Վերջին թարմացում 4 Մայիսի 2015, 23:09

Կարամազով եղբայրներ։ Գիրք տասներորդ

Գիրք տասներորդ։ Տղաները

I։ Կոլյա Կրասոտկին

Նոյեմբերի սկիզբն էր։ Տասնմեկ աստիճան սառնամանիք էր մեր քաղաքում, բայց գետինը մերկ էր, սառցակալած։ Գիշերը չոր ձյուն էր տեղացել մի քիչ, և «չոր ու կծու» քամին բարձրացնում էր ձյունը, քշում էր տխուր-տրտում փողոցներով ու մանավանդ շուկայի հրապարակով։ Մռայլ առավոտ էր, բայց դադարել էր ձյունը։ Հրապարակից ոչ շատ հեռու, Պլոտնիկովների խանութի մոտ, մի փոքր տուն կար, որ շատ մաքուր էր թե՛ դրսից, թե՛ ներսից։ Այրի տիկին Կրասոտկինայի տունն էր դա։ Նահանգային քարտուղար Կրասոտկինը շատ վաղուց էր մահացել, գրեթե տասնչորս տարի առաջ, և նրա երեսնամյա այրին, որ դեռ շատ սիրունիկ մի տիկին էր, «իր դրամագլուխով» ապրում էր իր կոկիկ տանը։ Պարկեշտ ու ամոթխած մի կյանքով էր ապրում, բնավորությամբ մեղմ էր, բայց և բավական կենսուրախ։ Տասնութ տարեկան էր, երբ ամուսինը մեռավ. ընդամենը մեկ տարի էր ապրել նրա հետ և հենց նոր մի տղա էր ծնել։ Ամուսնու մահվան օրից նա իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ իր անգին մանչուկի՝ Կոլյայի, դաստիարակությանը, և թեպետ ամբողջ տասնչորս տարի խելակորույս սիրել էր նրան, բայց իհարկե, անհամեմատ ավելի տառապանք էր տեսել, քան ուրախություն, գրեթե ամեն օր ահուդողի մեջ ընկնելով, մեռնելով այն վախից, թե տղան կհիվանդանա, կմրսի, չարություն կանի, աթոռի վրա կմագլցի ու վայր կընկնի և այլն, և այլն։ Իսկ երբ Կոլյան սկսեց դպրոց գնալ և հետո հաճախել մեր պրոգիմնազիան, մայրն էլ նրա հետ փութաց ուսումնասիրել բոլոր գիտությունները, որպեսզի օգնի նրան և դասերը սերտեն միասին, փութաց ծանոթանալ ուսուցիչների և նրանց կանանց հետ, փաղաքշել նույնիսկ Կոլյայի դպրոցական ընկերներին, հաճոյանալ նրանց, որպեսզի ձեռք չտան Կոլյային, չծաղրեն նրան, չծեծեն։ Եվ հասցրեց այնտեղ, որ ընկերներն իրոք սկսեցին ծաղրել նրան հենց մոր պատճառով, սկսեցին ձեռ առնել, որ նա մամայի բալիկ է։ Բայց տղան կարողացավ իր գլխին տեր կանգնել։ Խիզախ տղա էր, «սոսկալի ուժեղ», ինչպես լուր տարածվեց դասարանում, և շուտով էլ հաստատվեց, որ այդպես է իրոք, ճարպիկ էր, անկոտրում բնավորության տեր, հանդուգն ու նախաձեռնող ոգի ուներ։ Լավ էր սովորում, և նույնիսկ ասում էին, թե նա թվաբանության ու ընդհանուր պատմության մեջ հենց դասատու Դարդանելովին էլ կգլի-կանցնի։ Տղան թեև վերից էր նայում բոլորին, քթիկը տնկած, բայց լավ ընկեր էր և չէր մեծամտանում։ Դպրոցականների հարգանքն ընդունում էր որպես իրեն վայել մի բան, սակայն ընկերաբար էր վերաբերվում նրանց։ Մանավանդ չափ ու սահմանը գիտեր, հարկ եղած դեպքում կարող էր զսպել իրեն, և ուսուցիչների հետ իր փոխհարաբերությունների մեջ երբեք չէր անցնում այն վերջին ու նվիրական սահմանը, որից այն կողմ արդեն որևէ արարք չի հանդուրժվի, կդառնա անկարգություն, ընդվզում և անօրինություն։ Եվ սակայն բնավ, բնավ էլ դեմ չէր չարաճճիություններ անելու, և եթե որևէ հարմար առիթ ներկայանար, անելիքն անում էր ամենահետին մի լաճի նման, ոչ այնքան չարաճճիության սիրույն, որքան մի որևէ արտասովոր, հնարամիտ տարօրինակությամբ զարմացնելու, շշմեցնող տպավորություն գործելու և իրեն ցույց տալու համար։ Շատ ինքնասեր էր մանավանդ։ Նույնիսկ իր մայրիկին կարողացել էր ենթարկել իրեն, գրեթե բռնակալի պես ազդելով նրա վրա։ Եվ մայրիկը ենթարկվել էր, օ՜, վաղուց էր արդեն ենթարկվել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել միայն այն մտքի հետ, որ տղան «քիչ է սիրում» իրեն։ Նրան շարունակ թվում էր, թե Կոլյան «անզգա» է իր նկատմամբ, և լինում էին դեպքեր, երբ հիստերիկ արցունքներ թափելով սկսում էր հանդիմանել տղային՝ սառն վերաբերմունքի համար։ Տղան չէր սիրում այդ բանը, և մայրը որքան ավելի էր նրանից սրտագին զեղումներ պահանջում, այնքան ավելի անդրդվելի էր դառնում նա՝ կարծես դիտմամբ։ Բտյց նրա այդ վերաբերմունքը ոչ թե դիտումնավոր էր, այլ ակամա, այդպես էր բնավորությունը։ Մայրը սխալվում էր. նա շատ էր սիրում իր մայրիկին, միայն թե չէր սիրում «հորթային քնքշությունները», ինչպես ասում էր իր դպրոցական լեզվով։ Հորից մնացել էր մի գրապահարան, որի մեջ սակավաթիվ գրքեր կային. Կոլյան սիրում էր կարդալ և արդեն ինքնաբերաբար կարդացել էր դրանցից մի քանիսը։ Դա չանհանգստացրեց մորը, պարզապես նա զարմանում էր երբեմն, տեսնելով, թե ինչպես իր տղան մամերով կանգնում էր պահարանի մոտ մի որևէ գրքի մեջ խորասուզված, փոխանակ դուրս գնալու և խաղալու։ Եվ այդպիսով Կոլյան կարդաց բաներ, որ չէր կարելի նրան թույլ տալ այդ տարիքում։

Տղան թեև չէր սիրում իր չարաճճիությունների մեջ մի որոշ սահմանից անդին անցել, բայց վերջերս սկսել էր անել այնպիսի չարաճճիություններ, որոնք լրջորեն վախեցնում էին մորը, ճիշտ է, անբարոյական բաներ չէին դրանք, բայց կապը կտրած մարդու սանձարձակ խելառություններ էին։ Հենց այս տարվա հուլիսին, ամառային արձակուրդի ժամանակ, այնպես էր պատահել, որ մայրիկն ու տղան մի շաբաթով հյուր էին գնացել մի ուրիշ գավառ, յոթանասուն վերստ մեր քաղաքից, հեռավոր մի ազգականուհու մոտ, որի ամուսինը պաշտոնավարում էր երկաթուղային կայարանում (հենց այն կայարանում, որ ամենամոտն էր մեր քաղաքին, և որտեղից Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը մեկ ամիս հետո մեկնեց Մոսկվա)։ Կոլյան այնտեղ նախ և առաջ սկսեց մանրամասնորեն դիտել, ուսումնասիրել երկաթուղային կարգուկանոնը, հասկանալով, որ տուն վերադառնալուց հետո կարող է իր նոր գիտելիքներով փայլել պրոգիմնազիայի դպրոցականների մեջ։ Բայց հենց այդ նույն ժամանակ ուրիշ տղաներ էլ կային այնտեղ, և Կոլյան բարեկամացավ նրանց հետ. մի քանիսը կայարանում էին ապրում, մի քանիսն էլ շրջակայքում, ընդամենը վեց կամ յոթ պատանյակներ էին՝ տասներկուսից տասնհինգ տարեկան, և նրանցից երկուսն էլ մեր քաղաքից էին պատահմամբ։ Տղաները միասին խաղում էին, չարաճճիություններ անում, և ահա Կոլյայի հյուրագնացության չորրորդ կամ հինգերորդ օրը հիմար երեխաները խելքից֊մտքից դուրս մի գրազ եկան երկու ռուբլու վրա, Կոլյան, որ գրեթե ամենափոքրն էր բոլորի մեջ և դրա համար էլ մի քիչ արհամարհվում էր մեծերից, ինքնասիրության կամ էլ անսանձ խիզախության մղումով առաջարկեց, որ գիշերը, երբ ժամը տասնմեկի գնացքը գա, ինքը երեսի վրա կպառկի երկաթգծի մեջտեղը և անշարժ կմնա, մինչև գնացքը սրընթաց արագությամբ անցնի իր վրայով։ Ճիշտ է, նախօրոք ստուգեցին ու պարզեցին, թե իրոք կարելի է այնպես մեկնվել գծերի մեջտեղը և տափակ պառկել, որ գնացքն անշուշտ անցնի առանց պառկողին դիպչելու, բայց դե, համենայն դեպս, հանա՞ք է այդպես պառկելը։ Կոլյան հաստատ պնդում էր, որ կպառկի։ Սկզբում ծիծաղում էին նրա վրա, սուտլիկ էին կոչում նրան, պոռոտախոս էին ասում, բայց դրանով ավելի ևս գրգռեցին տղային։ Եվ մանավանդ որ այդ տասնհինգ տարեկան տղաները չափից ավելի ցցում էին իրենց քթերը նրա առաջ, սկզբում նույնիսկ «ճստլիկ» էին համարում նրան և չէին ուզում ընդունել որպես իրենց ընկերը, իսկ դա արդեն անտանելիորեն վիրավորական էր։ Եվ ահա որոշեցին երեկոյան գնալ կայարանից մեկ վերստ հեռու, որպեսզի գնացքը, կայարանից դուրս գալուց հետո, հասցնի լրիվ թափ առներ տղաները հավաքվեցին։ Հասավ անլուսին գիշերը. ոչ թե մութ էր պարզապես, այլ գրեթե խավարամած։ Որոշյալ ժամին Կոլյան պառկեց գծերի միջև։ Մյուս հինգ տղաները, որոնք գրազ էին եկել, սպասում էին ուղեթումբի ներքևում, թփերի մեջ՝ նվաղուն սրտով, հետո նաև վախով ու զղջումով։ Վերջապես հեռվում սկսեց դրմփալ գնացքը, որ դուրս էր եկել կայարանից։ Մթան խորքից երկու կարմիր լապտերները փայլեցին, հրեշը դղրդալով մոտենում էր։ «Փախի՛ր գծից, փախի՜ր»,— գոռացին ահաբեկված տղաները թփերի միջից, բայց արդեն ուշ էր. գնացքը վրա հասավ ու սուրալով անցավ գնաց։ Տղաները վազեցին Կոլյայի մոտ. նա անշարժ պառկել էր։ Սկսեցին քաշքշելով բարձրացնել գետնից։ Նա հանկարծ վեր կացավ ու առանց մի բառ ասելու գծից հեռացավ։ Ուղեթմբից ցած իջնելով, նա հայտարարեց, թե դիտմամբ այդպես պառկել էր ուշաթափվածի նման, որպեսզի վախեցնի նրանց. բայց ճշմարտությունն այն էր, որ նա իրոք ուշաթափվել էր, ինչպես ինքը խոստովանեց մորը, երբ արդեն երկար ժամանակ էր անցել այդ օրից։ Այսպիսով, ընդմիշտ ձեռք բերեց «քաջասիրտ» տղայի համբավը։ Այդ գիշեր երբ կայարան վերադարձավ ու տուն մտավ՝ մոմի պես գունատ էր։ Հաջորդ օրը մի թեթև հիվանդացավ ջղային տենդով, բայց սոսկալի բարձր էր տրամադրոլթյունը, ուրախ էր ու գոհ։ Դեպքը մեր քաղաքում իմացվեց ոչ թե անմիջապես, այլ նրանց վերադառնալուց հետո, և լուրը հասավ դպրոց, տնօրենության ականջը։ Բայց Կոլյայի մայրիկը իսկույն վազեց տնօրենի մոտ, աղաչեց, որ չպատժեն իր տղային, և ի վերջո Դարդանելովը, որ հարգված ու ազդեցիկ դասատու էր, Կոլյային պաշտպանեց ու բարեխոսեց նրա օդտին. գործն անհետևանք թողեցին, իբրև թե բնավ էլ չի եղել։

Այս Դարդանելովը, ամուրի և միջին տարիքի մի մարդ, երկար տարիներ բուռն սիրահարվել էր տիկին Կրասոտկինային և արդեն մի անգամ, գրեթե մեկ տարի առաջ, համարձակվել էր նրա ձեռքը խնդրել ամենահարգալից ձևով, վախից ու նրբանկատությունից ղողահար. բայց տիկինը մերժել էր, համաձայնվելը դավաճանություն համարելով իր որդյակի նկատմամբ, թեև Դարդանելովը, որոշ խորհրդավոր նշաններից դատելով, գուցե նույնիսկ իրավունք ուներ հուսալու, որ ինքը այնքան էլ հակակրելի չէր այդ հմայիչ, բայց չափազանց առաքինի ու քնքշասիրտ այրի կնոջ համար։ Կոլյալի այդ խենթ չարաճճիությունը կարծես սառույցը կոտրեց, և Դարդանելովն իր արած բարեխոսության դիմաց հույսի մի նշույլ ստացավ, ճիշտ է՝ հեռավոր մի նշույլ, բայց թե Դարդանելովը ինքն էլ մաքրության ու նրբանկատության արտակարգ մի երևույթ էր, ուստի առայժմ դա էլ բավական էր նրա երջանկությունը լիակատար դարձնելու համար։ Նա սիրում էր Կոլյային, թեպետ նվաստացուցիչ պիտի համարեր հաճոյանալ նրան, և դասարանում խիստ ու պահանջկոտ էր նրա նկատմամբ։ Բայց Կոլյան ինքն էլ նրան պատկառելի հեռավորության վրա էր պահում, դասերը սովորում էր շատ լավ, դասարանի երկրորդն էր, Դարդանելովին չոր էր վերաբերվում և ամբողջ դասարանը հաստատ հավատում էր, թե ընդհանուր պատմության մեջ Կոլյան այնքան ուժեղ է, որ հենց Դարդանելովին էլ «կգլի»։ Եվ իրոք, Կոլյան մի անգամ նրան հարց էր տվել «Ո՞վ է հիմնել Տրովադան», և Դարդանելովը, պատասխանելով, խոսել էր առհասարակ ժողովուրդների, նրանց շարժումների ու գաղթերի, դարերի խորքի և առասպելաբանության մասին, բայց թև ո՞վ է հիմնել Տրովադան, այսինքն ո՞ր պատմական անձնտվորությունները՝ չէր կարողացել պատասխանել և նույնիսկ, չգիտես ինչու, անիմաստ ու մտացածին էր համարել այդ հարցը։ Բայց տղաներն այնպես էլ մնացին այն համոզմունքին, որ Դարդանելովը չգիտե ով է հիմնել Տրովադան։ Իսկ Կոլյան Տրովադայի հիմնադիրների մասին կարդացել էր Սմարագդովի գրքում, որ գտել էր իր հորից մնացած գրապահարանի մեջ։ Ի վերջո բոլոր տղաներն սկսեցին հետաքրքվել, թե ով է հիմնել Տրովադան, բայց Կրասոտկինն իր գաղտնիքը չհայտնեց, և այդ բանը գիտենալու նրա համբավը անխախտ մնաց։

Երկաթուղու դեպքից հետո Կոլյայի վերաբերմունքը մի քիչ փոխվեց մոր նկատմամբ։ Երբ Աննա Ֆյոդորովնան (Կրասոտկինի այրին) իմացավ իր որդյակի սխրագործության մասին, համարյա թե խելագարվեց սարսափից։ Մի քանի օր, մեջընդմեջ, այնպիսի ահավոր հիստերիկ նոպաներ ունեցավ, որ Կոլյան, արդեն լրջորեն վախեցած, ազնիվ խոսք տվեց մորը, թե նման չարաճճիություններն այլևս երբեք չեն կրկնվի։ Նա ծնկադիր երդվեց սրբապատկերի առաջ, երդվեց հոր հիշատակով, ինչպես պահանջում էր տիկին Կրասոտկինան, ընդ որում «արիասիրտ» Կոլյան ինքն էլ փղձկաց ու երկար լաց եղավ վեց տարեկան մանչուկի պես։ Եվ ամբողջ այդ օրը մայր ու որդի անընդհատ իրար գիրկ էին նետվում ու արցունք թափում հեկեկալով։ Հաջորդ օրը Կոլյան առաջվա պես «անզգա» արթնացավ, բայց դարձավ ավելի սակավախոս, ավելի խոնարհ, խստաբարո ու մտախոհ։ Ճիշտ է, մեկուկես ամիս հետո նա նորից բռնվեց մի չարաճճիության մեջ, և նրա անունը մինչև իսկ հայտնի դարձավ մեր հաշտարար դատավորին, բայց այդ չարաճճիությունն արդեն բոլորովին ուրիշ տեսակի էր, նույնիսկ զվարճալի ու հիմարիկ մի բան, և հետո պարզվեց նաև, որ նա ինքը չէր արել այդ բանը, այլ մասնակից էր եղել միայն։ Բայց դրա մասին դեռ առիթ կլինի պատմելու։ Մայրը շարունակում էր դողալ ու տանջվել, իսկ որքան ավելանում էին նրա տագնապները, Դարդանելովն այնքան ավելի մեծ հույսեր էր տածում։ Պետք է նկատել, որ Կոլյան այդ առնչությամբ հասկանում ու կռահում էր Դարդանելովի ձգտումը և, իհա՜րկե, խորապես արհամարհում էր նրան այդ «զգացմունքների» համար. առաջ նա նույնիսկ այնքան աննրբանկատ էր, որ իր այդ արհամարհանքը ցույց էր տալիս մոր ներկայությամբ, հեռվից հեռու ակնարկելով, որ հասկանում է ինչի է ձգտում Դարդանելովը։ Բայց երկաթուղու դեպքից հետո այս հարցում էլ փոխեց իր վարմունքը, այլևս իրեն թույլ չէր տալիս ամենահեռավոր ակնարկներն անգամ անել, իսկ Դարդանելովի մասին սկսեց ավելի հարգալից խոսել մոր առաջ, և զգայուն կինն անմիջապես հասկացավ այդ բանը՝ սիրտն անսահման երախտագիտությամբ լցված։ Բայց և այնպես, եթե Կոլյայի ներկայությամբ մի որևէ հյուր ամենափոքր, ամենապատահական խոսքն ասեր Դարդանելովի մասին, Աննա Ֆյոդորովնան հանկարծ վարդի պես կարմրում էր ամոթից։ Իսկ Կոլյան այդպիսի րոպեներին կա՛մ լուսամուտից դուրս էր նայում խոժոռված, կա՛մ ձևացնում էր, թե զբաղված է իր կոշիկները դիտելով, կամ էլ կատաղորեն կանչում էր Պերեզվոնին՝ իր փրչոտ, բավական խոշոր ու քոսոտ շանը, որին չգիտես որտեղից գտել էր մի ամիս առաջ, բերել էր տուն և չգիտես ինչու գազանորեն պահում էր ներսում, իր ընկերներից ոչ մեկին ցույց չէր տայիս։ Սոսկալի բռնանում էր շան վրա, ամեն տեսակ խաղեր ու հնարքներ էր սովորեցում, և խեղճ շանը հասցրեց այն օրին, որ երբ ինքը դպրոցում էր լինում՝ նա ոռնում էր տիրող կարոտից, իսկ երբ ինքը գալիս էր՝ ուրախությունից վնգստում էր կենդանին, ցատկոտում էր խենթի նման, կանգնում ետևի թաթերի վրա, պառկում գետնին ու մեռած ձևանում և այլն, մի խոսքով, ցուցադրում էր տիրոջ սովորեցրած բոլոր հնարքները, և արդեն ոչ թե նրա պահանջով, այլ պարզապես իր հրճվալից զգացմունքների ու երախտագետ սրտի խանդավառ մղումով։

Ի դնպ, մոռացա էլ ասելու, որ Կոլյա Կրասոտկինը հենց այն տղան էր, որի ազդրին գրպանի դանակով խփել էր պաշտոնաթող փոխկապիտան Սնեգիրյովի որդին՝ արդեն ընթերցողին ծանոթ Իլյուշան, երբ պաշտպան էր կանգնել իր հորը, որին դպրոցականները ծաղրում էին «ճիլոպ» ասելով։

II։ Երեխաները

Այսպես ուրեմն, նոյեմբերի այդ սառնաշունչ ու հողմասույլ առավոտյան Կոլյա Կրասոտկինը նստել էր տանը։ Կիրակի էր, դպրոցը փակ էր։ Բայց արդեն ժամը տասնմեկը խփեց, իսկ նա անպայման պետք է տնից դուրս գնար «շատ կարևոր մի գործով», այնինչ ամբողջ տանը ինքն էր միայն մնացել ուղղակի որպես պահապան, որովհետև այնպես էր պատահել, որ բոլոր մեծահասակ բնակիչները բացակայում էին տնից՝ արտակարգ ու եզակի մի իրադարձության պատճառով։ Այրի տիկին Կրասոտկինան իր տանը վարձու էր տվել երկու փոքրիկ սենյակից բաղկացած միակ հավելյալ հարկաբաժինը, որ միջանցքով անջատված էր մյուս հարկաբաժնից, ուր ինքն էր բնակվում. վարձակալը բժշկի կին էր՝ երկու փոքրիկ երեխաներով։ Այս տիկինը Աննա Ֆյոդորովնայի տարեկիցն էր ու մտերիմ բարեկամուհին, իսկ նրա բժիշկ ամուսինը մոտ մի տարի առաջ գնացել էր մի հեռու տեղ, նախ Օրենբուրգ, հետո էլ Տաշքենդ, և ահա արդեն կես տարի է՝ բժշկից ոչ մի լուր չկար, այնպես որ եթե չլիներ տիկին Կրասոտկինայի հետ բարեկամությունը, որ մի քիչ մեղմացնում էր լքված կնոջ վիշտը, նա ուղղակի կխեղդվեր արցունքից։ Եվ մեկ էլ ահա, կարծես ճակատագրի հարվածը լիակատար դարձնելու համար, բժշկի կնոջ միակ սպասուհին, Կատերինան, այդ նույն գիշերը հանկարծ բոլորովին անակնկալորեն հայտարարեց, թե նախատեսում է առավոտյան դեմ ծննդաբերել։ Համարյա հրաշք թվաց բոլորին, թե ինչպե՞ս էր պատահել, որ մինչ այդ ոչ ոք չէր նկատել այդ բանը։ Ապշած տիկինը բարվոք համարեց, քանի դեռ ժամանակ կար, Կատերինային տանել այն հատուկ հաստատությունը, որ մեր քաղաքում մի մանկաբարձուհի պահում է նման դեպքերի համար։ Քանի որ տիկինը շատ թանկ էր գնահատում այդ սպասուհուն, անմիջապես իրագործեց իր ծրագիրը, և ոչ միայն տարավ նրան, այլև ինքն էլ մնաց այնտեղ նրա կողքին։ Հետո, արդեն առավոտյան, չգիտես ինչու պետք եղավ, որ տիկին Կրասոտկինան ևս օգնության հասնի իր ամբողջ բարեկամական կարեկցանքով, մանավանդ որ նա այս դեպքում կարող էր մի որևէ բան խնդրել որևէ մեկից և ինչ-որ ձևով հովանավորություն ցույց տալ։ Այսպիսով, երկու տիկիններն էլ բացակա էին, իսկ տիկին Կրասոտկինայի սպասուհին, Ագաֆյան, շուկա էր գնացել, և ահա ուրեմն Կոլյան առժամապես պահապան ու հսկիչ էր դարձել «ճստոների» համար, այսինքն բժշկի կնոջ տղայի ու աղջնակի, որոնք մեն-մենակ էին մնացել։

Կոլյան չէր վախենում տանը պահակ մնալուց, մանավանդ որ իր հետ էր նաև Պերեզվոնը, որին հրամայված էր փորի վրա պառկել նախասենյակում, նստարանի տակ, և մնալ «առանց շարժվելու». հենց այդ պատճառով էլ, երբ Կոլյան տան մեջ ետ ու առաջ անելով նախասենյակ էր մտնում, կենդանին ամբողջ գլխով սարսռում էր և պոչով երկու թունդ ու քծնական հարված էր տալիս հատակին, բայց ավա՜ղ, կանչի սուլոցը չէր լսվում։ Կոլյան սպառնալից նայում էր դժբախտ շանը, որ նորից քարանում մնում էր հնազանդ անշարժությամբ։ Միակ բանը, որ անհանգստացնում էր Կոլյային, «ճստոների» հարցն էր։ Նա իհարկե խորագույն արհամարհանքով էր նայում Կատերինայի անակնկալ դեպքին, բայց որբացած ճստոներին շատ էր սիրում և արդեն մանկական գիրք էր տարել նրանց։ Մեծը, Նաստյան, ութ տարեկան աղջիկ էր և կարդալ գիտեր, իսկ փոքր ճստոն, Կոստյան, յոթ տարեկան մի մանչուկ, շատ էր սիրում լսել, երբ Նաստյան կարդում էր նրա համար։ Կրասոտկինն անշուշտ կարող էր ավելի հետաքրքրական ձևով զբաղեցնել երեխաներին, այսինքն կողք-կողքի կանգնեցնել նրանց ու զինվոր-զինվոր խաղալ և կամ պահմտոցի սկսել ամբողջ տան մեջ։ Առաջ նա շատ անգամ արել էր այդ բանը և չէր խորշում դրանից, այնպես որ իրենց դասարանում մի անգամ նույնիսկ լուր տարածվեց, թե Կրասոտկինն իր տանը փոքրիկ վարձակալների հետ ձի֊ձի է խաղում, ցատկոտում է կողքի լծած ձիու նման, գլուխը ծռելով, բայց Կրասոտկինը հպարտորեն հակահարված տվեց այդ մեղադրանքին, դիտել տալով, որ «մեր դարում» իսկապես ամոթալի կլիներ ձի֊ձի խաղալ իր տարեկիցների՝ տասներեք տարեկան տղաների հետ, բայց ինքն այդ բանը անում է «ճստոների» համար, որովհետև սիրում է նրանց, իսկ իր զգացմունքների համար ոչ ոք իրավունք չունի հաշիվ պահանջելու իրենից։ Դրա դիմաց երկու «ճստոներն» էլ պաշտում էին նրան։ Բայց այս անգամ նա խաղով զբաղվելու ժամանակ չուներ։ Սեփական շատ կարևոր գործ էր սպասում նրան, ըստ երևույթին համարյա թե խորհրդավոր մի գործ նույնիսկ, այնինչ ժամանակն անցնում էր, իսկ Ագաֆյան, որի խնամքին կարելի էր հանձնել երեխաներին, կարծես դեռ միտք էլ չուներ վերադառնալու շուկայից։ Կոլյան արդեն մի քանի անգամ անցել էր միջանցքը, վարձակալների դուռը բացել ու մտահոգ նայել էր «ճստոներին», որոնք իր հրամանով նստել ու գիրք էին կարդում. ամեն անգամ երբ բացում էր դուռը, նրանք լուռ ժպտում էին ամբողջ բերանով, սպասելով, որ ա՜յ նա հիմա ներս կմտնի և սքանչելի, զվարճալի մի բան կանի։ Բայց Կոլյան տագնապել էր ու ներս չէր մտնում։

Վերջապես խփեց ժամը տասնմեկը, և նա հաստատորեն ու վերջնականապես որոշեց, որ եթե տասը րոպեից չվերադառնա «անիծյալ» Ագաֆյան, ինքը առանց նրան սպասելու կգնա տնից, իհարկե «ճստոներից» խոսք առնելով, որ իր գնալուց հետո չեն վախենալու, չարություն չեն անելու և լաց չեն լինելու վախից։ Այսպես մտածելով, նա հագավ իր մուշտակե օձիքով ձմեռային բամբակած վերարկուն, ուսից կախեց պայուսակը և, հակառակ մոր բազմիցս կրկնած խնդրանքին, որ «այսպիսի ցրտին» դուրս գալու ժամանակ միշտ կրկնակոշիկներ հագնի, պարզապես արհամարհանքով նայեց դրանց, երբ անցնում էր նախասենյակով, և միայն կոշիկները հագած դուրս եկավ հարկաբաժնից։ Պերեզվոնը, հագնված տեսնելով նրան, սկսեց ավելի ուժեղ դմդմբացնել պոչը հատակին, ամբողջ մարմնով ջղաձգվելով, և նույնիսկ աղիողորմ մի կաղկանձ արձակեց, բայց Կոլյան, տեսնելով իր շան այդպիսի բուռն ձգտումը, որոշեց, որ դա կարգապահության խախտում է, և թեկուզ մի րոպե ևս, բայց դեռ ստիպեց նրան մնալ նստարանի տակ և հետո միայն, երբ արդեն բացել էր միջանցքի դուռը, հանկարծ սուլեց։ Շունը խենթի նման վեր թոավ ու սկսեց նրա առաջ ցատկռտել հրճվանքից։ Անցնելով միջանցքը, Կոլյան մյուս դուռը բացեց ու նայեց «ճստոներին»։ Երկուսն էլ առաջվա պես նստել էին փոքրիկ սեղանի առաջ, բայց արդեն չէին կարդում, այլ տաք-տաք վիճում էին մի բանի մասին։ Այս երեխաները հաճախ իրար հետ վիճում էին կյանքի խռովիչ հարցերի շուրջ, և Նաստյան, մեծը լինելով, միշտ հաղթում էր. իսկ Կոստյան եթե համաձայն չլիներ նրա հետ՝ գրեթե միշտ դիմում էր Կոլյա Կրասոտկինին, և վերջինս ինչ որ ասեր՝ այդ էլ մնում էր որպես բացարձակ վճիռ երկու կողմերի համար։ Այս անգամ «ճստոների» վեճը մի քիչ հետաքրքրեց Կրասոտկինին, և նա դռան մեջ կանգ առավ լսելու։ Երեխաները տեսան, որ նա լսում է, և ավելի մեծ եռանդով շարունակեցին հակաճառել իրար։

— Երբեք էլ, երբեք էլ չեմ հավատա,— լեզվին էր տալիս նաստյան,— չեմ հավատա, որ մամիկները փոքրիկ երեխաներին բանջարանոցում են գտնում, կաղամբների մեջ։ Հիմա ձմեռ է. ոչ մի կաղամբ էլ չկա, և մամիկը չէր կարող Կատերինային աղջիկ բերել։

— Ֆյո՜ւ,— զարմացած սուլեց Կոլյան ինքն իրեն։

— Կամ էլ թե չէ՝ բերում են մի տեղից, բայց միայն նրանց համար, ովքեր ամուսնացել են։

Կոստյան սևեռուն նայում էր Նաստյային, խորամտորեն լսում էր ու կշռադատում։

— Ինչ հիմար ես դու, Նաստյա,— ասաց նա վերջապես հաստատորեն և առանց տաքանալու,— ինչպե՞ս կարող է Կատերինան երեխա ունենալ, քանի որ չի ամուսնացել։

Նաստյան սոսկալի բորբոքվեց։

— Դու ոչինչ չես հասկանում,—- ջղայնացած վրա տվեց նա,— գուցե ամուսին ունի, միայն թե բանտում է նստած, և ինքն էլ ահա երեխա ծնեց։

— Բայց ի՞նչ է, նրա ամուսինը բա՞նտ է գնացել,— լուրջ-լուրջ հարցրեց խելամիտ Կոստյան։

— Կամ էլ թե չէ,— թափով ընդհատեց Նաստյան, բոլորովին մի կողմ թողնելով ու մոռանալով իր առաջին վարկածը,— նա ամուսին չունի, ճիշտ ես ասում, բայց ուզում է ունենալ, և այ սկսել է մտածել ինչպե՞ս անի, որ ամուսին ունենա, և մտածել է, մտածել է, այնքա՜ն է մտածել, որ ա՜յ, ոչ թե ամուսին, երեխա է ունեցել։

— Լավ, գուցե այդպես է,— համաձայնվեց Կոստյան, լրիվ պարտված։— Բայց դու առաջ այդպես չասացիր, ես որտեղի՞ց իմանայի։

— Է՜, երեխաներ,— ասաց Կոլյան, սենյակ մտնելով ու մոտենալով նրանց,— տեսնում եմ՝ վտանգավո՜ր մարդիկ եք դուք։

— Պերեզվո՞նն էլ ձեզ հետ է,— ժպտաց Կոստյան և սկսեց մատները շխկացնելով կանչել Պերեզվոնին։

— Ճստոներ, ես դժվար կացության մեջ եմ,— սկսեց Կրասոտկինը լուրջ դեմքով,— և դուք պետք է օգնեք ինձ։ Ագաֆյայի ոտքն է ջարդվել իհարկե, քանի որ մինչև հիմա դեռ չի գալիս, դա արդեն հաստատ բան է։ Իսկ ես պետք է դուրս գնամ։ Կթողնե՞ք, որ գնամ, թե չէ։

Երեխաները մտահոգված նայեցին իրար, նրանց ժպտուն դեմքերին անհանգստություն երևաց։ Բայց դեռ լրիվ չէին հասկանում, թե ինչ էր իրենցից ուզվածը։

— Եթե ես գնամ, չարություն չե՞ք անի։ Պահարանի վրա չե՞ք ելնի, ոտներդ չե՞ք ջարդի։ Մենակ որ մնաք, լաց չե՞ք լինի վախից։

Երեխաների դեմքին սոսկալի տխրություն երևաց։

— Իսկ ես կարող եմ ձեզ մի բան ցույց տալ դրա դիմաց, պղնձե թնդանոթ, կարելի է իսկական վառոդ դնել մեջը և կրակել։

Երեխաների դեմքը վայրկենապես պայծառացավ։

— Ցույց տվեք թնդանոթը,— ասաց Կոստյան ուրախությունից փայլելով։

Կրասոտկինը ձեռքը խոթեց պայուսակի մեջ, մի փոքրիկ բրոնզե թնդանոթ հանեց ու դրեց սեղանին։

— Ըհը՜, ցույց տամ, հա՞։ Տես, անիվներ ունի,— քշեց նա խաղալիքը սեղանի վրա,— և կարելի է կրակել։ Կոտորուք լցնել մեջը և կրակել։

— Եվ կսպանի՞։

— Ում ասես կսպանի, միայն թե նշան բռնես,— և Կրասոտկինը բացատրեց, թե որտեղ պետք է դնել վառոդը, որտեղ պետք է լցնել կոտորուքը, հրանցքի նման մի փոքրիկ ծակ ցույց տվեց և ասաց, թե կրակելու ժամանակ թնդանոթը ետ է ցատկում։ Երեխաները լսում էին ահռելի հետաքրքրությամբ։ Նրանց երևակայությունը հատկապես բորբոքվեց, երբ իմացան, որ թնդանոթը ետ է ցատկում։

— Իսկ վառոդ ունե՞ք,— հարցրեց Նաստյան։

— Ունեմ։

— Վառո՜դն էլ ցույց տվեք,— ծոր տվեց աղջնակը խնդրող ժպիտով։

Կրասոտկինը նորից խառնեց պայուսակը և հանեց մի փոքրիկ սրվակ, որի մեջ իսկական վառոդ էր լցված մի քիչ, իսկ մի ծալված թղթի մեջ էլ մի քանի հատիկ կոտորուք կար։ Նույնիսկ բացեց սրվակը և մի քիչ վառոդ թափեց ափի մեջ։

— Ահա, միայն թե կրակ չլինի որևէ տեղ, թե չէ՝ հենց ուղղակի կպայթի և բոլորիս էլ կսպանի,— զգուշացրեց Կրասոտկինը տպավորություն գործելու համար։

Երեխաներն ակնածալի սարսափով էին դիտում վառողը, և սարսափն ավելի էր սրում նրանց հաճույքը։ Բայց կոտորուքն ավելի դուր եկավ Կոստյային։

— Իսկ կոտորուքը չի՞ վառվում,—հարցրեց նա։

— Չէ, չի վառվում։

— Մի քիչ կոտորո՜ւք տվեք ինձ,— ասաց նա աղաչական ձայնով։

— Կնվիրեմ մի քիչ կոտորուք, ահա՛, վերցրու, միայն թե մամայիդ ցույց չտաս մինչև իմ գալը, թե չէ կկարծի, որ վառոդ է, և ուղղակի կմեռնի վախից, ձեզ էլ մի լավ կծեծի։

— Մաման մեզ երբեք էլ փայտով չի ծեծում,— նկատեց իսկույն Նաստյան։

— Գիտեմ, ես պարզապես խոսքս կլորացնելու համար ասացի։ Եվ մամային էլ երբեք մի՛ խաբեք, բայց այս անգամ՝ մինչև իմ գալը։ Դե ուրեմն, ճստոներ, կարո՞ղ եմ գնալ, թե չէ։ Լաց չե՞ք լինի վախից, եթե գնամ։

— Լա՜ց կը֊լի֊նե՜նք,— ձայնը գցեց Կոստյան, արդեն լալու պատրաստ։

— Լա՛ց կլինենք, անպայման լա՛ց կլինենք,— շուտասելուկի պես վրա բերեց նաստյան վախլիկ շեշտով։

— Օ՜հ, երեխաներ, երեխաներ, ինչ վտանգավո՜ր է ձեր տարիքը։ Ինչ անես, պետք է ուրեմն ձեզ հետ նստեմ, ճուտիկներ, էլ չգիտեմ քանի րոպե։ Իսկ ժամանակը անցնում է, ժամանա՜կը, ո՜ւխ։

— Ասեք Պերեզվոնին՝ թող մեռա՜ծ ձևացնի,— խնդրեց Կոստյան։

— Է՜հ, ինչ անես, Պերեզվոնին էլ պիտի դիմենք ուզած-չուզած։ Իսի՛, Պերեզվոն։— Եվ Կոլյան սկսեց հրամայել շանը, շունն էլ սկսեց կատարել իր բոլոր իմացած հնարքները։ Փրչոտ շուն էր, մի տեսակ գորշ ու բաց մանիշակագույն, թակի սովորական շան մեծությամբ։ Աջ աչքը կույր էր, իսկ ձախ ականջը չգիտես ինչու ճեղքված էր։ Վնգստում ու ցատկոտում էր նա, կանգնում էր ետևի թաթերի վրա, քայլում էր այդպես, պառկում էր մեջքի վրա և չորս թաթերը վեր ցցած մնում անշարժ, մեռածի նման։ Այս վերջինը կատարելու ժամանակ դուռը բացվեց ու շեմին երևաց տիկին Կրասոտկինայի սպասուհին՝ քառասնամյա, գեր, ծաղկատար դեմքով Ագաֆյան, որ շուկայից էր վերադարձել ու գնած մթերքներով լեցուն մի տոպրակ ուներ ձեռքին։ Նա կանգ առավ և, տոպրակը ձախ ձեռքում ուղիղ բռնած, սկսեց նայել շանը։ Կոլյան, հակառակ որ անհամբեր սպասում էր Ագաֆյային, չընդհատեց «ներկայացումը», մի որոշ ժամանակ Պերեզվոնին պահեց մեռած վիճակում, հետո վերջապես սուլեց, շունը վեր թռավ և սկսեց ցատկել ուրախությունից, որ կատարել էր իր պարտականությունը։

— Այ քեզ շո՜ւն,— ասաց Ագաֆյան խրատական շեշտով։

— Իսկ դու ինչո՞ւ ուշացար, կինարմա՛տ,— հարցրեց Կրասոտկինը սաստելու պես։

— Կինարմա՞տ։ Սրա՜ն տեսեք, պզո՜ւկ։

— Պզո՞ւկ։

— Հա՛, պզուկ։ Քե՞զ ինչ, որ ուշացա։ Եթե ուշացել եմ, ուրեմն էդպես էր պետք,— մրթմրթաց Ագաֆյան, որ սկսել էր վառարանով զբաղվել. նրա ձայնի մեջ բոլորովին էլ դժգոհություն կամ բարկություն չկար, այլ ընդհակառակը, շատ գոհ էր, կարծես ուրախանում էր, որ առիթ էր գտել մի փոքր գզվռտվելու իր դեռատի ու կենսուրախ տիրոջ հետ։

— Լսի՛ր, թեթևամիտ պառավ,— սկսեց Կրասոտկինը, վեր կենալով բազմոցից,— կարո՞ղ ես դու ինձ երդվել ամեն ինչով, որ սուրբ է այս աշխարհում, և դեռ դրանից էլ ավելի մի բանով երդվել, որ ուշի֊ւլշով հսկելու ես ճստոներին իմ բացակայության ժամանակ։ Ես գնում եմ։

— Իսկ ինչի՞ քեզ երդվեմ որ,— ծիծաղեց Ագաֆյան,— առանց այն էլ կնայեմ երեխեքին։

— Չէ, պետք է երդվես քո հոգու հավիտենական փրկությամբ։ Թե չէ՝ չեմ գնա։

— Էհ, մի՛ գնա, ի՞մ ինչ գործն է։ Ցուրտ է դրսում, նստիր տանը։

— Ճստոնե՛ր,— դարձավ Կոլյան երեխաներին,— այս կինը կմնա ձեզ հետ մինչև իմ գալը կամ էլ մինչև ձեր մամայի գալը, որովհետև նա էլ պետք է վաղուց վերադառնար արդեն։ Բացի այդ, ձեզ նախաճաշ էլ կտա։ Կտա՞ս նրանց մի բան, Ագաֆյա։

— Կարելի է։

— Ցտեսություն, ճուտիկներ, հանգիստ սրտով գնում եմ։ Իսկ դու, տատ ջան,— կես ձայնով ու լուրջ-լուրջ ասաց նա երբ անցնում էր Ագաֆյայի մոտից,— հույս ունեմ, որ Կատերինայի մասին ձեր սովորական կնկա հիմարությունները չես փչի նրանց առաջ, կխնայես նրանց մատղաշ տարիքը։ Իսի՛, Պերեզվոն։

— Դե գնա՜ բանիդ,— սաստեց Ագաֆյան արդեն բարկացած։— Խայտառա՛կ։ Քե՛զ պետք է ծեծել էդպիսի խոսքերի համար, ա՛յ թե ինչ,

III։ Դպրոցականը

Բայց Կոլյան արդեն չէր լսում։ Վերջապես կարող էր գնալ։ Դուրս գալով դարպասից, շուրջը նայեց, վեր քաշեց ուսերը, «Սառնամանի՜ք է» ասաց, ուղիղ գնաց փողոցով և հետո դարձավ աջ նրբանցքը, որ շուկայի հրապարակն էր տանում։ Դեռ հրապարակ չհասած, նախավերջին տան դարպասի առաջ կանգ առավ, գրպանից մի սուլիչ հանեց և սուլեց ամբողջ ուժով, ասես պայմանական նշան էր տալիս։ Հազիվ մեկ րոպե ստիպված եղավ սպասել, հանկարծ դարպասի դռնակից դուրս թռավ կարմիր այտերով, մոտ տասնմեկ տարեկան մի տղա, որ նույնպես ձմեռային վերարկու էր հագել, կոկիկ, նույնիսկ պճնագեղ մի վերարկու։ Սմուրովն էր, նախապատրաստական դասարանի մի տղա (այնինչ Կոլյա Կրասոտկինն արդեն երկու դասարան բարձր էր նրանից). բարեկեցիկ մի պաշտոնյայի որդին էր նա, և ծնողները կարծես թույլ չէին տալիս ընկերություն անել Կրասոտկինի հետ, որ կապը կտրած չար տղայի համբավ ուներ, այնպես որ Սմուրովը, պարզ է, գողտուկ էր ճողոպրել հիմա տնից։ Այս Սմուրովը, եթե ընթերցողը չի մոռացել, մեկն էր այն տղաներից, որ երկու ամիս առաջ քար էին նետում Իլյուշայի վրա, և նա էր, որ այն ժամանակ Իլյոլշայի մասին պատմել էր Ալյոշա Կարամազովին։

— Մի ամբողջ ժամ ձեզ եմ սպասում, Կրասոտկին,— ասաց Սմուրովը վճռական արտահայտությամբ, և տղաները քայլեցին դեպի հրապարակ։

— Ուշացա,— պատասխանեց Կրասոտկինը։— Որոշ հանգամանքներ կային։ Քեզ չե՞ն ծեծի, որ ինձ հետ ես գալիս։

— Դե լա՜վ, ինձ ե՞րբ են ծեծել որ։ Պերեզվո՞նն էլ ձեզ հետ է։

— Այո։

— Նրա՞ն էլ այնտեղ եք տանում։

— Նրան էլ։

— Ա՜խ, եթե Ժուչկան լիներ։

— Անկարելի է։ ժուչկան չկա։ Ժուչկան կորավ անհայտության խավարի մեջ։

— Ախ, չէ՞ր կարելի, որ այսպես անեինք,— կանգ առավ հանկարծ Սմուրովը։ — Գիտե՞ս ինչ, Իլյուշան ասում է, որ Ժուչկան էլ փրչոտ է եղել, այսպես գորշ, ծխի գույն, ճիշտ Պերեզվոնի նման։ Չի՞ լինի որ ասենք՝ սա հենց այն Ժուչկան է, գուցե հավատա, հա՞։

— Դպրոցակա՛ն, խորշիր սուտ ասելուց, այս մեկ։ Նույնիսկ բարի գործի համար սուտ մի՛ խոսիր, այս էլ երկուս։ Իսկ ամենակարևորը՝ հույս ունեմ, որ այնտեղ ոչինչ չես ասել իմ գալու մասին։

— Աստվա՜ծ չանի, ես հո հասկանում եմ։ Բայց Պերեզվոնով նրան չես մխիթարի,— հառաչեց Սմուրովը։— Գիտե՞ս ինչ, նրա հայրը, այդ կապիտանը, «Ճիլո՜պը», մեզ ասաց, որ այսօր մի շան ձագ է բերելու նրան, իսկական գամփռի ձագ, սև դնչով։ Կարծում է, որ դրանով կմխիթարի Իլյուշային, բայց հազիվ թե հա՞։

— Իսկ ինչպե՞ս կ ինքը՝ Իլյուշան։

— Ա՜խ, վատ է վիճակը, վատ։ Կարծում եմ՝ թոքախտ է։ Ուշքը լրիվ տեղն է միայն թե այնպես արագ֊արագ է շնչում, վատ է շնչում, վատ։ Անցյալ օրը խնդրեց, որ մի քիչ ման ածեն իրեն, կոշիկները հագցնեն, փորձեց քայլել, բայց չէր կարողանում ոտքի վրա մնալ։ «Ախ հայրիկ,— ասաց,— քեզ ասել եմ, որ վատ են իմ կոշիկները, այս հին կոշիկները, առաջ էլ դժվար էի քայլում սրանցով»։ Կարծում կր՝ կոշիկներից է, որ չի կարողանում ոտքի վրա մնալ, բայց պարզապես թուլությունից էր։ Մի շաբաթ էլ չի ապրի։ Հերցենշտուբեն գալիս նայում է։ Հիմա նորից հարուստ են նրանք, շատ փող ունեն։

— Խաբեբաներ են։

— Ովքե՞ր են խաբեբաները։

— Բժիշկները և ամբողջ այդ բժշկական ոհմակը առհասարակ, և անշուշտ նաև մասնավորապես։ Ես չեմ ընդունում բժշկությունը։ Անօգուտ հաստատություն է։ Եվ սակայն այդ բոլորը դեռ կուսումնասիրեմ ես։ Բայդ այդ ի՞նչ քնքուշ զգացմունքներ եք սկսել այնտեղ։ Կարծեմ ամբողջ դասարանով եք գնում մոտը, հա՞։

— Ոչ ամբողջ դասարանը, մերոնցից մի տասը հոգի գնում է միշտ, ամեն օր։ Բան չկա դրա մեջ։

— Այս բոլորի մեջ ինձ զարմացնում է Ալեքսեյ Կարամազովի դերը. վաղը կամ մյուս օր նրա եղբորը դատում են այդպիսի ոճրագործության համար, իսկ ինքը այնքա՜ն ժամանակ ունի, որ տղաների հետ փափկասրտություն է անում։

— Այստեղ ոչ մի փափկասրտություն էլ չկա։ Այ դու ինքդ էլ հիմա գնում ես Իլյուշայի հետ հաշտվելու։

— Հաշտվելո՞ւ։ Ծիծաղելի՛ խոսք։ Այն էլ ասեմ, որ ոչ ոքի թույլ չեմ տա իմ արարքները վերլուծել։

— Բայց Իլյուշան ինչպե՜ս կուրախանա, երբ քեզ տեսնի։ Նրա մտքովն էլ չի անցնում, որ դու կգնաս մոտը։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան երկար ժամանակ չէիր ուզում գնալ,— հանկարծ սրտանց բացականչեց Սմուրովը։

— Դա ի՛մ գործն է, սիրելի տղաս, ոչ թե քոնը։ Ես իմ կամքով եմ գնում, որովհետև այդպես եմ ուզում, իսկ ձեզ բոլորիդ Ալեքսեյ Կարամազովը քաշ տվեց այնտեղ. դե ուրեմն տարբեբոլթյուն կա։ Եվ որտեղի՞ց գիտես, գուցե բոլորովին էլ հաշտվելու չեմ գնում։ Հիմա՛ր խոսք։

— Ոչ, ոչ, Կարամազովը չէր, բոլորովին նա չէր։ Մերոնք հենց ինքները սկսեցին գնալ, սկզբում իհարկե Կարամազովի հետ։ Եվ ոչ մի այդպիսի բան էլ չեղավ, ոչ մի հիմարություն։ Նախ մեկը գնաց, հետո մյուսը։ Հայրը սոսկալի ուրախացավ, որ գնացինք։ Գիտե՞ս, նա պարզապես կխելագարվի, եթե մահանա Իլյուշան։ Նա տեսնում է, որ Իլյուշան կմեռնի։ Բայց ինչքա՜ն ուրախ էր, որ մենք եկանք ու հաշտվեցինք Իլյուշայի հետ։ Իլյուշան քո մասին հարցրեց, հետո էլ ոչինչ չասաց։ Հենց հարցնում է ու լռում։ Իսկ հայրը կա՛մ կխելագարվի, կամ էլ կկախի իրեն։ Առաջ էլ նա խելագարի պես էր պահում իրեն, չէ՞։ Գիտե՞ս, նա ազնիվ մարդ է, և այն ժամանակ սխալ բան եղավ։ Ամբողջ այդ հայրասպանն է մեղավոր՝ ծեծեց նրան այն ժամանակ։

— Բայց համենայն դեպս Կարամազովը հանելուկ է ինձ համար։ Կարող էի վաղուց ծանոթանալ հետը, բայց որոշ դեպքերում ես սիրում եմ հպարտ լինել։ Եվ մեկ էլ նրա մասին մի որոշ կարծիք եմ կազմել և դեռ պետք է ստուգեմ իմ կարծիքը, պարզեմ։

Կոլյան լռեց՝ լուրջ դեմք ընդունելով։ Սմուրովն էլ լուռ մնաց։ Սմուրովն անշուշտ պաշտում էր Կոլյա Կրասոտկինին և չէր էլ համարձակվում մտածել, թե ինքը կարող է նրա հավասարը լինել։ Իսկ հիմա սաստիկ հետաքրքրվել էր, որովհետև Կոլյան ասաց, թե ինքը «իր կամքով» է գնում. ուրեմն անպայման մի հանելուկ կա այստեղ, եթե Կոլյան որոշել է հիմա՛ գնալ, հենց այսօր։ Նրանք անցնում էին շուկայի հրապարակով, ուր գյուղերից եկած բազմաթիվ սայլեր կային ու տեսակ-տե-սակ կենդանի թռչուններ։ Քաղաքի մանրավաճառ կանալք, տաղավարներում կանգնած, օղաբլիթ, կարի թել և այլ իրեր էին ծախում։ Այդպիսի կիրակնօրյա շուկաները մեր քաղաքում միամտորեն կոչվում են տոնավաճառներ, և այդպիսի տոնավաճառները հաճախ են լինում տարվա մեջ։ Պերեզվոնը վազվզում էր ամենակայտառ տրամադրությամբ, անընդհատ շեղվելով աջ կամ ձախ՝ մի որևէ տեղ մի որևէ բան հոտոտելոլ։ Երբ ուրիշ շների էր հանդիպում, արտակարգ կտղանքով հոտվտում էր նրանց հետ, ըստ շնական բոլոր կանոնների։

— Ես սիրում եմ դիտել կյանքի ճշմարտությունը, Սմուրով,— ասաց հանկարծ Կոլյան։— Նկատե՞լ ես, թե ինչպես շները հանդիպում ու հոտվտում են իրար։ Բնության ընդհանուր մի օրենք կա նրանց արածի մեջ։

— Այո, մի տեսակ ծիծաղելի բան։

— Այսինքն ո՜չ թե ծիծաղելի, ճիշտ չես ասում։ Մարդն իր նախապաշարմունքներով ի՛նչ ուզում է կարծի, բնության մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա։ Եթե շները կարողանային դատողություններ անել և քննադատել մեզ, վստահ եմ՝ նրանք էլ իրենց տերերի, այսինքն մարդկանց սոցիալական փոխհարաբերությունների մեջ ծիծաղելի բաներ կգտնեին իրենց համար, նույնքան կգտնեին, եթե ոչ շատ ավելի, կրկնում եմ՝ եթե ոչ շատ ավելի, որովհետև հաստատ համոզված եմ, որ մեր հիմարությունները շատ ավելի շատ են։ Սա Ռակիտինի միտքն է, սքանչելի մի միտք։ Ես սոցիալիստ եմ, Սմուրով։

— Իսկ ի՞նչ է սոցիալիստը,— հարցրեց Սմուրովը։

— Այն է, որ բոլորը հավասար լինեն, բոլորը մի ընդհանուր սեփականություն ունենան, ամուսնություններ չլինեն, իսկ կրոնն ու բոլոր օրենքները՝ ով ինչպես ուզում է, և դեռ սրանց նման շատ բաներ։ Քեզ համար շուտ է, դեռ այնքան չես հասունացել, որ հասկանաս։ Բայց ցուրտ է, հա՜։

— Այո։ Տասներկու աստիճան է։ Քիչ առաջ հայրիկս ջերմաչափը նայեց։

— Եվ նկատե՞լ ես, Սմուրով, ձմեռվա կեսին եթե տասնհինգ աստիճան է լինում կամ նույնիսկ տասնութը, այնքան էլ ցուրտ չի թվում, ինչպես օրինակ հիմա, ձմեռվա սկզբին, երբ հանկարծ տասներկու աստիճան սառնամանիքն է կոխում միանգամից, այ ինչպես այսօր, և մանավանդ երբ ձյունն էլ քիչ է։ Դա նշանակում է, որ մարդիկ դեռ չեն վարժվել։ Ամեն ինչ սովորություն է մարդկանց կյանքում, ամեն ինչ, նույնիսկ պետական ու քաղաքական փոխհարաբերությունների մեջ։ Սովորությունը գլխավոր շարժիչ ուժն է։ Բայց տես, ի՜նչ ծիծաղելի է այս գյուղացին։

Կոլյան ցույց տվեց մի բարձրահասակ, ոչխարենու մորթի հագած գյուղացու, որ բարի դեմք ուներ և, իր սայլի մոտ կանգնած, ափերը ցրտից խփում էր իրար, թեև թաթմաններ կային ձեռքերին։ Նրա երկար, շեկ մորուքն ամբողջովին եղյամ էր պատել։

— Գյուղացու մորուքը սառե՜լ է,— բարձր ու գրգռիչ շեշտով գոռաց Կոլյան, երբ անցնում էր նրա մոտից։

— Շատերինն է սառել,— հանգիստ ու խրատելու պես պատասխանեց գյուղացին։

— Մի՛ բարկացնի նրան,— նկատեց Սմուրովը։

— Ոչինչ, չի բարկանա, լավ մարդ է։ Մնաս բարով, Մատվեյ։

— Գնաս բարով։

— Բայց ինչ է, Մատվե՞յ է անունդ։

— Մատվեյ է։ Չէի՞ր իմանում։

— Չէ։ Հենց այնպես ասացի։

— Հհլա տե՜ս։ Ոնց որ դպրոցական ես, հա՞։

— Հա, դպրոցական։

— Ինչ է, ծեծո՞ւմ են քեզ։

— Շատ էլ չէ, բայց մեկ-մեկ։

— Ցավո՞ւմ է։

— Դա էլ է պատահում։

— Է՜խ աշխարհ, աշխա՜րհ,— հառաչեց գյուղացին սրտի խորքից։

— Մնաս բարով, Մատվեյ։

— Գնաս բարով։ Անուշ տղա ես դու, այ ասեմ քեզ։

Տղաները շարունակեցին իրենց ճանապարհը։

— Լավ գյուղացի էր,— ասաց Կոլյան Սմուրովին։— Ես սիրում եմ խոսել ժողովրդի հետ և միշտ պատրաստ եմ նրան իրավունք տալու։

— Ինչո՞ւ նրան սուտ ասացիր, որ ծեծում են մեր դպրոցում,— հարցրեց Սմուրովը։

— Պե՛տք էր նրան մխիթարել, չէ՞։

— Ինչպե՞ս թե մխիթարել։

— Գիտե՞ս ինչ, Սմուրով, չեմ սիրում, երբ առաջին բառից չեն հասկանում մի բան և նորից են հարցնում։ Կան բաներ, որ բացատրել էլ չի լինի։ Գյուղացու հասկացողությամբ՝ դպրոցականին ծեծում են և պետք է ծեծեն. էլ ի՞նչ դպրոցական, եթե ծեծ չի ուտում։ Եվ մեկ էլ հանկարծ ասեի նրան, թե մեր դպրոցում չեն ծեծում, կտխրեր, չէ՞։ Բայց դու չես հասկանա այս բանը։ Պետք է ժողովրդի հետ խոսելու ձեն իմանալ։

— Միայն թե մի՛ նեղացնիր նրանց, խնդրում եմ, թե չէ նորից պատմություն կստացվի, ինչպես այն սագի դեպքը եղավ։

— Ինչ է, վախենու/մ ես։

— Մի՛ ծիծաղիր, Կոլյա, իսկապես որ վախենում եմ։ Հայրս սոսկալի կբարկանա։ Ինձ խստիվ արգելված է քեզ հետ ման գալ։

— Հանգիստ եղիր, այս անգամ ոչինչ չի պատահի։ Բարև՜, Նատաշա,— գոռաց նա՝ տաղավարում կանգնած մանրավաճառ մի կնոջ։

— Չէ՜ մի, էլ ի՛նչ կասես. ես Մարյա եմ, ոչ թե Նատաշա,— ճղճղան ձայնով պատասխանեց կինը, որ դեռ բոլորովին էլ պառավ չէր։

— Շատ լավ է, որ Մարյա ես, ցտեսությո՛ւն։

— Ա՜խ, թոկից փախած լակոտ, մի թիզ բոյ ունես, բայց արդեն ճամփեն բռնել ես, հա՞։

— Դե, դե, ժամանակ չունեմ, մյուս կիրակի կպատմես,— ձեռքերը թափ տվեց Կոլյան, կարծես թե նա՛ էր իրեն խոսք գցել, ոչ թե ինքը նրան։

— Ե՞ս եմ քեզ բան պատմելու կիրակի օրը։ Ի՛նքդ ինձ կպար, ոչ թե ես քեզ, կռվազա՛ն լակոտ,— գոռգոռաց Մարյան։— Մի լավ պետք է դնքսել քեզ, հասկացա՞ր, աշխարհը գիտի, որ խուժանի մեկն ես, հասկացա՞ր։

Մյուս մանրավաճառ կանայք, որ Մարյայի հետ կանգնել էին տաղավարում, քահ֊քահ ծիծաղեցին։ Մեկ էլ հանկարծ, չգիտես ինչու, մի ջղայնացած մարդ դուրս վազեց քաղաքային խանութների կամարակապ նրբանցքից. առևտրական գործակատար էր կարծես, բայց մերոնցից չէր, այլ եկվոր, կապույտ ու երկար բաճկոն էր հագել, հովարով գլխարկ, երիտասարդ էր՝ մուգ շագանակագույն գանգուրներով ու երկար, գունատ, ծաղկատար դեմքով։ Մի տեսակ հիմարորեն բորբոքվել էր և անմիջապես սկսեց բռունցքով սպառնալ Կոլյային։

— Ես քեզ գիտե՜մ,— բացականչում էր ջղայնացած,— ճանաչու՜մ եմ քեզ։

Կոլյան ուշի-ուշով նայեց նրան։ Չէր էլ կարողանում հիշել, թե ինքը երբևիցե վեճ ու կռիվ ունեցե՞լ էր այդ մարդու հետ։ Բայց որքա՜ն ասես վեճ ու կռիվ էր ունեցել փողոցներում, հնարավո՞ր էր հիշել այդ բոլորը։

— Ճանաչո՞ւմ ես,— հեգնորեն հարցրեց նա։

— Ես քեղ գիտե՜մ։ Ես քեզ գիտե՜մ,— հիմարի պես իրենն էր պնդում քաղքենին։

— Ավելի լավ քե՛զ համար։ Դե՛հ, ժամանակ չունեմ, մնաս բարով։

— Ինչի՞ ես կռվշտում,— գոռաց մարդը։— Էլի կռիվ ես ման գալի, հա՞։ Ես քեզ գիտե՜մ։ Էլի կռի՞վ ես ման գալի։

— Էլ քո ի՞նչ գործն է հիմա, ախպերս, կռի՞վ եմ ման գալի, թե չէ,— ասաց Կոլյան, կանգ առնելով ու շարունակելով դիտել նրան։

— Ո՞նց թե իմ ինչ գործը։

— Այնպես։ Քո գործը չէ։

— Իսկ ո՞ւմ գործն է։ Ո՞ւմ գործը։ Ո՞ւմ գործն է, հը՞։

— Հիմա դա Տրիֆոն Նիկիտիչի գործն է, ախպերս, ոչ թե քոնը։

— Էդ ո՞ր Տրիֆոն Նիկիտիչի,— ապուշ զարմանքով հարցրեց երիտասարդը և աչքերը չորս բացած նայեց Կոլյային, թեև դեռ շարունակում էր բորբոքված մնալ։ Կոլյան ոտից գլուխ չափեց նրան հայացքով։

— Սուրբ Հարություն գնացի՞ր,— հարցրեց նա հանկարծ խիստ ու անհողդողդ շեշտով։

— Ի՞նչ սուրբ Հարություն։ Ինչո՞ւ։ Չէ, չեմ գնացել,— շվարեց մի քիչ երիտասարդը։

— Սաբանեևին գիտե՞ս,— ավելի խիստ ու ավելի անհողդողդ շարունակեց Կոլյան։

— Ի՞նչ Սաբանեև։ Չէ, չգիտեմ։

— Դե ուրեմն գրո՛ղը տանի քեզ,— կարճ կտրեց հպնկարձ Կոլյան և, կտրուկ աջ դառնալով, արագ շարունակեց իր ճամփան, կարծես թե խոսելն իսկ ավելորդ էր համարում այնպիսի մի տխմարի հետ, որ անգամ Սաբանեևին չի ճանաչում։

— Սպասի տո՜, հե՜յ։ Էդ ի՞նչ Սաբանեև է,— ուշքի եկավ երիտասարդը, նորից գլխովին բորբոքված։— Էդ ի՞նչ էր ասածը,— դարձավ հանկարծ մանրավաճառ կանանց, հիմար-հիմար նայելով նրանց։

Կանայք ծիծաղեցին։

— Տարօրինակ տղա է, բան չես հասկանա,— ասաց նրանցից մեկը։

— Էդ ի՞նչ Սաբանեև էր ասում, ի՞նչ Սաբանեև,— կրկնում էր երիտասարդը մոլեգնորեն, շարունակ թափ տալով աջ ձեռքը։

— Կա֊չկա՝ դա էն Սաբանեևն է, որ Կուզմիչևների մոտ էր ծառայում, այ հենց նա է, նա,— կռահեց հանկարծ մի կին։

Երիտասարդը մի խուլ հայացք սևեռեց նրան։

— Կուզ-մի-չև՞,— մեջ ընկավ մի ուրիշ կին,— բա նրա անունը Տրիֆո՞ն է։ Կուզմա է, ոչ թե Տրիֆոն, իսկ տղեն Տրիֆոն Նիկիտիչ ասաց, ուրեմն նա չի։

— Ինձ լսեք, նա ոչ Տրիֆոն է, ոչ էլ Սաբանեև, Չիժով է, Չիժով,— վրա բերեց հանկարծ մի երրորդ կին, որ մինչ այդ լուռ կանգնել ու լրջորեն լսում էր։— Ալեքսեյ Իվանիչ են ասում նրան։ Չիժով, Ալեքսեյ Իվանովիչ։

— Հենց էդպես էլ է՝ Չիժով,— վստահորեն հաստատեց չորրորդ կինը։

Շշմած երիտասարդը մեկ սրան էր նայում, մեկ նրան։

— Բայց ինչի՞ էր հարցնում, է՜, ինչի՞ էր հարցնում, ասեք ինձ, աստվա՜ծ սիրեք,— բացականչում էր նա արդեն համարյա հուսահատված։— «Սաբանեևին գիտե՞ս»։ Սատանան գիտի, թե էդ ով է էդ Սաբանեևը։

— Անհասկացող մարդ ես, հա՜։ Ասում են քեզ՝ ոչ թե Սաբանեև, Չիժվ է, Ալեքսեյ Իվանովիչ Չիժով, հասկացա՞ր ով է,— ազդու շեշտով գոռաց կանանցից մեկը։

— Ի՞նչ Չիժով։ Ո՞վ է Չիժովը։ Դե ասա՛, եթե գիտես։

— Լող-լող էնպես, փսլնքոտ, ամառս նստում էր շուկայում։

— Իմ ինչի՞ն է պետք քո էդ Չիժովը, աստված սիրեք, հը՞։

— Ես ի՞նչ գիտեմ քո ինչին է պետք Չիժովը։

— Ո՞վ կարող է իմանա ինչի է նա քեզ հարկավոր,— վրա բերեց մի ուրիշը,— ինքդ պետք է իմանաս ինչ ես ուզում նրանից, որ էսպես ղռղռոցը գցել ես։ Ախր նա քե՛զ ասաց, ոչ թե մեզ, այ թե հիմարն ես, հա՜։ Ինչ է, իսկապե՞ս չգիտես նրան։

— Ո՞ւմ,

— Չիժովին։

— Դե գրո՜ղը տանի Չիժովին էլ, քեզ էլ։ Մի լավ ջարդելու եմ նրան, ա՛յ ասում եմ։ Ծիծաղու՛մ էր ինձ վրա։

— Էդ դու Չիժովի՞ն ես ջարդում, ինչ է։ Թե նա՛ է քեզ ջարդում։ Հիմարի մեկն ես, հա՜։

— Չէ, չէ, Չիժովին չէ, անպիտա՛ն կնիկ, օձի կծած, էն տղին եմ ջարդելու, հասկացա՞ր։ Բռնե՜ք նրան, բերեք էստեղ, ծիծաղում էր ինձ վրա։

Կանայք քրքջում էին։ Իսկ Կոլյան արդեն հեռացել էր հաղթական տեսքով։ Սմուրովը քայլում էր նրա կողքից, ետ դառնալով ու նայելով հեռվում գոռգոռացող այդ խմբին։ Նրա տրամադրությունն էլ շատ բարձր էր, թեև դեռ վախենում էր, որ չլինի թե փորձանքի մեջ ընկնի Կոլյայի հետ։

— Այդ ի՞նչ Սաբանեև էր,— հարցրեց նա Կոլյային, նախազգալով պատասխանը։

— Շա՞տ գիտեմ ինչ Սաբանեե է։ Հիմա նրանք մինչև իրիկուն կգոռգոռան։ Ես սիրում նմ թափ տալ հիմարներին՝ հասարակության բոլոր խավերում։ Ահա մի դմբո էլ է կանգնել, ահա այս գյուղացին, տես։ Ասում են՝ «Չկա ավելի հիմար բան, քան հիմար ֆրանսիացին», բայց նկատի ունեցիր, որ ռուսի դեմքն էլ մատնում է ինքն իրեն։ Դե ա՜յ, սրա դեմքին չի՞ գրված, որ հիմարի մեկն է, ահա այս գյուղացու դեմքին, հը/։

— Հանգիստ թող նրան, Կոլյա, անցնենք գնանք։

— Չէ՜, ոչ մի դեպքում, ախորժակս եկել է արդեն։ Հե՜յ, բարի օր, գյուղացի ախպեր։

Կլոր ու հիմարավուն դեմքով, ալեխառն մորաքով հաղթանդամ գյուղացին, որ երևի խմել էր արդեն և դանդաղ անցնում գնում էր, գլուխը բարձրացրեց և նայեց տղային։

— Դե լավ, բարի օր, եթե հանա՞ք չես անում,— պատասխանեց նա անշտապ։

— Իսկ եթե հանա՞ք եմ անում,— ծիծաղեց Կոլյան։

— Է՜հ, անում ես, արա, աստված քեզ հետ։ Ինչ կա որ։ Արածդ թող հանաք լինի, դա միշտ էլ կարելի է։

— Կներես, ախպերս, հանաք էր։

— Է՛հ, աստված քեզ ների։

— Իսկ դու, դո՛ւ ներս՞ւմ ես։

— Շատ լավ էլ ներում եմ։ Գնա բանիդ։

— Տես է՜, դու խելոք գյուղացի ես երևում։

— Քեզնից խելոք եմ,— պատասխանեց գյուղացին անսպասելիորեն և նույն ծանրակշիռ արտահայտությամբ։

— Հազիվ թե,— շփոթվեց մի քիչ Կոլյան։

— Ճիշտ եմ ասում։

— Գուցե և այդպես է։

— Հա, էդպես է, ջանիկս։

— Մնաս բարով, գյուղացի ախպեր։

— Գնաս բարով։

— Գյուղացիները բոլորն էլ նույնը չեն լինում,— նկատեց Կոլյան մի փոքր լռելուց հետո, դիմելով Սմուրովին։— Որտեղի՞ց իմանայի, որ խելոքին կհանդիպեմ։ Ես միշտ պատրաստ եմ ընդունելու, որ խելք ասված բանը կա՛ ժողովրդի մեջ։

Հեռվում մայր եկեղեցու ժամացույցը տասնմեկ անց կեսը խփեց։ Տղաներն սկսեցին շտապել և արագորեն, գրեթե առանց խոսելու անցան մնացած ճանապարհը, որ դեռ բավական երկար էր՝ մինչև փոխկապիտան Սնեգիրյովի բնակարանը։ Քսան քայլ էր մնացել, երբ հանկարծ Կոլյան կանգ առավ և Սմուրովին պատվիրեց առաջ գնալ և Կարամազովին կանչել դուրս՝ իր մոտ։

— Պետք է նախօրոք շոշափել մի քիչ,— նկատեց նա։

— Բայց ի՞նչ կարիք կա դուրս կանչելու,— առարկեց Սմուրովը,— հենց ուղղակի մտիր, սոսկալի կուրախանան, որ եկել ես։ Թե չէ այս ցրտին ծանոթանա՞լն ինչ է։

— Ե՛ս գիտեմ, թե ինչու եմ նրան դուրս կանչում այս ցրտին,— կարճ կտրեց Կոլյան տիրական շեշտով (նա շատ էր սիրում այդ ձևով խոսել այս «փոքրերի» հետ), և Սմուրովը վազեց հրամանը կատարելու։

IV։ Ժուչկան

Կոլյան դեմքի ծանրակշիռ արտահայտությամբ հենվեց ցանկապատին և սպասեց Ալյոշայի երևալուն։ Այո, վաղուց արդեն ուզում էր հանդիպել նրան։ Ալյոշայի մասին շատ էր լսել տղաներից, բայց մինչև հիմա միշտ էլ արհամարհական անտարբերություն էր ցուցաբերել արտաքուստ, երբ խոսում էին նրա մասին, նույնիսկ «քննադատել» էր նրան, լսելով այն, ինչ հաղորդում էին իրեն նրա ասածներից։ Բայց սրտի խորքում շատ, շատ էր ուզում ծանոթանալ. համակրական ու գրավիչ մի բան կար այն բոլոր պատմությունների մեջ, որ լսել էր Ալյոշայի մասին։ Այսպիսով, ներկա պահը կարևոր էր Կոլյայի համար, նախ և առաջ, պետք է այնպես աներ, որ ամոթով չմնար, իր անկախությունը ցույց տար. «Թե չէ կմտածի, որ տասներեք տարեկան եմ և ինձ էլ սրանց նման երեխայի տեղ կդնի։ Իսկ ի՞նչ է ուզում այս երեխաներից։ Կհարցնեմ, երբ լավ ծանոթանամ հետը։ Բայց վատ է, որ այսքան կարճ է հասակս։ Տուզիկովը փոքր է ինձնից, բայց մի կես գլխով ավելի երկար է։ Բայց խելացի դեմք ունեմ, գեղեցիկ չեմ, նույնիսկ գիտեմ, որ զզվելի եմ դեմքով, բայց խելացի է դեմքս։ Եվ մեկ էլ կարիք չկա շատ բացվելու, թե չէ հենց միանգամից որ գիրկն ընկնեմ, կարող է մտածել... Թո՛ւհ, ինչ զզվելի բան կլինի, եթե մտածի, որ...»։

Այսպես հուզվում էր Կոլյան, ամբողջ էությամբ ջանալով խիստ անկախ տեսք ընդունել։ Հատկապես նրան տանջում էր կարճ հասակը, ոչ այնքան իր «զզվելի» դեմքը, որքան հենց կարճ հասակը։ Տան մի անկյունում, պատի վրա, դեռ անցյալ տարի մատիտով մի գիծ էր քաշել, նշելով իր հասակը, և դրանից հետո երկու ամիսը մեկ մոտենում էր պատին անձկությամբ, տեսնելու համար, թե որքան է աճել։ Բայց ավա՜ղ, սոսկալի դանդաղ էր աճում, և դա երբեմն պարզապես հուսահատության էր մատնում նրան։ Իսկ դեմքը բնավ էլ «զզվելի» չէր, այլ ընդհակառակը՝ բավական առինքնող էր, սպիտակ, դալկավուն, պեպենոտ։ Մոխրագույն, փոքր, բայց վառվռուն աչքերը նայում էին հանդուգն հայացքով և հաճախ զգացմունքն էր բոցավառվում նրանց մեջ։ Այտոսկրերը մի քիչ լայն էին, շրթունքները՝ փոքր, ոչ շատ հաստ, բայց շատ կարմիր, քիթն էլ փոքր էր և որոշակիորեն վեր ցցված։ «Ուղղակի կճատ քիթ է, կճա՜տ քիթ»,— մրթմրթում էր ինքնիրեն Կոլյան, երբ հայելու մեջ էր նայում, և միշտ էլ վրդովմունքով էր հեռանում հայելուց։ «Բայց գուցե դե՞մքս էլ խելացի չէ»,— մտածում էր նա երբեմն, նույնիսկ դրան էլ կասկածելով։ Եվ սակայն պետք չէ կարծել, թե իր դեմքի ու հասակի մասին մտահոգությունը կլանում էր նրա ամբողջ խելքն ու միտքը։ Ընդհակառակը, որքան էլ դառն լինեին այդ րոպեները հայելու առաջ, շուտով մոռանում էր դրանք, և նույնիսկ երկար ժամանակ մոռանում, «լիովին հանձնվելով գաղափարներին և իրական կյանքին», ինչպես ինքն էր բնորոշում իր գործունեությունը։

Ալյոշան շուտով երևաց և շտապ մոտեցավ Կոլային։ Դեռ մի քանի քայլ հեռվից Կոլյան տեսավ, որ Ալյոշայի դեմքը մի տեսակ շատ ուրախ էր։ «Մի՞թե այդքան ուրախ է, որ ինձ է տեսնում»,— մտածեց Կոլյան գոհունակությամբ։ Այստեղ ի դեպ նշենք, որ Ալյոշան շատ էր փոխվել այն օրից, երբ վերջին անգամ տեսանք նրան. հանել էր պարեգոտը և սքանչելի կարված սերթուկ էր հագնում հիմա, կլոր ու փափուկ գլխարկ, մազերն էլ կարճ էին կտրված։ Այս բոլորը շատ էին գեղեցկացրել նրան, ուղղակի սիրունիկ մի տղամարդ էր դարձել։ Նրա առինքնող դեմքին միշտ էլ ուրախ արտահայտություն կար, բտյց դա մի տեսակ մեղմ ու հանգիստ ուրախություն էր։ Կոլյան զարմացավ, որ Ալյոշան դուրս էր եկել առանց վերարկուի, հենց այն հագուստով, որով նստել էր սենյակում. երևում էր, որ շտապել է։ Նա ուղղակի ձեռքը մեկնեց Կոլյային։

— Ահա վերջապես դուք էլ եկաք։ Ի՜նչ անհամբեր սպասում էինք ձեզ բոլորս։

— Պատճառներ կային, հիմա կիմանաք։ Համենայն դեպս, ուրախ եմ, որ ծանոթանում եմ։ Վաղուց էի սպասում առիթի և շատ եմ լսել,— մրթմրթաց Կոլյան, և շունչը կտրվեց մի քիչ։

— Մենք այնուամենայնիվ պիտի ծանոթանայինք իրար, ինքս էլ ձեր մասին շատ եմ լսել։ Բայց այստեղ, այստե՛ղ ուշ եկաք։

— Ասացեք, ինչպե՞ս է դրությունը այստեղ։

— Իլյուշան շատ վատ է, կմահանա անպայման։

— Ի՜նչ եք ասում։ Ընդունեցեք, որ բժշկությունը ստոր բան է, Կարամազով,— բացականչեց Կոլյան եռանդագին։

Իաուշան հաճախ, շատ հաճախ էր հիշում ձեզ, նույնիսկ քնած ժամանակ, զառանցանքի մեջ, գիտե՞ք։ Երևում է, որ դուք առաջ շատ, շատ թանկ եք եղել նրա համար... մինչև այն դեպքը... դանակը... Մի ուրիշ պատճառ էլ կա... Ասացեք, սա ձե՞ր շունն է։

— Իմն է։ Պերհզվոն։

— Եվ ո՞չ թե Ժուչկա,— Ալյոշան ցավագին նայեց Կոլյայի աչքերի մեջ։— Այնպես էլ կորավ-գնա՞ց Ժուչկան։

— Գիտեմ, բոլորդ էլ կուզեիք, որ Ժուչկան լիներ, ամեն ինչ լսել եմ,— խորհրդավոր ժպտաց Կոլյան։— Լսեցեք, Կարամազով, ես ձեզ կբացատրեմ ամբողջ խնդիրը, հենց դրա համար եմ եկել, դրա համար էլ դուրս կանչեցի ձեզ, նախօրոք բացատրեմ ամբողջ պատմությունը, ներս մտնելուց առաջ,— աշխուժորեն սկսեց նա։— Հասկանո՞ւմ եք, Կարամազով, գարնանն էր՝ Իլյուշան նախապատրաստական դասարանը մտավ։ Դե գիտեք մեր նախապատրաստական դասարանը՝ պստիկ տղաներ են, երեխաներ։ Հենց իսկույն սկսեցին կպնել Իլյոլշային։ Ես երկու դասարան բարձր եմ, և պարզ է՝ հեռվից եմ նայում, կողմնակի անձ։ Տեսնում եմ՝ փոքրիկ, թույլ տղա է, բայց գլուխ չի թեքում, նույնիսկ կռվում է նրանց հետ, հպարտ է, աչուկները վառվում են։ Սիրում եմ այդպիսիներին։ Իսկ մյուսները, տեսնում եմ, ավելի խիստ նեղացնում են նրան։ Մանավանդ որ նա այն ժամանակ մի զարհուրելի վերարկու էր հագնում, տաբաաը՝ նեղ-նեղ, կոշիկները՝ ծակ-ծակ։ Մեկ էլ դրա համար կպնում էին նրան։ Նվաստացնում էին։ Չէ՜, այդ արդեն չեմ սիրում։ Անմիջապես պաշտպան կանգնեցի և մի կարգին դաս տվեցի մյուսներին։ Ես ծեծում եմ նրանց, իսկ նրանք ինձ պաշտում են, գիաե՞ք, Կարամազով,— անկեղծ մղումով իր գլուխը գովեց Կոլյան։— Եվ առհասարակ սիրում եմ երեխաներին։ Հիմա էլ տանը երկու ճուտ նստած են իմ վզին, այսօր նույնիսկ պաաճառ եղան, որ ուշանամ։ Այսպես ուրեմն, էլ վերջ տվեցին Իլյուշային ծեծելուն, և ես նրան իմ պաշտպանության տակ առա։ Տեսնում եմ՝ հպարտ տղա է, ասում եմ ձեզ հպարտ, բայց վերջը ստրուկի պես նվիրվեց ինձ, իմ ամենափոքր հրամանները կաաարում էր, այնպես էր հնազանդվում՝ կարծես աստված լինեի. ամեն ինչ անում էր, որ ինձ նմանվի։ Դասամիջոցներին իսկույն վազում էր ինձ մոտ, և միասին էինք ման գալիս կիրակի օրերը նույնպես։ Մեր դպրոցում ծիծաղում են, երբ մեծը այդ ձևով ընկերություն է անում փոքրի հետ, բայց դա նախապաշարմունք է։ Սիրտս այսպե՞ս է ուզում և վե՛րջ. ճիշտ չե՞մ ասում։ Բան էի սովորեցնում նրան, զարգացնում էի, և ասացեք խնդրեմ՝ ինչո՞ւ չեմ կարող զարգացնել, եթե նա ինձ դուր է գալիս։ Չէ՞ որ ահա դուք էլ, Կարամազով, մոտիկացել եք բոլոր այս ճտերի հետ, ուրեմն ուզում եք ազդեցություն գործել նոր սերնդի վրա, զարգացնել, օգտակար լինել, չէ՞։ Եվ խոստովանում եմ, ինձ ամենից ավելի հետաքրքրեց ձեր բնավորության ա՛յդ գիծը, որ իմացել եմ ձեր մասին իմ լսածներից։ Բայց անցնենք հարցին. նկատում էի, որ մի տեսակ զգայուն, փափկասիրտ բաներ են զարգանում տղայի մեջ, իսկ ես, գիտե՞ք, ուղղակի ատում եմ բոլոր տեսակի հորթային քնքշությունները, հենց իմ ծնված օրից։ Եվ մեկ էլ հակասություեներ էի տեսնում. հպարտ է, բայց ստրուկի պես նվիրվել է ինձ. ստրուկի պես նվիրվել է, բայց հանկարծ աչքերը վառվում են և նույնիսկ չի էլ ուզում համաձայնվել ինձ հետ, վիճում է, կատաղությունից ուտում իրեն։ Երբեմն այս կամ այն գաղափարն էի քարոզում. նա ոչ թե գաղափարները չէր ընդունում, այլ պարզապես տեսնում էի՝ ուղղակի իմ դեմ է իր ըմբոսաությունը, որովհետև ես սառն եմ պատասխանում իր քնքշությnւններին։ Դե ես էլ, պնդացնելու համար նրան, որքան ավելի քնքուշ էր լինում՝ այնքան ավելի սառն էի պահում ինձ, դիտմամբ էի անում, այդպես է իմ համոզմունքը։ Միտքս այն էր, որ բնավորությունը կոփեմ, ձևի մեջ դնեմ, մարդ ստեղծեմ... և հետո էլ... դե պարզ է, դուք մի բառից հասկանում եք ինձ։ Մեկ էլ հանկարծ նկատեցի՝ մի օր չէ, երկու օր չէ, երեք օր՝ գլուխը կախել է, ցավ ունի սրտում, բայց ոչ թե այդ քնքշությունների համար, չէ՜, մի ուրիշ բան է ցավը, ավելի կարևոր, բարձր մի բան։ Մտածեցի՝ ի՞նչ ողբերգություն է տեսնես։ Վրա տվեցի և հասկացա բանը. չգիտեմ ինչպես, ծանոթացել է Սմերդյակովի հետ՝ ձեր հանգուցյալ հոր ծառայի (իսկ ձեր հայրը դեռ կենդանի էր այն ժամանակ), և այդ Սմերդյակովն էլ, դու մի ասա, մի հիմար կատակ է սովորեցրել նրան, տխմար լակոտին, այսինքն վայրենի մի կատակ, ստոր կատակ. այսինքն թե՝ մի կտոր հացի միջուկ վերցրու, ասեղ խոթիր մեջը և գցիր մի որևէ շան առաջ, այնպիսի մի շան, որ սովից ուղղակի կուլ է տալիս պատառը առանց ծամելու, և նայիր, թե ինչ կլինի հետո։ Ուրեմն այդպիսի մի կտոր հաց են պատրաստում և գցում են հենց այդ փրչոտ Ժուչկային, որի համար այդպես իրար են անցել հիմա, բակի շուն է լինում դա, բայց տերերը պարզապես չեն կերակրում, և նա էլ ամբողջ օրը մռութը տնկած հաչամ է։ (Սիրո՞ւմ եք այդ հիմար հաչոցը, Կարամազով։ Ես տանե՛լ չեմ կարող)։ Ուղղակի նետվել է հացի վրա, հենց կուլ տվել ու սկսել է կաղկանձել, կլոր-կլոր պտտվել, հետո վազել-գնացել է, վազել ու անընդհատ կաղկանձել ու այդպես էլ կորել է։ Իլյուշան ինքը այդպես նկարագրեց։ Խոստովանում էր արածը, բայց ինչպե՜ս էր լաց լինում, գրկում էր ինձ ու ցնցվում ոտից գլուխ։ «Վազում ու կաղկանձու՜մ էր, վազում ու կաղկանձու՜մ»,— հենց այս էր միայն կրկնում անընդհատ, սոսկալի ազդել էր վրան այդ պատկերը։ Է՜, տեսնում եմ՝ խիղճն է տանջում։ Լուրջ ընդունեցի հարցը։ Մանավանդ որ՝ առաջվա բաների համար էլ ուզում էի դասը տալ։ Եվ պետք է խոստովանեմ՝ խորամանկություն արեցի, ձևացրի, թե սոսկալի վրդովվել եմ, թեև այնքան էլ չէի վրդովվել գուցե։ «Ստոր բան ես արել,— ասացի,— սրիկա ես դու։ Ոչ ոքի չեմ ասի իհարկե, բայց առայժմ կապերս կտրում եմ քեզնից։ Կմտածեմ արածիդ մասին և Սմուրովի միջոցով իմաց կտամ քեզ (այ հենց այս տղան, որ հիմա ինձ հետ եկավ և միշտ էլ ինձ նվիրված է եղել)։ Իմաց կտամ,— ասացի,— շարունակելո՞ւ եմ սրանից հետո հարաբերություններս քեզ հետ, թե վերջնականապես դեն եմ գցելու քեզ որպես սրիկայի»։ Սոսկալի շշմեց։ Խոստովանում եմ, հենց նույն րոպեին էլ զգացի, որ գուցե չափից ավելի խիստ էի վերաբերվել, բայց ի՞նչ անես՝ այդպես էի մտածում այդ րոպեին։ Անցավ մի օր, Սմուրովին ուղարկեցի ասելու, թե այլևս «չեմ խոսում» հետը, այսինքն մենք այդպես ենք ասում, երբ երկու ընկեր կտրում են իրենց հարաբերությունները։ Թաքուն միտքս այն էր, որ ընդամենը մի քանի օր երես դարձնեմ նրանից, հետո երբ զղջալը տեսնեմ՝ նորից մեկնեմ իմ ձեռքը։ Հաստատ մտադրել էի այդպես։ Բայց ինչ եք կարծում՝ լսել է Սմուրովին, և հանկարծ աչքերը սկսել են վառվել։ «Ասա՛ իմ կողմից Կրասոտկինին,— գոռացել է,— սրանից հետո բոլոր շներին ասեղով հաց եմ գցելու, բոլո՛ր շներին, բոլո՜ր»։— «Ըհը՜,— մտածեցի,— կոտոշներ են բուսել, պետք է ջարդել դրանք»,— և սկսեցի կատարյալ արհամարհանք ցույց տալ. ամեն անգամ, որ հանդիպում էի՝ երեսս շուռ էի տալիս կամ հեգնական ժպտում։ Եվ մեկ էլ հանկարծ նրա հոր այդ դեպքը պատահեց, հիշո՞ւմ եք, ճիլոպը։ Հասկացեք, այդ բոլորն արդեն այնպիսի հող էին պատրաստել նրա մեջ, որ նա պետք է սոսկալի բորբոքվեր։ Տղաները երբ տեսան, որ ես լքեցի նրան, վրա տվեցին և սկսեցին ծաղրել. «Ճիլո՜պ, ճիլո՜պ»։ Այ հենց այդ ժամանակ էլ սկսվեցին նրանց ճակատամարտերը, և ես սոսկալի ցավում եմ դրա համար, որովհետև, կարծեմ, մի անգամ շատ վատ խփել են նրան։ Եվ ահա մի օր էլ նա բոլորի վրա հարձակվեց դպրոցի բակում, երբ դասից դուրս էին գալիս, իսկ ես էլ հենց կանգնել էի տասը քայլ հեռու և նրան էի նայում։ Երդվում եմ, չեմ հիշում, որ ծիծաղած լինեմ այդ րոպեին, ընդհակառակը, շատ, շատ մեղքացա նրան, և մի վայրկյան էլ ու պիտի վազեի, որ պաշտպանեմ։ Բայց հանկարծ իմ հայացքը տեսավ, չգիտեմ ինչ թվաց նրան, բայց մեկեն գրպանի դանակը հանեց ու նետվեց ինձ վրա, խփեց ազդրիս՝ ահա այստեղ, աջ ոտքիս։ Չշարժվեցի. ճիշտն ասեմ, երբեմն ես քաջ եմ լինում, Կարամազով։ Պարզապես արհամարհանքով նայեցի նրան, կարծես հայացքով ասում էի՝ «Դե՛հ, ուզում ես մի անգամ էլ խփիր, եթե այսպես ես վարձատրում իմ բարեկամությունը. ծառա եմ կամքիդ»։ Բայց էլ չխփեց, չդիմացավ, ինքը վախեցավ, դեն գցեց դանակը, լաց ու կոծը դրեց ու վազելով փախավ։ Պարզ է, ես չծախեցի նրան և բոլորին էլ հրամայեցի, որ բերանները փակ պահեն, դասատուների ականջը չհասնի. նույնիսկ մորս էլ չասացի, մինչև վերքը լավացավ, և արդեն վերքն էլ դատարկ բան էր, հասարակ մի քերծվածք։ Հետո մեկ էլ լսեցի, որ նույն օրը քարակռիվ է արել և ձեր մատն է կծել, բայց թե հասկանո՞ւմ եք ինչ վիճակի մեջ էր նա։ Դե ինչ արած, իմ հիմարությունն էլ այն էր, որ երբ հիվանդացավ՝ չգնացի նրրան ներելու, այսինքն հաշտվելու հետը, հիմա զղջում եմ։ Բայց դե արդեն մի ուրիշ բան էի մտածել այդ ժամանակ, մի հատուկ նպատակ ունեի։ Ահա ուրեմն ամբողջ պատմությունը... միայն թե կարծեմ հիմար բան արեցի, որ այսպես...

— Ախ ափսո՜ս,— բացականչեց Ալյոշան հուզված,— ափսո՜ս, որ ես առաջ չգիտեի ձեր այդ հարաբերությունները նրա հետ, թե չէ ինքս վաղուց կգայի ձեզ մոտ և կխնդրեի, որ ինձ հետ միասին այցելեք նրան։ Կհավատա՞ք, հիվանդ պառկած, ջերմության մեջ, նա ձեր մասին էր զառանցում։ Ես չգիտեի էլ, թե որքա՜ն թանկ եք նրա համար։ Եվ մի՞թե, մի՞թե իսկապես չգտաք այդ Ժուչկային։ Հայրը և բոլոր տղաները փնտրել են ամբողջ քաղաքում։ Կհավատա՞ք, այդպես հիվանդ, լաց լինելով, նա իմ ներկայությամբ արդեն երեք անգամ ասաց հորը. «Ժուչկային սպանեցի այն ժամանակ, դրա համար էլ հիվանդ եմ հիմա, հայրիկ, աստված ինձ պատժեց»։ Անկարելի է այդ բանը հանել նրա մտքից։ Եվ եթե գտնվե՜ր հիմա այդ Ժուչկան, բերեին ու ցույց տային, որ չի մեռել, կենդանի է, ուրախությունը կարծես թե կյանք կտար նրան։ Բոլորս էլ ձեզ վրա էինք հույս դրել։

— Իսկ ասացեք, ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով հույս ունեիք, որ կգտնեմ Ժուչկային, այսինքն թե հենց ե՛ս կլինեմ գտնողը,— հարցրեց Կոլյան արտակարգ հետաքրքրությամբ,— ինչո՞ւ հենց ինձ վրա էիք հույս դրել, ոչ թե ուրիշի։

— Ասում էին, որ դուք փնտրում եք և երբ գտնեք՝ պիտի այստեղ բերեք։ Սմուրովը այդպիսի մի բան էր ասում։ Մանավանդ որ բոլորս էլ աշխատում ենք համոզել Իլյուշային, որ Ժուչկան կենդանի է, տեսել են նրան մի տեղ։ Տղաները մի կենդանի նապաստակ էին ճարել ու բերել, բայց նա հենց նայեց միայն, հազիվհազ ժպտաց ու խնդրեց, որ բաց թողնեն դաշտում։ Այդպես էլ արեցինք։ Դեռ քիչ առաջ հայրը եկավ ու գամփռի ձագ բերեց, նույնպես ճարել է մի տեղից, մտածում էր, թե կմխիթարի դրանով, բայց կարծեմ ավելի վատ եղավ...

— Մի բան էլ ասացեք ինձ, Կարամազով. ի՞նչ մարդ է նրա այդ հայրը։ Ճանաչում եմ նրան, բայց ի՞նչ մարդ է ձեր կարծիքով՝ խեղկատա՞կ, միմո՞ս։

— Օհ ո՜չ, մարդիկ կան, որ խոր զգացումներ ունեն, բայց ճնշված են մի տեսակ։ Այդպիսիների խեղկատակությունը զայրալից հեգնանքի նման մի բան է այն մարդկանց դեմ, որոնց երեսին չեն համարձակվում ճշմարտությունը ասել, որովհետև երկար ժամանակ ստորացուցիչ երկչոտությամբ են նայել նրանց։ Հավատացեք, Կրասոտկին, այդպիսի խեղկատակությունը երբեմն չափազանց ողբերգական է։ Նրա համար ամե՜ն ինչ, ամբո՜ղչ աշխարհը հիմա Իլյուշայի մեջ է կենտրոնացել, և եթե մեռնի Իլյուշան, նա կա՛մ կխելագարվի վշտից, կամ էլ վերջ կտա իր կյանքին։ Երբ հիմա նայում եմ նրան, գրեթե համոզվում եմ, որ այդպես է։

— Հասկանում եմ ձեզ, Կարամազով, տեսնում եմ, որ դուք ճանաչում եք մարդկային հոգին,— ավելացրեց Կոլյան խելամտորեն։

— Եվ երբ այս շունը տեսա ձեզ մոտ, ուղղակի մտածեցի, որ հենց այդ Ժուչկային եք բերել։

— Սպասեցեք, Կարամազով, գուցե և գտնենք նրան, իսկ այս մեկը Պերեզվոնն է։ Հիմա ես սրան ներս կթողնեմ, և գուցե սա ավելի ուրախացնի Իլյոլշային, քան այդ գամփռի ձագը։ Սպասեցեք, Կարամազով, հիմա մի որոշ բան կիմանաք։ Բայց աստվա՜ծ իմ, ինչո՞ւ եմ ձեզ պահում այստեղ,— բացականչեց Կոլյան հանկարծակի մղումով։ — Միայն սերթուկով կանգնել եք այս ցրտին, իսկ ես երկար֊բարակ պատմություններ եմ անում։ Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք ինչ եսասեր եմ։ Օ՜, մենք բոլորս էլ եսասեր ենք, Կարամազով։

— Մի՛ անհանգստանաք. ճիշտ է՝ ցուրտ է, բայց ես մրսկան չեմ։ Գնանք համենայն դեպս։ Ի միջի այլոց, ի՞նչ է ձեր անունը։ Գիտեմ, որ Կոլյա է, բայց լրի՞վ անունը։

— Նիկոլայ, Նիկոլայ Իվանով Կրասոտկին, կամ ինչպես ասում են պաշտոնական ձևով՝ որդի Կրասոտկին,— չգիտես ինչու ծիծաղեց Կոլյան, բայց հանկարծ ավելացրեց.— Պարզ է, ատում եմ իմ Նիկոլայ անունը։

— Իսկ ինչո՞ւ։

— Տափակ է, պաշտոնական...

— Տասներեք տարեկա՞ն եք,— հարցրեց Ալյոշան։

— Այսինքն տասնչորս, երկու շաբաթից տասնչորս եմ լինելու, շատ քիչ է մնում։ Նախօրոք խոստովանեմ ձեզ իմ թուլությունը, Կարամազով, սա արդեն հենց այնպես եմ ասում ձեզ, առաջին ծանոթության համար, որպեսզի միանգամից տեսնեք իմ ամբողջ բնավորոլթյոմւը. ատում եմ, երբ հարցնում էն իմ տարիքը, և դեռ ատելն էլ քիչ է... և վերջապես... իմ մասին, օրինակ, մի զրպարտություն են տարածել, թե անցյալ շաբաթ նախապատրաստական երեխաների հետ ավազակ եմ խաղացել։ Ճիշտ է, խաղացել եմ, բայց ուղղակի զրպարտություն է, երբ ասում են, թե ես ինձ համար եմ խաղացել, իմ սեփական հաճույքի համար։ Հիմքեր ունեմ կարծելու, որ ձեզ էլ հասել է լուրը, բայց ես ոչ թե ինձ համար էի խաղում, այլ երեխաների համար, որովհետև նրանք ոչինչ չէին կարողանում հնարել առանց ինձ։ Ահա, միշտ էլ մի որևէ հիմարություն են տարածում մեր քաղաքում։ Բամբասանքների քաղաք է, հավատացնում եմ ձեզ։

— Թեկուզ և ձեր հաճույքի համար խաղայիք, ի՞նչ կա որ։

— Է՜, եղա՞վ. իմ հաճույքի համա՜ր... Դուք հո ձի֊ձի չէիք խաղա, չէ՞։

— Բայց դուք այսպես դատեցեք,— ժպտաց Ալյոշան։— Մեծերը, օրինակ, թատրոն են գնում, չէ՞, և թատրոնում էլ ամեն տեսակ հերոսների արկածներն են ներկայացնում, երբեմն այնտեղ էլ ավազակներ են լինում, կռիվներ, դա նույն բանը չէ՞, ի՛ր տեսակի մեջ անշուշտ։ Իսկ երբ փոքրերն զբոսանքի ժամին զինվոր֊զինվոր կամ էլ ավազակ են խաղում, դա նույնպես արվեստ է իր սաղմնային վիճակում, դա արվեստի պահանջն է, որ ծնվում է դեռատի հոգու մեջ, և երբեմն նույնիսկ այդ խաղերը ավելի հնարամիտ են արվում, քան թատրոնի ներկայացումները։ Տարբերությունը միայն այն է, որ թատրոն են գնում դերասաններին նայելու, իսկ երբ փոքրերը խաղում են՝ հենց իրենք են դերասանները։ Բայց դա էլ հենց բնական է։

— Դուք այդպե՞ս եք մտածում։ Այդպե՞ս է ձեր համոզմունքը։— Կոլյան ակնդետ նայեց նրան։— Գիտե՞ք, բավական հետաքրքիր միտք հայտնեցիք։ Երբ տուն գնամ, ուղեղս կբանեցնեմ այդ ուղղությամբ։ Խոստովանում եմ՝ հենց այսպես էլ ենթադրում էի, հույս ունեի, որ կարելի է ձեզնից բան սովորել։ Ես եկել եմ սովորելու ձեզնից, Կարամազով,— եզրակացրեց Կոլյան խորազգաց ու զեղուն ձայնով։

— Ես էլ ձեզնից,— ժպտաց Ալյոշան, սեղմելով նրա ձեռքը։

Կոլյան չափազանց գոհ էր Ալյոշայից։ Շշմել էր, որ նա բացարձակապես հավասարի տեղ է դնում իրեն և այնպես է խոսում, ինչպես «ուղղակի մեծի» հետ։

— Ես հիմա ձեզ մի հիմարություն եմ ցույց տալու, Կարամազով, նույնպես թատերական մի ներկայացում,— ջղայնորեն ծիծաղեց նա,— հենց դրա համար եմ եկել։

— Նախ մտնենք տանտիրոջ մոտ, ձախ կողմը. ձերոնք բոլորն էլ իրենց վերարկուներր այնտեղ են թողնում, որովհետև սենյակում նեղվածք է և շոգ։

— Օ՜, ես մի վայրկյան եմ մնալու, կմտնեմ ու վերարկուով էլ կնստեմ։ Պերեզվոնը թող մնա այստեղ, միջանցքում, և թող մեռնի. «Իսի՛, Պերեզվոն, պառկիր ու մեռի՛ր»։ Տեսնո՞ւմ եք, մեռավ։ Իսկ ես նախ մտնեմ, նայեմ ինչպես է դրությունը, և հետո երբ պետք լինի՝ կսուլեմ. «Իսի, Պերեզվոն»։ Եվ կտեսնեք, խենթի նման ներս կթռնի անմիջապես։ Միայն թե Սմուրովը չմոռանա և նույն վայրկյանին դուռը բաց անի։ Դե լավ, ես ամեն ինչ կկարգադրեմ և դուք կտեսնեք ներկայացումը...

V։ Իլյուշայի անկողնի մոտ

Մեզ արդեն ծանոթ սենյակում, ուր բնակվում էր պաշտոնաթող փոխկապիտան Սնեգիրյովի ընտանիքը, այդ րոպեին շատ մարդ էր հավաքվել և նեղվածք էր, տոթ։ Այս անգամ մի քանի տղա նստել էին Իլյոլշայի մոտ, ու թեև բոլորն էլ, Սմուրովի նման, պատրաստ էին ժխտելու, որ Ալյոշան էր նրանց բերել այստեղ ու հաշտեցրել Իլյուշայի հետ, բայց իրոք այդպես էր։ Այս պարագային նրա ի գործ դրած ամբողջ ճարտարությունն այն էր, որ տղաներին մեկ առ մեկ բերել էր Իլյուշայի մոտ, առանց «հորթային քնքշությունների», կարծես բոլորովին պատահականորեն, և ոչ թե դիտմամբ։ Իսկ դա մեծապես թեթևացրել էր Իլյուշայի տառապանքը։ Նա շատ էր հուզվել, տեսնելով այդ տղաների, իր նախկին թշնամիների, համարյա քնքշալի բարեկամությունն ու կարեկցանքը իր նկատմամբ։ Միայն Կրասոտկինն էր բացակայում, և դա ծանր քարի պես նստել էր նրա սրտին։ Եթե Իլյուշայի դառն հիշողությունների մեջ կար մի բան, որ ամենից ավելի դառն էր, դա հենց Կրասոտկինի՝ իր նախկին միակ բարեկամի և պաշտպանի վրա դանակով հարձակվելու դեպքն էր։ Այդպես էր մտածում նաև Սմուրովը, այդ խելացի մանչուկը, որ առաջինն էր եկել հաշտվելու Իլյուշայի հետ։ Բայց երբ Սմուրովը հեռվից-հեռու ակնարկելով հասկացրեց Կրասոտկինին, թե Ալյոշան ուզում է նրա մոտ գալ «մի գործով», Կրասոտկինն իսկույն կարճ կտրեց ու փակեց ճանապարհը, Սմուրովին հանձնարարելով անմիջապես հայտնել «Կարամազովին», թե ինքը ավելի լավ գիտե ինչպես պետք է վարվի, ոչ ոքից խորհուրդ չի խնդրում, և եթե գնա էլ հիվանդի մոտ՝ ի՛նքը գիտե, թե երբ պետք է գնա, որովհետև «իր հաշիվը» ունի։ Դա այս կիրակի օրից երկու շաբաթ առաջ էր։ Ահա թե ինչու Ալյոշան անձամբ չէր գնացել նրա մոտ, հակառակ իր մտադրության։ Բայց և այնպես, սպասելով հանդերձ, նա մի անգամ ևս Սմուրովին ուղարկեց Կրասոտկինի մոտ, հետո մի երրորդ անգամ էլ։ Սակայն Կրասոտկինը նորից ու նորից մերժեց՝ արդեն կտրականապես ու խիստ անհամբեր պատասխանելով, որ եթե Ալյոշան անձամբ գա իրեն տանելու, հենց դրա համար էլ ինքը երբեք չի գնա Իլյուշայի մոտ, և որ այլևս թող չցավացնեն իր գլուխը։ Մինչև վերջին օրն էլ դեռ Սմուրովը չգիտեր, որ Կոլյան որոշել է հենց այդ առավոտ գնալ Իլյուշային տեսնելու, և միայն նախորդ երեկո, Սմուրովից բաժանվելիս, Կոլյան հանկարծ կտրուկ ասաց նրան, որ հաջորդ առավոտ տանը մնա և սպասի իրեն, որովհետև նրա հետ միասին գնալու է Սնեգիրյովների մոտ, բայց և զգուշացրեց, որ չհամարձակվի որևէ մեկին հայտնել իր գնալու մասին, որովհետև ուզում է անակնկալ անել։ Սմուրովը հնազանդվեց։ Իսկ նրա այն հույսը, թե Կոլյան կորած Ժուչկային էլ կբերի իր հետ, հիմնված էր այն հարևանցի խոսքի վրա, որ Կրասոտկինը ասել էր մի անգամ. «Էշեր են բոլորն էլ, որ չեն կարողանում գտնել շանը, եթե անշուշտ չի մեռել կենդանին»։ Իսկ երբ Սմուրովը, հարմար առիթը գտնելով, երկչոտ մի ակնարկ էր արել շան վերաբերյալ իր ենթադրածի մասին, Կրասոտկինը հանկարծ սոսկալի զայրացել էր. «Ինչ է, ես է՞շ եմ, որ ուրիշի շանը փնտրեմ ամբողջ քաղաքով մեկ, երբ ես իմ Պերեզվոնն ունեմ։ Եվ ինչպե՞ս կարելի է հուսալ, որ ասեղ կուլ տված շունը կենդանի մնա։ Հորթային քնքշություններ են, ուրիշ ոչինչ»։

Իսկ Իլյուշան, արդեն երկու շաբաթ է, համարյա չէր ելնում իր անկողնից, պառկել էր անկյունը՝ սրբապատկերների տակ։ Դպրոց չէր գնում հենց այն օրից, երբ հանդիպեց Ալյոշային և նրա մատը կծեց։ Ի դեպ, նույն օրն էլ հիվանդացել էր, թեև դրանից հետո դեռ մի ամիս կարողանում էր մեկ֊մեկ վերկենալ ու մի կերպ քայլել սենյակում և միջանցքում։ Բայց ի վերջո այնքան էր տկարացել, որ առանց հոր օգնության չէր էլ կարողանում շարժվել։ Հայրը դողում էր նրա վրա, նույնիսկ բոլորովին չէր խմում այլևս, համարյա խելագարվել էր այն վախից, թե կմեռնի իր մանչուկը, և հաճախ, մանավանդ Իլյուշային սենյակում թևանցուկ ման ածելուց և նորից անկողին պառկեցնելուց հետո, հանկարծ վազում էր միջանցքի մի մութ անկյունը, ճակատը հենում պատին և սկսում հեկեկալ մի տեսակ աղիողորմ, սասանվող լացով, զսպելով ձայնը, որպեսզի իր հեկեկանքը չհասնի Իլյուշայի ականջին։

Բայց երբ սենյակ էր վերադառնում, սովորաբար սկսում էր մի որևէ բանով զվարճացնել ու մխիթարել իր սիրելի մանչուկին, հեքիաթներ էր պատմում, ծիծաղաշարժ անեկդոտներ, և կամ իր հանդիպած զանազան ծիծաղելի մարդկանց տնազն էր անում, նույնիսկ կապկում էր կենդանիներին, ցույց տալով, թե ինչ ծիծաղելի ձևով են նրանք ոռնում կամ գոռում։ Բայց Իլյուշան բնավ չէր սիրում, երբ հայրը ծռմռվում ու խեղկատակություն էր անում այդպես։ Տղան թեև աշխատում էր ցույց չտալ, թե իր համար տհաճ է դա, սակայն ցավ ի սիրտ գիտակցում էր, որ հայրը նվաստացած մարդ է հասարակության մեջ, շարունակ հիշում էր «ճիլոպը» և այն «սոսկալի օրը», հիշում անդիմադրելիորեն։ Նինոչկան, Իլյուշայի անդամալույծ ու հեզահամբույր քույրիկը, նույնպես չէր սիրում հոր խեղկատակությունները (իսկ Վարվառա Նիկոլաևնան վաղուց արդեն Պետերրուրգ էր գնացել դասընթացների հետևելու), բայց տկարամիտ մայրիկը շատ էր զվարճանում և ամբողջ սրտով ծիծաղում էր, երբ ամուսինն սկսում էր որևէ բան ցուցադրել կամ ծիծաղելի շարժուձևեր անել։ Եվ միայն դրանով կարելի էր մխիթարել մայրիկին, իսկ մնացյալ ժամերին նա շարունակ փնթփնթում էր ու տրտնջում, թե հիմա բոլորն այլևս մոռացել են իրեն, թե իրեն ոչ ոք չի հարգում, թե բոլորը վիրավորում են և այլն, և այլն։ Բայց վերջին մի քանի օրվա ընթացքում նա էլ մի տեսակ լրիվ փոխվել էր հանկարծ։ Սկսել էր հաճախ նայել անկյունը՝ Իլյուշային, և մտածմունքի մեջ ընկնել։ Շատ ավելի լռակյաց էր դարձել, հանդարտվել էր, և եթե նույնիսկ սկսում էր լաց լինել, ապա ձայն չէր հանում, որպեսզի չլսեն։ Փոխկապիտանը դառն տարակուսանքով նկատեց այդ փոփոխությունը նրա մեջ։ Տղաների այցելություններն սկզբում դուր չէին գալիս մայրիկին և պարզապես բարկացնում էին նրան, բայց հետո երեխաների ուրախ պոռչտուքն ու պատմությունները սկսեցին նրան էլ զվարճություն պատճառել և ի վերջո այնքան դուր եկան, որ եթե տղաները վերջ տային այցելություններին, նա սոսկալի պիտի տխրեր։ Երբ երեխաները մի որևէ բան էին պատմում կամ սկսում էին խաղալ, նա ծիծաղում էր և ծափ տալիս։ Ոմանց իր մոտ էր կանչում և համբուրում էր։ Հատկապես սիրել էր Սմուրովին։

Իսկ գալով փոխկապիտանին, հենց սկզբից էլ, երբ իր բնակարանում հայտնվեցին երեխաները, որոնք գալիս էին Իլյուշային զվարճացնելու, նրա սիրտը լցվեց հրճվագին ուրախությամբ և նույնիսկ այն հույսով, որ Իլյուշան այլևս չի տխրի և գուցե այդ պատճառով էլ ավելի շուտ կառողջանա։ Հակառակ Իլյուշայի համար իր զգացած վախին, մինչև վերջերս նա ոչ մի րոպե չէր տարակուսել, որ մանչուկը կառողջանա հանկարծ։ Հիացական մեծարանքով էր դիմավորում փոքրիկ հյուրերին, նրանց շուրջջն էր պտտվում, ծառայություններ մատուցում, պատրաստ էր իր ուսերի վրա ման ածել նրանց, և նույնիսկ իրոք սկսել էր այդպես ման ածել, բայց Իլյուշային դուր չեկան այդ խաղերը և վերջ գտան։ Նրանց համար սկսեց քաղցրեղեններ, մեղրաբլիթ, կաղին գնել, թեյ էր հյուրասիրում, ինքն էլ կարագ էր քսում հացի շերտերի վրա։ Պետք է նշել, որ ամբողջ այդ ժամանակ նա միշտ էլ փող ուներ։ Կատերինա Իվանովնայից երկու հարյուր ռուբլին ընդունել էր ճիշտ այնպես, ինչպես գուշակել էր Ալյոշան։ Իսկ հետո Կատերինա Իվանովնան, ավելի մանրամասն իմանալով նրանց պայմանների և Իլյուշայի հիվանդության մասին, անձամբ այցելել էր նրանց բնակարանը, ծանոթացել ամբողջ ընտանիքի հետ և նույնիսկ կարողացել էր հմայել տկարամիտ մայրիկին։ Այդ օրից նրա ձեռքը միշտ էլ բաց էր եղել, իսկ փոխկապիտանը, ահաբեկված այն մտքից, թե իր մանչուկը կարող է մեռնել, մոռացել էր իր նախկին պատվախնդրությունը և խոնարհաբար ընդունում էր նպաստը։ Ամբողջ այդ ժամանակ դոկտոր Հերցենշտուբեն, Կատերինա Իվանովնայի հրավերով, երկու օրը մեկ ճշտապահորեն գալիս էր հիվանդի մոտ, բայց նրա այցելությոլնները քիչ էին օգուտ տալիս, և նա տղայի փորը դեղերով էր լցնում։ Բայց այդ օրը, այսինքն այդ կիրակի առավոտ, մի նոր բժիշկ էին սպասում փոխկապիտանի բնակարանում, Մոսկվայից եկած և Մոսկվայում նշանավոր դեմք համարվող մի բժիշկ։ Կատերինա Իվանովնան հատկապես հրավիրել էր նրան Մոսկվայից ահագին մի գումար ծախսելով՝ ոչ թե Իլյուշայի համար, այլ մի ուրիշ նպատակի, որի մասին կխոսենք իր տեղում։ Բայց քանի որ եկել էր բժիշկը, Կատերինա Իվանովնան խնդրեց, որ նա այցելի նաև Իլյուշային, և այդ մասին նախօրոք հայտնեց փոխկապիտանին։

Սակայն փոխկապիտանը ոչ մի կերպ չէր նախազգում, թե այդ օրը գալու է նաև Կոլյա Կրասոտկինը, թեև վաղուց էր ցանկանում, որ վերչապես գա այդ տղան, որի համար այնքան տանջվում էր իր Իլյուշան։ Այն վայրկյանին, երբ Կրասոտկինը դուռը բացեց ու երևաց սենյակում, փոխկապիտանը և բոլոր տղաները հավաքվել էին հիվանդի անկողնի մոտ և նայում էին հենց նոր բերված գամփռի ձագին, որ դեռ երեկ էր ծնվել, թեև փոխկապիտանը մի շաբաթ առաջ էր պատվիրել այն, որպեսզի զվարճացնի և մխիթարի Իլյուշային, որ շարունակ տխրում էր, հիշելով կորած և իհարկե արդեն մեռած Ժուչկային։ Բայց Իլյուշան, որ արդեն երեք օր առաջ լսել էր ու գիտեր, թե իրեն մի շնիկ են նվիրելու, և ոչ թե հասարակ շնիկ, այլ իսկական գամփռի ձագ (մի բան, որ սոսկալի կարևոր էր անշուշտ), հիմա թեև նրբանկատ մի զգացումից մղվելով ցույց էր տալիս, թե ուրախ է նվերի համար, բայց բոլորն էլ, և՛ հայրը, և՛ տղաները, պարզ տեսնում էին, որ նոր շնիկը Իլյուշայի փոքրիկ սրտում գուցե ավելի սաստկորեն բորբոքում էր իր տանջած դժբախտ Ժուչկայի հիշատակը։ Շնիկը պառկել ու շարժկտում էր Իլյուշայի կողքին, և տղան, ցավագին ժպտալով, շոյում էր նրան իր բարալիկ, դժգույն, հյուծված ձեռքով, նույնիսկ երևում էր, որ շնիկը նրան դուր է եկել, բայց... չկա՜ր համենայն դեպս Ժուչկան, այս շնիկը համենայն դեպս Ժուչկան չէր։ իսկ ա՜յ եթե այս շնիկի հետ նաև Ժուչկան լիներ հիմա, կատարյա՜լ երջանկություն կլիներ։

— Կրասո՜տկինը,— գոչեց հանկարծ տղաներից մեկը, որ ամենից առաջ էր տեսել ներս մտած Կոլյային։ Ակնհայտ մի իրարանցում եղավ. տղաները ետ քաշվեցին ու կանգնեցին անկողնի մեկ և մյուս կողմը, այնպես որ Իլյուշան երևաց ոտից գլուխ։ Փոխկապիտանը շեշտակի սլացավ Կոլյային ընդառաջ։

— Համեցե՜ք, համեցե՛ք... թանկագի՜ն հյուր,— սկսեց բլբլալ նա։— Իլյոլշկա, պարոն Կրասոտկինն է եկել քեզ այցելության...

Բայց Կրասոտկինը, շտապ սեղմելով նրա ձեռքը, վայրկենապես ցույց տվեց, որ ինքը չափազանց լավ գիտե նաև բարեկիրթ հասարակության կանոնները։ Իսկույն ևեթ և ամենից առաջ դարձավ փոխկապիտանի տիկնոջը, որ նստել էր իր բազկաթոռին (հենց այդ րոպեին էլ կինը, սոսկալի դժգոհ, տրտնջում էր, թե տղաները կանգնել են Իլյուշայի անկողնի առաջ և չեն թողնում, որ ինքն էլ նայի նոր շնիկին), և չափազանց քաղաքավարի ողջունեց նրան՝ ոտքերը քստքստացնելով ու գլուխ տայով, հետո դարձավ Նինային և նրան էլ, որպես օրիորդի, նույն ձևով ողջունեց։ Այդ բարեկիրթ վարմունքը արտակարգորեն հաճելի տպավորություն գործեց հիվանդ տիկնոջ վրա։

— Ա՜յ իսկույն երևում է լավ կրթված երիտասարդը,— ասաց նա բարձր ձայնով ու ձեռքերը տարածելով։— Թե չէ մեր էն մյուս հյուրերն ի՞նչ՝ մեկը մյուսի վրա նստած գալիս մտնում են։

— Ինչպե՞ս թե մեկի մյուսի վրա նստած, մայրիկ, ի՞նչ եք ասում,— դժկամեց փոխկապիտանը՝ թեև սիրալիր, բայց «մայրիկի» ասածից փոքր-ինչ մտահոգված։

— Այ հենց էդպես էլ ներս են մտնում։ Միջանցքում մեկը մյուսի շալակին է նստում և էդպես գալիս մտնում են ազնիվ ընտանիքի մեջ, ոնց որ ձի հեծած։ Էդ ի՞նչ հյուր է որ։

— Բայց ո՞վ է այդպես ներս մտել, մայրիկ, ո՞վ, ո՞վ։

— Այ էս տղան էսօր են տղայի վրա նստած մտավ, իսկ ա՜յ էն էլ նրա վրա...

Բայց Կոլյան արդեն կանգնել էր Իլյուշայի անկողնի մոտ։ Հիվանդը ակնհայտորեն գունատվել էր։ Մի փոքր բարձրացել էր անկողնում և ուշիուշով նայում էր Կոլյային։ Արդեն երկու ամիս է Կոլյան չէր տեսել իր նախկին փոքրիկ բարեկամին և հիմա հանկարծ բոլորովին զարմանահար կանգնել էր նրա առաջ. երևակայել անգամ չէր կարող, որ այսքա՜ն նիհարած ու դեղնած մի դեմք կտեսնի, այսպիսի տենդագին ջերմության մեջ վառվող ու կարծես սոսկալի մեծացած աչքեր, այսպիսի բարալիկ ձեռքեր։ Վշտագին զարմանքով հառել էր աչքերը, տեսնելով, թե ինչպես խոր ու արագ֊արագ է շնչում Իլյուշան, ինչպես են նրա շրթունքները չորացել։ Մի քայլ արեց, մոտեցավ նրան, ձեռքը մեկնեց և համարյա բոլորովին շփոթվելով՝ ասաց.

— Է՜հ, բիձուկ... ինչպե՞ս ես։

Սակայն ձայնը կտրվեց, չկարողացավ անկաշկանդ ձևանալ, դեմքը հանկարծ ջղաձգվեց մի տեսակ, դող անցավ շրթունքներով։ Իլյուշան ցավագին ժպտում էր նրան ու դեռ չէր կարողանում մի բառ ասել։ Կոլյան հանկարծ ձեռքը բարձրացրեց և, չգիտես ինչու, շոյեց Իլյուշայի մազերը։

— Ո-չի՜նչ,— շշնջաց նա կմկմալով, կարծես քաջալերում էր հիվանդին, և կամ գուցե ինքն էլ չգիտեր, թե ինչու ասաց այդ բանը։ Մի րոպե նորից լուռ մնացին։

— Դա ի՞նչ է, նոր շնի՞կ ունես,— հանկարծ բսլորովին անկարեկից ձայնով հարցրեց Կոլյան։

— Հա-ա֊ա՜,— պատասխանեց Իլյուշան երկարուն, հևասպառ մի շշունջով։

— Քիթը սև է, ուրեմն կատաղի շուն կլինի, կապելու շուն նկատեց Կոլյան լուրջ ու աներկմիտ, կարծես ամբողջ խնդիրը հենց շնիկն էր ու նրա սև քիթը։ Բայց իրողությունն այն էր, որ նա դեռ ամբողջ ուժով ճիգ էր անում հաղթահարել իր զգացումը, որպեսզի լաց լինի «երեխայի նման», և չէր կարողանում հաղթահարել տակավին։— Երբ մեծանա, հարկավոր կլինի շղթայով կապել, հաստատ գիտեմ։

— Հսկա՜ շուն է լինելու,— բացականչեց տղաներից մեկը։

— Դե պարզ է։ Գամփռ է։ Հսկա՜։ Ա՜յ այսքան։ Հորթի չափ,— լսվեցին հանկարծ տարբեր ձայներ։

— Հորթի չափ, իսկական հորթի,— վրա բերեց փոխկապիտանը,— ես դիտմամբ այս տեսակ շուն փնտրեցի, ամենա-ամենակատաղին, և սրա ծնողներն էլ հսկա են, այնպե՜ս կատաղի, գետնից ա՜յ այսքան բարձր... Նստեցեք խնդրեմ, ահա այստեղ՝ անկողնին, Իլյուշայի մոտ, կամ էլ այստեղ նստարանի վրա։ Բարի եկաք, թանկագին հյուր, երկար սպասում էինք ձեզ... Ալեքսեյ Ֆյոգորովիչի հե՞տ հաճեցիք գալ։

Կրասոտկինն անկողնի վրա նստեց՝ Իլյուշայի ոտքերի մոտ։ Գուցե ճանապարհին մտածել ու պատրաստել էր խոսակցության այնպիսի մի սկիզբ, որ անկաշկանդ լիներ, բայց հիմա բոլորովին կորցրել էր մտքի թելը։

— Չէ... Պերեզվոնի հետ եկա... Ես հիմա մի շուն ունեմ, Պերեզվոն է անունը։ Սլավոնական անուն է։ Սպասում է այնտեղ... սուլեմ՝ ներս կթռնի։ Ես էլ շուն եմ բերել,— դարձավ նա մեկեն Իլյուշային։— Հիշո՞ւմ ես Ժուչկային, բիձուկ,— հանկարծ շիփ-շիտակ նրա երեսին տվեց այդ հարցը։

Իլյուշայի փոքրիկ դեմքն այլայլվեց։ Նա տառապագին նայեց Կոլյային։ Դռան մոտ կանգնած Ալյոշան խոժոռվեց ու Կոլյային թաքուն մի նշան արեց գլխով, որ չխոսի Ժուչկայի մասին, բայց Կոլյան չնկատեց կամ չուզեց նկատել։

— Իսկ ո՞ւր է... Ժուչկան,— հարցրեց Իլյուշան բեկբեկուն ձայնով։

— Է՜հ, սիրելիս, քո Ժուչկան... հե՜յ։ Կորա՜վ քո Ժուչկան։

Իլյուշան լուռ մնաց, բայց մի անգամ էլ ուշիուշով նայեց Կոլյային։ Ալյոշան, որսալով Կոլյայի հայացքը, շուտ֊շուտ գլխով նշան արեց կրկին, բայց Կոլյան նորից հայացքը շուռ տվեց, ձևացնելով, թե չի նկատել։

— Վազել-մտել է մի անկյուն, այնտեղ էլ մեռել է։ Ինչպե՞ս չմեռներ այդպիսի համեղ պատառից հետո,— անգթորեն վրա էր տալիս Կոլյան, թեև ինքն էլ կարծես խեղդվում էր մի տեսակ։— Բայց ես մի շուն ունեմ... Պերեզվոն... Սլավոնական անուն է... Քեզ համար եմ բերել...

— Չեմ ու֊զո՜ւմ,— ասաց հանկարծ Իլյուշկան։

— Չէ, չէ, ուզում ես, պետք է տեսնես անպայման... Կուրախանաս։ Դիտմամբ բերեցի... սա էլ փրչոտ է նրա նման... Տիկին, թույլ կտա՞ք, որ այստեղ կանչեմ իմ շանը,— դարձավ նա հանկարծ տիկին Սնեգիրյովային, արդեն բոլորովին անհասկանալի մի հուզմունքով։

— Չե՜մ ուզում, չե՜մ ուզում,— բացականչեց Իլյուշան վշտաբեկ ձայնով։ Կշտամբանքն առկայծեց նրա աչքերում։

— Դուք գուցե...— հանկարծ առաջ նետվեց փոխկապիտանը, որ դեռ հազիվ էր նստել պատի տակ դրված սնդուկին,— դուք գուցե... մի ուրիշ անգամ...— կմկմաց նա, բայց Կոլյան, որ անսանձելիորեն համառում էր, հանկարծ շտապ գոռաց Սմուրովին՝ «Բաց արա դուռը, Սմուրով», և հենց որ բացվեց դուռը, անմիջապես շվվացրեց։ Պերեզվոնը շեշտակի ներս թռավ։

— Կանգնի՛ր, Պերեզվոն, բարև կաց։ Բարև՛ կաց,— գոռաց Կոլյան վեր թռնելով, և շունը ետևի թաթերի վրա ուղիղ կանգնեց Իլյուշայի անկողնի առջև։ Ու պատահեց մի բան, որ ոչ ոք չէր սպասում. Իլյուշան ցնցվեց ու հանկարծ ամբողջ թափով շարժվեց առաջ, թեքվեց դեպի Պերեզվոնը և, կարծես քարանալով, նայեց նրան։

— Ժո՜ւչկան է,— գոռաց նա հանկարծ՝ տառապանքից ու երջանկությունից խզված ձայնով։

— Բա ի՜նչ էիր կարծում,— ամբողջ ուժով հնչեց Կրասոտկինի զրնգուն, երջանիկ ձայնը, և նա հակվեց շան վրա, գրկեց ու բարձրացրեց դեպի Իլյուշան։

— Նայիր, բիձուկ, տեսնո՞ւմ ես, մի աչքը կույր է և ձախ ականջը կտրված, ճիշտ այն նշանները, որ դու ինձ ասել էիր։ Հենց ա՛յս նշաններով էլ գտա։ Հենց այն ժամանակ գտա, անմիջապես։ Տեր չուներ շունը, տե՜ր չուներ,— բացատրեց նա, արագորեն դառնալով փոխկապիտանին, նրա տիկնոջը, Ալյոշային և հետո նորից Իլյուշային։— Ֆեդոտովների ետևի բակում էր ապրում, ընտելացել էր այդ տեղին, բայց նրան չէին կերակրում. թափառական շուն էր, գյուղից էր փախել-եկել... Եվ ես գտա նրան... Տեսնո՞ւմ ես, բիձուկ, ուրեմն քո հացը կուլ չի տվել այն ժամանակ։ Եթե կուլ տար, կմեռներ իհարկե, չէ՞, իհա՜րկե կմեռներ։ Ուրեմն կարողացել է թքել-հանել բերնից, քանի որ հիմա ողջ է։ Իսկ դու չես էլ նկատել, թե նա թքել-հանել է։ Թքել է, բայց թե ասեղը ծակել է լեզուն, դրա համար էլ կաղկանձում էր։ Վազում էր ու կաղկանձում, իսկ դու կարծել ես, թե լրիվ կուլ տվեց։ Իհա՜րկե սոսկալի պետք է կաղկանձեր, որովհետև շան բերանի մաշկը շատ նուրբ է լինում... ավելի նուրբ, քան մարդունը, շա՜տ ավելի նուրբ,— բացականչում էր Կոլյան մոլեգնորեն, հրճվանքից փայլող ու վառվռուն դեմքով։

Իսկ Իլյուշան չէր էլ կարողանում խոսել։ Նայում էր Կոլյային՝ իր խոշոր ու մի տեսակ սոսկալիորեն դուրս ցցված աչքերով, բերանը բաց, պատի պես գունատ։ Եվ եթե իմանար Կրասոտկինը, թե այդպիսի րոպեն ի՜նչ տանջալից ու մահացու ազդեցություն կարող էր ունենալ հիվանդ երեխայի առողջության վրա, ոչ մի դեպքում անշուշտ չէր հանդգնի այդպիսի խաղ խաղալ նրա գլխին, բայց այդ բանը նրա մտքով էլ չէր անցնում։ Սենյակում գուցե Ալյոշան էր միայն, որ հասկանում էր վտանգը։ Իսկ ինչ վերաբերում է փոխկապիտանին, նա կարծես ուղղակի երեխա էր դարձել, փոքրիկ մի երեխա։

— Ժո՜ւչկա։ Ուրեմն սա՞ է Ժուչկան,— բացականչում էր նա երանավետ ձայնով։— Իլյու՜շա, տե՛ս, Ժուչկան է, քո Ժուչկան։ Մայրի՜կ, տե՛ս, Ժուչկան է, Ժուչկան։— Համարյա թե լաց էր լինում նա։

— Բայց ես ինպե՜ս գլխի չընկա,— բացականչեց Սմուրովը դառնորեն։— Ասում էի, չէ՞, որ նա կգտնի Ժուչկային, և ահա գտել է։ Նրան Կրասո՜տկին կասեն։

— Գտել է, գտե՜լ,— հրճվալից արձագանքեց մի ուրիշ տղա։

— Ապրե՜ս, Կրասոտկին,— զնգաց մի երրորդ ձայն։

— Ապրե՜ս, ապրե՜ս,— գոչեցին բոլոր տղաները և սկսեցին ծափ տալ։

— Դե սպասե՜ք, սպասե՜ք,— ջանում էր բոլորից բարձր գոռալ Կրասոտկինը,— պատմեմ, թե ինչպես եղավ, ա՜յդ է խնդիրը, այդ է խնդիրը, ուրիշ բան չէ։ Լսո՞ւմ եք, գտա նրան, մեր տուն տարա, հենց իսկույն պահեցի, տանը պահեցի, կողպած, և ոչ մեկին ցույց չէի տալիս, մինչև հենց այսօր։ Միայն Սմուրովը իմացավ երկու շաբաթ առաջ, բայց նրան համոզեցի, որ սրա անունը Պերեզվոն է, և նա գլխի չընկավ. իսկ ես այդ միջոցին ինչե՜ր ասես չսովորեցրի Ժուչկային, հիմա կտեսնեք, կտեսնեք, թե ինչե՜ր գիտի։ Ամեն ինչ սովորեցրի, որ մի լավ վարժեցրած, կարգին շուն բերեմ քեզ համար, բիձուկ, և ասեմ՝ տե՛ս, բիձուկ, ի՜նչ է դարձել հիմա քո Ժուչկան։ Բայց մի որևէ մսի կտոր չունե՞ք, հիմա ձեզ մի այնպիսի բան ցույց կտա, որ կմեռնեք ծիծաղից։ Մի կտոր միս, դե մի փոքրիկ կտոր, չունե՞ք, ինչ է։

Փոխկապիտանը դուրս վազեց, անցավ միջանցքը և մտավ տանտիրոջ խոհանոցը, ուր իրենք էլ իրենց ճաշն էին պատրաստում։ Իսկ Կոլյան, չկորցնելու համար թանկագին ժամանակը, սաստիկ շտապելով, «Մեռի՛ր» գոռաց Պերեզվոնին։ Եվ շունը հանկարծ գլորվեց, պառկեց մեջքի վրա և անշարժացավ՝ չորս թաթերը վեր ցցած։ Տղաները ծիծաղում էին, Իլյուշան նայում էր նույն տառապագին ժպիտով, բայց ամենից ավելի «մայրիկին» էր, որ դուր եկավ Պերեզվոնի մեռնելը։ Նա քահ-քահ ծիծաղեց ու սկսեց մա տները չրթացնելով կանչել շանը.

— Պերեզվո՜ն, Պերեզվո՜ն։

— Ոչ մի դեպքում չի վեր կենա, ո՜չ մի դեպքում,— բացականչեց Կոլյան հաղթականորեն ու արդարացի հպարտությամբ,— թեկուզ ամբողջ աշխարհը գոռա։ Իսկ ա՜յ եթե ես կանչեմ, մի վայրկյանում վեր կթռնի։ Իսի՛, Պերեզվոն։

Շունը վեր թռավ ու սկսեց ցատկռտել, ուրախությունից վնգստալով։ Փոխկապիտանը ներս վազեց՝ մի կտոր խաշած միս ձեռքին։

— Տաք չէ՞,— շտապ ու գործնական շեշտով հարցրեց Կոլյան, վերցնելով մսի կտորը,— չէ, տաք չէ։ Շները տաք բան չեն սիրում։ Դե ուրեմն նայեցեք բոլորդ էլ, նայի՛ր, Իլյուշա, դե նայիր, բիձուկ, նայի՜ր, ինչո՞ւ չես նայում։ Բերել եմ շանը, իսկ նա չի՜ էլ նայում։

Նոր հնարքն այն էր, որ շունը պետք է անշարժ կանգներ ու առաջ երկարեր քիթը, և մսի համեղ կտորը պետք է դրվեր հենց քթի ծայրին։ Խեղճ շունը պետք է անշարժ կանգներ՝ մսի կտորը քթին պահած, և այդպես մնար այնքան, որքան կամենար իր տերը, թեկուզ կես ժամ, առանց շարժվելու, առանց երերալու։ Բայց հազիվ մի րոպե այդպես պահեցին Պերեզվոնին, մի կարճ րոպե միայն։

— Հա՛փ,— գոչեց Կոլյան, և մի ակնթարթում մսի կտորը շան քթից թռավ բերանի մեջ։ Պարզ է, հանդիսատեսները հիացական զարմանք արտահայտեցին։

— Եվ մի՞թե, մի՞թե պարզապես շանը վարժեցնելու համար չէիք գալիս այսքան ժամանակ,— բացականչեց Ալյոշան ակամա կշտամբանքով։

— Հենց դրա համար,— գոչեց Կոլյան ամենամիամիտ անկեղծությամբ։— Ուզում էի նրան իր ամբողջ փառք ու պատվով ցույց տալ։

— Պերեզվո՛ն, Պերեզվո՛ն,— ձայնեց հանկարծ Իլյուշան, իր բարալիկ մատները չրթացնելով ու շանը կանչելով իր մոտ։

— Ի՞նչ ես ուզում, սպասի՜ր։ Թող ի՛նքը ցատկի քո անկողնի վրա։ Իսի՛, Պերեզվոն,— ափը անկողնին խփեց Կոլյան, և Պերեզվոնը նետի նման թռավ Իլյուշայի մոտ։ Տղան ուժգին գրկեց նրա գլուխը երկու ձեռքով, իսկ Պերեզվոնը դրա դիմաց անմիջապես լիզեց նրա այտը։ Իլյուշան սեղմեց նրան իր գրկում, մեկնվեց անկողնի վրա ու երեսը թաքցրեց նրա թավ մազերի մեջ։

— Տե՛ր աստված, տե՜ր աստված,— բացականչում էր փոխկապիտանը։

Կոլյան նորից նստեց անկողնի վրա, Իլյուշայի մոտ։

— Իլյուշա, ես քեզ կարող եմ մի ուրիշ բան էլ ցույց տալ։ Մի փոքրիկ թնդանոթ եմ բերել քեզ համար։ Հիշո՞ւմ ճս, դեռ այն ժամանակ պատմել էի քեզ այդ թնդանոթի մասին, և դու ասացիր՝ «Ա՜խ, ես էլ տեսնեի»։ Դե ա՜յ, բերել եմ հիմա։

Եվ Կոլյան, աճապարելով, պայուսակից հանեց իր բրոնզե փոքրիկ թնդանոթը։ Աճապարում էր, որովհետև ինքն էլ շատ երջանիկ էր արդեն. ուրիշ առիթով լիներ, պիտի սպասեր, որ անցնի Պերեզվոնի թողած տպավորությունը, բայց հիմա աճապարեց, էլ ոչ մի համբերություն նկատի չառնելով, այսինքն թե՝ «այսպես էլ երջանիկ եք արդեն, դե առեք ձեզ մի բան էլ՝ ավելի երջանկացեք»։ Իսկ ինքը ուղղակի արբեցության մեջ էր։

— Վաղուց էի տեսել այս բանը Մորոզովի մոտ, աչքս վրան էր՝ քեզ համար, բիձուկ, քեզ համար։ Մորոզովին պետք չէր, եղբորից էր նրան մնացել, և ահա փոխանակեցինք՝ ես մի գիրք տվեցի նրան, հորս պահարանից մի գիրք՝ «Մուհամմեդի ազգականը կամ Բուժիչ հիմարություն»։ Հարյուր տարվա գիրք է, լկտի մի բան, Մոսկվայում է լույս տեսել, երբ դեռ գրաքննություն չկար։ Իսկ Մորոզովը այդպիսի բաների սիրահար է։ Դեռ շնորհակալություն էլ հայտնեց...

Կոլյան թնդանոթը բռնել էր ձեռքում՝ բոլորի աչքի առաջ, այնպես որ բոլորն էլ կարող էին տեսնել ու հրճվել։ Իլյուշան քիչ բարձրացել էր և, շարունակելով գրկել Պերեզվոնին աջ ձեռքով, հափշտակված դիտում էր խաղալիքը։ Տպավորությունը վերին աստիճանի ուժեղացավ, երբ Կոլյան հայտարարեց, թե վառոդ էլ ունի և կարելի է իսկույն կրակել. «եթե անշուշտ դա չի անհանգստացնի տիկիններին»։ «Մայրիկն» անմիջապես խնդրեց, որ իրեն թույլ տան ավելի մոտից նայել խաղալիքին, և իսկույն կատարվեց նրա խնդրանքը։ Նրան սոսկալի դուր եկավ բրոնզե փոքրիկ թնդանոթը, որ անիվներ ուներ, և կինը սկսեց ետ ու առաջ քշել խաղալիքը իր ծնկների վրա։ Երբ կրակելու թույլտվություն խնդրեցին, նա լիակատար համաձայնություն տվեց, թեև առանց հասկանալու, թե ինչ էին խնդրում իրենից։ Կոլյան ցույց տվեց վառոդն ու կոտորուքը։ Փոխկապիտանը, որպես նախկին զինվորական, հանձն առավ թնդանոթը լցնել, ամենադույզն քանակությամբ վառոդ լցրեց և խնդրեց, որ կոտորուքը մնա մի ուրիշ անգամվա համար։ Թնդանոթը դրին հատակին, փողը դատարկ մի կողմ ուղղելով, հրանցքի մեջ վառոդի երեք փոշեհատիկ խցկեցին ու վառած լուցկի մոտեցրին։ Փառավոր մի կրակոց ստացվեց։ Մայրիկը ցնցվեց մի վայրկյան, բայց իսկույն ևեթ սկսեց ծիծաղել ուրախությունից։ Տղաները լուռ նայում էին հաղթական մի զգացումով, բայց ամենից ավելի հրճվել էր փոխկապիտանը, որ երանությամբ նայում էր Իլյուշային։ Կոլյան վերցրեց թնդանոթը և անմիջապես նվիրեց Իլյուշային՝ կոտորուքն ու վաոոդն էլ հետը։

— Քե՛զ համար եմ առել, քե՛զ համար։ Վաղուց էի պահել քեզ համար,— կրկնեց նա մի անգամ էլ, երջանկությամբ հորդելով։

— Ա՜խ, ինձ նվիրեք։ Չէ, ավելի լավ է ի՜նձ նվիրեք թնդանոթը,— սկսեց հանկարծ խնդրել մայրիկը, փոքր երեխայի նման։ Նրա դեմքին կսկծալի մի անհանգստություն կար, վախենում էր, որ չեն նվիրի իրեն։ Կոլյան շփոթվեց։ Փոխկապիտանն իրար անցավ։

— Մայրի՛կ, մայրի՛կ,— կնոջ մոտ վազեց նա,— թնդանոթը քոնն է, քոնը, բայց թող մնա Իլյուշայի մոտ, որովհետև նրան են նվիրել, բայց միևնույն է թե քոնն է, Իլյուշկան միշտ էլ կտա քեզ խաղալու, թող երկուսիդ էլ լինի, երկուսիդ էլ...

— Չէ՜, չեմ ուզում երկուսիս էլ, չեմ ուզում, թող միայն իմը լինի, ոչ Իլյուշայինը,— շարունակում էր մայրիկը, արդեն լալու պատրաստ։

— Ա՛ռ, մամա, վերցրու, քոնն է, քո՜նն է, — գոչեց Իլյուշան։ — Կրասոտկին, կարո՞ղ եմ մամայիս նվիրել,— հանկարծ Կրասոտկինին դարձավ աղաչական մի արտահայտությամբ, կարծես վախենալով, որ նա կվիրավորվի, եթե ինքը ուրիշին տա նրա նվերը։

— Լրիվ կարող ես,— անմիջապես համաձայնվեց Կրասոտկինը և, վերցնելով թնդանոթը Իլյուշայի ձեռքից, անձամբ տվեց մայրիկին՝ ամենահարգալից մի խոնարհություն անելով։ Մայրիկը նույնիսկ լաց եղավ հուզմունքից։

— Իլյոլշկա, անուշի՜կս... ա՜յ թե ով է սիրում իր մամային,— գորովալից բացականչեց նա և անմիջապես սկսեց նորից թնդանոթը ետ ու առաջ քշել ծնկների վրա։

— Մայրիկ, տուր ձեռքդ համբուրեմ,— մոտ վազեց ամուսինը և իսկույն կատարեց իր ասածը։

— Եվ մեկ էլ շա՜տ անուշիկ մի տղա որ տեսել եմ՝ այ էս բարի տղան է,— ասաց երախտագետ տիկինը, ցույց տալով Կրասոտկինին։

— Սրանից հետո ինչքան ուզես՝ վառոդ կբերեմ քեզ համար, Իլյուշա։ Հիմա մենք ինքներս ենք վառոդ պատրաստում։ Բորովիկովն իմացավ բաղադրությունը. քսանչորս մաս բորակ ես վերցնում, տասը մաս ծծումբ, վեց մաս փայտածուխ, բոլորը միասին ծեծում֊մանրացնում ես, ջուր ես լցնում, խառնում ես մինչև խմոր դառնա, հետո բարակ մաղում ես՝ ահա քեզ վառոդ։

— Սմուրովն ինձ պատմել է ձեր վառոդի մասին, միայն թե հայրիկս ասում է, որ դա իսկական վառոդ չէ,— պատասխանեց Իլյուշան։

— Ինչպե՞ս թե իսկական չէ,— կարմրեց Կոլյան,— վառվում է։ Բայց թե ես չգիտեմ ճիշտն ասած...

— Չէ, ոչինչ, ոչինչ,— վեր թռավ հանկարծ փոխկապիտանը մեղավոր արտահայտությամբ։— Ճիշտ է, ասել եմ, որ իսկական վառոդը այդպես չեն պատրաստում, բայց ոչինչ, ոչինչ, այդպես էլ կարելի է։

— Չգիտեմ, դուք ավելի լավ գիտեք։ Մենք կավե ամանի մեջ վառել ենք, սքանչելի այրվում էր, լրիվ այրվեց, պստլիկ մի կտոր մուր մնաց տակը։ Բայց դա պարզապես խմորն էր, իսկ եթե մաղով անցկացվի... Բայց դե դուք ավելի լավ գիտեք, ես չգիտեմ... Իսկ Բուլկինը հորից ծեծ կերավ մեր վառոդի երեսից, լսե՞լ ես,— դարձավ նա հանկարծ Իլյուշային։

— Լսել եմ,— պատասխանեց Իլյուշան։ Նա անհուն հետաքրքրությամբ ու հաճույքով լսում էր Կոլյային։

— Մի ամբողջ շիշ վառոդ էինք պատրաստել, նա իր մահճակալի տակ էր պահում։ Հայրը տեսել է։ Կարող է պայթել, ասել է, և տեղն ու տեղը ծեծել նրան։ Ուզում էր գնալ դպրոց՝ գանգատվել իմ դեմ։ Հիմա նրան չեն թողնում, որ ինձ հետ ընկերություն անի, էլ ոչ ոքի չեն թողնում ինձ մոտ։ Սմուրովին էլ չեն թողնում, համբավս տարածվել է։ Ասում են, թե «կրակ ու պատիժ» եմ,— արհամարհանքով ժպտաց Կոլյան։— Այդ ամբողջը երկաթգծի պատմությունից սկսվեց։

— Օ՜, մենք ձեր այդ խիզախության մասին էլ լսել ենք,— բացականչեց փոխկապիտանը։— Ինչպե՞ս կարողացաք պառկել գնացքի տակ։ Ինչ է, բնա՞վ չվախեցաք, երբ անցնում էր գնացքը։ Սարսափելի էր, չէ՞։

Փոխկապիտանը ուղղակի շողոքորթում էր Կոլյային։

— Ո֊ո՜չ այնքան,— անփութորեն պատասխանեց Կոլյան։ — Իմ անունը ամենից ավելի այդ անիծյալ սագը փչացրեց այստեղ,— դարձավ նորից Իլյուշային։ Ու թեև նա անփույթ էր ձևանում խոսելիս, բայց դեռ չէր կարողանում իշխել իրեն և սայթաքում էր մի տեսակ։

— Ախ հա՜, սագի մասին էլ եմ լսել,— ծիծաղեց Իլյուշան, ու երեսը փայլեց ուրախությունից։— Պատմեցին, բայց չհասկացա, իսկապե՞ս դատավորը քեզ դատել է։

— Ամենահիմար, ամենաչնչին բանն էր, լուն ուղտ սարքեցին, ինչպես միշտ անում են մեզ մոտ,— սկսեց Կոլյան ազատ-համարձակ։ —Մի անգամ անցնում էի հրապարակով, և մեկ էլ տեսա՝ կենդանի սագեր են քշել֊բերել։ Կանգնեցի ու նայում էի սագերին։ Հանկարծ այստեղացի մի տղա՝ Վիշնյակովը, նա, որ հիմա Պլոտնիկովների մոտ ցրիչ է աշխատում, կանգնեց ու ինձ նայեց, մեկ էլ ասաց՝ «Ինչ է, ինչի՞ ես նայում սագերին»։ Նայեցի նրան՝ հիմար, կլոր մի մռութ, քսան տարեկան կլիներ։ Ես երբեք չեմ խուսափում ժողովրդից, հասկանո՞ւմ եք։ Սիրում եմ ժողովրդի հետ շփվել... Մենք ետ ենք մնացել ժողովրդից, աքսիոմ է սա... Կարծեմ բարեհաճում եք ծիծաղել, հա՞, Կարամազով։

— Չէ, քավ լիցի, սիրով լսում եմ ձեզ,— պատասխանեց Ալյոշան շատ անկեղծ արտահայտությամբ, և կասկածամիտ Կոլյան իսկույն քաջալերվեց։

— Իմ տեսությունը պարզ ու հստակ է, Կարամազով,— անմիջապես նա սկսեց շատախոսել նորից, ուրախացած։— Ես հավատում եմ ժողովրդին և միշտ պատրաստ եմ իրավունք տալու նրան, բայց առանց երբեք շփացնելու, դա sine qua(անհրաժեշտ պայման, լատ.) է... Հա՜, սագի մասին էի ասում։ Դարձա ուրեմն այդ հիմարին ու պատասխանեցի. «Այ, մտածում եմ, թե արդյոք սա՞գը ինչի մասին է մ տածում»։ Նայեց ինձ կատարյալ հիմարի պես։ «Ինչի՞ մասին է մտածում սագը»,— ասաց։ «Ահա տեսնո՞ւմ ես,— ասացի,— այնտեղ վարսակով լիքը , սայլ է կանգնել։ Պարկից վարսակ է թափվում, և սագն էլ վիզը երկարել է հենց անիվի տակ, կտցում է, տեսնո՞ւմ ես»։— «Շատ լավ էլ տեսնում եմ»,— ասաց։ «Դե այ ուրեմն,— ասացի,— եթե հիմա այդ սայլը մի քիչ առաջ շարժվի՝ անիվը կկտրի՞ սագի գլուխը, թե չէ»։— «Անպայման կկտրի»,— ասաց և մինչև ականջները ժպտաց, ուղղակի հալվեց հրճվանքից։ «Դե ուրեմն գնանք,— ասացի,— դե արի՛»։ — «Արի՜»,— ասաց անմիջապես։ Եվ շուտով էլ գլուխ բերեցինք գործը. նա հենց այնպես սուսուփուս կանգնեց սանձի մոտ, ես էլ կողքով կանգնեցի, որ սագին ուղղություն տամ։ Կառապանն էլ այդ րոպեին ուրիշ կողմ էր դարձել, խոսում էր մեկի հետ, այնպես որ ուղղություն տալու կարիք էլ չեղավ. սագը ինքնիրեն երկարեց վիզը սայլի տակ, որ վարսակը կտցի, հենց ուղղակի անիվի տակ։ Ես աչքով արեցի տղային, նա էլ սանձը քաշեց, և կրը՛խ՝ սագի վիզն ուղղակի կես եղավ։ Եվ մեկ էլ ահա, մեր բախտից, հենց նույն վայրկյանին գյուղացիները մեզ տեսան, ու միանգամից աղմուկը գցեցին. «Դիտմամբ արեցիր»։— «Չէ, դիտմամբ չարեցի»։— «Չէ՜, դիտմամբ արեցիր»։ Եվ սկսվե՜ց ղռվռոցը։ «Դատավորի մոտ տարեք, դատավորի՜»։ Ինձ էլ բռնեցին. «Դո՜ւ էլ այստեղ էիր ուրեմն, հա՞, օգնո՞ւմ էիր նրան, քեզ ամբողջ շուկան գիտի»։ Եվ իսկապես էլ, չգիտեմ ինչու, ամբողջ շուկան ինձ ճանաչում է,— ավելացրեց Կոլյան ինքնապարծորեն։— Գնացինք բոլորս էլ հաշտարար դատավորի մոտ, սագն էլ բերեցին։ Մեկ էլ տեսնեմ, այս իմ ախպեր տղան վախեցավ, լացը դրեց, ուղղակի կնկա նման լաց էր լինում։ Իսկ սագերի տերը գոռում էր՝ «Էս ձևով ինչքա՜ն ասես կարելի է սագ սպանել»։ Դե պարզ է, վկաներ կային։ Դատավորը մի վայրկյանում հաշիվը տեսավ. տղան թող մի ռուբլի տա սագի տիրոջը, սատկած սագն էլ թող ինքը վերցնի։ Եվ մեկ էլ թե՝ սրանից հետո այդպիսի կատակներ չանի երբեք։ Իսկ տղան անընդհատ ոռնում էր կնկա նման։ «Ես չեմ արել,— ասաց,— այ նա՛ ինձ բոթեց»։ Եվ ինձ է ցույց տալիս։ Ես լրիվ սառնասրտությամբ պատասխանեցի, որ բոլորովին էլ չեմ դրդել նրան, հիմնական գաղափարն եմ հայտնել պարզապես, ծրագրային մի բան եմ ասել։ Դատավոր Նեֆեդովը ժպտաց, բայց հենց անմիջապես էլ բարկացավ ինքն իր վրա, որ ժպտաց։ «Ես իսկույն ևեթ դպրոցի ղեկավարությանը գանգատ կներկայացնեմ ձեր դեմ,— ասաց,— որպեսզի սրանից հետո նստեք ու ձեր դասերը սովորեք, փոխանակ այդպիսի ծրագրային բաներով զբաղվելու»։ Ղեկավարությանը գանգատ չներկայացրեց իհարկե, կատակ էր անում, բայց լուրը իսկապես տարածվեց ու դասատուների ականջը հասավ. չէ՞ որ լեզուները երկար են մեզ մոտ, ականջնե՜րն էլ։ Հատկապես մեր «հին աշխարհ» Կոլբասնիկովը ձայնը բարձրացրեց, բայց Դարդանելովը նորից պաշտպանեց ինձ։ Կոլբասնիկովը հիմա բոլորիս դեմ չարացել է, կանաչ էշի պես։ Լսել ես, չէ՞, Իլյուշա, ամուսնացավ մարդը. հազար ռուբլի օժիտ առավ Միխայլովներից, իսկ հարսը մի մռո՜ւթ ունի՝ առաջին կարգի ու վերջին աստիճանի։ Երրորդ դասարանցիները իսկույն մի էպիգրամ գրեցին.

Դասարանն ամբողջ շշմել է լուրից՝
Կոլբասնիկովը փնթի առավ կողակից։

Եվ այլն, և այլն, շատ ծիծաղելի մի բան է, հետո կբերեմ քեզ։ Դարդանելովի մասին բան չեմ ասում. գիտուն մարդ է, ուղղակի գիտուն։ Այդպիսի մարդկանց հարգում եմ, և բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ ինձ պաշտպանեց։

— Բայց դու հաղթեցի՜ր նրան, երբ հարցրիր, թե ով է հիմնել Տրովադան,— վրա բերեց հանկարծ Սմուրովը, որ այդ րոպեին ուղղակի հպարտանում էր Կրասոտկինով։ Շատ էր նրան դուր եկել սագի պատմութլունր։

— Հենց այնպես էլ հաղթեցի՞ք իսկապես,— շողոքորթ մի շեշտով ձայնակցեց փոխկապիտանը։— Այն հարցում, թե ո՞վ է հիմնել Տրովադան։ Լսել ենք, լսել ենք, որ հաղթել եք, այո։ Իլյուշկան հենց այն ժամանակ էլ պատմեց ինձ...

— Նա ամե՜ն ինչ գիտե, հայրիկ, մեր բոլորից էլ ավելի գիտե,— ձայնակցեց նաև Իլյուշան,— պարզապես ձևացնում է, որ այսպես է ինքը, բայց նա բոլոր առարկաներից էլ առաջինն է։

Իլյուշան անսահման երջանկությամբ նայում էր Կոլյային։

— Է՜հ, Տրովադայի մասին այդ ամբողջը հիմարություն է, դատարկ բան։ Ես ինքս այդ հարցը անիմաստ եմ համարում,— ասաց Կոլյան հպարտ համեստությամբ։ Նա արդեն լիովին ընկել էր իր հունի մեջ, բայց դեռ անհանգստանում էր մի քիչ. զգում էր, որ հուզագրգիռ վիճակի մեջ է ներքուստ, և որ սագի մասին, օրինակ, չափից ավելի սրտանց էր պատմել, այնինչ Ալյոշան լուրջ դեմքով լսել էր ամբողջ այդ պատմությունը և լռել էր շարունակ։ Եվ ահա, կասկածն արդեն սկսել էր կամաց-կամաց փորփրել ինքնասեր տղայի սիրտը. «Չլինի՞ թե ինձ արհամարհելուց է այդպես լռում, մտածելով, որ ուզում եմ իր գովասանքը լսել։ Եթե նա համարձակվում է այդպես մտածել, այդ դեպքում ես...»։

— Ես այդ հարցը ուղղակի անիմաստ եմ համարում,— կրկնեց նա, հպարտորեն շեշտելով։

— Իսկ ես գիտեմ ով է հիմնել Տրովադան,— շատ անսպասելիորեն խոսեց հանկարծ մի տղա, որ մինչ այդ համարյա դեռ ոչինչ չէր ասել։ Լուռումունջ ու երևի ամաչկոտ տղա էր նա, շատ սիրունիկ, տասնմեկ տարեկան, ազգանունը՝ Կարտաշով։ Նստել էր հենց դռան մոտ։ Կոլյան զարմանքով ու ծանրակշիռ մի արտահայտությամբ նայեց նրան։ Խնդիրն այն էր, որ «ո՞վ է հիմնել Տրովադան» հարցը ուղղակի գաղտնիք էր դարձել ամբողջ դպրոցում, և այդ պարզելու համար պետք էր Սմարագդով կարդալ։ Սակայն Կոլյայից բացի ոչ ոք Սմարագդով չուներ։ Եվ ահա մի անգամ, երբ Կոլյան ուրիշ կողմ էր նայում, Կարտաշովը գաղտագողի մոտեցել էր նրա գրքերին, արագորեն բացել էր Սմարագդովի «Ընդհանուր պատմությունը» և ուղղակի ընկել այն էջի վրա, ուր խոսվում է Տրովադայի հիմնադիրների մասին։ Արդեն բավական երկար ժամանակ էր անցել այդ օրից, բայց Կարտաշովը միշտ էլ անհարմար էր զգացել մի տեսակ ու սիրտ չէր արել հրապարակով հայտնել, որ ինքն էլ գիտե, թե ով է հիմնել Տրովադան, վախեցել էր, որ անախորժ բան կարող է պատահել և Կոլյան մի որևէ կերպ ամոթանք կտա իրեն դրա համար։ Բայց հիմա հանկարծ, չգիտես ինչու, չդիմացավ ու ասաց։ Եվ արդեն վաղուց էր ուզում ասել։

— Է՜, ո՞վ է հիմնել տեսնենք,— գոռոզամիտ հոխորտանքով դարձավ նրան Կոլյան, արդեն նրա դեմքից կռահելով, որ իսկապես գիտե։ Եվ, բնական է, իսկույն պատրաստվեց դիմագրավելու դրա բոլոր հետևանքները։ Տիրող ներդաշնակ տրամադրության մեջ, այսպես ասած, մի անբարեհունչ ձայն հնչեց։

— Տրովադան հիմնել են Տևկրոսը, Դարդանոսը, Իլոսը և Տրոսոսը,— կարճ ու կտրուկ շարեց տղան և մի վայրկյանում կարմրեց, այնպես կարմրեց, որ մարդ ցավ կզգար նրան նայելով։ Բայց տղաները բոլորն էլ շեշտակի նայեցին նրան, մի ամբողջ րոպե նայեցին, և հետո բոլոր այդ շեշտակի նայող աչքերը միանգամից դարձան Կոլյային։ Իսկ Կոլյան շարունակում էր իր արհամարհական ու սառնասիրտ հայացքով ոտից գլուխ չափել հանդուգն տղային։

— Այսինքն ինչպե՞ս են հիմնել,— վերջապես արժանի համարեց խոսել նա,— և առհասարակ ի՞նչ է նշանակում մի քաղաք կամ պետություն հիմնել։ Ի՞նչ են արել նրանք. եկել ու մեկական աղյո՞ւս են դրել, հա՞։

Մի ծիծաղ պայթեց։ Մեղավոր տղան կաս-կարմիր դարձավ։ Լեզուն կապվել էր, քիչ էր մնում՝ լաց լիներ։ Կոլյան դեռ մի րոպե ևս այդ վիճակի մեջ պահեց նրան։

— Որպեսզի խոսես այնպիսի պատմական դեպքերի մասին, ինչպիսին է ազգության հիմնադրումը, պետք է նախ և առաջ հասկանաս, թե ինչ է նշանակում դա,— խրատեց նա խիստ ու հատու շեշտով։— Բայց ես կարևորության էլ չեմ տալիս այդ պառավական հեքիաթներին, և առհասարակ շատ էլ չեմ հարգում ընդհանուր պատմությունը,— ավելացրեք նա հանկարծ անփութորեն, արդեն դիմելով բոլորին։

— Ընդհանուր պատմոլթյո՞ւնը,— հարցրեց հանկարծ փոխկապիտանը, կարծես մի տեսակ վախեցած։

— Այո, ընդհանուր պատմությունը։ Մարդկային մի շարք հիմարությունների ուսումնասիրումն է դա, ուրիշ ոչինչ։ Ես հարգում եմ միայն մաթեմատիկան և բնական գիտությունները,— փքվեց Կոլյան և աչքի տակով նայեց Ալյոշային. միայն նրա կարծիքից էր վախենում այստեղ։ Բայց Ալյոշան դեռ շարունակում էր լուռ մնալ և դեռ առաջվա նման լուրջ էր։ Եթե մի բան ասեր հիմա Ալյոշան, դրանով էլ կվերջանար ամեն ինչ, բայց Ալյոշան լուռ մնաց, իսկ «նրա լռությունը կարող էր արհամարհական լինել», և Կոլյան արդեն լրիվ բորբոքվեց։

— Եվ մեկ էլ նորի՜ց այդ դասական լեզուները հիմա. պարզապես խենթություն է դա, ուրիշ ոչինչ... Կարծեմ նորի՞ց համաձայն չեք ինձ հետ, Կարամազով։

— Համաձայն չեմ,— զուսպ ժպտաց Ալյոշան։

— Դասական լեզուները, եթե ուզում եք իմ լրիվ կարծիքն իմանալ, ոստիկանական միջոց են. ահա պարզապես, թե ինչու մտցրել են դրանք ծրագրի մեջ,— աստիճանաբար սկսեց նորից շնչասպառ լինել Կոլյան։— Մտցրել են, որովհետև ձանձրալի են դրանք, և որովհետև բթացնում են ընդունակությունները։ Ամեն ինչ ձանձրալի էր արդեն, ուրեմն ի՞նչ անեին, որ է՛լ ավելի ձանձրալի լիներ։ Ամեն ինչ անիմաստ էր, ուրեմն ի՜նչ անեին, որ ավելի անիմաստ լիներ։ Եվ ահա գյո՜ւտ արեցին՝ դասական լեզունե՜րը։ Այս է իմ լրիվ կարծիքը դրանց մասին, և հույս ունեմ, որ երբեք չեմ փոխի կարծիքս,— կտրուկ վերջացրեց Կոլյան։ Երկու այտերին էլ մի-մի կարմիր բիծ երևաց։

— Ճիշտ է,— զրնգուն ու համոզված ձայնով համաձայնվեց հանկարծ Սմուրովը, որ աչալուրջ լսում էր։

— Իսկ ինքը առաջի՜նն է լատիներենից,— գոռաց հանկարծ տղաներից մեկը։

— Այո, հայրիկ, այդպես է ասում, բայց ինքը մեր դպրոցում առաջինն է լատիներենից,— արձագանքեց Իլյուշան։

— Հետո՞ ինչ,— անհրաժեշտ համարեց պաշտպանվել Կոլյան, թեև գովեստն էլ շատ հաճելի էր նրան։— Լատիներենն անգիր եմ անում, որովհետև այդպես է պետք, որովհետև մորս խոստացել եմ ավարտել դպրոցը. և կարծում եմ՝ եթե մի բան հանձն առար, պետք է լավ անես։ Բայց հոգուս խորքում խորապես արհամարհում եմ դասական լեզուները և ամբողջ այդ սաորությունը... համաձայն չե՞ք, Կարամազով։

— Բայց ինչո՞ւ «ստորություն»,— ժպտաց նորից Ալյոշան։

— Ներեցեք, բայց չէ՞ որ դասականները թարգմանված են բոլոր լեզուներով. որեմն լատիներենը մտցրել են ոչ թե դասական հեղինակներին ուսումնասիրելու համար, այլ պարզապե նրանց պետք է եկել իբրև ոստիկանական միջոց, որպեսզի բթացնեն ընդունակությունները։ Է՛հ, եթե դա ստորություն չէ, ի՞նչ է հապա։

— Բայց ո՞վ է ձեզ սովորեցրել այդ բոլորը,— բացականչեց Ալյոշան, որ զարմացել էր վերջ ի վերջո։

— Նախ՝ ես ինքս կարող եմ հասկանալ, առանց ուրիշի սովորեցնելուն, և երկրորդ՝ իմացեք, հենց այս նույն բանը, որ հիմա ես ձեզ ասացի դասականների թագմանության մասին, մեր ուսուցիչ Կոլբասնիկովն է ասել ամբողջ երրորդ դասարանի առաջ։

— Բժի՜շկը եկավ,— բացականչեց հանկարծ Նինոչկան, որ մինչ այդ լուռ էր մնացել։

Իրոք, տան դարպասի առաջ կանգ էր առել տիկին Խոխլակովայի անձնական կառքը։ Փոխկապիտանը, որ առավոտից սպասում էր բժշկին, կայծակի արագությամբ վազեց դեպի դարպասը՝ նրան դիմավորելու։ «Մայրիկը» հավաքեց իրեն ու ծանրակշիռ մի արտահայտություն տվեց դեմքին։ Ալյոշան մոտեցավ Իլյուշային և սկսեց նրա բարձը ուղղել։ Նինոչկան անձկագին հետևում էր իր բազկաթոռից, թե ինչպես է նա կարգի բերում Իլյուշայի անկողինը։ Տղաներն շտապեցին հրաժեշտ տալ, մի քանիսը խոստացան գալ երեկոյան։ Կոլյան կանչեց Պերեզվոնին, և շունը անկողնից վար թռավ։

— Ես չեմ գնա, չեմ գնա,— հապճեպորեն ասաց Կոլյան Իլյուշային,— կսպասեմ միջանցքում և նորից կգամ, երբ բժիշկը գնա, Պերեզվոնի հետ կգամ։

Բայց արդեն ներս էր մտնում բժիշկը՝ ծանրակշիռ մի անձնավորություն, արջենու մուշտակ հագած, երկար ու մուգ գույնի այտամորուսներով, ծնոտը փայլուն ածիլված։ Շեմքից ներս անցնելով, նա հանկարծ կանգ առավ, կարծես շվարեց, երևի նրան թվաց, թե սխալ տեղ է մտել։ «Ի՞նչ է սա։ Որտե՞ղ եմ ես»,— քրթմնջաց նա, մուշտակը դեռ ուսերին պահելով ու նաև չհանելով գլխարկը, որ ծովարջի մորթուց էր կարված և նույն մորթուց էլ հովար ուներ։ Բազմությունը ներսում, սենյակի աղքատությունը, պարանի վրա կախված սպիտակեղենը անկյունում՝ այս բոլորը շփոթեցրել էին նրան։ Փոխկապիտանը երկու ծալ դարձած խոնարհվում էր նրա առաջ։

— Այստեղ է, տիար, այստեղ է, տիար,— մրթմրթում էր նա ստորաքարշորեն,— այստեղ է, իմ տունն է, տիար, իմ տունն էիք գալիս, տիար...

— Սնե-գիր-յո՞վ,— ասաց բժիշկը հոխորտ ու բարձր ձայնով։— Պարոն Սնեգիրյովը... դո՞ւք եք։

— Ե՜ս եմ, տիար...

— Ա՜։

Բժիշկը մի անգամ էլ շուրջը նայեց խորշող մի հայացքով և մուշտակը ետ նետեց։ Բոլորի աչքի առաջ շողշողաց նրա վզի փառավոր շքանշանը։ Փոխկապիտանը արագորեն բռնեց նրա մուշտակը, իսկ բժիշկն իր գլխարկը հանեց։

— Իսկ ո՞ւր է հիվանդը,— հարցրեց նա բարձրաձայն ու տիրական շեշտով։

VI։ Կանխահասություն

— Ինչ եք կարծում, ի՞նչ կասի նրան բժիշկը,— շուտասելուկի նման հարցրեց Կոլյան։— Բայց ի՜նչ զզվելի մռութ է, չէ՞։ Տանե'լ չեմ կարող բժշկությունը։

— Իլյուշան կմեռնի։ Ինձ թվում է, որ արդեն կասկած չի կարող լինել,— տխուր պատասխանեց Ալյոշան։

— Խաբեբանե՜ր։ Սո՛ւտ բան է բժշկությունը։ Բայց ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ, Կարամազով։ Վաղուց էի ուզում ծանոթանալ։ Միայն թե ցավում եմ, որ այս տխուր առիթով հանդիպեցինք...

Կոլյան շատ էր ուզում ավելի ջերմ, ավելի զեղուն մի բան ասել, բայց կարծես ճնշվում էր մի տեսակ։ Ալյոշան նկատեց այդ, ժպտաց և սեղմեց նրա ձեռքը։

— Ես վաղուց սովոր եմ հարգելու ձեզ որպես մի հազվագյուտ անձնավորության,— կմկմաց նորից Կոլյան, շփոթվելով ու տատամսելով։— Լսել եմ, դուք միստիկ եք և եղել եք վանքում։ Գիտեմ, որ միստիկ եք, բայց... դա ետ չպահեց ինձ։ Իրականության հետ շփվելը ձեզ կբուժի... Ձեզ նման բնավորությունները միշտ այդպես են լինում։

— Ի՞նչ եք հասկանում միստիկ ասելով։ Իմ ի՞նչը պետք է բուժվի,— զարմացավ մի քիչ Ալյոշան։

— Է՜, աստված-մաստված և այլն։

— Ի՜նչ, մի՞թե չեք հավատում աստուծո։

— Ընդհակառակը, ես ոչինչ էլ չունեմ աստծո դեմ։ Իհարկե, աստվածը պարզապես ենթադրություն է... բայց... ընդունում եմ, որ հարկավոր է նա, կարգ ու կանոնի համար... տիեզերական կարգ ու կանոնի և այլն... և եթե չլիներ աստված, պետք էր հնարել նրան,-— ավելացրեց Կոլյան, սկսելով կարմրել։ Հանկարծ մի բան անցավ նրա մտքով. չլինի՞ հիմա Ալյոշան մտածում է, թե ինքը իր գիտելիքներն է ցուցադրում նրա առաջ՝ ցույց տալու համար իր «մեծ» լինելը։ «Իսկ ես բոլորովին էլ չեմ ուզում իմ գիտելիքները ցուցադրել»,— մտածեց Կոլյան վրդովմունքով։ Եվ հանկարծ սոսկալի տհաճ զգաց։

— Խոստովանում եմ, ես տանե՛լ չեմ կարող այսպիսի վեճերի մեջ մտնելը,— ասաց նա կտրականորեն։— Կարելի է նաև առանց աստծուն հավատալու սիրել մարդկությանը, չէ՞, ի՞նչ եք կարծում։ Վոլտերը չէր հավատում աստծուն, բայց սիրում էր մարդկությանը, չէ՞։ («Նորից, նորի՜ց»,— մտածեց նա ինքնիրեն)։

— Վոլտերը հավատում էր աստուծո, բայց կարծեմ քիչ էր հավատում և, որքան գիտեմ, մարդկությանն էլ քիչ էր սիրում,— ասաց Ալյոշան հանգիստ, զուսպ ու կատարելապես բնական շեշտով, կարծես խոսում էր իր տարեկիցի կամ նույնիսկ իրենից մեծ մի մարդու հետ։ Կոլյային հատկապես զարմացրեց, որ Ալյոշան այդպես մի տեսակ անվստահորեն արտահայտեց իր կարծիքը Վոլտերի մասին, և որ կարծես իրեն՝ փոքրիկ Կոլյային թողեց այդ հարցի լուծումը։

— Իսկ դուք, ինչ է, կարդացե՞լ եք Վոլտերին,— ավելացրեց Ալյոշան։

— Ոչ, չեմ կարող ասել, թե կարդացել եմ... Բայց կարդացել եմ «Կանդիդը», ռուսերեն թարգմանությամբ... հին, այլանդակ, ծիծաղելի մի թարգմանություն... (Նորից, նորի՜ց)։

— Եվ հասկացա՞ք։

— Օ այո՜, ամեն ինչ... այսինքն... իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չէի կարող հասկանալ։ Իհարկե, պիղծ բաներ շատ կան այնտեղ... Ես անշուշտ կարող եմ հասկանալ, որ դա փիլիսոփայական վեպ է և գրվել է մի գաղափար առաջ քաշելու համար...— արդեն բոլորովին խճճվեց Կոլյան։— Ես սոցիալիստ եմ, Կարամազո՛վ, ես անուղղա սոցիալիստ եմ,— բոլորովին անկապորեն հայտարարեց նա մեկեն, կարճ կտրելով։

— Սոցիալի՞ստ,— ծիծաղեց Ալյոշան։— Բայց ե՞րբ եք հասցրել։ Կարծեմ դեռ տասներեք տարեկան եք միայն, չէ՞։

Կոլյան կծկվեց։

— Նախ՝ ոչ թե տասներեք, այլ տասնչորս, երկու շաբաթից՝ տասնչորս,— ուղղակի բռնկվեց նա կարմրելով,— և հետո՝ բոլորովին չեմ հասկանում, ի՞նչ գործ ունի այստեղ իմ տարիքը։ Խնդիրն այն է, թե ինչ համոզմունքներ ունեմ, և ոչ թե քանի տարեկան եմ։ Այնպես չէ՞։

— Եբբ ավելի մեծանաք, ինքներդ կտեսնեք, թե տարիքը ինչ նշանակություն ունի համոզմունքների համար։ Ինձ թվաց, թե դրանք ձեր սեփական խոսքերը չեն,— համեստ ու հանգիստ պատասխանեց Ալյոշան, բայց Կոլյան տաք-տաք ընդհատեց նրան.

— Ներեցեք, դուք հնազանդություն ու միստիցիզմ եք ուզում։ Ընդունեցեք, որ քրիստոնեական հավատքը, օրինակ, ծառայել է միայն հարուստներին ու մեծավորներին՝ ստրկության մեջ պահելու համար ցածր դասակարգը, այնպես չէ՞։

— Ա՜խ, ես գիտեմ որտեղ եք կարդացել այդ բանը, և անպայման ուրի՛շ մեկն է ասել ձեզ,— բացականչեց Ալյոշան։

— Ներեցեք, իսկ ինչո՞ւ անպայման պետք է կարդացած լինեմ։ Եվ բացարձակապես ոչ ոք չի ասել ինձ։ Ես ինքս էլ կարող եմ... Եվ եթե ուզում եք՝ ես դեմ չեմ Քրիստոսին։ Շատ մարդասեր մի անձնավորություն էր նա, և եթե մեր ժամանակներում ապրեր՝ ուղղակի հեղափոխականների շարքը կմտներ, գուցե և աչքի ընկնող դեր խաղար... Եվ անպայման այդպես կլիներ։

— Բայց որտեղի՞ց, որտեղի՞ց եք ձեր գլուխը մտցրել այդ բանը։ Ո՞ր հիմարի հետ եք շփվել,— բացականչեց Ալյոշան։

— Ներեցեք, ճշմարտությունը չի կարելի թաքցնել։ Ես իհարկե, մի որոշ առիթով, հաճախ եմ խոսում պարոն Ռակիտինի հետ, բայց... Ասում են, որ դեռ պապիս օրոք Բելինսկին էլ ասել է այդ բանը։

— Բելինսկի՞ն։ Չեմ հիշում։ Նա ոչ մի տեղ այդպիսի բան չի գրել։

— Եթե չի գրել, ուրեմն ասել է. այդպես են ասում։ Ես դա լսել եմ մի մարդուց, որ... Բայց ոչինչ, գրո՛ղը տանի...

— Իսկ Բելինսկուն կարդացե՞լ եք։

— Գիտե՞ք ինչ... ոչ... կարգին չեմ կարդացել, բայց... այն հատվածն եմ կարդացել Տատյանայի մասին՝ թե ինչո՞ւ նա Օնեգինի հետ չգնաց։

— Ինչպե՞ս թե Օնեգինի հետ չգնաց։ Բայց ինչ է, դուք այդ բանն արդեն... հասկանո՞ւմ եք։

— Ներեցեք, երևի դուք ինձ փոքրիկ Սմուրովի տեղ եք դնում,— ջղայնորեն քմծիծաղեց Կոլյան։— Բայց խնդրեմ, մի՛ կարծեք, թե ես մի այնպիսի հեղափոխական եմ։ Շատ հաճախ՝ ես համաձայն չեմ լինում պարոն Ռակիտինի հետ։ Տատյանա ասացի, բայց բոլորովին էլ կողմնակից չեմ կանանց ազատագրմանը։ Ես ընդունում եմ, որ կինը ստորադաս էակ է և պետք է հնազանդի։ Les femmes tricottent(կանանց գործը հյուսելն է, ֆրանս.) ինչպես ասել է Նապոլեոնը,— չգիտես ինչու ժպտաց Կոլյան,— և գոնե այս հարցում կատարելապես բաժանում եմ այդ կարծեցյալ մեծ մարդու տեսակետը։ Ես էլ, օրինակ, գտնում եմ, որ հայրենիքից Ամերիկա փախչելը ստորություն է, ստորությունից էլ վատ՝ հիմարություն։ Ինչո՞ւ Ամերիկա գնալ, երբ մեր երկրում էլ կարելի է մեծ օգուտ բերել մարդկությանը։ Մանավանդ հիմա։ Բեղուն գործունեության ահագին ասպարեզ կա։ Հենց այդպես էլ պատասխանեցի։

— Ինչպե՞ս թե պատասխանեցիք։ Ո՞ւմ։ Ինչ է, որևէ մեկը ձեզ Ամերիկա՞ է հրավիրել արդեն։

— Խոստովանում եմ՝ ինձ դրդում էին, բայց ես մերժեցի։ Սա մեր մեջ իհարկե, Կարամազով, լսո՞ւմ եք, ոչ ոքի ոչ մի խոսք։ Միայն ձեզ եմ ասում։ Բոլորովին ցանկություն չունեմ Երրորդ բաժանմունքի ճանկն ընկնելու և դասեր առնելու Շղթայավոր կամուրջի մոտ։

Դեռ կհիշե՜ս դու շենքն այն
Շղթայավոր կամոլրշի մոտ։

Հիշո՞ւմ եք։ Հոյակապ է։ Ինչո՞ւ եք ծիծաղում։ Չլինի՞ կարծում եք, որ փչում եմ այս բոլորը ձեր առաջ։ («Իսկ եթե հանկարծ իմանա՞, որ հորս պահարանում «Կոլոկոլի» այդ մի համարն է ընդամենը, և էլ ուրիշ ոչ մի այդպիսի բան չեմ կարդացել»,— մտածեց Կոլյան հարևանցիորեն, բայց սարսռալով)։

— Օ՜հ, ոչ, ես չեմ ծիծաղում և բնավ էլ չեմ կարծում, որ սուտ խոսեցիք։ Հենց այն է խնդիրը, որ չե՜մ կարծում. որովհետև՝ կատարելապես ճշմարիտ է այդ ամբողջը, ավա՜ղ։ Բայց ասացեք, Պուշկինին կարդացե՞լ եք, հենց «Օնեգինը», օրինակ... Այ հիմա խոսում էիք Տատյանայի մասին։

— Ոչ, դեռ չեմ կարդացել, բայց ուզում եմ կարդալ։ Ես նախապաշարմունքներ չունեմ, Կարամազով։ Ես ուզում եմ երկու կողմերն էլ լսել։ Ինչո՞ւ հարցրիք։

— Հենց այնպես։

— Ասացե՛ք, Կարամազով, դուք սոսկալի արհամարհո՞ւմ եք ինձ,— կտրեց հանկարծ Կոլյան և ամբողջ հասակով մեկ ձգվեց Ալյոշայի առաջ, կարծես մարտական դիրք ընդունելով։ — հաճեցեք ուղղակի ասել, առանց այլևայլի։

— Արհամարհում եմ ձե՞զ,— զարմացած նայեց նրան Ալյոշան։— Բայց ինչո՞ւ։ Պարզապես տխրում եմ, որ ձեզ նման հիանալի՜ մի բնավորություն, դեռ ապրել չսկսած, խեղաթյուրվել է արդեն այդ կոպիտ հիմարություններով։

— Իմ բնավորության մասին մի՛ մտահոգվեք,— ընդհատեց Կոլյան մի որոշ ինքնագոհությամբ։— Բայց ճիշտ է, որ ես կասկածամիտ եմ։ Հիմարորեն կասկածամիտ, կոպտորեն կասկածամիտ։ Ժպտացիք հիմա, և ինձ թվաց, որ դուք կարծես թե...

— Ախ, ես բոլորովին ուրիշ բանի համար ժպտացի։ Գիտե՞ք ինչու ժպտացի. վերջերս մի արտասահմանյան գերմանացու կարծիքը կարդացի մեր այժմյան ուսանող երիտասարդության մասին, Ռուսաստանում ապրած մի գերմանացու։ «Ռուս դպրոցականին,— գրում է,— ցույց տվեք աստղերի քարտեզը, որի մասին նա մինչ այդ ոչ մի գաղափար չի ունեցել, և վաղն ևեթ այդ քարտեզը ձեզ կվերադարձնի՝ վրան ուղղումներ արած»։ Ոչ մի գիտելիք և անսահման ինքնահավանություն՝ ահա թե ինչ է ուզում ասել գերմանացին ռուս դպրոցականի մասին։

— Օ՜, դա բացարձակապես ճի՛շտ է,— սկսեց հանկարծ քրքջալ Կոլյան,— կետ առ կետ ճի՜շտ է, ճիշտիսիմո՜։ Բռա՛վո, գերմանացի։ Բայց այդ օտարը դրա լա՛վ կողմը չի տեսել, հը՞, ի՞նչ եք կարծում։ Ինքնահավանությո՞ւն. Է՛հ, ինչ կա որ, դա երիտասարդ լինելուց է, հետո կուղղվի, միայն՝ եթե պետք է այդ ուղղվելը։ Բայց մյուս կողմից՝ անկախ, ինքնուրույն ոգի, համարյա թե մանկությունից սկսած. մտքի և համոզմունքների խիզախություն, և ոչ թե այդ երշիկ ուտողների ստրկամիտ ոգին, որ գլուխ է ծռում հեղինակությունների առաջ... Բայց համենայն դեպս լավ է ասել գերմանացին։ Բռա՛վո, գերմանացի։ Թեև՝ գերմանացիներին պետք է խեղդել, ճիշտն ասած։ Դե հա, ուժեղ են գիտության ասպարեզում, բայց համենայն դեպս պետք է խեղդել նրանց...

— Խեղդե՞լ. բայց ինչո՞ւ,— ժպտաց Ալյոշան։

— Է՜հ, գուցե և հիմար բան ասացի, համաձայն եմ։ Երբեմն սոսկալի երեխա եմ դառնում, և երբ ուրախանում եմ մի բանից՝ չեմ կարողանում ինձ զսպել, սկսում եմ հիմար֊հիմար դուրս տալ։ Բայց գիտե՞ք ինչ, մենք այստեղ դատարկ բաների մասին ենք շաղակրատում, իսկ այդ բժիշկը որքա՜ն երկար մնաց այնտեղ։ Դե գուցե «մայրիկին» էլ է քննում և այդ անդամալույծ Նինային։ Գիտե՞ք, այդ Նինան ինձ դուր եկավ։ Երբ սենյակից ելնում էի, հանկարծ ինձ փսփսաց. «Ինչո՞ւ մինչև հիմա չէիք գալիս»։ Եվ այնպիսի՜ մի ձայնով, կշտամբանքո՜վ։ Ինձ թվում է, սոսկալի բարի ու խեղճուկրակ աղջիկ է։

— Այո, այո։ Այ հիմա կսկսեք հաճախ գալ ու կտեսնեք, թե ի՜նչ մարդ է նա։ Ձեզ համար շատ օգտակար կլինի ճանաչել ահա այսպիսի էակներին, որպեսզի կարողանաք ուրիշ շատ բաներ էլ գնահատել, այդ բաները կիմանաք հենց այս մարդկանց հետ ծանոթանալու շնորհիվ,— նկատեց Ալյոշան փութեռանդորեն։— Ամեն ինչից ավելի հենց դա՛ ձեզ կվերափոխի։

— Օ՜, որքա՜ն ցավում եմ ու նախատում ինքս ինձ, որ չեմ եկել մինչև հիմա,— բացականչեց Կոլյան դառնագին մի զգացմունքով։

— Այո, շատ ցավալի է։ Ինքներդ տեսաք, թե ի՜նչ ուրախ տպավորություն գործեցիք խեղճ տղայի վրա։ Եվ ինչպես էր նա մորմոքվում՝ ձե՜զ սպասելով։

— Մի՜ ասեք ինձ։ Ավելի եմ բորբոքվում։ Բայց արժանի՜ եմ դրան. ինքնասիրությունից է, որ չէի գալիս, եսապաշտ ինքնասիրություն, ստոր կամակորություն, որից ամբողջ կյանքումս չեմ կարողանում ազատվել, թեև ամբողջ կյանքումս էլ աշխատել եմ կոտրել իմ այդ գիծը։ Տեսնում եմ հիմա, շատ կողմերով ստո՛ր մարդ եմ ես, Կարամազով։

— Ոչ, դուք հիանալի բնավորություն ունեք, թեև աղճատված մի քիչ. և ես շատ լավ եմ հասկանում, թե ինչու այդպիսի ազդեցություն եք ունեցել այս ազնիվ աւ հիվանդագին կերպով զգայուն տղայի վրա,— պատասխանեց Ալյոշան ջերմորեն։

— Եվ դուք ի՜նձ եք ասում այդ բանը,— գոչեց Կոլյան։— Իսկ ես, պատկերացրեք, կարծում էի... և հիմա էլ, այստեղ, քանի՜ անգամ մտքովս անցավ, որ դուք արհամարհում եք ինձ։ Եթե իմանայի՜ք, թե որքան թանկ է ինձ համար ձեր կարծիքը։

— Բայց մի՞թե իրոք այդքան կասկածամիտ եք։ Այս տարիքո՜ւմ։ Այո, երևակայեցեք, երբ քիչ առաջ դուք պատմում էիք սենյակում, ես էլ հենց ձեզ նայելով մտածեցի, որ երևի շատ կասկածամիտ պետք է լինեք։

— Ուրեմն այդպե՞ս մտածեցիք։ Բայց ի՜նչ սուր աչք ունեք, այ ասեմ ձեզ։ Գրազ կգամ, դա հենց այն պահին էր, երբ ես սագի մասին էի պատմում։ Հենց այդ պահին մտքովս անցավ, որ դուք ինձ խորապես արհամարհում եք, որովհետև ես շտապում եմ իմ քաջությունը ցուցադրել. և նույնիսկ ատեցի ձեզ դրա համար, սկսեցի հանկարծ հիմարություններ դուրս տալ։ Հետո էլ այստեղ, միջանցքում, երբ դեռ քիչ առաշ ասում էի՝ «Եթե շլիներ աստված, պետք էր հնարել նրան», հանկարծ ինձ թվաց, թե չափից ավելի շտապում եմ իմ գիտելիքները ցուցադրել, մանավանդ որ գրքում եմ կարդացել այդ նախադասությունը։ Բայց երդվում եմ, սնափառությունից չէր, որ շտապում էի այդպես ցուցադրել ինքս ինձ. հենց այնպես, չգիտեմ ինչից էր, ուրախությունից էր, ուրախությունից, աստված վկա, ուրախությունից էր կարծես... Թեև շատ ամոթալի բան է, երբ մարդ ուրախությունից սկսում է բոլորի վզին փաթաթվել։ Գիտեմ։ Բայց հիմա արդեն համոզված եմ, որ դուք չեք արհամարհում ինձ և այդ բոլորը ինքս եմ երևակայել։ Օ՜ Կարամազով, ես խորապես դժբախտ եմ։ Երբեմն աստված գիտե թե ինչեր եմ երևակայում, որ իբր թե բոլորը ծիծաղում են ինձ վրա, ամբողջ աշխարհը ծիծաղում է, և այդ ժամանա՜կ. այդ ժամանակ պարզապես ուզում եմ ոչնչացնել աշխարհի ամբողջ կարգուսարքը։

— Եվ տանջում եք ձեր շրջապատին,— ժպտաց Ալյոշան։

— Այո, տանջում եմ շրջապատիս, հատկապես մորս։ Ասացեք ինձ, Կարամազով, շա՞տ ծիծաղելի եմ հիմա։

— է՜հ, մի՛ մտածեք դրա մասին, մի՛ մտածեք, բնա՜վ,— րացականչեց Ալյոշան։— Եվ ի՞նչ է նշանակում ծիծաղել։ Մարդ քի՞չ անգամ ծիծաղելի է լինում կամ թվում այդպես։ Եվ հետո՝ գրեթե բոլոր ընդունակ մարդիկ հիմա սոսկալի վախենում են ծիծաղելի լինելուց և դրանով էլ դժբախտ են։ Ինձ զարմացնում է միայն, որ դուք այսքա՜ն շուտ սկսել եք զգալ այդ բանը, թեև, ճիշտն ասած, ես վաղուց արդեն նկատում եմ դա, և ոչ միայն ձեր մեջ։ Հիմա նույնիսկ երեխաներն էլ սկսել են տառապել այդ ցավով։ Համարյա թե խելագարություն է դա։ Սատանան է այդ ինքնասիրության կերպարանքն ստացել և մտել ամբողջ սերնդի մեջ, այո, հենց սատանա՛ն,— ավելացրեց Ալյոշան ու բոլորովին չժպտաց, այնինչ Կոլյան, որ շեշտակի նայում էր նրան, հենց այդ վայրկյանին կարծեց, թե ժպիտ կտեսնի նրա դեմքին։— Դուք էլ նման եք բոլորին,— եզրակացրեց Ալյոշան,- այսինքն շատ֊շատերին, միայն թե չպետք է լինեք այնպես, ինչպես բոլորն են, ա՛յս է խնդիրը։

— Նույնիսկ երբ բոլո՞րն են այդպես։

— Այո, նույնիսկ երբ բոլորն են այդպես։ Դո՛ւք միայն այդպես մի լինեք։ Եվ իրոք էլ դուք այնպես չեք, ինչպես բոլորը. ա՜յ հիմա չամաչեցիք և խոստովպնեցիք այն, ինչ վատ է և նույնիսկ ծիծաղելի, չէ՞։ Իսկ մեր օրերում ո՞վ է խոստովանում այդ բանը։ Ոչ ոք։ Եվ նույնիսկ ինքնադատության կարիքն էլ չեն զգում այլևս։ Ուրեմն մի՛ լինեք այնպես, ինչպես բոլորն են. ու թեկուզ միակը մնաք, համենայն դեպս մի՛ նմանվեք բորրին։

— Հոյակա՜պ է։ Չեմ սխալվել ձեր նկատմամբ։ Դուք մխիթարելու շնորհն ունեք։ Օ՜, ինչպե՞ս էի ձգտում ծանոթանալ ձեզ հետ, Կարամազով, վաղուց, վաղու՜ց էի ուզում հանդիպել ձեզ։ Մի՞թե իսկապես դուք էլ մտածել եք իմ մասին։ Քիչ առաջ ասացիք, որ դուք էլ մտածել եք իմ մասին, չէ՞։

— Այո, լսել էի ձեր մասին և մտածում էի նույնպես... և եթե հիմա ինքնասիրությունն էր մասամբ, որ ձեզ մղեց այդ հարցը տալու, դե վնաս չունի։

— Գիտե՞ք ինչ, Կարամազով, մեր այս բացատրությունը նման է սիրո խոստովանության,— ասաց Կոլյան մի տեսակ նվաղուն ու ամոթխած ձայնով։— Ծիծաղելի չէ՞ դա, ծիծաղելի չէ՞։

— Բոլորովին էլ ծիծաղելի չէ, ու թեկուզ ծիծաղելի էլ լինի՝ վնաս չունի, որովհետև լավ բան է,— պայծառ ժպտաց Ալյոշան։

— Բայց գիտե՞ք, Կարամազով, ընդունեցեք՝ դուք ինքներդ էլ հիմա մի քիչ ամաչում եք, որ ինձ հետ այսպես... Ձեր աչքերից եմ տեսնում,— ժպտաց Կոլյան մի տեսակ խորամանկորեն, բայց համարյա թե երջանիկ։

— Իսկ ինչո՞ւ պետք է ամաչեմ։

— Իսկ ինչո՞ւ կարմրեցիք։

— Բայց դո՛ւք այնպես արեցիք, որ կարմրեցի,— ծիծաղեց Ալյոշան և իրոք կաս-կարմիր եղավ։— Է՜, այո, մի քիչ ամաչում եմ՝ աստված գիտե, թե ինչու, չգիտեմ ինչու...— մրթմրթաց նա, համարյա նույնիսկ շփոթվելով։

— Օ՜, ինչպե՜ս եմ ձեզ սիրում ու գնահատում այս րոպեիս՝ հենց դրա համար. դո՜ւք էլ ամաչում եք, որ այսպես խոսում եք ինձ հետ, և չգիտե՜ք ինչու։ Որովհետև դո՛ւք էլ ինձ նման եք,— բացահայտ հրճվանքով բացականչեց Կոլյան։ Այտերը վառվում էին, աչքերը փայլում։

— Գիտե՞ք, Կոլյա, ի միջի այլոց, դուք նաև շատ դժբախտ մարդ եք լինելու կյանքում,— ասաց Ալյոշան ինչ֊որ մղումով։

— Գիտեմ, գիտեմ։ Ինչպե՜ս ամեն ինչ իմանում եք նախօրոք,— հաստատեց իսկույն Կոլյան։

— Բայց այնուամենայնիվ, կյանքը պիտի օրհնեք ընդհանուր առմամբ։

— Շա՛տ ճիշտ է։ Ուռա՜։ Մարգարե եք դուք։ Օ՜, մենք կմտերմանանք, Կարամազով։ Գիտե՞ք, ինձ ամենից ավելի հիացնում է այն, որ դուք ինձ հետ բացարձակապես հավասարի նման եք վարվում։ Բայց մենք հավասար չենք , ո՜չ, հավասար չենք, դուք ավելի՛ բարձր եք։ Բայց կմտերմանանք։ Գիտե՞ք, ամբողջ մի ամիս ես ինքս ինձ ասում էի. «Կա՛մ միանգամից բարեկամներ կդառնանք հավիտյանս հավիտենից, կամ էլ հենց առաջին անգամից կբաժանվենք որպես թշնամիներ՝ ցմահ»։

— Եվ այդպես ասելով՝ անշուշտ սիրում էիք ինձ, չէ՞,— ուրախ ծիծաղեց Ալյոշան։

— Սիրում էի, սոսկալի՜ սիրում, սիրում էի ու երազում ձեր մասին։ Եվ ինչպե՞ս դուք նախօրոք իմանում եք այդ բոլորը։ Պա՜հ, ահա վերջապես բժիշկը։ Տեր աստված, ի՞նչ է ասելու արդյոք։ Տեսեք, դե՜մքը տեսեք։

VII։ Իլյուշա

Բժիշկը սենյակից դուրս եկավ նորից մուշտակի մեջ փաթաթված և գլխարկը գլխին։ Դեմքին համարյա բարկացած ու խորշող մի արտահայտություն կար, ասես դեռ վախենում էր, որ մի բանի դիպչելով կկեղտոտվի։ Մի հարևանցի հայացք նետեց միջանցքին ու միաժամանակ խստորեն նայեց Ալյոշային ու Կոլյային։ Ալյոշան դռնից նշան արեց կառապանին, և բժշկին բերող կառքը մոտեցավ մուտքի դռանը։ Փոխկապիտանը շեշտակի դուրս թռավ բժշկի ետևից և երկու ծալ լինելով, համարյա գալարվելով նրա առաջ, կանգնեցրեց ու մի վերջին խոսք խնդրեց նրանից։ Խեղճ մարդու դեմքին կյանք չէր մնացել, աչքերի մեջ վախ կար։

— Ձե՜րդ գերազանցություն, ձե՜րդ գերազանցություն... մի՞թե...— սկսեց նա ու չկարողացավ շարունակել, միայն ձեռքերը հուսահատորեն զարկեց իրար, թեև մի վերջին պաղատանքով նայում էր դեռ բժշկին, կարծես թե իր խեղճ մանչուկի ճակատագիրը կարող էր փոխվել այն մեկ խոսքից, որ ասելու էր բժիշկը հիմա։

— Ի՜նչ կարող եմ անել։ Աստված չեմ,— անփութորեն պատասխանեց բժիշկը, թեև նրա ձայնի մեջ ազդու մի շեշտ կար ըստ սովորության։

— Դոկտո՛ր... Ձե՜րդ գերազանցություն... իսկ դա... շուտո՞վ է լինելու, շուտո՞վ։

— Պատ-րաստ ե֊ղեք ամեն ինչի,— ասաց բժիշկը պարզ ու կտրուկ, շեշտելով յուրաքանչյուր վանկը, և աչքերը խոնարհեց, պատրաստվեց դուրս գալ շեմքից՝ դեպի կառքը։

— Ձե՜րդ գերազանցություն, ի սե՜ր Քրիստոսի,— նորից կանգնեցրեց նրան փոխկապիտանը, վախեցած,— ձե՜րդ գերազանցություն... էլ ուրեմն ոչի՞նչ չի փրկի նրան, ոչի՞նչ, բացարձակապես ոչի՞նչ...

— Հիմա այլևս ինձնից չի կախված,— ասաց բժիշկը անհամբեր,— և սակայն, հը՜մ,— կանգ առավ նա հանկարծ,— եթե դուք օրինակ, կարողանայիք... ու-ղար—կել... ձեր հիվանդին... Սի-րա-կու-զա... իսկույնևեթ, առանց որևէ ուշացման (բժիշկն «իսկույնևեթ, առանց որևէ ուշացման» բառերն արտասանեց ոչ թե պարզապես խստորեն, այլ համարյա ցասումնալից, այնպես որ փոխկապիտանը ցնցվեց նույնիսկ), ապա... նոր, բա-րե-րար կլի- մա-յա-կան պայմանների շնորհիվ... գուցե կարող է պատահել, որ...

— Սիրակու՜զա,— գոչեց փոխկապիտանը, կարծես դեռ ոչինչ չհասկանալով։

— Սիրակուզան գտնվում է Սիցիլիա կղզում,— վրա բերեց հանկարծ Կոլյան բարձրաձայն, որպես բացատրություն։ Բժիշկը նրան նայեց։

— Սիցի՜լիա։ Տեր իմ, ձե՜րդ գերազանցություն,— գլուխը կորցրեց փոխկապիտանը,— բայց դուք տեսաք, չէ՞,— երկու ձեռքերը տարածեց նա շուրջանակի, ցույց տալով իր պայմանները— իսկ մայրի՞կը, իմ ընտանի՞քը։

— Ո-ոչ, ընտանիքին Սիցիլիա պետք չէ, ձեր ընտանիքը՝ Կովկաս, վաղ գարնան... ձեր դստերը՝ Կովկաս, իսկ կնոջը... հոդացավի համար նույնպես Կով-կա-սում հանքային ջրեր ընդունելուց հետո... անմիջապես ու-ղար-կել Փարիզ՝ հո-գե-բույժ դոկտոր Լը-պել-լըտյեի բուժարանը, ես կարող եմ ձեզ մի երկտող տալ նրա անունով, և այդ դեպքում... գուցե կարող է պատահել, որ...

— Դոկտո՜ր, դոկտո՜ր։ Բայց ախր տեսնո՜ւմ եք,— հանկարծ նորից ձեռքերը տարածեց փոխկապիտանը, հուսահատորեն ցույց տալով միջանցքի մերկ, գերանակապ պատերը։

— Ա՜, դա արդեն իմ գործը չէ,— ժպտաց բժիշկը,— ես պարզապես ասացի այն, ինչ գի-տու-թյունը կարող է պատասխանել վերջին միջոցների մասին ձեր հարցին, իսկ մնացյալը... ցավում եմ, որ...

— Մի՛ անհանգստացեք, բուժա՛կ, իմ շունը ձեզ չի կծի,— խայթեց հանկարծ Կոլյան բարձր ձայնով, նկատելով բժշկի մի քիչ անհանգիստ հայացքը, որ ուղղված էր դռան մեջ կանգնած Պերեզվոնին։ Ցասումնալից մի շեշտ հնչեց Կոլյայի ձայնի մեջ։ Իսկ «բուժակ» բառը նա դիտմամբ ասաց «դոկտորի» փոխարեն, և «վիրավորելու համար» ասաց, ինչպես ինքը բացատրեց հետո։

— Ի՜նչ ա-սա-ցի՞ք,— գլուխը վեր ցցեց բժիշկը, աչքերը զարմացած սևեռելով Կոլյային։— Ո՞վ է սա-ա՜,— դարձավ հանկարծ Ալյոշային, կարծես հաշիվ պահանջելով նրանից։

— Պերեզվոնի տերն է, բուժակ, մի՛ մտահոգվեք իմ անձի մասին,— խայթեց նորից Կոլյան։

— Զվո՞ն,— կրկնեց բժիշկը, չհասկանալով, թե ինչ բան է Պերեզվոնը։

— Քայլ առաջ, օ՛ն։ Ցտեսություն, բուժա՛կ, կտեսնվենք Սիրակուզայում։

— Ո՞վ է սա-ա՜։ Ո՞վ է, ո՞վ,— հանկարծ սոսկալի բորբոքվեց բժիշկը։

— Դպրոցական է, դոկտոր, չարաճճի տղա է, ուշադրություն մի՛ դարձնեք,— ասաց Ալյոշան արագ-արագ, խոժոռվելով։ — Լոեցե՛ք, Կոլյա,— գոռաց նա Կրասոտկինին։— Պետք չէ ուշադրություն դարձնել, դոկտոր,— կրկնեց նա արդեն մի քիչ անհամբեր։

— Ծեծ-ծե՛լ, ծեծ-ծե՛լ է պետք, ծեծ-ծե՜լ,— ոտքը հատակին խփեց բժիշկը, որ, չգիտես ինչու, չափից ավելի կատաղել էր։

— Բայց գիտե՞ք, ինչ, բուժա՛կ, իմ Պերեզվոնը կարող է և կծել, գիտե՞ք,— ասաց Կոլյան դողացող ձայնով, գունատվել էր նա և աչքերը փայլատակում էին։— Իսի՜, Պերեզվոն։

— Կո՛լյա, եթե մի բառ էլ ասեք, այլևս երբեք չեմ խոսի ձեզ հետ,— գոռաց Ալյոշան հրամայականորեն։

— Բուժա՛կ, ամբողջ աշխարհում միայն մե՛կ մարդ կա, որ կարող է հրամայել Նիկոլայ Կրասոտկինին, այն էլ ահա ա՛յս մարդն է,— Կոլյան ցույց տվեց Ալյոշային։— Հնազանդվում եմ նրան։ Մնաք բարով։

Նա խոյացավ դեպի սենյակի դուռը, բացեց ու արագ ներս մտավ։ Պերեզվոնը վազեց նրա ետևից։ Բժիշկը, կարծես ապուշ կտրած, դեռ մի հինգ վայրկյան էլ անշարժ կանգնեց, նայելով Ալյոշային, հետո հանկարծ թքեց ու արագ քայլերով գնաց դեպի կառքը, բարձրաձայն կրկնելով. «Ի՜ննչ է սա-ա, ի՜ննչ է, ի՜ննչ է... չգիտե՜մ իննչ է»։ Փոխկապիտանը վազեց, որ օգնի նրան կառք նստելու։ Ալյոշան սենյակ մտավ Կոլյայի ետևից։ Կոլյան արդեն կանգնել էր Իլյուշայի անկողնի մոտ։ Իլյուշան բռնել էր նրա ձեռքը և հայրիկին էր կանչում։ Մի րոպեից վերադարձավ նաև փոխկապիտանը։

— Հայրի՜կ, հայրի՜կ, արի այստեղ... մենք...— սկսեց թոթովել Իլյուշան արտակարգորեն հուզված, բայց երևի չկարողանալով շարունակել հանկարծ իր նիհարիկ թևերն առաջ նետեց ու միանգամից գրկեց թե՛ Կոլյային, թե՛ հորը, գրկեց այնքան ամուր, որքան կարող էր, միացնելով նրանց իր գրկում և ինքն էլ սեղմվելով նրանց։ Փոխկապիտանը հանկարծ սկսեց ամբողջ մարմնով ցնցվել լուռ հեծկլտանքից, իսկ Կոլյայի շրթներն ու ծնոտը դողդողացին։

— Հայրի՜կ, հայրի՜կ։ Որքա՜ն եմ մեղքանում քեզ, հայրիկ,— վշտամորմոք հառաչեց Իլյուշան։

— Իլյոլշկա... հոգյակս... բժիշկն ասաց... կառողջանաս... երջանիկ կլինենք... բժիշկը...— սկսեց փոխկապիտանը, բայց չկարողացավ շուրանակել։

— Ա՜խ, հայրիկ։ Գիտեմ ինչ ասաց նոր բժիշկը... Տեսա՜,— բացականչեց Իլյուշան ու նորից ամբողջ ուժով սեղմեց երկուսին էլ իր գրկում, երեսը թաքցնելով հայրիկի ուսին։

— Լաց մի՛ լինի, հայրիկ... և երբ ես մեռնեմ, դու մի լավ տղա վերցրու, մի ուրիշ տղա... ինքդ ընտրիր նրանցից մեկին՝ մի լավ տղայի... անունը Իլյուշա դիր, և իմ տեղը նրա՛ն սիրիր...

— Սո՛ւս արա, բիձուկ, կառողջանա՛ս,— գոռաց հանկարծ Կրասոտկինը, ասես բարկանալով։

— Իսկ ինձ, հայրի՜կ, ինձ երբեք մի՛ մոռանա,— շարունակեց Իլյուշան,— միշտ արի ինձ մոտ, իմ գերեզմանը... և հետո գիտե՞ս ինչ, հայրիկ, ինձ թաղիր մեր մեծ քարի կողքին, ուր քեզ հետ գնում էինք ման գալու, և Կրասոտկինի հետ արի այնտեղ ինձ մոտ, իրիկունը... Եվ Պերեզվոնն էլ... Իսկ ես պիտի սպասեմ ձեզ... Հայրի՜կ, հայրի՜կ։

Նրա ձայնը կտրվեց, երեքն էլ կանգնել էին պրկված և արդեն լուռ էին։ Նինոչկան էլ մեղմ արտասվում էր իր բազկաթոռում, և հանկարծ մայրիկն էլ, տեսնելով նրանց լացը, սկսեց աղի արցունք թափել։

— Իլյո՜ւշկա։ Իլյո՜ւշկա,— բացականչում էր մայրիկը։

Կրասոտկինը հանկարծ դուրս եկավ Իլյուշայի գրկից։

— Ցտեսություն, բիձոլկ, մայրս ինձ սպասում է ճաշին,— ասաց նա արագ-արագ։— Ափսո՜ս, որ նախօրոք չասացի նրան։ Շատ կանհանգստանա... Բայց ճաշից հետո անմիջապես կգամ քեզ մոտ, ամբողջ օրը կմնամ, ամբողջ իրիկունը, և այնքա՜ն բաներ կպատմեմ քեզ, այնքա՜ն բաներ։ Եվ Պերեզվոնին էլ կբերեմ, իսկ հիմա հետս եմ տանում, որովհետև առանց ինձ կսկսի ոռնալ և կխանգարի քեզ։ Ցտեսությո՛ւն։

Եվ նա վազեց միջանցք։ Չէր ուզում լաց լինել, բայց և այնպես միջանցքում սկսեց լալ։ Այդ վիճակում էլ գտավ նրան Ալյոշան։

— Կոլյա, դուք անպայման պետք է կատարեք ձեր խոսքը, և գաք, այլապես նա սոսկալի վիշտ կապրի,— ասաց Ալյոշան պարտադրող շեշտով։

— Անպայմա՛ն։ Օ՜, ինչպե՜ս եմ անիծում ինքս ինձ, որ մինչև հիմա չեմ եկել,— մրթմրթաց Կոլյան լալով և արդեն առանց ամաչելու, որ լաց է լինում։

Այդ րոպեին հանկարծ սենյակից դուրս թռավ փոխկապիտանը և իսկույն դուռը փակեց իր ետևից։ Նրա դեմքին մոլեգնահար մի արտահայտություն կար, շրթները դողում էին։ Կանգնեց երկու պատանիների առաջ և ձեռքերը վեր նետեց։

— Չե՛մ ուզում լավ տղա։ Չե՛մ ուզում ուրիշ տղա,— շշնջաց նա վայրագ մի փսփսուքով ու կրճտացնելով ատամները։— Եթե մոռացայց զքեզ, Երուսաղեմ, մոռասցի զիս աջ իմ...

Չկարողացավ շարունակել, կարծես շունչը կտրվեց, և ուժասպառ ընկավ ծնկների վրա՝ փայտե նստարանի առաջ։ Բռունցքներով սեղմեց գլուխը և սկսեց հեկեկալ, մի տեսակ անհեթեթ վնգվնգալով, բայց և ամբողջ էությամբ ճիգ անելով, որ չլսեն իր վնգվնգոցները սենյակում։ Կոլյան փողոց վազեց։

— Ցտեսությո՜ւն, Կարամազով։ Դուք ինքներդ գալո՞ւ եք,— կտրուկ ու բարկացած գոռաց նա Ալյոշային։

— Երեկոյան անպայման կգամ։

— Այդ ի՞նչ էր ասում Երուսաղեմի մասին... Դա ի՞նչ բան էր։

— Աստվածաշնչից է. «Եթե մոռացայց զքեզ, Երուսաղեմ», այսինքն եթե մոռանամ այն ամբողջը, որ ամենից ավելի թանկ է ինձ համար, եթե փոխեմ ուրիշ բանի հետ, ապա ուրեմն թո՛ղ պատժվի իմ...

— Հասկանում եմ, բավական է։ Դուք էլ եկեք անպայման։ Իսի՛, Պերեզվոն,— արդեն ուղղակի կատաղորեն գոռաց նա շանը և խոշոր, արագ քայլերով գնաց տուն։