ Կարծեմ, ասացիք «միևնույն է»,― շաղ տվեց Պյոտր Ստեպանովիչը (Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամենևին չէր ասել ոչինչ)։― Իհարկե, իհարկե, հավատացնում եմ ձեզ, ես ամենևին նպատակ չունեմ վարկաբեկել ձեզ՝ ընկերակցությամբ։ Իսկ գիտեք, այսօր դուք ահավոր բռնկուն եք, ես վազել-եկել եմ ձեզ մոտ անկեղծ և ուրախ հոգով, իսկ դուք իմ ամեն բառից կպչում եք։ Հավատացնում եմ, այսօր ոչ մի փափկանկատ բանից խոսք չեմ բացի, խոսք եմ տալիս, և ձեր բոլոր պայմաններին նախապես համաձայն եմ։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը համառորեն լռում էր։
― Հը՞։ Ի՞նչ։ Դուք ինչ-որ բա՞ն ասացիք։ Տեսնում եմ, տեսնում, որ նորից կարծես ինչ-որ հիմարություն եմ դուրս տվել։ Դուք պայմաններ չառաջարկեցիք, չեք էլ առաջարկի, հավատում եմ, հավատում, լավ, հանգստացեք։ Ինքս էլ գիտեմ, որ չարժե առաջարկել, այդպե՞ս է։ Ես ձեր փոխարեն նախապես պատասխանում եմ և, անշուշտ, անշնորհքությունից։ Անշնորհքություն և անշնորհքություն... Դուք ծիծաղո՞ւմ եք։ Հը՞։ Ի՞նչ։
― Ոչի՜նչ,― ի վերջո, քթի տակ ծիծաղեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― ես նոր հիշեցի, որ մի առիթով, իրոք, ձեզ անշնորհք եմ կոչել, բայց դուք չկայիք, ուրեմն, ձեզ հաղորդել են... Ես ձեզ կխնդրեի շուտափույթ անցնել գործին։
― Ես հենց գործին եմ անցել, հենց կիրակի օրվա մասին եմ ասում,― բլբլացրեց Պյոտր Ստեպանովիչը։― Դե, ի՞նչ էի, ի՞նչ էի ես կիրակի օրը, ի՞նչ եք կարծում։ Հենց մի շտապող, միջին անշնորհքություն, և ամենաանշնորհք ձևով խոսակցությունը ձեռքս առա ուժով։ Բայց ինձ ամեն ինչ ներեցին, որովհետև, նախ, լուսնից եմ իջել՝ այդ մեկը կարծեմ բոլորն են այստեղ որոշել այդպես, իսկ երկրորդը, որովհետև սիրունիկ պատմություն արեցի և բոլորիդ փրկեցի, այդպե՞ս է, այդպե՞ս է։
― Ասել է, թե այնպես պատմեցիք, որ կասկածի տեղ թողնեք և ցույց տաք մեր խոսքը մեկ անելն ու եղածը խառնելը, երբ խոսքը մեկ անել չի եղել, և ես ոչնչնից ոչինչ ձեզ չէի խնդրել։
― Հենց այդպես, այդպես,― ասես ցնծությամբ հարեց Պյոտր Ստեպանովիչը։― Ես այդպես էլ հենց արեցի, որ դուք այդ ամբողջ զսպանակը նկատեք, չէ որ գլխավորապես ձեզ համար էի չեմուչում անում, որովհետև ձեզ բռնեցի և ուզում էի վարկաբեկել։ Գլխավորը, ուզում էի իմանալ, թե ինչ չափով եք վախենում։
― Հետաքրքիր է, ինչո՞ւ եք հիմա այդպես անկեղծ։
― Մի բարկացեք, մի բարկացեք, աչքերը մի փայլեցրեք... Իմիջիայլոց, չեք փայլեցնում։ Ձեզ հետաքրքրում է, թե ինչո՞ւ եմ այսպես անկեղծ։ Հենց այն պատճառով, որ ամեն բան հիմա փոխվել է, անցել ու փոշով ծածկվել։ Ես հանկարծակի փոխեցի ձեր մասին իմ մտքերը։ Հին ուղին լրիվ փակ է, հիմա արդեն երբեք ձեզ չեմ վարկաբեկի հին ուղիով, հիմա՝ նոր ճանապարհով։
― Մարտավարությունը փոխե՞լ եք։
― Մարտավարություն չկա։ Հիմա ամեն ինչ ձեր կատարյալ կամքով է, այսինքն՝ կուզեք ասել այո, կամ կուզեք, կասեք՝ ոչ։ Ահա իմ նոր մարտավարությունը։ Իսկ մեր գործի մասին ծպտուն անգամ չեմ հանի, մինչև ինքներդ չհրամայեք։ Ծիծաղո՞ւմ եք։ Ողջ լինեք, ես ինքս էլ եմ ծիծաղում։ Բայց հիմա ես լրջորեն, լրջորեն, լրջորեն եմ ասում, թեև նա, ով այսպես շտապում է, իհարկե, անշնորհք է, չէ՞։ Միևնույն է, թող անշնորհք լինի, իսկ ես լրջորեն եմ ասում։
Նա, իրոք, խոսեց լրջորեն, միանգամայն ուրիշ տոնով և մի տեսակ առանձնահատուկ հուզմունքով, այնպես, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նայեց նրան հետաքրքրված։
― Ասում եք, փոխե՞լ եք ձեր մտքերն իմ մասին,― հարցրեց նա։
― Ձեր մասին իմ մտքերը փոխեցի այն պահին, երբ դուք Շատովից հետո ձեր ձեռքերը ետ քաշեցիք, ու հերիք է, հերիք, խնդրեմ, առանց հարցերի, այլևս ոչինչ հիմա չեմ ասի։
Նա վեր ցատկեց, ձեռքերը թափ տալով, ճիշտ կարծես վանելով հարցերը, բայց քանի որ հարցեր չեղան ու գնալու հարկ էլ չկար, ապա նա նորից ընկավ բազկաթոռին, փոքր-ինչ հանգստացած։
― Իմիջիայլոց, փակագծերի մեջ,― բլբլացրեց տեղնուտեղը,― այստեղ ոմանք դուրս են տալիս, իբր թե կսպանեք նրան, և գրազ են գալիս, այնպես, որ Լեմբկեն մտածում էր նույնիսկ ոստիկանությանը գործի դնել, բայց Յուլիա Միխայլովնան արգելեց... Բավական է, բավական է այդ մասին, միայն տեղեկության համար էր։ Իմիջիայլոց, նորից. Լեբյադկիններին ես նույն օրը փոխադրել տվեցի, գիտեք, ստացա՞ք իմ երկտողը նրանց հասցեով։
― Այն ժամանակ էլ ստացա։
― Այդ մեկն արդեն «անշնորհքությունից» չէր, անկեղծորեն արեցի, պատրաստակամությունից։ Եթե անշնորհք ստացվեց, ապա փոխարենն անկեղծ էր։
― Այո, ոչինչ, գուցե այդպես էլ պետք է...― մտազբաղ արտաբերեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Միայն թե այլևս երկտողեր մի գրեք ինձ, խնդրում եմ։
― Անհնար էր, ընդամենը մի երկտող։
― Այսպես, Լիպուտինը գիտե՞։
― Անհնար էր։ Բայց Լիպուտինը, ինքներդ գիտեք, չի համարձակվի... Իմիջիայլոց, պետք է մերոնց մոտ գնալ, այսինքն՝ նրանց, և ոչ թե մերոնց, թե չէ նորից կբռնեք բառի պոչից։ Դե, մի անհանգստացեք, ոչ թե հիմա, այլ մի օր։ Հիմա անձրև է գալիս։ Ես ձեզ իմաց կանեմ, նրանք կհավաքվեն, ու մենք կգնանք երեկոյան։ Նրանք նստած սպասում են, բերանները բաց արած, ինչպես ագռավաճտերը բնում, թե ի՞նչ նվեր ենք տանելու իրենց։ Տաքարյուն ժողովուրդ է։ Գրքերը հանել, պատրաստվում են վիճելու։ Վիրգինսկին հանրամարդ է, Լիպուտինը՝ ֆուրյեական, ոստիկանական գործերի հանդեպ մեծ հակումով։ Ձեզ ասեմ, մարդը թանկարժեք է մի տեսակետից, բայց մնացած ամեն ինչում խստություն է պահանջում, և վերջապես, այն մեկը, երկար ականջներով, նա իր սեփական համակարգի մասին կկարդա։ Եվ գիտեք, նրանք նեղացած են, որ անտարբեր եմ իրենց հանդեպ ու ջուր եմ լցնում իրենց վրա, հե-հե-հե ։ Իսկ գնալ պետք է անպայման։
― Այնտեղ ինձ որպես ինչ֊որ պե՞տ եք ներկայացրել,― հնարավորին չափ անփութորեն արտաբերեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Պյոտր Ստեպանովիչն արագ նրան նայեց։
― Ի դեպ,― վրա բերեց նա, ասես չլսելով և շուտափույթ սքողելով,― չէ որ ես երկու, երեք անգամ ներկայացել եմ մեծարգո Վարվառա Պետրովնային և նույնպես հարկադրված եղել շատ խոսել։
― Պատկերացնում եմ։
― Չէ, մի պատկերացրեք, ես ուղղակի ասել եմ, որ դուք չեք սպանի, հետո էլ ուրիշ-ուրիշ անուշ բաներ։ Եվ պատկերացրեք, հաջորդ օրը նա արդեն գիտեր, որ ես Մարյա Տիմոֆեևնային գետի այն ափն եմ տեղափոխել, դո՞ւք եք նրան ասել։
― Մտքովս չի անցել։
― Այդպես էլ գիտեի, որ դուք չեք։ Իսկ ո՞վ կարող էր, ձեզնից բացի։ Հետաքրքիր է։
― Լիպուտինը, անշուշտ։
― Չէ-է , Լիպուտինը չէ,― խոժոռվելով, մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը,―ես գիտեմ, թե ով։ Այս մեկը նման է Շատովին... Թեև դատարկ բան է, թողնենք դա։ Թեև խիստ կարևոր է... իմիջիայլոց, ես շարունակ սպասում էի, որ ձեր մայրիկը հանկարծ բերանից կթռցնի գլխավոր հարցը՝ ուղղված ինձ... Ախ, հա, սկզբից բոլոր օրերը նա անչափ մռայլ էր, ու հանկարծ այսօր եկա՝ ամբողջովին շողշողում էր։ Ի՞նչ է պատահել։
― Պատճառն այն է, որ այսօր իրեն խոսք եմ տվել հինգ օր հետո Լիզավետա Նիկոլաևնայի ձեռքը խնդրել,― հանկարծակի խոսեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, անսպասելի բացսրտությամբ։
― Ա՜, հա... հա, իհարկե,― քրթմնջաց Պյոտր Ստեպանովիչը, ասես կարկամելով,― այնտեղ լուրեր կան նշանդրեքի մասին, գիտե՞ք։ Սակայն ճիշտ է։ Իսկ դուք իրավացի եք, նա պսակի տակից վազելով կգա, բավական է միայն ձայն տաք։ Դուք չե՞ք բարկանում, որ ես այսպես...
― Չէ, չեմ բարկանում։
― Ես նկատում եմ, որ այսօր ձեզ ահավոր դժվար է բարկացնել, և սկսում եմ ձեզնից վախենալ։ Ինձ անչափ հետաքրքրում է, թե ինչպես եք վաղը հայտնվելու։ Հավանաբար, ահագին կատակներ եք պատրաստել։ Դուք չե՞ք բարկանում, որ ես այսպես...
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ամենևին չպատասխանեց, ինչ արդեն բոլորովին բարկացրեց Պյոտր Ստեպանովիչին։
― Ի դեպ, մայրիկին լրջորե՞ն եք ասել Լիզավետա Նիկոլաևնայի հաշվով,― հարցրեց նա։
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ակնդետ և սառնությամբ նրան նայեց։
― Ա՜, հասկանում եմ, որ միայն հանգստացնեք, այո՛, այո՛։
― Իսկ եթե լրջորե՞ն,― հաստատուն հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Է ինչ, և Աստված պահապան, ինչպես նման դեպքերում ասում են, գործին չի վնասի (տեսնում եք, չասացի՝ մեր գործին, դուք մեր բառը չեք սիրում), իսկ ես... իսկ ես՝ ինչ, ես ձեր տրամադրության տակ եմ, ինքներդ գիտեք։
― Դուք կարծո՞ւմ եք։
― Ես ոչինչ, ոչինչ չեմ կարծում,― շտապ-շտապ ասաց Պյոտր Ստեպանովիչը ծիծաղելով,― որովհետև գիտեմ, ձեր գործերի մասին նախապես մտորել եք և որ ամեն ինչ մտածված է։ Այն էի ասում միայն, որ լրջորեն ձեր տրամադրության տակ եմ, միշտ և ամեն տեղ և ամեն դեպքում, այսինքն՝ ամեն-ամեն, հասկանո՞ւմ եք սա։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը հորանջեց։
― Ձանձրացրի ձեզ,― հանկարծ վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը վերցնելով իր կլոր, միանգամայն նոր շլյապան, կարծես թե հեռանալով, մինչդեռ շարունակելով մնալ ու խոսել անընդմեջ, թեև կանգնած, երբեմն գնալ-գալով սենյակում և խոսելու ոգևորված պահերին շլյապայով խփելով ծնկին։
― Մտածում էի նաև ձեզ զվարճացնել Լեմբկեներով,― ուրախ բացականչեց նա։
― Չէ, լավ, գուցե հետո։ Թեև, ինչպե՞ս է Յուլիա Միխայլովնայի առողջությունը։
― Բայց այդ ինչ աշխարհիկ հնարք ունեք բոլորդ էլ. ձեզ համար նրա առողջությունը նույնն է, ինչ մոխրագույն կատվինը, բայց և այնպես հարցնում եք։ Գովական եմ համարում։ Առողջ է ու ձեզ էլ հարգում է սնոտիապաշտության աստիճան, սնոտիապաշտության աստիճան էլ շատ բան է սպասում ձեզնից։ Կիրակի օրվա դեպքի մասին լռում է և վստահ է, որ դուք ինքներդ ամեն բան կհաղթահարեք՝ սոսկ հայտնվելով։ Աստված վկա, նա պատկերացնում է, որ դուք Աստված գիտե, ինչեր կարող եք։ Իմիջիայլոց, հիմա դուք հանելուկային և վիպական դեմք եք, շատ ավելին, քան երբևէ՝ չափազանց շահեկան դիրք։ Բոլորը ձեզ սպասում են անհավանական շատ։ Ես որ գնացի, լավ տաք էր, իսկ հիմա շատ ավելի։ Ի դեպ, մեկ անգամ էլ շնորհակալ եմ նամակի համար։ Նրանք բոլորն էլ կոմս Կ.-ից վախենում են։ Գիտեք, նրանք կարծես թե ձեզ լրտեսի տե՞ղ են դնում։ Ես համաձայնում եմ, չե՞ք բարկանում։
― Ոչինչ։
― Դա՝ ոչինչ, հետագայում է անհրաժեշտ։ Այստեղ նրանք իրենց կարգերն ունեն։ Ես, անշուշտ, խրախուսում եմ, Յուլիա Միխայլովնան գլխավորում է, Գագանովը՝ նույնպես... Դուք ծիծաղո՞ւմ եք։ Չէ որ իմ մարտավարությունն է. ես սուտ կասեմ, սուտ կասեմ, ու հանկարծ մի խելոք բան էլ կասեմ հենց այն ժամանակ, երբ նրանք բոլորով դա են փնտրում։ Կշրջապատեն ինձ, իսկ ես նորից կսկսեմ ստել։ Բոլորն արդեն ձեռք են թափ տվել ինձ վրա, «ընդունակություններ ունի, ասում են, բայց լուսնից է ընկել»։ Լեմբկեն ինձ ծառայության է կանչում, որպեսզի շտկվեմ։ Գիտեք, ես նրան ահավոր քամահրում եմ, այսինքն՝ վարկաբեկում, նա էլ աչքերն է չռում միայն։ Յուլիա Միխայլովնան խրախուսում է։ Հա, իմիջիայլոց, Գագանովն ահավոր բարկանում է ձեզ վրա։ Երեկ Դուխովոյում ձեր մասին վատթարագույն բաներ էր ասում ինձ։ Ես էլ նրան տեղնուտեղն ամբողջ ճշմարտությունն ասացի, այսինքն, իհարկե, ոչ ամբողջ ճշմարտությունը։ Ամբողջ օրը նրա մոտ՝ Դուխովոյում մնացի։ Փառավոր կալվածք, լավ տուն։
― Ուրեմն, հիմա՞ էլ է Դուխովոյում,― հանկարծակի վեր ցատկեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը համարյա թե պոկվելով տեղից ու բուռն շարժում անելով առաջ։
― Չէ, ինքն ինձ բերեց այսօր առավոտյան, միասին ետ եկանք,― ասաց Պյոտր Ստեպանովիչը, կարծես ամենևին չնկատելով Նիկոլայ Վսեվոլոդովիչի վայրկենական հուզմունքը։
― Այս ինչ է, գիրքը գցեցի,― կռացավ նա բարձրացնելու իր ցած գցած կիպսեկը։― «Բալզակի կանայք», պատկերազարդ,― հանկարծ թերթեց նա,― չեմ կարդացել։ Լեմբկեն էլ է վեպեր գրում։
― Այո՞,― հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ասես հետաքրքրված։
― Ռուսերեն, իհարկե, սուսուփուս։ Յուլիա Միխայլովնան գիտե և թույլ է տալիս։ Նրանց տանը դա մշակված է՝ հնարքներով ծածկույթ։ Ձևերի ինչպիսի՜ խստություն, ինչպիսի՜ զսպություն։ Այ, մեզ էլ է նման մի բան պետք։
― Դուք գովաբանում եք ղեկավարությա՞նը։
― Հապա թե չէ՜։ Միակ բանը, որ կա Ռուսաստանում բնական ու ձեռք բերած... չեմ խոսի, չեմ խոսի,― հանկարծ տեղից պոկվեց նա,― այդ մասին չէր, փափուկ խնդրի մասին ոչ մի խոսք։ Բայց և այնպես, մնաք բարով, մի տեսակ կանաչած եք։
― Դողէրոցք ունեմ։
― Կարելի է հավատալ, պառկեք հապա։ Ի դեպ, այստեղ ամորձատ աղանդավորներ կան գավառում, հետաքրքիր ժողովուրդ է... Ասենք, հետո։ Իմիջիայլոց, մի փոքր պատմություն էլ. այստեղ, գավառում հետևակ գունդ կա։ Ուրբաթ երեկոյան Բ.֊իում խմում էի սպաների հետ։ Չէ որ այնտեղ երեք բարեկամ ունենք, vous comprenez?[16]։ Աթեիզմի մասին էինք խոսում և, իհարկե, Աստծուն ցրիվ տվինք։ Ուրախ էին, ծղրտում էին։ Ի դեպ, Շատովը հավատացնում է, որ Ռուսաստանում խռովություն սկսելիս անպայման պիտի սկսել աթեիզմից։ Գուցեև ճիշտ է։ Մի ալեհեր բռի կապիտան կար, նստեց, շարունակ լուռ էր, մի բառ չասաց, հանկարծ կանգնեց սենյակի մեջտեղում և գիտեք, բարձրաձայն այսպես, կարծես ինքն իր հետ. «Եթե Աստված չկա, ապա դրանից հետո ես ի՞նչ կապիտան»։ Գլխարկն առավ, ձեռքերը տարածեց ու դուրս եկավ։
― Բավական ամբողջական միտք է արտահայտել,― երրորդ անգամ հորանջեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Այո՞։ Ես չհասկացա, ձեզ ուզեցա հարցնել։ Է, է՞լ ինչ ասեմ ձեզ. հետաքրքիր ֆաբրիկա է Շպիգուլիններինը, այստեղ, ինչպես գիտեք, հինգ հարյուր բանվոր կա, ժանտախտի բուծարան է, տասնհինգ տարի չեն մաքրում և աշխատողներին պակաս են վճարում։ Վաճառական-միլիոնատերերը։ Հավատացնում եմ ձեզ, որ բանվորներից ոմանք internationale-ի մասին պատկերացում ունեն։ Ի՞նչ է, ժպտացի՞ք։ Ինքներդ կտեսնեք, միայն թե ինձ ամենա, ամենաքիչ ժամանակը տվեք։ Ես արդեն ժամկետ խնդրել եմ ձեզնից, իսկ հիմա էլի եմ խնդրում, և այն ժամանակ... Իմիջիայլոց, կներեք, չեմ խոսի, չեմ խոսի, ուրիշ բան էի ասում, մի կնճռոտվեք։ Բայց և այնպես, մնաք բարով։ Այս ի՞նչ եմ անում,― հանկարծ ետ եկավ կես ճավփց,― լրիվ մոռացել էի, ամենագլխավորը. ինձ նոր ասացին, որ մեր արկղը Պետերբուրգից եկել է։
― Այսի՞նքն,― նրան նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը չհասկանալով։
― Այսինքն, ձեր արկղը, ձեր իրերը, ֆրակներով, տաբատներով ու սպիտակեղենով, եկե՞լ է։ Ճի՞շտ է։
― Այո, ինչ-որ բան ինձ երեկ ասել են։
― Ահ, իսկ չի՞ կարելի հիմա...
― Ալեքսեյին հարցրեք։
― Էհ, վա՞ղը, վա՞ղը։ Այնտեղ, ձեր իրերի հետ են նաև իմ պիջակը, ֆրակը և երեք տաբատ,Շարմերի խանութից, ձեր հանձնարարականով, հիշո՞ւմ եք։
― Լսել եմ, ասում են, որ այստեղ ջենթլմենություննե՞ր եք անում, ֊քմծիծաղ տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ ― Ճի՞շտ է, որ ձիավարության դասեր եք ուզում վերցնել։
Պյոտր Ստեպանովիչը ծուռ ժպտաց։
― Գիտեք,― հանկարծ չափազանց արազ-արագ խոսեց նա, մի տեսակ ցնցվող ու բեկվող ձայնով,― գիտեք, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, թողնենք անձերին կպչելը, չէ՞, մեկ անգամ ընդմիշտ։ Դուք, հարկավ, կարող եք ինձ արհամարհել որքան կամենաք, եթե այդքան զվարճալի է ձեզ համար, բայց և այնպես, ավելի լավ կլիներ՝ առանց անձերին դիպչելու որոշ ժամանակ, այդպես չէ՞։
― Լավ, էլ չեմ անի,― մրմնջաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Պյոտր Ստեպանովիչը քթի տակ ծիծաղեց, շլյապայով խփեց ծնկին, մի ոտքից հենվեց մյուսին ու ընդունեց նախկին դիրքը։
― Այստեղ ոմանք ինձ ձեր ախոյանն են համարում Լիզավետա Նիկոլաևնայի խնդրում, էլ ինչպե՞ս չհոգամ արտաքին տեսքիս մասին,― ծիծաղեց նա։― Սակայն, այդ ո՞վ է ձեզ մատնություններ բերում։ Հը՛մ։ Ուղիղ ութն է ժամը, էհ, ես ճամփա ընկա։ Խոստացել էի Վարվառա Պետրովնայի մոտ էլ գնալ, բայց չեմ մտնի, իսկ դուք պառկեք և վաղն ավելի առույգ կլինեք։ Դրսում անձրև է ու խավար, իմիջիայլոց, կառքով եմ, որովհետև փողոցներում այստեղ գիշերներն անհանգիստ է։ Ա՛հ, ճիշտ տեղին էր. այստեղ, քաղաքում և շուրջը հիմա մենակ Տաժանապարտ Ֆեդկան է թափառում, Սիբիրից փախած, պատկերացրեք, իմ նախկին ճորտերից է, որին տասնհինգ տարի առաջ հայրիկս զինվորության է տվել ու փողը վերցրել։ Շատ հոյակապ անձնավորություն է։
― Դուք... նրա հետ խոսե՞լ եք,― աչքերը վեր թռցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Խոսել եմ։ Ինձնից չի թաքնվում։ Ամեն ինչի պատրաստ անձնավորություն է, ամեն ինչի, անշուշտ, փողով, այսինքն՝ համոզմունքով էլ, իհարկե, իր տեսակի։ Ա՛հ, հա, նորից՝ ի դեպ, եթե նոր լուրջ էիք այն մտադրության մասին, հիշում եք, Լիզավետա Նիկոլաևնայի համար, ապա մի անգամ էլ եմ կրկնում ձեզ, որ ես նույնպես ամեն ինչի պատրաստ մեկն եմ, ցանկացած ամեն տեսակի, և կատարելապես ձեր տրամադրության տակ եմ... Ի՞նչ է, փա՞յտ եք ուզում վերցնել։ Ահ, չէ, փայտ չվերցրիք... Պատկերացրեք, ինձ թվաց, փա՞յտ եք որոնում։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը ոչինչ չէր փնտրում ու ոչինչ չէր ասում, բայց, իրոք, ելավ տեղից մի տեսակ հանկարծակի, դեմքին մի տարօրինակ ջղաձգում։
― Եթե ձեզ նմանապես որևէ բան պետք լինի պարոն Գագանովի վերաբերյալ,― հանկարծ վրա տվեց Պյոտր Ստեպանովիչը, այլևս ուղղակի գլխով անելով պրեսպապյեի կողմը,― ապա, իհարկե, ամեն ինչ կարող եմ կազմակերպել և համոզված եմ, որ ինձ չեք շրջանցի։
Նա դուրս եկավ հանկարծ, չսպասելով պատասխանի, բայց մի անգամ էլ գլուխը ներս խոթեց դռնից։
― Այն պատճառով եմ այսպես,― շուտասելուկով գոռաց նա,― որ Շատովն էլ, չէ՞, օրինակ, նույնպես իրավունք չուներ վտանգել կյանքն այն ժամանակ, կիրակի օրը, երբ մոտեցավ ձեզ, այդպես չէ։ Ես կուզեի, որ դա նկատի առնեք։
Նա անհետացավ նորից չսպասելով պատասխանի։
IV
Գուցեև չքվելիս, նա մտածում էր, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, մենակ մնալով, կսկսի բռունցքներով զարկել պատին և, իհարկե, ուրախ կլիներ տեսնել դա, եթե հնարավոր լիներ։ Սակայն շատ կհուսախաբվեր. Նիկոլայ Վսեվոլոդովիչը մնաց հանգիստ։ Մի երկու րոպե կանգնած էր սեղանի մոտ, նույն դիրքով, ըստ երևույթին, շատ մտահոգ, բայց շուտով մի ալարկոտ, սառը ժպիտ թրթռաց նրա շրթունքներին։ Դանդաղ նստեց բազմոցին իր նախկին տեղը, անկյունում, և փակեց աչքերը, կարծես հոգնությունից։ Նամակի ծայրն առաջվա պես երևում էր պրեսպապյեի տակից, բայց նա չշարժվեց տեղից՝ դա ուղղելու։
Շուտով ամբողջովին ընդարմացավ։ Վարվառա Պետրովնան, այդ օրերին իրեն հոգսերով չարչարած, չդիմացավ և Պյոտր Ստեպանովիչի հեռանալուն պես, որը խոստացել էր իր մոտ գալ ու խոստման տերը չէր եղել, սիրտ արեց ինքը գնալ Nicolas-ի մոտ, չնայած նշված ժամը չէր։ Շարունակ երևում էր նրա աչքին, ի վերջո, որևէ բան չի՞ ասելու վերջնական։ Կամացուկ, ինչպեսև մինչ այդ, նա թակեց դուռը և, պատասխան չստանալով, ինքը բացեց։ Տեսնելով, որ Nicolas-ը նստած է մի տեսակ չափից ավելի անշարժ, բաբախող սրտով զգուշորեն մոտեցավ բազմոցին։ Նրան կարծես ապշեցրեց, որ այդպես շուտ քնել է և որ կարող է այդպես քնել՝ ուղիղ նստած ու անշարժ։ Նույնիսկ շնչառությունը համարյա չէր լինի նկատել։ Դեմքը գունատ էր ու խիստ, բայց ասես լիովին քարացած, չշարժվող, հոնքերը թեթևակի մոտեցրել էր ու խոժոռել։ Բացարձակապես նմանվում էր մոմեղեն անշունչ արձանի։ Սի երեք րոպե կանգնեց գլխավերևում, շունչը հազիվ տեղը բերելով, ու հանկարծ սարսափ պատեց նրան, դուրս եկավ ոտնաթաթերի վրա, կանգնեց դռան մեջ, փութով խաչակնքեց նրան ու հեռացավ աննկատ՝ նոր ծանր զգացողությամբ, նոր կսկիծով։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը քնեց երկար, մի ժամից ավելի, միշտ նույն քարացած դիրքով, դեմքին ոչ մի բան չխաղաց, ամբողջ մարմնի վրա որևէ շարժում չերևաց, հոնքերն էլի խոժոռված էին խստորեն։ Եթե Վարվառա Պետրովնան երեք րոպե էլ մնար, հավանաբար, չէր դիմանա լեթարգիական այդ ճնշող զգացողությանը և կարթնացներ որդուն։ Բայց նա հանկարծ ինքը բացեց աչքերը և առաջվա պես չշարժվելով, նստած մնաց ևս տասը րոպե, ասես ակնապիշ և հետաքրքրությամբ զննելով սենյակի անկյունում իրեն զարմացրած առարկան, թեև այնտեղ ոչ նոր, ոչ առանձնահատուկ ոչինչ չկար։
Ի վերջո, հնչեց պատի ժամացույցի մեղմ, թավ զարկը, որ խփեց մեկ անգամ։ Որոշ անհանգստությամբ նա դարձրեց գլուխը՝ թվացույցին նայելու, բայց համարյա նույն պահին բացվեց միջանցք ելնող ետևի դուռը և հայտնվեց սենեկապան Ալեքսեյ Եգորովիչը։ Մի ձեռքին գցած բերում էր տաք վերարկուն, վզնոցը և շլյապան, մյուսով բռնել էր արծաթյա մատուցարանը, որի վրա երկտող կար։
― Ինն անց կես է,― ասաց նա մեղմաձայն և բերած զգեստը դնելով անկյունում, աթոռի վրա, մոտ բերեց երկտողը՝ թղթի փոքր կտոր էր, կնքած, մատիտով գրված երկու տող։ Աչքի անցկացնելով տողերը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը նույնպես մատիտ վերցրեց սեղանից, թղթի ծայրին երկու բառ գրեց ու ետ դրեց մատուցարանին։
― Հանձնել անմիջապես, հենց դուրս եկա, ու՝ հագնվեմ,― ասաց նա ելնելով բազմոցից։
Նկատելով, որ հագինը թավշյա թեթև պիջակ է, նա մտածեց ու կարգադրեց ուրիշ բան բերել, մահուդե սերթուկը, որ օգտագործում էր երեկոյան ավելի պաշտոնական այցելությունների համար։ Ի վերջո, լրիվ հագնված ու շլյապան դրած, նա կողպեց դուռը, որով Վարվառա Պետրովնան էր գալիս իր մոտ, և պրեսպապյեի տակից հանելով պահած նամակը լուռ ելավ միջանցք Ալեքսեյ Եգորովիչի ուղեկցությամբ։ Միջանցքից դուրս եկան ետևի քարաշեն նեղ սանդուղքն ու իջան ուղիղ այգի տանող նախասենյակը։ Այստեղ, անկյունում դրված էր վաղօրոք բերված լապտերիկը և մի մեծ անձրևանոց։
― Արտակարգ անձրևի պատճառով այստեղի փողոցներում անտանելի ցեխ է,― զեկուցեց Ալեքսեյ Եգորովիչը, որպես պարոնին ուղևորությունից վերջին անգամ ետ պահելու հեռավոր փորձ։ Սակայն պարոնը, բացելով անձրևանոցը, դուրս եկավ նկուղի պես խավար, խոնավաշունչ ու թաց, հին այգին։ Քամին աղմկում ու ճոճում էր մերկացած ծառերի կատարները, ավազածածկ նեղլիկ արահետները խրուն էին ու սայթաքուն։ Ալեքսեյ Եգորովիչը քայլում էր, ինչպես դուրս էր եկել, ֆրակով ու գլխաբաց՝ երեք քայլ առաջ լուսավորելով լապտերիկով։
― Չի՞ նկատվի արդյոք,― հանկարծ հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Պատուհաններից չի երևա, բացի դրանից էլ վաղօրոք ամեն ինչ նախատեսված է,― պատասխանեց ծառան մեղմ ու համաչափ։
― Մայրիկը պառկե՞լ է։
― Վերջին օրերի սովորության պես, ճիշտ ժամը իննին փակվեցին և հիմա անհնար է որևէ բան իմանալ։ Ո՞ր ժամին կհրամայեք ձեզ սպասել,― ավելացրեց նա համարձակվելով հարց տալ։
― Մեկին, մեկն անց կես, երկուսից ոչ ուշ։
― Լսում եմ։
Ոլոր-մոլոր արահետներով շրջանցելով ամբողջ այգին, որն անգիր գիտեին երկուսն էլ, նրանք հասան այգու քարաշեն պարսպին և այդտեղ՝ պատի ամենածայրի անկյունում մի փոքրիկ դուռ գտան, որ տանում էր նեղլիկ ու խուլ նրբանցք։ Դռնակը համարյա միշտ փակ էր, բայց բանալին հիմա հայտնվեց Ալեքսեյ Եգորովիչի ձեռքին։
― Դռնակը չճռճռա՞ հանկարծ,― նորից տեղեկացավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
Ալեքսեյ Եգորովիչը զեկուցեց, որ դեռևս երեկ է յուղված, «ինչպեսև այսօր»։ Ամբողջովին թրջված էր արդեն։ Դռնակը բացելով, բանալին տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։
― Եթե բարեհաճել եք հեռավոր ճանապարհ ձեռնարկել, ապա զեկուցում եմ՝ անվստահ լինելով տեղի մարդկանցից, հատկապես խուլ նրբանցքներում, իսկ ամենից շատ գետից այն կողմ,― չդիմացավ մեկ անգամ ևս։ Հին ծառան էր, Նիկոլայ Վսեվոլոդովիչի նախկին հերացուն ժամանակին ձեռքերի մեջ մեծացրած նրան, լուրջ ու խիստ մի մարդ, սիրում էր ունկնդրել և ավետարան կարդալ։
― Մի անհանգստացիր, Ալեքսեյ Եգորըյչ։
― Աստված ձեզ պահապան, պարոն, բայց միայն բարի գործեր սկսելիս։
― Ինչպե՞ս,― կանգ առավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ արդեն քայլ գցելով նրբանցք։
Ալեքսեյ Եգորովիչը հաստատուն կրկնեց իր ցանկությունը։ Նախկինում երբեք սիրտ չէր անի բարձրաձայն այդպիսի բաներ ասել իր պարոնին։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը կոդպեց դուռը, բանալին գրպանը դրեց և քայլեց նրբանցքով՝ ամեն քայլափոխին երեք վերշոկի չափ խրվելով ցեխի մեջ։ Վերջապես ելավ երկարուկ ու ամայի մի փողոց, սալարկի վրա։ Քաղաքը գիտեր հինգ մատի պես, բայց Բոգոյավլենսկայա փողոցը դեռևս հեռու էր։ ժամը տասն անց էր արդեն, երբ նա ի վերջո կանգ առավ Ֆիլիպպովների հին ու մգագույն տան փակ դարպասի առաջ։ Ներքևի հարկը հիմա, Լեբյադկինների գնալուց հետո, միանգամայն դատարկ էր, մեխած պատուհաններով, բայց Շատովի կիսավերնահարկում լույս էր վառվում։ Քանի որ զանգակ չկար, նա սկսեց դարպասը ձեռքով թակել։ Օդանցքը բացվեց, և Շատովը դուրս նայեց։ Ահավոր խավար էր ու դժվար էր որևէ բան զանազանել։ Շատովը զննում էր երկար, մի րոպեի չափ։
― Այդ դու՞ք եք,― հարցրեց նա հանկարծ։
― Ես եմ,― պատասխանեց անկոչ հյուրը։
Շատովը շրխկացրեց օդանցքը, իջավ ցած ու քացեց դարպասը։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն անցավ բարձր շեմը և, ոչ մի բառ չասելով, քայլեց նրա կողքով, ուղիղ դեպի կողաշենք, Կիրիլլովի մոտ։
V
Այստեղ ամեն ինչ բաց էր և նույնիսկ վրա չդրած։ Նախասենյակն ու առաջին երկու սենյակը մութ էին, բայց վերջինում, ուր ապրում էր Կիրիլլովը և թեյ խմում, շողում էր լույսը, ծիծաղ ու ինչ-որ տարօրինակ ճչոցներ էին լսվում։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը գնաց դեպի լույսը, բայց ներս չմտնելով կանգնեց շեմին։ Թեյ կար սեղանին։ Սենյակի մեջտեղում մի պառավ էր կանգնած՝ տանտիրոջ ազգականուհին, գլխաբաց, մենակ շրջազգեստով, ոտնամանները բոբիկ ոտքերին, նապաստակի մորթեբոլոր կարճ կոֆտայով։ Գրկին մեկուկես տարեկան մանկիկ էր, մեկտակ շապկով, բաց տոտիկներով, կարմրատակած այտերով, բացշեկ ու ցից-ցից մազերով, օրորոցից հենց նոր դուրս բերված։ Պետք է որ քիչ առաջ լաց եղած լիներ, աչուկների տակ դեռ փոքրիկ արցունքներ կային։ Բայց այդ պահին թաթիկները ձգել, ծափ էր տալիս ու քրքջում, ինչպես քրքջում են պստիկները՝ հեծկլտոցի պես։ Նրա դիմաց Կիրիլլովը հատակին էր խփում ռետինե կարմիր ու խոշոր գնդակը, որը թռչում էր մինչև առաստաղ, նորից ընկնում, մանկիկը բղավում էր. «Գնդի՜, գնդի՜»։ Կիրիլլովը բռնում էր «գնդին» և տալիս նրան, փոքրիկն արդեն ինքն էր շպրտում իր անվարժ թաթիկներով, իսկ Կիրիլլովը վազում ու բարձրացնում։ Ի վերջո, «գնդին» գլորվեց պահարանի տակ։ «Գնդի՜, գնդի՜»,― բղավում էր մանկիկը։ Կիրիլլովը փռվեց հատակին ու մեկնվեց ջանալով պահարանի տակից «գնդին» հանել ձեռքերով։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտավ սենյակ, նրան տեսնելով, փոքրիկը կպավ պառավից և մանկական երկարատև լաց դրեց, պառավն իսկույն դուրս տարավ նրան։
― Ստավրոգի՞ն,― ասաց Կիրիլլովը ելնելով հատակից, գնդակը ձեռքին, անսպասելի այցելությունից նվազագույնս չզարմացած։― Թեյ կուզե՞ք։
Նա լրիվ ոտքի կանգնեց։
― Շատ, չեմ հրաժարվի, եթե տաք է,― ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― ոտքից գլուխ թրջվել եմ։
― Տաք է, նույնիսկ եռման,― հաճույքով հաստատեց Կիրիլլովը,― նստեք, դուք ցեխոտ եք, ոչինչ, հետո հատակը՝ թաց լաթով։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը նստեց ու համարյա մի շնչով խմեց լիքը գավաթը։
― Էլի՞,― հարցրեց Կիրիլլովը։
― Շնորհակալ եմ։
Կիրիլլովը, որ մինչ այդ չէր նստում, իսկույն նստեց դիմացը և հարցրեց.
― Ինչի՞ եք եկել։
― Գործով։ Ահա, կարդացեք այս նամակը, Գագանովից է։ Հիշում եք, ես ձեզ ասել եմ Պետերբուրգում։
Կիրիլլովն առավ նամակը, կարդաց, դրեց սեղանին ու նայեց սպասումով։
― Այդ Գագանովին,― սկսեց բացատրել Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― ինչպես գիտեք, հանդիպել եմ մի ամիս առաջ, Պետերբուրգում, կյանքում առաջին անգամ։ Մի երեք անգամ բախվել ենք՝ մարդկանց ներկայությամբ։ Առանց ինձ հետ ծանոթանալու և խոսելու, համենայն դեպս, հնարավորություն գտավ շատ հանդուգն լինել։ Այն ժամանակ ես ասացի, բայց ահա, ինչ չգիտեք դուք, մեկնելով Պետերբուրգից ավելի շուտ, քան ես, հանկարծ մի նամակ ուղարկեց ինձ, թեև ոչ այսպիսին, բայց և այնպես, վերին աստիճանի ամբարտավան և տարօրինակ արդեն նրանով, որ նամակում ամենևին չէր բացատրված գրելու առիթը։ Ես իսկույն պատասխանեցի, նույնպես նամակով, ու միանգամայն անկեղծորեն հայտնեցի, որ ինքը, հավանորեն, զայրացած է չորս տարի առաջ այստեղ ակումբում կատարված դեպքի համար և որ իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակ ներողություն խնդրել այն հիմունքով, որ իմ արարքն անգիտակից էր ու եղել էր հիվանդ ժամանակ։ Ես նրան խնդրեցի նկատի առնել իմ ներողությունները։ Նա չպատասխանեց ու մեկնեց, բայց ահա այստեղ, նրան գտնում եմ արդեն միանգամայն կատաղած վիճակում։ Ինձ հայտնել են իմ մասին նրա մի քանի կարծիքները՝ հասարակության մեջ, կատարելապես հայհոյական և զարմանալի մեղադրանքներով։ Ի վերջո, այսօր էլ հասավ այս նամակը, որպիսին, հավանորեն, ոչ ոք երբեք չի ստացել, հայհոյանքներով և այսպիսի արտահայտություններով՝ «ձեր ջարդած ռեխը»։ Ես եկել եմ հուսով, որ չեք հրաժարվի մարտավկաս լինել։
― Ասացիք՝ նամակ ոչ ոք չի ստացել,― նշեց Կիրիլլովը,― կատաղած վիճակում լինում է, շատ են գրել։ Պուշկինն է գրել Հեկկերնին։ Լավ, կգնամ։ Ասում եք՝ ինչպե՞ս։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը բացատրեց, որ ցանկանում է վաղն ևեթ և որ անպայման սկսել ներողությունները կրկնելուց և նույնիսկ ներողություններ բովանդակող երկրորդ նամակ ուղարկելու խոստումից, բայց որ Գագանովն էլ, իր կողմից, խոստանա այլևս նամակներ չգրել։ Իսկ ստացված նամակը կհամարի որպես ամենևին չեղած։
― Զիջումները չափից շատ են, չի համաձայնի,― ասաց Կիրիլլովը։
― Ամենից առաջ ես եկել եմ իմանալու, կհամաձայնե՞ք արդյոք այնտեղ հայտնել այս պայմանները։
― Կհայտնեմ։ Ձեր գործն է։ Բայց նա չի համաձայնի։
― Գիտեմ, որ չի համաձայնի։
― Նա կռվել է ուզում։ Ասացեք՝ ինչպես կռվել։
― Բանն այն է, որ կուզեի վաղն անպայման ամեն ինչ վերջացնել։ Առավոտյան ժամը իննին նրա մոտ եք։ Նա կլսի ու չի համաձայնի, բայց ձեզ կհանդիպեցնի իր մարտավկայի հետ՝ ընդունենք, ժամը տասնմեկին։ Նրա հետ դուք կորոշեք և հետո, որ ժամը մեկին կամ երկուսին բոլորը լինեն տեղում։ Խնդրում եմ, աշխատեք այսպես անել։ Զենքը, իհարկե, ատրճանակ, և հատկապես խնդրում եմ դասավորել այսպես, արգելագիծը սահմանել տասը քայլ, հետո դուք մեզ կանգնեցնում եք արգելագծից տասը քայլ հեռու, և ըստ տրված նշանի, մենք մոտենում ենք։ Յուրաքանչյուրն անպայման պիտի հասնի իր արգելագծին, բայց կրակել կարող է և նախքան դա, քայլելիս։ Ահա և բոլորը, կարծում եմ։
― Արգելագծերի միջև տասը քայլը մոտ է,― նշեց Կիրիլլովը։
― Լավ, տասներկու, միայն թե ոչ ավելի, դուք հասկանու՞մ եք, որ նա լրջորեն է ուզում կռվել։ Ատրճանակ լցնել կարողանու՞մ եք։
― Կարող եմ։ Ես ատրճանակներ ունեմ, խոսք կտամ, որ դրանցից կրակած չեք լինի։ Նրա մարտավկան նույնպես կասի իր ունեցածի մասին։ Երկու զույգ, և մենք փուչ ու տռուզ կգցենք՝ նրա՞նը, թե մերը։
― Հիանալի։
― Կուզե՞ք տեսնել ատրճանակները։
― Կխնդրեմ։
Կիրիլլովը պպզեց անկյունում դրված, դեռևս չդատարկված, հարկ եղած դեպքում միջից իրեր հանած ճամպրուկի առաջ։ Տակերից հանեց արմավենու փայտից, ներսից կարմիր թավշապատ տուփը, որի միջից հանեց մի զույգ շքեղ, չափազանց թանկարժեք ատրճանակ։
― Ամեն ինչ կա՝ վառոդ, գնդակներ, փամփուշտներ։ Ռևոլվեր էլ ունեմ, սպասեք։
Ձեռքը նորից մտցրեց ճամպրուկն ու հանեց մի ուրիշ տուփ ամերիկյան վեցնափող ատրճանակով։
― Բավականաչափ զենք ունեք, ու շատ թանկարժեք։
― Շատ։ Չափազանց։
Խեղճ, համարյա մուրացկան Կիրիլլովը, որ, ի դեպ, երբեք չէր նկատում իր չքավորությունը, երևում է, հիմա պարծենալով էր ցույց տալիս իր թանկարժեք զենքերը, անկասկած, ձեռք բերված արտակարգ զոհաբերություններով։
― Դուք դեռ շարունակու՞մ եք մնալ այն մտքերին,― հարցրեց Ստավրոգինը մի րոպե լռությունից հետո, որոշ զգուշավորությամբ։
― Նույն մտքերին,― հակիրճ պատասխանեց Կիրիլլովը ձայնից իսկույն կռահելով, թե ինչի մասին են հարցնում ու զենքերը հավաքեց սեղանից։
― Իսկ ե՞րբ,― էլ ավելի զգուշորեն հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը դարձյալ որոշ լռությունից հետո։
Այդ ընթացքում Կիրիլլովը երկու տուփն էլ դրեց ճամպրուկի մեջ ու նստեց իր նախկին տեղում։
― Դա ինձնից չէ կախված, ինչպես գիտեք, երբ կասեն,― մրթմրթաց նա, կարծես փոքր-ինչ նեղված հարցից, բայց միևնույն ժամանակ մյուս բոլոր հարցերին պատասխանելու նկատելի պատրաստակամությամբ։ Ստավրոգինին էր նայում ակնապիշ, իր սև ու փայլող աչքերով, մի տեսակ հանգիստ, սակայն բարի և սիրալիր զգացումով։
― Ես, իհարկե, հասկանում եմ ինքնասպանությունը,―նորից սկսեց փոքր-ինչ խոժոռված Նիկոլայ Վսեվոլոդովիչը երկար, երեք րոպե տևած մտազբաղ լռությունից հետո,― երբեմն ես ինքս էլ եմ պատկերացրել, և միշտ մի որևէ նոր միտք, եթե չարագործություն անես, կամ գլխավորը՝ ամոթալի, այսինքն՝ խայտառակություն, միայն թե շատ ստոր ու... ծիծաղելի, այնպես որ մարդիկ հիշեն հազար տարի և թքեն-մրեն հազար տարի, ու հանկարծ՝ միտք. «Մի զարկ քունքին և ոչինչ չի լինի»։ Այդ ժամանակ էլ ի՞նչ գործ ունես մարդկանց հետ և որ կթքեն-կմրեն հազար տարի, այդպես չէ՞։
― Դուք դա կոչում եք նոր մի՞տք,― մտածեց ու ասաց Կիրիլլովը։
― Ես... չեմ կոչում... երբ մի անգամ մտածեցի, ապա զգացի միանգամայն նոր միտք։
― «Զգացիք մի՞տք»,― կրկնեց Կիրիլլովը։― Դա լավ է։ Շատ մտքեր կան, որոնք միշտ կան և որոնք հանկարծ դառնում են նոր։ Դա ճիշտ է։ Հիմա ես շատ բան առաջին անգամվա պես եմ տեսնում։
― Ասենք, թե լուսնի վրա էիք ապրում,― ընդհատեց Ատավրոգինը չլսելով ու շարունակելով իր միտքը,― ասենք, այնտեղ արել էիք բոլոր այդ ծիծաղելի գարշելիությունները... Դուք հաստատապես գիտեք այստեղից, որ այնտեղ ծիծաղելու են և թքել-մրելու են ձեր անունը հազար տարի, ընդմիշտ, լուսնով մեկ։ Բայց հիմա դուք այստեղ եք և լուսնին եք նայում այստեղից, ձեր ի՞նչ գործն է, թե ինչեր եք արել այնտեղ և որ այնտեղինները թքել-մրելու են ձեզ հազար տարի, այդպես չէ՞։
― Չգիտեմ,― պատասխանեց Կիրիլլովը,― լուսնի վրա չեմ եղել,― ավելացրեց նա առանց հեգնանքի, միայն փաստը նշելու համար։
― Այդ ում երեխան էր նոր։
― Պառավի սկեսուրն է եկել, չէ, հարսը... մեկ է։ Երեք օր է։ Հիվանդ պառկած է, երեխան հետը, գիշերները շատ է բղավում, փորն է։ Մայրը քնում է, իսկ պառավն էստեղ բերում, ես էլ՝ գնդակով։ Գնդակը Համբուրգից է։ Համբուրգում եմ առել, գցել-բռնելու համար, մեջքը պնդացնում է։ Աղջիկ երեխա է։
― Դուք երեխաներ սիրու՞մ եք։
― Սիրում եմ,― արձագանքեց Կիրիլլովը, ի դեպ, բավական անտարբեր։
― Նշանակում է, կյա՞նքն էլ եք սիրում։
― Այո, կյանքը սիրում եմ, իսկ ի՞նչ։
― Եթե վճռել եք ինքնասպան լինել։
― Իսկ ի՞նչ։ Ինչի՞ մեկտեղ։ Կյանքը՝ առանձին, իսկ դա՝ առանձին։ Կյանքը կա, իսկ մահ չկա ամենևին։
― Սկսել եք հավատա՞լ ապագա հավերժական կյանքին։
― Չէ, ոչ թե ապագայի հավերժական, այլ այստեղի հավերժական։ Կան րոպեներ, դուք հասնում եք րոպեի, և ժամանակը հանկարծ կանգ է առնում ու դառնում հավերժական։
― Հուսով եք հասնե՞լ այդպիսի րոպեի։
― Այո։
― Հազիվ թե դա հնարավոր է մեր ժամանակներում,― նույնպես առանց որևէ հեգնանքի պատասխանեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը դանդաղ, մի տեսակ մտազբաղ։ ― Հայտնության մեջ հրեշտակը երդվում էր, որ ժամանակ այլևս չի լինի։
― Գիտեմ։ Շատ ճիշտ է դա այնտեղ։ Հստակ ու ստույգ։ Երբ ամբողջությամբ մարդը երջանկության հասնի, ապա ժամանակ այլևս չի լինի, որովհետև պետք չէ։ Շատ ճիշտ միտք է։
― Իսկ ու՞ր են թաքցնելու։
― Ոչ մի տեղ էլ չեն թաքցնի։ ժամանակն իր չէ, այլ գաղափար։ Կմարի մտքի մեջ։
― Հին փիլիսոփայական բաներ են, միևնույն բանը դարերի սկզբից,― մի տեսակ խորշական ափսոսանքով մրթմրթաց Ստավրոգինը։
― Միևնու՜յն։ Միևնույնը՝ դարերի սկզբից, և ուրիշ ոչինչ երբեք,― հարեց Կիրիլլովը շողշողուն հայացքով, կարծես այդ գաղափարը համարյա թե հաղթանակ էր ամփոփում։
― Կարծես թե դուք շա՞տ երջանիկ եք, Կիրիլլով։
― Այո, շատ երջանիկ,― պատասխանեց նա, ասես տալով ամենասովորական պատասխանը։
― Բայց դուք ոչ այնքան վաղուց դեռ դառնանում էիք, բարկանու՞մ Լիպուտինի վրա։
― Հըմ... Հիմա ես չեմ նախատում։ Այն ժամանակ դեռևս չգիտեի, որ երջանիկ եմ։ Տեսե՞լ եք, արդյոք, տերև, ծառի տերև։
― Տեսել եմ։
― Վերջերս տեսա դեղին, մի քիչ կանաչ, ծայրերից նեխած տերև։ Քամին քշում էր։ Երբ ես տասը տարեկան էի, ձմռանն աչքերս փակում էի դիտմամբ և պատկերացնում տերև՝ կանաչ, վառ ու ջղերով, արևի տակ փայլող։ Բացում էի աչքերս ու չէի հավատում, որովհետև շատ լավ էր, ու նորից էի փակում։
― Դա ի՞նչ է, այլաբանությու՞ն։
― Չէ-չէ՜... Ինչի՞ համար։ Այլաբանություն չասի, ուղղակի՝ տերև, մի հատիկ տերև։ Տերևը լավ է։ Ամեն ինչ է լավ։
― Ամեն ի՞նչ։
― Ամեն ինչ։ Մարդը դժբախտ է, որովհետև չի իմանում, որ երջանիկ է, միայն այդ պատճառով։ Դա ամեն ինչ է, ամեն ինչ։ Ով գիտեցավ, տեղնուտեղը կդառնա երջանիկ, այս րոպեիս։ Այդ սկեսուրը կմեռնի, իսկ աղջնակը՝ կմնա՝ ամեն ինչ լավ է։ Ես հանկարծակի գտա։
― Իսկ ով սովից մեռավ, ով կնեղացնի ու կանարգի աղջնակին՝ դա լա՞վ է։
― Լավ է։ Եվ ով էլ գլուխը կփշրի երեխայի համար, դա էլ է լավ։ Եվ ով չի փշրի, դա էլ է լավ։ Ամեն ինչ։ Եթե նրանք իմանային, որ իրենց համար լավ է, նրանց համար լավ կլիներ, բայց քանի որ նրանք չգիտեն, որ իրենց համար լավ է, ապա նրանց համար լավ չի լինի։ Ահա ամբողջ կյանքը, ամբողջը, այլևս չկա ուրիշը։
― Իսկ ե՞րբ իմացաք, որ այդքան երջանիկ եք։
― Անցյալ շաբաթ, երեքշաբթի, չէ, չորեքշաբթի, որովհետև արդեն չորեքշաբթի էր, գիշերը։
― Իսկ ի՞նչ առիթով։
― Չեմ հիշում, այնպես, քայլում էի սենյակում... միևնույն է։ Ես ժամացույցը կանգնեցրի, երեքին երեսուներեք էր պակաս։
― Որպես խորհրդանիշ, որ ժամանակը պիտի կա՞նգ առնի։
Կիրիլլովը լռեց։
― Նրանք լավը չեն,― սկսեց հանկարծ նորից,― որովհետև չգիտեն, որ լավն են։ Երբ գիտենան, ապա չեն անարգի աղջնակին։ Պետք է նրանք գիտենան, որ լավն են, և տեղնուտեղը կդառնան լավը, բոլորը մինչև վերջինը։
― Ահա, դուք իմացել եք, նշանակում է, դուք լա՞վն եք։
― Ես լավն եմ։
― Ի դեպ, դրան համաձայն եմ,― խոժոռված մրթմրթաց Ստավրոգինը։
― Ով սովորեցնի, որ բոլորը լավն են, աշխարհը կամբողջացնի։
― Ով սովորեցնում էր, խաչեցին։
― Նա կգա, և նրա անունը մարդաստված է։
― Աստվածամա՞րդ։
― Մարդաստված, դրա մեջ է տարբերությունը։
― Մի՞թե կանթեղն էլ եք դուք վառում։
― Այո, ես եմ վառել։
― Սկսել եք հավատա՞լ։
― Պառավը սիրում է, որ կանթեղը... իսկ այսօր ժամանակ չուներ,― մրմնջաց Կիրիլլովը։
― Իսկ ինքներդ դեռ չե՞ք աղոթում։
― Ես ամեն ինչի եմ աղոթում։ Տեսնում եք, սարդը սողում է պատի վրա, ես նայում ու երախտապարտ եմ նրան, որ սողում է։
Նրա աչքերը նորից բոցկլտացին։ Նա շարունակ ուղիղ նայում էր Ատավրոգինին հաստատուն ու անշեղ հայացքով։ Ատավրոգինը խոժոռված ու խորշանքով հետևում էր նրան, բայց հայացքի մեջ ծաղրանք չկար։
― Գրազ եմ գալիս, որ երբ նորից գամ, ապա դուք Աստծուն էլ եք հավատալու,― ասաց նա, վեր կենալով և շլյապան վերցնելով։
― Ինչո՞ւ,― տեղից ելավ նաև Կիրիլլովը։
― Եթե դուք իմանայիք, որ հավատում եք Աստծուն, ապա կհավատայիք, բայց քանի որ առայժմ չգիտեք, որ հավատում եք Աստծուն, ապաև չեք հավատում,― քթի տակ ծիծաղեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Դա այն չէ,― մտմտաց Կիրիլլովը,― դուք շրջեցիք միտքը։ Աշխարհիկ կատակ էր։ Հիշեք, թե ինչ եք նշանակել իմ կյանքում, Ստավրոգին։
― Մնաք բարով, Կիրիլլով։
― Եկեք գիշերով, ե՞րբ։
― Վաղվա մասին հո չմոռացա՞ք։
― Ահ, մոռացա, հանգիստ եղեք, քնով չեմ ընկնի, ժամը իննին։ Ես կարողանում եմ արթնանալ, երբ ուզում եմ։ Ես պառկում եմ ու ասում՝ ժամը յոթին, և արթնանում եմ յոթին, ժամը տասին, և կարթնանամ տասին։
― Հիանալի հատկություններ ունեք,― նրա գունատ դեմքին նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Գնամ, բացեմ դարպասը։
― Մի անհանգստացեք, Շատովը կբացի։
― Ա՜, Շատովը։ Լավ, գնաք բարով։
VI
Դատարկ տան առմուտքը, որտեղ բնակարան էր վարձում Շատովը, փակ չէր, բայց հայտնվելով նախամուտքում, Ստավրոգինն ընկավ կատարյալ խավարի մեջ և սկսեց ձեռքով փնտրել վերնահարկ տանող սանդուղքը։ Հանկարծ վերևում դուռ բացվեց ու լույս երևաց։ Շատովն ինքը դուրս չեկավ, միայն իր դուռը բացեց։ Երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչը կանգնեց նրա սենյակի շեմին, տեսավ նրան անկյունում, սեղանի մոտ, սպասողական դիրքով կանգնած։
― Ինձ գործով կընդունե՞ք,― հարցրեց նա շեմից։
― Ներս եկեք ու նստեք,― պատասխանեց Շատովը,― փակեք դուռը, սպասեք, ինքս կփակեմ։
Նա դուռը կողպեց բանալիով, ետ եկավ սեղանի մոտ ու նստեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի դիմաց։ Այդ շաբաթվա ընթացքում նիհարել էր, իսկ հիմա կարծես տաքության մեջ լիներ։
― Դուք ինձ տանջահար արեցիք,― արտաբերեց նա՝ հայացքը ցած հառած, կամացուկ կիսաշշուկով,― ինչո՞ւ չէիք գալիս։
― Դուք այդքան վստահ էիք, որ կգա՞մ։
― Այո, սպասեք, ես զառանցում էի... գուցե, հիմա էլ եմ զառանցում... Սպասեք։
Նա վեր կացավ և իր երեք գրադարակների վերևի անկյունից ինչ-որ բան վերցրեց։ Ատրճանակ էր։
― Մի գիշեր զառանցում էի, որ կգաք ինձ սպանելու, և առավոտ շուտ անբան Լյամշինից ատրճանակ գնեցի, վերջին փողերով։ Չէի ուզում ձեզ անձնատուր լինել։ Հետո ուշքս գլուխս եկավ... Ոչ վառոդ ունեմ, ոչ փամփուշտ, այն ժամանակից այդպես էլ դրված է վերևում։ Սպասեք...
Նա վեր կացավ և ուզում էր օդանցքը բացել։
― Մի շպրտեք, ինչի՞ համար,― կանգնեցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Փող արժե դա, վաղն էլ մարդիկ կսկսեն խոսել, թե Շատովի պատուհանի տակ ատրճանակներ են ընկած։ Դրեք տեղը, այդպես, նստեք։ Ասացեք, ինչո՞ւ եք իմ առաջ ճիշտ կարծես մեղանչում ձեր մտքով, որ կգամ ձեզ սպանելու։ Հիմա էլ չեմ եկել հաշտվելու, այլ անհրաժեշտ բաներից խոսելու։ Ասացեք ինձ նախ և առաջ, դուք ինձ խփեցիք ո՞չ արդյոք ձեր կնոջ հետ ունեցած իմ կապի համար։
― Դուք էլ գիտեք, որ չէ,― նորից հայացքը ցած հառեց Շատովը։
― Եվ ո՞չ այն պատճառով, որ հավատացել եք Դարյա Պավլովնայի մասին հիմար բամբասանքին։
― Չէ՜, չէ՜, իհարկե չէ։ Հիմարություն է։ Քույրս ինձ ամենասկզբից է ասել...― անհամբերությամբ և կտրուկ ասաց Շատովը նույնիսկ ոտքը խփելով հատակին։
― Նշանակում է, թե ես եմ կռահել, թե դուք եք կռահել,― հանգիստ տոնով շարունակեց Ստավրոգինը,― դուք իրավացի եք. Մարյա Տիմոֆեևնա Լեբյադկինան իմ օրինական, չորս ու կես տարի առաջ Պետերբուրգում ինձ հետ պսակված կինն է։ Չէ՞ որ նրա համար ինձ խփեցիք։
Միանգամայն ապշահար Շատովը լսում էր և լռում։
― Ես կռահել էի ու չէի հավատում,― մրմնջաց նա ի վերջո տարօրինակ նայելով Ստավրոգինին։
― Ու՝ խփեցի՞ք։
Շատովը բռնկվեց և մրթմրթաց համարյա թե անկապ.
― Ես ձեր անկման համար... ստի համար... Ես չմոտեցա ձեզ՝ պատժելու համար, երբ մոտենում էի, չգիտեի, որ խփելու եմ... Ես խփեցի նրա համար, որ այնքան շատ բան եք նշանակել իմ կյանքում... Ես...
― Հասկանում եմ, հասկանում, բառերը խնայեք։ Ափսոսում եմ, որ ջերմի մեջ եք, շատ անհրաժեշտ գործ ունեմ։
― Ես չափազանց շատ եմ ձեզ սպասել,― մի տեսակ ամբողջ մարմնով համարյա թե ցնցվեց Շատովը և ուզում էր ելնել տեղից,― ասացեք ձեր գործի մասին, ես էլ կասեմ... հետո...
Նա նստեց։
― Սա մի ուրիշ կարգի գործ է,― սկսեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ դիմացինին զննելով հետաքրքրությամբ,― որոշ հանգամանքներից դրդված, ես հարկադրված էի այսօր ևեթ ընտրել այսպիսի մի ժամ ու գալ ձեզ մոտ նախազգուշացնելու, որ կարող է պատահել ձեզ սպանեն։
Շատովը նրան նայեց ապուշ կտրած։
― Ես գիտեմ, որ ինձ կարող էր վտանգ սպառնալ,― խոսեց նա համաչափ,― բայց ձեզ, ձե՞զ ինչու պիտի հայտնի լիներ դա։
― Որովհետև ես նույնպես նրանցից եմ, ինչպես և դուք, և նույնպիսի անդամ եմ նրանց միության, ինչև դուք։
― Դուք... դուք միայն անդա՞մ եք։
― Ես ձեր աչքերից եմ տեսնում, որ ամեն ինչ կսպասեիք ինձնից, բայց ոչ դա,― թեթևակի քմծիծաղ տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― բայց ներեցեք, նշանակում է, դուք արդեն գիտեի՞ք, որ փորձելու են ձեզ սպանել։
― Չեմ էլ մտածել։ Հիմա էլ չեմ մտածում, չնայած ձեր ասածներին, թեև... թեև ո՞վ կարող է այստեղ այդ հիմարների հետ ինչ-որ բան երաշխավորել,― հանկարծ բղավեց նա կատաղած բռունցքը սեղանին խփելով։― Ես նրանցից չեմ վախենում։ Կապերս խզել եմ նրանց հետ։ Մեկը մի չորս անգամ եկավ վազեվազ ու ասում էր, թե կարելի է... բայց,― նա նայեց Ստավրոգինին,― ճիշտն ասած, ձեզ ի՞նչ է հայտնի։
― Մի անհանգստացեք, ես ձեզ չեմ խաբում,― բավականին սառնասրտորեն շարունակեց Ստավրոգինը միայն պարտականություն կատարող մարդու տեսքով։― Դուք քննում եք, թե ի՞նչ է ինձ հայտնի։ Ինձ հայտնի է, որ դուք այդ միության մեջ եք մտել արտասահմանում, սրանից երկու տարի առաջ, դեռևս հին կազմակերպության օրոք, հենց ձեր՝ Ամերիկա ուղևորությունից առաջ և կարծեմ, մեր վերջին խոսակցությունից անմիջապես հետո, որի մասին այնքան շատ գրեցիք ինձ Ամերիկայից, ձեր նամակում։ Իմիջիայլոց, կներեք, որ չպատասխանեցի ձեզ նույնպես նամակով, այլ սահմանափակվեցի...
― Փող ուղարկելով, սպասեք,― կանգնեցրեց Շատովը, փութով քաշեց սեղանի դարակը և թղթերի տակից մի երփներանգ թղթադրամ հանեց,― ահա, վերցրեք, հարյուր ռուբլի, որ ինձ էիք ուղարկել, առանց ձեզ կկործանվեի այնտեղ։ Ես երկար ժամանակ չէի վերադարձնի, եթե չլիներ ձեր մայրիկը, այս հարյուր ռուբլին նա է նվիրել ինձ ինն ամիս առաջ՝ կարիքներս հոգալու, իմ հիվանդությունից հետո։ Բայց շարունակեք, խնդրեմ...
Նա շնչահեղձ էր լինում։
― Ամերիկայում դուք փոխել էիք ձեր մտքերը, և վերադառնալով Շվեյցարիա, ուզում էիք հրաժարվել։ Նրանք ձեզ ոչինչ չպատասխանեցին, բայց հանձնարարեցին այստեղ՝ Ռուսաստանում, ինչ-որ մեկից ինչ-որ տպարան ընդունել և պահել դա, մինչև նրանց կողմից ձեզ ներկայացած մարդուն հանձնելը։ Ես ամեն բան լիովին ստույգ չգիտեմ, բայց չէ՞ որ գլխավորը, կարծեմ, այդպես է։ Իսկ դուք, հուսալով կամ պայմանավորված, որ դա նրանց վերջին պահանջն է լինելու և որ դրանից հետո ձեզ բոլորովին ազատ կարձակեն, ստանձնեցիք։ Այս ամենը, այսպես, թե այնպես, իմացել եմ նրանցից, ու բոլորովին պատահաբար։ Բայց ահա, թե ինչ չգիտեք դուք, կարծեմ, մինչև հիմա՝ այդ պարոնայք ամենևին մտադիր չեն բաժանվել ձեզնից։
― Անհեթեթություն է,― դժժաց Շատովը։― Ես ազնվորեն հայտարարել եմ, որ ամեն ինչում տարակարծիք եմ նրանց հետ։ Դա իմ իրավունքն է, խղճի և մտքի իրավունքը... Ես չեմ հանդուրժի։ Չկա մի ուժ, որը կարողանա...
― Գիտեք ինչ, մի բղավեք,― շատ լրջորեն նրան ընդհատեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― այդ Վերխովենսկին այնպիսի մի մարդուկ է, որ, կարող է պատահել, հիմա մեզ ականջ է դրել, իր կամ ուրիշի ականջներով, հենց ձեր նախասենյակում թերևս։ Նույնիսկ հարբեցող Լեբյադկինը համարյա թե պարտավոր էր ձեզ հետևել, դուք էլ՝ գուցե նրան, այդպես չէ՞։ Ավելի լավ է, ասացեք, հիմա Վերխովենսկին կհամաձայնի՞ ձեր փաստարկներին, թե՝ ոչ։
― Նա համաձայնել է։ Ասաց, որ կարելի է և որ ես իրավունք ունեմ...
― Դե, նա ձեզ խաբում է։ Ես գիտեմ, որ նույնիսկ Կիրիլլովը, որը համարյա ամենևին չի պատկանում նրանց, տեղեկություններ է հայտնել ձեզնից։ Իսկ գործակալներ շատ ունեն նրանք, նույնիսկ այնպիսիք, որոնք չգիտեն էլ, թե ծառայում են միությանը։ Ձեզ միշտ հետևել են։ Պյոտր Վերխովենսկին, իմիջիայլոց, այստեղ է եկել ձեր գործը վերջնականապես լուծելու և դրա լիազորություններն ունի, այն է. ձեզ վերացնել հարմար պահին, որպես չափից ավելի շատ բան իմացողի և մատնել կարողացողի։ Կրկնում եմ, որ դա հաստատ է, ու թույլ տվեք ավելացնել, որ նրանք, չգիտես ինչու, կատարելապես համոզված են, որ դուք լրտես եք և եթե մինչև հիմա չեք մատնել, ապա կմատնեք։ Ճի՞շտ է դա։
Լսելով այդպիսի մի հարց, ասված այնքան սովորական տոնով, Շատովը ծամածռեց բերանը։
― Եթե ես լրտես էլ լինեի, ապա ո՞ւմ էի մատնելու,― չարացած ասաց նա՝ ուղղակի չպատասխանելով։― Չէ, թողեք ինձ, գրողի ծոցը՝ ես,― գոռաց նա, հանկարծ կառչելով նախասկզբնական, իրեն չափից ավելի ցնցած մտքից՝ բոլոր հատկանիշներով անհամեմատ ավելի ուժեղ, քան իրեն սպառնացող վտանգի լուրը։― Դո՛ւք, դ՛ ւք, Ստավրոգին, ինչպես կարող էիք դուք խցկվել նման անամոթ, անշնորհք, սպասավորական անհեթեթության մեջ։ Դուք անդա՜մն եք նրանց միության։ Դա՜ է միթե Նիկոլայ Ստավրոգինի սխրանքը,― բղավեց նա համարյա հուսակտուր։
Ձեռքերն իրար զարկեց նույնիսկ, ասես իր համար ավելի դառն ու տրտմաբեր ոչինչ չէր կարող լինել այդպիսի բացահայտումից։
― Ներեցեք,― իսկապես զարմացավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― բայց դուք, կարծես թե, ինձ նայում եք որպես ինչ-որ արեգակի, ձեզ էլ որպես ինչ-որ մժեղի, իմ համեմատությամբ։ Ես դա նկատել եմ նույնիսկ Ամերիկայից ուղարկած ձեր նամակից։
― Դուք... դուք գիտեք... Ահ, ավելի լավ է, թողնենք իմ մասին բոլորովին, բոլորովին,― հանկարծ ընդհատեց Շատովը։
― Եթե կարող եք որևէ բան բացատրել ձեր մասին, բացատրեք... Իմ հարցին,― կրկնեց նա մոլեգնած։
― Հաճույքով։ Դուք հարցնում եք, թե ինչպես կարող էի ես խցկվել այդպիսի մի հետնախո՞րշ։ Իմ տեղեկացումից հետո ես նույնիսկ պարտավոր եմ որոշ սրտաբացության՝ այդ գործով։ Գիտեք ինչ, բառիս խիստ իմաստով ես այդ միությանն ամենևին չեմ պատկանում, չեմ պատկանել նաև նախկինում ու ձեզնից ավելի շատ իրավունք ունեմ թողնել նրանց, քանի որ չեմ էլ ընդունվել։ Ընդհակառակն, ամենասկզբից հայտարարել եմ, որ ընկեր չեմ իրենց, իսկ եթե օգնել եմ պատահմամբ, ապա հենց այնպես, որպես պարապ մարդ։ Ես մասամբ մասնակցել եմ միության վերակազմավորմանը, համաձայն նոր պլանի, և վերջ։ Բայց հիմա նրանք մտածել ու իրենք իրենց որոշել են, որ ինձ նույնպես վտանգավոր է բաց թողնել, և կարծում եմ, ես նույնպես դատապարտված եմ։
― Օ՜, նրանցը միշտ մահապատիժն է և ամեն ինչ գրավոր կարգադրություններով, կնքած թղթերով, երեքուկես մարդ ստորագրում են։ Եվ դուք հավատում եք, որ նրանք ի վիճակի են։
― Այստեղ մասամբ իրավացի եք, մասամբ՝ ոչ,― նախկին անտարբերությամբ, անգամ ալարկոտ շարունակեց Ստավրոգինը։― Կասկած չկա, որ երևակայությունը շատ է, ինչպես միշտ, այս դեպքերում, խմբակը չափազանցնում է իր աճն ու նշանակությունը։ Եթե կուզեք, ապա իմ կարծիքով, նրանք ընդամենը մի հոգի են՝ Պյոտր Վերխովենսկին, ու նա էլ չափից ավելի բարի է, որ իրեն համարում է սոսկ գործակալն իրենց միության։ Իմիջայլոց, հիմնական գաղափարն ավելի հիմար չէ այդ կարգի մյուսներից։ Նրանք կապեր ունեն Internationale-ի հետ, կարողացել են գործակալներ ունենալ Ռուսաստանում, նույնիսկ հասել են բավական ինքնատիպ հնարքի... բայց, անշուշտ, սոսկ տեսականորեն։ Ինչ վերաբերում է նրանց աայստեղի մտադրություններին, ապա չէ որ ռուսական կազմակերպության շարժումը շատ մութ գործ է ու համարյա միշտ այնքան անսպասելի, մեզ մոտ ամեն ինչ կարելի է փորձել։ Նկատի առեք որ Վերխովենսկին համառ մարդ է։
― Այդ մլակը, անգետը, տխմարը, որը ոչինչ չի հասկանում Ռուսաստանից,― չարությամբ ճչաց Շատովը։
― Դուք նրան քիչ եք ճանաչում։ Դա ճիշտ է, որ ընդհանրապես բոլոր նրանք քիչ են հասկանում Ռուսաստանից, բայցև միայն, մի քիչ ավելի քիչ, քան ես ու դուք, և ըստ որում, Վերխովենսկին խանդավառ է։
― Վերխովենսկին՝ խանդավա՞ռ։
― Օ՜, այո։ Կա մի կետ, ուր նա դադարում է ծաղրածու լինել ու վերածվում է... կիսախելագարի։ Խնդրում եմ հիշել ձեր մի սեփական արտահայտությունը. «Գիտե՞ք, արդյոք, ինչպես կարող է ուժեղ լինել մեկ մարդը»։ Խնդրում եմ, մի ծիծաղեք, նա շատ է ի վիճակի քաշել ձգանը։ Նրանք վստահ են, որ ես նույնպես լրտես եմ։ Նրանք բոլորը, գործն առաջ տանելու անկարողությունից, ահավոր սիրում են լրտեսության մեջ մեղադրել։
― Բայց դուք չեք վախենում, չէ՞։
― Չ-չէ՜... Ես շատ չեմ վախենում... Բայց ձեր գործը միանգամայն ուրիշ է։ Ես ձեզ զգուշացրի, որ այնուամենայնիվ, նկատի ունենաք։ Իմ կարծիքով, այստեղ նեղանալու բան չկա, որ վտանգ է սպառնում հիմարներից։ Բանը նրանց խելքը չէ, և իմ ու ձեր պեսների վրա չէ, որ նրանց ձեռքը բարձրացել է։ Իսկ իմիջայլոց, տասնմեկն անց է քառորդ,― նայեց ժամացույցին և վեր կացավ տեղից,― ես կուզեի լրիվ կողմնակի մի հարց տալ ձեզ։
― Ի սեր Աստծո,― բացականչեց Շատովը՝ թափով ելնելով տեղից։
― Այսի՞նքն,― հարցական նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Տվեք, տվեք ձեր հարցը, ի սեր Աստծո,― անպատմելի հուզմունքով կրկնեց Շատովը,― բայց որ ես էլ հարց տամ ձեզ։ Աղաչում եմ, թույլ տաք... ես չեմ կարող... տվեք ձեր հարցը։
Ստավրոգինը մի քիչ հապաղեց ու սկսեց.
― Լսել եմ, որ դուք այստեղ որոշ ազդեցություն եք ունեցել Մարյա Տիմոֆեևնսւյի վրա, և որ նա սիրում էր ձեզ տեսնել և լսել։ Այդպե՞ս է արդյոք։
― Այո... լսում էր,― փոքր-ինչ շփոթվեց Շատովը։
― Ես մտադիր եմ մոտ օրերս այստեղ՝ քաղաքում հրապարակավ հայտարարել նրա հետ իմ ամուսնության մասին։
― Մի՞թե դա հնարավոր է,― համարյա թե սարսափահար շշնջաց Շատովը։
― Այսինքն, ի՞նչ իմաստով։ Ոչ մի բարդություն չկա այստեղ, ամուսնության վկաներն այստեղ են։ Ամեն ինչ կատարվել է այն ժամանակ Պետերբուրգում, միանգամայն օրինական և հանգիստ եղանակով, իսկ եթե չի բացահայտվել մինչև հիմա, ապա սոսկ այն պատճառով, որ ամուսնության երկու միակ վկաները՝ Կիրիլլովը և Պյոտր Վերխովենսկին, ու վերջապես ինքը՝ Լեբյադկինը (ում հիմա իմ ազգականը համարելու հաճույքն ունեմ), այն ժամանակ խոսք են տվել լռել։
― Ես դա չեմ ասում... Դուք այնպես հանգիստ եք խոսում... բայց շարունակեք։ Լսեք, չէ՞ որ ձեզ ուժով չեն պարտադրել այդ ամուսնությունը, այդպես չէ՞։
― Ոչ, ինձ ոչ ոք ուժով չի հարկադրել,― Նիկոլայ Վսեվոլոդովիչը ժպտաց Շատովի այդ տաքացած շտապողականության վրա։
― Իսկ ի՞նչ է նա այնտեղ խոսում իր երեխայի մասին,― տաքացած ու անկապակցված շտապում էր Շատովը։
― Իր երեխայի մասի՞ն է խոսում։ Բա՜։ Ես չգիտեի, առաջին անգամ եմ լսում։ Նա երեխա չուներ և չէր կարող ունենալ. Մարյա Տիմոֆեևնան օրիորդ է։
― Ա՜։ Այդպես էլ կարծում էի։ Լսեք։
― Ձեզ ի՞նչ եղավ, Շատով։
Շատովը դեմքը ծածկեց ձեռքերով, շրջվեց, բայց հանկարծ ամուր բռնեց Ստավրոգինի ուսը։
― Գիտե՞ք, արդյոք, գիտե՞ք, արդյոք, ծայրահեղ դեպքում,― բղավեց նա,― թե ինչի համար եք այդ ամենն արել ու հիմա ինչի համար եք այդպիսի պատժի տակ մտնում։
― Ձեր հարցը խելացի է և խայթող, բայց ես նույնպես մտադիր եմ զարմացնել, այո, ես համարյա թե գիտեմ, թե ինչու ամուսնացա այն ժամանակ և ինչի համար եմ հիմա նման «պատժի» տակ մտնում, ինչպես դուք արտահայտվեցիք։
― Թողնենք դա... այդ մասին՝ հետո, մի խոսեք, գլխավորի մասին խոսեք, գլխավորի, ես ձեզ սպասում էի երկու տարի։
― Այո՞։
― Ես ձեզ շատ երկար եմ սպասել, անդադար մտածել եմ ձեր մասին։ Դուք միակ մարդն եք, որը կկարողանար... Դեռևս Ամերիկայից եմ գրել ձեզ այդ մասին։
― Ես լավ հիշում եմ ձեր երկարաշունչ նամակը։
― Կարդալու համա՞ր երկարաշունչ։ Համաձայն եմ՝ փոստաթղթի վեց էջ։ Լռեք, լռեք։ Ասացեք, կարո՞ղ եք ինձ ևս տասը րոպե հատկացնել, բայց հենց հիմա, հիմա ևեթ... Ես չափից ավելի երկար եմ ձեզ սպասել։
― Ինչպես կամենաք, կես ժամ կհատկացնեմ, բայց միայն ոչ ավելի, եթե դա ձեզ համար հնարավոր է։
― Սակայն նաև,― մոլեգնած հարեց Շատովը,― որ փոխեք ձեր տոնը։ Լսում եք, ես պահանջում եմ, մինչդեռ պիտի աղաչեմ... Հասկանո՞ւմ եք, ինչ ասել է պահանջել, երբ պիտի աղաչես։
― Հասկանում եմ, որ այդպիսով դուք վեր եք կանգնում բոլորից, հանուն ավելի վեհ նպատակների,― քթի տակ թեթևակի ծիծաղեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― նաև ցավով եմ տեսնում, որ տենդի մեջ եք։
― Ես հարգանք եմ պահանջում իմ հանդեպ, պահանջո՜ւմ եմ,― բղավում էր Շատովը,― ոչ իմ անձի հանդեպ՝ գրողի ծոցը դա, այլ մեկ ուրիշ բանի, միայն այս ժամանակի հանդեպ, մի քանի բառի համար... Մենք՝ երկու էակ, հանդիպել ենք անսահմանության մեջ... վերջին անգամ աշխարհում։ Թողեք ձեր տոնը և անցեք մարդկայինի։ Գոնե մեկ անգամ կյանքում խոսեք մարդկային ձայնով։ Ինձ համար չեմ ասում, այլ ձեզ համար։ Հասկանում եք, արդյոք, որ պիտի ներեք իմ հարվածը ձեր դեմքին՝ սոսկ այն բանի համար, որ առիթ տվեցի ձեզ ճանաչել ձեր ընդ որում անսահման ուժը... նորից ժպտում եք, ձեր խորշական, աշխարհիկ ժպիտով։ Օ՜, ե՞րբ եք ինձ հասկանալու։ Կորչի՜ պարոնորդին։ Դե, հասկացեք, որ ես դա պահանջում եմ, պահանջում, այլապես չեմ ուզում խոսել, չեմ խոսի ոչ մի դեպքում։
Նրա մոլեգնությունը հասնում էր զառանցանքի։ նիկոլայ Վսեվոլոդովիչը խոժոռվեց ու կարծես ավելի զգուշացավ։
― Եթե արդեն մնացել եմ կես ժամով,― լուրջ և ազդու խոսեց նա,― այն դեպքում, երբ ժամանակն ինձ համար նույնքան թանկ է, ապա հավատացեք, որ մտադիր եմ ձեզ լսել ծայրահեղ դեպքում հետաքրքրությամբ և... և համոզված եմ, որ շատ նոր բաներ կլսեմ ձեզնից։
Նա նստեց աթոռին։
― Նստեք,― բղավեց Շատովը և մի տեսակ հանկարծակի ինքն էլ նստեց։
― Թույլ տվեք սակայն հիշեցնել,― մի անգամ էլ նշեց Ստավրոգինը,― որ ես մի ամբողջ խնդիրք եմ հայտնել ձեզ՝ Մարյա Տիմոֆեևնայի վերաբերյալ, նրա համար ծայրահեղ դեպքում խիստ կարևոր...
― Հետո՞,― հանկարծ խոժոռվեց Շատովն այնպիսի մեկի տեսքով, ում հանկարծակի ընդհատել են ամենակարևոր տեղում և ով թեև ձեզ է նայում, բայց չի հասցրել հասկանալ ձեր հարցը։
― Եվ դուք ինձ թույլ չտվեցիք ավարտել,― Նիկոլայ Վսեվոլոդովիչը ժպիտով վերջացրեց ասելիքը։
― Է, դատարկ բան է, հետո,― խորշանքով ձեռքը թափ տվեց Շատովը, վերջապես հասկանալով պահանջը, և ուղղակի անցավ իր գլխավոր թեմային։
VII
― Գիտե՞ք արդյոք,― սկսեց նա համարյա ահեղատեսք, առաջ հակված աթոռի վրա, հայացքը շողացնելով ու աջ ձեռքի ցուցամատը վեր տնկած (ակներևաբար, ինքն էլ չնկատելով դա),― գիտե՞ք, արդյոք, թե հիմա ամբողջ երկրի վրա ով է «աստվածակիր»-ժողովուրդը, որ ապագայում նորացնելու և փրկելու է աշխարհը նոր աստծո անունով և միակ որին են տրված կենաց և նոր խոսքի բանալիները... Գիտե՞ք, արդյոք, թե ով է այդ ժողովուրդը և ինչ է նրա անունը։
― Ըստ ձեր հնարքի, ես անհրաժեշտաբար պիտի եզրակացնեմ, այն էլ հնարավորին չափ շուտ, որ դա ռուս ժողովուրդն է...
― Եվ դուք արդեն ծիծաղում եք, ցեղ եմ ասել, է՜,― պոռթկալ պատրաստվեց Շատովը։
― Հանգստացեք, խնդրում եմ։ Ընդհակառակն, ես հենց այդպիսի մի բան էի սպասում։
― Սպասում էիք այդպիսի բա՞ն։ Իսկ ձեզ ծանոթ չե՞ն այս բառերը։
― Ծանոթ են շատ։ Կանխատեսում եմ շատ լավ, թե ինչի եք հանգեցնելու։ Ձեր ամբողջ նախադասությունը և նույնիսկ «աստվածակիր»֊ժողովուրդ բառակապակցությունը մեր երկուսի խոսակցության եզրափակումն է սոսկ, կայացած ավելի քան երկու տարի առաջ, արտասահմանում, ձեր Ամերիկա մեկնելուց քիչ առաջ... ծայրահեղ դեպքում, որքան կարող եմ հիշել հիմա։
― Դա ամբողջությամբ ձեր նախադասությունն է, և ոչ իմը։ Ձեր սեփական և մենակ եզրափակումը մեր խոսակցության։ «Մեր երկուսի» խոսակցություն ամենևին էլ չի եղել, եղել է վիթխարի-վիթխարի բառեր արտասանող ուսուցիչ և եղել է մեռյալներից հարություն առած աշակերտ։ Ես այն աշակերտն եմ, դուք՝ ուսուցիչը։
― Բայց եթե հիշեցնեմ, դուք հենց իմ խոսքերից հետո մտաք միության մեջ և նոր միայն գնացիք Ամերիկա։
― Այո, և ես ձեզ այդ մասին գրեցի Ամերիկայից, ես ձեզ ամեն ինչի մասին գրեցի։ Այո, ես չէի կարող անմիջապես, արնածոր պոկվել այն ամենից, ինչից կպած էի մանկուց, ինչի վրա էին սպառվել իմ բոլոր հույսերի ցնծությունները և իմ ատելության բոլոր արցունքները... Դժվար է փոխել աստվածներին։ Ես ձեզ չհավատացի այն ժամանակ, որովհետև չէի ուզում հավատալ, և կառչեցի վերջին անգամ այդ կեղտաջրի հորից... Սակայն սերմը մնացել էր ու ծլեց-աճեց։ Լրջորեն, ասացեք լրջորեն, մինչև վերջ չե՞ք կարդացել իմ նամակն Ամերիկայից։ Գուցե ամենևի՞ն չեք կարդացել։
― Երեք էջ եմ կարդացել, առաջին երկուսը և վերջինը և, բացի դրանից, թռուցիկ անցել եմ մյուսների վրայով։ Իմիջիայլոց, միշտ պատրաստվում էի...
― Է, միևնույն է, վերջ տվեք, գրողի ծոցը,― ձեռքը թափ տվեց Շատովը։― Եթե հիմա հրաժարվել եք ժողովրդի մասին այն ժամանակվա ձեր խոսքերից, ապա ինչպե՞ս էիք այն ժամանակ ասել դրանք... Ահա, թե ինչն է ինձ ճնշում հիմա։
― Ձեզ հետ ես չեմ կատակել և այն ժամանակ։ Համոզելով ձեզ, ես գուցե վելի շատ ինքս իմ մասին եմ մտածել, քան ձեր,― հանելուկային ասաց Ստավրոգինը։
― Չե՜ք կատակել։ Ամերիկայում ես երեք ամիս պառկել եմ ծղոտին, կողք-կողքի մի... թշվառականի հետ, ու իմացա նրանից, որ հենց այն ժամանակ, երբ իմ սրտում Աստված և հայրենիք էիք սերմանում, նույն այդ ժամանակ, գուցեև հենց նույն օրերին, թունավորում էիք այդ թշվառականի, այդ մոլագարի, այդ Կիրիլլովի սիրտը թույնով... Դուք նրա մեջ սուտ և զրպարտանք էիք հաստատում և նրա բանականությունը հասցրիք մոլագարության... Գնացեք, նայեք հիմա նրան, դա ձեր ստեղծածն է... Ասենք, տեսել եք։
― Նախ և առաջ, նշեմ ձեզ համար, որ Կիրիլլովն ինքը հենց նոր ասաց ինձ, որ երջանիկ է և հրաշալի։ Ձեր ենթադրությունը, թե այդ ամենը կատարվել է միևնույն ժամանակ, համարյա ճիշտ է, և ի՞նչ այդ ամենից։ Կրկնում եմ, ոչ մեկիդ, ոչ մյուսին չեմ խաբել։
― Դուք աթեի՞ստ եք։ Հիմա աթեի՞ստ եք։
― Այո։
― Իսկ այն ժամանա՞կ։
― Ճիշտ այնպես, ինչպես և այն ժամանակ։
― Խոսակցությունը սկսելով, ես ձեզնից հարգանք խնդրեցի ոչ իմ հանդեպ, ձեր խելքով դա պիտի հասկանայիք,― զայրույթով քրթմնջաց Շատովը։
― Ես վեր չկացա ձեր առաջին խոսքից, խոսակցությունը չփակեցի, չգնացի ձեր տնից, այլ նստած եմ մինչև հիմա և հնազանդ պատասխանում եմ ձեր հարցերին և... բղավոցներին, նշանակում է, դեռ չեմ խախտել հարգանքը ձեր հանդեպ։ Շատովն ընդհատեց՝ ձեռքը թափ տալով.
― Դուք հիշո՞ւմ եք ձեր ասածը. «Աթեիստը չի կարող ռուս լինել, աթեիստը տեղնուտեղը դադարում է ռուս լինելուց», հիշո՞ւմ եք։
― Այո՞,― հարցն ասես կրկնեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Դուք հարցնո՞ւմ եք։ Մոռացե՞լ եք։ Մինչդեռ ձեր կռահած ռուսական ոգու գլխավորագույն առանձնահատկություններից մեկի ձեր ամենաճշգրիտ նշումներից է դա։ Չէի՞ք կարող դա մոռանալ։ Ձեզ ավելին հիշեցնեմ, հենց այն ժամանակ էլ ասացիք. «Ոչ ուղղափառը չի կարող ռուս լինել»։
― Ենթադրում եմ, որ սլավոնապաշտական միտք է դա։
― Չէ, ներկայիս սլավոնապաշտները դրանից կհրաժարվեն։ ժողովուրդը հիմա խելոքացել է։ Բայց դուք էլ ավելի առաջ գնացիք, դուք հավատացած էիք, որ հռոմեական կաթոլիցիզմն արդեն քրիստոնեություն չէ։ Դուք պնդում էիք, որ Հռոմը հռչակել է սատանայական երրորդ փորձությանը տրված Քրիստոսին և որ ամբողջ աշխարհով հայտարարելով, թե Քրիստոսն առանց երկրային թագավորության երկրի վրա դիմանալ չի կարող, կաթոլիկականությունը դրանով իսկ հռչակել է Նեռին ու դրանով կործանել ամբողջ արևմտյան աշխարհը։ Հենց դուք էիք մատնացույց անում, որ եթե տանջվում է Ֆրանսիան, ապա միայն կաթոլիկականության մեղքով, քանզի ժխտել է հռոմեական ժանտ աստծուն, իսկ նորը չի գտել։ Ահա թե ինչեր կարող էիք այն ժամանակ ասել։ Ես հիշում եմ մեր խոսակցությունները։
― Եթե ես հավատայի, ապա անկասկած, կկրկնեի դա նաև հիմա։ Ես չեմ ստել, խոսելով որպես հավատացյալ,― շատ լուրջ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Բայց հավատացնում եմ ձեզ, որ ինձ վրա չափազանց տհաճ տպավորություն է գործում իմ նախկին մտքերի այդ կրկնությունը։ Չե՞ք կարող դադարեցնել։― Եթե հավատայի՞ք,― բղավեց Շատովը՝ նվազագույն ուշադրություն չդարձնելով խնդրանքին։― Բայց դո՞ւք չէիք ինձ ասում, արդյոք, որ եթե մաթեմատիկորեն ապացուցեն ձեզ, որ ճշմարտությունը դուրս է Քրիստոսից, ապա դուք կհամաձայնեիք ավելի լավ է Քրիստոսի հետ մնալ, քան ճշմարտությա՞ն։ Ասե՞լ եք դա։ Ասե՞լ եք։
― Բայց դե, թույլ տվեք ինձ էլ հարցնել ի վերջո,― ձայնը բարձրացրեց Ստավրոգինը,― ո՞ւր է տանում այս ամբողջ անհամբերատար և... չարամիտ քննությունը։
― Այս քննությունը կանցնի հավերժորեն ու այլևս երբեք չի հիշեցվի ձեզ։
― Դուք շարունակ պնդում եք, թե մենք դուրս ենք տարածությունից և ժամանակից...
― Լռեք,― հանկարծ բղավեց Շատովը։― Ես անխելք եմ ու անվարժ, բայց թող ծիծաղելիի մեջ կորչի իմ անունը։ Թույլ կտա՞ք, արդյոք, կրկնել ձեզ այն ժամանակվա ձեր ամբողջ գլխավոր միտքը... Օ՜, միայն տասը տող, եզրակացությունը միայն։
― Կրկնեք, եթե սոսկ եզրակացությունն է։
Ստավրոգինը ժամացույցին նայելու շարժում պիտի աներ, բայց զսպեց իրեն ու չնայեց։
Շատովը վերստին հակվեց աթոռի վրա և մի պահ նույնիսկ մատն էլ էր տնկելու։
― Ոչ մի ժողովուրդ,― սկսեց նա, կարծես տող առ տող կարդալով, միաժամանակ շարունակելով ահեղատեսք նայել Ստավրոգինին,― ոչ մի ժողովուրդ դեռևս չի կազմակերպվել-դասավորվել գիտության և բանականության հիմունքներով, ոչ մի անգամ նման օրինակ չի եղել, գուցե թե րոպեական, հիմարավարի։ Սոցիալիզմն ըստ իր էության, արդեն պիտի աթեիզմ լինի, քանզի ազդարարել է հենց, ամենաառաջին տողից, որ աթեիստական սահմանում է և մտադիր է կայանալ բացառապես գիտության և բանականության հիմունքներով։ Բանականությունը և գիտությունը ժողովուրդների կյանքում մշտապես, հիմա և դարերի սկզբից, սոսկ երկրորդական և հարակից դեր են կատարել, այդպես էլ կկատարեն մինչև դարերի վերջը։ ժողովուրդները կազմավորվում և շարժվում են մեկ ուրիշ, հրամայող և իշխող ուժով, սակայն որի ծագումն անհայտ է ու անբացատրելի։ Այդ ուժը մինչև վերջ հասնելու անհագուրդ ցանկության, միաժամանակ վախճանը ժխտելու ուժն է։ Կյանքի անընդմեջ և անխոնջելի հաստատման և մահի ժխտման ուժն է։ Կյանքի ոգին, ինչպես Կտակարանն է ասում, «կենդանի ջրի աղբյուրներն» են, որոնց ցամաքմամբ այնպես սպառնում է Հայտնությունը։ Ակունքը գեղագիտական է, ինչպես ասում էին փիլիսոփաները, ակունքը բարոյական է, ինչպես նույնացնում են հենց նրանք։ «Աստծո որոնումներ»՝ ինչպես ես եմ անվանում ամենից ավելի պարզ։ ժողովրդական ամբողջ շարժման նպատակը, յուրաքանչյուր ժողովրդի մեջ և նրա կեցության յուրաքանչյուր շրջանում, միայն ու միայն Աստծո որոնում է, իր Աստծո, անպատճառ սեփական, և հավատը նրա նկատմամբ, որպես միակ իսկական։ Աստված ամբողջ ժողովրդի սինթետիկ անձնավորությունն է, առնված նրա սկզբից ու մինչև վերջ։ Դեռ երբեք չի եղել, որ բոլոր կամ շատ ժողովուրդներ մեկ ընդհանուր Աստված ունենան, բայց միշտ և յուրաքանչյուրն ունեցել է առանձնահատուկը։ Ազգությունների ոչնչացման հատկանիշ է, երբ աստվածները սկսում են դառնալ ընդհանուր։ Երբ աստվածներն ընդհանուր են դառնում, ապա մեռնում են աստվածները և հավատը նրանց հանդեպ, իրենց իսկ ժողովուրդների հետ։ Ինչքան ավելի ուժեղ է ժողովուրդը, այնքան ավելի առաձնահատուկ է նրա Աստված։ Դեռ երբեք չի եղել ժողովուրդ առանց կրոնի, այսինքն՝ առանց չարի և բարու հասկացության։ Յուրաքանչյուր ժողովուրդ բարու և չարի մասին սեփական ըմբռնում ունի և իր սեփական չարն ու բարին։ Երբ շատ ժողովուրդների համար ընդհանուր են դառնում չարի և բարու ըմբռնումները, այդժամ վերանում են ժողովուրդները և այդժամ չարի և բարու միջև բուն տարբերությունը սկսում է ջնջվել ու չքանալ։ Բանականությունը երբեք ի զորու չի եղել բնորոշել չարն ու բարին, կամ նույնիսկ տարանջատել չարը բարուց, թեկուզ մոտավորապես։ Ընդհակառակն, միշտ խայտառակ ու խեղճացած խառնել է, իսկ գիտությունը բռնցքային լուծումներ է տվել։ Դրանով հատկապես աչքի է ընկել կիսագիտությունը, մարդկության ամենասարսափելի պատիժը, ավելի վատ համաճարակից, սովից ու պատերազմից, անհայտ մինչև ներկա հարյուրամյակը։ Կիսագիտությունը մի բռնակալ է, որպիսին երբեք չի եղել, մինչև հիմա։ Բռնակալ, որն ունի իր քրմերն ու ճորտերը, բռնակալ, որի առաջ բոլորը խոնարհվել են սիրով և սնահավատությամբ՝ մինչև այժմ անպատկերացնելի, որի դեմ դողում է անգամ գիտությունը և ամոթալի կերպով խրախուսում։ Սրանք բոլորը ձեր սեփական բառերն են, Ստավրոգին, բացի միայն կիսագիտության մասին ասածներից։ Դրանք իմն են, որովհետև ինքս էլ լոկ կիսագիտություն եմ, նշանակում է, առանձնապես եմ ատում դա։ Իսկ ձեր մտքերից ու նույնիսկ բառերից ոչինչ չեմ փոխել, ոչ մի բառ։
― Չեմ կարծում, թե փոխած չլինեք,― զգուշորեն նշեց Ստավրոգինը,― դուք խանդավառված ընդունել եք, խանդավառված էլ փոփոխել՝ չնկատելով դա։ Հենց միայն այն, որ դուք Աստծուն իջեցնում եք ազգության պարզ հատկանիշի աստիճանի...
Նա հանկարծ սկսեց սաստկացած և առանձնակի ուշադրությամբ հետևել Շատովին, և ոչ այնքան խոսքերին, որքան հենց իրեն։
― Աստծուն իջեցնում եմ ազգության հատկանիշի՞,― բղավեց Շատովը։― Հակառակը՜, ժողովուրդն եմ բարձրացնում մինչև Աստված։ Եվ երբևէ եղե՞լ է այլ կերպ։ ժողովուրդն Աստծո մարմինն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ մինչև այն ժամանակն է ժողովուրդ, քանի դեռ ունի իր հատուկ Աստված, իսկ մնացած բոլոր աստվածներին բացառում է ամենայն անհաշտությամբ, քանի դեռ հավատում է, որ իր Աստծով կհաղթի և աշխարհից կվտարի մնացած բոլոր աստվածներին։ Այդպես են հավատացած եղել բոլորը դարերի սկզբից, համենայն դեպս բոլոր մեծ ժողովուրդները, բոլոր փոքրիշատե նշանակալի, մարդկության գլուխ կանգնած բոլոր ժողովուրդները։ Փաստի դեմ գնալ չի կարելի։ Հրեաներն ապրել են սոսկ նրա համար, որ սպասեն իսկական Աստծուն և աշխարհին են թողել իսկական Աստծուն։ Հույներն աստվածացրել են բնությունը և աշխարհին կտակել իրենց կրոնը, այսինքն՝ փիլիսոփայությունը և արվեստը։ Հռոմն աստվածացրել է ժողովրդին պետության մեջ և ժողովուրդներին կտակել պետությունը։ Ֆրանսիան իր ամբողջ երկարուձիգ պատմության ընթացքում եղել է սոսկ հռոմեական աստծու գաղափարի մարմնավորումն ու զարգացումը, և եթե վերջապես անդունդն է շպրտել իր հռոմեական աստծուն և ձեռնամուխ եղել աթեիզմին, որ այժմ նրանց համար սոցիալիզմ է կոչվում, ապա միայն և միայն նրա համար, որ աթեիզմն ավելի առողջ է հռոմեական կաթոլիկականությունից։ Եթե մեծ ժողովուրդը չի հավատում, որ միայն իր մեջ է ճշմարտությունը (հենց մեկի և հենց բացառիկի), եթե չի հավատում, որ ինքը միակն ու կոչվածն է բոլորին հարություն տալու և փրկելու իր ճշմարտությամբ, ապա տեղնուտեղը դադարում է մեծ ժողովուրդ լինել և տեղնուտեղը դառնում է ազգագրական նյութ և ոչ թե մեծ ժողովուրդ։ Իսկական մեծ ժողովուրդը երբեք չի կարող հաշտվել մարդկության մեջ երկրորդական դերին կամ նույնիսկ առաջնակարգին, այլ անպայման ու բացառապես առաջինին։ Ով կորցրեց այդ հավատը, արդեն ժողովուրդ չէ։ Սակայն ճշմարտությունը մեկն է, և ուրեմն, սոսկ միակը ժողովուրդներից կարող է ունենալ ճշմարիտ Աստված, թեկուզև մյուս ժողովուրդներն ունենան իրենց առանձնահատուկ և մեծ աստվածները։ Միակ ժողովուրդ-«աստվածակիրը» ռուս ժողովուրդն է, և... և մի՞թե, մի՞թե ինձ այնպիսի հիմարի տեղ եք դրել, Ստավրոգին,― մոլեգնած ճչաց նա հանկարծ,― որն արդեն չի կարող զանազանել, թե ինչ են իր բառերը տվյալ րոպեին կամ հին ու զառամյալ բանդագուշանքը՝ աղացված ու աղացված մոսկոփան բոլոր սլավոնապաշտական ջրաղացներում կամ նոր խոսքը, վերջին խոսքը՝ նորացման և հարության միակ խոսքը, և... և ինչ է ինձ համար ձեր ծիծաղն այս րոպեին։ Իմ ի՜նչ գործն է, որ դուք չեք հասկանում ինձ ամենևին, ոչ մի բառ, ոչ մի հնչյուն... Օ՜, ինչպես եմ արհամարհում ձեր գոռոզ ծիծաղն ու հայացքն այս րոպեին։
Նա վեր ցատկեց տեղից, նույնիսկ փրփուր երևաց շրթունքներին։
― Ընդհակառակն, Շատով, ընդհակառակն,― անսովոր լուրջ և զուսպ ասաց Ստավրոգինը, տեղից չելնելով,― ընդհակառակն, ձեր ջերմ խոսքերով իմ մեջ հարություն տվեցիք արտակարգ ուժեղ շատ հիշողությունների։ Ձեր ասածներում ես ընդունում եմ իմ սեփական տրամադրվածությունը երկու տարի առաջ, և հիմա արդեն ձեզ չեմ ասի, ինչպես քիչ առաջ, որ իմ այն ժամանակվա մտքերը չափազանցրել եք։ Ինձ թվում է նույնիսկ, որ դրանք եղել են ավելի բացառիկ, էլ ավելի ինքնիշխան, ու հավատացնում եմ ձեզ երրորդ անգամ, որ ես շատ կցանկանայի հաստատել այն ամենը, ինչ հիմա ասացիք, անգամ մինչև վերջին բառը, բայց...
― Բայց ձեզ նապաստա՞կ է պետք։
― Իի֊իի՞նչ։
― Ձեր իսկ նենգ արտահայտությունն է,― չարությամբ ծիծաղեց Շատովը՝ կրկին նստելով,― «նապաստակի սոուս եփելու համար պետք է նապաստակ, Աստծուն հավատալու համար պետք է Աստված», սա Պետերբուրգում եք ասել, ինչպես ասում են, Նոզդրևի պես, որն ուզում էր նապաստակ բռնել ետևի ոտքերից։
― Չէ, նա հենց գլուխ էր գովում, թե արդեն բռնել է նապաստակը։ Ի դեպ, թույլ տվեք սակայն ձեզ էլ անհանգստացնեմ մի հարցով, առավել ևս, որ ինձ թվում է, թե դրա կատարյալ իրավունքն ունեմ հիմա։ Ասացեք ինձ. իսկ ձեր նապաստակը բռնվա՞ծ է, թե դեռ ցատկոտում է։
― Չհամարձակվեք ինձ հարցնել նման բառերով, ուրիշ բառերով հարցրեք, ուրի՜շ,― ամբողջ մարմնով հանկարծ դողացրեց Շատովը։
― Շատ լավ, ուրիշ,― խստորեն նրան նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը,― ուզում էի սոսկ իմանալ, ինքներդ հավատո՞ւմ եք Աստծուն, թե՝ ոչ։
― Ես հավատում եմ Ռուսաստանին, ես հավատում եմ նրա ուղղափառությանը... Ես հավատում եմ Քրիստոսի մարմնին... Ես հավատում եմ, որ նոր գալուստը կատարվելու է Ռուսաստանում... Ես հավատում եմ...― կատաղած մրմնջաց Շատովը։
― Իսկ Աստծո՞ւն։ Աստծո՞ւն։
― Ես... ես կհավատամ Աստծուն։
Ոչ մի մկան չշարժվեց Ստավրոգինի դեմքին։ Շատովը բոցաշունչ, մարտակոչ աչքերով նրան էր նայում, ճիշտ կարծես այրել էր ուզում հայացքով։
― Չէ որ ձեզ չասացի, թե չեմ հավատում ամենևին,― ճչաց նա վերջապես,― ես սոսկ իմանալ եմ տալիս, որ տարաբախտ, տխուր մի գիրք եմ ես և ուրիշ ոչինչ առայժմ, առայժմ... Բայց թող կորչի իմ անունը։ Բանը դուք եք և ոչ թե ես... Ես անտաղանդ մարդ եմ և կարող եմ միայն արյունս տալ և ուրիշ ոչինչ, ինչպես ամեն մի անտաղանդ մարդ։ Թող կորչի՜ նաև իմ արյունը։ Ես ձեր մասին եմ խոսում, ես ձեզ երկու տարի սպասել եմ այստեղ... Ես ձեզ համար եմ հիմա, կես ժամ է, տկլոր պար գալիս։ Դուք, դուք միայն կարող էիք պարզել այդ դրոշը...
Նա չավարտեց և կարծես հուսաբեկ, կռթնեց սեղանին՝ գլուխը հենած երկու ձեռքերին։
― Ես ձեզ միայն ի դեպ նշեմ, որպես տարօրինակություն,― ընդհատեց հանկարծ Ստավրոգինը,― այդ ինչու են բոլորն ինձ ինչ-որ դրոշ պարտադրում։ Պյոտր Վերխովենսկին նույնպես համոզված է, որ ես կարող եմ «պարզել նրանց դրոշը», ծայրահեղ դեպքում, ինձ հայտնել են նրա ասածը։ Նա միտք է հղացել, որ ես կարող էի նրանց համար Ստենկա Ռազինի դերը խաղալ՝ «հանցանքի նկատմամբ անսովոր ընդունակությամբ», նմանապես նրա խոսքերն են։
― Ինչպե՞ս,― հարցրեց Շատովը,― «հանցանքի նկատմամբ անսովոր ընդունակությա՞մբ»։
― Հենց այդպես։
― Հըմ։ Իսկ ճի՞շտ է, որ դուք,― չարությամբ քթի տակ ծիծաղեց Շատովը,― ճի՞շտ է, որ Պետերբուրգում պատկանել եք անասնական հեշտասիրական գաղտնի մի ընկերության։ Ճի՞շտ է, արդյոք, որ մարքիզ դը Սադը կարող էր ձեզնից դասեր առնել։ Ճի՞շտ է, արդյոք, որ հրապուրել ու անառակացրել եք երեխաների։ Խոսեք, չհամարձակվեք ստել,― բղավում էր նա՝ բոլորովին կորցնելով իրեն,― Նիկոլայ Ստավրոգինը չի կարող ստել Շատովի առաջ, որը խփել է նրա դեմքին։ Ասեք ամեն ինչ, և եթե ճիշտ է, ես ձեզ տեղնուտեղը, հենց հիմա կսպանեմ, հենց այստեղ։
― Ես այդ բառերն ասել եմ, բայց երեխաների չեմ անարգել,― ասաց Ստավրոգինը, բայց սոսկ չափից ավելի լռելուց հետո։ Նա գունատվել էր, և աչքերը բոցկլտում էին։
― Բայց դուք ասել եք,― տիրաբար շարունակեց Շատովը՝ կրակվող աչքերը նրանից չկտրելով։― Ճի՞շտ է, արդյոք, որ հավատացրել եք իբր, թե տարբերություն չեք գտնում մի որևէ հեշտասիրական, գազանային բանի և ցանկացած սխրանքի գեղեցկության միջև, թեկուզև հանուն մարդկության նույնիսկ անձնազոհություն լինի դա։ Ճի՞շտ է, արդյոք, որ երկու բևեռներում էլ գտել եք գեղեցկության համընկնում, վայելքի նույնություն։
― Այդպես պատասխանել անհնար է... ես չեմ ուզում պատասխանել,― մրթմրթաց Ստավրոգինը, որը լավ էլ կարող էր վեր կենալ ու գնալ, սակայն վեր չէր կենում ու չէր գնում։
― Ես էլ չգիտեմ, ինչու է չարը նողկալի, իսկ բարին սքանչելի, բայց գիտեմ՝ ինչու է այդ տարբերության զգացողությունը ջնջվում ու կորչում Ստավրոգինի նման պարոնների համար,― չէր դադարում ամբողջ մարմնով դողացող Շատովը,― գիտե՞ք, արդյոք, թե ինչու ամուսնացաք այն ժամանակ, այդպես խայտառակ և ստորաբար։ Հենց այն պատճառով, որ խայտառակությունն ու անմտությունն այդտեղ հասնում էին հանճարեղության։ Օ՜, դուք չեք թափառում պռնկին, այլ համարձակորեն ցած եք թռչում գլխիվայր։ Դուք ամուսնացաք նահատակության հանդեպ կրքով, խղճի խայթի հանդեպ կրքով, բարոյական հեշտասիրությամբ։ Նյարդային գերլարում կար այդտեղ... Ողջամտությանը նետված մարտակոչը չափից ավելի էր գայթակղիչ։ Ստավրոգինը և ողորմելի, սակավամիտ, աղքատ ու կաղլիկ կինը։ Երբ դուք կծեցիք նահանգապետի ականջը, հեշտասիրություն զգացի՞ք։ Զգացի՞ք։ Պարապ-սարապ թրև եկող պարոնորդի, զգացի՞ք։
― Դուք հոգեբան եք,― ավելի ու ավելի էր գունատվում Ստավրոգինը,― թեև իմ ամուսնության պատճառների մեջ մասամբ սխալվեցիք... Իմիջիայլոց, ո՞վ կարող էր ձեզ հայտնել բոլոր այդ տեղեկությունները,― իրեն ստիպելով, քթի տակ ծիծաղեց նա,― չլինի՞ Կիրիլլովը։ Բայց նա չի մասնակցել...
― Դուք գունատվո՞ւմ եք։
― Բայց և այնպես, դուք ի՞նչ եք ուզում,― վերջապես ձայնը բարձրացրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Ես կես ժամ նստեցի ձեր մտրակի տակ և ծայրահեղ դեպքում, դուք կարող էիք ինձ բաց թողնել քաղաքավարի... եթե իրականում որևէ խելամիտ նպատակ չունեք այդպես վարվել ինձ հետ։
― Խելամիտ նպատա՞կ։
― Անկասկած։ Ձեր պարտականությունն է ծայրահեղ դեպքում հայտարարել ինձ ձեր նպատակը։ Ես շարունակ սպասում էի, որ դա կասեք, բայց գտա լոկ մոլեգին չարություն։ Խնդրում եմ ձեզ, բաց արեք դարպասը։
Նա ելավ աթոռից։ Շատովը կատաղած նետվեց նրա ետևից։
― Հողը համբուրեք, արցունքով ցողեք, թողություն խնդրեք,― բղավում էր նա՝ բռնելով Ստավրոգինի ուսից։
― Ես ձեզ չսպանեցի սակայն... այն առավոտ.... այլ երկու ձեռքս էլ քաշեցի,― համարյա թե ցավով արտաբերեց Ստավրոգինը՝ աչքերը ցած հառելով։
― Ասելիքը վերջացրեք, դուք եկել եք ինձ զգուշացնելու վտանգի մասին, դուք թույլ տվեցիք ինձ խոսել, դուք ուզում եք վաղը հայտարարել ձեր ամուսնության մասին հրապարակավ... Ձեր դեմքից մի՞թե չեմ տեսնում, որ մի նոր ահեղ միտք է ձեզ տանջում... Ստավրոգին, ինչի՞ համար եմ ես դատապարտված ձեզ հավատալ հավիտյանս հավիտենից։ Սի՞թե կարող էի այսպես խոսել մեկ ուրիշի հետ։ Ես ողջախոհություն ունեմ, բայց չվախեցա իմ մերկանալուց, որովհետև Ստավրոգինի հետ էի խոսում։ Ես չվախեցա իմ հպումով ծաղրանկարել հսկա միտքը, որովհետև Ատավրոգինն էր ինձ լսողը... Սի՞թե չեմ համբուրելու ձեր ոտնահետքերը, երբ դուք գնաք։ Ես չեմ կարող պոկել ձեզ իմ սրտից, Նիկոլայ Ստավրոգին։
― Ափսոսում եմ, որ չեմ կարող ձեզ սիրել, Շատով,― սառնությամբ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Գիտեմ, որ չեք կարող և գիտեմ, որ չեք ստում։ Ես ամեն ինչ կարող եմ շտկել, լսեք, ես կարող եմ նապաստակ գտնել ձեզ համար։
Ստավրոգինը լուռ էր։
― Դուք աթեիստ եք, որովհետև պարոնորդի եք, վերջին պարոնորդին։ Դուք կորցրել եք չարի և բարու տարբերությունը, որովհետև դադարել եք ձեր ժողովուրդը ճանաչել։ Գալիս է նոր սերունդը, ուղղակի ժողովրդյան սրտից, և չեք ճանաչի նրան ամենևին ոչ դուք, ոչ Վերխովենսկիները՝ հայր ու որդի, ոչ ես, որովհետև ես նույնպես պարոնորդի եմ, ես, ձեր ճորտ սպասավոր Պաշկայի որդին... Լսեք, Աստծուն հասեք աշխատանքով, ամբողջ էությունը դա է, կամ էլ կանհետանաք, ինչպես նվաստ բորբոս, աշխատանքով հասեք։
― Աշխատանքով՝ Աստծու՞ն։ Ի՞նչ աշխատանքով։
Բայց Ստավրոգինը չէր ծիծաղում։
― Դուք ենթադրում եք, թե Աստծուն կարելի է հասնել աշխատանքով, ու հատկապես մուժիկակա՞ն,― կրկնեց նա՝ մտածելով, կարծես իսկապես ինչ-որ նոր ու լուրջ բանի էր հանդիպել, ինչի մասին արժեր մտորել։― Իմիջիայլոց,― հանկարծ անցավ նա նոր մտքի,― նոր ինձ հիշեցրիք, գիտե՞ք, արդյոք, որ ես ամենևին էլ հարուստ չեմ, այնպես որ դեն նետելու բան չկա։ Ես համարյա ի վիճակի չեմ ապահովել նույնիսկ Մարյա Տիմոֆեևնայի ապագան... Ահա, նաև ինչ. ես եկել էի ձեզ խնդրելու, եթե կարող եք, առաջիկայում էլ չթողնել Մարյա Տիմոֆեևնային, քանի որ մենակ դուք կարող եք որոշ ազդեցություն ունենալ նրա խեղճ մտքի վրա... Համենայն դեպս եմ ասում։
― Լավ, լավ, Մարյա Տիմոֆեևնայի մասին դուք...― ձեռքը տարավ-բերեց Շատովը՝ մյուսով մոմը բռնած,― լավ, հետո ինքնըստիքյան... Լսեք, գնացեք Տիխոնի մոտ։
― Ու՞մ։
― Տիխոնի։ Տիխոնը նախկին ավագերեց է, հիվանդության պատճառով ապրում է պաշտոնաթող, այստեղ՝ քաղաքի սահմաններում, մեր Եֆիմյևսկի Բոգորոդսկի մենաստանում։
― Իսկ ի՞նչ բան է դա։
― Ոչինչ։ Նրա մոտ գնում են, հեռուներից էլ են գալիս։ Անցեք, ձեզ համա՞ր՝ ինչ։ Դե, ի՞նչ է ձեզ համար։
― Առաջին անգամ եմ լսում և... դեռ երբեք չեմ տեսել այդ կարգի մարդկանց։ Շնորհակալ եմ ձեզնից, կանցնեմ։
― Այս կողմ,― լուսավորում էր Շատովը սանդուղքը,― անցեք,― բացեց նա փողոց տանող դռնակը։
― Ես այլևս չեմ գա ձեզ մոտ, Շատով,― ցածրաձայն ասաց Ստավրոգինը՝ ելնելով դռնակից։
Խավարն ու անձրևը շարունակվում էին նախկինի պես։
Գլուխ երկրորդ. Գիշեր (շարունակությունը)
Գլուխ երրորդ. Մենամարտ
Գլուխ չորրորդ. Բոլորը՝ սպասման մեջ
Գլուխ հինգերորդ. Նախքան տոնախմբությունը
Գլուխ վեցերորդ. Պյոտր Ստեպանովիչը հոգսերի մեջ
Գլուխ յոթերորդ. Մերոնց մոտ
Գլուխ ութերորդ. Արքայազն Իվանը
Գլուխ իններորդ. Ստեպան Տրոֆիմովիչի գույքը վերգրեցին
Գլուխ տասներորդ. Ֆլիբուստյերներ: Ճակատագրական առավոտը
- ↑ «Զավակս, սիրեցյալ զավակս» (ֆրանս)։
- ↑ Նա ծիծաղում է (ֆրանս)։
- ↑ Թողնենք դա (ֆրանս)։
- ↑ Ճիշտ այդպես (ֆրանս)։
- ↑ Աղմուկ բարձրացնելու իր անվան շուրջ (ֆրանս)։
- ↑ Նա ծիծաղում է։ Նա շատ, չափից շատ է ծիծաղում (ֆրանս)։
- ↑ Նա միշտ ծիծաղում է (ֆրանս)։
- ↑ Ավելի լավ։ Թողնենք դա (ֆրանս)։
- ↑ Ես ուզում էի տարհամոզել (ֆրանս)։
- ↑ Այդ խեղճ հորաքույրը, լավ-լավ բաներ կլսի նա (ֆրանս)։
- ↑ Այստեղ թաքնված է ինչ-որ կույր ու կասկածելի մի բան (ֆրանս)։
- ↑ Նրանք պարզապես ծույլեր են (ֆրանս)։
- ↑ Դուք ծույլեր եք; Ձեր դրոշը լաթ է, անզորության մարմնավորում (ֆրանս)։
- ↑ Այդ բնույթի ինչ-որ հիմարություն (ֆրանս)։
- ↑ Դուք չեք հասկանում։ Թողնենք դա (ֆրանս)։
- ↑ Դուք հասկանո՞ւմ եք (ֆրանս.)։