Վերջին թարմացում 14 Մայիսի 2015, 14:31

Վարք Մեսրոպ Մաշտոցի

14:31, 14 Մայիսի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վարք Մեսրոպ Մաշտոցի

հեղինակ՝ Կորյուն

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Երանելի մարդու, մեր թարգմանիչ Սուրբ Մեսրոպ Վարդապետի վարքի և մահվան պատմությունը նրա աշակերտ Կորյուն վարդապետից

Ա

Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե ե՛րբ ու ո՛ր ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր տրված շնորհքը, այլև այդ մարդու լուսավոր ուսման և հրեշտականման առաքինի կրոնավորության մասին մտածում էի մի առանձին մատյանի մեջ գրված հիշատակարաններ ծաղկեցնել։ Եվ մինչդեռ ես իմ մտքի մեջ մենակ հոգում էի [իրողությունները] հիշելու, [ահա] եկավ, հասավ ինձ Հովսեփ կոչված մի պատվական մարդու, նրա աշակերտի հրամանն [այդ անելու համար], դրա հետ նաև ուրիշների, մեր ուսման աշակերտակիցների քաջալերությունը։ Ուստի և ես, որ բախտ էի ունեցել [նրա] մասնավոր աշակերտը լինելու, թեպետև կրտսերագույնն էի [նրա աշակերտների մեջ], և այդ մեր ուժից վեր էր, [բայց ևայնպես] բռնադատվելով [ինձ] հասած անաչառ հրամանից, [սկսեցի] շտապով և անհապաղ գրի անցընել առաջադրանքը։ Եվ մենք նրանց ամենքին աղաչում ենք, որ աղոթքով մասնակից լինեն մեր աշխատությանը՝ հանձնարարելով [մեզ] աստվածային շնորհքին, որպեսզի աջողությամբ և ուղիղ նավենք վարդապետական ծովի համատարած ալիքների վրայով։

Բ

Քայց արդ՝ նախ մի առաջաբան անենք, թե թույլատրելի՞ է արդյոք կատարյալ մարդկանց վարքի մասին գրել։ Ոչ թե մեր կողմից, մեր կարծիքով վիճաբանելով կճարտարախոսենք, այլ տրված օրինակներով պարզ կերպով կապացուցենք հակառակը։ Որովհետև բարերար աստվածն այնպես է բարի կամեցել իր սիրելիներին, որ ոչ միայն արժանի համարի [տալ նրանց] ըստ [իրենց] առաքինի վարքի չքնաղ և բարձրագույն հատուցումն անսպառ հավիտենականության մեջ, այլև, որ հենց այստեղ, այս աշխարհում, առաջուց այս անցավոր կյանքում մատյանի մեջ պատմել տալով [նրանց մասին]՝ երկնաբարձ կերպով պայծառացնի [նրանց], որպեսզի [նրանք] ընդհանրապես և հոգևոր, և մարմնավոր փայլով փայլեն։

Եվ Մովսիսական պատմության մեջ հայտնի է երանելի մարդկանց ազնվությունը, [նրանց] ճշմարիտ հավատքի հաստատությունը, աստվածամերձ, աստվածամոտ կյանքի վայելչությունը, սքանչելի կյանքի պայծառությունը։ Որովհետև մեկն ընդունելի զոհաբերությամբ արդար է կոչվել. մեկ ուրիշն [իր] հաճելի գործով, չնայելով ամենակուլ մահվան, կենդանի է մնացել, մի երրորդն էլ [իր] կատարյալ արդարությամբ՝ համատարած լեռնացած, աստվածապատիկ ծովի վրա՝ բոլոր շնչավորների հետ միասին՝ մեկ տարի ժամանակով նավի մեջ մնալով՝ պահվել է։ Մի չորրորդն էլ [իր] հանկարծագյուտ հավատով արդարացել է, դարձել է աստվածամերձ, աստվածախոս, դաշնակից և ժառանգել է գալիք բարիքների խոստումը։ Շատ բաներով աստվածածանոթ են գտնվել և ուրիշ այսպիսիները, որոնց ազնվությունների մասին պատմում են բոլոր աստվածային գրքերը։

Ասածներիս նման՝ երանելի Պողոս «Առ Եբրայեցիսն» [թղթի մեջ] անունները տալով՝ գովում է այդպիսիների ճշմարիտ հավատքր, որով՝ յուրաքանչյուրն իր առաջադիմության համեմատ՝ վարձատրական մխիթարություն է ընդունել ամեն ինչ պարգևող աստծուց։ Նա օրինակ է բերում նաև չարագործ Րահաբի հյուրընկալությունը [որ սա արել էր] լրտեսներին։ Իսկ երբ [նա] տեսնում է [այդպիսիների] խուռն բազմությունը, իսկապես քչերի անուններն է հայտնում, ուրիշներինը զանց է անում, ժամանակն անբավական [համարելով ամենը] կարգով պատմելու համար։ Այնուհետև [նա] ընդհանուր կերպով նշանակում է [այդպիսիների] գլխին եկած փորձությունները և նրանց նահատակություններն առանց դիմադրելու, որ և ավելի պատվական է համարում, քան աշխարհիս ապրանքները։

Այսպես և բոլոր հոգեպատում գրքերը նշանակած ունեն բոլոր զորականների քաջությունները. ոմանց բարեհաղթությունն ըստ աստվածային կրոնքի, և ոմանց արիությունները մարտերի ու պատերազմների մեջ ըստ աշխարհական կարգի, ինչպես Նեբրովթինը, Սամսոնինը և Դավթինը։ Մի քանիսին էլ գովում են բնական իմաստությունն աստվածային իմաստությամբ հանդերձ, ինչպես Հովսեփինը՝ Եգիպտոսում և Դանիելինը՝ Բաբելոնում։ Նրանց մեջ կային և հզոր թագավորների խրատատուներ, [որոնք] աշխարհական կյանքի հանգամանքներն էին ցույց տալիս, միաժամանակ և ծանոթություն էին տալիս ամենքի իշխան աստծու մասին։ Մարգարեն հենց այդպիսիների իմաստությունը գովելով՝ ասում է մեկին այսպես. «Մի՞թե ավելի իմաստուն ես, քան Դանիելը. կամ իմաստուն խրատատունե՞ր են խրատել քեզ իրենց խելքով»։ Եվ ոչ այսչափ միայն, այլև գովում է սրբերի զորությունը պատգամավոր ուղարկելով հրեշտակներին, որոնք հայտարարելով Դանիելին ցանկալի էին կոչում, և սուրբ Տիրամորը Գալիլեայում՝ կանանց մեջ օրհնյալ։

Բայց ի՞նչ ասենք այն գովասանքի համար, որով միմյանց պատմում էին ընկերները, որոնց ազնվությունների մասին ամենի Տերն ինքը բերանալիր գոչում էր, հրեշտակների և մարդկանց առաջ ցույց տալիս ոչ միայն նրանց հայտնի գործերի, այլև ծածուկ սրտերի լուսավորությունները։ Ինչպես՝ եկած հրեշտակների միջոցով հայտնեց հյուրամեծար Աբրահամի ծառայական սրտակցությունը, ստացած խոստումներից հետո պատմեց նրան՝ ինչ որ Սոդոմում գործվելու էր։ Նույնպես և քաջ նահատակ Հոբի գովքն է անում նախքան պատերազմելը՝ պատերազմականի առաջ ասելով. «Ճշմարիտ, արդար մարդ, աստվածապաշտ և ամեն չար գործերից հեռու»։ Իսկ մեծ Մովսեսի ավելի ևս աստվածամուխ մերձավորությունը հռչակել է ամեն եկեղեցական գրքերով․ աստվածային ավանդությունը նրա մանկական կայտառությունն էլ է հայտնել, նաև այլազգի Հոթորի խրատն էլ չգրած չի թողել։

Եվ այսպես աստվածագր ավանդությամբ փայլում են բարեգործությունները բոլոր բարեպաշտ ճարտարների, որոնց ամենքի երանելի անունները ոչ ոք չի կարող հիշատակել։ Եվ ոչ միայն առաջագույնների, այլև աստծու միածին որդուց, ամենքի փրկչից հետո եկողների ազնվությունները ծաղկեցնում է, նույնիսկ երանությամբ պսակում է իր լուսաբեր ավետարանի մեջ ոչ միայն սեփական տասներկուսին և կամ առաջընթաց Կարապետին, այլև գովում է ուրիշ մոտեցողների հավատքի ճշմարտությունը։ Այսպես՝ Նաթանայելի մասին հայտնում է, թե առանց նենգության է, և թագավորազնի հավատքի մեծությունն, ասում է, չի գտնվիլ Իսրայելի մեջ։ Բայց ոչ միայն մեծամեծ բաները, այլ ավելի ևս փոքրները բարձր կերպով [գովում է] անարգամեծար Քրիստոսը, որ հարգում է յուղի մի քիչ բանեցնելը և [ասում է, թե] բանեցնողների հիշատակը կպատմեն ամեն տեղ երկնքի տակ։ Եվ քանանացի կնոջ հավատքի մասին ասում է, թե մեծ է. նաև ընծայած երկու դանկի ձգողների հոժարությունն ավելի է գովում, քան մեծերինը։

Իսկ Պողոսին, որ մտքումը դրել էր շրջեցնել քրիստոսագիր կարգերի պայծառությունը, անվանում է ընտիր անոթ և դարձնում է իր սքանչելի անվան կրողն աշխարհում։ Ուստի երանելին նայելով իր և բոլոր սրբերի հավատքի համար [տրված] շնորհքի բարձրությանը՝ բարձրաձայն փառավորել է սկսում [ասելով], թե «Աստծու շնորհքը, որ ամեն բանի մեջ հռչակում է մեր մասին Քրիստոսով և իր գիտության հոտն ամեն տեղ հայտնում է մեզնով»։ Ապա վրա է բերում ավելի համարձակ, թե «Ո՞վ կարող է բիծ դնել աստծու ընտրյալներին»։ Եվ երանելի առաքյալները Տիրոջից էին ստացել այս թույլտվությունը՝ իրենց բոլոր գործակիցների առաքինություններր գրով նշանակելու։ [Նրանցից] մի քանիսինը [կարելի է] տեսնել սուրբ Ավետարանի մեջ, մի քանիսինն էլ երանելի Ղուկասի գրած «Գործք Առաքելոց» մատյանի մեջ. կան էլ, որ առաքյալների «Կաթուղիկե»37 [թղթերի] մեջ են ավելի լավ երևում։

Իսկ սուրբ Պողոսը տասնուչորս թղթերով պատմում է իր առաքելակիցների ու գործակիցների մասին և իր ուրախակիցներն է դարձնում [նրանց], և թղթերի վերջում յուրաքանչյուրին ողջույն է տալիս, անվանե-անուն հարցնում է [նրանց մասին], մեկի գովասանքն էլ Ավետարանից է անում։ Բայց ոչ միայն երանելիի օգնություններն է հարգում, այլև իր քրիստոսամեծար հյուրընկալներին՝ [նրանց արած] մեծարանքի համար՝ շատ գովեստներ է տալիս, դրա համար, աղաչանքով դիմելով աստծուն՝ խնդրում է [արած] բարիքների փոխարենը հատուցել [նրանց]։ Եվ բոլոր ժողովարաններում հնչեցնում է ընտրյալների ազնվությունը, ոչ միայն տղամարդկանց, այլև աշակերտած կանանց, որոնք Ավետարանի ճշմարտությունն են քարոզում։

Եվ այս ամենը [նա] հռչակել է ոչ թե գովքի ու պարծանքի համար, այլ որպեսզի օրինակ ու կանոն ծառայի հետո եկողներին։ Որպեսզի ամենքը նախանձավոր լինեն նման բարի գործերին, ստիպում է ասելով, թե «Հե տևեցեք սիրո, և ամենքր պիտի նախանձավոր լինեն հոգևոր բաների»։ Աքայեցիների հոժարությունը սրբերին ծառայելու Մակեդոնիայում պատմելով՝ նախանձեցնելով հորդորում է․ այլև նույնիսկ թույլ է տալիս անխափան [նախանձել] բարիքների առաքինությանն ասելով, թե «Լավ է ամեն ժամանակ նախանձել բարիներին»։ Այլև ստիպում է նմանող լինել իրեն և Տիրոջը։

Դարձյալ ամենքի հետ միասին ջանում է Քրիստոսի օրինակով կյանք վարել։ «Նայեցե՛ք, ասում է, հավատքի զորագլխին և կատարիչ Քրիստոսին»։ Եվ դարձյալ, թե՝ «Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք աստծու խոսքը խոսեցին. նրանց վարք ու բարքին նայելով նմանող եղեք [նրանց] հավատքին»։ Եվ ընդհանրապես, թե՝ «Այս պիտի խորհի ձեզնից ամեն մեկը, որ [հավատում է] Քրիստոս Հիսուսին»։ Այսպես և Ղուկասն է դնում «Առաքյալների գործք» մատյանի սկզբում։ Իսկ Տիրոջ եղբայր ցանկալի Հակոբոսը, սրբերի նույնիսկ ամբողջ գունդը սրբասեր Տիրոջ հետ միասին օրինակ առնելով, ասում է իր թղթի մեջ թե «Չարչարանքի և երկայնմտության օրինակ առեք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով խոսեցին. Հոբի համբերությունը լսեցիք և Տիրոջ վախճանը տեսաք»։

Ասածներիցս այսոլհետև հայտնի է, որ Տիրոջից է բոլոր աստվածասեր ընտրյալների գովքը. ո՛րը հրեշտակներից, որը միմյանցից, ոչ թե նրանց պարծանքի համար, այլ իրար նախանձ շարժելու, որպեսզի միմյանցով քաջալերված՝ հասնենք բարիքների կատարման, երանելի Պողոսի նշանակած նպատակին, թե՝ «Պիտի միասին հասնել Քրիստոսի հասակի չափին», որի ազատությունր երկնքումն է, սպասել փրկչին, մեծ աստծուն։

Ունենք նաև առաքյալներից հետո եկող կանոնական, շնորհապատում գրվածքները, թե ինչպե՞ս՝ իրենց ճշմարիտ հավատքի և ավետարանական կենցաղավարության համար՝ միմյանցից մեծարվում ու գովվում էին, [և] մինչև այսօրվա օրը նույն սովորությամբ են վարվում։

Եվ այսպես ուրեմն՝ երկուսից էլ թույլտվություն ենք ստացել նաև արդար մարդու վարքը գրի առնելու։

Արդ, այսուհետև և [մեր] խոստացածն առաջ կբերվի, և մեր կարողացած չափովի կգրվի՝ մեծարվելով գլուխ կգա հոր [վարքը], և նրանց տված քաղցր հրամանը զարդարուն կերպով կկատարվի։

Գ

Մաշթոց էր անունն այն մարդու, որ հիշեցինք մեր խոսքի սկզբում, որի համար և մենք հոգ ենք տարել պատմելու։ նա Տարոն գավառից էր, Հացեկաց գյուղից, Վարդան անունով երանելի մարդու որդին։ Մանկական հասակում նա կրթվել էր հելլենական դպրությամբ, [ապա] եկել, հասել էր Մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը, դառնալով արքայի տված հրամանի ձառայողը՝ ոմն Առավանի՝ մեր Հայոց աշխարհի հազարապետության ժամանակ։ Նա տեղյակ ու հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին։ Եվ այնտեղ հենց ջանալով ուշադրությամբ հետևում էր աստվածային գրքերի ընթերցանությանը, որով և շուտով լուսավորվեց ու թափանցեց, խորամուխ եղավ աստվածային հրամանների հանգամանքների մեջ, և ամեն պատրաստությամբ զարդարելով իրեն՝ իշխանների ծառայությունն էր կատարում։

Դ

Եվ դրանից հետո նա՝ ըստ ավետարանական կանոնի, դարձավ մարդասեր աստծու ծառայությանը, այնուհետև մերկացավ [իրենից] իշխանական ցանկությունները և պարծանքի խաչն առնելով՝ դուրս եկավ ամենակեցույց խաչվածի հետևից։ Եվ [հավատքի] հրամաններին հավանելով՝ խառնվեց Քրիստոսի խաչակիր գնդին ու շուտով մտավ միայնակեցական կարգի մեջ։ Շատ և տեսակ֊տեսակ վշտակեցություններ կրեց ըստ Ավետարանին ամեն բանով. իրեն տալիս էր ամեն հոգևոր վարժությունների — միանձնության, լեռնակեցության, քաղցի ու ծարավի և բանջարաճաշակության, անլույս արգելարանների, խարազնազգեստ ու գետնատարած անկողինների։ Շատ անգամ էլ գիշերվա հեշտալի հանգիստն ու քնի հարկը ոտի վրա տքնությամբ վերջացնում էր մի ակնթարթում։ Եվ այս ամենն անում էր նա ոչ սակավ ժամանակ։ Եվ մի քանիսին ևս գտել, հարեցրել էր իրեն՝ աշակերտ դարձնելով նույն սովորական ավետարանությանը։

Եվ այսպես նա կամայական քաջությամբ տանելով բոլոր վրա հասած փորձությունները և պայծառանալով՝ ծանոթ և հաճելի էր դարձել աստծուն և մարդկանց։

Ե

Երանելին այնուհետև իր հավատացյալներին առավ, գնաց իջավ Գողթնի անկարգ ու անխնամ [թողած] տեղերը։ Նրա առաջ դուրս եկավ նաև Գողթնի իշխանը, մի աստվածավախ և աստվածասեր մարդ, որի անունր Շարիթ էր և հյոլրամեծար ասպնջական հանդիսանալով՝ բարեպաշտությամբ սպասավորում էր [նրան] Քրիստոսի հավատքի աշակերտների [կարգի] համաձայն։ Իսկ երանելին իսկույն իր ավետարանական արվեստը բանեցնելով՝ իշխանի հավատարիմ օգնությամբ սկսեց [քարոզել] գավառում. ամենքին իրենց հայրենական ավանդություններից ու սատանայական դիվապաշտ ծառայությունից գերեց, շուռ տվեց Քրիստոսի հնազանդությանը։

Եվ երբ նրանց մեջ սերմանեց կյանքի խոսքը, հայտնապես մեծամեծ հրաշքներ երևացին գավառի բնակիչներին. դևերը զանազան կերպարանքներով փախան, ընկան Մարերի կողմերը։ Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին, [ուստի] և ավելացրեց մշտամռունչ աղոթքն ու բազկատարած պաղատանքն առ աստված և անդադար արտասուքը, մտաբերելով առաքյալի խոսքը. և ասում էր հոգալով. «Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար»։

Եվ այնպես տրտմական հոգսերով պաշարված ու թակարդապատված և մտածմունքների ծփանքի մեջ էր ընկած, թե արդյոք ինչպիսի՞ ելք գտնի այդ բանի համար։

Զ

Եվ շատ օրեր հենց այնտեղ նույն [խնդրով] զբաղվելուց հետո՝ վեր կացավ այնուհետև [եկավ], հասավ Մեծ Հայաստանի սուրբ կաթողիկոսի մոտ, որի անունր Սահակ էր, որին և պատրաստ ու հավան գտավ նույն հոգսի վերաբերմամբ։ Եվ նրանք միասին սիրով մեկտեղ գալով՝ առավոտը կանուխ մեծ աղոթքներով աստծուն [էին դիմում], որպեսզի բոլոր մարդկանց հասնի քրիստոսաբեր փրկությունը։ Եվ այդ անում էին շատ օրեր։

Ապա ամենաբարի աստծուց պարգևվեց նրանց՝ երանելի միաբանյալների աշխարհահոգ խորհուրդը ժողովել և հայ ազգի համար նշանագրեր գտնել։

Շատ հարցուփորձով ու որոնումով պարապեցին և շատ նեղություններ կրեցին. հետո և իրենց առաջուց ուզած բանի մասին իմաց տվին Հայոց թագավորին, որի անունը Վռամշապուհ էր կոչվում։

Այն Ժամանակ արքան պատմեց նրանց մի մարգու, Դանիել անունով մի ազնվական ասորի եպիսկոպոսի մասին, որ հանկարծ գրել է հայերեն լեզվի ալփաբետներ — նշանագրեր։ Եվ երբ արքան պատմեց նրանց Դանիելի գրածին մասին, արքային հոժարեցրին, որ հոգ տանի այն պիտույքի համար։ Նա էլ Վահրիճ անունով մեկին հրովարտակներով ուղարկեց Հաբել անունով մի երեց մարդու մոտ, որ ասորի եպիսկոպոս Դանիելի մերձավորն էր։

Իսկ Հարելն այդ որ լսեց, շտապով հասավ Դանիելի մոտ և նախ ինքը Դանիելից տեղեկացավ նշանագրերին և հետո նրանից առավ, ուղարկեց արքային Հայոց երկիրը։ Նրա թագավորության հինգերորդի տարում հասցրեց նրան [նշանագրերը], իսկ արքան՝ սուրբ Սահակի և Մաշթոցի հետ միասին՝ նշանագրերն ստանալով հաբելից՝ ուրախացան։

Իսկ երբ հասկացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն սիղոբաները — կապերն ամբողջությամբ արտահայտելու համար,— մանավանդ որ նշանագրերն էլ իսկապես ուրիշ դպրություններից քաղված և հարություն առած հանդիպեցին,— ապա դարձյալ երկրորդ անգամ նույն հոգսի մեջ ընկան և մի քանի ժամանակ մի ելք էին փնտրում դրան։

Է

Դրա համար երանելի Մաշթոցը՝ արքայի հրամանով և սուրբ Սահակի համաձայնությամբ՝ մի խումբ մանուկներ առավ հետը և, սուրբ համբույրով միմյանց հրաժեդտ տալուց հետո, ճանապարհ ընկավ, գնաց հայոց արքա Վռամշապուհի հինգերորդ տարում. և գնաց, հասավ Արամի կողմերը, ասորոց երկու քաղաքները, որոնց առաջինը Եդեսիա է կոչվում և երկրորդի անունն է Ամիդ։ Ներկայացավ սուրբ եպիսկոպոսներին, որոնց առաջինի անունր Բաբիլաս էր և երկրորդինը՝ Ակակիոս։ [Նրանք] կղերականների և քաղաքների իշխանների հետ միասին հանդիպեցին և շատ մեծարանքներ ցույց տալով հասնողներին՝ ընդունեցին հոգ տանելով [նրանց համար] քրիստոնյաների կարգի համաձայն։

Իսկ աշակերտասեր ուսուցիչն իր հետ տարածներին երկու [խմբի] բաժանելով՝ ոմանց ասորական դպրության կարգեց [Եդեսիա քաղաքում] և ոմանց հունական դպրության [կարգելով]՝ այնտեղից ուղարկեց Սամուսատական քաղաքը։

Ը

Եվ նա իր ընկերների հետ սկսեց սովորական աղոթքներն ու տքնությունները և արտասվալից պաղատանքները, խստամբերությունները, աշխարհահեծ հոգսերը, հիշելով մարգարեի ասածը, թե՝ «Երբ որ հեծեծես, այն ժամանակ կապրես»։

Եվ այսպես նա շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար։ Ամեն բան շնորհող աստծուց իսկապես պարգևվեց նրան [այդ] բախտը. նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքնաչելի ծնունդներ — հայերեն լեզվի նշանագրեր։ Եվ այնտեղ շուտով նշանակեց, անվանեց ու դասավորեց, հորինեց սիղոբաներով– կապերով։

Եվ ապա հրաժեշտ տալով սուրբ եպիսկոպոսին, իր օգնականների հետ միասին իջավ Սամոսատ քաղաքը, ուր մեծապատիվ կերպով մեծարվեց եպիսկոպոսից և եկեղեցուց։

Եվ հենց այնտեղ, նույն քաղաքում գտավ հելլենական դպրության մի գրագիր, Հռոփանոս անունով, որի ձեռով նշանագրերի բոլոր զանազանությունները՝ բարակն ու հաստը, կարճն ու երկայնը, առանձինն ու կրկնավորր ամբողջապես հորինելուց և վերջացնելուց հետո՝ ձեռնարկեց թարգմանություն անելու երկու մարդու, իր աշակերտների հետ, որոնց աոաջինի անունը Հովհան էր, Եկեղյաց գավառից և երկրորդինը՝ Հովսեփ։ Պաղանական տնից։ Եվ սկսեց թարգմանել [սուրբ] գիրքը՝ նախ Սողոմոնի Առակներից, որ սկզբում հենց հանձնարարում է ծանոթ լինել իմաստության, ասելով, թե՝ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որ և գրվեց այն գրագրի ձեռով. միաժամանակ և սովորեցնում էին մանուկներին՝ գրագիրներ [պատրաստելով] նույն դպրության համար։