Վերջին թարմացում 12 Մայիսի 2015, 17:36

Գոյություն ունե՞ք արդյոք, միստր Ջոնս

17:36, 12 Մայիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գոյություն ունե՞ք արդյոք, միստր Ջոնս

հեղինակ՝ Ստանիսլավ Լեմ
թարգմանիչ՝ Կ․ Ա․ Սիմոնյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Երկու պատմվածք»

Դատավոր․ Դատարանը անցնում է Հարրի Ջոնսի դեմ «Կիբեռնետիքս քոմփընիի» կողմից հարուցված գործի քննարկմանը։ Կողմերը ներկայացե՞լ են։

Փաստաբան․ Այո, պարոն դատավոր։

Դատավոր․ Դուք հանդես եք գալիս… ըըը՜…

Փաստաբան․ Ես «Կիբեռնետիքս քոմփընի» ֆիրմայի իրավախորհրդատուն եմ, պարոն դատավոր։

Դատավոր․ Իսկ որտե՞ղ է պատասխանողը։

Ջոնս․ Այստեղ եմ, պարոն դատավոր։

Դատավոր․ Արդյոք չե՞ք բարեհաճի պատմել ձեր կենսագրությունը։

Ջոնս․ Հաճույքով, պարոն դատավոր։ Իմ անունն է Հարրի Ջոնս, ծնվել եմ Նյու֊Յորքում, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի ապրիլի վեցին։

Փաստաբան․ Պարզաբանման կարգով, պարոն դատավոր։ Պատասխանողը ճիշտ չի ասում․ նա ընդհանրապես չի ծնվել։

Ջոնս․ Թույլ տվեք, ահա իմ ծննդյան վկայականը։ Իսկ դահլիճում գտնվում է եղբայրս, որը…

Փաստաբան․ Դա ձեր ծննդյան վկայականը չէ, իսկ այն անձնավորությունը, որի մասին հիշատակեցիք, բնավ էլ ձեր եղբայրը չէ։

Ջոնս․ Իսկ ո՞ւմ եղբայրն է։ Գուցե ձե՞րը։

Դատավոր․ Հանգիստ պահեք ձեզ։ Մի րոպե, պարոն իրավախորհրդատու։ Հետո՞, միստր Ջոնս։

Ջոնս․ Հայրս, լուսահոգի Լեքսինգտոն Ջոնսը ավտովերանորոգման արհեստանոցի տնօրենն էր, եւ ես նրանից ժառանգել եմ ավտոմոբիլիզմի նկատմամբ ունեցած իմ կիրքը։ Երբ լրացել էր տասնյոթ տարիս, ես առաջին անգամ մասնակցեցի ավտոմոբիլային մրցավազքի։ Այդ օրից ես ութսունյոթ անգամ ստարտի եմ դուրս եկել որպես պրոֆեսիոնալ, տասնվեց անգամ գրավել եմ առաջին տեղը, քսանմեկ անգամ՝ երկրորդ…

Դատավոր․ Շնորհակալություն, բայց այդ մանրամասնությունները գործին չեն վերաբերում։

Ջոնս․ …Երեք ոսկե գավաթ, երեք ոսկե գավաթ…

Դատավոր․ Ես արդեն ասացի․ շնորհակալություն։

Ջոնս․ Եվ արծաթե պսակ։

«Կիբեռնետիքս քոմբընիի» պրեզիդենտ Դոնովան․ Լսո՞ւմ եք, նա արդեն կմկմում է։

Ջոնս․ Դուք այդ երբեք չեք տեսնի։

Դատավոր․ Հանգստացեք։ Դուք փաստաբան ունե՞ք։

Ջոնս․ Ոչ։ Ես ինքս ինձ կպաշտպանեմ։ Իմ գործը արցունքի պես պարզ է։

Դատավոր․ Ձեզ հայտնի՞ են արդյոք «Կիբեռնետիքս քոմփընիի» ձեր նկատմամբ ներկայացրած պահանջները։

Ջոնս․ Հայտնի են։ Ես անազնիվ, ստոր շնաձկների մեքենայություների զոհն եմ…

Դատավոր․ Շնորհակալություն։ Պարոն իրավախորհրդատու Ջենկինս, չե՞ք բարեհաճի արդյոք դատարանին համառոտակի պատմել հայցի էությունը։

Փաստաբան․ Խնդրեմ, պարոն դատավոր։ Երկու տարի առաջ Չիկագոյի մոտ տեղի ունեցող ավտոմոբիլային մրցավազքի ժամանակ պատասխանողը ենթարկվեց դժբախտ պատահարի եւ կորցրեց ոտքը։ Այն ժամանակ նա դիմեց մեր ֆիրմային։ Ինչպես հայտնի է, «Կիբեռնետիքս քոմփընին» արտադրում է ձեռքերի, ոտքերի պրոտեզներ, արհեստական երիկամներ, սրտեր եւ այլ փոխարինող սարքավորումներ։ Պատասխանողը ապառիկ հիմունքներով ձախ ոտքի պրոտեզ գնեց եւ վճարեց առաջին մուծումը։ Չորս տարի անց, նա կրկին դիմեց մեզ եւ այս անգամ պատվիրեց երկու ձեռքի, կրծքավանդակի եւ վզի պրոտեսներ։

Ջոնս․ Ճիշտ չէ։ Վիզը գնել եմ գարնանը, լեռներում տեղի ունեցած մրցավազքից հետո։

Դատավոր․ Խնդրում եմ չընդհատել։

Փաստաբան․ Այդ երկրորդ պատվերից հետո պատասխանողի պարտքը հասավ երկու հազար ինը հարյուր վաթսունյոթ դոլլարի։ Հինգ ամիս անց պատասխանողի անունից մեզ դիմեց նրա եղբայրը։ Պատասխանողը այդ օրերին գտնվում էր Նյու֊Յորքի Մոնտե֊Ռոզա հոսպիտալում։ Կանխավճարը ստանալուց հետո կատարելով նոր պատվերը, ֆիրման եւս մի քանի պրոտեզ է տրամադրել, որոնց մասին մանրամասն բացատրությունը կցված է գործին։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, այնտեղ նշվում է պատասխանողի գանգուղեղի մի կիսագնդին փոխարինող, քսանվեց հազար հինգ հարյուր դոլլարի արժողությամբ «Գենիակ» մարկայի էլեկտրոնային ուղեղ։ Գերագույն դատարանին խնդրում եմ ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ մեղադրյալը մեզ պատվիրել է «Գենիակ»֊լյուքս մոդել, պողպատյա լամպերով, գունավոր երազների համար հատուկ ապարատուրայով, տհաճ երեւույթների դեմ հատուկ ֆիլտրով եւ վիշտ խլացնող սարքավորմամբ, չնայած այս ամենը, անտարակույս, գերազանցում էին նրա ֆինանսական հնարավորությունները։

Ջոնս․ Դուք, իհարկե, կկամենայիք, որ ես հիմա կաղայի ձեր անպետք սերիական ուղեղով։

Դատավոր․ Հենգիստ, պարոնայք, հանգիստ։

Փաստաբան․ Որ պատասխանողը գիտակցաբար չարամտորեն է գործել իր գնումների արժեքը ֆիրմային չվճարելու համար, վկայում է նաեւ այն փաստը, որ նա պատվիրել է ձեռքի ոչ թե սովորական, այլ հատուկ պրոտեզ, շվեյցարական տասնութ քարանի «Շաֆֆհաուզեն» մարկայի ժամացույցով։ Երբ պատասխանողի պարտքը հասավ քսանինը հազար ութ հարյուր վաթսուներեք դոլլարի, մենք հանդես եկանք նրա գնած պրոտեզները ետ ստանալու պահանջով։ Բայց նահանգական դատարանը հրաժարվեց մեր հայցին ընթացք տալուց, պատճառաբանելով, որ պատասխանողից պրոտեզներ ետ վերցնելը կնշանակի նրա հետագա գոյության վերջը, քանի որ այդ դեպքում նախկին միստր Ջոնսից կմնար միայն գանգուղեղի մի կիսագունդը։

Ջոնս․ Այդ ինչպե՞ս թե «նախկին միստր Ջոնսից»։ Ի՞նչ է, սեւահոգի մարդ, ֆիրման քեզ պարգեւատրո՞ւմ է մականուններ փակցնելու համար։

Փաստաբան․ Այսպես ուրեմն, պարտքերի մեջ թաղված եւ ոտքից մինչեւ գլուխ մեր պրոտեզներից բաղկացած պատասխանողը հրապարակավ կրել է «Կիբեռնետիքս քոմփընիի» որակյալ արտադրանքը, «Կիբեռնետիքս քոմփընիի», որը միշտ էլ նրա նկատմամբ ունեցել է չափազանց նուրբ վերաբերմունք եւ բոոր պատվերները անմիջապես կատարելու պատրաստակամություն։ Բայց դա չի խանգարել նրան, որ երեք ամիս հետո կրկին դիմի մեզ։ Բողոքում էր, որովհետեւ նրա գանգուղեղի սեփական կիսագունդը, ինչպես պարզեցին մեր էքսպերտները, վատ էր զգում նոր, այսպես ասած, պրոտեզային միջավայրում, բողոքում էր դրանից բխող տկարությունից եւ ընդհանուր թուլությունից։

Ղեկավարվելով մարդասիրական զգացումներով, ֆիրման այս անգամ էլ չմերժեց նրա խնդիրքը եւ համաձայնեց ամբողջովին գենիակիզացիայի ենթարկել պատասխանողին, այսինքն՝ նրա ուղեղի սեփական, հին մասը փոխարինել «Գենիակ» մարկայի նույն տիպի երկրորդ ապարատով։ Այդ նոր պատվերն ապահովելու համար պատասխանողը ընկերությանը տվեց քսանվեց հազար ինը հարյուր հիսուն դոլարի մուրհակ․ այդ գումարից մինչեւ այսօր նա վճարել է միայն երկու հարյուր երեսուներկու դոլլար եւ տասնութ ցենտ։ Հաշվի առնելով ստեղծված դրությունը… Պարոն դատավոր, մեղադրյալը դիտավորյալ կերպով խանգարում է ինձ, իմ ճառը խլացնելով ինչ֊որ ֆշշոցով, ճռինչով եւ ճարճատյունով։ Խնդրում եմ զգուշացնել նրան։

Դատավոր․ Միստր Ջոնս…

Ջոնս․ Այդ ես չեմ։ Դա իմ «Գենիակն» է։ Միշտ այդպէս է լինում, երբ սկսում եմ լարված մտածել։ Ձեր կարծիքով ե՞ս պետք է պատասխան տամ «Կիբեռնետիքս քոմփընիի» փոխարեն։ Խնդրում եմ, պարոն դատավոր, նախազգուշացում անելընկերության պրեզիդենտ Դոնովանին, խոտան արտադրանքի համար։

Փաստաբան․ Նկատի ունենալով ստեղծված դրությունը, ընկերությունը դիմում է դատարանին, սեփականատիրական իրավունք պահանջելով իր արտադրած եւ այժմ դատարանի դահլիճում գտնվող պրոտեզների ինքնակոչ կոմպլեքսի վրա, որն ապօրինի կերպով իրեն ներկայացնում է իբրեւ Հարրի Ջոնս։

Ջոնս․ Ինչպիսի հանգնությո՜ւն։ Իսկ որտե՞ղ է, ձեր կարծիքով, Ջոնսը, եթե նա այստեղ չի գտնվում։

Փաստաբան․ Այստեղ, դահլիճում, ոչ մի Ջոնս էլ չկա։ Այդ նշանավոր ավտովարորդի հոգեղեն մնացորդները հանգչում են Ամերիկայի տարբեր ավտոստրադաներում։ Այսպիսով, մեր օգտին կատարած դատավճիռը ոչ մի վնաս չի բերի ֆիզիկապես գոյություն ունեցող ոչ մի անձի, քանի որ ընկերությունը փաստորեն կստանա այն, ինչ օրենքով պատկանում է իրեն, սկսած նայլոնե թաղանթից մինչեւ ամենաաննշան պտուտակը։

Ջոնս․ Կարծում եք ես էլ կհանձնվե՜մ։ Նրանք կամենում են մասնատել ինձ, դարձնել պրոտեզների կույտ։

Ընկերության պրեզիդենտ Դոնովան․ Ձեր գործը չէ, թե մենք ինչպես կվարվենք մեր սեփականության հետ։

Դատավոր․ Պարոն պրեզիդենտ, խնդրում եմ ձեզ հանգիստ պահեք։ Շնորհակալություն, պարոն իրավախորհրդատու։ Դուք կամենո՞ւմ եք որեւէ բան ասել, միստր Ջոնս։

Փաստաբան․ Պարոն դատավոր, պարզաբանման կարգով ես ուզում եմ նկատել, որ պատասխանողը, ճիշտն ասած, պատասխանող էլ չի հանդիսանում, նա միայն նյութական առարկա է, որը հայտարարում է, թե պատկանում է ինքն իրեն։ Իսկ իրականում, քանի որ նա կենդանի չէ…

Ջոնս․ Հապա մոտեցիր, ու կհամոզվես, կենդանի՞ եմ ես, թե չէ։

Դատավոր․ Հը՜մ… սա, իրոք, հույժ տարօրինակ դեպք է։ Հը՜մ… պարոն իրավախորհրդատու, մեղադրյալի գոյություն ունենալու կամ չունենալու տվյալ հարցը ես ժամանակավորապես հետաձգում եմ մինչեւ դատավճիռ կայացնելը։ Հակառակ դեպքում դա կդժվարացնի գործի քննարկումը։ Ձայնը տալիս եմ ձեզ, միստր Ջոնս։

Ջոնս․ Գերագույն դատարանը եւ դուք, նահանգների քաղաքացիներ, վկա եք ազատ, մտածող անհատին ոչնչացնելու հզոր կոնցեռնի ստոր փորձերին…

Դատավոր․ Ձեր խոսքն ուղղեք միայն դատարանին։ Դուք միտինգում չեք։

Ջոնս․ Շատ լավ, պարոն դատավոր։ Գործի էությունը հետեւյալն է․ ես, իրոք, «Կիբեռնետիքս ոմփընիից» մի քանի պրոտեզ եմ գնել…

Ընկերության պրեզիդենտ Դոնովան․ Մի քանի պրոտե՜զ։ Լավ եք ասում։

Ջոնս․ Գերագույն դատարան, խնդրում եմ կարգի հրավիրել այդ պարոնին։ Այսպես, ուրեմն, ես ձեռք բերեցի այդ պրոտեզները։ Չեմ անդրադառնա դրանց որակի հարցին։ Չեմ խոսի նաեւ այն մասին, որ երբ ես քայլում, նստում, ուտում կամ քնում եմ, գլխովս անընդհատ ինչ֊որ բան այնպես է բզզում, որ ես ստիպված տեղափոխվում եմ առանձին սենյակ, որովհետեւ այդ աղմուկը գիշերները զարթնեցնում է եղբորս։ Էլ չեմ խոսում այն մասին, որ այդ փառաբանված «Գենիակների» պատճառով, որոնք հանդիսանում են ոչ այլ ինչ, եթե ոչ հաշվիչ մեքենաների փաթփթուկներից վերականգնած ապարատներ, ինձ հանգիստ չի տալիս հաշվելու մտադրությունը, եւ ես ստիպված եմ փողոցում անվերջ հաշվել ցանկապատերն ու կատուները, սյուներն ու մարդկանց, եւ աստված գիտե, թե էլ ինչ։

Այս հարցի շուրջ ես չեմ տարածվի։ Կարող եմ միայն ասել, որ ես ազնվորեն միտք եմ ունեցել վճարելու այն, ինչ պարտավոր էի, բայց դրամ կարող եմ վաստակել այն դեպքում, եթե շահեմ ավտոմրցավազքում։ Հենց այդտեղ էլ բախտս չբերեց, տրամադրությունս վատ էր, գլուխս կորցրել էի եւ…

Փաստաբան․ Պատասխանողը ինքն է խոստովանում, որ գլուխը կորցրել է։ Դատարանին խնդրում եմ այս հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։

Ջոնս․ Ինձ մի՛ ընդհատեք։ Ես փոխաբերական իմաստով ասացի։ Գլուխս կորցրեցի, սկսեցի խաղալ բիրժայոմ, տարվեցի եւ ստիպված եղա պարտքերի մեջ թաղվել։ Բացի այդ, ես ինձ շատ վատ էի զգում։ Ձախ ոտքիս մեջ անընդհատ սարսափելի ցավեր էի զգում, աչքերս կայծկլտում էին․ ինձ հետամուտ էին լինում ինչ֊որ հիմար երազներ կարի, գուլպայի, տրիկոտաժի մեքենաների մասին։ Բուժվում էի փսիխոանալիտիկների մոտ, նրանք ախտորոշեցին Էդիպի կոմպլեքս, որովհետեւ, երբ ես դեռ երեխա էի, մայրս կարի մեքենայով էր կար անում։ Եվ ահա այդ ժամանակ, երբ թուլությունից ոտքիս վրա հազիվ էի կանգնում, ընկերությունն ինձ սկսեց քարշ տալ դատարանից դատարան։ Իմ անունն սկսեցին թերթերում հոլովել, եւ որպես չարամիտ զրպարտության հետեւանք, մեթոդիստների համայնքը— ես մեթոդիստ եմ, պարոն դատավոր— իմ առաջ փակեց աստծո տաճարի դռները։

Փաստաբան․ Դուք դրա համար բողոքո՞ւմ եք։ Գուցե դուք հավատո՞ւմ եք անդրշիրիմյան կյանքին։

Ջոնս․ Հավատում եմ։ Իսկ ձեր ի՞նչ գործն է։

Փաստաբան․ Մեր գործն է․ չէ՞ որ միստր Հարրի Ջոնսը հիմա ապրում է անդրշիրիմյան աշխարհում, իսկ դուք ամենասովորական ուզուրպատոր եք։

Ջոնս․ Արտահայտությունների մեջ զգույշ եղեք։

Դատավոր․ Կողմերին խնդրում եմ հանգիստ պահել իրենց։

Ջոնս․ Գերագույն դատարան, երբ ես այդպիսի ծանր վիճակում էի գտնվում, ընկերությունը ինձ հայց ներկայացրեց, իսկ երբ նար անամոթ պահանջները նահանգական դատարանի կողմից մերժվեցին, ինձ դիմեց պրեզիդենտ Դոնովանի կողմից ուղարկված մի մութ տիպ, մի ոմն Գռաս։ Այդ մասին ոչինչ չգիտեի։ Այդ Գռասը ներկայացավ որպես մոնտյոր֊էլեկտրիկ եւ ինձ ասաց, որ իմ բոլոր տկարությունների՝ ոտքիս ցավի, աչքերիս կայծեր երեւալու դեմ կա միայն մի միջոց․ թույլ տալ, որ ինձ ամբողջապես գենիակացնեն։ Այդպիսի վիճակում ես չէի մտածում նույնիսկ ավտոմրցավազքների մասին, էլ ի՞նչ էր մնում անել ինձ։ Գերագույն դատարան, ես համաձայնեցի, եւ Գռասը հետեւյալ օրն ինձ առաջնորդեց «Կիբեռնետիքս քոմփընիի» մոնտաժային աշխատասրահ…

Դատավոր․ Նշանակում է, ձեր գլխից հանեցին…

Ջոնս․ Դե, իհարկե։

Դատավոր․ Եվ փոխարենը տեղադրեցին…

Ջոնս․ Դե, իհարկե, միայն թե այն ժամանակ ես չէի հասկանում, թե ինչու են նրանք այդպիսի հաճույքով օգնում ինձ, այն էլ արտոնյալ պայմաններով եւ ապառիկ վճարման երկարատեւ ժամկետով։ Ես հետո ամեն բան հասկացա։ Նրանք կամենում էին, գերագույն դատարան, ինձ զրկել ուղեղի սեփական կիսագնդից։ Ախր մինչ այդ՝ դատարանը մերժել էր նրանց պահանջները այն հիմունքով, որ իմ հին գլխի այդ խեղճ կտորը չի կարող գոյություն ունենալ ինքնուրույն կերպով, եթե ինձնից վերցնեն իմ մարմնի մյուս մասերը։ Դրա համար էլ նրանք որոշեցին օգտագործել ավտոմոբիլային վթարի հետեւանքով առաջացած իմ միամտությունն ու թուլակամությունը եւ ինձ մոտ ուղարկեցին այդ Գռասին, որպեսզի նա համաձայնություն վերցնի ինձանից սեփական ուղեղիս մնացած մասը հեռացնելու համար ու այդ ձեւով ինձ գցի ընկերության հնարամտորեն լարված ցանցի մեջ։ Բարեբախտաբար, նրանց պլանները, ինչպես պարզվեց, կառուցված էին ավազի վրա։ Թող գերագույն դատարանը քննարկի, թե հիմք ունե՞ն արդյոք նրանց փաստարկումները։ Նրանք ասում են, թե իրավունքներ ունեն իմ անձի վրա։ Ի՞նչ հիմունքներով։

Ենթադրենք, որ մեկը նպարավաճառից ապառիկ սննդամթերք է գնում․ ալյուր, շաքար, միս եւ այլն․ մի առ ժամանակ անց այդ նպարավաճառը դիմում է դատարանին իբրեւ սեփականություն պահանջելով հենց իրեն՝ գնորդին, քանի որ, ինչպես բժշկությունն է հաստատում, նյութերի փոխանակման պրոցեսում մարդկային մարմնի օրգանները սննդանյութերով անընդհատ վերափոխման են ենթարկվում եւ մի քանի ամիս հետո այդ գնորդը ոտքից մինչեւ գլուխ բաղկացած է լինում այն ճարպերից, սպիտակուցներից, ձվերից, ածխաջրատներից, որոնք ապառիկ հիմունքներով նրան վաճառել է նպարավաճառը։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, աշխարհում ո՞ր դատարանը կբավարարեր նպարավաճառի պահանջը։ Մի՞թե մենք ապրում ենք միջնադարյան ժամանակաշրջանում, երբ Շեյլոկը իր պարտապանի մարմնից պահանջում էր մեկ ֆունտ միս։ Տվյալ դեպքում դրությունը ճիշտ նույնն է։ Ես ավտոմրցող եմ Հարրի Ջոնս անունով եւ ոչ թե պատահական մի մեքենա։

Ըկերության պրեզիդենտ Դոնովան․ Սուտ է։ Դուք մեքենա եք։

Ջոնս․ Այո՞։ Այդ դեպքում ո՞ւմ դեմ եք հանդես գալիս։ Ո՞ւմ հասցեով էր ուղարկված դատարանի ծանուցագիրը։ Ինչ֊որ մի մեքենայի՞, թե իմ՝ միստր Ջոնսի։ Պարոն դատավոր, գուցե դո՞ւք պարզեք այս հարցը։

Դատավոր․ Հը՜մ… բայց… Ծանուցագիրը հասցեագրված է միստր Հարրի Ջոնսին, Նյու֊Յորք, քառասունչորսերորդ ավենյու։

Ջոնս․ Լսո՞ւմ եք, միստր Դոնովան։ Պարոն դատավոր, թույլ տվեք պարզաբանման կարգով եւս մի հարց տալ ձեզ։ Միացյալ Նահանգների օրենսգրքում նախատեսվա՞ծ է արդյոք դատարանում գործ բանալ մեքենայի դեմ։ Օրինակ, կարելի՞ է արդյոք դատարան կանչել մեքենայի եւ նրան ինչ֊որ մեղադրանքներ վերագրել։

Դատավոր․ Բայց… Հը՜մ… ոչ։ Օրենքը այդպիսի բան չի նախատեսում։

Ջոնս․ Այսպիսով, գործը միանգամայն պարզ է․ կամ ես մեքենա եմ, եւ այդ դեպքում ոչ մի դատական պրոցեսի մասին խոսք լինել անգամ չի կարող, քանի որ մեքենան չի կարող դատական քննության ժամանակ որպես կողմերից մեկը հանդես գալ, կամ ես անձնավորություն եմ եւ ոչ թե մեքենա, բայց այդ դեպքում էլ ինչպիսի՞ իրավունքներ կարող է իմ նկատմամբ ունենալ ինչ֊որ մի ֆիրմա։ Ինչ է, գուցե ես պետք է դառնամ նրա ստրո՞ւկը։ Միստր Դոնովանը, երեւի, կամենում է ստրկատե՞ր դառնալ։

Դոնովան․ Ինչպիսի ճարպկությո՜ւն… Համենայն դեպս… այդ մեր «Գենիակները»… Խոսք չունեմ ասելու։

Ջոնս․ Այդ բանը ձեզ չի հաջողվի։ Գերագույն դատարան, ընկերության գործադրած մեթոդների մասին ամենից լավ խոսում է այն փաստը, որ, երբ հիվանդ, մի կերպ վերանորոգված դուրս եկա հիվանդանոցից եւ ուղղվեցի դեպի ծովափ, որպեսզի գոնե մի փոքր մաքուր օդ շնչեմ, նկատեցի, որ ինձ հետեւում է ամբոխը։ Ինչպես պարզվեց, իմ մեջին դաջված էր՝ «Պատրաստված է «Կիբեռնետիքս քոմփընիում»․ այնպես որ ստիպված եղա իմ հաշվին կտրել֊հանել այն եւ փոխարենը կարկատան դնել։ Եվ հիմա դեռ ինձ հետապնդում են։ Իհարկե, թշվառ մարդուն միշտ էլ վիճակված է հարուստների կամայականությունների զոհը լինել, միշտ այդպես էին ասում լուսահոգի ծնողներս…

Ընկերության պրեզիդենտ Դոնովան․ Ձեր հայրն ու մայրը «Կիբեռնետիքս քոմփընին» է։

Դատավոր․ Հանգստացեք, պարոնայք։ Դուք վերջացրի՞ք, միստր Ջոնս։

Ջոնս․ Ոչ։ Ես պնդում եմ, առաջինը՝ ընկերությունը ինձ թոշակ վճարի, քանի որ ես ապրելու միջոցներ չունեմ։ Մոտոակումբի վարչությունը մեկ ամիս առաջ պանամերիկյան մրցավազքում իմ ձեռք բերած ցուցանիշը չեղյալ համարեց, հայտարարելով, թե իմ մեքենան ղեկավարում էր «առանց մարդու միջամտության ավտոմատ հարմարանքը»։ Ո՞վ է ինձնից այդպես վրեժ լուծել։ «Կիբեռնետիքս քոմփընին»։ Դոնովանը մոտոակումբ է ուղարկել անստորագիր, զրպարտող մի նամակ։ Նրանք ինձնից խլեցին վերջին կտոր հացս եւ թող հիմա էլ ապահովեն ինձ ապրուստով եւ պահեստամասերով։ Ո՞վ է մեղավոր, որ անընդհատ իմ ներսում ինչ֊որ բան է այրվում։ Դա դեռ կարծես քիչ է, եւ ընկերության ամեն մի ծառայող, էլ չեմ ասում բաժնետերերի մասին, հանդիպելիս իրենց սուրբ պարտքն են համարում ինձ վիրավորել։

Պրեզիդենտ Դոնովանը ինձ առաջարկեց սիրաշահող մի գործարք․ նա կամենում էր, որ ես համաձայնեմ ռեկլամային մանեկեն լինելու, եւ օրվա մեջ ութ ժամ տնկվեմ ցուցափեղկում։ Երբ ես նրան հայտարարեցի, որ դա ավտոմրցողի արժանապատվությունից ցածր բան է եւ որ ինքն իր գլուխը նման գաղափարներով չլցնի, Դոնովանը պատասխանեց, որ ինքն արդեն, ինչպես հարկն է, լցրել է իմ գլուխը եւ դա իր վրա նստել է հիսունվեց հազար դոլլար։ Այս եւ այս կարգի վիրավորանքների համար ես դեռ կբողոքեմ դատարանին։ Իսկ հիմա ես գերագույն դատարանից խնդրում եմ որպես վկայի լսել իմ եղբորը, քանի որ նա մանրամասն ծանոթ է գործի բոլոր հանգամանքներին։

Փաստաբան․ Պարոն դատավոր, ես բողոքում եմ մեղադրյալի եղբորը որպես վկայի ձայն տալու դեմ։

Դատավոր․ Դուք նկատի ունեք նրանց արյունակցությո՞ւնը։

Փաստաբան․ Ե՛վ այո, ե՛ւ ոչ… Բանը նրանումն է, որ մեղադրյալի եղբայրը անցյալ շաբաթ ենթարկվեց ավիացիոն աղետի։

Դատավոր․ Հասկանում եմ, նա առողջության վիճակի պատճառով դատարան ներկայանալ չի կարող։

Ջոնսի եղբայրը․ կարող եմ։ Ես այստեղ եմ։

Փաստաբան․ Իհարկե, նա կարող է, բայց բանը նրանումն է, որ աղետը նրա համար ողբերգական վախճան ունեցավ, եւ նրա կնոջ պատվերով «Կիբեռնետիքս քոմփընին» արտադրեց մեղադրյալի նոր եղբորը։

Դատավոր․ Ի՞նչ նոր եղբայր։

Փաստաբան․ Նոր եղբորը եւ միաժամանակ նախկին այրու ամուսնուն։

Դատավոր․ Ահա թե ինչ։

Ջոնս․ Դե, էլ ի՞նչ կա որ… Ինչո՞ւ իմ եղբայրը չի կարող հանդես գալ որպես վկա։ Չէ՞ որ իմ հարսը նրա համար կանխիկ է վճարել։

Դատավոր․ Խնդրում եմ հանգստացեք։ Նկատի ունենալով իրադրության լրացուցիչ ուսումնասիրության համար ծագած անհրաժեշտությունը, դատարանը վճռեց գործի քննությունը հետաձգել…