Վերջին թարմացում 23 Մայիսի 2015, 17:36

Հյուսիսային ոդիսականը

17:36, 23 Մայիսի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հյուսիսային ոդիսականը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան


I

Կեռածայր հիմնաձողերը երգում էին իրենց անվերջանալի տխուր երգը, սահնակը ճռճռում էր, ծնգծնգում էին առաջատար շների զանգակները։ Բայց շներն ու մարդիկ հոգնել և շարժվում էին լուռ ու մունջ։ Նրանք գալիս էին հեռվից, նոր եկած ձյունից հետո կածանր տրորված չէր, և սառեցրած եղջերվամսով բեռնված սահնակը դժվարությամբ գնում էր փուխր ձյան վրայով, դիմադրելով գրեթե մարդկային համառությամբ։ Մութը թանձրանում էր, բայց ուղևորները մտադիր չէին դադար առնել այդ երեկոյան։ Ձյունը մեղմ իջնում էր անշարժ օդում, թափվում նրբանախշ մանրիկ փաթիլներով։ Տաք էր, զրոյից ընդամենը մի տասը աստիճան ցածր։ Մայերսը և Բեթլզը բարձրացրին ականջակալները, իսկ Մեյլմյութ Քիդը նույնիսկ թաթմանները հանեց։

Շները հոգնել էին դեռևս կեսօրին, բայց հիմա նրանք, կարծես, նոր ուժ էին առնում։ Նրանցից ամենազգայունները սկսեցին անհանգստություն ցուցաբերել, անհամբերությամբ ցնցում էին ձգափոկերը, հոտոտում օդը և ականջները սրում։ Նրանք չարանում էին իրենց ավելի դանդաղաշարժ ընկերների վրա և առաջ էին հրում նրանց՝ հետևից կծոտելով ոտները։ Սրանք էլ իրենց հերթին վարակվում էին անհանգստությամբ և այն հաղորդում մյուսներին։ Վերջապես առաջին լծվածքի առաջատարը ուրախ վնգստաց և ավելի խոր մտնելով ձյան մեջ, առաջ նետվեց։ Մնացածները հետևեցին նրան։ Սանձերը ձգվեցին, սահնակը ուրախ սլացավ, և մարդիկ, դարձաձողաններից բռնելով, հնարավորին չափ արագացրին քայլերը, որպեսզի սահնակի տակ չընկնեն։ Ցերեկվա հոգնածությունն իսպառ անցել էր։ Նրանք գոռգոռոցով քաջալերում էին շներին, և սրանք պատասխանում էին ուրախ հաչոցով, ամբողջ թափով առաջ սլանալով թանձրացող խավարի մեջ։

— Հե՜յ։ Հե՜յ,— իրար ընդհատելով բղավում էին մարդիկ, երբ սահնակը կտրուկ շեղվում էր ճանապարհից ու թեքվում կողքի վրա, ինչպես առագաստանավը քամուց։

Եվ, վերջապես, ընդամենը մի հարյուր յարդ էր մնացել մինչև յուղաթղթով պատած լուսավոր պատուհանը, որը հուշում էր հաճելի բնակարանի, յուքոնյան բոցկլտացող վառարանի ու գոլորշի արձակող թեյամանի մասին։ Բայց պարզվեց, որ տնակը զբաղված է։ Հիսունի չափ էսկիմոսյան շներ սպառնալից հաչեցին ու նետվեցին առաջին լծվածքի շների վրա։ Դուռը բացվեց, և հյուսիս֊արևմտյան ոստիկանության կարմիր համազգեստով մի մարդ, մինչև ծնկները ձյան մեջ խրվելով, սառնարյուն կերպով շաչեցնելով մտրակը, կարգի հրավիրեց գազազած կենդանիներին։ Տղամարդիկ իրար ձեռք սեղմեցին։ Ստացվեց այնպես, որ Մեյլմյութ Քիդին իր իսկ սեփական տնակում օտար մարդ ողջունեց։

Սթենլի Փրինսը, որը պետք է դիմավորեր նրան և հոգար վերոհիշյալ յուքոնյան վառարանի ու տաք թեյի մասին, զբաղված էր հյուրերով։ Նրանք տասը֊քսան հոգի էին, մի խայտաբղետ մեծ խումբ, ու բոլորն էլ ծառայում էին թագուհուն՝ ոմանք որպես նրա օրենքների պահապան, ոմանք էլ փոստատար ու կառապան։ Նրանք պատկանում էին տարբեր ազգությունների, բայց այն կյանքր, որ նրանք վարում էին, նրանցից կոփել էր մարդկանց մի որոշակի տիպ՝ նիհար, տոկուն, ամուր մկաններով, բրոնզագույն դեմքերով, անվախ հոգով և խաղաղ, ջինջ աչքերի անվրդով հայացքով։ Այդ մարղիկ ճամփորդում էին թագուհուն պատկանող շներով, սարսափ էին տարածում նրա թշնամիների մեջ, կերակրվում էին նրա աղքատիկ ողորմածություններով և գոհ էին իրենց բախտից։ Նրանք շատ բան էին տեսել, սխրանքներ կատարել, նրանց կյանքը լի էր արկածներով, բայց նրանցից ոչ մեկը նույնիսկ չէր էլ կասկածում այդ մասին։

Նրանք այստեղ իրենց զգում էին ինչպես սեփական տանը։ Նրանցից երկուսը մեկնվել էին Մեյլմյութ Քիդի մահճակալին և երգում էին այնպիսի երգեր, որպիսիք երգել էին դեռևս նրանց ֆրանսիացի նախնիները, երբ առաջին անգամ հայտնվել էին այդ տեղերում ու ամուսնացել հնդկացուհիների հետ։ Բեթլզի մահճակալը ևս նույնպիսի ասպատակության էր ենթարկվել․ երեք թե չորս voyageurs, ոտքերը փաթաթելով վերմակի մեջ, լսում էին իրենց ուղեկիցներից մեկի պատմածները․ նա ծառայել էր Վուլզլիի[1] հրամանատարության ներքո, երբ սա գնում էր Հարթումի վրա։ Իսկ երբ նա վերջացրեց, ինչ֊որ կավբոյ սկսեց պատմել թագավորների ու պալատների, լորդերի ու լեդիների մասին, որոնց ինքը տեսել էր, երբ Բուֆալո Բիլլը[2] շրջագայություն էր կատարում Եվրոպայի մայրաքաղաքներում։ Անկյունում երկու մետիս՝ հին զինակից ընկերներ, լծասարքն էին նորոգում ու վերհիշում այն օրերը, երբ Հյուսիս֊Արևմուտքում ապստամբության կրակն էր բոցավառվում, և Լուի Ռեյլը[3] թագավոր էր։

Անընդհատ լսվում էին գռեհիկ կատակներ և է՛լ ավելի գռեհիկ սրախոսություններ։ Ցամաքում ու ծովում տեղի ունեցած արտասովոր արկածների մասին խոսում էին այնպես, ինչպես առօրյա բաների մասին, որ վերհիշելու արժանի էին միայն հանուն ինչ֊որ սուր խոսքի կամ ծիծաղելի դեպքի։ Փրինսը ամբողջովին հափշտակվել էր փառքով չպսակված այդ հերոսներով, որոնք տեսել էին, թե ինչպես է կերտվում պատմությունը, բայց մեծին ու ռոմանտիկականին վերաբերվում էին ինչպես սովորական բաների։ Նա անփույթ շռայլությամբ նրանց հյուրասիրում էր թանկարժեք ծխախոտով և, ի շնորհակալություն այդպիսի առատաձեռնության, բացվում էին հիշողության ժանգոտ շղթաները ու հարություն առնում մոռացության մատնված ոդիսականները։

Երբ խոսակցությունները լռեցին, և ճանապարհորդները, մի վերջին անգամ ծխամորճը լցնելով, սկսեցին քնապարկերն արձակել, Փրինսը դիմեց իր բարեկամին, խնդրելով, որ սա պատմի այդ մարդկանց մասին։

— Դե, ինքդ գիտես, թե ինչ բան է կավբոյը,— պատ ասխանեց Մեյլմյութ Քիդը, մոքասինները հանելով,— իսկ նրա մահճակալակից ընկերոջ երակներում բրիտանացու արյուն է հոսում, դա անմիջապես նկատելի է։ Ինչ վերաբերում է մնացածներին, ապա նրանք բոլորն էլ coureurus du bois֊ի[4] հետնորդներն են, և միայն աստված գիտե, թե ուրիշ ինչ խառնուրդ է եղել։ Այն երկուսը, որ դռան մոտ են պառկել, զտարյուն bois brules[5] են։ Ուշադրություն դարձրու ահա այն բրդյա վզնոցով պատանու հոնքերին ու ստորին ծնոտին. անմիջապես երևում է, որ նրա մոր ծխապատ վիգվամում շոթլանդացի է հյուրընկալվել։ Իսկ այս գեղեցիկ երիտասարդը, որ շինելը դնում է գլխի տակ, ֆրանսիացի մետիս է։ Լսեցի՞ր ինչ առոգանություն ունի։ Նա մի առանձին համակրանքով չի վերաբերվում իր կողքին պառկած հնդկացիներին։ Բանն այն է, որ երբ մետիսները Ռեյլի գլխավորությամբ ապստամբեցին, զտարյուն հնդկացիները նրանց չպաշտպանեցին, և այն օրից ի վեր նրանք այնքան էլ չեն սիրում իրար։

— Լավ, իսկ վառարանի մոտի այն մռայլ անձնավորությունը, ո՞վ է նա։ Երդվում եմ, նա անգլերեն չի խոսում, ամբողջ երեկոյան ոչ մի բառ չասաց։

— Սխալվում ես։ Նա շատ լավ անգլերեն գիտե։ Ուշադրություն դարձրի՞ր նրա աչքերին, երբ նա լսում էր։ Ես հետևում էի նրան։ Նա, երևում է, օտարական է այստեղ։ Երբ բարբառով էին խոսում, պարզ էր, որ նա չի հասկանում։ Ես էլ գլխի չեմ ընկնում, թե ով է նա։ Եկ մի փորձենք իմանալ․․․ Ապա մի փայտ գցիր վառարանը,— բարձրաձայն ասաց Մեյլմյութ Քիդը, ուղղակի նայելով անծանոթի աչքերին։

Սա անմիջապես ենթարկվեց։

— Ինչ֊որ տեղ սրան վարժեցրել են կարգապահության,— կիսաձայն նկատեց Փրինսը։

Մեյլմյութ Քիդը գլխով արեց, հանեց գուլպաները և հատակին փռված մարդկանց միջով գնաց դեպի վառարանը։ Այստեղ նա իր թաց գուլպաները կախեց նույնպես ամբողջովին թաց երկու տասնյակ գուլպաների մեջ։

— Ե՞րբ եք մտադիր Դոուսոն մտնել,— հարցրեց նա անծանոթի հետ խոսակցություն սկսելու համար։

Սա ուշադիր նայեց նրան, հետո պատասխանեց.

— Ասում են, մինչև այնտեղ յոթանասուն մղո՞ն է։ Եթե այդպես է, ապա մի երկու օր հետո։

Նա խոսում էր հազիվ նկատելի առոգանությամբ, բայց ազատ, առանց բառեր փնտրելու։

— Առաջներում այստեղ եղե՞լ եք։

— Ո՛չ,

— Դուք հյուսիս֊արևմտյան կողմերի՞ց եք։

— Այո՛։

— Այնտեղացի՞ եք։

― Ո՛չ։

— Վերջապես որտեղացի՞ եք, գրողը տանի։ Երևում է, որ դուք սրանցից չեք։— Մեյլմյութ Քիդը գլխով արեց տնակում տեղավորվածների կողմը, ներառյալ և այն երկու ոստիկաններին, որոնք մեկնվել էին Փրինսի մահճակալին։— Որտեղացի՞ եք։ Ես առաջներում տեսել եմ այդպիսի դեմքեր, ինչպիսին ձերն է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշելէ թե որտեղ եմ տեսել։

— Իսկ ես ձեզ գիտեմ,— անսպասելիորեն ասաց անծանոթր, անմիջապես ընդհատելով Մեյլմյութ Քիդի հարցատարափը։

— Որտեղի՞ց։ Մի՞թե մենք հանդիպել ենք։

— Ո՛չ։ Ինձ ձեր մասին ասել է Պաստիլիկի քահանան, ձեր գործընկերը... Դա վաղուց էր։ Հարցրեց, թե արդյոք ես ճանաչո՞ւմ եմ Մեյլմյութ Քիդին։ Ինձ պարենամթերք տվեց։ Ես այնտեղ շատ չեմ մնացել։ Նա իմ մասին ձեզ չի՞ պատմել։

— Ա՜խ, դուք այն մարդն եք, որը ջրասամույրը փոխանակել է շներո՞վ։

Անծանոթը գլխով արեց, ծխամորճը թափ տվեց և փաթաթվեց մորթե վերմակի մեջ, հասկացնելով, որ ինքը մտադիր չէ շարունակելու խոսակցությունը։ Մեյլմյութ Քիդը ճրագը հանգցրեց և Փրինսի հետ մտավ վերմակի տակ։

— Վերջապես ո՞վ է նա։

— Չգիտեմ։ Չուզեց խոսել և խխունջի պես ինքն իր մեջ ամփոփվեց։ Շատ հետաքրքիր անձնավորություն է։ Ես նրա մասին որոշ բաներ լսել եմ։ Ութ տարի առաջ նա ամբողջ առափնյան զարմացրեց։ Ինչ֊որ հանելուկ է, ազնիվ խոսք։ Հյուսիսից եկավ ամենախիստ սառնամանիքին և այնպես էր շտապում, ասես հետևից սատանա էր ընկել։ Դա այստեղից հազարավոր մղոններ այն կողմ էր, Բերինգյան ծովի մոտ։ Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից է եկել, բայց դատելով րստ ամենայնի, եկել էր հեռվից։ Երբ Գոլովինի ծովախորշում պարենամթերք էր վերցնում շվեդ միսիոներներից, խիստ տանջված տեսք ուներ։ Իսկ հետո իմացանք, որ նա հարցրել է, թե ինչպես կարելի է դեպի հարավ գնալ։ Ծովախորշից նա գնաց ուղիղ Նորտոնի նեղուցը։ Եղանակը սարսափելի էր, բուք ու բորան, իսկ նա ուշադրություն էլ չէր դարձնում։ Նրա փոխարեն մեկ ուրիշը վաղուց արդեն այն աշխարհը գնացած կլիներ։ Նա Սենտ-Մայքլ չմտավ, այլ ափ դուրս եկավ Պասաիլիկի մոտ, ընդամենր երկու շներով և սովից կիսամեռ վիճակում։

Նա այնքան էր շտապում ճանապարհ ընկնել, որ հայր Ռուբոն նրան պարենամթերք տվեց, բայց շուն տալ չկարողացավ, որովհետև սպասում էր իմ գալուն և ինքն էլ պետք է ճանապարհ գնար։ Մեր Ուլիսը գիտեր, թե ինչ է նշանակում առանց շների ճանապարհորդել Հյուսիսում, և նա մի քանի օր սաստիկ գրգռված էր։ Նրա սահնակի մեջ հրաշալի մշակված մի կույտ ջրասամուրենի կար, իսկ այդ մորթին, ինչպես հայտնի է, ոսկուն հավասար գին ունի։ Այդ ժամանակ Շեյլոկի պես ժլատ մի ռուս վաճառական էր ապրում Պաստիլիկում, և ինչքան ասես շուն ուներ։ Նրանք երկար չսակարկեցին, և երբ մեր տարօրինակ մարդը ուղղություն վերցրեց դեպի հարավ, նրա լծվածքում վազում էին մի տասը հատ նոր շներ, իսկ միստր Շեյլոկը, հասկանալի է, ստացավ ջրասամույրը։ Այդ մորթիները ես տեսել եմ. հոյակապ են։ Հաշվեցինք և դուրս եկավ, որ ամեն մի շուն առնվազն հինգ հարյուր դոլլարի օգուտ է տվել այդ վաճառականին։ Չկարծես, թե միստր Ուլիսը ջրասամույրի գինը չգիտեր։ Թեև նա հնդկացիներից է, բայց առոգանությունից երևում է, որ ապրել է սպիտակների մեջ։

Երբ ծովը մաքրվեց սառույցից, իմացանք, որ այդ տարօրինակ մարդը մթերքի պաշար է տեսնում Նունիվակ կղզում։ Հետո նա բոլորովին անհետացավ և ութ տարի նրանից ոչ մի տեղեկություն չկար։ Հիմա ո՞ր աշխարհից է հայտնվել, ինչո՞վ է զբաղվում և ինչո՞ւ է եկել։ Հայտնի չէ, թե որտեղ է եղել հնդկացին։ Երևում է՝ սովոր է կարգապահության։ Իսկ դա հնդկացու համար այնքան էլ սովորական բան չէ։ Ահա Հյուսիսի մի հանելուկ ևս, Փրինս, փորձիր լուծել։

— Մեծապես շնորհակալ եմ։ Իմն էլ ինձ հերիք է,— պատասխանեց սա։

Մեյլմյութ Քիդն արդեն սկսել էր խռմփացնել, բայց երիտասարդ լեռնային ինժեները պառկել էր բաց աչքերով, նայում էր թանձր խավարին ու սպասում, թե երբ կանցնի իրեն համակած անհասկանալի հուզմունքը։ Հետո նա քնեց, բայց նրա ուղեղը շարունակում էր գործել։ Եվ ամբողջ գիշեր նա թափառում էր անծանոթ ձյունածածկ տարածություններում, շների հետ մեկտեղ հաղթահարում անվերջանալի անցումներ և քնի մեջ տեսնում էր մարդկանց, որոնք ապրում, աշխատում և մեռնում էին այնպես, ինչպես վայել էր իսկական մարդկանց։

Հաջորդ առավոտյան, լուսաբացից շատ առաջ, կառապաններն ու ոստիկանները դուրս եկան Դոուսոնից։ Բայց այն ուժերը, որոնք նորին մեծության շահերի պահապաններին էին և նրա հպատակների բախտն էին տնօրինում, հանգիստ չէին տալիս կառապաններին։ Մի շաբաթ անց նրանք նորից Սթյուարտ գետի մոտ հայտնվեցին փոստի բեռով, որը հարկավոր էր հասցնել Աղի Ջուր։ Ճիշտ է, շները փոխարինվել էին նորերով, բայց շունը՝ էլի շուն է։

Մարդիկ երագում էին թեկուզ կարճատև դադարի մասին։ Բացի այդ, Քլոնդայկը Հյուսիսի նոր կենտրոնն էր, և նրանք ուզում էին որոշ ժամանակ ապրել այդ Ոսկե քաղաքում, որտեղ ոսկե ավազը հոսում է ջրի պես, իսկ պարասրահներում զվարճությունը երբեք չի դադարում։ Բայց, ինչպես և իրենց առաջին այցելության ժամանակ, նրանք գուլպաներն էին չորացնում ու հաճույքով ծխամորճերը փստացնում։ Եվ միայն մի քանի կտրիճներ էին պլանավորում, թե ինչպես կարելի է դասալքել չուսումնասիրված Ժայռոտ լեռներով անցնել արևելք, իսկ այնտեղից էլ Մաքենզիի հովտով շարժվել դեպի ծանոթ վայրեր, չիպևա հնդկացիների երկիրը։ Իսկ երկու-երեք հոգի էլ որոշել էին ծառայությունն ավարտելուց հետո նույն ճանապարհով տուն վերադառնալ, նախապես այդ վտանգավոր ձեռնարկման համար ուրախանալով այնպես, ինչպես քաղաքացին ուրախանում է կիրակնօրյա անտառային զբոսանքի համար։

Տարօրինակ անծանոթը, կարծես, ինչ֊որ բանից անհանգստացած էր և խոսակցությանը չէր մասնակցում։ Վերջապես նա մի կողմ կանչեց Մեյլմյութ Քիդին և որոշ ժամանակ կիսաձայն խոսում էր նրա հետ։ Փրինսը հետաքրքրությամբ հետևում էր նրանց, և հանելուկը նրա համար է՛լ ավելի անլուծելի դարձավ, երբ երկուսն էլ գլխարկները դրեցին, թաթմանները հագան ու դուրս եկան։ Վերադառնալով, Մեյլմյութ Քիդը սեղանի վրա դրեց ոսկու կշեռքը, վաթսուն ունցիա ոսկե ավազ կշռեց ու լցրեց անծանոթի տոպրակի մեջ։ Հետո խորհրդակցության մեջ ներգրավվեց ծերունի կառապանը, նրա հետ նույնպես ինչ-որ գործարք կնքվեց։ Հաջորդ օրը ամբողջ խումբը շարժվեց գետի հոսանքով վերև, իսկ ջրասամույրի մորթիների տերը մի քիչ պարենամթերք վերցրեց հետը և ետ գնաց Դոուսոնի ուղղությամբ։

— Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում այս բոլորը,— ասաց Մեյլմյութ Քիդը ի պատասխան Փրինսի հարցերին։— Խեղճը հաստատ որոշել է աղատվել ծառայությունից։ Ըստ երևույթին դա շատ կարևոր է նրա համար, բայց նա պատճառը չբացատրեց։ Նրանց մոտ ոնց որ բանակում լինի։ Նա պարտավորվել է երկու տարի ծառայել, իսկ եթե ժամկետից շուտ ես ուզում հեռանալ, պետք է փրկագին վճարես։ Դասալքել և այս շրջաններում մնալ չի կարելի։ Իսկ ինչ֊ինչ պաաճառներով մնալը նրան անհրաժեշտ է։ Նա այդ մասին դեռևս Դոուսոնում է մտածել, բայց ոչ մի սենթ փող չի ունեցել, իսկ այնտեղ նրան ոչ ոք չէր ճանաչում։ Ես միակ մարդն եմ, որ մի քանի խոսք եմ փոխանակել նրա հետ։ Նա խոսել է ղեկավարության հետ և ազատություն ձեռք բերել այն պայմանով, եթե ես փող տամ նրան, իհարկե, պարտքով։ Խոստացել է վերադարձնել մեկ տարվա ընթացքում և եթե ես ուզենամ, ցույց կտա այն տեղը, որտեղ ահագին քանակությամր ոսկի կա։ Ինքը անձամբ չի տեսել այն, բայց հաստատ համոզված է, որ ոսկի կա։

Երբ մենք դուրս եկանք, նա գրեթե լալիս էր։ Խնդրեց, աղաչեց, ծնկի եկավ իմ առաջ, մինչև որ ես նրան բարձրացրի։ Խելագարի պես ինչ֊որ հիմարություն էր դուրս տալիս։ Երդվում էր, թե տարիներ շարունակ աշխատել է, որ հասնի այս ժամին, և հիասթափությունը մահ կլինի իր համար։ Ես հարցրեցի, թե ինչ ժամի մասին է խոսքը, բայց նա չպատասխանեց։ Միայն ասաց՝ վախենում է, որ իրեն ուղարկեն մեկ ուրիշ տեղամաս, որտեղից նա մի երկու տարի հետո կընկնի Դոուսոն, իսկ այն ժամանակ չափազանց ուշ կլինի։ Ես կյանքումս չեմ տեսել, որ մարդ այդքան տանջի իրեն։ Իսկ երբ համաձայնեցի փոխարինաբար փող տալ, ես նորից ստիպված եղա նրան հանել ձյան միջից։ Ասում եմ․ «Հաշվեցեք, որ ինձ փայընկեր եք վերցրել»։ Չէ՜ մի։ Լսել անգամ չի ուզում։ Սկսեց երդվել, որ իր ամբողջ ձեռք բերածը կտա ինձ, այնպիսի գանձեր խոստացավ, որպիսիք վաճառականը երազում էլ չի տեսել և այլն, և այլն։ Իսկ երբ մարդ որևէ մեկին փայընկեր է վերցնում, հետո ափսոսում է ձեռք բերածի նույնիսկ կեսը բաժանել նրա հետ։ Ոչ, Փրինս, այստեդ մի բան կա, լավ հիշիր խոսքս։ Մենք դեռ նրա մասին կլսենք, եթե նա մնա մեր երկրամասում։

— Իսկ եթե չմնա՞։

— Այն ժամանակ հարված կհասցվի իմ մեծահոգությանը, և իմ վաթսուն ունցիան վայ տեր կանչելով կգնա։

Արդեն նորից սկսվել էին ցրտերը ու նրանց հետ՝ երկարատև գիշերները։ Արևն արդեն սկսել էր պահմտոցի խաղալ հարավային հորիզոնի ձյունաթույր գծի մոտ, իսկ Մեյլմյութ Քիդի պարտատերը դեռևս չէր հայտնվել։ Բայց հունվարյան մի մշուշոտ առավոտ Սթյուարտ գետի մոտ, Քիդի տնակի առջև կանգ առան ծանր բեռնված մի քանի սահնակներ։ Դա ջրասամույրի մորթիների տերն էր, իսկ նրա հետ այն ցեղի մարդը, որը աստվածներն այլևս գրեթե չեն ստեղծում։ Երբ խոսք էր բացվում հաջողության, խիզախության, հեքիաթային հանքահողերի մասին, մարդիկ միշտ հիշում էին Ակսել Գունդերսոնին։ Նա անտեսանելիորեն ներկա էր գիշերային իջևանատներում, խարույկի մոտ, երբ ծայր էին առնում երկար զրույցներ քաջության, ուժի ու համարձակության մասին։ Իսկ եթե խոսակցությունն արդեն ձանձրալի էր դառնում, ապա այն աշխուժացնելու համար բավական էր տալ այն կնոջ անունը, որը կիսում էր Ակսել Գունդերսոնի բախտը։

Ինչպես արդեն ասվեց, աստվածները Ակսել Գունդերսոնին ստեղծելիս, հիշել էին իրենց երբեմնի արվեստը և նրան ստեղծել էին նրա՛նց կերպարանքով ու նրա՛նց նմանությամբ, ովքեր ծնվել են, երբ աշխարհը դեռ երիտասարդ էր։ Յոթ ոտնաչափ հասակ, հսկայի կուրծք, վիզ, ոտքեր ու ձեռքեր։ Նրա դահուկները մի ամբողջ մետրով երկար էին սովորականներից, հակառակ դեպքում դրանք չէին կարողանա պահել այն երեք հարյուր ֆունտ մկաններն ու ոսկորները, որոնք ամփոփված էին Էլդորադոյի արքայի գեղատեսիլ զգեստի մեջ։ Նրա խստաշունչ, ասես քարից քանդակված դեմքը՝ կախ ընկած հոնքերով, ծանր կզակով և չթարթող բաց-երկնագույն աչքերով, ասում էր այն մասին, որ այդ մարդը միայն մի օրենք է ճանաչում՝ ուժի օրենքը։ Եղյամապատ, հասունացած տարեկանի նման ոսկեգույն մազերը փայլփլելով, ինչպես լույսը մթան մեջ, թափվում էին արջամորթուց կարված քուրքի վրա։ Երբ Ակսել Գունդերսոնը նեղ կածանով քայլում էր շների առջևից, նրա մեջ ինչ֊որ բան կար հնադարյան ծովագնացներից։ Նա մտրակի կոթով Մեյլմյութ Քիդի դուռը ծեծեց այնպես տիրաբար, ինչպես երբևէ ասպատակության ժամանակ ամրոցի փակ դռներն է ծեծել սկանդինավյան որևէ վիքինգ։

Փրինսը, կանացի սպիտակություն ունեցող ձեռքերը քշտած, խմոր էր հունցում, ժամանակ առ ժամանակ հայացք նետելով երեք հյուրերի վրա, այն երեք մարդկանց վրա, որոնց նմաններին հազվադեպ կհանդիպես նույն հարկի տակ։ Տարօրինակ մարդը, որին Մեյլմյութ Քիդը Ուլիս անվանեց, շարունակում էր հետաքրքրել երիտասարդ ինժեներին, բայց նրա մեջ ավելի մեծ հետաքրքրություն էին առաջացնում Ակսել Գունդերսոնը և նրա կինը։ Ճանապարհորդությունը կնոջը հոգնեցրել էր, որովհետև այն օրից ի վեր, երբ նրա ամուսինը ոսկու էր պատահել սառցե անապատում, ինքը հանգիստ ապրել էր հաճելի տնակում, և այդ կյանքը քնքշացրել էր նրան։ Այժմ նա հանգստանում էր՝ հենված ամուսնու լայն կրծքին, ինչպես նուրբ ծաղիկը՝ պատին, և ծուլորեն պատասխանում էր Մեյլմյութ Քիդի բարեհոգի կատակներին։ Այդ կնոջ սև ու խոր աչքերի թռուցիկ հայացքները տարօրինակ կերպով հուզում էին Փրինսին, որովհետև Փրինսը տղամարդ էր, առողջ տղամարդ և շատ ամիսներ գրեթե կին չէր տեսել։ Այս կինը նրանից մեծ էր, բացի այդ՝ հնդկացուհի էր։ Բայց Փրինսր նրա մեջ ոչ մի ընդհանուր բան չէր գտնում այն սքվոների հետ, որոնց ինքը երբևէ հանդիպել էր։ Այս կինը շատ էր ճանապարհորդել, ինչպես խոսակցությունից պարզվեց, եղել էր նաև նրա հայրենիքում, գիտեր այն, ինչ գիտեին սպիտակ ցեղի կանայք և էլի շատ ուրիշ բաներ, ինչ նրանց չի տրված իմանալ։ Նա կարող էր չորացրած ձկնից ուտելիք պատրաստել և անկողին սարքել ձյան մեջ, սակայն այժմ կինը նրանց տնազ էր անում ընտիր խորտիկների տանջալից մանրամասն նկարագրությամբ և հուզում բազմաթիվ ճաշատեսակների հիշողություններով, որոնց մասին նրանք արդեն հասցրել էին մոռանալ։ Նա գիտեր իշայծյամի, արջի, կապույտ աղվեսի և հյուսիսային ծովերի երկկենցաղ բնակիչների սովորությունները, նրան հայտնի էին անտառների ու հեղեղների գաղտնիքները, և նա գրքի պես կարդում էր բարակ սառցաձյան վրա թողած մարդու, թռչունի կամ գազանի հետքերը։ Սակայն այժմ Փրինսը նկատեց, թե ինչպիսի խորամանկությամբ փայլեցին նրա աչքերը, երբ նա պատի վրա տեսավ իջևանատեղի կանոնները։ Այդ կանոնները, որ անուղղելի Բեթլզը կազմել էր այն ժամանակ, երբ երիտասարդ արյունն էր խաղում նրա երակներում, աչքի էին ընկնում արտահայտիչ կոպիտ հումորով։ Փրինսը կանանց ժամանումից առաջ այդ կանոնացուցակը սովորաբար շրջում էր դեպի պատը։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ, որ այգ հնդկացուհին․․․ Դե, հիմա արդեն ոչինչ չես կարող անել։

Ահա թե ինչպիսին է նա՝ Ակսել Գունդերսոնի կինը, մի կին, որի անունն ու փառքը տարածվել են ամբողջ հյուսիսում, իր ամուսնու անունին ու փառքին հավասար։ Սեղանի շուրջը նստած Մեյլմյութ Քիդը հին բարեկամի իրավունքով ձեռք էր առնում նրան, և Փրինսը, առաջին ծանոթության շփոթմունքը հաղթահարելով, նույնպես միացավ նրան։ Բայց կինը ճարպկորեն պաշտպանվում էր այդ բանավոր հրաձգությունից, իսկ նրա ամուսինը, որ աչքի չէր ընկնում սրամտությամբ, միայն հավանություն տալով, ժպտում էր։ Նա հպարտանում էր իր կնոջով։ Ակսել Գունդերսոնի յուրաքանչյուր հայացքը, յուրաքանչյուր շարժումը պերճախոս կերպով ասում էին, թե որքան մեծ տեղ էր գրավում նրա կյանքում այդ կինը։ Ջրասամույրի մորթիների տերը, բոլորի կողմից մոռացված այդ աշխույժ զրույցի մեջ, լուռ ուտում էր։ Նա սեղանից վեր կացավ, երբ դեռ մնացածները ուտելը չէին վերջացրել, և դուրս եկավ շների մոտ։ Սակայն շուտով նրա ուղեկիցներն էլ, թաթմանները հագնելով ու վզնոցները գցելով, հետևեցին նրան։

Արդեն մի քանի օր է, ինչ ձյուն չէր եկել և սահնակները թեթևությամբ, ինչպես սառցի վրայով, սահում էին յուքոնյան բացված կածանով։ Ուլիսը վարում էր առաջին լծվածքր, երկրորդով դնում էին Փրինսր և Ակսել Գունդերսոնի կինը, իսկ Մեյլմյութ Քիդը և ոսկեգանգուր հսկան վարում էին երրորդը։

— Քիդ, մենք դնում ենք բախտի վրա հույս դրած,— ասաց Ակսել Գունդերսոնը,— բայց կարծում եմ, որ հաստատ գործ է։ Նա ինքը երբեք այնտեղ չի եղել, բայց շատ հետաքրքիր բաներ է պատմում։ Ինձ ցույց տվեց այն քարտեզը, որի մասին մի քանի տարի առաջ լսել էի Քուտներում։ Շատ կուզեի քեզ հետս վերցնել։ Բայց նա շատ տարօրինակ մարդ է, երդվում է, որ ամեն ինչ կթողնի, եթե որևէ մեկը մեզ միանա։ Բայց թող միայն վերադառնամ՝ քեզ լավագույն հողամասը կհատկացնեմ իմի կողքին և, դրանից բացի, քեզ փայընկեր կվերցնեմ, երբ քաղաքն սկսի կառուցվել․․․ Ո՛չ։ Ո՛չ,— բացականչեց նա, թույլ չտալով, որ Քիդը ընդհատի իրեն։— Դա իմ գործն է։ Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ։ Եթե ամեն ինչ հաջողվի, ապա դա կլինի երկրորդ Քրայփլը[6]։ Հասկանո՞ւմ ես, երկրորդ Քրայփլը։ Չէ որ այնտեղ ոչ թե հանքահող է, այլ կվարցե երակ։ Եվ եթե գործին կպչենք ինչպես հարկն է, բոչորը մեզ կհասնի՝ միլիոններ ու միլիոններ։ Ես առաջ էլ լսել էի այդ տեղի մասին, ասենք՝ դու նույնպես։ Մենք քաղաք կկառուցենք... հազարավոր բանվորներ, հրաշալի ջրային ուղիներ, շոգենավային գծեր․․․ Կզբաղվենք փոխադրման զործով, հոսանքն ի վեր բաց կթողնենք թեթև նավեր․․․ Գուցե և երկաթուղի անցկացնենք․․․ Հետո կկառուցենք սղոցարաններ, էլեկտրակայան... կունենանք մեր սեփական բանկը, բաժնետիրական ընկերությունը, սինդիկատը․․․ Միայն թե լեզուդ քեզ պահիր, մինչև ես վերադառնամ։

Սահնակները կանգ առան այն տեղում, որտեղ կածանը հատում էր Սթյուարտի գետաբերանը։ Համատարած սառցածովը ձգվում էր դեպի հեռավոր անհայտ արևելք։ Սահնակներից իջեցրին դահուկները։ Ակսել Գունդերսոնը հրաժեշտ տվեց ու առաջ շարժվեց․ նրա կանադական հսկայական դահուկները կես մետրի չափ խրվում կին փխրուն ձյան մեջ և տափանում այն, որպեսզի շները չթաղվեն։ Ակսել Գունդերսոնի կինը գնում էր վերջին սահնակի հետևից, հմտորեն վարելով անհարմար դահուկները։ Հրաժեշտի կանչերը խախտեցին լռությունը, շները կաղկանձեցին, և ջրասամույրի մորթիների տերը մտրակեց անհնազանդ առաջատար շանը։

Մեկ ժամ անց սահնակագնացքը հեռվից թվում էր հսկայական սպիտակ թղթի վրայով դանդաղորեն սողացող մի սև փոքրիկ մատիտ։

II

Մի քանի շաբաթ անց, մի երեկո Մեյլմյութ Քիդը և Փրինսը ինչ-որ հին ամսագրից վերցրած շախմատային խնդիր էին լուծում։ Քիդը նոր էր վերադարձել Բոնանզի իր հողամասից և հանգստանում էր՝ պատրաստվելով իշայծյամի մեծ որսի։ Փրինսը նույնպես գրեթե ամբողջ ձմեռ թափառել էր և այժմ հաճույքով երանելի հանգիստ էր վայելում տանը։

— Պաշտպանվիր սև ձիով և շախ հայտարարիր արքային... Ոչ, այդպես չի լինի։ Նայիր հաջորդ քայլը.

— Ի՞նչ կարիք կա զինվորը երկու քայլ առաջ տանելու։ Այն կարելի է վերցնել անցման ժամանակ, իսկ փիղը խաղից դուրս է։

— Ոչ, սպասիր։ Այստեղ պաշտպանված չէ և․․․

— Ոչ, պաշտպանված է։ Շարունակի՛ր։ Այ կտեսնես, թե ինչ կստացվի։

Խնդիրը հետաքրքիր էր։ Դուռը երկու անգամ թակեցին, և միայն այդ ժամանակ Մեյլմյութ Քիդն ասաց՝ մտեք։ Դուռը բացվեց։ Ինչ-որ մեկը, օրորվելով ներս ընկավ սենյակ։ Փրինսը նայեց ներս մտածին ու վեր թռավ տեղից։ Նրա դեմքին արտահայտված սարսափը Մեյլմյութ Քիգին ստիպեց կտրուկ ետ դառնալ, և սա իր հերթին նույնպես վախեցավ, թեև շատ բան էր տեսել իր կյանքում։ Տարօրինակ արարածը, դժվարությամբ ոտները քարշ տալով, մոտենում էր նրանց։ Փրինսը սկսեց ետ-ետ գնալ այնքան ժամանակ, մինչև պատի վրա շոշափեց այն մեխը, որից իր սմիթ-ի-վեսոնն էր կախված։

— Տեր աստվա՜ծ, ո՞վ է սա,— շշնջաց նա։

— Չգիտեմ։ Երևի ցրտահարված ու սոված մեկը,— պատասխանեց Քիդը, նահանջելով հակառակ կողմը։— Հեռո՛ւ մնա։ Կարող է պատահել խելագար է,— նախազգուշացրեց նա Փրինսին, ծածկելով դուռը։

Տարօրինակ արարածը մոտեցավ սեղանին։ Պայծառ լույսը խփեց ուղիղ նրա աչքերին և լսվեց մի ահավոր հռհռոց, ըստ երևույթին, հաճույքից։ Հետո հանկարծ այդ մարդը (որովհետև, այնուամենայնիվ, դա մարդ էր) հեռացավ սեղանից, վեր քաշեց իր կաշվե անդրավարտիքը ու սկսեց մի երգ, այն, որ երգում են նավաստիները նավի վրա՝ պտտելով նավանցի բռնակը և ունկնդրելռվ ծովի բվվոցը․

Նավը հոսանքով ներքև է գնում։
Դե, տղերք, մեկի՛ց, ուժ տվեք, թափո՛վ։
Կուզես իմանալ նավն ո՞վ է վարում.
Դե տղերք, մեկի՛ց, ուժ տվեք, թափո՛վ,—
Ջոնաթան Ջոնսն է քարոլինացի,
Դե տղերք, մեկի՛ց․․․

Երգը ընդհատվեց խոսքի կեսից, մարդը գազանի մռնչյունով հարձակվեց պարենամթերքի դարակի վրա և, նախքան կհասցնեին կանգնեցնել նրան, ատամները խրեց հում ճարպակտորի մեջ։ Նա կատաղորեն դիմադրեց Մեյլմյութ Քիդին, բայց ուժերը նրան դավաճանեցին, և նա որսը բաց թողեց։ Ընկերները նրան նստեցրին աթոռին, նա դեմքով ընկավ սեղանի վրա։ Մի քանի կում վիսկին վերադարձրեց նրա ուժերը, և նա գդալը խրեց շաքարամանի մեջ, որ Մեյլմյութ Քիդը դրել էր նրա առջև։ Երբ նա արդեն հագեցել էր քաղցրով, Փրինսը, դողդողալով, մի աման թույլ մսաջուր տվեց նրան։

Այդ արարածի աչքերը վառվում էին մռայլ խելագարությամբ, ամեն մի կումի հետ այն բորբոքվում էր կամ հանգչում։ Ըստ էության նրա տանջված դեմքի վրա մարդկային ոչինչ չէր մնացել։ Դեմքը ցրտահարված էր և երևում էին դեռևս չլավացած հին սպիները։ Չոր, սևացած մաշկը ճաքճքվել էր և արյուն էր հոսում։ Նրա մորթե հագուստը կեղտոտ էր և ամբողջովին բզկտված, մորթին մի կողմից մրոտված էր, իսկ տեղ-տեղ էլ նույնիսկ այրված, երևում էր, մարդը վառվող խարույկի մոտ էր քնել։

Մեյլմյութ Քիդը ցույց տվեց այն տեղը, որտեղ դաբաղած կաշին շերտ առ շերտ կտրել էին, սովի ահավոր նշանն էր։

— Ո՞վ եք դուք,— դանդաղ, ընդգծված հարցրեց Քիդը։

Մարդն ասես հարցը չլսեց։

— Որտեղի՞ ց եք գալիս։

— Նավը գետի հոսանքով լողում է ներքև,— գողացող ձայնով ծոր տվեց անծանոթը։

— Լողում է՝ լողա, սատանան իր հետ,— Քիդը մարդու ուսերը ցնցեց, փորձելով նրան ստիպել, որ խոսի։

Բայց մարդը ճչաց, ըստ երևույթին ցավից, և ձեռքով կողքը բռնեց, հետո հենվելով սեղանի վրա, դժվարությամբ բարձրացավ։

— Կինը ծիծաղում էր․․․ և նրա աչքերում ատելություն կար... նա... ինձ հետ չեկավ։

Նա լռեց ու երերաց։ Մեյլմյութ Քիդըք թափով բռնելով նրա թևը, գոռաց․

— Ո՞վ։ Ո՞վ չեկավ։

— Նա, Ունգան։ Նա ծիծաղեց ու խփեց ինձ, այ այսպես... Իսկ հետո...

— Հը՞։

— Իսկ հետո...

— Հետո ի՞նչ...

— Հետո մարդը լուռ ու մունջ պառկեց ձյան վրա, երկար պառկեց։ Նա հիմա էլ այնտեղ է։

Ընկերները շփոթված իրար նայեցին։

— Ո՞վ պառկեց ձյան վրա։

— Նա, Ունգան։ Նա նայում էր ինձ, և նրա աչքերում ատելություն կար, իսկ հետո...

— Հը՞։

— Հետո կինը վերցրեց դանակը և ահա այսպես՝ մեկ, երկու։ Նա թույլ էր։ Ես շատ դանդաղ էի գնում։ Իսկ այնտեղ շատ ոսկի կա, այդ տեղում շա՜տ, շատ ոսկի կա...

— Որտե՞ղ է Ունգան։

Գուցե այդ Ունգան մեռնում էր ինչ֊որ տեղ մոտերքում, մի մղոնի վրա։ Մեյլմյութ Քիդը կոպտորեն ցնցում էր դժբախտի ուսը, անվերջ կրկնելով.

— Որտե՞ղ է Ունգան։ Ո՞վ է այդ Ունգան։

— Նա այնտեղ է․․․ ձյան մեջ։

— Դե խոսի՛ր։— Եվ Քիդը ամուր սեղմեց նրա ձեռքը։

— Ես նույնպես․․․ ձյան վրա․․․ կմնայի․․․ բայց ես․․․ պետք է պարտքս վճարեմ․․․ Պետք է վճարեմ․․․ Ծանր է տանել․․․ պետք է․․․ պարտքը․․․ վճարել․․․— Իր կցկտուր խոսքն ընդհատելով, նա ձեռքը տարավ գրպանը ու դուրս քաշեց եղջերվակաշվից կարված մի տոպրակ։

— Պարտքը վճարել․․․ հինդ ֆունտ ոսկով․․․ Մեյլմյութ Քիդին․․․ Ես․․․

Նրա գլուխը ընկավ սեղանին և Մեյլմյութ Քիդն արդեն չէր կարող նրան բարձրացնել։

— Սա Ուլիսն է,— ասաց նա անհանգիստ, ոսկե ավազով տոպրակը գցելով սեղանի վրա։— Ըստ երևույթին Ակսել Գունդերսոնը և նրա կինը այլևս չկան։ Եկ սրան պառկեցնենք մահճակալին, ծածկենք վերմակով։ Նա հնդկացի է, ուշքի կգա և որոշ բան կպատմի մեզ։

Շորերը կտրատելով՝ նրանք հնդկացու կրծքի աջ կողմում դանակի երկու վերք տեսան։

III

— Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ, ինչպես որ կարող եմ, բայց դուք կհասկանաք։ Ես կսկսեմ սկզբից և կպատմեմ իմ մասին ու կնոջ մասին։ Իսկ հետո արդեն՝ նրա մասին։

Մարդը ավելի մոտեցավ վառարանին, կարծես վախենալով, որ կրակը՝ Պրոմեթևսի այդ շնորհը հանկարծ կանհետանա․ այդպես են անում նրանք, ովքեր երկար ժամանակ զրկված են եղել տաքությունից։ Մեյլմյութ Քիդը կարգի բերեց ճրագը և ավելի մոտիկ դրեց, որպեսզի լույսն ընկնի պատմողի դեմքին։ Փրինսը նստեց մահճակալին ու պատրաստվեց լսելու։

— Իմ անունը Նաաս է, ես առաջնորդ եմ և առաջնորդի որդի․ ծնվել եմ մայրամուտի և արևածագի սահմանագծում, ալեկոծ ծովի վրա, հորս ումիակում։ Տղամարդիկ ամբողջ գիշեր աշխատում էին թիակներով, իսկ կանայք դուրս էին թափում այն ջուրը, որը ողողում էր մեզ։ Մենք կռվում էինք փոթորկի դեմ։ Աղի ցայտերը սառեցին մորս կրծքի վրա, և նրա շունչը գնաց մակընթացության հետ մեկտեղ։ Իսկ ես, ես ձայնս միացրի փոթորկի ձայնին ու մնացի, որ ապրեմ։ Մեր բնակատեղին Ակատանում էր...

— Որտե՞ղ, որտե՞ղ,— հարցրեց Մեյլմյութ Քիդը։

— Ակատանը Ալեուտյան կղղիներն են։ Ակատանը գտնվում է Չիգնիկից այն կողմ, Կարդալակից այն կողմ, Ունիմակից այն կողմ, շատ հեռու։ Ինչպես արդեն ասացի, մեր բնակատեղին գտնվում էր Ակատանում, որն ընկած է աշխարհի ծայրին, ծովերի մեջ։ Մենք աղի ջրում որսում էինք փոկեր, ձուկ ու ջրասամույր. և մեր տնակները իրար էին սեղմվել ժայռոտ ափին, անտառեզրի ու դեղին ծանծաղուտի միջև, որտեղ մեր կայակներն[7] էին ընկած։ Մենք թվով շատ չէինք, և մեր աշխարհն էլ շատ փոքր էր։ Արևելքում ընկած էին ուրիշ հողեր՝ Ակատանի նման կղզիներ․ և մեզ թվում էր, թե աշխարհը այդ կղզիներն են, ու մենք վարժվել էինք այդ մտքին։

Ես տարբերվում էի իմ ցեղի մարդկանցից։ Ավազոտ ծանծաղուտի վրա ընկած էին մի մեծ նավակի ճկված գերաններն ու ծռմռված տախտակները։ Իմ ժողովուրդը այդպիսի նավակներ պատրաստել չգիտեր։ Եվ ես հիշում եմ, որ կղզու ծայրին, այնտեղ, որտեղ երեք կողմերից օվկիանոսն է երևում, կանգնած էր մի սոճի՝ հարթ, ուղղաձիգ ու բարձր։ Այդպիսի սոճիներ հազվադեպ են աճում մեր կողմերում։ Պատմում էին, որ մի անգամ այդ տեղում ափ են դուրս եկել երկու հոգի և շատ օրեր մնացել այնտեղ։ Այդ երկուսը ծովի մյուս կողմից եկել էին այն նավակով, որի բեկորները տեսել էի ափին։ Նրանք սպիտակ էին, ինչպես դուք, և թույլ, ինչպես փոքր երեխաները սովի օրերին, երբ փոկերը հեռանում են, և որսորդները տուն են վերադառնում դատարկաձեռն։ Ես այս պատմությունը լսել եմ ծերունիներից ու պառավներից, իսկ նրանք էլ՝ իրենց հայրերից ու մայրերից։ Սկզբում մեր սովորությունները դուր չէին գալիս սպիտակամորթ օտարականներին։ Բայց հետո նրանք վարժվեցին և ամրացան՝ սնվելով ձկներով ու ճարպով, և կատաղի դարձան։ Նրանցից յուրաքանչյուրը իր համար տնակ կառուցեց ու կին առավ մեր ցեղի ամենալավ աղջկան, իսկ հետո երեխաներ ունեցան նրանք։ Այսպես ծնվեց նա, ով դարձավ իմ պապի հայրը։

Ես արդեն ասացի, որ այնպիսին չէի, ինչպես իմ ցեղի մնացած մարդիկ, որովհետև իմ երակներում ծովի այն կողմից հայտնված սպիտակամորթի ուժեղ արյունն էր հոսում։ Ասում են, մինչև այդ մարդկանց գալը մեզ մոտ ուրիշ օրենքներ են եղել։ Բայց սպիտակները կատաղի էին ու կռվարար։ Նրանք մեր տղամարդկանց հետ կռվեցին այնքան ժամանակ, մինչև չմնաց մեկը, որ համարձակվեր նրանց դեմ կանգնել։ Հետո նրանք դարձան մեր առաջնորդները, ոչնչացրին մեր հին օրենքները և մեզ տվեցին նորերը, որոնց համաձայն տղամարդը հոր որդին էր և ոչ թե մոր, ինչպես առաջ էր։ Նրանք սահմանեցին, որ առաջնեկը ստանում է այն ամենը, ինչ պատկանում է իր հորը, իսկ կրտսեր եղբայրներն ու քույրերը պետք է իրենք հոգան իրենց մասին։ Եվ նրանք շատ ուրիշ օրենքներ տվեցին մեզ։ Ցույց տվեցին, թե ինչպես կարելի է ավելի լավ ձուկ բռնել և արջեր որսալ, որոնք այնքան շատ են մեր անտառներում, մեզ սովորեցրին մեծ պաշար կուտակել սովից պաշտպանվելու համար։ Եվ դա լավ էր։

Բայց երբ այդ սպիտակ մարդիկ դարձան մեր առաջնորդները, և մեր մեջ չմնացին այնպիսիները, որոնք կարողանային ընդդիմանալ նրանց, նրանք սկսեցին իրար հետ կռվել։ Եվ նա, որի արյունը հոսում է իմ երակներում, իր նիզակով ծակեց մյուսի մարմինը։ Նրանց երեխաները շարունակեցին պայքարը, իսկ հետո՝ նրանց երեխաների երեխաները։ Նրանք թշնամություն էին անում իրար հետ և սև գործեր կատարում նաև այն ժամանակ, երբ ծնվեցի ես, և վերջապես ընտանիքներից յուրաքանչյուրում մնաց միայն մեկ մարդ, որը կարող էր սերնդին հաղորդել նրանց արյունը, ովքեր եղել էին մեզնից առաջ։ Իմ ընտանիքում մնացի ես, մյուսում՝ աղջիկ Ունգան, որն ապրում էր իր մոր հետ։ Մի անգամ գիշերը մեր հայրերը տուն չդարձան ձկնորսությունից, բայց հետո մեծ մակընթացության ժամանակ նրանց մարմինները ափ նետվեցին, նրանք մեռած պառկել էին ծանծաղուտի վրա՝ իրար պինդ սեղմած։

Եվ մարդիկ զարմանքով նայում էին այդ թշնամանքին, իսկ ծերունիներն ասում էին, որ այդ թշնամությունը կշարունակվի նաև այն ժամանակ, երբ թե՛ Ունգան և թե՛ ես երեխաներ կունենանք։ Ինձ այդ մասին ասում էին, երբ ես դեռ փոքրիկ տղա էի, և ես ի վերջո սկսեցի Ունգայի մեջ տեսնել թշնամուն, նրան, որի երեխաները լինելու էին իմ երեխաների թշնամիները։ Ես օրերով այդ մասին էի մտածում, իսկ պատանի դառնալուց հետո հարցրեցի, թե ինչու պետք է այդպես լինի, և ինձ պատասխանեցին․ «Մենք չգիտենք, բայց այդպես է եղել ձեր հայրերի օրոք»։ Ու ես զարմանում էի, թե ինչու նրանք, որոնք գալու են մեզանից հետո, դատապարտված են շարունակելու նրանց կռիվը, ովքեր արդեն հեռացել են, և դրա մեջ արդարություն չէի տեսնում։ Բայց ցեղի մարդիկ ասում էին, որ պետք է այդպես լինի, իսկ ես այն ժամանակ դեռ պատանի էի։

Ինձ ասում էին, թե ես պետք է շտապեմ, որպեսզի իմ երեխաները Ունգայի երեխաներից մեծ լինեն և հասցնեն ավելի շուտ առնականանալ։ Դա հեշտ էր, որովհետև ես գլխավորում էի ցեղը, ու մարդիկ ինձ հարգում էին իմ հայրերի սխրագործությունների ու սովորությունների և հարստության համար։ Ուզածս աղջիկը հաճույքով կգար իմ տնակը, բայց ես չէի գտնում մեկին, որն իմ սրտովը լիներ։ Իսկ ծերունիներն ու աղջիկների մայրերը շտապեցնում էին ինձ, ասելով, թե շատ որսորդներ մեծ գլխագին են առաջարկում Ունգայի մորը, և եթե նրա երեխաները ավելի շուտ մեծանան, նրանք կսպանեն իմ երեխաներին։

Բայց ես, այնուամենայնիվ, իմ սրտով աղջիկ չէի գտնում։ Եվ ահա մի օր երեկոյան տուն էի վերադառնում ձկնորսությունից։ Արևը կանգնած էր ցածր, նրա ճառագայթները խփում էին ուղիղ աչքերիս մեջ։ Զովաշունչ քամի էր փչում ու կայակները քշվում էին սպիտակ ալիքներով։ Հանկարծ իմ մոտով անցավ Ունգայի կայակը։ Եվ նա նայեց իմ երեսին։ Նրա ամպի պես սև մազերը ծածանվում էին, այտերի վրա փայլում էին ցայտերը։ Ինչպես արդեն ասացի, արևը խփում էր աչքերիս մեջ, ու ես դեռևս պատանի էի, բայց այստեղ Գզգացի, թե ինչպես արյունը խոսեց իմ մեջ, և ամեն ինչ պարզ դարձավ ինձ։ Ունգան առաջ անցավ ինձանից և նորից ինձ նայեց,— այդպես նայել կարող էր միայն Ունգան, և ես նորից զգացի, թե ինչպես արյունը խոսում է իմ մեջ։ Մարդիկ ձայն էին տալիս մեզ, երբ մենք սլանում էինք դանդաղաշարժ ումիակների կողքով, նրանց թողնելով հետևում։ Ունգան արագորեն գործում էր թիակներով, սիրտս խփում էր բարձրացված առագաստի պես, բայց ես չէի կարողանում հասնել նրա հետևից։ Քամին սաստկանում էր, ծովը ծածկվել էր սպիտակ փրփուրով, և մեր կայակները՝ թռչելով, ինչպես փոկերը ալիքների մեջ, սահում էին արևային ոսկեզօծ ճանապարհով։

Նաասը կռացավ աթոռի վրա, ասես նորից իր կայակում նստած, թիակները շարժելով, սուրում էր ծովում։ Միգուցե այնտեղ, վառարանի հետևում, նա տեսնում էր Ունգայի սլացող կայակն ու ծածանվող մազերը։ Քամին սուլում էր նրա ականջներում, և ծովի աղի հոտը խփում ռունգներին։

— Ունգան մոտեցավ ափին ու, ծիծաղելով, ավազի վրայով վազեց դեպի իր մոր տնակը։ Եվ այդ գիշեր մի մեծ միտք հղացա ես, այն մարդուն արժանի մի միտք, որը Ակատանի ժողովրդի առաջնորդն էր։ Եվ ահա, երբ լուսինը ելավ, ես գնացի դեպի նրա մոր տնակը ու նայեցի Յաշ֊Նուշի՝ դռան մոտ դարսված նվերներին, այն քաջարի որսորդի նվերներին, որն ուզում էր դառնալ Ունգայի երեխաների հայրը։ Ուրիշներ էլ կային, որոնք նույնպես իրենց նվերներն էին դարսել այդ դռան մոտ, իսկ հետո արհամարհված ետ տարել, և յուրաքանչյուրն աշխատում էր, որ իր նվերների կույտը մյուսից ավելի մեծ լինի։

Ես նայեցի լուսնին ու աստղերին, ծիծաղեցի ու գնացի դեպի իմ տնակը, որտեղ իմ հարստությունն էր պահված։ Եվ ես շատ անգամ գնացի այնտեղ ու վերադարձա, մինչև իմ կույտը մի ամբողջ ձեռնաչափ բարձր եղավ Յաշ֊Նուշի նվերների կույտից։ Այնտեղ կար ապխտած ու չորացրած ձուկ, քառասուն ջրասամույրի մորթի, քսան ծովարջենի, ըստ որում՝ ամեն մի մորթին կապված էր ու լցված ճարպով, և տասը արջի մորթի, որոնց ես սպանել էի անտառում, երբ գարնանը նրանք դուրս էին եկել իրենց որջերից։ Այնտեղ կային նաև ուլունքներ, վերմակներ, մուգ կարմիր գործվածքներ, որ ես փոխանակությամբ ձեռք էի բերել արևելքում ապրող մարդկանցից, իսկ նրանք էլ իրենց հերթին՝ է՛լ ավելի հեռու արևելքում ապրող ուրիշ մարդկանցից։ Ես նայեցի Յաշ֊Նուշի նվերներին ու ծիծաղեցի, որովհետև ես Ակատանի առաջնորդն էի, և իմ հարստությունը մնացած բոլոր երիտասարդների հարստությունից ավելի շատ էր, և իմ հայրերը սխրագործություններ էին կատարել ու օրենքներ սահմանել, իրենց անուններն ընդմիշտ թողնելով մարդկանց հիշողության մեջ։

Իսկ երբ լույսը բացվեց, ես ափ իջա և աչքի տակով սկսեցի հետևել Ունգայի մոր տնակին։ Իմ նվերները մնում էին տեղում։ Ու կանայք խորամանկորեն ժպտում էին և կամացուկ փսփսում իրար հետ։ Ես չգիտեի, թե ինչ մտածեմ․ չէ՞ որ դրանից առաջ ոչ մեկն այդքան մեծ գլխագին չէր առաջարկել։ Եվ այդ գիշեր ես շատ ուրիշ առարկաներ ավելացրի, նրանց մեջ էր և դաբաղած կաշվից պատրաստված կայակը, որը դեռ ջուր չէի իջեցրել։ Բայց հաջորդ օրն էլ ամեն ինչ մնում էր անշարժ, ի ծաղր մարդկանց։ Ունգայի մայրը խորամանկ էր, իսկ ես զայրացա այն բանի համար, որ նա ինձ ամոթով էր անում իմ ժողովրդի աչքում։ Եվ այդ գիշեր ես տնակի դռան մոտ բերեցի շատ ուրիշ նվերներ, նրանց մեջ էր և իմ ումիակը, որը քսան կայակ արժեր։ Առավոտյան իմ բոլոր նվերներն անհետացել էին։

Եվ այն ժամանակ ես սկսեցի հարսանիքի պատրաստվել, և հյուրասիրության ու նվերների համար մեզ մոտ փոտլաչի եկան նույնիսկ հեռու արևելքում ապրող մարդիկ։ Ունգան խնձանից չորս արև մեծ էր․ մենք այդպես ենք հաշվում տարիները։ Ես այն ժամանակ դեռ պատանեկան հասակից դուրս չէի եկել, բայց առաջնորդ էի և առաջնորդի որդի, և երիտասարդությունը խոչընդոտ չէր։

Բայց ահա օվկիանոսում երևաց մի առագաստանավ, որ մոտենում էր քամու ամեն պոռթկումի հետ։ Ինչպես երևում է՝ նավը ծակվել էր․ նավաստիները շտապ֊շտապ ջուրը դուրս էին մղում պոմպերով։ Նավաքթին կանգնած էր մի հսկայահասակ մարդ։ Նա նայում էր, թե ինչպես էին չափում խորությունը, և ամպրոպաձայն հրամաններ էր արձակում։ Նա կապույտ աչքեր ուներ՝ խոր ջրերի գույնի, և առյուծի բաշ։ Այդ հսկայի մազերը դեղին էին, ինչպես հարավում աճող ցորենը կամ մանիլյան կանեփաթելը, որից նավաստիները պարան են հյուսում։

Վերջին տարիներին հեռվում լողացող նավեր մենք շատ էինք տեսել, բայց այս նավը առաջինն էր, որ խարիսխ գցեց Ակատանի ափին։ Մեր խնջույքը ընդհատվեց, երեխաներն ու կանայք ցրվեցին տները, իսկ մենք՝ տղամարդիկս, նետ ու աղեղ վերցրինք։ Նավի քիթը խրվեց ափի մեջ, բայց իրենց գործով զբաղված օտարերկրացիները բոլորովին ուշադրություն չէին դարձնում մեզ վրա։ Հենց որ մակընթացությունն իջավ, նրանք նավը թեքեցին և սկսեցին նորոգել հատակին եղած մեծ ճեղքվածքը։ Այդ ժամանակ կանայք նորից դուրս եկան տնակներից, ու մեր խնջույքը շարունակվեց։

Երր մակընթացությունն սկսվեց, ծովագնացները իրենց նավը տարան մի խոր տեղ և եկան մեզ մոտ։ Նրանք իրենց հետ նվերներ էին բերել ու բարյացակամ էին։ Ես նրանց նստեցրի խարույկի մոտ ու նրանց տվեցի նույնպիսի առատ նվերներ, ինչպիսիք ավել էի մյուս հյուրերին, չէ որ դա իմ հարսանիքի օրն էր, և ես առաջին մարդն էի Ակատանում։ Առյուծաբաշ մարդը նույնպես եկավ մեզ մոտ։ Նա այնքան բարձրահասակ էր և ուժեղ, որ թվում էր, թե հողը ցնցվում է նրա քայլերի ծանրությունից։ Նա երկար ու սևեռուն նայեց Ունգային, ձեռքերը կրծքին խաչած՝ ահա այսպես, ու չհեռացավ մինչև արևի մայր մտնելն ու աստղերի վառվելը։ Այն ժամանակ նա վերադարձավ իր նավը։ Իսկ ես բռնեցի Ունգայի ձեռքը ու նրան տարա մեր տուն։ Եվ շուրջր բոլորը երգում էին, ծիծաղում, իսկ կանայք ձեռք էին առնում մեզ, ինչպես այդ միշտ լինում է հարսանիքների ժամանակ։ Բայց մենք ոչ ոքի վրա ուշադրություն չէինք դարձնում։ Հետո բոլորը ցրվեցին տները, և մենք մնացինք երկուսով։

Ձայները դեռ չէին լռել, երբ դռան մեջ հայտնվեց ծովագնացների առաջնորդը։ Նա իր հետ սև շշեր էր բերել. մենք խմեցինք և աշխուժացանք։ Չէ որ ես դեռ բոլորովին պատանի էի և իմ ամբողջ կյանքն անցկացրել էի աշխարհի ծայրին։ Արյունս դարձավ կրակի նման, իսկ սիրտս՝ թեթև, ինչպես փրփուր, որն ալեկոծության ժամանակ առափնյա ժայռերին է կպչում։ Ունգան լուռ նստել էր անկյունում, մորթիների վրա, ու նրա աչքերը լայն չռվել էին սարսափից։ Առյուծաբաշը սևեռուն ու երկար նայում էր նրան։ Հետո հակերով եկան նրա մարդիկ և իմ առջև փռեցին այնպիսի հարստություններ, որոնց հավասարը չկար ամբողջ Ակատանում։ Այստեղ կային մեծ ու փոքր հրացաններ, վառոդ, փամփուշտներ ու գնդակներ, փայլուն կացիններ, պողպատե դանակներ, հնարամիտ գործիքներ և շատ ուրիշ արտասովոր իրեր, որպիսիք ես երբեք չէի տեսել։ Երբ նա ինձ նշաններով ցույց տվեց, որ այդ բոլորը իմն են, ես մտածեցի, որ սա մեծ մարդ է, եթե այսքան առատաձեռն է։ Բայց նա ինձ ցույց տվեց նաև, որ Ունգան պետք է իր հետ գնա իր նավը։ Հասկանո՞ւմ եք։ Ունգան պետք է նրա հետ գնա իր նավը։ Հայրերիս արյունը եռաց իմ մեջ, և ես նիզակով նետվեցի նրա վրա։ Բայց շշերի բովանդակած ոգին խլեց իմ ձեռքի ուժը, և առյուծաբաշ մարդը բռնեց իմ կոկորդից՝ ահա այսպես, ու գլուխս խփեց պատին։ Եվ ես թուլացա նորածին երեխայի պես ու ծնկներս ծալվեցին։ Հետո այդ մարդը Ունգային քաշեց դեպի դուռը, իսկ սա ճչում էր ու կառչում այն ամենից, ինչ֊որ պատահում էր ճանապարհին։ Հետո նա իր հզոր թևերով գրկեց Ունգային, ու երբ սա կպավ նրա մազերից, նա հռհռաց ինչպես մեծ արու փոկը զուգավորման ժամանակ։

Ես սողալով հասա ափին ու սկսեցի բղավել՝ կանչելով մերոնց, բայց ոչ ոք չհամարձակվեց դուրս գալ։ Միայն Յաշ-Նուշը տղամարդ դուրս եկավ։ Բայց թիակով խփեցին նրա գլխին, և նա երեսնիվայր ընկավ ավազի վրա ու լռեց։ Օտարերկրացիները երգելով բարձրացրին առագաստները, և նրանց նավը քամու թևով առաջ սլացավ։

Ժողովուրդն ասում էր, թե բարին այդ է ու այլևս արյան թշնամություն չի լինի Ակատանում, բայց ես լուռ էի ու սպասում էի լիալուսնին։ Երբ այն սկսվեց, ես ձկան ու ճարպի պաշար դրեցի կայակիս մեջ ու նավարկեցի դեպի արևելք։ Ճանապարհին ես հանդիպում էի շատ կղզիների ու շատ մարդկանց, և ես, որ աշխարհի ծայրին էի ապրել, հասկացա, որ աշխարհը շատ մեծ է։ Ես բացատրվում էի նշաններով։ Բայց ոչ ոք չէր տեսել ոչ նավը, ոչ էլ առյուծաբաշ մարդուն, և բոլորը ցույց էին տսլիս հեռու, դեպի արևելք։ Ու ես քնում էի, որտեղ պատահում էր, սնվում էի ինձ համար անսովոր ուտելիքներով, տեսնում էի տարօրինակ դեմքեր։ Շատերը ծիծաղում էին ինձ վրա՝ խելագարի տեղ դնելով, բայց երբեմն ծերունիները դեմքս դարձնում էին դեպի լույսը և օրհնում, իսկ երիտասարդ կանանց աչքերը խոնավանում էին, երբ ես պատմում էի հանելուկային նավի, Ունգայի, ծովի մարդկանց մասին։

Եվ ահա, խստաշունչ ծովեր ու փոթորկահույզ ալիքներ ճեղքելով, հասա Ունալյաշկա։ Այնտեղ երկու նավ էր կանգնած, բայց ոչ մեկը իմ փնտրածը չէր։ Եվ ես գնացի դեպի Արևելք, աշխարհը ավելի ու ավելի էր մեծանում, բայց ոչ ոք այդ նավի մասին չէր լսել ոչ Ունիմակա կղզում, ոչ Կադիակում, ոչ էլ Ատոնյակում[8]։ Եվ ահա մի օր հասա մի ժայռապատ երկիր, որտեղ մարդիկ մեծ փոսեր էին փորում լեռնալանջերին։ Այնտեղ կանգնած էր մի առագաստանավ, բայց ոչ այն, որը ես որոնում էի, և մարդիկ նավը բեռնում էին լեռներից հանված քարերով։ Դա մանկական խաղ թվաց ինձ․ չէ՞ որ քար կարելի է ամեն տեղ գտնել, բայց ինձ կերակրեցին ու ստիպեցին աշխատել։ Երբ նավը խոր նստեց ջրի մեջ, նավապետը ինձ փող տվեց և արձակեց։ Բայց ես նրանից հարցրի, թե ուր է գնում, և նա մատնանշեց հարավը։ Ես նշաններով նրան բացատրեցի, որ ուզում եմ իր հետ գնալ. սկզբում նա ծիծաղեց, բայց հետո ինձ թողեց առագաստանավի մեջ, քանի որ նավաստիների կարիք ուներ։ Այնտեղ ես սովորեցի խոսել նրանց լեզվով և պարանները ձգել, փոթորկի ժամանակ առագաստները հավաքել, հերթափոխության կանգնել։ Եվ դրանում ոչ մի զարմանալի բան չկար, քանի որ իմ նախնիների երակներում ծովագնացների արյունն է հոսել։

Ես կարծում էի, որ այժմ, երբ սպիտակ մարդկանց մեջ եմ ապրում, ինձ համար հեշտ կլինի գտնել նրան, որին փնտրում էի։ Երբ մենք ափ հասանք և նեղուցով մտանք նավահանգիստ, ես սպասում էի, թե ուր որ է կտեսնեմ շատ նավեր՝ այնքան, որքան ձեռքերիս մատներն են։ Բայց դրանք չափազանց շատ էին՝ ինչպես ձկների վտառ, և շատ մղոններ ձգվել էին ափի երկարությամբ։ Ես մի նավից անցնում էի մյուսը և ամեն տեղ հարցնում առյուծաբաշ մարդու մասին, բայց ինձ վրա ծիծաղում էին և ինձ պատասխանում շատ ժողովուրդների լեզուներով։ Եվ ես իմացա, որ այդ նավերը այստեղ են եկել աշխարհի բոլոր ծայրերից։

Այն ժամանակ ես գնացի քաղաք ու սկսեցի ամեն մի հանդիպած մարդու դեմքին նայել։ Բայց քաղաքում անհամար մարդիկ կային, ինչպես ձողաձկները, երբ նրանք խիտ վտառով գնում են ափի երկարությամբ։ Աղմուկը ինձ խլացրեց, և ես արդեն ոչինչ չէի լսում, գլուխս պտտվում էր իրարանցումից։ Բայց շարունակեցի իմ ճանապարհը, անցա երկրներ, որոնք վառ արևի տակ զնգում էին երգով, երկրներ, որտեղ դաշտերում հարուստ բերքն էր հասունանում, որտեղ մեծ քաղաքները լիքն էին կանանց պես քնքուշ տղամարդկանցով՝ ստախոս և ոսկու տենչով բռնված։ Մինչդեռ Ակատանում իմ ժողովուրդը որս էր անում, ձուկ բռնում ու մտածում, որ աշխարհը փոքր է, և երջանիկ էր իր անգիտությամբ։

Սակայն այն հայացքը, որը նետել էր Ունգան ձկնորսությունից վերադառնալիս, հետապնդում էր ինձ, ու ես գիտեի, որ կգտնեմ նրան, երբ ժամը հասնի։ Նա երեկոյան աղջամուղջում քայլում էր խաղաղ նրբանցքներով, ինձ հետևում վաղորդյան ցողից խոնավ դաշտերում, և նրա աչքերը խոստանում էին այն, ինչ միայն Ունգան կարող էր տալ։

Ես անցա հազարավոր քաղաքներ։ Եվ այդ քաղաքներում ապրող մարդիկ մերթ խղճում էին ինձ և ուտելիք տալիս, մերթ ծիծաղում էին, իսկ ոմանք էլ դիմավորում էին հայհոյանքով։ Բայց ես, ատամներս սեղմած, ապրում էի օտար սովորություններով և ինձ համար խորթ շատ բան տեւսնում։ Հաճախ ես՝ առաջնորդս և առաջնորդի որդիս, աշխատում էի երկաթի պես կոպիտ ու դաժան մարդկանց համար, որոնք ոսկի էին արդյունահանում իրենց եղբայրների արյունով ու քրտինքով։ Բայց ոչ մի տեղ փնտրածս մարդկանց վերաբերյալ իմ հարցի պատասխանը չստացա այնքան ժամանակ, մինչև որ վերադարձա ծովի մոտ, ինչպես ծովացուլը՝ իր պառկելատեղը։ Դա արդեն ուրիշ նավահանգստում էր, ուրիշ երկրում, որն ընկած է Հյուսիսում։ Եվ այնտեղ ես լսեցի շիկահեր ծովային թափառաշրջիկի մասին ու իմացա, որ այժմ նա օվկիանոսում փոկ է որսում։

Ես որսանավ նստեցի ծույլ սիվաշների հետ, և մենք հետք չթողնող ճանապարհով շարժվեցինք դեպի հյուսիս, որտեղ այն ժամանակ փոկ էին որսում։ Մենք հոգնեցուցիչ շատ ամիսներ անցկացրինք ծովի վրա․ ամեն տեղ հարցուփորձ էինք անում նրա մասին, ում ես փնտրում էի, և շատ բան լսեցինք նրա մասին, բայց անձամբ նրան ոչ մի տեղ չհանդիպեցինք։

Առաջ գնաց ինք դեպի հյուսիս, դեպի Պրիբիլյան կղզիները, և ափին հոտերով փոկեր էինք խփում ու դեռ տաք-տաք վիճակում նավ բերում։ Եվ, վերջապես, տախտակամածը ճարպից ու արյունից այնքան լպրծուն դարձավ, որ քայլել հնարավոր չէր։ Մեր հետևից մի նավ ընկավ․ նա մեղ գնդակոծեց մեծ թնդանոթներով։ Մենք բոլոր առագաստները բարձրացրինք, այնպես որ մեր նավն սկսեց քթով խրվել ալիքների մեջ, ու մենք ծածկվեցինք մառախուղում։

Հետո ես լսեցի, որ մինչ մենք սարսափահար փախչում էինք հետապնդումից, շիկահեր ծովային թափառաշրջիկը ափ էր իջել Պրիբիլյան կղզիներում, եկել ֆակտորիա․ և մինչ նրա անձնակազմի մի մասը ծառայողներին փակի տակ էր պահում, մնացածները պահեստից դուրս բերեցին տասր հազար հում մորթիներ ու բեռնեցին իրենց նավի վրա։ Սրանք լուրեր են, բայց ես դրանց հավատում եմ։ Իմ թափառումների ճանապարհին ես երբեք չէի հանդիպել այդ մարդուն, բայց նրա փառքը, նրա դաժանության ու քաջության լուրը թնդում էր հյուսիսային ծովերում, այնպես որ այդ երկրամասերում հողերին տիրող երեք ժոդովուրդներ վերջապես նավերով սկսեցին հետապնդել նրան։ Լսել էի նաև Ունգայի մասին, շատ նավապետներ նրա գովքն էին երգում, փառաբանում նրան իրենց պատմություններում։ Նա միշտ նրանց հետ էր։ Ասում էին, որ Ունգան ընդօրինակել է ամուսնու ժողովրդի սովորությունները և այժմ երջանիկ է։ Բայց ես գիտեի, որ դա այդպես չէ, գիտեի, որ Ունգայի սիրտը ձգտում է դեպի իր ժողովուրդը, դեպի Ակատանի ավազոտ ափերը։ Շատ ժամանակ անցավ, ու ես վերադարձա նավահանգիստ, որը ծառայում է որպես օվկիանոսի դարպաս, և այնտեղ իմացա, որ շիկահերը ծովարշի որսի է գնացել դեպի այն տաք երկրի ափերը, որն ընկած է ռուսական ծովերից հարավ։ Եվ ես, որ այդ ժամանակ արդեն իսկական ծովային էի դարձել, նավ նստեցի նրա արյունակից մարդկանց հետ ու նրա հետևից գնացի ծովարջ որսալու։

Քիչ նավեր էին գնում այնտեղ, բայց մենք հանդիպեցինք ծովարջերի մի մեծ հոտի և ամբողջ գարնանը նրանց քշում էինք դեպի հյուսիս։ Եվ երբ փորերը ցցած էգ ծովարջերը շրջվեցին դեպի ռուսական ջրերը, մեր նավաստիները վախեցան ու սկսեցին տրտնջալ, որովհետև սաստիկ մառախուղ էր և ամեն օր նավակներ էին խորտակվում։ Նրանք հրաժարվեցին աշխատելուց, և նավապետը ստիպված եղավ նավը ետ դարձնել։ Բայց ես գիտեի, որ շիկահեր թափառաշրջիկը ոչնչից չի վախենում և ծովարջներին կհետապնդի ընդհուպ մինչև ռուսական կղզիները, ուր քչերն են համարձակվում մտնել։ Եվ ահա մի մութ գիշեր, օգտվելով այն բանից, որ հերթափոխ նավաստին ննջում է, վերցրեցի մի նավակ ու մենակ թիավարեցի դեպի տաք երկիրը։ Ես ուղղություն էի վերցրել դեպի հարավ և շուտով հայտնվեցի Իեդո ծովախորշում, որտեղ անհնազանդ ու քաջ շատ մարդկանց հանդիպեցի։ Իոշիվարայի աղջիկները փոքրիկ էին, գեղեցիկ ու սնդիկի պես արագաշարժ։ Բայց ես չէի կարող այնտեղ մնալ, իմանալով, որ Ունգան փոթորկահույզ ալիքներով սլանում է դեպի Հյուսիսի ափերը։

Իեդո ծովախորշում մարդիկ էին հավաքվել աշխարհի բոլոր կողմերից։ Նրանք հայրենիք չունեին, նրանք ոչ մի աստված չէին պաշտում և նավարկում էին ճապոնական դրոշակով։ Ես նրանց հետ ճանապարհ ընկա դեպի Պղնձե Կղզու հարուստ ափերը, որտեղ մեր նավամբարները լիքը լցվեցին մորթիներով։ Այդ ամայի ծովում մենք ոչ ոքի չհանդիպեցինք, մինչև ետ չդարձանք. մի անգամ ուժեղ քամին ցրեց մառախուղը, և մենք մեր հետևում տեսանք մի առագաստանավ, իսկ նրա հետևում՝ ռուսական ռազմանավի ծխացող ծխնելույզները։ Մենք ամբողջ թափով առաջ սլացանք, իսկ առագաստանավը հասնում էր մեզ, երեք ֆուտ անելով՝ մեր երկուսի դիմաց։ Եվ նավախելին կանգնած էր առյուծաբաշ մարդը՝ ճաղաշարրից բռնած. նա ծիծաղում էր՝ հպարտանալով իր ուժով։ Ունգան էլ նրա հետ էր։ Ես անմիջապես ճանաչեցի նրան, բայց երբ ռուսների թնդանոթները կրակ բացեցին, նա Ունգային ուղարկեց ներքև։ Ինչպես արդեն ասացի, առագաստանավը մեր երկուսի դիմաց՝ երեք ֆուտ էր անում, և երբ ալիքը բարձրանում էր, կարելի էր նրա հատակը տեսնել։ Անեծք թափելով, ես պտտում էի ղեկանիվը, առանց ռուսների որոտացող թնդանոթներին նայելու։ Մենք հասկանում էինք, որ նա ուզում է մեր նավից առաջ անցնել ու խուսափել հետապնդումից, մինչ ռուսները կզբաղվեն մեզնով։ Մեր կայմերը տապալեցին, և մենք, վիրավոր ճայի պես, շարժվում էինք քամու հոսանքով, իսկ նա անհետացավ հորիզոնում՝ նա և Ունգան։

Ի՞նչ պետք է անեինք մենք։ Թարմ մորթիներն ասում էին ամեն ինչ։ Մեզ տարան ռուսական նավահանգիստ, իսկ այնտեղից ուղարկեցին մի անապատային երկիր, որտեղ ստիպեցին աշխատել աղի հանքերում։ Եվ ոմանք մեռան այնտեղ, ոմանք էլ... կենդանի մնացին։

Նաասը վերմակը ուսերից գցեց և մերկացրեց ահավոր սպիներով շերտավորված մարմինը։ Դրանք, անշուշտ, մտրակի հետքեր էին։ Փրինսը շտապ ծածկեց նրա մարմինը, տեսարանր հաճելի չէր։

— Մենք շատ տանջվեցինք այնտեղ։ Երբեմն մարդիկ փախչում էին հարավ, բայց միշտ էլ նրանց վերադարձնում էին։ Եվ ահա մի անգամ գիջերով մենք՝ նրանք, ովքեր Իեդո ծովախորշից էին, պահապաններից հրացանները խլեցինք ու շարժվեցինք դեպի Հյուսիս։ Շուրջը անանցանելի ճահիճներ ու խուլ անտառներ էին, և դրանց վերջը չէր երևում։ Ցրտերն ընկան, գետինը ծածկվեց ձյունով, իսկ թե ուր պետք է գնայինք՝ ոչ ոք չգիտեր։ Շատ ամիսներ թափառեցինք անծայրածիր անտառներում. ես ամեն ինչ չեմ հիշում, որովհետև մենք քիչ ուտելիք ունեինք և հաճախ պառկում էինք ու սպասում մահվան։ Վերջապես մեզնից երեքը հասան սառը ծով։ Երեքից մեկը Իեդոյի նավապետն էր։ Նա գիտեր, թե որտեղ են ընկած մեծ երկրները, և հիշում էր այն տեղը, որտեղով կարելի էր սառցի վրայով մի երկրից մյուսն անցնել։ Եվ նավապետը մեզ տարավ այնտեղ։ Թե ինչքան գնացինք, չգիտեմ, բայց դա շատ երկար տևեց, և ի վերջո մնացինք երկու հոգի։ Մենք հասանք նրա ասած տեղը։ Եվ այնտեղ հանդիպեցինք այդ երկրում ապրող ժողովրդի հինգ մարդկանց։ Նրանք ունեին շներ ու մորթիներ, իսկ մենք ոչինչ չունեինք։ Մենք նրանց հետ կռվեցինք ձյան վրա և ոչ մեկը կենդանի չմնաց։ Նավապետը նույնպես սպանվեց, իսկ շներն ու մորթիները մնացին ինձ։ Հետո ես գնացի ճեղքվածքներով ծածկված սառցի վրայով, և սառույցը ինձ քշեց տարավ այնքան ժամանակ, մինչև որ արևմտյան քամին սառույցը գամեց ափին։ Այնուհետև հանդիպեցին Գոլովինի ծովածոցը, Պաստիլիկը և քահանան։ Հետո՝ դեպի հարավ, դեպի հարավ, դեպի տաք երկրներ, որտեղ ես առաջ արդեն եղել էի։

Բայց ծովն արդեն շատ որս չէր տալիս, և նրանք, ովքեր գնում էին ծովարջի որսի, շատ բան էին վտանգի ենթարկում, իսկ օգուտը քիչ էր։ Նավեր հազվադեպ էին պատահում, ո՛չ նավապետները, ո՛չ էլ նավաստիները ինձ ոչինչ չէին կարողանում ասել նրանց մասին, որոնց ես փնտրում էի։ Այն ժամանակ ես հեռացա անհանգիստ օվկիանոսից ու ճանապարհ ընկա ցամաքով, որտեղ ծառեր են աճում, տներ ու լեռներ են կանգնած և ոչ մի բան իր տեղը չի փոխում։ Ես շատ տեղերում եղա ու շատ բան սովորեցի, նույնիսկ կարդալ ու գրել։ Եվ դա լավ էր, որովհետև մտածում էի, որ Ունգան նույնպես, երևի, սովորել է այդ և որ մի օր, երբ մեր ժամը հասնի, մենք... Հասկանո՞ւմ եք... երբ մեր ժամը հասնի...

Եվ այսպես թափառում էի աշխարհով մեկ, ինչպես մի փոքրիկ ձկնորսանավակ, որն առագաստը բարձրացնելով, ընկնում է հողմերի իշխանության տակ։ Բայց իմ աչքերն ու ականջները միշտ բաց էին, և ես մտերմանում էի այն մարդկանց հետ, որոնք շատ էին ճանապարհորդել, որովհետև, մտածում էի, չի կարելի մոռանալ նրանց, որոնց փնտրում էի։ Վերջապես հանդիպեցի լեռներից հենց նոր իջած մի մարդու։ Նա իր հետ քարեր էր բերել, որոնց մեջ շողշողում էին ոսկու կտորներ՝ սիսեռի մեծությամբ։ Նա լսել էր նրանց մասին, հանդիպել էր նրանց, ճանաչում էր նրանց։ Նրանք հարուստ են, պատմում էր այդ մարդը, և ապրում են այնտեղ, որտեղ ոսկի են հանում։

Դա մի հեռավոր վայրի երկիր էր, բայց ես հասա նաև այնտեղ ու լեռներում տեսա այն ճամբարը, որտեղ մարդիկ օր ու գիշեր աշխատում էին, առանց արևի երես տեսնելու։ Բայց իմ ժամը դեռ չէր հասել։ Ես ականջ էի դնում, թե ինչ են խոսում մարդիկ։ Նա գնաց, նրանք երկուսով գնացին Անգլիա, ասում էին բոլորը, և այնտեղ հարուստ մարդկանց են որոնելու, որպեսզի ընկերություն ստեղծեն։ Ես տեսա այն տունը, որտեղ նրանք ապրում էին։ Դա նման էր այն պալատներին, որպիսիք լինում են Հին Աշխարհում։ Մի գիշեր լուսամուտից ներս մտա, ուզում էի տեսնել, թե այդ մարդը ինչ էր տվել նրան։ Անցնում էի մի սենյակից մյուսը ու մտածում, որ այսպես, թերևս, միայն թագավորներն ու թագուհիներն են ապրում, այնքա՜ն լավ էր այնտեղ։ Եվ բոլորն ասում էին, որ նա կնոջ հետ վարվում է, ինչպես թագուհու հետ, թեև տարակուսում էին, թե որտեղացի է այդ կինը․ նրա մեջ միշտ մի ուրիշ արյուն էր զգացվում, և նա նման չէր Ակատանի կանանց։ Այո, նա թագուհի էր։ Բայց ես առաջնորդ էի և առաջնորդի որդի, և ես նրա համար չտեսնված գլխագին էի տվել՝ մորթիներ, նավակներ և ուլունքներ։

Բայց շատ խոսքերի կարիք չկա։ Դարձա նավաստի և ինձ հայտնի էին նավերի ճանապարհները։ Մեկնեցի Անգլիա, իսկ հետո՝ ուրիշ երկրներ։ Ես հաճախ էի լսում նրանց մասին, որոնց փնտրում էի, և հաճախ էի նրանց մասին կարդում թերթերում, բայց ես նրանց հասնել չէի կարողանում, որովհետև նրանք հարուստ էին և շուտ֊շուտ մի տեղից մյուսն էին փոխադրվում, իսկ ես աղքատ էի։ Բայց ահա դժբախտություն պատահեց նրանց, և հարստությունը հօդս ցնդեց ծխի պես։ Սկզբում թերթերը շատ գրեցին այդ մասին, իսկ հետո դադարեցին։ Ու ես հասկացա, որ նրանք վերադարձել են այնտեղ, որտեղ շատ ոսկի կա հողում։

Աղքատանալով՝ նրանք անհետացան ինչ֊որ տեղ, և ես թափառեցի ավանից ավան ու վերջապես հասա Քուտնեյա, որտեղ նրանց հետքը գտա։ Նրանք եղել էին այստեղ ու գնացել, բայց ո՞ւր։ Ինձ ցույց էին տալիս մերթ մի տեղ, մերթ մեկ ուրիշ, իսկ ոմանք էլ ասում էին, թե նրանք գնացել են Յուքոն։ Եվ ես եղա այդ բոլոր տեղերում ու վերջապես մեծ հոգնություն զգացի այն բանից, որ աշխարհն այդքան մեծ է։

Քուտնեյայում ստիպված եղա երկար գնալ կածանով, ստիպված եղա սոված մնալ, և ինձ ուղեկցող մետիսը, որ Հյուսիս֊արևմուտքից էր, չդիմացավ սովին։ Այդ մետիսը դրանից մի փոքր առաջ եղել էր Յուքոնում, այնտեղ հասնելով որևէ մեկին անհայտ լեռնային ճանապարհով և այժմ զգալով, որ մահը մոտ է, ինձ տվեց քարտեզը ու պատմեց ինչ֊որ գաղտնի տեղի մաաին, երդվելով իր աստվածներով, որ այնտեղ շատ ոսկի կա։

Այն ժամանակ մարդիկ նետվել էին դեպի հյուսիս։ Ես աղքատ էի։ Վարձվեցի որպես սահնակավար։ Մնացածը դուք գիտեք։ Ես նրանց հանդիպեցի Դոուսոնում։ Ունգան ինձ չճանաչեց։ Չէ որ այնտեղ, Ակատանում ես դեռ պատանի էի։ Իսկ նա այդ օրից սկսած մի մեծ կյանք էր ապրել։ Ինչպես կարող էր հիշել նրան, ով չտեսնված գլխագին էր վճարել իր համար։

Հետո՞։ Հետո դու ինձ օգնեցիր փրկագին վճարել և ազատվել ծառայությունից։ Ամեն ինչ որոշեցի անել իմ ձևով։ Ես շատ երկար էի սպասել, բայց այժմ, երբ նա իմ ձեռքում էր, չէի շտապում։ Ասում եմ՝ ամեն ինչ ուզում էի անել իմ ձևով, որովհետև ես հիշեցի իմ ամբողջ կյանքը, այն բոլորր, ինչ տեսել ու քաշել էի, հիշեցի ցուրտն ու սովը ռուսական ծովերի մոտ, անծայրածիր անտառներում։

Ինչպես գիտեք, ես Գունդերսոնին և Ունգային տարա դեպի արևելք, ուր շատերն էին գնացել և որտեղից քչերն էին վերադարձել։ Ես նրանց տարա այնտեղ, որտեղ ոսկորների հետ խառնված, անեծքներով ծածկված ընկած էր ոսկին, որը մարդկանց վիճակված չէր տանել։ Ճանապարհը երկար էր և չբացված կածանով գնալը դժվար։ Մենք շատ շներ ունեինք, և նրանք շատ էին ուտում։ Սահնակը չէր կարող տանել այն բոլորը, ինչ մեզ հարկավոր էր մինչև գարնան գալը։ Իսկ մենք պետք է վերադառնայինք նախքան գետը կբացվեր։ Ճանապարհին պահեստարաններ էինք սարքում և պաշարի մի մասը թողնում այնտեղ, որ բեռը թեթևացնենք և վերադարձին սովից չմեռնենք։ Մաք֊Կվեշչենում երեք հոգի էին ապրում, և մի պահեստարան էլ սարքեցինք նրանց բնակատեղի մոտերքում, մյուսը՝ Մեյոյում, որը պելի ցեղի որսորդների իջևանատեղին էր. նրանք այստեղ էին եկել հարավից, լեռն անցքով։ Հետո մենք այլևս մարդկանց չհանդիպեցինք։ Մեր առջև ընկած էին միայն քնած գետը, անշարժ անտառը և Հյուսիսի Սպիտակ Լռությունը։

Ինչպես արդեն ասացի, մեր ճանապարհը երկար էր ու դժվարին։ Պատահում էր, որ շների համար կածան բացելով, օրական ութ֊տասը մղոնից ավելի չէինք անցնում, իսկ գիշերը մեռելի պես քուն էինք մտնում։ Եվ ոչ մի անգամ իմ ուղեկիցների մտքով չանցավ, որ ես Նաասն եմ՝ Ակատանի առաջնորդը, որը որոշել է վրեժխնդիր լինել վիրավորանքի համար։

Այժմ մենք արդեն քիչ պաշար էինք թողնում, իսկ ես գիշերը վերադառնում էի բացված կածանով և այդ պաշարը թաքցնում մեկ ուրիշ տեղում, որպեսզի կարելի լիներ կարծել, թե իբր կուղխերն են քանդել պահեստարանը։ Բացի այդ, գետի վրա շատ սահանքներ կան, և սրընթաց հոսանքը տակից ողողում է սառույցը։ Եվ ահա մեր սահնակը, որը ես էի քշում, խրվեց այդպիսի մի տեղում, բայց նա և Ունգան որոշեցին, որ դա դժբախտ դեպք է, իսկ թաղված սահնակի մեջ մթերք շատ կար և այն քաշում էին ամենաուժեղ շները։

Բայց Գունդերսոնը ծիծաղում էր, որովհետև նա չափից դուրս կենսախինդ էր։ Այժմ կենդանի մնացած շներին շատ քիչ կեր էինք տալիս, իսկ այնուհետև սկսեցինք մեկը մյուսի հետևից նրանց արձակել լծվածքից ու գցել մյուս շների առաջ։

— Վերադառնալիս թեթև կլինենք՝ առանց սահնակի ու շների,— ասում էր նա,— և չվերթները կանենք մի պահեստարանից մյուսը։

Եվ դա ճիշտ էր, որովհետև մեզ մոտ քիչ մթերք էր մնացել։ Եվ վերջին շունը սատկեց այն գիշեր, երբ մենք հասանք այն տեղը, որտեղ ոսկորներ էին և մարդկանցից անիծված ոսկին։

Որպեսզի ընկնեինք այդ տեղը, որը բարձր լեռների մեջ է գտնվում (քարտեզը ճիշտ դուրս եկավ), ստիպված եղանք աստիճաններ փորել սառցակալած ժայռերի մեջ։ Մենք կարծում էինք, թե լեռներից այն կողմ վայրէջք կլինի դեպի հովիտը, բայց շուրջը փռված էր ձյունածածկ անսահման սարահարթը, իսկ նրա վրա դեպի աստղերն էին ձգվում ժայռապատ սպիտակ գագաթները։ Իսկ սարահարթի մեջտեղում մի անդունդ կար, որը թվում էր, թե մինչև երկրի սիրտն է իջնում։ Եթե մենք ծովայիններ չլինեինք, ապա մեր գլուխները կպտտվեին։ Կանգնել էինք անդունդի եզրին ու նայում, էինք, թե որտեղով կարելի է ցած իջնել։ Մի կողմից, միայն մի կողմից, ժայռը ներքև էր իջնում ոչ թե դիք, այլ թեքությամբ, ինչպես ալիքից թեքված տախտակամածը։ Ես չգիտեմ, թե դա ինչպես ստացվեց, բայց այդպես էր։

— Սա դժոխքի նախադուռն է,— ասաց նա։— Ցած իջնենք։

Եվ մենք իջանք։

Անդունդի հատակին գտնվում էր մի տնակ, որ ինչ-որ մեկը կառուցել էր վերևից նետված գերաններով։ Դա շատ հին տնակ էր. մարդիկ այստեղ մեռել էին մենակության մեջ, ու մենք կարդացինք բերյոստայի կտորների վրա տարբեր ժամանակներում խզմզված վերջին անեծքները։ Մեկը մեռել էր լնդախտից, մյուսից գործընկերը խլել էր վերջին ուտելիքն ու վառոդը և անհետացել, երրորդին արջն էր պատառոտել, չորրորդը փորձել էր որս անել, բայց, այնուամենայնիվ, սովամահ էր եղել։

Սա էր եղել բոլորի վերջը։ Սրանք չէին կարողացել բաժանվել ոսկուց ու մեռել էին։ Եվ տնակի հատակը, ինչպես հեքիաթում, ծածկված էր ոսկով, որը ոչ մեկին հարկավոր չէր։

Բայց այն մարդը, որին ես այսքան հեռու էի բերել, անվախ հոգի ուներ և սթափ գլուխ։

— Մենք ուտելու բան չունենք,— ասաց նա։— Մենք միայն կնայենք այս ոսկուն, կտեսնենք որտեղից է այն և ինչքան է։ Եվ անմիջապես կհեռանանք այստեղից, քանի դեռ նա մեզ չի կուրացրել ու չի զրկել բանականությունից։ Իսկ հետո կվերադառնանք, հետներս վերցնելով ավելի շատ պաշար, և ամբողջ ոսկին մերը կլինի։

Մենք զննեցինք ոսկեբեր հզոր երակը, որը վերևից մինչև ներքև կտրում էր ժայռը, չափեցինք այն, նշանաձողեր խփեցինք ու կտրվածքներ արեցինք ծառերի վրա՝ ի նշան մեր իրավունքների։ Մեր ծնկները ծալվում էին սովից, գլուխներս պտտվում, սրտներս թրթռում, բայց, այնուամենայնիվ, մենք մագլցեցինք վիթխարի ժայռը ու վերադարձի ճամփան բռնեցինք։

Մենք ստիպված եղանք ճանապարհի վերջին մասը գրկած տանել Ունգային։ Մենք ինքներս էլ անընդհատ ընկնում էինք, բայց վերջ ի վերջո հասանք առաջին պահեստարանին։ Ավա՜ղ, մթերքները չկային։ Ես այնքան ճարպկորեն էի գործել, որ նա կարծեց, թե այդ ամենի պատճառը կուղխերն են, և անեծքներ տեղաց նրանց ու իր աստվածների վրա։ Բայց Ունգան արիությունը չէր կորցնում, նա ժպտում էր՝ ամուսնու ձեռքը բռնած, և ես ստիպված էի շրջվել, որ տիրապետեմ ինձ։

— Գիշերը կանցկացնենք խարույկի մոտ,— ասաց Ունգան,— և կկերակրվենք մոքասիններով։

Եվ մենք մի քանի շերտ կտրեցինք մոքասիններից ու գրեթե ամբողջ գիշեր եփեցինք դրանք, այլապես՝ ծամել չէր լինի։ Առավոտյան սկսեցինք մտածել, թե ինչ անենք հետո։ Մինչև հաջորդ պահեստարանը հինգ օրվա ճանապարհ էր, բայց մենք այդքան ուժ չէինք ունենա, որ հասնեինք այնտեղ։ Պետք էր որս գտնել։

— Մենք առաջ կգնանք ու որս կանենք,— ասաց Գունդերսոնը։

— Այո,— կրկնեցի ես,— մենք առաջ կգնանք ու որս կանենք։

Եվ նա Ունգային հրամայեց մնալ խարույկի մոտ, որ բոլորովին չթուլանա։ Իսկ մենք գնացինք, նա՝ իշայծյամ որոնելու, իսկ ես՝ այնտեղ, որտեղ մթերքներն էի թաքցրել։ Բայց ես շատ չկերա, վախենալով, չլինի թե նկատեն, որ ուժերս ավելացել են։ Գիշերը խարույկի մոտ վերադառնալիս, նա անընդհատ ընկնում էր։ Ես նույնպես ձևացնում էի, թե շատ եմ թուլացել ու գնում էի գայթելով, ասես, թե իմ ամեն մի քայլը վերջինն էր։ Խարույկի մոտ նորից մոքասին կերանք։

Նա տոկուն տղամարդ էր։ Նրա ոգին մինչև վերջ պահում էր մարմինը։ Նա չէր գանգատվում և միայն Ունգայի մասին էր մտածում։ Երկրորդ օրը գնացի նրա հետևից, որպեսզի նրան վերջին րոպեին բաց չթողնեմ։ Նա շուտ֊շուտ պառկում էր հանգստանալու։ Այդ գիշեր նա մոտ էր մահվան։ Բայց լուսադեմին նա նորից առաջ գնաց՝ անեծքներ փնթփնթալով։ Նա հարբածի պես էր և ինձ մի քանի անգամ թվաց, թե չի կարողանա գնալ։ Բայց նա ուժեղներից ուժեղն էր և նրա հոգին էլ հսկայի հոգի էր, որովհետև այդ հոգին նրա մարմինը պահեց ամբողջ օրը։ Նա երկու կաքավ խփեց, բայց չկերավ։ Կաքավները կարելի էր հում-հում ուտել, առանց խարույկ վառելու, և դրանք նրա կյանքը կփրկեին։ Բայց նա մտածում էր Ունգայի մասին, և նա ետ գնաց դեպի կանգատեղին։ Ավելի ճիշտ, ոչ թե գնաց, այլ չորեքթաթ սողաց ձյան վրայով։ Ես մոտեցա նրան և նրա աչքերում մահ կարդացի։ Նա դեռևս կարող էր փրկվել կաքավներն ուտելով։ Բայց մի կողմ նետեց հրացանը և շան պես ատամներով սեղմած տարավ թըռչունները։ Ես գնացի նրա կողքով։ Եվ հանգստի րոպեներին նա նայում էր ինձ ու զարմանում, որ ես այդքան թեթև եմ քայլում։ Ես այդ հասկանում էի, թեև նա ոչ մի բառ խոսել չէր կարող, նրա շուրթերը կարժվում էին անձայն։ Ինչպես արդեն ասացի, նա ուժեղ մարդ էր, և իմ սրտում արթնացավ խղճահարությունը։ Բայց ևս հիշեցի իմ ամբողջ կյանքը, հիշեցի սովն ու ցուրտր ռուսական ծովերի մոտ, անծայրածիր անտառներում։ Դրանից բացի, Ունգան իմն էր. ես մnրթիներով, նավակներով և ուլունքներով չտեսնված գլխագին էի վճարել նրա համար։

Այսպես մենք անցնում էինք սպիտակ անտառով և լռությունը ծովային ծանր մառախուղի պես ճնշում էր մեզ։ Եվ շուրջը անցյալի ուրվականներն էին պտտվում։ Ես տեսնում էի Ակատանի դեղին ափը, ձկնորսությունից տուն դարձող կայակները և անտառեզրին կանգնած տնակները։ Տեսնում էի այն մարդկանց, որոնք օրենքներ էին տվել իմ ժողովրդին ու եղել էին նրա առաջնորդները, այն մարդկանց, որոնց արյունն էր հոսում իմ երակներում և իմ կնոջ Ունգայի երակներում։ Եվ Յաշ-Նուշն էր քայլում ինձ հետ, նրա մազերի մեջ թաց ավազ կար, ու նա դեռ ձեռքից բաց չէր թողել կոտրված մարտական նիզակը։ Ես գիտեի, որ վճռական պահը մոտենում է, և ասես խոստում էի տեսնում Ունգայի աչքերում։

Ինչպես ասացի, մենք անցնում էինք անտառով և, վերջապես, խարույկի ծուխը խտղտեց մեր ռունգները։ Այդ ժամանակ ես կռացա Գունդերսոնի վրա և նրա ատամների միջից դուրս քաշեցի կաքավները։ Նա շրջվեց կողքի վրա, զարմացած նայելով ինձ, ու նրա ձեռքը դանդաղորեն ձգվեց դեպի դանակը, որը կախված էր նրա գոտկից։ Բայց ուղղակի նրա երեսն ի վեր ծիծաղելով, ես խլեցի դանակը։ Նույնիսկ այդ ժամանակ նա ոչինչ չհասկացավ։ Իսկ ես նրան ցույց տվեցի, թե ինչպես էի խմում սև շշերից, ցույց տվեցի, թե ինչպես էի նվերներ դարսել ձյան վրա, և այն բոլորր, ինչ պատահել էր իմ հարսանիքի գիշերը։ Ես ոչ մի բառ չասացի, բայց նա ամեն ինչ հասկացավ ու չվախեցավ։ Նրա շուրթերը ծաղրանքով ժպտում էին, իսկ աչքերի մեջ կար սառը զայրույթ, կարծես նրա ուժերն ավելացան, երբ նա ինձ ճանաչեց։ Գնալու քիչ ճանապարհ էր մնում, բայց ձյունը խորն էր, և նա հազիվ էր քարշ գալիս։ Մի անգամ նա այնքան երկար պառկեց անշարժ, որ ես նրան շրջեցի ու նայեցի աչքերի մեջ, որոնցում կյանքը մերթ հանգչում էր, մերթ նորից վերադառնում։ Բայց երբ նրան բաց թողեցի, նա նորից սողաց։ Այսպես մենք հասանք խարույկին։ Ունգան նետվեց դեպի նա։ Նրա շուրթերը անձայն շարժվում էին։ Նա մատնացույց էր անում ինձ։ Հետո փռվեց ձյան վրա․․․ Նա հիմա էլ պառկած է այնտեղ։

Ոչ մի բառ չասացի այնքան ժամանակ, մինչև խորովեցի կաքավները։ Իսկ հետո Ունգայի հետ խոսեցի իր լեզվով, որը նա չէր լսել շատ տարիներ։ Ունգան ուղղվեց՝ ահա այսպես, լայն բացված աչքերով նայելով ինձ, և հարցրեց, թե ով եմ ես, որտեղից գիտեմ այդ լեզուն։

— Ես Նաասն եմ,— ասացի։

— Նաասը,— ճչաց նա։— Այդ դո՞ւ ես,— և սողալով մոտեցավ ինձ։

— Այո,— պատասխանեցի։— Ես նաասն եմ՝ Ակատանի առաջնորդը, իմ տոհմից վերջինը, ինչպես և դու վերջինն ես քո տոհմից։

Եվ Ունգան ծիծաղեց։ Ո՛չ, ես այլևս այդպիսի ծիծաղ չե՜մ լսի։ Սիրտս սեղմվեց սարսափից․ ես նստել էի Սպիտակ Լռության մեջ, մենակ՝ մահվան և այդ կնոջ հետ, որը ծաղրում էր ինձ։

— Հանգստացիր,— ասացի,— մտածելով, որ նա զառանցում է։— Մի քիչ բան կեր ու գնանք։ Մինչև Ակատան հեռու է։

Բայց Ունգան դեմքը թաքցրեց նրա շեկ բաշի մեջ և այնպես ծիծաղեց, որ թվում էր, թե մի փոքր ևս՝ և երկինքը փուլ կգա մեզ վրա։ Ես կարծում էի, թե նա կուրախանա ինձ տեսնելով և հիշողությամբ անմիջապես կվերադառնա դեպի նախկին ժամանակները, բայց ոչ ոք իր ուրախությունը չի արտահայտում այդպիսի ծիծաղով։

— Գնանք,— գոռացի ես, ամուր բռնելով նրա ձեռքը։— Մենք երկար ճանապարհ ենք կտրելու խավարի միջով։ Պետք է շտապել։

— Ո՞ւր,— հարցրեց նա մի փոքր բարձրանալով և դադարեց ծիծաղելուց։

— Գեպի Ակատան,— պատասխանեցի ես, հուսալով, որ այս խոսքի վրա նրա դեմքն անմիջապես կպայծառանա։

Բայց այն նմանվեց Գունդերսոնի դեմքին. նույն ծաղրալից ժպիտը, նույն սառը զայրույթը աչքերի մեջ։

— Այո,— ասաց նա,— մենք իրար ձեռք կբռնենք ու կգնանք դեպի Ակատան։ Դու և ես։ Եվ մենք կապրենք կեղտոտ տնակներում, կսնվենք ձկներով ու փոկերի ճարպով և կբազմացնենք մեզ նմանների, ու ամբողջ կյանքում կհպարտանա՜նք նրանցով։ Կմոռանանք մեծ աշխարհը։ Մենք երջանի՜կ կլինենք, շա՜տ երջանիկ։ Որքա՜ն լավ է։ Գնա՛նք։ Պետք է շտապել։ Վերադառնանք Ակատան։

Եվ Ունգան շոյեց Գունդերսոնի շեկ մազերն ու ծիծաղեց չար ծիծաղով։ Եվ նրա ալքերում խոստում չկար։

Ես նստել էի լուռ ու զարմանում էի կանանց բնավորության վրա։ Ես հիշեցի, թե մեր հարսանիքի գիշերը նա ինչպես էր քարշ տալիս Ունգային, և թե սա ինչպես էր պոկոտում նրա մազերը, այն մազերը, որոնցից այժմ չէր կարողանում ձեռքերը հեռացնել։ Հետո հիշեցի գլխագինը և սպասումի երկար տարիները։ Եվ ես վարվեցի այնպես, ինչպես նա վարվեց այն ժամանակ․ բարձրացրի Ունգային ու տարա։ Ինչպես և այն գիշեր՝ նա ճանկռոտում էր այն կատվի պես, որից ուզում են ձագերը խլել։ Ես պտտվեցի խարույկի շուրջն ու ցած դրեցի նրան։ Եվ նա սկսեց ինձ լսել։ Պատմեցի նրան այն ամենը, ինչ պատահել էր ինձ օտար ծովերում և աշխարհներում, իմ անդադրում որոնումների մասին, սոված տարիների մասին և այն խոստումի մասին, որ նա առաջինը տվել էր ինձ։ Այո, ես պատմեցի ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ այդ օրը պատահել էր իմ ու Գունդերսոնի միջև։ Եվ պատմելիս տեսնում էի, թե ինչպես նրա աչքերում մեծանում է վաղորդյան հրացոլքի պես հրապուրող խոստումը։ Եվ ես նրանց մեջ կարդացի խղճահարություն, կանացի քնքշություն, Ունգայի սերը, սիրտն ու հոգին։ Ես նորից դարձա պատանի, որովհետև նրա հայացքը դարձավ այն Ունգայի հայացքը, որը ծիծաղում և ափի երկայնքով վազում էր դեպի մայրական տունը։ Անհետացան տանջալից հոգնությունն ու սովը, ճնշող սպասումը։ Ժամը հասել էր։ Ես զգացի, որ Ունգան ինձ կանչում է գլուխս իջեցնելու իր կրծքին և մոռանալու ամեն ինչ։ Նա իր գիրկը բացեց, և ես նետվեցի դեպի նա։ Բայց հանկարծ ատելությունը վառվեց նրա աչքերում ու ձեռքը ձգվեց դեպի իմ գոտին։ Եվ նա ինձ հարվածեց դանակով, ահա այսպես՝ մեկ, երկու։

— Շո՛ւն,— գոռաց Ունգան, ինձ հրելով ձյան մեջ։— Շո՛ւն։— նրա ծիծաղը հնչում էր լռության մեջ, երբ նա սողում էր դեպի մեռած մարդը։

Ինչպես արդեն ասացի, Ունգան երկու անգամ դանակով խփեց ինձ, բայց նրա ձեռքը թուլացել էր սովից, իսկ ինձ վիճակված չէր մեռնել։ Բայց և այնպես ես ուզում էի մնալ այնտեղ և խոր քնով աչքերս փակել նրանց կողքին, որոնց կյանքերը միահյուսվել էին իմի հետ, և ովքեր ինձ տարել էին անհայտ կածաններով։ Բայց պարտքը պետք էր վերադարձնել, և ես չէի կարող հանգստի մասին մտածել։

Իսկ ճանապարհը երկար էր, ցուրտը կատաղի և ուտելիքս՝ քիչ։ Փելլի ցեղի որսորդները, իշայծյամի չպատահելով, գտել էին իմ պաշարները։ Նույնը արել էին և Մաք-Կվեշչենի երեք սպիտակամորթները, բայց նրանք անշունչ պառկած էին իրենց տնակում, երբ ես անցնում էի մոտակայքով։ Թե ինչ եղավ հետո, ինչպես հասա այստեղ, ուտելիք ու տաքություն գտա՝ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում։

Լռելով՝ նա ագահորեն ձգվեց դեպի վառարանը։ Ճրագը թափառող զարհուրելի ստվերներ էր գցում պատի վրա։

― Իսկ ի՞նչ եղավ Ունգան,— բացականչեց Փրինսը՝ պատմությունից ցնցված։

— Ունգա՞ն։ Նա կաքավը չկերավ։ Նա պառկել էր մեռելի վիզը գրկած ու դեմքը նրա մազերի մեջ թաղած։ Ես վառվող ճյուղերը ավելի մոտեցրի, որ տաք լինի նրա համար, բայց նա սողալով հեռացավ։ Մեկ ուրիշ խարույկ էլ վառեցի մյուս կողմից, բայց դա էլ չօգնեց․ չէ որ նա հրաժարվում էր ուտելուց։ Եվ ահա այդպես էլ նրանք պառկած են այնտեղ ձյան վրա։

— Իսկ դո՞ւ,— հարցրեց Մեյլմյութ Քիդը։

— Ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Ակատանը փոքր է, չեմ ուզում այնտեղ վերադառնալ և աշխարհի ծայրին ապրել։ Եվ հետո՝ ինչո՞ւ ապրեմ։ Կգնամ կապիտան Քոնստենթայնի մոտ, և նա շղթաներ կհագցնի իմ ձեռքերին։ Իսկ հետո պարանը վիզս կգցեն՝ ահա այսպես, և ես խոր կքնեմ, խոր․․․ Սակայն․․․ Չգիտեմ։

— Լսի՛ր, Քիդ,— վրդովվեց Փրինսը։— Սա արդեն մարդասպանություն է։

— Լռի՛ր,— խիստ ասաց Մեյլմյութ Քիդը։— Կան բաներ, որ մեր դատողությունից վեր են։ Ինչ իմանաս՝ ո՞վ է արդար, ո՞վ մեղավոր։ Մենք չէ, որ դատելու ենք։

Նաասը էլ ավելի մոտեցավ կրակին։ Խոր լռություն տիրեց, և այդ լռության մեջ նրանցից յուրաքանչյուրի հայացքի առջևից խայտաբղետ շարանով անցնում էին հեռավոր տեսիլքները։



  1. Վուլզլի Հարնեթ Ջոզեֆ (1833—1913) — անգլիացի զորավար, որը մասնակցություն է ունեցել 1884—1885 թթ. Սուդանի ժողովրդական ապստամբությունը ճնշելու գործում։
  2. Բուֆալո Բիլլ — Ուիլյամ Ֆրեզերիկ Քոդիի (1846—1917) մականունր. գրող, որսորդ, հնդկացիների դեմ պատերազմի մասնակից։ Նա կազմակերպել էր կրկեսատիպ մի ձեռնարկություն, որի հետ ճամփորդում էր Ամերիկայում և Եվրոպայում՝ «Վայրենի Արևմուտք» թեմայով ներկայացումներ տալով։
  3. Լուի Ռեյլ (1844—1885) — Կանադայի մետիսների 1869 և 1885 թվականների ապստամբության առաջնորդ։
  4. Թրապպերներ, որսորդներ (ֆրանս․)։
  5. Բառացիորեն՝ վառված ծառ (ֆրանս.)։ Կանադա փոխադրված առաջին ֆրանսիացիների անունը, որոնք, հատկապես Կանադան Անդլիայի տնօրինության տակ անցնելուց հետո, որսորդությամբ էին զբաղվում անտառներում։
  6. Քրայփլ֊Քրայք— քաղաք Կոլորադո նահանգում (ԱՄՆ)։ Ոսկեբեր շրջանի կենտրոն։ Այստեղ 1891 թվականին հայտնաբերվել են ոսկու հարուստ հանքաշերտեր։
  7. Կայակ — կաշենավակ։
  8. Ունալյաշկա, Ունիմակ, Կադիակ, Ատոնյակ — Ալյասկայի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներ։