Վերջին թարմացում 6 Հունիսի 2015, 15:50

Հաղթական կամար - VIII գլուխ

15:50, 6 Հունիսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - VII գլուխ Հաղթական կամար - IX գլուխ ▶


— Տեսնո՞ւմ եք սա, Վեբեր,— հարցրեց Ռավիկը։- Այստեղ... այստեղ... և այստեղ...

Վեբերը կռացավ բացած վերքի վրա։

— Այո...

— Փոքրիկ այս հանգույցները... ահա սա... և սա... հասարակ ուռուցք չէ... և ոչ էլ որևէ հյուսվածքի գերաճ։

— Ոչ...

Ռավիկն ուղղվեց։

— Քաղցկեղ է,— ասաց նա։— Պարզ և որևէ կասկած չպարունակող քաղցկեղ։ Վաղուց է, ինչ ես այսպիսի բարդ վիրահատություն չեմ արել։ Հետազոտությունը հայելու միջոցով ոչինչ ցույց չտվեց, կոնքի շրջանում մի կողմի վրա թեթև փափկություն է շոշափված, փոքր-ինչ ուռուցվածություն, հնարավոր է, կիստա է կամ միոմա, լուրջ ոչինչ չկա, բայց սովորական ձևով գործել չէր կարելի։ Ստիպված էինք բացել որովայնի խոռոչը, և հանկարծ քաղցկեղ։

Վեբերը նայեց Ռավիկին։

— Հիմա ի՞նչ եք ուզում անել։

— Կարող ենք վերցնել հյուսվածքի կտրվածքը և հետազոտել միկրոսկոպով։ Բուասսոն դեռ լաբորատորիայո՞ւմ է։

— Իհարկե։

Վեբերը կարգադրեց, որ քույրը զանգահարի լաբորատորիա։ Քույրը իր ռետինե ներբաններ ունեցող կոշիկներով իսկույն անաղմուկ հեռացավ։

— Մենք պետք է վիրահատությունը շարունակենք։ Անհրաժեշտ է արգանդը հեռացնել,— ասաց Ռավիկը։— Ուրիշ բան անելը միտք չունի։ Ամենասարսափելին այն է, որ նա ինքը ոչինչ չգիտի։ Զարկերակն ինչպե՞ս է։— Հարցրեց նա նարկոզ տվող քրոջը։

— Կանոնավոր է։ Իննսուն։

— Արյան ճնշո՞ւմը։

— Հարյուր քսան։

— Լավ։

Ռավիկը նայեց Կետ Հեգստրեմի մարմնին, որը գլուխը ետ գցած պառկած էր վիրահատության սեղանի վրա։

— Մենք պետք է նրան նախազգուշացնեինք։ Ստանայինք իր համաձայնությունը։ Չէր կարելի այսպես վերցնել ու կտրատել... Ճիշտ չէ՞։

— Օրենքով չէր կարելի, Իսկ առանց օրենքի... Մենք, միևնույն է, արդեն սկսել ենք։

— Մենք ստիպված էինք։ Սովորական եղանակով վիրահատելը անհնարին էր։ Իսկ հիմա ստացվում է բոլորովին ուրիշ վիրահատություն։ Արգանդի հեռացումն ու աբորտը տարբեր բաներ են։

— Ես կարծում եմ, որ նա ձեզ վստահում է, Ռավիկ։

— Ես դա չգիտեմ։ Գուցե։ Բայց կհամաձայնե՞ր արդյոք։— Նա արմունկով ուղղեց խալաթի վրայից հագած ռետինե գոգնոցը։— Ինչևիցե... առայժմ փորձենք առաջ շարժվել։ Դեռ կարող ենք որոշել հիստերեկտոմիա անել թե չէ։ Էժենի, դանակ։

Նա կտրվածքը շարունակեց մինչև պորտը, փոքր անոթներին սեղմիչներ դրեց, խոշորների վրա՝ կրկնակի կապեր, վերցրեց մի ուրիշ դանակ և նրանով կտրեց դեղնավուն փակեղը, որի տակ դանակի բութ կողմով մկանները հեռացրեց իրարից։ Հետո բարձրացրեց որովայնամիզը, կտրվածք արեց վրան և եզրերը ֆիքսեց սեղմիչներով։

— Լայնիչ։

Կրտսեր վիրաբուժական քույրը լայնիչը արդեն ձեռքին պատրաստ կանգնած էր։ Նա ծանրությունով շղթան գցեց Կետ Հեգստրեմի ոտքերի արանքը և վրան ամրացրեց թիթեղը։

— Անձեռոցիկ։

Ռավիկը խոնավ տաք անձեռոցիկներով պատեց վերքը և զգուշորեն կորնցանգը ներս տարավ։ Հետո, հայացքը վեր բարձրացնելով, ասաց։

— Ապա այստեղ նայեք, Վեբեր... և այստեղ... այս ընդլայնված հանգույցին։ Սա հոծ, քարացած զանգված է։ Այստեղ արդեն ոչինչ անել չի կարելի։ Բանը բանից անցած է։

Վեբերը ուշադիր նայեց Ռավիկի ցույց տված տեղը։

— Տեսնո՞ւմ եք,— ասաց Ռավիկը,— այս զարկերակների վրա արդեն չի կարելի սեղմիչներ դնել, հյուսվածքը գրեթե քայքայված է։ Եվ հենց այդտեղ մետաստազներն են։ Անհուսալի է...

Նա զգուշորեն կտրեց հյուսվածքի մի նեղլիկ շերտ։

— Բուասսոնը լաբորատորիայո՞ւմ է։

— Այո,— ասաց քույրը։— Ես զանգահարել եմ, նա արդեն սպասում է։

— Լավ։ Այս կտրվածքն ուղարկեք նրան։ Մենք կարող ենք սպասել պատասխանին։ Դա ընդամենը մի տաս րոպե կարող է տևել։

— Ասացեք, թող հեռախոսով հայտնի,— ասաց Վեբերը։— Անմիջապես։ Վիրահատությունը առայժմ կդադարեցնենք։

— Ռավիկն ուղղվեց։

— Զարկերակն ինչպե՞ս է։

— Իննսունհինգ։

— Արյան ճնշումը։

— Հարյուր տասնհինգ։

— Լավ։ Ես կարծում եմ, Վեբեր, այլևս կարիք չկա մտածելու, հիվանդի համաձայնությունը կա, թե ոչ։ Այստեղ ոչինչ անել արդեն չի կարելի։

Վեբերը գլխով արեց։

— Կարել,— ասաց Ռավիկը։— Պտուղը հեռացնել, ուրիշ ոչինչ։ Կարել և ոչ մի բան չասել։

Նա մի պահ կանգ առավ ու կտրվածքի միջով նայեց հիվանդի որովայնի խոռոչին, որը պատված էր սպիտակ անձեռոցիկներով։ Էլեկտրական պայծառ լույսի տակ այդ անձեռոցիկները երևում էին ավելի սպիտակ, թվում էր, թե դա վերքի կարմիր բացվածք ունեցող խառնարանի վրա նստած նոր եկած թարմ ձյուն է։ Կետ Հեգստրեմը, որն ընդամենը երեսունչորս տարեկան քմահաճ, նրբիրան, թխամաշկ, մարզված մարմնով և ապրելու բուռն ցանկությամբ լեցուն մի կին էր, այժմ մահվան էր դատապարտված ինչ-որ մութ և անտեսանելի մի բանի հետևանքով, որն աննկատելիորեն քայքայում էր նրա օրգանիզմը։

Ռավիկը նորից խոնարհվեց հիվանդի մարմնի վրա։

— Չէ որ մենք պետք է դեռ...

Երեխան։ Այս քայքայվող մարմնի մեջ կույր խարխափումներով աճում ու դեպի լույսն է ձգտում մի նոր կյանք։ Նույնպես դատապարտված մահվան։ Բնազդով աճող մի ծիլ, անկշտում, ագահաբար ծծող ինչ-որ մի բան, որը կարող էր մի օր խաղալ զբոսայգիներում, դառնալ ինժեներ, քահանա, զինվոր, մարդասպան, մարդ... Մի բան, որը կարող էր ապրել, տառապել, երջանիկ լինել և... ավերել... Անտեսանելի պատի երկարությամբ վստահորեն շարժվող գործիքը դեմ առավ խոչընդոտի, զգուշորեն ջարդեց այն ու դուրս բերեց... Վերջ։ Վերջ այն ամենին, ինչը ձեռք չբերեց գիտակցություն, ինչը չունեցավ կյանք, շունչ, խանդավառություն, տրտունջ, աճ, լինելություն։ Ինչից ոչինչ չմնաց, բացի մի կտոր մեռած, արնաքամ մսից և մի փոքր մակարդված արյունից։

— Բուասսոնից դեռ տեղեկություն չկա՞։

— Դեռ ոչ։ Բայց ուր որ է պետք է լինի։

— Մենք կարող ենք դեռ մի քանի րոպե էլ սպասել։

Ռավիկը ետ գնաց սեղանից։

— Զարկերա՞կը։

Էկրանի հետևում նա տեսավ Կետ Հեգստրեմի աչքերը։ Կետը նայում էր Ռավիկին, բայց ոչ սևեռուն հայացքով, այլ հենց այնպես, կարծես, ամեն ինչ տեսնում էր և հասկանում։ Մի վայրկյան Ռավիկին թվաց, թե Կետն արթնացավ։ Նա քայլն առաջ գցեց ու կանգ առավ։ Ոչ, դա անհնար է։ Պարզապես թվաց։ Լույսից է։

— Զարկերակն ինչպե՜ս է։

— Հարյուր։ Արյան ճնշումը՝ հարյուր քսան։ Ընկնում է։

— Ժամանակն է,— ասաց Ռավիկը։— Բուասսոն կարող էր արդեն վերջացրած լինել։

Ներքևից լսվեց հեռախոսի խուլ ձայնը։ Վեբերը նայեց դռան կողմը։ Ռավիկը հայացքը չբարձրացրեց։ Նա սպասում էր։ Վերջապես հայտնվեց քույրը։

— Այո,— ասաց Վեբերը։— Քաղցկեղ է։

Ռավիկը գլխով արեց ու նորից սկսեց աշխատանքը։ Հանեց ունելիքը, սեղմիչները, անձեռոցիկները։ Էժենին նրա կողքին, կանգնած, հաշվում էր գործիքները։

Ռավիկն սկսեց կարել։ Կարում էր վարպետորեն, արագ, մեթոդիկ, ստույգ, ամբողջովին կենտրոնացած և առանց կողմնակի բաների մասին մտածելու։ Գերեզմանը փակվում էր, հյուսվածքային շերտերը միանում էին իրար, ընդհուպ մինչև վերջինը, ամենավերին մաշկը։ Սեղմիչներ դնելուց հետո նա ուղղվեց։

— Վերջացավ։

Ոտնակին սեղմելով Էժենին վիրահատական սեղանին հորիզոնական դիրք տվեց և սավանով ծածկեց Կետ Հեգստրեմին։ «Շեհերազադե», մտածեց Ռավիկը։ Երեկ չէ մյուս օրը... Մենբոշեի շորը... Դուք երբևէ եղել եք երջանիկ... հաճախ... ես սարսափում եմ... դատարկ բան է... նվագում էին գնչուները... Ռավիկը նայեց դռան վերևի ժամացույցին։ Տասներկուսը։ Կեսօրյա ընդմիջում։ Դրսում ամենուրեք հիմա բացվում են գրասենյակների և ֆաբրիկաների դռները, և առողջ մարդկանց հոսանքը լցվում է փողոց։ Բուժքույրերը վիրաբուժական սենյակից դուրս հրեցին սայլակը: Ռավիկը ձեռքերից հանեց ռետինե ձեռնոցները և գնաց լվացվելու։

— Ծխախոտի մնացորդը հանեք ձեր բերանից,— ասաց Վեբերը, որը լվացվում էր երկրորդ լվացարանի մոտ։— Ձեր շուրթերը կայրեք։

— Հա, շնորհակալություն... Հիմա ո՞վ է նրան այդ ասելու, Վեբեր։

— Դուք,— առանց հապաղելու վրա բերեց Վեբերը։

— Անհրաժեշտ է նրան բացատրել, թե ինչու մենք իրեն վիրահատեցինք։ Նա սպասում էր, որ մենք դա սովորական եղանակով ենք անելու։ Ճշմարտությունը մենք նրան ասել չենք կարող։

— Որևէ բան կմտածենք,— վստահորեն ասաց Վեբերը։

— Ձեզ թվո՞ւմ է։

— Իհարկե։ Մինչև երեկո դուք դեռ ահագին ժամանակ ունեք։

— Իսկ դո՞ւք։

— Կետ Հեգստրեմը ինձ չի հավատա։ Նա գիտի, որ իրեն դուք եք վիրահատել։ Եվ կցանկանա ամեն ինչ ձեզնից իմանալ։ Իմ այցելությունը նրան միայն կասկածանքի մեջ կարող է գցել։

— Դա ճիշտ է։

— Ես չեմ հասկանում, թե ինչպես այդ ամենը այսքան կարճ ժամանակում կարող էր զարգանալ։

— Դա կարող է լինել։ Ես կուզեի իմանալ, թե ի՞նչ եմ նրան ասելու։

— Մի բան կհնարեք, Ռավիկ։ Որևէ կիստա կամ միոմա։

— Այո,— ասաց Ռավիկը։— Որևէ կիստա կամ միոմա։


Գիշերը նա մի անգամ էլ եկավ կլինիկա։ Կետ Հեգստրեմը քնած էր։ Երեկոյան նա արթնացել էր, սիրտ էր թափել, մոտ մի ժամ անհանգիստ տանջվել էր և ապա նորից քնել։

— Որևէ բան հարցրե՞ց։

— Ոչ,— պատասխանեց կարմրաթուշ քույրը։— Նրա ուշքը դեռ լրիվ գլուխը չի եկել և ոչինչ չի հարցնում։

— Ես կարծում եմ, որ նա մինչև լույս կքնի։ Բայց եթե արթնանա ու հարցնի, ասացեք, որ ամեն ինչ բարեհաջող է անցել։ Եվ ինքը պետք է քնի։ Անհրաժեշտության դեպքում որևէ քնաբեր դեղ տվեք։ Իսկ եթե անհանգիստ լինի, զանգահարեք բժիշկ Վեբերին, կամ ինձ։ Հյուրանոցում ձեզ կասեն, ինչպես կարելի է ինձ գտնել։

Նա կանգնել էր փողոցում ինչպես մի մարդ, որին դարձյալ հաջողվել էր փրկվել։ Եվս մի քանի ժամ, և նա ստիպված կլինի ստել, նայելով Հեգստրեմի վստահությամբ համակված դեմքին։ Գիշերը հանկարծ նրան թվաց տաք ու պայծառ։ Նորից կյանքի գորշ ուրկությունը կզարդարեն ճակատագրի նվիրած մի քանի ժամերը։ Կզարդարեն ու կթռչեն աղավնիների նման։ Այդ ժամերը նույնպես կեղծիք են (ոչինչ ձրիաբար չի տրվում), ընդամենը հետաձգում։ Իսկ ի՞նչն է, որ հետաձգում չէ։ Մի՞թե կյանքում ամեն ինչ ընդամենը հետաձգում չէ, գթասիրտ մի հետաձգում, խայտաբղետ մի դրոշ, որը ծածկում է հեռավոր, սև և անողոքորեն մոտեցող դարպասը։

Ռավիկը մտավ բիստրո և նստեց պատուհանի մոտ գտնվող մարմարե սեղաններից մեկի մոտ։ Սրահը լցված էր ծխախոտի ծխով, ամենուրեք աղմկում էին։ Մոտեցավ քելները։

— Մի բաժակ «դյուբոննե» և մի տուփ սիգարետ, «կոլոնիալ»։

Նա բացեց տուփը և վառեց սև թութունով լցված մի սիգարետ։ Նրա կողքին մի քանի ֆրանսիացի վիճում էին իրենց վաճառված կառավարության և Մյունխենի դավադրության մասին։ Ռավիկը համարյա նրանց չէր լսում։ Բոլորին արդեն հայտնի էր, որ ապատիան տիրել է աշխարհին և որ աշխարհը արդեն գլորվում է նոր պատերազմի անդունդը։ Դրա դեմ ոչ ոք չէր առարկում... Հետաձգել, ևս մի տարի հետաձգել, ահա այն միակ բանը, ինչի համար մարդիկ դեռ ուժ էին գտնում կռվելու։ Այստեղ նույնպես հետաձգում — ամենուրեք նույնը։

Ռավիկը խմեց «դյուբոննեի» բաժակը։ Ապերիտիվի քաղցրավուն հոտած համը նրա բերանը լցրեց զզվանքի զգացումով։ Թե ինչի՞ համար պատվիրեց դա։ Նա գլխի շարժումով քելներին իր մոտ կանչեց։

— Մի բաժակ կոնյակ։

Ռավիկը լուսամուտից դուրս նայեց, աշխատելով քշել իրենից մռայլ մտքերը։ Եթե մարդ, միևնույն է, ոչինչ անել չի կարող, ի՞նչ միտք ունի խելագարության հասցնել իրեն։ Նա հիշեց, թե երբ է յուրացրել այդ ուսմունքը, իր կյանքի ամենամեծ ուսմունքներից մեկը...

Դա 1916 թվականի օգոստոսին էր, Իպրի մոտերքը։ Վաշտը մի օր առաջ ճակատից թիկունք էր վերադարձել։ Ճակատային գծում գտնվելու ամբողջ ժամանակի ընթացքում նրանք աոաջին անգամ էր, ինչ այդպիսի խաղաղ տեղ էին ընկել։ Նրանք պառկել էին օգոստոսյան ջերմ արևի տակ մի փոքրիկ կրակի շուրջ և դաշտից նոր հավաքած կարտոֆիլ էին խորովում։ Ընդամենը մի րոպե հետո դրանից ոչինչ չմնաց։ Հանկարծ հրետանային մի հարձակում սկսվեց, և արկերից մեկն ընկավ ուղիղ կրակի վրա... ինքը, որ ոչ մի վնասվածք չէր ստացել, սթափվելով, տեսավ, որ ընկերներից երկուսը սպանված են... փոքր-ինչ հեռու ընկած էր նրա մտերիմ ընկերը՝ Պաուլ Մեսսմանը, որի հետ նա անց էր կացրել իր մանկությունը, խաղացել այն տարիներին, հաճախել դպրոց և որից միշտ անբաժան էր եղել։ Պաուլն ընկած էր փորը պատառոտված, ամբողջ ընդերքը խառնիխշտոր թափված կողքին...

Զինվորները Մեսսմանին բրեզենտի վրա դնելով, տարան դաշտային լազարեթ։ Նրանք քայլում էին ամենակարճ ճանապարհով, կտրելով ու անցնելով ցորենի արտերը, որոնք թեքությամբ վեր էին բարձրանում։ Նրան տանում էին չորս հոգով, յուրաքանչյուրը դարչնագույն բրեզենտի մի ծայրից բռնած։ Ձեռքերով սեղմած սպիտակ, ճարպոտ ու արնաշաղախ ընդերքը, Մեսսմանը պառկել էր բերանը բաց, չռված աչքերով, որոնց մեջ ոչ մի իմաստ չկար։

Մի ամբողջ ժամ նա բղավում էր, իսկ հաջորդ ժամին մահացավ։

Ռավիկը վերհիշեց, թե ինչպես իրենք վերադարձան։ Բթացած և ամբողջովին իրեն կորցրած, նա նստել էր բարաքում։ Իր կյանքում դեռ երբեք Ռավիկը նման բան չէր տեսել։ Հենց այստեղ էլ նրան գտավ ջոկի հրամանատար Կատչինսկին, որր պատերազմից առաջ կոշկակար էր եղել։

— Վեր կաց, գնանք,— ասաց Կատչինսկին։— Բավարացիների դաշտային բուֆետում էսօր գարեջուր ու օղի կա։ Երշիկ նույնպես։

Ռավիկը սևեռուն նայեց Կատչինսկուն։ Այդ կոպտությունը նրան հասկանալի չէր։ Կատչինսկին մի պահ ուշադիր զննեց նրան ու ավելացրեց,

— Վեր կաց, մեկ է, պետք է գաս։ Չգաս, ջարդելով կտանեմ։ Էսօր մի լավ կլափես, կլակես ու բոզանոց կգնաս։

Ռավիկը ոչինչ չպատասխանեց։ Կատչինսկին նստեց նրա կողքին։

— Ես գիտեմ ինչ է պատահել։ Գիտեմ նաև, թե դու ինչ ես մտածում իմ մասին։ Բայց ես արդեն երկու տարի է, ինչ էստեղ եմ, իսկ դու ընդամենը երկու շաբաթ։ Բան եմ ասում, լսիր։ Հիմա մենք որևէ բանով կարո՞ղ ենք Մեսսմանին օգնել։ Չէ։ Դու ինքդ էլ լավ գիտես, որ մենք ոչ մի բանի առաջ կանգ չէինք առնի, եթե իմանայինք, որ նրան փրկելու գոնե մի չնչին հույս կա։

Ռավիկը նայեց Կատչինսկուն։ Այո, այդ նա գիտեր։ Գիտեր, որ Կատչինսկին հենց այդպես էլ կվարվեր։

— Դե լավ։ Նա մեռել է։ Էլ ոչ մի բանով նրան չենք կարող օգնել։ Իսկ երկու օրից հետո մեզ նորից ճակատ են ուղարկելու։ Էս անգամ արդեն գործը էդպես խաղաղ չի անցնի։ Եթե էստեղ նստես ու անընդհատ Մեսսմանի մասին մտածես, ավելի շուտ ինքդ քո գլուխը կուտես։ Ջղերդ էն տեսակ կքայքայես, որ շարքից լրիվ դուրս կգաս։ Բավական է հենց առաջին հրետանային կրակի ժամանակ մի քիչ դանդաղ շարժվես։ Կես վայրկյան ուշանաս։ Ուրեմն, իմացիր, որ քեզ էլ մենք Մեսսմանի նման թիկունք կտանենք։ Դրանից ի՞նչ օգուտ ես ունենալու։ Մեսսմանին դրանով կօգնե՞ս։ Չէ։ Իսկ մի ուրիշի՞ն։ Չէ։ Ուրեմն, խելքդ գլուխդ հավաքիր, հասկացա՞ր։

— Հասկացա, բայց ի՞նչ անեմ, որ չեմ կարողանում։

— Օրըշի բաներ մի ասի, կարող ես։ Շատերն են կարողացել։ Դու առաջինը չես։

Այդ գիշերից հետո նա իրեն լավ էր զգում։ Կատչինսկու հետ գնաց և յուրացրեց նրա տված առաջին դասը։ Օգնիր, եթե կարող ես... Արա այն ամենը, ինչ հնարավոր է... Իսկ երբ զգում ես, օր ոչինչ անել արդեն չես կարող, մոռացիր։ Երեսդ շրջիր հակառակ կողմը։ Քեզ ամուր պահիր։ Կարեկցանքը խաղաղ ժամանակների բան է։ Եվ ոչ թե այնպիսի ժամանակի, երբ կյանքի ու մահվան հարց է դրված։ Թաղիր մեռածներին և ատամներով կպիր կյանքից։ Կյանքը դեռ քո առաջին է։ Սուգը իր տեղն ունի, փաստերը իրենց տեղը։ Եթե մարդ ճշմարտության երեսին է նայում, դա դեռ չի նշանակում, թե նա ծանր չի ապրում կորուստը։ Միայն էս ձևով է մարդ պահպանում իր գոյությունը։

Ռավիկը կոնյակը խմեց։ Կողքի սեղանի շուրջը նստած ֆրանսիացիները դեռ շաղակրատում էին իրենց կառավարության մասին։ Խոսում էին Ֆրանսիայի սնանկությունից։ Անգլիայի մասին, Իտալիայի մասին։ Խոսում էին Չեմբեռլենից... Դատարկ խոսքեր... խոսքեր... իսկ մյուսները գործում էին։ Մյուսները ոչ թե ավելի ուժեղ էին, այլ ավելի վճռական։ Նրանք համարձակ չէին, նրանք գիտեին միայն, որ հակառակորդը չի դիմադրի։ Հետաձգո՞ւմ։ Բայց ո՞ւմ էր դա պետք... Եվ ինչի՞։ Որպեսզի զինվելու ժամանա՞կ լինի, բաց թողնվածը վերականգնվի՞, ուժե՞ր հավաքվի։ Ամենևին։ Պարզապես նայում էին, թե ուրիշներն ինչպես են զինվում... Ձեռքները ծալած սպասում էին, հույսները դրած նոր հետաձգման վրա։ Ծովափղերի մասին եղած հին պատմությունն է, որոնք հարյուրներով պառկել էին ափին։ Որսորդը մտնելով նրանց նախրի մեջ, դագանակով մեկին մյուսի հետևից ոչնչացնում էր։ Եթե նրանք համախմբվեին, հեշտությամբ կճզմեին որսորդին իրենց ոտքերի տակ։ Մինչդեռ նրանք պառկել ու նայում էին, թե ինչպես է նա, մեկը մյուսի հետևից ոչնչացնելով, մոտենում իրենց։ Դա եվրոպական ծովափղերի պատմությունն է։ Քաղաքակրթության մայրամուտը։ Հոգնած, ամորֆային աստվածների աղջամուղջը։ Մարդու իրավունքների գունաթափ դրոշները։ Մի ամբողջ կոնտինենտի վաճառք։ Մոտեցող ջրհեղեղ։ Գների մտահոգված փութագար առևտրականներ։ Հրաբուխի վրա կատարվող ողբալի պար։ Նորից դանդաղորեն կորստի քշվող ժողովուրդներ։ Եթե ոչխարներին զոհաբերեն, լվերը կփրկվեն։ Ինչպես միշտ։

Ռավիկը սիգարետը ճզմելով հանգցրեց ու նայեց շուրջը։ Ինչի՞ համար է այս ամենը։ Մի՞թե քիչ առաջ երեկոն աղավնի չէր, փափուկ, գորշ մի աղավնի։ Թաղիր մեռածներին և ատամներով կպիր կյանքին։ Ժամանակը կարճ է։ Դիմանալ ահա թե որն է գլխավորը։ Պահպանիր քեզ և պատրաստ եղիր։ Նա մոտ կանչեց քելներին և վճարեց։

«Շեհերազադեում» մութ էր, երբ Ռավիկը ներս մտավ։ Նվագում էին գնչուները։ Միայն նվագախմբի մոտ գտնվող սեղանն էր ողողված լուսարձակի լույսով, որտեղ նստած էր Ժոան Մադուն։

Ռավիկը մուտքի մոտ կանգ առավ։ Մոտեցավ քելները և սեղաններից մեկը կարգի բերեց։ Սակայն Ռավիկը տեղից չշարժվեց, նա կանգնել ու նայում էր Ժոան Մադուին։

— Օղի՞,— հարցրեց քելները։

— Այո։ Մի գրաֆին։

Ռավիկը նստեց սեղանի մոտ։ Նա մի բաժակ օղի լցրեց և արագ խմեց։ Ուզում էր գլուխն ազատել դրսում իրեն զբաղեցնող մտքերից։ Մոռանալ անցյալի ծամածռանքը, մահվան ծամածռանքը մոռանալ — թնդանոթային արկով ծվատված փորը, և փորը, որին քաղցկեղն է լափել։ Նա հանկարծ նկատեց, որ ինքը նստել է այն սեղանի մոտ, որտեղ երկու օր առաջ նստել էր Կետ Հեգստրեմի հետ։ Կողքի սեղանն ազատվեց։ Բայց Ռավիկը չփոխադրվեց այնտեղ։ Նրա համար արդեն մեկ էր ինքը որտեղ է նստած — ա՞յս սեղանի մոտ թե այն։ Միևնույն է, դա Կետ Հեգստրեմին ոչնչով չի օգնի։ Ինչպես Վեբերը մի անգամ ասաց։ Ինչո՞ւ հուզվել, եթե վիրահատությունն անհուսալի է։ Մարդ անում է այն, ինչ կարող է, և ապա հանգիստ գնում է տուն։ Այլապես որտե՞ղ կարող է մնալ։ Եվ իրոք, որտե՞ղ նա կարող էր մնալ։ Նրա ականջին հասավ Ժոան Մադուի ձայնը, որն առանձնանում էր նվագախմբի միջից։ Կետ Հեգստրեմը իրավացի էր, այդ ձայնը հուզող ձայն էր։ Նա ձեռքը գցեց արցունքի պես զուլալ օղիով գրաֆինին։ Դա այն ակնթարթերից էր, երբ գույները թափվում են, երբ գորշ ստվերը տարածվում է կյանքի վրա և այդ կյանքը սահում ու դուրս է պրծնում անզոր ձեռքերի տակից։ Խորհրդավոր տեղատվություն։ Շնչառությունների միջև ընկած անձայն ցեզուրա։ Ժամանակի ժանիք, որը դանդաղորեն մխրճվում է սրտի մեջ։ «Սանտա Լուչիա»,— երգում էր նվագախմբի մոտ նույն ձայնը։ Եվ թվում էր, թե ձայնը գալիս է ծովի այն կողմից, ինչ-որ հեռավոր ու մոռացված ուրիշ մի ափից, որտեղ ինչ-որ բան է ծաղկում։

— Ինչպե՞ս է ձեզ դուր գալիս։

— Ո՞վ։

Ռավիկը տեղից կանգնեց։ Մետրդոտելը կանգնած էր նրա կողքին։ Նա գլխով արեց դեպի Ժոան Մադուն։

— Լավ է։ Սքանչելի է։

— Դա, իհարկե, սենսացիա չէ։ Բայց մյուս համարների կողքին ընդունելի է։

Մետրդոտելը անցավ առաջ։ Պայծառ լույսի տակ մի ակնթարթ ընդգծվեց նրա սև մորուքը։ Այնուհետև նա անհայտացավ խավարի մեջ, Ռավիկը նայեց նրա հետևից և ձեռքը տարավ բաժակին։

Լուսարձակի լույսը հանգավ։ Նվագախումբը սկսեց տանգո նվագել։ Նորից հայտնվեցին տակից լուսավորված սեղանների մակերեսները և հազիվ նշմարելի դեմքերը նրանց վրա։ Ժոան Մադուն վեր կացավ տեղից և սեղանների միջով անցավ առաջ։ Մի քանի անգամ նա ստիպված կանգ առավ պարելու գնացող զույգերին ճանապարհ տալու համար։ Ռավիկը նայեց Ժոանին, իսկ Ժոանը՝ նրան։ Ժոանի դեմքին զարմանքի նշույլ անգամ չկար։ Նա գալիս էր ուղիղ դեպի Ռավիկը։ Ռավիկը տեղից կանգնելով, մի կողմ հրեց սեղանը։ Քելներներից մեկը վրա հասավ նրան օգնելու։

— Շնորհակալ եմ,— ասաց նա։— Մի անհանգստացեք, ես ինքս կանեմ։ Միայն մի բաժակ էլ բերեք։

Նա սեղանը նորից հրեց իր տեղը և լցրեց քելների բերած բաժակը։

— Սա օղի է,— ասաց նա։— Ես չգիտեմ, դուք սրանից խմո՞ւմ եք թե չէ։

— Այո։ Մենք իրար հետ մի անգամ արդեն խմել ենք։ «Բել Օրորում»։

— Իսկապես որ։

Մենք մի անգամ էլ ենք այստեղ եղել, մտածեց Ռավիկը։ Մի ամբողջ հավիտենականություն սրանից առաջ։ Արդեն երեք շաբաթ է։ Այն ժամանակ դու նստել էիր այստեղ, պլաշչի մեջ կուչ եկած, ինչպես վշտի մի բեկոր, ինչպես մի կյանք, որը մարում էր կիսախավարի մեջ։ Իսկ այժմ...

— Սալյո՜ւտ,— ասաց Ռավիկը։

Պայծառության մի շող լուսավորեց Ժոանի դեմքը։ Նա չծիծաղեց։ Բայց դեմքը մի տեսակ պայծառացավ։

— Վաղուց է, ինչ այդպիսի բան չեմ լսել,— ասաց Ժոանը։— Սալյո՜ւտ։

Ռավիկը խմեց իր բաժակը և նայեց Ժոանին։ Բարձր հոնքեր, իրարից հեռու ընկած աչքեր, շրթունքներ — այն ամենը, ինչ արդեն ջնջված էր, անջատ-անջատ, առանց կա պակցության, և հանկարծ միանգամից միացավ իրար ու դարձավ մի պայծառ խորհրդավոր դեմք, մի դեմք, որի գաղտնիքը իր անկեղծությունն էր։ Մի դեմք, որը ոչինչ ոչ թաքցնում էր և ոչ էլ մատնում։ Ինչպե՞ս է, որ առաջ ես չեմ նկատել, մտածեց նա։ Բայց գուցե առաջ խուճապից ու սարսափից բացի, ուրիշ ոչինչ չի էլ եղել։

— Սիգարետ ունե՞ք,— հարցրեց Ժոանը։

— Միայն ալժիրական։ Սարթ սև թութունով։

Ռավիկն ուզեց քելներին կանչել։

— Դա այնքան էլ սարթ չէ,— ասաց Ժոանը։— Մի անգամ դուք ինձ արդեն տվել եք։ Ալմա կամուրջի վրա։

— Ճիշտ է։

Ճիշտ է և ճիշտ չէ, մտածեց Ռավիկը։ Այն ժամանակ դու մի տանջված կին էիր, գունատ դեմքով, նա դու չէիր։ Հետո մեր միջև ինչ-որ բան տեղի ունեցավ... Եվ հանկարծ պարզվում է, որ այդ ամենը ճշմարիտ չէ։

— Ես արդեն մի անգամ եղել եմ այստեղ,— ասաց Ռավիկը։— Երեկ չէ մյուս օրը։

— Գիտեմ։ Ես ձեզ տեսա։

Ժոանը չհարցրեց Կետ Հեգստրեմի մասին։

Նա հանգիստ նստել էր անկյունում և ծխում էր։ Թվում էր, թե նա ամբողջովին տրվել է ծխելուն։ Հետո վերցրեց բաժակը և հանգիստ ու անշտապ սկսեց խմել, և նորից թվաց, թե նա ամբողջովին կլանված է խմելով։ Մի խոսքով, այն ամենը, ինչ նա անում էր, ամբողջովին կլանում էր նրան, եթե անգամ արածը լինում էր ինչ-որ անկարևոր երկրորդական մի բան։ Այն ժամանակ Ժոանը ոտից գլուխ հուսահատություն էր, մտածեց Ռավիկը։ Այժմ նրա մեջ նախկին հուսահատությունից հետք անգամ չկա։ Հանկարծ նա իր շուրջը լցրեց հաճելի մի ջերմություն, որը բխում էր նրա անմիջական և անկաշկանդ վստահությունից։ Ռավիկը չգիտեր ինչով է այդ բացատրվում, արգյո՞ք դա գալիս էր նրանից, որ Ժոանին ոչինչ այս վայրկյանին չէր հուզում։ Ռավիկը միայն զգում էր, որ այդ ջերմությունը տաքացնում է իրեն։

Օղու գրաֆինը արդեն դատարկ էր։

— Նորի՞ց օղի շարունակենք խմել,― հարցրեց Ռավիկը։

— Իսկ ինչպե՞ս էր կոչվում խմիչքը, որ այն ժամանակ դուք ինձ տվիք։

— Ե՞րբ։ Այստե՞ղ։ Այն ժամանակ, կարծեմ, մենք հազար ու մի բան խառնեցինք իրար։

— Ոչ։ Այստեղ չէ։ Հիշո՞ւմ եք, առաջին երեկոն։

Ռավիկը լարեց հիշողությունը։

— Ես չեմ հիշում։ Գուցե կոնյա՞կ էր։

― Ոչ։ Տեսքով կոնյակի էր նման, բայց կոնյակ չէր։ Ես փորձեցի նրանից գտնել, բայց ոչ մի տեղ չկարողացա։

— Ինչո՞ւ։ Այդքան դո՞ւր էր եկել։

— Ոչ թե դրա համար։ Դա ամենաթունդ բանն էր, ինչ ես իմ կյանքում խմել եմ։

— Մենք որտե՞ղ ենք դա խմել։

— Մի փոքրիկ բիստրոյում, հաղթական կամարի մոտերքը։ Որ մի քանի աստիճան ցած իջանք։ Այնտեղ շոֆերներ էին նստած և երկու աղջիկ։ Իսկ քելների թևին կնոջ մի կերպար կար դաջված։

— Հա՜, հիշեցի։ Ըստ երևույթին, կալվադոս էր։ Նորմանդական խնձորի օղի։ Այստեղ չե՞ք հարցրել։

— Կարծեմ, ոչ։

Ռավիկը կանչեց քելներին։

— Դուք կալվադոս ունե՞ք։

— Ոչ։ Դժբախտաբար, ոչ։ Ոչ ոք չի պահանջում։

— Այստեղի հաճախորդները, երևի, չափազանց պատկառելի են, դրա համար։ Ուրեմն, պետք է կալվադոս եղած լինի։ Ափսոս, որ չենք կարողանում գտնել։ Ամենահեշտն այն կլինի, որ մի անգամ էլ գնանք այնտեղ։ Բայց հիմա գնալ չենք կարող։

— Ինչո՞ւ չենք կարող։

— Ձեզ թույլ կտա՞ն հիմա դուրս գալ։

— Իհարկե, ես արդեն վերջացրել եմ։

— Հիանալի է։ Ուրեմն, գնանք։

— Գնանք։

Ռավիկը փոքրիկ գինետունը գտավ առանց դժվարության, որը գրեթե գատարկ էր։ Թևին դաջվածք ունեցող քելները մի կարճ հայացք գցեց նրանց վրա, հետո դուրս եկավ վաճառականգնակի հետևից, ոտքերը քստքստացնելով մոտեցավ սեղանին և սկսեց սրբել։

― Սա արդեն առաջադիմություն է,— ասաց Ռավիկը։— Այն ժամանակ նա այդ չարեց։

— Այստեղ չէ,— ասաց ժոանը։— Նստենք այն մյուս սեղանի մոտ։

Ռավիկը ժպտաց։

— Դուք սնոտիապա՞շտ եք։

— Երբեմն։

— Ճիշտ եք անում,— ասաց նրանց կողքին կանգնած քելները և, մկանները շարժելով, ցատկոտել տվեց թևի վրա դաջվածքով պատկերված կնոջը։— Դուք այն անգամ էլ էիք այստեղ նստել։

— Դուք մինչև հիմա դա հիշո՞ւմ եք։

— Իհարկե, ի՞նչ խոսք։

— Այդպիսի հիշողությամբ ձեզ կսազեր գեներալ լինել,— ասաց Ռավիկը։

— Ես երբեք ոչինչ չեմ մոռանում։

— Այդ դեպքում զարմանալի է, թե ինչպես եք մինչև հիմա ապրում։ Իսկ դուք հիշո՞ւմ եք, թե այն անգամ մենք ինչ խմեցինք։

— Կալվադոս,— իսկույն ևեթ վրա բերեց քելները։

— Շատ լավ է, որ այդ էլ եք հիշում։ Հենց այդ նույն բանն էլ հիմա ենք ուզում խմել։— Ռավիկը շրջվեց դեպի Ժոան Մադուն։— Որքան հեշտ են երբեմն պրոբլեմները լուծվում։ Իսկ հիմա մենք կտեսնենք, այդ կալվադոսն արդյոք առաջվա նման նույնպե՞ս համով է թե ոչ։

Քելները բաժակները բերեց։

— Երկու կրկնակի կալվադոս։ Դուք այն ժամանակ կրկնակի պատվիրեցիք։

— Ինչպես տեսնում եմ, դուք ամեն ինչ գիտեք։ Գուցե ասեք նաև, թե այն ժամանակ մենք ի՞նչ հագուստներով էինք։

— Դամայի հագին պլաշչ էր, գլխին՝ բերետ։

— Ափսոս, որ դուք այստեղ եք աշխատում։ Ձեզ կսազեր վարիետեում լինել։

— Ես հենց այնտեղ էլ եղել եմ,— զարմացած ասաց քելները։— Կրկեսում։ Չէ որ ես այդ մասին ձեզ ասել եմ։ Մի՞թե արդեն մոռացել եք։

— Այո։ Համոթ ինձ, մոռացել եմ։

— Մեսյոն շուտ է մոռանում,— ասաց Ժոանը, դիմելով քելներին։— Նա մոռանալու մեջ վարպետ է։ Ճիշտ այնպես, ինչպես դուք վարպետ եք հիշելու մեջ։

Ռավիկը հայացքը գցեց Ժոանի վրա։ Ժոանը նույնպես նայեց նրան։ Ռավիկը ժպտաց։

— Գուցե դա ամենևին էլ այդպես չէ,— ասաց նա։— Իսկ հիմա եկեք կալվադոսը փորձենք։ Սալյուտ։

— Սալյուտ։

Քելները դեռ կանգնած էր։

— Ինչ մարդ մոռանում է, հետագայում նրա կարիքն զգում է ամբողջ կյանքում, մեսյո,— բացատրեց նա։ Ըստ երևույթին, այդ թեման նրա համար դեռ սպառված չէր։

— Դա ճիշտ է։ Իսկ այն, ինչ մարդ չի մոռանում, կյանքը դարձնում է դժոխք։

— Ինձ համար՝ ոչ։ Դա արդեն անցած բան է։ Ինչպե՞ս կարող է անցածը կյանքը դժոխք դարձնել։

Ռավիկը նրան նայեց։

— Թեկուզև այն պատճառով, որ դա անցած է, եղբայրս։ Իսկ դուք, ինչպես տեսնում եմ, ոչ միայն դերասան եք, այլև երջանիկ մարդ... Նո՞ւյն կալվադոսից է,— հարցրեց նա Ժոան Մադուին։

— Ավելի լավն է։

Ռավիկը նայեց Ժոանին և թեթև մի գլխապտույտ զգաց։ Նա հասկացավ, Ժոանն ինչ նկատի ուներ։ Սակայն այդ անկեղծ խոստովանությունը զինաթափեց Ռավիկին։ Թվում էր, Ժոանի համար միևնույն է, թե նա ինչպես կվերաբերվի իր ակնարկին։ Փոքրիկ ու աղոտ գինետնում Ժոանն այնպես էր նստել, կարծես իր սեփական տանը լիներ։ Լուսամփոփներ չունեցող լապտերներից ընկած էլեկտրական անողորմ լույսի տակ մի երկու սեղան այն կողմը նստած երկու պոռնկուհիները նման էին իր պառաված տատիկին։ Սակայն իր համար այդ լույսը ոչ մի նշանակություն չուներ։ Այն ամենը, ինչ Ռավիկը մի ժամ առաջ տեսել էր գիշերային «Շեհերազադե» ակումբի խավարում, ոչնչով չէր փոխվել նաև այստեղ, իր քննությունն էր բռնում նաև այս լույսի տակ։ Համարձակ, պայծառ այդ դեմքը ոչ թե հարցնում էր, այլ սպասում... Անորոշ դեմքը, մտածեց նա, բավական է քամին փոխվի, իսկույն ուրիշ արտահայտություն կստանա։ Նայելով այդ դեմքին, մարդ կարող է երազել ինչի մասին ուզում է։ Այդ դեմքը նման է գեղեցիկ ու դատարկ մի տան, որը գորգերի ու նկարների է սպասում։ Այդպիսի տունը ամեն ինչ դառնալու հնարավորություն ունի, նա կարող է դառնալ և՛ պալատ, և՛ պոռնկատուն,— ամեն ինչ կախված է նրանից, թե ով է այն կահավորելու։ Որքան սահմանափակ են թվում նրա համեմատությամբ այն բոլոր դեմքերը, որոնք ծածկված են իրենց վրա որոշակի արտահայտություն կրող դիմակներով։

Ռավիկը տեսավ, որ Ժոանի բաժակը դատարկ է։

— Այ ինչ եմ ասե՜լ,— ասաց նա։— Ինչքան չլինի կրկնակի կալվադոս է։ Մի հատ էլ չուզե՞նք։

— Հաճույքով։ Եթե դուք, իհարկե, ժամանակ ունեք։

— Իսկ ինչո՞ւ ես ժամանակ չպետք է ունենայի, մտածեց Ռավիկը։ Եվ իսկույն հիշեց, որ վերջին անգամ Ժոանը իրեն տեսել էր Կետ Հեգստրեմի հետ։ Նա հայացքը գցեց Ժոանի երեսին։ Այնտեղ ոչ մի խռովք չկար։

— Ժամանակ ես ունեմ,— ասաց Ռավիկը։— Միայն վաղը ժամը իննին ես պետք է վիրահատության գնամ, ուրիշ ոչինչ։

— Իսկ կարո՞ղ եք վիրահատել, եթե այդքան երկար նստեք։

— Այո։ Դա վիրահատության հետ ոչ մի կապ չունի։ Ուղղակի սովորույթ է։ Եվ բացի այդ, ես ամեն օր չէ, որ վիրահատում եմ։

Քելները նորից լցրեց բաժակները։ Նա կալվադոսի շշի հետ բերել էր նաև մի տուփ սիգարետ, որը դրեց սեղանին։ Դա կանաչ «Լորան» էր։

— Դուք այս սիգարետից անցած անգամ էլ ծխեցիք, ճի՞շտ է,— հարցրեց նա հաղթականորեն Ռավիկին։

— Գաղափար չունեմ։ Դուք ինձանից լավ պետք է իմանաք։ Եվ ես ձեր խոսքին հավատում եմ։

— Այո, նույն սիգարետից է,— ասաց ժոան Մադուն։― Կանաչ «Լորան»։

— Տեսնո՞ւմ եք։ Մադամի հիշողությունը ավելի լավն է, քան ձերը, մեսյո։

— Դա դեռ հայտնի չէ։ Բոլոր դեպքերում սիգարետը մեզ պետք կգա։

Ռավիկը բացեց տուփը և մեկնեց ժոանին։

— Դուք դեռ նույն հյուրանոցո՞ւմ եք,— հարցրեց Ռավիկը։

— Այո։ Միայն թե հիմա ավելի մեծ սենյակ եմ վերցրել։

Ներս մտավ վարորդների մի խումբ։ Նրանք տեղավորվեցին կողքի սեղանի շուրջը և բարձր֊բարձր սկսեցին զրուցել։

— Չգնա՞նք,— հարցրեց Ռավիկը։

Ժոանը գլխով համաձայնության նշան արեց։

Ռավիկը կանչեց քելներին և վճարեց։

— Հո նորից չե՞ք գնալու «Շեհերազադե»։

— Ոչ։

Ռավիկը բռնեց նրա մանտոն։ Բայց Ժոանը ոչ թե հագավ, այլ գցեց ուսերին։ Դա ջրաքիսի էժանագին մորթի էր, հնարավոր է նույնիսկ իմիտացիա։ Սակայն Ժոանի հագին նույնիսկ այդ մորթին շատ հարուստ տեսք ուներ։ Էժանագին է այն, ինչ մարդ հագնում է առանց ներքին համոզվածության, մտածեց Ռավիկը։ Նա հաճախ էր տեսել թագավորական սամույրներ, որոնք իրեն չափազանց էժանագին էին թվացել։

― Հիմա էլ ձեզ կհասցնենք հյուրանոց,— ասաց Ռավիկը, երբ նրանք դուրս եկան գինետնից ու մուտքի մոտ կանգնեցին բարակ մաղող անձրևի տակ։

Ժոանը դանդաղորեն շրջվեց Ռավիկի կողմը։

— Մենք քե՞զ մոտ չենք գնում։

Ժոանը գլուխը ետ գցեց ու ներքևից վերև նայեց Ռավիկին։ Լապտերով լուսավորված նրա դեմքը ընդհուպ մոտեցել էր Ռավիկի դեմքին։ Ժոանի մազերի մեջ մարգարիտի հատիկների նման փայլփլում էին անձրևի փոքրիկ կաթիլները։

— Ինձ մոտ ենք գնում,— ասաց Ռավիկը։

Մոտեցավ մի տաքսի ու կանգ առավ։ Վարորդը մի քանի վայրկյան սպասեց։ Հետո ինքն իրեն ինչ-որ բան մռթաց և, աղմուկով միացնելով արագությունը, հեռացավ։

― Ես քեզ էի սպասում։ Դու գիտեի՞ր,— հարցրեց ժոանը։

― Ոչ։

Փողոցային լապտերների լույսը արտացոլվում էր նրա աչքերում։ Մարդու հայացքը սուզվում էր այդ աչքերի մեջ, որոնք թվում էին անհուն ու անվերջանալի։

— Ինձ թվում է, թե այսօր ես առաջին անգամ եմ տեսնում քեզ,— ասաց Ռավիկը։— Առաջ դու այսպես չէիր, ուրիշ էիր։

— Այո, ես առաջ ուրիշ էի։

— Առաջ առհասարակ ոչինչ չկար։

— Այո, չկար։ Ես ամեն ինչ մոռացել եմ։

Ռավիկն զգում էր նրա շնչառության թեթև մակընթացություններն ու տեղատվությունները։ Անտեսանելիորեն այդ շնչառությունը թրթռում էր, լողում նրան ընդառաջ, թեթև, անկշիռ, պատրաստակամ ու վստահությամբ լի — օտար մի կյանք, օտար գիշերվա խավարում։ Ռավիկը հանկարծ զգաց իր արյան ալեկոծումը։ Նա գնալով վարարում էր ու վարարում, դա նույնիսկ ոչ թե արյուն էր, այլ ավելին, դա կյանք էր, հազար անգամ անիծյալ, կորած ու նորից գտնված... Ընդամենը մի ժամ առաջ խանձված ու լերկ մի անապատ, երեկվա մի օր, անմխիթար ու անսփոփանք... Իսկ այժմ նորից փոթորկուն մի հեղեղ, մոտիկությունը հանելուկային այն ակնթարթի, որի գոյությունր թվում էր այլևս անհավատալի։ Նա կրկին դարձել էր ծովափում գտնվող նախնադարյան մի մարդ, և ջրերի խորքից ինչ-որ մի բան էր ելնում դեպի վեր, սպիտակ ու շողշողուն, հարց ու պատասխան, որ ձուլված էին իրար... իսկ արյունը գնալով վարարում ու վարարում էր, և աչքերի առաջ փոթորկվում էր մրրիկը։

— Բռնիր ինձ,— ասաց Ժոանը։

Ռավիկը նայեց նրա ետ ընկած դեմքին ու գրկեց նրան։ Եվ Ժոանի ուսերը ընդառաջ եկան նրան, ինչպես մի նավ, որը լողում է դեպի նավահանգիստ։

— Բռնե՞մ քեզ,— հարցրեց Ռավիկը։

— Այո։

Ժոանը ձեռքերով ամուր կպել էր նրա կրծքից։

— Ես համաձայն եմ բռնել քեզ։

— Շնորհակալ եմ։

Մի ուրիշ տաքսի միանգամից արգելակելով կանգ առավ մայթի մոտ։ Վարորդը շատ հանգիստ նայեց նրանց։ Նրա ուսին նստել էր գործովի ժիլետ հագած փոքրիկ մի շուն։

― Ուզո՞ւմ եք տանեմ,― խռպոտ ձայնով ասաց վարորդը երկար ու վուշի նման սպիտակ բեղերի տակից։

— Ապա նայիր,— ասաց Ռավիկը։— Նա ոչինչ գլխի չի ընկնում։ Չի տեսնում, որ ինչ-որ բան մեզ հուզել է։ Նայում է մեզ և չի նկատում, որ մենք փոխվել ենք։ Աշխարհի հիմարությունը հենց դա է։ Դու կարող ես դառնալ հրեշտակապետ, ծաղրածու, ոճրագործ — ոչ ոք դա չի նկատի։ Բայց բավական է վրայիցդ մի կոճակ պոկված լինի — իսկույն բոլորը կնկատեն։

— Ամենևին էլ հիմարություն չէ։ Ընդհակառակը, լավ է։ Մենք հարազատ ենք մնում մեզ։

Ռավիկը նայեց Ժոանին։ Մենք, մտածեց նա։ Մի տես թե ինչ բառ է։ Աշխարհի ամենախորհրդավոր բառն է։

— Հը, չե՞ք գալիս,— փոքր-ինչ համբերությունը կորցրած և ավելի բարձր հարցրեց վարորդն ու մի սիգարետ վառեց։

— Արի գնանք։— ասաց Ռավիկը։— Այլապես սա մեզանից ձեռ չի քաշի։ Պրոֆեսիոնալ փորձ ունեցող մարդ է։

— Արի մեքենա չնստենք։ Ոտքով գնանք։

— Իսկ անձրևը՞։

— Սա ի՞նչ անձրև է։ Պարզապես մառախուղ է։ Ես տաքսի նստել չեմ ուզում։ Ուզում եմ քեզ հետ քայլել։

— Լավ։ Այդ դեպքում ես գոնե նրան բացատրեմ, բանն ինչումն է։

Ռավիկը մոտեցավ վարորդին և ինչ-որ բան ասաց։ Վարորդի դեմքին երանելի մի ժպիտ տարածվեց, հետո ֆրանսիացուն հատուկ սիրալիրությամբ ձեռքով արեց Ժոանին և սլացավ։

— Ինչպե՞ս բացատրեցիր,— հարցրեց Ժոանը, երբ Ռավիկը վերադարձավ։

— Փողով։ Դա բացատրության ամենահեշտ ձևն է։ Գիշերներն աշխատող վարորդները ցինիկ են։ Իսկույն գլխի ընկավ։ Վերաբերվեց շատ բարեհաճ, բայց արհամարհանքի ներողամիտ երանգով։

Ժոանր ժպտաց ու սեղմվեց նրան։ Ռավիկն զգաց, թե ինչպես իր ներսում բացվեց ու տարածվեց տաքուկ մի բան, քնքուշ ու անընդգրկելի, մի բան, որն ինչպես բյուրավոր ձեռքեր, ներքև ձգեց նրան... և հանկարծ բոլորովին անտանելի դարձավ այդպես կանգնած մնալ ոտքի վրա՝ միմյանց կողքի, նեղլիկ այդ աստիճաններին, ծիծաղելի կերպով ձգված ու հազիվ պահպանելով իրենց հավասարակշռությունը։ Պետք է մոռացության մատնվել ու գնալ մի տեղ, զիջել տնքացող ցանկասիրությանը, հազարամյակների կանչին, այն ժամանակներին, երբ դեռ ոչինչ գոյություն չուներ — ո՛չ բանականություն, ո՛չ տառապանք, ո՛չ կասկած, երբ գոյություն ուներ միայն մի բան — արյան մթին երջանկություն։

— Գնանք,— ասաց Ռավիկը։

Նրանք քայլում էին մանրամաղ անձրևի տակ գորշ ու դատարկ փողոցի երկարությամբ և, երբ հասան վերջին, նրանց աչքերի առաջ նորից տարածվեց անծայրածիր հրապարակը, որի կենտրոնում ծանրորեն խոյանում էր դեպի վեր հաղթական կամարի մթին, արծաթի փայլ արձակող վիթխարի զանգվածը։