Վերջին թարմացում 9 Մայիսի 2015, 23:26
Տիրակալը

հեղինակ՝ Նիկոլո Մաքիավելի
թարգմանիչ՝ Ալբերտ Բարսեղյան

Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն Լորենցո Մեդիչիին

Տիրակալների բարեհաճությանը արժանանալու համար մարդիկ սովորաբար նվիրաբերում են իրենց ունեցած ամենաթանկարժեք իրը, կամ էլ մի այլ բան, ինչով հույս ունեն մեծագույն բավականություն պատճառել նրան, այսինքն՝ նժույգ ձի, զենք, թանկարժեք դիպակ ու քար և տիրակալների մեծությանը վայել զանազան այլ ընծաներ։ Իսկ ես, կամենալով Ձերդ պայծառափայլությանը հավաստել իմ նվիրվածությունը՝ ինչքիս մեջ չգտա առավել թանկ ու արժեքավոր մի բան, քան երևելի մարդկանց վարքի մասին իմ գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել առկա եղելությունից բազմամյա փորձի և անցյալի անցուդարձի անխոնջ ուսումնասիրության շնորհիվ։ Շատ ժամանակ ու ջանքեր ներդնելով իմ ամբարածը իմաստավորելու համար, փորձ արեցի խոհերս ամփոփել մի երկասիրության մեջ և որպես նվեր մատուցանել Ձերդ պայծառափայլությանը։ Թեև ենթադրում եմ, որ սույն մատյանը անարժան է Ձեր ուշադրությանը, այնուամենայնիվ, հուսով եմ Դուք Ձեր ներողամտությամբ հանդերձ հաճությամբ կընդունեք՝ քաջ գիտակցելով, որ ես ի զորու չեմ Ձեզ ավելի արժեքավոր նվեր մատուցանել։ Դրա շնորհիվ, կարճ միջոցում, հաղորդակից կլինեք բազում վտանգներով ու տագնապներով ձեռք բերված իմ գիտելիքների շտեմարանին։ Աստ չեմ հոգացել ոչ զարդարուն ոճի, ոչ խոսքի ճոխության, բարեհնչունության, ոչ էլ արտաքին զարդարանքի ու փայլի մասին, որոնցով բազում գրիչներ ջանում են պաճուճել իրենց երկերը։

Ցանկությունս է, որ գրվածքս մնա անհայտության մեջ, կամ էլ ճանաչ դառնա շնորհիվ նյութի անսովորության ու կարևորության։

Թող հանդգնություն չհամարվի, որ ստորին ու աննշան կոչումով մեկը հանձն է առնել քննել տիրակալների գործքն ու խորհուրդներ տալ նրանց։ Ինչպես բնանկար վրձնելիս գեղանկարիչը պետք է իջնի հովիտ՝ հայացք գցի բլուրների ու լեռների վրա և վեր բարձրանա՝ հայացքով զննի հովիտը, ճիշտ այդպես էլ ժողովրդի էությունը ըմբռնելու համար հարկ է լինել տիրակալ, իսկ տիրակալների էության մեջ թափանցելու համար պետք է սերված լինել ժողովրդի ծոցից։

Ձերդ պայծառափայլությունը սույն համեստ նվերը թող ընդունի նույն զգացումով, որով ես եմ համակված։ Եթե բարեհաճեք ուշի ուշով ընթերցել իմ մատյան գիրքը ու խորհել նրա շուրջ, կզգաք, որ կամեցել եմ Ձերդ պայծառափայլությանը տեսնել այնպես վեհ, ինչպես վերուստ հաստել է ճակատագիրը Ձեր արժանիքների հանգույն։

Ու այն բարձունքից, ուր թևածում է Ձերդ պայծառափայլությունը, եթե երբևէ հայացք նետի այն ստորոտի վրա, ուր դեգերում եմ ես, կտեսնի, թե որքան անողոք է եղել ճակատագիրն իմ հանդեպ՝ պես պես ծանր փորձությունների ենթարկելով նվաստիս։


Գլուխ I։ Քանի տեսակի պետություններ են լինում և ինչպես են ձեռք բերվում

Անցյալում կամ ներկայում մարդկանց վրա իշխած բոլոր պետությունները և տերությունները եղել են հանրապետություն, կամ միահեծան կառավարվող միապետություն։ Վերջիններս կարող են լինել ժառանգած, եթե տիրակալի տոհմը իշխել է երկար ժամանակ, կամ նորելուկ։ Նոր կարող է լինել ամբողջ պետությունը (այդպիսին է Միլանը Ֆրանչեսկո Սֆորցայի համար), կամ դրա մի մասը, որը նվաճման հետևանքով միացվել է ժառանգված պետությանը (այդպիսին է Նեապոլի թագավորությունը Իսպանիայի թագավորի համար)։ Նոր պետությունները լինում են երկու տեսակի՝ պետություններ, որտեղ հպատակները ընտելացել ու հնազանդվել են տիրակալներին, և պետություններ, որտեղ նրանք վաղնջական ժամանակներից ապրել են ազատ։ Պետությունները ձեռք են բերվում սեփական կամ ուրիշի զենքով, ճակատագրի բարեհաճությամբ կամ քաջությամբ։


Գլուխ II։ Ժառանգական մենիշխանության մասին

Ես չեմ անդրադառնա հանրապետություններին, քանզի դրանց մասին խոսելու եմ այլ տեղում։ Այստեղ խոսքը կվերաբերի միահեծան կառավարմանը և, հետևելով վերը նախանշած կարգին, կբացատրեմ, թե տիրակալներն ինչ միջոցներով կարող են ղեկավարել պետություններն ու պահպանել պետական իշխանությունը։

Սկսեմ նրանից, որ ի տարբերություն նոր տիրակալի, ժառանգություն ստացածի համար շատ ավելի հեշտ է պահպանել իշխանությունը, որի հպատակները հասցրել են համակերպվել իշխող տան կարգուկանոնին, քանզի դրա համար բավական է, որ նա չխախտի նախնյաց ավանդույթներն ու հետագայում եյնելով նոր հանգամանքներից փոփոխություններ կատարի առանց շտապելու։ Նման գործելակերպի դեպքում նույնիսկ միջակ տիրակալը չի կորցնի իշխանությունը, եթե միայն գահընկեց չանեն հզոր ու ահեղ ուժերը, թեև այդ դեպքում էլ նա՝ օգտվելով նվաճողի առաջին իսկ անհաջողությունից, կարող է հետ խլել իշխանությունը։

Մեզ մոտ՝ Իտալիայում, ասվածի օրինակ կարող է ծառայել Ֆեռարայի դուքսը, ով իշխանությունը չկորցրեց 1484 թվականին վենետիկցիներից և 1510-ին Հուլիոս պապից կրած պարտություններից հետո, միմիայն շնորհիվ այն բանի, որ նրա տոհմը Ֆեռարայում իշխել էր հնագույն ժամանակներից։ Քանզի իշխանությունը ժառանգաբար ստացած տիրակալը, հպատակներին ճնշելու ավելի քիչ պատճառներ ու անհրաժեշտություն ունի, ուստիև նրանք նրա հանդեպ մեծ սիրով են համակված։ Ու եթե նա չափից ավելի մեծ արատներ չունի, որոնք կարող են ատելություն հարուցել, ապա օրինաչափորեն վայելում է համաքաղաքացիների համակրանքը։ Վաղեմի և սերնդեսերունդ ձգվող կառավարումը մոռանալ է տալիս երբեմնի հեղաշրջումներն ու դրանք ծնող պատճառները, մինչդեռ, եթե սկսես փոփոխություններ կատարել, դրանց անպայման հաջորդելու են նորերը։


Գլուխ III։ Խառը պետությունների մասին

Նոր տիրակալը դժվարությամբ է իր ձեռքում պահում իշխանությունը։ Նույնիսկ պետությանը նոր տիրույթներ կցած գահաժառանգած տիրակալը մի տեսակ խառը դարձնելով այն, դժվարությամբ է իշխում նախևառաջ այն բնական պատճառով, որ նման իրավիճակը հեղաշրջումներ է առաջացնում բոլոր նորաստեղծ պետություններում։

Բանն այն է, որ մարդիկ, հույս ունենալով, որ նոր տիրակալը ավելի լավը կլինի, ըմբոստանում են հնի դեմ, բայց շուտով փորձով համոզվում, որ խաբվել են, քանզի նոր տիրակալը միշտ էլ հնից վատն է լինում, ինչն, այնուամենայնիվ, բնական է և օրինաչափ, որովհետև. նվաճողը ճնշում է նոր հպատակներին՝ նրանց վրա զանազան հարկեր դնելով ու հարկադրելով օթևան տալ զորքին, մի բան, որ անխուսափելի է նվաճման ժամանակ։ Եվ, այսպիսով, դառնում է ճնշվածների թշնամին և կորցնում այն մարդկանց բարեկամությունը, ովքեր աջակցել էին նվաճմանը, քանզի չի կարող պարգևներ տալ նրանց ակնկալիքի չափով, բայց և պարտական լինելով, չի կարող նրանց նկատմամբ կտրուկ միիցներ ձեռնարկել։ Չէ որ առանց այդ մարդկանց օգնության նա չէր կարող մտնել երկիր, որքան էլ որ ուժեղ լիներ նրա զորքը։ Հենց դա էր պատճառը, որ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ը արագորեն գրավելով Միլանը, նույնպիսի արագությամբ էլ այն կորցրեց։ Եվ դուքս Լոդովիկոյին հենց այն բանի շնորհիվ հաջողվեց այդ անգամ սեփական ուժերով հետ խլել Միլանը, որովհետև ժողովուրդը, որն ինքն էր արքայի առաջ բացել դարպասները, շատ շուտ հուսախաբվելով հրաժարվեց կրել նոր տիրակալի լուծը։

Ճիշտ է, եթե խռովարար երկիրը կրկին անգամ է նվաճվում, տիրակալի համար ավելի դյուրին է այնտեղ ամրապնդել իր իշխանությունը, քանզի խռովությունբ նրան առիթ է տալիս նվազ զգուշավորությամբ պատժել մեղավորներին, մերկացնել կասկածյալներին, պաշտպանական միջոցներ ձեռնարկել առավել խոցելի տեղերում։ Առաջին անդամ Ֆրանսիան Միլանը հանձնեց, երբ հազիվ էր դուքս Լոդովիկոն մի փոքր աղմկել նրա սահմանների վրա, բայց երկրորդ անգամ Ֆրանսիան Միլանն իր ձեռքում պահեց այնքան ժամանակ, մինչև, որ նրա դեմ ոտքի ելան բոլոր իտալական պետություններն ու ցիրուցան անելով նրա զորքերը, վտարեցին Իտալիայի սահմաններից, ինչը տեղի ունեցավ վերոհիշյալ պատճառներով։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան երկու դեպքում էլ կորցրեց Միլանը։ Թագավորի առաքին անհաջողության պատճառը, որն ընդհանուր է բոլոր նմանատիպ դեպքերի համար, ես նշեցի, մնում է պարզել երկրորդի պատճառը և հասկանալ, թե ինչ միջոցներ ուներ Լյուդովիկոսը և նրա փոխարեն յուրաքանչյուր ոք, որպեսզի նվաճումն ավելի խելացի ձևով ամրապնդեր, քան դա արեց Ֆրանսիան։

Սկսեմ նրանից, որ նվաճված և իբրև, ժառանգություն ստացած տիրույթները կարող են պատկանել մեկ երկրի և ունենալ մեկ լեզու, կամ տարբեր երկրների և ունենալ տարբեր լեզուներ։ Առաջին դեպքում դժվար չէ նվաճյալը պահել, հատկապես, եթե նոր հպատակները նախկինում էլ ազատ չեն եղել Նրանց վրա իշխանությունն ամրապնդելու համար բավական է բնաջնջել նախկին տիրակալի տոհմը․ սովորույթների ընդհանրության և հին կարգերը պահպանելու դեպքում ուրիշ ոչ մի բանից խռովություններ չեն ծագի։

Մենք գիտենք, որ բանն այդպես էր Բրետանում, Բուրգունդիայում, Նորմանդիայում և Գասկոնում, որոնք վաղուց են մտել Ֆրանսիայի կազմի մեջ։ Ճիշտ է, նրանց բարբառները իրարից փոքր֊ինչ տարբերվում են, բայց սովորույթների նմանության շնորհիվ նրանք իրար հետ համերաշխ են։ Նման դեպքերում նվաճողը պետք է ձեռք առնի նախազգուշության լոկ երկու միջոց. առաջին՝ հետևի, որ նախկին տիրակալի տոհմը բնաջնջվի, երկրորդ՝ պահպանի նախկին օրենքներն ու հարկերը,― այդժամ նվաճված հողերը կարճ ժամանակամիջոցում կմիավորվեն զավթիչի բուն պետության հետ։ Բայց եթե նվաճված երկիրն այն երկրից, որի մասն է դարձել, տարբերվում է լեզվով, սովորույթներով ու բարքերով, ապա այստեղ, հիրավի, դժվար է պահել իշխանությունը, այստեղ պահանջվում են և՛ մեծ հաջողություն և՛ մեծ հմտություն։ Դրան հասնելու ամենաճիշտ ու անմիջական ուղիներից մեկը բնակության համար այնտեղ տեղափոխվելն է։ Նման քայլը կամրապնդի ու վտանգից զերծ կպահի նվաճումը։ Հունաստանը նվաճելով, հենց այդպես վարվեց թուրքական սուլթանը, որն ինչքան էլ ջանար, չէր կարող իր իշխանության ներքո պահել այդ երկիրը, եթե մայրաքաղաքը չտեղափոխեր այնտեղ։ Քանզի միայն երկրում ապրելով կարելի է նկատել սկսվող խռովությունն ու ժամանակին դրա դեմն առնել, այլապես այդ մասին կիմանաս այն ժամանակ, երբ դա այնքան կխորանա, որ ուշ կլինի միջոցներ ձեռնարկել։ Հաստատվելով նվաճված երկրում, տիրակալը, նաև երկիրը կազատի պաշտոնյաների կողոպուտից, որովհետև հպատակները հնարավորություն կստանան անմիջականորեն դիմել նրա դատաստանին, ինչը հնազանդներին նրան սիրելու, իսկ անհնազանդներին վախենալու ավելի շատ առիթներ կտա։ Եվ, եթե նույնիսկ հարևան երկրներից որևէ մեկը մտքին դրել էր հարձակվել, ապա հիմա ավելի մեծ զգուշավորություն հանդես կբերի, այնպես որ տիրակալը հազիվ թե կորցնի նվաճած երկիրը, եթե բնակության համար տեղափոխվի այնտեղ։ Մյուս արդյունավետ միջոցը մեկ-երկու գաղութ հիմնելն է այն վայրերում, որոնք նոր հողերը միացնում են նվաճողի պետությանր։ Ընդսմին, դա երկրում մեծ քանակությամբ հեծելազոր ու հետևակ տեղաբաշխելու միակ հնարավորությունն է։ Գաղութները մեծ ծախսեր ու աշխատանքներ չեն պահանջում, և դրանք պահելը գրեթե ոչինչ չի նստում տիրակալի վրա։ Դրանք ունեզրկում են լոկ այն բնակիչներին, որոնց հողակտորներն ու տներն անցնում են նորաբնակներին, այսինքն՝ տուժում են միայն մի բուռ մարդիկ, որոնք աղքատանալով ու երկրով մեկ սփռվելով, ոչնչով չեն կարող վնասել տիրակալին, իսկ մնացածները ձեռնպահ մնալով կխաղաղվեն, և բացի այդ, կվախենան անհնազանդություն ցուցաբերելով արժանանալ ընչազրկված հարևանների բախտին։ Այնպես որ, գաղութները տիրակալի վրա էժան են նստում, նրան ծառայում են հավատարմորեն և սնանկացնում են սոսկ փոքրաթիվ մարդկանց, ովքեր աղքատանալով ու ցաքուցրիվ լինելով տիրակալի համար վտանգավոր չեն։ Այս առիթով տեղին կլիներ նկատել, որ մարդկանց կամ պետք է սիրաշահել կամ ոչնչացնել, քանզի պատճառած փոքր չարիքի համար մարդը կարող է վրեժխնդիր լինել, իսկ մեծ չարիքի համար չի կարող, ինչից հետևում է, որ մարդուն պետք է վիրավորանք հասցնել այն հաշվարկով, որ վրեժից չվախենաս։ Իսկ եթե գաղութների փոխարեն զորք մտնի երկիր, որին պահելը շատ ավելի թանկ է նստելու և կլանելու է նոր պետությունից ակնկալվող բոլոր եկամուտները, ձեռքբերումը կվերածվի վնասի։ Բացի այդ, կտուժեն շատ ավելի մեծ թվով մարդիկ, քանի որ զորքին կացարանով ապահովելը դրվում է ամբողջ բնակչության ուսերին, դրա համար էլ նեղությունների մեջ հայտնված յուրաքանչյուր ոք դառնում է տիրակալի թշնամին։ Իսկ այդքան մեծ թվով թշնամիներ վաստակելը վտանգավոր է, քանզի նրանք թեև պարտված, բայց իրենց տանն են։ Եվ այսպես, որ կողմից էլ որ նայես, նման կայազոր պահելը վնասավոր է, մինչդեռ, գաղութներն օգտաբեր են։

Սովորույթներով ու լեզվով օտար երկրում նվաճողը պետք է դառնա ավելի թույլ հարևանների ղեկավարն ու պաշտպանը՝ աշխատելով թուլացնել ուժեղներին, և բացի այդ, հետևելով, որ հանկարծ երկիր չմտնի իրեն ուժով չզիջող օտարերկրացի մի այլ տիրակալ։ Այդպիսիներին միշտ հրավիրում են երկրում դժգոհ մնացած մարդիկ՝ ավելորդ փառասիրության կամ վախի պատճառով։ Ժամանակին այդ կերպ էտոլացիները Հունաստան կանչեցին հռոմեացիներին։ Ասենք, մյուս բոլոր երկրներ էլ նրանց նույնպես տեղի բնակչությունն էր հրավիրել։ Իսկ իրավիճակն այնպիսին է, որ, երբ հզոր տիրակալը մտնում է երկիր, պակաս ուժեղ պետությունները անմիջապես կիպ-կպչում են նրան, սովորաբար իրենցից ավելի ուժեղների հանդեպ ունեցած նախանձի պատճառով, այնպես որ նա կարիք չունի նրանց իր կողմը գրավելու, որովհետև նրանք հաճույքով կմիանան նրա ստեղծած պետությանը։ Միայն թե պետք է թույլ չտալ, որ նրանք ընդարձակվեն ու ամրանան և այնժամ սեփական ուժերով ու նրանց աջակցությամբ դժվար չի լինի զսպել ավելի խոշոր տիրակալներին ու դառնալ տվյալ երկրի լիիրավ տերը։ Իսկ եթե տիրակալը չհոգա այդ ամենի մասին, նա շուտով կզրկվի նվաճածից, բայց մինչ այդ կունենա բազմաթիվ անախորժություններ։

Հռոմեացիները, նվաճելով երկիրը, հետևում էին նշյալ բոլոր կանոններին, հիմնում էին գաղութներ, հովանավորում թույլերին՝ այդուհանդերձ, նրանց թույլ չտալով ուժեղանալ, սանձում էին ուժեղներին ու միջոցներ ձեռք առնում, որ երկիր չթափանցի հզոր օտարերկրացիների ազդեցությունը։ Կսահմանափակվեմ Հունաստանի օրինակով։ Հռոմեացիներն իրենց կողմը գրավեցին աքայացիներին ու էտոլացիներին, նվաստացրին մակեդոնական թագավորությունը, այնտեղից վտարեցին Անտիոքոսին։ Բայց հաշվի չառնելով ոչ մի ծառայություն, աքայացիներին ու էտոլացիներին թույլ չտվեցին ընդլայնել իրենց տիրույթները, տեղի չտվեցին Փիլիպոսի շողոքորթությանն ու նրա հետ դաշինք չկնքեցին, քանի դեռ նրան ուժաբեկ չէին արել և չնահանջեցին Հունաստանում տիրույթներ ձեռք բերելու Անտիոքոսի համառ նկրտումների առաջ։ Հռոմեացիները գործում էին այնպես, ինչպես պետք է գործեն բոլոր իմաստուն տիրակալները, այսինքն մտածում էին ոչ միայն ներկայի, այլև գալիքի մասին և աշխատում էին բոլոր ուժերով կանխել հնարավոր աղետները, ինչը դժվար չէր անել, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռք առնվեին։ Եթե սպասենք աղետի վրա հասնելուն, ապա էլ ոչ մի միջոց չի օգնի, քանզի հիվանդությունը կդառնա անբուժելի։

Այս երևույթը նման է թոքախտի․ բժիշկներն ասում են, որ սկզբում այդ հիվանդությունը դժվար է ախտորոշել, բայց հեշտ է բուժել, իսկ եթե այն աչքաթող է արված, ապա հեշտորեն է ախտորոշվում, բայց բուժելը դժվար է։ Այդպես էլ պետական գործերում․ եթե նոր սկսվող հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, ինչն անելու ընդունակ են լոկ խելացի տիրակալները, ապա դրանից ազատվելը դժվար չէ, բայց եթե դա խորացել է այնքան, որ տեսանելի է բոլորին, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ դարմանել։

Հռոմեացիները կանխատեսելով աղետը, անմիջապես միջոցներ էին ձեռք առնում, և առանց հապաղելու, աներկյուղ պատերազմ սկսում, քանզի գիտեին, որ չի կարելի պատերազմից խուսափել, այն կարելի է լոկ հետաձգել հօգուտ հակառակորդի։ Ուստիև, նրանք Փիլիպոսի և Անտիոքոսի դեմ պատերազմ սկսեցին Հունաստանի տարածքում, որպեսզի հետո ստիպված չլինեն նրանց հետ Իտալիայում կռվել։ Այդ ժամանակ դեռ հնարավորություն կար խուսափելու ինչպես մեկի, այնպես էլ մյուսի դեմ պատերազմելուց, բայց հռոմեացիները չկամեցան դա անել։ Նրանց հաճո չէր մերօրյա իմաստակների սիրած ասացվածքը՝ հույսներդ դրեք բարենպաստ պահի վրա։ Նրանց համար բարենպաստ էին լոկ իրենց քաջությունն ու հեռատեսությունը։ Մինչդեռ հապաղումը հղի է վտանգներով, քանզի ժամանակը չարիքի հետ բերում է բարիք, բարիքի հետ՝ չարիք։

Սակայն, վերադառնանք Ֆրանսիային և տեսնենք, թե նա կատարե՞լ է արդյոք իմ նշած պայմաններից գոնե մեկը։ Ես պիտի խոսեմ ոչ թե Կարլի, այլ Լյուդովիկոսի մասին․ նա ավելի երկար ժամանակ է մնացել Իտալիայում, ուստի նրա գործելակերպը մեզ ավելի տեսանելի է,― և դուք կհամոզվեք, որ նա արել է ճիշտ հակառակն այն ամենի, ինչ պետք է աներ տիրակալը՝ սովորույթներով ու լեզվով օտար երկրում իշխելու համար։

Լյուդովիկոս արքան Իտալիա մտավ վենետիկցիների շնորհիվ, որոնք կամենալով իրենց տիրույթներն ընդլայնել, աջակցության դիմաց պահանջեցին Լոմբարդիայի կեսը։ Ես այդ գործարքի համար արքային չեմ մեղադրում։ Ցանկանալով թեկուզ մեկ ոտքով մտնել Իտալիա և այնտեղ չունենալով դաշնակիցներ, հատկապես այն բանից հետո, երբ Կարլի պատճառով Ֆրանսիայի առաջ փակվել էին բոլոր դռները, նա հարկադրված էր դաշինքներ կնքել առանց խտրականության։ Անշուշտ, նա կարող էր հաջողություն ակնկալել, եթե հետագայում սխալներ թույլ չտար։ Նվաճելով Լոմբարդիան, նա անմիջապես վերադարձրեց Ֆրանսիայի՝ Կարլի օրոք կորցրած հեղինակությունը։ Ջենովան հպատակվեց, ֆլորենցիացիները դաշինք առաջարկեցին, Մանտուայի մարքիզը, Ֆեռարայի դուքսը, Բենտիվոլիոյի տունը, կոմսուհի Ֆոռլին, Ֆաենցայի, Պեզարոյի, Ռիմինիի, Կամերինոյի, Պիոմբինոյի, Լուկայի, Պիզայի, Սիենայի տերերը,― բոլորն էլ բարեկամության հավաստիացումներով շտապեցին Լյուդովիկոսի մոտ։ Հենց այստեղ էլ վենետիկցիները հասկացան, թե որքան թեթևամիտ քայլ են արել՝ հանուն լոմբարդական երկու քաղաքի արքայի իշխանությանը հանձնելով Իտալիայի երկու երրորդը։

Հիմա դատեք, թե արքան ինչ հեշտությամբ կարող էր ամրապնդել իր գերազանցությունը, դրա համար հարկավոր էր լոկ հետևել նշված կանոններին և ապահովել դաշնակիցների անվտանգությունը։ Բազմաթիվ, բայց թույլ վախով համակված, որը եկեղեցու, որը վենետիկցիների հանդեպ այդ դաշնակիցները պարզապես ստիպված էին փնտրել նրա հովանավորությունը։ Իսկ նա կարող էր նրանց միջոցով իրեն ապահովել դեռևս ուժեղ հակառակորդներից։ Սակայն, նա հազիվ էր Միլան մտել, երբ ձեռնարկեց հակառակը՝ Ալեքսանդր պապին օգնեց զավթելու Ռոմանիան, չնկատելով, որ դրանով խարխլում է իր հզորությունը, վանում դաշնակիցներին ու նրանց, ովքեր կամովին իրենց բախտը հանձնել էին նրա հովանավորությանը։ Չնկատեց նաև, որ զգալիորեն ամրապնդում է պապականության աշխարհիկ իշխանությունը, որն առանց այդ էլ ամուր էր հոգևոր իշխանությամբ։ Առաջին սխալը կատարելով, նա ստիպված էր ընթանալ նույն ուղով, այնպես որ հարկադրված եղավ անձամբ գալ Իտալիա, որպեսզի սանձի Ալեքսանդրի փառասիրությունն ու նրան թույլ չտա նվաճել Տոսկանան։ Բայց Լյուդովիկոսի համար կարծես թե քիչ էր եկեղեցին ուժեղացնելն ու դաշնակիցներին վանելը։ Ձգտելով տիրանալ Նեապոլի թագավորությանը, նա այն կիսեց Իսպանիայի թագավորի հետ, այսինքն Իտալիա՝ իր տնօրինության տակ գտնվող երկիր կանչեց հավասարազոր մրցակցի, երևի նրա համար, որ դժգոհ ու պատվախնդիր մարդիկ իմանան, թե ում մոտ ապաստան փնտրեն։ Վտարելով մի տիրակալի, որ կարող էր նրա հարկատուն դառնալ, նա թագավորություն հրավիրեց մի այլ տիրակալի, որը կարող էր հենց նրան վտարել։

Հիրավի, նվաճումների կիրքը բնական ու սովորական բան է, և նրանց, ովքեր այդ անելիս ծանրութեթև են անում իրենց հնարավորությունները, բոլորը հավանություն են տալիս և կամ չեն դատապարտում, բայց դատապարտման արժանի սխալ են գործում նրանք, ովքեր հաչվի չառնելով իրենց հնարավորությունները, նվաճումների են ձգտում ինչ գնով էլ որ դրանք ձեռք բերվելու լինեն։ Ֆրանսիան պետք է փորձեր Նեապոլին տիրել սեփական ուժերով, բայց նա չպիտի դրան հասներ թագավորությունը բաժան-բաժան անելու գնով։ Եթե վենետիկցիների հետ Լոմբարդիան կիսելը դեռ կարելի է արդարացնել այն հանգամանքով, որ դա թագավորին թույլ տվեց հաստատվել Իտալիայում, ապա այս երկրորդ բաժանումը միայն դատապարտման է արժանի, քանզի չի կարող արդարացվել նման անհրաժեշտությամբ։

Եվ այսպես, Լյուղովիկոսը ընղհանուր հաշվով հինգ սխալ կատարեց․ վտարեց մանր տիրակալներին, օգնեց, որ Իտալիայի ներսում ուժեղ տիրակալն ավելի ուժեղանա, երկիր հրավիրեց իրեն հավասարազոր օտարերկրացու, չտեղափոխվեց Իտալիա, այնտեղ գաղութներ չհիմնեց։

Այս հինգ սխալը կարող էին նրա կենդանության օրոք այնքան էլ կործանարար չլինել, եթե նա չգործեր վեցերորդը՝ ոտնձգություններ չկատարեր վենետիկցիների տիրույթների վրա։ Վենետիկին նա պիտի սաստեր դեռ մինչև եկեղեցու հզորացմանը սատարելն ու իսպանացիներին հրավիրելը, բայց գործելով այդ երկու սխալները, չէր կարելի թույլ տալ, որ Վենետիկը կործանվի։ Քանզի մնալով ուժեղ, նա ուրիշներին թույլ չէր տա գրավել Լոմբարդիան, թեկուզ այն պատճառով, որ ինքն էլ նրա վրա աչք ուներ, բացի այդ, որ ոչ ոք չէր կամենա պատերազմել Ֆրանսիայի հետ հանուն այն բանի, որ Լոմբարդիան բաժին ընկնի Վենետիկին, իսկ միաժամանակ Ֆրանսիայի ու Վենետիկի դեմ ոչ ոք չէր համարձակվի կռվել։ Եթե ինձ առարկեն, ասելով, թե Լյուդովիկոսը Ռոմանիան Ալեքսանդրին, իսկ Նեապոլը Իսպանիայի թագավորին է զիջել պատերազմից խուսափելու համար, ես կպատասխանեմ նախորդ փաստարկներով, այն է. չի կարելի անկարգությունների վրա աչք փակել, որպեսզի խուսափես պատերազմից, քանզի դրանից խուսափել չես կարող, իսկ ռազմական գերազանցությունդ էլ կկորցնես։ Եթե իմ աչքը խոթեն այն, որ թագավորն իր ամուսնալուծությունը գլուխ բերելու և Ռուանի արքեպիսկոպոսին կարդինալի գլխարկ շնորհելու դիմաց էր պապին խոստացել օգնել նվաճելու Ռոմանիան, ապա դրան կպատասխանեմ այն գլխում, որտեղ խոսքը տիրակալների խոստումների և այն մասին է, թե ինչպես պետք է դրանք կատարել։

Եվ այսպես, Լյուդովիկոսը կորցրեց Լոմբարդիան որովհետև շեղվեց այն կանոններից, որոնց հետևում էին նվաճած երկիրը պահել կամեցող տիրակալները։ Եվ դրանում ոչ մի անսովոր բան չկա, ընգհակառակն՝ ամեն ինչ սովորական է և օրինաչափ։ Ես այդ մասին Նանտում խոսել եմ Ռուանի կարդինալի հետ, երբ Վալենտինոն (ժողովուրդն այդպես էր անվանում Չեզարե Բորջային՝ Ալեքսանդր պապի որդուն) գրավեց Ռոմանիան։ Կարդինալը նկատեց, որ իտալացիներն անվարժ են ռազմական գործում, ես նրան պատասխանեցի, որ ֆրանսիացիներն էլ թույլ են քաղաքականության ասպարեզում, այլապես նրանք թույլ չէին տա, որ եկեղեցին այդքան հզորանա։ Ինչպես փորձը ցույց տվեց, եկեղեցին ու Իսպանիան Ֆրանսիայի շնորհիվ Իտալիայում ընդլայնեցին իրենց տիրույթները, իսկ Ֆրանսիան նրանց պատճառով այնտեղ կորցրեց ամեն ինչ։ Այստեղից կարելի է բազմիցս հաստատված մի հետևություն անել․ վա՜յ նրան, ով կբազմապատկի ուրիշի հզորությունը, քանզի հզորության հասնում են խելամտությամբ կամ ուժով, և մոլորություն է կարծել, թե նա, ով հզորացել է ոչ թե իր, այլ քո արժանիքների չնորհիվ, կդառնա քո բարեկամը։


Գլուխ IV։ Թե ինչու Դարեհի թագավորությունը, որը նվաճվել էր Ալեքսանդրի կողմից, Ալեքսանդրի մահից հետո չապստամբեց նրա հաջորդների դեմ

Խորհրդածելով այն մասին, թե ինչ ջանքեր են պահանջվում նվաճված պետությունում իշխանությունը պահպանելու համար, կարելի է միայն ապշել, թե ինչու Ալեքսանդր Մեծի ամբողջ տերությունը նրա անժամանակ մահից հետո հակառակ սպասումների ոչ միայն չլուծարվեց, այլև առանց արյունահեղության անցավ նրա հաջորդներին, ովքեր այն կառավարելիս այլ հոգսեր չունեին սեփական փառասիրության պատճառով իրենց համար ստեղծած հոգսերից բացի։ Ի բացատրություն դրա, պետք է ասել, որ բոլոր միահեծան կառավորվող տերությունները, որքանով որ դրանք մնացել են մարդկանց հիշողության մեջ, բաժանվում են պետությունների, որտեղ տիրակալն իշխում է շրջապատված ծառաներով, որոնք նրա ողորմածությամբ ու բարեհաճությամբ բարձր պաշտոններ են զբաղեցնում և օգնում նրան կառավարել պետությունը, և պետությունների, որտեղ տիրակալն իշխում է բարոններով շրջապատված, որոնք կառավարում են ոչ թե տիրակալի ողորմածության, այլ տոհմի հնության շնորհիվ։ Այդ բարոններն ունեն ժառանգություն ստացած պետություններ ու հպատակներ, որոնք խոնարհվում են նրանց իշխանության առջև և ի ծնե պարտավոր են նրանց սիրել։ Այնտեղ, որտեղ տիրակալը կառավարում է ծառաների միջոցով, ունի մեծ իշխանություն, որովհետև հպատակներն ամբողջ երկրում ճանաչում են միայն մեկ տիրակալի, և եթե հնազանդվում են նրա ծառաներին, ապա սոսկ որպես աստիճանավորների ու պաշտոնատար անձանց՝ նրանց նկատմամբ առանձնապես ոչ մի սեր էլ չտածելով։

Մեր Ժամանակներում տարակերպ կառավարման օրինակներ են հանդիսանում թուրքական սուլթանն ու Ֆրանսիայի թագավորը։ Թուրքական միապետությունը ենթարկվում է մեկ միապետի. տերության մեջ մնացած բոլորը նրա ծառաներն են։ Երկիրը բաժանված է օկրուգների՝ սանջակների, որտեղ սուլթանը կուսակալներ է նշանակում, որոնց փոխում ու վերանշանակում է ըստ իր ցանկության։ Ֆրանսիայի թագավորը, ընդհակառակն, շրջապատված է բազմաթիվ տոհմիկ ազնվականներով, որոնք ընդունելի ու սիրելի են հպատակների համար, և, բացի այդ, օժտված առանձնաշնորհումներով, որոնց վրա թագավորը չի կարող անպատիժ կերպով ոտնձգություններ կատարել։

Եթե մենք համեմատենք այդ պետությունները, ապա կտեսնենք, որ սուլթանի միապետությունը դժվար է նվաճել, բայց նվաճելուց հետո հեշտ է պահել, և, ընդհակառակը, Ֆրանսիայի նման պետությունը որոշ իմաստով ավելի հեշտ է նվաճել, բայց պահելն անհամեմատ դժվար է։ Սուլթանի պետությանը դժվար է տիրանալ, որովհետև նվաճողը չի կարող հույս ունենալ, որ կհրավիրվի որևէ տեղական տիրակալի կողմից, կամ, որ սուլթանի մերձավորների մեջ հասունացած խռովությունը կդյուրացնի իշխանության զավթումը։ Ինչպես վերն ասված է, սուլթանի մերձավորները նրա ստրուկներն են, և, քանի որ ամեն ինչով կախված են նրա ողորմածությունից, ապա նրանց կաշառելն ավելի դժվար է, ասենք, այդ կաշառվածներից էլ առանձնապես օգուտ լինել չի կարող, քանզի հիշյալ պատճառով նրանք չեն կարող ժողովրդին տանել իրենց հետևից։ Հետևաբար, սուլթանի վրա հարձակվողը պետք է պատրաստ լինի միահամուռ հակահարվածի, և ավելի շատ ապավինի սեփական ուժերին, քան հույսը դնի ուրիշների անմիաբանության վրա։ Բայց, եթե սուլթանի դեմ հաղթանակ է տարված ու նրա զորքերը ճակատամարտում գլխովին ջախջախվել են, նվաճողը սուլթանի արյունակից հարազատներից բացի, թերևս էլ ոչ մեկից զգուշանալու կարիք չունի։ Իսկ եթե նրանք էլ են բնաջնջվել, ապա կարելի է ոչ մեկից չվախենալ, քանզի ուրիշ ոչ ոք չի կարող հպատակներին տանել իր հետևից, և ինչպես մինչև հաղթանակը պետք չէր հույս դնել ժողովրդի օգնության վրա, այնպես էլ հաղթանակից հետո չարժե նրանից զգուշանալ։

Բանն այլ է այնպիսի պետություններում, ինչպիսին Ֆրանսիան է։ Դժվար չէ այդ երկիր ներխուժել համաձայնության գալով բարոններից որևէ մեկի հետ, որոնց մեջ միշտ էլ կգտնվեն դժգոհներ ու փոփոխությունների սիրահարներ։ Նշված պատճառներով նրանք կարող են ապահովել նվաճողի ներխուժումը և դյուրացնել նրա հաղթանակը։ Բայց այդպիսի երկիրը դժվար է պահել, որովհետև վտանգ է սպառնում ինչպես նրանց կողմից, ովքեր քեզ օգնել են, այնպես էլ նրանց կողմից, ում հաղթել ես ուժով։ Եվ այստեղ արդեն բավական չէ բնաջնջել տիրակալի տոհմը, քանզի միշտ էլ կլինեն բարոններ՝ պատրաստ գլխավորելու մի նոր խռովություն, և քանի որ չես կարող բավարարել նրանց պահանջները և կամ ոչնչացնել նրանց, ապա նրանք առաջին իսկ հնարավորության դեպքում քեզ գահընկեց կանեն։

Եթե հիմա դառնանք Դարեհի պետությանը, ապա կտեսնենք, որ դա նման էր սուլթանի պետությանը, որի պատճառով էլ Ալեքսանդրն այն պետք է խորտակեր մեկ հարվածով՝ ճակատամարտում գլխովին ջախջախելով Դարեհի զորքը։ Բայց այդ հաղթանակից ու Դարեհի զոհվելուց հետո նա, նշված պատճառով, կարող էր չանհանգստանալ իր իշխանության ամրության համար։ Եվ նրա հաջորդներն էլ հոգսեր չէին ունենա, եթե փոխհամաձայնության գային։ Երբեք նրանց պետության մեջ այլ խռովություններ չեն ծագել, բացի նրանցից, որոնց հարուցողը հենց իրենք են եղել։

Մինչդեռ, այն պետություններում, որոնք իրենց կառուցվածքով նման են Ֆրանսիային, տիրակալի գլխին շատ ամպեր կկուտակվեն։ Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, որտեղ մանր տիրակալներ շատ կային, մերթ ընդ մերթ հռոմեացիների դեմ ապստամբություններ էին բռնկվում։ Եվ քանի դեռ թարմ էր հիշողությունը նախկին կարգերի մասին, Հռոմի իշխանությունը դեռևս խախուտ էր։ Բայց այդ հիշողության խամրելուն զուգընթաց հռոմեացիներն իրենց հզորության ու երկարատև տիրապետության շնորհիվ այդ երկրներում ավելի ու ավելի էին ամրապնդում իրենց իշխանությունը։ Այնպես որ, ավելի ուշ, երբ հռոմեացիները կռվում էին միմյանց դեմ, կողմերից յուրաքանչյուրը պայքարի մեջ էր ներգրավում այն նահանգները, որտեղ ավելի ամուր արմատներ ուներ։ Եվ տեղացիները, որոնց բնիկ տերերը բնաջնջվել էին, հռոմեացիներից բացի այլ իշխողներ չէին ճանաչում։ Եթե այս ամենը նկատի առնենք, ապա կհասկանանք, թե ինչպես էր Ալեքսանդրն այդքան հեշտությամբ իր ձեռքում պահում ասիական տերությունը, մինչդեռ Պյուռոսից և ուրիշ շատերից հսկայական ջանքեր էին պահանջվում իրենց նվաճած երկրները պահելու համար։ Պատճառն այստեղ ոչ թե հաղթողի ավելի կամ պակաս քաջությունն է, այլ նվաճված պետությունների կառուցվածքի առանձնահատկությունը։


Գլուխ V։ Ինչպես կառավարել այն քաղաքներն ու պետությունները, որոնք մինչև նվաճվելը ապրել են սեփական օրենքներով

Եթե, ինչպես ասված է, նվաճված պետությունն անհիշելի ժամանակներից ապրում է ազատ և իր օրենքներով, ապա այն պահելու երեք միջոց կա։ Առաջին՝ կործանել, երկրորդ՝ բնակության համար տեղափոխվել այնտեղ, երրորդ՝ քաղաքացիներին իրավունք տալ ապրել իրենց օրենքներով, ընդսմին նրանց վրա տուրքեր դնել և կառավարումը հանձնել սակավաթիվ մարդկանց, որոնք կերաշխավորեին քաղաքի բարեկամական վերաբերմունքը տիրակալի նկատմամբ։ Այդ վստահյալ անձինք ամեն կերպ օգնելու են տիրակալին՝ գիտակցելով, որ իչխանությունը նրանից են ստացել և ուժեղ են լոկ նրա բարեկամությամբ ու հզորությամբ։ Ընդորում, եթե ազատ ապրելու սովոր քաղաքը կործանել չես ուզում, ապա գերադասելի է այն պահել տվյալ բնակավայրի քաղաքացիների միջոցով։

Դիմենք Սպարտայի ու Հռոմի օրինակին։ Սպարտացիներն իրենց ձեռքում էին պահում Աթենքն ու Թեբեն՝ այնտեղ ստեղծելով խմբիշխանություն, սակայն հետագայում երկու քաղաքն էլ կորցրին։ Հռոմեացին երբ Կապուան, Կարթագենն ու Նումանցիան պահելու համար դրանք ավերեցին ու պահեցին իրենց իշխանության ներքո։ Հունաստանը նրանք փորձեցին պահել սպարտացիների նման, այսինքն՝ այնտեղ խմբիշխանություն հաստատելով և չխլեցին ազատությունն ու սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այնուամենայնիվ, անհաջողություն կրեցին, և, որպեսզի ամբողջ Հունաստանը չկորցնեն, հարկադրված եղան այնտեղ շատ քաղաքներ կործանել։

Քանզի իրականում չկա քաղաքին տիրելու ավելի հուսալի միքոց, քան կործանելը։ Եթե մեկը զավթի վաղնջական ժամանակներից ազատության համը տեսած քաղաքն ու խնայի այն, քաղաքը նրան չի խնայի։ Այնտեղ միշտ մի առիթ կգտնվի խռովություն բարձրացնելու համար՝ հանուն ազատության ու հին կարգերի, որոնք մոռանալ չեն ստիպի ոչ ժամանակը, ոչ էլ նոր իշխանության բարի գործերը։ Ինչ էլ անես, ինչքան էլ որ ջանաս, եթե չտարանջատես ու ցաքուցրիվ չանես քաղաքի բնակիչներին, նրանք երբեք չեն մոռանա ոչ երբեմնի ազատությունը, ոչ էլ նախկին կարգերը, և առաջին իսկ հարմար պահն ընտրելով՝ կփորձեն դրանք վերականգնել, ինչպես արեց Պիզան ֆլորենցիացիների տիրապետության տակ ընկնելուց հարյուր տարի հետո։

Բայց, եթե քաղաքը կամ երկիրը սովոր են ապրել տիրակալի իշխանության ներքո, իսկ նրա տոհմը բնաջնջված է, ապա քաղաքի բնակիչներին դժվար է զենքի կոչել, քանզի, մի կողմից ենթարկվելու սովոր լինելով, մյուս կողմից՝ կորցրած լինելով հին տիրակալին, նրանք չեն կարող համաձայնության գալ նորի ընտրության հարցում, ոչ էլ կարող են ազատ ապրել։ Այնպես որ, նվաճողը բավականաչափ ժամանակ կունենա շահելու նրանց համակրանքն ու դրանով ապա հովելու իր անվտանգությունը։ Մինչդեռ, հանրապետություններն ավելի լեցուն են կյանքով, խոր ատելությամբ, վրեժի առավել մեծ պաշարով։ Այնտեղ երբեք չի մեռնում և հավերժ կենդանի է երբեմնի ազատության հիշողությունը։ Ուստի, դրանք իշխանության ներքո պահելու ամենահուսալի միջոցը կործանելն է, կամ էլ այնտեղ բնակություն հաստատելը։


Գլուխ VI։ Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում սեփական զենքով կամ քաջությամբ

Զարմանալի ոչինչ չկա, որ, խոսելով իշխանության նվաճման, տիրակալի և պետության մասին, ես պիտի վկայակոչեմ մեծագույն այրերի օրինակները։ Մարդիկ, սովորաբար, գնում են ուրիշների հարթած ուղիներով և գործում՝ աչքի առաջ ունենալով որևէ մեկի օրինակը, բայց քանի որ հնարավոր չէ ոչ անշեղորեն ընթանալ այդ ուղիներով, ոչ էլ քաջությամբ մրցել նրանց հետ, ում ուզում ենք ընդօրինակել, ապա խելացի մարդը պետք է ընտրի մեծագույն մարդկանց բացած ուղիներն ու ընդօրինակի արժանավորագույններին, որպեսզի, եթե քաջության առթումով չհամեմատվի էլ նրանց հետ, ապա գոնե տոգորվի նրանց ոգով։ Պետք է սովորել փորձառու նետաձիգներից. նրանք տեսնելով, որ թիրախը չափից ավելի հեռու է դրված, ավելի բարձր են նշան բռնում ոչ թե, որ նետը վեր սլանա, այլ ծանոթ լինելով աղեղի ուժին, նշանն ավելի բարձր բռնելով հասնեն հեռու նպատակակետին։

Այսպիսով, նոր պետություններում իշխանությունը պահելը հեշտ կամ դժվար է լինում՝ կախված նոր տիրակալի քաջության աստիճանից։ Կարող է թվալ, որ եթե սովորական մարդուն իշխանություն են պարգևում քաջությունը կամ բարեհաճ ճակատագիրը, ապա հենց դրանք էլ հետագայում հավասարապես կօգնեն հաղթահարել բազում արգելքներ։ Մինչդեռ, իրականում նա, ով ավելի քիչ է հույսը գնում ճակատագրի բարեհաճության վրա, նա ավելի երկար ժամանակ է մնում իշխանության ղեկի մոտ։ Գործն ավելի է հեշտանում նաև նրանով, որ նոր տիրակալը, այլ տիրույթներ չունենալով, հարկադրված է բնակություն հաստատել նվաճած երկրում։

Այն այրերից, ովքեր իշխանություն ձեռք են բերել ոչ թե ճակատագրի բարեհաճությամբ, այլ անձնական քաջությամբ, որպես ամենաարժանավորներ ես կանվանեմ Մովսեսին, Կյուրոսին, Թեսևսին ու նրանց նմաններին։ Ու թեև Մովսեսի մասին խոսելու անհրաժեշտություն չկա, քանզի նա սոսկ Բարձրյալի կամակատարն էր, այնուամենայնիվ, պետք է խոնարհվել այն շնորհքի առջև, որը նրան արժանացրեց աստծո հետ հաղորդակցվելու պատվին։ Սակայն, անդրադառնանք Կյուրոսին և կայսրություններ նվաճողներին ու հիմնադիրներին։ Անհնար է չհիանալ այդ մարդկանց մեծագործությամբ, և, մեր խորին համոզմամբ, նրանց գործերն ու օրենքները չեն զիջում Մովսեսին վերուստ պատգամված գործերին։ Խորհելով սույն այրերի կյանքի ու սխրանքների մասին, համոզվում ենք, որ ճակատագիրը նրանց լոկ դիպված է առաքել, այսինքն տվել է մի նյութեղեն բան, որին կարելի էր տալ ցանկացած ձև։ Չլիներ այդ դիպվածը, նրանց քաջությունը կմարեր առանց կիրառման։ Եթե նրանք չունենային քաջություն, ապա դիպվածը կդառնար անիմաստ։

Մովսեսը Իսրայելի ժողովրդին չէր համոզի գերությունից ազատագրվելու համար հետևել իրեն, եթե հրեաներին չգտներ Եգիպտոսում՝ եգիպտացիներից ստրկացված ու կեղեքված վիճակում։ Հռոմուլոսը չէր դառնա Հռոմի թագավոր ու պետության հիմնադիր, եթե ծնված օրից չմատնվեր ճակատագրի քմահաճույքին, ու եթե Ալբան նրա համար խիստ նեղ չդառնար։ Կյուրոսը չէր հասնի նման մեծության, եթե այդ ժամանակ պարսիկները չարացած չլինեին միդացիների տիրապետությունից, իսկ միդացիները երկարատև խաղաղության հետևանքով, թուլացած ու զգոնությունը կորցրած չլինեին։ Թեսևսը չէր կարող դրսևորել իր քաջությունը, եթե աթենացիները անմիաբան չլինեին։ Եվ այսպես, այս մարդկանցից յուրաքանչյուրին մի֊մի բարեբախտ դիպված է բաժին ընկել, բայց միայն արտակարգ քաջությունն է նրանց թույլ տվել օգտվել դիպվածից, ինչի չնորհիվ նրանց հայրենիքները փառաբանվել են ու ձեռք բերել բարօրություն։

Ով այդ մարդկանց նման գնում է քաջագործության ճանապարհով, նրա համար դժվար է իշխանություն նվաճելը, բայց պահելը հեշտ է։ Դժվարությունն ամենից առաջ այն է, որ նրանք ստիպված են լինում մտցնել նոր օրենքներ ու կարգեր, առանց որոնց չի կարելի ստեղծել պետություն ու ապահովել սեփական անվտանգությունը։ Մինչդեռ, պետք է գիտենալ, որ չկան այնպիսի գործեր, որոնց կազմակերպումն ավելի դժվար, վարումն ավելի վտանգավոր, իսկ հաջողությունն ավելի կասկածելի լինի, քան հին կարգերը նորերով փոխարինելը։ Ով էլ որ հանդես գա նմանօրինակ նախաձեռնությամբ, նրան սպասում է այն մարդկանց թշնամությունը, ում ձեռնտու էին հին կարգերը, և նրանց սառը վերաբերմունքը, ում ձեռնտու են նորերը։ Իսկ այդ սառնությունը մասամբ բացատրվում է այն հակառակորդի նկատմամբ ունեցած երկյուղով, որի կողմն են օրենքները, մասամբ էլ՝ մարդկանց անվստահությամբ, ովքեր իրականում չեն հավատում նորին, քանի դեռ այն չի ամրապնդվել երկարատև փորձով։ Երբ հնի կողմնակիցները գործելու հնարավորություն են տեսնում, նրանք հարձակվում են կատաղաբար, մինչդեռ նորի կողմնակիցները պաշտպանվում են ծուլորեն․ ահա թե ինչու նրանց վրա հենվելով, քեզ վտանգի ես ենթարկում։

Ասվածը հիմնավորապես ըմբռնելու համար, պետք է սկսել նրանից, թե անկա՞խ են արդյոք այդ վերափոխիչները, թե նրանք կողմնակի օգնության կարիք ունեն, այլ կերպ ասած իրենց գործի հաջողության համար նրանք պիտի համաձայնությո՞ւն խնդրեն, թե՞ կարող են ուժ գործադրել։ Առաջին դեպքում նրանք դատապարտված են, իսկ երկրորդ, այսինքն ուժ գործադրելու դեպքում՝ հազվադեպ են անհաջողություն կրում։ Ահա թե ինչու բոլոր զինված մարգարեները հաղթել են, իսկ անզենները զոհ դարձել։ Քանզի, ի հավելումն ասվածի, պետք է նկատի ունենալ, որ մարդկանց բնույթն անկայուն է, ու, եթե նրանց քո հավատին դարձնելը դյուրին է, ապա նրանց մեջ այդ հավատը պահպանելը դժվար է։ Ուստի, պետք է պատրաստ լինես, որ, երբ ժողովրդի հավատը սպառվի, նրան ուժով ստիպես հավատալու։ Եթե Մովսեսը, Կյուրոսը, Հռոմուլոսն ու Թեսևսը, լինեին անզեն, չէին կարողանա երկար պահել իրենց ձեռամբ ստեղծած օրենքները։ Մեր օրերում նույն բանը պատահեց եղբայր Ջիրոլամո Սավոնարոլայի հետ։ Նրա մտցրած կարգերը փուլ եկան հենց որ ամբոխը դադարեց հավատալ, իսկ նա միջոցներ չուներ ամրապնդելու իր հետևորդների հավատը, և դարձի բերելու հավատակորույս մարդկանց։

Այն մարդկանց ճանապարհին, ովքեր նման են թվարկածս անձանց, ծառանում են բազում դժվարություններ ու բազում վտանգներ, որոնք հաղթահարելու համար մեծ քաջություն է պահանջվում։ Բայց, եթե նպատակը ձեռք է բերված, եթե տիրակալն արժանացել է հպատակների գնահատությանն ու վերացրել նախանձողներին, ապա կարելի է ասել, որ նա իր համար երկար ժամանակ ապահովել է հզորություն, հանգիստ, հարգանք ու երջանկություն։ Այսքան բարձրաշխարհիկ օրինակների շարքում կկամենայի տեղ տալ ավելի համեստ, սակայն համադրելի, և կարծում եմ, բավականաչափ հիմնավորված մի օրինակի։ Խոսքս վերաբերում է Հիերոն Սիրակուզացուն, ով սովորական մարդուց դարձավ Սիրակուզայի թագավոր, թեպետ ճակատագիրը նրան մի բարեբախտ դիպվածից բացի ուրիշ ոչինչ չէր նվիրել։ Սիրակուզայի հարստահարվող բնակիչները նրան ընտրեցին իրենց զորապետ, իսկ նա իր արժանիքների շնորհիվ դարձավ նրանց թագավորը։ Դեռ մինչև բարձր դիրքի հասնելը, նա աչքի էր ընկնում այնպիսի քաջությամբ, որ հին մատենագրի խոսքերով «nihil illi deerat ad regnandum praeter regnum»։ Նա ցրեց հին աշխարհազորն ու հավաքեց նորը, խզեց հին դաշինքներն ու կնքեց նորերը։ Իսկ այնպիսի հիմքի վրա, որպիսին սեփական զորքերն ու սեփական դաշնակիցներն են, նա կարող էր ցանկացած շենք կառուցել Այնպես որ, իշխանությունը նվաճելիս նրանից պահանջվեցին ավելի մեծ ջանքեր, քան պահպանելիս։


Գլուխ VII։ Նոր պետությունների մասին, որոնք ձեռք են բերվում ուրիշի զենքով կամ ճակատագրի բարեհաճությամբ

Ովքեր թագավոր են դառնում ճակատագրի բարեհաճությամբ և ոչ թե քաջության շնորհիվ, իշխանության հասնելը դյուրին է, բայց այն պահելը՝ դժվար։ Հեշտությամբ անցնելով դեպի նպատակն ընկած ամբողջ ճանապարհը, նրանք հետագայում բախվում են բազմաթիվ դժվարությունների։

Ես խոսում եմ այն քաղաքացիների մասին, ում իշխանությունը բաժին է ընկել փողի միջոցով կամ շնորհվել է ի նշան բարեհաճության։ Դա հաճախ էր պատահում Հունաստանում, Հոնիա և Հելլեսպոնտոս քաղաքներում, որտեղ Դարեհը կառավարիչ էր նշանակում ի պետս յուր փառքի ու անվտանգության։ Այդպես հաճախ է պատահել նաև Հռոմում, որտեղ պատահական մարդիկ կայսր էին հռչակվում զինվորներին կաշառելով։

Նման դեպքերում տիրակալներն ամբողջովին կախված են նրանց կամքից ու բարեհաճությունից, ում պարտական են իրենց իշխանությամբ, այսինքն՝ երկու ծայրաստիճան անկայուն և քմահաճ ուժերից։ Նրանք իշխանությունն իրենց ձեռքում պահել ի վիճակի չեն և չեն էլ կարող։ Ի վիճակի չեն, քանզի որտե՞ղ պիտի իշխել սովորեր ակներև շնորհքից ու քաջությունից զուրկ մարդը, որն ամբողջ կյանքում համեստ պաշտոններ է վարել։ Չեն կարող նաև այն պատճառով, որ չունեն դաշնակից և հուսալի հենարան։ Չգիտես որտեղից որտեղ լույս ընկած այդ տիրակալները, ինչպես բնության մեջ ամեն ինչ, որ ծլում ու շատ արագ է աճում, չեն հասցնում արմատներ ձգել ու ճյուղավորվել, այդ իսկ պատճառով էլ ոչնչանում են եղանակի առաջին հարվածից։ Միայն ճշմարիտ քաջը կարող է, անսպասելիորեն բարձր դիրքի արժանանալով, ձեռքից բաց չթողնել ճակատագրի պարգևը, այսինքն տիրակալ դառնալով ստեղծել այն հիմքերը, որոնք ուրիշները ստեղծում են մինչև իշխանության հասնելը։

Քաջության շնորհիվ և բախտի քմահաճույքով բարձր դիրքի հասնելու հնարավորությունները ցույց կտամ Ֆրանչեսկո Սֆորցայի ու Չեզարե Բորջայի մեզ համար հավասարապես անմոռանալի օրինակներով։ Ֆրանչեսկոն Միլանի դուքս դարձավ պատշաճ ձևով՝ ցուցաբերելով մեծ քաջություն և առանց դժվարության իր ձեռքում պահեց մեծ ջանքերի գնով իրեն բաժին ընկած իշխանությունը։ Չեզարե Բորջան, որին հասարակ ժողովուրդն անվանում էր դուքս Վալենտինո, իշխանություն ձեռք բերեց ճակատագրի շնորհիվ, որն այդքան բարձր դիրք էր պարգևել նրա հորը։ Բայց հորից զրկվելով՝ նա զրկվեց նաև իշխանությունից, թեև որպես խելացի ու քաջ մարդ, գործադրեց բոլոր հնարավոր ջանքերն ու բոլոր ճիգերը, որպեսզի խոր արմատներ ձգի այն պետություններում, որոնք նրա համար նվաճվել էին ուրիշի զենքով և ուրիշի ճակատագրով։ Քանի որ, ինչպես արդեն ասել եմ, եթե հիմքերը նախօրոք չեն գցվում, ապա մեծ քաջության առկայության դեպքում, դա կարելի է հետո էլ անել, թեկուզև շինարար վարպետի մեծ ջանքերի ու ամբողջ կառույցի համար վտանգավորության գնով։

Քննության առնելով դքսի գործելակերպը, դժվար չէ համոզվել, որ նա ամուր հիմք էր գցել ապագա հզորության համար, և, կարծում եմ, ավելորդ չի լինի այդ մասին խոսել, քանզի ավելի լավ խորհուրդ չեմ տեսնում նոր տիրակալի համար։ Ու եթե, այնուամենայնիվ, դքսի կառավարման շնորհքը նրան անկումից չփրկեց, ապա մեղավորը ոչ թե նա էր, այլ դժխեմ ճակատագիրը։

Ալեքսանդր VI-ը ցանկանում էր իշխանությամբ օժտել դքսին՝ իր որդուն, բայց դրա համար շատ խոչընդոտներ էր տեսնում և՛ ներկայում, և՛ ապագայում։ Ամենից առաջ, նա գիտեր, որ տնօրինում է միայն այն տիրույթները, որոնք գտնվում են եկեղեցու իշխանության ներքո, բայց դրանցից մեկնումեկը դքսին տալու ցանկացած փորձի դեմ կընդդիմանային ինչպես Միլանի դուքսը, այնպես էլ վենետիկցիները, որոնք արդեն իրենց հովանավորության տակ էին առել Ֆաենցան ու Ռիմինին։ Բացի այդ, զորքերն Իտալիայում, հատկապես նրանք, որոնց օգնությանը կարելի էր դիմել, կենտրոնացել էին Օրսինիի, Կոլոննայի ու նրանց մանկլավիկների այսինքն, այնպիսի մարդկանց ձեռքում, ովքեր զգուշանում էին պապի հզորացումից։ Այսպիսով, ամենից առաջ պետք էր կազմալուծել գոյություն ունեցող կարգն ու խռովություն սերմանել պետությունների միջև՝ դրանցից մի քանիսին անարգել տիրելու համար։ Պարզվեց, որ դա հեշտ է անել շնորհիվ այն բանի, որ վենետիկցիներն իրենց շահերից ելնելով Իտալիա են հրավիրել ֆրանսիացիներին, ինչին պապը ոչ միայն չխանգարեց, այլև աջակցեց՝ ամուսնալուծելով Լյուդովիկոս թագավորին։

Եվ այսպես, թագավորն Իտալիա մտավ վենետիկցիների օգնությամբ ու Ալեքսանդրի համաձայնությամբ և Միլան հասնելուն պես պապին մի ջոկատ ուղարկեց Ռոմանիան նվաճելու, ինչը վերջինիս հաջողվեց լոկ թագավորի աջակցության շնորհիվ։ Այսպիսով, Ռոմանիան հայտնվեց դքսի իշխանության ներքո, իսկ Կոլոննայի զորախումբը պարտություն կրեց, բայց դուքսն այդժամ չէր կարող առաջ գնալ, քանի որ գոյություն ուներ դեռ երկու խոչընդոտ, առաջինը անհուսալի թվացող զորքն էր, երկրորդը՝ Ֆրանսիայի մտադրությունները։ Այլ կերպ ասած, նա վախենում էր, որ Օրսինիի զորքը, որին նա ծառայության էր վերցրել, կզրկի հենարանից, այսինքն կամ կլքի, կամ, որ ավելի վատ է՝ կխլի նվաճվածը, և, որ ճիշտ այդպես կվարվի նաև թագավորը։ Օրսինիի զինվորներին նա սկսեց կասկածել այն բանից հետո, երբ գրավելով Ֆաենցան, նրանց շարժեց դեպի Բոլոնիա ու նկատեց, որ նրանք փութաջանություն հանդես չեն բերում։ Ինչ վերաբերում է թագավորին, ապա դուքսը հասկացավ նրա մտադրությունները այն ժամանակ, երբ Ուրբինոն գրավելուց հետո շարժվեց դեպի Տոսկանա, և թագավորը նրան հրամայեց նահանջել։ Ուստի, դուքսը վճռեց այլևս հույս չդնել ոչ ուրիշի զենքի, ոչ էլ որևէ մեկի հովանավորության վրա։

Նրա առաջին գործը եղավ Հռոմում թուլացնել Օրսինիի և Կոլոննայի զորախմբերը։ Նրանց կողմնակից բոլոր նոբիլներին իր կողմը գրավելով, ծառայության կարգեց՝ նշանակելով բարձր ռոճիկ և ըստ արժանիքների տեղեր բաշխելով զորքերում ու կառավարման ոլորտում, այնպես որ, մի քանի ամսում նրանք ձեռք քաշեցին իրենց զորախմբերից՝ դառնալով դքսի կողմնակիցներ։ Այնուհետև, նա Կոլոննայի հետ հաշիվները մաքրելով, սպասեց պատեհ ժամի՝ հաշվեհարդար տեսնելու Օրսինիի զորախմբի պարագլուխների հետ։ Եվ երբ, բարեպատեհ առիթը ներկայացավ, նա դրանից հմտորեն օգտվեց։ Օրսինականները, հասկանալով, որ եկեղեցու հզորացմամբ իրենց կործանում է սպառնում, խորհուրդ գումարեցին Պերուջայի մոտ գտնվող Մաինա տեղավայրում։ Այդ խորհուրդը դքսի համար ունեցավ բազմաթիվ աղետալի հետևանքներ, նախ Ուրբինոյում սկսվեց խոովություն և ապա հուզումներ առաջացան Ռոմանիայում, որոնց նա վերջ դրեց ֆրանսիացիների օգնությամբ։

Վերականգնելով նախկին ազդեցությունը, դուքսը որոշեց իրեն այլևս վտանգի չենթարկելու համար չվստահել ոչ Ֆրանսիային, ոչ էլ որևէ այլ արտաքին ուժի, և դիմեց խաբեության մոլորեցնելով օրսինականներին, որոնք նրա հետ հաշտվեցին սենիոր Պաոլոյի միջնորդության շնորհիվ, որին դուքսն ընդունեց հարգալիրության բազմապիսի դրսևորումներով և ընծայեց հագուստներ, ձիեր ու փող։ Իսկ հետո, Սինիգալիայում օրսինականները դյուրահավատություն դրսևորելով, անձնատուր եղան։ Այսպես հաշվեհարդար տեսնելով զորախմբերի պարագլուխների հետ և իր կողմը գրավելով նրանց կողմնակիցներին, դուքսն իր հզորության համար դրեց հույժ ամուր հիմքեր։ Նրա իշխանության տակ էր գտնվում ամբողջ Ռոմանիան Ուրբինոյի դքսությամբ հանդերձ և, որ առանձնապես կարևոր է նա վստահ էր, որ շահել է իր կառավարման օգտավետությունը գնահատող ժողովրդի համակրանքը։

Դքսի գործունեության այդ մասն արժանի է ուշադրության և ընդօրինակման, ուստի ես կուզենայի հատուկ կանգ առնել դրա վրա։ Մինչև նվաճվելը, Ռոմանիան գտնվում էր աննշան իշխողների տիրապետության ներքո, որոնք հոգում էին ոչ այնքան իրենց հպատակների մասին, որքան թալանելու, նրանց մեջ համերաշխության փոխարեն սերմանելով անմիաբանություն։ Այնպես որ, ամբողջ երկրամասն ուժասպառ էր եղել կողոպուտներից, թշնամանքից ու անօրինությունից։ Նվաճելով Ռոմանիան, դուքսը որոշեց գերագույն իշխանությունը հանձնել մի հուսալի անձնավորության, երկրամասը խաղաղեցնելու և հպատակեցնելու համար և այդ նպատակի համար ընտրեց մեսսեր Ռամիրո դե Օրկոյին՝ մի խստաբարո ու վճռական մարդու, որին օժտեց անսահմանափակ լիազորություններով։ Վերջինս կարճ ժամանակամիջոցում խաղաղեցրեց Ռոմանիան, վերջ դրեց գժտություններին ու սարսափ տարածեց ամբողջ երկրամասում։ Այդժամ դուքսը որոշեց իր իշխանության չափից ավելի կենտրոնացումն արդեն պետք չէ, քանզի կարող է զայրացնել հպատակներին և պատվարժան մարդու նախագահությամբ հիմնադրեց գործող քաղաքացիական դատարան, որտեղ յուրաքանչյուր քաղաք ներկայացված էր դատապաշտպանով։ Բայց հասկանալով, որ նախկին խստություններն, այնուամենայնիվ, իր դեմ են տրամադրել ժողովրդին, նա որոշեց վերականգնել իր վարկն ու շահել հպատակների համակրանքը, նրանց ցույց տալով, որ եթե դաժանություններ, այնուամենայնիվ, եղել են, ապա դրանց մեղավորը ոչ թե ինքն է, այլ իր անգութ տեղապահը։ Եվ ահա մի օր առավոտյան Չեզենայի հրապարակում նրա հրամանով դրեցին մեսսեր Ռամիրո դե Օրկոյի երկու կես արված մարմինը՝ արյունոտ թրի ու կոճղի կողքին։ Այդ վայրագ տեսարանը միաժամանակ և գոհացրեց և ապշեցրեց ժողովրդին։

Բայց վերադառնանք նրան, ինչից շեղվեցինք։ Այսպիսով, դուքսն ունեցավ իր զինվորներն ու ջախջախեց իր հարևան զորքերի մի մասը, որ իր համար սպառնալիք էր։ Դրանով հաստատեց իր հզորությունն ու մասամբ, ապահովեց իր անվտանգությունը։ Հիմա նրա ճանապարհին կանգած էր միայն Ֆրանսիայի թագավորը, որն ուշացումով նկատելով իր սխալը, արդեն նոր նվաճումներ չէր հանդուրժի։ Ուստի, դուքսն սկսեց նոր դաշնակիցներ փնտրել և իրեն խուսափողաբար դրսևորել Ֆրանսիայի նկատմամբ հենց այն ժամանակ, երբ ֆրանսիացիներն արշավանք սկսեցին Նեապոլի ուղղությամբ՝ Գաետան պաշարած իսպանացիների դեմ։ Նա մտքին դրել էր կապազերծ լինել Ֆրանսիայից, և դա նրան կհաջողվեր, եթե Ալեքսանդր պապն ավելի երկար ապրեր։

Այսպիսին էին դքսի գործողությունները ներկայում։ Իսկ ինչ վերաբերում էր ապագային, ապա նրա գլխավոր մտահոգությունն այն էր, թե ով է լինելու Ալեքսանդրի հնարավոր փոխարինողը, որը կարող էր ոչ միայն իրեն բարեկամաբար չպահել, այլև խլել այն ամենն, ինչ դքսին տվել էր Ալեքսանդրը։ Դրանից խուսափելու համար նա մտածեց նախազգուշության չորս միջոց․ առաջին՝ ընտանիքների հետ միասին ոչնչացնել իր սնանկացրած իշխողներին, որպեսզի նոր պապին առիթ չտա հանդես գալու, նրանց պաշտպանությամբ, երկրորդ իր կողմը գրավել հռոմեացի նոբիլներին, որպեսզի նրանց աջակցությամբ զսպի Ալեքսանդրի ապագա հաջորդին, երրորդ՝ կարդինալների կոլեգիայում հնարավորին չափ ավելի շատ հավատարիմ մարդիկ ունենալ, չորրորդ՝ մինչև Ալեքսանդր պապի մահը իր տիրույթներն այնքան ընդարձակել, որ կարողանա ինքնուրույնաբար դիմակայել առաջին իսկ արտաքին հարվածին։ Երբ Ալեքսանդրը մահացավ, դուքսն արդեն կատարել էր իր ծրագրի մասերից երեքը, իսկ չորրորդը մոտ էր ավարտին։ Իր սնանկացրած իշխողներից նա սպանեց բոլոր նրանց, ովքեր նրա ձեռքն ընկան, լոկ քչերին հաջողվեց փրկվել, հռոմեացի նոբիլներին հակեց իր կողմը, կոլեգիայում իր համար ապահովեց կարդինալների մեծ մասի համակրանքը։ Ինչ վերաբերում է տիրույթների ընդարձակմանը, ապա մտադրվելով դառնալ Տոսկանայի տիրակալ, նա հասցրեց նվաճել Պերովան ու Պիոմբինոն և իր հովանավորության տակ առնել Պիզան։ Արդեն այդ ժամանակ նա կարող էր էլ չվախենալ Ֆրանսիայից։ Իսկ այն բանից հետո, երբ իսպանացիները ֆրանսիացիներին վերջնականապես դուրս մղեցին Նեապոլի թագավորությունից, և՛ մեկը, և՛ մյուսը ստիպված եղան փնտրել դքսի բարեկամությունը, այնպես որ ևս մի քայլ, և նա կնվաճեր Պիզան։ Որից հետո անմիջապես կհանձնվեին Սիենան և Լուկան, մասամբ վախից, մասամբ ի հեճուկս ֆլորենցիացիների. իսկ իրենք՝ ֆլորենցիացիները, կընկնեին անելանելի վիճակի մեջ։ Եվ այդ ամենը կարող էր կատարվել դեռևս մինչև այն տարվա վերջը, երբ մահացավ Ալեքսանդր պապը, ու եթե կատարվեր, ապա դուքսն այնպիսի հզորություն և ազդեցություն ձեռք կբերեր, որ ոչ մեկի հովանավորության կարիքն էլ չէր զգա և կախում չէր ունենա ուրիշի զենքից կամ ուրիշի բարեհաճությունից՝ լիովին ապավինելով սեփական քաջությանն ու ուժին։ Սակայն, դուքսն առաջին անգամ սուրը մերկացրել էր հոր մահից ընդամենը հինգ տարի առաջ։ Եվ հասցրեց իշխանությունն ամրապնդել լոկ մեկ պետությունում՝ Ռոմանիայում, մնալով մյուսներին տիրելու կես ճանապարհին, երկու ահեղ թշնամական բանակների արանքում ու մահացու հիվանդ։

Բայց այնպիսի անզուսպ քաջությամբ ու խիզախությամբ էր դուքսն օժտված, այնքան հմուտ էր մարդկանց իր կողմը գրավելու և վերացնելու գործում, այնքան ամուր էին կարճ ժամանակամիջոցում նրա ստեղծած իշխանության հիմքերը, որ նա կարող էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե նրան երկու կողմից չսեղմեին թշնամական բանակները կամ չնեղեր հիվանդությունը։ Որ նրա իշխանությունը խարսխված էր ամուր հիմքի վրա, դրանում մենք համոզվեցինք. Ռոմանիան ավելի քան մեկ ամիս պատսպարեց նրան, Հռոմում, գտնվելով մահամերձ վիճակում, նա, այնուամենայնիվ, անվտանգության մեջ էր։ Բալյոնին, Օրսինին և Վիտելին այնտեղ հայտնվելով, այդպես էլ կողմնակիցներ չգտան։ Նրան հաջողվեց պապ ընտրել տալ եթե ոչ նրան, ում նա ուզում էր, ապա գոնե ո՛չ նրան, ում չէր ուզում։ Եթե դուքսը մահամերձ չլիներ, այն ժամանակ, երբ մահացավ Ալեքսանդր պապը, նա հեշտությամբ կհաղթահարեր բոլոր խոչընդոտները։ Հուլիոս II պապի ընտրության օրերին նա ինձ ասաց, որ ամեն ինչ նախատեսել էր ի դեպս հոր մահվան, գտել էր բոլոր իրադրություններից դուրս գալու ելքը, սակայն մի բան չէր կանխատեսել՝ այն, որ այդ ժամանակ ինքն էլ գամված կլինի անկողնուն

Քննելով դքսի գործողությունները, ես չեմ գտնում մի բան, ինչի համար նրան կարելի էր հանդիմանել, ավելին, իմ կարծիքով, նա կարող է օրինակ ծառայել բոլոր նրանց համար, ովքեր իշխանություն են ստանում ճակատագրի բարեհաճությամբ կամ ուրիշի զենքով։ Քանզի, ունենալով մեծ ծրագիր ու վեհ նպատակ, նա չէր կարող այլ կերպ գործել։ Միայն Ալեքսանդրի անժամանակ մահն ու իր հիվանդությունը նրան խանգարեցին իրագործել մտահղացումները։ Այսպիսով, նրանք, ում նոր պետությունում անհրաժեշտ է թշնամիներից պաշտպանվել բարեկամներ ձեռք բերել, հաղթել ուժով կամ խորամանկությամբ, ժողովրդին՝ երկյուղ ու սեր, իսկ զինվորներին՝ հնազանդություն ու հարգանք ներշնչել, ունենալ նվիրված ու հուսալի զորք, վերացնել այն մարդկանց, ովքեր կարող են վնասել կամ պետք է վնասեն, բարեփոխել հին կարգերը, ձերբազատվել անհուսալի զորքից ու ստեղծել սեփականը, հանդես բերել դաժանություն ու գթասրտություն, մեծահոգություն ու շռայլություն և, վերջապես, իշխողների ու արքաների հետ այնպես բարեկամություն անել, որ նրանք կամ քաղաքավարությամբ ծառայություններ մատուցեն, կամ խուսափեն հարձակումներից,― բոլոր այդ մարդիկ ավելի վառ օրինակ չեն գտնի, քան դքսի գործերը։

Նրան կարելի է միայն մի բանում մեղադրել՝ Հուլիոսին եկեղեցու, ղեկավար ընտրելու հարցում։ Այստեղ նրա հաշվարկները սխալ դուրս եկան, որովհետև, եթե նա չկարողացավ անցկացնել իր ցանկալի մարդուն, ապա կարողացավ, ինչպես արդեն ասվել է, բացարկել անցանկալիին։ Իսկ եթե այդպես է, ապա ոչ մի դեպքում պետք չէր պապական իշխանությանը մոտ թողնել այն արքեպիսկոպոսներին, ովքեր նրանից նախկինում կամ վիրավորված էին, կամ էլ, ընտրվելու դեպքում, կարող էին նրանից ապագայում վախենալ։ Քանզի մարդիկ վրեժ են լուծում կամ վախից կամ ատելությունից դրդված։ Նրանից վիրավորվածների թվում էին Սան Պյետրո ին Վինկուլան, Կոլոննան, Սան Ջորջոն, Ասկանիոն, իսկ մյուսները գահ բարձրանալով կունենային նրանից վախենալու պատճառներ։ Բացառություն էին կազմում իսպանացիներն ու Ռուանի արքեպիսկոպոսը, առաջինները ազգակցական կապերի ու պարտավորությունների, իսկ երկրորդը՝ իր թիկունքին կանգնած ֆրանսիական թագավորության հզորության պատճառով։ Ուստի, նախ անհրաժեշտ էր հոգ տանել, որ ընտրվի իսպանացիներից որևէ մեկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ռուանի արքեպիսկոպոսը, և ոչ մի դեպքում Սան Պյետրո ին Վինկուլան։ Մոլորության մեջ է նա, ով կարծում է, թե նոր լավությունները կարող են այս աշխարհի հզորներին ստիպել մոռանալ հին վիրավորանքները։ Այնպես որ, դուքսը սխալ թույլ տվեց, ինչն էլ ի վերի նրան կործանեց։


Գլուխ VIII։ Նրանց մասին, ովքեր իշխանության են հասնում ոճրագործությամբ

Կա տիրակալ դառնալու ևս երկու միից, որոնք կապ չունեն ոչ ճակատագրի բարեհաճության, ոչ էլ քաջության հետ։ Դրանց մասին լռելը, կարծում եմ, ճիշտ չի լինի, թեև դրանցից մեկին տեղին կլիներ անդրադառնալ այնտեղ, որտեղ խոսվելու է հանրապետությունների մասին։ Ես նկատի ունեմ այն դեպքերը, երբ սովորական մարդը գերագույն իշխանության է հասնում հանցագործության ճանապարհով կամ իր հանդեպ համաքաղաքացիների բարեհաճության շնորհիվ։ Խոսելով առաջին միջոցի մասին, կվկայակոչեմ երկու դեպք․ մեկն՝ անցյալից, մյուսը՝ ժամանակակից կյանքից և դրանով կսահմանափակվեմ, քանզի ենթադրում եմ, որ այդ երկուսը բավական են օրինակներ փնտրողների համար։

Սիցիլիացի Աղաթոկլեսը դարձավ Սիրակուզայի արքա, թեև ուներ ոչ միայն հասարակ, այլև ստորակարգ ու արհամարհելի կոչում։ Նա ծնվել էր բրուտի ընտանիքում, վարում էր անազնիվ կյանք, բայց պատանեկությունից աչքի էր ընկնում հոգեկան ու մարմնական այնպիսի ուժով ու քաջությամբ, որ մտնելով զինվորական ծառայության, ժամանակի ընթացքում հասավ Սիրակուզայի պրետորի աստիճանին։ Այդ պաշտոնում հաստատվելով, նա որոշեց դառնալ Սիրակուզայի տիրակալ, և, այդպիսով, սեփականել այն, ինչը հոժարակամ վսաահվել էր նրան։ Այդ մտադրության մասին տեղյակ պահելով Համիլկար Կարթագենցուն, որն այդ ժամանակ գտնվում էր Սիցիլիայում, նա մի առավոտ Սիրակուզայի ժողովրդին ու սենատը հրավիրեց, քննարկելու իբր հանրապետությանը վերաբերող գործեր և, երբ բոլորր հավաքվեցին, նրա զինվորները պայմանավորված նշանի համաձայն կոտորեցին բոլոր սենատորներին ու ժողովրդի ամենահարուստ ներկայացուցիչներին։ Նման հաշվեհարդարից հետո Աղաթոկլեսն սկսեց իշխել՝ քաղաքացիների կողմից չհանդիպելով անգամ նվազագույն դիմադրության։ Ու թեև նա երկու անգամ պարտվեց կարթագենցիներից և նույնիսկ պաշարված էր նրանց զորքերով, այնուամենայնիվ, ոչ միայն չհանձնեց քաղաքը, այլև մարդկանց մի մասին թողնելով այն պաշտպանելու, մյուս մասի հետ ներխուժեց Աֆրիկա և կարճ ժամանակում Սիրակուզան պաշարումից ազատելով՝ կարթագենցիներին ստիպեց գնալ ծայրահեղ քայլի՝ պայմանագիր կնքել, համաձայն որի, նրանք սահմանափակվելով Աֆրիկայում ունեցած տիրույթներով, Սիցիլիան զիջում էին նրան։

Եթե խորը մտածենք, Աղաթոկլեսի կյանքում ու գործերում ոչինչ կամ գրեթե ոչինչ չենք գտնի, որը նրան բաժին ընկած լիներ ճակատագրի բարեհաճությամբ, քանի որ, ինչպես արդեն ասվել է, նա իշխանության հասավ ոչ թե ինչ-որ մեկի հովանավորությամբ, այլ զինվորական ծառայության շնորհիվ, ինչը կապված է բազում վտանգների ու զրկանքների հետ։ Նա իշխանությունն իր ձեռքում պահեց համարձակ գործողություններով, դրսևորելով վճռականություն ու խիզախություն։ Եվ, այնուամենայնիվ, քաջություն էլ չի կարելի անվանել համաքաղաքացիների սպանությունը, դավաճանությունը, ուխտադրժությունը, դաժանությունն ու անմարդկայնությունը։ Այդ ամենով կարելի է իչխանության հասնել, բայց փառքի երբեք։ Այնպես որ, եթե նրա մասին դատենք ըստ այն քաջության, որով նա ելնում էր վտանգի դեմ հանդիման, ըստ հոգեկան կորովի, որի շնորհիվ նա դիմակայում էր դժվարություններին, ապա նա հազիվ թե զիջի ցանկացած փառապանծ զորապետի, բայց հիշելով նրա դաժանությունն ու անմարդկայնությունը և նրա բոլոր ոճրագործությունները, մենք չենք կարող նրան հավասարեցնել մեծագործ մարդկանց։ Այսպիսով, չի կարելի ճակատագրի բարեհաճությանը կամ քաջությանը վերագրել այն, ինչը ձեռք է բերվել առանց մեկի կամ մյուսի։

Արդեն մեր ժամանակներում, Ալեքսանդր պապի օրոք տեղի ունեցավ մի ուրիշ դեպք։ Օլիվերոտտոն, որը ծնվել էր Ֆերմոյում, մանուկ հասակում որբանալով, մեծացավ քեռու՝ Ջովաննի Ֆոլյանիի տանը։ Տակավին պատանի, նա զինվորական ծառայության մտավ Պաոլո Վիտելիի մոտ, այն հույսով, որ զինվորական գործը յուրացնելով, զորքերում կզբաղեցնի մի պատվավոր տեղ։ Պաոլոյի մահից հետո նա տեղափոխվեց նրա եղբոր՝ Վիտելոցոյի մոտ, և շատ շուտով, խելացի, ուժեղ և քաջ մարդ լինելով, բանակում դարձավ առաջին դեմքը։ Սակայն, գտնելով, որ ուրիշներին ենթարկվելն իր համար նվաստացուցիչ է, որոշեց Վիտելիի համաձայնությամբ և համաքաղաքացիներից մի քանիսի օժանդակությամբ տիրանալ Ֆերմոյին։ Այդ մարդիկ հայրենիքի ստրկությունը գերադասում էին նրա ազատությունից Ջովաննի Ֆոլյանիին հղած նամակում նա գրում է, որ բազմամյա բացակայությունից հետո կուզենար այցել քեռուն ու հարազատ վայրերը և միաժամանակ պարզել ժառանգության չափերը։ Իր գործերում նա փառքից բացի այլ բանի մասին չի մտածել և ցանկանալով համաքաղաքացիներին ապացուցել, որ ժամանակն իզուր չի վատնել, խնդրում է, որ հարյուր ձիավորից բաղկացած շքախմբով, իր ընկերներին ու ծառաներին թույլ տան քաղաք մտնել պատվավոր ձևով։ Ֆերմոյի բնակիչները իրենց հերթին թող չմերժեն նրան պատվավոր ընդունելություն ցույց տալ, ինչը հաճելի կլիներ ոչ միայն իրեն, այլև իր հորը փոխարինած քեռուն։ Ջովաննի Ֆոլյանին կատարեց ազգականի խնդրանքն ու հոգ տարավ, որ քաղաքացիները նրան ընդունեն հարգ ու պատվով։

Տեղավորվելով իր տանը, նա սպասեց մի քանի օր, մինչև որ կավարտվեին ծրագրված չարագործության նախապատրաստությունները, և ճոխ խնճույք կազմակերպեց հրավիրելով Ջովաննի Ֆոլյանիին ու Ֆերմոյի բոլոր անվանի մարդկանց։ Երբ խրախճանքն ավարտվեց, Օլիվերոտտոն դիտավորյալ վտանգավոր խոսակցություն բացեց Ալեքսանդր պապի և նրա որդու Չեզարեի գործերի ու նրանց մեծության մասին։ Բայց, երբ Ջովաննին և մյուսները սկսեցին նրան պատասխանել, նա հանկարծ տեղից ելնելով հայտարարեց, թե նման խոսակցություններն ավելի լավ կլինի թաքուն տեղում շարունակել և ուղղվեց դեպի խորքի սենյակները, ուր նրա հետևից գնացին քեռին ու մյուս անվանի մարդիկ։ Սակայն, նրանք դեռ չէին հասցրել նստել, երբ դուրս վազեցին դարանակալած զինվորներն ու կոտորեցին բոլոր ներկաներին։ Այդ կոտորածից հետո ձիավոր Օլիվերոտտոն սլացավ ամբողջ քաղաքով մեկ և պալատում պաշարեց բարձրագույն մագիստրատը, որն էլ վախենալով, հնազանդվեց ու հիմնեց նոր կառավարություն. Օլիվերոտտոն հռչակվեց քաղաքի տիրակալ։

Ոչնչացնելով նրանց, ովքեր դժգոհության պատճառով կարող էին իրեն վնասել, Օլիվերոտտոն իր իշխանությունն ամրապնդեց ռազմական ու քաղաքացիական նորամուծություններով և այդ ժամանակից ի վեր ոչ միայն Ֆերմոյում անվտանգություն ձեռք բերեց, այլև պատուհաս դարձավ բոլոր հարևանների համար։ Նրան քաղաքից դուրս բերելը նույնքան դժվար էր, որքան և Աղաթոկլեսին, եթե նրան խորամանկությամբ չգերազանցեր Չեզարե Բորջան, որը Սինիգալիայում, ինչպես արդեն ասվել է, ծուղակը գցեց Օրսինիի ու Վիտելիի զորախմբերի պետերին։ Օլիվերոտտոն այնտեղ գնաց քաջության ու ոճրագործության հարցերում իր ուսուցիչ Վիտելոցոյի հետ. այնտեղ էլ նրա հետ միասին խեղդամահ եղավ, ինչը տեղի ունեցավ նկարագրված հայրասպանությունից մեկ տարի հետո։

Ոմանք կարող են չհասկանալ, թե ինչու է Աղաթոկլեսին ու նրա նմաններին հաջողվել դաժանությամբ ու դավաճանությամբ իրենց համար ուղի հարթելով, երկար տարիներ բարեհաջող կյանք վարել հայրենիքում, իրենց պաշտպանել արտաքին թշնամիներից, չդառնալ համաքաղաքացիների նյութած դավադրության զոհ, մինչդեռ չատ ուրիշների չի հաջողվել իչխանությունը դաժանության միջոցով պահպանել նույնիսկ խաղաղ, էլ չենք ասում պատերազմական խառը ժամանակներում։ Անշուշտ, դաժանություն էլ կա, դաժանություն էլ։ Դաժանությունը լավ է իրագործվում այն դեպքերում, եթե թույլատրելի է վատը լավ անվանել, երբ այն դրսևորում են միանգամից ու անվտանգության նկատառումներով՝ չկորցնելով չափի զգացումը։ Եվ ըստ հնարավորին այն ծառայեցնում են հպատակների օգտին։ Իսկ վատ է իրագործվում այն դեպքերում, երբ հաշվեհարդարները սկզբում հազվադեպ են պատահում, բայց ժամանակի ընթացքում պակասելու փոխարեն ավելի հաճախակի են դառնում։ Առաջին եղանակով գործելու դեպքում Աղաթոկլեսի նման աստծո ու մարդկանց օգնությամբ կարելի է պահպանել իշխանությունը, գործելով երկրորդ եղանակով՝ անտարակույս ոչ։

Սրանից հետևում է, որ նա, ով պետություն է նվաճում, պետք է նախապատրաստի բոլոր չարագործություններն ու միանգամից գլուխ բերի՝ այլևս դրանց չվերադառնալու համար և ոչ թե ամեն օր շարունակի անել նույն բանը։ Այդժամ մարդիկ կամաց-կամաց կհանդարտվեն, իսկ տիրակալը կկարողանա բարիք գործելով, աստիճանաբար նվաճել նրանց համակրանքը։ Ով որ այլ կերպ վարվի անվճռականության կամ անմտության պատճառով, նա արդեն էլ երբեք սուրը պատյանը չի դնի ու էլ երբեք չի կարողանա ակնկալել իր հպատակների աջակցությունը, որոնց հանգիստը խաթարվել է նոր ու անվերջ փորձություններով։ Այնպես որ, մարդկանց ցավ պետք է պատճառել միանգամից. որքան հազվադեպ է դա համտեսվում, այնքան քիչ է դրանից սպասվող վտանգը, իսկ բարեգործությունները պետք է անել չնչին չափաբաժիններով, որպեսզի ավելի լավ համտեսվեն։ Իսկ ամենմակարևորը տիրակալի համար այն է, որ նա պետք է հպատակների հետ այնպես վարվի, որ ոչ մի իրադարձություն՝ վատ, թե լավ, նրան չստիպի իր վերաբերմունքը փոխել նրանց նկատմամբ, քանի որ, եթե վրա հասնեն դժվար ժամանակներ, չարիք գործելն արդեն ուշ է, իսկ բարիք գործելն անօգուտ, որովհետև կհամարեն, որ դա հարկադրյալ է արվում և երախտագիտությամբ չեն հատուցի։


Գլուխ IX։ Քաղաքացիական մենիշխանության մասին

Հիմա անցնեմ այն դեպքերին, երբ մարդն իր հայրենիքի տիրակալ է դառնում ոչ թե ոճրագործությունների ու անօրինականությունների ճանապարհով, այլ համաքաղաքացիների հոժար կամքով, ինչի համար պահանջվում է, իսկն ասած, ոչ թե քաջություն կամ հաջողություն, այլ ավելի շուտ՝ հաջողակ խորամանկություն։

Հարկ է նշել, որ այդպիսի մենիշխանությունը, որը կարելի է քաղաքացիական անվանել, հիմնվում է ազնվականության, կամ ժողովրդի պահանջով։ Քանզի չկա մի քաղաք, որտեղ հակասության մեջ չլինեն այս երկու խավերը։ Ազնվականությունն ուզում է իրեն ենթարկել ու կեղեքել ժողովրդին, իսկ ժողովուրդը չի ցանկանում ճնշվել ու կեղեքվել, ուստի այդ երկու խավերի բախումը լուծվում է երեք ճանապարհով՝ մենիշխանությամբ, անիշխանությամբ կամ ազատությամբ։

Մենիշխանությունը հիմնվում է ազնվականության կամ ժողովրդի կողմից՝ նայած թե նրանցից ում է առաջինը հարմար առիթ ներկայանում։ Ազնվականությունը, տեսնելով, որ չի կարող դիմակայել ժողովրդին, իր շարքերից մեկին գահ բարձրացնելով, նրան հռչակում է տիրակալ՝ նրա թիկունքում իր ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Ճիշտ նույն կերպ էլ ժողովուրդը, տեսնելով, որ չի կարողանում դիմադրել ազնվականությանը, գահ է բարձրացնում որևէ մեկին՝ պատսպարվելու նրա իշխանության ներքո։ Ազնվականության օգնությամբ իշխանություն ձեռք բերած տիրակալի համար ավելի դժվար է պահպանել իշխանությունը, քան նրա, ում ժողովուրդն է իշխանության հասցրել։ Քանի որ, եթե տիրակալը շրջապատված է ազնվականներով, որոնք իրենց նրան հավասար են համարում, նա չի կարող ոչ հրամայել, ոչ էլ ինքնուրույնաբար գործել։ Մինչդեռ նա, ում ժողովուրդն է իշխանության բերել, իշխում է մենակ, և նրա կողքին չկա կամ գրեթե չկա մեկը, որը համարձակվի չենթարկվել նրան։ Ընդսմին, անհնար է ազնվորեն, առանց մյուսներին նեղացնելու, բավարարել ազնվականների պահանջները, բայց ժողովրդի պահանջները բավարարել կարելի է, որովհետև ի տարբերություն ազնվականության, ժողովրղի նպատակն ավելի ազնիվ է։ Ազնվականությունն ուզում է կեղեքել ժողովրդին, իսկ ժողովուրդը չի ուզում կեղեքվել։ Ավելացնեմ, որ թշնամաբար տրամադրված ժողովրդին անհնար է հնազանդեցնել, որովհետև, նա բազմաբյուր է, իսկ ազնվականությանը կարելի է, որովհետև սակավաթիվ է։ ժողովուրդը, վատագույն դեպքում, երես կթեքի տիրակալից, մինչդեռ, թշնամաբար տրամադրված ազնվականությունը ոչ միայն երես կթեքի, այլև նույնիսկ կելնի նրա դեմ, քանզի ազնվականությունը հեռատես է, խորամանկ, նախօրոք է ծրագրում նահանջի ուղիներ, և գիտի՝ ինչպես հաճոյանալ ավելի ուժեղներին։ Ավելացնեմ նաև, որ տիրակալը չի կարող ժողովուրդ ընտրել, բայց ազնվականների մեջ կարող է ընտրություն կատարել, քանզի նա օժտված է պատժելու, և ներում շնորհելու, իրեն մերձավոր դարձնելու կամ շնորհազրկելու իրավունքով։

Փորձեմ այս վերջին մասն ավելի հանգամանորեն բացատրել։ Ազնվականների հետ պետք է վարվել այնպես, ինչպես որ նրանք են քեզ հետ վարվում։ Իսկ նրանք կարող են դրսևորել երկու գործելակերպ՝ կամ ցույց տալ, որ պատրաստ են կիսել տիրակալի ճակատագիրը, կամ՝ ոչ։ Առաջիններին, եթե նրանք շահադետ չեն, պետք է հարգել ու սիրաշահել, իսկ ինչ վերաբերում է երկրորդներին, ապա այստեղ պետք է տարբերել երկու դրդապատճառ։ Եթե այդ մարդիկ իրենց այդպես են դրսևորում փոքրոգության կամ բնածին անվճռականության պատճառով, այդպիսիներին պետք է օգտագործել, առավել ևս, եթե նրանք հմուտ են որևէ գործում։ Իսկ եթե նրանք միտումնավոր կերպով ու պատվասիրությունից դրդված են այդպես վարվում, ապա դա նշանակում է, որ իրենց մասին ավելի շատ են հոգում, քան տիրակալի։ Այդ Ժամանակ նրանցից պետք է զգուշանալ ու վախենալ ոչ պակաս, քան բացահայտ հակառակորդներից, քանզի փորձության պահին նրանք միշտ կօգնեն տապալել տիրակալին։

Այնպես որ, եթե տիրակալն իշխանությունը ձեռք է բերել ժողովրդի օգնությամբ, պետք է աշխատի չկորցնել նրա համակրանքը, ինչն ամենևին էլ դժվար չէ, որովհետև ժողովուրդը լոկ պահանջում է, որ իրեն չկեղեքեն։ Բայց, եթե տիրակալին, հակառակ ժողովրդի ցանկության, գահ է բարձրացրել ազնվականությունը, ապա նրա առաջնահերթ գործը պիտի լինի շահել ժողովրդի համակրանքը, ինչը նույնպես դժվար չէ, եթե նրան առնի իր հովանու ներքո։ Մարդիկ, եթե մի լավ բան են տեսնում նրանց կողմից, ումից չարիք էին սպասում, առանձնահատուկ ձևով են կապվում բարերարի հետ։ Այս դեպքում ժողովուրդն ավելի շատ կհամակրի տիրակալին, քան այն դեպքում, եթե ինքը նրան հասցրած լիներ իշխանության։ Իսկ ժողովրդի աջակցությունը կարելի է ստանալ տարբեր միջոցներով, որոնք ես չեմ քննարկի, քանի որ դրանք առանձին դեպքերում տարբեր են և չեն կարող ստորադաս լինել որևէ որոշակի կանոնի։

Իբրև եզրափակում ասեմ, որ տիրակալը պետք է հաշտ լինի ժողովրդի հետ, այլապես բախտորոշ իրավիճակում կզրկվի իր գահից։ Սպարտայի տիրակալ Նաբիդոսը դիմակայեց ամբողջ Հունաստանի և հռոմեական հաղթական զորքերի պաշարմանը՝ փրկելով հայրենիքն ու իշխանությունը և դա այն դեպքում, երբ մոտալուտ վտանգից առաջ նրանից պահանջվեց հաշվեհարդար տեսնել ընդամենը մի քանի հոգու հետ, մինչդեռ, եթե նա թշնամություն ունենար ամբողջ ժողովրդի հետ, չէր կարող սահմանափակվել քչով։ Եվ թող ինձ չառարկեն այն ծամծմված ասացվածքով, թե իբր հույսը դնել ժողովրդի վրա նույնն է, թե ավազի վրա տուն շինել։ Ասացվածքը ճիշտ է, երբ խոսքը սովորական քաղաքացու մասին է, որն ապավինելով ժողովրդին, հույս է փայփայում, թե ժողովուրդն իրեն կփրկի, եթե նա թշնամիների կամ մագիստրատի ձեռքն ընկնի։ Այստեղ իսկապես որ կարելի է խաբվել, ինչպես խաբվեցին Գրաքոսը Հռոմում կամ մեսսեր Ջորջո Սկալին Ֆլորենցիայում։ Բայց, եթե ժողովրդի մեջ հենարան է փնտրում այն տիրակալը, որը ոչ թե խնդրում, այլ հրամայում է, ընդսմին՝ անվախ է, փորձության պահին հոգու կորովը չի կորցնում, չի զլանում պաշտպանության համար անհրաժեշտ նախապատրաստություններ անել և կարող է իր կարգադրություններով ու արիությամբ խանդավառել շրջապատողներին, նա երբեք չի խաբվի ժողովրդի հարցում և կհամոզվի, թե որքան ամուր է այդ հենարանը։

Սովորաբար, նման դեպքերում տիրակալի դիրքը վտանգվում է քաղաքացիական կարգերից անսահմանափակ իշխանության անցնելու ժամանակ, քանի որ տիրակալները ղեկավարում են մագիստրատի միջոցով կամ միահեծան կերպով։ Առաջին դեպքում տիրակալի վիճակը երերուն է ու խոցելի, քանի որ նա լիովին կախված է մագիստրատի անդամների կամքից։ Նրանք ի զորու են ցանկացած և, առավել ևս, ճակատագրական պահի նրան զրկել իշխանությունից, այսինքն կարող են ելնել նրա դեմ կամ չկատարել նրա կարգադրությունները։ Եվ այստեղ, վտանգի դեմ-հանդիման, տիրակալն արդեն չի կարող իր համար բացարձակ իշխանություն ապահովել, որովհետև քաղաքացիներն ու հպատակները սովոր լինելով կատարել մագիստրատի կարգադրությունները, արտասովոր իրավիճակում չեն ենթարկվի տիրակալի հրամաններին։ Այդ պատճառով էլ նման պարագայում տիրակալը միշտ կզգա հուսալի մարդկանց պահանջ, քանզի չի կարելի հավատ ընձայել խաղաղ ժամանակ տեսածիդ, երբ քաղաքացիները զգում են պետության կարիքը և յուրաքանչյուրը շտապում է հավաստիացումներ անել քանի դեռ մահվան շունչը չի զգացել, պատրաստակամություն է հայտնում իր կյանքը զոհել հանուն տիրակալի, բայց, երբ պետությունը վտանգի պահին զգում է իր քաղաքացիների կարիքը, նրանցից քչերն են հրապարակ գալիս։ Եվ նման պահը վտանգավոր է նրանով, որ պատահում է միայն մեկ անգամ։ Ուստի, իմաստուն տիրակալը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի քաղաքացիները միշտ և ցանկացած պարագայում զգան տիրակալի ու պետության կարիքը։ Միայն այդ դեպքում նա կարող է հույս դնել նրանց հավատարմության վրա։