Վերջին թարմացում 28 Մարտի 2015, 15:34

Մարտին Իդեն, Գլուխ XVIII

15:34, 28 Մարտի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XVII Մարտին Իդեն, Գլուխ XIX ▶


Երկուշաբթի առավոտ Ջոն հայհոյելով, սպիտակեղենի առաջին բաժինը նետեց լվացքի մեքենայի մեջ։

— Ես ասում եմ․․․— սկսեց նա։

— Վերջ տուր,— գոռաց նրա վրա Մարտինը։

— Ներիր, Ջո,— ասաց նա հետո երբ նստեցին ճաշելու։

Ջոյի աչքերում արցունքի կաթիլներ երևացին։

― Ոչի՜նչ, բարեկա՛մս,— պատասխանեց նա,— մենք ապրում ենք դժոխքում, այնպես որ զարմանալի չէ, որ երբեմն բարկանում ենք։ Աստված վկա, ես քեզ շատ սիրեցի, այդ պատճառով էլ մի քիչ վիրավորվեցի։ Չգիտեմ ինչո՛ւ, ես միանգամից կապվեցի քեզ։

Մարտինը սեղմեց նրա ձեռքը։

― Թողնենք ամեն ինչ և հեռանանք,— առաջարկեց Ջոն,— գնանք թափառականի կյանք վարելու։ Ես ոչ մի անգամ չեմ փորձել այդ, բայց դա չափազանց հաճելի բան պետք է լինի։ Մտածի՛ր միայն՝ ոչինչ չանել։ Մի անգամ ես հիվանդանոցում պառկած էի տիֆով. մինչև իսկ հիշելը դուրեկան է։ Ես կուզենայի էլի հիվանդանալ։

Անցան շաբաթներ։ Հյուրանոցը լիքն էր, և նուրբ սպիտակեղենն ավելի ու ավելի էր ստացվում։ Ջոն ու Մարտինը արիության հրաշքներ էին գործում, աշխատում էին մինչև կեսգիշեր՝ էլեկտրական լույսի տակ, կերակրվելու ժամանակը կրճատում էին, սկսեցին աշխատել նաև նախաճաշից առաջ։ Մարտինը այլևս սառը լոգանք չէր ընդունում, դրա համար ժամանակ չկար։ Ջոն մեծ հոգածությամբ էր տնօրինում իր ժամանակը, երբեք չէր կորցնում ոչ մի րոպե, հաշվում էր դրանք, ինչպես ժլատ մարդը հաշվում է ոսկիները, աշխատում էր կատաղի, մոլեգին, որպես մեքենա՝ միշտ շփման մեջ մնալով մյուս մեքենայի հետ, որը ժամանակին մարդ էր՝ Մարտին Իդեն անունով։

Մարտինը հազվադեպ էր մտածում։ Մտքի օթևանը փակ էր, պատուհանները մեխված էին, իսկ ինքը միայն այդ օթևանի դռանը կանգնած ուրվական պահապանն էր։ Այո՛, նա ուրվական էր դարձել, Ջոն իրավացի էր․ երկուսն էլ ուրվականներ էին անվերջանալի աշխատանքի թագավորության մեջ։ Թերևս այդ ամենը միայն երա՞զ էր։ Երբեմն, ծանր արդուկը ձյունասպիտակ գործվածքին քսելիս, տաք շոգու քուլաներով շրջապատված, Մարտինն իրեն համոզում էր, որ այդ ամենը իրոք միայն երազ է։ Թերևս շատ շուտ, թերևս և հազար տարի հետո, նա դարձյալ կզարթնի իր խցիկում, թանաքից կեղտոտած սեղանին, և կվերսկսի նախօրեին ընդհատված աշխատանքը։ Թերևս դա էլ երազ էր, և նա կզարթնի, որպեսզի նավում ժամապահություն ստանձնի, և իր մահճից ցատկելով՝ դուրս գա տախտակամած և արևադարձային աստղազարդ երկնքի տակ ձեռք զարկի ղեկանիվին, և պասսատ քամու թարմ հոսանքը կհովացնի նրա մաշկը։

Դարձյալ եկավ շաբաթ օրը, և ժամը երեքին աշխատանքը վերջացավ։

― Չգնա՞նք մի բաժակ գարեջուր խմելու,— հարցրեց Ջոն սառը շեշտով, որովհետև տոնական անտարբերությունն արդեն համակել էր նրան։

Քայց Մարտինը կարծես քնից արթնացավ։ Նա կարգի բերեց հեծանիվը, յուղեց անիվները, ստուգեց ղեկը և մաքրեց շարժման հաղորդակը։ Ջոն նստած էր գինետանը, երբ Մարտինը նրա առաջով սուրաց անցավ ղեկի վրա կռացած, համաչափ շարժելով հեծանվի ոտնակները, նայելով առաջ փոշոտ ճամփին, որով նա պիտի անցներ յոթանասուն մղոն։ Նա գիշերեց Օքլենդում, իսկ կիրակի օրը վերադարձավ և երկուշաբթի սկսեց աշխատել հոգնած, բայց այն դուրեկան գիտակցությամբ, որ այս անգամ չհարբեց։

Անցավ հինգերորդ շաբաթը, հետո վեցերորդը, իսկ նա շարունակում էր ապրել ու աշխատել մեքենայի պես, և միայն նրա հոգու խորքում պահպանվում էր ինչ-որ կայծիկ, որը ստիպում էր նրան ամեն շաբաթվա վերջում հեծանվով անցնել հարյուր քառասուն մղոն ճանապարհ։ Սակայն դա հանգիստ չէր։ Այստեղ գործում էր մեքենայի նույն լարվածությունը, և վերջ ի վերջո Մարտինի հոգում հանգավ և այն վերջին կայծիկը, որը մնում էր նրա անցյալ կյանքից։ Յոթերորդ շաբաթվա վերջում նա, առանց մինչև իսկ փորձելու դիմադրել, Ջոյի հետ միատեղ գնաց գյուղ, նորից «ճաշակեց» կյանքը և ապրեց մինչև երկուշաբթի։

Սակայն հաջորդ շաբաթ նա դարձյալ անցավ յոթանասուն մղոն՝ վանելով հոգնածությունից առաջացած իր անզգայությունը մի այլ անզգայությամբ, որը առաջացել էր առավել հոգնածությունից և միայն երրորդ ամսվա վերջում նա երրորդ անգամ Ջոյի հետ միասին գյուղ գնաց։ Ինքնամոռացության մեջ ընկնելով՝ նա կրկին սկսեց ապրել, իսկ սկսելով ապրել, տեսավ, ինչպես կայծակի հանկարծական ճայթյունի պահին, թե ինչ անբան անասուն է դարձել, ոչ թե նրա համար, որ խմում էր, այլ նրա համար, որ այդպես աշխատում էր։ Հարբեցողությունը հետևանք էր և ոչ թե պատճառ։ Դա հաջորդում էր աշխատանքին նույն օրինաչափությամբ, որպիսի օրինաչափությամբ գիշերը հաջորդում է ցերեկին։ Երբ գրաստ ես դառնում, երբեք չես հասնի լուսաճաճանչ բարձունքների, վիսկին ներշնչեց նրան այդ միտքը, և նա համաձայնեց դրա հետ։ Վիսկին երևան բերեց մի մեծ իմաստություն, բացահայտեց մի կարևոր ճշմարտություն։

Մարտինը պահանջեց թուղթ և մատիտ, վիսկի պատվիրեց ամբողջ ընկերախմբի համար, և մինչ բոլորը խմում էին նրա կենացը, նա, հենվելով վաճառասեղանին, ինչ֊որ բան գրեց թղթի վրա։

— Հեռագիր է, Ջո՛,— ասաց նա,— հապա կարդա։

Ջոն սկսեց կարդալ անմիտ, հարբած քմծիծաղով։ Բայց այն, ինչ կարդաց նա, հանկարծ զգաստացրեց նրան։ Նա կշտամբանքով նայեց Մարտինին և նրա աչքերում արցունքներ փայլեցին։

— Դու ինձ լքո՞ւմ ես, Մարտ,— հարցրեց նա տխուր։

Մարտինը գլխով հաստատական նշան արեց և, կանչելով ինչ֊որ տղայի, նրան պատվիրեց, որ վազի հեռագրատուն։

— Կա՛ց,— լեզուն կապ ընկած ասաց Ջոն,— ես ուզում եմ կշռադատել մի բան։

Նա բռնեց վաճառասեղանը, որպեսզի չընկնի, և Մարտինը գրկեց նրա մեջքն ու պահեց, մինչև որ Ջոն ձևակերպեց իր միտքը։

— Գրի՛ր, որ երկու աշխատողներն էլ հեռանում են,— միանգամից ասաց Ջոն,— գրի՛ր։

— Բայց դո՞ւ ինչու ես հեռանում,― հարցրեց Մարտինը։

— Ճիշտ այն պատճառով, ինչ որ դու։

— Ես գնում եմ նավարկության, իսկ դու չես կարող։

— Ճիշտ է,— պատասխանեց Ջոն,— բայց ես կդառնամ թափառաշրջիկ, դա նույնիսկ շատ ավելի լավ է։

Մարտինը մի րոպե քննական հայացք գցեց նրա վրա և վերջապես բացականչեց․

— Աստվա՜ծ վկա, դու իրավացի ես։ Ավելի լավ է թափառաշրջիկ դառնալ, քան գրաստ. գոնե կապրես։ Իսկ մինչև հիմա դու կյանք չես ունեցել։

— Ունեցել եմ,— ուղղեց նրան Ջոն,— ես մի անգամ հիվանդանոցում եմ պառկել։

Մինչ Մարտինը զբաղված էր հեռագրի բովանդակությունը փոխելով, Ջոն շարունակեց.

— Երբ ես հիվանդանոցում պառկած էի, բոլորովին ցանկություն չունեի խմելու, զարմանալի է, չէ՞։ Բայց ես մի ամբողջ շաբաթ աշխատում եմ ձիու պես, ի վերջո պետք է խմեմ։ Բոլորը գիտեն, որ խոհարարները դևերի պես են խմում․․․ հացթուխները նույնպես... Աշխատանքն է այդպես։ Կա՛ց, հեռագրի ծախսի կեսը ես եմ վճարում։

— Լա՜վ, յոլա կգնանք,— ասաց Մարտինը։

— Է՜յ, բոլորդ եկեք այստեղ, ես եմ հյուրասիրում,― գոռաց Ջոն՝ դրամները թափելով վաճառասեղանին։

Երկուշաբթի առավոտ Ջոն հուզված էր։ Նա ուշադրություն չէր դարձնում իր գլխացավին և չէր հետաքրքրվում աշխատանքով։ Նա կորցրեց շատ թանկագին րոպեներ՝ նստելով և անհոգ նայելով պատուհաններին, հրճվելով արևով ու ծառերով։

— Նայե՜ք, այս բոլորը իմն են,― գոռում էր նա․― սա ազատություն է։ Ես կարող եմ պառկել ծառերի տակ և քնել թեկուզ հազար տարի, եթե կամենամ։ Գնա՛նք, Մարտ, թքած ամեն ինչի վրա։ Սատանա՛ն տանի նրանց։ Ինչո՞ւ ենք սպասում։ Ահա անգործության աշխարհը, և ես տոմս եմ վերցնում հիմա այնտեղ գնալու, միայն առանց վերադարձի տոմսի։

Մի քանի րոպե հետո Ջոն, լցնելով լվացքի մեքենան սպիտակեղենով, տեսավ հյուրանոցի տիրոջ շապիկը, նա գիտեր նրա նիշը։ Եվ, հափշտակվելով նոր ձեռք բերված ազատությամբ, նա գետնին գցեց շապիկը և սկսեց կոխոտել այն։

— Ես կուզենայի, որ սա քո ռեխը լիներ, ճարպակալա՛ծ սատանա՜,― բղավում էր նա։— Ա՛յ քեզ, ա՛ռ քեզ։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ քեզ։ Թող մեկը փորձի պահել ինձ այստեղ, թ՜ող փորձեն...

Մարտինը, ծիծաղելով, փորձում էր խելքի բերել նրան։ Երեքշաբթի իրիկունը եկան երկու նոր աշխատողներ, և մինչև շաբաթվա վերջը Ջոն ու Մարտինը զբաղված էին գործը նրանց սովորեցնելով։ Ջոն, նստած, ցուցումներ էր տալիս նրանց, բայց ինքը ոչինչ չէր անում։

— Ո՞նց չէ,— հայտարարեց նա,— ես ձեռք չեմ տա․ թող ժամկետից առաջ հեռացնեն գործից, միևնույն է, ես ձեռք չեմ տա։ Այլևս չեմ աշխատելու։ Ես կճամփորդեմ ապրանքատար վագոններում և կքնեմ ծառերի տակ։ Է՜յ, դուք, աշխատողնե՛ր, հո՛ւպ տվեք, քրտնեցե՜ք․․․ Քրտնեցեք, գրողը տանի ձեզ։ Երբ դուք կսատկեք, կփտեք այնպես, ինչպես և ես, միևնույն չէ՞, թե ինչպես եք ապրել։ Բարի եղեք ինձ ասել, վերջ ի վերջո, միևնույն չէ՞։

Շաբաթ օրը նրանք հաշիվները մաքրեցին հյուրանոցի տիրոջ հետ և միասին գնացին մինչև ճամփաբաժանը։

— Իհարկե, դու ինձ հետ չես գա, նույնիսկ չարժե՞ քեզ համոզելը,— հարցրեց Ջոն բոլորովին հուսահատ։

Մարտինը բացասաբար շարժեց գլուխը։ Նա պատրաստվեց նստել հեծանիվ։ Նրանք իրար ձեռքը սեղմեցին, և Ջոն, մի րոպե պահելով Մարտինի ձեռքը, ասաց.

— Մենք քեզ հետ դեռ կտեսնվենք այս աշխարհում, Մարտ. ես այդպիսի նախազգացում ունեմ։ Մնաս բարով, Մարտին, ցանկանում եմ քեզ երջանկություն։ Ես սիրում եմ քեզ, աստվա՜ծ վկա, սիրում եմ։

Ջոն անզոր կանգնած էր ճամփի մեջտեղը՝ նայելով Մարտինի հետևից, մինչև որ սա անհետացավ ճամփի շրջադարձին։

— Հրաշալի տղա է,— շշնջաց նա,— շա՜տ հրաշալի։

Հետո նա գնաց ճամփի երկայնքով դեպի ջրամբարը, ուր բլրի լանջի տակ կես դյուժին թափառաշրջիկներ պառկած՝ սպասում էին ապրանքատար գնացքին։