հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին |
1. ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀՅՈՒՐԵՐ
Ժամանակով գետնի տակ, իր բնում մի հոբիտ էր ապրում: Ոչ թե ինչ-որ զզվելի, կեղտոտ, խոնավ բնում, որտեղ բոլոր կողմերից որդեր են կախված և գարշելի նամշահոտ է տարածված, և ոչ էլ ավազե չոր բնում, ուր չգիտես որտեղ նստես և ինչ ուտես: Ոչ, դա հոբիտի բույն էր, ուրեմն՝ բարեկարգ:
Բույնը սկսվում էր լուսանցույցի պես անթերի կլոր դռնից, որ ներկված էր կանաչ ներկով և ուղիղ կենտրոնում պղնձե փայլուն բռնակ ուներ: Դուռը դեպի ներս էր բացվում, մի երկար միջանցքի մեջ, որ նման էր երկաթուղային թունելի, բայց առանց ծխի ու մրի, և նույնիսկ շատ բարեկարգ. այստեղ պատերը փայտամած էին, հատակը սալիկապատ էր ու գորգածածկ, պատերի տակ փայլուն աթոռներ էին դրված և չորս կողմը կեռիկներ էին կախված՝ վերարկուների ու գլխարկների համար, քանի որ հոբիտը հյուրեր շատ էր սիրում: Թունելը գալարվում էր ավելի ու ավելի հեռու և բավականին խորաում էր, բայց չէր հասնում, իչպես մի քանի մղոնի վրա ապրող շրջակա բնակիչներն էին անվանում Բլուրի ամենախորքը: Թունելի երկու կողմերում դռներ էին, շա~տ-շա~տ, կլոր դռներ: Հոբիտը աստիճաններով բարձրանալ չէր սիրում. ննջարանները, լողասենյակները, նկուղներն ու մառանները (շա~տ-շա~տ մառաններ), հանդերձարանները (հոբիտը մի քանի սենյակ հատկացրել էր հագուստների պահպանման համար), խոհանոցն ու ճաշասենյակները գտնվում էին միևնույն հարկում և, դեռ ավելին, միևնույն միջանցքում:
Լավագույն սենյակները ձախ թևի վրա էին և միայն դրանք պատուհաններ ունեին՝ կլոր խորադիր լուսամուտներ, որ նայում էին այգուն և դեպի գետն իջնող հեռավոր մարգագետիններին:
Մեր հոբիտը բավականին ունևոր հոբիտ էր՝ Բեգինս ազգանունով: Բեգինսները Բլուրի շրջակայքում ապրում էին անհիշելի ժամանակներից և շատ հարգարժան ընտանիք էին համարվում ոչ միայն նրա համար, որ հարուստ էին, այլև, որ նրանց երբեք ոչ մի բան չէր պատահում, և իրենք էլ իրենց ոչ մի անսպասելի բան թույլ չէին տալիս. միշտ կարելի էր նախապես առանց հարցնելու կռահել, թե հատկապես ինչ կասի այս կամ այն Բեգինսն այս կամ այն առիթով: Բայց մենք ձես կպատմենք, թե ինչպես Բեգինսներից մեկին արկածների մեջ քաշեցին, և նա, ինքն էլ իր վրա զարմացած, սկսեց ամենաանսպասելի բաներ ասել և ամենաանսպասելի արարքներ թույլ տալ: Գուցե նա կորցրեց հարևանների հարգանքը, բայց դրա փոխարեն ձեռք բերեց... ի միջի այլոց, ինքներդ կտեսնեք, վերջ ի վերջո որևէ բան ձեռք բերե՞ց, թե ոչ:
Մեր հոբիտի մայրիկը... Ի դեպ, ի՞նչ բան է հոբիտը: Երևակայեցեք, արժե հոբիտների մասին ավելի մանրամասն պատմել, քանի որ մեր ժամանակներում նրանք հազվագյուտ են դարձել և իրենց հեռու են պահում Բարձր ժողովրդից. նրանք արդպես են անվանում մարդկանց: Իրենք ցածրահասակ ժողովուրդ են, մոտավորապես մեր կես բոյին և մորուքավոր թզուկներից կարճլիկ: Հոբիտները մորուք չունեն: Նրանց մեջ կախարդական, ընդհանուր առմամբ, նույնպես ոչինչ չկա, եթե կախարդական չհամարենք արագ և անշշուկ անհետանալու կարողությունը այն դեպքում, երբ ամեն տեսակ անուղեղ անճոռնի լողլողներ, ասենք մեզ ու ձեզ նմանները, աղմուկ ու շփթփոց են դնում, ասես փղեր լինեն: Հոբիտները ցմփոր են, վառ գույներ են հագնում՝ առավելապես կանաչ ու դեղին, ոտնաման չեն հագնում, որովհետև նրանց ներբանների կաշին բնականից հաստ է, իսկ ոտքերը, ինչպես և գլուխները, ծածկված են տաք, գորշ մորթով: Միայն թե գլխի մորթին գանգուր է: Հոբիտներն ունեն երկար ճկուն ու թուխ մատներ, բարի դեմք, ծիծաղում են թավ, խուլ ծիծաղով (հատկապես ճաշից հետո, իսկ նրանք, որպես կանոն, ճաշում են օրը երկու անգամ, եթե հաջողվում է):
Այժմ դուք բավականին բան գիտեք և կարելի է շարունակել:
Ինչպես արդեն ասել եմ, մեր հոբիտի, այսինքն՝ Բիլբո Բեգինսի մայրը առասպելական Բելադոննա Տուկն էր, ծերունի Տուկի, Գետի Այն Կողմում, այսինքն՝ Բլուրի ստորոտով հոսող գետակի մոտ ապրող հոբիտների գլխավորի երեք արժանահիշատակ դուստրերից մեկը: Ասեկոսներ էին պտտվում, իբրև թե հի~ն-հին ժամանակներում Տուկերից մեկը էլֆերից է կին առել: Հիմարություններ են, իհարկե, բայց Տուկերի բոլոր սերունների մեջ իսկապես էլ ինչ-որ ոչ լիովին հոբիտային մմի բան կար. ժամանակ առ ժամանակ Տուկերի տոհմից որևէ մեկը գնում էր արկածներ որոնելու: Նրանք շատ նրբանկատորեն անհետանում էին և ընտանիքն էլ ջանում էր կործկել այդ բանը: Բայց փաստը մնում էր փաստ: Տուկերը այնքան պատվարժան չէին հարավում, որքան Բեգինսները, չնայած, ամենափոքր կասկած անգամ լինել չէր կարող, ավելի հարուստ էին:
Ճիշտ է, չի կարելի ասել, թե Բելադոննա Տուկը միստր Բանգո Բեգինսի հետ ամուսնանալուց հետո երբևէ արկածներ է որոնել: Բանգոն մեր վիպակի հերոսի հայրը, կնոջ համար (մասամբ և նրա փողերով) շքեղ հոբիտական բույն կառռուցեց, որից շքեղը չկար ո՛չ Բլուրի ստորոտում, ո՛չ էլ Բլուրի ետևում, ո՛չ էլ Գետի Այն Կողմում, և ապրեցին նրանք այնտեղ մինչև իրենց օրերի վերջը: Եվ, այնուամենայնիվ, շատ հավանական է, որ Բիլբոն՝ Բելադոննա Տուկի միակ որդին, որ արտաքինով ու վարքագծով իր բարեվայելուչ, պատկառելի հոր ճիշտ պատճենն էր, Տուկիներից ինչ-որ տարօրինակություն էր ժառանգել, որը դրսևորվելու համար առիթ էր հարկավոր: Այդ առիթը երկար ժամանակ չէր ներկայանում, այնպես որ Բիլբո Բեգինսը հասցրեց մեծահասակ հոբիտ դառնալ, այսպես, հիսունին մոտ: Նա ապրում էր հոբիտական մի հիանալի բնում, որ հայրն էր կառուցել, նույն բնում, որ այնպես մանրամասնորեն նկարագրեցինք այս գլխի սկզբում, և թվում էր, թե նա իր տեղից այլևս չի շարժվի:
Բայց այնպես պատահեց, որ մի խաղաղ առավոտ, այն հեռավոր ժամանակներում, երբ աշխարհում շատ ավելի քիչ աղմուկ կար և առավել շատ կանաչ, իսկ հոբիտները քանակով շատ էին ու ապրում էին բախտավոր, Բիբլո Բեգինսը նախաճաշից հետո կանգնել էր դռան շեմին ու ծխում էր փայտե երկար ծխամորճը, այնքան երկար, որ համարյա հասնում էր նրա փրչոտ ոտքերին (ի դեպ խոզանակով խնամքով սանրած): Եվ հենց այդ ժամանակ մոտերքով անցնում էր Հենդալֆը: Հենդալֆը... եթե դուք նրա մասին լսած լինեիք գոնե քառորդն այնքանի, ինչքան ես եմ լսել, իսկ ես լսել եմ ընդամենը մի չնչին մասը այն ամենից, ինչ պատմում են նրա մասին, ապա դուք նախապատրաստված կլինեիք ամենաանհավանական պատմության համար: Պատմություններն ու արկածները սնկերի պես աճում էին ամենուրեք, որտեղ որ նա հայտնվում էր: Այս կողմերում նա արդեն վաղուց չէր եղել, այսինքն՝ այն օրից, ինչ մահացել էր նրա բարեկամ Ծերունի Տուկը, և հոբիտներն արդեն մոռացել էին, թե Հենդալֆն ինչպիսի արտաքին ունի: Նա գործով հեռացել էր այն ժամանակ, երբ հոբիտները դեռ ձագեր էին:
Այնպես որ, այդ առավոտ միամիտ Բիլբոն պարզապես գավազանը ձեռքին մի ինչ-որ ծերուկ տեսավ: Ծերուկի գլխին բարձր, սրածայր, կապույտ գլխարկ էր, հագին՝ մոխրագույն երկար թիկնոց, արծաթավուն շարֆ, հսկայական սև սապոգներ, և ուներ նաև երկար, գոտկատեղից էլ ներքև իջնող սպիտակ մորուք:
— Բարի լույս, — ձայնեց Բիբլոն, ցանկանալով ասել հենց միայն այն, որ լույսը բարի է. արևը պայծառ փայլում էր, և խոտը կանաչին էր տալիս: Բայց Հենդալֆը նրա վրա մի խիստ հայացք նետեց իր թավ ու գզուզ հոնքերի տակից:
— Դրանով ի՞նչ եք ուզում ասել, — հարցրեց նա: — Ուղղակի իձն բարի լո՞ւյս եք մաղթում: Թե՞ պնդում եք, որ այս լույսը բարի է, անկախ նրանից՝ ես ինչ կարծիքի եմ այդ մասին: Թե՞ նկատի ունեք, որ այս առավոտ բոլորը պետք է բարի լինեն:
— Ե՛վ մեկը, և՛ մյուսը, և՛ երրորդը, — պատասխանեց Բիլբոն: — Եվ էլի՝ այսպիսի հրաշալի առավոտյան մաքուր օդում ծխամորճ ծխելը հաճելի է: Եթե դուք ծխամորճ ունեք, նստեք, իմ ծխախոտը փորձեք: Շտապելու հարկ չկա, ամբողջ օրը դեռ առջևում է:
Եվ Բիլբոն նստեց դռան մոտ դրված նստարանին, ոտը ոտքին գցեց ու ծխի մի գեղեցիկ օղակաձև գորշ քուլա բաց թողեց, որը վերև բարձրացավ ու Բլուրի վրայով լողաց հեռուն:
— Հրաշալի է, — ասաց Հենդալֆը: — Բայց այսօր ժամանակ չունեմ օղակներ բաց թսղնելու: Արկածի մասնակից եմ փնտրում, որ ես հիմա կազմակերպում եմ, բայց գտնելն այնքան էլ հեշտ չէ:
— Բան ասացիք, այն էլ մեր կողմերում: Մենք հասարակ, խաղաղասեր ժողովուրդ ենք: Արկածները մեզ մոտ հագի չեն: Դրանցից միայն անհանգստություն ու տհաճություններ կտեսնես: Եվ դեռ, մեկ էլ տեսար, դրանց պատճառով ճաշից կուշանաս: Չեմ հասկանում, ինչ լավ բան են գտնում դրա մեջ, — ասաց մեր միստր Բեգինսը և, բութ մատը տարատակալի տակ մտցնելով, էլ ավելի գեղեցիկ մի օղակ բաց թողեց: Ապա փոստարկղից հանեց առավոտյան փոստն ու սկսեց կարդալ՝ ձևացնելով, իբրև թե մոռացել է ծերուկի մասին: Նա վճռեց, որ վերջինս վստահություն չի ներշնչում, և հույս ուներ, որ ծերուկը կգնա իր ճանապարհով: Բայց սա իսկը չէր մտածում գնալու մասին: Նա կանգնած էր, իսկ գավազանին հենցած, և առանց մի խոսք ասելու այնքան երկար նայեց հոբիտին, որ Բիլբոն շփոթվեց ու նույնիսկ մի քիչ էլ բարկացավ:
— Լույսը բարի ձեզ, — վերջապես ասաց հոբիտը, — այստեղ մենք արկածների կարիք չենք զգում, շնորհակալություն: Համախոհներ փնտրեք Բլուրի Ետևում կամ Գետի Այն Կողմում:
Նա ուզեց հասկացնել, որ խոսակցությունն ավարտված է:
— Ինչ ասես, որ չի նշանակում ձեր այդ «բարի լույսը», — ասաց Հենդալֆը: — Այ հիմա այն նշանակում է, որ փասափուսաս հավաքելու ժամանակն է:
— Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, սիրելի սըր: Թույլ տվեք... կարծեմ ձեր անունն իմանալու պատիվը չունեմ...
— Ունեք, ունեք, սիրելի սըր, իսկ ես գտիեմ ձերը, միստր Բիլբո Բեգինս, և դուք էլ իմը գիտեք, չնայած չեք էլ հիշում, թե դա ես եմ որ կամ: Ես Հենդալֆն եմ, իսկ Հենդալֆը՝ ես եմ: Տեսեք, թե ուր եմ հասել. Բելադոննա Տուկի որդին ինձնից գլուխն ազատում է իր «բարի լույսով», կարծես թե ես փողոցներն ընկած կոճակ եմ ծախում:
— Հենդա~լֆ, ողորմած աստվածներ: Մի՞թե դուք այս թափառական հրաշագործն եք, որ ծերունի Տուկին մի զույգ ադամանդե ճարմանդ էր նվիրել, դեռ դրանք էլ իրենց իրենց կոճկվում էին, բայց արձակվում էին միայն հրամանով: Նա՞, ով ընկերական քեֆերում այնպիսի զարմանալի պատմություններ էր պատմում վիշապների ու գոբլինների, հսկաների ու փրկված արքայադուստրերի, աղքատ այրիների հաջողակ տղաների մասին: Նույն ի՞նքը, որ այնպիսի անկրկնելի հրավառություններ էր կազմակերպում: Ես դրանք հիշում եմ: Ծերունի Տուկը սիրում էր Իվանի օրվա նախօրյակին այդպիսի բաներ սարքել: Ի~նչ հոյակապ էր: Դրանք դեպի վեր էին թռչում, ասես իսկական վիթխարի հրե շուշաններ, և՛ առյուծի երախ, և՛ ոսկե անձրևմ և ամվողջ երեկո դրանք մնում էին մթնշաղ երկնքում:
Դուք, հավանական է, արդեն նկատեցիք, որ միստր Բեգինսը բոլորովին էլ այնքան հասարակ չէր, որքան ինքը կցանկանար, ինչպես նաև, որ նա ծաղիկներ շատ-շատ էր սիրում:
— Աստվա~ծ իմ, — շարունակեց նա: — Մի՞թե դուք այն նույն Հենդալֆն եք, որի ողորմածությամբ այնքան խելոք պատանիներ ու աղջիկներ ուղևորվեցին արկանծեր որոնելու և անհետ կորան գնացին: Ամեն տեսակ արկածներ՝ սկսած ծառեր մագլցելուց մինչև այցելություններ էլֆերին: Նրանք նույնիսկ նավերով լողում էին օտար ափեր: Աստված իմ, այն ժամանակներում ինչքա~ն հետա... ուզում եմ ասել, դուք կարողանում էիք այն ժամանակ ամեն ինչ գլխի վրա շուռ տալ մեր կողմերում... Ներողություն եմ խնդրում, իսկի մտքովս չէր անցնում, թե դուք դեռևս... աշխատում եք:
— Իսկ ի՞նչ անեմ, — հարցրեց կախարդը: — Դե ահա, այնուամենայնիվ հաճելի է, որ դուք գոնե որոշ բաներ իմ մասին հիշում եք: Համենայն դեպս հիշում եք իմ հարավառությունները: Ուրմեն այնքան էլ անհուսալի չեք: Դրա համար էլ հանուն ձեր պապի և հանուն խեղճ Բելադոննայի ես ձեզ նվիրում եմ այն, ինչ ինձնից խնդրեցիք:
— Կներեք, բայց ես ձեզնից ոչինչ չեմ խնդրել:
— Ոչ, խնդրել եք: Եվ ահա արդեն երկրորդ անգամ՝ իմ ներումը: Ես այն ձեզ կտամ: Եվ ավելի առաջ կգնամ, ձեզ կուղարկեմ իմ արկածին մասնակցելու: Դա ինձ կզվարճացնի, իսկ ձեզ օգտակար կլինի, հնարավոր է նաև շահավետ, եթե մինչև վերջ հասնեք:
— Ներեցեք, ինչ-որ չեմ ուզում, շնորհակալ եմ, գուցե մեկ ուրիշ անգամ: Մնաք բարով, բայց, խնդրում եմ ցանկացած ժամանակ համեցեք ինձ մոտ թեյ խմելու: Ասենք վաղը: Վաղը անցեք: Ցտեսություն:
Եվ այս խոսքերի հետ հոբիտը շրջվեց, ծլկեց իր կանաչ կլոր դռնից ներս ու արագ ծածկեց այն, աշխատելով միաժամանակ շատ ուժեղ չշրխկացնել, որպեսզի անքաղաքավարություն չլինի. այնուամենայնիվ կախարդը մնում է կախարդ:
— Հանուն ինչի՞ ես նրան թեյի հրավիրեցի, — ինքն իրեն հարցերց Բիլբոն մառան մտնելով. ճիշտ է, ինքը նոր էր նախաճաշել, աբյց այդպիսի հուզիչ խոսակցությունից հետո չէր խանգարի խմիչից, բանից մի կում անել, երկու կտոր կեքսով փորը պնդացնել:
Իսկ Հենդալֆը դեռ երկար կանգնած էր դռան ետևում ու կամացուկ ծիծաղից խեղդվում էր: Հետո մոտեցավ և կանաչ, գեղեցիկ դռան վրա գավազանի սուր ծայրով ինչ-որ տարօրինակ նշան խզմզեց: Ապա հեռացավ, իսկ հենց այդ ժամանակ Բիլբոն երկրորդ կեքսը կերավ ու սկսեց խորհել այն մասին, թե ինչպիսի ճարպկությամբ խույս տվեց արկածներից:
Մյուս օրը Բիլբոն, մի խոսքով, մոռացավ Հենդալֆի մասին: Նրա հիշողությունն այնքան էլ կարգին վիճակում չէր, և ստիպված էր լինում նշումներ անել իր հյուրերի ընդունման հատուկ գրքում, օրինակ՝ «Հենդալֆ, թեյ, չորեքշաբթի»: Բայց նախօրյակին նա այնպես էր հուզվել, որ ոչինչ չէր գրել:
Հենց այն է, պատրաստվում էր թեյ խմել, երբ մեկը ուժով քաշեց դռան զանգակը, և անստեղ Բիլբոն ամեն բան հիշեց: Նա նախ նետվեց խոհանոց, թեյնիկը դրեց կրակին, մի ափսե ու գավաթ էլ հանեց, ափսեի մեջ ևս մի զույգ կեքս դրեց, նոր միայն վազեց դեպի դուռը:
Հենց այն է, ուզում էր ասել. «Ներեցեք, որ սպասեցրի ձեզ», երբ հանկարծ տեսավ, որ իր առջև բոլորովին էլ Հենդալֆը չէ, այլ ոմն թզուկ. կապույտ մորուքը գոտու տակ մտցրած ու պսպղուն աչքերով, որ փայլատակում էին մուգ կանաչ կնգուղի տակից: Դուռը հազիվ բացած, այնպես ներս ընկավ, ասես հենց իրեն էին սպասում: Հետո կնգուղավոր թիկնոցը կանխեց մոտակա կեռից և խոնարհաբար ողջունելով ասաց.
— Դվալին, պատրաստ ձեզ ծառայելու:
— Բիլբո Բեգինս՝ ձեզ ծառա, — պատասխանեց հոբիտը, որը զարմանքից նույնիսկ հարցնելու բան չգտավ: Երբ արդեն լռելն այլևս անհարմար էր, նա ավելացրեց. — Ես էլ հենց ուզում էի թեյ խմել, չե՞ք միանա արդյոք ինձ:
Գուցեև դա մի քիչ բռնազբոսիկ հնչեց, բայց նա ջանում էր սրտաբացություն հանդես բերել: Իսկ դուք ինչպե՞ս կվարվեիք, եթե մի անծանոթ թզուկ բարեհաճեր ձեր տուն ու առանց որևէ բացատրության ձեր միջանցքում կախեր թիկնոցը, կարծես թե այդպես էլ պետք է լիներ:
Սեղանի մոտ նրանք երկար չնստեցին: Ավելի ճիշտ, նոր էին անցել երրորդ կեքսին, երբ նորից դռան զանգը հնչեց, էլ ավելի ուժգին, քան առաջ:
— Ներեցեք, — ասաց հոբիտը և վազեց բացելու:
— Վերջապե~ս, ահա և դուք, — այս անգամ մտադիր էր այսպես դիմավորել Հենդալֆին: Բայց դա դարձյալ Հենդալֆը չէր: Շեմքին կանգնած էր մի զառամյալ թզուկ՝ սպիտակ մորուքով ու կարմիր կնգուղով: Նա ևս դուռը բացվելուն պես ներս թռավ, ասես որևէ մեկը նրան հրավիրել էր:
— Տեսնում են, մերոնք հավաքվում են, — ասաց նա՝ կախիչի վրա նկատելով Դվալինի կանաչ կնգուղը: Կողքին կախեց իր կարմիր կնգուղը և, ձեռքը կրծքին դնելով, ասաց.
— Բալին, պատրաստ ձեզ ծառայելու:
— Շնորհակալություն, — պատասխանեց կատարելապես զարմացած Բիլբոն:
Իհարկե, նրա պատասխանը տեղին չէր, բայց, ախր, նրան բոլորովին համբրեույթունից հանեցին «մերոնք հավաքվում են» բառերը: Հյուրեր նա սիրում էր, բայց սիրում էր ծանոթ հյուրեր և գերադասում էր ինքը հրավիրել: Նրա մտքով մի սարսափելի բան անցավ, որ կեքսը կարեղ է չբավականացնել, և այն ժամանակ ինքը (իսկ նա գիտակցում էր հյուրընկալի իր պարտականությունը և մտադիր էր կատարել ինչ գնով էլ որ լիներ) ստիպված կլիներ առանց կեքսի յոլա գնալ:
— Ներս համեցեք, թեյ խմեք, — վերջապես, իրեն ստիպելով, մի կերպ ասաց նա:
— Մի բաժակ գարեջուրն ինձ ավելի հաճելի կլիներ, ողորմած սըր, եթե դա շատ դժվար չէ ձեզ համար, — ասաց ճերմակամորուք Բալինը: — Բայց չամիչով կեքսից էլ չեմ հրաժարվի, եթե դրանից ձեզ մոտ գտնվի:
— Որքան ուզեք, — ինքն իր վրա զարմացած պատասխանեց Բիլբոն և, դարձյալ ինքն իր վրա զարմացած, վազքով սուրաց նկուղ, մի պինտա գարեջուր խմեց, այնտեղից՝ մառան, կլոր, չամիչով երկու հիանալի կեքս վերցնելու, որ անձամբ էր թխել «ընթրիքից հետո» ուտելու համար, և ետ սուրաց:
Ճաշասենյակում Բալինն ու Դվալինը սեղանի շուրջ նստած զրուցում էին, որպես հին բարեկամներ (նրանք իսկապես էլ եղբայրներ էին): Բիլբոն նոր էր սեղանին դրել գարեջրի փարչն ու կեքսը, երբ իսկույն զանգը հնչեց՝ մեկ և էլի մեկ անգամ: «Դե, այժմ արդեն անկասկած Հենդալֆն է», — մտածեց Բիլբոն և փնչացնելով արագ գնաց դեպի դուռը: Ինչպե~ս չէ: Եվս երկու թզուկ հայտնվեցին, երկուսն էլ կապույտ կնգուղներով, արծաթ գոտիներով և դեղին մորուքներով: Երկուսն էլ աշխատանքային գործիքներով լի մեկական պարկ ու մեկական բահ էին բերում: Նրանք նույնպես ճարպկորեն ներս ընկան կիսաբաց դռնից, և Բիլբոն այլևս չզարմացավ:
— Ինչո՞վ կարող եմ ծառայել, սիրելի թզուկներ, — հարցրեց նա:
— Կիլի, պատրաստ ձեզ ծառայելու, — ասաց մեկը:
— Եվ Ֆիլին նույնպես, — ավարտեց մյուսը:
Երկուսն էլ գլխներից հանեցին իրենց կապույտ կնգուղներն ու խոնարհաբար ողջունեցին:
— Պատրաստ եմ ծառայելու ձեզ և ձեր ազգականներին, — այս անգամ արդեն հիշելով քաղաքավարության մասին՝ պատասխանեց Բիլբոն:
— Տեսնում եմ, Դվալինն ու Բալինն արդեն այստեղ են, — ասաց Կիլին: — Միանանք ազնիվ ընկերախմբին:
«Ընկերախո~ւմ, — մտածեց միստր Բիլբոն: — Ինչ-որ ինձ դուր չի գալիս այդ բառը: Գոնե մի րոպե նստեմ, մտքերս ժողովեմ ու մի կում թեյ խմեմ»:
Հազիվ էր նա տեղավորվել անկյունում ու մի կում արել (իսկ չորս թզուկներն այդ ժամանակ նստել էին սեղանի շուրջ և խոսում էին հանքերի, ոսկու, չար գոբլինների, վիշապների անկարգությունների ու էլի շատ ուրիշ բաների մասին, որը նա չէր հասկանում, ասենք չէր էլ ուզում հասկանալ, քանի որ այդ բոլորից արկածների հոտ էր գալիս), երբ հանկարծ՝ զը~նգ- զը~նգ- զը~նգ- զը~նգ, զանգը նորից հնչեց, և այնպես բարձր, ասես ինչ-որ չարաճճի հոբիտիկ փորձում էր պոկել այն:
— Էլի մեկը, — աչքով անելով ասաց Բիլբոն:
— Էլի շատ մեկեր, դատեոլվ զանգից, — նկատեց Ֆիլին: — Մենք նույնիսկ տեսել ենք նրանց, անմիջապես մեր ետևից չորսը գալիս էին:
Խեղճ հոբիտը նախասրահում փլվեց աթոռին, գլուխը ձեռքերի մեջ առավ ու սկսեց խորհել. ի՞նչ է տեղի ունենում, դեռևս ի՞նչ է տեղի ունենալու և մի՞թե բոլորը կմնան ընթրելու: Այդ միջոցին զանգը առաջվանից ավելի ուժեղ քաշեցին, և Բիլբոն նետվեց դեպի դուռը: Հազիվ էր նա բռնակը պտտել, և առ քեզ, հյուրերն արդեն միջանցքում են, խոնարհվում են ու հերթով կրկնում. «պատրաստ եմ ծառայելու»: Թզուկներն արդեն ոչ թե չորսն էին, այլ հինգը: Մինչ Բիլբոն տարված էր իր խոհերով, մեկն էլ հասավ: Նրանց կոչում էին Դորի, Նորի, Օրի, Օյն ու Գլոյն: Եվ շուտով երկու մանուշակագույն, մոխրագույն, շագանակագույն ու սպիտակ կնգուղներ կախված էին կեռիկներից, իսկ թզուկները հանդիսավոր անցնում էին ճաշասենյակ, իրենց լայն թաթերը ոսկե և արծաթե գոտինեորի մեջ խրած: Ճաշասենյակում այժմ իսկապես էլ մի ամբողջ ընկերախումբ էր հավաքվել: Ոմանք էյլ էին պահանջում, մյուսները՝ պորտեր, ինչ-որ մեկը՝ սուրճ, և բոլորը առանց բացառության՝ կեքս, այնպես որ հոբիտը բոլորովին հալից ընկավ:
Նոր էր կրակի վրա դրվել մեծ սրճամանը, թզուկները, կեքսը վերջացնելով, նոր էին անցել վրան կարագ քսած գարեբլիթներին, երբ հնչեց ... ոչ թե զանգ, այլ ուժեղ թակոց: Հարվածների մի ամբողջ կարկուտ տեղաց Բիլբո Բեգինսի գեղեցիկ, կանաչ դռան վրա: Ինչ-որ մեկը փայտով ծեծում էր այն:
Բիլբոն արագ սուրաց միջանցքով, շատ բարկացած, կատարելապես նյարդայնացած և ուժասպառ եղած. այնպիսի անհեթեթ թեյախմություն նրա կյանքում դեռ չէր եղել: Նա դուռը քաշեց դեպի իրեն, և դռան ետևում կանգնածները ներս ընկան ու թափվեցին մեկը մյուսի վրա: Էլի թզուկներ, չորս հոգի: Իսկ նրանց ետևում, իր գավազանին հենված, կանգնել էր Հենդալֆն ու ծիծաղում էր: Նա փայտով անխնա թակել էր գեղեցիկ դուռը, ընդ որում դրա հետևանքով անհետացել էր այն գաղտնի նշանը, որ նա գծել էր նախորդ օրը:
— Հանգիստ, հանգիստ, — ասաց նա: — Դա ձեզ նման չէ, Բիլբո, բարեկամներին սպասեցնել դռան մոտ, իսկ հետո էլ վերցնել ու դուռն այդպես բացել՝ թը~փ- թըրը~փ- թը~փ: Թույլ տվեք ներկայանալ: Բիֆուր, Բոֆուր, Բոմբուր և, հատուկ ուշադրություն դարձրեք, Տորին:
— Պատրաստ ենք ձեզ ծառայելու, — ասացին Բիֆուրը, Բոֆուրը, Բոմբուրը՝ իրար կողքի կանգնելով: Ապա նրանք կախեցին երկու դեղին, մեկ բաց կանաչ կնգուղներն ու մեկն էլ բաց երկնագույն, երկար, արծաթագույն փնտոց, որ պատկանում էր Տորինին: Տորինը չտեսնված երևելի թզուկ էր, ոչ այլ ոք, քան ինքը՝ նշանավոր Տորին Օուքենշիլդը, նա խիստ դժգոհ էր այն բանից, որ ստիպված եղած փռվել շեմքինմ, դեռ Բիֆուրը, Բոֆուրն ու Բոմբուրն էլ վրան ընկան, իսկ Բոմբուրը, պետք է ասել, անասելի գիրուկ էր ու ծանր: Դրա համար էլ Տորինը սկզբում իրեն շատ գոռազ էր պահում և ոչ մի տեսակի ծառայություն չէր առաջարկում, բայց խեղճ միստր Բենգինսն այնքան շատ ներողություն խնդրեց, որ Տորինը, վերջապես, մռթմռթաց. «Այդ մասին էլ չենք խոսում», և դադարեց խոժոռվել:
— Ահա և բոլորս հավաքվել ենք, — ասաց Հենդալֆը՝ աչքի անցկացնելով պատից կախված տասներեք կնգուղները (լավագույն կոճկովի գլխանոցները հյուր գնալու հահար) և իր սեփական գլխարկը: — Շատ զվարճասեր հասարակություն է: Հուսով եմ, ուշացածների համար էլ ուտելու և խմելու որևէ բան կգտնվի: Ի՞նչ ունեք: Թե՞յ: Խորապես շնորհակալ եմ: Ավելի լավ է կարմիր գինի տաք ինձ:
— Ինձ էլ, — ասաց Տորինը:
— Լավ կլիներ, որ հաղարձի մուրաբա և խնձորով կարկանդակ էլ լիներ, — միջամտեց Բիֆուրը:
— Եվ մսով կարկանդակ ու պանիր, — լրացրեց Բոնֆուրը:
— Եվ խոզի մսով կարկանդակ ու սալաթ, — ավելացրեց Բոմբուրը:
— Եվ որքան կարելի է շատ կեքս, էյլ, սուրճ, եթե դժվար չէ, — կանչեցին մյուս թզուկները ճաշասենյակից:
— Բարի եղեք մի քանի ձու էլ դրեք, — հոբիտի հետևից ձայն տվեց Հենդալֆը, երբ նա քարշ գալով գնաց դեպի մառան: — Հետներդ բերեք նաև սառը հավ և թթու վարունգ... «Կարելի է մտածել, որ նա ինձանից պակաս չգիտի, թե ինչ պահուստներ ունեմ իմ տանը», — քրթմնջաց միստր Բեգինսը, որը վերջնականապես գլուխը կորցրել էր և սկսել էր վախենալ՝ իր անմեղ ու բանից անտեղյակ գլխին... ամենազզվելի արկածը չի՞ եկել արդյոք: Այդ միջոցին, մինչ նա հավաքեց բոլոր շշերն ու ուտելիքները, բոլոր դանակները, պատառաքաղները, բաժակները, ափսեներն ու գդալները և լցրեց մեծ-մեծ սկուտեղների մեջ, ամբողջովին շոգից խաշվեց, կարմրեց ու փրփրեց:
— Կերածները քթերից դուրս գա այդ թզուկների, — ասաց նա բարձրաձայն: — Կարծես չեն կարող օգնել:
Հապա մի տես է~: Բալինն ու Դվալինը, ոնց որ գետնի տակից ծլեին, կանգնեցին խոհանոցի դռան մեջ, իսկ նրանց ետևից Ֆիլին ու Կիլին, և դեռ Բիլբոն չէր հասցրել մի խոսք ասել, որ նրանք վերցրին սկուտեղներն ու երկու ոչ մեծ սեղան, քամու պես թռան ճաշասենյակ ու նորից սեղան գցեցին ամբողջ խմբի համար:
Հենդալֆը նստեց սեղանի վերին գլուխը, մնացած տասներեք թզուկները տեղավորվեցին շուրջը, իսկ Բիլբոն, նստելով բուխարու մոտ դրված նստարանին, սկսեց պաքսիմատ կրծել (նրա ախորժակն իսպառ կորավ) ու փորձեց այնպես ցույց տալ, իբր առանձնապես ոչինչ տեղի չի ունենում և արկածների հետ էլ այս բոլորը ոչ մի կապ չունեն: Թզուկներն ուտում էին հա ուտում, խոսում էին հա խոսում, իսկ ժամանակն անցնում էր: Վերջապես նրանք ետ քաշվեցին սեղանից, և Բիլբոն ձգվեց դեպի առաջ՝ փորձելով հավաքել ափսեներն ու բաժակները:
— Հուսով եմ մինչև ընթրիք դուք չե՞ք գնա, — հարցրեց նա քաղաքավարի, ոչ իր ամենաստիպողական տոնով:
— Ոչ մի դեպքում, — պատասխանեց Տորինը: — Մենք ընթրիքից հետո էլ չենք գնա: Մեր խոսակցությունը երկար է տևելու: Բայց սկզում մի քիչ երաժշտությամբ կզբաղվենք: Հավաքեք:
Եվ տասներկու թզուկները (Տորինը շատ կարևոր դեմք էր, նա մնցա Հենդալֆի հետ զրուցելու) աշխուժորեն վեր թռան տեղներից և վայրկենապես մեկը մյուսի վրա շարեցին ափսեները, իսկ դրանց վրա էլ՝ սեղանին եղած-չեղածը: Հետո նրանք շարժվեցին դեպի խոհանոց, և յուրաքանչյուրը պարզած ձեռքին պահել էր ափսեների մի ամբողջ աշտարակ, որի գագաթին շիշն էր, իսկ հոբիտը վազում էր նրանց ետևից և վախից տառացիորեն ծղրտում.
— Խնդրում եմ զգույշ: Մի~ անհանգստացեք, խնդրեմ, ինքս կանեմ:
Բայց թզուկներն ի պատասխան սկսեցին երգել.
Ջարդեք ափսեները, պնակները ջարդեք,
Թող ծռմռվեն դանակ, պատառաքաղ,
Շիշը զարկեք գետնին, սրբիչները նետեք,
Կեղտաջրով թրջվեն պատերը թող:
Բզիկ-բզիկ արեք սփռոցները, հյուրեր,
Ճարպոտ ճաշը թափեք աթոռներին լաքած,
Կոխորտելով անցեք, ու թող ամենուրեք
Ոսկորներ ու կճեպ լինեն թափված:
Բաժակները բերեք, գավաթները բերեք,
Լցրեք տաշտը տաք ջուր, լցրեք արագ,
Հետո խառնեք լինգով, ջարդափշուր արեք,
Տարեք աղբահորը թափեք դրանք:
Ո՞վ է անգործ այնտեղ, ո՞վ է աչքերը փակում.
Դե շուտ, ձեռքդ մեկնիր ճանապակուն...
Ոչ մի նման բաննդհակառակը, բնական է, նրանք թույլ չտվեցին, ընդհակառակը, մի ակնթարթում ամբողջը լվացին ու հավաքեցին, մինչ հոբիտը պտտվում էր խոհանոցում, ջանալով հետևել նրանց: Հետո բոլորը վերադարձան ճաշասենյակ և տեսան, որ Տորինը նստել է, ոտքերը օջախի ճաղերին դրած, ու ծխամորճ է ծխում: Նա չտեսնված մեծության ծխի օղակներ էր բաց թողնում և հրամայում դրանց՝ ուր գնալ. մերթ խողովակի մեջ, մերթ բուխարու թարեքին դրված ժամացույցի ետևը, մերթ սեղանի տակ, մերթ դեպի առաստաղ, որտեղ նրանք շրջաններ էին գծում: Բայց Տորինի օղակն ուր էլ որ թռչեր, Հենդալֆն ավելի ճարպիկ էր գտնվում: Փո~ւֆ, նա իր կարճլիկ կավե ծխամորճից ավելի փոքր օղակ էր արձակում, և վերջիսն լողում էր Տորինի յուրաքանչյուր օղակի միջով: Դրանից հետո Հենդալֆի օղակը կանաչում էր, վերադառնում տիրոջ մոտ և սավառնում նրա գլխավերևում: Այդ օղակներից մի ամբողջ ամպ գոյացավ, և սենյակի կիսախավարում Հենդալֆը խորհրդավոր ու իսկական կախարդական տեսք ստացավ: Բիլբոն կանգնել և հիանում էր. օղակներ բաց թողնել ինքն էլ էր սիրում և հիմա ամոթից կարմարել էր, հիշելով, թե ինչպես էր նախորդ օրն առավոտյան պարծենում իր օղակներով, որ քամին տանում էր Բլուրի ետևը:
— Իսկ հիմա անցնենք երաժշտությանը, — ասաց Տորինը: — Բերեք գործիքները:
Կիլին ու Ֆիլին վազելով բերեցին փոքրիկ ջութակները, Դորին, Նորին և Օրին թևերի տակից հանեցին սրինգները, Բոմբուրը նախասենյակից քարշ տվեց թմբուկը, Բիֆուրն ու Բոֆորը նույնպես դուրս գնացին ու վերադարձան կլարնետներով, որ հանվելիս թողել էին ձեռնափայտերի հետ. Դվալինն ու Բալինը միաժամանակ ասացին. «Ներեցեք, ես իմ գործիքը մոռացել եմ նախամուտքում»:
— Իմն էլ վերցերք, — ասաց Տորինը:
Նրանք մի կերպ քարշ տվեցին իրենց բոյին երկու վիոլա և Տորինի՝ կանաչ կտորի մեջ փաթաթած տավիղը. տավիղը ոսկուց էր ու գեղեցիկ, և երբ Տորինը խփեց լարերին, բոլորն էլ նվագեցին ու այնպիսի մի անսպասելի քաղցրալուր, մեղեդային երաժշտություն հորդեց, որ Բիլբոն ամեն ինչ մոռացավ. մտքով թռավ անծանոթ երկրներ, այնտեղ, ուր երկնքում օտար լուսին էր կախված՝ Գետից Այն Կողմ և Բլուրի մոտ գնտվող հոբիտյան բնից շատ հեռու: Բլուրի լանջին գտնվող պատուհանից սենյակ թափանցեց մթությունը, չջախի կրակը (դեռևս ապրիլ ամիսն էր) սկսեց հանգել, իսկ նրանք դեռ նվագում էին ու նվագում, և Հենդալֆի մորուքի ստվերը օրորվում էր պատի վրա:
Սենյակը խավարով լցվեց, օջախը հանգավ, ստվերներն անհետացան, իսկ թզուկները շարունակում էին նվագել: Եվ հանկարծ, նախ մեկը, հետո մյուսը, խուլ սկսեցին երգել թզուկների խորհրդավոր երգը, որ երգում էին իրենց հնագույն բնակատեղիների խորհրդավոր լռության մեջ: Ահա մի հատված նրանց երգից, եթե միայն բառերն առանց մեղեդու կարող են երգի նման լինել.
Կապույտ լեռներից, մշուշից անդին
Քարավանները կձգվեն անթիվ
Դեպի որջերը, քարանձավները,
Որտեղ գանձերն են երկիր-հեքիաթի:
Կախարդ թզուկներն անցյալում այդտեղ
Միշտ վառ են պահել կանթեղ ու անթեղ,
Մետաղ են ձուլել, ադամանդ, սուտակ
Եվ այդ գանձերը պահել են անթաղ:
Նրանք բանել են էլֆ-արքայի մոտ,
Նրանք բանել են անխոնջ ու հմուտ,
Նրանց պատրաստած զարդերը չքնաղ
Լուսավորել են անձավները մութ:
Արքայավայել քեֆեր են արել,
Տավիղի ոսկի լարերն են լարել,
Հնչել է երգը ընդերքում հողի,
Հնչել են նոր ու անսովոր բառեր:
Սակայն ծառերը խենթ շառաչեցին,
Եվ քամիները խուլ հառաչեցին,
Կրակը շողաց լեռների վրա,
Հրդեհվեց նոճու անտառը անծիր:
Զանգեր հնչեցին տագնապով. ահով,
Գետինը ճեղքվեց ու լցվեց մահով,
Վիշապը դաժան և անզիջում էր.
Տները դարձան մոխրակույտ ու հուր:
Եվ թզուկները, հույսները հատած,
Երկնային պատժի սարսափով պատած,
Մտան ընդգետնյա պալատները խոր,
Նրանց հետ կորան գանձերը անդարձ:
Կգնանք կապույտ լեռներից անդին,
Կանցնենք ճամփաներ ու գետեր անթիվ.
Որ հավատարիմ մնանք մեր խոսքին,
Որ մեր թշնամուց խլենք ոսկին:
Եվ նրանց լսելով՝ հոբիտը զգաց, թե ինչպես իր մեջ ծնվում է սերը դեպի գեղեցիկ իրերը՝ արարված հրաշարգործությամբ և հմուտ ձեռքերով, կատաղի ու խանդոտ սեր, հրապուրանք, որ ապրում է բոլոր թզուկների սրտերում: Եվ նրա մեջ արթնացավ ինչ-որ տուկյան մի բան, նա ցանկոթւոյւն ունեցավ տեսնելու հսկայական լեռները, լսելու սոճիների սոսափն ու ջրվեժների աղմուկը, լինելու քարայրներում և ձեռնափայտի փոխարեն սուր կրելու: Նա դուրս նայեց պատուհանից: Մութ երկնքում ծառերի վրա փայլում էին աստղերը: Նա մտածեց մթին քարայրներում շողշողացող թզուկների թանկարժեք իրերի մասին: Հանկարծ Գետի Այն Կողմում անտառի վրա կրակը երկինք բարձրացավ (երևի ինչ-որ մեկը խարույկ էր վառել), և Բիլբոն պատկերացրեց, թե ինչպես կողոպտիչ վիշապները գրավում են իր խաղաղ Բլուրը և շուրջն ամեն ինչ կրակի մատնում: Նա ցնցվեց և իսկույն դարձավ նորից սովորական միստր Բեգինսը, Բեգ-Էնդից, որը գտնվում էր Բլրատակում:
Բիլբոն վեր կացավ: Ամբողջ մարմնով դողում էր: նա տատանվում էր, չգիտեր ինչ աներ, ոչ այն է լամպը բերեր, ոչ այն է ձևացներ, թե գնում է լամպը բերելու, իսկ ինքը թաքնվեր մառանում, գարեջրի տակառների արանքում ու դուրս չգար, մինչև թզուկները գնային: Բայց այդ պահին նա հանկարծ նկատեց, որ երգն ու երաժշտությունը լռել են, բոլոր թզուկներն ակնապիշ իրեն են նայում, և նրանց աչքերը փայլատակում են խավարում:
— Այդ ո՞ւր, — ձայն տվեց նրան Տորինը այնպիսի տոնով, որից պարզ զգացում էր, որ նա Բիլբոյի մտադրությունները կռահում է:
— Ինչ է, չի՞ կարելի լամպը բերել, — երկչոտ հարցրեց Բիլբոն:
— Մթությունը մեզ դուր է գալիս, — խմբով պատասխանեցին թզուկները: — Մութ գործերը մթության մեջ են կատարվում: Մինչև լուսաբաց դեռ շատ ժամանակ կա:
— Այո, այո, իհարկե, — ասաց Բիլբոն ու նստեց, բայց շփոթմունքից ու շտապելուց հստեղ ոչ թե նստարանին, այլ ուղիղ օջախի վանդակի վրա և թմփոցով ցած գցեց կրակխառնիչն ու թիակը:
— Շը~շ-շ, — ասաց Հենդալֆը: — Հիմա Տորինը կխոսի:
Եվ Տորինը սկսեց այսպես.
— Հենդալֆ, թզուկներ և միստր Բենգինս: Մենք հավաքվել ենք մեր բարեկամի և դավադրության եղբայրակցի՝ հիանալի, խիզախ հոբիտի (թող երբեք չթափվի նրա ոտքերի մազը) տանը, եկեք արժանին մատուցենք նրա գինուն և էյլին:
Նա շունչ առավ, հոբիտին հնարավորություն տալով ինչպես հարկն է քաղաքավարական խոսքեր ասելու, բայց խեղճ Բիլբո Բեգինսը ասվածն ընդունեց բոլորովին էլ ոչ որպես գովեստ: Նա շարժեց շրթունքները, փորձելով ժխտել «խիզախ» և, որ ավելի վատ էր, «դավադրության եղբայրակից» բառերը, բայց այնպես հուզվեց, որ չկարողացավ նույնիսկ մի ծպտուն հանել: Դրա համար էլ Տորինը շարունակեց.
— Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի քննարկենք մեր պլանները, գործելու եղանակներն ու միջոցները, մեր գաղտնի մտադրություններն ու հնարքները: Շատ շուտով, մինչև լույսը բացվելը, մենք ճանապարհ կընկնենք, մեր ճամփան երկար կլինի, ճանապարհորություն, որից մեզանից ոմանք, հնարավոր է նույնիսկ բոլորը, բացի, հասկանալի է, մեր բարեկամից և խորհրդատուից՝ հնարամիտ հրաշագործ Հենդալֆից, կարող են չվերադառնալ: Եկել է հանդիսավոր պահը: Մեր նպատակը, ինչպես ենթադրում եմ, բոլորիս հայտնի է: Բայց հարգելի միստր Բեգինսին, իսկ գուցեև կրտսեր թզուկներից (կարծում եմ չեմ սխալվի, եթե տամ Կիլիի և Ֆիլիի անունները) որևէ մեկին ներկա պահի իրադրությունը կարող է որոշ բացատրությունների պահանջ ներկայացնել:
Այդպիսին էր Տորինի ոճը: Չէ՞ որ նա կարևոր դեմք էր: Եթե նրան չընդհատեին, նույն ոգով անվերջ կշարունակեր, մինչև որ բոլորովին շնչակտուր լիներ, բայց այդպես էլ հասարակությանը ոչ մի նոր բան չէր հաղորդի: Սակայն ամենակոպիտ ձևով ընդհատեցին: Խեղճ Բիլբոն այլևս չկարողացաբ դիմանալ: «Կարող են չվերադառնալ» բառերը լսելիս նա զգաց, որ կոկորդում ճիչ է հավաքվում, և այդ ճիչը, վերջապես, դուրս թռավ սուր, իսկական թունելից դուրս սուրացող շոգեքարշի սուլոցի նման: Բոլոր թզուկները տեղներից վեր թռան, և սեղանը շուռ եկավ: Իր կախարդական գավազանի ծայրին Հենդալֆը երկնագույն կրակ վառեց, և դրա առկայծող լույսի տակ բոլորը տեսան, որ խեղճ հոբիտը չոքել է օջախի առջև փռված գորգի վրա և դողդողում է ինչպես դոնդող: Հանկարծ նա բերանքսիվայր փլվեց հատակին մի հուսահատ վայնասունով. «Կայծակը սպանեց, կայծակը սպանեց», — և երկար ժամանակ նրանից ուրիշ ոչինչ իմանալ չկարողացան: Թզուկները բարձրացրին նրան ու տարան հարևան հյուրասենյակը, աչքից հեռու, պառկեցրին բազմոցի վար, կողքը մի բաժակ ջուր դրեցին, իսկ իրենց վերադարձան իրենց «մութ գործերին»:
— Դյուրությամբ գրգռվող սուբյեկտ է, — ասաց Հենդալֆը, երբ բոլորը գրավեցին իրենց տեղերը: — Ենթակա է անբացատրելի նոպաների, բայց լավագույններից մեկն է՝ կատաղի, ինչպես վիշապ, որի պոչը ճզմել են դռան արանքում:
Եթե ձեզ երբևէ վիճակվել է տեսնել վիշապ, որի պոչը ճզմել են դռան արանքում, ապա կհասկանաք, որ դա զուտ բանաստեղծական չափազանցություն է ցանկացած հոբիտի, նույնիսկ Ծեր Տուկի ապուպապի Եզան Մռունչ անունով եղբոր նկատմամբ կիրառված, որն այնպիսի տիտանական հասակ ուներ (հոբիտի համար), որ կարող էր ձի հեծնել: Այդ նա է հին ժամանակներում Կանաչ Դաշտի ճանակատմարտում Մաունտ-Գրեմից փոթորիկի նման արշավել գոբլինների բանակի վրա և իր կոպալով թռցրել նրանց թագավոր Գոլֆիմբուլի գլուխը: Գլուխը հարյուր մետր թռել է օդում և ընկել ուղիղ ճագարի բույնը. այսպիսով շահել են ճակատամարտը և միաժամանակ հնարվել է գոլֆ խաղը:
Այդ միջոցին Եզան Մռունչի քնքուշ շառավիղը հյուրասենյակի բազմոցի վրա ուշքի եկավ: Հանգստանալուց հետո մի կում գինի խմեց և զգուշությամբ գողունի մոտեցավ ճաշասենյակի դռանը: Խոսում էր Գլոյնը, և ահա թե ինչ լսեց Բիլբոն.
— Փի՛ֆ (կամ դրա նման մեկ ուրիշ արհամարհական ձայնարկություն): Կարծում եք նա հարմա՞ր է: Հենդալֆի համար հեշտ է պատկերավոր նկարագրել, թե նա որքան կատաղի է, իսկ եթե նա գրգռվի ու գոռա ոչ այն ժամանակ, երբ հարկավո՞ր է, այդ դեպքում վիշապն ու նրա բոլոր ազգականները կարթնանան, և մենք կորած ենք: Սիրտս վկայում է, որ նրա ճիչը վախից է, այլ ոչ թե գրգռվելուց: Ճիշտն ասած, եթե դռան վրայի կախարդական նշանը չլիներ, ես կմտածեի, որ մենք սխալ տեղ ենք ընկել: Հենց որ տեսա, թե էդ ցմփորն ինչպես է թռչկոտում ու փնճում դռան առաջ, ես իսկույն վատ բան կասկածեցի: Ավելի շատ նա նպարավաճառի է նմանվում, քան գողի:
Այստեղ միստր Բեգինսը սեղմեց բռնակն ու ներս մտավ: Նրա մեջ խոսեց Տուկի արյան ձայնը: Նա զգաց, որ յոլա կգնա առանց իսկական անկողնի ու նախաճաշի, միայն թե իրեն կատաղի համարեն: Ի միջի այլոց նա իսկապես էլ կատաղեց, լսելով «թե էդ ցմփորն ինչպես էր թռչկոտում» բառերը: Հետագայում շատ անգամ նրա էության բեգինսյան կողմը զղջում էր այս անմիտ արարքի համար, և նա ինքն իրեն ասում էր. «Բիլբո, դու հիմար ես, ինքդ քո կամքով խցկվեցիր այդ գործի մեջ»:
— Ներողություն եմ խնդրում, — ասաց նա, — ես պատահաբար լսեցի ձեր խոսակցությունը: Չեմ ձևացնի, իբրև թե հասկանում եմ, խոսքն ինչի մասին է. հատկապես հասկանալի չէ գողերի մասին հիշատակությունը: Բայց կարծում եմ, որ մի բան ճիշտ եմ յուրացրել (այս բոլորը նա անվանում էր «արժանապատվությամբ պահել իրեն»). դուք գտնում են, որ ես ոչնչի պիտանի չեմ: Շատ լավ, ես ձեզ կապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ: Իմ դռան վրա ոչ մմի կախարդական նշան էլ չկա, դուռն ընդամենը մեկ շաբաթ առաջ են ներկել, և դուք, հասկանալի է, սխալ հասցեով եք եկել: Ձեր անդուր երեսները տեսնելուն պես կասկածեցի, որ դուք ուրիշ տեղ եք ընկել: Բայց համարեք, որ ճիշտ եք եկել: Ասացեք, ի՞նչ է հարկավոր անել, և ես կաշխատեմ կատարել, թեկուզ հարկադրված լինեմ Ամենածայրամասային Անապատում մարտնչել զարհուրելի հոբդարձորյակների դեմ: Ես ունեցել եմ ապուապուապուպապի եղբայր՝ Տուկ Եզան Մռունչը, ուրեմն նա...
— Ճիշտ է, ճիշտ է, միայն թե դա վաղուց էր, — նրան ընդհատեց Գլոյնը: — Իսկ ես ձեր մասին էի խոսում: Եվ հավատացնում եմ, ձեր դռան վրա կա հենց այն նշանը, որն օգտագործում են կամ անցյալում օգտագործել են ձեր մասնագտիության ներկայացուցիչները: Եվ դա ահա թե ինչ է նշանակում. «Փորձված գողը հանձն կառնի լավ աշխատանքը, գերադասելի է վտանգավոր, վճարը ըստ փոխադարձ համաձայնության»: Կարող եք ձեզ անվանել «բարձրագույն կարգի գանձորոնող», եթե «գողը» ձեր ճաշակով չէ: Ոմանք այդպես են կոչում իրենց: Մեզ համար միևնույն է: Հենդալֆը մեզ հաղորդեց, որ մի տեղացի մասնագետ շտապ աշխատանք է փնտրում, և որ ժողովը նշանակվում է այստեղ, չորեքաբթի օրը, ժամը հինգին:
— Ինչպե՞ս թե նշան չկա,— միջամտեց Հենդալֆը: — Ես ինքս եմ դռան վրա դրել: Եվ շատ ծանրակշիռ պատճառներով: Դուք ինձ խնդրեցիք արշավախմբի համար տասնչորսերորդը գտնել, ես էլ միստր Բեգինսին ընտրեցի: Թող որևէ մեկը փորձի ասել, որ սխալվել եմ, որ ընտրել եմ ոչ նրան, ում հարկն է, ու եկել եմ ոչ այնտեղ, ուր պետք է, և կարող եք տասներեքով ուղևորվել ու լրիվ ստանալ ամբողջը, ինչ հասնում է այդքանին: Իսկ եթե չեք ուզում՝ գնացեք ձեր տները, ածուխ փորեք հանեք:
Նա այնպես զայրացած նայեց Գլոյնին, որ թզուկը կծկվեց կպավ աթոռի թիկնակին, իսկ երբ Բիլբոն բերանը բացեց, որ հարց տա, Հենդալֆը շրջվեց ու թավ հոնքերի տակից այնպիսի մի ահեղ հայացք գցեց նրա վրա, որ նրա բերանը շրխկոցով փակվեց:
— Ահա այնպես,— ասաց Հենդալֆը:— Եվ այլևս ոչ մի վեճ: Ես ընտրել եմ միստր Բեգինսին, ու գոհ եղեք: Եթե ես ասել եմ, որ նա գող է՝ նշանակում է գող է, կամ գող կդառնա, երբ հարկ լինի: Նա ամենևին էլ այդպես հասարակ չէ, ինչպես դուք եք կարծում: Ժամանակ կգա, երբ բոլորդ (եթե կենդանի մնաք) երախտապարտ կլինեք ինձ՝ նրա համար: Իսկ հիմա, Բիլբո, տղաս, լամպը բեր, մի քիչ լույս գցենք սրա վրա:
Սեղանին, կարմիր լուսամփոփով մեծ լամպի տակ նա մագաղաթի մի կտոր փռեց, որ քարտեզի էր նման:
— Սա Տրորի, ձեր պապի ձեռքի գործն է, Տորին, — ասաց նա ի պատասխան թզուկների հուզված բացականչությունների:— Սա Սարի պլանն է:
— Չեմ հասկանում, թե դա մեզ ինչով է օգնելու,— հիասթափված ասաց Տորինը, պլանն արագ աչքի անցկացնելով: — Ես առանց այդ էլ հիանալի հիշում եմ Սարն ու նրա շրջակայքը: Ես գիտեմ որտեղ է Մութ Անտառը և որտեղ՝ Արևակեզ Հողերը. այնտեղ վիշապներն են ապրում:
— Այստեղ քարտեզի վրա էլ հենց Վիշապն է նկարված,— ասաց Բալինը, — բայց քանի որ շուտով հասնելու ենք Սար, ապա առանց քարտեզի էլ այն կգտնենք:
— Մի մանրամասնություն էլ կա, որ դուք չեք նկատել,— առարկեց կախարդը,— գաղտնի մուտքը: Տեսնո՞ւմ եք ա~յ այն ձեռքը արևմտյան կողմում և մնացած ձեռքերից վերև ցուցամատը պարզած մյուս ձեռքը, ձախից: Այստեղ գաղտնի մուտք կա դեպի Ստորին Հարկը:
— Գուցե մի ժամանակ իրոք որ գաղտնի է եղել,— առարկեց Տորինը,— բայց ինչով կարելի է համոզված լինել, որ մինչև հիմա գաղտնի է մնացել: Ծեր Սմոգն այնքան վաղուց է այնտեղ ապրում, որ հասցրած կլինի բոլոր ելումուտերին ծանոթանալ:
— Կարող է և այդպես է, բայց միևնույն է, նա դրանից չի օգտվում:
— Ինչո՞ւ:
— Որովհետև այդ մուտքը նրա համար խիստ նեղ է: «Հինգ ոտնաչափ բարձրության դուռ, կարող են անցնել երեքը մի շարքով, կողք կողքի», բարբառում են սեպագրերը: Սնոգը այսպիսի որջ խցկվել չէր կարող նույնիսկ երիտասարդ ժամանակ, ուր մնաց հիմա, երբ Դեյլից այնքան թզուկներ ու մարդիկ է կերել:
— Իսկ իմ կարծիքով որջը շատ ընդարձակ է,— ձայն տվեց Բիլբոն (որը երբեք վիշապների հետ չէր առնչվել, իսկ ինչ վերաբերում է որջերին, ապա նա ծանոթ էր միայն հոբիտների բներին): Նա նորից տաքացավ ու տարվեց տեղի ունեցածով և մոռացավ, որ ավելի լավ է լռել: Նա պաշտում էր բոլոր տեսակի քարտեզները, նա ինքը իր նախասենյակում կախել էր շրջակայքի մեծ քարտեզը, որտեղ զբոսանքի նրա սիրելի ուղիները նշված էին կարմիր թանաքով: — Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ հսկայական դուռը թաքցնել որևէ մեկից, ով էլ որ նա լինի, նույնիսկ եթե վիշապը վրիպել է ու չի տեսել, — հարցրեց նա: Մի՛ մոռացեք, որ նա ընդամենը մի փոքրիկ հոբիտ էր:
— Ամենատարբեր ձևերով, — պատասխանեց Հենդալֆը: — Բայց թե ինչպես են թացրել հատկապես այդ դուռը, մենք չենք իմանա, մինչև մեր սեփական աչքերով չտեսնենք: Որքան ես կարող եմ հասկանալ քարտեզի վրա եղած մակագրություններից, դուռը հուսալիորեն կողպված է և ձուլվում է Սարի հետ: Թզուկների մոտ ըդունված ձև է, եթե չեմ սխալվում:
— Չեք սխալվում, — հաստատեց Տորինը:
— Բացի դրանից, — շարունակեց Հենդալֆը,— ես մոռացա հիշատակել, որ քարտեզին կցված է արտասովոր ձև ունեցող մի փոքրիկ բանալի: Ահա...— Եվ Հենդալֆը Տորինին մեկնեց երկարավուն, տարօրինակ լեզվակով մի բանալի...— Լա՛վ կպահեք:
— Չէ մի չպահեինք, — ասաց Տորինը և բանալին անցկացրեց ոսկե շղթային, որ կախված էր իր վզից ու իջնում էր բաճկոնի տակ:— Այժմ մեր վիճակն այնքան էլ անհուսալի չէ: Մինչև հիմա մեզ համար պարզ չէր, թե ինչից սկսենք: Մենք մտածում էինք ճանապարհվել Արևելք, զգուշություն ու շրջահայացություն պահպանելով, և հասնել ընդհուպ մինչև Երկար լիճը: Այն ժամանակ էլ հենց կսկսվեին անախորժությունները...
— Ոչ թե այն ժամանակ, այլ շատ ավելի վաղ, ես հո գիտեմ ինչ բան է ճանապարհը դեպի Արևելք,— միջամտեց Հենդալֆը:
—Այնտեղից մենք կարող էինք Արագահոս գետով դեպի վեր բարձրանալ, — շարունակեց Տորինը՝ Հենդալֆի խոսքերը ականջի ետև գցելով,— և հասնել Դեյլի գետի հովտում Սարի հովանու տակ գտնվող հինավուրց քաղաքի ավերակներին: Ճիշտ է, Գլխավոր դարպասով անցնելը ոչ մեկիս սրտով էլ չէ: Այնտեղ գետը ուղիղ նրա տակով է հոսում, թունելով, Սարի Հարավային ստորոտի մեծ ժայռի միջով, և հենց այդ դարպասից էլ սովորաբար դուրս է թռչում Վիշապը, իմ կարծիքով շատ հաճախ, եթե, իհարկե, նա չի փոխել իր սովորությունը:
— Այո, այնտեղից անցնել չի լինի,— ասաց կախարդը,— եթե հույս չունենանք որևէ նշանավոր ռազմիկի, կամ էլ թե չէ հեքիաթային հսկայի օգնության վրա: Ես փորձել եմ հարմար մեկը գտնել, բայց հիմա ռազմիկները դրա համար ժամանակչունեն: Նրանք կռվում են միմյանց դեմ օտար երկրներում, իսկ հեքիաթային հսկաներին այս կողմերում մառներիդ վրա կհաշվես՝ մեկ, երկու և վերջ, եթե, իհարկե, նրանք առհասարակ չեն տեղափոխվել այստեղից: Սրերը բթացել են, մարտական կացիններով հիմա ծառեր են տապալում, վահանները կաթսաների կափարիչների և օրորոցների տեղ են օգտագործում, իսկ վիշապները, բարեբախտաբար, յոթ սարի ետևն են, և այստեղի բնակիչների համար նրանք համարյա փե առասպելական արարածներ են: Այ, դրա համար ես էլ որոշեցի դիմել գողությանը, հատկապես, երբ հիշեցի կողամուտքը: Եվ հենց այստեղ է, որ խաղի մեջ է մտնում մեր սիրելի Բիլբո Բեգինսը՝ անձամբ ճակատագրի կողմից ընտրված գողը: Այնպես որ բերեք քննարկումն առաջ տանենք և գործողությունների պլան մշակենք:
— Հիանալի է, — ասաց Տորինը: — Գուցե մեր բազմափորձ գողը որևէ արժեքավոր միտք կամ առաջարկությու հայտնի:— Եվ նա չափազանցրած քաղաքավարությամբ խոր գլուխ տվեց Բիլբոյին:
— Ամենից առաջ ես կուզենայի ավելի շատ բան լսել բուն գործի մասին, — ասաց հոբիտը (նրա գլխում ամեն ինչ խառնվեց, ստամոքսում սառնոթյուն զգաց, բայց նա, որպես Տուկերի իսկական հետնորդ, որոշեց չնահանջել): — Այսինքն՝ ոսկու և վիշախների մասին, և բոլոր մնացած բաների մասին, և թե ինչպես է ոսկին հայտնվել այնտեղ, ումն է այն, և այլն:
—Ողորմած տեր,— ասաց Տորինը:— Մի՞թե դուք քարտեզները չտեսաք: Մեր երգը չլսեցիք: Մի՞թե այդ մասին չենք խոսում մի քանի ժամ շարունակ:
— Եվ, այունամենայնիվ, ես ուզում եմ ամեն ինչ մանրամասնորեն ու հերթականությամբ նորից լսել, — համառությամբ ասաց Բիլբոն գործարար տեսք ընդունելով (սովորաբար նախանշված նրանց համար, ովքեր փորձում էին նրանից դրամ պարտք վերցնել) և ամեն կերպ ջանալով խելացի, շրջահայաց, պատկառելի մասնագետ երևալ, Հենդալֆի երաշխավորությունն արդարացնելու համար: — Ես կուզենայի նաև ավելի մանրամասն լսել վտանգի աստիճանների, չնախատեսված ծախսերի մասին, այն մասին, թե ինչքան ժամանակ է հատկացվում այդ ամբողջ ձեռնարկումի համար, հատուցման մասին և այլն, և այլն: Դա նշանակում էր. «Ինձ ի՞նչ կհասնի: Եվ ողջ-առողջ կվերադառնա՞մ արդյոք»:
— Դե լավ, թող այդպես լինի, — ասաց Տորինը: — Սրանից շատ տարիներ առաջ, իմ պապ Տրորի օրոք, մեր ընտանիքին Հեռավոր Հյուսիսից քշեցին, և նա ողջ ունեցվածքով ու աշխատանքի գործիքներով ստիպված եղավ փոխադրվել քարտեզի վրա նշված Սարի մոտերքը: Այդ Սարով, որ մի ժամանակ հայտնաբերել էր իմ վաղեմի նախնի Տրեյն Ավագը, մեր ցեղի թզուկները լրջորեն են զբաղվել. փորել են լայնքով ու երկայնքով, ընդարձակել բնակատեղերն ու արհեստատնոցները, ընդ որում, ինչպես ես եմ հասկանում, բավական շատ ոսկի ու թանկարժեք քարեր են գտել: Ինչ եղել է, չի եղել, համենայն դեպս նրանք առասպելական հարստության տեր են դարձել ու փառաբանվել, և իմ պապը դարձել է Սարտակի թագավորը, և նրան շատ հարգել են մարդիկ, որոնք սկզբում ապրում էին Հարավում, բայց աստիճանաբար վերաբնակեցվեցին Արագահոս գետի վերին մասերում, ընդհուպ մինչև Սարի հովանու տակ գտնվող Հովիտը: Այդ ժամանակ էլ նրանք կառուցեցին ուրախ քաղաք Դեյլը: Նրանց կառավարիչները միշտ հրավիրում էին մեր դարբիններին և առատ վարձատրում, նույնիսկ ավելի պակաս հմուտներին: Հայրերն իրենց որդիներին ուղարկում էին մեզ մոտ սովորելու և առատորեն վճարում, հատկապես ուտելեղեններով, այնպես որ մենք մեզ նեղություն չէինք տալիս վարել-ցանելու և, առհասարակ, սննդամթերք հայթայթելու: Դրանք երանելի օրեր էին, և նույնիսկ մեզանից ամենաչունևորները ավելրոդ դրամ ու ազատ ժամանակ ունեին այնքան, որ սկսեցին գեղեցիկ իրեր պատրաստել հենց այնպես, սեփական հաճույքի համար: Էլ չեմ խոսում զարմանալի կախարդական խաղալիքների մասին, որոնցից հիմա աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի: Իմ պապի ապարանքները տառացիորեն տրաքվում էին ամեն տեսակ զենքերից, թանկագին քարերից, դրվագազարդ առարկաներից ու սափորներից: Իսկ Դեյլի խալաիքների տոնավաճառը համարվումէր Հյուսիսի հրաշքը: Այս բոլորն էլ, անկասկած, գրավեց Վիշապի ուշադրությունը: Վիշապները, ինչպես հայտնիի է, ոսկի ու թանկարժեք իրեր են գողանում մարդկանցից, էլֆերից, թզուկներից, որտեղ և ինչպես միայն կարող են, ու իրենց ավարտը պահպանում են մինչև կյանքի վերջը (իսկ վիշապները իրականում ապրում են հավերք, եթե, իհարկե, նրանց չեն սպանում), բայց երբեք չեն օգտագործում նույնիսկ ամենաէժան մատանին: Անձամբ իրենք ոչ մի բան անելու ընդունակ չեն, նույնիսկ իրենց զրահի մի թուլացած թեփուկն ամրացնել չեն կարող: Այն ժամանակ Հյուսիսում վիշապները շատ բազմացան, իսկ ոսկին, ինչպես երևում է, քանի գնաց քչացավ, որովհետև թզուկներից ոմանք փախան Հարավ, ոմանք ոչնչացան, և սնանկացման ու ամայացման պատկերն ավելի ու ավելի սպառանլի չափեր ընդունեց: Այսպես, ուրեմն, այնտեղ բոլորից էլ ագահ, ուժեղ ու զզվելի մի օձ կար, անունը Սմոգ: Մի անգամ Հյուսիսից մի խուլ թնդյուն լսեցինք, որ նման էր փոթորիկի ոռնոցի, և Սարի բոլոր սոճիները տնքացին ու ճռնչացին քամուց: Այն թզուկները, որ բաց երկնքի տակ էին գտնվում և ոչ թե Սարի ընդերքում (բարեբախտաբար ես նրանց թվում էի), հեռվից տեսան, թե ինչպես Վիշապը, ամբողջովին բոցերով պատած, վայրէջք կատարեց մեր Սարի վրա, հետո ցած իջավ, սողաց մինչև անտառ ու վառեց այն: Այդ ժամանակ Դեյլում բոլոր զանգերը ղողանջեցին, և զինվորներն արագ զինվեցին: Թզուկները նետվեցին դեպի Գլխավոր դարպասը, բայց Վիշապն այնտեղ նրանց էր սպասում: Նրանցից ոչ ոք չփրկվեց: Գետը տապից եռ էր գալիս, մշուշը պատել էր Դեյլը: Ադ մշուշի մեջ Վիշապը հարձակվեց ռազմիկների վրա և համարյա բոլորին կոտորեց. սովորական տխուր պատմություն, որը, ավա~ղ, այն տարիներին հազվադեպ չէր: Հետո Վիշապը ետ դարձավ դեպի Սար, Գլխավոր դարպասից ներս սողաց և բոլոր փողոցներն ու նրբանցքները, նկուղները, առանձնատներն ու պատշգամբները մաքրեց բնակիչներից: Եվ երբ Սարում ոչ մի կենդանի թզուկ չմնաց, Սմոգը ամբողջ գանձը վերցրեց իրեն: Երևի նա, ինչպես ընդունված է վիշապների մոտ, այդ գանձը դիզել է ամենահեռավոր մի քարանձավում և, գլուխը թալանած ոսկու վրա դրած, այդ օրվանից քնել: Գիշերները նա Գլխավոր դարպասից դուրս էր սողում, առևանգում Դեյլիբնակիչներից և ուտում, այնպես որ Դեյլը աստիճանաբար անկում ապրեց, իսկ բնակչության մի մասը ոչնչացավ, մի մասն էլ ցրվեց: Իսկությունը չգիտեմ, թե հիմա ինչ է կատարվում այնտեղ, հազիվ թե որևէ մեկը համարձակվի Սարին մոտիկ ապրել: Թե ապրեն էլ, երևի, լճի մոտերքում: Մենք՝ այդ օրը փրկված մի բուռ թզուկներս, նստել էինք ապաստարանում և, Սմոգին անիծելով, մեր բախտն էինք լալիս: Հանկարծ ներս մտան հայրս ու պապս՝ խանձված մորուքներով: Նրանք շատ մռայլ էին ու խոսելու անտրամադիր: Երբ ես հարցրի, թե նրանց ինչպես է հաջողվել ողջ մնալ, նրանք ինձ պատվիրեցին սսկվել և ասացին, որ ժամանակին ամեն ինչ կիմանամ: Հետո մենք հեռացանք այդ վայրերից ու թափառում էինք տեղից տեղ՝ փորհաց աշխատելով, ինչպես կարողանում էինք. պատահում էր, որ նույնիսկ դարբնի արհեստի էինք ձեռք զարկում, կամ աշխատում էինք ածխահորերում: Բայց մեզանից գողացած գանձերի մասին երբեք չէինք մոռանում: Եվ նույնիսկ հիմա, երբ խոստովանում եմ, մենք որոշ բան ետ ենք գցել սև օրվա համար և այլևս կարիքի մեջ չենք (այստեղ Տորինը շոյեց վզից կախված ոսկե շղթան), դեռևս լի ենք դրանք վերադարձնելու և Սմոգից վրեժ լուծելու վճռականությամբ՝ եթե հաջողվի:
Ես հաճախ էի գլուխ կոտրում այն բանի վրա, թե հայրս ու պապս ինչպես են փրկվել: Այժմ հականում եմ, որ նրանք իմացել են կողամուտքի տեղը, որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտեր: Ըստ երևույթին հենց նրանք էլ կազմել են քարտեզը, և ես կուզեի իմանալ, թե ինչ հնարքով է այն հափշտակել Հենդալֆը, և ինչու չի հասել ինձ՝ օրինական ժառանգիս:
— Ես չեմ հափշտակել, ինձ տվել են, — պատասխանեց հրաշագործը: — Ձեր պապ Տրորին, ինչպես հիշում եք, Մորայայի հանքերում սպանեց գոբլինների թագավոր Ազոգը:
— Նզովյալ լինի նրա անունը, — արձագանքեց Տորինը:
— Իսկ Տրեյնը՝ ձեր հայրը, ապրիլի քսանմեկին (անցյալ հինգշաբթի, ի դեպ, լրացավ ճիշտ հարյուր տարին այն օրից) գնաց հայտնի չէ թե ուր, և այն ժամանակվանից դուք նրան չեք տեսել...
— Այդ բոլորը ճիշտ է,— հաստատեց Տորինը:
— Այդպես, ուրեմն, ձեր հայրը գնալուց առաջ այդ քարտեզը տվեց ինձ և խնդրեց, որ հանձնեմ ձեզ: Իսկ ինչ վրաբերում է այն ձեզ հանձնելու ժամանակի և տեղի ընտրությանը, ապա այստեղ ես մեղք չունեմ, ախր ինձ համար դժվար էր ձեզ գտնել... Երբ ձեր հայրը քարտեզը տվեց ինձ, իր անունն էր մոռացել, ոչ միայն ձերը, այնպես որ դեռ շնորհակալ եղեք... Ահա, ստացեք:— Եվ նա թուղթը մեկնեց Տորինին:
— Միևնույն է, չեմ հասկանում,— ասաց Տորինը, և Բիլբոն էլ նույնը կրկնելու ցանկություն ունեցավ: Բացատրությունը նրան էլ այնքան պարզ չթվաց:
— Ձեր պապը,— դանդաղ և մռայլ խոսեց հրաշագործը,— Մորայայի հանքերը գնալուց առաջ քարտեզը տվեց որդուն, որ պահպանի: Ձեր պապի վախճանվելուց հետո ձեր հայրը ուղևորվեց քարտեզի օգնությամբ բախտը փորձելու. բազմաթիվ ու բազմապիսի չար արկածների հանդիպեց, բայց այդպես էլ Սար չհասավ: Ես նրա հետ ծանոթացա սարսափելի կախարդ Նեկրոմանտի (Մեռելահարցուկի) զնդաններում. թե ինչպես էր նա այնտեղ ընկել՝ չգիտեմ:
— Իսկ դուք ի՞նչ էիք անում այնտեղ,— հարցրեց Տորինը սարսռալով, և բոլոր թզուկները նույնպես դողացին:
— Կարևոր չէ: Ինչ-որ բանով հետաքրքրվում էի, ինչպես միշտ և, պետք է ասել, այնտեղ բավական նեղն ընկա: Նույնիսկ ես՝ Հենդալֆս, հազիվհազ դուրս պրծա: Ես փորձում էի փրկել ձեր հորը, բայց արդեն ուշ էր. նրա ուղեղը խաթարվել էր, մտքերը խառնվում էին, նա ոչինչ չէր հիշում, բացի քարտեզից ու բանալուց:
— Մորայացի գոբլինների հետ մենք վաղուց հաշիվներս մաքրել ենք,— ասաց Տորինը,— այժմ հարկավոր է Նեկրոմանտով զբաղվել:
— Անհեթեթություն... Այդպիսի թշնամում չեն հաղթի բոլոր թզուկները միասին վերցրած, եթե նույնիսկ հնար լիներ աշխարհի չորս ծայրերից բոլորին էլ հավաքել: Ձեր հայրը մի բան էր ուզում՝ որ իր որդին գլուխ հաներ քարտեզից և բանալին գործի դներ: Այնպես որ Վիշապը և Սարը ձեզ լիուլի հերիք են:
— Ուշադրություն, ուշադրություն,— դուրս թռավ Բիբլոյի բերանից:
— Ի՞նչ է պատահել,—հարցրին թզուկները ու մաինգամից շրջվեցին նրա կողմը, իսկ նա, իրեն տիրապետելու ուժ չունենալով, բացականչեց.
— Լսեցեք, թե ինչ եմ ասում...
— Ի՞նչ է եղել, — հարցրին թզուկները:
— Ինձ թվում է, ձեզ հարկավոր է գնալ Արևելք և տեղում որոշել ինչն ինչոց է: Վերջ ի վերջո գոյություն ունի Կողամուտքը, և վիշապներն էլ հո երբևէ քնում են, և եթե մուտքի մոտ երկար նստես, անպայման գլխումդ մի մտիք կծագի: Համ էլ, գիտե՞ք ինչ, իմ կարծիքով այսօր բավականին խոսեցինք: Ինչպես ասում են. շուտ վերկացողի գործը աջ է, թե ինչ: Ձեր գնալուց առաջ ես լավ նախաճաշ կտամ:
— Մեր բոլորի գնալուց առաջ, ուզում եք ասել, — ասաց Տորինը: — Մի՞թե դուք չեք Գլխավոր Գողը: Եվ մի՞թե մուտքի մոտ նստելը ձեր գործը չէ, էլ չենք խոսում ներս թափանցելու մասին: Բայց շուտ քնելու, շուտ վերկենալու և նախաճաշի հարցում համաձայն եմ ձեզ հետ: Ճանապարհ ընկնելուց առաջ սովորաբար ապուխտով վեց ձվից փվածեղ եմ ուտում, իհարկե, ոչ հարած ձվից, այլ ակնիկ, և տեսեք հա, որպեսզի աչքերը ամբողջական լինեն:
Այն բանից հետո, երբ մնացած թզուկներն էլ հայտնեցին, թե նախաճաշին ինչ են ուզում (նրանցից ոչ մեկի մտքով չանցավ գոնե «խնդրեմ» ասել, որից Բիլբոն կարգին նեղացավ), բոլորը սեղանից վեր կացան: Հոբիտը դեռ պետք է նրանց համար քնելու տեղեր պատրաստեր. Բիլբոն նրանց տրամադրեց բոլոր հյուրասենյակները, անկողին գցեց բազկաթոռների ու բազմոցների վրա, վերջապես բոլորին տեղավորեց ու պառկեց իր փոքրիկ մահճակալին՝ շատ հոգնած ու մի քիչ անհանգիստ: Միակ բանը, որ նա հաստատ վճռել էր՝ ոչ մի դեպքում լուսումութին չվերկենալ այդ բոլոր ձրիակերներին կերակրելու համար: Տուկյան տրամադրությունները նրա միջից ցնդել էին, և նա բոլորովին էլ համոզված չէր, որ առավոտյան որևէ տեղ կուղևորվի:
Անկողնում պառկած՝ նա լսում էր, թե հարևան ննջարանում Տորինն ինչպես է դնդնում.
Կապույտ լեռներից, մշուշից անդին
Քարավանները կձգվեն անթիվ
Դեպի որջերը, քարանձավները,
Որտեղ գանձերն են երկիր-հեքիաթի...
Բիլբոն այդ երգի տակ քնեց և գարշելի երազներ տեսավ: Երբ արթնացավ, արդեն վաղուց լուսացել էր:
2. ՈՉԽԱՐԻ ԽՈՐՈՎԱԾ
Բիլբոն աշխուժորեն վեր թռավ, խալաթը հագավ և մտավ ճաշասենյակ: Ոչ մի շունչ չկար: Այնտեղ նա տեսավ միայն առատ և հապճեպ նախաճաշի հետքեր: Սենյակում ամեն ինչ տակունվրա էր արված, խոհանոցում կեղտոտ ամանների կույտեր էին, համարյա բոլոր կաթսաներն ու թասերը կեղտոտ էին: Բիլբոն տխրությամբ համոզվեց, որ երեկոյան խնջույքը վատ երազ չէր: Բայց և թեթևություն զգաց, տեսնելով, որ հյուրերն ուղևորվել են՝ ժամանակ չգտնելով իրեն արթնացնելու («նույնիսկ շնորհակալություն չասացին»,— մտածեց նա): Միևնույն ժամանակ Բիլբոն մի քիչ հիասթափություն էր ապրում և ինքն էլ զարմացավ իր հիասթափության վրա: «Հիմար չլինես, Բիլբո Բեգինս,— ինքն իրեն համոզում էր նա,— քո տարիքում արժե՞ արդյոք մտածել վիշապների ու հեքիաթային զանազան անհեթեթությունների մասին»:
Եվ նա հագավ գոգնոցը, սալօջախը վառեց, ջուր եռացրեց ու արագորեն լվաց ամբողջ աման-չամանը: Խոհանոցում տնավարի մի լավ նախաճաշելուց հետո միայն անցավ ճաշասենյակը կարգի բերելուն: Արևն արդեն փայլում էր ողջ պայծառությամբ, մուտքի դուռը կրկնակի վրա բաց էր, գարնանային գոլ զեփյուռը տուն լցվեց: Բիլբոն սկսեց բարձր սուլել և բոլորովին մոռացավ երեկվա երեկոն: Նոր-նոր նա պատրաստվում էր նստել ճաշասենյակում, բաց պատուհանի առջև, ու երկրորդ անգամ կարգին նախաճաշել, երբ հանկարծ հայտնվեց Հենդալֆը:
— Աղավնյակս,— ասաց նա,— ախր ե՞րբ ես բարեհաճելու: Եվ դեռ խոսում էիր «վաղ վերկենալու» մասին: Ասացեք խնդրեմ, նստել նախաճաշում է, կամ, ինքդ ինչպես ես անվանում դա, մինչդեռ տասն անց կես է: Նրանք սպասել չէին կարող և քեզ նամակ են թողել:
— Ի՞նչ նամակ, — անասելի հուզված հարցրեց խեղճ միստր Բեգինսը:
— Այ քեզ բա՜ն, — բացականչեց Հենդալֆը: — Ես քեզ չեմ ճանաչում, դու նույնիսկ օջախի թարեքի փոշին չես մաքրել:
— Օջախի թարեքն այստեղ ի՞նչ գործ ունի: Բավական չէ՞, որ տասնչորս մարդու սպասք եմ լվացել:
— Եթե թարեքի փոշին մաքրեիր, ապա ժամացույցի տակ կգտնեիր այ սա,— և Հենդալֆը մի գրություն մեկնեց Բիլբոյին (գրված, բնական է, Բիլբոյի սեփական թղթի վրա):
Ահա թե ինչ կարդաց Բիլբոն:
«Տորին և Ընկ.-ը Գող Բիլբոյին իր ողջույնն է հղում... Հյուրընկալության համար սրտագին շնորհակալություն, մասնագիտական օգնության առաջարկությունն ընդունվում է երախտագիտությամբ: Պայմանները. որոնելին հանձնելիս վճարել մինչև (բայց չգերազանցելով) ընդհանուր եկամուտի (թե որ այդպիսի բան լինի) տասնչորսերորդ մասը: Ճանապարհային ծախսերի հատուցումը բոլոր դեպքերում երաշխավորվում է, թաղման ծախսերն ընկնում են Ընկ.-ն կամ նրա ներկայացուցիչների վրա (եթե հանգուցյալը նախապես միջոցներ ձեռք չի առել): Հնարավոր չհամարելով ձեր թանկագին հանգիստը խանգարել, մենք ուղևորվում ենք, քանզի տեսնելու ենք անհրաժեշտ նախապատրաստություններ: Ձեր պատվական անձի գալստյանը սպասում ենք Կանաչ Վիշապ խորտկարանում, Բայուոտերում, առավոտյան ուղիղ ժամը 11-ին: Ձեր ճշտապահությանը հուսալով, պատիվ ունենք. խորին նվիրվածությամբ Տորին և Ընկ.»:
— Մնում է ուղիղ տասը րոպե: Ստիպված ես լինելու վազել, — նկատեց Հենդալֆը:
— Բայց ...— սկսեց Բիլբոն:
— Ոչ մի «բայց», — կտրեց հրաշագործը:
— Բայց ախր...— բողոքելու էլի մի փորձ արեց Բիլբոն:
— Ոչ մի «բայց ախր»: Վազքով:
Հետագայում Բիլբոն ոչ մի կերպ չէր կարողանում հիշել, թե ինչպես հայտնվեց փողոցում՝ առանց գլխարկի, առանց ձեռնափայտի, առանց դրամի, առանց բոլոր այն իրերի, որ նա սովոր էր տնից դուրս գալիս իր հետ վերցնել: Նա կիսատ թողեց երկրորդ նախաճաշը, անլվա թողեց ամանները, Հենդալֆի ձեռքը խոթեց տան բանալիներն ու փրչոտ ոտքերում ինչքան ուժ կար՝ վազեց փողոցով, մեծ ջրաղացի կողքով, անցավ կամուրջը և դեռ մի մղոնի չափ էլ առաջ գնաց Գետի Այն Կողմով:
Լրիվ շնչասպառ էր եղել նա, քրտինքի մեջ կորել էր, երբ ուղիղ ժամը տասնմեկին, ժամացույցի զարկերի հետ, հասավ Բայուոտեր: Եվ ինչ լինի, որ լավ է. պարզվեց, որ թաշկինակն էլ է մոռացել տանը:
— Կեցցե՛ս,— ասաց Բալինը, որ խորտկարանի շեմքին կանգնած սպասում էր նրան:
Այդ ժամանակ գյուղ տանող ճանապարհի ոլորանից դուրս եկան մնացածները: Նրանք գալիս էին պոնիներ հեծած, որոնց էլ ինչ ասես, որ չէին բարձել՝ հակեր, պարկեր և այլ իրեր: Ամենափոքրիկ պոնին, ինչպես երևում էր, նախատեսված էր Բիլբոյի համար:
— Այժմ երկուսդ էլ հեծեք, և առաջ, — հրամայեց Տորինը:
— Ներողություն եմ խնդրում, — ընդվզեց Բիլբոն,— ես չհասցրի գլխարկս դնել, մոռացա թաշկինակս և փող չվերցրի: Ձեր փրկտողը ստացա միայն տասն անց քառասունհինգ րոպեին, որպեսզի ճշտապահ լինեմ...
— Իսկ դուք այդքան ճշտապահ մի՛ եղեք,— խորհուրդ տվեց Դվալինը, — և մի՛ հուզվեք: Ստիպված կլինեք մինչև ճանապարհորդության վերջը յոլա գնալ առանց թաշկինակների ու առանց ուրիշ շատ բաների: Իսկ գլխարկի փոխարեն... ինձ մոտ, իրերիս մեջ ավելորդ կնգուղ և թիկնոց կա:
Ահա, այսպես, մի գեղեցիկ առավոտ, ապրիլի ամենավերջին օրը նրանք կամաց-կամաց ճանապարհ ընկան:
Բիլբոն զգեստավորվեց մուգ կանաչ թիկնոցով և մի քիչ խունացած մուգ կանաչ կնգուղով, որ նրան փոխարինաբար տվեց Դվալինը: Հագուստը նրան մեծ եղավ, բավականին անհեթեթ տեսք ուներ: Նույնիսկ վախենում եմ պատկերացնել, թե ինչ կմտածեր հայր Բանգոն, եթե տեսներ իր որդի Բիլբոյին: Բիլբոն միայն նրանով էր մխիթարվում, որ իրեն թզուկի տեղ դնել չի կարելի, քանի որ ինքը մորուք չունի:
Հազիվ էին նրանք հեռացել խորտկարանից, երբ ետևներից հասավ Հենդալֆը, որ, սպիտակ, սքանչելի ձին հեծած, կատարելապես հրաշալի տեսք ուներ: Նա Բիլբոյին մի կապոց թաշկինակ էր բերել, սիրած ծխամորճն ու ծխախոտը: Խումբը ուրախ-ուրախ շարունակեց ճանապարհը: Ճանապարհորդներն ամբողջ օրը զանազան զվարճալի պատմություններ էին պատմում, երգեր երգում և լռում էին միայն մի փոքր հաց ուտելու համար, դադարների ընթացքում: Եվ չնայած դա այնքան էլ հաճախ չէր պատահում, որքան Բիլբոն կուզեր, բայց, այնուամենայնիվ, քիչ-քիչ կյանքը դուր էր գալիս: Եվ մտածում էր, որ արկած ասվածն էլ վատ բան չէ:
Սկզբում նրանք անցնում էին հոբիտների տիրությով, որ լայնարձակ, բարեկարգ երկիր էր, հիանալի ճանապարհերով, հարգարժան ժողովրդով բնակեցված. ժամանակ առ ժամանակ հանդիպում էր որևէ թզուկ կամ ֆերմեր, որ շտապում էին իրենց գործին: Հետո սկսվեցին այնպիսի տեղանքներ, որտեղ բնակիչները խոսում էին անծանոթ լեզվով և երգում երգեր, որ Բիլբոն առաջներում լսած էլ չկար: Վերջապես նրանք խորացան Անապատային Երկիրը, որտեղ արդեն ոչ բնակիչներ էին հանդիպում, որ պատնդոկներ, ճանապարհներն էլ գնալով ավելի ու ավելի էին վատանում: Առջևում միգապատ լեռներ նշմարվեցին, մեկը մյուսից բարձր, որ խիտ անտառներով ծածկված լինելու պատճառով ոև էին թվում: Լեռների վրա տեղ-տեղ երևացին հինավուրց ամրոցներ, այնքան չարագուշակ տեսքով, ասես դրանք վատ մարդիկ էին կառուցել: Շրջապատում ամեն ինչ մռայլ դարձավ, քանի որ եղանակը հանկարծ փչացավ, ցրտեց ու խոնավացավ: Ստիպված էին գիշերել որևէ պատահական տեղում:
— Արի ու բան հասկացիր՝ հունիսը քթներիս տակ է, — փնթփնթաց Բիլբոն. նրա պոնին գյուղական ճանապարհով չլմփացնելով գալիս էր թափորի վերջից: Երեկոն իջնում էր, թեյի ժամն անցել էր, ամբողջ օրն անդադար անձրև էր մաղում, կնգուղից ջուրը հոոււմ էր աչքերի մեջ, թիկնոցը մինչև վերջին թելը թրջվել էր, պոնին հոգնել էր ու սայթաքում էր քարերի վրա: Ճանապարհորդներն անտրամադիր էին և լուռ:
«Հաստատ անձրևը թրջել է չոր շորերի հակերը և ջուրը լցել է ուտելիքի պարկերը, — թախիծով մտածեց Բիլբոն:— Ինչպես կուզեի հիմա հայտնվել իմ տանը: Իմ փառավոր բնում, օջախի մոտ, և որ թեյնիկն սկսեր երգել...»:
Հետագայում ավելի շատ էր երազելու այդ մասին:
Իսկ թզուկները մանր վարգով գնում էին առաջ հա առաջ, առանց նայելու, ասես բոլորովին մոռացել էին հոբիտի մասին: Գորշ ամպերի ետևում, երևում է, արևը մայր էր մտել և, երբ նրանք իջան խոր հովիտը, որի միջով մի վտակ էր հոսում, բոլորովին մթնեց:
Քամի բարձրացավ, ափերի ուռենիներն օրորվեցին ու խշշացին: Բարեբախտաբար հնադարյան քարե կամուրջն անվնաս էր, ու նրանք հարկարդված չեղան ծանծաղուտով անցնել, թե չէ գետն անձրևներից վարարել էր և աղմուկով ցած էր սլանում լեռներից ու բլուրներից:
Երբ, վերջապես, նրանք հայտնվեցին մյուս ափին, բոլորովին մթնեց: Քամին ամպերը ցրեց, լուսինը դուրս եկավ: Նրանք ձիերից իջան, և Տորինը ինչ-որ բան մռթմռթաց ընթրիքի ու գիշերելու համար մի չոր տեղ գնտլու մասին: Եվ միայն այդ ժամանակ նկատեցին, որ Հենդալֆը չկա: Նա ամբողջ ճանապարհին իրենց հետ էր, բայց այդպես էլ չասելով՝ մասնակցո՞ւմ է արշավանքին, թե ուղղակիժամանակավորապես ուղեկցում է: Նա բոլորից շատ էր ուտում, բոլորից ավելի շատ էր խոսում ու բոլորից էլ բարձր էր ծիծաղում: Իսկ հիմա ուղղակի մեկից-մեկ չքվել է և վերջ:
— Այն էլ այն ժամանակ, երբ մեզ այնքան հարկավոր էր հրաշագործը, — տնքացին Դորին ու Նորին (նրանք համամիտ էին հոբիտի հետ, որ պետք է ուտել ճիշտ ժամանակին, հաճախակի և որքան կարելի է շատ):
Վերջիվերջո որոշեցին գիշերել այնտեղ, ուր գտնվում էին, միայն մտան ծաերի տակ, որովհետև հողն այնտեղ մի քիչ չոր էր: Բայց քամին օրորում էր տերևները, և թափվող կաթիլների ձայնը՝ «կը՛լթ-կը՛լթ», թախիծ էր բերում: Դեռ խարույկին էլ ինչ-որ բան էր պատահել, ասես կրակը կախարդել էին: Սովորաբար թզուկները կարողանում էին խարույկ վառել բառացիորեն որտեղ ուզես և ինչից ուզես, անկախ այն բանից՝ քամի կա՞ թե չկա: Բայց այդ երեկո բան չէր դուրս գալիս, նույնիսկ Օյնը և Գլոյնը չէին կարողանում, որոնք ինչ-ինչ, բայց խարույկի վարպետ էին:
Հետո հանկարծ պոնիներից մեկը չգիտես ինչից խրտնեց ու փախավ: Չկարողացան բռնել, նա նետվեց գետը: Փորձելով պոնին ձրից հանել՝ Ֆիլին ու Կիլին քիչ էր մնում խեղդվեին, իսկ բեռը ջուրը տարավ: Այնտեղ, հակառակի պես, մթերքի առավել մեծ մասն էր, դրա համար էլ նրանց աղքատիկ ընթրիք էր սպասում և էլ ավելի աղքատիկ նախաճաշ:
Նրանք այսպես մռայլ, թրջված նստել ու փնթձնթում էին, իսկ Օյնն ու Գլոյնը շարունակում էին բզբզել խարույկն ուիրար հայհոյել: Բիբլոն տխրությամբ խորհում էր այն մասին, որ արկածները բոլորովին էլ մայիսյան շողշողուն զվարճալի զբոսանքներ չեն: Եվ հանկարծ Բալինը, որ գիշերապահն էր, բղավեց.
— Նայեք, այնտեղ կրակ է երևում:
Քիչ հեռվում սևին տվող մի բլուր էր երևում, որ տեղ-տեղ բավական խիտ ծածկված էր ծառերով: Ծառերի թավուտում իսկապես կրակ էր փյլփլում՝ կարմրավուն, տաքուկ, ասես խարույկի կամ ջահի լույս լիներ:
Նրանք նայեցին, նայեցին ու սկսեցին վիճել: Մեկն ասում էր՝ «այո», մեկն ասում էր՝ «ոչ»: Ոմանք կողմնակից էին, որ գնան և ուղղակի տեսնեն, թե դա ինչ բան է, հո սրանից էլ վատ չէր լինելու: Ուրիշները համոզում էին՝ «Տեղանքը մեզ անծանոոթ է, լեռներն էլ չափազանց մոտիկ են: Ինչքան քիչ հետաքրքրասիրություն ցուցաբերենք ճանապարհին, այնքան քիչ կլինի փորձանքի մեջ ընկնելու հավանականությունը»:
Ինչ-որ մեկն ասաց.
— Բայց մենք էլ տասնչորս հոգի ենք:
Մեկն էլ ասաց.
— Իսկ ո՞ւր է անհետացել Հենդալֆը:
Եվ բոլորն իարից առաջ ընկնելով սկսեցին կրկնել այդ հարցը: Այդ միջոցին անձրևն սկսեց առաջվանից ավելի առաջ թափվել, իսկ Օյնն ու Գլոյնը կռվեցին:
Դա հարցը վճռեց:
— Վերջ ի վերջո Գողը մեզ հետ է, — ասացին նրանք ու ուղևորվեցին կրակի կողմը, բոլոր հնարավոր նախազգուշություններով, իրենց պոնիներին սանձերից բռնած տանելով: Նրանք հասան բլրին և մտան անտառ, հետո սկսեցին վերև բարձրանալ, բայց ոչ մի տեղ արահետ չէր երևում, որ տաներ դեպի տուն կամ ֆերմա: Ինչքան էլ ջանք էին թափում, միևնույն է, շրշյունը, ճայթյուննն ու ճռռոցը (նույնն է փե ասենք մեր քրթմնջյունն ու սատանայի հասեցին հայհոյանքներ տեղալը) երկինք էին հասնում, մինչ նրանք թանձր խավարի մեջ ճեղքում էին անտառի թավուտը:
Հանկարծ ծառերի արանքից կարմիր լույս փայլեց, շատ մոտիկ:
— Հիմա հերթը Գողինն է, — ասացին նրանք՝ նկատի ունենալով Բիլբոյին:
— Գնացեք ստուգեք, դա ինչ լույս է, և ինչի համար է, և արդյոք ամեն ինչ խաղաղ ու անվտա՞նգ է, — հրամայեց Տորինը հոբիտին: — Շտապեցեք, և եթե ամեն ինչ կարգին է, իսկույն վերադարձեք: Եթե ամեն ինչ կարգին չէ, նմանապես փորձեք վերադառնալ: Չե՞ք կարող վերադառնալ՝ երկու անգամ բվեճի պես բվացեք, իսկ մեկ անգամ կռնչացեք բվի պես, և մենք կաշխատենք որևէ բան ձեռնարկել:
Եվ Բիլբոն ստիպված եղավ գնալ, այդպես էլ չհասցնելով բացատրել, որ ինքը ոչ բվի պես կռնչալ գիտի, ոչ էլ բվեճի նման բվալ կարող է: Դրա փոխարեն հոբիտները կարող ն բացարձակապես անձայն քայլել անտառում: Նրանք իրենց այդ ունակությամբ շատ են հպարտանում, և Բիլբոն մեկ անգամ չէ, որ արհամարհանքով փնչացնում էր, լսելով այն «շրխկթրխկոցը», որ, իր կարծիքով, թզուկները գցել էին անտառով անցնելիս: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ մենք իսկի ոչինչ էլ չէինք նկատի, եթե նույնիսկ նրանց հեծելախումբը դոփեր մեզնից երկու քայլ այն կողմ: Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա երբ նա սողոսկում էր դեպի կրակը, նույնիսկ զգուշավոր ժանտաքիսը ոչինչ չէր լսի: Բիլբոն բարեհաջող, ոչ ոքի չխրտնեցնելով, հասավ կրակին և ահա թե ինչ տեսավ:
Երեք վիթխարի հսկաներ նստել էին հաճարենու գերաններից վառած խարույկի շուրջը: Նրանք փայտե երկար շամփուրներով ոչխարի միս էին խորովում և լիզում յուղոտ մատները: Օդում չտեսնված ախորժալի բույր էր տարածվել: Կողքը ինչ-որ համեղ բանով մի տակառիկ էր դրված, և հսկաները գավաթները լցնելով խմում էին: Դրանք տրոլներ էին: Այստեղ ոչ մի կասկած լինել չէր կարող: Նույնիսկ Բիլբոն, չնայած իր ճգնավորական կյանքին, իսկույն գլխի ընկավ, թե նրանք ովքեր են՝ նրանց կոպիտ, անտաշ մռութներից, հսկայատիպ չափերից, քարե ոտքերից և, գլխավորը, նրանց խոսակցությունից, որ բոլորովին բարձրաշխարհիկի նման չէր:
— Երեկ ոչխարի միս, էսօր ոչխարի միս, երևում է էգուց էլ, արևս մեռնի, սիտպված պիտի էդ գրողի տարած ոչխարի մսիը խժռենք, — ասաց տրոլներից մեկը:
— Գոնե մի կտոր մարդու թեկուզ նեխած միս լիներ,— արձագանքեց երկրորդը: — Եվ էդ պնդաճակատ Վիլյամը ինչի համար մեզ քարշ տվեց էս կողմերը: Խմելիքն էլ է վերջանում, — ավելացրեց նա Վիլյամի արմունկը բոթելով հենց այն պահին, երբ վերջինս գավաթից կում էր անում:
Վիլյամը շնչահեղձ եղավ:
— Ձենդ կտրիր, — գոռաց նա, հենց որ շունչը տեղը բերեց: — Դու ինչ է, կարծում ես, որ մարդուկները իրենց ոտքով կգան քո և Բերտի բերա՞նը կընկնեն՝ առեք, խժռեք: Այն ժամանակից, ինչ մենք իջել ենք լեռներից, դու և Բերտը մեկ ու կես գյուղ եք խժռել, ոչ պակաս: Էլ որտեղի՞ց գտնենք: Հիմա էնպիսի ժամանակներ են եկել, որ էսպիսի լեռնային յուղոտ ոչխարի համար էլ պետք է ասեք՝ «շնորհակալություն, Բիլլ»:
Նա ատամներով մի մեծ կտոր պոկեց ոչխարի ազդրից, որ խորովում էր, և թևքով բերանը սրբեց:
Ես կարծում եմ, որ տրոլները միշտ էլ այդպես անկուլտուական են պահում իրենց, նույնիսկ նրանք, ովքեր մեկական գլուխ ունեն: Այս բոլորը լսելով՝ Բիլբոն հասկացավ, որ հարկավոր է անհապաղ գործի անցնել. Կամ հարկավոր է կամացուկ ետ դառնալ ու նախազգուշացնել յուրայիններին, որ մի քանի քայլի վրա երեք հաղթանդամ տրոլ են նստած ամենասոսկալի տրամադրությամբ և ակնհայտ է, որ չեն հարաժարվի խորոված թզուկ կամ, բերանի համը փոխելու համար, թեկուզ խորոված պոնի անուշ անել: Կամ էլ ինքը պետք է գողություն անելու փայլուն օրինակ ցույց տա: Իսկական, առասպելական առաջին կարգի գողը նման պարագայում կդատարկեր տրոլների գրպանները (համարյա միշտ արժե դա անել), հենց շամփուրի վրայից կհաներ ոչխարը, կփախցներ գարեջուրը և կչքվեր: Իսկ տրոլները նրան իսկի չէին էլ նկատի: Գողերն ավելի գործնական են, մասնագիտական փառասիրությունից զուրկ, դեռ նախապես կխոցեին տրոլներին դաշույնով: Որից հետո ճոխ ընթրիքով ուրախ-ուրախ գիշերը կկարճացնեին:
Բիլբոն գիտեր այդ բոլորը: Նա բավականաչափ կարդացել էր այնպիսի բաների մասին, որ իր կյանքում չէր տեսել և չէր արել: Նա խիստ հուզված էր, բայց և զզվանք էր զգում: Նա կուզենար հարյուր մղոն հեռու լինել այստեղից և միաժամանակ... և միաժամանակ ոչ մի կերպ չէր կարող պարզապես վերցնել ու դատարկ ձեռքերով վերադառնալ Տորինի և Ընկ.-ն մոտ: Դրա համար էլ նա խավարի մեջ կանգնել ու մտածում էր: Տրոլների գրպանները դատարկելը գողերի նրան հայտնի բազմատեսակ գործերից ամենահեշտն էր թվում: Վերջապես նա վճիեռ կայացրեց և սողաց հենց Վիլյամի թիկունքում գտնվող ծառի ետևը:
Բերտը և Թոմը գնացին դեպի տակառիկը: Վիլյամը նորից մի գավաթ կոնծեց: Վախը հաղթահարելով՝ Բիլբոն փոքրիկ ձեռքը մտցրեց Վիլյամի ընդարձակ գրպանը: Քսակն այնտեղ էր և Բիլբոյին մի պարկի չափ մեծ թվաց. «Ահա,― մտածեց նա՝ հաճույք զգալով իր նոր արհեստից և զգուշորեն քսակը դուրս քաշելով։ ― Դժվարը սկիզբն է»։
Այո, դա միայն սկիզբն էր։ Տրոլների քսակները միշտ չարաղետ գաղտնիք են ունենում, և այս քսակն էլ բացառություն չէր։
― Հեյ, դու ո՞վ ես,― ծիծաղեց քսակը գրպանից դուրս հայտնվելով, և Վիլյամը բռնեց Բիլբոյի վզից ավելի շուտ, քան նա կհասցներ ցատկել ծառի ետևը։
― Արևս մեռնի, Բերտ, նայիր, էս ում եմ ճանկել, ― ասաց Վիլյամը։
― Էս ի՞նչ բան է,― հարցրին Բերտն ու Թոմը՝ նրան մոտենալով։
― Ես ինչ իմանամ։ Դու ի՞նչ ես։
― Ե՞ս․․․ Բիլբո Բեգինսն եմ, վզզ-հոբիտ,― պատասխանեց խեղճ Բիլբոն, ամբողջ մարմնով դողալով և փորձելով կռահել, թե ինչպես բվի պես կռնչա, քանի դեռ իրեն չեն խեղդել։
― Վզզհոբի՞տ,― կրկնեցին տրոլները զգուշանալով։ Տրոլները մտքից խեղճ են, այդ պատճառով էլ ամեն անծանոթ բանի կասկածանքով են վերաբերվում։
― Իսկ վզզհոբիտն ի՞նչ գործ ուներ իմ գրպանում,― նկատեց Վիլյամը։
― Իսկ նրանից կարելի՞ է ճաշ պատրաստել, ― հետաքրքրվեց Թոմը։
― Փորձիր՝ կիմանաս,― պատասխանեց Բերտը՝ շամփուրը վերցնելով։
― Կաշին թե հանենք, մի կծելու միս հազիվ մնա,― խոսեց Վիլյամը, որը հենց նոր էր կուշտ ընթրել։
― Գուցե ման անք, էստեղ դրանցից էլի՞ գտնենք։ Կարկանդակ կթխեինք,― ասաց Բերտը։― Հե՜յ, քեզ նմանները շա՞տ են էս անտառում։ Քոսոտ ճագար,― ավելացրեց նա հոբիտի փրչոտ ոտքերին նայելով։ Տրոլը բռնեց Բիլբոյի ոտքերից և ուժգին թափ տվեց։
― Շա՜տ,― ծղրտաց Բիլբոն և այդ ժամանակ միայն գլխի ընկավ, որ բարեկամներին մատնել չի կարելի։ ― Ո՛չ, ոչ՛, ո՛չ մեկը, ― արագ ավելացրեց նա։
― Էդ ո՞նց հասկանալ,― հարցրեց Բերտը՝ Բիլբոյին օդում բռնած, բայց այս անգամ մազերից։
― Այդպես էլ հասկացեք,― պատասխանեց Բիլբոն շունչ քաշելով։― Խնդրում եմ, բարի պարոններ, ինձնից ոչինչ մի՛ պատրաստեք։ Ես ինքս լավ եմ պատրաստում, ես ավելի լավ պատրաստում եմ, քան պատրաստվում եմ, հասկանո՞ւմ եք ինչ եմ ուզում ասել։ Ես ձեզ համար հիանալի նախաճաշ կպատրաստեմ, եթե դուք ինձ ընթրիքի համար չպատրաստեք։
― Քնձռոտ խրտվիլակ,― ասաց Վիլյամը։ Նա առանց այդ էլ արդեն ընթրիքին լավ կերել էր ու գարեջուր խմել։ ― Քնձռոտ խրտվիլակ։ Բերտ, բաց թող դրան։
― Բաց չեմ թողնի, մինչև չբացատրի, թե ինչ է նշանակում «շատ» և «ոչ մեկը»,― առարկեց Բերտը։― Չեմ ուզում, որ քնած տեղը վիզս կտրեն։ Այ, խարույկի վրա մի քիչ կրունկները կդաղեմ՝ իսկույն կխոսի։
― Իսկ ես էդ բանը թույլ չեմ տա,― ասաց Վիլյամը։ ― Ես եմ նրան բռնել։
― Վիլյամ, ես քեզ ասել եմ, որ դու ճարպակալած հիմար ես,― գառաց Բերտը,― և էլի եմ կրկնում։
― Իսկ դու գյադա ես։
― Ես դա քեզ չեմ ների, Բիլլ Հագինս,― ոռնաց Բերտը, բռունցք արած վրա քշեց Վիլյամին ու հասցրեց աչքին։
Այստեղ մի վայրենի քաշքշուկ սկսվեց։ Բերտը Բիլբոյին վայր գցեց, և սրա գլխում մնացած խելքը բավարարեց այնքան, որ մի կողմ սաղաց, որպեսզի ոտքի տակ չտային։ Իսկ տրոլներն սկսեցին կատաղորեն կռվել, իրար ամեն տեսակ, պետք է ասել շատ սազական, վիրավորական անուններ տալով։ Քիչ հետո նրանք գետին տապալվեցին և, իրարից կառչած, աքացի տալով, գլորվեցին ուղիղ խարույկի մեջ, իսկ Թոմը մի ճյուղ վերցրած ձաղկում էր երկուսին էլ, որ խելքի գան, որից նրանք, բնական է, էլ ավելի էին մոլեգնում։
Այստեղ իսկը հոբիտի ծլկելու ժամանակն էր։ Բայց Բերտը իր թաթով ուժեղ ճզմել էր նրա խղճուկ փրչոտ ոտքերը, ուժերը լքել էին Բիլբոյին, գլուխը պտտվում էր, նա պառկած էր խարույկի լույսից դուրս և հևում էր։
Կռվի ամենաթեժ պահին հայտնվեց Բալինը։ Թզուկները հեռվից աղմուկ լսեցին և, իզուր սպասելով Բիլբոյին կամ բվի կռնչոցին, մեկիկ-մեկիկ սողացին դեպի խարույկի լույսը։ Թոմը խարույկի լույսի տակ Բալինին նկատելով, մի սարսափելի վայնասուն բարձրացրեց։ Ըրոլներն ուղղակի տանել չեն կարողանում թզուկներին (համենայն դեպս հում վիճակում)։ Բերտն ու Բիլլը վայրկենապես դադարեցին կռիվը և ֆշշացին․ “Թոմ, պարկը, շո՛ւտ”։ Եվ մինչ Բալինը, որ մտածում էր, թե այս խառնաշփոթության մեջ որտեղ գտնի Բիլբոյին, հասկացավ ինչ է կատարվում, պարկը հագցրին գլխին, և նա փռվեց գետնին։
― Հիմա էլի կգան,― ասաց Թոմը,― կամ էլ ես խիստ սխալվում եմ։ Հենց էդ է որ կա՝ շատ և ոչ մեկը։ Վզզհոբիտ՝ ոչ մեկը, իսկ թզուկներ՝ շատ։ Իմ խելքով էդպես է։
― Դուրս է գալիս, որ դու ճիշտ ես,― հաստատեց Բերտը։
― Եկեք լույսից դուրս գանք։
Այդպես էլ արեցին։ Պարկերը պատրաստ պահած, որոնց մեջ ոչխարներ ու այլ ավար էին քարշ տալիս, նրանք թաքնվեցին խավարում։ հենց որ հերթական թզուկը հայտնվում էր ու խարույկը, դատարկ գավաթներն ու կրծած ոսկորները տեսնելով զարմանքից քարանում՝ հոպ, գարշահոտ, զզվելի պարկն իջնում էր նրա գլխին, և թզուկը փռվում էր գետնին։ Շատ շուտով Դվալինը պառկած էր Բալինի կողքին, Ֆիլին ու Կիլին նույնպես միասին էին պառկած, Դորին, Նորին և Օրին ընկած էին մեկը մյուսի վրա, իսկ Օյնը, Գլոյնը, Բիֆուրը, Բոֆուրը և Բոմբուրը ամենաանհարմար կերպով մի կույտ կազմած թափված էին խարույկի մոտ։
― Թող իմանան սրանից հետո,― ասաց Թոմը։ Բիֆուրը և Բոմբուրը մեծ անախորժություններ պատճառեցին նրանց՝ կատաղածի պես դիմադրելով (բոլոր թզուկներն էլ մահացու վտանգի դեպքում կատաղածի պես են պաշտպանվում)։
Վերջինը հայտնվեց Տորինը, և նրան արդեն հանկարծակիի չբերեցին։ Նա գալիս էր վատթարին սպասելով, և նրան հարկավոր չէր տեսնել պարկերից դուրս ցցված իր զինակիցների ոտքերը, որպեսզի հասկանար, որ գործերն այնքան էլ փայլուն չեն գնում։ Նա կանգնեց քիչ հեռու, կիսամութի մեջ, և խոսեց․
― Ի՞նչ է կատարվում այստեղ։ Ո՞վ է հաշվեհարդար տեսել իմ մարդկանց հետ։
― Այդ տրոլներն են,― ծառի ետևից ձայն տվեց Բիլբոն։― Նրանք պարկերով թաքնված են թփուտներում։
― Ախ այդպե՜ս,― ասաց Տորինը և այնպես արագ նետվեց դեպի խարույկը, որ տրոլները չհասցրին նրա վրա պարկ գցել։ Նա խարույկից մի մեծ վառվող փայտ վերցրեց և մտցրեց Բերտի աչքը։ Բերտը որոշ ժամանակով շարքից դուրս եկավ։ Բիլբոն էլ քնած չէր՝ բռնեց Թոմի ոտքից, պետք է ասել, մեծ դժվարությամբ, քանի որ նրա ոտքը մի մատղաշ ծառի հաստություն ուներ։ Բայց իսկույն էլ գլուխկոնծի տալով ետ թռավ ու ընկավ ուղիղ թփուտը, որովհետև Թոմը իրեն թափ տալով․ ոտքով մի շեղջ կրակ շպրտեց Տորինի դեմքին։ Դրան ի պատասխան Թոմը փայտի մի հարված ստացավ ատամներին և կորցեց առջևի ատամը։ Հո չոռնա՜ց։ Բայց այդ պահին Վիլյամը թիկունքից գաղտագողի մոտեցավ և պարկը գցեց Տորինի վրա։ Դրանով մարտն ավարտվեց։ Ամբողջ խումբը ողբալի վիճակի մեջ ընկավ․ թզուկները պարկերի մեջ կապկպված, պառկած էին, երկու քայլի վրա նստած էին երեք զայրացած տրոլ, ընդ որում երկուսը այրվածքներով ու կապտուկներով, և վիճում էին՝ թզուկներին մարմանդ կրակի վրա ամբողջությամբ խորովեն, թե կտրատեն ու եփեն, թե ուղղակի նստեն առանձին ամեն մեկի վրա ու ճզմեն, բլիթ դարձնեն։ Բիլբոն պառկած էր թփուտում․ հագուստը պատառոտված էր, ամբողջապես կապտուկներով ծածկված, և չէր համարձակվում նույնիսկ շնչել, վախենալով, որ կլսեն իրեն։ Եվ այստեղ, վերջապես, հայտնվեց Հենդալֆը։ Բայց նրան ոչ ոք չնկատեց։ Տրոլներն էլ հենց որոշել էին թզուկներին խորովել հենց հիմա, բայց հետո ուտել։ Դա Բերտի առաջարկն էր, և երկար դիմադրությունից հետո մյուս երկուսն էլ համաձայնեցին նրա հետ։
― Ինչ մի լավ բան է, թե որ հիմա խորովենք, ամբողջ գիշերը պետք է դրանով զբաղվենք,― լսվեց ինչ-որ մեկի ձայնը։
Բերտը մտածեց, որ Վիլյամն է խոսողը։
― Էլ մի՛ սկսկիր, Բիլլ,― ջղային պատասխանեց նա,― թե չէ իսկապես էլ ամբողջ գիշերը չարչարվելու ենք։
― Ո՞վ է սկսում,― արձագանքեց Վիլյամը, մտածելով, թե խոսողը Բերտն էր։
― Դու ես սկսում,― պատասխանեց Բերտը։
― Փչում ես,― առարկեց Վիլյամը, և վեճը նորից սկսվեց։ Վերջ ի վերջո նրանք պայմանավորվեցին թզուկներին կտրատել և եփել։ Տրոլները քարշ տվին հսկայական սև կաթսան և հանեցին դանակները։
― Ասենք չարժե եփել դրանց․․․ Ձեռքներիս տակ ջուր չկա, իսկ ջրհորը հեռու է,― հնչեց մի ձայն։ Բերտն ու Վիլյամը որոշեցին, որ Թոմն է խոսում։
― Լռիր,― ընդհատեցին նրանք։― Թե չէ էսպես որ գնա, երբեք չենք վերջացնի։ Թե որ շատ դուրս տաս, կգնաս ջրի։
― Ինքդ լռիր,― արձագանքեց Թոմը, որ կարծում էր, թե Վիլյամն է խոսում։ ― Ո՞վ է դուրս տալիս։ Հենց դու ես դուրս տալիս։
― Դմբո,― ասաց Վիլյամը։
― Դմբոն ինքդ ես,― կտրեց Թոմը։
Եվ նրանք նորից վիճեցին, ավելի կատաղորեն, քան առաջ, բայց վերջ ի վերջո համաձայնության եկան՝ նստել յուրաքանչյուր պարկի վրա հերթով և տափակացնել թզուկներին, իսկ եփելը թող մնա մի ուրիշ անգամ։
― Առաջինը ո՞ւմ վրա նստենք,― հարցրեց ձայնը։
― Բերեք սկզբում վերջինի վրա նստենք,― պատասխանեց Բերտը, որի աչքը վնասել էր Տորինը։ Բերտը կարծում էր Թոմն է խոսում։
― Ի՞նչ ես ինքդ քեզ հետ խոսում,― ասաց Թոմը։― Ուզում ես վերջինի վրա, նստիր վերջինի վրա։ Ո՞ր մեկն է նա։
― Դեղին գուլպաներովն է,― ասաց Բերտը։
― Հիմարություն, մոխարգույն,― լսվեց Վիլյամի ձայնին նման ձայնը։
― Ես դիտմամբ միտս եմ պահել՝ դեղին,― պնդեց Բերտը։
― Ճիշտ է, դեղին,― հաստատեց Վիլյամը։
― Բա էլ ի՞նչ ես ասում՝ մոխարգույն,― վրդովվեց Բերտը։
― Ես չեմ ասել։ Դա Թոմն ասաց։
― Ես ի՞նչ գործ ունեմ,― գառաց Թոմը։― Դու ինքդ ասացիր։
― Մեկը երկուսին վեճում չի հաղթի, ձայնդ կտրիր,― հրամայեց Բերտը։
― Դու էդ ո՞ւմ ես ասում,― ճչաց Վիլյամը։
― Դե բավական է,― ասացին Թոմն ու Բերտը միասին։― Գիշերը վերջանում է, շուտով կլուսանա։ Գործի անցեք։
― Այգին իր լույսը կբանա, ամեն ինչ քար կդառնա․․․― ասաց ձայնը, որ նման էր Վիլյամի ձայնին։ Բայց խոսողը Վիլյամը չէր։ Այդ նույն պահին արշալույսը ծագեց, և ծառերի մեջ սկսվեց թռչունների ժխորը։ Վիլյամն արդեն ոչինչ ասել չէր կարող, քանի որ, կռանալով Տորինի վրա, քարի վերածվեց, իսկ Բերտն ու Թոմը աչքերը հառեցին նրան և նույնպես քարացան։ Այդպես էլ կանգնած են նրանք մինչև այսօր, բոլորովին մենակ, եթե երբեմն թռչուններ չեն նստում նրանց վրա։ Գուցե ձեզ հայտնի է, որ տրոլները պարտավոր են ժամանակին թաքնվել գետնի տակ, որպեսզի լույսը նրանց վրա չծագի, հակառակ դեպքում նրանք կդառնան ժայռեր, լեռնային ապարներ, որից սերում են, և հավիտյան կանշարժանան։ Հենց դա էլ պատահեց Բերտին, Թոմին և Վիլյամին։
― Հիանալի է,― խոսեց Հենդալֆը ծառերի ետևից դուրս գալով և օգնելով Բիլբոյին, որ պոկվի փոշոտ ծակծկող թփուտից։ Եվ այստեղ Բիլբոն ամեն ինչ հասկացավ։ Հրաշագործ է Հենդալֆը․․․ Ահա թե ում ձայնն էր ստիպում տրոլներին այդքան երկար հակճառել իրար, մինչև լույսը բացվեց ու նրանց վերջը տվեց։ Հենդալֆն ու Բիլբոն քանդեցին պարկերի կապերը և ազատեցին թզուկներին։ Սրանք քիչ էր մնում խեղդվեին և ծայրահեղ գրգռված վիճակում էին։ Հարկավ։ Հաճելի՞ է միթե պառկել ու ականջ դնել, ինչպես են տրոլները քննարկում՝ քեզ խորովե՞ն, ճզմե՞ն, թե՞ կտրատեն։
― Գրպան մտնելու ժամանակ գտավ, երբ մեզ համար գլխավորը կրակ և սնունդ ճարելն է,― մրթմրթաց Բոմբուրը։
― Ինչ-ինչ, բայց դա, միևնույն է, նրանցից առանց կռվի չես ստանա, ― ասաց Հենդալֆը։― Բայց այսպես թե այնպես հիմա դուք ժամանակ եք կորցնում։ Պարզ է, որ տրոլները պետք է ինչ-որ տեղ հոր կամ անձավ ունենան, որտեղ թաքնվում են արևից։ Լավ կլիներ գտնեինք այդ տեղը․․․
Նրանք փնտրեցին-փնտրեցին և շուտով քարե սապոգների հետքեր գտան, որոնք անտառ էին տանում։ Այդ հետքերով գնացին սարալանջով դեպի վեր, մինչև հասան թփուտներում թաքնված մի քարե դռան, որ քարանձավի մուտքի դուռ էր։ Բայց ինչքան էլ բոլորը միասին հրեցին, ինչքան էլ Հենդալֆը տեսակ-տեսակ կախարդական խոսքեր ասաց, դուռը բացել չկարողացան։
― Գուցե սա՞ կբացի,― հարցերց Բիլբոն, երբ նրանք բոլորովին հալից ընկել էին ու կատաղել։― Ես սա գտել եմ այնտեղ, ուր տրոլները կռվում էին։ Եվ նա մեկնեց մի շատ մեծ բանալի, որը Վիլյամին, երևի, պստլիկ ու աննշան էր թվում։ Բանալին, նրանց բախտից, հավանաբար, Վիլյամի գրպանից ընկել էր նախքան նրա քար դառնալը։
― Ինչո՞ւ մինչև հիմա ձայն չէիր հանում,― գոռացին բոլորը միասին։ Հենդալֆը Բիլբոյի ձեռքից խլեց բանալին ու մտցրեց փականքի անցքը։ Խումբը ողջ հզորությամբ համերաշխ հրեց․ քարե դուռը բացվեց, և նրանք ներս մտան։ Գետնին ոսկորներ էին թափված, քարանձավում զզվելի գարշահոտ էր տիրում, բայց անկարգորեն իրար վրա թափված ամեն տեսակ ավարից բացի (սկսած պղնձե կոճակներից մինչև անկյուններում դրված ոսկեդրամներով բերնեբերան լի կճուճները) թարքերին ու գետնին ճամփորդները պարենամթերքի կույտեր գտան։ Պատերին կախված էին մեծ թվով զանազան հագուստներ, որոնք տրոլների վրայով հաստատ փոքր էին, և կարծում եմ, նրանց զոհերին են պատկանել։ Այնտեղ թրեր էլ կային՝ տարբեր որակի, ձևի ու երկարության։ Դրանցից երկուսն իսկույն աչք էին ծակում իրենց գեղեցիկ պատյանների ու թանկարժեք քարերով զարդարված երախակալների շնորհիվ։
Հենդալֆն ու Տորինը այդ երկու թուրը վերցրին իրենց, իսկ Բիլբոն վերցրեց կաշվե պատյանով դաշույնը։ Ըրոլի համար այդ դաշույնը գրպանի փոքրիկ դանակի տեղ կանցներ, իսկ հոբիտին որպես թուր կծառայեր։
― Իսկույն երևում է, հիանալի շեղբեր են,― ասաց հրաշագործը՝ թուրը կիսով չափ պատյանից հանելով և հետաքրքրությամբ զննելով։― Սրանք ոչ տրոլներն են կռել, ոչ էլ այս կողմերի մարդիկ, և ոչ էլ մեր ժամանակներում են շինված։ Երբ սեպագրերը վերծանենք, ավելի շատ բան կիմանանք սրանց մասին։
― Շուտ հեռանանք այստեղից, զզվելի հոտ է գալիս,― թախանձեց Ֆիլին։
Նրանք դուրս տարան ոսկով լի կճուճները և այն մթերքը, որ ուտելու համար պիտանի էր երևում։ Նաև միլիքը տակառիկ էյլ։ Նրանք արդեն բնավ էլ դեմ չէին նախաճաշելուն և չարհամարհեցին տրոլների ամբարած սննդամթերքը։ Ախր նրանց ուտելեղեն շատ քիչ էր մնացել։ Թզուկները կուշտ հաց ու պանիր կերան, ուզածի չափ էյլ խմեցին և խանձողների վրա խոզի ապխտած միս խորովեցին։ Հետո պարկեցին քնելու։ Ինչպես ինքներդ էլ հասկանում եք, այդպիսի գիշերից հետո քնելը մեղք չէ։ Համարյա մինչև երեկո հանգստանալուց հետո բերեցին պոնիներին, բարձեցին ոսկու կճուճները, տեղափոխեցին ու գետի երկայնքով գնացող արահետից ոչ հեռու հորեցին։ Նրանք տեղը տեղին կախարդեցին այդ վայրը և համայական խոսքեր արտասանեցին, հույս ունենալով, որ ոսկու համար կվերադառնան այստեղ։ Այս գործը վերջացնելով, հեծան պոնիները և նորից դանդաղ, մանրավարգ գնացին արևելք տանող ճանապարհով։
― Այդ ո՞ւր էիք կորել, եթե գաղտնիք չէ,― ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆից։
― Հետախուզում էի, թե առջևում ինչ կա,― պատասխանեց նա։
― Իսկ ձեզ ի՞նչն ստիպեց այդպես ժամանակին վերադառնալ։
― Ետ նայելու սովորությունը։
― Իսկապես,― մրմնջաց Տորինը։― Իսկ ավելի պարզ չի՞ կարելի։
― Ես առաջ անցա մեր ուղին հետազոտելու։ Նկատի ունեցեք, ճանապարհը շատ շուտով վտանգավոր ու դժվարին է դառնալու։ Ինձ անհանգստացնում էր նաև մեր աղքատիկ մթերապաշարը լրացնելու հոգսը։ Հենց մի քիչ հեռացա, ռիվենդելցի երկու ծանոթ հանդիպեցին։
― Ռիվենդելը որտե՞ղ է,― մեջ ընկավ Բիլբոն։
― Մի՛ ընդհատիր,― կտրեց Հենդալֆը։― Եթե մեր բախտը բերի, ինքդ շուտով այնտեղ կընկնես և անձամբ ամեն ինչ կիմանաս։ Ինչպես արդեն ասացի, հանդիպեցի ռիվենդելցի երկու մարդկանց։ Նրանք էլ ինձ պատմեցին, որ երեք տրոլ իջել են լեռները, հիմնավորվել մեծ ճանապարհի մոտակա անտառներում, ահաբեկել են շրջակայքի բոլոր բնակիչներին և դարանակալում են ճանապարհորդներին։ Իսկույն մտածեցի, որ այնտեղ, ետևում, իմ կարիքը զգում են։ Ետ նայելով՝ հեռվում խարույկ տեսա և գնացի ուղիղ դեպի կրակը։ Դե, հիմա դուք ամեն ինչ գիտեք։ Խնդրում եմ, մյուս անգամ զգույշ լինեք, թե չէ մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի․․․
― Մենք ձեզ շատ ենք պարտական,― ասաց Տորինը։
3. ԴԱԴԱՐ
Եղանակը լավացավ։ Բայց ոչ այդ օրը, ո՛չ հաջորդ, ո՛չ էլ էլի մեկ օր հետո ճանապարհորդները ո՛չ երգում էին, ո՛չ էլ պատմություններ պատմում։ Նրանց թվում էր, թե իրենց գլխին վտանգ է կախված։ Գիշերում էին բաց երկնքի տակ, և նրանց պոնիներն ավելի կուշտ էին ուտում, քան իրենք, որովհետև շրջակայքում խոտը առաջ էր, իսկ իրենց պարկերը դատարկ էին՝ տրոլներից վերցրած պաշարները երկար չդիմացան։ Մի անգամ առավոտյան նրանք գետն անցնում էին ծանծաղ տեղով, ուր դղրդյունով քարեր էին գլորվում և ջրի երեսին փրփուր առաջացնում։ Հանդիպակաց ափը զառիվայր էր ու լպրծուն։ Երբ, վերջապես, նրանք պոնիների սանձերից բռնած, դժվարությամբ ափ ելան, բարձր լեռներ տեսան։ Այդ լեռներն ասես գալիս էին նրանց վրա, թվում էր մինչև մոտիկ լեռը մի օրվա ճանապարհ է, ոչ ավելի։ Այդ լեռը մութ ու մռայլ տեսք ուներ, չնայած նրա գորշ լանջերին տեղ-տեղ արևային շերտեր էին ընկած, իսկ ետևում ձյունածածկ գագաթներ էին ցցված։
― Սա այն լե՞ռն է,― բացականչեց Բիլբոն, կլորացած մեծ-մեծ աչքերով ակնածանով լեռանը նայելով։ Ավելի վիթխարի բան կյանքում չէր տեսել։
― Ոչ, ինչ ես ասում,― առարկեց Բալինը։― Մառախլապատ Լեռներն են սկսվում, իսկ մեզ հարկավոր է անցնել դրանց վրայով կամ տակով։ Միայն այդ ժամանակ մենք կընկնենք Վայրի Երկիր։ Եվ նույնիսկ այնտեղից մինչև Մենավոր Լեռը, որտեղ Սմոգը մեր գանձերն է պահում, ահագին հեռու է։
― Ախ, այդպե՜ս,― ասաց Բիլբոն։ Եվ հենց այդ պահին նա այնպիսի հոգնածություն զգաց, որ մինչ այդ երբեք չէր զգացել։ Նա նորից հիշեց իր հարմարավետ բազկաթոռը օջախի կողքին, իր սիրած հյուրասենյակում, և լսեց, թե թեյնիկն ինչպես է երգում։
Այժմ արշավը գլխավորում էր Հենդալֆը։
― Եթե ճանապարհից շեղվեցինք՝ կորած ենք,― ասաց նա։― Ամենից առաջ մեզ պարեն է հարկավոր, իսկ հետո հանգիստ՝ բավականաչափ անվտանգ տեղում։ Մառախլապատ Լեռներին հարկավոր է մոտենալ՝ ճիշտ ճանապարհն իմանալով, թե չէ մոլորվելը դժվար չէ։
Երբ հարցրին, թե նա ուր է տանում իրենց, Հենդալֆը պատասխանեց․
― Դուք ընդհուպ մոտեցել եք, ինչպես հավանաբարմեզանից մի քանիսին հայտնի է, Բայրի Երկրի սահմաններին։ Ինչ-որ տեղ առջևում թաքնվում է Ռիվենդելի գեղատեսլի հովիտը, այնտեղ, Ընտանեկան Վերջին Հանգրվանում ապրում է Էլրոնդը։ Ես իմ ծանոթների միջոցով լուր եմ ուղարկել նրան, և մեզ սպասում են։
Դա շատ հաճելի ու մխիթարական հնչեց, բայց դեռ հարկավոր էր հասնել այնտեղ, իսկ Ընտանեկան Վերջին Հանգրվանի ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Տեղանքը աստիճանաբար բարձրանում էր դեպի մոտակա լեռների ստորոտը։ Նրա միօրինակությունը ոչինչ չէր խախտում․ ոչ ծառեր կային, ոչ ծեպեր, ոչ բլուրներ, միայն հավամրգի գույնի փշրվող ժայռերով ընդարձակ լանջն էր,որ տեղ-տեղ ծածկված էր ջրի գոյության մասին վկայող խոտի ու մամուռի կանաչ խալերով։
Առավոտն անցավ, օրը կես դարձավ, բայց առաջվա նման ամայի անապատում կենդանության ոչ մի նշան չէր երևում։ Անհամբերությունը պատել էր ճանապարհորդներին։ Ուղիղ ոտքերի տակ հանկարծ գոգավորություններ էին հանդիպում զառիվայր լանջերով, որոնց խորքում, ի զարմանք իրենց, ծառեր էին աճում և գետակներ հոսում։ Վիհեր էին բացվում առջևում, այնքան նեղ, որ առաջին հայացքից թռչել անցնելը հեշտ էր թվում, բայց դրանք աներևակայալի խորն էին, և դրանց հատակում ջրվեժներ էին շառաչում։ Մութ ձորեր էին հանդիպում, որոնց վրայով թռչել հնարավոր չէր և իջնել էլ չէր կարելի։ Ճահճուտներ էին պատահում, որ արտաքուստ ասես վառ ծաղիկներով ծածկված, կանաչ և վառ մարգագետիններ լինենին։ Բայց եթե դրա վրա ոտք էր դնում բեռնված պոնին, ապա անհետանում էր ընդմիշտ։
Իրականում ծանծաղուտից մինչև լեռը ավելի հեռու դուրս եկավ, քան ենթադրում էին ճամփորդները։ Միակ կածանը նշված էր սպիտակ քարերով՝ և՛ շատ մանր, և՛ մեծ-մեծ, որոնք կիսով չափ ծածկված էին մամուռով ու հավամրգով։ Հենդալֆը շարունակ կռանում էր ձիու վրայից, մորուքը տարուբերում և որոնում սպիտակ քարերը, մյուսները հետևում էին նրան։
Օրը դեպի երեկո էր թեքվում, իսկ որոնումներին վերջ չկար։ Վաղուց թեյի ժամանակն անցել էր, արագ իջնում էր մթնշաղը, լուսինը դեռ դուրս չէր եկել։ Բիլբոյի պոնին սկսեց սայթաքել՝ ոտքերը քարերի ու արմատների խփելով։ Եվ հանկարծ նրանք հայտնվեցին մի կտրուկ զառիվայրի եզրին, այնպես անսպասելի, որ Հենդալֆի ձին քիչ էր մնում գլուխկոնծի տար ներքև։
― Ահա և հասանք,― բացականչեց կախարդը, և բոլորը հավաքվեցին նրա շուրջն ու նայեցին ներքև։ Այնտեղ նրանք տեսան հովիտը, լսեցին ջրի քչքչոցը, որ վազում էր քարե հունով։ Օդում կանաչի բույր էր կանգնած, գետի այն կողմում կրակներ էին երևում։
Բիլբոն երբեք չի մոռանա, թե մթնշաղում, զառիվայր ու ոլոր-մոլոր կածանով սոթ տալով ու գլորվելով, նրանք ինչպես էին իջնում ներքև՝ Ռիվենդելի գողտրիկ հովիտը։ Քանի գնում տաքանում էր, սոճու բույրը Բիլբոյին քուն բերեց, մի վայրկյան դանթեց, քիչ էր մնում ընկներ ձիուց, մի քանի անգամ էլ քիթը կպավ ետնաբաշին։ Որքան ցած էին իջնում, նրանց տրամադրությունն այնքան բարձրանում էր։ Սոճիներին փոխարինեցին հաճարենիներն ու կաղնիները, մութն օրոր էր ասում։ Երբ անտառից դուրս եկան բաց տարածություն, վտակին շատ մոտիկ, մթնեց, բոլոր գույները աղոտացան։
«Հը՜մ, էլֆերի հոտ է գալիս»― մտածեց Բիլբոն և նայեց աստղերին։ Դրանք առկայծում էին վառ երկնագույն լույսով։ Եվ այդ պահին ծառերի միջից անսպասելի, ասես ծիծաղի պոռթկում, հնչեց երգը․
Այդ ի՞նչ եք անում,
Ո՞ւր եք վռազում,
Հոգնել եք, ու ձեր
Ձիերն են հոգնել,
Իսկ շուրջն ամենուր
Ջրանցքներ են խոր
Հա՛-հա՛-հա՛։
Եկեք լսեք դուք մեզ
Ու մնացեք մեզ հետ,
Բլիթներն արդեն
Պատրաստ են, տեսեք։
Տրա՛-տա՛-տա՛, տրա՛-տա՛, տա՛,
Գնացինք,
Գնացինք,
Հա՛-հա՛։
Թշվառներ, այդ ո՞ւր,
Անտառի մեջ պոր
Երկար մորուքով
Չարքեր կան ինչ-որ․
Ֆիլին ու Կիլին
Տեսան ու փախան
Դեպի անտառ․․․
Հա՛-հա՛։
Մինչև երեկո
Քիչ է մնացել․
Ախր հոգնած են
Պոնիները ձեր։
Ով ցանկանում է
Գիշերը մնալ,
Նա մեր այս երգից
Շատ գոհ կմնա
Հա՛-հա՛-հա՛։
Այնտեղ, ծառերի մեջ, ինչ-որ արարածներ կչկչում էին ու երգում և, որ ճիշտն ասենք, կարգին անհեթեթություններ էին դուրս տալիս։ Բայց նրանք դրանից անհարմար չէն զգում, և եթե այդ մասին նրանց ասեին, առաջվանից ավելի ուժեղ կկչկչային։ Իհարկե, դրանք էլֆերն էին։
Բիլբոն թանձրացող մթության մեջ նույնիսկ տեսավ նրանց։ Նա մի քիչ վախենում էր էլֆերից, բայց միաժամանակ վերջինները դուր էին գալիս իրեն, չնայած հազվադեպ էր հանդիպել նրանց։ Թզուկներն այնքան էլ լավ չեն էլֆերի հետ։ Նույնիսկ այնպիսի խելամիտ թզուկները, ինչպիսին Տորինն ու իր ընկերներն էին, Էլֆերին հիմար էին համարում (իսկ էլֆերին հիմար համարելը հենց ամենամեծ հիմարությունն է)։ Էլֆերը ջղայնացնում էին նրանց, որովհետև սիրում էին գժվացնել թզուկներին, ծաղրել նրանց մորուքները։
― Այ թե զվարճալի տեսարան է,― ասաց ինչ-որ մի ձայն․․․― Հապա մի նայեք․․․ Հոբիտ Բիլբոն պոնի հեծած․․․․ Որքա՜ն գեղեցիկ է․․
― Ուղղակի հրաշք է։
Այստեղ նրանք սկսեցին նոր երգ երգել, նույքան անկապ, ինչքան այն, որ ես բառ առ բառ գրի առա։ Վերջապես երիտասարդ բարձրահասակ էլֆը ծառերի միջից դուրս եկավ և խոր գլուխ տվեց Հենդալֆին ու Տորինին։
― Բարի եք եկել մեր հովիտը,― ասաց նա։
― Շնորհակալ ենք,― մի քիչ զայրացկոտ պատասխանեց Տորինը։ Բայց Հենդալֆն արդեն իջել էր ձիուց և ուրախ շաղակրատում էր էլֆերի հետ։
― Դուք մի քիչ շեղվել եք ճանապարհից,― ասաց առաջին էլֆը,― եթե, իհարկե, փնտրում եք գետի այն կողմի տունը տանող ճանապարհը։ Մենք ձեզ ցույց կտանք այն։ բայց մինչև կամուրջ և կամրջով ավելիլ ավ է ոտքով գնալ։ Չէի՞ք ցանկանա մի քիչ մնալ մեզ հետ և երգել։ Թե՞ անմիջապես կշարունակեք ճանապարհը։ Այնտեղ ընթրիք են պատրաստում,― ավելացրեց նա,― խարույկներից ծուխ է բարձրանում։
Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։
Բայց թզուկները միաձայն կողմանկից էին ընթրելուն, ընդ որում անհապաղ, դրա համար էլ չցանկացան ուշանալ։ Պոնիների սանձերից բռնած՝ նրանք առաջ շարժվեցին։ Էլֆերը նրանց դուրս բերեցին ուղիղ գետափի երկարությամբ ձգվող մի լավ արահետ։ Գետակը հոսում էր արագ, աղմուկով, ինչպես բոլոր լեռնային վտակները ամառվա գիշերներին, երբ արևն ամբողջ օրը հալեցնում է լեռնագագաթների ձյունը։ Մի քարե կամուրջ էր տանում մյուս ափ, առանց բազրիքների, այնքան նեղ, որ պոնիները դժվարությամբ կարող էին անցնել։ Ստիպված եղան առաջ շարժվել զգուշորեն, մեկ-մեկ իրենց ետևից ձիերին տանելով։ Էլֆերը նրանց ուղին լուսավորում էին պայծառ լապտերներով և ուրախ երգեր երգում, մինչև ամբողջ խումբը գետն անցավ։
― Մորուքդ ջուրը չգցես, հերիկ,― գոռում էին էլֆերը Տորինին, որը կամրջոց քայլում էր երեքտակված։― Թրջել պետք չէ, առանց այդ էլ երկար է։
― Հետևեցեք, որ Բիլբոն բոլոր կեքսերը չուտի,― խնդրում էին մյուսները։
― Այդպիսի գիրուկը բանալու անցքով չի մտնի։
― Կամաց, կամաց, Բարի ժողովուրդ։ Բարի գիշեր․․․― կանգնեցրեց նրանց Հենդալֆը, որ եզրափակում էր երթը։― Հովիտներն էլ ականջներ ունեն, իսկ էլֆերից ոմանք՝ չափազանց երկար լեզու։ Բարի գիշեր։ Եվ այդ ժամանակ նրանք վերջապես մոտեցան Ընտանեկան Վերջին Հանգրվանին, որի դռները հյուրընկալորեն բաց էին։
Տարօրինակ բան է․ լավի մասին, լավ անցկացրած օրերի մասին արագ են պատմում, և դրանց մասին լսելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Իսկ ահա այն մասին, ինչը տհաճ է, ինչը սարսափ կամ զզվանք է առաջացնում, երկար ու գրավիչ պատմություններ են պատմում։
Ճանապարհորդները հյուրընկալ տանը շատ օրեր անցկացրին, ամենաքիչը տասնչորս, և չէին ուզում այստեղից հեռանալ։ Բիլբոն ուրախությամբ դեռ էլի ու էլի կմնար, նույնիսկ այն դեպքում, եթե կարողանար առանց որևէ դժվարության, ցանկությամբ միայն փոխադրվել տուն՝ հոբիտական իր բույնը։ Եվ այնուամենայնիվ այդ օրերի մասին պատմելու համարյա ոչինչ չկա։
Տանտեր Էլրոնդը էլֆերի բարեկամն էր և այն մարդկանց առաջնորդը, որոնց նախնիների թվում էլֆեր և Հյուսիսը հայտնագործողներ են եղել։ Նա դեմքով ազնվածին էր ու գեղեցիկ, որպես բարի ոգիների տիրակալ, հզոր՝ որպես ռազմիկ, իմաստուն՝ որպես կախարդ, վեհապանծ՝ որպես թզուկների արքա, և բարի, ինչպես զով ամառը։ Էլրոնդի տունը ինքնին կատարելություն էր․ այնտեղ բոլորի համար էր լավ․ և՛ նրանց, ովքեր սիրում են ուտել ու քնել, և՛ նրանց, ովքեր սիրում են աշխատել, և՛ նրանց, ովքեր սիրում են պատմություններ լսել կամ պատմել, երգել կամ պազրապես նստել ու մտածել, և՛ նրանց, ովքեր սիրում են ամեն ինչ, բայց չափավոր։ Չարը այս հովտում տեղ չուներ։
Մեր ճանապարհորդներն ու նրանց ձիերը մի քանի օրվա ընթացքում հանգստացան և ուժերը վերականգնեցին։ Նրանց տրամադրությունը բարձրացավ, հագուստները կարկատեցին, կապտուկները ու չանգռվածքները բուժեցին, պարկերը լցրեցին թեթևաքաշ, բայց շատ սննդարար ուտելիքով և մեծ քանակությամբ օգտակար խորհուրդներ տվեցին։ Այսպես նրանք ապրեցին մինչև Իվանի օրվա նախօրյակը և Իվանի օրը արևը ծագելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։
Էլրոնդը կատարելապես գիտեր ամեն տեսակ սեպագրերը։ Մեկնելուց մեկ օր առաջ նա զննեց թրերը, որ գտել էին տրոլների որջում, և ասաց․
― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միաին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք․․․
― Հետաքրքիր է, ինչպես են դրանք ընկել տրոլների մոտ,― խոսեց Տորինը՝ հետաքրքրությամբ զննելով իր թուրը։
― Երևի ասել չի լինի,― պատասխանեց Էլրոնդը,― բայց կարելի է կռահել, որ ձեր տրոլները թալանել են ուրիշ հափշտակիչների կամ քանդել հանել են լեռներում թաքցրած ուրիշների ավարի մնացորդները։
Տորինը մտածում էր նրա ասածի շուրջը։
― Ես սա աչքիս լույսի պես կպահպանեմ,― ասաց նա։― Թող խորտակի գոբլիններին, ինչպես վաղեմի ժամանակներում․․․
― Հնարավոր է, որ ձեր ցանկությանը ի վերուստ վիճակված է կատարվել, հենց որ դուք հայտնվեք լեռներում,― նկատեց Էլրոնդը։― Այժմ ցույց տվեք քարտեզը։
Նա բացեց քարտեզը և գլուխն օրորելով երկար զննեց։ Էլրոնդը թզուկների նկատմամբ այնքան էլ բարեհաճ վերաբերմունք չուներ, ավելի ճիշտ՝ այնքան էլ չէր խրախուսում նրանց սերը դեպի ոսկին, բայց նա ատում էր վիշապներին, նրանց դաժանությունն ու խարդախությունը։ Նա ափսոսանքով էր հիշում Դեյլ քաղաքի ուրախ զանգերը, քանի որ հետո տեսել էր նրա ավերակներն ու Արագահոս գետի խանձված ափերը։ Քարտեզի վրա ընկնում էր լայն լուսնի արծաթե լույսը։ Էլրոնդը քարտեզը բարձրացրեց վեր, պահեց այնպես, որ լուսնի լույսը քարտեզի ետևից թափանցի։
― Սա ի՞նչ է,― բացականչեց նա,― սովորական սեպագրերի ետևում, որոնք ասում են․ «Հինգ ոտնաչափ բարձրությամբ դուռ, երեքը կարող են անցնել մի շարքով», լուսնային տառեր են երևում։
― Ի՞նչ բան է լուսնային տառը։― Հոբիտն այլևս չկարողացավ զսպել իրեն։ Ես արդեն ասել եմ, թե նա որքան էր քարտեզներ սիրում։ Նրան դուր էին գալիս նաև սեպագիր և, առհասարակ, ամեն տեսակ արտասովոր տառերն ու պաճուճավոր ձեռագրերը։ Նա ինքը մի երևելի ձեռագիր չուներ։
― Լուսնային տառերը նույն սեպագրերն են, բայց սովորաբար չեն երևում,― պատասխանեց Էլրոնդը։― Դրանք կարող ես տեսնել միայն լուսնյակ գիշերներին․ երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, իսկ կան այնպիսի խորամանկ լուսնային տառեր, որ երևոյմ են միայն լուսնի այն փուլում, որում եղել է լուսինը, երբ նկարել են այդ սեպագրերը։ Դրանք հնարել են թզուկները և գրել արծաթե փետուրով։ Այդ մակագրություններն արել են, ըստ երևույթին, այս գիշերվա նման մի գիշեր, Իվանի օրվա նախօրյակին։
― Ի՞նչ են նշանակում դրանք,―հարցրին Հենդալֆն ու Տորինը միաժամանակ, մի քիչ սրտնեղելով այն բանի համար, որ առաջինը Էլրոնդը հայտնաբերեց դա, չնայած, այն էլ ասենք, որ մինչև այժմ այդպիսի առիթ չէր ներկայացել։
― «Դյուրինի օրը կանգնիր մոխարգույն քարի մոտ, երբ կկչկչա կեռնեխը»,― կարդաց Էլրոնդը,― և մայր մտնող արևն իր վերջին ճառագայթը կնետի բանալու անցքի վրա»։
― Դյուրին, դե, իհարկե,― ձայնեց Տորինը։― Նա եղել է Երկարամորուք թզուկների հնագույն տոհմի ավագներից ավագը և իմ ամենավեջին նախահայրը։ Ես Դյուրինի շառավիղն եմ։
― Ի՞նչ բան է Դյուրինի օր,― հետաքրքրվեց Էլրոնդը։
― Ինչպես բոլորին պետք է հայտնի լինի, մենք Դյուրինի օր ենք անվանում այն օրը, երբ աշնան վերջին լուսինը և արևը միաժամանակ են լինում երկնքում։ Վախենում եմ, որ այդ իմացությունը մեզ այդքան էլ չի օգնի, քանի որ մեր ժամանակներում կորսված է այդպիսի օրվա գալու ժամկետը հաշվելու կարողությունը։
― Դա դեռ կտեսնենք,― միջամտեց Հենդալֆը։― Էլի որևէ բան գրվա՞ծ է։
― Այսօրվա լուսնով այլևս ոչինչ վերլուծել հնարավոր չէ,― պատասխանեց Էլրոնդը և քարտեզը տվեց Տորինին։ Դրանից հետո բոլորն իջան դեպի ջուրը, տեսնելու, թե ինչպես են երգում ու պարում էլֆերը։
Իվանի օրվա առավոտն այնքան հրաշալի էր, որ միայն երազել կարելի է․ լազուր երկնքում ոչ մի ամպ, արևի շողերը պարում էին ջրի վրա։ Ուղևորները ճանապարհ ընկան, նրանց ուղեկցում էին հրաժեշտի երգերն ու բարի մաղթանքները։ Նրանք պատրաստ էին հետագա արկածների համար և հաստատ գիտեին ճանապարհը, որ Մառախլապատ Լեռների միջով իրենց դուրս էր բերելու լեռներից այն կողմ գտնվող երկիրը։