Վերջին թարմացում 2 Մայիսի 2015, 13:39

Լուսնալույս

13:39, 2 Մայիսի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Լուսնալույս

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Ծանր լույս»

Գետը ոչ սկիզբ ուներ, ոչ վերջ։ Ակունքը սկիզբ չէր, գետաբերանն էլ վերջը չէր։ Եթե սկիզբ կար՝ սկիզբը լեռան խորքում էր։ Ո՞ր մի լեռան ֊ տղան չգիտեր… Արդյո՞ք լեռներից յուրաքանչյուրի… Բայց դա արդեն սկիզբ չի լինի… Սկիզբը ձյունն է — գտավ տղան… Ձյունը, սակայն համատարած է — կորցրեց տղան… Գետի սկիզբը ամենուրեք է կամ հենց իր մեջ է, որոշեց նա։ Ուրեմն գետը չի վերջանում։ Գիշերով գետը նույնիսկ չի հոսում։ Նա մի վիթխարի արարած է՝ գլուխը ծովում, պոչը ձյուներում, կամ՝ հենց իր իսկ պոչը երախում, որը քնի մեջ շնչում է հանդարտ և կամ մտատանջ, հունը նրան հարմար չի գալիս՝ շուռ է գալիս մի կողքի վրա, հետո՝ մյուս կողքի, մերթ քրթմնջում է, մերթ էլ հառաչում… ու երևի թե խոր քուն է մտնում լուսադեմին։

Տղան թիկունքից ապահով էր։ Այնտեղ ավանն էր, որ խաղով ընկած երեխայի չկամությամբ քուն էր մտնում։ Այնտեղ իր տունն էր, իր անկողինը, մոր հայացքը՝ անկողնու նման տաք ու փափուկ, հոր ձեռքերը՝ ծնկների վրա հանգիստ առնող, մեծ ախպերը՝ լայն ուսերով տունը լցնող, պուճուր ախպերը՝ զանգակի լեզվակ, և քույրիկները՝ կատուների պես մի֊մի անկյունում, իսկ դեմը գետը, շուրջը՝ գիշերը, նաև՝ աշխարհը։

Լիալասնի՞ց էր, թե՞ ջրերի խորությունից, գուցե ձկների համրությունից էր, ինչից էլ լիներ՝ օդը, ջուրը, տարածությունը և ժամանակը, և գիտակցության մատույցներում հածող ու անուն չունեցող, ձև չգտնող ուրիշ բաներ շարվում էին մի թելի վրա, հագնում իրար սաթի շպպոցով, և ամեն ինչում մի թանկ իմաստ կար, որ ահա֊ահա շոշափվելու էր, բայց խույս էր տալիս, խոհեմորեն խուսափում էր կոպիտ շփումից և ինքը ճիշտ էր։

Տղան որոշեց ջուրը մտնի։ Փողքերը քշտեց, կոշիկները հանեց դրեց ավազի վրա, և կոշիկներն էլ լուսնալուսոտ թաց ավազին հարմար եկան որպես գետաքար, որպես հոսանքի քշած բերած ոստ։ Նա մտավ ջուրը՝ ջուրը սառն էր։ Ինքն իրեն առաջ տարավ, մտավ ծնկահար, փողքերը քաշեց ծնկներից էլ վեր… բայց գետը մութ էր։ Ոչ սկիզբ աներ, ոչ էլ վերջ ուներ։ Գետը լուր ուներ օվկիանոսների խորություններից, և տղայի սիրտը ահ ընկավ։

Վախը, քաղցը, ցուրտը, ցավը շեղում են մարդուն։ Տղան դուրս եկավ՝ ավազը պաղ էր, մի քայլ ետ գնաց դեռ խոնավ էր, երկու քայլ արավ՝ ավազը չզգաց… այդպես լավ էր։ Ուրիշ ժամանակ դա սոսկ ավազ էր. տաք էր կամ հով էր, մանր էր կամ խոշոր, հաճելի էր կամ հաճելի չէր, այնինչ հիմա բոբիկ ոտքերը ամփոփում էր իրեն չմատնող, չպարտադրող մի քնքշությամբ, և ջրի բերած, ջրի տանելիք այն ավազը չէր, և ջուրն էլ ջուր չէր, որ հոսում է հոգնեցնելու չափ նույն ուղղությամբ, որ զբաղվում է տիղմ ու ավազ բերել֊տանելով, գետաքարերը ողողելով կամ արևի քուրային տալով… Եվ քարն էլ քար չէր՝ այսօր ջրերի թուքումուրն ուտող, վաղը՝ հոսանքի բերանը ընկած։ Եվ խավարը ահի երախ չէր։ Եվ երկինքը այնքան հեռու չէր։

Ժամանակ անց նա անդրադարձավ, որ այդ միջոցին ինքը ապրում է, հավանաբար, քրոջ նոր քայլող տղայի նման։ Տարուկեսկան այդ երեխան ի՞նչ է զգում, ինչ է մտածում։ Առհասարակ, նա մաածո՞ւմ է։ Ըստ երևույթին այդ տարիքում (պինգվինի նման տոտիկ անելիս, կամ մոր գրկի մեջ՝ զբոսնելիս, կամ պատուհանից դուրս նայելիս) չռված աչքերով նա ըմբռնում֊սովորում է կաթի հաստատուն ճերմակությունը, ծնողների դիմագծերի արտահայտության միությունը, դռան վիճակի երկվությունը, ճանապարհների ձգվածությունր, բուսականության վերձիգությունը, սագի փետարի ջրհոսությունը, կրակի նենգ հմայությունը, համի ու հոտի մի ձևի մեջ ամբողջանալու համառությունը… Հետո արդեն նա չէր մտածում։ Եթե ավազը մտածում էր, եթե ջուրը, եթե քարը, օդը, կամ մութը մտածում էին, նա էլ՝ այդպես։ Քարը փափուկ էր, ավազը հոսուն, ջրի զանգվածը մերթ կաթիլների բազմություն էր, մերթ օդի նման անշոշափելի, մերթ էլ հոսում էր քարի կարծրությամբ, և տղան չկար։ Նրա միտքը առաջ էր գնում պատկերներով, նա մնում էր օդի, ջրի, ավազի, քարի, լուսնալույսի և ժամանակի միաձույլ հոսքի կամ ընդարմության խուլ ընդերքում… Երբ հենց պատկերի նման անաղմուկ նրան հասավ եղբոր ձայնը։ Կանչը կրկնվեց։ Երրորդ կանչին տղան ուզում էր արձագանքել՝ գոնե չորրորդը կանխելու համար, բայց նա ձայն չուներ։ Կարծես երբեք չէր էլ ունեցել։ Կարծես կարիքը չէր էլ եղել։ Ու լավը այդ էր։ Որովհետև եղբոր ձայնը քանի գնաց, այնքան փափկեց, սաթի շպպոցով հագավ նույն թելին, նույնն է թե՝ մարեց։

Եղել, չէր եղել։