հեղինակ՝ Կոնֆուցիոս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Գլուխ առաջին
1.1. Կոնֆուցիոսն ասաց.
― Մի՞թե մեծ բավականություն չէ այն, երբ սովորում ես մի բան և հետո մշտապես վարժվում սովորածիդ մեջ[1]։
― Մի՞թե ուրախանալու պատճառ չէ այն, որ դիմավորում ես հեռվից եկող բարեկամներիդ։
Մի՞թե ազնվականի նշաններ չունի այն մարդը, որը թեև չի ճանաչվում մարդկանցից, սակայն դրա համար երբեք ու երբեք չի դառնանում։
1.2. Յոու-ցզին[2]՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.
― Հազվագյուտ մարդիկ կարող են լինել, որ ծնողների նկատմամբ պատկառանք և եղբայրների նկատմամբ հարգանք[3] ունենալով հանդերձ՝ ձգտեն ըմբոստանալ ավագների դեմ։ Եվ առհասարակ չեն կարող լինել այնպիսիք, որ ավագների նկատմամբ ըմբոստությանը դեմ լինելով, այնուամենայնիվ անկարգություն և խռովություն սերմանեն։
Ազնվական մարդը ամենից առաջ նա է, ով իր ուժերը նվիրաբերում է կյանքի հիմքերը ամրապնդելուն, քանզի եթե ամուր են հիմքերը, ապա կգտնվի նաև ճիշտ ճանապարհը։
Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների (նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները[4]։
1.3. Կոնֆուցիոսն ասաց.
— Շողոքորթ խոսքեր և կեղծավոր դեմք՝ ինչպե՞ս կարելի է դրանք համատեղել լավ բնավորության հետ։
1.4. Ցզեն-ցզին՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.
— Ամեն օր ես ինձ ստուգում եմ երեք բանում։ Արդյո՞ք ուրիշների հանդեպ եղել եմ անկեղծ ու վստահելի, շիտա՞կ եմ վարվել ընկերներիս հետ, և վերջապես՝ ըմբռնե՞լ եմ այն, ինչ կարդացել եմ։
1.5. Կոնֆուցիոսն ասաց.
— Ընդամենը հազար մարտակառք[5] ունեցող պետության թագավորը պարտավոր է ուշադիր և իմաստուն լինել իր բոլոր արարքների մեջ։ Նա պետք է կարողանա չափը պահպանել և սիրել մարդկանց։ ժողովրդի նկատմամբ նրա պահանջները չպետք է կամայական լինեն։
1.6. Կոնֆուցիոսն ասաց.
— Երիտասարդ մարդը տանը լսող ու հարգալից պետք է լինի ծնողների հանդեպ, իսկ դրսում իրեն պահի ճիշտ այնպես, ինչպես կրտսեր եղբայրը ավագի մոտ, այսինքն՝ ակնածանքով և ուշադրությամբ։ Նա պետք է ամենքի հանդեպ համակված լինի սիրով ու բարությամբ։
Այս ամենից հետո, եթե նրա մեջ դեռ ուժ կմնա, թող է նվիրվի գրքերին։
1.7. Աշակերտը՝ Ցզի-սյան, ասաց.
Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, Ով պատրաստակամ է ծնողների համար և անձնվիրաբար ծառայում է իր թագավորին, ով հարգանքով է վարվում ընկերների հետ, եթե անգամ ինձ առարկեն, ես կասեի, որ այդ մարդը կրթված է։
1.8. Կոնֆուցիոսն ասաց.
― Եթե ազնվականն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։
Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։
Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց։
1.9. Ցզեն-ցզին ասաց.
— Եթե մարդիկ ծնողների մահվան ժամանակ իրենց պահեն պատշաճ, ինչպես պահանջում է ծեսը, և հետևեն նախնիների խորհուրդներին, ապա դրանից ավելի կամրանա ժողովրդի բարոյականությունը։
1.10. Ցզի-ցին հարցրեց Ցզի-գունին.
— Եթե իմաստունը մի որևէ երկիր է գնում և ցանկանում է իմանալ, թե ինչպես են այնտեղ մարդիկ կառավարվում, ապա այդ մասին նա՞ է հարցնում, թե՞ նրան լուր են տալիս։
Ցզի-գունը պատասխանեց.
— Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ։ Նման պահվածքի դեպյքում նա արժանի է ամեն ծառայության։ Եվ մի՞թե դրանով նա չի տարբերվում մյուսներից։
1.11. Կոնֆուցիոսն ասաց․
— Քանի դեռ ողջ է հայրդ, ենթարկվիր նրա կամքին։
Նրա մահվանից հետո կողմնորոշվիր այն գործերով, որ կատարել է նա։ Եվ եթե երկար ժամանակ չշեղվես հորդ ճանապարհից, կարելի է ասել, որ քեզ պահում ես արժանապատվորեն ու հարգանքով։
1.12. Յոու-ցզին ասաց.
— Ծեսերի կատարման և զոհաբերությունների ժամանակ ամենից առաջ մեծ ուշադրություն է դարձվում ներդաշնակությանը։
Հին թագավորների ճանապարհը աչքի էր ընկնում նրանով, որ կյանքի մեծ ու փոքր գործերում նրանք այդպես էին վարվում։ Մարդը ձգտում է ներդաշնակության՝ նկատի ունենալով դժվարությունները, և հասկանում է, որ այդ նպատակին կարող է հասնել միայն այն ժամանակ, երբ իր կենցաղը ենթարկի ժամանակի համար պատշաճ ծեսերին ու արարողություններին։
1.13. Յոու-ցզին ասաց.
— Ով հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, պետք է կատարի նաև այն, ինչ խոստանում է։ Ով հոգ է տանում վարքի ու պատշաճության ընդհանուր օրենքների պահպանության մասին, կարող է խուսափել ամոթից ու անպատվությունից։ Հույսդ դիր մերձավորներիդ վրա և կունենաս հուսալի հենարան։
1.14. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը ուտելիս պահպանում է չափը և կյանքում չի ձգտում հարմարավետության։ Նրա արարքները միշտ խելոք են, խոսքերը՝ մտածված։ Նա իր անձը նվիրում է այն ամենին, ինչը ճշմարիտ է ու արդար։
Նման մարդու մասին կարելի է ասել, որ դրանով նա ձգտում է սովորել։
1.15. Աշակերտը՝ Ցզի-գունն, ասաց.
— Ի՞նչ կասեք այն մարդու մասին, որն աղքատության օրերին ստորաքարշ և հարստության օրերին մեծամիտ չէ։
Ուսուցիչը նկատեց.
— Դա շատ լավ է, բայց ավելի լավ է աղքատության մեջ ուրախ լինել, իսկ հարստության մեջ՝ չմոռանալ բարեկրթության, քաղաքավարության ու վայելչության օրենքների նկատմամբ սերը։
Ցզի-գունն ասաց.
— «Երգերի գրքում»[6] գրված է.
Կտրել ու փայլեցնել փղոսկրի նման,
Հղկել ու հարթել
Ինչպես թանկագին քար[7]։
Ի՞նչ է նշանակում դա։
Ուսուցիչը պատասխանեց.
— Ցզի-գուն, այժմ քեզ հետ կարելի է խոսել «Երգերի գրքի» մասին։ Ես քեզ միայն մեկ օրինակ տվեցի, բայց դա անմիջապես հասկացար, թե խոսքն ինչի մասին է։
1.16. Կոնֆուցիոսն ասաց.
— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։
Գլուխ երկրորդ
2.1. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով ղեկավարվում է բարոյականության օրենքներով, նրան կարելի է նմանեցնել բևեռային աստղին, որ մշտապես իր տեղում է, իսկ մյուսները խոնարհաբար շրջապատում են նրան։
2.2. Կոնֆուցիոսն ասաց.
— «Երգերի գիրքը» թեև բաղկացած է երեք հարյուր մասից, բայց եթե կամենանք այդ ամենը արտահայտել մեկ նախադասությամբ, ապա կստացվի այսպես՝ չար ու վնասակար մտքեր այստեղ չեն բարբառում[8]։
2.3. Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե հնազանդությունը ամրապնդվի օրենքներով և կարգապահությունը՝ պատիժներով, ապա ժողովուրդը կաշխատի շրջանցել օրենքներն ու պատիժները և խիղճն ամբողջովին կկորցնի։
Իսկ, ընդհակառակն, եթե ժողովուրդը ղեկավարվի բարոյականության օրենքներով և կարգապահությունն ամրապնդվի ընդունված ծեսերի ու արորողությունների պահպանության ճանապարհով, ապա նա ոչ միայն խիղճը չի կորցնի, այլև կունենա ամոթի զգացում և կարգը կպահի գիտակցաբար[9]։
2.4. Կոնֆուցիոսն ասաց.
— Երբ դարձա տասնհինգ տարեկան, ամբողջովին տրվեցի ուսմանը։
Երեսուն տարեկանում ձևավորվեցի վերջնականապես։ Քառասուն տարեկանում այլևս կասկածներ չունեի։
Հիսուն տարեկանում ես ճանաչեցի երկնքի կամքը։
Երբ դարձա վաթսուն տարեկան, նուրբ լսողությամբ կարողացա տարբերել Բարին ու Չարը, Ճշմարիտն ու Կեղծը։
Յոթանասուն տարեկանում հնազանդվեցի սրտիս կամքին՝ առանց խախտելու Չափը։
2.5. Մենգ-ի-ցզին հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների մոտ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
― Չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։
Եվ երբ Ուսուցիչը աշակերտի՝ Ֆան Չիի հետ ճանապարհ էր գնում, և սա սայլն էր վարում, ասաց.
― Մեն Սուն (Մենգ-ի-ցզին) ինձ հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ և ես պատասխանեցի՝ չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։
Դրան Ֆան Չին պատասխանեց.
— Ի՞նչ է նշանակում դա։
Ուսուցիչն ասաց.
— Քանի դեռ նրանք ողջ են, պետք է այնպես ծառայել, ինչպես վայել է նրանց։ Իսկ երբ մահանում են, պետք է թաղել ծեսի համաձայն և նրանց արժանի զռհեր մատուցել[10]։
2.6. Մեն-ու-բոն հարցրեց, թե ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների հանդեպ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
Որդիները պետք է լինեն այնպիսին, որ ծնողներին հոգս պատճառեն միմիայն հիվանդանալիս։
2.7. Ցզի-յոուն՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ։
Կոնֆուցիոսն ասաց.
— Առհասարակ այն, ինչ մենք հասկանում ենք ծնկների նկատմամբ պարտականություն ասելով, ամենից առաջ սրանց կերակրելու պատրաստակամությունն է։
Բայց մարդիկ կերակրում են նաև իրենց շներին ու ձիերին։
Ուրեմն եթե մարդ ծնողների նկատմամբ հարգանք չունենա, էլ ի՞նչ տարբերություն կարող է լինել նրանց ապրուստի մասին հոգ տանելու և շուն ու ձի պահելու մեջ։
2.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների աոաջ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Միշտ էլ դժվար է ծնողների առաջ խոնարհ կանգնել և քաղաքավարի լինել, հետն էլ ուրախ տեսք պահպանել։ Բայց իսկական մեծարանքը այն է, երբ զավակները թեթևացնում են իրենց ծնողների աշխատանքը և նրանց առաջ գինի ու հաց են դնում։
2.9. Կոնֆուցիոսն ասաց.
— Ես ամբողջ օրը խոսում եմ Հուի[11] հետ, և նա ոչ մի անգամ ինձ չի առարկում։ Կարծես հիմար լինի։ Բայց երբ մնում է մենակ, քննում է ինքն իրեն այնքան, մինչև ի վիճակի է լինում հասկանալու այն, ինչ ուսուցանել եմ նրան։ Հուին ամենևին էլ հիմար չէ։
2.10. Կոնֆուցիոսն ասաց.
Եթե մենք հետևենք, թե որքան հնարքներ է բանեցնում մարդը իր նպատակներին հասնելու համար, եթե քննենք այն բոլոր շարժառիթները, որ որոշում են նրա արարքները, եթե ստուգենք, թե ինչի մեջ է նրա հոգին հանգիստ գտնում և թե ինչն է հուզում նրան, այդ դեպքում մարդն ինչպե՞ս կարող է մնալ գաղտնիք։ Այդ դեպքում ինչպես կարող է նա իր էությունը թաքցնել։
2.11. Կոնֆուցիոսն ասաց.
― Ով պահպանում է հինը և դրա հետ մեկտեղ յուրացնում նոր գիտելիքներ և իմաստություններ, կարող է դառնալ մարդկանց ուսուցիչ և օրինակ։
2.12. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը թույլ չի տալիս իրեն վերաբերվել այնպես, ինչպես գործիքի։
2.13. Ցզի-գունն հարցրեց, թե ինչ է նշանակում լինել ազնվական։ Ուսացիչը պատասխանեց.
— Դա նշանակում է՝ գործել այնպես, ինչպես մտածել ես և ապա՝ խոսել այնպես, ինչպես գործել ես։
2.14. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը իրեն պահում է բոլորին հավասար և բոլորի նման։ Դրան հակառակ՝ հասարակ մարդիկ սիրում են ընկերակցություն և խմբակցություններ կազմել։
2.15. Կոնֆուցիոսն ասաց.
Անօգուտ է սովորելն առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելն առանց որևէ բան սովորած լինելու՝ վնասակար։
2.16. Կոնֆուցիոսն ասաց.
— Օտար և կեղծ ուսմունքներով տարվելը միայն վնասակար է։
2.17. Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզի-լու, հիմա ես քեզ կասեմ գիտելիքների ճշմարիտ բանալին։
Քեզ խելոք համարիր նրանով, ինչ որ գիտես։
Եվ ընդհակառակն՝ ինչ չգիտես, խոստովանիր։
Ահա սա է գիտելիքների ճշմարիտ բանալին։
2.18. Ցզի-շանը՝ աշակերտը, ուզում էր սովորել՝ պաշտոնյա դաոնալու համար։
Ուսուցիչն ասաց.
— Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և այդ դեպքում քիչ կարժանանաս պարսավանքների։
Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և առհասարակ եղիր խոհեմ ու խելացի։ Այդ դեպքում չես զղջա։
Հասարակական պաշտոն կարող է զբաղեցնել նա, ով խոսելիս պարսավանքների առիթ չի տալիս իր հասցեին և քիչ առիթներ է ունենում զղջալու։
2.19. Աի-գունը՝ Լու երկրի տիրակալը, հարցրեց.
— Ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդը հնազանդ լինի։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Եթե բարձրացնեք արդարներին, իսկ անազնիվներից հեոու մնաք, ժողովուրդը հնազանդ կլինի։ Եվ ընդհակսռակն, եթե անազնիվները պատվի արժանանան, իսկ արդարները՝ մերժվեն, ժողովուրդը հնազանդ չի լինի։
2.20. Հի Կան-ցզին հարցրեց.
― Ինչպես անել, որ ժողովուրդը լինի հնազանդ ու հավատարիմ, իսկ մարդիկ միմիայն բարի գործեր կատարեն։
Ուսուցիչը պատասխան տվեց.
― Կառավարեք ժողովրդին արժանապատվությամբ, և նա կլինի հնազանդ։ Երբ դուք ինքներդ դրա օրինակը տաք, ապա նա կլինի հավատարիմ։ Խրախուսեք նրանց, ովքեր արժանի են, խրատներ տվեք նրանց, ովքեր ոչինչ չգիտեն, և մարդիկ կձգտեն միմիայն բարի գործեր կատարել։
2.21. Մեկը հարցրեց Կոնֆուցիոսին.
— Ինչպես է, որ պաշտոն չունեք և չեք մասնակցում երկրի կառավարմանը։
Ուսուցիչը պատասխանեց.
— «Պատմաթյանց գրքում»[12] ասված է՝ հարգանք ունեցեք ծնողների նկատմամբ, ծնողների նկատմամբ հարգանքը և եղբայրական սերը, որ առաքինություններ են, ազդում են քաղաքականության վրա։ Ուրեմն դրանց մասին հոգ տանելով, կարելի է նպաստել պետական և հասարակական կարգապահության բարելավմանը։ Ինչու միայն հայտնի պաշտոններ զբաղեցնելը համարենք ծառայություն։
2.22. Կոնֆուցիոսն ասաց.
― Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մարդն ապրել առանց անկեղծության։ Դա նույնն է, թե սայլն ունենա առեղ, բայց առանց լծի՝ եզներ լծելու համար։ Ինչպես կարող է այդ սայլն առհասարակ շարժվել։
2.23. Ցզի-շանը հարց տվեց.
― Կարելի՞ է իմանալ, թե տաս սերունդ հետո ինչ կլինի։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
― Ցիա[13] հարստությանը, նրա բարքերին ու օրենքներին հաջորդեց Ին հարստությունը[14]։ Թե ինչը նրանք այդ ամենից պահպանեցին և ինչը, որպես արատավոր, մի կողմ նետեցին, մենք գիտենք։
Ին հարստությանը, նրա բարդերին և օրենքներին հաջորդեց Չժոու[15] հարստությունը։ Թե ինչ են նրանք պահպանել և ինչ են դեն նետել, նույնպես գիտենք։
Եթե Չժոու հարստությանը փոխարինեն նորերը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու հարյուր տարի հետո։
2.24. Կոնֆուցիոսն ասաց.
Ով զոհ է մատուցում այն աստվածներին, որ իր նախահայրերինը չեն, շողոքորթ է։
Ով իր պարտականությունը գիտի, բայց խույս է տալիս նրանցից, վախկոտ է։
- ↑ Այս արտահայտության տակ հասկացվում են և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքները։
- ↑ Բառացի նշանակում է՝ ուսուցիչ Յոուն։
- ↑ Այս երկուսը՝ պատկառանքը և հարգանքը, կոնֆուցիականության մեջ հիմնական հանդիսացող «ցիաո» և «թի» հասկացություններն են։
- ↑ Հստակորեն ընդգծված է Կոնֆուցիոսի և հետագայում նաև կոնֆուցիականության համար շատ կարևոր ընտանիքի և պետության ընդհանրության գաղափարը։
- ↑ Մարտակառքերի թվով որոշվում էր պետության հզորությունը։ Հազար մարտակառք ունեցող պետությունը համարվում էր թույլ և զորությամբ պակաս։
- ↑ Հին չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է, որտեղ ժողովված են մ․ թ․ ա․ 11-7-րդ դարերի ներբողներ և երգեր։
- ↑ Այսինքն՝ մարդուն պետք է կրթել և դաստիարակել այնպես, ինչպես հղկում են թանկագին քարը։
- ↑ «երգերի գիրքը» Կոնֆուցիոսի համար, ամենից առաջ, բարոյականության գիրք էր և արժեքավոր էր նրանով, որ կարող էր օգնել ազնվացնելու մարդկանց։
- ↑ Հավանաբար կանխատեսել է Ցին հարստության խորտակումը մ․ թ․ ա․ 206 թվականին։
- ↑ Ըստ Կոնֆուցիոսի, նախնիների մեծարանքը այն միջոցն է, որով մեռածները իշխանություն են պահպանում ողջերի վրա։
- ↑ Կոնֆուցիոսի ամենասիրված աշակերտն է՝ Յան Հուին։
- ↑ Հին Չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է։
- ↑ Ցիա հարստությունը գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 21-16-րդ դարերում։
- ↑ Նկատի ունի Շան հարստությունը (16-11-րդ դդ․ մ․ թ․ ա․)։
- ↑ Գոյություն է ունեցել Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 11-րդ դարից մինչև 771 թվականը և Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 770-221 թթ․։